Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Պոէզներ
Sambitbaba
08.10.2010, 08:07
Տարիներ շարունակ անսահման հրապուրված էի Իգոր Սևերյանինի ստեղծագործությամբ, և ինձ շատ էր դուր գալիս, թե ինչպես էր նա անվանում իր բանաստեղծությունները` Պոէզներ: Այսօր, որոշելով ձեր դատին հանձնել իմ պատանեկան ստեղծագործությունները, ես վերհիշեցի նաև պատանեկան այդ կիրքս դեպի Սևերյանինի պոէզները և, միգուցե ի հիշատակ իմ այդ պատանեկան սիրո` նրա հանդեպ, տալիս եմ այս բաժնին Իգոր Սևերյանինի հնարած անունը` "Պոէզներ":
ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Պատմությունն այս սկսվեց նրանից,
Որ նոր կյանք մտած մի պատանի
Հանդիպեց ջահել մի աղջկա`
Հեռավոր հեռուներից եկած:
Հանդիպեց աղջկան ու կորավ:
Մոռացավ աղջկան` մինչ այդ սիրած,
ՈՒրացավ իր անցյալն ու ներկան:
Իսկ ջահել այն աղջիկը... գնաց:
Եվ սպասման կարոտից` համրացած,
Ճամփեքին նայելուց` կուրացած,
Պատանին աշնան մի օր նստեց
ՈՒ մի քանի պոէզներ ստեղծեց:
Իսկ հետո այն աղջիկը եկավ:
Հյուր եկավ ու նորից ետ գնաց:
Եվ այսպես, տարիներ շարունակ.
Եկավ-գնաց, գնաց-եկավ, եկավ-գնաց:
Պոէզներն էլ գնալով շատացան:
Պատանին էլ գրելում հմտացավ,
Եվ Աստծո տված ամեն նոր երեկո
Սիրո խոսքեր էր նա ստեղծում թախծոտ, կրքոտ:
Եվ վիճակն այս շարունակվեց այնքան,
Երբ պատանին ու աղջիկն այն մի անգամ
Վերջապես մեկմեկու խոսք տվեցին
ՈՒ կապն իրենց մեծ սիրո` հավերժացրին:
Բայց նույնիսկ, երբ նրանք ամուսնացան,
Պոէզները սիրո չվերջացան:
Զգացմունքների առվակն էլ հորդացավ`
Սիրո առատահոս մի գետ դարձավ:
Հորդառատ է սիրո գետն այն մինչ այսօր.
Մեկ զուլալ է նրա ջուրը, մեկ` պղտոր,
Բայց միշտ լիքն է սիրով այն հին առուն
ՈՒ հաճախ էլ ափերից է ելնում,
Եվ այսօր զգացմունքները` լճացել,
Կրքերի մի մեծ ծով են դարձել,
Պատանին էլ այն արդեն իր տարիքով
Մոտեցել է թոշակին արժանավոր,
Եվ սակայն ծփում է ծովը զգացմունքի,
Եվ երբեմն էլ զգացմունքների երկունքից
Պոէզներ են ծնունդ առնում նորաստեղծ:
Պատանին էլ այն նախկին որոշեց,
Հասնելով արդեն իր ծերության շեմին,
Միշտ առույգ մնալ և միշտ` պատանի:
Եվ մտքին այս կյանք տալու համար
Որոշեց անցյալին անդրարառնալ:
Վերընթերցեց նա պոէզներն իր նոր ու հին.
Շատերն իրենց դարն ապրած թվացին,
Իսկ ոմանք էլ շատ էին անձնական
Եվ ուրեմն այդպիսին էլ կմնան,
Մնացածն էլ հավաքեց նա երկչոտ
Եվ դատին է ձեր հանձնում անողոք:
Այնպես որ դուք կարող եք որոշել.
Պոէզներին այս լինե՞լ, թե՞... չլինել:
09.25.2010
Պ Ո Է Զ Ն Ե Ր
ԳԻՏԵ՞Ս
Կա երկա՜ր մի ճամփա,
Կա մեծ, շա՜տ մեծ կարոտ,
Կա... գիտե՞ս, անցյալի երազը կա,
կա սպասու՜մ...
Երկար այդ ճամփի վերջը շուտով կգա,
Շուտով անցյալը կդառնա ներկա,
Բայց հետո, նորից, մինչ նոր հանդիպում`
կարո՜տ, սպասու՜մ...
ՈՒ նորից, երկա՜ր-երկա՜ր մի ճամփա,
ՈՒ նորից, շա՜տ մեծ, սարի՜ չափ կարո՜տ,
Նորից անցյալի երազը սրտում`
սպասու՜մ...սպասու՜մ...
ԻՆՉ ԱՍԱՑ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ
Մռայլ մի թախիծ` կարոտ է կոչվում:
Մռայլ, դառն հեղուկ` կոկորդս է լցվում:
Մռայլ մի ամպիկ` անձրևի անցյալ:
Մռայլ մի ստվեր, հետևող քեզ անձայն:
Մռայլ, թախծոտ երգ, որ քեզ է նման:
Մռայլ, շռայլ մութ` մութե շատրվան:
Մռայլ, աղոտ լույս` գալիս է հեռվից:
Մռայլ դառնություն, քաղցր ամենից:
Մռայլ մի աշխարհ, մռայլ մի արև
ՈՒ մռայլ աստղեր` քո գլխի վերև:
Մռայլ աշխարհից, մռայլ արևից,
Մռայլ, մռայլ սեր` աստղերից էլ վեր...
Sambitbaba
09.10.2010, 06:00
ԿՈՉԵՄ ՔԵԶ…
1.ԿՈՉԵՄ ՔԵԶ ԱՐԵՎ
Կոչեմ քեզ Արև
Դու գլխիս վերև
Միշտ վառ կմնաս
Ջերմություն կտաս -
Սեր երկարատև:
Կոչեմ քեզ Արև...
Կոչեմ քեզ Արև
Փոխ առնեմ թևեր
Երկինք` քեզ մոտ գամ
Հալվեմ, վերանամ -
Իմ Արև, Արև:
Կոչեմ քեզ Արև...
Կոչեմ քեզ Արև
Պաշտեմ հարատև
Օրս երկարի
Քո գալը բարի -
Արև, իմ Արև:
Կոչեմ քեզ Արև...
Կոչեմ քեզ Արև,
Որ հավերժանաս:
2.ԿՈՉԵՄ ՔԵԶ ԳԻՆԻ
Կոչեմ քեզ գինի
Թող ուրախ լինի
Խմեմ, արբենամ
Քեզնով խենթանամ
Սերս քեզ լինի
Կոչեմ քեզ գինի...
Կոչեմ քեզ գինի
Կյանքս քեզ լինի
Գաս, լցվես ներսս
Փարատես վերքս
Դե արի, արի:
Կոչեմ քեզ գինի...
Կոչեմ քեզ գինի
Ոգելից, բերրի
Ինձ հափշտակես
Քեզնով համակես
Դարձնես քեզ գերի:
Կոչեմ քեզ գինի...
Կոչեմ քեզ գինի`
Ինձ կխենթացնես:
3.ԿՈՉԵՄ ՔԵԶ ՀԱՄԲՈՒՅՐ
Կոչեմ քեզ համբույր
Լինեմ անձնատուր
Ցանկալի կրքին
Երազկոտ մտքին
Իմ տեսիլքների:
Կոչեմ քեզ համբույր...
Կոչեմ քեզ համբույր
Սիրո տուրքդ տուր
Իմ շրթունքներին
ՈՒ իմ աչքերին
Իմ արևաթույր:
Կոչեմ քեզ համբույր...
Կոչեմ քեզ համբույր
ՈՒ դու ինձ թույլ տուր
Արբենալ քեզնով
Հագենալ քեզնով
Կրքերս կուլ տուր:
Կոչեմ քեզ համբույր...
Կոչեմ քեզ համբույր`
Անձնատուր եղիր:
4.ԿՈՉԵՄ ՔԵԶ ԱՆՁՐԵՎ
Կոչեմ քեզ անձրև
Առատ, բարեբեր
Կհորդես, կգաս
Կգաս, կհորդես
Հորդառատ իմ սեր:
Կոչեմ քեզ անձրև...
Կոչեմ քեզ անձրև
Որ օրեր, օրեր
Դու վարարած գաս
Հորդես, խենթանաս
Ծաղկեն ծաղիկներ:
Կոչեմ քեզ անձրև...
Կոչեմ քեզ անձրև
Երկիր ու արև
Ծածկես, հորդանաս
Խորունկ ծով դառնաս
Քո մեջ ինձ խեղդես:
Կոչեմ քեզ անձրև...
Կոչեմ քեզ անձրև`
Ինձ կկործանես:
5.ԿՈՉԵՄ ՔԵԶ ԵՐԱԶ
Կոչեմ քեզ երազ
Գիշերով կգաս
Գիշերս ներկես
Միտքս խենթացնես
Ինքդ էլ խենթանաս:
Կոչեմ քեզ երազ...
Կոչեմ քեզ երազ
Կհորդես, կգաս
Կգաս, կը-երգես
Սիրտդ կբացես
Սերդ ինձ կտաս:
Կոչեմ քեզ երազ...
Կոչեմ քեզ երազ
Երազում կգաս
Երազս հերկես
Գիշերս խլես
Չքանաս-գնաս:
Կոչեմ քեզ երազ...
Կոչեմ քեզ երա՞զ...
Մի՞թե երազ ես...
Գրում եք շատ պարզ ու մատչելի, անկեղծ, մաքուր, առանց լպիրշության որևէ նոտայի… նշեմ, որ այսօր մեր գրականության, մանավանդ մայրաքաղաքային մի շարք գրողների /խոսքս ակումբցիների մասին չէ/ կրքի այնպիսի բաց և միաժամանակ արյունակցի հանդեպ կրքի տեսարանները դարձել են նորմա, հետևանքում չես հասկանում՝ գրելո՞վ են փորձում իրենց կիրքը դրսևորել… Այս տեսանկյունից նայելով՝ ցանկանում եմ հատկապես նշել, որ Ձեզ գրածների մեջ մաքրություն է և ագրեսիա չկա մեջը… և մի բան էլ հավելեմ, իմ ընկերուհին սիրում է հենց այսպիսի պարզ, առանց ավելորդ խճողման գործեր, այլ կերպ ասած ընկալելի խոսք, շարքային ընթերցողին երևի թե ուղղակի անհրաժեշտ են այսպիսի անմիջական հույզեր արտահայտող գործեր… անձամբ ես հավանեցի, մասնավանդ, որ գրում եք չափի և հանգի մեջ, դա ևս առավելություն է :)
Sambitbaba
10.10.2010, 01:47
Գրում եք շատ պարզ ու մատչելի, անկեղծ, մաքուր, առանց լպիրշության որևէ նոտայի… նշեմ, որ այսօր մեր գրականության, մանավանդ մայրաքաղաքային մի շարք գրողների /խոսքս ակումբցիների մասին չէ/ կրքի այնպիսի բաց և միաժամանակ արյունակցի հանդեպ կրքի տեսարանները դարձել են նորմա, հետևանքում չես հասկանում՝ գրելո՞վ են փորձում իրենց կիրքը դրսևորել… Այս տեսանկյունից նայելով՝ ցանկանում եմ հատկապես նշել, որ Ձեզ գրածների մեջ մաքրություն է և ագրեսիա չկա մեջը… և մի բան էլ հավելեմ, իմ ընկերուհին սիրում է հենց այսպիսի պարզ, առանց ավելորդ խճողման գործեր, այլ կերպ ասած ընկալելի խոսք, շարքային ընթերցողին երևի թե ուղղակի անհրաժեշտ են այսպիսի անմիջական հույզեր արտահայտող գործեր… անձամբ ես հավանեցի, մասնավանդ, որ գրում եք չափի և հանգի մեջ, դա ևս առավելություն է :)
Անսահման շնորհակալ եմ բարի խոսքերի համար, սիրելի Օհանյան: Բայց... ցանկանում եմ խոստովանել, որ ներկայացված բանաստեղծությունները (չհաշված "Նախաբանի փոխարենը") գրված են շատ վաղուց, 15-17 տարեկան հասակում: Որոշելով ներկայացնել իմ գործերն "Ակումբի դատին", համարեցի, որ ճիշտ կլիներ հենց ամենասկզբից էլ սկսել: Միգուցե, որովհետև ես պրոֆեսիոնալ չեմ և իմ ամենամոտիկներից բացի, երբեք, ոչ ոք չի հայտնել իր կարծիքը սրանց մասին: Կամ, շատ հնարավոր է, այն պատճառով, որ այսպես, ամենասկզբից ծանոթանալով ինձ հետ, մարդիկ ավելի վստահորեն կխոսեն ինձ հետ այն հարցերի մասին, որոնք որ լինելու են մեր ապագա շփումների ժամանակ: Կցանկանայի` ինչպես քեզ և քո ընկերուհուն, նմանապես մյուսներին էլ չհիասթափեցնել ու մնալ քո ասած "շատ պարզ ու մատչելի, անկեղծ, մաքուր, առանց լպիրշության որևէ նոտայի" մինչև վերջ: Հույսեր ունեմ ճիշտն ասած, որովհետև, ինձ թվում է, որ տարիների հետ փոփոխվում է մարդու մտածողությունը, այլ ոչ թե բարոյականությունը:
---------- Ավելացվել է՝ 14:47 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:28 ----------
ԵՐԵԿ, ԱՅՍ ԺԱՄԻՆ
Երեկ, այս ժամին, ասացի ես քեզ
սիրո առաջին խոսքերս վհատ:
Երեկ, այս ժամին, համբուրեցի քեզ
առաջին անգամ, շուրթերդ գունատ:
Երեկ, այս ժամին, սիրտս անընդմեջ
զրահապատված կուրծքդ էր ծեծում:
Երեկ, այս ժամին, արցունքներիս մեջ
քամեցի սիրտս, մազերիդ գրկում:
Երեկ, այս ժամին, ինչու՞ համրացա,
երբ արդեն մոտ էր պահը բաժանման...
Երեկ, այս ժամին, հավիտենացա՜
շուրթերիդ վրա: Ասացիր. "Կգա՛մ":
Երեկ, այս ժամին, ասացի ես քեզ.
"Կարողացիր սպասել և հավատալ":-
Երեկ, այս ժամին, հավասարապես
և՛ կորցրեցի ես քեզ, և՛ գտա:
Sambitbaba
11.10.2010, 06:46
ՏԱՐԵԹԻՎ
Երեք ամառ, երկու ձմեռ
շարան-շարան անպետք օրեր:
Հսկայական, անվերջ գիշեր
երեք ամառ, երկու ձմեռ:
Կես տարի անց` երեք տարի,
քարշ եմ տալիս գոյությունս:
Ինձ ուտում է հեզությունս
քավության խեղճ, մեղք ոչխարի:
Ե՞րբ, չեմ հիշում, բողոքներս
ձու դրեցին ներվերիս մեջ,
ՈՒ ծնվեցին վերքերիս մեջ
ապագայի սարսափներս...
Ի՞նչ կլինի, ու՞ր կգնամ
վաղը: Ո՞րն է վերջակետս:
Ո՞րն է արդյոք վաղվա երգս:
Արդյոք հանգիստ ես կունենա՞մ:
Արդյո՞ք մեջքս պիտի ուղղեմ
ապագայի մահակի տակ...
Թե՞ կգնամ մինչև հատակ,
ունայնության մեջ կսուզվե՞մ...
Sambitbaba
13.10.2010, 07:05
ԴՈՂԵՐՈՑՔ
Կաղկանձում է մութը:
Մրմնջում է Մութը:
Լաց է լինում ՄՈՒԹԸ:
Ցուրտ է:
Փչացել է կողմնացույցը:
Ահավոր սարսափ մթում:
Լուռ ճչում է ժամացույցը
սիրտ մաշող:
Անտառի պես մի տուն,
ուր վախ կա միայն գիշերում:
Գիշերվա մեջ չկա քուն:
Չկան աստղեր:
Չկա լուսին:
Չկա սեր
կամ գոնե արբեցում:
ՈՒ այդ մութ տան մեջ
գոռում է, ճչում
զարթուցիչը:
Զարթուցիչը ճչում է,
իսկ ժամանակը կանգ է առել:
Կողմնացույցն էլ փչացել է:
ԴՈՂԵՐՈՑՔ
Կաղկանձում է մութը:
Մրմնջում է Մութը:
Լաց է լինում ՄՈՒԹԸ:
Ցուրտ է:
Փչացել է կողմնացույցը:
Ահավոր սարսափ մթում:
Լուռ ճչում է ժամացույցը
սիրտ մաշող:
Անտառի պես մի տուն,
ուր վախ կա միայն գիշերում:
Գիշերվա մեջ չկա քուն:
Չկան աստղեր:
Չկա լուսին:
Չկա սեր
կամ գոնե արբեցում:
ՈՒ այդ մութ տան մեջ
գոռում է, ճչում
զարթուցիչը:
Զարթուցիչը ճչում է,
իսկ ժամանակը կանգ է առել:
Կողմնացույցն էլ փչացել է:
Ինձ դուր եկավ, համենայն դեպս միտքը, մի քիչ հանգ ավելացրեք էլի, մարդիկ ձեր գրածներին, որ անգիր հիշել լինի:
Sambitbaba
13.10.2010, 22:55
ԳՐՔԵՐԸ
Գրքերը թափվեցին ուսերիս,
գրքերը լցվեցին աչքերըս,
գրքերը տարան երազանքս`
մնացին մտքերըս միայն:
Լցվեց գրքերով լուսամուտս
ու փակվեց արևի ճամփան...
ՈՒ հիմա սենյակումս միշտ մութ է:
ՈՒ ես կույր եմ հիմա:
Sambitbaba
15.10.2010, 04:34
ՀԱՐԲԱԾԻ ԵՐԳԸ
Պատը քայլում է կողքովս:
Վերջ չկա պատին:
Վերջ չկա ճանապարհին:
Վերջ չկա...
Ծառերը քայլում են կողքովս:
Ծառերը սպասում են արևին,
որ պիտի ծաղկեն:
Կգա...
Քայլում եմ, քայլում ենք, քայլում է:
Քայլում է, քայլում ենք, քայլում եմ:
Քայլում եմ, քայլում ենք, քայլում եմ:
Քայլում եմ, քայլում եմ, քայլում եմ...
Վերջ չկա...
Վերջ... չկա...
Sambitbaba
16.10.2010, 06:37
ՍԻՐՏԸ` ԲՌՈՒՆՑՔԻ ՄԵՋ
Համբերանքս շատ փոքրացավ
ու կարծրացավ մատներիս մեջ,
Հաղճապակե գնդիկ դարձավ`
թռվռում է ձեռքիս անվերջ:
Ես փորձեցի հաղթահարել
ըմբոստացած սիրտս կարոտ,
Սովորեցի արհամարհել
երազներս, իղձս ցավոտ:
Պատասխանել սովորեցի`
չլսելով տրված հարցը:
Փուչ կատակից ծիծաղեցի.
այստեղ` բարձր, այնտեղ` ցածր:
Երազներս արճիճ դարձան
աչքերիս մեջ հուսախաբված:
Ժպիտներս անհետացան
շուրթերիցս` ամուր գոցված:
Համբարձվեցին աստվածներս
ու էլ երբեք ետ չեն գալու:
Իսկ կորցրած տարիներս էլ
դատապարտ են փուչ մնալու:
Sambitbaba
18.10.2010, 06:39
ԹԱԽԻԾ (Մակամի փորձ)
Մութ է:
(Կեռ լուսին: Սուր աստղեր /Աստղեր` ասեղ/: Աստղեր` ջրում: Սև անեզրություն: Խոժոռ մտքեր: Անքնություն:)
Գիշեր:
(Լուռ մթություն: Լապտերի լաց: Հառաչանքներ` պատից այն կողմ: Լուսամուտ-հայելի: Հարբածի երգ` մութ փողոցում: Նորապսակ հարևանիս մահճակալի ճռճռոցը: Սիրտ-ժամացույց:Գիշերվա դեմ` ատելություն:)
Անձրև:
(Գիշերվա մեջ: Կաղկանձանքներ` ջրհորդանից: Հորդառատ սեր: Լվացում: Ծածկագրեր` լուսամուտին: Անքնություն:)
Քամի:
(Փոշու ամպեր: Կեղտոտ փողոց: Խառնված մազեր: Մտքեր` խառնված: Քար` աչքի մեջ: Թռչող տերև: Մերկ ծառ:)
Աշուն:
(Անձրև: Քամի: Լուռ սպասում: Շնչառություն:)
Սեր:
(Սեր:)
Երազ:
(Խաբեություն:)
(Մակամի փորձ)
Ի՞նչ է նշանակում:
Sambitbaba
19.10.2010, 03:26
Ի՞նչ է նշանակում:
Կարճ ասած` չափածոյացված արձակ: Յուրահատուկ է արաբներին, բայց մեկ-մեկ ուրիշների մոտ էլ է հանդիպում:
Sambitbaba
19.10.2010, 04:27
ՔԵԶ ՍՊԱՍԵԼԻՍ
1
Այս փոթորիկի մեջ
Համբերությունս կորել է:
ՈՒ համբերություն չունեմ,
Որ համբերեմ-տեսնեմ,
թե ինչ է լինելու:
Չգիտեմ ինչ անեմ –
Պատեպատ եմ զարկվում:
ՈՒ թե մի պատ գտնեմ,
Որն այնքան է փափուկ,
որ եթե հարվածում եմ`
Գլուխս չեմ կոտրում,
ՈՒ թե ճանկռտում եմ`
մատներս չեմ կոտրում...
Ես այդ փափուկ պատը
Հիմնահատակ կանեմ,
Թեկուզ լինի քամուց
ՈՒ պինդ` հավատից էլ:
2
Փոթորիկում մեկ-մեկ
Անդորրներ են լինում:
Անդորրների միջից
Քամիները մեկ-մեկ
Հին երգեր են բերում:
Բայց անդորրի միջից
Քամու երգ բերելը
Երազանք է միայն:
Անդորրի մեջ քամի չկա:
Երգեր նույնպես չկան
անդորրի մեջ:
ՈՒ թե երգեր էլ կան –
Բերող քամի` չկա...
Միայն փոթորիկում
Երգեր կան հին ու նոր,
Երգեր` այնքան հզոր,
Որ համբերություն է պետք
Չլսելու համար
Համբերանքից հանող,
Փոթորիկներ բերող
Այդ երգերը:
3
Փոթորիկի միջից
Երկու աչք դուրս պրծել`
Արցունքներ են քամում
Առջևիս թղթին:
Փոթորիկի միջից
Դուրս պրծած աչքերը
Իմ աչքերը չեն:
Քո աչքերն էլ չեն
ՈՒ աչքեր էլ չեն
ընդհանրապես:
Դա սպասումն է,
Որ այս փոթորիկի մեջ
Համբերությունը կորցրել է
ՈՒ համբերություն չունի,
Որ համբերի-տեսնի,
թե ինչ է լինելու...
Հ.Գ. (ՓՈԹՈՐԻԿԻ ՄԻՋԻ ԵՐԳԵՐԻՑ)
Մրրիկից առաջ
մի թիթեռ:
Մի թիթեռ
մրրիկից հետո:
Մրրիկից հետո
լալիս է մի թիթեռ.
Ցավում է,
որ չմեռավ
Մրրիկից առաջ:
Կարճ ասած` չափածոյացված արձակ: Յուրահատուկ է արաբներին, բայց մեկ-մեկ ուրիշների մոտ էլ է հանդիպում:Չափածոյացված արձակը կոչվում ա սաջ, մակամները սաջով էին գրվում, բայց Ձեր գրածը մակամի հետ ոչ մի կապ չունի: Թե ինչ է նշանակում մակամ, հետո կպատմեմ, հիմա շտապում եմ: Ուղղակի որպեսզի տերմինները ճիշտ օգտագործեք, ես ենթադրում էի, թե դա եք նկատի ունեցել, սակայն ցանկացա նախապես ճշգրտել;)
Միջնադարում մակամաների հայտնի վարպետներ էին Հարիրին և Համազանին, նոր ժամանակներում Հաֆիզ Իբրահիմը և Մուվեյլիհին նորից անդրադարձան այս ժանրին՝փորձելով դրա հիման վրա զարգացնել ժամանակակից վեպը: Մակաման երկու գլխավոր հերոս ուներ՝պատմողը, որ գործերի բերումով շատ էր ճանփորդում, և թափառաշրջիկ խաբեբան, ում յուրաքանչյուր մակամայում պատմողը պարտադիր հանդիպում էր: Խաբեբան ամեն անգամ անճանաչելիորեն կերպարանափոխված էր լինում և նոր խարդախություն էր մոգոնում, և միայն պատումի վերջում էր պատմողը նրան կարողանում ճանաչել: Մոտավորապես նման էր եվրոպական խաբեբայական նովելին: Պատկերացնելու համար կարելի է հիշել նաև Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը»: Խարդախը նաև լավ ճարտասան էր, իր ճառերը արտասանում էր ռիթմավորված արձակով, դասական տաղաչափությամբ գրված բանաստեղծություններ էր նաև սիրում արտասանել: ԱԱյնպես որ մակաման ոչ միայն ձև էր, այլև բովանդակություն: Տվյալ դեպքում, հարգելի Սամբիթբաբա, Ձեր մակամի փորձը չի հաջողվել:)) ԱԱսեմ որ զուտ ձևային առումով էլ փորձ կատարել արաբական դասական գրականությանը բնորոշ ռիթմավորված արձակը օգտագործել հայերեն ստեղծագործություններ գրելիս, անիմաստ է: Նախ ռիթմավորված արձակն ինքնանպատակ չի եղել, դա գալիս է դեռ այն ժամանակներից, երբ գիր չի եղել, և կարևոր ինֆորմացիան՝դիցաբանական, պատմական, բանահյուսական, բժշկական և գիտական, փոխանցվում էր շուրթից շուրթ, և անհրաժեշտ էր այն հիշել անգիր, իսկ ռիթմավորված խոսքը ավելի հեշտ է հիշել: Արաբները նորագույն գրականության մեջ հրաժարվել են սաջից, բնականաբար: Երկրորդ, սաջը, ինչպես նաև արաբական պոեզիային բնորոշ տաղաչափությունը հիմնված են արաբերեն լեզվին բնորոշ, այսպես ասենք, երկար ու կարճ ձայնավորների հիման վրա, ինչը հայերենում չկա, ուստի զուտ ձևային առումով հայերեն մակամ գրելն անհնար է: Այնուամենայնիվ, խորհուրդ տալիս եմ մակամաներ կարդալ, մի քիչ բարդ է դրանց ընթերցանությունը, բայց զուտ մշակութային ուսումնասիրության տեսակետից անչափ հետաքրքիր է:
Sambitbaba
20.10.2010, 06:48
Միջնադարում մակամաների հայտնի վարպետներ էին Հարիրին և Համազանին, նոր ժամանակներում Հաֆիզ Իբրահիմը և Մուվեյլիհին նորից անդրադարձան այս ժանրին՝փորձելով դրա հիման վրա զարգացնել ժամանակակից վեպը: Մակաման երկու գլխավոր հերոս ուներ՝պատմողը, որ գործերի բերումով շատ էր ճանփորդում, և թափառաշրջիկ խաբեբան, ում յուրաքանչյուր մակամայում պատմողը պարտադիր հանդիպում էր: Խաբեբան ամեն անգամ անճանաչելիորեն կերպարանափոխված էր լինում և նոր խարդախություն էր մոգոնում, և միայն պատումի վերջում էր պատմողը նրան կարողանում ճանաչել: Մոտավորապես նման էր եվրոպական խաբեբայական նովելին: Պատկերացնելու համար կարելի է հիշել նաև Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը»: Խարդախը նաև լավ ճարտասան էր, իր ճառերը արտասանում էր ռիթմավորված արձակով, դասական տաղաչափությամբ գրված բանաստեղծություններ էր նաև սիրում արտասանել: ԱԱյնպես որ մակաման ոչ միայն ձև էր, այլև բովանդակություն: Տվյալ դեպքում, հարգելի Սամբիթբաբա, Ձեր մակամի փորձը չի հաջողվել:)) ԱԱսեմ որ զուտ ձևային առումով էլ փորձ կատարել արաբական դասական գրականությանը բնորոշ ռիթմավորված արձակը օգտագործել հայերեն ստեղծագործություններ գրելիս, անիմաստ է: Նախ ռիթմավորված արձակն ինքնանպատակ չի եղել, դա գալիս է դեռ այն ժամանակներից, երբ գիր չի եղել, և կարևոր ինֆորմացիան՝դիցաբանական, պատմական, բանահյուսական, բժշկական և գիտական, փոխանցվում էր շուրթից շուրթ, և անհրաժեշտ էր այն հիշել անգիր, իսկ ռիթմավորված խոսքը ավելի հեշտ է հիշել: Արաբները նորագույն գրականության մեջ հրաժարվել են սաջից, բնականաբար: Երկրորդ, սաջը, ինչպես նաև արաբական պոեզիային բնորոշ տաղաչափությունը հիմնված են արաբերեն լեզվին բնորոշ, այսպես ասենք, երկար ու կարճ ձայնավորների հիման վրա, ինչը հայերենում չկա, ուստի զուտ ձևային առումով հայերեն մակամ գրելն անհնար է: Այնուամենայնիվ, խորհուրդ տալիս եմ մակամաներ կարդալ, մի քիչ բարդ է դրանց ընթերցանությունը, բայց զուտ մշակութային ուսումնասիրության տեսակետից անչափ հետաքրքիր է:
Ինչ խոսք, որ` շնորհակալություն, սիրելի Շինարար, այս համառոտ և ամփոփիչ տեղեկատվության համար, շնորհակալություն բոլոր այն ֆորումցիների կողմից, ովքեր հետաքրքրությամբ տեղյակ դարձան գեղարվեստի հետաքրքիր մի ձևի, որը շատ հազվադեպ է հանդիպում այսօր: Չնայած, այդպես էլ չհասկացա, թե ի՞նչը Ձեզ առիթ տվեց այդ աշխատանքը կատարելու: Իմ պատասխանի մեջ ոչ մի կերպ չի ասվում, որ ես տեղյակ չեմ այդ ամենին, ես երկու անգամ վերանայեցի գրածս: Իսկ պատճառը, որ պատասխանեցի Ձեր տված հարցին կարճ ու համառոտ, այն էր, որ հարցն էլ էր կարճ ու համառոտ, ու շատ չխորանալու համար հենց այդպես գրեցի, նախապես զգուշացնելով. կարճ ասած: Իմիջիայլոց ասեմ, որ գործը գրված է 1973-77 թթ. ժամանակահատվածում, իմ ուսանողական տարիներին, ու թե ինչո՞ւ եմ գրել "Մակամի փորձ", Աստված գիտի: Հավանաբար, չգիտեի, (հիմա էլ չգիտեի` մինչև Ձեր ասելը), թե ինչ է սաջը, որ գրեի "Սաջի փորձ": Չնայած, հազիվ թե. մի տեսակ դուրս չի գալիս, "Մակամի փորձն" ականջիս ավելի հարազատ է հնչում:
Եվ հետո, ես չգիտեմ, մեր բոլորի կողմից հարգված Աբու Մուհամմեդ ալ-Քյասիմ Ալ Հարիրին գիտե՞ր, թե՞ չգիտեր, թե ինչ է նշանակում "Սաջ", բայց այնուամենայնիվ իր նովելների գիրքը նա անվանեց "Մակամներ":
Մի հարց. իսկ Դուք մակամներն արաբերեն եք կարդացե՞լ: Ես, օրինակ, արաբերեն չգիտեմ ու չունեմ հնարավորություն վայելել բնական լեզվով գրված մակամների հաճույքը: Հարիրիի իմ գիրքը ռուսերեն թարգմանությամբ է և, գիտեք, ըստ ինձ` արտակարգ է թարգմանված: Հուսով եմ, որ կգտնվի մեկը (եթե արդեն չի գտնվել), որ շատ լավ հայերեն թարգմանություն կանի: Ցանկանում եմ ասել, որ թույլ տվեք չհամաձայնվել հայերենով մակամներ գրելու անհնարությանը: Կարծում եմ, կարելի էր այլ կերպ արդարացնել հայերենի և մակամի անհամատեղելիությունը. ուղղակի հայ հոգին մակամի հոգի չի ու չի էլ եղել:
Հ.Գ. Ճիշտ է, այսքան խոսքերի մեջ մոռացանք իմ "Թախիծը", բայց ոչինչ, մեծ բան չենք մոռացել:
Ներողություն, հարգելիս, որ փորձեցի իմ կարծիքը հիմնավոր գրել, էլ չեմ անի:)
Sambitbaba
20.10.2010, 07:48
ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Մոխրամանի վրա
եռում է արցունքիս կաթիլը
Ծխախոտս ի մի է բերում
սիրոս խոշտանգումների ցավը:
Արցունքիս կաթիլը ճողոպրում է այտիցս
ու մտնում բերանս:
Դա նույնն է, որ այն ոչ թե դուրս թափվեր,
այլ լցվեր աչքս:
Բայց թող լցվեր աչքս միայն
քո ժպիտը,
քո սերը,
քո կյանքը:
Արցունքիս փաթիլը խառնվել է հոգուս:
Խառնվել է հոգուս: Չէ, խառնվել է արյանս:
Եվ այդ կեղտոտո արյունը սիրտս է թունում,
Ծխախոտի ծուխն էլ թունավորում է թոքերս:
Ես այժմ երազի մեծ պակասորդ ունեմ:
Պատճառն այն է, որ այժմ,
երբ փակում եմ աչքերս,
Փակ աչքերով նույնպես քեզ չեմ տեսնում:
Իսկ թե երազ լինե՞ր... Իսկ թե երազը գա՞ր,
Ի՞նչ ես կարծում, գուցե
Սերդ ինձ մո՞տ լիներ:
Գուցե այս ճնապարհն էլ այսքան երկար
Չլինե՞ր:
Գուցե այս անտանելի լռության պատճառը
չլինե՞ր այն,
Որ ճամփան է հեռու:
Գուցե այս երկար ճամփան և հանդիպման դադարը
Քո սիրո վրա ազդել չէ՞ր կարողանալու...
Ոչ, պատճառը դա չէ, այս բոլորը սուտ է,
սեր իմ,
Եվ այս ամենին մի պատասխան կա միայն.
սերդ քիչ է, սեր իմ...
Եվ սրանից հետո ինձ մնում է մի բան.
իրենց տեղը դնել բոլոր իրերին:
Առաջին հերթին ես կվերցնեմ
Մոխրամանի վրա եռացող արցունքիս կաթիլը
ու կդնեմ այտիս.
Մոխրամանը տաք է, նրա վրա կարճ է կաթիլի կյանքը:
Այտս սառույց է, քար է,
ապառաժ է հիմա,
Գուցե նրա վրա կաթիլը
հավերժ կմնա՞...
Sambitbaba
20.10.2010, 08:12
Ներողություն, հարգելիս, որ փորձեցի իմ կարծիքը հիմնավոր գրել, էլ չեմ անի:)
Շատ տխուր կլիներ, եթե դա լիներ Ձեր միակ որոշումը իմ հանդեպ:
Ես ասացի իմ կարծիքը "Թախիծի" ձևով: Դուք ասացիք Ձեր կարծիքը` իմ կարծիքի մասին: ՈՒ եթե այն ինձ չհամոզեց, ես պետք է լռեի՞:
Շատ տխուր կլիներ, եթե դա լիներ Ձեր միակ որոշումը իմ հանդեպ:
Ես ասացի իմ կարծիքը "Թախիծի" ձևով: Դուք ասացիք Ձեր կարծիքը` իմ կարծիքի մասին: ՈՒ եթե այն ինձ չհամոզեց, ես պետք է լռեի՞:
Դե, չգիտեմ, թե էլ ոնց պետք էր կարծիքը հիմնավորել, որ համոզիչ թվար, ինչ վերաբերում է Հարիրիի` սաջի մասին իմանալուն, բնականաբար նա գիտեր, թե դա ինչ է, սաջը տաղաչափական ձև է, սաջ չեն գրում, գրում են սաջով, դե ասենք ինչպես յամբը, անապեստը և այլն:
Sambitbaba
21.10.2010, 05:16
Դե, չգիտեմ, թե էլ ոնց պետք էր կարծիքը հիմնավորել, որ համոզիչ թվար, ինչ վերաբերում է Հարիրիի` սաջի մասին իմանալուն, բնականաբար նա գիտեր, թե դա ինչ է, սաջը տաղաչափական ձև է, սաջ չեն գրում, գրում են սաջով, դե ասենք ինչպես յամբը, անապեստը և այլն:
Ճիշտն ասած, ես էլ առանձնապես չեմ հասկանում այս բանավեճի պատճառը: Եթե վերադառնանք սկզբին.
տրվեց հարց. "(Մակամի փորձ) Ի՞նչ է նշանակում:"
պատասխան. "Կարճ ասած` չափածոյացված արձակ:"
Սիրելի Շինարար, միգուցե իմ հայերենի իմացությունը բարձր չէ և ես ինչ-որ բան սխալ եմ հասկանում: Չեմ վիճում, շատ հնարավոր է, և այդ դեպքում խնդրում եմ ներել ինձ տգիտությունս: Եվ շատ ուրախ կլինեի նույնիսկ, որ Դուք հանեիք այդ երկու հիմար բառերը `"Մակամի փորձ", ինչը ես պետք է արած լինեի: ՈՒղղակի, գիտե՞ք, մտածում էի, որ եթե ներկայացնում եմ իմ պատանեկությունը, ուրեմն թող լինի այնպես, ինչպես եղել է այն ժամանակ: Ստացվում է, սխալվել եմ:
Այնպես որ, եթե հնարավոր է, հանեք, խնդրում եմ, և եկեք մոռանանք այս բանավեճը:
Sambitbaba
21.10.2010, 05:55
ԵՍ ՈՉԻՆՉ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ ՔԵԶ ԲԱՑԻ ԱՅՆ,
ՈՐ "ՍԵՐ"-Ը ԲԱՌ Է, ԲԱՂԿԱՑԱԾ ԵՐԵՔ ՏԱՌԻՑ
1
Մոլորատխուր եմ ես:
Մոլորապարտ եմ:
Մոլորա... մոլոր եմ ես:
Եվ այս անպետք մոլորամտությունն այնքան է հիասթափ, այնքան` անորոշ,
Որ անտարբեր եմ նույնիսկ ու չեմ զգում ոչինչ:
Մոլորատխուր եմ ես,
ու չեմ հիշում քեզ:
ՈՒ չեմ հիշում քեզ:
ՈՒ չեմ հիշում քեզ ու եթե հիշում եմ անգամ,
Հիշում եմ ոչ որպես կարոտ, ոչ որպես երազ նույնիսկ:
Նույնիսկ երեկոյին, երբ թանձրանում է ճիչն անգամ,
Երբ չափի միավոր է ստանում իմ թախիծը նույնիսկ,
Երբ հասնում է ժամը, որ գալու ես աչքիս,
Որ գալու ես` լցվես, մե՜ջըս, վայրկյա՜ն-վայրկյա՜ն, -
Ես չե՛մ հիշում քեզ, ո՛՛՛չ,
այդ վայրկյանին անգամ:
2
Մտամոլոր եմ ես,
Մտա... ցրիվ, ...տխուր,
Մտա... դժբախտ եմ ես:
Միտքս եռում կարծես,
միտքս քոր է գալիս,
Միտքս քոր է գալիս,
խենթացել է կարծես:
Խենթացել է կարծես,
ու խենթ` պար է գալիս,
ՈՒ խենթ պար է գալիս,
խենթացել է կարծես:
Այդ վայրկյանին դաժան,
երբ ես խենթ եմ ասես,
Երբ ես խենթ եմ ասես,
գուցե հենց այդ վայրկյան
Պետք է լինես կողքիս,
պետք է մի խոսք ասես,
Պետք է լինես կողքիս,
որ ինձ մեռած չզգամ:
Sambitbaba
26.10.2010, 06:14
@ # $ # @
Անձրև...
Եվ
ի հայտ է գալիս ինչ-որ զգացում...
Մոլորություն
ու
անտարբերություն
ամեն հարցում:
Թախիծ:
Ավելի ու ավելի աճող
ցանկություն
ՈՒրիշի մեղքը վերցնել քեզ վրա
ՈՒ խնդրել Տիրոջից
թողություն:
Ինքդ քեզ ենթարկել անեծքի:
Ինքդ քեզ բարձրացնել էշաֆոտ:
Եվ այդ ժամ, միգուցե երկնքից,
Անձրևի փոխարեն` քարե կարկու՞տ...
(Դոն Քիշոտ:
Զմրուխտե աչքերով Սև Կատու:
Սատանաների շուրջպար բարձիս մոտ:
Երազում` մեծ թռիչք դեպի տուն:)
Էությանս ինչ-որ մասնիկ
Թռչնի սլացքով
երկինք համբառնեց:
Ինչ-որ քանակ ժամանակի
տեսանելի գոյատևեց,
Սակայն շուտով
անհետացավ հանկարծակի
Անձրևային ամպերի մեջ:
Եվ
մնաց ի վերջո
անգիտակցական
ինչ-որ պատրանք:
ՈՒ
դրանից հետո`
Ես հազիվ թե կենդանի եմ,
հազիվ թե ես կամ:
Օրերս ճիշտ է հարբած չէի, բայց նույն զգացողությունն ունեի, կածում եմ սա հոգու հարբեցողության մասին է :) հարբեցողություն ցավի, ուրախության, կարոտի, հիասթափության ու ոգևորության, լավն էր, իրոք լավն էր… Խոսքը «Հարբածի երգ»-ի մասին է
Sambitbaba
12.02.2011, 11:02
ՄԵՐ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԱՌԱՆՑ ՀԱՄԲՈՒՅՐԻ
Թռավ երեկոն Իկարի նման,
դեմքը` աստղերին,
ու դարձավ ոչինչ
նույն Իկարի պես.
մահացած ընկավ
հատակի գորգին...
Հանկարծ իմ Հոգին
խցանեց օդի մատակարարիչ
իմ այն հատվածը,
որ պիտի սիրո խոսքեր շշնջար
քո ականջներին երաժշտական:
ՈՒ ես մնացի օրվա դժգոհն ու
նվաստացածը...
Իմ Հոգու ցավը...
Իմ Հոգու ցավը այս ժամացույցն է,
ամենաանսիրտ, ամենաանխիղճ և անկարեկից,
ամենադաժան մարմնամարզիկը մարաթոնային,
որի հետ մրցել ոչ ոք չի կարող,
թեկուզ ունի թև
և պիտի թռչի
լույսի պես արագ
ու հույսի պես` վեր...
Ես հորինեցի մի սուրբ պատարագ
բաճկոնիդ համար,
որն ինձ տաքացրեց ամբողջ երեկո,
Մինչև այն պահը,
երբ դու
այդ պահը դարձրիր ինձ համար
մի խիստ դատաստան
ու մխրճեցիր
երկու անողոք բառ քունքերիս մեջ.
"Եթե ուզում ես, հանիր բաճկոնըս"...
Ո՛չ, ես չե՛մ ուզում, չէ՞ որ տեսնում ես
իմ չուզենալը...
Ինչ է, մրսու՞մ ես: Եթե մրսում ես,
հագիր ջվալը
այն մարդակերպված, այն սիրահարված,
որ կանգնել քո դեմ
ու իր հայացքը
քեզանից պոկել
չի կարողանում...
Հագիր ջվալն այդ` ձեռնոցների տեղ,
որ եթե հանկարծ
ձեռքերդ մեկնես սիրո տենչանքին,
Այդ ձեռնոցները ձեռքդ պահպանեն
կյանքի փշերից,
որոնց վերքերը` անբուժելի են:
Ջվալն այդ ես եմ:
Ջվալ է` Հոգիս...
Լքված քեզանից ամբողջ երեկո,
Աչքերս մեկնած արհամարհանքին`
քեզանից եկող,
Նաև ատելով այս հրաժեշտի
սարսափ-երեկոն,
ՈՒ չուզենալով ինձ մոտիկների
հավաքույթը այս`
ինձ համար սարքված,
Որպեսզի տեսնեմ, որ մոտիկներիս
ամբոխը մե՜ծ է
ու շա՜տ եմ հարգված...
Անջատ քեզանից
այդ պատով մոտիկ-հարազատների,
Լքված բաճկոնից`
միակ սիրելի,
ամբոխի մեջ` այդ
ինձ հասանելի
պաշտանքից միակ,
Որ թմրադեղի պես ինձ պարուրեց
երկնային բույրով հեղեղ-մազերիդ,
Որն իմ քունքերին, ունկերին, մտքին
դաջված կմնա
մահապարտվածի սրտի մեջ բացված
խոռոչի նման...
Դողը նյարդերիս
ինչպե՞ս կանգնեցնեմ:
Ինչպ՞ես հագեցնեմ
ծարավն աչքերիս...
Ինչպե՞ս ես ապրեմ:
Ինչպե՞ս ես ապրեմ
քո այդ կարոտով...
Լիաթոք հոգով
ինչպե՞ս ես շնչեմ...
Ինչպե՞ս ամփոփեմ բռիս մեջ կյանքը
մոլորակների,
երբ դու ինձ հետ չես...
Ես թու՛յն եմ ըմպում
լույսից արևի, երբ դու ինձ հետ չես:
Երգերս իրենց տեղը զիջում են դաժան գիշերվա
հառաչանքներին,
երբ դու ինձ հետ չես:
ՈՒ գիշերվա մեջ մահանում են վառ
երազները իմ,
երբ դու ինձ հետ չես...
Երբ դու ինձ հետ չես,
ինչպե՞ս ես ապրեմ:
Դողը նյարդերիս
ինչպե՞ս կանգնեցնեմ:
Ծարավն աչքերիս
ինչպե՞ս հագեցնեմ...
Ինչպե՞ս ես ապրեմ:
Ես... ինչպե՞ս... ապրեմ...
Իսկ այն երեկո...
Իսկ այն երեկոն մեր հրաժեշտի
անցյալ է դարձել
շատ դարեր առաջ:
Այն երեկոյից հուշեր մնացին.
անավարտ խոսքեր
ու խոսքեր` չասված...
"Անցյալ" երեկո...
Երեկո - Անցած:
1982
Sambitbaba
13.02.2011, 08:25
ՉՈՒՆԵՄ ՔԵԶ ԿՈՂՔԻՍ,
ԲԱՅՑ ՄԻՇՏ
ՔԵԶ ՀԵՏ ԵՄ...
1.ԲԱՐԵՎ
ՈՒ նորից` մի տաղտուկ առավոտ առանց քեզ
առանց քեզ այս անքուն, սև գիշերից հետո:
Գլխացավ: Ջերմություն: Բայց այսպես, թե այնպես,
առանց քեզ այդ անքուն, սև գիշերից հետո`
Մի քայլով կարճացավ անջատման ճանապարհը,
մի քայլով մոտեցավ հանդիպման երազ-պահը...
2. ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ՍԻՐՈՒՆ
Ցանկանում եմ տալ
քեզ երջանկություն
լուսաբացի հետ:
Թող դառնան անցյալ
մտքերդ դժգույն
ու կորչեն անհետ:
Ձգտիր հավատալ,
որ մոտալուտ է
հանդիպման պահը:
Սովորիր ժպտալ,
երբ առավոտն է
գերում աշխարհը:
Հավատա, ես կամ:
ՈՒ քեզանում են
իմ կյանքն ու մահը:
Սպասի՛ր, կգա՛մ:
Թեև՝ երկար է
այս ճանապարհը:
3. ԲԱՐԻ ՕՐ, ՀՈԳԻՍ
Լինեիր կողքիս այս տխուր ժամին,
ինչ լավ կլիներ...
Աչքերիդ փայլքում արև կլիներ,
ՈՒ արևիդ մեջ ես չէի դողա
կարոտի ցրտից...
Լինեիր կողքիս`
մազերիդ քամին սրբեր ու մաքրեր
Սարդոստայնորված աչքերս խամրած,
Որ այնքան հոգնել ու պրծում չունեն
արցունք-սարդերից,
սարդ-արցունքներից...
Լինեիր կողքիս այս տխուր ժամին,
ինչ լավ կլիներ...
Այս թղթի առջև սապատավորված մեջքս կուղղվեր,
ՈՒ այդ տանջալի կարոտից խոնավ
աչքերս իսկույն
կչորանային...
Լինեիր կողքիս, շոգը շուրթերիդ
թող բազմապատկեր
Այն աստվածացած համբույրը միակ...
Կանէանային վերքերը բոլոր ու միայն երգեր
պիտի լսվեին
Տիզերական մեր ճանապարհին`
Մեր երջանկացած
սրտերի միջից...
4. ԲԱՐԻ ԵՐԵԿՈ
Ամեն երեկո,
հոգնած հոգսերից քո ամենօրյա,
Հոգնած մտքերից,
որ առավոտից ուղեկցում են քեզ մինչև երեկո
ու քեզնից կպած, չեն ուզում պոկվել,
հաշվի չառնելով, որ ներկայությունն իրենց
ոչ միշտ է,
որ կարող է քեզ ցանկալի լինել, -
Հոգնած դեպքերից
ընթացիկ օրվա,
Հոգնած մարդկանցից
այն ամենօրյա,
որոնք իրենց մեջ քեզ ներառնելով,
իրենց վարմունքով-վերաբերմունքով
կամ լավ և կամ էլ շատ անգամ
ոչ լավ
պատճառն են դառնում քո ուրախության,
հաճախ` տխրության, -
Հոգնած մարդկանցից,
Հոգնած մտքերից,
Հոգնած դեպքերից,
Հոգնած` հոգսերից,
Ամեն երեկո,
Երբ ավարտին է մոտենում արդեն
օրվա արթունըդ
ՈՒ արդեն քունը
պիտի պատյանի աչքերիդ ծովը, -
Ամեն երեկո մտիր անկողին
ՈՒ քնից առաջ
փորձիր անջատել լավն ու վատն օրվա.
Իրար գումարիր ու մի կողմ նետիր
այն ամբողջ վատը,
Որ քեզ տվել է քո շրջապատը
ուզել-չուզելով
կամ
ուզած-չուզած...
Իրար գումարիր լավն ամբողջ օրվա
և լցրու սիրտդ:
ՈՒ երբ քուն մտնես,
այդ լավը օրվա քեզ կտաքացնի,
Կդառնա երգն այն
օրորոցային`
գունավոր ու ջերմ երազներ բերող...
ՈՒ քնիր, սեր իմ,
հանգիստ,
երջանիկ:
Քեզ`
բարի գիշեր...
5. ՍԵՐ, ԲԱՐԻ ԳԻՇԵՐ
Պայծառ երազներ
թող քեզ ամփոփեն իրենց գրկի մեջ:
ՈՒ սիրո խոսքեր
թող քեզ շշնջան լուսնի շուրթերը:
Լուսնի շուրթերը
թող այդ խոսքերը ինձ էլ շշնջան իմ արթունի մեջ:
Քո համբույրները
թող ինձ փոխանցեն լուսնի շուրթերը:
Բայց անկարող են լուսնի շուրթերը,
եթե ցանկությունն իմ այս
իզուր է
փորձում ջերմացնել արթունս,
եթե
քո համբույրները երազ են միայն
ու իղձ ցանկալի.
Իմը չեն եղել
ու չեն էլ լինի...
Սեր, քեզ բարի քուն:
Դու հանգիստ քնիր:
ՈՒ եթե հանկարծ երազներիդ մեջ`
ճանապարհներիդ խաչմերուկներում
ինձ գերի վերցնես,
Շղթայակապիր իսկույն ձեռքերս,
ոտքերս,
սիրտս,
արյունս նաև
ու շատ եմ խնդրում,
էլ բաց չթողնես:
Շատ-շատ եմ խնդրում,
որ եթե հանկարծ դու այդ ցանկանաս,
Ավելի լավ է, սպանիր իսկույն:
ՈՒ արյունովըս,
երբ որ արթնանաս,
Գրիր երկու բառ
ա՛յն փողոցային լապտերի սյունին,
որը վերջինն է քո ճանապարհին
տուն-վերադարձի:
Գրիր երկու բառ.
"Կար երազներու՛մ"
և`
"Մնա՛ց այնտեղ":
Սեր, բարի գիշեր:
Sambitbaba
14.02.2011, 21:36
ՄԵՂԱՄԱՂՁՈՏՈՒԹՅՈՒՆ
(Կիսաթարգմանություն իմ ռուսերեն գրած բանաստեղծության)
Եթե անիմաստ են եղել բարձունքներդ գրաված,
Եթե ճանապարհին ոտքերդ դողացել են վախից.
Անսահման է լինելու դատարկությունը գահավիժման,
Ձգտումներդ փետրահանված և անկումդ` անկարեկից:
Ճակաատագրի անհաջող շրջապտույտից հետո
Մտքի թռիչքներ էլ երբեք չեմ ունենա:
Եվ սրտիս ցանկալի կմնա միայն հիշատակը քո,
Թեկուզև դու էլ շուտով ինձ կմոռանաս:
Եվ գինով լեցուն գավաթը
Կավարտի շրջապտույտը երազներիս:
Եվ հետո, արդեն մոտիկ վերջին ակնթարթը
Կգոցի կոպերը հոգնած աչքերիս:
80-ականներին
Sambitbaba
22.02.2011, 09:49
Լի ասույթներով,
լի ցիտատներով,
աֆորիզմներով,
մի մարդ էր ապրում:
Ճանաչված էր նա
որպես հռետոր
ներկա և անցյալ
ժամանակների:
Ճարտասանում էր նա միշտ դաշտերում
և պատճառն այն էր, որ դահլիճները
շատ էին փոքր
նրան լսելու կրքով համակված
ամբոխի համար:
ՈՒներ մեծ համբավ հասարակության
վերին խավերում:
ՈՒ կուռք էր դարձել
ժողովրդի մեջ:
Բայց մարդն այս ուներ մի տարօրինակ,
գաղտնի սովորույթ.
Երբ տուն էր գալիս,
ամեն երեկո
Միացնում էր իր ձայնարկիչը նա
ու պարում երկար
սիրած մեղեդու հնչյունների տակ:
Սիրած մեղեդին` հեռախոսային զանգն էր
անընդմեջ:
Sambitbaba
25.02.2011, 00:52
ՓՈՔՐԻԿ ԱՐՁԱԿ ՊՈԷԶՆԵՐ
1. ԱՐԾԻՎԸ
Դու և Արծիվը կանգնել եք դեմ-դիմաց` հանդիպակաց սարերի կատարներին:
Ինչ-որ նմանություն կա ձեր երկուսի միջև, ինչ-որ խորհուրդ:
Այնքան վեհ ու հաստատուն է նրա տեսքը, որ թվում է, թե ձուլվել է նա իր քարե պատվանդանին:
Վեհության պատճառը պարզ կդառնա քեզ հաջորդ վայրկյանին, երբ նա տարածի հզոր թևերը և իր հոյակապ թռիչքն ուղղի դեպի երկնքի անհունը:
Բայց փորձիր նույն բանը դու էլ, և իսկույն կհասկանաս, որ միայն թվում էր, թե դուք նման եք...
2.ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Թեբեացի մեկն ասել է, որ երբեք չի լքում շուկայական հրապարակն այնքան ժամանակ, քանի դեռ իր հին բարեկամների թիվը չի ավելացրել մի նոր բարեկամով:
Իսկ մենք...
Բավական է մի չնչին միջադեպ, մի անհեթեթ հակասություն, որպեսզի հեշտությամբ լքենք նույնիսկ ամենամոտ բարեկամին:
Եվ մեր կյանքի ճանապարհին կորցնում ենք ու կորցնում, կորցնում ենք ու կորցնում, չմտածելով, թե վերջում ո՞վ է մեզ հաջողություն մաղթելու, երբ ճանապարհ ընկնենք...
3. ՀԵՔԻԱԹ
Արքան պատվիրեց քանդակագործին մի հուշարձան կերտել իր պատվին:
Շատ աշխատանք թափեց քանդակագործն ու ստեղծեց արվեստի հոյակապ մի կոթող: Ավարտելով իր աշխատանքը, նա մի պարկ ոսկի վերցրեց ու, գալով թագավորի մոտ, ասաց նրան.
- Արքա, ես ավարտեցի պատվերդ: Ստացի՛ր քո վարձը:
- Բայց չէ որ ե՞ս պետք է վարձատրեմ քեզ իմ պատվերը կատարելու համար, - զարմացած հարցրեց թագավորը:
- Ոչ, արքա, - պատասխանեց քանդակագործը: - Ես ստեղծեցի մի գործ, որն իմ անունը կհռչակի ամբողջ աշխարհով: Եվ քանի որ ես կատարում էի քո՛ պատվերը, ուրեմն դա քո՛ շնորհիվ է և ե՛ս պետք է վարձահատույց լինեմ քեզ:
Այնպես որ, վերցրո՛ւ քո վարձը, արքա:
Sambitbaba
25.02.2011, 00:59
ՈՉ ԱՅՆՔԱՆ ՓՈՔՐԻԿ ԱՐՁԱԿ ՊՈԷԶ
4. ԿՈՐՑՐԱԾ ԵՐԱԶ
Ե՞րբ սկսվեց: Ինչո՞ւ:
Եվ կարկաչուն ծիծաղն այդ վարակիչ... Հանգիստ չտվող... Հետևող անվերջ...
Եվ համբույրն այն միակ... Որ խենթացրեց անբուժելիորեն...
Հիշողություններ: Ինչո՞ւ:
Որ կորցնեմ գլուխս ու չգիտենամ անելի՞քս: Անշուշտ: Անշուշտ, մարդ պատասխանատու է իր ամեն քայլի համար: Եվ հետո, գիտեմ, գալիս է հատուցման ժամանակը:
Հունձի...
Բայց չէ՞ որ ես երազել եմ քեզ միայն... Իսկ ինչպե՞ս կարելի է պատասխանատու լինել երազների համար:
Երազին կուլ գնա՞լ: Ծիծաղելի է:
Զգացմունքներ երազի հանդե՞պ:
- Երազախաբ լինելուց երբեք երեխա չի ծնվում, - ասել է մի Մեծ Մարդ:
Ես դա գիտեմ:
Սակայն երբ կողքիս ես, ես ոչինչ չգիտեմ, բացի այն, որ պետք է փախչեմ խելակորույս:
Բայց ո՞ւր և ինչպե՞ս: Չէ՞ որ երազից փախչել չես կարող:
Չեմ կարող:
Դու իմ խաչն ես ու ես տանում եմ քեզ իմ ուսերի վրա: Հավանաբար, մինչև վերջ:
Կարծես կատակում ես միայն` հանգամանքներին վերագրելով ասածներդ: Բայց ավելի լուրջ և ճշմարիտ խոսել չէիր կարող, որովհետև կատակների աղբյուրը իմ և քո սրտերից է բխում:
Իսկ աչքերդ ասում են. թող գոնե այսպե՜ս, գոնե կատակո՜վ...
Ես համաձայն եմ, բայց ցավն անտանելի է արդեն: Եվ այդ է պատճառը, որ ներվերս արմատահան են եղել:
Փոթորիկի մեջ:
Փոթորիկից առաջ
մի թիթեռ:
Մի թիթեռ
Փոթորիկի մեջ:
Փոթորիկից հետո
լալիս է մի թիթեռ.
ցավում է, որ չմեռավ
Փոթորիկից առաջ:
Իսկ աչքերդ ասում են. կարո՜տ...
Իսկ շուրթերս երգում են. ափսո՜ս...
Մեր հանդիպումները շա՞տ են, թե՞ քիչ:
Շատ են` երազին կուլ չգնալու հանար:
Քիչ են` չկարոտելո՜ւ համար:
Վտանգն ավելի է շատ, բայց ես հալվում եմ քո կողքին ու ոչինչ անել չեմ կարող: Վտանգն այս հրաբուխի է նման, որի ժայթքելու դեպքում կկորցնենք մեր ունեցած ամեն ինչը:
Զգո՜ւյշ...
Մեզ խանգարո՞ւմ են, թե՞ օգնում մեր հանդիպումների ներկաները:
Ես էլ չգիտեմ:
Երբ փորձում եմ գունավորել քո հոգսերը, նմանեցնում եմ ինձ մատնիչի, որը վտանգից խուսափելու համար պատրաստ է վաճառել նույնիսկ իր ամենաթանկարժեք...
Որ դու երջանիկ չես, տանջվում եմ, կարծես ես եմ դրա մեղավորը:
Գուցե իրո՞ք:
Իսկ ե՞ս...
Գուցե իրո՞ք:
Ինչո՞ւ ուշացար...
Ինչո՞ւ շտապեցի...
Իսկ հիմա դու ունես, ես էլ ունեմ: Եվ պետք է բավարարվել եղածով:
Ինչպե՞ս...
Երևի ուղտի երջանկությունն էլ` իր սապատներն են:
Եվ ես ուրիշ ոչինչ ասել քեզ չեմ կարող, բացի այն, որ
ՍԵՐ-ը`
բառ է,
բաղկացած երեք տառից:
Մի՞թե դա իրոք այն է, ինչ պետք էր...
Sambitbaba
25.02.2011, 01:10
ՈՉ ՓՈՔՐԻԿ ԱՐՁԱԿ ՊՈԷԶ
5. ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻ
(Ըստ Ջեյմս Ջոյսի "Ջակոմո Ջոյս"-ի)
*
Այս ի՞նչ ես անում ինձ հետ, Ջոյս: Ինչո՞ւ հանգիստ չես տալիս ու ստիպում ես, որպեսզի ինքս ինձ գրագող անվանեմ:
Բայց այնքան ես մտել մեջս, որ քո լեզվով չխոսել չեմ կարող: Ներիր, խնդրում եմ: Թողած բազում մտքերս, նստել, քեզ եմ ընդօրինակում:
*
Մի՞թե արժանի է այդ աղջնակն իմ այս կրկնակի նվաստացմանը: Ինչո՞ւ եմ հիշել հանկարծ ու փորձում եմ տեղադրել նրան քո տողերում:
*
Ո՞վ է նա: Հրեղեն մի հոգի, թռվռուն մի մարմին: Ոչ այնքան ամոթխած, ոչ այնքան մատչելի: Գունատ դեմք` ամփոփված մազերի ծածանքում: Հևիհև շարժումներ:
Եվ անշուշտ. խոր հոգոց: Եվ ծիծաղ: Եվ սլացքն աչքերի:
*
Երբ ընդունեցի հրավերը, չէի կարծում, որ նրա գրադարանի մոտ կհամբառնեմ մինչև Օլիմպոսի գագաթը: Բայց փետրահան ցած ընկա երկնքից, երբ նրա` հորթի աչքերով ընկերուհին, իր անողնաշար ռուսերենով մլավեց. "Вам одно кофэ?"
Վեր թռան երկար թերթևունքերը. աչքերի թավշե հայացքը խայթեց իմ հեգնանքն ու դողաց ընկերուհու սխալ ռուսերենի վրա:
*
Նույնիսկ կեսգիշերային պոռթկուն քամին չկարողացավ գոնե մի քիչ բարձրացնել նրա շրջազգեստի փեշերը: ՈՒ ես մնացել էի զարմացած, թե ինչպես նա կարողացավ այդ նեղ զգեստի մեջ պարփակված, այդպես սրընթաց հաղթահարել պուրակի երկար աստիճանները:
Իսկ ցածում` ձորի մեջ գալարվող գետն անդադար մեզ էր կանչում` սթափեցնելու մեր մարմինները:
*
Նա երբեք չի քրտնում: Խոսելու իմաստը. չլռել:
*
Հղկված և գոռոզ.
հղկված` հակառակ սեռին պատկանող ոչ այնքան սակավաթիվ կրքոտ ձեռքերի հպումներից;
գոռոզ` իր սեռին յուրահատուկ ինքնագնահատմամբ:
*
Քամուն տված երկար մազերով նա ծածկում է ստախոս ժպիտը: Եվ իր պարաֆինե ձեռքերով կախ է ընկնում բազկիցս:
*
Կան կանայք, որոնք կորցնում են շատ բան այն դեպքում, եթե տասնյոթ տարեկանում դեռ պահպանում են իրենց կուսությունը: Խոսքս քչերի մասին է, իհարկե, բայց դու` այդպիսին ես:
*
Այն լեռնային լիճը բավականին հեռու է, ինչպես երազների կատարումը: Իսկ ավտոբուսն էլ, իմ կրքից հևասպառ, սողեսող է առաջ ընթանում: Այնպես որ` մինչև երեկո մենք տեղ չենք հասնի:
*
Գիշերային լռության մեջ` մութ զգացմունքի ահագնացող մի ալիք, ու էլի մի ալիք, ու էլի...
Մթության մեջ ես չեմ տեսնում, խարխափում եմ,
Մթության մեջ ես խարխափում եմ, իմ սեր:
ՈՒ էի:
Այլևս հերիք է: Մթության մեջ մութ սեր, մութ հագեցում:
ՈՒ... էլի: Այլևս… հերիք է...
Մթություն:
*
Մոր հետ դուրս է եկել զբոսանքի: Երկու կուրտիզանուհիներ: Գաղտնիքներով լեցուն շոգ երեկոյի մեջ թաքնված, խենթանում եմ նրա կրծկալի բացակայությունից ու զարմանում, թե ինչո՞ւ է իր պիրկ գավակը բռնաբարում նեղ վարտիքի մեջ:
*
Երբ որ նա նորից զբոսնելու գնա, այս անգամ`
հոր հետ,
Կարո՞ղ եմ արդյոք նրան հետևել...
*
Կանգնած է դիմացի մայթի կանգառում: Մեքենաների շչակներից փախչելով` հևիհև բռնում եմ արմունկից:
Ստախոս, կեղծ-վախվորած աչքերով ձևացնում է, իբր չէր նկատել:
- Բարև...
*
- Значит, սա այն երիտասա՞րդն ա: Երիտասարդ, очень рад!
Պարզվում է, որ քիչ այն կողմ կանգնած պճնամոլը` հայրն է:
- Երիտասարդ, Вы знаете, она стала увлекаться каким-то там театром. Тоже мне, восходящая звезда нисходящего армянского театра. Она поедет в Москву и поступит в медицинский! Надеюсь, вам ясно, երիտասա՞րդ:
Такксси!..
*
Հանկարծակի սկսված տեղատարափ անձրևի տակ թրջված տուն հասա և մի ամբողջ շաբաթ ջերմության մեջ նրա ուսի խալն էի համբուրում:
Թքա՛ծ հոր վրա:
*
Ձևացնում եմ, թե պատահաբար հանդիպեցի և ասում եմ, որ թատրոնի շահերի համար մեզ անհրաժեշտ են անհատական պարապմունքներ:
Թարթիչների ստախոս հեզությամբ պատասխանում է. իհա՜րկե, իհա՜րկե: Պայմանավորվում ենք հանդիպման համար:
*
Աստվա՛ծ իմ: Ամենահասարակ շարժումներն անգամ լիքն են կրքով: Որտեղի՞ց այդքան կիրք...
Անշուշտ, ճիշտ է ասված. բարոյականություն, կուլտուրա, զգուշություն, մեծահոգություն, ողջամտություն, կամք, - բայց ինչպե՞ս դիմանալ:
*
Դողում եմ ամբողջ մարմնով: Մի՞թե սա սերն է:
*
Թաց, ցանկալի շրթունքներ. մսե մագնիս:
*
Հազիվ ինձ աթոռին եմ գցում ու մի գլանակ եմ կպցնում:
Արհամարհաբար վերցնում է վերարկուն ու սկսում հագնվել:
*
Հեռացավ արագորեն:
Մռայլ իրիկնամուտ, որին հաջորդելու է ժպտուն առավոտը:
*
Բայց բաժանման թախիծը կմնա:
*
Սիրելի՜ս, սիրելի՜ս, կրկնում եմ անվերջ տունդարձի ճանապարհին: Վերջացրո՛ւ, հիմար: Մի՞թե դու չէիր ոչ այնքան վաղուց և այնպես կրքոտ շշնջում անվերջ մի ուրիշ անուն:
1976
Շատ եմ ափսոսում, որ վաղուց չէի կարդացել Ձեր գործերից, դրանք հոգեպես հանգստացնելու հատկություն ունեն, իսկապես նոր և շատ լավ գործեր եք գեղադրել, հատուկ շնորհակալ եմ <Կորցրած երազ>-ի համար:
Փոթորիկից առաջ
մի թիթեռ:
Մի թիթեռ
Փոթորիկի մեջ:
Փոթորիկից հետո
լալիս է մի թիթեռ.
ցավում է, որ չմեռավ
Փոթորիկից առաջ:
Կարծում եմ այդ թիթեռն ի վերջո չէր էլ ափսոսա, մանավանդ, որ դառնալու էր այսպիսի գործը ընդհանրացնող կերպարներից մեկը: :)
Sambitbaba
28.02.2011, 06:52
Շատ եմ ափսոսում, որ վաղուց չէի կարդացել Ձեր գործերից, դրանք հոգեպես հանգստացնելու հատկություն ունեն, իսկապես նոր և շատ լավ գործեր եք գեղադրել, հատուկ շնորհակալ եմ <Կորցրած երազ>-ի համար:
Փոթորիկից առաջ
մի թիթեռ:
Մի թիթեռ
Փոթորիկի մեջ:
Փոթորիկից հետո
լալիս է մի թիթեռ.
ցավում է, որ չմեռավ
Փոթորիկից առաջ:
Կարծում եմ այդ թիթեռն ի վերջո չէր էլ ափսոսա, մանավանդ, որ դառնալու էր այսպիսի գործը ընդհանրացնող կերպարներից մեկը: :)
Շնորհակալ եմ, սիրելի Օհանյան: Ինչպես միշտ, կարողանում եք գտնել խոսքեր, որոնք շոյում են մարդու զգացմունքները: Առավելապես` համընդհանուր լռության մեջ:
Ես արդեն չեմ հիշում, թե ինչն էր պատճառը, որ մոտ 35 տարի առաջ, թիթեռի այդ պատմությունը մեջբերել եմ այս գործի մեջ ("Կորցրած երազ"): Իրականում այն, կարելի է ասել, ամփոփում է իմ` "Քեզ սպասելիս" գործը, որը դուք կարող եք գտնել այս թեմայի առաջին էջի վրա:
"Կորցրած երազն" այստեղ տեղադրելու ժամանակ մի ակնթարթ մտքիս կար հանել թիթեռի պատմությունը, բայց ինձ թված, որ առանց նրա` գործը կորցնում է իր ամբողջականությունը: Որոշեցի թողնել, բայց, խուսափելու համար այն բանից, որ հետո ինձ չմեղադրեն ինքս ինձանից գրագողություն անելու համար, տպագրեցի այդ մասն ավելի մուգ տառերով: Ինչպես նաև գործի նախավերջին նախադասությունը` "ՍԵՐ-ը`բառ է,բաղկացած երեք տառից": Սա Ֆրանսուազ Սագանի խոսքերն են, եթե չեմ սխալվում, "Բարև, թախիծ" վեպից:
Sambitbaba
28.02.2011, 07:04
ՓՈՔՐԻԿ ԸՆԴՄԻՋՈՒՄ
Փոքրիկ ընդմիջում աշխատանքի մեջ:
Միացնում եմ ռադիոընդունիչը:
ՈՒ կլանում է ինձ ջազի ռիթմն անընդմեջ
Եվ Արմսթրոնգի փողի ճիչը:
Գալարվում է, ելևէջում է սաքսոֆոնը:
Հարբել է դաշնամուրն` առավոտից:
ՈՒ գերում է ինձ նոտաների այս մարաթոնը
Եվ Արմսթրոնգի փողի ճիչը:
Հիմա կոնտրաբասն է, մտքերի մեջ ընկած`
Քրթմնջում ինչ-որ բառեր սիրո մասին:
ՈՒ լալիս է դաշնամուրը` առավոտից հարբած
Եվ... Արմսթրոնգի փողի ճիչը:
Sambitbaba
28.02.2011, 07:17
Դե ինչ, սա, հավանաբար, կլինի վերջինն իմ պատանեկան գործերից, որ ես կտեղադրեմ այստեղ.
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
*
Երբ որ բացվեն հոգուդ շրթունքները
երգերի համար;
ՈՒ սպիանան սրտիդ խոռոչները
վերքերից հազար;
Հարդարվեն քո կնճիռները,
աչքերդ երջանկանան;
Քեզնից փախչեն հեռու
մղձավանջներն ու անէանան`
Դու կխոսես այնպես, կը-երգես այնպես,
որ քեզ հասկանան:
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Սրանից հետո կսկսվեն գործերը, որոնք գրված են վերջին մոտ տասը տարիների ընթացքում:
Sambitbaba
06.03.2011, 13:14
* * *
Այս ֆանտաստիկ օրը մի մնացեք քնած,
Ձեր իրությունն այսօր անկարող է քնել:
Հրշեջներն էլ այսօր կարող են տուն գնալ.
Այսօր նրանք դրսում անելու գործ չունեն:
Արծաթե գազաններն էլ դուրս են եկել այսօր,
Ջերմություն են փնտրում ոսկե արևի տակ:
Ճենապակե գնդիկներն էլ բոլոր
Այսօր թվում են անհատակ:
Սիրո ասպետներ ենք մենք, դու չե՞ս մոռացել:
Եվ քայլվածքով կարծես հրեշտակներ լինենք:
Էլեկտրականությանը միշտ դեմքով ենք ճանաչել:
Մագնիսական դաշտի հետ եղբայրներ ենք մենք:
ՈՒ՞մ ենք մենք պարտական և ու՞մ ենք ենթակա:
Թռչուններ ենք հուրե` մոխիրներից ելած:
Ապառաժների վրա մեր ոտնահետքերը կան,
Փոթորիկների առջև էլ մեր մեջ սարսափ չկա:
Sambitbaba
10.03.2011, 05:00
ԼՈՒՍՆԻ ԱՅՍ ԺԱՄԻՆ
Ինձ իմաց կտաս, երբ որ մտածես, որ էլ ելք չունես:
Թեկուզև ճչա, երբ մտածում ես, որ էլ երգ չունես:
Այս գիշերվա մեջ ամոթալի չէ, ուզում ես` ոռնա,
Միայն, սիրելիս, լուսնի այս ժամին մենակ մի մնա:
Ես գիտեմ, ճիշտ է, ջահելի համար լավը` գիշերն է:
ՈՒ կա ժամանակ, երբ նույնիսկ մոտիկ ընկերը` բեռ է:
ՈՒ թախծի մեջ էլ, ես գիտեմ, անշուշտ, կա նաև հմայք,
Բայց միևնույն է, լուսնի այս ժամին մի մնա մենակ:
Շատ պատճառներ կան ցանկալու լինել մեկը` քչերից:
Ցանկանում եմ քեզ անվթար պահել կյանքի փշերից:
Եթե դու դեմ չես, արի՞ գիշերը լինենք երկուսով...
Դեմ չես: ՈՒրեմն, լուսնի այս ժամը կներկեմ Լույսով:
Երևի այս անգամ Ձեր <Լուսնի այս ժամին> գործը իմ խոսքերով չմեկնաբանեմ, այլ իմ համար շատ կարևոր մի անձնավորության` բանաստեղծուհու խոսքերով, ցավոք սրտի նա, լինելով իսկապես բարեհոգի անձնավորություն, իր ամբողջ կյանքը անցկացրեց միայնության մեջ, և այժմ այլևս չկա` Անժելա Պարսամյանի բանաստեղծությամբ:
Մի' լքիր ինձ այս պահին,
Ես ոչինչ չեմ ուզում,
Չե'մ խնդրում, չե'մ պահանջում,
Միայն մի' լքիր ինձ այս պահին:
Ես ոչինչ չեմ ուզում,
Չե'մ ճչում ցավից, չե'մ բողոքում,
Միայն մի' լքիր ինձ այս պահին...
Sambitbaba
11.03.2011, 04:18
Երևի այս անգամ Ձեր <Լուսնի այս ժամին> գործը իմ խոսքերով չմեկնաբանեմ, այլ իմ համար շատ կարևոր մի անձնավորության` բանաստեղծուհու խոսքերով, ցավոք սրտի նա, լինելով իսկապես բարեհոգի անձնավորություն, իր ամբողջ կյանքը անցկացրեց միայնության մեջ, և այժմ այլևս չկա` Անժելա Պարսամյանի բանաստեղծությամբ:
Շնորհակալ եմ, սիրելի Օհանյան: Շնորհակալ եմ և... զգացված:
Sambitbaba
12.03.2011, 11:05
* * *
Բարև: Ես ուրախ եմ, որ մենք խոսում ենք նույն լեզվով,
Ես ուրախ եմ, որ կարող ես դու լսել ինձ ու հասկանալ:
ՈՒրեմն, լսիր, խնդրում եմ, պատմությունը իմ սիրո.
Ես պետք է պատմեմ մեկին, թե չէ կարող եմ խենթանալ:
Մեզ երբեմն պետք է մեկը, ում համար միևնույն է, թե ո՞վ ես դու հիմա,
Ով ճանաչում է քեզ և կբացի իր տան դուռը քեզ համար:
Չէ՞ որ նա, ով սեր է տենչում, անպաշտպան է կրկնակի,
ՈՒ քայլում է կարծես մթնում, եթե չունի քեզ պես մեկին:
Եվ յուրաքանչյուրը սիրո մասին խոսում է իր խոսքերով:
Ամեն մի սիրահարի գիշերը լիքն է սքանչելի երազներով:
Ամեն մեկը վստահ է, որ սիրո կրակը բխում է հենց իր սրտից`
Եվ այդ համոզմունքը միշտ թեմա է ծնում նոր պատերազմի:
Բարև: ՈՒ նաև շնորհակալ եմ, որ դու կողքիս ես:
Նաև հույս ունեմ, որ ճանապարհիս ընկեր կլինես:
Չէ՞ որ մեզ միշտ էլ սպասում է մեկը գետի այն ափին,
Եվ մի՞թե դա չէ ճիշտ պատասխանը շատ-շատ հարցերի:
Տես, ամեն մեկը մեզանից` լջորեն վաճառում է ինքն իրեն,
Որպեսզի կենդանացնի այն գիշերային հրաշք-սերն իր երազի:
Բայց հոգեպես իր որոշման վրա նա կասկածում է,
Եվ այդ կասկածանքը` միշտ թեմա է ծնում նոր պատերազմի:
Sambitbaba
14.03.2011, 09:51
* * *
Քնիր, քանի մութ է:
Իսկ վաղը նորից առավոտ կլինի:
Քնիր, դրսում ցուրտ է:
Ես բացել եմ լուսամուտը,
Թող սենյակում օդը մաքուր լինի:
Մաքուր օդից քունը` հարուստ է:
Լսո՞ւմ ես, քնած է ամբողջ մոլորակը:
Քնած է մեր քաղաքը, մեր փողոցն է անձայն:
Քնած են մեր քաղաքը, մեր տունը, մեր բակը:
Իսկ Երկրի վրա, հեռու վերևում
Քո ժպիտի նման լուսավոր
Մի աստղ է վառվում:
Sambitbaba
16.03.2011, 23:01
* * *
Երբ որ հաշվետվության ժամը մոտենա`
Ի՞նչ պատասխան եմ ես քեզ տալու.
Որ ավելի վատը լինելու իմաստը չգտա,
Եվ որ հնար չունեի ավելի լավը լինելո՞ւ...
Երեկվա գիշերն այդպես էլ անհասկանալի մնաց:
Ի՞նչն էր պատճառն այն մտքերիս խելագար:
Իմ այս գլուխ ջարդելն իզուր է անկասկած,
ՈՒ պետք է գտնել մեկին, որ կօգնի ինձ հասկանալ.
Հնարավո՞ր է արդյոք խլանալ` երգելով,
Կամ, ասենք, խոսելով` համրանա՞լ...
Շատ հաճախ փորձում ենք խրատել` ծաղրելով,
ՈՒ փորձում ենք պարտքերով` հարստանալ...
Կարելի՛ է բուժել վերքերը` լիզելով:
Մի հարցին` յոթ հարյուր պատասխան ունենա՛լ:
Անշուշտ, անհնա՛ր է հայհոյել` սիրելով:
Բայց կարելի՞ է սիրոց` խենթանալ:
Sambitbaba
13.04.2011, 10:31
ԾԱՂՐԱԾՈՒ
Տիրուհիս,
դու գիտե՞ս արդյոք, ինչու եմ ես լալիս,
քո դռան շեմին նստած գլխիկոր:
Ես այսօր
հրաժեշտ եմ քեզ տալիս, տիրուհիս,
հեռանում եմ քո երկրից ես այսօր:
Չգիտեմ,
դեպի ո՞ւր է տանելու ինձ ճամփան
և որտե՞ղ եմ հանգիստ գտնելու:
Կապ չունի:
Գնալու եմ, փախչելու եմ այնքան,
մինչև սիրտս մոռանա անունը քո:
Տիրուհիս,
ես այսօր հրաժեշտ եմ քեզ տալիս.
թե կուզես, ինձ մաղթիր բարի ճամփա:
Շատ անգամ
ես փորձել եմ հեռանալ, տիրուհիս,
բայց դու հետ ես ինձ կանչել ամեն անգամ:
Իսկ երեկ
քո դռան պահապանն ինձ ասաց,
որ էլ չեմ կարող ես այցելել քեզ երբեք:
Ես. "Ինչու"...
Նա. "Դե, դու... ավելորդ ես արդեն.
տիրուհին ունի նոր ու ջահել ծաղրածու":
Տիրուհիս,
կգնամ, ես հեռու կգնամ,
մեծ աշխարհ է ու մի տեղ կգտնեմ ես հանգիստ:
Չի մնա
իմ հոգում քո հանդեպ թշնամանք,
միշտ ջահել ու սիրուն դու մնա, տիրուհիս:
Բայց ցավոք,
ես գիտեմ, թե ինչու դու այսօր
փակեցիր իմ առջև դռները քո տան:
Քո տղան,
որ շուտով կդառնա թագավոր,
ես գիտեմ,ես գիտեմ, նա ինձ շատ է նման:
Sambitbaba
20.04.2011, 21:08
* * *
Բաժանվեցինք փողոցների խաչմերուկում
ՈՒ փորձեցինք մենք իրարից չնեղանալ:
ՈՒ ցանկացանք ես` քեզ, դու` ինձ, երջանկություն,
առողջություն, հաջողություն, հարստանալ...
ՈՒ բացվեց մեր առջև մի անվերջ գիշեր,
ՈՒ ես հասկացա, որ երբեք չեմ քնի:
Եվ նաև հասկացա. երբ գիշերն է անվերջ`
Երկինքը դառնում է մոտիկ ավելի:
Մի՞թե Հռոմ են տանում ճանապարհները բոլոր:
Չգիտեմ: Կարող է: Բայց գիտեմ ես հաստատ.
Իմ դռնից են սկսվում ճանապարհները բոլոր:
Վիճելն անիմաստ է:
Ինչի՞ մասին էիր մտածում, ասա՛,
Քանի դեռ սիրտս բռունցքիդ մեջ էր,
Երբ առավոտյան Արևը բարձրացավ,
Երբ առավոտը` կարծես անվերջ էր:
Հիմա դու կարող ես գնալ` ուր ուզում ես:
Կարող ես ընկնել, բարձրանալ, համբառնալ:
Քեզ հավատացող աստվածների ձայնը լսո՞ւմ ես,
Դեռ քեզ են կանչում, կարող ես վերադառնալ:
Մի՞թե Հռոմ են տանում ճանապարհները բոլոր:
Չգիտեմ: Կարող է: Բայց գիտեմ ես հաստատ.
Իմ դռնից են սկսվում ճանապարհները բոլոր:
Վիճելն անիմաստ է:
Sambitbaba
11.05.2011, 07:50
* * *
Աչքերիդ մեջ ցուրտ է շատ,
իսկ սիրտդ սառույց է պատել:
Գուցե պատահականություն է դա,
բայց կարող է նաև սկզբունք լինել:
Քո ցավը` քո Ձյունե թագուհու համբավն է.
չգիտեմ, վա՞տ է դա... չգիտեմ` լա՞վ է...
Իսկ բռունցքիդ մեջ գերի է մնացել,
այո, մատներիդ մեջ շղթայված է սիրտս:
Տես, բռունցքիդ մեջ սիրտս հուր է դարձել,
այրվում է դանդաղ, կայծկլտում է սիրտս:
Իմ այս կրակի մեջ թող հալվի քո սառույցը:
Աչքերդ էլ բաց արա, տես դրսում ինչ լույս է:
Կաղկանձում է միտքս: Բռունցքդ բա՛ց արա:
Սիրտս ի՛նձ տուր, հոգիս: Թող, որ մնամ մենա՛կ:
Բայց աշխարհում, հոգիս, միայնություն չկա.
ուր էլ փորձես փախչել, շուրջ բոլորդ է Աստված:
Եվ թե իրոք` Աստծոց բացի ուրիշ ոչինչ չկա,
ուրեմն` հավերժ ես, Սեր: Հավերժ ես դու: Անմահ:
Sambitbaba
08.11.2011, 06:53
ԳՆԱ՞Լ… ԹԵ՞ ՄՆԱԼ
Այս գիշեր ինչ-որ տեղ սպասում են մեզ:
Այս գիշեր ինչ-որ տեղ սպասում են մեզ:
Այս գիշեր ինչ-որ տեղ սպասում են մեզ:
Այս գիշեր ինչ-որ տեղ սպասում են մեզ:
Վերցրու շրթհարմոնդ, չմոռանաս, -
Ես արդեն վերցրել եմ իմ շվին:
Էլ դժվար թե այսօր մենք տուն վերադառնանք.
Ինչ-որ տեղ սպասում են մեր երգերին:
Էլի մի երեկո, էլի մի քար՝ վզից կապած.
Նայիր, օղակներ են ջրի վրա վազում:
Իսկ մենք չգիտենք, թե երբ են մեզ ասելու.
“Հե՜յ, ժամանակն է գնալու…”
“Ես քեզ կզանգեմ”, - նա ինձ այդպես ասաց:
Խնայի՜ր համբերանքս, շա՜տ եմ խնդրում:
Այսօր ես պիպի երգեմ, բայց չե՜մ կարող երգել,
Հե՜յ, չեմ կարող, առանց քեզ տեսնելո՜ւ…
Երևի թե այս գիշեր ես խելագարվեմ:
Բայց այս գիշեր ինչ-որ տեղ սպասում են մեզ:
Այս գիշեր ինչ-որ տեղ սպասում են մեզ:
Այս գիշեր ինչ-որ տեղ մեզ շատ են սպասում:
Եվ այսպես, տնից-տուն, քաղաքից-քաղաք,
Օտար մարդկանց հետ, ընկերների հետ օտար:
Ես, հավանաբար, մինչև տուն վերադառնամ,
Տունս կդառնա արդեն տուն-թանգարան:
Դե փչի՜ր, շրթհարմոնդ, փչի՜ր, ընկերս,
Իմ շվին էլ արդեն պատրաստ է երգել:
Եկ գնանք այնտեղ, ուր կանչում է մեզ Արևը,
Ուր ոչ-ոք չի փորձի մեզ փնտրել:
Բայց այս գիշեր ինչ-որ տեղ սպասում են մեզ:
Այս գիշեր ինչ-որ տեղ սպասում են մեզ:
Այս գիշեր ինչ-որ տեղ սպասում են մեզ:
Այս գիշեր ինչ-որ մեկը մեզ շատ է սպասում:
Sambitbaba
24.11.2011, 22:47
ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ
Արևելքցի իմաստունն ասել է.
Հարցնում է ուսուցիչն աշակերտին.
- Որտե՞ղ է բնակվում հիմարությունը:
Աշակերտը ցուցամատը դնում է իր ճակատին.
- Այստեղ, - ասում է:
- Ինչո՞ւ, - հարցնում է ուսուցիչը զարմացած:
Աշակերտը խոնարհ կախում է աչքերը ցած.
- Երբ ես ինչ-որ հիմարություն եմ ասում,
Ուսուցիչ, դու միշտ
իմ ճակատն ես թակում:
Նիկոլայ Ռերիխն ասել է.
Եթե ինքդ քեզ վստահում ես,
Մտքիդ, գործիդ, խոսքիդ՝ հավատում ես,
Ապրում ես կյանքդ արդար,
Պայքարում ես քո ճշմարտության համար, -
Երբեմն դու հարկադրված ես
Պաշտպանել մտացածդ, ասածդ, արածդ…
Եվ տես, թե ավելի հաճախ դու ինչ ես անում.
Եռանդով կուրծքդ, սիրտդ ես թակում:
Քանզի ամեն ինչի ակունքը
այնտեղ է՝ քո սրտում…
Հոգիս ինձ ասում է հիմա.
Տես, սիրտդ եկել է:
Եկել ու թակում է մտքիդ դուռը:
Թակոցը լսիր
և դուռը՝ բացիր:
Թող սիրտդ ներս գա:
11.23.11
Sambitbaba
06.01.2012, 17:44
* * *
Իմ Աստվածը
կրոն չունի.
Բոլորովին
կարիք չունի
հավատալու,
Թե Աստված՝ կա:
Իմ Աստվածը՝
համայն Սեր է.
Սիրում է Իր
զավակներին
անցած,
ներկա…
Եվ՝ անխտիր:
O5.23.08
Հ.Գ. Ճիշտն ասած, միտք չունեի այս փոքրիկ մտորումս տեղադրել “Ակումբում”, առավել ևս, որ շատ հնարավոր է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի հետ ինչ-որ բանի մասին խոսելիս, այն արդեն հնչեցրած լինեմ: Բայց այսօր, Հայազնին պատասխանելուց հետո, փոխեցի միտքս:
Sambitbaba
12.07.2012, 19:38
ՀՈՍՔ
(Չկայացած երգի բառերը)
Հոսում եմ ջրի նման
Երգերս են անամոթ
Երգերս են անիմաստ
Երգերս են թախծոտ
Ես տեսա, թե ինչպես դու ծնվեցիր,
թե ինչպես մի աստղ առկայծեց։
Հոսում եմ ջրի նման
Երգերս են անիմաստ
Ես տեսա, թե ինչպես երկնքում պարեցին
քամիներն ու հրեշտակներ։
Հոսում եմ ջրի նման
Երգերս են անամոթ
Երգերս են անիմաստ
Երգերս են թախծոտ
(Քանի որ ջան եմ, յար, քեզ ղուրբան եմ,
ասա, ինչ անեմ։)
Հեռախոսների զանգեր
Պարտությունների լեղի
(Քանի որ ջան եմ, ես քեզ ղուրբան եմ,
ասա, ինչ անեմ։)
Հեռախոսների զանգեր
Բանալիների կապեր
Պարտությունների լեղի
Հաղթանակներ հարբած
(Քանի որ ջան եմ, յար, քեզ ղուրբան եմ,
ասա, ինչ անեմ։)
Հոսում եմ ջրի նման
Հաղթանակներ հարբած
(Քանի որ ջան եմ, ես քեզ ղուրբան եմ,
ասա, ինչ անեմ։)
Հոսում եմ ջրի նման
Պարտությունների լեղի
Հաղթանակներ հարբած
Աստված քեզ հետ լինի
(Քանի որ ջան եմ, յար, քեզ ղուրբան եմ,
ասա, ինչ անեմ։)
Երգերս են թախծոտ
Աստված քեզ հետ լինի
(Քանի որ ջան եմ, ես քեզ ղուրբան եմ,
ասա, ինչ անեմ։)
Հոսում եմ ջրի նման
Երգերս են անամոթ
Երգերս են անիմաստ
Երգերս են թախծոտ
Խորհրդավոր եղբայրություն,
Արժանապատիվ տերտեր։
Հեռախոսների զանգեր
Հայացքներ անտարբեր
Եվ երգեր մկրտության,
Եվ բաժանման վերքեր։
Հեռախոսների զանգեր
Հաղթանակներ հարբած
Հայացքներ անտարբեր
Եվ հանկարծ… կաթվածք…
Կուզենայի թիկնել ամպերին։
Թե ոչ… ամեն ինչ իզուր է։
Մեզանից մեկն ուրախ է
Մեզանից մեկը՝ տխուր է
Կուզենայի սանձել ամպերը։
Թե ոչ՝ ամեն ինչ իզուր է։
Եվ երգեր մկրտության
Հաղթանակներ հարբած
Եվ բաժանման վերքեր
Եվ… հանկա՞րծ… կաթվա՞ծք…
Հանդիպեցի այսօր նրան,
բայց դեմքը չեմ հիշում։
Քո կենացը՝ ընկեր
Քո կենացը՝ Աստված
Հանդիպեցի այսօր Նրան.
Հանդիպեցի Աստծոն։
Հանդիսավոր խոստում
Քո կենացը՝ ընկեր
Քո կենացը՝ իմ սեր
Քո կենացը՝ Աստված
Նրա հետ էի ամբողջ օրը,
բայց դեմքը չեմ հիշում։
Քո կենացը՝ Ընկեր
Քո կենացը՝ Աստված
Մոռացել եմ ես սկիզբը, -
Հայտնվել եմ վերջում…
04.20.2007
Sambitbaba
06.11.2012, 06:48
ՍԻԶԻՓՈՍ
“Մե՛կ էլ: Մե՛կ էլ:
Ե՛վս մեկ անգամ:
Աստված իմ, այս բեռըս
ինչո՞ւ է ծանր այսքան:
Եվ ինչո՞ւ ծանր քարն այս
անբաժան է ինձնից առհավետ:
Ի՞նչ սիրով ես դրդված, -
Տե՛ր, այս բախտն ինձ համար սահմանել”:
Իսկ Աստված լսում է լուռ
անվերջ բողոքող Սիզիփոսին,
Հետո խորամանկորեն
ոտքը դուրս է հանում թաքստոցից…
Ու Սիզիփոսը խեղճ,
բեռան հետևից` ձեռքից բաց թողած, -
Գլորվում է սարից ցած,
քանզի չէր տեսել Աստծո ոտքն իր առջև պարզած:
- Ա՜խ, մամա ջան…
“Մե՛կ էլ: Մե՛կ էլ:
Ե՛վս մեկ անգա՛մ:
Այս անգամ ես հաստատ
մինչև գագաթ կբարձրանա՛մ:
Այս անգամ էլ կուլ չե՛մ գնա
ես դաժան Սատանայի խաղերին,
Եվ իմ բեռը` ծանր քարն այս, -
մինչև գագաթ կհասցնեմ անթերի”:
Աստված նորից լսում է լուռ
անվերջ բողոքող Սիզիփոսին,
Հետո, դավաճանորեն
բաժանվելով երեք մասի, -
Շուտափույթ մի ճանճ
և երկու մոծակ է դառնում
Եվ խեղճ Սիզիփոսի
բերանը, քիթն ու աչքն է մտնում:
- Հափչի՜ի՜ի՜… Վա՜յ, քու մերը…
“Մե՛կ էլ: Մե՛կ էլ:
Ե՛վս մեկ անգա՛մ:
Մե՛կ է, վերջը այս քարի
հախից պիտի ես գա՛մ:
Տ՛ես, մի քայլ է մնացել,
որ հասնեմ գագաթին,
Բեռըդ քեզ հանձնեմ, և դու էլ
վերջապես ինձանից ձեռք քա…
- ………………….
Գիտե՞ս ինչ, Քե՛զ էլ,
ու Քո բե՛ռն էլ, Տե՛ր:
Որքա՞ն կարող ես Դու
ինձ ծաղրի ենթարկել:
Թե պետք է քարն այդ Քեզ, -
Դու Ինքդ բարեհաճիր իջնել ցա՛ծ,
Եվ Ի՛նքդ գնա քո թանկագին
բեռի հետևից, սիրելի՛ Աստվա՛ծ:”
Ասաց այս խոսքերը
Սիզիփոսը զայրացած
Եվ սարի գագաթից թռավ վեր`
Աստվածացած…
Եվ Աստված ժպտաց նրա հետևից
ժպիտով սիրող Հոր…
06.11.12
Sambitbaba
07.07.2013, 00:17
ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀՈՒՅՍ
Այսօր, ինչպես ամենուր,
Այսօր, ինչպես երազում,
Ես ձգտում եմ դեպի քեզ:
Իսկ դու... Դու ինչ ես ուզում:
Մտքերիդ մեջ ես կորել...
Ինչ ես դու այնտեղ փնտրում:
Քանի սիրտ ես աքսորել:
Ում ես այսօր խորտակում...
Դեպի ուր ես երազում:
Ինչն է միտքդ պաշարել:
Հիշողություններիդ գրկում
Կարելի է քեզ... սիրել...
* * *
Իմ Աստվածը
կրոն չունի.
Բոլորովին
կարիք չունի
հավատալու,
Թե Աստված՝ կա:
Իմ Աստվածը՝
համայն Սեր է.
Սիրում է Իր
զավակներին
անցած,
ներկա…
Եվ՝ անխտիր:
O5.23.08
:
Հիանալի տողեր են Սամ ջան ;)
Sambitbaba
13.06.2014, 06:11
Հիանալի տողեր են Սամ ջան ;)
Զգացված եմ, Զաք ջան...:)
Sambitbaba
11.04.2016, 21:39
էՔՍՊՐՈՄՏ` աԴՐԲԵՋԱՆԻՆ
արդբեջանցի` նշանակում է. թուրք:
Իսկ թուր'ք` նշանակում է. թրեր:
Տեսնու՞մ եք, նույնիսկ անուն էլ,
այդ մենք է, որ ձեզ ենք տվել...
Sambitbaba
07.07.2016, 16:01
ԱՆՁՐԵՎԻ ՍԵԶՈՆ
Անձրևի սեզոն է:
Բայց անձրև չկա:
Կարող է հետո, մի երկու կաթիլ ընթացքում...
Հիմա դու գնում ես:
Քեզանից հետո նոր աշխարհ կգա:
Այդ նոր աշխարհի հետ`
չգիտեմ էլ հեչ, ի՞նչ եմ անելու...
Այս վերջին պահին միտքս լռում է.
հրաժարվում է քեզ խնդրել ու լալ,
որպեսզի մնաս...
Քո սիրտն էլ լուռ է,
դեպի ինձ` մեռած:
Ինչ-որ տեղ դրսում
ինչ-որ կատուներ ժիր մռմռում են,
ես էլ չգիտեմ,
անձրևի սեզոնին լսվա՞ծ բան է դա...
Հիմա գնում ես:
Ու հին աշխարհն իմ
կործանվելու է,
լավագույն դեպքում, ամեն ինչ ոտքից` գլխի շուռ կգա:
Եվ քո կառուցած այն նոր աշխարհում
ես դառնալու եմ
այլմոլորակային:
Ահա այսպիսի կամերա-օբսկուրա:
Ամեն ինչ լավ կլինի,
հեչ չվախենաս:
Sambitbaba
24.09.2016, 08:32
Կարճ հանդիպումը
փոթորիկի պես մի բան է.
գալիս է, գնում:
Իսկ հետո՝
ինչպես
փոթորիկից հետո, -
ավերվում ես-մնում...
Թե ե՜րբ կվերականգնվես...
Sambitbaba
07.03.2018, 10:34
ԱՐԱՐՈՒՄ
ՀՀՀՀՀՀՀ
---
հհհհհհհհհհհհհ
---
ՀՀՀՀՀՀՀ
---
հհհհհհհհհհհհհ
---
Այսպես նիրհում է
Ամբողջությունը՝
Ամենայն Գոյը.
Շունչ և արտաշունչ,
Շունչ և արտաշունչ:
ՀՀՀՀՀՀՀ
---
հհհհհհհհհհհհհ
---
ՀՀՀՀՀՀՀ
---
հհհհհհհհհհհհհ
---
Եվ այս նիրհի մեջ
կարող են անցնել
Հավերժություններ.
Շունչ և արտաշունչ,
Շունչ և արտաշունչ:
Մինչև մի անգամ...
ՀՀՀՀՀՀՀ
---
հհհհհհհհհհհհհ
---
ՀՀՀՀՀՀՀ
---
հԱ՞...
---
Այսպես արթնացավ:
Արթնացավ մի պահ,
նայեց Իր շուրջը՝
ոչինչ չտեսավ...
Ի՞նչ պետք է տեսներ
Գոյը Ամենայն,
երբ Իրենից զատ
ուրիշ ինչ-որ բան
գոյություն չուներ.
շուրջբոլոր Ինքն էր՝
Անտեսանելին...
Հեհհհ, - հոգոց հանեց
Ամենայն Գոյը
և նորից քնեց.
Հոգոց - արտաշունչ,
Շունչ և արտաշունչ...
Մինչև մի անգամ
մի երազ տեսավ:
- Ես Եմ: -
(Առաջին Միտքը հղացավ:)
- Ես... Ո՞վ Եմ: -
(Այսպես Միտքը աշխատեց:)
- Ես՝ Ամեն Ինչ Եմ: -
(Սահմանվեց իմաստն
Անսահմանության:)
- Ես Նա Եմ Ով Եմ:
Էոնների մեջ,
շարունակելի և հավերժաբար
այդ Միտքը հնչեց.
Ես Նա Եմ Ով Եմ Ես Նա Եմ Ով Եմ Ես Նա Եմ Ով Եմ Ես Նա Եմ Ով Եմ
Ես Նա Եմ Ով Եմ Ես Նա Եմ Ով Եմ Ես Նա Եմ Ով Եմ Ես Նա Եմ Ով Եմ
Ես Նա Եմ Ով Եմ Ես Նա Եմ Ով Եմ Ես Նա Եմ Ով Եմ Ես Նա Եմ Ով Եմ
Ես Նա Եմ Ով Եմ Ես Նա Եմ Ով Եմ Ես Նա Եմ Ով Եմ Ես Նա Եմ Ով Եմ
Ես Նա Եմ Ով Եմ Ես Նա Եմ Ով Եմ Ես Նա Եմ Ով Եմ Ես Նա Եմ Ով Եմ Եսսս...
- Ես Նա Եմ Ով Եմ,
բայց ցանկանում եմ
զ'Ինքս ճանաչել:
ՀՀՀՀՀՀՀ
---
հաաաաաաաաաաաա
---
ՀՀՀՀՀՀՀ
---
հէ՜է՜է՜...
Նոր Արթնացման մեջ
Միտքը՝ Մեծպայթեց
Իր ողջ Էության
"Եղիցիլույս"-ով:
Նյութականացավ
Միտքը՝ Լույսի մեջ:
Լույսը՝ Մթի մեջ:
Մութը՝ վերացավ:
Ահա առաջին մարմնավորումը
Իրականության:
Եվ այսպես ծնվեց
ողջ Տեսանելին.
Տի Եզերքները,
զ'Օդի Ակները,
զ'Արեգ Ակները,
զ'Մոլոր Ակները...
- Լավ է, - գոհացավ
Ամենայն Գոյը: -
Ժամն է՝ սկսել
Ճանաչման Օրը:
Ժամն է, որ գա նա,
ով կճանաչի
ամենն Ինձ համար:
Եվ թող նա Ինձ պես
արարիչ եղի:
Թող նա արարի
ինչ կկամենա:
Թող, որ Ինձ համար
հայելիք եղի.
Ինձ տեսնեմ իր մեջ
և սքանչանամ...
Հայելիք, եղի՛ր,
որ սքանչանամ:
Եղի՛ր, հայ-ելիք,
որ Ես գոհանամ:
Ես քեզ, հայ-է-լիք,
կանվանեմ Ադամ:
Ադ Ամ, ասում եմ,
Ադ Ես եմ, որ կամ:
02.22.2018
Sambitbaba
08.04.2018, 21:51
"ՕՇՈՆԵՐ" ՇԱՐՔԻՑ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՈԳևՈՐԸ
Հարցրեց կենսաբանը Վարպետին.
- Ի՞նչ է գեղեցկությունը:
Վարպետը կենսաբանին իր հետ
զբոսանքի տարավ:
Քիչ անց նա տեսավ մի ծաղիկ
ճամփեզրին,
պոկեց այն ու տվեց կենսաբանին.
- Ահա՛:
Զբոսանքից հետո
կենսաբանը որոշեց
ծաղկի մեջ գտնել
նրա գեղեցկությունը, -
և ծաղիկը մանրակրկիտ
ուսումնասիրության ենթարկեց:
Առաջին հերթին որոշեց նրա
քիմիական բաղադրությունը:
Իսկ հետո որոշեց ծաղիկը մասնատել:
Իրարից բաժանեց
տերևները, ցողունը,
թերթիկները, սերմերը, -
և մանրադիտակի տակ
ուշադիր զննեց:
Ամեն ուսումնասիրած մաս
մեծագույն զգուշությամբ
տեղավորեց առանձին
փորձանոթի մեջ:
Համարակալեց փորձանոթները
և նրանց վրա
ամեն առանձին մասի
անունը գրեց:
Իսկ հետո, երբ ձեռքի տակ
ոչ մի մաս չմնաց,
Սկզբում զարմացավ,
չհավատաց աչքերին:
Դարակից հերթով վերցրեց
բոլոր փորձանոթները
և պարունակությունը
համեմատեց գրածին:
Բարկացավ սարսափելի
մեր կենսաբանը:
Վերցրեց հովանոցը, գնաց
Վարպետի հետևից:
Եվ շուտով Վարպետը՝
անձրևի տակ թրջված,
փորձանոթների առջև էր,
կենսաբանի կողքին:
- Տես, - դիմեց նրան
վրդովված կենսաբանը, -
այս փորձանոթի մեջ՝ սերմերն են,
այս մեկի մեջ՝ ցողունը:
Սրա մեջ՝ տերևներն են,
այստեղ՝ թերթիկներն են,:
Դու տեսար բոլոր
փորձանոթների պարունակությունը:
Իսկ հիմա ասա ինձ
դու, իմաստունդ,
Գեղեցկությունը որտե՞ղ է,
ու՛ր է գեղեցկությու՜նը...
Sambitbaba
03.06.2019, 19:16
* * *
Համակարգիչս սառեց, -
վերցրեց ու քարացավ:
Իմ լեզուն պապանձվեց,
իմ միտքը ծառսացավ
անարդար կյանքի հանդեպ,
անողոք բռնության,
և հայի չար բախտը
սգաց սիրտս անձայն:
Սեղմեցի բռունցքներս,
վեր թռա ես տեղից...
Առջևումս աշխարհն էր՝
զարմանալի, հրապուրիչ:
Sambitbaba
22.09.2019, 21:47
ՔԱՆԻ՞, ՔԱՆԻ՞, ՔԱՆԻ՞…
1.
Քանի՞ հազար տարի, քանի՞ երկիր, քանի՞ կյանք,
Քանի՞ ազգ ու քանի՞ հավատ ես փոխեցի, անցա:
Քանի՞ կոշիկ ես մաշեցի իմ ճամփեքին…
Քանի՞ աղոթք նվիրեցի ես երկնքին…
Քանի՜ անգամ քարկոծվեցի,
երբ Քեզ էի փնտրում, Աստված,
ամբոխի մեջ…
Քանի՜ անգամ համառ ճակատս կոտրեցի՝
հոծ պատերին դեմ առնելով
գիշերվա մեջ…
Քանի՜-քանի՜ գործ փոխեցի,
ընտանիքիս համար սնունդ հայթհայթելու
հոգսով տարված,
Կյանքիս կեսը զուր պարպեցի,
բայց այդպես էլ Իղձս մնաց
չկատարված…
Քեզ՝ չգտա…
Եվ, ապարդյուն ջանքերիցս արդեն հոգնած,
ճամփաների խաչմերուկին գցած արկղին
ես նստեցի,
Որոշեցի իմ տունդարձի երկար ճամփան
ոտքերիս տակ տալուց առաջ
առնել դադար:
Երեկո էր:
Անցորդների բազմությունը
նոսրանում էր կամաց-կամաց:
Անցորդների ոտքերի տակ
լավ ծեծկռտված ճանապարհը
Շուտով պիտի մինչ առավոտ
հանգստանար:
Կամաց-կամաց
մաքրվում էր օդը՝ փոշուց.
փոշին՝ հոգնած,
Լռության մեջ ցած էր իջնում
ճամփեզերքի կանաչներին՝
արդեն քնած:
Ցրտոտ էր քիչ:
Երեկոյի լռության մեջ,
արկղին նստած,
Փորձում էի ի մի բերել օրս անցած…
Հենց այդ պահին՝ լուռ մոտեցար
ու նստեցիր
կողքիս, Աստված…
Ես, կարկամած,
լուռ հայացքս Քեզ մեկնեցի
հուսատարած…
- Հա՜յր…, - չասացի,
այլ զգացի հոգուս խորքում,
սրտիցս ցած…
- Լռիր, որդիս, -
ջերմ շողացին աչքերը Քո
լուսնի ներքո:
Սերը հորդաց Քո աշխարհից,
ինձ բարուրեց
համատարած…
Ես համրացա:
Ինձ համակած
երջանկության ջերմության մեջ
ես լսեցի հանկարծ սրտում.
- Ի՞նչ ես փնտրում
դու անիմաստ
այն, ինչ ունես վաղուց, տղաս:
Ի՞նչ ես փնտրում
դու ապարդյուն
այն, ինչ միշտ քեզ հետ է եղել:
Զուր ես կարծում,
թե կարող ես
Աստծոն ինչ-որ տեղ կորցնել:
Միշտ քեզ հետ եմ
Ես, սիրելիս,
ժամանակների հենց սկզբից:
Անհնար է
Ինձ կորցնել,
անհնար է փախչել Ինձնից:
Բացիր աչքերը քո սրտի,
մաքրիր միտքդ
տաղտկությունից ամենօրյա:
Այդպես կզգաս շունչս հավերժ,
սերս անսահման,
սրտիս կանչը՝ սրտիդ վրա:
Քեզ տվել եմ Ես ամեն ինչ,
որ երջանիկ
կյանք վայելես:
Ուր էլ ձեռքդ մեկնես, որդիս,
ինչ ցանկանաս՝
այն կգտնես:
Իսկ դու՝ տրտում
Ի՜նչ ես փնտրում
ճամփաներին կարճ ու երկար:
Ի՜նչ ես օրերդ
զուր վատնում:
Զուր վատնում ես ինչի՞ համար…
Աստղերը լուռ կայծկլտացին:
Հոգիս հևիհև թրթռաց,
միտքս՝ դողաց
երջանկության զգացումից համատարած:
Աչքերիցս դուրս հորդացին
արցունքներս
ու փախան ցած:
Ինձ Իր գիրկը առավ Աստված,
սեղմեց կրծքին
ու լուռ ժպտաց:
Ու, զարմացած, ես զգացի
իմ այտի տակ…
կուրծք… կանացի…
- Մա՞յր… - դողացին շրթունքներս
անլսելի,
անչափ հուզված:
Գիշերային լռության մեջ
արձագանքեց
կամաց Աստված.
- Ո՞վ կարող է մխիթարել
քեզ ավելի,
քան քո մայրը:
Իսկ քո Աստված միշտ քեզ համար,
հիշիր, թե մայր
և թե հայր է:
- Խոսիր, տղաս, մի կաշկանդվիր,
ասա, ինչ որ
սիրտդ է ուզում:
Թեթևացրու բեռդ, որդիս,
Տիեզերքն է
ողջ քեզ լսում:
Աստված ժպտաց մոր ժպիտի ջերմ թավիշով:
Ոգևորված
Աստծո կոչով՝
ես ուսերս թափ տվեցի,
Արկղից՝ հողին
ցած սահեցի
ու, ծնկաչոք, “Մա՜յր” – ասացի:
Ասացի “Մայր”,
որոշելով
սիրտս բացել Աստծո առջև,
Պատմել կյանքս
հոգեխռով,
ու հոգսերիս պարկը պարպել:
Բայց… լռեցի:
Պապանձվեցի:
Մտքիս թելը կորչեց-գնաց:
Ես հասկացա.
չկա մի բան,
ինչին տեղյակ չի իմ Աստված:
Արցունքախեղդ աչքերովս
ես վախվորած
վեր նայեցի…
Հոր ժպիտն ինձ լուսավորեց,
ու ես նորից
համբառնեցի.
Ի՞նչ կարող եմ ես Քեզ ասել,
Հայր սիրելի, -
ասացի ես: -
Արդյո՞ք կա մի բան իմ կյանքում,
ինչի մասին
Դու չգիտես…
Աստծո սերը ինձ պարուրեց:
- Այո, Ես ամեն ինչ գիտեմ,
ճիշտ ես, որդիս, -
ասաց Աստված: -
Բայց Ինձ համար կարևոր էր,
որ դու ինքդ
այդ հասկանաս:
Համաձա՞յն ես արդյոք հիմա,
որ Ես միշտ
քեզ հետ եմ եղել:
Համաձա՞յն ես հիմա, որդիս:
- Այո, Աստված, -
ասացի ես:
- Իսկ կարո՞ղ ես Ինձ հավատալ,
որ քո կյանքը
Ես չեմ կերտում:
Արարիչը կյանքիդ՝ դու ես:
- Կերտում եմ… ե՞ս…
Ասա, ինչպե՞ս…
2.
- Կփորձեմ, սիրելիս,
Ես քեզ բացատրել:
Բայց… լսիր, թուլացիր քիչ,
ի՞նչ ես այդպես լարվել:
Դեհ, վեր կաց գետնից,
եկ, նստիր կողքիս:
Վեր կաց, վեր կաց, տղաս: -
Ես գետնից վեր կացա
և արկղին
նստեցի նորից:
Եվ Աստծո սերն ու բերկրանքը
կրկին համակեց
ամբողջ ինձ:
Եվ Աստված սկսեց այսպես.
- Երբ աչքերդ փակում ես,
ասա, ի՞նչ ես տեսնում:
- Ոչինչ…
- Այո: Եվ դա այն է,
ինչ Ես տվել եմ քեզ
ամենասկզբից:
Ոչինչ,
դատարկություն,
փորձադաշտն ամենահարմար
Քո յուրաքանչյուր,
նույնիսկ՝ ամենախելագար
մտահղացումների համար:
Դու կարող ես
լցնել այն,
ինչով որ ցանկանաս:
Ինչ խելքիդ կփչի,
ինչ միտքդ
կհղանա:
Հուսով եմ,
հիշո՞ւմ ես
նվերն Իմ մեծագույն,
այն, որ տվել եմ Ես քեզ
կամքի
ազատություն:
Հիշո՞ւմ ես,
թե ինչ եմ
ամենասկզբից քեզ պատգամել.
Ամենն,
ինչ անում եմ Ես,
դու էլ կարող ես անել:
…Ոչ, չես հիշում:
Դու մոռացել ես:
Քեզ ստիպել են մոռանալ:
Բայց հիմա,
սիրելի զավակս,
քեզ հարկավոր է հասկանալ,
Որ եկել եմ Ես,
որ բացեմ
քո առջև մի մեծ գաղտնիք.
Մարդն ինքն
արդեն Աստված է,
թող որ լինի Աստված փոքրիկ:
- Բայց…
- Լռիր ու մի ասա Ինձ
դու ոչինչ
հենց այս պահին:
Բայց լսիր հոգուդ
և արթնացրու
քո էությունն աստվածային:
Վստահիր զգացմունքներին քո
և ապրիր
սրտիդ կանչով:
Եվ կգա մի օր,
երբ կհամոզվես,
որ Աստված Ես Ամենակարող:
Այդ դու ես
հեղինակը
քո կյանքի սցենարի,
Հենց դու ես
դերակատարը
քո գլխավոր դերերի:
Եվ, որ ամենակարևորն է,
թատրոնում
քո կյանքի՝
Դու բեմադրող ռեժիսորն ես
քո բոլոր
պիեսների:
- Լավ, եթե ես եմ
արարիչն
իմ կյանքի,
Ուրեմն, էլ ինչո՞ւ եմ
ինձ մատնել
տանջանքի:
Ինչո՞ւ չեմ գրել ես
այնպիսի
մի սցենար,
Որտեղ կյանքս երջանիկ
ու հանգիստ
կընթանար:
Ես, ի՞նչ է, խելագա՞ր եմ,
կամ հիվա՞նդ,
մազոխի՞ստ:
Ինչո՞ւ եմ ես պատժել
ինքս ինձ
այսքան խիստ…
- Դու քեզ, սիրելիս,
բոլորովին էլ
չես պատժել:
Դու ուղղակի
մոռացել ես,
թե ինչո՛ւ ես աշխարհ եկել:
Մտածիր դու մի պահ միայն,
խորհիր
լրջորեն.
Արդյո՞ք քո վիճակն իրոք
այդքան
ահավոր է:
Եթե դու ձգտում էիր
երջանիկ,
ապահով կյանքի,
Ուրեմն
էլ դրախտը
ինչո՞ւ լքեցիր:
Ոչ ոք և երբեք քեզ
դրախտից
չի վռնդել:
Դու ինքդ ես
որոշել և
լույս աշխարհ ես եկել:
Եկել ես, որ փորձով
իրականացնես
հիմա այն,
Ինչ մինչև այժմ գիտեիր
որպես
գաղափար միայն:
Այն, որ դու անբաժան
մասնիկն ես
Աստծո,
Եվ որ ինքդ էլ Աստված ես,
պատճենը
քո Մոր-Հոր:
Բայց, հասկանալու համար,
որ դու
ամենակարող ես, -
Քեզ փորձ էր հարկավոր
ֆիզիկական,
հասկանո՞ւմ ես:
Իսկ նրա համար, որպեսզի դու
երանության մեջ
լինեիր,
Քեզ պետք չէր Լույս աշխարհ գալ՝
դու արդեն
այնտեղ էիր: -
Աստված վեր կացավ, նայեց ինձ, ժպտաց.
- Լավ, բավական է քեզ
քարոզ կարդամ, -
ասաց: -
Ինձ թվում է, որ այսօր
դու ինչ-որ բան
հասկացար:
Իսկ հիմա, վեր կաց, գնա
և ասածներս
մարսիր:
Եվ հետո,
ընտանիքիդ էլ,
գնա, տեր կանգնիր:
…Հա, մի բան էլ.
տեսնում ես,
քիչ մնաց մոռանայի:
Դու վաղուց արկղին նստած ես,
իսկ արկղի մեջ
նայեցի՞ր:
- Ոչ,.. - պատասխանեցի ես
կիսազարմացած,
կիսատարակուսած:
- Հետո ասում են,
թե Իր զավակներին
ոչինչ չի նվիրում Աստված:
Հաճախ,
ձեր ճանապարհին
ընկած մի բան եք գտնում:
Բայց…
բանի տեղ չեք դնում,
անցնում եք, գնում:
Այդ դեպքում, դուք, իհարկե,
ոչինչ
չեք կորցրել,
Բայց շատ հաճախ էլ
կարող է
այնպես պատահել,
Որ այդպես էլ չգտաք դուք ձեր ցանկացածը:
Դե լավ, սիրելիս: Հիմա
Դու արկղը
բացիր:
Ինչ որ այնտեղ կա՝
քոնն է,
վայելիր: -
Անսահման
տարակուսած
ես ոտքի կանգնեցի,
Եվ զարմացած
ու վարանելով
արկղը բացեցի:
Այն բերնեբերան լիքն էր գանձերով…
Մնացի ես կանգնած՝
շշմած,
գլխիկոր…
Նաև՝ կախարդված
գանձերի
շքեղ փայլքով:
. . . . .
Թե որքան տևեց իմ այս վիճակը, -
չգիտեմ ես
պարզ:
Բայց երբ հետ՝ խելքի եկա…
էլ չկար կողքիս
Աստված…
Ես,
խելագարված,
շուրջս նայեցի,
- Հա՜յր իմ… Մա՜յր… Աստվա՜ծ…
ու՞ր Ես, -
գոչեցի: -
Ես չե՜մ ուզում
ոսկի ու գանձ:
Ինձ մի՜ լքիր:
Մնա՜… Աստվա՜ծ…
…Ու, լսեցի
այնժամ
իմ մեջ.
- Ես քեզ հե՜տ եմ,
քո մե՜ջ:
Հավե՜րժ:
04.04.2012
Sambitbaba
31.03.2020, 20:39
ՄԵԿՈՒԹՅՈՒՆ
Աստված բազմացավ մեր մեջ,
որպեսզի
Իրենով զմայլվի:
Գրիգոր Տաթևացի
* * *
Աստված նայում է իմ մեջ
և տեսնում է Իրեն:
Աստված նայում է քո մեջ
և տեսնում է Իրեն:
Աստված նայում է մեզ
և զմայլվում է:
Աստված նայում է մեզ
և հագենում է.
Մեր մեջ
Նա ճանաչում է
Իրեն:
Ես նայում եմ քո մեջ
և տեսնում եմ Իրեն:
Դու նայում ես իմ մեջ
և տեսնում ես Իրեն:
Մենք նայում ենք իրար
և տեսնում ենք Նրան:
Մենք նայում ենք իրար
և Մեկանում ենք.
Մեր մեջ
Մենք ճանաչում ենք
Աստծոն:
03.31.2020
Sambitbaba
29.09.2020, 08:21
* * *
Երիտասարդ հեռուստահաղորդավարուհին
կարդում է անուններ և լալիս է
անուններ է կարդում և հեկեկում է...
Արցախի հերոս նահատակների
անուններն է կարդում
հերոսուհի
հեռուստահաղորդավարուհին...
Sambitbaba
08.06.2021, 03:57
ՉԸ-ԱՂ-ՕԴՔ
Դարերում թաքնված,
քարերի մեջ գերված,
ծառերի մեջ սնված,
սաղմոսներում քնած
դու իմ Հայ Յոգի՝
արթնացի՛ր։
Տեր, Դու տեսնու՞մ ես ինձ...
Տե՛ր, ես այստեղ եմ։
Տեր, Դու լսու՞մ ես ինձ...
Տե՜ր, ես այստեղ եմ։
Ես Հայ Յոգի եմ,
ես՝ արթնանում եմ։
Տես, ես Արեգն եմ։
Տե՛ս, ես Վահագն եմ։
Կուզե՞ս, Նարեկն եմ...
Հենց ինքը՝ Հայկն եմ...
Ես Հայ Յոգի եմ,
ես՝ Արթնացել Եմ
Դեպի Դու։
06.05.2021
Sambitbaba
30.10.2021, 08:37
ՍԱՆՁԱՐՁԱԿՎԱԾ ԵՐԱԶՆԵՐՍ
Ես հալվեցի քո արևով
Ու, հալվելիս,
Վայելեցի
Բերկրանքներն այն հզոր սիրո,
Որ, անանուն՝
Թափառում է Տիեզերքում…
Իմ անանու՜ն,
Քո շնորհիվ
Երազներս սանձարձակված
Թափառում են
Շուրջբոլորն այս մոլորակի,
Թափառում են Տիեզերքում…
Երազներս սանձարձակված
Լքել են ինձ,
Թափառում են
Քո հետևից,
Իմ անանուն
Ու իմ Աստված…
Ու ես,
Զրկված երազներից,
Կյանքն եմ տոնում՝
Ամենակուլ, համատարած…
10.29.2021
Sambitbaba
19.07.2022, 10:40
ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԵՍ
Քո Բարձրագույն Եսը,
հարգելով մեղքերի թողության վարկածը,
փաստագրական տվյալներ է տալիս,
կառուցում է յուրօրինակ մատուցելաձև
գաղափարների
փոխանակմնան համար։
Երգեցիկ և գեղատեսիլ պատկերների
շուրջպարում
բնութագրել կարելի է համեստորեն
և չափազանց ամենատարբեր խնդիրներ,
տրված համաչափության ամենատարատեսակ
մակարդակներից։
Եվ, այնպես ինչպես
կարծիքների բազմազանության մեջ կորչելու են
նպատակային կատեգորիաները,
որոշել ենք ներկայացնել
անբասիր մտածողության կատարյալ դրվագներ,
նվիրված ձեր պատմության
հանգուցակետերին։
Երևելիները թող երևակայեն, իսկ մենք շարունակենք։
07.01.2022
Sambitbaba
21.07.2022, 07:03
ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԵՍԸ ԽՈՍՈւՄ Է
Արթնացավ առավոտը։
Խաղաղ է արտաքուստ։
Արևածագը մոտ է։
Ծղրիդներն են սպասում։
Հանգրվանել է հավերժությունը
արևածագերի ծերպերին։
Քայլ առ քայլ փոխակերպիր
ժամանակները նոր և հին։
Թե որն է հենակետը
քո սկզբնական՝
Ասա, ի՞նչ տարբերություն
ունի դա քեզ համար։
Բավական է, որ գագաթներն են
այլևս քեզ հենարան,
Եվ դու ունես հենակետ
քո թռիչքների համար։
Ժամանակն է օգտվել
տրված հնարավորությունից,
ժամանակն է տարածել
գիտելիքներդ աստվածային։
Հարգանքով վերաբերվիր
նախասահմանմանը և ճանապարհվիր
Իրագործելու երազանքդ
և առաքելությունդ համամարդկային։
Քեզ տրված է ջատագովել
համաշխարհային փոխակերպումը։
Մի կասկածիր քո մտքերն
ուղղորդող զգացմունքներիդ։
Դու ցանկանում ես ուղղորդվել…
դու ուղղորդվում ես, թանկագինս,
Դու մունեկիտն ես քո Մեծ Եսի,
կամակատարն ես Բարձրյալի։
Ուրեմն, հանդր յառա՜ջ,
ընթացիր համարձակ,
Մի՛ երկմտիր, թե կարող ես
շեղվել ճանապարհից։
Քեզ տրված ճանապարհները բոլոր
մաքրված են սխալներից,
Ուր էլ գնաս, լավ գիտեցիր,
հասնելու ես միայն Լույսին։
- Մի՞թե այս Դու ես խոսում,
այլ ոչ իմ գիտակցությունը…
Ասա, ո՞րն է տարբերությունը։
Քեզ ի՞նչն է կարևոր.
Ըմբռնել բոլոր այս տվածդ
հարցերի բուն էությու՞նը,
Թե՞ բավարարել ընդամենը
հետաքրքրասիրությունդ քեզ խանգարող։
Մի ընկիր անիմաստ
որոնումների գիրկը։
Դու լավ գիտես, որ դրանում
օգտակար ոչինչ չկա։
Դա հեռացնում է քեզ Ինձանից,
դա քեզ խոչընդոտում է։
Ուղղակի շրջանցիր այդ կետը
և համարձակ առաջ գնա։
Ես միշտ քեզ հետ եմ այսուհետ,
ես այստեղ եմ անդադար,
Որ պահին կուզես զրուցել Ինձ հետ,
սկսիր, խնդիր չկա։
Զարգացրու ընկալունակությունդ,
ամրապնդիր վստահությունդ,
Հրաժարվիր կասկածներիցդ.
հապաղելու ժամ չկա։
Ես՝ այստեղ եմ միշտ։
Ես սպասում եմ քեզ։
07.05.2022
Sambitbaba
24.07.2022, 04:11
ԶՐՈւՅՑ ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԵՍԻ ՀԵՏ - 3
- Եկ խոսենք։ Ես լսում եմ։
- Ընդունիր ամենն, ինչպես կա։
- Ես հենց այդպես էլ վարվում եմ։
- Հիանալի է։ Ուրեմն հույս կա։
- Կատակու՞մ ես։
- Իսկ ինչու՞ ոչ։
Չէ՞ որ խոսքդ ուրախալի է։
Նշանակում է, որ պատրաստ ես
լուրջ աշխատանքի։
Առջևում փորձություններ են։
Մի կարծիր, թե ժողովուրդդ
Անհամբեր սպասում է
քո մարգարեություններին։
- Կասե՞ս, թե որն է
իմ առաջնահերթ խնդիրը։
- Արձանագրիր այն ամենը,
Ինչ ստանում ես Ինձանից,
Անխտիր։ Հասկանում ես թե ոչ
Իմ ասածները։
Կիմաստավորես դրանք հետո։
Իսկ առայժմ մի հապաղիր՝
գրառիր այն ամենը,
ինչ պտտվում է քո գլխում։
- Ինչի՞ց ես սկսեմ։
- Սկսիր հանգստից։
07.06-07.2022
Sambitbaba
25.07.2022, 02:49
ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԵՍԸ՝ ՆՈՐԱՏԵՍ - 4
Տեխնիկական պահերը չհաշված,
ամեն ինչ նորմալ է ընթանում։
Տարածության մեջ պարփակված
գիտելիքներն իրենց զնդանում
Սպասում են մեր միջամտությանը,
որպեսզի դուրս գան զնդանից։
Ժամանակն է ապսպրել մարդկությանը
իրականությունը Ներկա Պահի։
Շաստայից մինչև Արարատ
տարածությունը քեզ չի խանգարի,
Որպեսզի լուր տաս քո մարդկանց,
որ անցել ես արդեն գործի։
Թող պատրաստվեն բոլորն անխտիր
քո մոտալուտ գալստյանը,
Թող կասկածները վերանան.
ժամն է զարկ տալ արթնացմանը։
Շուտով քո երկիրը տառապյալ
կպայծառանա նոր Լույսով։
Գիտակից այրերը կհառնան
իմաստուն տիկնանց ուղերձով։
Կհաստատվի խաղաղ ուրախությունը
արարչագործության աշխարհում,
Աշխարհալույսի ցնծությունը
կտարածվի Տիեզերքում։
Վերջ սեթևեթող կուռքերի
շուրջպարին արհեստական ու գաղջ։
Նոր ղեկավարները երկրի
առաջատար են և նվիրյալ։
Վերջ ամեն հիասթափության՝
Նոր Աշխարհն է ոտքի ելել,
Իմաստուն, երջանիկ և հպարտ
կքայլի մարդկությունն աներեր։
07.18.2022
Sambitbaba
28.07.2022, 23:14
ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԵՍԸ ԽՈՍՏԱՆՈւՄ Է - 5
Ընտրության տեսականին
բազմազան է լինելու,
քանի որ Հայաստանին
շատ բան ունենք ասելու։
Ինքնանվաստացման ախտը
լուրջ արմատներ է հյուսել։
Հրատապ է, անհրաժեշտ է
այն արմատախիլ անել։
Սպասում է ողջ մարդկությունը
Հայոց երկրի զարթոնքին։
Հայաստանը կյանքի Չարխն է
լուսակիր Երկիր մոլորակի։
07.19.2022
Sambitbaba
02.08.2022, 20:50
ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԵՍԻ ՈւՂԵՐՁԸ - 6
Երուսաղեմի պատերը
նորաշինարարության կարիք ունեն։
Նոր պատմության արմատները
պետք է հիմնովին վերականգնվեն։
Երբեք չի կարող լինել այնպես,
որ խարխուլ հիմքի վրա հաստատուն շենք կառուցվի։
Անհնար է բարձրացնել առագաստները
և ընթանալ քամուն հակառակ, հասկացիր։
Առաջընթացի առաջնահերթ պայմանն է
պատմական ճշմարտության վերականգնումը։
Սխալները պետք է ուղղված լինեն.
Ճշմարտությունն է, որ միշտ հաղթում է։
Տար քո ժողովրդին այս աքսիոման,
թող թափ տա ուսերն ու ոտքի կանգնի։
Աշխարհի Լույսը քո հոգում է
Հայ ժողովուրդ, առա՛ջ գնա, մի՛ վարանիր։
Բայց առաջին հերթին մաքրվիր
կասկածներից ու վախերից։
Երկրորդ հերթին մաքրվիր
կործանարար չար մտքերից։
Երրորդը, շատ կարևոր է
վերջ տալ իրար տակ փորելուն։
Լույս տարածել հնարավոր է
միայն բացարձակապես մաքրվելով։
Իսկ վերջին խոսքերն արդեն ասված են՝
ձեր նվիրյալ ծառան է ձեզ ասել.
Որքան արագորեն մաքրվեք,
այնքան ավելի քիչ կկորցնեք։
07.21.2022
Sambitbaba
08.08.2022, 21:22
ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԵՍԸ ԽՈՍՈւՄ Է - 7
Ակունքներում հիասթափության անգամ
պետք է հաստատուն լինի ներդաշնակությունը։
Մաքրագրել է պետք ձեր համոզվածությունը,
որ իբր անհուսալի է ձեր ապագան։
Ամեն ինչ ընթանում է սահմանված կարգով,
իսկ մոլորակի սահմանադիրը ինքը՝ մարդկությունն է։
Իմաստուն է մարդկությունը, տոգորված է ոգով
աստվածային, ինչը հենց մարդու էությունն է։
Դուք կանգնած եք շեմին գիտակցական հեղաշրջման
և շուտով ձեր միտքը կճեղքի ձեր իրականությունը։
Նոր դարաշրջանին հասնելը շնորհն է ձեր անձնական,
մի՛ վերագրեք այլոցը ձեր այդ սխրագործությունը։
07.22.2022
Sambitbaba
23.08.2022, 21:35
ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆ
Հայե՛ր, դարձեք
աշխարհի հայելին։
Ձեզ համար դա հեշտ է,
քանզի
նախախնամությունն է սահմանել ձեզ.
ՀԱՅ-էլի*։
Արտացոլեք աշխարհը ձեր մեջ։
Այսինքն,
դարձեք այնպիսին,
ինչպիսին ցանկանում եք,
որ աշխարհը լինի։
- - - - - -
* Հայ՝ չի նշանակում ազգություն։ Հայ՝ նշանակում է մարդկություն։ Հայելի՝ նշանակում է ՀԱՅ-էլի։
ՀԱՅ-էլի նշանակում է. Մարդ եղիր։
08.23.2022
Sambitbaba
03.09.2022, 21:40
ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԵՍԸ ԽՈՍՈւՄ Է - 8
Տարածական ընդարձակություն,
Ամբողջականության երանելիություն,
Համատիեզերական մարդկությանը՝
Անսահմանություն, Երջանկություն, Մեկություն։
Գիտելիքների բավարար քանակություն
գոյություն ունենալ չի կարող։
Բոլոր երևույթների տեսանելիությունն
անհավանական է նյութական աշխարհում։
Կարողացիր ձգտել անսահմանությանը,
մի սահմանափակիր քեզ պատրանքներով։
Ամենը, ինչ կա՝ Իրականություն է,
բայց ոչ ամենն է հասանելի մտքով։
Վստահիր սրտիդ իմաստությանը,
քանզի դեպի ճանաչում տանող ուղին
Ոչ թե սարերում կամ դաշտերում է,
այլ գցված է ոլորաններում սրտիդ։
Վստահիր սրտիդ իմաստությանը,
վստահիր Ինձ նաև, Իմ իմացությանը,
Քանզի Լույսի ճանապարհի ուղղությունը
նախ Բարձրագույն Եսիդ է հասանելի։
Ընդառաջվիր ներքին զգացողությամբ,
առաջնորդվիր սրտիդ ընտրությամբ,
Եվ ամենը, ինչ փնտրում ես կյանքում,
կգտնես էությանդ ընդերքում։
07.23.2022
Sambitbaba
07.12.2022, 21:33
ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԵՍԸ ԴԻՄԱՎՈՐՈւՄ Է - 9
Մեր ճանապարհները խաչվեցին,
մեր ուղիները հարթվեցին։
Համատեղ ընթացքի մեջ մեծ արդյունք սպասիր
և պատրաստ եղիր հայտնությունների։
Ամենատարբեր երևույթներ իրականություն կդառնան,
Անսահման քանակության հրաշքներ կիրականանան։
Համատեղ մեր աշխատանքը պտղաբեր կլինի։
Պատրաստվիր արդյունավետ և լիառատ օրերի։
Անհրաժեշտ գիտելիքներ են փոխանցվելու մարդկությանը,
Վաղուց ձեր օրակարգում այդ անհրաժեշտությունը կա։
Մարդիկ ծարավի են նոր իրականությանը,
Մարդիկ արդեն պատրաստ են ընդունել նոր ապագան։
Մարդիկ արժանացել են ավելի լավ օրերի,
Իրենց աշխատանքը նրանք կատարել են գերազանց։
Եկել է ժամանակը ձեր վերջին ճիգերի
Եվ թռիչք դեպի նոր, երջանիկ ապագա։
Քիչ մնաց։ Համբերեք։ Գիտեմ, շատ եք հոգնել։
Բայց կարևոր է վերջին ճիգերը գործադրել։
Ձեզ մի բան է պետք այժմ, մաքրել ձեր էությունը,
Ակտիվացնել ձեր թրթիռները, ձեր Լույսը սփռել։
Առաջնահերթ է ձեզ համար աշխատանքը ձեր վրա,
Կենտրոնացեք ուրեմն ձեր ներքնաշխարհում։
Ներդիտարկեք։ Կամ աղոթեք։ Ով ինչպես ցանկանում է։
Կարևոր չէ, թե ով ինչպես է իր ներքին Լույսը վառում։
Բարձր գիտակցությունները ձեզ տվել են իրենց օրհնությունը,
Ընդառաջել են ձեզ և պաշտպանել են նախապես
Արտաքին վտանգներից. դուք մթից պաշտպանված եք,
Մնում է, որ ինքներդ ներքին մթից ազատվեք։
Հավատացեք, որ մենք ևս սպասում ենք ձեր արթնացմանը.
Մեծ Անցումը հնարավոր է միայն համատեղ ուժերով։
Մենք սպասում ենք, մի հապաղեք, քանզի սուղ է ժամանակը։
Պետք է վերջին թռիչքն իրագործել մեր համատեղ ջանքերով։
Sambitbaba
28.05.2023, 01:31
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Հարցնում է աշակերտն Ուսուցչին.
- Ի՞նչ է ցանկանում մեզ ասել Աստված։
Ուսուցիչը պատասխանում է.
- Աստված աղաղակում է մարդկանց.
«Իմ տու՜նն եմ ուզում Ես»։
Մարդ կոչվող տնակում
Բնակվում են երկուսը.
Մարդն ինքն է այնտեղ բնակվում,
Եվ Աստված-էությունն է մյուսը։
Ավաղ, պատյանը մեկն է
Եվ բնակվել էլ կարող է մեկը միայն։
Ուրեմն, մարդ, կամ ավելորդը դու ես,
Կամ էլ ավելորդ է Աստված։
Եթե դու համառում ես մնալ,
Աստված կլինի հեռացողը։
Քանզի մեկ տան մեջ երկուսով
Գոյատևել դուք անկարող եք։
Թե ով ձեզանից կմնա՝
Կախված է միայն քեզանից.
Կուզես, որ մնա Նա՞, Աստվա՞ծ,
Ուրեմն ինքդ հեռացիր այնտեղից։
Եվ զարմանալու բան էլ չկա,
Ուղղակի Աստված միշտ այստեղ էր։
Սակայն Աստված լինել, թե մարդ՝
Որոշում կայացնողը միշտ դու ես։
05.21.2023
Sambitbaba
08.06.2023, 21:00
ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԵՍ - 15
ԽՈՍՈւՄ Է ԱԴԱՄԱՆ
Համատարած լռություն։
Լռության մեջ աներկբայություն։
Գիտակցությունը մարմնավորում է
իր ցանկությունը,
կողմնորոշում է և ստիպում է
ընտրել իր ուղղությունը
քեզ առաջարկած։
Մի լսիր։
Շուռ եկ դեպի նա մեջքով,
խորաթափանցիր սրտիդ գիտելիքների տարածք։
Աներկբայորեն ընտրիր
սրտի առաջնայնությունը,
սրտի իմաստությունը
գիտակցության առաջ։
Այս է իրականությունը
Տիեզերական.
Սիրտն է ակունքը
Տիեզերական Գիտակցության։
Սիրտն է, որ ընդունում է
Տիեզերական Ճշմարտությունները։
Սիրտն է որ կառուցում է
իրական պատկերացումները
քո,
որոնք հետո
մարմնավորում են քո աշխարհը։
Մտքի գերակայությունը
Ցնորք է անիրական։
Միտքը շեղում է քեզ քո ճանապարհից։
Միտքը չի կարող լինել քեզ ուղեկից։
Դադարիր դու մտածել այդ ուղղությամբ
և առաջնորդվիր սրտիդ ընտրությամբ։
08.16.2022
Sambitbaba
08.06.2023, 21:10
ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԵՍ – 20
Ակտիվացրու տեսադաշտը
քո մտատեսողության,
Դու այդ ամենի մասին գիտես,
և դա պետք է հեշտ լինի քեզ համար։
Հանգրվանիր սրտիդ տարածքում,
մի փորձիր լսել ինչ-որ խոսքեր,
Մոռացիր մտածել, որ միտքդ է գործում, -
դու կարող ես ինձ ավելի հստակորեն լսել
Քո սրտում։
Այնպես որ աչքերդ ուղղիր
դեպի ներսը սրտիդ՝
Քո սրտի այն սենյակը
լուռ, հանգիստ և գողտրիկ,
Որը միշտ պատրաստ է
քեզ իր մեջ ընդունել։
Համեցիր, այդ սենյակի
մշտաբնակն եմ ես։
09.27.2022
Sambitbaba
08.06.2023, 21:30
ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԵՍ –28
ԹՈԹ ԵՌԱՄԵԾ
Զմրուխտե գավազանները ձեռքներին,
Ծիրանի գեղմերը ուսերին,
Արևաճաճանչ լուսարձակելով աչքերով հրեղեն,
Ընթանում են Զինվորները Լույսի։
Նրանք հուր հեր ունեն, բոց ունեն մորուս,
Եվ նրանց աչքունքն են արեգակունք։
Եղեգները ձգվեցին դեպի երկինք
Եվ շեփորեցին սրինգները Մայր-Հայայով երկունքված։
Ծլարձակեցին ամենուր հայզավակները՝
Արթնացած, ոգեկենդանացած։
Եվ ընդ եղեգան փող բոց ելան էր,
Եվ ընդ եղեգան փող ծուխ ելան էր։
Վայր դիր զենքերդ, ով համայն մարդկություն.
Ոգեարթնացած հայ-մարդու դեմ պայքարելն անիմաստ է։
Ավելի լավ է, վերցրու բահ և քլունգ
Եվ վերակենդանացրու Մայր-Հայա մոլորակը։
Արթնացած Հրեղեն Զինվորը,
Բարի գործ կատարողը
Հազարապատիկ կվարձատրվի։
04.05.2023
Sambitbaba
08.06.2023, 21:32
ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԵՍ –29
ԱՇՏԱՐ ՇԵՐԱՆՆ Է ԱՅՍՏԵՂ
Հռչակագիր է ստորագրվում այս պահին,
Հայտարարվելու է այն համայն հայությանը.
Հայն է տարածողը Սիրո Լույսն աշխարհի։
Հայի արթնացմանն է սպասում մարդկությունը։
Արհավիրքները գնալով թանձրանում են
Հայի շուրջ Հայաստան աշխարհում,
Քանզի հայի միտքը կաղապարվել է
Նյութականի մեջ և արթնանալ չի ցանկանում։
Անհրաժեշտ է հային մաքրվել
Եվ սկսել ի կատար ածել իր պարտքը։
Անհրաժեշտ է հային ըմբռնել,
Որ եկել է հոգու ժամանակը։
Հայ, դու կառավարիչն ես հոգու,
Մի փորձիր, ուրեմն, նմանվել այլոց։
Այլոց փորձը քեզ համար չի աշխատելու,
Խուսափիր այլոց փորձը կրկնելուց։
Քո փորձը, սիրելիս, եզակի է։
Ընթացիր քո ուրույն ճանապարհով։
Հոգևոր Լույսը քո առաքելությունն է,
Տարածիր Լույսն, այն քո մեջ վառելով։
Քո ձեռքին է մարդկության փրկությունը,
Այլ ուղի մարդկությունը չունի։
Դրսևորիր, հայ, քո իրական էությունը,
Մոլորակն է սպասում քո քայլերին։
04.14.2023
Sambitbaba
08.06.2023, 21:33
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ – 31
Սիրու՞մ ես արդյոք դու քո անձը։
Եթե ոչ, ուրեմն
Ինչպե՞ս կսիրես մերձավորիդ։
Սիրու՞մ ես արդյոք մերձավորիդ։
Եթե ոչ, ուրեմն
Ինչպե՞ս կսիրես ուրիշներին։
Սիրու՞մ ես դու արդյոք ուրիշներին։
Եթե ոչ, ուրեմն
Ինչպե՞ս կսիրես մարդկությանը։
Ո՜վ Մարդ արարած,
Ասա ինձ, խնդրում եմ.
Դու՝ Տա՞նն ես…
05.07.2023
Sambitbaba
08.06.2023, 21:34
ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԵՍ - 32
Հնգաթև աստղերի ժամանակը անցավ,
Արիացավ մեր կամքը, գիտակցությունն իմաստնացավ։
Հմտացավ մեր միտքը կյանքի փակուղիներում,
Արթնացավ, և հիմա ավելի բարձր է սավառնում։
Տեսանելի է դարձել մեզ համար մեր ներկան,
Ջնջվում է մեր անցյալը, մեր ձեռքին է մեր ապագան
Եվ էլ չենք թափառում մենք անցյալի հուշերում,
Իսկ ապագան միայն ներկա գործերում ենք տեսնում։
Մեր հայացքը ուղղված է դեպի Անսահմանությունը։
Մեր սիրտն այլևս բաց է դեպի Տիեզերքի Անհունը։
Մոտակա բարեշրջման Ուրախությունն է մեր սրտում,
Մեր միտքը դեպի Պայծառացած Երանություն է նկրտում։
05.12.2023
Sambitbaba
08.06.2023, 21:55
ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԵՍ - 34
ԹԵԼՈ
Սերմեր երջանկության,
Սերմեր ուրախության
Ցանեք։ Թող ծլարձակեն
Սերմերը բերկրանքի։
Աշխարհը բարկության,
Աշխարհն անհաշտության…
Վերանում է։ Հոգեվարքի մեջ է
Աշխարհը տառապանքի։
Շինարարությունը նոր կյանքի
Սկսվել է արդեն։
Աղյուսները Լույսի Առաջին Քաղաքի
Շաղախվել են սկսել։
Թելոսի որմնադիրները շուտով
Կմիանան հայ վարպետներին
Եվ Լույսի Քաղաքը կլուսարձակի
Արագածի փեշերին։
Մաքրեք ձեր գիտակցությունը
Տառապանքի փշերից
Ձեր Սրտի Թասը լեցուն է
Սիրով։ Եվ հենց այս պահից
Բացեք ձեր սրտերը ջերմ
Եվ թող ողջ մարդկությունը
Լուսավորվի ձեր սիրո լույսով,
Առատորեն թող հոսի ձեր ջերմությունը
Արագածից մինչև Շաստա,
Մաչու Պիկչուից մինչև Կայլաս։
05.27.2023
Sambitbaba
08.06.2023, 21:56
ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԵՍ - 35
Հարաբերականությունը Աստծո և կրոնի
Հավասար է զրոյի,
Քանզի կրոնի հետ Աստված ուղղակի
Ոչ մի կապ չունի։
Կրոնը հորինել են մարդիկ,
Կրոնը համար մեկ քաղաքականություն է
Մարդկանց կառավարելու համար.
Դա մարդու վրա բռնություն է։
Լրիվ հակառակն է Աստված։
Աստծո միակ դրդիչ ուժը սերն է։
Նա մեկ պատգամ ունի միայն մեզ տված.
«Ձեր կյանքի ընտրությունը ձերն է։
Ուրեմն ընտրեք ոչ թե վախը, այլ սերը,
Լցվեք ուրախությամբ և արտաքսեք չարին
Ձեր սրտից։ Ձեր հոգու ջերմությունը
Նվիրաբերեք աշխարհին»։
05.29.2023
Sambitbaba
26.06.2023, 20:37
ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԵՍ – 36
ԱՇՏԱՐ ՇԵՐԱՆ
Ի ՊԱՏԱՍԽԱՆ «Ո՞Վ Է ԴԻՏՈՐԴԸ» ՀԱՐՑԻ
Ես, Աշտար Շերանը,
Դիտորդն եմ գերագույն։
Այս գալակտիկայում ես
կարգուկանոն եմ պահպանում,
Որպեսզի քաղաքակրթությունները
իրար տարածք չներխուժեն,
Որպեսզի մոլորակները
իրենց կյանքն արարեն
Իրենց բնական զարգացմամբ,
առանց միջամտության,
Եթե ամեն ինչ ընթացել է այնտեղ
կարգով իր բնական։
Իմ խումբը դիտորդների
այդ ամենը կարգավորողն է։
Այդպես մենք ընդարձակում ենք
Աստծո սիրո սահմանները։
Կան բազում այլ դիտորդներ էլ
Ամենատարբեր տարածքներում։
Հրեշտակների ամբողջ լեգիոններ
Ձեր դիտորդներն են իրականում։
Մանկուց մինչ խոր ծերություն
ուղեկցում են ձեզ նրանք,
Համբերատար սպասում են
պահին, երբ դուք կարթնանաք
Սիրով դեպի կյանքը,
սիրով դեպի մարդկությունը,
Երբ վերջապես կհասկանաք,
որ Աստծո Արքայությունը,
Որի գալստյանը սպասում եք
հազարավոր տարիներ,
Արդեն իսկ ձեր կյանքում է,
այն միշտ ձեզ հետ է եղել։
Քանզի, եթե առկա է
Աստծո Արքայությունը,
Բացառվում է որևէ այլ
արքայության գոյությունը։
Եթե հարցը պարունակում է միտում
խոսել սև դիտորդների մասին,
Անել այդ այլևս անիմաստ է,
դրանք էներգիաներ են անցյալի։
Դեպի բարեշրջում նրանք
ձեզ չեն ուղեկցելու։
Այսօր արդեն նրանց հոգեվարքն է,
վաղը նրանք չեն լինելու։
Ապրեք հանգիստ,
ձգտեք պայծառ։
Իմ անունն է
Շերան Աշտար։
06.22.2023
Սամ ջան, շնորհակալ եմ մեր զրույցի համար. հիմա ավելի լավ կարող եմ տեսնել քո աշխարհը։
Հիմա նաև հասկանում եմ, թե ինչ նկատի ունես պոեզների վերնագրում գրած «բարձրագույն ես»-ով։
Ուզում եմ իմանաս, որ կարդում եմ՝ թե էստեղ, թե քո ուղարկածը :kiss
Sambitbaba
29.07.2023, 20:51
Սամ ջան, շնորհակալ եմ մեր զրույցի համար. հիմա ավելի լավ կարող եմ տեսնել քո աշխարհը։
Հիմա նաև հասկանում եմ, թե ինչ նկատի ունես պոեզների վերնագրում գրած «բարձրագույն ես»-ով։
Ուզում եմ իմանաս, որ կարդում եմ՝ թե էստեղ, թե քո ուղարկածը :kiss
Շնորհակալ եմ, սիրելիս։ Էնքան ուրախ եմ, որ կարդում ես։ Հա, զրույցի ժամանակ... դե, քո առջև ինչ-որ բան թաքցնել չի լինում...:love
Ակումբի էջը բացելուց առաջ հենց քո մասին էի մտածում։ Որտև բացում էի, մտածելով գրքի լուսանկարը տեղադրել, ու հիշեցի, որ ասում էիր, որ ինչ-որ այլ կերպ պետք է անել, իսկ այդ «ինչ-որ այլ կերպը» ինձ ավելի հեշտ է գնալ մութ անռատում փնտրել... Ուզում էի քեզ խնդրել նորից, որ տեղադրես, հետն էլ ամաչում էի էլի սթից բանով քեզ դիմել։ Դե, հիմա գրառումդ տեսա ու ռիսկովացել եմ, էնպես որ, եթե դեմ չես, ուղարկեմ։ Մեսինջերի վրա նկարն ունեմ, այդպես ուղարկել հարմա՞ր է։
Հ.Գ. Հա, ամենակարևորը մոռանում էի... Քո օրինակը երեկ ուղարկեցի փոստով։ Թե երբ կհասնի, մոռացա հարցնեմ... Իսկ Երևանում հրատարակիչը խոստացել է, որ օգոստոսի մեկից «Բուկինիստ»-ներում ու էլի մի քանի գրախանութներում կհայտնվի գիրքը. կոնկրետ հասցեներն ավելի ուշ կիմանամ։
Sambitbaba
30.11.2023, 18:51
ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԵՍ – 58
Երբեմն լինում է այնպես,
որ հույզերն ու երազանքները
իրականանում են
տեսքով հրաշքի
կամ փայլուն հաջողության,
երկնքում թռչող ասուպի պես
մտնում են քո կյանք,
ինչպես գիսաստղն է թողնում
իր հետքը երկնքում
մի կարճ ակնթարթ
և նույնքան արագորեն
հալչում է, ցրվում,
ճիշտ, ինչպես եթե
կյանքիդ պատմությունը գրես
ջրի վրա…
Բայց լինում է երբեմն նաև,
որ երազանքներդ ու հույզերդ
քո կյանք են մտնում
աննկատելիորեն,
առօրեականության մեջ,
խառնվելով հոգսերիդ,
մտքերիդ, գործերիդ,
քո սիրուն մերձավորիդ հանդեպ…
Եվ տեղի է ունենում դա
այնքան աննկատ,
այնքան բնականորեն,
որ չես զգում հաճախ
փոփոխություններն այդ
կարևոր ու վճռական…
Եվ մի օր հանկարծ
բացվում են աչքերդ, ասես խոր քնից,
դու քեզ տեսնում ես ասես վերևից՝
ամբողջության մեջ քո Իրականության,
որպես մասնիկը նրա, ինչը կոչվում է Կյանք,
ոչ որպես ասուպն այն, որ առկայծեց մի պահ,
այլ որպես Միջուկ քո սեփական Տիեզերքի,
որի շուրջ պտտվում է քո Աշխարհը համայն,
մեկն այն «կերպ և նմանությամբ» ստեղծված էություններից,
որոնց մեջ իր Աստվածայնությունը ներդրեց Արարիչ,
որպեսզի ճանաչի Իր կատարելությունը
այն Փորձով, որը կապրի Մարդկությունը
ֆիզիկական տարածքում, աշխարհում նյութական,
քանզի առանց նյութականի Ճանաչման Փորձ չկա
և չի կարող լինել ոչ-նյութականի աշխարհում…
Ահա, թե ինչու դու դեգերում ես մթում,
ո՜վ Մարդ-արարած, այնքան ժամանակ,
քանի դեռ չես գտել քո Հոգին վերստին,
քանի չես ճանաչել քո իրական էությունը,
քանի չես վերհիշել քո առաքելությունը
այս Հայա-մոլորակի վրա հիասքանչ,
Արարչի կողմից քեզ նվիրատրված։
10.29.2023