PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Եվ մարդ էի...



Moonwalker
22.11.2010, 20:18
Երբ տասնհինգ տարեկան էի, մի անգամ լուսաբացից առաջ ոտքի ելա. ամբողջ գիշերը չէի կարողացել աչք փակել:

Անկողնումս շուռումուռ գալով՝ ես մտածում էի աշխարհի և կյանքի իմաստի մասին և անսպասելիորեն ու անխուսափելիորեն հանգեցի այն համոզմունքին, որ ես աշխարհի անբաժան մի մասնիկ էի: Մտածում էի, թե ինչու էի ապրում: Ինչպե՞ս էր լինում, որ մերթ կայուն ու հաստատուն մեկն էի, մերթ էլ մի նյութ՝ մշտապես, վայրկյան առ վայրկյան անխուսափելիորեն ձևափոխման ենթակա: Անձս մի րոպեով ներս էր խորասուզվում, ապա դուրս գալիս, և այդպես շարունակ: Ուզում էի հասկանալ, թե ի՞նչն էր իմ մեջ կայուն, մնայուն ու տոկուն: Այդ ի՞նչն էր, որ միայն ինձ չէր պատկանում, այլ սեփականությունն էր մարդ էակի մարմնի, նրա անցյալի, աշխարհում վայրկյանից վայրկյան, դարից դար նրա շարժման, կյանքի ճշմարտության: Ամբողջ գիշեր ինձ այնպես էր թվում, թե շատ չանցած ինձ պիտի հաջողվեր քանդել այդ կծիկը:

Ողջ գիշեր անձկությամբ սպասեցի լույսի բացվելուն, որպեսզի կանգնեմ լույսի մեջ, շնչեմ ու զգամ, որ ապրում եմ, ողջ եմ: Առավոտյան մթնշաղից քիչ առաջ անկողնուցս կամաց դուրս սահեցի, հագա շորերս՝ բամբակյա վերնաշապիկս, ջինսե շալվարս, գուլպաներս ու կոշիկներս: Նոյեմբեր էր: Թեև արդեն ցուրտ էր, սակայն ես ավելի տաք չէի ուզում հագնվել, քանի որ սովորականից ավելի ջերմություն էի զգում: Տենդախտով հիվանդի մի ջերմություն կար մեջս, և ես վստահ էի, որ, ավելի շատ շոր հագնելով, միևնույնն է, ավելի չեմ տաքանա: Ներքին ձայնս վկայում էր, թե այն, ինչ պիտի տեղի ունենար իմ էության մեջ, տեղի չէր ունենալու ավելի շատ հագուստ հագնելով, և եղածը պիտի համապատասխաներ սպասված մի հուշի՝ եկած ու անցած:

Անքուն գիշերվա մեջ ինձ թվում էր, թե բազմաթիվ մեծ ու փոքր անիվների պես բաներ գլխիս մեջ պտուտակների նման շարժվում էին՝ իբրև չասված, բայց ասվելու պատրաստ անբառ խոհեր, ժամանակազանց համատարած մի հիշողություն, թարմ մի լիություն, շարժման ավելի ներդաշն մի կշռույթ, որ հորդում էր՝ ներսս տեղի ունեցող գերարագ աճումից: Կարծես մտքիս մեջ լսում էի նյութը սպառող կրակի ճարճատյունը, որն արյանս միջով արշավում էր հեղեղի պես՝ անզուսպ թափ հավաքելով:

Կտրուկ ոտքի ելա, կանգնեցի մթնշաղի ու անդորրի մեջ՝ ձև, շարժում և, հատկապես, իմաստ ունեցողի շքեղ զգացումով: Հանգիստ քայլերով մթության միջով դուրս գնացի և, մի պահ կանգնելով փողոցում, ստուգեցի շքեղությունը մթության, համապարփակ գեղեցկությունը անհուն ժամանակի, որ պարուրում էր իմ աննշան կերպարանքը: Հետո սկսեցի քայլել անփույթ ու դանդաղ՝ մերթ ընդ մերթ ակամա ցատկոտելով: Ճանապարհի վրա ամեն անգամ, երբ ծառ էի տեսնում, կախվում ճյուղից և ծանրությամբս ճկում, ապա տարուբերվելով՝ ներքև թռչում: Մինչ քայլում էի, դուրս եկավ ձմեռային արևը և փռվեց քաղաքի վրա՝ այն ողողելով սառը մի ջերմությամբ: Դիպա մեր շենքին և ձեռքիս ափով զգացի նրա ամրությունն ու ճշմարտությունը:

Ճշմարտությունը խորհրդավոր էր, ննախ Աստված, Բանը, Բանն առ Աստված, որ ամեն ինչից դուրս է, ամեն բանից այն կողմ, անսահման ու հավիտենական: Հետո գալիս է դատարկությունը, մի լուռ պարապություն՝ այնքան համատարած, որ անճառելի է ու անըմբռնելի մի որևէ մահկանացուի մտքի համար, և որ վերացական է ու ճշգրիտ, իրական ու կորուսյալ: Հետո նյութը պարապության մեջ, դարձյալ ճշգրիտ՝ օժտված ծանրությամբ, ամրությամբ և կրակի ու հեղուկի վերածվելու ձևով:Քայլելով խաղաղի այգիների միջով՝ ճանաչեցի ողջ տիեզերքը, որ հանդարտորեն հաստատված էր մարդու մտքի մեջ, անշարժ, մութ ու անորոշ, և սպասում էր մարդուն, նրա մտածելու կարողությանը: Հետո զգացի նյութի խլրտումը երկրի մեջ, իմ էության մեջ, կյանքի արտաբերումը ժամանակի ընդերքից, մարդու սերմը, որ ժայթքում էր ժայռից, կրակից ու հեղուկից և ցոլու էր մարդու ձևի, շարժումի ու մտքի մեջ: Հանկարծ դատարկության մեջ զգացի խլրտումը մարդու խորհրդի: Զգացի, որ ես մարդ եմ, և սա այն ճշմարտությունն է, որ ես արտաբերել եմ դատարկությունից՝ մեն-մենակ քայլելով մթության միջով:

Ես տեսել էի տիեզերքը, խաղաղ պարապության մեջ, խորհրդավոր, և հայտնաբերել էի այն ինձ համար՝ նրան տալով իմաստ, շնորհ, ձև ու ճշմարտություն, որը միայն մարդկային միտքը և ուժն էին ի վիճակի անելու: Եվ ճշմարտությունը մարդն էր, ես ինքս էի վայրկյանից վայրկյան և մարդը՝ դարից դար, և մարդը՝ Աստծո դեմքով, և մարդու ծիծաղի ձայնը գաղտնիքի անհունության մեջ, և նրա լացի ձայնը անեզրության խավարում:

Ճշմարտությունը ես էի, և ես մարդ էի: (© Վ. Սարոյան)

Malxas
22.11.2010, 22:18
Յուրահատուկ է գրված: Կարծես Արիստոտելի ոգին ներկա լիներ ստեղծագործության մեջ :)

E-la Via
22.11.2010, 22:42
Moonwalker խոսքեր չկան… Կարդում էի - կարդում ու կարդացածիս չէի հավատում:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:)…

Իսկ այս տողերը... Այս տողերում տեսա մարդու իրական ծնունդի նկարագրությունը:



Հանկարծ դատարկության մեջ զգացի խլրտումը մարդու խորհրդի: Զգացի, որ ես մարդ եմ, և սա այն ճշմարտությունն է, որ ես արտաբերել եմ դատարկությունից՝ մեն-մենակ քայլելով մթության միջով: