PDA

Դիտել ողջ տարբերակը : Սեքս, թմրանյութեր և Rock & Roll



Ռուֆուս
23.05.2010, 23:08
Disclaimer Այս անձնական օրագրում դուք ոչ սեքս կգտնեք, ոչ էլ թմրանյութեր, սակայն Rock & Roll-ին դեռ կանդրադառնանք :))

Ռուֆուս
23.05.2010, 23:09
Թեմային համաշունչ մի երգ դնեմ, նոր անցնենք առաջ :)

Ian Dury - Sex & Drugs & Rock & Roll


http://www.youtube.com/watch?v=gBLeVcP_JQg

Ռուֆուս
23.05.2010, 23:20
Էս վերջերս նկատել եմ, որ Երևանը Դելի է դարձել, մարդիկ որտեղ ուզենան, իրենց բնական կարիքները կհոգան... :[

Մի շաբաթ առաջ Իմփրեշնի հետ Մանկական Երկաթուղում էինք: Երկաթուղու կայարանի մոտ մի քանի տղամարդ նստած նարդի էին խաղում: Մեկը վեր կացավ, մոտեցավ մեզ ամենամոտ ծառին, շալվարն իջացրեց ու սկսեց միզել: :o Ստիպված էդ ծառի հակառակ կողմում սպասեցինք, մինչև գործը վերջացներ, նոր շարժվեցինք: Ի դեպ տարածքում լիքը մարդ կար, բայց դե էդ մարդը թքած ուներ դրա վրա:

Մի ժամ առաջ Կոմիտասով էի քայլում, մի մարդ մոտեցավ մայթի ու փողոցի արանքն ընկած ծառերից մեկին, շալվարն արձակեց ու սկսեց միզել... :o Դիմացից ավտոներ էին անցնում, հետևից լիքը մարդ, իր հեչ պետքն էլ չէր...

Դեռ լավ ա, որ մյուս կարիքներն էլ հենց փողոցի մեջտեղում չեն հոգում... :[ Զզվելի է, գոնե էնպիսի տեղեր անեն, որ մարդկանց աչքից հեռու լինի, վերջիվերջո տհաճ ա :[

Ռուֆուս
07.06.2010, 15:30
Չնայած գիշերվա ժամը չորսն էր, բայց օդանավակայանի ժամանման սրահում տոթ էր, շնչելու օդ չկար: Ականջակալները ականջներս խրած երաժշտություն էի լսում ու հետևում կողքս տեղի ունեցող անցուդարձին: Դիմավորողները հավաքվել էի ելքի ապակու մոտ ու ծաղկեփնջերով, փուչիկներով, անհանգիստ հայացքներով հետևում էին դուրս եկող մարդկանց: Գրկախառնություններ, համբույրներ, քրտինքի հոտ, լաց, նորից գրկախառնություններ, ժպիտներ, համբույրներ, քրտինքի հոտ, ջերմություն....

Ցուցանակը ձեռքիս սպասում էի երկու բելգիացի ոստիկաններին, ում պետք ա դիմավորեի ու ուղեկցեի մինչև հյուրանոց: Հերթով ուսումնասիրում էի դուրս եկող մարդկանց, բայց բելգիացիները ոնց որ թե չկային: Սպասասրահում մարդիկ սկսեցին քչանալ, ցուցանակը արդեն ճմռթվել էլ, ականջներումս հնչող Under Pressure երգը ճնշում էր, արդեն մի կերպ էի ոտքի վրա կանգնում... Արդեն երկու ժամ ա անցել, ժամանող մարդկանց հոսքը դադարեց... Զանգում եմ հյուրանոց, որպեսզի ճշտեմ, կարո՞ղ ա ինձ չեն տեսել ու ինքնուրույն են հասել հյուրանոց: Օթել Էուղոպ (չգիտեմ ինչ), Մաղինե ա թելեֆո՞ն.... չէ, ոչ ոք չի եկել, միգուցե ձեզ սխա՞լ տեղեկություններ են ասել:

ՍՄՍ եմ գրում, պատասխանը երկար սպասեցնել չի տալիս. բայց մենք վաղն ենք ժամանալու, ինչու՞ եք այսօր գնացել օդանավակայան:
Պարզվում ա թյուրիմածություն ա եղել, պարզվում ա, հունիսի յոթին ոչ թե վայրէջքն ա լինելու, այլ թռիչքը, ժամանալու են ութին... Ինչևէ, պատասխանում եմ, կներեք որ արթնացրի, կհանդիպենք վաղը :) :angry Պատասխանում են. ինձ էլ կներեք, որ անհանգստություն պատճառեցի :(

Արդեն լուսաբաց էր: Տաքսիի մեջ մի կերպ դիմադրում էի, որ չքնեի, սակայն միանգամից սթափվեցի, երբ լսեցի թե ինչքան պետք ա վճարեմ :o Ա, դե փախաք բոլորդ, հավես չունեմ կռիվ անելու, քունս տանում ա....

Ռուֆուս
11.06.2010, 16:31
Չնայած գիշերվա ժամը չորսն էր, բայց օդանավակայանի ժամանման սրահում տոթ էր, շնչելու օդ չկար: Ականջակալները ականջներս խրած երաժշտություն էի լսում ու հետևում կողքս տեղի ունեցող անցուդարձին: Դիմավորողները հավաքվել էի ելքի ապակու մոտ ու ծաղկեփնջերով, փուչիկներով, անհանգիստ հայացքներով հետևում էին դուրս եկող մարդկանց: Գրկախառնություններ, համբույրներ, քրտինքի հոտ, լաց, նորից գրկախառնություններ, ժպիտներ, համբույրներ, քրտինքի հոտ, ջերմություն....

Ցուցանակը ձեռքիս սպասում էի երկու բելգիացի ոստիկաններին, ում պետք ա դիմավորեի ու ուղեկցեի մինչև հյուրանոց: Հերթով ուսումնասիրում էի դուրս եկող մարդկանց, սմս է գալիս. «Մենք արդեն ժամանել ենք, շուտով դուրս կգանք»: Արտասահմանցիների համար շատ եմ թարգմանություններ արել, գիդ եմ աշխատել, չնայած լիցենզիա չունեմ: Սովորաբար հաճելի մարդիկ են լինում, փորձում եմ Հայաստանը լավագույն կողմից ներկայացնել, վատ կողմերի մասին շատ չխոսել, որպեսզի իրենց մոտ սխալ տպավորություններ չստեղծվեն: Հյուրերին հրաժեշտ տալուց առաջ միշտ փոխանակվում էի email-ներով, խոստանում էինք իրար գրել ու կապ պահպանել իրար հետ, սակայն դրանից հետո իմ ուղարկած նամակները միշտ անպատասխան էին մնում: Կարծում էի, որ բելգիացների հետ էլ նույն կերպ կլինի, բայց երբ իրենց առաջին անգամ տեսա հասկացա, որ իրենք ուրիշ են:

Դիրկը տարիքով ավելի մեծ էր (հիսուն տարեկան), բարձրահասակ, նիհար, բայց ֆորմայի մեջ: Շատ քաղաքավարի ու բարի մարդ էր երևում, զգացվում էր, որ շատ կարդացած ու խելացի մարդ է: Յոհանը Դիրկի հակապատկերն էր, բարձրահասակ, մկանուտ (հայ եզ թիկնապահները կերազեին էդպիսի մկաններ ունենալ), խոլերիկ էր, տեղում չէր կարողանում երկար մնալ, նման անհանգիստ ու կենսուրախ մարդու կողքին դու էլ ես կենսուրախ դառնում...

Զանգում եմ տաքսի սերվիս, տաքսի չունեն: Գրողը տանի, պարզվում ա բոլոր տաքսի սերվիսները մեքենա չունեն, ամենաշուտը մեկ ժամից կուղարկեն: Գիշերվա վեցն է, երեքս էլ հոգնած ենք, պետք է տաքսի ճարենք: Առաջարկում եմ օդանավակայանի տաքսիներից օգտվել, բելգիացիներին ասում եմ, որ գնի մասին նախօրոք կպայմանավորվեմ: Տերմինալից դուրս գալուց տաքսու վարորդները սոված շների պես հարձակվում են մեր վրա, ամեն մեկը պայուսակներից մեկն է բռնում ու քաշում դեպի ավտոմեքենան, ասում եմ, որ հանգիստ թողնեն, տաքսի պետք չի: Մի փոքր հեռանում ենք մի մարդ ա գալիս, առաջարկում ա տաքսիով տանել, առաջարկում եմ 3500դրամ, համաձայնվում է: Մոտենում ենք տաքսուն, ողբալի վիճակում գտնվող կանաչ գույնի լադա է: Բելգիացիներին առաջարկում եմ ուրիշ տաքսի վերցնել, սակայն հրաժարվում են, ասում են այս տաքսին նորմալ ա: Ինչ արած, նստում ենք տաքսի:

Օդանավակայանից տարածքից դուրս գալուց հետո տաքսու վարորդը սկսում է իրենց բիզնեսի մանրամասները բացատրել, սիրտս սկսում է վատ բան գուշակել.
- Բա տղա ջան, հազար հինգը տալիս եմ էնտեղը մլիցուն, հինգ հարյուրը տալիս եմ կտրոնի համար, բա ինձ տակը մի կոպեկ չմնա՞: Ես ձեզ հինգ հազարով կտանեմ:
Արյունը խփում ա գլխիս.
- Մենք երեք ու կեսով ենք պայմանավորվել, հենց հիմա կանգնիր, մենք իջնում ենք, ուրիշ տաքսիով կգնանք:
- Էլ չես կարա իջնես, երկու հազար պտի տաս, բա էդքան փող եմ արդեն տվել...
- Կտա՜մ, էն էլ ոնց հենց հիմա կանգնիր:
Յոհանը հարցնում ա, թե ինչ ա կատարվում, բացատրում եմ, որ տաքսիստը գինը բարձրացրել ա: Յոհանն ասում ա, ամեն ինչ նորմալ ա, հինգ հազար կտանք, բայց թող ստացական տա, որ էսքան գումար ենք վճարել:
Տաքսիստին պահանջները ներկայացնում եմ, համաձայնվում ա: Արդեն մտել ենք քաղաք, տաքսիստը սկսում ա ուրիշ երգ երգել, բա գիտես տուն ունեմ, կնիկ ունեմ, երեխեք ունեմ, բա օգնիր մեզ տղա ջան, էդ թղթի մեջ 5000դրամի տեղը 20 եվրո գրիր, եղած չեղածը երկու հազար դրամ ա ավել, էդ իրենց համար ոչ մի բան ա: Արյունը էլի խփում ա գլխիս:
- Ձե՞ռ ես առնում, ի՞նչ 20 եվրո, հերիք չի՞ մի անգամ գինը թանկացրիր: Էլ ի՞նչ ես ուզում, գրում եմ հինգ հազար ու վերջ, էդ էլ ա քո համար շատ :angry

Հասնում ենք հյուրանոց, տաքսիստը ստորագրում ա թուղթը, ասում եմ, որ դրսում սպասի, հետո կվճարեմ ու ինձ տուն կտանի: Check In լինելուց հետո բարի գիշեր եմ մաղթում Յոհանին ու Դիրկին, պայմանավորվում, որ վաղ առավոտյան պետք է գնանք Երևանի քաղմասերից մեկը ու բարի գիշեր մաղթում: Տաքսու վարորդը կատաղած ինձ էր սպասում, հենց տաքսի նստեցի, սկսվեց մեղադրանքների տեղատարափը... Ականջակալներս դրեցի ականջներս, որպեսզի չլսեմ սկիզբ ու վերջ չունեցող բողոքները, չարչիական մտածելակերպի աննման գոհարները... Հասանք, գումարը դրեցի նստատեղին ու առանց բարի գիշեր մաղթելու դուրս եկա տաքսուց:

Ես դեռ չգիտեի, որ սա ընդամենը ծաղիկներ էին, դրանից հետո բեթար էր լինելու....

Ռուֆուս
11.06.2010, 16:52
Հաջորդ օրը Երևանի քաղմասերից մեկում...

Բելգիացիները իրենց հայաստանյան գործընկերոջը նվերներ էին բերել, գործընկերը (եկեք նրան տանք Վարդան անունը), շատ շնորհակալ էր, մի քանի կարևոր և ոչ այնքան կարևոր հարցեր քննարկեցինք, բելգիացիները որոշում տվեցին Վարդանին, որը անգլերենից պետք է թարգմանվեր հայերեն: Վարդանն ասաց, որ այդ մեկ էջանոց որոշումը թարգմանելու համար իրենց մեկ օր ժամանակ է պետք :o Ապշել կարելի է, ես այդ որոշումը տասը րոպեում էլ կթարգմանեի, բայց ինչևէ, դա իմ գործը չէ, շնորհակալություն ենք հայտնում ընդունելության համար ու դուրս գալիս:

Բելգիացիները հետ են վերադառնում հյուրանոց հանգստանալու, երեկոյան քաղաքի հետ եմ ծանոթացնում, շատ հիացած են Երևանով: Դիրկին հետաքրքրում էր Հայաստանի պատմությունը, մշակույթը, սոցիալական ու քաղաքական իրավիճակը: Դիրկը բավականին տեղեկացված էր, ահագին բան գիտեր մեր մասին ու շատ խելացի մտքեր էր արտահայտում: Յոհանին այդ ամենը չէր հետաքրքրում, իրեն մենակ հայ աղջիկներն էին հետաքրքրում - մեծ կրծքերով աղջիկներ, սիրուն տուտուզներով աղջիկներ, դեկոլտե տեսնելիս հավասարակշռությունը կորցնում էր, կարճ շրջազգեստներից աչքերը կլորանում էին, բարձրակրունկ կոշիկներից քիչ էր մնում ուշաթափվեր: Ամբողջ օրը փոքրիկ ֆոտոապարատը ձեռքը գաղտագողի նկարում էր հայ աղջիկներին ու հետո հիանում նկարներով: Բարեբախտաբար (թե դժբախտաբար :))) այս մի քանի օրվա ընթացքում ոչ մի հայ աղջիկ կարմիր խնձորիկը չկորցրեց, որովհետև Յոհանը հոլանդուհի ընկերուհի ունի, ում շատ է սիրում ու երբեք նրան չի դավաճանի: Իրեն պարզապես շատ են դուր գալիս աղջիկները :)

Ռուֆուս
11.06.2010, 17:24
Մեկ օր անց վաղ առավոտ Երևանի նույն քաղմասում:

Արդեն երրորդ գիշերն է նորմալ չեմ կարողացել քնել, երեկոյան գնացել էինք Տեխաս բար, տուն գնացինք շատ ուշ: Հաճելի ժամանակ անցկացրինք, լիքը ալկոհոլ, ու դեռ մի բան էլ պարզվում ա բելգիացիները հրաշալի հումորի զգացում ունեն (չնայած իրենց բոլոր հումորները ինտիմ ուղղվածություն ունեին :D): Հա, ինչ էի ասում, քաղմասում էինք, պարզվում ա, էդ մի կտոր թուղթը դեռ չեն թարգմանել, ստիպված ինքս եմ թարգմանում: Պետք է որոշակի գործողություններ անեինք, գտնեինք գողացված գույքը և առգրավեինք: Դրա համար մի թուղթ էր պետք (ստորագրություն ու պեչատ), խնդրեցին մի փոքր սպասել: Սպասեցինք, մի ժամ... Վարդանը խնդրեց սպասել պետի սենյակում, պետը ուզում էր ավելի մոտիկից ծանոթանալ բելգիացի գործընկերների հետ: Ականատես եղանք հայկական չարչիական ապրելաձևի հերթական աննման գոհարներին: Պետի սենյակը շատ փոքր էր, ներսում աղբը ավելի շատ էր քան օգտակար բաները: Պատից կախված էր Armani կոստյումը, սեղանին՝ թանկարժեք նոթբուքը ու iPhone-ը ու մերսեդեսի բանալին, իսկ պետը բողոքում էր, որ իր աշխատավարձը չափից դուրս ցածր ա... Պետը դուրս եկավ ու մեզ թողեց մենակ: Բելգիացիները ինձ ասեցին, որ իրենք ոչ Armani են կրում, ոչ էլ Մերսեդես են վարում, կյանքից էլ շատ գոհ են :) Սպասեցինք երկու ժամ, երեք ժամ, չորս ժամ.... Վերջապես թղթերը պատրաստ են, գնում ենք մեկ այլ քաղմաս, էնտեղի քննիչներին բացատրում ենք, թե ինչի համար ենք եկել, տեղյակ չեն.... Խնդրում եմ, որ ավելի օպերատիվ աշխատեն, ամոթ է վերջիվերջո: Սպասում ենք մի ժամ, երկու ժամ...

Բելգիացիները ապշած են, Հայաստանում ամեն ի՞նչն ա էսպես լինում: Դիրկն ասում է, որ եթե Բելգիայում լինեինք այս ամբողջը մաքսիմում կես ժամ կտևեր... Ինչևէ, սա Բելգիան չէ, սա Հայաստանն է:

Վերջապես թղթերը պատրաստ են, հայ քննիչների հետ գտնում ենք գործարանը, բարեհաջող կերպով գտնում գողացված սարքավորումները, առգրավում, արձանագրություն կազմում և վերջ, միսիան ավարտված է: :) Մինչև բելգիացիների հայրենիք վերադառնալը մեկ ու կես օր ունենք:

Երեկոյան հայկական ռեստորաններից մեկում ընթրելուց հետո նորից գնացինք Տեխաս բար, Յոհանին բարը շատ էր դուր եկել (աղջիկները շատ են :D):

Salsa Night էր, բարում գժական տրամադրություն էր, բարձր երաժշտություն, բոլորը պարում էին... Լույսերը անջատվեց, երևի էլցանցում վթար էր եղել, քանի դեռ մատուցողուհին մոմերն էր վառում, յուրաքանչյուր սեղան բարձրաձայն մի երգ էր երգում: Դվիժոկը միացրին, երաժշտությունը նորից սկսեց նվագել: Տեխասի ծխով լի կիսախավարում իսկական գժանոց էր, սեղանների մոտ ոչ ոք չկար նստած, բոլորը ուս ուսի տված սերտակի էին պարում...

Հոգնեցինք, վերադարձանք սեղանի մոտ: Դիրկը գոհ հայացքով սիգար էր ծխում ու հայկական սառը գարեջուրն էր վայելում, Յոհանը աղջիկներին էր հերթով ուսումնասիրում ու աչքով անում:

Ինձ ծաղրածուի դերում էի զգում, ափսոս, որ չգիտեն, ես էդ պահին պետք է մեկ ուրիշ վայրում լինեմ, ուրիշ մարդկանց հետ: Ափսոս, որ չգիտեն, որ չնայած ժպտում եմ, բայց ուրախանալու բան առանձնապես չկա: Ավելի լավ, որ չգիտեն, հետո կասեմ....

Գիշերվա երեքն ա, արդեն տանն եմ, էլի գիշերը նորմալ չեմ քնելու, առավոտյան պետք է գնամ քաղմաս թղթերի պատճենները վերցնելու :{

Ռուֆուս
12.06.2010, 02:25
(Նախա)վերջին առավոտը նույն քաղմասում

Առավոտյան ժամը 8:00-ին Դիրկն սմս է գրում, խնդրում է առանց իրենց քաղմաս գնալ, ուզում են քնել: 8:30-ին Վարդանն է զանգում, խնդրում է 9:30 քաղմասում լինել, որովհետև ամբողջ քաղմասի աշխատակազմը մեռելտուն է գնալու: Գլխացավից մեռնում էի, մի քանի օր գրեթե չէի քնել: Այդ նույն օրերի ընթացքում օգտագործած ալկոհոլի ահռելի քանակից մոտս մշտական սրտխառնոց էր առաջացել, եթե արյունս ստուգեին արյան ու ալկոհոլի հարաբերակցությունը երևի թե 50/50 կլիներ, իսկ նիկոտինի հոտը այնպես էր կպել մարմնիցս, որ նույնիսկ լողանալուց հետո չէր անցնում: Քաղմասում նույն հայկական բյուրոկրատիան էր, իրենք չգիտեին թե ինչ պետք ա անեին արձանագրության հետ: Վարդանը թարգամնչի վրա գոռում էր, որ պետք ա հնարավորինս չափ շուտ այն թարգմանվեր անգլերեն, թարգմանիչը բողոքում էր, որ չգիտի, թե ինչպես պետք է թարգմանի այնտեղ նշված շուրջ 25 տարբեր տեսակի հաստոցների անունները անգլերեն: Արդեն չդիմացա, ասացի, որ թարգմանել պետք չի, այդ թուղթը հայերեն պետք է ուղարկվի Բելգիա, իրենք հայերենից կթարգմանեն ֆլամանդերեն: Վարդանը խնդրում է, որ զանգեմ Դիրկին ու ճշտեմ, արդյո՞ք թարգմանելը պարտադիր չէ:

Ատում եմ, երբ մարդիկ ինձ զանգում են ու քնից արթնացնում, Դիրկը քնաթաթախ ձայնով ասում է, որ թարգմանել պետք չի, իրենց հայերեն տարբերակն էլ է բավարար: Վարդանը խնդրում է սպասել մի այլ սենյակում: Մի ժամ անց գալիս ու հայտնում է, որ հիմա էլ ուղեկցական նամակ են գրում, որը թարգմանիչը կթարգմանի անգլերեն: Ասում եմ, որ ուղեկցական նամակի կարիք չկա, ընդամենը հարկավոր է արձանագրության պատճենը: Եվս մեկ զանգ Դիրկին ու էլի նույն քնաթաթախ ձայնը՝ նամակի կարիք չկա, ընդամենը պատճենը տվեք: Էլի եմ սպասում, տանում են թուղթը պատճենելու, հիմա էլ պարզվում է թուղթ չունեն: Մի խոսքով, ժամը 12:00-ին վերջապես ստանում եմ պատճենը:

Գնում ենք Էջմիածին Հայաստանի պատմամշակութային կոթողներին ծանոթանալու համար: Յոհանին Էջմիածինը չի հետաքրքրում, խաչքարները նրա համար ընդամենը քարի կտոր են, եկեղեցիները՝ մռայլ շինություններ, իսկ մեր պատմությունը՝ շատ երկար է ու ձանձրալի: Փոխարենը մեծ հետաքրքրությամբ տնտղում էր եկեղեցի այցելող աղջիկները (տնաշենները նույնիսկ եկեղեցի այցելելիս նորմալ չեն հագնվում :))): Դիրկին շատ է հետաքրքրում մեր պատմությունը, մեծ ուշադրությամբ լսում էր մեր հաղթանակների ու պարտությունների մասին: Մայր Տաճարի գանձարանում ցույց եմ տալիս Սուրբ Գեղարդը, Յոհանը կասկածում է դրա իսկության մեջ, հարցնում է, իսկ ստուգե՞լ են, արդյո՞ք գեղարդը իրոք այդքան հին է: Ցույց եմ տալիս Սբ. Թադևոս Առաքյալի մասունքները, նորից նույն թերահավատ դեմքի արտահայտությունը: Հոգ չէ, ես նույնպես չեմ կարծում, որ դրանք իսկական են:

Զվարթնոցում Յոհանին հետաքրքրեց միայն մեկ մետրանոց ֆալլոսը: Սակայն երկար զննելուց հետո ասաց, որ իր սեփականն ավելի մեծ է, քան դա (մեծամիտ բելգիացի, դու դեռ իմ Մեծամորյան ֆոտոսեսիան չես տեսել :beee):

Վերադարձանք Երևան...

Ռուֆուս
12.06.2010, 15:09
Երևանի Զբոսաշրջիկների Տեղեկատվական Կենտրոնում ենք, իմ նախկին աշխատավայրը, եկել ենք բացիկներ գնելու: Կենտրոնի բոլոր աշխատողները պոլիգլոտներ են ու չնայած սովորաբար զբոսաշրջիկներին անգլերեն, ռուսերեն ու հայերեն են սպասարկում, եթե աշխատողներից որևէ մեկը գիտի այցելուի մայրենի լեզուն, վերջում մի իրենց լեզվով մի նախադասություն է ասում: Ու սկսվեց, սովորաբար զբոսաշրջիկը զարմանում է, հետո շատ ուրախանում, որ կորած մոլորած երկրի մի բնակիչ ժամանակ է ծախսել ու իր երկրի լեզուն է սովորել: Մեզ սպասարկող աղջիկը՝ Լիլիթը հրաժեշտ տալուց առաջ հոլանդերեն ինչ-որ բան ասեց, Դիրկն ու Յոհանը ապշած նայեցին նրա վրա. «Դուք ֆլանմանդերեն էլ գիտե՞ք»: Մոտ տաս րոպե զրուցեցին իրար հետ, ես ոչ մի բառ չէի հասկանում, սակայն զգում էի, Լիլիթը շատ վարժ էր խոսում: Հետո Դիրկն ինձ ասա, որ Լիլիթի քույրը Նիդեռլանդներում է բնակվում, Լիլիթը ինքնուրույն է սովորել հոլանդերեն ու հիմա շատ վարժ է խոսում: Մի տարի առաջ այցելել էր Նիդեռլանդներ ու Բելգիա, իսկ հիմա ուզում է մշտապես այնտեղ բնակվել: Յոհանն ասում է, որ նա Նիդեռլանդներում շատ լավ աշխատանք կկարողանա գտնել, լեզվի իմացությունը արդեն իսկ մեծ առավելություն է:

Գնում ենք Ակումբ Ռեստորան (The Club), ինձ միշտ հիացրել է Ակումբի յուրօրինակ մթնոլորտը, կարծես թե ուրիշ աշխարհ լինի: Մատուցողին տեղավորում է, բերում մենյուները, հետո ասում.
- Ես ձեզ ինչ-որ տեղից գիտեմ, երեքիդ ինչ-որ մի տեղ հաստատ տեսել եմ.... ...Կարո՞ղ ա երկու օր առաջ Տեխաս բարում էիք:
Հիշեցի, մեր դիմացի սեղանին էր նստած ընկերուհիների հետ: Յոհանը անունն է հարցնում. Աննա: Աննան գեղեցիկ չէր, բայց շատ կանացի էր ու հաճելի արտաքին ուներ: Միակ թերությունը թերևս հայկական կոտրված քիթն էր: Յոհանը բացատրում է, որ աղջկա արտաքինը իր համար կարևոր է, սակայն կատարյալ գեղեցկություն ունեցող աղջիկներն իրեն այդքան էլ դուր չեն գալիս: Աղջկա արտաքինի մեջ ինչ-որ մի բան պետք է լիներ, որն իրեն յուրահատուկ կդարձներ, Աննայի դեպքում դա քիթն էր:

Մի փոքր ուշ պարզվեց, որ մեր դիմացի սեղանին նստած զբոսաշրջիկները նույնպես բելգիացիներ են, իսկ նրանցից մեկը Յոհանի ու Դիրկի ծանոթներից է: Իսկ մեր կողքի սեղանին նստած էին շվեյցարացի պապիկ, տատիկներ: Հարցուփորձ արեցի շվեյցարացիների գիդին, պարզվեց շվեյցարացի պապիկ/տատիկներին մի շվեդուհի տատիկ էր հրավիրել Հայաստան: Շվեդուհին ավելի քան տասնհինգ տարի է ապրում է Հայաստանում, այստեղ բարեգործական ընկերություն է հիմնել, իսկ հիմա համոզում է հարուստ շվեյցարացիներին, որպեսզի գումար նվիրաբերեն բարեգործության համար: Ավելի ուշ պարզվեց, որ այսօր շվեյցարացի պապիկներից մեկի ծնունդն էր, լույսերը հանգցրեցին ու փոքրիկ թխվածք բերեցին մոմերով, պապիկը գլուխը ցնցելով մի կերպ կարողացավ հանգցնել մոմը: Յոհանը կատակեց, որ սա թերևս պապիկի վերջին ճանապարհորդությունն էր և վերջին ծննդյան օրը: Չնայած ծիծաղում էի, բայց մի փոքր տխրեցի, պապիկին մեղքս տվեց: Շատ բարի մարդ էր երևում, գոնե թող հասցներ բարեգործություն աներ, նոր մեռներ...

Ակումբից հետո պետք է ևս մեկ անգամ գնայինք Տեխաս, այսօր խեցգետնի օրն էր, ուզում էինք հրաժեշտը մի քանի բաժակ գարեջրով նշել: Յոհանը մի փոքր ուշ եկավ, պարզվեց, ժամադրվել էր Աննայի հետ, մի ժամ հետո նորից վերադառնալու էր Ակումբ միասին մի բաժակ գինի խմելու:

Ռուֆուս
12.06.2010, 19:43
Տեխաս բարում ենք, Լիանան մեր համար սեղան էր պահել: Տեխասի մշտական հաճախորդները արդեն ճանաչում էին մեզ բարևում, ժպտում: Խեցգետինները Դիրկին շատ դուր եկան, մի հսկայական ափսե կերևամ: Մի քանի կենաց խմեցինք, ալկոհոլը նորից տվեց գլխիս, ոչինչ հարբածությունը ինձ չէր խանգարի: Յոհանը մեզ լքեց, հետ վերադարձավ Ակումբ Աննայի հետ մի բաժակ խմելու, մի փոքր ուշ ես ու Դիրկը վերադարձանք հյուրանոց: Դիրկը պետք է վճարեր թարգմանության համար, մենք նախապես պայմանավորվել էինք, որ ինձ վճարելու էին միայն գործնական թարգմանությունների համար, իսկ մնացած ամեն ինչը անելու էի անվճար: Դե եթե գիդի ու էսկորտի գումարն էլ հաշվեինք, ինձ պետք է տասնապատիկ ավելի վճարեին, բայց հոգ չէ, ինձ այսքանն էլ ա բավարարում: Դիրկը վճարեց նշված գումարից ավելի շատ, լավ թարգմանության համար: :)

Դիրկին հրաժեշտ տվեցի ու հետ գնացի Ակումբ, Յոհանը ինձ էր սպասում: Ակումբն արդեն փակվել էր, Յոհանը տխուր նստած էր մայթին: Առաջարկեց ևս մեկ անգամ գնալ Տեխաս ու մի գավաթ գարեջուր խմել: Ճանապարհին չէինք խոսում, Տեխասում էլի նույն դեմքերն էին, ուրախ էին, որ վերադարձել ենք: Հարցրեցի Աննայի հետ ժամադրության մասին, Յոհանը խոստովանեց, որ սխալ բան էր արել: Աննան բողոքել էր կյանքից, ասել էր, որ Հայաստանում ամեն ինչ սարսափելի վատ է, ուզում է Հայաստանից հնարավորինս շուտ հեռանալ: Վերջում էլ Յոհանին email-ն էր տվել ու խնդրել էր, որ գրեր: Յոհանը գրպանից հանեց այցեքարտը, որի վրա հասցեն էր, պատռեց ու նետեց գետնին: Աննան Յոհանից նամակ չի ստանա, հարգեցի Յոհանին... Չի կարելի աղջկա զգացմունքների հետ խաղալ, չի կարելի թեկուզ և չնչին հույս տալ, իսկ հետո կոտրել նրա սիրտը: Վստահ եմ, որ մի շաբաթից Աննան արդեն կմոռանա Յոհանի մասին ու կյանքում դեռ կգտնի իր տեղը:

Վերադառնում ենք հյուրանոց, արդեն գիշերվա 1:30-ն ա: Սպասում եմ սպասասրահում, մինչև 2:15 որպեսզի օդանավակայան գնանք: Արդեն վիճակս անտանելի ա, նստածս տեղը քնում եմ: Հիշում եմ, որ երկու օր առաջ My World My Space-ը Ակումբում պատմվածք (http://www.akumb.am/showthread.php/54845-%D4%BB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B7%D5%A1%D5%B6%D5%BD-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%A9%D5%BC%D5%A1...) էր գրել, որը չէի հասցրել կարդալ: Հեռախոսով մտնում եմ Ակումբ, կարդում եմ, ինչ լավն էր :)) Scroll down - Ձոն Ռուֆուսին, բարձրաձայն ծիծաղում եմ :)) Ինչ լավ ա քունս փախավ, գոնե մինչև օդանավակայան կդիմանամ:

Ռուֆուս
13.06.2010, 23:01
Յոհանն արդեն հյուրանոցի սպասրահում է, սպասում ենք, թե երբ Դիրկը կարթնանա ու կգնանք օդանավակայան: Յոհանին ասում եմ, որ Վարդանը ինձ վաղը քաղմաս է կանչել, ինչ-որ բան պետք է ասի:
- Միգուցե փո՞ղ է ուզում վերցնել:
- Չէ, չեմ կարծում, որ նման բան անի: Վերջիվերջո քեռուս աղջիկն էլ է իր հետ աշխատում, չի համարձակվի քեռուս աղջկա ներկայությամբ ինձանից կաշառք պահանջել: Երևի մի քանի բան է ուզում հարցուփորձ անել:
- Չգիտեմ, ամեն դեպքում եթե հանկարծ փող ուզի, չտաս: Ինչու՞ պետք է նրան փող տաս, որ փոխանակ գործ անի որ ամբողջ օրը նստած է իր կաբինետում ու սրա-նրա վրա՞ է գոռում:
- Լավ, պայմանավորվեցինք, բայց միևնույնն է, չեմ կարծում, որ փող կուզի: Երևի ինչ-որ բան է ուզում հետս ճշտել:

Դիրկն էլ իջավ, հյուրանոցի ադմինիստրատորը տաքսի է կանչել: Տաքսիստի հետ պայմանվորվում եմ, որ օդանավակայանում սպասի ու ինձ տանի տուն: Ասում է, որ օդանավակայան հասնելուց հետո կգնա գազալիցքավորման, 15 րոպեից կվերադառնա ու ինձ հետ կտանի: Հասնում ենք օդանավակայան, ճանապարհին քնել էի: Արթնացա այն պահին, երբ տաքսիստը ստացականն էր լրացնում, ստորագրում և տալիս է ինձ: Երբ գինը տեսա, աչքերս թռան ճակատս - 7500դրամ+20%ԱԱՀ=9000դրամ:
- Ձե՞ռ եք առնում, էս ի՞նչ գին ա :o
- Ստանդարդ գին ա, մենք բոլոր հյուրանոցների հետ սենց ենք աշխատում:
- Հիմա որ դու ինձ տուն տանես էլի էսքա՞ն ես վերցնելու :o
- Չէ հա, այ ախպեր, քեզանից 2000դրամ եմ վերցնելու, մենք հյուրանոցի հետ սենց ենք աշխատում, հյուրանոցում չեն զգուշացրե՞լ:
Չգիտեմ, ադմինիստրատորը ինձ գին չի ասել, հյուրերի հետ է խոսել: Էդ պահին Դիրկը հարցնում ա, թե ինչքան պետք ա վճարեն: Ասում եմ, որ տաքսիստը 9000դրամ է ուզում, ինչը ծիծաղելի ա, նման գնով երեք անգամ կարող եք օդանավակայան գնալ: Խնդրում են, որ տաքսուց իջնեմ ու կռիվ չանեմ, 10.000 դրամանոց են տալիս տաքսու վարորդին, վարորդը 1000 դրամ հետ է տալիս ու գնում լիցքավորման:

Ես դեռ ուշքի չեմ եկել կատարվածից, հարցնում եմ, ինչու՞ էիք հյուրանոցից այդքան թանկ տաքսի վերցրել, ասում են, որ հյուրանոցում ասել էին, որ տաքսու գինը 5000դրամ էր: Իրենք չէին սպասում, որ էսքան թանկ կլինի: Խնդրում են մոռանալ միջադեպի մասին, ինչ եղել, եղել ա...

Հրաժեշտի պահը բավականին հուզիչ էր: Ընդհանրապես արտասահմանցիները շատ անկեղծ են լինում հրաժեշտի պահին, երբեք չեն խոստանում այնպիսի բաներ, ինչպիսիք չեն կարողանա անել: Օրինակ շատերը պարզապես շնորհակալություն են հայտնում ու հրաժեշտ տալիս, ոմանք ասում են, որ ուրախ կլինեն էլի հանդիպել: Որոշները ասում են, որ եթե իրենց քաղաքը այցելեք, մի գավաթ գարեջուր ըմպելու կհրավիրեն և այլն: Մի խոսքով, եթե հրաժեշտի պահին իրենք մի բան խոստացան, ուրեմն հենց այդպես էլ կլինի, ոչ մի բան ավել կամ պակաս :)) Դիրկն ընդամենը ասաց, որ եթե երևէ Անտվերպեն այցելեմ, ուրախ կլինի ընտանիքով հանդերձ ինձ որևէ տեղ ընթրելու հրավիրել (ուշադրություն դարձրեք, որ ինձ տուն չի հրավիրում :))): Յոհանն ավելի առատաձեռն էր, ասաց, որ իր տանը միշտ տեղ ունեմ, եթե մի օրով, մի շաբաթով, կամ էլ մի ամսով այցելեմ Անտվերպեն, կարող եմ իր տանը մնալ: Վերջում ինձ օդը բարձրացրեց ու այնպես ուժեղ գրկախառնվեց, որ թոքերս բերանս եկան :}

Հոգնածությունից օրորվելով դուրս եկա օդանավակայանից: Էն հույսով էի, որ տաքսու վարորդը իր արածից կամաչեր ու ինձ չէր սպասի: Գրողը տանի, կանգնած ինձ ա սպասում :( Նստեցի տաքսի մի փոքր անտրամադիր, միևնույնն ա, վերջում սիրուն բան չստացվեց:
- Լսի, շատ ջղայնացա՞ն:
- Հա, բա ի՞նչ արեցին, հյուրանոցում 5000դրամ էին ասել, ինչի՞ 9000դրամ վերցրիր:
- Այ ախպեր ջան, 9000դրամ ո՞վ ա վերցրել:
Ծիծաղում ա...
- Դու չտեսա՞ր վերջում 5000դրամ զդաչի տվեցի:
Սիրտս խառնեց, էս մարդն իրո՞ք էս աստիճանի տականք ա:o :[
- Չէ, ես շատ լավ տեսա, որ վերջում 1000դրամ տվեցիր:
- Չէ, այ ախպեր ջան, 5000դրամ եմ տվել, էդ թղթի վրա էլ 9000դրամ էի գրել հաշվապահության համար: Այ ախպեր ջան, ընդամենը 5000դրամ եմ վերցրել, ինչի՞ ես տենց նայում վրես...
Չէ, սա տականք չէ, անասու՜ն, է իրավունք չունի մարդ կոչվելու: Նույնիսկ ամոթ չունի, էսքան բանից հետո փորձում է արդարանալ, բայց ոչինչ, ինքը դեռ իր գլխի գալիքը չգիտի: Հասնում ենք տուն, փողը տալիս եմ ու դուրս եմ գալիս, ճշտում եմ ավտոյի համարը, ու անմիջապես զանգում հյուրանոց, պատմում միջադեպի մասին: Ասում եմ, որ հարցը 4000դրամը չի, այլ ստախոսությունը, որը շատ վատ ազդեցություն է թողնում թե հյուրանոցի, թե Հայաստանի վարկանիշի վրա: Հյուրանոցի ադմինիստրատորը նույնպես ապշած է, ասում է, որ այս հարցը կլուծեն, վարորդն էդ ավել փողը հենց այնպես չի մարսի:

Պառկում եմ քնելու, գրողը տանի տաքսիստին էլ, Վարդանին էլ, բոլորին էլ հետը: Քնելու եմ այնքան ինչքան ուզում եմ:

Ռուֆուս
14.06.2010, 00:05
Վերջին օրը քաղմասում...

Առավոտյան 10:00 հեռախոսս զանգում ա, չեմ վերցնում: Մի փոքր անց, էլի է զանգում, ինչ աներեսն են: Մի կերպ ձեռքս մեկնում եմ ու վերցնում, Վարդանն ա, ասում ա ինչքան կարող եմ շուտ քաղմաս գնամ: Ասում եմ, որ հոգնած մեռնում եմ, ժամը 12:00-ին նոր կգնամ, ասում ա, որ խիստ շտապում ա, գոնե մի 45 րոպեից էնտեղ լինեմ: :[ Մի կերպ վեր եմ կենում, մի ժամ անց քաղմասի մոտ եմ: Զանգում եմ Վարդանին, խնդրում է իր մոտ չբարձրանալ, ինքը հիմա կիջնի, շտապում ա, ճանապարհին կխոսենք: Արդեն պատկերացնում եմ ինչի մասին կլինի խոսակցությունը, ինչ միամիտն էի, հուսանք, սխալվում եմ :(

- Ո՞նց էին հյուրերը, գոհ գնացի՞ն:
- Հա, շատ գոհ էին ամեն ինչից:
- Թարգմանության համար վճարեցի՞ն:
- Այո:
- Ինչքա՞ն տվեցին:
- Ինչքան որ պետք էր, բողոքներ չունեմ:
- Դե հիմա նայիր, ինչ եմ ասում, Հայկ ջան....
Չէ, փաստորեն չեմ սխալվում :[
- ... ես քեզ դիտմամբ վերև չկանչեցի, որ Ելենան (քեռուս աղջիկը) մեզ չտեսնի:
Ու էդ պահին մուրացկանի պես դեպի ինձ է մեկնում ձեռքը.
- Ուրեմն հիմա դու ինձ xx.xxxդրամ ես տալիս, սրանից հետո եթե էլի թարգմանության կարիք լինի, ես քեզ կկանչեմ:
Էդ պահին միակ ցանկությունս էր թքել դրա քաչալ ճակատին, ամբողջ գումարը շպրտել դեմքին ու հեռանալ: :[ Հարցը գումարը չափի մեջ չէր, այլ ինձ վերին աստիճանի տհաճություն պատճառող երևույթի, եթե ամբողջ կյանքումս աշխատել եմ ազնիվ ապրել, առանց կաշառք տալու կամ ստանալու, ապա հիմա էլ չպետք է սկզբունքներիս դավաճանեմ, մանավանդ, որ Յոհանին խոսք եմ տվել:
Նայեցի ուղիղ աչքերի մեջ, մի կերպ արտաբերեցի.
- Կներեք, բայց չեմ կարող ոչնչով օգնել: Ցտեսություն:
Ու արագ հեռացա:

Ամբողջ օրը հայ մուրացկանները գլխիցս դուրս չէին գալիս, թե քննիչների տեսքով, թե տաքսու վարորդների: Կոռուպցիան ամենուր է, ստախոսությունը դարձել է ազգին բնորոշ գիծ, փախնել է պետք էս երկրից ինչքան շուտ ու ինչքան հեռու, էդքան լավ: Կոռուպցիան ժանտախտի պես տարածվում է ամբողջ երկրով մեկ, մի օր ուզես, թե չուզես, քեզ էլ կանցնի:

Ելենային (քեռուս աղջկան) ոչ մի բան չասացի միջադեպի մասին, պետք չի: Ելենային շատ եմ սիրում ու հարգում, սակայն չեմ կարող վստահ լինել իր մասին, նեխած համակարգում աշխատող մարդը սովորաբար իր կամքին հակառակ ինքն էլ է նեխում: Ելենան կարող ա չհասկանար իմ արարքը, ավելի լավ ա հուսանք, որ նեխածությունը դեռևս իրեն չի անցել:

Յոհանին ու Դիրկին նամակ եմ գրել, երկու օր է անցել, դեռ չեն պատասխանել: Երևի նամակը դեռ չեն տեսել: Իրականում այդքան էլ վստահ չեմ, որ կպատասխանեն, միգուցե իրենք էլ մյուս արտասահմանցիների նման ինձ կմոռանան, բայց հոգ չէ, ծանր չեմ տանում: :) Կարծում եմ, որ մենք բաժանվեցինք իբրև ընկերներ ու ուրախ կլինեմ, եթե գրեն :)

Ռուֆուս
17.06.2010, 13:32
Եկեք մի քիչ էլ Rock & Roll-ից զրուցենք :)

Էնքան եմ ափսոսում, որ գրելու ձիրք չունեմ, թե չէ երաժշտական քննադատ կդառնայի :) Կայֆ ա, չէ՞, երգ ես լսում, քո տպավորությունների մասին ես գրում ու դրանով փող աշխատում :))

Երբ ինտերնետիս վիճակը լավ ա լինում, տրվում եմ իմ սիրած զբաղմունքին - նոր, հետաքրքիր երաժշտություն եմ փնտրում ու սովորաբար փնտրտուքներս լավ արդյունքների են բերում, մեկ մեկ էլ իսկական գանձեր եմ գտնում: Ձեզ հետ էլ ա լինում, չէ՞, երբ մի նոր, անծանոթ երգ ես լսում ու հենց առաջին նոտաներից հասկանում ես, որ էս երաժշտությունը հենց քոնն ա ու նույնիսկ ափսոսում ես, որ ավելի շուտ դրա մասին չգիտեիր :(

Երեկ մի գանձ գտա, կոչվում ա Fever Ray

http://img42.imageshack.us/img42/1554/feverrayfeverhair.png

http://img257.imageshack.us/img257/534/feverrayfeverhands.png

Fever Ray-ը իրականում խումբ չի, այլ մի գիժ շվեդուհու անհատական սոլո պրոյեկտն է, գժի անունն էլ Կարին Դրեյեր Անդերսսոն: Last.fm (http://www.last.fm/bestof/2009/chart/32)-ում կարդում էի 2009թ-ի ամենաշատ լսված ալբոմների մասին, պարզվեց 32-րդ տեղում հենց Fever Ray-ի նույնանուն ալբոմն ա: Երաժշտության ոճն էլ հետաքրքրեց - էլեկտրոնային, ամբիենտ, մռայլ...

Յութուբում որոնում կատարելիս առաջինը When I Grow Up երգը բերեց, միացրեցի ու :o


http://www.youtube.com/watch?v=4F-CpE73o2M

Կլիպը արտակարգ լավն ա, իսկ երգը.... Չգիտեմ ոնց բնութագրեմ: Ոնց որ վերցնենք Բյորքի գժությունը, դրան ավելացնենք Քեյթ Բուշի էքսցենտրիկությունը, մի փոքր Դիփեշ Մոդյան մռայլ էլեկտրոնիկա, մի փոքր էլ Ռադիոհեդի համարձակություն, այս բոլոր բաղադրիչները միացնում ենք իրար, մի քանի ամիս պահում սկանդինավյան մութ ձյունածածկ փշատերև անտառում, վերջում համեմում հյուսիս ամերիկյան հուդուով ու կարիբյան վուդուով և վերջ, ճաշատեսակը պատրաստ է, ծանոթացեք՝ Fever Ray...

Fever Ray-ի բոլոր երգերը մի քանի անգամ իրար հետևից լսեցի ու այս ընթացքում ամեն տեսակի զգացմունքներ ունեցա բացի հաճույքից: Հա, իրոք էդքան էլ հաճելի չի լսելը, մի տեսակ սարսուռ ու վախ առաջացնող արվեստ է, ցանկացած պահին քեզ թվում ա, թե երգչուհին մի սարսափելի գաղտնիք կբացահայտի, մի զարհուրելի նոտա կհնչի, կամ էլ այնպիսի ձայներ կհանի, որ մարմինդ կփշաքաղվի: Ու իրոք էդպես է, որ կա: Երևի դեռ շատ ժամանակ է պետք, որպեսզի բանականությունս հաշտվի այս մտքի հետ ու սկսի հաճույք ստանալ այս երաժշտությունից, բայց փաստը մնում ա փաստ, անընդհատ, ամեն րոպե ու ամեն վայրկյան էլի ու էլի Fever Ray եմ ուզում լսել ու լսելուց հետո էլի չեմ կշտանում:

Դե լավ, հերիք ա, ինչքան բլթցրեցի, պարզապես փորձեք «վայելել» այս տարօրինակ, բայց հոգուց բխող երաժշտությունը:


http://www.youtube.com/watch?v=iBVkq-V3jg0


http://www.youtube.com/watch?v=EBAzlNJonO8


http://www.youtube.com/watch?v=aX07gCjT7dA

Վերջում մի հատ էլ նկար :))

http://img686.imageshack.us/img686/7172/feverray.jpg

Հ.Գ. Ճիշտն ասած չգիտեմ, թե ինչի էս գրառումը Երաժշտություն բաժնում չկատարեցի :))

Ռուֆուս
20.06.2010, 23:44
Առաջինը ինչ հիշում եմ սառնությունն էր, աչքերս բացեցի. կիսամերկ փռված էի լոգարանի հատակին: Գլուխս ահավոր ցավում էր, երևի ընկնելուց գլուխս վաննային էի խփել: Չեմ հիշում ինչքան ժամանակ էի ընկած մնացել, մի ժա՞մ, թե մի րոպե: Մի կերպ սողոսկելով դուրս եկա լոգարանից, մտա անկողին: Առավոտյան ժամը 8:15 է, ես մի փոքր առաջ էի տուն հասել, չէ փաստորեն երկար պառկած չեմ եղել: Երեք շաբաթվա անքնությունն ու էմոցիոնալ ապրումները հյուծել էին թե գիտակցությունս, թե օրգանիզմս: Փորձում եմ վերհիշել, թե ինչ էր կատարվել գիշերը: Հիշում եմ տաքսին, որն ինձ բերեց տուն, օդանավակայանը, հյուրանոցը....

Օդանավակայանում ծանոթացա պառավ իսպանուհու հետ: Մի կերպ ի մի հավաքեցի իսպաներենի ողջ գիտելիքներս.
- Ես Հայկն եմ, Անայի եղբայրը, մի փոքր իսպաներեն եմ խոսում:
- Ես Ռոսին եմ, քո մասին շատ եմ լսել, մոտեցիր, համբուրիր ծեր կնոջը, - ծխախոտի ծխից խռպոտված ձայնով ասաց իսպանուհին լայն ժպիտը դեմքին:
Ռոսին մոտ 60 տարեկան է, գեր, մազերը շեկ ներկած: Մոտեցա, պինդ սեղմեց կրծքին, երեք անգամ համբուրվեցինք, ինչպես ընդունված է Իսպանիայում: Ռոսիից թանկարժեք օծանելիքի ու ծխախոտի թունդ բույր էր գալիս: Անկեղծ ասած չէի սպասում, որ նորաթուխ ազգականս այդքան ջերմ կլիներ իմ հանդեպ:

Ավտոբուսում 45 հոգի միասին բարձրաձայն բացականչեցին.
- Hola, Hayk, nice to meet you!
Իսկ ես փորձում էի հիշել նրանցից գոնե մի քանիսի անունները՝ Ռոսի, Էռնեստո, Լու, Ալեքս, Էֆի, Պաբլո, Խոսե Իգնասիո, Մարի Կարմեն, Չավի, Լուսիա, չէ, հնարավոր չի էսքանը հիշել :)) Ամենակարևորը Ռոսին ու Էռնեստոն են, մնացածների անունները պարտադիր չէ հիշել: :)

Արևն արդեն լուսավորել էր Երևանը, ես ու Ռոսին կանգնած էինք հյուրանոցի դիմաց, Ռոսին անդադար իսպաներեն էր խոսում, իսկ ես փորձում էի հասկանալ իրեն: Երբեմն հասկանում էի ամբողջ նախադասությունը, երբեմն նախադասությունից հասկանում էի մի երկու բառ, երբեմն էլ ինձ թվում էր, թե ինչ-որ անծանոթ ու անհասկանալի լեզվով է խոսում: Վերջապես Ռոսիին հրաժեշտ եմ տալիս ու վերադառնում եմ տուն: Իսկ հետո հիշում եմ սառնությունը, լոգարանի հատակը, գլխացավը:

Չէ, հետս ոչ մի լուրջ բան չի պատահել, պարզապես հանկարծակիորեն օրգանիզմս տեղի տվեց ու պաշտպանական ռեակցիա միացրեց: Գիտակցությունս ցանկանում էր գոնե կարճ ժամկետով մոռացության տար վատ մտքերը, ուստի կարճաժամկետ ամնեզիայից հետո պոզիտիվը վերհիշելով մի պահ մոռացել էի նեգատիվի մասին, սակայն նեգատիվը իրեն շատ սպասեցնել չտվեց: Երանի էս ամենը վատ երազ լիներ, մղձավանջ, երանի երազումս կիսատկլոր արթնանայի լոգարանի հատակին ու հետո պարզվեր, որ իրականում ոչ մի բան էլ չի եղել, ընդամենը վատ երազ էր, մղձավանջ, բոլորի հետ էլ պատահում է, չէ՞:

Սակայն սա երազ չէր, իրականություն էր, իրոք անգիտակից փռված էի լոգարանի հատակին, իսկ գլխիս հարվածը վաննային ու գլխացավը չափից դուրս իրական էր: Փաստորեն պոզիտիվը դեռ այդքան ուժ չուներ, որպեսզի պայքարեր նեգատիվի դեմ:

Պառավ իսպանուհուց յուրահատուկ ջերմություն ու լույս էր ճառագայթում:

Ամեն ինչ լավ ա լինելու:

Ռուֆուս
21.06.2010, 11:33
Էս մեկը սարսափ ֆիլմերի շարքից ա :))

Երկու օր առաջ մնացել էի անձրևի տակ, բոտասներս ծերից ծեր թրջվել էին, հանել դրսում էի դրել, որ չորանամ: Գործից տուն եկա, բոտասներս հանեցի, մեկ էլ տեսնեմ սպիտակ գուլպայիս ծայրին չորացած արյուն էր: Ոտնաթաթս չէր ցավում, չգիտեի ինչից կարող էր լինել: Գուլպաս հանեցի, տեսնեմ բութ մատիս ծայրին տարօրինակ վերք էր առաջացել, չորացած արյուն էր, բայց վերք չկար, ավելի շուտ նման էր արյունխեղդ վերքի: Մի խոսքով ամբողջ ընտանիքով քննարկում էինք, թե ինչից կարող էր վերք առաջանալ, ոտքս ոչ մի բանի չէի խփել, կոշիկս ոտքս չէր սեղմում, ի վերջո եկանք այն եզրակացության, որ կոշիկիս մեջ ինչ-որ բան կա, որի պատճառով վերք էր առաջացել: Ձեռքս մտցրեցի կոշիկի մեջ, ոնց որ թե ամեն ինչ նորմալ էր, հարթ էր, խորդուբուրդ բաներ չկային, մի քիչ էլ շոշափեցի, ինչ-որ մի բան գտա, բռնեցի, դուրս քաշեցի ու :[:[:[

Սատկած բլոճի դիակ էր :[:[:[ Մի խոսքով էլ չպատմեմ, թե ինչ արագությամբ ու ինչ զզվանքով վազեցի զուգարան: Մի կերպ հանգստացա, սկսեցի ոտքս լվանալ, անտեր արարածի արյունը էնպես էր ներծծվել մաշկիս մեջ, որ նույնիսկ կես ժամ լվանալուց հետո չանցավ :[

Հիմա էլ երբ հիշում եմ, որ բութ մատիս ծայրին սատկած բլոճի արյուն կա, էլի սիրտս խառնում ա:D

Էսօրվանից մոտս նոր ֆոբիա է առաջացել կոշիկների նկատմամբ, մինչև լավ թափ չտամ, չհամոզվեմ, որ մեջը զզվելի արարածներ չկան, չեմ հագնում :[

Ռուֆուս
23.06.2010, 10:40
Ապուշ մտքեր շարքից :}

Մի անգամ իմ համար մեծ բացահայտում արեցի: Պարզվում ա, որ կանաչի ու կապույտի արանքը միջանկյալ գույներ կան, որոնք ես սխալ եմ ընկալում: Բոլոր նորմալ մարդիկ այն ավելի շուտ կանաչ են տեսնում, իսկ ես ավելի շուտ կապույտ: Իրականում նորմալ երևույթ ա, որովհետև էս կարգի միջանկյալ գույները տարբեր մարդիկ տարբեր ձևի են ընկալում, բայց մեկ մեկ մտածում եմ սրա մասին ու մոտս ապուշ մտքեր են առաջանում, չլինի՞ ես բոլոր մարդկանցից տարբերվում եմ ու աչքերիս հետ մի բան էն չի, կարո՞ղ ա ես կանաչ գույնը իրականում կապույտ եմ տեսնում, իսկ կապույտը՝ կանաչ: :))

Հետո սկսում եմ մտածել, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե իրոք տենց լիներ... Պատկերացրեք կանաչ երկինք ու կապույտ խոտ.... Մոտավորապես այ սենց :)

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=48507&d=1277274202

Կայֆ ա, չէ՞: Չլինի՞, ես իրոք էսպես եմ աշխարհը տեսնում :D


Հ.Գ. Իրականում դալտոնիկ չեմ, գույներն էլ նորմալ եմ տեսնում :oy

Ռուֆուս
01.07.2010, 01:07
Ամեն օր բացում եմ օրագիրս ուզում եմ մի բան գրեմ, գրում, գրում եմ ու հետո փոշմանում եմ ու փակում: Չէ, պատճառն էն չի, որ ասելիք չկա, ասելու բան շատ ունեմ, բայց չեմ ուզում ասել... Թող մնա հետո, ում որ պետք ա բանավոր կասեմ :)

Էսօր լավ օր էր, կարոտել էի սենց լավ օրերին: Կոկաինից գլուխս պտտվում ա, աչքիս ամեն ինչ երկու հատ ա երևում: :} Վերջապես թունելի վերջում լույս տեսա, բայց լույսը շատ հեռու ա, գնացքն էլ թարսի պես հակառակ ուղղությամբ ա շարժվում:

Լավ կլինի ամեն ինչ :)

Շնորհակալ եմ :)

Ռուֆուս
02.07.2010, 14:47
Ուրեմն անձնագրիս ժամկետը մոտ օրերս լրանում է, նոր անձնագիր եմ հանելու: Քանի որ անձնագրիս մեջ Գերմանիայի դեսպանատան աշխատակցի մեղքով ջնջած կնիք կա, երկարացնել չեմ ուզում, միանգամից նոր, մաքուր անձնագիր եմ ուզում:

Մեր աշխատողներից մեկը մի քանի շաբաթ առաջ իրենն էր փոխել, հետաքրքրվեցի, թե դա ոնց են անում, բացատրեց, որ պետք ա գնամ ոստիկանության անձնագրային բաժին, մոտենամ Ռուզանին ու ինքը ամեն ինչ կանի:

Գնացի, անձնագրային բաժնում ասեղ գցելու տեղ չկար, մի կերպ գտա անձնագրերը փոխելու բաժինը, հետաքրքրվեցի, թե ով է Ռուզանը: Ռուզանի մոտ լիքը մարդ կար, 20 րոպե հերթում սպասելուց հետո վերջապես մոտեցա, տվեցի անձնագիրս, բացատրեցի ինչի համար եմ եկել: Անձնագիրս նայեց, թե ես չեմ փոխում, գնա դիմացի կաբինետ: Գնում եմ դիմացի կաբինետ, էլի հերթում սպասում եմ, վերջապես իմ հերթն ա հասնում, նույն խոսակցությունը, բա հետ գնա դիմացի կաբինետ, Սուսանին դիմիր: Հետ եմ գալիս, Սուսանի մոտ հերթ ա, վերջապես մոտենում եմ, ցույց եմ տալիս, բա սխալ ես եկել, գնա դիմացի կաբինետ Աիդայի մոտ: Կատաղած հետ եմ գալիս, Աիդային վրա գոռում եմ, թե էս ինչ եք անում, մի կաբինետից մյուսն եք ուղարկում, էլի նայում ա անձնագիրս, բա Սուսանի մոտ չպետք ա գնայիր, գնա դիմացի կաբինետ Լեյլայի մոտ: Հետ եմ գալիս, Լեյլայի մոտ երկա՜ր, շատ երկար հերթ ա, 30 րոպեից նոր իմ հերթն ա հասնում, տալիս եմ Լեյլային, նայում ա, բա տղա ջան, քո անձնագիրը ես չեմ տալիս, գնա դիմացի կաբինետ Ռուզան ծյայի մոտ: :o

Ճարահատյալ հետ եմ գնում, պարզվում ա, էս Ռուզան ծյան ուրիշ մարդ ա, բեղավոր չաղ կին ա, ու հենց ինքն ա ինձ պետք: Աիդան ասում ա, հեսա մոտեցի Ռուզանին, ինքը անձնագիրդ կտա:

Կտա, բա չի տա, միանգամից ծոցի միջից նոր անձնագիրս կհանի ձեռս կտա :angry

Մոտենում եմ, բացատրում եմ ինչի եմ եկել, էս Ռուզան ծյան էլ, թե գնա բանկ 1000դրամ մուծի, կտրոնն առ, հետ արի:

Հետ եմ գալիս աշխատանքիս տեղը, բանկը մեր տարածքում ա, կտրոնը վերցնում ու վերադառնում եմ անձնագրային բաժին:

Ռուզան ծյայի մոտ սարսափելի հերթ էր առաջացել, ինքն էլ նենց multitask ուներ, որ Intel ֆիրմայի ամենավերջին պրոցեսորները գլուխները քարն են տվել Ռուզան ծյայի դեմը: Ուրեմն դեմը մոտ 20 հոգի մարդ ա կանգնած, ամեն մեկը գոռում ա. «Ռուզան ծյա, վիզայի համար ի՞նչ թուղթ է պետք», «Ռուզան ծյա, հլը տես թղթերս սաղ կա՞ն», «Ռուզան ծյա, մի հատ բլանկ տուր», «Ռուզան ծյա, ստեղ պտի ստորագրե՞մ»: Ռուզան ծյան էլ միառժամանակ բոլորի գործը անում էր, դեռ մի բան էլ հասցնում էր գազօջախի վրա դրված զավտռակի ճաշը խառնել, կողքից էլ իրենց շեֆի համար նվեր էր ընտրում (շատ ռաբիզ վազա էր, մեջը գունավոր շառիկներ ու արհեստական ծաղիկներ :[): Արդեն ներվերս չէին դիմանում, մեկ էլ էս Ռուզան ծյայի ներվերն էլ տեղի տվեցին. «Սաղդ դուրս գնացեք, զավտռկի ժամն է, մե ժամիցմ էկեք»:

Ճարահատյալ ես էլ եմ գնում ընդմիջման ու ուղիղ ժամը 2-ին վերադառնում Ռուզան ծյայի մոտ: Բարեբախտաբար մոտը մարդ չկար, բացատրում եմ ինչի համար եմ եկել, վերցնում, ինչ-որ թուղթ ա լրացնում, տալիս ա ձեռքս, թե «Պդի գնաս զինկոմ, պեչադեն, բերես հետ»:

Գնում եմ տուն, տնային գիրքն եմ վերցնում ու ուղիղ զինկոմ: Զզվում եմ զինկոմից, էդտեղ արական սեռի ինչ ներկայացուցիչ մտնում ա (անկախ տարիքից, առողջական վիճակից ու բանակում ծառայել/չծառայելուց), դառնում ա պոտենցիալ զինակոչիկ: Զինկոմում Սուսան տոտային եմ տեսնում, ինքը ինձ շատ լավ գիտի, 3 տարի առաջ զինկոմ էնքան շատ էի եկել, որ արդեն երկրորդ տունս էր դառել :}

- Տղա ջան, ինչի՞ ես եկել:
- Սուսան տոտա, խիղճս տանջեց, եկել եմ, խնդրեմ, որ ինձ բանակ տանեք :}

Մի խոսքով բացատրում եմ, ինչի համար եմ եկել, Սուսան տոտան գործերս ա հանում նայում.
- Բայց դու աշնանը պտի գաս պռիզիվի:
- Դե միանգամից պավեստկես տվեք, կգամ, ձեզանից ուր պիտի փախնեմ :))

Մի խոսքով, թղթերս վերցրեց, երեքշաբթի օրը կանչեց, որ համ պեչատի, համ էլ պավեստկաս տա: Բարեբախտաբար աշնանը արդեն 27 տարեկան կլինեմ :))

Ռուֆուս
20.07.2010, 16:16
Առավոտյան Մանեն ուրախ-ուրախ գալիս ա մոտս.
- Հոպար, գիտե՞ս, ես էսօր մանկապարտեզ պիտի չգնամ:
- Ինչի՞:
- Որովհետև պիտի լաց լինեմ: :))

Հենց մանկապարտեզ գնալու ժամանակը եկավ լացուկոցը դրեց :D Բայց գնաց :)

Ռուֆուս
25.07.2010, 03:25
Ընկել եմ էն իմ չարաբաստիկ, քննադատների ցածր գնահատականներին արժանացած համատեղ պատմվածքիս հերոսի օրին: Սկսել եմ ուշադրություն դարձնել կյանքի շատ սովորական բաների վրա, աշխարհին հիմա ուրիշ աչքերով եմ նայում:

Աշխատանքից տուն էի վերադառնում, ականջակալներս ինչպես միշտ ականջներիս: Հանկարծ գլուխս վերև բարձրացրեցի, ու... մայրամուտ էր: Փորձում էի վերհիշել տեսածս վերջին մայրամուտը, չհիշեցի, բայց դա արդեն կարևոր չէր: Արևի գունդը դանդաղը ընկղմվում էր հսկայական երկնքի մեջ, իսկ ես այնքան փոքր էի ու աննշան:

Բաց պատուհանի մոտ կանգնած ծխում էի, լռություն էր, մութ ու ամայի փողոցով մեկումեջ ավտոմեքենաներ էին անցնում: Հենց դիմացս ծառ էր, կանաչ տերևներով, շատ սովորական ծառ: Կանաչ գույնը դուրս շատ եկավ, կյանքի գույնն էր: Սիրեցի կանաչը:

Նայում եմ մարդկանց աչքերին, աչքերն ամեն ինչ պատմում են: Ուրախ են, տխուր, ձանձրացած, թե անտարբեր: Առաջ չէի նայում մարդկանց աչքերին, ավելի ճիշտ նայում էի, բայց չէի խորանում, թե աչքերն ինչ էին ասում: Իսկ հիմա այնքան տարօրինակ է, ոնց որ թե կույր լինեմ, ում տեսողությունը ինչ-որ հրաշքով վերականգնվել է:

Հիշու՞մ ես, երբ փոքր էիր, նայում էիր աշխարհին ու ասում. «Երբ ես մեծանամ, ամբողջ աշխարհը իմը կլինի»: Իսկ հիմա արդեն մեծացել ես, գնա և վերցրու այն, այսուհետ դու միայնակ գայլ ես, իսկ աշխարհը քեզ է սպասում:

Ռուֆուս
25.07.2010, 20:28
Գյումրի գնացող մարշրուտկաները նստելու համար նախ պետք է անցնես Գյումրի գնացող տաքսիների «զոնայով»: Ու էս զոնայի տաքսիստները ամեն կերպ փորձում են քեզ համոզել, որպեսզի մարշրուտկա նստելու փոխարեն տաքսի նստես: Ես էլ տաքսիները չեմ սիրում, համ թանկ են, համ էլ դիմացի տեղը սովորաբար ռեզերվ են անում կանանց համար, ինձ էլ միշտ մեջտեղի տեղն ա ընկնում, որտեղ ոտքերս մի կերպ եմ կարողանում տեղավորել: Մի խոսքով տաքսի հազվադեպ եմ նստում, մենակ երբ շատ վռազ եմ լինում:

Էսօր շորտիկով ու սանդալներով, երկու ծանր ռյուկզակները մեջքիցս կախած գնում էի մարշրուտկա նստելու, մեկ էլ էս տաքսու վարորդները ինձ տեսան ու շատ ոգևորվեցին.
- Լեննագան կերթա՞ս:
- Հա, բայց մարշրուտկայով:
- Այ ախպեր, արի քեզի տաքսով տանիմ:
- Հըբը քեզի կսազե՞, օր մարշրուտկա կնստիս:
- Դու միշտ տաքսով կերթայիր, գուկայիր, հմի ընչի՞ մարշրուտկա կնստիս:

Ծիծաղս մի կերպ զսպելով հասա մարշրուտկային, ազատ տեղ չկար, մենակ վարորդի կողքի տեղն էր ազատ: Նստեցի վարորդի կողքը, հըբը ընձի կսազե՞, օր սալոնում նստիմ: :))

Ռուֆուս
10.08.2010, 11:24
Շարունակելով երթուղայինների թեման :)

Գյումրիից գալիս եմ Երևան, մարշրուտկան կիսադատարկ էր, նստում եմ, սպասում ենք մինչև ժողովուրդը հավաքվի: Մի խումբ երիտասարդ սփյուռքահայեր են գալիս: Մոտենում են երթուղայինին, տեսնում են, որ զբաղված տեղեր կան, չեն նստում, սպասում են հաջորդին: Դիմացս մի կին էր նստած, սրանց տեսավ, միանգամից խառնվեց իրար.
- Երևան կերթա՞ք: Նստեք շարժվենք:
Սրանց առաջնորդը՝ մի քսան տարեկան աղջիկ ասում ա.
- Դիգին, մենք 10 հոգի ենք, տեղ չկա:
- Ի՞նչղ թե տեղ չկա, հլը դու արի ստեղ նստի, տղեք ջան, դուք անցեք հետևը:
- Բայց այստեղ իրեր են դրված, երևի զբաղվաձ են:
- Դուք էլ էդ վեշերը վերցրեք, ըդտեղ նստեք:
Վեշերի տերերը սկսեցին բողոքել, կես ժամ եկել սպասում են, ինչու՞ պետք ա իրենց տեղերը ուրիշներին զիջեն:
- Հլը հանգստացեք հա՞, չեք տեսնի արտասահմանցի են, թողեք նստին շարժվինք, ամոթ է, խմբով են եկել, պտի խմբով էլ էրթան :angry - կատաղեց տիկինը:
Ու ով որ վեշերն էր դրել նստարանի վրա ու սխալվել չէր նստել, կորցրեց նստելու տեղը: Իսկ տիկինը ինքնամոռաց շարունակում էր ցուցումներ տալ.
- Աղջիկ ջան, դու հլը էդ պատուհանի կողքը նստի ու տեղիցդ չշարժվիս, հանկարծ եթե ասեն տեղիցդ ել, չելնիս, տղա ջան, դու էլ արի կողքս, ֆսյո՞, սաղդ տեղավորվեցի՞ք:
Տեղավորվեցին, բայց տղեքից մեկը մնաց ոտի վրա: Տիկինը էլ ավելի ոգևորվեց.
- Ժողովուրդ, հլը մեկդ մարշրուտկից իջեք, էս մարդուն տեղ էղնի: Տղա ջան, դու իջի, մյուս մարշրուտկով կերթաս:
- Ես ինչի՞ պտի իջնիմ, թող իրանք իջնին: Ես իրանցից շուտ եմ եկել նստել:
- Տղա ջան, ամոթ է, չես տեսնի՞ արտասահմանցի են, հլը շուտ իջի, նստինք շարժվինք :angry:
Այ էդտեղ արդեն չդիմացա.
- Էդքան շատ ես ուզում տեղավորվենք, դու իջի, թող քո տեղը նստի: Հերիք չի նստածների կեսին տեղերից հանեցիր, հիմա էլ մյուսների՞ն ես իջեցնում:
Մարշրուտկայի դիսպետչերն ա խառնված գալիս տեսնելու, թե ինչ է կատարվում, բոլորը բողոքում են, սփյուռքահայերը մի տեղ էլ են պահանջում, տեղերից զրկվածները իրենց կորցրած տեղերն են պահանջում, տիկինը ձենը գլուխը գցած ամոթից ա խոսում, բա էս խեղճ արտասահմանցի երեխեքին տեղ չեն տալիս, իրենք խմբով են եկել, խմբով էլ պետք ա գնան... :{
Դիսպետչերը կատաղեց.
- Հլը ամբողջ խմբով իջեք ու գնացեք էն մյուս մարշրուտկեն նստեք, ու մինչև էս մարշրուտկեն չշարժվի, հաջորդը տեղից չի շարժվի:
Մի հատ սարսափելի իրարանցում սկսվեց, բոլորը սկսեցին էս մարշրուտկից սկսեցին մյուսը վազել.
- Մորքուր ջան, դու՞ ուր կերթաս, իրանց հե՞տ ես:
- Հա, ես էլ եմ իրենց հետ, երեխեքին բերել էի Լեննագանը ցույց տալու:
- Դե լավ, գնա էն մյուսը նստի:
Ես ու էլի մի երկու հոգի տեղից չշարժվեցինք, իսկ մյուս մարշրուտկայի մոտ խառնաշփոթ էր ու ծեծկռտուք: Վարորդներն ու դիսպետչերը մի կերպ կարողացան սփյուռքահայերին տեղավորել, հետն էլ մի քանի հոգի նստեցին (ներառյալ կատաղած տիկինը) ու մարշրուտկան շարժվեց: Մենք ընդամենը 10 րոպե սպասեցինք, մինչև մեր մարշրուտկան էլ լրացավ ու շարժվեց: Ճանապարհի մեկ երրորդն էլ չէինք անցել, մարշրուտկան փչացավ: Վարորդը Գյումրիից մեկ ուրիշ մարշրուտկա կանչեց: Ստիպված մի ժամ սպասեցինք: Սարսափելի շոգ էր, բայց ժողովուրդը չէր բողոքում, դե փորձանք ա, ամեն մեկի հետ էլ պատահում ա: Ինչ լավ ա, որ էն տիկինը մեզ հետ չեկավ... :) Կարող ա դրան հում-հում ուտեինք :))

Ռուֆուս
11.08.2010, 10:24
Երբ 6 տարեկան էի, հոգեբանս ասաց, որ ծառները հոգի ունեն, ու եթե գտնես քո ծառը, նրա հետ միասնություն կկազմես ու ծառի հոգին միշտ քո հետ կլինի ու քեզ էներգիա ու ուժ կտա: Ու ես սկսեցի փնտրել իմ ծառը: Մեր բակում բազմաթիվ ծառներ կային, սակայն ոչ մեկը չուզեց իմը դառնալ, բացի մեկից: Դա խնձորենի էր, որն ամեն աշուն թթվաշ ու փոքրիկ խնձորներ էր պարգևում մեզ: Առաջին անգամ, երբ հպվեցի ծառին, զգացի, որ սա հենց իմ ծառն է և ես ու նա միշտ միասին կլինենք: Ու իրոք ինչ-որ միստիկ բան կար այդ ծառի մեջ, մեր հպումից աչքերս տեսնում էին այն սպիտակ լուսապսակը, որը մենակ ես կարող էի տեսնել, ականջներս լսում էին զանգակների այն ձայնը, որը մենակ ես կարող էի լսել, հոտառությունս կարող էր զգալ մամուռների ու խեժի այն արբեցուցիչ հոտը, որը մենակ ես կարող էի զգալ: Իսկ ծառից մեծ էներգիա էի ստանում, այնքան ուժեղ, որ մարմինս փշաքաղվում էր, ու ես ուրախ էի, որ ինքն ինձ հետ էր:

Փոքր ժամանակ պառկում էի ծառի ճյուղին, աչքերս փակում ու երազում, իսկ ծառն ինձ ասում էր, որ միշտ կօգնի ինձ ներդաշնակ լինել բնության հետ: Հետո մեծացա ու ծառիս մոռացա:

Երեկ հիշեցի ծառիս մասին, հիշեցի մեր միասնական մեդիտացիաները, մոտեցի ու ձեռքով դիպա ծառին: Ծառը չպատասխանեց ինձ, արդեն չորացել էր, մի քանի տարի է պտուղ չէր տվել: Շուտով ծառը կկտրենք: Ու ես հասկացա, որ ծառն արդեն մահացել է, իսկ ծառի հոգին այլևս ծառի հետ չէ, այլ իմ մեջ է մտել ու ծառի հոգին իմ մեջ է մահանում: Ես հեռացել եմ բնությունից ու մոռացել նրա մասին: Պետք է նորից սկսեմ բնության հետ ներդաշնակ ու մաքուր ապրեմ, որովհետև ծառին այլևս փրկել հնարավոր չի լինել, իսկ հոգին միգուցե և փրկվի:

Ռուֆուս
20.08.2010, 13:14
- Հոպար, ես մանկապարտեզ գուզեմ էրթալ:
- Էսօր մանկապարտեզ չկա, Մեդվեդևն է գալիս:
- Մեդվեդևը գուկա, օր մեզ համար երգե՞: :))

Ռուֆուս
02.09.2010, 15:24
Մի հատ սադո-մազոխիստական զզվելի գրառում անեմ, գնամ :))

Ամենասիրածս բաներից մեկը արևային այրվածքներն են :)) Չեք պատկերացնում ոնց եմ սիրում, երբ մաշկդ սկսում է պլոկվել ու մարմնիդ վրայից պուճուր պատառներով մեռած մաշկդ ես պոկում :)) Չնայած հիմնականում զագարի դեմ կրեմ եմ օգտագործում, բայց երբեմն գայթակղությանը չեմ դիմանում ու հատուկ վառվում եմ էդ փոքրիկ հաճույքի համար :)

Մի քանի օր առաջ հեծանվարշավի ժամանակ էլի որոշեցի արևայրվել, բայց էս տիպի զագար հաստատ ոչ ոք չէր ուզենա, ռյուկզակիս հետքը մեջքիս ու ուսերիս էր տպվել :D Մի երեք օր ցավին մի կերպ դիմանալով ամեն օր ստուգում էի, թե երբ ա մաշկս սկելու պլոկվել: Մի քիչ առաջ նայեցի, վերջապես ուսերիս վրա բշտիկներ էին հայտնվել: Էդ բշտիկների մեջ հեղուկ կա, եթե եղունգով սեղմում ես տրաքում են, էն ցելոֆանե տոպրակների պես: Ես էլ գերագույն հաճույք վայելելով հերթով բշտիկներս տրաքացրի :love Մի քիչ էլ որ համբերեմ, հաջորդ էտապը կգա, վա՜խ ինչ հավեսով եմ մաշկս շերտ առ շերտ վրայիցս պոկելու.... :love

Հուսով եմ ոչ մեկի սիրտը չխառնեց :D

Ռուֆուս
19.09.2010, 01:46
Ինչ-որ մեկը գիտի՞ Նանան ով ա :'

Տաքսիով անցնում եմ Համալիրի կողքով, հլը էդքան շատ ժողովուրդ համալիրի դիմաց չէի տեսել... :o

– Էս ի՞նչ ա ստեղ կատարվում:
- Նանայի համերգն ա...

Վայ քո արա, Նանան էդ ո՞վ ա, որ երկու օր մենահամերգ ա տալիս ու էսքան մարդ ա եկել: Օրբելիի վրա մի ուրիշ կարգի պռոբկա էր, Բաղրամյանից եկող ջիպերը մտել էին հանդիպակած գիծ... Ողբամ ճաշակդ, հայ ժողովուրդ... :[

Ռուֆուս
19.09.2010, 23:28
Մի հատ սրտաճմլիկ փոքրիկ նախաբան

Պարապլանով թռնելը միշտ իմ երազանքն է եղել, ու դա մի երկու տարի առաջ ֆանտաստիկ գաղափար էր, իսկ էս տարի անպայման որոշել էի, որ ամեն գնով թռնելու եմ... Ու թռա, չնայած մինչև գետնից պոկվելս չէի պատկերացնելու, թե ոնց էի թռնելու :))


Թռանք տանդեմով, այսինքն երկու հոգով՝ հետևից նստած էր ինստրուկտորը, ով կառավարում էր պարապլանը, դիմացից ես, ում միակ ֆունկցիան թուլանալն ու հաճույք ստանալն էր: :)
Մի փոքրիկ ինստրուկտաժ թռիչքից առաջ.
- Ուրեմն վայրեջք կատարելիս իջնում ես ոչ թե նստած, այլ կանգնած, հենց ոտքերդ մոտենում են գետնին, սկսում ես վազել, հպվելուց հետո էլ ես վազում, մինչև պարապլանը իջնի:
- Օքեյ:
- Թռիչքից առաջ երկուսով վազում եք, դու պետք է շատ արագ վազես ու քո ուժով քաշես ինստրուկտորին, թե չէ թափը կկորցնեք ու չեք թռնի: Եթե նույնիսկ ոտքերդ գետնից կտրվեն, էլի պետք ա վազես, կարող ա լավ թափ չհավաքես ու իջնես գետնին: Պետք ա էնպես վազես, ոնց որ աշխարհի վերջն ա :))
- Օքեյ:


- Պատրա՞ստ ես, մեկ, երկու, երեք, վազի՜ր:

Սկսում եմ վազել, մի երկու քայլ հետո զգում եմ որ առաջ չեմ կարողանալ գնալ, հետևիցս ինչ-որ մի բան քաշում ա ու չի թողնում առաջ գնալ, արդեն ուզում էի կանգնել:
- Մի կանգնիր, վազիր :angry
Մի կերպ ուժերս հավաքում եմ ու սկսում եմ վազել, մեկ էլ զգացի, վերևից ինչ-որ մի ուժ քաշում ա, մի քանի քայլից ոտքերս կտրվեցին գետնից, բայց շարունակում էի օդի մեջ վազել: էլի իջանք, հենց ոտքերս էլի գետնին կպան, շարունակեցի վազել ու օ՜, հրա՜շք... Պատկերացրեք մի ակնթարթ անց արդեն սավառնում ես օդում, իսկ գետինը դանդաղ հեռանում է ոտքերիդ տակից... :o :love:love:love Ու սկսում ես հանգիստ ճախրել օդում, թռչունի պես, քեզ ընդամենը շատ բարակ թելիկներով ամրացրած շատ բարակ կտորի շերտ ա օդում պահում ու դու թռնու՜մ ես....

Ժողովուրդ, չեք պատկերացնում ինչ կայֆ էր..... :love Թռիչքս կարճ տևեց մոտ 6-7 րոպե, բայց էդ ինչ զգացումներ ստացա.... Վախենալու չէր, ոնց որ կարուսել նստած լինեի, ես սպասում էի, որ ավելի էքստրեմալ զգացումներ կունենայի, բայց սա էլ ուրիշ հաճույք էր:

Մի խոսքով ինչի՞ եմ գլուխ ցավացնում, ավելի լավ ա վիդեոն նայեք, թե ոնց էր Ռուֆուսը ճախրում օդում :) Որակի համար կներեք, հեռախոսով եմ նկարահանել :)


http://www.youtube.com/watch?v=72LFv0Qqp9c

Ռուֆուս
03.10.2010, 15:32
- Հոպար, գիտե՞ս, ես կյանքիս մեջ նապաստակ, գետաձի, արջուկ ու ... գնացք չեմ նստել :))

Լավ ա մի շաբաթ առաջ երազանքի մի մասը կատարվեց, գազանանոց էր գնացել :)) Մնաց գնացք նստելը :)

Ռուֆուս
04.10.2010, 19:22
Էս երեխեքը լրիվ դեմք են :))

Ֆորում եմ մտել, Մանեն էլ կողքս կանգնած ա: Զրուցարանի գրառումներն էի արագ աչքի տակով անցկացնում, մեկ էլ Մանեն.
- Հոպար, հլը սպասի, մի քիչ վեր քաշե (ասել է թե սկրոլլ արա վերև) :))
Սկրոլլ եմ անում, Վիստի ավատարն ա :))
- Հոպար նայե, ծիլի-ծիլիի նկարն է :))

http://img543.imageshack.us/img543/8373/imagexl.jpg

Ռուֆուս
05.10.2010, 11:43
Ապուշ մտքեր շարքից :}

Երբ շատ փոքր էի, ինչ-որ տեղից իմացա անտիպոդների մասին: Անտիպոդները մարդիկ են, ովքեր ապրում են Երկրագնդի լրիվ հակառակ կետում: Ես մտածում էի, որ հայերը նույնպես կունենան իր անտիպոդները ու նույնիսկ մտածում էի, որ յուրաքանչյուր հայ կունենա իր անտիպոդը երկրագնդի մյուս ծայրում ու այդ անտիպոդը կլինի լրիվ քո նման, նա կմտածի նույն կերպ ինչպես դու, նրան կհուզի նույն խնդիրները ինչ քեզ, նա կունենա լրիվ նույն մտածելակերպը... Հետո պարզեցի, որ Հայաստանի հակառակ կետում Խաղաղ օվկիանոսն է, այնտեղ նույնիսկ ձևի համար կղզի չկա :( Բայց միևնույնն է, մտածում էի, որ ոնց էլ լինի Երկիր մոլորակի 6 միլիարդանոց բնակչի մեջ կլինի մեկը, ով իմ նման կլինի ու իմ կյանքի բաղձալի նպատակներից մեկը դարձավ նրան գտնելը :) Ինչքան հարցեր ունեի իրեն տալու, ինչքան ընդհանուր խոսելու նյութ ունեինք...

Իսկ հիմա չեմ բացառում, որ հաստատ իմ նման մեկը կգտնվի Երկիր մոլորակի վրա, սակայն էլ չեմ ուզում իրեն հանդիպել: Եթե հանդիպեինք, իրար երես կնայեինք ու խոսելու ոչ մի բան չէինք ունենա, միևնույնն է ես իր մասին ամեն ինչ գիտեմ, ինքն էլ իմ մասին ամեն ինչ գիտի :) Կամ էլ կսկսեինք եղանակից խոսել... Չէ, եղանակից էլ չէինք խոսի, որովհետև ամեն մեկս էլ կգիտակցեինք, որ դիմացինը հեսա եղանակից է սկսելու խոսել...

Ռուֆուս
26.10.2010, 20:51
Տարիներ առաջ, երբ աշխատում էի Զբոսաշրջության զարգացման գործակալությունում, ամեն անգամ, երբ մեր գործակալությունը գնում էր որևէ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի, էդ ցուցահանդեսի բոլոր մասնակիցներից mailing list էինք հավաքում ու բոլորին էլեկտրոնային փոստով Spam ուղարկում (Այսինչ օրը այսինչ վայրում հրավիրում ենք ձեզ այցելել Հայաստանի տաղավարը, բլա-բլա-բլա): Ուրեմն էդ mailing list հավաքելը ամենաջանջալ ու ամենաձանձրալի գործն էր :{ Մտնում էինք ցուցահանդեսի պաշտոնական կայք, էնտեղ ցուցահանդեսի մասնակիցների էջը ու քանի որ անվտանգության նկատառումներով մասնակիցների էլ. հասցեները կայքում դրած չէր, ստիպված գտնում էինք յուրաքանչյուր մասնակցի պաշտոնական կայքը ու այնտեղ փնտրում որևէ էլեկտրոնային հասցե :} Ու քանի որ ցուցահանդեսները շատ մեծ էին ու սովորաբար մի քանի հազար մասնակից էր լինում, պատկերացրեք 5 հոգով երկու շաբաթում ինչքան շատ կայքեր էինք այցելում ու ինչքան էլ. հասցե էինք գտնում :{

Ուրեմն մի անգամ հերթական mailing list-ը կազմելիս մոտս միտք հղացավ... Պարզվեց որոշ կայքերում կարող ես տարբեր promotion-ների մասնակցել, գրում ես հասցեդ ու իրենք քեզ տարբեր զիզիբիզի բաներ են ուղարկում, ասենք փոքրիկ սուվենիր, գիրք, ամսագիր, բրոշյուր ու այլ մակուլատուրա: Ես էլ հենց էդպիսի բան էի տեսնում, անպայման հասցես գրում էի, մարդ ես, կարող ա մի հետաքրքիր բան ուղարկեն: Ու մի քանի ամիս տարբեր երկրներից տարբեր մեծության ու հաստության զիբիլ եկավ, հետո էլ ոչ ոք ինձ ոչ մի բան չուղարկեց... բացի մեկից: :)) Չգիտեմ ոնց էր ստացվել, բայց հարմարացրել էի հասցես տալ գերմանական ինչ-որ հրատարակչության, որը զբաղվում է էրոտիկ գրքերի, ալբոմների ու ամսագրերի տպագրմամբ ու արդեն 5 տարի ա, մի քանի ամիսը մեկ իրենց պարտքն են համարում իրենց ժուռնալը ինձ ուղարկել :)) Ու հինգ տարի ա ամեն անգամ մամաս հերթական ժուռնալը բերում դնում ա դիմացս, հարցական հայացքով նայում վրես ու ասում.
- Էս քեզ են ուղարկել :think

Դե հիմա արի բացատրի, թե դա ինչ ա, ով ա ուղարկում ու ինչի :)) Մյուս կողմից էլ բախտս բերել ա, որ ընդամենը էրոտիկա է, կարող էր ավելի վատ լինել :))

Ռուֆուս
09.11.2010, 14:47
- Մանե ջան, արի, Բայուշկին է սկսվել:

...


- Տատիկ, ըսիգ ի՞նչ Բայուշկի է:
- ԱԼՄ-ի Բայուշկին է:
- Իսկ ես *** Տատիկի տունը միշտ «Սովորական Բայուշկին» կնայեմ, Սովորական Բայուշկիի մեջը լիքը երգեր կան ու մուլտիկ :beee

Ռուֆուս
17.11.2010, 12:12
Մոնիտորս եմ մաքրում, մեկ էլ Մանեն.
- Հոպար, ըսիգ կամպիտուլ մաքրելու թաշնիկան է՞:
- Թաշնիկան չէ, Մանե ջան, թաշկինակ է:
- Գիտեմ, ես փոքրիկ եմ, թաշնիկան կըսեմ, երբ որ մեծացա կսկսեմ ճիշտ ըսել :))

Ռուֆուս
23.11.2010, 21:50
1997թ-ին թողարկվեց ամերիկյան The Flaming Lips (http://en.wikipedia.org/wiki/The_Flaming_Lips) ռոք խմբի Zaireeka (http://en.wikipedia.org/wiki/Zaireeka) ալբոմը: Այն իրոք հեղափոխական էր, մինչ այդ երաժշտության ասպարեզում ոչ մի երաժիշտ նման համարձակ քայլ չէր ձեռնարկել, քննադատների մի մասը այն անմիջապես հռչակեցին տարվա լավագույն ալբոմ ու բոլոր ժամանակների ամենաավանգարդ ալբոմ, իսկ մյուսների կարծիքով Zaireeka-ն բոլոր ժամանակների ամենախայտառակ վատ ալբոմն է:

Բանն այն է, որ Zaireeka-ն բաղկացած է չորս CD-ներից, բոլոր CD-ների վրա նույն երգերն են՝ միանգամայն տարբեր գործիքավորումներով: Zaireeka-ի դիսկերը կարելի ա ունկնդրել կամ առանձին, կամ երկուսը միաժամանակ միացրած, կամ երեք դիսկ միանգամից, կամ էլ կարելի է ամենափախած միքսը ստեղծել՝ 4 դիսկը միաժամանակ լսելով: Բացի դրանից ունկնդիրները կարող են իրենք էլ էքսպերիմենտներ անեն՝ ասենք բարձրացնեն կամ ցածրացնեն որոշ դիսկերի ձայնը, կամ հերթական դիսկը միացնեն մի քանի վայրկյան ուշացումով: Մի խոսքով ունկնդիրները դիսկերի հետ կարող են վարվել այնպես ինչպես ուզում են, սակայն այս ալբոմը երբեք երկու անգամ նույն կերպ չի լսվի :)

Հիմա չորս տարբեր media player քոքած Zaireeka եմ լսում, գժանո՜ց ա :love Ինձ իսկական DJ եմ զգում :)

Ռուֆուս
20.12.2010, 16:38
Վերջը գլխիս սարքեցիք, էլի :angry :beee

Նախքան «էմոյական շարժման լույս ընկնելը» մի տարուց ավել կլինի, ինչ Սկայպիս ստատուսը (emo) է ու անվանս վրա սեղմելիս (emo)-ն դառնում ա http://factoryjoe.s3.amazonaws.com/emoticons/emoticon-0147-emo.gif

Էսօր մեր անվտանգության պետը (շատ լավ ու հարգված մարդ, ով սովետի ժամանակ աշխատել ա ԿԳԲ-ում) գալիս ա իմ մոտ ու լուրջ դեմքով հարցնում.
- Հայկ, դու էմո՞ ես, ականջիս լուրեր են հասել, որ դու էմոյական շարժման մեջ ես :think
- :{

Ռուֆուս
09.03.2011, 11:35
Երբեք չեմ հավատացել ինտուիցա ասվածին, միևնույնն է կյանքն այնքան անկանխատեսելի է, որ երբեք վստահ չես կարող լինել, թե ինչ կարող է պատահել: Մի փոքրիկ իրադարձություն ի վիճակի է փոխել փոխկապակցված դեպքերի ամբողջ ընթացքը, թիթեռնիկի էֆեկտ է ընդամենը :) Աշխարհի մի ծայրում թիթեռնիկի թևերի շարժումը ի վիճակի է փոթորիկ առաջացնել աշխարհի մյուս ծայրում: Ամեն ինչ իրար հետ կապված է, սակայն մենք ի վիճակի չենք այն ամբողջությամբ հասկանալ դեպքերի հաջորդականությունը:

Երեկ Գյումրի գնացող երթուղային նստելիս սիրտս վատ բան կանխագուշակեց, կյանքումս առաջին անգամ երթուղային նստեցի այն համոզմամբ, որ սա իմ կյանքի վերջին ճանապարհորդությունը կլինի: Պատճառն այն չէր, որ նախքան Երևանից շարժվելը ստիպեցին երկու անգամ երթուղայինը փոխել (մեկի ակն էր ծակ, մյուսը գազ չէր լցել), ոչ այն որ մի քանի տարիքով կանայք անտեղի վեճի մեջ մտան վարորդի հետ, ոչ էլ նույնիսկ այն, որ երթուղայինի վարորդը հաճախ գերազանցում էր թույլատրելի արագությունը: Ավելի խելամիտ մարդիկ հաստատ ճանապարհ չէին ընկնի, մեկ ուրիշ երթուղային կնստեին կամ էլ ընդհանրապես չէին նստի: Բայց ես համակերպվել էի իմ ճակատագրի հետ, միևնույնն է ճակատագրից խուսափել ոչ ոք չի կարող: Ինչ ուզում է, թող լինի, ես անզոր եմ ճակատագրի դիմաց:

Եղանակը խայտառակ վատ էր, այնպիսի թանձր մառախուղ էր, որ երկու մետր այն կողմ ճանապարհը անհնարին էր տեսնել: Համոզմունքը, որ սա իմ վերջին ճանապարհորդությունը կլինի, էլ ավելի էր ուժեղանում, բայց թքած ամեն ինչի վրա: Սովորաբար երթուղայիններում չեմ կարողանում քնել, բայց հանգիստ սրտով աչքերս փակեցի ու քնեցի: Ականջներիս մեջ James Blake-ի մելանխոլիկ ու դեպրեսիվ ձայնը երգում էր երազանքների, անկման ու այլ բաների մասին, բայց դրանից իմ տրամադրությունը բնավ չէր փոխվում: Երբեք այդպիսի հանգստություն չէի զգացել, աշխարհը լողում էր իմ փակ աչքերի առաջ, լողում դանդաղ ու ծորում աչքերիս առաջ: Իսկական փսիխոդելիա էր... Աչքերս բացեցի, պարզվեց գրեթե Գյումրի ենք հասել, մառախուղ այլևս չկար, մութ էր: Հեգնեցի ինքս ինձ, տեսա՞ր, ոչ մի բան էլ չպատահեց, ամեն ինչ սուտ էր, եթե նման թանձր մառախուղի միջով բարեհաջող անցանք, ուրեմն կյանքիս ոչ մի բան էլ չի սպառնա:

Այդ պահին ճանապարհի մեջտեղը ինչ-որ բան հայտնվեց, փչացած ավտոմեքենա էր, որը չէր հասցրել ճանապարհից դուրս գալ: Վարորդը փորձեց արգելակել ու գրեթե բախվեց մեր դիմացից գնացող մեկ այլ գազելի: Բախումից խուսափելու համար կտրուկ շրջադարձ կատարեց դեպի հանդիպակած գիծ, բարեբախտաբար դիմացից ավտոմեքենա չկար, այլապես մեր վիճակը վատ կլիներ: Վարորդը կանգնեցրեց ավտոմեքենան, ժողովուրդը հանգստացած շունչ քաշեց, ոմանք աղոթում էին, ոմանք սառած դեմքով նայում էին դիմացները ու փորձում վերլուծել կատարվածը: Իսկ ես թաքուն ժպտում էի, էս անգամ հաջողվեց մահին խաբել :)

Ռուֆուս
09.03.2011, 15:39
Մենք բոլորս մեր համար ամրոց ենք կառուցում՝ ամուր հիմքով ու բարձր, անառիկ պարիսպներով: Ամրոցը մեր ներքին ապաստարանն է, մեր սրբության սրբոցը, մեր գաղտնիքներն ու երազանքները, այստեղ հանգստություն ու հարմոնիա է տիրում, այստեղ չկան առօրյա հոգսերն ու խնդիրները:

Երբեմն անզգուշաբար ամրոցի դռները բաց ենք թողնում ու ինչ-որ մեկը ներխուժում է ներս: Սկզբում նրա ներկայությունը չենք նկատում, հետո տեսնում ենք, որ ինչ-որ մեկը տաքուկ հարմարվել է ամրոցի անառիկ պատերի մեջ ու իրեն զգում է ինչպես սեփական տանը: Սկզբում ուշադրություն չենք դարձնում, մտածում ենք, թե նա մի փոքր կշրջի, կձանձրանա ու կգնա, սակայն նա դրանով չի սահմանափակում: Երբ սկսում է բացել թաքնված նկուղները, կողպած դռներն, գաղտնի մուտքերն ու բարձր աշտարակները, իրավիճակը անտանելի է դառնում: Դիսկոմֆորտը գնալով ավելի է ահագնանում ու սկսում ենք ընդվզել: Սակայն ամեն ինչ անիմաստ է, որովհետև երբ փորձում ես բանի տեղ չդնել, սկսում է բողոքել սառնությունից ու անտարբերությունից, երբ փորձում ես վռնդել ամրոցից, ավելի ամուր է կառչում պատերից, երբ փորձում ես համակերպվել իրավիճակի հետ ու ոչինչ չձեռնարկել, էլ ավելի մեծ էնթուզիազմով է քիթը խցկում քո անձնական կյանքի մեջ:

Ի վերջո հասկանում ես, որ քո ամրոցը ընդամենը անելանելի թակարդ է, որն ինքդ քո ձեռքերով ես սարքել, իսկ անկոչ հյուրն այնտեղ է, քանի որ ինքդ ես նրան ներս թողել: Ու ինչքան ուզում ես բողոքիր, պայքարիր ու ընդվզիր, միևնույնն է, երբեք չես կարողանա նրան դուրս վռնդել քո կյանքից, եթե իհարկե նոր ամրոց չկառուցես՝ էլ ավելի ամուր հիմքերով ու էլ ավելի բարձր պարիսպներով: Սակայն գիտես, որ, նոր ամրոցիդ սրբությունը նույնպես շուտով կպղծվի ու դու էլի կկանգնես նույն իրավիճակի առջև: Ինչքան էլ պայքարես, միևնույնն է, ոչինչ չի փոխվի, մինչև ինքդ քեզ չփոխես:

Ռուֆուս
14.03.2011, 11:03
Մանեի պատմածներից (հատուկ հիշեցնում եմ տարիքը՝ երեք տարեկան) :))

- Մեր մանկապարտեզում երկար մազերով աղջիկ կա, անունը Նելլի, Նելլի կպատմե, օր գիշերը նախ ապերիկը կքնի, հետո ինքը, հետո լույսերը կմարեն, մաման շորերերը կհանե, գիշերանոց կհագնի, հետո պապան շորերը կհանե, մայկա տռուսիկով կմնա, հետո կմտնին տեղերը ու պապայի տռուսիկը կկորի :}

Իսկ մեր ժամանակ սենց բաներ կայի՞ն :o

Ռուֆուս
30.03.2011, 14:56
Call 33284

- Բարի գալուստ Անդրաշխարհ: Խնդրում ենք հաշվի առնել, որ Ձեր հեռախոսազանգը ձայնագրվում է մահվան գործընթացի որակը բարելավելու նպատակով: Հեռախոսազանգի մեկ րոպեն արժե մեկ շաբաթ կյանք:

Սեղմեք 1 ձեր կյանքի ընթացիկ սակագնային պլանին ծանոթանալու և ձեր կյանքի տևողությունը իմանալու համար:
Սեղմեք 2 ձեր կյանքի տևողությունը վերալիցքավորելու համար:
Սեղմեք 3 ինքնասպանության նոր մեթոդներին ծանոթանալու համար:
Սեղմեք 4 «Թող բացվեն դռները դրախտի» ակցիայի մանրամասնություններին ծանոթանալու համար
Սեղմեք 4 «Դժոխային տանջանքներ» սակագնային պլանի մանրամասնություններին ծանոթանալու համար:
Սեղմեք 5 «Դրախտային վայելքներ» սակագնային պլանի մանրամասնություններին ծանոթանալու համար:
Սեղմեք 6 առաջարկությունների, դիտողությունների և բողոքարկումների համար:
Սեղմեք 7, եթե դուք այս պահին կլինիկական մահ եք տանում:
Սեղմեք 8 աստծոն կարճ հաղորդագրություն (SMS) ուղարկելու համար:
Սեղմեք 9 Ձեր ընթացիկ կյանքը անհապաղ ընդհատելու համար:
Սուրբ Պետրոսի հետ միանալու համար սեղմեք *, Սատանայի հետ միանալու համար սեղմեք #:

- 8
- Ձեր ընտրությունը հաստատված է, խնդրում ենք հավաքել հաղորդագրության տեքստը, ուղարկելու համար սեղմեք #, հերքելու համար սեղմեք *
- Inchi a kyakny senc ankap? #
- Ձեր հաղորդագրությունը բարեհաջող ուղարկվել է: Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
Call Ended

1 New Message from God
- Uxarkir 09 kody 33284 karch hamarin u statsir havitenakan hangstutyun. :{
Reply
- :beee
Message successfully sent.

Բլթ :}

Ռուֆուս
26.04.2011, 10:52
Малютка լվացքի մեքենաները հիշու՞մ եք :)

http://i.imgur.com/4H8wR.jpg

Մեր լվացքի մեքենան փչացել է, մինչև սարքելը երեկ մամաս հին նոյի թվի Малютка-ն հանեց, որ լվացք անի: Մանեն նայեց, մեկ էլ.
- Տատի՜կ, շորերը ինչու՞ ես վեդրոյի մեջ լցնում:
- Մանե ջան, սա վեդրո չէ, լվացքի մեքենա է:
- Իիիի՜, տատիկ, շորերը էդ վեդրոյի մեջ մի լցրու, կփչանան :cry2

Ռուֆուս
26.04.2011, 18:52
Էս մեկն էլ Գյումրի-Երևան տրանսպորտային շարքից:

Ուրեմն գծի վրա մի հատ տաքսու վարորդ կա, արտաքինը՝ թիկնեղ, բոյով (մոտ 2 մետր) տղամարդ, գլխի մեջտեղի մասը ճաղատ, բայց կողքերից մի քիչ երկար մազերով, որոնք միշտ ցցված են ու ոնց որ սատանայի կոտոշներ լինեն, միշտ ջղային դեմքով ու միշտ էնքան բարձր ա խոսում, ոնց որ վրեդ ջղայնացած գոռա: Բայց ամենասարսափելին էն ա, որ եթե Շումախերի հետ մրցում կպնի, 100% ինքը կհաղթի :)) Մի անգամ սխալվեցի իր տաքսին նստա, 2 ժամվա ճանապարհը 50 րոպեում անցավ :))

Մի շաբաթ առաջ պետք ա գայի Երևան, մարշրուտկայի կողքը կանգնած սպասում եմ, մինչև մարդիկ հավաքվեն, շարժվենք, էս տաքսիստը եկավ մարշրուտկա նստածներից «կլիենտ կպցնելու»: Կողքս կանգնեց, ջղային դեմքով ինձ նայեց ու շշուկով (որը միևնույնն ա էլի ջղային գոռոց ստացվեց).
– Տաքսիով կգա՞ս, էժանով կտանեմ:
Ստեղ նորից սարսռալով հիշեցի, թե ոնց անցած անգամ 2 ժամվա ճանապարհը 50 րոպեով քշեց ու.
- Չէ, մերսի, ես ոչ մի տեղ չեմ շտապում:
- Ոչինչ, ես հանգիստ կքշեմ:
- ...

Ռուֆուս
12.05.2011, 20:46
Երկու քույրիկների կռվից հատված.

Մեծը (3,5 տարեկան) (ջղայնացած) - Ապու՛շ :angry
Փոքրը (2 տարեկան) (մունաթով) - Աբու՛ս :beee
Մ (ջղայնացած) - Լակո՛տ :angry
Փ (մունաթով) - Յագո՛դ :beee
Մ (ջղայնացած) - Աննա՛սուն :angry
Փ (պաուզա, հետո մունաթով) - Աննա՛ :beee

Ռուֆուս
12.07.2011, 11:35
Ծխախոտի հոտից միշտ զզվել եմ, պատճառներից մեկն էլ այն էր, որ մեր տանը ոչ ոք չէր ծխում ու ինձ փոքրուց դաստիարակել են, որ ծխախոտը լավ բան չէ: Հիմա էլ մեկ մեկ ծխելուց պատկերացնում եմ, թե հայրս ինչքան կզայրանար, եթե իմանար, որ ես ծխում եմ:

Փոքր ժամանակ ատում էի բոլոր ծխողներին, զզվանքով էի մոտենում մարդկանց, ում վրայից սիգարետի թունդ հոտ էր գալիս, բացի քեզանից: Հիշու՞մ ես, 6 տարեկան էի, եկել էիր մեր տուն: Ինձ գրկեցիր ու վառվող ծխախոտը դրեցիր բերանս: Այդ պահին մայրս սենյակ մտավ, ոչինչ չասեց ու դուրս եկավ, իսկ ես հիմարաբար ծուխը քաշեցի ներս: Մինչև հիմա հիշում եմ դառը ու զզվելի համը, անդուր տաքությունը լեզվիս վրա ու հազը ու ես քեզ չներեցի դրա համար: Իսկ դրան հաջորդեցին տարիներ, անդունդը գլորվող մարդկային հարաբերություններ, ահագնացող սառնություն ու անտարբերություն:

Ես երբեք հավանական չէի համարում, որ մենք երբևէ կրկին կմտերմանանք, սակայն կյանքն անկանխատեսելի է ու մենք նշեցինք մեր հաշտության մեկ տարին: Նշեցինք լուռ, առանց դրա մասին խոսելու, պարզապես ներքուստ զգալով, որ ամեն ինչ լավ է, որ մենք կրկին իրար հասկանում ենք: Համարձակությունս հավաքելով ես քեզ ծխախոտ առաջարկեցի, բայց դու մերժեցիր. «Թարգել եմ, լավ կլինի, որ դու էլ թարգես»: Իսկ ես ծխեցի, ամեն անգամ ծուխը քաշելիս զգալով նույն դառնությունը, նույն զզվանքը, նույն անդուր տաքությունը, ինչ 20 տարի առաջ եմ զգացել... Ծխեցի մինչև վերջ, ծխեցի մեր կորցրած տարիների, մեր փչացած ու վերածնված մտերմության ու ընկերության համար ու հասկացա, որ չնայած ես քեզ իմ կյանքից դուրս էի շպրտել, բայց միշտ էլ զգացել էի քո պակասը ու միշտ քո աջակցության կարիքն եմ ունեցել:

Ուրախ եմ, որ դու նորից կողքիս ես:

Ռուֆուս
06.10.2011, 11:46
Ստիվ Ջոբզի աստեղնային ժամը՝ Մակինթոշ համակարգչի պրեզենտացիան 1984թ-ին... Եկեք մի անգամ էլ դիտենք էս պատմական իրադարձությունը:


http://www.youtube.com/watch?v=G0FtgZNOD44&feature=player_embedded

R.I.P.

Ռուֆուս
02.12.2011, 15:35
Ես հանդուրժող անձնավորություն եմ, կարողանում եմ յոլա գնալ տարբեր տեսակի մարդկանց հետ, եթե նույնիսկ իմ հայացքները արմատականորեն տարբերվում են դիմացինի հայացքներից: Ծեր մարդկանց հանդեպ էլ ավելի եմ հանդուրժող, հարգելով իրենց ապրած երկար տարիների կյանքն ու կենսափորձը: Բայց էս վերջերս զգում եմ, որ մանրից ձեռից գնում եմ:

Իմ աշխատանքային կաբինետը կիսում եմ մեր փոխտնօրենի, պահեստապետի ու հյուրանոցի մենեջերի հետ: Երեքի հետ էլ շատ հեշտ է շփվելն ու յոլա գնալը, մանավանդ վերջին երկուսի հետ, որովհետև գրեթե նույն տարիքի ենք: Բայց գնալով փոխտնօրենը՝ հարգելի պրն. Հ-ն սկսում է նյարդերիս վրա ազդել...

Պրն. Հ-ն 60-ն անց պատկառել է մարդ է, ժամանակին եղել է Լենինականի տուր. բազայի տնօրենը, սովետի վախտերով շատ լավ կյանք է ապրել, եղել է շատ հարգված անձնավորություն: Երկրաշարժից հետո տուր. բազայի վնասված շենքը պայթեցրեցին, իսկ սովետի ժամանակ պրն. Հ-ի դիզած հարստությունը տարիները ընթացքում նվազեց ու վերացավ: Պրն. Հ-ն լավ մարդ է, խելացի, կրթված, մակարդակով, թեթև բնավորություն ունի, թույն չի շնչում, բամբասում է շատ քիչ, հետույք է մտնում հազվադեպ ու շատ վարպետորեն, մի խոսքով մենք իրար հետ լավ ենք յոլա գնում: Բայց գնալով հոգնում եմ իր ծերունախտի ծանր նշաններից... Երկար բարակ (ու հիմնականում միակողմանի) դատարկ խոսակցություններից սկսել եմ ձանձրանալ, իր գործ անելու իմիտացիան գնալով սկսում է աչքիս երևալ ու էլի լիքը մանր մունր պատճառներ սկսում են էլ ավելի բարդացնել մեր փոխադարձ հարաբերությունները:

Երկու ամիս առաջ բակում Պրն. Հ-ն ինչ-որ ծառ գտավ՝ տարօրինակ մրգերով: Մրգերից մի քանիսը պոկեց, բերեց կաբինետ ու սկսեց բոլորիս ցույց տալ: Միրգը սերկևիլի, տանձի ու խնձորի խառնուրդ էր հիշեցնում, զզվելի հոտ ուներ, անդուր կպչուն կեղև ու միակ համտեսողը նշեց, որ սարսափելի թթու ու դառը համ ունի: Պրն. Հ-ին շատ էր հետաքրքրում, թե սա ի՞նչ միրգ է ու քանի որ մեզանից ոչ մեկն էլ առանձնապես բուսաբանական գիտելիքներով չէր փայլում, Պրն. Հ-ին ոչնչով չկարողացանք օգնել: Դե նման դեպքերում նորմալ մարդը մի փոքր էլ կհիանար տարօրինակ մրգով, հետո այն կնետեր աղբարկղը ու կշարունակեր իր բնականոն կյանքը վարել: Սակայն Պրն. Հ-ն այլ կարծիքի էր, մրգերից մեկը կտրեց, հաշվեց քանի հատ կորիզ ունի (ուղիղ 80 հատ՝ հավասարաչափ երկուական շարքերով դասավորված 8 պարկուճներում), մանրամասն հետազոտեց ու եզրահանգումների եկավ մրգի արտաքին ու ներքին տեսքի, տեքստուրայի, հոտային, համային, գունային ու այլ շատ հատկանիշների մասին ու մեկ ամիս շարունակ ամեն օր մեզ դասախոսություններ էր կարդում տարօրինակ մրգի մասին, գովելով նրա ենթադրյալ օգտակար հատկությունները՝ վերջում տալով արդեն ավանդական դարձած հռետորական հարցը. «Բայց շատ հետաքրքիր է, սա ի՞նչ միրգ է»:

Մրգերից մեկը մշտապես զարդարում էր իր աշխատանքային սեղանը, ամեն օր աշխատանքային օրվա սկզբում միրգը վերցնում էր ձեռքը ու 5-10 րոպե պտտացնում ու խոշորացույցով ուսումնասիրում: Երբ մեր կաբինետ մարդ էր գալիս, պրն. Հ-ն սկզբում այդ մարդուն շատ մոտիկից ծանոթացնում էր մրգի հետ, հարցնում, արդյո՞ք գիտի մրգի անունը ու հետո նոր անցնում գործի: Ի վերջո էդ անտեր մրգից զզված, պրն. Հ-ին խորհուրդ տվեցինք միրգը ցույց տալ այգեպանին, միգուցե նա իմանար, թե ինչ է մրգի անունը: Դժբախտաբար այգեպանն էլ չգիտեր խորհրդավոր մրգի ստույգ անունը՝ կարծելով, որ դա սերկևիլի ու տանձի հիբրիդ է:

Բարեբախտաբար, մի ամիս հետո տարօրինակ միրգը մոռացվեց ու մենք էլի սկսեցինք ապրել մեր սովորական կյանքով:

Էսօր այգեպանը պրն. Հ-ին շատ լավ լուր բերեց, պարզվում է առավոտյան ОРТ-ով հաղորդում է եղել խորհրդավոր մրգի մասին, որտեղ խոսվել է նրա բազմաթիվ օգտակար հատկությունների մասին: Իսկ միրգը կոչվում է ճապոնական սերկևիլ: Ա՜խ, երանի էդ պահին ձեռքումս ատրճանակ լիներ, ինքնասպան լինեի: Պրն. Հ-ն ինձ անմիջապես հանձնարարեց գտնել այդ չարաբաստիկ հաղորդումը ինտերնետում, ինտերնետից որոնել ինչքան հնարավոր է շատ ինֆորմացիա ճապոնական սերկևիլի մասին ու քանի որ երկու ամիս առաջ իր քաղած ճապոնական սերկևիլները արդեն չորացել չիր էին դառել, հիվանդ հալով դուրս թռավ բակ՝ ծառից նոր միրգ քաղելու համար: Ծառի վրա մի հատ սերկևիլ էր մնացել՝ իմ կարծիքով լխկած, իսկ պրն. Հ-ի կարծիքով հասած: Բոլորիս ստիպեց էդ անտեր մրգից հոտ քաշել՝ իմ կարծիքով գարշահոտություն, իսկ իր կարծիքով՝ անուշաբույրություն, իսկ ամենավերջում մեզ բոլորիս ստիպեց էդ լխկած, փչացած միրգը համտեսել :[ Կյանքումս ավելի զզվելի բան չէի համտեսել, բայց պրն. Հ-ն հիացած էր ճապոնական սերկևիլի աննման համով :[:[:[

ՉԵՄ ՈՒԶՈՒ՜մ :cry Չեմ ուզում մեծանալ ու էսպիսին դառնալ :cry2

Ռուֆուս
06.12.2011, 12:43
Թամարիկի (2.5 տարեկան) բոցերից....

Լիլինում է, չի լինում, մի երետ խոզուտ է լինում: Էս երետ խոզուտների անունները լինում են Նաֆ-Նաֆ, Նուֆ-Նուֆ ու Նիֆ-Նիֆ: Երետ խոզուտները որոշում են տուն տառուցեն՝ Նաֆ-Նաֆը՝ թարից, Նիֆ-Նիֆը ծղոտից, Նուֆ-Նուֆն էլ փայտից: Ու ստսում են երտել. «Չենտ վախենում դորշ դայլից, չենտ վախենում դորշ դայլից»: (էստեղ պլավնի անցում դեպի Կարմիր Գլխարկը): Անտառի մեջ դորշ դայլը լսում է, դալիս տեսնում է Տարմիր Դլխարտին, սիրտը թափում է, ու ասում. «Տարմիր Դլխարտ, այդ ու՞ր ես դնում»...

Թե էդ սիրտ թափելը որտեղից հայտնվեց հեքիաթում, տենց էլ չիմացանք :))

Ռուֆուս
06.12.2011, 20:15
Մեր տնից մի երկու կանգառ վերև մի հատ շենք կա: Չնայած էդ կողմերում հիմա հազվադեպ եմ լինում, բայց երեկ նկատեցի, որ ամեն անգամ շենքի տակով անցնելիս աշխատում եմ հնարավորինս չափ փողոցի կողմով քայլել, իսկ եթե փողոցում ավտոմեքենաներ չեն լինում, փողոց եմ դուրս գալիս: Միշտ էդպես եմ արել, առանց նկատելու ու պատճառը հասկանալու: Երեկ էլ երբ փողոց դուրս եկա, սկսեցի մտածել, թե ինչի՞ եմ տենց անում ու հիշեցի: Մոտ 15 տարի առաջ էդ շենքի տակով էի անցնում ու մեկ էլ Շ՜ԸՐԸ՜ԽՔ, երրորդ հարկի պատուհանի ապակու կտորները՝ ֆուտբոլի գնդակի հետ հանդերձ հայտնվեցին ինձանից ընդամենը կես մետր հեռավորության վրա: Էդ դեպքը մոռացել էի, բայց դրանից հետո ենթագիտակցականս ինձ թույլ չէր տալիս էդ շենքին մոտիկանալ, վախենալով, որ կարող ա էս անգամ ապակու կտորները լցվեն գլխիս :)

Հետաքրքիր ա աշխատում մեր ուղեղը :)

Ռուֆուս
15.03.2012, 11:17
Մանեն արդեն էնքան է բոյովացել, որ պատին կախած հեռախոսին է հասնում ու վերցնում: Էն օրը չգիտեմ որ կուսակցությունից էին զանգել իբր թե սոց. հարցում անելու, Մանեն վազելով գնում է, որ հեռախոսը վերցնի, մենք էլ հիշեցրեցինք, որ հեռախոսին պատասխանելուց անպայման պիտի սկզբում բարևի:

Մանեն էլ հո չի բարևեց...
- Բարև Ձեզ,
Ձեր աղջկան տվեք մեզ,
Տանեմ Սևան լողացնեմ,
Պոլի չոտկով չորացնեմ...

Սրանից հետո «սոց. հարցում» անցկացնող աղջիկը մոտ տասը րոպե ծիծաղից ուշքի չէր գալիս, վերջում էլ մի քանի հարց կիսատ պռատ տալուց հետո, հռհռոցը մի կերպ զսպելով հեռախոսը կախեց... :oy

Ռուֆուս
24.04.2012, 23:44
Երթուղայինները շարքից:

Միշտ փորձել եմ մարդկանց մասին առաջին տպավորությամբ սխալ կարծիք չկազմել, բայց դե սխալվելը հեշտ ա:

Երևան շարժվող երթուղայինի վերջին ուղևորն եմ, կողքս պապիկ է նստած, որին մի բառով կարելի է նկարագրել որպես «Ուստա»: Շորերը մաշված են, մի քիչ կեղտոտ, մի քիչ էլ հոտավետ, դեմքը արևի տակ շատ մնալու հետևանքով կարմրած, ձեռքերը՝ կոշտուկներով, եղունգների տակը՝ կեղտոտ: Տեսքից երևում է, որը ապրուստը ծանր ֆիզիկական աշխատանքով է վաստակում: Եթե երթուղայինում ազատ տեղեր լինեին, հաստատ կողքը չէի նստի, բայց դե ստիպված նստեցի: Պապիկը միանգամից սկսեց հետս զրույց անել, տարբեր բաներից խոսել, հարցեր տալ, ես էլ առանձնապես խոսելու տրամադրություն ու ցանկություն չունեի, դրա համար Do Not Disturb դիմակս հագա, ականջակալներս խոթեցի ականջս ու սկսեցի երաժշտություն լսել: Պապիկը առանձնապես չնեղվեց, սկսեց մյուս կողքը նստած տղայի հետ զրույց անել:

Հասանք Երևան, ականջակալներս հանեցի, պապիկն ու մյուս երիտասարդն էլ երևի հոգնել էին զրույց անելուց, լուռ սպասում էին, թե երբ ենք տեղ հասնելու: Երթուղայինի դիմացը նստած սիրուն աղջիկը ընկերուհու հետ էր խոսում ու մեկ էլ սկսեց բարձր զրնգուն ձայնով ծիծաղել: Պապիկն էլ քթի տակ, գրեթե անլսելի ասաց.
- The Universe takes a breath when you laugh (Տիեզերքը շնչում է, երբ դու ծիծաղում ես):
Էդ նախադասությունը էնքան անսպասելի էր լսել պապիկի շուրթերից, որ ես բերանս բաց շուռ եկա ու հարցրեցի.
- Do you speak English?

Ու սկսվեց, ընդամենը հինգ րոպեից էլ քիչ խոսեցինք, բայց ինչքան ինֆորմացիա հասցրեցինք փոխանակել... Պապիկը տարիներ առաջ Երևանի պետ. համալսարանի ռուսերեն բանասիրության ֆակուլտետն է ավարտել, բայց միշտ սիրել է անգլերենը ու ինքնուրույն զարգացրել է լեզվի հմտությունը: Ինքը հիմա ավտո դզող փչող է աշխատում, իր ասելով, I repair cars, trucks, motorcycles and tractors :)), բայց մինչև հիմա անգլերեն գրքեր է կարդում: Երիտասարդ տարիներին Բայրոն, Վորդսվորթ ու Քոլրիջ է թարգմանել, բայց ֆինանսական օգնություն չունենալու պատճառով չի տպագրվել: Ինձ համար նույնիսկ Բայրոնից մի քառատող արտասանեց: Պապիկի անգլերենի ակցենտը ահավոր էր, հատկապես էն պատճառով, որ դիմացի ատամները գրեթե ամբողջությամբ թափվել էին, բայց ես ապշել էի նման հարուստ բառապաշար ու գրագետ քերականություն լսելով:

Երբ հասանք ավտոկայան, պապիկն ինձանից շուտ իջավ ու առանց հետ նայելու անհետացավ, նույնիսկ չհասցրեցի անունը հարցնել, կամ ցտեսություն ասել: Բայց էդ փոքրիկ միջադեպը լրիվ սյուռռեալիզմ էր ինձ համար :)