PDA

Դիտել ողջ տարբերակը : Նիք Հորնբի



StrangeLittleGirl
23.05.2010, 12:54
Նիք Հորնբին անգլիացի ժամանակակից գրող է: Կարդացել եմ նրա "A Long Way Down"-ը: Հիանալի գործ էր:

Գերժամանակակից գրականություն կարդալու հավես բաներն էլի մեջը կային. մեզ ծանոթ երաժիշտներ, գրողներ, ֆիլմեր: Բայց դե գրքի գլխավոր արժանիքը բնավ դրա մեջ չէ:

Սկսվում է այսպես. չորս հոգի բոլորովին տարբեր պատճառներով, տարբեր տարիքի Նոր տարվա գիշերով՝ նույն պահին, որոշում են նույն տեղից ներքև նետվել: Ու քանի որ հայտնաբերում են, որ մենակ չեն, ինքնասպանությունը ձախողվում է: Դրանից հետո տարբեր իրադարձություններ են զարգանում, որոնք գուցե այնքան էլ հետաքրքիր չէին լինի, եթե նախապես չիմանայիր, որ գլխավոր հերոսները սուիցիդալ մտքեր են ունեցել: Հավեսն էն էր, որ նրանք բոլորը չափից դուրս տարբեր մարդիկ էին... էնքան, ինչքան ընդհանրապես հնարավոր է մեկից տարբերվել: Էդքանով հանդերձ, նրանցից ոչ մեկն իդեալական չէր: Լրիվ բնական մարդիկ էին՝ իրենց բազմաթիվ թերություններով, մտքերով, կյանքով: Գրքի կառուցվածքն էլ էր յուրահատուկ. պատմությունը զարգանում էր չորս դեմքով, այսինքն՝ հատված առ հատված գլխավոր կերպարներն իրար հետևից շարադրում էին՝ ցույց տալով իրենց սեփական մոտեցումը, կարծիքը: Գրողը չէր ալարել, յուրաքանչյուրի համար առանձին բառապաշար, շարադրելու առանձին ձև էր հորինել:

Չնայած վերջիվերջո նրանք բոլորն էլ որոշում են ապրել, բայց իրենց կյանքերում ինչ-որ յուրահատուկ մեծ փոփոխություն տեղի չի ունենում, չեն վերականգնում այն, ինչ կորցրել էին, ինչի համար ուզում էին մեռնել: Վիպակի սիրունությունը հենց դրա մեջ է, որ անիմաստ տվայտանքներ, ռոմանտիկա, անհավատալի հաջողություններ չկան: Ընդամենը փոքրիկ փոփոխություններ, որոնք ստիպում են նրանց ապրել:

Ընդհանրապես, շատ հազվադեպ է լինում, որ գրքերի վերջերն ինձ դուր են գալիս: Էս էդ դեպքերից էր: Ոչ մի ավելորդ վերամբարձություն, ոչ մի անիմաստ եզրակացություն... Ընդամենը հերոսներից մեկը՝ Մարտինը, նկատում է, որ London Eye-ը թեև կանգնած է թվում, բայց իրականում շատ դանդաղ շարժվում է...

Թամարա
16.02.2011, 04:14
Սա ավելի հետաքրքրեց…իսկ ծավալը շա՞տ է

StrangeLittleGirl
16.02.2011, 04:18
Սա ավելի հետաքրքրեց…իսկ ծավալը շա՞տ է

Չէ, էս մեկը մոտ 200 էջ է: