PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշուն էր…...



Devushka_noch
11.02.2007, 15:48
...Աշուն էր, այն բազմաթիվ աշուններից մեկը, որոնք հաջորդում են իրար: Բնությունն իր զարմանահրաշ գույները շռայլորեն տարաժել էր ամենուր:
Բայց այդ աշունը նման չէր նախորդ աշուններին: Նման չէր իր ջերմությամբ, իր գույներով, և իր երբեմն մոլեգնող քամիներով: Այդ աշուն անձրևներ գրեթե չէին գալիս, այն անձրևները, որոնք թափանցիկ վարագույրի նման կախվում էին երկնքից ու պատմում աշնան հեքիաթը, որը բերել էին հեռուներից: Այդ աշունը ստիպում էր զգալ այն, ինչ երբեք չէիր զգացել ու դա տարօրինակ էր:
Նա էլ էր դա զգում: Զգում էր, որ երբեմն սիրտը սովորականից արագ էր բաբախում, որ նրա հոգու հանդարտ ծովի այլակները փրփրադեզ ալիքներ էին դառնում,իսկ սրտում մի նոր հուզում էր մոլեգնում: Ինչու՞: Ի՞նչն էր պատճառը: Ինչու՞ ամեն անգամ նրա զգացմունքների օվկիանը նրան տանում էր այնտեղ: Ամեն անգամ նրան այդ հարցն էր հուզում, բայց սրտի խորքում ,մի անթաքույց բերկրանք լռեցնում էր այդ "Ինչու՞ն"
Քամի էր դրսում...տերևները դողում էին ծառի ճյուղերին, հոգևարքի նմանվող վերջին ճիգերն էին գործադրում, որ չպոկվեն: Բայց ոչ...տերևները պոկվում էին և հեզաճկուն ու սեթևեթող պարով իջնում գետնին: Մայթերը ծածկվել էին երփներանգ գորգերով: Քամին մոլեգնում էր...տերևները օդում շուրջպար բռնեցին, դիպան նրա պատուհանին ու ջարդված ապակու նման թափվեցին գետնին: Նա անհանգիստ մոտեցավ պատուհանին, նայեց դուրս: Մի ակնթարթում նրա թախծոտ ու գեղեցիկ աչքերը բոցավառվեցին ու այնտեղ երևաց ջինջ մի ժպիտ: Արագ հագավ բաճկոնն ու քամու պես թեթև ու արագ քայլերով դուրս եկավ տնից: Քամին նրան ուղեկցում էր այնտեղ:
Երկինքը ջինջ էր, ամպի ոչ մի ծվեն չէր լողում երկնակամարում: Ծիրանագույն արևը շռայլում էր, միգուցե այդ աշնան համար, իր վերջին ջերմությունը: Բնությունը խոսում էր այդ օրը, բայց այդ լեզուն միայն նա էր հասկանում: Չքնաղ էր նա, վաղորդյան ծաղիկների նման նուրբ ու հեզիկ: Նրա շագանակագույն աչքերի անհատակ ծովում կար մի թախիծ` գերող ու կախարդիչ: Անգամ նրա վարդի պես փթթուն ծիծաղը անկարող էր թաքցնել այդ թախիծը:
Չհասկացավ, թե ինչպես հայտնվեց այնտեղ, այն փոքր անտառ հիշեցնող այգում, որի մասին գիտեին երկուսով: Նա կանգնել էր այգու կենտրոնում ... արևի ոսկեփայլ շողերը շոյում էին նրա դեմքը: Հանդարտ էր ամեն ինչ...ու էլի ինչու՞: Հենց այդ պահին քամին երկինք բարձրացրեց տերևները, օձագալար պտույտներով մոտեցավ այդ փերուն, ագահաբար գրկեց նրա սլացիկ մարմինը: Քամու մատները, ասես մի սիրատենչ երիտասարդ, շոյեցին նրա փարթամ մազերը, հպվեցին նրա վարդագույն շրթունքներին: Ինչքա՜ն սեր կար այդ պահին, ինչքա՜ն երջանկություն ու հույզեր: Կարծես ողջ բնությունը քարացած լիներ: Միայն քամին էր, որ խաղում էր այդ փերու մազերի հետ, փարվում նրա մարմնին, շշնջում կցկտուր բառեր: Իսկ նա...նա չէր դիմադրում: Անխոս ու լուռ կանգնել էր այնտեղ, խնդուն աչքերն ավելի քան խոսուն էին: Կարծես երկար էր սպասել այդ պահին, կարծես այդ ամենն արդեն ծանոթ էր նրան:
Հանկարծ մի թովիչ ձայն ասաց.
_Փակի´ր աչքերդ:
Ու նա փակեց աչքերը: Երկար թարթիչներ թիթեռնիկների նման իջան նրա այտերին: Քամին դադարեց: Փերին բացեց աչքերը ու կարծես մշուշի միջից տեսավ մի տղամարդու: Այդ նա էր...քամին. կարծես երազ լիներ: Միանգամից փակեց աչքերը, սակայն հետո, երբ բացեց, ցնորքն անհետացավ: Տերևները շրջանաձև բարձրացան երկինք ու երկնքի լազուրում երփներանգ տառերով գրեցին երեք բառ… ես սիրեւմ եմ քեզ:
Ու այսպես` յուրաքանչյուր աշուն, նրա աղջկական սրտի նուրբ ելևէջները երգում են ծանոթ մի երգ: Ու նրանք հանդիպում են աշխարհից կտրված այն այգում, կարոտած փարվում մեկմեկու ու շշնջում երեք բառ. "Ես սիրում եմ քեզ": իսկ քամին ամեն անգամ գեթ մի պահ մարմին է առնում և իսկույն անհետանում`ինչպես գիշերվա երազ...

StrangeLittleGirl
11.02.2007, 15:56
Կներես, բայց պետք է անկեղծ լինեմ: Ոնց որ այն դպրոցական շարադրություններից լիներ, որ պետք է տրված բառերով գրել: Համեմատությունները շատ արհեստական էին, ոնց որ զոռով խցկված լինեին ստեղծագործության մեջ: Մի խոսքով, եթե յոթերորդ դասարանցի լինեիր, «3/5» կստանայիր (վերևինը «5» չեմ դնում, որովհետև ուղղագրական սխալներ կային):

Philosopher
11.02.2007, 16:01
Առանց գեղագիտական կամ բովանդակային վերլուծության. աշխատիր տեքստիցդ թոթափել շարադրության ոճն ու կայուն բառակապակցությունները, որպեսզի գրածդ լինի ոչ թե ամեն մի հայերեն իմացող մարդուն հայտնի կայուն կապակցությունների ու բառերի կուտակում՝ մի որևէ զգայական մոտիվի շուրջ, այլ լինի ինքնուրույն, նոր զգացումիդ նոր բառային հագուստ ու շունչ տվող տեքստ։ Մարդկային տեսանկյունից՝ իհարկե, զգացում կա և դա լավ է, որքա՜ն զգացումներ ու զգացմունքներ չեն գտել իրենց արժանի գեղարվեստական ձևը, բայց դրանից չի կորել նրանց խիստ անհրաժեշտ ներկայության արժեքը, պարզապես դա չի եղել գրականություն, այլ եղել է կյանք։

Devushka_noch
11.02.2007, 16:02
Շնորհակալ եմ, ինձ միայն անկեղծ կարծիք է պետք:

Taurel. . . .
11.02.2007, 16:08
Իսկ իմ դուրը եկավ;) ....... Տաք էր, ու կարծես մեղմ շոյում էր սիրտս ու անցյալս......... :hands Աշունը ծանոթ էր , միայն լավ կլիներ, որ ամպամած լիներ, ետ ինձ ավելի հարազատա:

Ուլուանա
11.02.2007, 18:19
Համաձայն եմ և՛ Բյուրակնի, և՛ Philosopher-ի հետ։ Ինձ էլ գրվածքդ դպրոցական շարադրություն հիշեցրեց... :oy
Բայց մի բան էլ ասեմ. ինձ թվում է՝ եթե կարողանում ես այդպիսի «շարադրություն» գրել, ապա հավանաբար ավելիին էլ ընդունակ կլինես։ Ուղղակի հարկավոր է ավելի ազատ մտածել, փորձել դուրս գալ ստանդարտ դպրոցական բառերի ու արտահայտությունների «կապանքներից» և աշխատել գրել սեփական բառերով, ստեղծել սեփական գրելաոճը։ Կարծում եմ, որ կհաջողվի։ ;)