Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. Պոսեյդոն (http://www.akumb.am/member.php/24124-%D5%8A%D5%B8%D5%BD%D5%A5%D5%B5%D5%A4%D5%B8%D5%B6)ն սկսում է, Բարեկամ (http://www.akumb.am/member.php/1353-%D4%B2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B4)ը՝ շարունակում, Գալաթեա (http://www.akumb.am/member.php/10897-%D4%B3%D5%A1%D5%AC%D5%A1%D5%A9%D5%A5%D5%A1)ն՝ ավարտում:
Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8.-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF.-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6):
Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:
Պոսեյդոն
20.07.2010, 00:14
1781 թվական Ֆրանսիա, Փարիզ, ժամը՝ 18:00 փողոցներից մեկում:
Երկար ու լայն փողոց: Փողոցի վրա 2-5 հարկանի շենքեր և փոքրիկ խանութներ: Փողոցի վերջում մի եկեղեցի, որը պատված է մշուշով, հազիվ երևում էր եկեղեցու գմբեթն ու խաչը: Այդ փողոցի վրա գտնվող բոլոր շենքերի, խանութների դռներն ու պատուհանները փակ են: Որոշները ամբողջովին փակ են, իսկ որոշ պատուհաններից էլ կախած են սև վարագույրներ: Ամբողջ փողոցը լի է լռությամբ և աղբով՝ տոպրակներ, թղթեր, ձմերուկի կեղևներ, ճխլորած բանջարեղեններ, մրգեր, քրքրված հագուստներ, ջարդ ու խուրդ եղած սայլեր և մի տիկնիկ՝ դրված փողոցի մեջտեղում: Փողոցում խաղում է ուժգին քամին և իր հետ այս ու այն կողմ տանում փողոցի աղբն ու փոշին, դրանից էլ փոշին բարձրացրանում է երկինք և ծածկում է արևը, որն արդեն մայր էր մտնում: Այդպիսի վիճակում էր ամբողջ քաղաքը: Եվ հանկարծ փոշու ու աղբի միջից երևում է երկու ոտք՝ սև կոշիկներով և կանաչ գույնի քրքրված շալվարով: Ոտքերը սկսում են քայլել առաջ: Հանկարծ կանգ են առնում: Երևում է այդ մարդու դեմքը, որը ամբողջովին ծածկված է: Բաց են միայն աչքերը: Աչքերը սկսում են նայել մեկ աջ, մեկ ձախ, մեկ ուղիղ, կարծես ինչ որ բան են փնտրում և հանկարծ աչքերը միանգամից կանգ են առնում դիմացի շենքի 3-րդ պատուհանի վրա, վարագույրի հետևից մարդու գլուխ է երևում, որը միանգամից անհետանում է: Հանկարծ լսվում է երեխայի ճիչ ու գմփոց և այդ պահին փողոցում հայտնված այդ մարդը բաճկոնից հանում է ատրճանակը, լիցքավորում և պահում այն ուղղությամբ որտեղից լսվել էր ճիչը: Այնուհետև ևս մեկ ձայն՝ աջ կողմից, ատրճանակը ուղղվում է աջ: Հետո մի ուրիշ ձայն և ատրճանակը պտտվում է հետև, հետո նորից աջ, նորից ձախ, ձայներն ավելի են ուժեղանում, շատանում են ճիչերը, ատրճանակը սկսվում է ավելի արագ այս ու այն կողմ շարժվել: Աչքերը սկսում են ավելի անհանգիստ շարժվել և այդ մարդը սկսում է վազել: Վազում է առաջ, չտեսնելով թե ուր է վազում և ինչից է փախնում, երևում են միայն ոտքերը, որոնք արագ վազում են փողոցով և հանկարծ ոտքը դիպում է փողոցի մեջտեղում դրված տիկնիկին և ընկնում է գետնին, գցելով ատրճանակը, որն էլ անհետանում է մշուշի մեջ: Մինչ այդ մարդը փորձում է ուշքի գալ, լսում է ոտնաձայներ, ոչ թե մեկ, երկու, երեք, այլ շատ, շատ ոտնաձայներ: Գետնի վրայի մանր քարերը սկսում են դղրդալ: Ոտքերի ձայների հետ մեկտեղ լսվում են ինչ որ գռմռոցներ, ձայները մոտենում են, մոտենում են և…
...և մարդը բարձրացրեց հայացքն ու տեսավ, որ փոշու ամպի ծվենների հետևից իրեն են նայում մի քանի տասնյակ անշարժ դեմք: Դեմքերը սառն էին, ակոսված խորը, հնամյա գծերով ու չէին ժպտում: Դա մի քարացած ուշադրություն էր, որը թեև մահվան հանդիսավորություն ուներ, բայց մարդը նույնիսկ թաքուն շոյված զգաց ներսից:
Հայացքների մոտ քամին մազերի անգույն փնջեր էր ծածանում, ու աստիճանաբար, երբ փոշու ամպը ցրվեց, երևացին նաև անգույն ցնցոտիները:
Մարդը հանկարծ մի բան հիշեց, ու տենդոտ սկսեց ինչ-որ բան փնտրել հողի փոշու մեջ` առանց հայացքը կտրելու դեմքերի սևեռված մահարձանից: Վերջապես գտավ ատրճանակը, դողացող մատներով շտապ-շտապ լիցքավորեց ու առանց հապաղելու մի քանի գնդակ արձակեց մարդկանց ուղղությամբ: Թեև հեռավորությունն ընդամենը մի քանի քայլ էր, գնդակները զարմանալիորեն վրիպեցին: Ավելին` մարդկանցից և ոչ մեկը չանհագստացավ, չփորձեց փախչել, ու շարունակում էին անթարթ ու խորը հայացքներով նայել: Մարդը, վրա-վրա պարպում էր ատրճանակը` հևիհև, քրտինքի մեջ կորած, ու կրակոցները նյարդային ծակոտում էին քրջոտ քաղաքի անդուլ քամին:
Երբ դատարկեց վերջին փամփուշտը, մի կողմ նետեց հրազենն ու թևերը հուսահատ տարածելով` ծնկաչոք անշարժացավ հողոտ գետնին` ընդհատ հևալով ու երբեմն-երբեմն ծանր կուլ տալով թուքը: Քամին ծածանում էր կանաչ տաբատի փոշոտ փեղկերը, կողքին ընկած էր սև կտորե դիմակը:
Այդ պահին, անսպասելիորեն, մարդկային դեմքերից մեկն աղավաղվեց հիստերիկ ծիծաղով, որը ճաքեր տվեց քամոտ լռության վրա: Ծիծաղողը, որը 25-26 տարեկան ոսկրոտ մի անձնավորություն էր, ծերունական կնճռոտ դեմք ուներ, որի վրա պատկառելի բացվել էին խոշոր ու տձև, ծիծաղ հիշեցնող մի քանի ատամ:
Մարդիկ անտարբեր ու խեթ նայեցին ծիծաղողին, հետո շրջվեցին ու դանդաղ հեռացան` պատռելով խուլ քամին, ամեն մեկը մի ուղղությամբ:
Երբ փողոցը լրիվ դատարկվեց, երեկոն թանձրացել էր, քամին ուժգնացել ու պոկում էր խարխուլ տների քիվերն ու պատուհանների քաթանե կոպիտ վարագույրները:
Մարդը նստել էր գետնին:
- Վեր կացեք:
Մարդը հոգնած ու մոլորված նայեց շուրջը: Ոչ ոք չկար: Քամին արդեն ոռնում էր ողջ ուժով ու խլացնում ամեն ինչ:
- Վեր կացեք, ասում եմ: - Լսվեց նորից, այս անգամ ավելի մեղմ, ու ինչ-որ հեռավոր մտերմիկ հոգածությամբ` ձայնն ասես քնքուշ հպվեց ականջին ու շշուկի պես փարվեց-մնաց աղվամազին…
- Եկեք ինձ հետ, - խնդրեց ձայնը, ու ինչ-որ մեկի փոքրիկ ձեռքը տաքուկ հագավ մարդու խոշոր ու կոպտացած ձեռքին:
Կացարանը քարե անձավ էր հիշեցնում` փոքրիկ, անձև, հարմարավետ մի խոռոչ` ասես ժայռակտորի մեջ փորված: Իրականում դա մի հին տան միակ պահպանված մասն էր, ուր կարելի էր տեղավորվել: Այստեղ տաք էր ու հաճելի, ու քամին մնացել էր պինդ փակված պատուհաննների հետևում:
Թիկնոցով մի անձնավորություն կռացել էր կրակի մոտ ու ինչ-որ բան էր բզբզում:
Մարդը, անկյունում դիզված ծղոտին կիսապառկած, հարցեր չէր տալիս:
Թիկնոցը ևս չէր խոսում: Երբեմն գնում-գալիս էր, ինչ-որ բան վերցնում-տանում, բայց հիմնական թիրախը կրակն էր, որի մոտ իջնում էր կրկին ու զբաղվում ինչ-որ: Մարդը լուռ հետևում էր թիկնոցի ընթացքին, որը նրան ինչ-որ բան էր կարծես հիշեցնում, կամ մեկին…
Վերջապես թիկնոցը շրջվեց: Գլխակալի եզրը ծածկում էր դեմքի երկու երրորդը` ստվեր գցելով միակ երևացող հատվածի` շուրթերի վրա: Շուրթերի համաչափ, հանգիստ գիծն ու մեղմ վստահությունը հարազատ թվացին նորից…
Թիկնոցը գետնին դրեց տաք գոլորշի արձակող ապուրով կավե անձև պնակը` շուրթերի աննկատ ժպիտով, ու նստեց մի փոքր ավելի հեռու, հողոտ գետնին: Մարդը երկու ձեռքով վերցրեց պնակը, մոտեցրեց դեմքին ու սկսեց խմել` առանց հայացքը կտրելու նստած թիկնոցից:
Երբ դատարկեց, դրեց գետնին, հետ մեկնվեց ծղոտին ու շարունակեց սևեռուն նայել թիկնոցին: Դեմքի գունատությունն այժմ մի փոքր շառագունել էր տաք հեղուկից ու աչքերի փայլը կամաց-կամաց հետ էր ծնվում բիբերի խորքում:
- Իսկ դուք արագ եք ընտելանում, - իրեն հատուկ աննկատ ժպիտով նկատեց թիկնոցը: - Նորեկները սովորաբար պայքարում են մի որոշ ժամանակ:
- Ինչի՞ դեմ - աներևույթ ծխից կկոցելով աչքերը` հարցրեց մարդը, ու սիրտն այդ պահին գլանակ ուզեց, շատ:
- Ինչ որ տեսնում են:
- Իսկ ի՞նչ են տեսնում, - մարդը դժկամությամբ ուղղեց մեջքը, ձայնի մեջ հեգնախառն մարտահրավեր կար:
- Իսկ դու՞ք:
- Ես լիալուսին եմ տեսնում, - ասաց մարդը մտածկոտ` նայելով պատուհանին:
- Ահ…, - ծիծաղեց թիկնոցը, - ես այն չեմ տեսնում:
Մարդը հարցական թեքեց գլուխը:
- Այստեղ միշտ է լիալուսին, իսկ անփոփոխ իրերն այստեղ չեն երևում: Դուք կամաց-կամաց կընտելանաք դրան: Ու լուսինն էլ շուտով կդադարեք տեսնել, - թիկնոցը ժպտաց աննկատ: - Որպես առաջին ծանոթացում` ես ուզում եմ հասկանաք. այս քաղաքում երևում են միայն այն իրերն ու առարկաները, այն երևույթներն ու այն գոյը, որոնք կարող են փոխվել: Մնացածը, ինչն անփոփոխ է հավետ, չի երևում:
- Սպասեք… Իսկ….
- Բարի գալուստ Սխալների Քաղաք, - արագ ու հատու ձայնով արտաբերեց թիկնոցն ու ոտքի կանգնեց: - Գնանք, ճանապարհին կպատմեմ:
Դրսում զարմանալիորեն անդորր էր. խաղաղ ու լիալուսին գիշեր: Մարդը կասկածանքով նայեց լուսնին ու մի փոքր արագացրեց քայլերը, որպեսզի հետ չմնա թիկնոցից, որը քայլում էր առջևում, լուսնի կաթնագույն լույսով ողողված խճապատ, փոշոտ ճանապարհով, որի փոշին այժմ տեղ-տեղ փայլփլում էր սև ոսկով:
- Այստեղ սովորաբար խաղաղ է: Եղանակը փոխվում է միայն, երբ ինչ-որ բան է փոխվում:
- Երեկ ինչ-որ բա՞ն էր փոխվել:
- Երեկ դուք եկաք:
Ու թիկնոցը լռեց:
- Սխալների քաղաք… Այստեղ, ուրեմն, ապրում են մարդկային սխալները: Չէ, սպասեք: Այստեղ երևու’մ են մարդկային սխալները… Չէ, մի րոպե: Այստեղ երևում են այն սխալները, որոնք փոխելի են: Իսկ ինչպե՞ս է որոշվում ինչն է փոխելի, ինչը ոչ… Ու ո՞վ է որոշում…, - մարդը բռնեց ճակատը:
- Մարդիկ էլ հենց որոշում են, - պատասխանեց թիկնոցը:
- Այստեղ մարդկային թշվառությունն է - շարունակեց մարդը, – անգույն, ցնցոտիավոր ու անժպիտ: Այստեղ գնդակները չեն դիպչում, որովհետև սխալը չես սպանի: Այստեղ եղանակը փոխվում է միայն, երբ նոր մարդ է երևում, նոր սխալ… Երևու՞մ… Փաստորեն ուղղելի՞: Ես ինչու՞ հայտնվեցի: Ինչքան ժամանակո՞վ: Այստեղի՞ց ելք կա: Վերադարձ: Բայց վերադարձ ու՞ր:
Հարցերրի տեղատարափ էր մարդու գլխում, իսկ թիկնոցը, բնականաբար, լոռւմ էր:
Մարդը հանկարծ մի բան գլխի ընկավ.
- Այստեղ արև լինու՞մ է:
- Լինում է:
- Իսկ անձրև՞:
Թիկնոցը կանգ առավ ու նայեց մարդուն.
- Դուք ավելի եք հասկանում, քան կարող էի հուսալ: Անձրև նույնպես լինում է: Անձրևն արևի հետ` նշանակալից երևույթ է: Դրանից հետո քաղաքում մի բան փոխվում է, անհետանում է մի բան ծիածանի մյուս կողմում… - աննկատ ժպտաց թիկնոցը:
- … Իսկ… շա՞տ բնակիչ ունի քաղաքը:
- Շատ: Համարյա ամբողջ մարդկությունը:
- Իսկ որտե՞ղ են նրանք տեղավորվում:
- Մի մասը թաքնվում են: Դուրս են գալիս միայն այն ժամանակ, երբ վստահ են, որ շրջապատում ոչ ոք չկա: Ոմանք, - թիկնոցը դադար տվեց - քչերը… չեն փակում իրենց տան դռները, նրանց հասցեն գաղտնի չի, ու նրանք դեմ չեն այցելուների, որոշներն անգամ ուրախ են: Բայց դե հիմանական մասը` անհամեմատ մեծամասնությունը, չեն երևում պարզապես, - ու թիկնոցը ժպտաց` այս անգամ համարյա’ աննկատ:
- Չե՞ն երևում… Այսինքն անփոփոխ են… Կամ անփոխելի: Բայց ինչպե՞ս ախր…
- Որպես երկրորդ ծանոթացում` ուզում եմ հասկանաք նաև սա. քաղաքի բնակիչներից և ոչ մեկը զրկված չի հնարավորությունից: Ամեն ինչ ընտրության խնդիր է` փոխել, թե ոչ:
Մարդը կանգնած էր փողոցի կենտրոնում: Նա կարծես սկսել էր հասկանալ: Մտածմունքները սառեցրել էին իր ստվերը կաթնագույն ճանապարհին, ու նա ևս մեկ անգամ նայեց լիալուսնին:
- Ես մեկն էի նրանցից … Մինչև այստեղ հայտնվ… երևալը:
Թիկնոցը ժպտաց:
- Սպասեք, խնդրում եմ… - մարդը բռնեց թիկնոցի թևից:
Թիկնոցն աննկատ ցնցվեց ու զգույշ ազատեց թևը:
- Ես պետք է մտածեմ: Սպասեք, խնդրում եմ: Պետք է հասկանամ: Ինձ ժամանակ է պետք:
- Ժամանակն այստեղ կանգնած է: Դուք մի անհանգստացեք: Այն ևս անփոփոխ է: Հետևաբար դուք այստեղ ժամանակ չեք զգա: Իսկ ես ձեզ հիմա տանում եմ շրջապտույտի, էքսկուրսիա` այսպես ասած: Կմտածեք հետո: Հիմա տեսեք այն, ինչ դեռ ունակ եք տեսնելու: Ու երրորդ ծանուցումս` ուզում եմ, որ հասկանաք, թե ինչ կարևոր է, որ դեռ որևէ բան կարողանում եք տեսնել: Եկեք իմ հետևից: Ես ձեզ կներկայացնեմ քաղաքի բնակիչներին: Ոմանք ձեզ սրտաբաց կընդունեն, ոմանք կփորձեն իմանալ ձեր պատմությունը, ոմանց մենք հեռվից կնայենք, իսկ ոմանց մասին պարզապես կպատմեմ…
- Բնակիչներ…
- Ահա, բեռնակիր նկարիչներ, հիդրավլիկայի պրոֆեսոր դերասաններ, սառը սիրահարներ, զգայականության բոլոր գույներով պայթող պուրիտաններ…
- Իսկ ե՞ս …
- Դու՞ք… Դուք պետք է հիշեք, թե ինչպես մտաք քաղաք: Ու կհասկանաք, թե ով եք:
Մարդը անմիջապես մտաբերեց երրորդ հարկի պատուհանի հետևում անհետացած ստվերն ու իսկույն ևեթ հետ վանեց մտքերը:
Այդ պահին նրանք անցնում էին հրապարակով ու մարդու ոտքը դիպավ ինչ-որ առարկայի: Նա կռացավ ու փոշու միջից բարձրացրեց արդեն ծանոթ տիկնիկը:
- Դուք տեսնու՞մ եք, - անվստահ հարցրեց թիկնոցին:
- Այս տիկնիկն այստեղ գցած է արդեն քառասուներեք տարի: Այն պատկանում է մի աղջկա, որի համար այդպես էլ չգնեցին այն: Աղջիկը, 13-14 տարեկան էր, բայց շատ էր սիրում տիկնիկով խաղալ: Հայրը չգիտեր ինչպես ստիպեր աղջկան թարգելու տիկնկ խաղալը, ամեն ինչ փորձել էր, աղջիկն էլի գաղտնի խաղում էր: Ու մի օր ասաց. “Եթե մի շաբաթ չխաղաս, քեզ մեծ քայլող տիկնիկ կառնեմ”: Աղջիկն ազնվորեն չխաղաց մի շաբաթ, ու երբ ժամկետը լրացավ, կանգնեց հոր առաջ` լի հույսով ու ուրախությամբ: Հայրը չհասկացավ այդ հայացքն ու, զբաղված իր գործերով, նետեց. “Դե արդեն էլ չես խաղում, էլ ինչ ես անում տիկնիկը…”
- Իսկ ի՞նչ եղավ աղջիկը, - մռայլ հարցրեց մարդը:
Աղջիկը դառավ այն, ինչ ծնողները երազում էին նրան տեսնել. Առաջատար գիտաշխատող, հետո ձեռք բերեց պաշտոն, արեց կարիերա: Երեխա ունենալ նա չհասցրեց:
- Մենք նրան նույնպե՞ս կայցելենք:
- Ոչ, ինչ եք ասում, - աննկատ ժպտաց թիկնոցը, - նա թաքնվում է: Նրան ոչ ոք չի տեսնում:
- Իսկ դու՞ք, - մարդը շեշտակի նայեց թիկնոցին:
- …Նա երբեմն դուրս է գալիս, երբ մարդ չկա, բռնում է տիկնիկի ձեռքից ու քայլեցնում…
- Մարդ չկա՞..., - մարդը նորից շեշտակի նայեց թիկնոցին:
- Գնացի’նք, - արագ վրա բերեց թիկնոցն ու շտապ առաջացավ իր փոքրիկ քայլերով:
Մարդը կանգնել էր ու չէր շարժվում: Թիկնոցը ևս կանգ առավ ու շրջվեց.
- Ի՞նչ եք ուզում ինձնից:
- Ուզում եմ բարձրացնեք ձեր թիկնոցի գլխակալը ու բացեք ձեր դեմքը:
- Իսկ բոլորովին հանե՞լ: Չե՞ք ուզում: Չե՞ք ուզում լրիվ հանեմ: Ձեզ հետաքրքիր է՞: Շա՞տ: Կարծում եք կտեսնեք այն, ինչ ուզու՞մ եք: Իսկ չե՞ք վախենում ոչինչ չտեսնել: Կամ տեսնել ոչինչ: Չէ՞: Չե՞ք վախենում, ասե’ք: Ե’ս եմ վախենում: - ու թիկնոցն արագ անհետացավ գիշերվա խավարում:
Մարդը նկատեց, որ լիալուսին այլևս չկար, ու նա գտնվում էր բացարձակ խավարում: Սառսուռ անցավ մարդու մաշկի տակով ու նա առանց երկար մտածելու վազեց այն կողմ, ուր անհետացել էր թիկնոցը` առանց որևէ ուղղության ու կողմնորոշման: