PDA

Դիտել ողջ տարբերակը : yerevanci-ի, Smokie-ի և Սամսարի համատեղ պատմվածքը



Շինարար
03.09.2010, 00:30
Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. yerevanci (http://www.akumb.am/member.php/21760-yerevanci)-ն սկսում է, Smokie (http://www.akumb.am/member.php/23050-Smokie)-ն՝ շարունակում, Սամսար (http://www.akumb.am/member.php/24037-Սամսար)ն՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը.-քննարկումներ), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-«Մեր-համատեղ-պատմվածքը»-պրոյեկտ.-գրանցամատյան/page14):

Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

yerevanci
03.09.2010, 05:06
Նրանք հանդիպեցին հունիսի 22-ին, երբ արևի ճառագայթներն ուղղահայաց ընկան հյուսիսային լայնության 23,30 զուգահեռականի վրա: Երկար քայլելով ծովափով՝ նրանք հիանում էին ռելիեֆի աբրազիոն ձևերով: Գեղատեսիլ բենչերը, կլիֆներն ու նիշաներն ասես համր վկաներն էին ռելիեֆ առաջացնող արտածին ուժերի հավերժ ներկայության` տարածելով ֆիզիկական հողմահարման պաղ շունչը…
Աստիճանաբար շեղվելով դեպի աջ (քանի որ գործողությունները ծավալվում էին հյուսիսային կիսագնդում), մեր սիրահարները շրջանցեցին մանգրային թփուտներն ու զգացին, որ կարգին հոգնել են: Նստելով առափյա դարավանդի վրա, նրանք ագահորեն կերան իրենց քաղած ալպյան գնձմնձուկը , քանի որ ծովափնյա օդը գրգռել էր նրանց ախորժակները: Եվ ոչ միայն…
Կշտանալով, նրանք վերջապես միմյանց նայեցին: Տղայի ձեռքերն, ասես հորիզոնական վրաշարժ կատարելով, շոյեցին աղջկա, ուռուցիկ, կորաթեք.. ի՞նչ եք կարծում , ի՞նչը: Մատերն, իհարկե: Աղջիկն, իր հերթին, քնքշորեն շոյում էր տղայի խոյան ճակատն ու գանգրահեր ժայռեր հիշեցնող մազերը:
-Ես քեզ սիրում եմ, իմ դոմնային վառարան,-շշնջաց տղան:
-Ես էլ քեզ, իմ կճուճանման գոգավորություն ,-պատասխանեց աղջիկը:
Նրանց զգացմունքներն աստիճանաբար վեր էին բարձրանում, ինչպես ջրիկ մագման` մղանցքով: Անխուսափելիորեն մոտենում էր պոռթկումը, բայց… նորից իրենց դերը խաղացին ռելիեֆառաջացնող ուժերը: Լեռներից էրոզացված և տեղատարված` 15մմ տրամագծով խճաքարը, դիպչելով տղայի ճակատին, նրան հիշեցրեց զսպման դոկտրինայի կիրառման անհրաժեշտության մասին: Հակառակ դեպքում, աղջկա հարազատների կողմից պետք էր ակնկալել ցայտուն արտահայտված ագրեսիվ քաղաքականություն, իսկ արդյունքում` «Մկրատի օրենքի» կիրառությունը:
Այնուհետև երիտասարդների մոտ կտրուկ իջավ SiO2-ի պարունակությունը` նրանք ջրիկացան (ինչպես մագմայի որոշ տեսակներ) և սկսեցին մեջբերումներ կատարել «Ախ, ինչ գեղեցիկ է հրաբխի ժայթքումը» անավարտ գրքից. հեղինակ` Պլինիուս Ավագ :
Ապա գիշերն իր թևերը փռեց ծովափի վրա, և ալիքներն իրենց փրփուրն էին փշրում առափնյա գլաքարերին, խճաքարերին և ճալաքարերին: Ինչ-որ տեղ՝ հեռվում, վայրի կռնչաց գիշանգղը, լսվեց Կոտ դ’Իվուարից Ֆրանսիա կակաոյի հումք տեղափոխող և «էժան դրոշի» ներքո ընթացող նավի շչակը:
Եվ ամբողջ գիշեր, նստած դարավանդին, գիշերային մթության մեջ, կրքոտ շշնջալով ու իրար հերթ չտալով, նրանք թվարկում էին Մոնղոլիայի վարչական և ֆիզիկաաշխարհագրական միավորները, Հյուսիսային Ջիբութիի հիմնախնդիրները կայուն զարգացման տեսանկյունից, Մեծ Կովկասի` առավել բարձր լեռնագագաթները` Կաբարդինո-Բալկարիայից մինչև Ինգուշեթիա…
Այդպես էլ արթուն մնացին մինչև առավոտ, մինչև որ առավոտյան բրիզը քուն բերեց նրանց բորբոքված աչքերին…
Արթնանալով, տղան նկատեց, որ մենակ է դարավանդի վրա: Աղջիկը չկար: Մնացել էին միայն ավազի վրա կեղծ-կոնային պրոյեկցիայով դրոշմված հեռացող ոտնահետքերը:
Խոր կսկիծով տալով աղջկա անունը (Նջամենա, Նջամենա , որտե՞ղ ես..), տղան հետևեց ոտնահետքերին: Սակայն մի տեղ ոտնահետքերը ճյուղավորվեցին` աջ և ձախ ուղղություններով: Տղան գնաց դեպի ձախ, իսկ հետո Կորիոլիսի ուժի ազդեցության տակ շեղվեց դեպի աջ և վերջնականապես խճճվեց:


Մի քանի խիստ մասնագիտական բառերի բացատրություն, առանց որոնց պատմվածքը հետաքրքիր չէր լինի.

Բենչ, կլիֆ, նիշա - ռելիեֆի ափամերձ, աբրազիոն ձևեր
Ալպյան գնձմնձուկ - բուսատեսակ
Հորիզոնական վրաշարժ - ապարաշերտերի շարժման տեսակներից
Խոյան ճակատ, գանգրահեր ժայռեր – ռելիեֆի սառցադաշտային` էկզարացիոն ձևեր
Կճուճանման գոգավորություն – կարստային` կրաքարային ռելիեֆի ձև
Զսպման դոկտրինա - քաղաքական աշխարհագրության և գեոպոլիտիկայի տեսական դրույթներից մեկը
«Մկրատի օրենք» - դարավանդների առաջացումը բացատրող օրենքներից մեկը
Հռոմեացի մտածող Պլինիուս Ավագը զոհվել է Վեզուվ հրաբուխի ժայթքումը դիտելիս` գլխին ընկած քարից (ապացուցված և անհերքելի պատմական փաստ է):
«Էժան դրոշ» - նավերի վարձման` ֆրախտի տեսակ
Կեղծ-պսևդո կոնային պրոյեկցիա - քարտեզագրական պրոյեկցիաների տեսակ
Նջամենա - Չադի Հանրապետության մայրաքաղաքը
Կրիստալլերի վեցանկյունների տեսություն – տարաբնակեցման տեսություններից մեկը

Smokie
07.09.2010, 11:54
«Ո՞ւր կարող էր գնալ: Ի՞նչ անել, ինչպե՞ս գտնել նրան», մտածում էր տղան:
_Նջամենա՜,_նորից կանչեց նա, թեեւ համոզված էր, որ ոչ-մի պատասխան չի լսի: Միակ բանը, որ խախտում էր տիրող լռությունը, դա ծովի մեղմ շառաչյունն էր: Տղան նայեց ոտնահետքերին՝ կարծես փորձելով որեւէ բան հասկանալ: Դեռ երկար նա այդպես կանգնած կմնար, եթե մեկի ձայնը նրան հանկարծակիի չբերեր:
_Հե՜յ: Ողջու՜յն:
Տղան իսկույն սթափվեց եւ թեքեց հայացքը: Հեռվից մի մարդ էր մոտենում: Տղան մի-քանի վայրկյան նայեց նրան, ապա քայլերն ուղղեց իր կողմը: Նա դանդաղ գնում էր առաջ՝ ուշադիր նայելով այդ մարդուն եւ ինչքան մոտենում էին, այնքան ավելի էր համոզվում, որ երբեք նրան չի տեսել: Ինքն է՛լ չզգաց, թե ինչպես մոռացավ աղջկա մասին, ամբողջ ուշադրությունը անծանոթի կողմն էր: Վերջինս, մի բարձրահասակ, բեղավոր երիտասարդ էր:
_Ողջույն,_ասաց նա, երբ արդեն բավականին մոտեցել էին:
_Ողջույն,_պատասխանեց մեր հերոսը:
_Ներիր բարեկամ, դու տեղացի՞ ես:
_Այո: Ինչո՞վ կարող եմ օգնել:
_Ճանաչո՞ւմ ես ****** **********-ին:
Այս հարցը լսելով՝ տղան քարացավ տեղում եւ երկար ժամանակ զարմացած նայում էր անծանոթին: Վերջինս է՛լ զարմացել էր նման արձագանքի վրա:
Վերջապես տղան ասաց:
_Դա ես եմ: Ի՞նչ է պատահել:

Սամսար
14.09.2010, 12:34
Բանդար Սերի Բեգավանի (այդպես էր տղայի անունը) զարմանքը գնալով վերածվում էր ապշահարության՝ անծանոթի հաղորդած տեղեկության յուրաքանչյուր մանրամասնը ընկալելուն զուգընթաց։ Իսկ իրողությունն այն էր, որ Նջամենան չէր կարողացել հաղթահարել երկվության պատճառած տառապանքները և երկփեղկվել էր. աղջկա «ես»-երից մեկը տարալուծվել էր Ատլանտյանի ամենակուլ ալիքներում, իսկ մյուսը՝ Սահարայի ամենահալ ավազներում։

Անփորձ Բնդոն (այդպես էին նրան կոչում ընկերները) չէր էլ կարող երևակայել, որ Նջամենան այդքան սիրում էր իրեն։ Բեղավոր երիտասարդը պատմեց, որ Նջամենան ցույց էր տվել Բնդոյի հոլոգրաֆիկ պատկերը, գորովանքով խոսել նրա մասին՝ այն աստիճան ջերմ, որ բեղավոր երիտասարդը հասկացել էր՝ դա սեր է։ Սակայն այդ մասին գիտեր միայն նա. Նջամենայի ծնողներից, տասներեք քույրերից ու եղբայներից, նրա բազում ընկեր-ընկերուհիներից և ոչ մեկը չգիտեր, թե ի՛նչ կատաղի հրաբուխ է վառվում աղջկա հոգու ընդերքում, և թե՝ հոգևոր շերտերի ի՛նչ սաստիկ վրաշարժեր է բորբոքում նրա էության մղանցքներով մոլեգին հոսող սիրո լավան։

Նջամենան վստահում էր միայն ավագ եղբորը։ Նա չէր կարող իր սերը հայտնի դարձնել ընտանեկան հանրությանը, քանզի նա ամենակրտսեր քույրն էր ընտանիքում, և դեռ երեք քույր էլ ուներ, որ պետք է ամուսնանային, հետո՝ նոր ինքը։ Այդպիսին էր նրա և Բնդոյի ժողովրդի ադաթը։ Բայց Բնդոն, լուսարձակող սիրո շվայտ ճառագայթներից կուրացած, ադաթ-մադաթ հաշվի չէր առնում։ Իսկ Նջամենայի հուզախռով էությունը էլ չէր կարողանում դիմանալ ճնշմանը։ Նա պատրաստ էր փախչել Բնդոյի հետ, նա հուսով էր, որ Բնդոն գիշերը, օվկիանոսի ափին, ալպյան գնձմնձուկով կշտանալուց հետո ինչ-որ առաջարկ կանի...
Սակայն Բնդոն նորից վախեցավ «մկրատի օրենքի» կիրառությունից...

Բեղավոր երիտասարդը Բնդոյին զգուշացրեց, որ նա պետք է հեռանա այդ կողմերից, որովհետև, եթե Նջամենայի հարազատներն իմանան աղջկա ոտնահետքերի տարամիտման պատճառները, ապա անպայման կկիրառեն «մկրատի օրենքը»։

Բնդոն հերոսաբար զսպեց արցունքները, մինչև բեղավոր երիտասարդը խոստացավ, որ գերեզման կտանի քրոջ ու տղայի դժբախտ սիրո պատմությունը ու դանդաղաքայլ, քամուց օրորվելով կորավ հեռվում։

Նույն քամին ջնջել էր Նջամենայի տարամետ ոտնահետքերը։ Բնդոն հիշում էր այն կետը, որտեղ աղջիկը վերջին անգամ թողել էր իր ամբողջականությունը վկայող ոտնահետքերը։ Բնդոն չորեքթաթ հասավ այդտեղ, փռվեց, ու նրա լացի ձայնը խառնվեց օվկիանոսի ամեհի ալիքների շառաչյունին ու դեպի Սահարան փչող սառը քամու ոռնոցին։ Նրա արցունքները հոսեցին երկու թե երեք օր... (Այդտեղ հիմա ալպյան գնձմնձուկի փթիթ թփուտների դաշտ է)։

Բանդար Սերի Բեգավանն արթնացավ ոսկորները սղոցող ցրտից։ Հիշեց Նջամենային, նրա եղբորը, մեկ անգամ ևս հավատով լցվեց դեպի այդ ազնիվ բեղավոր երիտասարդը ու քայլերն ուղղեց դեպի հյուսիս՝ Միջերկրականի ափերը։ Այնտեղից նա նվակավ լողաց-անցավ ծովը, հասավ Իտալիա ու համալրեց այնտեղի փախստականների շարքերը։ Բնդոն էլ ավելի համալրեց դրանք՝ ցեղակցի հետ ամուսնանալուց հետո։ Բայց նա երբեք չմոռացավ Նջամենային։