PDA

Դիտել ողջ տարբերակը : Հենրիկ Էդոյան



Նաիրուհի
17.01.2011, 20:32
Հենրիկ Էդոյան (http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A5%D5%B6%D6%80%D5%AB%D5%AF_%D4%B7%D5%A4%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6) (ծնվ. 1940, օգոստոսի 31) — հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976-ից։ 2005-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին «Երեք օր առանց ժամանակի» գրքի համար։

Հենրիկ Էդոյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և այլն։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Խոսքի ուղղությամբ» գիրքը (Մոսկվա, 1985)։

Տարվա լավագույն գրքի համար 2002-ին արժանացել է ՀԳՄ ոսկե մեդալի, 2004-ին՝ Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան մրցանակի։

Հ. Էդոյանի ժողովածուները

* Անդրադարձումներ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1977, 88 էջ։
* Պատկեր և կեսօր (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1980, 1956։
* Երկրային ժամանակ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1983, 144 էջ։
* Այժմ և միշտ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1987։
* Քայլեր և ստվերներ, Բեյրութ, 1996։
* Հետգրություն, Ե., 2001։
* Երեք օր առանց ժամանակի, Ե., 2005։
* Փողոցի բաժանվող մասում, Ե., 2006։

Նաիրուհի
17.01.2011, 20:46
ԿՅԱՆՔԸ ՏԽՈՒՐ Է

«Կյանքը տխուր է» - մտածեց Հեկտորը
դարբասների մոտ, Աքիլլեսի
մարտակարգի առաջ,
«Կյանքը տխուր է» -
կրկնեցին մի քանիսը հարյուրամյակներից,
«Կյանքը տխուր է»- ասաց Դոն Ժուանը
սիրուհու սենյակից ելնելով,
«Կյանքը տխուր է» -
նկարում էր մի նկարիչ
մի աղավնի:


ԵՐԵՔ ՕՐ ԱՌԱՆՑ ՏԻՐՈՋ

Սառը դեմք, կրքոտ դեմք, անորոշ, անգո դեմք,
քաղաք` ձանձրույթի մեջ և հիմար ժպիտով
մի անցորդ, որ փորձում է ամբոխի հետ
ձուլվել: Նրանից այն կողմ երկու ոստիկաններ
քայլում են աջ ու ձախ: Վերևում լուսինը-
մատնահետք երկնի վրա:
Տասներկուսը նստած են` գլուխները կախ,
նրանցից մեկը
դեմքը թաքցնում է Թովմասի թիկունքում
և սպասում:
Շուտով կբացվի
մի դուռ, որի առջև
կյանքն ավելի պարզ չէ, քան դռնից այն կողմ:
Մենք դեռ պիտի ապրենք
երեք օր առանց Տիրոջ,
Ժամանակի երեք փլվածքների մեջ:


ԽՈՍՔԵՐ` ՔԵԶ ՀԱՄԱՐ

...Բայց դո'ւ ես ծառը միայն:
Ռ. Մ. ՌԻԼԿԵ, «Ավետում»

Մի՞թե քո աստղը լույս չի տալիս ինձ,
մի՞թե իմ ձայնը քեզ չի բարձրացնում
մինչև այն խոսքը, որից դուրս արդեն
մթնում է լույսը, քո մոտեցումից
պայթում են բոլոր ցողուններն օրվա.
որովհետև դու բախտ ես,
դու կին ես,
անվերջ մետամորֆոզ
աշխարհի այգում,
իսկ ես – ճանապարհորդ նրա դռան մոտ:

Դու ավելի անմահ չես քան ես,
բայց հիմա, երբ դու
քո մատների մեջ կրում ես վճիռը
ճակատագրի,
ես փնտրում եմ քեզ իմ բոլոր քայլերով,
և այգու ցանկապատից ներս է մտնում օրը
իր ադամանդի կուրացուցիչ փայլով,
ես օդն եմ, ես անմահ եմ այժմ և ընդմիշտ,
բայց անմահության իմ ուղին դու ես:

Տարածությունը քո աչքերի մեջ
խաղաղվում է և դառնում
հավասարակշիռ, ես ալիքն եմ, բայց դու
ավազն ես ծովափի,
բոլոր հեռուները իմ ժառանգներն են,
բայց քո մեջ են նրանք ննջում ապահով,
բայց դու լուռն ես, դու հեռուն ես,
թեև խոսքն եմ, բայց դու վճիռն ես,
ես ձայնն եմ ամպերի և հողի միջև,
բայց դու մշտականաչ
ծառն ես տարածության:

Ես կույտ եմ երազների և ոսկորների,
քարերի և ջրի, ես գիտեմ անեզրը,
բայց դու ես անեզր, իմ համբույրն իջնում է
քո ձեռքին, ինչպես
թռչունը ծառի ճյուղին, իսկ մայրամուտի
արյունը հոսում է մարմնիս վրայով,
ուր խարխափում է լույսը և հանգչում
իմ կեղևի մեջ, ես կեղևն եմ, բայց դու
սուր կացինն ես` իջած իմ կեղևի վրա:

Մեծ կյանքը կանչում է, բայց ինքը ոչ մի տեղ
չի հայտնվում, սակայն
վեճը չի ծնում ոչ մի իմաստություն,
(և մահը մահից չի պարտվում երբեք,
քանզի անմահ է նա) –
իմ կեսօրները լիքն են հուզմունքով,
բայց հուզմունքը դու ես, այն, ինչը կիսատ է,
լցվում է թույնով, այն, ինչը լրիվ է,
սպառնում է ինձ, ես ստվեր եմ` ընկած
օդի և մաշկի միջև, մի քաղաք, որի
բոլոր փողոցները
գալիս են և իրար ձուլվում կենտրոնում,
բայց իրար չեն ճանաչում: Այդ կենտրոնը դու ես:
Այդ դու ես փափկացնում խեցին, ինչպես սիրտը,

որովհետև դու բախտ ես
դու կին ես,
անվերջ մետամորֆոզ
աշխարհի այգում,
իսկ ես – ճանապարհորդ նրա դռան մոտ:

E-la Via
18.01.2011, 19:48
ԵՐԿՈՒ ԿՅԱՆՔ

Մենք չմոտեցանք իրար հետ այն կետին, որից այն կողմ
Սերն էր թագավորելու: Մեզ վախը հետ պահեց:
Կասկածը սողոսկեց մեր քայլերի մեջ: Կրակը մեզ պահեց
տարածության վրա, թեև նրա լույսը բոցավառվում էր
մեր մարմիններում:

Մեր դեմքերի միջև այրվում էր գիշերը, թեև մեր շուրջը
կեսօրն էր ամռան: Մեր ձեռքերն ահով մենք հետ քաշեցինք
ապրելու մեկ այլ մտադրությամբ, որի մեջ, ավաղ,
մեր գոյությունը վերածվեց աղոտ նախապատկերի:

Մեր կյանքը - երկու կենսագրություն,
գրված նույն թղթի տարբեր էջերում:

Ինչքան հեռու է այն կետը, (որին մենք չմոտեցանք),
որ նրա ուժգին ճառագայթումը հասնում է այժմ
տասնյակ տարիների հեռավորությունից, իսկ նա
հանգել է և դարձել մեռած մի աստղափոշի:

Ես կյանքիս մի մասը տվել եմ քեզ և այժմ փնտրում եմ
մի տարածություն, որ կարող եմ նստել և նայել
մոտեցող մայրամուտներին, որ սառն են թվում, բայց
մոտենում են սարսուռով, հույսով: Ուսերիս իջնում են
նոր աղավնիներ: Անցած օրերի ղողանջն եմ լսում:



ԵՍ ԿՅԱՆՔԻՆ ՁԵՌՔ ՏՎԵՑԻ

1.

Ինչ ունեմ` ոչինչ է այն ամենի առաջ,
ինչը դու ունես: Իմ օրը ես վառում եմ,
որպեսզի տեսնեմ
քո ունեցվածքը: Ես իմ բառերը կորցնում եմ մեկ-մեկ
այն մեն մի բառի համար, որ դու պիտի
ասես: Սուրճի բաժակով
ես իմ կյանքն եմ խմում և այրում
շուրթերս: Փակ աչքերով կարդում եմ
իմ անունը` գրված
քո ջրերի վրա: Ես իմ կասկածների
շրջանն եմ անցնում,
որ մոտենամ քեզ:
Ես ժամանակից դուրս եմ ընկնում ինչպես
Քո ձեռքից մարդու հոգին (ինչպես Դանթեի
Պոեմից մի տող), ինչպես մի ճառագայթ,
Արևից փախչող, որ վազում օդի միջով
և ընկնում, չքանում է թիթեղյա տանիքներին:

2.

Իրադարձություն, շփոթված դեմքի վրա
մնում է քո սպին: Ես ետ եմ քաշվում, որպեսզի նորից
քայլել սկսեմ: Ես այն պատկերը չեմ,
որ առել եմ վրաս, այլ նրանից այն կողմ,
ուր չկա ոչ մի պատկեր: Ես իմ քայլը չեմ:
Ես այն խոսքն եմ, որ դեռ
չի ասվել մինչև վերջ: Դեպքերն ու շարժումները
ինձ իրենց հետ են տանում,
բայց ես անշարժ եմ: Ես նույն տեղում եմ:
Իրերը փոխում են իրենց տեղն ու դիրքը,
այլ կերպ դասավորվում, բայց կյանքը նույնն է միշտ,
մի բաժակ` ջրով լի, որ անցնում ձեռքից ձեռք,
բայց չի դատարկվում:

3.

Ես գնում եմ անվերջ, բայց միշտ նույն անվան
շուրջն եմ թափառում: Ես ամբողջովին
բռնված եմ ցանցի մեջ իմ տեսիլքների: Ես չունեմ
մի խարիսխ, որ նետեմ ժամանակի
հոսող ջրերի մեջ: «Լսիր – ասաց ինձ մի հարյուրամյակ –
մենք կորցրել ենք իրար, բայց մենք նուն
սիրտն ունենք, մենք իրար կգտնենք»:
Ես կյանքին ձեռք տվեցի և նա ինձ խփեց:
Ես նրա վրայից վերմակը բարձրացրի
և տեսա մի կույտ
մսի, ոսկորների ու երազների:
Ես անուն տվեցի անանուն իրերին
և նրանք իմ անունը
ինձնից խլեցին: Քայլելով տարիներից`
մոտեցա ակնթարթին, փնտրելով
ինքս ինձ` գտա ուրիշին: Մի ձեռք ինձ հետ պահեց
անկման հմայքից, բայց ինչ փնտրում էի`
իր ափով ծածկեց: Թողեք ինձ, իրականության
անթարթ պահակներ, դուք ինձ չեք ճանաչում,
ձեր պահած դռան վրա չկան նշաններ: