PDA

Դիտել ողջ տարբերակը : «Ժառանգ» մշակութային հ/կ-ի «Քարոզչության անատոմիա» ամառային դպրոց



Նաիրուհի
16.06.2010, 13:45
«Քարոզչության անատոմիա» ամառային դպրոց
«Քարոզչության անատոմիա» դասընթաց

Երևան, հուլիսի 6 — օգոստոսի 7, 2010
Լրացված դիմումի փաթեթն ուղարկելու վերջնաժամկետը հունիսի երեսունն է։

Դպրոցի նպատակն է քննել քարոզչության դասական ու ժամանակակից մեթոդները; ծանոթանալ քարոզչության ու հանրային կարծիքի ձևավորման ոլորտում միջազգային փորձին; ուսումնասիրել ինչպես զանազան հակամարտությունների ընթացքում իրագործված տեղեկատվական-հոգեբանական գործողությունները, այնպես էլ միջազգային կառույցների փորձը հասարակական կարծիքի ձևավորման ոլորտում։

Ուշադրության կենտրոնում կլինեն Հայաստանի տեղեկատվական-հոգեբանական անվտանգության խնդիրները, սպառնալիքներն ու մարտահրավերները։ Աշխատանք կտարվի վերլուծական կարողությունների, տեղեկատվության աղբյուրներին քննական մոտեցման ու ժամանակակից տեղեկատվական միջոցներն արդյունավետ օգտագործելու հմտությունների զարգացման ուղղությամբ:

Ուսումնասիրվող առարկաներն են.

* Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ, քարոզչություն ու հակաքարոզչություն, հասարակական կարծիքի ձևավորում։
* Տարածաշրջանային հակամարտություններ. պատմաքաղաքական արմատներ, ներառյալ պատմական ժողովրդագրության և ռազմավարական աշխարհագրության հիմնահարցեր։ Տարածաշրջանի ներկա աշխարհառազմավարական իրավիճակ, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ։
* Ազգային ինքնությունը որպես հոգեբանական գործողությունների թիրախ։ Հայկական և օտար փորձի վերլուծություն։

Դասընթացները վարում են առաջատար մասնագետներ և փորձագետներ։ Դասախոսություններին զուգահեռ կանցկացվեն գործնական աշխատանքներ, քննարկումներ, կինոդիտումներ։

ԴԱՍԸՆԹԱՑՆ ԱՆՎՃԱՐ Է։

Մասնակիցներն ընտրվում են մրցութային սկզբունքով` ներկայացված դիմումի և հարցազրույցի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած դիմորդները։

Դասընթացը նախատեսված է 18–25 տարեկան անձանց՝ ԲՈՒՀ-երի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։ Ընտրելիս հաշվի կառնվեն դիմորդների՝ համակարգչից ու համացանցից օգտվելու բազային հմտությունները, օտար լեզուների, հատկապես անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը։

* Դասերն անցկացվելու են սեղմ ժամանակացույցով։
* Մրցույթը շահած յուրաքանչյուր մասնակցի ներկայությունը և ակտիվ մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր են։
* Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան համապատասխան վկայականներ։
* Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. հունիսի 30-ը ներառյալ։

Ուշադրություն. դիմումին անհրաժեշտ է կցել ինքնակենսագրություն և լուսանկար։

Լրացված փաստաթղթերի փաթեթը ուղարկել dproc@zharang.org էլ-փոստի հասցեով՝ մինչև հունիսի 30-ը ներառյալ։

Դասընթացին մասնակցությունը կնպաստի ձեր մասնագիտական հմտությունների կատարելագործմանը և ապագա կարիերային։

Դիմումի ձևը կարող եք բեռնել «Ժառանգի» կայքից (http://zharang.org/?p=76)