PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն



Էջեր : 1 [2]

Նաիրուհի
22.09.2013, 19:47
Ների´ր ինձ, սեր իմ։ Ների´ր, որ իմ՝ ոչուփուչ մարզական լուրեր թարգմանողիս ուղեղն առավոտից էնքան անկապ լուրերով էր զբաղված, որ մոռացել էի նայել օրացույցին։

Արդեն բավական ժամանակ է՝ սիրելիներիս շնորհավորելու փոխարեն շնորհակալություն եմ հայտնում, ու դու էլ բացառություն չես։

Շնորհակալ եմ, որ գրեթե 12 տարի առաջ հայտնվեցիր կյանքումս ու դարձար չմոռացվող, չմարող սեր, որի մասին հիշելն ամեն անգամ ստիպում է ինձ կրկին տասներեքամյա աղջնակ զգալ։

Ես սիրում եմ քեզ, չմոռանաս դա, էսքան տարի անց դեռ սիրում եմ։

Շնորհավո՜ր ծնունդդ, իմ առաջին ու միակ ֆուտբոլային սեր։ :love


http://www.youtube.com/watch?v=7ZlY8Xw0iDA

Հա, սերս, նորից նայեցի Զիզուի հարցազրույցը։ Հուզվեցի, կարոտեցի ձեզ դաշտում։ Ես էն բախտավոր սերնդից եմ, որ ձեզ, քե´զ դաշտում է տեսել։ Երանի՜ մի օր, թեկուզ մենակ մի օր նորից էն օրերը լինեին, երբ շունչս պահած նստում էի հեռուստացույցի դիմաց՝ փորձելով ոչ մի շարժումդ բաց չթողնել, վայելել քեզ դաշտում տեսնելու ամեն ակնթարթը։


http://www.youtube.com/watch?v=Tea20qaiYl4

Էս (http://www.goodreads.com/book/show/1263401.Ronaldo)գիրքն էլ վերջապես կարդամ, տեսնեմ՝ հիմի վերջը ո՞րն է ճիշտ՝ ըստ փաստաթղթերի 22-ի՞ն ծնունդդ նշելը, թե՞ 18-ին, ոնց որ առաջարկում է Մոսլին :))

Չէի ուզում տնից դուրս գալ էսօր, բայց կգնամ կենացդ խմելու ու շնորհակալություն հայտնելու, սեր իմ...


Քո հեռանալով ինձ անցյալի հետ կապող ևս մի թել է կտրվում: Դու իմ առաջին սերերից մեկն ես, այն սերերից, որ չեն մոռացվում ու չեն մարում, անթեղված ապրում են՝ սպասելով բոցկլտալու ու ջերմացնելու հարմար առիթի:
Այս տարիներին ես սեփականիս պես ապրել եմ բոլոր հաջողություններդ, բոլոր դժվարություններդ, ամեն անգամ քեզ ընկնելիս տեսնելիս թվացել է՝ ինձ են գետնին տապալում, ամեն վերականգնվելդ ինձ համար էլ հարության պես մի բան է եղել...
Ու ես շարունակում էի հետևել ու էլի սիրել քեզ անկախ հազարավոր կիլոմետրերից:
Ու հիմա դու հեռանում ես: Ինձնից չէ, այլ այն ոլորտից, որը բացահայտել էր ինձ համար քեզ...

Համոզված եղիր, որ ես միակը չեմ, ում համար այսօրն արդեն մի փոքր մռայլ է երեկվանից, քանի որ այլևս դու խաղադաշտից չես ժպտալու քո մանկական ժպիտով...
Հարազատս, հուսով եմ՝ երջանիկ կլինես նաև առանց խաղալու, առանց ֆուտբոլի:
Գիտեմ, որ դու զգում ես, որ այստեղ էլ մի սիրտ կա, որ սիրում է քեզ...
Ես ժպտում եմ քեզ: Ժպտա՛...

http://img262.imageshack.us/img262/108/804088ronaldo.jpg (http://img262.imageshack.us/i/804088ronaldo.jpg/)

Նաիրուհի
30.09.2013, 00:28
Միավորո՞ւմն է լավը, թե՞ բաժանումը։

Լիքը մարդիկ ուզում են ինչ-որ բանի շուրջ միավորել, համախմբել մարդկանց, բայց իրականում երևի ուզում են առանձնանալ։ Բոլոր տեսակի խմբավորումները նախևառաջ բաժանում են։

Սխալ եմ համարում խմբավորումները, հատկապես երբ դրանք կողքինների համար փակ են։ Դե հա, բոլորս էլ ունենք, օրինակ, արդեն ձևավորված «ավանդույթներ» ու կազմ ունեցող ընկերախմբեր, ուր նոր մարդկանց դժվար ենք թողնում, բայց ես մի քիչ այլ բանի մասին եմ խոսում։

Ասենք՝ մեթալ կամ ջազ լսողները, հեծանվորդները, աթեիստները, հավատացյալները, բնապահպանները, կոսմոպոլիտները, ազգայնականները, բուսակերները, որևէ մեկի կամ ակումբի երկրպագուները կամ նմանատիպ այլ խմբերը։ Ես ընդունում եմ բոլորի գոյության իրավունքը, բայց ոչ՝ էնքան տարվելն էդ ամենով, որ ամեն ինչին մենակ էդ խմբի պրիզմայով նայես։ Մարդը կարող է շատ լավը լինել, եթե անգամ ջազ չի սիրում, միս է ուտում, նորմալ է նայում նույնասեռ ամուսնություններին, կարևորում է կուսությունը, հավատում է Աստծուն, կողմ է հանքարդյունաբերությանը կամ հեծանիվ տանել չի կարողանում։ Ինչի՞ ենք մենք մարդուն գրողի ծոցն ուղարկում, որովհետև չի կիսում մեր հայացքները։ Կամ ավելի վատ՝ ինչի՞ ենք վերևից նայում մարդուն։

Թեղուտ այցի օրը մի բան եղավ, որ շատ ցավոտ նստվածք թողեց մեջս։ Մտածում էի՝ դատարկ բան է, կանցնի-կգնա, պարզվեց՝ չէ, իրականում ավելի խորքերն էր գնացել, անձնական սահմաններն անցել, դրա համար երևի չմոռացա։

Էդ օրը գյուղացիների տներում պիտի հաց ուտեինք. նախապես պատրաստվել էին։ Ու քանի որ կազմակերպիչների մեջ մեծ թվով բուսակերներ կային՝ մի քանիսին զգուշացրել էին, որ միս պարունակող կերակրատեսակներ չպատրաստեն։

Ես մի խմբի հետ էի, որոնցից միայն մեկն է միս ուտում։ Մյուս երեքը մի քանի ամիս է՝ բուսակեր են դարձել ու ոնց որ թե ավելի են մտերմացել էդ հողի վրա։ Ժամանակին մենք չորսով մտերիմ էինք, հետո ես քիչ-քիչ դուրս մնացի էդ խմբից, հիմա սկսում եմ ենթադրել, որ բուսակերության անցնելու հայտարարություն չանելուս պատճառով։

Մի խոսքով՝ մեզ տեղը բացատրեցին, ու արդեն պատրաստվում էինք գնալ ճաշելու, երբ փաստացի նախկին ընկերուհիս շրջվեց իմ կողմն ու ասաց. «Մենք էնտեղ բուսակերներով ենք գնում»։ Ու հետո էլ Երևանի ճանապարհին նույն մարդը մի քանի անգամ շեշտեց. «Լիլը բուսակեր չի, ինքը միս ա ուտում»։

Բա ես էդ արտահայտություններից հետո ձեզ կասե՞մ, որ ես էլ միս չեմ ուտում (չնայած ժամանակին մի թեթև ասել էի, բայց ոնց որ պաշտոնական հայտարարություն էր պետք, հա՞)։ Ուրեմն մինչև ուտելիքի հարցում «տարակարծությունների» ի հայտ գալը ես ձեր ընկերն էի, հիմա արդեն գոնե մի աստիճան ցածր ու հեռո՞ւ։

Մոլեռանդության մի հասցրեք ամեն ինչ, ի՞նչ կլինի։ Էդպես եք անում, որ անգամ եթե ձեր հայացքները կիսում եմ, ցանկություն չեմ ունենում ձեզ դրա մասին ասելու ու մտնելու ձեր «խմբավորման» մեջ (սա բոլոր խմբավորումներին է վերաբերում)։

***

Մենակ էս երաժշտությունն է, որ չի հիասթափեցնում ինձ :love


https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=IaHKRdyK-9M

Նաիրուհի
05.10.2013, 00:20
Կեղծ արժեքների, «տղայական» ու «գողական» «ճշտի», շահի, կարիերայի, փողի որոնումներում վարի տվեցիր բացառիկ ընդունակություններդ, ուղեղդ, երբ մտածեցիր՝ մեծ բանի ես հասել, եթե մի քանի տասնյակ հավատարիմ «պոչ» ու կուրորեն քեզ հետևող մի քանի հարյուր «ջահել» ունես, երբ «հասար» մտքիդ դրած հարուստի աղջկան, երբ առանց աշխատելու փողն սկսեց հոսել գրպանդ, արդեն «աղքատ ազգականների» կարիքը չունեիր։

Աստված քեզ հետ, մենք էլի հեչ։ Բայց որ չգնահատեցիր ջահել ընտանիքդ, երկու փոքր բալիկներիդ, ու ռիսկի ենթարկեցիր նրանց անհոգ մանկությունը, էդքան սիրածդ կնոջ երջանկությունը, ես քեզ ոչ մի կերպ չեմ կարողանում արդարացնել։

Ու թեև քեզ էսօր դատարանի դահլիճից համաներումով միանգամից ազատ են արձակել էն դեպքում, երբ հինգ տարվա բանտարկություն էր վճռված, սակայն ամենայն հավանականությամբ ամենակարող միջամտողներն իրենց գործն արել էին, ես չեմ կարողանում լիարժեք ուրախանալ, թեև շուն-գել՝ եղբայր ես։ Որովհետև վստահ չեմ, թե բանտի էս մի տարին գոնե մի քիչ հասունացրել է քեզ ու ստիպել զղջալ դավանածդ «արժեքների» համար։

Մենակ պուճուր հրեշտակներիդ համար եմ ուրախ, որ ամենահամով ու կարևոր տարիներն առանց հայր չեն անցկացնի։ Դու էլ գոնե իրենց մասին մտածի, տնաշեն։ :(

Նաիրուհի
10.10.2013, 01:36
Էն ո՞վ էր բողոքում ու սարսափում TOEFL-ի Listening-ից, չլինի՞ թե ես։
Longman-ի դիսկով մինի-թեստերի առաջին երկու մասն եմ անում, ու Reading-ս խայտառակ ձևով զիջում է։ Լսելուց մաքսիմում երկու սխալ եմ անում, էն էլ կիսաքնած, առանց նշումներ անելու, կարդալուց՝ անգամ չորս կամ հինգ, էն դեպքում, երբ տեքստն էլ աչքիս դեմն է :(
Խայտառակ եմ լինելու :D

Նաիրուհի
11.10.2013, 01:19
Սիրում եմ քեզ, շատ-շատ եմ սիրում :( Ե՞րբ ես էդ անտեր տեղից դուրս գալու, կարոտել եմ, տնաշեն։ Ես էս անտեր համակարգի ինչն եմ ասել։
Մի տարի դեմքդ չեի տեսել, էսօրվանն էլ տեսնել չէր, բայց էլի ոչինչ, ապրի սկայպը։

Ապե՜ր :love :(

Նաիրուհի
14.10.2013, 01:28
Անկախ նրանից, թե ինչ-որ մեկն ինձ ինչքան է պետք, վերջապես սովորել եմ ջնջել մարդուն կյանքիցս, երբ հասկանում եմ, որ ես իրեն պետք չեմ։ Ոչ թե որևէ պատճառով, այլ ուղղակի պետք չեմ, էլ պետք չեմ։ Բայց դրա հետ համ էլ չարացել եմ, էնքան, որ ուզում եմ՝ ում ես այլևս պետք չեմ, ինքն էլ ուրիշներին պետք չլինի, հատկապես էն մարդկանց, ում կարիքն ունի։

Վաղուց սենց անկեղծ բան չէի ասել. այ թե ինչ է անում տաքությունն ու հիվանդ, անօգնական ու մենակ պառկած լինելը գիշերվա կեսին...

Նաիրուհի
15.10.2013, 00:42
Գուրմե-Դուրմեի դարչինով շոկոլադից եմ ուզում։ Երկու սալիկ, որ կծելով ուտեմ։
Լավանալու համար մենակ դա է պետք, մեկ էլ՝ որ ջերմությունս իջնի :))

Նաիրուհի
19.10.2013, 02:09
Հարցնում է.
-Լի´լ, ինչքա՞ն եղավ, որ իրար գիտենք։
-Ինը տարի։
-Ո՞նց՝ ինը :o լո՞ւրջ։
-Հաշվի, այ քեզ բան։ Վեց տարի՝ համալսարանը, մի տարի էլ ավարտելուց է անցել, դրանից առաջ էլ երկու տարի։
-Ա՜յ քեզ բան։ Հա, էլի... :8 Բայց ինը տարի՞։ Էդքան անցա՞վ արդեն...

Ու տասը րոպե հետուառաջ է քայլում՝ շշմած հայացքով, քթի տակ կրկնելով՝ ինը տարի՜...

-Այ տղա, ի՞նչ ես տանջվում։
-Հեչ, մտածում եմ՝ էն ժամանակ սպանած լինեի՝ հիմա արդեն բանտից դուրս գալուց կլինեի :D

Գրո´ղ քեզ, տափակ :beee Անեկդո՜տ է հիշել, պա՜հ...

:love

Նաիրուհի
24.10.2013, 02:28
Քանի որ չեմ ուզում ողջ Ակումբին հիասթափեցնել ինձնից, չեմ ասի, թե ինչ եմ հիմա անում: Բայց չեմ կարող գոնե էստեղ չանկեղծանալ, որ հիմա` տասը տարի անց, սիրտս նույն կերպ կամ անգամ ավելի ուժեղ է խփում սպասումից: :D

Հիմարություն է, բայց ես ոչ միայն չեմ փոխվել, այլև չեմ էլ մեծացել, ու դա հասկանալու համար էսքան փոքր բան էր պետք ընդամենը: Բոլոր զգացողությունները չեն, որ կրկնվում են. հիմա էն ժամանակը չեմ հիշում ամեն օրվա հետ, բայց առաջին անգամվա նման անհամբեր սպասում եմ հաջորդ օրվան, իսկ դա ավելի վատ է երևի, որովհետև իսկապես նշանակում է, որ չեմ փոխվել ու չեմ մեծացել:

Առաջին նոտաներից լացս եկավ :(

Հա, մեկ էլ ով ինչ ասի` կատարյալ էր, ամեն դետալը կատարյալ էր: :love

Նաիրուհի
25.10.2013, 01:30
Գրողը տանի...

Նաիրուհի
25.10.2013, 22:39
Ձմեռ եմ ուզում՝ իր ամեն ինչով։ Մենակ սիրուն, պուպուշ ու ռոմանտիկ փաթիլներով, տաք թեյով ու գրքերով չէ, այլ սառույցով, որի վրա հազիվ ես հավասարակշռություն պահում, մինչև ծնկներդ հասնող ձյունով, մեկ-մեկ՝ սառը ձյունացեխով, ուշ երեկոյով, երբ դրսում ես, ու տրանսպորտ չկա, որ մասիվ հասնես։ Հետո, երբ վերջապես գալիս է կիսադատարկ մի երթուղային, ու դու սառած քեզ ներս ես գցում տաքանալու հույսով, բայց ներսում էլ պակաս ցուրտ չի, ու դու հին սովորության համաձայն դռան կողքի նստարանին ես նստում, մի կողքդ սառչում է գազելի սառը պատի հպումից, պատուհանի պոկված բռնակի անցքերից ցուրտ է փչում, մեքենան էլ մի կերպ՝ամեն վայրկյան անդարձ փչանալու սպառնալիքով է հաղթահարում վերելքը։

Այ էդ ձմեռն եմ ուզում, Երևանի ձմեռը։ Ռոմանտիկա պետք չի, պետք չի, որ կողքիդ մեկը քայլի ու տաքացնի, պետք է ցուրտ ու ձյունոտ դուրս, տաք ու ծխոտ փաբ, որտեղ մի խումբ ընկերներ կլինեն, ովքեր գարեջուր կխմեն ու կխոսեն, ու դու կկարողանաս լռել բալով ատվյորկայի բաժակը գրկած, հետո դուրս կգաս, ձյուն ու ցուրտ կլինի, ու մինչև Պրոսպեկտ կիսահարբած կքայլես լռության մեջ՝ վայելելով ձմեռվա գիշերը՝ ամենասիրուն բանն աշխարհում։

Կարոտել եմ։


http://www.youtube.com/watch?v=iXTD9wRDU0k

Նաիրուհի
27.10.2013, 15:47
Մի գիրք կար՝ փոքր ժամանակ պաշտում էի ուղղակի։ Տասը-տասնմեկ տարեկանում մի քանի սիրելի գրական կերպար ունեի, որոնց հետ ապրում էի, մեկն էլ էս վեպի հերոսուհին էր։

Էն բազմաթիվ գրքերից էր, ում հեղինակի անունը էդպես էլ չեմ կարողանում մտապահել, բայց քնած տեղից էլ հանեն՝ սյուժեով, գլխավոր ու երկրորդական հերոսների անուններով կպատմեմ։ Վերնագիրն էլ է գլխումս մեխված։

Էսօր հիշեցի, որոշեցի փնտրել, որովհետև ուզում էի իմանալ՝ վերնագիրը բնօրինակում ո՞նց է, ու պարզվեց՝ անգամ ֆիլմ կա էդ գրքի հիման վրա, 1946 թվի ֆիլմ։ Էս գիշեր նայելու եմ... :love

Մարտին Անդերսեն Նեքսյո- «Դիթե-մարդ արարած»
Martin Andersen Nexø-Ditte Menneskebarn (Ditte, Child of Man)

Ուրիշներն առաջ են գնում, ես՝ ետ։ Էնտեղ ապահով է։

Նաիրուհի
29.10.2013, 00:56
Երբ մարդուն մերժում ես, ու ինքը դրանից հետո քո հանդեպ վերաբերմունքը փոխում է, դեռ հասկանալի է։
Բայց ինչի՞ են ինձնից աբիժնիկ էն մարդիկ, ովքեր իրենք են ինձ մերժել :think

Նաիրուհի
04.11.2013, 03:08
Քաղաքից դուրս գալու, էստեղ-էնտեղ թրևելու կամ ուղղակի մի սիրուն տեղ նստելու առիթ ինչքան ասես ունեցել եմ, բայց էսօրվա նման կատարյալ հանգստություն ու լիցքաթափում երբևէ չեմ զգացել։
Ուրեմն պետք է երկու ամիս ապրել էսպիսի անասուն լարվածությամբ ու գերհոգնածությամբ, որ կարողանաս հասկանալ ազատ օրվա, մի ամբողջ օր առանց էկրանի ապրելու, գործի, դասի ու քննության մասին բոլոր անհանգստացնող մտքերը գրողի ծոցն ուղարկելու ու հրաշալի մարդկանցով, շունչդ կտրող գեղեցիկ բնությամբ շրջապատված լինելու արժեքը։
Ես վանաձորցիների ցավը տանեմ։ Ինչ լավն են։

Հ. Գ. Վերջերս հայտնաբերել եմ, որ էս ժամերին, երբ արդեն գրեթե բոլոր լույսերը հանգած են, Երևանի երկնքում աստղեր են երևում, ժողովո՜ւրդ :)

Նաիրուհի
11.11.2013, 11:16
Առավոտներն էսպիսի երջանկության զգացում մեջս լինում է ձմռանը. Բայց օդի մեջ մոտեցող ձմեռն զգալն էլ է անառիթ հանգստություն առաջացնում։

***

Վերջին երկու օրերին ինձ համար ամենասպասված իրադարձությունները տեղի ունեցան։ Վերջապե՜ս։ Մավրիս առաջին մենահամերգը մեծ դահլիճում ու ամենա-ամենայիս՝ քրոջ նման հարազատ Անուլիս նշանդրեքը։
Օդերում եմ էն պահից, ինչ իմացա, որ էս երկու տոներն իրար հետևից են լինելու։

Մավս, տաղանդավոր պուճուրս, շնորհակալ եմ աննկարագրելի երեկոյի համար։ Քո ձեռագիրն ամեն ինչում կար, ինքնատիպությունդ, քարացած ձևերից դուրս գալու, նոր, հետաքրքիր լուծումներ գտնելու կարողությունդ, բազմազան ու հրաշալի երգացանկդ ու աստվածային ձայնդ պարզապես կատարյալ դարձրին էդ մեկուկես-երկու ժամը։ Հպարտ եմ քեզնով, մանչս :kiss Դու մեզ ապացուցելու բան չուեիր էլ, բայց շատերին պետք էր ցույց տալ, թե ով ես դու ու ով են մյուսները։ Երջանիկ եմ, որ կարողացար ներուժիդ գոնե մի մասը դրսևորել։ Սպասում եմ սեփական ստեղծագործություններով հաներգիդ։

Անս, Դավս, բառեր չունեմ ուղղակի։ Ես էնքան երջանիկ եմ, երևի ձեզ հավասար (ավել չեմ ասի, որովհետև անհնար բան կլինի :)) ): Էնքան եմ ուզում, որ ձեր եզակի, ժամանակի հետ առօրեական չդարձած զգացմունքներն ու ջերմությունը չպակասեն երբևէ։ Դուք էնքան ներդաշնակ ու լուսավոր եք իրար հետ, որ եսմեկ-մեկ չեմ պատկերացնում՝ մինչև իրար հանդիպելը ո՞նց եք առանձին-առանձին գոյություն ունեցել, ինչպիսի՞ն եք եղել։
Աաաա, ցնդել եմ :D Ուրախությունից է. սիրում եմ ձեզ՝ ամեն մեկիդ յուրովի ու երկուսիդ՝ որպես մի ամբողջություն։ Հարսանիք եմ ուզում, ինչքան հնարավոր է՝ շուտ :love

Նաիրուհի
13.11.2013, 01:58
Մի մեծ, անհնարին երազանք ունեմ, որի մասին առաջին անգամ եմ բարձրաձայնում։ Ուզում եմ լիքը փող ունենալ, շատ փող, շատ-շատ փող, վերցնել մամայիս ու ապերիս ու իրենց տանել աշխարհի ամենասիրուն տեղերը։ Ուզում եմ, որ իրենք տեսնեն բոլոր հետաքրքիր բաները, անեն էն ամենը, ինչ կուզենային, բայց չեն մտածում, որ մի օր հավանական կլինի։

Եթե մի օր սա իրականացավ՝ ուրիշ ակնկալիք, երազանք, պահանջ չեմ ունենա։ Մամայիս հետ շրջելուց մեծ երջանկություն լինել չի կարող։

Նաիրուհի
16.11.2013, 13:59
Սիրում եմ սենց պահերը, երբ մի բանի մասին վաղուց մոռացած ես լինում, մեկ էլ անսպասելի հիշեցնում են, ու դու, անգամ եթե ժամանակին որոշակի վերապահումներով ես դրան մոտեցել, հիմա ուղղակի թուլանում ես ու տրվում հիշածդ վայելելուն։
Մամաս մյուս սնեյակում երեխեքին «Անուշ» է պատմում, մեկումեջ էլ արտասանում է կարևոր հատվածները, ու ես ստեղ հուզվել եմ :cry
Մենակ մամաս է կարողանում նենց անել (մեկ էլ Մավրս՝ որոշ երգերով), որ մեջս ամեն ինչ փոթորկվի, էնքան լցվեմ, որ ուզենամ լաց լինել։ Մոռացված աշխարհ բացվեց էլի :(


http://www.youtube.com/watch?v=fHhaJc55FuM

Նաիրուհի
18.11.2013, 02:47
Միսս Ամերիկա մոդ օն։

Ինչի՞ երբեք չեմ համեմատում ինձ նրանց հետ, ովքեր ինձնից շատ բան ունեն բոլոր առումներով՝ կարիերա, անձնական կյանք, փող, հաջողություններ։ Ոչ մի անգամ չեմ մտածում՝ իրենք ինչո՞վ են ինձնից լավը, որ ես պիտի էդ ամենը չունենամ, իսկ իրենք՝ ունենան։

Դրա փոխարեն առաջին անհրաժեշտության իրերից բացի անգամ ամենաչնչին բան ինձ համար գնելիս ձեռքս դողում է։ Գնածս՝ ուտելիք, հագուստ, զարդ, ցանկացած այլ բան (բացի գրքերից), մնում է կոկորդիս, չեմ կարողանում վայելել, որովհետև մտածում եմ՝ լիքը մարդ էս պահին կոպեկի կարոտ է, իսկ ես չեմ մեռնի, եթե էդ շոկոլադը չուտեմ կամ ականջօղերը չկրեմ։

Իրոք արդեն հիվանդագին է դառնում։ Չեմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ ինձ համար ինչ-որ բան գնել։ Ամբողջ երկու տարի բացի նվեր ստացածներից՝ ոչ մի նոր հագուստ չեմ գնել, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում էլ՝ միայն second-hand-երից։

Նոր պատահաբար ՖԲ-ում օնլայն նվերների էջ տեսա, դրամապանակներ էլ կային։ Հիշեցի, որ իմը հոգին ավանդել է, ասացի՝ հարմար բան նայեմ։ Մեկ էլ ինձ բռնեցրի էն մտքի վրա, որ ես իրականում կարող եմ առանց նոր դրամապանակի յոլա գնալ, համ էլ ի՞նչ սրտով եմ ես դա գոհ-գոհ օգտագործելու, երբ լիքը երեխեք կարող է երազում են սեփական դրամապանակ կամ, ասենք, կյանքում մի անգամ նոր խաղալիք ունենալ։

Սատանան տանի։ Ասեք, որ սա արդեն նորմալ չի, հետս մի բան կատարվում է։ Մարդ է՞լ մենակ ուրիշի համար նվեր առնելուց հաճույք ստանա։

Նաիրուհի
21.11.2013, 00:24
Չեմ հասկանում՝ ինչի՞ է էսպես։
Միշտ ասել եմ, որ սիրում եմ Հայաստանի պուճուր ու կլոր լինելը, բայց մեկ-մեկ ուղղակի սարսափում եմ դրանից, ոնց որ էսօր։
Ինչի՞ չեմ կարող լիարժեք ուրախանալ մեկի ուրախությամբ՝ առանց մեկ ուրիշի ցավը տեսնելու։
Մի օրում երկու պատմություն իմացա՝ ընդհանուր «հերոսներով» :(
Մի քիչ շատ են զուգադիպությունները էս պուճուր երկրում։
Ու ես էլ, սովորության համաձայն, կաշվիս վրա եմ զգում ուրիշների ապրումները, թեկուզ իրենք էդ մասին չեն էլ կասկածում։
Գրո´ղը տանի։

Նաիրուհի
26.11.2013, 16:30
Մի ժամանակ սիրում էի հեքիաթներ հորինելու սովորությունս. օրերով ապրում էի մի հեքիաթի մեջ, զարգացնում, ու էնքան հետաքրքիր էր էդպես, ձանձրանալու, տխրելու ժամանակ չէր մնում։
Արդեն մի քանի օր է՝ չեմ սիրում, որովհետև առաջ ես էի ղեկավարում հորինածներս, իսկ էս վերջինն ինքն է ինձ կառավարում :(

Նաիրուհի
29.11.2013, 00:13
Հասկացել եմ՝ ես սեփական կյանք չունեմ։ Սիրում եմ ապրել ուրիշներինը՝ իրենց դժվարություններով ու սերերով, լույսով ու ցավով։ Սիրում եմ ուրախանալ, որ ուրախ են, մտահոգվել, երբ խնդիրներ ունեն։
Բայց սենց երևի մի օր կնայեմ հայելուն ու ինձ չեմ տեսնի, որովհետև վերածվում եմ ուրիշների մասնիկներից բաղկացած գոյության. ի´մը նվազագույնն է իմ մեջ։

***

Ընդամենը երեք օր մնաց :(

Նաիրուհի
05.12.2013, 01:58
Յա´խք, Արա´մ :love

Նաիրուհի
05.12.2013, 20:09
Եսիմ որտեղից եսիմ ինչի կյանքումս հայտնված գրեթե անծանոթ մեկին նենց եմ ուզում մի բառ ասել, որ ոչ մի կենդանի մարդու չեմ ասել։

Շատ նման է, է՜, ախր։ Բայց համ էլ վախենում եմ, չեմ կարողանում հաղթահարել էդ բառն օգտագործելու տաբուն, որ ինքս եմ իմ առաջ դրել, որովհետև մտածել եմ՝ միայն մեկին եմ դա ասելու։ Ո՞նց անեմ :(

Նաիրուհի
07.12.2013, 19:44
Արդեն սովորել եմ, որ հենց սկսում եմ ոտքերիս տակ ամուր հող զգալ, անպայման ամեն ինչ էլի տակնուվրա է լինում։ Արդեն ձանձրալի է դառնում էս ամենը. կետ առ կետ գիտեմ՝ հետո ինչ է լինելու, ու ամենասարսափելին էն է, որ գիտեմ նաև՝ ես ինչ եմ ապրելու ամեն փուլում։

Ասում է՝ «Էլի ռուբիլնիկդ գցե՞ց»։ Հա, ախպեր, ես ուրիշ ձև չեմ կարողանում։ Պահի տակ անջատվում եմ, մշտական լարվածության կամ աշխատանքի չեմ դիմանում։

Կներես, բայց ես էլ հավես ու ուժ չունեմ որևէ նոր բանի։ Ինձ պետք չի, որ հազիվ դարակներում դասավորած խախուտ աշխարհս փուլ գա ամենաթեթև ցնցումից. նորից ամեն ինչ իր տեղը գցելու համար տիտանական ջանքեր են պետք, իսկ ես հոգնած եմ...

Թողեք՝ մարդ իր դարդերով տապակվի։

***


http://www.youtube.com/watch?v=nVtXV8ynLx8

Նաիրուհի
09.12.2013, 11:22
Ո՞նց են մարդիկ էսքան արագ հարազատանում։ Ես էդպես էլ չկարողացա բացատրել ինքս ինձ, թե ինչու եմ էսքան արագ թողնում մարդկանց իմ աշխարհը մտնել։

Ինչքան վախենում եմ, էդքան համարձակ եմ դառնում թուլություններս բարձրաձայնելիս։ Թողնում եմ, որ ինձ ինձնից պաշտպանեն։

Բաներ կան, որ անգամ ինքս ինձ չեմ խոստովանել, որ տարիներով ինքս ինձ համար կառուցած կերպարը չփլվի, որովհետև անկյունաքարային բաներ կան, որոնք հորինովի են։ Դրանց վրա ամուր պատեր են արդեն, բայց եթե էդ մի-երկու քարը հանեմ՝ 15-16 տարվա աշխատանքս ի չիք կդառնա։

Ու մեկ էլ ես սեփական կամքով բռնում եմ մեկի ձեռքն ու հատ-հատ մատը դնում էն կետերի վրա, որոնց գոյության մասին ինքս ջանում էի մոռանալ։

Բայց էս բոլոր ինչուների պատասխանը սերն է, որ ստանում եմ։

Նաիրուհի
10.12.2013, 01:12
Էնքան ես մեջս ցավոտ ապրումների հետ ասոցացվել, որ մինչեւ հիմա երբ ինչ-որ պատճառով վատ եմ զգում, ակամայից հիշում եմ քեզ:

Շնորհակալ եմ. գոնե սենց ես օգտակար լինում, որ էլ ուրիշների կարիքը չզգամ թուլության պահերիս :)



https://www.youtube.com/watch?v=RwXyLptjFWo

Նաիրուհի
12.12.2013, 18:29
Լիլս, ընգեր, ինքնախաբեությամբ մի զբաղվի, հա՞։

էդ նուրբ սահմաններն էնպես են խախտվում, որ իսկի գլխի չես ընկնի ու մեկ էլ ուշքի կգաս, երբ թույլատրելին անցած կլինես։ Ինքդ քեզ պատմության մեջ մի գցիր, հավատա ինձ, ախր ես քեզ լավ եմ ճանաչում՝ արդեն 25 տարի։


http://www.youtube.com/watch?v=eADrPh26tZg

Նաիրուհի
12.12.2013, 20:38
Ձմեռը տաք ծածկոցով ու թեյով տանը փակվելու համար չէ։

Ձմեռը նրա համար է, որ մեկին ունենաս, ով ունենա չսահող կոշիկներ, ու իր հետ թրև գաս ձյան տակ, գերադասելի է՝ ոչ մարդաշատ վայրերում կամ գիշերով։ Որ ձյունը նստի թարթիչներիդ ու մազերիդ, մեկիդ թարթիչներին ու մազերին, ու տենց երկու ձնեմարդու նման նայեք իրար ու ծիծաղեք իրար վրա։

Ու որ ուշ լինի, մրսած լինեք ու մի կերպ խցկվեք տաք ու անթափանց ծխով լի մի փաբ, գետնին մի անկյուն գտնեք ու համարեք, որ բախտավոր եք։ Որ տաքանաք, դուրս գաք ու քայլեք, քայլեք, քայլեք... Մարդ չլինի շուրջը, տաքսի էլ չլինի, որ տուն գնաք, ու տենց գիշերվա մեջ էլի քայլեք, քայլեք, քայլեք՝ երջանիկ ուղղակի մեկին կողքին ունենալու զգացումով։

Նաիրուհի
13.12.2013, 18:09
Հիվանդ ու անտրամադիր ժամանակ, մանավանդ երբ մենակ եմ ու արդեն հինգ օր շարունակ սատկում եմ, ինձնից ղզիկ մարդ չեք գտնի։ Առավոտից լացելու առիթ էր պետք, ու խնդրեմ, ինքն իր ոտով եկավ՝ ՖԲ հաղորդագրության մեջ ամփոփված առաջարկի տեսքով։

Հա´, մենակ ես կարող եմ սենց անկապ տեղը ձենս գլուխս գցել :(


http://www.youtube.com/watch?v=SnGHcfqGxqw

Նաիրուհի
14.12.2013, 13:41
Ինչ սկսել եմ սպորտային լրատվության հետ առնչվել, նախկինում հպանցիկ կերպող ուղեղովս անցնող մտքերիցս մեկը կպչուն պատկեր է դարձել։
Թող ներեն ինձ էն մարդիկ, ում հահեմատությունս կոպիտ կթվա։

Ֆուտբոլն իմ հին սերերից է։ Ինչ որ գրելու եմ, մյուս ոլորտներին էլ կարող է վերաբերել, բայց ավելի ցայտուն ֆուտբոլում է երևում։

Ամեն ինչ առևտուր է, կրքերին հագուրդ տալու միջոց։

Ֆուտբոլիստները, հատկապես ոչ եվրոպական երկրների, ոնց որ ծախու կանայք լինեն։ Էն ժամանակ, երբ ծաղկուն տարիքում են, գրավիչ են ու արժեքավոր, հարուստ տղամարդիկ (ակումբները) պոկում են նրանց իրենց երկրից, տանում են Եվրոպա, փողեր չեն խնայում, իրար ձեռքից խլում են, թաղում փառքի ու շքեղության մեջ, էնքան ժամանակ, քանի դեռ մարմինը բանի պետք է։

Ու հենց սկսում են գրավչությունը կորցնել, իսկույն նրանց շպրտում են ոչ էնքան հարուստ, ճ դասի ակումբներին, որ մի քիչ էլ սրանք հավեսները հանեն նախկին փառահեղ ու հայտնի մարզիկին օգտագործելով։

Մի կարճ ժամանակ էլ էսպես օգտագործվելուց հետո երիտասարդությունն ու հմայքը կորցրած կինը վերադառնում է հայրենիք՝ անհհայտության մեջ մահկանացուն կնքելու։

Քանի՞սը գիտեն՝ ուր է հիմա ընդամենը 33 տարեկան Ռոնալդինյոն, ով հինգ-վեց տարի առաջ «Բարսելոնայի» աստղն էր։ Որտե՞ղ կարիերան ավարտեց Ռոնալդոն։ Ի՞նչ են անում Անդրեյ Շևչենկոն, Պավել Նեդվեդը, Ռիվալդոն, Կաֆուն, Դիդան ու մյուսները։ Ես դեռ միայն նրանց մասին եմ խոսում, ովքեր աշխարհի չեմպիոն կամ լավագույն ֆուտբոլիստ են հռչակվել։

Նենց տխուր է տեսնելը, թե ոնց են ջահել, խոստումնալից ֆուտբոլիստներին չնչին գումարնեով գնում ու հետո միլիոններով վաճառում իրար, մի քանի տարի, մինչև քամեն-պրծնեն։

Օֆ, կարող է անիմաստ տեղն եմ ծանր տանում, բայց ահավոր տխուր է օրը մի քանի անգամ կարդալ, ասենք, էն մասին, որ 41 տարեկան Ռիվալդոն չի կարողանում հրաժարվել ֆուտբոլից ու պատրաստ է ցանկացած ակումբում հանդես գալ, մենակ թե իրեն խաղալու հնարավորություն տան, կամ թե ոնց է 40-ամյա Էդգար Դավիդսը Անգլիայի 5-րդ դիվիզիոնի մի թիմում խաղացող մարզիչ աշխատում :(

Նաիրուհի
17.12.2013, 00:27
Տխուր ու չար եմ էսօր։

Մտածում էի՝ անցել կամ հնարավորինս թուլացել է էդ բարդույթը, որ էլ տենց ոչ ադեկվատ ու ցավոտ չեմ արձագանքի դրան, բայց պարզվում է՝ ավելի է խորացել։ Հիմա տարածվում է նաև էն մարդկանց վրա, ում հետ իմ հարաբերություններն ինձ ուղղակի իրավունք էլ չեն տալիս ասոցացնել իրենց նմանատիպ պահվածքն իմ ապրածի հետ։

Կներես, ամենայն հավանականությամբ քո արածի մեջ ոչ մի վիրավորական բան չկար, բայց ինչի՞ հիշեցրիր ինձ ինձ էդ զգացումը, ինչի՞, ինչի՞...

Ո՞նց ներեմ քեզ էս ցավի համար, ո՞նց ներեմ էն մեկին, ով արմատավորեց մեջս էս հիվանդությունը, ո՞նց հաղթահարեմ սա։

Ոնց եմ աչքիցս ընկնում, որ պահվածքովս հաստատում եմ որոշ մարդկանց կարծիքներն իմ մասին։
Դրա համար ամեն դեպքում ասեմ. դուք չկաք էնքան, որ իմ մասին կարծիք հայտնեք, ուզում է՝ երկնքից իջած լինեք ու ամպոտ ոտքերով։ Հանգիստ թողեք ինձ իմ անհավասարակշիռ բնավորության հետ։

***
‎...Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես - հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն: Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են - քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել... Ասում եք սեր, ասում եք սիրում ենք: Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք - դուք վախենում եք ատելուց: Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքով նայել ու ատել - հանկարծ կտեսնեն, որ ատում եք ու կտան կսպանեն: Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի - տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք՝ թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք՝ ձեզ թող զոռով կոտրեն - մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն:

Հրանտ Մաթևոսյան, «Ծառերը»

Նաիրուհի
20.12.2013, 17:39
Էս ի՜նչ սիրուն էր, նույնիսկ էս օրով, երբ Հայաստանի Հանրապետությունը պրծնում է։

***

Ամեն ինչ բաժանված է արդեն,
և աստղերը, և արևը, և լուսինը:
Ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ,
ես ամաչում եմ սարսափելի,
որովհետև ոչինչ չունեմ քեզ նվիրելու.
որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված:
Եվ այս բառերը` օտար արևներ,
և մերկ ծառերը, և քո կարոտը
անչափ տխուր են, անչափ հուսահատ,
որովհետև այս նամակը երբեք քեզ չի հասնելու,
որովհետև նորից փնտրելու եմ քեզ ամենուրեք,
որովհետև նորից քեզ հիշելու եմ ամենուրեք,
գլխահակ քայլելու եմ նույն փողոցներով,
որովհետև ես սարսափելի ուշացած սիրահար եմ,
որովհետև ես ոչինչ չունեմ քեզ նվիրելու,
որովհետև
ամեն ինչ բաժանված է ու նվիրված:

Հովհաննես Գրիգորյան

Նաիրուհի
21.12.2013, 00:54
Սենց լիքը օր վաղուց չէի ունեցել։ Ամեն ինչ հասցնել՝ երկու ցույցի միջև աշխատանք, հարազատ մարդիկ, հրաշալի երեկո, թեթև ձյուն, բարդերը...
Չորս ամիս սպասել էի էսօրվան, էս երեկոյին, Արմինեիս ձայնը վայելելուն...

Հ. Գ. Շնորհակալ եմ
http://i.imgur.com/UGiz5PD.png
ափերիցս քեզ եմ շնչում...

http://www.youtube.com/watch?v=vK7CR_4SGFY

Նաիրուհի
21.12.2013, 02:13
Մի քիչ ինձ անալիզ արեցի ու հասկացա. ես խաղի կանոններն ընդունող տեսակից եմ: Չգիտեմ էդ լավ ա թե վատ, բայց ես միշտ թուլություն ունեմ ընդունելու խաղի՝ ինձ առաջարկված կանոնները: Որոնք հետո առաջարկողը հիմնականում խախտելու ա, բայց ես մինչև եսիմ որ խազ ախմախավարի պահելու եմ :))

հավես չկա նոր ձևակերպում փնտրելու մի մտքի համար, որն արդեն իսկ լավագույնս ձևակերպված է ու լրիվ բնութագրում է քեզ

***

Ամենաշատը հստակությունն եմ սիրում։ Անհետաքրքիր խաղացող եմ, ընդունում եմ։ Շիտակ եղեք ինձ հետ. ես զզվում եմ գուշակություններ անելուց։

Ասենք ինձ՝ ինչ եք զգում, ինչ եք մտածում իմ մասին։ Քանի որ ես խաղի կանոններն առաջարկող տեսակից չեմ, ուրեմն կսպասեմ, որ ինձ առաջարկեն, հետո կընդունեմ կամ չեմ ընդունի։ Մենակ թե ինձ հետ առանց ենթատեքստերի եղեք. նախօրոք իմացեք, որ եթե ինտրիգներ ու հետաքրքիր պահմտոցիներ եք սիրում, ապա ես ձեզ հարմար խաղընկեր չեմ։

Ուղիղ, չորուցամաք մարդ եմ, էն կարգի, որ նույնիսկ եթե վիրավորվեմ դեմքիս կոպիտ ձևով ձեր կարծիքն ասելուց, ամեն դեպքում ներսումս շնորհակալ կլինեմ, որ առանց ակնարկների, բարդ հանելուկներ առաջարկելու եք արտահայտվում։

Իմ բոլոր հարաբերություններում ես ամենաշատն անորոշությունից եմ զզվում։ Էդ որ վերջերս շատ եմ օգտագործում «ոչ ադեկվատ» արտահայտությունը, նրանից է, որ հասկացել եմ՝ ինձ էդ վիճակին հասցնում են անորոշ իրադրությունները։

Ես չեմ կարող մարդու հետ հանգիստ, առանց ներքին արգելակների ու անհարմարության շփվել, եթե հստակ չգիտեմ, վստահ չեմ դիմացինիս՝ իմ հանդեպ ունեցած վերաբերմունքի հարցում։ Եթե զգում եք, որ «ոչ ադեկվատ» բաներ եմ անում, մի հատ ձեզ հարց տվեք՝ պատահաբար էնպիսի բան չե՞ք արել, որ ինձ ստիպեր ինչ-որ կասկածների մեջ ընկնել։

Քիչ մը դեբիլոտ եմ, ժող, ինձ պետք չի հասկացնել, ինձ ասել է պետք։

Ու մի բան էլ. եթե նախապես պայմանավորված խաղի կանոնները փոխում եք, ինձ էլ ասեք, էլի. էսքանը սրա համար էի գրում։

Հ.Գ. Մեկ էլ եթե ձեզ թվում է, որ ես էդ կանոնները սխալ եմ ընկալել, էդ ժամանակ էլ ասեք, ախպոր պես։ Զատկից հետո ներկած ձուն ոչ մեկիս պետք չի։

Նաիրուհի
22.12.2013, 21:56
Լիլ, եթե վախենում ես կտրվել իրականությունից ու հետո ավելի ցավոտ անկում ապրել, ես դրանից խուսափելու հեշտ ձև գիտեմ, արի ականջիդ ասեմ։

Մի մոռացիր ժամանակ առ ժամանակ ՖԲ-ի էն պրոֆիլը փորփրել :secret



http://www.youtube.com/watch?v=gTBHzDObBCE

Նաիրուհի
23.12.2013, 23:45
Մի երկու շաբաթ առաջ մամաս էր պատմում, որ գրականության դասին աշակերտներից մեկը ուշացած է եկել ու ասել, որ իրենց բակի բոմժը գիշերը սառել է դրսում։ Պատմել է, որ շատ կիրթ մարդ է եղել, երաժիշտ։
-Ընկեր Իգիթյան, նենց մաքուր ու սիրուն էր խոսում, որ ամաչում էի հետը խոսել։ Գիշերը կարտոնից տուփի մեջ սառել-մահացել էր։
Մամաս ասաց.
-Էնքան անիմաստ ու դատարկ թվացին դպրոցն էլ, դասն էլ, կենցաղային ու աշխատանքային խնդիրներն էլ...

Մամայիս հանգստացրի, բայց էդ օրվանից հետո անընդհատ, հատկապես երբ ուշոտ մենակ տուն եմ գալիս ձյունին նայելով, մտքումս էդ մեռած անօթևանն է պտտվում ու էն տասնյակներն ու հարյուրները, ում մասին չենք իմանում։
Իսկ ես ինձ համար նոր գլխարկ ու ձեռնոցներ եմ գնում :(

Նաիրուհի
26.12.2013, 02:52
Ո՞նց է տենց ստացվում, որ մարդը որոշում է, որ եթե ձեռքի տակ կնիք կա, ուրեմն կարող է պահանջել, որ դու իրեն խնդրես։ Գրո´ղը տանի, ես խնդրելուց վատ չեմ զգում, բայց մենակ էն մարդկանցից, ովքեր, իմանալով, որ կարող են ազդել ապագայիդ վրա, չեն որոշում հնարավորինս թանկ ծախել մարդկայնությունը։ Մարդիկ սիրում են անհաղթահարելի խոչընդոտներ մոգոնել։

Շուտ հիասթափվող մարդ եմ. քիչ էր մնում՝ որոշեի ամեն ինչ գրողի ծոցն ուղարկել։ Մի քանի օր մեռած վիճակից հետո հազիվ կարողացա ինձ ստիպել մեկ ուրիշի մոտ բախտս փորձելու, էն էլ որ տեսա՝ էդ պաշտոնում արդեն մեկն է, ով, մեղմ ասած, չէր համակրում ինձ, սկսեցի մտածել, որ վերջ, անօգուտ է անգամ փորձելը։ Մինչդեռ մարդը ինքն սկսեց հարցուփորձ անել, թե ինչի կարիք ունեմ, ու մի հատ էլ առանց խնդրել ստիպելու ասաց, որ ինքն իր ուժերի ներած առավելագույնը կանի ինձ օգնելու համար։

Սենց անկայուն ալիքի վրա եմ՝ վերելքների ու անկումների միջև, բայց էսօր Ձեր շնորհիվ ինձ էնքան վստահ ու ուժեղ եմ զգում, որ թվում է՝ ամեն ինչ կարող եմ անել, ամեն ինչ ստացվելու է։
Շնորհակալ եմ :love

Նաիրուհի
26.12.2013, 14:55
Ես ավելի շուտ կկարողանամ սեփական ճակատս համբուրել, քան դրա առիթը կունենամ՝ քեզ վերջնականապես ռադ անելով։

Թույլ տեղս գիտես, էլի. ո՞նց մերժեմ, երբ քեզ օգնություն է պետք։

Նաիրուհի
29.12.2013, 02:04
Էսօր մի ժամանակ շատ մտերիմ ընկերուհիս, ում հետ երևի կես տարի կապ չունեի, վերջին ամիսներիս անցուդարձի մասին իմանալուց հետո ասաց.
-Լիլ, հերիք է, արդեն ժամանակն է, որ քո կյանքում էլ քեզ նման մեկը հայտնվի։

***

Էն որ էնքան հեչելիդ չի էս կյանքն ու էնքան բան չես զգում, որ հսկայական գրառումիցդ էս երկու նախադասությունն ես թողնում վերջում։

Նաիրուհի
30.12.2013, 17:16
Պահեմ ստեղ, որ մեկ-մեկ մտնեմ նայեմ :love Սենց են անում, որ էս ծանր աշխատանքային օրով կես ժամդ նվիրում ես համակարգչի դիմաց անցկացնելուն, որովհետև չես համբերում, որ գիշերը նայես։
Երնեկ էն օրերուն... :cry


http://www.youtube.com/watch?v=mplvvNVG-sQ

Նաիրուհի
31.12.2013, 05:06
Երեկ ինձ գիշերը մեկից հետո իր մեքենայով տուն հասցրեց մի կիսաքյարթու տղա, ում իրական կյանքում տեսնում էի երրորդ կամ չորրորդ անգամ։

Ինձ կարգադրեց իր մեքենան նստել էնպես, կարծես հենց էդպես էլ պիտի լիներ. բնական, հանգիստ պատվիրեց նստել, Ցոյ միացրեց, ընդ որում՝ իմ ամենասիրածը, որ պարզվեց՝ իր ամենասիրածն էլ է, ու Երևանի սիրուն գիշերվա մեջ տուն բերեց ինձ։ Ու ինձ համար էլ նենց բնական էր դա, որ իջնելուց շնորհակալություն հայտնելիս ինքս էլ զարմացա, թե ինչքան ավելորդ էր էդ բառը։

Կզարմանա՞ք, եթե ասեմ, որ վերջին հազարամյակում ինձ էդքան պաշտպանված չէի զգացել, թեև տրամաբանորեն ամենաապահով բանը չէ էդ ժամին նստել գրեթե անծանոթ ու խմած տղամարդու մեքենան, ում մասին ունեցած տեղեկատվությունդ սահմանափակվում է ֆեյսբուքի ստատուսներով։

Ինչ հավես բան է մեկ-մեկ թույլ տալը, որ քո մասին հոգ տանեն։

***

Ես ուժեղ աղջիկ եմ կամ գոնե տենց եմ համոզում ինձ։ Ես չեմ պատկերացնում, որ կարելի է երազել սիրուն լինելու մասին, առավել ևս՝ կոտորել իրեն դրա համար, կամ որ կարելի է մեկին դուր գալու համար ուզենալ փոխել քեզ։ Անգամ սովորական շպարի պարագաներ օգտագործելիս ամաչել եմ ինքս ինձնից, ոնց որ կեղծելիս բռնված լինեմ։

Չեմ ուզեցել ուրիշ լինել, բնավորության մի քանի գիծ ու կենսագրությանս մի քանի դրվագ չհաշված՝ ոչ մի բան չեմ ուզեցել փոխել մեջս։

Էստեղ մի հիմարություն էի ուզում գրել, բայց էդքան չեմ անկեղծանալու, հավես չկա։

***
Հոգնած եմ, անգամ նեղվելու, տխրելու, կարոտելու, ուրախանալու ու լավ բանի սպասելու հավես չկա։ Ես վիրտուալ ընկերներ չեմ սիրում ու չեմ «պահում». իմ ընկերներն էն մարդիկ են, ում (աշխարհագրորեն նույն տարածքում գտնվելիս) կարող եմ անկապ տեղը զանգել, գնալ տեսնելու, թափառել, գրկել ու լռել։ Մեկ էլ էն մարդիկ են, ովքեր ինձ առանց պատճառի կկարոտեն, կզանգեն, կգրկեն ու կլռեն։

Եթե ոմանց թվում է, թե առանց պարբերաբար հանդիպումների միջոցով կարոտս առնելու կարող եմ երկար ջերմություն պահպանել, ապա սխալվում են. ես չափազանց հողեղեն եմ դրա համար, ինչքան էլ Լիլիթ լինեմ։

***

Բարի գիշեր, քանի գրառումս չի գերազանցում թույլատրելի սիմվոլների քանակը, ու քանի դեռ շատ չեմ ցնդել։


http://www.youtube.com/watch?v=tIBp7WAwtCg

Նաիրուհի
01.01.2014, 00:44
Վերջին տարիներին, ինչ հորքուրենքս մասիվ էին տեղափոխվել, Նոր Տարուն առաջինն իրենց տուն էինք գնում ես ու եղբայրս, անմիջապես տանը իրար շնորհավորելուց հետո։
Վերջին երկու տարին հիվանդ էր հորքուրս, անցած տարի ընդհանրապես մենակ քուրիկս էր հետը, մյուսները Ռուսաստանում էին։ Հիշում եմ՝ ոնց էր ուրախանում իմ ու ապերիս գնալով, ոնց էր ոգևորվում, որ շարունակում ենք առաջինը իրեն այցելել, հատկապես հիվանդ ժամանակ։
Հիմա նստած սպասում եմ, որ ապերս ծառայող ընկերոջ ծնողներին շնորհավորելուց հետո գա՝ իրար հետ գնանք հորքուրենց տուն։ Ու սարսռում եմ էն մտքից, որ էս տարի ներս մտնելիս հորքուրս էլ չի ժպտալու իր բարի, հանգիստ ժպիտով, չի գրկելու, չի համոզելու փորձել իր ոսկի ձեռքերով պատրաստած համով-համով բաները։
Եսիմ, է։
Շնորհավոր Նոր տարի։

Նաիրուհի
01.01.2014, 12:52
Էն որ ինը տարվա ընկերդ զանգում է շնորհավորելու ու ասում՝ մաղթում եմ, որ էս տարի երկուսիս էլ խելքը գլխին հոգեբույժ հանդիպի։ Ձեր տուն գալուց առաջ էլ կզանգեմ, գիտեմ, որ դու պոտենցիալ բոմժ ես, մենակ թե ժամը չորսին մենակ տուն գալուց մոտդ ամեն դեպքում դանակ-պատառաքաղ պահի, դու քաղաքակիրթ մարդ ես, կծելով չուտես բան ասողներին։

Գրո´ղ քեզ, տափա´կ :beee :love

Նաիրուհի
04.01.2014, 23:44
Ու թող օրհնվեն Նոր տարին, Հ1-ը, Յուքոմը ու «Տանը մենակ» շարքի նկարողները։ Վաղուց եղբորս հետ քույր-եղբայր լինելու ու երեխա դառնալու զգացողությունը չէինք ապրել։ Հիմա հենց ազատ ժամանակ ենք գտնում՝ միացնում ենք տոնական օրերին հեռուստացույցով ցուցադրված ֆիլմերն ու միասին նայում՝ ծիծաղից թուլանալով։

Երևի ոչ մի բան ծիծաղի նման չի մտերմացնում։ Ու երևի սա իմ վերջին տարիների ամենահավես Ամանորներից մեկն էր :love

Նաիրուհի
07.01.2014, 16:44
Որքան
Թախծոտ է
Այս երեկոն
Ասես
Բոլոր գնացքներով և ավտոբուսներով
Դու հեռանում ես

Ռասուլ Յունան

Նաիրուհի
07.01.2014, 17:17
Արդեն 25, ու դա հիասքանչ է։ :love Շնորհակալ եմ կողքիս լինելու համար, հիշելու, զանգելու, գրելու, թեկուզ մի պահ իմ մասին մտածելու համար։
Ետ եմ նայում ու հասկանում, որ երեկվա նման օր չէի ունեցել։

***
Երբեմն մեկ մուկը բավական է ամբողջ կարասի գինին փչացնելու համար: Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել այդ մկանը ինձ նման նվեր մատուցելու համար։
Անցյալ տարի էլ տենց մեկը փորձեց ծնունդս հարամ անել իր բացակայությամբ, ու ահագին ստացվեց։ Իսկ էս անգամ տենց չի. գուցե մեծացել եմ մի քիչ, բայց գոհ եմ, որ էս անգամ ոչ թե տրամադրությունս փոխվեց, այլ տրամադրվածությունս էդ մարդու հանդեպ։

Հաճույքով գրողի ծոցը կուղարկեմ քեզ, «հարազատս»։ Ամեն ինչ պետք է փոխադարձ լինի, որ արդար լինի։

***

Պուճուր բան է, բայց հպարտանում եմ ինձնով։ :vaii:

Նաիրուհի
16.01.2014, 02:20
Վաղուց ստորագրությունս փոխելու ժամանակն է։


Եւ կանչելու ես ինձ, քանի կյանքում ես կամ,
Խոստանալով ինձ սեր, տալով-կսկիծ...

***
Վաղը նորից գյուղ ու գյուղի ձմեռ եմ վայելելու, աթարի վառարանի ջերմություն, «դուխովկան» լցրած տնական կարտոֆիլ ու պանիր, որ մեր սարերի, մեր հողի համն ունեն։ Վաղը երջանիկ եմ լինելու։

Նաիրուհի
20.01.2014, 02:01
Հարսանիքը մեր գյուղում.
Հարսանիքի նախորդ օրը կատարում են մսացու մորթելու արարողությունը։ Ներկա են լինում հիմնականում տղամարդիկ և երեխաները։ Եթե մորթվող կենդանին շատ մեծ կամ շատ ուժեղ չէ կամ փեսացուն վստահ է իր ուժերի վրա, կենդանուն բաց են թողնում, իսկ փեսան պետք է կարողանա «հաղթել» նրան և պահել, մինչև մորթողները մոտենան ու կապկպեն։
Հարսանիքի օրը մեր գյուղում հարսին հիմնականում ոչ թե հայրական տնից են հանում, այլ մոտ ազգականներից մեկի։ Դրանից առաջ (հիմնականում նախորդ օրը) այդ տանը տեղի է ունենում գլուխլվայի արարողությունը։ Հարսանիքի օրը այդ տանը գտնվող աղջիկները (հարսի ազգականուհիներն ու ընկերուհիները) ծաղկըվոր (ծաղկավոր) են կոչվում։
Հարսի հետևից գնալիս փեսայի կողմի ջահելները նաև մի զարդարված աքլոր են տանում։ Հետո այն ազգականը, որի տնից հանում են հարսին, մի հավ է տալիս երիտասարդներին, սակայն շատ ավելի խրախուսելի է, եթե ազապներին հաջողվում է այդ հավը նախապես «գողանալ»։ Հետո ևծ հավը, և´ աքլորը մնում են երիտասարդներին։
Ի դեպ՝ հարսանեկան թափորը աշխատում է փեսայի տուն վերադառնալ ոչ այն ճանապարհով, որով գնացել էին հարսի հետևից։
Մեր գյուղում մի ավանդույթ էլ կար (չգիտեմ՝ այլ տեղերում ինչքանով է տարածված), որը շատ եմ սիրում, բայց արդեն կամաց-կամաց վերանում է։ Հարսանիքի հաջորդ օրը ևս մեկ՝ ավելի փոքրաթիվ մարդկանցով քեֆ է, որին խրախուսվում է հիմնականում երիտասարդների և իրենց երիտասարդ զգացողների ներկայությունը։ Կենտրոնական դերում «բոխչան» է, որի մեջ ինչ ասես լինում է՝ ամենաանհավանական համադրություններով բրդուճներ (օրինակ՝ լավաշ ու նարնջի կեղև:hands), հետաքրքիր ու զվարճալի զգեստներ, միսը վրայից հանված ոսկոր... Մեկ այլ տոպրակի մեջ թղթի վրա «փորձություններ» են գրված. ով ինչ թուղթ հանի, պարտավոր է առաջադրանքը կատարել, ասենք՝ բոխչային հանել ձեռքն ընկած առաջին բրդուճը և ուտելով պարել... Կան նաև հատուկ առաջադրանքներ հարսի ու փեսայի համար՝ միմյանց նմանակել, հարսը փեսայի, փեսան՝ հարսի նման պարել և այլն։

Ես մի բանում համոզված եմ. հարցը ամենևին ավանդույթները չեն, այլ մեր հարաբերությունները այն մարդկաց հետ, ովքեր, ըստ այդ ավանդույթների, պիտի մաս կազմեն հարսանեկան արարողությանը։ Եթե, օրինակ, ազգականներիդ մեծ մասին տանել չես կարողանում, բնականաբար չես էլ ուզենա, որ նրանք քո հարսանիքին ներկա գտնվեն...

Լիքը բան է փոխվել էս գրառումիցս հետո, երևի նույնիսկ գրելուս ժամանակ արդեն շատ բան էդպես չէր :(
Հազար տարվա ընդմիջումից հետո գյուղում հարսանիքի էի։ Հիմա հարսանիքը մեզ մոտ էլ են ռեստորանում անում, որ տնեցիք շատ չչարչարվեն (իբր պակասում է չարչարանքն, էլի)։ Հարսի հետևից գնում են մեքենաներով, մեքենաներով էլ գալիս են։ Հարսին էլ իրենց տնից են հանում արդեն։

Էս անգամ, ի երջանկություն ինձ, մի քիչ կոտրվեց էս մոդեռնացվածությունը։
Քանի որ հարսնացուի տատը մի քանի ամիս առաջ էր մահացել, հայրը խնդրել էր, որ իր տանը երաժիշտները չնվագեն, դրա փոխարեն դեմ չէր եղել, որ հենց փողոց դուրս գանք, նվագն էլ լինի, պարելն էլ։

Հարսանիքի «մաղարի» (հարսին բերողները) դիմաց մի քանի տեղ երեխաները շղթաներով, լարերով կամ մեքենաներով փակել էին, իսկ գյուղի նեղ փողոցը փակելու համար լայնակի կանգնեցված մի մեքենան լրիվ բավական է։ Մեքենաների վրա հիմնականում օղի է լինում, բաժակներ, երբեմն՝ նաև ուրիշ ուտելիք, և մինչև քավորը մի բաժակ չխմի՝ ճանապարհը չեն բացում :)

Էդպես առանց մեքենաները նստելու, պարելով հասանք մինչև կենտրոնական փողոցը, էդտեղ մեծերից մեկը սադրեց, թե՝ կդիմանա՞ք ոտքով մինչև տուն։ Բնականաբար դիմացանք։ Իսկական, գյուղավարի, պարելով գնացել եմ հարսանեկան թափորի դիմացի փեսայի հարազատ քույրերի՝ մորաքրոջս աղջիկների հետ, գյուղավարի ձայնս գլուխս եմ գցել, որպես «մաղըրվոր» նվեր ստացածս գաթան պարեցնելով՝ հասել եմ գյուղի մի ծայրից մյուսը :love

Հաստատ կյանքիս ամենահավես, ամենահիշվող օրերից մեկն է լինելո մորաքրոջս տղայի հարսանիքը :))

Ի դեպ, էդ զարդարված ու փաթեթավորված գաթաների տակ թղթերի վրա գրություններ են լինում, որոնք, իբր, գուշակություն են այն նվեր ստաած չամուսնացած երիտասարդների համար։ Պարզունակ, շաբլոն բաներ են, բայց էնքան հուզիչ բան կա ինձ համար էդ սովորույթի մեջ։

Իմ գաթան քիչ առաջ բացեցի. յուղոտված, թափանցիկ դարձած թղթիս վրա գրված էր.
«Սերը նման է կարմրուկի, որքան ուշ է գալիս, այնքան վտանգավոր է»։

Քանի որ չամուսնացածների մեջ ամենամեծերի եռյակում էի, իսկ գաթաները բաժանվում են պատահականության սկզբունքով, ապա պարզապես հրաժարվում եմ հավատալ, որ սա ուղղակի համընկնում էր :D

Նաիրուհի
21.01.2014, 01:23
Կյանքիս ամենաթանկ նկարներից մեկը, որ ջնջվել էր աշխատանքային նեթբուքիս միջից, ու մտածում էի՝ ոչ մի տեղ չի պահպանվել։

2011 թ. նոյեմբերի 21-ին Վահագն Չախալյանին նվիրված հավաք-քննարկման օրն առաջին ու վերջին անգամ տեսա Լևոն Խեչոյանին, էդ օրն իմացա, որ ջավախքցի է։ Համալսարանից կարդացել էի ու սիրում էի, բայց ոչ մտածում էի, որ մի օր կհանդիպեմ իրականում, ոչ էլ նույնիսկ երազում էի այդ մասին։

Բայց շնորհակալ եմ կյանքին, որ եղավ այդ օրը, երբ ոչ միայն տեսա նրան, այլև լսեցի։

Չէ, իհարկե էդ մի օրը բավական չէր նրան ճանաչելու համար, բայց բնածին երկչոտությունս թույլ չտվեց փնտրել նրան, փորձել մտերմություն ստեղծել։ Գիտեմ, զգում եմ, որ եթե ցանկանայի՝ կստացվեր, բայց չարեցի, իսկ հիմա չափազանց ուշ է։

Ու մեկ է՝ մի տեսակ ուրախ եմ, որ էսօր ընկերուհուս համակարգչի խորքերում պահպանվել էին այդ միջոառման օրվա բոլոր լուսանկարները։

Ջավախքի հողը դեռ ամբողջովին չի ամլացել։

http://i.imgur.com/40eBNwQl.jpg

Նաիրուհի
21.01.2014, 20:17
Տհաճ է հարազատ ընկալած մարդուց նենց ցաված լինելը, որ իր գրած ամեն բառին կամ ամեն անգամ իր գոյության մասին հիշեցնող ցանկացած բանի ի պատասխան ուզենաս մենակ մի բան գրել՝ ռադ եղիր։
Ու մի կերպ զսպում ես քեզ, որ մեջդ կուտակվածը քեզ ու կողքիններիդ չխեղդի։

Ո՞նց անեմ, որ ընդհանրապես մոռանամ իրեն ճանաչած լինելս։ Հաշվեմ, որ ինքը երբևէ չի եղել, ես իրեն ինձ էդքան մոտ չեմ թողել, ևս մեկ անգամ ամենազզվելի կերպով չեմ սխալվել մարդուն մարդ համարելով։

Տհաճը ոչ թե էն է, որ մի անգամ էլ երեխայի նման ոգևորվեցի գտածովս, որն իրականում գոյություն չուներ, այլ էն, որ էլի հիշեցի, որ տենց մեկը եղել է կյանքումս։ Յախք։

Նաիրուհի
22.01.2014, 16:38
Ահագին երկար ժամանակ ոչ մի ծանրոտ, հոգեբանության վրա ազդող ֆիլմ չեմ նայել, քանի որ տպավորվող բնավորությունս լավ գիտեմ. առնվազն մի ամիս ամեն մեկի ազդեցության տակ էի մնալու։ Անզգայության ալիքի տակ մի շաբաթում արդեն երկու տենց ֆիլմ եմ նայել, ու ոչ մի էմոցիա, ոչ մի տպավորվածություն, թեև երկուսն էլ IMDB-ի լավագույն 100 ֆիլմերի ցանկում էին։

Հարց. օգտվե՞լ առիթից, որ չեմ տպավորվում, ու արագ-արագ նայել էսքան ժամանակ հետաձգածս ֆիլմերը, թե՞ էլի անցնել պոզիտիվ ու թեթև կինոներին, որովհետև մեկ է՝ հիմա էս լրջերը նայում եմ ու չեմ հասկանում՝ սրանց ի՞նչն է էդքան լավը, որ տենց բարձր վարկանիշ ունեն :think

Նաիրուհի
30.01.2014, 22:51
Եթե դու էս էլ քանի օր է՝ զանգում ես, որ հանդիպենք, բայց ինձ տնից դուրս բերել չես կարողանում, եթե զանգերիդ չեմ պատասխանում, հետո էլ մոռանում եմ հետ զանգել, եթե արդեն առնվազն 72 ժամ տնից քիթս չեմ հանել, եթե գրառում չեմ անում Ակումբում, տնեցիների հետ չեմ խոսում, գործից առաջ ու հետո չեմ կտրվում էկրանից, եթե քնելուս ժամերը կիսվել են, աչքերս կարմրած են, ու ընդհանրապես գժի տեսք ունեմ, ապա խնդրում եմ դրա հետ կապված բոլոր բողոքներով դիմել Իրեն (http://heatherwheeler.files.wordpress.com/2013/08/dexter-opening-credits.png) :love։

Նաիրուհի
06.02.2014, 17:08
Գիշերն իմացա, որ վերջին գրառմանս հղումը սխալ էր :D Պատկերացնում եմ՝ բացողները ոնց են ինձ գժի տեղ դրել։

Ինչ որ է, արդեն աշխարհ եմ վերադարձել։ Դեռ չեմ հարմարվում, հավես էր էդ հորինովի աշխարհում ապրելը, բայց էլ տենց բան չեմ անի։ Շատ շոկային է օրվա մեջ ինը-տասը ժամ Մայամիում լինելուց հետո (չհաշված քնած ժամանակս, քանի որ բոլոր երազներս էդ նույն թեմայով էին) Հայաստան վերադառնալը :cry

Գիրք եմ նվեր ստացել երեկ՝ «Տղամարդու սերը»։ Վախենում եմ սկսել. հուսամ՝ նույն պատմությունն էլ սրա հետ չի կրկնվի :))

Նաիրուհի
12.02.2014, 02:22
Սիրում եմ էն, որ գրելու բան չունեմ, ասելու բան չունեմ, խոսելու զրուցակից չունեմ։ Սիրում եմ առավոտը զարթնել ու նստել գործ անելու, ընթացքում հեռուստացույցով որևէ մրցման հետևել կամ յութուբով հարյուր քսանմեկ անգամ լսել նույն «անճաշակ» երգը, սրտատրոփ սպասել բիաթլոնի հերթական մրցաձևին, Ջեյսոնի ու մի քանի հին սերերիս ելույթներին, գիրք կարդալ, Ակումբ մտնել ու միշտ մոռանալ մեյլս ստուգել, որովհետև ոչ մի հետաքրքիր բան չկա էնտեղ։

Սիրում եմ ստից երազել ու ոչինչ չանել դրանք իրականացնելու համար։ Սիրում եմ մենակությունս ու ամեն պահը վայելել եմ ուզում, որովհետև սա ճոխություն է, որ չեմ կարող երկար թույլ տալ ինձ։ Սիրում եմ ինձ հիմա։

Նաիրուհի
17.02.2014, 11:55
Չգիտեմ՝ սա արյանս մեջ ի սկզբանե՞ է եղել, թե՞ մայրս է պատվաստել դեռ չծնված կամ նոր ծնված ժամանակ, բայց իմ բոլոր եսերի, ձեռքբերովի, հնարովի կամ բնական նախասիրությունների մեջ ամենամեծը, անհաղթահարելին էթնիկ (կամ էթնիկ տարրերով) երաժշտությունն է։ Անհասկանալի, ամենազոր թուլություն, որը ոչ մի կերպ չի հաղթահարվում, թեև արդեն ինքս էլ երևի չեմ ուզում հաղթահարել։ Ինձ կամովին չեմ զրկի մի բանից, որը երջանկացնում է։ Ոնց որ բնության ձայնը լինի...

Կապ չունի՝ ինչքան ժամանակ չեմ լսել, ինչքան երկար եմ ուղեղս ու սիրտս զբաղեցրած եղել այլ բաներով, որովհետև ամենափոքր հնչյունն անգամ կարող է ստիպել մոռանալ մնացած ամեն ինչ։
Ինչքան երկար եմ հեռացած լինում, էնքան բուռն է լինում ներսիս արձագանքը, որ հաճախ ինքնամաքրման արցունքներով է արտահայտվում։
Էս առավոտ էս կինոն (http://www.imdb.com/title/tt0120070/?ref_=fn_al_tt_4) հիշեցի, ուզեցի սաունդթրեքը լսել, որն ավարտվեց ինչ-որ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ էս երգի հնարավոր բոլոր տարբերակները փնտրել-լսելով, թեև մինչ այդ ոչ մի անգամ չէի էլ մտածել առանձին լսել դա։

Հիմա ինձ նենց մաքուր եմ զգում:


http://www.youtube.com/watch?v=whMgYTB5Nc4

Նաիրուհի
26.02.2014, 23:34
Հիմա հարցումների եմ գնում մի ծրագրի հետ կապված։ Էս երկու օրում ամենատարբեր տեսակի մարդիկ եկան-գնացին, որոնք հիմքում նման են իրար ու գյուղացի են, էն տեսակը, որին ես գիտեմ տասը մատիս պես ու մինչև ուղնուծուծը հասկանում եմ, որովհետև նման մարդկանց մեջ եմ մեծացել, որովհետև ես էլ եմ ինչ-որ տեղ իրենց նման։

Մի մասը ջղայնություն է առաջացնում, մյուսների հարցաթերթիկները լրացնելիս ապրումներս հազիվ եմ պահում, որովհետև փափուկ խմորից եմ, ու թեև գրեթե ոչ մեկը չի նվնվում, ես էդ մարդկանց չասածն էլ գիտեմ, քաշած դժվարությունն էլ։

Երեկ մեկն ասում է՝ տուն չե՞ք ուզում։ Հողն էլ հետը կտամ մի տոմսի գնով։

Էսօր շատ-շատ էին մարդիկ, ահագին հերթ էր գոյացել։ Մի պահի մյուս հարցազրուցավարը, ով իմ դիմաց էր նստած և տեսնում էր թիկունքումս կատարվող անցուդարձը, ասաց.

-Պապի´ ջան, առաջ եկեք, թե չէ բոլորին զիջում եք, արդեն մի ժամ է՝ նստած եք։

Շրջվեցի ու անկյունում տեսա մոտ յոթանասուն տարեկան մի մարդու՝ չսափրված, տնային շորերով, գլխարկով, արտասովոր ազնիվ ու տխուր աչքերով։ Խեղճ ժպտաց ու ձայն չհանեց։ Նենց ուզեցի՝ հետո ինձ մոտենար։

***
Երկու տեսակի հարցաթերթ ունենք, մեկը լրացնելը շատ երկար է տևում. էդ ընթացքում կարճերից մի 3-4 հատ լրացվում է։ Խորացած ու արագ-արագ հերթական երկար հարցաթերթիկն էի լրացնում, երբ հանկարծ հայացքս բարձրացրի ու տեսա, որ պապիկին մյուս հարցազրուցավարի մոտ են ուղարկել։

Մինչև հիմա աչքերը չեմ մոռանում։ Էդ հարազատ հայացքը, խեղճացած ժպիտը։ Էդքան է՞լ նմանություն։
Պապս...

Նաիրուհի
02.03.2014, 00:17
Էսօր ընկերուհիս պատմեց, որ իր ծնվելուց առաջ քույրն ու եղբայրը մայրիկին խնդրել են, որ իր անունը խոզուկ դնեն, ու ես եսիմ ինչի հիշեցի, որ պուճուր ժամանակ մամաս ինձ բուլդոզեր էր ասում, իսկ մանկապարտեզում, երբ դեռ չէի էլ սկսել երազել տիեզերագնաց դառնալու մասին, անունս Գագարին էին դրել, որովհետև մեծ ու կլոր գլուխս նմանեցնում էին էն ժամանակ շատ տարածված նկարին, որում Գագարինը սկաֆանդրով էր։

Էս մնաց ինձ էսօրվա հանրահավաքից։

Նաիրուհի
08.03.2014, 15:22
Ասում է.
-Քուր, լուրջ, էս ի՜նչ հավես բան է ուղիղ գծով երկար քայլելը, երբ ստիպված չես երեք քայլը մեկ ուղղությունդ փոխելու։

Բարի վերադարձ ազատություն, ապերս...

Նաիրուհի
15.03.2014, 13:23
Մեկի կյանքի շրջադարձային փուլում կողքին կանգնելը կարող է քո կյանքն էլ փոխի։

***

Ասում է՝
-Մեր մոտ հիմա գիտե՞ս ինչ վիճակ ա։ Մենք սովետական հեռուստացույց ենք, որը հիմա խշշում ա, քանի որ սխալ ալիքի վրա ենք մեզ դրել: Դրա համար արի մի հատ մեզ փոխենք, հա՞։

Արի´։ Սկսում ենք վաղը Խոր Վիրապ գնալուց։

Նաիրուհի
20.03.2014, 16:33
Մեր գյուղից մի «խելացի» տղա՝ 22-23 տարեկան, իրեն կամրջից գցել է։ Երկու հազար դոլար պարտքի պատճառով։ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ։ Սատանան տանի։ Ո՞նց, ախր ո՞նց կարելի է, էն էլ էդ գրոշների համար։ Ուշքի չեմ գալիս։

Մամաս ասում է՝ շա´ն լակոտ, գայիր, էն նպատակով հավաքածս փողը հենց նենց քեզ կտայի։

Օֆ։

Նաիրուհի
02.04.2014, 11:14
Սնսպասելիորեն արագ հարազատացած մի մարդու, ով ամենաշատը ֆիլմեր ու կարդալ է սիրում, գիրք պիտի նվիրեմ։
Շատ դժվար է գիրք ընտրել նենց մարդու համար, ով ոչ միայն սիրում է կարդալ, այլև քեզնից ավելի շատ է կարդացել։ Հիմա մտածում եմ՝ինչ նվիրեմ, որ դժվար ունենա կամ կարդացած լինի։
Դեռ չեմ կարողանում մեջս հաղթահարել օտարալեզու գիրք նվիրելու տաբուն. եսիմ ինչի, բայց եթե հայի համար եմ գնում, անպայման հայալեզու բան պիտի լինի։ Մտածում էի՝ ի՞նչ առնեմ, որ իրեն անծանոթ լինի, հետն էլ էնքան արժեքավոր, որ իր կարդացածների ստվերում չմնա։ Ու էդ գործը մտքումս գտնելուց հետո ոչ մի կերպ չեմ կարողանում գրախանութներում գտնել։ Օշականի «Ծակ պտուկը» ոչ մի գրախանութում չկա :( Ես էլ որոշել էի երկու հատ գնել, մեկն էլ ինձ համար։

Նաիրուհի
11.04.2014, 00:34
Կարոտում եմ օրագրումս երկար ու մինչև վերջ անկեղծանալու նոպաներս։ Չգիտեմ՝ ի՞նձ եմ դադարել վստահել, թե՞ հավանական «ընթերցողներիս», բայց չի գրվում էլ։ Ապրումների, տպավորությունների պակաս չկա, շատ անգամ նույնիսկ ափերիցս թափվելու չափ լցվում եմ, բայց դատարկվել, պատմել էլ չեմ կարողանում, գրածս էլ նույնիսկ ինձ է կեղծ թվում։

Կներես, հարազատս։

Նաիրուհի
13.04.2014, 01:32
Ու ինչի՞ է որոշ չհասունացածների թվում, թե իրենք ինչ ուզեն կարող են բերել գլխիդ, ոնց ուզեն կարող են վարվել, բայց հենց մի հատ շրջվեն քո կողմն ու երեսիդ ժպտան՝ պիտի հալվես։

Մտածում են, թե եթե իմացար՝ արդեն մենակ են ու ազատ, ոտներդ թուլանալու են, նետվելու ես իրենց մոտ։

Երազումդ կտեսնես։ Երբ ինձ, իմ նվիրվածությունը ժամանակին չեն գնահատում, հետոյի սիրաքստիկները պետքս չեն։ Համ էլ ես ուրիշների դեն նետած մնացորդներով չեմ պատրաստվում բավարարվել։ Լավ կլինի՝ էլ աչքիս չերևաս ուղղակի. զզվելի ես։

Նաիրուհի
14.04.2014, 01:28
Վախենում եմ... հազիվ գտած մոտիվացումս կորցնել :( Սենց է, էլի, կա´մ պիտի երջանիկ լինես, կա´մ՝ մոտիվացված։ Ես հլը որ երկրորդն եմ ընտրում։

Նաիրուհի
15.04.2014, 01:02
-Արս, հոգնած եմ, տրամադրություն չունեմ, հետո կխոսենք։
-Բա ո՞ւր ես։ Դե տեղ չգնաս, հեսա գալիս եմ։

Կես ժամ անց։

-Անտրամ լինել չկա, գնում ենք մուլտ նայելու, հաստատ կժպտաս։
-Հավես չունեմ, ուզում եմ գնամ քնեմ։
-Չկա տենց բան, կարաս չասես՝ ինչի ես էս օրին, բայց մենակ չեմ թողնի քեզ։ Գնանք, համ էլ դու էսօր ավտո քշել ես սովորելու…

***

Կյանքում առաջին անգամ մեքենա վարելու փորձ, մեկուկես ժամ պոզիտիվ մուլտ, բանան ու շոկոլադ, ու կանգառում երթուղայինին սպասելիս զգում եմ, որ ժպտում եմ։ Նայում եմ կողքիս կանգնած տղայի լուսավոր կապույտ աչքերին ու զգում, որ հինգ տարվա հակառակորդիս մեջ իսկական ընկերոջ եմ գտել, ում կարող եմ հենվել, ումից հարված չեմ ստանա, ով գնահատում է իր կողքին լինելս։

Արս, շնորհակալ եմ։

Նաիրուհի
25.04.2014, 01:10
Ահավոր դժվար է փոխել մարդկանց պատկերացումները քո մասին։ Ու շատ ավելի դժվարանում է, երբ ոչ թե տրամագծորեն ես փոխվել, այլ մասամբ։

Նաիրուհի
25.04.2014, 01:52
Վերևի գրառումս խմբագրելիս մի հսկայական ու չափազանց անկեղծ գրառում էի արել։ Ցեղասպանության, իմ նացիոնալիստ լինել-չլինելու, թուրքերին ատել-չատելու, հայ ու մարդ լինել-չլինելու ու լիքը սենց հարցերի մասին։ Կես ժամ գրում էի։ Վերջում ուզեցի հաստատել, պարզվեց խմբագրելու ժամկետս անցել է, ու տենց էլ կորավ էդ ամենը։

Նենց եմ քամվել, որ էլ մեռնելու էլ լինեմ՝ ուժ չեմ ունենա նորից էդքանը գրելու։ Ու տենց էլ համացանցում կամ որևէ այլ տեղ չի լինի իմ կյանքի ամենաանկեղծ գրառում-խոստովանությունը, որ երկու օր է՝ խեղդում էր ինձ։

Բայց անկեղծ՝ լացս գալիս է հիմա։ Դատարկվելուց հետո ազատված տեղը մաքրել է պետք։ Նենց էր ցավում ներսս էդ ամենից։

Նաիրուհի
03.05.2014, 22:29
Հա, ես դեբիլավարի խոստովանում եմ ինքս ինձ, որ ինձ համար միևնույն չես: Ուրիշ ես, ուրիշ տիպի թանկ, թեև բոլորին, այդ թվում՝ քեզ, փորձում եմ հակառակն ապացուցել: Նենց հույս ունեմ, որ իրոք լավ կլինես, էնքան լավ, որ աչքիս չերևաս, ու չլսեմ քո մասին:


Ես ինձ չեմ ներում դրա համար, բայց հա, չեմ կարողանում մոռանալ գոյությանդ մասին:

Նաիրուհի
20.05.2014, 02:16
Ասում եք՝ թարգեք էդ Կոնչիտայի թեման, ձեզ ի՞նչ է տալու։ Ինձ տվեց, ու շատ կարևոր բան։

Մի ընկեր ունեմ, ում հետ թեև հաճախ չեմ շփվում վերջերս, բայց շատ եմ սիրում։ Ծանոթ ենք արդեն երեք-չորս տարի. էն ժամանակ ես ահագին նացիոնալիստ-պահպանողական տպավորություն էի թողնում։ Տղա է, ինձնից մի քանի տարի փոքր։ Էս Կոնչիտայի թեմաներով ՖԲ-ում մի քանի անգամ իրար գրառումներ ենք հավանել-մեկնաբանել։

Էնօրը էս ճուտիս եմ տեսնում պատահաբար։ Գրկում ենք իրար, հարցնում՝ ինչ կա-չկա, հետո թեման աստիճանաբար հասնում է Կոնչիտային։ Ասում է.
-Լիլ, ումից ասես տենց մտածելակերպ կսպասեի, բայց ոչ քեզնից։ Շոկի մեջ էի, որ տեսա՝ Կոնչիտային ես պաշտպանում։
Ասում եմ.
-Դե ուղղակի առիթ չի եղել էս թեմաներով խոսելու, թե չէ ես միշտ էլ տենց եմ մտածել։

Հետո հիշում եմ, որ էդ թեմայով գրեթե բոլոր գրառումներիս տակ կասկածներ են հայտնում կողմնորոշմանս վերաբերյալ կամ մաղթում, որ երեխաներս նույնասեռական լինեն։ Ու կատակով հարցնում եմ.
-Դու է՞լ ես գեյ։

Խառնվում է իրար, կարմրում ու թե՝ կլինի՞՝ էդ հարցին հետո պատասխանեմ։

Քարացել էի։ Իսկականից նենց վատ էի։ Համ անտակտ ստացված կատակիս, համ էլ էն բանի համար, որ փաստորեն էդքան ժամանակ ճանաչել ենք իրար, ու ինքը վախեցել է ինձ հետ էդ մասին խոսել, որովհետև մտածել է՝ կդատապարտեմ իրեն։ Հետո շատ խոսեցինք, լիքը բաներ պատմեց ինձ։

Ճուտս, կներես ինձ, հա՞։ Հիմա, երբ պարզապես ծանոթներից բացի նաև ինձ համար իսկապես հարազատ մարդ կա, ով ամեն պահի կարող է վատ վերաբերմունքի արժանանալ, եթե ինքնաբացահայտվի, ես ավելի հաստատուն կլինեմ հանդուրժողականության համար պայքարում։

Նաիրուհի
11.06.2014, 02:13
...

Նաիրուհի
27.06.2014, 02:37
Էն որ կոմպլեքսներս սկսել են ինձ ուտել։ Ու ամեն ինչի մեղավորը ես եմ ու իմ անկառավարելի բնավորությունը։

Կորցրածս հսկայական ժամանակի գիտակցումը չի թողնում գոնե «լավ է ուշ, քան ավելի ուշ» կարգախոսով փորձել ինչ-որ բան փոխել, գոնե սկսել ու համոզվել, որ չեմ կարողանում։ Թե չէ սենց մտածում եմ՝ մեկ է՝ էլ բան չեմ կարող փոխել, ու գետնի տակ անցնելու ցանկություն է առաջանում։

Նաիրուհի
28.06.2014, 03:42
Սիրում եմ լցվելու զգացողությունը, երբ երկար ժամանակ տևած դատարկությունից, հուսահատությունից ու անպետքության զգացումից հետո սկսում ես քեզ սիրել :)

***

Կան մարդիկ, որ չեն էլ պատկերացնում՝ կարճ ժամանակում ինչքան հարազատ են դարձել։ Էնքան, որ անհամբեր սպասում եմ մի շաբաթ ճանաչած մեկի խոստացած վերադարձին՝ արդեն ամբողջ հինգ ամսով։ Որ կարողանամ էլի լուռ երաժշտություն լսել հետը կամ ինձ անծանոթ լեզուներով երգերի կիսաձայն թարգմանությունները։ Որ իրեն ցույց տալու բան չունեցող Երևանը ցույց տամ, գնանք ընկերներիս հետ գարեջուր խմելու, որ...

Իսկ մինչև էդ չաթով բողոքում ենք քնի պակասից ու նախանձում կատուներին, քանի որ, իր ասելով, «cats are the only species to have completed their evolutionary process... so they have come up with the most brilliant outcome: "sleep 24 hours a day" »
:))
Արև եմ ուզում։ Բարի լույս։


http://www.youtube.com/watch?v=O6zrlPI5DPk

Նաիրուհի
30.06.2014, 03:50
Նեղվում եմ, որ բաներ կան՝ ուզում եմ հասկանալ, զգալ, սիրել, բայց չեմ կարողանում։ Ուղեղս ասում է, որ դա լավն է, էն մարդիկ, ում կարծիքը կարևորում եմ, ասում են, որ դա լավն է, իրենք սիրում են, բայց ինձ տեղ չի հասնում։

Գուցե շատ պարզունակ են ընկալումներս, ընդունակություններս չեն ներում, որ էդքան բարձր/արժեքավոր բաներն ընկալեմ, իմը դարձնեմ։ Հազարից մի բան է սրտիս կպչում, բայց նեղվում եմ, վատ եմ զգում, որ էդքան քիչ բան գիտեմ, էդքան անհետաքրքիր մարդ եմ, որ անցյալ դարում եմ մնացել, որ մարդկանց բացի ջերմությունից ուրիշ բան չունեմ տալու, որ ջազ ու ընտրյալների համար նախատեսված նման այլ բաներ չեմ զգում, ընկալում, ու հա, ոնց որ թե անճաշակ եմ ու միջակություն։

Նեղվում եմ, որովհետև մեջտեղն եմ մնացել էլի. հետդարձի տեղ չկա, առաջ գնալու՝ ներվ, համարձակություն ու ընդունակություն։

Մարդամեկ, այ մարդամեկ, որ ինձ 463 հատ պաչիկ էիր պարտք, ոչ մի կերպ չի անցնում էն վախս :(, հիշո՞ւմ ես, որ վրաս ծիծաղում էիր, թե՝ մարդ էլ ուրիշներին հիասթափեցնելուց վախենա՞։ Հիմնավորված եմ վախենում որովհետև։

Նաիրուհի
02.07.2014, 23:31
Էսօր ֆբ-ում հրաժեշտի երեկո էր։ Վիլոն (Նավակը Ճոճողը) մի ծավալուն ստատուսով բացատրել էր, թե ինչու է հեռանում ակտիվ պայքարից։ Կարդացի, զգացվեցի, ու միանգամից աչքիս ընկավ Բիանջյան Հայկի՝ Հայաստանից հեռանալու լուրը։

Հայկը, ում ֆոտոխցիկի շնորհիվ (http://www.bianjyan.com/) էսօր Երևանի հին շենքերի մեծ մասից գոնե նկարներ են մնացել, ով պատմություն է պահել մեզ համար, ով էս ակտիվ քաղաքացիների մեջ իմ ճանաչածներից ամենաշատ արժեքավոր բան արած մարդկանցից է։

Ես պատկերացնում եմ էդ մարդու ցավը։ Հայկի նմանները հեռանալու որոշումը հեշտ չեն կայացնում։ Ու ինձ սպանում է մարդկանց սարկազմը, ցինիզմը էդ լուրի մեկնաբանություններում :(


Հ. Գ. Իսկ վաղը՝ Գյումրի։ «Եղնիկներում» ծառայությունը նոր ավարտած հարազատիս տեսնելու հնարավորություն։ Կարոտել եմ։

Նաիրուհի
09.07.2014, 01:51
http://i.imgur.com/o05eTf4l.png

Վերջակետ։

***

Պստ, դու չգիտես՝ ոնց եմ քեզ սիրում։ Չես կարողանա պատկերացնել՝ ինչպես եմ սպասում քեզ, ինչ ուրախ եմ, որ շուտով էստեղ կլինես։

Սպասել եմ էն պահին, երբ կիմանամ, որ արդեն կաս, իմացել ու աշխարհով մեկ եմ եղել, ու մի քանի օրից դու ավելի շոշափելիորեն կլինես աշխարհում։

Երջանկություն է, որ չգիտեմ՝ հորաքո՞ւյրդ եմ, թե՞ մորաքույրդ։
Կարևորն էն է, որ սիրում եմ քեզ, ամպի չափ եմ սիրում, պուճուրս։ Բարով գաս :love

Նաիրուհի
10.07.2014, 18:04
Աչքերի մրմռալը ոչինչ, երկու օրից մոռանում ես։ Կարոտը, ցավը, դատարկությունն էլ են մի օր անցնում, հազիվ զսպվող աննորմալ հեկեկանքի մասին հուշերն էլ։

Հիշվողը միայն լացից խեղդվելուդ պահին ձեռքդ իրեն սեղմող, մազերդ շոյող ձեռքի՝ հարազատ դարձած ջերմությունն է։

Շնորհակալ եմ, խուճուճ արև:

Նաիրուհի
13.07.2014, 13:55
Սովոր եմ զգացումներիս ստատիկ վիճակին՝ առանց վայրիվերումների, ուժեղ տատանումների։ Սովորել եմ, փոփոխություններին դժվար եմ հարմարվում, դրա համար էլ իմունիտետ եմ ձեռք բերել։ Հենց մի բան իմ սովորական գծից շեղվում է, բոլոր բջիջներս սկսում են համակարգված գործել հին վիճակին վերադառնալու համար։ Հաճախ անտրամաբանական, մինչև իսկ ինձ վնասող բաներ եմ անում, ինչ է թե հաստատուն վիճակս վերագտնեմ։ Ասածս ինչ է, նորմայից շեղվող հերթական զգացումը, մոտ մի շաբաթ անտանելի դեպրեսիայի մեջ պահելուց հետո, վերջապես հաղթահարված է։

Նաիրուհի
23.07.2014, 01:44
Կինոն, գիրքը նորմայից դուրս ինչ-որ բան են։
Կիմի կինոներից մեկի տակ եմ մնացել։ Երկրորդ անգամ չեմ նայի, եթե հետս նենց մեկը չլինի, ով առաջին անգամ է նայում։

Մեկուկես ժամվա ընթացքում ինձ համար ամենազզվելի տեսակի երկոտանի կենդանին ստիպեց իր համար լաց լինել։ Սիրել իրեն, զգալ, հարազատանալ։

Թող ձեռ առնեն, թող էժանագին համարեն Կիմին, թող մոդա համարեն իրեն սիրելը։ Հա, ես սիրում եմ քեզ, Կիմ։ Միակն ես, ում կինոները նայում եմ ռեժիսորի անվանը նայելով։ Միակն ես, ում կինոները աչքերս փակ կտարբերեմ, որովհետև միայն դու ես էդպիսին։

Մենակ Կիմի կինոներում եմ կարողանում առանց զզվանքի ու տհաճության նայել ֆիզիկական տանջանքի տեսարանները, որովհետև միակն է, ով կարողանում է դրանց ներկայությունն արդարացնել։

«Պիետան» :love

Նաիրուհի
28.07.2014, 17:00
Գիտեմ, որ էս ամառ էլ նույն բանն է լինելու։ Ամեն տարի հույս եմ ունենում, որ մյուս տարի էնպես փոխված կլինի ամեն ինչ, որ էլ էդ ամենը չի կրկնվի։ Էս տարի էլ տենց չփոխվեց։ Ու նույն բանը կլինի, որովհետև հավես չունեմ էնպես անելու, որ չլինի:

Մեկ է, լինելու բանը կլինի։ Մանավանդ որ, անկախ հետևանքներից, ընթացքը շատ հաճելի է, էնքան, որ սխալ անելու գիտակցումը երկրորդ պլան է մղվում։

Տեսնենք, բան չմնաց։

Նաիրուհի
29.07.2014, 20:04
Բարեկամիդ մահը շամշյանից (http://shamshyan.com/hy/article/2014/07/29/22013/) ու առավոտյան պատահաբար միացված Արմենիայի լուրերից ես իմանում։ Սկզբում փողոցը ծանոթ է թվում, տեսնում ես մարմինը ծածկոցի տակ, հարվածից շպրտված կոշիկը, բայց չես համարձակվում մտածել, մինչև լսում ես անունը։

Հետո զանգում ես, քեզ են զանգում, ինֆորմացիան ավելանում է։ Իմանում ես, որ երեկոյան ծխախոտ գնելու է դուրս եկել, ասֆալտը թաց է եղել, ինքը չթույլատրված տեղից է անցել։ Մի մասն իրեն է մեղադրում, մյուս մասը՝ վարորդին։

Հետո սկսվում են ավանդական քննարկումները, թե ինքն ում հարսանիքին ու թաղմանն է գնացել, ումին՝ չէ, ու ով պիտի իր թաղմանը գա կամ չգա ի պատասխան։

Բայց քեզ համար էդ ամենը մեկ է, որովհետև ինքն էդ ամբողջ ցեղում մնացած եզակի մարդկանցից էր, ում թեև Նոր տարուց Նոր տարի ու հարսանիքից հարսանիք էիր տեսնում, բայց երբեք տհաճությամբ չես պատասխանել, երբ ուզել է իմանալ՝ կյանքումդ ինչ կա։ Որովհետև իր մեջ սրտացավություն ու անկեղծ հետաքրքրվածություն ես տեսել, որովհետև գիտես, որ միշտ օգնել է ում ինչքան կարողացել է, դեռ կարողացածից էլ շատ։ Որովհետև իր աշխատանքով ու մարդ լինելով կարողացել է հարգանք վաստակել։

Որովհետև ինքը ամիսը մեկ-երկու անգամ հենց էնպես կզանգեր՝ իմանալու, թե ոնց ես, գործերը ոնց են, մամայից ու ապերից կհարցներ։ Ու գիտես, որ եթե իրենցից մեկը հեռախոսը վերցրած լիներ, անպայման քո մասին էլ հարցրած կլիներ։

Վերջ տվեք, էլի։ Բոլորդ էլ պիտի գաք, որովհետև բոլորդ էլ գոնե մի անգամ իրենից օգնություն ստացել եք, հիվանդանոց ընկնելիս գոնե մի անգամ իրեն դիմել եք, որովհետև բոլորիդ համար մի բան արել է։

Շնորհակալ եմ, քեռի, որ անգամ ինձ նման ազգակցական կապերից խուսափողի սրտին կարողացել ես էնքան մոտենալ, որ առավոտից աչքերս լցվում են քո մասին մտածելիս։ Շնորհակալ եմ, քեռի ջան, խաղաղություն քեզ...

Նաիրուհի
02.08.2014, 16:38
Սիրում եմ էս քաղաքը, ինչքան էլ երկար մնալու լինեմ՝ էստեղ չեմ ձանձրանում, չեմ վախենում, ինձ մենակ չեմ զգում, եթե անգամ ամբողջ օրը ոչ մեկի հետ չխոսեմ:

Բայց էս վերջերս ավելի հետաքրքիր բան նկատեցի: Էս քաղաքում թրեւ գալուց էլ չեմ անհանգստանում: Էնպես չի, որ այլ տեղերում իսկապես վախենում եմ ինչ-որ բանից, բայց Գյումրին ուրիշ է: Էստեղ ինձ էնքան հանգիստ եմ զգում, ասես տանը լինեմ: Ես սեփականության զգացում շատ քիչ եմ ունենում, միշտ լարված ու վախեցած եմ, ամեն տեղ հյուրի նման եմ զգում, որին ցանկացած պահի կարող են խնդրել գնալ: Իսկ Գյումրիում ինձ զգում եմ էնքան անվտանգ ու վստահ, ասես էս իմ քաղաքն է, էստեղ անծանոթ մարդկանցից չեմ վախենում, ինչպես, ասենք, Գորիսում, Էջմիածնում կամ Աբովյանում:

Էսօր էլի տուն եմ եկել: Տուն, որի խնդիրները, թերությունները տեսնում եմ, բայց մեկ է՝ սիրում եմ: Լավ է, որ սենց տեղ կա, ուր կարելի է փախչել պետք եղած ժամանակ:

Նաիրուհի
02.08.2014, 23:14
Սկսած էն տարիքից, երբ ուտելիքից ու խաղալուց բացի ինձ այլ հարցեր էլ սկսեցին հետաքրքրել, հազար ու մի Լիլիթ է ծնվել, վերափոխվել, նույնիսկ մահացել ներսումս:

Վերջին 9-10 տարում ինչ ասես չեմ եղել՝ հեթանոսից մինչեւ աթեիստ ու ագնոստիկ, ուղեղը լվացած «ռազմահայրենասերից» մինչեւ «անբարո կոսմոպոլիտ» ու «գեյ-լոբբիստ»: Կային ժամանակներ, երբ միայն Հայաստանի դրոշով էի տնից դուրս գալիս, երբ պատրաստ էի պատերազմել ցանկացած «լեւոնականի» դեմ միայն քաղաքական հայացքների պատճառով:

Էն ժամանակների Լիլիթից մնացել են մենակ հողի ու ժողովրդական երգերի հանդեպ սերն ու անմեկնելի, աննկարագրելի երախտագիտություն, պաշտամունքի հասնող թուլություն բանակի, զինվորների նկատմամբ:

Մի ժամանակ ինձ ներշնչել էին, որ պացիֆիզմը վատ բան է: Հիմա դեռ չգիտեմ՝ իրականում լա՞վն է, թե՞ վատը, բայց ոնց որ տենց գծեր են մեջս ի հայտ գալիս:

Ինձ լրիվ կորցրել եմ: Չէ, պանիկա չի, վախ չի հավանական պատերազմից՝ որպես այդպիսին: Ես իմ կյանքը թանկ չեմ գնահատում: Ինձ համար էնքան էլ դժվար չի լինի դրանից հրաժարվելը, եթե պետք լինի դա: Բայց չեմ կարող, ուղղակի չեմ կարող պատկերացնել էլի մի պատերազմ, որը պիտի տանի էդքան մարդկանց:

Առաջ մտածում էի, որ սոսկալին ոչ թե հակառակորդի գործողությունների արդյունքում զոհ տալն է, այլ երբ խախաղ պայմաններում զինվորներն իրար են սպասնում: Բայց չէ, տենց չի: Չեմ դիմանում ամեն երեխու մահից հետո բարձրացող ատելության հիստերիային, գլուխները կորցրած մորթել-փրթելու կոչ անեղներին, անիծողներին ու հայհոյողներին:

Ինձ պետք չի մեր մի տղայի դիմաց տասը, հարյուր թուրք սպանելը: Էս երեխեքից ոչ մեկը չի կենդանանա դրանից: Հա, ախր երեխեք են բոլորը՝ հինգ-վեց տարով ինձնից փոքր: Ու ի՞նչ անեն էն հարյուր երեխեքի ծնողները, ում մորթելու են մերոնք մեր մի տղայի մահվան համար, որովհետեւ «մի հայը հարյուր թուրք արժի»: Էս ի՞նչ թվաբանություն է, ո՞վ է կշռել ու գնահատել: Ամեն մեկն անգին է, ոչ մեկը հարյուր, հազար, միլիոն թուրք չարժի, ոնց որ մի թուրքը իրենց համար պիտի հարյուր հայ չարժենա:

Նոր զորացրված ընկերներիցս մեկն ասում է՝ Ազատը իր ընկերն է եղել, իրենց զորամասից: Ասում է՝ գիշերը չորս կիլոմետր քայլում էինք, որ իրար սիգարետ հասցնենք, եթե մեկը չէր ունենում: Չգնաց թաղմանը, չկարողացավ:

Մյուս՝ նոր զորակոչված ընկերներիցս մեկը հետախույզ է լինելու: Ու ինչ իմանաս՝ վաղն իրեն էլ չե՞ն ուղարկի նենց մի հանձնարարության, որը նրա կյանքը կարժենա:

Ի՞նչ կարող եմ անել, որ գոնե մի քիչ օգուտ տամ էս վիճակում: Սահման կարո՞ղ եմ պահել տեսնես: Սնայպեր չեմ դառնա հաստատ. ես չեմ կարող մարդ սպանել ապահով տեղում թաքնված: Գրողը տանի: Ո՞նց պաշտպանեմ էս երեխեքին:

Նաիրուհի
05.08.2014, 11:50
Էսօրվա պես հիշում եմ՝ դասախոսության ժամանակ կողքիս էիր նստած, երբ հեռախոսս զանգեց, ու դու տեսար, որ էկրանին Ցոյի նկարն է: Էդ օրը մտքովս էլ չէր անցնի, որ մի ընդհանուր սերը քեզ էսքան թանկ կդարձնի :) Գրեթե երեք տարի է անցել էդ օրվանից, հարազատս, տարաձայնություններով, վեճերով ու հաշտություններով լի երեք տարի: Շատ եմ սիրում քեզ, ու հիմա, երբ չեմ կարողանում խոսել հետդ, անտանելի ցավ եմ զգում: Սկսում եմ մտածել, որ հիմարություն արեցի: Կարոտում եմ քեզ, պուճուր :(


http://www.youtube.com/watch?v=LavZw6cP02k

Նաիրուհի
16.08.2014, 22:19
Ասում է՝ «Լիլ, ինձ թվում ա՞, թե էս վերջերս իրոք արտասովոր ես :ԴԴ մի տեսակ պայծառ էլի :ԴԴ»:
Ասում եմ՝ «Թվում է :Ճ էս վերջերս ահավոր դեպրեսված եմ ու ներվային :Ճ սովորում եմ համացանցում պայծառ երեւալու արվեստը :Դ»:
Ասում է՝ «Հաա :ԴԴ լավ էլ մոտդ ստացվում ա»:

Սենց, էլի, ուղղակի:

Նաիրուհի
29.08.2014, 14:14
Օրագրիս կարոտում եմ, բայց հենց ընենց, առանց զգալու չեմ ուզում գրառում անել։ Էստեղ խորագիր կա՝ թույլատրելիից ավելի անկեղծություն։

Հիմա, էս տարիքում, հայտնվել է մի մարդ, ով մենակ հայացքով կարողանում է ինձ ստիպել զգալ, մտածել ու անել բաներ, որ համոզված էի՝ ինձ հետ չեն լինելու։ Ու հնարավոր է՝ նման երկրորդին էդպես էլ չհանդիպեմ։

Բայց ինքն իմ կյանքում չի մնալու։ Այ էս է տարիքի բերած վատ բաներից մեկը։ Արդեն չեմ ուզում դրանք, հավես չունեմ։ Ինքս եմ վտարելու, շատ շուտով։ Տխուր է, բայց գիտեմ, որ այլ կերպ չեմ կարող։ Որոշ բաներից աններելիորեն ուշացել եմ։

Նաիրուհի
04.09.2014, 11:45
Հունիսին, երբ մազերի տոնիկ օգտագործեցի, մեկ-երկու ճերմակ մազ ունեի, ներկվեցին, դարձան վարդագույն :) Գույնը շատ ավելի երկար պահպանվեց, քան սպասում էի։
Երեկ նայեցի հայելու մեջ։ Մի փոքր փունջ ճերմակ մազ ունեմ։ Երեք ամսում ընդամենը։ Մի՞թե էս իմ ամենածանր ամառն է եղել, էն դեպքում, երբ թվում էր՝ արդեն ընտելացել եմ բոլոր տեսակի հիասթափություններին ու էլ ոչ մի բան ծանր չեմ տանում։


https://www.youtube.com/watch?v=N7PvHAzOr8w

Նաիրուհի
18.09.2014, 02:12
Լինում է, որ մարդու հետ մտերիմ ես լինում, կիսում հետը իր ու քո բոլոր հոգսերն ու ուրախությունները էնքան ժամանակ, քանի դեռ դիմացինդ խնդիրներ ունի կամ էլ նենց խնդիրներ ունի, որոնցում դու կարող ես պետքական լինել։

Հետո գալիս է պահ, որ նա արդեն էնքան երջանիկ է, կամ արդեն լուծել է քեզ հետ քննարկվող խնդիրները, որ դու էլ մեխանիկորեն ավելորդ ես դառնում։

Պետք չի նեղվել դրանից, բոլորս էլ երևի ինչ-որ պահի մեր կյանքից, մեր սրտից դուրս ենք գցում մարդկանց, տեղ բացում նորերի համար։ Կարևորն էն է, որ լուծվել են երկար ժամանակ մտերիմիդ անհանգստացրած խնդիրները, կարևորն էն է, որ նա երջանիկ է։

Նոր էնքան ուզեցի բոլորին, ում կյանքում ես արդեն չկամ կամ երկրորդական պլան եմ մղվել ավելի կարևոր անձանց հայտնվելով, ասել, որ ուրախ եմ իրենց համար, որ շարունակելու եմ իրենց շատ սիրել ու հեռվից հետևել իրենց երջանկությանը։

Ոչ մեկիցդ չեմ նեղանում, իրոք։ Նենց կուզեի, որ իմանայիք սա։ Մի քիչ դատարկվում եմ ամեն մեկիդ գնալով, բայց սիրում եմ ձեզ։ Ով մի անգամ սրտումս եղել է, միշտ իր տեղն ունենալու է էնտեղ։

Լավ եղեք :love

Նաիրուհի
19.09.2014, 11:51
Լինում է, որ մարդուն կարոտում ես ոչ թե որովհետև կարոտում ես, այլ որովհետև մի տեսակ սովորել ես, որ նա պիտի միշտ լինի կյանքումդ, ու հիմա, թեկուզ ինքդ ես նրան վտարել, մեկ է՝ սովորության ուժով կարոտում ես։ Դժվար ես համակերպվում չլինելու հետ։ Ուղղակի։

Ռուսական որոշակի տիպի բոլոր երգերը քեզ են հիշեցնում ու էն, որ մենք մի ժամանակ կարող էինք ասել իրար՝ «мы с тобой одной крови». Պարզվում է՝ ամեն դեպքում արյունը ջուր դառնալու հատկություն ունի։


https://www.youtube.com/watch?v=FPefKco6syc

Նաիրուհի
26.09.2014, 17:31
Մի ժամանակ մարդ չմնաց, որ իմ մասին չասեիր, թե ես ոչ ադեկվատ եմ։ Նենց մարդկանց մոտ, ովքեր ինձ կասեին։

Հիմա քեզ պետք է իմ՝ ոչ ադեկվատիս հետ զրույցը, որովհետև «ադեկվատ» ընկերներդ ու ընկերուհիներդ ոչ մի կերպ չեն հասկանա քեզ, երբ իմանան, որ քեզ տղա է սիրում, ու դու նրան գրողի ծոցն ուղարկելու տեղը շարունակում ես հետն ընկերություն անել, օգնել, որ հաղթահարի էդ զգացմունքը։

Վաղուց էր պետք քեզ՝քյարթու հոմոֆոբիդ, մի նենց շոկ, որ միանգամից ցնդեին բոլոր էդ տեսակ մտքերդ, բայց սենց ոչ մի դեպքում չէի ուզենա։ Չէի ուզի, որ քեզ մարդուն որպես մարդ ընդունել տալու ծանր բեռն աշխարհի ամենալավ մարդկանցից մեկի ուսերին ընկներ, չէի ուզի, որ իմ հարազատը, ինձ համար էդքան թանկ մարդն ստիպված լիներ տանել իր սեռի մարդուն անպատասխան սիրելու սոսկալի բեռը։

Հա, կխոսեմ հետդ, շնորհակալություն էլ կհայտնեմ։ Անկեղծ ասած՝ քեզնից էսքան մարդկայնություն չէի էլ սպասում, վաղուց էիր հիասթափեցրել ինձ առաջին հերթին հենց որպես մարդ։ Արդեն ներել եմ քեզ ինձ պատճառած հիասթափությունների համար, որովհետև կարողացել ես գոնե մի անգամ մարդուն ավելի վեր դնել, քան կաղապարված աշխարհայացքդ։

Նաիրուհի
23.10.2014, 04:59
Էլի սկսել են հաճախ ինձ համոզել, որ ես շատ լավն եմ։ Ամեն մեկը յուրովի։ Մի մասի անկեղծությանը հավատում եմ, մի մասին՝ չէ։ Բայց կա մեկը, ում լիովին եմ հավատւմ, ու ինքն էլ է նույն կարծիքին։ Ես։

Վախենում էի, թե հանկարծ ու դա չափազանց նշանակալի կդառնա ինձ համար, կազդի զգացողություններիս, մտքերիս, կյանքիս վրա, ու տենց էլ եղավ, մենակ թե հակառակ առումով։ Անտարբեր, հանգիստ, պոֆիգ վիճակ, պետքս չի՝ ինչ կլինի հետո, դժգոհ չեմ ինձնից, դե չէ, մի քիչ դժգոհ եմ, բայց էլ կյանքս չեմ ուտում դրա պատճառով։

Ամենասիրուն ու ճիշտ բաները ամենաանսպասելի տեղերից են հայտնվում։ Ամենահավես բաներն էն ժամանակ են լինում, երբ օրերով, շաբաթներով, տարիներով ծրագրել ու պատկերացրել ես, հետո հասկացել, որ դա ոչ էլ լինելու է. անակնկալ հայտնվում են ճամփիդ ու լինում ոչ էնպես, ինչպես մտածում էիր, այլ շատ ավելի ճիշտ ու անկեղծ։

Ո՞վ կմտածեր, թե «Գերբնականի» մի սերիայում մի քսան վայրկյան ինչ-որ երգ կլսեմ, ոնց որ տասնյակներով լսել եմ, բայց էս մեկը կպեղեմ, կգտնեմ ու կլսեմ ժամերով։ Կյանքումս էլ տենց ծլում են բաներ, մարդիկ, գլխումս մտքեր են ծնվում, առաջին հայացքից անկապ, եսիմ որտեղից, բայց երանելի վիճակ է սա։

Մի քիչ կրակ է պակասում ինձ, ջհանդամին թե չի պակասում։
Օգտվելու եմ գտածս ներդաշնակությունից, վայելելու եմ խաղաղությունս։ Քանի աստղերը կան։


https://www.youtube.com/watch?v=oxHnRfhDmrk

Նաիրուհի
10.12.2014, 16:55
Ամիսուկես գրառում չեմ արել։ Կայնքիս ամենալիքն ու ամենադատարկ ամիսը, ամենամեծ ցավն ու երջանկությունը, ամենամեծ գտնելն ու կորցնելը, վախն ու դրա չիրականանալը... արդյունքում՝ մնացած (էս պահին) ամենամեծ դատարկությունը։

Երեք օր է՝ Գյումրիում եմ, իսկի քիթս տնից դուրս չեմ հանել։

Կարոտում եմ, կարոտում եմ, կարոտում եմ... գտածս հանգստությունը, թեթևությունն եմ կարոտում, մինչև լույս քչփչալը, որ կողքիններին չարթնացնենք, քո անսահման լույսը, մարդկայնությունն եմ կարոտում, էն անտառը, որ գիշերով ցրտին գնացինք, որովհետև ես քայլել էի ուզում, էն գլխապտույտը, որ անսովոր մարդու մոտ առաջանում էր էդ ծառերից... Քեզ հետ ծխելն եմ կարոտում, խոսելդ, էն որ ինչքան էլ չընդունես՝ ամեն բառը պոեզիա է, որտև դու կյանքը հենց տենց ես տեսնում՝ որպես բանաստեղծություն։ Դու չգիտես, ինձ հավատա, ես կարող է անտաղանդ եմ, բայց պոեզիան զգում եմ։ Ամեն բառդ, շարժումդ, շնչելդ, ժպտալդ, ամեն հնչյունդ, դու ինքդ պոեզիա ես, ես չեմ հանդիպել դեռ նման մեկին, որ էդքան ներդաշնակ լինի, էդքան բաց ու էդքան հանելուկային միաժամանակ։ Ու ես էլի գանձ եմ գտել, որն իմը չի։

Ափսոս՝ շատ բան գրել չեմ կարող, պետք չի, չարժի, մեկ է՝ գիտես ամեն ինչ։ Լավ է, որ գիտես։

Պետք է կատարես ինձ տված խոստումդ, որ երջանիկ ես լինելու, թե չէ վճարածս գինն իմաստ չի ունենա։

***

Իմ էսօրվա ինքնամաքումը :love


https://www.youtube.com/watch?v=K7iFoFlX1OY&feature=youtu.be

Նաիրուհի
25.12.2014, 02:29
Տեսա նրան ու ավելի սիրեցի քեզ, որ իրեն ես սիրում։ Որտեղի՞ց հասկացա, որ ինքն է։ Չգիտեմ, բայց զգացի, ու լավ էր։

Չմոռանաս խոստումդ, երջանիկ ես լինելու։ Թե չէ ուր էլ լինես՝ կհասնեմ մոտդ ու կստիպեմ, որ վճռական լինես, չվախենաս պայքարել սիրելիիդ համար։ Ոնց որ դու ինձ օգնեցիր դժվար պահին, տենց էլ ես քեզ կօգնեմ։ Չկասկածես, ղզիկություններս չեն խանգարի։

Նաիրուհի
29.12.2014, 12:45
Ես անտեսանելի եմ։ Ինչ-որ գիրք ձեռքիս (երևի Ժյուլ Վեռն կամ մեկ ուրիշ «մանկապատանեկան» բան) նստած եմ ֆսսացող գազի վառարանի մոտ, դրսում ձմեռ է, ցերեկ, ձյուն չկա, ես կարդում եմ, իսկ դու կողքի սենյակում գործ ես անում։ Մարդիկ են գնում-գալիս մոտդ, աշխատում եք, քննարկում, ջրիկանում, նվագում, ես անտեսանելի եմ, կարդում եմ ու լսում ձեզ։

Իրիկուն, ես էլի անտեսանելի դարձնող թիկնոցով եմ։ Դու հոգնած անջատում ես վառարանը, փակում ծանր դուռն ու գնում տուն։ Ես վերցնում եմ տաք ծածկոցները, փաթաթվում, պառկում թախտին ու շարունակում կարդալ, մինչև քունս կտանի։ Ու հաջորդ օրը կրկնվում է նույնը... Ամենալավն էստեղ էն է, որ դու իմ ներկայությունը չես զգում, իմ գոյության մասին չգիտես։ Ես իմ երազած դերում եմ՝ հանդիսատես, ով կողքից նայում է, թե ոնց ես ապրում։

Էս անգամ էլ առանց թիկնոցի կգամ։ Կնստենք տաք վառարանի մոտ, նարգիլե կծխենք, դուրս կգանք գիշերվա մեջ թափառելու, ես կխոսեմ, դու կլսես ու կժպտաս, կլսես ու կտխրես, կլսես ու կմոռանաս։ Կգրկես ինձ, ես քեզնից լույս կգողանամ, կպատմես, կպատմես աշխարհի մասին, ծառերի, ուտելիքի ու երաժշտության, ու ես էլի կզարմանամ, որ գիրք չկարդացող մարդու մեջ կարող է էդքան պոեզիա լինել։

Հետո երևի ամեն մեկս մեր ծածկոցներով կփաթաթվենք ու կքնենք էն սենյակում, ուր միշտ լուսադեմին արթնանում էինք ցրտից ու որոշում ծածկոցներն իրար միացնել, որ չսառչենք։ Հետո լույսը կբացվի, ինձ թեյ կտաս, ես քո սուրճի մեջ շաքար կգցեմ, կխոսենք, մինչև գործ անելու ժամանակը գա, ու ես կհեռանամ, հենցէն ժամանակ, երբ ամենաշատը կուզեի մնալ։

Ու դու չես իմանա, որ ես էդ օրը հատուկ էի եկել, փախել ինձ սիրող մարդկանցից, որ առանց երջանիկ լինելու պարտավորության ապրեմ մեծանալս։ Թեկուզ մի քանի ժամ, թեկուզ վերջին անգամ, բայց իմ տաքուկ անկյունում, իմ լուսավորի կողքին։

Նաիրուհի
07.01.2015, 03:28
Ուրիշ էր ամեն ինչ, ոչ մի բան իմ մտածածի պես չէր, ու դա էլ իր հմայքն ուներ:

Առաջին անգամ մենակ խմած ուրցով թեյը ուրիշ քաղաքում: Ժամերով քայլելը:

Առաջին անգամ ծնունդս ուրիշ քաղաքում դիմավորեցի, եկեղեցում: Առաջին զանգողս Ռուսաստանից էր, մարդ, որ 20 տարուց ավել ճանաչում է ինձ, բայց առաջին անգամ էր հիշել,որ ծնունդս է:
Հետո գիշերացրտային թափառում մեկի հետ, ով տենց էլ չհիշեց էդ մասին: Երկու օր առաջ էի ասել:

Հյուրանոցում միայնակ դիմավորած առաջին լուսաբացը: Սիրուն սարերը պատշգամբից, վերջապես սովորեցի՝ ինչպես են բացում էդ անտեր հյուրանոցային փոքր ատամի մածուկները, միայնակ, քայլելով առաջին անգամ ավտոկայան հասնելը, ճամփի կեսին խենթանալիք ձյունն ու քամին, բուքն ու վախը, թե հենց էսօր մի բան չպատահի ճանապարհին:

Ամենատարօրինակ օրս երևի: Հիշելուց բան չեմ զգում:

Նաիրուհի
15.01.2015, 02:37
Ասում է՝ տղեն պիտի էմոցիոնալ չլինի, ինձ համար էմոցիաներով շարժվող տղեն տրյապկա է։ Աղջիկներն էլ տենցներին չեն սիրում։

Իսկ ես էդ պահին հիշում եմ, թե ոնց է դեմքդ փոխվում փողոցում փիսո տեսնելիս, թե ոնց անտեր շան ձագուկի համար տեր չգտնելու դարդից անքուն գիշերներ ես լուսացնում, ոնց ես երեխայի պես հրճվում ձյան գալու համար։ Էն լամպի մասին գրածդ եմ հիշում, ֆոտոներդ, ամեն պուճուր բանով ուրախանալու կարողությունդ…

Իմ լուսավոր, իմ գանձ, որ իմը չես։ Ու քեզ նման երկրորդը չի լինի, տենց լիքը ու ներդաշնակ ու տենց բարի։ Ու էդքան հոգատար ու լուրջ, էդքան գիտակից ու զգայուն…

Կապ չունի, որ «ես ու դու» դարձանք՝ «մենք» չդարձած, կապ չունի, որ դու ուրիշի «մենքն» ես։ Մի պահ իմն ես եղել, եթե դա չլիներ՝ չէի իմանա քեզ, դրա համար լավ է, որ եղավ։

Էն օրն եմ ուզում գա, երբ էդ պահը պատի պես չի ցցվի մեր միջև։ Ես քո կյանքի հանդիսատեսն եմ, կինոդիտողն ու ընթերցողը, ես հարուստ եմ քո գոյությամբ։ Էս աշխարհն է հարուստ քո լինելով, լույսս։ Ու ես էս ամենն ուղեղով եմ գրում, ոչ թե էմոցիայով, սրտով ու հիշողությամբ։ Չոր, սառը, սթափ մտածելով եմ գրում սա։

Քեզ նման մեկին եմ ուզում։ Թեկուզ տասը տարի հետո։ Գրկում եմ, իմ պոեզիա։ Ո՞ւր ես տենց լավ թաքցնում թևերդ։

Նաիրուհի
21.01.2015, 03:42
Էրեկ Հեմինգուեյից մի մեջբերում կարդացի: Ասվում էր՝ երբ որևէ լավ կամ վատ բան ավարտվում է, տեղը դատարկություն է մնում: Եթե վատ է, ինքնիրեն լցվում է, իսկ եթե լավ բան է, միայն ավելի լավ բանը կարող է լցնել:

Փնտրում եմ ավելի լավ բանը: Իսկ մինչ այդ լուցկիներ եմ վառում ու փորձում պատկերացնել, թե տաք է:

Մեջբերումից հետո կարող էի բան չգրել։

Նյարդայնանում եմ, որ բան չեմ զգում։ Ուղեղս վստահ է, որ պիտի մի բան զգամ։ Հա, էս վերջերս մենակ ուղեղս է գործում զգալու տեղը, հուշում՝ էստեղ կարոտել է պետք, էստեղ՝ սիրել, նեղանալ, լռել, թուլանալ ու թույլ տալ, որ քեզ գրկեն։

Բայց անգամ ուղեղով գիտեմ՝ քեզնից հետո մնացած դատարկությունը լցնելը դժվար է լինելու, որտև քեզ նմանը չկա ուղղակի, էլ չասեմ, որ ավելի լավը չի լինելու։

Ինչի՞ եմ էսքանն անէմոցիա, առանց զգալու գրում, ախր դու ինձ զգալու հնարավորություն տվեցիր։ Ինչի՞ սենց շուտ անցավ ամեն ինչ։

Նաիրուհի
22.01.2015, 01:17
Դեռահաս տարիներից երկու սիրելի հայ կերպար ունեի էկրանից էն կողմ։ Ժամանակին երկուսին էլ հանդիպեցի, բայց տարիքս, կիսաֆանատիկ վերաբերմունքս խանգարեցին ընկերության վերածել դրանք։ Անցյալ տարի մեկին կրկին հանդիպեցի, արդեն հավասարի նման ենք շփվում, որպես ընկերներ, վեց տարին էլ դեր չի խաղում։ Էսօր էն մյուսի մի գրառում տեսա ֆբ-ում, գրեցի, խոսեցինք։ Շուտով կհանդիպենք, հավատում եմ՝ իր հետ էլ էդպես կլինի, կընկերանանք արդեն ավելի մեծավարի։ Նենց ուրախ եմ։

Նաիրուհի
30.01.2015, 03:06
Վաղուց չէինք խոսել, չէի պատասխանել վերջին նամակին։ Օգնություն էր պետք, էն էլ ոչ ինձ։ Գրեցի, հարցրի՝ ոնց է։ Վատ էր։ Ասաց՝ եղբոր մոտ ՄԻԱՎ են հայտնաբերել։

Էնպիսի բան է, որ չես իմանում ինչ ասես։

Գրեցի՝ գիտես, չէ՞, որ եղբորդ սիրում եմ առանց նույնիսկ ճանաչելու։ Ասաց՝ որովհետև գեյ է, չէ՞։ Ասացի՝ հա ։)

Պատրաստակամ առաջարկեց օգնել ինչդվ կարողանա։ Հետո էլի նոստալգիայի մեջ ընկանք ու խոստովանեցինք, որ մեկս մյուսի ուսի կարիքն ունենք։

Կարոտել եմ։ Ստամբուլ եմ ուզում։

Ու թող եղբոր հետ հնարավորինս լավ լինի ամեն ինչ։

Նաիրուհի
05.02.2015, 02:05
Գլխիվայր շուռ եկած կյանք: Լիլ, էս ինչ ես դու անում: Բա սա քո ուժերի սահմաններում խաղ է, որ սկսել ես: Բա որ չձգես, բա որ ցավեցնես, բա որ խրվես ու դուրս չգաս:

Գիտակցում ես, չէ՞, թե ուր կարող է սա տանի քեզ: Թե ինչ հարված կլինի էն միակ մարդու համար, ում դու իրոք սիրում ես: Առանց էդ էլ շատ ես ցավեցրել, սրան արդեն չի դիմանա, Լիլ: Իսկ եթե խրվես ու չկարողանաս դուրս գալ՝ չի ընդունի ու չի ների քեզ երբեք, եթե անգամ մի կերպ հաղթահարի հասցրածդ հարվածը:

Հա, ինքն էլ իրավունք ունի երջանիկ լինելու ու պիտի լինի, բայց դու գիտես, որ դժվար կարողանաս ինչ-որ բան խորացնել հետը: Իսկ եթե հանկարծ ու իրոք սիրահարվես, այ էդտեղ վիճակդ վատ կլինի, Լիլ: Դու պատրա՞ստ ես անցնելու էն ամենի միջով, ինչ կարող է հանդիպել ճամփիդ: Սոսկալի դժվար է լինելու ախր, Լիլ, հասկացի: Ինչի՞ չես կանգնեցնում, ինչի՞ ես թողնում, որ սառույցդ հալեցնի, ինչի՞ ես քեզ թույլ տալիս քեզ լավ զգալ, որ էդ մարդը քեզ սենց է սկսել ընկալել:

Ես կցնդեմ: Բան չեմ հասկանում ինձնից, բայց չեմ էլ կարողանում համոզել ինձ կանգ առնել: Սա կյանքիդ ամենավատ բանը կարող է դառնալ: Երեք մարդու համար կարող է շատ վատ վերջանա ամեն ինչ: Լիլ, մի արա, Լիլ:

Նաիրուհի
11.02.2015, 03:34
Մա´մ, կներես, որ իմ երջանկությունը քեզ հետ չեմ կիսելու, որ իմ աչքերի փայլի պատճառը ցավեցնելու է քեզ, մա´մ, տեսնես կլինի՞ էն օրը, երբ ստիպված չլինեմ ընտրություն անել ձեր միջև, երբ առանց վախի գրկեմ քեզ ու պատմեմ, թե ոնց է մարդամեկը մի շաբաթում գունավորել կյանքս։


https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=2QajB-T0q6M

Նաիրուհի
14.02.2015, 09:55
Իմ միակ խնդիրն ու դրա պատասխանը սերն է։ Էն որ ես նորից ապրելու ցանկություն ունեմ ու նույնիսկ պլաններ :love

Չեմ հավատում դեռ, բայց երջանիկ եմ, սիրում եմ, չեմ ուզում՝ հանկարծ զարթնեմ ու պարզվի՝ երազ էր։

Իմս...

Նաիրուհի
19.02.2015, 00:10
Գիտեմ, որ շատերը չեն հասկանա, չեն ընդունի, բայց բացատրելու հավես չկա: Որ իմանայիք գոնե իմացածիս կեսը, էլ տենց վախեցած հայացքով չէիք նայի մեզ:

Տեսնում եմ, որ ահագին ուշացել եմ, եթե մեր առաջին հանդիպման ժամանակ չհիասթափվեի ու չփախչեի, սենց չէր լինի: Երևի լավ կլիներ, արդեն շատ բանի հասած կլինեինք էն ոգեշնչումով, որ դարձել ենք իրար համար: Էս կորցրած 6 տարին երկուսիս վրա էլ թանկ նստեց, լույսս: Էլ չեմ թողնի, էլ տենց բաների միջով չես անցնի, մենակ մնա կողքիս, մենակ ուժեղ եղիր, խնդրում եմ, չհանձնվես հանկարծ...

Նաիրուհի
27.02.2015, 14:37
Էսօր էն օրն է, որ կարող է ապագաս որոշել։ Տեսնենք՝ կդիմանա՞նք ամենավախենալու փորձությանը, մյուս կողմը կդիմանա՞։

Թող լավ լինի ամեն ինչ, մա'մ, հասկացիր ու ներիր ինձ էս ցավի համար։ էս միակ բանն է, որ չեմ կարող զոհել հանուն քեզ։

Նաիրուհի
01.03.2015, 19:20
Ցավում է։

Նաիրուհի
02.03.2015, 23:27
Մի ժամանակ մոտ երկու ամիս ծխում էի։ Սիրուն էր, առավոտները մենակ էի լինում տանը, կաթով սև սուրճ էի դնում (սուրճ չեմ խմում սովորաբար), էս երգն էի միացնում հեռախոսով ու էդ մի բաժակ սուրճը վայելում ծխախոտի թեթև գլխապտույտի ու Բորիս ձյակի հանգստացնող ձայնի ուղեկցությամբ։ Սիրուն աշուն էր, սիրուն արև։

Ծխելը, կաթով սուրճը թողել եմ, բայց երբ պատահաբար հեռախոսով երգ լսելիս հասնում եմ էս երգին, նույն գլխապտույտն եմ զգում ու ծխախոտի թեթև ծուխը։


http://youtu.be/FPefKco6syc

Նաիրուհի
05.03.2015, 00:40
Երբ փոքր էի, մայրական տատենցս տան հետևում մի մեծ կտոր ձյութ կար, երևի մի 20-30 կգ (դե էն ժամանակ շատ ավելի հսկայական էր թվում, հիմա եմ մտածում, որ ավելի մեծ չէր լինի)։

Երբ ծամոն էինք ունենում, գնում էինք,էդ զանգվածից պուճուր կտորներ պոկում, խառնում ծամոնին ու ուրախանում շոկոլադի տարբեր երանգներով։ Սիրուն փուչիկներ էին ստացվում։ Բայց դե վարպետություն էր պետք ճիշտ համամասնություն ընտրելու, որ մեր ուզած երանգն ստանայինք, համ էլ եթե ձյութը շատ էր լինում՝ էդ ծամոնը դառնում էր մենակ ծամելու համար,փուչիկ անելու պիտանի չէր լինում։

Էդ ձյութի կտորն էնքան մեծ ու հավերժական էր թվում, մտածում էինք՝ ամբողջ կյանքներս էլ ծամոններիս խառնենք՝ չի վերջանա։

Հետո ամեն տարի գյուղ գնալուց էդ կտորն աչքիս փոքրացած, խեղճացած էր երևում, իսկ մի քանի տարի առաջ ամռանն էլ չկար։

***

Ինքնատիրապետումս կորցնում եմ, երբ գիշերով քայլում եմ էն տեղերով, ուր պատրաստվում են ասֆալտ փռել։ Էդ փոսերի եզրի փայլփլուն ձյութն ինձ ավելի ուժեղ է հմայում, քան մի քանի հարյուր տարի առաջ աֆրիկացիներին շլացնում էր եվրոպացիների էժանագին ուլունքների փայլը։ Քիչ է մնում փողոցի մեջտեղը չոքեմ, ատամներով ասֆալտի եզրից պոկեմ էդ գայթակղիչ զանգվածն ու գցեմ ատամներիս տակ։ Մենակ որ պատկերացնում եմ՝ մեջը կարող է ավազահատիկներ լինեն, մի կերպ զսպում եմ ինձ ու անցնում գայթակղության կողքով։

Նաիրուհի
26.03.2015, 01:19
Մենակություն կա մեջս կամ էլ մենակ մնալու կարոտ։ Բան չեմ հասկանում։ Իմ նոր աշխարհն ունեմ, բայց հնի կարոտը մեկ-մեկ ուժեղ գլուխ է բարձրացնում, թեկուզ երբ ակումբ եմ մտնում ու կարդում էն մարդկանց օրագրերը, ում վաղուց չեմ տեսել, հետները չեմ խոսել։ Կամ երբ զանգում են ու խնդրում հանդիպել, իսկ ես կարողանում եմ կամ չէ։ Կամ երբ օրվաս մեջ կես ժամ ժամանակ եմ պոկում արև տեսնելու, ուղղակի քայլելու, մենակ մնալու, կարդալու կամ դրսի օդը շնչելու համար։

Վանդակի զգացողություն է ստեղծվում մոտս կամաց-կամաց։ Էդ լավ չի, հեչ լավ չի։ Վախենում եմ՝ չդիմանամ մի օր, որովհետև շատ արագ է փոխվում ամեն ինչ, չեմ հասցնում մարսել, կյանքս չի հասցնում փոխվել ինքն իր հունով։

Նեղվում եմ խռովկանությունիցդ ու ընդհանրապես նեղվում եմ։

Նաիրուհի
05.04.2015, 00:03
Երկու ամիս։ Երբ սկսվում էր, վսատհ չէի, որ էսքան կտևի, իսկ հիմա չեմ պատկերացնում՝ ինչը կարող է բաժանել մեզ, խլել ինձնից էն հանգստությունն ու երջանկությունը, որ ունեմ, երբ կողքիդ եմ կամ երբ հիշում եմ քեզ։

Շնորհակալ եմ, որ հայտնվեցիր, որ չվախեցար ու ինձ էլ օգնեցիր չվախենալ, լույսս։ Երջանիկ ժամանակ չի գրվում մի տեսակ, բայց աննկարագրելի է, երբ մարդու հետ անգամ կենցաղում ես երջանիկ, ուտելիք պատրաստելիս, տուն մաքրելիս, խանութ գնալիս կամ ապագայի պլաններ կազմելիս։

Շնորհակալ եմ, որ կաս, իմս։


https://www.youtube.com/watch?t=70&v=nh8pGeh9CKY

Նաիրուհի
03.08.2015, 17:55
Հետաքրքիր բան է էս սիրելը։ Մեծացնում ու ջահելացնում է միաժամանակ։ Չգիտեմ՝ եթե ստիպված չլինեինք էսքան դժվար ու ծանր ճանապարհ անցնել, էսքան բանի դիմակայել, էլի՞ սենց հասուն ու մեծական սեր կդառնար, թե՞ դեռահասական/թիթեռնիկային տարվածությունը, հետաքրքրությունը շուտ կանցնեին, ու արդյունքում ուղղակի երկուսիս հիշողությունների մեջ էլ մի յուրօրինակ պատմություն կմնար, որի նմանն ամեն մարդ չի ունենում։


Չգիտեմ՝ ինչն է ինձ ամենաշատը դուր գալիս էս հարաբերությունների մեջ, բայց որ ապագայից վախ չունեմ ու բոլոր ընդդիմացողներին ինքս եմ զրկել ինձնից, էդ հաստատ է։ Չեմ զղջում, իմ որոշումն ընդդեմ իրենց որոշման, ու ես իմ կյանքի ու զգացածի, իմ ցանկությունների արժեքը ոչ մի դեպքում չեմ ստորադասելու նրանց շահերին, ինչքան էլ ասեն, թե իմ մասին են մտածում։


Ես էսօր ունեմ էն, ինչի կարիքն ամենաշատն եմ զգացել միշտ. ապրելու, պայքարելու մոտիվացիա, նպատակներ, երազանքներ՝ հիմնվելով արդեն ունեցածի վրա։ Սրանից չեմ հրաժարվելու, եթե դրա կարիքը չլինի, ու դա երրորդ մարդկանց միջամտությամբ չի լինելու։


Էնպես որ, Լիլ, շնորհավո՜ր կես տարի առաջ սկսված երջանկությունդ։

Նաիրուհի
02.09.2015, 13:01
Վաղուց սենց չէի ներվայնացել։
Երկու երեխա ունեն՝ տղա ու աղջիկ։ Երրորդն էին ուզում, ու անպայման տղա։ Եսիմ ինչ ձևի հաշվարկներ արեցին, եսիմ ում ինչքան փող տվեցին, որ ճիշտ ձևով ստեղծեն էդ երեխուն, որ տղա լինի։ Հիմի կինը հինգ ամսական հղի է, էսօր ասել են, որ աղջիկ է, ամուսինը պնդում է, որ հեռացնեն երեխուն, թեկուզ եսիմ ինչքան փող պետք լինի։

Արա հո դու եզ չե՞ս, այ քառակուսի գլուխ, բա տենց բան կանե՞ն։ Ախր 5 ամսական պտուղ է, անասուն։ Ներվերիցս տեղս չեմ գտնում։

Նաիրուհի
06.10.2015, 11:57
Ժամանակին մի ընկերախումբ կար, շատ մտերիմ էինք, էնքան, որ ծնունդիս օրը մենակ ամենամտերիմ ընկերուհիս ու իրենցից երկուսն էին ներկա։ Էդ օրը իրենք (զույգ էին) ինձ նկարի շրջանակ նվիրեցին, ես էլ խոստացա, որ դա կօգտագործեմ մենակ էն ժամանակ, երբ լուրջ հարաբերություններ կունենամ, էնքան լուրջ, որ իմ ու էդ մարդու նկարը կուզենամ շրջանակի մեջ դնել ու ամեն օր տեսնել։

Համեմատաբար վերջերս իրենցից մեկին հոմոֆոբ արտահայտությունների համար (գրել էր, որ նույնասեռականներն իր համար մարդ չեն ու ընտանիք կազմելու, երեխա ունենալու/որդեգրելու իրավունք չունեն) ջնջեցի ֆբ ընկերներիս ցանկից։

Երեկ տանը իրերս դասավորելիս էդ շրջանակն ընկավ ձեռքս։ Ես խոսքիս տերն եմ, հենց էսօր իմ ու սիրուս սիրուն նկարներից մեկը կտպեմ, կդնեմ մեջը ։Ճ

Նաիրուհի
27.03.2016, 13:32
Կուզեի երկար դադարից հետո օրագրիս պատմել անցած տարվա, նոր կյանքիս, էն լիքը դրական ու ջերմ բաների մասին, որ հիմա ունեմ, բայց նենց ստացվեց, որ ցավն ինձ բերեց էստեղ։

Վաղուց էսքան վատ չէի եղել։

Դժվար է, ահավոր դժվար է տանել ուրիշի ցավը։ Թեկուզ եթե դա էդ մարդու համար արդեն ցավ չի, ինքը քեզ պատմել է, որովհետև ուզում էիր իմանալ, որովհետև փորփրեցիր, դուրս քաշեցիր էդ պատմությունը։
Հիմա մենակ եմ մնացել էդ ցավի հետ, որովհետև անտանելի է, խեղդում է կոկորդս երեկվանից, գիշերը քունս չէր տանում, լացս գալիս է, հատկապես որովհետև անզոր եմ, էլ բան չեմ կարող փոխել, շատ ժամանակ է անցել, ապացույցներ չունեմ, չեմ կարող պատին դեմ տալ, գլուխը ջարդել, բանտում փտեցնել, տո իսկի նկատողություն ու ամոթանք տալ չեմ կարող։

Սկսում եմ գժվել։ Ինձ հոգեբան է պետք, լսող է պետք, բայց չկա էդ մարդը, սենց փորփրում եմ դարակներս ու չեմ գտնում էն մեկին, ում հետ կկարողանամ խոսել ինձ չպատկանող գաղտնիքի մասին։ Բայց սենց չի կարող շարունակվել, չեմ կարողանում ձևացնել, թե պետքս չի, վերաբերմունքս փոխվում է, դիմացինս հաստատ զգում է ու գիտի՝ ինչից է, ինքն էլ դրանից է վատ զգում, ու ես չեմ կարողանում խոսել, միայն ցավում է, ցավում է, ցավում է...

Ախր ինչի՞ համար, ինչի՞ տենց տականքներ գոյություն ունեն, ո՞նց կարող է մարդն էդքանից հետո նայել աչքերիդ մեջ ու ասել, թե՝ ես իրեն շատ եմ սիրել, ամենաշատն եմ սիրել, ինքը չհասկացավ, չգնահատեց, ճիշտ չորոշեց՝ իր համար ինչն է լավ, ինչը՝ վատ։ Ահավոր է, զզվելի ու կատաղեցնող։ Աչքերը կհանեի սեփական ձեռքերովս, դեռ էն ժամանակ, երբ էդ ամենի մի փոքր մասը գիտեի, հազիվ էի ձևացնում, հազիվ էի ժպտում դեմքին ու հարգանքով խոսում հետը, իսկ հիմա ատում եմ, ատում եմ, վաղուց ոչ մեկին չէի ատել, էն էլ սենց դառնացած, սենց կոտրված ու ամեն ինչ սեփական մաշկիս վրա զգալով։

Գժվում եմ արդեն։ Հազիվ մենակ եմ ու ինձ ազատություն եմ տվել, բայց էս լուծում չի, ու ես չգիտեմ՝ ինչն է լուծում, չգիտեմ՝ ոնց հաղթահարեմ, ոնց դիմանամ, ոնց չպատկերացնեմ անընդհատ ու մեռնելս չգա։ Անասուն, տավար, կեղտոտ արարած, սենց մի անգամ էլ գրեմ, արտահայտվեմ, մի քիչ թեթևանամ։ Ատում եմ քեզ, ատում եմ, անիծում եմ քեզ, ընտանիքիդ չէ, երեխեքիդ չէ, հենց քեզ, քանի որ դու երբեք օրենքի առաջ չես կանգնի, հուսամ՝ մեքենադ շուռ կգա մի օր, ջարդուխուրդ կլինի, դու կենդանի կմնաս, բայց բույսի կարգավիճակում, որ երկար տանջվես, շա՜տ երկար։

Ֆու, զզվեցի ինքս ինձնից, բայց էս է, սենց կատաղած եմ, թող լինի, քեզ քիչ է։

Նաիրուհի
30.03.2016, 18:07
Ներդաշնակ եմ/ենք, չնայած լիքը խնդիրներ կան։ Ուժեղ ենք, երբ ուղղակի ժպտում ենք իրար ու գիտենք, որ ոչ մի դժվարություն, ոչ մի սև շրջան մեզ չի հաղթի, «ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան», ու մենք հաղթած դուրս կգանք էս բոլոր մանր պատերազմներից։

Մեր պուճուր բույնն ունենք, մեր փոքրիկ, բայց ընտիր ընկերախումբը, մեր կողքին էն մարդիկ են, ովքեր պետք են, ովքեր մենակ չեն թողել, կարողացածի չափով ուժ են տվել ու վստահություն, որ կան մարդու մեջ ուղղակի մարդուն տեսնողներ ու գնահատողներ։

Շնորհակալ եմ էն ամենի համար, ինչ ունեմ էսօր։

Նաիրուհի
06.04.2016, 04:11
Պատերազմը մարդկանց մեծ մասի համար էյֆորիա է, ադրենալին, միաժամանակ՝ զգացմունքների բթացում։

Առաջին օրը բոլորս երազում էինք, որ արագ խաղաղությունը վերահաստատվի, սրտի թրթիռով սպասում էինք լուրերի, զոհերի մասին տեղեկությունների, ամեն մահը ապրում սեփական ցավի պես։

Կարճ ժամանակում ընտելացանք վիճակին, դոզան սկսեց չբավարարել, ցավով եմ տեսնում, որ զոհված զինվորները անհատից սկսեցին վերածվել թվի, վիճակագրության՝ ով ավելի շատ կսպանի, ով ում ավելի մեծ կորուստներ կպատճառի...

Աննախադեպ ոգևորություն, կամավորներ, գնանք Բաքուն գրավենք, 94 թվին կիսատ թողածն ավարտենք, բան...

Էսօր տեսա շատերին, որ կարծես հիասթափված էին հրադադարից, մարդիկ արդեն պատերազմ էին ուզում, հենց էն պատճառով, որ զինվորներն անհատից դարձան վիճակագրություն, թիվ՝ անվան, պատմության փոխարեն, հաշվարկ՝ մենք կարող ենք էսքանով ավելի քիչ զոհ տալ, քան թշնամին, մենք մեր ուժերով ծնկի կբերենք ադրբեջանը...

Չեմ քննադատում ոչ մեկին, քավ լիցի, ես ինքս չգիտեմ՝ ինչ եմ ուզում, չգիտեմ՝ ինչքանով եմ մնացել համընդհանուր ոգևորության տակ, ցավն ինչքան է, մեջիս մի ժամանակվա «ռազմահայրենասե՞րն» է ուժեղ, թե՞ պացիֆիստը։ Միայն փորձում եմ ինձ համար դիտարկումներ անել՝ միգուցե էդ միջոցով զգացմունքներիցս գլուխ հանելու համար։

Պատերազմը մարդկանց մեծ մասի համար էյֆորիա է, ադրենալին, միաժամանակ՝ զգացմունքների բթացում։ Վիճակ է, երբ էն ամենն, ինչ առաջ կարևոր էր թվում, հանկարծ դառնում է մանր ու աննշան ընդհանուր, անհատներ չճանաչող, բոլորին գլխաքանակ դարձնող պատերազմի դեմ։ Սկսում ենք ապրել «ավելի մեծ բաներով», ու քանի որ բոլորը ձգտում են զգալ, իսկ պատերազմն, ինչպես ասացի, բթացնում է զգացմունքները, մեզ կենդանի զգալու, մեր ապրելն ընկալելու համար սուր զգացողություններ ենք փնտրում, ու ինչքան դաժան՝ էնքան «լավ»։ Ինչպես թմրամոլը, որին հին դոզան այլևս «չի ասում», ավելին ենք փնտրում՝ համացանցում թշնամուն ուղղված սպառնալիքներ ու քֆուրներ, կործանված տանկեր ու ուղղաթիռներ, ռմբակոծության հետքեր, թշնամու դիակներ (էլ չասեմ, որ ավելի մեծ դոզան սեփական զինվորների մարմիններն են, դրանք ավելի են «կենդանացնում» մեզ)...

Վախենալու է էդ ամենը, բայց միգուցե նաև բնական։ Ես պատերազմ չեմ տեսել, չգիտեմ, բայց կարծում եմ՝ եթե շարունակվեր դա, որոշ ժամանակ անց, քանի մեր կաշվի վրա չէինք զգում հետևանքները, դառնալու էր հեռավոր, սովորական, առօրյա մի բան։ Ամենավախենալուն էն է ինձ համար, երբ մահերը դառնում են վիճակագրություն, պլյուս-մինուս, պտիչկա, զեկուցագիր։

Կռիվը լավ բան չէ, էնտեղ ամեն ինչ է վիճակագրություն, ուզում է՝ հայրենիքի համար լինի, ուզում է՝ դիմացինի հայրենիքը զավթելու։ Էլի չգիտեմ՝ ես ինչ եմ ուզում, ինչ շարունակություն եմ պատկերացնում, անկապ, կցկտուր մտածում եմ, էլի։ Մենակ գիտեմ, որ ցանկացած ելքի դեպքում վախենալու է, իմ կառուցած աշխարհից շատ բան է քանդվելու։

Քանի չեք դարձել վիճակագրություն, զոհված ու կենդանի տղերք, շնորհակալ եմ։ Քանի էյֆորիան ինձ էլ չի կլանել, ու ամեն մեկիդ զգում եմ որպես մարդ, ոչ թե թիվ ՊՆ հայտարարության մեջ, ուզում եմ էդ սերը, երախտագիտությունը, ջերմությունը փոխանցել ձեզ։ Թող երբեք, երբեք ոչ մեկդ թիվ չդառնաք, լավ պահեք ձեզ, պինդ պահեք, տղե´րք։

Նաիրուհի
16.05.2016, 14:54
Չորս տարի առաջվա մայիսի 15-ը բեկումնային օր էր։ Էդ օրը հաղթահարվեց կյանքիս ամենամեծ ցավերից մեկը, հարթվեցին հարաբերություններս կյանքիս ամենակարևոր մարդկանցից մեկի հետ։

Էսօր էլ է բեկումնային օր։ Չհասկացվածության, ինքնապարփակման, չգնահատվելու, դրա արդյունքում՝ զգացմունքների բթացման, անտարբերության զգացման օր։ Երբ տեսնում ես, որ ջանքերդ իզուր են անցել, որ քեզ ու պահվածքիդ դրդապատճառները մինչև հիմա չեն ընկալել, չեն հասկացել, չեն ընդունել։

Իսկ իմ փոքրիկ երջանկությունը հիմա թավալ է գալիս բազմոցին, թաթիկներով փորձում բռնել ու կծոտել շարժվող ձեռքս, լայն բացված աչուկներով նայում է դեմքիս՝ չհասկանալով, թե ինչու իրեն ուշադրություն չեմ դարձնում։

Բան չկա, Ծիկիս, հեսա գրառումս պրծնեմ՝ կխաղանք, ձագս։

Նաիրուհի
16.05.2016, 20:59
Ու տանը մնացինք ես ու Ծիկին՝ իմ պուճուր արևը։ Սիրուն իրիկուն է, ձագս, ափսոս՝ չեմ կարող քեզ հետ զբոսնելու գնալ, դու պուճուր փիսո ես, շուն չես, վզկապ չունես, սև ես, ես էլ լավ չեմ տեսնում, որ գրկիցս փախար՝ էս մթանը հաստատ չեմ գտնի։

Նաիրուհի
05.06.2016, 19:48
Հասկանում եմ, որ մենակ եմ մնացել։ Իմ մեղքով է, ամեն ինչ ճիշտ չգնահատելու, մարդկանցից կտրվելու, ինչ-որ պահի մեկուսանալու պատճառով։

Կար ժամանակ, երբ լիքը ընկերներ ունի, որոնց հետ օր ու ապրում էի կիսում, ժամանակ անցկացնում կամ վատնում, գժություններ անում կամ դարդոտվում։ Հիմա իրենք չկան։ Այսինքն՝ էլի կան, էլի ընկերներ են, աջակցող են գուցե ավելի, քան առաջ, բայց էլ օր չենք կիսում իրար հետ, իրար շնչածից տեղյակ չենք, խոսում ենք հազարից մեկ, տեսնվում էլ ավելի հազվադեպ։

Ես ինձ դրել եմ էն վիճակի մեջ, որ մի նեղված կամ ուրախ պահի չունեմ էն մարդկանց, որոնց կզանգեի ուղղակի թրև գալու համար, առանց խոսելու։

Մեկը կա (էս մասին վաղուց էի ուզում գրել), որ ինձ համար թանկ էր, բայց առանց դեմառդեմ մի բան ասելու կամ կոնֆլիկտի մեկուսացրեց ինձ։ Ուղղակի հեռացավ նենց, որ երբ որոշում էի ինքս զանգել ու հանդիպում առաջարկել, իր հետաձգումների պատրվակներից հետո փոշմանում էի զանգած լինելուս, իմ մասին հիշեցնելուս համար։ Բայց որ պատահական հանդիպենք դրսում, ինքը մի խմբի հետ, ես՝ մի ուրիշ խմբի, հին ջերմությամբ կբարևի ինձ։ Ո՜նց եմ ուզում ասել, որ էդ ինձ պետք չի։

Մի խոսքով հասանք էստեղ, որ երբ կոնկրետ մեկը կողքիդ չէ կամ խռոված եք, դու լրիվ մենակ ես։ Ու դրա մեղավորը միայն դու ես, որ ճիշտ չես դասավորել կյանքդ։

Կարևորը՝ գոնե Ծիկիս կա, էն որ երկու ժամ տրամադրվեցի, որ դուրս գամ, հետո որոշեցի բավարարվել խանութից սիգարետ առնելով, որ Ծիկիիս գրկած պառկեմ տանը։

Նաիրուհի
18.08.2016, 04:38
Մի երկարատև ու շատ ցավոտ սեր եմ ունեցել։ Գրեթե նույն տարիքի էինք, նույն հայացքների, մեկ-մեկ թվում էր՝ նույն մարդն ենք, մինչև իրար հանդիպելը նույն ճանապարհն ենք անցել ու միանման զարգացել, ուղղակի տարբեր սեռերի մարմիններում։ Էս օրագրումս իր մասին շատ գրառումներ կան, հոգևոր երկվորյակս էր։

Հետո սերն անցավ, ես ավելի շուտ հաղթահարեցի, զգացմունքը սպանեցի, հետո ցավի հախից եկա, մնաց միայն հարազատությունը, որ կար ամենասկզբից։ Մինչև իմին գտնելը սիրահարություններ էլ եղան։ Ինքն ավելի ուշ հաղթահարեց, երկար ժամանակ խոսում էր զգացմունքների մասին, բայց ես արդեն միայն որպես անցյալում մնացած բան էի տեսնում էդ պատմությունը, ու քանի որ իրեն շատ էի սիրում, սիրտս ցավում էր, որ ուրիշին գտնել չի կարողանում։

Տենց մոտ մի տարի առաջ զանգեցի մի օր, պարզվեց՝ ինչ-որ աղջկա հետ խոսակցությունն էր ընդհատել ինձ պատասխանելու համար։ Ուրախացա, որ վերջապես մեկը հայտնվել է, մոտ մի ամիս առաջ իմացա, որ դեռ միասին են։ Էսօր ՖԲ-ով տեսա էդ աղջկան։ Ամբողջ պատը՝ Նժդեհ, Սևակ, մոմի, խաչի ու զինվորի նկար, Սասնա ծռեր, ինքդ քեզ հավատարիմ մնալու ու կյանքի մասին ռուսերեն ցիտատներով նկարներ... Ու գրեթե ամեն ինչի տակ՝ ընկերոջ հերթապահ. բայց լուռ «լայքը»։

Հիմա չգիտեմ՝ ինչ մտածեմ։ Երբ հազվադեպ տեսնվում ենք, ինքը նախկինն է, ու էնպես չի, որ ես շատ եմ փոխվել. հիմնական հարցերի մասին մենք դեռ իրար նման ենք մտածում, ժամանակին ինձ համար Չարենց էր կարդում, Սենկևիչ ու Հոմերոս էինք քննարկում։

Է՜հ, եղբայր, ես ոնց հասկանում եմ՝ դու վերջում էլի մնալու ես մենակ քո հսկայական գրադարանի հետ, որը հավաքում էիր ուսանողական օրերիդ խնայած կոպեկներով, անհույս խորանալու ես քո ուրարտագիտության մեջ ու մնալու ես միայնակ ու չհասկացված անհայտ մի կենդանի, որի հետ նույնիսկ ես չկարողացա համակերպվել։ Շատ կուզեի սխալված լինել, բայց ես քեզ լավ գիտեմ։

Նաիրուհի
11.09.2016, 22:28
Մեկ-մեկ կարոտում եմ մենակ իրիկունները ու աշխատում ամեն վայրկյանն օգտագործել։ Օրինակ՝ ոչինչ չանելու համար :)

Էսօր էլ եմ մենակ։ Ուրիշ ժամանակ կվազեի կենտրոն ծանոթներիս տեսնելու, թրև գալու, մի տեղ սառը ֆրեշ խմելու կամ Մաշտոցի այգում իմ ծառի տակ ուղղակի նստելու, իսկ հիմա մենակ մնալու պահանջս եմ բավարարում ու լիցքավորվում։ Էս մենակ իրիկունների անգործությունը մի այլ տիպի հաճելի է, մանավանդ երբ իր սեփականաշնորհած սևուսպիտակ ծածկոցի վրա անտեսանելի դարձած մուշ-մուշ քնած է Բոբոշս (դալմատինիկս) :love

Անգամ ալարում եմ իջնել խանութ ու կաթ առնել սուրճիս համար, հաղթահարում եմ քնկոտությունս, սիգարետիս տուփը կես ընկավ։

Հավաքում եմ մտքերս, դասավորում կյանքս ու պատրաստվում ապագայի անակնկալներին։ Անորոշ ու վախենալու է մի քիչ, բայց էնքան դրական փոփոխությունների ակնկալիքներ կան, որ վճռականությունս ոչ մի գրամ չի պակասում։

Թարմացում. Վերջը թամբալությունը հաղթահարեցինք ես ու Բոբոշս, գնացինք խանութ, հետն էլ մի քիչ զբոսանք եղավ, ես էլ առավոտը սուրճ կունենամ :)

Անկապացել եմ, բայց դե ոչինչ, կդիմանանք։

Նաիրուհի
15.09.2016, 03:23
Էլի խճճվել եմ։

Մեջս ահավոր վախ է մտել, ամեն ինչից վախենում եմ։ Նու, էն բաներից չէ, որոնցից սովորաբար վախենում են նորմալ մարդիկ։ Հիստերիկ, ոչ ադեկվատ, չկառավարվող ու չբացատրվող վախ է՝ էն հներիս նման։ Ու էնքան եմ վախենում, որ անգամ վախենում եմ խոսել էդ մասին։

Առջևում փոփոխություններ են, որոնց մասին ողջ կյանքում երազել եմ, բայց իմ ուզած ձևով չեն լինելու, համ էլ չգիտեմ՝ նոր հանգամանքներում կկարողանա՞մ անել էն ամենն, ինչ պիտի անեմ, ինչն էսքան ժամանակ ծրագրել եմ, պատկերացրել, երազել... Վախենում եմ, որ չկարողանամ նոր հնարավորությունն օգտագործել ուզածիս պես, որ օգնող գործոնն իրականում խանգարող դուրս գա, որ էս անգամ էլ սեփական երազանքներս անկատար թողած՝ ուրիշների երազանքները կյանքի կոչելով զբաղվեմ, իմը հետաձգեմ, ու մեկ էլ գա էն օրը, երբ հասկանամ, որ իմոնց համար էլ ոչ ուժ է մնացել, ոչ հնարավորություն, ոչ էլ ժամանակ։

Ու միաժամանակ վախենում եմ, որ եթե սկսեմ իմ երազանքների համար պայքարել, դրանց իրականացումն ավելի հիասթափեցնող լինի, պարզվի՝ էդ ճամփին ավելի կարևոր բան եմ կորցրել, ու վերջում ո´չ էն ունենամ, ո´չ էլ մյուսը։

Եսիմ, ասում են՝ նորմալ են էս մտքերը, նորմալ է վախենալը, բայց ես վստահ չեմ։ Կողքից խորհուրդները հակասական են ու ներսիս քաոսն ավելի են խորացնում։ Չեմ ուզում հետո ինչ-որ բանի համար ինչ-որ մեկին մեղադրել, բայց առավել ևս չեմ ուզում մի օր ինքս իմ առաջ մեղավոր դուրս գալ, ու սոսկալի վախենում եմ։

Սենց ժամանակ եմ զգում, որ Ակումբից, իմ «Ուղեղայինից» ավելի վստահելի ընկեր չունեմ, որ էստեղ է իմ գերանկեղծ անկյունը, ուր ես ես եմ։ Չեմ սիրում դավաճանել օրագրիս, կիսատ-պռատ, ոչ անկեղծ մի-երկու գրառումս ինձ չեմ ներում, որովհետև էստեղ ստի համար տեղ չպիտի լինի, եթե պահը չի հասել, չեմ լցվել, չպիտի գրեմ էստեղ ուղղակի գրառում անելու համար։ Էս անկյունս պիտի մնա իր խորագրին հավատարիմ՝ թույլատրելիից ավելի անկեղծություն։

Սա համարենք իմ մեղայականով վերադարձը դեպի «Ուղեղայինս», որ կրկին դառնալու է ուղեղային մորմոքներիս ու սրտի հիվանդություններիս ամենաանաչառ տարեգիրը։ Մի քննարկեք էս գրառումս, հետ եմ վարժվել մարդկանց առաջ բացվելուց, նոր ոտքի կանգնող երեխայի նման մանր քայլեր եմ անում ու ինքս իմ առաջ բացում ճամփան դեպի իմ ներսը, վերադառնում եմ ինքս ինձ՝ էն Նաիրուհուն, որին սիրում էի ու դեռ սիրում եմ խորքումս մի տեղ։

Նաիրուհի
27.09.2016, 11:26
Գիտեմ, որ Երևանից մենակ այգիներն եմ կարոտելու։

Երեկ երկու ժամ երջանկություն նվիրեցի ինձ՝ Պոնչիկանոցից վերցրած անհամ կապուչինոյով, մենթոլով սիգարետով ու գրքով ծառի տակ՝ գետնին նստած միայնության երկու երջանիկ ժամ։

Սիրուն արև էր, տաք, իսկ տանը հաստ շորերով դողում էի։ Մասիվի այգու խուլ հատվածներից մեկում ինձ ավելի ապահով էի զգում, քան էն մարդկանց մոտ, որոնք ստիպում են դերասանություն անել։

Վախերս չեն անցնում, բայց զգալիորեն թուլացել են, քանի որ ինքնավստահությունս մեծացել է, կապանքներս՝ թեթևացել։

Հետհաշվարկ։

Նաիրուհի
19.10.2016, 04:10
Սիրտս հայաստանյան ուտելիքներ ուզեց, Ակումբի հանդիպում, երևանյան ամայի այգի ու աշնան ուժասպառ արև։

Հոսո ապերիս հյուր գալը կարոտեցի ու Հասի հետ վեճերը։ Քիչ բան եմ կարոտում, իսկ էդ երկուսիդ՝ մի ուրիշ ձևի։

Մեկ էլ Հայաստանից բերած սիգարետը պրծավ, մարդ բա միլիոնատեր չլնե՞ր՝ ստեղ սիգարետին հանգիստ փող տար։ Կամ սոված պիտի մնաս, կամ ծխելը թողնես։

Նաիրուհի
30.11.2016, 21:13
Ստեղ գրեմ, որ հետո էս օրը չմոռանամ։ Էն որ ասում են՝ կյանքս բաժանվում է էսինչ օրվանից առաջի ու հետոյի, էսօր իմ կյանքի էդ օրերից է։ Ու հետոն շատ ավելի պայծառ է լինելու, քան հնարավոր է պատկերացնել։

Նաիրուհի
18.04.2017, 03:01
Պատերազմը մարդկանց մեծ մասի համար էյֆորիա է, ադրենալին, միաժամանակ՝ զգացմունքների բթացում։

Առաջին օրը բոլորս երազում էինք, որ արագ խաղաղությունը վերահաստատվի, սրտի թրթիռով սպասում էինք լուրերի, զոհերի մասին տեղեկությունների, ամեն մահը ապրում սեփական ցավի պես։

Կարճ ժամանակում ընտելացանք վիճակին, դոզան սկսեց չբավարարել, ցավով եմ տեսնում, որ զոհված զինվորները անհատից սկսեցին վերածվել թվի, վիճակագրության՝ ով ավելի շատ կսպանի, ով ում ավելի մեծ կորուստներ կպատճառի...

Աննախադեպ ոգևորություն, կամավորներ, գնանք Բաքուն գրավենք, 94 թվին կիսատ թողածն ավարտենք, բան...

Էսօր տեսա շատերին, որ կարծես հիասթափված էին հրադադարից, մարդիկ արդեն պատերազմ էին ուզում, հենց էն պատճառով, որ զինվորներն անհատից դարձան վիճակագրություն, թիվ՝ անվան, պատմության փոխարեն, հաշվարկ՝ մենք կարող ենք էսքանով ավելի քիչ զոհ տալ, քան թշնամին, մենք մեր ուժերով ծնկի կբերենք ադրբեջանը...

Չեմ քննադատում ոչ մեկին, քավ լիցի, ես ինքս չգիտեմ՝ ինչ եմ ուզում, չգիտեմ՝ ինչքանով եմ մնացել համընդհանուր ոգևորության տակ, ցավն ինչքան է, մեջիս մի ժամանակվա «ռազմահայրենասե՞րն» է ուժեղ, թե՞ պացիֆիստը։ Միայն փորձում եմ ինձ համար դիտարկումներ անել՝ միգուցե էդ միջոցով զգացմունքներիցս գլուխ հանելու համար։

Պատերազմը մարդկանց մեծ մասի համար էյֆորիա է, ադրենալին, միաժամանակ՝ զգացմունքների բթացում։ Վիճակ է, երբ էն ամենն, ինչ առաջ կարևոր էր թվում, հանկարծ դառնում է մանր ու աննշան ընդհանուր, անհատներ չճանաչող, բոլորին գլխաքանակ դարձնող պատերազմի դեմ։ Սկսում ենք ապրել «ավելի մեծ բաներով», ու քանի որ բոլորը ձգտում են զգալ, իսկ պատերազմն, ինչպես ասացի, բթացնում է զգացմունքները, մեզ կենդանի զգալու, մեր ապրելն ընկալելու համար սուր զգացողություններ ենք փնտրում, ու ինչքան դաժան՝ էնքան «լավ»։ Ինչպես թմրամոլը, որին հին դոզան այլևս «չի ասում», ավելին ենք փնտրում՝ համացանցում թշնամուն ուղղված սպառնալիքներ ու քֆուրներ, կործանված տանկեր ու ուղղաթիռներ, ռմբակոծության հետքեր, թշնամու դիակներ (էլ չասեմ, որ ավելի մեծ դոզան սեփական զինվորների մարմիններն են, դրանք ավելի են «կենդանացնում» մեզ)...

Վախենալու է էդ ամենը, բայց միգուցե նաև բնական։ Ես պատերազմ չեմ տեսել, չգիտեմ, բայց կարծում եմ՝ եթե շարունակվեր դա, որոշ ժամանակ անց, քանի մեր կաշվի վրա չէինք զգում հետևանքները, դառնալու էր հեռավոր, սովորական, առօրյա մի բան։ Ամենավախենալուն էն է ինձ համար, երբ մահերը դառնում են վիճակագրություն, պլյուս-մինուս, պտիչկա, զեկուցագիր։

Կռիվը լավ բան չէ, էնտեղ ամեն ինչ է վիճակագրություն, ուզում է՝ հայրենիքի համար լինի, ուզում է՝ դիմացինի հայրենիքը զավթելու։ Էլի չգիտեմ՝ ես ինչ եմ ուզում, ինչ շարունակություն եմ պատկերացնում, անկապ, կցկտուր մտածում եմ, էլի։ Մենակ գիտեմ, որ ցանկացած ելքի դեպքում վախենալու է, իմ կառուցած աշխարհից շատ բան է քանդվելու։

Քանի չեք դարձել վիճակագրություն, զոհված ու կենդանի տղերք, շնորհակալ եմ։ Քանի էյֆորիան ինձ էլ չի կլանել, ու ամեն մեկիդ զգում եմ որպես մարդ, ոչ թե թիվ ՊՆ հայտարարության մեջ, ուզում եմ էդ սերը, երախտագիտությունը, ջերմությունը փոխանցել ձեզ։ Թող երբեք, երբեք ոչ մեկդ թիվ չդառնաք, լավ պահեք ձեզ, պինդ պահեք, տղե´րք։

Դարձան, վիճակագրություն դարձան տղերքը, ինչպես ամեն անգամ։

Վերջին թելը, որ կապում է ինձ Հայաստանի հետ՝ որպես հայրենիքի, կտրվում է կամաց-կամաց, զգացմունքային թելը, որի ամենասուր թրթիռը անցած տարվա ապրիլն էր։ Միակ բանը, որն ինձ ստիպում է հեռու լինելուս, չվերադառնալու ցանկությանս, կարոտի բացակայության համար դավաճան զգալ։ Երևի մի-երկու տարի էլ ապրիլին կհիշեմ, լաց կլինեմ, գլուխս կտամ պատերով, հետո կանցնի, կանցի, ինչպես ամեն անգամ։ Ու չգիտեմ՝ ինչ կմնա տակը, ինչ կմնա հին Լիլիթից, ինչի կվերածվեմ ես էս երկրում կամ գուցե մի ուրիշում, բայց դեռ ցավող վերք է անցած տարվա ապրիլը։ Էս էլ իմ սերնդի ապրիլն էր, 1915-ի մեր տարբերակը, որը գուցե մեզ մի քիչ էլ կկարողանա Հայաստանին կապել։

Նաիրուհի
17.06.2017, 01:29
Էդ կնոջը չեմ ճանաչում, դժվար էլ երբևէ հանդիպեմ։ Բայց էսօր ես սիրեցի նրան։ Տղան էր գրել, թե՝ կյանքիս ամենակարևոր օրն էր, վերջապես մամայիս հետ խոսեցի, ասացի, որ կին եմ, իսկ ինքն ասաց, որ ես իր երեխան եմ, ու ինքը ամեն ինչ կանի, որ երջանիկ լինեմ։

Հուզվել եմ, քիչ էր մնում՝ լացեի։ Սուտ է, թե ուրիշի համար չես կարող էնքան ուրախանալ, ինչքան ինքդ քեզ համար։ Շնորհակալ եմ էդ մամային ու նրա նման բոլոր ծնողներին։

Նաիրուհի
19.06.2017, 18:06
Կուզեի խորը լինել, բայց ծանծաղ եմ։ Իմ ամբողջ խորությունը մակերեսայնությանս գիտակցումն է։

Նաիրուհի
23.06.2017, 14:20
Ես ստրկամիտ եմ։ Սա ամենադժվար խոստովանությունն է, որ երբևէ արել եմ ինքս ինձ։ Ինքս եմ շատ անգամ ուրիշներին ասել, որ եթե ուզում են ինչ-որ բան փոխել, պիտի սկսեն եղածն ընդունելուց։

Ես հիվանդագին կախման մեջ եմ ուրիշների կարծիքից։ Ոչ միայն ինձ համար շատ հարցերում չափանիշ հանդիսացողների, այլև «ամենաշրիշակային» մակարդակի մարդկանց կարծիքն ինձ կարող է ցավեցնել։ «Ուրիշների վրա թքած ունենալու» ամբողջ հոյակապ պատյանը ընդամենը սեփական թերարժեքությանս բարդույթը հերքելու համար է։

Ցանկացած ընկերոջ կորուստը ինձ սոսկալի ցավեցրել է, տեսնելը, թե ոնց է իրենց կյանքն առանց ինձ շարունակվում առաջվա նման կամ նույնիսկ ավելի լավ, որովհետև միշտ մտածել եմ, որ ես արժանի չեմ եղել էդ մարդկանց։ Նույն կերպ շատերի հետ ընկերությունս եղել է երախտագիտություն, որ ինձ նման ոչնչությանը իրենց հավասար են համարում։ Ամբողջ կյանքում կատու եմ սիրել, որ հերքեմ շուն լինելս, ուրիշների նետած փշուրների, տրամադրած րոպեների կարիքը ինքս իմ աչքում արժեք ունենալու համար։

Սկսում եմ ազատագրել ինքս ինձ, ու առաջին փոքր քայլն ինքս ինձ ընդունելն է՝ բնությունից կամ հասարակությունից անհիշելի ժամանակներում մեջս ներդրված անլիարժեքության էս անիծյալ բարդույթով։

Թիարայի հետ խոսելու ժամանակ մի 10-12 անգամ տարբեր առիթներով ասացի՝ դե հա, ես գիտակցում եմ, որ իմ մեղքն է, ես եմ ինչ-որ բան սխալ արել։ Հետո հասկացա զարմացած հայացքի հետևում թաքնվածը։ Մեղքի զգացումն ամեն ինչի հետ կապված՝ սկսած ծնվելուցս մինչև ամենաչնչին ակկալիքի չարդարացումը, մինչև հիմա ուղեկցել է ինձ։ Կարծեմ օրագրիս առաջին գրառումն էլ էր էդ զգացման մասին։

Երկրորդ անգամ չի ստացվում գրել էն ամենը, ինչն արդեն գրել-վերջացրել էի, բայց պատակահան Refresh-ն ուղարկեց սատանայի ծոցը։

Նաիրուհի
24.08.2017, 06:52
Լուսը արձակուրդ է գնացել, քաղաքում չի, բացի էդ էլ սեպտեմբերից երևի առիթ չունենանք հանդիպելու, իսկ ես նոպաներիս պահերին երազում եմ նրա սենյակում նստելու, երկար ու անկապ խոսելու ու նրա` անվան պես լուսավոր հայացքը տեսնելու մասին: Լուսը միակ մարդն է կյանքիս ընթացքում, որի հետ կարողացել եմ էդքան բացվել ու պաշտպանական մեխանիզմներ չմշակել հավանական «դավաճանության» դեպքում կիրառելու համար: Սեպտեմբերից երևի հոգեթերապևտի մոտ կգնամ, էդ անտերը բժիշկս պիտի հաստատի ու ուղեգրի, բայց վախենում եմ, որ նրա մոտ չկարողանամ բացվել նենց, ոնց Լուսի մոտ: Չնայած ի՞նչ իմանաս, կարող է թեկուզ միայն հայ չլինելն ու իմ նախկին ու ներկա աշխարհներից միայն ինձ ծանոթ լինելու փաստը օգնի չվախենալ:

Հիմա, երբ ամենաշատը խոսելու կարիք ունեմ, սոսկալի է խոսելու մարդ չունենալը, չդատող, հասկանալ ու օգնել փորձող մեկը օդի պես անհրաժեշտ է: Ծխելս երևի կրկնակի ավելացել է, ընկերներիս կտրել եմ ինձնից (զահլա չունեմ, ինձ ամեն օր հիշեցնում եմ, որ Անյայի վերջին երեք նամակին չեմ պատասխանել, Հասին չեմ շնորհավորել, Ուլուի սիրուն զարդերի համար գոնե ֆիդբեք չեմ տվել ու հազար ու մի սենց բան, բայց օրն անցնում է, ու ես դրանցից ոչ մեկը չեմ անում), կյանքում երևի առաջին անգամ սուիցիդալ մտքեր են մեկ-մեկ առկայծում գլխումս, ու ինձ համար միակ լուսավոր կետը Լուսն է, էն էլ գնացել է քաղաքից, իսկ ես զանգել-գրելով արտահայտվել չեմ կարող:

Չգիտեի, որ սենց բան կզգամ, բայց անգամ սեպտեմբերն ու համալսարանի հեռանկարը որևէ էմոցիա չեն առաջացնում: Փաստաթղթերի մի փաթեթ մայիսից պատրաստ սպասում է, որ ուղարկեմ, իսկ ես ալարում եմ մեծ ծրար առնելու գնալ: Մինչև ամսի 26-ը ժամանակ են տվել:

Նաիրուհի
12.02.2018, 16:16
Արդեն երրորդ օրն է՝ դասի չեմ գնում։ Անընդհատ մի բան խանգարում է, ու էդ բանը շատ ավելի ուժեղ է, քան իմ չեղած կամքի ուժը։ Առավոտյան վեր կացա հաստատ որոշմամբ, որ գնալու եմ, անգամ կարողացել էի ինձ տրամադրել ու մի երկու ժամ պարապել, բայց մի քիչ ուշ զարթնեցի, եսիմ ինչի որոշեցի ամենօրյա թափթփված վիճակիցս դուրս գալ ու մի քիչ ինձ տեսքի բերել, տեսա՝ արդեն մոտ տասը րոպե ուշանալու եմ, ու մինչև տրամադրվում էի դուրս գալու՝ զանգեցին, թե տան վարձը չեք մուծել, երկու ամսվա բաց կա։ Ու տենց սկսվեցին երկար հեռախոսային խոսակցություններ տարբեր կազմակերպությունների հետ, պարզվեց՝ իմ վճարածը դեռ բանկը չի փոխանցել, էն մյուս ամսվանն էլ, որ մի տարի է՝ փորձում ենք ստիպել իրենց պարտավորությունը կատարել ու անցած ամիս ասել էին, թե վճարված է, էլի չեն արել, ասում են՝ պիտի դատարան դիմես, բան․․․ Սենց խառը վիճակ, դե արի ու տրամադրվի գոնե կեսից դասի գնալուն։ Էնքան չկողմնորոշվեցի, որ դասը համարյա պրծավ։

Հիմա նստած ես ինձ եմ կրծում ու համոզում, որ ոչինչ, երեք դաս է եղածը, կհասցնես, բան չկա, խելացի աղջիկ ես, բան․․․ Պետք է տրամադրվել վաղը գնալուն, օնլայն նայել էսօրվա թեման ու վաղվա հանձնարարությունները, նստել պարապելու, վերջապես սուրճ սարքել, դեն նետել գլխից հիմար մտքերը, վաղն էլ երկու հանդիպում ունեմ դասից հետո, կխոսեմ, կանցնի։

Կարևորը՝ հոլանդերենն էնքան չեմ մոռացել, ինչքան թվում էր, էսօր անգլերենի անցել եմ մենակ ծայրահեղ դեպքերում, ու նենց հաճելի է, երբ հոլանդերենով ահագին խոսելուց հետո ասում ես՝ կներեք, սա ասելու համար հոլանդերենս չի հերիքում, կարո՞ղ եմ անգլերեն ասել, ու զրուցակիցդ զարմացած ասում է՝ բայց լավ էլ սիրուն ու ճիշտ հոլանդերեն ես խոսում :oy

Ակումբում սմայլիկների օգտագործումը գրեթե վերացել է, հին գրառումներն եմ կարդում՝ ամեն երկրորդ տողում կան, իսկ հիմա հազարից մեկ են հանդիպում։

Սրտիս վրա քար կա, չգիտեմ՝ ինչ անեմ դրա հետ, մի այլ կարգի ծանր է։ Երբեք չէի մտածի, որ նման բան կպատահի հետս, չգիտեմ՝ ոնց տակից դուրս գամ։ Ձևացնում եմ, թե ամեն ինչ կարգին է ու վերահսկողության տակ, բայց էդ դերասանությունը շատ թանկ է նստում վրաս։

Նաիրուհի
20.02.2018, 17:58
առաջին անգամ լսեցի անցյալ տարի՝ հոլանդերենի դասին, երբ zou-ն էինք սովորում, ու միանգամից սիրտս մտան։ Ես էլ վատ բնավորություն ունեմ, երբ ինձ համար նոր կատարողի առաջին իսկ լսածս երգը (https://www.youtube.com/watch?v=BOse4hf1PYk) դուրս գալիս է, էլ նոր երգեր չեմ փնտրում, որ հանկարծ չհիասթափվեմ։ Տենց մի քանի ամիս գրեթե ամեն օր իրենցից էդ միակ երգն էի լսում, մինչև էն օրը (https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FLilit.Nairuhi.Ghazaryan%2Fposts%2F10215409878821663), երբ հեռախոսով մի ուրիշ երգ լսեցի ու մինչև հարցնելը սկի գլխի չէի ընկել, որ նույն խումբն է կատարում, ու հասկացա, որ իրենցից դժվար հիասթափվեմ։

Սկսեցի ավելի ու ավելի շատ երգեր լսել, քանի գնաց՝ ավելի սիրեցի, մինչև զգացի, որ պատրաստ եմ իրենց համերգին գնալու։ Միանգամից սկսեցի փնտրել ու պարզվեց՝ էս տարի դժվար կարողանամ տոմս ճարել։ Չէի էլ պատկերացնում, որ էդքան երկրպագուներ ունեն :o

Մի խոսքով՝ առավոտից էլի իրենց եմ լսում ու պլանավորում կա՛մ դեկտեմբերին ամեն դեպքում Ռոտերդամ գնալ իրենց համար, կա՛մ մյուս տարվա հենց առաջին ամստերդամյան համերգի տոմս առնել երբ օրը պարզ լինի։

Նաիրուհի
20.06.2018, 05:57
Յանիին ասում եմ՝ երազելու ունակությունս կորցրել եմ, էլ ոչ մի բան չեմ ուզում։ Ասում եմ՝ ես հիշում եմ բոլոր երազանքներս ու գիտակցաբար ջանք եմ գործադրում գոնե մի մասն իրականացնելու համար, բայց էմոցիա ու հավատ չկա։ Հարցնում է՝ ի՞նչ էիր երազում, ի՞նչ ես անում հիմա դրանց համար։ Ու ես չեմ էլ նկատում, թե ոնց եմ քառորդ ժամ նկարագրում դրանք, իսկ վերջում Յանին խորամանկ ժպիտով նայում է ինձ, թե՝ գիտե՞ս, լավ լուր ունեմ, երազանքներդ չեն մեռել, դու մենակ քեզ կողքից լսեիր ու տեսնեիր խոսելիս։

Լավն է Յանին, ընդամենը երկու հանդիպումով կարողացավ տրամադրել իր օգտին, վստահությունս շահել։ Մնաց մնացածը։

Նաիրուհի
24.09.2018, 16:50
Դեպրեսիան չի ուզում ինձ բաց թողնել, դեռ ճահճում թպրտում եմ, բայց քիչ֊քիչ հոգնում եմ ու երազում ուղղակի թուլանալու ու անշարժ պառկելու մասին, շատ էլ թե կուլ չեմ գնալու։

Մատների վրա հաշված դրական զգացողություններ եմ հիշում, դրա համար որոշել եմ անգամ ամենափոքր լավ բաները գրի առնել, թե չէ մի քանի օր չանցած սկսում է թվալ, թե դրանք ոչ էլ եղել են։

Երկու օր առաջ Լունայի հետ երեկոյան զբոսանքի էինք դուրս եկել, ժամը համարյա տասնմեկն էր։ Անձրև էր գալիս, ես էլ առաջին անգամ նորմալ ականջակալներով երաժշտություն էի լսում։ Հասանք այգի, որն առաջին անգամ լրիվ դատարկ տեսա, ու մեկ էլ հասկացա, որ ուզում եմ երգել ինչ֊որ տխուր, լացացնող բան։ Հեռախոսովս երգը միացրի, ձայնը բարձրացրի էնքան, որ սեփական բաղաձայնս չլսեմ, ու սկսեցի ամբողջ կոկորդով երգել։ Վախենում եմ պատկերացնել, թե եթե որևէ մեկը լսել է, ինչ կարող էր մտածել, բայց էդ տասը֊տասնհինգ րոպեում էնքան հանգստացա, ոնց որ մի կուշտ լացած կլինեի։ Երեկ էլ փորձեցի, զգացողությունն արդեն նույնը չէր, բայց դեռ ազդեցություն կար։

Մեկ էլ կյանքումս առաջին անգամ լինզա եմ վերցրել, դեռ շատ դժվար է ստացվում դնելը, բայց անպատմելի թեթևություն է թեկուզ օրվա մեջ մի քանի ժամ ակնող չդնելը։ Կարծես սեփական աչքերովս աշխարհը տեսնեմ։ Հայաստանում ինձ վստահեցնում էին, որ իմ աստիգմատիզմի աստիճանի դեպքում միայն կոշտ լինզա կարող եմ դնել, էստեղ էլ սկզբում նույնն ասացին, բայց տասը րոպե հետո մի ուրիշ աշխատակից մոտեցավ ու ասաց, որ ընդամենը մի ֆիրմա կա նման լինզաներ արտադրող, ու իրենք ինձ համար փորձնական կպատվիրեն։ Ամսական լինզաներ են պատվիրել, էն էլ անվճար, չնայած սովորաբար առաջին անգամ լինզա փորձելը վճարովի է, եթե անգամ փորձելուց հետո որոշում ես էդ մտքից հրաժարվել։

Էս գրեցի, որ երբ վաղը֊մյուս օրը սկսեմ էլի կյանքումս մենակ սևը տեսնել, գոնե կարդալով հիշեմ, թե ինչքան էի ուրախացել լինզաներիս համար, թե ինչ թեթևություն էր դատարկ այգում անձրևի տակ ձայնը գլուխը գցելը, թե ինչ լավ է, որ Լունան կա իմ կյանքում ու ստիպում է գոնե երեկոները մի ժամով դուրս գալ․․․

Նաիրուհի
29.11.2018, 05:15
Ինձ թվում է՝ ես մի քիչ շատ թանկ եմ վճարում գոյություն ունենալու համար։


https://www.youtube.com/watch?v=aBt4s-VMG0w

Նաիրուհի
07.04.2019, 02:00
Անտեսանելիությունս սկսել ա դուր գալ։ Վախենալու ա։ Որովհետև դրանից դուրս կոմֆորտ չի, ես էլ կոմֆորտ զոնայից չեմ ուզում դուրս գալ։ Ու երբ մեկ֊մեկ դուրս գալիս եմ, դրսում լավ չի։ Հա՛մ ուշադրությունից եմ նեղվում, հա՛մ անտեսումից։ Ու դրա ֆոնին անտեսանելիությունն ավելի սիրելի է դառնում։

Ընդ որում, չեմ ուզում տեսանելի լինել էն մարդկանց համար, որոնց երկար ժամանակ գիտեմ։ Իսկ նոր մարդկանց, կիսածանոթների, անծանոթների հետ հեշտ ու հետաքրքրությամբ եմ շփվում։ Դժվարությամբ, իհարկե, ինքս ինձ պատյանից դուրս քաշելով, երբեմն ստիպելով եմ անում առաջին քայլը, բայց հետոն հարթ ու հանգիստ է գնում։

Ամստերդամյան փոքրիկ ընկերախումբը գրեթե լիովին բավարարում է մայրենիով հաղորդակցվելու պահանջը, քիչ ենք, բայց ամեն տեսակի մարդ կա, ու ես որևէ մեկի հետ կոնֆլիկտ չունեմ։ Ամեն մեկի հետ մի հետաքրքիր թեմա կա քննարկելու, ու որ առանձին֊առանձին եմ շփվում, մեծ շրջապատի պատրանք է ստեղծում։ Տեղացիների հետ հատուկենտ կապեր են, դեռ չի ստացվում խորացնել, ասենք շնորհակալություն իմ դեպրեսիային, որը տարվա գրեթե կեսը ինձ փակում է տանը։

Սկսում եմ դեմքերով ու անուններով ճանաչել մեր թաղի շներին ու իրենց տերերին, կապեր են ձևավորվում, իրար հետ շներին այգի տանելու պայմանավորվածություններ, իսկ էսօր բոլորը մի մարդու նման փախած շանս էին ման գալիս հետս հավասար։ Էստեղ էլ ասենք շնորհակալություն իմ Լունային։

Մի խոսքով, նենց չի, որ կյանքիցս գոհ եմ, բայց ձմեռն անցել ա, ես՝ վերակենդանացել, երկու ամիս առաջվա վիճակիս հետ համեմատության մեջ ինձ ամենաերջանիկ մարդն եմ զգում։ Ինձ վերասովորեցնում եմ դրականը տեսնել, էս էլ գրում եմ, որ եթե վաղը վատ եղանակ լինի ու տրամադրություն չունենամ, չմոռանամ, թե մեկ֊մեկ ինչքան լավ եմ լինում։

Նաիրուհի
22.10.2019, 02:19
Ռոզն իմ կյանքում հայտնվեց մարտին ու դարձավ էս երկու տարվա մեջ առաջին ու միակ հոգեբանը, ում կատարելապես վստահում էի ու կարողանում շերտ առ շերտ բացվել։ Մայիսի սկզբին, երբ կյանքիս ամենավատ շրջանն էի ապրում, Ռոզը գնաց ֆիզարձակուրդ՝ ինձ հանձնելով Լիկեին, ում հետ երկրորդ հանդիպումից հասկացա, որ էդ հանգստությունը չկա։ Արդյունքում երկու ամիս է՝ չենք կարողանում հանդիպման համար պայմանավորվել։

Էսօր զանգեցի հարցնելու՝ ե՞րբ ա Ռոզը վերադառնում և վերադառնո՞ւմ ա ընդհանրապես։ Պարզվեց՝ երկու շաբաթից սկսելու է աշխատել, ու ես արդեն կարող եմ վերադառնալ իր մոտ, եթե ուզեմ։ Ուզում եմ հավատալ, որ ամեն ինչ էնքան լավ կշարունակվի, ինչքան սկսվել էր։

Նաիրուհի
18.11.2019, 22:48
Էն որ իրոք զզվցրին արդեն։ Բոլորը թքած ունեն մարդու վրա, մենակ հայպ բռնեն կամ իրենց կեղտոտ քաղաքական խաղերն առաջ տանեն։

Ես իրոք սխալվել եմ․ հայաստանի ու հայերի հետ կապված ոչ մի բանի պետք չի լավատեսորեն նայել։ Նույնիսկ իմ վիճակում իրականության հետ համեմատած չափազանց բարձր կարծիքի էի էդ գրողի տարած ժողովրդի հասցեին։

Նաիրուհի
10.06.2020, 20:29
Նորից քայլել ու խոսել սովորող երեխա եմ ինձ զգում, երեխա, որը 30 տարի ապրել ա ու հիշում ա ամեն ինչ, բայց ոչ մի բան չի կարողանում անի։ Տոտիկ-տոտիկ սովորում եմ քայլել․ խոսել, չվախենալ։ Աշխարհով մեկ եմ լինում, երբ Եվան մի լավ բան ա ասում։ Իրեն վստահում եմ, դրանից ա, ու ինձ հույս եմ տալիս, որ չի խաբում, դրական փոփոխություն կա։

Ինձ դուր չի գալիս, որ ինձ հանում են նոստալգիայից, ստիպում են մոռանալ՝ առաջ ոնց էր, ինչ եմ սովորել էսքան ժամանակ։ Ինձ ստիպում են խոսել էսօրվա մասին, վաղվա ու ապագայի, իսկ ես մոռացել եմ, որ ներկա ու ապառնի ժամանակներ գոյություն ունեն առանց անցյալի ազդեցության։ Չգիտեմ՝ էդ ճիշտ ձև ա, թե չէ։ Անսովոր ա ուղղակի, ահավոր անհարմար ու վախեցնող, բայց ես ամեն չորեքշաբթի ինձ քաշում բերում եմ կոմպի դեմ, ստիպում եմ միացնել ու պատասխանել զանգին։ Դեռ ստացվում ա, ասում են՝ էդ լավ նշան ա։

Սեփական նախաձեռնությամբ պատասխանում եմ նամակներիս (հլը որ չի ստացվում պատասխանին պատասխանել, բայց էլի բան ա), արդեն մի քանի անգամ առաջինն ինքս եմ գրել/զանգել, ինձ հերոս եմ զգում։

Էդ ա, մարդիկ խոսում են մեծ-մեծ պլաններից ու լուծման ենթակա խնդիրներից, աշխարհ են ուզում փոխել, ես ուրախանում եմ, որ փակ համարից զանգին պատասխանում եմ ոչ թե վախեցած, որ հետո կարող ա խնդիրներ ունենամ, այլ ուղղակի պատասխանում եմ։ Որ չամուռ գովազդային գործակալին կես ժամ լսելու տեղը երեկ կարողացել եմ 2-րդ րոպեին ասել, որ իր առաջարկն ինձ չի հետաքրքրում։ Որ ակումբում օրագրիցս դուրս գրառում եմ արել ու վայրկյանը մեկ չեմ թարմացնում՝ վախեցած սպասելով, թե ով ոնց ա բմբուլներս քամուն տվել։

Ու կարողանում եմ ստեղ էլի մի քիչ բացվել։ Ու արդեն իսկ լավ ա շատ բան։ Գնամ, երկու չպատասխանած նամակներիս արձագանքեմ։

Նաիրուհի
18.06.2020, 08:14
Մի ամբողջ ժամ կյանքիս մի դրվագի վրա կենտրոնանալուց հետո հանկարծ հասկացա, որ եթե տասը-տասնմեկ տարի անց էլ հոգեբանի հետ թանկարժեք հանդիպումս ծախսում եմ դա պատմելու վրա, հետո օրվա մնացած մասն ուշքի չեմ գալիս, ուժասպառ ու քամված լինելով՝ ամբողջ գիշերը չեմ քնում, ուրեմն իրոք վրաս չափազանց ծանր ա նստել էդ պատմությունը։ Մանկական տրավմաներիցս դուրս ամենամեծ տրավմաս ա եղել փաստորեն, որ մինչև հիմա տակից դուրս չեմ գալիս։ Մի տեսակ մոռացել էի, թե ինչից ա իրականում սկսվել հիմիկվա ամենամեծ խնդիրներիցս մեկը։

Ամբողջ գիշերը ծախսեցի օրագիրս կարդալու, էն ժամանակ զգացածս հնարավորինս մանրամասն վերհիշելու համար։ Ինչքան ցավոտ ա եղել, որ շատ ուրիշ գրառումներ չեմ էլ հիշում՝ ում կամ ինչի մասին էին, իսկ դրան առնչվող բոլոր, անգամ ամենակցկտուր նախադասություններիս տակից ցավն աչքով ա անում։

Ինչ չարացած եմ հիմա, անհնար ա նկարագրելը։ Ուզում եմ տակնուվրա անեմ աշխարհը, հիմքից քանդեմ, ամեն ինչ անեմ կյանքիս էդ հատվածը փոխելու, մաքրելու համար։ Չեմ ներում ինքս ինձ, աշխարհին, բոլորին, ովքեր կապ են ունեցել էդ ցավիս հետ։ Սատանան ականջիս քչփչում ա, համոզում, որ անպատասխան մնացած հարցերս պարզեմ, բայց ո՞նց հետ գնամ էդքան տարի, ո՞նց գտնեմ մարդկանց, ո՞նց բացատրեմ, որ էն, ինչը երևի բոլորի համար մոռացված ա վաղուց ու ժամանակին էլ գուցե աննշան բան ա եղել, ինձ սենց ջարդել ա, կտորներս ցրիվ տվել, հիմա չեմ կարողանում հետ հավաքեմ։

Ոնց որ հիմա մեկն իմ կյանքում ծլի ու բացատրություն պահանջի դեռահասության տարիների ինչ-որ դրվագի համար, որը սկի չեմ հիշում ու կարևորություն չեմ տվել։ Կարո՞ղ ա ստեղ գրեմ, հուզական ֆոնս իջնի, սատանեքս էլ գնան քնեն։


Մոնղոլ-թաթարական բարբարոս արշավանքներ
Եգիպտական հրաշեկ անապատով,
Նեղոսին հասնելու ծարավ․․․

Նաիրուհի
24.06.2020, 08:56
Հայաստանում բազմաթիվ հոգեբանների կաբինետներով եմ անցել, ու հետաքրքիր ա, թե ո՞նց ոչ մեկի մտքով չի անցել, որ ես անձի սահմանային խանգարում ունեմ։

Երեք տարի առաջ ախտորոշվելուց, հերքելուց մինչև համակերպում փուլերն անցնելուց հետո, երբ սկսել եմ հասկանալ սեփական հոգեկերտվածքս, տեսնում եմ, որ ախր ահավոր ցայտուն արտահայտված ա դա միշտ եղել։ Հիմա ես մենակ էս օրագրիս հիման վրա ինքս ինձ կախտորոշեի։ Իմ բոլոր-բոլոր առանցքային խնդիրներն էստեղ կան։

Հոգեթերապևտս ասում ա, որ պետք ա սովորել գլուխ հանել զգացմունքներից, վերլուծել ու փորձել ձևակերպել բոլոր էմոցիաները։ Իսկ ես նայում եմ անցյալիս ու ներկայիս ու առաջին անգամ ակնոց դրած աստիգմատիկի նման նոր եմ տեսնում, թե ինչ քաոս ա եղել գլխումս մինչև հիմա։ Էն բոլոր անքուն գիշերները, որոնք ծախսել եմ՝ մտածելով, թե ի՞նչն ինձ հետ էն չի, ինչի՞ եմ ես սենց սխալ, ինչի՞ են մարդկանց հետ իմ հարաբերությունները սենց քաոտիկ, բուռն ու փուլային, հիմա պատասխան են ստանում, ու էդ ներքին խաղաղության զգացողություն ա տալիս։

Գիտակցում եմ, որ շատ դժվար ընթացք ա լինելու՝ լիքը փոփոխական հաջողություններով, բայց իմ զգացածն ինքս ինձ խոստովանելը, ինձ ընդունելու առաջին հաջողված փորձը հույս ա տալիս, որ հնարավոր ա էս մտքահուզային ատրակցիոնը գոնե մի քիչ ստաբիլացնել։

Հա, էստեղ էի եկել հերթական իմպուլսիվ բուռն էմոցիան արտահայտելու։ Սերիալների մասին Յութուբում վիդեո նայելիս ու վտանգների մասին զգուշացումներն ինձ վրա պրոյեկտելուց հետո զգացի, որ էլ չեմ ուզում ամաչել իմ անլուրջ, դեռահասական էմոցիաներից ու վախենալ դրանց նկատմամբ մարդկանց հավանական վերաբերմունքից։

Էս սերիալի հետ ես կտրվում եմ իրականությունից․ իմ փախուստի ապահով տեղն ա։ Չեմ խորանալու դետալների մեջ, բայց ուզում էի խոստովանել, որ արդեն 3 տարի ա քեզ սիրում եմ, Օ։

56146

Նաիրուհի
18.07.2020, 03:38
Չգիտեմ՝ երբևէ էնքան լավ կլինի՞ ամեն ինչ, որ մեզ լիարժեք ներեմ երիտասարդության սխալները, բայց հաշտ եմ հետդ վերջապես, ու դա փոխել ա հայացքս իմ նկատմամբ։

Մենք էլի օգնեցինք իրար։ Չգիտեմ՝ ոնց ստացվեց, որ հենց էդ պահին հայտնվեցի ու չարության առաջին ալիքը հաղթահարած, խոսելու, լսելու պատրաստ, բայց հիմա գիտեմ, որ իրար պետք ենք թեկուզ ճակատագրական պահին, թեկուզ հեռվից էդ ամենավստահելի, ամենահարազատ ձեռքը պարզելու համար։ Ես հայտնվելու եմ, երբ զգամ, որ մոլորվել ես էլի։ Էն ժամանակ չէի ներում մոլորություններրդ, կներես, չարացած էի, չէի տեսնում։

Լավ կլինի քո կյանքում ամեն ինչ, խոստացել ես։ Գրեթե կես կյանք ճանաչում ենք իրար, ու երկվորյակ հոգիների՝ ծանոթանալու օրը ծնված տեսությունն ամեն փուլի հետ նոր հաստատումներ է ստանում։ Ուրեմն պետք է լավ լինես(մ), որ լավ լինեմ(ս)։

Հերիք անցյալի համար խաչես քեզ ու ուրիշներին, բաց թող էդ ցավը, որ վերջապես ապրես։ Մի՛ վախեցիր, մի՛ կասկածիր, պատմությունը չի կրկնվի, դու մեղք չես գործի ոչ մեկի առաջ։ Մենակ թե ինքդ քո առաջ էլ մեղք չգործես, հարազատս։

Ըհըն, էլի գրեցի քո մասին։ Մի օր, երբ բարեհաջող կծերանանք ու ժպիտով կնայենք մեր անցյալին, կկարդանք մեր բոլոր թաքուն ու բացահայտ գրածներն իրար մասին ու թեթև՜-թեթև կժպտանք։ Էն լույսով լի ժպիտով, որով նայում էինք իրար էս ամբողջ ցավից ու ավերումից առաջ։


https://www.youtube.com/watch?v=8AHCfZTRGiI

Նաիրուհի
11.08.2020, 16:28
Վախենալու բաներ են կատարվում գլխումս։ Հիշողություններս, մտքերս, երազներս ու իրականությունը խառնվել են իրար, էնպիսի շիլաշփոթ դարձել, որ հաճախ դժվարանում եմ առանձնացնել իրարից։ Ամբողջ կյանքում միայն սեփական ուղեղին ապավինած ու դա իր միակ արժանիքը համարող մարդու համար երևի ավելի սարսափելի բան չի կարող լինել։

Մեկ-մեկ թվում է՝ ուղեղս անդառնալիորեն վնասվել է, ու էդ մտքից էնպիսի անզորություն ու մոլորվածություն է առաջանում, որ չեմ իմանում՝ գլուխս որ պատով տամ։ Ու սա սկսում է դրսևորվել էն ժամանակ, երբ մնացած խնդիրներս որոշ չափով լուծել եմ, ու թվում էր՝ արդեն ամեն ինչ կարող եմ անել, վերջապես կարող եմ լիարժեք ինձնով զբաղվել, ապրել։ Գերագույն կամք է պահանջվում ինձ հավաքելու, նորից դեպրեսիայի ճանկը չընկնելու համար։ Պետք է շարունակել հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու, որ էս հերթական ժամանակավոր փորձությունն է, որն ունակ եմ հաղթահարելու, ինչպես մինչև էս եղած անհամար, առաջին հայացքից անելանելի թվացող իրավիճակները, որոնցից ի վերջո կարողացել եմ դուրս գալ։

Փախուստի տեղ եմ փնտրում, որ մտքերից չգժվեմ։ Հիմա, էսքան ճանապարհից հետո, վերջապես զգում եմ, որ արժանի եմ կյանքին։ Պետք է չմոռանալ, որ ես կռվող եմ, ու անգամ եթե իրոք ինչ-որ բան անվերադարձ փչացել է, ես էս անգամ էլ եմ տակից դուրս գալու։

Նաիրուհի
27.08.2020, 04:23
Հենց թվում է՝ ամեն ինչ կարգավորվել է, մեկը հողը քաշում է ոտքերիս տակից։

Սիրտս կտոր-կտոր է լինում։ Առաջ ինձ պատեպատ կտայի օգնելու համար, հիմա հասկացել եմ, որ չեմ կարող, բայց դրանից թեթևություն չի գալիս։ Երկուսին էլ ասել եմ, որ էլ չեմ կարող օգնել, իրենք պետք է իրենց կյանքերի ու որոշումների համար պատասխանատվություն վերցնեն, բայց էնքա՜ն ծանր է ընդունել էդ որոշումները, երբ տեսնում ես կործանվող մարդկանց, որոնց համար ոչինչ չես կարող անել։

Երկուսն էլ ինձնից շատ բան են տեսել կյանքում, բայց իրենց հասած հարվածների մի մասը կիսել եմ հետները։ Հիմա ինձ դուրս եմ բերել էդ ճահճից ու ամեն կերպ փորձում եմ ոտքերիս վրա մնալ։ Գիտեմ, որ ոչինչ փոխել չեմ կարող ու պարտավոր չեմ, իսկ եթե փորձեմ, ինձ էլ կքաշեն ներս։ Հիշում եմ՝ ոնց էի հուսահատ թպրտում, երբ ես էլ էի մինչև կոկորդս խրված, բայց մի տեսակ վախենալու է ճահճամերձ երերուն գետնին կանգնած հետևելը, թե ոնց են սուզվում։ Օգնողներ կան, մասնագետներ, բայց կհասցնե՞ն, չե՞ն ուշացել, անդառնալի չի՞։

Ինձ զսպում եմ, որ գլուխս կորցրած հետ չնետվեմ՝ փորձելով ինձնից ծանր երկու հարազատներիս դուրս քաշել։ Շատ երկար ու անարդյունք եմ փորձել, ժամանակին նետվեցի օգնության, բայց ուժերս գերագնահատել էի։ Հիմա ինձ անընդհատ հիշեցնում եմ, որ եթե էլի փորձեմ, սեփական կյանքիս ու առողջությանս հաշվին է լինելու։ Էնքան ուժ էլ չունեմ դեռ, որ մեջքով շրջվեմ ու հեռանամ առանց ետ նայելու։ Վախով նայում եմ բարակած ոտքերիս ու կասկածում՝ ինչքա՞ն հեռու կկարողանան ինձ տանել։ Եթե գնամ, սիրտս չի՞ մնա էստեղ՝ ինձ մնացած կյանքումս հիշեցնելով ու մեղադրելով։

Հեշտ չի ուրիշի կյանքի համար պատասխանատվություն վերցնելը։ Հոգնել եմ ու սպառվել, բայց վախենում եմ մեղքի զգացումից։ Ուզում եմ հավատալ, որ կհաղթահարեմ, բայց դեռ չի ստացվում։

Նաիրուհի
03.09.2020, 03:56
Էսօր Եվայի հետ քննարկում էինք սոցիալական հմտությունների բացակայությունն ու դրա պատճառով առաջացող խնդիրները։ Խոսելու ընթացքում բաներ հասկացա, որոնց մասին չէի մտածել։ Դե մտքովս չէր անցել, ինչպես հաճախ է լինում։ Դրանցից մեկն էլ էն էր, որ ես վախենում եմ հարցեր տալուց, մարդկանց սահմանն անցնելուց։ Երևի (ինչպես մյուս կոմպլեքսներիս դեպքում) մի քանի անգամ չորել են կամ անտեսել, ուղղակի չեմ հիշում․ միայն վարքային մոդելն է ձևավորվել ու կարծրացել։ Էնքան եմ վախենում/ցել, որ արդեն հարցեր էլ չեն առաջանում։ Ինձ հարց կտան՝ հավանաբար կպատասխանեմ, չտան՝ չեմ էլ խոսի։ Ուրիշներին հետաքրքրությամբ եմ լսում, բայց վաղուց հարցեր չեն առաջանում։ Լռելյայն ընդունում եմ ինֆորմացիայի էն քանակը, որը դիմացինս ինքն է որոշում տալ։ Ու իհարկե մտքովս չի անցնում, որ կարող է դիմացինս որոշ բաներ ակնարկում է, որ հարցեր տամ։

Էսօր հասկացա, որ դրանից տպավորություն է ստեղծվում, թե հետաքրքրված չեմ, անտարբեր եմ, ինչն էլ խաչ է քաշում մարդկանց հետ հարաբերությունների վրա։

Բայց դրա երկրորդ սերիան էլ կա․ հաճախ հարց տալուց վախենում եմ, որովհետև երբ խոսում ես, ուշադրություն ես գրավում։ Բա որ հաջորդն ի՞նձ հարց տան։ Թվում է՝ ոչ միայն հարցեր չունեմ, այլև՝ ասելիք։ Թվում է՝ սպառվել եմ վաղուց, ու էլ ոչ մեկին հետաքրքիր չի՝ ես ինչ կասեմ, որովհետև հաստատ անհետաքրքիր բան եմ ասելու։ Չեմ էլ հիշում՝ երբվանի՞ց սա նորից գլուխ բարձրացրեց ու էսքան խորացավ, որովհետև մի շրջան թվում էր՝ վերջնականապես հաղթահարել եմ։

Եվայի հետ էնքան հեշտ է (հավանական) բացատրություններ գտնել տարբեր փուլերում ու իրավիճակներում արթնացող <<ուրեմն ինձ հետ մի բան էն չի>>-ի պատճառների համար։ Բայց ամենակարևորն էն է, որ իր օգնությամբ գտածս տեսանկյունը սովորաբար օգնում է ավելի թեթև զգալ, իսկ ինքնուրույն որոնումներս գրեթե միշտ նեգատիվ արդյունքով են ավարտվում։

Հիշում եմ՝ մի երկու ամիս առաջ ընկերներիցս մեկին պատմում էի մի լուրջ տրավմայի մասին։ Մեկ էլ ընդհատեց, թե՝ դու էդ ո՞նց ես հաջողացնում ամեն ինչ ի վնաս քեզ ընկալել ու ներկայացնել։ Ես էլ թե՝ բա էս իրավիճակում ո՞նց կարաս ի օգուտ ինձ բացատրություն մտածես։ Ու էդ մարդը իմ մի քանի տարվա տառապանքի պատճառ դարձած պատմությունը շուռ տվեց 180 աստիճանով, սարքեց իմ օգտին, ինքնագնահատականս տեղը բերեց, հետո ինձ դարձրեց էդ պատմության ագրեսորը նենց բնական ու հեշտ, որ բերանս բաց մնաց։ Ու սրա ամենախնդալու պահն էն էր, որ վերջապես ռիսկ արեցի խոսել էդ մարդու հետ ու հարցեր տալ, որ տարիներ առաջ վախեցել էի բարձրաձայնել։ Ու պարզվեց, որ էս ընկերս 90 տոկոսով ավելի ճիշտ էր պատկերացրել իրավիճակը իմ կես ժամ պատմելուց, քան ինքս՝ մոտ երեք տարի դրա մեջ լինելով։

Հա, շշմելու բան է, թե մարդիկ ինչերի են պատրաստ, ինչ ա թե դաս չանեն։ 7 ժամից համալսարանի էս տարվա առաջին հանձնարարության դեդլայնն ա, ես դեռ չեմ էլ սկսել․ դրա երեսից էսքան անիմաստ անկեղծացա, մեկ էլ որ ինքս ինձնից թաքցնեմ, թե ինչքան վատ եմ զգում։ Էն արևոտ օրն եմ հիշում, երբ պատահաբար հանդիպեցինք, ու դու պատմեցիր կասկածներիդ մասին։ Ու թե ես ոնց փախա, որովհետև վախեցա հարցեր տալուց, վախեցա հետդ խոսելուց, ու մինչև հիմա էլ չգիտեմ՝ պե՞տք էր չվախենալ, թե՞ ուրիշ կերպ չէի կարող։ Ու էս մեկի պատասխանն էլ չեմ իմանա։

Նաիրուհի
09.09.2020, 17:08
Վաղուց կարդալուց հաճույք չէի ստացել։ Վերջին երեք տարում մատների վրա հաշված գրքեր եմ կարդացել, էն էլ հիմնականում որովհետև պետք է եղել։ Հիմա էլի հարկադիր ընթերցանություն է, բայց վայելում եմ ընթացքը, կարծես գեղարվեստական գրականություն լինի։ Վերջին տարիներին առաջին անգամ ինձ իմ տեղում եմ զգում, ու սա չտեսնված զգացողություն է։

Քիչ է մնում հավատամ, որ վերջապես ճիշտ ընտրություն եմ արել։ Երբ մենագրություն կարդալիս փշաքաղվում ես ու միաժամանակ պատկերացնում, որ մի օր դու էլ ես էդ ճանապարհն անցնելու, ու դրանից ոչ թե վախենում ես, այլ անհամբերությամբ սպասում քո սեփական բացահայտումներին։

Իսկ երեկ ուշ երեկոյան կյանքիս ամենահուզիչ նամակներից մեկն եմ ստացել։ Առավոտյան զումով դասի ժամանակ մի թեթև բողոքեցի արևի պակասից ու ասացի, որ էստեղի մութն ուղղակիորեն է ազդում տրամադրությանս ու աշխատունակությանս վրա։ Մեկ էլ խմբեցիներիցս մեկը ուշ ժամի առաջիկա մի շաբաթվա եղանակի կանխատեսումների սքրինշոթ է ուղարկում՝ ուղեկցող գրությամբ, թե՝ "I think a little bit of sunshine is on its way. Hopefully it'll help you feel a little bit better".

Ասենք, գրողը տանի, մի թեթև բացվում ես կյանքի առաջ, ու կյանքն սկսում է քեզ ժպտալ ի պատասխան :)

Նաիրուհի
12.09.2020, 18:46
Եթե մի բան ի սկզբանե չես ուզում անել (ոչ թե վախենում ես, այլ զգում ես, որ պետք չի), հետո ինքդ քեզ հակառակն ես համոզում, մեկ է՝ վերջում հասկանում ես, որ չարժեր։

Եղել են հուսահատության պահեր, որ ձեռքս փրփուրներին եմ գցել, բայց հիմա ինքս ինձ խոստանում եմ, որ սա վերջին անգամն է։ Ամբողջ կյանքումս առանց կողմնակի օգնության էնպիսի բաներ եմ հաղթահարել, որ ոչ մեկի մտքով չի էլ անցել, ո՛չ մամայիս, երբ երեխա էի, ո՛չ էլ ընկերներիս, երբ մեծացա։ Էն հատուկենտ դեպքերը, որոնց մասին երբեմն-երբեմն նվնվացել եմ, իրենց լրջությամբ անգամ մոտ չեն եղել իրական խնդիրներիս։

Ինքս իմ մասին միշտ վատ կարծիքի եմ եղել, համարել եմ թույլ, նվնվան, անկարող ու անհաջողակ։ Վերջինի պահով դեռ կասկածում եմ։ Բայց հիմա նայում եմ անցածս ճանապարհին ու ինքս ինձ հարցնում․ դու գի՞ժ ես, աղջիկ ջան։ Հավաքի քեզ ու օգնություն հայցող հայացքով շուրջդ մի նայի․ դու միակ մարդն ես, ում վրա պետք է հույս դնես, որովհետև միշտ էլ ինքդ ես քեզ օգնել։ Գլուխդ պատին ես տվել, պատը գլխիդ, բայց ելքը գտել ես։

Անելանելիության զգացումն ամենից դժվար հաղթահարվողն էր վերջին ամիսներին։ Հիմա, երբ զգացման հախից եկել եմ, մտածելու ժամանակն է։ Ներքին ձայնին վստահելու, ուժերը կենտրոնացնելու ու ճիշտ գործելու։ Ու նայելու իրականության աչքերին՝ առանց պատրանքների ու առանց հիասթափությունների, որովհետև դու էդ ամենն ի սկզբանե էլ գիտեիր, պետք չէր փորձել քեզ հակառակը համոզել։

Նաիրուհի
29.01.2021, 19:32
Պարզվեց՝ էդքան էլ վախենալու չէր։ Նենց զգացողություն է, որ մինչև էսօր մութ, անդուռ-անպատուհան սենյակում էի, սարսափելի վախենում էի, բայց ելք չէի գտնում, մինչդեռ պարզվեց՝ ուղղակի վախից աչքերս էի պինդ փակել։ Էսօր բացեցի, ու մինչև էս դուրս պրծնելուն ուղղված ջանքերս իմաստավորվեցին ու էֆեկտիվ դարձան։ Հուսուվ եմ՝ սրանից հետո էլ, հենց անելանելիության զգացում առաջանա, կհիշեմ, որ առաջինը չպետք ա վախենալ աչքերը բացելուց։

Նաիրուհի
05.02.2021, 21:04
Կարելի է պաշտոնապես հայտարարել, որ իմ կյանքն ամենաշատը փչացրած, ինձ մինչև օրս չհաղթահարվող տրավմայի ամենամեծ բաժինը տված մարդը Երվանդ Լալայանն է, ավելի ճիշտ՝ իր ազգագրական աշխատությունները, որոնք կյանքումս հայտնվեցին չափազանց վաղ ու անժամանակ՝ 9-10 տարեկանում։ Չէի ասի, թե էդ չարաբաստիկ գիրքը չլիներ՝ ես նորմալ մարդ կլինեի, բայց սեփական փորձառությանս ֆոնին էդ անտերի հայտնվելը էնպես է խորացրել, թարախոտ վերք դարձրել առանց էդ էլ լուրջ խնդիրը, որ հիմա չգիտեմ՝ որտեղից սկսեմ, ոնց մաքրեմ ու բուժեմ։ Ու հլը հարց է՝ հնարավո՞ր է վերջնական ապաքինում, թե՞ «կյանքի որակը բարելավելու» մակարդակում էլ պիտի մնա էս անտերը։

Ինչ ասեմ, շնորհակալություն մեծանուն գիտնականին 20-ից ավել տարի կյանքիս էդ մասը չավարտվող մղձավանջի վերածելու համար։

Նաիրուհի
01.03.2021, 03:15
Կարոտել եմ էս զգացողություններին, կարոտել եմ զգալուց չվախենալուն, կարոտել եմ քեզ, չնայած երբ դու կայիր, հենց զգալուց էի ամենաշատը վախենում։ Հիմա անվտանգ է քեզ կարոտելը, անվտանգ է ինքս ինձ խոստովանելը, որ դու ուրիշ էիր։ Հիմա, երբ նույնիսկ չգիտեմ՝ որտեղ ես, երբ բոլոր սոցցանցերում վաղուց ակտիվ չես եղել, երբ Տելեգրամն ասում է, որ համարիցդ մի շաբաթ առաջ հաշիվ է բացվել, բայց ես չեմ գրում, որովհետև իսկի վստահ չեմ՝ դեռ քո համա՞րն է։

Գուցե էլ քեզ չեմ հանդիպելու, երբեք։ Բայց քո մասին անվտանգ մտածելն ուզում եմ պահել մինչև հերթական վտանգավորի հայտնվելը։ Ինչ ափսոս, որ դու էդ մասին չես իմանալու։ Էսօր հանկարծ զգացի, թե ոնց եմ մտովի էս երգը քեզ համար թարգմանում, ու դա հրաշալի էր։ Բայց ծխելը չէի թողնի, իրար հետ ծխելը քեզնից ամենաթանկ հիշողությունն է (ճոճանակը չհաշված)։


https://www.youtube.com/watch?v=e3dMIedZJRk

Նաիրուհի
05.03.2021, 01:34
Ամբողջ օրը ականջներումս ու գլխումս Զեմֆիրայի նոր ալբոմն է։ Երևի երրորդ կամ չորրորդ անգամ սկզբից վերջ լսելուց հետո սկսեցի հասկանալ։ Վերջին տարիներին շատ եմ աշխատել հուզականությունս անջատելու վրա․ զգում էի, որ չեմ դիմանում, գժվում եմ։ Տարվա մեջ երևի մի քանի անգամ եմ երգ լսում, որովհետև առանց էմոցիայի հնարավոր չէ երաժշտության հետ առնչվել, իսկ ինձ զգալ չի կարելի։ Ամեն անգամը շատ ծանր է նստել վրաս, որոշ ժամանակով լիովին անգործունակ դարձրել։

Էս անգամ չգիտեմ ինչի որոշեցի ռիսկի գնալ։ Երևի «Բորդերլայն» անունն էր, որ ստիպեց։ Ողջ օրը լսում եմ ու խեղդվում։ Եթե տաղանդ ունենայի, էս երգերն ինքս կգրեի։ Ու ինչքան ինձ եմ գտնում չասվելիք, չգրվելիք էս բառերի մեջ, էդքան կծկվում եմ էն գիտակցումից, որ շատերի մասին են էս երգերը, շատերի, որ լռում են ինձ նման, որ բառեր կամ ուժ չունեն խոսելու, որ հարցեր ունեն, որոնց պատասխանը չկա, որ էդպես էլ չեն կարողանալու գոռալ, որ մեռնելու են լռության ու անտեսանելիության մեջ։

Երեկ բարձրաձայն ասացի, թե Զեմֆիրան հաջողեցնում է ամեն ինչից դեպրեսիա ստանալ, անգամ գրեթե բոլորի հեռախոսներում առկա ժամանակ մեռցնելու ախմախ խաղից, իսկ իրականում գիտեի, թե ինչի ու ոնց է էդպես ստացվում։ Ու հիմա էլ, երբ ականջակալներումս սեփական զգացածս է արձագանքում, իսկ մտքումս հերթական էկզիստենցիալ ճգնաժամի հաղթահարման պլաններն են պտտվում, ձեռքերս հենց էդ ախմախ խաղով են զբաղված։

Լավ է, որ մի օր որոշեցի ռուսերեն սովորել։

Жди меня, мы когда-нибудь встретимся заново
Жди меня, обречённо и может быть радостно
Жди меня, в этом городе солнце как станция
Как бы не сгореть мне, только бы успеть
Жди меня, я когда-нибудь вырвусь из пламени
Жди меня, я приду этой осенью, каменной
Жди меня, за меня там все молятся, жмурятся
Как бы не сгореть мне, как бы не задеть их


https://youtu.be/4Uuy40cuyjY

Նաիրուհի
17.05.2021, 18:33
Շնորհակալ եմ, հարազատս, որ պարզված ձեռքս երբեք օդում չես թողնում։ Շնորհակալ եմ, որ գրեթե 13 տարի, բոլոր վայրիվերումներով հանդերձ, եղել ու մնում ես իմ հայելին, որ միշտ ցույց ես տալիս ճամփան դեպի ինձ։ Շնորհակալ եմ, որ իրական զրույցներում մենք կարիք չունենք իրար շնորհակալություն հայտնելու, որ մեր զրույցների թեման գրեթե երբեք անձնական չի, իմ կամ քո մասին չի, բայց սրանք աշխարհում հնարավոր ամենաինտիմ զրույցներն են, ներքին երկխոսության նման, ինքդ քեզ հայելու մեջ նայելու պես։ Դրանք պարզում են մեր մշուշված հայացքները, ու երկուսս էլ ամեն անգամ էդ զրույցներից դուրս ենք գալիս ինքներս մեզ հետ ավելի հաշտ, ավելի ուժեղ ու ներքին խաղաղությունը վերագտած։

Շնորհակալ եմ էն հանդարտ վստահության համար, որ մենք իրար կյանքում երբեք ավելորդ չենք, ոչ մեկս մյուսի ժամանակը չենք խլում, որովհետև մեր՝ տարին մի քանի անգամ պատահող զրույցներն ամենակարևոր բանն են, որ կարելի էր անել էդ պահին։


https://www.youtube.com/watch?v=nVtXV8ynLx8&amp;t=277s

Նաիրուհի
01.06.2021, 02:53
Ես չեմ գժվում։ Ավելին՝ ոչինչ չեմ զգում։ Վերջին շաբաթը օրինական դեպրեսվելու շաբաթ էի հայտարարել, քանի որ առանձնապես անելու բան չունեի։ Մտածեցի, որ պետք չի ամեն ինչ էնքան կուտակել, մինչև մեջքս ջարդվի, կարելի է ժամանակ առ ժամանակ մի քանի օր նվնվալ, հանգստանալ, նորից անցնել խնդիրներին։

Գերնպատակս լացել կարողանալն էր։ Ոչինչ չօգնեց, ո՛չ մարիխուանան, ո՛չ բոլոր անհաջող սերերիս հիշելը, ո՛չ ընթացիկ ու գալիք խնդիրներիս մասին մտածելը։ Նույնիսկ Մեսչյան լսելը չլացացրեց։ Էդպես չլացած էլ էսօր դուրս եկա վատ լինելու շաբաթից, ու երևի մի դեռ մի երեք ամիս սենց հնարավորություն չլինի։

Հիմա երբ հարցնում են, ինքս իմ ասածին հավատալով եմ ասում՝ լավ եմ, չնայած դրա համար որևէ օբյեկտիվ պատճառ չկա, իսկ հակառակի համար՝ ինչքան ուզես։ Կա՛մ դեպրեսիան հաղթահարել եմ, կա՛մ էնքան խորը ապատիայի մեջ եմ, որ արդեն չեմ նկատում։

***

Էսօր անցյալը հետ եկավ, երբ խոսեցի հետդ, հետո ֆբ-ում երրորդին հանդիպեցի ընդհանուր ընկերոջ գրառման տակ։ Նույնիսկ թեթև հումորային երկխոսություն ունեցանք ընդհանուր անցյալի որոշ կետերի շուրջ։ Շատ տարօրինակ զգացողություն էր։ Հետաքրքիր է՝ դուք հիշո՞ւմ եք էն ամենը, ինչ ես եմ հիշում։ Արդյունքում ո՞վ շահած դուրս եկավ, ո՞վ ավելի շատ բան կորցրեց։ Ինձ թվում է՝ ես մեջտեղում եմ, դու էլ՝ ամենատուժածը, բայց ամենաշատը ես եմ հիշում, էմոցիոնալ դատարկությունը լցնելու անհաջող փորձ է։

Կուզեի ասել՝ սիրտս կտրտվում է քեզ համար էսօրվա ասածներիցդ հետո։ Հաստատ էդպես էլ կզգայի, եթե զգալու ունակ լինեի, բայց եթե անգամ քո հանդեպ ոչինչ չեմ զգում, ուրեմն վիճակս լուրջ է։ Բայց լավ եմ։

Նաիրուհի
14.07.2021, 02:31
Չգիտեմ՝ խմածությունի՞ց եմ էմոցիոնալ, թե՞ էմոցիոնալությունից եմ խմել։ Ես սովորաբար չեմ խմում, էն էլ առանց բաժակակցի։

Ձեզ հերթով կարոտում եմ, տարբեր կերպ, բայց հավասարաչափ ափսոսալով, որ հեռու եք, ու ես ստիպված եմ խմել։ Մենակ։ Ու արդեն հարյուրերորդ անգամ լսում էս երգը։ Խմած ժամանակվա ռիտուալ է նույն երգն էնքան լսել, մինչև բոլոր էմոցիաներս քամվեն կամ դառնան սովորական։


https://www.youtube.com/watch?v=sjjlCBkKSWk

Նաիրուհի
01.08.2021, 04:30
Չեմ ուզում էսքան կախված լինել քեզնից, ծարավ լինել մի լավ խոսքիդ։
Բայց երեկ մի արտահայտությամբդ երջանկացա։ Երբեք ինձ շնորհակալություն չէիր հայտնել լավ մարդ լինելուս համար։ Իրոք ուզեցի լաց լինել, թեև կարողացա թաքցնել։
Ինչ ափսոս, որ նույն բանը չեմ կարող ասել քեզ։

***
Նույնիսկ ամենաչարացածս պահին չէի ուզենա, որ կարողանայիր բացել հոգիս ու տեսնել՝ ներսումս ինչ է կատարվում։ Չէի ուզենա, որ թեկուզ մի պահ կարողանայիր քեզ նայել իմ աչքերով։ Որովհետև այնքան կատեիր քեզ, որ ինքնասպան կլինեիր։


Ինչ հետաքրքիր բան է կյանքը։ Գրեթե տասը տարի անց էլի դու ես անում աշխարհի լավագույն հաճոյախոսությունը, երբ ասում ես, որ նույնիսկ պատին էդքան չէիր վստահի ու չէիր անկեղծանա, ինչքան ինձ ես վստահում։ Երբ էլի շնորհակալություն ես հայտնում, ու ես քեզ հավատում եմ։

Ու հիմա էնքան տարբեր է ամեն ինչ, որ սեփական անձիդ հանդեպ հավատդ վերականգնելու համար խնդրում եմ քեզ իմ աչքերով նայել։ Քեզ ոչ ոք երբեք չի տեսնի էնպես, ինչպես ես եմ տեսնում, ու շնորհակալ եմ, որ ինձ ես ընտրել որպես էն միակը, որը պատից ու անգամ ինքդ քեզնից վստահելի է։

Ես գիտեմ՝ դու կարող ես հաղթել ինքդ քեզ, ու ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ հաջորդ հայտնվելդ ուշանա։ Հարազատս, իմ կյանքի ամենաերկարատև բարեկամ, շնորհակալ եմ, որ ինձ նորից սովորեցնում ես լավագույնը լինել։

Նաիրուհի
15.08.2021, 02:38
Մինչ հերթական վերադարձդ, հարազատս։

Մեր հանդիպման օրվանից մեծագույն վախս քեզ կորցնելն էր։ Քեզ կյանքումս պահելու համար ժամանակին ոտնատակ եմ տվել բոլոր արժեքներս, անգամ ինքս ինձ ստիպելով սիրեցի քեզ, որովհետև էդ պահին քեզ չկորցնելու միակ ելքն էր թվում։ Հիմա էլ ոչինչ չեմ անում, որովհետև գիտեմ՝ վերադառնալու ես։ Դու միշտ վերադառնում ես ինձ մոտ, որովհետև ես քո կյանքում էն մեկն եմ, որի կարիքն ունես, երբ սկսում ես մոռանալ ինքդ քեզ։ Ես էն հայելին եմ, որ քեզ միշտ կհիշեցնի՝ ով ես, իսկ դու իմ ճամփան ես դեպի ինձ։

Ու ինչքան էլ ուզում եմ, որ լավ լինես, նույնքան էլ հերթական ձախողումդ եմ երազում, որովհետև դա քեզ էլի ինձ մոտ է բերելու։ Մեր անպատմելի զրույցներն ամեն անգամ ավելի խորն ու մտերմիկ են դառնում, թեև յուրաքանչյուր նախորդի ժամանակ թվում էր, թե դրանից էն կողմ հնարավոր չէ։

-Մեր զրույցները հիշելն ինձ ուժ կտա,-ասացիր։
Ու ես արդեն իսկ խեղդող կարոտի միջից ժպտացի, որովհետև գիտեմ՝ քո ամեն բառն այսբերգի գագաթ է ընդամնը։
Մինչ հաջորդ վերադարձդ, իմս, մինչ հաջորդ վերադարձս։


https://youtu.be/V2dEoJhfxwQ

Նաիրուհի
15.09.2021, 04:19
Էսօր հանկարծ հասկացա, որ մենք ոչ մի նկար չունենք ու երևի չենք էլ ունենա։
***

Մեր դեպքում էս երկու նախադասությունը նույն բանն են նշանակում, ու ինձ մխիթարում է մենակ էն, որ գոնե ինչ-որ կոնտեքստում իմ ու քո մասին խոսելիս կարող եմ «մենք» ասել։:

Мы не проснемся, не вернемся ни друг к другу, ни к другим...

Мы не вернемся ни друг к другу, ни к себе...


https://www.youtube.com/watch?v=j5f1Ds5sY6s&amp;ab_channel=%D0%9C%D0%B5%D0%BB%D1%8C%D0%BD%D0%B8%D1%86%D0%B0

Նաիրուհի
22.09.2021, 03:51
Պատերազմից սկսած Հայաստանի, հայերի ու հայկական ինքնությանս հետ հարաբերությունները շատ նման են անառողջ անձնական հարաբերությունների։ Չեմ կարողանում հասկանալ՝ ավելի շատ ատո՞ւմ եմ, սիրո՞ւմ, զզվո՞ւմ, ձգտո՞ւմ, թե՞ խուսափում։ Ոչ մի թերություն աչքիս առավելություն չի դարձել, ոչ մեկին չեմ ներել, դրսում հայերեն լսելիս 99 տոկոս դեպքերում կաշխատեմ չմատնել ինձ, սփյուռքահայ չեմ դարձել էն առումով, որ ուզենամ հայկական խմբերի, կառույցների հետ կապի դուրս գալ, բայց հայկականությանս էն ժխտումը, որ կար մինչև անցած տարվա սեպտեմբերի 26-ը, չքվել է։

Ներսում շատ ցավոտ է էս զգացումը։ Ինձ հավասարապես կտրտում են ահռելի անարդարության զգացումն ու էն գիտակցումը, որ օբյեկտիվ իրականությունում էս ամենն էնքան էլ անարդար չէր (հազիվ եմ ինձ զսպում, որ չգոռամ՝ տեղն էր էս էշ խելքի պարագայում)։ Մեղքի զգացում չունեմ Հայաստանում չլինելուս համար, չեմ ուզում ապրել էդ հասարակության մեջ, դեռ շատ թարմ է էն ցավը, որով երկրից հեռանալու որոշում կայացրի, ու անընդհատ կարծիքս վերահաստատվում է։ Նույնիսկ չեմ ուզում Հայաստան ոտք դնել, մինչև պաշտոնապես այլ երկրի պաշտպանության տակ չլինեմ։

Բայց ինձնից անկախ անընդհատ մտքերս Հայաստանի շուրջն են պտտվում, փորձում եմ հասկանալ՝ ապագայում, երբ մի քիչ ոտքերիս վրա կանգնեմ, ի՞նչ կարող եմ անել Հայաստանի համար։ Երբեմն անգամ ֆանտաստիկ երազանքներ եմ ունենում Հայաստանում գիտահետազոտական կենտրոն, համալսարան, բարդ արդյունաբերական ձեռնարկություն կամ անգամ նոր քաղաք հիմնելու մասին, չնայած դեռ պարտքերս էլ չեմ փակել։ Համալսարանում ինչ թեմայից խոսք է գնում, զուգահեռներ եմ տանում Հայաստանի հետ։ Աղոթում եմ, որ որևէ խմբում ադրբեջանցու չհանդիպեմ կամ որևէ աշխատանքում պոլիտկոռեկտությունից դուրս չգամ, երբ, օրինակ, Black Lives Matter-ի ու Արևմուտքի ընտրովի ապրումակցման/համակրանքի մասին եմ գրում։

Չգիտեմ՝ ինչ անել։ Էնքան ինտիմ, խորն ու խճճված զգացողություններ են, որ նույնիսկ ձևակերպել կամ որևէ մեկի հետ քննարկել չեմ կարողանում։ Սա երևի էս թեմայով առաջին ու միակ խոսելս է լինելու։ Էս սերն ինձ ավելի խոցելի է դարձնում, քան նախկին բոլոր «սխալ» սերերս իրար հետ վերցրած։ Հուսով եմ՝ առավոտ չեմ զարթնի ու փոշմանեմ, որ թեկուզ սենց կիսատ-պռատ, բայցևայնպես էս մասին գրել եմ։

Նաիրուհի
26.09.2021, 01:10
Ես դադարել եմ վստահել էն ձախերին, որոնք հրաժարվում են պատվաստումներից, բայց ոչ՝ այֆոնից։

Նաիրուհի
04.02.2022, 06:16
Ես չգիտեմ՝ ոնց խոսել երաժշտության մասին։ Ես արվեստից բան չեմ հասկանում։ Սովորաբար խուսափում եմ խոսել էդ թեմաներից, որովհետև շատ եմ կապվում ու խոցելի դառնում։ Ինձ կարելի է լացացնել որևէ էմոցիայիս հետ կապված երաժշտության մասին քամահրական արտահայտությամբ, լավը-վատը լինելու մասին քննարկումներով, դրա համար վաղուց չեմ խոսում էդ մասին․ ավելի հեշտ է բառերով ձևակերպել ամենաթաքուն զգացմունքները, քան խոստովանել՝ ինչ եմ լսում, երբ մթին անձրևի տակ դեպի տուն եմ քայլում։

Բայց անցած տարվա սեպտեմբերին պատահաբար հայտնաբերեցի էս խումբը, ու աշխարհը միանգամից ավելի լեցուն դարձավ։ Արդեն չեմ կարողանում լսել երգեր սիրո, էկզիստենցիալ տառապանքների, պայքարի, սոցիալական հարցերի ու այլ ակտուալ թեմաների մասին։ Մելնիցան մի տեսակ ամբողջացրել ու հանգստացրել է ներսս, ցույց տվել՝ ինչի կարոտ ու կարիք ունեմ, տարբեր մակարդակներում խաղաղություն ու մոտիվացիա բերել (մոտիվացիան շատ վատ ա հնչում էստեղ, բայց հարմար բառ չգա)։

Հ․Գ․ Ռուսերենը կարծես էմոցիաներիս լեզուն դարձած լինի․ կյանքում մտքովս չէր անցնի, մանավանդ որ լրիվ ինքնուս եմ։


https://www.youtube.com/watch?v=Gse9IPADT4o&amp;ab_channel=%D0%9C%D0%B5%D0%BB%D1%8C%D0%BD%D0%B8%D1%86%D0%B0

Նաիրուհի
26.04.2022, 13:46
Անցյալի տրավմաներն ինձ հանգիստ չեն թողնում։ Ես չեմ կարող քեզ նման ասել՝ երեկը երեկ էր, վաղը գոյություն չունի, կարևորն էսօր է։ Ես բաղկացած եմ նաև իմ տրավմաներից ու զգում եմ, որ դրանք դեռ երկար են կյանքս հարամելու։ Ու դա երևի անհնար կդարձնի մեր շարունակելիությունը, որովհետև դու չես հասկանում, թե ինչքան ցավ է զարթնում քո անզգույշ կատակներից անգամ։ Երևի սա ճանապարհ է, որ պետք է անցնեմ, չգիտեմ՝ քեզ հե՞տ, մեկ ուրիշի՞, թե՞ միայնակ։ Բայց ես նոր բաներ էլ եմ սովորում քեզ հետ, ու դրանք իմ եսի շինարարության մեջ անկյունաքարային կարող են լինել։ Ինչ էլ լինի՝ ուրախ եմ, որ դու կաս, ու դու էլ ես մնալու ինձ հետ իմ մյուս փորձառությունների նման, էս սիրուն երգի նման, որ ամիսներ առաջ բերեցիր իմ կյանք, որ ընկերակցի ինձ ճանապարհին։


https://youtu.be/cDNDVtoJhik

Նաիրուհի
22.06.2022, 01:38
Անչափ կարոտում եմ քեզ։ Հաճելի էր էսքան տարի անց ինձ նորից կենդանի զգալը։ Շնորհակալ եմ հետդ եղած ամեն վայրկյանի համար, էն բոլոր պուճուրիկ հոգատարությունների համար, որոնցով պարուրում էիր ինձ։ Տաք ծածկոցի, զարթնելուս պես վարագույրները բացելու, ինձ ժամերով խոսեցնել փորձելու, վախերս փարատելու, սառնարանումդ միշտ ինձ համար ծխելուս ուղեկցող ըմպելիք ունենալու, ինձ անհասկանալի լեզվով երգերը թարգմանելու, էդ նույն լեզվով շշնջացածդ բառերի համար։

Կներես, որ վախեցա ու դեռ վախենում եմ։ Կներես, որ իմ ծննդավայրը չես տեսնելու, որ իրար հետ քո քաղաքի ամառվա 50 աստիճան շոգից չենք թաքնվելու, որ կյանիքդ էս կարևորագույն ամսին հետդ չեղա, որ իմ պատճառով ևս մի անգամ ընտանիք կորցրիր։ Եթե միայն այլ կերպ կարողանայի, բայց չէի կարող․․․

Էս երգը միշտ քեզ է հիշեցնելու, էն երեկոն, երբ ինձ առաջին անգամ լացելիս տեսար, ու էն երեկոն, երբ արդեն երկուսով լաց եղանք ամենքս մեր կարոտի համար, ու ես վերջապես տեսա քեզ։ Շնորհակալ եմ, որ եղար կյանքումս, որ հասկացրիր՝ դեռ կարող եմ զգալ։ Չգիտեի՝ ոնց թարգմանեմ էս երգը քեզ համար, բայց կարիք չկար էլ։



https://www.youtube.com/watch?v=oNgydtJHUPY&amp;ab_channel=ArmenianNationalMusic

Նաիրուհի
24.02.2023, 05:34
Հանդիպման գնալուց առաջ Ռոբը զանգեց ու մինչև ներս մտնելս հեռախոսով մնաց հետս։ Ոգևորված մոգական ռեալիզմի մասին էի պատմում։ Հետո ասացի, որ վստահ եմ՝ եզրակացությունը բացասական է լինելու։ Ասաց՝ չկա տենց բան, կարո՞ղ ա՝ իզուր եմ էդքան գուգլել «how to help an autistic friend»։

Սոֆին ասաց, որ չորս ամիս տևած թեստերի, հարցարանների, հարցազրույցների, իր դիտարկումների արդյունքները համադրել է, կոլեգաների հետ քննարկել, ու եզրակացրել են, որ աուտիզմ ունեմ, ու որ կանայք շատ ավելի հազվադեպ ու ավելի հասուն տարիքում են ախտորոշվում, որովհետև մասնագետները դրսևորման տարբերություններին նոր են սկսել ուշադրություն դարձնել։ Հետո նայեց դեմքիս ու հարցրեց՝ ո՞նց ես զգում։ Պատասխանն եկավ ինքն իրեն, առանց մտածելու՝ փաստորեն ես սխալ չեմ, ուղղակի տարբեր եմ։ Ժպտացինք։

Զանգեցի Ռոբին։ Ասաց՝ դու էլ փոքրամասնություն դառար, welcome to the club, քիրա։ Հետո Ռուբինան զանգեց։ Ասացի։ Ասաց՝ շնորհավորում եմ, չի զգացվում։ Ծիծաղեցինք։

Ինչպես նախորդ բոլոր հանդիպումներից հետո, էս անգամ էլ մի կանգառ հետո տրամվայից իջա, երկու կանգառ քայլեցի, գնացի նույն սրճարանը, վերցրի նույն կապուչինոն թխվածքով, չնայած ցրտին՝ էլի դրսում նստեցի, միացրի վերջին ինը ամսվա ամենօրյա փլեյլիստս ու երևի առաջին անգամ լիարժեք հանգիստ, թեթևացած սրտով վայելեցի մենակությանս ու վերալիցքավորվելուս մի ժամը։

Նաիրուհի
06.03.2023, 19:45
Օրագրիս ոչ պաշտոնական անունը/կարգախոսը գլխումս միշտ եղել ա «թույլատրելիից ավելի անկեղծություն»։ Վերջին զարգացումների ֆոնին հասկացա, որ իրականում նկատի ունեի "oversharing", ուղղակի չգիտեի, որ դրա համար անուն կա մտածած։ :8

Նաիրուհի
10.04.2023, 20:20
Արդեն մեկուկես ամիս է՝ կյանքս քաոսի է վերածվել։ Ամեն ինչ ուրիշ է, չնայած մեծ հաշվով ոչինչ չի փոխվել։ Ժամանակ առ ժամանակ մի նոր հատկանիշ է գալիս առաջին պլան՝ նոր լույսի տակ մանրակրկիտ զննության ենթարկվելու ու վերարժևորվելու, ու մեկ-մեկ աշխարհն ավելի վախենալու է թվում, քան առաջ։

Երկու օր առաջ մի կնոջ էի լսում, որը 40-ից հետո էր ախտորոշվել, մեկ էլ մի նոր պայծառացում եկավ։ Հանկարծ հասկացա, թե ինչքան է բախտս բերել, որ քիչ թե շատ նորմալ մարդկանց հետ շփումն եմ ընտրել, թե չէ ակնարկներ չհասկանալս ու սոցիալական հմտությունների բացակայությունն ավելի աղետալի հետևանքների կարող էին բերած լինել։

Հիշեցի էն անթիվ անգամները, երբ մարդկանց անվերապահ վստահելու, լսածս բառացի հասկանալու ու ենթատեքստեր չնկատելու արդյունքում հայտնվել եմ տարբեր տղա ծանոթների տանը՝ սուրճ/թեյ խմելու, ինչ-որ համով բան ուտելու, որևէ հետաքրքիր թեմայով խոսելու համար։ Հիշեցի էդ դեպքերի բացարձակ մեծամասնության ժամանակ ինձ տհաճության աստիճան մոտ նստելու, համբուրելու փորձերը, իմ անկեղծ զարմանքն ու շփոթմունքը, թե էդ ինչի՞ մարդը, ում հետ զուտ ընկերական հարաբերություններ են եղել, հանկարծ որոշեց, որ կարող ա ուրիշ բան էլ հնարավոր լինի։ Ու չնայած նման իրավիճակները չափազանց հաճախ են նույն սցենարով զարգացել, ես էդպես էլ մինչև երկու օր առաջ որևէ կերպ դրանց միջև տրամաբանական կապ չէի տեսել։ Ու հիմա ուղղակի շնորհակալ եմ բոլոր գոյություն ունեցող/չունեցող աստվածներին, որ չափահասությունից հետո ոչ ոք ինձ չի բռնաբարել, ոչ ոք որևէ սեռական բնույթի գործողություն չի ստիպել՝ պատճառաբանելով, որ եթե մտքիս չլիներ՝ էդ պահին էդտեղ չէի լինի։ Ուղղակի էդ բոլոր մարդիկ իմ զարմացած չէ-ն հարգել են, գուցե իրենք էլ են անակնկալի եկել, բայց էդ բոլոր հանդիպումները շարունակվել ու ավարտվել են էն սցենարով, որն իմ գլխում է եղել՝ թեյ խմել/զրուցել/կինո նայել/պաղպաղակ ուտել ու գնալ իմ գործերով։

Հիմա չգիտեմ՝ ոնց ու ինչ զգամ էս առթիվ։ Միշտ մտածել եմ, որ մանկական տարիքում սեռական բռնության ենթարկվելը տղամարդկանց հանդեպ պաթոլոգիկ անվստահություն ու զզվանք է ձևավորել, որն էլ ինձ պաշտպանել է հետագայում նման փորձառություն ունենալուց, բայց դու մի ասա՝ ես լուրջ խնդիր ունեմ բոլոր տղա ընկերներիս անսեռ ընկալելու, նրանց որպես պոտենցիալ վտանգ չտեսնելու, ամեն ասածին անվերապահորեն վստահելու ու ենթադրելու, որ իրենց համար էլ ընկերության մեջ սեռ ու սեռականություն չկա։ Վախենալու է մտածելը, թե ինչերից եմ փրկվել, իմ մասին ինչեր են մտածվել/խոսվել, ընդհանրապես հասկանալը, որ աշխարհն ու մարդիկ ուրիշ ձև են աշխատում, քան ինձ թվում էր, ու ոչ բոլորն են ասում էն, ինչ նկատի ունեն։ Չգիտեմ՝ ոնց եմ շարունակելու ապրել էդ գիտակցության հետ ու էն մարդկանց մեջ, որոնց ընդհանրապես չեմ ճանաչում ու չեմ հասկանում։

Նաիրուհի
09.09.2023, 12:19
Ռոբի հետ ընկերությունը կյանքիս ամենահասուն, կայուն, մեծական հարաբերությունն է։ Երեք տարվա ընթացքում ինչ-որ մանր բան ճշտելուց սկսվող պատահական հեռախոսազանգերից հասել ենք իրար մոտ մինիմալ ձև բռնելու, մաքսիմալ խոցելի լինելու ու անսահման ջրիկության աստիճանի։ Բազմաթիվ թյուրըմբռնումներ են եղել, նեղվել, վատ զգալ, հոգնել իրարից, բայց մենք միշտ գտել են էդ մասին խոսելու ձևը։ Ռոբն էն մարդն ա, ում լիովին վստահում եմ, ինքն էլ՝ ինձ, ու էդ վստահությունն ի սկզբանե մենք որոշել ենք ունենալ։ Պայմանավորվել ենք, որ ով ինչ սխալ անի/ասի՝ մյուսը միշտ պետք ա մտքում պահի, որ մենք սիրում ենք իրար, հոգ ենք տանում ու վնասելու/ցավեցնելու մտադրություն չունենք։ Էդ մի կետի հաշվին մենք հեշտությամբ իրար ասում ենք, երբ դիմացինի ինչ-որ արարք կամ խոսք մեզ դուր չի գալիս։
Էս ընկերությունն ինձ համար հարաբերությունների չափանիշ ա ու միաժամանակ հավատ, որ բավարար ջանք գործադրելու դեպքում նման հարաբերությունները հնարավոր են։ Անգամ մի հաջող փորձն էնքան հանգստություն ու ինքնավստահություն է բերել, որ ուրիշների հետ էլ պաշտպանական մեխանիզմներս միանում են շատ ուշ՝ հնարավորություն տալով լինել բաց, խոցելի, նույնիսկ խիզախ։ Ու միաժամանակ չընդունել էն հարաբերությունները, որտեղ դիմացինը շատ երկար չի կողմնորոշվում՝ վստահի՞ ինձ, թե՞ չէ։ Ես որոշել եմ լինել ոնց կամ, չամաչել էմոցիոնալ լինելուց, վախեցած ժամանակ ուժեղ չձևանալ, ու կապ չունի՝ դրանից ով ոնց «կօգտվի»։ Ես ուզում եմ լինել էն մարդկանց հետ, ովքեր կարող են դա ընդունել ու էդպիսին լինել ինձ հետ։ Դեռ ինքս ինձնից ու կյանքումս հայտնվող մարդկանցից գոհ եմ, չնայած զգացմունքներս ուրիշներին չվախեցնող ձևով արտահայտելու հարցում դեռ լիքը սովորելու բան կա։

Նաիրուհի
23.01.2025, 05:05
Ես մտածում էի, որ գիտեմ սերն իր ողջ խորությամբ, բայց դու ինձ ցույց տվիր՝ իմ իմացածից անդին ինչքան շատ բան կա թաքնված։ Քո գոյության մասին առաջին կասկածիս պահից բոլոր սահմանները փլվեցին, խավարից ամեն օր մի նոր, անհայտ անկյուն էր բացվում ու հեղեղում ներսս բառերով չնկարագրվող ապրումներով։


Ես չգիտեի, որ էսքան սիրել գիտեմ, չգիտեի նույնիսկ, որ դա հնարավոր է։ Էն բոլոր շաբաթներին, որ քեզ ունեի, աշխարհն այլ էր, ես այլ էի, ես ամենազոր էի, կյանքումս առաջին անգամ զգում էի, որ ոչ մի դժվարություն սարսափելի չէ, ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ։ Զգում էի, որ ուզում եմ ու պատրաստ եմ իմ լավագույն տարբերակը դառնալ քեզ համար։ Ուզում էի, որ դու ամենալավ մաման ունենաս, որովհետև էդ ամենաքիչն էր, որ քեզ համար կարող էի անել։


Գիտեի, որ պապայիդ նման գանգուր մազեր, խորունկ, սիրուն աչքեր ու երկար թարթիչներ կունենաս, որ իր նման կկարողանաս միայն աչքերով ժպտալ, գիտեի, որ ամեն ինչ կանենք, որ քո մանկությունը մերինից ավելի լավը լինի։


Դու իմ չսպասած ու չերազած նվերն էիր, ու քանի քեզ ունեի, թվում էր՝ բոլոր փորձությունները մեզ հանդիպեցնելու համար էին։ Դու պիտի երկու ամենասիրուն լեզուներով խոսեիր, քեզ անչափ սիրող լիքը քեռիներ ու մորաքույրներ ունենայիր, պիտի իմանայիր, որ քեզնից առաջ սերը Լունայով էր չափվում, իսկ քո հայտնվելով՝ երկուսովդ։


Ու մի օր էդ ամենը փուլ եկավ սոնոգրաֆիստի անհանգիստ հայացքի ու փոխված ձայնի հետ։ Չգիտեմ՝ ոնց եմ ապրում քեզնից հետո արդեն երկու ամիս։ Ոնց որ թռիչքի ամենաբարձր կետում թևերս կտրած լինեն, ամեն ինչ՝ իմաստը կորցրած, ու չնայած գիտեմ՝ մի օր անցնելու է, չեմ ուզում, որ անցնի, որովհետև վախենում եմ քեզ մոռանալ։


Բայց երևի արդեն ժամանակն է քեզ բաց թողնել։ Խատուտիկի սերմը միշտ կհիշեցնի՝ ինչքան մաքուր ու անսահման էր սերը։ Ու եթե կա մի տեղ, ուր դու դեռ կաս, հուսով եմ՝ հիշում ես՝ ինչքան էի խոսում հետդ ու ինչքան էի սիրում քեզ, իմ չծնված, չճանաչած ձագուկ։