Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Մայրիկի նկարը



Թամարա
09.01.2011, 07:06
-Պա՛,դու հասկանում ես ի՞նչ ես ասում:Պա՛, ես ընկերուհի ունեմ,մենք շուտով նշանվելու ենք ու դու հիմա իմ տարիքի մի աղջիկ ես բերել տուն ու ասում ես`մեր տանն է ապրելու:Ուզու՞մ ես նույն օրը հարսանիքներս անենք:
-Գրիշի՛կ,հանգստացի՛ր,-ընկերը ետ մղեց տղային:
-Ռո՛բ,դու հասկանու՞մ ես,իմ բոլոր ընկերները,ընկերուհուս ընտանիքը ինձ կծաղրեն,առանց այն էլ մի ամիս է արդեն քո կապի մասին են բոլորը խոսում:
-Գրիշի՛կ,լռի՛ր,ես իրավունք չու՞նեմ իմ կյանքն ունենալու,քեզ պիտի լսե՞մ:
-Իմ մորը ոչինչ չի եղել:
-Քո մայրը վաղուց լքել է մեզ ու ձեր մասին չի էլ մտածում:
-Դու կարող ես վերադարձնել նրան:
-Լռի՛ր,ես եմ որոշողը:
-Մի խոսքով,եթե նա այս տանն է ապրելու,ուրեմն ես կգնամ,գնացինք,Ռո՛բ,գնացինք…
Ապտակը ուժգին էր:
Տիգրանը չգիտակցեց թե ինչպես ապտակեց որդուն:Այդպիսի բան երբեք չէր արել:Գրիշիկը ավելի բորբոքվեց:Գոռգոռաց ամբողջ օրը,բայց չհամարձակվեց տանից գնալ:
-Մնում էր դրա պատճառով ինձ ապտակեիր ընկերոջս մոտ:Լավ էլ ազդեցություն ունի վրադ ոնց որ…
Ապտակը կրկնվեց:Տիգրանը հունից դուրս եկավ,վերցրեց վերարկուն,կարելի է ասել դուրս վազեց`դուռը շրխկացնելով:
-Սրան ու՞ր ես թողնում,-Գրիշիկը շփոթված աղջկան հրեց դռնից դուրս:
Աղջիկը մենակ մնաց ցուրտ միջանցքում գիշերով:Ինչ անել:Այդ ժամին տուն գնալ:Տանը սրանից մեծ վեճ կլիներ:Հենվեց սառը բազրիքին ու անշարժացավ:Գոնե Տիգրանը ետ գար:
-Կմրսես այստեղ,արի՛ գնանք ներս:
Ռոբն էր`Գրիշիկի ընկերը:
Գրիշիկը լացակումած նստած էր բազմոցին,ոտքերը բազմոցի թիկնակին,անտարբեր հեռուտացույց էր նայում,ավելի շուտ հեռուստացույցին:Նրանց կողմը չնայեց էլ:
-Լևոնի՛կ,պուլտը տու՛ր:
Գորգին նստած մոտ տասնամյա երեխան,որ ուշադիր նայում էր աղջկան,վախեցած վեր թռավ թռավ տեղից ու սկսեց փնտրել հեռակառավարման վահանակը:
Հետո Գրիշիկը սկսեց փոխել հեռուստալիքները անհավատալի արագությամբ:
-Լևոնի՛կ,ցույց տուր աղջկան,թե որտեղ պիտի քնի,արդեն ժամը երեքն է,-Ռոբը ջանում էր այնպես խոսել,որ բորբոքված ընկերը չլսեր:
-Մորս ննջարան չմտնե՛ս,-գոռաց Գրիշան:
Լևոնիկը նրան ուղեկցեց հյուրերի սենյակ:Աղջիկը մենակ նստեց անկողնուն ու սկսեց դիտել գետնին ընկած գրիչը:
Հետո դողացող մատները հավաքեցին շատ ծանոթ մի հեռախոսահամար:
-Նուն,թող քնի կգամ,ավելի ճիշտ 20 րոպեից կհասնեմ:
Մի բան սկսեց զարկել կրծքի տակ:Մոտեցավ հայելուն:Տեսքն ինչպես է:Տեսքը դուրը չեկավ,բայց չփորձեց շտկել:Կամաց բացեց անկողինը:Նստեց ու սպասեց…
Գնալով ավելի էին ուժգնանում սրտի զարկերը:Վախենում էր մի քիչ:
Դուռը բացվեց:Աղջիկը հանկարծակիի եկավ:Տիգրանը վերարկուն նետեց աթոռին:
-Ի՞նչու չես քնել:Ժամը հինգն է:
Անջատեց լույսը:Մթության մեջ մի երկու շոր հանելով պառկեց:
-Կարծում էի իմ ննջարանում կլինես:
Աղջիկն ամբողջ մարմնով դողում էր Տիգրանի մոտիկությունից:Տիգրանը գրկեց նրա կուչ եկած մարմինը,համբուրեց գլուխը.
-Ամեն ինչ լավ կլինի…
Աղջիկը վախենում էր այն բանից,որ պիտի լիներ:Քիչ անց թերևս ավելի թեթևացած շունչ քաշեց,որ ոչինչ էլ չեղավ:Տիգրանը քնած էր…
Առավոտյան նորից կռիվ,վեճ,ավելի բարձր ձայներով,քան կարող էր պատկերացնել,քան տեսել էր իրենց տանը:Տիգրանը նորից գնաց:Աղջիկը ամբողջ օրը սենյակից դուրս չեկավ:Երեկոյան զանգեց.
-Չեմ գալու:Հիշու՞մ ես,ասում էի տեղակալիս գործուղման եմ ուղարկելու իմ փոխարեն,որոշեցի,որ ավելի լավ է ես գնամ,մինչև ամեն ինչ կհանդարտվի:15 օրով է գործուղումը:
Աղջկան արդեն միայն մի բան էր մտահոգում.երկրորդ օրն էր ոչինչ չէր կերել:Կամաց բացեց սենյակի դուռը:Սրահում մութ էր:Վառեց հեռախոսի լույսը…Փոքրիկը քնած էր բազմոցին:Ետ դարձավ,սենյակից վերցրեց ծածկոցը ու կամաց ծածկեց նրան:Ուզում էր հիշել խոհանոցի տեղը:Կարծեմ աջ կողմում էր:Դուռը աղմուկով բացվեց:Աղջիկը չգիտես ինչու վախեցած ետ վազեց ննջարան:Գրիշան չնկատեց նրան:
Կես ժամ չանցած սենյակի դուռը կամաց բացվեց:Աղջիկը սարսափած վեր թռչեց պառկած տեղից,բայց ոչինչ չտեսավ:Նստեց անկողնում:
Փոքրիկը լուռ կանգնել էր դռան մոտ ձեռքին հաց ու թթվասեր:
-Տեսա,որ ուզում էիր խոհանոց գնալ,կներես,մտքովս չէր անցել,որ սոված կլինես:
Հաջորդ օրը արդեն պատմեց,որ վերջերս է Հայաստան եկել իր իսկ ցանկությամբ:Մինչ այդ մոր հետ է ապրել Կանադայում:
-Իսկ ի՞նչու ուզեցիր գալ:
Մի քանի վայրկյան լռեց,ուսը թափ տվեց,թաքցրեց հայացքը: Չէր ուզում խոսել:Ակնհայտ էր:
Ոտնաձայններ լսվեցին:Գրիշիկն էր:Լևոնիկը դուրս վազեց:
-Ի՞նչ էիր անում այնտեղ:Մեկ էլ տեսել եմ մոտն ես գնացել,իր հետ միասին դուրս եմ շպրտելու:
Աղջիկը գրկեց բարձը ու սկսեց հեկեկալ:
×××
Տիգրանի հետ ծանոթացել էր մեկ ամիս առաջ:Խմբով Գեղարդ էին գնացել:Երբ բարձրացան վանքը հիշեց,որ տեսախցիկը մոռացել է տաքսու մեջ:Ետ վազեց,բայց շփոթված կանգ առավ,երբ մի քանի սպասող տաքսի տեսավ:Չէր հիշում,թե որով էին եկել,գոնե վարորդին հիշեր:
-Դուք այս մեքենայից իջաք,-անուշ ժպտացող տղամարդը ամենաքիչը մոտ 37 տ. կլիներ:
Վերցրեց տեսախցիկը ու արագ քայլերով բարջրացավ դեպի վանքը:Անծանոթը հետևեց նրան:Ծանոթացան:Պատմեց իր մասին,իր երեխաների մասին:Պատմեց,որ մեծ տղան աղջկա տարիքին է,ապագա բժիշկ է,իսկ փոքրը`չորրորդ դասարան է արդեն:
Պատմածների մեջ անկեղծություն կար,բայց աղջիկն անտարբեր էր:Նրա մտքով անգամ չէր անցնում,որ համարյա հոր տարիքի այս տղամարդը ուզում է դուր գալ իրեն:
Երկու օր անց անգլերենի պարապմունքից գալիս նորից տեսավ նրան:Այդ օրը լաց էր եղել,չէր հիշում ինչու(ավելի ճիշտ չէր ուզում հիշել):Մոտեցավ,կամաց բռնեց ձեռքը.
-Փոքրիկս,ով է նեղացրել քեզ,-ու հենց փողոցում նրան կրծքին սեղմեց:Աղջիկն իրեն այնքան պաշտպանված զգաց այդ գրկում:
Հետո էլի եկավ…
Առաջարկեց մեքենայով տանել տուն:
Հետո համբուրեց…
Հետո սեր խոստացավ,հավերժ,մե~ծ սեր:
Հետո(1 ամիս հետո)ամուսնության առաջարկություն արեց:
Հետո տարավ տուն:
Հետո…
×××
Լևոնիկը էլ չեկավ:Վախենում էր եղբորից:Աղջիկը արդեն ավելի հաճախ էր դուրս գալիս սենյակից:Աստիճանաբար սկսեց զբաղվել տնային գործերով,այն օրվանից հետո,երբ Լևոնիկին տեսավ դպրոցի շորերը արդուկելիս:Թաքուն մտնում էր նրա սենյակն ու պատրաստում վաղվա շորերը,պայուսակը,ստուգում օրագիրը:Նկատել էր տղայի որտեղ պատահի քնելու սովորությունը ու հետևում էր,որ հանկարծ բաց չքնի:Մոտենում էր,ծածկում,իսկ եթե տեղը հարմար չէր լինում գրկում,տանում էր սենյակ:Մի անգամ տղան բռնացրեց օրագիրը նայելուց:Առաջ էլ էր տեսել,նույնիսկ աշխատում էր բարձր գնահատականներ ստանալ,որ աղջիկը զարմանար:Բայց այն ժամանակ աղջիկը չէր նկատել,որ տեսել է,իսկ հիմա պետք էր մի բան ասել:Խնդրեց,որ այլևս չստուգի պայուսակը:Աղջիկը ներողություն խնդրեց:Հաջորդ օրը տղան դպրոց չգնաց.ջերմություն ուներ:
-Հիմա քո համար մի բան կպատրաստեմ:
Սառնարանում ոչինչ չկար.թեյ պատրաստեց:Երեխայի ջերմությունը չէր իջնում:Գիշերը մնաց մոտը:Զարթնեց տղայի`իր գրկից ազատվելու կտրուկ շարժումներից:
-Էլ չքնե՛ս էստեղ,էդ սաղ քո պատճառով ա,որ պապան գնաց,Գրիշիկը տուն չի գալիս,մեր փողերը վերջացել են,ես սոված եմ դպրոց գնում:
-Եղբայրդ է,չէ՞,գլուխդ լցրել նման մտքերով…
-Որովհետև ճիշտ է ասում…
Լևոնիկը բարձրաձայն լաց եղավ…
Գրիշան ներս մտավ.
-Հիմա էլ երեխուն ես ներվայինացնում…
Գիշերը չկարողացավ քնել…
Տեսնես իջե՞լ է փոքրիկի ջերմությունը:Կամաց քայլեց դեպի նրա սենյակ:Լևոնիկը դուռը ներսից փակել էր…
Վիրավորվեց:Ուզում էր լաց լինել,գլխահակ ետ վերադարձավ:Գոնե մեկ-մեկ նրա հետ էր խոսում:
15 օրը դարձավ 22:
Աղջիկը սեղանին դրեց հաց,ձու և լցրեց թեյը:
-Գրիշի՛կ,գիտե՞ս երեք օրից մրցույթ է նկարչական դպրոցում`«Իմ մայրիկը աշխարհի ամենագեղեցիկ մայրիկն է»վերնագրով:
Գրիշիկը ցած դրեց թեյը ու գնաց,նստեց բազմոցին:Աղջիկը նկատեց,որ նրա աչքերը խոնավացան:Հետաքրքիր բան չգտնելով անջատեց հեռւստացույցը:
Հեռախոսն էր…
-Ես քնած եմ…
-Գրի՛շ,հայրիկն է,-ժպտաց Լևոնիկը:
Աղջիկը քիչ էր մնում տաք թեյը թափեր սեղանին:Անհանգիստ նայեց Գրիշային:
-Պա՛,պապա՛,ի՞նչու չէիր զանգում,ե՞րբ ես գալու:Չէ,չի գնացել,այստեղ է:
Աղջիկը մոտեցավ Գրիշիկին ու նստեց շատ մոտ:
-Տու՛ր,ուզում եմ խոսել:
-Փոխանցե՞մ խոսես հետը...
Աղջիկը խլեց հեռախոսը:
-Չէ,մի՛ տուր,ներվեր չունեմ,զանգել էի ասելու,որ ես ու մայրդ նորից միասին ենք,երեք օրից գալու ենք:Դրան ասե՛ք թող գնա…
Աղջիկը անջատեց հեռախոսն ու անշարժացավ:
-Ի՞նչու անջատեցիր,գժվե՞լ ես,խոսում էինք…
Աղջիկը վազեց սենյակ:Փլվեց անկողնու վրա`չկարողանալով նույնիսկ լաց լինել:
Հաջորդ երկու օրը Գրիշան անսովոր ուրախ տրամադրության մեջ էր:Փոքրիկը տասը րոպեն մեկ բացում էր աղջկա սենյակի դուռը,բայց տեսնելով,որ երեկվա իր տարած հացին ձեռք չի տվել մտահոգ փակում էր դուռը:
Աղջիկը հավաքել էր իրերը,որոնք տեղավորվել էին ձեռքի պայուսակի մեջ ու անշարժ պառկել էր:Փոքրիկը կամաց սողորսկեց ներս:
-Ուզում եմ տեսնես վաղվա մրցույթի համար նկարածս նկարը:
-Գնա՛ այստեղից…
Տղան չշարժվեց,բայց տեսնելով,որ աղջիկը չկրկնեց հրամանը,գնաց:
Առավոտյան Գրիշան բացեց դուռը.
-Չորս ժամից Հայաստանում կլինեն,չեմ ուզում մայրս քեզ այստեղ տեսնի,հավաքվի՛ր,գնա՛.քեզ համար եմ ասում,ավելորդ արհամարհանք չես տեսնի:Ծնողներս սիրում են իրար:
-Ծնողներդ ձեր ծնվելուց հետո միասին չեն ապրել,նոր հիշեցի՞ն,որ սիրում են իրար:
-Շատ ես խոսում արդեն:Ես եմ զանգել մորս ու ասել,որ գնա հորս մոտ,ես ծաղրի առարկա չէի դառնալու բոլորի մոտ:Գնա՛ մեր տնից:
-Գրիշի՛կ,ու՞ր գնամ…
-Ինձ չի հետաքրքրում…
×××
Դռան զանգը հնչեց.Գրիշան նստած տեղից ցատկեց:Ուրախ ճիչերին հաջորդեց գրկախառնությունը մոր և տղայի:40-ին մոտ կինը քիչ լիքոտ էր,ժպտադեմ,նորաձև սանրվածքով:Սև փայլուն բլուզի տակից ուրվագծվում էր շքեղ կուրծքը:Խոսում էր հայերեն`ոչ ճիշտ առոգանությամբ:
-Տիգրա՛ն,չէ որ դու ինձ ասացիր,որ երեք օր առաջ զգուշացրել ես,որ սա այստեղ չլինի…
-Պա՛,ասել եմ,չգնաց…
Մայրը քմծիծաղ տվեց.
-Դրանք էդպիսին են,տղա՛ս:
Գրիշան անկեղծ ասած,մի քիչ ուրիշ էր պատկերացնում մորը,բայց չհամարձակվեց մտածել այդ մասին:
Տիգրանը նայեց աղջկան:Աղջիկը ոչինչ չկարողացավ ասել,գնաց,որ բերի պայուսակը:Սենյակում մի քիչ լացեց…
-Չե՞նք հասցնի Լևոնիկի մրցույթին:
-Չէ, մա՛մ ջան,մրցույթն արդեն ավարտվել է,Լևոնիկը շուտով կգա:Ոչինչ,հեռուստացույցով ցույց կտան հաղթողին:
Բոլորը շարվեցին հեռուստացույցի առջև:Արդեն մրցույթի մասին էին խոսում:Լևոնիկը դուռը բացեց:Շփոթվեց:
-Բա ձեզ ո՞վ է ասել,որ հեռուստացույցով ցույց են տալու…
-Եղբայրդ,տղա՛ս,նախ գրկիր մայրիկիդ,ո~նց էի կարոտել…
Լևոնիկը չարացած նայեց եղբորը ու վազեց իր սենյակ`դուռը ներսից կողպելով:
-Ոչինչ սիրելի՛ս,կամակոր երեխա է,որ հետս էր ապրում էլի այսպես վատ էր պահում իրեն:
Աղջիկը վերցրեց պայուսակն ու շարֆը ու թաց աչքերով քայլեց դեպի դուռը:Տիգրանը ոչինչ չասաց.լուռ նայում էր նրան:Այդ հայացքից աղջիկն ավելի բորբոքվեց.
-Տիգրա՛ն,ի՞նչու այսպես վարվեցիր հետս…
-Վերջացրու էդ ռոմանտիկ դրամադ ու գնա՛,տղայիս մրցույթի մասին են ասում,-անգլերենի առոգանությամբ այս հայերենն արդեն նրա նյարդերի վրա ազդում էր:Չգիտակցելով թե ինչպես կամ ինչու վարդակից անջատեց հեռուստացույցը ու դուրս վազեց…
Կինը բարկացած նորից միացրեց այն ու ժպտաց Լևոնիկի անունը լսելով.
-Տղաս հաղթե~լ է…
Տիգրանն ու Գրիշան մոտ վազեցին:Կինը իր լիքոտ մարմնով փակել էր էկրանը:
-Հիմա նկարը ցույց կտան,եկե՛ք…
-Ի՞նչու անջատեցիր հեռուստացույցը,սիրելի՛ս,ի՞նչ եղավ քեզ,ի՞նչու այդպես այլայլվեցիր:
Կինը հեռակառավարման վահանակը ամբողջ ուժով շպրտեց Լևոնիկի դռան վրա.
-Հիմա՛ր երեխա,շատ ես ուզում վե՛ր կաց,վազի՛ր էդ լրբի ետևից…
Լևոնիկը փակեց ականջները ու գլուխը թաղեց թաց բարձի մեջ:

min-mak
09.01.2011, 22:02
սախ ջանովս մեկ սառսուռ անցավ: Ապրես Թամարա ջան, շատ լավ էիր մտքերդ շարադրել:
պատմությունը հորինովի է եղել թե հիմնվել ես ինչ որ դեպքի վրա(Աստված չանի իրական լինի)

paniaG
09.01.2011, 23:06
Կեցես, մի շնչով կարդացվեց:)

Ariadna
09.01.2011, 23:29
Թամարա ջան, լավ ես գրում, ամեն դեպքում գրածդ տրամադրում է կարդալու, բայց ես օրինակ չհասկացա, էդ աղջիկը ջահել աղջիկ էր, իր համար հանգիստ ապրում էր, պատահաբար ծանոթացավ էդ մարդու հետ։ Իսկ հետո, երբ իրեն էդքան ստորացնում են, լաց է լինում, բայց տնից չի գնում, ասում է ախր ուր գնամ, բայց մինչև էդ փողոցում չէր ապրում, չէ՞։ Մի տեսակ էդ մասը անհասկանալի էր, միգուցե ես եմ շատ արագ կարդացել ու ինչ որ մի բան բաց եմ թողել։

Թամարա
10.01.2011, 02:25
Չէ,շարադրանքս իրական հիմք չուներ,հարգելի min-mak,այնտեղ տղան նկարել էր աղջկան,թերևս դա էր ինչ-որ չափով իրական դեպք,ինչն էլ առիթ եղավ գրելու նման պատմություն,իսկ ինչ վերաբերվում է,որ աղջիկը չգիտի ուր գնալ,ոչ թե դուք եք արագ կարդացել,հարգելի Ariadna,այլ ես եմ արագ գրել,ուղղակի փորձել եմ դրանով ասել,որ վախենում էր տուն գնալ կամ հասարակության կարծիքից կամ նման մի այլ պատճառ,որոնք շատ են հայ իրականության մեջ…