PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն



Էջեր : [1] 2

Նաիրուհի
16.06.2010, 03:07
Ամեն ինչից ցավ սարքելու բացառիկ տաղանդ ունեմ։ Բութ դանակով մորթելու նման տանջող ցավ։
Մեղքի զգացում մարդկանց հանդեպ, ում պիտի սիրեի, պիտի հիշեի, պիտի հոգ տանեի, բայց չեմ անում։
Մեղքի զգացում տրոլեյբուսով երթևեկող տատիկ-պապիկների հանդեպ, որովհետև ես ջահել եմ, իսկ նրանք Վերջին են մոտեցել, ու որովհետև իմ ներկայությամբ երևի նրանց հիշեցնում եմ, որ իրենք արդեն երիտասարդ չեն։
Մեղքի զգացում մարդկանց հանդեպ, ովքեր ինձնից մեծ բաներ են սպասում, իսկ իմ անիծյալ անգործնականությունը թույլ չի տալիս որևէ լուրջ գործի կպչել։
Մեղքի զգացում ցանկացած տղայի հանդեպ, ում զգացմունքներն ստիպված եմ մերժել, որովհետև գիտեմ, թե ինչ ցավոտ է մերժված լինելը։
Մեղքի զգացում գրքերի հանդեպ, որ սկսել եմ կարդալ ու չեմ ավարտել։
Մի խոսքով՝ համատարած մեղքի զգացում։
Ակումբում մի անեկդոտ աչքովս ընկավ. իսկը իմ մասին էր, թեև մեջն իմ անունը չկար.
հայերն ու հրեաները անալգին չեն խմում, որ ցավը երկար զգան...

---------- Ավելացվել է՝ 04:07 ---------- Սկզբնական գրառումը՝ 04:05 ----------

Երկու օր առաջ հորեղբորս տղային բանակ էինք ճանապարհում։ Բարեկամների հիմնական մասն արդեն վաղուց այստեղ է ապրում։ Եկել էին՝ զուգված-զարդարված, խնամված, կոկիկ, սիրուն, քաղաքակիրթ։
Գյուղից քիչ մարդ կար։
Քնարիկն ինձնից մի տարի է մեծ։ Գրկելուց առաջ ձեռքը սեղմեցի. կոշտացած էր, չոր, ճաքճքած։ Կարճաթև զգեստով էր, թևերը մինչև արմունկները արևից վառված-սևացած էին, նույն կերպ էլ դեմքն ու պարանոցը։ Իսկ ուսերը սպիտա՜կ-սպիտակ...
Երկու հրաշք բալիկ ունի։ Տանջված էր, նիհարած, դեմքին հոգնածության ու մի տեսակ անտարբերության արտահայտություն։
Ես էլ մի եսիմ ինչ խնամված կամ նուրբ չեմ։ Բայց ամաչեցի իմ փափուկ ձեռքերի համար։ Ատեցի էդ բոլոր տիկնիկատիպ աղջիկներին, որոնցից ոմանք հաստատ արհամարհանքով էին նայում Քնարիկի կոպտացած ձեռքերին։ Ինքն էլ էր ամաչում։ Ժամանակին մտերիմ էինք, իսկ այդ օրն զգացի, որ ինձնից էլ է մի տեսակ քաշվում, խուսափում։ Ախր ինչի՞ համար։ Որովհետև ես ութ տարի է՝ քաղաքո՞ւմ եմ ապրում։ Որովհետև իմ ծնողներն ինձ հնարավորություն տվեցին համալսարանում սովորելու, իսկ իր հայրը չուզե՞ց։ Որովհետև ես «խելացի բաներից» եմ խոսում, իսկ ինքը ժամանակ չունի՞ կարդալու։ Է հետո՞ ինչ...
Մի քանի ժամով էին եկել։ Երկար չէին կարող մնալ. տանն էնքա՜ն բան կար անելու։ Գիշերվա կեսին ճանապարհ ընկան։

***

...Երկու օր է՝ ուղեղումս քաոս է, ու ես էլ չեմ հասկանում՝ ինչու: Երևի որովհետև պարզ ու շոշափելի զգացի, որ ես մեր գյուղ չեմ վերադառնա։ Ինչ-որ թանկ մի բան անդարձ փշրվել է. ինձ էլ ոչինչ չի կապում այդ աշխարհի հետ։ Բայց այս աշխարհն էլ հարազատ չի դառնում։ Մնացել եմ «երկու աշխարհի սահմանագծում»՝ առանց ատքերիս տակ հենարան զգալու։
Հա, մեկ էլ մի քանի օր առաջ սարսափով նկատեցի, որ վաղուց ոչինչ չեմ երազում։ Չէ, ավելի ճիշտ՝ չեմ կարողանում երազել։ Բթացել եմ...

Նաիրուհի
16.06.2010, 14:47
Պապիկս յոթանասունինը տարեկան է:
Մանկությանս տարիներին շատ էի կապված հետը: Ուր էլ լիներ, գնում-նստում էի կողքին: սիրում էի լսել նրա բանակային պատմությունները. «բռնավորի վրա» էր ծառայել:
Մեր գյուղի բոլոր տղամարդկանցից պապիկս առանձնանում էր մի շատ կարևոր հատկանիշով. երբեք չէր հայհոյում: Ծայրահեղ բարի, հանդարտ, համեստ մարդ: Նրա զայրույթի մեծագույն պոռթկումներն արտահայտվում էին «դաշնակ արևդ թաղեմ» խիստ խորհրդային հայհոյանք-անեծքով: Խե՜ղճ պապ, ի՞նչ իմանար՝ մի օր թոռն ինչ է անելու… :oy
Չորս երեխա է մեծացրել, ուսման տվել, տնավորել: Տասը թոռ ունի ու մի ծոռ, որին չի տեսել… Ինչքան ուժերը ներել են, աշխատել է:
Հիմա ծերացել է պապս: Լռակյաց, բոլոր ապրումներն իր մեջ պահած՝ կռացել է, հիշողությունը մթագնում է, անգամ թոռներին չի ճանաչում: Չէ՛, դա հեչ էլ հիշողությունից չի, ուղղակի որոշներին տարիներով չի տեսնում, մի քանիսն էլ տարին մեկ-երկու անգամ են բարեհաճում հիշել ծեր պապիկ-տատիկին: Նրանցից մեկն ամուսնացավ, անգամ հարսանիքին չբերեց… Երևի ուզում էր՝ պապն ու տատն իրենք ձմեռվա կեսին մի քանի հարյուր կիլոմետր կտրեին-գային առաջին թոռան հարսանիքին: Երեխաներից ամենաանտեսվածն է միայն հիմա ծնողների կողքին. իր ընտանիքը ութ տարի է՝ Երևանում է, իսկ ինքը՝ գյուղում:
Հիվանդ է պապս: Չգիտեմ՝ ինչքան կապրի: Գուցե մի ամիս, գուցե՝ երեք կամ վեց: Բայց գիտեմ, որ քիչ է մնացել: Գիտեմ ու չեմ գնում գյուղ. չեմ ուզում պապիս էդ վիճակում տեսնել: Լրիվ ջայլամի քաղաքականություն: Մի տեսակ բութ ցավով մտածում եմ, որ պապիս համար հիմա երևի հանուն ապրելու չպայքարելն ավելի լավ է: Ի՞նչ է նրա ապրած կյանքը վերջին տասը-տասներկու տարիներին: Թշնամուս անգամ նման ծերություն չէի կամենա…
Պա՛պ ջան, ների՛ր ինձ: Ես քեզ սիրում եմ, բայց չեմ կարող կողքիդ լինել: Կողքիդ չեմ եղել այն ժամանակ, երբ ամենաշատն էիր թոռներիդ ներկայության կարիքն զգում. հիմա ի՞նչ կարող եմ անել քեզ համար: Ուղղակի երևի քեզ համար էլ սա էր պահված, որ նրանք, ովքեր քո շնորհիվ են «մարդ դարձել», օր-ծերության քոնե մի բաժակ ջուր չտան քեզ…
Պա՛պ, հուսով էմ՝ մի օր կներես այս վախկոտությունս ու կրավորականությունս: Առանց այդ էլ խղճի խայթն ինձ հանգիստ չի տալիս, պա՛պ, ախր դու արժանի չէիր էս վիճակին, արժանի չէիր ինձ նման ապերախտ թոռներ ունենալուն, դու շա՜տ լավն ես, պա՛պ…

Նաիրուհի
17.06.2010, 00:52
Հորաքույրս, որը Հոկտեմբերյանում է ապրում, միշտ ձմեռները գալիս էր գյուղ իր երկու երեխաների հետ և 2-3 ամիս մնում մեր տանը: Ինձ համար դրանք սպասված ամիսներ էին, որովհետև ես, Անին ու Արամը գրեթե հասակակիցներ ենք: Բայց մի անգամ...

...Հորաքույրս այս անգամ ամբողջ ընտանիքով էր եկել, այսինքն՝ ամուսինն էլ էր հետը: Մենք, ինչպես միշտ, լույս չունեինք, արդեն մութ էր, և սեղանին նավթի լամպ էր վառվում: Երբ ես ներս մտա և տեսա Անիին ու Արամին, ուրախությունից սկսեցի թռչկոտել և ուզեցի վազել, գրկել նրանց, բայց հորաքույրս ինձ գիրկն առավ ու ականջիս ասաց. «Մի՛ գնա նրանց մոտ. քեզ կուտեն»: Սարսափած դուրս վազեցի, որ գնամ թոնրատուն ու ապաստան գտնեմ տատիս մոտ: Մտա թոնրատուն ու մեխվեցի տեղումս: Ովքեր գյուղում են մեծացել, տեսած կլինեն, որ թոնրատան այն հատվածը, որտեղ թոնիրնն է թաղված, գետնից մոտ կես մետրի չափ բարձր է: Տատս այդ հատվածում էր: Ետուառաջ էր քայլում, բայց ուսերին գլուխ չկար, կտրված էր: Ու այժմյան լարովի տիկնիկների նման, որոնք սեղանի ծայրին հասնելով ոչ թե ընկնում են, այլ շրջվում և շարժվում հակառակ ուղղությամբ, տատս քայլում էր մինչև այդ բարձր հատվածի ծայրը, հետո կտրուկ շրջվում ու հետ քայլում: Նկատեցի, որ նա ձեռքերով բռնել էր սեփական գլուխը: Իսկ հորաքրոջս ամուսինը կանգնած էր սյան տակ ու ծիծաղում էր… Հասկացա, որ նա էր տատիս գլուխը կտրել: Այդ պահից ատեցի նրան:

Սա առաջին երազն է, որ հիշում եմ:Մղձավանջներ տեսնելու անգերազանցելի վարպետ եմ, բայց 3-4 տարեկանում տեսած այս երազից սահմռկեցուցիչը դեռ չի եղել: 17 տարի է՝ չեմ կարողանում ազատվել դրա ճնշող տպավորությունից…

Նաիրուհի
26.07.2010, 02:06
Ես քեզ ճանաչում եմ արդեն քանի՜ տարի: Դեռ դպրոցից, հիշո՞ւմ ես, երբ մեր դասարանները միացրին: Համ էլ դրանից առաջ մենք եկանք ձեր թաղում ապրելու:
Ա՛յ, ես չեմ հիշում, թե երբ սկսեցի քեզ խանդել: Դե մի տասը-տասնմեկ տարեկան խելառ աղջիկ էի ու խանդում էի քեզ: Չէի ուզում, որ դասարանում մեկի հետ խոսես, մտերիմ լինես, բայց քեզ ո՞նց ասեի: Ո՞նց ասեի, որ ամենաշատը քո ընկերությունն եմ ուզում. չէի կարողանում, դրա համար էլ միշտ կռվում էի հետդ:
Հետո եկանք Երևան։ Միայն ամառներն էի տեսնում քեզ, կարծես խանդս էլ անցել էր, հատկապես որ ես միշտ մինչև ականջներս սիրահարված էի լինում ինչ-որ մեկին: Բայց երբ վերջին զանգին գյուղ եկա, զգացի, որ խանդս նորից է գլուխ բարձրացնում: Չգիտեմ էլ՝ գլխի ընկա՞ր, որ ես այնպես դասավորեցի, որ բեմ դուրս գաս ո՛չ այն աղջկա հետ, ում հետ նախատեսված էր :P
Փաստորեն դու իմ հավերժական թուլությունն էիր: Դրա համար էլ չկարողացա չսիրահարվել քեզ, մանավանդ որ ինքդ էլ ինձ էիր սիրահարված: Դու երևի չգիտես, որ ես արդեն որոշել էի ընդունել առաջարկությունդ, երբ իմ առաջ կյանքում առաջին անգամ կտրուկ պայման դրվեց՝ միայն իմ դիակի վրայով: Ու ես մերժեցի քեզ: Դու շատ լավ էլ հասկացել էիր, որ սիրահարված եմ քեզ, բայց տասնութամյա տղայի համար երևի շատ դժվար էր պայքարել մեկի համար, երբ տասնյակ ուրիշներ իրենք էին վազում քո հետևից, ու դու հրաժարվեցիր ինձնից՝ իմ զգացմունքների մասին իմանալով հանդերձ: Մի տարի առաջ դու ներողություն խնդրեցիր ինձնից, ասացիր, որ հիմա ես հասկանում՝ ինչքան վատ ես վարվել ինձ հետ: Ես քեզ վաղուց էի ներել ու քեզ էլ ասացի դա: Հիմա դու նորից իմ լավ դասընկերն ես, կարող ենք առանց առիթի հանդիպել ու ժամերով զրուցել աշխարհի չար ու բարուց, բայց ինչու՞ չես ուզում հասկանալ, որ ժամանակ է անցել, երկուսիս կյանքում էլ շատ բան է փոխվել, ու ես էլ չեմ կարող քեզ նայել այն աչքերով, ինչպես երեք տարի առաջ: Քո հայացքում ես նախկին կայծերն եմ տեսնում, զգում եմ, որ փորձում ես վերականգնել քո իսկ ձեռքով քանդածը, բայց արդեն ուշ է, հավատա:
Իմ հավերժական թուլություն, ես դարձյալ քո ընկերն եմ, մենք նման ենք իրար՝ «աննորմալ» ու «հանցագործ», ինչպես մեզ բնութագրեցիր մի քանի ժամ առաջ: Չնայած դրանք իսկի քո բառերն էլ չէին, այլ մեր մասին մեր թիկունքից ասվող բնորոշումներ: Երկուսս էլ շատ ենք տարբերվում այն աշխարհից, որտեղից դուրս ենք եկել, բայց ընդամենն այդքանը: Արի նորից չքանդենք այսքան դժվարությամբ ձեռք բերված մեր ընկերությունը, հա՞:
Ճկույթդ տու՛ր, Անդ: Բարիշենք, բարիշենք, հազար տարի չկռվենք… Դե թուշիկս էլ պաչիկ արա... Բարիշեցինք, չէ՞, էլի ուղղակի լավ ընկերներ ենք, չէ՞: Ասա՝ հա՛…:friends:

Նաիրուհի
11.09.2010, 11:57
Ահա և վերջ...
Պա´պ, գիտեմ՝ դու հենց դա էիր ուզում։ Դեռ 4-5 ամիս առաջ էիր եղբորդ ասել, որ աշնանը գնալու ես...
Բայց սիրտս կտոր-կտոր է լինում, երբ հիշում եմ, թե ինչքան տանջեցին քեզ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Չթողին՝ հանգիստ գնաս։ Դեռ աչքիս առաջ ես՝ փոքրացած, մի բուռ դարձած։ Մի քանի օր առաջ հիվանդանոցում մտքովս չէր անցնում, որ քեզ էլ չեմ տեսնելու։
Ամենասարսափելին այն է, որ աշխարհից ու մեզնից խռով գնացիր, պա´պ։ Ու միակ մխիթարությունս այն է, որ գոնե քո գյուղում, սեփական ձեռքերով կառուցած տանդ մեջ փակեցիր աչքերդ, ոչ թե քեզ համար դժոխք դարձած հիվանդանոցում...
Պա´պ, քեզ շատ եմ սիրում։
Գալիս եմ, գալիս եմ վերջին անգամ գրկելու քեզ...

Նաիրուհի
17.09.2010, 01:54
Հով ջան, քիչ առաջ կարդացի էս գործդ ու... Չես ջղայնանա, չէ՞, որ էստեղ դնեմ։ Շատ է դուրս եկել...

Երանի....

Երանի նրան
Ում վստահում ես,
Ում հետ կիսում ես
Խոհերդ բոլոր....

Երանի նրան
Ում սպասում ես,
Ճամփան պահում ես
Կեսգիշերում խոր....

Ու խենթի նման
Ում որ սիրում ես,
Ու կարոտում ես
Երանի նրան....

Երանի՜ նրան....

***

Ուզում եմ գրել ՔՈ մասին, բայց չի գրվում մի տեսակ։
Կանգնել ես կոկորդիս ու ոչ դես, ոչ դեն։ Կուլ տալ չեմ կարողանում, թքելու ուժ ու ցանկություն չունեմ։
Այս երկու տարվա ընթացքում ՔՈ հանդեպ հնարավոր ամեն ինչ զգացի, ու չգիտեմ էլ՝ հիմա ինչ է մնացել էդ ամենից։ Բայց մի բան հաստատ է՝ ԴՈՒ ինձ համար ԴՈՒ ես՝ միշտ մեծատառով։ Տեսնես աշխարհում քանի՞ մարդ իր երկվորյակ հոգին ունի, ունեցողներից էլ քանի՞սն են գտնում իրենցը։ Ես ՔԵԶ գտել եմ... :secret
Բայց ընկերուհուդ մոտ չեմ ասի. բա որ սխա՞լ հասկանա...

Նաիրուհի
26.09.2010, 02:08
Մինչ դու գնացեր, եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես աւերակացս ո՞ւմ թագաւորեմ:

Նաիրուհի
26.09.2010, 03:49
Հա լավ, հասկացանք, բոլորն էլ բարդույթներ ունենում են, բայց էս կարգի՞...
Ինչի՞ ավելորդության ու անպետքության էս զզվելի զգացումն ինձ հանգիստ չի տալիս... Աստված չանի՝ թեկուզ մի թեթև վրիպում թույլ տամ, ու գնա՜ց. առնվազն մի շաբաթ ես իմ աչքի գրողն եմ դառնում։
Անգամ Ակումբում ստացած մի դիտողությունը վրաս էն աստիճանի է ազդում, որ կարող է նստեմ ու լաց լինեմ։ Ոչ թե նրա համար, որ նկատողություն եմ ստացել, այլ որ իմ պատճառով ինչ-որ մեկը լրացուցիչ աշխատանք է անում կամ թեկուզ նյարդայնանում է։ Էդ տիպի մի բան էլ էսօր եղավ, ավելի ճիշտ՝ երեկ։ Ու մինչև հիմա էս վիճակում եմ :fool Ասա՝ այ մարդ, բա որ մի բան ես անում, մի հատ չե՞ս մտածում, որ կարող է չի կարելի... :bad
Տեղն է քեզ, որ քունդ էլ չի տանում։
Եթե կարդաս, կիմանաս, որ քեզ եմ ասում-մի անգամ էլ ներողություն :sorry։ Որ իմանամ՝ հաստատ ջղայնացած չես, գոնե մի քանի օրում վերականգնվելու հույսեր կունենամ :unsure

Նաիրուհի
26.09.2010, 12:12
Բակալավրատի 4 տարվա ընթացքում միակ երեքս Խաչատրյան Յուրայից ստացա, բայց երջանիկ եմ, որ նրա ուսանողն եմ եղել, որովհետև նա բաց արեց ինձ համար այժմ իմ ամենասիրելի բանաստեղծներից մեկի՝ Բյորնսի կախարդական ու անաղարտ աշխարհը...

Հին մտերմություն

Ո՜նց մոռանալ մեր հին սերը
Ու չթախծել էլի։
Ո՜նց մոռանալ մեր հին սերը
Անցած այն օրերի։

Խմենք կենացը հին
Սիրո։
Անցած լավ օրերի։
Գավը պարպենք մեկտեղ, ծերո´ւկ,
Կենացն այն օրերի։

Գավաթները հանիր բոլոր
Եվ լցրու լիուլի,
Խմենք կենացը հին սիրո,
Հրաշք մեր օրերի։

Խմենք կենացը հին
Սիրո։
Անցած լավ օրերի։
Գավը պարպենք մեկտեղ, ծերո´ւկ,
Կենացն այն օրերի։

Իրար հետ շատ ենք տրորել
Խոտը մեր դաշտերի,
Եվ մի՜ բարձունք չենք նվաճել
Ջահել այն օրերին։

Ու մի անգամ չենք մենք-ջահել,
Անցել առուներից,
Բայց ծովերն են մեզ բաժանել,
Ընկեր հին օրերի։

Ու ձեռ ձեռի, ու հին սիրով
Հանդիպել ենք էլի։
Խմենք կենացը հին սիրո,
Ջահել այն օրերի։

Խմենք կենացը հին
Սիրո,
Այն լավ օրերի։
Գավը պարպենք մեկտեղ, ծերո´ւկ,
Կենացն այն օրերի։

Ամեն ինչ կտայի, որ տարիներ հետո կարողանայի այս տողերով քեզ դիմել, իմ բարբարոս ընկեր...

Նաիրուհի
27.09.2010, 19:17
Ապրիլ, 2010, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, գրականության տեսության և գրաքննադատության ամբիոն
Դիպլոմայինիս հարցերով մտել էի, տեսա, որ սիրելի դասախոսներիցս մեկն այնտեղ է։ Ասացի՝ խորհրդի կարգով հարցնեմ, թե մագիստրատուրան ո՞ր բաժին ավելի ճիշտ կլինի դիմել՝ համաշխարհային գրականությո՞ւն, թե՞ սփյուռքագիտություն։ Ասաց, որ միանշանակ համ. գրակ. դիմեմ, մանավանդ որ սփյուռքագիտությունը նորաբաց ամբիոն է, դեռ իրենք էլ չգիտեն՝ ինչ են սովորեցնելու։ Ու էլի մի քանի էս կարգի հիմնավորում։

Հունիս, 2010, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Մագիստրատուրայի հայտը լրացնելիս որպես ընտրած մագիստրոսական ծրագիր նշեցի համաշխարհային գրականություն և գրականության տեսություն։

8-10 սեպտեմբեր, 2010, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Ահավոր անկապ էր։ Ինքս ինձ հույս տվեցի, որ առաջին օրերն են դեռ, ամեն ինչ կարգի կընկնի։

14-15 սեպտեմբեր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Ոչինչ չի փոխվում։ Գիտակցում եմ, որ էստեղ գրեթե ոչ մի նոր բան չունեն ինձ տալու։ Ձանձրո՜ւյթ...

16 սեպտեմբեր, 2010, ԵՊՀ մագիստրատուրայի բաժին
Խնդրում եմ՝ ինձ թույլ տան տեղափոխվելու սփյուռքագիտության ամբիոն։ Բաժնի վարիչն ասում է, որ արդեն շատ ուշ է տեղաձոխվելու համար, կարող եմ դիմել միայն առաջին կիսամյակի վերջում, ու եթե տարբերություններն 8 առարկայից ավելի չլինեն, ու ես էլ կարողանամ նորմալ հանձնել, գուցե այդ հարցը կքննարկվի։
Հուսահատված դուրս եմ գալիս։

17, 18 սեպտեմբեր, 2010, ԵՊՀ մագիստրատուրայի բաժին
Եվս երկու անգամ մոտենում եմ տիկին Սահակյանին։ Երկրորդ անգամն արդեն կյանքս վտանգի ենթարկելու գնով, որովհետև իմ համառությունը նրան ապշեցնում ու բարկացնում է։

23 սեպտեմբեր, 2010, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանի ընդունարան
Վերջին հույսս պրոռեկտորն է, պիտի փորձեմ համոզել, իրավիճակը ներկայացնել, ասել, որ վաղ թե ուշ այդ բաժին եմ գնալու, ափսոսում եմ մի կիսամյակ իզուր կորցնել։
Քարտուղարուհին ասում է, որ պրոռեկտորն զբաղված է, իսկ այդ հարցով լավ կլինի մոտենամ պարոն Ժամհարյանին։

Պ. Ժամհարյանի աշխատասենյակ։
Ժամհարյանն ասում է, որ ինքը որևէ խնդիր չի տեսնում, քանի որ ընդունելությունը կատարվել է միասնական ծրագրով։ Առաջարկում է մոտենալ տ. Սահակյանին ու նրան ասել այդ մասին։

ԵՊՀ մագիստրատուրայի բաժին
Սահակյանը տեղում չէ։ Օգնականին ներկայացնում եմ իրավիճակը։ Նա ասում է, որ տեղափոխությունն անհնար է։ Չի մոռանում նաև նշել, որ անցած շաբաթ տ. Սահակյանը ևս մեկի նմանատիպ խնդրանքը մերժել է :D
Ասում եմ, որ Ժամհարյանն է ուղարկել։ Տոնը փոխվում է. «Դե միշտ վերևում են խնդիրներ հարուցում, թե չէ մենք միայն ուրախ կլինենք, որ բոլորն իրենց ուզած բաժիններում սովորեն։ Պարզապես Գրիգորյանի անունով դիմում գրի, թող հաստատեն»։

24 սեպտեմբեր, 2010, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանի ընդունարան
Գրիգորյանն ինձ չի կարող ընդունել։ Քարտուղարուհին կարդում է դիմումս ու ասում, որ պիտի տանեմ տ. Սահակյանին, նա պիտի մակագրի, որ առարկություն չունի, ապա բերի պրոռեկտորին։
Դուրս եմ գալիս, որ գնամ տ. Սահակյանի մոտ։ Մագիստրատուրայի բաժինն արդեն փակ է :(

27 սեպտեմբեր, 2010, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, պ. Ժամհարյանի աշխատասենյակ։
Ժամհարյանն ասում է, որ պրոռեկտորի անունով դիմում գրելու կարիք չկա, պարզապես պետք է մոտենամ մեր դեկանին և հայտնեմ, որ ուզում եմ տեղափոխվել։ Ֆակուլտետի խորհուրդը որոշում կկայացնի։ Չի մոռանում կրկնել, որ իրենք առարկություն չունեն։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, դեկան Ա. Ավագյանի առանձնասենյակ
Դեկանս լսում է ինձ և ասում, որ ինքը դեմ չէ, հատկապես որ առաջին հայտով եմ ընդունվել, բայց կա մի խնդիր. դասախոսներն ըստ ուսանողների քանակի են վճարվում, հետևաբար իմ տեղափոխությունը կարող է ուղղակի կերպով ազդել համ. գրակ.-ի դասախոսների աշխատավարձի վրա։ Եթե ամբիոնի վարիչը համաձայնի, ինքն ուրախությամբ կընդառաջի ինձ։

Գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչ Ժ. Քալանթարյանի առանձնասենյակ
Տ. Քալանթարյանն ասում է, որ հենց այս առավոտ մեր խմբից մեկին տանում են հայ գրականության ամբիոն, որովհետև նրանք ուսանողի խնդիր ունեն, և բաժինը փակվելու վտանգ կա, մեկ ուրիշը դիմել է հեռակա ուսուցման անցնելու խնդրանքով, իսկ ինքը չի պատրաստվում մեկ օրում երեք ուսանող կորցնել, հետևաբար ինձ թույլ չի տա տեղափոխվել։ Որպես այլընտրանք ինձ առաջարկում է տեղափոխվել հայ գրականության ամբիոն։

Սփյուռքագիտության ամբիոն
Աշխատակցուհին ասում է, որ տեղափոխվելն իմ անձնական իրավունքն է, հետևաբար լավ կլինի՝ մոտենամ ամբիոնի վարիչին։ Ինքն էլ զանգում է, որ ճշտի, թե որտեղ է պրն. Խաչատրյանը։ Վերջինս, լսելով, որ Քալանթարյանը դեմ է, ասում է, որ դա շատ լուրջ խնդիր է, և ինքը չի կարող օգնել ինձ։

Այսօր ատամնաբույժս սպասում էր, ահագին էլ ուշացել էի, բայց վաղը բոլորին ցույց կտամ, որ իմ ճակատագիրը որոշելու իրավունք միայն ես ունեմ։

Նաիրուհի
29.09.2010, 02:14
Ահագին ժամանակ է՝ ուզում եմ գրել մի մարդու մասին, ում հիշելիս մեջս տարօրինակ մտքերի/զգացումների ալիք է բարձրանում։ Բայց չի ստացվում։ Երևի մեղքի չհաղթահարված զգացումն է պատճառը, որ մտքերն ամբողջ օրը պտտվում են գլխումս, բայց հենց նստում եմ համակարգչի առաջ, ոչ մի բառ չի գրվում։ Մի ելք է մնում. ցերեկը գրելու եմ՝ հետո էստեղ արտագրեմ։

Էսօր մի տարօրինակ վճռականություն է մտել մեջս։ Վե´րջ, թող գրողի ծոցը գնան հանդուրժողությունն ու ըմբռնումը։ Էլ չեմ մտնելու ուրիշների կաշվի մեջ սեփականիս հաշվին։

----------

Տեսնես ինչո՞ւ մտքովս անցավ, որ էս գործը քեզ դուր կգա ;) Որ դուրդ եկավ, կասես, հա՞:oy

***
Ինչո՞ւ ես այդպես դու ինձ նախատում,
Չէ՞ որ դու ինքդ ձեր տանից փախար,
Չէ՞ որ դու ինքդ իմ գիրկը եկար,
Ո´չ, նախատինքիդ ես չեմ հավատում։

Տե´ս, դու ժպտում ես ու սուտ նախատում,
Ես քեզ կանչեցի, դու եկար ինձ մոտ,
Դու ընկար կրծքիս գգվանքով խանդոտ,
Քո սուտ զայրույթին ես չեմ հավատում։

Թե ես հավատամ՝ գիշերը բնավ
Չի հավատալու քո սուտ զայրույթին,
Չեն հավատալու երկինք ու գետին,
Աստղերը պայծառ, կանաչը խոնավ։

Ինչո՞ւ աչքերդ փակեցիր ու լուռ
Ընկար իմ կրծքին համբույրով կրքոտ,
Իսկ հիմա ահա կանգնել ես ինձ մոտ
Ու նախատում ես ժպիտով տխուր...

Վահան Տերյան

Նաիրուհի
30.09.2010, 04:20
Էս զզվելի առօրյայի մեջ հաճախ մոռանում ես փոքրիկ հրաշքների մասին։ Ճղճիմությունն ու մակերեսայնությունն էնքան շատ են, որ չես էլ զգում՝ ոնց են աննկատ, թաքուն ու համբերատար ծակոտիներովդ սողոսկում մաշկիդ տակ, արյանդ հոսքով տարածվում մարմնովդ մեկ։ Քեզ թվում է՝ ոչինչ էլ չի փոխվել, էդպես էլ պիտի լիներ։ Ու չես նկատում՝ ինչի ես վերածվել։ Բայց հանկարծ ձեռքդ է ընկնում անցյալի մի լուսանկար, հետո նայում ես հայելուն ու :scare
Այսօր «Գրականություն» բաժինն անցյալի լուսանկար եղավ, իմ ձևախեղված առօրյան՝ հայելի։ Ու ես սարսափեցի, որովհետև քիչ էր մնում չհավատայի, որ էդ ես եմ էսքան խրվել ճահիճը։ Առաջին անգամը չի, տարին մեկ-երկու անգամ նման բան լինում է։ Ու էստեղ օգնության է գալիս դեռ մանկությունից անփոխարինելի ու հավերժական սերս՝ գրականությունը, որ իր փխրուն արտաքինի համար անսպասելի ուժով ինձ դուրս քաշում ցեխից, ուր խրված եմ լինում սովորաբար մինչև կոկորդս։
Ըհը´, էս գիշեր էլ չեմ քնի։ Բայց էս գիշերը հրաշքների գիշեր է, ինքնամաքրման, սավառնումի գիշեր. գրողի ծոցը բոլոր պայմանականությունները, «հոգսերը», վազվզոցը։ Վաղն էլ հետս գիրք եմ վերցնելու, պառկելու եմ խոտերին ու կարդամ...
Ես հասկացա, որ էս բանաստեղծությունը կարող եմ նվիրել միայն իմ միակ ընկերոջը՝ գրքին.


Խմենք կենացը հին
Սիրո։
Անցած լավ օրերի։
Գավը պարպենք մեկտեղ, ծերո´ւկ,
Կենացն այն օրերի։

Հ. Գ. Մեր սարերն եմ ուզում, մեր հողի մաքրությունն եմ ուզում, մեր «ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ»... Տեսնես մեկ էլ ե՞րբ կապրեմ էդ ձմեռը...

Նաիրուհի
02.10.2010, 23:01
Ո՜նց եմ սիրում անձրևը... Հատկապես ուշ երեկոյան երկնքից ասես դույլերով թափվող սառը անձրևը։ Չէ, հարցը հեչ էլ ռոմանտիկան չի. դե կողքից ջերմացնող չկա, որ դրա համար անձրևի տակ քայլելը սիրեմ ;)։ Անձրևի տակ մինչև ոսկորները թրջված թափառելը լրիվ ուրիշ պատմություն է, ուրիշ երանություն, որ ոչ մի բանի հետ չեմ փոխի։
Կատաղած անձրևը, սառն անձրևը
Մարդկանցից մաքրել է փողոցները,
Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին...

Բայց անձրևի ժամանակ լրիվ փոխվում են նաև մարդիկ. ես դա զգում եմ կանգառներում ու երթուղայիններում։ Էնքան հաճելի է տեսնելը, թե ինչպես են թրջված մարդիկ բարիանում, զիջող ու ջերմ դառնում. նույնիսկ տղաների մոտ ջենթլմենություն է զարթնում. թողնում են, որ աղջիկներն առաջինը բարձրանան երթուղային։ Իսկ երթուղայինի մեջ հեքիաթը շարունակվում է. թաց մազերիցդ ջուրը կաթում է նստարանդ կիսող թիթիզ երիտասարդի շորերին, իսկ նա քեզ չի նայում կատաղած աչքերով, թրջված մարմինները կպչում են իրար, բայց բոլորը դա որպես տաքանալու միջոց են դիտարկում, արդեն տաքացած մարմիններից գոլորշի է բարձրանում, ու ոչ ոք չի փորձում կողքի քաշվել, իսկ ամենաանհավատալին այն է, որ տեղատարափ անձրևի ժամանակ վարորդները ջղայնացած չեն լինում ու չեն գոռգոռում իջնելիս դանդաղող տատիկի վրա... Նույնիսկ հետևից չեն խոսում...
Ո՜նց եմ սիրում անձրևը...:love

Նաիրուհի
03.10.2010, 12:06
Ես նոր նկատեցի, որ իմ վարկանշային տողում արդեն աստղ կա :yahoo

Նաիրուհի
03.10.2010, 23:37
Երբեք չեմ կարողացել ատել մարդկանց, ովքեր ինձ հետ վատ են վարվում։ Դե հիմա շատ ներողամիտ եմ. էդ էլ իմ թերությունն է։
Բայց արի ու տես, որ ես հիմա ահագին մարդկանց ատում եմ։ Որովհետև նրանք ցավ են պատճառել երկրի վրա ապրող միակ իսկական հրեշտակին։
Մամուկս, դու իմ ամենամեծ լույսն ես... Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որովհետև դու ես իմ մայրիկը: Մինչև հիմա էլ ինձ ոչինչ չի օգնում ու հանգստացնում ավելի, քան երեկոները քո գրկում փոքրիկ աղջնակի նման ծվարելը։ Ի՞նչ անենք, որ վերջերս նման շքեղություն ինձ հազվադեպ եմ թույլ տալիս։ Մամ ջան, եթե ես ուզում եմ երջանիկ լինել, ապա առաջին հերթին քեզ տխուր չտեսնելու համար...
Մամո´ւկս, դու ինձ համար ՄԱՐԴՈՒ օրինակ ես, ես ամեն քայլափոխիս սովորում եմ քեզնից, իմ ունեցած ամեն ինչի համար քեզ եմ պարտական, քո անվերապահ ու իմաստուն աջակցությանը, քո լույսին, քո գոյությանը...
Շնորհավոր ծնունդդ, հրաշքս...

49953

Նաիրուհի
06.10.2010, 22:12
Եկան օրեր ու անցան, ու ինձ ոչինչ չմնաց,
Հուրե՜ր, հուրե՜ր-ծիածան, ու ինձ ոչինչ չմնաց։

Գարնան անուշ ծաղկանց պես, վարդերի պես հրահրուն
Հողմով տարված հեռացան, ու ինձ ոչինչ չմնաց։

Ու նոքա, որ սիրեցին-սիրտս նրանց չտվի,
Գնացին ու չդարձան, ու ինձ ոչինչ չմնաց։

Եվ նոքա, ում սիրեցի իմ ցավով ու խենթությամբ,
Արբեցին ու մոռացան, ու ինձ ոչինչ չմնաց։

Ձմեռ իջավ իմ գլխին և ցուրտ, և խոր, և անդորր
Աղբյուրներս չորացան, ոչի՜նչ, ոչի՜նչ չմնաց...

Ի՜նչ էի ուզում գրել, ի՜նչ գրեցի... :esim
Էլ չեմ ուզում, որ մարդիկ ինձ հարազատ դառնան, եթե ես էլ իրենց համար այդպիսին չեմ լինելու... Կարծես քամված լինեմ...

Նաիրուհի
06.10.2010, 23:44
Ամեն հերթական քաշքշոցից հաղթանակած դուրս գալիս էսօրվա նման ուժասպառ եղած եմ լինում, քամված, հոգնած. նույնիսկ արդյունքի համար ուրախանալու էներգիա չի մնում։ Թվում է՝ պիտի ամպերում լինեի, բայց ամուր կանգնած եմ անդունդի հատակին. գոնե վաղը էսքան դեպրեսիոն չլինեմ։ Վերջիվերջո նոր խումբ եմ գնում...

Նաիրուհի
07.10.2010, 23:40
Էնքան ուրախացա, երբ էսօր հայտնաբերեցի, որ դեռ ամենափոքր բաներից անգամ ուրախանալու ունակությունս չեմ կորցրել...

***

Ո՜նց չեմ սիրում սահմանումներ տալ, կյանքի ինչ-ինչ իրականություններ/երևույթներ քննել ու վերամբարձ ոճով ձևակերպել դրանք։ Մի ժամանակ սիրում ու անում էի, հետո կարող է էլի սիրեմ. կյանք է, կպատահի։ :esim Կամ էլ էդ ամենը մտքում՝ միայն ինձ համար եմ անում։
Ու լիքը բաներ ուղղակի չեմ ուզում գրել. հա ի՞նչ կարիք կա։ Ես զգում եմ, մտածում, ապրում էդ ամենով, բայց ի՞նչ պարտադիր է, որ մարդիկ դա իմանան։ Կամ թեկուզ սովորական թուղթը։ Հա´մ անկարևոր եմ համարում, հա´մ չեմ վստահում, հա´մ մտածում եմ, որ եթե մի անգամ դա գրեմ, էլ իմը չի լինի։ Ու մի քիչ էլ նախանձում եմ էն մարդկանց, ովքեր կարողանում են մտքով անցած կամ զգացած ամեն ինչի մասին գրել:oy
Էնքան քիչ բան կա, որ ուզում եմ՝ ուրիշներն էլ իմանան։ Այ օրինակ սա ուզում էի, որ իմանան, դրա համար էլ գրեցի։ ;)

Նաիրուհի
10.10.2010, 01:12
Ասա՝ դե խմել չգիտես՝ մի´ խմի, էլի... :angry
Ինչ զզվելի բան է էս գլխացավը...

Նաիրուհի
11.10.2010, 02:13
Հոգնած եմ, ուզում էի գնալ քնելու, էն էլ պատահաբար փոխցի ATV-ն ու տեսա, որ իմ ամենասիրած ֆիլմերից մեկն է սկսվում։ Քնել չկա´, նայելու եմ մինչև վերջ։
Հ. Գ. Օրվա երկրորդ կեսը հավես անցավ, հատկապես՝ մոտավորապես 21.30-22.30 հատվածը...
Հա՜, մեկ էլ՝ Ռայ, ուրախ էի քեզ տեսնել...

Նաիրուհի
13.10.2010, 01:39
Օլե՜-օլե՜-օլե՜-օլե՜ :sulel
Ոտքս խերով էր... Երկրորդ անգամն էի մարզադաշտում ֆուտբոլ նայում. հրա՜շք :love Միակ թերությունն այն էր, որ կրկնապատկեր չկար:(
Հլը պատկերացրեք՝ հենց դաշտում տեղում կազմակերպեին խաղային դրվագի կրկնապատկերը։ Ինչ հավես կլիներ :love
Հա՜, ի՞նչ էի ասում։ Վաղուց էսքան ուրախացած չկայի։ Ձա՞յն... Էդ ի՞նչ բան է։ Ես հիմա դրանից չունեմ։ Կտրվել-ընկել է արևելյան տրիբունայում։
Հա՜-յե´ր, հա՜-յե´ր :sulel
Վնասվածք էլ եմ ստացել, բա՜... Երկրորդ գոլից հետո թռվռալիս ոտքս խփեցի դիմացի շարքի նստարանին։ Ցավից սատկում էի, բայց շան տեղ էլ չդրեցի։ Գիտեր՝ պիտի կարողանա ուրախությունս խափանել :beee
Բա ալիքնե՜րը... Ես մեր ոչ մի խաղի ժամանակ նման բան չէի տեսել։ Մի քանի անգամ ալիքը 3-4 շրջան կատարեց...
Ա՜յ սա խաղ էր, ա՜յ սա հաղթանակ էր...
Էնքան անսովոր էր նման առավելությամբ խաղալը, որ 4-0-ի ժամանակ հետևումս մի տղա ընկերոջն ասաց.
-Բայց լոքշ ա, չէ՞, էս հաշվով կրելը :)
Ու հետո՝ էդ համահայկական ուրախությունը։ Էդ ի՜նչ էր կատարվում փողոցներում... Էն անձրևի օրվա նման էր. փաստորեն մարդկանց նաև մեծ ուրախությունն է բարիացնում ու մտերմացնում...
Հա՜-յա՜ս-տա՜ն, Հա՜-յա՜ս-տա՜ն... :sulel

---------- Ավելացվել է՝ 02:39 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:36 ----------

Էլի մի օլե՜-ի առիթ. Հայաստանում առաջին ձյունն է եկել, ժո՜ղ... :hands
Վա՜խ, ե՞րբ է ձմեռս գալու... Ձյուն եմ ուզում...

Նաիրուհի
13.10.2010, 17:49
Ձմռան գիշեր, կիսամութ (միայն մի մոմով կամ նավթի լամպով լուսավորվող) սենյակ, տաք վառարան (անպայման վառարան), որը գվվալով վառվում է, վառարանի դռնակի անցքերից հատակին ու դիմացի պատին՝ բոցի թրթիռ, ծխնելույզի մեջ սուլող քամի, դրսում ոռնացող բուք, ներսում՝ լռություն, քնած տնեցիներ, «դուխովկայում» խորոված կիսայրված կարտոֆիլ, ափսեով պանիր, մանկական անհաղթահարելի սարսափ «Հովազաձորի գերիները» կարդալիս, սարսափ, որը չի թողնում հետ նայել կամ ոտքն իջեցնել մահճակալից...

***

Ձմռան պարզ գիշեր՝ կապո՜ւյտ-կապույտ, անհամար աստղեր (ձմեռվա երկնքում աստղերի անհամար-ը առնվազն երկու անգամ ավելի է մյուս եղանակների անհամար-ից), թեթև փետուրե ամպեր, քայլերի տակ ճռճռացող կապույտ ձյուն, կապտարծաթ աստղալույս, ցերեկվա պես լուսավոր, մանկան քնի պես անդորր գիշեր, շան հեռավոր հաչոց, Տիեզերքի հետ ձուլված, աշխարհի հետ հաշտված հոգի, չմրսեցնող ցուրտ, հարևանի տնից մինչև մեր տուն ձգվող հիսուն մետր ճանապարհի անվերջանալիության թաքուն ու անհաղթահարելի ցանկություն...

***

Ու միշտ ձմեռ, միշտ գիշեր ու միշտ մեր գյուղը...

Ինչքա՜ն շատ բան է պետք ինձ երջանիկ լինելու համար... :(

Նաիրուհի
14.10.2010, 02:48
Սա մի անգամ էլ լսենք մաքրվելու համար ու սկսենք....

http://www.youtube.com/watch?v=jLLmBwlh1KM
Դատարկության զարհուրելի զգացում, որը միշտ առաջանում է, երբ մեջդ մարդիկ են մեռնում, հետևաբար՝ նաև քո մի մասը:
Բայց մեկ-մեկ նույն պատճառով մեջդ նաև ծնվում են մարդիկ, ու էլի լցվում ես…
Զարմանալի հավասարություն՝ մեկ օրում երկու մահ, երկու վերածնունդ… Վաղուց աշխարհումս նման բան չէր եղել…
Դիմակահանդե՞ս... Հա, գրողը տանի, էս աշխարհն արդեն ես էլ հենց միայն էդ բառով կարող եմ բնութագրել… Բոլորը դիմակներով են ու էնքան են վարժվել իրենց դիմակներին, որ մոռացել են՝ մարդկային դեմքն ինչ տեսք ունի իրականում, ավելի ճիշտ՝ մոռացել են դիմակի գոյությունը: Ու երբ պատահաբար այդ դիմակահանդեսում հայտնվում է բանից անտեղյակ մեկը, նրա մարդկային դեմքը զարմացնում, վախեցնում, վանում է մյուսներին… Միայն այն քչերը, ովքեր հիշում են իրենց իսկական դեմքը դիմակի տակ, հասկանում են, որ իրենց դիմաց մարդն է՝ իր նախաստեղծ վիճակի մեջ, չաղտոտված թատերական-կյանքային օրենքներով: Մարդը, որը գուցե անսովոր է, տվյալ դեպքում՝ խենթ, միամիտ, ներկայացումից բան չհասկացող... Մարդը՝ երեխան...
Ես երջանիկ եմ… Կարող է ձեզ տարօրինակ թվա, բայց ես իրոք երջանիկ եմ… Ու էլի լիքը նման մահերի եմ պատրաստ, հոգիս էլի՛ դատարկելու եմ պատրաստ այսօրվա ծնունդների նման լցվելու առիթների համար...
Նրանցից մեկը գուցե կկարդա սա ու կհասկանա, որ իր մասին եմ գրում, մյուսը գուցե երբեք էլ չի իմանա, որ այսօր ինքը նորից ծնվեց իմ մեջ, բայց ես ուզում եմ գոռալ, որ երջանիկ եմ:
Գիտակցումը, որ մենակ չես, որ քո մասին մտածողներ կան, պաշտպանվածության, ապահովության զգացում է ծնում. մի բան, ինչի պակասն զգացել եմ դեռ վաղ մանկությունից: Ու թքած, թե այդ զգացման բացը լրացնելու իմ միջոցը ոմանց աչքին կարող է բոլորովին այլ բան երևալ:
Ես կամ այն քչերի համար, որոնք հոգուս ծնունդներ են պարգևում, ոչ թե մահեր: Մյուսների համար, ինչպես Չիլին կասեր, չկամ...
Փնտրեք ու գտեք էն մարդկանց, ովքեր ձեր դիմականահանդեսում ձեզ հետ վալս պարելու հարմար պարազույգ կլինեն: Իմ լեռնային քոչարու հետ գործ չունեք...

Նաիրուհի
15.10.2010, 01:39
Գիտեմ, որ գլուխգործոց չի, ավելին՝ հե´չ գլուխգործոց չի, բայց մի տեսակ դուրս եկել է: Համոզված եմ, որ հիմա գրեթե ոչ ոք չգիտի՝ սա ով է գրել, Ակումբում էլ դժվար թե իմացող լինի։ Էդ մտքից ինձ լավ եմ զգում :oy

***

Ուր երկինքը լույս է սիպ կարապթևի պես,
Ուր որ ծովը բիլ է, բիլ քո աչքերի պես,
Բիլ ծովից հարավ գաս՝ գորշավազ մի ափ կա,
Հենց մի փոքր անցնում ես՝ շեկ կիտրոն անտառ է.
Բաց պուրակների մեջ հին խրճիթ ունեմ ես։
Վարժ-մենակ որսորդ եմ, մեն-մենակ որսորդ եմ։
Բիլ աչքով աղջիկս, քաղաքում թողել եմ՝
Քեզ մենակ թողել եմ ու ելել փախել եմ.
Մեն-մենակ որսորդ եմ շեկ անտառների մեջ։
Բիլ աչքով աղջիկս, փո՜ւխր, նուրբ աղջիկս,
Իմ ճկուն աղջիկս, քեզ նորից հիշել եմ
Շեկ անտառների մեջ։ Շեկ անտառների մեջ
Քեզ նորից հիշել եմ. ե´կ այցի խրճիթս։
Վերադարձ չկա ինձ. խորթ է ինձ քաղաքը.
Շեկ կիտրոն անտա՜ռը... ծո՜վը... սիպ երկի՜նքը...
Օ՜, որքա՜ն խորհուրդ կա շուրջս՝ մեծության մեջ։
Վերադարձ չկա ինձ. խե՜ղճ եմ-զղջացել եմ.
Բիլ աչքով աղջիկս, որսորդիս այցի´ եկ
Իր հսկա անտառը, իր անշուք խրճիթը,
Ուր կիտրոնն է իջնում դռներիս առաջ...

Նաիրուհի
15.10.2010, 02:47
Հե՜յ, ո՞վ կա

Աղջիկ- Կարծում ես՝ որ ես քո կողքին լինեմ, բախտդ կբերի՞։
Տղա- Իհարկե կբերի: Ի՞նչ մի լավ բան է թրև գալ փողոցներում ու անընդհատ փնտրել մեկին՝ առանց իմանալու՝ կգտնե՞ս, թե՞ չէ: Միշտ մեկնումեկը պիտի լինի կողքիդ. թե´ ձմռան ցրտին, թե´ գարնան ծաղկունքին, թե´ ամռան շոգին, երբ լողանալն է սրտիդ ուզածը. տարվա բոլոր եղանակներին՝ անձրևին, ձյանը, ուզածդ ժամանակ, միշտ մեկնումեկը պիտի լինի կողքիդ, որ քայլի քեզ հետ մինչև մահվան դուռը։ Լավ մարդ պիտի լինի, մեկը, որ վաղուց ճանաչում է քեզ։ Միշտ էլ մեկը պիտի լինի կողքիդ, որ թեկուզ գիտի՝ դու վատն ես, լավը չես, բայց սիրում է քեզ։ Ես վատն եմ, ի՞նչ արած: Եթե գաս ինձ հետ, կդառնամ ամենալավ մարդը: Էլ վատը չեմ լինի…

Այ որ տեղերով փոխվենք, իդեալական բան կստացվի...:8


Հե՜յ, ո՞վ կա

Տղա- Կարծում ես՝ որ ես քո կողքին լինեմ, բախտդ կբերի՞։
Աղջիկ- Իհարկե կբերի: Ի՞նչ մի լավ բան է թրև գալ փողոցներում ու անընդհատ փնտրել մեկին՝ առանց իմանալու՝ կգտնե՞ս, թե՞ չէ: Միշտ մեկնումեկը պիտի լինի կողքիդ. թե´ ձմռան ցրտին, թե´ գարնան ծաղկունքին, թե´ ամռան շոգին, երբ լողանալն է սրտիդ ուզածը. տարվա բոլոր եղանակներին՝ անձրևին, ձյանը, ուզածդ ժամանակ, միշտ մեկնումեկը պիտի լինի կողքիդ, որ քայլի քեզ հետ մինչև մահվան դուռը։ Լավ մարդ պիտի լինի, մեկը, որ վաղուց ճանաչում է քեզ։ Միշտ էլ մեկը պիտի լինի կողքիդ, որ թեկուզ գիտի՝ դու վատն ես, լավը չես, բայց սիրում է քեզ։ Ես վատն եմ, ի՞նչ արած: Եթե գաս ինձ հետ, կդառնամ ամենալավ մարդը: Էլ վատը չեմ լինի…

Նաիրուհի
15.10.2010, 19:03
Ապերս, հավատա՝ ամեն ինչ լավ կլինի։ Ես վստահում եմ քեզ, գիտեմ, որ դու կհաղթահարես սա։ Գիտեմ՝ դժվար է լինելու, բայց աշխարհը հո չոփով չի՞ ծածկած։ Դու մաքուր մարդ ես. դու կհաղթես, արդարությունը կհաղթի։ Միայն չհուսահատվես, խնդրում եմ, թույլ չտաս՝ քեզ կոտրեն։
Ես քեզ շատ եմ սիրում, Դավս...

Նաիրուհի
18.10.2010, 00:46
Էս օրագիրս կարծես ամենամոտ ընկերս է դարձել։ Օրը մի քանի անգամ բացում եմ, մտքիս եկածը գրում, խոսում ինքս ինձ հետ, վերջում առանց գրառում անելու դուրս գալիս :oy
Էսօր ահավոր ուզում էի մեկի հետ խոսել, մի քիչ դատարկվել, թեթևանալ. չորս պատի մեջ գժվում եմ արդեն... Մի քանի անգամ էջը բացեցի, որ նամակ գրեմ, էդպես էլ առանց գրելու փակեցի։
Ի՞նչ գրեի, ի՞նչ գրեմ։ Հո մարդիկ պարտավոր չե՞ն ինձ դայակություն անել...

Ապերս, ես էլ չգիտեմ՝ ինչ անեմ։ Ո՞նց օգնեմ քեզ։ Ինձնից բան չի կախված։ Բայց ես դեռ հավատում եմ, որ մի լույս կբացվի... Դավ ջան, մի կոտրվիր, էլի, խնդրում եմ...

Նաիրուհի
19.10.2010, 00:53
Մանկական երազանքներիցս միայն չիրականացածներն եմ հիշում: Դրանցից մեկն առանձնապես ցավոտ է մինչև հիմա: Ո՜նց էի երազում դաշնամուր նվագել իմանալ... Մի տեսակ հիվանդոտ սիրով էի սիրում դաշնամուրը: Ինձ թվում էր՝ նրանից երաժշտություն կորզող մարդիկ կախարդ են, ամենակարող, հասու ինչ-որ վերերկրային գաղտնիքի... Երևի մեծ դաշնակահարների մանկության մասին կարդացած բազում պատմություններն էին այդպես բորբոքել երևակայությունս...
Ինը տարեկան էի, երբ մայրիկս խոստացավ, որ մի-երկու ամսից ուրիշ տուն կտեղափոխվենք, ու ինքը կխնդրի մեր երգի ուսուցչուհուն, որ ինձ դաշնամուր նվագել սովորեցնի... Ի՜նչ անհամբերությամբ էի սպասում այդ օրվան:
Չտեղափոխվեցինք: Մայրիկս երևի մոռացավ խոստումը, ես էլ չհիշեցրի. մտածում էի՝ եթե չի անում, ուրեմն հարմար չէ. ո՞նց նեղություն տայի... Հետո...
Երևանում էնքա՜ն նոր բան կար. մի պահ մոռացա դաշնամուրի մասին: Մինչև մի օր զարմանքով ու անհաղթահարելի նախանձով հայտնաբերեցի, որ իմ տարիքի գրեթե բոլոր աղջիկները նվագել գիտեն, մինչդեռ ես ոչ միայն դա չգիտեմ, այլև բացարձակ անգրագետ եմ: հարվածը սոսկալի էր. ուշքի գալու ուժ չգտա մեջս ու որոշեցի թաղել դաշնամուրն այնպիսի մի խուլ տեղ, որ հետքն իսկ չերևա: Հիմա մտածում եմ, որ գուցե այն ժամանակ դեռ ուշ չէր. եթե մի քիչ համարձակություն, համառություն ու կամքի ուժ ունենայի, կսովորեի. տասներեք տարեկանն ի՞նչ մի մեծ տարիք էր...
Չսովորեցի: Հիմա ամեն չնչին առիթով մեջս գլուխ է բարձրացնում տենդը. երևի իմ ներկայությամբ նվագող ընկերներիցս ոչ մեկի մտքով չի էլ անցնում, թե այդպես զմայլանքով իրեն հետևող աչքերիս խորքում անզոր կատաղություն ու նախանձի ինչ ալիքներ են հորձանք տալիս...
Բայց է՛լ չեմ ուզում սովորել. և՛ տարիքիցս եմ ամաչում, և՛ վախենում եմ՝ երազս անվերադարձ փշրվի. բա որ պարզվի՝ դաշնամուրի մեջ ոչ մի կախարդական բան էլ չկա՞...
Ամեն երազանք իր իրականացման ժամանակն ունի: Դրանից հետո իրականացած երազանքները կարող են հիասթափություն բերել. ընդամենը սա՞ էր եղածը...
Այ էստեղ ուզում էի չիրականացած երազանքների մասին ինչ-որ համընդգրկուն ու բարձրագոչ ձևակերպում հորինել. չստացվեց...
Ուղղակի երևի չիրականացած երազանքները միջոց են, որ մարդն իր անցյալից ու ինքն իրենից չկտրվի: Եսի՞մ...

Նաիրուհի
22.10.2010, 12:17
Մի ժամանակ մտածում էի, որ լիքը ընկերներ ունեմ։ Հիմա գիտեմ, որ երբեք էլ էդպես չի եղել։
Շատ մարդիկ կան, որոնք կկանգնեն կողքիս, երբ օգնության կանչեմ. դա առաջ շատ էր ուրախացնում, իսկ հիմա ընդամենը դժվար պահերին հանգստացնում է։ Ուղղակի չկան էն մեկը կամ մի քանիսը, որոնք չեն սպասի, թե երբ եմ իրենցից ինչ-որ բան խնդրելու, որոնք ուղղակի կողքիս կլինեն, ոչ միայն իրենք իմ աշխարհից կլինեն, այլև ես էլ՝ իրենց։
Ահավոր է, երբ անգամ ուրախության պահերին մեկը չկա, ում ուզենաս զանգել ու պատմել, թե ինչքան երջանիկ ես, դե տեսնելու մասին չեմ էլ համարձակվում երազել։ Եթե ուզում էլ ես մեկին զանգել, ձեռքդ չի գնում, որովհետև էդ մեկի շատ էլ պետքն է՝ ուրա՞խ ես, թե՞ տխուր։ Մի երկու լավ բառ կասի, հեռախոսը կանջատի ու կմոռանա քեզ էլ, զանգդ էլ, ուրախություն/տխրությունդ էլ...
Իսկ ինչո՞ւ ես ընկերներ չունեմ։ Միգուցե պատճառն իմ մեջ է, հը՞...:think

Կարենը մի լավ բան էր ասում. «Մարդուն մարդ է պետք, ծայրահեղ դեպքում՝ շուն»...
Հ. Գ. Ի դեպ՝ դու հասկացա՞ր, որ երևի քեզ էլ նկատի ունեի...

Նաիրուհի
23.10.2010, 22:57
А я смеюсь, хоть мне и не всегда смешно,
И очень злюсь, когда мне говорят,
Что жить вот так, как я сейчас, нельзя.
Но почему? Ведь я живу.
На это не ответить никому...

Նաիրուհի
24.10.2010, 04:38
Չեմ հիշում գոնե մի դեպք, որ մայրիկս ինչ-որ բան գնելիս կշեռքն նայեր։ Երբ հարցնում էի, թե ինչո՞ւ չի նայում, ասում էր, որ եթե վաճառողն զգա իր վստահությունը, այնքան անազնիվ չի լինի, որ խաբի։

Մա´մ ջան, կյանքի սխալ դասեր ես տվել ինձ...

Նաիրուհի
01.11.2010, 01:31
Ո՜ւֆ, ինչ տխուր վիճակ է...
Մինչև առավոտ պիտի հասցնեմ մի ռեֆերատ գրել Կիլիկիո կաթողիկոսության մասին, հետն էլ մի քանի տասնյակ էջ հայկական հին գաղթավայրերի պատմություն անգիր անել, որ վաղը միջանկյալ գրեմ։
Իսկ ես ո՜նց եմ ուզում գրողի ծոցն ուղարկել էս ամենն ու մի կարգին գիրք կարդալ...

Նաիրուհի
03.11.2010, 01:34
Ահագին ժամանակ է՝ ուզում եմ գրել մի մարդու մասին, ում հիշելիս մեջս տարօրինակ մտքերի/զգացումների ալիք է բարձրանում։ Բայց չի ստացվում։ Երևի մեղքի չհաղթահարված զգացումն է պատճառը, որ մտքերն ամբողջ օրը պտտվում են գլխումս, բայց հենց նստում եմ համակարգչի առաջ, ոչ մի բառ չի գրվում։

1999-ի դեկտեմբերն էր: Մայրիկիս ավարտական դասարանի ամանորյա միջոցառման փորձից նոր էինք դուրս եկել, երբ մի քանի տղա մոտեցան այդ դասարանի տղաներին: Խոսակցությունը վերածվեց վեճի, սկսեցին քաշքշել իրար, ապա թողին-գնացին:
Ճանապարհի կեսը հազիվ էինք անցել, երբ երկու մեքենա հասան մեր հետևից ու կանգնեցին: Դուրս թռած երիտասարդները հարձակվեցին տղաների վրա ու սկսեցին խփել ինչպես պատահի: Տղաներից մեկը՝ Սուրենը, երեսնիվայր ընկավ ձյուների մեջ, և այդ պահին մեկը ոտքով հարվածեց նրա գլխին…
Աղմուկի վրա հավաքված տղամարդիկ բաժանեցին կռվողներին:
Այդպես տեղի ունեցավ իմ առաջին հանդիպումը գյուղի թիվ մեկ անդաստիարակ ու կրակուպատիժ Գոքորի հետ…

***
Ես չմոռացա այն սարսափը, որն զգացի, երբ Գոքորի կոշիկն իջավ Սուրենի գլխին: Ու թեև Սուրենն ընդամենը մի քանի շաբաթից դարձավ Գոքորի «պոչը», նրա դասընկերները չներեցին Գոքորին այդ հարվածը: Ես էլ չներեցի: Գոքորն իմ մանկական ուղեղում դարձավ հրեշի մարմնավորում:

***

Քանի՜ անգամ եմ տեսել նրան դպրոցի մոտ ընկերների հետ կանգնած կամ աննպատակ թրև գալիս: Երբ նա այդ կողմերում էր լինում, ես ճանապարհս փոխում էի, որ նրանից ինչքան հնարավոր է հեռու մնամ:
Մայրիկս էլ էր խիստ զայրացած Գոքորի վրա. նա այդ ծեծկռտուքը նաև որպես իր հասցեին վիրավորանք էր ընդունել: Գոքորն էլ նրանից էր խուսափում:

***

Մի օր եղբայրս տուն եկավ կոնֆետով լիքը գրպաններով: Մայրիկիս զարմանքին ի պատասխան ասաց, որ կամուրջի վրա մի տղա է մոտեցել իրեն, կոնֆետ լցրել գրպաններն ու ասել.
-Կերթաս մամայիդ կըսես, օր Գոքորը տվեց:

***

Գոքորը մեկնեց Երևան, ապա՝ Ռուսաստան: Նրա «արկածների» ու հեղինակության մասին գյուղում լեգենդներ էին շրջում: Իմ աչքում դրանք միայն ավելի էին ամրապնդում Գոքորի հրեշավոր կերպարը:

***

2005-ի մարտի մշուշոտ, խոնավ օր էր: Ես ու մայրիկս մտանք մանկավարժական: Միջանցքում լիքը տղաներ էին կանգնած՝ հիմնականում հաղթանդամ. նրանք շրջապատել էին աչքի չընկնող արտաքինով ցածրահասակ ու ամրակազմ մի տղայի՝ ակներևաբար ցանկանալով հաճոյանալ նրան:
-Գոքորն է,-ասաց մայրիկս:
Ապշած էի. մի՞թե սա էր բոլորի ահուսարսափը: Լսածս պատմությունների ազդեցությամբ Գոքորին հիշում էի մոտավորապես Տերմինատորի արտաքինով:
Մեզ նկատելով՝ մոտեցավ: Դուրս եկանք, քայլեցինք: Գոքորը ձեռքը պահում էր սպորտային վերնազգեստի տակ: Մայրիկիս հարցական հայացքը նկատելով ասաց.
-Է՜, Իգիթյան ջան, ջահել-ջահել հաշմանդամ դարձա:
Մի քանի ամիս առաջ ստացած դանակի հարվածն անհետևանք չէր անցել. խոնավ եղանակին վերքը ցավում էր: Մեր կողքից քայլելիս խեղճացած էր Գոքորը, ավելի փոքրացած. դեմքի քիչ առաջվա ամբարտավան արտահայտության հետքն էլ չէր մնացել: Մի տեսակ ջերմություն զգացի նրա հանդեպ:

***
20006-ի մայիսն էր (կարծեմ): Գոքորը մի երեկո մեր տուն եկավ: Մեզ համար անակնկալ էր այդ այցելությունը: Աղոտ եմ հիշում այդ երեկոն. ես մի գիրք ձեռքիս կծկվել էի բազկաթոռի մեջ, ձևացնում էի, թե կարդում եմ, բայց ուշադրությունս Գոքորի կողմն էր, որ խոսում էր, խոսում, պատմում… Ցածր էր խոսում, ու ձայնի մեջ ցավ կար:
Գոքորը հասկացել էր, որ սեփական ձեռքերով կործանել էր իր կյանքը: Նա պատմում էր, թե ինչու որոշեց հանցագործ աշխարհում հայտնվել: Ամերիկյան ֆիլմերից էր ոգեշնչվել, ուզեցել էր կինոյի տղաների նման լինել, ու դրան հասնելու ամենաճիշտ ուղին «գող» դառնալն էր. կինոյի գողերի նման իրեն պատկերացրել էր հարուստներին պատժող արդարության մարտիկ, մինչդեռ դարձել էր հանցագործ: Երբ հասկացել էր, որ այդ աշխարհն իր պատկերացրածը չէ, արդեն ուշ էր. չափից շատ էր խրվել:
Գոքորը հոգնել էր: Անձնական երջանկության հույսեր չէր փայփայում. դեռ դպրոցական տարիներից միակ սերը՝ իր նախկին ընկերոջ քույրը, վաղուց ամուսնացել էր, իսկ ուրիշ աղջկա մասին նա լսել չէր ուզում, թեև ծնողները բազմաթիվ տարբերակներ էին առաջարկել տղային իրենց կողքին պահելու հուսահատ ճիգով:
-Շատ վատ բաներ եմ էրել, Իգիթյան, բայց կուզես հավատա, կուզես՝ չէ, կյանքումս մարդ չեմ սպանել...
Կեսգիշերն անց էր, երբ գնաց: Ամբողջ գիշեր չկարողացա քնել. ես գտել էի նոր Գոքորի, որի քույրը լինելն ինձ համար արդեն ամոթալի չէր: Ես սկսում էի սիրել նրան:
Հաջորդ օրը Գոքորը պիտի գնար Ռուսաստան: Ես որոշեցի, որ երբ վերադառնա, ինքս կգտնեմ նրան, կզրուցեմ հետը, կասեմ, որ էլ չեմ ատում իրեն, որ ուզում եմ՝ ինքն իմ երազած մեծ եղբայրը լինի. ի վերջո ազգականներ էինք…

***

Մի քանի ամիս էր անցել: Վերջին ընդունելության քննությունս հանձնելու հաջորդ օրն էր. իրերս էի հավաքում, որ գյուղ գնանք: Մայրիկս այլայլված մտավ սենյակ: Վախեցած հարցրի, թե ինչ է եղել:
-Լիլ, Գոքորն է մահացել…
Չգիտեմ ինչ կատարվեց հետս. քարացած կանգնել էի: Գոքորը չկա... Գոքորն ինքնասպան է եղել... Գոքորը, իմ նոր հայտնված եղբայր Գոքորը...

***

Թաղման օրը գյուղում էի: Չգնացի: Չկարողացա:
Գյուղում իրապատում ու հրաշապատում լեգենդներ հյուսեցին Գոքորի ինքնասպանության/սպանության շուրջ: Մի բան էր հաստատ՝ ցած էր նետվել Թբիլիսիի հիվանդանոցի պատուհանից, ուր հայտնվել էր ինքնասպանության առաջին փորձից հետո:
Մայրն ասում էր, որ մահից առաջ իրեն ասել է, թե զզվել է այդ կյանքից, ուզում է դուրս գալ, բայց չի կարող. սպառնացել են ընտանիքին վնասել:

***

Ամեն անգամ գյուղ գնալիս այցելում եմ Գոքորին: Նստում եմ կողքին ու զրուցում հետը: Ամեն անգամ ասում եմ, որ իրեն շատ եմ սիրում, որ ինքն իմ եղբայրն է, որ շատ եմ ցավում իրեն ավելի շուտ ճանաչած չլինելուս համար: Պատմում եմ այն ամենը, ինչ կպատմեի, եթե կենդանի լիներ:
Գերեզմանոցից դադարել եմ վախենալ, որովհետև նա այնտեղ է: Այնտեղ ինձ պաշտպանված եմ զգում. գիտեմ, որ Գոքորն իմ կողքին է, գիտեմ, որ եթե մեր զրույցը տեղի ունենար, ամեն ինչ իմ երազածի նման կլիներ. ուրեմն նա այն աշխարհից էլ կպաշտպանի ինձ…

Նաիրուհի
10.11.2010, 02:21
Իմ գյուղացի հոգու համար անտանելիորեն ցավոտ պատկեր՝

Տաշտը, որի մեջ Խաչիպապ պապի
Հարսանյաց հացի խմորն են հունցել
Եվ հոգեհացի խմորը նաև,
Հիմա գրտնակի դագաղն է դարձել...
***
Թոնրի շրթունքը, որ մի ժամանակ
Բոցից էր ճաքում,
Հիմա ճաքել է բոցի կարոտից...


http://www.youtube.com/watch?v=TvjHGTZaNNc

Նաիրուհի
13.11.2010, 04:16
Թբիլիսիի ս. Երրորդություն եկեղեցիhttp://www.photodom.com/photos/2008/07/02/855242.jpg

http://www.shemoqmedi.ge/qronika/sameba%20tbilisi%201.JPG

Մեծ է, սիրուն է, շքեղ է, հաստատ ավելի հաճելի է նայվում, քան մեր Լուսավորիչը, բայց որ պատկերացնում եմ՝ էս ամբողջը հայերի քանդված շիրիմների վրա է սարքված, լացս գալիս է...
Խոջիվանքի հսկայական գերեզմանոցից մի բուռ պանթեոն են թողել:
http://img59.imageshack.us/img59/1524/copyoftesil0621.jpg

***

Առաջին անգամ էի այցելում և´ Րաֆֆիին, և´ Թումանյանին, և´ Սունդուկյանին ու մեր մյուս մեծերին, բայց դու մի այլ կերպ հուզեցիր ինձ...

http://img709.imageshack.us/img709/434/copyoftesil0619.jpg


http://www.youtube.com/watch?v=YXD_7Ab8bHU

Նաիրուհի
19.11.2010, 02:40
Չորս երեխա էին, ծնողներն էլ հետը՝ վեց։ Ու ոչ մի անգամ նրանց տանը ծննդյան տոն չէր նշվել։ Աղջկա մտքով էլ չէր անցել, որ նման բան կա։
Տասնվեց տարեկան էր, երբ ընդունվեց համալսարան և երկու ընկերուհիների հետ սենյակ վարձեց։ Տանտիրուհին՝ Շուշվա գիմնազիան ավարտած ազնվական շարուձևով մի տարեց կին, հենց առաջին օրը հարցրեց իր կենվորների ծննդյան օրերը։ Աղջիկը շփոթվեց. իր ծննդյան օրը չգիտեր։ Ասաց առաջինը մտքին եկած ամսաթիվը։ Ասաց ու մոռացավ։
Մի օր դասից վերադառնալիս տանտիրուհին նրան դիմավորեց թխվածքով, որի վրա մոմեր էին վառվում։ Աղջիկն անակնկալի եկավ, ապա դժվարությամբ հիշեց, որ այդ օրն իր «ծննդյան օրն» է։
Ձմեռային արձակուրդներին գնաց գյուղ ու առաջին հարցը, որն ուղղեց մորը, այն էր, թե ե՞րբ է ինքը ծնվել։ Մայրն ասաց.
-Մենակ հիշում եմ, որ մեր հարևան Արևիկից 10-15 օր փոքր ես։
Պատասխանը չգոհացրեց. վիրավորական էր, որ չորս երեխաներից միայն իր ծննդյան օրը մայրը չի հիշում։ Ու որոշեց այդուհետև իր ծնունդը նշել իր իսկ հորինած օրը։

Ավելի քան քսանհինգ տարի այդպես արեց։ Բազմաթիվ աշակերտներն ու ընկերները, որ պարտաճանաչ շնորհավորում էին նրան, այդպես էլ չիմացան, որ այդ օրը հորինված է։ Բայց ցավը մնաց։ Հաճախ էր կրկնում. «Կյանքս էլ ծննդյանս օրվա պես անորոշ եղավ»։
Մի օր նորից հարցրեց մորը.
-Էդ ինչո՞ւ հենց իմ ծնվելու օրը մոռացար։ Երրորդ աղջիկդ էլ չէի, որ ասես, թե ծնվելս էնքան ես անիծել, որ չես էլ ուզել հիշել այդ օրը։
Մայրը վիրավորվեց.
-Ես քո ծնունդը լավ էլ հիշում եմ, հոկտեմբերի 4-ին է։ Ո՞նց կարող եմ մոռանալ, թե իմ երեխան երբ է ծնվել…

Ու կարծես կորցրած տարիները ետ բերելու, կյանքի չստացված մասերը շտկելու, իր աշխարհը գտնելու հուսահատ ճիգով նա սկսեց համառորեն ծննդյան տոնը հոկտեմբերի 4-ին նշել։
Բայց ինչպե՞ս կհամոզես հարյուրավոր մարդկանց, ովքեր տարիներով իրենց Իգիթյանին նոյեմբերի տասնիննին են շնորհավորել…
Ու ստացվեց այնպես, որ ծննդյան օր չունեցող մարդը մեկի տեղ երեքն ունեցավ (մեկն էլ անձնագրում)...

Մամ ջան, շնորհավոր ծնունդդ… :love

Նաիրուհի
22.11.2010, 01:00
Տասնհինգ տարեկանում ես ինձ աշխարհի քաղաքացի էի համարում:
Տասնութում հասկացա, որ աշխարհն ինձ վրա թքած ունի:
Քսանում հասկացա, որ ես էլ աշխարհի վրա թքած ունեմ:
Իմաստնանում եմ… :8

Նաիրուհի
23.11.2010, 00:29
:love

կենցաղային

…Ուրեմն արի ապրենք սերն իմ կենցաղային…
Արի լվանանք ափսեները, մաքրենք փոշիները բոլոր… փլավ սարքենք ու ուտենք մածունով անգամ եթե մի քիչ անալի է…
Արի երգենք բոլոր հին երգերը գուսանների ` առանց «գլամուռի», առանց զարդերի…
Երգենք բաղաձայն, անռիթմ, անհավասար, որ հավաքվեն ագռավները քաղաքիս ու ձայնակցեն մեզ…
Արի, որ լիարժեք լինի սերն իմ կենցաղային` առանց զարդարված հեքիաթների, առանց մեկօրյա ապրումների, որոնք իբր հավերժական հուշ են դառնում…
Ապրենք սերն իմ` թարմ լվացած սպիտակեղենի, վառված էլեկտրական լամպերի, մահճակալի կոտրված ոտքի փոխարեն շարված անպետք գրքերի, մրոտ սրճեփի ու մաշված վարագույրների մեջ…
… որ երեկոները խմենք կենացն ագռավների… հենց նրանց հետ խմենք… մեկ-մեկ թռչենք տանիք, որ ալեհավաքն ուղղենք…
Գիշերները նայենք ֆիլմեր սիրո մասին և ծիծաղենք հերոսների վրա… նրանց տառապանքը դարձնենք հումորի նյութ, ուրախանանք նաև, որ ուրիշ է մերը, որ տխուր ռոմանտիզմ չկա մեր կյանքի մեջ… մարդու կյանք է մերը, ոչ թե հերոսների…
…Արի ապրենք սերն իմ կենցաղային… թող զավակներ ծնվեն և մեր ծնողների անուններն ունենան… Տանենք նրանց այգի, թողնենք, որ վազվզեն, հետո քնեն հոգնած…
Արի ապրենք սերն իմ առանց ծաղկած բառերի… ապրենք առանց ցիտատների…մերը ապրենք միայն…
Ուրեմն արի հավերժացնենք մեր մեջ այն, ինչը չի գովերգվել ոչ մի գրքում երբեք, արի հավերժացնենք սերն իմ կենցաղային…
…Չբաժանվենք երբեք միայն նրա համար, որ չստացված սիրո երազանքը պահենք հուշի տեսքով տափակ ու մտածենք միայն, թե չհասանք իրար` ինչ ափսոս էր, վայ… վայ…
Արի հասնենք իրար տարիների միջից, արի սիրենք իրար, գժվենք խանդից, ցնդենք…
Ծեծենք իրար ամիսը մեկ ու ագռավները գան հաշտեցնեն մեզ կրկին…
Իմ կենցաղը դարձնենք սեր…
Քո կենցաղը դարձնենք սեր…
Ու ապրենք սերը մեր կենցաղային…
Մի օր դառնանք հարուստ` ճաշենք ռեստորանում, մի օր էլ բավարարվենք անալի փլավով ու գոհ լինենք, որ մածուն կա հետը…
Արի ծաղրենք նրանց, ովքեր ժամանկին չհասան մեզ ու չապրեցին ողջը, ինչ ասում եմ վերը…
Արի գժվենք էլի ու մոռանանք միշտ նոր լամպ գնել և նոր վարագույրների փող էլ չունենանք…
Դու ինձ չվստահես սուրճ եփելու գործը ու ես ինադու չլվանամ սրճեփը…
Ու էսպես երջանիկ` առանց զարդարանքի` արի պարզապես վայելենք սերն իմ կենցաղային…

Անի Մաղաքյան

Դուրս եկավ մի տեսակ, ասի՝ էստեղ դնեմ...

Նաիրուհի
24.11.2010, 00:36
Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան. միտք եմ անում` է՞ս, թե՞ էն.
Մեջտեղ կանգնած` միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե՞ էն.
Աստված ինքն էլ տարակուսած չի հասկանում` ինչ անի,
Տանի՜, թողնի՜, ո՞րն է բարին, որ սահմանում, է՞ս, թե՞ էն:

***

Գերեզմանոցներում ավելի շատ կյանք կա։ Գերեզմանոցներն իմ թուլությունն են, փախչելու, առանձնանալու, երազելու, հանգստանալու ամենահարմար տեղը։ Գերեզմանոցում ոչ ոք չի հարցի, թե ինչու ես անտրամադիր. միակ տեղն է երևի, որ հանգիստ կարող ես տխրել։
Մանկությանս տարիներին շատ էի սիրում գյուղի գերեզմանոցում թափառել. ինչ-որ սրբազան երկյուղածությամբ, արյունս երակներումս սառած, ոտքիս տակ ամեն անհարթություն զգալիս մտածելով, որ ինչ-որ մեկի՝ առանց շիրմաքարի գերեզմանին եմ կանգնել, շունչս պահած քայլում էի, նայում փոքրիկ տնակների պատուհաններից ներս, կարդում տապանագրերը, ուսումնասիրում նկարները, մտովի պատմություններ հյուսում ամեն մահացածի մասին։
Ու էնտեղի բոլոր մարդկանց շատ էի սիրում։ Հատկապես փոքրիկներին։ Բոլորի մահվան պատմությունները գիտեի, չիմացածս էլ երևակայությամբ էի լրացնում։
Հետո որոշ ժամանակ գերեզմանոցի հետ կապս խզվեց, ու սկսեցի պարզապես սարսափել. սպանեին՝ մենակ ներս չէի մտնի։
Նորից սիրեցի գերեզմանոցները, երբ այնտեղ մշտական բնակության սկսեցին տեղափոխվել մարդիկ, ում սիրում էի՝ Գոքորը, հորեղբայրս, ամենահարազատ ընկերս, պապս...
Էլ չեմ վախենում։ Բայց գերեզմանոցը սիրելու համար մի կարևոր պայման կա. այնտեղ գոնե մեկը պիտի լինի, ում ես սիրում եմ։
Երևանում առանձնահատուկ սիրելի տեղեր ունեմ, ուր գրեթե միշտ մենակ եմ գնում՝ Ծիծեռնակաբերդը, Պանթեոնը, Եռաբլուրը...
Մեկ էլ միայնակ շիրիմներն եմ սիրում՝ ճանապարհների կողքերին, ծառերի մեջ, դաշտի մեջտեղում...
Բայց գիտե՞ք՝ ամենազարմանալին ինչն է. գերեզմանոցում ոչ մի անգամ մեռնելու մասին չեմ մտածել...

Նաիրուհի
24.11.2010, 18:35
Զինվոր ախպե՜րս է եկել...:yahoo :love
Իմ խելառ, ուժեղ, ջիգյարով, շարքային գնացած, սերժանտ վերադարձած ախպերը...:love Որտեղ բռնեմ ուտելու եմ:nyam
Արա՜մ ջան, բարի վերադարձ... :love
:bux: :bux: :bux:

Նաիրուհի
25.11.2010, 01:12
Ապրելակերպս փոխել է պետք. ձանձրույթից սատկում եմ, բան անելու հավես էլ չկա։ Դարձել եմ լրիվ էն «Երկուշաբթի օրվանից թողնում եմ ծխելը» կամ «Վերջ, վաղվանից շուտ եմ զարթնելու, որ գործից չուշանամ» ասողները, ուղղակի էդ մարդիկ գոնե գիտեն, թե ինչը հաստատ չեն անելու երկուշաբթի կամ վաղվանից, իսկ ես հա´ ասում եմ՝ «Երկուշաբթի օրվանից սկսում եմ կյանքս փոխել», ու հա´ չեմ անում, որովհետև չգիտեմ՝ ինչ եմ ուզում անել, մենակ գիտեմ, որ էսպես էլ չի կարելի :(

***

ГОСТЬ


Вечер, я сижу дома.
Это зима, это декабрь.
Ночь будет холодной.
Если верить часам, она уже рядом.

Эй, кто будет моим гостем ?

Пить чай, курить папиросы,
Думать о том, что будет завтра.
Завидовать тем, кто знает, что хочет.
Завидовать тем, кто что-нибудь сделал.

Эй. кто будет моим гостем ?

Расскажите мне, что происходит.
Удивите меня, расскажите мне новость,
Убейте меня, рассмешите меня.
Кто придёт ко мне, подай голос.

Эй. кто будет моим гостем ?


http://www.youtube.com/watch?v=hEdk7B7Pdxk

Հ. Գ. Ոնց տեսնում եմ՝ Ցոյի ֆանատն եմ դառնում. ցանկացած իրավիճակ բնութագրելիս առաջինը նրա բառերն են միտքս գալիս...:think

Նաիրուհի
03.12.2010, 23:43
Ինչ հավես է, որ կյանքիդ հետաքրքրություն է ավելանում...:love
Էս մի քանի օրվա մեջ միանգամից ահագին ուրախ բաներ եղան՝ անակնկալ նորություններ, եսիմ որտեղից հայտնված վճռականություն, ամբիոնի վարիչի մոտ կանչվելու անուրախ հեռանկար, հին սիրո վերածնում Ազգային գրադարանի հանդեպ...:love Ինտերնետից սկսում եմ զզվել...
Կյանքս փոխում եմ, ժո՜ղ...:P

***
Չարե՜նցս:love


Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար՝
Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար,
Հին դարերից մինչև այս հանճարեղ ներկան,
Որ հուրհրատում է մեր դեմ գալիքնափայլ։
Այն անգո առավոտից, երբ լեգենդական
Իր խարույկն է վառել մեր անգո նախահայրը,
Այս Մասիսի հանդեպ, այս անիրական
Արարատյան դաշտում,-որպես զրույց անծայր մի
Տարածվել է ուղին մեր անպատմելի,
Անծայրածիր ձգվել դարերով ձիգ,
Եվ գնում է այսօր ու երկարվում էլի
Դեպի ի՜նչ անհայտ ափեր ու գալիքներ անծիր...

Նաիրուհի
04.12.2010, 11:13
Կան մարդիկ, որոնց հայտնվելը մեր կյանքում արդեն իսկ նվեր է։ Ու իմ կյանքի նվերներից մեկն ինձ էնպիսի մի նվեր է արել, որ այն իրավամբ երբևէ ստացածներիս մեջ ամենաարժեքավորն է։
Մի քանի հարյուր երգ, այդ թվում՝ Կոմիտասի ու Աննա Մայիլյանի հրաշք ձայներով...
Սիփան ջան, քեզ նման մարդիկ էնքան հազվադեպ են աշխարհ գալիս, որ ես ուղղակի երջանիկ եմ քեզ ճանաչելուս համար... :love
Ո՜նց է զգացվում, թե ինչ սիրով ես հավաքել էս CD-ն... Շնորհակալ եմ... :love

Նաիրուհի
06.12.2010, 22:53
Եթե ինձ ընդամենը մի քանի շաբաթ առաջ ասեին, որ էս իրավիճակում կլինեմ ու էս վիճակում կլինեմ, կծիծաղեի։
Իսկ հիմա... Գիտեմ, որ էս ամենն ինձ համար շատ կարևոր է, որ շուրջս անտեսանելի բաներ են կատարվում, ու դրանից վախենում եմ, ահավոր շատ եմ վախենում...

Էս ե՞ս եմ։

Նաիրուհի
09.12.2010, 20:54
Վերջերս տարօրինակորեն երջանիկ եմ: Վատ կանխազգացում ունեմ. տեսնես հետս ի՞նչ ահավոր բան է լինելու...

Նաիրուհի
10.12.2010, 20:02
Հաճախ սեփական սեռիս դեմ ընդվզումներ եմ ունենում, փորձում եմ հաղթահարել կանացի թուլություններս, կյանքս կառուցել այնպես, կարծես անսեռ արարած եմ։ Սովորաբար հաջողվում է։ Ես էդպես երջանիկ եմ, ոչ ոքի կարիքը չունեմ, անկախ եմ, ազատ, ապրում եմ այնպես, ինչպես ուզում եմ։
Բայց երբեմն բնազդներս ինձնից ուժեղ են դուրս գալիս։
...Էսօր ժամանակի զգացողությունը կորցրած կանգնել էի խանութի մանկական բաժնում, նայում էի շորերին, խաղալիքներին, խնամքի պարագաներին ու գիտակցում, որ մեծագույն երազանքս երբևէ իմ փոքրիկին գրկելն է, ու բոլոր գործած ու գործելիք մեղքերիս համար միակ հատուցումը, որից սարսափում եմ, երեխա չունենալը կլինի…
Էդպիսի պահերին բոլոր ապուշ սկզբունքներս ու մտքերս դնում եմ մի կողմ ու խոստովանում, որ ես պարզապես կին եմ… :secret

Նաիրուհի
13.12.2010, 03:35
Ինչո՞ւ եմ միշտ մտածում, թե իմ բոլոր սիրելիների փոխարեն ես եմ պատասխանատու, ինչո՞ւ ինձ հետ կապ չունեցող, ինձնից անկախ, նույնիսկ ծնվելուցս առաջ կատարված շատ բաներ շտկելու, դրանց համար մտահոգվելու բեռը կամովի վերցնում եմ ուսերիս, մտածում, որ չգիտես ում առաջ եսիմ որ չգրված օրենքով ես եմ հատուցելու էդ ամենի համար...
Ինչո՞ւ եմ որոշ մարդկանց ավելին համարում, քան նրանք կան, եթե նույնիսկ կան էլ, ինչո՞ւ եմ դրանից բարդույթավորվում, ինչո՞ւ եմ մտածում, որ եթե ես չունեմ այսինչ ու այնինչ հատկանիշը կամ շնորհը, որն ունի տվայլ մարդը, ուրեմն ես նրանից վատն եմ. էդ էլ հո ե՞ս չեմ որոշել. էն վերևներից չեն տվել, ես ի՞նչ մեղավոր եմ... :esim
Մի խելոք, համբերատար մարդ լիներ, ականջներս մի թեթև ձգեր ու նստեր խելք սովորեցներ ինձ... :erazkot_xndumik
Էլի պատյանիս մեջ եմ մտնում, կտրվում եմ աշխարհից ու մարդկանցից, էլի սկսում եմ մենակ ավելի երջանիկ լինել, քան նույնիսկ ամենահարազատ մարդկանց հետ։ Ամեն ինչ էլի դառնում է մի տեսակ հեռո՜ւ, անիրական, անշոշափելի, անգո. էնպիսի մի բան, որի մասին տարիներ առաջ մի թեթև լսել ես, լավ էլ չես հիշում... Իսկ ես ուզում եմ տեսնել, շոշափել, զգալ, համոզվել, հավատալ...

***

Բարդույթներս սկսում են կյանքի հետ անհամատեղելի դառնալ... :(

***

էս երգն էլ շատ եմ սիրում...


http://www.youtube.com/watch?v=tDB4PMikPbg

Նաիրուհի
15.12.2010, 00:56
Որքա՜ն հաճախ է պատահում, որ ասում ենք. «Վերջ, սա էլ չեմ հաղթահարի...»։ Բայց պարզվում է՝ մարդն անսահմանորեն առաձգական է. ինչքան էլ ցավը ձգում է մեզ, չենք կտրվում, ավելին՝ հարմարվում ենք էդ նոր վիճակին, մինչև մի նոր բան հայտնվի։
Քանի՜ անգամ եմ մտածել, որ էլ չեմ դիմանա, բայց դիմացել եմ։ Էն դատարկությունը, որ մնացել է ամեն հեռացողից հետո, էն ցավը, որ ամեն կորստի համար ապրել եմ, մի տեսակ ավելի հարստացրել են ինձ։ Ու հիմա ինչքան էլ ասեմ, թե վախենում եմ, թե նոր փորձություն չեմ ուզում, պատրաստ չեմ, չեմ դիմանա, ես ինձ գիտեմ. ես շատ ավելի ուժեղ եմ, քան որևէ մեկը կարող է պատկերացնել։ Ինձ համար անհաղթահարելի դժվարություն ու փորձություն չկա։
-Պատրա´ստ եմ ահա, դե կրակեցե´ք... :)

Նաիրուհի
19.12.2010, 00:16
Իսկական ընկերը նա է, ով գիտի քո մասին ամեն ինչ, բայց այնուամենայնիվ սիրում է քեզ...

Չգիտեմ՝ ով է ասել, բայց քեզ համար է ասել, Անս. (http://www.akumb.am/member.php/25138-RADIOmanyachka).. Ինչքան ժամանակին դժգոհել եմ կյանքից ու ճակատագրից, էնքան հիմա գոհ եմ, որովհետև կողքիս էնպիսի մարդիկ կան, ում հետ ոչինչ սարսափելի չի թվում։
Ու էդ մարդկանց մեջ քո պայծառությամբ ու տեսակով դու ես առանձնանում, Անս, էն եզակի մարդը, ով կարողանում է ամեն պարագայում դիմանալ ինձ ու կողքիս մնալ...

Անս, շնորհավոր քսանամյակդ։ :flower
Քեզ երկար-բարակ մաղթանքներ գրելու կարիք չկա, որովհետև մենք առանց բառերի էլ գիտենք՝ ով ենք իրար համար ու ինչ ենք մաղթում իրար։ Անս, միայն մի բան կասեմ, ու սա լավագույն ձևակերպումը կլինի էն ամենի, ինչ ուզում եմ ասել. թող Աստված քեզ քո սրտով տա։
Հա, մի մաղթանք էլ Ակումբի հետ կապված. էնքան ակտիվ լինես ու դու լինես, որ մյուս տարի ծնունդիդ ես չէ, է՜, ուրիշ ակումբցի շնորհավորական թեմա բացի...:viannen_13:
Սիրում եմ քեզ, Անուլս... :love

Նաիրուհի
20.12.2010, 00:44
Մի տեսակ անբարո երևույթ եմ համարում մարդուն զուր տեղը հույս տալը, լավատեսորեն տրամադրելը, երբ ինքդ շատ լավ գիտես, որ այդպես չի լինելու, որ լավ ելքի հավանականությունն ամենափոքրն է... Ախր դրականորեն տրամադրված մարդն ամեն անհաջողություն կրկնակի ծանր է տանում, քան եթե մտածեր, որ ձախողումը նույնքան հավանական է, ինչքան հաջողությունը։
Ամբողջ կյանքում էդ կարգախոսով եմ առաջնորդվել, ավելին՝ մի բան էլ հակառակն եմ արել. մարդկանց տրամադրել եմ, որ անհաջողությունն ավելի իրատեսական է։ Իհարկե, ոչ այնպես, որ մարդիկ կոտրվեն, այլ որ պարզապես նախապես ցանկացած վերջաբանի պատրաստ լինեն, ու անհաջողությունը ճակատագրական չդառնա։ Բացասաբար տրամադրված լինելու դեպքում հաջող ավարտն էլ կրկնակի ուրախություն է դառնում...
Բայց էս վերջերս հասկացա, որ ոչ բոլորից է կարելի նույնը պահանջել...
Ինչ լավ է, որ բժիշկները հիմնականում թաքցնում են ողբերգական ճշմարտությունը...

Նաիրուհի
27.12.2010, 22:18
Տոնածառս զարդարելու եմ… Հենց նոր հասկացա, որ զարդարելու եմ: Անկախ ամեն ինչից: Հետո՞ ինչ, որ էստեղ չեմ լինելու: Մեր տնից էլ պիտի այդ լույսերը շողշողան, մեր պատուհանին նայելիս էլ պիտի գոնե մեկը երազելու ցանկություն ունենա... Մեր տունն էլ պիտի ջերմություն ճառագի, թեկուզ մենք էնտեղ չենք լինելու...

***

Վերջապե՜ս... Գյուղ եմ գնում… Վաղը…
Գնում եմ վերագտնելու ամանորի հեքիաթը, որ կորցրել եմ էս անհոգի շենքերի լաբիրինթոսում: Գնում եմ քանի՜ տարի չապրած հրաշքներն ապրելու:
Ուզում եմ՝ իմանաք, որ ձեզ սիրում եմ: Որ ափսոսալու եմ, որ դուք իմ հեքիաթի մեջ չեք: Որ հենց տարեմուտի գիշերը հիշելու ու կարոտելու եմ ձեզ...
Ուզում եմ, որ դուք էլ ինձ հիշեք ու գոնե մի պահ կարոտեք ինձ...
Ուզում եմ, որ անմոռաց պահեր ապրեք, որ Նոր տարվա գիշերը բոլորիդ համար հրաշքների գիշեր դառնա, ուզում եմ, որ երջանիկ լինեք…
Շնորհավո՜ր բոլորիդ Նոր տարին...

***

Ուզում եմ, որ դո՛ւ հիշես ինձ...

Նաիրուհի
07.01.2011, 00:19
Անզորությունից լացս գալիս է: Միտքը, որ իմ սիրելի մարդկանց ոչնչով օգնել չեմ կարողանում, ուղղակի սպանում է:
Ո՞նց կարող եմ ուրախ լինել…
***
Երկնքում անկյուն չկա Աստծո համար...

Նաիրուհի
09.01.2011, 15:02
Ինձ համար ավելի սարսափելի պատիժ հնարել հնարավոր չէր. հերիք չի՝ Սիամանթո, Վարուժան, Համաստեղ ու էդ բնույթի ուրիշ հեղինակներ եմ կարդում, դեռ «Արարատով» էլ «Գիքորի» վերջին կադրերն են...
Աչքիս հեղեղը մեր տունը քշել-տանելու է...

Նաիրուհի
11.01.2011, 00:30
Երկու կյանք

Մենք չմոտեցանք իրար հետ այն կետին, որից այն կողմ
Սերն էր թագավորելու: Մեզ վախը հետ պահեց:
Կասկածը սողոսկեց մեր քայլերի մեջ։ Կրակը մեզ պահեց
տարածության վրա, թեև նրա լույսը բոցավառվում էր
մեր մարմիներում:

Մեր դեմքերի միջև այրվում էր գիշերը, թեև մեր շուրջը
Կեսօրն էր ամռան: Մեր ձեռքերն ահով մենք հետ քաշեցինք
Ապրելու մեկ այլ մտադրությամբ, որի մեջ, ավաղ,
Մեր գոյությունը վերածվեց աղոտ նախապատկերի:

Մեր կյանքը-երկու կենսագրություն,
Գրված նույն թղթի տարբեր էջերում:

Ինչքան հեռու է այն կետը, (որին մենք չմոտեցանք),
Որ նրա ուժգին ճառագայթումը հասնում է այժմ
Տասնյակ տարների հեռավորությունից, իսկ նա
Հանգել է և դարձել մի աստղափոշի:

Ես կյանքիս մի մասը տվել եմ քեզ և այժմ փնտրում եմ
Մի տարածություն, ուր կարող եմ նստել և նայել
Մոտեցող մայրամուտներին, որ սառն են թվում, բայց
Մոտենում են սարսուռով, հույսով: Ուսերիս իջնում են
Նոր աղավնիներ: Անցած օրերի ղողանջն եմ լսում:

Հենրիկ Էդոյան

Էս էլ անցավ... :(

Նաիրուհի
11.01.2011, 18:08
Չեմ սիրում, որ մեջս էսպիսի դատարկություն ու ցուրտ է լինում։ Բայց գիտեմ, որ սա չարյաց փոքրագույնն է, թեև ինձ համար մեծագույն կորստի արդյունքում է առաջացել...

Նաիրուհի
13.01.2011, 10:40
Կան մարդիկ, որոնց հայտնվելը մեր կյանքում արդեն իսկ նվեր է։
Սիփան ջան, քեզ նման մարդիկ էնքան հազվադեպ են աշխարհ գալիս, որ ես ուղղակի երջանիկ եմ քեզ ճանաչելուս համար... :love

Սիփանի հետ հաճախ թևանցուկ քայլում ենք միջանցքով կամ քիթ քթի նստում լսարանում։ Կես խոսքից հասկանում ենք իրար, ժամերով կարող ենք զրուցել աշխարհի բարուց ու չարից, հազար ու մի ուրիշ բաներից ու ոչ մի պահ չձանձրանալ։

***

Ասում եմ.
-Մարդ գոնե մի 1.7 մետր բոյ պիտի ունենա, էլի։
Զարմացած շրջվում է իմ կողմը.
-Դժգո՞հ ես. շատ էլ նորմալ բոյ ունես։
-Հա, դժգոհ եմ, Աստծուց ի՞նչ էր գնում, մի 4 սմ էլ տար, էլի…
-Իսկ ես Աստծուց շնորհակալ եմ. ես ոչնչից չեմ դժգոհում, ամեն ինչ ունեմ ու ապրում եմ էնպես, ինչպես ուզում եմ…
Չիմացա՝ ինչ ասեմ։ Ամաչեցի։

...Սիփանը չորս տարեկանում կորցրել է տեսողությունը։

Նաիրուհի
17.01.2011, 11:53
Էնքա՜ն բան է կորչում, որովհետև մենք մոռանում ենք։ Երբ փոքր էի, թաղի ծեր կանայք շատ էին սիրում ինձ, որովհետև լսող ականջի կարիք ունեին, իսկ աշխատանքի մեջ խրված հարազատները ժամանակ չէին ունենում նրանց համար։ Ու ինձ էին պատմում։ Պատերազմի տարիներից, գնացած ու չվերադարձած ամուսիններից, սովից, դժվարություններից...
Պատմում էին ժամերով, ու ես ծարաված լսում էի, մինչև մեկնումեկն ինձ տուն էր կանչում։
Հիմա լացս գալիս է, որ գրեթե ոչինչ չեմ հիշում, իսկ նրանք արդեն չկան, որ նորից պատմել տամ։ Ինչքա՜ն պատմություններ կորան, որովհետև ես մոռացա։ Ու ինչքա՜ն ծերեր կային, որոնց չէի ճանաչում ու չհասցրի լսել...

***

Ես Երո մամին չեմ տեսել, բայց մայրիկս շատ պատկերավոր է պատմել նրա պատմությունը։

Չորս երեխա էին, երեք քույր ու մի եղբայր։ Որբ էին։ Դժվար ժամանակներ էին. գյուղացիք նրանց տարան Գյումրիի ամերիկյան որբանոցը։
-Մեզի Կիմրի տարան, ըմիրքըցիներուն քով։ Ճերմակ հաց կուտեինք, ճերմակ շորեր կհագնեինք...
Երեխաներին խմբերի էին բաժանում ու պահում էին առանձին շենքերում։ Մի խմբում ամենափոքրերն ու ամենագեղեցիկներն էին։ Այդ խմբում էր նաև Երո մամի փոքր քույրը, որը վեց տարեկան էլ չկար։
Մի օր այդ խումբը մեկնեց որբանոցից։ Ասում էին, որ նրանց տանում են Բաթում, որ այնտեղից նավով Ամերիկա տանեն։
Երո մամն այլևս չտեսավ կրտսեր քրոջը։
Որբանոցում ապրող երեխաների ականջին շշուկներ էին հասնում, որ իրենց էլ են տանելու Ամերիկա, որպեսզի աշխատեցնեն։ Աղջիկներին հատուկ ներարկում էին անում իբր հիվանդություններից պաշտպանելու նպատակով։
Երո մամն ու միջնեկ քույրն այդպես էլ չտեսան Ամերիկան. հարազատները տուն տարան նրանց։
Բայց հիվանդություններից պաշտպանող հրեշագործ ներարկումն իրենն արեց։ Ոչ նա, ոչ էլ քույրն ամբողջ կյանքում երեխա չունեցան...

***

Բարի ամերիկացիները... :dazhan_qmtsitsagh

Նաիրուհի
19.01.2011, 16:24
Կան մարդիկ, որոնք մեզ համար առանձնահատուկ են: Մարդ, որին նվիրած ժամանակիդ ոչ մի վայրկյանը չես ափսոսում, որի հետ կռվելուց անգամ քեզ մի բան մնում է, որը հասկանում է անգամ էն հումորներդ, որ կյանքում ուրիշի հետ չէիր անի, ու էդ ուրիշն էլ չէր հասկանա, մարդ, ում հետ կարող ես թեկուզ ամիսներով չխոսել, բայց հանգիստ ու երջանիկ ես նրա գոյության գիտակցությամբ ու չես պատկերացնում, թե ինչ ահավոր կլիներ, եթե հանդիպած չլինեիք…
Իմ աշխարհում կա՛ էդ մարդը: Ու էսօր 23 տարեկան է դառնում: Շնորհավո՜ր ծնունդդ… Թող եգիպտական փարավոնների անեծքը չդիպչի քեզ... Կենա՜ցդ: :drinks
Երկվորյակ հոգիների գոյության տեսությունն ապացուցվում է քո գոյությամբ, ընկերս…

Նաիրուհի
20.01.2011, 19:03
Մատները խրել էր սառն ավազի մեջ ու դանդաղ շարժում էր՝ նայելով պղտորվող ջրին, որի մեջ թրթռում էին բոցի լեզվակները։ Այդ պահին աշխարհի ամենահեթանոսն էր։ Ինքնամոռացության մեջ խառնում էր ավազը՝ փորձելով մեջը փոքրիկ քարեր գտնել։ Ջուրն ու ավազը սահում էին մատների արանքով. ջուրը ոսկեգույն էր, ավազը՝սև։
Աչքը բոցի թրթիռին էր. մտովի զոհ էր մատուցում իր պապերի գահընկեց աստվածներին ու զարմանալիորեն չէր խնդրում ոչինչ։ Կար կրակը, կար ավազը, կար ջուրջ, որ ալիքվում էր մատների միջև,կային իր գաղտնի աստվածները, ու նրան էլ ոչինչ պետք չէր։ Աշխարհն իրենն էր, ինքն՝ աստվածներինը, ու վերացումի մեջ շարժում էր սառը ջրի մեջ ընկղմված մատները։ Աստվածները կային, ու կյանքը սիրուն էր։
Ջրի մեջ թրթռում էին բոցի լեզվակները, մատները փորում էին ավազը, հանում փոքրիկ դեղին գլաններն ու թողնում, որ դրանք լողան ջրի երեսին։ Ու ջուրն արդեն ոսկեգույն չէր, գլանիկները դեղին չէին, ու աչքերի առաջ գետ էր՝ երեսին լողացող դիակներով։ Զարհուրած փակեց ու բացեց աչքերը. չէ´, սովորական ջուր էր ու կիսայրված մոմի մնացորդներ։
Դուրս քաշեց ձեռքը, փչեց-հանցրեց իր վառած մոմերն ու սարսափած փախավ եկեղեցուց...

Նաիրուհի
28.01.2011, 16:51
Հեռվից էի նկատել: Ընկերոջ հետ էր: Կողքովս անցնելիս դանդաղեցրեց քայլերը, ժպիտով բարևեց, հարցրեց՝ ոնց եմ: Եթե ոտքի կանգնեի, կկանգներ, կխոսեր հետս...

***

Ընդամենը երկուսուկես տարի առաջ հաճախ հանդիպելու առիթ ունեինք: Ես թաքուն հիանում ու հպարտանում էի նրանով, իմ մեջ սովորությանս համաձայն պատվանդան էի սարքել ու նրան կանգնեցրել այնտեղ: Ես փոքր էի, նա շատ բարձր էր երևում, դրա համար քաշվում էի նրանից, ամաչում, վախենում ազատ խոսել հետը...
Նկատել էր: Սկսել էր ինքն էլ իրեն պատվանդանի վրա զգալ: Կարող է նույնիսկ չնկատեր, որ բարևում եմ իրեն: Ու ես հեռացա նրանից: Հոգով հեռացա: Նա դարձավ ամենասովորական, ուրիշներից ոչնչով չտարբերվող մեկը…

***

Հիմա միշտ ինքն է առաջինը բարևում ինձ: Ժպտում է: Ժպտում եմ, ու զգում է, որ էլ չեմ հիանում իրենով: Զգում է, որ ինձ էլ իր ժպիտն ու բարևելը պետք չեն: Ու, միևնույն է, ամեն անգամ էլի ժպտում է ու բարևում…

***

Եթե գնահատվելու միակ ելքը մարդուն հոգումս գահընկեց անելն է, չկասկածեք՝ էդպես էլ կանեմ: Ուղղակի իմացեք, որ դրանից հետո ինձ ոչ մեկիդ ջերմությունն ու մարդկայնությունը պետք չի...

Նաիրուհի
12.02.2011, 03:07
Էս քանի օրս անընդհատ ինձնից մասնիկներ եմ գտնում ակումբցիների գրառումներում, ու տրամադրությունս ընկնում է: Հենց էն բաներն են սկսել գրել, որ իմ է՜ն ամենախորքերում եմ միշտ պահել ու մտածել եմ, թե մենակ ես եմ էդպիսին կամ էլ գոնե ինձ հասանելի աշխարհում եմ մենակ ես էդպիսին:

Տխրելուս պատճառն այն չէ, որ ուղղակի ուզում եմ միակը լինել: Ուղղակի ամեն նման մարդու բացահայտելիս սկսում եմ մտածել, թե նա էլ ինձ նման դժվար է հաշտվում աշխարհի հետ, իմ անցած ու անցնելիք փշոտ ճանապարհներով է անցնում, ու դրանից իմ ամեն ապրումը կրկնակի ծանր է դառնում:

Չեմ ուզում, որ ինձ նման մարդիկ լինեն: Չեմ ուզում, որ իմ զգացածն ու ապրածն իրենց մաշկի վրա զգան: Ավելի լավ է մտածելը, որ էլ ոչ ոք էդ խնդիրները չունի, քան գիտակցելը, որ ուրիշներն էլ կարող են էդքան ծանր բաներ ապրել:

Գոնե դուք լավ եղեք, էլի... Ինձ նման մի եղեք, խնդրում եմ: Կամ գոնե մի գրեք էդ մասին: Չեմ դիմանում...

***

Անսովոր ու տհաճ զգացում կա մեջս, զզվելի նստվածք, ու ամենավատն այն է, որ ես դրա արմատները չեմ գտնում: Իմ մեջ եղած ցանկացած մտքի ծագումն ու հիմքերը միշտ էլ իմացել եմ, եթե նույնիսկ բարձրաձայնելու համարձակություն չեմ ունեցել: Իսկ էս զգացումի ոչ բնույթն եմ հասկանում, ոչ կարողանում եմ մասնատել ու գտնել ակունքը: Չէի պատկերացնի, որ էդ կոտրվածությունն ու օտարացումը կզգայի էն մարդու հանդեպ, ում էնքա՜ն հարազատ էի զգում ու էնքա՜ն էի սիրում... Ի՞նչ եղավ, ինչի՞ եղավ...

Ես, որ ոչ ոքի մասին երբեք չեմ կարողացել չարությամբ մտածել, հիմա թունավորում եմ ինքս ինձ: Արհամարհում եմ ինձ, ու դրա համար չեմ կարողանում ներել նրան, թեև, իսկն ասած, նա մեղավոր էլ չէ: Ուղղակի իմ մեջ պիտի նման բան չլիներ. ո՞նց կարողացավ ինձ էսպիսին դարձնել...

Նաիրուհի
15.02.2011, 10:40
Քո հեռանալով ինձ անցյալի հետ կապող ևս մի թել է կտրվում: Դու իմ առաջին սերերից մեկն ես, այն սերերից, որ չեն մոռացվում ու չեն մարում, անթեղված ապրում են՝ սպասելով բոցկլտալու ու ջերմացնելու հարմար առիթի:
Այս տարիներին ես սեփականիս պես ապրել եմ բոլոր հաջողություններդ, բոլոր դժվարություններդ, ամեն անգամ քեզ ընկնելիս տեսնելիս թվացել է՝ ինձ են գետնին տապալում, ամեն վերականգնվելդ ինձ համար էլ հարության պես մի բան է եղել...
Ու ես շարունակում էի հետևել ու էլի սիրել քեզ անկախ հազարավոր կիլոմետրերից:
Ու հիմա դու հեռանում ես: Ինձնից չէ, այլ այն ոլորտից, որը բացահայտել էր ինձ համար քեզ...

Համոզված եղիր, որ ես միակը չեմ, ում համար այսօրն արդեն մի փոքր մռայլ է երեկվանից, քանի որ այլևս դու խաղադաշտից չես ժպտալու քո մանկական ժպիտով...
Հարազատս, հուսով եմ՝ երջանիկ կլինես նաև առանց խաղալու, առանց ֆուտբոլի:
Գիտեմ, որ դու զգում ես, որ այստեղ էլ մի սիրտ կա, որ սիրում է քեզ...
Ես ժպտում եմ քեզ: Ժպտա՛...

http://img262.imageshack.us/img262/108/804088ronaldo.jpg (http://img262.imageshack.us/i/804088ronaldo.jpg/)

Նաիրուհի
20.02.2011, 04:08
Ուժասպառ, հիասթափված, ձանձրացած, կոտրված, մենակ... Գնում եմ աչքից հեռու մի տեղ, պառկում եմ հողին, տարածում ձեռքերս, ամուր հպվում նրան՝ աշխատելով ամբողջ թիկունքովս զգալ նրա զովացնող ու կենարար ջերմությունը։ Փակում եմ աչքերս ու զգում, թե ինչպես է բոլոր անոթներումս տարածվում Հողը՝ հանգիստ, ուժեղ, մաքուր...
Գյուղի զով առավոտի արևի մեջ բոբիկ քայլում եմ ցողոտ խոտի վրայով, մարմինս ու ոտքերս սարսռում են սառը կաթիլների հպումից, հողը խուտուտ է տալիս մատներս...
Արտում խոտ հավաքելիս միշտ բոբիկ եմ։ Կտրված ցողունների մնացորդները ծակծկում են, մեկ-մեկ փուշ էլ է պատահում, բայց ոտքերիս տակ փշրվում է տաք, փափուկ հողը, հողի ու նոր հնձած խոտի բույրը լցվում է թոքերս, տարածվում մարմնովս մեկ...
Էդ մի ապրումս չեմ փոխի ուրիշների հազար տարվա կյանքի հետ։
Ես Անթեյն եմ. թե ուզում եք ոչնչացնել ինձ, փակեք էս զզվելի շենքերի ու ասֆալտի լաբիրինթոսում, մի թողեք, որ հող զգամ...

Նաիրուհի
22.02.2011, 04:09
Չմտածես, որ մոռացել եմ քեզ... Պարզապես վարժվել եմ առանց քեզ ապրելուն, ու զարմանալիորեն գրեթե կարողանում եմ, գիտե՞ս:
Երկու տարի… Ավելի ճիշտ՝ երկու տարի ու երկու օր առանց քեզ: Բայց ես միշտ զգում եմ, որ կողքիս ես. ոչ մի անհաղթահարելի խոչընդոտ չկա իմ առաջ, որովհետև դու հիմա ավելի ես ինձ օգնում, քան այն ժամանակ:

Հիմա մտքումս հատ-հատ կենդանացնում եմ անցյալի դրվագները։ Ամաչում եմ ինքս ինձ խոստովանել, որ դեպքերը տարրալուծվել են հիշողությանս մեջ, շատ բաներ չեմ հիշում։ Ուղղակի ամեն ինչի վրա իշխում է քո թեթև քմծիծաղը, որով նայում էիր աշխարհին։
Իմ անուղղելի երազող ընկեր...:love Տեսնես հասկանո՞ւմ էիր՝ ով ես ինձ համար, գոնե հիմա գիտե՞ս՝ ինչքան բան ես տվել ինձ։ Իմ ամեն հաջողության, ամեն լավ քայլի պահին ես զգում եմ քո քաջալերող հայացքը։ Ների´ր, որ հաճախ եմ հիասթափեցնում քեզ, ների´ր, բայց մենակ մի´ թող, որովհետև քեզ հուսախաբ անելու գիտակցությունն արդեն իսկ այնքան անտանելի է, որ ինձ իմ ուժերի հանդեպ քո հավատի գիտակցումն է պետք, որ միշտ շարունակեմ առաջ նայել, որ հորիզոնն ինձ համար չվերջանա...

***

Երբ փորձում եմ պատկերացնել, թե ինչ ես անում հիմա, միշտ երկու տեսարան է գալիս աչքիս առաջ. դու կա´մ Ցոյի հետ ծխում ես, կա´մ այդտեղի Քեմբրիջում լսում Նյուտոնի դասախոսությունը... :)
Ծխախոտը պակասություն չի անում, չէ՞։ Չնայած քո ու Ցոյի ձեռքը ծխախո՞տ կդիմանա... :)

http://www.youtube.com/watch?v=v0uSOjnRm3U

Նաիրուհի
23.02.2011, 01:39
Երկրորդ կուրսում էի։ Ռուսերենի քննության օրը մեր համալսարանի մոտ մի փոքրիկ շնիկ էր վազվզում։ Գրկեցի, սկսեցի խաղալ հետը, հետո էլ գրկած քննության մտա։ Քնել էր. գրկումս զգում էի նրա ջերմությունն ու համաչափ շնչառությունը։ Դասախոսս շատ զգայուն ու հրաշալի մարդ էր. մի քանի անգամ մոտեցավ ինձ, շոյեց շնիկի գլուխը, հարցրեց՝ ի՞մն է։ Ասացի, որ համալսարանի մոտ խաղում էր, ես էլ հետս վերցրի։
Տխուր նայեց դեմքիս ու ասաց.
-Կարծում ես՝ լա՞վ բան ես անում։ Հա, հիմա դու էլ ես քեզ լավ զգում, շնիկն էլ։ Բայց դու հիմա նրան սովորեցնում ես քո ջերմությանը։ Հետո, երբ թողնես նրան դրսում ու տուն գնաս, մտածո՞ւմ ես, թե ինչքան դժվար կլինի շնիկի համար։ Եթե նա էլ այդ ջերմությունը չի ստանալու, ինչո՞ւ ես նրան ցույց տալիս, որ նման բան կա...

***

Ինչո՞ւ ինձ սովորեցրիր քո ներկայությանն ու ջերմությանը, եթե պիտի զրկեիր ինձ քեզնից... :(
(Հուսով եմ՝ դու էլ իմ մասին նույնը չես մտածում...)

Նաիրուհի
27.02.2011, 03:47
Սիրում եմ բառախաղի պատճառով անթարգմանելի անեկդոտներ։ Մի անգամ էս անեկդոտի համար քիչ մնաց տուգանվեի, ակենդոտն էլ ջնջեցին։ :(
Հույս ունեմ՝ հիմա էդ բախտին չի արժանանա, որովհետև իմ օրագրում է :oy
Նոր պատահաբար հիշեցի, ու տրամադրությունս բարձրացա՜վ... :love


(We take you now to the Oval Office.)
George: Condi! Nice to see you. What's happening?

Condi: Sir, I have the report here about the new leader of China.

George: Great. Lay it on me.

Condi: Hu is the new leader of China.

George: That's what I want to know.

Condi: That's what I'm telling you.

George: That's what I'm asking you. Who is the new leader of China?

Condi: Yes.

George: I mean the fellow's name.

Condi: Hu.

George: The guy in China.

Condi: Hu.

George: The new leader of China.

Condi: Hu.

George: The Chinaman!

Condi: Hu is leading China.

George: Now whaddya' asking me for?

Condi: I'm telling you Hu is leading China.

George: Well, I'm asking you. Who is leading China?

Condi: That's the man's name.

George: That's who's name?

Condi: Yes.

George: Will you or will you not tell me the name of the new leader of China?

Condi: Yes, sir.

George: Yassir? Yassir Arafat is in China? I thought he was in the Middle East.

Condi: That's correct.

George: Then who is in China?

Condi: Yes, sir.

George: Yassir is in China?

Condi: No, sir.

George: Then who is?

Condi: Yes, sir.

George: Yassir?

Condi: No, sir.

George: Look, Condi. I need to know the name of the new leader of China. Get me the Secretary General of the U.N. on the phone.

Condi: Kofi?

George: No, thanks.

Condi: You want Kofi?

George: No.

Condi: You don't want Kofi.

George: No. But now that you mention it, I could use a glass of milk. And then get me the U.N.

Condi: Yes, sir.

George: Not Yassir! The guy at the U.N.

Condi: Kofi?

George: Milk! Will you please make the call?

Condi: And call who?

George: Who is the guy at the U.N?

Condi: Hu is the guy in China.

George: Will you stay out of China?!

Condi: Yes, sir.

George: And stay out of the Middle East! Just get me the guy at the U.N.

Condi: Kofi.

George: All right! With cream and two sugars. Now get on the phone.

(Condi picks up the phone.)

Condi: Rice, here.

George: Rice? Good idea. And a couple of egg rolls, too. Maybe we should send some to the guy in China. And the Middle East. Can you get Chinese food in the Middle East?

:lol

Էս մեկն էլ վատը չի :)

Do you speak English?
-Yes
-Name?
-Adolf Bumin.
-Sex?
-3 to 5 times a week.
-No, I mean...male/female?
-Yes, male,female and sometimes camels.
-Holy cow!
-Yes, cows, sheep…Animals in general.
-Oh dear!
-No, deer runs too fast.

Նաիրուհի
01.03.2011, 01:13
Էսօր գարուն է, բոլորն էդ մասին են գրելու, համ էլ ասում են՝ գարնանը սերը նոր ուժով է գլուխ բարձրացնում։ Ուզում եմ սեր խոստովանել։
Աշխարհի ամենասիրուն ծաղիկը Muscari armeniacum (http://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BA%D5%AC%D5%B8%D6%80_%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6)-ն է, մեր բարբառով ասած՝ հըլուն ծաղիկը :love

http://i.imgur.com/n39CMl.jpg

Ինձ համար գարունը գալիս էր, երբ արտում առաջին անգամ հայտնաբերում էի այս կապույտ հրաշքը։ Ընդամենը մի 10-15 սմ ցողունով, առաջին հայացքից աչքի չընկնող... Սիրում եմ... :love
Բան չեմ ասում. միայն ուշադիր նայեք, թե բնության ինչ գլուխգործոց է սա...

http://i.imgur.com/avSICl.jpg
Նոր հասկացա՝ ես արդեն 8 տարի առանց գարուն եմ մնացել...
Ո՞վ կվերադարձնի ինձ իմ կորցրած գարունը...

Նաիրուհի
03.03.2011, 01:04
Ասում եմ.
-Սի´փ, հիշո՞ւմ ես Մեսչյանի էն երգը, որ ասում է՝ «ու եթե հանկարծ չհասնեմ լույսին», էդ ո՞ր երգն էր։ Չեմ կարողանում շարունակությունը հիշել։
Մի պահ լռում է, հետո փոխված ձայնով ասում.
-Իմ սիրած տողերն են. «Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին, զուր չէին բոլոր աղոթքներս, Տե´ր»...
Մինչև հիմա հիշելիս փշաքաղվում եմ, աչքերս լցվում են...
Սիփանն ինձ ապրել է սովորեցնում...


http://www.youtube.com/watch?v=Nrs7-BQw3uc&feature=related

Նաիրուհի
06.03.2011, 22:50
Էսօր երջանկությունը ծաղկում էր շուրջս... :love Ինձ էլ էր առատորեն պարուրել: Կախարդանքի էր նման... Ես էլ եմ ուզում դրանից... :oy
Գարուն է: Սիրում եմ: Սիրում եմ ձեզ... :love Քեզ էլ...

Նաիրուհի
09.03.2011, 01:57
Երկու տարի շարունակ, գրեթե ամեն օր...
Էս ընթացքում ինչ քոնն էր, իմն էլ դարձավ։ Ամեն ապրումդ, ամեն զգացումդ գրեթե սեփականիս պես զգացի։ Շատ մտքերիդ համար առաջին լսող ականջը եղա, առաջինը հետդ քննարկողը, ելքեր ու եզրակացություններ փնտրողը։
Ու էսօր էլի´ սեփականիս պես ապրում եմ անակնկալ երջանկությունդ։ Ինչ-որ տեղ հավատս չի գալիս, որ այս օրը եղավ, որ աշխարհում դեռ լինում են հրաշքներ, որ երկու տարվա փայփայած երազանքները կարող են էսպես հանկարծակի իրականանալ...
Հիանում եմ քո համառությամբ, անկեղծությամբ, ուժով, ապրումներիդ խորությամբ... Շունչս կտրվում է քո ուրախությունից...
Անս, իմ ամենազգայուն ու ամենատոկուն ընկերուհի, ես արդեն գիտեմ՝ մնացած բոլոր անիրականանալի թվացող երազանքներդ էլ արդեն կատարվելու հերթի են կանգնել...
Գիտեմ, որ դու էլ նույն կերպ սպասում ես իմ երջանկությանը։ Խոսք եմ տալիս, ընկերուհիս, հաստա´տ լինելու է...

Նաիրուհի
14.03.2011, 12:15
Արևի նման
Զգույշ, համբերող՝
Ինձ դուրս ես քաշում
Սառցե կեղևից։

Վախենում եմ ես...
Շատ չէ՞ ինձ համար
Հորդումը լույսիդ...

Նաիրուհի
15.03.2011, 09:06
Երբ երջանիկ մարդիկ կան շուրջդ, ինքդ էլ ես վարակվում այդ հիվանդությամբ: Երջանիկ մարդիկ զարմանալիորեն չեն կարողանում իրենց կողքին իրենցից պակաս երջանիկների տեսնել, ուստի ամեն ինչ անում են սիրելի մարդկանց երջանկացնելու համար: Ու երջանիկ մարդիկ աշխարհի ամենաբարի մարդիկ են... :love
Ինձ վրա երջանկությունը գրոհում է միանգամից երկու ճակատով. հետաքրքիր է՝ ինչքա՞ն կդիմանամ... :think

Նաիրուհի
16.03.2011, 10:46
Ամեն մի բառդ
Որսում եմ ինքս ինձ
Այնտեղ գտնելու
Վատ թաքցրած հույսով։

Իսկ եթե պարզվի,
Որ մեկ ուրիշի՞
Արտացոլումն եմ
Իմի տեղ դրել…

Հ. Գ. Էս էլ իմ հոբելյանական՝ 1000-րդ գրառումն Ակումբում... :)

Նաիրուհի
18.03.2011, 20:50
Քո աստվածները
Քմծիծաղեցին
Վերջին հուսահատ
Ճիգերիս վրա...

Ականջիս հասավ
Հուսախաբության
Մուրճի զնգոցը
Դատարկված հոգուս
Ճաք տված պատին...

Նաիրուհի
21.03.2011, 04:14
Էն, ինչն ինձ համար առհավետ մեռած էր թվում, ուղղակի խորը քուն մտած դուրս եկավ:
Ամենասիրելի երգերիցս մեկը հազարապատիկ սիրելի է հիմա էն մի քանի րոպեի շնորհիվ...

***

Տե´ր Աստված, շատ չհամարես տվածդ... Գոնե էս պատրանքս թող ինձ, էս երգից սիրտս լցվելու հնարավորությունը, խանդաղատանքի էս ալիքը, որ բարձրանում է կոկորդովս...
Թո´ղ ինձ էս վայրկյանի ու գուցե երբեք էլ Չգալիք վայրկյանների ակնկալիքի երջանկությունը...

Նաիրուհի
22.03.2011, 12:27
Շատ հնարավոր է՝ վաղը մի նոր էջ ավելանա կյանքումս։
Գարունն արդեն շոշափելիորեն ազդում է. գործելու ցանկությունը եռում է մեջս, նոր ապրումների ծարավը շնչահեղձ է անում։ Երեկ էլ ֆուտբոլի տոմսս եմ վերցրել... :love

Երկար ժամանակ կաղապարված լինելուց, նույն մարդկանցով ներսիդ դատարկությունը լցնելուն վարժվելուց հետո մի ուրիշ երջանկություն ու թեթևություն է, երբ հոգիդ բացում ես, նոր մարդկանց համար տեղ ես ազատում...

Չեմ սիրում, որ ասում են՝ լավ կլինի... Սաղ սուտ է։ Դատարկ մխիթարություն, ևս մի քանի ժամ, մի օր, մի տարի, ամբողջ կյանքդ անիմաստ սպասելով վատնելու գայթակղություն ու ծուղակ։ Ու մինչև դրանից չես ազատվում, չես հասկանում, որ մինչև կոկորդդ ճահճի մեջ էիր։ Ուղղակի պետք է ասել՝ արդեն իսկ լավ է... :love

Նաիրուհի
23.03.2011, 05:21
Միտքը,
Որ քեզ կորցրի ընդմիշտ,
Քեզ ավելի թանկ դարձրեց.
Շատ բան հասկացա…

***
Իմ վերջին փարոս,
Որ կանչում էիր փոթորկից այն կողմ
Իմ թեթև մակույկն ուղեմոլար,
Ու հավատում էի քո միրաժին։

Հիմա կորել է անանց միգում
Դեպի քո ափը տանող ուղին,
Մոլորվել էլի ծովում խավար
Ու նոր ափեր եմ փնտրում տենդով՝
Գտնելու անդորրն իմ երազած։

Հեռվում ճամփաներ ինձ սպասող,
Նոր հորիզոններ, որ ժպտում են
Գալիքի արևոտ խոստումներով…

Ու ես ուղղում եմ նավակս խեղճ
Ա´յլ սիրենների երգին թովիչ,
Միտքս ասում է, որ իմ ուղին
Ես այնտե´ղ պիտի փորձեմ գտնել,
Ու հլու եմ ես մտքիս կամքին։

Բայց դեռ ապրում է կարոտդ լույս,
Ու դեպ քո ափն է նավս ձգտում…

Նաիրուհի
24.03.2011, 01:52
Քանի օր է՝ նույն ժամին եմ տուն գալիս ու նույն երթուղայինով: Քանի օր է՝ էդ երթուղայինով երկու աղջիկ էլ են գալիս, ովքեր միշտ Մյասնիկյանի մեջտեղներում իջնում են: Միշտ մի տեսակ անհանգստանում էի, թե ինչի՞ են էս երեխեքը էս ամայի չոլում իջնում էս մթին, բնակելի տներին ավելի մոտիկ տեղ իջնելու հնարավորություն չկա՞։
Էսօր էլ նույնը։ Աղջիկներից մեկը 200 դրամ է տալիս վարորդին, բայց «էստեղ/կանգառում/ճանապարհի մոտ կպահեք»-ը չի ասում։ Իմ բախտից էսօրվա վարորդն էն մարդկանցից էր, ովքեր ամբողջ օրը մի գործով են զբաղված, որն ակնհայտորեն իրենց բթացնում է, ու իրենք դա չեն ուզում։ Ամեն առիթով հետաքրքրացնում էր իր աշխատանքը։ Տեսնելու բան էր, թե ինչ թատերական շարժումով էր վերցրած թղթադրամը տեղավորում կամ վերադարձնում մանրը :D
Ուրեմնս, էս արտիստ վարորդս շրջվեց ու.
-Օբէկտի մո՞տ, քուր ջան ;)
-Այո :aha ,-խունջիկ-մունջիկ եկավ «քուրը»։
:o:o:o
Ասա՝ ա´յ միամիտ, բա որ էդքան անհանգստացող էիր, ինչի՞ մի հատ էլ դուրս չէիր նայում, թե «երեխեքը» որտեղ են իջնում :) ։
Իսկ վարորդի սրամտության պաշարը չէր սպառվել.
-Քանի օր է՝ ես եմ բերում գործի։ Մի օր կաստյում-շալվար եմ հագնելու՝ գամ ստեղ ու իրա տված փողերը հետ տամ...
:D:D:D

Նաիրուհի
25.03.2011, 01:55
Չգրեմ՝ կպայթեմ։

Դեբիլ, դեբիլ, դեբիլ... Ինչի՞ համար ախր, այ գիժ։ Մեկը չկա՞ր կողքիդ, որ լսեր քեզ, գրկեր, մի թեթև ականջներդ ձգեր ու բացատրեր, որ էդպես չի կարելի... Ի՞նչ արեցիր...
Հեչ քեզ առանձնապես ճանաչել պետք չէր։ Լույսը, ժպիտը, կյանքը կաթում էր վրայիցդ։ Էն կյանքը, որը որոշեցիր սխալմունք համարել։ Ախր ինչի՞, է՜...
Որ իմացա՝ էլ չկաս, առաջին պահին ուղղակի ափսոսանք էր. չգիտեի էլ՝ ինչ է եղել։ Իմացա, որովհետև նույն դպրոցում էինք սովորել։
Ախր ի՞նչ ասեմ քեզ. ոչ իրավունք ունեմ, արդեն ոչ էլ հնարավորություն...

Գոնե հիմա նայո՞ւմ ես ներքև, տեսնո՞ւմ ես՝ սիրելիներիդ հետ ինչպես ես վարվել...
Նոր ընկերոջդ գրածն էի կարդում... Նկարներդ... Հեչ չէիր փոխվել. էլի նույն չարաճճի աչքերով աղջիկն էիր... Գի՜ժ...
Գոնե էդտեղ գտիր էն, ինչն էստեղ չգտար...

Նաիրուհի
28.03.2011, 00:30
Երթուղայինից իջա ու միանգամից զգացի, որ արդեն կենտրոնում չեմ։ Քամին սահեց բլուզիս օձիքի բացվածքից ներս, փաթաթվեց ինձ, ու մեջքովս սարսուռ բարձրացավ։
Մի ձեռքով ամուր սեղմած թեյի կարմիր բաժակը, մյուս ձեռքիս բթամատը պայուսակիս կանթի մետաղե օղակի մեջ, մազերիս ու մտքերիս մեջ քամի՝ քայլում էի երեկոյան չլուսավորված փողոցով։

«Դու դմբո ես»...

Հը, հաց չառնե՞մ։ Շոթի եմ ուզում։ Վրացական հացի կրպակը գայթակղում է. լուսավոր է, ու հացի հոտ կա էնտեղ...

«Մենակ չասես՝ մինչև հիմա չես հասկացել՝ ինչու կորա»...

Չէ, հաց չեմ առնի։ Դըզզզ... Գլուխս թափահարում եմ՝ փորձելով քշել ականջներումս բզզացող մեղուներին։

«Ավելի լավ էր քեզ հեռանալովս ցավ պատճառեի, քան մնալովս։ Ես ինձ չէի ների»...

Կոշիկիս մեջ ինչ-որ փոքրիկ, կոշտ բան կա. ոտքս ցավեցնում է։ Կանգնում եմ, հանում կոշիկս ու թափ տալիս։

«Մեր ընկերությունը ոչինչ չի փոխի։ Ես մենակ էն ժամանակ կգնամ, երբ զգամ, որ կարող եմ նեղացնել քեզ»...

Չէ´, ոչինչ չի օգնում։ Կոշտ բանն էլի ոտքիս տակ է։ Մեղուները բզզում են։

«Դմբո ես դու։ Չե՞ս հասկանում՝ ինչի եմ ասում։ Շատ սիրելուց է»...

Դմբոն դու ես (էս էլ է շատ սիրելուց)... Էս անտեր քամին չլիներ՝ մեղուներն էլ չէին սկսի բզզալ։ Էս սարսուռն էլ չէր լինի...
Մուտքի լո՞ւյսն ինչի չի վառվում։ Դո՞ւ երբ կգաս։
Զանգը չեմ տալիս. դուռը բաց է։ Ներսում հացի հոգեպարար հոտ կա։

Հարազա՜տս...

Նաիրուհի
30.03.2011, 00:44
Արածս ոչ մի հիմարության, ապրածս ոչ մի պահի համար չեմ ափսոսում: Էդ ամենն արդեն իմ մեջ է, իմ մի մասն է, ու ես դրանց հանրագումարն եմ: Կյանքիս փակված էջերի, կիսատ մնացած կամ կիսատ թողած սերերի ոչ մի ապրումը չեմ ուզում ջնջել: Չէ, վատ բաները միշտ չեմ հիշում. անցյալիս ու անցյալումս իմ հանդեպ ատելությամբ չլցվելու համար հաճախակի դարակներս եմ քանդում, հանում մոռացված լավ բաներն ու հասկանում, որ ամեն ցավիս կամ կորուստիս հետ լիքը երանություններ էլ եմ ունեցել։ Ու թքած, թե հիմա ինձ համար ցավոտ է փաստը, որ իմ կյանքում եղել է էդ կորուստը։

Նաիրուհի
31.03.2011, 19:16
Գյուղում ամենամեծ երանությունս գիրքը ձեռքիս պատուհանագոգին նստելն էր։ Փոքրուց թուլություն ունեի պատուհանների հանդեպ։
Երևանում ճեմարանի ավտոբուսից ուսումնասիրում էի շենքերի պատուհանները։ Էն ժամանակ եվրոլուսամուտները քիչ էին. 5-րդ մասիվից մինչև 15-րդ թաղամաս բոլոր եվրոլուսամուտներն անգիր գիտեի, ամեն ավելացողը նկատում էի։ Պատմություններ ունեի ամեն մի լուսամուտի հետևում ապրող մարդկանց մասին։

Մի կարճ շրջան ուշադրությունս շեղեցի ուրիշ բաների վրա, ու երբ մի օր էլի վերադարձա իմ սիրելի լուսամուտներն ուսումնասիրելուն, սարսափով նկատեցի, որ հիմա փայտե շրջանակները պիտի հաշվեմ ու օրեցօր նկատեմ նրանց անհետանալը...
Սիրում եմ փայտե շրջանակով լուսամուտները։ Հատկապես երբ հին շենքերի էն մե՜ծ պատուհաններից են լինում, ոչ թե խորհրդային միջին շրջանի՝ բանտի վանդակաճաղեր հիշեցնող հատվածների բաժանվածնրը։
...Երկու տարի առաջ կուրսեցուս հետ իրենց գյուղ էինք գնում, ու ես ճանապարհին խոսում էի էն մասին, թե ինչքան եմ նյարդայնանում գյուղական տների համատարած փոխված եվրոլուսամուտներից ու արևմտաոճ մոդայիկ աստիճաններից։ Ամբողջ ճանապարհին ընկերուհիս բառ անգամ չասաց, իսկ երբ տեղ հասանք, պարզվեց, որ նրանց տունն էլ է այդպիսին... :(
Սպիտակ ներկված փայտե պատուհաններով վերջին հանգրվանս պապիս տունն էր. անցած ամառ դրանից էլ զրկվեցի։ Մնաց միայն էն տունը, ուր անցել է կյանքիս առաջին 9 տարին, բայց էդ տանն ինձ հարազատ ոչինչ չի մնացել. դատարկությո՜ւն...

Էսօր Չարենցի փողոցով իջնելիս էլի աչքս ընկավ հին-հին տների հին-հին լուսամուտներին...

Փայտի, հողի, քարի, խոտի կարոտ կա մեջս... Գյուղի, կյանքի ու մաքրության կարոտ կա...

Նաիրուհի
01.04.2011, 22:44
Էնպիսի իրավիճակում եմ, որ երկու ճանապարհ ունեմ՝ վարվել էնպես, ինչպես տասնամյակներ/դարեր առաջ վարվում էին մերոնք, կամ էնպես, ինչպես վարվում է հիմա ՀՀ-ն։

Ինձ (չեմ կարծում, թե դիտավորյալ կամ իմ վատն ուզենալով) խաբել են, ժողովո՜ւրդ, ապակողմնորոշել են, ու դրա հետևանքով մանր ու մեծ սխալներ եմ գործել։

Հիմա ո՞նց վարվեմ։ Ընկնեմ մարդկանց (եվրոպական գերտերությունների) դռները ծեծեմ ու պահանջեմ, որ ինձ օգնեն ու իրենց խոսքի տե՞րը լինեն, թե՞ «հպարտ արժանապատվությամբ» «չցածրանամ» (տե´ս՝ ՀՀ ներկա արտաքին քաղաքականություն) ու ինձ արդարացնեմ, թե՝ «Թքած՝ իմ մասին ինչ են մտածում կամ ինչ են ասում ուրիշները, կարևորը՝ ես գիտեմ, որ ես ճիշտ եմ»...

Ի՞նչ անեմ, ժողովուրդ...

(չնայած ես ոնց որ թե ավելի շատ ՀՀ հարազատ զավակն եմ :((( )

Նաիրուհի
03.04.2011, 13:04
Եթե ինչ-որ բանից/մեկից հիասթափվում ես, կոտրվում, ուրեմն դա քեզ համար թանկ է։ Ու եթե թանկ է, ուրեմն մի հիասթափությանը չպիտի թույլ տաս ոչնչացնել եղած լավը։
Երեկ վերջապես համարձակությունս ներեց վճռական քայլի գնալու։ Էլ թույլ չեմ տալու, որ ինչ-որ հիմար կոտրվածություններ խլեն ինձ համար արժեք ներկայացնող հարազատ բաները։
Վերականգնում եմ իմ աշխարհներից մեկը, որի մասնիկն էի և եմ, բայց արդեն էդ մասնիկը լինելը միայն դե յուրե չի լինի։ Չեմ ուզում խաչ քաշել կյանքիս մի հատվածի վրա. գրեթե չորս տարի... Չե´մ հրաժարվելու։
Երեկ երեխեքից մեկն ասաց, թե էդտեղ առանց հիասթափությունների չի լինում։ Գիտեմ, դրա համար էլ վերադառնում եմ։

Միակ անբուժելին իր հետևից զզվանք ու կյանքիդ էդ շրջանի հանդեպ զղջումի ու ամոթի զգացում թողնող հիասթափությունն է։ Ու երբ հիասթափությանդ պատճառի հանդեպ մեջդ վատ նստվածք ու ատելություն է մնում։ Էդ մեկից էլ ունեմ, բայց դա ջհանդամը։ Դրանց մասին չենք էլ մտածում...

***

Հինգշաբթի օրվանից մտքիցս դուրս չի գալիս դասախոսս։
Երևի չի եղել կիսամյակ, որ գոնե մեկ-երկու միջանկյալ չտապալեմ (http://ireneo-funes.livejournal.com/25457.html)։ Չեմ տրամադրվում ու վերջ։ Տետրս դատարկ հանձնում եմ ու դուրս գալիս։ Ոչ մի անգամ որևէ դասախոսի պետքն էլ չի եղել. հա ի՞նչ անենք, չես գրում, ուրեմն չես ստանա...
Ես գիտեի, որ նա մյուսներին նման չի։ Ինձ հետ կռիվ տվեց, որ գրեմ։ Լսարանը թողած՝ 10 րոպե միայն ինձ վրա կենտրոնացավ։ Ու հասավ նրան, որ մոռացա մրմռացող աչքերս, անքնությունից առաջացած գլխացավս, կարողացա իրար գլխի հավաքել սատանան գիտի՝ որ հեռուներում թրև եկող մտքերս ու գրեցի...

Ընկեր Դրո, շնորհակալ եմ... :love

Նաիրուհի
05.04.2011, 00:36
Երևի լավ էր, որ էսօր չզանգեցիր, ընկերս։ Չնայած անչափ աջակցությանդ կարիքն ունեի, բայց կարող է մի պահի ջղայնությունիցս քեզ էլ բաժին հասներ...

***

Մեզ քսանքանի հոգու ներկայությամբ վիրավորում են, մենք լռում ենք, որ սկանդալ չսարքենք, իսկ իրենք մեր հետևից աՆՆասուն պիտակում են կպցնում մեզ։ Ու էն կարգի աղմուկ են բարձրացնում, որ նույնիսկ էդ խմբի հետ կապ չունեցող մարդիկ են գրում. «Լիլիթ ջան, էս ի՞նչ կռիվների մեջ ես»։ Նույն կերպ էլ հազար տարի կորած ծանոթներն ընկերուհուս են գրում։
Արի ու մի սկսի կասկածել։ Տո մեկը հարցնի՝ եթե էդքան մաքուր եք, ինչի՞ եք էդ մի կատակից էս կարգի խառնվել իրար ու դիվերսանտներ եք ման գալիս։ Թե՞ ուժներդ երկու աղջկա վրա է պատում։ Մտածում եք՝ մենք էնքան հնարավորություն չունե՞նք, որ պատիվ պահանջենք զրպարտելու ու վարկաբեկելու համար։ :angry
«Կենտրոն» եք համարվում։ Ուրեմն էնքան մաքուր բռնեք ձեր գործերը, որ ամեն կատակի տակ սադրանք ու լրտես չփնտրեք ու մարդկանց վրա ցեխ չշպրտեք։ :[
Էնպես չի, որ եթե դուք շատվոր եք, կարողանալու եք ձեր պրովոկացիան առաջ տանել։ Էդ շրջանակներում ինձ էլ են մի քիչ ճանաչում. երեխեքի ուղեղ լվանալով ու իրենց մոտ իրենց ընկերներին սևացնելով չի։
Ուղղակի հիմա պետք է միիի քիչ հավաքվել, վիրավորանքն ու կատաղությունը դնել մի կողմ ու լուրջ պատրաստվել հակահարվածի։ Ու որ պատասխան լինելու է, թող ոչ ոք չկասկածի։ Մենակ էդ էր մնում, որ ինչ-որ կասկածելի մարդիկ իրենց թերությունները/մեղքերը մեզ վրա բարդեն։ Եթե մեկը բացատրություններ ունի տալու, էդ հաստատ մենք չենք։ ;)
Էնպես որ... :P

Նաիրուհի
05.04.2011, 11:54
Երջանկություն է, երբ մի մեծ «մենք»-ի մի մասնիկն ես... Ես իմ բազմաթիվ «մենք»-երից ամենաիմ «մենք»-ին եմ վերադառնում, ու հոգիս թրթռում է էդ երջանկությունից։ Իմ աշխա՜րհը, որով ապրել եմ գիտակից կյանքիս մի զգալի հատվածը, ոգեշնչվել եմ, ուժեղ զգացել ինձ, ամուր կանգնել հողիս...
Բոլոր անկյուններս լեցուն են լույսով, որովհետև հասկացել եմ՝ ինչ եմ ուզում։ Գրողի ծոցը թող գնան բոլոր կասկածները։ Ու թող սխալ լինի էս ուղին։ Կարևորը՝ ուզում եմ է´ս ճանապարհով գնալ, եթե անգամ վերջում կուպրով կաթսան է հանգրվանս լինելու :)
Ես գտել եմ ինձ էստեղ, հասկացել եմ, որ իր բոլոր թերություններով հանդերձ էս «մենքս» ամենահարազատն է։ Մի լավ ընկերը հազար հակառակորդի կարող է հակակշռել, իսկ ես քանի՜ էդպիսի ընկեր ունեմ...

Նաիրուհի
07.04.2011, 02:57
Հիշո՞ւմ եք Մամփրե արքային։ Որ հայհոյում էր նրանց, ովքեր անփույթ էին վարվում գրի հետ։ «Սուրբ Մաշտոցի զինվորներուն սխալ հրաման մի´ տուր».-կարծեմ էսպես կամ մոտավորապես էսպես էր ասում։
Իմ մեջ էնքան շատ կա նրանից։ Նախ՝ անհաղթահարելի հարգանքը գրված ամեն ինչի հանդեպ։ Էնքան վատ եմ զգում, երբ վատ գիրք է ընկնում ձեռքս. կարծես սրբապղծության ականատես եղած լինեմ։ Նույն կերպ էլ գրելիս։ Կարող եմ խելքիս փչած բառերով ու ձևով խոսել, բայց գրելիս կանոններից շեղվող ամեն արտահայտության/քերականական ձևի վրա մատներս մի պահ հրաժարվում են շարունակել։ Ասելիքս խոսակցականին մոտ արտահայտելու համար էլ առավելագույնը, որ ինձ թույլ եմ տալիս, այս-ով ձևերի փոխարեն էս-ով ձևերը գործածելն է (Թումանյան, ականջդ կանչի:()...

Մասնագիտությունս ինձ ավելի անտանելի է դարձրել։ Ոչ մի բան կարդալիս չեմ կարողանում առաջինը բուն իմաստի վրա կենտրոնանալ. վա՜յ ինձ, եթե հանկարծ գրողը մի բութ սխալ դրած կամ մի տառ բաց թողած լինի։ Պրծա՜վ։ Էլ մինչև կարդալ-պրծնելս հանգիստ չեմ ունենա։ :8
Դրա համար սկսել եմ դիտմամբ մեկ-մեկ անփույթ վրիպակներ անել, կետադրական նշաններ բաց թողնել։ Իբր ինքս ինձ սովորեցնում եմ, որ դա կարևոր է, բայց առաջնայինը չի...
Հա´, մեկ էլ վերջերս մի տարօրինակ ընդվզում է ծնվել մեջս. առաջին անգամ լրջորեն ուզում եմ հայոց լեզվում կանոն փոխել :)
Ուզում եմ, որ իմ-ի հետ ս հոդի գործածությունը սխալ չհամարվի։ Ախր մեկ-մեկ զգացածդ արտահայտելու համար մեկնումեկի գործածումն էնքա՜ն քիչ է թվում։
Երկար մտածում էի՝ էս ցանկությանս մասին բարձրաձայնե՞մ, թե՞ ոչ։ Էս երգը լսեցի (շնորհակալություն Վարպետին ու Amaru-ին :) ) ու վերջնականապես որոշեցի գրել։ :)


http://www.youtube.com/watch?v=X_gwwZauEoM

Նաիրուհի
12.04.2011, 02:08
Միշտ երազել եմ կինոներում ու գրքերում տեսածս անկապ սիրային եռանկյուն/քառանկյուն/բազմանկյունների կենդանի օրինակներ տեսնել։ Մինչև հիմա միայն մի քանի եռանկյան էի ականատես եսել, բաաաայց... (Էստեղ հաճույքից շփում ենք ձեռքերը)...
Մի քանի ամսից ի՜նչ գերլարված թատրոն է սպասվում... Մի րոպե՝ հաշվեմ... Մեեեկ, երկուուու, երեեեեք, չոոոորս, հի՜նգ... Ամենաիսկական հնգանկյուն (հանդիսատեսը չհաշված)։ :hands

Երկրաչափության/ինտերակտիվ թատրոնի ծրագրում՝ հիմարիկներ, չար մարդիկ (c արմենչիկ:D), սեփականատերեր, խանդի ու մենամարտի տեսարաններ, հնգանկյան ներսում գտնվող ջոգողներ ու չջոգողներ, կողքից էլ մի 70 գերակտիվ հանդիսատես...

Արդեն իսկականից ձեռքերս քոր են գալիս... Վա՜խխխ... Ուրախ ամիսներ են սպասվում գործող անձանցից մի քանիսին ու բոլոր հանդիսատեսներիս... :nyam

հ.գ. մայ ֆրենդ, չնեղվես, ինչ էլ լինի՝ կողքիդ եմ... :friends:
հ.հ.գ. «անբարոյական» գրառում ստացվեց, բայց դե չկարողացա մեջս պահել... ։ՃՃՃ Ամո´թ ինձ... ։(

Նաիրուհի
12.04.2011, 17:45
Դասախոսս անակնկալի եկավ, բայց շատ գովեց որոշումս։ Ասաց, որ ինձ դեռ երկրորդ կուրսից է հավանել (թեև ընդամենը երկու անգամ է տեսել), որ հավատում է ինձ, որ ես հաստատ կկարողանամ դրան հասնել, մանավանդ որ էնքան էլ անիրատեսական չի։ Ու ասաց, որ էս մի տարվա ընթացքում ամեն կերպ կօգնի ինձ, որ պատրաստ լինեմ...
Չգիտեմ էլ՝ ոնց նկարագրեմ ուրախությունս։ Հասկանում եմ, որ կյանքիս ամբողջ ընթացքը կփոխվի, եթե այդ քայլին գնամ։ Ծանր տրված որոշում է, բայց կայացրել եմ արդեն։
Հիմա իսկական հավատացյալի նման քիչ է մնում ծնկի գամ ու աղոթեմ Աստծուն, որ ինձ որոշումիցս հետ չկանգնելու ուժ ու դրա իրականացման համար պայքարելու համառություն տա, մեկ էլ չթողնի ծուլանամ...

Նաիրուհի
15.04.2011, 01:52
Երկու շաբաթ է՝ գլուխ եմ կոտրում, թե ինչն է ինձ խանգարում լիարժեք երջանիկ լինել։ Նոր գտա։ Խիղճս ծակծկում է...
Ամենաանտանելի զգացողությունն է, որ գիտեմ՝ ինչ-որ մեկին նեղացրել եմ։ Թեկուզ չուզենալով, թեկուզ հակառակվելու համար։ Ակումբից էլ մեկին նեղացրել եմ։ Չգիտեմ՝ դեռ կարդո՞ւմ է օրագիրս, կիմանա՞, որ իր մասին եմ խոսում, բայց ուզում եմ գրել։

Անկախ մինչ այդ եղած բոլոր խնդիրներից, տարաձայնություններից, իմ նեղացած լինելուց, քո «դաստիարակչական մեթոդների» հետ անհամաձայնությունից՝ ես շատ հարգում ու գնահատում եմ քեզ։ Շնորհակալ եմ, որ (երևի անկեղծորեն) փորձեցիր օգնել ինձ։ Գոնե քո պատկերացրած ձևով։
Ես նման բան պիտի չանեի։ Ու դու իրավունք ունեիր ասելու, որ էլ ինձ հետ գործ չունես։ Ես նեղացած չեմ, ավելին՝ ներողություն եմ խնդրում հիմար չարաճճիությանս համար։ Կարծում եմ՝ հասկացար, որ քո մասին եմ խոսում։ Կներես։ Ես չեմ ուզում, որ ինձնից նեղացած ու ինձ վրա ջղայնացած մնաս, որովհետև (ասել եմ ու էլի եմ ասում) ես քեզ հարգում եմ, քո տեսակն ինձ համար անչափ կարևոր ու անհրաժեշտ է, ու դու ինձ համար հարազատ ես։ Ու ուզում եմ, որ լավ լինես... Որ գտնես քո փարոսը, դեպի ուր պիտի թիավարես, որովհետև ես կարծես թե իմը գտել եմ, ու դու էլ շատ օգնեցիր ինձ էդ հարցում։
Շնորհակալ եմ...

Նաիրուհի
21.04.2011, 00:26
Ես, որ միշտ հպարտացել եմ բոլորին բաց ճակատով նայելու հնարավորությամբս, էսօր չգիտեի՝ ուր թաքնվեմ կամ ոնց խոսեմ, որ կարմրած դեմքս ու շփոթվելս աչքի չընկնեն։ Էս ո՞ւր եմ հասել։ Հա, կարծես թե մեղավոր չեմ, բայց վատ զգալու հիմք կա։ Ո՞նց եմ նայում էդ մարդու աչքերին, բա հետո, երբ ամեն ինչ իմանա, ո՞նց եմ նայելու։:(
Գրո´ղը տանի...:angry:angry:angry
Ես սովոր չեմ, ահավոր նեղվում եմ։ Մարդը հավատով նայում է ինձ, անգամ զգուշացնում է, որ իմանամ՝ ինչ անեմ, փորձում է պաշտպանել, իսկ ես ակամա խաբում եմ նրան։ Չեմ ստում, բայց լռում եմ։ Իսկ էս ամենի ամենամեծ մեղավորն իր համար եսիմ որտեղ հանգիստ քնած է հիմա, ու չեմ կարող գոնե իրավիճակը քննարկել հետը։ :angry
Ի՞նչ անեմ, որ ճիշտ լինի։ Որ բոլորիս համար էլ լավ լինի։ Մինչև հիմա ամեն ինչ ինձ անտեսելով եմ արել, հիմա փորձում եմ մի քիչ էլ իմ մասին մտածել, իսկ արդյունքում միայն խղճի խայթ է առաջանում։ Սարսափում եմ էն մտքից, որ կարող եմ մեկի հանդեպ անարդար բան անել։ Ախր ինքն էլ մեղավոր չի, որ էս իրավիճակում ենք հայտնվել։ Ու ինչ-որ տեղ ոչ մեկս էլ մեղավոր չենք։ Բայց իրավիճակը կա, ու եթե անգամ մեզնից մեկը տեղյակ չէ դրա մասին, դա պիտի լուծվի։ :8
Ուֆֆֆֆ... Հոգնեցի։ Ետ եմ վարժվել մտածելուց. գլուխս պայթում է...

Նաիրուհի
22.04.2011, 21:15
Ոչինչ չեմ ուզում հիմա, Աստված իմ, մենակ թե չսխալվեմ… Մենակ թե ճիշտ որոշում կայացնեմ ու կարողանամ կատարել դա:
Մենակ թե ինձ վստահությամբ նայող աչքերի արտահայտությունը չփոխվի, ու իր հերթին իմ մեջ էլ վստահությունը չկոտրվի էն աչքերի հանդեպ, որ էնքան թանկ են ինձ:
Եթե դա է ճիշտ ելքը, թող որ կարողանանք էնպիսի ընկերներ լինել, որ ոչ մեկս մյուսի հանդեպ որևէ կասկած չունենա... Աստված, քեզնից ուրիշ բան չեմ ուզում...
Թույլ մի տուր, որ անմեղ մարդու ցավ պատճառեմ...

Նաիրուհի
25.04.2011, 02:04
Ամբողջ օրն անհանգիստ էի, որովհետև «Կարինը» Ստամբուլից մեկնելու էր Իսպանիա՝ մասնակցելու Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնին։ Գինոսյանն ուխտ էր արել, որ Ստամբուլի օդանավակայանում մինչև թռիչքը յարխուշտա են պարելու։ Մտածում էի՝ կանե՞ն, կկարողանա՞ն, ու եթե անեն, հետո ի՞նչ կլինի։ Նեոնյուզում արդեն գրել են, որ «Կարինն» ուխտը կատարել է, ափսոս դեռ տեսանյութ չկա, բայց չեմ համբերում։ Ուզում եմ տեսնել էդ յարխուշտան...

***

Գնալով սրտի հիվանդության է վերածվում սերս արևմտահայերենի ու գրաբարի հանդեպ։ Մեկ էլ ուզում եմ «Նարեկն» ու Աստվածաշունչը գրաբարով (էլի) կարդալ։ Վաղուց չեմ մաքրվել...

Ու էստեղ էլ դնեմ Մաեստրոյի ստորագրությունը, որովհետև սա պատճառ դարձավ, որ գիշերվա կեսին ինքնամաքրումի անհաղթահարելի ցանկություն ունենամ...


Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ...
Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի քո...
Վասնզի հզոր է իբրև զմահ սէր...

Նաիրուհի
28.04.2011, 10:33
Վախենում էի... Ու վախենում էի լիքը հիմար բաներից։ Իսկ հիմա երջանիկ եմ...
Դու ես իմ ժպիտը... :love

Նաիրուհի
03.05.2011, 00:43
Երբ ինձ վրա մի բան շատ ուժեղ հուզական ազդեցություն է գործում, ողջ գիտակցությունս անջատվում է. արդեն անընդունակ եմ դառնում գիտակցելու ու ինչ-որ բանի մասին մտածելու։
Էսօր էլ նման մի բան եղավ։ Ապագա սփյուռքագետներով գնացել էինք դիտելու «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը։ Ես էլ չհասկացա՝ ինչ կատարվեց հետս։ Կորցրել էի տեղի ու ժամանակի զգացողությունը. մի պահ ուշքի եկա՝ զգալով, որ աչքերիս առաջ ամեն ինչ մշուշվել է, շունչս կտրվում է։ Հազիվ հասցրի ձեռքերովս փակել բերանս, թե չէ լացիս ձայնի վրա ամբողջ դահլիճը մեր կողմն էր շրջվելու։ Որ հարցնեն՝ ինչպիսի՞ ֆիլմ էր, պատասխանել չեմ կարողանա, որովհետև իրոք ՉԳԻՏԵՄ։ Ու չեմ էլ ուզում իմանալ։ Թող աշխարհի ամենաանհաջող ու հիմար կինոնկարը լինի, միևնույն է՝ միշտ հիշելու եմ, որ նայելուց հետո մի ամբողջ օր ուշքի չեմ եկել։
http://i.imgur.com/Sy16zl.jpg
Չէ, ավելի հավանական է, որ ոչ մի առանձնահատուկ բան էլ չկար, ուղղակի ես եմ աննորմալ հուզական աշխարհով։ Այ հիմա էլ կոկորդս սեղմվում է. ի՞նչ անեմ, ո՞նց պայքարեմ գերլարված նյարդերիս դեմ, որ կարողանամ էս հարցերի շուրջ էլ սառը գլխով դատել։ Հա, մեկ-մեկ ինքս էլ եմ ապշում իմ զարհուրելի անտարբերությունից, երբ նկատում եմ, թե ինչ սառնասրտորեն եմ խոսում թեկուզ հենց էս նույն բաների մասին, բայց հո՞ ինքս ինձ գոնե խոստովանում եմ, որ էդ սառցե կեղևն էլ իրականում շաաատ տաք ու անհանգիստ ընդերքի վկայությունն է ու այն բոլորից, նաև ինքս ինձնից թաքցնելու գերագույն ճիգի արդյունք։

Ես միայն մի բան գիտեմ՝ ինձ համար վաղո՜ւց ի´մ Նաիրին դարձել է անբուժելի երազ, միֆ, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն։

Նաիրուհի
09.05.2011, 02:16
Էսօր ինձ համար մի հրաշք հայի եմ բացահայտել։ :love Հենց հնարավոր լինի Ակումբում էլ կդնեմ երգերը։ Բայց ի՜նչ տիպ էր...:love Արտոյին հայտնաբերելուց հետո դեռ ոչ մի հայ կատարող էդքան ուժեղ տպավորություն չէր թողել վրաս։ Հետաքրքիր է՝ հիմա էդ մարդը կա՞...:think

***
Առանց քեզ լիարժեք երջանիկ լինել չեմ կարող։ Ինչո՞ւ ես էսքան հեռու։ 367 օր է՝ քեզ չեմ տեսել...
Ե՞րբ կգաս։

Նաիրուհի
12.05.2011, 00:54
Էսօր Ակումբում խոհափիլիսոփայական տրամադրություններ են... :think

***

Հիմա համարյա ամեն ինչ ունեմ լիակատար երջանկության համար։ Բայց էդ երջանկությունը չունեմ։
Օրվա ընթացքում, երբ վազքի մեջ եմ, դա չեմ գիտակցում, ավելի ճիշտ՝ իսկի չեմ էլ մտածում էդ մասին։ Իսկ երբ մի պահ կանգ եմ առնում շունչ քաշելու ու սկսում եմ մտածել, հասկանում եմ, որ իրականում միայն մի ցանկություն ունեմ. ոչինչ չզգալ։ Հոգնել եմ ապրելուց։ Իրոք հոգնել եմ։ Չէ, ինքնասպանության կամ նման հիմարությունների մասին չեմ մտածում։ Բայց չեմ ուզում ապրել։ Ոչինչ չեմ ուզում։
Կամ էլ մի երանելի իրավիճակի մասին եմ երազում. ոչ ոք չկա կողքիս՝ ոչ մի ընկեր, ոչ մի հարազատ... Միայն համալսարանը կա, դասերս, որ լրիվ աչքաթող եմ արել, բայց սիրտս ահավոր ցավում է, որովհետև համալսարանական 5 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ ես ինձ լրիվ իմ տեղում եմ զգում, որ ոչ մի վայրկյանը չեմ ուզում կորցնել, բայց կորցնում եմ։ Սիրում եմ մասնագիտությունս, կուրսս, դասախոսներիս, գրադարանս, ու ուրիշ էլ ոչ մի բան չեմ ուզում՝ կյանքումս լինի։ Մագիստրատուրան էլ չեմ ուզում, որ ավարտվի։ Ուզում եմ, որ դասախոսներիցս մի քանիսն ամբողջ կյանքում ինձ դասավանդեն։ Լրիվ գժված վիճակ... :blin :esim

***

Սկսում եմ մտածել, որ ես ուղղակի ստեղծված չեմ երջակության համար, որ ես էդ զգացումն ապրելու ունակությունը չունեմ։ Ինձ մշտապես տառապանքի աղբյուր է պետք. չեղած տեղն էլ ինքս եմ ստեղծում։ :8
Ուզում եմ՝ իմանաս, որ քեզ աշխարհի չափ կարոտել եմ։ Թեև դու էլ ես օտարացել մի տեսակ։ Էլ իմը չես, բայց երկվորյակ հոգիները միշտ էլ մնում են կապված, չէ՞... Ե՞րբ ես գալու։ Ի՞նչ է լինելու մեր վերջը, հարազատս

Նաիրուհի
13.05.2011, 15:23
Երբ մի լավ բանի ես սպասում, բայց շատ է ձգձգվում, արդեն զզվում ես սպասելուց էլ, էդ լավ բանից էլ։ Երբ մի սխալ բան ես արել, ներողություն ես խնդրում, քեզ ասում են, որ քո ներողությունը չէին ուզում, բայց զգում ես, որ մեկ է՝ արդեն մի բան էն չի ձեր հարաբերություններում, դա սարսափելի կոտրում է։ Ու երբ ճեղքվածքը փակելու համար ևս մի քանի անգամ ես ներողություն խնդրում ու այդպես էլ չես ստանում այդ ներումը (կամ քո պատկերացրած ներումը չես ստանում), վերջում սկսում ես ատել և´ քեզ, որ մի չնչին սխալիդ համար էդքան մարդու հետևից ընկար ու խնդրեցիր, որ չնեղանա, և էն մարդուն, ով ստիպում է, որ իր մի պահի վիրավորվածության դիմաց քեզ անընդհատ ստորացված զգաս։

Լավ բանի հույս ունեի, այսինքն՝ հույս ունեի, որ արդեն ինքդ մի օր էդ ճեղքը կփակես։ Ու դրա համար շատ քիչ բան էր պետք անել. ընդամենը վերադարձնել ինձ այն, ինչը քեզ համար հաստատ արժեք չունի, բայց ինձ համար շատ թանկ է։ Գուցե դեռ էլի ես մտադիր վերադարձնելու, բայց ինձ համար արդեն դա հասել է կտրվելուն։ Հիմա ինձ համար մեկ է՝ ճեղքվածքը կփակվի՞, թե՞ չէ, դրա համար էլ արդեն քո քայլին չեմ սպասում, ինքս եմ ասում։ Կարծում եմ՝ հինգուկես ամիսը լրիվ բավական էր։ Ես էլ չեմ դիմանում առանց իմ փոքրիկ ընկերոջ...

Եթե դեռ կարդում ես օրագիրս, հաստատ հասկացար, որ քեզ եմ ասում։ Տունտունիկ խաղալու այլևս ոչ ցանկություն կա, ոչ էլ առավել ևս տրամադրություն։ Գիտեմ, որ այն քեզ մոտ է, էն օրը չես շպրտել։ Ու ես կյանքումս ոչ մեկից էդքան ներողություն չեմ խնդրել ու էդքան անկեղծորեն չեմ խնդրել, ինչքան քեզնից։ Եթե մեջդ իմ հանդեպ դեռ մի քիչ մարդկություն կա, խնդրում եմ, վերադարձրու ընկերոջս...

Նաիրուհի
18.05.2011, 13:43
Երկու մարդ, ում հանդիպելու բախտին արժանանալու համար ամբողջ սրտով շնորհակալ եմ ճակատագրիս...


Սիփանի հետ հաճախ թևանցուկ քայլում ենք միջանցքով կամ քիթ քթի նստում լսարանում։ Կես խոսքից հասկանում ենք իրար, ժամերով կարող ենք զրուցել աշխարհի բարուց ու չարից, հազար ու մի ուրիշ բաներից ու ոչ մի պահ չձանձրանալ։


http://i.imgur.com/17mVkl.jpg

Ես ու Սիփանը Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ՝ Թբիլիսիի ս. Գևորգ եկեղեցու բակում։
Հրաշք օր էր...



Հինգշաբթի օրվանից մտքիցս դուրս չի գալիս դասախոսս։
Ես գիտեի, որ նա մյուսներին նման չի։ Ինձ հետ կռիվ տվեց, որ գրեմ։ Լսարանը թողած՝ 10 րոպե միայն ինձ վրա կենտրոնացավ։ Ու հասավ նրան, որ մոռացա մրմռացող աչքերս, անքնությունից առաջացած գլխացավս, կարողացա իրար գլխի հավաքել սատանան գիտի՝ որ հեռուներում թրև եկող մտքերս ու գրեցի...
Ընկեր Դրո, շնորհակալ եմ... :love

Ամեն դասի շունչս պահած սպասում եմ, թե գուցե զրույցն էնպիսի հունով կգնա, որ ընկեր Դրոն կերգի։ Մի քանի անգամ եղել է։ Առավելագույնը երկու-երեք տող է երգում, բայց էդ մի քանի վայրկյանի ընթացքում հասցնում եմ էնքան հուզվել, որ եթե հանկարծ մի տող էլ երգի, էլ արցունքներս զսպել չեմ կարողանա։ Էնքան մաքրող, ազնվացնող ձայն ունի...
Էս մեկը հաջողվել է ձայնագրել։ Մինչ այդ պատմում էր, որ Սամվել Կարապետյանը Այնթափում հուշարձանները նկարելիս հանդիպել է Առաքել անունով մի ծեր հայի, ով մեն-մենակ ապրում էր թուրքերի մեջ։ Երբ նրան հարցրել է, թե ինչպե՞ս է էդտեղ միայնակ ապրել ու հայ մնացել, ծերունին էս երգն է երգել...


http://www.youtube.com/watch?v=8aSedUNE02Q

Հույս ունեմ, որ մի օր, երբ այլևս իմ դասախոսը չի լինի, կհամարձակվեմ խնդրել, որ մի երգ մինչև վերջ երգի...
Ու մեկ էլ կկարողանամ շնորհակալություն հայտնել նրան իր գոյության համար...

Նաիրուհի
18.05.2011, 19:48
Չգիտեի, որ հնարավոր է մարդուն էնպես կարոտել, որ չկարողանաս անգամ հետը հեռախոսով խոսել։
Հա, էնքան եմ կարոտել, որ հեռախոսն արդեն չի կարողանում մխիթարել. ինձ առնվազն պետք է ամուր-ամուր-ամուր գրկել քեզ, էնքան ամուր, որ շունչդ կտրվի... Խիղճ ունեցիր, տնաշեն, տարուց ավել եղավ քեզ չտեսնելս... :(
Հ. գ. Փաստորեն օրագրիս 100-րդ գրառումը քո մասին եղավ... ։Ճ

Նաիրուհի
21.05.2011, 01:33
Մեր անհեթեթ անմիաբանությունից ու անառիթ թշնամանքից սարսափելի նյարդայնանում եմ։ Դաս չենք քաղում էն ամենից, ինչի միջով անցել ենք էսքան ժամանակ։

Հա, հասկանում ու ընդունում եմ, որ կարող են և պետք է լինեն մեկից ավել կուսակցություններ։ Ու որ էդ կուսակցությունները կարող են և պետք է ունենան տարաձայնություններ, տարբերվող սկզբունքներ ու հայացքներ։ Ու որ պետք է պայքար լինի էդ կուսակցությունների մեջ, որ չճահճանանք, որ զարգանանք, որ կարողանաք թեկուզ մեկս մյուսի հետ մրցակցելով համազգային խնդիրներին լուծում գտնել։ Բայց ինչի՞ համար են էդ հայացքների տարբերություններն էսպիսի խուլ թշնամանքի պատճառ դառնում։
Ընդունիմ և խոստովանիմ, որ ես էլ եմ անհանդուրժող. քանի քաղաքականությունից խոսք չկա՝ կարող եմ բոլորի հետ էլ լավ լինել, բայց հենց սկսում են էդ թեմաները շոշափել, ու տարածքում հիմնականում ինձ հակադիր հայացքների տեր մարդիկ են լինում, քաշվում եմ կողքի, որ չլսեմ ու չվիճեմ։ Թշնամանք չեմ ուզում, ատելություն չեմ ուզում։ Մտածում եմ՝ թող ամեն մեկն իր ճիշտ համարած ձևով պայքարի, քանի դեռ վերջնական նպատակը ազգիս մի օգուտ կտա։
Ամբողջ կյանքումս իմացած հայհոյանքների կրկնապատիկն իմացա միայն Յութուբում մի քանի տասնյակ մեկնաբանություն կարդալով։ Հա բայց ինչի՞...
Ես իմ քաղաքական հայացքները երբևէ չեմ թաքցրել, չեմ ամաչել ու չեմ զղջացել դրանց համար, բայց դա ինձ չի խանգարում, որ անկուսակցական, լևոնական, հանրապետական, հնչակյան ... ընկերներ ունենամ։
Էս պահին հնչակների երգերից մեկն եմ լսում։ Իրենք էլ պակասը չեն. որ մի երգի մեջ իրենց ՍեԴաՀոԿեն-ը :) չշեշտեն՝ կմեռնեն։ :) Հետո՞ ինչ։ Դուրս գալիս է։ Ոգին նույնն է, նպատակակետը նույնն է, շատ էլ որ ճանապարհները տարբեր են։
Ինչի՞ ենք հայհոյում իրար, ինչի՞ ենք մեկս մյուսի տակը փորում, ինչի՞ ենք ներսից քայքայում ու մասնատում էս ազգը, որն ամենաշատը համախմբվածության կարիք ունի էսօր։

Անկապ, բարոյախրատական, ծեծված գրառում ստացվեց։ :esim Երևի կյանքումս էս մասին գրած չկայի...

Նաիրուհի
23.05.2011, 00:55
Էսօր իմ խելառ ախպոր ծնունդն է։ Էսօր իմ պուճուր ախպերը 20 տարեկան է դառնում։ Իմ ախպերը մի ամսից զորացրվելու էր։
Բայց իմ ախպերը բանտում է հիմա ու դատին է սպասում... :(

Գիժս, շնորհավոր ծնունդդ։ Ցավդ տանեմ... Դու գիտես՝ եթե նույնիսկ ամբողջ աշխարհն էլ քեզնից երես թեքի, ես ու Արմանն սպասում ու սիրում ենք քեզ...

Լավ է լինելու, Վարոս... Դու էլ, Դավս էլ շուտով տուն եք գալու։ Ես արդարությանը հավատում եմ...
Սիրում եմ ձեզ... Կարոտել եմ... :love

Նաիրուհի
25.05.2011, 02:39
Էսօր փնթփնթում էի մեկի վրա, թե մենակ ապրելու դեպքում պիտի ամեն ինչ իր տեղում դնի, որ տունը քաոսի չվերածվի, պիտի էսինչն էսպես անի, պիտի էնինչն էնպես անի... ու հանկարծ գլխի ընկա, որ էդ նույն բաները մամաս ինձ ամեն օր է ասում... :oy:oy:oy

Հ. Գ. Բայց չէի պատկերացնի, որ երբևէ տան գործ անելը կարող է էսքան հաճելի լինել։ :) Որ ինձ կհամոզեն, որ չանեմ, իսկ ես իմ էշը կքշեմ... :)
Եսիմ, է՜... :think

Նաիրուհի
25.05.2011, 20:16
Էսօր իմ խելառ ախպոր ծնունդն է։ Էսօր իմ պուճուր ախպերը 20 տարեկան է դառնում։ Իմ ախպերը մի ամսից զորացրվելու էր։
Բայց իմ ախպերը բանտում է հիմա ու դատին է սպասում... :(

Գիժս, շնորհավոր ծնունդդ։ Ցավդ տանեմ... Դու գիտես՝ եթե նույնիսկ ամբողջ աշխարհն էլ քեզնից երես թեքի, ես ու Արմանն սպասում ու սիրում ենք քեզ...

Լավ է լինելու, Վարոս... Դու էլ, Դավս էլ շուտով տուն եք գալու։ Ես արդարությանը հավատում եմ...
Սիրում եմ ձեզ... Կարոտել եմ... :love

Էս պահին ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ... Կյանքում առաջին անգամ էս իշխանության մի քայլից ինձ օգուտ եղավ...
Վարոյիս դատն էսօր է եղել... Եվս տասը օր, ու ախպերս ազատ կլինի... :bux:
Մնաց մի քանի ամիս ծառայությունը, ու Վարոս տուն կգա... :yahoo Էդ հեչ, ախպերս, չմտածես, ցավդ տանեմ, եղած-չեղածը ծառայություն է, էլի, դու դրանից երբեք էլ չես խուսափել։
Էս ի՜նչ երջանիկ եմ... Մնաց Դավիս գործն էլ էսպես լավ փակվի, ու վերջ... :friends:

Նաիրուհի
27.05.2011, 14:58
Ասում են՝ երբ չկա այն, ինչ սիրում ես, ստիպված սիրում ես այն, ինչ կա։

Հա, բայց ոչ ոք չի ասել, որ երբ սիրում ես այն, ինչ կա, դադարում ես սիրել այն, ինչ սիրում էիր, բայց չկա... :8 :(

Նաիրուհի
28.05.2011, 02:31
Երջանիկ եմ, որ եղար։ (http://i.imgur.com/uCh00.gif)
Երջանիկ եմ, որ կաս։ (http://i.imgur.com/XoLYF.jpg)
Սիրում եմ քեզ աշխարհում ամեն ինչից շատ ու ամեն ինչից վեր... :love

Երկի՜րս...

Նաիրուհի
30.05.2011, 11:14
2009-ի այս օրերին աչքիս միայն բանակն էր երևում։ Եղբայրներիցս չորսը մայիս-հունիսին մեկնեցին ծառայության, ամենամտերիմ ընկերներս, մինչ այդ էլի ծառայող բարեկամներ ունեի, մի քանիսն էլ աշնանն ավելացան... Ծառայեցին ու ծառայում են։ Մեկը դժկամությամբ, մեկը համակերպվելով, մեկը հիասթափված, մեկը ոգևորված...
Վերջին երկու տարում կյանքիս ամեն օրն ինչ-որ կերպ կապված է բանակի հետ։ Շատ բան փոխվեց էս ընթացքում, լավ ու վատ բաներ եղան, բայց որ հիմա դնում եմ իրար կողքի, տեսնում եմ, որ վատն ավելի շատ էր...
Նրանցից քանի՞սն են վերադարձին գտնելու էն, ինչ թողել էին...
Դեռ չասած, որ իրենց հետ էլ շատ վատ բաներ եղան։ Ոչ թե ուղղակի էնպիսի բաներ, որ ամեն զինվորի հետ էլ այս կամ այն չափով պատահում են, այլ շաաատ վատ բաներ... Արդյունքում մեկը հայտնի չէ, թե երբ տուն կգա, մյուսը հունիսի փոխարեն կվերադառնա դեկտեմբերին, մեկը ժամկետից շուտ զորացրվեց, մեկը դեռ չի կարողանում համակերպվել քաղաքացիական կյանքին, մեկը չի էլ պատկերացնում, թե վերադարձին ինչ ծանր հարված է ապասվում իրեն, մեկի վերադարձի ուրախությունն էլ խաթարվելու է, որովհետև երկվորյակ եղբայրը հետը չի լինելու...

Բայց ես անհամբեր սպասում եմ թեկուզ ոչ լրիվ կազմի վերադարձին. երկու տարի կարոտել եմ, երկու տարի օրերն եմ հաշվել, երկու տարի ապրումներ եմ ունեցել ամեն մեկի համար...

Ու կամաց-կամաց մոտենում է էն օրը, երբ գոնե մի քանիսը կգան... Ո՜նց եմ կարոտել...

Նաիրուհի
05.06.2011, 02:33
Բարի վերադա՜րձ, :yahoo իմ զինվոր ախպեր... :love Ցավդ տանեմ, Անդս...
http://i.imgur.com/Ku8Lpl.jpg :bux:

Խմած ու կարոտած եմ... :(

Չեմ սիրում, որ ուրախությունը լիարժեք չի լինում։ Անդիս զինգրքույկի կազմի տակ երկվորյակ եղբոր նկարը տեսա. խնամքով փաթաթել եր, որ չվնասվի, ու թաքցրել... Երկու տարի առաջ միասին գնացին։ Չեմ կարողանում մոռանալ Դավիս արցունքները հրաժեշտի պահին։ Տեսնես ո՞նց ես, ապերս, ի՞նչ ես զգում հիմա, երբ եղբայրդ արդեն տանն է, ու դու էլ պիտի հետը լինեիր։ Ո՞նց եք դիմանում իրարից հեռու էսքան ժամանակ. ախր երբ ձեզ թեկուզ մի քանի օրով բաժանում էին, առաջին երկու օրը երկուսդ էլ հիվանդ էիք լինում...

Ամուր կաց, Դավս, ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ կավարտվի, որ դու էլ շուտով կվերադառնաս... Կարոտել եմ քեզ, իմ մաքուր, խելոք, համեստ ու բարի՜-բարի ապեր...

Նաիրուհի
07.06.2011, 01:16
Ախր երկուսս էլ գիտենք, որ առանձին-առանձին անիմաստ ենք, որ կիսատ ենք առանց իրար, գիտենք, բայց էնքան դմբո ենք, որ գերադասում ենք տանջվել ու տանջել իրար՝ համառորեն մնալով մեր սխալների հետ։ :fool

Էլի քանի՞ տարի է պետք, որ հասկանանք, համարձակվենք, վերջապես համարձակվենք... :(

Նաիրուհի
09.06.2011, 00:45
Գաղափարների պակաս է, ավելի ճիշտ՝ դրանց բացակայություն։ Իսկ ինձ հիմա օդ ու ջրի պես գաղափարներ են պետք, ոգեշնչում, առաջ գնալու ձգտում... Չի ստացվում, ոչ մի կերպ չի ստացվում. ուղեղս հրաժարվելկ է ինձնից։

Էստեղ ուզում էի հռետորական հարց ուղղել ինքս ինձ «Ո՞ւր է էքսպրե՜սիան, ո՞ւր է էմո՜ցիան :scen » ձևակերպումով, էն էլ կեսից գլխի ընկա, որ էդ հարցի կեսը լրիվ հերիք է։
Ո՞ւր է էքսպրե՜սիան, Լիլիթ, էմոցիայի ավելցուկ ունես, էքսպրեսիա ճարի, շո´ւտ...

Գաղափար եմ ուզում... :cry

Նաիրուհի
10.06.2011, 00:28
Պատկերացնում եմ՝ ինչքան կվիրավորվեր, եթե իմանար՝ ինչեր եմ մտածում իր մասին։ Ու չգիտեմ էլ՝ գոնե կհասկանա՞ր՝ ի´նձ համար ինչ սարսափելի է նրա մասին այդպես մտածելը, նրան կասկածելը։
Հողը փախչում է ոտքերիս տակից...

Միակ հուսադրողն այն միտքն է, որ ես հիմա վերագրում եմ անում, քանի որ հաստատ ոչինչ չգիտեմ։ Ու միտքը, թե սովորաբար իրականությունը պակաս սարսափելի է լինում, քան մեր ենթադրությունները։

Ինչո՞ւ ես թաքցնում ինձնից. մի՞թե վախենում ես, թե քեզ չեմ հասկանա կամ կդատապարտեմ։ Էս կասկածներից սոսկալի ի՞նչ կա։ Իսկ դու գիտես, որ ես կասկածում եմ։ Երբ դու ինձ հետ չես խոսում, ինչպե՞ս ես ուզում, որ ես քեզ հետ անկեղծ լինեմ, վստահեմ...

Միայն թե սխալ լինեմ... Կամ գոնե ինքդ ինձ ասես, ոչ թե պատահաբար կամ ուրիշից իմանամ...

Նաիրուհի
13.06.2011, 22:06
Երկու տարի և երեք օր առաջ ամուր գրկեցի եղբորս, մեծավարի ճակատը համբուրեցի ու ասացի, որ հպարտ եմ իրենով ու երկու տարի հետո ավելի հպարտ եմ լինելու: Ու չսխալվեցի:
Իմ բոլոր եղբայրների մեջ նրան ամենաշատն եմ հարգում: Հպարտ եմ, որ նրա քույրիկն եմ:
Իմ անվան ամենահամով տարբերակի հեղինակն է: Միայն ինքն է ինձ Լոշիկ ասում :D:love
Կարոտել էի... Ժպիտին, հանգստությանը, հանդարտ ձայնին, խորունկ մտքերին, դատողություններին, մարդկայնությանը: Ականջներս էլ կարոտել էին Լոշիկին :)

Էսօր պատրաստվում էի մի երկար-բարակ գրառում անել: Դե էսօր տարեդարձս է. արդեն երկու տարեկան ակումբցի եմ: Շատ բան է տվել ինձ Ակումբը, շատ բան է փոխել իմ մեջ ու կյանքումս... Ու ընկեր է եղել մի տեսակ: Օրագիրս բազմաթիվ պահեր է արձանագրել, ու թեև մեկ-մեկ զղջում եմ որևէ գրառում արած լինելուս համար, բայց համ էլ ուրախանում եմ, որ արդեն գրվածն իմ վերահսկողությունից դուրս է գալիս… Հակառակ դեպքում սա էլ վստահաբար բոլոր իրական օրագրերիս բախտին կարժանանար՝ կտոր-կտոր կարվեր, կվառվեր, կանհետանար մի էնպիսի տեղ, որ էլ աչքիս չընկնի :)

Էսօր էլ եմ ընկերոջս լավ լուր հայտնում: Մի քանի ժամ առաջ տուն է եկել Հայոց բանակի ամենալավ ավագ սերժանտը, աշխարհի ամենալավ եղբայրը...

Էս երկու տարում էդքան պարզ չէի գիտակցում, թե ինչքան եմ եղբորս պակասն զգում: Էսօր գրկեցի ու զգացի, թե ինչպես է հանգստությունը տարածվում մարմնովս: Կծկվեցի թևի տակ ու լուռ սկսեցի լսել նրան: Ու հիմա էլ զգում եմ, թե ինչքան եմ ուժեղացել, ինչքան պաշտպանված ու ամուր եմ դարձել էս մի քանի ժամում: Ու գոռալս չի գալիս. հանդարտ, պարզ, լուսավոր ուրախություն է մեջս...

http://i.imgur.com/QCBLAl.jpg

Նաիրուհի
21.06.2011, 22:40
Հասցնում եմ ոնց որ... :)

Ծնունդդ շնորհավո՜ր... :love Ինչքա՜ն բան ես տվել ու դեռ տալիս ես ինձ: Շնորհակալ եմ, ընկերս...


http://www.youtube.com/watch?v=9ZAchvYjprI

Նաիրուհի
27.06.2011, 01:23
77 լույսով լի րոպե (ինչ էլ մի թիվ դուրս եկավ վերջը;)), 77 րոպե վաղո՜ւց կորցրած ներկայությունդ, 77 րոպե ժամանակը կանգնեցնելու թաքուն ցանկություն, կարոտած ծակ փիլիսոփայության սեանս... ու վերջ...

Ֆո՜ւ, սատանա, ո՜նց եմ սիրում էդ չարաճճի կայծկլտացող աչքերդ... :love Մանավանդ երբ արևը դեմքիդ է ընկնում... :P

Նաիրուհի
02.07.2011, 10:59
Սեփական օրինակով համոզվում եմ, որ մեր նախասիրությունների ձևավորման մեջ մեծ դեր ունեն միանգամայն օբյեկտիվ այնպիսի իրողություններ, ինչպիսիք են, օրինակ, մեր ֆիզիկական որոշ հատկանիշներ։ Մանկուց ամեն ինչի բացատրությունը փնտրող ուղեղս ոչ մի կերպ չէր կարողանում բացատրել իմ սերը մեծ բաների հանդեպ՝ մեծ ժայռեր, բարձր սարեր, ընդարձակ տներ, հեռվից հեռու աչքի ընկնող կոթողներ, բարձրահասակ մարդիկ, նույնիսկ հաստափոր գրքեր։ Միայն որոշ մանր իրերի անուրանալի արժեքն էր կարողանում ստիպել ինձ, որ ուշադրություն դարձնեմ դրանց։ Դա չէր բացատրվում, մինչև մի օր հայտնաբերվեց իմ բավական ուժեղ կարճատեսությունը։

Նույն կերպ էլ երաժշտությունը. ոչ մի կերպ չեմ կարողանում հաշտվել «աղմկոտ» երաժշտական ժանրերի, ոճերի, առանձին կատարումների հետ, ատում եմ որոշ փողային գործիքներ, որոնք ինձ համար միայն ճզզոց են արձակում, ռոք համերգներ ու էս տիպի լիքը բաներ։ Որովհետև ֆիզիկապես վատ եմ զգում բարձր ձայներից, աղմուկից, բարձրախոսներից... Գլխապտույտ, գլխացավ ու սրտխառնոց եմ ունենում։

Տանել չեմ կարողանում այն պարերը, որտեղ շատ պտույտներ կան, արագ կողմնորոշում պահանջող պարաքայլեր, որովհետև միշտ խնդիր եմ ունեցել նման իրավիճակներում հավասարակշռությունս պահելու, էլ չասեմ, որ դրա արդյունքում առաջանում են վերևի պարբերությունում նշածս խնդիրները...

Փաստորեն իմ մարմինը զգալիորեն սահմանափակում է ինձ ու ինչ-որ տեղ պայմանավորում է իմ ճաշակը։ Ասածս ինչ է. մեկ-մեկ ուրիշների՝ մեզ համար անընդունելի նախասիրությւոններն ու քայլերը կարող են պայմանավորված լինել նրանց ոչ թե հոգևոր, այլ ֆիզիկական հատկանիշներով, ինչի դեմ պայքարելը շատ ավելի դժվար է։

Ուրեմն կեցցե´ն մեղեդային երգերը, հանգստացնող, ջրի նման զուլալ ձայն ունեցող երգիչները, ազգային պարերը, ռիթմիկ, բայց ոչ աղմկոտ երաժշտությունը, հաստափոր ու բազմահատոր պատմավեպերն ու ընդհանրապես ռոմանտիկական գրականությունը... Մնացածը՝ էս ամենի ընդմիջումներին։ :)

Հ. Գ. էս գրառմանս ոգեշնչողն Ռուֆուսն էր՝ Բոչելլի թեմայում արված իր գրառմամբ։ Բոչելլի լսել և սիրել եմ շատ պատահաբար՝ գաղափար անգամ չունենալով, թե ով է նա, ինչ արտաքին ունի, կույր է, թե ոչ։ Ուղղակի ձայնի մեջ էնքա՜ն մաքուր ու հանգստացնող բան կար...

Նաիրուհի
11.07.2011, 11:49
Սովորել են, որ ես ուժեղ պիտի լինեմ։ Ես եմ սովորեցրել։ Միշտ իմացել եմ, որ չկա մեկը, ում կարողանամ հենվել, ուրեմն ինքս պիտի իմ բոլոր խնդիրները լուծեմ։ Բայց ախր ես իրականում հեչ ուժեղ չեմ, է՜։ Իմ սկսած խաղից միայն ես եմ տուժել էսքան ժամանակ. բոլորը համոզված են, որ ես ոչ մեկի կարիքը չունեմ, որ ամեն ինչ կարողանում եմ հաղթահարել, որ բեռնակիր անասունի նման ինչքան էլ բարձեն կտանեմ, որ իմ չորությունը սիրտ չունենալուց է, ուստի և ինձ հետ կարելի է հենց էդպես էլ վարվել։ Ու ի՞նչ ստացվեց արդյունքում. էնքան եմ թուլացել, որ դարձել եմ նվնվան, ագրեսիվ, անկառավարելի նյարդերով ու քայքայված ջղերով մարդ, որը էն տարիքում, երբ բոլորն ապագայի պլաններ են կազմում, հիվանդոտ նայում է հետ, ժամերով լաց է լինում առանց պատրվակի, գիտի, որ էլ ոչինչ չի կարող փոխել, որովհետև ինքն է էսքան անհաջող գծել իր կյանքն ու գոնե մեղքն ուրիշների վրա բարդելու տեղ չունի։

Ամեն ինչ հիվանդագին եմ անում. սիրելս էլ, ատելս էլ, լաց լինելս ու ծիծաղելս էլ։ Փոխել չեմ ուզում ու չեմ կարող։ Ցավում է, ամբողջ մարմինս ցավում է, ու սրտիս ցավն արդեն ֆիզիկապես եմ զգում։ Դասախոսս ասում էր, որ սիրտը նորմալ է աշխատում էն դեպքում, երբ մենք էդ աշխատանքը չենք նկատում։ Չեմ ուզում, որ սիրտս ինձ անընդհատ հիշեցնի իր գոյությունը։ Չեմ ուզում, բայց էլ չեմ կարողանում մեջս պահել զգացածս, չեմ կարողանում ուրիշների վրա բեռ չլինել, իսկ դա սպանում է։ Սովորել եմ, որ ես պիտի բոլորի ցավն ինձ վրա վերցնեմ, եթե նույնիսկ մարդիկ դա չեն ուզում, իսկ հիմա ես եմ ցավս բարդում ուրիշների վրա։ Մարդիկ, լավ եղեք, խնդրում եմ։ Որովհետև երբ բեռս ուժերիցս վեր է լինում, կոտրվում ու անտարբեր եմ դառնում։ Չեմ ուզում անտարբեր դառնալ, սովոր չեմ։ Ու էլ բազմակետեր չեմ սիրում, միշտ ուզում եմ վերջակետ դնել։

Հըբը ինչի՞ կյանքս իզուր անցավ։

***
Կառչել եմ փշրանքներից, որ նետում են էն մարդիկ, ում ամեն ինչ տվել եմ ու պատրաստ եմ տալու։ Հպարտությունս չի ուզում վերցնել, բայց կարիքն ստիպում է։ Ուզում եմ մերժել, թքել ամեն ինչի վրա ու հեռանալ։ Բայց առանց գոնե էդ փշրանքների թեկուզ մի օր չեմ դիմանում։ Ու անտանելին այն է, որ ելք չկա։

Ի՞նչ եք ուզում ինձնից։ Թողեք թույլ լինեմ, ես չեմ ուզում ուժեղ լինել, ես ուժեղ չեմ։ Եթե չեք կարող օգնել, գոնե մի ստիպեք, որ հանուն ձեզ շարունակեմ լինել։

Նաիրուհի
15.07.2011, 00:59
Էսօր ո՜ւմ եմ տեսել... Պատանությանս առաջին սիրուն... :love Ե՞րբ մեծացանք. էն ժամանակ ես իններորդ դասարանում էի, նա ընդունելության քննություններին էր պատրաստվում, իսկ հիմա բանակից եկել է արդեն։ 7 տարի է անցել... :8

Ինչ անսովոր էր նստել նույն սեղանի շուրջն էն մարդու հետ, ում անունն անգամ լսելիս մի ժամանակ սրտիս զարկերն արձագանքում էին ականջներումս։ Ի՜նչ խելառություններ էի անում։ Բա որ առաջին անգամ ինձ սեր խոստովանեց... :oy Ես երեխա էի, ինքը՝ ինձնից էլ երեխա :love Բա դրանից մի տարի հետո երկուսս էլ ո՜նց էինք լաց լինում էդ օրերի համար...Չէ, իրոք շատ եմ սիրել նրան։ :love :( :oy

Սաղ հեչ, բայց ես ուզում էի, որ էս երգի ժամանակ իրար հետ պարեինք։ Որովհետև էսօր լրիվ նոստալգիկ վիճակում էի։ Կարոտել էի տասնհինգ տարեկան սիրահարված Լիլիթին։ Ու որովհետև մենք էն օրն էդպես էլ չպարեցինք... Իսկ նա ամբողջ երգի ընթացքում տեսախցիկը ձեռքին ֆռֆռում էր... :angry

:sulel

http://www.youtube.com/watch?v=Vc9oD6xQ7n0

Նաիրուհի
19.07.2011, 13:41
Չէի մտածում, որ էսքան կարճ կտևես։ Չէի ուզում, որ կարճ տևես։ Գիտես, որ չէի ուզում։

Երբեմն էնպես եմ կարոտում քեզ։ Կարոտում եմ ինձ քո կողքին։ Էն լույսն ու թեթևությունը, որ տվեցիր ինձ։ Պաշտպանված էի հետդ, ամուր էի, երջանիկ էի։ Հանգիստ էի։ Իմն էիր։ Քոնն էի։
Չէ, ուրիշ կերպ չէր կարող լինել։ Էսպես պիտի վերջանար։ Բայց ուզում եմ, որ իմանաս։ Հաստատ, վստահ իմանաս, որ շատ էի սիրում քեզ։ Ու շատ եմ սիրում քեզ։ Ու երջանիկ եմ, որ եղար։ Շնորհակալ եմ, որ եղար։ Որ լույս եղար, կյանք ու ապրելու ցանկություն եղար, իմը եղար։

Երջանիկ եմ, որ հանդիպեցի քեզ։ Իմացա՝ ինչքան է հնարավոր երջանիկ լինել։ Փոքրիկ, կենցաղային բաների մեջ անգամ։ Ոչինչ, որ էդքան կարճ, կարևորը՝ եղա։
Կյանքիս լույսերից մեկն էիր, հիմա էլ քո մասին հիշողությունս է լույս, որ խնամքով պահում եմ։

Ների´ր ինձ։ Ավելին չկարողացա տալ, չտվեցի էնքան, ինչքանի արժանի էիր։

Նաիրուհի
25.07.2011, 23:07
Դու մի ասա՝ էս «վերջին նամակները» գրելն ահագին հանգստացնում է։ Հիմա դիմացս են, նայում եմ։ Ոչ մի նոր բան չկա էդ նամակների մեջ, որ հասցեատերերն արդեն իսկ չիմանան։ Բայց գրելը հանգստացնում է։

Ուղղակի մտածում եմ՝ ինչ անհեթեթ է :)։ Եթե հիմա նրանցից ամեն մեկն իր նամակն ստանա, կարող է ուշադրություն էլ չդարձնի կամ ձանձրույթով մի կողմ դնի՝ նույնիսկ մինչև վերջ չկարդալով։ Բայց որ պատկերացնում եմ՝ ի՜նչ արժեք է ունենալու էդ մարդկանց համար ամեն բառս, երբ էլ չլինեմ... :8

Նաիրուհի
29.07.2011, 14:16
Էսօր էլի հիշեցի էս կինոն։ Էլի եմ ուզում տեսնել։ :( Հիվանդություն է դարձել :8


http://www.youtube.com/watch?v=8DdBcqdunTM
***

«Ոսկե ծիրանն» էս տարի ինձ ահագին հետաքրքիր ապրումներ տվեց։ Երևի գերզգայուն վիճակս էր պատճառը։ Նոր փորձում էի հիշել էն ֆիլմերը, որ տպավորվել են ու էլի կուզենայի դիտել։

«Ինքնասպանների ակումբ» (http://www.youtube.com/watch?v=z-vcw4WXLOI) :love Ոչ ոք ոչ մի կերպ չի կարող համոզել, որ էս կինոն չսիրեմ։ Ինչ պայծառ ֆիլմ էր... :love
«Անտեսանելի աչքը» (http://www.youtube.com/watch?v=q3zMDrwHFAY)-Շատ լավ էր նկարված։ Դեռ էնպիսի ֆիլմ չէր եղել, որ մի պահ ամեն ինչ կողքի դնեի ու պարզապես հիանայի ռեժիսորի ու օպերատորի աշխատանքով։
«Ամեն ինչ սկսվում է այսօր» (http://www.youtube.com/watch?v=oQikW9bvRW4)-շատ հոգնած էի էս ֆիլմի ժամանակ, որոշ հատվածներ նորմալ չընկալեցի. ուզում եմ լրացնել...
«Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» (http://www.youtube.com/watch?v=x0qpJQpqYVc)
Մեկ էլ էն գրողի տարած «Մելանխոլիան» (http://www.youtube.com/watch?v=wzD0U841LRM) :love:love:love

***

Կակտո՜ւս... :love Քո շնորհիվ... :flower

Նաիրուհի
02.09.2011, 11:10
Ամռանը գյուղում մի քանի անգամ ուղղակի երազում էի, որ ձեռքիս տակ ինտերնետ լինի։ Էնքա՜ն բան կար գրելու։ Բայց հիմա ինչ-որ տեղ նույնիսկ ուրախ եմ, թեև էդ ամենն էդպես էլ կորավ. ոչ մի տեղ էլ գրի չառա։

Բայց քանի որ էս բանաստեղծությունը շատ սիրեցի, ուզում եմ, որ մնա օրագրումս։

***

Սիրոյ ու մահուան երգը

Իմ կեանքս թող աղաչաւոր երգ մ´ըլլայ,
Եղերական ու միամիտ, սե´ւ ողբերգ,
Իմ սիրտըս թող անհունին մէջ վէ´րք մ´ըլլայ,
Հըսկայական ու ու տխրօրէն քաղցըր վէ՜րք,
Իմ կեանքս թող աղաչաւոր երգ մ´ըլլայ...

Ես կը սիրեմ իմ տխրութիւնըս դիւթական,
Իմ տըրտմութիւնըս Աստուածներո՜ւ ցաւին պէս,
Քո՜յր, սըրտիս մէջ ի՜նչ խաւարներ, վիհեր կան,
Զոր նայուածքովդ կ´ոսկեզօծես ու կ´օրհնես,
Ես կը սիրեմ իմ տրտմութիւնըս դիւթական...

Եկո՜ւր ինծի, լուսնակին պէս գեղեցիկ.
Եկո՜ւր ինծի, լո՜յս ու ցընծում հեւալով,
Քու արծաթի շողերուդ մէջ սըլացիկ
Լուսաւորէ' աւերակներս լալով.
Ես Մահն եմ. ե'կ ինձ Կեանքին պէս գեղեցիկ...

Իմ կեանքս թող առուին երգին պէս ըլլայ.
Ու երգս անուանդ կըրկնումն ըլլայ թող յաւե՜րժ,
Իմ կեանքս թող մութ ջըրվէժին պէս ըլլայ,
Ու դէպի քեզ անկում մ´ըլլայ գահավ՜ժ.
Իմ կեանքս թող առուի երգին պէս ըլլայ...

Ես կը սիրեմ երկու աչերդ վիհի՜ պէս,
Ուր խաւարներ կը փոթորկին մոլեգի՜ն,
Երկու աչերդ՝ Աստուածներու սկիհի´ն պէս,
Տո՜ւր ինձ անոնց մէջ սըրբացնել իմ հոգին.
Ես կւ սիրեմ երկու աչերդ վիհի՜ պէս...

Եկո´ւր ինծի, քեզ կ´ընձայ շունչըս անզօր.
Եկո´ւր, ես մո՜ւթ բաներ պիտի քեզ ըսեմ,
Սիրոյ պէս քաղցր ու Մահուան պէս հըզօր.
Գերեզմանիս լացող սիւքին պէս նըսեմ
Եկո´ւր ինծի, քեզ կ´ընձայ շունչըս անզօր....

Իմ կեանքս թող կորած նաւուն պէս ըլլայ,
Շունչդ ուռեցնէ ծեր առագաստը անա՜հ.
Մի´, մի´ լսեր յոգնած հոգիս որ կուլայ,
Տա´ր զիս Սիրոյ կղզիներէն դէպի Մա՜հ,
Իմ կեանքս թող կորած նաւուն պէս ըլլայ...

Ռուբէն Սեւակ

***

Ակո´ւմբ, քեզ կարոտել եմ...

Նաիրուհի
12.09.2011, 23:33
Էլի Երևանում եմ, ու ընդամենը մի քանի ժամ առաջվա ամեն ինչը երազ է թվում։ Կարծես երբեք էլ չի եղել հրաշք Կողբը, ԿԳԴ-ն, կիսավեր բերդի պարիսպներին պարած Կարնո քոչարին, հեքիաթային Զիկատարը, խարույկն ու կողբեցիների անմիջական ջերմությունը։ Ու Կողբի թանգարանը :love
Էս քաղաքը կարծես ճահիճ լինի. անհոգի ու մեռած է մի տեսակ։ Ու կեղտոտ է։ Ոչ միայն փողոցները, այլև ամբողջ քաղաքը՝ մարդիկ, օդը, մտքերը։ Ես էլ եմ կեղտոտ էստեղ։

Սաթ ջան, կյանքումս չեմ մոռանա էս օրերը։ Ինչքան մարդ եք դուք...

Նաիրուհի
14.09.2011, 02:36
Էսօր էլի սպանում էի ժամանակս՝ երազելով բաներ, որ չեն կարող լինել։ Ու մի ամբողջ ֆիլմ նկարեցի մտովի։ Իմ ու քո մասին։ Ու էն երեխայի, որ կուզենայի մի օր ունենալ, որը մերը կլիներ ու քո չարաճճի, լուսավոր կանաչ աչքերը կունենար։ Ես երբեք էդ մասին չեմ խոսել։ Ու եթե նույնիսկ երբևէ կարդաս սա, չես գուշակի, որ մի ժամանակ մեջս զարթնած մայրական բնազդը քեզնով էր ուզում դրսևորվել։
Գնում եմ քնելու. գուցե էսօրվա երազածս երազի՞ս գա...

***
Տեսնես ինչի՞ց է, որ Ցոյն էսքան քնքշանք է արթնացնում մեջս։ Ուզում եմ գրկել ամբողջ աշխարհն ու լաց լինել։ Բայց հո գիտե՞մ, որ ամբողջ աշխարհն ուզում եմ գրկել, որ քեզ էլ հետը գրկեմ :oy


http://www.youtube.com/watch?v=RLN5KUTzZc0&feature=related

Նաիրուհի
20.09.2011, 23:42
Տե՜ր Աստված, ի՜նչ երջանիկ եմ։ Ինչպե՜ս եմ քեզ սիրում... Մինչև էս պահը դեռ չէի զգում, թե իրականում ինչ թանկ ես ինձ համար։ Երկի՜րս, Հո՜ղս, Աստվա՜ծս, միակ պաշտամո՜ւնքս...

Ուրիշ բան չեմ ուզում, միայն թե քե´զ համար ապրելու, քո ամենահասարակ քաղաքացին, քո սովորական զինվորը լինելու երջանկությունն ունենամ։ Միայն ամեն օր կարողանամ քեզ զգալ մեջս ու շուրջս, տեսնեմ՝ ինչպես ես ծաղկում։

Ուզում եմ քեզ գրկել, սեղմել սրտիս այնպես ամուր, որ ոչ մի քամի չդիպչի քեզ, որ սեփական մարմնովս պաշտպանեմ բոլոր գոյություն ունեցող ու չունեցող փորձանքներից։ Ուզում եմ քեզ արժանի լինել, արժանի լինել էն կապույտ անձնագրին, որն իմ հպարտությունն է ու միշտ հետս է...

Հայաստա՜նս... :love :love :love

Նաիրուհի
24.09.2011, 01:21
Վաղուց եսպես կարգին հիվանդանալու կարիք ունեի։ Էն որ ամբողջ օրը համարյա ի վիճակի չես լինում անկողնուց վեր կենալու, հազիվ երկու անգամ հասնում ես մինչև համակարգիչը։ Կարդում ես հանգիստ պառկած, գիրքը գրկած քնում ես, արթնանում ես՝ չհասկանալով, թե որտեղ ես, գլխացավ, գլխապտույտ, ջերմություն ունես, բայց ներքուստ ամենևին էլ վատ չես։

Վաղուց չէր եղել, որ առավոտից երեկո տանը մնայի ու էսքան հանգիստ լինեի. մտքովս էլ չանցներ, որ լիքը բան կարող էի անել էս ընթացքում։

Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում...

Չգիտեմ՝ վաղը կկարողանա՞մ տնից դուրս գալ, գոնե ջերմությունս կիջնի՞, բայց հեչ էլ չեմ մտածում։ Միայն մի բան է վատ. հիմա սեխ եմ ուզում, էն էլ տանը չկա... :(
Գնամ թեյս խմեմ ու պառկեմ... :love

Նաիրուհի
27.09.2011, 23:29
Ես կինո նայել սիրում եմ։ Բայց չեմ կարողանում նայել։ Գիրք կարդալ էլ եմ սիրում։ Բայց չեմ կարողանում կարդալ։ Պարել եմ սիրում։ Բայց էլի չեմ պարում ոնց պետք է :( Մշակութային քաղց :(
Տարօրինակ արարած եմ, չէ՞։
Երեկ մտա Ակումբի «Խորհուրդ եմ տալիս դիտել» թեման, ինքս ինձ համար ընտրեցի առաջիկա շաբաթվա համար 7 ֆիլմ։ Հիմա սկսում եմ նայել El secreto de sus ojos (http://en.wikipedia.org/wiki/The_Secret_in_Their_Eyes)-ը, վաղվա համար առանձնացրել եմ The Dreamers-ը։ Շաբաթվա ցանկիս մեջ են նաև WALL-E-ն, The Elephant Man-ն ու էլի 3 ֆիլմ։ Հաստա´տ նայելու եմ։

Նաիրուհի
28.09.2011, 23:46
Ինչքան գիտեմ՝ էսօր հետս որևէ արտառոց բան չի եղել։ Էդ դեպքում որտեղի՞ց մեջս էս անսովոր լույսը։ :esim

***
Էս խումբը քչերից է, որ ռուսական է, բայց ես լսում եմ ոչ թե մանկությանս հուշերի ազդեցությամբ, այլ իրոք հաճույքով։ Ու հա´, անունը կարևոր է։ Ո՞վ գիտե՝ իր հմայքի քանի տոկոսը կկորցներ խումբը, եթե անունն էսքան հարազատ չլիներ։


http://www.youtube.com/watch?v=MUyFS9kacgE&feature=share

Նաիրուհի
30.09.2011, 01:27
Էսօր Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունն ընդգրկող սկավառակի շնորհանդեսն էր։ Նախագծի վրա աշխատած թիմի ղեկավարը ներկայացնում էր կատարված աշխատանքը. այնքան տպավորիչ էր, որ կլորացած աչքերով ու լսողությւոնս լարած հետևում էի։ Ու ոչ միայն ես էի այդքան տարված։
Հասկացա, որ ցանկացած գնով ես այդ սկավառակն ունենալու եմ։ Բարեբախտաբար մոտս կար այդ 10.000 դրամը, ու հիմա այն իմ դիմաց է :love

Եկա տուն ու սկսեցի պատմել շնորհանդեսի մասին։ Երևի էնքան էի ոգևորվել, որ մամուկս ասաց.
-Հենց վաճառքում հայտնվեց՝ կառնեմ քեզ համար։-Ու տխուր ժպիտով ավելացրեց.-Ինչքան ժամանակ է՝ քեզ ոչ մի բան չեմ կարողացել նվիրել։

Մամ ջա՜ն... :kiss
***

Ինչ լավ է, որ մամուկս Ակումբ չի մտնում:hands։ Անակնկալս կստացվի։
Ախր ես դա գնեցի, որ ծնունդին իրեն նվիրեմ :love

Նաիրուհի
02.10.2011, 12:18
Զգացմունքներն անցնում են, իսկ զգացողությունները՝ ոչ։ :(

Նաիրուհի
16.10.2011, 18:51
Ուզում եմ, որ այս օրը մնա։
Ուրեմն իմ անունն աշխարհում ամենասիրունն է, երբ դու ես արտասանում։ Վերջին երկուսուկես տարվա մեջ առաջին անգամ... :love
Աչքիս դեռ չի անցել... :(

***


Երազիս մեջ ես ինձ տեսա քո աչքերով,
Քո աչքերով, քո աչքերով ճանաչեցի։
Երազիս մեջ ես մեռա ինձ անիծելով,
Երազիս մեջ ես ինձանից ամաչեցի։

Երազիս մեջ քեզ խղճացի հազար անգամ,
Հազար անգամ քեզ ներեցի երազիս մեջ,
Եվ զարմացա, ավելորդ է ասելն անգամ,
Թե ես ինչպե՞ս համբերեցի երազիս մեջ։


Երազիս մեջ համբերեցի։ Բայց արթնացա
Եվ հասկացա, որ վաղուց ես ինձ սպանել…
Ես մեկն էի, ինչպե՞ս է, որ երկու դարձա.

Միտք եմ անում… ու չեմ կարող լուսաբանել։

Նաիրուհի
21.10.2011, 23:29
Ինչո՞ւ ինձ հանգիստ չես թողնում։ Ախր քանի անգամ ինքս իմ մեջ որոշում ու հրաժեշտ եմ տալիս քեզ, հանդարտվում, գրեթե մոռանում։ Մի հիշեցրու ինձ քո մասին, էլի։ :( Տունտունիկ հո չի՞։ Մկան մահն է լինելու վերջը։


http://www.youtube.com/watch?v=SqUxeKZQ43c&feature=bf_next&list=LLKNo-Dtqw3n4El0XGXMetrQ&lf=autoplay

Նաիրուհի
22.10.2011, 22:03
Համարյա հոբելյանական

Ճահճում թպրտալով՝
Հուսահատ
Քեզ էի պարզել ձեռքս։

Քո ձեռքն էն վերջին կիսափտած ճյուղն էր,
Որ եթե հասնեի՝ կհաներ ինձ ափ։
Դու չորանում էիր. արմատներդ մեռնում էին,
Փրկեիր ինձ՝ կյանք կտայի քեզ։

Մի քանի անգամ մատներս շոշափեցին քեզ.
Համարյա բռնել էի,
Բայց ես ցեխոտ էի,
Ու դու նողկանքով ետ քաշվեցիր։

Հիմա դու շարունակում ես չորանալ,
Իսկ ճահճի երեսին պղպջակներ են։

Չեմ ուզում, որ չորանաս։ Ազնիվ խոսք, չեմ ուզում։

Նաիրուհի
26.10.2011, 01:05
էդպես էլ չկարողացա ռուսերենը սիրել, թեև մեկ-մեկ՝ որոշ բաներ կարդալիս կամ լսելիս, բավական հաճելի է։ Չէի կարծում, որ ընդամենը մի քանի անգամ լսելով կսիրահարվեմ ուկրաիներենին։ Ինչ-որ հարազատ ու գրավիչ բան կա էդ լեզվի մեջ։ Չբռնե՞մ սովորեմ, հը՞։ Ուկրաիներենի դասընթացներ, օնլայն ուսուցման կայքեր կլինեն երևի, չէ՞։
Մեկ էլ երեք-չորս օր է՝ էս երգը մտքիցս դուրս չի գալիս։ Ոչ թե Պոնոմարյովի, այլ հենց էս կատարումով :love


http://www.tubechop.com/watch/220959


Варто чи ні
Жити без тебе?
Я б полетів
З тобою в небо.
Я повернув би час назад
І сказав би так:
:love
Я люблю тільки тебе,
Богом дану мені.
Моє серце палає
У вогні, що ти дала мені,
Богом дана одна,
Моя лебідко кохана.

Նաիրուհի
03.11.2011, 04:38
ԵՍ ՀԱՐՈՒՍՏ ԷԻ

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի երազանքներով
Գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր։
Բայց դու երկնքի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի կապույտ թաշկինակ էր պետք
Իմ կապույտ–կապույտ
Արտասուքները սրբելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ վերհուշերի անհուն պաշարով
Գնել աշխարհի ծովերը բոլոր
Ու տալ քեզ նվեր,
Բայց դա ծովերի կարիք չունեիր,
Քեզ հարկավոր էր լոկ մի հայելի՝
Մազերիդ վրա
Մատներիս մեղքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Անվերջանալի իմ կորուստներով
Գնել Հարդագողն ու տալ քեզ նվեր։
Դու Հարդագողի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի խավոտ ուղեգորգ էր պետք՝
Վրան քանդակված
Իմ ոտնահետքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի տառապանքներով
Գնել յոթ աշխարհ,
Հայտնի և անհայտ մայրցամաքներով,
Ու տալ քեզ նվեր։
Դու մայրցամաքի կարիք չունեիր,
Քեզ մի ածու էր հարկավոր միայն
Իմ ցանած հերկը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի հղացումներով
Գնել յոթ հազար հավիտենություն
Ու տալ քեզ նվեր։ Բայց դու, հիրավի,
Հավիտենության կարիք չունեիր,
Քեզ մի մեղրամիս, մի մեղրատարի
Եվ մի արծաթե հարսանիք էր պետք,
Քո բախտի վրա և ուսիդ վրա
Իմ հասնող ձեռքը տեսնելու համար։


Ես հարուստ էի։ Եվ թվում էր, թե
Ինձանից հարուստն աշխարհում չկա
Ու չի լինելու։
Բայց դու ինձանից հարուստ դուրս եկար,

Դու, անհատնելի իմ հարստություն:

Սիրո՜ւն, սիրո՜ւն... Մաքրության ու սիրո պակասն ամենալավը Սահյանն է լցնում։
Մի անգամ դասախոսներիցս մեկը խոսում էր պարզի ու պարզունակի մասին, ասաց, որ Սահյանն էնքան պարզ է, որ որոշներն անգամ պարզունակ են համարում։
-Բայց մեծ բանաստեղծ է, չէ՞,-ճարտասանական հարց ուղղեց ու անակնկալ պատասխան ստացավ.
-Չէ։
Պարզվեց՝ մեր կուրսում մարդ կա, որ Սահյանին իսկի բանաստեղծ էլ չի համարում։ Էն ժամանակ լռեցի, հիմա փոշմանել եմ։ Ամեն անգամ Սահյան կարդալիս այդ դասն եմ հիշում...
Սահյան կարդալիս մի տեսակ ապրելս գալիս է։ :love
Ես Սահյան սիրում եմ։

***
Էս վերջերս անընդհատ Սահյանի, Ռուբեն Սևակի, Տերյանի ու «Ստալկերի» ֆիզիկական պահանջ ունեմ։ :oyՈ՞նց անենք...:8

Նաիրուհի
10.11.2011, 02:29
Էնքան ահավոր ու անսովոր է, երբ մարմինդ դժվար կառավարելի է դառնում մեկի մոտիկությունից...

Իսկ ես կհաղթահարեմ։

***

Էս վերջերս անհաղթահարելի է դառնում կարոտս։ Ո՞նց եմ ապրում առանց քեզ գրեթե երեք տարի։ Առանց քո ծիծաղի, առանց քո ձայնի, առանց քո լույսի...
Դու միշտ արդարացումներ էիր գտնում գոյությանս համար, իսկ ես հիմա չլինելուդ արդարացումները չեմ գտնում. հրեշտակներին ընկերանալը համոզիչ չէ։ Դու ավելի կատարյալ դառնալու համար դրա կարիքը չունեիր, դու երկրի վրա էլ էիր այդպիսին...
Էն, ինչ դու էիր սիրում, ինձ էլ սիրելի դարձավ։ Հիմա ցավում է, որովհետև գրեթե բոլոր մեծ սերերս քեզ են հիշեցնում։
Մի օր, միայն մի օր կարողանայի գլուխս նորից դնել ծնկներիդ ու լսել, թե ինչպես ես խոսում մինչև լույս, ինչ կախարդական աշխարհներ ես բացում։ Ու էլի զգայի, թե ինչքան ես սիրում ինձ։ Հարազատիդ պես...

Հարազա՜տս...

Նաիրուհի
12.11.2011, 16:48
Իմ պատուհանից այն կողմ գեղեցկագույն ձմեռ է իջնում, մե՜ծ-մեծ փաթիլներով ձմեռ; Բազմոցի վրա կծկված մռռում է Բոքոնիկս, ես պատուհանագոգին նստած «Сплин» (http://www.youtube.com/watch?v=MUyFS9kacgE&feature=player_embedded) եմ լսում ու վայելում փաթիլների փափկության զգացողությունը։ Մտածում եմ, որ Ջոնի՝ հարցազրույցի ժամանակ ասած մտքերից մեկին էդպես էլ չկարողացա վարկանիշ տալ, իսկ Ակումբի բոլոր օրագրերի մեջ միշտ հիշում եմ Ավետի օրագրի անվանումը՝ «Ես քեզ ցավ եմ պատճառւմ»։

Մեր գյուղի ձմեռն եմ ուզում...

Գերանկապ :8

Նաիրուհի
20.11.2011, 00:05
Մի զանգի, էլի։
Ահավոր դժվար է ամեն անգամ դիմանալ պատասխանելու գայթակղությանը։ :(

Նաիրուհի
25.11.2011, 01:09
Չեմ ուզում էսքան կախված լինել քեզնից, ծարավ լինել մի լավ խոսքիդ։
Բայց երեկ մի արտահայտությամբդ երջանկացա։ Երբեք ինձ շնորհակալություն չէիր հայտնել լավ մարդ լինելուս համար։ Իրոք ուզեցի լաց լինել, թեև կարողացա թաքցնել։
Ինչ ափսոս, որ նույն բանը չեմ կարող ասել քեզ։

***
Նույնիսկ ամենաչարացածս պահին չէի ուզենա, որ կարողանայիր բացել հոգիս ու տեսնել՝ ներսումս ինչ է կատարվում։ Չէի ուզենա, որ թեկուզ մի պահ կարողանայիր քեզ նայել իմ աչքերով։ Որովհետև այնքան կատեիր քեզ, որ ինքնասպան կլինեիր։

Նաիրուհի
02.12.2011, 01:02
Հիշեցի վերջին երկու սերերս։ Իրական կյանքում սերերս, էլի։
Հիմա մտածում եմ՝ ինչքան տարբեր են եղել էդ երկուսն իրենց բնույթով։ Մարդիկ չէ, իմ զգացմունքները։
Մեկին, ինչպես պարզվեց, իր համար էի սիրում։ Զգացմունքիցս շատ հեշտ հրաժարվեցի, որովհետև հասկացա՝ ես չեմ նրա երջանկությունը, իսկ ինձ պետք էր, որ նա երջանիկ լիներ։ Ու էնքան էլ շուտ անցավ սերս։ Հասկացա, որ ուղղակի մարդկային ջերմությունն էր մի փոքր կերպարանափոխվել, իսկ ես սիրո տեղ էի դրել։
Մի քանի օր առաջ իմացա՝ վերջապես գտել է իր արքայադստերը։ :love Էնքան ուրախ եմ։ Շատ են սազում իրար, էնքան, որ ես իմ «մայրական» օրհնությունն արդեն մտովի փոխանցել եմ նրանց։ «Երեխեք» ջան, ուզում եմ, որ միշտ էնքան երջանիկ լինեք ու էնպես իրար նայեք, ինչպես էն օրը, երբ առաջին անգամ ձեզ իրար կողքի տեսա՝ արդեն որպես զույգ։ Իդեալական եք իրար հետ... :kiss

***
Իսկ այ դու ինձ սարսափելի չարացրել ես։ Առաջին անգամ ես իմ զգացմունքը կյանքիս մեծագույն սխալն եմ համարում։ Քեզ ինձ նման ու ինձ համար էի սիրում, դրա համար էլ հիվանդության վերածվեց ի վերջո։ Զարմանալի բան. աղոթում եմ, որ մի վատ, սարսափելի վատ բան պատահի հետդ՝ ծանր վթար, հաշմանդամություն, հոգեկան լուրջ հիվանդություն, մահ... Կյանքումս ոչ մեկին նման բաներ չեմ ցանկացել, թեև էնքա՜ն վատ մարդկանց եմ տեսել։ Բայց դու մի ուրիշ սրիկան ես՝ երկու տարվա ցեց, հիվանդագին ու հիմարության գագաթնակետ մտքեր, դեռահաս աղջնակի նման լաց լինելով լուսացրած գիշերներ... Ու լրիվ անտեղի։
Հիմա մեջս սիրո կաթիլ անգամ չկա, բայց անտարբերության չի վերածվում։ Տեսնես ե՞րբ հետդ մի լուրջ դժբախտույթւոն կպատահի, որ մի քիչ սիրտս տեղն ընկնի...

Նաիրուհի
07.12.2011, 01:02
Զոհրապը մի նովել ունի՝ «Դիմակը»։

***
-Քեզ ի՞նչ է թվում, ես էս վերջին շրջանի իրավիճակին ո՞նց եմ վերաբերվում, ի՞նչ եմ զգում։
-Ասեմ։ Եթե մի բան ուղղակիորեն սեփական կաշվիդ չի առնչվում, դու դրա հանդեպ անտարբեր ես։ Ես էլ եմ էդ շարքից։ Մեր հարաբերությունները հայտնի չեն էն շրջանակներին, որոնց հետ անցնում է քո կյանքը։ Հետևաբար պետքդ էլ չի։
-Մի հարց տամ, էլի։ Երբևէ երազե՞լ ես սեփական կղզի ունենալու մասին։
-Հա, բայց անմարդաբնակ :)
-Լավ, մի բան էլ ասեմ։ Քրիստոնեությունն ուղղված էր Հռոմեական կայսրության դեմ։ Ու ինքն իր հավատը երկնքում ստեղծեց։
Call ended.

***
Հիմա խոստովանությո՞ւն մը, թե՞ հերքում մը։ :8

Նաիրուհի
09.12.2011, 04:46
Երբևէ հայտնված չլինեի ճամփիդ, իդեալիդ գտած լինելու պատրանքն ու դրա փշրվելու ցավը պատճառած չլինեի...

Երբևէ հայտնված չլինեիր ճամփիս, իդեալիս գտած լինելու պատրանքն ու նրա պատրանքը փշրելու ցավն զգացած չլինեի...
Կամ գոնե կյանքիս էդ անիծյալ երեք օրը եղած չլիներ...

Նաիրուհի
13.12.2011, 02:02
Տեսնես ինչի՞ց է, որ երբ «+»-ը երկուսիդ մասին էլ զզվելի բաներ է ասում, ուզում եմ, որ նրա մասին ասածները ճիշտ լինեն, իսկ քո մասին ասածները՝ ուղղակի չարակամություն :think

Նաիրուհի
13.12.2011, 02:14
Սկզբում ուզում էի «Անկապում» դնել, հետո եսասիրությունս հաղթեց։ Որոշեցի, որ ի´մ օրագրում է մնալու։


Ես մանրբուրժուական գրող եմ, և իմ տեսակետը միշտ եղել է մանրբուրժուական: Դա իմ մակարդակն է: Իմ ռակուրսը: Եթե ես չդառնայի գրող, ապա կցանկանայի դաշնակահար լինել որևէ գիշերային ակումբում: Այնտեղ ես կօգնեի սիրահարներին, որ նրանք էլ ավելի ամուր սիրեին միմյանց:
Իմ խնդիրն այն է, որ ինձ սիրեն: Դրա համար էլ ես գրում եմ: Ես շատ եմ վախենում, որ գոյություն ունի ինչ-որ մեկը, ով ինձ չի սիրում, և ես ուզում եմ, որ նա սկսի սիրել ինձ այս խոսքերի համար: Ես միշտ երազել եմ հորինել «օճառային» օպերաներ: Ինձ նման մարդկանց համար, ովքեր մի բան են ցանկանում՝ որ իրենց սիրեն կատարած գործի համար, «օճառային» օպերան վեպից ավելի արդյունավետ է: Ես փորձել եմ հեքիաթներ գրել, բայց բան դուրս չեկավ: Դրանցից մեկը ես տվեցի իմ որդուն, երբ դեռ փոքր էր: Նա հեքիաթն ինձ վերադարձրեց այս խոսքերով. «Հայրիկ, դու մտածում ես, որ երեխաները լրի՞վ բութ են»: Պետք է ականջալուր լինել երեխայի ձայնին, որը դու էլ եղել ես ինչ-որ ժամանակ և որը դեռ գոյություն ունի քո ներսում ինչ-որ տեղ: Եթե մենք ականջ դնենք մեր ներսի երեխային, մեր աչքերը կրկին կվերագտնեն իրենց փայլը: Եթե մենք կորստյան չմատնենք կապն այդ երեխայի հետ, չի խաթարվի նաև մեր կապը կյանքի հետ…

Գաբրիել Գարսիա Մարկես

Նաիրուհի
14.12.2011, 13:57
Երբ դու ցանկանաս արտասվել, կանչիր ինձ…
Ես չեմ խոստանում զվարճացնել քեզ, բայց ես կարող եմ արտասվել քեզ հետ:
Եթե երբևէ կցանկանաս փախչել, կանչիր ինձ…
Չեմ խոստանում տարհամոզել, որ դու մնաս, բայց ես կարող եմ փախչել քեզ հետ:
Եթե մի օր չցանկանաս ընդհանրապես լսել որևէ մեկին, կանչիր ինձ…
Ես խոստանում եմ գալ հանուն քեզ ու խոստանում եմ, որ լուռ կմնամ:
Բայց եթե մի օր դու կանչես ու ես արձագանք չտամ, խնդրում եմ, շտապիր ինձ մոտ:
Հավանաբար այդ պահին ես քո կարիքն ունեմ անչափ:
Մի քայլիր իմ առջևից,- ես կարող եմ նաև չհետևել քեզ:
Մի քայլիր իմ ետևից,- ես կարող եմ նաև չառաջնորդել քեզ:
Բայց քայլիր իմ կողքին: Եվ եղիր իմ ընկերը: (http://hovikcharkhchyan.wordpress.com/2011/12/06/կանչիր-ինձ/)

Երեկ ինձ հետ քայլում էր և իմ ընկերն էր մեկը, ում հազիվ եմ ճանաչում։ Բայց նրա մի ջերմ խոսքը քո հազար տարվա գոյության հետ չեմ փոխի, որովհետև ինչքան խորը ճանաչեցիր ինձ, էնքան բարձրից թքեցիր հոգուս մեջ։
Իսկ էն մարդուն, ով քայլեց հետս երեկ, վստահում եմ շատ ավելի, քան քեզ։ Համենայն դեպս՝ քանի ինձ շատ չի ճանաչել ;)

Նաիրուհի
17.12.2011, 14:38
Արևուկս...

Գիտեի, որ դժվար է լինելու առանց քեզ, բայց որ էսքա՞ն... :(
Կարծես մի մասս կտրած լինեն ինձնից։ Դատարկություն է շուրջս ու ներսումս։
Աչուկներդ, թաթիկներդ, ջերմությունդ, չարաճճիություններդ... Ձագուկս... :(

Նաիրուհի
23.12.2011, 02:29
Տխուր է, երբ կերածդ ընկույզի քանակի մասին կճեպներով են դատում։ Հատկապես որ դրանց կեսից ավելին փուչ է եղել...

Նաիրուհի
25.12.2011, 14:51
Ըհը, մամուկիս ապագա փեսան եզրափակչում է արդեն :love
Նոր տարուն ինձ նվեր կանե՞ս, Օլեհ ։լօվէ


http://www.youtube.com/watch?v=p0oFytZxtPk&feature=related

Հա ի՞նչ։ Չխնդաք վրաս. լուրջ սիրահարվել եմ :oy

Նաիրուհի
28.12.2011, 03:18
Թող էսօրը մնա։ Կեսգիշերային Երևանի տեսարանը Կասկադի վերևի աստիճաններից, կողքիս գոյությանդ ու ջերմությանդ առկայության զգացողությունը, Հաղթանակի այգու սառած ծառուղիներն ու քո կիսատ համբույրը...
Ավել բան չեմ ուզում։

Նաիրուհի
29.12.2011, 00:03
Մի քանի օր առաջ շատ վատ էի։ Իսկապես վատ էի։ Ու հետն էլ նեղացրի շատ հարազատ մարդու, ու մինչև հիմա լիարժեք բարիշել չի ստացվում։
Պատճա՞ռը։ Պատճառը չանկեղծանալու ցանկությունն էր։
Երևի չի հասկանում ինձ կամ չի հավատում։ Որովհետև էնքան եմ անկեղծացել հետը, որ ավելին դժվար է անգամ պատկերացնել։ Ինձ համար դժվար չի խոսել էն բաների մասին, որոնք աղջիկները սովորաբար նախընտրում են գաղտնի պահել։ Որովհետև իրականում սրտային խնդիրները, համենայն դեպս դրանց էն մասը, որոնց մասին խոսում եմ, ինձ գրեթե չեն հուզում։ Դա հաստատ ողբերգություն չի։
Իսկական խնդիրներն ու ողբերգությունները նրանք են, որոնց մասին չեմ խոսում։ Ինչքան էլ մտերիմ մարդ լինի։ Դրանց մի քանի տոկոսը միայն մամուկս է իմանում, մնացածն իմն են, ու չեմ խոսում դրանց մասին։
Թող ոչ ոք չնեղանա։ Մարդկանց հիմնականում անձնական-սրտային ապրումներն են հետաքրքիր, չէ՞։ Դե դրանց մասին կարող եմ խոսել ինչքան ուզեք։ Երկուսս էլ գոհ կլինենք։ Բայց ոչ մեկդ մի պահանջեք, որ խոսեմ էն բաներից, որոնք ինձ իրականում են ցավ պատճառում, որոնց համար իրոք վատ եմ զգում կամ ամաչում, որոնց պատճառով գրեթե հնարավոր չի լինում տրամադրությունս բարձրացնել։
Որովհետև էդ իրական, ներքին խնդիրների մեջ ոչ մի ռոմանտիկ, սիրուն, էսթետիկական հաճույք պատճառող բան չկա։ Ու պետք չէ փորձել իմանալ մարդու իսկական խնդիրների մասին, եթե իհարկե չես ուզում մերկ հոգի տեսնել իր ողջ զզվելիությամբ։
Ու չհամոզեք ինձ, որ ինչ-որ հոգի էդ մերկ վիճակում սիրուն է։ Միշտ էլ կիսամերկն ավելի հաճելի է նայվում։ Նույնիսկ ամենաանմիջական մարդու անկեղծությունն առնվազն ճիշտ ընտրված ներքնազգեստ է՝ որոշակի թերություններ թաքցնող ու բարեմասնություններն ընդգծող։
Նորմալ է։ Ես ձեր մերկությունը չեմ ուզում տեսնել ձեր ցանկացածից ավելի, դուք էլ ինձնից մի նեղացեք։ Դա լավ կամ մտերիմ ընկեր լինելու հետ ոչ մի կապ չունի։

Նաիրուհի
29.01.2012, 03:24
Եռաբլուրում առաջին խոնարհումս միշտ Մոնթեինն է։ Այսօր երկուսիս փոխարեն էր՝ իմ ու հեռվում գտնվող եղբորս։ Ամեն տարի տեսածս առաջին ձնծաղիկները մայրիկիս եմ նվիրում։ Էս տարի բացառություն էր. առաջին փունջը հերոսներին տարա։ Աղոթեցի ու շնորհակալություն հայտնեցի երկուսիս փոխարեն ու գնացի մյուս տղերքին բարևելու։
Մութ էր արդեն։ Համարձակ աղջիկ եմ, բայց դե վախենում էի մի քիչ, որովհետև մենակ էի, որովհետև մութ էր շիրիմների միջև, իսկ ես էսօր ուզում էի անպայման հենց մեկին գտնել հազարավորների մեջ։ Հիշում էի տեղը, շիրմաքարը, բայց մութ էր, հեռվում տղամարդկանց ձայներ էին լսվում, քամի էր ու ցուրտ, ծաղիկներ էին բերել տղերքին, ու քամուց խշխշում էին ցելոֆանները, որոնցով ծաղիկները փաթաթված էին։ Ես առանց ակնոցի կարողանում էի միայն անորոշ ուրվագծեր նշմարել, ու մի քիչ վերև էի փնտրում նրան, ում ուզում էի գտնել։ Չէի համարձակվում հեռախոսովս լուսավորել տղերքի դեմքերը՝ նրան գտնելու համար. ամաչում էի, թվում էր՝ կվիրավորեմ նրանց։
Զանգեցի ընկերներիցս մեկին, հասկացա, որ ճիշտ եմ հիշում, մի քիչ էլ իջա ցած ու մեքենայորեն քայլերս ուղղեցի դեպի անկյունի շիրմաքարը։ Լույսի կարիք չկար տաք հայացքը ճանաչելու և հասկանալու համար, որ գտել եմ...Քարից ժպտում էին երբևէ տեսածս ամենասիրուն աչքերը։ Անունը, անվան տակ՝ հարազատ զինանշանը... Էսօր հատուկ մոտդ էի եկել, Մհեր, օրհնանքդ էր պետք երևի։
Նստեցի քարին ու միանգամից զգացի, թե ինչպես է երակներովս ջերմություն տարածվում, ինչպես է մինչև ոսկորներս սողոսկած դողը չքվում, ինչպես են անհետանում վախն ու անհանգստությունը։
Երևի ժամերով կմնայի ու չէի էլ զգա, որ ցուրտ է, որովհետև հարազատիս կողքին գտնվելու ապահովության զգացողությունն ունեի...
Հանգստացած, պաշտպանված ու ուժեղ դուրս եկա անմահերի աշխարհից ու իջա հասարակ մահկանացուների մոտ՝ հետս մի բուռ լույս վերցրած։ Մոնթեի, Արթուրի, Պետոյի, Թաթուլի, Վարդանի, մյուս հազարավոր տղերքի ու հատկապես Մհեր Ջուլհաջյանի տաք հայացքի լույսը...
http://a8.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/407621_3189356374312_1277919740_3485586_1471781897_n.jpg
Աշխարհի ամենատաք աչքերը-Մհեր Ջուլհաջյան

***
Դու, միակ մարդ, ում հետ կուզեի էսօր գնալ Եռաբլուր, միակ մարդ, ում հետ կուզեի ծնունդիս օրը գնալ Ծիծեռնակաբերդ, ում հետ կուզեի ապրել էն ամենը, որ մենակ եմ սիրում ապրել, բայց էնքան հարազատ ես դարձել, որ ուզում եմ կիսել հետդ, միակ մարդ, ում ես երբեք չէի զանգի և առաջարկի գալ հետս, որովհետև ինքդ պիտի գայիր՝ առանց իմ ասելու, ՄԻԱԿՍ, ինչքա՞ն ես կողքիս լինելու, ինչքա՞ն ես կիսելու հետս էն ամենը, ինչ սիրում եմ, որ ինձ էսքան մենակ թողնելուդ մեղքը քավես...

Նաիրուհի
21.02.2012, 03:45
Թեժ օր է լինելու։ Հայրենիքիս ոստիկանները վարձահատույց են լինում իրենց մարդու տեղ դնելու համար, վաղն ավելի ջերմ միջոցներով վարձահատույց կլինեն։
Աստված ջան, 20 տարում ոչ մի բան չփոխվի՞... Ֆենոմեն ենք...


http://www.youtube.com/watch?v=-ws29VvO5FE&feature=related

Մենակ թունդ հայհոյելն է օգնում։ Գնամ քնեմ, առավոտը ուժ է պետք գալու։
ԱՆՆԱՍՈՒՆՆԵ´Ր :angry:[

Նաիրուհի
25.02.2012, 03:37
Ասեմ։
Արև եմ գտել, մարդու կերպարանքով արև։ Ջերմ, տաք, լուսավոր, մարդկային արև։ :love
Չէ, դեռ չեմ սիրահարվել, բայց էդ ճանապարհին եմ :oy, որովհետև նրա լույսն անընդհատ զգում եմ ու կարոտում։ Չգիտեի, որ էդ տեսակը դեռ կա, որ ես երբևէ կհանդիպեմ նման մեկին։ Վերջին լուսավոր մարդուն 3 տարի առաջ կորցրի, ու էդ դատարկությունը չի լցվում։ Բայց նրա տեսակը շարունակվում է փաստորեն...

Նաիրուհի
01.03.2012, 14:48
Ամեն անգամ տանը հիմնավոր մաքրություն անելիս էնքան թղթեր եմ գտնում՝ ով գիտե՝ որ ժամանակից մնացած։ Վատ սովորություն ունեմ՝ ոչ մի բան դեն չեմ գցում, քանի դեռ պահելու էլ ոչ մի հնարավորություն չի մնացել։
Էսօր մի քանի թղթի կտոր գտա՝ մի քանի տող խզբզած, առանց ամսաթվի, առանց որևէ հուշող բանի։ Խնդալու է. սիրային խզբզանքներ են, բայց չեմ հիշում՝ որն ում մասին է :lol :oy Հա, էդպես էլ բանաստեղծություն չեն դարձել ու էլ չեն էլ դառնա, քանի որ իսկի չեմ հիշում՝ ում մասին էի գրում կամ երբ ։Դ

***

Եվ արևի մահվան վերջին ժպիտի մեջ
Քո ժպիտն էր
Միայն մի օր
Դու... արևը... ճանապարհը...
Դու կորար։ Թե՞ կորցրեցի քեզ։
Եվ հիմա դու ի՞մն ես, թե՞ դեռ (ընդմիշտ) կորած ինձ համար։
Հա, երևի... չէ...
Միայն մի բան գիտեմ. ինձ պետք է, որ դու լինես,
Որ լսեմ քեզ,

***

Հա լավ, վերջն ո՞վ էր. արևի ու ճանապարհի հետ կապված մի հիշողություն կա, բայց էդ էնքան վաղուց էր, ու բացի էդ էլ դժվար էդ մեկի մասին սա գրած լինեի, որովհետև սովորաբար զգացածս նույն պահին եմ գրում, իսկ էդ ժամանակ հաստատ թուղթ ու գրիչ չունեի։

Նաիրուհի
20.03.2012, 10:57
Չուզեցի՝ էս գրառումս Ֆեյսբուքում էդպես էլ կորչի։ Էստեղ էլ եմ ուզում դնել. իմ իսկական անձնական տարածքն է օրագիրս։

***


Ես առաջ լավն էի, գիտե՞ս։ Լուրջ՝ լավն էի։
Ուղղակի միշտ ինձնից կտորներ են պոկվում։ Ես կորցնելու տաղանդ ունեմ։ Չե՞ս հավատում։ Միշտ կորցնում եմ, տանուլ եմ տալիս, ու դրանից ինձնից էլ են մասնիկներ պոկվում։ Կամաց-կամաց կիսատվում եմ, պակասում, անհետաքրքիր դառնում։ Ափսոս չե՞մ ախր։
Ըհը, հիմա էլ եմ էդ ճանապարհին։
Ամեն կորստի հետ փոքրանում եմ, արժեզրկվում։ Չեմ ուզում էդպես։ Ամեն մեկին իմ մի մասն եմ զոհաբերում, ու կգա մի օր, երբ ինձնից բան չի մնա. միայն քայլող դատարկ պատյանս երևի։
Ափսոս չե՞ս, որ քեզ էդպես կիսատված, դատարկված եմ հասնելու։ Ինչքան ուշ գտնես ինձ, էդքան կհիասթափվես։ Ու արդյունքում ես էլի մենակ կմնամ, որովհետև մեղավոր կզգամ քեզ էդքան աղավաղված, խեղված հասնելուս համար։ Որովհետև ուզում եմ իմ մեջ ամեն ինչ հնարավորինս ամբողջական, մաքուր, սիրուն պահել, որ քեզ էդպիսին հասնեմ, որ քեզ տամ էն, ինչին արժանի ես, որ ամեն, ամեն ինչ քեզ տամ։
Հերթական գտնել-չգտած կորցնելու շեմին էլի ջարդվում եմ, որովհետև չեմ ուզում, որ էլի մեկը քո սեփականությունից բաժին թռցնի...
Ափոսոս եմ, ափսոս ես, ափսոս ենք, օգնի, որ էս անգամ պահեմ ինձ քեզ համար, որ էս անգամ ոչ ոք չպղծի մաքրությունս, էլի քար չգցի հանդարտությանս մեջ, հատակի տիղմը վեր հանի ու անհետանա։
Քեզ համար եմ պահում, քեզ համար եմ հետաձգում ապրելս, քեզ համար եմ հիմա ուղղակի գոյություն քարշ տալիս, որ միասին ապրենք։ Կգնահատե՞ս գոնե...

Նաիրուհի
02.04.2012, 01:52
Առաջին գիշերն է, որ երեխեքն այգում են, իսկ ես՝ տանը։ Ասացին՝ հերթափոխով մնանք, ուժերս խնայենք, որովհետև կարող ենք ուժասպառ լինել ու շարքից դուրս գալ էն ժամանակ, երբ իսկապես պետք կլինենք։
Հոգնած եմ կիսաքուն գիշերից, լիքը մտածմունքներից, խնդիրներից։
Բայց համ էլ նորից լիցքավորված եմ, որովհետև երկու օր է՝ այգում մեր կողքին պայքարում է էն մարդկանցից մեկը, ում անչափ շատ եմ հարգում, սակայն երբեք չէի մտածի, որ նման միջավայրում կտեսնեմ իրեն։ Չէի մտածի, որ Արցախում մի քանի անգամ վիրավորված, պատերազմից հետո ամբողջովին գիտությանը նվիրված էդ մարդը մի օր ապամոնտաժող բրիգադի սաղավարտով ու հագուստով կկանգնի այգում։

Ու նա քո´ եղբայրն է՝ երկու օր աչքիս առաջ։
Կարոտը խեղդում է։ Գիտեմ՝դու էլ կգայիր, ուղղակի չհասցրինք ապրել էս օրը, ու հիմա միայն վերևից օգնող հայացքդ զգալով եմ յոլա գնում, մի կերպ ինձ հույս եմ տալիս, հարազատս, ընկերս...

Նաիրուհի
24.04.2012, 15:39
Իմ սիրած նախագծերից մեկն է դառնում արդեն էս «Rap Լուրեր»-ը։ Էսօր էլ անտարբեր չմնացին։ Ու ինձ դուր եկավ. սրտով, լավ աշխատանք են արել, ամեն ինչ չափի մեջ ու ոնց որ թե անկեղծ։



Միլիոն ու կես գարուն, որ չտեսան ամառ,
Միլիոն ու կես ծառեր, որ չդարձան անտառ,
Միլիոն ու կես բողբոջ չորացան կարծես,
Ամեն մեկիս մեջ արմատներ կան միլիոն ու կես...

Մենք այսօր նրանց հետ ենք, և դու, և ես,
Մենք մեզ զգում ենք տասնմեկ միլիոն ու կես...


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=0q6LtVKYCJk

Նաիրուհի
26.04.2012, 02:52
Սիրուն պոեզիա, սիրուն, տանջամահ անող բանաստեղծություն... Գիշերով քունս էլ փախավ. էլի մինչև լույս կհիշեմ ու նորից կերազեմ անկատար մնացած երազներս։ Ու կաղոթեմ, որ վերջին գիշերս լինի քեզնով լցված, որովհետև գալիս ես լուսնի հետ, անքնությանս տանջալի ամիսներն էլի կենդանանում են, ու պատճառածդ ցավին կարոտելս եմ զգում։


Պաբլո Ներուդա. Ես կարող եմ գրել ամենատխուր տողերը այս գիշեր




Ես կարող եմ գրել ամենատխուր տողերը այս գիշեր:


Օրինակ` գրել. <<Գիշերը ջարդուփշուր եղավ,
Ու հեռվում կապույտ աստղերը դողացին>>:


Երկնքում պտտվում է գիշերվա քամին ու երգում:


Ես կարող եմ գրել ամենատխուր տողերը այս գիշեր:
Ես սիրում էի նրան, երբեմն նա էլ ինձ էր սիրում:


Այս գիշերվա պես գիշերներին ես գրկում էի նրան
Ու համբուրում էի կրկին ու կրկին անվերջանալի երկնքի ներքո:


Նա սիրում էր ինձ, ու երբեմն էլ ես էի սիրում նրան,
Ինչպես չսիրել նրա աչքերը մեծ, որ նայում էին անթարթ ինձ:


Ես կարող եմ գրել ամենատխուր տողերը այս գիշեր:
Մտածել, որ չունեմ: Զգալ, որ կորցրեցի:


Եվ լսելու համար այս աժդահա գիշերը, որ առանց նրա թվում է վիթխարի:
Ու բանաստեղծությունն ընկնում է հոգուս մեջ, ինչպես ցողը` խոտին:


Եվ կարևոր է արդյոք այն, որ իմ սերն անկարող գտնվեց`
պահելու նրան իմ կողքին: Աստղազարդ է գիշերը, ու նա իմը չէ:


Ահա և ամբողջը: Հեռվում մեկը երգում է: Շատ հեռվում:
Առանց նրա դժբախտ է իմ հոգին ու կորստյան մատնված:


Հայացքս անվերջ որոնում է նրան,
Սիրտս նրան է փնտրում, ու նա իմը չէ:

Նույն ճերմակող գիշերն է, նույն ծառերը,
Միայն մենք նույնը չենք, այլևս նույնը չենք:


Այլևս չեմ սիրում նրան, ճիշտ է, բայց ինչպես էի սիրում ես նրան:
Ձայնս փորձում է թափանցել քամու մեջ` շոշափելու ականջը նրա:


Ուրիշինը: Ուրիշինը կլինի նա: Ինչպես իմ համբույրներին էր
պատկանում նախկինում: Նրա ձայնը: Մարմինը լուսե: Աչքերը անսահման:


Այլևս չեմ սիրում նրան, ճիշտ է, բայց գուցե դեռ սիրում եմ նրան:
Ինչ կարճ է տևում սերը, իսկ մոռացումը` երկար:


Այս գիշերվա պես գիշերներին ես գրկում էի նրան:
Առանց նրա ես կորցնում եմ իմ հոգին:


Բայց սա նրա պատճառած վերջին ցավն է, որից տառապում եմ այսքան,
Ու սա էլ վերջին տողն է, որ գրում եմ հիմա:




անգլերենից թարգմ. հասմիկ սիմոնյանը

Նաիրուհի
03.05.2012, 09:54
Ինքնահաղթահարումի ու վերածնումի օրեր...
Երբ երկու շաբաթ առաջ լսեցի դեպի Արցախ արշավի մասին, որը բավական բարդ էր լինելու ու մի քանի օր էր տևելու, միանգամից կողքի դրեցի բոլոր կիսատ գործերս, թեզս, որին հանձնելուն հաշված օրեր են մնացել, ու խնդրեցի, որ ինձ էլ թույլ տան մասնակցել։

Ու չնայած նախապես ասվել էր, որ ահագին դժվար է լինելու, ու ես էլ կասկածում էի, թե ի վիճակի չեմ լինի մինչև վերջ դիմանալու, մեկ է՝ պնդեցի, որ գնամ։ Ուզում էի ստուգել սեփական ուժերս, դիմացկունությունս, կամքս, խմբի հետ ճանապարհ անցնելու կարողությունս։

Բայց եթե էդ ժամանակ ինձ ասեին, թե մոտ 25 կգ. քաշով ուսապարկը շալակիս, թաց կոշիկներով երկու օր կքայլեմ ձյուների միջով, մի քանի կիսասառակալած գետ կանցնեմ, գիշերն առանց վրանի կմնամ անձրևի տակ, կարևահարվեմ ու կվառվեմ լեռնային քամուց, արևից, օդից ու ձյունից, առանց կրակ վառելու գիշեր կլուսացնեմ ձյան, քամու ու անձրևի տակ, քարերի մեջ առանց քնապարկի՝ ուղղակի ընկերներիս փաթաթված, առավոտյան վեցին վեր կկենամ ու կսկսեմ քայլել երեկված սառած ու թաց կոշիկներս հագնելով թաց գուլպաներով, որ աչքիս առաջ ընկերուհուս գետը կտանի, ու տղաները հազիվ կփրկեն, որ կքայլեմ օրական 14-15 ժամ Արցախի սարերն ի վեր, կքնեմ մի 3-4 ժամ ամենաշատը, արջ կտեսնեմ, գրեթե ոչինչ չեմ ուտի էդ օրերին, կխմեմ ուղղակի քարերի փոսերի մեջ հավաքված ձնհալի և անձրևի ջուրը, ցանկացած հոսող ջուր ընդհանրապես, հազար ու մի ուրիշ փորձություններ կանցնեմ ու էդ ամենից նույնիսկ չեմ հիվանդանա ու որևէ մեկից պակաս հաջողությամբ չեմ հաղթահարի ամեն ինչ, ես ուղղակի կծիծաղեի ասողի վրա։ Ու չգիտեմ էլ՝ կհամարձակվեի՞ գնալ, եթե անցածիս գոնե 10 տոկոսը պատկերացնեի նախապես։

Բայց հիմա էստեղ եմ՝ էս զզվելի քաղաքի փոշու ու շոգի մեջ, ու զգում եմ, որ ևս մի քանի հարյուր կիլոմետր պատրաստ եմ քայլել նույնքան դժվար պայմաններում, մենակ թե էլի մոտենամ բնությանը, էլի ինձ էդ ամենի մի մասնիկն զգամ, մենակ թե հինգ օր տևած էդ հրաշքը նորից վերապրեմ, էդ մարդկային ջերմությունը, հարազատությունը, ընկերությունը չկորցնեմ, ինձ իրոք բնության զավակ, բնության ստեղծագործություն զգամ,


սեփական ամենակարողությունս գիտակցեմ։

Ու կարևորը՝ էլի հասկանամ, որ ես հինգ օր ոչ թե կռիվ էի տալիս բնության դեմ, որ ապրեմ, այլ հասկանում, զգում, սիրում էի նրան, ապրում հետն ու քայլ առ քայլ գնում առաջ, դրա համար էլ մենք օգնեցինք իրար, ոչ մի վնաս չտվեցինք, ու էսօր մենք մի ենք՝ ես ու բնությունը...

Նաիրուհի
05.05.2012, 10:00
Մեկը հարցնի՝ ինչի՞ ես պահում էդ ընկերուհուդ, եթե գոնե քեզ լսել չի կարողանում: Մի քանի ամիս հետդ չեմ խոսել, ու ինչքան էլ չես ուզում ցույց տալ, մեկ է՛ երևում է, որ ուղղակի իմ լսելուն ես կարոտել: Էն էլ ո՜նց ես կարոտել...
Ըհը, էլի զանգի, ես մենակ զանգիդ կպատասխանեմ ու կասեմ, որ լավ եմ, մնացածն ինքն իրեն կգնա... Թողնեմ՛ ամբողջ գիշերը կխոսես՛ մենակ ընթացքում մի քանի անգամ ճշտելով՛ քնա՞ծ եմ, թե՞ չէ: Ի՞նչ անեմ հետդ: Ինչ կար՛ անցավ, մենակ հիշողություններով ընկերություն չես պահի, բայց խիղճս չի տանում քեզ էսպես թողնելը: Ո՞նց օգնեմ, որ քեզնից հեռու հանգիստ լինեմ քեզ համար, իմանամ՛ լավ ես, կարիքս չունես բոլորովին, որտեղի՞ց քեզ լսող գտնեմ...

***

Երազանքները կատարվելու սովորություն ունեն, դրա համար էլ հնարավորինս կոնկրետ երազեք, ժողովուրդ, թե չէ ինձ նման ապուշի վիճակում կհայտնվեք: Գրեթե բոլոր երազանքներս իրականանում են, բայց հենց էն ուղղակի տեքստով, որով երազում եմ. էդ անտերը ենթատեքստը չի հասկանում...
Մի անգամ Ապրեսն էր պատմում, թե Հիմալայներում երազանք է պահել, որ Հայաստանը բարգավաճի, եկել է ու իմացել, որ ԲՀԿ-ն է ստեղծվել :lol

Նաիրուհի
16.05.2012, 01:01
Հիմա հասկացա... Երկու տարվա տառապանքն արժեր ապրել էս մի քանի ժամվա համար։ Ես վարձատրված եմ լիովին, երջանիկ եմ կարելիից ավելի, հանգիստ եմ, թեթև...
Երբեք էսօրվա նման երջանիկ չեմ եղել՝ ուղղակի պահով, առանց մտածելու հետոյի մասին, առանց այդ հետոն կարևորելու...

Նաիրուհի
16.05.2012, 10:09
Անսովոր ու անպատկերացնելի զգացողություն էր։
Զգալ, որ միաժամանակ երկու մարդու հավասարապես սիրում ես։ Ավելի ճիշտ՝ մեկին սիրել ես ու սիրում ես, մյուսին սիրում ես ու սիրելու ես։ Ու մեջդ ոչ մի կաթիլ ցավ, դառնություն, անգամ թախիծ չունենալ։ Ապրեցի դա։ Իսկ ինձ անհնար էր թվում...
Պիտի պահեմ միշտ երեկվա օրը, մինչև կյանքիս վերջը պիտի հիշեմ։
Խառը ապրումների օր էր, որ խոստանում էր լինել վատագույններիցս մեկը, բայց վերջում երջանկագույնը դարձավ։
Վերածնվել եմ, հասկանո՞ւմ եք, նոր մարդ եմ էսօր արդեն... :love

Նաիրուհի
25.05.2012, 00:36
Ապերս ավարտում է։
Խառը, հակասական զգացումներ ենԼ Մի կողմից՝ ուռա՜, «Վերջին զանգ» է ի վերջո, մյուս կողմից՝ ուռա՜, վերջապես ավարտվում է եղբորս համար չափազանց երկար՝ տասներկու տարի տևած մի շրջան, մյուս կողմից՝ ո՞նց թե, իմ պուճուր ապերն արդեն ավարտո՞ւմ է...

Պահի տակ գիտակցում եմ, որ դպրոցական լինելը հաճախ թույլ չի տվել, որ եղբորս իրական տարիքն ընկալեմ. հիմնականում որպես փոքրի եմ նայել, մինչդեռ իրենից փոքր, բայց արդեն ուսանող շատերին ավելի մեծ եմ համարել։
Է՜հ, չգիտեմ, չգիտեմ...

Դժվար է հաշտվելը, հասկանալը, որ ապերիկս վաղուց արդեն մեծ տղա է, չափահաս, թեև նոր է ուսանող դառնալու։ Ու ամենաշատն ուրախ եմ, որ ուսանողական կյանքն առիթ է լինելու, որ մեր աշխարհներն ավելի մոտենան, ավելի շատ շփվենք իրար հետ, նորմալ ճանաչենք, որովհետև հիմա ինքն իր աշխարհում է, ես՝ իմ, ու էնքան քիչ են հատվում էդ աշխարհները։

Բայց իմ ապերիկն է, իմ հպարտությունն է, իմ պուճուր, բայց ուժեղ, լուրջ, բարի, պետք եղածից մի քիչ ավելի համեստ, բայց շատ խորունկ ու նպատակասլաց, երազող, բայց հազարից մեկ դրա մասին խոսող իմ Վալոկը... :love

http://i.imgur.com/CY3X3l.jpg

Նաիրուհի
08.06.2012, 10:06
Ինչ լավն է էս երգը :love Գիշերվանից լսում եմ, ու մեջս մի տեսակ բարություն է մտնում։ Ոնց որ դեռ ինչ-որ բաներ կարողանում են զգացմունքներ արթնացնել մեջս :)


http://www.youtube.com/watch?v=x_OvChVKrP0

Նաիրուհի
30.07.2012, 03:13
Ընտրովի, յոթհարկանի ծանր հայհոյանքների իմացության պակաս եմ զգում։

***
Արցախում կռված, մի քանի անգամ վիրավորված գիտնականին հասկացնում են, որ դադարեցնի մասնակցությունը ցանկացած քաղաքացիական շարժման, քանի որ նրա 18-ամյա տղան բանակում է՝ իրենց ձեռքում։
Էսքան տարի բոլոր անհաղթահարելի դժվարությունները հաղթահարած ու Հայաստանում մնացած մարդն առաջին անգամ ասում է, որ հենց տղան զորացրվի՝ ընտանիքով գնալու է էստեղից։ Ու ես վախենում եմ անգամ պատկերացնել, թե ինչքան ջարդված է էդ մարդը, որ նման բան է մտքով անցկացրել։

Ուզում եմ հիմա գրկել էդ մարդուն ու ասել, որ էս էլ կանցնի, որ իր անցած փշոտ ճանապարհին մի լրացուցիչ դարանը բան չի փոխում, որ «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան», բայց ո՞վ եմ ես...
Նման մի բան զգացի, երբ մեկ ուրիշը, էլի ազատամարտիկ, ինձ փորձում էր համոզել, որ մենք իզուր ենք պայքարում. էս երկրում ոչինչ չի փոխվելու։ Սյունիքում իր հայրենի գյուղը դատարկվել էր, տղաները գնացել էին Ռուսաստան, ու ինքն էլ էր պատրաստվում գնալ։ Երբ սկսեցի քարոզ կարդալ, ասաց, որ կռվել է, որ քիչ ճանապարհ չի անցել մինչև էդ մտքին հանգելը։ «Էս թուրքը չի, է՜, որ դնեմ ճակատից խփեմ։ Ես հայի դեմ կռվել չեմ կարա. հայը թիկունքից է խփում։ Դու Լիսկի դեմ բան կարաս անի՞լ, աղջիկ ջան։ Խաչատուրովի դեմ բան կարաս անի՞լ։ Գիշերով կգան երեխիդ տեղերիցը կհանեն, էնպես կկորցնեն, որ հետքն էլ չես գտնիլ։ Միակ փրկությունը Ռուսաստան գնալն է»։
Դեռ էն ժամանակ մի քանի օր ուշքի չէի գալիս։ Ի՞նչ ասեի ես էդ մարդուն։
Կոտրված, հիասթափված հասուն տղամարդուց ավելի ահավոր բան երևի չկա։ Նայում ես՝ առնվազն քո երկու տարիքն ունի ու քո անցածի հազարապատիկն է անցել, գիտակցությունն էլ ոնց որ թե տեղն է, ու քանի որ շատ բան է անցել կաշվի վրայով, էլ չես կարողանում ավանդական մեղադրանքներդ ու փաստարկներդ շարադրել։

***

Ասում են՝ բեմում իրեն ռոբոտի պես է պահում։
Էս տղային մի քանի անգամ կենդանի լսել եմ։
Էն խորությունը, էն զգացմունքը, որ նա է կարողանում դնել իր կատարումների մեջ, էդ տարիքի ոչ մի կատարողի մոտ չեմ զգացել։ Էն ժամանակ դեռ մեկ-երկու տարի էլ փոքր էր, բայց հասուն մարդու լրջությամբ, պատասխանատվությամբ էր ամեն ինչ անում։ Էդքան համեստ, զուսպ, չափից ավելի չափի մեջ 19 տարեկան տղա դեռ չէի տեսել։ Նույնիսկ համոզված էի, թե ինձնից մի 5-6 տարի մեծ է ։Ճ Աստվածային ձայն ունի ու աստվածատուր տաղանդ...

http://www.youtube.com/watch?v=ozgL-D47wZA

Նաիրուհի
31.07.2012, 19:36
Մտածում եմ՝ ինչի համար էր էս ամբողջ 10 տարին, ինչու է հիմա ամեն ինչ էսպես դասավորվում, լա՞վ է սա, թե՞ վատ։ Բայց մի բան կարող եմ արձանագրել. սրտիցս քար է ընկել։ Ես ուրախ եմ գոնե նրա համար, ինչ հիմա ունեմ, անկախ նրանից, թե ինչքան ծանր գին եմ վճարել դրա համար...

Իսկ
սերը չի անցնում։ Ժամանակը բթացնում է ցավը, բայց սերը մնում է, հարազատս, սերը վերափոխվում, տարածվում է մյուսների վրա...


http://www.youtube.com/watch?v=UROADb-lOis&amp;feature=share

Նաիրուհի
26.09.2012, 03:25
Էսօր Ֆեյսբուքում մի միջադեպ եղավ, որ մի տեսակ նստվածք թողեց մեջս։
Իմ դրած նկարի տակ մեկը Մավր Մկրտչյանին անվանել էր վերածնված Կոմիտաս։
Մեր ակումբցիներից մեկը դրան ի պատասխան էսպիսի մեկնաբանություն գրեց.

Ինձ նենց հետաքրքիր ա. մի հատ վիդեո կտա՞ք, որտեղ էս տղան երգում ա կամ էլ եսիմ ինչեր ա անում, ու որը հիմք կտա իրեն Կոմիտասի հետ համեմատելու:
Ես էս հղումը տվեցի

http://www.youtube.com/watch?v=tiBcIE7DQ50
Դրան նա այսպես արձագանքեց.

Հետաքրքիրը գիտե՞ք որն ա. էն, որ շատերն ասում են՝ Կոմիտասը հայկական ֆոլկը «մաքրել ա», բայց լիքը մարդիկ կպած սկսում են էդ ստեղծագործությունները կեղտոտել հենց նրանով, ինչից էն մարդը փորձել ա մաքրել: :D Մի խոսքով, ըստ իս՝ նվագակցությունը սարսափելի էր, վոկալը՝ նորմալ: Ու ասել «Կոմիտասը վերածնվել ա», նշանակում ա կամ չգիտակցել Կոմիտասն ով էր, կամ էլ էս մրցույթից, էս տղային բալետ անելուց չափազանց շատ ոգևորված լինել:))
Հետագա քննարկմանը չեմ անդրադառնում. էնտեղ էլ լիքը բաներ ինձ համար տհաճ էին, բայց դա էստեղ կապ չունի։

Ես մելոման չեմ։ երբեք չեմ երևակայել, թե ես շատ բան եմ հասկանում երաժշտությունից, շատ եմ ուսումնասիրել, բոլորի կենսագրություններն ու կատարած աշխատանքը մանրակրկիտ գիտեմ։ Հա, եղել է նույնիսկ ժամանակ, երբ Արմենակ Շահմուրադյանի ձայնը շփոթել եմ Կոմիտասի ձայնի հետ։
Բայց ես սիրտ ունեմ, որը լսում և ընկալում է էն, ինչն իրեն հասնում է։ Ուղեղ էլ ունեմ, չեմ ժխտում, ու լինում են դեպքեր, որ ես ինձ ստիպում եմ լսել բաներ, որոնք սրտիս չեն հասնում, սակայն գիտակցում եմ, որ լավն են։ Հա, չեմ ժխտի, հակառակն էլ է լինում, թեև հազարից մեկ։
Հիմա սա էն դեպքն է, երբ սիրտս ու ուղեղս ոչ մի տարակարծություն չունեն։ Հիմա ի՞նչ. ես պիտի ընդունեմ, որ երաժշտությունից ՈՉ ՄԻ ԲԱՆ չե՞մ հասկանում, որ, ասենք, «Նաիրի» ռոք խմբի մոտեցումը Կոմիտասին (http://www.youtube.com/watch?v=tVpL1pNd_6c) ընդունելի է, մաքուր է, իրոք նրա չսիրած տարրերից մաքրված են ներկայացնում, իսկ մյուսները՝ չէ՞։ Իսկ ինչի՞։ Մի հատ կբացատրե՞ք, բայց էնքան պարզունակ ու մատչելի, որ իմ կարճ խելքով հասկանամ։

Հ. Գ. Գրածս չի նշանակում, թե ես «Նաիրիին» չեմ հավանում։ նույնիսկ րափից շատ եմ հավանում, թեև իինձ երբեք չեք տեսնի նրանց համերգներին պարզ պատճառով. աղմուկից վատանում եմ, ինչքան էլ բարձրաճաշակ երաժշտություն լինի դա։ Կյանքումս երրորդ անգամ ռոք համերգի չեմ գնա։

Հ. Հ. Գ. Կոմիտասի ծննդյան օրվա հետ համընկավ բողոքավոր գրառումս... :( Վարդապետ, կներես, եթե ես էդքան անհասկացող եմ, ու դու իրոք համարում էիր, որ ժողովրդական երգը պիտի միայն դասականի սկզբունքներով կատարվի, բառերն էլ հազիվ հասկացվեն, իսկ ժողգործիքների փոխարեն պիտի լինի միայն ջութակի, թավջութակի և ալտի նվագակցություն։ Ուղղակի վատն էն է, որ այդ դեպքում ես մի քիչ հեռանում եմ քեզնից, որովհետև մինչև հիմա մտածել եմ, թե քո մշակումները դասական երաժշտության ու երգի վերածածներն են քեզնից հեռացել...

Նաիրուհի
19.10.2012, 01:27
Մի քանի օր առաջ մոտ երեք տարվա հնության օրագիրս գտա։ Այսինքն՝ այն, ինչ մնացել էր օրագրիցս. մի երկու ամսվա գրառումների պոկած թերթերը։ Հիշեցի ապրածս առայժմ միակ սերը՝ իսկական ու սարսափելի...
Հետաքրքիր էր կարդալ էդքան մանրամասն էն օրերի բոլոր ապրումներս։ Ազնիվ խոսք՝ տեղ-տեղ թռչում էի տողերի վրայով. կարդալ չէի կարողանում։ Նորից ապրեցի ամենը...
Հիշում եմ՝ էդքան մանրամասն ու անկեղծ գրում էի, որովհետև էդ մասին խոսել չէի կարող։ Գրում էի, որ մի օր տամ՝ կարդա։
Հիմա սերը չկա, բայց որոշեցի, որ ամեն դեպքում պիտի կարդա։ Իր համար եմ գրել ի վերջո։ Թող իմանա, թող ինքն էլ հետս ապրի էդ տանջանքը, կյանքից ավելի սիրելու ցավը։

Երեկ տեսա իրեն։ Ասացի էս մասին։ «Չտաս, չանես նման բան, խնդրում եմ»,-ասաց։ Ասաց. «Չեմ դիմանա դրան. հիմա էն հոգեվիճակում չեմ, որ կարողանամ կարդալ դա։ Գիտեմ, իրականում ամեն ինչ էլ գիտեմ։ Չտաս, խնդրում եմ...»։
Կտամ։ Հիմա չէ, երբ պատրաստ լինի, էն ժամանակ։ Իմ անկեղծությունն ինձ անգամ հիմա վախեցնում է, դրա համար էլ պիտի կարդա։ Էդ սերը հետ չի գա, ու գոնե մոտավորապես դրա նմանն էլ չի լինի այլևս։ Ուրեմն ամեն ինչ պիտի անեմ հիշողություններս երկար պահելու համար։
Ասացի. «Խնդրում եմ, ասա, որ նրան սիրում ես։ Ասա, որ սիրածդ աղջկա կողքին ես հիմա։ Ես ուզում եմ, որ դու նրան սիրես, որ հանգիստ լինեմ քեզ համար»։ Չասաց։ Փոխարենն ասաց, որ էլ չի ուզում տեսնել ինձ, չի կարողանում...

Երբ մարդիկ էնքան են ձուլված լինում իրար, որ սերն անցնելուց հետո էլ շարունակում են դիմացինին իրենց մի մասը համարել ու նրա երջանկությամբ ուրախանալ սեփականի նման...

Ես հիմա նրան պատմում եմ նոր զգացմունքիս մասին, ու նա իմ երջանկությունն է ցանկանում։ Հավատում եմ։ Գիտեմ, որ ամենաշատը դա է ուզում։ Ու մեկ էլ, որ իր պատճառած ցավն իսպառ անցնի, ու լինի մեկը, ում ավելի շատ կսիրեմ, քան իրեն եմ սիրել։ Գիտեմ, որովհետև ես էլ եմ նույնն զգում։ Ու մեկ է՝ երջանիկ եմ, որ ապրել եմ դա։

Միայն մնում է, որ կյանքում երկրորդ անգամ սիրել հնարավոր լինի...

Նաիրուհի
23.10.2012, 03:14
Կյանքիս ամենալուսավոր երեկոն ավարտվեց... Էսքան սեր վաղուց չէր եղել մեջս. ուսիդ ջերմությունն ու բեմից հորդող անկեղծությունը, հանգստությունն ու լույսը, որ թևածում էին մեջս...

Մեր այգին, մեր նուռը, մեր համբույրը, մեր հարազատությունը... Վախենամ՝ էս երջանկությունը շատ է ինձ համար։


http://www.youtube.com/watch?v=VpNQl02aXDg

Նաիրուհի
12.11.2012, 02:18
Մի շարժումով ջնջեցի ավելի քան 4 տարվա պատմություն։ Կյանքիս մի կարևոր հատվածը։ Չեմ ասի, թե ձեռքս չդողաց, հեշտ արեցի, բայց վայրկենական ընդունած որոշում էր, ու պետք էր արագ ի կատար ածել այն, թե չէ վաղը հաստատ չէի անի։
Սկզբունքներիս հակառակ գնացի, իրականում չուզելով ու ափսոսալով արեցի դա։ Գիտակցելով, որ վերջնական, առանց ետդարձի, առանց undo կոճակի եմ անում։ Արեցի։ Հիմա մեջս ահագին բան դատարկվեց, թեև չէի ասի, թե դրա գոյությունն իմ կյանքում մի մեծ բան էր։ Բայց իմ պատմությունից ահագին բան կար մեջը, որ կորավ-գնաց...
Մեծ բան չեմ արել. ընդամենը ջնջել եմ «Համասարանացիներում» պրոֆիլս։ Զարմանում եմ, որ արեցի դա. ախր չէի ուզում, ընդամենը մեկին մի բան ասելու համար արեցի։ Էլ նորը չեմ բացի, հաստատ, բայց...
Չգիտեմ, է՜... Իրականում տխուր եմ, ահավոր տխուր, ոնց որ նկարներիս ամբողջ ալբոմը վառած լինեմ՝ իր լավ ու վատ, թանկ ու օտարացած լուսանկարներով։ Բավական մարդկանց հետ կապս կորցրի փաստորեն։
Բայց արել եմ... Էլ ոչ մի բան փոխել չես կարող։

Ուղղակի ես էլ չէի սպասում, որ էսքան կազդի վրաս... :(

Ինքնասպան լինելու պես մի բան էր ոնց որ։

Նաիրուհի
21.11.2012, 10:11
Անզորությունից լացս գալիս է: Միտքը, որ իմ սիրելի մարդկանց ոչնչով օգնել չեմ կարողանում, ուղղակի սպանում է:
Ո՞նց կարող եմ ուրախ լինել…
***
Երկնքում անկյուն չկա Աստծո համար...

Երեկվանից էս հոգեվիճակում եմ էլի... :(

Նաիրուհի
24.11.2012, 21:35
… Իմ վերջին սեր: Երբեք մի մոռացիր, որ ես քեզ հետ եմ, ես քոնն եմ: Ես սիրում եմ քեզ Մեծ սիրով: Եթե դու Այն ես, ում անվանում եմ Ինքը, ապա իմ սիրո համար ոչինչ չի նշանակում, թե դու ում կսիրես (չակերտների մեջ կամ առանց դրանց), ում հետ և ինչպես կամուսնանաս, քանի երեխա կունենաս և այլն: Միայն թե մնա այն, ում ես սիրեցի և սիրում եմ ու երբեք մի մոռացիր, որ ես քոնն եմ, որ ես քեզ հետ եմ լինելու, թեկուզ հեռվից, թեկուզ անջատված:

Դու գիտես, որ մեզ վիճակված չէ ապրել միասին: Ես գիտեմ, որ կլինեմ քեզ հետ. ահա այս դիլեման է հենց մեր ճակատագիրը: Ընդունիր նրան` այդ ճակատագրին, ու ապրիր այդպես` դժվարին, բայց լուսավոր, սարսափելի, բայց հարուստ, խեղճ, բայց նախանձելի կյանքով:

Ես նույնիսկ չեմ հարցնում.
- Դու համաձա՞յն ես:
Ես միայն ասում եմ Նրան (Աստծուն).
- Բարեգութ եղիր, թող ամեն բան այնպես, ինչպես կա, երևի մենք նրա հետ ավելիի համար ուժ չգտնենք:

Եվ ես ժպտում եմ քեզ, ժպտում եմ այնպես, կարծես թե քեզ համար ցավալի չէ և ինձ համար ցավալի չէ: Քանզի երկու երնեկ միաժամանակ չի լինում` կամ միասին, կամ Մեծ սեր` բաժանման մեջ…

Բոլոր դեպքերում, չնայած այս ամենին, ես երջանիկ եմ, քանի որ ունեմ ամենամեծը, ամենակարևորն ինձ համար` Սեր: Ես պատրաստ եմ ցանկացած տառապանքի, միայն թե չլինի մի բան` հիասթափություն: Եթե հարկ է, խաբիր ինձ, միայն թե մի արա այնպես, որ ես կորցնեմ քեզ` հիասթափվեմ:

Ընդ որում, ես հասկանում եմ, որ հիմարություններ եմ ասում: Պարզապես վաղուց քեզ չեմ տեսել, հարազատս,
սիրելիս…

Պարույր Սևակի նամակը Սուլամիթային

Նաիրուհի
27.11.2012, 00:10
Էսօր հարգանքի մասին էի մտածում։ Ինչ հետաքրքիր երևույթ է, ու ինչքան ենք մենք դրա կարիքն զգում։ Հաճախ սիրելուց գերադասում ենք։
Մի ժամանակ չէի հասկանում էդ բառի կարևորությունը։ Մի ընկերուհի ունեի դասարանում, ով սովորություն ուներ բոլոր նամակների ու գրությունների մեջ շեշտել հարգելը։ «Ես քեզ շատ եմ սիրում ու հարգում...»։ Նյարդայնանում էի մի քիչ։
Էսօր առաջին անգամ գիտակցեցի, որ ինձ համար էլ վաղուց ավելի կարևոր է, որ ինձ հարգեն։ Թեկուզ առանց սիրելու։
Կան մարդիկ, ում ես շատ եմ սիրում, գնահատում եմ նրանց ինչ-ինչ արժանիքները, բայց էնքան էլ լուրջ չեմ վերաբերվում։ Այսինքն՝ մի քիչ հարգանքի պակաս կա, ու էսօր հասկացա, որ ոչ մի դեպքում չէի ուզենա՝ ինձ էլ էդպես վերաբերվեին։ Թող չսիրեն, թող ատեն, միայն թե չարհամարհեն։

Էս մտքերը երևի եկան, որովհետև էսօր վերջապես հասկացա, որ որոշ մարդկանց հետ ունեցած կոնֆլիկտներս ոչ թե ինձ չսիրելու, այլ չհարգելու պատճառով էին։ Ու ի դեպ՝ էնպիսի մարդկանց, ում առանձնահատուկ շատ եմ սիրել։ Նոր հասկացա, թե ինչի էր ինձ համար էդքան ցավոտ նրանց կորցնելը. փաստորեն զգում էի իրական պատճառը, դրա համար էլ անգամ էսքան ժամանակ անց էդ մի-երկու դեպքը հիշելիս նույնքան վատ եմ զգում, ինչքան էն օրերին։

Կարևոր է, որ մարդուն հարգեն։ Ցույց տան, որ նա արժանի է։
Վիրավորված արժանապատվությամբ մարդուց վտանգավոր բան չկա։ Չի կարելի մարդուն ստիպել, որ իրեն նվաստացած զգա։ Երբ մարդն զգում է, որ իրեն արհամարհում են, ամեն ինչի ընդունակ է դառնում։ Մեկ է՝ չեն հարգում, էլ ի՞նչը պիտի նրան հետ պահի որևէ քայլից։ Երբ քեզ սիրող մեկին ցույց ես տալիս, որ արհամարհում ես իրեն, նա ամենայն հավանականությամբ կշարունակի գլորվել անդունդը։

Շատ պարզունակ բան է երևի, ու բոլորն արդեն վաղուց էս մասին գիտեին։ Բայց ես հազիվ էսօր կարողացա զգացածս մտքի վերածել։ Մի գիրք հուշեց :)

Նաիրուհի
28.11.2012, 11:18
Երջանկություն ասելիս ես ո՛չ ծովափ եմ պատկերացնում, ո՛չ արմավենիներ, ո՛չ էլ վարդի թերթիկներով ու մոմերով ռոմանտիկ երեկո: Երջանկության իմ սահմանումը շատ ավելի պարզ է ու մի քիչ էլ տարօրինակ երևի: Ես երջանիկ եմ, երբ երազելու հնարավորություն ունեմ ու դրա համար իդեալական պայմաններ: Իսկ էդ իդեալական պայմաններն ընդամենը ձմռան գիշերն է ու երաժշտությունը: Հատկապես աշնան վերջին է սրվում երազելու կարոտս, ու էս շրջանում ինձ համար երգը բնութագրելու միարտահայտություն կա՝ ձմռան գիշերվա տրամադրություն առաջացնող… :love
Կատարողներ կան, որ ինձ համար հենց ձմռան գիշերներին լսելու համար են ստեղծված: Էս օրերին նույնիսկ առավոտյան էս մարդուն լսելիս ինձ ձմռան երեկոյի մեջ եմ զգում, ու թվում է, թե պատուհանից այն կողմ մեծ-մեծ փաթիլներով ձյուն է գալիս… :love


http://www.youtube.com/watch?v=WVRbtM9EXmA

Նաիրուհի
06.12.2012, 02:44
Սիրահարություններիս քանակը շարունակում է անշեղորեն աճել 2 սիրահարություն/տարի արագությամբ :lol

Նաիրուհի
12.12.2012, 03:11
Սուտ կլինի, եթե ասեմ, որ Ֆլորա Մարտիրոսյանի մեծ երկրպագուն եմ եղել: Քիչ եմ լսել, էլ ավելի քիչ էլ սիրել եմ: Բայց մի քանի երգ շատ-շատ եմ սիրել ու էս վերջին ամսում հաճախ էի լսում:


Քիչ բան գիտեի նրա մասին, բայց մեկի շնորհիվ կյանքի վերջին շաբաթներին հասցրեցի նրան ճանաչել, այլ հայացքով նայել ու սիրել: Եթե էս մահը մի քանի ամիս առաջ լիներ՝ հաստատ էսքան ցավ չէր պատճառի ինձ, կորստի զգացողությունն էսքան մեծ չէր լինի:


Էսօր շատ հուզվեցի, երբ տիկին Ֆլորային օպերայի շենքից դուրս բերելիս բոլորն սկսեցին ծափահարել: Էնքան կենդանի էր էդ պահը, էնքան ազդեցիկ... Վերջին անգամ էլ Ֆլորա Մարտիրոսյանն այդ շենքը հոտնկայս ծափերի տակ լքեց…


Ինչո՞ւ էի համոզված, որ նրան Պանթեոնում են տեղ հատկացրել: Պարզվեց՝ քաղաքային պանթեոնում էր: Զարմացա...


...Էս երգի վրա Մավրս էլ է ահագին աշխատանք կատարել: Արդյունքը ես էլ էսօր տեսա, ու բավական հաջողված էր իմ կարծիքով:


http://www.youtube.com/watch?v=fxk2ExWz_vM

***

Առավոտյան ձյուն կար: Ուրախությունս ու տխրությունս խառնվեցին իրար՝ էս ձևակերպումն ստանալով


Երևանյան առաջին ձյունն այսօր իր վերջին երկրային ճանապարհին ուղեկցելու է Ֆլորա Մարտիրոսյանին: Հանգստություն հոգուդ, տիկին Ֆլորա, ու շնորհակալություն այն ամենի համար, ինչ արել ես...

:(

Նաիրուհի
13.12.2012, 14:26
Էլի հին թեմա:


Վաղուց եմ զգացել, որ ինձ համար անգամ սիրահարված ժամանակ ամենասիրելի երաժշտությունը մնում է էթնիկն ու ժողովրդականը: Էդ երգերն ինձ համար միայն անցյալը հիշեցնող թանգարանային նմուշ կամ հայրենասիրական ոգի արթնացնելու միջոց չեն:
Էնքա՜ն է եղել, երբ սիրահարված ժամանակ ուզեցել եմ ինչ-որ երգ լսել ու ինձնից անկախ ժողովրդականին եմ գնացել... Իմ զգացմունքները լավագույնս էդ երաժշտությունն է արտահայտում:
Էս երգը գիշերը հայտնաբերեցի: Համշենի բարբառով է, ահագին բան հասկանում եմ: Էսքան սեր, նվիրվածություն, հնազանդություն (ֆեմինիստներին խնդրում եմ էս բառից չկառչել), սիրած մարդու համար հպարտության զգացում, նրան սիրելով նաև նրա հարազատներին սիրելու՝ իրոք զուտ սիրահարված կնոջը բնորոշ ցանկություն ո՞նց կարող է խտացած լինել մի երգի մեջ…


http://www.youtube.com/watch?NR=1&amp;v=oTGeGx4UFDQ&amp;feature=endscreen

Ու ես էլ ինձ շատ լավ կզգայի, եթե իմանայի, որ ինչ-որ մեկն էլ իմ մասին է նման երգերով մտածում ;):love

Նաիրուհի
06.01.2013, 02:05
Աաաա, տարին մի անգամ իրոք ուրախանում եմ, որ ծնվել եմ :)

Անցած տարիս՝ իր գերակշռող ձախողումներով ու կորուստներով, վերջնականապես փակում եմ էսօր։ Իմ նոր տարին միշտ էսօրվանից է սկսվել, էս տարի էլ ավանդույթը չեմ խախտի ու վաղը նոր մարդ կլինեմ։ Չէ, մյուս օրվանից նոր։ Վաղը հլը խմածությանս հետքերն եմ հաղթահարելու ։Ճ

Էն պուճուր թվերիս էս երգի տակ լացում էի ծնունդներիս :) Էս տարի էլ ծնունդս առանց էս երգի չի անցնելու. հազիվ կիրակի է :)


http://www.youtube.com/watch?v=e_tBUUt9aQ0

Նաիրուհի
19.01.2013, 01:32
Մարդ կա՞ տեսնես, որ երբևէ իր մահը չի պատկերացրել :think

Ինձ միշտ թվացել է, որ ես կա´մ աստիճաններից եմ գլորվելու, կա´մ սայթաքելու եմ սառույցի վրա։ Երկու դեպքում էլ ինձ տեսնում եմ ընկած գետնին, ու շոշափելիորեն իրական զգում եմ կոտրված գանգիս ցավը :) Ավելի ճիշտ՝ կոտրվածքը ծոծրակիս հատվածում է, նույնիսկ հոսող արյան տաքությունն եմ զգում։
Հիմա ու ձմեռներն ընդհանրապես սառույցի վրայի մահս եմ պատկերացնում։ Էդ դեպքում համ էլ զգում եմ, թե գլխիս տակ լճացող արյունից ինչպես է սառույցը հալվում։ :) Հավես մահ է բայց...
Ինձ չսպանեք, ես սառույցի վրա եմ մեռնելու, իիի ։Ճ

Նաիրուհի
22.01.2013, 00:07
Հիասթափության իրական ցավը էն չի, ինչ անում է քեզ համար հարազատ, սիրելի, թանկ մարդը քո կամ ուրիշի հանդեպ, այլ այն, որ դա հենց էդ մարդն է անում, այսինքն՝ էդ հարազատ, թանկ, սիրելի մարդը դրան ընդունակ է։ Ցավոտ է շատ։

Երբ քեզ վիրավորում է սիրելիդ կամ ընկերդ, շատ հեշտ է հաղթահարել միայն արարքի հետևանքները, բայց ինչպե՞ս վերականգնել էն կոտրվածությունն ու դատարկությունը, էն սարսափելի ափսոսանքն ու հիասթափությունը, որ մնում է հերթական մարդուն որպես էդպիսին կորցնելուց հետո։
Հնարավո՞ր է էդ ամենից հետո շարունակել մարդկային մտերմությունն այնպես, ասես ոչինչ չի եղել։ Ես մինչև հիմա չեմ կարողացել «կտրած հացն ամբողջացնել», չնայած էս անգամ վճռականորեն ուզում եմ փորձել։

Ազնվորեն եմ ասում, պատրաստ եմ հազար անգամ ավելի ծանր փորձությունների միջով անցնելու, միայն թե էս ափսոսանքն էլ չզգամ։ Բութ դանակով սիրտ կտրտող էս ափսոսանքը, որ ևս մի մարդու հարցում սխալվեցի, որ էլի մեկն էն հասունությունը կամ մարդկային որակները չունեցավ, ինչն ուզում էի տեսնել նրա մեջ հենց ի´ր համար։

Չնայած մարդն ի՞նչ մեղք ունի, որ ես նրան ավելին եմ պատկերացրել ու ավելի լավ որակներ եմ վերագրել, քան նա իրականում ունի :(

Նաիրուհի
23.01.2013, 02:04
Արի գրկեմ քեզ, արևս... Ուսիդ կարիքն ունեմ, անպաշտպան թիկունքս բազուկներիդ հանձնելու, կրծքիդ սեղմված հեկեկալու կարիքը։ Դատարկությունից մեջս ամեն ինչ զնգում է, արձագանքում, ուզում եմ գրկեմ քեզ ու չզգամ էս դատարկությունը։
Չեմ ուզում չարանալ, դրա համար մարդկային ջերմությունդ եմ ուզում, արևս։ Փաթաթվեմ շողերովդ ու փակեմ աչքերս ու ոչ մի բան չզգամ, ոչ մի բան, գրողը տանի, մի պահ գոնե չզգամ էս ծվատող ցավը։

Արևս... Կարոտել եմ էս բառին, վաղուց ոչ մեկին չեմ ասել, չեմ էլ ասի երևի։ Էս բառը քոնն է, միայն քոնը, բայց քեզ դժվար երբևէ հանդիպեմ, որ կարողանամ ասել։ Բայց դու կիմանաս, ես գիտեմ, որ կիմանաս, որ մինչև հիմա բոլոր գրածներս քո մասին են եղել, բոլոր սերերս քո մարմնավորումներն էին ու կլինեն, իսկ ԴՈՒ, հենց դու էդպես էլ չես լինի, ու ես ապարդյուն կորոնեմ ու կսպասեմ քեզ ու մեկ-մեկ էլ՝ տարին, երկու տարին մեկ այ էսպես կխեղդվեմ արցունքներիցս, կգժվեմ, կգրեմ քեզ, գոյություն չունեցող արևս, որովհետև դու ես ամենաիրականն այն ամենից, ինչ պատահել կամ եղել է երբևէ։

Գրկիր ինձ, էնքան ամուր գրկիր, որ ձուլեմ քեզ մեջս ու էլ դրսում չփնտրեմ քեզ։ Ներիր րոպեական թուլություններս, բայց մենակ մի թող ինձ, հա՞, արևս... Միակս, ում կարող եմ ասել, որ սիրում եմ...


http://www.youtube.com/watch?v=gcDEx7H7Y_s

Նաիրուհի
26.01.2013, 11:01
Վերջին վեց-յոթ տարին աղաբլիթ ուտում եմ։ Ոչ թե հավատով կամ ինչ-որ մեկին տեսնելու ակնկալիքով, այլ որովհետև սիրուն ավանդույթ է իմ կարծիքով։
Էս գիշեր առաջին անգամ երազ եմ տեսել ։ՃՃՃ
Ի դեպ, քնելուց առաջ մտածում էի՝ ինչ-որ մեկի մասին չմտածեմ, որ հանկարծ երազս մտքերիս ազդեցության տակ չընկնի ։Ճ
Տեսել եմ մեկին, ում, մեղմ ասած, դեմ չէի լինի տեսնել :oy Նրանից բացի էլի մարդիկ կային, բայց երազումս իրենց տանն էինք, ու իր ազգականուհիներից մեկն ինձ ջուր տվեց :D
Առավոտ մամայիս եմ պատմում, ասում է՝ էնպես չի, որ շատ ոգևորված եմ, բայց դե ինչ անեմ :D Մի քանի օր առաջ էլ էդ թեմայով կատակներ էր անում :)
Իսկ երեկ էդ նույն անձնավորությունը ծիծաղում էր վրաս ու ասում, որ ինքը նման բաների չի հավատում։ Չբռնե՞մ պատմեմ երազս:

Նաիրուհի
28.01.2013, 02:44
... ու ամենասոսկալին սիրով կյանք տված ու թաքուն փայփայած երազներդ սպանելն ու նորերը ծնելն է՝ իմանալով, որ դրանք էլ են մեռնելու...

Նաիրուհի
16.02.2013, 15:49
Երբ գիտես, որ քեզ փնտրող չի լինելու, շա՜տ հեռվում գտնվող ինչ-որ գրողի ծոցը փախչելու ցանկությունդ գնում է հեռուներում ինչ-որ տեղ կորած գրողի ծոցը :)

Ամենահարազատ ու հոգատար մարդն անգամ չի հասկանում էն միակ բանը, որ քեզ պետք է։ Դրա փոխարեն քեզ առաջարկում են օգնության ու բուժման տարատեսակ մեթոդներ, հոգեբանական աջակցություն, հազար ու մի ուրիշ բաներ, իսկ դու ուզում ես էդ մարդկանց դեմքին գոռալ, որ էդ ամենը քեզ ՊԵՏՔ ՉԻ...

Իսկ էն միակ բանը, որ քեզ ոտքի կկանգնեցներ, ոչ ոքի մտքով չի անցնում։ Անցներ էլ՝ դժվար ուզենային կամ կարողանային տալ։

***

Արմնյուզով Տերյանիս մասին էս ֆիլմն էր, որ ամսից ավել քնած էր դարակումս. չէի կարողանում ինձ ստիպել, որ նայեմ։ Էսօր հեռուստացույցով նայեցի, իսկ ինձ մոտ եղած օրինակներից մեկը տվեցի երեկ քեզ։
Հիմա մտաոում եմ՝ մի օր դու էլ կնայես երևի, բայց դու էդ ժամանակ իմ մասին չես մտածի։ Որովհետև դու ինձ համար շատ ես ասոցացվում Տերյանի հետ, իսկ ես քեզ համար՝ դժվար թե։
Դու երբեք առանց գռեհկացնելու չես հասկանա իմ զգացածը, չնայած երևի պետք էլ չէ, որ իմանաս կամ հասկանաս։ Ամեն մեկս մեր աշխարհում ենք հիմա, ու էդ աշխարհներն արդեն չեն հատվում։ Ուրեմն էդպես էր պետք։ Սիրում եմ։




http://www.youtube.com/watch?v=t2ZgUQJOBGA

Նաիրուհի
17.02.2013, 19:19
Գրեթե ինը տարի է անցել, ու մեր ընկերությունն ինը տարի շարունակվել է առանց անկումների։ Այս տարիների ընթացքում խորացել, զտվել, մաքրվել, բյուրեղացել է հարազատությունը. թեկուզ տարեկան մի քանի անգամ ենք հանդիպում, բայց ժամանակը պատնեշներ չի կարողանում դնել. մենք բաց ենք, թեթև, ազատ ու անբացատրելիորեն ջերմ։

Մենք կարող ենք մեր տնից դուրս հրավիրել մայրիկիս ու եղբորս, որովհետև խոսելու բան ունենք։ Մենք կարող ենք խոսել ամենաչքննարկվող ապրումների մասին, իրար հետ ուտելու բան պատրաստել երկուսիս համար, ամանները լվանալ, դատարկել մարտինիի շիշը, պատմել մեր վերջին մի քանի ամսվա կյանքն ամենայն մանրամասնությամբ ու էսքանից հետո զարմանալ, որ արդեն գրեթե կեսգիշեր է։

Ու ո՞նց է լինում, որ նա հայտնվում է միշտ էն ժամանակ, երբ ինձ ամեն ինչ անելանելի ու անտանելիորեն վատ է թվում, իսկ գնալուց հետո փետուրի պես թեթև եմ զգում։

Իսկ ինը տարի առաջ նա ընդամենը սովորական տղա էր, որ եկել էր մայրիկիս մոտ ընդունելության համար պարապելու։ Ու ո՞նց գտան մեզ, որտեղի՞ց հայտնվեց մեր տանն այդ ինքնամփոփ, տարօրինակ ու չափազանց խելացի տղան։
Դե արի ու մի հավատա ճակատագրական պատահականություններին։

Գև ջա՜ն... :love

Նաիրուհի
25.02.2013, 01:41
Մինչև բեռը գցելը ինքներս էլ դրա իրական ծանրությունը չենք պատկերացնում։
Մի էդպիսի քար ահագին ժամանակ քարշ էի տալիս։ Մտածում էի՝ ոչինչ, ամենաթեթև քարերից է։ Բայց քիչ առաջ, երբ վերջապես ազատվեցի դրանից, հասկացա, որ գրեթե երկու տարի լավ էլ խանգարում էր շնչելուս :)
Շնորհակալ եմ էն մարդուն, ով մի քանի բառով ազատեց ինձ դրանից։ Համ էլ երջանիկ եմ, որ ես էլ նրան ազատեցի, որովհետև պարզվեց, որ նման մի քար էլ ինքն էր պահում :)

Նաիրուհի
06.03.2013, 23:55
Ուզում եմ տեսնել էն օրը, երբ խելացի/ինտելեկտուալ մարդիկ ցինիկ չեն լինի, իրենք իրենց մեջ կամ բարձրաձայն չարացած չեն լինի ամենքի ու ամեն ինչի վրա, անտարբեր ու թքած ունենալով չեն նայի իրար ու «հասարակ մահկանացուների» խնդիրներին ու բարի, թեթև, դրական լինելուց չեն խուսափի։

Էսօր զզվում եմ բոլոր ցինիկ ինտելեկտուալներից ու կյանքը տասը մատի պես ճանաչողներից։

Նաիրուհի
09.03.2013, 17:05
Զգում եմ, որ վերջանում է:
Երեկ ու էսօր էն նույն սիրելի ճանապարհն էր, որով առաջին ու միակ անգամ քեզ հետ էի անցել: Էն աշխարհն էր, որտեղ քեզ ավելի մոտ ու հարազատ եմ զգում, մի տեսակ միացած, ամբողջացած քեզնով, իմաստավորված...
Գիտեմ, որ վերջանում է: Բայց սարսափում եմ էն դատարկությունից, որ մոտենում է ինձ քեզնից հեռանալիս: Բան չկա, սովոր եմ, զոռով չեմ պահելու որևէ մեկին կամ որևէ բան: Բայց մեկ է`ցավում է...


http://www.youtube.com/watch?v=--Wokwe4-i0

Նաիրուհի
10.03.2013, 13:24
Երբ գյուղում էինք ապրում, ամեն տարի մարտի 9-ին իջնում էի եկեղեցու մոտ` ստուգելու, թե վերադարձե՞լ են արդյոք արագիլները: Ու ամեն տարի պարտաճանաչ կերպով եկած էին լինում` անկախ եղանակից, ցրտից... Միշտ ականատեսներ էլ էին լինում, ովքեր վստահեցնում էին, թե տեսել են` կտուցին ինչ է բերել արագիլը, ու ըստ այդմ որոշում էինք` տարին ինչպիսին է լինելու:
Քանի տարի էս եղանակին գյուղում չէի եղել: Էս տարի դատարկված թվաց գյուղս. եկեղեցու մոտի արագիլների բույնը դատարկ ու կիսաքանդ է, ամբողջ գյուղում երևի արագիլ չի էլ մնացել, անգամ ճնճղուկ գրեթե չկա գյուղում, որովհետև հացահատիկ ցանող չկա :(((
Ե՞րբ հասցրեց հայրենիքս էսպես ամայանալ, բնությունն ու հողը` խռովել մարդկանցից:
Մարդիկ դադարեցին վարուցանք անել, հող մշակել, դարձանք անասնապահ ու հնձվոր, ու հողը կորցրեց բերրիությունը: Անգամ դաշտերն առաջվա նման չեն ծաղկում, աղբյուրներն ու գետը կորցրել են իրենց մաքրությունն ու հմայքը, ցամաքում են... Իսկի նորմալ ձյուն չի գալիս :(
Հայրենիքս ապրելու տեղից վերածվել է գոյություն քարշ տալու տեղի. կարծես մարդիկ ժամ առ ժամ սպասում են հեռանալու հնարավորության, դրա համար էլ որևէ մնայուն բան չեն անում, արտ չեն ցանում, գործ չեն դնում, չեն հիմնավորվում, չեն կպչում հողին...
Դատարկվում եմ...

Նաիրուհի
24.03.2013, 14:35
Մի պստիկ երազանք ունեմ, ամեն տարի հետաձգում եմ կամ հրաժարվում՝ անընդհատ մի ուրիշ բանի/մեկին ստորադասելով, ու հիմա էլ համոզված չեմ, որ էս տարի ինձ ոչինչ չի ստիպի հրաժարվել դրանից։ Բայց մեկ է՝ չեմ դադարում երազել։
Հա, մեկ էլ գիտեմ, որ եթե անգամ մնացած ամեն ինչ կյանքումս լավ լինի, մեկ է, էս երազանքս անկատար թողնելու դեպքում ամբողջ կյանքումս կիսատության ու դատարկության զգացում է մնալու մեջս... :(
ու էդ երազանքս թեկուզ մի տարով Հայաստանից դուրս մենակ ապրելն է, թեկուզ Թբիլիսիում։ Գլխավոր և միակ պայմանը մենակ լինելն է... Բայց ռիսկ կանե՞մ... :(

Նաիրուհի
03.04.2013, 15:18
Երբ սպասում ու անորոշություն կա, ոչ մի բան լիարժեք չի ստացվում։ Ինչքան ուզում է կյանքդ լիքը լինի, հազար ու մի գործ ունենաս անելու, մեկ է, ոչ մի բան քո ուզած ձևով չի ստացվում։ Որովհետև սպասումը խեղդում է, ու գալիս է մի պահ, երբ արդեն կարևոր չի՝ արդյունքն ինչ կլինի, ուղղակի ուզում ես ամեն ինչ անել, որ սպասումը վերջանա։

Էսպիսի պահերին հիշում եմ իմ սիրելի վեպից մի արտահայտություն, որ ասում է Կերչի թերակղզում գերմանացիների դիմաց դիրքավորված Կարմիր բանակի զինվորն էն ժամանակ, երբ արդեն ամեն ինչ պատրաստ է, խրամատները՝ փորված, զենքն ու զրահատեխնիկան՝ փայլուն վիճակում, բայց ռազմական գործողություններ դեռ չկան.

Ու ծարավում ես մի հեռավոր կրակոցի...

Նաիրուհի
05.04.2013, 00:06
Ու ծարավում ես մի հեռավոր կրակոցի...

Էս էլ երկար սպասված կրակոցը։ Դե սպասեմ՝ երբ եմ վերականգնվելու և վերականգնվելո՞ւ եմ արդյոք...

Նաիրուհի
05.04.2013, 11:20
Նպատակի բացակայությունից անցում դեպի նպատակի առկայություն, սահմանում և իրագործելու ծրագրերի մշակում։ Կարծես թե դրական տեղաշարժ է, բայց երեկվա անկառավարելի զգացողությունների ֆոնին, մեկ է, մխիթարիչ լինելուց շատ հեռու է։
Ինչ էլ մտածում եմ, պատկերացնում կամ փորձում նպատակ դնել, ամեն-ամեն ինչ նույն կենտրոնի շուրջն է պտտվում, այնինչ հենց կենտրոնն է սխալ ընտրված։

Ու հետո էլ մարդկանց ո՞նց բացատրես, որ իրականում ինչ-որ բանից/մեկից ստիպված հրաժարվելիս ցավը ոչ այնքան հենց այդ բանը/մեկին կորցնելն է, այլ էն, որ հողին է հավասարվում մեջդ եղած ամեն բան, որ դրա հետ էր կապված։ Իսկ իմ նմանի դեպքում, ով կյանքում միաժամանակ երկու կենտրոն ունենալ չի կարող, դա հավասար է ամեն ինչ զրոյից էլ չէ, մինուսից սկսելուն, ու ինչքան էլ փորձես ուղեղով բացատրել զգացածդ ու ինչ-ինչ պատճառներ գտնել, մեկ է, ցավը դրանից չի փոխվում։

Ամեն անգամ նորից սկսելն ռիսկի հետ է կապված, իսկ ես վախենում եմ էդ ամեն նորից։ Մանավանդ որ գրեթե բոլոր դեպքերում վերջում հասկանում եմ, որ վախս լրիվ արդարացված էր, ու սխալ էր այն հաղթահարելու վրա աշխատելը։

Ու նման պահերին անգամ լսել չես ուզում էն լիքը լավ բաները, որ քեզ ասվում են, դռները, որ բացվում են քո առաջ կամ գոնե խոստանում են բացվել, քեզ պետք չեն, հարազատ մեկին գրկելն ու թուլանալը, որ մի քանի ժամ առաջ միակ ցանկությունդ էր, հիմա արդեն նույնիսկ տհաճ է, որովհետև առաջին հարվածի ցավից հետո մի տեսակ բթացում է իջնում վրադ, ու մնում է մեն-միակ մի հարց՝ ինչո՞ւ, ու մի զգացում, որ դու ամեն ինչի վրա թքած ունես...

Առաջին միտքս աշխարհս հիմնովին վերափոխելն է, մինչև երեկ արածս բոլոր գործողությունները, որոշակի հանգամանքների շնորհիվ կյանքումս հայտնված շատերին ու շատ բաներ միանգամից ջնջելը, բայց հետո հայտնվում է գիտակցությունն ու ասում, որ պետք է շարունակել ապրել այնպես, ասես ոչինչ չի էլ եղել։ Դժվարությամբ, բայց դեռևս ենթարկվում եմ։

Գիտեմ, որ օրը օրին էս վիճակս փոխվելու է, մի օր արև եմ լինելու, մյուս օրն ամենքն աչքիս գրողն են դառնալու, բայց վերջում երևի հետաքրքիր կլինի հետ նայելն ու անցած փուլերը հերթով վերհիշելը... :)

Նաիրուհի
07.04.2013, 15:07
Էնքան հաճելի է, երբ հարազատդ գրկում է քեզ ու ասում.
-Քուր, հպարտանում եմ քեզնով. ինչ ուժեղ ես դու, ո՞նց ես կարողանում էսքան հանգիստ լինել։

Բայց ավելի սիրում եմ էդ նույն զարմանքը կարդալ աչքերիդ ու լռությանդ մեջ... սեր իմ..
Ես ամեն ինչ տեսնում եմ, սեր իմ, միայն շարունակիր ժպտալ ինձ էդ աստվածային ժպիտովդ...

Նաիրուհի
08.04.2013, 02:41
Մի կին կա, ում մի անգամ եմ տեսել ընդամենը, բայց էնքան շատ եմ սիրում։ Կարծես իմ հարազատը լինի։

Ոչինչ էնպես չի հարազատացնում երկու կնոջ, ինչպես անկեղծորեն մեկին (նույն մարդուն) սիրելը։ Ինքը միանգամից, առանց որևէ բառի զգաց, թե իր տղային ինչքան եմ սիրում :)

Նաիրուհի
10.04.2013, 10:33
Ամենասարսափելի սթրեսը, որին վախով սպասում էի, երեկվա իրադարձությունների ֆոնին սղցրինք՝ գնաց։ Գրեթե առանց հետևանքների :)

Ինչ լավ է ակումբցիների ու ակտիվիստների պես հրաշալի մարդկանց հետ շփվելը։ Փրկեցիք ինձ :kiss

Էլի եմ ասում՝ ես շան բախտ ունեմ, ու ամեն ինչ լավ է լինելու։

Նաիրուհի
17.04.2013, 17:41
Փողով կամ ծանոթով կարող ես ունենալ քո ուզած կազմվածքը, սանրվածքն ու մազերի երանգը, ատամնաշարը, դեմքը, աչքերի գույնը, հագուստը։ Բայց ինչպե՞ս գտնել այն փոքրիկ շողը, որ ներսից է լուսավորում մարդուն ու ժպիտին կենդանություն է հաղորդում։
Էդ շողից եմ ուզում, մարդի՜կ...

Նաիրուհի
20.04.2013, 00:20
Չեմ ուզում, որ չարորակ քաղցկեղն անբուժելի լինի... Չեմ ուզում տեսնել, թե ինչպես է մահն անտեսանելի, բայց հաստատուն քայլերով մոտենում... Զզվել եմ մահերից։ Դե հերի´ք է, էլի...

Հասավ :(
Էդքան տառապանքից հետո հանգստություն քեզ, իմ բարի՜, հրաշալի հորքուր...

Նաիրուհի
22.04.2013, 01:04
Ցնդում եմ երևի, բայց ոնց որ քարացած լինեմ։ Մի կաթիլ արցունք չկա. աչքերիս դեմ իմ լուսավոր, մինչև վերջին օրերը կենսախինդ, աննկարագրելի բարի հորքուրի անշունչ մարմինն է, ու ես ոչ մի կերպ դա չեմ ընկալում։ Հավատս չի գալիս ուղղակի, որ ինքն է, որ մի շաբաթ առաջ կար ու էլ չի լինելու։

Ու էս չհավատալուցս չեմ էլ հասկանում՝ շուրջս ինչ է կատարվում։ Էդ բոլոր եկող-գնացողները, լացողները, ողբ ասողներն ու անկյուններում հազար տարվա ծանոթին հանդիպած բամբասողներն ուղղակի ուսումնասիրության առարկա են ինձ համար։ Ոնց որ ինձ հետ կապ չունեցող ներկայացման նայեմ կողքից։

Քուրիկիս լացն է մենակ ականջներումս։ Բայց ինքն էլ էնպես է խոսում մամայի հետ, որ չեմ զգում հորքուրիս չլինելը։ Ամեն պահն աչքիս առաջ է գալիս, ու ինքը կենդանի է, խոսում է, ժպտում, համոզում... Հրաշք հորքուրս...

Գիտեմ, սարսափելին հետո է սկսվելու, երբ էս բոլոր մարդիկ ցրվեն իրենց գործերով, ու ամեն մեկս սկսենք արդեն առօրյայում փնտրել իրեն։ Այ էդ ժամանակ է գալու դատարկությունը, որ ինքդ քեզ համոզելով չես լցնի։

Նաիրուհի
27.04.2013, 01:24
Կարող էի մտածել, թե մեկը քեզ խլեց ինձնից, ու սկսել տառապել։ Կարող էի մտածել, թե դու հեռացար ինձնից կամ ուրիշին գերադասեցիր, ու սկսել տառապել։ Բայց ես գիտեմ, որ դու իմն ես ավելի, քան երբևէ, ավելի, քան նրանը, ավելի, քան որևէ մեկինն ընդհանրապես։ Ու գիտեմ, որ ինձ սիրում ես ավելի, քան առաջ, այլ կերպ, բայց ավելի խորը, ավելի մաքուր ու մի քիչ էլ զարմացած։
Բայց քանի որ ես չեմ կարող դառնալ մի փոքրիկ ու անտեսանելի արարած, որ ամեն վայրկյան կողքիդ լինեմ, հսկեմ քեզ, վստահ լինեմ, որ ոչնչի կարիք չունես, սոված չես, ժամանակին քնում ես, չես մրսում, չես տանջվում դավաճանություններից ու չգնահատվելուց, ու քանի որ դժվար է մասնատել ու չափավորել էս հսկայական սերը, ես տառապում եմ:

Նաիրուհի
28.04.2013, 00:29
Էս թեմայում ոնց որ թե առաջին անգամ եմ գրառում անում։ Ոտքս խերով լինի :))։

Նաիրուհու մասին եմ ուզում խոսել։ Իրականում շատ վաղուց է եղել էս ցանկությունը, բայց, չգիտեմ ինչու, էսպիսի թեմաներում գրառումներ անելուց մի տեսակ հուշտ եմ լինում։

Չնայած նրան, որ երբեք անձնական շփում առանձնապես չեմ ունեցել հետը՝ ոչ վիրտուալում, ոչ էլ իրականում, իր գրառումները, հատկապես օրագրային, էնքան անմիջական ու խոսուն են, որ կարդալիս ոնց որ մոտիկից ճանաչեմ իրեն արդեն, էն աստիճանի, որ ինձ մեկ–մեկ նույնիսկ թվում է, թե մտերիմ ընկերուհիս է, ու էն բոլոր հույզերն ու իրադարձությունները, որոնց մասին ինքն էնտեղ գրել է, մենք իրար հետ քննարկել ենք :))։ Էսպես հեռվից–հեռու էնքան ուժեղ հարազատություն ու ջերմություն եմ զգում Նաիրուհու նկատմամբ :love, որ հաճախ ցանկություն է առաջանում իր նման սրտաբուխ արձագանքել իր էս կամ էն գրառմանը, էնպես, ինչպես ամենամտերիմ ընկերոջս դեպքում կանեի, մեկ էլ ինքս ինձ հիշեցնում եմ, որ մենք ախր մտերիմ չենք ու միաժամանակ մի տեսակ զարմանում եմ էդ «տարօրինակ» հանգամանքից։ Ու ստիպված եմ լինում կուլ տալ էդ պոռթկումը, չնայած մեկ–մեկ էլ պատահում է, որ չեմ դիմանում ու արձագանքում եմ։

Նաիրուհու մեջ էնքան սեր ու ջերմություն կա, որ երբեմն էնպիսի տպավորություն է, որ ինքը խեղդվում է մեջը, կարծես իր սիրո ու ջերմության մեջ մի տեսակ կորչում–անէանում է երբեմն։ Ու ես պատկերացնում եմ, թե ինչ լավ մամա ու կին է լինելու ինքը, երբ մեջը եղած էդ անսպառ սիրո հոսքն ուղղի իր նորաստեղծ ընտանիքին։ Կարծում եմ, որ իր համար սեր զգալն ու տալը էնքան բնական, լիարժեք ու ինքնաբավ վիճակ է, որ նույնիսկ փոխադարձությունն էն աստիճանի էական չէ, ինչքան մարդկանց երևի մեծ մասի համար, թեև, ինչ խոսք, պարզ է, որ բոլորն էլ սիրում են սիրված ու գնահատված լինել։

Մի խոսքով՝ Նաիրուհին ոտքից գլուխ սիրտ է :love։

Հա, մեկ էլ շատ եմ գնահատում գրական հայերենի հանդեպ ունեցած իր հարգանքը :)։

Անուկն էլ ինձ է սիրում, մարդի՜կ... :love Ես երջանիկ եմ։

Նաիրուհի
01.05.2013, 12:59
Սկսել եմ մտերիմներիս հետ հարաբերություններիս ու նրանց հանդեպ զգացմունքներիս փոփոխություններն ստուգել լուսանկարներով։ Լուսանկարում դիրքս, հայացքս, ժպիտս ինձ ավելի շատ բան են պատմում իրական զգացումներիս մասին, քան հենց էդ զգացումներս։ Դրանք խաբում են, իսկ պահը չի խաբում։ Նույնիսկ հին նկարներս նայելիս հստակ որոշում եմ դիրքիս անկեղծության աստիճանը :))
Ու նկատել եմ, որ հատկապես խմբակային նկարներում ավելի հանգիստ թեքված եմ լինում այն մարդու կողմը, ում հանդեպ հարազատությունն էդ պահին ամենամեծն է։
Օֆ, օֆ, աշխարհն աշխարհով, ես իմ պստիկ գյուտերով :esim

Նաիրուհի
04.05.2013, 01:36
Էսօր գարուն է, բոլորն էդ մասին են գրելու, համ էլ ասում են՝ գարնանը սերը նոր ուժով է գլուխ բարձրացնում։ Ուզում եմ սեր խոստովանել։
Աշխարհի ամենասիրուն ծաղիկը Muscari armeniacum (http://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BA%D5%AC%D5%B8%D6%80_%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6)-ն է, մեր բարբառով ասած՝ հըլուն ծաղիկը :love

http://i.imgur.com/n39CMl.jpg

Ինձ համար գարունը գալիս էր, երբ արտում առաջին անգամ հայտնաբերում էի այս կապույտ հրաշքը։ Ընդամենը մի 10-15 սմ ցողունով, առաջին հայացքից աչքի չընկնող... Սիրում եմ... :love
Բան չեմ ասում. միայն ուշադիր նայեք, թե բնության ինչ գլուխգործոց է սա...

http://i.imgur.com/avSICl.jpg
Նոր հասկացա՝ ես արդեն 8 տարի առանց գարուն եմ մնացել...
Ո՞վ կվերադարձնի ինձ իմ կորցրած գարունը...


Էսօր։ Զանգ հեռախոսիս։
-Լյոլ ջան, ինչքա՞ն կմնաս քաղաք։
-Դե հլը կմնամ, ինչի՞, ախպարիկ ջան։
-Քեզի հըլուն ծաղիկ տի փերեմ...

Մտածեցի՝ վաղը գյուղ է գնում, երևի էնտեղից է բերելու։ Պարզվեց՝ էսօր Սևան է գնացել։

Էս էլ վերադարձած գարունս. վերջին տասնմեկ տարում առաջին անգամ ստացա իմ ամենասիրելի ծաղիկները։ Էսօրը մոռանալ չի լինի :love

http://i.imgur.com/ROvDyMDl.jpg

Նաիրուհի
10.05.2013, 02:54
Մեկ-մեկ հենց էնպես փորփրում եմ հին նամակներս ու ո՜նց եմ ուրախանում, երբ հայտնաբերում եմ, որ էն ժամանակ լատինատառ գրող մարդը հիմա ինձ հայատառ է գրում։ Իբր իմ շնորհքն է, էլի, որ հիմա էդպես չի :))
Մեկ էլ գետինն եմ մտնում, երբ հայտնաբերում եմ մի հինգ-վեց տարի առաջվա լատինատառ գրածներս :oy

Նաիրուհի
14.05.2013, 21:42
Ասում է՝ ամեն ինչդ էլ տեղն է, բայց քեզ չես գտնում, որովհետև մի բան չունես՝ արժանապատվություն։
Ու ահավորն էն է, որ ճիշտ է ասում։

Նաիրուհի
15.05.2013, 10:28
Մի մեծ աշխարհ, ուր վաղուց չէի եղել։ Դե քանի մտել էի էդ շենք, ասի՝ երրորդ հարկ էլ բարձրանամ, չնայած նույնիսկ չէի էլ ակնկալում, որ դուռը բաց կլինի։
Լքվածության շունչն զգացվում էր դեռ աստիճաններից. երրորդ հարկ թեքվող հատվածից արդեն երեսպատումը չկար։ Բետոնե աստիճաններով բարձրացա. դուռը կրնկի վրա բաց էր, դեմն էլ քար էր դրած, որ չփակվի։ Ներսում ավերածություն էր, փոշի, ջարդված կահույք ու լիքը հիշողություններ։
Թափառեցի պարկետը պոկած միջացքով ու անդուռ մնացած սենյակներով՝ ամեն անկյունում գտնելով անցած տարիներիցս ինչ-որ բան։ Այ էստեղ ժողովներն էինք անում, էս մի սենյակում գործավարուհին ու միության «էլիտան» էին լինում, էս մյուսն ավելի շատ մասնակիցներով հանդիպումների համար էր։ Էս ջարդոտված դաշնամուրն անկյունում էր, ոչ թե սենյակի մեջտեղում, շուռ տված հին աթոռներն էլ պատերի տակ էին։ Էստեղ ջահերով երթի մոմերի շշերն էինք կտրում, էս մի հատվածում ուսանողականն էր, որի տարածքի մեծ մասն անմատչելի էր ինձ համար։ Մտա, ծակուծուկերը նայեցի, մեր միության բոլոր սենյակները, որ էն ժամանակ բոլորի համար բաց չէին, ուսումնասիրեցի։
Ամենուր մեր հետքերն էին. հատակի, ջարդված կահույքի, պատուհանագոգերի վրա մեր թղթերն ու պլակատներն էին, երգարանները, օրացույցները, հազար ու մի ուրիշ զռթուզիբիլ, որ տեղափոխվելիս, չգիտես ինչու, նպատակահարմար չէին գտել տանել։
Խեղդվում էի փոշու ու հիշողությունների առատությունից։
Ես էդ հարկի մուտքի դուռն ամեն անգամ սրտի թրթիռով էի բացում, գրասենյակը պատմություն ուներ ու ինձ համար երբեք սովորական մի բան չդարձավ, ու հիմա սոսկալի էր տեսնել էդ անտերությունն ու ավերածությունը. ոնց որ շատ թանկ մի բան պղծված լիներ...
Էս նոր ու ամեն ինչով ապահովված շենքում երբևէ էն շունչը չզգացի, որ կար ու դեռ երեկ էլ զգացվում էր մեր հին ու կիսավեր Կենկենում :(

Նաիրուհի
16.05.2013, 17:40
Սպանել է պետք էն թիթեռներին, որ, պարզվում է, դեռ կենդանի են։
Սպանել էն հույսը, որի գոյությունն ինքս ինձ էլ չեմ ուզում խոստովանել, բայց ամենախորքերիցս մեկ էլ գլուխ է բարձրացնում՝ անտեսելով ուղեղիս ամիսների աշխատանքը։
Երազանք չկա։
Մտքերս, ներքին երկխոսություններս, գիշերվա ու ցերեկվա երազներս դեռ նույն կենտրոնի շուրջն են պտտվում։ Փախուստը կյանքի չի վերածվում դեռ :(

Հիմա սխալ բան եմ անում ոնց որ, կամ էլ միշտ ինքս ինձ երկրորդ պլանում թողնելուց հետո անսովոր է ինձ համար ինչ-որ բան անելը։ Մենակ թե բանը ցավեցնելուն չհասնի, մենակ թե կարողանամ կանգ առնել, երբ դրա կարիքը լինի։

Նաիրուհի
20.05.2013, 16:35
0-ից էլ ցածր ինքնագնահատականը բարձրացնելու անփոխարինելի միջոց՝ տափակ կոշիկները ժամանակավորապես փոխարինել բարձրակրունկներով։
100%-անոց արդյունք է ապահովում։ Ո՜նց էի մոռացել :))

Նաիրուհի
24.05.2013, 10:05
Կարոտը կանգնում է կոկորդիդ, բայց գիտես, որ չպիտի զանգես գոնե հարցնելու համար՝ ո՞նց ես։ Ու անզոր կատաղությունից քիչ է մնում խեղդես էդ մարդուն իրեն քեզնից խլելու համար։

Ո՞նց ես, իմս...

Նաիրուհի
26.05.2013, 15:53
Սիրահարվելուց հետ է պահում մենակ (դե լավ, առաջին հերթին) երաժշտական նախասիրությունների տարբերությունն ու հատկապես էն վախը, որ ինքն էս երաժշտությունի չի սիրի ու չի հասկանա :D :(
Թե չէ էնքան լավն է, որ արդեն սիրահարված կլինեի ՜՜՜ :love

Հ. Գ. Համ էլ նենց հանգիստ եմ, որ ինքն էս գրառումը դժվար կարդա ոչ ՖԲ-ում, ոչ էլ առավել ևս էստեղ :))


http://www.youtube.com/watch?v=uqjJJpFSAPI

Նաիրուհի
06.06.2013, 22:44
Հա, ես սնահավատ եմ։ Կամ էլ ճակատագրապաշտ։ Կամ էլ անուղղելի լավատես։ Իսկ ավելի հավանական է, որ բոլորը միաժամանակ։
Գալաթեան մկանների ցավից խոսեց՝ հիշեցի։
Ես դեռ հավատում եմ, որ 24 տարեկանում կյանքը նոր է սկսվում, ու դեռահասի պես թռչկոտում եմ ծաղկից ծաղիկ. հեծանիվ, ժայռամագլցում, լող, նոր օտար լեզու, ու մի գրամ չեմ մեծանում։
Հետ եմ բերելու դեռահասության տարիներին կորցրածս ժամանակը, հետո՝ էս տարիներին կորցրածս, հետո՝ էդ հետոյի կորցրածս, ու ամբողջ կյանքս երևի բացերը լրացնելով ու ժամանակի հետևից չհասնելով է անցնելու, բայց շա՜տ հավես բան է կյանքը, շա՜տ...
Էսօր ժայռամագլցման առաջին փորձս էր :love, ու ասացին՝ շատ լավ է ստացվում, առանց ասելու լիքը բաներ ճիշտ եմ անում, ու ոնց որ առաջին անգամը չլինի։
Հեծանվարշավի առաջին փորձս էլ լավ գնահատվեց։ Ու տենց քիչ-քիչ վերագտնում եմ մի քսան տարի առաջ կորցրած ինքնավստահությունս։
Մենակ մնում է մի կարևոր բան՝ չկոմպլեքսավորվել երաժշտական նախասիրություններիս ու քիչ ինֆորմացված լինելուս պատճառով, ու ինձնից երջանիկ մարդ չեք գտնի :sulel

Նաիրուհի
18.06.2013, 14:56
Ես չեմ ուզում սուրբ ու անինքնասեր լինել, որ բոլորն իմ հաշվին ինքնահաստատվեն, կայանան ու հետո էլ ասեն, թե ես ինչ լավ մարդ եմ։ Ես սովորական մարդ եմ, ու ուզում եմ գնահատվել առանց ուժս ու համբերությունս փորձությունների ենթարկելու, հնարավորությունների առավելագույն չափով շահագործվելու։ Ու ընդհանրապես, չե՞ն կարող լինել հարաբերություններ, ուր մարդիկ տալիս և ստանում են միաժամանակ, ոչ թե մեկը մյուսի հաշվին է ապրում։

Բա որ մի օր որոշում ես այլևս քեզ չզոհել հանուն ուրիշների քմահաճույքների, ու քեզ որակում են էգոիստ ու հայտարարում, որ քո հարցում սխալվել են... :fool

Նաիրուհի
20.06.2013, 21:39
Մի քանի շաբաթ ապրել՝ կանխավայելելով էն ուրախությունը, որ զգալու է քեզ համար գրեթե անծանոթ մեկը քո խենթության շնորհիվ։ Անպատմելի զգացողություն է :love

Նաիրուհի
01.07.2013, 15:55
Լիքն եմ, էնքան լիքը, որ վերջին շաբաթվա սմայլիկադուլից (Րաֆֆին ո՜նց ժողովրդի աչքից գցեց էս արմատը) դուրս եմ գալիս, որովհետև բառերը չեն կարող արտահայտել երեկվա ապրումներս։


Ի՜նչ լավն ես դու... :love

Նաիրուհի
02.07.2013, 23:52
Երբ ժայռի կատարից նայում եմ անդունդին, հեռվում ծագող արևին, ուսումնասիրում եմ ափիս մեջ վերցրած փոքրիկ միջատին կամ զննում անգամ ամենաաննշան թվացող ծաղիկը, մեջս քնքշանքի ալիք է բարձրանում դրանց կատարելության գիտակցումից։ Էդ գեղեցկությունից շունչս կտրվում է, բառ անգամ արտաբերել չեմ կարողանում, ու միայն արցունքներն են օգնում չխենթանալ։ Լաց եմ լինում, ու դրանից քիչ-քիչ մեղմվում է սեփական անկատարությունս, ձուլվում եմ բնությանն ու սկսում ինձ էլ արժանի համարել այդ հրաշքը վայելելու։

Մեկ-մեկ էդպիսի մարդիկ էլ են լինում, ում ներկայությունից, գոյության գիտակցումից, գեղեցկությունից շունչդ կտրվում է, բառ անգամ արտասանել չես կարողանում, ու էդ ժամանակ էլ մենակ արցունքներն են օգնում չխենթանալ։

Ու մենակ էդպիսի մարդու բացահայտելն է ստիպում գիտակցել, որ բնությունն իրոք կատարյալ է։ Ես դա գիտակցում եմ։

Նաիրուհի
05.07.2013, 23:14
Անզգա դառնալն էլ ո՞նց է լինում։ Փորձարկումներ եմ անում ինքս ինձ վրա. մի կաթիլ տարբերություն չկա՝ ինչ է կատարվում հետս, ով է կողքովս քայլում, հետս ինչ է խոսում, ոնց է նայում կամ դիպչում ինձ։
Ոնց որ կողքից ուրիշներին նայեմ. այ էդքան պետքս չի։ Ու պետքս չլինելն էլ պետքս չի։

Նաիրուհի
07.07.2013, 23:26
Լավն էր էսօրը։ Երրորդ հեծանվարշավս, էս ամառվա երրորդ արևային կիրակիս, հրաշալի մարդիկ ու հրաշալի ակումբցիները, մեջս ծովացող քնքշանքը, որ ամեն ինչից ավելի մի կոնկրետ բանով է պայմանավորված։

Ազնիվ խոսք, ինձ ընդամենը երկու բան է պակասում կատարյալ երջանկության համար, երկու բան, որ այս պահին ի զորու չեմ ինքնուրույն ձեռք բերել, մնացածի համար ուժերս ու ժամանակս լրիվ հերիք են։

Էսօրվան մի հատ էլ :love

Նաիրուհի
11.07.2013, 17:55
Էս հղումը (http://femour.com/30-baby-animals-that-will-make-you-go-aww/?fb_action_ids=10151550271964296&fb_action_types=og.likes&fb_source=other_multiline&action_object_map=%7B%2210151550271964296%22%3A132028030328249%7D&action_type_map=%7B%2210151550271964296%22%3A%22og.likes%22%7D&action_ref_map=%5B%5D) պահեմ օրագրումս՝ չկորչի :love
Հենց վիճակս էն չլինի, բացեմ, նայեմ, նորից ապրեմ բնության կատարելությունը, գժվե՜մ...

Նաիրուհի
21.07.2013, 02:25
Իդեալիցս հինգ պակաս մարդու հետ...

... հաճույքով կսիրեի էն ամենն, ինչ ինքը սիրում է։

Կուզեի՝ հետս գար ցույցերի, հեծանվարշավի։ Իրար հետ իմ սիրած երաժշտությունը լսեինք։ Նոր հայտնաբերած կամ վաղուց իմացած բանաստեղծությունների սիրուն պատկերներ ցույց տայինք իրար։ Ինձ լիքը բաներ սովորեցներ՝ առանց բարոյապես ճնշելու։ Պառկեինք խոտերին ու աստղերը հաշվեինք, հետևեինք՝ ոնց են ձևափոխվում ամպերը։ Թրև գայինք մինչև լուսաբաց։ Հետս անցներ Թարթառի մի ափից մյուսը, Իստի-Սուի ավերակներում ինձ նման կյանք գտներ, ու իրեն էլ թվար, որ երկրի վրա դրախտն էդ փոքրիկ անկյունն է։ Ինձ նման սիրեր, զգար հողը։ Թողներ, որ մրջյունները վազվզեն վրայով։ Մի քիչ խոսել սովորեր, մինչև ես լռել սովորեի։

Բայց ես իրեն սիրահարված չեմ, իսկի ինքն էլ ինձ սիրահարված չի։
Ու փաստորեն էսքան տխուր բան է իդեալիցդ հինգ պակաս մարդուն հանդիպելը, եթե էդ ամենը գիտակցում, մտածում ես, ոչ թե զգում։

Բայց ամեն դեպքում հավես զգացողություն է մի քանի տարվա ամենահեռավոր ծանոթիդ մեջ քեզ համար համարյա կատարյալ տղամարդուն բացահայտելը։ Մենակ նրա գոյության հնարավորությունն իրականացած տեսնելն արդեն ինչ ասես արժի։

:love

Նաիրուհի
21.07.2013, 23:52
Ամեն հաջորդ օր մի քիչ ավելի վատ :(

Նաիրուհի
28.07.2013, 18:45
Օդ ու ջրի պես անտառ եմ ուզում, գետ, գիշեր ու լիքը աստղերով երկինք։
Երկու օր, շատ չէ, ընդամենը երկու օր առանց քաղաքի, մեքենաների, հեռախոսի, մարդկանց։ Գիշերները պառկեմ ու նայեմ աստղերին, ծառ ու գետ շնչեմ, մաշկովս հող զգամ, ծակոտիներովս լռություն ներծծեմ, ու երակներովս բնություն հոսի...

Շատ չէ, երկու օր ընդամենը, երկու օր։ Մե՞ծ բան եմ ուզում։ :(

Նաիրուհի
02.08.2013, 02:21
***

Մեկն ասում է՝ էս ամենը, մենակությունդ փոխել չուզենալը նրանից ա, որ դու չափից ավելի լավն ես։
Ասում է՝ հետը գործ չունես, ինքը հլը լրիվ ցոգոլ ա, քեզ պետք չի։ Մենակ իրենց մասին մտածող, էգոիստ տղերքից հեռու մնա, ափսոս ես։

Էն մյուսն ասում է՝ ուզում եմ, որ մի օր հասկանաս, թե ինչքան լավն ես։ Ու երբ դու դա հասկանաս, ես էդ մասին կիմանամ։ Գիտե՞ս ոնց։
-Ո՞նց։
-Մի օր՝ հեռու կամ մոտ ապագայում, երբ կհանդիպենք՝ միանգամայն պատահաբար կամ ոչ, ասենք՝ ինչ-որ ճարտարապետական սեմինարի ժամանակ, ու դու շատ յուրահատուկ կժպտաս, ես կզգամ, որ հասկացել ես։

Երրորդն էնքան բան է ասում, որ նույնիսկ հիշելուց կարմրում եմ։

***

Ու ասում են էն մարդիկ :love. ովքեր միշտ ինձ համար օրինակ են եղել։
Երես եք տալիս ինձ :oy

Նաիրուհի
07.08.2013, 14:12
Ակումբցիների ստորագրությունները որ շատ են աչքիս ընկնում, էնպիսի թունդ նստվածք են տալիս հաճախ, որ հետո ինչ-ինչ ապրումների ժամանակ որ ուզում եմ մտքերս ձևակերպել, մեկ էլ հայտնաբերում եմ, որ էդ պատրաստի արտահայտություններն են պտտվում գլխումս :D

Մի ահագին ժամանակ մտքիցս դուրս չէր գալիս Ապե ջանի «Գրկեմ, տաքացնեմ, պաչիկ անեմ, սիրեմ»-ը :)), հիմա էլ Նիկեայի ստորագրությունն է արմատներ գցում՝ «:loveՍիրում եմ, սիրում եմ, հիմա ավելի շատ եմ սիրում :love»։

Շատ եմ սիրում, հո զոռով չի՞ :(

Նաիրուհի
08.08.2013, 00:38
Ես ի՞նչ իրավունք ունեմ մտնել նրանց մատի ու մատանու արանքը :(

Չէէէ, էս էն դեպքը չի, թե՝ արի ու տես, որ ունեմ։

öldüreceğim kendimi
yazan yazmış kaderimi
ou nana ~~~


http://www.youtube.com/watch?v=7O99DAOJX3M

Նաիրուհի
08.08.2013, 05:53
Նենց սիրուն են ամպերը պատուհանից դուրս, գունափոխվող երկինքը...


Ուզեցի դառնալ դեպի մեր գյուղի էն շնչահեղձ անող գիշերներն ու արևածագները, որ տեսնելու համար դուրս էի գալիս պատուհանից, որ տնեցիք չիմանան։ Հա, գիշերը տարբեր ժամերի դուրս էի գալիս երկնքին նայելու։


Երկու օրից գյուղ եմ գնում։ Երազում եմ, որ քսանչորս ժամ գիշեր ու լուսաբաց լինի։ Մարդկանց չեմ կարոտել, իսկ ցերեկն առանց նրանց հնարավոր չի։


Էլի դուրս կգամ պատուհանից, կպառկեմ ցողոտ գետնին, մաշկիս բաց հատվածները կխոնավանան, ամբողջ մարմնովս լուսադեմի սարսուռ կանցնի, որն ուրիշ ժամերի սարսուռներին նման չի։


Աստղերը կհաշվեմ, հետո կմտածեմ, թե եթե նորմալ տեսողություն ունենայի՝ ինքա՜ն ավելի շատ աստղ կտեսնեի։ Կհիշեմ մանկությանս ցնդած երազներն աստղագիտության մասին, կդեպրեսվեմ, աչքիս ծայրից մի կաթիլ կգլորվի մազերիս մեջ, ու նրա թաց հետքը կսարսռա լուսաբացի քամուց։


Կուրծքս օդով կլցվի, ու ինձ կթվա՝ էնքան թեթև եմ, որ կարող եմ վեր բարձրանալ՝ դեպի Օրիոնը փակող ամպերը։ Բայց հենց արևելքը կսկսի ոսկեզօծվել, էլի սուս-փուս կիջնեմ գոմի կտուրից, կամաց կսահեմ պատուհանից ներս ու կկծկվեմ վերմակիս տակ, իբր էդ գիշեր իսկի էլ հեքիաթ չեմ ապրել։

Նաիրուհի
09.08.2013, 04:21
Հեշտ չի, բայց ո՞վ է ասում, թե հեշտ պիտի լիներ։ Ո՞ւմ համար է հեշտ որ։ Կամ ինձ համար ե՞րբ է հեշտ եղել։

Կարևորը վերջում սպասվող երջանկությունն է։

Նաիրուհի
10.08.2013, 03:12
Երրորդ անքուն գիշերը։ Հիմա մտածում եմ՝ արժի՞ երկուսուկես ժամվա համար քնաբեր խմել։ Երեք ժամից գնում եմ գյուղ։ Հա, գրանտ կամ ծրագիր չկպավ՝ Ծաղկաձոր կամ Աղվերան գնայի, փառք Աստծո, գյուղ եմ գնում։

Սենց հակասական ապրումներով գերբեռնված օրեր մեկ էլ երևի մի երկու-երեք տարի առաջ էին եղել։

Գիժ եմ ես։ Որ գլուխս մի բան է մտնում, պիտի անեմ։ Հիշում եմ՝ մի անգամ մամաս չթողեց՝ ընկերներիս հետ իրենց գյուղ գնամ (չորս օրով ընդամենը), ես էլ որոշեցի, որ մինչև իրենք Երևան չհասնեն՝ բան չեմ ուտելու, ու հինգ օր ոչ մի բան չկերա։ Հենց նենց։ Ուղղակի։

Հիմա էլ որոշել եմ՝ չեմ քնելու։ Անժամկետ քնադուլ եմ հայտարարել։ Գյուղում գիշերներն էսպես թե էնպես համարյա չեմ քնում. մնում է տեսնել՝ քանի օր կձգեմ։

Ցը, չնայած կարող է մինչև լուսաբաց մի երկու գրառում էլ անեմ :D

Նաիրուհի
11.08.2013, 00:12
Անաստղ գիշեր է ու էնպիսի լռություն, որ նեթբուքիս աշխատանքն ինձ չափազանց աղմկոտ է թվում։ Քիչ առաջ լույսը դեռ անջատած չէր, ու գրքի էջը շրջելու ձայնի հետ կատարյալ լռությունը խախտում էր ինչ-որ անհասկանալի թրթռոց։ Երբ ուզեցի պատուհանից նայել, որ դուրս գալուս երթուղին նախապես մշակեմ, հայտնաբերեցի, որ ապակիները դրսի կողմից ծածկված են միջատների պարսերով։ Մոռացել էի, հիշեցի :love

Խենթանում եմ գյուղի գիշերվա համար։ Սենց ժամանակ քիչ է մնում հավատամ, որ Աստված գոյություն ունի։

Էսքան մաքուր, կատարյալ, աստվածային բան մեկ էլ գյուղի ձմռան գիշերն (http://www.akumb.am/showthread.php/55063-%D5%88%D6%82%D5%B2%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%B8%D6%80%D5%B4%D5%B8%D6%84-%D5%BD%D6%80%D5%BF%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?p=2108970&viewfull=1#post2108970) է։

***

Էսօր մայր մտնող արևն աչքով էր անում ու կանչում դուրս, ասում էր՝ արի պաչիկ անեմ, արի մի քիչ խաղանք, վաղուց չես երևացել։ Համոզեց։ Բարձրացա տանիք, պառկեցի դեռ տաք թիթեղներին, ու սկսեցինք խաղալ անցած տարիների նման։ Խուտուտ տվեց կիսափակ աչքերս, փակեցի, սկսեց սահել կոպերիս վրայով ու պատկերներ գծել։ Արմունկներով ծածկեցի դեմքս։ Հիմա էլ սկսեց բաց մնացած մրսած քիթս ծակծկել։ Քամին էլ մյուս կողմից էր խուտուտ տալիս, բայց ես իրենից նեղացա, որովհետև մոռացել էր, որ ես էդ անտեր քաղաքում մրսկան եմ դարձել, ու ինքն ինձ հետ գոնե մի օր քնքուշ պիտի վարվի։ Իսկ ինքը սրիկայաբար սողոսկեց հագուստիս տակ, ես էլ մրսեցի ու շուտ ներս եկա։
Սրիկայի´ մեկը. չթողեց՝ արևիս հետ ջրիկանանք մի քիչ։

***

Առավոտը դուրս կգամ բոբիկ ոտքերս սառը ցողով օծելու ու շարունակելու արևի հետ ընդհատված խաղը. ցողի կաթիլներից անդրադարձող ճառագայթներն ավելի չարաճճի են, ջրիկ, իսկը իմ խելքի :)

Նաիրուհի
11.08.2013, 14:16
Գերդաստանը։ Պատմական լուսանկար՝ հեռախոսի 3.2 ՄՊ տեսախցիկով։

http://i.imgur.com/cmwJvCf.jpg

Հ. Գ. Էս քարերին մեռնեմ...

Նաիրուհի
11.08.2013, 16:49
Երջանիկ, բայց անհայտ ապրելը երազանքս չի, բայց հասկացել եմ, որ հերոսի կոչում էլ չեմ ուզում։ Էն էլ հետմահու։

Խելքի եկած Աքիլլես

Նաիրուհի
13.08.2013, 17:32
Կարդում եմ սեփական օրագիրս ուրիշի աչքերով ու ասում՝ էս հիստերիկ ռոմանտիկն ո՞վ է, սրա սիրտը հանրագիտարա՞ն է, ի՞նչ է:
Լրիվ լուրջ. երեկ նկատեցի, որ չիմացողին կարող է թվալ, որ ես ամիսը մեկ սիրահարվում եմ :D Ու դրա մեղավորը ես եմ, մտքումս մեկի հետ խոսելու ու դա էստեղ գրելու սովորությունս: Իրականում էդ բոլոր «դու»-երից երեւի առավելագույնը երեքն են զգացմունքի «օբյեկտ» եղել, մնացածները՝ կորցրած ընկերներ, հեռացած հարազատներ, մի մեծ մաս էլ մենախոսություն է :D

Ես էդպիսին չեմ, ազնիվ-ազնիվ պինգվինի խոսք, ճիշտ եմ ասում :oy Հա, շուտ եմ տպավորվում, մարդկանց մինչեւ վերջ նվիրվել ու սիրել գիտեմ, բայց նենց չի, էլի, որ սիրահարվում եմ: Կամ էլ մարդուն որպես մարդ եմ սիրահարվում՝ անկախ սեռից:

Օֆ-օֆֆֆ...

Նաիրուհի
14.08.2013, 11:25
Էդպես էլ ոչ մեկի համար միակը չկարողացա լինել, բայց դրա փոխարեն երկուսից մեկը լինելը շատ լավ ստացվում է: Պետք է ամեն ինչի դրական կողմը գտնել: ;)

Նաիրուհի
15.08.2013, 01:43
Ոչ մի տարի գյուղն էսքան մոտ ու հեռու չէր եղել: Ամեն ինչից աչքերս լցվում էին՝ ամպերից, հանդից եկող անասուններից, էն գիտակցումից, որ իմ սիրած աղբյուրը ծննդիցս ավելի քան տասնհինգ տարի առաջ խողովակի մեջ են բանտել, մատուռի երկաթե հին դուռը փոխված տեսնելուց... Մամայիս հարցական հայացքին պատասխանում էի.
-Չիտեմ, մա՛մ, սիրտս բարկցել (բարակել) է...

Գյուղն ինձ համար առաջվա պես սիրուն է, բայց իրականում առաջվանը չի: Բնությունը բարկացել է, անմշակ հողը՝ վիրավորվել. մեր սարերը մինչեւ հոկտեմբեր կանա՜չ-կանաչ էին լինում, իսկ էս տարի օգոստոսին ոնց որ նոյեմբեր լիներ:
Արտ ցանող չկա, հողը վարող չկա, դրա համար էլ նախկին մարդաբոյ խոտը հիմա քսան սանտիմետրից չի բարձրանում: Չհամոզեք, որ դա կապ չունի. ես գիտեմ, որ հողն զգում է իր հանդեպ վերաբերմունքը: Մենք հաճախ ենք զրուցում:

Հիշում եմ՝ երբ գյուղում էինք ապրում, հայրս սեպտեմբերին ավարտում էր հունձն էն շրջաններում, ուր հացահատիկը շուտ էր հասնում, ու վերադառնում գյուղ: Ու ամեն օր մի քանի արտ էր հնձում: Մեր տան մոտ միշտ իրար հետ կռվող գյուղացիների հերթ էր, որովհետեւ գյուղը չորս հազար բնակիչ ուներ ու ընդամենը երեք կոմբայնավար: Էն ամենադժվար տարիներին ամենամեծ հերթերն էին, հետո քիչ-քիչ շարքերը նոսրացան, բայց դեռ տասը տարի առաջ էլ ամբողջ սեպտեմբերը հայրս մինչեւ գիշեր աշխատում էր:

Դեռ քիթս խուտուտ է տալիս ծղոտի ու փոշու խառը հոտը, որ շնչում էի կոմբայնի հետնամասի թեքությամբ վեր մագլցելիս, մատներիս արանքում զգում եմ ցորենի հոսքը, ինչպես տասը տարի առաջ կիսով չափ լցված բունկերում հատիկների հետ խաղալիս: Ուշ գիշերին, երբ մեր թաղում որեւէ մեկի տնամերձում հայրս կալսում էր հնձած ցորենը, կոմբայնի լուսարձակների լույսի մեջ պարում էին հարդի մասնիկները, խոտը մեքենայի բերանը տվող մարդկանց աշխույժ ձայներն արձագանքում էին գիշերվա լռության մեջ, կոմբայնը հռնդում էր ու իր լույսերի մեջ մի տեսակ միստիկ խորհրդավորությամբ պարուրված՝ իր բարձունքից հպարտորեն նայում մարդկանց, ում հաց էր տալու այդ ձմեռ: Ու ես հպարտ էի, որ իր կարեւոր առաքելությունն անելուց հետո այդ բարի հսկան գալու է մեր տուն, ու ես ինչքան ուզեմ՝ խաղալու եմ հետը, փաթաթվելու ու շնչելու եմ նավթի հոտին խառնված ցորնահոտը:

Իսկ հիմա իմ մանկության հերոսը գյուղ վերադառնալուց հետո հազիվ մի երեք-չորս օր աշխատի: Անասելի տխուր բան է տեսնելը, թե ոնց է պարապության մեջ ծերանում ողջ կյանքում աշխատելուն սովորած բարի հսկան:

Իմը սրանից տարբերվում է միայն նրանով, որ «Նիվա»-յի վերեւը 1 է գրված

http://i.imgur.com/TvDxOMy.jpg


Այ էս հետեւի՝ հարդը պահող մասում էի ամենաշատը սիրում խաղալ :love

http://i.imgur.com/SEhlG1O.jpg

Նաիրուհի
16.08.2013, 11:14
Էն որ ասում էի՝ պատուհանից դուրս գալ, բան, այ էս պատուհանն է

http://i.imgur.com/yjvqhdX.jpg

այ էս տանիքներին եմ պառկում, ընտրությունը կախված է եղանակից ու տրամադրությունից

http://i.imgur.com/f9L9ysP.jpg

Էս սանդուղքով եմ բարձրանում կտուր

http://i.imgur.com/lxjv7M0.jpg

սենց երանության մեջ փռվում եմ տանիքին: Մեկ-մեկ քնում եմ

http://i.imgur.com/gvRncVf.jpg

իսկ հիմնականում վայելում եմ էս տեսարանները.

http://i.imgur.com/n7G7z8s.jpg

գյուղի՝ էս ծայրից վերջին տունը՝

http://i.imgur.com/ZXTQDmH.jpg

ու մեր գժվելու երկինքը

http://i.imgur.com/bK8NBHJ.jpg

Նաիրուհի
17.08.2013, 01:02
Հողմաղացների դեմ կռվել է մրցելը մեկի հետ, ով քեզնից մի քանի քայլ առաջ է, որոնցից առնվազն մեկն անհաղթահարելի է:

Պարտության մեջ եմ կամովի:

Նաիրուհի
17.08.2013, 01:33
Չէ, թեման չեմ խառնել:


http://www.youtube.com/watch?v=MLr9Y8Hr-20

Ռուբենի հետ նկար ունենալը էն քիչ բաներից է, որ դեռ երազում եմ: Ու թեեւ ամեն գրեթե ուրբաթ կարող եմ իրականացնել դա, ես դեռ հետաձգում եմ. հավես չկա անիրականանալի երազանքների հետ մենակ մնալու:

Նաիրուհի
18.08.2013, 00:06
Մարդիկ իրենց 80-ը 98 են ներկայացնում, ես իմ 75-ը՝ 40:
Կողքիս խելացի մարդն ասում է՝ քեզ գնահատել, ներկայացնել սովորի, միամի՜տ:

Է հա ես ի՞նչ անեմ, որ սենց եմ ստեղծվել:


И есть чем платить, но я не хочуПобеды любой ценой.Я никому не хочу ставить ногу на грудь.Я хотел бы остаться с тобой,Просто остаться с тобой,Но высокая в небе звезда зовет меня в путь...


http://www.youtube.com/watch?v=NAdjMZiE2qQ

Նաիրուհի
18.08.2013, 22:07
Էն պահը, երբ ներսիցդ մեկը չարախնդում է, թե՝ էս անգամ հաստատ չես ձգի, դու էլ հակառակվելու համար հավաքում ես վերջին ուժերդ ու դեմքին գոռում՝ կտեսնե՛ս, որ կձգեմ: Բայց գիտես, որ դժվար դիմանաս:

***

Մի անգամ մեկն ուզեց ինձ լավություն անել ու ասաց մի բան, որն ի՛նքը չպիտի ասեր:

Էդպես էլ չիմացա՝ գիտե՞ր, որ նման բան կա, թե՞ ուղղակի ենթադրել էր, կամ կա՞ր արդյոք դա, բայց փաստն էն է, որ ուրիշի գործն իր վրա վերցնելով՝ սարսափելի բան արեց, որի հետեւանքներից մեկը մի քանի ամիս նյարդաթելերիս նվոցն էր: Ու ո՛չ մի լավ բան չստացվեց էդ մարդու բարի ցանկության արդյունքում, նորմալ էլ չմնաց, վարի գնաց ամեն ինչ:

Ուրիշների սխալներից դաս չեմ քաղում:

***

Так откуда взялась печаль?



http://www.youtube.com/watch?v=pUFgQhGePko

Նաիրուհի
20.08.2013, 03:45
Նվիրելը նվեր ստանալուց հազար անգամ շատ եմ սիրում:

Ինձ համար նվեր տալը ամբողջ արարողություն է՝ մարդուն ուսումնասիրելուց, նրան հետաքրքրող, սիրելի բաները պարզելուց մինչեւ նվերն ընտրելն ու մատուցելը:

Տանել չեմ կարողանում «պծիչկա» ստանալու համար տված անդեմ նվերները, ինքս էլ այդ միջոցից օգտվում եմ միայն ծայրահեղ դեպքերում, երբ դիմացինիս պետք է պարզապես իմ անվան դիմաց լրացնել «տվեց» վանդակը:

Եթե ես մեկին մի բան եմ տալիս, ուրեմն էդ մարդն ինչ-որ բանով մոտ է ինձ, անգամ եթե առաջին անգամ եմ հանդիպում:

Երբ մեկի մոտ մի բան եմ հայտնաբերում, որը կարող է էդ մարդուն ուրախացնելու հնարավորություն տալ, սկսվում են անքուն գիշերներն ու շարունակվում էնքան, մինչեւ իդեան մատերիայի է վերածվում ու ինձ հանգիստ թողնում: Երբեմն դա նույնիսկ ամիսներ կամ տարիներ է տեւում, բայց աներեւակայելի, գերագույն բավականություն է էդ ամբողջ գործընթացը՝ առաջին մտահղացումից մինչեւ ամեն անգամ նվիրելուդ պահին ստացողի հայացքը հիշելը:

Ամեն մարդ մի բզիկ ունի. էս էլ իմ ամենամեծ բզիկն է: Էնքան էլ շատ մարդու վրա չի տարածվում, բայց անտեր սիրտս որ մեկին կպավ՝ կպավ, վերջ, էլ պոկ չի գալիս:

Մի օր երես տվողներիցս մեկը ժամեր տեւած զրույցից հետո, որի ընթացքում քննարկում էինք վերաբերմունքս ամենատարբեր բաների հանդեպ՝ սկսած տրոլեյբուսներից մինչեւ հաշմանդամները, մի բան ասաց, որի շուրջ մինչեւ հիմա մտածում եմ ու զարմանում, թե ո՞նց գտավ էդքան պարզ ձեւակերպումը: Ասաց. «Դու հոգ տանելու պակաս ունես»:

Բայց թե չգիտի (ավելի ճիշտ՝ հաստատ գիտի), որ ավելի շատ հոգ տանողի պակաս ունեմ:

Նաիրուհի
21.08.2013, 00:32
Կուզեի այլ իրականությունում ապրել, բայց եթե է՛ս իրականությունն է ինձ բաժին հասել, պիտի ընդունեմ ամեն ինչ որպես օրհնություն:

Ո՞վ գիտե, գուցե այլ դեպքում ես չունենայի քեզ, Արեւս...


Ты должен быть сильным, иначе зачем тебе быть?

Կարեւորը՝


Мы не потеряли невинность в боях за любовь.

Նենց որ հեքիաթը մնում է ուժի մեջ: Ու հավատը, որ մի օր Ռուբենի հետ նկար կունենամ:


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&amp;v=MLr9Y8Hr-20

Կարևոր չէ, թե ինչ սխալներ կգործես կյանքում, մի վախեցիր գործած սխալների համար կամ նորերը գործելուց: Դու բարի սիրտ ունես, վստահիր սրտիդ, ունկնդրիր նրան և շարունակիր ճանապարհդ առանց կանգ առնելու: Եթե ընկնես` խաբված կամ հալածված ուրիշներից կամ ինքդ քեզանից, վեր կաց և ետ մի նայիր: Բազմաթիվ անգամներ պիտի պիտի ծիծաղես և բազմաթիվ անգամներ պիտի պիտի լաց լինես, այդ ծիծաղն ու արտասուքը շարունակ անբաժան պիտի լինեն իրարից: Քո կյանքում դու ոչ մի րոպե չես ունենա ստոր, նենգ կամ փոքրոգի լինելու…

Նաիրուհի
23.08.2013, 13:16
Ինչքա՜ն ջրեր են հոսել Ակումբում գտնվելուս չորս տարվա ընթացքում, ու ինչքա՜ն է ամեն ինչ մնացել նույնը։

Բայց էսօր, երբ արդեն մի քանի օր գլխումս պտտվող արտահայտությունը վերածվելու է ստորագրության, հասկացա, որ շատ եմ ափսոսում, որ նախկինում ստորագրությունս փոխելիս նախորդը չեմ պահել ինչ-որ տեղ։ Սեփական հոգեվիճակի փոփոխությանը հետևելու հարմար միջոցներից մեկը կարող էր լինել։

Էսօրվանից կփորձեմ հիշել, որ ներկա ստորագրությունը մինչ փոխելը տեղափոխել է պետք առավել անձնական տարածք՝ օրագիր։ Նենց, ոնց որ կա։

***

Մարդ արարածը եթէ հոգիին մէջ երկինք չունի, ան ի՞նչ գիտէ աղունիկն ինչ է... (http://www.youtube.com/watch?v=nlyM6G9EIXs)

Նաիրուհի
25.08.2013, 04:02
2013 թ. օգոստոսի 24-ի, լույս 25-ի գիշերն առաջին անգամ սեփական համակարգչով սեղմում եմ Ակումբի «Ելք» կոճակը։

Երբ մաշվեն ցավի սուր անկյունները, դատարկությունը փոքր-ինչ լցվի, կպչուն մտքերը հեռանան, նորից կսեղմեմ «Մուտքը»՝ նշելով «Հիշել»։

***

Եթե ուզում ես ինձ ճանաչել,
Հարցրու սարերին, ջան:
Եթե ուզում ես ինձ ճանաչել,
Հարցրու արևին, ջան:
Նրանք լավ գիտեն ինձ:
Նրանք լավ գիտեն ինձ:

Եթե ուզում ես ինձ հասկանալ,
Հարցրու օդին, ջան:
Եթե ուզում ես ինձ հասկանալ,
Հարցրու ջրին, ջան:
Նրանք լավ գիտեն ինձ:
Նրանք լավ գիտեն ինձ:

Եթե ուզում ես ինձ հասկանալ,
Նայիր բնությանը, ջան:

Ջրի պես պարզ, ջրի պես խորը ապրում եմ կյանքը ես:
Ականջով տես, աչքերով խոսիր, բերանով լսիր, ջան:

Եթե ուզում ես կյանքը ճանաչել,
Նայիր բնությանը, ջան:
Եթե ուզում ես կյանքը հասկանալ,
Նայիր բնությանը, ջան:
Ինքը լավ գիտի դա:
Ինքը լավ գիտի դա:

Եթե ուզում ես ինձ հասկանալ,
Նայիր բնությանը:

Դարձիր, դարձիր,
Դարձիր, դարձիր,
Դարձիր, դարձիր տուն,
Դարձիր, դարձիր տուն։

Փոխադրումը՝ Կլօրի


http://www.youtube.com/watch?v=ZODafWWndRg

Նաիրուհի
31.08.2013, 04:15
Նենց չի, որ եկել եմ: «Հիշել»-ը դեռ չեմ սեղմել: Ուղղակի ուզեցի օրագրիս պատմել, թե ինչ երջանիկ եմ եղել վերջին օրերին առանց Ֆեյսբուքի աղմկոտ պրոֆիլի, առանց հեռախոսի ու առանց Ակումբի: Հա՛, հենց առանց Ակումբի էլ: :(
Մի քանի ժամով մտա, ու խնդրեմ՝ ցնդեց երջանկությունս, ասես չէր էլ եղել:

Հավես օրեր էին Արեւիս հետ: Վաղուց էսքան երկար մենակ չէինք մնացել, էսքան խորն ու տաք իրար չէինք զգացել: Փաստորեն ծարավը հագեցնելու համար պետք էր չբավարարվել ամենօրյա փոքրիկ կումերով, այլ էս օրերի նման վայելել իրար հետ լինելու ամեն վայրկյանը՝ հանգիստ, հարազատ, ջերմ, մտերիմ...

Նոստալգիկ ֆիլմեր, երաժշտություն, Արեւս՝ ամբողջ օրը կողքիս, ու երանությունը կատարյալ է դարձնում Դանինի «Հավանականային աշխարհը (http://read24.ru/pdf/daniil-danin-veroyatnostnyiy-mir.html)»: Ափսոս, որ ամեն լավ բան մի օր վերջանում է: Բայց քանի դեռ ժամանակ ունեմ՝ կվայելեմ իմ կյանքով ապրելու հաճույքը: Գնամ, փաթաթվեմ Արեւիս շողերով ու քնեմ... :love

Я нем, но ты слышишь меня,
И этим мы сильны ~~~


http://www.youtube.com/watch?v=LavZw6cP02k

Հ. Գ. Եթե այն, ինչ մենք անվանում ենք Տիեզերք, պատահականորեն է ծնունդ առել ատոմներից, որոնք անխոնջ են իրենց մրրկային շարժման մեջ, ապա ինչպե՞ս է պատահել, որ դու այդքան չքնաղ ես, իսկ ես սիրահարված եմ:

Ջոն Հոլլ, 17-րդ դ.

Նաիրուհի
02.09.2013, 03:15
Ինչ սկսել եմ շուրջս նայել, հասկանալ, որ յուրաքանչյուր մարդ իր պատմությունը, իր դրաման ունի, մտածում եմ՝ ո՞ւմ են պետք գրական գործերի հնարովի սյուժեները։ Էնքան պատմություններ կան գրի առնելու, որ ուղղակի ափսոսում եմ, կատաղում սեփական անզորության մտքից. մարդ է՞լ էսքան անտաղանդ լինի։

Չեմ ուզում փչացնել իրականությունը, որն իրենով արդեն կատարյալ գրական գործ է, մենակ թե տեխնիկա է պետք դա առանց աղավաղելու թղթին հանձնելու համար։

Մի պատմություն կա, որ հանգիստ չի տալիս։ Ինչ ինձ հիշում եմ՝ հետս է, ուղեկցում է։ Մե´կ թուլանում է, ժամանակավոր մոռացվում, մե´կ՝ գլուխ բարձրացնում ամբողջ ծանրությամբ։ Շատ է ազդել մտածելակերպիս ձևավորման վրա։ Հա´ ուզում եմ գրել, թեկուզ սովորական գրառման տեսքով, բայց չի գրվում։ Ցավի դոզան էնքան շատ է, որ վախենում եմ՝ չկարողանամ փոխանցել, իսկ սա էն դեպքն է, որ պակասեցնել չարժի։

Տաղանդ ունենայի՝ լուսանկարեի էն բոլոր պուճուր ու մեծ հրաշքները, որ տեսնում եմ ամեն քայլափոխի։
Գրեի էն բոլոր մարդկանց մասին, որ մեռնում են անտարբերության մեջ։
Գրառեի էն երաժշտությունը, որ կանգնած է օդում։
Ու էդ ամենը հիմիկվա փորձերիս պես ծուռ հայելում արտացոլանքի նման չլիներ։

Ու հնար լիներ՝ մենակ, մեն-մենակ ապրեի տաք մի տեղ, ունենայի ամենամեծ գրադարանն ու կարդայի, սովորեի, վայելեի մարդ լինելս։
Թե չէ սենց ոնց որ խոտ լինեմ։ Վատ իմաստով։

Նաիրուհի
03.09.2013, 23:24
Առաջին գիշերն եմ պատրաստվում անցկացնել քաղաքապետարանի մոտ:
Ինչպես ամեն անգամ, երբ ընկերներիս հետ եմ, ապահովության ու հանգստության զգացում ունեմ:
Երկար գրելու հավես չկա, երբ հարազատ ստեղնաշարի փոխարեն սենսորային էկրան է, իսկ հայերեն գրելու միակ միջոցը մնում է Հայերեն.ամ-ը:


Բարի, խաղաղ գիշեր մեզ:

Նաիրուհի
05.09.2013, 02:36
Գրեցի, գրեցի ու զգացի, որ անգամ ինձ նման անթույլատրելիորեն անկեղծ մարդու համար չափազանց կլինի էդ ամենը բաց էստեղ դնելը, ու կյանքումս երկրորդ անգամ ՖԲ-ում միայն ինձ տեսանելի գրառում սարքեցի՝ էստեղ թողնելով չափազանց ղզիկ ու դեռ շատ անկեղծ, բայց մի քիչ ավելի հանդուրժելի մի մասը։ Առաջինն էլ էր քո մասին։

Հինգ տարի առաջ՝ էս ժամերին, երբ ամփոփում էի հերթական օրս ու տեղավորում նոր տպավորություններս, մտքովս էլ չէր անցնում, որ ինձ համար ճակատագրական կդառնաս։

Դու էլ հասկացար, թե ով էիր ինձ համար ու ինչպես քանդեցիր առանց այդ էլ խախուտ հիմքերի վրա հազիվ գոյատևող աշխարհս։ Դրա համար ես հիմա ամեն հանդիպելիս ներողություն խնդրում։ Դրա համար էսօր էլ, երբ չկարողացա չպատասխանել զանգիդ ու դիմանալ էս օրով քեզ տեսնելու գայթակղությանը, չկարողացար չհիշել մեռնելուս երկու տարին։
Դրա համար նույնիսկ ասացիր, որ եթե չհայտնվեիր կյանքումս՝ միգուցե ես հիմա երջանիկ լինեի, բայց ինձ էդքան երկար սպանելու համար պատժվել ես ու դեռ շարունակում ես հատուցել։ Իսկ ես, փոխանակ քեզ գրողի ծոցն ուղարկելու, չկարողացա քեզ գրկած լաց չլինել։

Վատ մի զգա արցունքներիցս, աչքերդ մի լցրու, մի տանջվիր վատ զգալուս համար։ Էսօր ես քո փոխարեն դատարկություն էի գրկել ու զարմանում էի, որ դեռ երկու տարի առաջ բոլոր բջիջներս քեզ ատելով քեզ համար խենթանալու շնորհիվ էին գոյատևում։ Ու հերիք է ներողություն խնդրես, գրողը տանի։

Ե՞ս ավելի շատ կորցրի, թե՞ դու։ Ամեն դեպքում ես ազատ եմ ու առաջ եմ նայում։ Ես հավատում եմ, որ մի օր կլինի նաև երկրորդը, իսկ դու դեռ քարշ ես տալիս սխալներիդ հետևանքները։ Կներես, բայց դու ես մեղավոր. էնքան տղամարդ չեղար, որ գոնե ինքդ քեզ համար կյանքդ ճիշտ դասավորեիր։ Չեմ ասում՝ ինձ հետ, քավ լիցի։

Քեզ դիտմամբ տարա էնտեղ, ուր երկուսս էլ իրարից անկախ էդքան հիշողություններ ունենք։ Տեսա՞ր՝ ինչ ավերակի էր վերածվել երբեմնի աշխույժ գրասենյակը։ Տեսա՞ր՝ ոնց էր փոշին ուտում մեր անցյալը։

Ես գիտեմ, որ ցավ զգացիր։ Գիտեմ, որ տանջվում ես արցունքներիցս, հիշողություններից, անկեղծությունիցս, երբ պատմում եմ, թե ինչպես էի սիրում ու միաժամանակ ուզում սպանել քեզ, ինչպես էի գիշերները ցավից ու անզորությունից կծոտում բարձն ու միաժամանակ ականջս պահում հեռախոսիս ձայնին։

Կներես, որ չարացել եմ։ Չէ, ավելի ճիշտ՝ որ էսքան անտարբեր եմ դարձել ու չար, անզգա, դառնացած անտարբերությամբ ասում եմ քեզ բաներ, որ ճիշտ են, բայց ինքս դրանց ցավն արդեն չեմ զգում։ Ասում եմ՝ իմանալով, որ տանջվելու ես, չեմ խնայում քեզ՝ բութ անողոքությամբ հիշելով, թե ինչ անդառնալիորեն ավերեցիր ինձ։

Դու դեռ չես կարողանում ապրել առանց ինձ, որովհետև մեղքի զգացումը հանգիստ չի տալիս, որովհետև հինգ տարի է՝ ամեն օր համոզվում ես, որ քեզ ոչ ոք ինձ նման չի զգա ու չի հասկանա։ Հիմա քեզ ո՞նց ասեմ, թե արդեն ինչ կարգի քարացած եմ, որ անգամ արցունքներդ ոչինչ չեն շարժում մեջս։

Հինգ տարի, տե՜ր Աստված, մինչդեռ կարծես անցյալ կյանքումս մնացած լինես...

Նաիրուհի
09.09.2013, 23:07
Ցանկացած հարաբերություն, հատկապես, եթե այն ինձ համար թանկ է, փորձում եմ ձգել, պահել ուժերիս առավելագույն չափով։ Նույնիսկ եթե ամեն ինչ անտանելիորեն ծանր է, եթե չգոռալու ու դիմացինիս գրողի ծոցը չուղարկելու համար ստիպված եմ սեղմել ատամներս։ Պահում եմ էնքան, քանի դեռ չեմ համոզվել, որ ամեն ինչ վերջացել է, ու մեջս էլ ոչինչ չի խլրտում դիմացինիս հանդեպ։

Էն տեսողական պատրանքները կան, է՜, որ հնարավոր է մի նկարում երկու միանգամայն տարբեր պատկերներ տեսնել, սակայն միաժամանակ երկուսն էլ տեսնել հնարավոր չէ։ Ընդ որում՝ շատերը շատ երկար են չարչարվում, որ կարողանան երկրորդը տեսնել։ Այ ճիշտ նույն բանն է կատարվում ներսումս ամեն իրավիճակում. կարող է շաբաթներով, ամիսներով տանջվեմ ինչ-որ բանի պատճառով, բայց դա տևում է այնքան, քանի դեռ չեմ նկատել մյուս պատկերը, այսինքն՝ չեմ տեսել իրադրությունն այլ լույսի տակ։

Բայց հենց տեսա էդ մյուս պատկերը՝ գալիս է ԽԶՈՒՄԸ։ Վերջ, էլ ոչինչ չի մնում նախորդ զգացումիցս, կտրվում է։ Արդեն էդ մարդուն դիմացս վառեն էլ՝ մենակ ցավ կզգամ, որ մեկին վառեցին։ Երևի անծանոթի համար ավելի կցավեմ, կփորձեմ փրկել, քան էն մարդու համար, ում պատրաստ էի ինձնից վեր դասել։

Վատ է, էլի, որ մեջտեղում կանգ առնել չեմ կարողանում. մի անգամ ինձ մոտ եղած մարդը կա´մ ամեն ինչ պիտի լինի, կա´մ՝ ոչինչ։

Նաիրուհի
18.09.2013, 03:28
Ուզում եմ էնքան անտարբեր դառնալ քո հանդեպ, որ ոչ թե մտածեմ՝ հա դե, եղած-չեղած մի հաշիվ ես, ու հանդիպեմ հետդ, այլ՝ հա դե, եղած-չեղած մի հաշիվ ես, ու իսկի հավես չունենամ դեմքդ տեսնելու։

Ու ընդհանրապես, ինչ ահավոր է մենակ սթափ ուղեղով նայելը էն մարդուն, ում մի ժամանակ մենակ սրտով էիր տեսնում։ Թող ոչ մեկը չիմանա՝ էդ ինչ է։ Գոնե ատելություն լիներ. էդ էլ չկա։ Գրողը տանի...

Նաիրուհի
19.09.2013, 01:14
Կյանքումս երկու անգամ, ավելի ճիշտ՝ երկու «դեպքի» հետ կապված են ասել, որ ես ոչ ադեկվատ մարդ եմ։ Ու ասել են մարդիկ, ում պարտական եմ եղել էդ «ոչ ադեկվատ» հոգեվիճակիս համար։ Ամեն մարդ էլ հաստատ մի թեմա, մի ցավոտ կողմ ունենում է, որին դժվարությամբ է կարողանում հավասարակշռված արձագանքել։

Ուրեմն սենց ոչ ադեկվատ ձևով ասում եմ. ես ռոբոտ չեմ, էղա՞վ, որ ամբողջ շրջապատով վրաս փորձարկումներ անեք, վերջում էլ դեմքիս կամ թիկունքումս ուրիշների հետ իմ մասին «սրտացավորեն» զրուցելիս ինձ «ոչ ադեկվատի» պիտակ կպցնեք։

Ու էլի ոչ ադեկվատ, կարճ-կոնկրետ ասում եմ. ռադ էղաք սաղդ։ Վերջակետ։

Նաիրուհի
20.09.2013, 01:22
Մենք վաղուց ենք մոռացել՝ ինչ ենք ուզում, ինչ ենք սիրում, ինչ ենք զգում։ էն ամենն, ինչ անում ենք, մերը չի, մեր գլխում մեր մտքերը չեն։

Ես կատու եմ սիրում, էն մյուսը՝ շուն, երրորդը գժվում է օձերի համար, չորրորդի համար գայլից էն կողմ կենդանի չկա, մինչդեռ մենք սիրում ենք ընդամենն էդ կենդանու կերպարը, որ փոխանցվել է մեզ գրքերից, կինոներից, մեծերի պատմածներից։ Օձը օձ է, շունը՝ շուն, գայլը՝ գայլ, բայց մենք որոշել ենք, որ օձն էսպիսին է, շունը՝ էսպիսին, գայլը որ մեկին մեկ էսպիսին է... ու վիճում ենք մեր պատկերացումների համար։

Մենք ամեն ինչ անում ենք էնպես, ինչպես սովորեցրել են։ Ու որ հենց էդ ամեն ինչը պիտի արվի, դա էլ են սովորեցրել։ Ու եթե մեզ թվում է, թե մենք ըմբոստ ենք ու չենք անում էն, ինչ մյուսները, դա էլ ընդամենը մեզ ներարկված պատկերացումն է ըմբոստության մասին։

Սև՞ն ես սիրում։ Չէ, ուղղակի էն կերպարը, որին նմանվել ես ուզում, ընդունված է, որ պիտի սև գույնը սիրի, զզվի «աղջկական» պիտակված վարդագույնից կամ դեղինից, լսի էսինչ երաժշտությունն ու չսիրի էն մյուսը, ատի որոշակի տիպի տղերքի ու վերևից նայի աղջիկների մի ողջ կատեգորիայի։

Բալա, դու գայլ չես սիրում։ Դու սիրում ես էն հեքիաթները, որ քեզ պատմել են գայլի, նրա ազնվական մենակության ու բնավորության մասին։ Դու արյուն չես սիրում։ Մի հավատա, թե ինքդ ես որոշում, ինքդ ես անում, ինքդ ես սիրում կամ ատում։

Էս անտեր կյանքում սաղ հաշվարկած է, մեզնից առաջ մեր տեղը որոշել են՝ ինչը ոնց է լինելու. անգամ լրիվ այլընտրանքներն ու հակառակվելու փորձերը նույն՝ նախապես գծված շրջանի մեջ են գցում։

Ստորացուցիչ է։

Նաիրուհի
21.09.2013, 02:06
Երեխայի նման ուրախանում եմ, երբ ինձ մի լավ բան են ասում կամ մի պուճուրիկ բան հաջողվում է։ Էսօր անգլերենի փորձնական թեթև քննություն եմ հանձնել՝ TOEFL-ի reading-ն ու listening-ը, ահագին էլ բլբլացել եմ, էն դեպքում, երբ ինձ թվում էր՝ ոչ մի բան չեմ հիշում։

Մինչև հիմա քիչ է մնում ուրախությունից թռվռամ, որ հույս տվեցին, որ նորմալ պարապելու դեպքում կկարողանամ ահագին բարձր գնահատական ստանալ։ Մանավանդ որ ինձ համար ամենավախենալուն թվացող listening-ը, պարզվեց, էնքան հեշտ ու հետաքրքիր է, որ հիմա մտածում եմ՝ reading-ի նման հեշտ է լինելու :)

:yahoo

Ես գիտեմ՝ վաղ թե ուշ ամեն ինչ լավ է լինելու։ Հեքիաթներին հավատում եմ դեռ։ Ռուբեն, սիրում եմ քեզ։


https://www.youtube.com/watch?v=tUgGvRERi-Q&amp;list=PLxS3rSKkHEQbPFnIwbyXbIpxrl6PCr2mU