PDA

Դիտել ողջ տարբերակը : Անուկապատում



Էջեր : [1] 2

Ուլուանա
14.12.2008, 02:21
Վերջապես ես էլ որոշեցի իմ անձնական օրագիրը բացել։ Քանի որ նույնիսկ բացվելու դեպքում «Անկապ օրագրում» դժվար թե գրառումներ անեմ, մտածեցի՝ անձնական օրագրումս ավելի հիմնովին տնավորվելու համար էնտեղից իմ որոշ գրառումներ տեղափոխել էստեղ։ Առաջին գրառումները հին են ու շատերի կողմից արդեն ընթերցված։ Պարզապես ուզում եմ, որ դրանք իմ օրագրում լինեն։

Քանի որ վաղուց հոգնած ու ձանձրացած եմ դեպրեսիվ–պեսիմիստական ռոմանտիկայից, ինչպես նաև սադո–մազո ոճի մտորումներից, փորձել եմ էս թեմա տեղափոխել նշված երևույթներից քիչ թե շատ զերծ գրառումները։ Միակ բացառությունը թերևս կարոտի վերաբերյալ գրառումներս են, որոնց հիմնական մասն էնտեղ թողնել չեմ ուզում, որոշել եմ հետս բերել էստեղ։ Հետագայում էլ աշխատելու եմ օրագրումս հնարավորինս լավատեսական գրառումներ անել։ :)





Մեկամյուսացում

Էնքան հետաքրքիր է հետևելը, թե ոնց են զուգընկերները միմյանց վրա ազդում, թե ժամանակի ընթացքում ոնց է հետզհետե մեկը մյուսանում, մյուսը՝ մեկանում, և երբեմն դժվար է ասել, թե այդ մեկամյուսացման լուրջ ու հիմնավոր գործընթացներից հետո, ի վերջո, որ մեկն է ավելի շատ շահում, որ մեկը՝ տուժում։ Երբեմն նույնիսկ դժվարանում ես հստակ բնորոշել, թե կոնկրետ ինչն է փոխվել մեկի մեջ, բայց զգում ես, որ մի տեսակ մյուսացել է։ Վերջերս սկսել եմ հատուկ ուսումնասիրել էս երևույթն իմ ճանաչած տարբեր հին ու նոր զուգընկերների (թե՛ ամուսինների, թե՛ պարզապես սիրային զույգերի) շրջանում ու մեկամյուսացման ահագին հետաքրքիր դրսևորումներ եմ հայտնաբերել։

Հիշեցի՝ մի անգամ ընկերներիցս մեկը մեր ընդհանուր ծանոթներից մեկի մասին ասաց. «Շատ ա փոխվել X–ը. լրիվ Y–ացել ա...:(»։ Եվ իսկապես, զարմանալի էր, թե X–ը ոնց էր հասցրել Y–ի հետ ընկերության կարճ ժամանակահատվածի ընթացքում այդքան Y–անալ... Y-ի հետ վաղուց չեմ շփվել, մտածում եմ՝ տեսնես նա հեչ X–ացե՞լ է, ու եթե հա, ապա՝ ինչքանո՞վ...

Ուլուանա
15.12.2008, 22:12
Դեպի վիրտուալ սոցիալիզմ

Բայց մարդ ինչքան տարբեր կերպ է ընկալում մաքուր վիրտուալ ու ռեալ կամ գոնե կիսառեալ (կիսավիրտուալ) կերպարներին։ Անուն, տարիք, արտաքին տեսք... էս բոլորը որոշակիորեն խարխլում են վիրտուալի՝ պայմանականություններից զերծ կերպարի ամբողջականությունը. ռեալի տվյալները որ ներխուժեցին վիրտուալ տարածքից ներս, միանգամից առօրեականացնում ու մի տեսակ համահարթեցնում են կերպարը, ու արդեն սկսում ես գրառումների մեջ ու հետևում փնտրել հենց էդ արտաքինով, էդ տարիքի ու էդ կարգավիճակի մարդուն, նույնիսկ անունն է ինքնըստինքյան կարծես թառում բոլոր գրառումների գլխին՝ գլխարկի նման, էն տարբերությամբ, որ էդ գլխարկն էլ հանել չի լինի։ Իսկ մինչ այդ մարդուն լրիվ ուրիշ չափողականության մեջ էիր ընկալում։ Ու էդ ամենը խաթարում է ընդհանուր մթնոլորտի վիրտուալությունը, ընկալումդ կամա թե ակամա կաղապարվում է պայմանականություններով։ Ի վերջո, ստացվում է մի չափազանց խայտաբղետ ու անհամասեռ համայնք՝ կազմված վիրտուալության ամենատարբեր աստիճան ունեցող մարդկանցից, որոնցից շատերը խորհրդավոր են զուտ այնքանով, որքանով վիրտուալ են, իսկ մյուսները՝ պարզ ու շատ առումներով՝ նաև կանխատեսելի՝ էլի զգալի չափով կախված ռեալության աստիճանից։

Հենց նոր պատկերացրի, թե ինչ հետաքրքիր կլիներ, եթե ունենայի վիրտուալ երկու առանձին միջավայր. առաջինում շփվեի լրիվ վիրտուալ կերպարների հետ, քանի դեռ ռեալը չի դիպել վիրտուալի պատերին, երկրորդում՝ այն մարդկանց հետ, որոնց վիրտուալությունն արդեն այս կամ այն չափով «կոտրված» է ռեալով՝ նկարների, անձնական տվյալների կամ մինչև անգամ ռեալ հանդիպումների ու շփման միջոցով։ Բնականաբար, այդ երկու միջավայրերը պետք է խիստ դինամիկ լինեին, հատկապես՝ առաջինը, քանի որ մշտապես առկա կլիներ մարդկանց հոսք՝ առաջինից դեպի երկրորդը, բայց փոխարենը առաջին տարածքը կլցվեր նորանոր մաքուր վիրտուալ կերպարներով՝ մինչև ռեալանալը։ Իհարկե, որոշ մարդիկ՝ երդվյալ վիրտուալականները, որոնք, ըստ իմ անձնական փորձի, այնքան էլ հաճախ չեն հանդիպում, իրենց կայուն տեղը կունենային մաքուր վիրտուալ միջավայրում։ Երկու միջավայրերից էլ պարբերաբար կանհետանային որոշ կերպարներ, բայց դե դա ինչպես ռեալ կյանքում, այնպես էլ վիրտուալում ու հատկապե՛ս վիրտուալում բնականոն երևույթ է։ Համենայնդեպս, մարդիկ որոշ չափով հավասար պայմաններում, հավասար կարգավիճակում կլինեին։ Հավասար պայմաններ... Հըմ... Մի տեսակ սոցիալիզմի հոտ փչեց ոնց որ... :8 Չէ, լավ, երևի, այնուամենայնիվ, ճիշտը հենց այն է, ինչ ունենք՝ խայտաբղետ, զատ դեմոկրատական վիրտուալ հասարակություն։
Չմեռանք` վիրտուալ սոցիալիզմի մասին էլ երազեցինք։ :))

Ուլուանա
23.01.2009, 02:43
Բայց էս ի՜նչ անջատված դեմք եմ ես։ :{ Ես էլ կարծում էի՝ վերջին տարիներին ահագին «ուղղվել» եմ էդ առումով, բայց հերիք է որոշ ժամանակ համարձակվեմ էդպես մտածել, մեկ էլ հոպ՝ անջատվածությունս նորովի ներկայանում է իր ողջ փայլով։ :8
Ամուսնուս հետ իջել էինք լվացքատուն։ Վերադառնալիս, մինչ ամուսինս առաջին հարկում փոստն էր ստուգում, ես բարձրացա տուն։ Մեր բնակարանը երկրորդ հարկում է։ Մոտս բանալի չկար, բայց դուռը բաց էինք թողել։ Բարձրացա, դռան բռնակը պտտում եմ, չի բացվում։ :o Այ քեզ բան։ :unsure Չլինի՞ թե ամուսինս վերջին պահին փակել է, չեմ իմացել։ Բայց ախր վերջինը կարծեմ ես էի դուրս եկել... :8 Էս կողքի հարևա՞նը երբ հասցրեց դռան դիմացի շորը փոխել... :' Մինչ դռան բռնակն էի պտտում, մեկ էլ զգացի, որ ներսից ուժեղ ծլվլոցներ են գալիս... Ծլվլոցը ո՞րն է, մի աննկրագրելի ճռվողյուն։ :o Լեղաճաք եղա... :scare Ախր մեր տանը որտեղի՞ց թռչուններ։ :unsure Պատուհաններն էլ ախր բոլորը ցանցապատ են, ու էդ դեռ հերիք չի՝ էս պահին հաստատ բոլորը փակ են։ Էդ գիտակցելուց լրիվ լեղաճաք եղա։ Մեկ էլ ներքևից ամուսնուս ձայնը լսեցի, կանչում էր, իջա։ Պարզվեց՝ երկրորդ հարկի փոխարեն երրորդ հարկ էի բարձրացել... :oy Լավ է՝ գոնե դուռը փակ էր, ու հարևանն էլ չնկատեց, թե ինչպես է ինչ–որ մեկը պտտում իրենց դռան բռնակը։ :D

Ուլուանա
11.02.2009, 23:17
Բայց էս ի՜նչ անջատված դեմք եմ ես։ :{ Ես էլ կարծում էի՝ վերջին տարիներին ահագին «ուղղվել» եմ էդ առումով, բայց հերիք է որոշ ժամանակ համարձակվեմ էդպես մտածել, մեկ էլ հոպ՝ անջատվածությունս նորովի ներկայանում է իր ողջ փայլով։ :8
Ամուսնուս հետ իջել էինք լվացքատուն։ Վերադառնալիս, մինչ ամուսինս առաջին հարկում փոստն էր ստուգում, ես բարձրացա տուն։ Մեր բնակարանը երկրորդ հարկում է։ Մոտս բանալի չկար, բայց դուռը բաց էինք թողել։ Բարձրացա, դռան բռնակը պտտում եմ, չի բացվում։ :o Այ քեզ բան։ :unsure Չլինի՞ թե ամուսինս վերջին պահին փակել է, չեմ իմացել։ Բայց ախր վերջինը կարծեմ ես էի դուրս եկել... :8 Էս կողքի հարևա՞նը երբ հասցրեց դռան դիմացի շորը փոխել... :' Մինչ դռան բռնակն էի պտտում, մեկ էլ զգացի, որ ներսից ուժեղ ծլվլոցներ են գալիս... Ծլվլոցը ո՞րն է, մի աննկրագրելի ճռվողյուն։ :o Լեղաճաք եղա... :scare Ախր մեր տանը որտեղի՞ց թռչուններ։ :unsure Պատուհաններն էլ ախր բոլորը ցանցապատ են, ու էդ դեռ հերիք չի՝ էս պահին հաստատ բոլորը փակ են։ Էդ գիտակցելուց լրիվ լեղաճաք եղա։ Մեկ էլ ներքևից ամուսնուս ձայնը լսեցի, կանչում էր, իջա։ Պարզվեց՝ երկրորդ հարկի փոխարեն երրորդ հարկ էի բարձրացել... :oy Լավ է՝ գոնե դուռը փակ էր, ու հարևանն էլ չնկատեց, թե ինչպես է ինչ–որ մեկը պտտում իրենց դռան բռնակը։ :D
Շարունակություն...

Հատուցում
Խոհանոցում գործ եմ անում, մեկ էլ լսում եմ մեր հարևան մի քիչ ցնդած ծերուկ Վինիի բամբ մռթմթոցը։ Դե, ծերուկի բարձրաձայն մռթմռթոցը գրեթե միշտ ու ամեն տեղից է գալիս՝ դրսից, շքամուտքից, վերևից (մեր վերևի հարևանն է), ու միշտ այնքան բարձր, որ քեզ թվում է՝ կողքիդ կանգնած է։ Ընդ որում նշանակություն չունի՝ ինչ–որ մեկի հետ է խոսում, թե ինքնիրեն, ձայնի նույն բարձրությունն է, նույն բարկացկոտ տոնը, մի խոսքով՝ լսելիս չես տարբերի։ Դե, իսկ բառերը զանազանելը բավական բարդ գործ է. շատ անհստակ ու լղոզված է խոսում։ Հա, ուրեմն խոհանոցից լսում եմ ձայնը, դե, երևի շենքում է, իրենց տուն է բարձրանում, ճանապարհին էլ, սովորության համաձայն իրեն–իրեն խոսում։ Հետո զգացի, որ չէ, էս անգամ ձայնը սովորականից ավելի մոտիկից է գալիս, հետո բանալիների ձայն եկավ, մտածեցի՝ կողքի հարևանը երևի իր դուռն է բացում, դե, դռներն իրար շատ մոտիկ են, ու, ինչպես միշտ, շենքի վատ ձայնամեկուսացման պատճառով այնպիսի զգացողություն է, որ մեր դուռն են բացում։ Բայց դե դրան էլ եմ սովոր, բանի տեղ չդրեցի։ Բայց չէ, էս հարևանն ինչ–որ շատ երկար է բացում իր դուռը... :unsure Աստվա՜ծ իմ, ախր էս մե՛ր դուռն է։ :o Համոզվելու համար մոտենում եմ դռանը... Հա, հաստատ մեր դուռն են փորձում բացել... Նայում եմ գլազոկից։ Մեկ էլ տեսնեմ՝ Վինին գլուխը կախ, քթի տակ, բայց լավ էլ բարձրաձայն փնթփնթալով փորձում է մեր դուռը բացել։ :D Մտածեցի՝ դուռը բացեմ, ասեմ, որ սխալվել է, մի հարկ վերև պիտի գնար։ Բացեցի, մեկ էլ տեսնեմ՝ գլուխը կախ, առանց նայելու քշեց ներս։ :D Հետո ինձ տեսավ, զարմացած ու շփոթված հետ գնաց դուրս՝ ներողություն խնդրելով։ Ժպտացի ու ասացի, որ մի հարկ վերև պիտի բարձրանա։ Հետո սկսեց արդարանալ՝ ասելով, որ ոտքը լավ չի, դրա համար խառնեց հարկերը: :)) Ու մի ժամ ինչ–որ բաներ էր խոսում, որից բան չէի հասկանում։ Ենթադրում եմ, որ առանձնապես կարևոր բաներ չէին, դե, ես էլ, ի՞նչ անեի, քաղաքավարությունից դրդված՝ պարբերաբար ժպտում ու գլուխս տմբտմբացնում էի։ Մի պահ հարցրեց, թե ինչպես են դպրոցի դասերը։ :D Ասացի, որ ես դպրոց չեմ գնում։ Հետո էլի ինչ–որ անհասկանալի բաներ խոսեց ու գնաց։ :)

Փաստորեն, քվիտ եղանք։ :))

Ուլուանա
26.02.2009, 01:19
Չգիտեմ՝ ինձ է թվում, թե վերջերս իսկապես չափից դուրս շատ է հնչում «ինքնահաստատվել» բառը՝ գրեթե միշտ մեղադրական տոնով, երբ խոսվում է ուրիշի մասին։ Միշտ համարում ենք, որ այսինչ մարդն իր այսինչ քայլով ինքնահաստատվում է (պարտադիր՝ ուրիշների հաշվին), ուրիշի ցանկացած սխալ պահվածք, հատկապես երբ դա մեզ է առնչվում, որպես կանոն, արհամարհանքով պիտակում ենք որպես ինքնահաստատման անհաջող փորձ, ինքնահաստատման հետ կապված խնդիրների հետևանք։ Ամեն կողմից էդ բառն ականջս ու աչքս ծակում է։ Ախր բառն ինքը կարծես նույնիսկ դրական իմաստ ունի, բայց ոնց որ թե էդ իմաստը վաղուց մոռացության է մատնվել... Համենայնդեպս, ինձ համար «ինքնահաստատվել» բառն արդեն բացասական կոնոտացիա է ձեռք բերել ու սկսել է որոշակիորեն ասոցիացվել ագրեսիվ, հիվանդագին, անհարգալից, հանդուգն, ցուցադրական ու ընդհանրապես բոլոր առումներով բացասական պահվածքի հետ։ Հենց մեկը մի բան էն չի անում, ուրեմն ինքնահաստատվում է։ Բայց որ մի լավ բան անի, երբեք մտքներովս չի անցնի, որ էլի է ինքնահաստատվում, մենակ վատի դեպքում է աչքներս ծակում։ Պարզ է, որ բոլորս էլ, ցանկացած բան անելով, ինքնահաստատվում ենք, բայց, չգիտես ինչու, մենակ ուրիշի արածի ու հենց մենակ վատի դեպքում ենք հիշում էդ բառի գոյության մասին։ Բայց, Աստված չանի, հանկարծ մեկը համարձակվի մեզ մեղադրել ինքնահաստատման փորձերի մեջ... Օ՜, ինչպիսի մահացու վիրավորանք։ Ե՞ս եմ ինքնահաստատվում։ :o Տո դու ու՞ր էիր, որ ես ինքնահաստատվել–պրծել էի։ Դու գիտե՞ս իմ ինքնահաստատումը երբ ա ավարտվել։ :D Ու ընդհանրապես, ասեմ, իմանաս. ես ինքնահաստատված եմ ծնվել։ :beee :))

Հետաքրքիր է, իսկ կա՞ էնպիսի մարդ, ով ինքնահաստատման խնդիրներ չունի, ով չի փորձում ինքնահաստատվել, ում ինքնահաստատումն արդեն բարեհաջող կերպով ավարտված է։ Ես որ չեմ ճանաչում էդպիսի մեկին։ Որ գտնեք, ձայն հանեք։

Հ. Գ. Հա, ես էլ եմ ինքնահաստատվում։ :P Հենց էս պահին էլ եմ ինքնահաստատվում, միգուցե անհաջող կերպով։ :D Ու մինչև կյանքիս վերջ էլ ինքնահաստատվելու եմ։

Հ. Հ. Գ. Ո՜նց եմ հոգնել էդ բառից, մի քիչ քիչ օգտագործեք, էլի։ :(

Ուլուանա
05.03.2009, 04:35
Հիթ–հարցեր, որոնք լսելուց արդեն վաղուց արդեն ձանձրացել եմ, բայց դե ի՞նչ արած...

Վերջին մեկուկես տարվա ընթացքում
Բա ե՞րբ եք գալու Հայաստան։

Վերջին մեկ տարվա ընթացքում
Տենց էլ աշխատանք չգտա՞ր։

Վերջին կես տարվա ընթացքում
Էս կրիզիսը ձեզ վրա հո շատ չի՞ ազդել։


Սպասենք հետագա հիթերին... :think

Ուլուանա
06.03.2009, 04:00
Հիթ–հարցեր, որոնք լսելուց արդեն վաղուց արդեն ձանձրացել եմ, բայց դե ի՞նչ արած...

Վերջին մեկուկես տարվա ընթացքում
Բա ե՞րբ եք գալու Հայաստան։

Վերջին մեկ տարվա ընթացքում
Տենց էլ աշխատանք չգտա՞ր։

Վերջին կես տարվա ընթացքում
Էս կրիզիսը ձեզ վրա հո շատ չի՞ ազդել։


Սպասենք հետագա հիթերին... :think

– Բարև։ :)
– Բարև։ :)
– Ո՞նց ես։
– Ոչինչ, դու՞։
– Օֆ, ներվայնացած։ :aggressive
– Ինչի՞։
– Զզվել եմ արդեն նույն հարցերին պատասխանելուց... «Ե՞րբ ա ամուսինդ գալիս Ռուսաստանից», «Աղջկադ դեռ չե՞ս ամուսնացնում» ու էլի էդ կարգի ներվայնացնող հարցեր... :{ Մարդ արդեն չի ուզում մեկի հետ խոսի, որ էլի չսկսեն զզվացնել իրանց ապուշ հարցերով։ Ախր ինչքա՞ն կարելի ա։
– Հա... Պատկերացնում եմ։ :think Դե, դու էլ խնդրի, որ էդ հարցերը քեզ էլ չտան։ Ասա՝ որ աղջկաս ամուսնացնեմ, կիմանաք, էլ մի հարցրեք, նույնն էլ ամուսնուս գալու հետ կապված։ Ի՞նչ կա որ, տենց էլ ասա։
– Օֆ, չգիտեմ... Գլուխս էլ երեկվանից պայթում ա, դեղերն էլ չեն օգնում արդեն։ :bl
– Ներվերից կլինի, էլի...
– Հա, բա ի՞նչ։ Ով էլ էդքան ներվայնանա, էս օրը կընկնի։ Լավ, մի քիչ էլ դու պատմի։ Քեզ մո՞տ ինչ կա։
– Բան չկա, նույնը։ :}
– Հըմ... Իսկ աշխատանք տենց էլ չգտա՞ր։
– :{ :{ :{

:D

Ուլուանա
28.03.2009, 04:50
– Էսօր չգնա՞նք Սևան, վաղուց չենք գնացել։
– Հա... Բայց ցրտոտ չի՞։
– Չէ։
– Դե լավ, ուրեմն գնանք։

Հ.Գ. «Սևանը» մեր քաղաքի միակ հայկական խանութի անունն է։ :))

Ուլուանա
05.04.2009, 04:30
Եթե ինձ հարցնեն, թե Ամերիկա ոտք դնելուց պահից սկսած ինչն է ինձ ամենաշատը ցնցել, կպատասխանեմ՝ ամերիկացիների հագնվելու ձևը։

Երբ, օրինակ, ձմեռվա բքին հաստ շորերով, տաք վերարկուով ու տաք սապոգներով դրսում սրթսրթում ես, մեկ էլ տեսնում ես կարճաթև շապիկով, շորտերով ու ամառային գուլպաներով մեկին, որը հաստատ վազելու չի դուրս եկել, բնականաբար, զարմանում ես, բայց դե մտածում ես՝ մարդ է, գուցե կոփված է, չի մրսում, ի՞նչ կա որ, շատ էլ լավ է անում, ո՞վ չէր ուզենա որ։ Էդպիսիք, թեև շատ հաճախ չեն հանդիպում, բայց հազվագյուտ երևույթ էլ չեն, պարբերաբար կարելի է հանդիպել։ Նման մարդկանց տեսնելիս ընդամենը զարմանում եմ, չեմ ցնցվում։ Բայց երբ տեսնում եմ էդ նույն ցրտաշունչ ձմեռային եղանակին, ասենք, տաք վերարկուով կամ մուշտակով, դրա տակից էլ հաստ ձմեռային բլուզկա հագած աղջկա կամ կնոջ, մեկ էլ հայացքս ընկնում է ոտքերին... ու տեսնում եմ լրիվ բաց ոտքեր՝ բոկոտիկների (բասանոժկա) մեջ, այ էդ ժամանակ արդեն լրջորեն ցնցվում եմ... Իսկ էդպիսիք էնքա՜ն շատ են հանդիպում, որ էլ ասելու չի... Հայաստանում եթե էդ ձևով հագնված մարդկանց հանդիպեինք, հաստատ կմտածեինք՝ սա կամ խելապակաս է, կամ էլ խիստ չքավոր, ավելի կոնկրետ՝ բոմժ։ Իսկ էստեղ դրանք միանգամայն նորմալ ու բոլորովին ոչ աղքատ մարդիկ են։ Ու մտածում եմ՝ լավ, սրանք կյանքում չե՞ն լսել, որ մարդ առաջին հերթին ոտքերից է մրսում, ու որ ոտքերը մրսեցնելու պատճառով բազմաթիվ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ։ Մի՞թե հնարավոր է, որ մարդու վերնամասն էնքան մրսի, որ հաստ վերարկու հագնելու կարիք ունենա, իսկ ոտքերն էնքան շոգեն, որ ամառային հանդերձանք ստանան։ Ճիշտն ասած՝ ոչ մի կերպ ուղեղումս չի տեղավորվում.... Ի դեպ, լրիվ նույն տեսարանը կարելի է հանդիպել նաև ամռանը։
Բայց սա դեռ ամենը չէ. կա նաև դրա հակառակ՝ ոչ պակաս ուշագրավ տեսարանը. պատրերացրեք թեթև, ամառային կարճաթև կամ անթև շապիկով մեկին, որը միաժամանակ հագել է ներսից մորթիապատ տաք սապոգներ, այն էլ բաց ոտքերով՝ առանց գուլպայի կամ զուգագուլպայի... Ընդ որում, այստեղ օդն անհամեմատ ավելի խոնավ է, ու ամռանը դրսում հաճախ շոգեբաղնիքում գտնվելու զգացողություն է լինում։ Պատկերացնու՞մ եք, թե էդ սապոգների ներսում ինչ կարող է կատարվել նման եղանակին... :{ Ի դեպ, այս վերջինը տեսարանն ավելի հաճախ հանդիպում է ամռանը։ Բայց ընդհանուր առմամբ այստեղ ցանկացած եղանակի ցանկացած տիպի հանդերձանք կարելի է տեսնել։

Մի ուշագրավ երևույթ էլ կա, որն արդեն եղանակների հետ կապ չունի։ Ուրեմն ջահել տղաներից շատերը (ավելի հաճախ՝ սևամորթները, բայց մյուսների մեջ էլ են պատահում), սովորություն ունեն տաբատը հագնել՝ գոտկատեղի մասը ընդունված տեղից մի 20 սմ ներքև իջեցրած, տաբատի ձագամասն էլ, բնականաբար, նույն չափով կախ ընկած... Բավական անդուր տեսարան է։ :[ Հետևից որ նայում ես, քեզ թվում է՝ ուր որ է՝ տաբատը վրայից կընկնի, բայց զարմանալիորեն չի ընկնում։ :D Հետաքրքիր է՝ իրենց համար տաբատն էդ ձևով կրելը գեղեցի՞կ է համարվում, թե՞ հարմարավետ... Դատելով տեսքից՝ կարծես թե ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։

Մի բանից էլ եմ կարգին ցնցվել... Դե, գիտեք, Հայաստանում ուսանողությունը հասարակության այն շերտն է, որը երևի ամենաշատն է հետևում իր հագուկապին ու ընդհանրապես արտաքին տեսքին, իսկ էստեղ բոլորովին հակառակ պատկերին եs ականատես լինում. փողոցում, համալսարանի շրջակայքում անընդհատ կարելի է հանդիպել ահավոր թափթփված, անշնորհք հագուկապով երիդասարդների, այդ թվում՝ գիշերանոցային թումբաններ հագած դասի գնացող բազմաթիվ ուղանողուհիների։ :blin :D Հա, Հայաստանում էդպիսի թումբաններ հագնում են միայն որպես գիշերանոց, իսկի տանը գործ անելիս ոչ ոք չի հագնի, էլ ուր մնաց՝ դասի գնալիս։ Իսկ էստեղ դրանք լրիվ սովորական, տարածված դրսի հագուստ են, փաստորեն։

Մի խոսքով՝ արդեն մեկուկես տարի է՝ անընդհատ նման տեսարանների եմ հանդիպում, բայց ամեն անգամ տեսնելիս էլի զարմանում եմ ու միաժամանակ զարմանում ինձ վրա, որ դեռ զարմանում եմ։

Ուլուանա
30.04.2009, 01:29
Երեկ «Մանկական երազանքներ» թեմայի դեռ միայն վերնագիրը տեսնելով՝ պատկերացրի, որ թեման ավելի լայն կլինի. նպատակը կլինի ոչ միայն պարզել, թե ով ինչ էր ուզում դառնալ, այլև՝ թե ով ինչի մասին էր երազում ընդհանրապես, ու ակնթարթորեն մտքիս եկավ մանկությանս ցնորական երազանքներից մեկը, որի մասին որոշեցի առանձին պատմել այս՝ ոչինչ չպարտադրող, ազատ–անկապ թեմայում...
Փոքր ժամանակ շատ էի երազում, որ մեր տունը որևէ աղետից՝ երկրաշարժից, հրդեհից կամ, ասենք, ջրհեղեղից ավերվեր, ու մենք բավական համեստ թաշախուստով ընկնեինք փողոցները՝ «ճանապարհորդելու»՝ բառիս իմ պատկերացրած իմաստով։ :roll :D Այս երազանքս ամենայն հավանականությամբ ձևավորվել ու սնուցվել էր այն ժամանակ դիտածս արկածային ֆիլմերի ազդեցությամբ (դե, համապատասխան գրքեր կարդալու համար դեռ փոքր էի)։ Իմ ընկալմամբ ճանապարհորդելը հենց այն էր, երբ կինոների մարդիկ, օրինակ, նավաբեկությունից մի կերպ փրկվելով, սկսում էին թափառել այստեղ–այնտեղ՝ ընթացքում զանազան հետաքրքիր արկածների մեջ ընկնելով ու վտանգավոր դժվարություններ հաղթահարելով։ :D Ու ես էլ իմ մանկական ուղեղով պատկերացնում էի, որ եթե մեր տան հետ նման մի աղետ լինի, մենք էլ կինոյի մարդկանց պես կուղևորվենք հետաքրքիր ճանապարհորդության։ :hands :D Էդ միտքն ինձ աննկարագրելիորեն գրավիչ էր թվում, ու որ պատկերացնում էի, հրճվանքից սիրտս թրթռում էր։ Դե, իհարկե, մերոնց չէի ասում իմ էդ մեղսալից երազանքի մասին :}, հո չէ՞ի գժվել։ Ու տենց թաքուն–թաքուն էլ երազում էի...

Հիշում եմ, երբ երկրաշարժից հետո դեռ որոշ ժամանակ պարբերաբար հայտարարում էին, որ ուժեղ ցնցումներ են սպասվում, մեր շենքի բոլոր բնակիչները դուրս էին գալիս շենքից՝ իրենց հետ վերցնելով հնարավորինս շատ անհրաժեշտ ու կարևոր իրեր։ Ո՜նց էի դրսում կանգնած երազում, որ գոնե էս անգամ էդ ցնցումը չհիասթափեցնի... :oy Բայց չէ, էդպես էլ մեր շենքը համառորեն չէր փլվում, ու ամեն անգամ մերոնք թեթևացած, իսկ ես՝ փորուփոշման, վերադառնում էինք տուն, և կյանքը շարունակվում էր իր սովորական, տաղտուկ հունով... Իսկ իմ երազած ճանապարհորդությունն էդպես էլ մնաց մանկությանս կնճռոտված հուշերում...
Հիմա որ հիշում եմ, վատանում եմ, բայց էն ժամանակ իրոք նվիրական երազանք էր... :oy

Ուլուանա
02.06.2009, 03:34
Մականուններն ընդհանրապես լուրջ էներգետիկ ուժ ունեն։ Մականունից անուն անցումը բավական հետաքրքիր ու հաճախ բարդ երևույթ է։ Մականուններ կան, որոնց էներգետիկ ուժն այնքան մեծ է, այնպես սերտորեն է ձուլված այն կրողին, որ մարդու անունն իմանալուց հետո էլ տվյալ մարդու հետ կապված առաջնային ու անմիջական ասոցիացիադ շարունակում է մնալ մականունը, ոչ թե անունը։ Շատ մարդկանց դեպքում մականվան զորությունը տեղի է տալիս նրանց հետո մտերմանալուն զուգընթաց, մականուններ էլ կան, որ ոչ մի կերպ իրենց տեղը չեն զիջում անվանը, ու ոչ մի մտերմություն, սերտ շփում, ոչինչ չի կարող դա փոխել. ուղղակի էդ մարդը քեզ համար իր մականունն է ու վերջ։ Այս ամենն, իհարկե, խիստ անհատական է. նույն մարդու մականունը կարող է տարբեր մարդկանց համար տարբեր էներգետիկ ուժ ու ասոցիացիաներ ունենալ, բայց կարծում եմ, այնուամենայնիվ, մականունների համընդհանուր ընկալումներ էլ են լինում և ոչ հազվադեպ։

Մարդիկ կան, որոնց տարբեր պահերի տարբեր կերպ ես ընկալում ու դրանից կախված էլ կարող ես մի դեպքում անունով դիմել, մի ուրիշ դեպքում՝ մականունով, ընդ որում՝ լրիվ ինքնաբուխ, առանց նախապես որոշելու կամ կշռադատելու։ Մարդիկ էլ կան, որոնց, թեև արդեն վաղուց անունով եմ դիմում, բայց, միևնույն է, ինձ համար շարունակում են ասոցիացվել իրենց հենց մականվան հետ, ոչ թե անվան. տվյալ դեպքում անունը զուտ կոչական է լինում, բայց էդ մարդն իր էությամբ ինձ համար լրիվ իր մականունն է, ոչ թե անունը։

Ուլուանա
27.06.2009, 02:19
Ինչ միամիտն էի մինչև ԱՄՆ գալս, երբ կարծում էի, թե գիտեմ՝ ինչ է իսկական կարոտը։ Հա, Հայաստանում էլ էի երբեմն կարոտում։ Փոքր ժամանակ, երբ մայրս մեզ տանում էր տատիկիս տուն ու մի քանի օրով կամ մեկ–երկու շաբաթով թողնում էնտեղ, ահավոր կարոտում էինք մամային։ Օրերն էիինք հաշվում, թե երբ պիտի գա, մեզ տանի։ Ոչ թե տատիկի տանն էր վատ, այլ առանց մամայի էր վատ, ու էդ պարագայում մնացածն արդեն կարևոր չէր։

Հիշում եմ՝ մի անգամ զգացի, որ ահավոր կարոտել եմ եղբորս՝ նույն հարկի տակ ապրելու ու ամեն օր տեսնելու դեպքում։ Պարզվում է՝ էդպես էլ է պատահում... Կարելի է մարդու հետ ամեն օր տեսնվել, հետը շփվել ու միաժամանակ ուժեղ կարոտել։ Պարզապես էդ շրջանում, չգիտեմ՝ ոնց էր ստացվել, մի տեսակ հեռացել էինք իրարից, ու մի օր հանկարծ պարզեցինք, որ երկուսս էլ ահավոր կարոտել ենք իրար։ Ու դա էնքան իրական էր, որ «կարոտել էի քեզ» բառերը ոչ մեկիս համար էլ տարօրինակ չհնչեցին, թեև կողքից կարող էր ծիծաղելի թվալ։

Այնուամենայնիվ, հիմա որ հիշում եմ Հայաստանում ապրածս կարոտները, դրանք բոլորը մանուկ կարոտիկներ են թվում էն մեծ ու հասուն կարոտի կողքին, որը հիմա՝ ԱՄՆ–ում ապրելիս եմ զգում...

Ճիշտ է, չեմ կարող ասել, թե ամբողջ օրը կարոտակեզ ման եմ գալիս։ Չէ, միայն պարբերաբար է կարոտն այցելում, թեև ոչ հազվադեպ։ Բայց այցելելիս՝ լավ բեռով–բարձով, տեղը–տեղին... Պատահում է՝ հանգիստ նստած եմ ինձ համար, կարծես կարոտի նշաններ չկան, միտքս էլ լրիվ ուրիշ բաներով է զբաղված, բայց մեկ էլ պահի տակ ինչ–որ մանրուքից, արտաքուստ անէական մի բանից ակնթարթորեն հո չի խոցում... Էնքան խորն ու ցավոտ, որ թվում է՝ եթե հենց հիմա մերոնց չտեսնեմ, չգրկեմ, ուղղակի կմեռնեմ... Ու լացում եմ՝ անհույս, անզուսպ... Էդ պահերին, որպես կանոն, դուրս են ժայթքում մեջս կուտակված բառերը, որոնց դեմ ամբողջ ընթացքում պայքարում էի ներքուստ. «Զզվու՜մ եմ էս քամբախ Ամերիկայի՜ց... Տու՜ն եմ ուզու՜մ... (մեկը լիներ, ասեր՝ Ամերիկա՞ն է քամբախ, թե՞ քո երկիրը)»։ Երբեմն ահագին ժամանակ է պահանջվում, որ ամուսինս ինձ էդ վիճակից հանի։ Հետո ամեն ինչ անցնում է։ Կյանքը շարունակվում է։ Երբեմն նույնիսկ թվում է (կամ գուցե էդպես էլ կա), թե կյանքը հրաշալի է, թեկուզ Ամերիկայում։ Ու էդպես մինչև կարոտի հաջորդ նոպան...

Կարոտը երբեմն շատ նենգաբար է հարձակվում. շեշտակի հարված թիկունքից... Պատահում է՝ տանը նստած եմ և պահի տակ փորձում եմ նստածս տեղից պատկերացնել պատուհանից այն կողմ գտնվող մոտակա տեղանքի դասավորությունը, և պատկերն ակամա սկսում է գծագրվել մեր Երևանի տան շրջակայքի տեսքով... Մի տեսակ հանգստության ու ջերմության ծանոթ զգացողություն սկսում է ներսս սողոսկել՝ հաճելիորեն լցնելով ինչ–որ դատարկ մնացած տեղեր... Ու մեկ էլ կտրուկ կերպով դաժանորեն շպրտվում եմ դեպի իրականություն... Ու պատկերն ակնթարթորեն փոխվում է... Էդ շրխկալն էնքան ցավոտ է լինում, որ «գետնին պառկած»՝ ցավից գալարվում եմ, հետո դրան անմիջապես հաջորդում է էն սրտակեղեք գիտակցումը, որ էն տեղանքը, որ քիչ առաջ պատկերացնում էի, ու ինձ թվում էր՝ կողքիս է, իրականում անհույս, անհնար կերպով հեռու է ինձնից... Ու կարոտը մի հատ էլ պառկածս վիճակում քացով խփում է փորիս...

Համանման ձևով երբեմն մեքենայով կամ ավտոբուսով ինչ–որ փողոցով անցնելիս ինքս էլ չեմ նկատում, թե ոնց փողոցի որոշակի մասեր աչքիս դառնում են Երևանի ինչ–որ ծանոթ փողոցի մի հատված... Ու մի պահ իրոք սկսում եմ հավատալ, որ, ասենք, Բաղրամյանով ենք անցնում, կամ Կիևյանի կամրջով... Էլի էն ծանոթ ջերմությունը սկսում է աննկատ տարածվել ներսումս... Ու մեկ էլ նորից՝ շրը՜խկ... Վերադարձ դեպի դաժան իրականություն. առռըհա քեզ Կիևյան, Բաղրամյան։ Ու էլի ջարդուփշուր...

Պարբերաբար լինում են նաև նմանատիպ սյուժեներով երազներ։ Չէ, իրադարձություններով ավելի հարուստ, ավելի գունեղ ու հանգամանալից։ Էսօր էդպիսի մի երազից արթնանալով՝ սկսեցի լացել...

Ու մի՛ ասեք, թե այս ամենը կանցնի, կսովորեմ, կընտելանամ և այլն, ինչպես բոլորն են անում։ Ես սրան ընտելանալու ոչ մի ցանկություն չունեմ։ Տուն եմ ուզում։

Ուլուանա
23.07.2009, 05:21
Ավելի քան քսան տարի առաջ ծնողներս մեր շքամուտքի միջանցքում մի թեթև բաճկոն էին գտել, որից հետո հայտարարություն էին գրել գտնված անհայտ բաճկոնի մասին, փակցրել պատին, որ եթե տերը գտնվի, դիմի, վերադարձնեն։ Բայց էդպես էլ ոչ ոք չէր դիմել, ու գտածոն մնացել էր իրենց։
Բաճկոնը մի քանի տարի հայրս հագավ, հետո որոշ ժամանակ տանը մի տեղ լքված մնացել էր, ես էլ մի գեղեցիկ օր հայտնաբերեցի ու սկսեցի հաճույքով հագնել։ Մինչև հիմա էլ չգիտեմ՝ իրականում կանացի է, թե տղամարդու, կարծես երկուսն էլ։ Դպրոցի բարձր դասարաններում սկսեցի հագնել, մինչև էսօր էլ դեռ հագնում էի՝ ավելի քան 15 տարի :oy։ Էսօր մամայիս հետ խանութներում շրջելու ընթացքում մի քանի նոր գնած հագուստով տոպրակը, որի մեջ նաև բաճկոնս էի դրել, մոռացա խանութներից մեկում (իրականում հստակ հայտնի չէ, թե որ մեզնից որ մեկը դա արեց, բայց հաշվի առնելով իմ անջատվածությունը՝ ենթադրվում է, որ կորցնողը ես եմ եղել), ու էդպես կորավ իմ բազմաչարչար բաճկոնը...:( Նոր գնած շորերը մեծ բան չէին՝ մոտ տասը դոլլարի պատմություն։ Բայց բաճկոնս... ախր շատ էի սիրում... :( Դրանից երբեք ուրիշ որևէ մեկի հագին չեմ տեսել (նույնիսկ մտածում եմ՝ կարո՞ղ է ընդհանրապես ուրիշ մոլորակից էր ընկել մեր շենք :D)։
Ինչպես ասում են՝ ջրի բերած, ջրի տարած...
Մայրս ասում է. «Դե, մենք գտանք, դու էսքան տարի հագար, հերիք էր, էլի, հիմա էլ թող մի ուրիշը գտնի ու հագնի ;)»։ :D Էհ, ինչ ասեմ, թող հաջորդ գտնողը բարով մաշի :) (ես կարծես թե կարգին չհասցրի...)։

Ուլուանա
27.07.2009, 21:29
Գնացքում նստած էինք։ Մեր դիմացի նստարանի դիմացի նստատեղին, որը դեմքով դեպի մեզ էր դրված, խնամված սպիտակ մորուքով մի պապիկ նստած թերթ էր կարդում։ Սկզբում նկատեցի, որ ձախ ականջին՝ բլթակից վերև, իրար կողքի երկու փոքրիկ ականջօղ կա՝ երկուսն էլ փիրուզից։ Քիչ հետո ձախ ձեռքը երևաց. միջնամատին ու մատնեմատին փիրուզե գոնդոլ քարերով մատանիներ էին՝ գրեթե միանման։ Որոշ ժամանակ անց աջ ձեռքն էլ հայտնվեց տեսադաշտումս, որը նույնպես փիրուզապատ էր. գոնդոլ փիրուզե քարերով երկու մատանի էլ աջ ձեռքի մատներին տեսա։
Մտածում եմ՝ գուցե ծերուկը հորոսկոպում կարդացել էր, որ իր քարը փիրուզն է, ու որոշել էր հաջողակ լինելու համար հնարավորինս առատորեն փիրուզապատվել...

Ուլուանա
21.08.2009, 20:27
Մամաս գնաց երեկ։
Քանի էստեղ էր, ու մոտ մեկուկես ամիս միասին ապրում էինք մեր տանը, ամեն ինչ էնքան բնական ու սովորական էր, էնքան հարազատ ու ճիշտ, որ կարծես էդպես էլ պետք է լիներ, կարծես միշտ էլ էդպես էր եղել, երբեք էլ չէինք բաժանվել ու չէինք էլ բաժանվելու։ Ներքուստ բնավ չունեի էն գիտակցումը, որ սա ընդամենը մեկուկես ամիս է տևելու, ու պետք է առավելագույնս որսալ էդ մեկուկես ամիսը, գիտակցել ու գնահատել դրա թանկությունը, որից հետո նորից գնալու է Հայաստան, իսկ ես մնալու եմ էստեղ, որտեղ միակ հարազատս ամուսինս է։ Նույնը քրոջս եկած ժամանակ էր...
Իսկ ճանապարհելուց հետո մնում է էն ծանր զգացումը, որ էս ամբողջ ընթացքում կարող էի շատ ավելի լավը լինել։ :(
Ու դատարկություն... Դատարկություն, որն ուրիշ ոչ մի բանով չի լցվում, ուղղակի որոշ ժամանակ անց գլխին կափարիչ ես դնում, որ չտեսնես, ու շարունակում ապրել՝ փորձելով չհիշել կափարիչի տակ նենգորեն վխտացող դատարկության մասին...

Ուլուանա
11.10.2009, 01:20
Երկնայինի գրառումը կարդալով՝ հիշեցի մի կես տարի առաջ գրի առածս մտորումները սիրո մասին, մտածեցի՝ էստեղ էլ դնեմ, գուցե հետաքրքիր լինի. :)

Սերը տարբեր բնույթի չի լինում, միշտ էլ նույնն է։ Այն իր նախնական՝ մաքուր վիճակում աստվածային է ու զերծ ամեն տեսակ մարդկային «հավելված–զգացումներից», ինչպիսիք են խանդը, կիրքը, էգոիզմը, սեփականատիրության զգացումը և այլն, որոնցով գրեթե միշտ այս կամ այն չափով ուղեկցվում է սերը, և որոնք սխալմամբ վերագրվում են սիրոն։ Դրանք իրականում բնավ սիրո ատրիբուտներ չեն. դրանք ընդամենը մարդու ատրիբուտներ են։ Մարդն է լինում խանդոտ, կրքոտ, էգոիստ, սեփականատեր, ու երբ սիրում է, սիրո անարատ զգացմունքն ինքնաբերաբար անց է կացնում իր այդ հատկանիշների միջով՝ դուրս բերելով ինչ–որ խառնուրդ, որի մեջ, ի դեպ, զուտ սերը կարող է շատ փոքր տոկոս կազմել։ Երբեմն նույնիսկ այնպես է ստացվում, որ նշված «սիրո հավելված» հատկանիշները սկսում են «փոխարինել» գոյություն չունեցող սիրոն, այսինքն՝ մշտապես ուղեկցելով սիրոն՝ դրանք «սիրողի» կողմից արդեն սկսում են նույնացվել սիրո հետ՝ ստեղծելով սիրո պատրանք, մինչդեռ ինքը սերն արդեն վաղուց գործ չունի էդտեղ։

Մանկան սեր, մայրական սեր, հակառակ սեռի հանդեպ սեր, եղբայրական, ընկերական սեր... Էս բոլոր սերերի առանցքը նույն անարատ, աստվածային սերն է՝ տարբեր հանգամանքային «հագուստներով»։ Ու զարմանալի չէ, որ էս բոլորի միջից ամենամաքուրը, ամենաանշահախնդիրն ու ամենաիսկականը մայրական սերն է, որովհետև հիմնականում քիչ թե շատ զերծ է այն բոլոր զուտ «մարդկային», իսկ իրականում պարզապես եսասիրական հատկանիշներից։

Ուլուանա
15.10.2009, 18:24
«Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս...»

Բարբարոսը չգիտեմ, բայց ճկունության առումով Չարենցի էս խոսքերը խիստ դիպուկ են բնութագրում մեր լեզուն։ Ո՞վ չգիտի, որ ճկունությունն ընդհանրապես դրական հատկանիշ է, դե, մեր հայերենն էլ, ինչպես գիտեք, ճկունություն ունի՝ աշխարհը չունի։ Առաջին հայացքից ուղղակի հրաշալի հատկանիշ է. ճկուն է, ուրեմն արտահայտչաձևերն էլ համապատասխանաբար ավելի շատ են, նրբերանգներով հարուստ։ Նույն միտքը բազում ձևերով կարելի է արտահայտել՝ ամենատարբեր նրբերանգներ հաղորդելով ասածիդ։ Մի խոսքով՝ թվում է, թե ոնց ուզես՝ կարող ես ճկել։ Բայց արի ու տես, որ մեր լեզվի էս բացառիկ հատկանիշը մենք՝ լեզվակիրներս, հաճախ էնքան ենք չարաշահում, որ որոշ գերճկումների հետևանքով մեր լեզուն բառացիորեն ձևախախտվում է՝ նմանվելով բոլոր կողմերից լոճած (դե, անհաջող կերպով ճկած, էլի) ռետինե զանգվածի... Ուրիշ լեզուներում, ելնելով դրանց կառուցվածքային առանձնահատկություններից, էդպիսի ճկումներ սկզբունքորեն հնարավոր չեն. կարծր զանգված են, մի թեթև էլ որ քաշես, կկոտրվեն կամ կպատռվեն։ Իսկ մերն ինչքան ուզում ես՝ քաշի, չի պատռվի, փոխարենը կլոճվի, դրա համար էլ մենք, էսքան հարուստ, սիրուն ու ճկուն լեզու ունենալով հանդերձ, գրագետ չենք խոսում, ու մեր գրականի ու խոսակցականի միջև անդունդը սարսափելիորեն խորն է։ Համենայնդեպս, իմ իմացած ոչ մի լեզվում դրանց միջև անդունդն էդքան խորը չէ, որքան հայերենում։ Ինչու՞, որովհետև հայերենն էնքան ճկուն է, որ ճկելիս չենք զգում, թե երբ ենք անցնում թույլատրելիի սահմանը...
Այսինքն՝ բարբարոսն էլ գուցե մենք ենք, ոչ թե մեր լեզուն...

Ուլուանա
30.10.2009, 22:10
Իմ ուսանողական տարիներին մի անգամ կուրսեցիներով հավաքվել էինք, մեզ հետ եկել էր նաև մեր բուհում դասավանդող ամերիկացի դասախոսներից մեկը, որը կարծեմ մի քիչ հայերեն գիտեր, որոշ բաներ հասկանում էր, ու որ հայերենից խոսք եղավ, մի հարց տվեց, որին պատասխանելը, պարզվեց, բավական բարդ էր։ Ասեց. «Ձեր «էլի» բառն ի՞նչ է նշանակում։ Ինչքան փորձում եմ հասկանալ, ոչ մի կերպ չի հաջողվում»։ Փորձեցինք բացատրել, միաժամանակ ինքներս էլ էինք փորձում ի մի բերել «էլի»–ի բոլոր հնարավոր իմաստները, ու զգացինք, որ էնքան էլ հեշտ չի։ Դե, սկզբում ասեցինք «ավելի շատ» իմաստը, բայց դա ամենահեշտն ու ամենահասկանալին էր, մեր ամերիկացին բոլորովին էլ դա նկատի չուներ. «Էն որ մի բան եք ասում, ու վերջում ասում եք՝ էլի»։ Հը՜մ... Դե արի ու էս մարդուն բացատրի էդ տեսակ «էլի»–ի իմաստը։ Օրինակներ. «մի բան արա, էլի», «գիտեմ, ուղղակի դժվարանում եմ բացատրել, էլի», «մի մտածի, լավ կլինի, էլի» «չէ՛, էլի, չգնամ», «... ընդ որում, ինքը գիտեր, էլի, որ ես գալու եմ, նենց չէր, որ անակնկալի եկավ», և, վերջապես, «լավ, էլի», «դե, զզվացրի՛ք, է՛լի»։ :D «Էլի»–ի բազմաթիվ իմաստային նրբերանքներ, որոնցից օրինակ չեմ բերել, հնարավոր է բացահայտել միմիայն համատեքստում, ու շատ դեպքերում նույնիսկ ամբողջ նախադասությունը բավական չէ՝ հենց տվյալ նրբերանգը ցույց տալու համար։ Դե արի ու ամերիկացուն բացատրի էդ բոլորը։

Ի դեպ, հաշվի առնելով մեր ազգային մտածելակերպի ու հոգեբանության անբաժանելի մաս հանդիսացող այնպիսի երևույթներ, ինչպիսիք են մուննաթը, լոպպազությունը և ընդհանրապես էմոցիոնալությունը` թե՛ դրական և թե՛ բացասական իմաստներով, դրականի դեպքում, մասնավորապես, ժողովրդական լեզվով ասած՝ ջիգյարը, կարելի է նկատել, որ «էլի»–ն որոշ դեպքերում վերոնշյալ երևույթների դիպուկ արտահայտչամիջոցներից է՝ էնքան խորն արմատավորված ու միաձուլված մեր էությանը, որ շատ դեպքերում ուղղակի չենք կարող զգալ։
Մի խոսքով՝ բացառիկ կոլորիտային բառ ա, էլի։ :))

Ուլուանա
02.12.2009, 05:18
Էսօր առաջին անգամ ԱՄՆ–ում իսկական ու համով լոլիկ եմ կերել։ Հա, մինչև հիմա կամ համով չէր լինում, կամ էլ, համով լինելու դեպքում, իսկական չէր լինում, ասենք, խաղողի հատիկների կամ շլորի մեծության, կամ էլ էն սպիտակ, կոշտ «պատերով», որոնք, իմ հիշելով, մոտավորապես 21–րդ դարում են ի հայտ եկել կամ առնվազն տարածվել։ Խաղողաչափ լոլիկները բավական համով են, բայց դե դրանցից ի՞նչ լոլիկ, ես սիրում եմ լոլիկը կծելով ուտել և, ինչպես մամաս է ասում, լիովին կենտրոնացած, մնացած ամեն ինչից վերացած, որպեսզի լիարժեք կերպով տրվեմ լոլիկի ըմբոշխնման անմահական գործընթացին։ :nyam :roll

Ընդհանրապես լոլիկի նկատմամբ դեռ վաղ մանկուց առանձնահատուկ թուլություն եմ ունեցել։ Հատկապես դպրոցական տարիներին խայտառակ կերպով էի լոլիկ սիրում։ Որ թողնեին, կիլոներով կուտեի։ Դե, էդ տարիներին համ էլ շատ բկլիկ էի, ու որ հանկարծ տանը ինչ–որ բարեբախտությամբ մեծ քանակությամբ լոլիկ էր հայտնվում, մամաս միանգամից պահում էր խոր–խոր տեղեր, որ ես չգտնեմ ու հիմնովին չոչնչացնեմ։ :D Բայց դե չէր հաջողվում. միշտ էլ գտնում էի առանց դժվարության։ Ու քանի որ հետևում էին, որ շատ չուտեի, ես էլ մեկ–մեկ հարմար պահը բռնում էի, լոլիկը ցրում ու արագ կողպվում ինչ–որ սենյակում, որպեսզի հանգիստ վայելեմ ցրածո լոլիկս։ :love :oy

Էսօրվա լոլիկն ուտելիս մանկությանս լոլիկաշատ օրերն էի հիշել։ :)

Ուլուանա
03.01.2010, 20:46
Ավելի քան երկու տարի Հայաստանի հեռուստատեսությունից հեռու լինելուց հետո վերջերս հանգամանքների բերումով բավականաչափ դիտել եմ հեռուստացույց ու մի հետաքրքիր բան եմ նկատել, որ նախկինում կարծես չկար. բավական նոստալգիկ է դարձել մեր հեռուստատեսությունը. անընդհատ հին ծրագրեր, հին համերգներ, հին իրադարձություններ... Ճիշտն ասած՝ գլոբալ առումով դեռ դժվարանում եմ գնահատել էս երևույթը, այսինքն՝ սպառվածության հետևա՞նք է, թե՞ պարզապես հինը վերապրելու, վայելելու ու գուցե վերագնահատելու փորձ։ Համենայնդեպս, զգում եմ, որ հինը նայելը հաճելի է։ Գուցե ես էլ եմ նոստալգիկոտ, դրանի՞ց է։ Թե՞ ուղղակի հինն իսկապես ավելի լավն էր...

Ուլուանա
03.01.2010, 21:45
Էս Նոր տարվա օրերին հիշեցի մեր հին ու չքավոր օրերը... Հիշեցի, թե ինչ գնով էինք ամեն անգամ տոներին իրար համար նվերներ գնում։ Աշակերտ ժամանակ ես, քույրս ու եղբայրս հացի գնալու շնորհիվ ամիսներով կուտակած տասը դրամանոցների կուտակումից առաջացած խղճուկ գումարն ի մի էինք բերում, որ մամայի համար նվեր առնեինք։ Սկզբում դեռ ոչ իրար համար, ոչ էլ պապայի համար նվեր չէինք գնում. միայն մամայի համար։ Հետո սկսեցինք իրար էլ անակնկալ նվերներ անել. երևի արդեն ինչ–որ չափով մեզ սկսել էինք մեծ զգալ (որոշ դեպքերում կարելի է հստակ հիշել, թե երբվանից էսինչ առումով մեծ դարձար)։ Ուսանող ժամանակ ամենօրյա երկու հարյուր դրամիցս աշխատում էի օրական միայն հարյուրը ծախսել՝ հիսունը դասի գնալու, հիսունը՝ վերադառնալու համար։ Երթուղային նստում էի միայն ուշանալու դեպքում, իսկ էն ժամանակ դեռ հայտնի ուշացող չէի :)), քիչ էր պատահում, մնացած ժամանակ ավտոբուսով էի երթևեկում։ Երբեմն էլ մի բան էի ուտում կամ քսերոքսի վրա ծախսում որոշ գումար, բայցևայնպես, ամիսների ընթացքում հաջողացնում էի բավականաչափ գումար կուտակել, որպեսզի քրոջս ու եղբորս հետ համատեղ ուժերով կարողանայինք բոլորս բոլորիս համար նվերներ գնել։ Մի հատ մեծ պարկ ունեինք, իսկը Ձմեռ պապիկի պարկ, Նոր տարվա շեմին մեջը հերթով դնում էինք բոլորիս նվերները՝ միաժամանակ հոգալով էն մասին, որ ոչ ոք չտեսն իր համար նախատեսված նվերը, ու հենց տասներկուսը խփում էր, սեղանի մոտ շնորհավորանքներ ասելուց հետո անհամբերությամբ նետվում էինք ննջասենյակ, նվերներով լի պարկը հանդիսավոր բերում էինք, դնում հյուրասենյակում, հերթով հանում նվերները, ոգևորությամբ հանձնում տերերին։ Ի՜նչ հավես էր, ի՜նչ ուրախություն, ի՜նչ հուզմունք... Անցյալով եմ ասում, բայց մինչև հիմա էլ էդ ավանդույթը պահպանվել է, ուղղակի հիմա նվերներն անհամեմատ ավելի հեշտությամբ են գնվում, անհամեմատ ավելի թանկ ու լավն են լինում, բայց արի ու տես, որ հիմիկվա նվերներից կարծես բոլորս ուրախանում ենք նույնքան, որքան էն ժամանակվա համեստ ու գուցե «ստից» նվերներից...

Ուլուանա
23.01.2010, 02:36
Մի ամբողջ ամիս Հայաստանում... Երկու տարի, երեք ամիս էնտեղ չլինելուց հետո... Ահագին մեծ բան էր թվում էդ երկու ամիսը, քանի դեռ չէինք գնացել, բայց պարզվեց՝ նույնիսկ մտերիմ մարդկանց հետո կարգին շփվելու համար չբավարարեց։ Բայց էլի գոհ եմ։ Մեկնելուց առաջ մի մեծ ցուցակ էի կազմել այն մարդկանց, որոնց հետ պիտի անպայման հանդիպեմ։ Բայց ցուցակը, հատկապես ամսվա առաջին կեսի ընթացքում, ոչ միայն չէր կրճատվում, այլև ընդլայնվում էր. դե, հանդիպումից հանդիպում էր ծնվում, որը մի կողմից, իհարկե, շատ հաճելի էր, մյուս կողմից էլ յուրաքանչյուր «լևի» հանդիպում լրջորեն վտանգում էր մյուս հանդիպումների իրականացումը։ :))

Երբ գիտակցեցի, որ մի տասն օր է մնացել մեկնելուն, խուճապի մեջ ընկա. զգացի, որ չեմ հասցնում նախատեսածս բոլոր մարդկանց հետ հանդիպել կամ ուզածիս չափ շփվել։ Բայց ճարը գտա. գրաֆիկն ավելի խտացրի. նախկին օրական երեք հանդիպման փոխարեն արդեն փորձում էի օրական երեքը կազմակերպել։ Հիմնականում հաջողվում էր։ :)) Ճիշտ է, օրվա վերջին ուժասպառ էի լինում ու հատկապես էդ պահերին սկսում էի կարոտել Նյու Յորքի մեր չափից դուրս խախանդ առօրյան :D, բայց դե հանդիպումներն ամեն դեպքում հաճելի էին։ Ահագին մտերիմ ու հարազատ մարդկանց հետ հանդիպեցի, լիքը ակումբցիների հետ ռեալում ծանոթացա, որոշ մտերիմ, բայց մինչ այդ միայն վիրտուալ ընկերների հետ հարաբերություններն ամրապնդվեցին ռեալով։

Մի խոսքով՝ այցն ընդհանուր առմամբ կարելի է բավական հաջողված համարել։ Ճիշտ է, շատերի հետ չհասցրի շփվել այնքան որքան ուզում էի(ն(ք)), նախատեսածս մարդկանցից մի երկուսի հետ ընդհանրապես չհասցրի հանդիպել, բայց դե հո չէր կարող ամեն ինչ իդեալական լինել։ Համենայնդեպս, ԱՄՆ–ում ապրածս ավելի քան երկու տարվա ընթացքում էնքան հանդիպումներ չէի ունեցել, որքան էս մի ամսվա ընթացքում Հայաստանում ունեցա։ Բայց ամենավատն էն էր, որ մամաս, ինչպես ինքն է ասում, մեր գալուց բան չհասկացավ, քանի որ անընդհատ հանդիպումների էինք գնում, ու տանը համարյա չէինք լինում... :( Ճիշտն ասած՝ ես ինքս էլ շատ էի ուզում էնպես լիներ, որ մեր այցը ոչ թե որպես արտակարգ իրավիճակ անցկացնեինք, այլ գոնե մի քիչ էլ ապրեինք առօրեական, հանգիստ կյանքով, էնպես, կարծես հենց էդտեղ ենք ապրում, ուղղակի ապրեինք, էլի, ոչ թե առավոտից իրիկուն վզվզալով մի հանդիպումից մյուսին վազեինք՝ անընդհատ գցել–բռնելով, թե ոնց անենք, ում հետ ոնց, երբ, ումից հետո խցկենք հանդիպումը, որ մնացած ժամանակի մեջ տեղավորվենք։ Բայց, մեկ է, լավ էր։ :love

Ուլուանա
24.01.2010, 23:11
Մինչև Հայաստան գալս Հայաստանից ով չէր ալարում, ինձ փորձում էր համոզել, որ Հայաստանում կյանքն էնքան անտանելի է դարձել, որ հենց որ գամ, միանգամից էն աստիճանի կզզվեմ ու կհիասթափվեմ, որ ոչ միայն այլևս վերադառնալու ցանկություն չեմ ունենա, այլև նույնիսկ գալուս համար կփոշմանեմ... Չէի հավատում, որովհետև նախ էդքան հավ չեմ, որ չհիշեմ, թե իմ երկիրն ինչ վիճակում էր, երբ գնացի, ու Հայաստան գալով՝ ես շատ լավ գիտակցում եմ, թե ուր եմ գալիս, վերջիվերջո, վերջին երկու տարին չհաշված՝ ամբողջ կյանքս էնտեղ եմ ապրել, ու սիրում եմ Հայաստանը՝ ինչպիսին էլ որ լինի։ Ես հո նոր չէի՞ իմանալու, որ իմ երկիրը կաշառակերության, ամենաթողության, տգիտության և որոշ այլ բացասական երևույթների մեջ թաղված է։ Բայց որ վերջին երկու տարում կայծակնային արագությամբ աներևակայելի դժոխքի վերածված լիներ, էնպես, որ ես դրանից շոկի մեջ ընկնեի ու խուճապահար փախչեի՝ երբևէ հետ չգալու որոշմամբ՝ ճիշտն ասած՝ մի քիչ հեքիաթների ոլորտից էր թվում, ու էդպես էլ դուրս եկավ։

Ճիշտ է, նաև գիտակցում եմ, որ երկրի վիճակի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար մի ամիսը, այն էլ վազվզոցի մեջ անցկացրած, էնքան էլ բավարար չէ, բայց միաժամանակ հաշվի առնելով, որ տուրիստ չեմ, այլ ընդամենը երկու տարի առաջ էդտեղից գնացած տեղացի, մի ամիսը քիչ թե շատ հերիք էր, որ համոզվեի, որ համարյա ոչինչ էլ չի փոխվել. հա, գուցե որոշ բացասական երևույթներ մի քիչ ավելի են բարգավաճել, բայց նաև որոշ մանր–մունր դրական փոփոխություններ են եղել։ Իհարկե, չեմ կարող ճշգրիտ գնահատել լավի ու վատի համամասնությունը, բայց ընդհանուր առմամբ ես տեսա էն Հայաստանը, որը ճանաչում էի. ոչ մի բանից չզարմացա, ոչ մի բանից չհիասթափվեցի։ Հարազատ մարդկանցով շրջապատված լինելը կամ էն միտքը, որ ուզածդ պահին կարող ես շփվել նրանց հետ, էնքան ջերմություն էր տալիս, որ մնացածն արդեն պակաս կարևոր էր դառնում։ Ու մտածում էի՝ բայց ինչ մեծ երջանկություն է հարազատներին էդքան մոտ գտնվելը, զգալը, որ նրանք հասանելի են, նույնիսկ եթե հետները չես ապրում, գոնե փոքր հեռավորության վրա են, ու պետք եղած ժամանակ կարճ ժամանակում կարող են կողքիդ հայտնվել, երջանկություն, որ ունեցած ժամանակ երբեք չես գիտակցում ու գնահատում։ Ու ընդհանրապես էն գիտակցումը, որ Հայաստանն էնքան փոքրիկ է, որ ուր էլ գնաս, ուր էլ լինես, մեկ է, ամեն ինչ ու բոլորը կողքիդ են, էնքան հավես էր։ :)) Հայաստանում ամեն տեղ կարծես մոտակայք լինի։ :)

Ուլուանա
24.01.2010, 23:16
Մի քիչ էլ Երևանի մասին...
Երևանը միշտ էլ սիրել եմ, թեկուզ ուղղակի որպես իմ հայրենի քաղաք, քաղաք, որում ծնվել ու ապրել եմ մինչև ԱՄՆ մեկնելս։ Բայց էս անգամ Հայաստան գալով՝ Երևանը մի տեսակ ուրիշ տեսանկյունից տեսա ու ավելի սիրեցի՝ արդեն ոչ միայն որպես իմ քաղաք, այլև որպես քաղաք, որը հոգի ունի, դեմք ունի։ Ճիշտ է, շատ քաղաքներում լինելու առիթ չեմ ունեցել, որ կարողանամ համեմատել տարբեր քաղաքների հետ, բայց, օրինակ, ի տարբերություն Նյու Յորքի, որում ապրում եմ արդեն երկու տարի, Երևանն ինձ համար իսկապես հոգի ու դեմք ունեցող քաղաք է՝ իր բոլոր անկատարություններով հանդերձ։ Սիրում եմ Երևանը։ :)

Ուլուանա
02.02.2010, 01:16
Երևի ինչպես աղջիկների մեծ մասը, դեռ վաղ մանկուց շատ եմ սիրել տիկնիկներ։ Էնքան էլ շատ ունեինք։ Մի քանի տասնյակ կլիներ հաստատ։ Մի մասն առել էինք, մի մասը` նվեր ստացել, մի մասն էլ մամաս հետը օժիտ էր բերել։ :)) Առանձնահատուկ թուլություն ուներ տիկնիկների նկատմամբ ու, ինչպես ինքն է ասում, մինչև ամուսնանալը դեռ տիկնիկներով խաղում էր։ :)) Ես էդքան երկար ժամանակ չեմ խաղացել, բայց մինչև միջին դասարաններ խաղացել եմ, ուղղակի իմ խաղալը ոչ թե ավանդական կերակրելով, սրսկելով ու քնեցնելով էր արտահայտվում, այլ սուր ու խճճված սյուժեներ մոգոնելով ու տիկնիկներին դրանց գլխավոր հերոսները դարձնելով։

Իհարկե, մենակ չէի խաղում, այլ քրոջս ու եղբորս հետ։ Ամեն մեկս մեր տիկնիկներն ունեինք, ու խաղի իմաստն էն էր, որ մեզնից յուրաքանչյուրը հիմնականում, այսպես ասած, խաղացնում էր իր տիկնիկներին, այսինքն՝ խոսեցնում ու տարբեր գործողություններ անել տալիս. էլ իրար գրկացնում էինք, էլ համբուրվացնում, էլ ծեծացնում, էլ ամուսնացնում, մի խոսքով՝ ամեն ինչ։ Կարելի է ասել. տիկնիկներով կինո էինք հանում, ուղղակի տիկնիկային ներկայացում չէր, որովհետև բեմ չկար, բոլոր գործողությունները տեղին էին ունենում հատակին՝ առանց վարագույրի ու մնացած բեմական ատրիբուտների։ Իսկ մենք՝ երեխաներս, խաղի մեջ չկայինք։

Բացի դրանից, շատ էի սիրում նաև տիկնիկներին դզել–փչել, հագցնել, զարդարել, իմ ընկալմամբ՝ սիրունացնել։ :)) Մի խոսքով՝ տիկնիկներն ինձ համար մի ամբողջ աշխարհ էին։ Ու երբ արդեն չէի էլ խաղում, միևնույն է, գանձի պես պահում էի, հատկապես մեկը, որին ամենաշատն էի սիրում, բավական երկար ժամանակ գրասեղանիս վերևի գրադարակի գլխին պատվավոր բազմած էր։ Մի ոտքն էլ վաղուց պոկվել էր, բայց դա նրան բոլորովին էլ անպիտան չէր դարձրել. հաշմանդամ ոտքը կպցրած–դրած էր կողքից, ու նայելիս չէր երևում։ Դե, ինքն էդ ժամանակ արդեն միայն դեկորացիա էր, ու որպես դեկորացիա լրիվ բավարարում էր ինձ։

Հետո քիչ–քիչ անտարբեր դարձա տիկնիկների նկատմամբ։ Իսկ ավելի ուշ՝ կարծեմ ուսանողական տարիներին, հայտնաբերեցի, որ տանել չեմ կարողանում տիկնիկներին։ Դրանք ինձ համար սկսել էին ասոցիացվել անկենդան մարդկանց հետ։ Հիշում եմ՝ եղբայրս մի անգամ պատմեց իր համակուրսեցիներից մեկի մասին, որն, իր ասելով, տիկնիկներից վախենում է, ու որ տիկնիկի հետ մի սենյակում մենակ չէր մնա։ Մի կողմից, իհարկե, ծիծաղելի էր, բայց մյուս կողմից էլ մի տեսակ հասկանում էի էդ տղային։ Ես էլ արդեն վաղուց նմանատիպ զգացողություն ունեմ տիկնիկների հետ կապված։ Անկենդան մարմին, սառած ժպիտ, անթարթ աչքեր... Ոչինչ չտեսնող, ոչինչ չլսող, ոչինչ չզգացող... ու հավերժ չփոփոխվող. երբեք չմեծացող... Իսկապես մի տեսակ վախենալու բան կա էդ ամենի մեջ...

Ուլուանա
05.02.2010, 01:30
Հիշում եմ՝ մեր դպրոցական տարիներին էնքան տարածված էր ոջիլը։ Երևի համարյա բոլորս էլ գոնե մի անգամ ճաշակել ենք էդ «հաճույքից»։ Մանկապարտեզից սկսվում էր, դպրոցով վերջանում։ Ամեն անգամ մաման մի կերպ՝ երկկողմանի տառապանքներով՝ էլ գլխից ուղղակի մաքրելով, էլ նավթով, էլ էլ եսիմինչ դեղերով, վերացնում էր, բայց քանի որ դասարանում միշտ լինում էին խրոնիկական ոջլոտներ, որոնց մայրերն իրենց նեղություն չէին տալիս իրենց երեխաների գլուխները մաքրել, նորից ու նորից էինք ոջլոտվում։

Մեր դասարանում մի աղջիկ կար, հանրահայտ ոջլոտ էր. դե, քանի որ ես էլ էդ ոլորտում կարգին դառը փորձ ունեի, ոջլոտներին առաջին հայացքից ախտորոշում էի։ :D Ուրեմն էս աղջիկը մեր դասարան եկավ ութերորդ դասարանում, հենց սկզբից նկատեցի, որ գլխին ոջիլները բառիս բուն իմաստով վխտում են։ Դե, կողքից նայելիս, հատկապես եթե մազերը հավաքած են լինում, սովորաբար առաջին հերթին անիծներն են երևում, իսկ ոջիլ՝ հազվադեպ։ Բայց էս աղջկա գլուխը ոջիլների մի բացառիկ շտեմարան էր. էն աստիճանի էր, որ ոջիլների քաոսային շարժումը հեռվից հեռու անզեն աչքով տեսանելի էր։ Հա փորձում էի հեռու մնալ, որ չվարակվեմ, բայց չհաջողվեց... Ճիշտն ասած՝ շատ դեպքերում դժվար էր իմանալ, թե տանը որ մեկս ենք մյուսներին վարակել, քանի որ համ ես կարող էի բերած լինել, համ քույրս ու եղբայրս։ Ես էդ առումով շատ զգույշ էի, իսկ, օրինակ, քույրս հաճախ կարող էր ոջլոտների քիթը մտած ֆռֆռալ, ու եթե ոջլոտվում էինք, ուրեմն ամենայն հավանականությամբ ինքն է բերել։ :D Դե, մեկը որ վարակվում էր, սովորաբար ամբողջ ընտանիքով էինք ոջլոտվում։ Իսկ հատ–հատ մաքրելը, հատկապես երկար ու առատ մազերի դեպքում, լրիվ անհույս գործ էր, չնայած, օրինակ, ես շատ էի սիրում էդ գործը։ Հիշում եմ՝ քրոջս միշտ համոզում էի, որ թողնի գլուխը մաքրեմ։ :D Մեկ–մեկ նույնիսկ կաշառում էի։ :D Հատկապես ոջիլ ճտտացնելու պրոցեսը մի ուրիշ կարգի հաճույք էր։ Ճիշտ է, դա կարելի էր անել նաև սեփական ոջիլների հետ, ուղղակի խնդիրն այն էր, որ սեփական ոջիլներին որսալն անհամեմատ ավելի դժվար գործ էր։ Հիմա որ հիշում եմ, վատանում եմ... Թե ոնց չէի զզվում... Մի խոսքով՝ կամ ստիպված մազներս կտրում էինք, կամ էլ նավթ–մավթ քսում գլխներիս։ Բայց ամենաարդյունավետ միջոցը "Ниттифор" կոչվող դեղն էր, որը շատ դժվար էր ճարվում ու էժան էլ չէր։ Բայց դե շատ լավ էր օգնում. մի անգամ քսելով՝ կարելի էր լրիվ վերացնել, իսկ նավթը հաճախ ստիպված էինք լինում մի քանի անգամ քսել, որ վերացներ։

Ոջիլների մասին արդեն մի տասը տարուց ավել կլինի, ինչ առանձնապես չեմ լսում։ Վաղուց չեմ հիշում, որ լսած լինեմ, որ ինչ–որ մեկի գլուխը ոջիլ է ընկել։ Չլինի՞ թե մեր հին բարեկամները վերացել են աշխարհի երեսից։ :unsure
Ինչ ուզում եք՝ ասեք, մենք ահագին հետաքրքիր էինք ապրում։ :))

Ուլուանա
19.02.2010, 03:17
Մտածում եմ՝ երևի մարդ սիրվելու կարիք զգում է հատկապես էն պահերին, երբ ինքն իրեն չի սիրում...

Ուլուանա
24.02.2010, 07:17
У природы нет плохой погоды:
Каждая погода благодать.
Дождь ли снег - любое время года
Надо благодарно принимать.

Էս երգի բառերը վերջերս նոր սկսել եմ ըմբռնել։ Իսկ մինչև էդ ամբողջ կյանքում սիրել եմ մենակ տաք, արևոտ ու պայծառ եղանակ և տանել չեմ կարողացել ցուրտ, մռայլ, ամպամած ու անձրևոտ եղանակը։ Պայծառ եղանակին տրամադրությունս՝ անկախ ամեն ինչից, ավելի բարձր է եղել, իսկ մռայլ ու անձրևոտ եղանակին՝ հակառակը։ Ի դեպ, վերջինիս դեպքում, որպես կանոն, ոչ միայն տրամադրությունս էր անկում ապրում, այլև թլֆում էի, դառնում անաշխատունակ, մի խոսքով՝ ապրելու նշանները մեջս նվազագույնի էին ձգտում։ Էս տարվա աշնանը նոր սկսեցի բնությունն իսկապես զգալ ու հասկացա, որ մինչև էդ տեսականորեն, մի տեսակ վերացական ձևով էի սիրում ընդամենը, իրականում դեռ չէի զգում, որ իսկապես սիրեի... Մի տեսակ չէի ընկալում որպես կենդանի օրգանիզմ։ Միայն տեսականորեն գիտեի, որ էդպես է, բայց ինքս շունչը չէի զգում։

Անձրևները մի քիչ ավելի շուտ էի սկսել սիրել, բայց հիմա ոչ միայն անձրև եմ սիրում, այլև դրան ուղեկցող կամ դրանից անկախ մռայլ եղանակը։ Պայծառ եղանակի փոխարեն չէ, իհարկե, ամեն մեկն առանձին։ :) Ճիշտ է, դրանք լրիվ տարբեր տրամադրություններ են հաղորդում, բայց ոչ մեկն էլ բացասական չի, համենայնդեպս, ինձ դուր են գալիս երկուսն էլ։ :) Ու հիմա էնքան լավ եմ հասկանում ընկերներիցս մեկի՝ մռայլ եղանակի ընկալումը, երբ ասում էր, որ էդպիսի եղանակը մի տեսակ մարդկանց միավորող, կոմֆորտի էֆեկտ ունի։

Հիմա մենակ մի տեսակի եղանակ կա, որ չեմ սիրում՝ էն կիսատ–պռատ ամպամածը, որ ոչ կարգին ամպամած է, ոչ էլ պայծառ. ինչ–որ տաղտկալի ու անհասկանալի խառնուրդ է, որի ժամանակ ոնց որ տրամադրությունս մի տեսակ չկարողանա կողմնորոշվել. ինչ–որ անորոշ դիսկոմֆորտի զգացողություն եմ ունենում էդպիսի եղանակին։

Բնությունը կատարյալ է. իսկապես չունի վատ եղանակ։ Էն մի հատիկ «ենթատեսակը», որ վատն եմ համարում, երևի ուղղակի դեռ չեմ հասկանում, թե չէ ինքն էլ վատը չի։ Գուցե մի օր էդ եղանակն էլ «որսամ»։ :)

Ուլուանա
24.02.2010, 07:37
Էսօր, երբ Ակումբում պատասխանում էի մի նամակի, պարզվեց՝ նամակներիս փոստը լցվել է, էլ տեղ չկա, ու նամակս չի գնում։ Իսկ մինչ այդ թվում էր, թե 2000–ն էնքան մեծ թիվ է, որ եսիմ երբ կլրանա։ Ընդհանրապես ոչինչ ջնջել չեմ սիրում, բայց ստիպված եղա որոշ նամակներ ջնջել։ Հիմնականում ջնջեցի նկատողությունների ու զգուշացումների ավտոմատ նամակներն ու դրանց արձագանքները, որոնք հետագայում դժվար թե պետք գան, հատկապես որ մի ուրիշ տեղ էլ են պահպանվում։ Իմ ուղարկած նկատողություն–նամակներն առանց կարդալու էի ջնջում, բայց դրանց ի պատասխան ստացածս նամակները ջնջելուց առաջ որոշեցի աչքի անցկացնել։ Բավական հետաքրքիր էր հաջորդաբար կարդալ նմանատիպ կամ նույնատիպ նկատողությունների նկատմամբ տարբեր ակումբցիների արձագանքները. ոմանք շնորհակալություն էին հայտնել՝ տեղեկացնելու ու զգուշացնելու համար, ոմանք ամաչկոտ սմայլիկով ներողություն էին խնդրել՝ խոստանալով այլևս չկրկնել, ոմանք փորձել էին արդարացում գտնել իրենց թույլ տված խախտման համար, ոմանք էլ շտապել էին բողոքել ու մեղադրել ինձ նման հանդգնության ու վիրավորական քայլի համար՝ ագրեսիվության ամենատարբեր աստիճանի տոներով։ Ինչքա՜ն տարբեր են մարդիկ։ :)

Ուլուանա
03.03.2010, 21:01
Ցանկացած հարաբերության մեջ կա ինչ–որ խորքային չբացահայտված շերտ, որի մասին երբեք չի խոսվում, բայց որը երկու կողմերի համար էլ լռելյայն հասկանալի է։

Ուլուանա
21.03.2010, 07:55
Մի հիմար սովորություն ունեմ. ինտերնետ մտնելիս մի պատուհանի մեջ հազար ու մի թաբ եմ բացում՝ ամենատարբեր բաների մասին տեղեկություններ՝ էստեղից–էնտեղից, որոնք պիտի կարդամ, ավելի ճիշտ՝ պարտավոր չեմ, ուղղակի ուզում եմ կարդալ, բայց համ էլ հեչ հավես չունեմ, ու հա հետաձգում եմ՝ կոմպն անջատելիս սեյվ անելով, որ հաջորդ միացնելիս էդ բոլորը նորից հայտնվեն։ Ու եթե մեջները լինում են նաև youtube–ով թաբեր, բնականաբար, պիտի ամեն անգամ հիշեմ, որ միանալուն պես շուտ անջատեմ, քանի տարբեր վիդեոների հնչյունների աններդաշնակ համադրությունը չի սղոցել ականջներս։ Ամեն անգամ նայում եմ էդ թաբերին՝ մտածելով, թե որ մեկը կարելի է ռադ անել, որ գոնե էնքան լինեն, որ բոլորը երևան էկրանի վրա, բայց սովորաբար ինչքան նայում եմ, «կրճատելու» բան չեմ գտնում. բոլորն էլ կարևոր են, բոլորն էլ պիտի մնան, որ կարդամ, իսկ թե երբ՝ աստված գիտի։ Ու էդպես շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով կարող է էդ բոլոր թաբերը «հետս» քարշ տամ՝ ամեն օր էն հույսով, որ, այ, էսօր մի մասը գոնե կկարդամ ու կփակեմ։

Երեկ կոմպն անջատելիս սխալմամբ փակեցի պատուհանը՝ առանց սեյվ անելու... Երբ գիտակցեցի, որ բոլոր բացածս ու չկարդացածս էջերը հօդս ցնդեցին, առաջին ռեակցիաս, բնականաբար, խուճապն էր։ Սկզբում փորձում էի հիշել բոլոր կորած էջերը, իսկ երբ գիտակցեցի, որ մեծ մասը չեմ հիշում (պարզվեց՝ հիմնականում հիշում էի միայն նրանք, որոնք բացած էին պահվում զուտ էն պատճառով, որ հաճախ են պետք գալիս, ոչ թե հատուկ կարդալու նյութ են պարունակում), հանկարծ մի աննկարագրելի թեթևացում զգացի... Տո թքած, թե չեմ հիշում։ Ավելի լավ։ Թե չէ էդքանը ե՞րբ պիտի կարդայի։ Մի խոսքով՝ ոնց որ մի ծանր բեռ ուսերիցս ընկած լիներ։ :D Ու որ լրիվ անկեղծ լինեմ՝ ես վաղուց էի թաքուն երազում նման մի «դժբախտ» պատահարի մասին։ :}

Դրանից առաջ էլ թաբերի մի ուրիշ պարտիա էի ամիսներով կոմպումս լռվեցրած պահում, մինչև որ մի գեղեցիկ օր ինչ–որ մեկը սխալմամբ փակել էր ու ազատել ինձ էդ ծանր բեռից։ :D Սկզբում, իհարկե, ահավոր ջղայնացել էի, բայց անմիջապես հետո էլի էն ծանր բեռից ազատվելու երանելի զգացողությունն օգնության էր հասել, ու հոգուս խորքում նույնիսկ շնորհակալ էի եղել փակողից։
Էն կատակը մտքիս եկավ. «Բա մի հատ տրակտոր չլինե՞ր, անջատեինք, գլուխներս դինջանար...»։ Մեկ–մեկ լավ ա, էլի, տենց «տրակտոր» ունենալը, հատկապես որ «տրակտորը» ֆայմում ա ինքնիրեն անջատվել՝ քեզ ազատելով էդ ծանր պարտականությունից։

Ուլուանա
22.03.2010, 21:55
Փոքր ժամանակվանից միշտ սիրել եմ խճաքարեր հավաքել։ Առաջին խճաքարերը հավաքել եմ Սև ծովի ափից՝ մամայիս նախաձեռնությամբ, երբ երեք տարեկան էի։ Ու դրանից հետո խճաքարեր հավաքելն իմ սիրած զբաղմունքներից էր դարձել։ Իմ մանկության տարիներին էլ բակերում հաճախ էին բլուրներով ավազ բերում–լցնում շինարարական նպատակներով, ու ավազաբլուրները հաճախ ամիսներով, երբեմն նույնիսկ տարիներով էդպես մնում էին՝ հուրախություն ինձ ու էլի որոշ երեխաների։ Քրոջս հետ կարող էինք ժամերով լռվել ավազների մեջ ու ամռան կիզիչ արևի տակ գլուխներս կախ սիրուն ու հետաքրքիր խճաքարեր պեղել։ Նույնիսկ տեսակավորել էինք քարերը, անուններ էինք դրել, ու մեզնից ամեն մեկը քարերի իր հավաքածուն ուներ, երբեմն էլ փոխանակումներ էինք անում՝ թե՛ իրար հետ, թե՛ հարևանների երեխաների։ Մինչև հիմա էլ կա իմ քարերի հավաքածուն, թանկ–թանկ պահում եմ։

Մեկ–մեկ նույնիսկ մտածում եմ, որ մեր հարևանի երեխաներին էլ էի երևի ես վարակել քար հավաքելու մոլուցքով, որովհետև, որքան հիշում եմ, դրանով հետաքրքրված էին միայն ինձ հետ շփվող երեխաները, մյուսների մեջ նման նախասիրություն կամ սովորություն չեմ նկատել երբևէ։ Իսկ ես էն աստիճանի էի տարված քարեր ման գալով, որ որտեղ ավազաբլուր տեսնեի, պիտի կռանայի ու երկար փորփրեի՝ սիրուն քարեր գտնելու ակնկալիքով։ Իսկ ակնկալիքներս, որպես կանոն, արդարացվում էին։ Ավազի մեջ քար ման գալն ինձ համար էն զբաղմունքներից էր, որի ժամանակ կտրվում էի ամեն ինչից ու կորցնում ժամանակի զգացումը։ Էդ նախասիրությունս իրականում երբեք էլ չի անցել, ուղղակի հասանելի ավազաբլուրներն են վաղուց կորել տեսադաշտից, իսկ նորերն արդեն վաղուց չեն հայտնվում։

Խճաքարերի հետ հաջորդ հանդիպումս եղավ արդեն ԱՄՆ–ում՝ օվկիանոսի ափին։ Ճիշտ է, էստեղ դեռ չեմ հանդիպել իսկապես հետաքրքիր ու արտասովոր խճաքարերի, ինչպիսիք Հայաստանի ավազաբլուրներում լիքն էին, բայց դե քարը մնում է քար։
Էսօր, երբ օվկիանոսի ափից խճաքարեր ու խեցիներ էի հավաքում, զգացի, որ նույն հետաքրքրությամբ ու խանդավառությամբ եմ հավաքում, ինչ որ ավելի քան քսան տարի առաջ, ոչինչ չի փոխվել։ Մենակ վերջում նկատեցի, որ հիմա ինձ մի քիչ ավելի խոշոր քարերն են գրավում. փաստորեն, մի քիչ մեծացել եմ։

Ուլուանա
25.03.2010, 19:47
Անձնական արխիվից.

"Я оглянулся посмотреть, не оглянулась ли она, чтоб посмотреть, не оглянулся ли я".
Մտքերիս թելն ինչ–որ կերպ տարավ դեպի էս բառերը... Լավ բառեր են. միշտ ժպտացնում են։ :) Երգը լսելիս էս բառերը միշտ էնքան հարազատ են հնչել ականջիս, չնայած ես դրանք ավելի լայն իմաստով եմ ընկալում՝ ոչ աղջիկ–տղա համատեքստում. դեռ փոքրուց մարդկանցից բաժանվելուց անմիջապես հետո միշտ շրջվում, նայում էի հետևներից՝ տեսնեի՝ իրենք էլ են նայում, թե չէ, բայց համարյա երբեք չէին նայում... :( Կամ էլ գուցե նայում էին էն պահին, երբ ես չէի նայում... Ու, բնականաբար, երևի չէին էլ իմանում, որ ես նայում էի, ինչպես որ գուցե ես չէի իմանում, որ իրենք նայում էին, եթե, իհարկե, նայում էին։ Բայց, չգիտեմ ինչու, համարյա համոզված էի ու հիմա էլ համոզված եմ, որ հիմնականում իրոք չէին նայում։ Երբեմն նայում էի մինչև տեսադաշտից կորցնելը ու էնքան էի ուզում ինձ նման՝ մարդկանց հետևից նայող ընկերներ ունենալ։

Ուլուանա
27.03.2010, 21:25
Ատամնաբույժները մանկությանս ամենաակնառու սարսափահարուցիչներից են եղել։ «Ատամնաբույժ» բառն անգամ մեջս սարսուռ էր առաջացնում... Ատամներս էլ փոքր ժամանակ հեչ լավ վիճակում չէին, և դա է՛լ ավելի էր մեծացնում վախս այդ մարդկանց նկատմամբ...

Հիշում եմ իմ առաջին հանդիպումն ատամնաբույժի հետ... Դեռ դպրոց չէի գնում, տատիկիս տանն էի մնում էդ շրջանում, ատամս էլ արդեն երկար ժամանակ ուռած էր ու անտանելի ցավում էր։ Վերջը տատիկս ու պապիկս որոշեցին, որ ինձ հարկավոր է ատամնաբույժի մոտ տանել։ Մինչ այդ հասակակիցներիցս զանազան հավանական ու անհավանական պատմություններ էի լսել ատամ հանելու զարզանդելի գործընթացի մասին, ընդ որում՝ խիստ մանրամասն, ու դրանցից ամենասարսափելիի մասին մտածելով էլ տատիկիս ու պապիկիս հետ ուղևորվեցի այդ ահասարսուռ արկածին ընդառաջ...

Ատամ հանելու չարագուշակ գործիքը ճիշտ և ճիշտ էնպիսին էր, ինչպիսին որ նկարագրել էին ծանոթներս։ Նախապես գիտեի, որ էդ սրածայր զզվելի գործիքը պիտի խրեն ատամիս մեջ ու ցավեցնելով դուրս քաշեն։ Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ։ Ատամից ազատումն ահավոր ցավոտ էր, ու ես, իհարկե, մի լավ լացեցի։ Դրանից հետո ատամնաբույժներն աչքիս գրողը դարձան...

Այդ դաժան արարածների հետ հաջորդ հանդիպումս տեղի ունեցավ մեր դպրոցում, կարծեմ 2-3-րդ դասարանում էի, եկան մեր դասարան, ստուգեցին բոլորի ատամները, ու ինձ անողոքաբար տարան իրենց հետ՝ հերթական դաժան գործընթացն իրականացնելու... :cry

Դրանից հետո մեր դպրոցի ատամնաբույժին դպրոցի միջանքներում էլ տեսնելիս, ավելի ճիշտ՝ ի՞նչ միջանցք, նույնիսկ դպրոցից դուրս ցանկացած տեղ պատահաբար հանդիպելիս ակնթարթորեն սիրտս թուլանում էր, սփրթնում էի ու արագ փոխում ճանապարհս, որ հանկարծ դեմ առ դեմ չհանդիպեմ։ Չգիտես ինչու, ինձ թվում էր, որ ինձ որտեղ տեսնի՝ կանգնեցնելու է ու ատամներս ստուգի՝ համապատասխան հետևանքներով։ :D Իրոք, էնքան հստակ ու իրական էր թվում ինձ էդ տեսարանը. փողոցի մեջտեղում կանգնած ատամներս ստուգելիս։ :D

Հետո մի անգամ, կարծեմ 4-րդ դասարանում էի, ատամս էլի ահավոր ցավում էր, ու պետք էր ատամնաբույժի մոտ գնալ։ Ծնողներս ինձ մի կերպ համոզել էին, որ հայրս ինձ տանի ինչ–որ ատամնաբուժարան՝ ատամս հանելու։ Էդպես վախը սրտումս գնացի պապայիս հետ, ինչքան մոտենում էինք, էնքան սրտիս աշխատանքն արագանում էր։ Հասանք, պարզվեց՝ հերթ է։ Էդտեղ ահագին թեթևություն զգացի. «մահապատիժն» անհայտ ժամանակով հետաձգվեց... Բայց դե դա երկար չտևեց, շուտով եկան մի քանի երիտասարդ աղջիկներ, ըստ երևույթին՝ ատամնաբույժի օգնականներն էին, և մեզ կանչեցին։ Ես խուճապի մատնվեցի, կպա պապայիցս ու ոչ մի կերպ չէի ուզում գնալ... Պապաս մի կողմից, էս աղջիկները՝ մյուս կողմից, սկսեցին ինձ շատ մեղմորեն համոզել, որ ոչ մի սարսափելի բան չկա, շատ կարճ է լինելու և այլն։ Աղջիկներից մեկը նույնիսկ ասաց, որ բժիշկն ընդամենը դեղ է քսելու, ատամս չի հանելու, բայց դե ես հո գիտեի, որ իմ ատամի հարցը դեղով լուծվողներից չէր։ Հետս էլ էնպես էին խոսում, կարծես փոքր երեխա լինեի, դրանից էլ ավելի էի ներվայնանում։ Չգիտեմ՝ ինչքան տևեցին էդ աղջիկների ապարդյուն հորդորները, բայց հիշում եմ, որ դրանք կտրուկ կերպով ընդհատվեցին գլխավոր ատամնաբույժի սարսափազդու ներխուժմամբ... Հանկարծ մեզ մոտեցավ կարճահասակ չաղոտ մի կին՝ կարճ կտրած խուճուճ մազերով, ու սկսեց բոբոյավարի գոռգոռալ.
– Չհասկացա՛։ Էս ի՞նչ ա կատարվում ստեղ։ :angry Էսքան ժամանակում ես հիմա քանի հոգու արդեն սպասարկել, ուղարկել էի։ Է՞ս ինչ բան էր։ Հե՛նց հիմա վերջացրե՛ք, շու՛տ։ :sad

Ես վախից տեղումս սսկվեցի։ Քիչ հետո աղջիկները մի կողմ քաշվեցին։ Իսկ բոբո կինը, ձեռքիցս կոպտորեն բռնելով, ինձ քարշ տվեց դեպի համապատասխան սենյակ... Նույն կոպտությամբ ինձ շպրտեց ատամնաբուժական աթոռին, ու ես արդեն չգիտեի՝ ավելի շատ ատամս հանելուց եմ վախենում, թե էդ բոբոյից... Բայց երևի, այնուամենայնիվ, երկրորդի հանդեպ վախն ավելի ուժեղ էր, թե չէ ամենայն հավանականությամբ կփախչեի։ Հիշում եմ՝ վախեցած ձայնով մի կերպ հասցրի արտաբերել.
– Իսկ... չի՞ ցավում... ,– ասացի՝ հուսալով գոնե որևէ մխիթարական բան լսել։
Կինն արհամարհական տոնով շպրտեց.
– Ցավում ա. այ էսքան,– ու կոպտորեն կսմթեց դաստակիս դրսի կողմը։ Պետք է ասեմ, որ ահագին էլ ցավեց։ :( Բայց դե ձայն չհանեցի, հատկապես որ ժամանակ էլ չունեցա. բերանս անմիջապես բացել տվեց ու ինչ–որ բան փչեց մեջը, որից հետո բերանիս խոռոչը տարօրինակ կերպով քարացավ ու մի քիչ բթացավ։ Հետո զարմանալիորեն արագ հանեց երկու փչացած ատամներս, որի ժամանակ ես շատ ուժեղ գոռացի՝ մասամբ ցավից, մասամբ վախից։ Եվ ամեն ինչ վերջացավ։

Հաջորդ ատամնաբուժական արկածը կրկին դպրոցում էր։ Կարծեմ 5–րդ դասարանում էի։ Մաթեմատիկայի դաս էր, ուսուցչուհին որոշ ժամանակով դասարանից դուրս էր եկել, մեկ էլ դուռը բացվեց, և այ քեզ անակնկալ. անիծյալ ատամնաբույժները մեզ հյուր եկան ոչ բարով... :aaa Ես էլ նստում էի պատուհանի կողմի՝ հենց դռան դիմացն ընկած շարքի առաջին նստարանին։ Սովորության համաձայն, իհարկե, սիրտս ընկավ չոքերս... Անելանելիության մի աննկարագրելի զգացողություն համակեց։ Եվ մինչ ատամնաբույժները մոտեցան պատի կողմի շարքի առջևում գտնվող ուսուցչի սեղանին, ինքս էլ չնկատեցի, թե ոնց անկախ ինձնից վերցրի պայուսակս ու պուկ՝ դուրս թռա դասարանից... Ինքս իմ արածից շոկի մեջ էի... Ախր ես ահավոր անհամարձակ, ամաչկոտ երեխա էի, ո՞նց էդպիսի բան արեցի, ո՞նց համարձակությունս հերիքեց, էլ չեմ ասում ամոթի մասին... Էնքան արագ տեղի ունեցավ էդ ծլկումը, որ նույնիսկ չհասցրի մտածել դրա մասին։ Երեխաներն էլ անմիջապես անակնկալի եկած ու զվարճացած գոռացին. «Անահիտը փախա՜վ :yahoo»։ Իսկ ես արագ իջա առաջին հարկ, ճանապարհին էլ հանդիպեցի մեր դասարանի աղջիկներից մեկի քրոջը, որը իր դասերը վերջացրել էր ու սպասում էr, որ քույրն էլ վերջացնի, միասին գնան տուն։ Դա մեր վերջին դասն էր, բայց ռիսկ չարեցի տուն գնալ։ Դասից փախչելու գաղափարն ինձ էնքան էլ հոգեհարազատ չէր. ես ընդամենը ատամնաբույժից էի փախել։ :8 Ուստի կանգնել էի առաջին հարկի միջանցքում, դասարանցուս քրոջն էլ պարբերաբար ուղարկում էի վերև՝ տեղեկություններ բերելու։ Պարզվեց՝ ուսուցչուհին դեռ չէր եկել, ատամնաբույժներին էլ իմ փախուստը, բարեբախտաբար, շատ չէր հետաքրքրել, համենայնդեպս, ոչ այն աստիճանի, որ զբաղվեին ինձ բերման ենթարկելու գործով, այնպես որ կարծես թե անհանգստանալու բան առանձնապես չունեի։ Հետո, երբ արդեն զանգի ժամը մոտ էր, դասարանցուս քույրն ասաց, որ ուսուցչուհին եկել է դասարան, երեխաներն էլ խաբար էին տվել, որ ես փախել եմ, բայց դե քանի որ դասն արդեն ավարտվում էի, նա էլ, թեև զարմացել ու մի փոքր էլ ջղայնացել է, բայց գլուխ չի դրել։ Ես էլ զանգը տալուց հետո արդեն թեթևացած գնացի տուն՝ մտածելով, որ էս անգամ էլ լավ պրծա...

Ատամնաբույժների նկատմամբ վախս անցավ ինստիտուտն ավարտելուց հետո միայն, երբ առիթ ունեցա երկար տարիների ընդմիջումից հետո արդեն մեծավարի այցելել ատամնաբույժի։ Ճիշտ է, հատուկ հետս փափուկ բան էի վերցրել, որ ցավելու ժամանակ ձեռքումս սեղմեմ, բայց, ի բարեբախտություն ինձ, դրա կարիքն ընդհանրապես չզգացվեց։ Հաճելիորեն զարմացած էի։ Դրանից հետո ատամնաբույժի մոտ գնալը սովորական երևույթ դարձավ։

Ուլուանա
06.04.2010, 05:21
Փոքր ժամանակ մեծագույն ուրախություններիցս մեկը մեր տանը հյուր ունենալն էր։ Կապ չունի, որ ես ծայրաստիճան ինքնամփոփ, չշփվող ու նույնիսկ չժպտացող երեխա էի, ու որ հյուրերը երևի երբեք էլ չէին իմանում, թե ինչ ուրախություն են պարգևում ինձ՝ մեր տուն գալով։ Ինձ որ հարցնեին, կուզենայի, որ մեր տանն անընդհատ հյուր լիներ, թեկուզև ինձ հետ ընդհանրապես կապ չունենար ու չշփվեր։ Ինձ համար հյուրի զուտ ներկայությունն էլ էր բավական, որ ուրախանայի։ Բա որ գիշերն էլ մեր տանն էին քնու՜մ... :roll Էդ արդեն լրիվ երանություն էր։ Ընդ որում՝ առանձնապես նշանակություն չուներ, թե ով է, այսինքն՝ եթե իմ տարիքի կամ ինձ քիչ թե շատ մոտ մարդ լիներ, իհարկե, ավելի լավ, բայց ընդհանրապես ցանկացած մարդ էլ որ մեր տանը գիշերում էր, ցնծության մեջ էի լինում։ Նույնիսկ ինձ համար անծանոթ մարդիկ, ասենք, հորս ընկերները, որոնց առաջին անգամ էի տեսնում էդ օրը, եթե հանկարծ պարզվեր, որ էդ գիշեր մեր տանն են մնալու, էլի ուրախանում էի։ Քույրս ու եղբայրս էլ էին սիրում, ու ինձ թվում է՝ համարյա բոլոր երեխաներն էլ սիրում են։ Հիշում եմ՝ հենց իմանում էինք, որ մեր հյուրը պիտի գիշերը մնա մեր տանը, երեքս միասին ո՜նց էինք ուրախանում։ Կամ էլ բարի լուրն ուրախ–ուրախ ավետում էինք իրար՝ թաքուն, որ հյուրը չլսի, մեզ գժի տեղ չդնի։ :)) Ինչ–որ կոմֆորտի ու ջերմության զգացողություն կար ինձ համար էդ ամենի մեջ։ Երբ ինչ–որ մեկը գիշերը մնում էր մեր տանը, մի տեսակ ոնց որ ավելի հարազատանար, ավելի մտերիմ դառնար։ Այսպես ասած՝ մերոնքական էր դառնում, էլի։ Չգիտեմ՝ էդ զգացումը որքանով էր փոխադարձ լինում, բայց ինձ համար միշտ էդպես էր։ Համենայնդեպս, գիշերը մեր տանը մնալը որոշակի անցում էր մի կարգավիճակից դեպի ուրիշը՝ ավելի լավը։

Նմանապես ուրախանում էի նաև ուրիշի տանը մնալուց։ Մի տեղ որ գնում էինք, միշտ մտածում էի՝ երանի էնքան մնանք, մինչև արդեն շատ ուշ լինի, որ ստիպված էդ մարդկանց տանը գիշերենք։ Ընդ որում՝ ուրիշի տանը մնալիս ինչքան շատ ընտանիքիս անդամներից լինեին մնացող, էնքան ավելի հավես էր։ Ամբողջ ընտանիքովն, իհարկե, իդեալական տարբերակն էր, բայց դե ոչ միշտ էր էդպես լինում։
Ու նաև մտածում էի, որ էն մարդիկ, ովքեր իրար տանը գիշերը մնում են, ուղղակի չեն կարող իրար հետ վատ հարաբերությունների մեջ լինել։ Հա, էդ իրար տանը գիշերելն իսկապես ինչ–որ սրբազան բան էր...

Հիմա ուրիշի տանը թեկուզ մի գիշեր մնալն ինձ համար անհարմարություն է՝ ամենատարբեր հանգամանքներով պայմանավոված։ Էլ չեմ ասում հանպատրաստից մնալու մասին։ Տանը հյուրեր ընդունել հիմա էլ եմ սիրում, բայց, իհարկե, արդեն վաղուց չեմ երազում, որ էդ հյուրերը հավերժ մեր տանը մնան։ :D Բայց, օրինակ, էլի սիրում եմ, երբ մեր տանը գիշերում են։ Այ էդ մեկը մանկությունից պահպանվել է՝ հարազատացման զգացողությունն էլ հետը։ :) Հատկապես դրան հաջորդող առավոտն եմ շատ սիրում։

Ուլուանա
08.04.2010, 02:10
Մի բան եմ նկատել. երբ ինչ–որ մեկին նկարում եմ, էդ նկարելու ամբողջ ընթացքում մի տեսակ սկսում եմ էդ մարդուն ավելի շատ սիրել։ :oy Ճիշտ է, մինչև հիմա նկարել եմ հիմնականում էնպիսի մարդկանց, որոնց առանց էդ էլ սիրում եմ կամ գոնե համակրում, բայց հենց նկարելու պահին զգում եմ, որ ավելի շատ եմ սիրում. էդ նկարելու պրոցեսում մարդը ոնց որ հարազատանա մի տեսակ։ Նկարելու ամբողջ ընթացքում տվյալ մարդու բնավորության գծերի, պահվածքի, դեմքի արտահայտության, շարժումների, մի խոսքով՝ էդ մարդու հետ կապված ամեն ինչի մասին մտածելն ակամա էնպիսի զգացողություն է առաջացնում, կարծես հետը սերտորեն շփվում ես, ուսումնասիրում ես, սկսում ես ավելի մոտիկից ճանաչել։ Ի վերջո, իզուր չի, որ նկարածդ մարդը հենց քեզ է նայում նկարի մեջից, ընդ որում՝ էնպիսի հայացքով, ինչպիսին դու ես նրան տալիս։ Ու էդ հանգամանքը, պարզվում է, կատակ բան չի։
Մի խոսքով՝ վիրտուալ հաղորդակցման նոր եղանակ եմ բացահայտել ինձ համար։ :roll Մենակ վատն այն է, որ էդ ամենը միակողմանի է լինում։ :8

Ուլուանա
19.04.2010, 22:38
Հետաքրքիր է, թե մարդիկ ինչ են հասկանում «վիրտուալը ռեալից տարբերել» արտահայտության տակ։ Վերջերս գնալով ավելի ու ավելի հաճախ եմ հանդիպում «մարդ պիտի կարողանա վիրտուալը ռեալից տարբերել» տիպի մտքերի, ու որ, իբր, մարդկանց մեծ մասը չի կարողանում դրանք իրարից տարբերել, ու կարծես տարբերելն ինչ–որ հազվագյուտ տաղանդ է։ Լուրջ, չեմ հասկանում, ի՞նչ կա տարբերելու կամ չտարբերելու։ Նույն մարդիկ չե՞ն վիրտուալում ու ռեալում։ Ի՞նչ կապ ունի՝ խոսակցությունը վիրտուալում է տեղի ունենում, թե ռեալում։ Համենայնդեպս, իմ կարծիքով, լուրջ ու իրեն հարգող մարդու համար պիտի որ տարբերություն չլինի, որովհետև թեկուզ վիրտուալում ինչ–որ բան ասելիս ենթադրվում է, որ մարդ էդպես էլ մտածում ու զգում է, ու որ իր ամեն ասածի ու արածի համար պատասխանատու է։ Իսկ եթե ինչ–որ մեկը համարում է, որ վիրտուալում կարելի է ասել ու անել բաներ, որոնց համար պատասխանատու չի, ի տարբերություն ռեալի, ես բոլոր հիմքերն ունեմ համարելու, որ տվյալ մարդը ռեալում էլ պակաս անպատասխանատու չի իր ասածների ու արածների համար։ Ինչի՞ հիման վրա պիտի նորմալ մարդը վիրտուալի խոսակցությանը պակաս լրջությամբ վերաբերվի, քան ռեալի։ Խոսքը հորինովի կերպարի տակ հանդես եկողների մասին չի, բնականաբար։ Էդ դեպքն, իհարկե, առանձին քննարկման թեմա է։ Չգիտեմ, ինձ համար որ էսպես է. եթե ինչ–որ խոսակցության, հաղորդակցության մեջ ես մտնում, ուրեմն արդեն դրան լուրջ ես վերաբերվում՝ անկախ նրանից՝ վիրտուալում է այն, թե ռեալում, հակառակ դեպքում ինչու՞ ես մտնում դրա մեջ։
Կարելի է մտածել՝ վիրտուալն ինչ–որ առանձին հորինովի աշխարհ է կամ երազ, ու մարդիկ կան, որ էդ երազն ու իրականությունը չեն տարբերում։

Ուլուանա
02.05.2010, 22:02
Մեկ–մեկ էնքան եմ ուզում նոր մականունով գրանցվել Ակումբում, որ ոչ ոք չիմանա՝ ով եմ, որտեղից եմ։ Ափսոս, որ դրա հնարավորությունը չկա... Կուզենայի գոնե որոշ ժամանակով ձերբազատվել Ուլուանա կերպարին սերտաճած բոլոր լավ ու վատ կարծրատիպերից, ինքս ինձ էլ Ակումբում տեսնեի էդ կարծրատիպերից դուրս, գրառումներս էլ մյուսների կողմից գնահատվեին առանց նախապատմությունների վրա հիմնվելու... Ասում եմ՝ որոշ ժամանակ, որովհետև կարճ ժամանակ անց, միևնույն է, էդ մականունն էլ կկարծրատիպահարվեր...
Բայց ինչ տխուր է, որ բոլորս կազմված ենք մեր մասին ձևավորված զանազան կարծրատիպերից... Ու ինչքան հին ես, էնքան ավելի կարծրատիպախեղդ...

Ուլուանա
23.05.2010, 08:15
Հին գրառումներիս մի մասն «Անկապ օրագրից» տեղափոխեցի էստեղ, հիմա արդեն ավելի հարմարավետ կզգամ ինձ էս օրագրում։ :) Քանի որ տեղափոխման հետևանքով թեման սկսվում է հին գրառումներով, ստիպված եղա օրագրիս նախաբանն ավելացնել թեմայի առաջին գրառման մեջ՝ խմբագրելով։ Առանձնապես մեծ բան չի, իհարկե, ուղղակի տեղեկացնում եմ, որ ցանկացողները կարդան։
Վաղվանից նոր գրառումներ կանեմ։ :)

Ուլուանա
24.05.2010, 02:22
«Խառն եմ...»

Ինչ հարմար ու փրկարար արտահայտություն է, չէ՞, մի տեսակ տիպիկ հայկական։ Գլուխն ազատելու համար առավել հարմար արտահայտություն երևի դժվար է հորինել։ Ընդ որում՝ այն կարելի է կիրառել գրեթե ցանկացած իրավիճակում, և խաբած չես լինի։ Այն անհրաժեշտ չափով չեզոք է. բավականաչափ «թունդ» չէ, որ զրուցակցիդ մեջ անխուսափելիորեն տագնապ առաջացնի, ոչ էլ այնքան թույլ է, որ չանցնի որպես պատճառաբանություն։ Կարող ես, օրինակ, աշխատանքային, առողջական, անձնական, ֆինանսական և ցանկացած այլ տեսակի ու լրջության խնդիրներ ունենալ, և երբ հարցնեն, թե ինչու չես երևում, ինչու էսինչ տեղը չեկար/չես գալիս, ինչու էսինչ բանը չարեցիր/չես անում, կարող ես էդ երկու բառն ասել՝ խառն եմ/էի, ու առժամանակ գլուխդ ազատել։ Շատ–շատ՝ ի պատասխան հարցնեն. «Հո լուրջ բան չկա՞»։ Իսկ դրա տակից էլ սովորաբար հեշտությամբ կարելի է դուրս գալ՝ առանց որևէ կոնկրետ ինֆորմացիա տալու։ Ի վերջո, կարող ես և ոչ մի լուրջ խնդիր էլ չունենալ, պարզապես վատ տրամադրության մեջ լինել, որի մասին հեչ պարտադիր չէ, որ դիմացինիդ հաշվետվություն տաս, պարզապես ասում ես. «Մի քիչ խառն եմ»։ Հետագա բացատրությունը պարտադիր չէ. էդ արտահայտությամբ արդեն ամեն ինչ ասված է, կամ, առնվազն էնքանը, որքանը որ դիմացինդ կարող է իրեն իրավունք վերապահել իմանալու։ Իսկ թե հատկապես ինչով ես խառը, ինչի մեջ ես խառը՝ արդեն նրա գործը չէ, քանի դեռ ինքդ չես բարեհաճում պարզաբանել։

Ու ընդհանրապես մենք բոլորս էլ հիմնականում գոնե մի քիչ խառն ենք։ :))

Ուլուանա
29.05.2010, 04:37
Կարոտի մի տեսակ կա, որ կարծես ոչ մի հիմք չունի. ոչ տարածության, ոչ ժամանակի, ոչ էլ ուրիշ որևէ արտաքին գործոնի հետ կապված չէ, ուղղակի քո մեջ է, ինքնածին, ու կարող է «բռնկվել» լրիվ անսպասելիորեն։ Կարելի է պայմանականորեն անվանել դրական կարոտ, որովհետև մի տեսակ լուսավոր է ու ջերմ, չի տանջում, չի ճնշում, ավելի շատ ջերմություն տալուն է դրդում, քան տվյալ մարդու ներկայությունը պահանջելուն։ Երբեմն նույնիսկ ջերմության առատությունից գոռալու պահանջ է առաջացնում, ու քեզ մի կերպ զսպում ես, որ գժի տեղ չդնեն։ :)) Ավելի հաճախ լինում է միաժամանակ մի խումբ մարդկանց նկատմամբ, մտերիմ կամ ոչ այնքան, բայց ամեն դեպքում սիրելի կամ գոնե համակրելի։ Ու հաճախ էդ մարդկանցից շատերի մտքի ծայրով էլ կարող է չանցնել, որ դու իրենց կարոտել ես։ Մտածում եմ՝ որ ամոթ չլիներ, հատ–հատ կասեի էդ բոլոր մարդկանց... :oy Ընդհանրապես գոնե նրանց, ում հետ քիչ թե շատ շփում կա, ու նաև քիչ թե շատ հիմքեր կան ենթադրելու, որ ասածդ սխալ չեն հասկանա, կարծում եմ՝ արժե ասել անպայման։ Ի՞նչ իմանաս, միգուցե էդ օրը դա նրանց ստացած միակ դրական լիցքը դառնա։ Բայց էսօր, ցավոք, արդեն ուշացել եմ, իսկ վաղը դրա մասին խոսելն արդեն մի տեսակ անհեթեթ կլինի...

Ուլուանա
07.06.2010, 01:49
Ամերիկացիների՝ ինտերիերը կահավորելու ու ձևավորելու նախասիրությունների մեջ ինձ համար տարօրինակ երկու բան եմ նկատել, մեկը, թեև հայի աչքի համար անսովոր, բայց ինչ–որ առումով հասկանալի է, իսկ մյուսը գլխումս չտեղավորվող երևույթների շարքից է...

Առաջինն էն է, որ բազմոցը, ի տարբերություն հայաստանյան տների, ոչ թե մեջքով պատին դեմ տված է լինում, այլ, որպես կանոն, դրված է լինում սենյակի կենտրոնական մասերում՝ բոլոր կողմերից ազատ։ Ճիշտ է, եթե մեկից ավել բազմոցներ են լինում, մեկը սովորաբար հենած է լինում պատին։ Բայց հաճախ միայն մեկն է լինում՝ սենյակի կետրոնում։

Երկրորդը վերաբերում է պատերից նկարներ կախելուն։ Հաճախ կարելի է տեսնել լրիվ նույն նկարից երկու հատ իրար կողքի (շատ մոտ)՝ պատից կախած... Երբեմն պատահում է որ նույն նկարից հանդիպակաց կամ իրար կից պատերին է լինում կպցրած, բայց հաճախ հենց նույն պատին՝ իրար շատ մոտ։ Չեմ հասկանում, թե դրա իմաստը կամ գեղեցկությունը որն է։ Ավելի հետաքրքիր չէ՞ր լինի, եթե դրանցից մեկի փոխարեն ուրիշ նկար լիներ։ Պատահում է նաև, որ նկարներից մեկը մյուսից թեթևակի տարբերվում է, բայց էնքան թեթևակի, որ եթե հատուկ դրանց տարբերությունը գտնելու նպատակ չդնես, հնարավոր է, որ նույնիսկ չնկատես, որ տարբեր են։ Ի դեպ, էս երևույթը նկատել եմ թե՛ բնակարաններում, թե՛ տարբեր գրասենյակներում։ Չգիտեմ, ինձ համար որ շատ տարօրինակ է ու գեղագիտական առումով էլ անհասկանալի...

Ուլուանա
09.06.2010, 19:54
Կիսաարխիվային

Երբ շատ փոքր էի, ծննդյանս օրն ինձ համար մի առանձնահատուկ ու մի տեսակ կախարդական օր էր։ Երևի բոլոր երեխաների մոտ է էդպես լինում, եթե ընտանիքում համապատասխան դրվածք է լինում։ Հիշում եմ՝ ծննդյանս օրվանից դեռ մի քանի շաբաթ առաջվանից արդեն սկսում էի ամեն օր հաշվել, թե քանի օր մնաց։ Ու ինչքան մոտենում էր օրը, էնքան ավելի ու ավելի էի հուզվում, կարծես էդ օրը որ գար, պիտի ինչ–որ շատ լուրջ, խորհրդավոր ու ճակատագրական լավ բան լիներ։ Ես էլ չգիտեի, թե ոնց ու ինչի տեսքով պիտի լիներ էդ լավ բանը, բայց դրա ակնկալիքը միշտ կար։ Դե, երևի մասամբ անակնկալ նվերն էր էդ լավ բանը, մասամբ՝ հյուրերը, համով ուտելիքներն ու հատկապես թխվածքները, ինչպես նաև զուտ էն զգացողությունը, որ էդ օրն իմ ծնունդն է։ :) Ահավոր շատ էի սիրում, երբ մեր տուն հյուրեր էին գալիս։ Ցանկացած հյուրից ուրախանում էի, իսկ որ իմ ուզած մարդիկ էին գալիս՝ առավել ևս։ Էդ պահին կարծես դրանից ավելի ուրախալի բան դժվար էր պատկերացնել։ Սովորաբար ծնունդներին քեռուս ընտանիքն էր մեր տուն գալիս, երեխաներով խաղում էինք, երբեմն էլ մի երկու ընկերուհի էի հրավիրում՝ ազգականների հետ կամ առանձին։

Հետո ծննդյան օրվա խորհուրդը տարիների ընթացքում կամաց–կամաց խամրեց... Եթե սկզբում ամենաշատն ինձ հետաքրքրում էր էն, որ կարողանանք էդ օրը քիչ թե շատ նորմալ սեղան գցել ու հյուրեր ունենալ, ապա քիչ–քիչ էդ բոլորն անէական դարձան, արդեն ավելի շատ հետաքրքրում էր, թե քանի հոգի կհիշի, որ էդ օրը ծնունդս է, ով կզանգի, կշնորհավորի։ Սպասելիքներս, որպես կանոն, չէին արդարանում. միշտ լինում էին ինձ համար շատ կարևոր մարդիկ, որոնք չէին հիշում ծնունդս ու չէին շնորհավորում, էն դեպքում, երբ ես իրենցը երբեք չէի մոռանում... Մարդիկ կային, որոնց ծնունդները նույնիսկ ուզում էի չհիշել, բայց չէր հաջողվում, իսկ հիշելու դեպքում չէի կարողանում չշնորհավորել։ Իհարկե, եթե բոլոր հիշածս ծնունդները շնորհավորեի, երևի համարյա ամեն օր պիտի ծնունդ շնորհավորեի, բայց դե շնորհավորում էի հիմնականում մտերիմներինը, երբեմն էլ ոչ էնքան մտերիմ, բայց էնպիսի մարդկանցը, որոնք, համոզված էի, որ կուրախանան դրանից։

Ծնունդս հիշելու առումով չեմ կարող չառանձնացնել դասընկերներից մեկին, որը մի տարի նույնիսկ բանակից զանգեց, շնորհավորեց։ :) Երևի էն հազվագյուտ մարդկանցից է, որ առանց որևէ հիշեցման միշտ հիշում է ծնունդս։ Հիշում եմ՝ էդ տարի էնքան քիչ մարդիկ էին հիշել, բայց դասարանցուս էդ զանգն էնքան արժեքավոր էր, որ ինչ–որ առումով ծածկեց մյուս բացերը։

Տարիների ընթացքում քիչ–քիչ սկսեցի չսիրել ծննդյանս օրը... Ինչ–որ պահից սկսած էդ օրը ոչ միայն դադարեց ուրախության օր լինելուց, այլև արդեն դարձավ նույնիսկ լացելու օր։ Էնպես էր ստացվում, որ ծննդյանս օրն անպայման լացում էի։ Դե, չափից դուրս դյուրազգաց էի դառնում էդ օրը ու միշտ լացելու ինչ–որ բան գտնում էի. տնեցիներն իմ ուզած պահին չէին շնորհավորում, ինձ իմ ուզած չափով ուշադրության չէին արժանացնում էդ օրը, ոչ բոլոր էն ընկերներս էին զանգում, ումից սպասում էի, որ կզանգեն, գիտակցում էի, որ մի տարով էլ մեծացա, իսկ երազանքներիցս քանի՞սն են իրականացել...

Հետո, երբ դադարեցի ծննդյանս օրը որպես արտասովոր օր ընկալելուց և «գլխիցս մեծ» ակնկալիքներ հորինելուց ու դրանց չիրականալուց հիասթափվելուց, կյանքս ահագին թեթևացավ։ Ընտանիքիս անդամները, բնականաբար, հիշում ու շնորհավորում են միշտ, ընկերներս էլ, դե, փառք Ակումբին, ICQ–ին, Odnoklassniki–ին ու մյուս վիրտուալ միջավայրերին, տեղեկանում են ու էլի շնորհավորում։ Ես էլ ինձ հույս եմ տալիս, որ ինտերնետով շնորհավորողների մեջ կան գոնե մի քանիսը, ովքեր առանց էդ տեղեկացումների էլ կհիշեին, :) ու մեկ էլ՝ որ չհիշողներից ոմանք կհիշեին, եթե ընդհանրապես ծննդյան օրեր հիշել կարողանային։

Ուլուանա
11.06.2010, 19:14
Դաժան բան է ծույլ ու միաժամանակ պատասխանատու մարդ լինելը... Երբ մարդն աշխատասեր է ու պատասխանատու, էս երկու հատկանիշները հաջողությամբ լրացնում ու սատարում են իրար, ամեն ինչ հարթ է ընթանում. ժամանակին գործն սկսում է, ժամանակին ավարտում՝ առանց խղճախայթային տվայտանքների, առանց չհասցնելու վախից տագնապահար լինելու, գործն իր ներդաշնակ հունով հասցվում է ավարտին։ Չի լինում ներքին հակասություն, ներքին պայքար և այլն։ Մի խոսքով՝ ընդհանուր առմամբ ամեն ինչ տեղի է ունենում ներքին ներդաշնակության պայմաններում, մանր–մունր շեղումները հաշիվ չեն։ Մոտավորապես նույն հոգեվիճակը տիրում է ծույլ ու անպատասխանատու մարդու դեպքում. ոչ իրեն կոտորում է ինչ–որ բան անելու համար, ոչ էլ դրանից առանձնապես տանջվում, չի հասցնի՝ չի հասցնի, աշխարհի վերջը չի, հետո՞ ինչ, որ ինչ–որ մեկն էլ դրանից կտուժի, թող մի քիչ էլ ուշ անի գործը, թող սպասեն, ի՞նչ կա որ։ Էլի ներքին ներդաշնակություն, ներքին պայքարի, կոնֆլիկտի բացակայություն։ Իսկ երբ մարդ հանդգնում է իր մեջ համատեղել էնպիսի աններդաշնակ հատկանիշներ, ինչպիսիք են կատաստրոֆիկ ծուլությունն ու պատասխանատվության հիվանդագին զգացումը, դատապարտված է ամբողջ կյանքում տառապել խղճի խայթից, ինքնաքրքրվել ավելորդ վատնած յուրաքանչյուրի րոպեի համար, ամբողջ ընթացքում վայելել տագնապի ողջ հմայքն ու էն անխուսափելի գիտակցումը, որ, մեկ է, ինչ էլ լինի, ոնց էլ լինի, ինքը պիտի հասցնի տվյալ բանն անել, ժամանակին ավարտել, թեկուզ վերջին պահին՝ սեփական առողջության, անքուն գիշերների, ամենատարբեր անհարմարությունների ու դժվարությունների գնով։ Չէ, իսկապես շատ դաժան բան է ծույլ ու պատասխանատու մարդ լինելը... Ովքեր իրենց մեջ համատեղում են էդ երկու հատկանիշները, ինձ կհասկանան...

Ուլուանա
12.06.2010, 22:14
Բավական լուրջ ու երկարատև ստեղծագործական անկման շրջան եմ ապրում... Գրելը նկատի ունեմ։ Հա՛ սպասում եմ վերջին, բայց դե մեր քմահաճ բարեկամ Մուսան, ըստ երևույթին, անկյալներին չի սիրում, էդ դեռ հերիք չի՝ իմ Մուսան, ի տարբերություն ու ի հեճուկս ինձ՝ նաև բու է դարձել, ինչպես վերջերս պարզվեց... Ինքն արթնանում է էն ժամանակ, երբ ես կամ պատրաստվում եմ քնել, կամ էլ արդեն քնած եմ, ու էդպես մենք հիմա հազվադեպ ենք հանդիպում... Ճիշտն ասած՝ հանուն նրա՝ բու դառնալու մտադրություն ու ցանկություն չունեմ. ես չափազանց համոզված արտույտ եմ, հետևաբար միակ ելքը մնում է նրան արտույտացնելը։ Դե, նրա համար պիտի որ ավելի հեշտ լինի, վերջիվերջո, նախկինում արտույտ է եղել։

Հիմա մեջս մտային դատարկության շրջան է. երբ գրեթե ոչ մի հետաքրքիր միտք, գաղափար, դատողություն չի ծնվում ու վերջ... Ու դա ընդհանրապես կապ չունի հոգեվիճակի կամ տրամադրության հետ։

Եղբորս հետ կապված մի բան հիշեցի... Ինքը, չնայած լավ սովորելուն, դպրոցում շարադրություն գրել ոչ մի կերպ չէր կարողանում։ Մի անգամ էլ, երբ արդեն ուսանող էր, հայոց լեզվի դասախոսը շարադրություն էր հանձնարարել, կարծեմ մի քանի կոնկրետ վերնագրեր էր տվել, որ ընտրեն, բայց միաժամանակ նաև հնարավորություն էր տվել, առաջարկված թեմաներով չբավարարվելու դեպքում, ինքնուրույն ընտրել թեման։ Եղբայրս որոշել էր օգտվել ազատ ընտրության հնարավորությունից և ընտրել էր մի շատ հոգեհարազատ թեմա, ըստ երևույթին՝ միակը, որի մասին կարող էր գրել, վերնագիրն էր՝ «Իմ՝ շարադրություն գրելու ունակության բացակայության մասին»։ :)) Մարդը բավական մեծ ոգևորությամբ մի քանի էջանոց կարգին շարադրություն էր գրել, որում ամենայն անկեղծությամբ ու մանրամասնությամբ պատմել ու բացատրել էր, թե հատկապես ինչու և ինչպես ինքը չի կարողանում շարադրություններ գրել :D։ Ի դեպ, շարադրությունը լսարանում մեծ հաջողություն էր ունեցել։

Հիմա մտածում եմ՝ չբռնե՞մ ես էլ բանաստեղծություն գրեմ, ասենք, էն մասին, թե ինչպես է մուսաս ինձ լքել, թե ինչ մտային քաղց է տիրում գլխումս, ու թե ինչ տխուր է էդ ամենը... Մեկ էլ տեսար՝ ինքս իմ անմուսայությանն աչքով տվեցի, ու հետաքրքիր մտքեր հղացան...

Մի տարօրինակ երևույթ. վերջերս պարբերաբար գլխումս սկսում է ինչ–որ բանաստեղծության ռիթմ հնչել՝ հստակ տաղաչափով, հնչերանգով, բայց առանց տեքստի՝ բացարձակապես ոչ մի բառ... Միայն ռիթմ, որը կարծես խնդրում է. «Բառեր դիր իմ մեջ, տես՝ ինչ լավն եմ, ափսոս եմ...»։ Է հա, ափսոս ես, բայց դե ես ի՞նչ անեմ քեզ հետ իմ էս մտազուրկ գլխով, հը՞։

Չէ, մուսայիս հետ լեզու գտնել է պետք, մի բան պայմանավորվել, էսպես չի լինի...

Ուլուանա
16.06.2010, 01:19
Թեև հիմա բոլոր եղանակներն էլ սիրում եմ, բայց դե ամառն ուրիշ է, ինչ ուզում եք՝ ասեք։ Ոչ մի եղանակ ամառվա պայծառությունն ու ջերմությունը չունի։ Ու թքած շոգի վրա։ Հենց մենակ արևն իր լույսով ու կենարարությամբ արդեն ամեն ինչ արժե։ :love Ես նույնիսկ սիրում եմ, երբ արևն աչքերիս է ընկնում։ Հատկապես եթե աչքերս փակելու հնարավորություն ունեմ, փակում եմ ու վայելում արևի դեղնակարմիր ծակծկան խուտուտը։ :love

http://img69.imageshack.us/img69/6727/86640759.jpg

http://img13.imageshack.us/img13/2431/klramarkov2.jpg

http://img10.imageshack.us/img10/6335/dinafarrisappelhawaiian.jpg

Ուլուանա
16.06.2010, 06:32
Շենքի շքամուտքում՝ վերելակի մոտ, տեսա՝ ինչ–որ հայտարարություն է փակցված, վրան՝ լուսանկար։ Մոտեցա, որ կարդամ. մեր հարևանուհիներից մեկի մահվան մասին ազդագիր էր, հարևանուհի, որի հետ էսքան տարիների ընթացքում մեր շփումը չեմ հիշում, որ բարև–բարլուսից էն կողմ անցած լիներ, բայց դե ամեն դեպքում հին հարևան էր։ Լուսանկարում բավական ջահել էր, բայց էլի չաղ. ինչ նրան հիշում եմ՝ միշտ էլ չաղ էր եղել. էն որ նայում ես ու զարմանում, թե ոնց է կարողանում է շարժվել։ Ի դեպ, լավ էլ շարժվում էր, համենայնդեպս, բավական հեռու էր դանդալոշ կոչվելու վիճակից՝ չնայած իր զանգվածեղ մարմնին։ Մահվան ազդագրում մի գլուխ տվյալներ էին նշված՝ մահացածի տարիքը, աշխատավայրը ու էլի լիքը բաներ, որոնք մտքիցս թռել են, բայց ամենաուշագրավը զանազան իրավունքների սահմանափակման ու դրանցից շատերից զրկման վերաբերյալ ահռելի ցուցակն էր, սահմանափակումներ ու զրկանքներ, որոնք, ըստ գրվածի, հանգուցյալին «սպառնում էին» մահվանից հետո... Պարզվում է՝ համաձայն նշված կետերի՝ խեղճ հանգուցյալն այլևս իրավունք չուներ օգտվելու մի շարք հասարակական վայրերից, ինչպես նաև բազմաթիվ հասարակական ու կենցաղային ծառայություններից։ Հիմա չեմ հիշում, թե կոնկրետ ինչ ծառայություններ ու վայրեր էին, բայց հիշում եմ, որ խոսքը քաղաքակիրթ աշխարհում ապրող մարդու համար առաջին անհրաժեշտության ծառայությունների մասին էր։ Այ քեզ բան...

Տեսնես ի՞նչ հանցանք է գործել էս խեղճը, որ նման դաժան զրկանքների է արժանացել... Չէ, բայց էդ էլ հեչ. տեսնես ինչու՞ է էդ ամենը սահմանվել հետմահու, երբ մարդը, մեղմ ասած, իր շենքի ամենավերին հարկից (որում էլ, ի դեպ, բնակվում էր մինչև մահանալը) խորապես թքած ունի էդ բոլոր սահմանափակումների ու զրկանքների վրա։ Էս ի՞նչ անհեթեթություն է... Ո՞վ է հորինել...

Բայց ամենաուժեղն էն էր, որ բոլոր հարևանները, կարդալով ազդագիրը, իսկույն կենտրոնանում էին նշված սարսափելի սահմանափակումների վրա ու ապշած–այլայլված դեմքերով անկեղծ կարեկցանք հայտնում դրանց կապակցությամբ... Ըստ երևույթին, իրավունքների սահմանափակումների ցնցող ցուցակի ֆոնի վրա հանգուցյալի մեռնելու հանգամանքը խիստ խամրել էր ու լրիվ հետին պլան մղվել։ Կարծես ոչ ոքի չէր հուզում, որ մարդը մահացել է, կարևորն այն էր, թե ոնց պիտի նա այսուհետև յոլա գնա այդպիսի աննախադեպ, դաժան սահմանափակումների պայմաններում...

Չգիտեմ՝ էս աբսուրդն ինչ զարգացում կունենար, եթե հանգամանքների բերումով քնից չարթնանայի... Հա, պարզվեց՝ երազ էր։ :D

Ուլուանա
17.06.2010, 00:29
Թեև վերը նկարագրածս երազում գործողությունները տեղի էին ունենում Հայաստանում՝ մերոնց շենքում, բայց էսօր հասկացա, որ, ըստ երևույթին, երազիս հիմքում ընկած էր հետևյալ ամերիկյան զավեշտը, իսկ ավելի ճիշտ՝ դրա կաղապարը.


ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին տուգանեցին 300 հազար դոլարով

Օրերս Նյու-Յորքի գիտական գրադարան է վերադարձել մի գիրք, որը 1789թ. հոկտեմբերի 5-ին կարդալու նպատակով վերցրել էր ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը։ «Պետության օրենքը» վերնագրով գիրքը վերադարձրել են նախագահ Վաշինգտոնի տուն-թանգարանի աշխատակիցները (Մաունթ Վեռնոն, Վիրջինիա նահանգ)։ Գրքի վերադարձը մոտ երկու դար ուշացնելու համար սահմանվել է 300 հազար դոլարի տուգանք։

Ուլուանա
17.06.2010, 05:13
Անջատվածություն

Փոքր ժամանակվանից միշտ բացառիկ անջատված դեմք եմ եղել։ Երբ մայրս ինձ մի սենյակից մյուսն էր ուղարկում՝ էսինչ տեղում դրված էսինչ բանը բերելու, սկզբում գնում, մի քիչ անջատված, մտացրիվ կանգնում էի սենյակում, հետո հանկարծ հիշում, որ ինչ–որ բան պիտի բերեի, այնուհետև փորձում էի հիշել, թե ինչ, ու հիշելու անհաջող փորձից հետո հետ գնում մորս մոտ՝ պարզելու, ապա նորից էի ուղևորվում մյուս սենյակ, բայց տեղ հասնելուն պես հայտնաբերում, որ չգիտեմ, թե տվյալ իրը կոնկրետ որտեղ է դրված... Մի խոսքով՝ մինչև ես մի քանի անգամ անջատված գնում–գալիս էի, էդ ընթացքում ինձնից չորս տարով փոքր քույրս արդեն գտած–բերած էր լինում ինչ որ պետք էր։ :oy

Միշտ բոլորի աչքին սիրահարված էի երևում, երբ որ իսկի չգիտեի էլ սիրահարվելն ինչ է։ Ուղղակի մարդիկ դժվարությամբ էին պատկերացնում, որ մարդ կարող է առանց սիրահարված լինելու՝ հենց էդպես բնածին էդ աստիճանի անջատված լինել։ Իսկ երբ առաջին անգամ սիրահարվեցի, անջատվածությունս հասավ իր խայտառակ գագաթնակետին... Հիշում եմ՝ սեղանը հավաքելիս ամանները կարող էի խոհանոցի փոխարեն տանել ննջասենյակ կամ նույնիսկ զուգարան...

Մեկ էլ մի դեպք է տպավորվել, որը մեր տանը վերածվել էր անեկդոտի։ Արդեն ուսանող էի, մի օր հայրս ասաց, որ թեյնիկը դնեմ էլեկտրասալիկին, թեյ խմի։ Դրեցի։ Մեկ էլ մի կես ժամ հետո.
– Բալիկ ջան, էն թեյն ի՞նչ եղավ։ Որ ասել էի՝ դնես պլիտային, դրե՞լ էիր։
– Հա,– հանգիստ պատասխանում եմ (բայց, իսկապես, տեսնես ի՞նչ եղավ... :unsure)
– Բա ինչի՞ եռալու ձայն չի գալիս էն կողմերից։
Մեկ էլ էդ պահին մայրս մի տեսակ գործին տեղյակի տոնով մեջ մտավ.
– Իսկ դու որ ասել ես՝ թեյնիկը դնի պլիտային, ասե՞լ ես, որ համ էլ պլիտան միացնի։ ;)
Ախր իրոք չէր ասել։ Ինձ ընդամենը ասել էին՝ թեյնիկը դիր պլիտային, ես էլ դրել էի։ :esim

Ուլուանա
19.06.2010, 23:57
Էս օրագրերն էնքան են շատացել, որ հերիք է՝ մի օր չգրես, արդեն թեմադ նահանջում է մինչև հաջորդ էջ։ :))

Հետաքրքիր զուգադիպություն եղավ էսօր...
Ամուսինս ինչ–որ ֆիլմ էր նայում, որին ես կողքից մեկ–մեկ զուտ աչքի պոչով էի հետևում, բայց վերջում նստեցի ու սկսեցի նորմալ նայել։ Հարցը ֆիլմը չի, ու կարևոր էլ չի, թե ինչ ֆիլմ էր, քանի որ դրա փոխարեն կարող էր ցանկացած ուրիշը լինել, ուղղակի նայելիս, երբ կռվի թունդ տեսարաններ էին, ինչպես միշտ, ներսս ամեն ինչ խառնվեց, հուզվեցի, մի քիչ էլ՝ ու կլացեի։ Չէ, առանձնապես հուզիչ էլ չէր, պատկերացրեք։ Ու էդ ընթացքում մի պահ մտքերս ֆիլմից շեղվեցին, ու սկսեցի մտածել էն մասին, թե ինչի եմ ես ընդհանրապես ամեն ստից բանից էսքան հուզվում, սրտիս մոտ ընդունում, բառացիորեն ամեն ինչից՝ մի ստից երգից, մի լացի տեսարանից ու ընդհանրապես որևէ հույզ արտահայտող գրեթե ցանկացած տեսարանից, հաճախ էնպիսի բաներից, որոնց մասին եթե ինձ հարցնեին՝ հուզիչ են, թե չէ, օբյեկտիվորեն կհամարեի, որ չէ։ Հաճախ երբեմն նույնիսկ ծիծաղս է գալիս ինձ վրա, որ ամեն մի սուտի տեսարան կարող է ինձ էմոցիոնալ առումով լրիվ «հունից հանել»։ Հաճախ իսկապես ինքս իմ առաջ էլ ամաչում եմ տվյալ բանից հուզվելու համար, էնքան որ սուտի եմ համարում։

Իրականում միշտ էլ ինչ–որ չափով էդպիսին եմ եղել։ Օրինակ, դեռ մի քանի տարեկանում, հիշում եմ, փողոցում ինչ–որ խեղճուկրակ ծերուկ կամ տատիկ տեսնելը, երեխաների կողմից հալածվող շուտ կամ կատու տեսնելը ու էլի նման բաներ, որ առօրյայում ամեն քայլափոխի հանդիպում են ու կարծես սովորական երևույթ են, հերիք էր, որ ժամերով կամ նույնիսկ օրերով դրա մասին մտածեի, աչքիս ուրիշ ոչ մի բան չերևար, աշխարհը գլխիս մթներ... Մինչև ինչ–որ հրաշքով էդ տեսարանը մտքումս խամրեր՝ ինձ ազատելով հետագա տառապանքներից... Ճիշտ է, դրա մասին հաճախ ոչ ոք էլ չէր իմանում, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչի՞ ես միշտ էդքան լուրջ, մռայլ ու դարդոտված տեսք ունեմ։ Դե, մարդիկ մտածում են՝ էս մի մատ էրեխեն ի՞նչ մի դարդ պիտի ունենա, որ էսպիսի տեսք ունենա, ու ուրիշ պատճառ չգտնելով՝ դա սովորաբար վերագրում էին պարզապես մռայլ, սառը, չշփվող բնավորությանը։ Հատկապես փոքր ժամանակ իմ էմոցիաները հազվադեպ էին իմ մեջից դուրս գալիս։ Բոլորի աչքում ես ընդամենը մռայլ ու անհաղորդ մեկն էի. ես ու՜ր, էմոցիան՝ ուր...

ԱՄՆ տեղափոխվելուց հետո կարծես ավելի է սրվել մեջս հուզվելու հակումը, ավելի դյուրազգաց եմ դարձել. ոնց որ լրիվ բաց նյարդերով ապրեմ. բոլոր հույզերս կարծես «բացօթյա» շարված լինեն վրաս, ու ով կամ ինչ պատահի, կարող է տրորել՝ կամա թե ակամա... Իսկ դա, նույնիսկ հոգեկանը մի կողմ, առողջությանս վրա էլ առանձնապես լավ չի ազդում... :( Դրա համար արդեն աշխատում եմ խուսափել արվեստի ու գրականության չափազանց հոգեցունց գործերից, եթե նախապես իմանում եմ դրանց՝ էդպիսին լինելու մասին, դե, ողբերգականների մասին էլ չեմ ասում։ Հնարավոր է, որ դրանով շատ բան եմ կորցնում գեղագիտական առումով, բայց կարծում եմ՝ առողջությունիցս ոչ ավելի թանկ։

Էսքանն ինչի՞ պատմեցի. հետաքրքիրն էն էր, որ հենց էսօր՝ հերթական անգամ էս մտորումներն ունենալուց անմիջապես հետո, մտնում եմ Ակումբ, ու ի՞նչ տեսնեմ. «Իմ վերևի մարդը» թեմայում ինձ բնորոշել են որպես ոչ էմոցիոնալ մարդ։ :D Եթե միայն դա գրողն իմանար, թե իրականում ինչքան կուզենայի իր նկարագրածի գոնե կեսի չափով ոչ էմոցիոնալ լինել։ :) Կյանքս ինչքան կհեշտանար... Բայց դե ու՞ր էր ինձ էդպիսի բախտ...

Մյուս կողմից էլ երևի լավ է, որ էդքան էմոցիոնալ լինելով հանդերձ՝ հաջողացրել եմ լիքը մարդկանց մեջ լրիվ հակառակ տպավորությունը ձևավորել։ Ուրեմն երևի էնքան էլ անհույս հուզագար չեմ (էս բառն էլ տեղում հորինեցի :D)։

Ուլուանա
23.06.2010, 02:26
Բայց լավ բան է անձնական օրագիրը։ Քո տունն է։ Հետո՞ ինչ, որ պատերը թափանցիկ են, ու բոլորն էլ կարող են տեսնել, թե ինչ ես անում մեջը։ :)) Չգիտեմ՝ ում համար ոնց է, բայց ինձ համար, օրինակ, «Անկապ օրագրում» գրելը միշտ մի տեսակ ասոցիացվել է բեմ դուրս գալու ու բազմության առաջ՝ վրադ հառված բազմաթիվ հայացքների ներքո ելույթ ունենալու հետ... Ճիշտ է, շատերի համար դա ավելի քան նորմալ է, ինչպես որ նորմալ է բեմի վրա ելույթ ունենալը, պարզապես ես բնույթով բեմի մարդ չեմ, ու դրանով երևի ամեն ինչ ասված է։ Էնտեղ «ելույթ ունենալիս» էդ հայացքների ճնշումը, որոնցից որոշների ծանրության աստիճանը գուցեև իմ հիվանդ երևակայության արդյունքն է, հաճախ էր ստիպում չգրել... Ինչևէ, ուրախ եմ, որ վերջապես ես էլ էստեղ իմ բնակարանն ունեմ։ Ու ոչինչ, որ բեմում ելույթ ունենալու դեպքում ծաղիկներ ստանալու հավանականությունն ավելի մեծ է։

Ուլուանա
23.06.2010, 17:45
Անձնական արխիվից


Իմ մանկության օղակները

Չգիտեմ՝ իմ ծնվելուց առաջ էր, թե հետո, որ հայրս մեր հյուրասենյակի առաստաղից մարզական օղակներ կախեց, համենայնեպս, ինչ ինձ հիշում եմ՝ էդ օղակները եղել են։ Հետո ավելացան նաև պարանով աստիճանն ու պարանը, բայց դրանք ընդամենը մի քանի տարի մնացին իրենց տեղում։ Օղակներն ամեն դեպքում ամենամեծ ժողովրդականությունն էին վայելում։ Ոտքերս մտցնելով օղակների մեջ՝ նստած ճոճվում էի, ոտքերից կախվում դեպի ներքև, սկզբում՝ երկու ձեռքով օղակներից բռնած, հետո՝ մի ձեռքով, իսկ մի քիչ մեծանալուց հետո՝ արդեն առանց բռնելու՝ միայն ոտքերով։

http://img705.imageshack.us/img705/8633/img2082k.jpg

http://img202.imageshack.us/img202/4444/oghaknerov009.jpg

Չգիտեմ՝ ես որ տարիքից եմ հայտնվել օղակների վրա, բայց քույրս ու եղբայրս մի տարեկանից արդեն «քշում էին» :)), բնականաբար, ծնողներիս հսկողությամբ։

Մեր տուն առաջին անգամ ոտք դնողների ռեակցիան միշտ նույնն էր. սկզբում անսպասելիությունից ցնցվում էին, հետո հետաքրքրված մոտենում և ապա՝ վախվխելով փորձարկում. «Էս չի՞ պոկվի... :unsure»։ «Չէ–չէ»,– վստահաբար պնդում էր հայրս, ու բոլորս էլ գիտեինք, որ մեր օղակներն ամենադիմացկուն են. ով էլ կախվի, չեն պոկվի։ Ընդհանրապես ցանկացած երեխայի համար մեր տունն առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում, որովհետև մեր տանը կար էնպիսի բան, որ իրենցից ոչ մեկի տանը չկար։ Ճիշտ է, մեր տանն էլ բացակայում էին մի շարք իրեր ու սարքեր, որոնք համարյա բոլորի տներում կային, բայց դե մեր օղակներն ամեն ինչ արժեին, գոնե երեխաների համար։

Մյուս կողմից էլ, իհարկե, գրեթե բոլոր մեծահասակների համար խիստ տարօրինակ ու անհասկանալի էր մեր օղակների առկայությունը. ինչպե՞ս կարելի է տան, այն էլ հյուրասենյակի տեսքը փչացնել էնպիսի հակագեղագիտական ու հատկապես հակահյուրասենյակային տեսարանով, ինչպիսին առաստաղից մի մետր ներքև կախված օղակներն են, ընդ որում՝ ոչ թե սենյակի մի անկյունում կամ ծայրին, այլ համարյա կենտրոնում՝ հետնամասին ավելի մոտ։ Դե, ճոճվելու համար տարածք էր պետք, չէ՞։ Օղակները հո մենակ ձգվելու համա՞ր չէին։ Ճիշտ է, չափից դուրս մեծ թափով ճոճվելու դեպքում հյուրասենյակի ջահին «հագնելու» վտանգ կար, բայց դե մենք զգույշ էինք, ու նման վթարներ, բարեբախտաբար, չեն գրանցվել։

Հիշում եմ՝ հատկապես ուսանող ժամանակ շատ էի սիրում միացնել իմ սիրած երգերը և օղակներին նստած ճոճվել։ Էդ մի առանձնահատուկ հաճույք էր, որ ոչ մի բանի հետ չէր համեմատվի... :roll

http://img251.imageshack.us/img251/2365/oghaknerov003.jpg

Հետո, երբ դաշնամուր առանք, մամաս պատճառ գտավ օղակները հանելու համար։ Ճոճվելիս կարող է ոտքով խփեինք դաշնամուրին ու վնասեինք։ Ճիշտն ասած՝ հիմա որ մտածում եմ, մի տեսակ դժվարանում եմ պատկերացնել, թե ոնց պիտի դա տեղի ունենար, բայց էն ժամանակ, ըստ երևույթին, մամային հաջողվել էր մեզ դրանում համոզել։ :D Մի խոսքով՝ օղակները հանեցինք ու մի քանի տարի մնացինք առանց դրանց... Հետո, երբ հերթական անգամ տան կահույքն էինք վերադասավորում (մենք դա հաճախ էինք անում), էնպես ստացվեց, որ մեր սիրելի օղակներին վերադարձրինք իրենց վեհ ու պատվավոր տեղը։ Ու էդպես մնացին, մինչև որ մի քանի տարի առաջ վերանորոգման ժամանակ արդեն անվերադարձ լքեցին մեզ, քանի որ էս անգամ դրանց հիմքը հանդիսացող՝ առաստաղին ամրացված երկաթը նույնպես հեռացվեց առաստաղից։ :( Ու սենյակը դարձավ ստանդարտ գեղատեսիլ հյուրասենյակ, ինչպես բոլոր նորմալ մարդկանց մոտ...

Կարոտում եմ մեր օղակները... Նույնիսկ հիմա, երբ արդեն մի քանի տարի է, ինչ դրանց ձեռք չեմ տվել, երբեմն ռեֆլեքսորեն ուզում եմ ձեռքերս բարձրացնել ու օղակներից կախվելով՝ մի լավ ձգվել ամբողջ մարմնով... Մեկ–մեկ էդ պահանջն էնքան ուժեղ ու ակնթարթորեն է առաջանում, որ չեմ հասցնում գիտակցել, որ տանը չկան էդ օղակները, ակամա սկսում եմ օղակներ փնտրել, որ բռնեմ ու ձգվեմ։ Ու նույնիսկ էն հանգամանքը, որ ես հիմա իմ հայրական տանը չեմ ապրում, ավելին՝ իսկի Հայաստանում էլ չեմ, չի ազդում դրա վրա։ Երևի ամեն դեպքում դժվար է մոտ 25 տարվա ռեֆլեքսից ազատվելը։ Վերջիվերջո, համարյա ամբողջ կյանքս էդ օղակների հետ եմ ապրել։

Ոչինչ, հուսով եմ՝ մի օր դեռ կունենամ էդպիսի օղակներ։ :)

Ուլուանա
24.06.2010, 00:00
Ժամանակին գրառում (http://www.akumb.am/showthread.php/54361-Անուկապատում?p=1646649&viewfull=1#post1646649) էի արել ամերիկացիների հագուկապի մասին։ Ու հիմա ինձ թվում էր, թե էդ ոլորտում արդեն էնքան բան եմ տեսել, որ էլ ոչ մի բանից չեմ զարմանա։ Բայց պարզվեց՝ դեռ զարմանալու տեղ մնացել է... Ուրեմն պատկերացրեք, միջին տարիքի մի տղամարդ, հագին՝ պիջակ (հայերեն ասած՝ կոստ :))), ամառային շորտիկ ու «մատով» չստեր (flip-flop) :{։ Մի խոսքով՝ Տեսարան էր։ Լիակատար «ներդաշնակության» համար մենակ դիպլոմատն էր պակասում։ :D

Ուլուանա
24.06.2010, 19:27
Անձնական արխիվից


Մեր հեռուստացույցների անհավանական արկածները

Ինչ ինձ հիշում եմ, մեր տանը միշտ հեռուստացույցի խնդիր կար։ Էն որ ասում են՝ էշին փալան չեկավ, մեզ էլ՝ հեռուստացույց, լրիվ էդ դեպքն էր։ Մեր առաջին հեռուստացույցը գունավոր ու մեծ ստանդարտ սովետական հեռուստացույց էր։ Չեմ հիշում՝ քանի տարի մեզ ծառայեց որպես նորմալ, «առողջ» հեռուստացույց, բայց հաստատ դեռ դպրոցի ցածր դասարաններում էի սովորում, երբ ի հայտ եկան խարխլման առաջին նշանները։ Ժամանակ առ ժամանակ սկսում էր աստիճանաբար վատ ցույց տալ, ու երբ դանակը հասնում էր ոսկորին՝ պատկերների զանազանումն այլևս անհնար էր դառնում, պապայիս՝ հեռուստացույց սարքող ընկերներին էինք դիմում, որ գան, սարքեն։ Արդեն ամաչում էլ էինք դիմել, մտածում էինք՝ երևի ամեն անգամ մտքների մեջ ասում են՝ օֆ, դե սրանք էլ ե՞րբ պիտի մի նորմալ հեռուստացույց առնեն, իրենք էլ պրծնեն, մենք էլ։ Երկու հոգով էին գալիս միշտ։ Մի երկու ժամ բզբզում էին, հեռուստացույցը սկսում էր ընտիր ցույց տալ։ Ամեն անգամ, երբ հարցնում էինք՝ ինչքան կդիմանա, ասում էին՝ դե, մինչև հաջորդ փչանալը։ :D Էդպես էլ ապրում էինք։

Մեր հեռուստացույցը մի տարօրինակ առանձնահատկություն էլ ուներ. եթե առավոտից միացրած էր լինում, ուրեմն երեկոյան պարտադիր պիտի շունչը փչեր։ Իսկ հաջորդ առավոտյան՝ որոշակի ժամեր հանգստանալուց հետո, նորից ուշքի էր գալիս։ Միշտ էդպես էր. մի ամբողջ օր անընդմեջ չէր ձգում։ Ում ասում էինք, զարմանում էր, ոչ ոք նման բան չէր լսել. բոլորն էլ ամբողջ օրը միացրած նայում էին, ու դրանից ոչինչ չէր փոխվում։ Նույնիսկ հեռուստացույց սարքողներն էին շվարած ուսները թափ տալիս, երբ էդ հարցը տալիս էինք։ Բոլորի կարծիքով, էդպիսի բան ուղղակի չէր կարող լինել։

Խնդիրն այն էր, որ հաճախ փչանալուց բավական երկար ժամանակ անց նոր մերոնք կանչում էին հեռուստացույց սարքողներին։ Ու մինչև էդ ահագին ժամանակ առանց հեռուստացույց էինք մնում։ Նույնիսկ Նոր տարվա օրեր ենք էդպես անցկացրել։ Հատկապես Նոր տարուն առանց հեռուստացույցի նստելն, իհարկե, տխուր էր որոշ չափով, բայց դե...

Հիշում եմ՝ մի անգամ, երբ հետևից դզմզելուց մի պահ անտենան պատահաբար հանեցի, պարզվեց, որ առանց դրա անհամեմատ ավելի լավ է ցույց տալիս։ Դրանից հետո անտենան հանեցինք։ :D Բայց որոշ ժամանակ անց էլի սկսեց վատ ցույց տալ՝ թքած ունենալով անտենայի առկայության կամ բացակայության վրա։ Հաճախ անտենան որոշակի դիրքերում պահելով էինք ստանում մեր ուզած որակը, բայց դրա համար երբեմն որևէ մեկը ստիպված էր լինում անտենան անշարժ բռնած կանգնել հեռուստացույցի կողքին, որ մյուսները վայելեին պատկերը։ Երբեմն հեռուստացույցին ուշքի էինք բերում գլխին կամ կողերին հարվածելու օգնությամբ։ Հիշում եմ՝ մեկ–մեկ էնքան ուժեղ էի խփում, որ դաստակներս ցավում էին։ Սկզբում հարվածները բավական արդյունավետ էին, միանգամից խելոքանում էր, նորմալ ցույց տալիս, բայց ժամանակի ընթացքում դրանց արդյունավետությունը տխուր կերպով նվազում էր, մինչև որ հասավ զրոյի... Դաստակների ցավն էր մնում մենակ։

Ժամանակի ընթացքում մեր հոգնած հեռուստացույցը սկսեց զրկվել որոշ գույներից։ Կարմիր գույնն աստիճանաբար անհետացավ, փոխարենը ամեն ինչ կանաչավուն երանգ էր ձեռք բերել։ Բայց դե քանի դեռ քիչ թե շատ հստակ էր ցույց տալիս, էլի գոհ էինք։ Բայց հետո էկրանը սկսեց քիչ–քիչ մթնել։ Մոտ կես տարում էն օրի հասավ, որ վերջում արդեն խավարի մեջ հազիվ էինք զանազանում պատկերները, մինչև որ լրիվ սևացավ։ Բայց մենք իրեն մինչև վերջ «քամեցինք». քանի դեռ սև ֆոնի վրա ուրիշ նշույլ էլ էր զանազանվում, համառորեն նայում էինք։ Արդեն համարյա բան չէինք տեսնում, բայց, մեկ է, նայում էինք։ :D Երբ էկրանի խավարը վերջնականապես կուլ տվեց լույսի վերջին նշույլները, հերթական անգամ կանչեցինք պապայի ընկերներին։ Պարզվեց՝ էս անգամ այլևս «բուժման» հույս չկար. մեր զառամյալն արդեն հոգին ավանդել էր վերջնականապես... Մի կողմից, իհարկե, տխրեցինք, մյուս կողմից էլ ուրախացանք, որ ազատվեցինք էդ խարխլվածքից՝ մտածելով, որ հիմա գոնե ստիպված կլինենք նորը գնել, չնայած էդ պահին նորը գնելու ոչ մի ռեալ հույս չկար՝ հաշվի առնելով մեր ծանր ֆինանսական վիճակը։

Որոշ ժամանակ առանց հեռուստացույց ապրեցինք, մինչև որ մեր հարևաններից մեկն իր հին հեռուստացույցը մեզ տվեց։ Վերջինս գրեթե ոչնչով չէր տարբերվում մեր հանգուցյալից, էնքան, որ նույնիսկ հարազատության զգացումներ էր արթնացնում մեր մեջ։ Բայց սա ավելի շուտ հոգին ավանդեց ու կարճ ժամանակ անց վերածվեց պատի տակ դրված աթոռասեղանատիպ մի բանի։ Հետո մեր մյուս հարևանը նոր՝ արտասահմանյան հեռուստացույց գնեց ու իրենց սովետական սևուսպիտակ հեռուստացույցը նվիրեց մեզ։ Ահագին ուրախացանք. համ էլ էս անգամ գույների փչացման վտանգ չկար։ Նորմալ ցույց էր տալիս՝ իր համեստ գույների սահմաններում։ Հետո մի քիչ վատացավ, բայց էլի գոհ էինք։ Մեկ էլ մի օր բռնեց ու... համրացավ... Առանց պատճառի, ուղղակի հանկարծ ձայնը կորավ ու կորավ... Ոչ մի կերպ չհաջողվեց պարզել պատճառը։ Էս երևի միակ դեպքն էր, որ աստիճանաբար չեղավ։ Շոկի մեջ էինք։ Բայց դրա հնարն էլ գտանք, դե, որոշ չափով։ Մագնիտոֆոնի ռադիոյի միջոցով մի երկու ալիքի ձայներ բռնեցի, ճիշտ է, որոշները մեծ դժվարությամբ էին բռնվում։ Օրինակ, Россия–ն լրիվ հանգիստ բռնվում էր, խնդիր չկար, հետո մի կերպ կարծեմ OPT–ն էլ բռնեցի, բայց հաճախ կորում էր։ Ճիշտն ասած՝ մեզ Հ1-ն էր շատ պետք, որովհետև էդ ալիքով սերիալ էինք նայում էդ շրջանում։ :D Գտնելու ոչ մի հույս չունեի, բայց անհույս որոնումներից մեկի ժամանակ լրիվ անսպասելիորեն բռնեցի... Էդպես ռադիոն սկսեց սատարել մեր առաջին կարգի հաշմանդամ հեռուստացույցին։ Հիշում եմ՝ մի օր պապայիս ընկերներից մեկը ներս մտավ, մենք էլ նստած սերիալ էինք նայում, մեկ էլ դեմքի չջոկող արտահայտությամբ շշմած մեկ հեռուստացույցին է նայում, մեկ էլ շուրջբոլորը՝ փորձելով գտնել, թե որտեղից է գալիս մեր հեռուստացույցի ձայնը։ :D Մենք էլ սկզբից չէինք հասկանում, թե ինչից է էս մարդն էդպես զարմացել, դե, մենք արդեն սովորել էինք, որ մեր հեռուստացույցի պատկերն ու ձայնը տարբեր տեղերից են մատակարարվում։ Հետո շվարած ասեց. «Չհասկացա... Էս ձայնը որտեղի՞ց ա գալիս :o»։ Եվ մենք պատմեցինք նրան մեր հեռուստացույցի անհավանական արկածները։

Հետաքրքիր է, որ մի բան ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել. վերջը էդ հեռուստացույցն էլ վախճանվեց, դրա համա՞ր նորն առանք, թե՞ ուղղակի արդեն մեզ ֆինանսապես կարող էինք թույլ տալ հեռուստացույց առնել։ Բայց ինձ թվում է՝ աղոտ հիշում եմ, որ ինչ–որ պահի, գուցե կարճ ժամանակով, մենակ ռադիոյից եկող ձայնն էինք լսում, իսկ համապատասխան պատկերները միայն պատկերացնում։ :D

Ուլուանա
26.06.2010, 22:00
Ամերիկացիների մաքրասիրական ընկալումների և բտվելու հակումների մասին

Ամերիկացիներ մաքրասիրության ընկալումների մասին կարծեմ գրառում չեմ արել, թեև տարբեր առիթներով որոշ առանձին բաներ գրել եմ։ Էստեղ էդ թեմայի հետ մեկտեղ որոշ չափով կգրեմ նաև նրանց ուտելու հակման, ազգային խնդիր դարձած ավելորդ քաշի ու, ըստ իս, դրան նպաստող հանգամանքների մասին անձնական դիտարկումներս։

Ամերիկացիները հատուկ վերաբերմունք ունեն անձնական հիգիենայի նկատմամբ. ամեն օր առնվազն մեկ անգամ լողանալը իրեն հարգող յուրաքանչյուր ամերիկացու սրբազան պարտքն է։ Ինչ խոսք լրիվ նորմալ է, ու, մեր մեջ ասած, բոլորովին վատ չէր լինի, եթե հայերի համար էլ դա նույնքան սովորական երևույթ լիներ, ոչ թե լողանալուց հետո իրենց լավ զգային, հատկապես առաջին մի շաբաթը։ :D Հիշում եմ՝ ամուսինս պատմում էր, որ ուսանող ժամանակ իր սենյակակիցներից (roommate) մեկին մի առիթով ասել էր, որ մենք՝ հայերս, հատուկ մաղթանքի պես խոսք ունենք նոր լողացած մարդուն ասելու համար ու մոտավորապես թարգմանել էր «բաղնիքդ անուշ»–ը (թեև էդ արտահայտությունն անգլերեն կարգին թարգմանել էլ հնարավոր չի), էս ամերիկացին էլ ահագին զարմացել էր. «Բայց լողանալն ի՞նչ մի առանձնահատուկ բան է, որ մի հատ էլ դրա համար հատուկ բարեմաղթանք լինի :'»։ Դե, եթե ինքն ապրեր, ասենք, հատկապես 90–ականների Հայաստանում, էդ ժամանակ նոր կհասկանար, թե լողանալը երբեմն ինչ առանձնահատուկ բան կամ նույնիսկ տոն կարող է լինել։ :))

Սեփական հիգիենայի նկատմամբ բծախնդիր ու պահանջկոտ լինելով հանդերձ՝ հասարակական վայրերում ամերիկացիներին, մեղմ ասած, մաքրասեր չես անվանի։ Ավելին՝ ես կասեի՝ հայերն իրենց հետևից թափելու ու շրջակայքն ապականելու իրենց սովորությամբ ամերիկացիներին չեն հասնի։ Պարզապես վերին աստիճանի լավ կազմակերպված հավաքման, մաքրման ծառայությունների շնորհիվ էստեղ վերջնական պատկերը զգալիորեն տարբեր է լինում Հայաստանինից, այսինքն՝ հիմնականում համապատասխան մարմինները թափողի հետևից էնքան արագ են հավաքում ու մաքրում, որ կարճ ժամանակ անց ամեն ինչ նորից մաքուր է լինում։ Իհարկե, ոչ միշտ ու ոչ ամեն տեղ, բայց ընդհանուր առմամբ էդպես է։ Օրինակ՝ Հայաստանում չեմ հիշում, որ, ասենք, ավտոբուսի մեջ կոլայի կամ որևէ ըմպելիքի շիշ՝ դատարկ կամ կիսադատարկ, ուտելիքի մնացորդներ և այլն տեսած լինեմ, իսկ էստեղ դրանք սովորական երևույթ են, որ ցանկացած ավտոբուսի ու գնացքի մեջ պարտադիր կհանդիպես, էն էլ լիքը։ Հաճախ պարունակությունն էլ թափված է լինում նստատեղին կամ հատակին... Մի խոսքով՝ ամերիկացիները որտեղ ինչ ուտեն կամ խմեն, մնացորդներն էնտեղ էլ թողնում ու գնում են, կարծես էդպես էլ պիտի լիներ։ Երևի արխային են, որ հետևներից հավաքող կա։ Բայց որ հաջորդ նստողներին կարող են անհարմարություն պատճառել՝ ոչ ոքի չի հուզում կարծես։

Իսկ կինոթատրոններն էդ տեսակետից մի առանձին պատմություն են... :{ Էնտեղի խոզությունը ոչ մի բանի հետ համեմատելի չի։ Առաջին անգամ որ գնացել էինք, ցնցվել էի ուղղակի... Ուղեղիս մեջ չէր տեղավորվում, որ հասարակական վայրում կարելի է էդ աստիճանի անփույթ խոզություն դրսևորել... Էն, որ կինոթատրոնի դուռը բացելուն պես ինչ–որ զզվելի կարագով բոված պոպ–կոռնի հոտը պարտադիր միանգամից տալիս է քթիս, ու սրտխառնոցին մի կերպ եմ դիմանում, էդ դեռ ոչինչ։ Տհաճ է, բայց խոզության հետ կապ չունի։ Դե հիմա իրենք էլ պոպ–կոռնը էդպես են սիրում ուտել, ո՞վ ի՞նչ կարող է ասել։ Համենայնդեպս, Հայաստանում պոպ–կոռնից երբեք էդպիսի զզվելի հոտ առած չկամ։ Մինչև տոմսն առնում ենք, նայում եմ շուրջբոլորս, ու էնպիսի տպավորություն է, որ մարդիկ եկել են էստեղ ոչ թե ֆիլմ դիտելու, այլ հերթական անգամ հիմնովին բտվելու համար... Մեկ էլ տեսնում ես՝ մարդիկ ընտանյոք հանդերձ գնում են ներս՝ ուտելիքներով ու ըմպելիքներով էն աստիճանի բեռնավորված, որ քիչ է մնում մոտենաս, ասես. «Թույլ տվեք օգնեմ, ծանր կլինի»։ :)) Համարյա իրենց չափ տոպրակներով պոպ–կոռն, հսկայական շշերով կոլա կամ նմանատիպ ըմպելիքներ ու էլի լիքը բաներ հետները մի կերպ, ճկռած տանում են ներս։ Իսկ դրանից հետո միայն պատկերացնել է պետք, թե ներսում ինչ կկատարվի էդ ամբողջ թաշախուստի ներկրման հետևանքով... Դե, պոպ–կոռնի ու սուրճի հոտը (երկուսն էլ տանել չեմ կարողանում), բնականաբար, դահլիճում էլ է տարածված լինում, ընդ որում՝ էնտեղ հազվագյուտ մարդկանց կարելի է տեսնել, որոնք հետները ուտելիք ու խմելիք չեն վերցրել։ Նստատեղերի շարքերով անցնելու ընթացքում, որպես կանոն ոտքդ հանդիպում է կոլայի շշերի՝ կանգնած կամ շուռ եկած ու պարունակությունը թափված վիճակում, պոպ–կոռնի շուռ եկած տոպրակների, որոնց պարունակությունը ցրիվ է եկած բավական մեծ ծավալով, ու եթե հաջողացնում ես առանց շիրայի մեջ լռվելու հասնել վերջնակետին, կարող ես համարել, որ բախտդ ահագին բերեց։ Համենայնդեպս, ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ շիրայի մեջ ընկնելու, իսկ մի անգամ հենց իմ նստատեղի դիմաց հատակն էն աստիճանի շիրայոտ էր, որ չգիտեի՝ ոտքս ոնց պահեի՝ շիրայի մեջ չդնելու համար։

Դե հիմա ասեք՝ ո՞վ էդքան բտվի, որ չճարպակալի։ Եթե բոլոր հասարակական վայրերում «ի վերուստ» ամեն ինչ հարմարեցված լինի մարդկանց՝ հնարավորինս շատ ուտելուն ու խմելուն, պարզ չի՞, որ կճարպակալեն կամ առնվազն ավելորդ քաշ ձեռք կբերեն։ Կամ եթե սնվելու համար նախատեսված վայրերում սննդի ստանդարտ բաժինն էնքան է, որ Հայաստանում էդքանը մարդիկ դնում են սեղանի կենտրոնում՝ համընդհանուր օգտվելու համար, դա չի՞ նշանակում արդյոք, որ էս երկրում կարծես ամեն ինչ արվում է մարդկանց հնարավորինս շատ բտելու համար։

Վերջերս իմացա, որ էստեղ նույնիսկ կենդանիների շրջանում արդեն վաղուց կա ավելորդ քաշի խնդիրը... Իսկ կենդանիներն իրենք իրենցով դժվար թե էդ օրն ընկնեին... Խոսքը, բնականաբար, ընտանի կենդանիների մասին է, որոնք էստեղ անտեր ու փողոցային ուղղակի չեն լինում, այսինքն՝ տերերն են էնքան բտում, որ խեղճերն ի վերջո դառնում են իրենց նման... Հայաստանում կյանքում ճարպակալած շուն կամ կատու չեմ տեսել։ Էստեղ չաղլիկ կատուներ բավական հաճախ են հանդիպում, իսկ մի անգամ շուն տեսա՝ ճարպերը վրայից կախ ընկած... Դժվարությամբ էլ շարժվում էր... :( Էդպիսի բան տեսած չկայի... Զարմացել էի, բայց հետո հայացքս ընկավ տիրոջ վրա, որը թոկը բռնած՝ քայլում էր շան հետևից, ու ամեն ինչ պարզ դարձավ... Մի ճարպակալածն էլ նա էր...

Ուլուանա
28.06.2010, 02:18
Էլի անձնական արխիվից


Երկար մազերի ու մորուքների մասին

Փոքր ժամանակ երկար մազերն ինձ համար կանացի գեղեցկության առաջին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ միակ չափանիշն էին... Գրեթե պաշտամունք։ Եթե աղջիկը երկար մազերով էր, ուրեմն ինձ համար արդեն գեղեցկուհի էր՝ անկախ մնացած բոլոր արտաքին տվյալներից, ընդ որում՝ մազերն ինչքան երկար լինեին, էնքան ավելի գեղեցկուհի էր։ :D Երկար մազերի առկայության դեպքում հերիք էր, որ աղջիկը արտառոց անճոռնի դիմագծեր չունենար, դիմագծերն արդեն աչքիս չէին երևում. ուղղակի բառացիորեն դադարում էի դրանք ընկալելուց։ Նմանապես, երկար մազերը կարճ կտրելուց հետո աղջիկը կամ կինը դադարում էր ինձ գեղեցիկ թվալուց, նույնիսկ եթե դիմագծերով իսկապես գեղեցկուհի լիներ։ Այնուամենայնիվ, տարիներ հետո բազմիցս ապշել եմ՝ արդեն բոլորովին այլ հայացքով նայելով այն երկարամազ աղջիկներին ու կանանց, որոնց մանուկ հասակում գեղեցկուհի էի համարել։ :o Ախր նրանցից ոմանք ոչ միայն գեղեցիկ չէին, այլև որոշակիորեն տգեղ էին... Թե ես ո՞նց դա նախկինում բացարձակապես չէի նկատել... :8

Բնական է, ինքս էլ դեռ վաղ մանկուց միշտ երազում էի երկար մազեր ունենալ, բայց ծնողներս ամեն տարի՝ ամռանը, ինչ–որ կերպ հաջողացնում էին ինձ համոզել, որ մազերս կտրեն։ :cry2 Ու էդպես ամեն անգամ, մինչ ես երազում էի մազերս երկարացնելու մասին, դաժանորեն վրա էր հասնում մազակտրման հերթական անիծյալ սեզոնը, և հույսերս հերթական անգամ ի դերև էին ելնում... :noti

Հիշում եմ՝ 6–րդ դասարանն էի ավարտել, երբ կյանքումս առաջին անգամ եկավ այն ամառը, որի ընթացքում մազերս չկտրվեցին... Վերջապես իմ երազած երկար մազերն ունենալու հնարավորություն ստացա։ :yahoo Բայց դե ժամանակի ընթացքում պարզվեց, որ երկար մազերից զատ, ես նաև փոփոխություն եմ շատ սիրում, ու հենց վերջինս էլ ստիպեց, որ 1-ին կուրսում հրաժեշտ տամ 5 տարի փայփայած ու արդեն գոտկատեղիս հասնող երկար մազերս։ Իսկ դրանից հետո արդեն դժվար է ասել՝ որն ավելի շատ եղավ՝ երկար մազերը, թե փոփոխությունը, քանի որ երկուսն էլ, մեկը մյուսին հերթ չտալով, մշտապես հաջորդել են իրար։

Մորուքն էլ մի առանձին պատմություն է... Չէ, սխալ բաներ չմտածեք. մորուք ունենալու մասին երբեք չեմ երազել։ :D Էս մեկն ինձ հետ կապ չունի։

Հայրս միշտ մորուքով է եղել, համենայնդեպս, իմ հայրը դառնալուց ավելի առաջվանից արդեն մորուք էր պահում, ու դրա հետևանքով էնպես էր ստացվել, որ ինձ համար մորուքը և պապան սերտորեն միահյուսված ու միանգամայն անբաժանելի հասկացություններ էին։ Էնքան դժվար էր ուրիշ երեխաների պապաներին որպես իրենց պապա ընկալելը, եթե մորուք չունեին։ Իսկ մորուքն էնպիսի բան էր, որ շատ քչերն ունեին, հատկապես էն ժամանակներում։ Մորուքավոր մարդիկ ինձ համար որոշակիորեն ասոցիացվում էին պապայիս հետ։ Բոլոր մորուքավոր մարդիկ աչքիս իրար շատ նման էին երևում, իսկ ավելի ճիշտ՝ պապայիս էին նման, ու անհնար էր, որ իրենք վատ՝ անազնիվ կամ չար մարդ լինեին։ Եթե մարդը մորուք ուներ, ուրեմն արդեն լավն էր, ուրիշ տարբերակ չկար։ :))

Իսկ հետո հայտնվեցին բոբո ահաբեկիչները և ջախջախեցին իմ մանկության բյուրեղյա պատկերացումները վեհանձն մորուքների ու մորուքավորների մասին։ :angry Լավ, չէ, մի քիչ խաբեցի. մորուքային պատկերացումներս դեռ մինչև էդ էին հասցրել խարխլվել տարբեր առիթներով, իսկ ահաբեկիչներն ուղղակի անարդարացիորեն խայտառակեցին մորուք հասկացությունը։ :bad

Բայց դե, մեկ է, լավն են մորուքով մարդիկ։ :roll :P

Ուլուանա
28.06.2010, 23:19
Բայց ինչ լավ է, որ Ակումբում «Դժգոհի անկյուն» անունով թեմա կա։ Սկզբում, երբ Չուկը նոր էր բացել էդ թեման, ահագին ջղայնացել էի, իսկ հիմա շատ գոհ եմ, որ իմ չսիրած բնույթի գրառումների զգալի մասը միանգամից էնտեղ է կուտակվում, ու ընդամենը էդ թեմա չմտնելով՝ կարողանում եմ խուսափել բացասական լիցքերով հագեցած գրառումներ կարդալուց։ Ճիշտ է, առաջին մի քանի օրը, հետաքրքրությունից դրդված, կարդում էի գրառումները, որից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ բոլոր դժգոհ գրառումները զարմանալիորեն նման են իրար, իսկ ես դժգոհ գրառումներ արդեն հասցրել եմ բավականաչափ կարդալ ու գիտեմ, թե սովորաբար ինչի մասին են դրանք լինում, էնպես որ չկարդալով՝ դժվար թե ինչ–որ բան կորցնեմ... Միայն ափսոս, որ երբեմն էնտեղից որոշ գրառումներ մեջբերում են այս կամ այն թեմայում։ Փաստորեն, դրանցից լիակատար պրծում ամեն դեպքում չկա։ Բայց դե ոչինչ, էլի վատ չի. դրան մի կերպ կդիմանանք։

Իսկ լավատեսի անկյունը, չգիտես ինչու, շարունակում է անտեսված մնալ... Երանի էդ անկյունն էլ նույնքան թեժ դառնար, որքան դժգոհինը... Մտածում եմ՝ երևի, այնուամենայնիվ, մարդիկ իրենք էլ չեն սիրում իրենց դժգոհ գրառումները, որովհետև, ինչքան նկատել եմ, սեփական օրագիր ունենալու դեպքում էլ շատերը գրում են «Դժգոհի անկյունում», բայց, օրինակ, լավատեսական գրառումները սովորաբար ոչ թե «Լավատեսի անկյունում» են անում, այլ սեփական օրագրերում։ Էսքանը նկատել եմ ընդամենը սեփական օրագիր ունեցող որոշ ակումբցիների մականունները «Դժգոհի անկյուն» թեմայի վերջին գրառման հեղինակի դերում տեսնելով։

Հ. Գ. Հուսով եմ՝ «Դժգոհի անկյան» այցելուներն ինձ չեն ատի էս գրառմանս համար։ :oy

Ուլուանա
06.07.2010, 03:40
Չսիրեցի ես ասմունք կոչվածը... Ինչ ուզում եք՝ ասեք։ Ինչքան շատ եմ սիրում պոեզիա, էնքան չեմ սիրում ասմունք։ Հատկապես չեմ սիրում, երբ իմ սիրած բանաստեղծությունները լսում եմ ինչ–որ մեկի՝ ինձ համար անընդունելի կատարմամբ։ Չգիտեմ, համենայնդեպս, խիստ հազվադեպ եմ լսել ինձ գոնե մի քիչ դուր եկող կամ իմ պատկերացրածին, զգացածին քիչ թե շատ մոտ ասմունք։ Պոեզիան ինձ համար զուտ կարդալու համար է՝ իմ առոգանությամբ, իմ շեշտադրումներով ու հնչերանգով։ Ու միայն իմ կարդացածն է ինձ ճիշտ ու իսկական թվում։ Ոչ թե որովհետև ես շատ լավ եմ կարդում, այլ ուղղակի համարում եմ, որ ընկալելու համար ամեն մարդ ինքը պիտի իր միջով անցկացնի դա, ոչ թե ուրիշի հույզերի միջից զգա։ Պարզ է, որ ոչ բոլորը կարող են ինքնուրույն կարդալ, բայց նույնիսկ էդ դեպքում համարում եմ, որ արժե գոնե հնարավորինս չեզոք արտասանել՝ սեփական գուցե սուբյեկտիվ հույզերն ու ընկալումները ունկնդրին չպարտադրելու համար։

Հիշում եմ՝ փոքր ժամանակ, երբ առիթ էր լինում ասմունք լսելու, ասենք, հեռուստացույցով կամ ինչ–որ միջոցառման ժամանակ, ասմունքողները մեծ մասամբ հարբածի կամ խելագարի տպավորություն էին թողնում վրաս... Հաճախ նույնիսկ վախենում էի նրանց լսելուց ու նայելուց ու համոզված եմ, որ էդ հարցում միայնակ չէի. ինձ թվում է՝ ցանկացած երեխա էլ կվախենար նման հիստերիկ ձայնային ելևէջումների ու համապատասխան գլխաձեռքային շարժումների զարզանդելի համադրությունից... Չռված զարհուրելի հայացքներն էլ վրադիր։ Մի խոսքով՝ իսկը սարսափ։ :scare Ասմունքողների սարսափազդու կերպարանքը նույնիսկ թույլ չէր տալիս, որ խորանայի բանաստեղծության իմաստի մեջ, ու նույնիսկ եթե իմաստը հասկանալի էր թվում, սկսում էի մտածել, որ երևի ես, այնուամենայնիվ, լրիվ սխալ եմ հասկանում, որովհետև իմ հասկացածը ոչ մի կերպ չէի կարողանում համատեղել էդ ձևով իրականացված ասմունքի հետ։ Իրոք երբեմն վախեցած մտածում էի, որ ասմունքողն իսկապես խանգարվածի մեկն է, ու հնարավոր է, որ ասմունքն ավարտելուց հետո կամ նույնիսկ դեռ չավարտած, ինչ–որ մեկը մոտենա նրան ու բռնի, տանի՝ որպես շրջապատի համար վտանգավոր անձի... :D Ու ամեն անգամ զարմանում էի, որ վերջում հիացական բացականչություններ ու ծափահարություններ էին լսվում, ասմունքողն էլ իր գործն ավարտելուց հետո, ո՜վ զարմանք, հիստերիկից ակնթարթորեն վերափոխվում էր հանգիստ, նորմալ մարդու։ Ստացվում էր, որ ինչքան խանգարված է թվում ինձ, էնքան ավելի տաղանդավոր է արտասանում՝ ըստ գործից գլուխ հանող մարդկանց։

Ճիշտն ասած՝ ընկալումներս էս առումով հիմա էլ շատ չեն փոխվել։ Երևի միակ տարբերությունն այն է, որ հիմա արդեն գիտեմ, որ ասմունքողները խելագարներ կամ հարբածներ չեն, դե, գոնե հիմնականում։
Երևի էդպես էլ գլուխ չհանեմ արվեստի էդ տեսակից...

Ուլուանա
07.07.2010, 03:09
Ամեն դեպքում վերջը լավ է լինելու։
Կարծեմ ես նույնիսկ տեսել եմ էդ վերջը, դրա համար էլ հավատում եմ։ Ճիշտ է, նաև ինչ–որ մեկը պատմել էր՝ ասելով, որ լավ է լինելու, քանի որ ինքը տեսել էր, էնքան համոզված ու հստակ, որ ինչ–որ պահից ես արդեն սկսեցի գլուխ չհանել՝ զուտ նրա ասածի հիման վրա՞ գիտեմ, որ լավ է լինելու, թե՞ ես էլ իմ հերթին եմ տեսել։ Բայց չէ, ինձ թվում է՝ տեսել եմ՝ սեփական աչքերով... Ու լավ էլ հստակ։

Բայց էսօր մի պահ մեջս կասկած ընկավ. կարո՞ղ է՝ հանկարծ լավ չլինի... Էն անեկդոտի պես, երբ երկու հոգի գրազ են գալիս ֆիլմի ավարտի վերաբերյալ, հետո պարզվում է, որ երկուսն էլ մինչև էդ տեսել էին ֆիլմը, ուղղակի նրանցից մեկը թաքուն հույս ուներ, որ էս անգամ ֆիլմն ուրիշ ավարտ կունենա... Հիմա ես էլ սկսել եմ կասկածել, որ տեսածս «ֆիլմի» ավարտը մեկ էլ տեսար փոխվի... դեպի վատը... Չէ, բայց էդպես չի լինում, չէ՞, նույնիսկ անեկդոտում չեղավ։
Ես ախր վերջը տեսել եմ... Ես վերջից եմ գալիս, իսկ էնտեղ հաստատ ամեն ինչ լավ էր։

Ասեք, որ տեսած ֆիլմի վերջը չի կարող փոխվել։

Ուլուանա
12.07.2010, 04:15
Տասը տարեկանների համախտանի՞շ

Մի անգամ, երբ ատամնաբուժարանի ընդունարանում սպասում էի իմ հերթին, մոտ ինը–տասը տարեկան մի տղա մոր հետ եկավ, երեխան նստեց կողքիս աթոռին ու սկսեց խաղալ ձեռքի մինի համակարգչով. “Mario” էր խաղում, մայրն էլ մտավ ատամնաբուժի մոտ։ Մի քիչ լուռումունջ զբաղվելուց հետո հանկարծ շրջվեց դեպի ինձ. «Ուզու՞մ ես տեսնել՝ ոնց եմ խաղում»։ Անակնկալի եկած՝ ժպտացի։ Համակարգչային խաղերով երբեք չեմ հետաքրքրվել, բայց դե էս ոգևորված մանչուկին ո՞նց ասեի՝ չէ, գիտե՞ս, չեմ ուզում։ :)) Գլուխս մոտեցրի էկրանին ու սկսեցի նայել, ինքն էլ լարածի պես վրա–վրա խոսում էր, բացատրում՝ ինչը ոնց է, ինչն ինչի համար է, հիմա ինչ է անում և այլն (ինչ էլ գիտեր, որ լրիվ բեխաբար եմ էդ ոլորտից :D)։

– Տեսնու՞մ ես էս կետը. էդ սունկ է...

– Հըմ... Չէ... Ո՞ր մեկը։

– Ա՛յ էս սպիտակը, փոքր...

Ու էդպես մանրամասն բացատրելով խաղում էր, ես էլ հետևում էի ու ժամանակ առ ժամանակ ինչ–որ կերպ արձագանքում, որ հանկարծ չմտածի, թե չեմ նայում կամ չեմ լսում։ Բայց, ըստ երևույթին, դա նրան առանձնապես չէր էլ հուզում. ինչքան հասկացա, երեխան ուղղակի խոսելու պահանջ ուներ, :)) դե, ես էլ թարմ ականջ էի։ Հետո, երբ մայրն եկավ, որ տեսավ, թե ոնց է ինձ ներգրավել իր խաղի մեջ, մեղավոր ժպտալով ներողություն խնդրեց ու միասին գնացին։ Գնալիս երեխան իսկի չնայեց էլիմ կողմ։ :D Իրեն էլ պետք չէի։ :D

Ակամա հիշեցի քրոջս ու եղբորս էդ տարիքում։

Ընտանիքում նկատել էինք, որ սկսել են չափից դուրս շատ խոսել, նույնիսկ քույրս, որ միշտ մեր տան չխոսկանն էր, համեմատաբար շատ էր խոսում էդ տարիքում։ Հիշում եմ, որ հենց էդ շրջանում մի տեղ ինչ–որ ցուցակ էինք կարդացել էն մասին, թե ովքեր են ընդհանրապես շատ խոսում։ Ամբողջ ցուցակը չեմ հիշում, նշվածներից մենակ հիշում եմ նավաստիներին ու տասը տարեկան երեխաներին։ :)) Դե, նավաստիներինը ստուգել չէինք կարող, բայց տասը տարեկաններինը աչքներիս առաջ էր՝ վառ ապացույց։ :D Ես էլ հաճախ ասում էի. «Ե՞րբ եք վերջապես տասնմեկ տարեկան դառնալու, որ ձեր շատախոսությունից պրծնենք»։ :D Կարծես հենց տասնմեկ դառնալուն պես ամեն ինչ պիտի կտրուկ փոխվեր։ :))


Հիշում եմ՝ եղբայրս էլ էդ տարիքում տարված էր համակարգչային խաղերով, հատկապես Mortal Combat–ով։ Դասերից հետո հաճախ էին ընկերներով գնում «կոմպյուտերանոց» (իննսունականներին էդպիսի հասկացություն կար, եթե հիշում եք :)))՝ հենց էդ խաղը խաղալու։ Ու ինքն էդ շրջանում լրիվ էդ խաղով էր ապրում։ Հենց գալիս էր տուն, սկսում էր ոգևորված ու հիացած պատմել խաղի կերպարների, նրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունների, հնարավորությունների մասին, նկարագրում էր բոլորի արտաքին տեսքը, մի խոսքով՝ ինչ որ հնարավոր էր։ Էդ խաղը մինչև հիմա էլ չեմ տեսել, բայց էնքան էր պատմել, որ ինձ արդեն թվում էր՝ տեսել եմ։ Ինձ էլ ախր հեչ չէր հետաքրքրում էդ ամենը։ Իսկ ինքը պատրաստ էր ժամերով ականջիդ նստել ու իր Mortal Combat–ով ականջներդ «մազոլ» անել։ :{ Ամեն անգամ ասում էի. «Ախր հասկացի, ինձ էդ խաղը բացարձակապես չի հետաքրքրում, ինչի՞ ես ինձ տանջում։ :( Տես, քեզ պարզ ասում եմ, որ չեմ լսում, ուղղակի չեմ կարողանում լսել, որովհետև չի հետաքրքրում»։ Ինքն էլ ասում էր. «Ոչինչ, պարտադիր չի լսես, դու ուղղակի բան մի ասա, թող ես իմ համար խոսեմ, ինձ էդ էլ ա բավարարում ;)»։ :D Մի խոսքով՝ էդ ժամանակ իր համար էլ, ինչպես էն ատամնաբուժարանի տղայի, կարևորն իր խոսելն էր, ոչ թե որ իրեն լսեին ու արձագանքեին։ :)) Հետաքրքիր երևույթ է։ :)

Ուլուանա
14.07.2010, 04:16
Սուպերմարկետից դուրս գալով՝ նստեցինք խանութի պատի տակ գտնվող նստարանին, որ հաց ուտենք։ Մի գզգզված ծիտիկ հայտնվեց ու սկսեց ցատկոտել նստարանի մոտակայքում՝ անընդհատ մեզ նայելով։
– Ոնց որ թե մեծ հույսեր ունի,– ասաց ամուսինս։
– Հա... Սոված ա երևում։
Համարյա ոտքերիս մոտ էր հասել։ Երբեք չեմ տեսել, որ ճնճղուկն էդքան մոտենա մարդուն. ուրեմն ինչ աստիճանի սոված էր խեղճը, որ վախը հաղթահարել, էդքան մոտեցել էր...
Հանկարծ հիշեցի, որ մենք ախր հենց նոր խանութից հաց ենք առել։ Ինչ լավ է, ծիտոյին էլ կկերակրենք։ Բացեցի հացի տոպրակը, մի հացից կտորներ պոկեցի ու փշրելով լցրեցի նստարանից քիչ էն կողմ։ Ծիտոն միանգամից վրա տվեց, ախորժակով սկսեց ռնդել հացի պատառիկները։ Երևում էր՝ շատ սոված էր, որովհետև անասելի արագությամբ էր ոչնչացնում գլխից մեծ կտորները։ Բայց ընդամենը մի քանի վայրկյան անց մեկ էլ թռավ–գնաց...
– Յա, է՞ս էր սրա ուտելը,– զարմացավ ամուսինս։
– Հլը սպասի, աչքիս՝ մեր ծիտոն գնացել ա հետը մարդ–մուրդ ծիտ–միտ բերելու։ :))

Մինչ մենք մեր կերակուրն էինք ուտում, մեկ էլ մեր ծանոթ ծիտոն վերադարձավ՝ մի ուրիշ սոված ծիտ հետևից գցած։ :)) Երկուսով սկսեցին ախորժակով ուտել, բայց էս անգամ էլ երկրորդ ծիտը մի քանի վայրկյան անց թռավ–գնաց...
– Ըհը, երևի սա էլ գնաց՝ իր ծանոթներին խաբարը տանի։ :))

Էս ընթացքում մեր հին ծանոթ ծիտոն էլի սպասողական–խնդրող հայացքով վիզը թեքել էր իմ ուղղությամբ, էլի հաց փշրեցի, էլի սկսեց ուտել։ Մեկ էլ տեսնենք՝ էն երկրորդ ծիտը վերադարձավ մի ահագին շքախմբով։ :)) Ես էլ էդ ծտային բազմությունը տեսնելուն պես ոգևորված սկսեցի տարբեր կողմեր նոր փշուրներ ցանել, որ ծիտոները մի լավ քեֆ անեն։ :hands Մենակ ափսոս, որ էդ մասով երբեմն մարդիկ էին անցնում–գնում՝ խեղճ ծիտոների ճաշը պարբերաբար հարամելով։ Ամեն անգամ վախենում էի՝ չլինի՞ թե մարդկանց տեսնելով՝ ծիտոները թռչեն–գնան, էլ հետ չգան՝ հացկերույթն ավարտելու, բայց չէ, լավ էր, հետո հետ էին գալիս ու շարունակում ուտելը։ Մեկ էլ վախենում էի, որ սուպերմարկետի աշխատողները կարող է դուրս գային ու ինձ անպատվեին տեղանքն աղտոտելու համար։ :} Բայց բարեբախտաբար ոչ մի նման բան չեղավ։ Ծիտոները բարով–խերով կերան–կշտացան :love, մենք էլ ուրախ–ուրախ, մեզնից գոհ տուն գնացինք։ :)

Ուլուանա
15.07.2010, 00:46
Ի պատասխան նվերներ, ի պատասխան լավություն, ի պատասխան հաճոյախոսություններ, ի պատասխան գովասանք, ի պատասխան հիացական խոսքեր, ի պատասխան հակակրանք, ի պատասխան ծաղր, ի պատասխան հեգնանք, ի պատասխան շնորհակալություններ, ի պատասխան վարկանիշներ...

Չսիրեցի ես էդ «ի պատասխանը»՝ ոչ դրական, ոչ էլ բացասական։
Լավ, մի՞թե մարդն ավելին չի, քան ուրիշի՝ իր նկատմամբ վերաբերմունքը...

Ուլուանա
23.07.2010, 05:23
Հետաքրքիր է, ես էլ էի ուզում կրոնական անհանդուրժողականության մասին գրառում անել էստեղ, բայց մինչ կկողմնորոշվեի, թե ոնց արտահայտեմ մտքերս, որպեսզի անհանդուրժողականության դրսևորում չստացվի, մեկ էլ տեսա՝ երկու հոգի արդեն իրենց օրագրերում գրել են էդ թեմայով։ :) Իհարկե, ես մի քիչ ուրիշ բան էի ուզում գրել... Ուզում էի ասել, որ կարծես սկսում եմ համաձայնել Ֆրեյայի էս գրառմանը.

Հանդուրժող եմ ցանկացած դավանանք ունեցողի հանդեպ, քանի դեռ նա չի փորձում ինձ քարոզել իր կրոնը, համոզել...

Կարծում եմ, կրոնական հանդուրժողականություն և ընդհանրապես գաղափարական հանդուրժողականություն չի կարող գոյություն ունենալ, որովհետև ցանկացած մարդ երբ մի բանի հավատում է, կարիք ունի այդ գաղափարը մեկի հետ կիսելու եւ գերագույն հաճույք է զգում, երբ իր գաղափարի շուրջ կարողանում է մարդկանց հավաքել: Սկսում է խոսել իր կրոնի, իր գաղափարների մասին, սկսում է քարոզել, վախեցնել, սպառնալ, անմահություն խոստանալ :) Իսկ դա արդեն հակազդեցություն է առաջացնում:
Ուստի՝ կարծում եմ հանդուրժողականությունը կարող է արտահայտվել միայն՝ ինձ մի ձեռք տվեք, ես էլ ձեզ ձեռք չեմ տալիս սկզբունքով: Այլապես՝ պատերազմ :):)

Կրոնական հանդուրժողականությունը մաքուր ձևով երևի իսկապես անհնար բան է, քանի որ էդ հասկացությունն արդեն իսկ ներքին հակասություն է պարունակում, եթե, իհարկե, հանդուրժողականություն ասելով՝ չենք հասկանում պարզապես ուրիշի՝ այլ կրոնական համոզմունքներ ունենալու հանգամանքը թեթև տանելը, դրա մասին սեփական նախաձեռնությամբ չարտահայտվելը, կարծիք չհայտնելը, դրան խոչընդոտելու ակնհայտ փորձեր չանելը։ Եթե դա է հանդուրժողականությունը, ուրեմն ես ինձ ընդհանուր առմամբ էդպիսին եմ համարում։ Համոզված եմ, որ բոլոր կրոնների դավանորդներն էլ, անհավատներն էլ տեսականորեն կարող են ճիշտ ուղու վրա լինել, ապրել բարեպաշտ ու ազնիվ կյանքով, արժանի լինել լավագույնին, քանի որ համոզված եմ, որ բոլոր կրոնների հիմքում էլ նույն ճշմարտություններն են ընկած, իսկ չհամընկնումներն արհեստածին են ու անէական։ Հենց դրանց վրա կենտրոնանալն ու դրանք դրոշակ դարձնելն էլ անձամբ ես մոլություն եմ համարում, ու դա էլ հենց ծնում է էն երևույթը, որն ընդունված է անհանդուրժողականություն համարել, ու որը, որպես կանոն, դրսևորվում է ագրեսիվության ու դոգմատիկ մտքերով ուրիշների գլուխները հարթուկելու, երբեմն՝ ավելին՝ «կացնահարելու», այլախոհներին մոլորյալ պիտակելու տեսքով։ Հիմա ասեք, նման պահվածքին ի պատասխան հնարավո՞ր է գոնե մտքում չասել՝ մոլորյալը դու ես։ Կարող ես ընդամենը նրբանկատ ու խելամիտ գտնվել՝ որոշելով չմասնակցել ի սկզբանե դատապարտված այդ «բանավեճին», այսպես ասած՝ ուղղակի գլուխ չդնել ու անտեսել, բայց մտքումդ հո կմտածես, որ դիմացինդ մոլորյալ է, կաղապարված, կուրացած, տրամաբանելու ու դիմացինի տեսակետը գոնե ընկալել փորձելու անընդունակ մոլագար։

Ստացվում է, որ չկան կրոնապես հանդուրժող մարդիկ, կան միայն իրենց անհանդուրժողականությունն ի ցույց դնող և ի ցույց չդնող մարդիկ, ու վերջիններիս էլ ընդունված է համարել հանդուրժողներ։

Իհարկե, շատ հեշտ է հանդուրժող երևալը, երբ չունես հստակ համոզմունքներ, քանի որ էդ դեպքում հանդուրժելու կամ չհանդուրժելու բան էլ՝ որպես այդպիսին, չունես։

Շատ բան էի ուզում գրել... Շատ բան կգրեի... Բայց զգում եմ, որ անհնար է անկեղծ ու միաժամանակ կանոնադրությունը չխախտելով գրել էդ մասին... Իսկ կիսատ–պռատ, մտքերս անդամահատելով գրել չեմ ուզում... Փաստորեն, հանդուրժողականություն խաղալու հերթական ժամանակն է։ :))

Հ.Գ. Ուռա՜, հաջողվեց գրառումն անել՝ առանց որևէ կրոնի անուն տալու։ :D

Ուլուանա
15.08.2010, 00:55
Երեխա ժամանակ, երբ անկողնումս պառկած էի լինում, ու մամաս կողքիս կանգնած կամ ուղղակի անկողնուս մոտով անցնելիս էր լինում, սիրում էի մոտիկ եղած պահին փեշի ծայրից աննկատ բռնել, որ երբ փորձեր հեռանալ, բռնածս հետ պահեր, ինքն էլ հանկարծ նկատեր, որ բռնել եմ, հետ նայեր, ու միասին ծիծաղեինք։ Էնքան էի սիրում էդ պահը։ Մինչև հիմա էլ սիրում եմ։ Մեծ ժամանակ էլ էի երբեմն անում էդպես, եթե մամաս բախտի բերմամբ փեշով էր լինում, ոչ թե տաբատով։ Դե, էն թվերին կանայք հիմնականում շրջազգեստ էին հագնում, հազվադեպ էին տաբատ կրում, ոչ թե հիմիկվա պես. հիմիկվա երեխաները, փաստորեն, իրենց մամաների փեշերից քաշելու հնարավորություն էլ շատ չունեն. խեղճ էրեխեք։

Վերջերս հիշել էի էս «նախասիրությունս», ու մտածում եմ՝ երևի դա ասոցիացվում է շատ փոքր տարիքի էն զգացողության հետ, երբ կանգնած վիճակում բոյս մամայի փեշը բռնելուն էր «հերիքում», իսկ մաման էնքան մեծ ու բոյով էր, չնայած նրան, որ, ինչպես մեծանալուց հետո պարզվեց՝ իրականում ահագին ցածրահասակ մամա ունեմ :o :))։

Ընդհանուր առմամբ ես իմ մանկությունը չեմ սիրում ու չեմ կարոտում (գլուխ գովել չլինի, բայց իրականում հազվագյուտ մարդիկ են իրենց մանկությունը հիշում էնքան հստակ ու մանրամասն, ինչքան ես), բայց որոշ հանգամանքներ, դրվագներ կամ պարզապես զգացողություններ ահավոր թանկ են ու քաղցր։ Ու մամայի փեշը ցածրից բռնելը դրանցից մեկն է ինձ համար. մի տեսակ ապահովության ու պաշտպանվածության հետ է ասոցիացվում, զգացողություն, որ ունենում են հատկապես փոքր տարիքի երեխաները իրենց մամաների կողքին գտնվելիս :)։

Ուլուանա
17.08.2010, 01:46
Մարդիկ կան, որոնց կյանքի իմաստը կարծես կյանքի անիմաստությունը բացահայտելը լինի, դրանում ամեն անգամ համոզվելն ու հաճախ ուրիշներին էլ անուղղակիորեն համոզել փորձելը։ Ամեն անգամ՝ կյանքի հերթական հաջող շրջանից հետո, նրանք հերթական անգամ հանգում են իրենց համար արդեն հարազատ դարձած համոզմունքին՝ կյանքի անիմաստության, փուչ լինելու գաղափարին։ Էդ համոզմունքը կարծես նրանց գլխավոր հարմարավետությունը լինի էս կյանքում, որի մեջ թաղվելու մարմաջն անխուսափելիորեն հետևում է հերթական կարճատև «լավատեսական դադարին», որն էլ ի վերջո նրանց կողմից որակվում է որպես ակնթարթային մոլորություն («Ախր ինչպե՞ս կարող էի ինձ թույլ տալ թեկուզ մի վայրկյան հավատալու, որ կյանքն ինչ–որ իմաստ ունի... Ինչպիսի՜ մոլորություն... Բա ինձ պե՞տք էր հազար տարի»)։

Ինձ որ հարցնեք՝ էս կյանքում ամեն ինչից էլ լիուլի կա՝ թե՛ իմաստ, թե՛ անիմաստություն։ Եթե իմաստ ես փնտրում, շուրջդ եղած ամեն մանրուքի մեջ էլ կգտնես, եթե անիմաստություն՝ էլի ամեն մանրուքի մեջ կարելի է գտնել. ինչպես ասում են՝ մարդու մտքին տեղ լինի։ Երևի ամեն ինչ կախված է նրանից, թե դրանցից որն է քեզ ավելի շատ հարմարավետություն պարգևում։ Ինչքան էլ տարօրինակ լինի, մարդկանց մի մասն, իմ կարծիքով, հենց անիմաստության գիտակցման մեջ է էդ հարմարավետությունը գտնում։

Ուլուանա
21.08.2010, 02:50
Տատս էսօր 85 տարեկան դարձավ։ Իր տարիքի համեմատ զարմանալի շարժուն ու աշխատունակ է, թո՛ւ–թո՛ւ–թո՛ւ։ Ամբողջ օրը զբաղված է տան ու այգու գործերով ու հեչ էլ դժգոհ չի դրանից։ Ֆիզիկական աշխատանքը տատիս տարերքն է եղել միշտ։ Ինձ համար, օրինակ, դժվար է պատկերացնել, թե մարդ ոնց կարող է էդքան հաճույքով ամբողջ օրը ֆիզիկական աշխատանք անել, էն էլ էդ տարիքին։ Բանն այն է, որ տատս իրեն վատ է զգում մենակ էն ժամանակ, երբ հանգիստ նստած կամ պառկած է լինում, աշխատելիս լրիվ առույգ է, արագաշարժ, ոչ մի բողոք չունի, բայց հենց նստեց, ցավերն ու անհանգստությունները բռնում են։ Ու միշտ է էդպես եղել։ Ինքն էլ հաճախ է սիրում ասել, որ եթե ֆիզիկական աշխատանքը չլիներ, վաղուց ոտքից–ձեռքից ընկած կլիներ, ու որ իրեն էդ է պահում։ Ուրիշների դեպքում գուցե դժվար պատկերացնեի, բայց տատիս դեպքում հաստատ էդպես է։ Տարիներ առաջ, երբ ձեռքը կոտրել էր, որոշ ժամանակ ստիպված էր հանգիստ նստել՝ առանց գործ անելու։ Դրանից ավելի մեծ դիսկոմֆորտ դժվար էր պատկերացնել տատիս համար. սիրտը պայթում էր նրանից, որ ինքը պարապ նստած է։ Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ Նոր տարվա հաջորդ օրը պատմում էր, որ Նոր տարվա գիշերը հանկարծ իրեն վատ է զգացել, չեմ հիշում՝ ճնշումն էր բարձրացել, թե սիրտն էր վատացել, մի խոսքով՝ ասեց. «Դե, ես էլ վեր կացա, պոլերը լվացի, անցավ»։ :D Էդ դեպքը մեր ընտանիքում անեկդոտ էր դառել, որ տատիկը հենց վատ է լինում, պոլերը լվանում է ու միանգամից դզվում :))։ Էսօր էլ, երբ զանգել էի ծնունդը շնորհավորելու, առողջությունից հարցրի, ասեց, որ վատ չի, մենակ թե գլխապտույտներ է ունենում, մեկ էլ քանի ամիս է՝ մեջքն է ցավում, բայց դե չի դժգոհում, կարողանում է ինքն իր գլուխը պահել։ Մեկ էլ նշեց, որ մեջքի ցավը բռնում է մենակ էն ժամանակ, երբ նստում կամ պառկում է, իսկ գործ անելիս՝ ոչ մի ցավ։ :)) Էլի լավ է, որ էդ օրինաչափությունը շարունակում է գործել, հատկապես որ ինքը հազվադեպ է նստում կամ պառկում։ Էլ ի՞նչ է պետք մարդուն իրեն լավ զգալու համար :)։ Երանի էդպես գործ անելով դեռ երկար ապրի :)։ Կարոտում եմ տատիկիս...

Ուլուանա
14.09.2010, 19:57
Միշտ մտածել եմ, որ մարդ պիտի կարողանա ճիշտ ժամանակին հեռանալ էն ոլորտից, էն միջավայրից, որում իրեն արդեն սպառել է։ Գիտեմ, որ շատ դեպքերում դժվար է գիտակցել, ինքդ քեզ խոստովանել, որ դու տվյալ ոլորտում, տվյալ տեղում այլևս ոչինչ կամ գրեթե ոչինչ չունես տալու, հիմնականում՝ նաև ստանալու, քանի որ էս երկուսը սովորաբար փոխկապակցված են լինում։ Բայց երևի շատ ավելի դժվար է գիտակցելուց հետո մեջդ ուժ ու վճռականություն գտնել էդ քայլն անելու՝ հեռանալու, որովետև դա մեծ մասամբ վերջ է թվում կամ գոնե պարտություն...

Էս երևույթն ամենաակնառու կերպով երևի արվեստի ու մշակույթի գործիչների դեպքում է նկատվում։ Ինչքան երգիչներ, դերասաններ կան, որ թե՛ ստեղծագործական, թե՛ կատարողական տեսակետից իրենց վաղուց սպառած լինելով հանդերձ՝ չեն կարողանում այսպես ասած, ժամանակին հեռանալ, էնպես, որ հասարակությունն իրենց հիշի իրենց արժեքավոր ստեղծածով, իրենց ծաղկման շրջանում, ոչ թե քայլ առ քայլ հետևի իրենց սպառմանը, տեսնի, թե ոնց են հաճախ բառացիորեն բեմի վրա ոչնչանում ու վերջանում որպես տվյալ ոլորտի գործիչ... Ժամանակին կանգ առնելն իսկապես լուրջ կամք ու գիտակցություն է պահանջում, մինչդեռ շատերն ընտրում են ինքնախաբեության հեշտ ուղին՝ կառչելով անցյալի փառքի մասին հուշերից՝ էդ նույն փառքի փշրանքները մինչև վերջ սպառելով... Ու չեն հասկանում, որ ավելի լավ է հեռանալ ու մարդկանց հիշողության մեջ մնալ որպես հզոր ու սիրված կերպար, քան թույլ տալ, որ էդ նույն մարդիկ քայլ առ քայլ քո անկման ականատեսը լինեն...

Կարծում եմ՝ եթե մարդն իրեն սպառել է ինչ–որ ոլորտում, ինչ–որ միջավայրում, ու դեռ կենդանի է, նշանակում է հաստատ կա նաև առնվազն մի ոլորտ, մի միջավայր, որում ինքը դեռ նոր պիտի ծաղկի, որում դեռ տալիք, ստեղծելիք ու, ինչու՞ չէ, նաև ստանալիք ունի։ Ու խոսքը միայն աշխատանքի, մասնագիտության մասին չէ, այլ ցանկացած միջավայրի ու ոլորտի։ Պարզապես պետք է սեփական անձի հետ ազնիվ լինել ու նաև աչքաբաց՝ հինը բաց թողնելու ու նոր ոլորտը, միջավայրը տեսնելու, գտնելու համար։ Ի վերջո, կյանքի բնականոն ընթացքն է էդպիսին. ամեն ինչ իր ժամանակն ունի, ոչինչ հավերժ չէ, ու շատ դեպքերում էդպես նույնիսկ ճիշտ է։ Սա պետք է հանգիստ ընդունել որպես օրինաչափություն ու միշտ հիշել, որ ցանկացած վերջ ինչ–որ նորի սկիզբ է։ Ուղղակի գտնել է պետք էդ սկիզբը։

Ուլուանա
21.09.2010, 20:51
Երեք օր ինտերնետ չունեինք... Հինգշաբթի օրը տեղի ունեցած ուժեղ փոթորիկի հետևանքով մեր ինտերնետի սպասարկման կենտրոնը լուրջ վնասներ էր կրել, ու վերականգնելու համար մի քանի օր պահանջվեց։ Հաշվի առնելով, որ փոխարենը կարող էինք պարզապես մեռնել փոթորիկի հետևանքով գլխներիս ընկած ծառերի հսկայական ճյուղերի հարվածից, որոնք փոթորիկից հետո կարելի էր տեսնել ամեն քայլափոխի, ու որոնցից մեկի հարվածից մեր կողքի շենքի մոտ կանգնած մի մեքենայի հետնամասը պատուհանի հետ միասին ամբողջությամբ ջախջախվել էր, պետք է համարել, որ ահագին լավ ենք պրծել. ընդամենը ինտերնետից ենք զրկվել։

Երբ ինտերնետն անջատվում է, առաջին ռեակցիան, որպես կանոն, նյարդայնացումն է, հանկարծակի վրա հասած անտանելի դիսկոմֆորտի զգացողությունը, երբ կարծես տեղդ չես գտնում, որին էլ հաջորդում է այն արդարացի ինքնամխիթարանքը, որ ինտերնետի բացակայության պայմաններում կարելի է որոշ բաներ անել, որոնք չէիր անի, եթե ինտերնետ լիներ։ Ճիշտ է, հիմա էնքան շատ չեմ նստում կոմպի դիմաց, ինչքան առաջ, բայց ամեն դեպքում ինտերնետ չլինելու հազվագյուտ պահերի մեջ միշտ էլ կարելի է պլյուսներ գտնել։

Էդպես էլ արեցի։ Որոշ գործեր ձեռնարկեցի, բայց պարզվում է՝ նույնիսկ ինտերնետի հետ կարծես բոլորովին կապ չունեցող գործեր անելիս ինչ–որ պահերի կարիք ես ունենում էնպիսի ինֆորմացիայի, որը միայն ինտերնետի միջոցով կարող ես ձեռք բերել։ Ու նորից էդ անհարմարավետության զգացողությունը... Ախր ընդամենը մեկ–երկու րոպեով էր ինտերնետը պետք, շատ չէ... Բայց չկա...

Դաս եմ կարդում. ճարտարապետական ինչ–որ դետալներ են նկարագրվում՝ ինչ–որ բառեր, որոնք ինձ ոչինչ չեն ասում, նույնիսկ բառարանում եղած նկարագրությունը չի օգնում, որ հստակ պատկերացում կազմեմ, թե ինչ տեսք ունի տվյալ դետալը։ «Մի հատ image search անեմ»,– ավտոմատ անցնում է մտքովս, ու քիչ է մնում նետվեմ դեպի համակարգիչը, երբ հիշում եմ, որ ինտերնետ չկա...
Մի երկու օր առաջ ինտերնետով թելեր էի առել՝ գորգ գործելու համար, ու հիմա անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի տեղ հասնեն։ «Մի հատ tracking number–ով նայեմ, տեսնեմ՝ ուր են հասել, երբ տեղ կհասնեն»։ Գրողը տանի. ախր ինտերնետ չկա...
Բժշկի պիտի գնանք առավոտվա ժամը իննին։ Ամուսնուս ասում եմ. «Մի հատ նայի՝ էդ ժամերին գնացք ե՞րբ կա», ու էլի մոռացել եմ, որ ախր էդ անիծյալ ինտերնետը չկա...

Ա՛յ մարդ, լավ, էս ի՞նչ կյանք է, սենց բա՞ն կլինի. առանց ինտերնետի՝ ինչպես անձեռ, անոտ, անլեզու, կույր ու խուլ... Տեսնես՝ նախկինում ո՞նց էինք ապրում առանց դրա...

