PDA

Դիտել ողջ տարբերակը : Մենք արդեն լույս ունենք…

Ծով
09.02.2007, 18:55
Մենք արդեն լույս ունենք…

Լևոնը տունդարձի ճամփին չնկատեց ,թե ոնց մի քանի անգամ սառույցի վրա ընկավ ու անտարբեր բարձրացավ…
Հոգսերը խառնվել էին մտքերին, ու հոգոց էր հանում ամեն քայլի հետ…
Գնում էր տուն, ուր սպասում էին մայրը, կինը և փոքրիկ Մանեն…
Ժամը վեցին մոտ էր, կամ էլ ձմեռվա վաղահաս գիշերներից մեկը…
Մի քանի օր էր, ինչ տանը լույս չկար…
Մոմը հալվում էր,հալվում, հեգնում, թե գիտե՞ք ես էլ լույս եմ, ինչու՞ էք ինձ նեղն ընկնելիս հիշում…
Ծորում էր,հալվում ու մարում…իսկ դրանից ավել նեղն ընկնելիս արդեն մոմին էլ չէին հիշում…
Վառարանն իր աղոտ լույսը շռայլում էր շուրջը կուչ եկած հարազատներին…
Մանեն բոլորից լավ գիտեր, թե մթության մեջ ինչպես են շարժվում, որ հանկարծ չբախվեն ինչ-որ բանի…
Եվ քայլելը տան մեջ այնքան էլ դժվար չէր, որովհետև տան աղքատիկ կահկարասին ապահովում էր բավարար ազատ տարածություն։
Փոքրիկը առանց վախենալու վազեց դուռը բացելու՝ համոզված լինելով, որ հայրն է։ Բացի այդ, դուռը բացելուն պես, պիտի լույս տեսներ, քանի որ հարևանը միշտ էլ գիշերը մուտքի լույսը վառ էր թողնում։ Լևոնը համբուրեց դստերը, և մուտքից հազիվ ետ բերեց նրան…լուսավոր միակ անկյունից։
—Եկար
—Եկա
—Դե, ի՞նչ կա…ոչինչ չգտա՞ր…
—Ո՞վ իրավունք ուներ այդպես միանգամից մեզ առանց գործ թողնել
—Լսել եմ այդ…շա՜տ…ոչինչ չգտա՞ր
—Չգտա
—Ի՜նչ հիմարն եմ ես…ների՛ր…Այնպես եմ վրա տվել…մրսած ես, հանի՛ր վերարկուդ։ Հիմա մի բան բերեմ ուտելու…
Լևոնն աչքերը լցրեց կնոջ հուսահատ ձայնից, և ուրախացավ, որ մթության մեջ այդ արցունքները դուստրը չտեսավ…

—Չէ, այսպես չի լինի, ես պիտի աշխատեմ, գուցե մի բան գտնեմ, ինձ էլ է հարկավոր փնտրել։ Տղամարդկանց համար միշտ ավելի դժվար է աշխատանք գտնելը, որովհետև Ձեզ հեշտ են մերժում։
—Պահը հարմար չէ, սիրելի՛ս…ախր, ամեն ինչ չափազանց արագ ու անարդար եղավ։ Գործը փակվեց ու մի քանի ընտանիք մնացին բախտի քմահաճույքին։
—Բայց դե մենք բախտից էլ քմահաճ գտնվեցինք…Երեք անգամ Արտեմից պարտքով փող վերցրիր, հետո՞…
Նրա կինն էլ հիմա երևի ամբողջ օրը կռիվ է անում…թե այս չունեմ, այն չունեմ, դու ուրիշին ես փող տալիս…
—Արտեմն իմ զինակից ընկերն է, միասին մեծացանք,հետո կռվեցինք, պատերազմով անցանք…Տղեքի հետ մեր հաղթանակն էինք կերտում…։ Չէ…նա ինձ կհասկանա, կսպասի։ Ինչքան էլ առանց լույսի մնանք, մեկ է Արտեմի պարտքը տալու եմ։
—Հիշում եմ, էն ժամանակ էլ լույս չունեինք…բայց դե ուրիշ օրեր էին, այնքան կորուստներ տվեցինք ու այնքան սպասումից սառած աչքեր տեսանք, որ լույսն էլ, թե տային , աչքներիս չէր երևա…Մեր հաղթանակն էիք կերտում…կերտեցիք էլի…հիմա էլ չնչին բաները անգամ այդ խաղաղության նման հեռու են թվում, որ խավարը պատռես, էլի չես հանգտանա… ուզում էիք արժանի լինել էս հողին…հիմա էլ հողից բաժին են հանում անարժաններին… ախր հարցը էս լույսը չի, չէ՞…
—ՉԷ…էն ժամանակ խաղաղության լույսին էինք ձգտում, հասանք էլի…
—Ալյուրն էլ վերջացավ։ Էսօր Հասմիկը մի տոպրակ տվել է, բայց դե էլի անհարմար եմ զգում. մենակ կին է, մեզ շատ է օգնում, բայց մեկ է անհարմար է…
—Ես ամեն ինչ կանեմ, կտեսնես…լավ օրեր էլ եղել են, չէ՞…հիմա նեղն ենք ընկել, հետո ի՞նչ…
Բա ես կթողնե՞մ իմ բալեն լույսին կարոտ մնա…
—Լույսը հեչ…ասա…չթողնես հանկարծ, որ հացին կարոտ մնա…
—Գիտե՞ս, թե ժամանակին ինչքան եմ հասել շատերին…
—Գիտեմ…ու՞ր են…
—Դե չգիտեմ…բայց հո պարտավոր չեն։ Ամեն մարդ իր տան հոգսն է քաշում…
—Վաղը միասին դուրս կգանք, ես էլ փնտրեմ, գուցե ստացվի… դե այդքան մի՛ աքլորացիր։ Հենց որ մի քիչ դզվենք, կդադարեմ աշխատել, եթե ուզես…եթե գտնեմ մի բան…
—Լավ։

—Բա՛լ, դու ինչ է քնել չե՞ս ուզում…,
—Չէ, մա՛…մինչև տատիկը չտաքացնի անկողինս ես ինչպե՞ս քնեմ։ Տատիկն էլ քնել չի ուզում…
—Տես է…աղվեսի՛կ…տատիկը նստած տեղը քնում է. այդ դու ես, հա՞ համոզել, որ մի քիչ երկար նստի…
—Դե, հայրի՛կ, զրուցում ենք էլի…Ամեն մարդ իր հոգսն ունի, չէ՞…
Ես էլ եմ չէ՞ մարդ…սա իմ տունն էլ է, չէ՞…
—Դու մի հոգս ունես։ Դու պիտի ժպտաս…ուրիշ ոչինչ քեզ չպետք է հուզի…դու պիտի խաղաս…
—Հիմա՞…մթության հետ, մայրի՛կ…շատ եմ խաղացել …ձանձրալի է…

Տատիկը տաքացրեց Մանեի անկողինը, ու Մանեն քնեց։ Տատիկն էլ քնեց։
Խեղճ կինն արդեն վաղուց երազներ չէր տեսնում, ու նույնն էր, թ ե աչքերը բացեր կամ փակեր…նույն մթությունն էր, նույն մռայլ «երազը»…
Լևոնն ու Աննան զրուցում էին մինչև ուշ գիշեր…
Առավոտյան, երբ օրը նորից նոր շունչ էր առնում, նույն ճանապարհն էր ձգվում՝ հույսով օծված, բայց տատանվող մի ճամփա։ Ոտքերի տակ դողացող խաչմերուկներ, սառույցի պես պաղ հայացքներ, անտարբեր լռություն ու խենթացնող մտքերի անիմաստ շարան…
Հոգսերի բեռի տակ ծանրացած հացի պատառիկ, որ կուլ չէր գնում մտատանջությունից…
Առավոտը լույս էր, և միայն դա էր ուրախացնում։ Լույս, որի համար վճարել պետք չէր…լույս, որը գնալով խավարում էր ու հանգչում՝ նույն վարագույրն իջեցնելով Լևոնի,Աննայի,Մանեի ու տատիկի աչքերին, հիշեցնելով ուրախ ներկայացման ավարտը…
«Կիսատ ուրախության» թատրոն, միայն լույսին ծափահարող աչքեր…

Աննան շատ փնտրեց…Կարծում էր, որ ինչպես ամուսնուն, այնպես էլ իրեն հարկավոր էր մի քանի շաբաթ գոնե հատկացնել որոնումներին և հետո նոր միայն փոքր ինչ հուսահատվել։ Ամուսնու լավատեսությունը, որ միայն իրենց սփոփելու համար էր,Աննան չուներ։ Միայն աղոթում էր Աստծուն, որ ընտանիքի անդամները գոնե առողջ լինեն , և թող որ ամենամեծ կարիքը «մթությունը» մնա։
Նա փնտրեց, հոգնեց շատ, բայց դե բախտ էր, թե ինչ…եթե նույնիսկ բախտ չէր, ինչ որ բան ժպտաց նրան…
Մի հայտարարություն կարդաց, որ ինչ-որ մեկը դայակ է փնտրում.«…բարձրագույն կրթությամբ, բարետես արտաքինով երիտասարդ կին, որը փորձ ունի երեխաների հետ…»
Հայտարարությունը փոքր-ինչ ծիծաղելի էր, բայց դե Աննան ուրախացավ, որովհետև ինքը համապատասխանում էր այդ «պաշտոնին»…
Ահա թե ինչ…
Փոքրիկը, որի դայակը պետք է լիներ Աննան, հինգ տարեկան էր՝ Մանեից երեք տարով փոքր…
Նրա ծնողները պատրաստվում էին ճանապարհորդության, իսկ տանը՝ փոքրիկի հետ մնալու էր միայն վերջինիս տատիկը, որը, սակայն, փոքր-ինչ վատառողջ էր և օգնության կարիք ուներ…
Աննան աշխատելու էր հաջորդ օրվանից, դե իսկ աշխատանքի դիմաց շատ հարմար աշխատավարձ սահմանվեց։

Աննան հաղթանակած տուն էր վերադառնում։ Շտապում էր շատ, թե երբ պիտի հայտնի այդքան սպասված ուրախ լուրը։ Գոնե կօգնի ամուսնուն, պարտքերը կտան, ոտքի կկանգնեն…
Շենքի մուտքի մոտ սպասում էր նրան Հասմիկը…
—Ինչու՞ ես էս ցրտին էստեղ կանգնել, հո բան չի՞ պատահել…
—Առավոտյան լավ վիճեցին Արտեմն ու Լևոնը…
—Հա, գիտեմ…դե կանցնի, պարտքի պատճառով է…աշխատանք եմ գտել, Հա՛ս ջան, հավատում եմ, ոտքի կկանգնենք, գնամ մերոնց ուրախացնեմ…
Եվ Աննան սկսեց արագ բարձրանալ աստիճաններով…Հասմիկն էլ նրա հետ…
—Լևոնը…
—Եկե՞լ է, չգիտե՞ս…արդեն եկե՞լ է…Ինչու ենք մենք վերջին հարկում ապրում…էլ չեմ համբերում…
—Երեք ժամ առաջ…
—Երեք ժամ է, ինչ տանն է…դե ոչինչ, շատ չեմ ուշացել…
—Երեք ժամ առաջ նա…
Համիկը չզպեց արցունքները…
Աննան կանգ առավ…քարացավ տեղում…
—Հա՛ս…խոսի՛ր, խոսի՛ր…նա ի՞նչ,ի՞նչ…
—Հենց մուտքի մոտ…
—Թուլացել եմ, խոսիր, ա՛յ կնիկ, հիմա կընկնեմ…
—Սրտի կատված ունեցավ ու… ու մեռավ…
—Ոչ—ոչ…ոչ… Նման բան չի կարող լինել…դա անարդար է…
Աննան գոռում էր…իրեն կորցրած դաղվում էր մուտքի պատերին.Հասմիկը անուժ լալիս էր…

Մի քանի ժամ էլ, ու հսկա բազմություն հավաքվեց…
Ոչ ոք իր օգնությունը չէր առաջարկում…ամեն մեկն օգնում էր առանց պարզելու, թե ինչ է պետք , քանզի նման դեպքերում հարցնելն ավելորդ էր…
Մանեին ոչ ոք չէր էլ պատրաստվում անհաղորդ պահել այս ամենին, քանի որ փոքրիկն առաջինն էր տեսել մեռած հայրիկին…
Բոլորը լուռ վազվզում էին…
Ընկերները, հարազատները, հարևանները, հեռու ու մոտ բարեկամները, նույնիսկ մարդիկ, որոնց հետքերն էին կորցրել…և ինչպե՞ս էր լուրն այդքան արագ տարածվել…
Լևոնի գրպանում 20 հազար դրամ էին գտել…Արտեմի պարտքն էր, որից վերջինս կտրականապես հրաժարվեց, և շատ վիրավորվեց, երբ Հասմիկը մեկնեց նրան փողը…

Երեք մարդ՝ մեկ հոգսի տեր մի տուն, այժմ արդեն՝ մեկ ցավի տեր մի տուն…

Մեկ շաբաթ անց Աննան առաջին անգամ գնաց աշխատանքի…
Դուռը բացելուն պես նետեցին երեսին.
—Դուք արդեն իսկ ազատված եք աշխատանքից. մեզ անպատասխանատու մարդիկ պետք չեն…
—Ներեցե՛ք…ամուսինս մահացավ,—հազիվ խոսեց Աննան…
—Աստվա՛ծ իմ, խեղճ կին… ցավում եմ…
…և նրան նույն «բախտը» էլի ժպտաց…եթե բախտը չէր, չգիտեմ թե ինչն էր, բայց չկորցրեց աշխատանքը անգամ երբ երեխայի ծնողները ճանապարհորդությունից վերադարձան…

Մանեն շատ էր լալիս, հրաշքի էր սպասում…ու իրիկնաժամին հայրիկը տուն չէր գալիս։
Բայց մի օր որոշեց, որ պիտի ուժ գտնի իր մեջ ու քայլեր ձեռնարկի մայրիկին օգնելու համար…
Մի տուն ու մի հոգս…նա երկար, երկար մտածեց…
Օրերով ծրագրեր հորինեց… ու մի երեկո,երբ մայրիկը դեռ տուն չէր եկել, վերցրեց թուղթ ու գրիչ ու ճարահատ մի նամակ գրեց…

«Հայրի՛կ ջան, քեզ շատ եմ կարոտել…տատիկը հիվանդ է, մայրիկը շատ տխուր է…գիտե՞ս, մենք արդեն լույս ունենք, բայց ուրախանալ չենք կարողանում…»

08.01.07

Taurel. . . .
09.02.2007, 20:16
Շատ տխուր, քնքուշ ու շոյող ողբերգություն էր, կարծես տխուր մեղեդի լիներ կործանարար ավարտով: Երբ կարդում էի , մի խելագար ջութակահար այրում էր հոգուս լարերը ու տողերից ժառանգում էի խենթացած հոգուս մորմոքը............................... Ախր ենքան սիրուն էիր գրել: Բայց տխրեցի , թվաց թե հոգիդ թաղիծովա լցված................. Կարծես կյանքի տաք քամին , մարմնիդ իր վերջին համբույրն էր տվել և թուլացած ու արնաքամ ներկում էիր քո աշնան ծառերը........................... Մթնշաղային, արցունքոտ ու թեթև քամոտ էր .............................................................................;) :) :hands
ՈՒ քո ստեղծագործությունները իմ դուրը շատ են գալիս:love :love :love

Philosopher
09.02.2007, 20:49
Լավ էր, պահպանել ես քեզ արժանի զգայական խտությունն ու լեզվական դինամիզմը: Սյուժեն թերևս տեղավորվում էր կայուն սոցիալական պատմվածքի ժանրի մեջ. տխուր սկսվում էր և, պարզ է, որ ավարտվելու էր տխուր: Եվ չնայած դրան` մի քանի հոգեբանական նուրբ նկատումներով մասամբ խուսափել ես նարդոսական մութ սոցիալականությունից և ին-որ լուսավոր բան մտցնել այդ խավարում: Ընդհանուր առմամբ, քեզ արժանի էր, ուրեմն` լավ:

Ուլուանա
09.02.2007, 21:32
Ծով, բայց դու ինչքան ես սիրում մարդկանց լացացնել... :( Կարդալիս անընդհատ փշաքաղվում էի...
Համ էլ նկարագրածդ ծանր սոցիալական պայմանները մեջս ոչ այնքան վաղ անցյալիս մասին հիշողություններ արթնացրին... :think

Դե, ի՞նչ ասեմ, ինչպես Philosopher-ն ասաց, ինչպես միշտ, քո բարձունքի վրա ես։ :)

Enipra
09.02.2007, 21:38
Հիանում եմ քո գործերով։ Շատ ապրես:clap

Մելիք
09.02.2007, 22:27
Ծով ջան, իրոք, քո գրածն էր, իրոք լավն էր ու հուզառատ: Մեր սերնդից շատերը հեշտությամբ կմտնեն պատմվածքի տրամադրության մեջ: Բայց սյուժեն ինձ մի տեսակ ստանդարտ ու կանխատեսելի թվաց: Ես քեզնից ավելի օրիգինալ բան եմ սպասում: Ըստ իս, ավելին կարող էիր…

Ծով
09.02.2007, 22:37

Դե ես էլ հույս ունեմ, որ ավելին դեռ կհասցնեմ կարողանալ…:) մերսի…
Շնորհակալ եմ բոլորից…:)

Շատ տխուր, քնքուշ ու շոյող ողբերգություն էր, կարծես տխուր մեղեդի լիներ կործանարար ավարտով: Երբ կարդում էի , մի խելագար ջութակահար այրում էր հոգուս լարերը ու տողերից ժառանգում էի խենթացած հոգուս մորմոքը............................... Ախր ենքան սիրուն էիր գրել: Բայց տխրեցի , թվաց թե հոգիդ թաղիծովա լցված................. Կարծես կյանքի տաք քամին , մարմնիդ իր վերջին համբույրն էր տվել և թուլացած ու արնաքամ ներկում էիր քո աշնան ծառերը........................... Մթնշաղային, արցունքոտ ու թեթև քամոտ էր .............................................................................;) :) :hands
ՈՒ քո ստեղծագործությունները իմ դուրը շատ են գալիս:love :love :love
Ինչպիսի՜ պատկերավոր մեկնաբանություն…;) երբ գրում էի, իմ տխրությունը չէ, որ պիտի փոխանցեի, բայց շատ տխրեցի ավարտելուց հետո…:( ;) :)
Մերսի…

Լավ էր, պահպանել ես քեզ արժանի զգայական խտությունն ու լեզվական դինամիզմը: Սյուժեն թերևս տեղավորվում էր կայուն սոցիալական պատմվածքի ժանրի մեջ. տխուր սկսվում էր և, պարզ է, որ ավարտվելու էր տխուր: Եվ չնայած դրան` մի քանի հոգեբանական նուրբ նկատումներով մասամբ խուսափել ես նարդոսական մութ սոցիալականությունից և ին-որ լուսավոր բան մտցնել այդ խավարում: Ընդհանուր առմամբ, քեզ արժանի էր, ուրեմն` լավ:
Ուրախ եմ, որ գոնե այդ աղոտ լույսը զգացել ես…ախր ես առանց լույսի չեմ կարող:)
Մերսի…

Ծով, բայց դու ինչքան ես սիրում մարդկանց լացացնել... :( Կարդալիս անընդհատ փշաքաղվում էի...

Ի՞նչ անեմ…:( ;) :) :love
Չեմ խոստանում, որ էլ չեմ լացացնի…;)
մերսի / էս ի՞նչ է պատահել ինձ/

Հիանում եմ քո գործերով։ Շատ ապրես:clap
Շնորհակալ եմ…

Cassiopeia
10.02.2007, 00:49
Ամեն անգամ կարդալով ստեղծագործություններդ, աչքերումս արցունքներ են հայտնվում…
Այս մեկն էլ պարուրված է ամենայն քնքշությամբ, սիրով ու "քաղցր" կյանքի դառնություններով… Այնքան մեծ ՀՈԳԻ կա պատմվածքիդ մեջ, որ ոչ մի բառ անկարող է նկարագրել նրան…
Շնորհակալություն, որ մեզ հնարավորություն ես տալիս ծանոթանալ քո ստեղծագործություններին:

Lionne_en_Chasse
10.02.2007, 01:14
Հոգիս տակնուվրա եղավ...
Այսօր ցերեկը տեսա, որ նոր ստեղծագործություն ես ավելացրել, շատ էի ուզում կարդալ, բայց գիտեի, որ հերթական անգամ տխրելու եմ: Էլ չդիմացա...
Է՜հ, դե ինչ ասեմ, գիտես ինչքան եմ հավանաում քո գրածները... Ապրես!

Արսեն
10.02.2007, 01:33
Ապրես, շատ լավն էր: Տխուր վերջաբան ուներ, բայց կարդալուց սպասում էի, որ լավ է լինելու: Հիշեցի մութ տարիները, որոնք, թվում էր, թե մոռացված են վաղուց...

CactuSoul
10.02.2007, 12:29
Լևոնի գրպանում 20 հազար դրամ էին գտել…Արտեմի պարտքն էր, որից վերջինս կտրականապես հրաժարվեց, և շատ վիրավորվեց, երբ Հասմիկը մեկնեց նրան փողը…
Այս նախադասության մեջ կարմիր մասը լավ չհասկացա: Չհասկացա, թէ ով վիրավորվեց՝ Լևո՞նը, թե՞ Արտեմը: Նախադասությունից թվում է, որ Արտեմը, բայց ստեղծագործության համատեքստից հասկանալի է դառնում, որ Լևոնը:unsure … Չէ՞:

Բայց կարևորը դա չի:

Պատմվածքի սյուժեն, գոնե մոտավորապես, բայց կանխատեսելի էր: Ու չնայած դրան… Գիտե՞ս, նույնիսկ ինքս ինձնից չէի սպասի, որ աչքերս կարող են լցվել…

