Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Նորից քեզ հետ, հայրիկ...



MaryMay
19.12.2010, 15:40
Դահլիճի լույսերը վերջապես հանգան: Չեմ ուզում գնալ: Ուզում եմ մնալ այստեղ, նստել մթության մեջ մենակ` քեզ հետ: Դու այստեղ ես... ես քեզ զգում եմ մարմնիս յուրաքանչյուր մասնիկով: Չեմ ուզում հեռանալ քեզնից: Ինձ անհրաժեշտ է վերջապես կիսել քեզ հետ հոգիս ալեկոծող բոլոր ապրումների լռությունը, իմ բոլոր 25 տարիների լռությունը, որ երբեք ինձ չեմ ների...
Ամեն ինչ կանէանա: Իրական կլինի միայ մութը: Ու մութի մեջ միասին կնկարենք քո դիմագծերը, որ կրում եմ իմ մեջ` քո բառերի տեսքով, քո խոնարհած աչքերը, որ դաջված են իմ աչքերի կարճ տեսողության մեջ ու քո ձեռքերը...
Ո'չ, ձեռքերը քոնը չէին...
Քոնը չէին...
Մեզ օտարացնում են, հայրի'կ: Ինչու? "Հիշում ես նրան?", "Փոքր էիր, չես հիշի"... Այս բառերն ամեն անգամ նորից որբացնում են ինձ...
Իսկ ես հիշում եմ: Այո', հիշում եմ: Հիշում եմ, որ... սիրում էի քեզ... Ուրեմն ես ավելին ունեմ, քան նրանք: Նրանք իրենց հիշողությանն են տուրք տալիս, իսկ ես` իմ սիրուն: Իմ սիրո զարկերակն ավելի հզոր է, քան նրանց մամռակալած հիշողության երակները: Իմ սիրո զարկերակում արյուն է` քո արյունը:
Իսկ նրանք անհաղորդ ու անտարբեր եղան իմ սիրուն: Նրան թույլ չտրվեց հնչյուն դառնալ ու նա մնաց լռություն: Ու 25 տարիների լռությանը գումարվեց ևս մեկ օր...
Այսպես, թերևս, ավելին ունեմ` հարյուրավոր աչքերով լի դահլիճի փոխարեն` մի դահլիճ մթություն, քո շունչը, քո դիմագծերը, քո խոնարհած աչքերը ու... իմ անբարաբառ սերը... Սերը, որ, թվում է, կարող է այս մութը լույսի օվկիանի վերածել, կարող է քանդել գոյի կապանքները, կարող է կաշառել անկաշառ ժամանակն ու հասնել անէության, հասնել Քեզ... Հասնել... Որ քո դիմագծերն այլևս իմ մեջ տարուբերվող բառեր չլինեն, որ իմ ափերը զգան քո դեմքն իրենց մեջ ու այլևս որբ չլինեն, որ բարձրացնեմ քո խոնարհած աչքերն ու գեթ մի վայրկյան ապրեմ նրանց մեջ, որ... որ հասնեմ քո ՁԵՌՔԵՐԻՆ` իմ պաշտելի ձեռքերին ու իմ փոքրիկ, հնգամյա թաթիկը պատսպարեմ այդ հարազատ ու անդավաճան ամրոցում, որ մենք կրկին քայլենք մեր հին քաղաքի փողոցներով, ու աշխարհի բոլոր բառարաններից վերանա "լռություն" բառը, ու իմ մանկական խենթ ապրումները վերջապես հնչյուններ դառած պարեն օդում "Հայրիկ, ես քեզ սիրում եմ, սիրում եմ, հայրիկ, ես սիրում եմ քեզ..."
Ու հետո...
Հետո դռան ճռռոցը լույսի օվկիանը նորից կվերածի անթափանց խավարի... Ու չասված լռության չասված շարունակությունը կարձագանքվի իմ ոտնաձայներում, որ կհեռանան քեզանից` քեզ որպես լռության խոստովանահայր տանելով իրենց հետ...

Mark Pauler
19.12.2010, 16:47
իմ տպավորությունը: Կուտակված զգացմունքներ, որ դուրս են հորդացել բառերի տեսքով: Զգացմունքների, որոնց խտությունը շաաաաատ մեծ ա այստեղ ու դեռ բառերն էլ երևի չէին բավականացնում...

Meme
19.12.2010, 20:47
Էնքան հավանեցի MaryMay ջան,ապրես,հասկանալով ամբողջ տխրությանդ իմաստն ու դուրս հանած հույզերդ,բայց երբեմն պետք է դուրս հանել հոգումդ ամբողջ կուտակվածը,իսկ երբեմն էլ կարիք ես ունենում տվյալ մարդու հետ կիսես նույն զգացածդ ու ապրածդ,այն կամ անհնարինա լինում,կամ էլ քեզ չեն հասկանում...
Ուրախ եղի՛ր, ուրախ գարուններ ու ժպիներ քեզ,մի տխրի;)

KiLa
19.12.2010, 22:52
Ապրես... Ես տեսա քեզ...
Շարունակիր:

MaryMay
20.12.2010, 11:36
Շնորհակալ եմ ուշադրության համար, բայց չեմ ուզում շնորհակալություն հայտնել, որովհետև սա ստեղծագործելու փորձ չէ, ու հաստատ սրա տեղը ստեղծագործական անկյունը չէ: Չգիտեմ, ուղղակի ցանկություն առաջացավ գեթ մի անգամ խոսել այդ մասին, միևնույնն է, թե ում հետ, որովհետև նա, ում հետ կուզենայի կիսել սա, այլևս երբեք չի իմանա այդ մասին... Համարեք սա լռության պոռթկում ու ...վերջ: