PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձեռնոցները



Թամարա
04.01.2011, 22:09
Դեկտեմբերյան անարև օր էր…
Ցուրտը կարծես կանգ էր առել այդ զբոսայգում,որովհետև կից փողոցում ավելի տաք էր:Այստեղ նույնիսկ ձյուն կար:Որոշեցի մոտակա զբոսայգում սպասել մինչև կսկսվեր պարապմունքս: Նստեցի զբոսայգու փոքրիկ,մի քիչ խարխուլ,արդեն երևի երկամյա վաղեմության դեղինով ներկված նստարանին ու սկսեցի կարդալ:Անակնկալի եկա, երբ մի ծեր,չեմ ուզում ասել մուրացիկ կին ինձ կոնֆետ առաջրկեց:
Անսպասելիությունից ժպտացի:
Մի քանի րոպե անց արդեն մտերմիկ զրուցում էինք…
Զրույցից պարզվեց ,որ 84 տարեկան էր(եթե ճիշտ եմ հիշում ),ամուսնացած չի եղել , ժառանգներ չունի, ծերության օրով մենակ է մնացել:Նրան անտուն է թողել 88-ի երկրաշարժը,մի քանի իրերից բաղկացած իր ունեցվածքը թողել է զարմիկին,որը արտերկիր է մեկնել…
-Դե ինչ պիտի անեի,ինձ իմ շորերն ու ամենօրյա օգտագործման իրերը բավական են:
Պատմում էր անտարբեր:Միայն անսովոր դեղնավուն ձեռքերն էին դողում:Մերթընդմերթ ժպտում էր` փոքրիկ աչքերով ուշադիր նայելով աչքերիս մեջ:Պատմում էր դանդաղ, ցածր ձայնով,կարծես զգուշությամբ,մաքուր հայերենով:
Պատմում էր,եղել է գրագետ ընտանիքի աղջիկ:Եղբայր չի ունեցել:Քույրը մահացել է:Քրոջ տղան արտերկրում է:Ապրում է ծանոթներից մեկի տանը:
-Դե,ասացին մենք քնելու տեղ չենք կարող տալ,բնակարանը շատ փոքր է,ես էլ մի աթոռ խնդրեցի ու միջանցքում նստած քնում եմ:Առավոտյան գնում եմ այ այն փոստատունը.այնտեղ տաք է,ինձ էլ արդեն ճանաչում են:Մի աղջիկ կա նույնիսկ սուրճ է հյուրասիրում:
Հետո սկսեց պատմել,որ ամեն օր գնում է կառավարության շենք,խնդրելու,որ իրեն փոխհատուցեն 1988-ի սև օրվա արհավիրքի հետևանքները:
-Բա ի՞նչ են պատասխանում,-հարցրեցի:
-Ասում են`«Արի տանենք ծերանոց,լավ կապրես այնտեղ»:
-Բա ինչի չես գնում,ես էլ եմ կարծում,որ ավելի լավ կլինի.սնունդ,բժշկական օգնություն,տաք անկողին,հասակակիցներ,որոնց հետ հետաքրքիր կանցնի առօրյադ…
-Չէ,էդ ամենը հեռուստացույցով են այդպես ցույց տալիս.ես ծանոթ ունեմ այնտեղ,ասում է,որ լավ չեն վերաբերվում,գոռում են վրաները,ծեծում են:
Ու խեղճ կնոջ հիմնավոր թե անհիմն վախը ստիպում էր նրան ապրել դրսում,ցրտի,սառնամանիքի հետ:
-Ամեն օր նայում եմ արևին ու աչքերի վարժություններ անում,ուզու՞մ ես սովորեցնեմ,շատ օգտակար է տեսողության համար:
Ինձ չէր հետաքրքրում այդ վարժությունը.ես ուշադիր նայում էի նրա փոքրիկ մարմնին,ոչ շատ տաք,խամրած կարմիր վերարկուին,դեղին,խորշոմած տխուր դեմքին ու փոքրիկ կապտած ձեռքերի դուրս ցցված բարակ երակներին:Նկատեցի,որ նրա ձեռքերն ցրտից դողում էին…
-Էս վարժությունը օրը երկու անգամ կանես…
-Տատ ջան,-նա զարմացած աչքերն դանդաղ բարձրացրեց ինձ վրա:
Ես հիշեցի,որ քույրս ինձ մի ձեռնոց էր նվիրել,որը փոքր էր իմ ձեռքերին:
-Ես վաղը չէ մյուս օրը նորից էս ժամին կգամ:Դու այստեղ կլինես,ես քեզ ձեռնոցներ կնվիրեմ…
Մի ժպիտ բացվեց նրա չոր,բարակ շուրթերին ու բարձրացավ,տարածվեց նիհար այտերին:
-Չէ,շնորհակալ եմ,բալիկ ջան,քո բարի բան մտածելն ու ասելն արդեն բավական է ինձ:
Հենց նույն օրը նաև տաք գուլպաներ գնեցի,որպեսզի ձեռնոցների հետ բերեմ տատիկին:
Պայմանավորված օրը մտքերով տարված,արագ անցնում էի նույն զբոսայգով,տեսա նրա բաց կարմիր վերարկուն.նա սպասել էր ինձ…
Մի պահ շփոթվեցի,նայեցի շուրջս,որևէ մեկը հանկարծ չտեսնի,գլուխս կախ շրջանցեցի նրան,որպեսզի չճանաչի.կյանքումս այդքան ամաչած չկայի…
Ես մոռացել էի ձեռնոցները…
Հաջորդ և արդեն բոլոր օրերին ձեռնոցները պայուսակիցս չհանեցի,բայց այլևս չտեսա նրան…

lili-4
22.01.2011, 20:29
Ապրես, հպարտության համ կար մեջը::)

Թամարա
22.01.2011, 21:31
Շնորհակալություն,անկեղծ ասած իմ գրառումներից ամենաշատը սա է դուրս գալիս

Tianshi
22.01.2011, 21:40
Շատ լավն էր ... այնքան իրական, այնքան բարի , բայց միևնույն ժամանակ թախծալի.... ապրե''''''սսս ))