PDA

Դիտել ողջ տարբերակը : Կամ-կամ



Moonwalker
10.01.2011, 14:16
Երեկ անքուն գիշերվանից հետո ավարտեցի Էմանուիլ Կանտի «Կրոնը միայն բանականության սահմաններում» աշխատությունը: Մեղմ ասած տպավորված եմ: Ճիշտ է քննադատական իդեալիզմի հոր մտքերից շատերը չհասկացա, չընդունեցի, չհավատացի ու չմարսեցի, բայց կարծում եմ գիրքը իր հիմնական գործը կատարեց՝ ստիպեց ինձ մտածել: Ու այդ խոհերը մի տեղ կանոնակարգելու համար որոշեցի սեփական օրագիր բացել: Այստեղ ժամանակ առ ժամանակ կտեղադրեմ մտքեր, որ արտացոլում են քննադատական աշխարհընկալման իմ տեսակետը:

Moonwalker
10.01.2011, 14:20
Եկեք նկարենք մի ճյուղավորում 1, 2, 3, 4, ... Սա Երկիրն է, Արեգակը, աստղերը, զանազան մանրուքներ՝ տեսանելի ու անտես: Այսպիսին է ճարտարապետությունը Տիեզերքի: Այսպիսին է նաև յուրաքանչյուրիս ներքինը՝ լի անթիվ ճյուղավորումներով:

Տիեզերական ճարտարապետության կատարելության գաղափարը հաճախ խաղաղեցնում ու միավորում է իդեալիստներին ու մատերիալիստներին. հակամարտությունը ոչնչացված է: Տիեզերական մեծ ու փոքր շրջանային ճյուղավորումները բավական նման են Վերածննդի դարաշրջանի նշանավոր կոթողներին: Նախագծային հիմքը միշտ ավելի բարդ է քան կատարողական պերիֆերիան: Ճարտարապետությանը բնորոշ է շարունակական ճյուղավորումն ու կրկնությունը՝ զանազան մետամորֆոզներով:

Հիմք, կոսմիկական պերիֆերիկ ճարտարապետություն ու սրանց կապող մի օղակ՝ կազմված էներգիայից, ժամանակից ու ինֆորմացիայից: Ամեն ինչ ունի իր նպատակը ու, հետևաբար, նաև իր իմաստը: Ամեն ինչում ու ամենի հիմքում կա որոշակի օրինաչափություն: Ամեն ինչ ունի կենտրոն և փոխկապակցված առաջնային ու երկրորդային տարրեր:

Ու այս խառնաշփոթի մեջ ո՞րն է մարդու տեղը: Ո՞վ եմ ես ու ինչո՞ւ եմ ես: Կա՞ իմ մեջ արդյոք աստվածայինը: Եկեք մի քիչ մտածենք. հարց.

Մարդու ի՞նչին է պետք Աստված կամ աստվածայինը: Ո՞րն ընտրել:

Տարբերակներ
1. Կյանք ապրած միայն իմ համար. օբյեկտը սեփական «Ես»-ը:
2. Կյանք ապրած բոլորի կամ Ուրիշի համար. օբյեկտը հանրային/ուրիշի «Ես»-ը:
3. Կյանք ապրած Աստծով ու Աստծու համար. օբյեկտը աստվածային «Ես»-ը, որ նույնական է կատարելությանը:

Եկեք դիտարկենք յուրաքանչյուրը.

1. Ի՞նչ է նշանակում կյանքի իմաստ: Հանուն ի՞նչի ենք մենք ապրում: Մենք սմբակավորներ չենք, որ ապրենք հանուն ուտելու ու ինքնանպատակ քարշ տանք գոյություններս զուտ նրա համար, որ բնությունը մեզ այն շնորհել է: (Իմիջիայլոց, ով որ ապրում է միայն վերոգրյալ նպատակով թող շարունակությունը չկարդա, քանզի ով մտածում է սմբակավորի նման, ապրում է սմբակավորի նման ու ունենալու է սմբակավորին արժանի վախճան /կյանքի իմաստին վերաբերվող թեմայում համոզվեցի, որ այդպիսիներն էլ քիչ չեն/): Մարդը (համենայն դեպս մտածող մարդը) միշտ ձգտում է նյութականացնել իր գոյությունը: Նա իմաստ է հաղորդում իր գործողություններին՝ ընդհուպ մինչև վերջին շունչը:
Հիմա ենթադրենք, թե կյանքի իմաստը սեփական բարօրության, ինքնաբավարարման ու ինքնագոհացման մեջ է: Այսինքն մարդ ապրում է քծնելով սեփական «Գոյ»-ին: Սեփական կենսափորձը վերլուծելով՝ ամեն մտածող մարդ գալիս է այն եզրակացության, որ կենսափորձը ոչ այլ ինչ է, քան հիասթափությունների շղթա՝ անկախ հիասթափությունների միջև ընկած ժամանակից ու եղած դեպքերից: Միայն ամենամիամիտ մարդը կարող է ամեն ինչում հավատալ սեփական ամենակարողությանը: Մեզ ամենուր ու անընդհատ ուղեկցում են խափկանքներն ընդհանրապես ու ինքնախաբեությունը մասնավորապես: Նրանցին մարդը գիտակցաբար ազատվում է տարիների ընթացքում, բայց արդյո՞ք մեր տարիները կբավականացնեն մեզ ազատվելու բոլոր կապանքներից...

2. Ենթարենք, որ ապրել պետք է ոչ թե ինքդ քո այլ ընդհանրական, հավաքական երջանկության ու բարօրության համար: Այս դեպքում, մտածելով գալիս ենք եզրակացության, որ հանուն բոլորի ապրելը մեղմ ասած ոչ խելացի ճանապարհ է, որովհետև հիմարություն է խոզերի առաջ մարգարիտ շաղ տալն ու անշնորհակալների մասին հոգալը: Ինչքան ուզում ես գոռա ու սովորեցրու, մարդիկ միշտ էլ բաժանվելու են երախտագետների ու անշնորհակալների, ընդունողների ու մերժողների, խնայողների ու վատնողների: Չի կարելի լինել բոլորի համար հայր ու եղբայր, որովհետև միևնույն է ստիպված ես դառնալ դատավոր ու դահիճ նրանց համար, ովքեր պետք է մեկուսացվեն ու ոչնչացվեն: Հանուն հանրային բարօրության ապրել կարող են կատուկենտ անհատներ, ովքեր սեփական երջանկությունը այլոց երջանկության ստվերում են տեսնում (լավ իմաստով): Բայց դե բոլորը չէ, որ այդքան կոսմոպոլիտ հոգի ու անձնվեր միտք ունեն:
Լավ, իսկ միգուցե արժե ապրել հանուն Ուրիշի՞, այլ ոչ թե բոլորի: Բայց այդ Ուրիշն էլ ժամանակի ընթացքում ի հայտ է բերում սեփական չարությունն ու եսասիրությունը: Եվ դու տեսնում ես, որ սիրել ես մատնիչի ու սրիկայի, որ էությունդ ես ներդրել նրա մեջ, ով ոչնչացնում ու դեն է նետում արժեքավորը (ի դեպ մենք էլ ավելի լավը չենք): Դու կորցնում ես ապրելուդ ցանկությունը, իսկ դա ամենազարհուրելին է...

3. Այդ իսկ պատճառով մարդ միշտ պիտի ունենա ավելի բարձր, վեհ, տրանսցենդենտալ ձգտումներ: Հանուն Բարձրյալի (ու այս դեպքում ամենևին էական չէ բարձրյալի անունը կամ ընկալման տարատեսակը): Որպեսզի ապրել Բարձրյալով: Իսկ այդ դեպքում ո՞րն է բոլորից բարձր: Երկի՞նքը: Երկինքը մոտ է: Իսկ դու անձնույթ ես: Ստացվում է, որ երկինքը իր կամ ինչ-որ լամինարիա է կամ ասենք մի հիմար ծրագիր...Բարձրյալը պիտի անձնույթային բնորոշիչներ ունենա: Եթե մենք անձնային հետևանքն ենք բնության, ուրեմն պատճառն էլ պիտի անձնային լինի: Ինչպես նեղ անձնական, այնպես էլ ընդհանրական գիտակցության գոյության պատճառը Բարձրագույն գիտակցությունն է: Իսկ Բարձրագույն գիտակցությունը, որն ունի «Ես» (ոչ թե ինչ-որ բութ մատրիցա) Աստված է:
Հավատն առ Աստված մեզ ուժ է տալիս: Այն մեծացնում է մեր համբերությունը, խորացնում է մեր գթասրտությունը: Ծնող դառնալով մենք ավելի լավ ենք հասկանում Աստծուն...

Ես կախման կետեր դրեցի յուրաքանչյուր տարբերակի վերջում, քանզի սա իմ ընկալումն է, որ փոփոխվում է վայրկայն առ վայրկան ու սպասում է լրացման:

Moonwalker
11.01.2011, 20:31
Կյանքի իմաստը պիտի գտնվի բայց չպիտի ստեղծվի:
Վ. Է. Ֆրանկլ

Այս գիշեր մտածմունքիս թեման կյանքի իմաստն էր: Նախորդ անգամ հասկացա, որ այն կա ու ուղղակի պիտի գտնել: Փորձեցի սխեմատիկացնել եզրակացությունս: Ահա թե ինչ ստացվեց:
Նախ, որպեսզի սեփական կյանքի իմաստը հասկանալ, ինչի համար է մարդ ապրում, պետք է ընդունել մի քանի պարզ ու ակնհայտ ճշմարտություններ:

Առաջինը, ուղղակի անհրաժեշտ է ընդունել որպես փաստ, որ մարդ ստեղծված է ինչ-որ մեկի (բնականաբար ի նկատի չունեմ ծնողներին) կողմից: Կա մեկը, ով մտածել, ստեղծել ու կանոնավար աշխատանքային վիճակում է պահում այս կատարելապես հավասարակշռված Տիեզերքը՝ ներառյալ և մենք: Երդվյալ աթեիստները կարող են ուզածի չափ պնդել հակառակն ու համարել, որ իրենք առաջացել են զուտ պատահականության հետևանքով: Հնարավոր է, որ իրենց դեպքում այդպես էլ կա, բայց եթե մարդ փնտրում է սեփական կյանքի իմաստը պիտի գնա այլ ճանապարհով:

Ենթադրենք, թե ընդունեցինք, որ մենք ստեղծված ենք մեկի կողմից (Արարիչ, Բնություն, Բարձրագույն տիեզերական բանականություն. անվանումն այս պահին էական չէ) և, հետևաբար, այդ ինչ-որ մեկը ստեղծել է մեզ մեր համար գուցե դեռ անհայտ նպատակի համար:
Գնանք առաջ: Ինչպես ասում են հնագույն գրքերը՝ մարդիկ ստեղծված են կերպարով ու նմանությամբ: Բայց մարդիկ իրենք էլ անընդհատ փորձում են ստեղծել ինչ-որ բան սեփական կերպարով՝ պարզագույն քանդակներից մինչև արհեստական օրգաններ: Մենք շատ մոտ ենք մարդանման ռոբոտների (կամ էլ ռոբոտանման մարդկանց) ստեղծմանը: Ու եթե հասկանանք ինչ նպատակով է մարդը ձգտում դրան, կարելի կլինի մոտենալ հասկացողությանը, մոտենալ սեփական նպատակին ու իմաստին:

Հիմա, իսկ ինչի՞ համար ենք մենք ստեղծում այդ բոլորը: Մենք ցանկանում ենք ներդնել նրանցում սեփական էության մի մասնիկը, մի՞թե ոչ: Մենք ցանկանում ենք, որ նրանք անեն այն ինչ մենք առանց այդ էլ կարող ենք անել: Նրանք օգնում են մեզ անել այն, ինչ մեզ պետք է տվյալ պահին:

Սա կարևոր նյուանս է. հենց տվյալ պահին: Օրինակ եթե մի 30 տարի առաջ մենք կարող էինք հեռախոսից սպասել միայն զրույց հեռավոր մի ծանոթի հետ, ապա հիմա մենք սպասում ենք, որ այն լինի փոքրիկ, հարմարավետ, փոխանցի տվյալներ, մեր համար երաժշտություն հնչեցնի, լուսանկարի, մեզ արթնացնի առավոտները...: Տեսնո՞ւմ եք մեր ստեղծագործությունից մեր պահանջների փոփոխությունը:

Մենք մեր Արարչի ստեղծագործությունն ենք: Ու քանի որ մենք նրա պատկերով ու նմանությամբ ենք ստեղծված, ուստի և կարող ենք ենթադրել, որ Նրա պահանջներն էլ մեզանից ժամանակի ընթացքում փոփոխվում են: Արարիչը մեզանից տարբեր պահանջներ ունի մեր զարգացման տարբեր փուլերում (մարդն էլ տեխնիկայի նման լինում է նոր «սերնդի»): Այսպես Ռաջա Ջանակի օրոք Նա արդարադատություն ու մտքի խաղաղություն էր պահանջում, Շրի Կրիշնայի օրոք ցանկանում էր, որ լինենք ավելի պարզ ու ուրախ, Հիսուսի օրոք, սովորենք ներել մեկմեկու...
Այդ դեպքում ի՞նչ է հիմա ցանկանում մեզնից Արարիչը: Անհատը դա իր նպատակը գիտակցելու համար պիտի բացահայտի իր ներքին հնարավորությունները, այլ կերպ ասած ինքնադրսևորվի: Դեռ հազարամյակներ առաջ մեր նախնիներին էր հայտի պարզ ճշմարտությունը. «Nosce te ipsum» («Ծանի՛ր զքեզ»):

Հենց այսպես ու ոչ մի այլ կերպ: Որպեսզի հասկանաս սեփական կյանքիդ իմաստը, պիտի իմանաս, թե իրականում ով ով ես: Իսկ որպեսզի իմանաս, պիտի քո մեջ գտնես այն ուղին որ կապում է քեզ քո Արարչին, ու ուղղակիորեն՝ շրջանցելով բազմաքանակ միջնորդներին: Սա կատարելությանը տանող նեղ ու փշոտ արահետն է: Ինքնակատարելագործումն ու ներքին խաղաղությունը բացում է մարդու առաջ այն հորիզոնը, որ չի սահմանափակվում կասկածներով ու ենթադրություններով, այլ ընդգրկում է ողջ ճշմարտությունը՝ ինչպիսին որ այն կա ու եղել է, այլ ոչ թե ինչպիսին մենք ենք պատկերացնում:

Ու քանի որ մենք (եթե չեմ սխալվում) մարդ ենք՝ կերպարով ու նմանությամբ ստեղծված, ուրեմն ինքներս պիտի բռնենք մարդկային զարգացման նոր աստիճան (Homo spiritualis/մարդ հոգևոր) տանող ուղին:


Հ.Գ. Ներողություն, եթե կրոնական քարոզի կամ ցնդաբանության նմանվեց: