PDA

Դիտել ողջ տարբերակը : Նրա ծննդյան օրն էր...



Թամարա
16.12.2010, 16:37
Ռիմային հենց սկզբից համակրեցի...
Զգացի,որ ընկերուհիներ կդառնանք...դարձանք(երևի):
Ռիման ինձանից գեղեցիկ էր,լավ էր հագնվում,թանկարժեք ու ճիշտ ընտրված հագուստով,խնամքով հարդարված արտաքինով միշտ հրապուրիչ էր:Երևի պիտի ամաչեի կողքով քայլելուց,բայց հպարտանում էի:Ուզում էի որ բոլորն էլ իմանային,որ նա իմ ընկերուհին է:Նա գեղեցիկ էր խոսում,մեղմ տոնով,ցածր ձայնով:
Զգում էի,որ մեր մեջ լարվածություն կար.երբեմն ուշադիր նայում էր ինձ`չարությամբ ինչ-որ բան մտածելով:Գիտեի ինչ է մտածում,բայց մտքումս համաձայն չէի նրա հետ:Չէ,Ռիմ ջան,դասախոսը շատ է չափազանցնում.ախր ինձանից ինչ ամենալավ սան,ախր պարապմունքներին անպատրաստ էի գալիս,դասերին ուղեղս չէր աշխատում,էլ չեմ ասում, որ դասախոսն էլ նյարդերիս վրա ազդում էր...մինչև քո գալը...
Քո աշխատասիրությամբ ինձ էլ վարակեցիր...մի քիչ:Տանը էլի ոչինչ չէի անում,բայց քանի որ հանգամանքների բերումով մի ժամ շուտ էի գալիս պարապմունքի,միջանցքում անիմաստ սպասելու փոխարեն նստած պարապում էի:Կողքիս նկատում էի չգիտեմ որ խմբի տղաների ծաղրական հայացքները:Հետո նրանք էլ սովորեցին ինձ կարդալ-գրելուց տեսնելուն:Ռիմ,պատկերացնում ես,վերջերս էլի նստած էի միջանցքում,այն սևուկ տղան,որ ամենատարիքովն էր երևում,մոտեցավ,խնդրեց, որ իրեն էլ օգնեմ:)
Դասախոսն էլ մի երկու անգամ այդպես տեսավ,երևի դրա համար էր գլուխը մտցրել որ միայն ես մի բանի կհասնեմ:Տիկին Ազատյան,նահանջել եմ,չեմ ուզում ինչ-որ բանի կամ ինչ-որ մի տեղ հասնեմ...
Անսովոր ցուրտ հոկտեմբերյան այդ առավոտ կանգնած պատուհանից ներքև էի նայում.նախ որովհետև պատուհանի մոտ արև կար մի քիչ և հետո միջանցքի իմ տեղում տղաներ էին նստած:
Կանգ առնող սևափայլ մեքենան էլի ինչ-որ տեղ տեսել էի.բայց մտածմունքս դա չէր:Հիմա չեմ էլ հիշի ինչ էի մտածում...
Զանգն էր...
Ռիման ժպտալով իջավ այդ մեքենայից մի բարձրահասակ,թիկնեղ,անսովոր նուրբ մաշկով,կիսաճաղատ տղամարդու հետ:
- Թամ,պապաս ա,պա,քեզ պատմել եմ Թամարիկի մասին:
Հոր հայացքից հասկացա,որ Ռիման նրան պատմել էր դասախոսի վերջին ասածը,որից հետո սառել էր իմ հանդեպ նրա անկեղծությունը,բայց և ավելի կեղծավոր էր դարձել նրան:Այդ հայացքից հասկացա նաև,որ ինձ բոլորովին էլ այսպիսին չէր պատկերացրել...
Ռիման անհամբեր ինձ էր նայում հոր գնալուց հետո,ես լռում էի,բայց նա անտանելի լավատես էր,գիտեի,որ մտածում է,որ եթե ծննդյան օրը չշնորհավորեցի,ուրեմն ավելի մեծ անակնկալ ունեի:
Լուռ մտանք լսարան:Դասախոսը խառնված այս ու այն կողմ խորհուրդներ էր տալիս,որոնք ավելի շուտ հրամայական էին հնչում:Լսարանում իրարանցման պատճառը մի քանի ժամ հետո սկսվող մրցույթն էր...
- Թամարա ջան,կկենտրոնանաս,իմ հույսը դու ես,կաղոթեմ քեզ համար,բալես,դու կարող ես,-Տեր Աստված այս հիմար կինը ինչ է կպել ինձ,ինչ է գտել մեջս...
Զգացի,որ Ռիմայի տոնական տրամադրությունը ընկավ:Նա ինձ չէր նայում,բայց զգում էի,որ նյարդայնությունից է կարդում ձեռքի ամսագիրը,ավելի ճիշտ չէր կարդում,այլ նայում էր տառերին:
Այդ օրը պարապմունք չարեցինք.Ազատյանը մի քանի խորհուրդներ տվեց,որոնք ամեն օր տալիս էր և որոնցից ես հիմա միայն մեկն եմ կարողանում հիշել:
Մրցույթին դեռ 4 ժամ կար:Ռիման հոր հետ ինձ հրավիրեց իրենց տուն:Ամբողջ ճանապարհին Ռիման խոսում էր,պատմում էր...Մեքենայի շքեղությունից մի քիչ լարվում էի...
Բնակարանը առաջին հարկում էր:Բացված դռնից իր ամբողջ շքեղությամբ միանգամից աչքիդ զարնող տանը ապրելուն իրոք արժանի էր Ռիման:
Պատերին կախված չեմ հիշում, թե ում նկարներից աչքս չէի կարողանում կտրել:
Տեսնես Ռիման ինչ կմտածեր, եթե երբևէ մտներ մեր տուն:Տեսնես կմտածեր.որ ես էլ մեր տանն եմ արժանի:Չէ որ Աստված ոչինչ հենց այնպես չի անում:
Նստեցինք բազկաթոռին:Սեղանին մեծ վազայով ընդեղեն էր դրված,մրգեր ու կոնֆետ:
Ամեն ինչ շուրջս շատ շքեղ էր,նույնիսկ ավելին քան պետք էր:Զգացվում էր,որ փորձել էին ավելին ցուցադրել,քան ունեին:Թվում էր այս շքեղությունը ավելի շատ հյուրերի համար է,քան իրենց բավարարվածության:
Դռան զանգն էր...
Միջանցքում ծիծաղի ձայներ(երևում էր հյուրը հաճելի էր):Հյուրասենյակի դռների մեջ նախ երևաց մի մեծ ծաղկեփունջ տասնյակ վարդերից,տխուր աչքերով մի արջուկ,հետո մի համակրելի երիտասարդ,մի քիչ երկար մազափունջ ճակատին,ծիծաղկոտ աչքերով ու լիքը այտերով:
-Թամ,Արմանն ա,ընկերս...
Շատ հաճելիները համեմվեցին ժպիտներով ու Արմանը Ռիմայի տարեդարձը ևս մեկ անգամ շնորհավորելուց հետո մուգ կարմիր ժապավենով կապուըտ տուփից հանեց սպիտակ շոկոլադե մի սրտիկ,որը Ռիման հավուր պատշաճի ընդունելուց հետո դրեց պահարանին,մինչ ես մտածում էի,որ եթե ես լինեի նրա տեղը`սրտիկը կկիսեի ու կեսը կտայի Արմանին(հիմարություն)...իսկ արջուկին կտանեի սենյակս,ոչ թե կտեղավորեի հեռուստացույցի մոտ:Նրան քնելուց չէի գրկի.կկեղտոտվեր խեղճը:
Ռիման նկատեց,որ մնացել է 2 ժամ մինչև մրցույթը և,որ հարկավոր է գնալ սենյակ կարգի բերվելու:
Սենյակը շատ մեծ չէր,փոքրիկ,հարմար,բաց կապույտ երանգի,իսկ առաստաղն այնպես էին ներկել,կարծես եղյամ նստած լիներ...ես հիշեցի իմ սենյակի խոնավությունից բորբոսնած առաստաղը...:)ինչ պակաս եղյամ է որ...
Ռիման արագ դուռը փակեց,ծիծաղկոտ շշնջալով.
-Քեզ պապայի նվերն եմ ուզում ցույց տալ,գժվելու բան է...,-Ինչքան էի երազել,որ սենյակիս ապակի չունեցող դուռը փակեմ մեկ-մեկ,երբ ոչ մեկին չէի ուզում տեսնել...
-Նայիր,-Ռիման չափից շատ էր ոգևորվել:Ես վերցրեցի նրա մեկնած տոմսերը,-հայրս ինձ տանելու է Մոսկվա,Դիմա Բիլանի համերգին:
Ես Բիլանի արվեստի հանդեպ անտարբեր էի,բայց ակամայից հիշեցի ամիսներ առաջ ծննդյանս օրը դասից գալուց ինչ-որ լիմոնադից սահադաշտի 2 տոմս շահեցի,ես ու մորեղբորս տղան էինք,գնացինք,դասերը վերջացրել էինք,ժամը 4ն էր.
-էլ ոչ մեկի ներս չենք թողնում,պետք է սառեցնենք դաշտը,համեցեք ժամը 6-ին:
Չեմ ուզում հիշել ինչ եղավ երբ այդ 2 ժամը ուշացա...Չեմ սիրում ծնունդս,նույնիսկ մի քիչ ուրախացել էի,որ պապիկս հենց այդ օրը մահացավ.ուրախ էի,որ մի քանի տարի ծնունդ չեմ անելու:
Նստեցի Ռիմայի անկողնուն:Տեր Աստված,ինչ փափուկ է:Ինչ լավ կքնեի այստեղ...
-Թամ,վերնաշապիկիս օձիքը կապույտ է,կապույտ ներկեմ,չէ,աչքերս...Մատիտս էլ վերջանում է արդեն:
Կապույտ աչքի մատիտ...
Դպրոց չէի գնում դեռ,տունն էլ կիսակառույց էր.նկուղում էինք ապրում:Մայրս դուրս գալուց առաջ կարգադրեց,որ կաթին հետևեմ.
-Տես հա էս անգամ էլ չթափվի,շշմած,եթե հասնի այ այստեղ կանջատես:
Ես լարված սպասում էի ու շատ էի վախենում ,որ նրա ցույց տված տեղը կմոռանամ,չէ ավելի լավ է նշեմ:Դպրոցական չունեինք,գրիչ չգտա,հիշեցի մորս աչքի մատիտը...
Մի փոքր հանգստացա,երբ կաթսայի վրա նշել էի սահմանագիծը:Կաթը չթափվեց:Մամայենք եկան:Շատ էի ուրախացել:Մայրս նկատեց,որ կաթսան նշած է,հարցրեց, թե ինչով եմ նշել:Ես ծիծաղեցի:Հետո շատ հարցրեց.մայրս երկարացնելու,մի կաթիլ մեղրից կռիվ սարքելու զզվելի բնավորություն ունի,չնայած դիտմամբ չի անում:Ես չասացի:Վախենում էի,որ կբարկանա,որ իր պայուսակն եմ մտել,լռում էի.հայրս էլ խառնվեց,սկսեց ծեծել:Չգիտեմ,թե ինչու էի լռում,հետո ասացի,մի ապտակ էլ այդտեղ կերա`թե բա ինչի չէիր ասում...
Լուռ կուչ եկած անկողնուս մեջ մտածում էի,որ երևի վատ բան եմ արել…Չէի հասկանում ինչու ծեծեց:Չհասկացա նաև մի տարի հետո,երբ պատահաբար լսեցի,որ մեր հարևան Հմայակ պապիկը չի լսում:Չէի պատկերացնում,ոնց կարող է մարդ չլսել:Փորձեցի:Երբ անցավ մեր տան մոտով,հետևից ձայնեցի`Հմայակ, ու թաքնվեցի…չէ իրոք չի լսում էս մարդը:Մի անգամ էլ գոռացի:Դիմացի տան պատուհանից երևաց Հմայակի հարսը ու կնոջը ոչ բնորոշ իր ողջ կոպտությամբ ասաց,որ եթե իջավ,մեզ`ինձ ու քույրիկիս կմեխի պատին:Մայրս լսեց,վաայ,խայտառակ եղավ,ամաչեց մեզ համար…էդ ամաչելու համար դեռ 3 գիշեր չպիտի քնեի մեջքիս ու գլխիս խփած տեղերի ցավերից:
Չէի հասկանում,թե մենք ինչ մեղք ունեինք,որ իրենք դժվարությամբ են ապրում…Չհասկացա նաև 9-րդ դասարանում,երբ եղբորս գրիչը վերցրի ինչ-որ բան գրելու համար և նա 6-րդ դասարանի տղային բնորոշ հիստերիկությամբ բարձր ձայնով ետ պահանջեց,որից հետո վառարանի վրայի ինչ-որ երկաթե կլոր բան եկավ գլխիս:Էդ օրը ամենաահավորն էր…Ուժեղ հարվածից ընկա գետնին`անկարող շարժվելու,հայրս էլ ձեռք չտվեց,գնաց,հետո հայտնվեց մայրս …գոռալով,որ իրենք ներվեր չունեն,որ խեղճ իր մարդուն ինֆակտի կհասցնենք մեր <<դեբիլ>> հալով,սկսեց խփել մեջքիս`սատկիր,սատկիր:Չէի շարժվում,ուզում էի սատկել…Այդ օրը խոնավ,մեր կիսաքանդ բաղնիքում գիշերեցի,առավոտյան <<ձևեր էի թափում>>մորս կարճ խելքով,որ ողնաշարիս ցավից դասի չգնացի:
10-րդ դասարանի աղջիկ`չէի հասկանում,թե ոնց կարող են ծեծել միայն նրա համար,որ դպրոցի ճամփից վազելով ետ էի դարձել,մոռացած տետրս տանելու ու կոշիկներս առանց հանելու` ծալեցի գորգը ու վրան կանգնելով հակառակ կողմից մի ոտքով, վերցրեցի տետրս…տետրս պատռվեց դեմքիս մորս բարձրացրած աղմուկից հետո:Հայրս էր:Ինչու:Դե գորգը նոր էր,մայրս էլ իբր մաքրության տիպար է:Դասի արգելեցին գնալ և դա միակ դեպքը չէր:
Չհասկացա նաև,թե ինչու դռան ապակին ջարդվեց գլխիս`ինչ է թե հարևանի եզդի տղան,երեխա էր ուղարկել քիմիայիս գիրքը խնդրելու…
Չհասկացա ու չեմ էլ հիշում ,թե ինչի ծեծ կերա,վերջին զանգիս օրը.կարծեմ քույրս էլ չարություն արել ու որպեսզի ես էլ չկրկնեի ինձ արգելեց գնալ ավարտական միջոցառմանս:Եկան ետևիցս,գնացի,երբ տանը չէր,գնացի,չնայած չէի ուզում գնալ,գնացի առանց հարդարվելու,ուռած աչքերով:
Հետո 2-րդ կուրսում 1 ամիս դասի չգնացի`ուժեղ հարվածից մազանոթ էր պայթել.աչքս 1 ամիս արյան մեջ էր:Բժիշկ չկար,մենք փող չունեինք:Փող կար.բարեկամներին օգնելու համար էր,իրենց լավը ցույց տալու համար,ոչինչ թող աղջիկը 300.000 դրամի համար տարի կորցնի համալսարանում,թող դուրս մնա…Հերս հո խայտառակ չէր, որ պապուս ասեր.<<Մի ծախիր մեր փոքրիկ ունեցվածքը,ես 4 երեխա եմ պահում:Պապս պիտի էդքան բան ֆահմեր>>Դե ով էլ չի <<ֆահմում>>կարող է վաճառել մեր ունեցվածքը:
Չհասկացա նրան նաև 2010թ. դեկտ. 31-ին,երբ ուրախ-ուրախ պատրաստվում էի,երբ հանկարծ մայրս, հորս տեսնելուն պես նկատեց,որ ես ժամեր եմ սպանում մի աղցանի վրա,իսկ ես ծիծաղելով պատասխանեցի,որ իր արածն էլ մի բան չի:Հետո…հետո էլի ընկա գետնին,հեռուստացույցի մոտ:Տոներին այդպես էլ չկարողացա տանից դուրս գալ:Տատիկս էլ նեղացավ,որ չեմ այցելել իրեն:
Երեկ էլ չհասկացա,երբ ուկրաիներենի կուրսային աշխատանքը գրելու համար գնացի մորաքրոջ տուն ու,երբ ուշացա,զանգեցի ասացի,որ մնում եմ…4 կուրս եմ արդեն ու չեմ հասկանում,թե այդտեղ փչացածի ու էլ չասեմ,թե ինչի ձևերի ինչ կա:Գուցե մի օր հասկանամ…
Ռիմայի սենյակը իմը լիներ`դուռը փակվող,կողքի սենյակի հեռուստացույցի ձայնը ու խոսակցությունը(իսկ մեր տան համար գոռոցները)չլսվեր,ես այնպես լավ կսովորեի…երևի…
-Վերջ,գնանք հյուրասենյակ:Հայրն ու Արմանը մեզ էին սպասում:
-Իսկ դու ինչու չշպարվեցիր,քեզ շատ կսազեր,-նկատեց Արմանը:
-Աչքերս ցավում են մի քիչ,-ասացի:
Ռիման թևանցուկ արեց նրան ու դուրս եկանք:Ռիմայի վերնաշապիկն ու սարաֆանը շատ սիրուն էին:Տեսնես ինձ կսազեին:Ես պատկերացրեցի ինձ այդ հագուստով…
Դահլիճում ավելի շատ մարդ կար քան պատկերացնում էի:Սկսեցին կարդալ մասնակիցների անունները:Ռիման 7-րդ համարն էր:Հերթով համբուրեց հորը,եղբորը,ծաղիկները գրկներին մորը և ընկերոջը ու բարձրացավ:
-Բալես մի մտածի կհաղթես…անպայման…
Ռիման ժպտաց…
Ռիման գիտեր,նրա ընտանիքն էլ,դասախոսն էլ,բոլորն էլ գիտեին,որ 60 հոգուց Ռիմայի միակ լուրջ մրցակիցը ես էի:
Մի քանի քայլ ետ գնացի Ռիմայի ծնողներից…
22 համարի մասնակից,-հնչեց ակնոցավոր,բարձրահասակ կնոջ հաստ ձայնը:
Ինձ ոչ ոք չկար համբուրող ու ճանապարհող,ավելին,ոչ ոքի չեմ էլ ասել տանը(ասեի չէին թողնի):Շվարած կանգնել եմ.եթե ես հաղթեմ ոչ ոք չի ուրախանա(բացի թերևս տիկին Ազատյանից),բայց այ եթե Ռիման չհաղթի, ինչքան մարդ կտխրի…
Նրա ծննդյան օրն է այսօր…
-Երեխաներ, կարող է 22 համարը տեղյակ չի,մրցույթի ժամերը փոխել ենք,որևէ մեկը ունի նրա հեռախոսահամարը,դեռ ուշ չէ,-հարցրեց հաղորդավարը:Բոլորը նայեցին Ռիմային.Ռիման գլխով բացասական շարժում արեց:Հանկարծ այլայլվեց`նկատելով ինձ դահլիճում կանգնած:Հետո, առանց իմ հարցնելու պիտի բացատրեր,որ վաղուց էր տեսել ինձ ու չէր ուզում մատնել,կարող է մի բան կար,որ չէի ուզում մասնակցել…
Ժամեր անց հայտարարեցին հաղթողի անունը:Ծափահարություններ,ծաղիկներ,համբույրներ,ժպիտներ,կրկնակի շնորհավորանքներ:Բոլորը գրկում էին Ռիմային`շնորհավորելով հաղթանակն ու տարեդարձը:
Չէ,Ռիմ,ես այդպես չարեցի նրա համար,որ սիրում եմ քեզ(ինքդ էլ գիտես,որ մեր հարաբերությունները լարված էին),այլ նրա համար,որ…չէ,չգիտեմ ինչի համար…
Հայրը շարունակ համբուրում էր նրա ճակատը.
-Աղջիկս դու արժանի ես սրան,ապրես խելոքս…
Իսկ ես կանգնած հեռվում հիշում էի,թե ինչպես էր հայրս հարբած ժամանակ փորձում ձեռք տալ ինձ…….
Զգացի,որ այտերս թրջվում են:Մի տաք ձեռք մեղմ շոյեց գլուխս ու սեղմեց ինձ կրծքին…ինչ փափուկ էր նրա կուրծքը,ինչ տաք էր:Չգիտեմ ինչու սկսեցի լաց լինել…երևի արցունքներիցս էր,որ ավելի ուժգնացավ ինձ արդեն մի տարի ծանոթ,այդ ոչ այնքան թանկ,կանացի օծանելիքի բույրը…
Չգիտեմ ինչ է գտել այս կինն իմ մեջ…
Ռիմ ջան,ես այդ օրը այդպես էլ չասացի,բայց հիմա,ուղիղ մի ամիս հետո, ասում եմ` ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ,չնայած մինչև հիմա կարծում ես,որ արածս նվեր էր քեզ,բայց անկեղծ ասած չգիտեմ արածս ինչ անուն ունի:Ամենասիրունը նվեր անունն է,չնայած այն ժամանակ այնքան էլ քո համար չարեցի,բայց ինձ դուր է գալիս,որ բոլորը հակառակն էին մտածում:Ռիմ,ներիր անտանելի անկեղծությանս համար…

Lion
16.12.2010, 16:51
Շատ հուզիչ էր ու գեղեցիկ: Վաղուց չէի կարդացել նման մի պատմվածք, որ ինձ այսքան "տաներ" - ապրես: Շատ իրական էիր նկարագրել ամեն ինչ, թեև հույս ունեմ, իհարկե, որ իրականում գոնե տասներորդ մասով էլ ամեն ինչ այդպես չի եղել...

Դեկադա
16.12.2010, 16:54
Սա իրական պատմություն է թե՞ մտքի թռիչք: Հուսամ, որ իրական չէ, գոնե դաժանությունը: Էնքան զգացմունքային ես նկարագրել, նույնիսկ էտ ծեծը զգացի:

Moonwalker
16.12.2010, 16:57
Պատրաստ եմ ստորագրել Lion-ի կարծիքի տակ: Մի շնչով կարդացի, սիրում եմ «մի կյանքի պատմություն» տիպի պատմվածքները: Սյուժեն շատ ազդեցիկ ու տպավորիչ էր ու իր դրամատիզմով ծածկեց եղած միկրոսկոպիկ կամ ոչ այնքան թերությունները::)

My World My Space
16.12.2010, 19:06
Շնորհակալ եմ, վաղուց սենց բան չէի կարդացել...... բառեր չեմ գտնում, ևս մեկ անգամ շնորհակալություն.... :flower

Անտիգոնե
16.12.2010, 19:21
Ես էլ կուզենայի հավատալ, որ սա իրականություն չէ, այլ ստեղծագործական չափազանցություն, բայց մի ներքին ձայն հուշում է, որ պատվածքում նկարագրածն ավելի քան իրական է, ու այդ իրականությունն էլ ամենաուղակի կապն ունի Ձեզ հետ...
Կսպասեմ Ձեր հաջորդ պատմվացքներին: Իսկ սրա համար մեեեեծ, շատ մեծ շնորհակալություն

Թամարա
17.12.2010, 01:26
Շնորհակալութուն բոլորիդ,համաձայն եմ թերություններ կային,ես մի բան որ գրում եմ մի որոշ ժամանակ անց նորից վերընթերցում եմ,որ զգամ սխալներս,իսկ սա առանց սևագրի եմ գրել...Իսկ էպիզոտներում հորինված ոչինչ չկար,միայն դասախոսի ազգանունն եմ փոխել այն էլ օրիորդական ազգանունով:)

Universe
17.12.2010, 02:55
Անկեղծ ասած սպասում էի պատասխանիդ Թամարա ջան, որ հերթական անգամ չկարծեի, թե արդյո՞ք այդ պատմությունն իրականություն էր…
Պատկերացնում եմ պատմությանդ մեջ Թամարայի հոգու անբասիրությունն ու աչքերում առկա գեղեցիկի, բարու ձգտման ու միամիտ զգացմունքների առկայության արտացոլումը: Վաղո՜ւց չէի կարդացել: Թող անցած լինի այն, ինչ որ քո հոգում արթնացնում է անցյալում տեղի ունեցած այնպիսի իրադարձություններ, որոնք հիշելիս, ակամայից մտքերդ վերնագրում ես. "Նրա ծննդյան օրն էր..."
(background music by Ennio Marricone - love story --- կարդալուց սա էր հնչում սենյակում...)
Կողքիդ ենք :love