PDA

Դիտել ողջ տարբերակը : Singularity / Սինգյուլարիթի



Հայկօ
12.07.2010, 23:28
Նոր ու հրաշալի խաղ եմ հայտնագործել վերջերս, ընդ որում՝ խիստ անսպասելի: Դե, վաղուց գիտեի, որ ոչ այնքան անհայտ Raven ստուդիան աշխատում է այս խաղի վրա, բայց ամեն ինչ մի տեսակ շա՜տ հանգիստ ու անաղմուկ էր արվում, երկար ժամանակ ոչ մի նորություն չէր լինում, գովազդ ու ինտրիգ չկար, ու Singularity-ն մոռացվեց: Հետո հանկարծ հո՛պ, ու արդեն վաճառվում է, արդեն լիքը գովասանական ռեվյուներ ու հիացական կարծիքներ են գրվում, և այլն, և այլն:


http://s08.radikal.ru/i181/1007/ba/3b23bf202320.jpg


Մի քիչ պատմեմ սյուժեն: Քսաներորդ դարի կեսերում Սովետական միությունը ԽՍՀՄ-ի հյուսիսում գտնվող փոքրիկ կղզիներից մեկի վրա հայտնաբերում է մի նոր ռադիոակտիվ տարր, որին տրվում է E99 անունը: Շուտով հայտնի են դառնում այդ տարրի աներևակայելի, գրեթե գերբնական հատկությունները, ու «Կատորգա-12» խոսուն անվամբ այդ կղզու վրա հիմնվում է գիտահետազոտական կայան, որը շուտով վերաճում է իսկական քաղաքի: Սովետական գիտնականներն իրենց ընտանիքներով տեղափոխվում են այդտեղ բնակվելու, և աշխատանքը եռում է: Նոր տարրը կարելի էր օգտագործել խաղաղ նպատակներով, սակայն կարելի էր և դրա օգնությամբ ստանալ այնպիսի հզորության զենքեր, որ աշխարհը դեռ չէր տեսել: Ամենակարևորն այն է, որ E99-ը թույլ էր տալիս փոխել ժամանակի ընթացքը՝ արագացնել, դանդաղեցնել կամ կանգնեցնել այն, ծերացնել ու երիտասարդացնել առարկաներն ու կենդանի էակներին: Մի խոսքով՝ գիտնականների ու զինվորականների համար գործունեության անսպառ բնագավառ է բացվում: Սակայն, բնականաբար (ինչպես ընդունված է) ինչ-որ բան սխալ է ընթանում, ու տեղի է ունենում Սարսափելի Աղետը: Ահռելի պայթյունը ամայացնում է փոքրիկ կղզին, ոչնչացնում է կղզու բնակիչներին, և «Կատորգա-12»-ի ու E99-ի մասին մոռանում են շատ երկար՝ մինչև 2010 թվականը: Հետո հանկարծ կղզին սկսում է ռադիացիա արձակել, ու քաջարի ամերիկացիները հատուկ ջոկատ են ուղարկում այնտեղ՝ պարզելու համար, թե ինչն ինչոց է: Ահա այստեղ էլ սկսվում է խաղը:


http://s07.radikal.ru/i180/1007/f3/da0e54f019f5.jpg


Խաղի արտ-դիզայնն ուղղակի փայլուն է: «Սովետական անտիուտոպիա» ոճով կառուցված աշխարհները հիացնում են իրենց մշակվածությամբ ու դետալիզացիայի մակարդակով (ի դեպ՝ խաղն իր արտաքին տեսքով շատ է հիշեցնում BioShock-ը՝ այնուամենայնիվ մնալով օրիգինալ, ինչը միանշանակորեն շատ լավ է): Խաղի ընթացքում գլխավոր հերոսը՝ կապիտան Նաթանայել Ռենկոն, անընդհատ անցում է կատարում ներկայից անցյալ ու ընդհակառակը՝ ականատես լինելով, թե ինչպես է մի ժամանակ կենդանի, աշխույժ ու նոր քաղաքը վերածվում մեռած փողոցների ու շենքերի կույտի, ժանգոտած ու փտած լաբիրինթոսի (բարև, Fallout III): Իսկ մեռած քաղաքի անկյուններում թաքնված են այն դժբախտ մարդիկ, ում առաջին պայթյունը միանգամից չի սպանել: Նրանք վերածվել են սարսափելի հրեշների: Խաղի առաջին մասն ասես սարսափ-ֆիլմ լինի, ու գիշերը խաղալիս մեկ անգամ չէ, որ վեր եմ թռել: Բայց Singularity-ի առավելությունն այն է, որ չնայած այս խաղը խիստ գծային շութեր է, այն երբեք չի թողնում, որ խաղացողը ձանձրանա: Մեռած քաղաքի մութ փողոցները փոխվում են գիտական լաբորատորիաների խաղաղ ուսումնասիրությամբ, ռուս զինվորների հետ լարված փոխրհաձգություններին հաջորդում են կոյուղու թունելներում վազքն ու փախուստը, մի պահ դու սնայպերի հրացանով բարձրից պաշտպանում ես ընկերոջդ, հաջորդ պահին արդեն գնացքի կամուրջի վթարից հետո կախված ես անդունդի վրա ու մի կերպ պաշտպանվում ես քեզ հետապնդող հսկայական արարածից...


http://s55.radikal.ru/i148/1007/fa/1dd99525b1ef.jpg


Խաղի «մեխը» TDM-ն է՝ Time Manipulation Device-ը, որը թույլ է տալիս ղեկավարել ժամանակի ընթացքը: Սակայն այս խաղում հերոսը ոչ թե դանդաղացնում կամ արագացնում է ժամանակը, այլ ավելի շատ ծերացնում ու նորացնում է շնչավոր ու անշունչ առարկաները: Վաղուց ժանգոտած ու փլված աստիճանը կարելի է տեղնուտեղը նորացնել ու բերել փայլուն վիճակի, իսկ պինդ փակված սեյֆի դուռը կարելի է այնքան հնեցնել, մինչև այն ինքն իրեն բացվի: Ավելի հետաքրքիր տարբերակներ էլ կան. TDM-ն հնարավոր է փորձարկել նաև քեզ վրա հարձակվող զինվորի վրա՝ տեղնուտեղը մի քանի հազար տարով ծերացնելով ու փոշու վերածելով նրան: Կամ կարելի է ստիպել, որ բետոնի այն բլոկը, որի հետևում թաքնված է թշնամին, հնանա ու փլվի, և այլն. Տարբերակները բավականին շատ են: Կարելի է լոկալ կանգնեցնել ժամանակը. ստեղծել մի մեծ «օճառի պղպջակ», որի մեջ փակված կմնա ամեն ինչ (օրինակ՝ եթե դուք այդպես «բռնել» եք երեք զինվորի, կարող եք հետթով երկու-երեք կրակոց արձակել նրանց գլուխներին ու անջատել «օճառի պղպջակը». բոլոր գնդակներն իրենց թիրախներին կհասնեն միաժամանակ): Խաղի հեղինակների թեթև ձեռքով TDM-ն զուգահեռաբար նաև գրավիտացիոն «թնդանոթ» է, որը թույլ է տալիս մոտ քաշել կամ հեռացնել զանազան արկղեր և այլն (Half-Life 2, քեզ էլ բարև): Խաղի ընթացքում կապիտան Ռենկոն հավաքում է E99-ի «տեխնոլոգիաներ» (E99 Tech, ինչպես խաղում է ասվում), որի շնորհիվ հետագայում հնարավոր է կատարելագործել TDM-ն, զենքերն ու հենց իրեն՝ հերոսին. այս ամենը շատ նման է BioShock-ի պլազմիդների համակարգին:


http://s54.radikal.ru/i146/1007/45/74dd8cf8ea52.jpg


Այնուամենայնիվ՝ Singularity-ն զտարյուն շութեր է, և պետք է ասել, որ այստեղ շութերի խաղային մեխանիկան շատ լավն է՝ սկսած զենքերից (հզոր, հետաքրքիր դիզայնով, ճիշտ «զգացողությամբ» ձեռքիդ մեջ. նույնիսկ սովորական ռևոլվերն է հարգանք ներշնչում), վերջացրած նշան բռնելու հարմարությամբ ու մնացած ամեն ինչով: Այս առումով Singularity-ն հետ չի մնում անգամ Call of Duty: Modern Warefare-ից: Գովելի է, որ հեղինակները չեն ընկել ցածր տարիքային խմբերին չնեղացնելու հետևից, այլ ստեղծել են իսկական արյունոտ ու մսոտ կրակոցի՝ մարդկանց ու հրեշների անդամահատումով, պայթող գլուխներով և այլն (չմոռանանք, որ հենց այս ստուդիան է Soldier of Fortune-ի հայրը): Առանձին կուզենայի խոսել խաղի աուդիո բակացուցիչի մասին. այսքան վախեցնող ու հավատալի հնչյունային ձևավորում շատ քիչ խաղերում եմ հանդիպել. Raven-ի աուդիո-դիզայներները իզուր չեն աշխատավարձ ստանում: Վատը չէ նաև զանազան աուդիո-լոգերի, փոքրիկ ֆիլմերի ու գրությունների միջոցով սյուժեի մատուցումը:


http://s11.radikal.ru/i183/1007/70/6b8a6bd3364b.jpg


Գրաֆիկական առումով Singularity-ն երկակի տպավորություն է թողնում: Խաղի դիզայնը հրաշալի է ու անչափ գեղեցիկ, բոլոր էֆեկտները մանրամասնությամբ մշակված ու հղկած են, մարդկանց ու կենդանիների մոդելները շատ լավ դետալիզացված են ու անիմացված: Իսկ այ տեքստուրաները այնքան էլ լավը չեն. մոտիկից ամեն ինչ մի տեսակ «լղոզված է»: Գումարած սրան՝ խաղը տառապում է տեքստուրները վատ բեռնելու հիվանդությամբ. հաճախ որոշ տեքստուրներ կա՛մ շատ ցածր խտությամբ են բեռնվում, կա՛մ էլ չեն բեռնվում ընդհանրապես: Հուսով եմ՝ այս բագը հաջորդ փաչով կուղղեն: Խաղի սրտում Unreal Engine 3-ն է (որին, ի դեպ, անարդարացիորեն մեղադրում են, որ դրանով սարքված բոլոր խաղերը անտանելի նման են իրար): Մի խոսքով՝ Singularity-ն հաստատ UE3-ով ստեղծված ամենագեղեցիկ խաղը չէ, բայց ոչ էլ ամենատգեղների շարքում է. այն շատ ավելի մոտ է BioShock-ին ու Gears of War-ին, քան թե օրինակ, անհաջող Damnation-ին: Դրությունը փրկում է անթերի դիզայնը:


http://s004.radikal.ru/i205/1007/8d/40529631ce57.jpg


Հիմա անցնեմ ինձ համար ամենահետաքրքիր ու զարմանալի պահին. Singularity-ն այնպիսի տպավորություն է թողնում, ասես այն ամբողջովին կտոր-կտոր հավաքված, փոխառված ու պատճենված է ուրիշ խաղերից, և, մեր մեջ ասած, դա ճիշտ է: Խաղն ասես կլիշեների կույտ լինի. ամեն ինչ արդեն մեկ անգամ տեսել ենք, ամեն ինչ արդեն մի ուրիշ տեղ կա: Ցանկացած ուրիշ խաղում «փոխառություն» բառը համարժեք կլիներ «վատ խաղ» արտահայտությանը: Սակայն Singularity-ն մնում է խիստ լավը, ու գիտե՞ք՝ ինչու: Որովհետև փոխառված են միայն լավագույն խաղերի լավագույն բաղկացուցիչ մասերը: Դատեք ինքներդ. BioShock-ից՝ դիզայնը, մթնոլորտն ու պլազմիդները, Half-Life 2-ից՝ չձանձրացնող-փոփոխական գեյմփլեյը, գրավիտացիոն զենքն ու Ալիքսը (այո այո, գլխավոր հերոսի ուղեկցորդուհին ինչ-որ անընկալելի բանով Ալիքսին է հիշեցնում), CoD 4-ից՝ շութերային մեխանիկան, Timeshift-ից՝ ժամանակը կառավարելու հնարավորությունը, Fallout III-ից՝ պոստապոկալիպտիկ սեթինգը, փողոցներն ու ուսումնական ֆիլմերը, Dead Space-ից՝ ստազիսի գաղափարը, հրեշների անդամահատումն ու սարսափը, Lost Planet-ից՝ որոշ «բոսս» հրեշներ... Նույնիսկ S.T.A.L.K.E.R.-ից ու Gears of War-ից ինչ-որ բան կա: Ցանկության դեպքում ցուցակը կարելի է շարունակել. խաղի հեղինակները կարծես թե իրենք էլ չեն թաքցնում, որ ակնհայտ կերպով օգտվել են այդ ամենից: Օրինակ՝ խաղի հենց սկիզբը կադր առ կադր հիշեցնում է Call of Duty 4-ի աշխարհներից մեկի առաջին պատկերները: Բայց այս ամենը էական չէ, որովհետև Singularity-ն ոչ թե կույր պատճեն է, այլ գրագետ ու տաղանդավոր հեղինակների ստեղծած նոր խաղ, որը խաղալիս երբեք չի ձանձրացնում տարբեր «դեժավյուներով»:



http://www.youtube.com/watch?v=_qCRFcTxckA


Մի խոսքով՝ Singularity-ն շատ լավ շութեր է՝ իր ուրույն ոճով, արյունոտ, մռայլ, հետաքրքիր, գեղեցիկ դեկորացիաներով, ճիշտ չափի զգացումով: Բաց մի թողեք այս խաղը:

LoK®
14.07.2010, 01:23
Ինֆարկտիբուն խաղա, սկի DeadSpace խաղալուց էսքան չեմ վախեցել :scare
Լավն ա, հավանեցի, մի շնչով մի քանի էպիզոդ արդեն խաղացի: Մի բան չհավանեցի մենակ, որ միաժամանակ 2 զենքից ավել չի լինում պահել:
Հուսով եմ երկար խաղա ու մի լավ հաճույք կստանամ :)

Պետք ա շուտ տուն գալ երեկոյան...

Հայկօ
14.07.2010, 17:56
Ինֆարկտիբուն խաղա, սկի DeadSpace խաղալուց էսքան չեմ վախեցել :scare
Լավն ա, հավանեցի, մի շնչով մի քանի էպիզոդ արդեն խաղացի: Մի բան չհավանեցի մենակ, որ միաժամանակ 2 զենքից ավել չի լինում պահել:
Հուսով եմ երկար խաղա ու մի լավ հաճույք կստանամ :)

Պետք ա շուտ տուն գալ երեկոյան...

Հա, սկզբում ես էլ էի լա՜վ, տեղը տեղին վախեցած :)): Ընթացքում էլ նենց ոչինչ :): Բայց դե խաղը սարսափ չի: Էդ երկու զենքի սահմանափակմանը ահագին շուտ ես վարժվում, համ էլ զենքերի ափգրեյդի համակարգի բալանսը էնքան էլ լավը չի, արդեն կեսերից զգում ես, որ ամբողջ խաղը հնարավոր ա անցնել ընդամենը մի զենքով, մյուսները թիթիզություն են: Ես 90% ավտոմատ ու սնայպեր եմ օգտագործել:

LoK®
15.07.2010, 00:51
Զենքերի հետ մոտս ավելի լուրջ "խնդիր" կա :) Գնացել եմ Բորիսովին փրկելու անցյալում, մոտս մենակ ռեվոլվեր ա 3 պատրոնով ու TMD-ն: Էսքանով բոլորին սպանել չի լինում: Կարողա՞ ճանապարհին մի տեղ ուրիշ զենք ա եղել, չեմ նկատել :esim

Հայկօ
15.07.2010, 19:02
Զենքերի հետ մոտս ավելի լուրջ "խնդիր" կա :) Գնացել եմ Բորիսովին փրկելու անցյալում, մոտս մենակ ռեվոլվեր ա 3 պատրոնով ու TMD-ն: Էսքանով բոլորին սպանել չի լինում: Կարողա՞ ճանապարհին մի տեղ ուրիշ զենք ա եղել, չեմ նկատել :esim

Ինչ-որ բան սխալ ա :)): Էս խաղում փամփուշտները երբեք քչություն չեն արել իմ դեպքում: Հա դե, պարզ ա, որ աջուձախ շաղ տված չեն, պիտի խնայողաբար օգտագործես, բայց դե survival horror էլ չի, էլի, նորմալ շութեր ա՝ ավելի շատ զինամթերքով, քան պետք ա գալիս: Բոլոր արկղերը բաց, բոլոր զենքերը հավաքի, պետք եղած վախտ էն զենքի ափգրեյդի մեքենաներից փամփուշտ առ, հաստատ կհերիքի: Զենքերը շատ են, համարյա բոլոր սպանվածները զենք են թողնում: TDM-ով արդեն կարողանում ե՞ս մարդ վերացնել, թե՞ չէ: Էն հենց ամենասկզբի զենքը վերցրել ե՞ս (էն որ կարողանում ես կրակելուց հետո գնդակի ուղղությունը օդում փոխել, ու մի կրակոցից բնաջնջում ա ամեն ինչ): Էդ քեզ արդեն մի 12-18 զոհ ա՝ չվրիպելու դեպքում: Ռևոլվերը մինչև հիմա իզուր ես պահել, ԻՄՀԿ, ավտոմատը ավելի ունիվերսալ զենք ա:

Բոլոր զենքերի դեպքում առաջին հերթին ավելացրու հզորությունները. պահունակի տարողունակությունն ու դիպուկությունը երկրորդական բաներ են:

LoK®
15.07.2010, 19:25
TMD-ով կարողանում եմ վերացնել, իսկ ղեկավարվող փամփուշտով զենքը չեմ գտել: Ռեվոլվերը իմ կամքով չի մոտս մնացել :)) Էն ռուսը որ բռնեց ինձ, ավտոմատն ու վինչեստրը վերցրեց մոտիցս, հետո էն աղջիկը որ փրկեց, էլի ռեվոլվեր տվեց, ու դրանից հետո ուրիշ զենք չեմ գտել, սպանվածներն էլ հլա որ մենակ զինամթերք են թողել (ավտոմատի!): Երևում ա մի տեղ եղել ա զենք, չեմ նկատել :) Ախր խաղալուց էլ չեմ շտապում, բոլոր ծակուծուկերը քրքրում եմ, հետո եմ առաջ անցնում:
Արդեն 2-րդ անգամ եմ մնում առանց զենք, առաջինն էլ էն կապույտ, տելեպորտ լինող մուտանտներին հանդիպելուց էր, դանակով էի վերացնում դրանց, էքստրիմ էր :))

Էսօր նորից սկսեմ խաղալ, ավելի ուշադիր :)

LoK®
15.07.2010, 22:15
Փաստորեն իսկականից ուշադիր չեմ եղել :)) զենքերի պահարանում, բացի ափգրեյդից, լինում ա նաև զենք վերցնել/փոխել: Հիմա արդեն ավտոմատով եմ գնում :)

Freeman
22.01.2011, 23:44
Անցա, վերջն էր,մանավանդ, որ իմացա թե ով էր պատերին կավիճով գրում ;)

Հայկօ
23.01.2011, 00:01
Singularity-ն բազմաթիվ հեղինակավոր խաղային ամսագրերի ու սայթերի կարծիքով համարվել է 2010 թվի ամենաանարդարացիորեն անտեսված խաղը: Խաղի հրատարակիչը՝ Activision ընկերությունը, մի ցենտ անգամ չի ծախսել այս խաղը գովազդելու համար, կամ նույնիսկ չի փորձել խաղի օրինակները ուղարկել խաղային լրագրողներին՝ ռեվյու գրելու համար: Շատ լրագրողներ բողոքում են, որ իրենք խաղի մասին իմացել են միայն խաղը դուրս գալուց հետո, ինչը նման խաղերի համար ուղղակի խայտառակություն է: Այս ամեն ինչը, ցավոք, բնական է՝ Activision-ի նման հրատարակիչի համար. կարելի է ասել, որ 2010-ին այս ընկերությունը արհամարել է այն բոլոր խաղերը, որոնց անվան մեջ չկան Call, of կամ Duty բառերը: Ինչը, հազար ներողություն, կատարյալ էշություն է: