PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Եղիշե Չարենց. «ձախության» շրջան



Նաիրուհի
12.10.2010, 01:18
Ո՜վ իմաստուն, այդ շերեփով չի՛ դատարկվի այս կաթսան.
Քանի՜-քանի՛ իմաստուններ և հանճարներ անսասան
Այդպես՝ միայն հայեցումո՛վ այն ձգտեցին դատարկել,
Եվ ո՛չ միայն հատակն, այլև - մակերե՛սը չտեսան։

Չարենցի 1922-24 թթ. ստեղծագործություններին այսօր մենք վերաբերվում ենք այնպես, կարծես դրանք գրողը մեր մեծագույն պոետը չէ։ Ժամանակային առումով «Տաղարանի» և «Ռուբայաթի» միջև ընկած գործերը գրեթե երբեք լուրջ քննարկման չեն արժանանում. մասնագետներն անգամ խուսափում են դրանցից՝ համարելով անարժեք, հետաքրքրության ոչ արժանի, կարճ ասած՝ «թյուրիմացություն»։
Անվերջ կարելի է օրինակներ բերել, որոնցում, անշուշտ, նրա տաղանդը չնսեմացնելով, Չարենցի բուռն որոնումների պատմության մի ամբողջ գլուխ գրչի մեկ հարվածով ստանում է «մոլորության», «ձախության», «անկումի», «սխալի» պիտակ։ Ինչ-ինչ պատճառներով բացասաբար տրամադրված լինելով մոդեռնիստական ուղղությունների նկատմամբ՝ մեր գրականագետները կարծես Չարենցի համար ամոթալի և անհարիր են համարում դրանցով տարվելը։
Կյանքի վերջին ամիսներին, քառասնամյակի բեռը ուսերին, քննելով ապրած կյանքը, անցյալն ու ներկան՝ Չարենցը փաստում է, որ իր մեծագույն հպարտությունն այն է, որ երբեք որևէ կեղծ տող չի գրել։
Եվ պոետի այս հայտարարությունից հետո ինչքանո՞վ է արդար այն վերաբերմունքը, որ ցուցաբերում ենք մենք նրա ստեղծագործության մի զգալի հատվածի հանդեպ։
Անտեսված ստեղծագործությունները գրված են հիմնականում ֆուտուրիզմի և նրա հիման վրա ավելի ուշ ձևավորված կոնստրուկտիվիզմի սկզբունքներով։
Դրանք կան միայն ակադեմիական հրատարակություններում։ Ոչ մի հատընտիրում դուք «Ռոմանս անսերը» չեք գտնի։ Համացանցում ևս այսօր անհնար է գտնել այդ գործերը։ Իսկ ի՞նչ վատ կլինի, եթե դրանց առաջինը հարթակ տրամադրի Ակումբը։
Այս թեմայում աստիճանաբար կտեղադրեմ Չարենցի «ձախության» շրջանի գործերը։

Նաիրուհի
12.10.2010, 01:44
Մինչ բուն ստեղծագործություններին անցնելը՝ փոքրիկ պատմական էքսկուրս ;)

Ֆուտուրիզմ/ապագայապաշտություն

1909 թ. փետրվարի 20-ին Ֆ. Տ. Մարինետտին Փարիզում հրատարակում է «Ապագայապաշտության հանգանակը», որով ծնունդ է տրվում 20-րդ դարի արվեստի ամենածավալուն հոսանքներից մեկին՝ ապագայապաշտությանը (ֆուտուրիզմ)։
«Առասպելաբանությունն ու միստիկան արդեն անցյալ են։ Մեր աչքի առջև ծնունդ է առնում նոր կենտավրոսը՝ մարդը մոտոցիկլի վրա, իսկ հրեշտակները երկինք են խոյանում սավառնակների թևերին», «Կեցցե՜ պատերազմը. միայն այն կարող է մաքրել աշխարհը», «Մենք ուզում ենք քանդել թանգարանները»։ «Մենք պանծացնում ենք հարձակողական շարժումը, ոստումը, ապտակը և բռունցքը», «Կորչի´ կինը». ահա մի քանիսը Մարինետտիի գաղափարներից, որոնց շնորհիվ շատ արագ նրա շուրջն են համախմբվում բազմաթիվ արվեստագետներ։ Խելահեղ արագությամբ զարգացող կյանքի ետևից հասնելու համար ապագայապաշտները կոչ են անում դեն նետել անցյալի ամբողջ մշակույթը, այրել գրադարանները, հրաժարվել բոլոր ավանդական գեղագիտական սկզբունքներից, ուղղագրությունից, քերականությունից, թեմաներից, երգել քաղաքային կյանքը, շարժումը, գործարանները, փոխադրության նոր միջոցները, բնազդը, ուժը… Նրանք հավակնում են արվեստը սկսել իրենցով։
Իտալական ավանդության և ավանդապաշտության դեմ ըմբոստությունն արագորեն ծավալվում է և ընդգրկում մյուս եվրոպական երկրները՝ հասնելով մինչև Ռուսաստան՝ ծնունդ տալով բազմաթիվ ճյուղավորումների ու խմբակների։ Թերևս ոչ մի միջազգային գեղարվեստական շարժում այդքան արագ արձագանք չի գտել հայ գրականության մեջ։ Արդեն 1910 թ. Պոլսում, իսկ 1914 թ. Թիֆլիսում Հր. Նազարյանն ու Կարա Դարվիշն անդրադառնում են այս ուղղությանը՝ ունենալով բազմաթիվ հետևորդներ։
Պաշտոնապես Չարենցի պոեզիայի ապագայապաշտական շրջանն սկսվում է 1922-ին, երբ նա Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու հետ համատեղ հրատարակում է «Երեքի դեկլարացիան» (ի դեպ, դեկլարացիայի հեղինակները չեն խոսում ֆուտուրիզմի մասին։ Հայտարարությունը ֆուտուրիզմի շրջանակներում տեղադրում են հակառակորդ քննադատները։ Սակայն իր ակնհայտ հակադրվող բնույթով հանգանակը գործում է բոլոր ֆուտուրիստական հանգանակների տրամաբանությամբ)։ Դեկլարացիան, որը տպագրվում է «Խորհրդային Հայաստան» թերթի հունիսի 6-ի համարում, հեղինակների բնորոշմամբ՝ կոչված էր շարժելու հայկական գրական դաշտի ճահիճը։ Իրենց հանգանակի հրատարակումից հետո «Երեքը» մի իսկական արշավ են սկսում՝ հավաքներ, ժողովներ, բանավեճեր, ընթերցումներ… Հրատարակվում են երեք բյուլետեններ։ Մարինետտիի հանգանակի նմանությամբ անցյալի ավանդները մերժող, կյանքի շարժումը գովերգող «Դեկլարացիան», թերևս տիրող իրականության ֆոնին երևալով չափազանց կոպիտ ու գռեհիկ, իր դեմ է հանում ժամանակի քննադատների գերակշիռ մասին (Հ. Սուրխաթյան, Տ. Հախումյան, Պ. Մակինցյան և այլոք), որոնց համար դեռևս պաշտամունքի առարկա էր Տերյանն իր բանաստեղծական ավանդույթներով։
«Երեքի» հայտարարությունն իսկական ապագայապաշտական հանգանակ է և այդ ուղղության պատմության մեջ վերջիններից մեկը։ Այն առաջին իսկ նախադասությունից ցույց է տալիս անցյալը քանդելու իր վճռական մտադրությունը.

«Ներկա հայ բանաստեղծությունը մի թոքախտավոր է, որ անխուսափելիորեն դատապարտված է մահվան։
Նրա գոյության միակ արդարացումը-մահամերձ լինելն է։
Նրա տրադիցիաները նման են թոքախտավոր երեխաների, որոնք, բացի վարակումից, ոչինչ չեն առաջացնում։
«Հայրենիք», «Սեր անբիծ», «Անապատ ու մենություն», «Մթնշաղներ նրբակերտ», «Մոռացում ու երազներ»,.ահա մեր գրական թոքախտի մանրէները, որոնց առաջացրած պտուղներն են՝ նացիոնալիզմ, ռոմանտիզմ, պեսիմիզմ և սիմվոլիզմ։
Մենք հանդես ենք գալիս որպես ախտահանողներ։
Մենք բերում ենք մեզ հետ մաքուր օդ և երկաթե առողջություն։
Քաղքենի նացիոնալիզմին մենք հակադրում ենք պրոլետարական ինտերնացիոնալիզմը։
«Անբիծ սիրուն» մենք դեմ ենք դնում սեռական առողջ բնազդը։
Մեզ համար «Անապատներ» դարձել են բազմաժխոր քաղաքներ։
Իսկ մեր երակների մեջ մենք զգում ենք բազմահազար ամբոխների հույզը։
«Նրբակերտ մթնշաղներին» այսօր հաջորդել է բոսոր արշալույսը և պայքարող դասակարգի մարտական շեփորը արթնացրել է մեզ «մոռացման երազներից»։
Մեր մեջ ստեղծագործում է բազմությունների տեմպը, և մենք դեպի բազմությունն ենք իջեցնում մեր դտեղծագործությունը։
Մենք պահանջում ենք.-
1. Դուրս հանել բանաստեղծությունը սենյակներից դեպի փողոցներն ու մասսաները և գրքերից դեպի կենդանի խոսքը։
2. Արտահայտել այն, ինչ որ այժմեական է-շարժում, դասակարգային պայքար, երկաթ ու կարմիր։
Այդ նպատակներին հասնելու համար բանաստեղծության մեջ պետք է կիրառել՝
1) Ռիթմը որպես շարժում.
2) Պատկերը (образ) որպես կենցաղի բնորոշում.
3) Ոճը և լեզուն որպես նյութի և խառնվածքի արտահայտություն։
Մեր օրվա լոզունգն է.
Կորչեն գրական արիստոկրատ շկոլաները, առանձնասենյակային գրողները, գրադարաններում ննջող գրքերը և սալոնային կանայք։
Կեցցե գեղարվեստական կենդանի խոսքը ստեղծագործող բազմություններում։
Կեցցե ստեղծագործող բազմությունը իր հզոր ռիթմով։
Կեցցե պրոլետարական հեղափոխությունը»։

