PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Քեռի Ծատուրը

Էլիզե
17.06.2010, 21:09
Ստորև ցանկանում եմ Ձեր դատին հանձնել իմ գրած առաջին հումորային պատմվածքը, որի գլխավոր հերոսը երևակայական կերպար է՝ քեռի Ծատուրը: Ցանկանում եմ Ձեզ հաճելի և ժպիտներով լի ընթերցում: :)

---------- Ավելացվել է՝ 19:09 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:07 ----------

Իմ քեռի Ծատուրը

1. Քեռի Ծատուրի վսեմ արտաքինը.
Նախքան իմ քեռի Ծատուրի սխրագործությունների մասին խոսելը, հարկ եմ համարում ներկայացնել իմ քեռուն: Ծանոթացեք` իմ քեռի Ծատուրը, որը, հաղթանդամ, ճաղատ գլուխով, պատշաճ չափսերի հասնող ահռելի մեծ քթով և բարի աչքերով մարդ է: Ի հեճուկս քեռի Ծատուրի ճաղատ գլխի` թավ հոնքերը և հոնքերին զուգահեռ երկար բեղերը աճում էին աննկարագրելի հանդգնությամբ: Իմ քեռի Ծատուրը օժտված էր բնատուր անհաջողակությամբ և ձեռքբերովի լավատեսությամբ: Ընդհանուր առմամբ նա շատ լավ մարդ էր և, եթե հաշվի չառնենք նրա շատախոսությունը, նրան անգամ կարելի էր համարել անվնաս: Քեռի Ծատուրի ամբողջական պատկերը կազմելու համար, պետք է նաև ծանոթանալ իմ քեռու վեհ ներաշխարհին, որը, ի տարբերություն արտաքին տվյալների, շատ ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

2. Քեռի Ծատուրի հարուստ ներաշխարհը.

Իմ քեռի Ծատուրը, ծնված լինելով Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում, հոգու խորքում իրեն միշտ համարել է անզուգական սրտակեր, անպարտելի մարմնամարզիկ, անաչառ դատավոր, բանիմաց դիվանագետ, շա՜տ համեստ անձնավորություն և այլն:
Մեղմ ասած, նա չուներ վերը նշված և ոչ մի հատկանիշի աղոտ ստվերն անգամ: Ամեն մասնագիտության մասին խոսելիս քեռի Ծատուրը սփոփանք չհանդուրժող ձայնով ասում էր` այդ մասնագիտությունը մի հոյակապ պրոֆեսիոնալ կորցրեց: «Պրոֆեսիոնալ» ասելով նա միշտ ի նկատի ուներ ոչ ավել, ոչ պակաս քան իր անձը: Քեռի Ծատուրը չէր ընդունում ինքնաքննադատության թեթև նշույլն անգամ, սակայն սիրով քննադատում էր բոլորին` ստանալով դրանից գերագույն հաճույք:
Ա՜խ, մոռացա նշել` իմ քեռի Ծատուրը իրեն միշտ համարում էր նաև հաջողակ բիզնեսմեն և երբեք առիթը բաց չէր թողնում դա ի ցույց դնել:
Օրերից մի օր, իմ քեռի Ծատուրը հորթերին և կովերին ճիպոտահարելու առաջին լուրջ հաջողություններին հասնելուց հետո, որոշեց, որ ինքը պետք է զբաղվի բիզնեսով: Գյուղի կեսին նա ստիպեց իրեն դիմել «Բիզնեսմեն Ծատուրը» անունով: Մեկ ու կես օր մտորելով շատ ու անչափ շահութաբեր բիզնեսի մասին, նա վերջապես գտավ իր բիզնեսի ոլորտը` կարտոֆիլը:
Իմ քեռի Ծատուրի բիզնես պլանը շատ պարզ էր և ահռելի եկամտաբեր. նա ցանում էր կարտոֆիլ, կարոֆիլի հասունանալուն պես` նա այդ ազնվագույն բանջարեղենը փոխում էր պանրի հետ, այնուհետև պանիրը տանում էր կողքի գյուղը և կրկին փոխարինում էր կարտոֆիլով, ապա այդ կարտոֆիլը վաճառում էր իր համագյուղացիներին` շուկայական գնից կրկնակի բարձր գնով: Այդքան բան: «Մարդիկ կարտոֆիլ շատ են սիրում, հետևաբար շատ են գնում, ապագան նրանն է, ով կարտիֆիլ է վաճառում». այդպես էր արտահայտվում իր բիզնեսի մասին իմ քեռին:
Իմ քեռիի բիզնեսը սկսեց նրանից, որ... ցանած կարտոֆիլի մի մասը աճեց, իսկ ավելի կոնկրետ` շատ քիչ մասը: Այդ աճած կարտոֆիլներն էլ մանր էին և ոչ այնքան առողջ: Բայց քեռի Ծատուրի լավատեսությունը սահմաններ չէր ճանաչում. նա համոզում էր իր համագյուղացիներին` պանիրը փոխել կարտոֆիլի հետ: Համագյուղացիներն էլ նայում էին վստահություն չներշնչող պստլիկ կարտոֆիլներին և միաբերան պնդում, որ պանիր չունեն, թե չէ ձեռքներից երբեք բաց չէին թողնի նման շահութաբեր առաջարկը:
Կարճ ասած` ոչ ոք չգնահատեց մեծն գործարարի ջանքերը, և բիզնեսը վերջացավ նրանով, որ քեռիիս ընտանիքը չորս ամիս միայն կարտոֆիլով էր սնվում: Այդ կարտոֆիլաշատ չորս ամիսներից հետո, քեռիիս տանը խստիվ արգելվեց «կարտոֆիլ» բառի արտաբերումը:
Դրանով վերջացան մեծն գործարարի առաջին քայլերը բիզնեսում, բայց երկրորդ, երրորդ և այլ քայլերը դեռ առջևում էին:

Ֆոտոն
17.06.2010, 22:58
Չի՞ շարունակվելու: :unsure

Էլիզե
17.06.2010, 23:02
Չի՞ շարունակվելու: :unsure

շարունակվելու է :)

Ֆոտոն
17.06.2010, 23:03
շարունակվելու է :)

Հաճույքով սպասում եմ: :)

Էլիզե
17.06.2010, 23:09
Հաճույքով սպասում եմ: :)

մերսի՜…

javaharut
17.06.2010, 23:15
Շատ հետաքրքիր ա, թե ինչ ա լինելու Քեռի Ծատուրի հետ: Էլիզե ջան ասեմ, որ տաղանդդ գնահատեցի նույնիսկ շատ հավանեցի:
Ամերիկացիներն էլ ունեն uncle Sam, բայց մեր Քեռի Ծատոււրին նման չի կարծում եմ:

Սպասում եմ անհամբեր:

Էլիզե
17.06.2010, 23:26

մերսի՜… :) ուղղակի քեռի Ծատուրը հայ մարդ է՝ իր մտածելակերպով, ապրելակերպով… տեսնենք՝ ինչեր է անելու հետո մեր հերոսը… :)

Chuk
17.06.2010, 23:34
Ես էլ եմ սպասում շարունակությանը, տեսնենք քո քեռի Ծատուրն ի՞նչ արկածների ա հանդիպում:

Մի փոքրիկ «դիտողություն», «Իմ քեռ Ծատուրը» չափազանց շատ էր հանդիպում, կարելի էր տեղ-տեղ փոխել, որ էդ արտահայտությունը շատ չճնշի, թեկուզ ասենք մի տեղ գրել «Էս քեռի Ծատուրս», կամ երբ որ իր բիզնեսն է նկարագրվում ու գրվել է, որ ստիպել է իրեն «Բիզնեսմեն Ծատուր» ասել, հաջորդ պարբերությունը սկսել հենց էդպես. «Բիզնեսմեն Ծատուրի բիզնես պլանը շատ պարզ էր և ահռելի եկամտաբեր», այլ ոչ թե նորից «Իմ քեռի Ծատուրի բիզնես պլանը շատ պարզ էր և ահռելի եկամտաբեր» :)

Էլիզե
17.06.2010, 23:35

մերսի՜… անպայման հաշվի կառնեմ :)

Շինարար
17.06.2010, 23:46
Էլիզ ջան, ես էլ շաատ հավանեցի, ասա մի ժամ էդ էինք խոսում էլի ֆեյսբուքում:)) բայց այստեղ էլ եմ ասելու, էս հատվածով դու ուղղակի ցույց տվեցիր, որ հետաքրքիր ու ինքնատիպ պատմելու ձև ունես, բայց սա նույնիսկ սկիզբ չէր, այլ ուղղակի առաջին էջ, ես Ծատուր քեռու արկածների լուրջ զարգացում եմ պահանջում, թե չէ այսպես ոնց որ ցույց տաս, որ տեսեք-տեսեք՝ կարող եմ գրել, բայց չեմ գրի, խի՞ գրեմ, որ մի հատ էլ կարդաք:)) Եթե շարունակություն չի եղել է, էս հատվածը ջախջախիչ քննադատության եմ ենթարկելու:goblin

Էլիզե
17.06.2010, 23:54

Մերսի՜… չէ, կգրեմ, ազնիվ խոսք, ջախջախիչ քննադատություն պետք չի … քո գրագետ գրված քնադատության տակից ո՞վ կկարողանա դուրս գալ… :))

Smokie
18.06.2010, 10:54
Ողջ ըլնես քեռի Ծատուր:good: (Ասածս պատմվածքին է վերաբերում, ոչ-թե քեռուն) :P

Էլիզե
18.06.2010, 22:16
Իմ քեռի Ծատուրը. մաս երկրորդ :)

Ես ցանկանում եմ Ձեզ պատմել մի փոքրիկ պատմություն այն մասին, թե ինչպես իմ քեռի Ծատուրը որոշեց պատից նկար կախել: Հարկ եմ համարում նշել, որ իմ քեռին օժտված է բարձր, հրամայական ձայնով և շատ ցածր գործունյա ջիղով:
Այդ օրը մեր քեռին հանկարծ որոշեց, որ իրենց ավտոտնակում տասը տարվա հնության նկարը պետք է հենց այսօր` անհապաղ կախել պատից:
Նա ասաց.
-Ես այդ նկարը հենց հիմա կկախեմ պատից, ես դա շուտվանից էի ուզում անել, ուղղակի ժամանակ չէի գտնում դրա համար: Դա բացարձակապես խնդիր չէ, հատկապես ինձ պես ճկուն և հսկա տղամարդու համար: Ընդամենը երկու վայրկյան է ինձնից պահանջվում, որ այս նկարը կախեմ պատից.......... Պրոբլեմ չկա:
Մեր գործունյա քեռին հանձնարարեց իր երկու որդիներին, մուրճը բերել, իր դստերը նա վստահեց մեխ բերելը, իր կնոջը նա հրամայեց բերել աթոռ, իսկ ինձ խորհուրդ տվեց բերել մատիտ, որպեսզի նա պատի վրա կարողանա նշել նկարի տեղը: Երբ բոլոր հանձնարանությունները կատարված էին, քեռին մեծ հանդիսավորությամբ բարձրացավ աթոռի վրա և ասաց.
-Սա շատ հեշտ գործ է, հատկապես ինձ պես տնարար տղամարդու համար: Հիմա, ևս երկու րոպե.... և նկարն արդեն կախված է:
Երկու րոպե հետո քեռի Ծատուրը հայտարարեց, որ խիստ անհասկանալի կերպով նա կորցրեց իր ձեռքում պահած մեխը: Մենք ողջ ընտանիքով կռացանք և սկսեցինք հատակի վրա որոնել մեխը,մինդեռ նա` գործող անձը, կանգնած աթոռի վրա, իր բարձունքի ողջ վեհությամբ մեզ անվանում էր «խղճալի արարածներ, որոնք անզոր են անգամ մեխ գտնել»: Ո՜վ հրաշք, մեխը գտնվեց, սակայն մեզ դարանակալած սպասում էր մեր քեռու նոր անակնկալը.....
-Էտ անտեր մուրճը ուր կորավ է՜.... Նոր ձեռքիս էր..... Ապա մի արագ գտեք, թե ուր կորավ մուրճը.... Արագացրե՛ք, չեք տեսնում` ձեր պատճառով գործն ինչքան ետ ընկավ:
Վերջապես գտնվեց չարաբաստիկ մուրճը.... Տասը րոպե մեր հսկա քեռին մուրճով նշան էր բռնում մեխի վրա: Մեծ ոգևորությամբ նա պատրաստվում էր իր հուժկու հարվածն ուղղել դեպի մեխը, սակայն իր ոգևորության և հուժկու ուժի պատճառով, մեր դյուցազն քեռին ընկավ աթոռից ներքև: Ընկնելու ընթացքում նա գլուխը հարվածեց դաշնամուրին, որը դավադիր կերպով պաշաճ հեռավորության վրա դարանակալել էր իմ հսկա քեռուն: Ինչպիսի հիանալի մեղեդի հնչեցրեց դաշնամուրը..... սակայն նույնը չեմ կարող ասել իմ քեռու հնչեցրած բառերի մասին:
Արդեն խորը գիշեր էր, երբ այդ դժբախտ նկարը վերջապես գտավ իր տեղը քեռի Ծատուրենց տան պատի վրա: Չնայած այն հանգամանքին, որ նկարն ավելի քան թեք էր կպցված պատին, տեղը հարմար չէր և ընդհանրապես թարս էր կախված` մենք բոլորս լռեցինք: Սենյակում միակ ժպտացող և երջանիկ մարդը Նա էր, ով հաղթական տոնով արտբերեց.
-Բա որ ասում էի` երկու վայրկյանի գործ է........ Ի՜նչ եք խառնվել իրար:

Շինարար
18.06.2010, 23:59
Էլիզ ջան, էլի ժպիտով եմ կարդացել,:)) էլի շարունակություն եմ պահանջում, :goblinգուցե էսպես փոքր-փոքր պատմություններից սկսես, վերջում Ծատուր քեռուն նշանավոր գրական կերպար դարձնես, ասում են՝ Հաշեկն էլ իր Շվեյկին էսպես մանրից ա կերտել, կանգ մի առ սրա վրա, իրոք գուցե մի բան դառնա, իսկ եթե չդառնա էլ, մեկ-մեկ էնպես կարիք ա լինում կարդալու էսպիսի բարի, ժպտացնող, չհավակնող գործեր:)) Բարի, դրական թեմայ ա, որ իրավունք չունես կիսատ թողնելու, կներես, որ առայժմ պատմվածք չեմ անվանում այն, հուսով եմ դեռ կվերաճի պատմվածքի, կամ այս ամենից դեռ պատմվածք կծնվի, իսկ եթե ոչինչ էլ չստացվի, չտխրես, լավ տրամադրություն փոխանցել արդեն հաջողվել է գոնե մի հոգու:))

Էլիզե
19.06.2010, 00:27

Մերսի՜ Զեմ ջան… ես ուղղակի ուզում եմ մի քիչ ժպիտ պարգևել ընթերցողին… պատմվածքի, գրքի, վեպի չեմ հավակնում … :))

Արէա
19.06.2010, 07:17
...Սարոյանի Արամ քեռուն հիշեցի... լավն ա շատ... միանգամից իմ ծանոթներից մի քանի հոգու հիշեցի քո Ծատուրի նման, շատ իրական ա կերպարդ, հաճույքով ա կարդացվում...

Էլիզե
19.06.2010, 09:44
...Սարոյանի Արամ քեռուն հիշեցի... լավն ա շատ... միանգամից իմ ծանոթներից մի քանի հոգու հիշեցի քո Ծատուրի նման, շատ իրական ա կերպարդ, հաճույքով ա կարդացվում...

Մերսի՜… շատ ուրախ եմ, որ Ձեզ դուր եկավ… իմ հիմնական գաղափարը իրական կերպար ստեղծելն է :)

SSS
19.06.2010, 10:42
Ապրես, ինձ ել դուր եկավ, լավ էր կարդացի մեկնաբանությունները, թե չէ Chuk_ին կրկնելու էի... Բացի այդ կցանկանայի շարունակության մեջ երկխոսություններ տեսնել' Քո քեռի Ծատուրին ավելի մոտից ճանաչելու ,ինչպես նաև ստեղծագործությունն ավելի ռիթմիկ դարձնելու համար:)

Էլիզե
19.06.2010, 13:31

Մերսի՜… անպայման լինելու են երկխոսություններ… ուղղակի առաջին երկու գործերը ստեղծված են քեռի Ծատուրին ավելի լավ ճանաչելու համար :)

Գալաթեա
19.06.2010, 14:54
Լավն ա, Էլիզիկ :)
Մտահղացումը հավեսն ա, բայց իրականացումը պուճուրիկ թերություններ ունի:
Չգիտեմ, մտածված ես անում թե չէ, բայց բավականին պարզ ու անպաճույճ սյուժեների համար դու չափից դուրս բարդ արտահայտություններ ես գործածում:
Քեռուն ամեն անգամ հիշատակելիս նոր հնչեղ մակդիր կպցնելը իհարկե հետաքրքիր է, բայց երբ շատ ես դա անում, քո հիմնական նպատակը՝ հեգնանք հաղորդելը, այնքան նուրբ չի լինում, որքան ցանկալի կլիներ այս դեպքում: Վերածվում է անսքող ձեռառնելիքի: Իսկ նուրբ հեգնանքը շատ ավելի ազդեցիկ կլիներ: Հակառակ դեպքում պարզ սյուժեի ու այդ սյուժեում գործածված բառապաշարի բալանսը խախտվում է:

Սա իմ տպավորությունն է, գուցե և սխալվում եմ :)

Էլիզե
19.06.2010, 15:14

Մերսի՜ Գալաթեա ջան, իհարկե ճիշտ ես, ուղղակի սա իմ առաջին քայլերն են ստեղծագործական ասպրեզում, շատ թերություններ կան, որոնք կփորձեմ ուղղել... :)

Dayana
19.06.2010, 15:19
Լիլ, էդ Չուկն ա մեղավոր, եկավ էս աղջկան կրակը գցեց ՝ համոզեց, որ քեռի Ծատուրին լիքը գույնզգույն հատկանիշներ կպցնի, իսկ նենց "քեռի Ծատուր" վիճակով մարդն ամբողջական կերպարով էր :))

Էլիզ, հերիք ա ասեա առաջին քայլեր- առաջին քայլեր, իբր մնացածն էլ մոր փորում են գրել սովորել :sad հա, ի՞նչ էի ուզում ասել, շատ համով ես գրում, ապրես, Ակումբում կարդալու թեմա ես բացել, բոլորս անհամբեր սպասում ենք, որ նոր բան գրես քեռու մասին, կարդանք, ճիշտ տեղը-տեղին էլ գրում ես ՝ մանր-մանր, որ ոչ կուլ տանք, ոչ էլ... ապրես :)

Էլիզե
19.06.2010, 15:23

Մերսի՜ Դայ ջան... :)

Էլիզե
19.06.2010, 22:43
Քեռի Ծատուրը: մաս երրորդ

Իմ հարգարժան քեռի Ծատուրի ավագ որդին` Նարեկը, արդեն մեկ ամիս` ինչ Ռուսաստան էր գնացել, ավելի կոնկրետ` ինչպես բացատրում էր իմ քեռակինը` խոԲանի:
Նարեկը մեկ ամիս անց ցանկացավ իր ծնողներին ուղարկել մի փոքրիկ գումար` ապացուցում այն փաստի, որ ինքն աշխատում է: Այդ լուրը լսելուն պես` Նարեկի հայրը և մայրը` տիկին Զվարթը, բնականաբար, անչափ ուրախացան, պատմեցին ողջ գյուղին, հպարտացան իրենց տղայով, ինչպես ասաց քեռիս` «Տղես ինձ ա քաշել` անչափ խելացի ու շատ հաջողակ»:
Միակ բարդ հարցը այն էր, որ Նարեկը այդ գումարն ուղարկել էր բանկի միջոցով, իսկ քեռիս երբեք բանկ չէր մտել, սակայն այդ հանգամանքը չխանգարեց մեր դյուցազունին գլուխ գովել համագյուղացիների մոտ և ասել.
-Բանկի հետ գիտե՞ք ինչքան գործարքներ եմ արել....պահ, մազերիս չափ...
Հաշվի առնելով այն փաստը, որ Ծատուրը ճաղատ էր` նրա համեմատությունը իրականությունից այնքան էլ հեռու չէր: Իսկ իմ քեռին երբեք չէր ստում` նա ուղղակի ձևափոխում էր ճշմարտությունը:
Լավ, անցնենք բուն թեմային` պետք էր գնալ քաղաք` բանկ և ստանալ գումարը: Այդ պատասխանատու գործին քեռիս շատ լուրջ մոտեցավ. առավոտյան շուտ արթնացավ, պատշաճ ձևով և մանրակրկիտ կերպով հագնվեց, սանրեց թավ հոնքերը ու մշտադալար բեղերը, ի հարգանք երբեմնի խիտ մազերի հիշատակին` սանրը քսեց գլխին:
Հասավ բաղձալի պահը. քեռիս իր ողջ վեհությամբ կանգնած էր բանկի դռան առջև: Երկար մտորելուց հետո` դուռը թակել թե ոչ, քեռիս որոշեց չթակել դուռը և հրելով` բաց արեց դուռը: Մեր հսկան թերագնահատել էր իր բազկի ուժը. նա դուռը հրեց այնպիսի անհավանական ուժով, որ դուռը դիպչելով պատին` օգնության աղաղակ հնչեցրեց, ընդ որում` դա արեց շատ բարձր: Նրան դուր չեկավ դռան նման վերաբերմունքը և նա մի քամահրական հայացք նետեց դժբախտ դռան վրա, որից հետո ժպիտը երեսին մոտեցավ տվյալ բանկում աշխատող աղջիկներից մեկին:
-Բարև՜, աղջիկ ջան, հլը լսի` տղես` Նարեկս, վա¯յ, ես իրա ջանին մեռնեմ, փող ա ուղարկել մեզ Ռուսաստանից, էտ փողը տուր վերցնեմ, գնամ:
Աղջիկը` դժվար ըմբռնելով քեռուս բարձրաձայնած մտքերը.
-Ի՞նչ Նարեկ…. Ա¯խ, հա, հասկացա, Ձեզ երևի փոխանցումների բաժինն է պետք դիմել, խնդրեմ, անցե՜ք աջ….
- Նարեկս ասավ` բանկ ա ուղարկել,- սրտնեղեց քեռիս,- Ի՞նչ փոՂանցում, աղջիկ ջան, ո՞ւմ պիտի անցնի էտ փողը: Չէ, չե՜մ թողնի սրա-նրա փայ դառնա էրեխիս քրտինքով աշխատած փողը: Էտ փողը պիտի հավաքենք, որ Նարեկիս մյուս տարի ամուսնացնենք, հարսանիք անենք:
Աղջիկը` անչափ զարմացած.
-Պարոն, ես Ձեզ ասում եմ, որ անցնեք փոխանցումների բաժին, ասեք Ձեր հաշվեհամարը, ա¯յ այնտեղ և…
-Ո՞ւմ համարն ասեմ աղջիկ ջան,- կրկին ընդհատում է մեր “գործարարը”,- դե, տղես, որ գնաց, մոտը էն… Էն անտեր… էն… ո՞նց էր դրա անունը…հա¯, անթել հեռախոսներից կար.. դրա համարը ասե՞ մ:
Աղջիկը` կլորացած աչքերով.
-Ոչ պարոն, հաշվեհամարը…
Քեռիս` հաղթական ու հպարտ տոնով.
-Ի՜նչ հաշվեհամար, Նարեկս ասեց` գնա՜ բանկ` էտ փողերը ստացի:
Աղջիկը դեռ համառորեն շարունակում էր դիմադրել.
-Պարոն, գումարը Դուք պետք է ստանաք Ձեր հաշվեհամարից, դրա համար Դուք…
Քեռիս` էվրիկա գոչեցող տեսքով.
-Հլը մի սպասի՜, աղջի՜կ ջան, դու ո՞ւմ աղջիկն ես: Կարո՞ղ ա հորդ ճանաչեմ: Ինչ էլ ճարտար լեզու ունես… ամուսնացած ես… չէ՞…հմմ… Նարեկիս կուզե՞ս: Նարեկս լավ տղա ա, հրեն, տե՜ս աշխատում ա, փող ա ուղարկում… յանի խի՞ չես ուզի է¯… հլը մի չես էլ խնդրի… Նարեկիս պես տղաները փողոցում թափած հո չեն…
Աղջիկը` զարմանքից անէացած տեսքով.
-Պարո՜ն, մեր բանկից գումար ստանալու համար Դուք պետք է մեզ ասեք Ձեր հաշվեհամարը…
Քեռիս` եղնիկ տեսած որսորդի աչքերի արտահայտությամբ.
-Լա¯վ, էտ հասկացանք… հմի, Նարեկիս չե՞ս ուզում … բայց խի՞… գոնե գիտես` ի¯նչ լավ տղա ունեմ… Տղես իսկը ես եմ` խելոք, գրագետ, ամենքի հետ լեզու գտնող, համեստ, ազնիվ, բանիմաց…
Աղջիկը` անհամբեր.
-Պարոն, խնդրում եմ, անցեք փոխանցումների բաժին, այնտեղ պարզեք Ձեր փողային հարցերը…
Քեռիս` մտքամոլոր.
-Լա՜վ, աղջի՜կ ջան, էտ փողի հարցով հլը սպասի, էտ վռազ չի: Ես գնամ տուն, կնկաս հետ գլուխ գլխի տանք` տեսնենք դու հարմար ես մեր Նարեկին, տղես կհավանի քո պես աղջկա… հմմ… դե լա՜վ, ես գնացի:
Աղջկա ապշահար հայացքի ներքո` քեռիս հեռացավ բանկից, գնաց տիկին Զվարթի հետ գլուխ գլխի տալու...

Շարունակելի...

Շինարար
19.06.2010, 23:02
Էլիզ ջան, էս անգամ ջախջախիչ քննադատություն եմ անելու:P Բայց պատճառն էն ա, որ ոչ թե դուրս չի եկել, այլ դուրս շատ ա եկել, ուզում եմ շարունակությունն էլ ավելի լավը լինի;) Նախ, անպայման չի ամեն օր նոր մաս ավելացնես, չեմ ուզում հեռուստատեսային սերիալների նման հապճեպ լինի, էս մասը հապճեպ արված էր, չշտկված:) Քեռի բառը իրոք շատ ա կրկնվում, ու, ըստ իս, պետք է ոչ թե փոխարինես այլ մակդիրներով, այլ տեղ-տեղ ընդհանրապես որևէ ենթակա չօգտագործես, արդեն հասկացել ենք, որ քեռի Ծատուրի մասին ա: տես

Իմ հարգարժան քեռի Ծատուրի ավագ որդին` Նարեկը, արդեն մեկ ամիս` ինչ Ռուսաստան էր գնացել, ավելի կոնկրետ` ինչպես բացատրում էր իմ քեռակինը` խոԲանի:Էս մասում, օրինակ, «հարգարժանը» պետք չէր:) Մեկ էլ, երևի ավելի հայերեն կլինի ոչ թե քեռի Ծատուրը, այլ Ծատուր քեռին:8 Գրական հայերենի առումով չգիտեմ, բայց ժողովրդական խոսքին ավելի մտ կլինի:

Հաշվի առնելով այն փաստը, որ Ծատուրը ճաղատ էր` նրա համեմատությունը իրականությունից այնքան էլ հեռու չէր: Իսկ իմ քեռին երբեք չէր ստում` նա ուղղակի ձևափոխում էր ճշմարտությունը: Ստեղ երևի ուղղակի չէիր ուզել քեռի բառը կրկնել, բայց քանի որ մեկ ու մեկ իրան քեռի-ով ես դիմել, երևի չարժե Ծատուր ասել, այս նախադասությունը լրիվ կարող էր առանց ենթակայի կամ դերանվանական ենթակայով յոլա գնալ:

Հասավ բաղձալի պահը. քեռիս իր ողջ վեհությամբ կանգնած էր բանկի դռան առջև: Երկար մտորելուց հետո` դուռը թակել թե ոչ, քեռիս որոշեց չթակել դուռը և հրելով` բաց արեց դուռը:
Երկրորդ քեռին ավելորդ էր, նորից կարելի էր առանց երկրորդ ենթակայի յոլա գնալ, նույնիսկ դերանվան կարիք չկա:

Մեր հսկան թերագնահատել էր իր բազկի ուժը. նա դուռը հրեց այնպիսի անհավանական ուժով, որ դուռը դիպչելով պատին` օգնության աղաղակ հնչեցրեց, ընդ որում` դա արեց շատ բարձր:
«Մեր հսկան», Գալաթեայի ասած, ձեռառնական է, կարելի էր ուղղակի՝ «Թերագնահատելով բազկի ուժը՝ նա…»:
Եվ այլն…
Կուզենայի, որ այնուամենայնիվ բանկից գումարը ստանար, էսպես արկածը կարծես կիսատ է մնում, շարունակություն դեռ պահանջում եմ:goblin Բայց գրածդ նույն օրը մի տեղադրիր, ավելի լավ է մեկ-երկու օր անցնի, օրեկան մեկ-երկու անգամ վերընթերցես, հղկես, դզես-փչես, նոր տեղադրես, որ իմ նման քթի մազ ընթերցողները կպնելու տեղ չունենան: Դեռ ոչ մեկի գրածին այսքան մանրամասն չէի անդրադարձել, ուղղակի Ծատուր քեռու հետ մեծ հույսեր եմ տածում:)

Էլիզե
19.06.2010, 23:07
Էլիզ ջան, էս անգամ ջախջախիչ քննադատություն եմ անելու:P Բայց պատճառն էն ա, որ ոչ թե դուրս չի եկել, այլ դուրս շատ ա եկել, ւզում եմ շարունակությունն էլ ավելի լավը լինի;) Նախ, անպայման չի ամեն օր նոր մաս ավելացնես, չեմ ուզում հեռուստատեսային սերիալների նման հապճեպ լինի, էս մասը հապճեպ արված էր, չշտկված:) Քեռի բառը իրոք շատ ա կրկնվում, ու ըստ իս, պետք է ոչ թե փոխարինես այլ մակդիրներով, այլ տեղ-տեղ ընդհանրապես որևէ ենթակ չօգտագործես, արդեն հասկացել ենք, որ քեռի Ծատուրի մասին ա: տեսԷս մասում, օրինակ, «հարգարժանը» պետք չէր:) Մեկ էլ, երևի ավելի հայերեն կլինի ոչ թե քեռի Ծատուրը, այլ Ծատուր քեռին:8

Ստեղ երևի ուղղակի չէիր ուզել քեռի բառը կրկնել, աբյց քանի որ մեկ ու մեկ իրան քեռի-ով ես դիմել, երևի չարժե Ծտուր ասել, այս նախադասությունը լրիվ կարող էր առանց ենթակայի կամ դերանվանական ենթակայով յոլա գնալ:

Երկրորդ քեռին ավելորդ էր, որից կարելի էր առանց երկրորդ ենթակայի յոլա գնալ, նույնիսկ դերանվան կարիք չկա:

«Մեր հսկան», Գալաթեայի ասած, ձեռառնական է, կարելի էր ուղղակի՝ «Թերագնահատելով բազկի ուժը՝ նա…»:
Եվ այլն…
Կուզենայի, որ այնուամենայնիվ բանկից գումարը ստանար, էսպես արկածը կարծես կիսատ է մնում, շարունակություն դեռ պահանջում եմ:goblin Բայց գրածդ նույն օրը մի տեղադրիր, ավելի լավ է մեկ-երկու օր անցնի, օրեկան մեկ-երկու անգամ վերընթերցես, հղկես, դզես-փչես, նոր տեղադրես, որ իմ նման քթի մազ ընթերցողները կպնելու տեղ չունենան: Դեռ ոչ մեկի գրածին այսքան մանրամասն չէի անդրադարձել, ուղղակի Ծատուր քեռու հետ մեծ հույսեր եմ տածում:)

Մերսի՜ Շինարար ջան… ապրես, որ ճիշտ ուղղություն ես ցույց տալիս ինձ, դե ես քո պես փորձառու չեմ, ապրես, որ օգնում ես ինձ… օգնությունդ գնահատում եմ՝ հինգ ու խաչ :B

Տնաշեն, նհենց ջախջախեցիր.... էլ գրիլ չտեմ :beee :)) /իհարկե կատակ / :))

Ուլուանա
19.06.2010, 23:16
Էլիզե ջան, նույն բանն էի ուզում ասել, ինչ Գալաթեան, ուղղակի մի քիչ ուրիշ տեսանկյունից. պիտի ասեի, որ բարդ ու ճոխ նկարագրություններ ու բնորոշումների համեմատ սյուժեներդ մի քիչ պարզունակ են, իմ կարծիքով, լավ կլիներ՝ ավելի ուժեղ ու հարուստ լինեին՝ ընտրածդ բառապաշարին ավելի համապատասխանելու համար։ :)

Էլիզե
19.06.2010, 23:23

Մերսի՜ Ուլուանա ջան… հաշվի կառնեմ …:)

Էլիզե
25.06.2010, 23:11
Քեռի Ծատուր: մաս չորրորդ

Հիշո՞ւմ եք բանկի տանջահար եղած աղջկան: Դա լավ է. հիշե'ք, մտքներումդ պահե'ք, քանի որ հիմա քեռիս արդեն տուն է հասել և նրանք երկուսով` մարդ ու կին, քննարկում են բանկում կատարվածը:
-Ծատո՞ւր, բայց գոնե լա՞վ աղջիկ էր:
-Դե հա, մի քիչ շատ էր խոսում, զահլես տարավ, բայց լավն էր: Դե գեղեցկուհի չէր, բայց կարևորը` ասող-խոսող էր:
- Ասում ես` սիրուն չէր... Եսիմ, մարդ ջան, սիրտս կախ ա, Նարեկս կարող ա չհավանի:
-Ա՜յ կնիկ, կնկա սիրունը ո՞րն ա: Կնիկը հո ռո՞ւս չի, որ սիրուն ըլնի: Հա, հենց մտա բանկ, կպել ինձնից ու պոկ չէր գալիս էտ աղջիկը, երևի ականջին հասել ա, որ Նարեկիս պես տղա ունենք, վռազ ոտ ու ձեռ էր ընկել: Դե հասկանալի ա` համ Նարեկիս պես տղային չի ուզում ձեռքից բաց թողնի, համ էլ` դե մեր ընտանիքի մասին լսած կըլի էլի, կիմանա` ինչ լավ ընտանիք ենք... ո՞վ չի ուզենա մեր ընտանիք ոտք դնի:
-Մարդ ջա՜ն, ասում եմ` արի գնանք էտ աղջկա տուն... տեսնենք` հերը, մերը ո՞վ են, ինչացո՞ւ են, մեզ հարմա՞ր են, թե չէ...
-Հը՞... լավ ես ասում, կնիկ: Ուղեղդ աշխատում ա...
-Հա բա մարդ ջան...
Քեռիս օգտագործեց իր կապերը` այդ աղջկա ծնողներին ճանաչողներ գտնելու համար: Հույժ գաղտնի կերպով փորձեց ինֆորմացիա կորզել գյուղի բանիմացներից` Աղասանց Միկուլից, Վաչիկի տղա Ստեփանից, Մկոյանց Վարդանից և այդպես շարունակ, մինչև ողջ գյուղով տարածվեց` Ծատուրի տղա Նարեկը պսակվել է, կամ էլ պսակվում է, կամ էլ` մի օր կպսակվի: Բայց դա կարևոր չէ, կարևորը` ինֆորմացիան հավաքված էր:
Հավաքված ինֆորմացիան ի մի բերելուց հետո պարզվեց հետևյալը` այդ աղջկա պապը քեռիիս համագյուղացին է եղել: Չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ երկուսը երբեք չեն հանդիպել, քեռիս չզլացավ և ասաց.
-Հա՜… հիշեցի… պապը լավ մարդ էր… իրար հետ ահագին աղուհաց ենք կերել, շատ կատակչի մարդ էր… հեյ գիդի ժամանակներ…
Եվ ի հավելում իր ասածի` նա տեղում մի քանի պատմություններ հորինեց` իր և պապի հետ կապված (իհարկե անտեսում ենք այն հանգամանքը, որ քեռիս դեռ ծնված չէր, երբ պապը մեկնել էր Հայրենանան Մեծ Պատերազմ և չէր վերադարձել):
Ինչևէ, հավաստի աղբյուրներից նաև ճշտվել էր այդ աղջկա տան հասցեն, նրա ծնողների անունները: Եվ ահա քեռիս և քեռակինս կանգնած էին նրանց դռան առջև: Թակեցին դուռը, դուռը բացեց համակրելի արտաքինով մի կին: Քեռիս շատ էր ցանկանում հարազատ և մտերմիկ տոնով խոսել, այդ պատճառով նա շատ քաղաքակիրթ ձևով ասաց.
-Բարի օր, տիկի՛ն, մա՞րդդ ուր ա:
Տիկինը մի պահ չհասկացավ` իրենից ի՛նչ է պահանջվում և ասաց.
-Ներեցեք, ի՞նչ ասացիք…
-Ներեցեք-մերեցեք չկա, հարազատ մադիկ ենք, ասում եմ` ո՞ւր ա մարդդ չկա:
Կինը կարծես քիչ-քիչ հասկանում էր.
-Ա՜խ, ամուսինս… տանն է, համեցե՛ք ներս խնդրեմ:
-Ըհը՛, դե տենց խոսա, ցավդ տանեմ, թե չէ` ներեցեք, ես շատ գիտեմ էլ ինչ… հա, կնիկս ա` Զվարթը, ծանոթացի՛:
Անցան ներս: Ներսում նստած էր տիկինի ամուսինը և խորասուզված ընթերցում էր 20-րդ դարի գրականության վերլուծության ձեռնարկ: Նա այնքան ինքնամոռաց կերպով էր կարդում, որ անգամ չնկատեց թանկագին հյուրերի ներս մտնելը: Տիկինն ասաց.
-Դմիտրի՛, ներիր, որ քեզ ընդհատում եմ, մենք հյուրեր ունենք, սիրելի՛ս:
Դմիտրին բարձրացրեց հայացքը և աչքերով հանդիպեց քեռուսս վճիտ աչքերին, որոնք կարծես ասում էին` էս մարդն ի՞նչ ա գտել գրքի մեջ:
-Օ՜, ներեցեք ինձ անփութությանս համար, ուղղակի մտովի համեմատական էի անցկացնում Սելինջերի և Սարոյանի գրված ստեղծագործությունների միջև: Նրանք, հիրավի, երկուսն էլ հոյակապ են, համաձայն չե՞ք ինձ հետ,- ասաց տանտերը սպասողական հայացքով նայելով հյուրերին:
-Հա՜, բա ինչ են, երկուսն էլ հիրավի են, զեմլյա՛կ ջան,- ասաց քեռիս` նայելով իր կնոջը, որն իր հերթին հպարտությունից փայլող ճակատով նայում էր իր ամուսնուն` ի՜նչ ճարտար լեզու ունի մարդս, է՜:
Հուսախաբ եղած դեմքով տանտերն ասաց.
-Ի՞նչով կարող եմ օգտակար լինել Ձեզ:
-Հա, ինչ էի ասում, մենք հորդ գեղից ենք եկել, մենք հորդ զեմլյակներն ենք, դե քո զեմլյակներն էլ ենք էլի, հա, ուզում էի ասեմ` քո գեղում քեզ հա հիշում են, ասում են` տեսնես էն Դիմիտռին ո՞նց ա, ո՞ւր ա չկա…
-Ի՞մ գյուղում…հմմ… ներեցե՛ք, բայց ես հորս գյուղում երբեք չեմ եղել: Ինչևէ, եթե հորս գյուղից եք` շատ շնորհակալ եմ, որ եկել եք, նստեցե՛ք խնդրեմ:
-Հա… լավ չի, որ չես եղել, մեր գեղի ժողովուրդն էլ ա էտ ասում էլի` ո՞ւր ա Դիմիտռին չկա,-չէր հանձնվում քեռիս,-բա տանը մենա՞կ եք, աղջի՞կդ ուր ա չկա:
-Ա՜խ, աղջիկս, Աննուշկաս… ամուսնու տանն է, նրա հե՞տ գործ ունեիք:
-Ո՞նց թե մարդու տանն ա… էտ ե՞րբ ա հասցրել պսակվի, ի՛նչ մի վռազ պսակվել ա, վախում էր չհասցնե՞ր,-ասաց քեռիս և անհարմար իրավիճակից ելնելու համար մի թեթև ծիծաղեց,- հե, հե՜…
-Ի՜նչ եք ասում, Աննուշկաս քսանվեց տարեկանում ամուսնացավ, նա պաշտպանեց իր դիսերտացիան և հաջորդ տարի ամուսնացավ,- ժպիտով ասաց տանտերը և փշրեց քեռուս հյուսերը:
-Տենց հա՜,- ծոր տվեց քեռիս:
-Իսկ Դո՞ւք ինչպես եք… Ի՞նչ նորություններ կան Ձեր… այսինքն` մեր գյուղում:
-Սաղ նույնն ա էլի,- անտարբեր ասաց քեռիս,-դե լավ, մենք գնանք, Զվարթ, վե՛ր:
-Ո՞ւր եք գնում, մնացեք հիմա թեյ կմատուցեմ,-ասաց հյուրասեր տանտիրուհին:
-Չէ, ապրես, ցավդ տանեմ, չենք ուզում, մի քիչ վռազ ենք էլի պիտի հասնենք մեր գյուղը,-ժպտաց քեռիս և կնոջ հետ դուրս եկան:
-Տեսար ի՜նչ համագյուղացիներ ունեմ,-հպարտորեն ասաց տանտերը,- հատուկ գյուղից եկել էին` իմ որպիսությունն իմանանալու համար:
Տիկինը հպարտությունից փայլող ճակատով նայեց իր ամուսնուն և ասաց.
-Այո, տեսա, հպարտացա քեզնով:
Քեռիս և քեռակինս գյուղ հասնելու ողջ ճանապարհին քննարկեցին տեղի ունեցածը.
-Մա՛րդ ջան, էտ ինչ տեսակ մարդիկ էին, մի երկու բառ գիտեին, հա աչքդ էին կոխում: Էն… էն… էն ո՞նց էր…հա, “հանսարքի՞”…
-“Հիրավի՜”, “հիրավի”, ա՛յ կնիկ ... հա, ուզում էր ինձ նեղը գցեր… բայց հետո տեսավ, որ Ծատուրը նեղն ընկնողներից չի…
-Հա մարդ ջան… չէ… լավ մարդիկ չէին, հեչ էլ դուրս չեկան, թեկուզ աղջիկն էլ պսակված չըլներ, չէի ուզի դրանց աղջկան… դրանք ի՞նչ են, որ մեզ խնամի դառնան…
-Հա՛ կնիկ ջան… Ուղեղդ աշխատում ա էլի, հո զոռով չի՞,-ամուսինները նայեցին իրար ու ժպտացին:

Շինարար
25.06.2010, 23:24
Ներսում նստած էր տիկինի ամուսինը և խորասուզված ընթերցում էր 20-րդ դարի գրականության վերլուծության ձեռնարկ:
:lol Էս անգամ բարի եմ, չեմ ջախջախում, բայց զիված սպասում եմ հաջորդ հատվածին:goblin Կարծում եմ՝ քեռին հիրավի հասկացավ, թե ինչ ասել է՝ Սելինջերի և Սարոյանի ստեղծագործությունների միջև մտովի համեմատական անցկացնել:D

Էլիզե
25.06.2010, 23:28

Մերսի՜… Շին ջան :)
/Էս անգամ լավ պրծա... :D /

Արէա
26.06.2010, 07:40
...առաջին ու երկրորդ մասերը իրոք շատ հաջողված էին, ու գիտես ինչո՞ւ, որովհետև դա քոնն էր, ոչ ոք քեզ ոչ մի խորհուրդ չէր տվել, դու գրել էիր էնպես ինչպես ուզում էիր, ու իրոք հրաշալի բան էր ստացվել, հետո եկան մեր շատ սիրելի խորհրդատուները ու ամեն մեկը փորձեց ինչ որ բան փոխել քո գրելաոճում, մեկը ավելացրեց երկխոսություններ, մեկը վերացրեց քեռու այնքան ծիծաղելի մակդիրները, մեկը մի ուրիշ բան ու ստացվեց էն, ինչ որ ստացվեց` շատ ավելի թույլ շարունակություններ քան առաջին ու երկրորդ մասերը: Կներես անկեղծության համար, ուղղակի ինձ շատ էր դուր եկել սկիզբը, ուզում եմ որ շարունակությունն էլ էդքան լավը լինի: Չեմ սիրում խորհուրդներ տալ, ու ինքս էլ շատ քիչ եմ ինձ տրված խորհուրդներին ականջ դնում, բայց քեզ էլ նույնը խորհուրդ կտայի: Առաջին ու երկրորդ մասերում լիքը անհատականություն կար, նորից գտի էդ անհատականությունը, մոռացի էն ամեն ինչը, ինչ քեզ ասել են, գրի էնպես ոնց որ ուզում ես, ու ոնց որ կարող ես, ու հավատա որ դա իրոք հիացմունքի արժանի գործ կլինի... ես ընդհանրապես ակումբում շատ քիչ եմ գրառում կատարում, բայց քեռի Ծատուրը ինձ շատ ա դուր եկել, ուզում եմ որ շարունակությունը սկզբի նման լինի...

Էլիզե
26.06.2010, 09:41

Մերսի՜…, անպայման կհետևեմ Ձեր խորհրդին… :)
Իրոք՝ շատ շնորհակալ եմ կարծիքների համար :ok

ՆանՍ
26.06.2010, 10:22
Էլիզ ջան, ապրես, մեծ հետաքրքրությամբ ու բավականությամբ եմ կարդում գրվածքներդ, կսպասեմ հաջորդներին:Արթուր ձյային ցույց տվել ես? չի ասել? ապրես,տոչնի պապայի բալեն ա( հիշում եմ պապայիդ ասած լավ-լավ կենացները, շատ հավեսով թամադայա):
Հաստատ իրան ես քաշել , չնայած` մամայիդ էլ եմ հավանում, շատ գրագետ կինա ու լավը, իրան էլ ես նման. դե պտուղը ծառից հեռու չի ընկնում;)
Շարունակիր գրել, հավես կարդացվում ա:ok

Գալաթեա
26.06.2010, 17:01
Ապրես Էլիզիկ :)
Ահագին նկատելի տարբերություն կա որակի մեջ:
Վերջին երկու մասը շատ ավելի թեթև ու հավեսով են կարդացվում:
Խորհուրդներին էլ շատ տեղին ու ճիշտ էիր հետևել:
Ի դեպ, երկխոսությունը լավ է մոտդ ստացվում: Կենդանի ու բնական:

Կարծում եմ քանի շարունակես, ավելի ու ավելի լավ ա ստացվելու :)

Էլիզե
26.06.2010, 18:29
Էլիզ ջան, ապրես, մեծ հետաքրքրությամբ ու բավականությամբ եմ կարդում գրվածքներդ, կսպասեմ հաջորդներին:Արթուր ձյային ցույց տվել ես? չի ասել? ապրես,տոչնի պապայի բալեն ա( հիշում եմ պապայիդ ասած լավ-լավ կենացները, շատ հավեսով թամադայա):
Հաստատ իրան ես քաշել , չնայած` մամայիդ էլ եմ հավանում, շատ գրագետ կինա ու լավը, իրան էլ ես նման. դե պտուղը ծառից հեռու չի ընկնում;)
Շարունակիր գրել, հավես կարդացվում ա:ok

Աղջի ջան էս դու ստեղ որոշել ես իմ ու իմ ընտանիքի PRով զբաղվե՞լ :))
Մերսի Սոֆ ջան :kiss , հա ցույց եմ տվել հավանել են տնեցիք :oy

---------- Ավելացվել է՝ 16:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:28 ----------

Ապրես Էլիզիկ :)
Ահագին նկատելի տարբերություն կա որակի մեջ:
Վերջին երկու մասը շատ ավելի թեթև ու հավեսով են կարդացվում:
Խորհուրդներին էլ շատ տեղին ու ճիշտ էիր հետևել:
Ի դեպ, երկխոսությունը լավ է մոտդ ստացվում: Կենդանի ու բնական:

Կարծում եմ քանի շարունակես, ավելի ու ավելի լավ ա ստացվելու :)

Մերսի... շատ ուրախ եմ լավ խոսքերի համար :)

ՆանՍ
28.06.2010, 12:04
Աս ջան դե ինչ ճիշտն ա էն եմ ասել:hands

Էլիզե
29.09.2010, 21:11
Ժողովուրդ ջան, Ծատուր քեռիին ուղարկել եմ ՎՕՏՊՈՒՍԿ... :)) բայց ընդմիշտ չէ` որոշ ժամանակ անց` կգա.... իսկ հիմա առաջարկում եմ Սուրճի ընդմիջում, պարապ չմնանք էլի... :))

Սուրճը և նրա հետևանքները

Տիկին Մարթան բաժակների մեջ լցրեց սուրճը և տնային տնտեսուհուն հատուկ աշխուժությամբ սկսեց զրույցը իր “հազար տարվա” հարևանուհու` տիկին Սոֆիկի հետ:
-Աղջի' Սոֆիկ , բա չիմացար` ինչ եղավ…
-Ի՞նչ աղջի ջան,-բամբասկոտ կնոջը հատուկ “վեհ” հարցասիրությամբ հարցրեց տիկին Սոֆիկը:
-Աղջիկս պսակվում, ա…
-Վայ քոռանամ ես, բա խի՞…թո՛ւ… ուզում էի ասեմ` բա ո՞ւմ հետ:
-Վայ… գիտես՝ ի՛նչ տղա ա… բա իմ աղջիկը հո վատ տղայի չէ՞ր հավանի… դե աղջիկս ինձ ա քաշել` գիտի ով` ով ա էլի… հա, ուրեմն` էտ տղեն վիշի սորտ տղա ա` սաղ օրը աղջկաս հետևից ման ա գալիս, սաղ օրը ծաղիկներ ա նվիրում…ամբողջ օր զանգում ա... մի խոսքով…
-Բա էտ տղեն աշխատո՞ւմ ա, սովորո՞ւմ ա…
-Ով փեսես… գիտես ինչ տղա ա… իրավաբանականում պիտի սովորի… իրա հերը բժիշկ ա, մերն էլ` եվռեյկա…
-Մեղա… եվռեյկան ի՞նչն ա,- սուրճի բաժակը շուռ տալով հարցրեց տիկին Սոֆիկը:
-Եվռեյկա՞ն… ազգ ա էլի տենց` տղամարդու համար եվռեյ են ասում, կնկա համար էլ` եվռեյկա, չգիտես ի՞նչ ա,- հոնքը բարձրացրած ասաց տիկին Մարթան:
- Հաաա,- ծոր տվեց Սոֆիկը,- լսի, բա աղջիկդ տասնվեց տարեկան ա, չէ՞…
-Հա, ի՛նչ անենք… տղեն էլ տասնյոթ ա… Աղջկաս աչքը էտ տղուն տեսել ա, սիրտը ուզել ա էտ տղու հետ պսակվի… տարիքը ստեղ ի՞նչ կապ ունի:
-Բա աղջիկդ նոր ա դպրոցը ավարտել, ոչ մի տեղ չի՞ սովորելու:
-Աղջի՛ ջան, դու հո չասեցի՞ր` ոնց կարող ա իմ աղջիկը ոչ մի տեղ չսովորի. իմ կուկլա, խելոք աոջիկը… վայ ես նրա ջանին մեռնեմ: Անպայման կսովորի` կամ բժշկական, կամ Բրյուսով:
-Հաաա, մի խոսքով բժշկի խնամի ես դառնում , հա՞,- անթաքույց նախանձով ասաց Սոֆիկը:
-Հա բա…
-Մարթա, բա տղո՞ւդ գործերը ոնց են:
-Տղե՜ս… իիիհ… նա մարդ չի դառնա… հիմա էլ ուզում ա պսակվի… ո՛վ ա տեսել քսանչորս տարեկան տղուն պսակեն… ուֆ…
-Պսակեն… հավանած աղջիկ ունի՞ տղեդ:
-Հա բա ինչ, գտել ա մեկին…
-Վայ, աղջի Մարթա, հլը մի պատմի` էտ աղջիկը ինչացո՞ւ ա:
-Էհ Սոֆիկ ջան, էտ աղջիկը սովորում ա մագիստրատուրայում… հեհե… ասա` ինչի՛դ ա պետք սովորելը… ո՞ւմ ա պետք, դպրոցը ավարտել ես` հերի՛ք ա էլի:
-Բա տղեդ ինչ ա ասում,-հետախույզի տեսքով հարցրեց Սոֆիկը:
-Տղես… դառել ա էտ աղջկա գերին` ամբողջ օրը էտ աղջկա հետևից ա ման գալիս, ծաղիկներ ա նվիրում էտ աղջկան, ամբողջ օրը զանգում ա, …էտ աղջիկն էլ հլը քսան տարեկան ա… քսան տարեկան աղջկա խելքը ինչ ա, որ հլը մի պսակվի… մի խոսքով մենակ աղջիկս ա հույսերս արդարացնում, վայ ես իրա ջանին մեռնեմ…
-Լավ, Մարթա ջան, սիրտդ լեն պահի տղա ա էլի` կմեծանա` խելք կհավաքի: Բաժակդ շուռ տուր` նայեմ… Ուրեմն` բաժակիդ մեջ ծիտ կա` խաբար ա, ձի կա` մուրազ ա…

Շինարար
29.09.2010, 21:30
Ժողովուրդ ջան, Ծատուր քեռիին ուղարկել եմ ՎՕՏՊՈՒՍԿ... :)) բայց ընդմիշտ չէ` որոշ ժամանակ անց` կգա.... իսկ հիմա առաջարկում եմ Սուրճի ընդմիջում, պարապ չմնանք էլի... :))

Էլի՜զ:D էս ինչ համով էր:)) մի բաժակ էլ եմ սուրճ ուզում:oy
Քեռի Ծատուրը:aaa:goblin

Dayana
29.09.2010, 21:47
Ուֆ, էլի վարգանիշային սահմանափակումը, լավն էր Էլիզ, ինչպե միշտ սուրտ հումորով, տեղը տեղին կծելով, երեք կետից էլ լա՜վ լուր կա :))

Էլիզե
29.09.2010, 21:50
Էլի՜զ:D էս ինչ համով էր:)) մի բաժակ էլ եմ սուրճ ուզում:oy
Քեռի Ծատուրը:aaa:goblin

մերսի Շին ջան... նենց լավ դուխ ես տալիս... հեսա գնամ՝ գրեմ Ծատուրս ;)

Ուֆ, էլի վարգանիշային սահմանափակումը, լավն էր Էլիզ, ինչպե միշտ սուրտ հումորով, տեղը տեղին կծելով, երեք կետից էլ լա՜վ լուր կա :))

Դայ.... լուսավոր կետեր կան... ահագիիին....

ՆանՍ
30.09.2010, 15:15
Այ, ախչի Էլիզի՞կ:D, էդ բաժակ նայողին էլ ուրիշ անուն չգտա՞ր:D
Լավն էր, բայց, դուրըս եկավ, ապրես… ;)

Էլիզե
30.09.2010, 19:59
Այ, ախչի Էլիզի՞կ:D, էդ բաժակ նայողին էլ ուրիշ անուն չգտա՞ր:D
Լավն էր, բայց, դուրըս եկավ, ապրես… ;)

քո անունը Սոֆի՞կ աաա... :օ

Ապրես Սոֆ ջան :)

ՆանՍ
01.10.2010, 08:17
քո անունը Սոֆի՞կ աաա... :օ

Ապրես Սոֆ ջան :)

Հա, բա՞, անձնագրով տենց եմ:P

Էլիզե
30.01.2011, 16:37
Իմ քեռի Ծատուրը. Քեռի Ծատուրն ընդդեմ տիկին Զվարթի

Քեռի Ծատուրենց տանը կռիվ էր ընկել. Նարեկը` քեռուս միակ որդին, վերադարձել էր խոպանից` իր հետ բերելով մի անակնկալ: Անակնկալն էլ կապուտաչյա էր, շիկահեր, բարի ժպիտով և Նատաշա անունով:
Քեռուս կինը` տիկին Զվարթը, և քեռիս բաժանվել էին ընդդիմադիր բանակների. քեռիս` իր ողջ բարեհոգությամբ և մարդասիրությամբ, կողմ էր Նատաշին, իսկ տիկին Զվարթը` իր ողջ օրգանիզմով և հուզախառը ներաշխարհով, դեմ էր Նատաշի առկայությանը իրենց ընտանեկան հարկում:
Տիկին Զվարթ` բորբոքված ու հուզաթոթով.
-Ի՞նչ ա, իմ տղե՛ն… իմ գյոզա՜լ տղես պիտի Նատաշին առնի… խի՞ իմ գլուխը մեռած ա, որ տղես ռսի՜ հետ պսակվի: Սաղ հայ աղջիկների ուշքը գնում ա տղիս համար, համ էլ…
Քեռի Ծատուր` հավասարակշռված ու ժպիտով.
-Աղջի ջա՜ն… հա՜յ ա, ռո՜ւս ա… ի՞նչ կապ ունի: Երեխու սիրտը կպել ա` թող պսակվի էլի… Բայց տղես ինչ ինձ նման ա՜… ես էլ, որ ջահել ժամանակ Մոսկվեն ջրի ճամփա էի սարքել, իմ աչքն էլ էր մնում էդ նատաշների վրա… ա՛խ էդ անտերները շատ սիրու…
Տեսնելով տիկին Զվարթի շանթահարող հայացքը` քեռիս շարունակեց.
-Ասա` ա՛յ ախմախ լակոտ, էդ մեր հարևան Վարդուշի աղջիկը ինչո՞վ ա վատ, որ չես ուզում հը՞…
Քեռակինս` լացակումած ու ինքնամոռաց.
-Ասա է՜… ասա է՜, մա՛րդ ջան… ասում եմ` «Ա՛յ տղա Նարեկ, էս մեր Վարդուշի աղջիկը ի՞նչ վատ աղջիկ ա, ուզի՛ էլի», Նարեկն էլ թե` «Ա՛յ մամ, գեշ ա» : Ի՜հ, հարսի գեշը ո՞րն ա… մի երկու երեխա բերի` տես հլը ո՛նց ա աչքիդ սիրունանում… օ՜ֆ-օ՜ֆ…
-Է՜հ, կնի՛կ ջան, լավ է՜… մեր Նատաշն էլ վատ աղջիկ չի` խելոք, համեստ, քչախոս` մենակ «զդռաստվույծե» ու «սպասիբա» ա ասում, արի՛ ուզենք մեզ հարս, հը՞ Զվարթ…
-Ծատո՛ւր, ես կմեռնեմ` տղես ռսի հարս բերի,- լսվեց քեռակնոջս լացի ձայնը:
Չհաշված տիկին Զվարթի լացի սոպրանոն` տիրեց լռություն:
Քեռիս ընկավ մտածմունքների մեջ` «Թե էն բանկի աղջիկը ինչի տենց վռազ-վռազ ամուսնացավ: Ասա` ջահել աջիկ ես, հո շուն չէր ընկել հետևիցդ, ի՛նչ մի շնչակտուր պսակվեցիր: Հմի Նարեկիս համար կուզեինք էդ աղջկան, էլ ի՞նչ Նատաշ-մատաշ... դե հմի արի կնգաս համոզի, որ էդ Նատաշին տանից ռադ չանի... »
-Զվա՛րթ, ա՛յ Զվարթ, արի ուզենք էդ երեխուն... աղջիկ ա էլի,- քեռիս համառորեն ու աննկուն պաշտպանում էր Նատաշային,- աղջի՛ ջան, դե ի՞նչ ես դև դառել Նարեկի եւ Նատաշի դեմն ես կանգնել... հը՞:
Տիրեց բազմանշանակ լռություն.
-Ծատո՛ւր, - լուրջ դեմքով սկսեց քեռակինս,- ասենք` ուզեցինք մեզ հարս, բա ես ի՞նչ լեզվով եմ խոսալու էդ անբերանի հետ հը՞... քո գործը հեշտ ա, դու ռուսերեն գիտես, բա ե՞ս...
-է՜հ, Զվարթ, բանի հետև ես ընկել, խելոք աղջիկ ա երևում, վռազ հայերեն կսովորի...
-Բա որ չսովորե՞ց...
-Այ էդ ժամանակ ես կսկսեմ քեզ ռուսերեն սովորացնել, մո՛յ ժենա,- հպարտ ասաց քեռիս:
Քեռակինս ժպտաց:

Dayana
30.01.2011, 23:55
Ապրես, զայկա մոյ, բայց մյուս անգամ մի քիչ երկար գրի, երկու տարի սպասում ենք, որ երկու տող գրես :sad

Էլիզե
31.01.2011, 19:08
Ապրես, զայկա մոյ, բայց մյուս անգամ մի քիչ երկար գրի, երկու տարի սպասում ենք, որ երկու տող գրես :sad

սպասիբ, ազիզ մոյ :D

կգրեմ, հլը նոր եմ ցրցամ տվել ....:B

armen9494
19.09.2011, 21:43
Էլիզ, քեռի Ծատուրը ոնց որ մեր հայ տաքսիստներից լինի:hands

Էլիզե
19.09.2011, 21:50
Էլիզ, քեռի Ծատուրը ոնց որ մեր հայ տաքսիստներից լինի:hands

նաև ... :)