PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Առակներ



*e}|{uka*
19.04.2008, 18:19
Կարծում եմ՝ այս առակը շատ կսազեր քաղաքականության բաժնին: :)Գայլն էր իր հին պաշտոնին
Էլ չափ չկար խոսքի տոնին ,
Իրեն վեր էր միշտ համարում,
Ու բոլորին արհամարում:
Ուզածովն էր նա գործ անում,
Կարգ ու օրենք չէր հասկանում:
Առաջ պարզած կեղտոտ ափը,
Կորցրել էր նա իր չափը:
Բոլորից էր նա վերցնում,
Մեծ ու փոքր չէր հարցնում:
Պինդ էր զգում նա աթոռին,
Վերևում էր իր գայլ քեռին :
Ձեռքը ձեռք էր լվանում,
Վատ գործը միշտ լավանում,
Հաճախ նվեր էր տանում,
Քեռին շատ էր հավանում :
Բայց երկար չբանեցին,
Մի օր քեռուն հանեցին
Հանեցին հին ջոջերին,
Նրանց հետ էլ պոչերին:
Ով իր չափը չի իմանում,
Երբեք երկար չի դիմանում...

Դեկադա
20.04.2008, 10:55
Արծիվը թառել կիսավեր վանքին,
Մտքում` նայում էր իր անցած կյանքին,
Բայց հանկարծ վանքի մի որմի վրա,
Տեսավ քանդակված պատկերն ինքն իրա,
Ու շ~ատ զարմացավ արքան ալեհեր,
Ե՞րբ է քանդակված` չէր տեսել դարեր,
Ինչու՞ չէր տեսել քանդակն երբևէ`
Շուրջը չէ՞ր նայում օրերում իր վեհ,
Երբ, որպեսզ ճճի` մարդուն ցած թողած
Ճախրում էր ինքը` աստղերին հասած....
Գոռո՞զ էր, ի՞նչ է,-
Բայց նոր հասկացավ
Թևաթափ ոգին` երբ փառքից ընկավ,
Որ գոռոզ աչքը շուրջը չի տեսնում,
Մինչ համեստության հայացքն աստղերից
Մինչև ծովերի հատակն է հասնում.....
.................................................................................
Ցածրում է, իրավ, բայց բարձր է նորից
Համեստ մրջյունը հպարտ արծիվից.....

*e}|{uka*
20.04.2008, 13:05
Օձն ու բահը

Օձը դաշտում մի բահ տեսավ,
Խիստ այլալվեց՝ վրա հասավ.
Բահը դեմ էր կռվի կոչին,
Ո՞վ ուժ կտար նրա պոչին:
-Ես չեմ,-ասաց,-քո թշնամին,
Զուր ես եկել դու այս ժամին,
Եվ փոխել ես անգամ գույնդ,
Շատացե՞լ է , ինչ է թույնդ:
Ծանրություն է տալիս գլխիդ,
Տերս եկավ՝ կտաս հոգիդ:
Դու էլ գիտես, ու՞մ է անհայտ,
Կռվի չես գա դու բացահայտ:
Քեզ որ կպչեն դու կպայթես,
Վեր կթռչես ու կխայթես:-
Այսպես ասաց բահը օձին,
Որ նա թողնի գնա գործին:
Սակայն օձը մնաց նույնը,
Պետք է թափեր նա իր թույնը:

Դեկադա
20.04.2008, 13:25
Նույն հողը կյանք էր տվել թե հասկին,
Թե փուչ տատասկին.
Նույն անհիշաչար հողը բեղմնավոր.
Բայց տատասկն ասաց` հողն է մեղավոր,
Որ խայթում եմ ձեզ,
Խայթում օձի պես,
Ա~խ թե լինեի ուրիշ մի հողում,
Այստեղ իմ բախտը այս հողն է թաղում,
Ա~խ, թե ծնվեի այնտեղ, օ~, այնտեղ`
Հասկեր կտայի ձեզնից էլ շքեղ,
Հողն է մեղավոր, որ հաց չեմ տալիս:
Բայց բողոքեցին հասկերն արտերիս,
-Ուր էլ որ գնաս` էլի կխայթես,
Չես դառնա քնքուշ,
Էն գլխից ես փուշ,
Զուր ես բարբաջում մայր հողի մասին,
Քո սերմի մեջ է քո չար բախտը սին,
Ով փուշ է ծնվել` փուշ էլ կմնա,
Վարդի չի փոխվի` ուր էլ որ գնա,
Դրախտ էլ գնաս`
Տատասկ կմնաս...

*e}|{uka*
23.04.2008, 15:22
Ուշքը տված սոված փորին,
Կովն հասել էր արդեն ձորին :
Էշը տեսավ , վայ ինձ ,ասավ ,
Ու տիրոջ մոտ վազքով հասավ.
-Հարա՜ա՜յ,հասե՛ք,վա՛յ իմ օրին,
փրկեք մահից հիմար կովին:
Կովը լսեց, խիստ բարկացավ.
-Ի՞Նչ ես գցել դու վայնասուն,
Ձո՞րն եմ ընկել այ անասուն:
-Լավ է հիմա լինեմ փիսը,
Քան շալակեմ ես քո միսը:
Էսպես ասաց էշը կովին,
Կանխավ փրկեք փոսն ընկնողին: :))

devil
26.06.2008, 17:44
Էսպես չի մնա

(Հին զրույց)



Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.

Եվ ի՞նչն է հաստատ աշխարհքի վրա…

Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ,

Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա:-

Լինում է` իբրև գյուղացի մի մարդ,

Աղքատ, օրական ապրուստի կարոտ:

Ունենում է սա մի խելոք տղա,

Տանում է ծառա տալի մեկի մոտ:



Տարիք են անցնում: Էս խելոք տղեն

Էնպես է ազնիվ ու ժիր ծառայում,

Որ տերն էլ սրա վարձը շատացնում,

Ինչպես իրենը` էնպես է նայում:

Հիշում է մի օր հայրը իր որդուն

Ու վեր է կենում գալի տեսության.

-Հը՞, ո՞նց ես, որդի՛ս, հիմի էլ էնպես

Էլ մերկ ու տկլոր, էլ քաղցած հո չե՞ս:

-Չէ՛, լավ եմ, հայրի՛կ, ապրուստս միշտ կա

Բայց ինչ անես որ… էսպես չի մնա…



Գնում է հայրը: Տարիք են անցնում:

Առաջ է գնում տղեն օրն օրին,

Վերջը բարձրանում, պալատն է հասնում,

Դառնում է ծառա մեծ թագավորին:

Հիշում է մի օր հայրը իր որդուն

Ու վեր է կենում գալի տեսության.

-Հը՞, ո՞նց ես, որդի՛ս, էլ ի՞նչ ես ուզում,

Լողում ես առատ էս լիքը ծովում:

-Հա՛, լի եմ, հայրի՛կ, դու հանգիստ գնա,

Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մնա…



Գնում է հայրը: Տարիք են անցնում:

Էնքան է սիրվում մեր խելոք ծառան,

Որ թագավորը բերում է սրան

Իրեն տերության երկրորդն է անում:

Հիշում է մի օր հայրը իր որդուն

Ու վեր է կենում գալի տեսության.

-Հը՞, ո՞նց ես, որդի՛ս, էլ ի՞նչ է մնում,

Քու խոսքովն են ողջ նստում-վեր կենում:

-Հա՛, մեծ եմ հայրի՛կ, նազիր եմ ահա,

Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մնա…



Գնում է հայրը: Տարիք են անցնում:

Էս բարի երկրի թագավորը ծեր

Մի օր անժառանգ ընկնում է մեռնում:

Գահն ու աշխարհքը մնում են անտեր:

Ժողովք են կանչում երկրի մեծերին:

Ժողովք են գալի, խորհուրդ են անում,

Բերում են իրենց խելոք նազիրին

Առքով ու փառքով թագավոր դնում:

Ու մեր գյուղացին լսում է մի օր`

Դարձել է իրեն որդին թագավոր:

Գալիս է.-Որդի՜ս, էլ ի՞նչդ է պակաս,

Ամբողջ աշխարհքում մի դու ես, որ կաս…

-Փառք աստծու, հայրի՛կ, ունեմ թագ ու գահ,

Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մնա…



Գնում է հայրը: Տարիք են անցնում:

Իր գահին բազմած ինքնակալը նոր

Մահվան ու կյանքի վճիռ է անում`

Բուռը հավաքած աշխարհքը բոլոր:

Բուռդ հավաքի աշխարհքը թեկուզ,

Թողնելու ես ողջ դարձյալ աշխարհքին:

Մեր թագավորն էլ մի անգամ էսպես

Մահիճ է ընկնում, ավանդում հոգին:



Լսում է ծերուկ հայրը մի օր էլ,

Որ իր թագավոր որդին չմնաց:

Ի՞նչ ասել կուզի-գալիս է վրեն,

Էլ ի՜նչ մղկտոց, էլ ի՜նչ սուգ ու լաց…

Զորքով, աշխարհքով, ծեսով, հանդեսով,

Արքային վայել թաղում են անում,

Ու վեր են կենում` զրույց անելով

Ամենքը իրենց տներն են գնում:

Տարիք են անցնում: Հայրը մի անգամ

Գալիս է որդու շիրիմի վրա:

Գալիս է, տեսնում` մարմար մահարձան,

Բայց վրեն գրած… “Էսպես չի մնա…”:



Գնում է հայրը: Տարիք են անցել.

Ով կարա մեզնից հաշիվն իմանա…

Էն օրից էսօր անվերջ, դարեդար

Զրույցն ասում է. “Էսպես չի մնա…”:

Ու չկա շքեղ արձանն արքայի,

Ոչ նրա քաղաքն աշխարհքի վրա,

Մերն է աշխարհքը ու կյանքը հիմի,

Բայց մեր աշխարհքն էլ… էսպես չի մնա…



Հ. Գ. Թումանյանն ինչպես միշտ անգերազանցելի է...

Դեկադա
09.04.2010, 08:16
ՄԿՐՏԻՉ ԿՈՐՅՈՒՆԻ ԱՌԱԿՆԵՐԻՑ

ԱՐԴԱՐԱՑԻ ՊԱՀԱՆՋ

Թեյ խնդրեց մի օր մարդը կնոջից,
Կինը սառցաջուր մատուցեց նրան:
Մարդը դժգոհեց, հարձակվեց վրան.
– Չ՞է որ կհազամ...պաղ ջուր մի տա ինձ...
Կինը թե. – Ոչի՜նչ, ոչի՜նչ սիրելիս,
Տանը լինելիս ինձ հետ չես խոսում,
Ձայնդ գրեթե տանը չեմ լսում,
Թող ձայնդ լսեմ գոնե հազալիս...
***
Այս քնքուշ խոսքը մարդուն դուր եկավ:
Ու նա փոխվելով սակավ առ սակավ,
Դարձավ անթերի ամուսին ու մարդ,
Կնոջով տարված, կնոջով հպարտ:


ՈՏՔԵՐՆ ՈՒ ԳԼՈՒԽԸ

Ոտքերը մի օր ասացին իրար.
– Մինչև ե՞րբ այսպես մեզ տան քարեքար,
Այս անտանելի վիճակն իրական,
Եկ հայտնենք Գլխին մեր տեր տիրական…
Ու ձայն տվեցին.– Մեր Գլուխ, մեր տեր,
Մի անգամ էլ դու մեզ քո միտը բերը,
Մեզ վրա ճամփի ողջ կեղտն ու փոշին,
Մենք ձմեռ, գարուն մերկ ու անկոշիկ...
Թեև ոտքերը ձայնեցին նրան,
Սակայն չստացան ոչ մի պատասխան:
Իսկ ինչու՞: Գուցե Գլուխն էր տկար,
Ոչ: Մարմինը կար, Գլու՛խը չկար:
***
Միշտ էլ ոտքերին մեծ վնաս կգա,
Երբ մարմինը կա, գլուխը չկա:

Լեռնցի
20.06.2010, 11:13
Բամբասանք

Բարձր ճիւղին մեծարանքով`
Ճանճն էր նստել փոքր ու չնչին.
Երբ առիւծը անցաւ տակով,
Չնկատեց, սակայն, ճանճին:

- Չբարեւի առիւծը ի՞նձ....
Զարմացավ ճանճը ու տխրեց
Ու տզզալով մտավ ուղիղ
Մեծ առիւծի ականջի մէջ:

Ասաց. "Լսս-սիիի՜ր, ո՛վ մեծ արքայ,
Ճի՞շտ է, որ այդ աղուեսն ագահ
Մժեղի հետ վաղուց արդէն
Դաւ է լարում արքայիդ դէմ":

Սակայն հպարտ առիւծ արքան
Չլսելու տուեց նրան:

Բայց ճանճն էլի շարունակեց.
-Գիտե՞ս, անտառն ինչ է ասում,
Որ դու այնքա՜ն ես թուլացել,
Որ մկներ ես արդէն որսում:

Սակայն դարձեալ հզոր արքան
Չլսելու տուեց նրան:

Շարունակեց ճանճը դարձեալ.
- Իսկ ճի՞շտ է, որ կոյր ու անտեր
Ավանակին երկարականջ
Թագուհի ես ուզում կարգել:

Չհամբերեց առիւծն այստեղ
Ու զայրոյթով` ելավ մէկից,
Զիլ ոռնոցով բարձր ու ահեղ,
Նետուեց փոքրիկ ճանճի հետքից,
Ու գազազած այնքան վազեց
Ատելութեամբ մի անհագուրդ,
Որ մինչև իսկ չնկատեց,
Թէ ոնց իրեն նետեց անդունդ:

Իսկ այդ ճանճը դեռ իր տեղում
Սպասում է նոր յոյսով լի,
Թէ մեզանից, արդեօք, է՞լ ում
Բամբասանքով անդունդ տանի:

Կարո Մելիքսեթեան

---------- Ավելացվել է՝ 12:13 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:06 ----------

ՃԱՆՃԸ

Խոնարհ ու հեզ
Մի հոգնած եզ,
Արորն ուսին
Ճանճը պոզին
Մի իրիկուն
Գալիս էր տուն:

Մին էլ ճամփին
Մի ուրիշ ճանճ
Հենց նստածին
Ասաց. – Տո, մանչ,
Էս եզան հետ
Որտեղի՞ց էդ:

Քիթը տնկած
Ճանճը ասաց.
- Մենք որտեղի՞ց.
Վարում էինք,
Վարատեղից:

Խնկո Ապեր

Անտիգոնե
16.08.2010, 19:18
Դատարկ բեմ է գտել քամին.
Եվ ժարգոնով փողոցային,
Ողջ քաղաքի աղբն ու փոշին
Սուլեց քշեց դեպի դահլիՃ:
Սարսափելի չկա ոչինչ,
Բայց երբ աղբը փողոցային
Մաքրազերծում գովերգում են
Իբրև արվեստ երևելի.
Այ հենց դա է սարսափելի:


Աղբն ու օճառը

Աղբը մի օր ասաց
-Օճառ, անխելք ես շատ,
Ինչ ես մաշվում փրփուր դառնում
Այս աշխարհից վաղ հեռանում:
Օճառն ասաց.
-Վաղն ու ուշը ես չեմ խորհում:
Աշխատում եմ զուր չմաշվել,
Հեռանալիս այս աշխարհի
Աղբն ու փոշին միքիչ մաքրել:

Պ. Զեյթունցի

Շինարար
17.08.2010, 14:17
Մոդերատորական. թեման առանձնացվել է «Առակներ, իմաստուն պատմություններ» (http://www.akumb.am/showthread.php/67-Առակներ-իմաստուն-պատմություններ) թեմայից, ի տարբերություն որի՝ այստեղ գրառվում են միայն չափածո առակներ, ինչի համար էլ թեմային ավելացվել է «պոեզիա» բնորոշիչը:

E-la Via
07.02.2011, 17:41
Ձկնորսական խայծի կոչումը ձուկ որսալն է,
Իսկ երբ ձուկը բռնված է, խայծը մոռացված է:
Բառերի կոչումը գաղափարներ հաղոդելն է,
Երբ գաղափարներն ընկալված են, բառերը մոռացվում են:
Որտեղ ես գտնեմ այն մարդուն, որը բառերը մոռացել է:
Դա նա է, ում հետ ես կուզեի խոսել:

Չժուան Ցզի

Անտիգոնե
17.08.2011, 11:09
ՄԱՐԴՆ ՈՒ ՏԱՐԵՐՔԸ

Փոփորիկ էր ծովի վրա:
Ալիքները շաչում էին
Եվ լեռնանում փրփրադեզ,
Եվ փլչելով իրար վրա`
Իջնում էին մռայլ անդունդ:

Եվ գունդագունդ,
Խոժոռ ամպեր կայծակնալից`
Խուժում էին խուլ երկնքից
Եվ որոտում որոտագին:

Նավակի մեջ մի խեղճ ձկնորս,
Օրհասական թոհուբոհում,
Անիծում էր իր բախտը չար,
Որ հատկապես իրեն համար
Խառնվել են տարերքն իրար:

Ա. Իսահակյան

Arpine
24.11.2011, 23:41
ՄԱՐԳԱՐԻՏՆ ՈՒ ՓՐՓՈՒՐԸ
Ծովի երեսն է փրփուրը ելնում,
Փայլփլում մի պահ, իբր մարգարիտ,
Մինչ մարգարիտը խորքում է լինում,
Խորից է ծնվում գանձը ճշմարիտ:
Բայց այսպես խոսեց փրփուրն այդ մասին.
- Ինչո՞ւ տեղ չունես ծովի երեսին,
Թե մարգարիտ ես... Էլ ի՞նչ մարգարիտ,
Ես եմ մայր ծովի գանձը ճշմարիտ,
Որ միշտ ջրերի երեսն եմ ելնում,
ՈՒ ես եմ փայլում, Կյանքը վայելում....
Բայց իր վայելքը երկար չտևեց,
Մի քամի ելավ, փրփուրը ցրվեց
Հետքն էլ չմնաց ծովի երեսին...
Մինչ մարգարիտը, երբ խորքից հանվեց,
Ձեռքե-ձեռք խլվեց, գանձ է, գանձ, ասին,
Ահա' մայր ծովի միակ փառքը մեծ:
...Մարդիկ կան, որոնք փրփուրի նման
Միշտ կյանքի ծովի երեսն են ելնում,
Բայց խորքում որքա՜ն Մարգարիտներ կան,
Որոնց փառքը դեռ փրփուրն է խլում:

Varzor
25.11.2011, 12:34
Դարեր կանգուն հզոև կաղնին
Փոթորկին էլ չէր խոնարհվում,
Բայց երբ կացինն իջավ մեջքին
Կաղնին դարձավ մի հավաբուն:
***
Շատերն են փորձել չարիքի ուժով
Ճշմարտության ժայռը գցե վայր:
Երկար են փորձել, բայց ժառը դեռ կա,
Միայն աշխարհն են շրջել գլխիվայր: