PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Շինարարի, Վահիկի և Բարեկամի համատեղ պատմվածքը



Շինարար
14.07.2010, 09:17
Մեկնարկվում է նոր համատեղ պատմվածք. Շինարարն (http://www.akumb.am/member.php/21449-%D5%87%D5%AB%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D6%80) սկսում է, Վահիկը (http://www.akumb.am/member.php/257-%D5%8E%D5%A1%D5%B0%D5%AB%D5%AF)՝ շարունակում, Բարեկամն (http://www.akumb.am/member.php/1353-%D4%B2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B4)՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8.-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF.-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6):

Մինչ բոլոր երեք մասնակիցների իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

Շինարար
14.07.2010, 09:38
-Գրողը տանի, ի՞նչ ես ուզում,- հարցրեց կինը:
-Ոչինչ էլ չեմ ուզում, ո՞վ բան ասաց,- պատասխանեց ամուսինը:
-Ի՞նչ ես ուզում,- դողաց կինը:
-Ո՞վ քեզ բան ասաց,- վրդովվեց ամուսինը:
Կինը հեկեկաց:
-Ուզում եմ՝ գամ տուն ու զգամ, որ տուն եմ եկել,- զգաց, որ հիմարություն է ասում:
-Ես ընդամենը հարցրեցի, թե ո՞նց անցավ աշխատանքային օրդ:
-Ուզում եմ զգալ, որ տուն եմ եկել,- չիմանալով, թե ինչ ասի՝ նորվա հիմարությունը կրկնեց,- տանը գործից չեմ ուզում խոսել,- իբր ասածը բացատրեց:
-Բան չեմ խոսում, ասում ես՝ չես խոսում, խոսում եմ, ասում ես՝ սխալ ես խոսում, լռում եմ, սխալ եմ լռում, խոսում եմ, սխալ եմ խոսում,- նորից սկսեց դողալ կինը,- սխալ եմ ժպտում, սխալ եմ քայլում, սխալ եմ սպասում,- նորից հեկեկաց կինը:
-Սխալ ես ժպտում, այո, ժպտում ես, իսկ ներսից, զգում եմ, լարված ես:
-Ախր, ինքս էլ չգիտեմ՝ ինչ ես ուզում,- հեկեկալով, ներսից ու դրսից լարված ճիշտ ժպտաց կինը,- ի՞նչ ես ուզում: Գործի տեղը խնդիրնե՞ր կան,- սխալ հարցրեց կինը:
-Գործից չեմ ուզում խոսել,- դե ինչ խոսեր, ոչ մի խնդիր էլ չկար: Ոչինչ էլ չկար: Ինքն էլ ոչինչ չէր հասկանում: Ինչ որ բան այն չէր: Դա հաստատ էր, ու դա իր պատճառով չէր: Վստահ էր դրանում: Ինքն ամեն ինչ այնպես էր անում: Իսկ թե ինչ չէր այնպես անում կինը, չգիտեր: Երևի ամեն ինչ այնպես չէր անում:
-Փոշմանե՞լ ես, որ ամուսնացել ենք,- նորից կինն ասաց այն, ինչ պետք չէր:
-Տեսնու՞մ ես, դու ես մեղավոր:
-Լավ, ես եմ մեղավոր: Ինչու՞մ եմ մեղավոր: Մեղավոր եմ, ընդունում եմ, գրողը տանի,- ճչաց կինը,- մեղավոր եմ, բայց ինչու՞մ, ինչու՞մ է իմ մեղքը,- շշնջաց կինը:
-Ես դուրս եմ գալիս: Գնում եմ բակ՝ տղերքի հետ բլոտ խաղալու:
-Ինձ չե՞ս սիրում…
Ամուսինը դուրս եկավ, իբր հարցը չլսեց: Իհարկե սիրում էր: Խենթի պես էր սիրում: Ուղղակի չցանկացավ պատասխանել: Եթե պատասխաներ, պիտի ասեր՝ այդ դու չես ինձ սիրում: Պիտի ասեր վստահ՝ նույնքան վստահ իմանալով, որ այդպես չէ: Նախընտրեց պարզապես չլսել:

Yellow Raven
15.07.2010, 22:54
Սովորաբար քայլերն ուղղում էր դեպի ներքև ու առաջնային նպատակը շենքից դուրս գալն էր, բայց այս անգամ ակամայից քայլերն ուղղեց աստիճանասանդուղքով դեպի վեր: Հասնելով տանիքին մի կերպ բացեց դռան արդեն իսկ ժանգոտած կողպեքը: Ներկա պահին միայն մենակ մնալ էր ուզում` ինքն ու իր մտքերը, հարկավոր էր ի մի բերել ամբողջ խճանկարն ու ստանալ ընդհանուր պատկեր և միայն դրանից հետո փորձել լուծել առաջացած պրոբլեմը: Չնայած… Ուրախ կլիներ, եթե դա սոսկ պրոբլեմ լիներ, դա պրոբլեմ չէր, ոչ, դա պրոբլեմների մի շղթա էր, որն արդեն այնքան երկար էր դարձել, որ երկու օղակների միջև կապը գտնելն արդեն իսկ դարձել էր մի մեծ պրոբլեմ: Սկզբից նա, հետո կինը… Գնալ մեկի հետևից, նշանակում էր կորցնել մյուսին: Իսկ նա սիրում էր… Գրողը տանի, իսկ ու՞մ էր նա սիրում: Նրա նկատմամբ սիրուն մի վայրկյան անգամ չէր փորձել կասկածել, սիրում էր նրան մտքի ողջ սպեկտրով, սիրում էր նրան այն օրվանից, երբ առաջին անգամ տեսավ նրա աչքերը: Իսկ դա տեղի ունեցավ սեփական հարսանիքի օրը: Կարծես ճակատագիրն ինքը մի յուրօրինակ խաղ էր սկսել, որից հրաժարվել նա արդեն չէր կարող, իսկ հաղթել ճակատագրին նրա իսկ առաջադրած կանոններով խաղում… Արդեն հինգ տարի նա ապրել էր այս մղձավանջում, նա տանից դուրս սիրել էր մեկին, իսկ տանը` մի ուրիշի, երկուսին էլ սիրել էր ամբողջ սրտով, բայց այսպես շարունակել արդեն չէր կարողանում, հասկանում էր, որ շուտով կկորցնի երկուսին էլ…
Արևն արդեն մայր էր մտել ու երկնքում երևում էին առաջին աստղերը: Տանիքն ամբողջությամբ պատվել էր ծխախոտի մնացորդներով: Արդեն ուշ էր, պետք էր վերադառնալ տուն, գուցե այս անգամ տղամարդկությունը ներեր խոսել կնոջ հետ, բացատրել նրան հարցի ողջ էությունը ու կրկին անգամ իրեն թողնել ճակատագրի կամքին: Այդ գաղափարը որքան ցնորամիտ ու ծիծաղելի, նույնքան էլ անհրաժեշտ էր թվում նրան այդ պահին:
Կողպեքը փակելու արարողությունը նմանապես երկարատև ու դժվար ստացվեց, ինչպես բացելունը: Մտածմունքներով իջնում էր աստիճաններով, երբ ինչ-որ տարօրինակ եռուզեռ նկատեց շենքի միջացնքներում: Գրեթե յուրաքանչյուր հարկի պատշգամբից իրեն տարօրինակ հայացքով նայում էին ծանոթ ու անծանոթ մարդիկ, կարծես ինչ-որ բան էր պատահել, որի հետ ինքն անմիջական կապ ունի: Հասնելով իրենց բնակարանի դռանը, զգաց,որ բավականին մեծ քանակությամբ ոստիկաններ են կուտակված դռան դիմաց.
-Ի՞նչ է կատարվում այստեղ, պարո՛ն,-ասաց նա ոստիկանին, չկարողանալով զսպել իր զարմանքը:
-Ինքնասպանություն…
-Ինչպե՜ս թե ինքնասպանություն, ո՞վ… Աստվա՜ծ իմ… ,-նա արդեն ակնհայտորեն չէր տիրապետում իրեն:
-Միջին տարիքի մի կին է մահացել, դեռ հետաքննություն է ընթանում, ամենահավանական վարկածը ինքնասպանությունն է: Իսկ դուք նրան ճանաչո՞ւմ էիք:
-Ես նրա ամուսինն եմ:
Հանկարծ ուսին մի ձեռք զգաց… Նա էր…

Բարեկամ
16.07.2010, 10:27
Վեր թռավ: Բացեց աչքերը: Քունքերի վրա ու ծոծրակին քրտինքի կաթիլներ էին, թեև լքված ձեղնահարկը սառն էր, ու ցուրտ, խոնավ պատերի ներսում խուլ բվվում էր իրիկնային քամին` ամպլիտուդային վերուվար տոնայնությամբ, խզված ճռռացնելով փոքրիկ լուսանցքի կիսապոկված, փայտյա հին շրջանակը: Չէր զգացել, թե ինչպես էր քնել, ու իրականության այդ հանկարծահաս տեղատվությունը, երբ պայծառ լուսավորված աստիճանահարթակը` խռնված ծանոթ-անծանոթ մարդկանցով, հայացքներով, ձայներով ու օդում կախված չարագուշակ լարվածությամբ` պրկված այդ պայծառ լույսից, ձայներից ու հայացքներից, մի ակնթարթում վերածվեց կիսամութ, սառն ու ամայի խորդանոցի` արդեն մի դար կլիներ, ինչ առնետների ծաղկուն գաղութատեղու վերածված: Միակ ձայնը, որ ունակ էր լսելու տագնապահարույց մենության մեջ, դանդաղ ու հատու զարկերակային դմփոցն էր գանգի տակ, կտրուկ արթնացումից:

Հետզհետե ուշքի գալով` ձեռքը տարավ ճակատին, սահեցրեց քունքի վրայով ու իջեցրեց դեպի խոնավ ծոծրակը: Սառած` հայացքը հառեց դիմացի պատին թույլ տարուբերվող սարդոստայնի մոխրագույն թելերին ու անշարժացավ այդպես մի քանի վայրկյան: Թվում էր` ինչ-որ բան է գլխի ընկել հանկարծ կամ առնվազն մտածում է ինչ-որ բանը գլխի ընկնելու շուրջ, իսկ իրականում զբաղված էր ճնշելով վերահաս վախը, հավատի պահոցների ճմրթված ծալքերից լույս աշխարհ /կամ մութ ձեղնահարկ/ հանելու “ամեն ինչ լավ է լինելու” իր կրեդոն ու այն տարրալուծելու իրականության մեջ, ակնթարթորեն: Դա ընդամենը մի քանի վայրկյան էր, մի քանի վայրկյան ընդամենը, քանի որ ժամանակ այլևս չուներ…

…Վերևի հարկերն այդչափ անտեղի բազմաթիվ չէին թվացել երբեք: Եվ իր թռիչքներն աստիճաններով` այդքան հապաղումներով: Ահա և դուռը` նարնջաշագանակագույն փայտից: Տաք: Սիրելի: Ինչպես նա, որ գտնվում էր հետևում:
Անհամբեր հնչեցրեց զանգը: Նորից: Ու անմիջապես, առանց սպասելու պատասխանի, անցավ բռնցքելուն: Ինչու՞ չեն բացում: Զարկերակային դմփոցն այժմ ուղիղ կրծքում էր: Կուլ տվեց թուքը: “Ե’ս եմ”: “ե’ս եմ, բա’ց”:

…Փափուկ հեռավոր ոտնաձայնը, որը որսաց լսողության ամենանուրբ հիշողությամբ, կանգ առավ դռան մոտ: Չխկաց փականը: Դուռը բացվեց: Տարակուսանքից լայնացած մի զույգ տագնապալից աչքեր: Երկնագույն-թափանցիկ երկու բիբ, մեջտեղից ճառագվող քիչ ավելի մուգ երանգով:

Դուռն ընդոստ ու աղմուկով փակեց մեջքի հետևում ու դեմքը մխրճեց կնոջ քնքուշ մազերի մեջ` իր տաք շնչառությամբ խոնավացնելով նուրբ, նրբահամ պարանոցը:

Մարդը սիրում է խաղեր: Ի ծնե, անշուշտ:
Խաղը ցանկությունների երևակայական իրականացումն է:
Երբ երեխա է, խաղերն անվնաս են, նույնիսկ օգտակար, քանի որ զբաղեցնում են, որպեսզի չխանգարի մեծերին:
Ի դեպ, երջանիկները նրանք են, ովքեր մեծ տարիքում խաղում են նույն խաղերն, ինչ փոքր ժամանակ: Հազվադեպ իհարկե. երբ գտնվում է համարժեքը:

Խաղերից ամենավտանգավորը ինքն իր հետ խաղն է: Միայնակ երեխայի բարդույթի պես:

Լույսն արդեն ամբողջովին բացվել էր: Նա այդպես էլ չքնեց: Առաստաղին, ուր նա ողջ գիշեր հառել էր հայացքը, այժմ վարագույրների լուսավոր ստվերներն էին անկանոն թռթռում:
Զգուշորեն հանեց ընդարմացած թևը քնած կնոջ գլխի տակից: Կինը խորը շունչ քաշեց, մարմնով գրկեց ամուսնուն ու հարմար տեղավորելով փոքրիկ դեմքն ու երկար թարթիչները կողակցի զանգվածեղ ուսին, նորից քուն մտավ:
Ամուսինը անձայն վեր կացավ: Մտավ ցնցուղի տակ: Հագնվեց կոկիկ: Սուրճի բաժակը ձեռքին, մի քանի րոպե կանգնած, պատուհանից նայեց արթնացող քաղաքին: Դուրս եկավ:

Տանիքում նույնպես առավոտ էր: Մի քանի տատրակ դեմքի մոտ թափահարեցին թևերն ու թառեցին քիչ ավելի հեռու: կողպքեը ժանգոտ արձագանքեց բանալու պտույտին…

Երթուղայինում համարյա մարդ չկար: Կիրակի էր, ու կարելի էր հանգիստ ըմբոխշնել դատարկ մեքենայի ազատ ընթացքը:

Նա:
Հասկանալու համար Նրան իր կյանքում, նա փորձում էր պարզել իր վերաբերմունքը Նրա հանդեպ: Սե՞ր: Եթե հարցնում ես, ուրեմն անցանք: Ավելի շուտ` հիվանդագին զգացմունք ինչ-որ: Հիվանդագին խաղ, որը խառնվել էր ինքն իր հետ /վտանգավոր/ խաղի ու Նրա` զոհի դերում գտնվելու խաղի հետ: Իսկ մադկանց զոհ է պետք, կախվածություն` ցրելու համար, գուցե, մենակության պատրանքը: Մեկի խաղը մյուսից առանձնացնելը բարդագույն խնդիր էր իր համար, մեկը տասը անլուծելիներից, թեև անշուշտ կլիներ հստակ համակարգ` տրամաբանորեն դուրս բերվող, բայց նա երբեք չէր էլ ձգտել քանդել-վերլուծել այն, քանի որ ինքն իր հետ անկեղծ լինելու առաջին իսկ փորձը տապալվում էր մռայլ ամպերի կուտակման վերահաս վտանգով: Այն ճանապարհներով, որտեղ չկա գեղեցկություն, նա իմաստ, առհասարակ, չէր տեսնում քայլելու:

Շենքի դիմացի ցայտաղբյուրը զրնգուն սառնության իր թեթև խաղով շոյում էր շուրթերն ու լեզուն, ու նա մտածեց, որ գուցեև կյանքում թմրանյութ ստանալն այնքան էլ պարտադիր չէ: Գուցե պետք է դադարել ընդունել այն` հասկանալու համար, որ պարտադիր չէ: Գուցե այս թափանցիկ մաքրության շիթի պես այլ կենդանի բաներ էլ կան աշխարհում, որոնք դեռ չես ճաշակել ու որոնց գոյության մասին պատկերացում չունես: Գուցե: Հնարավոր է: Շատուշատ հնարավոր: Այս պայծառ, արևոտ օրը վկա: Այս կենդանի, ապրող քաղաքը վկա: Ու կարիք չկա պարզելու Նրա երևույթը, ինչպես որ թմրանյութը ինքնին` դաշտում աճող կամ սեղանին դրված, ոչինչ է քեզ համար, քանի դեռ այն չես ընդունել…

Վերելակի դռները բացվեցին: Մոտեցավ դռանը: Զանգը քաղցրալուր ճռվողաց: Նա բացեց դուռը ու դեմքն ամբողջովին ողողվեց ժպիտով:
“Բարև, սիրելիս” – ժպտաց տղամարդը և բարձրացնելով ատրճանակը` կրակեց ուղիղ ճակատին:

Farfalla
16.07.2010, 10:48
Լավն էր :): Հարազատ բան զգացի պատմվածքի մեջ: Երեք մասերս էլ դուրս եկան, բայց իմ մեջ ամենից շատ Բարեկամի հատվածը տպավորվեց :):

My World My Space
16.07.2010, 11:39
Բարեկամի գրածը դուրս շատ եկավ, բայց որպես անկախ մաս, պատմվածքի համատեքստից կտրված էր, ցավոք....

Yellow Raven
16.07.2010, 13:29
Շինարարի գրածն իմ դուրն ընդհանրապես չեկավ, որպես շարունակվող նյութ շատ թույլ էր, շարունակողների համար բավարար ինֆորմացիա չկար, զուտ ծեծված հայկական տեսարան:
Բարեկամի գրածը շատ լավն էր, համարյա հենց այն ինչ սպասում էի, ուղղակի մի քիչ հակասական պատկերներ կան իմ ու Շինարարի հատվածների հետ, որոնք հուսով եմ ընթերցողը չի նկատի:))
Ամեն դեպքում վերջում գոնե պատմվածքը ինձ սկսեց պատմվածք հիշեցնել:)

Շինարար
16.07.2010, 19:30
Այստեղ էլ արտահայտվեմ:)
Նախ ասեմ, որ հայկական չէր իրականությունը, նույնը կարող էր լինել արաբական կամ եվրոպական իրականության մեջ, ուղղակի բլոտ խաղալու փոխարեն ամուսինը կգնար նարգիլե ծխելու կամ ինչ-որ քլաբ: Ուղղակի ցանկացել էի ցույց տալ նորապսակ ընտանիքի՝ 23-24 տարեկան ամուսինների, որոնք գերլարված են ու իրենք էլ չգիտեն, թե ինչու: Պատճառը լարվածության ինքս չկարողացա պարզել, դե մտորողը, պատճառ փնտրողը ամուսինն էր, կինն էլ գուցե փնտրում էր պատճառներ, բայց դա երևում է միայն ամուսնու դիտակետից: Քանի որ ինքս պատճառը չգտա, դրեցի այս նախագծում, մտածեցի՝ ուրիշները կգտնեն: Շնորհակալ եմ Բարեկամին ու Վահիկին, ապրեք:) Շնորհակալ եմ բոլոր կարդացողներին, չկարդացողներին, կարծիք հայտնողներին ու չհայտնողներին, ինձ հետաքրքիր է: Կապ չունի, որ ես հավանել եմ իմ գրածը, միշտ էլ հետաքրքիր է ուրիշի տեսակետ լսելը՝անկախ նրանից կընդունեմ դա, թե ոչ:)

Բարեկամ
17.07.2010, 14:34
Դե լավ, մի քանի բան էլ ես ասեմ ընթերցողներին՝ ներկա և պոտենցիալ :)
Շինարարի հատվածը մի քիչ զարմանալի էր ինձ համար այն առումով, որ նա դեռ գրանցման ժամանակ նշել էր, որ առաջին մաս ունի գրած, ու ճիշտն ասած չէի սպասում, որ այդպիսի ամուսնական ինչ-որ բարդ թեմայով պետք է լիներ, քանի որ, կարծում եմ, ինքն ամուսնացած չի ու նման խնդիրներ իր մտքերում դժվար հղանային: Դեռ մինչ Վահիկի շարունակելը, մտածելով հնարավոր շարունակության մասին, ոչ մի էնպես կարգին, ճշմարտացի-հետաքրքիր բան մտքովս չէր անցնում, թեև ինքս ամուսնացած եմ: Չգիտեմ, գուցեև Վահիկը ճիշտ էր նկատել, որ ինֆորմացիան ու հիմքը մի տեսակ բավարար չէին, թեև շինարարը հետագայում պարզաբանեց, որ իրեն հետաքրքիր էին հենց տարբեր հնարավոր զարգացումները:
Վահիկը, նյութը հետաքրքրացնելու համար, անցել էր դեդեկտիվ ժանրին: Բայց տվյալ դեպքում էդ ժանրը շարունակելը հարմար չգտա, ու կարծես նորից վերադարձա Շինարարի հոգեբանական դրամային: Ու նաև՝ կնոջ ինքնասպանության իրականությունը մերժեցի երկու պատճառով. նախ, պատճառները մի տեսակ բավարար չթվացին: Ինչպես կասեր քննիչը, բավական մոտիվացիա չկար: Եվ երկրորդը՝ հեչ չէի ուզի, որ կինն ինքնասպանություն գործեր: Հիմա կասեք բա Նա՞. դրան դեռ կանդրադառնամ, վերջում: Շարունակելով, ասեմ, որ գրելիս գաղափար չունեի, թե ինչպես է վերջանալու: Վերջն ինքնաբերաբար ստացվեց /ու դրա հիման վրա մի քանի բան ճշտվեցին վերևներում. օրինակ առավոտյան տանիք վերադառնալը ասենք ատրճանակը վերցնելու…/:
Վահիկն իր տված վարկանիշում գրել էր, որ հակասություն կա Նա-ի ծագման /սեր առաջին հայացքից/ ու իմ՝ Նա-ին որպես անհրաժեշտ թմրանյութ մեկնաբանելու միջև: Իրականում, այսինքն՝ իմ պատկերացմամբ, սերը նույնպես թմրանյութ է, ու, գուցե, թմրանյութերից ամենամեծ կախվածություն առաջացնողը: Հատկապես, եթե դա սեր է առաջին հայացքից, այսինքն, չպատճառաբանվող, չբացատրվող սեր, ապա այն դառնում ա մաքուր արտաքին ազդեցություն, այլ կերպ ասած՝ անկառավարելի, ու մյուս հատկանիշներով ևս կարելի է վերագրել թմրանյութերի դասին, անգամ օրգանիզմում ֆիզիկական, ինչ-որ հորմոնալ փոփոխություններով:
Ու վերջում ասեմ, որ Նա-ին այդպես անգթորեն սպանելը միակն ելքն էր մարդու համար: Ու ճիշտն ասած՝ պատմվածքում այն միակ փոխաբերությունն էր: Պարզապես պետք էր մտովի, մեկընդմիշտ սպանել այն՝ առանց որևէ խղճի խայթի ու դրան խառնված ինչ-որ ինքն իր հետ հերթական խաղերի:

Շինարար
17.07.2010, 14:50
Շինարարի հատվածը մի քիչ զարմանալի էր ինձ համար այն առումով, որ նա դեռ գրանցման ժամանակ նշել էր, որ առաջին մաս ունի գրած, ու ճիշտն ասած չէի սպասում, որ այդպիսի ամուսնական ինչ-որ բարդ թեմայով պետք է լիներ, քանի որ, կարծում եմ, ինքն ամուսնացած չի ու նման խնդիրներ իր մտքերում դժվար հղանային: Իրականում, Բարեկամս:)) ինձ մոտ էդ գրելու պահին չպատճառաբանված լարվածություն էր, ակումբում էդ օրերին Զրուցարանում մեկի՝ ամուսնացած մի տղայի, գրառումը մուսա դարձավ ինձ համար, գումարվեց սեփական լարվածությանս ու ստացվեց այն, ինչ ստացվեց: :)) Ինձ համար ստեղծագործության մեջ շատ կարևոր է, որ դիտակետը չփոխվի, որ սկզբից մինչև վերջ ընթերցողը նույն դիրքից նայի ստեղծագործությանը, նույնիսկ եթե փոխվի էլ, այդ փոփոխությունը պետք է համոզիչ լինի, մնացածը՝ սյուժե-մյուժե, պատումի գիծ, մաթեմատիկա, տրամաբանական զարգացում, երկրորդական, անկարևոր բաներ են իմ ոչինչ չհասկացող կարծիքով, ապրեք դուք երկուսդ էլ, որ ճիշտ եք շարունակել:))

Էլիզե
17.07.2010, 15:36
Ըստ իս` բոլոր հատվածներն էլ լավն էին... լավն էին որպես առանձին գրական գործեր...
Հասկանում եմ` շատ բարդ է միաժամանակ պահելով ուրիշի ոճը` գրել քո մտքերը... համենայն դեպս, ապրեն գրողները... :clap :clap :clap
ինձ դուր եկավ երեքի գրած հատվածներն էլ ...

impression
21.07.2010, 09:38
Բարեկամի էքզիստենցիալիստական հակումներն իրենց գագաթնակետին հասան էս գործում: Մնացած մասերի մասին ասելիք չունեմ:

Chilly
21.07.2010, 18:15
Հիանալի պատմվածք է ստացվել, նույնիսկ ներսումս ցանկություն առաջացավ սրա ֆիլմը դիտել :)
Երբ Բարեկամը Վահիկի հատվածը «երազացրեց», մի պահ զայրացա, որովհետև արդեն որերորդ համատեղ պատմվածքում կրկնվում է այդ նույն թրիքը (trick :D), բայց հետո հասկացա, որ ճիշտ է արել, ու ասեմ` հասկացա նախքան Բարեկամի մեկնաբանությունը կարդալը :B
Շնորհակալություն երեքիդ էլ, գերազանց էր...

Բարեկամ
21.07.2010, 18:18
Հիանալի պատմվածք է ստացվել, նույնիսկ ներսումս ցանկություն առաջացավ սրա ֆիլմը դիտել :)
Երբ Բարեկամը Վահիկի հատվածը «երազացրեց», մի պահ զայրացա, որովհետև արդեն որերորդ համատեղ պատմվածքում կրկնվում է այդ նույն թրիքը (trick :D), բայց հետո հասկացա, որ ճիշտ է արել, ու ասեմ` հասկացա նախքան Բարեկամի մեկնաբանությունը կարդալը :B
Շնորհակալություն երեքիդ էլ, գերազանց էր...

Չիլլի ջան, ես գրի հետ աշխատում եմ զգույշ լինել: