PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Կրակե ծաղիկներ



Moonwalker
18.12.2010, 16:21
Նվիրվում է Մ.Լ.-ին

Աշխարհում այնքան ցուրտ էր, տաք սենյակից այն կողմ, և օդն այնքան մաքուր էր, որ կարելի էր զգալ մաքրությունը, և երբ երկաթուղային կայարանի զանգը նմանվեց եկեղեցու զանգակատան ղողանջին, աշխարհում իր տիրապետությունը հաստատեց կիրակի օրը՝ իր հանդարտությամբ ու խաղաղությամբ, իսկ հետո ամբողջ տունը հոր նուրբ ծիծաղի պես դողաց անցնող գնացքների ծանր ընթացից:

Թվում էր, թե աշխարհում միակ ապահով բաները վառարանի կրակի կարմիր, դեղին ու սպիտակ կայծերն էին, նրանց բոսոր երանգը և տաքությունը, ողջ տունը, որ դողում էր տխուր մարդու ծիծաղից, ցուրտ ու տխուր ողջ քաղաքը և ուրիշ ոչինչ, բացի կրակե ծաղիկներից, որոնք մի րոպեում հարյուր անգամ բացվում, ծաղկում էին: Մյուս կողմում ամբողջ աշխարհը՝ հանդարտ, սառն ու լուռ, այնքան լուռ, որ լսվում էր այդ լռության ձայնը:

Նրանք իրեն կարգադրել էին նստել խոհանոցում, չհանգցնել կրակը, չբացել վառարանի դուռը մինչև իրենք երեկոյան կվերադառնան տուն: Նա էր հատկապես ասում՝ ինչը ինչպես անել, իսկ հայրն ասում էր, որ ինքը լավ կանի հաշտվի Նրա հետ, ով հիմա իր մայրն է: Հայրն ուզում էր իմանալ, թե արդյո՞ք ճիշտ չի լինի Նրա հետ վարվել այնպես, ինչպես ինքը կվարվեր իր մոր հետ:

Նրանց չի հաջողվի հիմարեցնել իրեն: Վառարանի դռնակը բաց էր, իր մայրը մահացած էր, և նրանք չէին կարող իրեն ոչինչ պարտադրել, նա մահացած էր:

Աշխարհն այնքան հանդարտ էր, որ զգում էիր այդ հանդարտությունը, իսկ երկաթուղային կայարանի զանգերի ձայնը շատ նման էր եկեղեցու զանգերի ղողանջին: Ինքը գիտեր, որ բավական մեծ էր՝ գիտակցելու համար մոր մահը, և տեսել էր, թե ինչպես մորը դրեցին մեծ տուփի մեջ, եկեղեցու առջև, և, երբ ամեն ինչ վերջացավ, լսելի դարձավ հոր ծիծաղը՝ նման ընթացող գնացքի աղմուկին, որից տունը դղրդում էր, և տունը դատարկվեց, կրակի մանր կայծաբեկորները ծաղկեպսակների նման վառարանից ընկան հատակին ու անհետացան:

Ինքը գիտեր: Աշխարհում ոչինչ չկար: Աշխարհը դատարկ էր, իսկ մայրը՝ մահացած: Աշխարհը դատարկ, ինչպես մութ գիշերը, և չկար ոչինչ, բացի կրակից. ո՛չ լույս, ո՛չ ջերմություն, ո՛չ գույն, ո՛չ սեր: Նրանք խնդրել էին իրեն փակ պահել վառարանի դուռը: Ինչո՞ւ էր ինքը մտածում նման հիմարությունների մասին: Մրսում էր և սառչում: Միաժամանակ նաև վառվում էր: Կյանքում առաջին անգամ ինքը ջերմությունն ու սառնությունը զգաց միաժամանակ: Կյանքում առաջին անգամ նկատեց երկաթուղային կայարանի և եկեղեցու նմանությունը, հոր ծիծաղի և ցնցվող տան նմանությունը, կրակի բոցերի և ծաղկի թերթերի նմանությունը և ամեն ինչի ոչինչ լինելը, քանի որ տունը դատարկ էր:

Աշխարհում ոչինչ չէր կարող ետ բերել իր մորը, կյանք տալ նրան. նա այլևս չէր մոտենա շքամուտքին, բանալիով չէր բացի դուռը, ներս չէր մտնի և իր հետ չէր լինի տանը, չէր լինի իր մայրը և չէր խոսի իր հետ:

Կյանքում առաջին անգամ իմացավ ամեն ինչի մասին: Նրանք չեն կարող հիմարեցնել իրեն: Հյուրասենյակի սեղանին քաղցրավենիքով լի տոպրակ էր դրված: Ինքը դրանցից ոչ մեկը չէր ուզում: Այնտեղ նաև խաղալիքներ կային: Բայց ինքը ցանկություն չուներ սուլիչով փչելու, գնդակախաղով զբաղվելու, խաղալիք ռոբոտներից որևէ մեկը լարելու և նայելու՝ ինչպես է աշխատում: Ոչինչ չէր ուզում: Այնտեղ ոչինչ չկար: Չկար այդ ոչնչից նույնիսկ մի փշուր: Ինքն ընդամենը ցանկանում էր լինել կրակին մոտ, այնքան մոտ, որքան հնարավոր էր, պարզապես լինել այնտեղ, պարզապես նայել կրակի գույներին և լինել շատ մոտ:

Կրակի մեջ, այնուամենայնիվ, ծիծաղ կար, և ոչ միայն ծիծաղ, այլև երգ ու ամեն տեսակ երաժշտություն, որ երբևէ լսել էր: Կրակի մեջ կար անսահման ծիծաղ ու երգ, միայն թե ծիծաղը նման չէր իր ծիծաղին, որով ինքը ծիծաղում էր դպրոցում, ուր ծիծաղում էր աշակերտների խոսելաձևի և գործողությունների վրա, իսկ երգը ավելի տխուր էր, քան եկեղեցում հնչող երգերը: Ոչ մի բան սովորականի նման չէր: Հայրը ձևացնում էր, որ գործարանում լուրջ աշխատանքով է զբաղված, բայց իրականում ոչինչ էլ չէր անում: Արդյո՞ք նա կարող էր որևէ բան անել, որ մայրը կրկին լներ իր տնը: Ինչ-որ մեկը աշխարհում կարող էր դա իրականություն դարձնել: Աշխարհում ոչ ոք չէր կարող այդպիսի հրաշք գործել:

Կրակը: Դա ամբողջն էր: Ծիծաղը: Երգը: Ծաղկի բացվելը: Գույնը և տխրությունը, և հատակին պայծառ ծաղկածերթերի ընկնելն ու վերջանալը: Հատկապես՝ վերջանալը: Նույնիսկ, երբ մի ծաղկաթերթն անվերջ հաջորդում էր մյուսին: Տունն այլևս լավը չէր: Դա այն վայրը չէր, ուր մայրը նորից կվերադառնար: Աշխարհը լավը չէր: Մայրը աշխարհում չէր: Անիմաստ էր կրկին ապաքինվել, գնալ դպրոց և ծիծաղել երեխաների վրա: Ինքը չէր ուզում, որ դա կրկնվեր: Ինքը չէր ուզում սովորել կարդալ, գրել ու պատասխանել հարցերին:Նրանք հիմարեցնում էին բոլորին: Հարցերը ոչինչ էին: Նրանք երբեք իրական հարցեր չէին ուղղի, ուրեմն ինչպես կարող էր ինքը իրական պատասխան հնչեցնել: Նրանք չեն կարող հիմարեցնել իրեն: Նրանցից ոչ մեկը, ոչ հայրը, ոչ Նա, ոչ էլ այլ մեկը:

Ինքը գիտեր: Հարց այն էր, թե դու կարո՞ղ ես դա անել: Ձեզնից որևէ մե՞կը: Այստեղ կամ աշխարհի մեկ ուրիշ տեղում: Կարո՞ղ ես դու դա անել՝ աշխատել ստեղծելով մի բան, կամ աղոթելով, կամ անելով մի բան, որ մարդ կարող է անել: Ինքը դրա պատասխանն էլ ուներ: Դա բացասական պատասխան էր: Այսպիսով ի՞նչ էին անում նրանք: Ի՞նչ օգուտ դրանից: Եթե դու այդ բանը չես կարող անել, ապա ի՞նչ օգուտ դրանից: Ի՞նչ լավ բան կա դրա մեջ, որ դու միլիոնավոր ուրիշ հիմարություն ես անում, որոնք գործի հետ որևէ կապ չունեն: Ո՞րն էր միլիոնավոր այլ հարերին պատասխանելու և նույնիսկ երբեք իրական հարց չստանալու իմաստը:

Նրանք պատվիրել էին լուռ նստել, իրեն տաք պահել և չբացել վառարանի դուռը: Նրանք պատվիրել էին լինել լավ տղա և սպասել իրենց՝ մինչև երեկոյան կվերադառնան: Նրանք ասում էին իրեն, որ հիվանդ է, բայց ինքը միայն ուզում էր նստել վառարանի մոտ և տաքանալ:

Ինքը գիտեր, թե ինչ կարող էր անել: Դա նույնպես ճիշտ էր: Դա միակ բանն էր, որը պետք էր անել: Դա լավ բան էր, և ինքը գիտեր, որ պետք է աներ դա: Ինքը գիտեր, որ դա այլևս երբեք իրենց տունը չի լինի, ուր կարող են վերադառնալ: Եվ ուզում էր, որ ուժեղ քամին քշեր լցներ կրակի գույնը, տաքությունը և զայրույթը աշխարհի ամեն մի տուն . ավերեր դրանք, ինչը կստիպեր հասկանալ, որ աշխարհում նրանք ոչինչ չեն կարող անել:

Օրը մթնեց, և ինքը գիտեր, որ նրանք շուտով վերադառնալու են: Ինքը կրակը վառվող թղթով տարավ հյուրասենյակ և թույլ տվեց, որ այն լափի նոր սեղանը: Կրակը դանդաղ բարձրացավ սեղանի ոտքի վրայով: Հետո տղան կրակը տարավ տան մյուս սենյակները և տան բոլոր իրերը կրակի տվեց, որպեսզի ամբողջ տունը բռնկվի: Ու երբ նրանք իրեն գտան փողոցի մեջտեղում՝ աչքերը բոցկլտացող տանը հառած լացելիս, մտածեցին, թե լալիս է, որովհետև տունն այրվում է:

Հ.Գ. Հախուռնության ու ցնդաբանության բարձր տոկոսի համար ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, ովքեր ժամանակ տրամադրեցին նախորդ գիշերվա իմ տառապանքի արդյունքին: :)

Թամարա
22.12.2010, 01:39
Շատ սիրուն էր...

lili-4
24.12.2010, 12:11
Ապրես, գեղեցիկ ու բառերով չծանռաբեռնված, բայց միաժամանակ ապրումները ճիշտ շարադրած ստողծագործություն էր:

Arpine
22.10.2011, 19:15
Հետաքրքիր է: Տարբերվող ոճ ունես:
Մի քիչ անիմաստ, կհնչի բայց ինձ մոտ մի տեսակ «աջից» գրվածի տպավորություն ստեղծվեց, նորից վերջից պարբերություններով կարդացի,հետաքրքիր էր:)

Շինարար
22.10.2011, 19:46
էս ինչ իսկական էր:)

Claudia Mori
05.11.2011, 14:23
Պատմվածքիդ ուղեկցող կրակը իսկական ֆիլմային ռեժիսուրայի նմանեցրեց, 17 տարեկանի համար շատ հետաքրքիր գործ էր;)