PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայտնի մարդկանց նվիրված բանաստեղծություններ



Նաիրուհի
01.10.2010, 09:50
Եկեք այս թեմայում տեղադրենք այն բանաստեղծությունները, որոնք նվիրված են որևէ հայտնի մարդու։ Կարծում եմ՝ մեր գրականության մեջ նման բանաստեղծությունների պակաս չկա, և լավ կլինի դրանք մի տեղում հավաքել...
Այս տիպի գործերի մեջ ամենասիրածս:love

Վահան Տերյանի հիշատակին

I

Վահա'ն Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո.
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե թող մահվան բոթ ու անձրևը լա։
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին
Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր...

II

Դու արդեն հեռացել ես, աշխարհում էլ չկաս դու,
Ու լռել է երգը քո արդեն հիմա,
Բայց զգում է սիրտս, որ նորի՜ց կգաս դու,
Երբ իջնի գիշերը ու անձրևը լա։

Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը,
Անցածի փշերը դառնորեն խոցեն—
Ո՜րբ, մենակ կգաս դու և կերգես քո սերը,
Որ վերջի՜ն մեր սերն է աշխարհում գուցե։

Որբ, մենակ կգաս դու և նորից քո երգը
Կվառե սրտում մեր կարոտանք ու սեր.
Անարև սրտում մեր կվառե քո երգը
Երազներ անմար ու ցնորքներ լուսե։

Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
Մորմոքող հրի՛ պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ, հեռու ընկեր իմ, օ, Վահան Տերյան...

III

Դու-լուսե, անցար ու չկաս։
Դու-թեթև, անմարմին, անծիր։
Դու ուրի՜շ խնդության երազ։

Դու սրտում մեր ընդմիշտ վառեցիր
Կրակներ անմար ու թաքուն։
Փռեցիր լուսավոր գանձեր։

Եվ երբե´ք, երբեք չի աղոտի
Քո կանթեղը խավար մեր հոգում,-
Քո կանթեղը-հեռո՜ւ կարոտի։

Եղիշե Չարենց

My World My Space
01.10.2010, 11:34
Համո Սահյան

Պարույր Սևակին

Ինչպե՞ս ապրեմ առանց քեզ,
Սիրելի Պարույր,
Դու հաց էիր ինձ համար,
Օդ էիր ու ջուր։

Անհնար է հավատալ,
Որ չկաս իրոք,
Դու իմ եղբայր, դու իմ պապ,
Իմ գիժ, իմ խելոք։

Իմ անզիջում, անողոք
Եվ իմ քմահաճ,
Կոմիտասյան իմ մորմոք,
Իմ տնավեր լաճ։

Իմ հանճարեղ, իմ հիմար,
Իմ պղտոր, իմ ջինջ,
Բահի զնգոց, խոփի վար,
Ամեն, ամեն ինչ...

Դու մատչելի, մարդամոտ,
Դու և անաոիկ,-
Մարգի համեմ, լանջի խոտ,
Բարձունքի ծաղիկ։

Դու մի բանակ, դու մի զորք,
Դու մի տոհմի շյուղ,
Դու հրթիռի հրացոլք
Ու երդիկի ծուխ։

Ինքդ քեզնից հասարակ,
Ինքդ քեզնից վեր...
Դու գալիքից առած վարկ,
Անցյալի նվեր։

Դու դպիր ու շինական,
Դու անխոնջ գրիչ,
Դու իմ անտեր տիրակալ,
Եվ տիրական խիղճ...

Ուտում էինք, մեր բախտին
Երանի տալով,
Ապուրը նույն ամանից
Եվ նույն գդալով։

Հիմա ես ո՞ւմ հետ կիսեմ
Հավատամք ու հաց,
Եվ ո՞ւմ զրույցը լսեմ
Մինչև լուսաբաց։

Ի՞նչ ես անում առանց ինձ,
Ո՞ւմ ես խրատում,
Ո՞ւմ համար ես ձեռագիր
Երգերդ կարդում։

Չես ընդունում դու արդեն
Կանչ ու հրավեր,
Ոչ էլ մեզ ես ընդունում,
Տո՛ լաճ տնավեր։

Չես ընդունում... բայց կգամ,
Սպասիր քիչ էլ,
Զրույց կանենք վիճելով
Մինչև ուշ գիշեր...

Այս ի՞նչ խավար է այսպես
Իմ սրտին իջել։

Անհուն էր երկինքդ,
Ախ, երևի ինքդ
Քեզ խանդեցիր։

Տունդ Սասնա տուն էր,
Հիմքը հաստատուն էր,
Դու քանդեցիր։

Քեզ — խավարն ու ցուրտը...
Մեզ — լույսի խորհուրդը
Ավանդեցիր։

Dayana
01.10.2010, 11:47
Ֆլիքս Պետրոսյան

Պարույր Սևակի հիշատակին



Թե գարնան կեսին կարող էր ձյուն գալ՝
Սկսել էինք քիչ-քիչ հավատալ.
Բայց որ ձյուն տեղար ամառվա տապին,
Որ կարկտաբեր բոցերով պայթեր հրեղեն արփին,
Որ հզոր բարդին մեկեն չորանար,
Որ տեսնող աչքը ընդմիշտ կուրանար,
Որ կյանքին, մարդուն բոլորանվեր սիրահարվածը
Հանկարծ իր կյանքը պատահարի տար...
Ո՞վ կհավատար...
Տո լաճ տնավե՜ր,
Դու, որ քո ճամփան խոտոր ու ավեր
Անցար ժպտալով,
Դու, որ նույնիսկ քո խնդության պահին
Ապրեցիր միայն ուրիշի վշտին
Արցունդ տալով,
Դու, որ մարդկային բնավորության խորխորատներում
Մարդուն գտնելու ջահեր վառեցիր...
...Այդ ի՞նչ արեցիր...
Մտածելն անգամ սարսափելի է.
Որ այս ունկերին չի կարող գերել,
Չի կարող թովել ոչ մի "Հորովել"
Որ այս աչքերին զույգ սևակ օղեր ՝
Էլ չի հմայի և ոչ մի Շողեր...
Որ այս ձեռքերը... Իր և օտարի
Երեխաների հայահոտ վարսը
Հոր անկեղծությամբ շոյած ձեռքերը
Էլ թղթին չեն տա մարգարիտները պրպտող մտքի:
Դե եկ, մարդ-աստծո ու թե խիղճ ունես՝
Բախտ հորջորջվածի դեմքին մի թքի...

Արցունքը՝ արցունք, մորմոքը՝ մորմոք,
Մինչդեռ կատարված իրողությունը մահվան սև դեմքով
Այդպես Էլ չոքեց մեր դռան շեմին:
ՈՒ չի ընդունում և ոչ մի բողոք:
ՈՒ լուռ, ցամաքեց ակը աղբյուրի,
Որի պարգևած մի պաղ համբույրին
Դեռ ջատ-ջատերն են կարոտ մնալու...
ՈՒ կծու-կծու, ինչպես անձրևից հանգչող մի խարույկ՝
Այս շիրմաթումբը դեռ ծխալու է տեսնող աչքերում...
Դեռ երկար-երկար կքայլեն մարդիկ
Վշտից կորամեջք,
Մարդիկ, որ ասես մի-մի կենդանի հատորներ էին
Նրա ափի մեջ:
Մարդիկ, որոնց հին, անթել մոմի տեղ
Նա իր խնկահամ կանթեղը տվեց,
Բարուրեց սիրով, պարուրեց սիրով
ՈՒ նաև հրով հոգևոր խոսքի...
...Ձնհալի հոսքից, ձնծաղիկների հոտը կապուտաչ՝
Կելնի սարալանջ,
Հետո, բողբոջի հրավառություն կսկսի այգում:
ՈՒ ծիրանի տակ, սրբացած հողին,
Որը այդպես էլ մնաց անարեկ՝
Իր ողբի ինչ-որ էջը կբացի
Դարերը ուսին մի հոգնած Նարեկ:
ՈՒ իր սիրո պես հավերժ անիծված քարերի վրա
Փշեր չունեցող վարդեր կփնտրի
Մի Սայաթ-Նովա:
ԵՎ ցայգալույսի ղողանջների մեջ
Էլ ոչ մի եղեգ նրա կորցրածով
Չի պտղավորվի:
Ապա, Արաքսի սյուքի նման մեղմ,
Կարոտը շրթին, հագին սև կերպաս՝
Այգի կմտնի հայրը Կոմիտաս...
ՈՒ ոճիրներից հրաշքով փրկած
Արցունքի վերջին կաթիլը աչքին՝
Կպատարագի.
- ԹՈՂ ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ, ԵՎ ԲՅՈՒՐ ԵՂԻՑԻ,
ՇԻՐՄԻՆ ԱՅՍ ԱՐԴԱՐ...

Chuk
01.10.2010, 11:50
Մոդերատորական. Թեմայի վերնագիրը «***-ին» ոչինչ չասող տարբերակից փոխվել է «Հայտնի մարդկանց նվիրված բանաստեղծություններ» տարբերակով:

Նաիրուհի
01.10.2010, 19:18
Վալերի Բրյուսովին

Ես դեռ պատանի սիրեցի քո խիստ,
Ցո՜ւրտ, հյուսիսային նտազուսպ լեզուն
Եվ տեսա՝ որքա՜ն ահեղ է կիզում
Կրակը թաքուն տողերից հանգիստ։

Այդպես ափերում իր կանաչանիստ
Իմ հեռու երկրում Արազն է հոսում,
Եվ այնպե՜ս, այնպես հանդարտ է խոսում՝
Թաղած իր խորքում մրրիկն անհանգիստ։

Դու չարչարանաց ահավոր ժամին
Եկար այցելու իմ երկիրն անհույս
Եվ ավետեցիր փրկություն ու լույս,
Երբ հալածում էր մեր նավը քամին։

Վահան Տերյան

----

Սեւակ

Պարոյր մանչս երկուքս ալ
Նոյն տարիքը ունէինք-
Հիմա ես կամ-Դուն չկաս-
Եղա՞ւ ասիկա

Թէ բարիք է տաղ ըսել
Պարոյր մանչս երկուքս ալ
Նոյն բարիքըը ունէինք-
Հիմա ես կամ իբր թէ-
Իսկ դուն կաս ու կը մնաս-
Քանի՞ հոգի մահեն վերջ
Տեսաւ ասիկա

Սիրել մարդիկը բոլոր
Թէ կարիք է անկորուստ
Պարոյր մանչս երկուքս ալ
Նոյն կարիքը ունէինք-
Հիմա տխուր-առանձին-
Կը վերյիշոմ քաղցրօրէն
Թէ Պարոյրը բանաստեղծ-
Ըսաւ ասիկա

Պարոյր մանչս քանի որ
Նոյն տարիքը ունէինք-
Մանուկ էինք երկուքս ալ-
Խաղը կիսատ թողուցիր-
Չեղաւ ասիկա

Զահրատ

Շինարար
01.10.2010, 20:05
Մ.Մ.
Արյուն է եղել աշխարհում։— Եղել է եղեռն ու կռիվ։
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ։
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև՛ է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին։—
Եղիշե Չարենց

Նաիրուհի
01.10.2010, 20:07
Պետրոս Դուրյան

Լուռ, մարմարակերտ դամբանին խորեն
Հանճարի աչքերն անքույթ կը նային,
Լույս ոգիներու կյանքովն երկնային,
Ա´լ մեկուսացած ունայն ժըխորեն։

Մեռա՜վ խանդավառ սերերն երգելեն,
Ու պիտի հավետ միտքերն հըմային
Իր թունդ քընարեն, ու երգերն ալ հին
Պաշտումով ըզմեզ միշտ պիտի գերեն։

Հույզով մեռա՜վ ան, հուշքով՝ կ´ապրի դեռ,
Ծառերուն նըման՝ որ թարմ ու դալար
Իր գերեզմանեն կ´ելլեն քովն ի վեր։

Հիացքներ կ´երթան իրեն ետևեն...
Եվ իր հուշքերն ալ, հավետ անմոլար
Ու միշտ ոգևոր՝ դեռ պիտի տևե՜ն։

Միսաք Մեծարենց

Շինարար
01.10.2010, 20:10
Կա Մեծարենց, կա Տերյան, — և բազում ուրիշ պոետներ կան,
Բայց — Թումանյա՜նն է անհաս Արարատը մեր նոր քերթության: —
Եղիշե Չարենց

Նաիրուհի
01.10.2010, 20:22
Մահվան տեսիլ
(ակադեմիկոս Թամանյանի անմահ հիշատակին)

Որքա՜ն նման է եղել պահն այդ՝ մարող կանթեղի
........................................................................
...Նրա կոպերը երեկ երբ քարացել են խաղաղ-
Կապույտ բոցով բռնկված վերջին ջերմում ուղեղի
Նա տեսել է երևի արևային մի քաղաք...
Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած
Արևային ժամացույց՝ քարտեզն ահա քաղաքի,-
Պողոտանե՜ր, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին։
Ակնթարթում մի վսեմ, որ երկարում է դարեր,
Փողփողել են ուղեղում-սիրտ պայթելու չափ պայծառ-
Սյունաշարքե՜ր, տերրասնե՜ր, աստիճաննե՜ր մարմարե,
Եվ պարտեզնե՜ր ոսկեզօծ, շատրվաննե՜ր երգաձայն...
Աշտարակնե՜ր երկնահաս և կամարնե՜ր կորանիստ,
Քանդակազօծ կարնիզնե՜ր, պատուհաններ նուրբ հատած.
Եվ մարմարիոն մարմնագույն, և´ գանգրահեր գրանիտ
Ե´վ վարդաբույր տուֆաքար, և´ բիլ բազալտ սրբատաշ...
.....................................................................................
Պարզե՜լ է ձեռքը դողդոջ դեպի ցնորքն այդ կապույտ,
Այնքան մո՜տ է, այնքան մոտ-կըշոշափի նա հիմա-
Բայց ծանրացել է հանկարծ ձեռքն հանճարեղ ու հմուտ,
Ընկել է վար-չոր կրծքին... լռությո´ւն։ Մահ։

Էս մեկն էլ հատուկ Շինարարի համար :)

Հ. Թ.

Նա մեծ էր ավելի, քան եղավ։-Երկնքի նման ընդարձակ.
Օվկիանի նման՝ իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր։-
Եվ ոգու ափերին նստած՝ նա նայում էր հայացքով պայծառ-
Եվ որսում էր երգեր ու խոհեր, և տեսնում էր չքնա՜ղ երազներ...

Եղիշե Չարենց

Lianik
01.10.2010, 21:45
Հ. Թումանյանին
Նա մեծ էր հողով, արյունո՛վ: - Արմատնե՜ր ուներ նա հողում:
Իր երգերը - գեղջուկ նաիրցու քրտինքո՛վ էր նա ողողում:
Հանճարեղ երգերում նրա - իր երկրի արև՛ն էր շողում:-
Նա մեծ էր հողով, արյունո՛վ: - Արմատնե՜ր ուներ նա հողում:

Ե. Չարենց

Նաիրուհի
21.11.2010, 02:46
Վյաչեսլավ Իվանովին

Վարդավառի վարդերը վառ
Երգող երգչիդ երդվում եմ ես.
Չըկար երկրիս նըման պարտեզ-
Եվ նա ավե՜ր, չարին ավա՜ր...
Սրտի երգիչ, դու բոցավառ
Լուսե երգով ասա´ հրկեզ.-
Արդյոք «հարյա՜վ» պիտի երգե՞ս
Վառված ու որբ երկրիս համար:

Ինչպես կարկուտն արտն անարատ
Վայր է թափում, այնպես արռատ,
Այնպես անգութ երկրում իմ որբ,
Նայի՛ր՝ թափված քանի՜ կորյուն -
Որքա՜ն, որքա՜ն, որքա~ն արյուն-
Վերքե՜ր-վարդե՜ր արնոտ ու բորբ...

Դեկադա
21.11.2010, 10:53
Վահան Տերյանին

Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
Մորմոքող հրի՜ պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ՜, հոռու ընկեր իմ, օ՜, Վահան Տերյան...

Եղիշե Չարենց



Եղիշե Չարենցին

...Քնքնշությունը Տերյան, Թումանյանի սիրտը մեծ,
Վեհ քնարը Պուշկինի, Մայակովսկու խոսքը,-
Դու ձոլեցիր քո սրտի քուրայի մեջ, հրի մեջ,
Կռելով մեր դպրության ազնիվ մետաղը մաքուր:

Վ.Ալազան

...Չարենցը մեռած - ո՛չ, բարեկա՛մ-
Չարենցը լույս է, ոգի ու սեր,
Չարենցը ձայն է
Ու խոսքի հորդող գետ է անեզր,
Չարենցի սիրտ է հրակարմիր,
Սրտի տրոփ է մրրկահարվող,
Չմարող բոց է արարչագործ:

Գ.Ադդարյան

Նաիրուհի
04.12.2010, 01:25
...Ե՛վ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջընջելի գրերն հնադարյան,-
Եվ մյուռոնի նման սրբազնագույն
Քո երկերի մաքուր սկիհներում պահված՝
Խորհուրդների համար մշտահմա,
Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու,-
Քո «Միրհավի» համար- և լուսեղեն՝
Արփենիկի հուշով սրբագործված հավետ,
«Ալպիական ծաղկի» այն բուրավետ,
Որ բուրելու է հար աննյութեղեն,-
Եվ վերջապես քո վեհ, հերոսական
«Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ
Սև ցելերի վրա մեր գոյության այս սև,
Շաղում է շողք ու սերմ անանձնական,-
Այս ամենի համար,- և «Ծիրանի»
Հազարամյա փողի՛ համար քո այն,
Որ դարերո՛վ տենչած խաղաղության
Երգն է հնչում,- և մեր ժողովուրդը քանի
Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո՝
Հնչելու է երգեր եղբայրական,-
Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ
Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով...
Այս ամենի համար,- և քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին-
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական...
Եվ ներբողում եմ քեզ ահա կրկին անեղծ
Իմ շուրթերով, ինչպես օրեր առաջ,-
Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ,
Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ...

14. X. 1936. գիշեր, Երևան
Չարենց

Նաիրուհի
04.12.2010, 01:31
Այս թեմայում եթե սա չդնեմ, կպայթեմ։

Թիֆլիսի կինտոն

Բազմել է ցարերի գահին
Թիֆլիսի նեղճակատ կինտոն,
Խրոմե սապոգներ հագին
Եւ գահը արել է ֆայտոն:
Նստել է, քշում է բռի,
Վարգում է, ոտնում է, անցնում,
Տիրան է, Ներոն է բռնի,
Սփռում է արյուն ու արցունք:
Լռել են ձայները «ի զեն»,
Դառել են կեղծած հիացում,
Նորավոր երկիրը հյուսկեն
Ժայթքում է իր մեջ մակածում,
Որ հետո ահավոր պարպի,
Խլացնի որոտներն ապեղեն,
Եւ ինչպես միջուկը պայթի,
Հուրհրա լավան հրեղեն:
Շառաչի, հորդանա, հորդի
Արնաներկ գահի վրայով,
Զի բավ է արևներ մորթի
Այս կինտոն սարդի ճակատով:
Օ՜, երբ է Մըսըրը եղել,
Մեր հիմքում նման հոր փորող,
Ոչ ոք մեզ այսպես չի նեղել,
Ինչպես այս հարճորդին կարող:
Սև կառքի կառապան լկտի`
Բազմել է ցարերի գահին,
Լափում է որձակը մտքի,
Զրկում է մեզ հունդից ազգային:
Ի՜նչ անե նստվածքը ռամիկ,
Կավատի դավից անտեղյակ,
Արև էր, դառել է մահիկ
Աշխարհոմ մնացել մենակ:
Օ՜, ո՞ւր եք, աստղեր, արևներ,
Իջնում է ազգիս երեկոն,
Եղավ մեզ չլսված մի նեռ
Թիֆլիսի նեղճակատ կինտոն:

1937 թ., բանտ
(Գարուն)
Չարենց