Դիտել ողջ տարբերակը : խոստովանություններ - նամակներ - օրագրային գրառումներ…
1980 թվական:
Մի իրական սիրո պատմություն, հոգու խոսք,ամեն ինչ ասելու, կիսվելու ցանկություն ու ահռելի մեծ սիրո տվայտանքներ, ոգու խռովք,դժոխային պահերի արտացոլանք,սիելու ու համբերելու մեծ կարողություն… ` ամփոփված մի քանի բլոկնոտի էջերում, որ հիմա ինձ այնքան հարազատ են:
Անուններից մի քանիսը փոխված են:
Բնագրից ոչ մի բառ չի կորել կամ ավելացվել:
Արայի ու Նարիի սիրո պատմության մասնիկները` Արայի խոստովանա-նամակա-օրագրային գրառումներից:
18/III/1980
Խնդրում եմ գրես ամեն ինչ. ինչ մտածել ես մինչև հիմա իմ մասին, և ընդհանրապես այն ամենը, ինչ ուզեցել ես ասել, բայց չես ասել, ինչ ես հիմա մտածում և ինչ խորհուրդ տալիս:
Եվ ընդհանրապես ամեն ինչ:
Բայց խնդրում եմ գրես ամեն ինչ անկեղծ ու առանց թաքցնելու: Ես քեզ մոտ երբեք չեմ նկատել, որ դու կյանքում կարող ես ստիպել մարդուն անել այն, ինչ դու չես ցանկանում և չես ուզում, սակայն դու չես նկատում ու չես էլ կարող նկատել, որ դու ստիպում ես ու չես էլ երերում:
Մինչև հիմա ես չեմ ստել ոչ մի անգամ, և չեմ թաքցրել քեզանից ոչինչ: Ես քեզ մոտեցա անկեղծ ու մաքուր հոգով և մինչև հիմա էլ դա այդպես է: Չգիտեմ դու ինչքանով ես հավատում և ընդունում այդ, բայց այդպես է:
Կներես, որ ես այսպես եմ մտածում, սակայն ես իմ ամբողջ ապրածս տարիներին այսքան տհաճ դրության մեջ չէի ընկել ու այսքան համբերատար եղել:
Երևի այս ամենը նրանից է, որ ես չկարողացա անել այնպես, ինչպես դու էիր ցանկանում: Ես այնքան թույլ տվեցի ինձ "ստորանալ" քո առաջ, որ դու սկսել ես չհավատալ: Դու չկարողացար համբերել իմ այդքան վստահությունը, որ ես թույլ էի տալիս քո հանդեպ:
Գրելուց չեմ հոգնում, կգրեմ անվերջ ու անդադար, առանց հանգստի, սակայն միշտ չէ, որ պետք է առաջինը գրել:
Բայց եթե կցանկանայիր ճիշտը իմանալ, ես առաջին օրվանից եմ զգացել քո այդ մտածածները, որ դու չես ուզում, և դա միշտ կրկնել ես ու կրկնել:
Ես ինձանից այդքանը չէի սպասում ու չեմ էլ կարող ներել, որ այսքան ժամանակ այդպես հիմար դրության մեջ եմ ապրել:
Իհարկե կյանքը քաղցր է, բայց երբ այն դու ինքդ ես դառնացնում…
Սա երևի լինի այն վերջին վկայականը, որ գոյություն է ունեցել մի այսպիսի պատմություն: Այնպես, որ խնդրում եմ գրել առանց վարանելու, որովհետև այն քեզ եմ տալու, երբ քեզանից հետո ես էլ լրացնեմ իմ խոսքը:
Կխնդրեի վերջում, որ եթե հիշում ես դեպքերի ռեալությունը և ժամանակը գրի այնպես, ինչպես մտածել ու գործել ես 28.XII.1978թ.-ից մինչև հիմա:
21:20
20/III/1980
Այո, ես այդպես էլ սպասում էի: Իհարկե, միանգամից ամեն ինչ չի տրվում մարդուն: Ինչպես կարելի էր նման երջանկության կորստից հետո նորից քեզ երջանիկ զգալ ընդամենը մեկ տարվա ընթացքում:
Չգիտեմ դու ինչպես կվարվեիր իմ փոխարեն նման ծանր դժոխային ապրումներից հետո, եթե հանդիպեիր մեկ ուրիշին, ինչպես կվարվեիր նման դեպքում չգիտեմ:
Սակայն ես չէի կարող այդ մոռանալ նույնիսկ եթե գտնվեի աներևակայելի երանության մեջ: Եթե ես այսքանը չեմ խոստովանել քեզ, ապա սխալված կլինեի:
Սակայն պետք է, որ ամեն ինչ ասած լինեմ:Իհարկե, միաժամանակ կխնդրեի չանցնենք դուք-ի, դա այդքան էլ համապատասխան արտահայտություն չի մեր հարաբերությունների մեջ:
Ես այդպես էլ սպասում էի, որ ես պետք է շարունակեմ այս “խոստովանությունները” , եթե կարելի այդպես բնութագրել:
Ես չեմ կարող միայն հիշել ճիշտ օրերը և ժամերը, իսկ մնացածը չի կարելի կյանքում մոռանալ:
Նախքան սկզբից սկսելը թույլ տուր ներողություն խնդրել այսօրվա համար, եթե գրածս ոչինչ չարտահայտի:
Այս սեմեստրի, կարելի է ասել առաջին 10 օրյակից հետո, ես չեմ կարողանում կենտրոնանալ նույնիսկ առօրյա երևույթների շուրջ, եթե չհիշեմ դասերը: Արդեն մի քանի շաբաթ շարունակ գիշերները չեմ կարողանում քնել այնպես, ինչպես պետք է մարդու գոնե ամենափոքր հանգստի համար:Ամեն օր նույն երևույթն ու նույն պատկերը: Ամեն գիշեր երազիս գալիս ես ու այնպես արհամարհական նայում, ծիծաղում ես ու հեռանում, այնքան հանգիստ, այնքան դանդաղ ու միշտ սպասողական և միշտ կրկնում ." մարդու կյանքում ամեն ինչ կպատահի”:
Միգուցե դա նրանից է, որ ես ամեն ինչ չափից դուրս եմ “պատկերացնում”, քան թե կլիներ իրականում:
Չգիտեմ Նարի, չգիտեմ ինչպես բացատրեմ այս:Ինձ հաճախ այնպես է թվում, թե ես ապրում եմ միայն երազում, և եթե արթնանամ ու բացեմ աչքերս, ապա ամեն ինչ կխաղաղվի, կհանդարտվի և այլևս չեն կրկնվի կամ շարունակվի այդ ամենը:
Իսկ վերջերս քեզ է միացել նաև Արամը: Այո, դժվար է այդ ամենը պատկերացնել և առավել ևս հարմարվել:
Այս ամենը գրում եմ ու կարծես աչքերիս առաջ նույն պատկերն է, նույն կրկնվող ու անփոփոխ պատմությունը, ամբողջ մեկ տարի…
Այս ամենն ինձ համար կրկնապատկվեց Արամի հեռանալուց հետո:
Դե եթե ցանկացել ես, որ ես գրեմ առաջինը, ապա կարելի է այս ամենը թողնել վերջին տողերին:
Եթե այդպես է, ապա կներես ինձ, որ սկսում եմ ավելի հեռվից...
...
Թե ինչպես եմ եղել մինչև բանակս և բանակում մինչև այդ չարաբաստիկ նամակիս ստանալը. ես արդեն ներկայացրել եմ կարծես:
Դրանից հետո իմ մոտ սկսեց մի ինչ-որ տարօրինակ օրինաչափություն ու ինչ-որ չար ու անտանելի երևույթ:Մի շաբաթ շարունակ տեղաշորից չէի բարձրանում, իսկ մի երկու շաբաթ գործի դուրս չէի գալիս:Ամեն ինչ կարծես կորած լիներ, անհետացած անվերջ հեռվում ու անվերադարձ:
Մի քանի անգամ փորձեցի պատահականության զոհ դառնալ, չհաջողվեց, վերադարձա տուն` մարմնիս վրա թողնելով միայն այդ դեպքերը հիշեցնող սպիներ:Տանը գամված մնացի ամբողջ մեկ ամիս, նույնիսկ հորեղբայրներիս տուն չէի գնում, միայն դուրս ու ներս ու տեղաշոր:Հետո կամաց-կամաց ոտս տնից դուրս քաշեցին ընկերներս:
Ինձ համար կրկնակի ծանր հարված եղավ, երբ հանդիպեցի նրա ամուսնուն “ընկերոջս”:
Մի երկու ամիս անցավ մինչև կարողացա ուժ գտնել մեջս համբերելու այդ ամենը և ներելու ու մոռանալու:
Հացհավաքի ժամանակ ստիպեցի հորս կոմբայն վերցնել, որպիսի նրա հետ միշտ դաշտերում լինեի և չտեսնեի ոչ ոքի, ոչ ոքի: Չնայած նրան, որ առավոտյան վեցին արդեն գործի էի լինում, սակայն ամեն օր տղաները գտնում էին ինձ ու համոզում ու հետևում: Նրանք միշտ վախենում էին, որ ես մի “դժոխային” պատմություն կսարքեմ կամ իմ գլխին կամ այդ ընտանիքի:Նրանց հաջողվեց ինձ հեռու պահել ամեն մի փորձից ու սարքովի պատահականություններից:
Ես ինձ ամբողջովին նվիրեցի ֆիզիկական աշխատանքին, որովհետև այդ դեպքում էր միայն, որ գործում էր ուղեղս և ոչ թե մյուս օրգաններս այդ նպատակին:
Տանը ինձ ստիպեցին նամակ գրել ծառայությանս վայրը` բնութագիր և երաշխավորագիր ձեռք բերելու համար: Ամեն ինչ այնքան արագ ու անսպասելի ստացվեց, որ չհասցրի աչք թարթել, երբ արդեն նստած էի զրոյի դասերին:
Կարծես ես չէի, որ մի քանի օր առաջ գործերս տվեցի, կարելի է ասել, որ նույնիսկ առանց հարցազրույց անցկացնելու լսարանից դուրս եկա ու հիմա դասի եմ եկել:
Ես կարծում էի, որ ամեն ինչ կհարմարվի, և ես էլ չեմ կարողանա ազատ ժամանակ գտնել դրա համար ու կամաց-կամաց կմոռանամ ամեն ինչ:
Ցավոք սրտի այդպես չպատահեց:
Ինձ կարծես ասեղների վրա նստացրած լինեին և ստիպել լռել և կարծես ամեն րոպե շշնջային ականջիս. “ Ատիր այդ սեռին, ատիր իր ամբողջ էությամբ”:
Ես այդպես երկար չէի կարող Կիևյանի մոստի մոտ համբերել, եթե չլիներ Տիգրանը: Ամբողջ օրերով կարծես հարբած լինեի: Քայլելուց նույնիսկ չէի կարող հավասարակշռությունս պահել: Դրա համար ես ինձ միշտ ստիպում էի լինել գոնե մեր ընկերներից մեկի մեկի մոտ, որպեսզի մի քիչ հանդարտվեի:
Կյանքն այնուամենայնիվ իրեն բարձրությունը կորցնում էր:
Չգիտեմ Նարի, թե որքան է հիշողությանդ մեջ մնացել մեր առաջին ծանոթությունը և ինչպես ես դու այն ընդունել, բայց ինձ համար կարծես դա ոչ մի նշանակություն չունենար:
Հիշում ես Նարինեի հետ նստած էիք, շուռ եկար ու ասացիր.
- Դու Տիգրանի եղբայրն ես?
Իսկ ես պատասխանեցի.
- Այո, իսկ դու Աստղիկի քույրն ես?
- Հա, - ասացիր դու ու շուռ եկար:
Դրանից հետո մենք մի քանի օր շարունակ ոչ մի բառ չփոխանակեցինք: Այդ ժամանակ ես դեռ չէի ճանաչում Վահանին: Ինձ ամեն կողմից ստիպում էին գալ ձեր տուն, որպիսի հանդիպեմ, ճանաչեմ, իմանամ բոլորին: Ես միշտ խոսք էի տալիս, որ հաջորդ օրը, դասերից հետո քո հետ կգնամ ուղիղ ձեր տուն:Բայց անկախ ինձանից այդ չէի անում:Կարծես ռեֆլեքս լիներ ինձ մոտ. առավոտը գալ դասի, դասերից հետո հանրակացարան և ոչ մի տեղ:
Այդպես շարունակվեց մինչև դու ինձ հրավիրեցիր տուն` կարծես հիշեցնելով, որ պետք է այսօր այդպես գնամ:
Առաջին անգամ ծանոթացրեցիր Սիլվային, որը մինչև այսօր էլ չի մոռացվում: Ծանոթացա Վահանի հետ: Սակայն դրանից հետո, կարծես ինչ-որ պարտականություն կատարած լինելով, չէի գալիս:
Հետո կարծես ամեն ինչ նույն բնույթով շարունակվեց:Մենք սկսեցինք օրական մի քանի բառեր փոխանակվել:Ես կարծես ինձ ինչ-որ բանով պատասխանատու զգացի այդ խմբում քո հանդեպ:Մեր հարաբերությունները կամաց-կամաց սկսեցին ավելի լայնանալ:Անցավ օրեր, շաբաթներ: Ես քեզ նայում էի ընկերոջ աչքերով և մոտենում առանց մտադրության: Այդ ամենն ավելի խիստ արտահայտություն գտան տղաների հետ մի քանի անգամ ընդհարվելուց հետո: Ես կարծես սկսում էի ինձ կշտամբել, որ քեզ մենակ եմ թողնում տուն գնալ:Այդպես ինձ կշտամբեց նաև Աստղիկը: Դրանից հետո ես սկսեցի քեզ ուղեկցել մինչև տուն:
Հիշում ես Նարի, որ ասացին գործերիդ մեջ սխալ են գտել, և դու տուն պիտի գնայիր: Եթե չեմ սխալվում դա հունվարի 12-ին էր: Ես կարդացի բլոկնոտդ ու ստորագրեցի քաղվածքներից մեկի տակ: Այդ ժամանակ ինձ թվում էր, թե ինձանից հեռանում ես ոչ թե դու, այլ ավելի հարազատ մի անձնավորություն, և որի հետ այլևս չեմ հանդիպի:Այդ ժամանակ ես այսպես չէի մտածում, ես չէի էլ մտածում, որ ընդհանրապես քեզ առաջարկություն կանեմ: Ես արդեն հարմարվել էի քո ներկայությանը և չէի կարող առանց քեզ տեսնելու սովորել: Ես կարծես ինչ-որ պարտավորություն վերցրած լինեի քեզ հետ սովորելու: Ես արդեն հեռանալու մասին էի մտածում քո հեռանալուց հետո, սակայն ամեն ինչ “բարեհաջող” ավարտվեց, և մենք նորից միասին էինք: Ես կամաց-կամաց սկսեցի ժամանակս քո ներկայությամբ անցկացնել:Ամեն ինչ կարծես այդպես էլ պետք է լիներ:Տիգրանն իր գործը թողեց իմ վրա, կարծես մտածված:Ամեն օր, երբ գործի էի լինում, գալիս էի և միասին էինք բարձրանում դասի:
Թույլ տուր այսօր այսքանով բավարարվել: Առանց այն էլ այսօր ինձ համար կարծես դժոխային լիներ:
Ժ. 23:00
20/III/1980թ.
20:25
22/III/1980թ.
Այդպես անցնում էին օրերը, շաբաթները:Ես նույնիսկ սկսում էի տխրել, երբ կիրակի օրերին չէի տեսնում քեզ, և ամբողջ օրը կարծես մթնած լիներ:
Ես, անկախ ինձնից, լիներ դա դասերից հետո, թե մինչև դասերը և թե նույնիսկ գործի գնալիս, միշտ իջնում էի ներքև: Եվ այդ ժամանակ էր, որ սկսեցի ինձ հաշիվ տալ դրա համար:
Ինչու էր այդպես ստացվում, ինչի համար էի ես այդքան կապված այդ տան հետ?
Հանրակացարանում էլ արդեն սովորել էին, որ եթե դուրս եմ գալիս կամ ուշացած եմ գնում, ապա այդտեղ եմ եղել:
Ես մտածում էի, որ մեր հարաբերությունները այլ ձևի կընդունեն և այլ կասկածների տեղիք կհանդիսանա: Սակայն էլ չէի կարող կտրվել, հեռանալ:
Այդքանից հետո չգիտեմ որ օրվանից և ինչպես, և ինչի համար ես փարվում էի քեզ, իբր թե կատակով. այնպիսի դրսևորումներ, որ չէր կարելի:
Այդ ժամանակ էլ իմ ականջին հասավ առաջին կասկածների ալիքը, սակայն անհայտ աղբյուրից և այնպես, որ ես չէի էլ կարող կասկածել ոչ ոքի:
Վերջապես Աստղիկենք գնացին պրակտիկա:Մենք ավելի հաճախ էինք մենակ մնում: Դա ավելի շատ ընկճում էր ինձ քան ուրախացնում, սակայն ես չէի կարող հեռանալ կամ չգալ:
Պատահականության զոհ չդառնալու համար ամեն ինչից խուսափում էի, ամեն ինչ այնպես զզվանքով ու համբերատար կուլ տալիս ու սպասում, որ կգա մի օր, և ես կմոռանամ իմ անցյալը, և ամեն ինչ նորից կսկսի իր հունի մեջ մտնել:
Երկար էի մտածում այդ մասին:
Այդ օրերին հաճախ էի ձեզ մոտ մնում գիշերները:Դա նույնպես ավելի շատ կասկածների տեղիք էր տալիս, քան մի այլ բանի:
Հենց այդ ժամանակ էր, որ իմ մեջ ինչ-որ մտքեր սկսեցին կայծկլտալ:Կարծես հանգած մոխրի մեջ թաքնված մի չհանգած կետ նորից հրդեհ էր սպառնում:
Այդ բոլորից ես այնքան վախեցա ու սարսռեցի, սակայն ոչինչ չէի կարող արտահայտել, այսինքն չէի ուզում, և նույնիսկ ես ինձ վրա էի կատաղում, երբ այդ մասին մտածում էի: Սակայն անկախ ինձանից, երբ մենակ էինք մնում, ես կարծես առիթը բաց չէի թողնում…
Դա հենց իմ բնավորության ամենախառը և շիլափլավ եղած շրջանն էր, երբ մի կողմից խույս էի տալիս ամեն ինչից, իսկ մյուս կողմից հինն իրենն էր առաջ մղում: Կարծես հենց այդ նորն էր, որը մի քիչ ծանրակշիռ էր դառնում, փրկեց ինձ ոտքից գլուխ մեղքի մեջ կորչելուց և ամեն տեսակ արարքների դիմելուց:
Ես հազիվ էի կարողանում խելքս գլխիս պահել: Եվ այդ ժամանակ սկսեցի ինձ ատել ամբողջ էությամբ և այնքան դաժան, որ հաճախ դասերից տուն չէի ուզում գալ, այլ դուրս գալուց թեքվել աջ և մինչև մոստը մի 200 մետր էր, իսկ այնտեղից ճանապարհն ուղղահայաց կլիներ մի 100-150 մետր…
... Սակայն հակառակի նման կամ դու կողքիցս չէիր հեռանում կամ ինչ-որ բան խանգարում էր:
Այդ օրերին կարծես ես ավելի տաքարյուն էի դարձել: Խմբում շատ հաճախ էի բռնկվում տղաների հետ` հատկապես Արայիկի և Գառնիկի:Չնայած ես զգում էի, որ ամբողջ խումբն էր կողքիս, բայց ես չէի էլ մտածում այդ մասին:Շատ հաճախ Անդոն կամ Արսենը կողքիցս չէին հեռանում` կարծես զգալով ամբողջ մտադրությունս:Նրանք հաճախ էին ինձ ստուգում ոտից գլուխ այն դեպքից հետո, երբ ես արդեն խբելու էի Արայիկին էլ, Գառնիկին էլ, եթե Անդոն չբռներ ձեռքս, և Արսենը դուրս չգար դեմս…
Դրանից հետո ես մտածեցի, որ դեռ կյանքին հրաժեշտ տալու համար ահագին ժամանկ կա:
Երբ մի օր եկա տուն, դու տանը չէի:Աստղիկը լվացք էր անում, մի որոշ ժամանակ երկուսս էլ լռում էինք` կարծես վախենալով խախտել լռությունը:Ես կանխագուշակում էի, որ նա ինչ-որ լուրջ բան ունի ասելու և հատկապես մեր մասին:
Այդպես էլ եղավ:Նույնիսկ նա էլ իր կարծիքը հայտնեց, նույն կարծիքը, որ մենք արդեն վաղուց հասկացել ենք իրար, և նա կարծես ուզում էր հաստատ իմանալ: Այդ ժամանակ ես չափս անցա և անպատվեցի բոլորին, բոլոր կասկածողներին և նույնիսկ ինձ նրանց հետ:
Այդտեղից դուրս եկա գլուխս կորցրած, նույնիսկ երկմտանքի մեջ` միգուցե դա իրոք այդպես է, և ես չեմ նկատել:
Հաջորդ օրը միասին խանութ էինք գնում:Ես ուզում էի ամեն ինչի մասին պատմնել քեզ, սակայն մտածում էի, որ դրանով կպղտորեմ մտքերը, և այն, որ նույնը անպայման քեզ հարցրած կլինեին:Սակայն առաջինը դու խոսք բաց արիր, և ես ամեն ինչ պատմեցի անկեղծորեն:
Անցան մի քանի օր, և նույն հարցը խմբում, իսկ հետո հանրակացարանում: Հարցնում էին ամեն տեղ, նույնիսկ Արամը:
Ես սկսեցի լուրջ հետևել ինքս ինձ:
Մինչև քննությունները մնում է մի քանի օր:Այդ օրը ես նորից պետք է ձեր հետ մենակ մնայի: Հիշում ես Նարի, երբ միշտ ուզում էի դուրս գալ տանից,միշտ ոտս կախ էի գցում և կարծես չուզենալով հեռանալ:
Ես արդեն զգում էի, որ այդ բոլոր կասկածներն իրենց ուրույն տեղը գտել են արդեն իմ հոգում:Ես զգում էի, որ դու կամաց-կամաց փոխվում ես աչքիս առաջ: Կամաց-կամաց ես ինձ կոտրված էի զգում իմ որոշումների մեջ:
Նման իրադրության մեջ ես չէի կարող հեռանալ քեզանից:Դա կնշանակեր հրաժեշտ տալ ամեն ինչին և բոլորին:
Այնքան էի ուզում մենակ մնալ օտար շրջապատում, անծանոթ միջավայրում, մի խավար անկյուն թեկուզ և տափաստանում:Ես նույնիսկ սկսում էի վախենալ ինքս ինձնից, երբ պատկերացնում էի, թե ինչ կլինի ինձանից հետո...
Դա ավելի ծանր զգացի իմ վրա, երբ քննություններին մենակ էի մնում:
Ես այլևս չէի կարող մարել իմ մեջ անընդհատ բորբոքվող կրակը` նորից '' ՍԵՐ'':
... Ես այդպես էլ երևի չկարողանայի հայտնել քեզ իմ զգացմունքները, եթե չգայի ձեր գյուղ:Ձեր տանը ես ինձ ավելի համարձակ էի զգում:Այլևս անհնար էր համբերել:Ես չէի կարողանում կենտրոնանալ:Չէի կարողանում ինքս ինձ տիրապետել հատկապես, երբ վերադարձանք քեֆից:
Հիշում ես Նարի մենք երկրաչափություն էինք պարապում ձեր տանը, երբ առաջին անգամ քեզ ձեռքերիս մեջ ամուր բռնած ասում էի.
- Չէ Նարի, այլևս չեմ կարող, չի ստացվում…
Իսկ դու փորձում էիր ինձ հեռու պահել ու կրկնում.
- Թող, հիմա ներս կմտնեն, կտեսնեն:
Ես ինձ այնքան ճնշված էի զգում, այնքան ընկճված, այնպես կաշկանդված, հատկապես երբ ասացիր:Իսկ դու ասում էիր այդպիսի բան չի կարող պատահել:
Ինձ մոտ ամեն ինչ կարծես շուռ էր գալիս, ամեն ինչ նորից ինչ-որ բան էր հիշեցնում անցյալից: Ես չէի կարողանում կողմնորոշվել, սակայն միակ բանը, որ մինչև հիմա էլ մնաց մեջս, դա անկեղծ լինելն էր և հոգու առավել մաքրությունը:
Արձակուրդները հազիվ մի կերպ անցկացրի:Ես ինձ սկսել էի չճանաչել և կասկածել: Ես ամեն դեպքում ձգտում էի քո կողքին լինել միշտ:Այնքան էի երազում մեր երջանկությունը:Ամեն ինչ այնքան գեղեցիկ, այնքան ջինջ ու մաքուր, այնքան նախանձելի էի պատկերացնում:
Սակայն դու համառորեն մերժում էիր ու մերժում:
Հազիվ մի քանի ժամ նստում էի դասի և դուրս փաղչում ինստիտուտի շենքից:Կարծես այն բանտ լիներ. լսարանն այնքան փոքր էր թվում, այնքան խավար ու տհաճ:Ես նստած տեղս կարծես խեղդվում էի, օդը սկսում էր չհերիքել:
Ավելի վատ` այդ բոլորը կրկնվում էր տանը: Եվ եթե չլինեին Սոնիկն ու Ռուբոն, ես երևի տուն չգայի նույնիսկ գիշերները:
Չնայած որ օրվա մեծ մասը ձեր տանն էի անցկացնում, սակայն մնացած ժամերն էլ տուն չէի գնում:Թափառում էի փողոցներով: Այնպես էի նախանձում հանդիպող զույգերին . թևանցուկ ման էին գալիս, զրուցում ու ծիծաղում:
Ես չէի կարող այդպես շարունակել:
Հունվարի քննություններն ինձ համար դարձան պրոբլեմ:Ես նույնիսկ չէի էլ ուզում մտածել այդ մասին: Ես ամեն կերպ աշխատում էի մենակություն, իսկ հակառակ դեպքում ժամերով պառկած էի մնում տեղաշորում ` չկարողանալով աչք փակել:
Այո, իմ մեջ արդեն դրվեց լինել-չլինելու լուրջ հարցը:
Եվ այսպես մինչև դեկտեմբերի 27-ը:Ես այդ օրը մենակ էի:Իսկ իրիկունը տուն չէի գնում, չնայած գիտեի, որ մերոնք կանհանգստանան:
Այդ օրը ես որոշել էի այլևս չլիներ. Եթե դա իրոք տանջանք էր քեզ համար, իսկ ես արդեն չէի կարող առանց քեզ…
Շարունակություն կա?: Ու մի խնդրանք, եթե սա մենախոսություն չէ, այլ ստեղծագործություն, փորձի վերացականից անցնել ավելի իրական նկարագրության, որ ընթերցողն էլ կարողանա գլխի ընկնել, թե խոսքն ինչի մասին է: Սպասում եմ...
Շարունակություն կա?: Ու մի խնդրանք, եթե սա մենախոսություն չէ, այլ ստեղծագործություն, փորձի վերացականից անցնել ավելի իրական նկարագրության, որ ընթերցողն էլ կարողանա գլխի ընկնել, թե խոսքն ինչի մասին է: Սպասում եմ...
Շարունակություն կա:
Սա ստեղծագործություն չէ,սա ոնց որ վերնագրում է ասվում խոստովանություններ - նամակներ - օրագրային կարգի գրառումներ են:
Իրական մարդու կողմից գրված սրտի խոսքն է ուղղված սիրած էակին: Ի սկզբանե գրված է եղել նամակի ձևով, որ շարունակվի հակառակ կողմից, բայց շարունուկություն չի եղել, հետևաբար վերածվել է մենախոսության, որը մի փոքր էլ օրագրային-ին մոտ է ու, ինչպես ինքն է որոշ տեղերում նշել, որ սա նաև "խոստովանություն" է, դրա համար մի տեսակ խառը միքս է ստացվել...
Ես իմ կողմից ոչինի չեմ ավելացրել կամ պակասացրել, ուղղակի անուններն են փոխված: Գուցե վերացական է, որովհետև խոսվում է այնպիսի բաներից, որ ընթերցողը տեղյակ չէ, բայց հասցեագրված մարդը գիտի ինչի մասին է խոսքը:
Եթե կան հարցեր կապված մարդկան հարաբերություններից կամ ով ում հետ ինչ կապ ունի, խնդրեմ կարող եմ պատասխանել:
Ես մաս-մաս եմ տեղադրում, որովհետև մեկ օրվա գրածը շատ է, իսկ այն միանգամից տեղադրելը սխալ կլինի ու կարդալու համար իսկապես ձանձրացնել կարող է:
Խոստանում եմ շարունակությունները արագ կտեղադրեմ:
Ավարտը ... լավ կկարդաք կիմանաք;)
Էննի ջան շատ լավա գրված հավեսով բոլորը կարդալու եմ:)
Խնդիր չկա, վատ տարբերակ չի, միայն թե չուշացնես..:)
... Դու ավելին` մտածել էլ չէիր կարող իմ մասին:Ես այդպես էլ դուրս էի եկել , սակայն երբեք մտադրություն չունեի այդ նստարաններից կամ ծառերից մեկի տակը մնալ:Դա կլիներ ավելի հեռու, այնպես, որ միգուցե երբեք չգտնեին ինձ:
Քո "խոստովանություններն" ինձ այնքան սառը թվացին, այնքան արհամարհական ու այնքան ողորմելի:
Ես ամբողջովին կորցրել էի ինձ:Եվ այդ օրվանից շարունակվեց այդ խառնաշփոթությունը:Դրանից հետո ես, իհարկե, այդքան էլ հեռու չգնացի իմ մտքերից. միայն քայլում էի նրանց կողքով:
Քո ամեն մի շարժումի մեջ ես հիշում էի իմ անցյալը, և այնքան ջերմ ու թարմ այն հիշեցնում էր ինձ իմ խոստումները, նրա միշտ զվարթ, ժպտացող տեսքը:Ես ինձ չէի հավատում, չէի կարողանում համակերպվել: Ես սկսեցի ավելի ու ավելի շատ մտածել քո մասին և միշտ համեմատություններ ու համեմատություններ, ու տխրում էի, երբ դու այդքան սառն էիր իմ նկատմամբ:
Ես այնքան էի սարսռում, երբ զգում էի, որ, իրոք, այս սերը երկկողմանի չի, և եթե դա այդպես էլ է, ապա այն շատ կաշկանդող էր, ավելի շատ հարվածող ու հալածող, քան թե գուրգուրող ու սիրող սրտերի մոտիկություն:Ես մտածում էի, որ դու այսպես ես վերաբերվում միայն վախից, միայն այն վախից, որ ես մի բան կանեմ: Այդ ժամանակ ես ինձ ավելի շատ սրիկա էի պատկերացնում, քան մարդու:
Դառնությունն օր օրի խեղդում էր ինձ:
Հատկապես ընկերական հավաքույթներ ժամանակ, երբ դու քեզ այդքան հեռու էիր պահում: Ես այլևս ոչնչի մասին չէի ցանկանում մտածել այդ պահին:Իհարկե, եթե մտածում ես, թե ինչքան մեծ հիմարություն է նմամ քայլի մասին նույնիսկ մտածելը, ապա նրա հետևանքները …
Ես համառորեն ձգտում էի խուսափել այդ մտքերից:
Այդքան ժամանակ միայն չկարողացա ինձ վերադարձնել իմ կողքին ու իսկական վերաբերմունքս ձեր սեռի նկատմամբ: Հակառակը. ես դարձա ավելի լռակյաց, ավելի համբերող ու վստահող, դարձա ավելի սառը ամեն ինչի նկատմամբ, նույնիսկ ինքս ինձ մոռանում էի հաճախ:Գործում էի հենց այնպես, իմիջիայլոց:
Այստեղ էր, որ սկսեց ինձ հետևել Արամը, ամեն քայլում, ամեն գործում:Կարծես նա նստած լիներ իմ մեջ ու ինքը կարգավորեր իմ ամեն մի քայլը:
Ես միշտ մտածում էր ու երազում, որ կգա մի օր, դու էլ առանց բացատրելու կհասկանաս կյանքը, և մենք մեզ երջանիկ կզգանք իրար կողքի և չենք առարկի ու վիճի ամեն մի հանդիպման ժամանակ, այլ դուրս կգանք, թրև կգանք միասին և կինո կամ թատրոն, երբ հոգնենք թափառելուց...
... Սակայն, ավաղ, դու միշտ կարծես առիթը բաց չէիր թողում ինձ մինչև կոկորդս մեղավոր ճանաչելու և պնդելու, որ մենք իրար չենք հասկանալու ամբողջ կյանքում և իրար չենք հասնի երբեք:
Իմ այնքան երկար բացատրությունները քեզ ոչինչ չէին տալիս:
Ես նորից սկսեցի մտածել վերջ տալու ամեն ինչին` իմ հետ միասին:Այդ ժամանակ կարծես դու կանխում էիր ինձ, կարծես ես արդեն կենդանի ռոբոտ դարձած լինեի ու ուրիշ ոչինչ:Ես միշտ աչքերիդ մեջ կարդում էի հակառակը. քո խոսքն ու գործը ինձ մոտ հակառակ բևեռներով էին ընդունվում, և դա էր միայն , որ ինձ հույս էր հաղորդում համբերել:Սակայն այդքանից հետո էլ ես չկարողացա անել այնպես, ինչպես պետք է լիներ իսկական սիրող մարդը իմ փոխարեն:
Հիշում ես Նարի երբ և որտեղ ենք մենք երբևիցե իրար հետ խոսել իսկական սիրող հոգիների նման կամ երբևիցե երբ հանդիպել ենք և առանց վիճաբանության հեռացել:
Այդ ամենն ինձ վրա ավելի ծանր տպավորություն էին թողնում : Դու սկսեցիր ինձ ավելի վատ դրության մեջ գցել. ամեն անգամ առաջին իսկ խոսքիդ ` արտահայտվելով '' ինչու ես եկել''…
Մայիսյան քննությունները նույնպես մի կերպ կարողացա հանձնել:Իսկ արձակուրդները…
Ես դեռ այդքան դառն ապրումներ չէի ունեցել:Կարծես բոլորն ինձ հակառակ գործեին:Ես ամեն կողմից ճնշված էի զգում:Մինչև կհասցնեի մտածել մեկի մասին, մյուսը հարվածում էր թիկունքից:
Ես որոշեցի զբաղվել սպորտով, որպեսզի օրերով տուն չգնամ, չմտածեմ, որ ինչու այսպես եղավ կամ ինչ կլինի դրանից հետո:
Սկզբում խաղացի գյուղի ֆուտբոլի թիմում, հասա որոշակի հաջողության:Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ես կարողացա վերադարձնել ինձ իմ հին խաղաոճը և շուտով հայտնվեցի շրջանի հավաքականում:
Ես ինձ ամբողջովին նվիրեցի սպորտին:
Քեզ գրած նամակի պատասխանը չստանալուց հետո ինձ մոտ նորից սկսվեց խառնվել ամեն ինչ:Ես նույնիսկ խաղերի ժամանակ հաճախ էի ենթարկվում տրամադրություններիս:
Վերջապես եկանք ձեր կողմերը:Ես թույտվություն խնդրեցի` հանդիպելու քեզ ընդամենը 2 ժամ:Սակայն չգիտեի ` ինչպես վարվեի:
Գյուղ եկա ամբողջովին կոտրված սրտով, չնայած նրան, որ ինչպես էլ լինի կգտնեմ քեզ և մտածում էի, թե ինչպես հանդիպել:Սակայն չկարողա ինձ լրիվ սթափեցնել քեզ հանդիպելիս:
Կարծես երեկ բաժանված լինեինք իրարից. այնքան սառը բարևեցիր և նույնիսկ ինքս սարսռեցի. միթե դա ես էի:Այո, դա ես էի և լրիվ կոտրված ու ջարդված ` և ֆիզիկապես, և հոգեպես: Դու, ճիշտ այնպես, ինչպես սովորական պատահական ծանոթներ, ընդունեցիր ինձ:Նորից դժկամություններով փոխանակվեցինք և ավելի կոտրտված ու ճխլված ես դուրս եկա` հույս ունենալով հասնել խաղին:Սակայն գնացի ճիշտ հակառակ ուղղություններով:Մինչև հրապարակ հասնելս ոչինիչ չէի զգում. միայն մտածում էի, որ հիմա դաշտ կմտնեմմ և մի քիչ կթեթևանամ:Եվ երբ հանկարծակի դեմ-դիմաց հանդիպեցի Ռուբոյին և Սոնիկին շատրվանների մոտ, արդեն չափից դուրս էր:
Այո, նման ողորմելի դրություն չէի պատկերացնում:
Թիմն այդ օրը պարտվել էր, և ամբողջ պատճառը բարդեցին իմ վրա:Ստացա երկու նկատողություն միանգամից` խաղին չմասնակցելու և հարբեցողության պատճառով: Դրանից հետո անցավ 3 խաղ, և ես կարողացա վերացնել թե մեկը, թե մյուսը:Ինձ մնում էր միայն հեռանալ թիմից, որովհետև զգում էի, որ նման անկանոնություններ ես շատ հաճախ թույլ կտամ:
Եվ մնալով ամբողջովին մենակ, սկսեցի ինձ կամաց-կամաց նվիրել հարբեցողության:Նման դրության մեջ ես ինձ մենակ էի ճանաչում և չէի մտածում ոչ քո մասին և ոչ էլ այն բոլոր ավելի դաժան դառնությունների, որ ինձ պատճառել էին իմ լավությանս դիմաց...
... Սեպտեմբերն ինձ համար կարծես երջանիկ ու ուրախ պատկերներ էր խոստանում:Սակայն ես եկա ուշացումով, որովհետև տանը հայրս ու մայրս մենակ էին, և ես իմ պատճառով էի պատկերացնում այդ ամենը: Ինձ հաջողվեց վերականգնել ամեն ինչ, ինչ այնքան արդեն անհավատալի էր թվում:
Առաջին քայլս եղավ այն, որ շտապեցի հանդիպել քեզ:Հակառակ բոլոր երազանքներիս` նորից նույն պատկերը մեր հանդիպման ժամանակ և դեռ ավելին:Ես կարծես արդեն հարմարված լինեի այդ կյանքին:
Արամին ճանապարհ դնելուց հետո, ես ավելի ու ավելի հաճախ էի մենակ զգում ինձ:Նույնիսկ լաց էի լինում մենակությունից. մի բան, որ հազվադեպ երևույթ էր ինձ մոտ:
Հետո եկան Վահանն ու Գրիշը:Նրանց ներկայությունը կարծես ինձ նորից վեր հանեց քնած կյանքիցս:Այդ ամեննն, իհարկե, չէր կարող խուսափել Վահանի աչքից:Երկար ժամանակ ես նրանից թաքցնում էի ամեն ինչ:Նա համառորեն հետաքրքրվում էր ու հետաքրքրվում:Ես այլևս անկարող էի նրանից թաքցնել բոլորը:Նրանք ամեն կերպ փորձում էին ինձ ուրախ պահել, սակայն դա միշտ չէր, որ հաջողվում էր:
Ես նորից ինձ հանձնեցի ալկոհոլի ազդեցությանը:
Շատ ու շատ կարելի է գրել այս ամենի մասին, սակայն կարծես միշտ նույն պատկերն է ստացվում:
Ես, չկարողանալով քեզանից իմանալ, թե ով է այդ տղան, որի մասին միշտ ակնարկում ես, փորձեցի ինքս իմանալ` առանց որևէ մեկի օգնության:Դրա մասին չգիտեր մեզանից ոչ ոք:Միայն ինձ էր հայտնի, քեզ ու նրանց, ովքեր քեզ հետ էին և այնպես ջերմ թակցնում էին այդ:
Խմբում ինձ սկսեցին հետևել ընկերներս` Տիգրանն ու էլի մի քանի հոգի:Հատկապես շաբաթ օրերը կարծես կրկնակի հետապնդում լիներ:
Ես փորձում էի “ գտնել” այդ տղային շամպայնում կամ ուսանողականում, իսկ Տիգրանը հետևում էր ինձ` առանց իմ գիտակցության: Նրանք տարբեր առիթներով ամեն շաբաթ օր ինձանից վերցնում էին դանակը:
Ինձ ոչինչ չհաջողվեց:
Իմ մոտ կատարվում էր սոսկալի մի երևույթ:Երբ հանդիպում էի քեզ, դրանից հետո ես չէի կարողանում գտնել մի քանի օր:Դրա համար ես որոշել էի չհանդիպել քեզ քննություններին:Սակայն պարզվեց, որ այդպես էլ չեմ կարող:Ինձ համար քննության գնահատականները այնքան էլ նշանակություն չունեին:
Արձակուրդներին ուզում էի տուն գալ, որպիսի հանդիպեմ այդ տղային, սակայն չհաջողվեց:Ես եկա էլեկտրիչկով, հաստատ իմանալով, որ դու այդտեղ կլինես և որ անպայման կհանդիպեմ նրան: Ձեր կայարանում ինձ խաբեցին մեր տղաները:Հետո միայն իմացա, որ նրանք տեսել են քեզ նրա հետ և չեն ուզեցել, որ ես իմանամ:Ես կարծես ասեղների վրա լինեի մինչև տեղ հասնելը:Իջնելու ժամանակ միայն ինձ ասացին, որ դու այստեղ ես:
Երբ դու աղջիկների հետ եկար և ինձ տեսնելիս աղջիկները ինչ-որ բան սկսեցին փսփսալ, ես արդեն հաստատ մտածեցի, որ նա այդտեղ է և որ անպայման կբարձրանա վերև:
Իսկ եթե դա այդպես չլիներ, ապա ես պատրաստվել էի այս անգամ քո հետ գնալ մինչև ձեր տուն և ինչ գնով էլ լինի հանդիպել նրա հետ:Սակայն նա ինքը եկավ:
Այո, դառն է կյանքը այնքանով, որքան դու ես թույլ տալիս, և որ դրանից հետո չես կարողանում այն վերացնել:
... Ես այդպես էլ կանխագուշակում էի այդ խոսակցության վերջը:Սակայն ես կյանքում չեմ ների ինձ այդ բոլորը:
Եղան ժամանակներ, որ փորձեցի ավելի շատ գործել, քան մտածել:Սակայն այդ չհաջողվեց, որովհետև այլևս չկարողացա իմ եղածը ետ դարձնել արդեն հուշերիս միջից:
Այո, ինչքան լավ էր այն ժամանակ, երբ ամեն մի մտադրություն ինձ համար օրենք էր և գործի սկիզբ, և ոչ թե լոկ մտածողություն և դրա հետ մեկտեղ նաև մի փոքր սառնասրտություն:
Վերջերս ինձ մոտ իրեն զգացնել տվեց գերհոգնածությունը:Կարծես ամեն ինչ ինձ համար արդեն սովորական դարձած լինեն, որ այդպես էլ պետք է լիներ, որ այլ կերպ չէր էլ կարող:
Ավելի շատ ինձ զարմացրեց քո այն բնավորությունդ, որ դու միշտ ուզում ես քեզ հակառակ պահել ինձ:Հաճախ վիճում ես և պատճառ բռնում, թե ես չեմ արել այն, ինչ որ պետք էր, իսկ այն ժամանակ, երբ պետք է իրոք անել այնպես, ինձնից դու ես բողոքում, մերժում ես:
Այո, այդպես է:Ես այս բոլորը շատ ավելի վառ պատկերել էի դեռ ավելի վաղ:Ես գիտեմ, որ դու չէի ուզում խոսել ինձ հետ, գիտեմ նաև, որ դու ռեալորեն հաշվի ես առնում ամեն մի հանգամանքը, ամեն մի մանրամասնություն:
Ինչ է Նարի կարծում ես ես այդքանին անընդունակ եմ և միայն իմն եմ պնդում? Ոչ, ես երբեք չէի կամենա հակառակվել քեզ, սակայն նաև չեմ կարող կորցնել, չեմ կարող լինել քո կողքին, քայլել քեզ հետ, խոսել, զրուցել ամեն ինչից, իսկ այս ամենը մոռանալ:
Կարծում ես դա այդքան հեշտ է?
Իհարկե, Նարի, ես չեմ էլ առարկում, որ ամեն ինչ պետք է մեզ` և ապրելը, և սովորելը և ամեն, ամեն ինչ:Պետք է մարդուն այդ ամենը` այն էլ մեր հասակում:
Ես կյանքում չէի ցանկանա դառանցնել քեզ:Ընդհակառակը: Կներես ինձ Նարի, որ ես միայն չեմ կարողանա համակերպվել այս ամենից այդքան հանգիստ ու սառը մոռացության ենթարկելու մտքին:
Ես միայն այժմ եմ հասկանում, որ իսկական սերը գոյություն ունի միայն հնդկական ֆիլմերում և գրքերում:Այո, կան բացառություններ նաև կյանքում, սակայն շատ ու շատ հազվադեպ երևույթներ են դրանք:
Ես ինձ այնքան թույլ տվեցի նվաստանալ, որ հիմա նույնիսկ խոսելու տեղ չունեմ:Ես կարծում էի, որ դու ընդունակ ես ինքդ հասկանալու ամեն ինչ` առանց իմ միջամտության և, երբ հասկանաս,որ պետք ենք մենք իրար, արդեն զղջալու շատ բան կունենաս:
Ես երբեք չեմ կարող մտածել,որ քեզ որևէ փորձանքի առաջ կանգնեցնել:Իմ մեջ արդեն գործում է միայն մի ապարատ` միայն ու միայն հավատարմություն, անկեղծություն:Ես չեմ կարող այս ամենի համար ներել ինձ հակառակ դեպքում:
Այո, Նարի, կյանքը շատ ու շատ քաղցր է, ավելի շատ, քան մարդը կարծում է:
Ես այդ զգացել եմ արդեն երեք անգամ սեփական մաշկիս վրա:Սակայն կյանքը քաղցր ապհելու համար այսքան ներողամտությունը ոչ թե քաղցրացնում, այլ դառնացնում է այն:
Դու երբեք մի մտածի, որ քո գոյությունը և կյանքիդ քաղցրությունը կարող է դառնանալ դրանից հետո:
Այո, վատ է, երբ մարդը զգում է, որ իր պատճառով ինչ-որ մեկը հիմարության է դիմել:Սակայն և պետք է ճիշտ հասկանալ կյանքի էությունը...
... Ինչու ես պատկերացնում, որ կլինի կյանքում հրաշքներ, և ես կհանդիպեմ իմ երջանկությանը? Չգիտեմ, սակայն գիտեմ միայն այն, որ այլևս անտանելի է դառնում ամեն ինչ: Ես միգուցե և հասկացած չլինեմ քեզ մինչև այսօր , միգուցե լրիվ հակառակն եմ հասկացել:Իսկ ինչպես ես հասկացել դու ինքդ քեզ քո ամբողջ գոյությանդ ընթացքում, չգիտեմ նույնպես:Եվ ընդհանրապես ինչպես կարող էի հասկանալ քեզ, եթե, իհարկե, չեմ հասկացել քո` այդքան հեռվից հեռու անվրեպ "հարձակումներիդ" ներքո:
Դու շատ հաճախ ինձ հիշեցնում ես վերջին դեպքերը:Իսկ կարող ես հիշել, երբ չես հիշեցրել վերջին դեպքերը, այլ առաջինը:Դժվար ես հասկանում Նարի, որ ամեն մի վերջինից հետո չպետք է թույլ տայինք նորից վերջինը ստեղծվելու:Դա մենք ենք ստիպում կարծես, որ զենք ունենանք ձեռքներիս իրար հանդեպ:Սակայն դու ավելի շատ ես մտածում դրա մասին, այլ ինչ կարելի էր մտածել հակառակը:
Իսկ հիմա, սիրելիս, այո քեզ համար հեշտ է, շատ հեշտ է վերջացնել այդ մասին խոսալուց և վերջ ամեն ինչին` կարծես եղած էլ չլինի:
Ես չեմ կարող այդպես վարվել, չեմ կարող մտածել նույնիսկ ամենավերջին շնչում անգամ:
Այո, սիրելիս, ես երբեք չեմ ցանկանում տանջել քեզ իմ այս մտորումներով ու խոսակցություններով, իմ յուրաքանչյուր ներկայությամբ, իմ ամբողջ էությամբ` նման դրության մեջ:
Ես ուզում եմ, որ դու գործես կյանքում ինքնուրույն. այդ ցանկությանդ դեպքում, իսկ ես չկարողանամ խառնվել դրան: Կրկին ու կրկին անգամ կրկնում եմ, որ չեմ կարող լռել, որ չեմ կարող մոռանալ ու չհիշել:
Շատ հաճախ խույս եմ տալիս նույնիսկ խոսել, որովհետև գիտեմ, որ եթե ոչ առաջին բառից, ապա մի քիչ հետո անպայման կհիշեցնեմ. դրա համար խնդրում եմ, որ դու խոսես:Իսկ դու առավել ևս սիրում ես լռել կամ խոսել միայն իմ հարցերին պատասխանելով:Այո, դու շատ հաճախ կրկնում ես, որ այլևս խոսելու ոչինչ չունես և չես էլ ուզում խոսել:Իսկ ինչից կխոսեիր, եթե համաձայնվեի քեզ հետ մոռանալ այս ամենը և այլ ձևով շարունակել:
Իհարկե դժվար չէ դրան էլ պատասխանել, բայց այդքանը:
Այժմ Նարի այնքան եմ նախանձում սրտանց ու անկեղծ, բարի նախանձով թեկուզ և այն ամենավատ զույգին էլ, երբ տեսնում եմ ջերմ զրույցի ու գուրգուրանքի ժամանակ:
Այնքան դու դառնություն ես լցրել հոգուս այդ ամենաթույլ երակում, որ կյանքում երևի չմաքրվի...
Վերջ առաջին մասին :)
... Այո Նարի գիտեմ, որ ձեր սեռը սովոր է իր թիկունքում միշտ զգալու տոկուն պահապանի (գիտեմ, որ ձեր սեռը ատում է մամայի բալաներին, որ չեք ներում երբեք տղաների թուլությունը, որ սիրում եք նրանց քնքուշ վերաբերմունքին,...):
Ցավում եմ Նարի, որ ես ինձ թույլ չտվեցի արտահայտվել այդպես հենց առաջին օրվանից:Քո տեղ մեկ ուրիշը վաղուց կմտածեր ավելի վատը կամ միգուցե և ավելի լավ:
Ես Նարի շատ ու շատ բան ունեմ կորցնելու և զղջալու մինչև հիմա կորցրածիս համար:Քո համար ոչ մի նշանակություն էլ երևի չունենան այդ բոլոր մանրամասնությունները, սակայն դրանցից յուրաքանչյուրը սուր դաշույնի նման ցցվել է մարմնիս մեջ:
Ես դեռ մանկուց եմ դաստիարակվել հարգելու աղ ու հացը և չեմ կարող այն ոտքի տակ տալ... մտածիր ինչպես ուզում ես և ինչպես կարող ես:
Պատկերացրու ինձ ինչպես ուզում ես և ընդանրապես ինչ էլ ուզում ես մտածած լինել իմ մասին, դա քո գործն է:
Սակայն մի մոռանա կյանքում, որ ձեր սեռը չէ միայն գուրգուրանքի ու փաղաքշանքի, քաղցր խոսքերի ու ջերմ համբույրների, սիրալիրության կարոտ:
Եվ իմացիր ընդմիշտ, որ այդ բոլոր մանրուքները սիրո կյանքում կարող են շատ ու շատ դառնություններ պատճառել մարդուն. նույնիսկ հասուն ընտանիքներ բաժանվում են դրանց պակասի հետևանքով:
Կխնդրեի Նարի, որ այս ամենին միայն քո տեսակետից չնայեիր և այդ բոլոր մանրուքները "ստից բաներ" չանվանեիր և երբեք կյանքում չմտածեիր, որ "սերը միայն դրա համար է ինչ է"...
Ոչ սիրելիս. սիրող սիրտը միշտ կարոտ է մնում, միշտ պակասություն ու ծարավ է զգում. դրա պակասությունը շատ ու շատ նշանակություն ունի:
Վարվիր այնպես, սիրելիս, ինչպես դու ես կամենում, ես երբեք չեմ տանջի քեզ "դատարկ" խոսքերով:Ազատ եղիր ինչքան որ կցանկանաս կյանքում և երջանիկ, երբ զգաս նրա անհրաժեշտությունը:Մտածիր ու գործիր ինչպես կցանկանաս:Սակայն երբեք մի մոռացիր, որ կյանքը դեռ առջևում է...
Ես այդպես չեմ կարող:Չգիտեմ նման դրության մեջ ինչքանով և ինչպես կշարունակվի իմ այստեղի "տառապանքը" միայն գիտեմ, որ իմ հետ ես քեզ չեմ կարող տանջել իմ ներկայությամբ:
Թող լինի դա հիմարություն, թող անվանեն վախկոտություն, ինչպես ուզում են, թող մտածեն, բայց միայն չիմանան, թե որտեղ և ինչպես ...
Դու այդ մասին շատ մի մտածի. երբ մտածում ես անպայման բաժանվել, դա քեզ թող վիշտ չպատճառի...
Այո, ինչքան երջանիկ կարող էր լինել մարդ, եթե կարողանար երջանկությունը կերտել միայն ձեռքերով:Իսկ ինչքան երջանիկ կլիներ մարդ, եթե զգար, որ սիրում է մեկին, և որ կա մեկը, որ մտածում է իր մասին, որ սիրում է իրեն, որ կա կյանքում մեկը, որի համար նա տալիս է իր ողջ էությունը:
Ես առայժմ միայն խնդրում եմ Նարի, որ այդպես չշարունակես կյանքդ. գոնե ինձանից հետո հասկացի, որ կյանքը երկկողմանի է:Աշխատիր այդ երկու երեսն էլ ճանաչել. երբեք մի ապտակիր նրան, սակայն զգույշ եղիր նաև նրա նենգությունից: Կապրես և կհամոզվես կյանքում, որ նման դեպքեր շատ հաճախ են հանդիպում, եթե չես համոզվել մինչև հիմա:Սակայն կորցրածդ կյանքում ետ չես բերի, թեկուզ և սիրած էլ չլինես ինձ այսքան ժամանակ:
Ախ, Նարի, եթե իմանայիր թե ինչքան եմ կարոտում, ինչքան երազում…
Սակայն դառնության եմ հանդիպում ու փոշմանում, ինչպես հեղեղի մեջ ընկած մի հուսահատ նավակ:
Այնպես որ սիրելիս ես չեմ կարող մոռանալ այս ամենը կյանքում:Դա ինձ կհաջողվի միայն 2 ճանապարհով:Դրա համար դու մի դառնան, եթե չես ուզում իսկապես, որ մենք իրար հասնենք:
Դու դեռ շատ խակ ես կյանքում Նարի:
Դու ոչինչ չհասկացար նաև մեր այս պատմության ընթացքում:
Դու հանդիպեցիր ինձ…
Դեռ շարունակելու շատ ժամանակ կլինի. Նարի դրա համար ես լրիվ չեմ վերջացնում:Միգուցե և չշարունակենք, բայց դե սրանով չեմ կարող ավարտել:Միգուցե և չավարտեմ երբեք ինչքան էլ որ ապրեմ, միգուցե և ավարտեմ շատ ավելի շուտ:
Այդ ամենը Նարի.. դեռ ժամանակ կա, դեռ քննություն ունենք հանձնելու, իսկ հաջորդը դեռ անհայտության մեջ է, մինչև այն ինչ էլ որ լինի կհարմարվի մեկը մեզանից միայն…
23/III/1980թ.
1:45
31/III/1980թ.
... Այսքանից հետո չգիտեմ, թե ինչպես շարունակեմ և ինչպես...
Քո այդ կտրական խոսքերդ կարծես ինձ ամբողջովին կտրած կինեն կյանքից:Ամեն ինչ ինձ համար դարձել է մի վերացական երևակայություն:Քո հեռանալուց հետո ես մի կերպ հասա ինստիտուտ և ամբողջ 2 ժամն էլ այնպես հազիվ հազ անցկացրի ու տուն հասա: Եվ եթե այս բոլորը նկարագրելու համար պետք է լինել անկեղծ ու անմիջական, ապա ես չեմ հրաժարվում:
Ես այդ օրը փոքր դանակից հետո մեծը ձեռքս առա, և ամբողջ օրը այդպես անցավ:
Այո, Նարի: Չզարմանաս, որ հիմա ինձ ողջ ու առողջ ես տեսնում, և այնպես, կարծես սովորական ուրիշ ոչինչ եղած չլինի:
Ես միայն չեմ կարողանում քեզ այդքան վիշտ պատճառած լինեմ:
Այն օրվանից հետո ես կարծես ինձ չնկատեմ կյանքում, չզգամ իմ գոյությունը:Եթե ես անում եմ այս ամենը, ապա միայն քո համար, որպեսզի, ինչպես դու էիր ասում, մի քիչ ազատ լինես: Սակայն ես չեմ փորձի շարունակել գրելը:Այսպես կարծես մի քիչ մտածածին լինի:Ավելի լավ կլինի շարունակել օրագրային ձևով, և քանի որ ես չեմ կարող համաձայնվել այս մտքի հետ և չեմ էլ կարող ինչ-որ վերջին խոսքեր շաղակրատել, ապա ճիշտ կլիներ խոստովանել, որ դու այն կստանաս միայն ու միայն... երևի կիսատ:Այնպես որ եթե իմ ձեռքից չստանաս այն, ապա ուրիշ ոչ ոքի միջամտության կարիք չի լինի այն քեզ հասցնելու համար:
Առայժմ թողնենք այս ամենը:
Եվ որովհետև ես ուշացրել եմ, ապա թույլ տուր նկարագրել անցած այս մի քանի օրը: Եթե, իհարկե, ես այդ բոլորը փորձեմ վերհիշել և որքանով ինձ կհաջողվի, չգիտեմ:Այնպես որ կներես, եթե որևէ անկապ բաներ ստացվի:
Բաժանումից հետո երկու օրը ես կարծես դժոխքում լինեի:Առավոտյան մի կերպ կարողացա դասի գալ:Մի բան, որ այս քանի օրվա համար բնորոշ գիծ է դառել, դա ամեն ինչի նկատմամաբ այնպես իմիջալյոց վերաբերմունքս է:Կարծես ամեն ինչ այնպես վերացած լինի ինձ համար:
Դասից անմիջապես հետո կարծես դրախտը շտապեմ, տուն եմ "փաղչում":
Համարյա ամբողջ օրը տանն եմ լինում:Եվ քանի որ ամենալավ զբաղմունքը, որը ոչ մի մտածության հետ կապված չի, դա բլոտն է, իսկ մնացած ժամանակը` անկողինը:
Բաց աչքերով պառկել ու մտածել ու մտածել անվերջ ու անվերջ երազել ու պատկերացնել:Նման դեպքերում ինձ երանության գրկում եմ պատկերացնում:Հաճախ նույնիսկ դա էլ չի հաջողվում:
Հիշում ես շաբաթ օրը, որ այնպես կապտած աչքերով էի ու ձայն խզված էր? Դրա նախօրդ օրը` 28-ին, ինչպես արդեն անցած օրերին, տուն հասա ու անմիջապես փռվեցի անկողնուն` նույնիսկ տետրերը ձեռքիս. մեջս կարծես ուժ չէր մնացել:Ես չէի կարողանում ոտքի կանգնել:Այդպես երևի երկար սպասեի` ավելի ճիշտ պառկած մնայի, եթե տղաները ուշ գային: Մի քանի ժամ այդպես կատակեցին հետս և ոչ մի արդյունքի չհասնելով`հեռացան:Ես կարծես վիրավորված լինեի նրանցից:Դուրս եկա տանից, երբ արդեն մթնում էր:Փողոցում ես ավելի շատ մենակ էի, քան հասարակության մեջ:Սկսեցի թրև գալ փողոցներով:Արդեն լավ ցուրտը ընկել էր, և ես արդեն հոգնածություն էի զգում:Իսկ երբ սթափվեցի,, հասել էի Ծիծեռնակաբերդ:Ժամը 9:30 էր:Ես այդ ժամանակ ոչինչ չէի զգում և ուզում էի հանգստանալ:Մտա ծառերի տակ ու պառկեցի դեռ նոր դուրս թափվող կանաչին: Չգիտեմ ինչով կվերջանար այդ բոլորը, եթե ես ցրտից դողդողալով չարթնանայի:Ես դուրս եկա և ոտքով կամաց կամաց շարժվեցի տուն: Արդեն ժամը 2-ն անց էր, որ տուն մտա:Տղաները քնել էին:Ես էլ պառկեցի, որ քնեմ, սակայն դողը ոչ մի կերպ չէի հեռանում: Աչքս նոր էր փակվել և հանկարծ դու ես հայտնվում:Ինձ այնպես թվաց, թե իրոք կողքիս կանգնած ես... վեր թռա տեղիցս և ոչինչ:Նորից պառկեցի:Հազիվ մի քիչ քնած լինեի, և նորից դու հայտնվեցիր` նույն այն տեսքով, ինչ այն օրը:Կանգնեցիր լուռ` առանց ինձ նայելու` կարծես արձանացած:
Ես այլևս չկարողա քնել ամբողջ մնացած ժամանակը:Նստած մնացի տեղս մինչև առավոտ:Շաբաթ օրը կարծես այնպես անցավ, ոնց որ այդ օրը արև ծագած չլիներ:Իսկ ամբողջ կիրակի անց կացրի տանը, նույնիսկ հաց ուտելու չէի ուզում գնալ, միայն կարողա Սապրամատը կիսատ-պռատ արտագրել:
Միշտ աշխատում եմ հեռու մնալ, սակայն ոչ մի կերպ չի հաջողվում:Փորձում եմ գոնե խմբում մի քիչ զբաղվել դասերով, նույնպես չի ստացվում:Չեմ կարող չհանդիպել:Անկախ ինձնից ամեն օր գալիս եմ ձեր լսարան, բայց ներս չեմ մտնում:Երբ հանդիպում եմ քեզ, կարծես միանգամից սիրտս խոցեն:Այնքան գոհ եմ զգում ինքս ինձանից,երբ տեսնում եմ, որ ուրախ ես, բոլորի հետ ուրախ զրուցում ես:Այսօր չգիտեմ ինչու ես երկրորդ անգամ ուզեցա զգալ այդ երջանկությունը:
Չգիտեմ դու ինչպես հասկացար իմ վիճակը, բայց ես հազիվ ինձ զսպեցի, որպեսզի չխփեմ և քեզ, և Տիգրանին:Այնպես թուլացել են ներվերս ու համբերությունս: Տուն հասա ժամը 5-ին:Այդ ամբողջ ժամանակը նստած մնալով կարապի "ցամաքած" լճափին, լացող ուռենու նոր կանաչող ճյուղերի տակ, մինչև զգացի, որ արդեն մրսում եմ:
Չնայած վաղը Սապրամատը պիտի հանձնեմ,սակայն երբեք մտքովս չի անցնում լրացնել կիսատս, իսկ ինձ հանձնելու համար դեռ շատ բան է պետք վերանայելու:
Տանը տղաներն արդեն բլոտ էին խաղում:Ես նույնպե մտա խաղի մեջ:Խաղից հետո որոշեցի նամակ գրել Արմենին, Ռիտային նույնպես:
Այժմ նստած գրում եմ ու չգիտեմ, թե վաղը ինչ է սպասում ինձ:Այժմ ինձ մոտ կարծես ամեն ինչ վայրկյանական մտածողության վրա հենված լինի:Երևի այսօր այսքանը, իսկ վաղվա համար դեռ չեմ էլ մտածում:
Ավելի ճիշտ կլիներ մտածել, որ բոլոր օրերը մարդու համար վերջինն են, և այդ օրը թողած վաղվա մասին մտածելը նման դրության մեջ չի կարելի:
Մինչ վաղը:
1/IV/1980թ.
... Այսօր կարծես սովորականի նման արթնացա ժամը 7-ին և արթնացրեցի Հակոբին:Սակայն մտքովս էլ չէր անցնում, որ առաջին ժամ չունենք:Եվ քանի որ էլ չէի կարող քնել, դուրս եկա տանից:Որպեսի ինչ-որ բանով զբաղված լինեմ, դուրս եկա Աբովյան փողոց:Ամբողջ փողոցի երկայնքով մի ժամ քայլում էի ու հիանում նրա գեղեցկությամբ:Երևի ամբողջ Երևանում այդքան գեղեցիկ անկյուն անգամ չլինի:Բարձրացա մինչև արձանը: Այստեղ կարծես մեր գյուղում լինեի:Հետո դուրս եկա պուրակով ու կանգանած նայում էի այն հին գողտրիկ տունը հիշեցնող զառիվայրին ու մտքովս էլ չէր անցնում, որ դասի պիտի գնամ:Նայում էի, նայում ու կարծես ինչ-որ ծանր անդորր էր իջնում վրաս:Ոչ մի ձայնի ազդեցություն կամ մարդկային անցուդարձ ինձ չէր կտրում այդ տեսարանից:Արդեն պատրաստվում էի բարձրանալ այդտեղ, երբ մեկը թևիցս բռնեց:Ընկերս էր` Հայկը, որ կողքիս կանգանծ էր եղել հենց սկզբից:Միասին զրուցելով բարձրացանք ինստիտուտ: Պարզվեց նա ոչ թե դասի է եկել, այլ գրադարան` իր վերցրած գրքերը հանձնելու:Նա պատրաստվում է հեռանալ ոչ միայն ինստիտուտից, այլ նաև Հայաստանից:Իմ բոլոր գործադրած ջանքերն ապարդյուն անցան:Ես նրան ճանապարհեցի տուն ու եկա դասի:
Առաջին ժամը Անդոյի հետ դուրս էինք գալիս, երբ Ամալյան «խաբեց», իսկ իմ մտքով էլ չէր անցնում, որ այսօր ապրիլի 1-ն է:
Այդպես էլ եկա իմանալու` արդյոք ինչու ես կանգնել, չնայած մեկ հավատում էի, մեկ էլ կասկածում, որ այդպիսի բան չի կարող պատահել:Քո հետ զրուցելիս ինձ մի պահ թվաց, թե մեզ ոչինիչ չի պատահել, և երբ գնացիր, նոր միայն ամեն ինչ պատկերացրի իրական ձևով:
Այսօր ես Սապրամատ պիտի հանձնեի ր որոշեցի օրն անբողջովին տրամադրել դասերին:Հանձնելու ժամանակ ինձ այնպիսի խնդիր էր ընկել, որ առանց էպյուրաները կառուցելու միանգամից լուծեցի 10 րոպեում:Դրանից հետո կարծես միջովս հոսանք անցներ: Ամբողջ 1 ժամում ես միայն մտածում էի ու ոչինչ չէի անում :Մոտեցավ Մուրադյանը և զգուշացրեց, որ արդեն սկզբից նկատել է, որ ոչինիչ չեմ անում, և եթե այդպես շարունակվի ինձ դուրս կհանի:Առանց հաշվարկիս նայելու, կարծես հենց այնպես նկարչություն անեի, կառուցեցի էպյուրաները և անմիջապես ներկայացրեցի` առանց նայելու:Պարզվեց, որ այնպիսի կոպիտ սխալ եմ արել, որ երբեք անկարելի էր նույնիսկ ամենաանգրագետի կողմից:Այդպես էլ դուրս եկա` առանց հանձնելու ու կարծես վազելով տուն հասա: Գրիշն ու Հրաչը քնած էին, իսկ իմ հետևից ներս մտավ Հակոբը:Ես դուրս եկա առանց նախազգուշացման և շտապեցի ձեր մոտ` մտածելով, որ շուտ ետ կդառնամ և կսկսեմ ՕԺ-ով զբաղվել:Վաղը պետք է հանձնեի ու միաժամանակ ստուգողական գրեի:
Երբ ներս մտա, ինձ թվաց անծանոթ սենյակ եմ մտել, ոչ թե ձերը: Այնքան հոգնած էի ու ծարավ, բայց ջուր չկար:Կարծես ետևիցս հարվածեին գլխիս, երբ դու վեր կացար պարկածդ տեղից, մի քիչ նստեցիր և նորից '' փռվեցիր'' տեղաշորին ու սկսեցիր հայելու մեջ նայելով քշփորել դեմքդ:Ես մի պահ զգացի մի ահռելի արհամարհանք քո կողմից իմ նկատմամբ ու քիչ էր մնում ամեն ինչ շուռ տայի գլխիդ, եթե Օֆոն սենյակում ճլիներ:Չգիտեմ դու ինչ էիր մտածում այդ ժամանակ քո այդ վարմունքով. միգուցե չէի էլ մտածում, որ ինչ-որ վատ բան կա դրա մեջ:Ես այդպես էլ գիտեի, որ դու նորից կհարցնես ''մեր'' հանդիպումից:Ես նույնիսկ ամաչում էի այդ մասին հիշելիս, դա երբեք չպետք է իմանար ոչ ոք կյանքում: Երբ ես ամեն ինչ խոստացա, ինձ թվաց, թե սառը ջուր են լցնում գլխիս:
Այո, Նարի, ես նորից եմ կրկնում, որ մարդիկ կյանքում բոլորն էլ նույնն են, ու բոլորի մոտ էլ այդ ''ես''-ը միշտ վեր է ամեն ինչից: Իսկ մարդկանց հարաբերություններում միշտ էլ ''անասնական'' արտահայտությունն է հաղթում, և որ կյանքը դրա վրա է հիմնված, դա էլ փաստ է:Մեր ամբողջ այսքան ժամանակվա հանդիպումների ժամանակ ես քո մոտ ամեն ինչ այնպես պարզ պատկերացնում էի և հասկացել էի:Սակայն այն, որ դու ոչ թե տարբերվում ես մյուս աղջիկներից, այլ ավելի վառ կերպով ես արտահայտում աղջկական ընդհանուր մտածմունքներն ու երազանքները:Այսօր ես քեզ ճանաչեցի արդեն քո ամբողջ էությամբ, և դա դու ինքդ ճանաչել տվեցիր, որ այդքան ժամանակ թաքուն էր մնացել:
Այո, Նարի, դա այդպես ստացվեց:եվ ամենահետաքրքիրը, որ դու մինչև հիմա չես էլ փորձել մտածել գոնե մի ակնթարթ այն, որ մարդ իրեն պետք է նայի բոլոր կողմերից և ոչ թե միայն ''հայելու'' մեջ, որտեղից երևում է միայն այնքան մասը, որն արտահայտում է մարդու միայն իր մտածած անձին: Ու երբեք չզարմանաս Նարի, եթե ասեմ, որ դու այսքան ժամանակվա քո միանձնությամբ կորցրել ես մարդկային ամենալավ գծերը:Դու ոչ միայն կորցրել ես, այլ չես էլ ուզում ընդունել ու հասկանալ այդ գծերի բուն էությունն ու կարևորությունը:Ես միայն այդ ժամանակ փոշմանեցի, որ դադարեցրել էի իմ երկարաժամանակյա ''լեկցիաները'' այդ թեմայի շուրջ:
Ես իմ այդ ամբողջ սխալը հասկացել էի, բայց կասկածում էի, որ սխալ եմ մտածում քո մասին` կարծելով, որ դու ավելի շատ նրբության ես արժանի: Այդ ժամանակ ես այնքան էի ուզում, որ մինչև առավոտ և առավոտից էլ մինչև երեկո քեզ բացատրեմ այդ բոլոր զգացումների ոչ ճշմարտալիությունը: Ես այնքան էի ուզում, որ մեր կողքին նստած լիներ Արամը, և պատկերացնում էի, թե ինչպես կընթանար այդ բոլորը:
Օֆիկի ներկայությամբ ես, ճիշտ է, վիրավորեցի քեզ, խոսելով գրականության ուսուցչի թույլ տված մեծագույն սխալի մասին, սակայն չէի փորձում խոսքս կիսատ թողնել, եթե նա լաց չլիներ:Ես այնքան փոշմանեցի, որ նրա ներկայությամբ քո հետ շարունակում էի այդ թեմայով խոսել:Ավելի ճիշտ` ես մի պահ մոռացել էի, որ նա էլ իմ բախտակիցն է:Ես արդեն զգացի, որ ոչինչ չի ստացվի այսօր ինձ մոտ և դրա համար հաշիվը թողեցի. այն հիմա քեզ ավելի է պետք:
Տուն գնալիս հանդիպեցի մեր խմբից դուրս մնացած տղաներից մեկին և ստիպված չեղա փողոցները չափել միայնակ:Տուն եկա և մտածեցի, որ գոնե Փիլիսոնը մշակեմ որոշ չափով:Մինչև մեկը գրում էի, հետո մի փոքր ''մկնաորսով'' զբաղվեցի` իհարկե ոչ ապարդյուն, հետո շարունակեցի մինչև 3-ը:Տղաներն արդեն քնել էին, իսկ ես պետք է նստեի ևս մեկ ժամ:
Այսօր ես կոմիտե էի գնացել և շինջոկատի ինձ հանձնարարված գործերը ես պետք է ավարտեի:Իսկ բրիգադիրը կամ միգուցե և կոմիսարը մինչև գնալը շատ գործեր ունեն, որը նույնպես խճճվել է:
...
8/IV/1980
...Չգիտեմ ինչպես սկսեմ և ինչով, որպեսի բոլոր օրերը նույն բնույթից այն կողմ անցնեն:
Արդեն 8րդ օրն է, որ փորձում եմ մի հետաքրքրություն, գուցե և նման մի նշույլ գտնեմ այդ օրերի մեջ, բայց զուր. ամեն օր նույն արևն է ծագում ու մայր մտնում, ամեն օր նույն ճանապարհներն են ու նույն պատմությունն ամենուր:
Իսկ վերջերս հաճախակի է դառնում ինձ մոտ ամեն ինչին այնպես թռուցիկ նայելը կամ անտեսել նույնիսկ ամենակարևորը:Ամբողջ օրերով թափառում եմ, քչփորում ամեն անկյուն, ման գալիս. կարծես միշտ ինչ-որ բան փնտրելիս լինեմ:
Եվ որպեսի այդպես չստացվի, ապա իմացի միայն այն ''կարևոր'' միգուցե և հիմարությունները ինչպես որ կընդունես:
Որքան անցնում է այս արագաշարժ ժամանակը, այնքան ամեն ինչ դառնանում է:Եվ վերջապես ինչքան կարելի է այդպես շարունակել, որքան կարելի է հիմարությունների գրկում ապրել` մոռանալով իր մարդկային էությունը:Ահա և այն դժոխային ապրումները, որոնք այնքան ժամանակ խորթ էին թվում ու անհասկանալի երևույթ:Միգուցե մինչև այսօր էլ չկարողանայի շարունակել այս ''խոստովանությունները'', եթե կարելի է այդպես համարել:
Այո, միշտ սպորտը թեթևացնում է և մարդու հոգին, և ապրումները. ֆուտբոլով տարված ես կարծես միայն այդ կյանքով ապրած լինեի, սակայն, ավաղ, դա սոսկ մի քանի ժամվա հոգու չնչին հանգստություն է միայն, որից հետո կարծես ամեն ինչ ավելի դաժան է պատկերացվում և ավելի դառը:
Դա ավելի վատ ձևով կրկնվեց, երբ դաշտից դուրս եկա ոտքս վնասած և սովորականից շատ ժամանակ այդքան ծանրություն չէի զգացել ոչ մի խաղի ժամանակ մինչ այս օրը:Կարծես երկու խաղակեսում էլ միայն ես պաշտպանվեի թիմի փոխարեն, չափից դուրս ծանրաբեռնվածությունը ներվերի թուլության տեղի էր տալիս, արդյունքում ոտքս միայն վանսեցի: Չնայած այդքանին` հաղթանակը ամեն ինչ կարծես մոռացնել էր տալիս:Խաղից հետո ամբողջ թիմը ձեռքերի վրա ինձ դուրս բերեց դաշտից:Դա մենամեծ երջանկությունն է խաղացողի համար, երբ զգում է, որ արդեն ամեն ինչ ավարտված է հաղթանակով, և որ դրա մեջ կա իր ներդրումը, ավելին` այն շատ բարձր է գնահատված:
Սակայն այդ երջանկությունը ինձ մոտ միայն մի պահ իրեն զգացնել տվեց միայն:Դաշտի կողքի կանաչներին հանգստանում էինք, երբ մոտեցան մի աղջիկ ու մի տղա ու սեղմեցին ձեռքս, հետո թևանցուկ մի քիչ գնացին, էլի շուռ եկան նայեցին ու գնացին: Կարծես երկիրը երկնքի հետ պտտվեր:Ես մտա ծառերի մեջ ու պարկեցի կանաչներին:Սակայն այստեղ էլ նույնը.ծառերը կարծես շուռ գային:Ինձ թվում էր` ուր որ է նրանք արմատախիլ կլինեն:Ես գալարվում էի կանաչների մեջ` խփելով մերթ այս, մերթ այն ծառին: Փորձեցի բարձրանալ, սակայն իզուր: Սեփական մարմինս կարծես մի 100 անգամ ծանրացած լիներ. չէի կարողանում նույնիսկ ձեռքս շարժել: Վերջապես հաջողվեց հաղթահարել այդ ամենը և մի կերպ հասնել աղբյուրին:Տղաների օգնությամբ հասա տուն:Ամբողջ մնացած օրը և մինչև առավոտ պառկած մնացի:
Երկուշաբթի դասերին կիսատ-պռատ մասնակցեցի, իսկ դասերից հետո տղաներին տարան կամիսիա:Երեկոյան ես գնացի դաս և երբ տուն էի վերադառնում, զգացի, որ հազիվ կարողանում եմ ոտքի վրա մնալ:Տուն հասա ու փռվեցի անկողնուն:
Ամբողջ այդ օրվա ընթացքում դու էիր հայտնվում աչքերիս առաջ, փակում էի աչքերս `էլի դու, բացում էի` էլի դու, որտեղ որ հայացքս շուռ էի տալիս միայն քո պատկերն էր:Գլուխս ուղղակի պտտվում էր, և մարմինս` ծանրանում:Ես միայն հիշում եմ, որ շորերս հանեցի ու պարկեցի:Դրանից հետո կարծես սառույցի մեջ գցած լինեին:Ոչինիչ չօգնեց, դողս շարունակվեց 2-3 ժամ, իսկ ջերմությունս բարձրացել էր մինչև 39.9:անկախ ինձանից ձեռս տարա գրպանս և վերցրեցի դանակը, հետո փորձեցի վեր կենալ տեղիցս, հագնվել, սակայն ապարդյուն. չէի կարող նույնիսկ գլուծս վեր բարձրացնել:Իսկ ես այնքան էի ուզում հեռանալ տանից և վերջ տալ այս բոլորին, բայց ուժս չէր հերիքում:Առավոտյան արդեն կարծես ոչինչ էլ պատահած չլիներ:Որոշեցի գալ դասի 2րդ ժամից:Մինչև ինստիտուտ հասնելը ոչինիչ չկար, իսկ երբ ներս մտա, կարծես ամենն ինչ նորից կրկնվեր:Այդպես էլ դասի չնստեցի:Իսկ երբ դասամիջոցին եկա քո մոտ, արդեն բավականին թուլացած էի...
... Ամեն ինչ այլ բնույթ կարող էր ստանալ, սակայն դրա փոխարեն ամեն ինչ միայն կրկնվեց և ավելի դժվար էր ինձ համար մինչև տուն հասնելը:
Չգիտեմ ինչու ինձ այնքան դժվար է պատկերացնել այս ամենը:Ինձ համար այս հարաբերությունները լիովին լինել-չլինելու բնույթ է կրում:
Հաջորդ օրը ես եկա ձեր սենյակ, որպիսի նորից նույն դրության մեջ ընկնեմ:Սենյակ մտնելուց մինչև դուրս գալս կարծես 1 րոպե անցած լիներ:Քո ամբողջ խոսակցության ժամանակ միայն մի բան պարզ դարձավ, որ դու չես հավատում իմ խոսքերին կամ միգուցե և չես պատկերացնում, որ այդքան սիրողը կարող է ինչ-որ վիշտ պատճառի սիրած էակին:
Բայց ոչ Նարի, ոչ սիրելիս, այդ բանն արդեն…
Ես այլևս չեմ կարող շարունակել, հավատա Նարի, արդեն ամեն մի փորձ կորցնում է իր ուժը, ամեռն ինչ անհնար է դառնում:Ես այնքան էի կամենում, որ այս պատմությունն իր ամբողջ ընթացքով լիներ մի երեխայական երազ կամ պատանեկան պատահականություն, ինչպես դու ես կարծում, որ այդպես է:
Սիրո բուրմունքի ու քնքշանքի կարոտը կարող է շատ հեռու տանել ինձ:Միգուցե մինչև լիակատար գժվածություն կամ խելագարություն:Դրանց առաջին գծերն իրենց մոտիկությունը արդեն զգացնել տվեցին ինձ:Ես չեմ ուզում, որ այս բոլորը վերջանա այդպիսի խելագարությամբ. ես ատում եմ խելագարությունը, որովհետև նրանից ավելի շատ խղճում են ու ավելի շատ օգնում գժվել ավելի, քան փորձում են հասկանալ ու իմանալ դրա պատճառը:
Այո, դու չես կարող տանել, երբ կոպիտ եմ վերաբերվում քեզ. ցավացնում և ոլորում ձեռքերդ:Բայց դու չես էլ հասկանա, թե որքան ավելի դաժանորեն ես ցավացնում հոգիս:Դու դեռ չես էլ կարող հասկանալ քո այդքան միամիտ խոսքերիդ հետևանքները, եթե ես այդպես շարունակեմ: Դու ուղղակի ինձանից նման բաներ երևի չես էլ պատկերացնում:Բայց դու, սիրելիս, երբեք մի մոռացի, որ մարդը միշտ մնում է մարդ, և նա ընդունակ է ամեն ինչի, ու երբեք միամիտ խոսքերովդ մի ստիպի նրան անելու անմարդկային սրիկայություններ:
Ամեն ինչ պարզ է Նարի: Քո մոտ նման մտածողությունների ու դատողությունների հետևությունների դեպքում ոչինչ չի ստացվի:Դու երբեք չես կարող նման վիճակում հասկանալ հետևյալ խոսքերի իմաստը… ԵՍ ասելով հասկանում եմ ԴՈՒ, ԴՈւ ասելով հասկանում եմ ԵՍ – որը կյանքի հիմքն է:
Այո Նարի, դու չես կարող այդպես ճանաչել մարդկանց երբեք: Քո սխալ պատկերացումները մարդկանց մասին դեռ ավելի ճիշտ կլիներ համարել նահապետական շրջանի մարդկանց էր միայն հատուկ, միայն այդ շրջանում են անտեսել ազգի իսկությունը:
Եթե կյանքը այսքան դառնացած չլիներ, այսպիսի ընթացք չընդուներ, ես մեծ հաճույքով մնացած ամբողջ կյանքս կնվիրեի այնպպիսի մարդկանց դաստիարակությանը, որոնք մտածում են ճիշտ քո նման:Դրա համար ես չափից դուրս զղճալու բան ունեմ, որ իմ ճանապարհս իմ ձեռքով քանդեցի այն օրվանից ի վեր, ինչ կտրեցի ինձ գրականությունից:Իսկ հիմա ինձ չի կարելի օգնել ոչինիչ վերականգնելու այդ ամենը, նույնիսկ ետ պահելու թեկուզ այս ամենից ու նրա վերջաբանից…
Ով չի սիրում ամաչում է,
Եթե մեկը ճանաչում է:
Ով սիրում է, չի ամաչում
Բարեկամի, ծանոթի մոտ:
Ինչ է Նարի, կարծում ես չհասկացա, թե ինչու չէիր ուզում, որ Մելանը ինձ տեսնի սենյակում, կարծում ես ես չեմ հասկանում քեզ և ստիպում եմ միայն իմը: Ոչ, ես այդ ամենը միգուցե ավելի լավ եմ պատկերացնում, քան մեկ ուրիշը քո տեղ:
Ես քո խոսքերիցդ ամեն մեկը այժմ ավելի շատ կմերկացնեի, քան ճիշտ կհամարեի:
Դրանք իրենց տեղը ունեին մեր հասարակության մեջ դեռ շատ վաղուց, երբ մարդիկ ամուսնանում էին առանց իրար ճանաչելու:Դրանք, եթե կուզենայիր ճիշտ իմանալ, հիմա դարձել են թանգարանային հուշեր միայն:Բայց և այնուամենայնիվ Նարի ամեն մեկը մեզանից դեռ իր ուրույն տեղն ու մտածողությունը պետք է ունենա:Ես նույնպես չափից դուրս սիրում եմ այս ազատ աշխարհն ու մեր բնության գեղեցկությունը:Ես նույնպես պետք է աշխպատեի ապրել ու գործել այս աշխարհում, ինչպես բոլոր իմ հասակակիցները:Սակայն հիմա ինձ համար այս ազատ աշխարհը դարձել է անծայրածիր մի բանտ, բնության ամեն մի անկյուն այդ բանտի պողպատյա դռներով խցիկներ...
Միակ պահպանված պատասխան մի քանի տողը Նարիի կողմից.
23/IV/1980թ.
Բարև Արա:Որոշել էի զրուցել, ուզում էի զրուցել, խոսել, բացատրել, պարզել, որ իսկապես կյանքն այդպես է ինչպես դու ես պատկերացնում, բայց այլ բան պետք է լինի:
Գիտես ինչ Արա, ամեն անգամ ուզեցել եմ խոսել, ասել, բայց չեմ կարողացել, որովհետև քաշվել եմ քեզանից:
Արա պատկերացնում ես` ինչ օրի ենք հասել, որ մեզ ժամանակ չկա, որ իրար հետ խոսենք. կարծես մենք գտնվում ենք իրարից ինչքան հեռավորության վրա և իրար նամակներ ենք գրում:
Եվ եթե դու այս տողերը կարդաս, գիտեմ` անպայման կմեեղադրես ինձ, թե ես ինքս չեմ հասկա...
Մի քանի քառատող Նարեին նվիրած իր նկարների ալբոմից.
***
Սիրահարներ, սեր մի կարծեք, երբ որ ուզեք այսօր մեկին,
Վաղն ուրիշին, ապա թողնեք առանց խղճի խայթի կրկին,
Այդպես ստոր, անարգ խաղեր պատանուն է լոկ հարմար,
Իսկ սիրահարը նա է, ով զսպում է իր կրքերը վառ:
***
Անկեղծ սիրով ցույց չեն անում, տառապանքը չի մերկանում,
Մենության մեջ սիրահարին սիրածն է միշտ պատկերանում,
Հեռվից է նա վառվում, դաղվում, հեռվից տանջվում,
Տանում յարի դեմքը դժգոհ, յարի առաջ միշտ ակնածում:
***
Բուն սիրահարը պիտի լինի հավատարիմ, չշնացող,
Հեռանալով իր սիրածից` նրա համար խոր ախ քաշող,
Սիրտը պիտի մեկին տա լոկ, տեսնի նրան չոր թե խռով,
Ատում եմ սերը հոգեզուրկ, գիրկն ու գգվանքն համբույրներով:
***
Ապշում եմ, թե մարդն ինչպես է առհասարակ նայում սիրուն,
Եթե սիրեց, ինչպես է նա վարկաբեկում սիրած յարին,
Թե չի սիրում, նա թող ատի, ինչու է նա վատախոսում,
Բայց վարորդին վատախոսելն հոգուց, սրտից վեր է դասում:
Գոյության ազատությունը, անկախությունը...
Այո, այսքանը հասկացող մարդը կարող է անտեսել ամուսնական կյանքը` համարելով ամուսնուն ավելորդ բեռ:
Իսկ ինչու այդպիսի մարդիկ չեն մտածում նորմալ կյանքի մասին, ինչու չեն բավարարվում միայն իրականությամբ, միայն ճշտով,ինչու են այդպես մտածում և պղտորում իրենց հանգիստն ու ու անդորրը ու, չբավարարվելով դրանով, նույնիսկ չիմանալով ու չհասկանալով, որ դրանով մեկ ուրիշի կյանքն էլ է կորցնում իր իմաստը:
Այժմ արդեն դժվար է դարձել հարգել, հասկանալ ու հասկացնել մարդկանց միայն համեստ խոսակցությամբ, խոսել մարդու հետ անկեղծորեն ու մաքուր սրտով և ստանալ գոնե մի հատիկ սփոփիչ պատասխան:
Չգիտեմ Նարի, այսքանից հետո ինչպես բացատրեմ քեզ, որպեսզի հասկանաս իսկական սիրո իմաստը, որպիսի ինձ մշտական սիրո կարոտի գրկում չպահես, որպիսի ամեն անգամ չասես` ում ուզում ես մոտեցի, ես չեմ արգելում:Ինչու չես ուզում հասկանալ, որ ես չեմ կարող այդ քայլին դիմել և նույնիսկ համոզել այդ քայլին դիմելու:
Այո Նարի, բոլորն էլ մարդ են և բոլորն էլ կարող են նման ձևով վարվել:Նույնիսկ կարելի է նաև զարմանալ, որ կա մարդ, որը չի կարող ապրել նման կյանքով` ինչպես դու ես զարմանում:Սակայն դու մինչև հիմա չես կարող ընդունել, որ կա անկեղծ սեր, որ կա այդ սիրո մեջ անվերջ նվիրվածություն, և որ ես քեզ սիրում եմ նման սիրով:
Ես չեմ կարողանում վարվել այդպես, որովհետև դա ժխտում է ինձ, որովհետև դա կնշանակի, որ ես չեմ սիրում, այլ միայն զգում եմ դրա գոյությունը: Այո, և ես այժմ համոզված եմ արդեն, որ քո համար նշանակություն չունի, թե ինչ է կատարվում շրջապատում, ինչպիսի վերբերմունք են տածում քո նկատմամբ:
Այժմ միայն հասկացա Նարի, որ դու միայն զգում ես սիրո գոյությունը և երբեք չես էլ կարող ապրել այդ կյանքով` առանց պատկերացնելու այդ ամենը:Դու չես կարող և չես էլ կարոտում, դու միայն զգում ես մարդու ներկայության պակասություն, իսկ երբ նա ներկա է, մոռանում ես նրա գոյությունը, ծաղրում նրա սերը, մշտական կարոտի գրկում պահում:
Այժմ ես նույնիսկ սկսել եմ ատել ինքս ինձ, որովհետև դու մի տեսակ վախ ունես մեջդ իմ կողմից:Ես քեզ հետ այլ կերպ չեմ կարող վարվել, քան այժմ, դա ես գիտեմ ու զգում եմ , սակայն չեմ կարող շարունակել նաև նման ձևով, որովհետև դա ամբողջ մեր սիրո ընթացքում կարծես բաժանում ես քարոզում` չհասկանալով, որ այդ բաժանումը միայն մահ է խոստանում` սիրո հավերժության գրկում, երանության մեջ:
Ամենից շատ դու կարող ես ինձ հասցնես ծայրահեղության, քան տալ համոզիչ ու սփոփող մի երկու խոսք անգամ: Դու չես ուզում հասկանալ Նարի, որ ես առանց քեզ չեմ կարող, ես չեմ կարող ատել ինքս ինձ ամբողջովին և ինձ հետ նաև քեզ:
Դու ամեն կերպ օգտվում ես դրանից և արտահայտում քո մտքերն ու կարծիքները կյանքի մասին, ծաղրում սպանիչ ծաղրով, անտեսում ամբողջովին:Մինչև այժմ ես ապրել եմ միայն քո սիրով, ու դու ես միշտ ինձ հետ պահել այդ ճանապարհից մեր հանդիպման առաջին իսկ օրվանից:Սակայն այդ օրվանից մինչև այսօր էլ պահում ես ինձ մշտական կարոտի գրկում:
Մինչև հիմա ես քո կողմից չեմ զգացել սիրո գգվանք, քնքշանք, չեմ ստացել ոչ մի համբույր և ավելին` միշտ արգելում ես ինձ նման դեպքերում:Ինչպես կարելի է ապրել սիրելով, սակայն միշտ սիրո կարոտ, մինչև երբ է այդպես շարունակվելու:Ինչու ես ամեն անգամ հարցնում , թե “ինչ եմ արել ես”:Միթե չեմ բացատրել Նարի, միթե չեմ ասել Նարի, որ ես նույնիսկ կարոտում եմ քեզ, երբ դու անգամ կողքիս ես լինում:Իսկ դու արգելում ես գոնե քեզ գուրգուրելու, գոնե մեկ անգամ համբուրելու, և նույնիսկ այնպիսի արտահայտություն տալիս դեմքիդ, որ կարծես իմ ներկայությունը քեզ մշտական տհաճություն է պատճառում...
... Չգիտեմ ինչպես բացատրեմ քեզ, որ այդքանն ինձ անհրաժեշտ են ինիչպես հացն ու ջուրը, ինչպես բացատրեմ, որ քեզ համար պարզ լինի, որ այդպես շարունակել չի կարելի:
Իսկ դու շարունակում ես քոնը, միշտ ժպտալով ու կրկնելով, որ դու ոչինչ չես անում, որ նույնիսկ դու չես անում,այլ այդպիսին ես ծնվել, որ բնավորությունդ է այդպիսին: Իսկ ինչ կարող եմ մտածել ես, երբ նկատում եմ այդ ամենը և այլն, որ դու ուրիշների հետ զրուցելիս ավելի թարմ ու զվարթ ես զգում, որ նման դեպքերում կարծես ես ներկա չեմ, որ մեկ ուրիշին ես ուշադրություն արժանացնում, ժպտում:Այդքանով դու իմ մեջ սերմանեցիր խանդ և որը օր օրի ավելի մեծ տեղ է գրավում իմ սիրո կողքին:
Իսկ դա ոչինչ լավը չի խոստանում:
Այնպես է ստացվել Նարի, որ ինձ մնում է հարցնելու` “իսկ այժմ ինչ կհրամայեիք”:
Իմ կողմից մեր սերը դիտվում է միակողմանի Նարի և չգիտեմ դա ինչքանով է ճշմարտությանը մոտ, սակայն այլ կերպ դա գնահատել չեմ կարող:
Իսկ ինչն է քեզ ստիպում Նարի, որպիսի դու գուրգուրանքի ու փաղաքշանքի փոխարեն ինձ այնպիսի դրության մեջ ես գցում, կարծես մուրացկան լինեմ դեմդ կանգնած, իսկ դու արածիցդ գոհ, կարծես ուրախանում ես, կարծես քեզ հաճույք է պատճառում իմ նման վիճակը:
Չգիտեմ Նարի` ինչպես կվարվեիր դու նման դեպքում, բայց ես այդքանից հետո էլ չեմ կարում քեզանից հեռանալ և ընդհանրապես չեմ կարող մտածել նույնիսկ այդ մասին:Դա ինձ ավելի սարսափելի է թվում, քան նման վիճակը, որ կարծես ինձ դանդաղ մահվան երախը ձգած լինես և դրանով ստանաս քո հաճույքն ու ուրախությունը:
Ես հիմա առաջվա նման չեմ կարող կիսել քեզ հետ իմ մտածմունքներն ու մտքերը, մի տեսակ ոնց որ լեզուս կապեն:Ես առաջվա նման քեզ չեմ կարող բացատրել իմ զգացմունքները կյանքի նկատմամբ, սակայն կասեի այսքանը`լավ կլիներ, որ այնքանից գոնե մեկ անգամ դու կարողանայիր բացատրածս հանգիստ ընդունել, և ճանապարհս չփակել դեպի մահ կոչեցյալ անմահությունը:
Ինչպես կարելի է ապրել առանց զգալու սիրո քաղցրությունն ու ջերմությունը, երբ այն կա, գոյություն ունի և ավելին` նա կողքիդ է, շնչում, ապրում ու գործում է, սակայն հակառակ սպասածիդ, հակառակ սիրո, նա իրեն պահում է այնպես, կարծես դու արժանի չես նրան, կարծես դու ավելորդ մի մարդ լինես նրա համար:Եվ նա արտաքինից ցույց է տալիս այդ ամենը և ավելին:Նա կարող է ամեն կերպ ծաղրել ու խեղկատակել սերը` ժխտելով նրա գոյությունն ու իրականությունը:Ինչպես կարող ես չձանձրանալ ու չատել կյանքը, երբ քեզ ավելորդ են համարում և սիրո մեջ, և ամուսնական կյանքում, ավելին ` ամեն կերպ փորձում են ապացուցել այդ և այն էլ ծաղր ու ծանակով:
Իսկ ով է այդ մարդը… Ով է քեզ անտեսում իր կյանքից:Քո սիրած էակը, քո սերն անտեսում է քեզ:
Իսկ ինչու… եթե կարողանայի պատասխանել այդ հարցին, ապա կհասկանայի, թե մարդը ինչ դեր է կատարում հասարակության մեջ, կհասկանայի, թե մարդիկ ինչու են այսքան լկտի ու անառակ դարձել և ապականում իրենց իսկ նման մարդու կյանքը, խանգարում նրա հանգիստն ու ոգու անդորրը, ժխտում նրա անկեղծ ու մաքուր, ամբողջ կյանքով նվիրված սերը:Ինչպես կարելի է հանգիստ ապրել այսքանը զգալով և ամեն քայլափոխիդ հանդիպելով:
Ես հիմա եմ հասկանում և զգում սիրո այն մեծ ուժը, որը բազմիցս անգամ ինձ ետ է պահել մարդկանց անհեթեթ թվացող քայլերից:Իսկ ինչու են նրանք այդ քայլը համարում անհեթեթ ու անմարդկային հիմար արարք, երբ ժխտում են իրականությունը, երբ ստիպում են մարդուն պարփակվելու ինքն իր մեջ և խեղդելու իր սերն իր հոգում:Երբ ստիպում են մարդուն իր սիրո մասին միայն երազելու, միայն կարոտելու սիրո կյանքին, երբ այն գոյություն ունի, երբ նա նստած է կողքիդ, իսկ դու միշտ ամեն րոպե զգում ես նրա կարոտը, երբ միշտ ինչ-որ ջերմության կարոտ ես զգում, կարոտ ես սիրո բույրին ու քաղցրությանը:Ինչպես կարելի է բացատրել մարդուն իսկական սերը, որպիսի նա հասկանա, որպիսի պատկերացնի սիրո էությունը, որպիսի գոնե նա ընդունի իսկական սիրո գոյությունը:Եվ ինչքան ու ինչ ձևով կարելի է շարունակել այսպես, իսկ դրա հետ միասին նաև պահպանել առօրյա կյանքի էությանը:
Որքան կարելի է սպասել ու հավատալ, որքան կարելի է ինքդ քեզ խաբես, որ կգա մի օր և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է, որ ամեն ինչ կկարգավորվի: Սակայն միշտ հուսախաբություն ապրել, միշտ քեզ զգալ խաբված ու ընկճված:
Ոչ, ես այլևս չեմ կարող այսքանը համբերել, ես այլևս չեմ կարող խաբել ինքս ինձ ու իմ սիրուն:Ես այլևս չեմ կարող ապրել սիրո կյանքով միայն երազանքներում:Այժմ արդեն դրանք էլ են խափուսիկ դառել:Արդեն կարծես դրանք էլ են սկսում համոզել քեզ, որ դու կյանքում կարող ես ավելորդ անձնավորություն դառնալ քո իսկ սիրո համար, որ դու նրան կարող ես նրան մշտական տհաճություն պատճառել` խանգարելով նրան...
նամակի վերջ
28/IV/80թ.
Բարև սիրելիս:
Չգիտեմ ինչ գրեմ, ինչպես վարվեմ, որ այսպես չստացվի, որ իրար գրչով չհասկանանք, այլ խոսքով, պարզ, մարդկային արտահայտություններով:
Ախ Նարի, եթե իմանաս թե ինչքան քաղցր է կյանքը իր բոլոր գույներով և եթե պատկերացնես, թե ինչքան այն դառնացել է հիմա:Սակայն այս ամենը այնքան էլ երկար չի շարունակվի, մի գեղեցիկ օր այն կփոխվի և այլևս գրելու կարիք չի լինի կամ հնարավորություն:
Ես այս ամենն առաջվա նման չեմ արտահայտվում և ոչ էլ առաջվա նման չեմ կարող շարունակել:
Երևի սա լինի այն վերջին տողերը, որով ես հնարավորություն ունեմ արտահայտելու իմ զգացմունքները, որոնց հավիտյան գերին եմ դարձել հիմա: Այնքան դաժան է այս ամենը, որ երբեք չի հաջողվի հակառակը պատկերացնել նման դրության մեջ:
Դու, սիրելիս, ճիշտ չես հասկացել իմ խոսքերի ճիշտ իմաստը:Այն երբեք երկիմաստ բնույթ չի ունեցել:Դու կյանքում չհավատաս, որ ես երբևիցե քեզնից “վրեժխնդիր” լինեմ, ինչպես դու ես պատկերացնում ու մտածում:Այժմ սիրելիս իմ առաջ երկու ճանապարկ կա` երկուսն էլ այնքան մոտիկ մեկը մյուսին:
Միգուցե հարկ կլիներ բացատրվել: Խնդրեմ: Դու, Նարի, քո այդ վերաբերմունքով ու խոսքերով իմ հանդեպ ինձ ավելի շուտ II ճանապարհ ես “շպրտում”, որն այնքան կարճ է ու հանկարծակի: Եվ որ ամեն ինչ այդպես է ընթանալու, ապա ոչինչ չես կարող անել, երբ դա է քեզ համար “ավելի լավը”, ես այն չեմ ընդատի քո համար:
Եթե իմանամ` իսկապես քեզ համար ավելի լավ է միայնակ լինել, երբ ես խանգարում եմ քո անդորրը և պղտորում մտքերդ ու դառնացնում կյանքը, ապա ես պատրաստ եմ հրաժեշտ տալու քեզ և բոլորին, բոլորին առանց բացառության, նույնիսկ ինձ:
Ես միայն վախենաում եմ նրանից, որ քեզ դառնություն պատճառած կլինեմ, միգուցե և շատ քիչ, բայց և այնպես դա ինձ համար շատ ծանր է:
Ես չեմ կարող շարունակել այսպես և չեմ էլ կարող դիմել այդ թեթևսոլիկ քայլին:Ամեն անգամ կարծես ձեռքիցս բռնես, արգելես “վայրէջք” կատարելուց: Երբ մտածում եմ, թե ինչպես կընդունես դու այդ փաստը, ուղղակի քարանում եմ տեղումս, ամբողջ մարմնով սառում:Բայց սիրելիս ինչքան էլ դա սարսափելի լինի ու հիմարություն թվա, բայց դա արդեն շատ մոտ է ու այնքան միայնակ ճիշտ ճանապարհը դա է մնում նման շարունակության դեպքում:
Դու վերջերս ավելի շատ հետաքրքրվում ես, թե ինչու այդքան խեղճացած եմ:
Այո, Նարի, ինձ այլևս ոչ մի ուրախություն չի կարող կտրել այդ վիճակից այն օրվանից, երբ գնացի Աղվերան առանց քեզ տեսնելու և այդտեղից մինչև վերադառնալս համարյա ամբողջ ժամանակը աչքիս առաջից չէիր հեռանում:Հիմա, սիրելիս, այլևս ոչինչ չունեմ ջղայնանալու, ներվայնանալու այնքանից հետո, երբ հիմա արդեն նման դեպքերում սիրտս քիչ է մնում տեղից դուրս թռնի:Եվ չզարմանաս Նարի, որ հաճախակի է ձեռքս կրծքիս դնում:
Դա կրծքերիս մեծացում չէ, ինչպես ես ասացի քեզ: Իմացիր ավելի ճիշտ և պարզ:Երկրորդ ճանապարհը, Նարի, դա ավելի երջանկություն է խոստանում:
Ես սովորություն չունեմ խոստովանություններ տալու, խոստանալու քեզ ամբողջ մի աշխարհ, ամբողջ թագավորություն կամ գանձ ու կալվածք և այլն, և այլն:
Այդ ամենը չեմ կարող խոստանալ, եթե ես այդ ամենին ընդունակ չեմ...
... Բայց այն, Նարի, որ մեր միասնությանը կնախանձեն շատ շատերը, դա լիովին խոստանում եմ:
Դու այլևս հավատալու տեղ չունես իմ նկատամամբ, երևի դա այդպես է, բայց ես ինչպես կարող եմ ավելի պարզ լինել, որպիսի քեզ սուտ չթվա:Չգիտեմ ինչպես վարվել այս դրության մեջ:
Դու միշտ խուսափում ես անկեղծ խոսակցությունից հեռու ես պահում ամեն ինչից, քեզ լիովին “իզալացված” ես պահում, իսկ հակառակը` պահանջում ամեն ինչ, պահանջում, որ երբեք խոսքով չվիրավորեմ քեզ և անեմ այնպես, որ դու զգաս թե կողքիդ ամրակազմ պաշտպան ունես:Բայց դու երևի չես էլ պատկերացնում թե ինչքան է այդ “պաշտպանին” թևեր տալիս սիրո ամեն մի ջերմ խոսք, ամեն մի համբյուր ու հաճելի զբոսանք:Իսկ ուր են դրանք, որտեղ են կորել, որ չեմ տեսնում:
Ինչ է սիրելիս, կարծում ես ինձ համար հաճելի է այսպես շարունակել: Ոչ:
Նարի, կարծում ես ինձ համար հեշտ էր լսել, որ Մուշեղը եկել էր:Դա որքան անսովոր թվա, նույնքան և սպասելի, սակայն երբեք թույլատրելի: Դրա համար… Բայց և այնպես քեզ էլ մեծ մաս ունես դրա դեմ պայքարելու, եթե չես ուզում:
Ես չեմ ուզում որպիսի այսպես քննարկենք այս բոլորը:Սա այնքան տխմարության է նման, քան իրականության:
Նարի, սիրելիս, ինձ միայն մի բան է մնում խնդրելու և այլևս ոչինիչ գրելու բան չունեմ:
Նարի խնդրում եմ ճիշտ ու ռեալ մտածես ու հասկանաս իրավիճակը, հասկանաս ու ճիշտ քննարկես գոնե քո յուրաքանչյուր մտածածդ:Եթե դժվարության կհանդիպես, ես կօգնեմ ճիշտ հասկանալու և լիովին ռեալ պատասխաններով:Ես խնդրում եմ այդ ամենը չձգձգես ինչպես ամեն ինչ այսքան ժամանակ:
Ինձ երկար սպասել այլևս երբեք չես կարողանա ստիպել, այլևս անհնար է համբերել:Իսկ եթե ցանկանում ես, որ արտասանեմ այն բառերը, որոնք նշանակում են են այլևս ոչ մի կապ մեր մեջ, ապա դու կլսես, երբ ցանկանաս, ինչպիսի դրության մեջ էլ լինեմ:Իսկ դրանից հետո երբևիցե չսպասես ինձ, չմտածես որ երբևիցե կհանդիպենք, երբևիցե մի երկու խոսք կփոխանակենք:Դա այլևս չի լինի, դա այլևս անհնար է. մարդը հողի տակից չի կարողանա երբևիցե խոսել:Եթե ես արտասանեմ այդ բառերը, ապա իմացիր, որ դրանից այն կողմ այլևս ինձ ճանապարհ չկա:
Մի նեղա Նարի, որ այսպես եմ եմ գրում, որ գրածս իմն են միայն արտահայտում, միայն իմ ցանկությունները:Ես քեզ, Նարի, շատ լավ եմ հասկացել և հիմա էլ վիճակը ավելի վառ պատկերացնում:
Ես սիրում եմ քեզ, սիրում եմ , սիրում եմ, սիրում..
Եթե չես գրում, չես ցանկանում գրել, ապա մի խուսափիր խոսակցությունից…
Ես այլևս չեմ գրի կամ…, բայց առջևում դու ես, ճանապարհիս միակ վառ փարոսը :
Երկու դեպքում էլ գրելը բացառված է:
Այս տոմսերը թող մնան որպես հիշատակ այն օրվա, որն այդպես էլ “չանցավ…”
Աշխատիր այլևս չմրսել:
վերջ թղթային հաղորդակցմանը...
7 տարվա ծանոթությունից հետո Արան ու Նարին ամուսնացան 1984թ.-ին:
Ունեցան երկու զավակ: Ունեցան երջանիկ ու ծանր օրեր, ապրեցին մութն ու լույսը միասին մինչև 2002թ.:
Արան հեռացավ կյանքից:
Նարին երբեք չկարողացավ արտահայտվել, միայն ամուսնու մահից հետո կարողացավ մի կտոր թղթի վրա գրել.
http://img20.imageshack.us/img20/7465/scanth.jpg
ի պատասխան Արայի դեռ 1980թ.-ին գրված վերջին տողերի. (տես # 27 գրառում)
http://img89.imageshack.us/img89/2600/copyofscan.jpg
Հ.Գ. Նվիրվում է Արայի հիշատակին
http://img818.imageshack.us/img818/128/papke.jpg