PDA

Դիտել ողջ տարբերակը : Միգուցե



impression
31.08.2010, 11:50
Ողջույն

որոշել եմ, որ Իբր թե-ն թեթև օրագիր պիտի լինի, բայց դե շատերը գիտեն, որ ես մենակ Իբր թե-ն չեմ:
Իհարկե այնքան ակտիվ չեմ հիմա Ակումբում, ոնց առաջ, բայց դե էլի մտնում եմ, գրում: Չեմ ուզում, որ դեմքս կիսատ լինի: Դրա համար էլ խնդրեմ, սկսում եմ Միգուցե-ն:
Իբր թե-ն ու Միգուցե-ն Ին Յան են: Մեկը սպիտակն ա, մյուսը սևը: Ընտրեք ըստ ճաշակի: Մարդկանց ուսումնասիրություններն ինձ հուշում են, որ Միգուցե-ն հնարավոր ա, որ ավելի մեծ պահանջարկ ունենա, քան Իբր թե-ն:
Խնդրեմ, առաջին չափաբաժինը.

Սեղանին թղթեր են, թղթերի վրա` թվեր, թվեր, թվեր, անուններ, էլի թվեր, հապավումներ... ու բոլորը զզվելի ուղիղ սյունակներով, որ հնարավորինս տխուր լինի դա տեսնելը: Էդպիսի սյունակներ կան եկեղեցիների գրանցամատյաններում` անուն ազգանուն, ծնվ. թիվ, մահվ. թիվ... ու զզվելի սյունակներ: Եկեղեցիներում գրված է ձեռագիր, իսկ օֆիսում տպատառ:
Սեղանին արդեն 4 հատ բաժակ կա. ջրի համար, սուրճի համար, էլի սուրճի համար, որովհետև նախորդը լվանալ ալարել եմ, ու մի հատ էլ սուրճի բաժակ, որովհետև նախորդ երկուսն եմ ալարել լվանալ:
Փոշի: Անտանելի փոշոտ ա ամեն ինչ: Չէ, անտանելի չի, որովհետև սյունակներով թվերն ինձ ավելի են անհանգստացնում, քան փոշին: Ու հետո` փոշին կարելի ա մաքրել, իսկ սյունակների հետ ոչինչ անել չես կարող:
Սիգարետի տուփ, վրան` կրակայրիչ: Միակ ուրախությունը: Միակ տոմսը դեպի դուրս, դեպի "կուրիլկա":
Սկաներ: Paper tray: Հեռախոս: Մարկեր: Ստեպլեր: Ինչ տխուր ա ամեն ինչ:
Լ-ն մոտեցավ կոնդիցիոներին: Լ-ն հղի ա, իրեն քամիները վնաս են: Անգամ էն կարգի շոգի դեպքում, որ հիմա ա: Մեջքս միանգամից քրտնեց: Դեռ մինչև կոնդիցիոներն անջատելը: Միայն մտածելուց, որ կոնդիցիոներն անջատելու ա:
Ինչքան շատ են խոսում: Սուս մնացեք, դա ձեզ էլ դուր կգա: Ատում եմ իրենց հետ ինչ-որ տեղ գնալը մեքենայով, որովհետև ամբողջ ճանապարհին խոսում են: Խոսում են նենց, որ դու քո մտքերը լսել չես կարողանում:
Շուտով սկսելու են հաց ուտել: Ես իրենց հետ չեմ ուտում: Այսինքն նստում ենք միասին, բայց ես ուտում եմ բուլկի ու յոգուրտ: Իրենք ուտում են լահմաջո ու խաչապուրի: Դա համարվում ա, որ ես իրենց հետ չեմ ուտում: Նեղանում են: Իսկ ես իրենց ուտելիքից վատ եմ զգում: Բայց չեմ նեղանում, որ հենց դա են ուտում: Ուղղակի աշխատում եմ քիչ շնչել, քանի դեռ լահմաջայի հոտը զգացվում ա:
Լահմաջոյի հոտը շատ ուշ ա անցնում: Դա մսի, սխտորի, բիբարի հոտերի խառնուրդ ա:
Իսկ աչքերս ցավում են: Պետք ա գնալ փոխել ակնոցի ապակին: Ընդհանրապես պետք ա կրել էդ ակնոցը մեկ-մեկ: Թե չէ` անգամ սյունակներն են լղոզվում: Իսկ էդպես չի կարելի: Սյունակը ճշգրտություն ա պահանջում: Դրանով էլ ինքը զզվելի ա:
Սյունակները միակ ճշգրտությունն են իմ իրականության մեջ: Շաբաթը հինգ օր: Ութ ու կես ժամ:

impression
31.08.2010, 20:41
Կա թախծի մի տեսակ, որն էնքան սիրուն ա ինքն իրենով, որ ձեռքդ չի գնում մի բան փոխել...

impression
14.09.2010, 23:19
Երբ քեզ իրական կյանքում ոչինչ չի հետաքրքրում՝ ով ում դոմփեց, ոնց ու քանի անգամ, ով ինչ առավ, ինչ արժեր, վայ ախչի, էսօր ամսի քսանն ա, իսկ դու դեռ տան վարձերը չես մուծել, այ այ այ ու տենց դեբիլ բաներ, դու հիմնականում զբաղվում ես ավելի ահավոր դեբիլիզմով՝ ինքնակործանման քաղցր ճամփան ես բռնում: Իսկ ինքնակործանումը շատ հավես բան ա, եթե մանիակալ հակումներդ զարգացած են: Կյանքում փորձե՞լ ես եղունգդ դանդաղ պոկել: Քաշում ես իրեն դանդա՜ղ, սիրտդ թուլանում ա ցավից, մատդ մղկտում ա, արյունը կամաց լցվում ա նոր պոկած եղունգիդ նախկին տեղը, վերքդ սառում ա արյունից, մի քիչ ցավը մեղմանում ա, բայց դու էլի ես քաշում... ինքնակործանումը տենց ա: Ինչ-որ շատ նուրբ հաճույք կա մեջը, հետն էլ՝ ադրենալին, ոնց որ փոքր ժամանակ ապշում էի կրկեսում ակրոբատներից, որոնք վտանգավոր բարձրության վրա կապիկություններ էին անում: Մտածում էի՝ լավ, սրա կայֆը ո՞րն ա. կարամ ընկնեմ, գլուխս ջարդեմ, բայց չեմ ընկնու՞մ: Հետո հասկացա, որ հենց էդ ա:
Բայց հետո գալիս ա մի պահ՝ զզվում ես ինքնակործանումից. գտնվում են մարդիկ, ովքեր ասում են, որ դա լավ բան չի: Դու էլ հավատում ես: Շատ լավ են ապացուցում: Ու որոշում ես, որ վերջ, պետք ա սովորել երջանիկ լինել: Ուրիշների պես: Դժվար բան չկա: Ժպիտ ես քաշում բդերիդ ու քեզ գցում մարդկանց ջանին:
Մենակ թե՝ դրանից էնքան շուտ ես հոգնում, ոնց որ անորակ սեքսից: Ու վերջում ծխելն էլ արդեն դրությունը չի փրկում:
Իմ գլխում հինգ տարի առաջ ինչ-որ բան փոխվեց, ու արդեն հետ փոխել չի լինում...

impression
29.09.2010, 23:06
նենց ահավոր ա, երբ քո լավ կամ վատ լինելը կախված ա լինում մի ուրիշի լավ կամ վատ լինելուց
լրիվ ինֆուզորիա վիճակներ...
կնոպկով մարդ...
անուղեղ հայվան...
մեկ էլ ռոմանտիկները դրան սիրահարվել են ասում

impression
06.10.2010, 15:26
հավաքի քեզ...

անձրև-մանձրև չգիտեմ, հավաքի քեզ...
ոչինչ, որ էսօր բառերդ մենակ են մնացել, լսող չկա, ոչինչ, որ գուցե տենց էլ լինի երկար ժամանակ, ոչինչ, կանցնի
մեծ աղջիկ ես...

բայց էդ վատ ա, էլ չի աշխատում էն պարզ սուտը, որով ինձ սնել են փոքր ժամանակ, երբ տխրում էի` բալես, ոչինչ, կմեծանաս, կմոռանաս
արդեն մեծացել եմ, ուրեմն ինչ, էլ մոռանալ չկա՞

հայացքդ նենց դատարկ ա, բան ա՞ էղել... դե գնա ու բացատրի, որ հայացքդ ոչ թե դատարկ ա, այլ մենակ, չի անդրադարձվում

լավ, վերջ, հավաքում եմ ինձ, միգուցե դեռ էնքան էլ մեծ չեմ, միգուցե դեռ էլի կաշխատի "կմեծանաս կմոռանաս"-ը
չէ, ավելի շուտ երևի սենց կլինի՝ կծերանաս ու էլ արդեն պետքդ չի լինի...
դե հիմա գնա ու հավաքի քեզ...

impression
07.10.2010, 09:41
էսօր առաջին անգամ նկատողություն ստացա
մենեջերս էկավ ու ասեց՝ կախելու եմ քեզ
ապշած նայում եմ վրան՝ բայց ես ոչինչ չեմ արել
մենեջերը՝ դու սարսափելի անտարբեր ես քո գործի, թիմի ու իմ նամակների հանդեպ
ես՝ ես կյանքի հանդեպ էլ եմ անտարբեր, ես տենց եմ ապրում
մենեջերը՝ փոխվի
ես՝ չէ լավ, ուզում ես՝ կախի ինձ...
մենեջերը՝ ես քեզ մի շաբաթ առաջ նամակ եմ գրել, որը դու չես կարդացել
ես՝ ճիշտ չի, ես կարդում եմ իմ բոլոր նամակները
մենեջերը՝ ապացուցի
ես՝ գաղափար չունեմ ինչ ես գրել, բայց երդվում եմ, որ կարդացել եմ
մենեջերը՝ կախելու՜ եմ


մաման՝ ինչի՞ ես դու էդքան անտարբեր
ես՝ մամ, ես տենց եմ էղել արդեն երեսուն տարի, չէ, + ինն ամիս, դու էիր ասում, որ հանգիստ վեր ընկած էի, սկի ծնվել չէի ուզում, զոռով եք հանել
մաման՝ քեզ ոչ մի բան չի հետաքրքրու՞մ կյանքում
ես՝ ինձ լիքը բան ա հետաքրքրում, որոնք, ցավոք, քեզ չեն հետաքրքրում
մաման՝ էլի լավ ա, բալես

ի՞նչն ա լավ :(

impression
12.10.2010, 11:49
պայթյուն եմ ուզում

impression
12.03.2011, 23:33
սրանից առաջվա գրառման մեջ պայթյուն էի ուզել
սարքեցի պայթյուն ինքս իմ գլխին
ու գիտեք, սուտ ա, որ հետո ոչինչ չի լինում, կամ հենց մենակ ոչինչ ա լինում
հետո լինում ա վակուում ու քեզ քաշում ա ոչնչի մեջ, բայց դու չես դիմադրում, քեզ կայֆ ա

կյանքում վակուում քաշել ե՞ս, ավելի ճիշտ կյանքում թողել ե՞ս վակուումը քեզ քաշի...

impression
31.03.2011, 00:52
բախում եմ դուռդ, բաց ու տես
ես եմ ու իմ կոմպլեքսների
հսկա փունջը. գրկիր մեզ

impression
11.04.2011, 13:07
էս ամբողջ պատմությունը սկսվեց նրանից, որ ես փոխեցի տեսակս: Լինում ա, ենթագիտակցությանդ մեջ մեխված բաներ ես մեկ-մեկ սկսում հասկանալ, ու քեզ ավելի հեշտ ա դառնում ապրել, բայց մեկ-մեկ էլ լինում ա, որ մի բան ես ասում, հետո անցնում ա երկար ժամանակ, նոր հասկանում ես, որ դա նստած էր ենթագիտակցությանդ մեջ, ու ինչ դու ասել էիր կատակով կամ երանի-թե-տենց-լինի-ով, ինքը իրականում հենց տենց ա որ կա: Քո մեջ: Այսինքն իմ մեջ. իմ մասին եմ գրում: Ու հա, ես իմ կյանքի ընթացքը փոխեցի: Ինձ էլ փոխեցի: Առանց հասկանալու, առանց խորանալու... ուղղակի փոփոխություն էի ուզում, ու քանի որ ուժերս չէին հերիքի աշխարհին պատերազմ հայտարարելու համար, ինքս իմ դեմ սկսեցի պատերազմել: Ու ես պարտվեցի: Իմ հին ես-ը, ինքն էլ չկա... Զոհվեց: Սկզբում դա ինձ զվարճացնում էր, հետո սկսեց ձանձրացնել, իսկ հիմա ամենուր փնտրում եմ իրեն... Իմ հին տեսակը: Կարոտում եմ:
Պլոկված ու արնակոլոլ մաշկի վրայից արագ վրաս քաշեցի նորը, դա ինձ պիտի պաշտպաներ, ինքն ավելի հաստ էր, քան իմ հինը: Ու ինքը պաշտպանում ա, մենակ թե իմ պլոկված ու արնակոլոլ մաշկը սկսել ա փտել ներսից ու քայքայել նորին: Ու ես հիմա եմ զգում, որ էս մաշկն իմ հագով չի, ինքն ինձ չի սազում, բայց չգիտեմ ինչ անել:
Կյանքում չեմ խորացել, թե ոնց ա կարելի վերջացնել մի բան գրելը: Ինքն իրեն ստացվել ա միշտ: Էսօր չի ստացվում: Համարենք, որ սա հենց վերջավորությունն էր:

impression
22.05.2011, 20:32
Լինում են կյանքում պահեր, երբ մտածում ես` կարող ա ատամհատիկիս ես փալան եմ վերցրել? :angry

impression
07.06.2011, 14:57
ուզում եմ նորություն, ուզում եմ զարմանալ, զարմանալ եմ ուզում
ուզում եմ նենց ֆիլմ, որ ասեմ` սրանից լավը չէի տեսել
ուզում եմ նենց երաժշտություն, որ էմոցիաներս խառնի իրար
ուզում եմ նենց մարդ, ում ժպիտն ինձ անցած կյանքից ծանոթ կլինի

ՉԿԱ

իսկ ինչ ես անում ինքդ քեզ հանձնած քննությունը տապալելուց հետո?
սկսում ես սովորել
տենց
սովորում եմ հիմա
դաս առաջին` կյանքը տառապանք է
դաս երկրորդ` տառապանքը ծնվում է կապվածությունից
դաս երրորդ` տառապանքը հնարավոր է հաղթահարել
դաս չորրորդ... էդ արդեն ավարտականս ա լինելու

impression
09.06.2011, 08:52
կյանքը պլացեբոյի կապսուլ ա, մենք էլ մեջը ֆռֆռում ենք
ու մեր իմացած ամեն ինչն էլ հորինովի ա
ես հաստատ չեմ զարմանա, եթե մի օր ընկերուհուս կատուն սկսի հետս վիճել էս հարցի շուրջ
իմ ընկերուհիներից ոչ մեկը կատու չունի, բայց հնարավոր չի հաստատ համոզված լինել դրանում

impression
18.08.2011, 00:30
սիրում եմ քեզ, ու հա, օդս պակաս ա
քո` մի հատ վերջակետ ու փակագիծը փակն էլ` կես վայրկյանի շունչ
ես նոր հասկացա, որ չգիտեմ` քո մարմնի որ խալն եմ սիրում, ու էն, որ ես հիշում եմ, քո վրա էր արդյոք... շատ... ինձ խայտառակող փաստ...
ես սենց իմ սեղանի մոտ, ակնոցը քթիս, մարդ ես, մեկ էլ տեսար պատուհանս` վինդովսն էլի, թակեցիր, բա ես հո մերկ չեմ լինելու, ու գրում եմ

աշխարհում ինչ ասես տեղի չի ունենում, էլ ահաբեկում են, էլ իրար են հայհոյում, եվրոպան որ լրիվ ա ցնդել, ամերիկայում` բոտեքսային հեղափոխություն ա` մաքսիմում էմոցիա, մինիմում միմիկա պրինցիպով

առավոտներս ֆոկուսից դուրս են լինում, մինչև աչքերս նորից սովորում են արևի լույսին, քիթս էլ` ակնոցի ծանրությանը, ու շատ թափով եմ աշխատում, մի ժամ ավել քնելը նոր աշխատանքի պայմաններում ինձ ահագին ուժ ա տալիս ու բարձրացնում աշխատունակությունը
ցերեկս ատոմների ա բաժանված սրա նրա հետ անկապ չատերով, ու իրականում գիրքն էլ ա տենց գրվում, ատոմները հավաքում ես իրար գլխի, ու ինչքան իրար սազող ատոմներ հագցնես իրար` ճիշտ անկյուններով, էնքան գրածդ լավը կլինի
երեկոները կամ մի բաժակ ռոմ եմ խմում ու հիմարանում մինչև լուս, լայթ դեպրեսիվ ապուշ դառնում, կամ քայլում եմ մենակ մեյնսթրիմներով, երաժշտություն լսում ու հա մտածում մտքով քեզ լույս ու սեր ուղարկելու մասին, գրեթե նույն լայթ դեպրեսիվ ապուշ վիճակներում
բայց չեմ նվնվում հո
մենակ ասում եմ, որ օդս պակաս ա
բայց կտուրս ծակ չի, թռած ա իհարկե, բայց ծակ չի
տեղս տաք ա
էլ ինչ ունեմ բողոքելու...
ինձ գոնե մի վերջակետ լիներ, մի հատ էլ փակագիծը փակ, կես վայրկյանով կուրախանայի...

impression
24.08.2011, 00:50
Տիեզերական սիրո ու դրա մերկանտիլ անհնարինության մասին

Էն, ինչով հիմա ես շնչում եմ, ասում ա` սիրի մարդկանց, ու ոչ թե սիրի` խղճալով, որ իրանք տենց դեբիլ են, կամ որ ավելի մեծ լուզեր են քան դու, կամ որ ոտ չունեն, ձեռ չունեն, լեզու չունեն, ճաշակ չունեն, ապագա չունեն, ֆայմ չունեն, ընկերներ չունեն, սիրած չունեն, այլ ուղղակի ՍԻՐԻ: Սերը պետք ա լինի քո ամենաբնական զգացմունքը:
Նդաս... Էս գյուտողը հաստատ մարշրուտկա չի նստել:

Իմ տիեզերական սիրո ամենամեծ ապացույցը կլինի կամքի գերլարումով ճնշած պահել էն կպչուն միտքը, որ երանի մի ատոմային ռումբ լիներ, սաղիս վարի տար, անցնեինք գնայինք, աստծուն էլ ասեինք` կներես, հոպար, չստացվեց:

impression
18.06.2012, 00:33
կյանքի երեք էտապները

1. թող ինձ լավ լինի
2. թող ինձ վատ չլինի
3. թող գոնե մի բան լինի

հա, տարիքի հետ սպասումներդ սկսում են համապատասխանել իրականությանը

impression
23.11.2012, 00:50
օրը վերջացավ, հանում ենք կոշիկներն ու դիմակները, գրկում մենակությունը՝ լապտոպի տեսքով ու էլի ամբողջ ուժով նետվում մարդամեջ
ինչքան մենակ ենք, ինչքան ենք վախենում մենակ մնալուց, որ մեր մենակության ամենավառ ապացույցը՝ լապտոպը սարքել ենք նենց, որ իրեն գրկել լինի, ու որ գրկելուց ինքը քեզ տաքացնի
մառազմի մեջ եմ երևի, ուղղակի էս քանի օրը կապված ակումբում իմ ակտիվության հետ, համ շատ զարմացած եմ, որտև լիքը մարդկանցից եմ շատ ջերմ բաներ լսում իմ մասին, լիքը մարդ ա հետս շփվում ու ես դրան մի տեսակ պատրաստ չէի, խառնվել եմ իրար մի քիչ, ու հետն էլ հասկանում եմ, որ մեկա, ինչ ուզում ա լինի, ինչքան պոպուլյար ու սիրված էլ մարդ լինի, մեկա, գալիս ա միշտ էն պահը օրվա մեջ, երբ ինքը գրկում ա լապտոպը ու երազում, որ մեկն իրեն դրանից ազատի...

impression
06.12.2012, 01:40
փակ շրջանից ավելի վատ բան մենակ ավելի փոքր փակ շրջանն ա

impression
10.01.2013, 22:45
բարև

չգիտեմ՝ ում եմ բարևում, երևի՝ հենց քեզ
ուզում եմ խոսել հետդ, որովհետև իրական կյանքում տենց շքեղություն ինձ թույլ չեմ տա հաստատ, քանի որ դու շատ ես, իսկ ես մեկն եմ, ու էն էլ՝ այլանդակ անհավես

ուզում եմ իմանաս, որ ես քեզ ոչ սիրում եմ, ոչ էլ չեմ սիրում, ու որ չհաշված մի քանի հոգու, ամբողջ էն յոթ միլիարդդ մեկ եք ինձ համար, ԲԱՅՑ

ես քեզ նեղություն չեմ տա, եթե դու էլ ինձ չնեղես
ես քեզ մարդու տեղ կդնեմ՝ անկախ քո մաշկի գույնից, կրթությունից, ճաշակից, ակցենտից, անկախ իմ հանդեպ քո ունեցած վերաբերմունքից, որովհետև տենց ինձ համար հեշտ ա, թե չէ գնա ու հիշի, թե ում հետ ինչ խնդիր ունես...

ուզում եմ իմանաս, որ ինձ համար կարևոր չի, թե դու ինձ ոնց ես վերաբերվում, լուրջ, թքած ունեմ, ներիր, որ կոպիտ եմ, բայց տենց ա

դու ինձ վիրավորում ես մակերեսային ու կարճ ժամանակով, որովհետև ես շուտ մոռանում եմ, խորն էլ չեմ ազդվում, քանի որ, ճիշտ ա, թքած ունեմ մեծ հաշվով

ուզում եմ նոր տարիդ շնորհավորել, մարդ, թեև բացարձակ չեմ հուզվում քո ճակատագրով, ու մեկ էլ ուզում եմ ասել, որ դու ահավոր հետաքրքիր երևույթ ես, իբր ֆիզիկականդ քիչ էր, հիմա էլ վիրտուալ կաս

եթե դու մինչև հիմա կասկածում ես, արդյոք էս գրառումը քո մասին էր, թե չէ, ասեմ՝ եթե դու ոչ իմ հայրն ես, ոչ մայրս, ոչ քույրս կամ իր ընտանիքը, ոչ մտերիմ ընկերներիցս, ոչ սրտով սիրածս, ուրեմն հա, հենց քո մասին էր, որովհետև քո հետ խոսելու ժամանակ կյանքն ինձ չի տալիս, իսկ էն մնացածների համար ես բոլ-բոլ կամ

լավ էղի

հա, բա կտցրած եմ, չգիտեի՞ր

impression
10.02.2013, 01:27
Սիրելիներ

ես ասել էի, որ էլ չեմ գրելու ակումբում, բայց հիմա ստիպված եմ խախտել ասածս, քանի որ մի քանի օր առաջ Sambitbaba-ի գրառումը ցույց տվեցին, էսօր էլ Տրիբունն էր գրել, ու ես մտածում եմ, չնայած երևի չափազանց շատ բան եմ վերցնում ինձ վրա կամ էլ չափազանց մեծ կարծիք ունեմ իմ մասին, կարևոր չէ, բայց ես մտածեցի, որ չունեմ իրավունք առանց որևէ բացատրություն տալու հեռանալու

ու էկել եմ էսօր, որ բացատրություն տամ

չեմ ուզում պաթետիկ ու ապուշ ճառեր ասել, չնայած արդեն էդ նոտայի վրա եմ... ժող ջան, ես ինձ համար էս փուլը անցած եմ համարում՝ ակումբի փուլը, էստեղի մարդկանց փուլը, էն մարդկանց, ում շատ եմ սիրել/սիրում կամ էլ տանել չեմ կարողանում
էդ ամենը արդեն բացարձակ կարևոր չի ինձ համար, ու ես ուզում եմ ապրել առանց էս ամենի, ներողություն եմ խնդրում, եթե էս բառերիցս ինչ-որ մեկը վիրավորվի

ես էստեղից լիքը բան եմ վերցրել, ինչի համար միշտ էլ շնորհակալ կլինեմ բախտիս, որ պատահականության բերումով մի օր հայտնվեցի ստեղ ու ապրեցի մի քանի տարի
բայց էս ամենի վերջն էկավ արդեն, որովհետև ես շարունակելու իմաստը չեմ տեսնում
նենց որ, ակումբցիներ ջան, իմ սիրելի Sambitbaba, մի անհանգստացեք, ես լավ եմ, ուղղակի լավ կլինեմ արդեն առանց ձեզ ամեն րոպե էդ մասին տեղյակ պահելու ;)

լավ մնացեք, ես ձեզ շատ եմ սիրում, դուք իմ մի մասնիկն եք, ես դա փոխել չեմ կարող, ոչ էլ ուզում եմ :)

Sambitbaba
10.02.2013, 02:26
Թող ների ինձ մոդերը քո օրագրում գրառմանս համար: Հուսով եմ՝ կների…


Ինչ ասեմ, ափսոս: Շատ տխուր կլինի առանց քեզ, Լիլիթ ջան, բայց ինչ արած, ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը:
Համոզված եմ, որ շատերը կհամաձայնվեն ինձ հետ. Ակումբում մի լույս հանգչեց…

Դու ասում ես, որ մնալու իմաստը չես տեսնում: Նշանակում է, Ակումբից վերցնելու բան էլ չունե՞ս…
Ուրախ եմ, որ զգում ես հասունությունդ, ուրախ եմ, որ ինքնաբավարար ես դարձել: Ու նաև, հասունանալդ հուսադրում է, որ շուտով կհասկանաս ամենակարևորը. եթե մեր կյանքում ամենակարևորը վերցնելը լիներ, այս աշխարհը վաղուց արդեն գոյություն չէր ունենա…

Գիտե՞ս ինչու է մարդ իմաստություն հավաքում, Լիլիթ ջան. որպեսզի բաժանի այն ուրիշներին: Եվ որքան շատ բաժանում է նա, այնքան ավելի շատ ունի… Կյանքի շարժիչ ուժը՝ տալն է:

Մեծաքանակ ազգը լավ է ասում. "Мы в ответе перед треми, кого приручили".
А ты нас - приручила, - հասկանու՜մ ես…

Լավ մնաս, սիրելիս: Բոլոր բարիքները քեզ:
Իսկ մենք՝ կսպաենք:
Հույսով:


Հ.Գ. Եթե հանկարծ կզգաս, որ կարոտել ես, - գրիր, լա՞վ…

impression
26.09.2013, 13:48
իմ հեռախոսագրքում արդեն ամեն օր են սկսել ավելանալ էն համարները, որոնք էլ երբեք չեմ օգտագործելու, բայց ոչ էլ ձեռս ա գնում ջնջել

հլը մի հատ արա՛գ դադարեցրեք Հայաստանից ընդմիշտ գնալը :(