PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ռիգոլետոն կամ բալլադ պաշտոնի մասին



Malxas
19.11.2010, 14:24
Ռիգոլետոն կամ բալլադ պաշտոնի մասին

ՙԱրմենիա՚ կորպորացիան ոչնչով չէր առանձնանում Մոսկվայի իր տասնյակ անվանակիցներից: Մայրաքաղաքի արվարձաններից մեկում ծաղկում էր ու բարգավաճում` համալրված հայ աշխատակիցներով: Իհարկե ոչ բոլորն էին հայեր: Կան պաշտոններ ու պարզապես սովորական հաստիքներ, որոնք հատկապես ռուսական ծագումով աշխատակիցներ են պահանջում: Այդպիսիք ՙԱրմենիայում՚ երկուսն էին: Պաշտոն ունեցողը փոխնախագահներից մեկն էր, կոչենք նրան Իվան Իվանիչ, իսկ սովորական հաստիք զբաղեցնողը` նախագահի քարտուղարուհին, Օքսանա անվանենք նրան, ինչն առավել հավանական կարող է լինել: Իսկ թե որն էր նրանց աշխատանքի յուրօրինակությունը, որ հատկապես ռուս էր պահանջվում, կարծում եմ պարզից էլ պարզ է:

Իվան Իվանիչի դերը հույժ կարևոր էր դառնում, երբ հարկ էր լինում լեզու գտնել տեղացի որևէ պաշտոնյայի հետ, ում աչքին բոլոր կովկասցիները հավասար էին, լինեին հյուսիսային թե հարավային ծագման, որոնց նա ատելու աստիճան արհամարհում էր և արհամարհելու աստիճան ատում, քանի որ բոլորն էլ հանցագործ հակումներ ունեցող ստոր խաբեբաներ էին: Հենց այստեղ էլ առաջ էր գալիս Իվան Իվանիչը, որը չնայած առանձնապես ծանրաբեռնված չէր ցերեկները, իսկ երեկոները հարբեցողությամբ զբաղվելու մեղքին էր ենթարկում առանց այն էլ օղու գոլորշիներից ապխտահար եղած իր բազմաչարչար մարմինը, սակայն երբեք չէր ուշանում աշխատանքից և ուղիղ ժամը իննին ներկայանում էր մաքուր սափրված դեմքով և անթերի արդուկված կոստյումով: Իվան Իվանիչը կովկասյան ազգերի յուրահատկություններից վատ գլուխ հանող պաշտոնյային ներկայանում էր ամեն գնով իր իրավունքները օրենքի ուժով պաշտպանելու պատրաստ ռուս մարդու ազնիվ հաստատակամությամբ, կորպորացիայի օրինական դաշտում աշխատելու տասնյակ ապացույցներ էր ներկայացնում, ամրագրում դրանք արտոնություններով ու բազմաթիվ այլ խայտաբղետ թղթերով, ինչպես և պաշտոնյային ծանոթացնում հայկական կոնյակին, որով և վերջնականապես գերում էր հավերժ մեղքի ծարավ նրա հոգին:


Օքսանայի աշխատանքը նույնպես յուրահատուկ բնույթ ուներ, սակայն այս դեպքում խոսքն ավելի շուտ արտաքին հատկությունների մասին էր, որոնք այնքան դժվար կլիներ գտնել նրա հայ սեռակիցների մեջ: Օքսանան բարձրահասակ էր (մոտ 186 սմ), ուներ զույգ երկնագույն խոշոր աչքեր, մետաքսանման սպիտակ մաշկ, բնական խարտյաշ մազեր, որոնց երբեմն բացարձակ սև ներկելու անարդարությանն էր ենթարկում, փարթամ կուրծք, որը կիսաբաց ցուցադրելու սովորությունը վաղուց արդեն մոլության էր վերածել, սլացիկ ոտքեր, որոնք վարպետորեն ավելի էին երկարանում բարձրակրունկ կոշիկների օգնությամբ և ի ցույց ամենքի ներկայանում իրենց ողջ հմայքով, գեղեցկությամբ ու անամոթությամբ: Իվան Իվանիչին բոլորն էին սիրում, իսկ ահա Օքսանային համակրում էր սոսկ ձեռնարկության արական հատվածը:

Քանի որ խոսք գնաց զգացմունքներից, հավելենք նաև, որ հրապարակի վրա միայն Իվան Իվանիչի ու Օքսանայի հանդեպ տածած կրքերը չէին: Ինչպես և ամենուր, ՙԱրմենիայում՚ նույնպես բոլորն աշխատում էին ի ցույց դնել իրենց մասնագիտական որակները, նկատվել նախագահի կողմից, պաշտոնի բարձրացում կամ դրամական պարգևատրություն ստանալ: Ընդ որում, թերևս ավելորդ է որ հեղինակը նշի` սահմանափակ ունակությունների տեր աշխատակիցները ավելի վարպետորեն էին ներկայացնում ունեցած-չունեցած արժանիքները, մինչդեռ իրենց գործը լավ իմացողները մեծամասամբ աշխատում էին գլուխները կախ և առանց ավելորդ աղմուկի: Ոմանք այստեղ բարեկամաբար էին տրամադրված միմյանց նկատմամբ, ոմանք նույնիսկ իսկական բարեկամներ էին: Սակայն էլ ավելի ոմանք դաժանորեն մրցակցում էին` ինչպես հմտորեն լարված մահացու թակարդներ, այնպես էլ գործի մեջ բազմիցս իրենց արդարացրած խարդավալից ծուղակներ օգտագործելով: Պետք է ասել, սակայն, որ ՙԱրմենիա՚ կորպորացիայի նախագահ Դավիթ Սարգսյանը պարկեշտ ու իմաստուն մարդ էր և կարողանում էր բարին զատել չարից ու մեծամասամբ նրա անձով էր պայմանավորված, որ կորպորացիայի անձնակազմը չափազանց չէր տարվում սնապարծ մոլություններով:

Բանսարկությունների ու պաշտոնների նկատմամբ անտարբեր մարդուն կարող է ծիծաղելի թվալ, թե ինչի էին ձգտում ձեռնարկության աշխատողները: Արժե± այդքան ջանք, եռանդ ու ժամանակ վատնել հեռանկարում պաշտոնի փոքրիկ առաջխաղացում ունենալով, որը գուցե առանց դրան էլ մի գեղեցիկ օր հենց այնպես տրվեր, և կամ աշխատավարձի հարյուր դոլարանոց հավելումի համար, որը ոչ մեկի գրպանն, իհարկե, չի ծակի, բայց առանց որի էլ կարելի է հիանալի ապրել: Բայց ինչպես ասում էր աբբա Ֆարիան կամ ավելի ճիշտ` նրա շուրթերով` մեծն Ալեքսանդր Դյուման, թագավորը խանգարում է իր հաջորդին, իսկ գրագիրը` ենթահաստիքային գրագրին:

Այդպես էր և այստեղ: Երիտասարդ դռնապանը երազում էր հիմնական աշխատանքի անցնել. դրանով նա խիստ պատկառելի կդարձներ իր անպաճույճ անձը, ինչը կենսականորեն անհրաժեշտ էր, որպեսզի ամուսնության առաջարկ անի մի գեղանի աղջկա, ում հայրը բավական լուրջ էր մոտենում իր ապագա փեսայի հասարակական դիրքին ու դրան ուղիղ համեմատական տարեկան եկամուտին: Հաշվապահը ցանկանում էր գլխավոր հաշվապահի տեղակալ դառնալ, գլխավոր հաշվապահի տեղակալը` գլխավոր հաշվապահ, իսկ այս վերջինի խարդավալից գլուխն ավելի հեռուն գնացող ծրագրեր էր մտմտում: Մի խոսքով, այստեղ էլ գրագիրները խանգարում էին ենթահաստիքային գրագիրներին, իսկ թագավորը փակում էր գահաժառանգի ճանապարհը: Եվ եթե առանձնապես ծավալվելու ցանկություն չունենք գրագիրների վերաբերյալ, ապա թագավորի ու նրա հաջորդի մասին թերևս մի փոքր մանրամասնենք:

Դավիթ Սարգսյանի մասին արդեն պատիվ ունեցանք խոսելու: Իսկ ահա հավակնորդին դեռ նոր ենք ներկայացնելու: Կադրուս Գասպարյան. այսպես էին կոչում այն մարդուն, ով թաքուն կրքոտ հայացքներ էր նետում նախագահական լուսաշող աթոռին, սակայն չէր համարձակվում հոգոց հանելուց այն կողմ անցնել: Իսկ ամենավատն այն էր, որ հարգարժան Կադրուսն այս հարցում անզոր էր բոլոր առումներով: Հենց Դավիթ Սարգսյանն էր, որ ընդառաջելով մի ընկերոջ խնդրանքին, Կադրուսին տարիներ առաջ հանել էր Հայաստանի մի խուլ գյուղից ու մարդամեջ մտցրել:

Գոմից պալատ, կամ ինչպես ռուսներն են հաջող մեկնաբանում` նավից պարահանդես: Դա պատկերացնել է պետք: Խոզի թրիքի գարշահոտի փոխարեն շնչել թանկարժեք օծանելիքի բուրմունք, գյուղական մեռյալ կյանքի տաղտկությունը փոխարինել աշխարհի ամենաաշխույժ քաղաքի եռուզեռին սեփական մասնակցությամբ, տգեղ ու անմատչելի գեղջկուհիների փոխարեն ձեռքի տակ ունենալ գեղեցիկ ու հասանելի պչրուհիներ, հագնել գուլպաներ, որոնք ոչ ծակ են և ոչ էլ կեղտոտ ոտքերին բնորոշ քրտնահոտ են արձակում, մաքուր վերնաշապիկ վայելել ու դրանցից մի քանիսն ունենալ, կյանքում առաջին անգամ անձնական օգտագործման փողկապի տեր լինել, բացահայտել շոգեբաղնիքի հրաշքներն ու գարեջրի փիլիսոփայական նշանակությունը, օղի խմել արտասահմանյան ծագում ունեցող շշից, որն ակցիզային դրոշմանիշ ունի, տրաքվելու չափ երշիկ ուտել ու գազավորված գույնզգույն խմիչքներ խմել վրայից, և վերջապես գրպանում ունենալ կանխիկ դրամ, որը մոլությունների չտրվելու դեպքում լիուլի հերիք է ապրելու համար: Մի±թե սա չէ իսկական երջանկությունը: Սա° է` կշտապեն պատասխանել հազարավոր կադրուսգասպարյաններ: Այդպես կպատասխաներ նաև ինքը`Կադրուս Գասպարյանը, բայց տասը տարի առաջ միայն: Իսկ հիմա փոխնախագահ էր, իր գյուղական ծագումը թյուրիմացություն էր համարում, որը, փառք Աստծո, արդարություն կա աշխարհում, ժամանակին ուղղվել էր: Ուղղվել էր, սակայն ժամանակը` գոյություն ունեցող փիլիսոփայություններից ամենախարդավանալիցը, իր հոսի մեջ մաշեցրել էր ու ծռել փոխնախագահի թարմատաշ գավազանը, որը ոչ վաղ անցյալում այնքան պայծառ շողում էր նախկին գյուղացու մտահորիզոնում:

Արդեն բացատրվեց, թե ինչու Կադրուս Գասպարյանը բարոյական իրավունք չուներ գահընկեց անելու Դավիթ Սարգսյանին: Սակայն հարցի բարոյական կողմի վերաբերյալ միշտ էլ կարելի է որևէ պատշաճ բացատրություն գտնել, իսկ ծայրահեղ դեպքում` թքել բոլոր բարոյական նորմերի վրա: Մեկ անգամ է մարդ ապրում, հանուն նախագահական աթոռի արժե և այդպիսի քայլի դիմել: Սակայն, ցավոք, բանն այն էր, որ տարաբախտ Կադրուսը չէր կարող նպատակին հասնել, եթե նույնիսկ իր ողջ էությամբ պայքարեր Դավիթ Սարգսյանի դեմ: Ինչ-որ պահի նա ցավով գիտակցեց, որ դա երազ է, իսկ երազները, ինչպես հայտնի է, երբեք չեն իրականանում: Այսպես ապրում էր նա` առանց կյանքից հաճույք ստանալու և սրտանց զզվելով աշխատանքից, որից բարձր ցատկելու բոլոր փորձերն ապակուն անօգնական զարկվող ճանճի բախտավիճակն էին հիշեցնում, երբ հանկարծ...

Լուրը հնչեց իբրև կայծակ անամպ երկնքում: Եվ թող օրհնված լինի այն ակնթարթը, երբ արարվեցին բոլոր դժբախտ պատահարները: Մոսկվայում դրանք բավական հաճախադեպ են, բայց եզակի բախտ է պետք, որպեսզի նման պատահարի զոհ դառնա այն մարդը, որը հատկապես խանգարում է ձեզ: Հայտնի չէ, պայմանավորված աստղերի հատուկ դասավորությամբ, թե նախանձ մարդկանց չար աչքով` Սարգսյանի մեքենայի արգելակային համակարգը հրաժարվեց գործել, ինչի հետևանքով այն բախվեց կանգառած ավտոբուսին ու սարսափելի խեղումներ պատճառեց կորպորացիայի ղեկավարին: Երբ նրան մեքենայից հանեցին, ավելի շուտ արնաշաղ մսագունդ էր հիշեցնում, ու եթե տեղ հասած ՙշտապ օգնության՚ անձնակազմը հիվանդանոցի փոխարեն դիարան տաներ նրան, ապա շատ սխալված չէր լինի: Ոտքերը փշրված էին, կողոսկրերը` կոտրված: Գլխին նկատելի էր մի սարսափելի վերք, որպիսին ռեժիսորները պատկերում են ռազմաշունչ ֆիլմերում, երբ որոշում են առավել տպավորիչ ներկայացնել կինոնկարի հերոսի մահը: Արյունն այնքան առատ էր մարմնի ու մեքենայի նստելատեղի վրա, որ կասկածի տակ էր դնում բժշկական հայտնի վարկածը: Մի±թե մարդու կենարար հեղուկն ընդամենը հինգ լիտր է: Նույնիսկ հիվանդանոցի տարեց բժիշկը` մի սառնարյուն ռուս մարդ ու ամենօրյա դիակների սովոր` Հիպոկրատի արժանի հետևորդ, սահմռկեց` տեսնելով պատգարակին փլված արնաշաղախ խյուսը: Ցանկանում էր անմիջապես եզրակացնել` ՙկյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ գանգոսկրի …… և այլն, և այլն՚, բայց վերջին պահին որոշեց մի քիչ էլ սպասել: Սիրտը շարունակում էր բաբախել, իսկ դա նշանակում էր, որ մարդը դեռևս պաշտոնապես մեռած չէ, այս վերջինն իր հերթին նշանակում էր, որ նրան անհրաժեշտ է օգնություն ցույց տալ:

Հիվանդանոցի ձեռներեց աշխատակիցները հագուստների միջից դուրս քաշեցին Սարգսյանի անձնագիրը, որի օգնությամբ պարզեցին մահամերձի արյան խումբը, իսկ բջջային հեռախոսով զանգահարեցին առաջին իսկ պատահած համարով, որպեսզի ինչ-որ կերպ լուր տան հարազատներին: Օքսանայի խոշոր երկնագուն աչքերը ապշանքից լայնացան, երբ տեսնելով սիրելի շեֆի հարգանք ներշնչող ու միայն մեկ թվով արտահայտված համարը` օտար մարդու ձայն առավ լսափողից: Իսկույն մտածեց, որ նրան ավազակներն են առևանգել. այդպիսի բաներ հաճախ էին կատարվում Մոսկվայում, սակայն քիչ-քիչ հասկացավ եղելությունը, ինչի հետևանքով համարյա կորցրեց գիտակցությունը և միայն երբ նախագահի օգնական Ռուզաննան (մի շատ լավ աղջիկ) նրա երսեին դատարկեց ծաղկամանի ամբողջ ջուրը, վերստին կենդանության նշաններ ցույց տվեց: Կորպորացիան խուճապի մատնվեց: Մինչ այդ Դավիթ Սարգսյանի դիրքներն այնքան անսասան էին եղել, իսկ առողջությունն` այնքան ամուր, որ նրան համարյա թե անմահ էին կարծում: Իսկ հիմա ձեռնարկությունը գլխատված էր, և ժամ առ ժամ սպասում էին վատթարագույնին: Բոլոր գործնական հանդիպումները չեղյալ հայտարարվեցին: Կորպորացիայի կեսից ավելին պաշարեց Շտապ օգնության հիվանդանոցը, որ ինչ-որ կերպ օգտակար լինեն, և նույնիսկ գլխավոր բժշկի ու միլիցիայի միջամտությունը չօգնեց ազատվել այդ համառ մարդկանցից: Դավիթ Սարգսյանը լավ ղեկավար էր եղել, անհրաժեշտության դեպքում ձեռք էր մեկնել բոլորին, ու բնավ զարմանալի չէր, որ մարդիկ ցանկանում էին երախտահատույց լինել: Ճիշտ է, նրանց մեջ կային նաև այնպիսիք, որ սոսկ ձևացնում էին, սակայն անպայման պետք է նշել` աշխատակիցների մեծ մասի զգացմունքները լիովին անկեղծ էին:

Կադրուս Գասպարյանը նույնպես այստեղ էր, արտաքուստ մտահոգ ու սրտացավ, սակայն նրա հիվանդանոցում գտնվելը լոկ մեկ բանով էր պայմանավորված: Կապրի± Դավիթ Սարգսյանը, թե ոչ. սա էր միայն հետաքրքրում նրան: Սկզբնական տեղեկատվությունը հուսադրող էր` հազիվ թե: Հիվանդի վիճակը կայուն էր, բայց` ծայրահեղ վատ, և բժիշկները դժվարությամբ էին կարողանում բացատրել սրտի համառ բաբախյունների պատճառը, որոնք հազիվ լսելի էին, բայց մարմնի մեջ կյանքի առկայության տարօրինակ փաստն էին արձանագրում: Հիմնվելով մի հեղինակավոր բժշկի կարծիքի վրա, ում ախտորոշումը բխում էր իր անմիջական շահերից, Կադրուսը որոշեց, որ այլևս անելիք չունի հիվանդանոցում ու պատճառաբանելով կորպորացիայի աշխատանքի դադարեցման անթույլատրելիությունը` վերադարձավ հիմնարկ:

Շարունակելի...

Malxas
19.11.2010, 14:29
...Շարունակություն

Արմենիան՚ անիվների վրա սլացող ձեռնարկություն էր, և եթե ֆիրմայի յուրաքանչյուր աշխատակից իր տեղում գտնվեր, ապա որոշ ժամանակ կարելի էր կառավարվել նաև առանց նախագահի: Սակայն Կադրուս Գասպարյանն այլ կարծիքի էր: Հրավիրելով արտահերթ ժողով, որին իրենից բացի մասնակցում էին վերը նշված Իվան Իվանիչը, գլխավոր հաշվապահը, ինչպես և իրավաբանական և ֆինանսական վարչությունների պետերը, կորպորացիայի փոխնախագահը կարճ ելույթով բոլորին ապացուցեց ժամանակավոր ղեկավար ընտրելու անհրաժեշտությունը և ի սրտե առաջարկեց Իվան Իվանիչի թեկնածությունը: Բեմականացվեց մի տեսարան, որը ճիշտ և ճիշտ նման էր ՙՊրոֆեսիոնալը՚ ֆիլմի հանրահայտ դրվագին: Բողոքելով այն բանի դեմ, որ ֆրանսիական հատուկ ծառայությունը դավաճանաբար թշնամուն է հանձնում իր անվեհեր սպաներից մեկին` քաջարի Ժոզ Բոմոնին, ծառայության մեկ այլ սպա` Բոմոնի ընկերը` կոմիսար Վալերան հրաժարական է ներկայացնում, որը չի ընդունվում ղեկավարության կողմից: Հետագայում Բոմոնը կատակով Վալերայի երեսովն է տալիս նրա արարքը. ի±նչ է նշանակում հրաժարական ներկայացնել, երբ այն չընդունվելուց հետո էլ ընկերը շարունակում է աշխատել այնպես, ասես ոչինչ էլ չի եղել: Այլ կերպ ասած, մի±թե երկերեսանություն չէ հրաժարական ներկայացնելը, երբ վաղօրոք գիտես պատասխանը: Կադրուս Գասպարյանը նախապես գիտեր Իվան Իվանիչի պատասխանը, սակայն մեծահոգության քողի տակ թաքցրած նրա երկերեսանությունը ոչ ոք չնկատեց: Իվան Իվանիչը կոլեկտիվ ղեկավարելու ձիրք չուներ, փառասիրական ձգտումներ` նույնպես, և անձնական ազատությունը գերադասում էր կորպորացիայի նախագահի ծանր լծից: Ինչ վերաբերում է գլխավոր հաշվապահին ու երկու վարչություննեերի պետերին, ապա նրանք նախանձախնդիր մրցակիցներ էին և ավելի շատ մտահոգ հակառակորդի բարձրացումը կանխելով, քան սեփական բարձրացմամբ: Այսպիսով մնաց ընդամենը մեկ թեկնածու, որը մի քանի րոպե նույնիսկ եռանդագին դիմադրեց, ասաց, որ չի կարողանա այդպիսի մի պատասխանատու պաշտոն ստանձնել, սակայն կոլեգաների քաջալերանքից հետո մի կերպ համաձայնեց ու, սրտի թրթիռը հազիվ զսպելով`իրեն գցեց նախագահական աթոռին:
Միայն տեր Աստվածն ինքը, ով, ինչպես հայտնի է, տեսնում է ամեն ինչ և ավելին` նախապես գիտե ապագան, ականատես եղավ այն նշանավոր տեսարանին, որը տեղի ունեցավ ՙԱրմենիա՚ կորպորացիայի նախագահական առանձնասենյակում, Կադրուս Գասպարյանի և նախագահական աթոռի միջև: Կպչողականությամբ նա առաջ անցավ Քվազիմոդոյից, որն ինչպես հայտնի է, այնպես էր միաձուլվել Էսմերալդայի դիակին, որ հետագայում անհնար էր դարձել առանձնացնել ոսկորներն իրարից: Այն մեծ ու անսասան հավատքը, որը դրսևորվեց երդման անխախտելիության սրբազան ուխտը կնքելիս, բազմաթիվ անգամներ գերազանցեց Միհր աստծուն տրվող բյուր երդումներին, որոնցով ազնիվ հեթանոսները նախկինում հավերժացնում էին իրենց պայմանագրային պարտավորությունները: Հիմա, երբ վերջապես առանձին էին, նոր նրբերանգներով ի հայտ եկավ նաև Կադրուսի սերը, որն իր ուժով առնվազն ավելին էր այն աննշան սերերից, որոնք ռոմանտիկ Ռոմեոն և քաջարի Տրիստանը ծիծաղելիորեն տածում էին Ջուլիետի և Իզոլդայի հանդեպ: Ճիշտ է, դա սոսկ կիսով չափ հաջողված սեր էր, քանզի եթե նախագահի պաշտոնակատարն Աթոռը սիրում էր ամբողջ էությամբ, ապա սույն անգութն առանց խանդավառության ընդունեց նոր տիրոջը և լավագույն դեպքում սոսկ հանդուրժում էր նրան, ինչպես ազնվացեղ ձին է տիրոջ մահից հետո հանդուրժում նոր հեծյալին, երբ անկարող է լինում գահավիժելով հերոսանալ: Սակայն Կադրուսը իրավացիորեն նշանակություն չտվեց անշունչ առարկայի փայտյա անտարբերությանը և մի քանի վայրկյան աչքերը փակ ըմբոշխեց իրականացած երազանքի երջանկությունը: Իսկ հետո ըմբոշխեր նաև այն իշխանակալ երջանկությունը, որն ընձեռում էր կորպորացիայի նախագահի` երազանքից իրականություն դարձած պաշտոնը: Շատ հեռու չգնանք ու սկսենք քարտուղարուհու միջանկյալ սենյակից, որով ցանկացած աստվածակերպ նախագահ անջրպետվում է մահկանացու, ասել է թե` հավերժ ազատման վտանգը գլխին ունեցող աշխատակիցներից: Այս աղջիկն այլևս վատ թաքցրած արհամարհանքով չի ասի` Դավիթ Հայրապետովիչը զբաղված է, նրա կապույտ խոշոր աչքերն այսուհետ ստիպված կլինեն խոնարհվել իր հայացքի տակ, վարդաբույր շուրթերը միմիայն իր կամքը կազդարարեն, ցանկալի ոտքերը սոսկ իր հրամանով կկատարեն բոլոր կարճ թե երկար, բայց գայթակղություն խոստացող ճամփորդությունները, իսկ սիրառատ կուրծքը լոկ իր հանդեպ կրքով կբաբախի ու կթրթռա: Իվան Իվանի°չ, ապաշնո°րհ հարբեցող... Չափից ավելի չի± ստանում բացարձակապես ոչինչ անելու համար: Գլխավոր հաշվապահ ու վարչության պետեր... Սրանք, թերևս, պետքական մարդիկ են, քանի որ անիմաստ պայքարում են իրար դեմ, եզակի ջանասիրությամբ ու զարմանալի պարտաճանաչությամբ հետաքրքիր փաստեր բացահայտում հակառակորդի ճամբարից, նաև` ստեղծում այն կարևորագույն միջանկյալ գոտին, որն առավել ցածրի պաշտոնյային անջրպետում է ՙնորին մեծություն՚ նախագահից: Ռուզաննա, նախագահի խորհրդական և օգնական... Տեսնես ինչո±վ էր օգնում Դավիթ Հայրապետովիչին ու ինչ խորհուրդներ էր տալիս: Այստեղ ամեն բան խիստ կասկածելի է… Հապա նրա եղբայր Արա¯մը, համակարգչային ցանցի ադմինիստրատորը… Վրեժի ցասումը երբեք այդպես ընդգծված չէր արտահայտվել Կադրուս Գասպարյանի դեմքին: Արամը մի թափթփված երիտասարդ էր, ով ամեն անգամ որևէ պատճառաբանությամբ հետաձգում էր սաստիկ երկարած մազերը սանրի հետ ծանոթացնելու հրատապ գործը, հազվադեպ սափրվում էր, իսկ ձեռքով բարևելիս երբեք մարդու երեսին չէր նայում, քանի որ այդ պահին զբաղված էր լինում նրանց համակարգչի մոնիտորի ուսումնասիրմամբ, որպեսզի անպոչ գդալի պես մեջ ընկնի, հարկի-անհարկի խորհուրդներ տա և այլասերելու աստիճան վերափոխի այն գործը, որի վրա բարեխիղճ աշխատակիցը շաբաթներով տքնել էր: Ճիշտ է, բարեփոխումը հիմնականում օգտակար էր լինում, և Արամից բողոքելու առիթ համարյա չէին ունենում: Գարնան ու աշնան անձրևոտ օրերին նա մի բարակ, տեղ-տեղ պատռված ու կեղտոտ վերարկու էր հագնում, որը հավանաբար պատմության թանգարանից կլիներ թռցրած: Ձմռան խստաշունչ օրերին էլ այդ հնամաշ վերարկուով էր, ու երբեք մտքով չէր անցկացնում, որ աշխարհիս երեսին մորթե տաքուկ մուշտակներ կան: Գլխարկ կոչվածի հետ Արամի գլուխը նույնքան անհաշտ էր, որքան խոճկորը` գեղարվեստական մարմնամարզության, իսկ հիմնական հագուկապը ջինսե հնամաշ շորեր էին: Այս վերջինը մարդու և անշունչ առարկայի ամենաբնական զուգորդումը կարելի էր համարել, որը երբևէ տեսնվել է աշխարհի արարման օրվանից: Իր հիմնական գործից բացի Արամը համակարգչային ծրագրեր էր գրում, ձեռի հետ փինում համակարգիչները, բայց իր հանդուգն պահվածքով առնվազն նախարար էր: ՙԱրմենիա՚ կորպորացիայում նույնիսկ Դավիթ Սարգսյանն էր հազվադեպ ուշանում աշխատանքից, բայց ահա Աստծո ընտրյալ Արամը անկողնուց ելնում էր, երբ արթնանար, իսկ արթնանում էր սովորաբար ուշ, քանի որ մինչև գիշերվա չորսը զոդված էր լինում համակարգչին, և գործատեղ էր հասնում, երբ մյուսներն արդեն, ընդմիջման սուրբ ցանկությունը սրտներում, ակնածանքով ժամացույցին էին նայում: Միևնույն ժամանակ, միօրինակ չէր Արամի աշխարհայացքն աշխատանքային օրենսգրքի հարցում: Եթե գործի էր գալիս երկու ժամից ոչ պակաս ուշացած, ապա պարտքը չէր վերադարձնում ավելի երկար մնալով, չնայած ըստ իր քմահաճույքի երբեմն մնում էր և աշխատավայրը թողնում միայն պահակին քնեցնելուց հետո: Ըստ իր սրտի ցանկության` օրն անցկացնում էր այս կամ այն աշխատակցուհու հետ շաղակրատելով, որևէ հիմար խաղ էր խաղում համակարգչով,որով կարևորագույն աշխատանք պիտի արվեր, թեթևամտորեն հռհռում ու շանտաժում էր` օգտագործելով ՙվիրուս՚ ազդեցիկ բառը, գարեջուր էր խմում `շորերին թափթփելով, ծխում էր հնդկական գարշահոտ սիգարետներ ու մոխիրը սովորաբար շաղ տալիս ստեղնաշարին, և դա այն դեպքում, երբ օֆիսում ծխելը կտրականապես արգելված էր. նույնիսկ Դավիթ Հայրապետովիչը չէր խախտում ընդունված կարգը: Բա նրա հանրահայտ չքացումնե¯րը` իբր թե շտապ գործով: Բա նրա մոլագար ձգձգումնե¯րը, որով սարսափ-ֆիլմի արդյունավետությամբ լարվածության մեջ էր պահում ամբողջ անձնակազմը, իսկ վերջնաժամկետից քառորդ ժամ առաջ ցաքուցրիվ էր անում գերխնդիրը, որի լուծման համար մեկ այլ տեղ երկու շաբաթ ժամանակ ու պատկառելի գումար էին խնդրել: Երբեք չէր սիրել Կադրուս Գասպարյանը Արամին: Եվ ինչպե±ս էր Դավիթ Սարգսյանը հանդուրժում նրան: Ի¯նչ մի արդարացում է, թե բոլոր գործերը, միևնույն է, հասցնում է: Ու հասցնո±ւմ է որ: Էդ լակոտը չէ±ր, որ իրեն` կորպորացիայի նախագահին… այսինքն` այն ժամանակ փոխնախագահին, երեք շաբաթ մատների վրա խաղացրեց, մինչև մի աննշան ծրագիր հրամցրեց համակարգչին: Նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացին ու Նապոլեոնը այդպիսի հաճույք չեն զգացել իրենց իշխանությունից, որպիսին զգաց Կադրուս Գասպարյանը, երբ գիտակցեց, որ կարող է տզտզան ճանճի պես ճզմել Արամին: Սարդի անգթությունը նսեմացավ նախագահի պաշտոնակատարի ստոր հոգու առաջ, վիշապի կատաղությունը դադարեց որպես այդպիսին գոյություն ունենալ, իսկ շնագայլը հաճույքով գիտակցեց, որ այլևս ամենանենգ կենդանին չէ աշխարհիս երեսին: Քաղցր բան է վրեժը: Կադրուսը շատ արագ չի իրականացնի ու կվայելի այդ սուրբ զգացման ողջ հաճույքը: Մանավանդ` ավելի հրատապ գործեր կան: Նախ պետք է ամրապնդվել նախագահական աթոռին: Ամրապնդվել ու սպասել նախկին նախագահի մահվան ձևակերպմանը: Պտտվիր, երկրագո°ւնդ, դու հիմա հատկապես Կադրուս Գասպարյանի համար ես պտտվում...

Շարունակելի...

Malxas
20.11.2010, 17:06
Հետագայում բոլորն էին հիշում. այդ օրերին Կադրուս Գասպարյանի փոխակերպությունն այնքան ակնառու էր, որ դա իրենց կաշվի վրա զգացին ձեռնարկության բոլոր աշխատակիցները: Իվան Իվանիչը չէր հասկանում, թե իրենից ինչ է ուզում նախագահի պաշտոնակատարը ու տարակուսած թթվել էր թղթերի մի կույտի վրա, որից դժվար թե երբևէ գլուխ հաներ: Օքսաննան կոնկրետ առաջարկություն ստացավ նրանից, և ըստ էության դեմ չէր լինի, սակայն իր մտահորիզոնի սահմաններում բարոյականություն ուներ աղջիկը. ընդամենը մի քանի օր էր խնդրում, որ նախկին նախագահի մահը գոնե իրականություն դառնա: Ռուզաննան նույնպես այդպիսի առաջարկություն ստացավ, սակայն երկիմաստ շեշտով, որը տգեղորեն ակնարկում էր նրա ու Դավիթ Սարգսյանի երբևէ գոյություն չունեցած մտերմիկ կապը: Նախագահի օգնականը ստիպված եղավ երկրորդ անգամ օգտագործել ծաղկամանի ջուրը, որը ոչ պակաս վարպետությամբ, քան Օքսանայի դեպքում, ուղիղ Կադրուսի դեմքին շփեց: Սակայն այս փոքրիկ պարտությունը չանդրադարձավ նախագահի պաշտոնակատարի տրամադրության վրա: Մտածելով, որ դա հետագա անձնատվության կանխավճարի յուրօրինակ ձև է և Օքսանայի առկայությամբ չարժե ժամանակ վատնել ծուռ ոտքերով այդ քնձռոտի վրա, Կադրուսը արհամարհաբար թափ տվեց ձեռքը: Կամավոր իր ոտքերը կընկնի, երբ հաշվեհարդար տեսնի նրա եղբոր հետ:

Այսպես հետաձգելով այդ ոչ հրատապ գործը` Գասպարյանը անդրադարձավ այլ խնդիրների: Դիցուք. միջամտեց բարձր պաշտոն զբաղեցնող այն աշխատակիցների կյանքին, որոնք շատ թե քիչ դողում էին ֆիրմայում ունեցած իրենց դիրքի վրա: Չափազանց պարարտ հող գտավ այդտեղ: Կադրուսի ականջները լայնորեն բացված էին բոլորի համար: Առանձին-առանձին լսում էր յուրաքանչյուրին, ընդգծում, որ հատկապես խոսակցի բարեկամն է և անկեղծորեն հավաստիացնում, որ իր նախագահ դառնալու դեպքում փոխնախագահի պաշտոնը երաշխավորված է հենց նրա համար: Հետո բարեկամաբար խորհուրդ էր տալիս զգույշ մնալ կորպորացիայի մի քանի նենգ աշխատակիցներից և զգուշացումն ամրագրելով մի քանի զարհուրելի պատմություններով` փիլիսոփայաբար տմբտմբացնում էր գլուխը:

Մարդկայաին երևակայությանը հասանելի ամենակարճ ժամանակամիջոցում կորպորացիայի մթնոլորտը ծայրաստիճան թունավորվեց: Պարզամիտ աշխատակիցները չէին կարողանում հասկանալ, թե ով է իրենց թշնամին և ով` բարեկամը: Ամենաանմեղ արարքները մեկնաբանվում էին որպես չարամիտ գործողություններ, որոնք պատմվում էին տարբեր մակարդակներում ու հրեշավոր չափեր ընդունած` վերադառնում ելման կետ: Բոլորը սկսեցին վախենալ. Դավիթ Սարգսյանը շուտով լավագույն աշխարհ կտեղափոխվի, ու նոր նախագահը հավանաբար մեծ ջարդ կսկսի աշխատակիցների շրջանում: Ամենավատը անհովանավոր ու անպաշտպան աշխատակիցների վիճակն էր: Ստորաբաժանումների հատուկ հանձնարարություն ստացած ղեկավարները, որոնք նույնպես դողում էին ունեցած տաքուկ տեղերի համար, հոգեբանական ծանր գրոհ էին սկսել անճարների դեմ և ամենաչնչին զանցանքն իսկ պատրվակելով` գործի համար անպիտան էին հայտարարում նրանց ու բարեկամաբար խորհուրդ տալիս սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, իսկ դիմադրության դեպքում սպառնում դժոխքի բոլոր սարսափներով: Կադրուս Գասպարյանը ուրախ-ուրախ շփում էր ձեռքերը: ՙԱրմենիայում՚ լավ էին վճարում: Ապագա նախագահը հույս ուներ անպաշտպան զոհերի հաշվին իր կադրերին բերել և կլորիկ գումար վաստակել այդ տպավորիչ քայլով: Հեռավոր Հայաստանում, նույնիսկ այստեղ` Մոսկվայում, հնարավոր էր հավաքագրել թեկնածուների հոծ բանակ, որոնք պատրաստ էին վճարել համապատասխան պաշտոնի համար: Հատուկ հանգանակում էր նախատեսված նաև այն մարդկանցից, որոնք հենց կազմակերպության ներսում պետք է պաշտոնի առաջխաղացում ունենային: Սակայն ամեն ինչ չէ, որ լավ ընթացավ Կադրուսի համար: Երկու բան մթագնեցին նախագահի պաշտոնակատարի տրամադրությունը, որ հատկապես վառ էր պսպղում բանսարկությունների հրաշք բույլի մեջ: Առաջինը բաց առճակատումն էր ցանցերի ադմինիստրատորի հետ, որն ընթացավ բազմաթիվ ականատեսների աչքի առաջ և ավարտվեց բանսարկու ղեկավարի բացահայտ պարտությամբ: Գասպարյանը որոշել էր պաշտոնի շլացուցիչ ուժով շշմեցնել զոհին, ապա ստորացնել նրան կոլեկտիվի առաջ, սակայն անսպասելի դիմադրության հանդիպեց, որը շուտով արագ ու փայլուն հակագրոհի վերածվեց և քայլ առ քայլ փոշիացրեց Կադրուս Գասպարյանի անսասան թվացող դիրքերը: Ընդ որում, ամբողջ առճակատման ընթացքում, կեղտոտ ջինսերի մեջ ամփոփված այդ գջլոտը շարունակում էր ծխել իր գարշահոտ հնդկական սիգարը, որի մոխիրը մի քանի անգամ լկտիորեն թափ տվեց հատակին, և այնպես սպառնալից էր բռնել, ասես պատրաստվում է հանգցնել նախագահի պաշտոնակատարի դեմքին: Ճիշտ է, Գասպարյանն իր սենյակը նահանջելուց առաջ հայտարարեց, որ ընդդիմախոսն ազատված է աշխատանքից, բայց Արամը այդպես էլ ոչ մի տեղ չգնաց, ու ոչ ոք չհանդգնեց նրան մի խոսք ասել: Սակայն մի քանի ժամ շենքում թրև գալուց հետո համակարգիչների ցանցի ադմինիստրատորը եկավ եզրակացության, որ իրեն պետք է խնդրեն, որ բարեհաճի գործի գալ և կգա միայն այն ժամանակ, երբ շա¯ա¯ա¯տ կխնդրեն: Ու գնաց...


Երկրորդը հիվանդանոցից ստացված լուրն էր: Դավիթ Սարգսյանը համառորեն հրաժարվում էր մեռնել: Գլխավոր բժիշկն անձամբ զանգահարեց ու տեղեկացրեց դրա մասին: Միևնույն ժամանակ նշվեց` հիվանդի դրությունը մնում է ծայրահեղ ծանր: Քսանչորս ժամվա ընթացքում հավանաբար հրաժեշտ կտար կյանքին:


ՙԱրմենիա՚ կորպորացիան զբաղվում էր Հարավամերիկյան երկրներից սուրճի մեծաքանակ ներկրումով և լուրջ կապեր էր ստեղծել այդ տարաշխարհիկ մայրցամաքում: Դավիթ Սարգսյանը հաճախ էր Կոլումբիա կամ Բրազիլիա մեկնում` վերադարձին զանազան հետաքրքաշարժ մանրամասներ պատմելով երկրամասերից, որտեղ եղանակը տաք էր, մարդիկ` անհոգ, իսկ անանասն ու մանգոն բոլորովին ուրիշ համ ունեին, քանի որ թարմ էին: Այնուամենայնիվ, մրգերի համը չէ, որ զարմացրել էր Կադրուսին, այլ` անասելի էժանությունը: Մեկ դոլարով կարելի էր տասը անանաս գնել կամ հարյուր կոկոս, որոնք կենարար ու զովացուցիչ հեղուկ էին պարունակում: Միշտ սահմանափակ էր համարել Սարգսյանին, որի երևակայությունը սև սուրճից այն կողմ երբևէ չէր անցնում, և լրջորեն նպատակադրվել էր ուղղել նրա սխալները: Առաջիկայում հանդիպումներ էին սպասվում մատակարարների հետ, այնպես որ, դրա մասին ակնարկ անելը դժվար չէր:

Պետք է ասել, որ ժամանակացույցը սեղմ էր: Կադրուսը կարճ ժամկետում պետք է խնդիրներ հարթեր, որոնք շտապ լուծում էին պահանջում, քանի որ առանց այն էլ հետաձգվել էին: Դավիթ Սարգսյանը Գասպարյանին միշտ հեռու էր պահել ձեռնարկության արտաքին աշխարհից, իսկ նրա գործունեությունը ՙԱրմենիայում՚ սահմանափակվել էր տեղի խանութներին ապրանք մատակարարելով: Հիմա ծայրահեղ զգաստություն էր պահանջվում Կադրուսից, հակառակ դեպքում կարող էր վրիպում թույլ տալ և հեղինակությունը կորցնել դեռևս իշխանության քաղցրությունը չճաշակած: Պետք է ասել, որ նա լրջորեն պատրաստվեց այդ հանդիպումներին: Օքսաննան մանրամասն ներկայացրեց, թե հարավամերիկացի որ գործարարի հետ որտեղ է առավել հարմար հանդիպել, նշեց նրանց խառնվածքներն ու թուլությունները, և Կադրուսն առաջին անգամ զարմանքով նկատեց, որ քարտուղարուհին արտաքին գրավիչ տարբերանշաններից զատ` գործին խիստ օգտակար տեղեկատվության է տիրապետում: Իսկը տեղին էր Ռուզաննայի բանիմացությունը, ով կատարելապես գիտեր գործարքների բոլոր նրբությունները և ուշադրություն հրավիրեց այնպիսի մանրուքների վրա, որոնք ի մի բերվելով` արդյունք էին դառնում: Կադրուսը հանգամանալից զրուցեց ձեռնարկության մյուս աշխատակիցների հետ ևս, որոնք իր կարծիքով այս կամ այն կերպ կարող էին օգտակար լինել: Ընդհանրապես, ՙԱրմենիան՚, որի ներքին կյանքն ամենառեկորդային արագությամբ քայքայվել ու բարոյազրկվել էր, մեկ բռունցք դարձած դիմավորեց արտաքին դժվարությունները: Նույնիսկ ամենաանպաշտպան ու հովանազուրկ աշխատակիցները, որոնց աշխատանքային խորտակում էր սպասում մոտագույն ապագայում, անթերի կատարեցին գործի իրենց մասը: Թե ինչի վրա էին հույս դրել այդ պարզամիտները, հայտնի չէ: Կադրուսը մտքում չարախնդում էր: Գուցե այդ ապուշներն Աստծուն էին ապավինել, ով երբեք էլ թույլերի պաշտպանը չի եղել, չնայած քրիստոնեական վարդապետության անշեղ հավաստումներին ու հորդորներին: Ինչևէ, դա այնքան էլ կարևոր չէր: Կադրուսը ձեռնարկությանը նայում էր որպես շախմատի տախտակի, իսկ մարդկանց` ֆիգուրների, որոնց իր հայեցողությամբ որոշել էր զոհաբերել կամ փոխանակել: Ի դեպ, կար մեկը, ով, ինչպես և ձեռնարկության մյուս անդամները, խաղատախտակի վրա էր, բայց ֆիգուրների շարքերում չէր հաշվվում: Մեզ քաջածանոթ ծրագրավորող-ցանցի ադմինիստրատորն էր: Դրժելով իր իսկ խոստումը նա չէր սպասել, որ խնդրեին և այն էլ շա¯ա¯ա¯տ, այլ ներկայացել էր` ասես ոչինչ չի պատահել: Նրա ուղիղ ժամը իննին աշխատանքի ներկայանալը պետք է որ կասկածի առիթ տար, բայց սոսկ արհամարհալից ժպիտ հարուցեց շատերի շուրթերին: Այնուամենայնիվ, այնքան էլ քաջ չէ տղան. շտապեց սպիտակ դրոշ բարձրացնել: Բայց այն բանից հետո, երբ Արամը մի քանի ժամ ջրիկություն արեց Օքսանայի հետ, հատակն ու ստեղնաշարը աղտոտելու գնով խմեց իր գարեջուրն ու ծխեց գարշահոտ հնդկական սիգարետները, ապա ջերմ բարեմաղթանքներ շռայլելով` անհետացավ, պարզվեց` որոշ համակարգիչներ այլևս աշխատանքի պիտանի չեն: Իհարկե, հասկացան, թե բանն ինչ է, փորձեցին բերման ենթարկել Արամին, բայց` ոչ մի արդյունք: Խոստացավ գալ ու անդրադառնալ խնդիրներին, բայց այդպես էլ չճշտեց, թե հատկապես երբ: Կադրուս Գասպարյանը կատաղել էր: Շարքից դուրս եկածների թվում նաև իր անհատական համակարգիչն էր, ու նա ոչ մի կերպ չէր կարողանում կարգի հրավիրել այդ լկտիացածին:

Անճարությունից նա իր մոտ կանչեց Գևորգ Գևորգյանին` կորպորացիայի անվտանգության ծառայության պետին, ու հրամայեց թեկուզ գետնի տակից գտնել Արամին և ատրճանակը ճակատին դեմ տալու փորձված միջոցը կիրառել: Սակայն Գևորգը խելացի մարդ էր, բացի այդ` նրան բոլորովին դուր չեկավ նախագահացուի ծայրահեղական կեցվածքը: Գայլի պես ուզում է խժռել բոլորին, բայց չգիտես ինչու նյարդայնանում է, երբ մարդիկ չեն ցանկանում ոչխար լինել: Բացատրելով, որ սպառնալիքը գործին օգուտ չի տա, քանի որ Արամն անընդունակ է հասկանալ, թե ինչ բան է ատրճանակը, անվտանգության պետը հեռացավ: Քիչ անց նա հիշեց նաև, որ իր անմիջական պարտականությունը ոչ թե նախագահացուի, այլ նախագահի անվտանգությունն ապահովելն է, ու մեկնեց հիվանդանոց:

Malxas
27.11.2010, 15:16
...Շարունակություն

Կադրուս Գասպարյանի առաջին գործնական հանդիպումը Օսվալդո Ագրեստայի` կոլումբացի քառասնամյա թխահեր գործարարի հետ էր, Մոսկվայի մի շքեղ ռեստորանում: Կադրուսը մեծ դժվարությամբ զսպեց իրեն, որ չափից ավելի չտարվի թանկարժեք խորտիկների բազմազանությամբ, շլացուցիչ միջավայրի արբեցուցիչ բույրով և չքնաղ մատուցողուհիների համակրելի ոտքերով, որոնք բնավ չէին զիջում, իսկ երբեմն նույնիսկ գերազանցում էին Օքսաննային` զուտ քայլելու համար տրված վերջույթների սլացիկությամբ: Բարեբախտաբար թխահեր զրուցակիցը ոչ մի անբնական բան չէր նկատում նախագահի պաշտոնակատարի վարքագծի մեջ: Վարժ շարժումներով կուլ տալով սաղմոնի լավ մանրացված կտորները և հազիվ տեսանելի ումպերով ճաշակելով ֆրանսիական սպիտակ գինին` սինյոր Ագրեստան բարեհոգի ժպտում էր և այնպիսի վարպետորեն խաղացված անտարբերությամբ էր առաջարկում սուրճի նոր տեսակների հսկայական խմբաքանակները, ասես խոսքն այն մեկ գավաթ սև սուրճի մասին էր, որը հերթական երկարոտն գեղեցկուհին նրանց խնդրանքով սեղանին էր դրել: Սկզբունքորեն խոսքը բարդ բանի մասին չէր: Սինյոր Ագրեստան քիմիական անիմաստ միացությունների մասին չէր պատմում, որոնց սոսկ անվանումից Կադրուսի ճնշումը կարող էր բարձրանալ, և հարաբերականության տեսության բացահայտման ու բարդ մատրիցաների լուծման արդյունքում չէր ստանում սուրճը, որն այնպես անփութորեն էր առաջարկում, ասես դրա դիմաց չէր ստանալու ամերիկյան կանաչավուն դոլորները, որոնք առանձնապես գերադասում էր մնացյալ արտարժույթին: Սակայն երբեմն դժվար է լինում ճիշտ լուծում տալ ամենապարզ բաներին: Գնե±լ սուրճը և զգալի շրջանառու միջոցնե±ր զբաղեցնել:

Սխալվելու դեպքում դա կարող է մեծ հոգս դառնալ: Հրաժարվե±լ գործարքից: Իսկ եթե մյուս ձեռնարկությունները հոտն առնեն ու առաջ ընկնեն: Կադրուսը մոտավորապես հայտնվել էր Լյուդովիկոս Տասներեքերորդի վիճակում, երբ կարդինալ Ռիշելյեն իր կարևորությունը շեշտելու նպատակով պատրվակ էր բերել օրեցօր ծանրացող հիվանդությունը և հրաժարվում էր ղեկավարել պետությունը: Ուժերը դավաճանեցին Գասպարյանին: Ուղեղում խառնաշփոթ էր: Ոչ մի կերպ չէր կարողանում մտաբերել իր օգնականների իմաստուն խորհուրդները, ասենք մտաբերելու դեպքում էլ դժվար կարողանար կանոնակարգված օգտվել դրանցից: Գլխում լոկ անանասի ու կոկոսի մասին մտորումներն էին, որոնք դեռ առավոտյան խելացի էին թվում, իսկ հիմա ծիծաղելիորեն ամոթահար էին անում նրա կաթվածահար գիտակցությունը…


Հիմնարկում Կադրուս Գասպարյանն, իհարկե, այլ նրբերանգով ներկայացրեց հանդիպման մանրամասները: Ըստ նրա վարկածի` նեղն էր լծել հարավամերիկյան գործարարին և խելամտորեն հրաժարվել արկածախնդրության գնալուց. այլ կերպ ասած` կտրականապես մերժել էր: Աշխատակիցներից շատերը տարակուսած էին, բայց ոչ ոք չհակադրվեց նոր պետին: Միայն Ռուզաննան հպանցիկ նկատեց, որ պետք չէր այդպիսի պատասխան տալ: Պարզապես, երբ բանը վերաբերում է հարավամերիկացի գործարարներին, հարկավոր է նրանց առաջարկածը տասի բաժանել ու նոր միայն սկսել բանակցությունները… Ինչևէ, շատ չծավալվեցին այդ մասին: Կուտակված գործերը ժամանակի շքեղություն թույլ չէին տալիս: Պետք էր մաքսազերծել սուրճի նոր խմբաքանակը, ստուգել բանկային հաշիվներն ու փոխանցումները, կարգի հրավիրել այն հաճախորդներին, որոնք ուշացնում էին վճարը և ամեն ինչ թյուրիմացությանը վերագրում: Մի խնդիր էլ կար, և Կադրուսը դա առանձնակի հրատապ էր համարում. իր անվտանգությունն ապահովելու հարցն էր: Գևորգյանը հիվանդանոց էր տարել իր ամբողջ զորքը: Դե պարզ է, ամենաշատը պիտի աղոթեր, որ Սարգսյանն այն աշխարհ չգնա, քանի որ` մյուսների գնալ-մնալն` իր հերթին, իսկ նրա հարցը պարզ էր արևի շողի պես: Նոր պետը նոր թիկնապահ է ունենում, որը համատեղում է նաև վարորդի պարտականությունները. սա չգրված օրենք է բոլոր հիմնարկներում: Այդ հրատապ վականսիայի միակ թեկնածուն Բալասան Օրդուխանյանն էր` Կադրուսի համագյուղացին, ևս մեկ ճարպիկ բանսարկու, ով իր իսկ աչքում մարդ երևալու գերխնդիր ուներ: Բալասանն անթերի էր հագնվում, դեմքը ջանասիրաբար ածիլում էր ու տեղ-տեղ կտրում, առատորեն ցողվում թանկարժեք օծանելիքով, որի անտանելի հոտը վտանգի պահին թերևս ավելի պիտանի լիներ, քան Կոլտ կոչվող ատրճանակը, որ ցուցադրաբար կախել էր գոտուց: Կադրուսին նա հմայել էր իր շլացուցիչ տեղեկացվածության հորձանքով: Այդ տեղեկությունները լավագույն դեպքում քառորդ մասով էին համապատասխանում իրականությանը և, բացի այդ, խճողված էին Բալասանի անձնական դատողություններով ու կասկածամիտ երևակայությամբ: Հարկ եղած դեպքում նույնիսկ մարդասպան կարող էր վարձել, այդպես էր հավաստիացրել Գասպարյանին, իսկ առայժմ ողջ ուժով լծվեց լրտեսական աշխատանքին: Օրդուխանյանը հաճույքով մասնակցում էր կոլեկտիվի խոսակցություններին, ավելի հաճույքով` ականջ դնում, իսկ տնօրենի առանձնասենյակում ամբողջը վերաարտադրում էր առանց իր սկզբունքներից հրաժարվելու: Այլ կերպ ասած, ճշմարտություն երբեք չէր գերազանցում նյութի քսանհինգ տոկոսը: Բալասանն արագորեն գործունեության դաշտն ազատեց մրցակիցներից` նրանց այնպիսի դաժան պարտության մատնելով, որ դժվար թե այլևս ուշքի գային: Վարչության պետերն ու գլխավոր հաշվապահը խիստ վիրավորված էին, որ իրենց ականջ դնող այլևս չկա: Օքսաննայի միակ պարտականությունը սուրճ եփելն ու բարեմասնությունները ցուցադրելը մնաց, իսկ Ռուզաննան և Իվան Իվանիչը լիովին անպետքացան. նրանց գործառույթներն էլ ստանձնեց ամենահաս Բալասանը: Կադրուս Գասպարյանն առաջադրանքը առաջադրանքի հետևից էր տալիս: Եռանդաշատ ստորադասը փայլուն կերպով կատարում էր: Նախագահը մի գործ այնուամենայնիվ վախենում էր հանձնարարել, բայց թուլության մի պահի անկեղծացավ ու ամեն ինչ պատմեց Արամի մասին, որի ստոր արյունը թափելը իր նախագահական արժանապատվությունից ցածր էր համարում: Թիկնապահի ինքնավստահությունը հույս էր ներշնչում, իսկ վճռական կեցվածքն` ապահովում լավատեսության բոլոր հիմքեր: Այդ լակոտի ցերեկով անցած ճանապարհները Բալասանը գիշերով էր անցել, և անթիվ անհամար էին եղել նման ձկները, որ իր սարսափելի ձեռքի տակ պահածո էին դարձել: Միայն թե Մոսկվայից ծլկած չլինի: Թե Արամն ինչու պիտի փախչեր Բալասանը չմանրամասնեց, բայց ամբողջ տեսքով ցույց էր տալիս, որ հատկապես իր նշանակման պատճառով պետք է կատարած լիներ այդ նշանավոր գործողությունը:


Ոչ ոք անմիջապես չճանաչեց մաքուր լողացած, երեսը խնամքով ածիլած ու մազերը կոկիկ սանրած քսանհինգամյա երիտասարդին, ով հաջորդ օրը աշխատանքի ներկայացավ ուղիղ ժամը իննին: Նույնիսկ տեր Աստված կզարմանար նրա հագին չտեսնելով հնամաշ վերարկուն: Ռուզաննան սրտանց ծիծաղեց` այդպիսի անսովոր վիճակում տեսնելով եղբորը, իսկ Օքսաննան գործնականորեն եզրակացրեց, որ տղան բոլորովին էլ զուրկ չէ հմայքից: Կես ժամում Արամը վերացրեց համակարգչային բոլոր թերությունները, օրվա ընթացքում լուրջ պահեց իրեն, սիգարետ ու գարեջուր չօգտագործեց, կարգապահորեն մնաց մինչև ժամը վեցը, իսկ ընդմիջմանը դուրս գալու համար պատկառանքով թույլտվություն խնդրեց Բալասանից: Նորանշանակ թիկնապահի հեղինակությունը առասպելական չափերի հասավ, քանի որ սա աշխարհի երեսին քայլող միակ մարդն էր, ով կարողացել էր որևէ ազդեցություն ունենալ Արամի վրա: Ճիշտ է, նկարագրվող գործողություններից երկու օր անց, ամենապատասխանատու մի պահի, խափանվեց գլխավոր սերվերը, իսկ ևս մեկ շաբաթ անց սկսեցին տարօրինակ բաներ կատարվել հաշվապահական ծրագրերի հետ: Սակայն ոչ ոք միտում չտեսավ: Արամը բարեխղճորեն կարգավորեց ամեն ինչ, իսկ ամբողջ ժամանակ նրա կողքին նստած Օրդուխանյանը լրջորեն խորհուրդներ էր տալիս, հուշում, թե հատկապես որ կոճակը պետք է սեղմել և որ հրամանը գործի դնել: Բալասան Օրդուխանյանը հանձն առավ զբաղվել Սարգսյանով ևս ու ամենասփոփիչ լուրը բերեց: Նախկին նախագահը դեռ վերակենդանացման բաժնում էր և ուշքի չէր գալիս: Բալասանն այնպիսի տոնով ասաց, որպիսին կարող է ունենալ սոսկ այն մարդը, ով անձամբ էր տեր Աստծո հետ պայմանավորվել Սարգսյանի այն աշխարհ տեղափոխվելու կապակցությումբ: Ինչևէ, նախկին նախագահի մասին այլևս չխոսեցին: Ինչքան սիրտը կուզի թող պառկի վերակենդանացման բաժնում. երբ մեռնի շքեղ թաղում կկազմակերպեն:


Հավատարիմ ու ձեռներեց օգնականի հայտնվելուն պես Կադրուս Գասպարյանի գործերը սկսեցին լավանալ: Ամեն ինչի մասին խորհրդակցում էր նրա հետ: Շախմատի տախտակն այլևս բազմազան ֆիգուրներ չէին զարդարում: Կար լոկ արքան` Կադրուս Գասպարյանն էր, թագուհին` Բալասան Օրդուխանյանը, իսկ մյուս աշխատակիցները սոսկ զինվորներ էին, որոնք, ինչպես հայտնի է, միայն առաջ են գնում, և զուտ պետք է ուշադիր լինել, որ մեկնումեկը հանկարծ չհասնի ութերորդ հորիզոնական: Բալասանի պարագայում, որ տասը զույգ ձեռք, հարյուր զույգ աչք և հազար զույգ ականջ ուներ, դեպքերի նման ընթացքը բացառվում էր, այնպես որ, մնում էր ամբողջ ուժով նետվել նյութապաշտ աշխարհի հորձանուտը ու երկաթյա կամքով հաստատվել այնտեղ: Ճիշտ է, շախմատային տախտակի վրա կար ևս մեկը, որ ոչ ֆիգուր էր, ոչ էլ զինվոր: Նրան ավելի ճիշտ կլիներ ծաղրածուի դերը վերագրել, իսկ եթե անպատճառ զինվոր, ապա` յոթերորդ վտանգավոր հորիզոնականին սպառնալից կանգնած…


Կադրուս Գասպարյանը մեկ տասնյակ գործնական հանդիպումներ ունեցավ, որոնք, իր և Օրդուխանյանի կարծիքով, փայլուն անցկացրեց և առնվազն կեսին համարձակորեն առաջ քաշեց անանաս և կոկոս ներմուծելու սևեռուն գաղափարը: Ոմանք դա ըմբռնումով ընդունեցին, և Կադրուսն արդեն գործուղման կոնկրետ ժամկետներ էր ճշտում, որպեսզի այցելի Էկվադոր և Բրազիլիա և անձամբ ընտրի այն երջանիկ պլանտացիան, որն իր կազմակերպությանն անանաս ու կոկոս մատակարարելու շնորհը պիտի ստանար: Ուրախ էր և ձեռներեց թիկնապահը: Գասպարյանը խոստացել էր հետը Ռիո դե Ժանեյրո տանել, և նա Օստապ Բենդերից պակաս ոգևորված չէր այդ կապակցությամբ: Ի դեպ, գործարար զույգը արժեքների վերագնահատում էր կատարել և այնաստիճան ամբարտավան դարձել, որ Մոսկվան արդեն ոտքերի տակ ընկած էին համարում ու չինգիզխանյան հաստատակամությամբ որոշել էին նվաճել Հարավային Ամերիկան: Եվս ինչ-որ չնչին մեկ շաբաթ` և խանդավառ ուխտագնացները կուղևորվեին նոր աշխարհներ հայտնաբերելու, ուր շոկոլադաբույր մուլատուհիների և կոկոսահամ կրեոլուհիների կանչող ժպիտների ներքո կյուրացնեին մայրցամաքը: Տեսնելով նրանց գործողությունների սլացիկությունը` Էռնան Կորտեսն այն եզրահանգման կգար, որ կրիայի արագությամբ է նվաճել Մեքսիկան, և խիստ կամաչեր դրանից: Ֆրանսիսկո Պիսարոյի մասին նույնիսկ հարկ չենք համարում ակնարկել: Խիստ աննշան անձնավորություն է Կադրուս Գասպարյանի ու Բալասան Օրդուխանյանի համեմատությամբ: Ճիշտ է, Պիսարոն նվաճել էր Պերուն, իսկ Բալասանն առայժմ ընդամենը Ռիո դը Ժանեյրո մեկնելու տոմս էր գնել, բայց ամեն ինչ ժամանակի հարց էր: Մի փոքր համբերություն միայն… Իսկ մինչ Հարավային Ամերիկա մեկնելը Կադրուս Գասպարյանը զբաղվեց հիմնարկի ընթացիկ գործերով, ճշտեց ու վերաճշտեց կադրերի ցուցակը, շողոքորթներին ու ճարպիկներին առաջքաշման ծրագրի մեջ առավ, անլեզու ազնիվներին ու գլուխը կախ խելոքներին ՙպրոսկրիպցիաների՚ մեջ անցկացրեց, ձեռքերը հաճույքով շփեց` մտածելով ակնկալիք գումարի մասին, հիշեց, որ մի վերջին գործարար հանդիպում էլ ունի և նեղսրտած` սեղանին նետեց ձեռքի թանկարժեք գրիչը: Զզվացրի¯ն այդ հարավամերիկյան կապիկներն իրենց միօրինակ սուրճով: Մի±թե այդքան անընդունակ են այլ բանի մասին մտածելու: Անանասով ու կոկոսով բեռնված հսկա նավերն այնաստիճան էին գրավել Կադրուսի ուշքն ու միտքը, որ սկսել էր հակակրանք զգալ սուրճի հանդեպ, նույնիսկ դադարել էր խմել. ի վերջո, վնասակար է առողջությանը… Այնուամենայնիվ որոշվեց ընդունել մի վերջին կիսասևամորթի և օգտվելով առիթից` պորտը տեղը դնել: Կոլումբացի գործարարի, ավելի ճշգրիտ` Խորխե Ասեվեդոյի մասին, ոչինչ չգիտեին: Նույնիսկ ամենագետ Բալասանն էր հրաժարվում տեղեկություն տրամադրել: Եթե Գասպարյանը խելամտություն ունենար իջնելու իր կիսաստվածային բարձունքից, ապա ոչ այլուր, քան սեփական հիմնարկում կտեղեկանար, որ ժամանակին Դավիթ Սարգսյանը բազմաթիվ անգամներ մերժել է համագործակցության նրա թախանձագին առաջարկները: Բայց եթե Բալասանը չգիտի,էլ ով կարող է իմանալ` եզրակացրեց նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը: Միանշանակ սխալ է հանդիպել մի մարդու հետ, ում ով լինելը չգիտես: Բայց հարավամերիկացիների հետ հանդիպումները սովորական բան էին դարձել Կադրուսի համար, նույնիսկ սկսել էր նրանց վերևից նայել: Հիմա այդ կապիկները մեծ բան չէին նրա համար: Իսկ այս վերջինի վրա նույնիսկ ռեստորանային ծախս չարվեց: Դոն Խորխե Ասեվեդոն` հիսնամյա գանգրահեր գործարարը, ամբողջ մեկ ժամ համբերատար սպասեց ընդունարանում:


Շարունակելի...

Malxas
27.11.2010, 15:17
Օքսաննան արդեն ինքն էր սկսել անհարմար զգալ նման անքաղաքավարությունից, իսկ ճշմարտությունն այն էր, որ Կադրուս Գասպարյանը նույնիսկ զբաղված էլ չէր: Ամբողջ ժամանակ նա իր հավատարիմ շան մեղրածոր շուրթերից հաճոյախոսություններ էր լսում, իսկ կոլումբացու մասին իբր պատահաբար էին հիշում քառորդ ժամը մեկ և այնպես ցուցադրաբար էին իսկույն մոռանում նրան, ասես մեկը կողքից ստուգում էր իրենց պատկառելիության մակարդակը:

Օքսանան արդեն երրորդ բաժակ սուրճն էր հրամցնում սինյոր Ասեվեդոյին, երբ հարգամեծար նախագահի պաշտոնակատարը շնորհ արեց ընդունել նրան: Կադրուս Գասպարյանը մեծ վարպետությամբ խաղաց բազմազբաղ մարդու դերը, որը դեռ շարունակում է մինչև կոկորդը խրված մնալ անհետաձգելի գործերի մեջ ու հրաշքով ավելորդ րոպե էր հայթհայթել, որ մի կերպ հագուրդ տա պնդերես հյուրի աննրբանկատ ներխուժմանը: Ընդունելությունն ընդգծված սառն էր: Դա նույնիսկ ամենապարզամիտ մարդը կզգար, սակայն Դոն Խորխեն ուշադրություն չդարձրեց տանտիրոջ անհյուրընկալ կեցվածքին և համբերությամբ սպասեց մինչև խոսքի հերթն իրեն կգար: Սինյոր Ասեվեդոն հեռվից սկսեց: Լսել էր, որ ՙԱրմենիա՚ կորպորացիան հետաքրքրված է հարավամերիկյան սուրճի ներկրմամբ և կցանկանար համագործակցություն առաջարկել: Չնայած նրան, որ հյուրը խոսել էր կարճ և բնավ շատախոսության մեղքին չէր ենթարկել իր անձը, ինչի գայթակղությունից չէին կարողանում խուսափել նրա համաերկրացիներից շատերը, Կադրուս Գասպարյանի համբերությունը տեղնուտեղը սպառվեց: Թող էլեկտրոնային փոստով ուղարկի գնացուցակը` կարճ կապեց իր տրամադրության վայրկյան իսկ չունեցող նախագահը և ճամփու դնող ժպիտով աչքերը չռեց հյուրի վրա: Բայց զարմանալի մարդ էր երևում Խորխե Ասեվեդոն: Կադրուս Գասպարյանի այս արարքն էլ չտեսնելու տվեց ու բավական լուրջ տեսքով հայտարարեց, որ բացի սուրճից մրգերի վերաբերյալ էլ է ցանկանում համագործակցել, իսկ գնացուցակն ուզում է քննարկել անհապաղ` այս վայրկյանիս: Ասենք, մրգերը` մրգեր, կոկոսն ու անանասը չես համեմատի սուրճի հետ, բայց մեկ է, կիսասևամորթ կապիկի արարքն ցանկացած խելամիտ շրջանակից դուրս լկտիություն էր: Բալասանը դոն Ասեվեդոյին նայեց այնպիսի ցասկոտ ու համբերահատ զարհուրանքով, որով հավանաբար Վասակ Մամիկոնյանն էր նայել Արշակ Երկրորդին այծերի թագավոր անվանած պարսիկին: Թվում էր մի քիչ էլ` ու ներս կկանչի այն վարձու մարդասպաններից մեկին, որոնց հետ իր ծանոթությամբ ժամանակին այնքան մեծ տպավորություն էր գործել Կադրուսի վրա: Զարհուրեց և Կադրուսը ու բնավ չթաքցրեց իր անբարյացակամությունը, սակայն զարմանալի, շա¯ա¯ա¯տ զարմանալի մարդ էր երևում դոն Խորխո Ասեվեդոն: Տանտերերի սպանիչ հայացքների ներքո, ինչը տվյալ դեպքում շատ ավելի մահացու էր, քան անտառային պարտիզանների խաչաձև կրակը, անդրդվելի հյուրը գրպանից մի թուղթ հանեց ու դրեց Գասպարյանի սեղանին: Մեր կազմակերպության գնացուցակն է` հաղորդեց նա: Ինչպես տեսնում է հարգարժան նախագահը, գրված են սոսկ մրգերի անունները: Իսկ գինը թող ինքը որոշի:


Կադրուսը ուշադիր նայեց տարօրինակ հյուրին: Չէ¯է¯է¯, սա խեղկատակ չէ, որ հանաքի համար եկել ու դեռ մի ժամ էլ ընդունարանում համբերատար սպասել է: Դոն Խորխե Ասեվեդոյի սև, չարագույժ աչքերի մեջ Կադրուսը տեսավ նրա հոգին ու վայրկյանապես հասկացավ, որ ինքը Սատանան է բարեհաճել շնորհ անել իրեն: Պատանեկան տարիներին կարդացել էր ինչ-որ գրքերում, հետո ներկայացումներ էր նայել, որտեղ այդ նույն Սատանան այցելում էր տարբեր մարդկանց, տալիս բոլոր երկրային բարիքները, իսկ փոխարենը մի չնչին բան էր խնդրում` նրանց անմահ հոգին: Կադրուսի մտքով երբեք չէր անցել, որ նման հարցերով կարելի է չար ուժի օգնությանը դիմել: Ճիշտ է, չհավատալով, բայց այնուամենայնիվ դիմել էր Աստծուն և այն էլ ոչ թե երկրային բոլոր բարիքներն էր խնդրել, այլ սոսկ նախագահի պաշտոնը: Դե ինչ, եթե տեր Աստված այդքան ծանրացնում է այդ չնչին հարցը ու անվերջ ձգձգում, ինչո±վ է մեղավոր մահկանացու մարդը, երբ իր աղերսածի տասնապատիկը համարյա հենց այնպես ստանում է ավելի առատաձեռն մեկ ուրիշի ձեռքերից: Չէր էլ հասցրել Կադրուսը մեծամտաբար ուռցնել շուրթերը, երբ դերի մեջ մտավ նրա անբաժան ստվերը: Բալասանը, որ մինչ այդ լուռ լսում էր, չդիմացավ և այնպիսի բնական լկտիությամբ, որպիսին դրսևորում է հակառակորդին լուրջ սխալի մեջ բռնացրած ճարպիկ խաղամոլը, որսկան շան պես խլեց գնացուցակը, գրչատուփից ճանկեց թանկարժեք գրիչը և բոլոր մրգերի առաջ հինգ վայրկյանից էլ պակաս ժամանակում զրո թիվն արձանագրեց: Խորխե Ասեվեդոն հոնքն էլ չշարժեց, ինչը սոսկ կարող էր հավաստել, որ սպասում էր իրադարձությունների նման զարգացման: Ենթադրյալ Սատանան, որը մի քանի րոպե առաջ քստմնելի կապկանմանների դասին էր պատկանում, իսկ հիմա մի զարմանալի ոստյունով կիսաստվածների ազնվագույն շարքն էր համալրել, հազիվ նկատելի գլխով արեց: Ոչինչ չէր հուշում նրա գոհունակությունը, բայց և ոչ մի բան գլխի չէր գցում, որ դժգոհ է: Դոն Խորխեն մի փոքրիկ պայման ուներ միայն: Սոսկ ցանկանում էր, որ Մոսկվա հասնելուն պես բեռը հանձնվի այն կազմակերպություններին, որոնց հատկապես կնշի ինքը: Բալասանն արդեն ախորժալի հայացքներ էր գցում գնացուցակի ու գրիչի վրա, երբ կոլումբացի պատվարժան պարոնն ավելացրեց` տեղում գործող ամենաբարձր գներով: Դժվար է նկարագրել այն կերպարանափոխությունը, որ ունեցավ Կադրուս Գասպարյանը: Այդպիսի հրաշքի փոփոխության համար առնվազն կախարդական փայտիկ էր պետք: Նման ընդգծված հարգանքով, նույնիսկ Դավիթ Սարգսյանի հետ չէր խոսել, ումից կրակի պես վախենում էր:

Այնուամենայնիվ քաջություն ունեցավ հարցնելու. իսկ ո±րն է իր գործընկերոջ շահը: Գործընկերը բավական անկեղծ էր ու հասկանալի ակնարկեց մրգերի մեջ թաքցվելիք սպիտակավուն փոշու մասին, որի շնորհիվ ամենաարագն է հնարավոր հարստանալ աշխարհում: Կադրուսը մի վերջին հարց էլ ուներ` իսկ ինչո±ւ հատկապես ՙԱրմենիան՚: Այս անգամ էլ դոն Խորխեն անկեղծ գտնվեց` որովհետև այդ կազմակերպությունը անբիծ անուն ունի: Այնուամենայնիվ, որոշ հարցեր հանգիստ չէին տալիս Կադրուսին, ում ուղեղում շահութաբեր մտքերն արագորեն փոխարինում էին մեկմեկու: Ախր անհնար է հաշիվ-ապրանքագրերում զրո թիվ գրել` խեղճացած ասում էր նա: Հարկային մարմիններին հո չե±ն ներկայացնելու, որ մրգերը նվեր են ստացել: Հատուկ ծառայությունները վայրկենապես գլխի կընկնեն… Իսկ ինչպե±ս է նայում ամենապատվելի դոն Ասեվեդոն այն բանին, եթե ՙԱրմենիա՚ կորպորացիան մրգերի փոխարեն գումար փոխանցի… Կարելի է ամենևին էլ ցածր գներ չգրել…. Իսկ հետո առատաձեռն ու բարի դոն Խորխեն թող այդ նույն գումարը առձեռն վերադարձնի Կադրուս Գասպարյանին, իհարկե կանխիկացման համար պահված գումարները զեղչված… Ինչպես հայտնի է` Սատանան շատ ավելի մեծ երկրային բարիքներ է զոհաբերել մարդկային հոգիներ խժռելու արյունալի գործում, այնպես որ, դժվար չէ կռահել դրական պատասխանը, որ սիրալիր դուրս պրծավ հարավամերիկացի գործարարի մգավուն շուրթերից: Պատկառելի հյուրը ոտքի կանգնեց: Զսպանակի պես տեղներից թռան նաև Կադրուսն ու Բալասանը: Ընդունարանն անցնելիս նախագահի պաշտոնակատարը ցուցադրաբար բղավեց Օքսանայի վրա` ինչքան հնարավոր է շեշտելով վրիպումը, որ գեղանի քարտուղարուհին թույլ էր տվել այցելուի մասին զեկուցելիս: Շատերն իրենցը ստացան այդ օրը: Ոսկե անձրև տեղացող հյուրին պետք էր ցուցադրել, թե ով է այստեղ տերը:

Malxas
28.11.2010, 13:09
...Շարունակություն

Կազմակերպության ներքին կյանքը ծայրաստիճան լարված էր մնում: Արամի ներկայությունն էր միայն երբեմն լավատեսություն ներշնչում: Ոչխարի մորթով քողարկված այս գայլը քիչ տհաճություններ չպատճառեց նոր ռեժիմին: Համակարգչային ցանցն իր կամայականություններին ենթարկելուց զատ` իր ամբողջ էությունն ու ժամանակը նվիրում էր Կադրուսին ու Բալասանին մականուններ կպցնելուն, նաև ուրախ պատմություններ էր հորինում, որոնք հատկապես սիրված էին դատապարտված սեկտորի աշխատակիցների շրջանում:

Սակայն յուրաքանչյուր գործունեություն ունենում է իր գլուխգործոցը: Արամի դեպքում դա հանպատրաստից եղավ, աշխատանքի բովում, երբ լուրջ դեմքով հերթական խաղն էր խաղում Բալասանի գլխին:

Այսօրվա դրությամբ նույնիսկ առողջ մարդն է սայթաքում ու գետին ընկնելով` մեռնում: Ինչ ասես, ուրեմն, համակարգիչների մասին, որոնք ասես զուտ փչանալու համար են ստեղծված: Բալասանը չէր սայթաքել, առավել ևս` չէր ընկել ու մեռել, բայց ահա նրա համակարգիչը փչացել էր: Փոքրիկ սատանաների եղբայրացու Արամը ցույց չէր տալիս, բայց մի թռուցիկ հայացք գցելով` ամեն ինչ հասկացավ: Մի բան ունի սա իր համակարգչի մեջ, որի համար շատ է անհանգստանում: Փաստաթղթի հայտնաբերման համար, որը նույնիսկ սեփական համակարգչի մեջ Բալասանը թաքցրել էր յոթ կեղպեքի տակ, այլ կերպ ասած` հազար անգամ արխիվացրել ու անվանափոխել, ապա մի ծվարած անկյուն էր նետել, Արամը ստիպված եղավ երեք օր բռնագրաված պահել համակարգիչը` իր գործողությունները քողարկելով այնպիսի համոզիչ փաստարկներով, որպիսիք ներկայացնում է բժիշկը, երբ որոշում է մի քանի հազար ավելի շորթել հիվանդի ազգականներից:

Արամը բազմաթիվ անգամներ մոտակա պահեստամասերի խանութ ուղարկեց ՙհիվանդ համակարգչի՚ ՙպարզամիտ ազգականին՚, իսկ երբ այլևս մաս չմնաց, որից Բալասանն արդեն երեք անգամ գնած չլիներ, նենգ ժպիտը դեմքին` վերադարձրեց համակարգիչը: Կատակերգությունը լիարժեք դարձնելու համար նա նույնիսկ սրբեց համակարգչի փոշին ու մի քանի արժեքավոր խորհուրդներ տվեց, որոնց հետևելու դեպքում համակարգչի կյանքը էականորեն երկարելու էր:


Ձեռնարկության երիտասարդ պահակը, որը, մեր մեջ ասած, երանելիների նախանձելի ցուցակում էր, քանի որ չափավոր գումարի դիմաց պայմանավորվածություն էր բերել ավելի պատկառելի աշխատանքի անցնել, նույն ամսվա մեջ երկրորդ անգամ ծայրաստիճան զարմացավ: Եվ եթե սկզբնական զարմանքը հարուցվել էր Արամի` ուղիղ ժամը իննին աշխատանքի ներկայանալու կապակցությամբ, որն, ինչպես արդեն նշել ենք, առաջին անգամ էր տեղի ունենում նրա կյանքում, ապա երկրորդ անգամ ստիպված էր տարակուսելու աստիճան անզգայանալ, երբ վերը նշված ծրագրավորող-ցանցի ադմինիստրատորին ժամը ութին տեսավ օֆիսի դռանը: Չէ¯է¯է¯, հզոր մարդ է երևում այդ Բալասանը, նրան տված փողն իզուր չի կորչի: Այսպիսի անուղղելի ստահակին կարողացավ կարգի հրավիրել: Մինչ երիտասարդ պահակն այսպիսի հետաքրքիր մտքեր էր պտտեցնում սահմանափակ ուղեղում ու հստակ տեսնում այն օրը, երբ սիրած աղջկա ձեռքը խնդրելու նպատակով ապագա աներոջ դուռը կբախի, Արամը թեթևամիտ ժպտալով աչքով արեց, որ նշանակում էր ինչպես ՙբարի լույս՚ այնպես էլ ՙինչպես են գործերդ՚` անտարբեր հարցում, որ բոլորը պարբերաբար ուղղում են միմյանց, ապա գործնական միացրեց իր համակարգիչն ու նենգորեն շփեց ձեռքերը: Արդյունքը գերազանցել էր բոլոր սպասելիքները: Բալասան Օրդուխանյանի համակարգչում Արամը հայտնաբերել էր մի ցուցակ, ուր ինչպես երանելների, այնպես էլ դատապարտվածների անուններն էին: Ընդ որում, Բալասանն այնքան հիմար էր եղել, որ անունների առաջ ճշգրիտ թվեր էր նշել, իսկ փաստը, որ չէր ալարել թվերի կողքին նկարել նաև այն հանրահայտ նշանը, որն աշխարհի բոլոր երկրներում ընդունված է կարդալ որպես ՙամերիկյան դոլար՚, լիովին ակնառու է դարձնում, որ այս դեպքում գործ ունենք հատկապես խոշոր չափերով արտահայտված հիմարության հետ: Թղթի ու տպիչների խնդիր ՙԱրմենիան՚ երբեք չէր ունեցել: Անհրաժեշտության դեպքում կարելի էր բավարարել ամբողջ Մոսկվայի հետաքրքրասիրությունը, բայց չափազանց ծույլ կամ թեթևամիտ լինելու պատճառով Արամը չդիմեց այդ քայլին ու բավարարվեց հարազատ ձեռնարկության սահմաններով: Ժամը իննին ՙԱրմենիա՚ կորպորացիան թռուցիկներով զարդարված հեղափոխական ճամբար էր հիշեցնում: Անհնար էր անցնել և չտեսնել այդ ճակատագրական ցուցակները, որոնք ամենուր էին: Միջանցքներում պատերին էին փակցված ցուցադրվող նկարների նմանությամբ, դռներին` հայտարարություններին հատուկ բարձրության վրա, նույնիսկ արտաքնոցն էր ողողված այդ թռուցիկներով: Ինչ վերաբերվում է սեղաններին, ապա Արամն այստեղ նորույթ կիրառեց և իր թռուցիկներով սպիտակացրեց կաղնեգույն աշխատասեղանների բոլոր բաց անկյունները: Սկզբում չհասկացան, հետո չհավատացին իրենց աչքերին` ժամանակ է պետք, որ ուղեղն ընկալի անսպասելի տեղեկության ծանրությունն ու դժվարամարսությունը: Իսկ հետո սկսվեց սարսափելին: Անլեզու ազնիվները և գլուխները կախ իրենց գործն անող խելոքները հոգին կրծող տարօրինակ կասկածները փոխարինեցին փաստերի ակնառու համոզվածությամբ և այդպիսով լուրջ զենք ստացան, որպեսզի ընդանուր դժբախտությունը դրոշակ դարձրած` միավորվեն ու հնարավորի սահմաններում հակահարված տան: Անհարմար և իրենց անկեղծությամբ տհաճ խոսակցությունների երկար շարք փոխանակվեց: Ովքեր պաշտոնի բարձրացմանը հասնելու էին ընկերների դիակների վրայով, կարծես վատ զգացին և նոր միայն գիտակցեցին, թե ինչպիսի ստոր ու անվայել բան է իրենց արածը: Եղան փոխադարձ մեղադրանքներ ու բացատրություններ, մի անգամ գործը նույնիսկ ձեռնամարտի հասավ: Սակայն դրանք մարդիկ էին, որոնք կյանքի մի ստվար ժամանակահատված միասին էին անցկացրել, վատ ու լավ օրեր էին տեսել, վերջին սև հացն էին կիսել իրար հետ, այնպես որ, համաներման ու միավորման համար երկու ժամից ավելի չպահանջվեց:


Առաջին անգամ ՙԱրմենիա՚ կորպորացիան իմացավ, թե ինչ բան է ապստամբությունը: Ղեկավար պաշտոնյաները չէին կարողանում կարգ հաստատել, մանավանդ` նրանց մեջ էլ քիչ չէին այնպիսիք, որոնք ոտնատակ գնալու ցուցակում էին: Կադրուս Գասպարյանը փորձեց արժանավայել դիմավորել անսպասելի հարվածը, բայց այնքան էլ չստացվեց, եթե չասենք, որ բոլորովին չստացվեց, և նա ժամանակավոր ապաստարան գտավ` առանձնասենյակ նահանջելով: Բալասան Օրդուխանյանը նախ կտրուկ ժխտեց բոլոր մեղադրանքները, ամեն բան Արամի վրա գցելու երկչոտ փորձ արեց, բայց ի վերջո ավարտեց նրանով, որ հինգ մենամարտի հրավեր ստացավ կազմակերպության պաշտոնական հիերարխիայի տարբեր աստիճաններից: Հարկավոր էր մի բան մտածել: Կադրուս Գասպարյանը հավաքեց ողջ կամքը և ամբիոն բարձրացավ: Հնարամտորեն օգտվելով նրանից, որ Արամը ձեռնարկությունը թռուցիկներով զարդարելուց հետո անհետացել էր, Կադրուսը ուժերի գերագույն լարումով լուրջ ու հոգատար ղեկավարի տեսք տվեց դեմքին ու գեշ կատակ անվանեց եղածը: Այս անգամ Արամին չէր ներվելու իր ստոր արարքը. ազնիվ աշխատակիցների հոգու նուրբ լարերին էր դիպել և խաթարել կոլեկտիվի ներքին կյանքը: Նախագահի հավաստիացումները կասկածանքով ընդունվեցին. թերևս ավելի ճիշտ կլիներ ասել` ոչ ոք չհավատաց նրան: Եվ հենց այստեղ է, որ Կադրուսը կատարեց մի սրբապղծություն, որը նույնիսկ վերջացած կրկնահանցագործը անբարոյական կանվաներ: Տեսնելով աշխատակիցների թերահավատ դեմքերը` անվարան երդվեց իր նախնիների անմար հիշատակով, ծնողների սուրբ գերեզմանով և երեխաների անմեղ արյամբ, որ երբեք չի մտածել որևէ մեկին ազատել աշխատանքից: Ընդ որում, այս ամենն արտասանվեց այնպիսի սրտառուչ անկեղծությամբ` Կադրուսի ձայնը հուզումնալից դողաց, որ նույնիսկ ամենաթերահավատների սիրտը կասկած ընկավ: Մի կողմից` նրանք ունեին ընկերներից կորզած ճշմարտությունը, որը ցուցակի գոյության ունենալու անհերքելի ապացույց էր, մյուս կողմից` նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի սրտառուչ երդումներն էին: Ինչևէ, մարդկանց առաջարկվեց վերադառնալ ու շարունակել աշխատանքը, և նրանք այլևս չհակառակվեցին:

Ամեն բան կարծես իր տեղն ընկավ: Քառորդ ժամ անց Կադրուսն ու Բալասանը նախագահի առանձնասենյակում քննարկում էին սխալի պատճառները: Կադրուսը մեղադրանք մեղադրանքի ետևից էր ներկայացնում, Բալասանը հնարամտորեն պաշտպանվում էր: Ինչի± համար է թիկնապահ-օգնականն այդպիսի ցուցակ կազմել` ճղճղում էր Կադրուսը: Բայց չէ± որ հենց Կադրուսն էր հանձնարարել այդպիսի ցուցակ սարքել ու խոր թաքցնել համակարգչի մեջ, որը և բարեխղճորեն կատարվել է` արդարանում էր Բալասանը: Դե, ազգանուններն ու թվերը հասկացանք, թափը մի քիչ թուլացնում էր Գասպարյանը, բայց ախր դոլարի նշանը չպետք է դրվեր… Այստեղ Օրդուխանյանը կարծես ընդունում էր իր մեղքը: Պետք էր, չէ±, մի հարցում խոստովանել սխալը: Չի կարող, չէ±, նախագահը երբևէ սխալ լինել: Կադրուսի և Բալասանի հաշտությունն արագ կայացավ: Ամեն ինչ ուժի մեջ է մնում` խորամանկ աչքով էր անում Գասպարյանը, իրենք միայն մարտավարությունը կփոխեն և այդ ճանճերին, որ պարս կազմած` մի փոքր գլխացավանք պատճառեցին, այդ ճանճերին կճզմեն հատ-հատ: Իսկ կսկսեն, իհարկե, Արամից: ՙԿեղծ ցուցակի՚ հայտնաբերումը շատ հարմար առիթ է ծրագիրն իրագործելու համար: Կադրուսն առ այդ ծայրահեղ գործողություններից ձեռնպահ էր մնացել, որովհետև չափազանց մեծ էր կախվածությունն Արամից: Իսկ հիմա արժանի փոխարինող էր գտել և այլևս ոչնչից չէր վախենում: Նոր ցանցի ադմինիստրատորը երեք-չորս օր հետո կկարողանար աշխատանքի գալ, իսկ այդ ընթաքում առանց համակարգիչների էլ կդիմանան...
Անցավ մեկ շաբաթ: Արամն աշխատավայրում այդպես էլ չերևաց: Ցանցի նոր ադմինիստրատորը` նույնպես: Սակայն ո°չ վիրուսային հարձակումներ եղան, ո°չ էլ ծրագրային խափանումներ: Աշխատանքը կարծես բնականոն ընթացքի մեջ էր մտել: Կադրուս Գասպարյանը սիրալիր էր բոլորի հետ, նույնիսկ Իվան Իվանիչի դերն էր սկսել գնահատել, որին թմրեցնելու համար մանր-մունր հանձնարարություններ էր տալիս, իսկ Օքսանայի և Ռուզաննայի սիրահետումը հետաձգել էր ավելի հանգիստ ժամանակների` հիմա քիթը սրբելու վայրկյան չուներ: Խորխե Ասեվեդոյի հետ հաճախակի հանդիպումները, որոնք արդեն կայանում էին Մոսկվայի ամենաթանկ ռեստորաններում, կլանում էին Կադրուսի ժամանակի մեծ մասը, իսկ ազատ ժամանակ էլ այդ հանդիպումներին էր պատրաստվում, որ հանկարծ չընկնի կոլումբացի գործարարի աչքից: Սկզբունքորեն հեշտ էր աշխատել հարավամերիկացու հետ: Խորխե Ասեվեդոն համակերպվող մարդ էր երևում: Իր կողմից պայմաններ համարյա չէր դնում, պատրաստակամությամբ էր արձագանքում գործընկերների առաջարկներին: Հապա բարեհոգի արհամարհանքը, երբ խոսքը փողին էր վերաբերվում: Հապա մեծահոգությունը, որով համաձայնեց Կադրուսի մանր ֆինանսական խորամանկությունների հսկայական փաթեթին, որն ի մի բերելուց հետո պատկառելի գումար էր ստացվում: Ճիշտ է, դեռևս դրական պատասխան չէր տվել Կադրուսի մի ակնածալի ակնարկին, որով սա ցանկություն էր հայտնել ավելի էական դեր ունենալ գործում, բայց չէր էլ մերժել, այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում էր…


Երկրագունդը կարծես նոր միայն սկսեց պտտվել Կադրուսի համար: Առաջ փաստորեն այնքան էլ նրա համար չէր պտտվում խարդախը: Իր առանձնասենյակում եղած ժամանակ նախագահի պաշտոնակատարը երջանկությունից փայլում էր: Տիրոջ ոտքերի տակ փռված օգնականը գոհունակությամբ մռլտում էր և ջերմանում այդ երջանկության շողերից: Բարձր տրամադրությամբ քննարկում էին առաջիկա ճամփորդությունը և հետաքրքիր կանխատեսումներ անում: Կադրուսն աշխարհ տեսած մարդու լրջությամբ բացատրում էր Բալասանին, թե նա իրեն ինչպես պետք է պահի մարդկանց մեջ և նույնիսկ վարվելակերպի մասին մի գիրք նվիրեց, որ քնելուց առաջ քիչ-քիչ կարդա: Թիկնապահ-օգնականը պատրաստակամ գլխով էր անում, տիրոջ պահանջով քառորդ ժամը մեկ ցույց էր տալիս ինքնաթիռի տոմսը, նաև մեծ հոգատարությամբ տեղեկանում` չի± ցանկանում արդյոք շեֆը մի գավաթ սուրճ խմել, շատ է հոգնել ախր: Ինչ-որ ժամանակից սկսած սուրճ եփելու և շեֆին հրամցնելու գործն իր վրա էր վերցրել ու այլևս ոչ ոքի թույլ չէր տալիս սրճամանին մոտ գնալ: (Ըստ Օքսանայի հանրահայտ փսփսոցի, որը գաղտնի պայմաններում կայացել էր Ռուզաննայի ականջին, Բալասանը շուտով ոտքերն էր սափրելու ու կարճ զգեստ էր հագնելու): Շեֆը առավել հաճախ գլուխը զզվանքով տարուբերում էր. ա¯խ, այդ միօրինակ սև սուրճը. վնասակար է, ի վերջո, առողջությանը… Սակայն Բալասանի առաջարկներն այնքան հոգատար ու անկեղծ սրտից բխած էին, որ Կադրուսը մեծ շնորհ անողի տեսքով երբեմն տալիս էր իր համաձայնությունը և լրջադեմ խմում:

Թռիչքի նախորդ երեկոն իսկապես սրտառուչ էր: Կադրուս-Քվազիմոդոն Էսմերալդա-Աթոռին փարված` ըմբոշխում էր իրեն բաժին հասած երջանկության պտուղները, շուրջբոլորը պտույտ էր գալիս Բալասանն ու լիզում տիրոջ ոտքերը: Այնպիսի մի նշանավոր պահի, երբ Կադրուսը վերջապես բարեհաճել էր սուրճ ըմպելու համաձայնություն տալ, իսկ Բալասանն էլ մխացող սրճամանը ձեռքին հենց նոր ներս էր մտել, հեռախոսը զնգաց: Եվ հենց այստեղ թղթե տնակի պես փլվեց հսկա բուրգը: Լսափողի մեջ լսվեց Դավիթ Սարգսյանի ձայնը…


Շարունակելի...

Արևածագ
18.12.2010, 21:47
Մալխաս, այս պատմության վերջը կարծես մոտ է, ինչու՞ մնացածն էլ չես դնում, որ կարդամ- պրծնեմ: :think

Malxas
29.01.2011, 13:15
Երբեք մթնոլորտն այդքան ուրախ և առողջ չէր եղել ՙԱրմենիա՚ կորպորացիայում: Ամենուր աշխույժ եռուզեռ էր, իսկ վերջին ամսվա տհաճ իրադարձությունները վատ երազ թվում: Մեկ շաբաթից պատրաստվում էին նշել կազմակերպության տասնամյա հոբելյանը, և միակ անհանգստությունը նախագահի` Դավիթ Սարգսյանի առողջական վիճակն էր: ՙԱրմենիան՚ նրա հոգեզավակն էր, և քչերը գիտեին` ինչպիսի դժվարություններ էր հաղթահարել, մինչև որ կազմակերպությանը հասցել էր այդ ծաղկուն վիճակին:

Ճիշտ է, բժիշկները կտրականապես դեմ էին, որ մեկ ամսից շուտ դուրս գրվեր հիվանդանոցից, բայց կամակոր հիվանդն այլ կարծիքի էր, ինչը և չէր վարանել վերջնագրի տեսքով ներկայացնել: Եթե երդվյալ հիպոկրատյանները ցանկանում են իր առողջական վիճակը կոնկրետ մակարդակի հասցնել, ասել էր նա, ապա ինքը դրան չի ընդդիմանա, բայց մեկ շաբաթից ավելի էլ չի կարող սպասել` դեռ այդքանին էլ բժիշկների պնդումների պատճառով է համաձայնում, քանզի հենց հիմա էլ կարող է իր ոտքով դուրս գալ հիվանդանոցից: Սա թերևս ամպագոռգոռ հայտարարություն էր մի մարդու, ով առայժմ միայն հաշմասայլակով կարող էր տեղաշարժվել: Սակայն մարդու կամքն ու ցանկությունը մեծ նշանակություն ունեն: Այո°, վերքերը դեռ չեն լավացել, այո°, կոտրվածքները լիովին չեն ապաքինվել, այո°, արյունը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել, դեռ պիտի քայլել սովորի, ինչպես մեկ տարեկան երեխան, սակայն ցանկանում է մասնակցել իր հոգեզավակի հոբելյանին, և դա է ամենակարևորը:

Գլխավոր բժիշկը մտազբաղ օրորում էր գլուխը: Ախր իսկական հրաշք է, որ կենդանի է մնացել: Իր կյանքն այլևս իրեն չի պատկանում, այլ` աշխարհին, գիտությանը, բժշկությանը… Բայց ուրիշ կտավից էր հյուսված Դավիթ Հայրապետովիչը: Զուր չէ, որ մեկ հեռախոսազանգով հուսալքել Կադրուս Գասպարյանին: Ունենալով այն խորին համոզմունքը, որ արդեն իսկ մեծապես նպաստել է բժշկության զարգացմանը` այդ նպատակին զոհաբերելով (ճիշտ է` ոչ սեփական կամքով) ոտքերն ու ձեռքերը, առանց բացառության բոլոր կողերը, արյան ուղիղ կեսը, դեռ չհաշված գլխի սարսափելի վերքը, որի վրա, ի վերջո, հարյուր կար դրեցին, այդպիսով փակելով Հայրապետովիչի անմահ հոգու ճանապարհը, ով հավանաբար հենց այդ հսկա ճեղքի միջով էր որոշել լավագույն աշխարհ տեղափոխվել, Սարգսյանը կտրականապես հրաժարվում էր այլևս ծառայել գիտությանն ու բժշկությանը… Թերևս կարող էր և ծառայել, միայն թե մեկ շաբաթից իրեն հիվանդանոցից դուրս գրեին:

Ընդ որում, բնավ չէր դատարկաբանում ՙԱրմենիայի՚ հարգարժան նախագահը: Ինչո±ւ են, ի վերջո, անհանգստանում բժիշկները` հարցնում էր նա: Բոլորին էլ հրավիրում է: Մի կողմից` կարող են տոնակատարությանը մասնակցել, մյուս կողմից` հետևել իր առողջական վիճակին: Գլխավոր բժիշկը կորցրեց համբերությունը: Քառասուն տարուց ի վեր հիվանդներին օգնություն էր ցույց տվել բացառապես հիվանդանոցի սահմաններում, իսկ ահա այս համառ մարդը, ճակատագրի այս սիրեցյալը… Այս վերջին բառը, որ պատահականորեն սողոսկեց ծերունազարդ բժիշկի մտքերի մեջ, վճռեց ամեն ինչ: Բոլորն են պարտավոր ենթարկվել այն մարդկանց կամքին, ում Ճակատագիրն ինքն է երես տալիս:

Դավիթ Սարգսյանի մոտից բժիշկը հեռացավ բարձրաձայն հայհոյելով ու լրջորեն հավաստիացնելով, որ մեկ շաբաթից հիվանդանոցից դուրս գրվելը նա կտեսնի ինչպես իր սեփական ականջները, բայց մտքում արդեն ծանրութեթև էր անում փոխզիջման գնալու տարբերակը: Հաջորդ օրը նա հիվանդին ասաց, որ երևի հնարավոր լինի մի բան մտածել… իհարկե հարյուր տոկոսով չի խոստանում: Բայց փոխարենը Սարգսյանն աներկբա պետք է ենթարկվի բոլոր այն պահանջներին, որ նրան կառաջադրվեն մոտակա շաբաթվա ընթացքում: Դավիթ Սարգսյանը գլխով համաձայնության նշան արեց: Գլխավոր բժիշկը սեղմեց նրա ձեռքն ու գնաց իր գործին:
ՙԱրմենիա՚ կորպորացիան շարունակում էր գործել ու պատրաստվել տոնակատարությանը: Առողջ մթնոլորտում մարդկանց աշխատունակությունը բարձրացել էր, իսկ Կադրուսի ու Բալասանի խորտակումը կյանքն ավելի ուրախ էր դարձել: Հիմա ինչքա¯ն ծիծաղելի էր թվում այդ խեղկատակների ինքնագործունեությունը: Իրենք էին հիմար, որ կարգին վախեցել էին այդ գավառական ապուշներից: Կոկոսը ու անանասը նուրբ հումոր պարունակող բառեր էին դարձել: Ով ասում էր կոկոս ու անանաս, արդեն իսկ մեծ երգիծաբան էր: Ի հավելումն Արամի հնարածների` Կադրուսին ՙդոն Կոկոս՚ ու ՙդոն Անանաս՚ մականուններով էին մեծարում, չէին մոռանում նաև մյուս մրգերը, որ առատորեն աճում են հարավամերիկյան մայրցամաքում: Ծաղրելու մոլուցքն այնքան էր խորացել, որ բավական էր մեկի ձեռքին միրգ երևար, իսկույն միտում էր նկատվում: Շուտով ՙՍինյոր Պոմիդոր՚, ՙԲարոն Նարինջ՚, ինչպես և մրգեր ու բանջարեղեն բնորոշող շատ այլ բառեր կցվեցին Կադրուսի անվանը` հավերժ պահպանման: Մի անգամ աշխատակիցներից մեկը մի արկղ թարմ անանաս բերեց և սույն նշանակալի արարքով կաթվածահար արեց գրասենյակի աշխատանքը:

Կադրուս Գասպարյանը մարդկանց աչքին համարյա չէր երևում: Շուտէր գալիս և ուշ ժամի գնում, որ ստիպված չլինի տանել մարդկանց ծաղրանքը: Ճակատագրական զանգից հետո չեղավ, որ Կադրուսն անցներ միջանցքով ու թիկունքից զսպված ծիծաղ չլսեր: Չեղավ, որ նայաեր մարդկանց աչքերին ու ծաղր չտեսներ: Հրաման հաղորդելիս ստիպված էր ավելացնել, որ Սարգսյանն է կարգադրել, այլապես խոսքը բանի տեղ չէր անցնի: Ժամեր շարունակ նստում էր իր սենյակում ու դուրս չէր գալիս: Սրտի մռմուռով հիշում էր նախագահական երանելի առանձնասենյակը: ՙՔվազիմոդոյի՚ և ՙԷսմերալդայի՚ բաժանումը սրտակեղեք էր եղել ու հուզիչ: Եվ շատ ափսոս, որ կենդանի չէ Վիկտոր Հյուգոն, որպեսզի ինչպես հարկն է նկարագրեր այդ տեսարանը:

Կադրուսի գլուխն ամբողջ օրը ցավում էր: Հիմա հաճախակի էր սուրճ խմելու ցանկություն ունենում, բայց մարդ չկար, որ հրամցներ: Բալասանն ուշ-ուշ էր գալիս ու բնավ չէր նկատում շեֆի հոգնած աչքերը: Օքսանան ու Ռուզաննան հաճախ էին սուրճ եփում, բայց այնքան ցուցադրաբար էին սրճեփը ձեռքներին կանգնում նրա առանձնասենյակի դիմաց ու ճղճղան ծիծաղում, որ պարզ էր դառնում` սուրճ խմելու ցանկությունը չի ստիպել նրանց սրճեփը ձեռքն առնել: Ոչ ոք նրան չէր առաջարկում այդ սև կենարար հեղուկը, փոխարենը` առատորեն հյուրասիրում էին, անանասի կոմպոտ, թարմ բանան և մազմզոտ կոկոս:

Օքսանան սկսել էր ծաղրաբար սիրահետել Կադրուսին: Օրվա ընթացքում դատարկ պատրվակներով մի քանի անգամ առանձնասենյակ էր մտնում, կանչող ժպտում, կռանում նրա քթի առաջ ու ծայրահեղ մոտ տարածությունից ցուցադրում բուրումնավետ կուրծքը: Դպրոցական աղջնակի անմեղ հայացքով Օքսանան հետաքրքրվում էր` զբաղված չէ± արդյոք հարգարժան փոխնախագահը: Գիտե± արդյոք, որ հանրահայտ ռոք խումբ է ժամանել Մոսկվա, իսկ հարևան փողոցում հայերը նոր շքեղ ռեստորան են բացել: Չի± հրավիրի արդյոք իրեն: Հեռանալիս երկարոտն գեղեցկուհին գլուխը անսպասելի ետ էր գցում ու մինչև դուռը ճախրում այնպիսի քայլվածքով, երբ իր հմայքով հատուկ կերպով առանձնանում է կնոջ բարեմասնություններից կոնկրետ մեկը: Ռուզաննան սովորություն էր դարձրել փոխել Կադրուսի առանձնասենյակի ծաղկամանի ջուրը, իսկ ծաղկամանը ճակատագրի ծաղրալից հեգնանքով նրա թիկունքում էր` պատուհանագոգին: Արժանապատվությունը թույլ չէր տալիս շուռ գալ, իսկ ճնճղուկի վախլուկ սիրտը թագնապած թպրտում էր. Հանկարծ գլխին շուռ չտա± ծաղկամանն էլ, ծաղկամանի ջուրն էլ…

Բալասանը հետզհետե համակերպվեց նոր դերին և այնքան մերվեց կոլեկտիվին, ասես դասակարգային անդունդը երբեք չէր բաժանել նրանց: Սկզբում նրա վիճակը բավական ծանր էր: Կադրուսը գոնե առանձնասենյակ ուներ, իսկ նա ստիպված էր ամբողջ ժամանակ բոլորի աչքի առաջ լինել: Կարելի է կարծել, թե կարող էր գնալ նախկին շեֆի առանձնասենյակն ու պրծնել ծաղրանքներից: Մանավանդ` Կադրուսը գոհ կլիներ նրա ներկայությանը: Սակայն այնպիսի մարդ չէր Բալասանը, որ կենարար ծաղրանքը փոխարիներ կործանարար փախուստով: Սարգսյանի հեղափոխական զանգից հետո նա մարդամոտ ու պարզ անձնավորություն էր դարձել, պատրաստակամ էր բոլորի հանդեպ, իսկ երբ ծաղրում էին` առաջինն ինքն էր ծիծաղում:

Երիտասարդության ուրախությունն էր Բալասանը: Թղթապանակով հասցում էին գլխին, բայց մտքով իսկ չէր անցնում նեղանալ: Սուրճի մեջ տոմատի մածուկ էին լցնում, իսկ նա սոսկ բարեկամաբար մատն էր թափ տալիս: Տակը ասեղ դրեցին. Բալասանը դա գնահատեց իբրև երգիծանքի եզակի նմուշ: Իսկ երբ մեկ ժամով փակեցին պետքարանում, այնքան անվրդով տարավ, ասես այդ ամբողջ ժամանակ բնական կարիքներն էր հոգացել: Առանձին ծաղրանքի թեմա էր հանրահայտ ցուցակը: Մարդիկ հետաքրքրվում էին, թե գումարի որ մասն էր նրանը և հատկապես ինչ նպատակների համար էր պատրաստվում ծախսել: Բալասանը հիասթափված ձեռքն էր թափ տալիս: Մեծավորներին ծառայելուց ոչ մի օգուտ չկա` ասում էր նրա նեղսրտած տեսքը: Իզուր տեղը վատամարդ եղավ: Ընդմիջման ժամերին Օրդուխանյանը զանազան հետաքրքիր բաներ էր պատմում իրենց գյուղի կյանքից, ամռանը հրավիրում էր գնալ որսի կամ ձուկ բռնելու, խորովածը խոստանում էր իր ձեռքով անել, իսկ եթե խելքներին փչեր խաշ ուտել, ապա ստիպված պիտի բարձրանային Արագած ` այնտեղ հարմար տեղ կար: Ոչ մի հաստիքի վրա Բալասանը գրանցված չէր: Կադրուսն էր նրան վճարում իր գրպանից: Բայց մարդիկ չէին հարցնում` ինչացու է այլևս ինքը: Շուտով կվերադառնա նոր նախագահը, նրա հետ` իր անվտանգության պետը:

Այնինչ բնավ անտեղի չէր լինի այդ հարցը: Խելացի կլիներ նաև վերահսկողություն սահմանել Բալասանի գործողությունների վրա: Սակայն ոչ ոք լուրջ չվերաբերվեց զգետնված թշնամուն: Չգտնվեց մի սրատես աչք, որ տեսներ, թե ինչպես է Բալասանը օձի պես սողոսկում Կադրուս Գասպարյանի մոտ: Ոչ մի ուշադիր ականջ չլսեց սփոփիչ ու ապագայի լավատեսությամբ տոգորված խոսքերը, որ հավատարիմ շան տեսք առած թիկնապահն ասաց սիրելի շեֆին: Կադրուսն ու Բալասանն իրար աչքերի մեջ էին նայում ու հասկանում կես խոսքից: Չէ¯է¯է¯, սա վերջը չէ, չի կարող վերջը լինել: Դավիթ Սարգսյանը դեռ հիվանդանոցում է, իսկ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն առայժմ Կադրուս Գասպարյանն է: Ճիշտ է, նրանք դեռ դրությունից ելք չէին գտել, բայց ենթագիտակցորեն հրաշքի էին սպասում` ինչ-որ հանգուցալուծում պիտի լիներ:
Այդպես օգնության կանչելով բոլոր չար ու բարի ուժերին` օրեր էին անցկացնում Կադրուսն ու Բալասանը և ծանր հառաչելով` կատարում էին Սարգսյանի կարգադրությունները: Նախագահը խիստ գնահատական էր տվել Կադրուսի ինքնագործունեությանը, հրամայել էր չեղյալ հայտարարել բոլոր ՙմրգային՚ պայմանագրերը, խելոք վեր ընկնել տեղն ու մոռանալ Հարավային Ամերիկա մայրցամաքի մասին: Ինչ վերաբերում է Խորխե Ասեվեդոյին, ապա սրա համար հատուկ հրահանգ էր տրվել: Ընդ որում, Սարգսյանն այնգան կատաղած էր արգելել որևէ շփում նրա հետ, որ խոսքն այլևս ոչ թե հանդիպելու և բանակցելու, այլ ՙԱրմենիա՚ կորպորացիայից նրան գնդակի հեռավորության վրա պահելու մասին էր: Դոն Խորխեն, ի դեպ, հաճախակի զանգում էր: Ստիպված խուսափողական պատասխան էին տալիս:

Կադրուսը երեք օր ժամկետ էր խնդրել, որն անհրաժեշտության դեպքում որոշել էր կրկնակի երկարացնել: Թե ինչ էր անելու այդ ու հաջորդ երեք օրերի ընթացքում, գաղափար չուներ: Իսկ տվյալ պահին նրա անհետածգելի գործն ավելի շուտ մի ծաղրանք էր. ևս մեկ ծաղրանք: Դավիթ Սարգսյանը հավանաբար միտումնավոր էր անում, որ ստորացնի իրեն: Ծաղրանք-հանձնարարության էությունն այն էր, որ Կադրուսը պետք է օդանավակայան գնար, դիմավորեր պատվարժան հյուրերի, ապա հոգ տաներ, որ նրանք չձանձրանային: Օպերա կամ թատրոն` ինչ որ կնախընտրեին հյուրերը: Վերջին ժամանակները Կադրուսի բախտը համառորեն չէր բերում: Այնպես որ, բոլորովին զարմանալի չէ, որ հյուրերն օպերան ընտրեցին` Կադրուսի համար ամենաատելի արվեստը: Մտքով անցավ Բալասանին ուղարկել հետաքրքրվելու, բայց արագ հրաժարվեց դրանից: Սարգսյանը խստորեն էր հրահանգել, իսկ Բալասանը չնայած լավ տղա էր, բայց կարող էր էստրադային երգչին խառնել տենորի հետ, օպերային թատրոնը` խաղատան: Ցանկացավ հեռախոսով տոմս պատվիրել, բայց ի վերջո որոշեց անձամբ գնալ: Շունչը սկսել էր կտրվել առանձնասենյակի օդից: Նեղսրտած դուրս եկավ: Ոչ ոքի հետ խոսք չփոխանակեց: Ոչ մեկի աչքերին չնայեց…

Malxas
29.01.2011, 20:36
Ազդագրերում Կադրուսը կարդաց.
Ջուզեպպե Վերդի, ՙՌիգոլետո՚
Մանտովայի դուքս, տենոր,
Ռիգոլետո, ծաղրածու, բարիտոն,
Ջիլդա, նրա դուստրը, սոպրանո,
Սպարաֆուչիլե, պրոֆեսիոնալ մարդասպան…
Երգիչների անունները չմտաբերեց, իսկ ահա Վերդիի մասին գիտեր: Ստուգապես դա մի մարդ էր, որ իր կյանքի ընթացքում ոչ մի նշանակալի բան չէր արել բացի նրանից, որ օպերաներ էր գրել և մի քանի իր նման չնչին մարդկանց դուր գալու գնով քայքայել ողջ մոլորակի բնակչության նյարդային համակարգը: Օպերային երգիչների մասին Կադրուսն ավելի վատ կարծիքի էր: Տենորն ավանակի պես զռռում էր և կարող էր ախորժակից զրկել ամենաառողջ մարդուն անգամ: Բարիտոնը համարյա միշտ կզակը գծագրող մորուք ուներ, և հայտնի չէ` ինչու էր հնդկահավի պես փքվել ու հանդիսավոր տեսք ընդունել: Երևի այն պատճառով, որ չտեսնված հաջողությամբ բարձրացնում է շաքարի պարունակությունը մարդկանց արյան մեջ: Բասը գռեհիկ էր և որոշակիորեն նման էր գյուղական չոբանի (ստամոքսի խոց, նյարդային խանգարում, հոդացավ): Բոլոր սոպրանոները լրբեր էին: Այդպես զզվելիորեն նույնիսկ իրենց գյուղի կանայք չէին աղմկում, երբ վիճում էին տնտեսական բնույթի այնպիսի թեմաներով, որոնք սահմանափակվում էին գյուղամերձ տարածքով: Մեցցո-սոպրանո (տես` սոպրանո, մի փոքր ավելի թույլ արտահայտված): Հապա այդ անիմաստ կանանց արտաքինը: Ինչպե±ս կարելի է նրանց թույլատրել բեմ բարձրանալ: Իսկ ամենաշատը Կադրուսի վրա ազդում էր կոնտրալտոն, քանի որ նրա ձայնը հիշեցնում էր իր զոքանչին: Տոմս գնելիս Կադրուսը եկավ նույն եզրակացության, որին եկել են աղանդավորական կազմակերպություններից շատերը. մոտ է աշխարհի կործանումը: Իրոք որ մոտ է, եթե երկու ժամ տանջվելու համար անհրաժեշտ է երկու հարյուր դոլար վճարել: Ինչե¯ր կարող էր անել այդ գումարով… Իսկ ինչե±ր կարող էր: Սրան թերևս դժվար է պատասխանել: Կադրուսն արատավոր մարդ էր և իր մոլի ցանկություններն ու կրքերը նույնիսկ Աստծուց էր թաքցնում: Իսկ այն, ինչ անհայտ է մեր տեր Աստծուն, չի կարող հայտնի լինել սովորական մահկանացուին` այս պատմվածքի հեղինակին:
Ներկայացման օրը Կադրուս Գասպարյանն աշխատում էր ուրախ երևալ: Հյուրերը չորսն էին` տարիքն առած երկու հարավամերիկյան ամուսնական զույգ, որոնք հայտնի չէ, թե ինչու էին ապրում, թթվածին շնչում ու քառակուսի մետրեր զբաղեցնում: Չորսն էլ սիրալիր էին և բացահայտ ի ցույց էին դնում իրենց երախտագիտությունը: Նրանց հետ խոսակցությունից Գասպարյանը հասկացավ, որ Մանտովայի դուքսի պարտիան երգելու է Խուան Դիեգո Ֆլորեսը` պերուացի հանրահայտ տենորը, իսկ Ռիգոլետոյին մարմնավորելու է Ռենատո Բռուզոնը` փառասեր իտալացի բարիտոնը: Կադրուսը ստիպված էր ձևացնել, որ ինքն էլ օպերային արվեստի նվիրյալ է և պատրաստակամությամբ համաձայնում էր ընկերակիցների խելացի կարծիքներին, որ առատորեն տեղում էին նրա վրա: Կանանցից մեկն աստվածացնում էր Ֆլորեսին և խորին համոզմունք ուներ, որ նա լավագույն տենորն է աշխարհում: Մյուս կինը ճիշտ հակառակ կարծիքին էր և Ֆլորեսին լավագույնը չէր համարում նույնիսկ Հարավային Ամերիկայում: Հապա արգենտինացի Խոսե Կուրա±ն: Էլ չենք ասում մեքսիկացի Ռոլանդո Վիլյասոնը` մեր ժամանակների ամենահմայիչ երգիչը… Տղամարդկանցից մեկը հիշեց Պավարոտիին: Ահա թե ով է իսկական երգիչը: Տեսնել էր պետք, թե ինչպես էր Մանտովայի դուքս կերտում Նյու Յորքի օպերային թատրոնում: Սրանք բոլորն էլ լակոտներ են նրա առաջ… Կադրուսը շարունակում էր սիրալիր գլխով անել և աչքի տակով ուսումնասիրում էր բեմը, օթյակներն ու այնտեղ տեղ զբաղեցրածներին: Ներկայացումը սկսվեց: Եվս մեկ անհարմարություն: Դեռ կարելի է հասկանալ, որ ծխելն արգելված է: Բայց խոսել էլ չի կարելի: Կադրուսը կրկին գործի դրեց ողջ կամքը ու թթված նստեց տեղը: Գոնե լավ էր, որ լույսերը հանգցրին: Հիմա կարելի էր չլարվել ու հանգիստ տալ դեմքի մկաններին, որոնք լարված աշխատանքից ուժասպառ էին եղել: Պետք է նկատել, որ ուվերտյուրան այնքան չզզվեցրեց Կադրուսին, որքան սպասում էր: Դրա տակ թերևս հնարավոր լիներ մի փոքր նիրհել, բայց երաժիշտները, չգիտես ինչու, երբեմն սկսում էին զիլ նվագել, և այդ առումով հանգստին տրվելը փոքր-ինչ վտանգավոր էր: Սկսվեց առաջին գործողությունը: Կադրուսի հետաքրքրությունը շարժվեց: Տեսարանը շքեղ էր, իսկ նա սիրում էր ամեն շքեղ բան: Ամենուր կիսամերկ կանայք էին: Մանտովայի դուքսը գեղեցիկ արիաներ էր երգում ու ձեռի հետ սիրահետում պալատականների կանանց, իսկ Ռիգոլետտոն ծաղրում էր կոտոշավոր կոմսերին ու մարքիզներին, ինչի համար ազնվականները մի խմբային երգով սպառնացին վրեժ լուծել: Քանի որ դուքսն այդ օրը առանձնապես տարված էր կոմսուհի Չեպրանոյի հմայքներով ու չնայած ամուսնու խանդոտ հայացքներին` հաջողացրեց առանձնանալ ժամանակավորապես իր սիրտը խուժած այդ չքնաղ կնոջ հետ, անհրաժեշտություն ծագեց ծաղրել հատկապես կոմս Չեպրանոյին: Ռիգոլետոն ինչպես հարկն է կատարեց իր աշխատանքը և թունոտ հարցրեց, թե հենց նոր ի±նչ կոտոշներ աճեցին պատվարժան կոմսի գլխին: Չնայած երաժշտության զզվելիությանը այդ հատվածը Կադրուսին դուր եկավ: Տե°ղն է այդ ազնվականներին: Հետո Մանտովայի դուքսն ու կուզիկ Ռիգոլետոն քննարկում էին, թե ինչպես ազատվեն խանդոտ կոմսից, որը սկսում էր անտանելի դառնալ: Ռիգոլետոն առաջարկեց աքսորել, բանտ նետել, բայց դուքսն այդ գաղափարներից ոչ մեկին հավանություն չտվեց: Սակայն շուտով ի հայտ է գալիս մեկ այլ գեղեցկուհի, և սրտակեր տիրակալն իսպառ մոռանում է կոմսուհուն: Նետվելով նոր զոհի վրա` նա ցանկանում է հագուրդ տալ իր անզուսպ կրքերին, բայց ամենահետաքրքիր տեղում հայտնվում է ծերունի կոմս Մոնտերոնեն` հիշյալ գեղեցկուհու հայրը, և պատիվ է պահանջում: Քանի որ դուքսը այդպիսի մանրուքներով զբաղվելու զահլա չուներ, աղջկա հորը պատասխանում է Ռիգոլետոն և իրեն հատուկ կծու ոճով մինչև հոգու խորքը վիրավորում: Մոնտերոնեն անիծում է բոլորին ու շուտով ձերբակալվում: Շուտով բոլորը ցրվում են: Մնում է միայն Ռիգոլետոն, ով առանձնապես ցնցված էր ծերունի կոմսի անեծքից, քանի որ գեղեցիկ աղջիկ ուներ տանը, ում անունն էր Ջիլդա: Շատ չանցած` նրան մոտենում է մի վանող արարած` պրոֆեսիոնալ մարդասպան Սպարաֆուչիլեն և մատչելի գումարով առաջարկում իր ծառայությունները: Ռիգոլետոն մշուշոտ պատասխան է տալիս ու տուն շտապում, որպեսզի աղջկան հորդորի զգույշ լինել, իսկ Ջովաննային` սպասուհուն, հրամայում է շան պես հսկել աղջկան: Գործողությունները սկսվում են ծավալվել կայծակնային արագությամբ: Ռիգոլետոյի տան մոտ հայտնվում է Մանտովայի դուքսը, երկու-երեք գեղեցիկ արիաներով սեր ներշնչում Ջիլդային ու ներկայանալով որպես աղքատ ուսանող` անհետանում: Հերթը գալիս է պալատական ազնվականներին, որոնք Ռիգոլետոյի զգոնությունը թուլացնում են, թե ցանկանում են առևանգել կոմսուհի Չեպրանոյին: Քանի որ չճանաչվելու համար բոլորի աչքերը կապված էին, կուզիկը նույնպես թույլատրում է կապել իր աչքերը, իսկ բանսարկու պալատականները օգտվելով դրանից` առևանգում են Ջիլդային: Ազատվելով աչքերի կապից` Ռիգոլետոն հիշում է անեծքի մասին ու դառնորեն լաց լինում… Վերջին ակորդները դեռ չլռած` դահլիճը պայթում է ծափահարություններից: Բրավո և բիս է հնչում խեղճ Կադրուսի ականջի տակ, որից նա սարսափահար վեր է թռչում և արհամարհանքով նկատում, որ սույն գոռգոռացող հասարակությունն առնվազն վատ է դաստիարակված: Բայց վաղ էր ուրախանում Կադրուսը: Պարզվում է, որ սա ոչ թե վերջն է, այլ սոսկ առաջին գործողության ավարտը, և դեռ երկու գործողություն էլ կա, որ վերջ տրվի մղձավանջին: Չնայած պետք է ասել, որ Կադրուսն այնքան էլ դժգոհ չէր: Օպերայի սյուժեն նրան հետաքրքրել էր, և ընդմիջմանը քաղաքավարի խնդրեց լիբրետոն, որպեսզի մանրամասն տեղեկանա ինչն ինչոց է: Բացի այդ, էական դեր ուներ ներկայացման ժամանակակից բեմականացումը, որի ընթացքում պալատական կանայք բավական անկեղծ զգեստներ էին կրում, իսկ Ջիլդան` սոպրանո Աննա Նետրեբկոն, համակրելի շարժուձև ուներ: Եվ վերջապես, ոչ մի կոնտրալտո չկար, որ տհաճ հիշողությունների պատճառ դառնար, և այդ հանգամանքը թույլ էր տալիս առանց թունավորվելու շնչել Արարչի ստեղծած օդը: Բարեբախտաբար երկրորդ և երրորդ գործողությունները կարճ էին. միասին վերցրած` հազիվ առաջինի չափ: Հակիրճ ներկայացնենք դրանց բովանդակությունը: Մանտովայի դուքսը խիստ տխրում է, երբ անհետացած է գտնում իր սրտի տիրուհուն, սակայն շուտով հայտնվում են պալատականներն ու մեկ այլ խմբային երգով պատմում եղելությունը: Ուրախությունն ու անհամբերությունն են պսպղում դքսի աչքերում, իսկ պալատականները նրան են մատուցում անմեղ Ջիլդային, որն ի վերջո զոհաբերվում է գեղեցիկ արիաներ երգող դքսի կատաղի կրքերին: Հայտնվում է Ռիգոլետոն: Դերերը փոխվել են: Հիմա պալատականներն են նրան ծաղրում: Գտնելով աղջկան ու պարզելով ճշմարտությունը` Ռիգոլետոն երդվում է վրեժ լուծել, իսկ Ջիլդան, որ շարունակում է սիրել դուքսին, խնդրում է այդ չանել: Սրան ի պատասխան հայրը անառարկելի փաստարկներ է ներկայացնում, որ դուքսը եռանդուն սիրաբանում է մեկ այլ գեղեցկուհու հետ, բայց աղջիկը շարունակում է սիրել: Զարմանալի զուգադիպությամբ Մադալենան` դքսի կրքի նոր առարկան, և մարդասպան Սպարաֆուչիլեն, քույր ու եղբայր են: Այնպես որ, երբ Ռիգոլետոն առաջարկում է սպանել դքսին, իսկ Սպարաֆուչիլեն համաձայնում է, հակասություն է առաջանում: Եղբորն անհրաժեշտ է հանձնել դքսի դիակը, որ ստանա աշխատանքի վարձը, իսկ քրոջը` կենդանի դուքսը, որպեսզի ինչքան հնարավոր է փող քամի նրանից: Եվ այստեղ վրա է հասնում անսպասելի հանգուցալուծումը: Չկա ավելի զորեղ ուժ, քան սիրո ուժն է: Ջիլդան դռան ետևից ձայն է տալիս ու իրեն առաջարկում որպես զոհ: Նույնիսկ անսիրտ մարդասպան Սպարաֆուչիլեն է զարհուրած: Արնահեղ դանակը ձեռքին` նա անվճռական կանգնած է աղջկա դիմաց: Սակայն ինչպես ասում է դև-փիլիսոփա Թուլադը, որտեղ կինը կա` չարքը գործ չունի: Մադալենան հետևից ուժգին հրում է Ջիլդային, և նա ընկնում է մարդասպան եղբոր դանակի վրա: Քույր ու եղբայր բավարարված են: Առաջինն ունի հարուստ սիրեկան, երկրորդը` պատրաստի դիակ, որի դիմաց պիտի քսան ոսկե սկուդի ստանա: Այսպիսով, Ռիգոլետոն վճարում ու ստանում է դիակը, բայց կեսճամփին լսում է դքսի հանրահայտ արիան և սարսափահար հայտնաբերում աղետալի ճշմարտությունը… Շարունակությունը կրկնություն է: Միակ տարբերությունն այն է, որ Բիսն ու Բրավոն այլևս չվախեցրին փորձառու Կադրուսին:

Malxas
29.01.2011, 20:42
Կադրուսն ուշ հասավ տուն, բայց չշտապեց անկողին մտնել: Ինչ-որ միտք որդի պես սողոսկել էր ուղեղն ու դաժանորեն կրծում էր: Եվ հանկարծ հասկացավ ամեն ինչ: Սպարաֆուչիլե, իմ սիրելի բարեկամ, իմ պաշտելի եղբայր: Մանտովայի դքսի արիաները ոչինչ են քո չքնաղ բասի առաջ: Ռիգոլետոն մի հիմար ստահակ է քո մեծության համեմատ: Ջիլդան իր հմայքներով վերջին պլան է մղվում քո արվեստի առաջ և պիտանի է, որ քո դանակին մատաղ անի իր անպետք մարմինը:

Եվ ի¯նչ անարդարություն է ազդացուցակում նրա անունը սոսկ չորրորդը նշելը: Եվ ի¯նչ անպետք կոմպոզիտոր է Ջուզեպպե Վերդին, որն այդքան սակավ դեր է հատկացրել նշանավոր մարդուն… Երկրագո°ւնդ., Կադրուսը քեզ կստիպի իր համար պտտվել: Եվ թող օրհնվի այն ակնթարթը, երբ արարվեց մարդասպանությունը: Շա¯ա¯ա¯տ անհրաժեշտ բան է եղել դա, եթե Աստծու ստեղծած երրորդ մարդը այդպիսի բան է արել` այն աշխարհ ուղարկելով չորրորդ մարդուն` իր հարազատ եղբորը: Հիմա որևէ շանս ունե±ս, Դավիթ Սարգսյան, որ արյունակցական կապերի մեջ չես Կադրուս Գասպարյանի հետ, արածդ լավություններով շնորհակալ լինելու ճնշող զգացումն ես առաջացնում, մեռնել չես ցանկանում, երբ այդքան մոտ էիր մահվանը…

Ասենք դա այնքան էլ կարևոր չէր լինի, եթե համաձայնեիր զիջել պաշտոնդ: Կսպանե±ր Մակբեթը Դունկանին, եթե նա հոժարակամ զիջեր գահը: Դժվար թե: Բայց ինչ աներ խեղճ մարդը, երբ կախարդուհիները Շոտլանդիայի թագ էին կանխագուշակել նրան, իսկ գուշակությունների կեսն արդեն զարմանալիորեն կատարվել էր: Ինչպե±ս վերաբերվեր նրան, որ փոխանակ գահն իրեն հանձնելու հրապարակավ իր որդի Մալկոլմին հանձնեց Դունկանը: Ինչպե±ս վարվեր հիմա Կադրուսը, երբ Սարգսյանի հավանական մահվան ավետիսն առնելուց հետո այնաստիճան պինդ էր ամրագրել նախագահի պաշտոնն իրեն, որ այլևս անկարող էր բաժանվել նրանից: Վիկտոր Հյուգոն ՙՓարիզի աստվածամոր տաճարը՚ հանրահայտ գրքի վերջի մասում հավաստում է` Քվազիմոդոյի ոսկորներն անհնար եղավ անջատել Էսմերալդայի ոսկորներից: Կադրուս Գասպարյանին ավելի անհնար կլինի բաժանել իր Աթոռից…

Հաջորդ երեկոյան Բալասան Օրդուխանյանն անծանոթ համարից զանգ ստացավ: Ձայնը հավաստում էր, որ իրենց գյուղից է ու ծնողներից բան ունի փոխանցելու: Չճանաչեց զանգողին, զարմացավ, թե ինչու նախօրոք չեն զանգել, բայց չանհանգստացավ: Անծանոթն առաջարկում էր հանդիպել մարդաշատ վայրում` մի շատ հայտնի ռեստորանի դիմաց: Բալասանը թոթվեց ուսերն ու գնաց: Մի քանի րոպե դեսուդեն արեց ռեստորանի դռների առաջ, սիգարետ վառեց, ձանձրացող հայացքով դիտարկեց մարդաշատ փողոցը ու չար նախանձեց մարդկանց, որոնք իրենց շքեղ մեքենաները ռեստորանի առաջ էին կայանել: Հայտնի չէ` դեռ ինչքան կնայեր ու կնախանձեր, եթե մի կամացուկ ձայն չլսվեր: Շրջվեց: Չէր ճանաչում այդ մարդուն. միջահասակ էր, մրսկան փաթաթվել էր վերարկուի մեջ, մորուք ուներ ու սև ակնոց էր դրել: Մի քանի վայրկյան նայեցին մեկմեկու աչքերի մեջ, ապա անծանոթը մի փոքր բարձրացրեց ակնոցն ու նորից տեղը դրեց: Դա էլ բավական էր, որ Բալասանը ճանաչի Կադրուս Գասպարյանին: Ծպտված պատրոնը նշանացի ներս հրավիրեց: Կլիենտը հնազանդվեց: Ռեստորանում առանձնասենյակ վերցրին, այնպիսի ուտեստ պատվիրեցին, որն ահնհապաղ կկարողանային բերել և խստորեն հրամայեցին այլևս չանհանգստացնել: Բալասանը մեծ ախորժակով ուտում էր. միշտ էլ այդպես էր, երբ ուրիշն էր վճարում: Կադրուսն, ընդհակառակը, քիչ էր ուտում և ավելի հաճախ առաջարկում էր դատարկել օղու բաժակները:

Քառորդ ժամ ուտում էին, այսպես ասած, լավ ծամելով, բայց շուտով Կադրուսը հաղթահարեց մեկնարկային հուզմունքն, ու խոսակցությունն աշխուժացավ: Բալասանը նկատեց, որ պատրոնը միտումնավոր բարձր է խոսում, ընդ որում` մեծամասամբ գռեհիկ բաներից: Չնայած արտաքին բարեհոգությանը` Բալասանն ամենասկզբից էլ լարված էր, իսկ հիմա համակ ուշադրություն դարձավ: Ո±րն է այս ներկայացման իմաստը: Հասկանալի է, որ բարձրաձայնում է օտար ականջներից ապահովագրվելու համար: Բայց ինչո±ւ է հենց այստեղ կանչել, ի±նչ նպատակով և ինչպե±ս է պատրաստվում հայտնել իր ուզածը: Բալասանի աչքերը մկան աչքերի պես պսպղում էին, իսկ հայացքը նման էր շան հայացքին, որը ոսկոր ստանալու ակնկալիքով որսում է տիրոջ յուրաքանչյուր շարժումը: Կադրուսը հապաղում էր: Ամբողջ ժամանակ նստած էր լրտեսական վերարկուի մեջ փաթափված: Կեղծ մորուքն ու ակնոցը նույնպես շարունակում էին մնալ նրա կերպարանափոխության անկապտելի մասերը: Հանկարծ Կադրուսը խոսակցությունը բևեռեց բջիջային հեռախոսին: Անճաշակ ու գռեհիկ կատակների մի շարք պատմվեց, որից հետո առաջարկվեց դիտել մի խիստ անպարկեշտ նկար: Բալասանը վիզը երկարեց դեպի բջջայինի էկրանը, բայց ակնկալած մերկ կնոջ փոխարեն մի նշան տեսավ, որը համապատասխանում էր լատինական այբուբենի տասնմեկերորդ տառին: Կադրուս Գասպարյանը ևս հինգ անգամ նման առաջարկություն արեց, և ամեն անգամ նկարի փոխարեն մեկ լատինական տառ էր նշմարվում էկրանին: Բալասան Օրդուխանյանը սարսռաց: Բնականից ճարպիկ էր և արագ էր ընկալում բոլոր խարդավալից բաները: Գումարելով տառերը նա մի բառ ստացավ, որի իմաստը նույնիսկ վեց տարեկան երեխան գիտի: Անգլերենից թարգմանած նշանակում էր ՄԱՐԴԱՍՊԱՆ: Բալասանը միանգամից հասկացավ, թե իրենից ինչ է պահանջվում ու կարկամեց:

Կադրուս Գասպարյանը վախկոտ մարդ էր: Սնապարծությունն էր նրան այսպիսի ծայրահեղ քայլի մղել: Բայց վախկոտ էր նաև Բալասանը, իսկ ներքին զգացողությունը հուշում էր զգույշ լինել: Ճիշտ է, վարձու մարդասպան գտնելու հունարով կտրիճանալն այնքան էլ դատարկ տեղը չէր եղել, բայց ամեն ինչ ավելի մշուշոտ էր, քան նա ներկայացրել էր: Այլ կերպ ասած` հիսուն տոկոս հավանականություն ունեցող գործը ներկայացրել էր իբրև հարյուրհիսուն տոկոսանոց: Բացի այդ, նույնիսկ եթե երկուհարյուր տոկոսանոց հնարավորություն ունենար գտնելու այդ պետքական մարդուն, մի±թե արժեր նման ռիսկի դիմել: Հավասարակշռո±ւմ էին արդյոք կշեռքի նժարները: Ի±նչ կստանար, եթե Կադրուսի ջրաղացին ջուր լցներ: Դեպի բարձունքներ կգնա±ր նրա հետ, թե տասը տարվա բանտային կալանք կշալակեր:

Այդ պահին Բալասանը հաճույքով նկատեց, որ իրենից անհապաղ պատասխան չի սպասվում և հուզմունքը քողարկելու համար սկսեց խժռել սեղանին դրված համեղ ուտեստեղենը…


Կադրուսի ու Բալասանի երկրորդ հանդիպումը կայացավ հաջորդ երեկոյան, ամայի մի դաշտում, տոնակատարությունից չորս օր առաջ: Նույն օրն էլի էին հանդիպել` Կադրուսի առանձնասենյակում: Այս անգամ, ճիշտ է, լրտեսական քողարկիչ վերարկուն, կեղծ բեղ-մորուքն ու մուգ ակնոցը բացակայում էին, բայց նշան տալու միջոցը նախկինն էր. չնայած շատ ժամանակ էր խլում, սակայն հուսալի էր:
Գասպարյանը մշուշոտ էր արտահայտվում, բայց` հասկանալի: Պետք է շտապել` ասում էր նա: Շատ ավելի հարմար է գործել սպիտակ խալաթավորների միջավայրում: Բայց Բալասանն աշխատում էր խոսակցությունն այլ հարթություն տեղափոխել և ակնարկներով տեղեկանալ արևի շողերի տակ գտնվող այն վայրի մասին, որը, գործի բարեհաջող ավարտի դեպքում, պետք է ստանար Կադրուսի երախտապարտ ձեռքերից: Նախագահական աթոռից բացի ամեն ինչ խոստացավ նրան պատրոնը…

Malxas
31.01.2011, 09:44
Մի քանի ժամ անց զանգահարեց Խորխե Ասեվեդոն: Գասպարյանը ևս երեք օր խնդրեց: Հարավամերիկացի գործարարն այս անգամ էլ համաձայնեց:
ՙԱրմենիայում՚ լարված աշխատում էին ու պատրաստվում տոնակատարությանը, դրա համար էլ ուշադրություն չդարձրին Բալասան Օրդուխանյանի անհայտանալուն: Մինչ ՙԱրմենիա՚ գալը Բալասանը գործունեություն էր ծավալել մի ոլորտում, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում օրինական համարել չէր կարելի: Նոր հիմնարկում նա ներկայացել էր որպես փորձված թիկնապահ, իսկ ճշմարտությունն այն էր, որ իրականում մասնագիտացել էր այնպիսի ապրանքների վերավաճառքում, որոնք անհայտ ծագում ունեին, բայց սարսափելի էժան էին: Լավ բան է մեծ շրջապատ ունենալը: Ամեն մարդ էլ կարող է պետք գալ: Սխալ էր գործել Բալասանը, երբ մեծ մարդ կարծելով իրեն, նախկին եղբայրացուների վրա խաչ էր քաշել: Ինչպես ոչ ոք` նա հիմա գիտակցում էր այդ:
Նախկին գործընկերներն ուրախությամբ դիմավորեցին Բալասանին: Պարզ ու հասարակ տղերք էին: Գող էին, բայց ունեին իրենց անխախտ սկզբունքները և այդ պատճառով ավելի բարոյական էին Բալասանից, որը ոչ մի սկզբունք չէր ունեցել կյանքում և միշտ վարվել էր սեփական շահից ելնելով: Բալասանը նախատինքների տարափ տեղաց. ինչո±ւ չեն գալիս, ինչո±ւ չեն երևում, բա ընկերությունը էդպես կլինի±: Ինքն, ասենք, ժամանակ չունի, հսկա հիմնարկության փոխնախագահ է մարդը, իսկ ընկերնե±րը: Հեռախոսն էլ հո միշտ կա, գոնե կարելի է զանգել: Նստեցին սեղանի շուրջ: Առատորեն օղի խմեցին, որն ամենաթանկ տեսակից չէր, վրայից երշիկ ու թթու վարունգ կերան, որոնք սակավ էին մատակարարված սեղանին, քանի որ երկրորդական կարևորության էին: Վերջապես ընկերներից մեկն ակնարկ արեց. հենց այնպես եկած չի լինի Բալասանը, հավանաբար գործ ունի հետները: Բալասանը խորիմաստ լռեց, ինչով և պատկառելի շեշտեց այցի կարևորությունը ու գործնական հետաքրքրության մղեց ընկերներին: Գողերից մեկը չդիմացավ. ի±նչ տուն պիտի կտրենք: Բալասանը հիմա էլ լռեց, պաստասխանի փոխարեն մի շնչով դատարկեց պռնկեպռունկ լցված օղու գավաթը: Գող եղբայրությունը լրջացավ. թաց գործ է` եզրակացրեց նրանցից մեկը ու տարուբերեց գլուխը` իրենք այդպիսի բաներով չեն զբաղվում: Գողություն ու թալան` խնդրեմ, թեկուզև Մոսկվայի կենտրոնական բանկը, բայց սպանությո±ւն… Այդ մեկը` կներեք: Բալասանը բարկությամբ առաջ հրեց ափսեն: Հազար անգամ խոսել են և այն էլ որպես հաստատ լինող բանի մասին, իսկ հիմա, երբ իրեն կենսականորեն այնքան անհրաժեշտ է մեկին զրկել կենսական ներկայությունից, մերժում են: Գողերից մեկը պարզաբանեց. նկատի ունեին, որ իրենք չեն կարողանա, իսկ անող կարելի է ճարել, եթե մի փոքր գլուխ ցավացնեն: Ուրեմն թող ցավացնեն գլուխները` կատաղած գոռաց Բալասանն ու նորից զրնգուն աղմուկ առաջացրեց ափսեի տեղաշարժով: Բարեհոգի ու պարզ տղերք էին այդ գողերը. ընդամենը ծիծաղեցին Բալասանի ռազմաշունչ ելույթի վրա: Դե լավ, մի բան կանեն, իսկ ինքը թող տեղեկություններ տրամադրի` նկարը, բնակության և աշխատանքի վայրերը: Մեկ օր անց կասվի պատվերի գինը:
Նույն օրը փոխնախագահի առանձնասենյակում խուլուհամրերի ևս մեկ ներկայացում տրվեց: Եթե ուշադրություն չդարձնեինք այդ երկու պատկառելի տղամարդկանց տարիքին, խարդավալից աչքերի մեջ չտեսնեինք դիվական կայծը, բանսարկու հայացքներում չկարդայինք նրանց ստոր հոգիների էությունը, կարելի էր կարծել` տասնամյա ժրաջան տղաներ են, որ բջջային հեռախոսներով զվարճալի նկարներ ու ֆիլմեր են ցուցադրում մեկմեկու: Հոգնեցուցիչ էին բանակցությունները, բայց Կադրուսը գոհ էր կատարված աշխատանքից: Տեղեկություն տրամադրելու անհրաժեշտությունն էր լոկ դող գցում նրա ճնճղուկային հոգու մեջ: Ոչ մի կերպ համաձայն չէր Դավիթ Սարգսյանի նկարն ունենալ ու փոխանցել Կադրուսին` թեկուզև ամենակարճ ժամանակով: Իրավացի էր մարդը, վախենում էր ախր, բռնվելու դեպքում հավերժ բանտում կփակեին անխիղճները: Փորձեց խորամանկել և անվրդով տեսքով Բալասանին հանձնարարեց զբաղվել այդ չնչին հարցով: Բայց արի ու տես, որ Բալասանն էլ նույն հոգեվիճակում էր: Նրա գործն ավելի դժվար էր: Շատ ավելի երկար պիտի պահեր Սարգսյանի նկարը: Պայմանավորվեցին մտածել այդ հարցի շուրջ: Ժամանակ դեռ կար: Զանգահարեց Խորխե Ասեվեդոն և իր հանգիստ ձայնով խնդրեց տեղավորվել ժամկետի մեջ: Դոն Խորխեն նաև հույս հայտնեց, որ գործ ունի լուրջ մարդկանց հետ, քանզի ամենից շատ չէր սիրում կատակասերներին, որոնց երբեք չէր ներում: Վախն ու հուզմունքը որոշիչ միասնությամբ սասանեցին Կադրուս Գասպարյանի թուլացած մարմինը: Հիմա անթաքույց դողում էր:
Գողերի պահանջած գումար մեծ էր, բայց` չափավոր: Ընդամենը քառասունհինգ հազար ամերիկյան դոլար: Դժվարությամբ էին գործը գլուխ բերել: Երկու միջնորդ կար արանքում: Կարելի էր հանգիստ լինել: Լուրջ պրոֆեսիոնալներ էին, որ երբեք չէին վրիպել: Գումար, տեղեկություններ և երկու օր ժամկետ, փողն ամբողջությամբ ու գլխանց. սա էր մարդասպանների պայմանը: Դրամի համար կարելի էր չանհանգստանալ: Միջնորդների կաշին կհանեին, եթե դրա անհրաժեշտությունը լիներ: Բալասանը գիտեր, որ իր գողությամբ զբաղվող ընկերներին փող վստահելն ավելի ապահով է, քան եթե բանկ դներ: Լուռ գլխով արեց ու դուրս եկավ:
Ժամանակը հալվում էր կայծակի արագությամբ: Մեկ օր էր մնացել ՙԱրմենիայի՚ տասնամյա հոբելյանի տոնակատարությանը: Հերթական անգամ զանգեց Խորխե Ասեվեդոն և սովորական հանգստությամբ տեղեկացրեց` եթե մոտակա քսանչորս ժամում դրական պատասխան չստանա, ապա կհամարի, որ գործընկեր չունի: Առավոտյան կողմ էր: Կադրուս Գասպարյանին դժվարությամբ հաջողվեց երկարածգել ժամկետը մինչև հաջորդ օրվա կեսգիշեր: Ժամանակը սուղ էր, իսկ գործը տեղից առաջ չէր շարժվում: Անհրաժեշտ էր տեղեկություններ հաղորդելու ապահով միջոց գտնել: Պետք էր նաև գումար հայթայթել, որը պակաս կարևոր խնդիր չէր: Ինչպե±ս ճարել Բալասանի պահանջած հիսուն հազարը, երբ գրպանումդ հազարն էլ չունես: Հո ՙԱրմենիայի՚ գանձարկղից չէ±ր վերցնի: Իրավապահները հոտը կառնեին միանգամից: Կադրուսի մտքերն այնքան խառն էին, որ թվում էր խելագարության կհասցնեն: Անընդհատ աչքի առաջ էր գալիս մի հին վեստեռն, նրա սիրած ֆիլմերից մեկը, որտեղ մարդասպանը զոհի մոտ գնալուց հետո չի շտապում սպանել նրան, մի պատվեր էլ նրանից է ստանում ու ի վերջո սպանում է պատվիրատուին էլ, զոհին էլ: Չլինի հանկարծ մարդասպանները միանգամից չսպանեն Դավիթ Սարգսյանին ու ավելի խոշոր գումարով գայթակղված` իր վրա գան… Իսկապես գժվել կարելի է: Ինչո±ւ է աշխարհն այսպես անարդար կառուցված: Կադրուսը հոգատանջ գլուխը սեղանին դրեց ու ննջեց: Մղձավանջային երազ տեսավ, որպիսին հավանաբար տեսել էր Ձենով Օհանը Դավթի կռվից առաջ, որն ինչպես հայտնի է կայանալու էր զորեղ թշնամու` Մըսրա Մելիքի հետ: Սակայն արթնանալուց հետո առույգ էր զգում իրեն: Ուղեղն աշխատում էր ժամացույցի պես, և այնպիսի զգացումով համակվեց, ասես շուտով կգտնի բոլոր լուծումների բանալին: Այդպես էլ եղավ: ՙԱրմենիա՚ կորպորացիան պաշտոնական կայք ուներ ինտերնետում: Իսկ ինչո±ւ մարդասպաններին չհրամցնել կայքի հասցեն ու բանավոր ակնարկել, որ պետք եղած մարդն ամենամեծավորն է: Ինչպես հիսուն հազար դոլար ճարե±լ: Սա թերևս էլ ավելի հեշտ է: Այստեղ Կադրուսը գերազանցեց բոլոր սպասելիքները: Հիրավի հանճար էր նա: Եվ թող օրհնվի այն ակնթարթը, երբ արարվեցին բոլոր բարի ու դյուրահավատ մարդիկ: Երկրագո’ւնդ, իմ սերելի’, լավ երկրագունդ, պտտվիր մի փոքր Կադրուսի համար: Հենց Դավիթ Սարգսյանից է պետք խնդրել այդ գումարը: Կտա անպատճառ այդ բարի ու թուլակամ մարդը: Ի վերջո, այնքան էլ վատ վերջաբան չէ: Մի բարի գործ կկատարի այն աշխարհ տեղափոխվելու նախօրյակին:

Malxas
31.01.2011, 13:30
Տեսնելով, թե հիվանդանոցում ինչպես է կազմակերպված Դավիթ Սարգսյանի անվտանգությունը, Կադրուսը մտածեց, որ հիսուն հազար դոլարն ամենևին էլ մեծ վարձատրություն չէ: Գևորգ Գևորգյանը նույնիսկ մանկամարդ բուժքույրներին էր ոտքից գլուխ զննում: Ասենք` չէին հասցնի գործը հիվանդանոցում ավարտել: Դա տեղի կունենար հաջորդ օրը, ամենայն հավանականությամբ` օրվա երկրորդ կեսին, այսինքն զարմանալիորեն կզուգադիպեր ՙԱրմենիայի՚ տասնամյակի տոնակատարությանը:
Սարգսյանը անկողնուն էր գամված: Ոտքերը դեռ գիպսի մեջ էին, դեմքը գունատ էր ու հոգնած: Այնուամենայնիվ մտերմաբար դիմավորեց Կադրուսին, հարազատորեն գրկախառնվեց նրա հետ, ընդունեց հուդայական համբույրը ու մտերմիկ կողքին նստեցրեց: Կադրուսը տխուր էր երևում: Սարգսյանն անմիջապես զգաց դա, իսկ երբ հարցին պատասխան չստացավ, Գևորգ Գևորգյանին խնդրեց մենակ թողնել իրենց: Թիկնապահը անվստահ ու ծուռ հայացքով չափեց Կադրուսին. դեռ չէր մոռացել նրա առյուծի կեցվածքն ու տմարդի գործունեությունը: Բայց դուրս եկավ: Դավիթ Սարգսյանի հայացքը լրջացավ: Այլևս անկարելի էր չպատասխանել այդ հաստատակամ մարդուն: Կադրուսի աչքին արտասուք երևաց: Սարգսյանը բռնեց նրա թևքից: Կադրուսն անսփոփ հեկեկաց ու փարվեց նախագահի ոտքերին: Ասաց, որ ամբողջ կյանքում ստրուկի պես կաշխատի նրա համար, միայն թող փրկի իր կնոջը: Երեխաներն անտեր կմնան: Դավիթ Հայրապետովիչը փորձում էր հասկանալ, թե ինչ է պատահել, բայց պատասխան չէր ստանում: Կադրուսն այնքան սրտամորմոք էր ողբում, ասես վայրկյաններից էր կախված կնոջ կյանքը, իսկ նրա փրկությունը լոկ Դավիթ Սարգսյանի ձեռքերում էր: Բարեբախտաբար փոխնախագահը շուտով հանգստացավ, սրբեց արտասուքը, խոր հոգոց հանեց ու շատ թե քիչ սպառիչ պատասխաններ տվեց: Կադրուսի կնոջ վիճակը համարյա անհուսալի էր: Անհրաժեշտ էր շտապ վիրահատել, չէր բացառվում` հենց այս գիշեր, իսկ պահանջվող գումարն առասպելական էր` հիսուն հազար դոլար: Հիվանդության ու վիրահատության մասին տեղեկությունը Կադրուսը ինտերնետից էր քաղել և բավական համոզիչ փաստեր էր ներկայացնում: Դավիթ Սարգսյանը խնդրեց հանգստանալ: Ո±ր հիվանդանոցում է` հարցրեց: Հենց հիմա կզանգի ու կպայմանավորվի գլխավոր բժիշկի հետ: Մեծ բան արժե ՙԱրմենիայի՚ նախագահի խոսքը, իսկ դրամական հարցերը հետո, անշուշտ, կկարգավորեն: Կադրուսը նորից անսփոփ հեկեկաց ու Սարգսյանի ոտքերն ընկավ: Չէր ցանկանում իր կյանքի ընկերուհուն և երեխաների մորը վտանգի ենթարկել: Փողն անհապաղ է պետք, ինքն ամբողջ կյանքում ստրուկի պես կաշխատի… Խելացի մարդ էր Դավիթ Սարգսյանը, բայց ոչ երբեք ծանրացնող: Ինչ արած, փո±ղ է պետք, կտա, իսկ ստրուկի պես աշխատելու խոստումն իսկապես զվարճալի է: Նախագահի առանձնասենյակում երկաթե սեյֆ կա, որի մեջը մշտապես կանխիկ փող է պահվում և նույնիսկ երկու վիրահատության կարող է բավականացնել: Ահա սեյֆի բանալին, ահա և բացելու նշանաբառը: Իսկ հիմա պետք չէ ժամանակ կորցնել: Նախագահը քաջառողջություն է ցանկանում Կադրուսի կնոջը, որն իր առաջ մեկ անգամ չէ որ հաց է դրել և անշուշտ բազմաթիվ անգամներ առիթ կլինի տեսնելու նրա ժպտերես ու հյուրասեր դեմքը: Կադրուսը վերցրեց բանալիներն ու փոքր-ինչ կռացած` գնաց դեպի դուռը: Եվս մեկ անգամ իր վրա զգալով Գևորգ Գևորգյանի կասկածոտ հայացքը` արագացրեց քայլերն ու հիվանդանոցի դեղահոտ միջանցքներով շտապեց դեպի բաղձալի նպատակը:
Ինտերնետային հասցեն ու փողը Բալասանին հանձնելիս Կադրուսն ավելին քան ինքնավստահ էր: Նույնիսկ դադարել էր վախենալ: Բալասանն իսկույն զգաց դա: Կադրուս Գասպարյանը խոսում էր ընդգծված հրամայական շեշտով և նույնիսկ հեռակա նախատեց գործընկերներին, որ ամբողջ փողը գլխանց էին ուզում: Լսվա±ծ բան է, որ գործը դեռ չարած այդպիսի աստղաբաշխական գումար դնեն գրպանները: Բա որ վերցնեն ու փախչե±ն: Չե±ն փախչի, լավ, այդ դեպքում թող իրենց մի քիչ հավաք պահեն: Թաց գործի մասնագետներ ամեն տեղ էլ կան, իսկ ահա վճարունակ պատվիրատուներն այնքան էլ շատ չեն: Այնպես որ, թող քթները շատ չցցեն ու պայմաններ չթելադրեն, թե չէ մեկ էլ տեսար կբարկանա Կադրուսը ու գործը լրիվ ուրիշ մարդկանց կհանձնարարի: Իսկ երկու օրը շատ մեծ ժամանակահատված է, չեն կարող այդքան սպասել: Առավելագույն ժամկետը` մինչև վաղը 24.00-ն է: Իսկ թե այնքան ապիկար են, որ չեն կարողանա գործը գլուխ բերել, Բալասանը թող փողը վերցնի ու հետ գա: Բալասան Օրդուխանյանը խելամիտ գտավ պատրոնի փաստարկումները` միշտ էլ խելացի էր համարում, երբ դրանք արտաբերվում էին ղեկավարին հատուկ ինքնավստահությամբ ու ամբարտավանությամբ: Վերցնելով գումարը, որի նույնիսկ քառորդը միանգամից գրպանում չէր ունեցել, Բալասանը մի պահ վարանեց: Չառնի± ու չվի անհայտ ուղղությամբ: Բայց շուտով հաշվարկեց ու համոզվեց, որ հարավամերիկացիների հետ համագործակցությունը շատ ավելին կբերի: Վտանգավոր գործ է, բայց ինքն էլ շամպայն շատ է սիրում…
Հաջորդ օրը, ցերեկվա երեքին, ՙԱրմենիա՚ կորպորացիան մեկ մարդու պես դադարեցրեց աշխատանքը: Ռեստորանը, որտեղ նշելու էին հոբելյանը, հեռու չէր, ուստի շատերը գերադասեցին ոտքով գնալ: Հիմնարկը համարյա դատարկվել էր: Կադրուսը դեռ ոտքը կախ էր գցում: Գիշերն էլի վատ էր քնել ու մղձավանջային երազներ տեսել: Չէր հիշում` հատկապես ինչ, բայց հաստատ սարսափելի բաներ էին: Մի տասն անգամ տեղից վեր թռավ: Նույնիսկ խոր քնած կինը արթնացավ նրա անդադար թավալումներից և անկապ զառանցանքներից ու ջուր բերեց, որ խմի հանգստանա: Տագնապալից մտքերը հանգիստ չէին տալիս: Իսկ եթե այդ անասունները չափից շա±տ կրակեն, ու մի կույր գնդակ էլ իրեն կպնի` զարհուրած մտածում էր նա: Նույնիսկ անեկդոտներ էին պատմում այդ մասին ու համեմատություններ անում ամերիկյան գանգստերների հետ: Եթե ամերիկյան քիլլերը պիտի վերացնի մեկին, և այդ մեկը նստած է սրճարանում, ապա նա նշան է բռնում ու կրակում: Պատվիրված մարդը զոհվում է, պատահական տուժում են մի քանի այլ մարդիկ: Իսկ ահա ռուսները նման դեպքերում պարզապես պայթեցնում են ամբողջ սրճարանը: Իսկ եթե չմասնակցի± տոնակատարությանը: Նստի հիմնարկում կամ տուն գնա: Իսկ եթե` հիվանդանո±ց… Նորից խճճվեցին մտքերը: Հիշեց, որ միայն Դավիթ Սարգսյանին կարող է պատճառաբանել հիվանդանոց գնալը: Բայց եթե չմասնակցի տոնակատարությանն, ու ամեն ինչ բարեհաջող ավարտվի, կասկածներն իսկույն իր վրա կընկնեն: Չէ¯է¯է¯, նահանջելու տեղ չկա, պետք է գնալ: Կադրուսը հոգոց հանեց ու դուրս եկավ: Ընդունարանի մոտով անցնելիս կանացի ծիծաղ լսեց: Ներս նայեց: Պատկերն ապշեցրեց նրան: Օքսանայի համակարգչի առաջ նստած էր նոր ծրագրավորող-ցանցի ադմինիստրատորը: Քրտինքի մեջ կորած էր այդ երիտասարդ ակնոցավոր տղան: Ակնհայտ էր, թե ինչ դժվարին դրության մեջ է: Քիչ այն կողմ կանգնած էր Բալասանը, որի դեմքը կավճի պես սպիտակել էր: Իսկ ահա Օքսանան ու Ռուզաննան ուրախ քրքջում էին: Նրանցից մեկը կարծես Արամի անունը տվեց, ումից վաղուց լուր չկար: Կատաղությունը համակեց Կադրուսին: Միշտ էլ կատաղում էր, երբ լսում էր Արամի անունը, իսկ այս անգամ առանձնապես գազազեց: Բղավոցը, որով հրամայեց վերջ տալ կապիկություններին, հավանաբար փողոցում էլ լսվեց: Օքսանան ու Ռուզաննան արհամարհալից շրջվեցին նրանից, Բալասանն աննկատ դուրս սողոսկեց ընդունարանից, իսկ նոր ծրագրավորողն արագ անջատեց համակարգիչը:
Տոնակատարությանը ինչպես հարկն է պատրաստվել էին: Իվան Իվանիչն էր ղեկավարել կազմակերպչական աշխատանքը, իսկ նա բարեխիղճ ու որակյալ էր աշխատում, երբ հանձնարարությունն իր ընդունակությունների սահմաններում էր: Դավիթ Սարգսյանի տեսքն անթերի էր, բայց ինքը, ցավոք` հաշմասայլակում: Չէր կարողանում ինքնուրույն քայլել: Ստվերի պես նրան հետևում էր գլխավոր բժիշկը, ով միակ հիպոկրատյան ներկայացուցիչը չէր այստեղ: ՙԱրմենիայի՚ աշխատակիցները մոտենում ու ջերմ ողջունում էին հիմնարկի ղեկավարին: Օքսանան հուզված համբուրեց նրա երկու այտերը, նույն կերպ վարվեց նաև Ռուզաննան: Կարող է զարմանալի թվալ, բայց այստեղ էր նաև Արամը: Դավիթ Սարգսյանն առանձնապես ուրախացավ նրան տեսնելով, մի քանի հարց տվեց ու ընկերաբար վզակոթին հասցնելով` հրամայեց, որ չքվի իր աչքից: Շուտով Դավիթ Հայրապետովիչը Կադրուսին էլ նկատեց ու նշան արեց, որ մոտենա: Հետաքրքրվեց կնոջ առողջությամբ, հարցրեց վիրահատե±լ են, թե ոչ, տեղեկացավ` հերիքե±ց դրամը, նախատեց` ինչո±ւ է եկել տոնակատարությանը, թող հենց հիմա հիվանդանոց վերադառնա: Կադրուս Գասպարյանը թոթովեց, թե հենց այդպես էլ կվարվի, բայց ինչպես հիշում ենք` չէր կարող հեռանալ: Առանձնացավ մի անկյունում: Աշխատեց այնպիսի տեղ նստել, որ չերևա նախագահի աչքին: Հնչեց երաժշտությունը, բոլորն իրենց տեղերը զբաղեցրին, խնջույքը սկսվեց: Կադրուսը նստած էր մի սեղանի շուրջ, որտեղ առնվազն մեկ դյուժին կենսախինդ տղաներ ու աղջիկներ էին, բայց մենակ էր նա: Ոչ ոք չէր խոսում հետը: Ինքն էլ սրա-նրա հետ շփվելու առանձնակի ցանկություն չուներ: Աչքերը չորս արած` ներխուժման էր սպասում: Շատ լավ էր, որ նախագահը հորդորեց գնալ, և ինքն այդպիսով նրանից հեռու լինելու պատրվակ ունեցավ:

Lion
31.01.2011, 20:15
Ընտիր էր! Այսքան երկար պատմվածքը կարդացի մի շնչով, անհամբեր սպասում եմ շարունակությանը: Բրավո, պատմավեպեր գրող ախպեր, բրավո :hands - թեթև ոճը, հոգեբանական խորությունը, աննման ու նուրբ հումորը և իրական լինելը դուրս շատ եկան ու համարյա մեկ ժամում, առանց կտրվելու, մեկ շնչով կարդացի ու հիմա էլ... սպասում եմ շարունակությանը:

Ի դեպ - Կադրուս Գասպարյան /Գասպար Կադրուս - շատ դիպուկ էիր ընտրել, իսկ "գեղցիության ու չտեսության" նկարագրումներդ էլ իրոք տեղին էին: Վաղուց է, որ մեր հայ հեղինակների մոտ այս ոճը չէի հանդիպել, ինձ թվում է ճիշտ ուղու վրա ես ու դեռ շատ լավ աներ կգրես:

Ի դեպ, նույն այս ոճը հանդիպել էի պատմավեպերումդ, բայց դե այնտեղ քիչ էր, երևի թեման էր լուրջ - իսկ այստեղ շատ չափով էր ու տեղին - ապրես :)

Հ.Գ. ֆորումը համառորեն հրաժարվում է այնպես անել, որ քեզ վարկանիշ տամ - ասումա, որ պետքա ուրիշին գնահատեմ, որ նոր կարողանամ քեզ վարկանիշ տալ??!!

Malxas
31.01.2011, 20:23
Ընտիր էր! Այսքան երկար պատմվածքը կարդացի մի շնչով, անհամբեր սպասում եմ շարունակությանը: Բրավո, պատմավեպեր գրող ախպեր, բրավո :hands - թեթև ոճը, հոգեբանական խորությունը, աննման ու նուրբ հումորը և իրական լինելը դուրս շատ եկան ու համարյա մեկ ժամում, առանց կտրվելու, մեկ շնչով կարդացի ու հիմա էլ... սպասում եմ շարունակությանը:

Ի դեպ - Կադրուս Գասպարյան /Գասպար Կադրուս - շատ դիպուկ էիր ընտրել, իսկ "գեղցիության ու չտեսության" նկարագրումներդ էլ իրոք տեղին էին: Վաղուց է, որ մեր հայ հեղինակների մոտ այս ոճը չէի հանդիպել, ինձ թվում է ճիշտ ուղու վրա ես ու դեռ շատ լավ աներ կգրես:

Ի դեպ, նույն այս ոճը հանդիպել էի պատմավեպերումդ, բայց դե այնտեղ քիչ էր, երևի թեման էր լուրջ - իսկ այստեղ շատ չափով էր ու տեղին - ապրես :)

Հ.Գ. ֆորումը համառորեն հրաժարվում է այնպես անել, որ քեզ վարկանիշ տամ - ասումա, որ պետքա ուրիշին գնահատեմ, որ նոր կարողանամ քեզ վարկանիշ տալ??!!

Ապրես, Լիոն ջան, հեսա տեղադրեմ մնացած մասը , քիչ է մնացել: :)
Ով կարդացել է բոլորին էլ դուր է եկել, իմ կարծիքով էլ է ստացվել: Բայց ֆորումում շատ չկարդացին և դա ինձ համար զարմանալի էր: :) Երևի պետք է նշեի հանճարեղ գործ է, նմանը չունեցող, որ գային ջարդս տալու: :)
Ինչևէ, հարմար սյուժե լինելու դեպքում որոշել եմ զարգացնել այս ժանրը և պատմվածքների ժողովածու տպագրել:
Եվս մեկ անգամ շնորհակալություն քեզ

Malxas
31.01.2011, 20:31
Տվայտանքի երկու-երեք ժամեր անցան, որոնք երեք դարի տառապանք պատճառեցին Կադրուսին: Ինչո±ւ ժամանակ տվեց մինչև 24.00-ն: Պիտի ասեր 18.00 և ոչ մի րոպե ավելի: Իսկ հիմա ստիպված կլինի սպասել երկու անգամ ավելի, քան սպասել է, և այդ ընթացքում ավելի մոտ կգտնվի լավագույն աշխարհին, քան Դավիթ Սարգսյանը, որին այնտեղ ճանապարհելու համար այդքան եռանդ ու փող է ծախսվել: Զանգահարեց Խորխե Ասեվեդոն: Միայն դրա զանգն էր պակաս, որ կես մարդ դարձած Կադրուսը քառորդ մարդ դառնար: Դա չէ±ր արդյոք նրա մղձավանջային երազը… Գոնե Բալասանը երևար: Տեսնես ո±ւր է կորել սրիկան…
Զիլ հնչեց երաժշտությունը: Մեղեդին տկար դիմադրեց հարվածային գործիքների ուժգնությանն ու նրա հետ միաձուլվեց մարդկային խելահեղ ճիչերին: Սկզբում պարային տարատեսակը մի կերպ պահպանվում էր, իսկ հետո ամեն բան իրար խառնվեց: Դավիթ Սարգսյանին իր հաշմասայլակով օղակի մեջ առան ու սկսեցին խելահեղ պտտացնել: Օքսանան հարյուր զուգընկեր փոխեց, բայց դեռ փնտրտուքի մեջ էր: Իվան Իվանիչը թաշկինակը գետին նետեց ու փորձեց կինտոյի պես ատամներով բարձրացնել… Միայն Արամն ու նոր ծրագրավորողը չէին պարում: Կադրուսը երկար ու հանգամանալից ուսումնասիրեց նրանց: Ահավասիկ երկու ապուշներ, որոնք քեֆի ժամանակ էլ գերադասում էին իրենց ՙարկղից՚ խոսել: Հանկարծ գիտակցեց, որ չպետք է տարբերվի մյուսներից: Հետագայում կգա քննիչն ու կհարցնի` ինչո±ւ չէր պարում փոխնախագահը: Ինչո±ւ էր մեխվածի պես աթոռին գամվել, երբ ամենքն ուրախանում էին: Ինչո±ւ էր գերեզմանային լռություն պահպանում, երբ շուրջբոլորը ծիծաղ ու խնդություն էր: Նեղություն չի± քաշի պատասխանել արդյոք: Նախկինում է±լ է նման պահվածք ունեցել միջոցառումների ժամանակ, թե այս անգամ առանձնահատուկ պատճառ ուներ: Կադրուսի ուղեղը սկսեց արագ ու անհամասեռ աշխատել: Սոսկումով գիտակցեց, որ շատերը կմերժեն, եթե հրավիրի պարելու, իսկ եթե խառը պարերի±ն ձուլվի: Արդյոք այնտեղ է±լ մենակ չի մնա ինչպես այս սեղանի մոտ: Թքած բոլորի վրա. թող միայն ավարտվի զուգապարը և հայկական երաժշտություն հնչի… Հանկարծ մի չնաշխարհիկ կերպարանք ուրվագծվեց Կադրուսի աչքերի առաջ: Այնքան գեղեցիկ էր, ասես երազի աղջիկ լինել: Ի±նչ կլիներ Ռոբինզոն Կրուզոյի հետ, երբ նրա վեհապանծ մենության անդորրը որևէ գեղեցկուհի խռովեր: Քնքշությունն ակնթարթորեն խժռեց Կադրուսի ողջ էությունը: Ցանկացավ նրան ու տոչորվեց կրքի ուժից` նույնիսկ մոռացավ իր գերնպատակի մասին: Խաբո±ւմ են իրեն աչքերը: Ուրեմն հիմա էլ ականջներն են խաբում: Պարելու է հրավիրում աղջիկը: Ինչո±ւ: Որովհետև բարի± է, թե± համակրում է իրեն: Որոշեց չմտածել այլևս: Փորձեց ինքն էլ ժպտալ ու աղջկա ձեռքերը բռնած` անէացավ պարող զույգերի մեջ: Ոչ մեկի գրկում այդքան լավ չէր զգացել Կադրուսն իրեն: Մի պահ նույնիսկ ցանկացավ, որ կնոջ հիվանդությունն իրականություն լիներ, որպեսզի անմնացորդ նվիրվեր այս մեկին: Չհիշեց նույնիսկ, որ կինն իր երեխաների մայրն է: Պարն ավելի ու ավելի մտերմիկ բնույթ էր ստանում: Գեղեցկուհին Կադրուսի վզովն էր ընկել ու այնքան սիրագորով էր նայում, ասես սիրո հրեշտակից հենց նոր մի բոցաշունչ նետ էր ընդունել իր զգայուն սրտի մեջ: Դադարեց երաժշտությունը: Դադարեց և պարը: Գեղեցկուհին հոգնած գլուխը Կադրուսի կրծքին դրեց: Թույլ ու սքանչելի էակ էր, որ նույնիսկ իր անպաշտպանությամբ էր գերում: Կադրուսը գրկեց նրան: Գեղեցկուհին ցանկանում էր թրջել թաշկինակը ու ճակատին դնել, բայց ուժ չուներ, որ մենակ գնար զարդասենյակ: Մեկ րոպե չանցած` մենակ էին: Կիրքն այնպես էր կլանել Կադրուսին, որ մոռացել էր ամեն ինչ: Մի տհաճ հոտ, որն ակնհայտորեն դահլիճի կողմից էր գալիս, սթափեցրեց նրան: Այդպիսի անտանելի հոտ արձակում էր ծխացող պոլիէթիլենը: Վերջին անգամ դպրոցում էր այդ հոտն առել, երբ կատակով այրեցին կիսաֆաբրիկատ օձիքների տակից հանած պոլիէթիլենե շերտերը և ուսուցչանոց նետեցին: Ծուխն այնքան անտանելի էր, որ անհնար էր որևէ բան տեսնել: Մի±թե հիմա դահլիճում էլ այդպիսի վիճակ է: Ճիչերից դատելով` թերևս այո… Կադրուսն այլևս ի վիճակի չէր մտածելու: Տեսավ իր գեղեցկուհու դիվային հայացքն ու սարսռաց: Չգիտես որտեղից հայտնվեց ոտքից գլուխ սև հագնված դիմակավոր մի մարդ: Ատրճանակ էր ձեռքին: Ահա և մղձավանձային երազը: Այլևս մտածելու ժամանակ չկար: Կադրուսը կայծակի արագությամբ դեպի դուռը նետվեց, նույնիսկ հասցրեց ձեռքը բռնակին գցել, բայց մահաբեր կրակոցները, որոնք համարյա խլացան համընդհանուր աղմուկի մեջ, այլանդակորեն գետին փռեցին նրան: Վախկոտներին տրված չէ գնդակ ընդունել դեմ հանդիման: Միայն թիկունքին են ստանում:
Արման Հովհաննիսյանը Դավիթ Սարգսյանի վաղեմի ընկերն էր: Քրեական հետախուզության վարչությունում բավական բարձր պաշտոն էր վարում, ինչին հասել էր սուր մտքի ու ոչ ստանդարտ մտածողության շնորհիվ: Արմանը վարվեցողության մեջ պարզ էր, բնավորությամբ` հասարակ, իսկ գործի մեջ` վճռական ու աննահանջ: Վերադասին հարգում էր, բայց երբեք ստորաքարշություն չէր անում: Ենթակաների հանդեպ խիստ էր, բայց երբեք չէր ստորացնում: ՙԱրմենիայի՚ տասնամյակի տոնակատարության հաջորդ օրը նա այցելեց ընկերոջը, որին բժիշկները նորից հիվանդանոց էին տեղափոխել: Արման Հովհաննիսյանի դեմքին ուրախ ժպիտ էր շողում` տրամադրությունն ակնհայտորեն բարձր էր: Իսկ ահա Դավիթ Սարգսյանը նյարդերի կծիկ էր դարձել և նախատեց ընկերոջը, որն ամբողջ մեկ օր անհայտության մեջ էր թողել իրեն: Ո±վ էր ուզում սպանել իրեն, ինչի± համար և ինչու խեղճ Կադրուսը ստացավ այդ ճակատագրական գնդակները…Դավիթ Սարգսյանի համբերությունը հատել էր: Եթե հանկարծ հայտնվեր գլխավոր բժիշկը, ապա հիվանդի առողջական վիճակն անշուշտ անբավարար կհամարեր և հաստատակամ դուրս կվռնդեր բոլոր այցելուներին: Հաշվի առնելով այս ծանրակշիռ հանգամանքը, ինչպես և հաշտվելով այն մտքի հետ, որ ի վերջո, մեկ է, ամեն ինչ ասելու է, Արման Հովհաննիսյանը վառեց գլանակն ու ծուխը հաճույքով ներս քաշելով` սկսեց պատմել:

Malxas
31.01.2011, 20:31
Տվայտանքի երկու-երեք ժամեր անցան, որոնք երեք դարի տառապանք պատճառեցին Կադրուսին: Ինչո±ւ ժամանակ տվեց մինչև 24.00-ն: Պիտի ասեր 18.00 և ոչ մի րոպե ավելի: Իսկ հիմա ստիպված կլինի սպասել երկու անգամ ավելի, քան սպասել է, և այդ ընթացքում ավելի մոտ կգտնվի լավագույն աշխարհին, քան Դավիթ Սարգսյանը, որին այնտեղ ճանապարհելու համար այդքան եռանդ ու փող է ծախսվել: Զանգահարեց Խորխե Ասեվեդոն: Միայն դրա զանգն էր պակաս, որ կես մարդ դարձած Կադրուսը քառորդ մարդ դառնար: Դա չէ±ր արդյոք նրա մղձավանջային երազը… Գոնե Բալասանը երևար: Տեսնես ո±ւր է կորել սրիկան…
Զիլ հնչեց երաժշտությունը: Մեղեդին տկար դիմադրեց հարվածային գործիքների ուժգնությանն ու նրա հետ միաձուլվեց մարդկային խելահեղ ճիչերին: Սկզբում պարային տարատեսակը մի կերպ պահպանվում էր, իսկ հետո ամեն բան իրար խառնվեց: Դավիթ Սարգսյանին իր հաշմասայլակով օղակի մեջ առան ու սկսեցին խելահեղ պտտացնել: Օքսանան հարյուր զուգընկեր փոխեց, բայց դեռ փնտրտուքի մեջ էր: Իվան Իվանիչը թաշկինակը գետին նետեց ու փորձեց կինտոյի պես ատամներով բարձրացնել… Միայն Արամն ու նոր ծրագրավորողը չէին պարում: Կադրուսը երկար ու հանգամանալից ուսումնասիրեց նրանց: Ահավասիկ երկու ապուշներ, որոնք քեֆի ժամանակ էլ գերադասում էին իրենց ՙարկղից՚ խոսել: Հանկարծ գիտակցեց, որ չպետք է տարբերվի մյուսներից: Հետագայում կգա քննիչն ու կհարցնի` ինչո±ւ չէր պարում փոխնախագահը: Ինչո±ւ էր մեխվածի պես աթոռին գամվել, երբ ամենքն ուրախանում էին: Ինչո±ւ էր գերեզմանային լռություն պահպանում, երբ շուրջբոլորը ծիծաղ ու խնդություն էր: Նեղություն չի± քաշի պատասխանել արդյոք: Նախկինում է±լ է նման պահվածք ունեցել միջոցառումների ժամանակ, թե այս անգամ առանձնահատուկ պատճառ ուներ: Կադրուսի ուղեղը սկսեց արագ ու անհամասեռ աշխատել: Սոսկումով գիտակցեց, որ շատերը կմերժեն, եթե հրավիրի պարելու, իսկ եթե խառը պարերի±ն ձուլվի: Արդյոք այնտեղ է±լ մենակ չի մնա ինչպես այս սեղանի մոտ: Թքած բոլորի վրա. թող միայն ավարտվի զուգապարը և հայկական երաժշտություն հնչի… Հանկարծ մի չնաշխարհիկ կերպարանք ուրվագծվեց Կադրուսի աչքերի առաջ: Այնքան գեղեցիկ էր, ասես երազի աղջիկ լինել: Ի±նչ կլիներ Ռոբինզոն Կրուզոյի հետ, երբ նրա վեհապանծ մենության անդորրը որևէ գեղեցկուհի խռովեր: Քնքշությունն ակնթարթորեն խժռեց Կադրուսի ողջ էությունը: Ցանկացավ նրան ու տոչորվեց կրքի ուժից` նույնիսկ մոռացավ իր գերնպատակի մասին: Խաբո±ւմ են իրեն աչքերը: Ուրեմն հիմա էլ ականջներն են խաբում: Պարելու է հրավիրում աղջիկը: Ինչո±ւ: Որովհետև բարի± է, թե± համակրում է իրեն: Որոշեց չմտածել այլևս: Փորձեց ինքն էլ ժպտալ ու աղջկա ձեռքերը բռնած` անէացավ պարող զույգերի մեջ: Ոչ մեկի գրկում այդքան լավ չէր զգացել Կադրուսն իրեն: Մի պահ նույնիսկ ցանկացավ, որ կնոջ հիվանդությունն իրականություն լիներ, որպեսզի անմնացորդ նվիրվեր այս մեկին: Չհիշեց նույնիսկ, որ կինն իր երեխաների մայրն է: Պարն ավելի ու ավելի մտերմիկ բնույթ էր ստանում: Գեղեցկուհին Կադրուսի վզովն էր ընկել ու այնքան սիրագորով էր նայում, ասես սիրո հրեշտակից հենց նոր մի բոցաշունչ նետ էր ընդունել իր զգայուն սրտի մեջ: Դադարեց երաժշտությունը: Դադարեց և պարը: Գեղեցկուհին հոգնած գլուխը Կադրուսի կրծքին դրեց: Թույլ ու սքանչելի էակ էր, որ նույնիսկ իր անպաշտպանությամբ էր գերում: Կադրուսը գրկեց նրան: Գեղեցկուհին ցանկանում էր թրջել թաշկինակը ու ճակատին դնել, բայց ուժ չուներ, որ մենակ գնար զարդասենյակ: Մեկ րոպե չանցած` մենակ էին: Կիրքն այնպես էր կլանել Կադրուսին, որ մոռացել էր ամեն ինչ: Մի տհաճ հոտ, որն ակնհայտորեն դահլիճի կողմից էր գալիս, սթափեցրեց նրան: Այդպիսի անտանելի հոտ արձակում էր ծխացող պոլիէթիլենը: Վերջին անգամ դպրոցում էր այդ հոտն առել, երբ կատակով այրեցին կիսաֆաբրիկատ օձիքների տակից հանած պոլիէթիլենե շերտերը և ուսուցչանոց նետեցին: Ծուխն այնքան անտանելի էր, որ անհնար էր որևէ բան տեսնել: Մի±թե հիմա դահլիճում էլ այդպիսի վիճակ է: Ճիչերից դատելով` թերևս այո… Կադրուսն այլևս ի վիճակի չէր մտածելու: Տեսավ իր գեղեցկուհու դիվային հայացքն ու սարսռաց: Չգիտես որտեղից հայտնվեց ոտքից գլուխ սև հագնված դիմակավոր մի մարդ: Ատրճանակ էր ձեռքին: Ահա և մղձավանձային երազը: Այլևս մտածելու ժամանակ չկար: Կադրուսը կայծակի արագությամբ դեպի դուռը նետվեց, նույնիսկ հասցրեց ձեռքը բռնակին գցել, բայց մահաբեր կրակոցները, որոնք համարյա խլացան համընդհանուր աղմուկի մեջ, այլանդակորեն գետին փռեցին նրան: Վախկոտներին տրված չէ գնդակ ընդունել դեմ հանդիման: Միայն թիկունքին են ստանում:
Արման Հովհաննիսյանը Դավիթ Սարգսյանի վաղեմի ընկերն էր: Քրեական հետախուզության վարչությունում բավական բարձր պաշտոն էր վարում, ինչին հասել էր սուր մտքի ու ոչ ստանդարտ մտածողության շնորհիվ: Արմանը վարվեցողության մեջ պարզ էր, բնավորությամբ` հասարակ, իսկ գործի մեջ` վճռական ու աննահանջ: Վերադասին հարգում էր, բայց երբեք ստորաքարշություն չէր անում: Ենթակաների հանդեպ խիստ էր, բայց երբեք չէր ստորացնում: ՙԱրմենիայի՚ տասնամյակի տոնակատարության հաջորդ օրը նա այցելեց ընկերոջը, որին բժիշկները նորից հիվանդանոց էին տեղափոխել: Արման Հովհաննիսյանի դեմքին ուրախ ժպիտ էր շողում` տրամադրությունն ակնհայտորեն բարձր էր: Իսկ ահա Դավիթ Սարգսյանը նյարդերի կծիկ էր դարձել և նախատեց ընկերոջը, որն ամբողջ մեկ օր անհայտության մեջ էր թողել իրեն: Ո±վ էր ուզում սպանել իրեն, ինչի± համար և ինչու խեղճ Կադրուսը ստացավ այդ ճակատագրական գնդակները…Դավիթ Սարգսյանի համբերությունը հատել էր: Եթե հանկարծ հայտնվեր գլխավոր բժիշկը, ապա հիվանդի առողջական վիճակն անշուշտ անբավարար կհամարեր և հաստատակամ դուրս կվռնդեր բոլոր այցելուներին: Հաշվի առնելով այս ծանրակշիռ հանգամանքը, ինչպես և հաշտվելով այն մտքի հետ, որ ի վերջո, մեկ է, ամեն ինչ ասելու է, Արման Հովհաննիսյանը վառեց գլանակն ու ծուխը հաճույքով ներս քաշելով` սկսեց պատմել:

Malxas
31.01.2011, 20:33
Հարգարժան Արմանի լրացումներով մեր պատմությունը ստանում է հետևյալ տեսքը:
Նախորդ օրը, ժամը երեքի սահմաններում, հագուրդ տալով իր լրտեսական կրքերին, որոնց դեմ պարզապես անզոր էր պայքարել, Բալասան Օրդուխանյանը սենյակից սենյակ էր անցնում, ականջ դնում խոսակցություններին ու երբեմն ինքն էլ մասնակցում: Ճակատագրական օրը բոլորը նրա աչքին բանսարկուներ էին երևում ու եթե երկու կամ երեք մարդուց կազմված խմբավորում էր նկատում, հաստատ այն համոզմունքին էր գալիս, որ հոտն առել են… Տոնակատարության գնալ չէր պատրաստվում: Հաստիքային աշխատող չէր, ուստի չէին հրավիրել: Մինչդեռ հիմնարկությունը սարսափելի արագությամբ դատարկվում էր: Ասես խորտակվող նավ լիներ, որն առնետները հապճեպ լքում էին: Բալասանը ձեռքը գրպանը տարավ, շոշափեց կանաչավուն դոլարների հինգհազարանոց կապուկը, որը Սարգսյանի գործի հետ կապված` նրա մաքուր եկամուտն էր, և ընդունարանի կողմը գնաց: Աչքը դռան ճեղքին դրեց ու ծիկրակեց: Հետաքրքիր տեսարան բացվեց նրա առաջ: Նոր ծրագրավորողը ջղային շարժումներով ստեղներն էր թխկթխկացնում, իսկ Օքսանան ու Ռուզաննան հետաքրքրությամբ նայում էին: Ներս մտավ ու կանգնեց նրանց կողքին: Համարյա չնկատեցին: Միշտ էլ կատվի պես անաղմուկ էր շարժվում: Մի±թե որևէ մեկը երբևէ նկատել է, թե նա ինչպես է դուրս գալիս հիմնարկից: Հանկարծ Օքսանան ու Ռուզաննան ձեռքները բերաններին տանելով` թույլ ծվոց արձակեցին: Բալասանը համակարգչի մոնիտորին նայեց: Արմենիայի պաշտոնական կայքն էր: Սարսռաց` հոտն առել են: Նոր ծրագրավորողը շարունակում էր լարված աշխատել: Օքսանան ու Ռուզաննան նորից ծվացին: Բալասանը ուշադիր նայեց մոնիտորին: Գլխավոր հաշվապահի նկարն էր, կողքին` տվյալներ նրա մասին: ՙԱրմենիա՚ կորպորացիայում աշխատում է որպես հավաքարար` կարդաց Բալասանը ու կյանքում առաջին անգամ չիմացավ` ավելի շատ զարմանա, թե վախենա: Նոր ծրագրավորողը մի քանի նկար էլ բացեց: Նույնքան անգամ Օքսանան և Ռուզաննան զվարճալի ծվծվացին, իսկ Բալասանն անճիշտ տեղեկություններ կարդաց նրանց մասին: Իրավաբանական վարչության պետը ներկայացված էր որպես շենքի ադմինիստրատոր, իսկ ֆինանսական վարչության պետին վերագրված էին հենց ծրագրավորողի անձնական տվյալները: Վերջապես բացվեց Կադրուս Գասպարյանի նկարը: ՙԱրմենիա՚ կորպորացիայի նախագահ` կարդաց Բալասանը և անսպասելիությունից կավճի գույն առավ: Օքսանան ու Ռուզաննան առանձնապես աղմկալից արձագանքեցին այս վերջինին: Հնչեցին դոն Կոկոս և դոն Անանաս որակումները, իսկ Օքսանան խանդավառված բացականչեց Արամի անունը, ում հերթական կապիկությունը պարզապես հանճարեղ էր համարել: Հենց այստեղ էր, որ Կադրուս Գասպարյանը միջամտել ու բոլորին դուրս էր վռնդել: Ահա թե ինչպիսի վատ ընկեր է շտապողականությունը…
Բոլորը նշում էին տոնն ու զվարճանում, իսկ Բալասանը ռեստորանից դուրս կանգնած` խորհում էր: Տեսնես ե±րբ է այդ կապիկը խառնել ՙԱրմենիայի՚ պաշտոնական կայքը: Խառնելուց առա±ջ են մարդասպանները տեղեկություն վերցրել, թե± հետո: Ո±ւմ դեմ են ուղղվելու մահացու գնդակները` Դավիթ Սարգսյանի±, թե± Կադրուս Գասպարյանի: Բալասանը երկար մտածելու ժամանակ չուներ, ուստի շտապ որոշում կայացրեց: Եթե մարդասպանները վերացնում են Դավիթ Սարգսյանին, ապա ամեն ինչ մնում է ինչպես կար: Իսկ եթե սպանում են Կադրուս Գասպարյանին… Դա արդեն այնքան էլ լավ չէ, սակայն վիճակը բարեբախտաբար հնարավոր է շտկել: Ի±նչ մեծ բան է` մոտենալ Սարգսյանին ու ականջին շշնջալ, որ նրա դեմ մահափորձ են կազմակերպել: Կգնահատի մարդը, ազնիվ ու բարի է երևում: Նույնիսկ ուշադրություն չի դարձնի, որ իր փոխարեն Կադրուս Գասպարյանին սպանեցին: Ի վերջո ի±նչ զարմանալի բան կա նրա մեջ, որ ամեն մարդ իր փորած փոսն է ընկնում: Երկրորդ տարբերակի դեպքում դեռ շատ բաներ լույս աշխարհ կբերի Բալասանը, որոնք այնքա¯ն բարենպաստ շողի տակ նրան կցուցադրեն Դավիթ Սարգսյանին: Իսկ հիմա ամենակարևորը նրան շտապ զգուշացնելն է…
Մնացածն արդեն հայտնի է: Ավելացնենք նաև, որ Արման Հովհաննիսյանը ճակատագրական կրակոցների պահին դահլիճում էր, այնպես որ, մարդասպանի ու նրա գեղեցկագույն հանցակցուհու ձերբակալությունն այնքան էլ զարմանալի չէր: Սակայն ձերբակալվեց նաև Բալասանը: Չհասցրեց թաքնվել այդ ճարպիկ մարդը, որը խոհեմաբար որոշել էր իջնել ջրի հատակը, մինչև կանցներ վտանգը: Դժվար չէ, իհարկե, մոտենալ մարդուն ու մի քանի բառ շշնջալ նրա ականջին, սակայն Գևորգ Գևորգյանի առկայությամբ, պարզվեց, այնքան էլ հասարակ բան չէ: Բալասանին ինչպես հարկն է խուզարկեցին և ջրի հատակն իջնելու փոխարեն առաջարկեցին սպասել հարևան սենյակում, որը աչալուրջ հսկում էին զինված մարդիկ: Դեպքից հետո Կադրուսին հիվանդանոց տեղափոխեցին, իսկ Բալասանն իրավապահ մարմինների գրկում հայտնվեց, ընդ որում նրան քննելու հարցն անձամբ հանձն առավ Արման Հովհաննիսյանը: Բալասանի սկզբնական ջանքերը հերոսական էին: Տեսնելով դիմացինի պարզ ու հասարակ բարքը` հանդգնացավ պարտիզանի պես, սակայն սեփական ստերի անհամատեղելիության պարագայում ի վերջո խճճվեց ու խոնարհաբար թողություն խնդրեց…
Այս իրադարձություններից մեկ տարի անց Մոսկվայի հոգեբուժարաններից մեկում մի մարդ հայտնվեց: Կադրուս Գասպարյանն էր: ՙԱրմենիայի՚ նախկին փոխնախագահը չմեռավ մարդասպանի կրակոցներից, ինչը հավանաբար լավագույն լուծումը կլիներ: Հինգ ամիս հիվանդանոցում մաքառեց մահվան դեմ, իսկ դուրս գրվելուց հետո նրան ուղիղ բանտ տարան: Թե ինչեր քաշեց նա այդ յոթ ամիսների ընթացքում` սոսկալի է նույնիսկ պատկերացնել: Մեկ ամսից էլ քիչ պահանջվեց, որ կորցնի մարդկային դեմքը, իսկ ֆիզիկական տանջանքներից կոտրվեց էլ ավելի շուտ: ՙԱրմենիայում՚ երկրորդը լինելը քիչ էր համարում, իսկ հիմա վերջին մարդն էր բանտում, կատարում էր ամենակեղտոտ աշխատանքը, քնում էր սառը գետնին, աղբ էր ուտում, որից նույնիսկ խոզը կխորշեր: Քանի¯ անգամ ծնկաչոք մահ աղերսեց իր դահիճներից, բայց գութ բառն անծանոթ էր նրանց: Զարմանալ կարելի է, թե ինչպես դիմացավ անմարդկային տանջանքներին, բայց թերևս պետք է համաձայնել այն մտքի հետ, որ երբեմն կյանքի էներգիան բորենու մեջ ավելի մեծ է լինում, քան առյուծի: Իսկ հոգեբուժարանի տեսքով հայտնված փրկությամբ պարտական էր կնոջը, որն, ինչպես հիշում ենք, առիթ էր ունեցել հաց դնել Դավիթ Սարգսյանի առաջ: Հավաքելով իր ողջ քաջությունը, ինչպես և զարդեղենի մնացորդները, որ ինչ-որ հրաշքով դեռ պահպանվել էին, նա բախեց ՙԱրմենիայի՚ դռներն ու ներս մտավ: Լաց չեղավ այդ կինը Դավիթ Սարգսյանի առանձնասենյակում` ինչպես կարելի էր սպասել, այլ, դողդոջուն ձեռքերով սեղանին լցնելով ոսկե շղթաներն ու մատանիները, ևս մեկ սպանություն պատվիրեց մեր պատմության մեջ` իր իսկ ամուսնու սպանությունը: ՙԱրմենիայի՚ նախագահը, որ վաղուց էր մոռացել Կադրուսի գոյությունը, անասելի հուզվեց այդ հուսահատ ու վեհանձն քայլից: Վեր կացավ տեղից, գրկեց Կադրուսի կնոջը, ու նրանց արցունքները հորդեցին ջրհեղեղի պես` սրբելով ամբողջ թույնն ու վրեժխնդրությունը…
Այդ օրվանից Կադրուսի կինը սկսեց կանոնավոր նպաստ ստանալ ՙԱրմենիայից՚, որը ճիշտ և ճիշտ հավասար էր փոխնախագահի աշխատավարձին: Գործադրելով մեծ ճիգեր, ծախսելով էլ ավելի մեծ փողեր ու գործի դնելով իր ողջ ազդեցությունը` Դավիթ Սարգսյանը հաջողացրեց նաև բանտից հանել Կադրուսին ու հոգեբուժարան տեղափոխել:
Ժամանակի մեծ մասը Կադրուսը միայնակ էր անցկացնում: Բանտային դժոխքը նրան կիսով խելագար էր դարձրել, և նա մասամբ իրավացիորեն էր զբաղեցնում իր տեղը հոգեբուժարանում: Գիշերները մղձավանջային երազներ էր տեսնում ու սարսափահար վեր թռչում, իսկ ցերեկները նստում վանդակապատ լուսամուտի առաջ ու խորհում: Հաճախ հիշում էր բանտը ու սարսռում… Թող օրհնվի այն ակնթարթը, երբ արարվեցին հոգեբուժարանները… Ի±նչ օրհնանք, թող անիծվի ամենն, ինչ գտնվում է երկնքի տակ: Երկրագո°ւնդ. հիմա°ր, անխե°լք Երկրագունդ, դադարեցրու քո անիմաստ պտույտները…
Իսկ ահա Բալասան Օրդուխանյանի բախտն այնքան էլ վատ չդասավորվեց: Դատարանը հաշվի առավ նրա անկեղծ ցուցմունքներն ու համեմատաբար մեղմ պատիժ կիրառեց: Ասենք, բանտում էլ նա իրեն առանձնապես վատ չէր զգում: Տեղեկություններ հաղորդող մարդիկ ամենուր են հարկավոր` նույնիսկ բանտում:

Malxas
31.01.2011, 20:34
Վերջ

Moonwalker
31.01.2011, 22:10
Վերջ

Մալխաս ջան, կարծում եմ հաջողված գործ էր, հասցեավորված ու դիպուկ: :ok Այս գիշեր մի հատ էլ սկզբից-վերջ կկարդամ ու ավելի հիմնավոր կարծիք կհայտնեմ: Կեցցե՛ս: :)

Lion
31.01.2011, 22:56
Վերջ

Լավն էր: Բայց դե տենց տականքների նկատմամբ հետո էլ պետք չէ բարի լինել - իրոք էլի, Դավիթը մարդկանց լավ չէր ճանաչում...

Malxas
31.01.2011, 22:58
Մալխաս ջան, կարծում եմ հաջողված գործ էր, հասցեավորված ու դիպուկ: :ok Այս գիշեր մի հատ էլ սկզբից-վերջ կկարդամ ու ավելի հիմնավոր կարծիք կհայտնեմ: Կեցցե՛ս: :)

Ուրախ եմ, որ հատկապես քեզ դուր եկավ պատմվածքը :)

Lion
01.02.2011, 00:20
Ապրես, Լիոն ջան, հեսա տեղադրեմ մնացած մասը , քիչ է մնացել: :)
Ով կարդացել է բոլորին էլ դուր է եկել, իմ կարծիքով էլ է ստացվել: Բայց ֆորումում շատ չկարդացին և դա ինձ համար զարմանալի էր: :) Երևի պետք է նշեի հանճարեղ գործ է, նմանը չունեցող, որ գային ջարդս տալու: :)
Ինչևէ, հարմար սյուժե լինելու դեպքում որոշել եմ զարգացնել այս ժանրը և պատմվածքների ժողովածու տպագրել:
Եվս մեկ անգամ շնորհակալություն քեզ

Չարժե :) Շարունակիր գրել ու մի սահմանափակվիր մի ոճով` միայն պատմավեպ, ժամանակակից և այլն...

Malxas
01.02.2011, 00:32
Չարժե :) Շարունակիր գրել ու մի սահմանափակվիր մի ոճով` միայն պատմավեպ, ժամանակակից և այլն...

Եթե հարմար սյուժե լինի ձայն հանիր :)

Lion
01.02.2011, 00:49
Էհհ, այ ախպեր, սյուժեները պահում եմ ինձ համար -

http://www.akumb.am/showthread.php/31381-Ես-սիրած-մի-աղջիկ-ունեի...

;)

Malxas
01.02.2011, 00:53
Էհհ, այ ախպեր, սյուժեները պահում եմ ինձ համար -

http://www.akumb.am/showthread.php/31381-Ես-սիրած-մի-աղջիկ-ունեի...

;)

Փաստորեն սյուժեն բոլորի համար է բարդություն :)

Freeman
15.04.2011, 17:58
Մալխս,լավն էր,հատկապես դուրս եկավ որ համեմատությունները հայկական դիցարանի ու պատմական հերոսների հետ էին կապված,չնայած կարծում եմ լավ կլիներ,որ դրանք մի քիչ քչացնեիր

Malxas
16.04.2011, 12:33
Մալխս,լավն էր,հատկապես դուրս եկավ որ համեմատությունները հայկական դիցարանի ու պատմական հերոսների հետ էին կապված,չնայած կարծում եմ լավ կլիներ,որ դրանք մի քիչ քչացնեիր

Շնորհակալ եմ որ կարդացել ես: Շատ ուրախ եմ, որ դուր է եկել քեզ: :) Բայց ներիր, հայկական դիցարանի հերոսների հետ համեմատությունները կարծես չեմ մտաբերում: Կան համեմատություններ Էսմերալդայի և Քվազիմոդոյի , Դունկանի ու Մակբեթի միջև, բայց հայկական կարծեմ չեմ արել: Գուցե մատնացույց անես? :

Freeman
16.04.2011, 13:32
Շնորհակալ եմ որ կարդացել ես: Շատ ուրախ եմ, որ դուր է եկել քեզ: :) Բայց ներիր, հայկական դիցարանի հերոսների հետ համեմատությունները կարծես չեմ մտաբերում: Կան համեմատություններ Էսմերալդայի և Քվազիմոդոյի , Դունկանի ու Մակբեթի միջև, բայց հայկական կարծեմ չեմ արել: Գուցե մատնացույց անես? :

Կարծեմ Միհրի հետ էր կապված,բայց չգտա :think

Malxas
16.04.2011, 13:39
Կարծեմ Միհրի հետ էր կապված,բայց չգտա :think

Ճիշտ էիր նկատել: Փնտրեցի ու գտա: :) Հրատարակելուց առաջ անպայման հաշվի կառնեմ:
Մի հարցի առնչությամբ էլ կցանկանայի կարծիք լսել: Ռիգոլետո օպերան նկարագրող տեսարանը արդյոք չափից ավելի երկար չէ? Ոչ մի կերպ չէր հաջողվում կրճատել, բայց լրջորեն մտածում էի այդ մասին: Սակայն այն բանից հետո, երբ ընթերցողներից մեկն ասաց, որ իրեն դուր էր եկել դա և շնորհիվ դրա հետաքրքրություն էր առաջացել այդ օպերայի նկատմամբ, որոշեցի թողնել:

Freeman
16.04.2011, 13:49
Ճիշտ էիր նկատել: Փնտրեցի ու գտա: :) Հրատարակելուց առաջ անպայման հաշվի կառնեմ:
Մի հարցի առնչությամբ էլ կցանկանայի կարծիք լսել: Ռիգոլետո օպերան նկարագրող տեսարանը արդյոք չափից ավելի երկար չէ? Ոչ մի կերպ չէր հաջողվում կրճատել, բայց լրջորեն մտածում էի այդ մասին: Սակայն այն բանից հետո, երբ ընթերցողներից մեկն ասաց, որ իրեն դուր էր եկել դա և շնորհիվ դրա հետաքրքրություն էր առաջացել այդ օպերայի նկատմամբ, որոշեցի թողնել:

Երևի դա էդ օպերայից լավ տեսած մարդկանց կձանձրացնի,բայց ինձ շատ դուր եկավ :) : Եթե չես ուզում կրճատես,դեպքերն ու Կադրուսի մտածածներ ավելի ծատ կապի դրա հետ,որ որ-ոք չձանձրանա :)

Malxas
16.04.2011, 14:06
Երևի դա էդ օպերայից լավ տեսած մարդկանց կձանձրացնի,բայց ինձ շատ դուր եկավ :) : Եթե չես ուզում կրճատես,դեպքերն ու Կադրուսի մտածածներ ավելի ծատ կապի դրա հետ,որ որ-ոք չձանձրանա :)

Ուրեմն երևի ճիշտ կլինի նույնությամբ թողնել: :)