Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Քիչ էր մնացել...



Արևածագ
06.11.2010, 09:53
- Ի՞նչ է պատահել,- բազկաթոռում տեղավորվելով աշխուժորեն հետաքրքրվեց Սերոբը:
Նշանածի առավոտյան զանգը, թե՝ «այսօր բոլոր գործերդ թող ու արի' մեր տուն, խոսելիք կա», նրան, իհարկե անհանգստացրել էր, բայց ոչ այնքան, որ գոնե խանութ էլ չմտներ տեսնելու՝ աղջիկները երեկվա ստացած ապրանքը տեղավորե՞լ են, թե՞ չէ': Որ ավտոյի փայլուն կողերից մի անգամ էլ փոշին չսրբեր, չպլպլացներ սեփական կոշիկների նման ու նոր սլանար նշանածի մոտ: Արագաչափի սլաքը նույնիսկ վաթսունին հասավ, երբ այստեղ էր գալիս: Ինքը խելքը չէր թռցրել, ոչ էլ սեփական կյանքի հետևից է ընկել, որ դրանից ավել քշի: Սերոբը կարգուկանոն սիրող մարդ է: Երեսունն անց, շրջապատի կարծիքով, գուցե մռայլ ու անհետաքրքիր, բայց ինքն իր մեջ սեփական բացառիկությունը գիտակցող:
-Ես այլևս չեմ կարող: Ամսից ավելի է, որ նշանված ենք, բայց մենք իրար չենք ճանաչում: Մի անգամ ինձ ձեր տուն տանելուց բացի ոչ մի տեղ միասին դուրս չենք եկել: Դու նույնիսկ ալարում ես հետս խոսել, կամ էլ ես քեզ բնավ չեմ հետաքրքրում, որ գալիս ես, հորս հետ նարդի խաղում, գնում:
Աղջիկը խեղդվում էր հուզմունքից, մատներն էր կոտրատում ու մերթ- մերթ հետ տալիս ճակատին լցվող մազափունջը:
-Ճի'շտ է, բոլորն էլ ասում են, որ աշխատող, լավ տղա ես, ծնողներին լսող, բայց դրանք բավարար պայմաններ չեն, որ ես քեզ հետ կյանքս կապեմ: Ինձ ընկե'ր է պետք, ուշադիր վերաբերմունք, բայց դու նույնիսկ հիմա ժամանակ չես գտնում հետս զրուցելու: Չէ', սխալմունք է եղել մեր նշանդրեքը, շտապել ենք: Ծնողներիս հետ էլ եմ խոսել, իրենք հասկացան ինձ: Ավելի լավ է հիմա հետ դառնանք այս ճամփի կեսից, որն անպայման մի օր փակուղի է մտնելու: Ախր մենք շա՜տ տարբեր ենք...
Աղջիկն ափերով ծածկեց դեմքն ու սկսեց հեկեկալ: Զգացվում էր, որ ասելիքը երկար ժամանակ է խմորվել ներսում: Կանանց արցունքները խցանը հանած շամպայից հորդող փրփուրի նման են, չնայած թափվում են նաև տխուր առիթներով:
Սերոբը կարծես հեռուստացույցով մելոդրամա նայելուց լիներ, միայն թե ինքը մելոդրամա չէր սիրում:
Աղջիկն արագ հանգստացավ, սրբեց արցունքներն ու ասաց.
-Ես վերջնականապես որոշել եմ, երկուսիս համար էլ այսպես ավելի լավ կլինի: Վերցրու':
Հանեց մատանին, դրեց սեղանին, իսկ ինքը կծկվեց բազմոցի անկյունում:
-Հը՜մմ,- բազմանշանակ արտաբերեց Սերոբը, շուռումուռ տվեց մատանին, մի երկու վայրկյան զննեց, հետո դրեց գրպանը, կտրուկ ոտքի ելավ ու քայլեց դեպի դուռը:
- Սերո'բ,- համարյա ճչաց աղջիկը, արցունքները նորից ողողեցին շիկնած այտերը,- Սերո'բ, միթե՞ դու ինձ ոչինչ չունես ասելու...
Սերոբը մի պահ վարանոտ կանգ առավ, հետո մի կարևոր բան հիշելով՝ շրջվեց.
-Հա', քիչ էր մնացել մոռանամ... Մամաս ասում էր, որ նշանդրեքին ձեր տուն բերած սինիներից մեկը հետ չեք տվել: Տու'ր տանեմ:

Եկվոր
06.11.2010, 10:04
Ես այդպիսի մի մարդ եմ ճանաչում:(…Ամուսնացած, ցավոք սրտի (վայ երևի վատ բան ասացի)

My World My Space
06.11.2010, 10:11
Արածագ ջան լավն էր բայց ինչ-որ շատ կիսատ էր, ոնց որ պատմվածքի մի մաս լիներ մենակ.... :oy

Դեկադա
06.11.2010, 10:36
Արածագ ջան լավն էր բայց ինչ-որ շատ կիսատ էր, ոնց որ պատմվածքի մի մաս լիներ մենակ.... :oy

Իսկ ես կարծում եմ վերջի տողով ամենը ասված է:

... բարդ էակ ա մարդ արարածը:

Սլիմ
06.11.2010, 11:48
Կյանքից էր, լավ էս գրել, շատ բնական էր:)

E-la Via
06.11.2010, 11:55
Կարճ ու կոնկրետ ասացիր այն, ինչ ցանկանում էիր Արևածագ: Լավն էր: Ապրես:hands…

Lion
06.11.2010, 11:56
Ինձ դուր եկավ: Ուղղակի երևի կարելի էր մի քիչ ավելի "մանրամասն" գրել :)

Նաիրուհի
06.11.2010, 11:58
Հա, շատ էր մելոդրամա, բայց լրիվ համոզիչ էր...

paniaG
06.11.2010, 14:21
:) լավն էր շատ,զարմանում եմ,որ աղջիկները տենց բաների վրա զարմանում են:

Malxas
06.11.2010, 15:55
Ինձ դուր եկավ: Հեղինակին հաջողվել է քիչ բառեր օգտագործելով կատարյալ բնորոշում տալ իր հերոսիներին: Սյուժեն էլ հոգեհարազատ էր, կարճ բայց հետաքրքիր: Կարդալուց հետո մի փոքր հիասթափեցնում է դրա ավարտը, քանի որ շարունակությունը կարդալու ցանկությունը դեռ մնացած է լինում մեջդ:
Ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում Արևածագին:

Smokie
06.11.2010, 17:38
Կարճ էր բայց լավն էր, ինձ դուր եկավ:)

Ֆոտոն
06.11.2010, 18:08
Նման պատմվածքներով ժամանակաշրջանի շունչը կարելի կլինի արտահայտել: Ինձ դուր եկավ: :)

Lion
06.11.2010, 18:51
Ինձ դուր եկավ: Ուղղակի երևի կարելի էր մի քիչ ավելի "մանրամասն" գրել :)

Եթե կարդալուց հետո հիշում, օրվա մեջ մտածում եմ որևէ պատմվածքի մասին, ուրեմն ինձ համար այն իրոք լավն էր: Այս անգամ այդպես եղավ: Հատկապեսհետաքրքրեց հեղինակի կիրառած համեմատություն, երբ մարդու նշանածը փաստացի լուրջ ճգնաժամի մեջ է, իսկ իրենց հարաբերությունները փլվելու եզրին են, բայց տղան խանութ է մտնում ու. "ավտոյի փայլուն կողերից մի անգամ էլ փոշին չսրբեր, չպլպլացներ սեփական կոշիկների նման ու նոր սլանար նշանածի մոտ:" :) Հաջողված պահ էր...

Արևածագ
06.11.2010, 22:29
Շնորհակալ եմ բարի վերաբերմունքի ու դրական կարծիքների համար::)
Մի երկու բառով մանրամասն գրելու մասին: Չի' ստացվում: Եթե հերոսս Ա կետից պիտի Բ կետը գնա, ինքնաբերաբար ընտրվում է ամենակարճ ճամփան, դա էլ հերիք չի, նա ուղղակի վազում է, հետևից հազիվ եմ հասցնում : Չմոռանամ ասել, որ բացի ակումբում գրածս կարծիքներից, մնացած ամեն ինչը նախ թղթին եմ գրում: Եթե անգամ փորձում եմ գունագեղ նկարագրություններով մի քիչ կասեցնել «վազքը», միևնույնն է, տեքստը ստեղնաշարով հավաքելիս մի քիչ անտեղի թվացող երկարաբանությունն անխնա ջնջում եմ , հետն էլ ուրախանում, որ էկրանին հավաքելուց քիչ ժամանակ կծախսեմ:
Այսպիսի բաներ: :oy

Chuk
08.11.2010, 12:55
Որոշել եմ բացթողումս լրացնել ու Արևածագի գործերը կարդալ :oy
Ախր շատ դրական բաներ եմ լսել:

Գործը լավն էր, բնութագրական էր, տիպիկ էր:
Հնչած «մանրամասն չի» կարծիքի մասին. ճիշտ հակառակ կարծիքին եմ:
Սա ուղղակի մտորում ա, ոչ թե դիտողություն, բայց կոնկրետ իմ համար ֆինալը պարզ էր՝ շնորհիվ սկզբի: Երբ խոսվում էր ավտոն պլպլացնելու, կոշիկները մաքրելու մասին, արդեն պարզ էր էդ մարդու բնավորությունը, ու փաստորեն ֆինալը սյուրպրիզ չէր: Մյուս կողմից չգիտեմ, եթե էդ կտորները չլինեին, երևի թե համոզիչ չէր լինի: Գուցե ավելի հեռվից գալը կօգներ, այսինքն էլի ցույց տրվեր էդ ամենը, բայց ոչ բացահայտորեն:

Թամարա
05.01.2011, 03:22
Ցավոք նման մարդիկ շատ կան և որպես կանոն հիմնականում իրենք են տուժում ի վերջո մենակ մնալով,թեկուզ ոչ միայնակ:Ինքս էլ անտարբերության նշույլներ ունեմ կյանքի հանդեպ,որոնց զոհը բնավ էլ ինձ շրջապատող մտերիմներս չեն,որ դժգոհում են ինձանից,այլ ես ինքս եմ:Իսկ պատմությունը ինձ թվաց բարկացած եք գրել:Ես ընդհանրապես, ինչ էլ որ հորինելով գրեմ,հետո ինքս իմ մեջ պարզում եմ,որ դա իմ մեջ տպավորված ինչ-որ դեպքի մի մասն է կազմում:Սա ինչ-որ դեպքի հիմա՞ն վրա եք գրել:

Արևածագ
05.01.2011, 09:11
Ցավոք նման մարդիկ շատ կան և որպես կանոն հիմնականում իրենք են տուժում ի վերջո մենակ մնալով,թեկուզ ոչ միայնակ:Ինքս էլ անտարբերության նշույլներ ունեմ կյանքի հանդեպ,որոնց զոհը բնավ էլ ինձ շրջապատող մտերիմներս չեն,որ դժգոհում են ինձանից,այլ ես ինքս եմ:Իսկ պատմությունը ինձ թվաց բարկացած եք գրել:Ես ընդհանրապես, ինչ էլ որ հորինելով գրեմ,հետո ինքս իմ մեջ պարզում եմ,որ դա իմ մեջ տպավորված ինչ-որ դեպքի մի մասն է կազմում:Սա ինչ-որ դեպքի հիմա՞ն վրա եք գրել:

Այո', սա իրապատում է, կարելի է ասել, որ գրեթե ոչինչ չեմ ավելացրել: Բարկացած լինելը չեմ կարող հաստատել, որովհետև դեպքը տեղի է ունեցել շա՜տ վաղուց , մինչև օրս էլ ժպիտով եմ հիշում այս պատմությունը : Նույնիսկ ուրախությամբ, որ մոտիկներիցս մեկը ճակատագրական սխալ թույլ չտվեց , հասկացավ, թե ու՞մ հետ է նշանվել ու բարեհաջող չամուսնացավ հետը: :)
Շնորհակալություն, որ կարդացիր:

Shah
05.01.2011, 09:21
Ինձ ընկե'ր է պետք, ուշադիր վերաբերմունք, բայց դու նույնիսկ հիմա ժամանակ չես գտնում հետս զրուցելու:
իսկ իմ համար էսքանն էր կարևոր... կիսատ բան չեմ տեսնում..

շնորհակալություն