PDA

Դիտել ողջ տարբերակը : Վարդան Այգեկցի (12-րդ դ.-ի վերջ-13-րդ դ.-ի սկիզբ)



Լեռնցի
04.06.2010, 20:15
ԳԱՐՈՒ ՀԱՇԻՎ
Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն: Եվ քուռակը մոր հետ գնում էր և հետ դառնում: Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա:
Եվ քուռակն ասաց մորը.
«Ինչո՞ւ համար այն խոզն առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ և մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս»:
Մայրն ասաց.
«Լսիր, որդյակ և մի շաբաթ ևս համբերիր և ապա ես քեզ պատասխան կտամ և քո աչքով կտեսնես»: Մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին: Եվ խրտնեց քուռակը և հետ փախավ դեպի մայրը:
Մայրն ասաց.
«Ի՞նչ եղավ քեզ, որդյակ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում»:
Եվ դարձյալ եկան կալը` գարի կրելու: Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը, բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. «Ով մայր, տես, թե ոտքիս չի՞ փակչել գարու մի հատ, որ ինձանից էլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից»:

Լեռնցի
05.06.2010, 00:25
ԷՇԻՆ ԹՈՌ ԾՆՎԵՑ

Էշին ավետիս տվին` թե ցնծա և ուրախ եղիր և մեծ ընծա պարգևիր, որովհետև քեզ թոռ ծնվեց, և էշն ասաց.
Վայ ինձ, բարեկամներ, եթե հարյուր թոռ էլ ծնվի, չեն թեթևացնի ծանրությունն իմ մեջքի բեռան»:

Լեռնցի
05.06.2010, 17:45
ԳԻՆԻ
Մի թագավոր մի որդի ուներ և հրաման արեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին:
Եվ մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն և երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց:
Թագավորի տղան խիստ գինով էր և հարբած դուրս եկավ, ընկավ աղբանոցը և մեռավ: Թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա` փակեք կարասները կոտրատեք: Եվ այդպես արին:
Մի այրի կին մի որդի ուներ, այրի կինը պահեց յուր հնձանը և գինին և ամեն առավոտ և երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն: Եվ այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին: Թագավորն առավոտյան հրամայեց, թե ով որ սպանել է իմ առյուծին, եթե գա և ինձ պատմի նրան չեմ պատժի: Եվ եկան այրի կինը և նրա որդին: Թագավորը նրան հարցրեց, թե ինչպես սպանեցիր առյուծին: Եվ նա ասաց, թե գիշերով դուրս եկա հանդիպեցի առյուծին և սպանեցի: Եվ մայրն ասաց, թե նրան գինով է սնուցել և պատմեց, թե ինչպես է գինով սնուցել:
Եվ թագավորը հրաման արձակեց, թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում աղբանոցում մեռնեք:

---------- Ավելացվել է՝ 18:45 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:30 ----------

ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ՕՁ
Կար մի թագավոր և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր բերում էր մի կարմիր դահեկան: Եվ թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա և օձը նետում էր մանկան պարանոցով, և այսպես խաղում էին օձն ու մանուկը: Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց և կտրեց օձի պոչը և գետին գցեց: Եվ զարմացավ օձը, թույնով զարկեց մանուկին և մանուկը իսկույն մեռավ, օձը գնաց ուրիշ երկիր: Եվ երբ թագավորը եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ և օձի պոչը գետնին ընկած, իմացավ, որ յուր մանուկն է թրով կտրել օձի պոչը և սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում:
Անցավ մի առ ժամանակ, և թագավորը խնդրանքներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց.
«Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել, նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան: Ինչ որ եղավ, եղավ, իզուր գնացիր: Արի և մենք կլինենք առաջվա նման իրար սիրելի և միասին կապրենք:
Իսկ օձը պատասխան տվեց և ասաց.
«Այդպես չէ, քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու ու ես իրարից հեռանանք, որպեսզի այլ ուրիշ մեծագույն չարիք չծնվի մեր մեջ»: