PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջոն Իրվինգ



StrangeLittleGirl
23.05.2010, 12:59
«Մինչև քեզ գտնեմ» (Ջոն Իրվինգ)

Իրվինգը ժամանակակից ամերիկացի գրող է: Հայտնի է ոչ միայն իր գրքերով, այլև սցնենարներ: Անգամ արժանացել է «Օսկարի»:

Պետք է ասեմ, որ վաղուց էսքան մեծ գիրք չէի կարդացել, ու շատ հավես էր: Մյուս կողմից, առանձնապես դուրս չեկավ, թեև ուժեղ կողմեր ուներ: Ավելի շուտ նման էր ամերիկյան սերիալի, որ անընդհատ անիմաստ ձգձգում են ու խճճում, իսկ ամենակարևոր իրադարձությունը վերջին գլխում է տեղի ունենում: Կարող եմ համեմատել "Lost" սերիալի հետ, որը նույնքան հաճույքով դիտում եմ, բայց որ ասեմ հիացած եմ, սուտ կլինի:

http://img1.fantasticfiction.co.uk/images/n27/n137833.jpg
Էս գրքի կազմը: Հատուկ եմ դնում, ուշադիր նայեք: Սկզբում ինձ թվում էր ախմախ սենտիմենտալ նկար է, բայց գիրքը կարդալիս հասկանում ես՝ ինչ է, ու էդպես մի քիչ իմաստ է ունենում:

Հետաքրքիր է՝ գրքի մասին տարբեր ռիվյուներ կարդացի, բայց ոչ մի տեղ նշված չէր կամ շեշտված չէր այն, ինչ ինձ ամենից շատ դուր եկավ, այն է՝ մանկական տարիքում հիշողության՝ խոցելի լինելը: Այստեղ նկարագրվում է, թե ինչպես է գլխավոր հերոս Ջեք Բըրնսը չորս տարեկանում կատարած շրջագայությունից հիշել ոչ թե այն, ինչ իրականում տեղի է ունեցել, այլ այն, ինչ մայրն է ուզել, որ ինքը հիշի: Բայց այդ մասին ընթերցողն իմանում է գրքի կեսերն անցնելուց հետո: Ընդհանրապես, վեպի հինգ մասերից երկու ամենահաջողվածները, իմ կարծիքով, առաջինն ու նախավերջինն էին, որովհետև դրանցից մեկում Ջեք Բըրնսը հիշում է այն, ինչ մայրն է ուզում, իսկ մյուսում մեկը մյուսի հետևից հայտնաբերում է, որ իրականում այնքան էլ ճիշտ չի հիշել չորս տարեկանում իր հետ կատարվածը:

Մյուս կետը, որ դուրս եկավ, այն էր, որ Ալիսը՝ Ջեքի մայրը, փորձել էր ամեն կերպ նրա աչքից գցել հորը, որն Ալիսին լքել էր, երբ իմացել էր, որ նա հղի է: Եվ կարողացել էր՝ որդու կյանքը լցնելով ամենաաներևակայելի ստերով: Հետո Ջեքը կամաց-կամաց բացահայտում է դրանք: Ստացվում է այնպես, որ որդին մորը չի ներում, ինչպես մի ժամանակ չէր կարողանում հորը ներել: Բայց այն ժամանակ, երբ ողջ ճշմարտությունը բացահայտում է, մայրն արդեն մահացած է լինում:

Հաճելի էր նաև երաժշտության ուղեկցությունը: Գիրքը ոտքից գլուխ ողողված էր Բոբ Դիլանով, իսկ դա նորություն էր ինձ համար, քանի որ ժամանակակից գրականություն քիչ եմ կարդացել, իսկ կարդացածներիս մեջ երաժշտության մասին շատ չի խոսվում:

Քանի որ իրադարձությունները տեղի էին ունենում մեր օրերում (վերջանում է 2003-ին), բազմաթիվ ծանոթ երևույթներ կային՝ սկսած «Օսկարից», վերջացրած հայտնի դերասանների ու ֆիլմերի հիշատակումով: Իր պատմությանը հարմարացնելու համար Իրվինգը «Օսկարի» հաղթողներին մի քիչ փոփոխել էր, բայց դրա հետ էնքան էլ հեշտ չհաշտվեցի: Գուցե ավելի սիրուն լիներ, եթե ինչ-որ չլսված-չտեսնված մրցանակաբաշխություն, ֆիլմեր, դերասաններ հորիներ: Մյուս կողմից, քաղաքներն այնքան իրական էր նկարագրում, որ գուցե հնարավոր չէր շրջանցել դրանցում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունները:

Ինձ թվում է՝ Իրվինգն անիմաստ երկարացրել է գիրքը: Եթե պատմությունը ծավալվել էր այս երկու կետերի շուրջ, չլինեին Ջեքի ֆիլմերի ու աստղային կյանքի բազմաթիվ նկարագրություններ, տարբեր անիմաստ դրվագներ, գուցե "Until I Find You"-ն հայտնվեր իմ սիրած գրքերի ցանկում: Անիմաստ էր Ջեքի այցը Հալիֆաքս ու այնտեղ տեղի ունեցած կռիվը, Լյուսիի հայտնվելը ու նրա շուրջ ծավալված սկանդալը, Քլաուդիայի դստեր այցը ու էլի մի քանի ուրիշ դրվագ, որոնք կարող էին գիրքն ավելի կարճ ու արժեքավոր դարձնել: Էլ չեմ ասում, որ որոշ մասեր էլ, թեև լավն էին, բայց անիմաստ ձգած էին:

Իրվինգը չէր փայլում նաև կերպարների պատմություններով: Շատերին անիմաստ ջահել-ջահել էն աշխարհ ուղարկեց, մի քանիսն էլ ամբողջ կյանքում մենակ մի հոգու էին սիրել: Բազմաթիվ հերոսներ բնավորություն չունեին, անդեմ էին: Հաջողված կերպարներ էին Ջեքի ուսուցիչները: Քանի որ Իրվինգն ինքն է ասում, որ սա իր ամենաինքնակենսագրական գիրքն է, չի բացառվում, որ իր սեփական ուսուցիչներին է նկարագրել, դրա համար էլ էդքան լավ են ստացվել:

Վերջին մասը լրիվ հոգեբուժություն էր: Կոչվում էր «Դոկտոր Գարսիա»: Երբ գիրքը սկսելուց առաջ աչքի անցկացրի բովանդակությունը, միանգամից հասկացա, որ դոկտոր Գարսիան հոգեբույժ է: Բայց միայն այդ մասին հասնելուց հետո միտքս փայլատակեց, ու հասկացա, որ այս դոկտորը նաև կին է: Դե ինքն իրենով էնքան էլ հոգեբույժ չէր, իր արևին հոգեթերապիայով էր զբաղվում, պիտի որ լիներ «կուզե՞ս խոսել դրա մասին» տեսակից, բայց այս դեպքում ավելացրած՝ «ժամանակագրական հերթականությամբ»: Մի խոսքով, Իրվինգը Ջեքի դեպրեսիան պաշտոնական դարձնելու համար բերել, էդ անբաշար հոգեբույժին փաթաթել էր գլխին:

Մեկ էլ կպչուն-սևեռուն խանգարում է նկարագրվում գրքում: Ցավոք, քանի որ երբևէ այդպիսի հիվանդ չեմ տեսել, չեմ կարող ասել՝ կարո՞ղ է արդյոք էդպես արտահայտվել: Ի տարբերություն բժշկության մյուս բաժինների, հոգեբուժության դասագրքերն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը, որովհետև պարզապես հիվանդի մի տեղը չի ցավում, այլ ամեն մեկը յուրահատուկ է իր մտքերով, զգացողություններով ու պահվածքով: Պարզ էր, որ անընդհատ դաջվածքներ անելը կպչուն գործողություն է, բայց արդյոք հանվելը ծիսակա՞րգ է, կամ իսկապե՞ս կպչուն-սևեռուն խանգարման ծանր ձևերի ժամանակ կան բառեր, երևույթներ, որոնք կարող են, այսպես ասած, էպիզոդ առաջացնել: Մեկ էլ մազալուն էն որ, որ Ջեքի հոր հետ աշխատող հինգ բժիշկներից միայն մեկը նորմալ թվաց նրան, այն էլ թերապևտ էր: Մյուս չորսը հոգեբույժներ էին...

Մեկ էլ հենց սկզբից Շաֆաքի «Ստամբուլի բճին» նմանեցրի: Չէ, էդպես ցայտուն մեկը մյուսից թխած չէր, բայց երկու դեպքում էլ բիճ ունեինք, երկու դեպքում էլ բացակայող հայր, բայց մի դեպքում՝ հայտնի, մյուս դեպքում՝ անհայտ, երկու դեպքում էլ մայրը տատուիստ էր, մեկում Բոբ Դիլանն էր երաժշտական ձևավորում ապահովում, մյուսում՝ Ջոնի Քեշը:

Թամարա
16.02.2011, 04:06
Ո՞րտեղից կարող եմ գիրքը գտնել

StrangeLittleGirl
16.02.2011, 04:18
Ո՞րտեղից կարող եմ գիրքը գտնել

Ես էս հսկայական գրքի տպագիր տարբերակն անգլերենով ունեմ: Կարող եմ փոխանցել: Իսկ եթե ուզում ես գնել, Արթբրիջում կա:

Թամարա
16.02.2011, 04:27
Անգլերե՞ն,ես անգլերեն գիրք կարդացել եմ,բայց փոքր պատմվածքներ ու վիպակներ,սենց երկարը դժվար չի լինի՞,գոնե ռուսերեն լիներ:(

StrangeLittleGirl
16.02.2011, 04:33
Անգլերե՞ն,ես անգլերեն գիրք կարդացել եմ,բայց փոքր պատմվածքներ ու վիպակներ,սենց երկարը դժվար չի լինի՞,գոնե ռուսերեն լիներ:(

Ռուսերեն թարգմանությունը գիտեմ, որ կա: Բայց թե որտեղից կարելի ա ճարել, չեմ կարող ասել