PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Farfalla-ի, Mark Pauler-ի և Chilly-ի համատեղ պատմվածքը



Շինարար
19.07.2010, 18:30
Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. Farfalla (http://www.akumb.am/member.php/14733-Farfalla)-ն սկսում է, Mark Pauler (http://www.akumb.am/member.php/23018-Mark-Pauler)-ը՝ շարունակում, Chilly (http://www.akumb.am/member.php/2933-Chilly)-ն՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8.-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF.-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6):

Մինչ բոլոր երեք մասնակիցների՝իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

Farfalla
20.07.2010, 21:32
Տոթ էր:
Արևոտ ու պայծառ օր էր խոստանում լինել:
Փողոցը կամաց-կամաց լցվում էր հետաքրքրասեր մարդկանցով, որոնք գալիս էին ականատեսը լինելու, թե ինչպես է ավարտվելու ինչ-որ մեկի կյանքը:

Փոքրիկ սենյակը լուսավորվում էր:
Նա անշարժ պառկած էր հատակին և այդ քար լռության մեջ փորձում էր որսալ սրտի զարկերը: Տեսնես ինչքա՞ն մնաց:
Չդիմացավ` կանգնեց: Փորձեց քայլել սենյակում: Մի պատից մյուսը ընդհամենը վեց քայլ էր: Անգիր էր արել այդ ճանապարհը:
Մոտեցավ մահճակալին և բարձի տակից հանեց նրա նկարը: Ամուր սեղմեց ձեռքում: Ապա նստելով հայացքը սևեռեց նկարին, որում մի մարդ էր, ում սիրում էր բոլորից շատ, մի մարդ, ում միշտ վախեցել էր ասել իր զգացմունքների մասին: Ամեն ինչ կտար, որպեզսի ևս մեկ անգամ լսեր իր համար այդքան հարազատ ձայնը:
Ցանկություն առաջացավ գոռալ.
- Սիրում ես քեզ: Ներիր ամեն ինչի համար: Նրա համար, որ ծանր պահերին քո կողքին լինելու փոխարեն ընկերներիս հետ խմում ու “աղջիկների” հետ քարշ էի գալիս: Որ դուռը շրխկացնում ու փախնում էի, երբ փորձում էիր հետս խոսել: Որ տուն էի գալիս միայն ուտելու և քնելու համար:
Ներիր ինձ, մայր, ներիր ինձ:

Ժամը 8:53 րոպե: Ամբոխը մրջյունների պես շատանում էր: Հավաքվածները պատրաստ էին ամեն ինչ տալ, գեթ կես հայացքով Նրան տեսնելու համար:

Իսկ նա…իսկ նա այնքան էր ուզում ապրել…

Mark Pauler
26.07.2010, 23:33
Եվս յոթ րոպե և տեղի կունենա մի արտասովոր արյունոտ բեմականացում: Ականատեսների հայացքներում կդրոշմվի այդ տեսարանը` որպես դաժանության արվեստի և ինքնակոչ արդարադատության մի յուրահատուկ խառնուրդ: Ամբոխի դատարկ հետաքրքրասիրությունը գործիք էր մի մարդու ձեռքում, ով այդ պահին նույնիսկ չէր էլ ցանկացել դիտել իր ստեղծած ամենավերջին “գլուխգործոցը”: Թվերի աշխարհում ապրող այդ մարդուն միայն մի բան էր կապում կյանքի իմաստի հետ` սերը մոր նկատմամբ: Մոր, որ դաժանաբար սպանվել էր իր իսկ անկողնում` որդու ենթադրյալ հարստությունը հափշտակելու մոլուցքով վարակված տականքի ձեռքով: Դատաբժշկի եզրակացությունը միայն բառեր էր թղթի վրա, իսկ երևակայական պատկերը որդու աչքերի առջևից չէր հեռանում: Մարդասպանը ծեր կնոջը սկզբում կապել էր, տանջել, որպեսզի իմանար գաղտնարանի տեղը, այնուհետև փողի ու ոսկեղենի փոխարեն, հայտնաբերելով միայն տետրեր և գծագրեր` գուցե վրեժի ծարավից կամ որպես ավելորդ վկայի, որին կենդանի թողնելը վտանգավոր էր համարել, հարվածել էր դանակով և փախուստի դիմել:
Մայրը նրա համար ամեն ինչ էր: Մանկությունից նա մերժված էր շրջապատի կողմից, որի իրական պատճառը ոչ թե անհայր մեծանալն էր, այլ իր մաթեմատիկական տաղանդի և բացառիկ ընդունակությունների հետևանքով հասակակիցներից տարբերվելը: Շատերը կարծում են, թե հրաշամանուկ լինելը պարգև է, իսկ նրա համար դա նշանակում էր մեկուսանալ աշխարհից, տանել անվերջանալի ստորացումներ ու մշտապես լինել պատանեկան դաժանությունների առարկա: Այդ ամենը նա նույնիսկ վերապրելու էր ավելի մեծ տարիքում` ուսանողական տարներին:
Երեսուներեք տարեկանում նա արդեն հարյուրից ավելի գյուտերի հեղինակ էր: Նրա ստեղծած արտադրական յուրահատուկ սարքերը գործածվում էին աշխարահռչակ կազմակերպություններում: Այդ տարի իր ծննդյան օրը նշում էր գործընկերների հետ, որի ժամանակ մի չնչին թվացող դեպք նրան ստիպեց հասկանալ, որ կարելի է հաշվարկել ոչ միայն ֆիզիկական երևույթներն ու բարդ երկրաչափական մարմինները, այլ նաև մարդկանց` նրանց գործողությունները, մտքերը և նույնիսկ զգացմունքները: Այդ օրվանից նրա կյանքը փոխվեց: Թույլ մարդուկը դարձավ ոչ միայն իր կյանքի տիրակալը, այլև բոլոր նրանց, ում ցանկանում էր: Դա մի խաղ էր նրա համար, որտեղ մարդիկ իր համար ընկեր էին, սիրուհի, գաղափարակից, բայց իրականում ենթարկվում էին նրա կամքին ու ցանկություններին` դառնալով ընդամենը կամազուրկ ստրուկ:
Վերջին ամիսներին նա քիչ էր շփվում ծեր մոր հետ` ժամանակը ծախսելով նոր ընկերների և բազմաթիվ սիրուհիների վրա: Այդպես նա չէր փորձում լրացնել իր կորցրած պատանեկության ու վաղ երիտասարդության բացթողումները, այլ ուղղակի խաղում էր նրանց հետ, այսինքն` հաշվարկում: Նա հեշտությամբ կղեկավարեր մի մեծ ամբոխի, բայց մորը ստել անկարող էր: Այդ տանջված կնոջը աչքերի անհուն սերը միակ անհասկանալի ատամնանիվն էր, որը չէր տեղավորվում աշխարհ կոչվող իր նոր գլուխկոտրուկի մեջ:
Ամիսներ շարունակ նա մորից ուղղակի խուսափել էր, իսկ հիմա, միայնակ նստած կիսամութ սենյակում, որտեղ նույնիսկ ժամացույցն էր մեռած, սպասում էր ամբոխի վայնասունին: Ձեռքերում սեղմված նկարի միջից մոր աչքերը կարծես հիմա էլ սաստում էին ու փորձում դադարեցնել այն, ինչ կատարվելու է շուտով փողոցում: Սակայն մոր կենդանի խիղճը անկարող էր որևէ բան փոխել:
Նա նույնիսկ գիտեր, թե ինչ է զգում իր ձեռքերով ստեղծած հսկա, մահաբեր մեքենայի ներսում տանջվող տականքը: Գիտեր, թե ինչ են զգում փրկելու անօգուտ փորձեր կատարողող մարդիկ ու պատահական հետաքրքրքսեր անցորդները, բայց այդ ամենը լոկ հաշվարկներ էին, իսկ կարոտը…
Րոպեներ անց` ուղիղ ժամը ինին, հրապարակում կերևար մահվան ցուցահանդեսի վերջին տեսարանը, բայց քանի կա կարոտը և չի մարել կորստի տանջալի ցավը…