PDA

Դիտել ողջ տարբերակը : Քրեական իրավունք և քրեական դատավարական իրավունք



_Հրաչ_
24.11.2010, 21:59
Լինելով քրեական իրավունքից և քրեական դատավարական իրավունքից (անհամեստություն չանեմ :) ) քչից-շատից տեղեկացված անձնավորություն և ունենալով մեկ տարուց ավելի իրավաբանական պրակտիկա, ինչպես նաև հետևելով ակումբի թեմաներին, գրառումներին՝ կարծում եմ, որ այս թեմայի անհրաժեշտությունն ակումբում ոչ պակաս կարևոր է:

Ակումբում իրավունքների, իրավահարաբերությունների, օրենքների, իրավաբանական խորհուրդների մասին կան շատ թեմաներ: Բայց այս թեման էականորեն տարբերվում է մյուսներից: Այս թեմայում ես կկենտրոնանամ մեզ՝ որպես ՀՀ քաղաքացիների համար առավել կարևոր իրավական հարցերի, խնդիրների շուրջ:

Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ ակումբում կան շատ անձինք, ովքեր թեժ քննարկումներ են կատարում տարբեր քաղաքական ու ոչ քաղաքական թեմաներում, և ես մի ոչ շատ զարմանալի փաստ եմ պարզել: Այսօր ՀՀ պետական տարբեր ուժային կառույցների առանձին աշխատակիցների (ակումբում ավելի շատ շոշափվում է ոստիկանությունը) կողմից օրական կատարվում են տարաբնույթ օրինախախտումներ և ծառայողական պարտականություններից չբխող գործողություններ (անգործություններ): Շատ ակումբականներ քննարկում, քննադատում, ինչ որ ճիշտ է՝ ոմանք «գյուտեր» են անում՝ տարրական գաղափար չունենալով օրենքներից, կամ copy-paste մեթոդով մեջբերում տարբեր օրենքների հոդվածներ՝ փորձելով յուրովի՝ հիմնվելով սեփական տրամաբանական ունակությունների վրա, մեկնաբանել համապատասխան իրավանորմը:
Այս թեման կլինի «դեղ» օրենքը չիմացողների կամ թերի իմացողների համար: :)

Բացի այդ, որ նույնպես կարևոր է, կներկայացնեմ խորհուրդներ՝ տարբեր իրավիճակների հետ կապված (հիմնականում ոստիկանության կամ ոստիկանության աշխատակիցների հետ, դատավարական ընթացքի հետ, սեփական իրավունքների տեղեկացվածության և բազմաթիվ այլ խնդիրների), կմեկնաբանեմ ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի որոշ նորմեր: Կտամ մի շարք քրեադատավարական տերմինների ճիշտ բացատրություններ, ինչի խնդիրը ևս առկա է ոչ միայն ակումբցիների, այլ նաև հայ հասարակության և ԶԼՄ-ների շրջանում: Հնարավոր է՝ նախաբանս լրիվ չէ թեմայի համար, կլինեն քննարկման ենթակա շատ ավելի հարցեր:

Թեմայիս նպատակը. մեր հասարակությունը ծայրահեղ սակավ է տեղեկացված օրենքներից, սեփական և այլոց իրավունքներից, ինչը ոչ հազվադեպ առիթ է տալիս տարբեր կամայականությունների: Բացի այդ անձը (ՀՀ քաղաքացին) որևէ արարք թույլ տալիս շատ հաճախ տարրական պատկերացում չի ունենում իր արարքի իրավաչափ կամ ոչ իրավաչափ բնույթի մասին: Կան նմանատիպ շատ այլ հարցեր: Ուստի, այս թեման բացելով՝ նպատակ եմ հետապնդում (չեմ վարանում արտահայտվել) ՀՀ գիտակից ու կիրթ զանգվածին՝ ի դեմս ակումբցիների, և, ինչու չէ, վերջիններիս միջոցով՝ նրանց ծանոթների, հարազատների, բարեկամների և այլոց օգնել գտնել վերոնշյալ խնդիրների լուծման բանալին, մեկ խոսքով՝ մեկ փոքրիկ լումա ներդնել ՀՀ հասարակությունում իրավագիտակցության մակարդակի բարձրացման լուրջ խնդրում:

Գիտությունն ինքնին օբյեկտիվ երևույթ է, մեկնաբանություններս կլինեն օբյեկտիվ, սակայն կտամ նաև սուբյեկտիվ վերաբերմունքս որոշ խնդիրների վերաբերյալ: Կաշխատեմ սպառիչ պատասխանել բոլորիդ հարցերին:
Միակ խնդրանքս. այս թեմայում չեմ ցանկանում, որ լինեն անիմաստ, վիճաբանական բնույթի կամ թեմայիս սկզբունքներին հակասող քննարկումներ: :)

_Հրաչ_
24.11.2010, 22:00
Քանի որ թեմայում շոշափվելիք հարցեր դեռևս չկան, մեկնաբանեմ մի քանի օրենսդրական տերմիններ, որոնք պարբերաբար սխալ ձևով են գործածվում թե քաղաքացիների, թե ԶԼՄ-ների և թե ակումբցիների կողմից:

1. Առաջինը ցանկանում եմ ձեր ուշադրությանը հրավիրել հետաքննություն տերմինը: Այն սխալմամբ օգտագործում են բոլոր այն դեպքերի կապակցությամբ, եթե քննություն է կատարվում ոստիկանությունում (կամ այլ իրավասու մարմնում): Շատ եմ հանդիպել «քրեական գործով կատարվում է հետաքննություն» արտահայտությունը, այն դեպքում, որ արդեն մի քանի ամիս է՝ գործի քննությունը կատարում է քննիչը: Պարտադիր չէ ունենալ իրավաբանական կրթություն՝ իմանալու համար, որ քրեական գործն անցնում է հետևյալ հաջորդական փուլերը՝ նախնական (մինչդատական) քննություն և դատաքննություն, որտեղ էլ լուծվում է քրեական գործի ընթացքը: Հետաքննությունը մտնում է նախնական քննության (մինչդատական վարույթի) մեջ, հանդիսանում է դրա սկզբնական փուլը, որին կարող է հաջորդել նախաքննությունը:
Ամեն դեպքում, երբ քրեական գործը քննում է քննիչը, գործը գտնվում է ոչ թե հետաքննության, այլ նախաքննության փուլում: Իսկ հետաքննությունն սկսվում է քրեական գործ հարուցելու պահից, որի ժամկետը 10 օր է (ՀՀ ՔԴՕ 188 հ.): Իսկ հետաքննությունն ավարտվում է, երբ.

1) ավարտվում է հետաքննության ժամկետը.
2) մինչև հետաքննության ժամկետը լրանալն ի հայտ է գալիս հանցանք կատարած անձը.
3) դատախազը հետաքննության մարմնի վարույթում գտնվող գործը հանձնում է քննիչին` նախաքննություն կատարելու համար, կամ քննիչը ներգրավվում է գործի քննությանը (ՀՀ ՔԴՕ 196 հ. 2 մ.)

Սակայն հետաքննությունը բոլոր քրեական գործերով պարտադիր չէ: Պրակտիկայում նախնական քննությունը դրսևորվում է միայն նախաքննությամբ: Այսինքն՝ քրեական գործ հարուցելու համար բավարար հիմքերի և օրինական առիթի առկայության դեպքում քննիչը հարուցում է քրեական գործ և կատարում նախաքննություն: Հետաքննություն՝ որպես այդպիսին, շատ հազվադեպ է կատարվում:

Հետաքննության մարմինները թվարկված են ՀՀ ՔԴՕ 56-րդ հոդվածում, իսկ նախաքննության մարմինները՝ ՀՀ ՔԴՕ 189-րդ հոդվածում:


Եթե վերոգրյալի շուրջ կան պարզաբանման ենթակա, անհասկանալի հարցեր, խնդրեմ, կարող եք տալ: :) Իսկ քրեական օրենսգիրքը և քրեական դատավարական օրենսգիրքն այստեղ (www.arlis.am) են:

My World My Space
24.11.2010, 22:04
շատ լավ թեմա ես բացել, Հրաչ ջան, կարելի ա էս թեմայում եքա հարցեր պարզաբանել.... մալադեց, ինչով կարամ կթեթևացնեմ գործդ....

_Հրաչ_
25.11.2010, 23:04
Հաջորդ խնդրին, որ ցանկանում եմ անդրադառնալ, բերման ենթարկելու հարցն է: Ինքնին երևույթը, գործողությունն իր մեջ ներառում է բռնության որոշակի տարրեր, ինչի չափորոշիչը հստակ կերպով տրված չէ օրենքով (պատկերացնելն էլ դժվար է, որ ինչպես կարելի էր սահմանել) և որը երբեմն կարող է բռնության չափի անցմամբ կատարվել, ինչը և հաճախ հասարակության անդամների (կոնկրետ դեպքում՝ բերման ենթարկվողի) մոտ կարող է խորը դժգոհությունների տեղիք տալ: Եկեք նախ պարզենք, թե ինչ է իրենից ներկայացնում բերման ենթարկելու գործողությունը, որքանով է ճիշտ, նպատակահարմար, որքանով՝ ոչ, և հնարավոր է գտնել դրան փոխարինող այլ մեթոդ:

Բերման ենթարկելը սահմանված է ՀՀ ՔԴՕ 153-րդ հոդվածով, որում ասվում է.
1. Բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, դատապարտյալին, վկային և տուժողին հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է` նրա նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, որը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ:
2. Բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա: Նշանակված ժամկետում կանչով ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, դատապարտյալը, ինչպես նաև վկան և տուժողը պարտավոր են տեղյակ պահել իրենց կանչած մարմնին:
3. Բերման ենթարկելու մասին որոշումը կատարում է հետաքննության մարմինը` օրենքով սահմանված կարգով:
4. Չի թույլատրվում բերման ենթարկել մինչև 14 տարեկան անչափահասներին, հղի կանանց և ծանր հիվանդությամբ տառապող անձանց, բացառությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվելու դեպքերի։
Բերման չեն կարող ենթարկվել նաև օրենքով նախատեսված այլ անձինք։

Հոդվածի առաջին մասից երևում է, որ բերման կարող են ենթարկվել կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, դատապարտյալը, վկան և տուժողը, որոնք խուսափում են քննությունից, չեն ներկայանում վարույթն իրականացնող մարմնի կանչով՝ առանց չներկայանալու համար հարգելի պատճառների մասին նախապես տեղեկացնելու: Նույն մասում ձևակերպված «կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ» արտահայտությունն իրենից ենթադրում է, որ անձը ժամանակավոր (առավելագույնը 3 ժամ) կարող է «զրկվել» ազատությունից, այսինքն՝ լինել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ: Պարտադիր չէ, որ նման դեպքերում անձը լինի, այսպես ասած, «փակի տակ»: Նա կարող է լինել նաև տվյալ մարմնի տեղակայման շենքի միջանցքում, բակում (եթե անհրաժեշտ է սպասել), կամ լինել վարույթն իրականացնող մարմնի մոտ՝ մասնակցելու որևէ դատավարական գործողության: Սակայն կասկածյալը կամ մեղադրյալը կարող են պահվել արգելանքի տակ՝ նրանց հնարավոր փախուստը կանխելու նպատակով:
Դրանից հետևում է նաև, որ եթե դուք որևէ քրեական գործով հանդիսանում եք վկա կամ տուժող, շատ էլ թե հանցագործություն չեք կատարել, դուք ունեք քաղաքացիական պարտականություն՝ աջակցել հանցագործությունների կանխմանը և բացահայտմանը, ուստի պարտավոր եք ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի կանչով: Մի վախեցեք :) ձեզ հետ կապված անհրաժեշտ դատավարական գործողության ավարտից հետո կարող եք գնալ տուն: Այնպես որ պետք չէ խուսափել քննությունից:

Հոդվածի երկրորդ մասը սահմանում է, որ բերման ենթարկելը կատարվում է հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա: Այսինքն՝ բերման ենթարկելու մասին որոշման մեջ պետք է հիմնավորված կերպով պատճառաբանված լինի բերման ենթարկելու անհրաժեշտությունը:

Հոդվածի երրորդ մասը սահմանում է այն մարմինները, որոնք լիազորված են կատարելու բերման ենթարկելու մասին որոշման պահանջները: (Հետաքննության մարմինները թվարկված են ՀՀ ՔԴՕ 56-րդ հոդվածում) Այսինքն՝ որևէ այլ մարմին, բացի հետաքննության մարմինը, իրավունք չունի անձին բերման ենթարկել:

Հոդվածի 4-րդ մասը, ինձ թվում է, պարզաբանելու կարիք չկա, իսկ դրա երկրորդ պարբերությունում նշված «օրենքով նախատեսված այլ անձինք» կարող են լինել քաղաքական կամ դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձինք:

_Հրաչ_
25.11.2010, 23:04
Սա բերման ենթարկելու մեկնաբանությունն էր՝ ելնելով ՀՀ ՔԴՕ-ից: Սակայն լինում են դեպքեր, երբ չկա հարուցված քրեական գործ, սակայն կատարվում է որևէ զանցանք (վարչական իրավախախտում) կամ հանցագործություն, որը պետք է կանխել, կասեցնել: Նշված դեպքերում քրեական դատավարությունը դեռևս չի գործում, քանի որ նոր կատարվող հանցագործությունը կանխել, կասեցնելը դատավարական խնդիր չէ, այլ ոստիկանական գործունեություն: Դեպքերում բերման ենթարկելը ևս անհրաժեշտ է: Բացի այդ, հնարավոր է, որ տվյալ պահին չկատարվի որևէ զանցանք կամ հանցագործություն, սակայն ոստիկանության աշխատակցի կողմից անձի մոտ նկատվի կասկածելի վարքագիծ, իրեր նրա մոտ կամ ուղղակի անձը դեմքով նման լինի որևէ հետախուզվողի և այլն: Այդ խնդիրը կարգավորվում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, համաձայն որի.

Ոստիկանությունը հանցագործություններ և այլ իրավախախտումներ կանխելու՝ օրենքով իր վրա դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի օրենքով սահմանված կարգով և հիմքերով
հանցագործություն կամ վարույթ պահանջող վարչական իրավախախտում կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում ստուգելու քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, օրենքով սահմանված դեպքերում բերման ենթարկելու նրանց.

Այստեղ երևում է, թե ոստիկանության աշխատակիցը որ դեպքերում կարող է ստուգել քաղաքացիների (պաշտոնատար անձանց) ինքնությունը: Սովորաբար մարդիկ սովորություն չունեն իրենց մոտ մշտապես պահել անձը հաստատող փաստաթուղթ: Ուստի ոստիկանության աշխատակիցը կարող է կասկածանքի կամ անձի տվյալներն ստուգելու նպատակով հրավիրել ոստիկանություն կամ բերման ենթարկել, իսկ պարզաբանման ենթակա հարցը լուծելու դեպքում՝ հանցագործին կամ վարչական իրավախախտում թույլ տված անձին պատասխանատվության ենթարկելու համար հանձնել համապատասխան մարմնին, իսկ կասկածները փարատվելու դեպքում՝ անհապաղ բաց թողնել: Ընդ որում՝ անձը նաև կարող է ենթարկվել անձնական խուզարկության՝ նրա մոտ առարկաներ կամ փաստաթղեր հայտնաբերելու համար, որոնք կարող են գործով ապացուցողական նշանակություն ունենալ (ՀՀ ՔԴՕ 229 հոդված): Որպես կանոն, անձնական խուզարկությունը կատարվում է 2 ընթերակաների (որոնք պետք է պարտադիր լինեն խուզարկվողի հետ նույն սեռի) ներկայությամբ, կարող է մասնակցել նաև մասնագետ, որը ևս պետք է լինի խուզարկվողի հետ նույն սեռի:

Խորհուրդ. Եթե փողոցում, աշխատավայրում կամ այլ հասարակական վայրում ձեզ է մոտեցել ինչ-որ մեկը (կարևոր չէ՝ համազգեստ կրո՞ւմ է, թե՞ ոչ) և հայտնում է, որ պետք է «իր հետ գնաք», ձեր քայլերը պետք է լինեն.

ա) հավաստիանալ ձեզ դիմող անձի ինքնության մասին. այսինքն՝ սիրալիր կերպով դիմեք ձեզ դիմած անձին՝ ներկայանալ և ցույց տալ իր ծառայողական վկայականը: Քանի որ չի բացառվում, որ ձեզ մոտեցած անձնավորությունը կարող է լինել ոչ ոստիկան և ձեզ փորձի կանչել ոչ բարի նպատակներով (նշեմ, նման դեպքեր ՀՀ-ում եղել են, որ ոստիկանության աշխատակից չհանդիսացող անձնավորությունը, ներկայանալով որպես ոստիկան, կատարել է մի շարք հանցագործություններ): Հավաստիանալով նրա ինքնության մեջ, ձեր հաջորդ քայլը պետք է լինի.
բ) հարցնել նրան. «Խնդիր չկա, կգամ ձեզ հետ, բայց խնդրում եմ նախօրոք ինձ պարզաբանեք՝ ո՞ւր ենք գնում և ի՞նչ նպատակով: Ես բերմա՞ն եմ ենթարկվում, թե՞ ուղղակի հրավիրվում եմ ինչ-որ բան ճշտելու համար»: Ոստիկանության աշխատակիցը պարտավոր է ձեզ հայտնել, թե ինչ նպատակով է ձեզ հրավիրում «իր հետ գնալու»: Համաձայն եմ, կան իրենց ծառայողական պարտականություններին ոչ պատշաճ կերպով տիրապետող աշխատակիցներ, որոնց քաղաքացիների հետ շփումներում «թև է տալիս» վերջիններիս կողմից օրենքի չիմացությունը (թերիմացությունը), սակայն եթե դուք նրանց ցույց տաք, որ դուք այնքան էլ անտեղյակ չեք ձեր իրավունքներից և նրանց պարտականություններից, ապա դա նրանց հաստատ կսթափեցնի և նրանք իրենց գործողություններում կլինեն առավել ուշադիր ու իրավաչափ:
գ) եթե բերման եք ենթարկվել, կազմվում է արձանագրություն՝ բերման ենթարկելու մասին, որտեղ նշվում է բերման ենթարկելու օրը, ժամը, տեղը, թե ով է բերման ենթարկվել և ինչ կասկածանքով (եթե չկա որոշում բերման ենթարկելու մասին): Արձանագրությունը ծանոթացվում է բերման ենթարկված անձին: Կրկնեմ, որ բերման ենթարկված անձը չի կարող արգելանքի տակ գտնվել 3 ժամից ավելի: Բերման ենթարկվածը նաև տեղեկացվում է նրա իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակման մասին, որը նրան ծանոթացվում է նույնպես արձանագրությամբ:

_Հրաչ_
25.11.2010, 23:05
Իսկ հիմա արտահայտեմ կարծիքս բերման ենթարկելու նպատակահարմարության, ճիշտ կամ սխալ լինելու վերաբերյալ: Հանցագործությունը միշտ էլ բոլոր հասարակությունների կողմից եղել է դատապարտելի ու պարսավելի չարիք, որի դեմ դարեր շարունակ պայքարել են պետությունները: Հանցագործությունները շատ հաճախ կատարվում են բռնի կերպով (սպանություն, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, բռնաբարություն, ահաբեկչություն, առևանգում ևսյլն), որոնց արդյունքում կարող են լինել տարբեր վտանգավոր հետևանքներ՝ ընդհուպ մինչև մարդու մահ:
Հոգեբանությունում առանձնացվում է մարդու վրա ներգործելու 2 մեթոդ՝ համոզման և հարկադրանքի: Այնտեղ, որտեղ համոզման մեթոդն իրեն սպառել է կամ արդյունք չի տալիս, անհրաժեշտության դեպքում կիրառվում է հարկադրանքի միջոցը: Տվյալ դեպքում, եթե պետությունը հանցավորության դեմ պայքարի միայն համոզման մեթոդով (ժպիտով, քաղցր խոսքերով, պոնչո անելով :)) ), միանշանակ ցանկալի դրական արդյունքի չի հասնի: Դրա համար ոստիկանության գործունեության հիմքում ընկած են մի շարք հարկադրանքի ձևեր, որոնցից մեկն էլ հանդիսանում է բերման ենթարկելը: Ահա, միայն այդ մասով է արդարացվում բերման ենթարկելու՝ որպես ոստիկանական և դատավարական գործողության նպատակահարմարությունը: Ամեն դեպքում, ինքս էլ խիստ դատապարտում եմ ամեն տեսակի անտեղի հարկադրանքի, բռնության դրսևորումները, սակայն առանց հարկադրանքի մեթոդի կիրառման անհնար է հասնել հանցագործության դեմ պայքարի նպատակներին: Ժողովրդական լեզվով ասած՝ «սոխի դեմ սխտոր»: :)

Ինչքան էլ չսիրենք մեր երկիրը կոռուպցիայի, տարբեր չարաշահումների, աղքատության մեծ ցուցանիշների, աշխատանքի բացակայության և այլ ցավալի փաստերի համար, միևնույնն է, ես մնում եմ էն կարծիքի, որ սա մեր երկիրն է, պետք է սիրենք, պահպանենք, հարգենք օրենքները, հարգենք միմյանց և օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանենք մեր իրավունքները: :)

Zangezur
26.11.2010, 02:01
Լավ մի հատ սեցն իրավիճակ ասեմ, մոտս անձը հաստատող փաստաթուղթ կա և չեմ գտնվում հետախուզման մեջ: Ոստիկանությունը իրավունք ունի, օրինակ մեքենան, կամ այգիյով զբոսնելիս շմոն անի, և եթե շմոնը անելուց և անձը հաստատելուց հետո կասկածելի բաներ չկան, որ դեպքերում կարա տանի բաժին՞՞՞ (խոսքը վերաբերում էն դեպքերին, երբ բացարձակ մաքուր էս ու ոչ մի բացահայտ կասկածելի բան չկա, բացի ոստիկանի ենթադրությունների):
Օրինակ մի քանի օր առաջ սենց բան եղավ: Մեր բակում մեքենայի մեջ նստած էինք, ՊՊս-ը եկավ, կանգնեց մեքենայի մոտ ասեց դուրս եկեք: Դուրս եկանք: Ստուգեց մեքենայի փաստաթղթերը՝ նոռմալ էր, բայց ոչ մեկիս մոտ ոչ մի փաստաթուղթ չկար, ոչ էլ պռավա: Ասեց, որ ես որտեղից իմանամ, որ մեքենան չես գողացել: Երկար բանակցություններից հետո, երբ հեռախոսով մեքենայի տերը ոստիկանին հաստատեց, որ դա իր մեքենանա, այ էտ վախտ շառները քաշեցին գնացին: Հիմա կնկարագրես թե էս պարագայում կարգը ոնցա, ու որն էր մերը իրավունքները ու որն էր ոստիկանների թերացումները:

Հ.գ. Մեքենայի մեջ էր նաև մեքենայի տիրոջ աշխատանքային գրքույկը՝ ինչ-որ պետական չգիտեմ ինչ վերահսկողությունում է աշխատում, ու ոստիկանը խոսքի մեջ սենց բան ասեց «էսի ենա, որ գնում են քաղաքապետարանները ու եթե անօրինակ գործ են բռնում, ասում են փող տվեք ու քրեական գործ չեն հարուցում»: Սրա մասին ինչ կասես

_Հրաչ_
26.11.2010, 20:59
Լավ մի հատ սենց իրավիճակ ասեմ, մոտս անձը հաստատող փաստաթուղթ կա և չեմ գտնվում հետախուզման մեջ: Ոստիկանությունը իրավունք ունի, օրինակ մեքենան, կամ այգիյով զբոսնելիս շմոն անի, և եթե շմոնը անելուց և անձը հաստատելուց հետո կասկածելի բաներ չկան, որ դեպքերում կարա տանի բաժին՞՞՞ (խոսքը վերաբերում էն դեպքերին, երբ բացարձակ մաքուր էս ու ոչ մի բացահայտ կասկածելի բան չկա, բացի ոստիկանի ենթադրությունների):

Ուրեմն. վերլուծենք:
Մոտդ անձը հաստատող փաստաթուղթ կա, հետախուզման մեջ չես գտնվում: Ոստիկանությունը մեքենան կամ անձին կարա շմոն անի (ենթարկի անձնական խուզարկության) մենակ բերման ենթարկելիս (նրա մոտ զենք կամ այլ վտանգավոր իրեր հայտնաբերելու համար, քանի որ մինչև բաժին բերման ենթարկելը նման իրերի առկայության դեպքում նա կարա վնասի որևէ մեկին) կամ բերման ենթարկելուց հետո (եթե նախորդ տարբերակի կարիքը չկա. ասենք, բերման ենթարկվողին ձեռնաշղթաներ են հագցված): Բայց հենց այնպես, «նավսյակի» խուզարկել չի թույլատրվում, ոստիկանն իրավունք չունի հենց այնպես մոտենալ ու հավեսի համար տնտղել հագուստներդ ինչ-որ բան հայտնաբերելու համար: Ուրիշ բան, եթե քո տարօրինակ վարքագիծը (օրինակ՝ ոստիկանին տեսնելիս թաքնվել, ծլկելու փորձ կատարել կամ այլ կասկածելի վարքագիծ) նկատվի ոստիկանի կողմից և պարզաբանման համար մոտենա, հարցնի, թե ինչ-որ պրոբլեմ կա՞, այլ հարցեր տա՝ քո կողմից որևէ օրինախախտման կատարման կամ չկատարման հանգամանքը պարզելու համար: Այ եթե կասկածները չհիմնավորվեն, ոստիկանը չի կարող ավելորդ որևէ գործողություն կատարել: Հաստատ, որևէ ոստիկան (չնայած՝ 100%-ի վրա վստահ չեմ :think :)) ) իրա խերից չի փախել, որ անտեղի մարդուն վնաս տա, վաղը-մյուս օր ծառայողական քննություն կա, գործից հեռացվել կա... Ու. եթե էդ ամենից հետո էլ ոստիկանը որոշի, որ պետք ա տանի բաժին (բերման ենթարկի), դու իրավունք ունես տեղեկանալ, թե հատկապես ի՞նչ պատրվակով ես բերման ենթարկվում:
Հլա բեր մի հատ էլ էն կողմից նայենք: ՊՊԾ աշխատակից մարդ ա, իրա աչքին ցանկացած քաղաքացի պոտենցիալ հանցագործ կարա լինի: Նա հո ռենտգեն ապարատ չի՞, որ կիլոմետրի վրա կարողանա իրա համար պարզի, դու հանցագործ ե՞ս, թե՞ ոչ, մոտդ արգելված առարկա կա՞, թե՞ ոչ: Իրա աշխատանքի հիմնական մեթոդը հարցազրույցն ա, որ պետք ա իրականացվի ոստիկանի էթիկայի կանոնների պահանջներին համապատասխան:
Հույս ունեմ, էս մասով կարողացա պատասխանել հարցիդ :)


Օրինակ մի քանի օր առաջ սենց բան եղավ: Մեր բակում մեքենայի մեջ նստած էինք, ՊՊս-ը եկավ, կանգնեց մեքենայի մոտ ասեց դուրս եկեք: Դուրս եկանք: Ստուգեց մեքենայի փաստաթղթերը՝ նոռմալ էր, բայց ոչ մեկիս մոտ ոչ մի փաստաթուղթ չկար, ոչ էլ պռավա: Ասեց, որ ես որտեղից իմանամ, որ մեքենան չես գողացել: Երկար բանակցություններից հետո, երբ հեռախոսով մեքենայի տերը ոստիկանին հաստատեց, որ դա իր մեքենանա, այ էտ վախտ շառները քաշեցին գնացին: Հիմա կնկարագրես թե էս պարագայում կարգը ոնցա, ու որն էր մերը իրավունքները ու որն էր ոստիկանների թերացումները:

Նախկինում որևէ տրանսպորտային միջոցը վարելու համար, ըստ օրենքի, պետք ա հենց էն մարդը վարեր ավտոմեքենան, ում վրա այն գրանցված էր, իսկ ավտոմեքենայի ղեկը մեկ ուրիշին հանձնելու համար պետք ա տրամադրվեր լիազորագիր (довереность): Օրենքի փոփոխություն եղավ, այժմ լիազորագիրը ցանկալի ա, բայց եթե ասենք ընկերդ ավտոմեքենան տվել ա քեզ որոշակի ժամանակով՝ վարելու համար, բավական ա քեզ տա ավտոմեքենայի տեխանձնագիրը, դրանով կարող ես վարել: Հիմա նման երևույթը շատ ա տարածված: Իսկ եթե դուք ուղղակի բակում ավտոմեքենայի մեջ նստած էիք, չէիք վարում առանց պռավա (վարորդական վկայական), դուք խախտում չունեք, իսկ վարելու դեպքում ՊՊԾ աշխատակիցը չի, որ կարա ակտ կազմի, այլ ՃՈ աշխատակիցն ա ավտոտրանսպորտային միջոցների խախտումներն արձանագրում: Շատ-շատ, եթե վարելիս ՊՊԾ աշխատակիցը ինչ-որ բան ճշտելու համար կանգնեցնի ավտոմեքենադ ու պարզի, որ վարորդական վկայական չունես, քեզ կպահի, կկանչի ՃՈ աշխատակցի, որն էլ կարձանագրի քո խախտումը: Վերադառնալով մեր բուն թեմային՝ նշեմ, որ եթե դուք ՊՊԾ աշխատակիցներին ցույց եք տվել ավտոմեքենայի տեխանձնագիրը, ապա այդտեղ որևէ խախտում չկա, ոստիկանը կհավաստիանա, որ դա գողացված ավտոմեքենա չէ, և շառը կքաշի (կլքի ձեզ): Իսկ եթե ավտոմեքենայի տեխանձնագիրն էլ ձեզ մոտ չի եղել, ու ոստիկանը բավարարվել ա միայն հեռախոսային խոսակցությամբ ստացված տեղեկությամբ, ըստ որի իրեն անհայտ ինչ-որ քաղաքացի հայտնում է, որ դա իր ավտոմեքենան է և այն ձեր մոտ գտնվում է օրինական հիմունքներով, էլի դա հիմք չէ, որ ոստիկանը ձեզ «հանգիստ թողնի»: Նա կարա լինի շատ «անհավատ ոստիկան» և իր ներկայությամբ ձեզ անհանգստացնի այնքան ժամանակ, մինչև անգամ որ «դեպքի վայր» ժամանի ավտոմեքենայի սեփականատերը՝ ավտոմեքենայի տեխանձնագիրը ձեռքին: Տվյալ դեպքում՝ ոստիկանը, որևէ կասկածելի բան չտեսնելով, թողել, հեռացել ա :)


Հ.գ. Մեքենայի մեջ էր նաև մեքենայի տիրոջ աշխատանքային գրքույկը՝ ինչ-որ պետական չգիտեմ ինչ վերահսկողությունում է աշխատում, ու ոստիկանը խոսքի մեջ սենց բան ասեց «էսի ենա, որ գնում են քաղաքապետարանները ու եթե անօրինակ գործ են բռնում, ասում են փող տվեք ու քրեական գործ չեն հարուցում»: Սրա մասին ինչ կասես

Այ, ինձ մի տեսակ անհասկանալի եղավ չակերտներում կատարածդ մեջբերումը. մի փոքր պարզ կգրե՞ս:


Վերը բերված մեկնաբանությունները կատարել եմ՝ հիմնվելով օրենքներից տեղեկացվածությանս, մի քիչ էլ իրավաբանական տրամաբանությանս վրա: Բայց եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է, կարող եմ նայել օրենքները, գտնել համապատասխան հարաբերությունը կարգավորող իրավանորմը և հայտնել: Պարզապես ժողովուրդը սիրում է, որ ամեն ինչ պարզ լինի իրեն, առանց բարդությունների, ինչը և ես փորձում եմ կատարել ես՝ ուղղակի մեկնաբանելով կոնկրետ իրավիճակը:

Zangezur
27.11.2010, 01:36
Այ, ինձ մի տեսակ անհասկանալի եղավ չակերտներում կատարածդ մեջբերումը. մի փոքր պարզ կգրե՞ս:

Այսինքն ոստիկանը խոսքի մեջ այլ պետական մարմնին մեղադրեց քրեորեն հետապնդելի արարքի մեջ, հետևապես քանի որ մեքենայի տերը այդ նույն մարմնի աշխատակիցա, նրան էլ մեղադրեց: Որքանով էր ոստիկանի ասածը օրենքի շրջանակներում:

_Հրաչ_
27.11.2010, 22:14
Zangezur ջան, սա Հայաստանն ա, որտեղ «ընդունված ա» մեկը մյուսի հետևից խոսալը, ինչ-որ բանում մեղադրելը՝ էն դեպքում, որ դրա համար ընդհանրապես հիմք չունի: Է մարդ ա, սրտինն ասել, թեթևացել ա :))
Իսկ ինչ վերաբերվում ա նրան որ մեղադրել ա որևէ մեկին քրեորեն հետապնդելի արարքի մեջ, մեղադրվողը դա կարա ընդունի որպես զրպարտություն, բարոյական վնասի համար քաղաքացիական հայցով դիմի դատարան՝ պատիվն ու գործարար համբավն արատավորելու համար: Բայց սովորաբար նման ոչ լուրջ դեպքերով չեն դիմում:
Իմ կարծիքով՝ էդ դեպքում ոստիկանը, երևի դժգոհ լինելով, որ ոչինչ չի կարողացել «գտնել», սիրտը հանգստացնելու համար ուղղակի էդպես ա արտահայտվել: :)

Վիշապ
28.11.2010, 17:39
Zangezur ջան, սա Հայաստանն ա, որտեղ «ընդունված ա» մեկը մյուսի հետևից խոսալը, ինչ-որ բանում մեղադրելը՝ էն դեպքում, որ դրա համար ընդհանրապես հիմք չունի: Է մարդ ա, սրտինն ասել, թեթևացել ա :))
Իսկ ինչ վերաբերվում ա նրան որ մեղադրել ա որևէ մեկին քրեորեն հետապնդելի արարքի մեջ, մեղադրվողը դա կարա ընդունի որպես զրպարտություն, բարոյական վնասի համար քաղաքացիական հայցով դիմի դատարան՝ պատիվն ու գործարար համբավն արատավորելու համար: Բայց սովորաբար նման ոչ լուրջ դեպքերով չեն դիմում:
Իմ կարծիքով՝ էդ դեպքում ոստիկանը, երևի դժգոհ լինելով, որ ոչինչ չի կարողացել «գտնել», սիրտը հանգստացնելու համար ուղղակի էդպես ա արտահայտվել: :)
Տվյալ դեպքում իմ կարծիքով դատարանը հազիվ թե բավարարի հայցվորի պահանջները, քանի որ նախ ոստիկանության ծառայողը հրապարակայնորեն չի մեղադրել կամ վարկաբեկել քաղաքացուն, և երկրորդ՝ առնվազն անհասկանալի է, թե ոստիկանը ում է նկատի ունեցել ասելով՝ «անօրինական գործ բռնողներ», կամ դրամաշորթության ու պաշտոնական դիրքը չարաշահելու հատկանիշներ նկարագրող իր արտահայտության մեջ։
Քաղաքացին կարող էր ոստիկանին հարց ուղղել, խնդրելով պարզաբանել կամ որոշակիացնել ասելիքը, և ակնհայտ վիրավորանք ու անքաղաքավարություն նկատելով գրի առնել ոստիկանի ինքնությունը, կրծքանշանի համարը և ոստիկանության ծառայողի կողմից էթիկայի կանոնները խախտելու մասին գրավոր հաղորդում կամ դիմում ներկայացնել ոստիկանություն։ Քարը պայթի տրաքի թեժ–գիծ զանգել, բողոքել ու փոխադարձաբար հովացնել սիրտը;) Արդյունքում ոստիկանության ծառայողին կամ կարգապահական տույժի կենթարկեին կամ էլ չէին ենթարկի կախված լիքը ներքին խոհանոցային հանգամանքներից։

_Հրաչ_
28.11.2010, 22:29
Մի քանի տեղ համաձայն եմ, մի քանի տեղ չէ :) Հերթով պարզաբանեմ:


Տվյալ դեպքում իմ կարծիքով դատարանը հազիվ թե բավարարի հայցվորի պահանջները, քանի որ նախ ոստիկանության ծառայողը հրապարակայնորեն չի մեղադրել կամ վարկաբեկել քաղաքացուն

Այ ստեղ պետք ա հարց տանք. ո՞րն ա «հրապարակայնորեն» տերմինի սահմանը: Հրապարակայնորեն չի նշանակում, որ գնաս Հանրապետության հրապարակ, որտեղ կա հասարակության հոծ զանգված, կամ Օպերա կամ այլ մարդաշատ տեղ: Ըստ Zangezur-ի ավտոմեքենայում իրենից բացի եղել է առնվազն ևս մեկ հոգի: Նման դեպքում դա նույնպես համարվում ա հասարակություն, հասարակության մի հատված: Էդքան մարդկանց մոտ (առնվազն 2 հոգի) վարկաբեկել ա պաշտոնատար անձին ու անհիմն, առանց փաստի, ու եթե նա դատարանում չկարողացավ հիմնավորել իր ասած տեղեկությունների՝ իրականությանը համապատասխանելը, այ էդտեղ իր բախտը չի բերել: Էդ նույն տարբերակով, ըստ քեզ, եթե մեկը գար Zangezur-ենց մոտ ու բարձր-բարձր հայհոյեր, դա չէ՞ր դիտվի որպես խուլիգանություն՝ հասարակական կարգը կոպիտ ձևով խախտելը, որը դրսևորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:


և երկրորդ՝ առնվազն անհասկանալի է, թե ոստիկանը ում է նկատի ունեցել ասելով՝ «անօրինական գործ բռնողներ», կամ դրամաշորթության ու պաշտոնական դիրքը չարաշահելու հատկանիշներ նկարագրող իր արտահայտության մեջ

Է եթե մեր օրենքներում գործում ա պարզ թվաբանության մեթոդը, այն է՝ ով շատ, նա՝ ճիշտ, հաստատ ՊՊԾ աշխատակիցը չէր կարող իրա ասածն ավելի հիմնավորեր, քան Zangezur-ենք: Այսինքն՝ եթե Zangezur-ը խիղճը կորցներ, իր ընկերոջ հետ կարար դեմ տար, նեղացներ ոստիկանին: Բայց դե էն իր համար շարքային աշխատող ա, որ կարենա էն մեծ օրինախախտներին դեմ տա, ավելի ուրախ կլինենք :)) ;)


Քաղաքացին կարող էր ոստիկանին հարց ուղղել, խնդրելով պարզաբանել կամ որոշակիացնել ասելիքը,

Ու քեզ թվում ա՝ ոստիկանը կբացե՞ր իր սիրտը :) Կարող ա վախենար հարցերից, խոսքը փոխեր: :think


ակնհայտ վիրավորանք ու անքաղաքավարություն նկատելով գրի առնել ոստիկանի ինքնությունը, կրծքանշանի համարը ։

Ի գիտություն բոլորի՝ ՀՀ-ում ներկայումս ոստիկանության համակարգում կրծքանշան կրում են միայն ՃՈ աշխատակիցները, այն էլ հին, չփոփոխված: Ոստիկանություն բառի փոխարեն դեռևս ՆԳՆ կտեսնեք նրանց կրծքանշանի վրա:


ոստիկանության ծառայողի կողմից էթիկայի կանոնները խախտելու մասին գրավոր հաղորդում կամ դիմում ներկայացնել ոստիկանություն

Լավ-լավ, Zangezur-ը տենց բան չի անի: :)


Քարը պայթի տրաքի թեժ–գիծ զանգել, բողոքել ու փոխադարձաբար հովացնել սիրտը Արդյունքում ոստիկանության ծառայողին կամ կարգապահական տույժի կենթարկեին կամ էլ չէին ենթարկի կախված լիքը ներքին խոհանոցային հանգամանքներից

Հա, շատ հնարավոր ա ենթարկեին: Էսօրվա դրությամբ շատ ոստիկաններ չեն հասկանում, որ իրանք ուղղակի քաղաքացիներ չեն, որ նման կարգի արտահայտություններ իրենց մասնագիտության բերումով հարիր չէ իրենց պաշտոնին:

_Հրաչ_
14.12.2010, 21:37
Այս անգամ որոշեցի քննարկման առարկա դարձնել մասնավոր և հանրային հետապնդման խնդիրը քրեական դատավարական իրավունքում: Ի՞նչ է նշանակում մասնավոր կամ հանրային հետապնդում:

ՀՀ ՔԴՕ 33-րդ հոդվածով սահմանվում են մասնավոր և հանրային հետապնդման հասկացությունները, մասնավորապես.
«1. Կատարված հանցագործության ծանրությունից և բնույթից ելնելով` քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային և մասնավոր կարգով:
2. Մասնավոր հետապնդման գործեր են համարվում սույն օրենսգրքի 183 հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը:
3. Մնացած բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործերը համարվում են հանրային հետապնդման գործեր:
4. Քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն հարուցված քրեական գործով»:

Հոդվածի տեքստում ընդգծված բառերից պարզ է, որ ՀՀ ՔՕ-ով նախատեսված հանցագործությունների մի մասով (ըստ ծանրության՝ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների մի մասը, ըստ բնույթի՝ ոչ էական վնաս պատճառելու հանգամանքը, հանցավորի մեղքի ձևի առանձնահատկությունները (դիտավորություն, անզգուշություն)) քրեական դատավարությունում իրականացվում է մասնավոր հետապնդում: Համաձայն ՀՀ ՔԴՕ 183-րդ հոդվածի 1-ին մասի.

«ՀՀ քրեական օրենսգրքի
113-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),
114-րդ հոդվածի 1-ին մասով (հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը),
115-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը),
116-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ),
117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը),
118-րդ հոդվածով (ծեծը),
119-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը),
120-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը),
121-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),
124-րդ հոդվածի 1-ին մասով (վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելը),
128-րդ հոդվածի 1-ին մասով (վտանգի մեջ թողնելը),
137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը),
158-րդ հոդվածի 1-ին մասով (հեղինակային և հարակից իրավունքները խախտելը),
174-րդ հոդվածով (զավակի կողմից անաշխատունակ ծնողին պահելուց չարամտորեն խուսափելը),
177-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (գողությունը),
178-րդ հոդվածի 1-ին մասով (խարդախությունը),
179-րդ հոդվածի 1-ին մասով (յուրացնելը կամ վատնելը),
181-րդ հոդվածի 1-ին մասով (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ),
183-րդ հոդվածի 1-ին մասով (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի),
184-րդ հոդվածի 1-ին մասով (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով),
185-րդ հոդվածի 1-ին մասով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը),
186-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը),
197-րդ հոդվածով (ապրանքային նշանն ապօրինի օգտագործելը),
213-րդ հոդվածի 1-ին մասով (վաշխառությունը),
242-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը)

նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի` խորհրդակցական սենյակ հեռանալը։

Վերը նշված տեսակի հանցագործություններով քրեական գործ հարուցվում է միայն դիմողի (տուժողի) բողոքի հիման վրա (միայն ցանկում տրված հոդվածների համապատասխան մասերի դեպքում): Այ դրանք կոչվում են մասնավոր հետապնդման գործեր:

Իսկ ՀՀ ՔՕ մնացած հոդվածներով (կամ նշված հանցագործությունների մյուս մասերով) հետապնդումն իրականացվում է հանրային կարգով, և տուժողի բողոքի բացակայությունը հիմք չէ քրեական գործ չհարուցելու կամ հարուցված քրեական գործը կարճելու համար, սակայն դատարանում կարող է հաշվի առնվել որպես հանցավորի պատիժը կամ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք:

Իսկ քրեական հետապնդման հասկացությունը տրված է ՀՀ ՔԴՕ 6-րդ հոդվածի 17-րդ մասով, այն է. «քրեական հետապնդում` այն բոլոր դատավարական գործողությունները, որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը` նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը.»

Վերջում էլ մի պարզ օրինակ բերեմ: :) Եթե, օրինակ, դուք, սրտնեղած լինելով, որ ձեր կնոջը դիտողություն են արել, որ իրավունք չունի զբաղեցնել որոշ աթոռային տիրույթ, վիրավորված լինելով նման անմարդկային արարքից, և անսահման ցասումով լցված՝ դիտավորյալ կերպով տվյալ անձի մռթին (կամ մարմնի այլ մասերին) 3 կամ ավելի հարված եք հասցրել (ՀՀ ՔՕ 118 հ.), մեկ հարվածով նրան պատճառել եք ոչ ծանր աստիճանի մարմնական վնասվածք (ՀՀ ՔՕ 113 հ. 1 մ., 117 հ.), կամ ձեռքի, ոտքի կամ որևէ կոշտ, բութ առարկայի գործադրմամբ անխնա, բազմակի հարվածներով խոշտանգել եք նրան (ՀՀ ՔՕ 119 հ. 1 մ.), կամ այդ մարմնական վնասվածքները նրա մոտ առաջացել են ձեր անզգույշ գործողությունների հաշվին :pardon (ՀՀ ՔԴՕ 120 հ. 1-2 մ., 121 հ. 1-2 մ.), ու նման արարքից հետո նրան օգնություն ցույց չեք տվել՝ յոդով վերքերը մշակելու կամ մոտակա բուժհաստատություն տեղափոխելու եղանակով (ՀՀ ՔՕ 128 հ. 1 մ.) կամ նրան վախեցրել եք, որ կսպանեք նրան, կկտրեք նրա լեզուն կամ կենսական կարևոր նշանակություն ունեցող որևէ այլ օրգան, կպայթեցնեք կապուտակ Սևանում լողացող նրա ջրային հեծանիվը (137 հ. 1 մ.) (ինչ երկար ստացվեց :)) ), կամ այդ գործողություններից որևէ մեկը ձեր հանձնարարությամբ կատարել է ձեր հավատարիմ ու մշտարթուն հատուկ ոչնչացման ջոկատը, ապա առանց մեծ ջանքեր գործադրելու (մասնավորապես, տուժածի կողմից մի A4 ֆորմատի թղթի վրա գրած «բողոք չունեմ» արտահայտությամբ) դուք կարող եք չենթարկվել (ոչ թե կարող եք, այլ չեք ենթարկվի ;) ) քրեական պատասխանատվության:

Հիմա ասեմ իմ կարծիքը մասնավոր հետապնդման վերաբերյալ: Մասնավոր հետապնդումը շատ ռեալ հնարավորություն է տալիս կոռուպցիայի՝ տվյալ բնագավառում շատ ճկուն դրսևորվելու համար (չեմ մեկնաբանում): Կամ տուժածը կարող է զանազան ճնշումների ենթարկվել, որպեսզի չբողոքի՝ դրանով չկարողանալով պաշտպանել իր իրավունքները: Կամ էլ քննիչը, գործը քննելով +-2 ամիս, ուղարկի դատարան, այդտեղ էլ +-1-2 տարի քննվի, մեկ էլ հանկարծ, հենց դատավորը որոշի հեռանալ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, տուժողը կանգնի ու թե. «Փոշմանեցի, էլ չեմ բողոքում»: Էս ի՞նչ տունտունիկ ա: :angry Մարդիկ իրանց աշխատաժամանակը ծախսում են, որ վերջում, եսիմ ինչքան ժամանակ անց, տուժողը հաշտվեց: Իմ կարծիքով, ճիշտ կլինի, կարելի է մասնավոր հետապնդման գործերով դատավարությամբ նախատեսվի քննության պարզեցված կարգ ու տուժողի բողոքի բացակայության դեպքում պատիժ նշանակվի միայն տուգանք (չնայած՝ չգիտեմ, ի՞նչ իմանաս, թե նման դեպքում կոռուպցիան կսողոսկի՞ նման մեխանիզմի լծակների արանքները, թե՞ ոչ :think :( )

Rammstein
31.03.2011, 02:10
Էսպիսի հարց ունեմ. ենթադրենք մի մարդ գիշերը պատահաբար վերա կենում, նկատում ա, որ տանը գող կա, բռնում էդ գողին սպանում ա (ենթադրենք` դանակահարում ա): Հետո զանգում ա 102, ասում ա, որ ինքը գող ա սպանել: Էդ մարդուն կդատե՞ն, կազատազրկե՞ն:

Ու ընդհանրապես, իրավական տեսանկյունից նման դեպքերում ո՞նց ա ճիշտ վարվելը, չէ՞ որ էդ մարդը չգիտի` գողի մոտ դանա՞կ կա, ատրճանա՞կ, թե՞ ավտոմատ, չգիտի նաեւ, թե եթե գողը իրան նկատի, ի՞նչ կանի` կփախնի՞, կհարձակվի վրա՞ն, թե՞ միանգամից զենքը կհանի կխփի եւ այլն:
Ընդունենք, որ հեռախոսը հեռու ա ու մինչեւ հասնի, զանգի, գողը կնկատի:

_Հրաչ_
31.03.2011, 22:39
Էսպիսի հարց ունեմ. ենթադրենք մի մարդ գիշերը պատահաբար վերա կենում, նկատում ա, որ տանը գող կա, բռնում էդ գողին սպանում ա (ենթադրենք` դանակահարում ա): Հետո զանգում ա 102, ասում ա, որ ինքը գող ա սպանել: Էդ մարդուն կդատե՞ն, կազատազրկե՞ն:

Ու ընդհանրապես, իրավական տեսանկյունից նման դեպքերում ո՞նց ա ճիշտ վարվելը, չէ՞ որ էդ մարդը չգիտի` գողի մոտ դանա՞կ կա, ատրճանա՞կ, թե՞ ավտոմատ, չգիտի նաեւ, թե եթե գողը իրան նկատի, ի՞նչ կանի` կփախնի՞, կհարձակվի վրա՞ն, թե՞ միանգամից զենքը կհանի կխփի եւ այլն:
Ընդունենք, որ հեռախոսը հեռու ա ու մինչեւ հասնի, զանգի, գողը կնկատի:

Ուրեմն, սկսենք նրանից, որ օրենքը խրախուսում ա այն քաղաքացիներին, ովքեր բռնում են հանցագործություն կատարած (կատարող) անձին: Բայց ամեն դեպքում իր այդ իրավունքը քաղաքացուն չի լիազորում սահմանազանցել հանցագործին բռնելու համար կիրառվող միջոցները և եղանակները: Այսինքն՝ եթե գողին բռնելիս կարելի է կիրառել, օրինակ, հետևյալ մեթոդներից որևէ մեկը. բանավոր պահանջ, նախազգուշացում և այլ՝ կյանքի համար ոչ վտանգավոր սպառնալիք, կամ նրա հեռանալը խոչընդոտել և այլն: Իսկ երբ հանցագործին բռնողը (կապ չունի՝ իր նկատմամբ է նա կատարել ոտնձգությունը, թե մել այլ անձի) թույլ է տալիս օրենքով իրեն տրված այդ լիազորության սահմանների անցում, դա արդեն իրավաչափ չի կարող համարվել, և անձը ենթակա է պատասխանատվության: Անձի գործողությունների կարևոր նախապայման են հանցավորի գործողությունները: Որպեսզի պարզ լինի, պարզաբանեմ օրինակով.

1. Գիշերը պատահաբար վեր կացար, տանդ նկատեցիր գողին: Վերջինս, քեզ տեսնելով և հասկանալով, որ բռնվել է, զղջում է կատարածի համար, խնդրում է իրեն ներել և իրավապահներին չհայտնել: Այս դեպքում, կարծում եմ, բնավ արդարացված չի լինի հանցավորին վնասելը:

2. Նույն իրադրությունը՝ տարբերությամբ, որ հանցավորը, տանտիրոջը նկատելով, փորձում է փախչել՝ առանց որևէ հարձակում գործելու կամ սպառնալու: Տվյալ դեպքում ևս արդարացված չէ նրան դանակահարելը, քանի որ մարդու կյանքը և առողջությունն ավելի բարձր արժեքներ են, քան գողացված գույքը (առավել ևս, տանտերը շատ դեպքերում նախապես հնարավոր է՝ չպատկերացնի, թե գողը հասցրել որևէ բան գողանալ, թե՞ ոչ): Նման դեպքում քրեորեն պատժելի չի լինի նրա ետևից վազել, բռնել և, ասենք, կապել ձեռքերը՝ հետագա փախուստը կանխելու նպատակով՝ մինչև իրավապահների ժամանելը:

3. Նույն առաջին կետի իրադրությունը՝ տարբերությամբ, երբ հանցավորը, քեզ նկատելով և հասկանալով, որ բացահայտվել է, ականատեսներից ազատվելու նպատակով հարձակվում է քո վրա՝ դանակով, բութ գործիքով կամ թեկուզ ձեռքերով փորձելով սպանել: Սա արդեն նրա կողմից ոտնձգություն է քո առողջության և կյանքի նկատմամբ: Նման պարագայում դու կարող ես հնարավոր ցանկացած միջոցներով պաշտպանվել, հանցավորին պատճառել ցանկացած աստիճանի մարմնական վնասվածք, ընդհուպ մինչև մահ, եթե դա կարող էր լինել քո կյանքն ու առողջությունը փրկելու միակ միջոցը:

Պետք է ամեն դեպքում փորձել զերծ մնալ ոտնձգություն կատարողին սպանելուց կամ ծանր վնասվածքներ պատճառելուց, որքանով որ դա հնարավոր է:

Սակայն կան որոշ նրբություններ. օրինակ, եթե հանցավորը միայնակ է, իսկ դու՝ երկուսով կամ ավելի շատ հոգով, երբ ֆիզիկական հնարավորություններով հանցավորը զգալիորեն զիջում է քեզ, կամ եթե քո ձեռքին դանակ կամ բութ գործիք կա, իսկ նրա ձեռքին՝ ոչ, այսինքն՝ բոլոր այն դեպքերը, երբ դու առավելություն ունես հանցավորի նկատմամբ, նրան սպանելը կամ նրա առողջությանը ծանր (կամ միջին կամ թեթև՝ կախված իրադրությունից) վնաս պատճառելն արդարացված և իրավաչափ չէ: Նման դեպքում հանցագործին բռնողը կենթարկվի քրեական պատասխանատվության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:

Իսկ եթե բռնողը չգիտի, թե հանցավորի մոտ դանակ, ատրճանակ, ավտոմատ կամ այլ վտանգավոր առարկա կա, կհարձակվի, կկրակի կամ այլ ոտնձգություն կկատարի, թե ոչ, նման ընդամենը ենթադրությունների հիման վրա հանցագործին վնասելը կամ սպանելը իրավաչափ չէ և առաջացնում է քրեական պատասխանատվություն թե՛ քաղաքացու և թե՛ նույնիսկ իրավապահի համար:

Պայմանը մեկն է. պաշտպանվում են ոտնձգությունից: Չկա ոտնձգություն, չկա պաշտպանություն: Իսկ եթե ուղղակի քաղաքացին բռնում է հանցավորին, ապա նա պետք է ի գործ դնի միայն բռնելու համար անհրաժեշտ միջոցները (այլ ոչ թե՝ բռնելուց հետո դնի ծեծի, ենթարկի կտտանքների, նվաստացնի հանցագործին և կատարի բռնելու համար ոչ անհրաժեշտ գործողություններ, որովհետև դա արդեն քրեորեն պատժելի արարք է):

Հույս ունեմ, լիարժեք պատասխանեցի հարցիդ, Rammstein ջան :) Եթե կան հարցեր՝ խնդրեմ:

Հ.Գ. ստորև տամ սույն գրառմանս բովանդակության հետ առնչվող հանցագործությունների անվանումներն՝ իրենց հոդվածներով.

ՀՀ քրեական օրենսգիրք.
Հոդված 177, մաս 2, կետ 3. Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով,
Հոդված 104. Սպանությունը,
Հոդված 104, մաս 2, կետ 11 Սպանությունը, որը կատարվել է այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,
Հոդված 107. Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ սպանությունը,
Հոդված 108. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը,
Հոդված 112. Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը,
Հոդված 113. Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը,
Հոդված 115. Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը,
Հոդված 116. Առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ,
Հոդված 117. Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը,
Հոդված 118. Ծեծը,
Հոդված 119. Խոշտանգումը,
Հոդված 137. Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը:

Իսկ վիրավորանքի հոդվածը՝ 136-ն 2010 թվականի մայիսի 18-ին ապաքրեականացվել է և ներառվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում (հոդված 1087.1. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները:

Rammstein
01.04.2011, 05:24
Շնորհակալ եմ պատասխանի համար: :)
Ամեն դեպքում, անկախ օրենքից, ես համարում եմ, որ մարդու տուն մտնելը արդեն իսկ ոտնձգություն էս ու ոչ միայն ունեցվածքի հանդեպ, որտեւ ամեն ինչ խիստ անկանխատեսելի է:
Իհարկե սպանելը կոպիտ օրինակ բերեցի, ավելի լավ ա մի հատ տալ գլխին, ուշաթափվի, բայց դե հաշվի առնենք, որ դրանից է՛լ կարող ա մարդը մեռնի ու կստացվի ոչ դիտավորյալ սպանություն: Բոլոր դեպքերում մի քիչ աբսուրդոտ ա, որ մարդ պիտի իրեն բավական մեծ ռիսկի ենթարկի գողին ողջ առողջ բռնելու համար:

Իսկ նույն իրավիճակում, բայց ոչ դիտավորյալ սպանության դեպքում ինչքանո՞վ կմեղմանա պատիժը:

_Հրաչ_
01.04.2011, 20:21
Շնորհակալ եմ պատասխանի համար: :)
Ամեն դեպքում, անկախ օրենքից, ես համարում եմ, որ մարդու տուն մտնելը արդեն իսկ ոտնձգություն էս ու ոչ միայն ունեցվածքի հանդեպ, որտեւ ամեն ինչ խիստ անկանխատեսելի է:
Իհարկե սպանելը կոպիտ օրինակ բերեցի, ավելի լավ ա մի հատ տալ գլխին, ուշաթափվի, բայց դե հաշվի առնենք, որ դրանից է՛լ կարող ա մարդը մեռնի ու կստացվի ոչ դիտավորյալ սպանություն: Բոլոր դեպքերում մի քիչ աբսուրդոտ ա, որ մարդ պիտի իրեն բավական մեծ ռիսկի ենթարկի գողին ողջ առողջ բռնելու համար:

Իսկ նույն իրավիճակում, բայց ոչ դիտավորյալ սպանության դեպքում ինչքանո՞վ կմեղմանա պատիժը:

Դե, մեր օրենսդրությունն այսպիսին ա: Իմ կարծիքով, նման «կոշտ» սահմանումները լիովին արդարացված են, քանի որ եթե օրենսդիրը չափից ավելի լիազորություններ տա մարդկանց՝ հանցագործներին բռնելու համար, դա կարող է չարաշահումների տեղիք տալ: Նման տարբերակը հնարավորինս զսպում է չարաշահումները: Կրկնում եմ, որ անկանխատեսելիության դիտարկումը և ենթադրությունները դեռևս հիմք չեն անձին (հանցագործին) վնաս պատճառելու համար: Իսկ եթե չես ցանկանում ռիսկի դիմել, դա քո իրավունքն է, համենայն դեպս, պետք է կողմնորոշվել կոնկրետ իրադրության պայմաններում:

Ու մի ճշտում կատարեմ. դիտավորյալ կամ անզգույշ սպանություն չի լինում: Սպանությունը մեկնաբանվում է այսպես. «ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը»: Այսինքն, սպանությունն ինքնին դիտավորյալ արարք է, անհնար է մարդուն սպանել անզգուշաբար:

Իսկ անզգուշությամբ մահ պատճառելն առանձին հանցագործություն է, որն իր բնույթով և վտագնավորությամբ համեմատաբար ավելի մեղմ պատժվող հանցատեսակ է և հանդիսանում է հենց նույն քո իմացած «անզգույշ սպանությունը»: ;)
Խնդրեմ.

ՀՀ քրեական օրենսգիրք.
Հոդված 109. Անզգուշությամբ մահ պատճառելը

Մաս 1. Անզգուշությամբ մահ պատճառելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Մաս 2. Երկու կամ ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Vaio
26.04.2011, 22:13
Բարև Ձեզ:

Շատ հետաքրքիր թեմա է բացվել _Հրաչ_-ի կողմից: Եթե դեմ չեք մի քանի հարց տամ:

Դուք գրել էիք, որ բերման ենթարկված անձը կարող է պահվել առավելագույնը 3 ժամ:
Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205' հոդվածի`
1. Հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ չորս ժամից... ավելի:
2. ... Օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել ութ ... ժամը:

Այստեղ հարց է ծագում: Եթե տվյալ անձին բերման են ենթարկել հարցաքննելու նպատակով, ուրեմն քննիչը իրավունք չունի հարցաքննել 3 ժամից ավելի?

Բերման ենթարկված անձից կարող են վերցնել բջջային հեռախոսը?

Եթե ընդունենք տվյալ անձը կանչվել է հարցաքննության, բայց ներկայանալու հետ խնդիրներ ունի, քանի որ ապրում է շատ հեռու, ենթադրենք, 100-200 կմ հեռու: Հարցաքննության կանչվող անձը պարտավոր է իր միջոցներով (իր փողով) փոխադրվել մինչև հարցաքննության վյարը, թե ինչ-որ տեղից պետք է հատուցվի այդ գումարը?

Արդյոք իրավունք կա պատճենահանելու մարդու անձը հաստատող փաստաթուղթը?

_Հրաչ_
29.04.2011, 20:16
Բարև Ձեզ:

Շատ հետաքրքիր թեմա է բացվել _Հրաչ_-ի կողմից: Եթե դեմ չեք մի քանի հարց տամ:

Դուք գրել էիք, որ բերման ենթարկված անձը կարող է պահվել առավելագույնը 3 ժամ:
Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205' հոդվածի`
1. Հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ չորս ժամից... ավելի:
2. ... Օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել ութ ... ժամը:

Այստեղ հարց է ծագում: Եթե տվյալ անձին բերման են ենթարկել հարցաքննելու նպատակով, ուրեմն քննիչը իրավունք չունի հարցաքննել 3 ժամից ավելի?

Բերման ենթարկելու ժամկետը 3 ժամ է՝ մինչև հարցաքննության ներկայացնելը: Հարցաքննության ներկայացնելուց հետո սկսվում են հարցաքննության ժամկետները: Եթե անձը բերման է ենթարկվել որպես կասկածյալ, ապա քննիչն այդ անձին կարող է հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալել, որտեղից էլ սկսվում է ձերբակալման ժամկետը՝ 72 ժամ, որի սկիզբը հաշվարկվում է բերման ենթարկելու պահից:
Հույս ունեմ, պարզ էր պարզաբանումս:


Բերման ենթարկված անձից կարող են վերցնել բջջային հեռախոսը?

Բերման ենթարկված անձը ենթարկվում է անձնական խուզարկության, որի ընթացքում (կախված՝ ինչ կարգավիճակով է բերման ենթարկվել. որպես վկա՞, կասկածյա՞լ, թե՞ մեղադրյալ) կարող են նրանից վերցվել կրակայրիչը, բջջային հեռախոսը, անգամ կոշիկի կապիչները: Բերման ենթարկելու ժամկետը լրանալուց հետո (կամ մինչև դրա լրանալը) վկային վերադարձվում են նրանից վերցված իրերը (բացառությամբ նրա մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերված արգելված իրերի՝ թմրանյութ, ապօրինի պահվող զենք, գողացված գույք և այլն), սակայն դոգմա չէ, որ վկայից նրան բերման ենթարկելուց հետո վերցվի նրա բջջային հեռախոսը և այլ ոչ արգելված իրեր: Հիմնականում, այդ իրերը վերցնել-չվերցնելը կախված է բերման ենթարկված վկայի պահվածքից (իմ կարծիքով՝ պարզ է, չմեկնաբանեմ): Ամեն դեպքում, բերման ենթարկված թե՛ վկայից, թե՛ կասկածյալից և թե՛ մեղադրյալից վերցված (ոչ արգելված) իրերը չեն դառնում պետական կամ որևէ ոստիկանի սեփականությունը, այլ, եթե վերջիններիս չեն վերադարձվում, ստացականով հանձնվում են նրանց հարազատներին:


Եթե ընդունենք տվյալ անձը կանչվել է հարցաքննության, բայց ներկայանալու հետ խնդիրներ ունի, քանի որ ապրում է շատ հեռու, ենթադրենք, 100-200 կմ հեռու: Հարցաքննության կանչվող անձը պարտավոր է իր միջոցներով (իր փողով) փոխադրվել մինչև հարցաքննության վյարը, թե ինչ-որ տեղից պետք է հատուցվի այդ գումարը?

Ձեր հարցի պատասխանը տրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածում.



Հոդված 167. Քրեական դատավարությանը մասնակցող անձանց ծախսերի հատուցումը

1. Քրեական դատավարության կարգով պետական բյուջեի հաշվին ենթակա են հատուցման տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի, կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցչի, պաշտպանյալի համար անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող պաշտպանի, ընթերակայի, մասնագետի, թարգմանչի, փորձագետի, վկայի կրած հետևյալ ծախսերը`
1) քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու` երկաթուղային, ջրային, ավտոմոբիլային, բացառությամբ տաքսիից, և տրանսպորտի այլ տեսակներով երթևեկության արժեքը, իսկ քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ` նաև օդային տրանսպորտով երթևեկության արժեքը.
2) բնակտարածության վարձակալության արժեքը` ծառայողական գործուղումների վճարման համար ընդունված նորմերով, եթե այդ ծախսերն այլ կերպ չեն հատուցվել.
3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով մշտական բնակության վայրից դուրս տվյալ անձանց բնակվելու համար անհրաժեշտ օրապահիկը, եթե այն այլ կերպ չի հատուցվել.
4) միջին աշխատավարձն այն ամբողջ ժամանակի համար, որը նա ծախսել է քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով քրեական դատավարությանը մասնակցելու համար, բացի այն դեպքերից, երբ միջին աշխատավարձը նրա համար պահպանվում է հիմնարկում, ձեռնարկությունում, կազմակերպությունում, գործատուի կողմից.
5) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով քննչական կամ այլ դատավարական գործողությանը մասնակցելու հետևանքով աղտոտված, փչացած կամ կորած գույքի մաքրման, նորոգման, վերականգնման կամ ձեռքբերման ծախսերը:
2. Պետական մարմինները և հաստատությունները պարտավոր են տուժողի, կասկածյալի, մեղադրյալի, նրանց օրինական ներկայացուցիչների, ընթերակայի, թարգմանչի, մասնագետի, փորձագետի, վկայի համար պահպանել նրանց միջին աշխատավարձն ամբողջ ժամանակի համար, որը նրանք ծախսել են քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով քրեական դատավարությանը մասնակցելու համար:
3. Մասնագետին և փորձագետին հատուցվում է նաև նրանց պատկանող օգտագործված նյութերի արժեքը, որոնք նրանց կողմից ծախսվել են հանձնարարված աշխատանքը կատարելիս, ինչպես նաև աշխատանքի կատարման համար սարքավորումներն օգտագործելու, կոմունալ և այլ ծառայությունների համար նրանց մուծած վճարը:
4. Քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերը դատարանի որոշման հիման վրա ենթակա են հատուցման սույն հոդվածի առաջին մասում թվարկված անձանց դիմումի համաձայն` օրենսդրությամբ սահմանված չափով: Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված ծախսերը կարող են օրենսդրությանը համապատասխան հատուցվել վարույթն իրականացնող մարմնի կողմից` սեփական նախաձեռնությամբ:


Արդյոք իրավունք կա պատճենահանելու մարդու անձը հաստատող փաստաթուղթը?
Օրենսդրությամբ չի կարգավորվում կամ չի արգելվում անձը հաստատող փաստաթղթի պատճենումը: Գործնականում հանցագործություն կատարած անձի անձը հաստատող փաստաթուղթը պատճենահանվում է, և պատճենը կցվում գործի նյութերին, ինչը հնարավորություն է տալիս գործն ուսումնասիրող յուրաքանչյուր անձի կողմից հավաստիանալ նրա ինքնության մեջ (միգուցե գործով անցնող անձը «կեղծ» է :esim): Գործնականում անձանց մահվան դեպքերով նախապատրաստվող նյութերով պատճենահանվում է մահացածի անձը հաստատող փաստաթուղթը և կցվում նյութերին (պատճենը):

Vaio
30.04.2011, 23:12
Շնորհակալություն սպառիչ պատասխանների համար, ամեն ինչ պարզ էր: :)

Morg
28.10.2011, 00:25
Ինձ պետքա իրավաբան հետագայում հնարավոր է նաև որպես դատապաշտպան հանդես գալու համար: Եթե Ակումբում կան նման մարդիք կամ եթե գիտեք տենց մարդկանց` խնդրում եմ գրեք PM-ով: Հիմա ինձ պետք է իրավաբանական խորհրդատվություն:

Vaio
28.10.2011, 15:14
Մի ինչ-որ գործի համար փաստաբան հրավիրելը, ներառելը գործին վճարովի է?

_Հրաչ_
28.10.2011, 19:04
Ինձ պետքա իրավաբան հետագայում հնարավոր է նաև որպես դատապաշտպան հանդես գալու համար: Եթե Ակումբում կան նման մարդիք կամ եթե գիտեք տենց մարդկանց` խնդրում եմ գրեք PM-ով: Հիմա ինձ պետք է իրավաբանական խորհրդատվություն:

Հարգելիս, այս թեման հայտարարությունների համար չի: Այստեղ կարող ես գրել քրեական իրավունքին կամ քրեական դատավարական իրավունքին առնչվող հարցդ: Կփորձեմ պատասխանել:


Մի ինչ-որ գործի համար փաստաբան հրավիրելը, ներառելը գործին վճարովի է?

Ուրեմն, ի գիտություն, անհրաժեշտ է տարբերել միմյանցից փաստաբան և պաշտպան հասկացությունը: Այսպես, պարզաբանենք, թե ով է փաստաբանը և ով պաշտպանը:

1. Փաստաբանի սահմանումը տրված է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածում՝

Հոդված 17.
Փաստաբանը

Փաստաբան է համարվում այն անձը, որը սույն օրենքով սահմանված կարգով ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, փաստաբանների պալատի անդամ է և տվել է երդում։ Փաստաբանը համարվում է իրավական հարցերով անկախ խորհրդատու։
Հոդվածի շարունակությունը՝
Փաստաբանն աջակցում է հասարակության մեջ իրավունքի գերակայության ամրապնդմանը, իրականացնում է օրինականության քարոզչություն՝ մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելու և միջազգային հանրաճանաչ նորմերը ամրապնդելու ուղղությամբ:
Իրավաբանական օգնություն ցույց տալու ժամանակ փաստաբանը`
1) խորհրդատվություն է տրամադրում իրավական հարցերով ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր.
2) կազմում է դիմումներ, բողոքներ, գանգատներ, միջնորդություններ և իրավական բնույթի այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց նախագծեր.
3) որպես վստահորդի ներկայացուցիչ մասնակցում է քաղաքացիական դատավարությանը, մասնակցում է գործի քննությանը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում.
4) որպես ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցում է քրեական դատավարությանը և վարչական իրավախախտումների գործերով վարույթին.
5) որպես վստահորդի ներկայացուցիչ մասնակցում է գործերի քննությանը արբիտրաժային տրիբունալում կամ վեճեր լուծող այլ մարմիններում.
6) ներկայացնում է վստահորդի շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական միավորումներում և այլ կազմակերպություններում, օտարերկրյա պետությունների պետական իշխանության մարմիններում, դատարաններում, հետաքննության կամ նախաքննության մարմիններում, միջազգային դատական մարմիններում, օտարերկրյա պետությունների ոչ կառավարական մարմիններում, եթե այլ բան նախատեսված չէ տվյալ երկրի օրենսդրությամբ, միջազգային դատական մարմինների և այլ միջազգային կազմակերպությունների կանոնադրային փաստաթղթերով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Փաստաբանն իրավունք ունի ցույց տալու օրենքով չարգելված իրավաբանական այլ օգնություն։ Քաղաքացիական և վարչական իրավախախտումների գործերով դատավարությունում, որպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, կարող են հանդես գալ փաստաբանները, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործառույթներն իրականացնում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմում աշխատող անձինք, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։
Փաստաբանն իրականացնում է իր փորձնակների ուսուցումը։
Փաստաբանը փաստաբանների պալատի սահմանած չափով և կարգով մուծում է անդամավճար` փաստաբանների պալատի ընդհանուր պահանջների և փաստաբանական գործունեության իրականացման հետ կապված այլ ծախսերի համար։
Օտարերկրացի փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն իրականացնում է սույն օրենքով, փաստաբանների պալատի կանոնադրությամբ և փաստաբանի վարքագծի կանոնագրքով սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ։ Օտարերկրացի փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում գործում է իր պետության համապատասխան փաստաբանական կառույցի տված արտոնագրի հիման վրա և պետք է հավատարմագրվի փաստաբանների պալատում:
Օտարերկրացի փաստաբանը չի կարող իրավաբանական օգնություն ցույց տալ Հայաստանի Հանրապետության պետական կամ ծառայողական գաղտնիքի հետ կապված հարցերով։
Օտարերկրացի փաստաբանը չի կարող ընտրվել փաստաբանների պալատի մարմիններում։

Այսինքն՝ որպեսզի անձը համարվի փաստաբան, նա պետք է ունենա փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, լինի փաստաբանների պալատի անդամ (ունենա փաստաբանի վկայական) և փաստաբանի երդում տված լինի (առաջին 2 պայմանների առկայության դեպքում 3-րդի բացակայությունը, կարծում եմ, անհնար է):

_Հրաչ_
28.10.2011, 19:05
Եթե փաստաբանի հասկացությունը կարգավորվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով, ապա պաշտպանի հասկացությունը տրվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածում՝


Հոդված 68. Պաշտպանը

1. Պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով:
2. Անձը պաշտպանի իրավավիճակ ձեռք է բերում կասկածյալի կամ մեղադրյալի համաձայնությամբ` նրա պաշտպանությունն ստանձնելու պահից: Պաշտպանը պարտավոր է պաշտպանությունն ստանձնելուց հետո այդ մասին անմիջապես տեղյակ պահել քրեական վարույթն իրականացնող մարմնին:
3. Պաշտպանը դադարում է որպես այդպիսին մասնակցել քրեական գործով վարույթին, եթե`
1) կասկածյալը կամ մեղադրյալը լուծել են նրա հետ ունեցած համաձայնությունը.
2) նա լիազորված չէ մասնակցելու համապատասխան գործով հետագա վարույթին.
3) քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին ազատել է քրեական գործով վարույթին մասնակցելուց` հաշվի առնելով քրեական դատավարությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանքների հայտնաբերումը.
4) քրեական վարույթն իրականացնող մարմինը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, ընդունել է կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարումը պաշտպանից:

Պաշտպանի սահմանումից հստակ երևում է, որ փաստաբանն ավելի լայն հասկացություն է, այսինքն բոլոր փաստաբանները չէ, որ պաշտպան են, սակայն պաշտպանը պետք է լինի փաստաբան, այսինքն՝ բավարարի փաստաբան լինելու համար պարտադիր բոլոր պահանջները:
Հատկանշական է, որ պաշտպանը հանդես է գալիս միայն քրեական գործերով: Քաղաքացիական գործերով պաշտպան չի ներգրավվում, այլ փաստաբանը կարող է մասնակցել ներկայացուցչի կարգավիճակով:
Քրեական գործերով պաշտպանը ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի (որի հասկացության մեջ ներառվում են նաև ամբաստանյալը, դատապարտյալը և արդարացվածը) օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Կարծում եմ՝ օրինական շահերի ու իրավաբանական օգնության մասով պարզաբանման կարիք չկա:

Քրեական դատավարությամբ նախատեսվում է պաշտպանության 2 տեսակ.
1. երբ կասկածյալը կամ մեղադրյալն անձամբ՝ իր միջոցներով, իր հաշվին վարձում է պաշտպան՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններից որևէ մեկի (իր ընտրությամբ) հետ կնքում է պայմանագիր, կատարում համապատասխան վճարումը, նրան ներկայացնում վարույթն իրականացնող մարմնին (քննիչ, դատարան), որի անունով դիմում է ներկայացնում՝ հայտնելով փաստաբանի հետ կնքած պայմանագրի մասին, խնդրում է փաստաբանին ներգրավել քրեական գործով վարույթին որպես իր իրավունքների և օրինական շահերի պաշտպան:

Փաստաբանի ներգրավումը քրեական գործին կատարվում է ՀՀ ՔԴՕ 71-րդ հոդվածով սահմանված կարգով՝


Հոդված 71. Պաշտպանի կողմից իր իրավավիճակի հաստատումը

Իր իրավավիճակը հաստատելու համար պաշտպանը քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ և փաստաբանների պալատի կողմից տրված` իր փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև որպես պաշտպան հանդես գալու՝ կասկածյալի կամ մեղադրյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը կամ պաշտպան նշանակելու վերաբերյալ սույն օրենսգրքով իրավասու մարմնի որոշումը:

Որպեսզի գրառումս շատ երկար չստացվի, ում որ անհրաժեշտ է, առաջարկում եմ ընթերցել ՀՀ ՔԴՕ 68-73-րդ հոդվածները:

_Հրաչ_
28.10.2011, 19:06
2. Հանրային պաշտպանություն, երբ քրեական գործով նախաքննության ընթացքում պարզվում է, որ կասկածյալն անվճարունակ է, չի կարող իր միջոցներով վարձել պաշտպան: Նման իրավունքի մասին կասկածյալին կամ մեղադրյալին հայտնում է վարույթն իրականացնող մարմինը: Կասկածյալի կամ մեղադրյալի նման ցանկության դեպքում վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացնում կասկածյալին (մեղադրյալին) իրավաբանական օգնության վճարից լրիվ (կամ մասնակի_Հ. Մ.) ազատելու և անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին: Պրակտիկայում կասկածյալը կամ մեղադրյալն իրավաբանական օգնության վճարից վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ ազատվում է լրիվ: Կայացված որոշումն ուղարկվում է ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակ, որի ղեկավարը, համաձայն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 5-դր կետի


քրեական վարույթն իրականացնող մարմնի դիմումի (որոշման_Հ. Մ.) հիման վրա կամ սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերում քաղաքացու դիմումի հիման վրա որոշում է կայացնում հանրային պաշտպանություն իրականացնելու մասին դիմումը բավարարելու և գործը հանրային պաշտպանին հանձնելու մասին կամ հանրային պաշտպանություն իրականացնելու դիմումը մերժելու մասին, երբ այն նախատեսված չէ սույն օրենքի 6-րդ հոդվածով:

Փաստաբանը, վերը նշված որոշումն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում պարտավոր է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, ներկայացնել իր փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիրը, փաստաբանի վկայականը և հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի համապատասխան որոշումը: Հանրային պաշտպանը վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվում է կասկածյալին կամ մեղադրյալին, և եթե չկան վարույթին պաշտպանի մասնակցությանը խոչընդոտող հանգամանքներ (օրինակ, պաշտպանը նույն քրեական գործով մինչ այդ հանդես է եկել որպես քննիչ, դատախազ, վկա, մասնագետ և այլն (չնայած՝ նման պարագայում պաշտպանը կարող է մասնակցել վարույթին, եթե այդպիսի ցանկություն հայտնել է կասկածյալը կամ մեղադրյալը)), հանրային պաշտպանն ստանձնում է պաշտպանյալի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության իր լիազորությունները: Հանրային պաշտպանը չի վարձատրվում պաշտպանյալի, նրա հարազատների, վարույթն իրականացնող մարմնի կամ որևէ այլ մեկի կողմից:

Վերջում նշեմ, որ բացի կասկածյալի կամ մեղադրյալի պաշտպանությունը, քրեական դատավարությամբ նախատեսվում է նաև վկայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն, ինչը նախատեսվում է ՀՀ ՔԴՕ 86-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետով՝


Վկան իրավունք ունի քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալ փաստաբանի հետ:

Փաստաբանը կարող է ներկա գտնվել վկայի հետ կատարվող քննչական կամ դատավարական այլ գործողություններին, սակայն իրավունք չունի վկային տալ ուղղորդող հարցեր, խորհուրդներ, միջամտել կատարվող գործողությանը, սակայն կարող է անել հայտարարություններ, որոնք ներառվում են կազմվող համապատասխան արձանագրությունում:

Այսքանը, եթե կան հարցեր, խնդրեմ: :)

Vaio
28.10.2011, 19:38
Շնորհակալություն մանրամասն պարզաբանման համար:

Փաստորեն, քաղաքացիական, վարչական իրավախախտումների, քրեական գործերով դատավարություններում տվյալ անձը (մեղադրյալ, կասկածյալ, պատասխանող...) կարող են (իրավունք ունեն) ունենալ անվճար փաստաբան?

Մեկ էլ այսպիսի արտահայտություն եմ լսել փաստաբաններից՝ եթե դատը շահենք փաստաբանի վարձատրությունը (դատական ծախսերը) փակելու է դատարանում պարտվող կողմը: Այդպես է? և ինչքան ծախսի մասին է խոսքը (ով է որոշում այդ գումարի չափը) ?

_Հրաչ_
28.10.2011, 19:55
Շնորհակալություն մանրամասն պարզաբանման համար:

Փաստորեն, քաղաքացիական, վարչական իրավախախտումների, քրեական գործերով դատավարություններում տվյալ անձը (մեղադրյալ, կասկածյալ, պատասխանող...) կարող են (իրավունք ունեն) ունենալ անվճար փաստաբան?

Ոչ, պարզաբանմանս մեջ նշված է, որ միայն կասկածյալը կամ մեղադրյալը (ամբաստանյալը, դատապարտյալը, արդարացվածը) կարող են ունենալ «անվճար պաշտպան», և միայն այն դեպքում, երբ հիմնավորվի, որ նա անվճարունակ է: Սա կիրառվում է միայն քրեական դատավարությունում:

Իսկ քաղաքացիական ու վարչական դատավարությունների ժամանակ փաստաբանը կարող է հանդես գալ ոչ թե որպես պաշտպան, այլ ներկայացուցիչ:




Մեկ էլ այսպիսի արտահայտություն եմ լսել փաստաբաններից՝ եթե դատը շահենք փաստաբանի վարձատրությունը (դատական ծախսերը) փակելու է դատարանում պարտվող կողմը: Այդպես է? և ինչքան ծախսի մասին է խոսքը (ով է որոշում այդ գումարի չափը) ?

Քրեական դատավարությունում նախատեսվում է նաև քաղաքացիական դատավարության ընթացակարգ: Դատաքննության ժամանակ կողմերից յուրաքանչյուրը կարող է հայց հարուցել որոշակի գումարի չափով, պահանջել, որ դատական ծախսերը հոգա «պարտվող» կողմը, այսինքն՝ դատարանի կողմից ոչ ի օգուտ տվյալ կողմի որոշում կամ դատավճիռ կայացնելու դեպքում նշված հայցը ևս լուծվում է և «պարտվող» կողմը վճարում է դատական ծախսերը: Սակայն դատարանը կարող է բավարարել այդ հայցը լրիվ կամ մասնակի:
Փաստաբանի վարձատվությունը կախված չէ մյուս կողմի՝ դատավարության արդյունքում պարտվելու հետևանքով վճարվելիք գումարից: Անկախ նրանից, թե ինչպիսի որոշում (դատավճիռ) կկայացվի, վարձած անձը պարտավոր է փաստաբանին վճարել իրեն մատուցվող ծառայությունների դիմաց՝ պայմանագրով սահմանված չափով:

Այլ հարց է, երբ անձը և փաստաբանը պայմանագրով նախատեսում են, որ անձը «դատը շահելու» դեպքում փաստաբանին ավելի շատ գումար վճարի, քան պարտվելու դեպքում:

Vaio
04.11.2011, 16:22
Ողջույն:

Լսել եմ, որ շատ հաճախ դատապաշտպանը ձգձգում է քրեական գործը, այսինքն, օրինակ, միջնորդություն է ներկայացնում դատավորին՝ դատը 1 շաբաթով հետաձգելու խնդրանքով՝ կապված ... պատճառի հետ: Եվ դա անում է նրա համար, որպեսզի իր գումարը շատանա: Այսինքն ինչքան երկար տևի քր. գործի ընթացքը, այնքան լավ դատապաշտպանին:

Կա այդպիսի բան, լսել եք այդիպիսի բան?

_Հրաչ_
04.11.2011, 20:05
Ողջույն:

Լսել եմ, որ շատ հաճախ դատապաշտպանը ձգձգում է քրեական գործը, այսինքն, օրինակ, միջնորդություն է ներկայացնում դատավորին՝ դատը 1 շաբաթով հետաձգելու խնդրանքով՝ կապված ... պատճառի հետ: Եվ դա անում է նրա համար, որպեսզի իր գումարը շատանա: Այսինքն ինչքան երկար տևի քր. գործի ընթացքը, այնքան լավ դատապաշտպանին:

Կա այդպիսի բան, լսել եք այդիպիսի բան?

Վճարովի պաշտպանը համաձայն իր ու իր պաշտպանյալի միջև կնքված պայմանագրի վարձատրվում է ոչ թե ըստ ժամանակի, այլ ըստ արդյունքի: Տվյալ դեպքում պաշտպանի կողմից նիստը ձգձգելու պատճառները մի քիչ այլ կարող են լինել: Բայց դատարանն ամեն դեպքում պարտավոր չէ բավարարել պաշտպանի միջնորդությունը: Դատարանը քննարկում է միջնորդությունը, որոշում բավարարել կամ մերժել: Միայն հիմնավոր միջնորդության դեպքում են բավարարվում միջնորդությունները:

Պաշտպանի աշխատանքը շինարարի, բանվորի աշխատանքի պես չէ, որ ժամանակ ձգելով՝ «շատ աշխատեն» ու շատ վարձատրվեն: Դա ավելի շուտ, այսպես ասած, դիվանագիտական բնույթ է կրում:

Մի դիտողություն. նշածս բառը քրեական դատավարությունում չի օգտագործվում: Քրեական դատավարությունը սահմանում է պաշտպանի հասկացությունը: Դատապաշտպան տերմին, որպես այդպիսին, գոյություն չունի: Այն ուղղակի սխալմամբ արմատացել է մեր ժողովրդի խոսակցականում: Ավելի գրագետ է՝ ասել պաշտպան: :)

Շինարար
04.11.2011, 20:14
Պաշտպանի աշխատանքը շինարարի, բանվորի աշխատանքի պես չէ, որ ժամանակ ձգելով՝ «շատ աշխատեն» ու շատ վարձատրվեն: Կներես, Հրաչ ջան, թեմայից դուրս գրառման համար, բայց մի տեսակ ինձ վիրավորված զգացի:)) Հստակեցնեմ. շինարարի աշխատանքն այնպես չի, որ ժամանակ ձգելով ավելի շատ վարձատրվի: Շինարարը վճարվում ա կոնկրետ աշխատանքի համար անկախ նրանից, թե ինչքան ժամանակում դա կանի, և բնականաբար շահագրգռված է, որ հնարավորինս արագ անի ու անցնի հաջորդ աշխատանքին:)

Հարգանացս հավաստիքը՝ Շինարար:hi

_Հրաչ_
04.11.2011, 20:43
Կներես, Հրաչ ջան, թեմայից դուրս գրառման համար, բայց մի տեսակ ինձ վիրավորված զգացի:)) Հստակեցնեմ. շինարարի աշխատանքն այնպես չի, որ ժամանակ ձգելով ավելի շատ վարձատրվի: Շինարարը վճարվում ա կոնկրետ աշխատանքի համար անկախ նրանից, թե ինչքան ժամանակում դա կանի, և բնականաբար շահագրգռված է, որ հնարավորինս արագ անի ու անցնի հաջորդ աշխատանքին:)

Հարգանացս հավաստիքը՝ Շինարար:hi

Որ ճիշտն ասեմ, սպասում էի արձագանք հենց քեզնից :)) Բնականաբար, ոչ մեկին ու ոչ մեկի մասնագիտությունը վիրավորելու նպատակ չեմ ունեցել: Մտքիս էր մեր ճանապարհաշինարարների վառ օրինակը. օրը մի բորդյուր տաշում, դնում են, քրտինքը սրբում, գնում տուն: Բանվորներն օրավարձի են: :) Կձգձգեն, որ շատ օր լինի, շատ փող կլինի:

Vaio
28.11.2011, 22:35
Պաշտպանի աշխատանքը շինարարի, բանվորի աշխատանքի պես չէ, որ ժամանակ ձգելով՝ «շատ աշխատեն» ու շատ վարձատրվեն: Դա ավելի շուտ, այսպես ասած, դիվանագիտական բնույթ է կրում:

Այսօր հենց պաշտպանից եմ իմացել, հետաքրքիր բան ասեց: Պաշտպանների վարձատրման տարբեր ձևեր կան:
-քաղաքացիական և վարչական իրավախախտումների գործերով` սովորաբար կոնկրետ, պայմանագրով ֆիքսված գումար,
-քրեական գործերով` կամ կոնկրետ, պայմանագրով ֆիքսված գումար կամ ժամկետով ֆիքսված վարձատրություն: Այսպես բացատրեց` քրեական գործերը կարող են տարիներ տևել, իսկ պաշտպանը պարտավոր չէ մի ինչ-որ գումարի համար տարիներով ընկնի այդ գործի հետևից, դրա համար էլ վճարովի պաշտպանները շատ հաճախ "անդուր" քր. գործերը վերցնելիս պայմանագիր են կնքում ըստ ժամկետի, օրինակ` 2 ամսվա համար ստանալու է 500$: Հետո երկու կողմերի համաձայնությամբ կարող են երկարացնել կամ նոր պայմանագիր կնքել համապատասխան վարձատրությամբ...

_Հրաչ_
17.02.2013, 00:08
Քանի որ վաղը նախագահական ընտրություններ են, ներկայացնում եմ ՀՀ քրեական օրենսգրքում ընտրությունների հետ կապված հանցագործություններն ըստ հոդվածների.


Հոդված 149.
Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը
1. Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք՝
1) կատարվել են գույքին վնաս պատճառելու սպառնալիքով,
2) կատարվել են նյութապես շահագրգռելով,
3) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,
5) կատարվել են մի խումբ անձանց կողմից՝
6) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև հինգ տարի ժամկետով:
(149-րդ հոդվածը խմբ., լրաց. 22.12.06 ՀՕ-2-Ն, խմբ. 26.05.11 ՀՕ-166-Ն)

Հոդված 150.
Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը
Հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելը կամ ընտրությունների արդյունքները, այդ թվում` արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը և դրանց քաղվածքները ակնհայտ սխալ տվյալներով հաստատելը, քվեատուփ հափշտակելը, համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելը, մուտքագրված տվյալները փոփոխելը, ինչպես նաև որևէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը կամ այդ նպատակով ընտրական փաստաթղթերը վերադաս ընտրական մարմիններին սահմանված ժամկետում չներկայացնելը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
(150-րդ հոդվածը խմբ. 22.12.06 ՀՕ-2-Ն)

Հոդված 151.
Ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը
Ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
(151-րդ հոդվածը խմբ. 22.12.06 ՀՕ-2-Ն, 26.05.11 ՀՕ-166-Ն)

Հոդված 152.
Ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելը
Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու համար սահմանված կարգը խախտելը, դրանք չտրամադրելը կամ սահմանված կարգով դրանք չհրապարակելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:
Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները կազմելու համար սահմանված կարգը խախտելով կեղծիքներ կատարելը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
(152-րդ հոդվածը խմբ. 22.12.06 ՀՕ-2-Ն, 26.05.11 ՀՕ-166-Ն)

Հոդված 153.
Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը
Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով:
(153-րդ հոդվածը խմբ. 22.12.06 ՀՕ-2-Ն, 26.05.11 ՀՕ-166-Ն)

Հոդված 154.
Քվեարկության գաղտնիությունը խախտելը
Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով:
(154-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-2-Ն, խմբ. 26.05.11 ՀՕ-166-Ն)

Հոդված 1541. Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ իրացնելը
1. Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ այլ եղանակով իրացնելը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է խոշոր չափերով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
(1541 հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-2-Ն)

Հոդված 1542. Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը
Թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
Ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
(1542 հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-2-Ն, խմբ. 26.05.11 ՀՕ-166-Ն)

Հոդված 1543. Ընտրական հանձնաժողովի կնիքը չվերադարձնելը, կնիքի պահպանման սահմանված կարգը խախտելը
Ընտրական հանձնաժողովի կնիքը սահմանված ժամկետում դրա համար պատասխանատու անձի կողմից չվերադարձնելը, ինչպես նաև կնիքի պահպանման համար սահմանված կարգը խախտելը`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
(1543 հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-2-Ն, խմբ. 26.05.11 ՀՕ-166-Ն)

Հոդված 1544. Զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը
Քվեարկության օրը զենք կրելու իրավունք ունեցող անձի կողմից զենքով ցուցադրաբար տեղամասային կենտրոն (քվեարկության խցիկ) մուտք գործելն առանց ծառայողական անհրաժեշտության`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
(1544 հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-2-Ն, խմբ. 26.05.11 ՀՕ-166-Ն)

Հոդված 1545. Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճեններ չտալը
Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին սահմանված դեպքերում և կարգով ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները, քաղվածքները չտալը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
(1545 հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-2-Ն, խմբ. 26.05.11 ՀՕ-166-Ն)

Հոդված 154.6 Ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
Ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի արդյունքում անհնարին է դարձել ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության կամ ընտրության արդյունքների ամփոփումը`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեքի տարի ժամկետով:
(1546 հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-166-Ն)

Vaio
31.03.2014, 19:23
Բարև Ձեզ:
Եկեք այս թեման թարմացնենք:
Հարցս հետևյալն է: Եթե քրեական դատավարության օրենսգրքում տվյալ սուբյեկտի համար սահմանում է ինչ-որ պարտականություն, իսկ այդ սուբյեկտի կողմից այդ պարտավորությունը չկատարելու համար քրեական օրենսգրքում չի սահմանվում որևէ պատիժ, ինչպես է կարգավորվում այդ հարցը, ինչ հետևանքներ կարող են ունենալ?

_Հրաչ_
31.03.2014, 19:59
Բարև Ձեզ:
Եկեք այս թեման թարմացնենք:
Հարցս հետևյալն է: Եթե քրեական դատավարության օրենսգրքում տվյալ սուբյեկտի համար սահմանում է ինչ-որ պարտականություն, իսկ այդ սուբյեկտի կողմից այդ պարտավորությունը չկատարելու համար քրեական օրենսգրքում չի սահմանվում որևէ պատիժ, ինչպես է կարգավորվում այդ հարցը, ինչ հետևանքներ կարող են ունենալ?

Խնդրում եմ կոնկրետ օրինակ բեր, քննարկենք: :)

Vaio
31.03.2014, 20:29
Խնդրում եմ կոնկրետ օրինակ բեր, քննարկենք: :)

Օրինակ` քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը:

_Հրաչ_
31.03.2014, 21:03
Օրինակ` քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը:

ՀՀ ՔԴՕ 59-րդ հոդվածով սահմանված են տուժողի իրավունքներն ու պարտականությունները: Հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի բովանդակությունը.

Տուժողը պարտավոր է...
4) իր նկատմամբ ենթադրաբար կատարված հանցագործության մասին քրեական գործով քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման.

Հոդվածի նույն մասի 6-րդ կետ.

6) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.

Դրանք ուղղակի օրենքի իմպերատիվ պահանջ են: Օրենքը նախատեսում է, որ դրանք պետք է կատարվեն, բայց այն, ինչ նախատեսված չէ քրեական օրենսգրքով, հանցանք չէ, ինչ նախատեսված չէ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով, զանցանք չէ, հետևապես՝ պահանջը չկատարելը նշված օրենքներով պատասխանատվություն առաջ չի բերում:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի.

Հոդված 17. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Ձերբակալված, կալանավորված և ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և արժանապատվության հարգման իրավունք:
Մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել գիտական, բժշկական և այլ փորձերի:


Այսինքն, եթե տուժողը չի ցանկանում, իր կամքին հակառակ չի կարող ենթարկվել քննման: Տվյալ գործողությունից հրաժարվելով՝ նա ընդամենը խոչընդոտում է գործողությունն իրականացնող մարմնի կողմից ապացույց ձեռք բերելուն:

Հ. Գ.
Քննումը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն.

1. Քննիչն իրավունք ունի կատարել կասկածյալի, մեղադրյալի, վկայի կամ տուժողի քննում` նրանց մարմնի վրա հանցագործության հետքերի կամ հատուկ նշանների առկայություն հայտնաբերելու համար, եթե դրա համար չի պահանջվում դատաբժշկական փորձաքննություն:

Քննումը և հարցաքննությունը տարբեր բաներ են:

Vaio
31.03.2014, 21:12
Դրանք ուղղակի օրենքի իմպերատիվ պահանջ են: Հետևապես՝ պահանջը չկատարելը նշված օրենքներով պատասխանատվություն առաջ չի բերում:

Իմիջիայլոց, այդ կարգի` պատասխանատվություն առաջ չբերող հոդվածներ (կետեր), շատ կան, որոնք պարզապես գրված են հոդվածի գեղեցիկ շարադրանքի համար:

_Հրաչ_
31.03.2014, 21:19
Իմիջիայլոց, այդ կարգի` պատասխանատվություն առաջ չբերող հոդվածներ (կետեր), շատ կան, որոնք պարզապես գրված են հոդվածի գեղեցիկ շարադրանքի համար:

Չեմ կարող ասել՝ ինչ ենթատեքստ կա կամ չկա: :)

Vaio
29.11.2014, 18:58
Մի քանի հարց ունեմ: Եթե կարելի է` քննարկենք:


Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի` բերման կարող է ենթարկվել կասկածյալը, մեղադրյալը, վկան, տուժողը:

1. Մինչդատական փուլում, քրեական գործի շրջանակներում, հարցաքննության նպատակով կարող է արդյոք բերման ենթարկվել, օրինակ` ընթերական, թարգմանիչը?
2. Մինչդատական փուլում, նյութի (քննչական նյութի) շրջանակներում, հարցաքննության նպատակով կարող է արդյոք բերման ենթարկվել, օրինակ` ընթերական, թարգմանիչը?
3. Դատաքննության փուլում կարող է արդյոք բերման ենթարկվել դատարան, օրինակ` ընթերական, թարգմանիչը? 3-րդ հարցը քննարկելիս արդյոք պետք է հաշվի առնել քրեական դատավարության օրենսգրքի 310 հոդվածը, ըստ որի. "Դատական նիստին կանչված անձերից որեւէ մեկի չներկայանալու կամ կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ նոր ապացույցներ պահանջվելու անհրաժեշտության հետեւանքով գործի քննությունը հնարավոր չլինելու դեպքում դատարանը հետաձգում է քննությունը եւ միջոցներ է ձեռնարկում չներկայացած անձանց ներկայությունն ապահովելու կամ նոր ապացույցներ պահանջելու համար: Այդ դեպքում դատարանը սահմանում է ժամկետ, որով հետաձգվում է գործի քննությունը":

_Հրաչ_
29.11.2014, 20:03
Մի քանի հարց ունեմ: Եթե կարելի է` քննարկենք:

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի` բերման կարող է ենթարկվել կասկածյալը, մեղադրյալը, վկան, տուժողը:

1. Մինչդատական փուլում, քրեական գործի շրջանակներում, հարցաքննության նպատակով կարող է արդյոք բերման ենթարկվել, օրինակ` ընթերական, թարգմանիչը?
2. Մինչդատական փուլում, նյութի (քննչական նյութի) շրջանակներում, հարցաքննության նպատակով կարող է արդյոք բերման ենթարկվել, օրինակ` ընթերական, թարգմանիչը?
3. Դատաքննության փուլում կարող է արդյոք բերման ենթարկվել դատարան, օրինակ` ընթերական, թարգմանիչը? 3-րդ հարցը քննարկելիս արդյոք պետք է հաշվի առնել քրեական դատավարության օրենսգրքի 310 հոդվածը, ըստ որի. "Դատական նիստին կանչված անձերից որեւէ մեկի չներկայանալու կամ կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ նոր ապացույցներ պահանջվելու անհրաժեշտության հետեւանքով գործի քննությունը հնարավոր չլինելու դեպքում դատարանը հետաձգում է քննությունը եւ միջոցներ է ձեռնարկում չներկայացած անձանց ներկայությունն ապահովելու կամ նոր ապացույցներ պահանջելու համար: Այդ դեպքում դատարանը սահմանում է ժամկետ, որով հետաձգվում է գործի քննությունը":

Vaio ջան, անցել ես օրենքների բացերի ջանին: :)
Փորձեմ մեկնաբանել:

1., 2. Նշել ես հարցաքննության նպատակով: Հարցաքննվող սուբյեկտներն են՝ մեղադրյալ, կասկածյալ, տուժող, վկա (փորձագետը հարցաքննվում է վկայի հարցաքննության կանոններով): Եթե ընթերական կամ թարգմանիչը հրավիրվեն հարցաքննվելու, մեծ առումով պետք է հարցաքննվեն որպես վկա: Հետևապես կարող են բերման ենթարկվել՝ անհարգելի պատճառներով չներկայանալու դեպքում: Իսկ նախապատրաստվող նյութերով անձին բերման ենթարկելու կարգ օրենքը չի սահմանում:
Նաև ուղղեմ, որ «քննչական նյութ» հասկացություն քրեական դատավարությունում գոյություն չունի, ըստ երևույթին երևի նկատի ունես քրեական գործ:

Ոչ հարցաքննվելու նպատակով, ուղղակի օրենքով նախատեսված իրենց ֆունկցիաներն իրականացնելու համար ընթերական ու թարգմանիչը, ինչպես նաև մասնագետը հրավիրվում են, ու նրանց բերման ենթարկելու կարգ նախատեսված: Պարզապես նրանց բացատրվում է օրենքով նախատեսված նրանց պարտականություններն իրականացնելու անհրաժեշտությունը, որոնք չկատարելու համար որպես սանկցիա շարադրված է «պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվության» արտահայտությունը, բայց միայն այդքանը, և չի նշվում՝ ինչպիսի պատասխանատվություն ու որ օրենքով:

3. «Անձ»-ը բավականին տարածական տերմին է, որի տակ կարելի է հասկանալ ինչպես վերոնշյալ սուբյեկտներին, այնպես էլ մյուս սուբյեկտներին (թարգմանիչ, մասնակից և այլն):
Բայց մի կողմից էլ հոդվածում չի նշվում զուտ բերման ենթարկելու մասին, այլ նշվում է «չներկայացած անձանց ներկայությունն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու համար»: Դա կարող է լինել կրկին ծանուցագիր ուղարկելու, պահանջվող անձին հայտնաբերելու համար համապատասխան մարմիններին հանձնարարություններ տալու, ինչպես նաև բերման ենթարկելու ձևով:
Ինչ վերաբերում է ընթերակային, ապա վերջինս դատական նիստին կարող է հրավիրվել հարցաքննվելու համար (այսինքն՝ որպես վկա), բացառությամբ դեպքերի, երբ դատարանի կողմից իրականացվում է նոր քննչական գործողություն, որին պետք է ընթերականեր հրավիրվեն քննչական գործողությանը մասնակցելու համար:

Հ. Գ. Մեկնաբանություններս կատեգորիկ բնույթ չեն կրում: Դրանք ընդամենը կարծիք են՝ հիմնված օրենքի դրույթների վերլուծության և պարզաբանման վրա:

Vaio
29.11.2014, 22:00
Հարցաքննվող սուբյեկտներն են՝ մեղադրյալ, կասկածյալ, տուժող, վկա (փորձագետը հարցաքննվում է վկայի հարցաքննության կանոններով): Եթե ընթերական կամ թարգմանիչը հրավիրվեն հարցաքննվելու, մեծ առումով պետք է հարցաքննվեն որպես վկա: Հետևապես կարող են բերման ենթարկվել՝ անհարգելի պատճառներով չներկայանալու դեպքում: Իսկ նախապատրաստվող նյութերով անձին բերման ենթարկելու կարգ օրենքը չի սահմանում:

Բայց ընթերական, փորձագետը, մասնագետը, թարգմանիչը ինքնուրույն դատավարական սուբյեկտներ են, արդյոք նրանք հավասարվում են "վկա" դատավարական կարգավիճակին? Վկան այն անձն է, ով տեղեկություն ունի կամ կարող է ունենալ գործի հանգամանքների մասին: Իսկ մյուս սուբյեկտները` ընթերական, փորձագետը, մասնագետը, թարգմանիչը, այլ գործառույթներ ունեն:


Նաև ուղղեմ, որ «քննչական նյութ» հասկացություն քրեական դատավարությունում գոյություն չունի, ըստ երևույթին երևի նկատի ունես քրեական գործ:

«Նյութ» կամ «քննչական նյութ» ասելով նկատի ունեի «նախապատրաստվող նյութ»:

[/QUOTE]

_Հրաչ_
29.11.2014, 22:25
Բայց ընթերական, փորձագետը, մասնագետը, թարգմանիչը ինքնուրույն դատավարական սուբյեկտներ են, արդյոք նրանք հավասարվում են "վկա" դատավարական կարգավիճակին? Վկան այն անձն է, ով տեղեկություն ունի կամ կարող է ունենալ գործի հանգամանքների մասին: Իսկ մյուս սուբյեկտները` ընթերական, փորձագետը, մասնագետը, թարգմանիչը, այլ գործառույթներ ունեն:

Նյութերով դատավարական կարգավիճակներ չկան: Կարգավիճակներն ի հայտ են գալիս քրեական գործ հարուցվելուց հետո:

Ընթերական, փորձագետը, մասնագետը և թարգմանիչն այսպես թե այնպես ունեն դատավարությամբ կոնկրետ իրենց իրավունքները և պարտականությունները: Նրանք (բացառությամբ փորձագետի, ով չնայած որ հարցաքննվում է վկայի համար նախատեսված կանոններով, բայց չի փոխում իր կարգավիճակը) ձեռք են բերում վկայի կարգավիճակ, քանի որ օրենքը չի նախատեսում ընթերակայի, մասնագետի, թարգմանչի ցուցմունքը որպես ապացույց: Այդ իսկ պատճառով նրանք հարցաքննվում են որպես վկա, իսկ վկայի ցուցմունքն արդեն ապացույց է: Իսկ ինչո՞ւ հենց վկա. որովհետև օրենքով իրենց տրված ֆունկցիաներն իրականացնելիս նրանց հայտնի են դառնում տեղեկություններ, որոնք կարևոր նշանակություն կարող են ունենալ գործի համար:

Օրինակ, ընթերակաները մասնակցում են կասկածանքով բերման ենթարկված անձի անձնական խուզարկությանը, որի արդյունքում խուզարկվողի մոտից հայտնաբերվում է որևէ արգելված իր: Ընթերակաները միաժամանակ ականատես եղան այն փաստին, որ բերման ենթարկվածն ապօրինի պահում է այդ արգելված իրը, հետևապես միաժամանակ ձեռք բերեցին վկայի կարգավիճակ:

Vaio
29.11.2014, 22:41
Շնորհակալություն, Հրաչ ջան:

Փաստորեն նշված դատավարական սուբյեկտները` ընթերական, մասնագետը, փորձագետը և թարգմանիչը, քրեական գործի շրջանակներում, հարցաքննության նպատակով, կարող են բերման ենթարկվել բաժին կամ դատարան, թե բացի փորձագետից?


Նրանք (բացառությամբ փորձագետի, ով չնայած որ հարցաքննվում է վկայի համար նախատեսված կանոններով, բայց չի փոխում իր կարգավիճակը) ձեռք են բերում վկայի կարգավիճակ, քանի որ օրենքը չի նախատեսում ընթերակայի, մասնագետի, թարգմանչի ցուցմունքը որպես ապացույց: Այդ իսկ պատճառով նրանք հարցաքննվում են որպես վկա, իսկ վկայի ցուցմունքն արդեն ապացույց է:


Հիշեցնեմ, որ փորձագետի ցուցմունքը ևս ապացույց չէ:

_Հրաչ_
29.11.2014, 22:55
Շնորհակալություն, Հրաչ ջան:

Փաստորեն նշված դատավարական սուբյեկտները` ընթերական, մասնագետը, փորձագետը և թարգմանիչը, քրեական գործի շրջանակներում, հարցաքննության նպատակով, կարող են բերման ենթարկվել բաժին կամ դատարան, թե բացի փորձագետից?

Հիշեցնեմ, որ փորձագետի ցուցմունքը ևս ապացույց չէ:

Փորձագետի ցուցմունքն ապացույց է, քանի որ ունի վկայի ցուցմունքին հավասար ուժ: Ի դեպ, փորձագետը հարցաքննվում է միայն արդեն իսկ իր կողմից տրված եզրակացության շուրջ, եթե կան պարզաբանելու հարցեր, որոնց համար նոր փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն չկա: Փորձագետի ցուցմունքը չի փոխարինում փորձագետի եզրակացությանը:
Իսկ մնացած դեպքերում, եթե հարցաքննելու անհրաժեշտություն կա, փորձագետը հարցաքննվում է որպես, այսպես ասած, «սովորական» վկա:

Հարցաքննության նպատակով ցանկացած հրավիրվող, որ չարամտորեն խուսափում է ներկայանալ հարցաքննության, կարող է բերման ենթարկվել, այդ թվում և՝ փորձագետը: Բայց պրակտիկայում փորձագետի բերման ենթարկելու դեպքի չեմ հանդիպել կամ լսել: Փորձագետի չներկայանալու դեպքում նրա աշխատած հիմնարկի ղեկավարին գրություն են ուղարկում, որ պարտավորեցնի փորձագետին ներկայանալ հարցաքննության:

Էս անգամ ալարեցի հոդվածների վրա հղումներս նշեմ, ներող եղեք: :pardon

Vaio
29.11.2014, 23:04
Էս անգամ ալարեցի հոդվածների վրա հղումներս նշեմ, ներող եղեք: :pardon

Ամեն ինչ լավա: :good

**David**
30.05.2015, 14:04
Իրավական կարգերից տեղյակ չեմ, եսել հարցեր տամ`
1.Որ դեպքում իրավունք ունեն Վերծանել հեռախոսազանգերի ցուցակը
2.առավել ևս լսել նախկին կատարված հեռախոսազանգերը(
3.Վերծանման ցանկի բոլոր զանգերին կանչել հարցաքննության, եթե նույնիսկ դրանք օֆիսային զանգեր են եղել, ու անիմաստ ժամանակ են խլում,
4.ու ինչ կարգով են կանչում հարցաքննության, հստակ պաշտոնական թուղթ չկաա? Նախապես մերսի ,
Թե չէ էս երկրում ինչ ասես կտեսնենք, ոչ աշխատանքային ժամին քննիչ կարա զանգի , իրավունք չունենա հեռախոսով ներկայացնել ինչա, միայն ասի ներկայացեք վարչություն, ու էդ քննվողի բոլոր զանգերը պետքա գնան? եթե օֆֆիսի համարա օրական հազար հոգու զանգում են, ւ հազարից մի տոկոսնո քրեական խնդիր ունենա, պետքա բոլոր գործերին մասնակցենք, ժամանակ ծախսենք բոլորի հարցերով ու պատասխանենք անիմաստ հարցերի,, ինչ սկզբունքով են աշխատում ... ու ավելի բող բան ասեմ, էդ պահին քաղաքից 60 կմ հեռու լինելուց հարցնում ես, կարգը ոնցա ես եմ գալիս թե դուք, եթե դուք հարցեր ունեք ու պաշտոնական գրություն չեք ուղարկել, հեռախոսով զանգել եք տեղեկացնում<<մունաթ պատասխանա գալի << Մենակ դուք պրոբլեմ սարքեցիք, 60 կմը հեռու չի, եկեք, :D ինչ տարբերություն հեռախոսովա, որ գրություն ուղարկենք գալու եք չէ, դե էկեք,,, Վերջը ասածս էնա, թե հիմա ամեն հանցագործի որ չենք էլ ճանաչում , անիմաստ պետքա կապեն անվան հետ, կանչեն իրա գործով թեկուզ թյուրիմացաբար որ ինչ, թող իրա ծանոթներին կանչեն ոչ թե անծանոթի, հետքրքիր կլնի մենակ մեր որ նախկին հաճախորդնա լինելու, գնանք կպարզենք :D>>

_Հրաչ_
30.05.2015, 23:18
1. հեռախոսազանգերի վերծանման թույլտվությունը տալիս է դատարանը՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում: Հիմքերը դատարանին նախապես ներկայացնում է քննիչը: Որպես հիմք կարող են ծառայել քրեական գործով առկա տվյալներն առ այն, որ վերծանվող հեռախոսահամարների կատարած/ստացած զանգերը կարող են գործով ապացուցողական տեղեկություններ ի հայտ բերել: Մասնավորապես, վերծանումները կարող են միջոց ծառայել մեղավորին ի հայտ բերելու, հանցագործությունը բացահայտելու, հանցանք կատարած անձի այլուրեքությունն ստուգելու, որոշակի ժամանակահատվածում զանգ կատարելիս նրա գտնվելու վայրը պարզելու և այլնի համար:
2. տեխնիկապես հնարավոր չէ նախկինում կատարված հեռախոսազանգերը լսել կամ ձայնագրառել:
3. 1-ին կետում նշված հնարավոր ձեռքբերվելիք տեղեկություններն ստանալու նպատակով կարող են հարցաքննության հրավիրել վերծանումներում նշված բաժանորդներին կամ համարներն օգտագործող անձանց:
4. հարցաքննության կանչելու կարգը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածով, այն է՝

Հոդված 205. Հարցաքննության կանչելու կարգը

1. Վկան, տուժողը, կասկածյալը և մեղադրյալը քննիչի մոտ կանչվում են ծանուցագրով: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, դատավարական ինչպիսի կարգավիճակով, ուր և երբ (օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաև անհարգելի պատճառներով չներկայանալու հետևանքները:
2. Ծանուցագիրը կանչվող անձին հանձնվում է ստորագրությամբ կամ փոխանցվում է կապի միջոցներով: Նրա ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը հանձնվում է կանչվողի ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, հարևաններին, համատիրությանը (բնակարանային շահագործման կազմակերպությանը) կամ փոխանցվում է նրան աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով:
3. Հարցաքննության կանչված անձը պարտավոր է քննիչին ներկայանալ նշանակված ժամկետում կամ նրան նախապես իրազեկել չներկայանալու պատճառները: Անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում հարցաքննության կանչված անձը կարող է բերման ենթարկվել սույն օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հիմքով, իսկ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել նաև սույն օրենսգրքով նախատեսված դատավարական հարկադրանքի այլ միջոցներ:
4. Արգելանքի տակ չգտնվող անչափահասները, որպես կանոն, կանչվում են իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով:
5. Արգելանքի տակ գտնվող կասկածյալը կամ մեղադրյալը կանչվում են արգելանքի տակ պահելու վայրի վարչակազմի միջոցով:
Զինծառայողները հարցաքննության են կանչվում զորամասի հրամանատարության միջոցով: