Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Իրիցկինը...

My World My Space
05.11.2010, 15:22
Իրիցկինը...

Անուշը մի անգամ տեսել էր Գրիգորին իրենց գյուղում ու անհույս սիրահարվել: Ոչ գիտեր ով է Գրիգորը, ոչ գիտեր, թե որտեղից: Ամեն գիշեր քնելուց երազում էր մեկ էլ տեսնել Գրիգորին, գոնե մի անգամ ձայնը լսեր: Աղբրի մոտ էր տեսել Գրիգորին ու սիրտն անընդհատ առվի կողմ էր ձգում: Աշխատում էր էնպես անել, որ տան ջուրը շուտ վերջանա, մի անգամ էլ գնա աղբյուր ջրի, գուցե բախտը բանի, մի անգամ էլ տեսնի իր անհայտ ասպետին: Երբեմն նույնիսկ դույլերի մեջ մնացած ջուրը դատարկում էր, թե` գնամ նորը բերեմ: Գնում էր աղբրի պռնկին նստում ու սպասում…. Ջուրը լցվում էր ու պռունկներից թափվում…Անուշը հայացքը ջրին երազում էր….

Անուշի ընկերուհու` Հերիքնազի ախպերը վաղուց աչք ուներ վրան: Մի օր աղբրից տուն գալուց նրան էր հադիպել: Միսակն ուզել էր խոսք գցել, թե` ձեր հավերը ոնց են, ձու ածո՞ւմ են, բա ձեր խորոզը ոնց ա՞…. Անուշը դույլի սառը ջուրը լցրել էր նրա գլխին ու սուսուփուս տուն էկել: Գյուղը չարախնդացել էր` Միսակի պես տղին որ չհավանեց, տուն մնացած է դառնալու….

Անուշն այս ամենին անհաղորդ ապրում էր իր երազների աշխարհում: Նրան միայն իր անհայտ ասպետն էր հետաքրքրում:

Գրիգորը նույնպես հավանել էր Անուշին, ու երբ հորն ասել էր Անուշին հարս բերելու մտադրության մասին, հայրն առարկել էր, թե
- Բոզգեղից հարս բերելը մեր բանը չի տղես, հո խախք ու խայտառակ չե՞նք:
Գրիգորը վիրավորվել էր: Բայց մնացել էր իր ասածին: Մի օր հորն առաջարկել էր.
- Այ հեր, վեր էրթանք Բոզգեղ հորթ առնենք:
- Մեր գեղի հորթերը վար են անցե՞լ Գիգոլ
- Ասում են Բոզգեղի հորթերը լավն են,- համոզել էր Գրիգորը:
Բոզգեղում արդեն աղբրի մոտ հանդիպել էր Անուշին….
Կանգնել էին մի պահ… անթարթ աչքերով իրար էին նայել ու…. Ավո պապը կատաղել էր.
- Բոզգեղի հորթերի տերն էլ, քոնն էլ….գնացինք էստեղից…..

Գրիգորն էդ օրը հաստատ որոշել էր, որ Անուշն իրենը պիտի լինի:
Անուշն ամոթից շիկնել էր ու ողջ օրն էդպես շիկնած մնացել: Խոսելու ունակությունը կորցրել մենակ հա ու չէ էր ասել…. Գիշերը չէր քնել, անընդատ սպասել էր ինչ որ հրաշքի, սպասել էր, որ Գրիգորն առավոտյան գա իրենց տուն:
Առավոտյան գնացել էր ջրի, ու նստել աղբրի կողքին ու երբ ձիու ոտնաձայներ էր լսել ու գլուխը բարձրացրել, առավոտյան արևի շողերի մեջից աչքերը կկոցելով տեսել էր իր երազների ասպետի իրեն մեկնված ձեռքը, բան չէր ասել, սուսուփուս նստել էր ձին ու հետը փախել….

Գյուղը խինդ էր էլել, սրիկա լակոտները սկսել էին աջ ու ձախից շվվացնել ու էդպես շշվոցներով ողջունել Բոզգեղցի հարսին:
Ավո պապն իրեն կորցրել էր.
- Խախք եղանք, լաո՜….
Գրիգորը վեր էր առել հրացանն ու գնացել գյուղամեջ.
- Թե բան ասող կա, էկեք գեղամեջ, թե չէ որտեղ բռնացրեցի բմբուլներդ քամուն կտամ….
Գյուղը լռել էր….

Հետո ծնվել էր Անուշի առաջնեկը` Աղասին: Ավո պապն եկել, հարսի ճակատը պագել, փառք էր տվել աստծուն, որ Անուշի պես հարս էր բաժին հանել իր Գրիգորին, ու հաշտվել էր:
Տարիներ էր անցել: Անուշը հասցրել էր սիրվել ողջ գյուղի կողմից, այնքան, որ մեծերն էլ փոքրերի լեզվով մամի էին ասում նրան: Մամին ամենուր էր` որտեղ մի ծանր հիվանդ կար, մի ծննդկան, Մամին էնտեղ էր: Գյուղի դեղն ու բալասանը, մխիթարիչն էր Մամին իր անսահման բարի՜, բարի՜ էությամբ…
Գրիգորը երբ տիրացու դարձավ, փոքրերը նրան Տացու ասացին, Անուշը վերցրեց այդ Տացուն, վերջից մի “ս” ավելացրեց ու դարձրեց իր դիմելաձևը ամուսնուն…
-Տացո՜ւս….
Պատասախանը չէր ուշանում.
-Իրիցկի՛ն ջան….

Իրենց երկու տղաների հետ ողջ գյուղի երիտասարդությունը դաստիարակեցին իրենց սիրով ու խղճով: Գյուղի համար օրինակ եղավ նրանց կյանքը: Նրանց սերն ու հարգանքը միմյանց նկատմամբ վարակիչ եղավ թե մեծահասակների, թե նորաստեղծ ընտանիքների համար:
Անուշը, երբ գնում էր իր տղաների տուն, հարսներն իրենց կիսուրին մի պահած կոնֆետ էին տալիս, թե չայ խմի, նա բերում Գրիգորին էր տալիս, իր չայն անպակ էր խմում: Թե երկուսն էին տալիս` մեկն ինքն էր ուտում, մյուսը` տանում էր իր Գրիգորին:
Տացուն սեղանին նստելիս միշտ առաջին բրդուջը սարքում ու գորովանքով տալիս էր կողակցին.
-Անո՜ւշ արա, իրիցկի՛ն ջան….
Էսպես ջան ու ջիգյար անելով իրար հետ ապրեցին ուղիղ 78 տարի…. Մի ողջ մարդկային կյանք… մի երջանիկ հավերժություն:

Ու երբ Տացուն մահացավ, Անուշը կորցրեց հիշողությունը: Անընդհատ մի կոնֆետ էր պահում, մի համով պատառ.
-Տանեմ Տացուիս….
Հետո մի պահ վերականգնվում էր հիշողությունը, հիշում էր կորուստն ու լալով գնում էր ժամ` Տացուի շիրիմի մոտ, բայց ճամփին կրկին մոռանում էր, ու չէր հիշում, թե ուր է գնում: Շվարած կանգնում էր ճանապարհին, մինչև գյուղացիներից մեկը տեսնում էր նրան ու տուն էր բերում: Գառնիկը տեսնում էր նրան, աչքերը լցնում, համբուրում էր ճակատը, ինչպես ժամանակին իրիցկինն իր ճակատն էր համբուրում, ու գորովանքով հարցնում.
- Ո՞ւր էիր գնացել մամի ջան
- Չիդեմ, Գառնո՜ւկս, ես ինչի՞ եմ լացել, աչքերս ինչի են թաց…,- ու անմեղ երեխայի պես նայում էր տանեցիների աչքերին` սպասելով որ մի բացատրություն կտան:

Տացուի քառասունքը պիտի լիներ այդ օրը, Ազնիվը սեղանի պատրաստություն էր տեսնում, ու երբ լուսադեմին հոգնած եկավ պառկեց քնելու, իրիցկինը լալով արթնացավ….
- Ազնի՜վ ջան, ձգու՜կս, ճրագը վառե՜, Տացուս ինձ է կանչում, գնամ տեսնեմ ի՞նչ է ասում….
Ազնիվը սարսափած վեր թռավ, ճրագը վառեց ու մոտեցավ իրիցկնոջը: Նրա արցունքոտ աչքերի պաղությունից սարսռաց, ու ետ-ետ ընկավ: Ապա աչքն ընկավ բերանի անկյուններում սառած ժպիտին, ակամայից ժպտաց` Տացուն մենակ չթողեց նրան….

Tig
05.11.2010, 15:26
Հով:kiss

հ.գ. մի հատ էլ ստեղ պաչեմ…:D ապրես

Chuk
05.11.2010, 15:30
Հով ջան, էս շարքումդ հատկապես ոճն եմ սիրում, պատմելուդ կերպը: Պատմվածքդ էլի լավն ա, բայց ինձ թվում ա, որ լավն ա ամբողջականության մեջ, մյուսների կողքին, մյուսների հետ: Չգիտեմ ճիշտն ասած, եթե նախորդները, եթե Տացուի ու Գառնիկի, Ազնիվի ու իրիցկնկա մասին արդեն իսկ չիմանայի, որպես առանձին միավոր, առանձին պատմվածք կհավանեի, թե չէ: Բայց էս ամբողջականության մեջ շատ լավն ա:

impression
05.11.2010, 15:32
աչքիս վերջում փող ենք հավաքելու, էս շարքը տպենք :)

Տենց էլ կա Արտ ջան, սրանք մի ամբողջություն են փոքրիկ պատումների տեսքով, որոնք վերջում մի ինչ-որ ձևով կմիանան իրար....

Malxas
05.11.2010, 15:34
Լավ պատմվածք էր, հետաքրքիր էր և ներքին հմայք ուներ իր մեջ: Շուտով գյուղի անցուդարձից ահագին տեղյակ կլինեմ: :)
Կարող է վերջում միացնես պատմվածքներն ու վեպ դարձնես: :)

My World My Space
05.11.2010, 15:36
աչքիս վերջում փող ենք հավաքելու, էս շարքը տպենք :)

վատ միտք չի, գիտե՞ս....:B

Dayana
05.11.2010, 15:39
Հով ջան, էս շարքումդ հատկապես ոճն եմ սիրում, պատմելուդ կերպը: Պատմվածքդ էլի լավն ա, բայց ինձ թվում ա, որ լավն ա ամբողջականության մեջ, մյուսների կողքին, մյուսների հետ: Չգիտեմ ճիշտն ասած, եթե նախորդները, եթե Տացուի ու Գառնիկի, Ազնիվի ու իրիցկնկա մասին արդեն իսկ չիմանայի, որպես առանձին միավոր, առանձին պատմվածք կհավանեի, թե չէ: Բայց էս ամբողջականության մեջ շատ լավն ա:

Ինձ թվում ա էս բոլորի վերջում մի հատ սիրու՜ն վիպակ կստացվի: :aha

Chilly
05.11.2010, 15:39
արա դե զզվցրիր էլի :angry

լավն ա, հիանալի ա :angry բայց լավն ու հիանալին էլ պիտի չափ ու սահման ունենան չէ՞...

Հ.Գ. Յա տրեբույու սլեդույուշի! :love

Ռուֆուս
05.11.2010, 16:26
Հով, շատ լավն էր :kiss Արդեն վատ եմ զգում, որ պատմվածքներիցդ մեկը դատափետել եմ :oy :))

Լսի, բա գյուղի քհմ, ինտիմ կյանքին ե՞րբ ես անդրադառնալու :D Մենակ չասես, թե էն վախտերը տենց բաներ չկայի՜ն :D

Եկվոր
06.11.2010, 13:58
աչքիս վերջում փող ենք հավաքելու, էս շարքը տպենք :)

վատ միտք չի, գիտե՞ս....:B

Հով, իսկ միգուցե փողը հենց հիմա հավաքենք, իսկ հետո, Լիլիթի աչքի վերջում, շարքը տպե՞նք;)

My World My Space
06.11.2010, 17:04
Հով, իսկ միգուցե փողը հենց հիմա հավաքենք, իսկ հետո, Լիլիթի աչքի վերջում, շարքը տպե՞նք;)

Դե ձեզ տեսնեմ..... :))

Ֆոտոն
06.11.2010, 17:50
Ես էլ հավանեցի, ինչպես միշտ::love Բայց վեպ կամ վիպակ դարձնելուն կողմ չեմ, էսպես առանձին, շարքի մեջ ավելի լավ ա: Մի չամիչը լավ ա, 10 հատն էլ լավ ա, բայց միայն չամիչից տորթը էդքան էլ լավ չի: Ուզում եմ ասել, որ ստիպված կլինես միացնելու համար ծռմռել որոշ բաներ, երևի հասկացար:
;)

Dayana
06.11.2010, 18:03

Դու հատ գնացած զուգագուլպա սիրու՞մ ես:

Ֆոտոն
06.11.2010, 18:24
Դու հատ գնացած զուգագուլպա սիրու՞մ ես:

Երբեմն այո՛, մեծ մասամբ՝ ոչ::8

Dayana
06.11.2010, 18:32
Երբեմն այո՛, մեծ մասամբ՝ ոչ::8

Էս դեպքում վրիպակի մասին արված դատողությանը չեմ կարող «հակասել» :pardon

Շինարար
06.11.2010, 18:36
Հով, առաջին անգամ եմ հանդիպում, որ Բոզգեղցի աղջիկ ուզելը ամոթ համարվի, Համզաչիմանցիք էն քո պատմած առաջներում հարուստ են եղել, դպրոց են ունեցել ու կիրթ են եղել, մի խոսքով հարգի ժողովուրդ են եղել, ու քանի որ խելացի, կիրթ են եղել, իրանց աֆերիստ են ասել: Իմ իմացած իրականությանը չի համապատասխանում: Էլի լավ ա, որ գրել ես՝ աղջկան փախցրել ա, թե չէ էդ խուլ գյուղը տենց հեշտ Բոզգեղից հարս չէին ուղարկի, ամենաքիչը՝ Ղարաքլիսա կամ Ջալալօղլի էր պետք, որ գյուղից դուրս ուղարկեին իրանց աղջկան:beee

My World My Space
06.11.2010, 18:46

Հարգանքներս Շին ջան, :hi
Ասեմ, որ Բոզգեղը Լոռու մարզի Բոզգեղը չի.....;)

Շինարար
06.11.2010, 18:50
Հարգանքներս Շին ջան, :hi
Ասեմ, որ Բոզգեղը Լոռու մարզի Բոզգեղը չի.....;)

Հա, էդ ուրիշ, ես էլ զարմացա, ախր, հերը պիտի գոհ լիներ, որ տղեն տենց առատ ու հարուստ գյուղից աղջիկ ա հավանել:)) Ուրեմն էլ խռով չեմ, դե մնացածը գիտես, չսկսեմ գովքիս տոպրակը բացել:)

My World My Space
06.11.2010, 18:52
Ես էլ հավանեցի, ինչպես միշտ::love Բայց վեպ կամ վիպակ դարձնելուն կողմ չեմ, էսպես առանձին, շարքի մեջ ավելի լավ ա: Մի չամիչը լավ ա, 10 հատն էլ լավ ա, բայց միայն չամիչից տորթը էդքան էլ լավ չի: Ուզում եմ ասել, որ ստիպված կլինես միացնելու համար ծռմռել որոշ բաներ, երևի հասկացար:
;)

Հով ջան, էս շարքումդ հատկապես ոճն եմ սիրում, պատմելուդ կերպը: Պատմվածքդ էլի լավն ա, բայց ինձ թվում ա, որ լավն ա ամբողջականության մեջ, մյուսների կողքին, մյուսների հետ: Չգիտեմ ճիշտն ասած, եթե նախորդները, եթե Տացուի ու Գառնիկի, Ազնիվի ու իրիցկնկա մասին արդեն իսկ չիմանայի, որպես առանձին միավոր, առանձին պատմվածք կհավանեի, թե չէ: Բայց էս ամբողջականության մեջ շատ լավն ա:

Տենց էլ կա Արտ ջան, սրանք մի ամբողջություն են փոքրիկ պատումների տեսքով, որոնք վերջում մի ինչ-որ ձևով կմիանան իրար....

Ժողովուրդ ջան, միավորելը անպայման չի նշանակում, որ վեպ կամ վիպակ կդառնա, կարա նաև մի ընդհանուր վերնագրի տակ փոքրիկ պատումների մի շարք լինի, ինչ ավելի եմ նախընտրում, քանի որ սյուժով դրանք բերել-իրար կապելը համ դժվար կլինի համ ոչ հաջող: պատումներից յուրաքանչյուրը գյուղի` մասնավորապես նախնիներիս կյանքի առանձին դրվագներ են, որոնք ներկայացրել եմ գեղարվեսատականացված: Դրանք իրար կպցնելը կկորցնի ամեն մեկի առանձին համ ու հոտն ու վիճակը: Դրանք կկապվեն իրար ինչ որ իրադարձձություներով ու կդառնան արհեստական, քանի որ էս իրադարձությունները ժամանակային առումով իրարից խիստ հեռու են....

Էնպես որ կլինի պատումների շարք (եթե իհարկե լինի....);)
Շնորհակալ եմ բոլորիդ....