PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռափայել Պատկանյան



Smokie
14.01.2011, 10:50
Ռաֆայել Պատկանյան, կամ Գամառ-Քաթիփա: Այստեղ կարող ենք դնել ոչ միայն նրա ստեղծագործությունները, այլեւ հայտնի մարդկանց խոսքրն իր մասին:
Սկսվեց::)


Անվնաս մարդ

(փոխադրություն

Նվեր Մն. Թիմուրյանին

Живя согласно со строгою моралью
Я никому не сделал в мире зла.
Некрасов)


........Հետեւելով միշտ օրինաց աշխարհի,
........Ես կյանքումս մարդու վընաս չի արի.
Արժանացա մեծ-մեծ պատվո ու փառաց,
Որ միմիայն նըպատակն էր իմ կենաց.
Տունըս առատ ազգի ազգի ուտեստով,
Սընդուկներս լի թանկագին ըզգեստով,
Ծառաներըս մունջ, միշտ հըլու հրամանիս,
Անպակաս էր ոսկի, արծաթ գըրպանիս:

Բայց ո՞վ տեսավ երկրիս վրա անփուշ վարդ,
Այսպես հավերժ փառքով լցյալ չի կա մարդ.
Այո՛, հասան ինձ էլ օրեր դառնագին,
Բայց ի զու՜ր, զի հանցավոր չէր իմ հոգին.
Ես մընացի Տիրոջ կամքին հընազանդ,
Աղոթելով տիվ եւ գիշեր ջերմեռանդ:
........Հետեւելով միշտ օրինաց աշխարհի,
........Ես կյանքումս մարդու վընաս չի արի:

Մի օր ծառաս կոտրեց իմ մեծ հայելին,
Որ կարժենար քիչ-քիչ հազար ֆիորին.
Ես չասացի նորան խոսքեր անվայել,
Այլ ստիպեցի վեց ամ ձըրի ծառայել.
Այս դիպվածը նորան խըրատ կըլիներ.
Թե որ մինչեւ յոթներորդը նա ապրեր:
........Հետեւելով միշտ օրինաց աշխարհի,
........Ես կյանքումս մարդու վընաս չի արի:

Մի օր եկավ իմ մոտ մի խեղճ պատանի,
Խընդրեց, որ ես դընեմ նորան մի բանի.
Խիստ չափավոր էր թըշվառի խընդրածը,
Բայց էն տարի շատ թանկագին էր հացը.
Չընդունեցի. նա էլ գընաց ջուրն ընկավ.
Ափսո՜ս տըղա, որ նա էդպես շուտ մեռավ:
........Հետեւելով միշտ օրինաց աշխարհի,
........Ես կյանքումս մարդու վընաս չի արի:

Մի օր տեսա մի ալեւոր մուրացկան,
Որ վեց տարի առաջ այգիումս էր վարձկան.
Խոշբեշ արի հետը, սիրով խոսեցի,
Սրանից սավայ, ո՞նց է քեֆըդ, հարցուցի.
Բայց նա հանկարծ ինձնից խնդրեց մեկ մանեթ.
Ես զարմացա սաստիկ ու շուտ դարձա ետ:
........Հետեւելով միշտ օրինաց աշխարհի,
........Ես կյանքումս մարդու վընաս չի արի:

Մի օր որդիս իրա կամքով, անհրաման,
Սունդուկիցս հանեց հինգ թե վեց թուման.
Ես իմացա, վըրա հասա բըռնեցի,
Ձեռքը կապած՝ դատավորին մատնեցի.
Շատ չի անցավ վախից խեղճը թույնկերավ:
Ահա՛, էսպես միակ հույսը իմ կորավ:
........Հետեւելով միշտ օրինաց աշխարհի,
........Ես կյանքումս մարդու վընաս չի արի:

Իմ Շուշանի սիրտը կըպավ Օհանին.
Էդ Օհանի ծընողք չունքի խեղճ էին,
Ես Շուշանին տվի քոռ Գոգուն,
Որ համրանքով չըգիտեր չափն իր ոսկուն.
Բայց քամբախտ էր ծընած օրից խեղճ Շուշան,
Վեց անսից մտավ թաց, սառ գերեզման:
........Հետեւելով միշտ օրինաց աշխարհի,
........Ես կյանքումս մարդու վընաս չի արի:

Smokie
14.01.2011, 12:43
Մեծ

Գընա՛, իմ որդյակ, աշխարհքըս անցի՛ր
Պանծալի անու՛ն Մեծի դու ստացի՛ր:

Ու գնաց որդին, շատ քրտինք թափեց,
Մեծ հարստություն, մեծ գանձ ժողովեց,
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
_Հա՛յր իմ, այժըն Մեծ չե՞մ քո կարծիքով:

_Չէ՛, չէ՛. թեեւ դու բորսայի ես զարդ,
Բայց քեզ չեմ ասիլ տակավին մեծ մարդ:

Նա գընաց մըտավ իմաստնոց տաճար,
Եղավ խորիմաստ գիտուն ու հանճար,
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
_Հա՛յր իմ, այժըն Մեծ չե՞մ քո կարծիքով:

_Չէ՛, չէ՛. թեեւ դու գիտությանց ես զարդ,
Բայց քեզ չեմ ասիլ տակավին մեծ մարդ:

Պաով, աղոթքով մըտավ անապատ,
Քուրձ հագավ մարմնուն, հրաշքներ գործեց շատ,
Եղավ խորիմաստ գիտուն ու հանճար,
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
_Հա՛յր իմ, այժըն Մեծ չե՞մ քո կարծիքով:

_Եդեմա դրախտին էլ լինես դու զարդ,
Բայց քեզ չեմ ասիլ տակավին մեծ մարդ:

Ու գընաց որդին, դարձավ զորավար,
Խելքով, քաջությամբ տիրեց շատ աշխարհ,
Եղավ խորիմաստ գիտուն ու հանճար,
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
_Հա՛յր իմ, այժըն Մեծ չե՞մ քո կարծիքով:

_Չէ՛, չէ՛. թեեւ դու գոռ դաշտին ես զարդ,
Ես քեզ չեմ ասիլ տակավին մեծ մարդ:

Ու գընաց որդին մի երկիր օտար,
Հրեշք ու ցավերե մաքրեց այն աշխարհ,
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
_Հա՛յր իմ, այժըն Մեծ չե՞մ քո կարծիքով:

_Օտար աշխարհի թեեւ եղար զարդ,
Բայց քեզ չեմ ասիլ տակավին մեծ մարդ:

Ու գնաց որդին... Հա՜, սարն էր գլորման...
Դեմ տվեց ուսը, չը թողեց անկման...
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
_Հա՛յր իմ, այժըն Մեծ չե՞մ քո կարծիքով:

_Դյուցազների մեջն էլ լինիս դու զարդ,
Բայց քավ ինձ ասել քեզ համար մեծ մարդ:

Ու գնաց որդին գըլխակոր, տըրտում,
Հոգին վըրդոված, ցավ ու դարդ սրտում,
Մաշվում էր խեղճը զոռ տալով խելքին՝
Հե՞ր չարժանացավ հոր գովասանքին...

Նորա եղբայրը գերի էր տարած,
Թըշնամու ձեռքով տունը ավերած.
Ճիգ արավ, գլուխը վտանգի ձըգեց...
Ազատեց եղբորն ու տունը կանգնեց...

Հանկարծ... սար ու ձոր, ծով դըղըրդեցան,
Բյուրք բյուրոց բերնով գոչեց ազգ մարդկան.
«Մեծ Մարդու անուն դու ա՛յժմ ըստացար,
Եղբորդ հիշեցիր ու քեզ մոռացար»:

Smokie
14.01.2011, 19:36
Արաքսի արտասուքը

Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գնում եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պարում եմ:

Բայց նոքա միշտ հեղհեղուկ,
Պղտոր ջրով եզերքին
Դարիվ-դարիվ խփելով
Փախչում էին լալագին:

-Արաքս ինչու՞ ձկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած՝
Սգավոր ես ինձ նման:

Ինչու՞ արցունք ցայտում են
Քու սեգ, հպարտ աչերից,
Ինչու՞ արագ փախչում ես
Այդ հարազատ աթերից:

Մի պղտորիլ հատակդ,
Հանդարտ հոսե խայտալով:
Մանկությունը քո կարճ է՝
Շուտ կհասնիսդեպի ծով:

Վարդի թփեր թող բսնին
Քու հյուրընկալ ափի մոտ,
Սոխակները նոցա մեջ
Երգեն մինչեւ առավոտ:

Մշտադալար ուռիներ
Սառ ծոցի մեջ քու ջրին,
Ճկուն ոստն ու տերեւ
Թող թաց անեն տապ օրին:

Ափերիդ մոտ երգելու
Հովիվք թող գան համարձակ,
Գառն ու ուլը քու վճիտ
Ջուրը մտնին միշտ արձակ:

Մեջքը ուռցուց Արաքսը
Փրփուր հանեց իր տակից,
Ամպի նման գոռալով,
Էսպես խոսեց հատակից.

-Խիզա՛խ, անմի՛տ պատանի,
Նիրհս ինչու՞ դարեւոր
Վրդովում ես, նորոգում
Իմ ցավերը բյուրավոր:

Սիրելիի մահից ետ
ե՞րբ ես տեսել, որ այրին
Ոտից գլուխ պճնվի
Իր զարդերով թանկագին:

Որի՞ համար զարդարվիմ,
Որի՞ աչքը հրապուրեմ,
Շատերն ինձ են ատելի,
Շատերին՝ ես օտար եմ...

Իմ ազգակից գիժ Քուռը
Թեեւ այրի ինձ նման,
Ստրկորեն կրում է
Գայթակղիչի կուռ շղթան:

Բայց նա ինձ չէ օրինակ,
Ես հայ, հայիս կճանչնամ,
Օտար թեսա չուզելով,
Ես միշտ այրի կմնամ:

Կար ժամանակ, որ ես էլ,
Շքեղազարդ հարսի պես,
Հազար ու բյուր պչրանքով
Փախչում էի ափերես:

Հատակս պարզ ու վճիտ,
Կոհկներս ոլորուն,
Լուսաբերը մինչեւ այգ
Ջրիս միջին էր լողում:

Ի՞նչս մնաց էն օրից,
Ո՞ր ջրամոտ գեղերս,
Ո՞րը իմ շեն քաղաքից,
Ո՞ր բերկրալի տեղերս:

Տուրքը ջրի ամեն օր
Իր սուրբ ծոցեն Արարատ
Մայրախնամ ինձ սնունդ
Պարգուում է լիառատ:

Բայց ես այն սուրբ ջրերով.
Սուրբ Ակոբի աղբյուրին,
Պիտի ցողեմ արտորա՞յք
Իմ ատելի օտարին...

Մինչ իմ որդիք,-ո՞վ գիտե-
Ծարավ, նոթի, անտերունչ
Օտար աշխարհ հածում են
Թույլ ոքերով կիսշունչ...

Հեռու՜, հեռու՜ քշեցին
Բնիկ ազգն իմ հայկյան,
Նորա տեղը ինձ տվին
Ազգ անկրոն, մոլեկան:

Դոցա՞ համար զարդարեմ
Իմ հյուրընկալ ափերը,
Եւ կամ դոցա՞ հրապուրեմ
Ճպռոտ, պլշած աչերը:

Քանի որ իմ զավակունք
Այսպես կու մնան պանդուխտ՝
Ինձ միշտ սգվոր կտեսնեք,-
Այս է անբախտ իմ սուրբ ուխտ...

Էլ չի խոսեց Արաքսը,
Հորձանք տվեց ահագին,
Օղակ-օղակ օձի պես
Առաջ սողաց մոլեգին:

Smokie
20.01.2011, 12:06
Օտար օրիորդ եւ հայ պատանի

Օտարուհին ինձ ասաց. «Հե՞ր ես լալիս, արցունքը
Հեղեղի պես ինչու՞ են ոռոգում քո աչքունքը,
Քու տրտմության ճար ունիմ, կփարատիեմ քու դարդը,
Թշիս վրա չե՞ս տեսնում փայլած շուշանն ու վարդը»:

-Զուր մի՛ ջանար, սիրական, իմ դարդը չես փարատիլ,
Հոգիս հոգսից, ցավերից չես փրկիլ, չես ազատիլ.
Թո՛ղ իմ աչքից հեղեղա արտասունքի աղբյուրը,
Արտասունքն է լվանում սրտի խոր-խոր ցավերը:

Օտարուհին ինձ ասաց. «Տե՛ս, հասել է գարունը,
Դաշտերի մեջ բացվել են հազարերանգ ծաղկունքը,
Իջնենք դաշտը, օդ քաշենք, ծաղկունք քաղե՛, փունձ փնջե՛,
Հայրենիքիդ կարոտն ա՛ռ, որ թախիծ քեզ կտանջե»:

-Հայրենիքիս կարոտը ձեր դաշտիցը չեմ առնիլ,
Սառ Հյուսիսում՝ երկինքը Հայաստանի չեմ տեսնիլ,
Ուր բյուր պատիկ ցոլուն են արեգակի շողերը,
Կենսատու է անձրեւը, մեղրածին են ցողերը:

Օտարուհին ինձ ասաց. «Մոռացի՛ր քու հայրենիք,
Քու հայրենին այնտեղ է, ուր սիրում են քեզ մարդիկ.
Տե՛ս արեւին, նա պայծառ չէ՞ շողշողում Հյուսիսում.
Հայաստանը կորել է, խե՜ղճ, դու ցնորք ես ուղում»:

-Սուտ են, սուտ քո զրույցքը, Հայաստանը չէ՛ կորած,
Նա այնտեղ է, ուր Եփրատ ու Տիգրիս են գրկված,
Ուր Երասխը մրմունջով հուզած ջուրն է գլորում:
Ուր Մասիսի գագաթը ամպերից ցած է նայում,
Ուր փայլում է արեգը իր կուսական շողերով,
Ուր ջրում է երկինքը երկիրն զով ցողերով:

Ուր որ չի կա բորեաս*, չի կա շիմուն ու խորշակ*,
Օդը շունչ է հրեշտակի, ջուրը մեղր է անուշակ...
Հայաստանը կա՛... ավա՜ղ, խոպանացած, ամայի,
Եւ կծաղկի, երբ նորից ծծե քրտինքը Հայի...
Նորա ստինքը համառ է, չի կերակրում օտարին,
Օտարն խաբված ասում է «շիջավ աստղը հայերին»:
Բայց ի՞նչ, դու չե՞ս հասկանալ իմ սրտամաշ դարդերը.
Մի ջանար, ինձ չեն սփոփիլ թշիդ փայլուն վարդրեը:

...Իմ տրտմության ցավակից խանդաղակաթ գրկելով,
Օտարուհին ինձ տվեց գավաթը լի գինիով.
Երկնապույտ աչերը անթարթ աչերիս հառած,
Լաց ու ժպիտ երեսին՝ նա մեղմ ձենով ինձ ասաց.
«Խմե՛ գինի, պատանի, ի հիշատակ այն երկրին,
Որ սրտամաշ կարոտով կոչում ես քու հայրենին.
Պարզե՛ ազնիվ ճակատդ, զվարթացի՛ր, ոգի առ,
Հուսակտուր այդ դեմքով խղճալի մի ձեւանար.
Ձյունաթազ ու կիսամեռ դաշտքը գարնանային շնչից
Չե՞ն սթափվում եւ հառնում մահահանգույն*խոր քնից.
Երբ ծագում է արեւը՝ մռայլը չի՞ հալածվում,
Մեռած բնությունն դեպի նոր կյանք նա չի՞ վերածում,
Դե՜հ, պատանի, քա՜ջ եղիր, խմե՛ գինի, երգ երգե՛,
Տերն է որբոց օգնական, նա քու ազգի էլ կփրկե»:



բորեաս*-հյուսիսային ցուրռ քամի
խորշակ*-սաստիկ տաք քամի
մահահանգույն*-մահվան նման, մահանման



Հայ պատանին երգում է

Հայկ ու Լեւոնին մոռանանք, եղբարք,
Թափ տանք մեզնից փոշին հնության,
Վերածնենք մեր մեջ նոր կյանք ու նոր բարք,
Կեցցե՛ շատ օրե մանուկ-Հայաստան:

Կեցցե՛ շատ օրեր մանուկ-Հայաստան,
Նա՝ որ դեռ միայն մեր սրտի խորքում
Ունի յուր հիմքը, ո՛չ տուն, ո՛չ կայան
Չունի տակավին բուն Հայաստանում:

Եղբա՛րք, բանը դե անշոշափելի
Այժմուս մեր մտքին՝ ցնորք չի կարծենք,
Բանը կմարմնանա ու տեսանելի
Կլինի շուտ. միայն մենք վստահ լինենք:

Մեր հույսը մայն մեր վրա լինի,
Չեն պետք մեզ նպաստ մեծատուններին,
Ողորմությամբ թո՛ղ մուրացիկն ապրի,
Մուրացողն միշտ ստրուկ է օտարին:

Կեցցե՛ Հայաստան, որ երազական
Կարժում են ծերերն. իրոք չէ՛ այդպես.-
Մեր հայրենին դեռ չէ՛ չվառական*,
Քանի որ ունի քաջ որդիք մեզ պես:

Բա՛վ է, օտարին շատ ծառայեցինք,
Ստրկի վիճակն չէ՛ հավերժական,
Ազատության գինն մենք քաջ սերտեցինք
Էլ չենք հավատալ օտարի խոստման:

Օտարի շահը թույն է մահաբեր,
Աչք է կուրացնում, միտք է պղտորում,
Գերի է դարձնում մարդ ազատասեր,
Ոսկի շղթայով ձեռք ոտք է կապում:

Կփշրեմ շղթաս, կերթամ Հայաստան,
Կպագնեմ նորա հողը անարատ,
Կասեմ. «Եկել եմ որդիդ չվառական,
Գրկիդ մեջ ինձ ա՛ռ, մայր իմ հարազատ:

Չունիմ ես ոսկի, այլ ոսկու մադան*,
Ջլոտ ձեռք ջուխտակ ու սիրտ անվեհեր,
Ձեռքումս ունիմ բահ ու հրացան,
Սրտումս ունիմ ազնիվ խորհուրդներ:

Քու հողն արգավանդ, ես մշակ արի,
Մենք հաշտ կու ապրինք շատ ու շատ տարի.
Ուրջուներեդ քեզ ոչինչ շահ չկա,
Թույլ տուր, որ բռնի հալածեմ նոցա:

Դու որդիք ունիս չորս միլիոն ու կես,
Թե հանկարծ գաղթեն՝ նոցա տեղ ունե՞ս,
Ստինքիդ կաթը խնայե օտարեն,
Գալու որդիքդ քաղցած ծարավ են...»:

Հարավ, հյուսիսեն փոշի վերացավ...
Ձայն, տրոփ, խոսք, շշուկ զիլ-զիլ լսվեցավ...
Մասսա ճակատեն մեգը հեռացավ...
Մանուկ-Հայաստան ոտքի կայնեցավ...




չվառական*-թշվառական
մադան*-հանք

Smokie
20.01.2011, 12:13
Ռափայել Պատկանյանը 50_60-աման թվականների հայ գրականության նշանավոր դեմքերից է: Նա իր ամբողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդի ազատագրության գործին, պայքարել հայ նոր գրականության եւ աշխարհաբար լեզվի համար: «Հայրենյաց սերը այնպես միացել է իմ էության հետ, որ մի օր չմտածել հայի օգտին, մի օր չզգացվել նրա թշվառությանը, մի օր չմտածել նրա ապագայի վրա, ինձ համար մահ է: Ինչեր չէի բերի զոհ դրա համար, եթե հարկը պահանջեր»:

Smokie
21.01.2011, 14:18
Անվերջ գանգատներ


Մեր խեղճ ազգը ուսում չունի,
Չունի ուսում՝ խելք ալ չունի.
Խելոքներս այդ լավ գիտենք,
Բայց, ա՜խ, միայն մենք կխոսենք:

Մեր խեղճ ազգը հալածած է,
Երկրե-երկիր տարագրած է.
Բախտավորներս այդ գիտենք,
Գիտենք եւ միայն կխոսենք:

Հայ մշակը երկիր չունի,
Երկիր չունի՝ հարկ շատ ունի.
Հարուստներս մենք այդ գիտենք,
Գիտենք եւ միայն կխոսենք:

Հայի տղան գրքեր չունի,
Վարժարանը վարպետ չունի.
Գիտուններս այդ լավ գիտենք,
Գիտենք եւ միայն կխոսենք:

Հայ տերտերը կարդալ չգիտե,
Հայ տիրացուն շատ տգետ է,
Եպիսկոպոսքս այդ ճիշտ գիտենք,
Օգնելու տեղ՝ լոկ կխոսենք:

Հայ գեղջուկի աղջիկն ու կին
Անվարձ սեղեխ* են թուրք, պարսիկին.
Ամիրաներս* մի՞թե չգիտենք,-
Օգնելու տեղ՝ լոկ կխոսենք:

Աչքս դարձնում Արեւմուտքին,
Արեւ ծագե սլավոն ազգին.
Հայի արեւն, ահա՛ վեց դար,
Համատարած պատե խավար:

Հայի գանգա՜տ, անվերջ գանգա՜տ,
Տրտունջ ու լաց, սուգ անընդհատ...
Ե՞րբ ապա սաստ* ե՞րբ սրի շաչյուն,
Փողի ձայներ, մարտի գոչյուն...

Թուրը ձեռքես թուրքը առավ,
Տվայտանքե* խելքս թռավ.
Անգութ ռոզնեց, մի՞թե չես տալ
Աղետալի բախտս սգալ...


սեղեխ*-ապօրինի կապի մեջ մտնող կին, սիրուհի
ամիրա*-նահանգի կառավարիչ, երբեմն նույնիսկ իշխան. այստեղ՝ հարգական տիտղոս բարձաստիճան հայերի
սաստ*-սաստում, հրաման, պատիժ, պատուհաս
տվայտանք*-չարչարանք, տառապանք



Հայերուս բաղձանքը



Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ տեսնել մեր հային
Ազատ, ապահով, կրթյալ, ինքնագոհ,
Ամեն հայի տուն՝ դրախտ երկնային...
Լոկ այդ բանն ինձնից չուզենար մեկ զոհ:

Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ տեսնել Հայաստան
Մի օր ազատված թշնամու ձեռքին,
Հայի երկիրը, հայի սեփական...
Լոկ այդ չի բաժաներ ինձ իմ կոպեկեն:

Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ, որ մեր հայերուս
Արծարծվեր սերը, ուսման, գերության,
Հայի մեջ չի մնար մի հատիկ անուս...
Լոկ հեռի ինձնից թուղթ ստորագրության:

Ա՜խ, ինչպե՜ԿՈՒԶԵՄ, ՈՐ ՀԱՅ ՊԱՏԱՆԻՔ
Դեպ համալսարան խմբով վազեին,
Եւ Զվիցերիա երթար հայ աղջիկ...
Լոկ ինձնից նոքա կոպեկ չուզեին:

Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ, որ մեր զեյթունցին
Միթռալյոզ, շասպո, ռմբկեն ունենար,
Ջարդ ու բուրդ աներ քուրդ ու չերքեզին...
Լոկ ինձնից զենքի փող նա չուզենար:

Երբ մեր հայրենին հրաշքով ազատվեր,
Մերոնք էլ ազատ կյանք-օր վարեին,
Ա՜խ, ինչպե՜ս, ինչպե՜ս լավ բան կլներ,
Երբ հայքն ինձ իրանց իշխան ընտրեին:



Բարոյավեպ



Գծուծ, հարուստ, վաճառական մեատուն,
Քաղցած, ծարավ նստավ մինչեւ օր մահուն.
Հիվանդ ընկավ, վա՜յ սիրտ, վա՜յ սիրտ կանչելով՝
Հոգին տվեց, էլի վա՜յ սիրտ կրկնելով:

Կին ու որդիք անմխիթար են սգում
Թե ինչի՞ նա վա՜յ սիրտ, վա՜յ սիրտ էր կանչում.
Բժիշկ բերին, որ ճանաչե՝ թե ՞նչ էր,
Որ նորա սիրտ այնպես սաստիկ տանջում էր:

Բժիշկը ճեղքեց նորա փորը, ու տեսան,
Որ մեռելի սիրտը չկա... Նայեցան...
«Մի՞թե սա սիրտ բնավ չուներ փորումը
Երբեք սիրտը ցաված չէ՞ր յուր օրումը»:

Գիտնոց մեկը ասաց. «Զուր տեղը մի՛ հոգաք,
Նորա սիրտը թե ու՞ր է, շուտ կիմանաք.
Բացե՛ք արկղը, ուր որ նրա արծաթն է»...
Բացին, տեսան, որ արծաթի մեջ սիրտն է...

Մի՛ զայրանաք, տերունական սուտ չէ բան.
Սիրտը անդ է, ու որ գանձուց մթերք կան:

Smokie
27.01.2011, 15:53
Մայրաքաղաքում կրթած հայ երիտասարդ

Տեղը եկավ` հայ է նա, տեղը եկավ` այլազգի,
Իրոք ո՛չ այդ և ո՛չ այն է, այլ ծնունդ մի նոր ազգի:
Հագնվում է նա միշտ en grand*, ման է գալիս à la chigue*,
Ճաշ է ուտում, ո՞ւր եք կարծում, chez Dussean կամ Dominigue*.
Կարդում է նա Morning, Dèbats ոչ Բազմավեպ, ah! Fi, donc!
Ֆրանսերեն է կոտրատում, հայերենն է moivais ton*,
Զարթում է նա ուղիղ մեկին, անկողնի մեջ թեյ խմում,
Նախաճաշիկն է երեքին, գաղղիացիի* պանդոկում,
Վեցին քառորդ` ճաշի ժամ է չնաշխարհիկ մեր հային,
Ոչ թե ստիպված է այդ անել, այլ որ վերան շատ խոսին:
Ուշի-ուշով հետևում է Պետերբուրգի լուրերուն,
Դերձակից էլ ճիշտ տեղյակ է новомодный շորերուն.
Թեև զուրկ է մուզիկայից, բայց опера սիրում է,
Бозио-ի անուշ ձենից սորա խելքը գնում է,
Պինդ խոսում է, ինչ որ կանխավ feuilleton*-ում է կարդել,
Խոսքով աշխարհ կործանում է մեր պարոնը անարգել,
Նեպիր, Դունդաս ու այլ անձինք են նյութ նորա զրույցին,
Պախարակում է Hugo-ին ու սիրում է Դիկկենսին:
Նա սիրում է, նա ատում է ո՛չ սեփական իր խելքով,
Նա խմում է, նա ուտում է ոչ իր բերնի ճաշակով:
Նրա խելքը feuilleton -ն է прейс-курант*-ն ճաշակը,
Ու Գիտությանց Ճեմարանը է, ո՛ր ասես պանդոկը:
Քանի տարի քաշ է գալիս Պետերբուրգում այս կերպով,
Ու ետ դառնում իր հայրենիք` դատարկ խելքով ու ջիբով:
Այնուհետև պահանջմունքը նորա մեծ են անհեթեթ,
Միայն ինքն է խելոք, գիտուն, իսկ այլք` կոպիտ ու տգետ:
Այդ ի՛նչ զարմանք, որ հիմարը ուզե պատիվ իր անձին,
Նա է հիմար, որ անարժան տա պատիվը հիմարին.
Բնութենեն խելազուրկին Պետերբուրգը խելք չի տալ,
Մեծ հունար չէ փողոցներում աննպատակ միշտ ման գալ:


en grand*-այստեղ՝ շքեղ
chique*-շիկ
ches Dussean կամ Dominique*-Դուսանի կամ Դոմինիկի մոտ
mauvais ton*-վատ ճաշակ
գաղղիացի*-ֆրանսիացի
feuliileton*-ծաղրական բնույթի լրագրային, կամ ամսագրային հոդված
прейс-курант*-գնացուցակ




Մայրաքաղաքում կրթած հայ աղջիկ


Շուշա՛ն, շուտով դեմքըգ ծածկե', ձյուն դու թվի՛ր մըրոտած.
Տե'ս, սիգաճեմ ման է գալիս հալ աղջիկը մեր կրթած.
Վարդի գույնը уж не в моде: то-ли дело бледный лик!
Այստեղումը бледный են դիփ հա՛մ աղջկունք, հա՛մ կնանիք:
Ի՞նչ է գաղտնին бледныйության, այդ հայտնի չէ' ոչ ոքին,
Միայն կասեն, որ շատուց է կավիճն ունի բարձըր գին։
Առավոտ է, մեր աղջիկը հայլիից չի հեռանում,
Նորա ծնողք այսօր ճաշի гвардеец են սպասում,
Гвардеец է, լա՛վ միտք արեք, Հայ չէ՝ անշնորհ ու տգետ,
Гвардеец է՝ փայլուն շորով, ուսին դըրած эполет.

Տուն կմտնի, գլուխ կտա այնպե՜ս սիրուն, շնորհաշուք,
Որ մեր կըրթած հայ աղջկա սիրտը կանե тук-тук-тук!
էնդուր համար նա հայլիից օրն ի բուն չի պուկ գալի,
Гвардеец-ին դուր չի գալը խիստ է նորան զգալի։
Ո՛չ լոկ դեմքով պիտի դուր գա, այլ և անուշ խոսքերով,
Ինչպե՞ս, ի՞նչ կերպ, դուք կհարցնեք, այդ էլ չգիտե ոչով։
Բարձի տակը պահած ունի նա George Sande-ի շroman-ը,
Գիշերները մորից թաքուն կարդում է մինչ չորս ժամը.
Անհատական այդ աղբյուրից նա քամում է անդադար
Սիրո զգացմունք, սիրո խոսքեր—կանանց սըրտին մխիթար։
Նա գըտավ յուր идеал-ը, այսօր ճաշին կտեսնե
Նա յուր անտես սիրահարին, ում որ սիրտը տվել է։
Հայո՛ց աղջիկ, հայո՛ց աղջիկ, գնա՛ առաջ, մի՛ վախիլ,
Бледный դեմքդ, շինծու խոսքդ ովի՞ն ասես չեն խաբիլ։
Гвардеец-ին դուր չես գալի, — ի՞նչ ափսոսանք, ի՞նչ վընաս,
Քեզ սիրահար гусар, улан, артиллерист կունենաս։
Դու փո'րձ փորձե նորից դուր գալ, անույշ ժպտա' ու խոսե',
Քսանմեկըդ արդեն մոտ է, տե՛ս, առաջիդ մեծ փոս է:
Բայց մի' թողնիլ դու George Sande-ին, идеал-իդ մի' ուրանալ.
Թե ոչ ջահիլ, գոնե ծերուկ կառնե քեզ ռուս генерал.
Բայց զգուշացի'ր դու հայերից, գին չեն դնիլ, չեն սիրիլ
Քեզ, ինչպես դու ցանկանում ես. դու քեզ հային մի՛ մատնիլ:
Փորձ փորձեցիր ու դուր չեկար ո՛չ улан-ին, гусар-ին,
Քսանհինգըդ մոտենում է. հա՛յ աղջիկ, վա՜յ քու հալին։
Հայո՛ց աղջիկ, հայո՛ց աղջիկ, գնա՛ առաջ, մի՛ վախիլ,
Бледный դեմքըդ, սիրուն խոսքդ ովի՞ն ասես չեն խաբիչ:
Տարիներըդ ակոս ձըգեց քու շնորհալի երեսին,—
Վնաս չի կա,— подруг-ներդ դորա համար ճար ունին.
Երբ որ տանն ես՝ մի՛ հրամայիլ տղոց քեզի մոտենալ,
Դուրս գնալիս՝ лик-իդ ձըգե' դու կըրկնածալ հաստ вуаль,
Հարցնողներից ուշի-ուշով ծածկե' տարիդ ծըննդյան,
Ու ամենին հավատացո'ւր, որ տասնութ ես տարեկան:

Smokie
27.01.2011, 16:09
Ալեքսանդր Շիրվանզադեն Գամառ-Քաթիփայի մասին իր «Կյանքի բովից» վեպում::)


Ես քիչ եմ հանդիպել այդ մարդուն: Նա ապրում էր Նոր-Նախիջևանում, որ իր ծննդավայրն էր կարծեմ: Մինչև Թիֆլիս տեղափոխվելս կարդացել էի նրա ոտանավորները, ոգևորվել: Մի քանիսը մինչև անգամ անգիր գիտեի: Արձակ գրվածքների մասին գաղափար չունեի. Նախիջևանի բարբառն անհասկանալի էր ինձ համար:

Գամառ-Քաթիպան Թիֆլիս գալիս էր տարին մեկ կամ երկու անգամ, մերթ մի քանի շաբաթ այստեղ մնալու, մերթ Էջմիածին ուխտի գնալու համար: Եվ ամեն անգամ հայ դրական շրջանը հյուրասիրում էր նրան հասարակական ճաշկերույթով:

Տարօրինակ էր Գամառ-Քաթիպայի բնավորությունը, ինչպես և նրա արտաքինը: Ավելի փոքր, քան միջահասակ, ոչ գեր, ոչ նիհար, թուխ մորթով, պարզ ակնոցի տակից ծակոտող հայացքով նայող աչքերով, որ երբեմն հիշեցնում էին ինչ-որ գիշակերի աչքեր, երեսը միշտ մաքուր սափրած, ալեխառն ընչացքը քիչ կռտած, բերանը ծուռ — այս էր Գամառ-Քաթիպան: Նա, որ ժամանակի միակ ժողովրդականացած քնարերգակն էր, որի «Մայր Արաքսի...»-ն երգվում էր, «Բողոք առ Եվրոպ»-ը արտասանվում բեմերի վրա ու տներում ամենուրեք, ուր կար միայն մի բուռն հայություն, որի անունը երիտասարդության բերնում ազգային պարծանքի առարկա էր:

Հարգում էի Գամառ-Քաթիպային, ինչպես ամենքը, բայց և համակրանքի առանձին զգացում երբեք չունեցա: Ինչո՞ւ:

Մեծամիտ չէր, բայց փոքրավորի դեմ մի տեսակ իշխանավորի կեցվածք ուներ: Խոսում էր բարձր ձայնով, հրամայողական տոնով: Ավելի ցարական գոռոզ գեներալի հովեր ուներ, քան բանաստեղծի հեզություն: Զգում էիր, որ մարդը մեծ երևալու ճիգեր ունի: Խոսում էր մեծ մասամբ ռուսերեն և խոսում էր մաքուր միայն նախիջևանցու տափակ առոգանությամբ:

Առաջին տարին, որ հանդիպեցինք, ես էի նրա համար հասարակական հացկերույթ կազմակերպողը և մասնակցողների ցուցակ պատրաստողը: Այս առիթով ես մինչև անգամ գնացի Կոջոր ամառանոց Գրիգոր Արծրունուն խնդրելու, որ գեթ մի օր մոռանա ատելությունը և մասնակցի հացկերույթին: Այդ ժամանակ նրանց հարաբերությունները գրեթե խզված էին. մեղավորր բանաստեղծն էր: Նա իր «Աստառ» վերնագրով պամֆլետի մեջ Արծրունու մասնավոր կյանքի վերաբերմամբ թույլ էր տվել այնպիսի կեղտոտ ակնարկներ, որոնցից երդվյալ պոռնոգրաֆիստն անգամ կամաչեր:

Արծրունին խոստացավ ճաշկերույթին գալու, բայց չեկավ, երևի դարձյալ ենթարկվելով տիկին Մարոյի ազդեցությանը:

Երբ ես գնացի Գամառ-Քաթիպային ճաշկերույթին հրավիրելու, ձեռն ուսիս վրա դնելով՝ ասաց.

— Ну, батюшки, дитя не плачет, мать не разумеет.

— Ի՞նչ եք ուզում ասել, վարպետ:

— Լսեցի, որ վեպ ես գրել «Նամուս» անունով, ինչո՞ւ չէիր ինձ ասում:

— Ի՞նչ կարիք կա ձեր ուշադրությունն ինձնով զբաղեցնելու:

— Ի՞նչպես թե ինչ կարիք, — գոչեց Գամառ-Քաթիպան, կարծես մի տեսակ վիրավորված, — ես կգրեի ձեր մասին «Արձագանք»-ի մեջ, վեպը կտարածվեր:

Իհարկե, նրա հեղինակավոր ձայնը գնահատելի էր ինձ համար, և նա հավատացած էր, որ այդպես է, ուստի դժվար էր նրա համար երևակայել, որ ինձ նման մի սկսնակ, թեկուզ համեստությունից և նրբազգացությունից դրդված, կարող է չդիմել իր հովանավորությանր: Ես մինչև այսօր էլ չեմ հասկանում՝ ինչո՞ւ սկսնակներն իրենց գործը տանում են այս կամ այն անվանի գրողին և խնդրում են կարդալ կամ լսել, հուսալով նրա հավանությանն արժանանալու: Եթե գրվածքն արժեք անի, ինքն իր համար ճանապարհ կբանա, իսկ եթե ոչ, չգիտեմ ինչ հեղինակություն կամ առածաբան կարող է նրան փրկել մոռացությունից կամ անկումից: Վերջապես, համբավավոր գրողները միշտ էլ անսխալական չեն և կարող են սկսնակին ճանապարհից շեղել: Ահա ինչու այսօր ես խուսափում եմ ինձ դիմող երիտասարդների երախայրիքը կարդալու, այսինքն հանձն առնելու թե պատասխանատվության և թե սոսկալի ձանձրույթ: Անձամբ ես ոչ մի համբավավորի մոտ իմ գործերը չեմ կարդացել և ոչ էլ հարցրել եմ նրանց կարծիքը իմ տպագրված գործերի մասին: Ընթերցողը-ահա միակ դատավորը գրողի: Գրական քննադատություն… ո՞ւր է նա հայ գրականության մեջ:

Գամառ-Քաթիպան իր ճամփորդական տպավորությունների մեջ գրեց «Նամուս»-ի մասին: Եվ որովհետև գիրքը չէր կարդացել կամ կարդացել էր, չէր հավանել, բարվոք համարեց փառաբանել հրատարակչական ընկերությունը, այլ խոսքով մի անգամ ևս շոյել Աբգար Հովհաննիսյանին, որ ընկերության նախագահն էր:

Գամառ-Քաթիպան իր արձակ գրվածքներով մի Ջոնաթան Սվիֆտ էր: Նույնչափ թունավոր, կծու և անողոք, թեև ոչ անգլիական երգիծաբանի չափ հանճարեղ: Նրա Սյուլյուկ կեղծ անունով գրվածքների մեծ մասը նվիրված էր բանաստեղծի չսիրած մարդկանց մասնավոր կյանքին: Ճերմակյան ազգանունով մի ճերմակահեր վարդապետի մասին «Արձագանք»-ի մեջ գրեց մի պամֆլետ, որի բովանդակությունը կարելի է գուշակել գրվածքի վերնագրից` «Սատանայի ոջիլ»: Բավական է, որ մեկը այս կամ այն կերպ դուր չգար Ռաֆայել Պատկանյանին, թեկուզ իր դեմքով, կեցվածքով, քայլվածքով, Սյուլյուկը կար ու կար իր ժահրաթաթախ գրչով:

Զարմանալի անհանգիստ հոգի էր Գամառ-Քաթիպան: Չեմ հիշում մի մարդ, որ նրա մասին լավ խոսեր: Թիֆլիսւմ, բացի Գաբրիել Սունդուկյանից, նա ոչ մի բարեկամ չուներ: Րաֆֆին բացարձակապես ատում էր նրան: Արծրունին էլ ավելի, եթե չէր հարձակվում նրա վրա, պատճառը նախ հարգանքն էր, ապա մի քիչ էլ երկյուղը բանաստեղծի ժողովրդականությունից: Նույնիսկ Պերճ Պռոշյանը, այդ ամենաներողամիտ, ամենահամբերատար մարդը, Գամառ-Քաթիպայի անունը լսելիս հոնքերը կիտում էր: Նախիջևանից եկող մտավորականները միշտ գանգատվում էին նրա դեմ: Այս բոլորի պատճառը Գամառ-Քաթիպայի տարօրինակ բնույթն էր: Մի անգամ, երբ Աբգար Հովհաննիսյանը Գամառ-Քաթիպային անվանեց մեծ բանաստեղծ, ես հարցրի.

— Հապա ինչո՞ւ այդ մեծ բանաստեղծին գցել եք Նոր-Նախիջևանի պես մի փոս և չեք աշխատում նրան բերել Թիֆլիս:

— Որովհետև եթե նրան Թիֆլիս բերենք, ես ու դուք մի օր իրար դեմ կելնենք դանակներով:

— Չեմ հասկանում ինչու:

— Լսեցեք: Մի անգամ Գամառ-Քաթիպան ինձ հարցնում է, «Աբգար, ի՞նչ է գտել Գրիգոր Արծրունին այդ մագաղաթյա Մարոյի և ի՞նչ է գտել Մարոն այդ սապատավորի մեջ, որ իրարու սիրահարվել են»: Ես առանց որևէ ետին մտքի պատասխանեցի. «Աստված նրանց ասել է. «Սիրեցեք միմյանց, ապա թե ոչ թույլ չեմ տալու ոչ մի սատանայի ձեզ սիրելու»»: Մյուս օրը Գամառ-Քաթիպան, հրավիրված լինելով Արծրունու մոտ, ճաշի ժամանակ գինու բաժակը բարձրացնում է ու ասում. «Մարո, Գրիգոր, ձեր կենացը. Աբգարն ասում է, թե աստված ձեզ հրամայել է սիրել միմյանց, ապա թե ոչ»… և այլն: Արծրունին, իհարկե, կատաղում է, և ահա այդ օրից է սկսվել նրա թշնամությունն իմ դեմ:

Մի ուրիշ անգամ Գամառ-Քաթիպան Թիֆլիսում հրավիրված է լինում թեյի իր մի բարեկամի և երկրպագուի մոտ: Թեյի ժամանակ երկու բարեկամների քաղցր զրույցի միջոցին մյուս սենյակից գալիս է տանտիրոջ կենակցուհին ճերմակ զգեստով մի օտարոտի, բարձրահասակ, նիհար կին:

— Բա՛հ, — գոչում է բանաստեղծը, — այդ ուրվականն ո՞վ է:

Ես կատաղեցի, հազիվ կարողացա ինձ զսպել, որպեսզի այդ խելագարին չվռնդեմ իմ տնից, — ավելացրեց եղելությունը ինձ պատմող տան տերը, որ մի պատվելի բժիշկ էր:

Ես բավականանում եմ Գամառ-Քաթիպայի, իբրև անհատի, այս մի քանի գծերով: Նա իմ տանը եղել է ընդամենը երկու անգամ, ես նրա մոտ հազիվ թե ավելի: Նրա ընտանեկան կյանքին միանգամայն անծանոթ եմ:

Գամառ-Քաթիպան վախճանվեց Նոր-նախիջևանում 1892 թ., 60 տարեկան հասակում: Իր կյանքի վերջին տասնամյակում նա գրեթե ոչինչ չստեղծագործեց: Ճակատագիրը փրկեց նրան կենդանությամբ իր մահը տեսնելու դժբախտությունից: Այսօր նրա անունը, իբրև բանաստեղծի, չքացել է ասպարիզից շնորհիվ իր ազգամոլության, որ հասնում էր շովինիզմի, իսկ իր ժամանակին դղրդում էր Րաֆֆիի փայլուն անվանը հավասար…

Smokie
07.02.2011, 15:23
Օրորոցի երգ

Արի՛, ի՛մ սոխակ, թո՛ղ պարտեզ մերին*,
Տաղերով քուն բե՛ր տղիս աչերին.
Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի՛ գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ։

Ե՛կ, աբեղաձա՛գ*, թո՛ղ արտ ու արոտ,
Օրորե՛ տղիս, քընի է կարոտ.
Բայց նա լալիս է. դու, ձագուկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։

Թո՛ղ դու, տատրակի՛կ, քու ձագն ու բունը,
Վուվուով* տղիս բե՛ր անուշ քունը.
Բայց նա լալիս է, տատրակի՛կ, մի՜ գալ,
Իմ որդին չուզե սգավոր դառնալ։

Կաչաղա՛կ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զըրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է, կաչաղա՛կ, մի՛ գալ.
Իմ որդին չուզե սովդաքար* դառնալ։

Թո՛ղ որսդ, արի՛, քաջասի՛րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե․․․
Բազեն որ եկավ` որդիս լռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ։

մերի-անտառ, մայրի
աբեղաձագ-կատարավոր արտույտ
սովդաքար-վաճառական



Օրորոցի երգ

Քո՛ւն էղիր, պալաս, աչքդ խուփ արա՛,
Նաշխուն աչքերուդ քուն թող գա վըրա,
.......Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
.......Իմ (այս անունին) քունը կը տանի։

Օսկի խաչ վըզիդ՝ քեզի պահապան,
Նարոտ* կապիլ է ծարեն տեր-պապան.
.......Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
.......Իմ (այս անունին) քունը կը տանի։

Մավի* հիլուններ* կախիլ իմ ես ալ,
Նազար չիս առնուլ, քո՛ւն էղիր, մի՛ լալ,
.......Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
.......Իմ (այս անունին) քունը կը տանի։

Աս քանի՞ մորդ անքուն աչքովը
Անցիլ է օրեր օրոցքիդ քովը.
.......Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
.......Իմ (այս անունին) քունը կը տանի։

Օրոցքդ օրրիմ, օրով բոյ քաշիս,
Մղկտան ծանով սիրտս չի մաշիս,
.......Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
.......Իմ (այս անունին) քունը կը տանի։

Դուն ալ քո՛ւն էղիր, ինծի ալ քուն տուր,
Սուրբ աստվածամայր (այս անունին) քուն տուր։
.......Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի,
.......Իմ (այս անունին) քունը կը տանի։
նարոտ*-գույնզգույն թելերից ոլորած հաստ թել
մավի*-երկնագույն
հիլուն*-հուլունք

Լեռնցի
24.05.2011, 17:24
Հայերուս թուքը

Դուն խելոք, հաշվով վաճառական ես,
Մյուլք, փող ու ապրանք, կասեն, շատ ունես. -
Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։

Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծավոր,
Անուն հաղթողի ունես փառավոր.
Բայց թե թըրեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան։

Ի վերուստ քանքար քեզի տված է,
Հեղինակ անունըդ աշխարհ փըռված է.
Բայց թե գըրչեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վըրան։

Հեռատես մըտքով դուն զարդարեցար,
Հըզոր իշխանի սիրելին դարձար.
Բայց թե մըտքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան։

Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր,
Շատ կըհորինես թանկագին բաներ.
Բայց թե ձեռքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան։

Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար,
Քարոզչի ստացար հըռչակ ու հանճար.
Բայց թե լեզվեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, լեզվիդ ալ վըրան:

Մեծ ուսում առիր, եղար գիտնական,
Գովքովըդ լըցված է մարդոց բերան.
Թե ուսումեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան:

Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու հարգ,
Ու կըդընեմ քեզ ազնիվ մարդոց կարգ,
Երբ օրորանեդ մինչև գերեզման
Միակ ձըգտմունքըդ լինի Հայաստան։

Ռափաել Պատկանեան, 1878

Լեռնցի
03.06.2011, 17:58
ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ` որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ` արԺանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ:
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ գնում է հայի ժամ,
Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից` չորս անգամ,
Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
Հորանջելիս խաչ է կնքում` բաց բերանն ու երես:
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին
«Օրհնյալ ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին,
Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու,
Թե զատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու:
Չէ, սիրելիս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
Հայ ծնվելդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք,
Ով կամ թե յան մականունիդ վերջի վանկի մասնիկը,
Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը:
Տեղը մնա ազգությունը, այդ նաև վարձ չէ հոգուդ:
Թե դու հայ ես` հայությունդ պիտի հարգես անպատճառ:
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար.
Օտարինը դու մի ատիլ, մի էլ սիրիր կուրորեն,
Բայց դու հայի օգուտները միշտ վեր դասե ամենեն:
Արվեստ, ուսում, շքեզարվեստ տարածե` հայ ազգի մեջ,
Բայց բռնությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ.
Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես` հոգին բխել է Հորից,
Կամ թե Որդին Հոգվով Սրբով անսերմ ծնունդ է Մորից…
Թող, սիրելի, այդ խնդիրքը, աչքդ դարձուր դեպ հարավ,
Բյուր- բյուր հոգիք դու կտեսնես կորած դորա պատճառով,
Բայց մինչ այսօր այդ խնդիրքը մնացել է անվճիռ,
Թույլ խելքո՞վըդ աշխատում ես քակել անքակ այդ կնճիռ:
Սիրե ազգըդ ոչ լոկ խոսքով, սիրե ինչպես քու անձը,
Նորա օգտին, թե պետք լինի, զոհե բոլոր քո գանձը.
Մի խնայիլ կյանքդ անգամ, արյունդ բեր նորան զոհ.
Ոչ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ:
Իստակ սերը չի պահանջում ամենևին տըրիտուր,
Թե տվածը ետ առնվի` դորան կասեն առուտուր.
Բայց վայ նոցա, որք անըզգա են յուր ազգի վիճակին,
Հազար անեծք նոցա վերա, էրնեկ շան պես սատակին:
Թե դու հայ ես` գիտե՞ս արդյոք` ով է ազգիդ նախահայր,
Ո՞րտեղ, ո՞ր կողմ նա ընտրել էր ազգիս համար հայ աշխարհ.
Քանի՞ տարի անկախ մնաց հայը օտար ազգերից,
Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից:
Ո՞ւր ցրվեցավ քու խեղճ հայը, ունի՞այժմ օգնական,
Կա՞ մի հնար, միջոց կամ հույս սորա կրկին նորոգման,
Թե կա հնար` դու պատրա՞ստ ես անձդ ազգիս զոհ անել,
Խիստ կըտտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարավ միշտ տանել:
Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծնողք, եղբայր, սիրական,
Սիրելվույդ տեղ կրծքիդ սեղմել միշտ մահառիթ հրացան.
Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ,
Սարսափելի մահդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ:
Այդ ժամանակ քեզ հայ կասեմ…
Բայց թե փորդ տոլմաներից կամ փլավից տռաքի,

Հավատացիր ուտելովդ օգուդ չես բերիլ ազգի:

Smokie
04.06.2011, 14:19
Նոր տարին

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն.
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն:

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եւ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եւ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան:

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը քուրդեն չի սարսեր:

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին,
Հայի դրոշակ ծածաներ:

Հայե՜ր, երբեք չերկտենք,
Կկատարվի այս ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սրտեն:
:love



http://youtu.be/YYfYRy_-zt0
:love