Երվանդ
10.02.2007, 12:58
Շատ շատ շատ լավն էր:

Ծով
10.02.2007, 13:01
Այս նախադասության մեջ կարմիր մասը լավ չհասկացա: Չհասկացա, թէ ով վիրավորվեց՝ Լևո՞նը, թե՞ Արտեմը: Նախադասությունից թվում է, որ Արտեմը, բայց ստեղծագործության համատեքստից հասկանալի է դառնում, որ Լևոնը:unsure … Չէ՞:

Բայց կարևորը դա չի:

Արտեմի մասին է խոսքը…;)
Մերսի բոլորին…

StrangeLittleGirl
11.02.2007, 14:14
Ծո՛վ ջան, ինչու՞ ես միշտ մարդկանց լացացնում :(
Շատ պատկերավոր էիր գրել, դուրս շատ եկավ: Մենակ մի նկատողություն. ամուսնու մահվան մասը լավ չէիր նկարագրել, մի քիչ արհեստական էր ստացվել:

Գոռ Ջան - Հայ
11.02.2007, 14:43
Դու հրաշք ես:ok
Դու կարում ես մարդկանց սրտերի հետ խաղաս::)

Chuk
11.02.2007, 15:15
Բայց սյուժեն ինձ մի տեսակ ստանդարտ ու կանխատեսելի թվաց: Ես քեզնից ավելի օրիգինալ բան եմ սպասում: Ըստ իս, ավելին կարող էիր…
Դավ, երևի թե էս անգամ հետդ չեմ համաձայնվի: Հա՛, իհարկե գրական ստեղծագործություններ կարդալիս հաճախ ենք անկանխատեսելի բաների սպասում, դա ավելի հետաքրքիր է դարձնում ընթերցումը, բայց միշտ չէ, որ դա պետք է:

Կոնկրետ այս ստեղծագործությունը բացի գրական արժեքից, ըստ իս, այլ, ոչ պակաս մեծ, արժեք էլ ունի: Այն ներկայացնում է մեր իրականության որոշակի դրվագներ, կյանքի որոշակի դաժան իրավիճակ և սովորական գրական ստեղծագործությունից վեր է ածվում պատմական որոշակի հիշողության՝ չկորցնելով իր գրական արժեքը: Երբ կարդում ենք հին գրողների «կանխատեսելի» ստեղծագործությունները, երբեմն մեր համար դա անկանխատեսելի է լինում, որովհետև միայն կոնկրետ իր՝ գրվելու ժամանակաշրջանի համար է կանխատեսելի, իսկ մեզ. նոր ժամանակաշրջանի ապրողներիս, հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչպիսին է եղել կյանքը այն ժամանակ: Ու հենց այդ առումով կոնկրետ այս ստեղծագործությունը մեծ արժեք կարող է ունենալ նաև ապագա սերունդների համար:

Իսկ ստեղծագործության մասին կարծիքս... թեև հիմա ավելի շատ ցանկանում ուրախ պատմություններ կարդալ, լսել միայն ուրախ բաների մասին՝ և հատկապես երիտասարդների գրածներից ու պատմածներից, բայց միևնույն է, կարդացի «մեկ շնչով» ու շատ հավանեցի: Հավանեցի ոճն ու շարադրանքը, լեզուն... ինչու՞ եմ սա նշում, որովհետև ցավոք հեղինակի գրածներից շատ քիչ բան եմ կարդացել (բացս կլրացնեմ):

Հեղինակին կասեմ միայն մեկ բառ՝

Կեցցե՛ս

StrangeLittleGirl
11.02.2007, 15:23
Արտակ ջան, երևում է, որ Ծովինարի ստեղծագործությունները չես կարդացել, այլապես կհասկանայիր, թե ինչ նկատի ուներ Դավիթը: Եթե ուրիշ մեկն այսպիսի բան գրեր, ես կասեի, որ շատ հզոր գործ է, բայց որովհետև գիտեմ Ծովինարի հնարավորությունները, ես նրանից ավելին եմ սպասում: Կարծում եմ մյուսները նույնպես: Ինչ խոսք, լավ գործ է, բայց հեղինակը շատ ավելի լավ ստեղծագործություններ ունի: Հուսով եմ՝ բացը շուտով կլրացնես:

lili-4
11.02.2007, 18:00
Ասեմ, որ շատ լավ էր գրված, կարդացի մեծ հետաքրքրությամբ: Խոստովանեմ, որ քո աշխատանքներից դեռ միայն այս մեկն եմ կարդացել, բացը կլրացնեմ:
Պետք էասեմ նաև, որ ինքս նմանատիպ գրվածք ունեմ, այսօր պատրաստվում էի այրելու, բայց քո գրածը կարդալուց հետո փոխեցի որոշումս, գուցե մի օր կներկայացնեմ ձեր դատին, իհարկե , կախված տրամադրությունից…

Sunny Stream
09.01.2008, 02:18
Տխուր պատմություն ու շատ ծանոթ լույսի սպասում (հատկապես մեր սերնդին)... Գեղեցիկ էր շարադրված (1-2 ստեղծագործություն էլ եմ կարդացել)... :B
Թույլ տուր ամբողջ ստեղծագործությունը՝ որպես գրական արժեք, չգնահատել, տեղ-տեղ սյուժեի ետևից էիր ընկել, բայց այսքան մասը կանվանեմ Գրականություն…

Լևոնը տունդարձի ճամփին չնկատեց ,թե ոնց մի քանի անգամ սառույցի վրա ընկավ ու անտարբեր բարձրացավ…
Հոգսերը խառնվել էին մտքերին, ու հոգոց էր հանում ամեն քայլի հետ…
Գնում էր տուն, ուր սպասում էին մայրը, կինը և փոքրիկ Մանեն…
Ժամը վեցին մոտ էր, կամ էլ ձմեռվա վաղահաս գիշերներից մեկը…
Մի քանի օր էր, ինչ տանը լույս չկար…
Մոմը հալվում էր,հալվում, հեգնում, թե գիտե՞ք ես էլ լույս եմ, ինչու՞ էք ինձ նեղն ընկնելիս հիշում…
Ծորում էր,հալվում ու մարում…իսկ դրանից ավել նեղն ընկնելիս արդեն մոմին էլ չէին հիշում…
Վառարանն իր աղոտ լույսը շռայլում էր շուրջը կուչ եկած հարազատներին…
Մանեն բոլորից լավ գիտեր, թե մթության մեջ ինչպես են շարժվում, որ հանկարծ չբախվեն ինչ-որ բանի…
Եվ քայլելը տան մեջ այնքան էլ դժվար չէր, որովհետև տան աղքատիկ կահկարասին ապահովում էր բավարար ազատ տարածություն։
.............................................................................................
Տատիկը տաքացրեց Մանեի անկողինը, ու Մանեն քնեց։ Տատիկն էլ քնեց։
Խեղճ կինն արդեն վաղուց երազներ չէր տեսնում, ու նույնն էր, թ ե աչքերը բացեր կամ փակեր…նույն մթությունն էր, նույն մռայլ «երազը»…
Լևոնն ու Աննան զրուցում էին մինչև ուշ գիշեր…
Առավոտյան, երբ օրը նորից նոր շունչ էր առնում, նույն ճանապարհն էր ձգվում՝ հույսով օծված, բայց տատանվող մի ճամփա։ Ոտքերի տակ դողացող խաչմերուկներ, սառույցի պես պաղ հայացքներ, անտարբեր լռություն ու խենթացնող մտքերի անիմաստ շարան…
Հոգսերի բեռի տակ ծանրացած հացի պատառիկ, որ կուլ չէր գնում մտատանջությունից…
Առավոտը լույս էր, և միայն դա էր ուրախացնում։ Լույս, որի համար վճարել պետք չէր…լույս, որը գնալով խավարում էր ու հանգչում՝ նույն վարագույրն իջեցնելով Լևոնի,Աննայի,Մանեի ու տատիկի աչքերին, հիշեցնելով ուրախ ներկայացման ավարտը…
«Կիսատ ուրախության» թատրոն, միայն լույսին ծափահարող աչքեր…

Կարծում եմ, ամբողջ էմոցիոնալ ուժը հենց էս տողերի մեջ է :hi

Լեո
09.01.2008, 02:53
Գեղեցիկ էր...

Second Chance
09.01.2008, 12:30
Չեմ սիրում ողբերգական ավարտ ունեցող ստեղծագործություններ :( բայց դե ինչ անենք մեր իրականության մեջ հաճախ է պատահում...
Ինձ դուր է գալիս քո նուրբ ակնարկները «մենք արդեն լույս ունենք....բայց...», շատ լավ ես հաղորդում հուզականությունը մի տեսակ հնարավոր չի չարտասվել ,չապրել...
Ապրես Ալիզե ջան:)

Dayana
09.01.2008, 20:14
Ամեն անգամ քո պատմվածքները կարդալիս նույն զգացողությունն եմ ունենում ՝ փոխելու համար էս դա-ան կյանքը ես ոչինչ չեմ կարող անել ու մնում եմ բոլորի պես ես ել արցունքերս սրբեմ ու շարունակեմ ապրել :(

Vishapakah
09.01.2008, 20:31
Ես հերոսի անվան և մթության մեջ, միստիկական կապ տեսա:

Ծով
20.01.2008, 05:08
Ես հերոսի անվան և մթության մեջ, միստիկական կապ տեսա:
wow...շնորհակալ եմ ընդամենը, որ կապը տեսար;)։ Բայց ափսոս տարեթիվը շփոթեցիր ու էլի այսօրվա մթությունը տեսնել չկարողացար։ Պատահականություն էր ու հետո ինձ էլ զարմացրեց։ Նույնիսկ ուրախացա, որ հատուկ չէի արել:)
Ու ուրախ կլինեմ, որ պատմվածքը կարդալիս 90-ականները չմտաբերեիք. քանզի ես այսօրվա մասին եմ գրել:(
Ձեր թույլտվությամբ մի քանի մեջբերում.

Բացի այդ, դուռը բացելուն պես պիտի լույս տեսներ, քանի որ հարևանը միշտ էլ գիշերը մուտքի լույսը վառ էր թողնում։
ու...

—Արտեմն իմ զինակից ընկերն է, միասին մեծացանք, հետո կռվեցինք, պատերազմով անցանք…Տղեքի հետ մեր հաղթանակն էինք կերտում…։ Չէ…նա ինձ կհասկանա, կսպասի։ Ինչքան էլ առանց լույսի մնանք, մեկ է Արտեմի պարտքը տալու եմ։
Հիշում եմ, էն ժամանակ էլ լույս չունեինք…բայց դե ուրիշ օրեր էին. այնքան կորուստներ տվեցինք ու այնքան սպասումից սառած աչքեր տեսանք, որ լույսն էլ, թե տային , աչքներիս չէր երևա…Մեր հաղթանակն էինք կերտում…կերտեցիք էլի…հիմա էլ չնչին բաները անգամ այդ խաղաղության նման հեռու են թվում, որ խավարը պատռես, էլի չես հանգտանա… ուզում էիք արժանի լինել էս հողին…հիմա էլ հողից բաժին են հանում անարժաններին… ախր հարցը էս լույսը չի, չէ՞…
—ՉԷ…էն ժամանակ խաղաղության լույսին էինք ձգտում, հասանք էլի…
Իսկ կյանքը հանդգնեց դառնալ...

«Կիսատ ուրախության» թատրոն, միայն լույսին ծափահարող աչքեր…
ի ԴԵՊ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻՑ...

^SRTIK^LA^
20.01.2008, 06:12
Հիանալի էր.:handsՉլացել հնարավոր չէր:cry

Vishapakah
22.01.2008, 04:47
wow...շնորհակալ եմ ընդամենը, որ կապը տեսար;)։ Բայց ափսոս տարեթիվը շփոթեցիր ու էլի այսօրվա մթությունը տեսնել չկարողացար։ Պատահականություն էր ու հետո ինձ էլ զարմացրեց։ Նույնիսկ ուրախացա, որ հատուկ չէի արել:)
Ու ուրախ կլինեմ, որ պատմվածքը կարդալիս 90-ականները չմտաբերեիք. քանզի ես այսօրվա մասին եմ գրել:(

Հասկանալի է, որ այսօրվա մասին է գրված, դրա համար զուգադիպությունը միստիկական անվանեցի: Հերոսի անունը անմեղ ակնարկի էր նման: Լավ էր գրված, բայց շատ տխուր::( Իսկ այսօրվա մթությունը մարդիկ տեսնում են յուրովի, ինչպես բոլոր ժամանակներում են եղել մի հարցի շուրջ տարբեր ընկալումներ: Կարևորը այլ ընկալում ունեցողին՝ «կույրի» հետ չշփոտելն է, որովհետև հակադիր հայացք ունեցողներն էլ են, դիմացինին որպես «կույր» տեսնում:

Ծով
23.01.2008, 18:01
Կարևորը այլ ընկալում ունեցողին՝ «կույրի» հետ չշփոտելն է, որովհետև հակադիր հայացք ունեցողներն էլ են, դիմացինին որպես «կույր» տեսնում:
Հասկացա:hands...քիչ էր մնում քաղաքականացվեր:D