Սա «Երեքի» հանգանակն է, որը շարժում է քննադատների զայրույթն ու դժգոհությունը։ Բազմաթիվ հոդվածներ են հրատարակվում, որոնցում հանգանակը համարվում է մոսկովյան ֆուտուրիստների դրույթների կրկնություն, որը թեև աշխուժացնում է գրական կյանքը, սակայն նրա առաջարկած լոզունգները միանգամայն անհարիր են համարվում Խորհրդային Հայաստանին և պրոլետարիատին։ «Երեքի» որդեգրած ուղղությունը համարում են «հղփացած կապիտալիզմի պորտաբույծ և տխրող հասարակական խավի «ստեղծագործական» ժամանցի արդյունքը» ։ Այս ոգով գրված հոդվածների շարքում աչքի էին ընկնում Պ. Մակինցյանի «Հայկական Բուալոն և նրա արբանյակները թվով երեք ու կես», Տ. Հախումյանի «Ի պաշտպանություն չորրորդ աստիճանի հոտենտոտի», Հ. Սուրխաթյանի «Մի գրական դեկլարացիայի առիթով» հոդվածները։ Կ. Զարյանը նույնպես, Դեկլարացիայի հայտարարությունը համարելով ռուսական ֆուտուրիստների նմանատիպ հանգանակների նմանակում, գրում է. «Պրոլետ-բանաստեղծությունը, չտես գավառացու նման, արտասահմանից եկած հին շորերի հակերը կողոպտում է և ցնցոտիներով զարդարվում։ Մարինետտին իր սմոկինգը թողել էր Մոսկվայում, Մայակովսկին հագել էր և վրան բողկ կպցրել։ Հոգնել, նետել։ Սմոկինգը ընկել էր հին շորերի հակերի մեջ, եկել Հայաստան և հիմա Աբովյան փողոցում ման է գալիս… Րաֆֆիի վրա թքնում են։ Ահարոնյանի վրա թքնում են։ Տերյանի վրա թքնում են»։
«Երեքի» հայտարարությունը մերժում է անցյալի մշակույթը, ինչպես Իտալիայում Մարինետին և իր ընկերներն էին առաջարկում հիմնավորապես կործանել բոլոր թանգարաններն ու գրադարանները, ինչպես Ռուսաստանում «Ապտակ հասարակական ճաշակին» հանգանակի հեղինակներ Կրուչոնիխը, Բուրլյուկը, Խլեբնիկովն ու Մայակովսկին էին առաջարկում «արդիականության նավից դուրս նետել» Պուշկինին, Դոստոևսկուն, Տոլստոյին և այլոց։
Դեկլարացիայի անդամները իրենցով գրական նոր շարժում սկզբնավորելու վստահությունն ու համոզվածությունն ունեն։ Մեկ տարի անց Չարենցը գրում է. «Կազմակերպելով «Երեքը»՝ ես հանդես եկա որպես պրոլետարիատի դիկտատուրայի շրջանի պոեզիայի հիմնադիր մեզանում… Մեր գրական ճահիճը ավելի քան անշարժ էր. ճահիճը հարկավոր էր շարժել։ Ես շարժեցի»։

Նաիրուհի
12.10.2010, 02:09
«Պոեզոզուռնան» ես իմ միակ գիրքն եմ համարում և առաջին գիրքը Տերյանից հետո:
Ե. Չարենց

Պոեզոզուռնա

***

Երբ
Դուք
Արնոտած շրթունք ու բերան
Գիտեք լոկ դառնորեն ոռնալ-
Ես արև´ը բերի հուրհրան,
Որ շինեմ խնդության զուռնա...

***

Տեսե՞լ եք
Դուք
Երբևէ
Աչքերով ձեր կույր, անոթի-
Ոսկեզօծ զուռնան արևի՝
Կախված ամառվա զենիթից...

Լսե՞լ եք
Նրա ձայնը
Ձեր
Աչքերով չար ու տանջող-
Երբ արևը ձե´զ,
Ձե´զ գուցե
Կանչել է իր բորբ ղողանջով…

Դուք,
Մարդիկ,
Որ գիտեք կոպեկնոց սիրով
Ձեր կակուղ սրտերը հալել-
Լսե՞լ եք արևի հուր երգը բորբ,
Երբ արև´ն է-զուռնաչի Ալեք…

Լսե՞լ եք…
Չե´ք լսել։
Չէ´։
Իսկ ես-
Ձեր պոետը խոնարհ,-
Իսկ ես-
Ձեր պոետը լուսե-
Այդ երգը ոսկեբառ
Ինչքա՜ն եմ ես լսել…

Լսե՜լ եմ,
Լսե՜լ եմ-
Ես…
Նա
Ե´րգ է եղել,-
Իսկ
Դուք,
Իսկ դուք,
Մարդիկ,
Հասկացե՞լ եք այդ երգն հրեղեն…

Օգոստոսի շոգին
Ես-
Ձեր պոետը խոնարհ,-
Ես-
Ձեր պոետը լուսե-
Այնքան պա՜րզ եմ տեսել
Ձեր բառաչող հոգին…

Տեսե՜լ եմ,
Տեսե՜լ եմ-
Ես…
Նա եղել է-
Դուքան,
Ցուցանակ.
Նա կքել է կոպեկի ներքո։
Որպեսզի ձեր գանգը չշոգի,
Որպեսզի ձեր սիրտը հովանա,
Դուք ծածկե´լ եք արևը ձեր ծեր
Ձեռքով…

Վա´յ
Ձեզ,
Վա´յ բոլորիդ…
Ձեզ, որ գուրգուրում եք ձեր սիրտը սև։
Ինչ շահ ձեր գանգի դհոլին
Երգերից իմ՝ լույս ու լուսե…

Չգիտե՜ ձեր սիրտը սև,
Որ աշխարհը կարող է փոխվել
Խնդության խո՜լ ալիքի-
Եթե մի անգամ գեթ լսեք
Այն վերի՜, վերի Ալեքին… :love

Արևածագ
12.10.2010, 03:55
Նաիրուհի, շնորհակալություն թեմայի համար: Այն կարդալով ու ներկայիս որոշ իրողությունների հետ համեմատելով՝ Ն. Կարամզինի բառերով եմ գրում եզրակացությունս:

Ничто не ново под луною:
Что есть, то было, будет ввек.

Լուսնի տակ և ո'չ մի նոր բան չկա.
Ինչ կա՝ արդեն եղել է, ու դեռ էլի կլինի:

Նաիրուհի
12.10.2010, 23:54
Հ. Խ. Ս. Հ.

Նո´յն էր մինչև երեկ
Նստել
Վերը՝
Ձյունե Արարատի գլխին։

Էսօր վա´ր ենք բերե,
Որ թևքերը քշտե
Եվ խուղերը սրբե աշխատավոր խալխի։

Էսօր-
Ե´ս եմ կեցել,
Ինձ հետ-
Եռանդը ձեր՝
Հագո´,
Մկո´,
Հաբե´թ.
Կեցել եմ մեյդանում.-
Ե´ս եմ-
Եվ դո´ւ,
Եվ դու.
Բոռում եմ բերանբաց,
Բոռում եմ՝ բե´ր...

Եվ...
Ահա խուղերը խուլ,
Փողոցները քոսոտ,
Կորած բոսոր հողում
Խճուղիները սև-
Հորդում են հորդահոս,
Փողոցը ողողում,
Լցվում են աչքերիս դռներից
Ներս...

Էստեղ-
Քաշում են մաճ։
Մաճը ճեղքում է սիրտս-վարում։
Էստեղ գործում են կտավ։
Նա։
Նա։
Նա։
Ո՞ւր է։
Գտա՞ր-
Չգտա՞ր...

Էստեղ մեյդան է, չայխանա,
Էստեղ կիները մազերին դեռ դնում են հինա։

Էշը ահա-
Չո´ւ-չո´ւ-
Աստաֆյանի միջով։
Ավտոն նրան բոթում-
Բառաչում է բոսոր։

Մի երկաթե թռչուն
Մեր նաիրյան տոթում
Թպրտում է էսօր։
Շաչո՜ւմ են,
Շաչո՜ւմ են
Թևերը երկաթե։
Երկաթե թևերը քաշում են-վե՜ր...։
Այս ի՞նչ է՝
Օրերո՜ւմ
Մի եռ կա,
Թե՞-
Գալիքն է երգերիս
Սավառնակներ տվել...

Երգերս,
Իմ երկի´ր,
Քո շաֆրանով ներկած,
Քո արևով,
Տոթով,
Փողոցների ցեխով-
Փռե՜լ եմ դաշտերիդ
Հեռուներին չարքաշ,
Սիրտս զուռնա շինել,
Գալիքների դհոլ...
............................

Երկի´ր իմ արևի ու փոշու,
Էսօր
Ես
Ձուլված ամեն ինչից՝
Ուզես-ե´րգ եմ լուսե,
Ուզես-կապված մի շուն,
Ուզես-մժեղ չնչին...

Նաիրուհի
13.10.2010, 00:45
***

Արևի նարնջե ֆոնին
Տեսնո՞ւմ եք
Դուք
Թեք-
Երկաթե պրոֆի´լը իմ...

Ի՞նչ է՝
Սովո՞ր էիք
Կոպեկնոց դրամի վրա
Արքայի դեմք տեսնել...
Հիմա ե´ս եմ՝
«Որդի բանվորի»-
Իմ դեմքն է հիմա հուրհրան
Քանդակված արևին լուսե։

Ի՞նչ է՝
Մթամած նաշերում ձեր թեն
Վահրե՞ց ձեր հոգին հաղթական-
Երբ տեսաք իմ դեմքը երկաթե՝
Արևի ֆոնին քանդակած...

Նաիրուհի
15.10.2010, 01:07
Աղջիկը
շատ սիրով՝ Շադունցին

Աչքերը...
Այդ ի՞նչ էր.
Կանգնել էր-նայում էր խոսողին։
Աչքերում... նստել էր գյուղի կոմբջիջը՝
Տագնապը,
Գրգիռը,
Կամքը հողի։

Եկել էր գյուղից։
Հազիվ ունենար նա-տասնըյոթ տարի։
Գյուղի կոմբջիջը
Ղրկել էր աղջկան
Համագումարի։

Աղջիկը շիկնել էր։
Կարծում եք՝ սիրո՞ւց էր նրա կարմրությունը...
Օ, ո´չ,
Նա լսում էր շուրջի շշուկները,
Զգում էր, որ սիրտը ուռչում է,
Պայթո՜ւմ է...

Բանվոր էր խոսողը։
Ու խոսքը-նման էր երգի։
Լսում էր աղջիկը-և տաք կողերում իր
Զգում էր մի քա՜ղցր գրգիռ։

Այդ ի՞նչ էր,
Այդ ի՞նչ էր,
Այդ ի՞նչ էր վերջապես...
Լսում էր ճռի՜նչը մաճի։
Սրտի մեջ
Հույզը
Կտրել էր կապից.
Սրտի մեջ-աղմուկը տագնապի։
Թվաց, թե մի բան կա՝
Հուզո´ւմ է, հուզո´ւմ է, հուզո´ւմ է կողերը-
Ուզում է աճի...

Նման էր
Նո՜ր
Օրորի...
Տեսնում էր՝
Հերկը,
Առուն...
Արևը-լծվել էր արորին,
Արևը-ե´զ ահագին-
Քաշում էր արորը արևածագի:

Ու սիրտը-պայթում էր։
Տագնա՞պ էր,
Տա՞պ էր,
Գրգի՞ռ.-
Օ, ոչ. մոտենում էր նրան-մայրությունը...

Ծնվում էր-նո՜ր մի երկիր...

Նաիրուհի
15.10.2010, 02:20
Քեզ

«Է-Կա»-ում նստած
Վստահ
Նայում ես ինձ-
Եվ
Դեպի սիրտս
Հաստատ
Արշավում է հայացքդ-
Ձի...

Չկա-
Սենյակը «Է-Կա»-ի:
Տոթ է:
Եկած գարաժից
Մի
Շոֆեր-
Արջ ահագին-
Կարդում է՝
«Ագիտ-
Բաժին»:

Այստե՞ղ է,
Օրիո՛րդ,
Հա՞…
Օրիորդ չկա՛…
Ընկե՛ր…
Ու ծածկեց, որպես սև վահան
Հայացքդ,
Դեմքդ,
Քեզ:

Հետո…
Մոտեցար վստահ:
Ասացիր:
Եվ ես-
Ահագին-
Աչքերիդ նժույգին նստած
Սրընթաց թռա միտինգ…

Ուրիշ ի՞նչ…
Ոչինչ:
Խնդում:
Եվ
Մեկ էլ այն,
Որ դու-
Այնքան լա՛վն ես,
Զորեղ ի ծնե,
Որ կարող ես-գարա՛ժն ամբողջ
Աչքերիդ նժույգով թռցնել… (:o)

Նաիրուհի
15.10.2010, 15:13
Գյումրի


Սիրելի Արտաշես Տեր-Մարտիրոսյանին, գյումրեցի պոետին

Դեռ երգում է այստեղ զուռնան,
Դեռ դհոլը սիրտ է հուզում:
Թող հոգիդ դառնորեն ոռնա-
Միևնույնն է՝ կմեռնի անլեզու:

Օ, զուռնա՛, զուռնա՛, զուռնա՛ .
Տխրություն:
Թախիծ դեղին:
Օրերը ցնորք կդառնան,
Աշխարհը -անդուռ փակուղի:

Ստվերի պես կանցնես անհետ,
Ստվերի պես կյանքդ կմարի,
Ու, մռայլ, կխնդա մահիդ-
Գյումրին...

II

Դու մի օր կանցնես այստեղից:
Կուղեկցե քեզ երգը զուռնայի:
Ու Գյումրին, գորշ, դեղին,
Անտարբեր, մռայլ կնայի:

Դու կանցնես հարբած ու անտարբեր,
Քայլերով տարտամ, անիմաստ:
Բուլվարը մշուշ կպատե,
Կժպտա «Ապոլլո» սինեման:

Ու, ծույլ, աչքերի տակով
Կհեգնե գյումրեցի Վաղոն
Օրերիդ ցոլքը վարդագույն,
Որ կորավ կյանքիդ դագաղում:

Առավոտ կընկնես կիսամեռ,
Կկանգնի սիրտդ հանկարծ:
Իսկ Գյումրին դեռ օղի կքամե,
Ու էլի զվարթ կզնգա:

Լոկ երգերդ շների նման
Ետևիցդ երկա՛ր կոռնան,
Ու վրադ պատարագ կանե-
Զուռնան...

Նաիրուհի
23.11.2010, 01:21
Սրինգը,
Կույր ու ծեր,
Անցնում էր փողոցով։
Սրինգը երգ էր գուցե.
Ելնում էր դեպի վեր,
Իջնում էր կոր գծով։

Իջնում էր–
Ետ էր դառնում.
Հասնում էր աստղերի ծերին,–
Ու նորից, որպես վաշխառու,
Աշխարհում փնտրում էր–ի՞նչ...

Աստաֆյանի միջով
Անցնում էր երգը սրինգի,
Ծեծում էր դռները չոր:
Դռների ետևում
Մարդիկ
Ուզում էին «Ռանգի»,
Ուզում էին– «Տասնչորս»։

Մնում էր–
Դռների առաջ։
Դառնացած, որ չեն թողնում ներս։
Եվ նորից, որպես մասխարա–
Թռչում էր– կոր գծով–
Վեր...

Ի՜նչ խղճուկ էր այդ ծեր վանեցին...
Այդ երգը, երգը սրինգի...
Այդ երգը՝ աստղային, անծի՛ր...
Այդ երգը–անոգ, անգին...

Քեզ խրատ, պոե՛տ, այստեղից,
Օ, երբե՛ք չերգես անտեղի։

Լավ է– կորչե՛ս անհետ,
Լավ է– մահը դեղին։

Օ, լավ է կոտրես հանգիստ
Սրինգըդ, որպես թևեր,–
Միայն թե, պոե՛տ, կյանքից
Սրինգի պես վեր չթևես...

Նաիրուհի
20.12.2010, 21:36
I

Ինչ որ չի, չի երազել
Դեռ ո՛չ մի պոետ-աստղաբիբ.
Ուզո՞ւմ եք՝ որպես գնդասեղ
Արև՛ը խրեմ փողկապիս։

Առնեմ, որպես սինի,
Երկինքը աստղերի խաղով-
Ու տանե՜մ այն հարսանիք
Որպես միրգ՝ մի ճութ խաղող։
Ինձ համար ի՞նչ կա, որ չկա.
Կանե՛մ, ինչ որ կամքս ջոկի։
Ուզո՞ւմ եք՝ դարձնեմ «Չեկա»
Թաղանթի պես քնքուշ հոգիս...

II

Ես ոչի՛նչ, ոչի՛նչ չգիտեմ։

Բայց կարող եմ ես, պոետ,
Երգերիս մատներով երկաթե
Ձեր կակուղ սրտերը շոյել։
Կարող եմ, եթե սիրտս ուզե,
Կտրելով վերստեր անթիվ,
Երկարել դեպի սիրտը ձեր
Տողերիս լուսե գերանդին։
Ես կարող եմ, որպես նետաղեղ,
Թե կուզեք՝ ե՛րգս թեքել
Եվ թողնել, որ նա, հոտավետ,
Ձեր դեմքին երազներ թքե...

Բայց ի՞նչ,
Ի՞նչ դրանից...
Միևնույնն է՝ սրտիս կիջնի
Ձանձրույթը, որպես գրանիտ
Ու թախիծը՝ պար ու դժնի։

Օ, գիտեմ, որ սիրտս հետո,
Որպես հին մի, բեկված Թերսիդես-
Իր թունոտ բողոքի նետով
Զարկելու է թե ինձ, թե ձեզ...

III

Բայց էլ ի՞նչ, էլ ի՞նչ ես ուզում,
Անհատնում սի՜րտ իմ երգահան...

Գրաստի նման անլեզու
Քնել է Երևանն ահա։
Գլուխը դրած Քանաքեռ՝
Ոտքերը Մասիս է երկարել։

Երևա՛ն, ես սիրում եմ քեզ,
Գորշավազ շենքերդ քարե։
Սիրում եմ տեսքդ գրաստ,
Ինչպես ճորտը սիրում է խանին,
Ինչպես սեգ պարսիկը բարեպաշտ,
Սիրում է մտնել բաղանիք...
Կարո՞ղ է արդյոք նեգրը սև
Հրաշքով սպիտակել հանկարծ։-

Երևա՛ն, ես էլ ի՞նչ ասեմ,
Որ դու ավելին չցանկաս...

IV

Բայց էլի՛, բայց էլի՛, բայց էլի՛,
Հայացքը մշուշին գամած,
Կախվում է ուղեղիս թելից
Երևանը որպես խեղդամահ։
Կախվում է։
Կախվել է ուզում։
Ձանձրացել եմ, ասում է, կյանքից։

Դու գիտե՞ս, ասում է,- բազում
Քաղաքներ կան՝ եռուն, անհանգիստ...
Փայլում են, կոշիկի պես սրբած,
Նրանք լամպերի լույսից.
Ավտո՛ է այնտեղ արաբան,
Փողոցի լապտերը՝ լուսին։
Շարել են իրենց զիստերին1
Կամուրջները, որպես օղեր...
Ախ, նրանք-պայծառ, ոսկերիզ,
Իսկ ես-գաղթական Շողեր...
Հասկանո՞ւմ ես, ասում է, Չարե՛նց,
Ես ուզում եմ նրանց պե՛ս լինեմ...

Եթե դու պետքակա՛ն ես, պոե՛տ,
Երգերի տեղ երկրնե՜ր շինե՛։
Տողերդ կամուրջներ թող լինեն,
Օղակեն գետերը զնգուն,
Որ անցնեն հազար տարիներ
Եվ հազա՛րն էլ թափվեն Զանգուն։
Թե կարող ես-այնպե՛ս արա դու,
Որ այստեղ- ...նոր քաղաք բուսնի...

Բայց դու... դեռ նստել ես արթուն
Եվ նայում ես այդ լիրբ լուսնին...

-Ախ, լուսինն ահա վերևում,
Արախչինն արծաթ մազերին,
Նրբալույս աստղերի քեֆում
Հեզանազ պարում է «Էնզելի»...

Իսկ Մասիսը՝ քնում թմրած՝
Երազում տեսնում է ինձ։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Ես սիրում եմ քեզ, Երևա՛ն,
Ինչպես մեր այն հին հեքիաթում
Դավթին սիրում էր իրա ձին։