PDA

Դիտել ողջ տարբերակը : Օդահան զանգի տակ



Արևածագ
19.11.2010, 13:50
Երկար ժամանակ համառորեն համոզում էի ինձ, որ ակումբում առանձին օրագիր պետք չի պահել: Մտքին եկածի համար «Անկապը..» կա: Բայց հաճախ այնպիսի բաներ են գալիս մտքիս, որ փոխկապակցված են ու «Անկապում» ընդհանուր ներքին տրամաբանությունը կորում է:
Էլ չեմ ասում, որ բարեկամներիցս մեկը բոլոր առիթներով ասում է. «Մի' գրիր, ուզում եմ, որ այնպես ապրես, որ գրելու ցանկություն չունենաս...»: Կուզենայի լսել իրեն, բայց արդեն չի ստացվում: :esim
Օրագիրը դժվար է գեղարվեստական ստեղծագործություն համարել, դա երևի հենց էն «ոսկի միջինն է», որ և' գրելուն, և' չգրելուն է վերաբերում: Գրելուն վերաբերում է այնքանով, որ որոշակի տպավորություններդ համենայն դեպս հրապարակային ես դարձնում, իսկ չի վերաբերվում նրանով, որ ջանքեր չես թափելու հերոսներ ստեղծելու վրա:
Արդեն այնպես է ստացվել, որ ամեն քայլափոխի՝ անկողնուս կողքին, խոհանոցում, հարթուկի սեղանի տակ, թերթակալի մեջ, կոմպի կողքին, ամենու'ր միշտ մի քանի թերթ սպիտակ թուղթ ու գրիչ կա: Ինչպես մոլի ծխողների տանը ամենուրեք մոխրամաններ կան, մեր տանն էլ այդ թուղթ ու գրիչներն են: Բայց դա չի նշանակում, թե ամեն օր մի բան գրում եմ անպայման: Դա նշանակում է, որ այնքան ծույլ եմ, որ նույնիսկ ամենասիրուն գաղափարները գրի առնելու համար մի քանի քայլ ավելի չեմ ուզում գցել: Գաղափարներս էլ հազարամյակի փիլիսոփայական մտքի շտեմարանի զարդը դառնալու հավակնություն չունեն, դրանք ընդհամենը կասկածներ են: Որովհետև արդեն ո'չ մի բան հաստատ չգիտեմ:
Գնացինք:;)

Արևածագ
19.11.2010, 20:28
Անցյալ տարի գնած «դուբլյոնկա» մակնիշի վերարկուս ծախեցի: Ծանոթս իր խանութում կախեց, անմիջապես վաճառվեց: Երկու անգամ էի հագել, երկու անգամն էլ ավտմեքենայով մինչև թատրոն, թատրոնի հանդերձարանում կախել, հետո հագել ու նորից ավտոյով տուն եկել: Սիրուն էր, բայց սիրտս չէր կպչում: Անցյալ շաբաթ նոր վերարկու առա: Բերեցի տուն, տանն էլ մի երեք օր հագա, հայելու դիմաց շուռ ու մուռ եկա, տարա փոխելու: Հիմա էլ մի ուրիշը հավանեցի: Այդ ուրիշի օձիքի մորթու կարը չհավանեցի: Վաճառողուհին հանեց դրա մորթին, տարավ պահեստ, փոխեց, եկավ, մի տաս րոպե էլ չարչարվեց, որ բոլոր մանր կոճակները կոճկի իրենց տեղում: Հագել եմ փոխված մորթիով վերարկուն, բայց այս անգամ էլ մորթու երանգի հետ չեմ կարողանում հաշտվել: Նորից արձակում ենք բոլոր կոճակները, այս անգամ ես էլ եմ օգնում վաճառողին, նախկին մորթին տեղն ենք հագցնում: էլի հագնում եմ, ճեմում խանութի սրահով մեկ: Բախտս բերել է, որ այդ ժամանակ ուրիշ հաճախորդ չկա ու հանգիստ կարող եմ զննել ինձ բոլոր հայելիներում: Կարծես թե ամեն ինչ կարգին է, վճարում եմ նախորդ ու նոր վերարկուների տարբերությունն ու թեթևացած սրտով դուրս գալիս՝ այն հույսով, որ սա արդեն հետ չեմ վերադարձնի:
Աստված իմ, ամուսնանալուց հիմիկվա հագուստ ընտրելու բծախնդրության տաս տոկոսը չի եղել: :))

Արևածագ
22.11.2010, 10:57
Երեկ հեռուստացույցով լսեցի, որ արդեն ինտերնետ այսպես կոչված «թաղման բյուրոներ» ու «նոտարներ» կան, որոնց որոշակի գումար մուծելով, հոգում ես նրա մասին, որ քեզնից հետո հեռացնեն անձնական էջդ ու ակաունտդ տարբեր ցանցերից: Գուցե քո ցանկությամբ նաև տեղեկություն կհրապարակեն, որ դու արդեն մի ուրիշ վիրտուալ աշխարհում ես: Դա իրագործելու գործիքները պիտի օրենքով ամրագրվի ու ցանկացած ինտերնետ հաճախորդ պիտի «ժառանգի» իր փոստերի մականունն ու նշանաբառը նրան, ում որ ցանկանում է, որպեսզի վերջինս նաև դրանք փակելու իրավունք ունենա: Ու պարտադիր չի, որ ինտերնետ թաղումն անպայման մոտիկ հարազատն անի:
Լավ բան է, եթե համացանցում կյանք կա, ուրեմն գերեզմանոց էլ պիտի լինի: :)

Արևածագ
24.11.2010, 11:13
Երկար ժամանակ համարձակությունս չէր հերիքում այս պատմվածքը ակումբում տեղադրելու համար: Քանի որ արդեն օրագիր ունեմ և օրագրերին շնորհված է անքննարկելիության հրաշալի կարգավիճակ, պատմվածքը մաս- մաս կներկայացնեմ այստեղ: ;)

Անքննելի են

Սաքոն ականջը հեռուստացույցին՝ անշտապ հաց էր ուտում: Մեկ- մեկ էլ սեղանին դրված օղու շշից լցնում էր բաժակն ու «Աստված, որը բարի է՝ է'ն կատարես» ասելով, խմում էր: Ընթրիքը սովորաբար երկար էր տևում, որովհետև Սաքոն ցերեկները կարգին հաց չէր ուտում: Հնար չկար: Տնից տարած խաշած ձուն, երշիկն ու հացուպանիրն էին ուտելիքը: Թերմոսից լցնում էր առավոտները Թամարի եփած սուրճն ու հանգստի կարճ րոպեներին ծխախոտի մի գլանակի հետ վայելում: Հաց ուտելու ժամանակ չկար: Աշխատանքի սեզոնն էր: Մինչև աշնան անձրև ու ցեխն սկսելը:
Սաքոն պատշար էր: Հիսունին մոտ, նիհար, կեռքիթ, թավ հոնքերիտակից նայող մի տեսակ տխուր հայացքով ու երկար տարիների ֆիզիկական աշխատանքից մեծացած, կոպտացած ձեռքերով: Կյանքը ռուսաստաններում էր մաշել: Սկզբից խոպանում աշխատել-փող ուղարկելով, հետո էլ ընտանիքը տեղափոխել- տնավորելով:
Նկարչական ուսումնարան էր ավարտել: Առաջնեկի ծնվելուց հետո երեխային ամեն օր կաթ գնելու ռեալիզմը ջարդուխուրդ արեց Սաքոյի ռոմանտիզմը. Նկարելով ընտանիք չես պահի: Քսաներեք տարեկան էր, երբ հարևան Կարոյի հետ մեկնեց Ալթայի երկրամաս ու դրանից դենն էլ ոչ մի անգամ ձեռքը վրձին չէր բռնել: Մենակ քարտաշի մուրճ ու սվաղի գդալ: Ի՞նչ էր անելու իր նկարներով: Շատ էլ, թե ուսանողական տարիներին բանվորական ճաշարանի պատ էր նկարազարդել Էջմիածնում: Ներշնչանք, ստեղծագործական պոռթկում, արարչության վայելք՝ էս բոլոր սուտ ու մուտ բաները նահանջում էին մի տարու տարբերությամբ իրարու ետև ծնված երեխաներին քաղցած չթողնելու պարտականության առաջ: Այն տարիներին նույնիսկ իր հորեղբոր տղան՝ գիտությունների դոկտոր տեղով, մի ամառ եկավ մոտն աշխատելու: Ֆերմայի համար անասնագոմ էին սարքում: Օրվա հացի խնդիրը մանրահատակի հարթեցուցիչ մեքենայի պես հղկել- հավասարեցրել էր բոլորին՝ պրոֆեսորին էլ, դպրոցի յոթերորդ դասարանը մի կերպ ավարտածին էլ: Այդ տարիներն անցան, բայց Սաքոն ձեռքն էլ վրձին չառավ: Վախենում էր, որ քարի նման կոպտացած մատներն էլ առաջվա ուրվագծերն ու գուներանգները չեն կարող ծնել, բայց մտքում անընդհատ շարունակել էր նկարել: Նույնիսկ հոգու ամենախորին ծալքում փայփայած երազանք ուներ: Այդ խորխորատն ինքն անգամ երկյուղածությամբ էր հայացք նետում, իսկ տնեցիներն ու ընկեր-տղերքն այդ մասին ո'չ կռահում էին, ո'չ էլ հարցնում: Գուցե մի պայծառ օր վրձինը նորից ձեռքը կառնի: Գուցե...
-Այսօր շուկայում պատահաբար իմացա, որ Սուրբ խաչը մի քանի օրով բացելու են: Քահանա է գալու, կնունք ու հարսանիք անի: Ով որ կուզենա: Չե՞ս ուզում դու էլ երեխեքի հետ գնաս-կնքվես,- հագի գոգնոցը հանելով՝ դիմացը նստեց կինը: - Մեկ էլ ե՞րբ էսպիսի հնարավորություն կլինի: Ամեն անգամ Հայաստան գնալիս հազար ու մի հարց է առաջանում, ձեր կնքվելը հետաձգվում է:
-Կարելի է,- առանց շտապելու արձագանքեց Սաքոն: - Իսկ ի՞նչ է պետք դրա համար:
- Ես կհետաքրքրվեմ, ամեն մանրամասնները կիմանամ, ինչ որ հարկավոր է՝ կանենք, դու էլ երեխաների հետ վերջապես կկնքվեք:
Սաքոն պանիր էր փաթաթաում լավաշի մեջ, հետն էլ լսում Չինաստանի երկրաշարժի մասին լուրերը:
Պետք էր մկրտվել: Դժվար թե Սաքոյի հոգում անվերապահ ու նվիրական հավատ կար Բարձրյալի նկատմամբ: Բայց գիտեր ՝ ո'վ է իր ու բոլորի կյանքի ընթացքը ղեկավարում: Ո'վ ամեն ինչ տեսնում է ու մարդու ամենաթաքուն մտքերին է հասու: Նույնիսկ նկարելու իր երազանքի մասին տեղյակ է: Դպրոցում, ութերորդ դասարանում ուսուցիչներից մեկը Սաքոյին «Աստվածաշունչ» էր տվել կարդալու: Թաքուն: Ինքը կարդացել էր, ավելի շատ արգելված պտուղը ճաշակելու հետաքրքրությունից դրդված, քան թե «Ծննդոցի» մանրամասններն իմանալու ցանկությամբ: Այն տարիներին կոմերիտականի համար Սուրբ Գիրքը կարդալն ամոթալի արարք էր: Եթե իմանային, թուքումուր էր ուտելու, կարող է նույնիսկ կոմերիտական տոմսը ձեռքիցն առնեին: Բայց էլ ի՞նչ ջահելություն, եթե տաք գլուխդ չես ուզում փորձությունների կարկուտի տակ դնել: Եթե շուրջբոլորդ ամենքը փնովում են մի բան, ինչու՞ հենց դա չփորձել:
Տարիների հեռվից կարդացածից միայն պատառիկներ էին մնացել հիշողության մեջ, հազար անգամ ծամծմված, մաշված պատվիրաններն էին երբեմն միտքն ընկնում.

«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով» :

«Հայր մերն» էլ բերնացի գիտեր, տատն էր սովորեցրել երեխա ժամանակ: Մի անգամ, երբ ինքը կարմրուկ էր հանել, տատը, ձմեռվա կեսին, ծնկաչոք, սողալով բարձրացել էր իրենց գյուղավերևի վանքը: Երևի թե օգնել էր, որովհետև ինքը փրկվել էր, իսկ էդ տարին շատ երեխեք էին մեռել կարմրուկից: Ժամ ու եկեղեցի այցելելիս ամենքի նման մոմ էր վառում, փող էր գցում նվիրատվությունների արկղը, բայց սրտումը տարիների հետ մի ցեց էր բուն դրել, որ իրեն չէր թողնում ջերմեռանդ ու միամիտ սիրով սիրել Նրան: Ավելի ճիշտ՝ ո'չ թե սիրել, այլ մանուկ տարիների անմեղությամբ մոմը վառել ու հավատալ, որ խորանին վառած մոմի կամ ոսկեջրած խաչը համբուրելու շնորհիվ Տիրոջն ավելի մոտիկացավ: Մի տեսակ կեղծ ու շինծու բան կար թե' եկեղեցում իր տեսած քահանաների երգեցողության, թե պատերից իրեն նայող սրբապատկերների հայացքներում: Հոգում չէր կարողանում հաշտվել դրանց հետ: Իր կարդացած գրքում Որդին հասարակ հագուստով էր, առանց շքախմբի ու թատերական փայլի: Սաքոն չնայած սիրում էր գեղեցիկ բաները, բայց այդքան պաճուճանքները հոգնեցնում ու վանում էին նրան:
-Վաղը բաղնիքից պրծնելու եմ,- դարձավ կնոջը,- փողը տա, բերեմ, տե'ս՝ ի՞նչ է պետք կնունքի համար: Որ էդքան ուզում ես՝ կկնքվե'նք:
Ընթրիքից հետո մեկնվեց հեռուստացույցի առաջ ու մոռացավ երկնայինի մասին խորհրդածությունները: Դրանք մտմտալու համար վաղը, մյուս օրը, ամե'ն օր շատ ժամանակ ունի: Երբ մեկ- մեկ աղյուսը դնում է պատին, իրար հետևից՝ հինգը, տասը, հարյուրը... այդ ժամանակ էլ կմտածի: Հիմա միտքն էլ մարմնի նման հանգստություն էր ուզում:

Շարունակելի:

Արևածագ
25.11.2010, 10:01
-Քավորկինդ ամեն ինչ կանի, դու մի' մտածիր,- հանգստացրեց Սուսանը Թամարին,- դա իրենց պարտականությունների մեջ է:
- Իսկ ինչի՞ համար են այդքան ավելորդ պայմանականությունները. Է'լ համապատասխան մոմեր, է'լ գունավոր թելեր, է'լ գինի ու չգիտե՞մ ինչ:
-Կարգն է այդպես: Եթե ուզում ես, որ մարդդ ու երեխեքդ կնքվեն, դու էլ էնպես պիտի անես, ոնց որ մնացածը: Հո՞ խաղք չեք դառնալու ժողովրդի առաջ: Հրե'ն, ախպերս իր տղային կնքեց, քավորն էնպիսի մի խաչ էր բերել՝ ցեպն էլ հետը, որ երեխեն քրտնում էր դրա ծանրությունից: Վիզը կարմրացրել -կտրում էր, դրա համար էլ հենց տերտերն օրհնեց, պրծավ, խաչը վզիցը հանեցին: Բայց ժողովրդի բերանը բաց էր մնացել:
Թամարը լսում էր Սուսանի պատմությունն ու կամաց մռայլվում: Նույնիսկ հարսանիք չէին արել, որովհետև Սաքոն չսիրեց հարսանիքի հազար ու մի ճոխացրած ադաթները: Լսում էր հարևանուհու խոսքերն ու սիրտը վկայում էր՝ պատմությունը կրկնվելու է: Բայց շատ էր ուզում այնպիսի մի հնար գտնի մկրտության մանրամասններն ամուսնուն պատմելու, որ նա հետ չկանգնի երեկվա որոշումից:
«Խաչերը ես կառնեմ: Ի՞նչ պարտադիր է, որ բոլորն էլ ոսկուց լինեն: Երկուսը թող արծաթե լինեն, իսկ այն մի ոսկե շղթայի համար մեկը ոսկուց կառնեմ: Վերջիվերջո՝ ու՞մ ենք որևէ բան ապացուցելու: Դա մեր ընտանեկան գործն է, մերն ու Աստծունը: Հնարավորություն չկա միանգամից այդքան ոսկեղեն առնելու: Բայց ափսոս է, որ դրա պատճառով ընտանիքս Աստծուց աչքաթող մնա»,- մտքում ծանրութեթև էր անում Թամարը: «Խաչերն ինքս կառնեմ, թող քավորի հոգսն էլ թեթևանա, իրենք էլ երեխեքի տեր են, հոգսերն՝ անպակաս: Դեռ ահագին շնորհակալություն իրենց, որ չհրաժարվեցին քավորությունից» :
Հաջորդ օրն աղջկա հետ շրջեցին ոսկեղենի խանութներով: Նայում էին, համեմատում գներն ու փորձում ընտրություն անել : Լավ էր, որ դատարկ խանութների վաճառողները սիրալիր պատրաստակամությամբ անմիջապես ողջունում էին իրենց, ապակիների տակից հանում, սեղանին էին լցնում խաչերն ու շղթաները: Արագ ընտրեցին: Հեշտ էր կողմնորոշվելը, որովհետև ժպտերես վաճառողներից մեկն զգուշացրել էր, թե մկրտության խաչն առանց թանկարժեք քարերի պիտի լինի: Եթե քարերն անկարելի են, էլ երկար - բարակ մտածելու բան չկար: Զարդանախշերն իրարից քիչ էին տարբերվում, մնում էր չափը:
Տուն հասան թե չէ, Թամարը տարավ խաչերը Սուսանին ցույց տալու:
-Չի' կարելի, սրանք մեր քահանան կնունքի համար չի վերցնի:
-Ինչու՞,- շվարեց Թամարը,- ախր վրաները ո'չ քար կա, ո'չ էլ տառեր: Սրանք հատուկ ջոկեցի, որ խնդիրներ չլինեն: Հիմա ի՞նչ պիտի անեմ: Խանութում էլ հետ չի վերցնի...
-Շուտ ասած լինեիր՝ քեռուս տղան վաղը Հայաստանից գալու է: Փողը կճամփեիր, ձերոնք կառնեին, կտային իրեն, կբերեր:
-Բայց ես էլ շուտ չեմ իմացել,- Խեղճացավ Թամարը: - Թող «спаси и сохрани» ն մնա, դրանք չեմ ուզում ջնջել տամ: Ի՞նչ անենք, որ հայերեն չի:
-Լավ կլինի ՝ տաս ջնջեն ,- հեղինակավոր կարծիքը պնդեց Սուսանն ու գնաց խոհանոց՝ սուրճ պատրաստելու: Թամարի սիրտը կոտրել էր, մտածմունքների մեջ ընկած՝ կարգին չէր էլ լսում Սուսանի պատմությունները սիամական կատվի , նոր վարագույրների ու շոռաչք հարևանի մասին: Սուրճը խմեց ու մի հինգ րոպե անց դուրս եկավ Թամարենց տնից:
Երեկոյան կողմ զանգեց քավորկնոջը: Նա էլ, սովորականի պես, մարդուց ու սկեսուրից բողոքելու արանքում հասցրեց ասել, թե ՝«....գնացել եմ, կնունքի տորթը պատվիրել»:
-Դա ինչի՞ համար է,- զարմացավ Թամարը:
-Ո՞նց թե ՝ ինչի՞: Տորթը տերտերը պիտի օրհնի, հետո բերեք տուն, կտրեք:
-Իսկ ինքներս թխել չէի՞նք կարող,- նորից խեղճացավ Թամարը:
-Ո՞նց թե՝ ինքնե'րս: Էդքան ժողովրդի մոտ մեր տա՞նը սարքած տորթն ենք ցույց տալու: Մարդիկ ի՞նչ պիտի մտածեն: Գինին ու բանբաներկաներն արդեն առել եմ: Սրբիչներն էլ նայել եմ, թե որտեղից պիտի առնեմ: Զամբյուղի հարցն է դժվար: Առայժմ չեմ ճարում:
Թամարի ճնշումը բարձրանում էր, հետո զգաց, որ հեռախոսափողն ափի մեջ քրտնել է:
-Ի՞նչ զամբյուղ,- զարմանքից շնչակտուր հարցրեց քավորկնոջը:
-Էն զամբյուղը, որի մեջ սրբիչները, գինին , շոկոլադն ուխաչերը պիտի դնենք: Քահանան զամբյուղից պիտի էդ պարագաները վերցնի:
-Հարսանիքի զամբյու՞ղ է, ի՞նչ է...
-Նման մի բան: Ծանոթներիցս ոչ մեկը չունի, հարցրու, գուցե քո ծանոթներից մեկն ունենա, մի օրով տան: Հարսանյաց սրահներում էլ եմ նայել՝ զամբյուղ չկա:
Թամարն ականջներին չէր հավատում, իսկ քավորկինը շարունակում էր.
-Հետաքրքրվել եմ, զամբյուղի մեջ ամեն խաչի տակ ամենպակասը հազար հինգ հարյուր ռուբլի փող պիտի դրվի: Բայց դա ձեր գործը չի, էդ բոլորը քավորի պարտականությունների մեջ է մտնում:
Թամարն արդեն անուշադիր էր նրան, թե էլ ի՞նչ պիտի դրվի զամբյուղի մեջ, ի՞նչ գույնի ու ո՞նց, որպեսզի «ուրիշների մոտ խայտառակ չլինեն»: Մտքում այսքանը Սաքոյին պատմելու ելքերն էր փնտրում:

Շարունակելի:

Արևածագ
26.11.2010, 11:05
Սոխը կտրտելիս անուշադրությունից կտրեց մատը: Շատ հազվադեպ էր այդպիսի բան լինում, բայց էդ իրիկուն պատահեց, որովհետև չէր կարողանում մեջը պարտակել խռովքն ու ելքը չէր գտնում: Մանրամասնները թաքցնել չէր կարող, ամուսնու բռնկուն խառնվածքը գիտեր: Եկեղեցու դռնից էլ առանց վարանելու կարող էր թողնել, հեռանալ: Դրա համար պետք էր նախապես զգուշացնել:
Ութի մոտերքը Սաքոն եկավ գործից: Լվացվեց, տեղավորվեց սեղանի կողքին :
-Խաչերն առել եմ,-ասաց Թամարը , - երկուսն արծաթե, իսկ մեկը՝ ոսկուց:
-Հա՞... բե'ր տեսնեմ:
Թամարը սեղանին դրեց զարդերի տոպրակներն ու երկուսով սկսեցին զննել:
-Սիրուն են,- եզրակացրեց Սաքոն,- պատմիր՝ ի՞նչ ես իմացել կնունքի մասին:
- Մենք համարյա անելիք չունենք: Քավորն է կնունքի ամբողջ հոգսը քաշելու:
-Իսկ ինքն ի՞նչ պիտի անի:
Ահը սրտում՝ Թամարն սկսեց թվարկել Սուսանից ու քավորկնոջից լսածները: Կարմիր- սպիտակ թելերի, սրբիչների, խաչերի վրայից «спаси и сохрани» - ն ջնջելու ու արդեն պատվիրված տորթի մասին էլ ասաց:
Սաքոն լուռումունջ լսում էր, հետո առանց հայացքը բարձրացնելու , խոսեց.
- Էդ թատրոնին մասնակցողը չեմ:
-Բայց բոլորն են այդպես մկրտվում,- փորձեց հակաճառել կինը:
-Ես բոլորի հետ գործ չունեմ: Ես ե'ս եմ:
Թամարը սսկվեց, սեղանի վրայից հավաքեց խաչերն ու շղթաները, խնամքով տեղավորեց տոպրակների մեջ: Խոսքերն այլևս ավելորդ էին:

Բաղնիքի տանիքը կապելուն երկու շարք էր մնացել:
Աշխատելու համար շատ հարմար եղանակ էր: Ո'չ վերից արևն էր խանձում, ոչ էլ ցուրտն էր կսկծացնում: Սաքոն այս եղանակին աշխատանքից քիչ էր հոգնում: Կողքին դրած աղյուսի կապից մեկ- մեկ վերցնում էր աղյուսը, ցեխը դնում պատին, աղյուսը վրայից, ձեռքով հարմարեցնում, գդալի պոչով թխկթխկացնում- նստեցնում տեղը: Խանգարող չկար: Մենակ էր: Մտքումը Թամարի երեկվա պատմածն էր: Ինքն էլ գոհ չէր իր բնավորությունից, բայց փոխելու համար արդեն շա՜տ ուշ էր: Երբ ուզում էր ինքն իրեն ստիպել հոգուն կամ մտքին հակառակ մի բան անել, ներսում մի վիշապ էր զարթնում, թշշում, գալարվում, խեղդում էր իրեն: Սաքոյին թվում էր, եթե ինքն անի այդ անհաճո քայլը, ներսի վիշապն իրեն կուլ կտա: Դրա պատճառով էլ, չնայած ողջ կյանքը շինարություններում էր աշխատել, իր տունը երկար ու դժվարությամբ սարքեց: Չէր կարողանում մնացածի նման քար ու փետից քիչ- քիչ գողանալով, ցեմենտ ու ներկ խնայելով, իր տան պատերն արագ բարձրացնել: Ներսի վիշապը թույլ չէր տալիս, հիվանդացնում էր: Բոլորը կարողանում էին, ինքը՝ չէր կարող: Գուցե թե նա մի օր սատկեր, կյանքն ավելի պիտի հեշտանար, բայց Սաքոն համոզվել էր՝ փրկություն չկա: Երեկվանից նորից գլուխը բարձրացրել, ուտում էր իրեն: Հաշտարար միջնորդ էր պետք «չեմ կարողանում» -ի ու «հարկավոր է» -ի եզրերն իրար կարկատելու համար: Սաքոն մի միջնորդ էր ճանաչում, սկսեց զրուցել հետը.
« Տե'ր իմ, անքննելի են քո գործերը: Ինչու՞ է այդքան դժվար դեպի քեզ բերող ճամփան: Ինչքա՜ն լավ կլիներ, եթե ինձ էլ նորածին ժամանակ մկրտության տարած լինեին, որ հիմա հոգիս ադպես չընդդիմանար էդ ձևականություններին: Ախր ճարպակալած փորը վեղարի տակ հազիվ պարտակող, վզիցը ադամանդե խաչ կախած ու մատին կես փթանոց մատնիք կրողն ի՞նչ կապ ունի նրա հետ, որ աշխարհ եկավ՝ մարդկանց փրկելու: Նրա մկրտությունը Հորդանան գետում էր՝ առանց տորթի ու ոսկե խաչի, առանց զամբյուղի ու կնունքի վարձի: Ինչու՞ է ամենն այսքան փոխվել, հեռացել իր բուն իմաստից, խաթարվել, որ հոգին փրկության հույսի ուրախությամբ լցնելու փոխարեն միայն հակակրանքով է լցնում: Տե'ր, ինչու՞ ես այդքան դժվարացրել քեզ գտնելու ճամփան: Ինչու՞ նրանք, որ ինձ պիտի օգնեին քեզ արագ ճանաչել, հոգուս առաջ անանց խոչընդոտներ են ստեղծում: Չեմ կարողանում հավատալ իր խոսքերին, երբ որ ասում է «միայն երկնի արքայաության մեջ կգտնեք ամենամեծ հարստությունը»: Հապա ինչի՞ համար է կախել ադամանդե խաչն ու ոսկե մատանին դրել:
Տե'ր, չեմ կարողանում նսեմացնել անձս, որ երեխայի անմեղությամբ հավատամ իրեն ու իր ուղեկցությամբ քո դուռը գամ: Մի ճար արա', հեշտացրու՜ Քեզ բերող ուղին, օգնի՜ր ինձ : Չէ՞ որ խոստացել ես. «Ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ»:
Կարծես աղյուսն աղյուսին, ծանր մտքերը կուտակվում, դարսվում էին հոգում: Դրանց ծանրությունն ավելի ճնշող էր, քան շաղախով լիքը դույլինը, որ գետնից բարձրացնում, դնում էր պատին: Այդ օրը մի քանի անգամ մտաբերեց տատի սովորեցրածը: Ճիշտ է, որոշ բառեր Սաքոյին այնքան էլ հասկանալի չէին, բայց ինքը համոզված էր, որ Նա, ում որ ուղղված էր իր ասելիքը, անպայման լսում ու հասկանում է իրեն.

Հայր մեր` որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո:
Եկեսցէ արքայություն Քո
Եղիցին կամք Քո որպես
յերկինս և յերկրի:
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր:
Եվ թո՛ղ զպարտիս մեր,
որպես և մեք թողումք
մերոց պարտապանաց:
Եվ մ՛ի տանիր զմեզ
ի փորձություն,
այլ փրկեա՛ զմես ի չարեն,
զի Քո է արքայություն
և զորություն
և փառք յավիտյանս.
Ամեն:

Արևածագ
30.11.2010, 21:19
Փոքր մարդիկ կան, որ կոշկի միջի ցցված մեխի նման ահագին ժամանակ անհանգստություն են պատճառում: Վերջերս կոշիկների կառուցվածքում կարծես թե մեխ չի հանդիպում, բայց մեխագլուխ մարդիկ ոնց էլ չլինի, ռաստ են գալիս: Ես էլ արդեն որերորդ անգամ, բնավորությանս համաձայն, մարդուկի մեջ փորձում եմ Մարդուն տեսնել, նույնիսկ ինչ- որ կերպ ուզում եմ արդարացնել ոտնաթաթս ծակելը: Բայց երբ թույլ չեմ տալիս ինձ մեխագլուխի հետ վիճել կամ ինչ որ բան ապացուցել, իրեն թվում է, թե ինքն այնքան արդարացի է, որ ես փաստարկներ չունեմ, այդ պատճառով եմ լռում:
Տղայիցս ահագին բան եմ սովորում: Ասում է . «Առանց վայ-վույի, քաքուջով մի անգամ խփում ես մեխի գլխին, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Եթե ասածդ նաև ֆիզիկական ուժով ես տեղ հասցնում, միանգամից սկսում են հարգել քեզ»:
Չեմ կարողանում առարկել, թե « ու՞ր մնացին հոգեբանությունն ու հարաբերություններ կառուցելու խաղաղ տարբերակները», որովհետև եթե էշը չգիտի՝ նուշն ի՞նչ է, դու նրա առաջ մարգարիտներդ հա' շաղ տուր: Էշին ուղղություն ցույց տալու մի հնար կա՝ ճիպոտը:
Համոզվել եմ, բազմաթիվ իրադրություններ առանց ճիպոտի ու քաքուջի ( ափսոսում եմ մուրճ բառն օգտագործել ) չեն լուծվում: Այդ պատճառով էլ թեկուզ դժվարությամբ, բայց համաձայնել եմ, որ տղաս արդեն քանի ամիս հատուկջոկտայինների ձեռնամարտի պարապմունքներին հաճախի:

Արևածագ
01.12.2010, 23:49
Այնքան անսպասելի էին քվեարկության արդյունքներն ինձ համար, ակումբի՝ կատեգորիայում առաջին տեղ գրավելն անսպասելի չէր, անսպասելի էին հայարտի ու լուրեր նեթի հաջողությունները: Օրվա մեջ մի երկու անգամ փորձեցի Մելիքին չաթերում գտնել, որ շնորհավորեմ, բախտս չբերեց: Բայց էնքան համբերություն չունեմ, որ երկար սպասեմ, որոշեցի հեռախոսով հաղորդագրություն ճամփել: (Ականջդ կանչի Երվանդ, քո տված համարով ճամփեցի) : Կես ժամ չանցած՝ Հայաստանից զանգ եկավ . :tel
-Բարև Ձեզ: Քույրիկ ջան, զգում եմ, որ շատ եք ուրախացել, բայց զգուշացնում եմ, որ ձեր սմսը հասցեատիրոջը չի հասել: Անունս Սուրիկ է: :o
-Վա՜յ, բա ուր է ընկել: Չէ՞ք կարող սմսը տանել, Մելիքին տալ: :oy
Պատկերացնու՞մ եք, ինքը Մելիքին չէր ճանաչում: :esim

Արևածագ
04.12.2010, 23:03
Ինձ շատ հեշտ է խաբելը: Որովհետև ինքս հսկայական կարևորություն եմ տալիս մարդու կողմից արտասանվող խոսքերին: Մի անգամ չի, որ համոզվել եմ, թե մարդը կարող է խոստում տալ, հետո նույնքան հանգիստ դրժել տված խոսքը, ինչքան անվրդով ես աղբի տոպրակն եմ շպրտում փողոցի աղբամանը: Ասել է, թե ՝ խոսքը ոչինչ է: Ու միշտ իրենց խոսքը դրժողները «հոր արևով» երդվող տղամարդիկ են եղել:
Հայրս ու ամուսինս են մեղավոր իմ այդօրինակ ապուշ միամտության պատճառով: Օտար տղամարդկանց հետ որևէ հարցում շփվելիս չափանիշներս իրենք են, բայց այս էլ որերորդ անգամ կյանքը շրխկացնում է քթիս.
«Էլի քեզ խաբել են: «Տղամարդու խոսք» ասածը ֆիկցիա է»:

Տեսնես՝ երբևէ խելք կհավաքե՞մ: :think

Արևածագ
09.12.2010, 08:53
Եթե թողել ես , որ միտքդ քարանա, հղկել տուր: Էդ ժամանակ քո «ճշտի» պատը գոնե հա'րթ տեսք կունենա:

Արևածագ
11.12.2010, 10:24
Ամեն օր ինքս ինձ արգելում եմ քաղաքականությանը վերաբերվող որևէ բառ գրել, բայց էլի չդիմացա:

Քաղաքապետի սարքած ծեծկռտուքի աղմուկի մեջ ճիշտն ասած ինձ ամենաշատը մի բան է զարմացնում՝ նրա կնոջ պահվածքը: Ախր էթիկայի պարզագույն կանոններից է, որ եթե քեզ մի տեղ են հրավիրել ու տանտերերը դուրս չեն եկել քեզ դիմավորելու, ամենածայրի աթոռին պիտի նստես: Ամենալավ ու ապահովագրված տեղն է: Եթե տանտերը որոշի, թե սխալ տեղում ես նստած, առաջ կհրավիրի, սեղանի գլխին ավելի մոտ կնստեցնի, բայց եթե նա կարծում է, որ ճիշտ տեղում ես նստել, ավելորդ տեղը չի նվաստացնի քեզ՝ առաջարկելով սեղանի ծայրը գնալ:
Սա ես չորրորդ դասարանից գիտեի, նկարչության ուսուցիչս էր ասել, հետո մի քանի գրքերում էլ կարդացի:

Ինչու՞ մարդկանց, որ ի պաշտոնե շփվում են օտար երկրների բարձրաստիճան պատվիրակությունների, նրանց կանանց, համաշխարհային մշակույթի ակնառու դեմքերի հետ, ինչու՞ այդ մարդկանց էթիկայի ու վարվեցողության կանոնները սովորեցնելուն մի հինգ-վեց ժամ չե՞ն տրամադրում: Չէ՞ որ իրենք հայերիս դեմքն են աշխարհին ցույց տալիս: Մի անգամ Տերյանն ասել է «Մեզ մի' խառնեք ձեր վայրի արջի ցեղերին...» ու դրանով մեզ ապահովագրե՞լ ենք: :think
Այն, որ պաշտոնյան մարդ է ծեծում, լրագրողին ասում է ՝«գնում եմ զուգարան, արի այնտեղ հարցերդ տուր», «ջութակից վատ գործիք մեկ էլ թավջութակն է» և այլն... և այլն, գուցե ժամանակն է, որ հասկանանք. Սա ամո'թ է: :(

Էթիկայի կանոններն իմանալը վնաս չի տա, դեռ մի բան էլ կօգնի, որ չնչին առիթով մարդիկ իրենց կերակրող աթո'ռը չկորցնեն:

Արևածագ
14.12.2010, 11:13
Նորից...
Երկյուղի ու անորոշության մթնոլորտ, երբ ներսումդ սարսափի որդը գլուխ է բարձրացնում ու ո'չ մի բանի մասին չի թողնում մտածել, բացի մեկից. «Հանկարծ երեխեքիս բան չպատահի՞»:
Մարդը, որ գլուխը կախ սուսուփուս ապրում է, անընդհատ ծայրահեղ զգուշությամբ, որ չլինի թե հանկարծ պատահաբար ինչ -որ մեկի ոտքը տրորի, ում ամեն ծնողական ժողովի հեղեղում են երախտագիտությամբ՝ երեխաների վարքի ու դաստիարակության առիթով, պիտի հանգիստը կորցնի ու գիշերները տագնապից չկարողանա քնել:

Որովհետև մի տարի հետո ընտրություններ են: Պիտի հնարավորինս պղտորել ջուրը, կեղտոտել, որ մարդիկ համաձայնեն «միակ ու անփոխարինելի բռունցքի» անհրաժեշտությանը, միայն թե կոշմարներին վերջ տրվի:

Ավտոտնակներում կանգնած ու տարիներով չքշվող ավտոները անպայման պիտի ապահովագրվի, որովհետև պետբյուջեն ակնկալվող փողը չի հավաքել: Բնակարանները պիտի ապահովագրվեն ու անշարժ գույքի հարկ պիտի մտցնել՝ շուկայական գնի տոկոսային հարաբերությամբ: Հունվարի մեկից քսան տոկոսով թանկանում են բոլոր կոմունալ վճարումները: Օլիգարխները դիմել են աշխատանքային շաբաթը 40 -ից 60 ժամ հասցնելու առաջարկով: Բենզինը թանկանալու է ամեն տարի՝ իբր մի ռուբլով: Պետական ճանապարհներով անցնելու համար փող պիտի վճարես: Մի անգամ արդեն վճարել ես, քո տված հարկերով այդ ճամփան սարքել են, հիմա պիտի տան մի «լավ տղու» քո հաշվին սարքած պետական ճամփան, ինքն էնտեղ արգելափակոցը պիտի դնի՝ փողերը հավաքի: Մ 5 Դոնը, դեպի ծով տանող: Սկզբի համար Մ 5 ը, հետո չի բացառվում, որ ավտոդ ավտոտնակից մի մետր հանելու համար պիտի վճարես: Ամեն ինչ տեղի ինքնակառավարման թաղա, գյուղա, քաղաքա պետի հայեցողությամբ:

Ժողովրդի կեսը աղքատ է կամ աղքատության շեմին կանգնած: Գյուղերում անասունները կոտորվում են կերի բացակայությունից, կարտոֆիլն արդեն 40 ռուբլի , բայց ասել են՝ սպասեք 70-ին:
Մարդկանց կյանքն էս անձյուն ձմեռվա նման գորշ է ու վերջը չի երևում:

Ո՞վ է մեղավոր:

Իհարկե կովկասցիները, մեկ էլ փողոցներն ավլող ուզբեկներն ու տաջիկները: Ծեծե'ք, սպանե'ք, վռնդե'ք իրենց ու Ռուսաստանում նիրվանա կհաստատվի:

Իզուր չեն գրել, թե պատմության անիվը պտտում են ստահակներն ու խաբեբաները:
Իշխանությունը մինչև ֆուտբոլի 18 թվի առաջնությունը պահելու համար մի քանի հարյուր, կամ թեկուզ հազար մարդն ի՞նչ է, որ «մատաղ» չարվի:
Այսպես եղել է ու այսպես լինելու է միշտ:

Տե'ր Աստված, հեռու տար փորձանքները երեխաներիս ու հարազատներիս գլխից:

Արևածագ
18.12.2010, 11:12
Հայերենում «ընկեր» բառը ստուգաբանվում է որպես միասին ուտող՝ ընդ կեր: Մեր հոգեբանության մեջ էլ նստած են նախամարդու կենսական բնազդի արմատները՝ ուտելը երջանկության գագաթնակետն է: Մարդկանց թվում է, որ եթե մեկին մասնակից են անում այդ հույժ կարևոր ֆիզիոլոգիական պրոցեսին, տվյալ մարդը դառնում է սեփական եսին ավելի մոտ կանգնած մեկը:

Այնքան հաճախ է պատահում, որ հրավերքների ու տոների չեմ ուզում գնալ, որովհետև այնտեղ մարդկանց ընդհանրացնողը միայն իրար հետ ուտելն է.
-Գիտես ի՞նչ սեղան էր գցել՝ խորովածով, խավիարով, բաստուրմայով... կերանք- խմեցինք, հլա սեղանից վեր կենալուց հետո էնքան ուտելիք մնաց, ասես սեղանին մատով կպած չլնեինք... -Ինչու՞ չես գալիս Մոսկվա, մի հատ քեզ տանեմ ռեստորանս՝ պատիվ տամ :

Միասին ուտելը որպես իրար հետ լավ զգալու չափանիշ դարձնելը աղքատի հոգեբանություն է: Ավելի հաճախ՝ հոգևոր սնանկի հոգեբանությունը:

Չեմ սիրում աղքատությունը, ինձ շքեղություններ են պետք: Մարդկային հաղորդակցության շքեղությունը:

Միասին ուտելն ինձ կաթիլ անգամ չի գայթակղում, միասին զրուցելն է, որ ինձ կկապի գրպանում քոռ կոպեկ չունեցողին:

Կշարունակեմ լռել:
Սառցարանը լեփ- լեցուն է զանազան մսատեսակներով, կես ժամից գնալու ենք խմիչքներն ու մնացած չփչացող «զիբիլն» առնելու: Առջևում Նոր տարի է:

Նորից ուտելու ենք: :[

Արևածագ
24.12.2010, 10:33
Ինչքա՜ն անհեթեթ ու անողորմ կարող է լինել մահը:

Ընկերուհուս 19 ամյա որդին մահացավ:

Անցյալ տարի այս ժամանակ ծիծաղելով ախ ու վախ էինք անում, որովհետև ստիպված էր ամուսնանալ: Համադասարանցին իրենից հղի էր, կարծես՝ սիրում էլ էին իրար ու երկուսի ընտանիքներն էլ որոշեցին՝ թող ամուսնան: Առաջին կուրսի վերջում արդեն հայր էր: Ես էլ, հենց խոսակցություն էր բացվում, անպայման նշում էի՝ «Աստված չանի»: Ուզում էի այդ բառերով ապահովագրել մեզ ճակատագրի նման սցենարից: Իրականում՝ դժբախտություն չկար, անհարմարություններ կային: Նորաստեղծ ընտանիքից ոչ մեկը չէր աշխատում, ուսանողներ էին: Իրենք դեռ լրիվ երեխա՝ երեխա ունեցան ու կախեցին տատի- պապիների վզից: Չնայած դժվարություններին ՝ կյանքը գնում էր իր հունով:

Մինչև այս դեկտեմբերի 4- ի ու 5-ի ցուրտը:
Ջերմաստիճանը կտրուկ իջավ - 20- ից ցածր:
Ինչ որ մեկն ասել էր Սաշային, (այդպես էր տղայի անունը) , եթե գիշերը մի քանի րոպե աշխատեցնես ավտոմեքենայի շարժիչը, առավոտյան հեշտ գործի կգցես ու երկար չես չարչարվի տաքացնելու համար: Սաշան այդպես էլ արել էր: Միայն... ավտոյի շարժիչը գործի էր գցել փակ ավտոտնակում: Կինը տեսնելով, որ ամուսինն ուշանում է, գնացել էր հետևից:
Սաշան մնացել էր նստած վարորդի տեղում:
Միայն կյանքը նշանակություն ունի, մնացածը՝ փողի պակասը, տխրությունը, չհասկացվածությունը, մանր -մունր անհաջողությունները ոչի'նչ են կյանքի համեմատ:Դրանք անցողիկ են: Կյանքի չգոյությունն է, որ ոչնչով չի' փոխարինվում ու որևէ կերպ չի մխիթարվում: Թող կյանքը շարունակվի:
Անցյալ տարի, երբ ընկերուհիս նեղսրտում էր, թե անժամանակ տատիկ է դառնալու, ո՞վ կարող էր ենթադրել, որ այսօր կրծքին է սեղմելու կապուտաչ մանչուկին ու հենց այդ չսպասված փոքրիկից է սփոփանք մուրալու:
Տարեմուտի նախօրեին մի ցանկություն ունեմ միայն. Տեր Աստված, հեռու' տար փորձանքներն ու դժբախտությունները: Թեկուզ կիսատ, անլիարժեք, մանր ու մեծ անհաջողություններով, բայց թող կյա'նքը Շարունակվի:

Արևածագ
29.12.2010, 17:25
Հիշողությանս մեջ նրա բաց շագանակագույն մազերն են, որ ջրվեժի նման ծփում էին թիկունքին: Մինչև գոտիկը: Իհարկե նախանձում էի նման հարստությանը, մանավանդ դպրոցահասակ տարիքում երկար մազեր ունենալն ինձ համար նույնքան անիրական երազանք էր, ինչքան որ հիմա: Հիմա ինքս ինձ թույլ չեմ տալիս, իսկ դպրոցում հայրս չէր թողնում: Հենց մի քիչ երկարում էր, հավաքում, կապում, սղալում էի գլխիս, ինչ է թե հայրս չասի՝ մազերդ կտրելու ժամանակն է: Բայց ո'չ մի անգամ հորս աչքից չէր վրիպում մազերիս երկարությունը: Իր վճիռները չէին քննարկվում, ես էլ առարկության ծպտուն հանելու իրավունք չունեի: Այդ պատճառով նախանձով էի նայում էն աղջիկներին, ում թույլ էին տվել երկար մազեր ունենալ:

Էդպես էլ թաքուն նախանձով նայում էի իրեն: Համագյուղացիներ էինք, բայց տարբեր դպրոցներում էինք սովորում, իրար տեսնելիս նույնիսկ չէինք բարևում: Մեկ լսեցի, թե նա արդեն համալսարան է ընդունվել՝ պատմության ֆակուլտետը: Հաջորդ դրվագը իր հետ կապված այն է, երբ մայրս ասաց.

-Իրինան այնքան շնորհքով աղջիկ է, ամուսնու համար սվիտր է գործել:

Սա թաքուն ենթատեքստ ուներ, թե «ժամանակն է, որ դու էլ մի օգտակար բանով զբաղվես՝ գրքերից բացի»: Բայց շյուղերով գործել այդպես էլ չսովորեցի: Գլխարկ, վզնոց, նման ստից բաներ գործել եմ, բայց մեծ գործ իսկի չեմ էլ ձեռնարկել : Այդ պատճառով, երբ մայրս ասաց, թե Իրինան սվիտր է գործել, մտածեցի. «Երանի՜ իր հավեսին: Համ էլ ինչքա՜ն պիտի սիրի մարդ, որ ուրիշի համար սվիտր գործի»:

Հաջորդ դրվագը Իրինայի հետ կապված այն է, որ իմացանք, թե իր ամուսինը զոհվել է Արցախի կռիվներում: Էդ սվիտր գործելու խոսակցությունից ու ամուսնու զոհվելու մասին բոթից ընդհամենը մեկ- երկու տարի էր անցել:

Այսօր ՖԲ ում զրուցում էի Իրինայի հետ: Այնքա՜ն արժանապատվություն ու ցավոտ հպարտություն կա նրա մեջ կորցրած ամուսնու նկատմամբ: Հիշեցրի իրեն սվիտրի պատմությունը: Հուզվել էինք երկուսս էլ: Հետո ասաց.

-Սվիտր չէր, ժիլետ էր: Դրանով էլ գնաց... Այն ժամանակ ընդհամենը քսաներեք տարեկան էի: Աղջիկս ասում է՝ կարծես այս ողջ տարիներին հայրիկը մեզ հետ է եղել: Չենք թողել, որ իր հիշատակի ջահը մի րոպեով անգամ խամրի...

Կարկամել էի, չգիտեի ի՞նչ ասեմ, երբ փորփրել էի մարդու անթեղված վերքը, ցավը, որը պարզվում է, երբևէ իրեն չէր լքել: Միայն էս բառերը գտա.

-Իրինա, քո նմաններով է, որ աշխարհը կանգուն է:

Պատմությունս արցախյան ազատամարտի հերոս Թաթուլ Կրպեյանի այրու մասին է:

Արևածագ
07.01.2011, 22:25
Երբ երեկվանից սկսել եմ իրար խառնել օղին ու ասպիրինը, բայց հարբածության նախանշան անգամ չկա.

Երբ սիրտս հսկայական կոչնակի նման դմբդմբում է ոչ միայն կրծքավանդակում, այլև կոկորդումս, ականջներիս ու գլխիս մեջ.

Երբ Ամանորյա ու Ծննդյան տոների առիթով ստացած սմսներից և ոչ մեկին չեմ պատասխանել.

«Գրազ կգամ, որ նույնիսկ այս պարագայում
ես կարող եմ լավ բան անել,
այն է`
մանրից ինձ սպանել»: Մելիք

Մեղք չունեմ, որ Մելիքն այսքան լավ է գրել:

Արևածագ
08.01.2011, 18:04
Երբեմն կողքիդ կանգնած մարդուն մոտենալու համար կյանքիդ ամենաերկար ճանապարհը պիտի անցնես:

Արևածագ
14.01.2011, 14:45
Բանկում էի:
Ռուսաստանի ամենամեծ բանկի հաճախորդներից եմ՝ արդեն տասներեք տարի: Գրեթե միշտ հերթեր էին լինում, բայց մի քանի ամիս առաջ հերթը կարգավորող ապարատներ դրեցին: Մոտենում ես, հավաքում քեզ պետք եկած բաժնի անունն ու կտրոնը վերցնելով, սպասում էս, մինչև էլեկտրոնային ազդագիրը համարդ կարդա: Ապարատները դնելուց հետո պարտադիր այնպես է ստացվում, որ մի ժամ կորցնում եմ բանկում: Առաջվա կենդանի կանգնած հերթ պահելը չկա, բայց էդ մի ժամը կորցնելը սարքել են պարտադիր:

Երեկ սպասասրահը կիսադատարկ էր՝ մոտ 30 հոգի կլինեին: Հուսացի թաքուն, թե միգուցե այսօր կես ժամ սպասեմ հերթիս: Իզուր: Մեկ ժամը լրացավ:Ընդունելության 14 պատուհանների փոխարեն չորսն էին աշխատում: Եթե նույն տեմպերով գնար, մի ժամ էլ դեռ պիտի սպասեի:

Մեկ էլ մեջս նիրհող քննադատական ռեալիզմը ծառս եղավ: Մոտեցա սրահում հերթապահող խորհրդատուին ու ասում եմ՝ շա՜տ հանգիստ.
-Ինչու՞ է այս իրավիճակը, ինչու՞ պատուհանները չեն աշխատում:
Ուսերն է թոթվում.
- Ես ի՞նչ կարող եմ անել:
- Այս պարագայում Դուք կարող եք գնալ - բերել ձեր «Բողոքի ու առաջարկությունների գիրքը»:
Գիտեմ, որ հարկային ու մնացած վերահսկող օրգանները շատ մեծ հաճույքով են կարդում այնտեղ արված գրառումները:
Բերեց: Գրքի փոխարեն ֆիզիկական անձանց սպասարկող բաժնի վարիչին.
- Ներողություն եմ խնդրում, բայց աշխատողներ չունենք: Մոտեցեք իններորդ պատուհանին, Ձեզ անհերթ կսպասարկեն:

Ուզում էի արդարության համար մի քիչ մարտնչել, բայց հենց ինձ ընդառաջ գնացին ու ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեցին, սուս ու փուս արեցի գործերս և դուրս եկա:

* * *
Մթնում էր: Ցուրտը չէր թողնում շնչել: Մեկ էլ երկնքում թռչունների երամ տեսա: Հարավից էին վերադառնում: Հրաշալի գիտեմ՝ որտե՞ղ է հարավը, որովհետև Հայաստան թռչող ինքնաթիռն էլ այդ ուղղությունն է բռնում: Ետ էին գալիս: Բայց ու՞ր պիտի գնային: Էս ձմռան օրով:

Մեր կյանքը երբեմն չի՞ նմանվում ժամանակի ու տարածության մեջ կողմնորոշումը կորցրած երամի թռիչքին:

Արևածագ
18.01.2011, 19:02
Օրագրումս երբեմն ստեղծագործությունների վերլուծություններ էլ եմ գրելու: Գուցե դրանով հուսախաբ անեմ պոտենցիալ ընթերցողներիցս մի որոշ մասին, բայց սա հենց այն տեղն է, ուր կարող եմ գրել վերաբերմունքս այնպիսի գործերի նկատմամբ, առանց որոնց «ես» ես չէի լինի:

Ուզում էի «Նավզիկեի » մասին կարդալ: Բայց որոնման համակարգերն այդ հանճարեղ երկի մասին իմ գրածներն ինձ դեմ արեցին: Շա՜տ անարդար է, որ գրեթե քառորդ դար ո'չ թե հանդարտ, միապաղաղ, այլ սիրահարվածի նման խռով, անհանգիստ, երկյուղած ու խանդոտ սիրով եմ սիրում այդ գործն ու այդքան քիչ եմ գրել «Նավզիկեի» մասին: Որովհետև ամեն անգամ կարդալիս այն տպավորությունն ունեմ, թե նա թաքցնում է ինձնից իր գեղեցկության ելևէջներն ու հանկարծ մի ուրիշին է ցույց տալիս հենց այն կտորը, որը միգուցե ես մանրազնին չէի քննել, ընկալել: Ափսոսում եմ, որ դպրոցական կամ ուսանողական տարիներին չեմ գրել տպավորությունս «Նավզիկեից» զգացածի մասին: Բայց հիմա, երբ ես էլ գրեթե նույն տարիքին եմ, ինչ Չարենցը «Նավզիկեն » գրելիս,համոզվել եմ, որ իսկական բանաստեղծությունը հաճախ անհաղթահարելի ցավից արձակած ճիչն է: Մերկ նյարդի բանաստեղծությունը: Իհարկե, բանաստեղծությունները գրվում են նաև «մտքից», թելադրվում են «Վերից», բայց իսկականից հուզում է այն, ինչ գրված է անդունդի պռնկից, լինել- չլինելու սահմանագծից: Արյուն տալու նման: Այդ պատճառով էլ հուզում, հեղեղում, վարակում է իրեն ընթերցողին:

Մեր գրականությանը լի է ողբասացության թեմաներով ՝ հիմնականում հայրենիքի բախտի ու հայ կոտորածների հետ կապված: Չարենցի «Նավզիկեն», գրված 1936 թվականին, այս տեսակետից ինքնաձաղկման ողբ է . Սարսափելի է այն բանի գիտակցումը, որ ինքդ ես պատճառ եղել ամենասիրելիիդ կորստին. (Արփենիկ Չարենցը մահացել է արտարգանդային հղիության պատճառով):

Կարոտներիս ծովի կղզիներում անցած
Դու իմ կղզին եղար միակ ոսկե, –
Բայց սև աղետ դարձավ և մահացու հանցանք
Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե…

Բանաստեղծության առաջին տառից մինչև վերջին հնչյունը կորուսյալ սիրո պատումի բարձր նոտա է վերցված, որ յուրաքանչյուր հաջորդ քառյակում կես տոն անգամ չի իջնում. Միայն ուժեղանում է, ահագնանում՝ կրկնությունների միջոցով: Կրկնությունների ալիքը խլում է ընթերցողին, տարուբերում անսփոփ մորմոքի ջրերում, ու եթե է ափ է շպրտելու, միայն կրքերի կարմիր ավազների արնախում ափը. Պոետն այստեղ արնաքամ է եղել:

Ընթերցող, եթե պատահել է, որ ամեն հանդիպած հայացքում փնտրես, բոլոր փակ դռների հետևում հսկես ու չտվածդ բոլոր սերերը կիտես՝ միայն մեկի համար, հասկանու՜մ ես իրեն ու այլևս գերված ես Չարենցով:

Բայց ինչու՞ է այդքան փնտրվածն ու սպասվածը հանկարծ դառնում ...«չսիրա'ծ»:

Եվ ինչ տալու էի ես աշխարհում նրանց –
Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ…

Այս «չսիրած» բառը դարանից ցատկող բորենու նման խռնում, խճողում է պատկերշարքը, որ ես կարողանում եմ գծել ուղեղումս ու անընդհատ հարցնում եմ ինձ՝ ինչու՞ չսիրած: Ո՞նց եղավ, որ չսիրածին ամենաչքնաղ երկը նվիրեց: Գուցե այն պատճառով, որ նրա մահվան պատճառած ցավը զգացմունքների այն կիզակետին է հասցնում, ուր սերն ու «չ»սերն արդեն տարալուծվել են իրար: Կամ էլ որովհետև անհնա՞ր է սիրել մահը:
Մի տեղ կարդացի, թե ոմանք չեն սիրում Չարենցի պոեզիան հենց այն պատճառով, որ մահվան տեսիլներն ու սիրային ներբողները կարծես ձեռք-ձեռքի տված լինեն ու դրանց միասնության մեջ ինչ որ հակասական, դիվային ու անհասկանալի բան կա: Ոնց որ խարույկը սառույցի վրա: Իսկ ու՞մ են պետք գոլ ցգացմունքները: Միայն այն, որ կիզիչ է ու մրկող, միայն դա արժեք ունի: Միայն սիրո ու մահվան միջև հավասարության նշան կարելի է դնել:

«Նավզիկեն» ինձ հանգիստ չի տալիս ու բաց չի թողնում: Աներևույթ ճոպաններով կապկպել է ինձ ու ես նույնիսկ փորձ չեմ արել ազատվելու: Անհնար է: Երբեմն թվացել է, թե իր կարմիր ավազների վրա ես էլ եմ արնաքամ լինում ու չեմ դիմանում Չարենցի հզոր թափին, որ ճնշում , ճզմում է իրենից փրկվելու իմ վտիտ կամքը:

Եթե Տերը կամենա, որ մի երկու տասնամյակ շարունակեմ ապրել, այն ժամանակ նորից կգրեմ իմ ու «Նավզիկեի» փոխհարաբերությունների մասին, բայց նույնիսկ այսօր էլ համոզված եմ, որ քանի ես կամ, ինձ ուղեկցելու է ու վերջին պահին էլ հրաժեշտ է տալու
....Վերջին շնչիս կառչած իմ «Նավզիկեն»…

Արևածագ
20.01.2011, 13:18
Մի շաբաթ կլիներ, որ ամուսնացել էի: Գնացել էի հերանցս տուն, ընթրում էինք ու ընդհանուր սեղանի շուրջ զրուցում: Ինձնից փոքր քույրերս հաջորդ օրն ինչ որ տեղ պիտի գնային ու սկսեցին վիճել՝ թե ով ի՞նչ է հագնելու: Չմոռանամ նշել, որ 90-ականների սկիզբն էր ու մարդկանց առաջին հոգսը հացի ու վառելիքի խնդիրները լուծելն էր: Հագուստի մասին մտածելուն հերթ չէր հասնում: Ես մերոնց մեջ ամենաապահովվածն էի, որովհետև հասցրել էի Սովետական Միության գոյության վերջին տարիներին դառնալ ուսանող, ու մերոնք ոչ այնքան ճոխ հնարավորություններով հանդերձ, ինձ համար հագուստներ էին գնել, Մոսկվայից բերել տվել: Որպեսզի մնացած համակուրսեցիներիցս շատ չտարբերվեմ: Շատ չտարբերվելն այնքան էլ չէր հաջողվել, որովհետև աղջիկները գալիս էին բնական մորթուց մուշտակներով,եվրոպաներում կարած շրջազգեստներով ու ոնց քեռիս էր ասում՝ «ադամանդն էլ վրից փաթաթած»: Ինչևէ՝ դրա մասին չի ասելիքս, այլ նրա, որ ամուսնանալիս որոշեցի, որ շորերիցս մի քանիսը, որոնք արդեն դուրս չէին գալիս ճիշտն ասած, հետս չեմ տանելու: Քույրերս մնացին իմ թողած շորերի հույսին:

Այդ օրն էլ սկսեցին վիճել, թե ով ի՞նչ է հագնելու իմ թողած շորերից: Որոշեցի ծանրակշիռ խոսքս ասել, թե՝ «էսպես ու էսպես, մեկդ թող ժակետը հագնի, մյուսդ էլ կապույտ սվիտրը»:
Միջնեկ քույրս այդ ժամանակ մի բան ասաց, որ մինչև օրս ականջներումս է.

- Քո գործունեությունը մեր տան մեջ պրծել է: Դու այստեղ այլևս կարող ես ցուցմունքներ չտալ: Ձե'ր տան հարցերով զբաղվիր:

Այդ րոպեին ապշեցի ու սիրտս էլ կոտրվեց իր խոսքերից: Դրանք շատ կտրուկ էին, բայց դե «պատանեկան մաքսիմալիզմ» ասածով ո՞ր մեկս չի անցել: Սսկվեցի, դրանից հետո էլ մենք շատ արագ տեղափոխվեցինք Ռուսաստան, ու եթե կամենայի էլ, արդեն ոչ մի կերպ խառնվել չէի կարող: Ամիսը մեկ հազիվ կարենում էի զանգել, ձայնները լսել, ի՞նչ խառնվել:

Բայց տարիներն անցան, քույրերս էլ վաղուց ամուսնացել են, ամեն հնարավորն ու անհնարինն արի հերանցս կյանքը ֆինանսապես լավացնելու համար: Ու շարունակելու եմ: Բայց իրենց ընտանեկան փոխհարաբերություններին խառնվել ու ցուցմունքներ տալը մինչև օրս էլ անհնարին եմ համարում :

Ինչու՞ եմ այսքան երկար- բարակ գրում: Որովհետև մի տեսակ չեմ հասկանում սփյուռքի իրենց տաք բնակարաններում նստած այն հայրենակիցներիս, ովքեր հեռվից- հեռու ցուցմունքներ են տալիս, թե քաղաքական ինչպիսի զարգացումներ պիտի լինեն Հայաստանում, փնովում են այս կամ այն կուսակցությանը, հաճախ՝ ծաղրական տոնով խոսում հայաստանյան մշակույթի, տնտեսության,քաղաքաշինության... և' այլն,...և այլնի մասին: Մի հարցնող լինի՝ դուք այդ իրավունքը ունե՞ք: Եթե այդքան լավ գիտեք, թե հայաստանցին ինչպե՞ս պիտի ապրի, ինչու՞ ինքներդ լքեցիք այդ նույն Հայաստանը: Եկե'ք, ձեր անգին ցուցմունքներն իրագործե'ք: Կամ էլ ձեր քաղաքացիության պետությունների հարցերի վերաբերյալ լեզուներիդ զոռ տվեք:
Գուցե նրանք, ովքեր փող են տրամադրում հիմնադրամներին, գուցե նրանք ունե՞ն այդ իրավունքը: Բայց աչքիս՝ հենց փող տվողներն են, որ գրեթե ոչինչ չեն խոսում:
Կամ՝ գուցե՞ սխալվում եմ:
Չգիտեմ, իսկապես չգիտե'մ: Երանի մեկն ասեր՝ ո՞րն է ոսկի միջինը::think

Արևածագ
26.01.2011, 10:36
Լենինն էր ասել. «Արվեստը պետք է պատկանի ժողովրդին», բայց խորհրդային հասարակարգը ցենզուրայի ու վերահսկողության այլ լծակների միջոցով, ստիպում էր, որ մարդիկ ջանքեր գործադրեին իսկական արվեստը հասկանալու համար: Այն դաստիարակիչ ֆունկցիա ուներ:

Հիմիկվա ազատության պայմաններում արվեստն այդքան համբերություն չունի, որ սպասի վաղվա արդյունքներին: Այն ֆասթֆուդ է՝ արագ կուլ տաս ու անցնես առաջ: Բայց դե երկարաժամկետ հեռանկարում ֆասթֆուդի տված վնասը շատ ավելին է, քան իր տված րոպեական օգուտը: Ֆասթֆուդը աղքատների կերակուր է:

Ափսոս, որ բարձրաժեք արվեստը դարձել է ընտրյալների մենաշնորհը:

Արևածագ
03.02.2011, 16:56
Երկու օր առաջ կենտրոնական փոստատան մոտով անցնելիս տեսա. Փոստի աշխատողը մի սեղան էր դրել գլխավոր մուտքի մոտ ու կոկորդը զլած՝ կանչում էր.
- Ծրար առե'ք, վաղվանից թանկանալու է՝ դառնա 15 ռուբլի:
Այնքա՜ն տարօրինակ թվաց աչքիս, որ մի յոթ- ութ մարդ, հիմանականում թոշակառուներ, սեղանի առաջ խռնված, նամականիշովն ու հասարակն էին ջոկջկում, ու նաև... առնում էին:

Տաս տարում կապի միջոցները հեքիաթային առաջընթաց ապրեցին: Սարսափ երազի նման եմ հիշում, որ տուն զանգելու համար պիտի գնայինք փոստ ու խոսակցություն պատվիրեինք կամ էլ ժետոն գնեինք: Հետն էլ մի երկու կիսատ- պռատ բառ հասցնեինք ասել, որովհետև «բալը թանկ էր»: :(

2000 -ին ամուսինս Պիտերից «մոբիլնիկ» բերեց, տարի ու կես պահարանում դրած, չէինք միացրել: Քչերն այն ժամանակ «մոբիլնիկ» ունեին, թե ու՞մ հետ պիտի խոսեինք, պարզ չէր:
«Մոտոռոլան» կարգին հնացել էր, երբ վերջապես քարտ առանք, գցեցինք մեջը: :))

Մի բան էլ կար, որ կարծում էի անիրագործելի է: Երբ փոքր էի, մենք 25 անուն թերթ ու ամսագիր էինք ստանում: ԽՍՀՄ- ի փլուզումից հետո գյուղում անգամ մի թերթ բաժանորդագրվելն անհնարին դարձավ: Ռուսաստանում էլ մի երկու տարի տեղական թերթն եմ ստացել: Կրպակից գնելն ու սեփական փոստարկղից հանելը շա՜տ տարբեր բաներ են: Այդ հույսն էլ չկար, թե մի օր 25 - ը չէ', գոնե իմ ուզած 5 անուն թերթը կկարենամ բաժանորդագրվել:

Ինտերնետ, հազար ողորմի քեզ հորինողի անցավորներին... :love

Արևածագ
06.02.2011, 00:12
Մեծերին հեքիաթը նույնքա'ն պետք է, ինչքան որ փոքրերին: Կարելի է կարծել, թե չափահաս կամ արդեն հասուն մարդուն, որ հաստատ գիտի կյանքն իր ողջ «ռեալիզմով», հեքիաթին հավատալը ավելորդ թուլություն է, կամ էլ շքեղություն: Հենց այդպես էլ կա, բայց ուզում ես մի չտեսնված մոլորակ լինի, որտեղ մատնաչափիկի նման ապրեիր ծաղկի բաժակաթերթերի մեջ, առէջներից մեկը գլխիդ բարձ շինեիր, առավոտվա ցողով լվացվեիր ու ամեն ինչ պա՜րզ լիներ, հասկանալի': Հիշողություններ չլինեին ու դրանց պատճառած տխրությունը չլիներ, ու տագնապ չլիներ, որ անցյալում եղածը ապագայում էլ կարող է կրկնվել:
Ու որ սիրված լինեիր հենց այնպես, առանց լավը լինելու համար ջանքեր թափելու: Ինչպես անվերպահորեն փոքր երեխաներին են սիրում իրենց ծնողները:
Ու ազա'տ լինեիր,անանո'ւն: Որովհետև անունը հաճախ խեցե պատյանի նման ճնշում, ճզմում է մարդկային անհատականությունը, դարձնում Մեկին բոլորի՜ նման:

Կախարդական գնդի նման հեքիաթի մոլորակը ձեռքերիս մեջ էր ու զննում էի այն մի քանի ակնթարթ: Բայց դա էլ ջարդուփշուր եղավ ու մատներիս արանքից թափվեց: Արդյունքում՝ ափերիս էլի նու'յն,անլցնելի դատարկությունը:

Արևածագ
12.02.2011, 00:10
Երբ մենակ եմ մնում, քայլում եմ դատարկ բնակարանում և թվում է՝ կխենթանամ տխրությունից ու միայնությունից: Տխրությունը հաճախ անծայր է, անվերջ ու տառապագին: Նա միշտ որսկան շան նման հետապնդում է միայնակներին ու թույլերին: Հիմա նա իմ հետքով է ընկել ու համոզված է, որ իր որսը հաջող է լինելու: Որովհետև հերիք է, որ մի քանի օրով մենակ մնաս ու հայտնվում ես հուշերի իշխանության ներքո: Ոչ ուժ, ոչ էլ կամք ու ցանկություն կա իրեն դիմադրելու համար: Ոչ թե իրեն հաղթելու ու մեկընդմիշտ կյանքիցդ վռնդելու ( հաղթության մասին խոսք չի կարող լինել՝ ուժերը շատ անհավասար են) գոնե իրեն մի փոքր խաբելու համար ուզում ես խորամանկել ու այնպիսի բաներ հորինել, որոնց ինքդ էլ չես հավատում: Ու թողնում ես, որ ցնորքները լցնեն գլուխդ անիրական երազանքներով: Սկսում ես կարծել, թե շուտով, շատ շուտով արդեն հնարավոր կլինի մի դեղահաբ խմելով թվայնացվել ու տարածության մեջ սլանալ լույսից էլ արագ: Պետք չի լինի կավե մարմինը տեղից- տեղ տանելու համար գնացքի կամ ինքնաթիռի տոմս գնել: Չեմ ուզում հավատալ, որ հողը միանգամից հող է դառնալու: Նանոտեխնոլոգիաները թող սկզբից այն վերածեն թվերի շարքի կամ մի փունջ էներգիայի, որ սավառնել կարողանամ:
. . .
Չհայտնաբերված աստղի վրա, կամ օվկիանոսի հատակում, Կախարդն ինձ համար իր տան տանիքում կացարան է սարքել: Անմոռուկների գանգրահեր լռիկ փունջը տեղավորել էր երկարաոտ ծաղկամանի մեջ: Պատերի գրադարակներին հինավուրց գրքեր են ՝ կաշվե կազմերով և անթիվ իմաստուն մտքերով: Բուխարի էլ կա՝ մշտավառ կրակով ճարճատուն: Տանիքն ապակե երթիկ ունի, որ ուզած ժամին նայեմ արևածագը կամ էլ գլխիս վերևում ձկների վտառները ետուառաջ սլանան: Կամ էլ գիշերվա խորախորհուրդ լռության մեջ նայեմ երկնքին ու աստղերի հետ ծիծաղեմ: Անընդհատ ականջիս մեջ հնչում է Կախարդի գորովագութ ձայնը.
-Լուսամուտը միշտ բաց եմ թողնելու: Որ չլինի այնպես, թե դու լուսնի ցոլքի հետ կամենաս կացարանդ այցելել ու հանկարծ լուսամուտի փեղկերը փակ լինեն: Անմոռուկներս կսպասեն քեզ:
- Դու նույնիսկ ձմռա՞նը չես փակելու պատուհանդ:
-Նույնիսկ ձմռանը:
-Բայց ինքդ կարող ես հիվանդանալ:
- Չեմ հիվանդանա: Կնստեմ բուխարու կողքին ու այն բանի գիտակցումը, որ մի օր անպայման այս կացարանն ես թևելու , կջերմացնի ինձ , չի թողնի մրսեմ:
- Բայց չգիտեմ՝ ե՞րբ եմ գալու: Ե՞րբ են մի կոճակ դեղով կամ մի փոքրիկ չիպով ինձ վերածելու մաքուր լիցքի: Դու այդքան կարո՞ղ ես սպասել:
-Իհարկե կսպասեմ: Ծաղկամանի ծաղիկներս կփոխեմ դաշտային անթառամներով, լուսամուտի փեղկերը կհանեմ ծխնիներից, որ հանկարծ քամիները կամ ջրի ալիքները պատահաբար դրանք չփակեն, ու կսպասեմ...
. . .
Նորություններում լսեցի՝ մարդու ԴՆԹ -ն վերածել են էներգիայի: Քիչ է մնացել այցելությանս... Մի հավերժություն:

Արևածագ
15.02.2011, 13:05
Նորից կանգառի տպավորություններից.

Երկու քաղաքներն իրար կապող կամուրջի մոտ հսկայական խցանում է: Մեքենաների շարասյունը մի հսկայական թրթուրի նման հազիվ սահում է կամուրջին : Ուղիղ կամրջի պռնկին ճանապարհային ոստիկանության պահակակետն է: Հանդիպակաց կողմերից միայն մի գծով է թույլատրված երթևեկությունը: Մի երրորդ գիծ էլ կա՝ մեջտեղում, բայց դա սովորաբար չեն բացում, պահում են հատուկ ազդանշաններով մեքենաների կամ էլ «ընտրյալների» համար:

Երեկ այս պատկերին եմ ականատես եղել. Ազդանշանը զլած՝ սուրում է ոստիկանական մեքենան, դրան հետևում է վերակենդանացման հատուկ մեքենան: Սրանց հետևից՝ մի սպիտակ ջիպ՝ «գոլդ» համարանիշով: «Ընտրյալներից» է, զգացվում է, որ առջևի երկու մեքենաներն ընդհամենը խանգարում են իր ամեհի ընթացքին: Բայց էս ջիպի հետևից էլ մի հին, ներկը թափած «Ժիգուլի» է ընկել, ու ոտքերում ինչքան ուժ կա, սուրում է այդ խմբի հետ: Որովհետև համոզված է՝ առջևից ընթացող ավտոմեքենաներին չեն կանգնեցնելու՝ այն էլ մեջտեղի շարքում, ինքն էլ նրանց հովանու տակ կհասցնի առանց խցանումի մեջ տանջվելու, թռչել կամրջի վրա:

Ահա թե ինչ եմ մտածում. մարդիկ կան, ում սեփական ընդունակությունները չեն հերիքում նոր ճամփա բացելու, առանձին գծով գնալու, կամ էլ դրա իրավունքը չունեն: Բայց շա՜տ մեծ հաջողությամբ «կպչում են» «առաջամարտիկների» հետևից, ու մնացած համեստների հայացքի ուղեկցությամբ ,հաջողությամբ հաղթահարում էն այն արգելքները, որոնց եթե մենակ լինեին, անգամ ռիսկ չէին անի մոտենալ: Այդպիսիների կյանքը լավ էլ դասավորվում է: Իրենց ճակատը ոչ մի տեղ «չի ջարդվում», իսկ եթե վտանգն զգում են, անմիջապես կլքեն այս խումբը, մի ուրիշ տեղ «պոչ կբռնեն»:

Չե՜մ կարող սիրել նմաններին:

Արևածագ
23.02.2011, 18:28
Անընդհատ հարց եմ տալիս ինձ. արժե՞ արդյոք գրել, այն էլ՝ պոեզիա, այն էլ՝ հայերեն:

Հեռուստաեթերից մեկ- մեկ աչքովս ընկնող կադրերում տեսնում եմ մարդկանց, հաճախ՝ հազիվ ծայրը ծայրին հասցնող, տխուր հայացքներով, հուսակտուր: Չեմ կարողանում մոռանալ ցուցարար կանանց, որ բողոքում էին քաղաքապետի փողոցային առևտուրը վերացնելու մասին որոշման դեմ: Անխնամ, արևից ու ցրտից իսպառ թոշնած, խամրած դեմքերով, հնամաշ վերարկուներով: Անճար հուսահատությունը նրանց հավաքել էր իրար գլխի՝ հայրենիքիս թշվառ պատկերը գծելու: Իրենց առանց այդ էլ անմարդկային աշխատանքի վերջին հնարավորությունն էլ էին ձեռքներից խլում:

Իսկ այդ ժամանակ ես բանաստեղծություն եմ գրում: Դրա իրավունքը ունե՞մ: Միթե նրանց պե՞տք է իմ հաճախ լեզվական խրթին պատկերներով հյուսված բանաստեղծությունը, երբ իրենց ամենօրյա ապրուստի միջոցն էին կորցնում: Երբ նույնիսկ հայրս ասաց՝ «ոչինչ չենք հասկանում քո գրածից: Մինչև հասնում ենք վերջը, մոռանում ենք, թե սկզբում ի՞նչ էիր գրել»:

Շատ ցավալի այն բանի գիտակցումը, թե զբաղվում ես մի բանով, որ մարդկանց պետք չէ:

Մարդիկ ավելի հեշտությամբ են կարդում արձակ տեքստերը, թեկուզ ակումբում դրածս մի երկու պատմվածքը, որ տասնյակներով «շնորհակալություններ» են հավաքել, համոզում են ինձ դրանում: Մինչդեռ ինքս այդ պատմվածքներին նայում եմ հենց այնպես, մատների արանքով:

Լավ բանաստեղծությունը դելիկատես է: Հենց այնպես, հանպատրաստից կարդալ ու ընկալել բանաստեղծությունը, կարծում եմ , անհնարին է: Արձակ տեքստն այդ տեսակետից շատ ավելի «դյուրամարս» է:

Բայց ես ես չէի լինի, եթե հնարավորներից «դելիկատեսը» չընտրեի : Ի՞նչ արած, որ մարդիկ զանազան պատճառներով հնարավորություն չունեն բանաստեղծություն կարդալու կամ ընկալելու: Այնպես եմ ուզում հավատալ, որ դաշտում քարուհողի հետ կռիվ տվողին ու փողոցում առևտուր անողին եթե անգամ հիմա բնավ պետք չեն բանաստեղծություններս, բայց կյանքն այսպես չի՛ մնա: Գոնե իր երեխան մի քանի տարի հետո հնարավորություն ու ժամանակ կունենա գիրք կարդալու, ինտերնետից օգտվելու ու միգուցե կգտնի գրածս գոնե մի քառատողը, ու իրեն կթվա, որ դա գեղեցիկ է ու հասկանալի:

Այդ հույսով էլ գրում եմ:

Արևածագ
28.02.2011, 12:45
Փոքրուց ինձ սովորեցրել են, որ բոլոր քայլերս պիտի կշադատված լինեն: Յուրաքանչյուր քայլն անելուց առաջ հարց եմ տալիս ինձ՝ անե՞լ , թե՝ ո'չ: Լինում են այնպիսիները, որ եթե քայլն անելուց անմիջապես զգում եմ, որ դա միանշանակ չի կարող հասկացվել, անմիջապես «ոտքս» հետ եմ քաշում: Առաջին հայացքից կարող է թվալ, որ մեջս մի նշույլ անգամ հաստատակամություն չկա, բայց եթե նպատակներս արժանի են, անվարան առաջ կգնամ: Անհաղթահարելի խոչընդոտները կհաղթահարեմ: Բայց եթե մի կես քայլից, որ պիտի իմ կամ դիմացինիս համար անհարմարություն ստեղծվի առօրյա հաղորդակցության ժամանակ, իմ քայլերը միշտ վարանոտ են ու կասկածամիտ: «Ծովերից անցա, եկա, խեղդվեցի առվում»: Սա ինձ համար է գրված:

Ու անընդհատ քննելով ու երկմտելով, ուզում եմ բնորոշումներ տալ բոլոր արարքներիս: Գնահատականներ տալ:

Հաճախ ինքս ինձ դրած գնահատականը փչացնում է տրամադրությունս, զրկում է այն հաճելիից, որ կարելի էր թույլ տալ, եթե ներսիս դժնադեմ «վերակացուն» երբեմն նիրհեր:

Դպրոցն ավարտել էի, մի անգամ ընթրիքի ժամանակ հայրս առաջարկեց , որ ես էլ գինի փորձեմ: Մեր այգու խաղողի գինին էր: Ես իհարկե գիտեի՝գինին ի՞նչ է ու իսկի չէի հավանում իր դառնատտիպ համը: Բայց հայրս սկսեց համոզել, որ խմեմ: Ստիպված վերցրի բաժակն ու մի երկու կում արեցի: Զուտ հորս կամքը կատարելու համար: Ու ի՜նչ հետևեց դրան.
Մեղադրանքների տարափ, որ իմ «անկամ բնավորության շնորհիվ հեռու չի այն օրը, երբ ալկոհոլիկ կդառնամ, թե ինձ այնքա՜ն հեշտ է համոզելը, որ ուղղակի տնից մենակ դուրս թողնելն էլ սխալ կլինի»:
Լաց եղա:

Մենք բոլորս էլ գալիս ենք մեր մանկությունից: Հետո ամբողջ կյանքում, յուրաքանչյուր կարծեցյալ «գայթակղությունից» առաջ անընդհատ ներսիս «վերակացուն» հիշեցրել է.

-Չփորձե'ս, հնարավոր է , որ դա քեզ դուր գա ու դու դառնաս «ալկոհոլիկ»:

Այդպես էլ գրեթե ոչինչ չփորձեցի նրանցից, ինչը կարող էր հանկարծ ինձ դուր գալ:

Արևածագ
09.03.2011, 10:49
Քեզ թվու՞մ էր՝ դա վերջին անգամն է. Այլևս նախկին սերերից մրկված սիրտդ անընդունա՞կ կլինի նորն իր մեջ բորբոքել: Կամ մոխիրների վրա ծաղիկ չի՞ բուսնում: Ամեն ինչ կրկնվում է, գուցե դեմքերն են փոխվում, բայց սիրտդ եթե դադարի սիրել, կմոռանաս իր տեղը: Ու միայն ստամոքսը կմնա: Բայց քանի նա սիրում է, հուսավառվում է, փոթորկվում է հեռավոր ակնարկից ո…ւ հանգստություն չունի, իմացի'ր, այդ ընթացքում դու դեռ կենդանի ես: Հոգին չի՛ ծերանում: Շա՜տ կարճ ժամանակ է մեզ հատկացված, որպեսզի կյանքի սանդուղքներով վայրիվերումների ընթացքում հասցնենք շուրջներս նայել ու բաց չթողնենք նրան, ով մեզ կհիշեցնի զգացմունքներից իմաստնագույնի ու ամենաանիմաստի մասին: Չի բացառվում, որ այն պահին, երբ դու բարձրանում ես, քո ճանապարհին պիտի հանդիպի արդեն վայր իջնողը: Մի պահ, մի քանի ակնթարթ միայն կհասցնեք նայել իրար աչքերի մեջ, ինչպես հանդիպակաց շարժասանդուղքների վրա կանգնած ուղևորներ: Հետո շարժասանդուղք-ժամանակի անդիմադրելի ալիքը կտանի , կհեռացնի իրարից նրանց, որ գուցե միմյանց հայացքում սեփական երազանքների արտացոլանքն էին տեսել: «Զուգահեռները հատվում են մի տեղ...»: Բայց միայն մի՜ անգամ:

Թե վախենում ես, կարող ես փակել աչքերդ, որպեսզի դիմացից եկողի աչքերին նայելու գայթակղությանը դիմանաս: Բայց սրտի աչքն անհնար է փակելը:

Ի վեջո՝ դեռ կհասցնես աչքերդ փակել, իսկ մինչ այդ նայի'ր, ըմբոխշնիր այն մի քանի ակնթարթը, որի պատճառով արժեր կանգնել շարժասանդուղքին :

Արևածագ
18.03.2011, 18:09
Յուրաքանչյուր փիլիսոփայություն իրեն հորինողի արարքների հիմնավորումն է:

. . .
Ճաքած հարաբերությունները ճաքած ամանեղենի նման են: Ոնց էլ փորձես վերականգնել, մեկ է՝ վերջում դեն ես շպրտում:

. . .

Մի մարդու մահը մահ է, հազարների մահը՝ վիճակագրություն: Որևէ երկրի ատոմակայանի մի պայթյունը արտակարգ պատահար է, ամենօրյա պայթյունները՝ ընդհամենը լուրեր:

. . .

Ինչքա՜ն գրքեր են գրվել ու պիտի գրվեն: Երբ ամենակարևոր խոսքերն ասելու համար, որ բոլոր մարդկանց կյանքում գրեթե նույնն են, դպրոցական տետրի մի էջը լրիվ բավական է:

Արևածագ
31.03.2011, 23:15
Հայրս միշտ ասում է. Բարկացած ժամանակ իրադրությունը փոխելու քայլեր մի ձեռնարկիր: Ու մի՛ շտապիր: Սխալվելու հնարավորությունը շա՜տ մեծ է:

Սխալը սխալի հետևից եմ անում: :(

Արևածագ
17.04.2011, 10:56
Ինտերնետային սիրավեպ (փոխադրություն)

Բուն նյութն այստեղ.http://blog.i.ua/community/856/482750/

Այդ ո՞նց է պատահում, որ չափահաս ու անգամ հասուն մարդիկ սիրահարվում են ինտերնետում: Առաջին հայացքից մի տեսակ ծիծաղելի է կախվածությունը համակարգչի էկրանից: Չէ որ այն տպավորությունն է, որ նա, ով գրում է քեզ, հենց համակարգչի մեջ է ապրում, էկրանի հետևում: Ու անհապաղ արձագանքում է քո բոլոր խոսքերին: Այն խաբկանքը, որ կանջատես համակարգիչն ու դրանով ամեն ինչին վերջ կտաս, մարդկանց հաճախ ստիպում է լինել չափազանց անկեղծ, դրսևորվել հոգու անթաքույց մերկությամբ: Հենց այդ մերկությունն է վտանգավորը: Հենց դա է, որ գայթակղում է համակարգչի մուս կողմում նստածին: Թվում է՝ սովորական խոսակցության ժամանակ ի՞նչ ունես պահելու համակարգչի էկրանից: Չ՞է որ խոսակիցդ այնքան հեռու է, և շանսերն էլ, որ կհանդիպեք մի օր, այնքան էլ մեծ չեն: Ու մարդը թույլ է տալիս իրեն այն ազատությունները, որ առօրյա կյանքում օտարների հետ հաղորդակցվելիս հաստատ թույլ չէր տա: Ֆիզիկական ներկայությունը կաշկանդող հատկություն ունի. գնահատող աչքով ես նայում դիմացինիդ, նրա աչքերին, ժեստերին, խոսելու եղանակին, անգամ քայլվածքին: Բայց ինտերնետում այդ հնարավորությունը չկա՜: Մարդիկ դնում են իրենց լավագույն նկարներն ու մնացածը լրացվում է երևակայությամբ. Ում երևակայությունն ինչքանին կհերիքի: Ստեղծվում է գունազարդված, գրեթե իդեալական մի կերպար, որից հիասթափվելը գրեթե անհանար է: Դրան գումարած հոգևոր գայթակղիչ մերկությունը: Ու տրվում են. Բոլոր խոսակցություններն սկսվում են ամենասովորական թեմաներից , բայց որովհետև սերը հ՛ենց ուրիշի հոգուն տիրանալու ձգտումն է, իսկ այդ ուրիշի հոգին քո առաջ մերկ է ու բաց, հե՛նց այդտեղ է փորձությունը, որի անունը գայթակղություն է: Մարդիկ համոզված են, որ «ստերիլ հարաբերություններում», որտեղ բացակայում է ֆիզիկական շփումը, իրենք ապահովագրված են : Բայց ի՞նչ ապահովագրության մասին կարող է խոսք լինել, երբ հոգիներն են մերկ ու հոգով են շփվում ու նաև՝ տրվում: Իզուր չի գրել պոետը, թե նա, «ով տրվում է հոգով, տրվում է անշուշտ մարմնից առավել»:
Մի քանի տարի առաջ կարդացի Յանոշ Վիշնևսկու , «Լիտերատուրնայա Ռոսսիային» տված հարցազրույցը: Այն ժամանակ դեռևս չէի կարդացել իր «Միայնություն...ը»: Հարցազրույցից մի նախադասություն մեխվել էր հիշողությանս մեջ. «Սերը՝ դա 90 տոկոսով խոսակցություն է և միայն 10 տոկոսով լավ սեքս»: Իսկ ինչո՞վ, եթե ոչ խոսակցություններով է հեղեղված ինտերնետը: Պատկերացրեք, ինչքա՜ն կրքեր ու եռման հարաբերություններ է թաքցնում այս մի կտոր թափանցիկ էկրանը: Կյանքը կաշկանդում է մարդուն,ինտերնետը արձակում է բոլոր կապանքները: Կամ այն կապանքները, որից մարդը պատրաստ է ազատվելու: Ինտերնետում յուրաքանչյուրը տեղեկատվությունից զատ փնտրում ու գտնում է այն, ինչն այլևայլ պատճառներով իրական կյանքում չկա: Էլ չեմ ասում, որ ոմանց էլ հաջողվում է ինտերնետային սիրավեպը կյանք տեղափոխել ու երջանիկ ամուսնություններն էլ քիչ չեն: Բայց այդ սիրավեպերի պատճառով ընտանիքներ էլ են քանդվում:
Չէի ուզենա եզրակացություններ անել, բայց մի բանից, որ մարդկանց շփվելու հնարավորություն է տալիս ու միայնակ չլինելու երևութականություն է ստեղծում, մարդկությունը շա՜տ դժվար կհրաժարվի:

Նա գրում է.

Դու ի՞ նչ ես անում քնելուց առաջ.
Ես քո մասին եմ մտածում ու նաև՝ հավերժի,
Համոզված եղիր, որ հարաճուն կյանքը
Մեզ իրարից սրանից ավել
Էլ չի՛ բաժանի:

Մտածում եմ այն մասին,
Որ անծրար նամակներով,
Ու առանց խոստովանության ջերմ խոսքերի,
Առանց հանդիպումից ուշանալու,
Առանց միասին անցած մայթերի էլ
Ու առանց միմյանց մատների դողն զգալու
Սիրելու վտանգը կա:

Երազումդ ի՞նչ ես տեսել:
Ես վաղուցվանից երազ չեմ տեսնում.
Թաղվում եմ հոգուս բավիղներում
և ուզում եմ ցանկություններիս անսանձ երամակը
Անունիդ կողքից քիչ հեռու քշել.
Ապարդյու՛ն ջանքեր:

Առավոտները կանգնում եմ պատուհանի դեմ.
Դուրսը թափանցիկ դատարկություն է.
Բայց ինձ թվում է,
Որ անգո ստվերների բազմությունն է հենց
Դատարկությունը,
Ու մեռած բառերով է լցված
Քեզ՝ ինձնից զատող
Տարածությունը:
Հնարե՛լ ենք իրար: Գուցե այդպես է,
Բայց դու ինձ համար քիմքս տաքացնող
Աբսենթի կում ես,
Իսկ ե՞ս քեզ համար... Ինքդ իմ մասին
Մի բան մտածիր.
Իսկ ես ես կըմբոշխնեմ
Քո լռությունը:

Պատասխան

Քո մասին միտքը փաղաքուշ թևով
Շոյում է հոգիս
Քնելուց առաջ ու լուսադեմին:
Պետք չի հիշեցնել,
Որ սոսկ թվերն են մեզ իրար կապում:
Տխրում եմ դրանից,
Իսկ սարսափ չկա չգիտես ինչու՞:
Ճիշտ ես երևի՝
Մենք հնարանք ենք մեկմեկու համար.

Բայց երբ անունիդ դիմաց
Չաթի կոճակը վառվում է լույսով,
Սիտս մանկական անկեղծ հրճվանքով
Ուզում է ճչա, կրծքիս տակ պայթի:
Իրականությու՞ն, թե՝ սո՛սկ հնարա՞նք,
Էլ կարևոր չի՛:

Արևածագ
06.05.2011, 00:05
Ոստիկաններն ինձ գիշերները կանգնեցնում են ու հարցնում.
-Մոտդ ի՞նչ կա:
-Արև...
Պատկերացնու՞մ ես, ամեն անգամ խուզարկում են ու արևը չեն գտնում...

.....

Մի քանի օր առաջ ՖԲ-ի նորությունների ժապավենն էի պտտեցնում: Չափածոյով դրած գրեթե բոլոր հղումներն ու ստատուսները կարդում եմ: Ասեմ, որ ընկերներիս քանակը շուտով քառանիշ թվով կգրվի: Մեկ էլ աչքովս մի ծանոթ քառատող ընկավ: Արագ կարդացի, ուզում էի առաջ անցնել, մեկ էլ խելքիս հասավ, որ դա իմ գրածներից է: Գլուխգովանություն չի, բայց էջիցս շատ են տանում հղումները: Իսկ այս մեկը հենց այնպես, անտեր -անանուն որպես ստատուս էր դրված: Նայում եմ գրողի էջը՝ իրար հետևից մեր դասականներց մեջբերումներ է գրված, ոչ մեկի անունն էլ նշված չի: Մտածեցի՝ գնամ ատենախոսություն կարդամ այն մասին, որ հեղինակների անունները պիտի նշել, մեկ էլ որոշեցի. ինչի համար ? Չէ որ կարևորն այն է, որ մարդուն դուր է եկել գրածը:

Անունն արդեն ոչ մի նշանակություն չունի:

Արևածագ
22.08.2011, 23:29
Մի թաքնված տեղ էի փնտրում, օրագիրս հիշեցի...

Վերջին օրերս իրարից այնքան տարբեր երկու կանայք՝ մեկը գրեթե 60- ին մոտ, մյուսը՝ երեսուն էլ չկա, ինձ գրեցին, թե արտասվում են բանաստեղծություններս կարդալիս: Մի տեսակ տխրել եմ այդ խոստովանություններից: Միթե՞ մարդկանց ցավ պատճառելն է եղել նպատակս: Իհարկե՝ ոչ: Այն, ինչ պոկվել է ամենաճգնաժամային պահերին, գոնե մի փոքր թեթևություն է բերել ինձ: Բայց այդ նույն լիցքը, որ հիմնականում ցավի ու չիրականացած հույսերի դառը խառնուրդ է, այդ նույն լիցքը գրեթե նույնությամբ փոխանցվում է որոշ մարդկանց ու իրենց ստիպում է լաց լինել: Իմ գրածներով դժվարացնում եմ մարդկանց կյանքը...

Տագնապի ու հիասթափությունների հորձանուտից դուրս պրծնելու ջանքերս այսօր ապարդյուն անցան: Այս գրառումը վկա...

Արևածագ
18.11.2011, 10:20
Երջանկություն է, որ գոնե մեկը կա, ում կողքին ձևեր թափելու կարիք չունես: Ու կարևոր չի՝ ձևերը սեփական «ես»-դ ավելի լա՞վը, թե ավելի վատը ցույց տալուն են ուղղված: Ահագին մարդ կա, ում կողքին անընդհատ կամ պիտի ձևեր թափես, կամ՝ լռես, որ իրենք իրենց նվաստացած չզգան:

Արևածագ
17.12.2011, 09:34
Երբ սրտիդ ողջ կարողությամբ սիրում ես և ուղեղիդ բոլոր բջիջներով մտածում ես իր մասին, սիրուդ օբյեկտն էլ է սկսում սիրել իրեն ու մտածում է միայն իր մասին:

Արևածագ
02.06.2012, 08:39
Միայն նրանից հետո, երբ «ապուշի հերթական երազանքն իրականացավ», հասկացա. չե՜մ կարողանում ապրել ութմետրանոց խոհանոցով բնակարանում: Այնպես է ստացվել, որ տարբեր բնակարաններում ապրելիս միշտ մեծ խոհանոց եմ ունեցել:
Մի տարի ապրեցի քաղաքի կենտրոնում, բազմաբնակարան շենքում, կողքիս հարևանի անունն անգամ չիմացա... Ու հիմա, թողնում եմ հսկա հիմնարկության կադրերի բաժինը գլխավորելու հնարավորությունն ու վերադառնում եմ իմ 18 մետրանոց խոհանոցը:
Չնայած՝ խոհանոցը կարելի էր տեղափոխել աշխատանքին մոտ:
Բայց «Առողջ բանականության հետ պայքարում մեր հաղթանական անխուսափելի է»: Գալուստ Սահակյանն, հանճարեղ մարդ: :)

Հ.Գ. Թող ինձ ներեն փոքր խոհանոցների տանտիրուհիները:

Արևածագ
25.09.2012, 11:57
Մերոնք փաստաթղթեր էին ճամփել Հայաստանից: Ծանոթներիս հետ ճանապարհին ավտոմեքենայով սպասում էինք, որ միկրոավտոբուսի վարորդից վերցնեմ: Սպասեցինք կես ժամից ավելի: Տեսնա՝ հանդիպակաց ճամփեզրին կանգնեց հայկական պետհամարանիշով ավտոմեքենան: Սիրտս թունդ ելավ: Վազելով անցա մայրուղին, վարորդը միայն կես րոպեով իջավ մեքենայից, մեկնեց ծրարն ու ներողամտություն հայցող տոնով.
- Քույրիկ ջան, դեռ 400 կիլոմետր էլ պիտի գնանք...
Մեքենան տեղից պոկվեց: Ինքնաբուխ թափահարեցի ձեռքս ու ժպտացի: Չնայած արդեն մութ էր: Բայց երևի նկատեց, որովհետև հրաժեշտի ազդանշան տվեց ու սուրաց:
....
Աշնանը հիվանդությունները սրվում են:
Կարոտախտն էլ:

Արևածագ
25.09.2012, 11:58
Որդիս երկուսուկես տարեկան էր: Հյուր էինք գնում: Անտառամիջի արահետով քայլում էինք, նա մի ակնթարթ կանգ առավ ու պայծառ աչուկները փայլեցին.
- Ես երկու ոտք ունեմ...
- Այո, տղա ջան,- ամուսնուս հետ ժպտալով նայեցինք իրար:
-Իսկ ո՞նց իմացար:
- Հաշվել եմ,- իր արած հայտնագործությունից երջանիկ, սկսեց թռչկոտել, ետուառաջ վազել անտառի արահետով և երգելով կրկնել:
- Ես երկու՛ ոտք ունեմ... Ես երկու՛ ոտք ունեմ...

Ինչպես որ հաճախ ամենամոտիկ կանգնած մարդուն հասնելու համար կյանքիդ ամենաերկար ճանապարհը պիտի անցնես, այնպես էլ ամենապարզ ճշմարտությունները երբեմն ամենադժվարն են տրվում:
Գոնե կարողանանք երախտագետ լինել նրանց հանդեպ, ով համբերատար ուղղորդում են մեզ բացահայտելու... երկու ոտքերի ճշմարտությունը:

Արևածագ
30.01.2013, 12:31
Վերջերս անընդհատ մտածում եմ, թե ինչու՞ են ճանաչածս երկրների լրատվամիջոցները հեռուստադիտողին կամ ընթերցողին միայն էժանագին ֆասթֆուդով կերակրում՝ սերիալների, մարդկանց անձնական կյանքի մանրամասնների քննությամբ շոուներով (կեղտոտ լվացքը տակնուվրա անելով), ի՞նչ եփելու և ի՞նչ հագնելու հաշորդաշարերով, մատից ծծած աստղացույցերով ու աշխարհի վերջի մասին գուշակություններով: Ինչու՞ են իշխանությունները դիտմամբ փակում մարդու՝ կենդանական բնազդներից հեռանալու ուղիները: Չէ որ առողջ տրամաբանությունը հուշում է, որ ցանկացած պետություն կոչված է իր քաղաքացիների մտավոր կարողությունների ու զարգացման համար բոլոր հնարավորություններն ստեղծելու և խելացի, ստեղծագործ միտքը սատարելու: Պետությունների սահմանադրություններում է սրա մասին գրված, բայց արի ու տես՝ պետության գլուխ կանգնող ցանկացած ուժ միանգամայն հակառակն է անում: Պատճառը՝ թեկուզ մի ժամով իր իշխանությունն ավելի երկարաձգելու մարմաջն է: Ու քանի որ «պատմության անիվը պտտում են ստահակներն ու խաբեբաները», շատ քիչ է հնարավորությունը, եթե չասեմ՝ անհնար, որ հետխորհրդային տարածքի իմացածս երկրներում իշխանության գլուխ կկանգնեն նրանք, ովքեր կկարողանան ձերբազատվել իշխանությունը սեփական շահին ենթարկելու և «ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղի» գայթակղությունից:
Մարդու կերպարանքով աշխարհ գալը դեռևս ոչինչ չի նշանակում, միակ հույսը մարդու «մարդանալու» գործում մնում է ընտանիքը: Հետո էլ՝ ինքնակրթությունն ու ինքնազարգացումը:
Մի հարց էլ կա՝ ինչու՞ մարդ լինել, երբ շուրջբոլորդ կենդանական բնազդներն են ու էժանագին « հոգևոր ապրանքներ» սպառողների հասարակությունը:
Մարդ լինելն ու մարդասիրության գաղափարախոսությունը հենց նրա համար են հարկավոր, որ իշխանությունների «բուծած» մասսաները չհոշոտեն իրար:

Արևածագ
30.01.2013, 12:32
Սիրո և ատելության ճոճանակին տարուբերվելիս արտաքինից կյանքում ոչինչ չի փոխվել, բայց ներսից կորել է մի շատ թանկ զգացում, չճաշակած մի քաղցրավենիք կամ այնքան սպասված ու այդպես էլ չկայացած մի ջերմ հանդիպում:

Որովհետև գոլ զգացմունքները մեզպեսներին ծարավ չեն կոտրում ու չեն գոհացնում:
Եթե սիրել էր՝ մոլագարի պես, ապրել- մեռնելու սահմանագծին, ոնց վերջին անգամ:
Եթե ատել էր, թուր ու կայծակով սրտերը շամփրող, ինքնակիզումի հրում մոխրացնող, ոնց վերջին անգամ:

Եվ ճոճանակի այդ խենթուխելառ տարուբերումից ուղեծրից շեղված ասուպի նման, կեղծ նոտայի պես, խախտել եմ կյանքի համանվագը ՝ մեջս համրացած անլցնելի Մեծ Դատարկությամբ:

Արևածագ
06.02.2013, 11:18
Իսկապես ուժեղը նա է, ում հոգու խաղաղությունը չեն կարող խախտել ո՛չ գովասանքի, ո՛չ էլ արգահատանքի խոսքերը: Մանավանդ չի կարելի թույլ տալ չարակամ ու անարժան մարդուն խաթարել հոգուդ անդորրը: Ու երբե՛ք չնմանվես իրեն, չիջնես այն մակարդակին, որ սկսես ատել որևէ մեկին:
Ատելությունը թույլերի զենքն է:

Արևածագ
10.05.2013, 15:39
55657

Պատերազմի մասին ֆիլմերը պատերազմի պատառիկներ են, որ գուցե կոչված են մեր հոգիներից ամենօրյա մանրն ու ճղճիմը մաքրելուն: Այս ֆիլմը դպրոցական տարիներից մինչև հիմա ցնցում է ինձ, ու իր հուզական ներգործությունը տարիների հետ ավելի է ուժեղանում: Այսօր էլ ֆիլմի սկզբից մինչև վերջը արտասվել եմ: Որովհետև ճանաչել եմ Ալյոշային ծնվածս օրից: Տատիս ու իր եղբոր միակ պահպանված լուսանկարն իմ մահճակալի դիմաց էր կախված: Տատս, որ անողոք ճակատագիր էր ունեցել՝ հորը թուրքերն էին սպանել, այրիացել էր 25 տարեկանում ու սովի տարիներին անհնար ջանքերով իր երեք երեխաներին չէր թողել սովահար լինեն, տատս ամեն անգամ եղբոր անունը տալիս լաց էր լինում , հետո լացը փոխվում էր դլե-յամանի խլացող հնչյունների, բայց արցունքները շարունակում էին հոսել.
- Օտպուսկ եկավ, ոտքի մատերը ցուրտը տարել էր, տասը օրով թողել էին, խոտ դրեցինք մատերի վրա, փաթաթեցինք, բուժեցինք մի քիչ, տասն օրում ո՞նց կբուժես, սապոկները քաշեց էն մաշկահան մատերի վրա , մեզ «մնաս բարով» արեց, գնաց: Էն գնալն էր, որ գնաց...

Զինվորի մասին «Բալլադը...» յուրաքանչյուրիս հարազատի մասին է: Քանի հակամարդկայան պատերազմները խլելու են ամենաազնիվների, ամենագեղեցիկների, ամենասիրելիների կյանքը, մեր երակներով հոսելու է իրենց չապրածի ողբերգությունը, որ մեզ զգոն պահի.

-Պատերազմին ու այն սկսողներին ո՛չ մի արդարացում չկա:

Արևածագ
16.05.2013, 10:00
Ստեղծագործություններ կան, որ իրենց մոգական հզորությամբ թույլատրում են ընթերցողին, ունկնդին, նկարը նայողին միայն մի թեթև, մի պահ գտնվելու ճանաչելիության սահմանագծին, ու սոսկ նրա համար, որպեսզի գնահատես հասկացածիդ ողորմելիությունը՝ ստեղծագործողի ասելիքի անսահմանության համեմատ: Նույնիսկ հաղթանակի հրճվանք կրող ես զգալ, որ լուծել ես հանելուկը որևէ դրվագի, մի պարզ ասելիք ընկալել ես լիակատար: Բայց դա ակնթարթային զգացողություն է, որովհետև անլուծելին, անհասկանալին վախի ու երկյուղածության զգացում է ներշնչում:

«Վարպետն ու Մարգարիտան» կալանում է հոգիները մեկընդմիշտ:

Ծանոթներիցս մեկը 11 անգամ է այն կարդացել, ես՝ միայն երեք:

Արևածագ
27.05.2013, 12:49
«Հայաստանի աստղերի» համերգն էինք գնացել: Նորություն չէր, որ հայկական միջոցառումը տոմսում նշվածից մի ժամ ուշացումով պիտի սկսվի: Ուրիշ միջոցառումների էլ ենք մասնակցում, ծայրահեղ ուշացումը 6 րոպեն է եղել՝ մերինի մի ժամի կողքին: Ու երկար չեմ պատմի, թե ոնց դահլիճի դռները չեն փակվում ամբողջ ընթացքում, մարդիկ ելումուտ են անում, կարծես հարսանքատուն եկած լինեն: Գուցե այդտեսակ համերգներին նման վերաբերմունքն արդարացվում է, որովհետև «կարող» մարդիկ գնում են դահլիճի մի շարքի բոլոր տեղերը, ազգուտակի մեծուփոքրով գալիս են ուրախանալու: Լուրջ միջոցառումների ժամանակ մեր պահվածքի մասին ոչինչ չեմ կարող ասել, սիմֆոնիկ նվագախումբը կամ ակադեմիական թատրոնը Ռուսաստանի մարզեր ելույթների չեն մեկնում՝ հասկանալի պատճառներով:
Մեկ էլ իսկապես հպարտացա համերգից դուրս գալուց հետո տեսածիցս. Փակ փողոցը ծայրեծար լցված էր ազգակիցներիս միսենյականոց բնակարանների չափ ավտոմեքենաներով, իսկ ում փակ փողոցում տեղ չէր եղել, ավտոն ուղղակի հասարակական տրանսպորտի կանգառում էին թողել: Կողքից նայողը միանգամից հասկանում է՝ ովքե՞ր են քաղաքի ու կյանքի տերերը:

Ամենակարևորը. Մայիսի ութն էր, համերգից առաջ համայնքի ղեկավարը խոսեց անելիքներից, շնորհավորեց Հայրենական պատերազմում տարած հաղթանակի առթիվ: Ես որ լիովին ներծծված եմ Հայաստանի կյանքով ու նորություններով, ֆեյսբուքի լրահոսում այդ օրերին գոնե երկուսից մեկը գրեց Շուշիի ազատագրման մասին, սպասում էի, որ հիմա Շուշիի մասին էլ կասի: Չասաց:
Երկժամանոց համերգի ընթացքում հայրենիքից եկած երգիչները բոլորն էլ իրենց պարտքն էին համարում շնորհավորել հաղթանակի առթիվ, բայց ոչ մեկը կես բառով չհիշեց Շուշին:
Սրտատրոփ սպասում էի, որ գոնե մեկը բեմից կարտասանի «Շուշի» անունը, չէ՞ որ դա մեր, անձնակա՛ն , վերջին քսանամյակի ազգայի՛ն ամեանշանակալից հաղթանակներից է:
Չարտասանվեց, չհիշվեց:

Ահա թե որտեղ է նաև ֆեյսբուքահայության ու հայության տարբերությունը:
Եվ որտեղ է Պոետի «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը, քո հավաքական ուժի մեջ է» ֆրազի կենսունակությունը:

Արևածագ
29.05.2013, 11:33
Մեր ազգային- հայրենասիրական- պաթետիկ տոները հիշեցնում են նրան, որ մարդն անտառով քայլելիս վախից բարձր գոռգոռա, որպեսզի գազանները հանկարծ վրա չտան: Մենք գոռում ենք՝ Անկախության օր, Առաջին հանրապետության օր, Շուշիի ազատագրության, Բանակի կազմավորման , Երևանի հիմնադրման , Նժդեհի ծնունդ, Վազգենի մահվան և՛ այլն... և՛ այլն, զուտ մեզ գոտեպնդելու համար: Աստված չանի, եթե գազանը որոշեց մեզ ուտի, այսքան անիմաստ գոռգոռոցը չի՛, որ իրեն պիտի կանգնեցնի:

Արևածագ
01.07.2013, 09:19
Որդիս նոր տեղում է աշխատում: Առաջին օրն եկավ, ասաց.
-Պատկերացնու՞մ ես, 500 հոգանոց կոլեկտիվում գտել են միակ ադրբեջանցուն ու նշանակել ինձ վարպետ:
- Այ բալա, զգույշ եղիր, շան հետ ինչքան էլ ընկերանաս, մեկ է՝ փայտը ձեռքիցդ չպիտի գցես:
- Իզուր ես անհանգստանում, նորմալ մարդ է:
- Ախր նրանց նորմալն ու աննորմալը չի ջոկվում, տղաս:
- Միայն դու ես ամեն ինչին այդքան էմոցիոնալ վերաբերում: Հրեն մեր դասարանի Մուրադը ,(ադրբեջանցի է), հայուհու հետ է ամուսնացել: Էն էլ ի՜նչ հայուհի՝ քաղաքի առաջին գեղեցկուհին է, ո՛չ հասարակ ընտանիքից:
- Ո՞նց թե,- ապշում եմ:
- Դպրոցից ընկերություն էին անում, անցյալ ամիս ամուսնացան:
Այսպիսի բաներ...

Արևածագ
04.07.2013, 11:15
Մարդ միշտ գտնում է այն, ինչ փնտրում է: Ուղղակի թիրախների ճիշտ ընտրություն պիտի անել, համատեղությունը գրեթե երբեք ակնկալած արդյունքին չի բերում: Կարճ ասած՝ եթե ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ես փնտրում, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ չես գտնի, արդարություն կգտնես:
Բայց միթե՞ արդարությունն այնքան արժի, որ երջանկությունը դրան մատաղ անես:

Արևածագ
15.08.2013, 12:22
Երանի էին ժամանակները, երբ ամեն ինչ գիտեի:

Արևածագ
15.08.2013, 13:00
Մինչև ամենակարևոր բառերին հասնելը միշտ տխրություն կա: Երբ դրանք ապրված են: Ապրելը միայն ուրախության ու դրա ակնկալիքով չի պայմանավորվում: Դա միասնական ցանկությունների, նպատակների ու դրանց իրագործմանն ուղղված ջանքերի, չստացվելու դեպքում՝ հիասթափության ու տխրության հանրագումարն է: Դրա պատճառաով էլ ինչքան երկար է տարիների կծիկը ձեռքիդ, այնքան դժվար է ասել մեկին՝ «ես քեզ սիրում եմ»: Զանգակատունն է բարձր ու տեսնում ես մարդուն իր առավելություններով ու թերություններով, փորձառությունն ասում է, թե հնարավոր է , որ անցյալում եղածն ապագայում էլ կրկնվի: Վախենում ես այդ բառերն ասել: Բայց դրանք են, որ ազատություն են տալիս:
Չնայած , «ես քեզ սիրում եմ»-ը գրեթե միշտ այսբերգի երևացող մասն է միայն:
Նա ով զգում , վստահում ու հավատում է քեզ, չերևացողն էլ անպայման կտեսնի:
Մի՛ վախեցիր:

Արևածագ
20.09.2013, 10:59
Ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ կանայք ու տղամարդիկ տարբեր կերպ են գնահատում միմյանց նկատմամբ հոգատարությունն ու ուշադրությունը: Եթե նա առավոտից իրիկուն աշխատում է, որ ընտանիքը նյութապես ապահովված լինի, իր համար անմիտ մանրուքներ են տնից դուրս գալուց առաջ «պաչիկ» անելը կամ օրվա ընթացքում սիրային մի կարճ հաղորդագրություն ճամփելը: Նա համոզված է, որ իր թափած հսկայական ջանքներն ինքնին պիտի հասկացվեն որպես սիրո արտահայտություն:

Բայց որպեսզի կինն իսկապես իրեն սիրված ու պաշտպանված զգա, նրան պետք են թե պաչիկները, թե սմսները, և նա դրանք գնահատում է բարձր աշխատավարձից, թանկարժեք նվերներից ոչ պակաս:

Արևածագ
15.11.2013, 09:13
Երեկ մի հոգի սխալմամբ հեռախոսիս 250 ռուբլի է փոխանցել: Զանգ եկավ՝ թե այսպես ու այսպես, անունս Արսեն է, աշխատում եմ քաղաքային ռադիոյում, սխալվել եմ, խնդրում եմ գումարս հետ վերադարձնել: Օպերատորի միջոցով վերադարձնելն ավելի երկար պատմություն է: Մի երկու նախադասություն էլ փոխանակեցինք, որ համոզվեմ, թե հատկապես ինքն է եղել փոխանցողը, մեկ էլ այդ տղան հայերեն հարցրեց.
- Քույրիկ ջան, հա՞յ ես...
Ու շարունակությունն արդեն հայերենով՝ ռադիոյում երկու ծրագիր է վարում, ինչ- որ երաժշտական խմբում նվագում է, ընդհանուր ծանոթներ էլ գտանք: Ամենավերջում էլ.
- Խնդրում եմ, գումարը հետ չուղարկես (հեռախոսահամարն ամենասկզբում թելադրել էր):
- Ո՞նց թե չուղարկեմ, որ ինչ...
- Մեծ բան չի, համարիր, որ եղբայրաբար հեռախոսիդ փող եմ գցել... 100 ռուբլի ուղարկիր, գոնե մնացածը թող մնա...

Վերադարձրի գումարը:
Բայց թող էս դեպքը աղջիկ վախտերս պատահեր, հլա ի՜նչ շարունակություն էր ունենալու::oy

Արևածագ
27.11.2013, 11:25
Ես տեղանքում չկողմնորոշվելու ու երբեմն էլ ցրվածության չեմպիոն եմ, բայց այսօր ինքս ինձ գերազանցել եմ:

Աշխատանքից հետո ամուսինս պիտի ինձ դիմավորեր, ես էլ, հիմնարկի աստիճաններից իջնելով, այն ծառի տակ, ուր ինքը միշտ կանգնում է, տեսա իր ավտոն ու խունջիկ - մունջիկ լինելով, մոտեցա: Թափով բացեցի դուռը և մի կողմ հրելով առջևի նստարանին դրած հեռախոսը, հարմար տեղավորվեցի, կարելի է ասել՝ գրեթե նստեցի հեռախոսի վրա, որովհետև գիտեմ, որ հեռախոսի կորպուսը մետաղից է, բան չի պատահի.
- Ողջույն,- հանում եմ ամրագոտին, որ կապվեմ:
- Девушка, Вам куда ?

Ոնց որ պաղ ջուր լցնեն գլխիս, նայում եմ՝ հա՛ էլի, ամուսինս չի կողքիս նստած: Ու էդ պահին տեսնում եմ, թե ոնց է նստածս ավտոյի կողքից անցնում ... մեր ավտոն: Կցկտուր ասում եմ՝ հրե՛ն մեր ավտոն, էդ վարորդն էլ էնպիսի անակընկալի է եկել, որ խոսելու ունակությունը կորցրել է: Թափով դուրս թռա մեքենայից:
Ամուսինս ասում է՝ ինչու՞ էիր նստել ուրիշի ավտոն: Ասի՝ հենց իմացա մերն է:
- Ոչի՞նչ որ սեդանի փոխարեն խեչբեկ էր, համարն էլ մերինին իսկի նման չէր: :angry
-Սև էր, համ էլ համարը «զերկալնի» էր՝ 151-ի փոխարեն՝ 454... :oy

Ամուսինս էլ մի քանի րոպեով խոսելու ընդունակությունը կորցրեց: :o

Արևածագ
14.12.2013, 09:45
Առավոտները միշտ երկա՜ր -երկար լվացվում եմ, ձմեռվա չորուկ գիշերից հետո դեմքս չի հագենում ջրից, և օրն սկսելու փոքր ուրախություններից մեկն էլ նորից ու նորից ջուրը դեմքիս շփելն է:
Հաջորդ ուրախությունը ոտքով աշխատատեղ հասնելն է, առանձնապես հիմա, երբ առավոտյան սառն օդը արթնացնում, թարմացնում, մինչև թոքերը ողողում է մարդու իր զնգուն մաքրությամբ:
Երեկոյան լվացվելու ու սառնամանիքով մաքրվելու անբացատրելի զգացողությունն ունեմ, երբ միացնում եմ «Կուլտուրա» ալիքը: Կարծես հարազատ տուն լինի, որտեղ յուրաքանչյուր խոսք ու հաղորդում հատուկ ընտրված են այնպես, որպեսզի ինձ հեռու, պաշտպանված զգամ ամեն տեսակ նսեմ բաներից: Նույնիսկ մի դրվագը, հաղորդման մի կադրը երբեմն ողջ օրվա խորհելու նյութ է տալիս:

« Օրիգինալությունը միշտ սահմանակցում է գռեհկությանը»: Երեկվա եթերից էր մեխվել գլխումս, այսօր արդեն սրա համար տասնյակ ապացույցներ ունեմ: :think

Արևածագ
12.03.2014, 12:20
Մարդու կյանքը ծննդյան պահից հրաժեշտների ու զրկանքների շարան է. Երբ նա պոկվում է մոր մարմնից, հետո կարճատև հրաժեշտների հերթն է՝ մանկապարտեզ ու դպրոց գնալու համար: Ինչքան մեծանում ենք, հրաժեշտներն ավելի երկարատև են, ու երբեմն էլ դժվար տանելի: Ուղղակի տարիքի հետ մարդն արտաքինից կարծես հաշտվում է հրաժեշտներին ու բարձր լացով չի արձագանքում դրանց:

Սիրելի մարդկանց հրաժեշտները ծնունդ են տալիս կարոտներին: Թե իրատեսորեն նայենք կյանքին, մարդը միայնակ գալիս է, միայնակ ապրում ու միայնակ էլ գնում է կյանքից: Նույնիսկ մեր հարազատները մերը չեն, մերը չեն մեզ հանդիպած սերերը, ամեն մի հանդիպում դա հրաժեշտի սկիզբ է, պիտի հաշտվել սրա հետ: Երբ ամեն ինչի ընթացքի մեջ տեսնես տրամաբանական վերջն ու հրաժեշտը, բաժանումի ցավն էլ թեթև կլինի ու տանելի:Մինչ հրաժեշտ ապրած կյանքն էլ կարժևորվի նրանով, թե ուրախության ու երջանկության ինչքան պահեր կարողացալ ապրել ու պարգևել քո շրջապատին, քեզ հարազատ մարդկանց:

Իսկ որպես եկող հրաժեշտների կանխիկ հատուցում Տերը տալիս է մեզ Սերը, որով էլ ամոքում ենք զրկանքների ու հրաժեշտների վերքերը:

------

Մեր սերունդը վերջին երջանիկներից էր, որ դեռ կարողանում էր հրաժեշտ տալ: Տարածությունն ու լռությունը ամոքում էին վերքերը և խունացնում հուշերը: Կապի միջոցների զարգացման բոլոր դրական երևույթներին զուգընթաց՝ հասանք մի անողոք ժամանակի, երբ այլևս անհնար է մարդուն հրաժեշտ տալը. Մի կարճատև հպումը ստեղնաշարին կամ հեռախոսին հերիք են մարդուն գտնելու և ասելիքը տեղ հասցնելու համար:

Ես սա բարիք չեմ համարում:

Արևածագ
14.07.2014, 11:46
Հենց տխրում եմ, օրագիրս եմ հիշում:
Անցյալ տարի աղջկաս սենյակը հավաքելիս ներքնակի տակից իր օրագիրը գտա: Նույնիսկ չփորձեցի բացել: Մի տեսակ զարմացա նույնիսկ, որ ինքը թղթե օրագիր է պահում: Իր հեռախոսը, պլանշետը, մեր կոմպերում իր պրոֆիլները, բոլորը գաղտնաբառի տակ են: Չնայած իրեն ասել եմ, որ բաց էլ լինեն, երբեք անձնական բաներ չեմ կարդա:
Աղջիկս փակում է, բայց մաման ինտերնետում օրագիր է պահում: :)

Արևածագ
15.07.2014, 12:26
Ոչ մեկը պատահականորեն չի հայտվում կյանքում: Մեր ներսում ցանկությունների ու երազանքների խմորումներով նախապատրաստում ենք իր գալուստը: Կարծես մի կաղապար սարքենք և մեզ հանդիպածներին հերթով փորձենք տեղավորել մտացածին այդ կաղապարում: Շատ է պատահում, որ այդ կաղապարը տարիներով դատարկ է մնում, կամ այն լքում են նրանք, ում համար կաղապարիդ ներսը նույնիսկ ոսկեզօծել էիր:
Դրա պատճառով ինքնակեղեքումով զբաղվել կամ որևէ մեկին մեղադրել պետք չի : Իմաստունն ասում է.
-Մի տխրիր, որ մի լավ բան վերջացավ: Ուրախացիր, որ դա եղել է քո ճանապարհին:

Արևածագ
11.09.2014, 11:18
Իրականում՝ ոչ ոք չի ցանկանում, որ դու ազատ լինես: Անգամ նրանք, ովքեր սիրում են քեզ: Որովհետև երբ դու ազատ ես, դու անկանխատեսելի ու անկառավարելի ես, իսկ մարդկանց համար դա բարդագույն խնդիր է: Մարդիկ միշտ ուզում են տիրել մարդկանց:

Արևածագ
18.09.2014, 15:57
Իմ դպրոցական տարիներին կյանքը զարդարող իրադարձություններից մեկն էլ հորաքրոջս տուն այցելելն էր: Բացի այն, որ իրենց բազմաբնակարան շենքի բակում կարելի էր մինչև իրիկուն ինքնամոռաց «կլասս» կամ « գորոդ զա գորոդ» խաղալ, մեր լեզվին դա «գործագործն» էր, հորաքրոջս երեխաները երաժշտական էին գնում ու շատ լավ դաշնամուր էին նվագում: Մանավանդ որդին, որը յոթ տարում հասցրել էր Եղեգնաձորի երաժշտական դպրոցում ուսուցանվող բոլոր գործիքների դասարաններում սովորել, իսկ ակորդեոնի ու ջութակի դասարանները՝ նաև ավարտել:

Արթուրն ու քույրը նստում էին դաշնամուրի առաջ, չորս ձեռքով նվագում, իմպրովիզներ անում ու երգում, ես էլ հոգուս ողջ զգայարաններով ընկալում էի իրենց կատարումները, դառնորեն ափսոսում, որ ինքս այդ արքայական գործիքից, որի մեջ անսպառ հնարավորություններ կան, միայն խեղճուկրակ «Կուզնեչիկի» մի քանի նոտաները կարող եմ ծնգծնգացնել:

Հաճախ էր պատահում, որ իրենց տուն գնալիս տանը ոչ ոք չէր լինում, բայց դա խնդիր չէր. բանալին միշտ դրան առաջի փալասի տակ էր: Մի անգամ էլ քրոջս հետ էինք կարծեմ, հետաքրքրությունից դրդված, որոշեցինք ստուգել, արդյոք մուտքի բոլոր բնակիչներն են իրենց բանալիները փալասի տակ պահում, թե միայն հորքու՞րս է...
Կարծեմ մեկ-երկու փալասի տակ բանալի չկար, մյուսների բոլորի բանալիներն էլ իրենց տեղում էին:

Անասելի վատ էինք ապրում ԽՍՀՄ-ի ժամանակներում, հիմա անհամեմատ լավ է՝ երկաթե չհրկիզվող, չկոտրվող, երեք կողպեքով փակվող դռների ու ճաղավանդակների հետևում ենք, և դրա շնորհիվ՝ առավել ապահով ու երջանիկ::think

Արևածագ
02.10.2014, 13:35
Աղջիկս Տուլայում է, պետական ծրագրի շրջանակներում էքսկուրսիայի է մեկնել Տոլստոյի ծննդավայր: Իր հեռախոսի քարտին ռոումինգ միացրած չի, պայմանավորվել էինք, որ գմայլում ենք շփվելու, բայց երեկ ու այսօր հենգաութում չերևաց, որոշեցի ուսուցչուհուն մի կարճ սմս գրել՝ որպիսություններն իմանալու:

Իմ գրածը,(իհարկե, ռուսերեն).
-Բարև Ձեզ, Նատալյա Նիկոլաևնա: Ու՞ր եք, ամեն ինչ կարգին է:
Սպասում էի մեկ-երկու բառանոց պատասխանի:
Ահա ինչ ստացա.
-Բարի օր, Ռուզաննա Սուրենովնա, ամեն ինչ լավ է: Երեխաներն առողջ են, կուշտ, հյուրանոցում ջեռուցումը միացված է: Այսօր երեք վարպետության դաս է անցկացվել ֆոլկլորի թեմաներով, ֆիլմ ենք նայել տոլստոյների մասին,սովորել ենք պոլոնեզ պարել, հուշանվերներ ենք նկարազարդել ու ծղոտե տիկնիկներ սարքել, երեկոյան կողմ այցելեցինք տոլստոյների ընտանեկան դամբարան: Երեկ ողջ օրը Յասնայա Պոլյանայում էինք, նախորդ օրը՝ Տուլայում, այնտեղ էլ երեկոյան թատրոն ենք գնացել: Վաղը մեկնում ենք Կոզլովայա Զասեկա,պայմանավորվել եմ, այդտեղից մեզ կտեղափոխեն այն կայարանը, որտեղից պիտի մեկնենք: Այնպես որ երեխաներն ստիպված չեն լինի պայուսակները քարշ տալ:
-------------------
Այս ուսուցչուհին մի երկու տարի առաջ ճանաչվել էր մարզի լավագույն ուսուցիչ, իսկ անցյալ տարի՝ իր գլխավորությամբ, աղջկաս դասարանը հաղթեց «մարզի լավագույն դասարան» մրցույթում: :ok

Արևածագ
04.10.2014, 09:46
Սովորաբար, երբ մարդ նոր հարաբերություններ է սկսում, իր մեջ որոշում է, թե հատկապես իր ո՞ր պահանջները բավարարելուն պիտի ծառայի նոր ծանոթությունը: Եթե մեզ ատամնաբույժ է հարկավոր, ատամը բուժելու համար դժվար թե դիմենք ծրագրավորողին, իսկ եթե երեխային դայակ է պետք, փականագործ չեն հրավիրում: Կոպիտ է համեմատությունը, բայց ինչպես որ մեզ պետքական իրերն ու ապրանքներն ենք գնում որոշակի կարիքներ հոգալու համար, այնպես էլ օտար մարդկանց հետ ծանոթություն ենք սկսում և մեր կյանք ենք թողնում մեր պահանջմունքների համապատասխան:
Եթե մեկի հետ ընկերություն ես անում այն պատճառով, որ նա էլ քեզ պես հետաքրքրված է ձկնորսությամբ, ինտերնետ կայքերից կարողանում է էժան գներով ձկնորսական սարքուսուրք գնել, մոտորանավակ ունի, քեզ դժվար թե խանգարեն իր երաժշտական նախասիրությունները: Որովհետև դու իրեն համերգ գնալու համար չես ընտրել, այլ՝ ձկնորսության:

Իհարկե, ամենաբարդը նրանց վիճակն է, ում ընտրում ենք կյանքը հետն անցկացնելու համար: Բազմաթիվ նմանությունների ու համապատասխանությունների հետ մեկտեղ մարդիկ ահագին ցավոտ են տանում մի քանի անհամապատասխանություններն ու կարծեցյալ թերությունները: Որովհետև չափազանց շատ ակնկալիքներ ունենք մեր կողակցից. Կնոջ դիրքերից՝ նա պիտի իր մեջ համատեղի ընկերոջ, սիրեկանի, հոր, հոգեբանի, փականագործի, էլեկտրիկի, բեռնակրի, վարորդի, մատակարար բանկի, երբեմն էլ նաև՝ ընկերուհու ֆունկցիաները: Բնականաբար, մի հոգուն անչափ դժվար, անհնար է այսքան պահանջներին համապատասխանելը: Նրանք, որ ձգտում են առավելագույնս իրականացնել այսքան պահանջները, պատահում է, որ կոտրվում են ու հնարավորն էլ չեն անում:
Նույնն էլ տղամարդկանց՝ կնոջը ներկայացվող պահանջներին է վերաբերվում:
Քննադատությունն ու մշտական դժգոհությունը քանդում են եղած հարաբերությունները:
Ասելիքս. Քչացրեք ձեր կողքի մարդուն ներկայացվող պահանջները, յուրաքանչյուրն արժանի է նրան, ում ունի կողքին: Ձեր կողակիցը առավելապես ձեր հայելին է ու իր թերությունների չափով բացթողումներ ու թերություններ ինքներդ էլ հաստատ ունեք: Կույր մի եղեք այն լավագույնի նկատմամբ, որի շնորհիվ մի օր իրեն ձեր կյանքում տեղ եք տվել: «Միլիարդ անհաշիվ փաթիլների մեջ երկու ձյան փաթիլ նման չեն իրար»:

Ու քանի քո դիմացի մարդ-հայելու մեջ դեռ տեսնում ես քո արտացոլանքը, թող որ բազմաթիվ մանր անհամապատասխանություններով ու տարբերություններով, հայելին փշրել չի կարելի:
Ջարդած հայելին դժբախտության նշան է:

Արևածագ
07.10.2014, 09:51
Մեկն եկավ ու խառնեց աշխարհի մասին քո ընկալումները, չսիրելին դարձրեց ընդունելի, սովորեցրեց ձևացնել, քեզ տարավ պատկերացումների իր ճիշտ և աներեր աշխարհը: Դու չպահանջված ահագին բեռներ ունեիր ներսիդ գաղտնարաններում պահած, հնազանդ գնացիր իր հետևից՝ անգամ քեզ մոռանալով: Տալու բան ունեիր: Դա բեռ չէր, դա լիցք էր ու արյան դոնորություն, որ ջահելացնում է արյուն տվողին ու կյանք է փրկում: Ու դու գնացիր, առանց հետ նայելու, մշուշում խարխափողի պես՝ ցանկությունների ծառի միրգը ճաշակելու հույսով: Նա, որ կանչել էր քեզ, ամեն խոսքի հետ ավելի ու ավելի հեռացավ, ոտքերդ սուր- սուր քարերի առան, ձեռքերդ սառեցին անիմաստ որոնումից, աչքերիդ սպիտակ փառ իջավ: Պատահական մի կայարանի երկաթե նստարանին մեկնվեցիր` պաղած մարմինդ հանգստացնելու, անտունները գողացան կոշիկներդ ու մնացած ճամփան բոկոտն գնացիր: Չգտար, չհասար, չճաշակեցիր ցանկությունների ծառի պտուղը, որն ամեամեծ խաբեություններից մեկն է, անունը՝ սեր:


Նույնիսկ կես էջ լցնելու համար զգացմունք է պետք, ինչի՞ մասին գրել, երբ ոչինչ չես զգում: Քո ներսում ամեն լույսը բացվելու հետ առաջվա մոգական- սիրելի կերպարից քանդել- պոկել ես ամենալավը, դրսի կաղապարը՝ չուգունե կամ ոսկե, դա արդեն նշանակություն չունի, ու այդ ծվեն- ծվեն արած մասնիկների տեղում ծեփել ես չարության և անտարբերության շաղախը: Կտոր-կտոր, օր-օրի հետևից, մինչև որ քո մտապատկերում այլևս չկա նախկին մարդը: Նախկինն էլ էր քո հորինածը, բայց նա դրական հույզերի շաղախով էր ծեփված, հիմիկվանը՝ միայն թերությունների ու չարության բացատրությունների շաղախն է, որ իր իդեալական վիճակում ձգտում է անտարբերության:

Չի լինում վերադարձ նախկինին: Փոխվում է մարդը, նույնիսկ ամեն օրվա արևն ու ցերեկվա քամին են փոխում նրան, հանդիպած դեմքերը, դեպքերը, կարդացած գրքերը, նայած կինոները: Ոնց նույն ջուրը երկու անգամ չես մտնի: Եթե որևէ մեկին, ում կորցրել ես ինչ-ինչ պատճառներով, փորձես վերադարձնել, պատրաստվիր հանդիպման մի նոր , քեզ քո հուշերում ծանոթ, բայց մեծամասամբ անհայտ մի անձնավորության: Հնարավոր է՝ իր աչքերում քո թողած հետքերն էլ տեսնես: Գետափի գլաքարերը բոլորն էլ ողորկ են, որովհետև տարիների հետ ջուրը լվանում, հղկում է դրանք՝ կլորացնելով ցցվածքներն ու խորդուբորդությունները: Դուք էլ իրար եք հղկել, հնի մեջ կնաճաչես քեզ: Բայց դա այլևս նա չէ, ում լքել ես, կամ ով ինքն է հեռացել: Դրա համար էլ գոյություն ունի միայն պահի երջանկությունը: Մնացածը միֆ է: Այս պահը չապրել, ծանակել սեփական եսը, մթության մեջ խփվել պատերին՝ վաղվա օրվա լույսի հույսով, ամենամեծ մոլորություններից է: Նրանց, ովքեր փակել են են ետդարձի դռները, հաշտվել են իրենց կորուստների կամ ձեռքբերումների հետ, ներդաշնակության և հոգևոր խաղաղության ակունքը փնտրում են միայն ու միմիայն իրենց ներսում, նրանց համար է այս ոսկի կանոնը.

«Անցյալն անցել է, ապագան դեռ չի եկել, ամենամեծ խնդիրը՝ երջանիկ լինել ՀԻՄԱ» :

Արևածագ
26.03.2015, 14:43
Մի հետաքրքիր բան եմ նկատել. կանայք սովոր են ամեն ինչում կարգուկանոն հաստատել: Եթե մի պահի տունը թափթփված է, միևնույնն է, կինը գիտի, թե հաջորդ պահին հավաքելուց թափթփած իրերը որտեղ պիտի դնի: Այդ իրերի տեղը կանխորոշված է: Դրա պատճառով էլ տեղափոխություններն ու վերանորոգումները շատ հոգնեցնող իրադարձություններ են, որովհետև բազմաթիվ, իրար վրա լցված իրերի համար նոր տեղ պիտի որոշես, իսկ մի բան որոշելու խնդիրը միշտ էլ դժվար է:

Նույնն էլ կատարվում է կնոջ գլխում նոր ծանոթություններ հաստատելիս: Արտաքինից հաճախ աննկատ, իր ներսում նա սկսում է փնտրել նոր մարդուն «տեղավորելու» համապատասխան «դարակը», կարևորության աստիճանը: Նրանց, ում հանդեպ անտարբեր է, հեշտ է մտքի այս ու այն անկյունում տեղավորելը, բայց մարդիկ ու իրադարձություններ կան, ում նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չի: Այնպես է լինում, որ մեկին մտքիդ «դարակներում» տեղից- տեղ ես տանում, գցում ետնախորշերը, հետո հանում, «փոշին մաքրում» ու դնում ամենատեսանելի տեղում: Իսկ ոմանց համար այդպես էլ ոչ մի տեղ չի գտնվում, նրանք մնում են մտքիդ մեջտեղում կանգնած, անորոշ վիճակով, անցնել- դառնալուց դիպչում ես իրենց և անընդհատ անհարմարություն ես զգում, որ մտքիդ տունը «թափթփված» է:

Ամենասկզբում գրել եմ՝ կինը կարգուկանոն պիտի հաստատի, քանի այդ կարգուկանոնը չկա, հոգևոր խաղաղության ու ինքնահաշտության մասին խոսք լինել չի կարող:

Արևածագ
04.09.2015, 11:40
Ինձ համար, ի թիվս այլոց, մի առասպել էլ ցնդեց Վրաստան այցելությունից հետո. վրացական խոհանոցի բազմազանության ու վրաց կանանց շնորհալիության մասին միֆը: Բազմատեսակ խմորների մեջ կիլոգրամներով պանիր խցկելն ու խաչապուրիների տեսականի ներկայացնելն առանձնակի հմտություններ չի պահանջում, ցանկացած խմորի մեջ էլ էդքան պանիր լցնես, յուրահատուկ տաղանդ է պետք, որ չստացվի:
«Տանը թխվող» կրեմով տորթերի ու փախլավաների մասին էլ երկար չպատմեմ. Ոչ մի անգամ ցանկություն չունեցա առածս որևէ կտոր թխվածքից երկրորդ անգամ էլ գնել: Բա՞ կարելի է համեմատել Երևանի սուպերմարկետներում վաճառվող խմորեղենի հետ, իսկ պատվերով թխողներն էլ հո անմրցելի են:

«Մենք մեզ չգովենք՝ ուրիշը չի գովի» շարքից:

Արևածագ
04.09.2015, 11:45
Վրաստանի այն բնակավայրերի մասին, որոնք հեռու են միջպետական ու դեպի ծով տանող ճանապարհներից: Հեռու ասածն էլ 70- 80 կմ-ն է, բայց հազարավոր կիլոմետրերի ճամփորդության մեջ գրեթե աննշան հեռավորությունը լավ պատկերացում է տալիս «վրացական հրաշքի» լուսավոր և ստվերոտ կողմերի մասին:
Չիաթուրին հանքագործների քաղաք է, մանգան են արդյունահանում սովետական տարիներին ստեղծված ենթակառուցվածքների միջոցով՝ ճոպանուղիներ ու վերամշակող գործարան, աշխատողներին վճարում են քիչ, հանքանյութն արտասահմանում վաճառում են թանկ, տեր ու տնօրինությունը թուրքերինն է: Քաղաք տանող ճանապահին թարմ ասֆալտ էր՝ առանց գծանշման , բայց քաղաքամերձ գյուղեր հասնելու համար ընդհանրապես ճանապարհ չկա, միայն քարուքանդ ուղղություններ են: Գյուղերը խավարի ու անհույս աղքատության մեջ թաղված, բազմաթիվ լքված տներով: Գյուղը, ուր մեզ հյուրընկալեցին, սողանքի վրա էր, բացի այն, որ բնականորեն էր շարժվելու, մի քանի կիլոմետր ներքևում գտնվող անգթորեն շահագործվող մանգանի հանքահորերը արագացրել են գյուղերի՝ դեպի դաշտավայր «գլորվելու» ընթացքը: Հասկանալի է, որ ոչ մեկին չի հետաքրքրում մարդկանց ճաք տված տներն ու փլվող տանքները: Մանգանը թուրքերինն է, պետբյուջե մտնող հարկերն էլ գյուղ չեն վերադառնում: Մերոնց պես, վրացի հարուստներն էլ անուշադրության չեն մատնում իրենց նախկին համագյուղացիներին. մեկը բոլոր ընտանիքներին հեռուստացույց է նվիրում, մյուսը ջրագիծ է նորոգում, բայց դա իրավիճակ չի փոխում:

Հայաստանի գյուղերում այդօրինակ թշվառություն չկա, որովհետև մերոնք Ռուսաստան դուրս գալու հնարավորություն ունեն, իսկ վրացիները՝ ոչ: Տարիներով մարդիկ գործազուրկ են, դա կյանքը քայքայող աղետ է:

Արևածագ
15.09.2015, 11:56
Ահագին մտածել եմ, թե ի՞նչ է նշանակում ներել մարդուն: Դա առաջին հերթին ներողին է հարկավոր՝ անհանգստություններին ու սպասումներին վերջ տալու, սեփական հոգում հավասարակշռություն հաստատելու համար: Ներել, չի նշանակում մարդուն թույլատրել վերադառնալ քեզ այնքան մոտիկ, որ նա նորից կարողանա իր արարքներով ցավ պատճառել: Ներումը պարտք ներելու նման պիտի լինի: Ասենք մեկին փող ես տվել, ու նա ինչ-ինչ պատճառներով չի վերադարձնում: Սկզբում լռությամբ ես սպասում, հետո՝ պարբերաբար հիշեցումներով, հնարավոր է, որ բանը կոնֆլիկտի էլ հասնի ու հաճախ հասնում է, այդ ընթացքում անընդհատ կասկածների մեջ ես, որովհետև կորել է մարդու նկատմամբ վստահությունը: Քանի սպասում ես, հույս ունես, թե պարտատիրոջ մեջ մի կաթիլ պատասխանատվություն կարթնանա, կվերադարձնի փողը, բայց ամեն օր էլ հիասթափություն ես ապրում, որովհետև ակնկալիքներդ չեն արդարանում:

Սեփական խնդիրների ծայրը կտրելու ամենալավ միջոցն է կանչել պարտատիրոջն ու ասել. «Ես ներում եմ քո պարտքը, հաջողություն եմ մաղթում»: Ու դա նշանակում է, որ ներվածն այլևս երբեք քեզնից փող չպիտի խնդրի, ինչքան էլ որ նեղ վիճակում հայտնվի: Որովհետև , բանկերի լեզվով ասած, նա արդեն փչացրել է իր «վարկային պատմությունը»:

Դու էլ հոգուդ անդորրն ես վերագտնում, որովհետև ոչ ակնկալիք ունես, ոչ էլ հիասթափություններ այդ մարդու հետ կապված:
Իսկ հոգևոր խաղաղությունը կյանքի որակ է պայմանավորում: