Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Գերմանուհին...



My World My Space
12.11.2010, 21:53
Գերմանուհին...


Նախքան Բեռլին մտնելը Գառնիկենց ստորաբաժանումը կանգ առավ մի լքված գյուղում: Զինվորները սկսեցին հարմար տուն ման գալ գիշերելու համար: Գառնիկն էլ նրանց հետ գնում էր, բայց մտքերը տանն էին… մտովի հասել էր իրենց տուն, Ազնիվի հետ էր խոսում երբ հասավ մի լքված, ամայի տան: Ներս մտավ: Պատի տակ մի սեղան էր դրված , սեղանի մոտ երկու կիսաջարդված աթոռ ու մի պահարան: Իրեն թվաց, թե պահարանի կողմից ձայն եկավ: Անշտապ քայլերով մոտեցավ պահարանին ու կամաց դուռը բացեց: Մի մկնիկ տեսավ դատարակ ամաննների մեջ ծվարած ու ժպտաց: նորից փակեց դուռը ու շարունակեց ճանապարհը: Հասավ սենյակի դռան մոտ ու կանգ առավ, որ նայի պատին փակցված լուսանկարը: Լուսանկարում երիտասարդ մի ընտանիք էր պատկերված ծովափին իենց փոքրիկ աղջնակի հետ: Ժպիտներից երջանկություն էր կաթում` ծովափնյա արևային երջանկություն:Ակամայից ժպտաց:

էդպես լուռ կանգնած ժպտում էր, երբ մի ձայն ասաց.
- Sind sie weg?
Շուռ եկավ ու ականջները սրեց: Չէ, ձայնը հաստատ պահարանի մոտից էր: Ոտքերի թաթերի վրա անձայն մոտեցավ ու սկսեց լուռ զննել այն բոլոր կողմերից, ապա ուսը դեմ տվեց ու մի կողմ հրեց պահարնը: Պատի մեջ բացված խորշում իրար գրկած վախից դողում էին մի մայր ու աղջիկ, կողքներին երեսնիվայր փռված տղամարդու մի դիակ էր: Հավաքելով գերմաներենի իր ողջ պաշարը հարցրեց.
- Was machst du?
Երեխան սկսեց լալ: Գառնիկը ձեռքով-ոտքով սկսեց բացատրել որ լռեն, որ իրենց ոչ մի բան չի անի: Կինը հանգստացավ ու սկսեց երեխային հանգստացնել: Գառնիկը գնաց սեղանի մոտ, նստեց աթոռին: Աթոռն աղիողորմ ճռռաց: Էդպես նստեց ու սկսեց նայել կնոջն ու երեխային, մտքերով հասավ իր գյուղն ու կարոտեց Ազնիվին: Սթափվեց ու տեսավ, որ մայր ու աղջիկ էդպես փաթաթված նստել ու իրեն են նայում ուշադիր: Ժպտաց: Տեղից վեր կացավ ու նշան արեց, որպեսզի նրանք էլ վեր կենան: Կինը վեր կացավ ու լուռ կանգնեց պահարանի կողքին, աղջիկը պահվեց մոր թիկունքում, պինդ գրկեց ոտքերն ու սկսեց մոր ետևից ծիկրակել: Գառնիկը ժպտաց երեխային և երեխան նրան պատասխանեց: Երեխայի ժպիտի մեջ նա ճանաչեց պատի նկարի երեխային: Իսկ տղամարդու դիակը երևի նրա հայրն է, մտածեց:

Գերմանուհին վախվորած առաջ եկավ ու նշաններով հարցրեց, թե սոված չէ՞ արդյոք: Գառնիկը հիշեց, որ նախորդ երեկոյան է հաց կերել, ու գլխով արեց: Կինը արագ արագ սկսեց սեղան սարքել, իսկ երեխան այդ ընթացքում աշխատում էր պահվել մոր թիկունքում:
Գերմանուհին Գառնիկին հրավիրեց սեղանի մոտ: Գառնիկը եկավ, նստեց ու սկսեց ուտել, ապա հայցքը բարձրացրեց ու տեսավ գլուխը կախ, պատի տակ կանգնած կնոջը, նրա թիկունքից նայող երեխայի սոված հայացքը ու հացի չորացած պատառը ձեռքից ցած ընկավ: Մոտեցավ, գրկեց երեխային ու տարավ նստեցրեց իր կողքին: Երեխան վախվորած նայեց Գառնիկին, ապա նրա մեկնած հացին ու կամացուկ վերցրեց այն: Ապա շուռ եկացվ ու լայն ժպտաց մորը: Մայրը նույն ժպիտով նրան պատասխանեց ու մոտեցավ: Գառնիկը ձեռքով հրավիրեց նրան նստելու: Կինը երեխային իջեցրեց աթոռից, նստեց ու գրկեց նրան:

Մթնել էր արդեն: Գառնիկը ծանր-ծանր ելավ ու վերցրեց լամպն ու կնոջը խնդրեց հետևել իրեն: Գնաց պատի խորշի մոտ, լամպը տվեց կնոջն ու սկսեց դուրս քաշել դիակը: Կինը փղձկաց: Գառնիկը գրկեց դիակն ու լուռ դուրս եկավ, կին ու աղջիկն էլ ետևից:
Լուսինը լուսավորել էր մոտակա բլրակը, որի վրա գերեզմանոցն էր: Գառնիկը լուռ շարժվեց դեպի գերեզմանոց: Հիշեց տացուին`”Անթաղ թողածդ մեռելը հոգիդ կծանրացնե, մանչը՜ս..”
Քանի՜ անթաղ մեռել էթողել մարտի դաշտում, էս մեկին կթաղի, հոգին մեկով կթեթևանա… մտածեց Գառնիկն ու ներքուստ լավ զգաց իրեն:

Գերմանուհին առաջ ընկավ, գտավ իր հարազատների գերեզմաննն ու կանգ առավ: Էդտեղ պիտի թաղեին: Գառնիկը վերցրեց իր փոքրիկ բահը, ծնկի իջավ ու սկսեց փորել: Գերմանուհին նույնպես ծնկի իջավ ու սկսեց ձեռքերով օգնել Գառնիկին: Փորեցին, հողին հանձնեցին գերմանացու դին ու լուռ գյուղ իջան: Գառնիկը երեխային գրկած` առջևից, կինը` լալով ետևից:
Հասան տուն, Գերմանուհին վառարանը վառեց ու դույով ջուր դրեց վրան:Գառնիկն այդ ընթացում հանեց մախորկան ու սկսեց լցնել: Փոքրիկ աղջնակը մոտեցավ ու սկսեց հետաքրքրությամբ զննել նրան: Գառնիկը ժպտաց ու ծխախոտի ծխով սկսեց օղակներ անել նրա համար: Գերմանուհին այդ ընթացքում անկողին պատրաստեց ու առաջարկեց նրան լողանալ: Գառնիկն վերցրեց դույլն ու անցավ խոհանոց, որտեղ դրված էր մեծ թասը:
Լողացավ, սրբվեց մեծ սրբիչով, երբ ուզում էր հագնվել տեսավ, որ շորերը աթոռին չեն: Թիկունքից լսեց գերմաուհու հազի ձայնը շուռ եկավ ու տեսավ նրան, գլուխը շուռ տված, ձեռքի մեջ տղամարդու հագուստ: Ամուսնու շորերն է` անցավ մտքով, բայց լուռ վերցրեց ու հագավ դրանք: Գլուխը չորացնելով անցավ սենյակ ու տեսավ գրպանների պարունակությունը սեղանի վրա, իսկ շորերը ջրի մեջ: Ժպտաց ու նայեց գերմանուհուն: Գերմանուհին էլ ժպտաց ու շարունակեց լվացքը:

Գառնիկը գրկեց երեխային ու նստեց մահճակալին: Սկսեցին իրար հետ խաղալ: Երեխան անընդհատ ծիծաղում էր, և երբեմն այնքան ուժեղ, որ մայրը ետ էր դառնում ու նրանց նայում: Երեխան քնեց: Գառնիկը զգուշությամբ ծածկեց նրան ու տեղավորվեց կողքին: Համարյա անմիջապես քնեց: Արթնացավ մի պահ գիշերով: Տեսավ գերմանուհուն վառարանի կողքին լամպի լույսի տակ ասեղը ձեռքին իր շապիկի վրա խոնարհված: Ծածկեց երեխայի թիկունքը ու նորից քնեց:

Առավոտյան շուտ արթնացավ: վեր ելավ տեղից, նայեց սեղանի նախաճաշին, կողքին դրված աթոռին խնամքով փռած իր հագուստին ու աչքերը լցվեցին: Իր տունը հիշեց էլի, իր Ազնիվին: Հագնվեց մի բաժակ թեյ խմեց ու երբ դուրս պիտի գար արդեն, գերմանուհու մեկնած թղթին գրեց իր անուն ազգանունն ու հասցեն: Ապա դռան կողքի պատից իջեցրեց նկարի շրջանակը, զգուշությամբ հանեց նկարը, խնամքով ծալեց ու դրեց ծոցագրպանը: Գրկեց երեխային, ամուր համբուրեց այտերն ու հանձնեց մորը: Գերմանուհին երկչոտ քայլերով առաջ եկավ, թեթևակի փարվեց իրեն ու ականջի տակ շշնջաց.
- Danke, Gott segne Sie!

Գառնիկը դուրս եկավ, միացավ տղաներին ու շարասյան կողքով քայլեցին ճանապարհով: Ժամանակ առ ժամանակ հետ նայեց ու տեսավ գերմանուհուն` երեխան գրկին իրենց հետևից նայելով: Ժպտաց ու ձեռքով արեց: Երեխան երկու ձեռքով պատասխանեց նրան:

Շուտով գյուղը կորավ տեսադաշտից: Գառնիկը մի անգամ էլ հետ նայեց ակամայից ու զգաց, որ բլրի հետևում անծանոթ բայց հարազ մարդիկ է թողել: Գրպանից հանեց լուսանկարը նայեց, ապա խնամքով տեղավորեց գրպանում…

Այդ օրը, մայիսի 9-ին, ականի պայթյունից Գառնիկը կորցրեց իր ձախ ոտքը… Առաջին բանը որ անցավ մտքով` թողածս մեռնելներն էին….

Արևածագ
12.11.2010, 22:01
Ես էլ եմ ուզում հավատալ, որ պատերազմի արհավիրքում մարդը չի կորցրել իր մարդկային դեմքը: Լուսավոր պատմվածք է::ok

My World My Space
12.11.2010, 23:56
Ես էլ եմ ուզում հավատալ, որ պատերազմի արհավիրքում մարդը չի կորցրել իր մարդկային դեմքը: Լուսավոր պատմվածք է::ok

մարդկային դեմքը շատ հաճախ թաքնվում է համընդհանուր վախի և/կամ ատելության մթնոլորտում, բայց չի կորում ԻՄՀԿ.... ;)

Եկվոր
13.11.2010, 01:19
Հով ջան, ես հավատում եմ. նախ՝ ա լյա Ստանիսլավսկի, երկրորդ, որ դու քայլ առ քայլ մոտենում ես մի մեծ «կտավի»:) Մաղթում եմ քեզ ահավոր տքնանք-տառապանք այդ կտավի առաջ:)

My World My Space
13.11.2010, 10:42
Հով ջան, ես հավատում եմ. նախ՝ ա լյա Ստանիսլավսկի, երկրորդ, որ դու քայլ առ քայլ մոտենում ես մի մեծ «կտավի»:) Մաղթում եմ քեզ ահավոր տքնանք-տառապանք այդ կտավի առաջ:)


Շնորհակալ եմ Եկվոր ջան, բայց դեռ կտավի համար "չեմ աճել"....:)

impression
13.11.2010, 12:42
Հով ջան, էս պատումներդ հավաքելու ենք, դարձնենք գրքույկ, ես քեզ ինչով կարող եմ, կօգնեմ, ու ուզում եմ իմանաս, որ ոչ թե քեզ համար կանեմ, այլ իմ, ու մեկ էլ բոլոր նրանց, ովքեր ասում են, որ ժամանակակից գրականությունը աղբ ա: Ուզում եմ տեսնել էս գրածներդ իրար գլխի, սիրուն, պարզ ու պուպուշ գրքույկով, վրան էլ գրված՝ Հովհաննես Հովհաննիսյան: Ու ես էդ ժամանակ էլ ավելի մեծ հավեսով կվիճեմ ժամանակակից գրականությունը հայհոյողների հետ:
Հով, անելու ենք, փախնելու տեղ չունես:
Պաչիկներ քեզ, շատ լուսավոր են էսվ պատմությունները, շատ հուզիչ ու կոլորիտային: Շատ ապրես:

My World My Space
13.11.2010, 13:04
Հով ջան, էս պատումներդ հավաքելու ենք, դարձնենք գրքույկ, ես քեզ ինչով կարող եմ, կօգնեմ, ու ուզում եմ իմանաս, որ ոչ թե քեզ համար կանեմ, այլ իմ, ու մեկ էլ բոլոր նրանց, ովքեր ասում են, որ ժամանակակից գրականությունը աղբ ա: Ուզում եմ տեսնել էս գրածներդ իրար գլխի, սիրուն, պարզ ու պուպուշ գրքույկով, վրան էլ գրված՝ Հովհաննես Հովհաննիսյան: Ու ես էդ ժամանակ էլ ավելի մեծ հավեսով կվիճեմ ժամանակակից գրականությունը հայհոյողների հետ:
Հով, անելու ենք, փախնելու տեղ չունես:
Պաչիկներ քեզ, շատ լուսավոր են էսվ պատմությունները, շատ հուզիչ ու կոլորիտային: Շատ ապրես:

Համաձայն եմ Լիլս, բայց միայն "իրուր խետ".... ;)
համ էլ ապլես....:oy

My World My Space
13.11.2010, 13:08
Ի դեպ Լիլ ջան, էս մի պատմությունը դեռ չի վերջացել, հիմա շարունակությունն եմ գրում.... ;)

My World My Space
13.11.2010, 14:11
18 տարի էր անցել այն օրից, երբ Գառնիկը ֆրոնտից վերադարձել էր: Կյանքը հանդարտ իր հունով գնում էր կարծես: Օրեր էին բացվում ու մթնում, պարզապես իրար հաջորդող օրեր:
Մի սովորական առավոտ էր: Գառնիկը առավոտ կանուխ ելել ու արևկող էր արել դռան կողքին, երբ ծանր պայուսակը ուսին, պրոթեզ ոտքը քարշ տալով բակ մտավ փոստատար Մուկուչը:
- Բարի լույս ընկեր նախագահ
- Ասսոու բարին Մուկուչ ջան, Աղասիմիցս նամա՞կ ես բերել,- սկսեց Գառնիկն ու ձեռքը գրպանը տարավ, որ Մուկուչին բարի լուրի համար “մաղարիչ” անի:
- Մի նամակ կա, ընկեր նախագահ, համա՜… վայթե Աղասիմից չի…
- Բա ումի՞ց է, մի տուր տեսնեմ:
Մուկուչը նստեց Գառնիկի կողքը, ուսից հանեց պայուսակը դրեց գիրկը մեջից հանեց նամակների մի կույտ ու սկսեց փնտրել: Գտավ նամակն ու հանձնեց Գառնիկին:

Գառնիկը վերցրեց ու զարմացավ: Նամակի վրա իր հասցեն էր գրված ռուսերեն տառերով, բայց ուղարկողինը չհասկացավ ինչ լեզվով է: Մենակ անունը կարդաց`Katharin Weigel:
Արագ-արագ բացեց ծրարը, մեջից հանեց մի նամակ ու մի երիտասարդ աղջկա լուսանկար:
Լուսանկարի հետևում գրված էր`” Ich bin das Mädchen, das dank Ihnen lebt, Katharin”: Գառնիկի մի պահ շունչ կանգնեց, ձեռքերը դողացին…
- Ազնի՜վ, հլա մի ֆրոնտի ուսապարկս դեսը տուր, - դռնից դեպի ներս գոռաց Գառնիկը:
- Հիմա, Գառնիկ ջան…
Քիչ անց դուրս եկավ Ազնիվը և ձեռքի ուսապարկը հանձնեց Գառնիկին: Գառնիկը դողդողացող ձեռքերով սկսել դուրս տալ պայուսակի պարունակությունը, մինչև մի թերթի մեջ փաթաթված ծրար գտավ: Բացեց արագ, մեջից հանեց մի լուսանկար, պահեց նոր ստացած լուսանկարի կողքին, մի պահ լուռ համեմատեց ապա արցունքից դողացող աչքերով գոռաց որդուն.
- Գրիգո՜ր, մի վազ տուր դպրոց, վարժապետ Բադալին ասա` թող շուտ գա մեր տուն,- ապա ձայնը ցածրարցրեց ու սկսեց խոսել ինքն իրեն, - քո հոգուն խուրբան, ազիզ բալա, էս ի՜նչ նվեր արիր ինձի, ախր վառա մտածելով, թե ի՞նչ էղավ ձեր հետ….

Մի քանի րոպե արցունքների միջից ժպտալով լուսնկարին նայեց Գառնիկը, Հետո հանգստացավ, աչքերը սրբեց, ու դիմեց Փոստատարին.
- Մուկո՛ւչ ախպեր, էս ի՜նչ բարի լուր բերիր ինձի, աստված քեզ միշտ բարի լուր հասցնե,- ապա գրպանից մի կարմիր տասանոց հանեց ու դրեց Մուկուչի գրպանը, - ներս եկ, Մուկուչ ջան, մի թաս բան խմենք….
- Ընկեր նախագահ, էս ինչքա՞ն ես տալիս, - անակնկալի եկավ Մուկուչը, - մի մանեթը բալ-բոլ է….
- Մուկուչ ջան քո բերած նամակն ավելիի էր արժանի, ներս եկ….

Նստեցին սեղանի շուրջ, Գառնիկը սեղանի շուրջ պատմեց աղջկա պատմությունը, որը դեռևս ոչ մեկի չէր պատմել ու ասաց.
- Թեթևացավ հոգիս, էլ դարդ չունիմ:
Ազնիվն ականջի պոչով լսեց, աչքերը լցրեց, մտքում հպարտացավ իր Գառնիկով, չդիմացավ, ասաց.
- Գառնիկ ջան, մի բաժակ էլ ինձ լից, ես էլ եմ ուզում խմեմ,- խմեց նորից աչքերը լցրեց, նայեց Գառնիկին ու դուրս եկավ թոնրատուն:

Վարժապետ Բադալը հեևիհև ներս ընկավ:
- Ասա, ընկեր նախագահ ջան, ի՞նչ ա էղել….
- Արի՛, Բադա՛լ ջան, նստի՛, մին էս նամակը կարդա ու թարգմանի,- նամակը տվեց Բադալին, բայց նորից ձեռքից առավ,- չէ՛, նախ մի բաժակ բան խմի, սոլոուղդ տեղը բեր, նոր կկարդաս…
Նորից լցրեցին բաժակները, ու Գառնիկը ոտի էլավ.
- Շնորհակալ եմ, տե՛ր երկնային, որ արածս գործը բարի վախճան ունեցավ, որ մարդն ապրեց, որ մարդը չմոռացավ,- աչքերը լցրեց էլի, խմեց ու նստեց տեղը,- այ հիմի Բադա՛լ ջան, կարդա՛:
Բադալը ձեռքը վերցրեց լուսանկարը.
- Գառնիկ ջան նկարի հետևում գրված է. “ես էն աղջիկն եմ, ով ապրեց Ձեր շնորհիվ”:
- Այ մեռնի՜մ քեզի, աղջի՛կ ջան, Բադալ ջան նամա՛կը կարդա, լեզվի՜դ ղուրբան:
Բադալը շարունակեց.
- Հորեղբա՛յր Գառնիկ, գրում է Ձեզ Կատերինը` այն փոքրիկ աղջիկը, որ Ձեր շնորհիվ ապրեց, ու երբեք, երբեք չի մոռանա Ձեզ: Չգիտեմ նույնիսկ, կենդանի՞ եք արդյոք, եթե կենդանի եք, իմացեք, որ ես ու մայրս ամեն օր հիշում ենք Ձեզ ու կարոտում: Իսկ եթե կենդանի չեք, թող Ձեր որդիներն իմանան, որ Գերմանիայում նրանք մի քույր ունեն, որն իրենց շատ-շատ սիրում է : Մեր տան պատին խնամքով ամրացված է մի լուսանկար, որը Ձեր գրպանից էր ընկել, և մորս ասելով Ձեր կինն է երևի, կողքին էլ Ձեր գրած հասցեն: Դուք միշտ մեր աչքի առաջ եք ու մեր սրտերում: Եթե կենդանի եք գրեք ինձ, ես պատրաստ եմ մորս հետ գալ Ձեզ մոտ, որպեսզի համբուրեմ Ձեր ձեռքը: Շատ ուրախ կլինենք, եթե դուք էլ կարողանաք մեր մոտ գալ: Սիրով սպասում ենք:
Գրկում ենք ամուր ամուր` Ձեր Կատերին….

Գառնիկը չդիմացավ, զույգ ձեռքերով ծածկեց դեմքն ու երեխայի պես հեծկլտաց:
Աչքերի առջև տեսավ այդ օրվա պատկերները, հիշեց փոքրիկին, նրա վախվորած հայացքը, ու հիշեց նրա մոր արտասանած բառերը հրաժեշտի պահին` “Danke, Gott segne Sie!” Գլուխը վեր բարձրացրեց, ու դիմեց Բադալին.
- Բադա՛լ ջան, շնորհակալ եմ ախպե՛ր ջան, իրիկունն արի, մի նամակ գրենք էրեխին….

Malxas
13.11.2010, 14:28
Հուզիչ և հետաքրքիր պատմություն էր: Որակապես ավելի բարձր էր, քան հեղինակի մյուս ստեղծագործությունները, որոնց ես ծանոթ եմ:

Նաիրուհի
13.11.2010, 14:45
Հով ջան, երկրորդ մասն, ինչպես արդեն ասացի, շատ ավելի լավն էր, քան առաջինը. բոլորս էլ զգացել ենք, որ դու քեզ ավելի լավ ես զգում երկխոսություններ կառուցելիս։ Էս գործդ էլ սիրեցի. մեկնաբանություններ չեմ թողնում, որովհետև արդեն քեզ գիտեմ, գիտեմ՝ ոնց և ինչ ես գրում, միշտ նույն բաները գրել չեմ ուզում. այ որ վատ բաներ գրելու առիթ տաս, էն էլ ո՜նց կգրեմ...
Բա վե՞րջը, Հով, ես կանխազգացում ունեմ, որ հլը էլի շարունակություն կա ;)

ars83
13.11.2010, 18:44
Շատ լավն էր, Հով ջան, հուզիչ ու ջերմ: Առաջին մասի գերմաներեն գրվածքները եթե այդ լեզուն չիմացողների համար թարգմանեիր (տողատակ թարգմանությամբ, ասենք), շատ լավ կլիներ:

Շնորհակալությո՛ւն: :hands

My World My Space
13.11.2010, 19:19
Շատ լավն էր, Հով ջան, հուզիչ ու ջերմ: Առաջին մասի գերմաներեն գրվածքները եթե այդ լեզուն չիմացողների համար թարգմանեիր (տողատակ թարգմանությամբ, ասենք), շատ լավ կլիներ:

Շնորհակալությո՛ւն: :hands

Շնորհակալություն դիտողության համար Արս ջան... :)


Առաջին մասի գերմաներեն արտահայտությունների թարգմանությունը

Sind sie weg? - նրանք գնացի՞ն

Was machst du? - Ի՞նչ եք անում այստեղ

Danke, Gott segne Sie! - Շնորհակալ եմ, Աստված ձեզ հետ

Tig
13.11.2010, 19:38
Հով, լավնա Հով::)
Թվումա թե ծեծված թեմայա, թե էդ պատերազմի մասին էնքանա խոսացվել, գվել, պատմվել, ֆիլմեր նկարվել, որ էլ ասելու բան չկա… բայց չէ, լավ էլ տեղին ես ասում:

Lianik
13.11.2010, 20:10
Շնորհակալություն դիտողության համար Արս ջան... :)


Առաջին մասի գերմաներեն արտահայտությունների թարգմանությունը

Sind sie weg? - նրանք գնացի՞ն

Was machst du? - Ի՞նչ եք անում այստեղ

Danke, Gott segne Sie! - Շնորհակալ եմ, Աստված ձեզ հետ

Փաստորեն գրելու հետ գերմաներեն էլ ես սովորում :hands




Շատ հավանեցի, իրոք, հուզիչ էր...չգիտեն քանի անգամ թեման բացել եմ ու փակել, կարդալու մուսաս չի եկել, երևի կանխազգացում ունեի, որ հանգիստ պիտի կարդալ սենց :love գրվածքները....կեցցես:flower:flower

հ.գ. համ էլ շնորհակալություն, գերմաներենը կարոտել էի :oy

Malxas
13.11.2010, 20:37
Մեկ ճշտում միայն, եթե կարելի է: Ինչքան հիշում եմ Բեռլինը գրավվել է մայիսի 2 - ին: :)

My World My Space
13.11.2010, 20:54
Մեկ ճշտում միայն, եթե կարելի է: Ինչքան հիշում եմ Բեռլինը գրավվել է մայիսի 2 - ին: :)

Մալխաս ջան իրենց ստորաբաժանումը Բեռլին է հասել ամսի 9-ի առավոտյան.... և տոնական միջոցառման ժամանակ էլ պայթել է ականը....

Malxas
13.11.2010, 22:11
Էլի լավ են պրծել: Ինչքան ցավալի կլիներ, եթե հենց հաղթանակի օրը...
Թեկուզ նամակը ստանալու, թարգմանել կարդալու, պատասխանը գրելու ու էս պատմվածքի խաթեր արժեր, որ էդ մարդն ապրեր :)

My World My Space
13.11.2010, 22:12
Էլի լավ են պրծել: Ինչքան ցավալի կլիներ, եթե հենց հաղթանակի օրը...
Թեկուզ նամակը ստանալու, թարգմանել կարդալու, պատասխանը գրելու ու էս պատմվածքի խաթեր արժեր, որ էդ մարդն ապրեր :)

էդ մարդը պապիս ախպերացուն ա Մալխաս ջան.... Տացուիս պահած էրեխեն....

Եկվոր
13.11.2010, 22:26
Հուզիչ և հետաքրքիր պատմություն էր: Որակապես ավելի բարձր էր, քան հեղինակի մյուս ստեղծագործությունները, որոնց ես ծանոթ եմ:

Աճում ա ախպերս, աճուուում:love
Հովո ջան……:cry

Lianik
13.11.2010, 22:27
Հով, այս պատմության վերջը գոնե կասե՞ս, թե չես գրում..հա՞՞՞:oy

My World My Space
13.11.2010, 22:31
Հով, այս պատմության վերջը գոնե կասե՞ս, թե չես գրում..հա՞՞՞:oy

Մի օր դա էլ կգրեմ Լիան ջան.... ;)

Lianik
13.11.2010, 22:32
Մի օր դա էլ կգրեմ Լիան ջան.... ;)

կսպասեմ ;) ավելի ճիշտ կսպասենք :ok

Ջուզեպե Բալզամո
14.11.2010, 11:26
Վորլդ եղբայր կեցցե՜ս… իսկապես որ աճում ես: Մեկը մեկից լավ, իրար լրացնող պատմություններ: Կյանքի մասին, մարդու մասին, անհունի մասին… ապրես
Պատմում ես լավ, գրում… կարծում եմ շտապելով :) մեծատառերի մասին ասել եմ՝ ուշադիր :) Իսկ, նորից փակեց դուռը ու շարունակեց ճանապարհը ինչո՞ւ նորից… կամ, Առաջին բանը որ անցավ մտքով` թողածս մեռնելներն էին…. ս-ն ավելորդ է, կամ այլ կետադրություն է պետք…
Մի շտապի, գաթան թող կատարյալ լինի… ;)

Malxas
14.11.2010, 13:12
Բալզամո եղբայր, դիտողություններդ երևի ճիշտ են: Բայց դե խմբագիրը կուղղի դրանք տպագրելուց առաջ :)