PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Գառնիկը...



My World My Space
26.10.2010, 13:04
Գառնիկը...



Պատերազմը նոր էր սկսվել, երբ Գառնիկը կամավոր գրվեց: Շրջսովետում չեմուչում արին, ընդդիմացան.
- Ախր այ Գառնիկ ջան, կոլխոզի նախագահ մարդ ես, բա դու որ գնաս, ո՞վ պիտի գյուղին տիրություն անի:
- Նեմեցը որ գյուղ հասավ, նա կկառավարի,- հանգիստ ասաց Գառնիկն ու պահանջեց, որ դիմումը ստորագրեն,- հմի սաղս նստենք մեր գործն անե՞նք, բա պատերազմ ո՞վ գնա:

Գառնիկն արդեն յոթը տարի է նախագահ էր. ողջ գյուղը միաբերան նրան նախագահ ընտրեց, շրջկոմի քարտուղարն էլ ուզած չուզած հաստատեց: Գառնիկը խիստ, շատ խիստ նախագահ էր: Բայց արդար էր, դե Տացուի պահած տղան ո՞նց պիտի անարդար լիներ: Ու գյուղը քանի գնում էնքան ավելի էր սիրում Գառնիկին:
Գառնիկը որ գնաց, նոր նախագահ պիտի ընտրեին: Ում առաջարկեցին, ասեց`չէ: Գառնիկից հետո ոչ ոք չէր ուզում նախագահ լիներ: Տվին առան, առան տվին, որոշեցին որ Մացոյենց Համիկը կլինի գյուղի նախագահ, մինչև Գառնիկը ետ գա: Գառնիկը ֆրոնտից իր համաձայնությունը տվեց, շրջկոմի քարտուղարն էլ հաստատեց:
Համիկն էլ լավ նախագահ էր, բայց ինքն էլ էր սպասում, թե Գառնիկը երբ պիտի գա, ու աշխատում էր էնպես անել, որ Գառնիկի ու գյուղի առջև սևերես չմնա:
Մի օր որոշեց Ազնիվին որպես օգնություն ալյուր դուրս գրի, ժողով հրավիրեցին, բոլորը համաձայն էին: Ազնիվը տեղից ելավ, թուքումուր տվեց.
- Մենք հո ուրիշ աշխարհից չե՞նք, ոնց բոլորի երեխեքը, էնպես էլ` իմը….
Ու հարցը դրանով փակվեց:

Գյուղը շատ ծանր օրեր քաշեց, անտղամարդ մնացած Գառնիկի տունն` առավել:
Էրեխեքը մոտակա անտառում կաղին ու աճար էին հավաքում մկների պահեստարաններից, ու երեկոյան մի երկու գրպան աճարով տուն էին գալիս` սառած, թրջված: Գառնիկի մեծ տղան` Աղասին, հենց առաջին ձմեռը սաթլջամ ընկավ, հազիվ փրկվեց:
Գյուղը մկների հաշվին էր ապրում:
Գյուղացիք կատակում էին` սովը անցնի մեր փրկիչներին պատիվ ենք տալու…

Պատերազմը վերջանում էր, բայց սովի սատկությունը դեռ չէր ուզում վերջանար: Հարևան թուրքիայից 10-15 զինված հեծյալ մի գիշեր մտան գյուղ, ու գյուղի ձմռան մսացուն` մոտ 200 գլուխ ոչխար, քշեցին, տարան: Համիկը իրար խառնված էլ շրջկոմ դիմեց, էլ հարևան թուրքաբնակ գյուղերի նախագահներին, բայց ոչինչ անել չկարեցավ:
Շրջկոմից խորհուրդ տվին մենակ.
- Մի կերպ դիմացեք, հիմի էդ ոչխարների ժամանակը չի: Պատերազմ ա…
Դիմացան: Ծերերը չկերան ու մահացան, ջահելները մի կերպ դիմացան, մինչև գարունը բացվեց:

Գարնան բացվելուց շատ չանցած հաղթանակը բացվեց: Գյուղի 127 զինվորներից 38 զինվոր տուն էկավ, որը հիվանդ, որը հաշմանդամ: Գառնիկն էլ նրանց մեջ էր: Առավոտյան շուտ կոլխոզի մեքենայով Գառնիկին տուն բերեցին: Մացոյենց Համոն փաթաթվեց Գառնիկին:
- Բարի ես էկել, նախագահ ջան, էս քո պեչատը, էս քո բանալիները, բարով ղեկավարես… Ինձ էլ ավել-պակաս ներող կլինես, ինչ կարեցա` արեցի:
- Համո ջան, ախպեր ջան, իմ նախագահ լինելու հարցը մոռացի, նախագահը դու ես: Գյուղը միոտանի նախագահ ի՞նչ է անում:
Գյուղն իրենն ասեց, Համիկը առավոտյան հրաժարականի դիմումը ձեռին գնաց շրջկոմ: Գնաց, կնիքը դրեց շրջկոմի նախագահի սեղանին ու հայտնեց:
- Գյուղի նախագահը հետ էկավ, ես իմ գործն արեցի: Գյուղն իր նախագահին է ուզում, ես էլ հետները:

Տացուի թաղումից հետո Գառնիկն իմացավ ոչխարների գողանալու պատմությունը, վեր առավ հրացանը, նստեց իր ձին ու գնաց: Ազնիվը սուգ ու շիվան կապեց.
-Քոռանա՜մ ես, Գառնիկիս կսպանեն:
Վրա երրորդ օրը Գառնիկը ետ էկավ: Առաջն արած 400 ոչխար բերեց էրկու սել էլ ցորեն: Էկավ կանգնեց գյուղամեջում, ապրանքը բաժանեց ու լուռ ու մունջ տուն գնաց:
Սովը դեռ շարունակվում էր:
Գառնիկի պատկից հարևան Վերգոն, որ պատերազմից Գառնիկի հետ էր էկել, մահացավ ու անտեր թողեց իր հինգ էրեխեքին: Խեղճերի ծանր վիճակն ավելի ծանրացավ ու Գառնիկը որոշեց որպես օգնություն նրանց մի պարկ ալյուր տալ: երկու օր անց Գառնիկին ձերբակալեցին: Հայրենիքի դավաճանի ու տնտեսություն վատնողի պիտակը դրին վրան ու քշեցին Սիբիր:
Գյուղում լուր տարածվեց, որ Վերգոյի մեծ տղան է դանոս գրել Գառնիկի վրա:
Գյուղ-գեղովի էլան ու Վերգոյեցն ողջ ցեղին գյուղից քշեցին:
Մացոյենց Համիկը էլի նախագահ էլավ: Գյուղը համակերպվեց, ապրեց: Ազնիվը վշտից մի բուռ դառավ, բայց տղամարդու պես տոկաց, երեխեքն էլ թև ութիկունք էղան, ապրեցին: Ութը տարվա մեջ մեն-մի նամակ էկավ Գառնիկից, մեջը գրած.”Գալիս եմ, Ազնիվս….”, Ու տակից մի երգ.


Միամիտ տեղս ես մի հանցանք գործեցի
Մեղավորվա ութը տարի գնեցի
Երբ որ բանտը մտա, իսկույն զգացի
Ափսոս այս անունը վրես դրեցի

Բանտարկյալի կյանքը շատ վատ անուն է
Ոմանց համար ճիշտ որ սա ուղղիչ տուն է,
Ոմանց համար պարծանք ու մեծ անուն է,
Ափսոս ես ինձի պախարակեցի

Փոգացի Գառնիկն եմ, էսպես գրեցի
Բանտարկյալի կյանքը ես անիծեցի
Ութը տարի անմեղ տեղս գնեցի
Ափսոս թանկ անունս էժան ծախեցի….

Չորս ամիս անց Գառնիկը ետ եկավ: Գյուղը գալուստը տոն սարքեց: Տացուի մեծ տղան` Աղասը գնաց գյուղի ճամփին նստեց, սպասեց, Գառնիկը եկավ, ոտքերի տակ մի սև խոյ մորթեց.
- Գառնիկ ջան, ախպերս, գալդ լինի, էլ գնալդ չլինի…. Ինչքան տանջվեցիր հերիք ու բոլ է….
Գրկեցին իրար ու ուրախությունից լաց էղան:
Ազնիվը չդիմացավ, լացեց ու Գառնիկի ոտքն ընկավ…
- Հերիք էղավ անաստվա՜ծ, մաշեցիր հոգիս, ի՞նչքան պիտի քեզ սպասելով ապրեմ…
Գառնկի մեծ տղան` Աղասը, որն արդեն բեղ-մորուսով երիտասարդ էր, մի ցուլ պառկացրեց ու ողջ գյուղը քեֆի էկավ…. Քեֆի ժամանակ ձայն վերցրեց Մացոյենց Համիկը.
- Բարի ես էկել նախագահ ջան…. Հերիք չէղա՞վ քո տեղը պահեմ, արի մի տես ի՞նչ ես անում էէէէ՜,- ու ծիծաղեց,- ապրի տղեդ,- էնպես արեց, որ տունդ չզգա քո պակասությունը, բայց… գյուղը զգաց… կարևորը` սաղ - սալամաթ ետ ես էկել… քո ընտանիքի գլխից ու գյուղից անպակաս էղնիս….

Առավոտյան Գառնիկը ժամ գնաց, աղոթք արեց, Տացուի շիրմին նստեց, խոսեց հետը.
- Էկել եմ, Տա՛ցու ջան, հե՜ր ջան.... էկել եմ քարդ պաքնեմ, ու նորից շնորհակալ լինեմ էն ամենի համար ինչ ինձ տվեցիր: Որ տված չլինեիր ես էս ութը տարին չէի դիմանա, կտրորվեի, կկորչեի... Ներող կլինես, որ պատգամիցդ անցա, Ազնիվիդ, ի՜մ Ազնիվին էլի տանջեցի... այսուհետև մինչ մահ, կողքից մի քայլ էլ չեմ գնա....իր հետ էլ կմեռնեմ, որ էնտեղ էլ մենակ չմնա...,- լացեց Գառնիկը, հոգին հանգստացրեց ու իջավ գյուղամեջ:
Գնաց ու իմացավ, որ Համիկը գնացել է շրջկոմ, որ էլի նախագահությունը Գառնիկին տրվի: Շրջկենտրոնից մերժել էին, թե` հայրենիքի դավաճանին կոլխոզի նախագահ չեն դնի…
Գյուղը զայրացավ, Համիկին ուղարկեցին շրջկոմ, որ շրջկոմի քարտուղարությունը գյուղ գա` նոր նախագահ ընտրելու:
Էկան, ժողով արին: Համիկը հրաժարականի դիմում ներկայացրեց: Ընդունեցին: Ամեն ինչ խաղաղ էր ընթանում: Ջրջկոմի նախագահը առաջարկեց թեկնածություններ ներկայացնել:
Համիկը տեղից վեր ելավ:
- Մեր միակ թեկնածուն Գառնիկն ա, ու արդեն միաձայն ընտրվել ա: Խնդրում ենք հաստաել, ընկեր նախագահ:
- Ոնց թե՞...
Ծերունիներից մեկը ոտքի էլավ
- Հարգելի նախագահ…. Գառնկի չափ ու Գառնիկի պես ոչով էս գյուղին տիրություն չի արել, Գառնիկն է էս գյուղը ծաղկացել: Էն որ Գառնկին մի պարկ ալյուրի համար 8 տարի տվեցիք, մի կերպ դիմացանք: բայց ախր դա մեր ալյուրն էր, չէ՞… մեզ մի հարցնող էղա՞վ, մենք բողոք ունենք թե չէ…. Չէղավ: Ախպեր մենք գեղովի համաձայն էինք, որ էդ ալյուրը տրվեր էդ անիծվածներին: Լա՛վ, ընդունենք թե Գառնիկը գողություն էր արել: Մենք բոլորս ներել ենք իրան, մեր բաժին ալյուրը գողանալու համար: Հմի պետությունը ընչի՞ տի չների… Մեր խնդրանքն ա, Գառնիկն առաջվա նման մեր նախագահը լինի, դու էլ մեր գյուղի բարեկամը մնաս, մենք էլ քո…
- Լա՜վ, ժողովուրդ ջան, ուրեմն մի բան կանենք,- խոստացավ շրջկոմի նախագահն ու ժողովը փակեց:

Երեք ամիս քսանըմեկ օր հետո շրջկոմի նախագահը գյուղ էկավ: Ժողով արին: Գառնիկին կանչեցին: Նախագահը խոսք վերցրեց:
- Ընկերներ, մեր պահանջով նոր դատաքննություն է անցկացվել ու Գառնիկին արդարացրել են: Խնդրեմ, ռեսպուբլիկական դատախազության գրությունը` “Գառնիկ Սանոսյանն արդարացվում է”…. Ձեր ընտրությամբ, ու մեր համաձայնությամբ Գառնիկն էլի գյուղի նախագահն է: Ընկեր Սանոսյան համեցեք ամբիոն:
Գառնիկն ամբիոն էլավ , հազաց, կոկորդը մաքրեց ու սկսեց.
- Տացուս մի լավ խոսք ուներ, ասում էր. Տղա ջան, չոր քաքը մարդու փեշի չի կպնում: Շնորհակալ եմ, որ հավատացիք ինձ, Իմացեք, որ ձեր Գառնիկը էլի ձերն է, ոտով գլխով…,- աչքերը լցրեց ու իջավ ամբիոնից:

Գառնիկը երեսուներկու տարի նախագահություն արեց: Գյուղը ծաղկացրեց, գյուղին տիրություն արավ, գյուղի մեջքը իր թիկունքում զգալով ավելի ուժովացավ: Հետո երբ նախագահությունը տվեցին իր Աղասին, նա էլի գյուղի մեծն էր: Ինչ անեին-չանեին գյուղում, Գառնիկի կարծիքը պիտի իմանային: Ու թե Գառնիկն ասեր, էսինչ բանը էսպես պիտի արվի, ոչով հակառակ չէր մտածի….

Գառնիկը գյուղի համար մեծություն մնաց….

Dayana
26.10.2010, 13:42
Գրեցի, ջնջեցի, էլի գրեցի, էլի ջնջեցի, ապրես Հով, հավնեցա, շատ: :)

Lion
26.10.2010, 13:52
Տացուի թաղումից հետո Գառնիկն իմացավ ոչխարների գողանալու պատմությունը, վեր առավ հրացանը, նստեց իր ձին ու գնաց: Ազնիվը սուգ ու շիվան կապեց.
-Քոռանա՜մ ես, Գառնիկիս կսպանեն:
Վրա երրորդ օրը Գառնիկը ետ էկավ: Առաջն արած 400 ոչխար բերեց էրկու սել էլ ցորեն: Էկավ կանգնեց գյուղամեջում, ապրանքը բաժանեց ու լուռ ու մունջ տուն գնաց:

Մալադեց տղեն! Ես այնպես հասկացա, որ թուրքերից էր բերել: Դե իսկ արդարացումն էլ - ուղղակի երջանկություն է :)

Ռուֆուս
26.10.2010, 13:59
Հովոյին արդեն ասել եմ, մի հատ էլ ստեղ գրեմ:

Էդքան էլ չհավանեցի, Հովոյից ավելին էի սպասում: Շարքը մանրից դարձել է գյուղի քրոնիկա, դեպքերի չոր ու ցամաք նկարագրություն: Էսթետիկական գեղեցկությունը պետք չէ անտեսել:

Ծով
26.10.2010, 14:07
վայ..ինչ հետաքրքիր ա..առանձնապես եսիմինչ սյուժե չէր, բայց տարավ...շատ պարզ, հասկանալի, բայց կարդացիր ու մնաց մեջդ...բարի էր...ապրես...:)

CactuSoul
26.10.2010, 14:24
Շարքը մանրից դարձել է գյուղի քրոնիկա, դեպքերի չոր ու ցամաք նկարագրություն:
Ռուֆ, կարող ա՞ Հովոն քեզ ավելին ա խոստացել:)):

Ինձ դուր է գալիս, հատկապես իբրև մեկ ամբողջություն՝ բոլոր պատումները միասին: Եթե հավաքվեն էս բոլորն ու գիրք/գրքույկ դառնան, եւ ես դրանից չունենամ, նախանձից չգիտեմ ինչ կլինեմ:
Չգիտեմ՝ ինչն է գրավում, երևի պարզությունն է, ճոխ հավակնություններ չունենալը, երբեմն հենց այն, ինչ գուցե ուրիշներին վանի՝ որ կոնկրետ ու բուռն սյուժե չի՝ իր սկզբով, զարգացումով ու հանգուցալուծմամբ, այլ պարզապես պատում:
Մի խոսքով՝ դուրս գալիս է էս շարքը, համով է, լավն է: Ապրես, Հով:
:love

Dayana
26.10.2010, 15:00
Հովոյին արդեն ասել եմ, մի հատ էլ ստեղ գրեմ:

Էդքան էլ չհավանեցի, Հովոյից ավելին էի սպասում: Շարքը մանրից դարձել է գյուղի քրոնիկա, դեպքերի չոր ու ցամաք նկարագրություն: Էսթետիկական գեղեցկությունը պետք չէ անտեսել:
Ռուֆ, էս մեկը էնքան էլ «չոր» չէր :aha

Tig
26.10.2010, 21:00
Հով, քեզ արդեն ասել եմ, բայց մի անգամ էլ ստեղ ասեմ: Ընդհանուր լավա, բայց մի երկու տեղ անցումենրը շատ կտրուկ են ստացվել…
Անհամբեր ես էլի…:)

Smokie
27.10.2010, 12:45
Լավն էր: Շատ հետաքրքիր էր, ինձ դուր եկավ: :good

My World My Space
27.10.2010, 21:50
ժող ջան, շնորհակալ եմ արձագանքների համար,.... իմացեք, որ հետևություններ անում եմ....
Մենակ մի դիտարկում էլի, գյուղի կյանքը մենակ լիրիկականից ու մենակ տխուր և/կամ ուրած լացացնող դեպքերից չեն կազմված, բաներ կան, որ պիտի չորուցամաք ներկայացնես, որ դրանից հետո էդ հուզմունքը հասկանալի լինի.... առանց նախապատմություն չի հասկացվի, առանց դեպքերն իմանալու հուզմունքը ընկալելը դժվար է.....