Ուլուանա
23.09.2010, 22:03
Վերջերս ինտերնետային հասարակության շրջանում էսպիսի օրինաչափություն եմ նկատել. հիմա գրեթե բոլորի սիրած մուլտերն են «Գտնված երազն» ու «Ежик в тумане»–ն, սիրած գրքերի մեջ համարյա միշտ մտնում են «Փոքրիկ Իշխանը», «Catcher in the rye»–ը։ Մի ժամանակ համարյա բոլորը հիանում էին Կոելյոյով, իսկ հիմա կարծես հակառակ միտումն է զարգանում։ Պակաս տարածված, բայց վերջին տարիներին համեմատաբար լայն թափ առած միտում է նաև Սևակ չսիրելը։ Ցուցակը թերևս կարելի է շարունակել, բայց նկատածս ամենատարածված նախասիրությունները հիմնականում սրանք են։

Հա, չմոռանամ նշել, որ վերը թվարկվածը քննադատություն չէ, այլ ուղղակի բազմաթիվ փաստերի վրա հիմնված դիտարկում։

Ուլուանա
11.11.2010, 00:53
Վերջերս հաճախ եմ ուզում մտնել էստեղ ու մի նվնվան գրառում անել՝ երկար, մանրամասն, միգուցե նաև հուզիչ, բայց ամեն անգամ հիշում եմ, որ ես ախր նվնվան գրառումներ անող աղջիկ չեմ. ուրիշների նվնվան գրառումները չեմ սիրում կարդալ, հետևաբար ինքս էլ փորձում եմ գոնե հրապարակավ չնվնվալ, ու եղած ամբողջ նվնվոցն արդյունքում ուղղվում է միայն մի հոգու ականջներին:
Լավ, քանի շուտ է՝ գնամ էս թեմայից, թե չէ կարող է, ինքս էլ չնկատելով, սահուն կերպով անցնեմ նվնվալուն:
Հա, մեկ էլ... Չէ, լավ, էս արդեն նվնվոց ա, անցանք :D:

Ուլուանա
12.11.2010, 00:45
SSS-ի էս (http://www.akumb.am/showthread.php/54543-Անկապ-օրագիր-5/page37) գրառումը կարդացի, հիշեցի, որ մոտ մի տարի առաջ ամուսինս կենդանիների վարքի վերաբերյալ մի գիրք էր կարդում, որտեղ շան ու կատվի վարքագծերը համեմատելիս նշված էր, որ շներին կարելի է ցանկալի պահվածքի մղել թե՛ խրախուսանքի, թե՛ պատժի միջոցով, այսինքն՝ երկուսն էլ հավասարապես արդյունավետ գործում են, մինչդեռ կատուների դեպքում միայն խրախուսանքն է գործում: Ու մտածեցի՝ մարդիկ էլ են էդ առումով բաժանվում «շների» ու «կատուների»: Ու կատուների հետ բարդ է:

Ուլուանա
16.11.2010, 19:15
Արդեն ավելի քան երեք տարի է՝ ԱՄՆ-ում եմ բնակվում, բայց մինչև հիմա էլ, երբ խոսք է լինում Հայաստանում ու ԱՄՆ-ում եղած ինչ-որ բաների համեմատության մասին, որպես կանոն, Հայաստանի մասին խոսելիս, անկախ ինձնից, ասում եմ՝ էստեղ, ԱՄՆ-ի մասին խոսելիս՝ Ամերիկայում: Փաստորեն, դեռ Հայաստանում եմ «ապրում»: Այսինքն՝ Հայաստանում ապրում եմ, ԱՄՆ-ում՝ բնակվում: ԱՄՆ-ն էդպես էլ «էստեղ» չի դարձել, ու շատ հուսով եմ, որ չի էլ հասցնի դառնալ:

Ուլուանա
19.12.2010, 00:41
Սոցիալական կյանքում Հայաստանի ու ԱՄՆ–ի միջև եղած ակնառու տարբերություններից մեկն այն է, որ ԱՄՆ–ում, կարելի է ասել, բացակայում է «անսպասելի հյուր» կամ «անկոչ հյուր» հասկացությունը։ Բացի հազվադեպ հայտնվող տարբեր հասարակական ծառայությունների աշխատողներից, ուրիշ ոչ ոք չի կարող անսպասելի այցելել տունդ։ Եթե ինքդ նախօրոք՝ մեկից երկու շաբաթ առաջ, պայմանավորվելով հատուկ չհրավիրես, կարող է տարիներով դուռդ ծեծող չլինի։

Հիշում եմ՝ Հայաստանում ինչքան հաճախ կարող էինք նյարդայնանալ անպատեհ պահերի տուն ներխուժած ու մոտ ապագայում հեռանալու նշաններ ցույց չտվող աներես հարևաններից կամ անհարմար զգալ լրիվ թարս պահի այցելած հեռավոր ազգականի այցելությունից։ Իսկ հիմա երբեմն մի տեսակ երանությամբ եմ հիշում էդ անկոչ այցելությունները։ Մեկ–մեկ ասում եմ՝ այ մարդ, բա մեկը հիմա անսպասելի դուռը չծեծե՞ր, մի քիչ անակնկալի գայինք, մի քիչ չպլանավորված, բնական, ինքնաբուխ ջերմություն զգայինք, ուրախանայինք, որ էսինչ մարդը մեզ պարզապես հիշել է, կարոտել է ու պահի տակ որոշել է մի հատ «անցնել», ինչպես ասում են։ Չէ, էստեղ էդպիսի անակնկալներ չեն լինում։ Նույնիսկ հարևանդ չի կարող անսպասելի դուռդ ծեծել։ Գոնե մեկը գար, մի հատ թել ուզեր, որովհետև հանկարծ ինչ–որ երանգի թել է պետք եկել, ու տանն էդ պահին չունի, մի ձու ուզեր, որովհետև թխվածք էր սարքում, բայց տանը եղած ձուն հանկարծ քչություն արեց, մի գործիք ուզեր, որովհետև դրանից չունի, երբեք չի ունեցել ու չի էլ պատրաստվում ունենալ (էս մեր Երևանի տան հարևանների հետ կապված նոստալգիկ դրվագներից էր)։

Նմանատիպ ձևով կարոտում եմ նաև էն, որ կարող էիր պահի տակ զանգել ընկեր–ընկերուհիների, առաջարկել միասին դուրս գալ քաղաք՝ զբոսնելու կամ ինչ–որ տեղ գնալու։ Հատկապես հիշում եմ, որ Ակումբի հանդիպումներն էին մի շրջան էդպիսին. պահի տակ մեկը զանգում էր լիքը մարդկանց ու առաջարկում կես ժամից հանդիպել էսինչի արձանի մոտ, ու բոլորս եթե ոչ կես, ապա գոնե մի ժամում (:D) հավաքվում էինք նշված վայրում։ ԱՄՆ–ում սա բացարձակապես անհնար սցենար է (ուշանալու պահը նկատի չունեմ, բնականաբար :)))։
Չէ, էստեղ ամեն ինչ նախապես պլանավորված պիտի լինի. մարդիկ կարծես մի հսկայական մեխանիզմի անբաժան փոքրիկ դետալներ լինեն, ու ամեն մեկի ոչ հաշվարկված քայլից մեխանիզմը կարող է քիչ թե շատ խախտվել։
Իրականում ոչ Հայաստանին դրվածքն է մի բան, ոչ էլ ԱՄՆ–ինը. մեկում անձնական տարածքդ շատ են ներխուժում, մյուսում էդ տարածքդ էնքան լայն է ու անմարդաբնակ, որ ջերմության պակասից մեջը տապակվում ես։ Ինչ–որ միջանկյալ վիճակ կուզենայի։ Տեսնես որևէ տեղ կա՞ էդ միջանկյալը, թե՞ էդպես ուղղակի չի կարող լինել :think։
Ամեն դեպքում կարոտում եմ ջերմության ինքնաբուխ, չպլանավորած դրսևորումները։

Ուլուանա
15.01.2011, 11:06
Մի հատ էլ ես անցած տարվա ամփոփում անեմ, հատկապես որ տարին միանգամայն արժանի էր դրան։

Ընդհանրապես տարին դեռ չավարտված՝ այն ամփոփելուց միշտ էլ մի տեսակ խուսափել եմ՝ հաշվի առնելով, որ մինչև ավարտվելը, նույնիսկ վերջին մի քանի օրերին ինչեր ասես կարող են լինել, նույնիսկ տարվա ամբողջ որակն ու նշանակությունը փոխող իրադարձություններ, հետևաբար նախօրոք տարին գնահատելն ի վերջո կարող է լրիվ անիմաստ գործ դուրս գալ։ Իսկ հատկապես ինձ համար էս տարին պիտի հաստատ ավարտվելուց հետո ամփոփվեր, քանի որ տարվա հենց վերջին օրվա վերջին ժամերին տեղի ունեցավ ինձ համար տարվա մեծագույն ու լավագույն իրադարձությունը՝ ծնվեց իմ առաջին բալիկը՝ Արեգը։ :) Ու նույնիսկ եթե ուրիշ ոչ մի առումով էլ տարին աչքի չընկներ, անկասկած, հենց միայն սա բավական կլիներ տարին արտակարգ հաջող համարելու համար, բայց տվյալ դեպքում ուրիշ առումներով էլ էր տարին ինձ համար հաջող ու հիշարժան։ Այդ առումով կարող եմ առանձնացնել մի քանի գլխավոր կետ.

1. Նախ բախտ ունեցա ավելի քան երկու տարի Հայաստանից բացակայելուց հետո 2010–ի Նոր տարին դիմավորել Հայաստանում՝ ընտանիքիս հետ։ Հանդիպեցի ընկերներիս, ծանոթներիս, վիրտուալից ռեալի վերածեցի որոշ հարազատ դարձած մարդկանց հետ ծանոթությունս։

2. Ընդունվեցի քոլեջ՝ ինձ հոգեհարազատ՝ ստեղծագործական բնույթի մասնագիտությամբ, որի համար շնորհակալ եմ ամուսնուցս, որովհետև եթե ինքն ինձ համառորեն չհամոզեր էդ քայլին դիմել, ես իմ նախաձեռնությամբ ընդունվողը չէի, իսկ հիմա անչափ գոհ եմ, որ շատ չէի դիմադրել ու էդ կարևոր քայլն արել էի։

3. Եվ վերջում՝ ինչպես արդեն ասացի, մայրիկ դարձա։ Մի խոսքով՝ կարևոր դրական իրադարձություններով լի տարին հաջողությամբ եզրափակվեց ամենակարևոր իրադարձությամբ։ :)

Նույնիսկ մտածում եմ՝ 2010–ը երևի մինչև հիմա ապրածս կյանքի ամենահաջող տարին էր։ Թեթև չէր, բայց որոշակիորեն ձեռքբերումների տարի էր։

Ինչ լավ կլիներ՝ բոլոր տարիներն էսպիսի դրական իրադարձություններով հագեցած լինեին։ Թեթև լինելու մասին արդեն չեմ երազում (վերջապես գլուխս մտել է, որ դա ուղղակի լինելու բան չի), բայց հաջողի հույսեր փայփայում եմ։

Ու վերջում՝ ուշացումով շնորհավոր բոլորի Նոր տարին (ի՞նչ անեմ, ես էս տարի ուշացած եմ :oy)։

Ի դեպ, էս տարի կյանքումս առաջին անգամ Նոր տարին դիմավորեցի հիվանդանոցում։ Էս տարի Նոր տարվա սեղան չեմ տեսել ոչ մեր, ոչ էլ ուրիշ որևէ մեկի տանը։ Մի խոսքով՝ բոլոր առումներով արտասովոր Նոր տարի էր։ Իսկ ամենաարտասովորն, իհարկե, Նոր տարվա գլխավոր նվերն էր։ :)

Ուլուանա
26.01.2011, 00:23
Մի երազ ունեմ, որ պարբերաբար տեսնում եմ։ Իբր ինստիտուտը դեռ չեմ ավարտել։ Արդեն պետականներն են, մեկ էլ հանկարծ պարզվում է, որ վերջին պահին բարձրագույն մաթեմատիկայի պետական քննություն են մտցրել, ու բոլորս, բնականաբար, խուճապի մեջ ենք։ Ո՞վ էր լսել Բրյուսովում մաթեմատիկա, էն էլ պետական, էդ էլ հերիք չի՝ դրա մասին մեզ տեղյակ են պահում քննությունից ընդամենը մի քանի օր առաջ... Ճիշտ է, մաթեմատիկայից դպրոցում վատ չեմ եղել, թեև չեմ էլ փայլել, բայց տասներորդ դասարանում, երբ բոլոր ուժերս կենտրոնացրել էի անգլերենի ու հայերենի վրա ու պարապում էի ընդունելության քննությունների համար, հատկապես երկրորդ կիսամյակում մաթեմատիկան լրիվ աչքաթող էի արել ու շատ բան բաց թողել։

Համանման երազ մայրս էլ էր տասնյակ տարիներ շարունակ պարբերաբար տեսնում (ինքն էլ է Բրյուսովն ավարտել)։Մի քանի տարի առաջ հանգամանքների բերումով ստիպված եղավ նոր մանկավարժական մասնագիտություն ստանալ, սկսեց բարձրագույն մաթեմատիկա անցնել ու... մաթեմատիկայից պետական քննություն հանձնեց։ Հանձնելուց հետո չարաբաստիկ երազն այլևս չի տեսնում։

Էս սեմեստր, քանի որ նորածին երեխա ունեմ, որոշեցի քոլեջում միայն մի առարկա վերցնել։ Էնպես ստացվեց, որ օրերի, ժամերի ու էլի որոշ այլ առումներով ամենահարմարը տվյալ պահին մաթեմատիկան էր։ Թեև էս մասնագիտությանս հետ էլ մաթեմատիկան կարծես առանձնապես կապ չունի, բայց էստեղ այն բոլոր մասնագիտությունների դեպքում էլ պարտադիր առարկա է, ու վաղ թե ուշ պիտի վերցնեի։ Փաստորեն, իմ մղձավանջ–երազն էլ հիմա իր բարեհաջող ավարտը գտնելու հնարավորություն ունի։ Մի երկու օրից դասի եմ։ Հուսով եմ՝ քննությունը հանձնելուց հետո իմ երազացանկն էլ հաճելիորեն կթեթևանա։

Ուլուանա
03.02.2011, 22:43
Երբ նոր էի էստեղ ուսանող դարձել, զարմացել էի՝ նկատելով, որ քոլեջում ուսանողները կարող են դասի ժամանակ ցանկացած պահի ուտել ինչ խելքներին փչի՝ համեստ շոկոլադե սալիկից մինչև տապակած կարտոֆիլ, վերմիշել ու զանազան բուրավետ ճաշեր։ Ընդ որում կարող են լսարան մտնել ճաշի ամանը ձեռքներին՝ ուտելով, կամ դասի ժամանակ հանել ամանով լի ճաշը և ախորժակով ուտել։ Ինձ համար էս երևույթը ոչ միայն անսովոր էր, այլև մի տեսակ տհաճ։ Նստած քեզ համար դաս ես լսում, մեկ էլ զգում ես՝ ինչ–որ անդուր «ժարիտի» հոտ տարածվեց լսարանով մեկ։ Ու միշտ զարմանում էի, որ դասախոսը դրա դեմ ոչինչ չէր ասում, էն դեպքում, երբ հենց սկզբից մի ցուցակ «չի կարելի»–ներ էր ներկայացրել, որոնց մեջ մտնում էին, օրինակ, դասի ժամանակ հեռախոսազանգ ստանալը, սմս գրելը կամ կարդալը, ինչպես նաև քնելը (:D)։ Հետաքրքիր է, իսկ ուտելը, էն էլ սուր հոտավետ ու ուրիշների վրա ազդող հոտերով ճաշեր, ինչո՞վ էր պակաս մնացած «չի կարելի»–ներից։

Ու էդքանից հետո որքան մեծ էր զարմանքս, երբ էս սեմեստր վերցրածս միակ առարկայի՝ մաթեմատիկայի դասախոսն առաջին դասին ասաց հետևյալը. հաշվի առնելով, որ մեր դասը երեկոյան է, ավելի կոնկրետ՝ ընթրիքի ժամին, ինքը հասկանում է, որ կարող ենք քաղցած լինել ու ինչ–որ բան ուտելու պահանջ ունենալ, հետևաբար նորմալ է, եթե դասի ժամանակ ուտենք, օրինակ, խնձոր, շոկոլադե սալիկ, թխվածքաբլիթ կամ նման բաներ, բայց ոչ մի դեպքում հանկարծ լսարան չմտնենք մի աման մակարոնով, հավով և այլ ճաշատեսակներով։ Փաստորեն, դեռ կան մարդիկ, որոնց համար դա նորմալ չի։ Ուրախացա մի տեսակ :))։

Ուլուանա
24.03.2011, 19:24
Էսօր գիտակցեցի, որ գրառումների տակի շնորհակալություններին նայելիս ի դեմս յուրաքանչյուր մականվան՝ կարծես տեսնում եմ դրա տիրոջ դեմքի արտահայտությունը, որն ունեցել է էդ շնորհակալությունը սեղմելու պահին։ Ու էդպես բոլոր գրառումների տակ ինձ համար կարծես դեմքեր են շարված... :}

Ուլուանա
26.03.2011, 19:07
Ընդհանրապես ինձ հետ հաճախ է պատահում, որ կյանքիս որոշ դրական հանգամանքներ մեկ էլ պահի տակ հանկարծ գիտակցում եմ ու էդ մտքից մի տեսակ ուրախանում, ամեն անգամ էնքան նորովի, կարծես հենց նոր պատահած լինի կամ հենց նոր իմացած լինեմ դրա մասին։ Նույն ձևով հիմա պարբերաբար «հիշում» եմ, որ բալիկ ունեմ, ու ամեն անգամ մի տեսակ տոնական երջանկություն եմ ապրում էդ հրաշք «բացահայտումից» :love :))։

Ուլուանա
28.03.2011, 23:32
Մոտ մի տարի կլինի՝ մտածում եմ՝ ստեղծագործելու՝ գրելու մուսաս շատ խոր քուն ա մտել, ես էլ, ճիշտն ասած, առանձնապես ինձ չեմ կոտորել արթնացնելու համար։ Բայց էսօր մտածեցի՝ կարո՞ղ ա իրականում մեռել ա, խաբար չեմ... :(
Պետք ա պարզել...

Ուլուանա
06.04.2011, 00:18
Մոտ երեք տարի առաջ, երբ Նյու Ջերսիում էինք ապրում, ամուսինս էլ ուսանող էր, էնտեղ մի կազմակերպություն կար՝ Միջազգային ուսանողների կանանց կազմակերպություն (International Students’ Wives’ Organization), որի անդամ ես էլ դարձա էդ շրջանում։ Պիտի խոստովանեմ, որ էդ կազմակերպությունն իմ էդ շրջանի միակ շփման ու ժամանցի աղբյուրն էր (ինտերնետը չհաշված), հատկապես որ նոր էի ԱՄՆ–ում, մշակութային շոկի թունդ շրջանում, ինձ միայնակ ու անօգնական էի զգում օտար երկրում, իսկ էդ կազմակերպությունը հենց ինձ նմանների համար էր։ Հավաքված էին ամենատարբեր ազգության ու տարիքի կանայք՝ մոտ քսանից մինչև յոթանասունքանի տարեկան։ Մեզ բոլորիս կապում էր ընդհանուր կարգավիճակը՝ օտարերկրացի ուսանողի կին, որն աշխատանքի իրավունք չունի։ Կազմակերպությունը հիմնադրվել էր դրանից քսան տարի առաջ՝ նման կարգավիճակում գտնվող մի քանի կանանց կողմից։ Բնականաբար, անդամների կազմը տարիների ընթացքում փոփոխվում էր՝ անդամների կարգավիճակի, ապրելակերպի ու բնակավայրի փոփոխության պատճառով։ Բայց կար մեկը՝ վաթսունն անց մի գերմանուհի, որը հենց հիմնադիրներից էր ու, փաստորեն, արդեն քսան տարի այդ կազմակերպության անդամ էր։ Իմ էնտեղ եղած ժամանակ անդամների մեջ կային հետևյալ ազգության կանայք. գերմանացի, բրազիլացի, արգենտինացի, պերուացի, հունգարացի, ուկրաինացի, խորվաթացի, մոլդովացի, չինացի, ճապոնացի, կորեացի, հնդիկ, հրեա, աֆրիկացի։ Մեծամասնությունը չինացիներն ու կորեացիներն էին։ Շաբաթը մեկ կոնկրետ օր հավաքվում էինք հատուկ դրա համար հատկացված մի սենյակում, թեթև դեսերտի շուրջ զրուցում, տարբեր թեմաներ քննարկում։ Ուեինք նախապես կազմված ծրագիր, թե որ օրն ինչ թեմա պիտի քննարկենք։ Երբեմն էքսկուրսիաներ էինք կազմակերպում։ Բացի դրանից, առնվազն մի քանի հանդիպումը մեկ մեզնից մեկնումեկը պրեզենտացիա էր անում իր երկրի մասին (PowerPoint Presentation)՝ նկարներով, վիդեոներով, երաժշտությամբ, ինչպես նաև այդ օրն իր հետ բերում էր իր երկրի խոհանոցից մի քանի ճաշատեսակ, ու էդպես բոլորս քիչ–քիչ ահագին տեղեկություն էինք ստանում տարբեր երկրների մշակույթի, կենցաղի, արվեստի, սովորույթների ու խոհանոցի մասին։ Քննարկումներին էլ հետաքրքիր էր իմանալ տարբեր ազգերի մտածելակերպն ու մոտեցումները այս կամ այն հարցի վերաբերյալ։ Մի խոսքով՝ բավական ինֆորմատիվ ու հետաքրքիր փորձառություն էր բոլորիս համար։ Դրական կողմերից մեկն էլ այն էր, որ շատերն անգլերեն լավ չգիտեին, ոմանք նույնիսկ շատ վատ գիտեին, բայց դա առանձնապես բարդույթավորվելու պատճառ չէր, քանի որ էդպիսիք շատ էին, ու ոչ ոք էդ առումով իրեն սպիտակ ագռավ չէր զգում։ Բացի դրանից, կազմակերպության անդամների հետ շփումը շատ լավ հնարավորություն էր խոսակցականը բարելավելու։

Էս բոլորն ինչի՞ պատմեցի։ Իրականում մի հարցի մասին էի ուզում խոսել, սա էլ որպես նախաբան գրեցի։ Ուրեմն մի անգամ՝ մեր հանդիպումներից մեկի ժամանակ, երբ ինչ–որ հարց էինք քննարկում, ավելի ճիշտ՝ բանավեճ էր ընթանում։ Ճապոնուհիներից մեկը խոսքի մեջ ասաց, որ իրենց մոտ՝ Ճապոնիայում, այսպիսի բանավեճեր ընդունված չեն, հատկապես կանանց միջև։ Ներկա գտնվող մյուս ճապոնուհին էլ միանգամից հաստատեց ասվածը։ Նրանք դա բացատրում էին նրանով, որ իրենք ընդհանրապես աշխատում են ցանկացած հարցի վերաբերյալ ոչ թե տարբեր՝ իրար հակասող կարծիքներն արտահայտել, այլ հակառակը՝ միշտ փորձում են ընդհանուր ինչ–որ բան գտնել ու դրա շուրջ համախմբվել, այսպես ասած։ Այսինքն՝ ցանկացած զրույցի ժամանակ նպատակը լինում է ընդհանուր հայտարարի գալը։ Մի խոսքով՝ իրենք չեն սիրում չհամաձայնել, հակառակվել։ Եթե ինչ–որ հարցում համաձայն էլ չեն լինում, իրենց մեջ են պահում, ու խոսում միայն նրանից, ինչի հետ կապված բոլորը համաձայն են։ Ահագին զարմացել էինք։ Բայց իրենք էլ էին ասում, որ մեր հանդիպումների ժամանակ ունեցած քննարկումներն ավելի հետաքրքիր են իրենց համար, երբ ինչ–որ հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում, քննարկվում։

Չինուհիներն էլ ասացին, որ իրենց մոտ, այսպես ասած, հարգի չէ շատ հարցեր տալը։ Օրինակ՝ ծնողները հաճախ կարող են երեխաներին կշտամբել հիմար հարցեր տալու համար։ Ու էդպես իրենք մեծանում են հարցեր տալ չսիրող։ Ի դեպ, մենք՝ հայերս էլ առանձնապես հարցեր տվող չենք, ինչքան նկատել եմ, առնվազն ամերիկացիների համեմատ։

Ամուսինս էլ դասավանդելիս նկատել էր, որ չինացիներն ընդհանրապես շատ քիչ են հարցեր տալիս, նույնիսկ եթե հասկացած չեն լինում ինչ–որ բան։ Իսկ ամերիկացիները բոլորովին չեն ամաչում նույնիսկ ամենապարզունակ, տարրական ու, այդպես ասած, հիմար հարցեր տալ։ Եթե ինչ–որ բան չեն հասկանում, անպայման կհարցնեն։

Իմ՝ էստեղ ուսանող լինելու դեռևս փոքրիկ փորձը նույնպես հաստատում է ամուսնուս դիտարկումը։ Օրինակ, հիմա, որ մաթեմատիկայի եմ գնում, մեր խմբում էլ եմ էդ օրինաչափությունը նկատել։ Հատկապես մի ամերիկացի աղջիկ կա, որ ամեն քայլափոխի էնպիսի տարրական հարցեր է տալիս դասախոսին, որ ուղղակի շշմում եմ, թե ոնց կարելի է առանց ամաչելու նման հարցեր տալ։ Ես եթե էդ հարցերի պատասխանները չիմանայի, հաստատ կամաչեի, որ ուրիշներն իմանային, որ ես նման տարրական ու ակնհայտ բաները չեմ հասկացել կամ չգիտեմ։ Չնայած մեր խմբում հարցեր տալու առումով քիչ թե շատ ակտիվներից եմ։ Իսկ մեր խմբում եղած մի քանի չինացիներից մինչև հիմա մի բառ անգամ լսած չկամ։

Իհարկե, պարզ է, որ ցանկացած ազգի մեջ էլ կան ամեն տեսակ մտածելակերպի ու պահվածքի մարդիկ, բայց ընդհանուր առմամբ երկրի կենցաղի, սովորույթների ու ընդհանուր համակարգի ազդեցությունը նման հարցերում բավական նկատելի է։ ԱՄՆ–ում, օրինակ, համակարգն էնպիսին է, որ ցանկացած բան մինչև վերջին մանրուքը պարզեցված ձևով մատուցվում է մարդկանց, էնպես, որ ամենաբութ մարդու համար էլ հասկանալի լինի։ Հասարակ քաղաքացիներն էստեղ կենցաղում ուղեղներն աշխատեցնելու, ինչ–որ բաներ ինքնուրույն հասկանալու, գլուխ հանելու կարիք շատ քիչ են ունենում, համենայնդեպս, Հայաստանի համեմատ, որտեղ գոյատևելու համար գրեթե ամեն պահի պիտի ուղեղդ լարած պահես։ ԱՄՆ–ում առնվազն կենցաղային հարցերում ամեն ինչ արդեն պատրաստի ներկայացվում է մարդկանց, ու նրանցից պահանջվում է միայն որոշ ստանդարտ մեխանիկական քայլեր անել։ Դրա վառ օրինակ են տարբեր սարքերի՝ մեզ համար հաճախ զավեշտալի ինստրուկցիաները, ինչպես, օրինակ. «Այս մուրճը խաղալիք չէ. երեխաների ձեռքը տալն արգելվում է, կարող են վնասվածքներ լինել», կամ. «Երբ երեխան պառկած է մահճակալի մեջ, չի կարելի դրա մեջ տարբեր իրեր լցնել. երեխայի համար վտանգավոր է (մահճակալի ինստրուկցիայից)։ Իսկ ինչի՞ց են ի հայտ գալիս նման ինստրուկցիաները։ Իհարկե, նրանից, որ, ասենք, մի անգամ ամերիկացի Ջորջը մուրճը տվել է երեխայի ձեռքը, որ խաղա, քանի որ իրեն ոչ ոք չէր զգուշացրել, որ այն խաղալիք չէ, ու կարող է վնասել երեխային։ Երեխան վնասվել է, Ջորջն էլ դատի է տվել մուրճն արտադրողին՝ մեղադրելով նրա համար, որ դրա ինստրուկցիայում նշված էր մուրճի հնարավոր վտանգների ու վնասների մասին։ Երևի դրանից է, որ երբ ինչ–որ բան «գրված չի լինում ինստրուկցիայում», ամերիկացիներն անպայման հարցնում են։ Հարցնելու մեջ, իհարկե, վատ բան չկա, բայց պարզունակ բաներն ինքնուրույն հասկանալու անկարողությունն արդեն հեչ լավ բան չի։

Ուլուանա
08.04.2011, 19:05
Փոքր ժամանակ գերագույն հաճույք էի ստանում էն հին մետաղյա մահճակալների զսպանակե մակերեսին թռվռալուց։ Որտեղ տեսնեի դրանցից, առիթը բաց չէի թողնում, որ վրան թռվռայի։ Ու հիշում եմ, որ միշտ մեծահասակներն ասում էին՝ չի կարելի, մահճակալը փչանում է :beee։
Հիմա էլ եմ մեկ–մեկ թռվռում սովորական մահճակալի վրա, բայց դե, քանի որ արդեն ես էլ եմ մեծահասակ, էն գիտակցումը, որ փչանում է, չի թողնում, որ մարդ լիարժեք հաճույք ստանա։ Մենք էլ նոր մահճակալ առնելուց հետո մեր հին մահճակալը տարանք շպրտեցինք, մի հատ չֆայմեցի էլ շպրտելուց առաջ մի կարգին թռվռամաշ անել... :( Էդպես էլ թռվռալու կարոտ էի մնացել... Իսկ երեկ ապրիլի յոթի առթիվ մերոնցից ի՞նչ նվեր ստացած լինեմ, որ լավ լինի. տրամպոլի՜ն :yahoo :love։ Ճիշտ է, մեր բնակարանային պայմաններն էնքան էլ չեն ներում, որ տանը վայելեմ էդ հաճույքը, բայց հենց մի քիչ էլ եղանակը տաքանա, կգնանք զբոսայգի, ու կթռվռա՜մ :yahoo :))։

http://img714.imageshack.us/img714/2718/851685471982full.jpg

Ուլուանա
21.04.2011, 23:49
Երբ փոքր էի, մեր՝ երեխաներիս փոխհարաբերություններում բավական կարևոր տեղ էր զբաղեցնում ապրանքափոխանակությունը. անընդհատ իրար հետ փոխանակում էինք ամենատարբեր իրեր՝ խաղալիքներ, զիզի–բիզի մանրուքներ, ավազաբլուրներից հավաքած սիրուն խճաքարեր և այլն։ Ամեն ինչ էնքան պարզ էր. ընկերուհիների իրերից ինչ դուրներս գար, պարզապես ասում էինք. «Էս կտա՞ս ինձ», տերն էլ իր հերթին հետաքրքրվում էր, թե դրա դիմաց ի՞նչ կտաս իրեն։ Կամ էլ հենց միանգամից առաջարկում էինք էսինչ իրը փոխել մեր էսինչի հետ։ Երբեմն երկար–բարակ սակարկումներ էին ընթանում, մինչև որ կողմերը համաձայնության էին գալիս։ Ինչքա՜ն մեզ համար հետաքրքիր զրթուզիբիլ էինք ձեռք բերում նման փոխանակումների արդյունքում։

Ճիշտ է, կարող էր մի իսկապես արժեքավոր իր փոխանակվել մի լրիվ անպիտան, անարժեք բանի հետ, բայց կարևորը՝ փոխանակողները հիմնականում գոհ էին մնում։ Դժգոհը, որպես կանոն, ծնողներն էին լինում, ավելի կոնկրետ՝ մամաները։ Մամաները խիստ դեմ էին էդ ավանդույթին ընդհանրապես։ Ու հաճախ ստիպում էին հետ վերադարձնել փոխանակած իրերը։ Դե, մենք էլ սրտի ցավով բաժանվում էինք մեր սիրելի գտածոներից։ Ես էլ, ճիշտն ասած, ահավոր միամիտ էի, ու ինձ հաճախ էին շահագործում, լավ բաները ձեռքիցս առնում, ստից բաներ տալիս։

Հիշում եմ՝ մի անգամ, երբ իմ երեք սիրունիկ տիկնիկներով գնացել էի մեր հարևան երկու քույրիկների տուն խաղալու, տուն վերադարձա տիկնիկներից մեկի փոխարեն մի էժանագին խաղալիք դուդուկ ձեռքիս։ Մամաս շատ էր բարկացել։ Ոչ էնքան տիկնիկի կորստի, որքան խորամանկ քույրիկների՝ ինձ խաբելու փորձի համար։ Ու ինձ հետ էր ուղարկել՝ հանձնարարելով չեղարկել անարդար «գործարքը»։ Մի անգամ էլ տատիկիս հարևանի աղջիկն ինձնից վերցրել էր իմ կապույտ աչքի ուլունքը՝ դրա դիմաց խոստանալով նարնջագույնը, որը շատ հազվագյուտ էր, ի տարբերություն կապույտի։ Թե ինչ հույսով էի համաձայնել՝ չգիտեմ։ Մենակ հիշում եմ, թե ոնց էր իրենց տանը տարբեր դարակներ բացուխուփ անում՝ իբր փնտրելով խոստացված ուլունքը, բայց չէր գտնում, հետո էլ ասեց, որ երբ մայրը գա, իրեն կհարցնի տեղը ու ինձ կտա։ Բնականաբար, էդպես էլ չտվեց։ Կարծեմ իմ ուլունքն էլ չվերադարձրեց։

Ինչ–որ շրջան կար, երբ էդ փոխանակելը բոլորիս մոտ մի տեսակ մոլուցքի էր վերածվել։ Կարծես անհնար լիներ ինչ–որ մեկի հետ շփվելն ու հետը ոչինչ չփոխանակելը։ Միմյանց զիզի–բիզիները տեսնելիս, անկախ մեզնից, միշտ մտածում էինք, թե ինչը ինչով կարելի է փոխանակել։

Ինչ–որ պահից սկսած (երևի շահագործման դեպքերի թիվն արդեն անցել էր թույլատրելիի սահմանը)՝ մամաս խստիվ արգելեց ինձ որևէ մեկի հետ որևէ իր փոխանակել։

Մի անգամ էլ ավազաբլուրների միջից մի շատ հետաքրքիր խճաքար էի գտել։ Հիացած ցույց էի տալիս բակի երեխաներին, որ հետո ապահով պահեմ իմ խճաքարերի հարուստ գանձարանում :roll, որն աչքի լույսի պես փայփայում էի։ Երեխաներից մեկը՝ բավական խորամանկ ու ճարպիկ մի աղջնակ, որն ինձ ծարավ ջուրը տանել– բերելու խիստ պատկառելի փորձ ուներ, այդ թվում և կոնֆետի մեջի ֆոլգայից սարքած ինչ–որ զիզի–բիզի բան ոսկու տեղ վրաս նաղդելը :aggressive, առաջարկեց քարս ինչ–որ բանի հետ փոխել։ Չհամաձայնեցի։ Էդ քարը ես ոչ մի բանի հետ փոխողը չէի։ Ինչ՝ ինչ, բայց որոշ բաներ պարզապես փոխանակման ենթակա չեն, ուզում է՝ ոսկի տան դիմացը, ուզում է՝ պալատ։ Որոշ ժամանակ անց մեկ էլ հայտնաբերեցի, որ քարս չկա :o :(։ Դե, քանի որ շշմած դեմք էի, մտածեցի՝ մի տեղ կորցրած կլինեմ։ Մեկ էլ հանկարծ փոխանակել ցանկացող աղջիկը եկավ հատուկ ինձ տեղեկացնելու, որ ինքը մի քար է գտել, որը զարմանալիորեն լրիվ իմ էն քարի տեսքն ունի, բայց, իր մամայի արև, ինքն էդ քարն անձամբ է գտել, ու իմ քարի հետ ոչ մի կապ չունի... Էնքան համոզիչ էր խոսում, որ նույնիսկ մտքովս չանցավ չհավատալ։ Մենակ մի բանից էի շատ ցնցված. ո՞նց է պատահել, որ իմ քարից էլի կա, լրիվ նույնից :o։ Ա՜յ քեզ հրաշք :esim։ Իսկ երբ հասկացա, որ «գտած» քարն իրականում ինձնից թռցրած էր, արդեն շատ ուշ էր... :(

Ուլուանա
11.05.2011, 01:09
Մարդ ինչեր ասես որ չի սովորի հանուն երեխայի։ Նախկինում երբեք մտքովս չէր անցնի, որ կարող է մի օր կարողանամ լրիվ անձայն փռշտալ :))։

Ուլուանա
12.05.2011, 20:55
Մարդկային հարաբերություններում՝ թե՛ ընկերության, թե՛ սիրո մեջ, անհամատեղելիության հիմնական ախտանիշն, իմ կարծիքով, ոչ թե խառնվածքների ու հայացքների տարբերությունն է, այլ միմյանց մեջ եղած ամբողջ բացասականն արթնացնելն ու ի հայտ բերելը։

Նույնիսկ բազմաթիվ ընդհանրությունների առկայության դեպքում մարդիկ կարող են միմյանց վրա այնքան վատ ազդել, որ շփվելիս երկուսի մեջ էլ հակակրանք առաջանա թե՛ դիմացինի, թե՛ անգամ սեփական անձի նկատմամբ։ Նման դեպքերում, նույնիսկ անկախ միմյանց հանդեպ տածած սիրո ու կապվածության առկայությունից՝ երևի լավագույն ելքը միմյանցից հնարավորինս հեռու մնալն է՝ երբեմն գոնե եղած լավ հուշերը վերջնականապես չավերելու համար։

Ուլուանա
19.05.2011, 21:02
Եթե ինչ–որ տհաճ գործ ունես անելու, որի մասին միայն մտածելուց արդեն վատանում ես ու անընդհատ հետաձգում՝ շարունակելով տառապել, ապա վերջ տուր մտածելուն ու պարզապես արա էդ գործը։ Կհամոզվես, որ գործն ինքը բնավ էնքան սարսափելի չի, որքան էն տառապանքները, որ ունենում ես դրա մասին մտածելուց։ Իսկ եթե անգամ նույնքան սարսափելի է, ապա ի՞նչ իմաստ ունի էդ զգացողությունը բազմապատկել, եթե կարելի է գլուխն ազատել ընդամենը մեկ անգամով։ Միևնույն է, պիտի անես, չէ՞ :fool։

Ուլուանա
23.05.2011, 01:08
Որ ասում եմ՝ ամերիկացիները դեբիլ են, մարդ կա՝ չի համաձայնում։ Խոսքն, իհարկե, միջին վիճակագրական ամերիկացու մասին է, ու դեբիլ բառն էլ գուցե խիստ հայկական իմաստով է տեղին։

Ինչևէ, քոլեջում մաթեմատիկայից երեք թեսթ ենք գրել, վերջում էլ պիտի մի հատ վերջնական՝ նախորդ երեքն ամփոփող թեսթ գրենք, որպեսզի էդ բոլորի հիման վրա գնահատական ստանանք։ Թեսթից առաջ նախավերջին դասն է, նախապատրաստվում ենք թեսթին՝ վերհիշում ենք անցածը։ Դասի վերջում հանկարծ ուսանողներից մեկը դասախոսին լուրջ–լուրջ հարցնում է.
– Իսկ հնարավո՞ր է, որ թեսթում նույնությամբ կրկնվեն ձեր այսօրվա գրած օրինակների մեջի թվերը։
Մինչ իմ մազերը զարմանքից բիզ–բիզ են կանգնում, դասախոսն առանց ծիծաղի կամ զարմանքի նշույլի, հանգիստ ու լուրջ պատասխանում է.
– Ոչ, հնարավոր չէ։
Մազերս դեռ չէին հասցրել «նստել», երբ մի ուրիշ ուսանող, հույսով լի հայացքն ուղղելով դասախոսին, դիմում է հետևյալ հարցով.
– Իսկ հնարավո՞ր է, որ վերջնական թեսթում նախորդ թեսթերից որևէ հարց նույնությամբ կրկնվի։
– Ոչ,– հնչում է դասախոսի համբերատար ձայնը։

Մեկ–մեկ վախենում եմ, որ մի օր կարող է՝ ես էլ իրենց նման դառնամ... Էս համակարգը կարծես ամեն ինչով նպաստում է էդպիսին դառնալուն։

Ուլուանա
24.05.2011, 20:03
Էս գիշեր երազումս տեսել եմ, որ, իբր, մտնում եմ Ակումբ, ու պարզվում է՝ Ձայնալարը փոխել է մականունը :o :D։ Էլի Ձ տառով, բայց ինչ–որ անհասկանալի, տարօրինակ բառ էր, չեմ էլ հիշում կոնկրետ։ Բայց էդ նորությունը, ճիշտն ասած, հեչ դուրս չի գալիս. մտածում եմ՝ ախր ո՞նց էդ գյոզալ մականունը փոխեց... :( Հետն էլ մտածում եմ՝ տեսնես՝ որ հետո փոշմանի, մականուն փոխելու կանոնները թույլ կտա՞ն՝ նորից հետ փոխի, Ձայնալար դնի... :think Ու դարդ եմ անում, որ կարող է հետո էլ իրավունք չունենա հետ փոխելու...
Բայց դե սաղ հեչ, կարևորը՝ երազ էր, ֆու :))։

Ուլուանա
28.05.2011, 19:38
Ինչ ինձ հիշում եմ՝ միշտ մոտակա պլաններիս մեջ եղել է «ավելի լավը դառնալու» մասին կետը։ Սա, իհարկե, էն բնույթի պլաններից է, որ առնվազն առաջին հայացքից խիստ վերացական լինելու պատճառով միշտ կարելի է հետաձգել։ Ի վերջո, ոչ ոք, բացի քեզնից, չի գալու՝ որոշակի ժամկետներում ստուգի ու գնահատի, թե դու, ասենք, միավոր ժամանակահատվածում որքանով ես ավելի լավը դարձել, ու թե որքանով է դա բավարարում նախատեսված պահանջներին։ Ճիշտ է, մայրս մեզ փոքրուց միշտ խորհուրդ էր տալիս ամեն օրվա վերջում ինքներս մեզ համար, երբեմն էլ՝ ընտանեկան հաշվետվության տեսքով (:))) գնահատել անցկացրած օրը՝ մոտավորապես «այսօր ի՞նչ օգտակար գործ եմ արել» հարցի միջոցով, որը ներառում էր ինչպես ինտելեկտուալ, այնպես էլ բազմազան կենցաղային ու ֆիզիկական գործեր, ինչն, իհարկե, շատ օգտակար նախաձեռնություն է, քանի որ մղում էր ընդհանուր կատարելագործման, այսինքն՝ ավելի լավը դառնալուն։ Բայց իմ պատկերացրած «ավելի լավը դառնալն» ավելի լայն էր ու միաժամանակ ավելի անհատական։

Անձամբ ինձ համար ավելի լավը դառնալը ներառում էր մոտավորապես հետևյալը. դառնալ ավելի ինքնավստահ, ավելի համարձակ, ավելի կազմակերպված, ավելի աշխատասեր, ավելի ժպտերես, ավելի մարդամոտ, ավելի լավատես, ավելի քիչ դժգոհող, ավելի... , ավելի... , ավելի...։

Քանի դպրոցական էի, մտածում էի՝ այ, մինչև ուսանող դառնալս կհասցնեմ ավելի լավը դառնալ, որ գոնե ուսանողական կյանքս ավելի ճիշտ ապրեմ, քան դպրոցականն եմ ապրել։ Ուսանող դառնալուց հետո լավը դառնալու ակնկալիքները համապատասխանաբար «ժառանգվեցին» կյանքիս ավելի ուշ փուլերին, օրինակ՝ այ, որ ընկեր ունենամ... Իսկ հետո՝ այ, որ ամուսնանամ... Ու, չգիտես ինչու, ամեն էդպիսի փուլում ինձ թվում էր, որ, այ, հաջորդը շատ ավելի լուրջ ու պատասխանատու փուլ է, ու որ հենց էդ փուլն ինձ համար ավելի բարենպաստ պայմաններ կապահովի ավելի լավը դառնալու համար։ Հա, ոնց էլ լինի, տարեցտարի որոշակի ձեռքբերումներ ունեցել եմ, որոնք այս կամ այն չափով կարելի է լավը դառնալու բաղադրիչներ համարել, բայց էդ բոլորով հանդերձ՝ դեռ շատ հեռու եմ էն իմ պատկերացրած լավի ընդհանուր կերպարից։

Երեխա ունենալով՝ սկսել եմ գիտակցել, որ լավը դառնալու խնդիրն ավելի քան հրատապ է, որ սա արդեն այն փուլն է, երբ հետաձգելու տեղ այլևս չկա։ Աչքիս առաջ ու ձեռքիս տակ բավական արագ տեմպերով աճում ու մեծանում է մի էակ, որի ինչպիսին լինելն ու դրանից ելնելով՝ նաև ինչպիսի կյանք ունենալը շատ առումներով կախված է նաև ինձնից՝ իմ լավը լինելու աստիճանից, որովհետև ես հենց սկզբից ու գուցե ամբողջ ընթացքում կենդանի օրինակ եմ լինելու նրա համար։ Ու ինչքան սովորություններ, բնավորության գծեր ունեմ, որոնցից կուզենայի ազատվել, ինչքան հատկանիշներ կան, որ կուզենայի զարգացնել իմ մեջ, որպեսզի երեխաս ավելի լավ մայր ունենա։ Ինչքան բաներ կան, որոնք տարեցտարի անտեսելով ու ականջի հետև գցելով՝ կարող ես ապրել, բայց երբ պատկերացնում ես, որ երեխադ քեզ տեսնելու է հենց էդպիսին, զգում ես, որ էդ հեռանկարը, մեղմ ասած, էնքան էլ գրավիչ չի, ու էդ ժամանակ ավելի հստակ ես զգում, թե քեզ ինչքան դուր չի գալիս քո էսինչ գիծը կամ էսինչ սովորությունը։ Օրինակ, ինչպե՞ս կարող ես երեխայիդ սովորեցնել ամեն ինչ ժամանակին անել, եթե ինքդ նրա աչքի առաջ ժամանակին չես անում էսինչ գործդ։ Կամ՝ ինչպե՞ս կարող ես երեխայիդ սովորեցնել քաջ լինել, չվախենալ էսինչից կամ էնինչից, եթե ինքդ վախենում ես լիքը բաներից։ Երեխայիդ լիարժեք ու երջանիկ մարդ դարձնելու համար պիտի նախ ինքդ էդպիսին լինես, որովհետև քո ամեն մի շարժումն իր ազդեցությունն է ունենալու նրա անձի ձևավորման վրա։ Ու հասկանում ես, որ պիտի ավելի լավը դառնաս հենց հիմա, հենց էս պահից սկսած՝ ոչ մի վայրկյան չկորցնելով։ Մեկ–մեկ նույնիսկ թվում է, որ երեխային լիարժեք, ճիշտ դաստիարակելը գործնականում անհնար բան է։ Բայց էստեղ էլ օգնության է գալիս էն հին համոզմունքը, որ ճիշտը, հանճարեղը, իմաստունը միշտ ամենապարզի մեջ է։ Պետք է ուղղակի բռնել էդ հանճարեղ պարզության պոչից ու բաց չթողնել, ու լավը դառնալ ամեն րոպե՝ սկսելով ամենապարզից։

Ուլուանա
12.06.2011, 22:54
Համ էլ ես ու իմ տղուկի առաջին ատամիկը նույն օրն ենք ծնվել, բա՞ :erexa :D։

Ուլուանա
22.07.2011, 11:27
Մեկուկես ամիս է՝ էստեղ ոչինչ չեմ գրել... Գրելու էնքան բան է կուտակվել, որ ոչ մի բան գրելս չի գալիս...

Երկարատև դադարից հետո Ակումբի օրագրերն էի կարդում, ու էս պահին համարյա բոլորն էնքան գունեղ ու կենդանի են թվում... Երբ մեջն ես, ամեն օր մտնում, կարդում ես, լրիվ ուրիշ կերպ ես ընկալում շատ բաներ՝ սովոր, ներսի աչքով, իսկ էսպես մի տեսակ դրսից, հեռվից, այսպես ասած՝ ուրիշի աչքով ես տեսնում։ Նախկինում, երբ երկար ժամանակ կարդացած չէի լինում, կարդալիս հաճախ ճիշտ հակառակ էֆեկտն էր լինում. ընդհանուր առմամբ միօրինակ, անգույն, ծեծված ու կրկնվող էին թվում մտքերը... Մտածում եմ՝ ուրեմն երևի հիմա իսկապես ուրիշ են, գոնե էս ընթացքում, չգիտեմ։ Ամեն դեպքում «դրսից» հայացքը պիտի որ ավելի օբյեկտիվ լինի։ Բայց շուտով նորից կներծծվեմ Ակումբով, կձուլվեմ մթնոլորտին, ու ամեն ինչ նորից կխամրի... Մեկ–մեկ պետք է դուրս գալ ինչ–որ տեղերից՝ իրական կամ թեկուզ իրական թվացող գույները տեսնելու համար։ Ցանկացած բան երկար տեսնելուց, կարդալուց, լսելուց, զգալուց մի տեսակ բթանում ես դրա նկատմամբ։

Ուլուանա
22.07.2011, 12:15
Քանի մտքերը գալիս են, գրեմ, թե չէ հետո էլ չեմ գրի երևի...

Էս Հայաստանում ամեն ինչ ավելի գունավոր է, ավելի թունդ, ավելի կենդանի ու ավելի իսկական։ Միգուցե մենակ ես եմ էսպես ընկալում, չգիտեմ, ու միգուցե ուրիշների համար ճիշտ հակառակն է, բայց ինձ համար էդպես է։ Մարդիկ ավելի կենդանի են, ավելի էմոցիոնալ, ավելի իսկական՝ թե՛ լավ, թե՛ վատ իմաստով։ Ուտելիքն ավելի համով է, ավելի բուրավետ, ավելի իսկական՝ էս մեկը միայն լավ իմաստով :P։ Նույնիսկ քաղաքն է ավելի իսկական ու շնչող։ Ոչինչ, որ շնչածը հիմնականում փոշի է. էստեղի փոշին էլ է ավելի իսկական :D։

Նյու Յորքում, որը հայտնի է որպես ամենաակտիվ քաղաքներից մեկը, եթե ոչ ամենաակտիվը, ակտիվությունը լրիվ այլ բնույթի է՝ ռոբոտային։ Էնտեղ բոլորը զբաղված գնում–գալիս են՝ արագ–արագ, գործնական, բայց ամեն մեկն իր համար, մնացած ամեն ինչին անհաղորդ, անկենդան, անէմոցիա։ Իսկ էստեղ փողոցով քայլելիս մի տեսակ կյանք կա. գուցե էդ կյանքը ոչ միշտ ու ոչ բոլորի համար է լավը, բայց կյանք է՝ էդ բառի իմ պատկերացրած իմաստով։

Երբ Հայաստանում էի, թեև հեռանալու ցանկություն ու մտադրություն երբևէ չեմ ունեցել, բայց միշտ սրտիս ինչ–որ անկյունում ծվարած միտք է եղել, որ Հայաստանն իմ երկիրը չի, որ որևէ այլ երկրում ես ավելի շատ ինձ իմ տեղում կզգամ։ Չգիտեմ՝ ուրիշ երկրներում ոնց կլիներ, ուրիշ տեղեր չեմ եղել, բայց ԱՄՆ–ում ապրելով՝ զգում եմ, որ ԱՄՆ–ն հաստատ իմ երկիրը չի, ու չնայած այն մի երկիր է, որտեղ բոլորն էլ սկզբում հյուր են լինում, հետո տանտեր դառնում, ես էնտեղ դժվար թե երբևէ ինձ տանտեր զգամ։ Նույնիսկ փողոցում քայլելիս ինձ հյուր եմ զգում։ Իսկ էստեղ՝ ճիշտ հակառակը։

Տեսնես՝ էս անգամվա լիցքավորու՞մս ինչքան կհերիքի, որ էնտեղ կարոտից չցնդեմ...

Ուլուանա
27.07.2011, 15:54
Տխուր գրառումներ անելու հետ կապված լուրջ բարդույթ եմ ձեռք բերել...
Հա, էստեղ պիտի լիներ մի հատ տխուր, ներվայնացած, դեպրեսված գրառում։ Բովանդակությունը ցանկության դեպքում թող ամեն մեկն իր համար հորինի...
:(

Հ. Գ. Աչքիս՝ թղթե օրագիր պահելու վաղեմի սովորույթս վերականգնելու ժամանակն է. էն որ ամեն օրվա հետաքրքիր ու հատկապես անհետաքրքիր իրադարձությունների մասին մեջը նվնվում ես։

Ուլուանա
05.08.2011, 11:29
Պարզվում է՝ Դիլիջանի «Դղյակ» հանգստյան տանը «ժարիտ արած կարտոֆիլ» ասելով՝ հասկանում են ֆրի, իսկ, այ, «տապակած կարտոֆիլ» ասելով՝ պյուրե... Երբ տապակած կարտոֆիլի քանակի հետ կապված երկարատև թյուրիմացություններից հետո ի վերջո պատվիրածս տապակած կարտոֆիլի փոխարեն պյուրե բերեցին, իմ բողոքին ի պատասխան ասացին, որ ես տապակած եմ ուզել, ոչ թե ժարիտ արած, ու եթե ժարիտ արած էի ուզում, պիտի հենց էդպես էլ ասեի։ Դեռ մի բան էլ ինձ մեղադրեցին սխալ պատվեր տալու մեջ, իբր ես էլ չգիտեմ, թե ինչ եմ ուզում, ու իզուր տեղն իրենց եմ մեղադրում։ Ահագին նյարդայնացել էի, իրենք էլ, ըստ երևույթին, ինձնից ոչ պակաս, քանի որ նույնքան համոզված էին իրենց իրավացիության մեջ, որքան որ ես՝ իմ։ Ցավոք, պուրեիս՝ տապակած կարտոֆիլի վերածվելու հույսն արդեն չքացել էր, բայց, համենայնդեպս, որոշեցի էդ մարդկանց բացատրել ու մեկընդմիշտ հասկացնել, որ պյուրեն պյուրե է, իսկ տապակած կարտոֆիլը նույն «ժարիտ արածն» է, ուղղակի հայերեն, ու որ գոնե հետագայի համար հաշվի առնեն ու մարդկանց թյուրիմացության մեջ չգցեն իրենց տգիտությամբ։ Հաշվի առնելով, որ իրականում էդ աշխատողներն ամեն կերպ ջանում էի մեզ գոհացնել, ու սխալը ոչ թե անփութության, այլ չիմացության հետևանք էր, որոշեցի տգիտության մասին դատողություններս մեջս պահել ու բավական համբերատար ու խաղաղարար տոնով խոսակցություն բացեցի։ Բացատրական աշխատանքի ընթացքում պարզվեց, որ «տապակած» բառն էս մարդկանց համար նույնանում է «տափակած» բառի հետ, այսինքն՝ պյուրեն իրենց ընկալմամբ նշանակում է տափակած կարտոֆիլ։ :blin :D Հենց էդպես էլ բացատրեցին։
Պարզապես էդ դեպքում էլ հարց է առաջանում. եթե դրանք նույն բանն են, ինչու՞ եք ճաշացանկում կարտոֆիլի դիմաց երեք տարբերակ գրել՝ ֆրի, տապակած, պյուրե :fool։

Ուլուանա
26.08.2011, 18:07
Մեզ մոտ կիրակի օրը սարսափելի ավերիչ փոթորիկ է սպասվում... Ներքևներից մոտենում է, ու կիրակի հասնելու է Նյու Յորք։ Զգուշացրել են, որ ուտելիքի պաշարներ հավաքենք, որովհետև կարող է մի երկու օր տնից դուրս գալու հնարավորություն չլինի։ Տանն էլ խորհուրդ է տրվում պատուհանների վրա ներսից տախտակներ մեխել ապահովության համար, բայց դե էս նեղ մաջալին որտեղի՞ց գտնենք էդպիսի տախտակներ։ Էդ դեռ լավագույն դեպքում։ Իսկ վատագույն դեպքում էվակուացիա է նախատեսվում։ Պետք է մի ճամպրուկ առաջին անհրաժեշտության իրեր հավաքած ունենալ, որպեսզի էվակուացիայի դեպքում առնենք ու թռնենք։

Ակամա մանկությանս երազանքն (http://www.akumb.am/showthread.php/54361-%D4%B1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4?p=1675353&viewfull=1#post1675353) եմ հիշում. էն որ շատ էի ուզում էսպիսի մի բնական աղետ կամ բան լիներ, անօթևան մնայինք, որ, իբր, գնայինք «ճանապարհորդելու»։ Հիմա մտածում եմ՝ չլինի՞ թե մանկությանս տխմար երազանքն է ուշացումով ի կատար ածվում։ :( Չկշռադատված երազանքները լրիվ անպատեհ ժամանակ իրականանալու հիմար սովորություն ունեն... Ճիշտ են ասում, էլի, որ զգույշ ա պետք երազել...
Վախենում եմ... :(

Ուլուանա
10.09.2011, 17:08
Քիմիայի դասախոսը.
– Որ հարց եմ տալիս, առանց վախենալու պատասխանեք. ես շատ վատ հիշողություն ունեմ, ու եթե սխալ պատասխաններ տաք, միևնույն է, հաջորդ պահին բացարձակապես չեմ հիշելու, թե ով ինչ էր ասել։

Պետք է խոստովանել, որ տվյալ առարկայի համար բավական լուրջ մխիթարանք է... :}

Ուլուանա
20.09.2011, 20:25
Ինչպես գիտեք, մարդիկ լինում են ֆոտոգենիկ, տելեգենիկ, վերջին տարիներին բացահայտեցի, որ՝ նաև ծաղրանկարագենիկ։ Բայց պարզվում է՝ լինում են նաև երազագենիկ մարդիկ, այսինքն՝ մարդիկ, որոնք երազներում, որպես կանոն, շատ ավելի լավն են լինում, քան իրականում։ Դե, համենայնդեպս, իմ երազներում։ Ես մի քանի էդպիսի ծանոթ ունեմ։ Բայց մարդիկ կան, որոնք ոչ միայն ինձ մոտ են երազագենիկ։ Ուրեմն երևի դրա մեջ, այնուամենայնիվ, ինչ–որ բան կա... Հատկապես մեկը կա, որ երազներում մի այլ կարգի լավ է «դուրս գալիս»։ Քիչ է մնում մարդ հարցնի. քեզ երբևէ երազներում նկարահանվելու առաջարկ չե՞ն արել։ Չէ՞... Իզուր։ Արժե, հաստատ։

Ուլուանա
25.09.2011, 18:49
Ամեն անգամ Ակումբում որևէ մեկի ծնունդի շնորհավորանքը գրելիս մտածում եմ. «Կարո՞ղ է՝ անցած տարի էլ էի նույն բանը գրել... :unsure»։ Մեկ–մեկ՝ շատ կասկածելու ու հավես ունենալու դեպքում նույնիսկ մտնում, ստուգում եմ նախորդ տարվա թեման, որ համոզվեմ՝ մաղթանքս ու կարծիքս չեմ կրկնում :oy։ Բայց մեծ մասամբ ալարում եմ։ Ոչինչ, նույնիսկ եթե կրկնում եմ արդեն ասածս, թող էդ մարդն իմանա, որ վերաբերմունքս իր նկատմամբ չի փոխվել, դե հիմա, ոչինչ, որ շատերը կմտածեն, թե էս մարդը երևակայություն չունի մի նոր միտք երկնելու :))։ Բայց ամեն դեպքում հետաքրքիր է, կրկնության դեպքեր շա՞տ են եղել... :}

Հ. Գ. Վերջին ամիսներին զբաղվածության պատճառով սկսել եմ ուշ–ուշ մտնել Ակումբ, ինչի հետևանքով շատերի ծնունդները չեմ հասցնում շնորհավորել... Սկզբում մտնելիս հերթով մտնում էի շնորհավորանքների թեմաներն ու, թեև ամաչելով, բայց բոլորին ուշացած շնորհավորում։ Բայց հետո, երբ սկսեցի ավելի ուշ–ուշ մտնել, ընթացքում էնքան ծնունդներ կուտակվեցին, որ արդեն նույնիսկ ամաչելով շնորհավորելուց էլ եմ ամաչում։ Ու էդպես լիքը մարդկանց ծնունդներ չեմ շնորհավորել, ինչի համար ներողություն եմ խնդրում բոլոր հոբելյարներից։ Ուղղակի ուզում եմ՝ իմանաք, որ չշնորհավորելուս պատճառը բնավ արհամարհանքը կամ անտարբերությունը չի, այլ զուտ նշածս հանգամանքը :oy։

Ուլուանա
26.09.2011, 19:28
Էս ինտերնետում մի բան ես որոնում, կրակն ես ընկնում. որոնածդ սկսում է ուրվականի պես հետապնդել քեզ։ Մեկ էլ այցելածդ կայքերում տարբեր տեղերից ծիկրակում են ինչ–որ գովազդներ էն ոլորտներից, որոնց հետ կապված որոնումներ ես արել։ Սկզբում կարծում ես՝ պատահականություն է, հետո զգում, որ չէ, բոլորովին։ Էն որ կինոների մեջ մարդիկ մեկ էլ զգում են, որ էսինչ մարդն ինչ–որ շատ է երևում աչքներին. ուր գնում են, միշտ էնտեղ է, ու հանկարծ հասկանում են, որ իրենց հետևում են։ Լրիվ ոնց որ էդ վիճակը լինի, ուղղակի էստեղ հետևողը մեկը չի, շատ են։ Ընդ որում՝ հետապնդումը դրանով չի ավարտվում. մեկ էլ տեսար՝ փոստով գովազդային ամսագրեր եմ ստանում համապատասխան թեմաներով։
Մի տեսակ վախենալու է...

Ուլուանա
27.09.2011, 17:42
Ինչի՞ց է, որ երբ քո մասին մոռանում են, որպես կանոն, բոլորը միասին են դա անում։ Նախանձելի կազմակերպվածությամբ կարծես պայմանավորված լինեն, որ տվյալ ժամանակահատվածում քեզ պիտի անուշադրության մատնեն։ Բոլորը մի մարդու պես։
Մըրֆիի օրենքն անխափան գործում է։

Ուլուանա
10.10.2011, 03:39
Վերջերս մինիմալիզմը սկսել է հետաքրքրել ու գրավել ինձ։ Հիմա որ մտածում եմ, երևի միշտ էլ գրավել է՝ թե՛ արվեստում ու դիզայնում, թե՛ կենցաղում ու որպես ապրելակերպ։ Բայց հատկապես վերջինի առումով, ցավոք, միշտ շատ հեռու եմ եղել դրանից. կողքից միշտ դուր է եկել, բայց որպես ապրելակերպ որդեգրել երբեք չեմ կարողացել։ Տունս կամ անկյունս միշտ եղել է իրերով ու զանազան աքսեսուարներով հագեցած, միշտ սովորություն եմ ունեցել ու հատկապես հիմա ունեմ զանազան ոչ անհրաժեշտ, բայց հավես մանր–մունր իրեր, սիրուն–միրուն բաներ գնելու, որոնք էդ պահին կամ թեկուզ հետո էլ ինչ–որ առումով հոգեկան բավարարվածություն պարգևելով՝ միաժամանակ տխուր կերպով խտացրել են միջավայրի՝ առանց այդ էլ հագեցած տեսքը, էլ չեմ խոսում տեղի խնդրի մասին, երբ մի օր հասկանում ես, որ իրերը դնելու տեղ ուղղակի չունես, ցավոք, դրանցից ազատվելու ցանկություն՝ նույնպես։ Իրեր դեն նետելն ինձ համար միշտ խնդիր է եղել. բա որ դեն գցեմ, ու հանկարծ պետք գա։ Նման անպիտան իրերն էլ, Մըրֆիի օրենքի համաձայն, դեն գցելուց հետո պետք են գալիս՝ ստիպելով ինքդ քեզ մեղադրել անհեռատեսության մեջ, իսկ չգցելու դեպքում երբեք պետք չեն գալիս ու թափոնի պես անիմաստ ծանրանում են բնակարանումդ ու շնչիդ։ Իհարկե, մեկ–մեկ արդեն էնքան ես զզվում, որ ասում ես՝ տո ջհանդամ, թե պետք չի գա. էս պահին խանգարում ա, ուրեմն վերջ. ռադ եմ անում՝ գնա, էլ ներվ չկա։ Բայց դրանք, ցավոք, ավելի շուտ բացառություն կազմող դեպքեր են, քան օրինաչափություն։

Միշտ հավեսս գալիս է թեթև, պարզ ձևավորված, քիչ իրերով, բայց հարմարավետ բնակարաններ տեսնելիս, ու մտածում եմ՝ տեսնես՝ ես երբևէ կկարողանա՞մ էսպիսի միջավայր ստեղծել իմ տանը։ Ու նախանձում եմ էն մարդկանց, ովքեր առանց ափսոսալու, «թեթև ձեռքով» դեն են նետում բոլոր անպիտան իրերն ու հանգիստ շնչում։

Արվեստում ու դիզայնում էլ սկսել եմ ավելի շատ պարզության, ավելի անպաճույճ ու ավելի «հանգիստ» տեսարանների պահանջ զգալ։ Թեև էդ առումով, ճիշտն ասած, առանձնապես բարդ ու զարդարուն ոճերի սիրահար երբեք էլ չեմ եղել, բայց հիմա մի տեսակ ավելի շատ եմ դրա պահանջն զգում։ Դրա համար էլ սկսել եմ ուսումնասիրել մինիմալիզմը ինձ հայտնի բոլոր ոլորտներում։

Որոշել եմ փորձել մինիմալիստ դառնալ։ Տեսնես՝ կստացվի՞...

Միգուցե դրա համար պետք է նախ և առաջ ավելորդ, հնացած ու անպիտան մտքերից ազատվել...

Ուլուանա
22.10.2011, 18:38
Էս ԱՄՆ–ում էնքան հաճախ են պատահում, այսպես ասած, անհայտ սեռի ներկայացուցիչներ. էն որ նայում, նայում ես, ու էդպես էլ ոչ մի կերպ տեղը չես բերում՝ էս մարդն արական սեռի է, թե իգական։ Խոսքը բնավ տրանսվեստիտների մասին չէ, ինձ թվում է՝ ոչ էլ տրանսսեքսուալների, թեև վերջիններիս հաշվով լրիվ վստահ չեմ։ Իմ ասած տիպի մարդիկ սովորաբար խիստ չեզոք տեսք են ունենում՝ բավական թույլ արտահայտված թե՛ կանացի, թե՛ տղամարդկային գծերով։ Հաճախ ո՛չ հագուստից կարելի է հասկանալ, ո՛չ դիմագծերից, ո՛չ սանրվածքից, երբեմն՝ ո՛չ էլ զարդեղենի առկայությունից կամ բացակայությունից։ Էն օրն, օրինակ, քիմիայի դասին էդպիսի մի ուսանողի տեսա։ Ես իրեն առաջին անգամ էի տեսնում, չգիտեմ՝ ինքն էր առաջին անգամ գալիս, թե ուղղակի ես նախկինում չէի նկատել։ Էդ դասը պրեզենտացիայի դաս էր. յուրաքանչյուրս ինչ–որ թեմա պիտի պատրաստեինք, որ ներկայացնեինք։

Սկզբում, երբ մի քանի շարք հեռավորությունից տեսա վերոնշյալ անձնավորությանը, առաջին հայացքից չհասկացա՝ ինչ սեռի է, հեռավորությունն ու նստարանի դիրքն էլ չէին նպաստում կարգին զննելուն, մտածեցի՝ լավ, որ գնա գրատախտակի մոտ՝ ելույթ ունենալու, համ ավելի լավ կտեսնեմ, համ էլ, վերջիվերջո, ձայնը կլսեմ, երևի գոնե դրանից պարզ կլինի, թե սույն անձնավորությունն, ի վերջո, ո՛ր սեռն է զարդարում, ինչպես ասում են։ Հերթը հասավ նրան։ Անհայտ սեռի ներկայացուցիչը բավական խանդավառ դեմք էր. հավեսով ու եռանդով անցավ գործի՝ սկսեց ոգևորված խոսել։ Չէ, ձայնից էլ չի հասկացվում... Էնպիսի ձայն ունի, որ համ տղա կարող է լինել, համ աղջիկ։ Որպես տղա՝ իհարկե, բավական ղզիկային, իսկ որպես աղջիկ՝ մի քիչ կոպտավուն։ Ձայնը, փաստորեն, ոչնչով չօգնեց. դրեցինք մի կողմ։ Արտաքինը. չաղլիկ, կրծքերն էնպիսին են, որ կնոջ համար փոքր են, տղամարդու համար՝ մեծ։ Մի խոսքով՝ կարող է լինել և շատ փոքր կրծքերով աղջիկ, և՛ չաղությունից մեծացած կրծքերով տղա։ Հագուստը. ոչնչով աչքի չընկնող առօրեական սվիտեր ու տաբատ, էնպիսին, որ երկու սեռերն էլ կարող էին կրել։ Մազերը ՝ շատ կարճ՝ ներքևի մասը համարյա խուզած, դեմքին ո՛չ դիմահարդարանքի կամ խնամվածության նշույլ կա, ո՛չ մազածածկույթի։ Շարժուձևը հաստատ կանացի չես անվանի։ Մի խոսքով՝ էդպես էլ սեռը հուշող որևէ նշան չգտնելով՝ ձեռք քաշեցի գուշակելու գործից։

Ուղղակի մտածում եմ՝ մարդ ես, մեկ էլ մի օր հանգամանքների բերումով պետք լինի էդպիսի մեկի հետ առնչվել, հանկարծ անհարմար իրավիճակ չառաջանա։ Ասենք, չիմանաս՝ ոնց դիմես, կամ ինչ–որ բան ուզենաս ասել կամ հարցնել, բայց սեռը չիմանալու պատճառով չիմանաս՝ ինչ ասես, ոնց ասես կամ՝ ընդհանրապես ասես, թե չասես...

Ուլուանա
31.10.2011, 19:59
Երազումս, իբր, Ֆոտոնն ինչ–որ նկարչի իմ դիմանկարն էր պատվիրել, չգիտեմ էլ ինչու։ Դիմանկարն էլ ինչ–որ իրարանցում էր առաջացրել շրջապատում։ Տպած, բազմացրած՝ մարդիկ ձեռքից–ձեռք էին փոխանցում, ծիծաղում, քչփչում։ Միայն մի երկու՝ ինձ անծանոթ մարդկանցից լսեցի, որ դիմանկարն իրենց շատ է դուր եկել։ Ես էլ դեռ չէի տեսել նկարը, բայց ընդհանուր ռեակցիան տեսնելով՝ արդեն բավական ճնշվել, կոմպլեքսավորվել էի։ Ու ահագին ժամանակ չէի հաջողացնում ձեռք գցել չարաբաստիկ նկարը, որ վերջապես տեսնեմ՝ էդ ինչն է էդպիսի սկանդալային իրավիճակ առաջացրել։ Ի վերջո, դիմանկարն ինձ ցույց տվեց հենց պատվիրողը։ Պարզվեց՝ դիմանկարն այլաբանական է. նկարում ծով էր պատկերված՝ իմ դիմագծերով, ընդ որում դեմքս տարբեր անկյուններից ու տարբեր չափերի կարծեմ երեք հատ կար՝ ծովի ալիքներին միախառնված, բայց միաժամանակ խիստ հատկանշական դիմագծերով ու արտահայտիչ շտրիխներով։ Բավական տպավորիչ էր։ Ուղղակի մի բան չէի հասկանում. ինչու՞ հենց ծով։ Չեմ մտաբերում, որ երբևէ ինձ ծովի հետ ասոցիացրած լինեմ։ Ամեն դեպքում կմտածեմ էդ ուղղությամբ...

Ուլուանա
07.11.2011, 01:23
Եթե գիշերը գլխումդ ծագած միտքն առավոտյան հիմարություն է թվում, ուրեմն այդպես էլ կա։

Ուլուանա
08.11.2011, 20:43
Ակումբի թեմաներից մեկում կոնկրետ գրառում էի փնտրում ու նկատեցի, թե նախկինում ինչքան շատ էի սմայլիկներ օգտագործում։ Հիմա որ նայում եմ, էնքան անկապ ու ավելորդ են թվում էդքան սմայլիկները։ Էնպիսի տպավորություն է, որ գրածիս մեջ առկա յուրաքանչյուր հույզ փորձել եմ նաև սմայլիկի տեսքով ամրագրել։ Ու էս պահին նայելիս մի տեսակ արհեստականություն եմ զգում։
Ժամանակի հետ կարգին սմայլիկաթափ ենք լինում, փաստորեն...

Ուլուանա
26.11.2011, 20:12
Մի անգամ գրել էի, որ հանուն տղայիս սովորել եմ լրիվ անձայն փռշտալ։ Իսկ երբ տղաս արդեն սկսել էր ազատ չոչ անել, վրա հասավ ճկունանալու ժամանակը։ Ճիշտ է, պետք է խոստովանեմ, որ ես միշտ էլ շատ ճկուն եմ եղել, բայց հիմա ես ու ամուսինս ուզած–չուզած ավելի ենք ճկունանում։

Որպեսզի մեր սնդիկ բալիկը կարողանա ազատ շրջել սենյակով, պետք էր հյուրասենյակը հնարավորինս անվտանգ ու երեխայի համար հարմար դարձնել, որպեսզի ո՛չ ինքը վնասվի, ո՛չ էլ շրջակայքին վնասի։ Բայց քանի որ ամբողջ տունը չէինք կարող իրեն հարմարեցնել, որոշեցինք միայն հյուրասենյակով սահմանափակվել, իսկ դրա համար պետք էր հյուրասենյակն առանձնացնել տան մնացած մասից։ Բացի դրանից, որոշեցինք, որ հյուրասենյակը առավել մաքուր պահելու համար էնտեղ մտնելիս հողաթափերը պիտի հանենք։ Մեր հյուրասենյակն էլ թարսի պես գտնվում է երկու միջանցքների միջև, որոնցից ոչ մեկի կողմից էլ դուռ չունի. ոչ թե դռները չկան, այլ պարզապես պրոյեկտն է էդպիսին. դռներ նախատեսված չեն, ընդ որում՝ մի կողմից ահագին լայն՝ մի երեք դռան լայնության մուտքով։ Ստիպված ցանկապատեր գնեցինք դռների բացը լրացնելու համար։ Ու հենց դրանք էլ դարձան մեր ճկունացման աղբյուրը։

Բանն այն է, որ ցանկապատերից մեկը դուռ ունի, իսկ մյուսը՝ ոչ, այսինքն՝ անդուռ ցանկապատից այն կողմ հայտնվելու միակ ձևը դրա վրայով անցնելն է։ Էլ չեմ ասում, որ նույնիսկ դուռ ունեցողի դեպքում ենք հաճախ դիմում էդ քայլին, քանի որ դուռն արագ բացելու ձև չկա, ու հաճախ ուղղակի ալարում ենք էդ նեղությունը քաշել։

Մեկ այլ խնդիր է ցանկապատն անցնելիս բարեհաջող ու անվրեպ կերպով հողաթափերի մեջ հանգրվանելը, ինչը հատկապես դժվար է երեխային գրկած վիճակում անդուռ ցանկապատն անցնելիս ու է՛լ ավելի դժվար՝ երբ գրկիդ երեխան քնած է։
Ու էդպես սենյակից սենյակ յուրաքանչյուր անցումը դարձել է ֆիզիկական վարժություն։

Հենց էսպես էլ ապրում ենք մեր ցանկապատապատ բնակարանում։ :)))

Հ. Գ. Տղաս էլ արդեն մի երկու շաբաթ է՝ քայլում է, ու ինքն էլ է սկսել ցանկապատի վրայով մագլցելու փորձեր անել...

Ուլուանա
30.11.2011, 00:47
Մի ժամանակ էնքան հեշտ էր ընտանիքիս անդամների համար նվերներ առնելը։ Առաջին անհրաժեշտության էնքան պակաս–պռատ բաներ ունեինք բոլորս, որ համարյա ինչ էլ առնեինք, պետք կգար, ու նվեր ստացողը հաստատ գոհ կլիներ։ Ինչքա՜ն հեշտ էինք ուրախացնում ու ուրախանում ամեն պուճուր նվերից։ Դե հա, բոլորս էլ գիտենք, որ կարևորն ուշադրությունն է, բլա–բլա–բլա, բայց կոնկրետ տոներին, երբ բոլորիս համար էլ պարզ է, որ նվերներ ամեն դեպքում լինելու են, ահագին դժվար է էնպիսի բան առնելը, որ համ պիտանի լինի (պիտանի ասելով՝ նկատի չունեմ, որ պարտադիր գործնական կիրառություն ունենա), համ դրանից արդեն չունենա, համ հետաքրքիր լինի, համ էլ դուր գա ստացողին։ Ու գնալով ավելի դժվար է դառնում։ Հատկապես տղամարդկանց հարցում։ Մի խոսքով՝ կարգին հնարամիտ է պետք լինել...

Ուլուանա
04.12.2011, 04:07
Էս ակումբցիները հերթով Ակումբին դավաճանում են Ֆեյսբուկի հետ։ Բոլոր կորած ակումբցիներին կարելի է հեշտությամբ գտնել Ֆեյսբուկի գրկում տժժալիս :}։

Ուլուանա
05.12.2011, 02:11
Ի՞նչ է պետք մարդուն երջանկանալու համար, հատկապես երբ ընդհանուր առմամբ կարծես ամեն ինչ լավ է։ Պետք է, որ մի վատ բան լինի, իսկ հետո անցնի։ Կամ գոնե մի վատ բանի հեռանկարը կախվի գլխիդ, բայց հետո պարզվի, որ տագնապը կեղծ էր։

Մամաս միշտ ասում է. «Դուք որ հիվանդանում եք, ոնց որ արևս խավարի»։ Հիմա էլ ես եմ զգում նույնը, երբ տղաս հիվանդանում է։ Ու մնացած բոլոր խնդիրները հանկարծ էնքան մանր ու ճղճիմ են դառնում։
Էսօր խավարս ցրվեց վերջապես։
Մեկ–մեկ մտածում եմ՝ միգուցե պետք է միշտ լույսը նկատել, որպեսզի այն մեզ նկատել տալու համար հատուկ խավար չուղարկվի։

Ուլուանա
12.12.2011, 08:14
Ամենալավ զգացումներից մեկն այն է, երբ մեծագույն հաճույք ես ստանում մի բանից, որը միաժամանակ նաև պարտավոր ես անել, ընդ որում՝ որոշակի ժամանակահատվածում, այսինքն՝ հետաձգելու տեղ չունես, ու, ինչքան էլ «մեղսալի» հնչի, էդ հանգամանքը քեզ ահավոր դուր է գալիս։ Եթե, իհարկե, նախքան խղճի խայթ զգալը հասցնում ես գիտակցել, որ դու դա պարտավոր ես անել... Երբ լիքը անելիքներ կան, ու քիչ է մնում մեղավորության զգացումը կուլ տա քեզ, քանի որ դու իրավունք չունես էդքան գործերը թողած՝ հաճույքներով զբաղվելու, մեկ էլ հանկարծ օգնության է գալիս այն փրկարար գիտակցումը, որ դու հիմա էլ ես գործ անում, ուղղակի շատ հաճելի։ Էս կյանքն էնքան լիքն է սեղմ ժամկետների մեջ զզվելիորեն խցկված տհաճ պարտականություններով, որ մարդ արդեն մոռանում է, որ երբեմն հաճելիներն էլ են պատահում։

Ու ես դեռ ոչ մի կերպ չեմ կարողանում մտապահել, որ երբ երկչափ դիզայնիս հերթական պրոյեկտի վրա եմ աշխատում, կարող եմ հանգիստ ինձ թույլ տալ խղճի խայթ չզգալ։

Ուլուանա
14.12.2011, 21:14
Հաճելի սպասումները խնամքով է պետք «շահագործել». չարժե թույլ տալ, որ դրանք հասցնեն մաշվել նախքան իրականություն դառնալը։

Ուլուանա
01.03.2012, 22:11
Վաղուց չեմ երևացել էս կողմերում։ Կյանքումս դեռ երբեք էսքան զբաղված չեմ եղել, ինչը մի կողմից բավարարվածության զգացում է տալիս, մյուս կողմից՝ անընդհատ չհասցնելու տագնապ, սթրեսային վիճակներ (չնայած թող սթրեսների պատճառը միշտ միայն չհասցնելու վախը լինի, էլի դժգոհ չեմ լինի)։

Ինտերնետի հետ սերտ կապեր հաստատելուց ի վեր (այսինքն՝ մոտ յոթ տարի) դեռ չէր պատահել էնպես, որ իմեյլս ստուգելուց ու որոշ զուտ մասնագիտական որոնումներ անելուց բացի, օրերով, երբեմն՝ նույնիսկ շաբաթներով ուրիշ ոչ մի տեղ չմտնեի՝ բառացիորեն ժամանակ չգտնելու պատճառով։

Իսկ էս ընթացքում էնքան գրելիք է եղել, որ կամ ժամակավրեպ է դարձել, կամ ես եմ հավեսաթափ եղել գրելու համար։ Հիմնականում Լոնդոնի ճամփորդության վերաբերյալ տպավորություններիս համար եմ ափսոսում, որ վերադառնալուց ի վեր անընդհատ ուզում էի գրի առնել, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում։ Գուցե դեռ գրեմ, երբ ազատ ժամանակս ու հավեսս բարեհաճեն հանդիպել։

Վերջերս հանկարծ սկսեցի վախենալ, որ կարող է գրելը մոռանամ, համենայնդեպս, հայերեն գրելը։
Չգիտեմ ինչու, սկսեց թվալ, որ եթե շարունակեմ ոչ մի տեղ գրառումներ չանել, շուտով կհայտնաբերեմ, որ գրավոր խոսքս հետ է զարգացել, իսկ դա ամենասարսափելի բաներից մեկն է, որ կարող է ինձ հետ պատահել... Չգիտեմ՝ վերոնշյալ վախս ինչքանով է հիմնավոր, բայց երևի սկսեմ գոնե մեկ–մեկ ժամանակի պատառիկներ որսալ ու որոշ բաներ, թեկուզ ոչ էական ու ոչ այնքան հետաքրքիր, գրի առնել։ Ի վերջո, վաղուց ժամանակն է, որ սովորեմ նաև «ձեռքի հետ» գրել, ինչպես հաջողությամբ անում են շատերը։ Ու ընդհանրապես ամեն ինչ էլ պետք է սովորել անհրաժեշտության դեպքում «ձեռքի հետ» անել։ Իսկ ես, ցավոք, լրիվ զուրկ եմ էդ ունակությունից։

Երեկ գիշեր ժամը չորսի կողմերն արթնացա ու մի ժամից ավել չէի կարողանում քնել։ Մտքերս համառորեն ընթանում էին որոշակի ուղղությամբ... Հիմա էստեղ գրելիս ուզում էի դրանց վրայից հանել գիշերային դրամատիկ քողը, որով, որպես կանոն, պարուրված են լինում գիշերն իմ գլխում ծագած գրեթե բոլոր մտքերը, բայց այս պահին մեզ մոտ նորից գիշեր է, ու ես զգում եմ, թե ինչպես է դրամատիզմի քողը կամաց–կամաց, բայց հաստատուն կերպով իջնում մտքերիս վրա... Ցերեկը ես գարշում եմ դրամատիզմի ցանկացած դրսևորումից, նույնիսկ ու հատկապես սեփական անձից եկող, բայց գիշերը մենք հաշտվում ենք, ու ես հանձնվում եմ նրա գերիշխանությանը։ Այստեղ միակ մխիթարությունն այն է, որ գիշերը ես սովորաբար քնած եմ լինում, ու մենք առանձնապես չենք շփվում։

Էս գիշերվա իմ անքնության ժամերը նվիրված էին ափսոսանքի սուր զգացմանը, որը, սակայն, կապ չուներ իմ որևէ արածի կամ չարածի հետ, ու ընդհանրապես ինձ հետ ուղղակիորեն կապ չուներ։ Չեմ կարող ասել, թե էդ մտքերը հանկարծակի էին այցելել։ Իրականում դրանք միշտ էլ ներկա են եղել ենթագիտակցությանս խորքերում, իսկ վերջին տարիներին գնալով ավելի ու ավելի հաճախակի են մակերես դուրս գալիս...

Էնքան երկար նախաբան գրեցի, որ բուն թեմայի մասին գրելու ցանկությունս արդեն կամաց–կամաց իր տեղը զիջում է քնելու ցանկությանը։ Բայց վաղը հաստատ ժամանակ չեմ ունենալու գրելու, էնպես որ ավելի լավ է՝ էս հարցն էսօր լուծեմ–վերջացնեմ, մեկ է, էսօր էլ դժվար թե սրանից ավելի օգտակար բան անեմ։

Մտքերս գուցե մի քիչ կոպիտ ու կատեգորիկ հնչեն, բայց մեղմացնելու մտադրություն չունեմ, որովհետև ես հենց էդպես եմ դրանք մտածել, ուրեմն էդպես էլ կներկայացնեմ։

Հա, ի՞նչ էի ուզում ասել։ Ափսոսում էի, ավելի ճիշտ՝ ցավում էի էն բոլոր մարդկանց համար, որոնցից, կոպիտ ասած, ի վերջո կարգին բան դուրս չեկավ, այնինչ նրանց զարգացումը կարող էր լրիվ այլ կերպ ընթանալ, ու լրիվ ուրիշ մարդ կդառնային։ Ցավում էի իմ հասակակիցներից ոմանց համար, որոնք, իրենց մեջ դրական, հետաքրքիր ու գուցե թաքնված, բայց ազնիվ ու մարդկային միջուկ ունենալով հանդերձ, իրենցով զբաղվող, խելքը գլխին ծնողներ չունենալու պատճառով, կոպիտ ասած, թափթփուկների վերածվեցին ու ձուլվեցին աշխարհի ահռելի թափթփակույտին, այնինչ ավելի լավ ծնողներ ունենալու դեպքում ո՞վ գիտի, թե հիմա ինչ հաջողությունների կհասնեին, ինչ լավ ու հետաքրքիր մարդիկ կլինեին։ Ցավում էի նաև էն ծնողների համար, ովքեր ահագին արժանիքներ ունենալով, կարծես թե պիտի շատ լավ ծնողներ լինեին, բայց չկարողացան կարգին դաստիարակություն տալ իրենց երեխաներին, ու, փաստորեն, աշխարհին տվեցին չկայացած կամ բարոյապես ցածր մակարդակի անհատներ, ու դրա հետևանքով իրենք էլ դարձան ապերջանիկ ու չկայացած...

Իրականում էս մտքերը նոր թափով գլուխս ներխուժեցին մի քանի օր առաջ կոնկրետ մարդկանց ֆեյսբուքյան էջերն ուսումնասիրելու հետևանքով։ Մարդիկ, որոնց հետ ավելի քան տասը տարի որևէ առնչություն չունեմ, մինչդեռ, «օրենքով» պիտի որ սերտ կապերի մեջ լինեի... Բայց երբեմն ինչքան խոսուն կարող են լինել էդ էջերը... Հաճախ ընդամենը մի նկարից, նկարի տակ արված մի մեկնաբանությունից մարդու ամբողջ էությունն ու կյանքի իմաստը դուրս են պրծնում աչքիդ առաջ։ Եթե ասեմ, որ իմ ունեցած նախկին տեղեկություններից դատելով՝ շատ տարբեր տպավորություն էի սպասում, հաստատ սուտ կլինի, բայց, չգիտեմ ինչու, մի երկու օր շոկի մեջ էի։ Երևի ավելի շատ ցավում էի, քան զարմանում։ Չգիտեմ, ուղղակի մտովի հիմնվում էի էլի մարդու պոտենցիալի վրա, այսինքն՝ պատկերացնում էն, ինչը կարող էր լինել՝ հաշվի առնելով տվյալ մարդու բնածին, միջուկային որոշ գծեր, որոնք հավանաբար լխճվել են համապատասխան դաստիարակության հետևանով ձևավորված կամ գուցե ծնողներից մեկից ժառանգած էնպիսի բացասական գծերի կողմից, ինչպիսիք են գռեհկությունը, լոպազությունը, ցոփությունն ու հոգևոր ամեն ինչի նկատմամբ անհաղորդությունը։ Ու միաժամանակ անասելի ցավում էի ծնողներից մեկի համար, որը հաստատ չի կարող երջանիկ լինել իր երեխաներին էդպիսին մեծացնելու համար։ Հետո հիշում էի, նաև պատկերացնում, թե նմանատիպ ինչքա՜ն դեպքեր կան...

Բայց էս ամենը ցերեկն էնքան սուր չեմ զգում, ինչքան գիշերը։ Ինչ լավ է, որ գիշերը քնելու համար է, համենայնդեպս, իմ դեպքում։

Ուլուանա
08.05.2012, 09:09
Վերջին տարիներին, երբ իրար հետևից սկսեցին Հայաստան այցելել լեգենդար խմբերը (որոնցից հատկապես Uriah Heep–ի համերգը բաց թողնելու համար եմ ափսոսում), ես, Նյու Յորքում նստած, մտածում էի, իսկ ու՞մ համերգին իսկապես կուզենայի գնալ։ Ընդհանրապես սիրածս երգիչներից ու խմբերից շատերի համերգներին չէի ուզենա գնալ զուտ էն պատճառով, որ շատ բարձր երաժշտությունն էնքան էլ լավ չեմ տանում։ Ու մտածում էի, որ էս պահին միակ խումբը, որի համերգին, անկախ ամեն ինչից, շատ կուզենայի լինել ու հնարավորության դեպքում առանց տատանվելու կգնայի, The Cranberries–ն է։ Հիշում եմ՝ մի երկու տարի առաջ մի պահ նույնիսկ որոշեցի ինտերնետում որոնել՝ արդյոք The Cranberries–ը մոտ ապագայում համերգ չի նախատեսում Նյու Յորքում։ :))) Բայց չէ, նման պլաններ չկային, թեև հույսեր էլ, ճիշտն ասած, առանձնապես չկային :))։ Ուղղակի պահի տակ մտքովս անցավ ստուգել, ստուգեցի։ Հետո մոռացա, անցավ–գնաց։

Մի երկու ամիս առաջ էլ քույրս տեղեկացրեց, որ The Cranberries–ը ներկայումս համաշխարհային համերգային շրջագայության է մեկնել ու մայիսի սկզբին Նյու Յորքում է համերգներ տալու։ Ո՜նց էի ուրախացել։ Հավատս չէր գալիս։ Տոմսերն անմիջապես գնվեցին։ Երկու օր առաջ էլ համերգն էր։ Համերգասրահը, որում նախատեսված էր համերգը, նստատեղեր չուներ. ով որտեղ հասցներ՝ կանգնում էր։ Լավագույն մասը բեմի դիմաց գտնվող դատարկ տարածքն էր։ Կային նաև օթյակներ՝ երկու հարկով, որոնցից նայելու հեռանկարը բոլորովին գրավիչ չէր թվում։ Ես ու ամուսինս էդ առումով միջինից մի քիչ լավ վիճակում հայտնվեցինք` հասցնելով գրավել բեմի դիմացի մոտավորապես մեջտեղի մասերը՝ բեմից մոտ երեք մետր հեռավորության վրա։ Կանգնելն, իհարկե, հոգնեցուցիչ էր, բայց արժեր։ Ճիշտ է, դիմացից որոշ բարձր գլուխներ տեղ–տեղ խոչընդոտում էին, որի համար փոշմանեցի, որ էն բարձր պլատֆորմով կոշիկներս չէի հագել (որոնք, արդեն քանի տարի է՝ հագնում եմ հիմնականում անձրևոտ եղանակին՝ ոտքերս անձրևաջրերից պաշտպանելու համար :))։ Բայց ընդհանուր առմամբ լավ երևում էր։ Ու կարևորը՝ չնայած համատարած ոգևորությանը՝ հրմշտոց չկար։ Շատ անշառ, անվնաս ոգևորություն էր տիրում դահլիճում, համարյա The Cranberries–ի երգերի նման :)։


Գիտեի, որ The Cranberries–ը 2012–ին՝ տասը տարի ցրված լինելուց հետո վերամիավորվել է, ինչպես նաև հասցրել է մի նոր ալբոմ թողարկել, որից, սակայն, ոչ մի երգ չէի հասցրել նախօրոք լսել։ Բայց հաշվի առնելով, որ The Cranberries–ի երգերը (առնվազն ինձ համար) կարող են լինել կամ լավը, կամ շատ լավը, սպասելիքներս էլ համապատասխան էին։ Դոլորեսի յուրահատուկ թրթռուն ձայնը, որ ուրիշ ոչ մեկի հետ չես շփոթի, բոլորովին չէր փոխվել։ Հին հիթերից բացի, երգեց նաև նոր՝ Roses ալբոմից մի քանի երգ, որոնցից հատկապես Tomorrow–ն շատ հավանեցի։


http://youtu.be/SBQeLenafqY


Ահագին լուսանկարել եմ, չնայած հիմնականում լույսերի պատճառով էնքան էլ հաջող չեն ստացվել նկարները։ Մի քանի կարճ հատված էլ վիդեո եմ նկարել լուսանկարչական ապարատով, ուղղակի որպես հիշատակ համերգից, թե չէ ձայնի որակն էն չի։ Ահա դրանցից մի քանիսը.

http://i.imgur.com/kf3b0.jpg

http://i.imgur.com/wlzyx.jpg

http://i.imgur.com/Axb9r.jpg

http://i.imgur.com/t9qLC.jpg

http://i.imgur.com/6kH8v.jpg

Դոլորեսն էնքան իրական ու հասարակ էր թվում։ :))) Վերջերս էլ ահագին կարդացի իր մասին։ Պարզվում է՝ մարդը ստեղծագործական արձակուրդի էր գնացել՝ մամայություն անելու, մարդկային կյանքով ապրելու համար, քանի որ, ինչպես ինքն է ասում, խմբի հետ աշխատանքն ընդհանրապես ապրելու համար ժամանակ ու էներգիա չէր թողնում։ Ու պատմում է, որ ինքն, այսպես ասած, դպրոցից հազիվ դուրս եկած ու դեռ կյանք չտեսած՝ միանգամից ընկել է աստղային կյանք, որն իր համար խիստ ծանր ու ոչ երջանիկ ժամանակահատված է եղել՝ չնայած խմբի համաշխարհային հաջողությանը»։ Իսկ խմբի ցրվելուց հետո երեք երեխա է ունեցել, ու գտնում է, որ հատկապես քանի դեռ երեխաները փոքր են, շատ կարևոր է, որ մայրը մշտապես կողքներին լինի։ Ու ընդհանրապես ընտանիքն ամեն ինչից վեր է դասում։

The Cranberries–ի երգերում առանձնահատուկ հանգստություն,մեղմություն ու ներդաշնակություն կա, ինչն, անշուշտ, զգալի չափով պայմանավորված է երգչուհու քնքուշ, ելևէջուն ու մի տեսակ շոյող ձայնով (ընդ որում նշված հատկությունները չեն կորչում նույնիսկ բղավելիս), բայց մեղեդիներն էլ իրենց հերթին են հանգստացնող ու երգչուհու ձայնին համահունչ։ Լսելիս խաղաղվում եմ միշտ։

Մի քիչ էլ հին սիրված երգերից. :)


http://www.youtube.com/watch?v=Zz-DJr1Qs54


http://youtu.be/-51523WFn_8

Նաև իմացա, որ խմբի ցրված լինելու ընթացքում Դոլորեսը երկու սոլո ալբոմ է ձայնագրել՝ Are You Listening? (2007) և No baggage (2009), բայց դրանք դեռ չեմ հասցրել լսել։

Ուլուանա
14.05.2012, 02:23
Վաղուց էստեղ մայրենի լեզվիցս չեմ «բամբասել» :roll։

Բազմիցս խոսվել է էն մասին, որ մեր խոսակցական և գրական լեզուների միջև մեծ անդունդ կա։ Նույնիսկ չգիտեմ՝ ուրիշ լեզու կա՞, որում անդունդն էնքան մեծ է, որքան հայերենում։ Մերում խոսակցականն էն աստիճանի անկախ ու «ինքնավար» է, որ իր համար նույնիսկ առանձին «հա» ու «չէ» է զարգացրել, որոնք միանգամայն հաստատուն տեղ ունեն լեզվում։ Ես չեմ ասում, թե դա վատ է, ուղղակի էստեղ հետաքրքիրն էն է, որ նույն «այո»–ն ու «ոչ»–ը խոսակցականում էլ են գործածվում, բայց էս դեպքում՝ ոչ թե պարզապես հաստատում կամ ժխտում արտահայտելու, այլ խոսքին շատ որոշակի՝ լրացուցիչ իմաստային երանգ հաղորդելու համար։ Չգիտեմ՝ երբ, ինչից ու ինչպես է էդ երևույթն առաջացել, բայց փաստ է, որ մեր խոսակցականում «այո»–ն ու «հա»–ն, ինչպես նաև «ոչ»–ն ու «չէ»–ն բավական տարբեր կոնոտացիա ունեն։ Եթե նկատել եք, «այո»–ն ու «ոչ»–ը շատ հարմար ու բնականորեն տեղավորվում են մեր խոսակցականի մեջ, օրինակ, հակաճառություն արտահայտելիս։ Օրինակ, երբ ձեզ հարցնեն՝ արդյոք գիտե՞ք էսինչ բանը որտեղ է, չիմանալու դեպքում դուք կպատասխանեք՝ չէ։ Բայց երբ ձեզ (հատկապես բարկացած) մեղադրեն՝ ասելով, որ էսինչ բանը դուք եք կորցրել, դուք վրդովված կպատասխանեք. «Ո՛չ (անպայման շեշտով), ես դրան ձեռք չե՛մ տվել»։ Համանման ձևով է կիրառվում նաև «այո–հա» զույգը. «հա»–ն սովորական, հանգիստ, չեզոք, երբեմն դրական հույզերի դեպքում է գործածվում, իսկ «այո»–ն վրդովված կամ հակաճառելու ժամանակ։ Այսինքն՝ «այո» և «ոչ» գրական տարբերակները մեր լեզվի խոսակցականում հայտնվելիս որոշակի ագրեսիվ երանգավորում են ստանում։ Էստեղ, իհարկե, կարելի է խորանալ ու նշված դեպքերին հակադրել «այո»–ի մեկ այլ ծայրահեղություն՝ խոսակցականում ոգևորություն ու գոհունակություն արտահայտող իմաստային երանգը (այո՜), բայց սահմանափակվենք էսքանով։

Խոսակցականում ժխտում ու հաստատում արտահայտելու հարցում շատ հետաքրքիր, ինչ–որ առումով նույնիսկ տարօրինակ արտահայտություն է, օրինակ, «չէ–հա»–ն, արտահայտություն, որն իր գրական համարժեքը չունի, ու դժվար է պատկերացնել, որ կարող էր ունենալ :))) Շատ հետաքրքիր ընկալում է ընկած «չէ–հա»–ի հիմքում. բաղկացած լինելով երկու բևեռայնորեն հակառակ պատասխաններից՝ այն արտահայտում է խոսողի սուբյեկտիվ ու հաճախ անվստահ տեսակետը որևէ երևույթի անհավանականության վերաբերյալ։ Ու հետաքրքիրն այն է, որ «չէ–հա»–ն մեծ մասամբ հնչում է վստահ տոնով, բայց, այնուամենայնիվ, դրա «պոչիկ» հանդիսացող «հա»–ն թույլ չի տալիս, որ ասվածն ընկալվի որպես հաստատ բան` փաստ։

Հետաքրքիր լեզու ունենք, էլի, հո զոռով չի։ :)))

Ուլուանա
31.05.2012, 19:26
Ո՜նց չեմ սիրում մանուկների կատարմամբ մանկական երգեր... Մտքիս չի գալիս էնպիսի կատարում, որ հավանած լինեմ։ Լուրջ։ Ու քանի որ առնվազն Հայաստանում մանկական երգերը հիմնականում մանուկներն են կատարում, սկզբում ինձ թվում էր, թե ընդհանրապես մանկական երգեր չեմ սիրում, ու էդ մտքից նույնիսկ վատ էի զգում ինձ։ Բայց հետո զգացի, որ չէ, հենց երեխաների՛ կատարմամբ չեմ սիրում։ Մեծերինը հաճախ հավանում եմ։ Իսկ երեխաների կատարմամբ լսելիս ներվայնանում եմ միշտ։ Չեմ սիրում, որ էրեխեքը ձևեր թափելով, շինծու արտիստիզմով խունջիկ–մունջիկ են գալիս։ Անբնականություն եմ զգում. մի տեսակ ոնց որ մեծացած–փոքրացած լինեն։

Ուլուանա
25.08.2012, 17:52
Զարմացել էի՝ հայտնաբերելով, որ Երևանում դեռ կարելի է լսել «Ժա՜վելի՜ սպի՜րտ» գոռացող կանանց։ Ինձ էլ թվում էր՝ հայկական ֆոլկլորի ախորժելի պատառիկ հանդիսացող այդ սովորույթը վաղուց արդեն պատմություն է։ Հետաքրքիր է, որ այդ հեղուկը գովազդող ձայնն ամեն տեղ հնչում է նույն ինտոնացիայով, նույն շեշտադրությամբ ու ծորունությամբ, կարծես գոռացողը միշտ նույն մարդը լինի։ Ընդ որում՝ նրան երբեք չես տեսնում, միայն ձայնն ես լսում ողջ թաղամասով մեկ, մանկությունիցդ եկող այդ անփոփոխ ու տնավարի ականջդ ծակող ձայնը, որի վրա ժամանակը զարմանալիորեն ազդեցություն չի գործում։ Դեռ փոքրուց միշտ ուզեցել եմ տեսնել էդ գոռացողին։ Ձայնը լսելով՝ հաճախ նայել եմ պատուհանից՝ փորձելով գտնել, թե որտեղից է գալիս, բայց դեռ չեմ հիշում դեպք, որ տեսած լինեմ։

Մի տեսակ ուրախություն եմ ապրում, երբ հայտնաբերում եմ, որ ինչ–որ բաներ բոլորովին չեն փոխվել, թեկուզև «ժավելի սպիրտ» գոռացող ձայնի տեսքով։

Ուլուանա
28.08.2012, 00:36
Իսկ ես արդեն տղայիս (20 ամսական) սովորեցրել եմ պոնչիկ անել :P :D։ Հլը որ մենակ ինձ ա պոնչիկ անում՝ պատվերով, բայց դե ամեն դեպքում թող բոլորը պատրաստվեն :D։

Ուլուանա
02.09.2012, 18:53
Նկատել եմ, որ վերջերս համարյա չեմ ունենում էնպիսի մտքեր, որոնց մասին չէի ուզենա, որ որևէ մեկն իմանար։ Տեսնես՝ դա ի՞նչ է նշանակում. ավելի ճի՞շտ մարդ եմ դարձել, թե՞ ուղղակի երևակայությունս է փչացել...

Ուլուանա
02.09.2012, 21:01
Հուլիսի վերջին մի ամսով Հայաստան էինք գնացել, բայց մինչև հիմա չեմ գրել վերջին դիտարկումներիս մասին։ Իսկ եթե դիտարկումները կան, բայց չեմ գրում, ուրեմն մեջս մի տեղ ծանրանում–մնում է, պետք է թոթափել էդ «բեռը»։

* * *
Սա էլի եմ ասել, բայց քանի որ զգացողությունն էս անգամ էլ ունեցա ու ավելի ուժեղ, կարծում եմ՝ ձանձրալի չի լինի, եթե էլի նշեմ։ Հայաստանում ամեն ինչ ավելի ԻՍԿԱԿԱՆ է՝ թե՛ լավը, թե՛ վատը։ Մարդիկ, իրերը, երևույթները՝ ամեն ինչ ավելի վառ ու ավելի շոշափելի է՝ իր բոլոր դրական ու բացասական կողմերով։

* * *
Համով ուտելիքի մասին էլ չեմ կարող նորից չհիշել. լավաշ, մատնաքաշ, համով լոլիկ, արևահամ ծիրան, հյութալի, ընտիր դեղձ, ժենգյալով հաց... :love Ցուցակն անվերջ կարելի է շարունակել։ Ու հետաքրքիրն այն է, որ ԱՄՆ–ում ապրելով քիչ–քիչ սկսում ես մոռանալ էդ ամեն ինչի իսկական համը, ու քեզ սկսում է թվալ, թե առանձնապես տարբերություն չկա էստեղի ու էնտեղի ուտելիքների միջև, իրականում թվացյալ էր, բայց հերիք է, որ Հայաստանից ԱՄՆ գնաս կամ հակառակը, նոր հասկանում ես, թե ինչ ահռելի է տարբերությունը։

* * *
Հաճելի «մանրուքներից» են փողոցային պուլպուլակները։ Երևի միայն Հայաստանից դուրս ապրելու դեպքում կարելի է իսկապես գնահատել դրանց կարևորությունը։ Այն, որ փողոցում հաճախակի կարող ես անվճար սառը, համեղ ջրով ծարավդ հագեցնել, քիչ բան չէ։

* * *
Երևանում նկատածս ամենահաճելի անակնկալը կամարանցումների նկարազարդումներն էին։ Կարծում եմ՝ թե՛ գաղափարը, թե՛ իրագործումը շատ հաջող են։ Անչափ հաճելի է անցնել դրանց միջով կամ թեկուզ կողքով ու տեսնել էդ գունեղ, կոլորիտային նկարները։ Շատ ինքնատիպ ու գեղեցիկ երանգ են տալիս մեր քաղաքի ընդհանուր պատկերին։

* * *
Հայերին ես ԱՄՆ–ում սովորաբար ճանաչում, տարբերում եմ բնորոշ հայացքով։ Թե կոնկրետ ինչպիսին է էդ հայացքը՝ միշտ դժվարացել եմ բնորոշել, բայց էս անգամ Հայաստան գալով՝ կարծես թե ինքս ինձ համար պարզեցի էդ հարցը։ Գուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է՝ օրինաչափությունը գործում է գրեթե առանց բացառության. հայերը՝ անկախ կրթությունից, ինտելեկտից, բարոյական հատկանիշներից ու մնացած ամեն ինչից՝ ունեն իրենց ճիշտ լինելու մեջ համոզված հայացք։ Լավ է դա, թե վատ՝ այլ հարց է։ Ես ընդամենը «փաստն» եմ արձանագրում։

* * *
Երևանում մեկումեջ հեռուստացույց դիտելով՝ նկատեցի մի անդուր բան. հայկական էստրադան, իր առանց այդ էլ ցածր մակարդակին վրադիր, գնալով ռաբիսանում է... Ինձ համար անծանոթ, նոր երգերի մեծ մասը լսելիս հաճախ չէի կարողանում հասկանալ՝ ի վերջո, ռաբիս է, թե էստրադային։ Էստրադան ու ռաբիսը, փաստորեն, սկսել են բարեկամություն անել։ Մի քիչ էլ, ու սահմանագիծը լրիվ կվերանա։ Վախենալու է, մեղմ ասած։

* * *
Բայց ամենահաճելին ամենուր հայերեն խոսք լսելն էր։ Որ նոր էի եկել, ամեն անգամ փողոցում հայերեն խոսք լսելիս կտրուկ անակնկալի էի գալիս. «վա՛յ, հայերեն» վիճակն էր։ :D Ու սկզբում ամեն անգամ մի տեսակ ագահությամբ ուզում էի խողողին լսել մինչև վերջ, կարծես հազվագյուտ դեպք էր։ Մինչև որ քիչ–քիչ սովորական դարձավ։

Իսկ ԱՄՆ գալուց հետո հայտնաբերում եմ, որ դժվարությամբ եմ հասկանում ամերիկացիներին։ Ականջս մի տեսակ չի սպասում անգլերեն խոսք լսելուն, ու երբ մի բան են ասում, միանգամից չեմ ընկալում։ Դեռ ընտելանում եմ։

Ուլուանա
03.09.2012, 18:36
Դու բավականաչափ մեծ ես, եթե այն մարդիկ, որոնց ծնվելը դու հիշում ես, արդեն երեխա ունեն։

Ուլուանա
08.09.2012, 21:56
Նախամուսնական կյանքում մնացած ընտանեկան երկու իրավիճակ կա, որ ահավոր կարոտում եմ։ Մեկն այն է, որ երեկոյան կողմ բոլորս միասին նստած հաց ենք ուտում ու աշխույժ զրուցում։ Ամեն մեկը պատմում է իր օրվա մասին, քննարկում, ասում, խոսում, ծիծաղում ենք։

Մյուսն այն է, որ բոլորը տանն են, ամեն մեկը սենյակի/տան մի անկյունում լուռ իր գործով է զբաղված։ Կարող ենք ոչ մեկս էլ չխոսել, կամ միայն երբեմն–երբեմն մեկս մյուսիս ինչ–որ բան ասել ու էլի վերադառնալ մեր գործին։ Մի տեսակ անխռով մթնոլորտ է, մաքուր առօրեականություն՝ օդում թևածող ինչ–որ տաքուկ հարմարավետության ու ապահովության զգացողությամբ, քանի որ բոլորս տանն ենք ու միասին։

Ուլուանա
12.09.2012, 22:00
Այս թեմայով վաղուց էի ուզում գրել։ Կարծում եմ՝ կգտնվեն մարդիկ, որոնց համար հետաքրքիր կլինի այս թեման։

Ինչպես երևի շատերը գիտեն, ԱՄՆ–ում ապրելն ինձ շատ առումներով դուր չի գալիս, բայց կրթական համակարգն այն քիչ բաներից է, որ հիմնականում շատ եմ հավանում ու շատ կուզենայի, որ Հայաստանում էլ այն գոնե մի քիչ նման լիներ ԱՄՆ–ինին։ Իհարկե, բացասական կամ առնվազն ինձ դուր չեկող երևույթներ էլ կան, բայց դրանք ընդհանուր դրական տպավորության վրա ազդեցություն չունեն։ Հնարավոր է՝ շատ բաներով եվրոպականին է նման, չգիտեմ, քանի որ ծանոթ չեմ վերջինիս։

Նաև ասեմ, որ բերածս փաստերն ու դիտարկումները հիմնված են լինելու ԱՄՆ–ի կոնկրետ համայնական (կամ համայնքային, չգիտեմ՝ ինչպես է ընդունված պաշտոնապես թարգմանել) քոլեջների (community college) կրթական համակարգի վրա, քանի որ ինքս դրանցից մեկում եմ սովորում։ Բայց որքան գիտեմ, մյուս քոլեջների ու համալսարանների համակարգն էլ մոտավորապես նույնն է։

Դասերին գրանցվելու մասին

Սկսեմ, իմ կարծիքով,ամենակարևոր գործոններից մեկից։ Այստեղ համակարգն այնքան ճկուն է, որ ցանկացած ուսանող կարող է ընտրել, թե իր մասնագիտության համար պարտադիր առարկաներից որոնք, ինչ հերթականությամբ, որ օրերին ու ժամերին և սեմեստրի ընթացքում քանիսը անցնի։ Ճիշտ է, կան առարկաներ, որոնք պարտավոր ես վերցնել այս կամ այն առարկայից առաջ կամ միաժամանակ, քանի որ վերջինիս համար նախագիտելիք են հանդիսանում, բայց այդպիսիք հիմնականում մեծ տոկոս չեն կազմում, ու ցանկացած դեպքում ընտրության մեծ ազատություն է լինում։ Նման ճկուն գրաֆիկը հնարավորություն է տալիս շատերին ուսումը համատեղել գործունեության բազմաթիվ այլ ձևերի, այդ թվում և մայրության հետ, ինչպես, օրինակ, իմ դեպքում։ Եթե այդ ազատությունը չլիներ, ես ոչ մի կերպ չէի կարողանա ուսանող լինել, քանի որ փոքր երեխա ունեմ։

Սրա հետևանքով, փաստորեն, շատերը երկու տարվա (լրիվ դրույքով) ուսումը կարող են ավարտել, ասենք, չորս, հինգ, վեց և ավելի տարիների ընթացքում՝ կախված իրենց ընտրած ծանրաբեռնվածությունից։ Բայց եթե այդ հնարավորությունը չլիներ, շատերն ընդհանրապես ոչ կընդունվեին, ոչ էլ կավարտեին։

Սրա բացասական կողմն այն է, որ հիմնական կուրս (ուսանողական կոլեկտիվ)՝ որպես այդպիսին, չի ձևավորվում, քանի որ յուրաքանչյուր առարկան վերցնելիս առանձին խումբ է ձևավորվում, ու դրանցում «կրկնվող» ուսանողներ՝ նախորդ սեմեստր վերցրածդ առարկաների կամ նույն սեմեստրում տարբեր առարկաների խմբերից, հազվադեպ են հանդիպում։ Մի կողմից՝ որքան երկար ժամանակ ես սովորում, այնքան ավելի հավանական է խմբում ծանոթ դեմքերի հանդիպելը, բայց մյուս կողմից էլ՝ աճում է նաև քեզ ծանոթ ուսանողների՝ այդ ընթացքում արդեն քոլեջն ավարտած լինելու հավանականությունը՝ հաշվի առնելով, որ տարբեր մարդիկ տարբեր ինտենսիվությամբ են կուրսեր վերցնում։ Այնուամենայնիվ, դրականը, կարծում եմ, զգալիորեն գերակշռում է։

Ուսման վարձը կազմված է առարկաներից յուրաքանչյուրի համար առանձին սահմանված վարձից (որը, կախված կրեդիտների քանակից, տարբեր է), գումարած՝ սեմեստրի համար սահմանված վարձը, ինչպես նաև որոշ առարկաների դեպքում սարքավորումների և այլ պարագաների համար նախատեսված փոքրիկ գումարը։

Ուսանողները, բացի իրենց ընտրած մասնագիտության համար պարտադիր առարկաներից, ցանկության դեպքում կարող են վերցնել նաև այլ՝ իրենց հետաքրքրող ցանկացած առարկա, ցանկացած քանակով՝ դրանց համար էլ առանձին վճարելով, այսինքն՝ նույն ձևով, ինչ որ պարտադիր առարկաների դեպքում։

Համակարգի ճկունությունը թույլ է տալիս նաև սովորելու ընթացքում ցանկացած ժամանակ փոխել մասնագիտությունը՝ մինչև անգամ ընտրելով առաջինի հետ ոչ մի կապ չունեցող մասնագիտություն։ Շատերն, օրինակ, սկզբում լավ չեն կողմնորոշվում, ու որոշակի մասնագիտությամբ սովորելու դեպքում զգում են, որ դա իրենցը չէ, ուրիշ ոլորտ են ուզում։ Որոշ ուսանողներ էլ ի սկզբանե դեռևս չիմանալով, թե ինչ ընտրել, պարզապես ձևի համար մի բան ընտրում են՝ քիչ թե շատ ընդհանուր առարկաներով, ու տարբեր բազմազան առարկաներ վերցնում, որ ընթացքում զգան, թե դրանցից որոնք են ավելի շատ ձգում իրենց, որպեսզի այնուհետև գնան այդ ուղղությամբ։

Այն ուսանողները, որոնք դեռ 25 կրեդիտից պակաս ունեն, հաջորդ սեմեստրի համար առարկաներ վերցնելուց առաջ պարտավոր են ակադեմիական խորհրդատվություն անցնել, որի համար պետք է զանգելով կամ քոլեջի համապատասխան սենյակ գնալով՝ նախապես պայմանավորվեն։ Սա, որքան գիտեմ, արվում է նրա համար, որ քիչ թե շատ սկսնակ ուսանողները սխալ առարկաներ չվերցնեն, որևէ առարկա վերցնելուց առաջ հաշվի առնվի իրենց ընդհանուր կարգավիճակը և ուսման հետ կապված այլ հանգամանքներ։

Սրա բացասական կողմն այն է, որ որոշ կողմնորոշվել չկարողացող ուսանողների պատճառով լրիվ նորմալ կողմնորոշվող ուսանողները չեն կարողանում ժամանակին գրանցվել, ու մինչև գրանցվելու իրավունք են ստանում, շատ տեղեր արդեն զբաղված են լինում, ընտրության հնարավորությունը փոքրանում է։ Առանց ակադեմիական խորհրդատվության գրանցվելու համար 25 կրեդիտ ունենալուց բացի, պահանջվում է նաև, որ ուսանողի միջին գնահատականը որոշակի թվից ցածր չլինի։

Գրանցումը, բնականաբար, արվում է օնլայն՝ քոլեջի պաշտոնական կայքում, որտեղ կուրսերն ընտրելիս ուսանողը կարող է տեսնել նաև տվյալ կուրսը դասավանդող դասախոսի անուն–ազգանունը ու նաև ըստ այդ կողմնորոշվել։ Հնարավորություն կա նաև համապատասխան կայքում դասախոսների մասին ուսանողների կարծիքներ կարդալու, որոնք, սակայն, երբեմն կարող են բավական ապակողմնորոշիչ լինել։ Թեև հիմնականում իրականությանը քիչ թե շատ մոտ, բայց երբեմն խիստ սուբյեկտիվ ու, կոպիտ ասած, «աբիժնիկ» կարծիքների կարելի է հանդիպել, որոնց այդպիսին լինելը, բարեբախտաբար, մեծ մասամբ զգացվում է գրառման տոնից ու ձևակերպումից։ Բացի դրանից, շատ դասախոսներ մեկից ավելի առարկաներ են դասավանդում, ու մեկ անգամ նրանց ուսանողը լինելուց հետո արդեն կարելի է կողմնորոշվել՝ նորից ընտրել նրանց որպես դասախոս, թե ոչ։

Շարունակելի

Ուլուանա
18.09.2012, 06:49
Հիշում եմ՝ ժամանակին տանել չէի կարողանում լռությունը։ Այն ինձ միշտ չարագուշակ էր թվում. հենց մի տեղ լռություն էր տիրում, ինձ թվում էր՝ հիմա մի սարսափելի բան կկատարվի։ Լռության մեջից ինձ վրա կարող էին հարձակվել, լռության մեջ ես մենակ էի մնում իմ բոլոր վախերի հետ։ Լռությունն ինձ հավերժական էր թվում, ու նրա մեջ հայտնվելիս ես կարծես խորտակվում–կորչում էի նրա անհատակ ջրապտույտում։ Դպրոցական տարիքում, հատկապես երեկոյան ժամերին երբ տանը մենակ էի լինում, պարտադիր հեռուստացույց պիտի միացնեի, որպեսզի վերջինիս ձայնը խլացնի իր «տակ» եղած ճնշող լռությունը։

Չգիտեմ՝ երբ սկսեցի լռությունը լրիվ այլ կերպ ընկալել, բայց արդեն մի քանի տարի է, ինչ գիտակցում եմ, որ լռությունն ինձ համար դարձել է ոչ միայն ցանկալի, այլև միանգամայն անհրաժեշտ ձայնավիճակ։ Այն հիմա բոլորովին էլ ձայների բացակայությունը չի, այլ լրիվ առանձին «ձայն»/մեղեդի։ Ու գուցեև իմ ամենասիրած ձայնը, որովհետև իր մեջ ամփոփում է իմ սիրած բոլոր ձայները։

Էսօր կեսօրից առաջ տղայիս հետ զբոսնում էի մեր թաղամասում, հիանալի եղանակ էր՝ պայծառ ու խաղաղ։ Մի պահ, երբ մոտակայքում մեքենա չկար, գրեթե կատարյալ լռություն որսացի, որը շուտով ընդհատվեց միջատների ձայներով, իսկ հետո արդեն մեքենաներն աղտոտեցին այն։ Մամաս երևի իզուր չի մեր քաղաքը մեռյալ անվանում։ Էստեղ օրվա մեծ մասը հարաբերական լռություն է տիրում, իսկ երբեմն նույնիսկ կատարյալ լռություն կարելի է «լսել»։

Ուլուանա
18.09.2012, 20:01
Սկիզբը՝ այստեղ (http://www.akumb.am/showthread.php/54361-Անուկապատում?p=2359097&viewfull=1#post2359097)։

Բուհից–բուհ տեղափոխման, գնահատականների փոխանցումների և պարտադիր առարկաների բնույթի մասին

Մեր քոլեջը Նյու Յորքի Քաղաքային Համալսարանի (City University of New York) մաս է կազմում, ու այն ավարտելուց հետո, ինչպես նաև ցանկության դեպքում դեռևս սովորելու ընթացքում ուսանողները կարող են տեղափոխվել այս համալսարանի ցանկացած այլ հաստատություն՝ ուսումը շարունակելու։ ՆՅՔՀ–ը համարվում է ԱՄՆ–ի ամենամեծ քաղաքային համալսարանը և կազմված է քսանչորս ուսումնական հաստատություններից՝ համանքային ու ավագ քոլեջներից և ավարտական պրոֆեսիոնալ դպրոցներից։ Քանի որ համայնքային քոլեջներն ընդամենը երկու տարվա կրթություն են առաջարկում՝ համապատասխան՝ associate–ի (հայերեն համարժեքի մասին գաղափար չունեմ) աստիճանով, շատերն այն ավարտելուց հետո տեղափոխվում են ՆՅՔՀ–ի ավագ քոլեջներ և այլն՝ բակալավրի ու մագիստրոսի կոչման համար։ Որոշ դեպքերում տեղափոխվելու համար անհրաժեշտ է լինում որոշ տարբերություններ հանձնել, որոշ դեպքերում՝ ոչ։ Նույն կերպ, եթե նախքան այստեղ ընդունվելը որևէ այլ բուհում ես սովորել, կարող ես կոնկրետ առարկաների գնահատականներ այնտեղից ուղղակի փոխանցել տվյալ բուհ ու այլևս չանցնել այդ առարկաները։ Ու սա գործում է նաև այլ երկրների բուհերի դեպքում, պարզապես եթե այն ԱՄՆ–ից դուրս է, ապա առարկայի գնահատականը փոխանցելուց առաջ պետք է համապատասխան ծառայությունների միջոցով փոխարկես՝ համապատասխանեցնելով ԱՄՆ–ի գնահատականների ստանդարտին։ Իհարկե, տվյալ դեպքում կարևոր է նաև անցածդ առարկայի ժամաքանակը, որը կարող է և չբարարարել ներկայիս ուսմանդ պահանջներին։ Որքան գիտեմ, գնահատականն էլ պետք է որոշակի մակարդակից ցածր չլինի։

Այստեղ ցանկացած ֆակուլտետում պարտադիր առարկաների մեջ են մտնում նաև որոշ ճշգրիտ գիտություններ, բայց որքան նկատել եմ՝ ինչ–որ չափով տվյալ մասնագիտությանը համապատասխանեցված։ Օրինակ, մեր ֆակուլտետում՝ Թվային արվեստ և դիզայն (Digital Art and Design), պարտադիր առարկաներից են մաթեմատիկան և քիմիան, բայց դրանցից ոչ մեկն էլ ստանդարտ չեն. մեկը կոչվում է «Մաթեմատիկան ժամանակակից հասարակության մեջ», մյուսը՝ «Քիմիան և արվեստները», ընդ որում այս առարկան անցել ենք առանձին լեկցիոն և լաբորատոր կուրսերով։ Ինձ որ հարցնեք, դրանում քիմիան շատ ավելի շատ էր, քան արվեստները, բայց երևի դա էլ էր պետք։ Իսկ «Մաթեմատիկան ժամանակակից հասարակության մեջ» առարկան իրականում քիչ կապ ուներ բուն մաթեմատիկայի հետ և իրենից ներկայացնում էր հիմնականում վիճակագրություն, հավանականություններ, ինչպես նաև մաթեմատիկայի՝ բնության և երաժշտության հետ ունեցած կապի մասին որոշ հետաքրքիր օրինաչափություններ ու դիտարկումներ։

Պարտադիր հանրակրթական առարկաները հիմնականում ընտրովի են, այսինքն՝ կոնկրետ իմ մասնագիտության համար պահանջվում է, որ ուսանողը հետևյալ ոլորտներից յուրաքանչյուրից մեկական կուրս վերցրած լինի՝ իր իսկ ընտրությամբ. հումանիտար գիտություններ, սոցիալական գիտություններ, պատմություն, օտար լեզուներ։ Նմանատիպ առարկաներն, ըստ էության, նախկինում սովորած բուհից տեղափոխելու, թերևս, լավագույն տարբերակներն են։

ԱՄՆ–ում ուսանողներին անընդհատ տարբեր կրթաթոշակների բազմաթիվ հնարավորություններ են առաջարկվում, սակայն վատն այն է, որ դրանց դիմելու իրավունք ունենալու համար հիմնականում պահանջվում է լրիվ դրույքով ուսանող լինել և/կամ գոնե քոլեջի շրջանակներում որոշակի հասարակական գործունեություն ծավալել, ինչը կոնկրետ իմ դեպքում անհնար է, ու չնայած գերազանց առաջադիմությանս, չեմ կարող դիմել։


Շարունակելի

Ուլուանա
27.09.2012, 06:45
– Ի՞նչ է սկլերոզը։
– Դա այն է, երբ զարմանքով ինչ–որ հին թեմա ես բացահայտում Ակումբում, որը, չգիտես ինչու, նախկինում չէիր տեսել, սկսում ես հետաքրքրությամբ կարդալ և հանկարծ այնտեղ հայտնաբերում ես... քո իսկ դրած շնորհակալությունները, երբեմն՝ նույնիսկ գրառումները... :}

Ուլուանա
27.09.2012, 07:32
Ամենատհաճ զգացումներից մեկը տվյալ պահին կոնկրետ պատճառով ինքդ քեզնից դժգոհ լինելն է։ Առաջին հայացքից ի՞նչ մի մեծ բան է որ։ Բայց որոշ օբյեկտիվ գործոններ կան, որ նպաստում են այդ զգացման զզվելիացմանը։ Մարդ, իհարկե, շատ բաներից և մարդկանցից կարող է դժգոհ լինել ու միաժամանակ ունենալ միանգամայն բնական, ադեկվատ դիսկոմֆորտի զգացում, բայց սեփական անձից դժգոհ լինելու դեպքում խնդիրը բարդանում է նրանով, որ ավտոմատ միանում է ինքնապաշտպանական բնազդը, և մարդ սկսում է իրենից վանել, արտամղել դժգոհության իրական պատճառը, ինչի հետևանքով հայտնվում է ինչ–որ տառապալից անորոշության մեջ բանտարկված վիճակում, երբ տառապանքի պատճառը հայտնի չէ, ու այդ անորոշությունը նենգորեն սնուցում է առաջացած տառապանքը։ Երբեմն ինքնապեղումների շնորհիվ ի վերջո հաջողվում է հասնել տառապանքի ակունքներին և ազատագրվել այդ արատավոր օղակից, բայց, ցավոք, մեծ մասամբ շատ խորն ես թաղած լինում «շան գլուխը»։ Ամեն դեպքում պատճառը վերագտնելուց հետո հաստատ գոնե մի քիչ թեթևանում ես, որովհետև հաճախ դու շատ ավելի սարսափելի պատճառներ էիր կասկածում։

Ուլուանա
30.09.2012, 17:50
Երեկ մեր տանն իսկական խաղալիքային պատուհասների օր էր։

Մի քանի օր առաջ տղայիս համար garage sale–ից մի խաղալիք ձի էինք առել։ Տանը երկու խաղալիք ձի ունեինք, բայց էս մեկն առանձնանում էր նրանով, որ մեջքի վրա մի փոքրիկ կոճակ ուներ, որը սեղմելու դեպքում սկսում էր «տգդիմ–դգդիմ» ձայներ հանել։ Ահագին ուրախացել էի, որ էդպիսի հետաքրքիր խաղալիք էր ձեռքներս ընկել, ու որ տղաս էլ շատ կուրախանա, հատկապես որ մինչ այդ տգդիմ–տգդիմը ձեռքով էր իրականացնում։ Ձիուկն էնպես էր պատրաստված, որ մի կես րոպե դգդիմ–տգդիմ անելուց հետո ձայնը կտրում էր, ու նորից լսելու համար պետք էր կոճակը նորից սեղմել։

Ցերեկը, երբ ամուսինս աշխատանքի էր, տղաս՝ քնած, որոշեցի ազատ ժամանակն օգտագործել ու ձիուկին մի լավ լողացնել, ինչպես անում եմ բոլոր օգտագործված խաղալիքների հետ։ Բայց մեր ձիուկին այդ լոգանքը հեչ դուր չեկավ... Ու նա որոշեց վրեժ լուծել...

Տգդիմ–տգդիմն անմիջապես գլուխը գցեց ու... ոչ մի կերպ չի կտրում։ Հիմա վերցրել եմ, կոճակը սեղմրտում եմ, է՛լ գլխին եմ տալիս, է՛լ մելջքին, է՛լ հատակին եմ խփում. ոչ մի բան չի օգնում։ Տգդիմ–տգդիմ, հա՛ տգդիմ–տգդիմ։ Արդեն զգացի, որ էդ տգդիմները սկսում են մի այլ կարգի ներվերս սղոցել։ Սկզբում հաճելի ու հետաքրքիր թվացող էդ ունակությունն այժմ իսկական պատիժ էր դառել գլխիս։ Խփելն էդպես էլ օգուտ չտվեց, ստիպված մի կերպ դիմացա, մինչև որ դրա մոնոտոնությունն էնքան բթացրեց ընկալունակությունս, որ արդեն չէի լսում, չնայած դեռ հնչում էր։ Երբ տղաս արթնացավ, մեր ձիուկը դեռ տգդիմների մեջ էր, բայց պարզվեց՝ տղայիս հեչ էլ դուր չեն գալիս նրա տգդիմները։ Վախեցած մի կողմ քաշվեց ու ձիուկին ընդհանրապես չմոտեցավ։ Ինչքան փորձեցի տգդիմները գրավիչ տեսակետից ներկայացնել, էդպես էլ չհաջողվեց։ Որոշ ժամանակ անց ձիուկը վերջապես սսկվեց, ու տղայիս մի կերպ ընտելացրի նրան։

Հաջորդ պատուհասը տեղի ունեցավ ձիուկի սթրվելուց կարճ ժամանակ անց։ Տղաս խաղում էր իր ինքնագնա մեքենայով։ Մեքենան լարած էր, ինքն էլ կանգնած վիճակում պահել էր ձեռքում։ Չգիտեմ ինչու ես էլ էդ պահին կողքը կանգնած մի պահ գլուխս մի քիչ կախեցի, ու մեքենայի անիվներից երկուսը հաջողացրին ակնթարթորեն իրենց վրա մի քանի տակ փաթաթել երկար մազերիս երկու մեծ փունջ։ Մեքենան մազերիցս կախված մի քանի րոպե մազերս ազատելու ապարդյուն փորձեր անելուց հետո ամուսնուս օգնության կանչեցի։ Մի տասնհինգ րոպե մազերս քաշքշելուց ու ցավեցնելուց բացի, ոչնչի չհասնելով՝ արդեն մտածում էի՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով գլուխս ազատելու համար ուղղակի բռնել ու կտրել՝ մեքենայի վրա թողնելով մազերիս երկարության մոտավորապես 70 տոկոսը, բայց դրանից հետո սպասվող տեսքիս հեռանկարը հեչ գրավիչ չէր թվում։ Ի վերջո րոշվեց մեքենան քանդել, քանի որ, ինչպես պարզվեց, այլ կերպ անիվները հանել անհնար էր։ Պարզվեց՝ քանդելն էլ հեշտ բան չէր։ Քանի որ մեքենան շատ անհարմար ձևով մխրճված էր մազերիս մեջ, պարզապես քանդել չհաջողվեց, ստիպված եղանք զոհաբերել նրա շարժունակությունը՝ մեզ մխիթարելով նրանով, որ էդ մեքենայից էլի ունենք պահած։ Ի վերջո, ահագին ժամանակ կորցրի խճճված մազերս սանրելու համար, որի հետևանքով էլ սանրելիս ահագին մազ կորցրի։

Իսկ ուշ երեկոյան, երբ տղայիս քնելուց հետո խաղալիքներն էի հավաքում, մեր ձայնավոր ձիուկը տևական հանգստից հետո հանկարծ իրեն շատ առույգ զգաց և որոշեց կրկին տգդիմահար անել մեզ... :{

Ուլուանա
11.10.2012, 07:52
Տպավորություններն ի վերջո խամրելու հատկություն ունեն, բայց մեկ–մեկ լինում են տպավորություններ, որ ժամանակի ընթացքում ոչ խամրում են, ոչ էլ հնանում...

Տվյալ դեպքում խոսքը մի հին, բազմիցս ծեծված հանրահայտ պատմության (http://ar-nare.livejournal.com/20903.html) մասին է, որ հաճախ եմ հանդիպում ինտերնետում, հիմնականում՝ բլոգներում, ու չնայած նրան, որ դեռ մանկուց լսել եմ, իսկ հասուն տարիքում տարբեր հոդվածներից արդեն համարյա անգիր գիտեմ էդ պատմությունը, բայց ամեն անգամ հանդիպելիս էլի կարդալու մեծ ցանկություն է առաջանում, ու ամեն անգամ կարդալիս տպավորվում ու հուզվում եմ նույնքան, որքան առաջին անգամ՝ միաժամանակ համոզված լինելով, որ հաջորդ անգամ էլի եմ կարդալու։ Ուղղակի քիչ առաջ էլի ԿՄ–ի ընկերներիցս մեկի բլոգում պատահաբար հանդիպեցի, կարդացի ու էլի վերապրեցի նույն զգացողությունները, որոնք նկարագրելը երևի անիմաստ է։

Մի տեսակ վերացական գրեցի, բայց պատմության հերոսն արժանի է, որ գոնե մի անգամ իր անունն էլ գրեմ։ Եթե հղումն, այնուամենայնիվ, չեք բացել, ասեմ, որ խոսքը Շավարշ Կարապետյանի սխրանքի մասին է։ Վերամբարձ խոսքեր ասել մի տեսակ չի ստացվում, թող դրանք էլ ներսումս մնան։

Ուլուանա
14.10.2012, 22:23
Առաջին երկու մասերը՝ համապատասխանաբար #120 (http://www.akumb.am/showthread.php/54361-%D4%B1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4?p=2359097&viewfull=1#post2359097) և #122 (http://www.akumb.am/showthread.php/54361-%D4%B1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4?p=2359974&viewfull=1#post2359974) գրառումներում։

Դասախոս–ուսանող հարաբերությունների մասին

Դասախոս–ուսանող հարաբերություններում այստեղ շատ հստակ անձնական հեռավորություն կա, որը ոչ մի դեպքում չի խախտվում։ Նախ դասախոսն իր տրամադրությունը, բնավորությունն ու հայացքները երբեք որևէ կերպ չի փաթաթում ուսանողի վզին։ Ընդհանրապես դասախոսներն այստեղ ծայրաստիճան հավասարակշռված են, համբերատար, հանդուրժող ու չեզոք։ Իմ կարծիքով, մեկ–մեկ՝ նույնիսկ չափից դուրս ու անտեղի։ Դեռ չեմ հիշում, որ որևէ դասախոս երբևէ բարկացած լինի որևէ ուսանողի վրա։ Նույնիսկ եթե ուսանողն ամեն ինչ անում է բարկացնելու համար, ինչն, իհարկե, հազվադեպ է պատահում, դասախոսը, միևնույն է, շարունակում է պահպանել իր հանգիստ վիճակը։ Ըստ իս, չափից դուրս հանդուրժողականություն է, օրինակ, այն, որ եթե ուսանողն ինչ–որ բան սխալ է անում կամ չի անում, մի խոսքով՝ իրեն ակնհայտորեն սխալ է պահում, ու դասախոսը դրա հետ կապված ինչ–որ բան է ասում, սովորաբար ավելացնում է, որ ինքը չի բարկանում, ինքը չի քննադատում, պարզապես... Այսինքն՝ եթե հանկարծ դասախոսն զգում է, որ իր ասածը կարող է որպես խիստ քննադատության կամ վրդովվածություն հնչել, ապա հարկ է համարում արդարանալ ու բացատրել, որ այդպես չէ։ Բացի դրանից, դասախոսը երբեք իրեն թույլ չի տա ուսանողին այնպիսի հարց տալ, թեկուզ իմիջիայլոց, որն անձնական որևէ բան կարող է ենթադրել։ Եթե նույնիսկ հարցը հնչի այնպես, որ նման թեկուզ չնչին կասկածի տեղիք տա, ապա անմիջապես նա ինքն իրեն կուղղի՝ հարցն ավելի ընդհանրացնելով կամ վերացական դարձնելով՝ այդպիսով ցույց տալով, որ ինքն իրականում չի փորձում ներխուժել այդ մարդու անձնականը։ Իհարկե, կախված կոնկրետ դասախոսից՝ էս ամենը մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց ընդհանուր պատկերը մոտավորապես էսպիսին է։

Հետաքրքիր է, որ այս անձնական հեռավորությամբ հանդերձ՝ այստեղ առկա է դասախոսներին դիմելու ձևի զարմանալի ազատություն։ Դասախոսները, որպես կանոն, ներկայացնում են իրենց անուն–ազգանունը ու միաժամանակ ասում, որ ցանկության դեպքում ազատ կարող ենք իրենց դիմել նաև անունով, այսինքն՝ դիմացից դնելով կամ չդնելով տիկին կամ պրոֆեսոր բառերը, ընդ որում՝ սա արվում է անկախ տարիքից։ Ինձ մինչև հիմա դասավանդել են երեսունից մինչև յոթանասունն անց մարդիկ, ու բոլորն էլ, բացառությամբ մեկի, դիմելաձևի նման ազատություն են տվել, նույնիսկ յոթանասունամյա դասախոսը։

Միակ բացառությունը ութսունին մոտ քիմիայի դասախոսն էր, որը, երևում էր, իր բնույթով, այսպես ասած, հին մարդ էր՝ սեփական արժանապատվության շատ բարձր գիտակցմամբ, ու իր անունը գրատախտակին գրելիս նույնիսկ հարկ համարեց «դոկտոր» բառն էլ ներառել։ Ենթադրում եմ, որ նրան հեչ դուր չէր գա, եթե իրեն անունով դիմեին։ Իսկ դասախոսներիցս մեկը նույնիսկ հատուկ նշեց, որ ինքը նախընտրում է, որ իրեն հենց անունով դիմենք, թեև ազգանունով էլ կարող ենք, իսկ երբ մեզ այլևս դասավանդելիս չլինի, ու փողոցում հանկարծ հանդիպենք, ապա ոչ մի դեպքում անունից բացի, այլ դիմելաձև չի ուզում լսել։

Այնուամենայնիվ, մինչև հիմա դեռ չեմ տեսել որևէ ուսանողի, որը դասախոսին պարզապես անունով դիմած լինի։ Ավելին՝ ուսանողները հիմնականում բոլորին դիմում են պարզապես «պրոֆեսոր»՝ առանց անվան կամ ազգանման։ Հիշում եմ՝ երբ դեռ նոր էի էստեղ ուսանող, դեռ տեղյակ չէի, որ տարածված դիմելաձևն, այնուամենայնիվ, «պրոֆեսորն» է, ու եռաչափ դիզայնի դասախոսիս (որն, իհարկե, նախօրոք ասել էր, որ իրեն կարող ենք մեր նախընտրած ձևով դիմել) դիմում էի Ms. Mack, ու զգում էի, որ իր համար ամեն անգամ անսպասելի էր լինում դա լսելը։ Հետո նկատեցի, որ միայն ես եմ էդպես դիմում. մնացած բոլորը պրոֆեսոր են ասում։

Իսկ ընդհանրապես դասախոս–ուսանող հարաբերություններում պաշտոնականություն ու լարվածություն ընդհանրապես չկա, ու դա առաջին հերթին գալիս է դասախոսների անմիջական, ընկերական մոտեցումից։ Իհարկե, մի մասն ավելի շատ, մյուս մասն՝ ավելի քիչ, բայց ընդհանուր առմամբ մթնոլորտը տրամադրում է ազատ ու անկաշկանդ լինելուն։

Դասապրոցեսի, քննությունների ու գնահատականների մասին՝ հաջորդիվ։

Ուլուանա
15.10.2012, 07:06
Ֆեյսբուքը միշտ էլ իմը չի եղել իր ամբոխայնության պատճառով. ես ամբոխներում երբեք ինձ հարմարավետ չեմ զգում, թեկուզ վիրտուալ։
Նոր էլ ֆեյսբուքի լրահոսն էի աչքի անցկացնում, մեկ էլ պահի տակ մի պատկեր եկավ աչքիս առաջ. ֆեյսբուքը մի մեծ տակառի տեսքով, որում ով ինչքան ուժ ունի գոռում է, ու բոլոր ձայները քիչ–քիչ մարում–խեղդվում են ներքաշող ջրապտույտի հատակում... Մի տեսակ անդուր էր ու... ունայն... Ցանկություն առաջացավ վերցնել կափարիչն ու կործել տակառի գլխին...

Ուլուանա
23.10.2012, 05:46
Էս աշունն էնքան լավն է, որ քիչ է մնում դավաճանեմ իմ սիրելի ամառվան և աշունը հռչակեմ որպես իմ ամենասիրած եղանակ։ :)))

Արդեն ասել եմ, որ վերջին տարիներին սկսել եմ տարվա բոլոր եղանակներն էլ սիրել՝ ամեն մեկը հենց էնպիսին, ինչպիսին կա։ Բայց աշնան նկատմամբ վերաբերմունքս մի տեսակ առանձնահատուկ է հիմա։ Այն ներքին ներդաշնակությունը, որ ապրում եմ աշնանը հաղորդակից լինելուց, երևի ուրիշ ոչ մի եղանակի չեմ ապրում։

Վերջերս միշտ ամուսինս էր տղայիս տանում խաղահրապարակ, ու էսօր առաջին անգամ աշնանային եղանակին ես տարա։ Ավանդական դարձած ճոճանակասղարանային ժամանցից հետո տղայիս հետ մի լավ զվարճացանք սղարանային համալիրի մոտ կուտակված խաշամի մեջ։ Վաղուց էդ քանակությամբ չորացած տերևներ չէի տեսել։ Խշխշացնելով վազվզում էինք, թռվռում ու տերևները ցփնում շուրջներս։ Խաշամային զվարճանքը տղայիս ահագին դուր էր եկել. հրճվանքի մեջ էր։ Ես էլ՝ իրենից ոչ պակաս։ :)

http://i.imgur.com/XLyEZ.jpg

Գրեթե համոզված եմ, որ հաջորդ անգամ խաշամն արդեն էնտեղ չի լինի։ Էս ամերիկացիները վատ սովորություն ունեն թափված տերևները պարտաճանաչ կերպով անմիջապես հավաքել–մաքրելու։ Չեն թողնում՝ մարդ լիարժեք աշուն վայելի։ Հենց մի քիչ տերևաթափ է լինում, միանգամից պիտի վերացնեն ու շուրջբոլորը տաղտկացնեն։

Ուլուանա
05.11.2012, 20:24
Երևի մարդկանց մեծ մասի համար արևային ակնոցն, իր հիմնական ֆունկցիայից զատ, ասոցիացվում է ավելի ոճային, ավելի տպավորիչ ու գրավիչ տեսքի հետ, դրա համար էլ շատերն այն կրում են ոչ միայն աչքերն արևից պաշտպանելու, այլև պարզապես յուրահատուկ տեսքի համար։ Մի ժամանակ ինձ համար էլ էր էդպես։ Հիմա վերաբերմունքս լրիվ այլ է։ Չեմ սիրում, երբ մարդու աչքերը չեն երևում, ու հատկապես տհաճ է, երբ հանդիպում եմ մարդուն, ու նա չի բարեհաճում ակնոցը հանել։ Չգիտեմ՝ դրա հետ կապված քաղաքավարության ընդունված կանոն կա, թե ոչ, ենթադրում եմ, որ պիտի լինի։ Համենայնդեպս, ինձ համար դա մոտավորապես նույնն է, ինչ մարդու հետ խոսելիս մարդը քեզ մեջքով շրջված լինի։ Երկու դեպքում էլ չես տեսնում մարդու աչքերը, հետևաբար՝ հայացքը, դեմքի արտահայտությունը, ինչը չի կարող չազդել շփման անմիջականության վրա։ Այսինքն՝ հավասար պայմաններում չեք. ինքը քո նկատմամբ առավելություն ունի. դու բաց տարածքում ես, ինքը՝ ինչ–որ փակ տեղից, ինչ–որ «ծակից» հետևում է քեզ։ Գուցե ասածս չափազանցություն թվա, բայց կարծում եմ՝ սկզբունքորեն կա էդպիսի երևույթ։

Հասկանում եմ, որ որոշ մարդիկ զգայուն աչքերի պատճառով ստիպված են դրսում անընդհատ ակնոցով լինել, բայց նման դեպքերում, կարծում եմ, կարելի է գոնե հանդիպելու առաջին պահին մի քանի վայրկյանով հանել ակնոցը, հետո նորից դնել՝ բացատրելով իրավիճակը։ Ամեն դեպքում չեմ կարծում, թե էդ խնդիրն ունեցող մարդիկ շատ լինեն, մինչդեռ ակնոցը դեմքներին սոսնձած ման եկողների ինչքան ասես կհանդիպես։

Տրամաբանական է, որ արևային ակնոց կրելը, գիտակցված կամ չգիտակցված, նաև ինչ–որ առումով ուրիշների աչքերից, այսպես ասած, պաշտպանված լինելու, ավելի ապահով զգալու նպատակ ունի, որոշ դեպքերում մինչև անգամ անճանաչելի լինելու միտումով։ Ու զարմանալի չէ, որ որոշ ակնոցավորներ երբեմն ծանոթի հանդիպելիս կարող են չբարևել՝ երևի մտածելով, որ էնքան քողարկված են, որ դիմացինն իրենց չի ճանաչի։ Իհարկե, որոշ դեպքերում կարող է և էդպես լինել, բայց կարծում եմ՝ մեծ մասամբ լավ էլ ճանաչելի են լինում, ու իրենց չբարևելն ընդամենը մեկնաբանվում է որպես դիմացինից խուսափելու ցանկություն։

Ինչ վերաբերում է ակնոցի պարգևած ենթադրյալ գրավիչ ու հետաքրքիր տեսքին, ապա, իմ համեստ կարծիքով, ակնոցը մի տեսակ համահարթեցնում, ստանդարտացնում է մարդու դեմքը՝ բոլորին իրար նման դարձնելով, քանի որ թաքցնում է մարդու անհատականությունը ցույց տվող ամենակարևոր դիմագծերը՝ աչքերը։ Ուրիշների համար չգիտեմ` ոնց է, բայց ինձ համար արևային ակնոց դրած մարդիկ իրար շատ նման տեսք ունեն, ու էդ տեսքը հեչ էլ ավելի գրավիչ ու ավելի հետաքրքիր չի, քան առանց ակնոցի։

Սա մասամբ նաև պատասխան էր այն հնարավոր հարցին, թե ինչու ես գրեթե երբեք (չնչին բացառություններով, երբ դրա համար ուրիշ պատճառ կա) լայք կամ շնորհակալություն չեմ տալիս մարդկանց ակնոցով լուսանկարներին։

Ուլուանա
08.11.2012, 23:17
Իսկ մեզ մոտ արդեն ձմեռ է։ Նա ժամանեց երեկ...
Իմացել էինք, որ էլի փոթորիկ է լինելու, Սենդիից կիսով չափ թույլ, որն էլի ահագին ուժեղ է։ Տանը նստած՝ առանձնապես փոթորիկ չզգացինք, կարծես սովորականից մի քիչ ուժեղ քամի լիներ։ Բայց հենց առավոտից սկսել էր ձյուն մաղել, ցերեկվա վերջում արդեն նստել էր, իսկ երեկոյան արդեն ամեն ինչ ձյան հաստ վերմակի տակ էր։ Պատուհանից դուրս նայելիս մի տեսակ ամանորյա խորհրդավորություն էի զգում.

http://i.imgur.com/WEBax.jpg

http://i.imgur.com/TkoZr.jpg

Առավոտից շատ պայծառ ու ջինջ եղանակ էր, էնպիսին, որ ստիպում է դուրս գալ տնից։ Ես էլ որոշեցի Արեգի հետ գնումների գնալ։ Էդպես պայծառ ակնկալիքներով դուրս եկա, ու պայծառությունիցս գրեթե հետք չմնաց... Նախ դրսում զարմանալիորեն հեչ էլ պայծառ չէր, նույնիսկ մի քիչ մռայլ էր։ Մի քիչ գնալուց հետո հենց մեր տան մոտերքում տեսանք արմատախիլ եղած–ընկած երեք մեծ ծառեր, որոնցից մեկն ընկել էր մի մեքենայի վրա՝ ջարդուխուրդ անելով վերջինիս հետևամասի ապակիները, մի հատ մեծ տապալված եղևնի ու մի ծառ, որի հսկայական ճյուղը կոտրված–կախված էր։

http://i.imgur.com/Z2Sx6.jpg

http://i.imgur.com/64F73.jpg

Վախենալու է, երբ ներսում նստած հեչ չես զգում, որ դրսում ուժեղ քամի է, մինչդեռ իրականում՝ այ էսպիսի ավերիչ փոթորիկ...

Էլ չեմ ասում, որ ճանապարհները, չնայած ինչ–որ չափով մաքրել–բացել էին, էլի տեղ–տեղ բավական դժվարանցանելի էին։ Որոշ մասերում մի կերպ էի տղայիս սայլակը հրելով առաջ տանում ձյան ու ձնացեխի հաստ շերտի վրայով։

http://i.imgur.com/bs8Hs.jpg

Մինչդեռ աշունը անկոչ ձյուն–ձմեռվան զուգահեռ համեստորեն շարունակում է իր սիրուն գոյությունը. :)

http://i.imgur.com/zyj3r.jpg

Էս մեքենան էլ փոթորկի հետևանքով կամ շնորհիվ աշնանային ճյուղիկով է զարդարվել. :)))

http://i.imgur.com/ecGTS.jpg

Իսկ ես առաջին անգամ եմ նոյեմբերի սկզբին ձյուն տեսնում։

Ուլուանա
10.11.2012, 21:08
Վահեն (http://www.facebook.com/vhpoet?ref=ts&fref=ts) (PoeT) իմ ճանաչած ամենալուսավոր ու դրական մարդկանցից է։ Իմ գնահատմամբ՝ պարզապես ճիշտ մարդ։

Ճիշտն ասած՝ Վահեի մասին գրելու ցանկություն վաղուց ունեի՝ տարիներ առաջվանից, երբ դեռ հետը մոտիկից շփված չկայի, բայց ինչ–որ կերպ հաջողացրել էի կողքից ուսումնասիրելով, ընթացքում էլ իր տեսակի հանդեպ հետաքրքրություն ձեռք բերելով՝ իմ կարծիքով, բավական ճիշտ որսալ իր բնույթը, կարելի է ասել՝ հենց սկզբից, երբ իրեն ճանաչեցի օղորմածիկ Surprise ֆորումից։ Լավ ժամանակներ էին. էն ժամանակներից, երբ խոտն ավելի կանաչ է, երկինքն՝ ավելի կապույտ, արևն՝ ավելի պայծառ, օդն էլ՝ ավելի մաքուր։ Ընդհանրապես դա իմ կյանքում լավ ու հետաքրքիր մարդկանց հանդիպելու ու ճանաչելու լավագույն շրջաններից մեկն էր։ Իհարկե, ոչ բոլորի մասին առաջին տպավորություններս են ճշգրտորեն պահպանվել տարիներ հետո, բայց հետաքրքիր է, որ Վահեի դեպքում էդ առումով որևէ փոփոխություն չի գրանցվել։ Էն ժամանակ Վահեն տասնվեցամյա խոստումնալից պատանյակ էր՝ ջինջ հայացքով, պայծառ մտքով, գիտելիքների անհագ ծարավով, աշխարհի առաջ բաց՝ պատրաստ շրջապատող աշխարհն առավելագույնս ընկալելու ու ճանաչելու։ Ու ամենակարևորը՝ էդ ամենի համար ինքը ներքին ճիշտ ուղենիշ ուներ։ Երևում էր, որ ինտենսիվ ձևավորման փուլում է, ու նաև՝ որ էդ ձևավորման արդյունքն ի վերջո լավն է լինելու :)։

Վերջին երկու շաբաթը Վահեն Նյու Յորքում էր ու էդ ամբողջ ընթացքում մեր առաջարկով հյուրընկալվել էր մեր տանը։ Միասին է՛լ Սենդի փոթորիկ դիմավորեցինք, է՛լ ձյուն–ձմեռ։ Տղայիս հետ էլ հենց սկզբից շատ լավ ընկերացավ (ճիշտ է, էս ամռանը միասին Դիլիջանում մի երկու օր հանգստացել էինք, բայց դե էս տարիքում երեխաներն առանձնապես չեն հիշում մարդկանց), էն աստիճանի, որ Արեգն իրենից պոկ չէր գալիս. առավոտյան Վահեին տեսնելիս միանգամից պայծառանում էր, անընդհատ գնում, քաշքշում էր, որ հետը խաղար, ձեռքը Վահեի կողմը պարզած՝ հետևից լացում էր։ Մի անգամ նույնիսկ էնպես ստացվեց, որ ցերեկվա քնից հետո չէր ուզում, որ շորերը հագցնեի, ու միայն հագնվելուց հետո Վահեի մոտ գնալու խոստումը ստիպեց, որ անմիջապես խելոք–խելոք թողնի իրեն հագցնեմ։ Վահեն էլ միշտ հավեսով զբաղվում էր հետը։ Էդ առումով մեզ ահագին օգնեց։ Ոնց որ ինքնակամ իրեն Արեգի համար դայակ կարգած լիներ։ Ամենազվարճալին էն էր, որ մեկ–մեկ ինձ ասում էր. «Ան, մի հատ Արեգին կնայե՞ս, ես հեսա կգամ»։ Դե, ես էլ մեծահոգաբար նայում էի էդ մի քանի րոպեն, ի՞նչ արած :D։

Ընդհանրապես Վահեն ոտքից գլուխ պոզիտիվիզմ է, լավատեսություն ու թեթևություն ճառագող։ Հուսով եմ՝ ինքն էլ մեր տանն իրեն վատ չէր զգում, որովհետև իր ներկայությամբ ինքը մեզ բոլորովին նեղություն չէր տալիս, եթե չասեմ, որ նույնիսկ օգնում էր, ավելին՝ հետը շփվելը շատ հեշտ էր ու հավես։

Հետաքրքիր է, որ լուրջ ու խոր մարդ լինելով հանդերձ՝ Վահեն մի տեսակ արտաքին «ջրիկ» շերտ ունի, որի պատճառով երբեմն կարող է առաջին հայացքից անլուրջ տպավորություն թողնել, բայց կարծում եմ՝ մի քիչ շփումն էլ հերիք է էդ խաբուսիկ տպավորությունը ցրելու համար։ Վահեի հավես գծերից մեկը, որ վաղուց եմ նկատել, անցյալի «նստվածքներից» ազատ լինելն է, մի բան, որ շատ քչերին է բնորոշ։ Դրանով ու էլի որոշ գծերով ինքն ինձ եղբորս է հիշեցնում, ու գուցե մասամբ նաև էդ պատճառով է մի տեսակ հարազատ։ Հետո ինքը բացառիկ կերպով բաց է նոր մտքերի ու գաղափարների առաջ՝ դոգմաներից ու կաղապարներից զերծ, ու հետը կարելի է ցանկացած թեմա քննարկել՝ առանց երբևէ «պատերի» ու «կոշտուկների» դեմ առնելու։

Ուրախ եմ, որ Հայաստանում Վահեի պես դրական ու լուսավոր ձգտումներով մարդիկ կան։ Մնում է՝ ԱՄՆ չփախնի :P։

Հա, մեկ էլ՝ եթե արտասահմանում եք ապրում, ու Վահեն հանկարծ ձեր կողմերում հայտնվի, անպայման հյուրընկալեք, չեք փոշմանի, երաշխավորում եմ։ :))

Հ.Գ. Ընդհանրապես որոշել եմ պարբերաբար գրել ինձ հանդիպած, իմ կարծիքով, դրական ու լուսավոր մարդկանց մասին։ Առանձին մարդկանց մասին ոնց որ թե քիչ եմ գրում...

Ուլուանա
12.11.2012, 07:47
Առավոտյան վաղ չարթնանալու դեպքում ոնց որ մի կարևոր բան բաց թողած լինեմ, ու վերջին ժամանակները՝ մոտ մի տարի կամ ավել, փաստորեն, միշտ բաց եմ թողել... Վաղ արթնանալ ասելով՝ ես նկատի ունեմ ամենաուշը վեցի կողմերը, թե չէ յոթին միշտ էլ արթնանում ու հիմնականում վեր եմ կենում, բայց յոթին թե ութին՝ առանձնապես տարբերություն չկա, քանի որ լույսն արդեն բացված է լինում առանց քեզ։ Լուսաբացի էֆեկտի մասին մի քանի անգամ գրել եմ ժամանակին։ Բացի էն աննկարագրելի կախարդական զգացողությունից, նաև օրդ է ուրիշ կերպ սկսվում, ու մի տեսակ դու ինքդ հնարավորություն ես ունենում որոշելու, թե օրդ ոնց սկսվի, քանի որ դու ու օրը միասին եք արթնանում։ Իսկ ուշ արթնանալու դեպքում դու միջամտելու հնարավորություն չես ունենում կարծես, արթնանում ես, իսկ նա արդեն սկսվել է առանց քեզ...

Վաղուց լուսաբացի հետ արթնացած չլինելուց հետո էսօր առաջին անգամ արթնացա ժամը վեցին։ Վաղորդյան հանդարտության ներքո յոգայի վարժություններ, մտորումներ, տնային գործեր։ Ու էդ ամենի շնորհիվ վաղը նորից շուտ քնելու ու շուտ արթնանալու մղում։

Հ.Գ. Կյանքում ամենակարևոր բաներից մեկը պիտանիության գիտակցումն է։ Էսօր, երբ վերջերս գնալով սակավացող (նաև իմ մեղքով) շփումներիս պատճառով ինձ հանկարծ ահավոր անպիտան զգացի, երկու՝ իրարից անկախ, բայց միաժամանակ վարած զրույց կտրուկ վերականգնեցին պիտանիության զգացողությունս, որոնցից մեկի դեպքում՝ խոսակցիս մեջ համանման գիտակցում առաջացնելու շնորհիվ։ :))) Ու խոսակցիներիցս ոչ մեկը նույնիսկ չիմացավ, թե էդ պահին ինձ ինչքան պետք էին էդ խոսակցությունները։
Հետաքրքիր բան է կյանքը։

Ուլուանա
15.11.2012, 03:31
Էս տղայիս հաջող անելը լրիվ տրամադրությունից է կախված։ Օրինակ, եթե չի ուզում, որ տվյալ մարդը գնա, սպանես՝ հաջող չի անի։ Իսկ մեկ–մեկ, երբ տվյալ մարդու հավեսը չի ունենում, անկախ վերջինիս գնալու մտադրությունից՝ ինքը հաջող է անում, որ գնա :D։ «Հաջող»–ին էլ «հաջի» է ասում։ Էսօր մանկաբույժի մոտ էինք։ Ինչպես միշտ, հենց սկզբից ղժժոցը դրեց՝ հերթական պատվաստումն ակնկալելով, չնայած ընդամենը թեթև ստուգման էինք գնացել, բայց դե ինքն ի՞նչ իմանար։ Բժիշկը կարճ ժամանակում նայեց–վերջացրեց, որից հետո մի հինգ րոպե ամուսինս տղայիս գրկած խոսում էր բժշկի հետ։ Էդ ամբողջ ընթացքում Արեգն էդ մարդուն «հաջիախեղդ» էր անում՝ հաջող անող ձեռքը համարյա դեմքին հասցնելով :D։ Ամերիկացիներն էլ իր «հաջին», որպես կանոն, "hi" են ընկալում ու ուրախանում :))։

Ուլուանա
04.12.2012, 23:14
Երբ տղաս դեռ մեկ կամ երկու ամսական էր, մանկաբույժի մոտ հերթական այցելության ժամանակ ընդունարանի աշխատակցուհին մեզ հանկարծ հայտնեց, որ մենք խնդիր ունենք բուժ. ապահովագրության հետ կապված, որ, իբր, մեր բժշկի մոտ տեղերն արդեն լրացած են, ու նոր պացիենտ ընդունել չի կարող։ Ոչինչ, որ արդեն մի ամիս է՝ իր պացիենտն ենք։ Մի խոսքով՝ մի ժամ մեր հերթին սպասելուց հետո մեզ բացատրում էր, որ բժիշկը մեզ չի կարող ընդունել։

Մի որոշ ժամանակ ամուսինս աշխատակցուհու հետ պարզաբանում էր էդ հարցը, ու էդ ընթացքում ես ապշել էի էդ կնոջ անբարյացակամությունից։ Նման դեպքերում առնվազն էստեղ աշխատողներն անպայման ափսոսանք են հայտնում, նույնիսկ ներողություն խնդրում նման անհարմար իրավիճակի համար, հատկապես որ տվյալ դեպքում հարցը նորածին երեխային էր վերաբերում, որն էդքան ժամանակ սպասել էր։ Նաև կարող էր ինչ–որ խորհուրդ տալ, թե ինչ անել իրավիճակը շտկելու համար կամ նման մի բան։ Իսկ էդ կնոջ դեմքին ու խոսելաձևում ոչ միայն ափսոսանքի նշույլ չկար, այլև ակնհայտ մուննաթ կար, ինչ–որ անհասկանալի, անբացատրելի, ԱՄՆ–ում երբևէ չտեսնված, չլսված մուննաթ։ Կարծես նույնիսկ շատ էլ գոհ էր, որ էդպես եղավ։ Էնպիսի հայացքով էր մեզ նայում, կածես դեռ մի բան էլ մենք էինք մեղավոր, որ էդ բժշկի մոտ գրանցվելիս մեզ ոչ ոք չէր տեղեկացրել, որ նման խնդիր կա։ Լրիվ ոնց որ էն «Սովետի սդաչի» տեսակի ծառայողական աշխատողուհիներից լիներ, որոնցից, ցավոք, հիմա էլ քիչ չեն մեր երկրի համապատասխան հիմնարկներում։

Բնականաբար, շատ նյարդային վիճակում էինք, հատկապես ես։ Ամուսինս զանգեց ապահովագրական ընկերություն՝ մի անգամ էլ պարզելու, թե ինչն ինչոց է։

Էնտեղից էլ ասեցին, որ մեր բժշկի մոտ տեղերը լրացել են, սակայն բժիշկն իրավունք ունի իր հայեցողությամբ լրացուցիչ պացիենտ ընդունելու, եթե դեմ չլինի։ Հետո հեռախոսը փոխանցեցինք աշխատակցուհուն, ու լսեցինք, թե ընթացքում ոնց էր հանգիստ ու թեթևացած պատասխանում, որ հա, եթե լրացած է՝ լրացած է, ի՞նչ կարող ենք անել, ու հարցը փակվեց։ Այսինքն՝ էն, որ բժիշկն իր հայեցողությամբ կարող է մեզ ընդունել, լրիվ հեչ, էլի, դրա մասին ոչ մի խոսք։ Ու խոսակցությունից հետո մի տեսակ գոհունակ տոնով մեզ հայտնեց, որ , դե, ի՞նչ կարող ենք անել, որ լրացել է՝ լրացել է։ Ես արդեն ներվայնությունից չգիտեի ինչ անել։ Ու ամուսնուս հետ բարձր–բարձր սկսեցի ամբողջ ջղայնությունս դուրս թափել. թե էս ինչ կռիս տիպ ա սա, ո՞վ էր սենց բան տեսել։ Մի խոսքով՝ օգտվելով առիթից, որ մենք ԱՄՆ–ում ենք, ու մեզ ոչ ոք չի հասկանում, լրիվ ազատություն տվեցի լեզվիս՝ էդ կնոջ հասցեին ինչ ասես չասելով։ Դրա չուզողական հայացքն ու մուննաթը ոչ մի կերպ չէի կարողանում մարսել։ Ուղեղումս չէր տեղավորվում ուղղակի, թե ոնց կարող է մարդն առանց պատճառի էդ աստիճանի չուզողականությամբ լցված լինել մարդկանց նկատմամբ, հատկապես իմանալով, թե էդ տարիքում ամեն մի ստուգումն ինչ նշանակություն ունի առնվազն ծնողների համար։

Արդեն չեմ հիշում, թե ոնց հասանք էն բանին, որ բժիշկն իմացավ ու դեմ չեղավ, որ տղաս իր լրացուցիչ պացիենտը լինի, չնայած նրան, որ էդ մուննաթավորն իրենից կախված ամեն ինչ անում էր, որ խոսակցությունը բժշկին չհասնի, մենք էլ էդպես փորուփոշման թողնենք–գնանք։

Էս ամառ էլ, երբ Հայաստան գալուց առաջ գնացել էինք հերթական ստուգման, նստած սպասում ենք մեր հերթին, մեկ էլ էս մեր մուննաթավորը հայտնվեց.
– Ձեր բժիշկը զբաղված է, գուզե՞ք մյուս բժիշկը նայե, որ չը սպասեք։

Մի քանի վայրկյան պետք եղավ, որ ես ու ամուսինս ուշքի գայինք էս կնոջ հայ լինելու գույժից։

Ինքը, փաստորեն, տղայիս անուն–ազգանունից հենց սկզբից էլ իմացել էր, որ մենք հայ ենք, ու դրանով հանդերձ կամ գուցե դրա պատճառով (մարդ չգիտի էլ՝ ինչ մտածի էս դեպքում) մեզ էդ ձևով էր վերաբերվել։ Ու էդ ամբողջ ընթացքում հետներս միշտ անգլերեն էր խոսել։

Ախր ես հենց սկզբից էլ չէի պատկերացնում, որ ուրիշ որևէ ազգի մեջ կարող է էդքան մուննաթ լինել։ Ի դեպ, ամուսնուս հետ արտաքինն էլ էինք քննարկել, այսինքն՝ որ էնպիսի արտաքին ունի, որ կարող է և հայ լինել, թեև կարող էր և չլինել։ Բայց էդ մուննաթն էլ հո մաքուր–զուլալ հայկական էր, ախր ո՞նց չէինք հասկացել։ Ու ես փորձում էի հնարավորինս մանրամասն հիշել, թե ինչ սարսափելի բառեր եմ ասել նրա հասցեին։ Բայց կոնկրետ բառերից միայն «կռիսն» եմ մտաբերում ու ինձ հույս տալիս, որ սփյուռքահայն էդ բառը դժվար թե հասկանար։ ։))) Ամեն դեպքում հաստատ հասկացած կլիներ, որ իր մասին վատ–վատ բաներ էինք ասում։ Ինչևէ, սա էն հազվագյուտ դեպքերից է, երբ հեչ էլ ինձ վատ չեմ զգում, որ կարող է հասկացած լինել։

Երեկ էլ հենց ներս մտանք, էնպիսի պլշած թունոտ հայացք գցեց վրաներս, որ սկզբում ուրիշ բան չգտա մտածելու, քան որ ուղղակի էդ պահին հայացքը սառել էր։ Բայց երբ հետո էլ տարբեր պահերի նույն թունոտ պլշվածքին դեմ առա, արդեն պարզ էր, որ պատահականություն չի, ուղղակի որոշեցի խուսափել դրա սֆաթից։

Ու մինչև հիմա էլ ուղեղումս չի տեղավորվում էդ մուննաթը, էդ չուզողականությունը։ Բայց ախր ինչի՞։ Էն էլ անծանոթ հայրենակցի նկատմամբ։

Ուլուանա
18.12.2012, 22:02
Լռության մասին էի մտածում, ու մի բան մտքովս անցավ. եթե մարդ արարածն ինքն իր հետ հոգեպես լրիվ մենակ մնալու հնարավորություն կամ կարողություն ունենար, երևի երաժշտության կարիք չզգար (կամ շատ քիչ զգար)։ Նկատի ունեմ հատուկ միացվող կամ նվագվող երաժշտության, թե չէ բնության ձայներն էլ են երաժշտություն, եթե խորանանք։ Ի վերջո, ինչի՞ համար ենք երաժշտություն լսում. որոշակի հոգեվիճակի մեջ մտնելու համար, չէ՞։ Իսկ մեր քաղաքակիրթ աշխարհում շուրջբոլորն էնքան բազմազան հոգեվիճակներ, իրավիճակներ կան միաժամանակ, որ քո ուզած հոգեվիճակի, տրամադրության մեջ մտնելու համար պիտի երաժշտություն լսես, որ կարողանաս գոնե մասամբ կտրվել, մեկուսանալ շուրջդ տիրող տրամադրություն(ներ)ից ու հոգեվիճակ(ներ)ից։ Այսինքն՝ երաժշտությունը գուցե ժամանակակից մարդու համար միջավայրից կտրվելու միակ ձևն է։ Ու ինձ թվում է՝ մարդիկ հիմա ավելի շատ են երաժշտություն լսում ոչ միայն դրա հասանելիության աճի պատճառով։

Կամ էլ ուղղակի ինչ–որ բան բաց եմ թողնում, չգիտեմ. սրանք հում մտքեր են, իսկ ես էնքան էլ սովոր չեմ մտքերս հում վիճակում հրապարակելուն։

Ուլուանա
20.12.2012, 22:44
Էսօր մի հետաքրքիր երազ եմ տեսել։ Չգիտեմ՝ տարբեր երազներ էին, թե նույն երազի տարբեր գլուխներ, բայց մեկում, իբր, մեր քոլեջում գույների տեսության դասին եմ գնում (որը ներկայումս անցնում եմ), բայց, չգիտես ինչու, Նյու Յորքի փոխարեն այն գտնվում է Երևանում՝ մերոնց տանը շատ մոտ ինչ–որ տեղ, ու դասախոսն էլ տղայիս մանկաբույժն է :bl։

Իսկ մյուս գլխում գլխավոր հերոսը Կիտան էր։ Արտասահմանում ինչ–որ տեղ միջոցառում էր կազմակերպվել կարծեմ հիսունականներին նվիրված, ու մասնակիցները պիտի ներկայանային հիսունականների հանդերձանքով, պիտի հնչեր հիսունականների երաժշտություն, ու ընդհանրապես ամեն ինչը պիտի լիներ էդ տարիների ոճով։ Կիտան էլ որոշել էր անպայման մասնակցել ու շատ ոգևորված էր։ Ամիսներով պատրաստվել էր միջոցառմանը, հատուկ շոր էր կարել տվել, բան։ Շորն էլ լավ տպավորվել է՝ բաց դեղնավուն երկար շրջազգեստ էր՝ խոշոր փայլերով պատված։ Մենք էլ ակումբցիներով ճանապարհեցինք, ինքնաթիռով գնաց եսիմ որ երկիր՝ մասնակցելու։ Հետո եկավ, ոգևորված պատմում էր հավաքույթից։ Նույնիսկ հավաքույթի տեսագրությունն էր հետը բերել :)), ակումբցիներով նայում, քննարկում էինք, հետն էլ ասում, թե ինչը ոնց պիտի կազմակերպած լինեին, որ ավելի լավ լիներ :D։ Հիշում եմ՝ հատկապես Հայկօն էր նենց լուրջ կառուցողական առաջարկներ անում։ Կարծեմ նույնիսկ հասել էինք նրան, որ քննարկում էինք, թե ինչ դեմքի արտահայտություն պիտի ունենային մասնակիցները, որ ավելի հիսունական տեսք ունենային :D։

Ուլուանա
21.12.2012, 23:40
Աշխարհի վերջը առայժմ չի երևացել, բայց սեմեստրի վերջն էսօր եկավ։
Երեկ օրվա մեծ մասը պրոյեկտիս վրա աշխատելը չփրկեց գիշերը նստելուց, ստիպված եղա ամբողջ գիշերն էլ աշխատել։ Մտածեցի՝ ձեռի հետ էլ աշխարհի վերջը կդիմավորեմ, եթե գա։ Մեկումեջ էլ Ակումբ էի ծիկրակում, տեսնեի՝ վերջից ինչ խաբար կա։ Որոշ ժամանակ չէի մտել, մեկ էլ մտա, տեսնեմ՝ դափ–դատարկություն. ձայն–ծպտուն չկա, վերջին գրառումն էլ ավելի քան երկու ժամ առաջ է արվել... Ո՞նց թե։ Չլինի՞ թե իսկապես... Սիրտս հանգստացնելու համար մտա ֆեյսբուք, սկզբում էնտեղ էլ էր աշխարիվերջոտ լռություն տիրում, ավելի ճիշտ՝ հայաստանաբնակ ընկերներիցս ձայն–ձուն չկար... Մտածեցի՝ կարո՞ղ է, այնուամենայնիվ, Հայաստանից որոշեց սկսվել... Բայց շուտով աչքովս ընկան Ռայադերի գրառումները, սիրտս տեղն ընկավ, անցա գործիս։

Մինչև առավոտվա վեցը դեռ նստած էի ու վերջում արդեն էնքան վատ էի, որ աչքերս փակվելուց բացի, զգացի, որ արդեն աղոտ եմ տեսնում, իսկ դա ամենաապուշ բաներից մեկն է, որ կարող է պատահել գույների տեսության պրոյեկտ անելիս։ Մի պահ համարյա աշխարհի վերջն էր, երբ պատկերացրի, որ կարող է չհասցնեմ ավարտել... Ոչինչ, որ սա ընդամենը լրացուցիչ պրոյեկտ էր, իսկ այն, ինչ պահանջվում էր, նախորդ օրն էի ավարտել։ Ես սիրում եմ ինձ պարբերաբար ապահովագրել լրացուցիչ աշխատանքներով, ու հաճախ «որ հասցնեմ՝ կանեմ»–ը վերածվում է «ամեն գնով պիտի անեմ»–ի։

Առավոտյան վեցին մի կերպ ավարտեցի, տպելն էլ թողեցի առավոտվան, ավելի ճիշտ՝ երկու ժամ հետոյվան, քանի որ արդեն առավոտ էր, միամտորեն հավատալով, որ եղածը մեծ բան չի, հանգիստ կհասցնեմ։ Էսպիսի դեպքերում ամենազզվելին էն է, որ էդքան ժամանակ աչքերդ մի կերպ բաց պահելուց, մինչև վերջին կաթիլը քամվել–սպառվելուց հետո վերջապես մտնում ես անկողին ու գիտակցում, որ քունդ հեչ չի տանում։ Սկսում ես սարսափահար հաշվել քնելու համար մնացած խղճուկ ժամերը ու հետևում, թե ոնց են դրանք կայծակնային արագությամբ ոչնչանում։ Բայց լավ էր, էդ վիճակը շատ երկար չտևեց։

Իսկ լուսադեմին եղանակը սկսեց աշխարհիվերջոտ երանգներ ստանալ. փոթորիկ, պատուհանները թմբկահարող ուժեղ անձրև։ Աշխարհի վերջի չէր ձգում, իհարկե, բայց նախավերջի տեղ լրիվ կանցներ։ Դե, մենք Սենդի փոթորիկ տեսած մարդիկ ենք, մեզ նույնիսկ աշխարհի վերջով հիմա առանձնապես չես զարմացնի։ Դասից չուշանալու համար գոնե ութին պիտի վեր կենայի, այսինքն՝ քնելու ընդամենը երկու ժամ ունեի։ Բայց էնքան էի վախենում քնահարամ արթնանալու տառապալի վիճակից, որ վախից իսկի չկարողացա ինձ մնացած երկու ժամը նորմալ քնել, ժամը յոթից արդեն պարբերաբար ժամն էի ստուգում։ Իսկ պատուհանից էն կողմ աշխարհի չկայացած վերջը գնալով մարում էր։ Յոթն անց կես որոշեցի, որ առնվազն անիմաստ պառկելու վերջը պիտի գա, ու անցնել գործի։ Պատկերացնում եմ՝ եթե վեր չկենայի... Պարզվեց՝ պրոյեկտիս նկարները տպելը մի իսկակսն գխացավանք է։ Լիքը տեխնիկական մանր–մունր խնդիրներ, դժվարություններ ու ամենակարևորը՝ առանց էդ էլ չեղած ժամանակի ահագին վատնում, որ չէի նախատեսել։ Մի կերպ հասցրի տպել–վերջացնել, ձեռի հետ էլ ընդամենը մի բանան ուտել ու թռնել դասի։ Կես ժամ ուշացումով։ Բայց դե չորս ժամ տևողությամբ դասի մեջ կես ժամը հեչ բան է։ Էս կիսամյակ ընդամենը երկու անգամ եմ ուշացել, երկու անգամն էլ դասախոսն ինձնից մի քանի րոպե առաջ է լսարան մտել, իսկ դա էստեղ խիստ հազվադեպ պատահող բան է։

Աշխարհի վերջը՝ դեռ չգիտեմ, բայց կիսամյակիս վերջը կարելի է հաջողված համարել։

Ուլուանա
07.01.2013, 23:15
2012–ն ինձ համար ընդհանուր առմամբ ծանր տարի էր։ Չէի ասի՝ անհաջող, բայց ահագին բարդ ու լարված։ Լիքը ծանր հոգեվիճակներ, վախեր, մտավախություններ, խղճի խայթեր, ինքնադժգոհություն, ինքնակեղեքում, թեև ուսման ոլորտում էլ՝ աննախադեպ բավարարվածություն ու հպարտություն։

Էս տարի առաջին անգամ քոլեջում full time ուսանող եմ եղել։ Ամեն օր դասի էի գնում, ու օրվա էն մասը, երբ դասի չէի, հիմնականում պատրաստվում էի դասերին։ Հաստատ կարող եմ ասել, որ կյանքումս դեռ երբեք էդքան զբաղված չէի եղել։ Դեռ ոչ մի անգամ չհասցնելու վախից էդքան հուսահատված, սթրեսի մեջ ընկած ու լացած չկայի, ինչքան էս տարի։ Կիսամյակի սկզբներում, երբ արդեն հստակ պատկերացում ունեի, թե որ առարկայի համար ինչքան ժամանակ ու ջանք է պահանջվում, հասցնելը, նկատի ունեմ՝ բարձր գնահատականներով, լրիվ անհնար էր թվում՝ ֆիզիկապես անհնար, իսկ ուղղակի յոլա տանելն ինձ համար տարբերակ չէր։ Երբ օրվա ժամերս բաշխում էի, ոչ մի րոպե տակը չէր մնում, որ մտածեի՝ էստեղից կրճատեմ, էսինչ բանն անեմ։ Կրճատելու բան ընդհանրապես չկար։ Ես առանց էդ էլ բացի դաս անելուց, ճաշ եփելուց ու տղայիս կերակրելուց, ուրիշ գրեթե ոչնչով չէի զբաղվում, ինտերնետ մտնում էի միայն դասերի հետ կապված, հավեսի համար՝ գրեթե երբեք (դա էլ էր ինձ համար աննախադեպ բան), ու, միևնույն է, հասցնելն անհնար էր թվում։ Հասցնում էի միայն գիշերները քիչ քնելու կամ երբեմն ընդհանրապես չքնելու գնով։ Երբեմն նույնիսկ բառացիորեն հաց ուտելու ժամանակ չէի ունենում։ Ու մինչև հիմա էլ որ մտածում եմ, ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե որտեղից մեջս էդքան ուժ ու էներգիա գտնվեց, որ պատվով դուրս եկա էդ իրավիճակից, ընդ որում՝ բոլոր հինգ առարկաներից էլ գերազանց գնահատականներ ստանալով։ Ախր լրիվ անհնար էր...

Մյուս կողմից էլ երևի օգնում էր էն հանգամանքը, որ բոլոր առարկաներն էլ ինձ համար շատ հետաքրքիր էին ու սովորելը մեծ հաճույք էր։ Միայն չհասցնելու վախն էր հարամ անում ինչ–որ չափով։ Մտածում էի՝ բա մի քիչ ավել ժամանակ չունենայի՞, որ կարողանայի ավելի լիարժեք վայելել էս հավես առարկաները։

Համ էլ էս տարի ինձ դասավանդել են ինձ հանդիպած երկու ամենալավ դասախոսները, ովքեր ոչ միայն որպես դասախոս, այլև որպես մարդ՝ զգալի հետք են թողել մեջս։ Բրյուսովում էդպիսի բան չեմ հիշում։

Հիշում եմ՝ անցած տարին ամփոփելիս գրել էի, որ մարդկային շփման աննախադեպ դեֆիցիտի տարի էր։ Էս տարի ռեալ շփումը մի քիչ ավելի շատ էր, բայց բաղկացած էր հիմնականում էպիզոդիկ հանդիպումներից։ Իսկ ինտերնետային շփումների դեֆիցիտի առումով էս տարին էր աննախադեպ։

Էս տարվա մեջ երկու անգամ հանդիպել եմ ընտանիքիս։ Մեկը տարվա սկզբին, երբ միասին Լոնդոնում դիմավորցինք Նոր տարին։ Մյուսն էլ ամռանը, երբ գնացել էինք Հայաստան։

Էս տարվա մեջ հինգ ակումբցու եմ հանդիպել միայն ԱՄՆ–ում։ Էսպիսի բան էլ դեռ չէր եղել։ Սկզբում Նյու Յորքում Սասունին ու Գալաթեային, հետո՝ Վահեին, Լոս Անջելեսում՝ տեսիլքին, հետո՝ srtik–ին՝ առաջին անգամ (ճիշտ է, srtik–ի հետ հանդիպումն արդեն էս տարվա մեջ ընկավ, բայց դե ոչինչ, ես նախորդ տարվա մեջ եմ հաշվում, հատկապես որ ի սկզբանե էդպես էր նախատեսված :)))։

Էս տարի վերականգնեցի մի խզված հարաբերություն, բայց որոշ ընկերների հետ էլ կապը թուլացավ։ Հուսով եմ՝ նոր տարվա մեջ կվերականգնվեն ինձ համար կարևորները։

Ստեղծագործական առումով աննախադեպ անկման տարի էր։ Ահագին գիտելիքներ ձեռք բերեցի, բայց գործնականում շատ քիչ բան արեցի (համապատասխան տնային հանձնարարություններն ու պրոյեկտները չհաշված)՝ հիմնականում ժամանակ չունենալու պատճառով։

2012–ին, հատկապես երկրորդ կեսերից սկսած՝ հա վախենում էի, որ ինչ–որ վատ բան կլինի։ Էս տարի ծանոթներիցս շատերի կյանքում շատ վատ բաներ եղան, ու էնպիսի զգացողություն ունեի, որ տարին նավսված է։ Անհամբեր սպասում էի, թե երբ պիտի վերջանա։ Ու կարծեմ՝ ոչ միայն ես։ Լավ էր, գլորեցինք, գնաց։ Բարով–խերով պրծանք 2012–ից։

Ինչպես միշտ, ուշացումով շնորհավոր բոլորի Նոր տարին :)։

Ուլուանա
11.01.2013, 07:00
Արվեստանոց եմ ուզում։ Ընդարձակ, լուսավոր ու միայն իմը։ Որ երբ ուզեմ, ինչ ուզեմ ու ինչքան ուզեմ փռեմ, թափեմ, շարեմ, լցնեմ ու էդպես թողնեմ, ու ոչ ոքի չխանգարի էդ ամենը. ոչ ոք չասի՝ հավաքի, էս ի՞նչ վիճակ ա, կամ՝ ամբողջ սեղանը զբաղեցրել ես, մի քիչ տեղ ազատի, ու նման բաներ։ Որ ստիպված չլինեմ ամեն անգամ մուսայիս գլխին տալով՝ լռեցնել, որովհետև ճաշի ժամն է, կամ՝ որովհետև տղաս հիմա ձեռքը կգցի, կքաշի, կթափի, կպատռի, կփչացնի... Արվեստանոց եմ ուզում, որտեղ մուսաս ոչ թե անպատեհ ժամանակ այցելած անկոչ հյուր կլինի, այլ ազատ ու անկաշկանդ տանտեր։

Փոքր ժամանակվանից միշտ երազել եմ իմ սենյակն ունենալ, էդպես էլ երբեք չեմ ունեցել։ Վաղուց արդեն չեմ երազում դրա մասին։ Վերջերս հասկացա, որ ինձ հիմա ոչ թե առանձնասենյակ է պետք, այլ հենց արվեստանոց։ Իբր, պահանջներս փոքրացել են, էլի. ուզածս ընդամենը մի հատ պուճուրիկ ընդարձակ արվեստանոց է։ Մի հատ մեծ սեղան լինի, մի հատ էլ աթոռ, հերիք է։ Մնացածը՝ ձեռի հետ։

Ափսոս, էնպիսի բան էլ չի, որ մարդիկ իմանան, ասենք, հաջորդ ծնունդիս կամ Նոր տարուն նվիրեն :D։

Ուլուանա
23.01.2013, 23:14
Մարդիկ կան, որոնց, չգիտես ինչպես, հաջողվում է մեջդ եղած ամբողջ բացասականն արթնացնել։ Դա, անկասկած, ամենատհաճ զգացողություններից մեկն է, բայց հիմա էդպիսի շփումները դիտարկում եմ որպես դաժան, բայց օգտակար դասեր։ Առաջին անգամ էդ մասին մտածեցի էն ժամանակ, երբ որոշ շրջան ստիպված էի սերտ շփման մեջ լինել մի մարդու հետ, ում ապշեցուցիչ կերպով հաջողվում էր իմ մեջ հիմնականում բացասական գծեր արթնացնել, էն աստիճանի, որ ես ինքս ինձ համար էլ էի հաճախ տհաճ դառնում ու միաժամանակ զարմանում, որ ես կարող եմ էդքան վատը լինել։ Էդպիսի մարդկանց հետ հակառակն ապացուցելու յուրաքանչյուր ջանքդ կարծես քեզ ավելի ու ավելի խորն է ընկղմում արդեն դրսևորվածդ բացասականի մեջ։

Հետո էլի եղավ մի իրավիճակ, երբ շփումն ինքնին տհաճ չէի անվանի ընդհանուր առմամբ, բայց ինձ համար անհասկանալի ձևով ես ինքս ինձ տվյալ մարդու աչքերով բավական բացասական լույսի տակ էի տեսնում անընդհատ ու դրանից ահավոր դիսկոմֆորտի մեջ ընկնում։ Նման իրավիճակներում հետաքրքիրն այն է, որ մի կողմից կարծես գիտես, որ դա քո նորմալ, իսկական վիճակը չի, դու սովորաբար էդպիսին չես, շատ ավելի լավն ես, բայց մյուս կողմից էլ չես կարող չգիտակցել, որ, փաստորեն, էդպիսին էլ կարող ես լինել, դա էլ է իրականում քո մի մասը։ Ու ուզում ես ամեն կերպ ազատվել էդ բացասական մասից, որ այլևս ամեն պատահած մարդ չկարողանա քեզ «վատը դարձնել»։

Ես, իհարկե, նկատի չունեմ, թե պետք է էդպիսի մարդկանց հետ հատուկ շփում փնտրել, ավելին՝ համոզված եմ, որ երկարատև լինելու դեպքում նման շփումը կարող է մարդուն լրիվ հոգեկան հավասարակշռությունից հանել ու լուրջ վնասներ հասցնել։ Բայց ժամանակ առ ժամանակ կարճատև շփումները ինքնաբացահայտման ու ինքնավերագնահատման լավ հնարավորություն կարող են լինել։ Էսպես թե էնպես կյանքը դժվար թե որևէ մեկին լրիվ ապահովագրի էդպիսի շփումներից, էնպես որ դա ամեն դեպքում անխուսափելի է։ Ամբողջ հարցն այն է, թե ինչպես ես դրան նայում ու ինչ ես քաղում դրանից, բացի հասկանալի պատճառներով ստացած բացասական լիցքերից։

Ու ընդհանրապես երբ ինչ–որ բան տհաճ է լինում, պետք է փորձես գոնե ուսանելի բան գտնել մեջը։ Հաստատ կգտնես։ Ինձ թվում է՝ հենց էնպես ոչինչ չի թափվում մեր գլխին։

Ուլուանա
28.01.2013, 00:58
Վերջնաժամկետ չպահանջող խնդրանքներից զզվելի բան չկա՝ առաջին հայացքից ազատությունդ չսահմանափակող, բայց խնդրանքից մինչև դրա կատարումն ընկած ամբողջ ընթացքում շնչիդ ծանր նստած. ինչքան շատ է հետաձգելու հնարավորությունը, էնքան երկար ես տառապում։
Էս պահին էդպիսի երկու խնդրանք կա դաժան համբերատարությամբ շնչիս նստած։ Ու կապ չունի, որ դրանցից ոչ մեկն էլ տհաճ բան չի։
Որոշել եմ մինչև վաղը շունչս ազատել։ Տեսնես՝ կստացվի՞։

Ուլուանա
30.01.2013, 19:25
Երեկվանից սկսվել է գարնանային կիսամյակը։ Էսօր առաջին դասս էր՝ սոցիոլոգիան և արվեստները։ Էստեղ, անկախ մասնագիտությունից, պիտի առնվազն մեկ սոցիալական գիտություն առարկա վերցնես։ Դասավանդվող սոցիալական առարկաները շատ են, ու դրանցից կարող ես ընտրել ուզածդ։ Ես էլ ցուցակն ուսումնասիրել էի ու ուրախությամբ ինձ համար բացահայտել «սոցիոլոգիան և արվեստները» վերնագրով առարկան։ Ճիշտ է, սոցիոլոգիան ինքն իրենով էլ հետաքրքիր առարկա եմ համարում, առաջարկվող ցուցակում էլ ավելի նեղ ուղղվածությամբ ահագին հետաքրքիր առարկաներ կային, բայց դե արվեստից ավելի հետաքրքիր չէին ինձ համար։

Ինչպես բոլոր դասախոսները, պրոֆեսոր Ջուլիա Ռոթենբերգն էլ է նախ և առաջ հետաքրքրվում, թե մեզանից քանիսն են արվեստի հետ կապ ունեցող մասնագիտությամբ։ Պարզվում է՝ ընդամենը չորսս՝ ես ու ևս երեք հոգի։ Մի պահ մասնագիտությունների թեմայով խորանում ենք, տղաներից մեկն ասում է, որ ինքը դաջվածքներ անող է (tattoo artist)։ Հետո դասախոսը հետաքրքրվում է, թե մեզանից քանիսը դաջվածք չունի։ Մինչ ես ապշում եմ հարցադրման ժխտական ձևից ու ձեռքս բարձրացնում, պարզվում է՝ հարցը լավ էլ տեղին էր. էստեղ ինձ նման հետամնացներին հաշվելու համար մի ձեռքի մատներն էլ շատ են։

– Փաստորեն, դաջվածք չունենալն էսօր հազվագյուտ բա՞ն է,– զարմացած ասում եմ դասախոսին։
– Հա, բա ի՞նչ. ես մարզադահլիճ գնալիս նույնիսկ ամաչում եմ բաց շորեր հագնել, որովհետև էնտեղ միակն եմ, ով դաջվածք չունի, պատկերացնու՞մ ես։

Չեմ պատկերացնում։

– Խելագար աշխարհ է– ասում եմ կիսաձայն ու միաժամանակ լսում, թե ոնց է ինձնից ձախ նստած աղջկան իրենից ձախ նստած տղան զարմացած ասում.
–Լու՞րջ, ոչ մի դաջվածք չունե՞ս»։

– Քանի՞ տարի է՝ ԱՄՆ–ում ես»– հարցնում է դասախոսս, որն արդեն պարզել է, որ Հայաստանից եմ։
– Հինգից ավել։
– Դե, իսկը ժամանակն է դաջվածք անելու,– ծիծաղում է։
– Չեմ էլ պատրաստվում,– ես էլ եմ ծիծաղում։

Պարզվում է՝ մենք՝ չդաջվածներս, արդեն վերացող տեսակ ենք...

Ուլուանա
09.02.2013, 00:49
Հազիվ էինք պրծել էն անառակ Սենդիից, հիմա էլ անհամբեր սպասում ենք Նեմո ձնաբքին... Այ սենց քամբախ երկրում ենք ապրում։
Բնությունը չի սիրում, էլի, էս Ամերիկային, հո զոռո՞վ չի։

Ուլուանա
09.02.2013, 02:01
Արեգը վերջերս շատ պաչիկասեր է դարձել։ Ճիշտ է, առաջ էլ էր մեզ պաչիկ անում, հիմնականում՝ քնելուց առաջ, երբեմն էլ ուղղակի։ Բայց հիմա ոնց որ թե պաչիկ երևույթը նորովի է բացահայտել իր համար։ Բացի նրանից, որ մեզ ավելի հաճախ է պաչիկ անում, նաև իր խաղալիք կենդանիներին է պաչիկ անում։ Հերիք չի` ինքն է պաչիկ անում, դեռ մեզ էլ է պաչիկ անել տալիս իր խաղալիքներին :D։ Բերում, դեմ է տալիս, որ պաչենք։ Ու մինչև չպաչես, հեռացնողը չի, ուզած–չուզած՝ պիտի պաչիկ անես, որ գլուխդ ազատես։ Հատկապես ձիուկներին է շատ սիրում, ու մենք օրվա մեջ բազմաթիվ անգամներ էդ ձիուկներին պատվերով պաչիկ ենք անում։

Նաև սկսել է իր ուտելիքը մեզ հյուրասիրել։ Դեռ մի քիչ կերած՝ արդեն պարտադիր պիտի գդալը մեզ ուղղի, որ մենք էլ ուտենք, հետո նոր շարունակի ուտելը։ Սկզբում մտածում էինք՝ երևի էդքանն ուտելու հավես չունի, գլուխն ազատելու համար է էդպես անում, բայց հետո տեսանք, որ չէ. նախ հաճախ հենց սկզբից՝ մեկ–երկու գդալ ուտելուց հետո արդեն հյուրասիրում է, հետո՝ նույնիսկ իր ամենասիրած ուտելիքները, որոնք եթե էլի տայի, համոզված եմ, հաճույքով կուտեր, մեկ է, հյուրասիրում է։ Երեկ էլ չամիչ էր կերել, որն իր ամենասիրած ուտելիքներից է, մի ժամ կամ ավել անցել էր արդեն, ես էլ նստած եմ կոմպի դիմաց, մեկ էլ տեսնեմ՝ չգիտեմ որտեղից գտած չամչի հատիկ է բերանս խցկում։ Փաստորեն, հատակից գտած մինուճար չամչիկը մամային էր բերել :))։

Ուլուանա
16.02.2013, 03:27
Սարսափելին էն չի, երբ կես ճամփից հանկարծ հիշում ես, որ ինչ–որ կարևոր բան ես մոռացել հետդ վերցնել ու ստիպված պիտի հետ դառնաս։ Սարսափելին էն է, երբ կես ճամփից հիշելով, որ մոռացել ես, հետ ես դառնում ու տունը տակնուվրա անելուց ու չգտնելուց հետո ի վերջո հայտնաբերում, որ հեչ էլ չէիր մոռացել, մոտդ էր :fool :aaa։

Էլ չեմ ասում էն մասին, որ մինչև էդ մի անգամ արդեն հետ դարձած ես լինում ամենակարևորը մոռացած լինելու պատճառով։

Ուլուանա
16.02.2013, 18:33
Էսօր Ֆեյսբուքում ընկերներիցս մեկի շեյր արած երկհարկանի մահճակալի նկարը տեսա, իմ մանկության երկհարկանին հիշեցի։

Մահճակալն ի սկզբանե գնվել էր քրոջս ու եղբորս համար՝ իրենց ծնվելուց առաջ։ Բայց դե իրենք մինչև էդքան մեծանային, ինձ ուղարկեցին երկրորդ հարկում քնելու։ Ինչ–որ պահից սկսած առաջին հարկում եղբայրս էր քնում, որոշ ժամանակ հետո՝ քույրս, հետո ես մեծացա, եղբայրս գրավեց իմ տեղը։

Էնքան էի սիրում իմ բարձրանիստ անկողինը. հավես էր «աշխարհը» վերևից տեսնելը։ Դա ննջասենյակի միակ մասն էր, որտեղից ամբողջ սենյակը երևում էր։ Ուրիշ առավելություններ էլ կային՝ պայմանավորված սենյակի դասավորությաբ, բայց դրանց մասին պատմելու համար պիտի ամբողջ սենյակը նկարագրեմ։

Հավես էր քնից արթնանալով՝ «պատշգամբից» դուրս նայելը։ Ու համ էլ ես միակն էի, որ կարող էի առաստաղին հասնել։ Քնելու արանքներում էլ երբեմն տուն–տունիկ էինք խաղում՝ վերևի ու տակի հարևանով, իրար հյուր էինք գնում, բան։ Պատշգամբից էլ իրար խաղալիք–մաղալիք էինք փոխանցում։ Հավես էր։

Նաև սիրում էի մահճակալի աստիճաններով անկողին բարձրանալը։ Էդ տարիներին հաճախ էի երեկոյան դեռ անկողին չմտած՝ տանը մի տեղ լխկում–քնում, ես էլ էն ժամանակ որ քնում էի, ինչպես մամաս էր ասում, մոտս զուռնա նվագեին՝ չէի արթնանա (հետաքրքիր է, որ հիմա ճիշտ հակառակն եմ)։ Մամաս շորերս հանում, գիշերանոցս հագցնում էր, չէի արթնանում։ Հետո գրկած տանում–դնում էր մահճակալի աստիճանին, ու ես էդպես քնած–քնած բարձրանում, մտնում էի անկողին. լրիվ ռեֆլեքս էր դառել։ Առավոտյան չէի էլ հիշում, որ բարձրացել եմ։

Մեկ էլ հիշում եմ, որ էդ մահճակալի դոշակները հետն էին, երբ առանք։ Կանաչ ու սպիտակ նախշերով դոշակներ էին։ Հոտն էլ մինչև հիմա քթիս մեջ է։

Էդ մահճակալն էլ, օղակների (http://www.akumb.am/showthread.php/54361-%D4%B1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4?p=2038775&highlight=%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D6%85%D5%B2%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8#post2038775) պես, էն բաներից էր, որ մեր ծանոթներից ոչ մեկի տանը չկար։ Ավելի ճիշտ՝ մեկը կար, բայց իրենք մենակ առաջին հարկն էին օգտագործում որպես մահճակալ, երկրորդ հարկը որպես պահեստ էր ծառայում։ Ինչ անհետաքրքիր մոտեցում։

Ուլուանա
22.02.2013, 06:48
Էս ամերիկացիներն էնքան են տարբեր սննդատեսակներ անտեղի սոյայախեղդ անում, որ արդեն հենց մի բանի մեջ սոյա խցկած չեն լինում, հանդիսավոր տեղեկացնում են դրա մասին։ Էն օրը տեսա՝ նշի կաթի տուփի վրա խոշոր տառերով գրված է՝ soy free (առանց սոյայի) :{։ Հա, բա՞, մնում էր՝ էդ էլ սոյայով լիներ...

Հ.Գ. Հիմա կասեն՝ իսկ նշի կաթը ո՞րն ա :))։ Էստեղ կաթը համ նշի է լինում, համ սոյայի, համ էլ բրնձի։

Ուլուանա
10.03.2013, 17:47
Առաջին դասն էր։ Դասախոսը միջին տարիքի, մի տեսակ անհավես դեմքով կին էր՝ լրիվ ոնց որ հայկական իրականությունից ներմուծված պատառիկ. էստեղ դասախոսները երբեք անհավես չեն լինում։ Առնվազն ինձ էդպիսիք դեռ չեն հանդիպել։ Ինչպես էստեղ հաճախ անում են առաջին դասին, առաջարկեց, որ ամեն մեկս մի քիչ խոսենք մեր մասին։ Առաջինը ես էի։ Չգիտեմ ինչի խելքիս փչեց հենց սկզբից ասել, որ Հայաստանից եմ։ ԱՄՆ–ում մարդկանց իսկի չի հետաքրքրում, թե իրենք որտեղից են, էլ ուր մնաց՝ ուրիշների ծագումը հետաքրքրի։ Ու ես էլ դեռ ոչ մի անգամ էդ հարցը շոշափած չկայի, քանի դեռ հատուկ դրա մասին չէին հարցրել։ Մեր մասին պատմել ասելով էլ հասկանում են մեր հետաքրքրությունները, նախասիրությունները, ընտրած մասնագիտությունը, այն ընտրելու դրդապատճառները և նման բաներ (քանի որ նույն առարկան կարող են տարբեր մասնագիտություններ ընտրած մարդիկ վերցնել ու հայտնվել նույն խմբում)։ Դասախոսը հենց լսեց՝ Հայաստանից եմ, մի տեսակ ձանձրույթ արտահայտող դեմքով ընդհատեց, թե՝ էդ ո՞ր երկրի քաղաքներից էր, չեմ կարողանում հիշել... Ասեցի՝ Հայաստանը երկիր է, քաղաք չի։ Սա էլ նենց ինքնավստահ տոնով, թե՝ ո՞նց, քաղաք է, լավ չգիտես։ Էստեղ ես արդեն կարգին կատաղեցի։ Ասեցի՝ ուզում եք ասել, որ ես, էնտեղ ծնված ու մեծացած լինելով, չգիտե՞մ՝ երկիր է, թե քաղաք։ Էս դասախոսն էլ իր հերթին կատաղեց։ Արդեն չեմ հիշում մանրամասները, բայց ամբողջ դասը գնաց մեր վիճաբանության վրա։ Ես փորձում էի էդ ապուշին ապացուցել, որ Հայաստանը քաղաք չի, երկիր է, նա էլ՝ հակառակը։ Վերջը որ դասն ավարտվեց, ասեցի՝ փաստորեն, ամբողջ դասն անցավ միայն իմ պատասխանի վրա, էն էլ կիսատ։ Ասեց՝ դե հա, որ մարդիկ անիմաստ հակաճառեն, տենց կլինի, էլի։ Ու էդտեղ ես կատաղությունից արթնացա :D։

Ուլուանա
13.03.2013, 01:34
Դեռ ամիսներ առաջ որոշել էի մազերս կտրել։ Ժամանակ առ ժամանակ, իսկ ավելի կոնկրետ՝ երկու–երեք տարին մեկ, ես հոգնում եմ իմ սիրելի երկար մազերից ու շատ երկար մազերս կտրել տալիս շատ կարճ։ Հավես թարմություն է բերում ամեն անգամ էդպիսի լուրջ փոփոխությունը։ Սկզբում կտրելուց հետո, հատկապես սկզբնական շրջանում շատ էի կարոտում երկար մազերս, միայն վերջին անգամ, երբ հղիությանս վերջին ամիսներին կտրեցի, էդ զգացողությունը չեղավ։

Բայց էս անգամ իրավիճակը մի քիչ ուրիշ էր։ Բանն այն է, որ տղաս առանձնահատուկ վերաբերմունք ունի իմ երկար մազերի նկատմամբ։ Շատ է սիրում մազերովս խաղալ, շոյել, մռութիկը մխրճել մեջը։ Ամեն անգամ մազերս հորիզոնական դիրքում տեսնելիս վազելով գալիս էր ու մռութն ի վար պառկում մազերիս վրա։ Մի ժամանակ նույնիսկ մազերս օգտագործում էի հատուկ որպես մխիթարիչ գործիք։ Հենց լացում էր, մազերովս մի քիչ շոյում–մոյում, խոտուտ–մուտուտ էի տալիս, միանգամից պայծառանում էր ու լացը մոռանում։ Հետո բոլոր երկար մազերով աղջիկներն իրեն մամային էին հիշեցնում։ Հատկապես քրոջս նկարը կամ Սքայփով վիդեոն տեսնելիս մատը տնկում էր վրան ու «մամա» ասում։ Ես էլ արդեն սկսել էի վախենալ. կարո՞ղ է՝ մազերս կտրեմ, տղաս ինձ էլ «պրիզնատ» չգա... Հատկապես որ մի քանի հոգուց լսել էի դեպքեր, երբ մոտավորապես էս տարիքի երեխան մորը չի ճանաչել, չի ցանկացել մոտ թողնել, որովհետև վերջինս սանրվածքը փոխել էր, ու երեխան չէր ճանաչել։

Մազերս կտրելը հա հետաձգում էի, թեև արդեն հաստատ որոշել էի։ Համ կարճ մազ էի ուզում, համ էլ մի տեսակ ոնց որ դեռ չուզենայի բաժանվել երկար մազերիցս։ Մի քանի օր առաջ հանկարծ զգացի, որ վերջ, արդեն հաստատ կտրում եմ, երկար մազերս մի տեսակ միանգամից սկսեցին ինձ խանգարել, ինչ–որ ավելորդ, օտար մարմնի պես, որից ուզում ես հնարավորինս շուտ ազատվել։ Դրա հետ կապված հիշեցի ծննդաբերությանս պրոցեսը, երբ արդեն ժամերով պառկած էի կծկումներով, ցավերն արդեն կարծես գագաթնակետին էին հասել, բայց համ էլ չէի կողմնորոշվում՝ ուժ տալու ժամանակն է, թե չէ։ Բուժքրոջը հարցրի՝ բա ո՞նց իմանամ՝ որ արդեն ժամանակն է։ Ասեց՝ որ ժամանակը գա, հարցնելու կարիք չի լինի, չես կասկածի. էդ պահին միակ բանը, որ մտքիդ կլինի, հնարավորինս շուտ ամեն գնով էդ երեխային մեջիցդ դուրս գցելն է։ Ու իսկապես էդպես էլ եղավ։ Հիմա մազերս կտրելն էր. ժամանակը որ եկավ, էլ կամուկացի հարց չեղավ։

Հաջորդ օրն ընտանյոք գնացինք մազերս կտրելու։ Ուզում էի, որ կերպարանափոխումս տղայիս աչքի առաջ տեղի ունենար, որ ինձ չճանաչելու ձև չունենար :))։ Նախօրոք ինտերնետում որոնումներ էի արել, իմ ուզած սանրվածքը գտել, տպել ու հետս վերցրել, որ վարսավիրին ներկայացնեմ որպես ուղեցույց։ Երկու հոգով մոտեցան, նկարը ցույց տվեցի, երկուսն էլ միաձայն բացականչեցին՝ օоо՜։ Իսկ ես դեռ շարունակում եմ զարմանալ, որ վարսավիրներն էլ են զարմանում երկար մազերը շատ կարճ կտրելու դեպքերի հանդիպելիս, մարդիկ, որ կյանքում էդքան մազեր են կտրել։ Իսկ եթե նույնիսկ նրանք են զարմանում, ուրեմն երևի իսկապես քիչ են պատահում նման դեպքեր։ Այսինքն՝ ինչի՞ եմ զարմանում, ես ինքս, բացի ինձնից, մեկ էլ մի հոգու գիտեմ, էդ էլ հարազատ մայրս է :))։ Ընդ որում՝ երկուսիս դեպքում էլ դա ոչ թե մի անգամ պատահած դեպք է, այլ ապրելակերպ :))։ Մարդիկ սովորաբար հարցնում են՝ ո՞նց չափսոսեցիր, էդքան երկար մազերդ կտրեցիր։ Ախր ափսոսելը ո՞րն է։ Ինչպես ասել է մի իմաստուն տատիկ. մազ ա, էլի, կերկարի, հո տենց չի մնա. որ մի երևելի բան լիներ, ամեն տեղ չէր աճի :))։ Համ էլ ես էն կարծիքին եմ, որ կտրելիս պիտի էնպես կտրես, որ լավ նկատելի լինի, տեսքդ փոխվի, մի տեսակ իմաստ չեմ տեսնում ուղղակի մի քանի սանտիմետրով կարճացնելու մեջ։

Սկզբում մի քիչ վախ ունեի, որ Արեգը կարող է մազերիս կտրելը տեսնելով՝ ձայնը գլուխը գցի, լացի, բայց ոչ մի նման բան չեղավ, բարեբախտաբար։ Հակառակը՝ հետաքրքրությամբ, ժպտալով նայում էր ամբողջ ընթացքում։ Վերջում էլ, որ մոտեցա, հիացած ինձ էր նայում, պնդուկացած գլուխս շոշափում :))։ Լրիվ նոր գլուխ էր իր համար բացահայտել, անընդհատ ուսումնասիրում էր տարբեր դիրքերից, և այդ ամենը՝ դեմքի հիացական արտահայտությամբ։ Մի խոսքով՝ ավելի լավ պրծանք, քան կարելի էր սպասել :)։

Ուլուանա
19.03.2013, 06:15
Էն օրը սոցիոլոգիայի դասախոսս իր ինը տարեկան տղային հետը բերել էր ու մեզ հետ դասի նստեցրել։ Դե, մենք էլ էդ դասի ժամանակ համակարգիչների դիմաց նստած ենք լինում, տղան էլ մեզ նման նստեց համակարգիչներից մեկի դիմաց։ Երկար մազերով, պայծառ ու մռութ երեխա էր։ Մի տեսակ ոնց որ նոր աշխարհ հայտնաբերած լիներ իր համար։ Պարբերաբար դասախոսությունն ընդհատում, մի միամիտ երեխայական բան էր հարցնում մորը, նա էլ ամեն անգամ փորձում էր հնարավորինս զուսպ հասկացնել, որ սուս մնա, դասը չխանգարի։ Բայց դե մարդը երևի չէր կարողանում էդքան երկար հանգիստ, լուռումունջ նստել։ Դասախոսն էլ գնալով դժվարությամբ էր իրեն զսպում։ Երևի արդեն կարգին փոշմանել էր տղային հետը բերելու համար, բայց էլ ոչինչ չէր կարող անել։ Մի պահ էլ էս տղան վեր կացավ, գնաց գրատախտակի մոտ, կավիճը վերցրեց ու գրատախտակի ներքևի աջ անկյունում գրեց. "Չգիտեմինչ rocks" :D. ըստ երևույթին, ինչ–որ երաժշտական խմբի անուն էր, որի մասին լսած չկայի, անունը հիմա մտքիցս թռել է։ Ու էդտեղ ես հիշեցի ինձ՝ քսանվեց տարի առաջ...

Առաջին դասարանում էի։ Մամաս էլ մեր դպրոցում ուսուցչուհի էր, ու քանի որ ես դասերս շուտ էի վերջացնում, դասից հետո գնում էի մամայի դասարան, իր վերջին դասին նստում, որ հետո միասին տուն գնայինք։ Էդ օրն առաջին անգամ պիտի նստեի մամայի դասին։ Ինձ ուղարկեց շարքի վերջին ազատ նստարանին նստելու։ Գնացի, խելոք նստեցի։ Դե, ես էլ աշխարհի ամաչկոտը, խելոք, սուսիկ–փուսիկ նստել եմ ինձ համար ու ուշադիր լսում եմ բոլորի ասածները, բոլորին զննում։ Լավ էր՝ վերջին նստարանին էի նստած, ինձ զննելն էնքան էլ հեշտ չէր։ Բայց միառժամանակ հետո արդեն սկսեցի ձանձրանալ։ Ու քանի որ ես շատ ստեղծագործ մանկիկ էի, մտածեցի՝ ի՞նչ կա որ, մամայիս դասարանն է, մամայիս դասը, այ, հիմա վեր կկենամ ու կգնամ գրատախտակին նկարելու։ Ինքս ինձ քաջալերելով՝ վեր կացա ու խրոխտ քայլերով ուղղվեցի դեպի գրատախատակը. կավիճը վերցրի ու սկսեցի ամբողջ գրատախտակով մեկ մի հատ գոնչո չեբուրաշկա նկարել :D։ Մեկ էլ ամբողջ դասարանը հո ծիծաղից չփռթկաց... Ամոթից գետինը մտա։ Ահագին ժամանակ ուժեղ ծիծաղում էին։ Բայց, ճիշտն ասած, ամաչելուց ավելի շատ զարմացել էի։ Ինձ թվացել էր՝ սովորական բան եմ անում, ու դժվար թե դա որևէ մեկի ուշադրությունը գրավի։ Դու մի ասա՝ շատ արտառոց երևույթ էր հարազատ մամայիս դասին գրատախտակին չեբուրաշկա նկարելը։ Մի խոսքով՝ լրիվ մանթրաժ վիճակ էր։ Դրանից հետո ահավոր ամաչելով էի էդ դասին նստում։ Ինձ թվում էր՝ բոլորն ինձ տեսնելով՝ էդ դեպքն են հիշում ու մտքներում ծիծաղում, ու երևի էդպես էլ կար։ Հիմա որ հիշում եմ, իմ ծիծաղն էլ է գալիս արածիս վրա։ Բայց որ հիմա լիներ, երևի էլի նույնությամբ ամոթից գետինը կմտնեի։

Ուլուանա
04.04.2013, 06:33
Վերջերս տղայիս մազերն առաջին անգամ կտրեցինք։
Ինչ–որ պահից սովորություն էր դարձրել մատով մազերը պտտել։ Հատկապես ուտելիս ու կաթ խմելիս (դե, քնելու մասին էլ չեմ ասում) մի ձեռքը միշտ մազերի մեջ էր։ Ու էդ պտույտիկների հետևանքով բավական խիտ ու պինդ խճճվածքներ էին առաջանում, որոնք սանրելով ուղղել, քանդել հնարավոր չէր։ Ամեն անգամ ստիպված էդ խճճված մասը հենց էդպես գնդով կտրում–գցում էինք։ Էդպես գնալով հաճախակիանում էին խճճուկները։ Մենք էլ ափսոսում էինք հավես խուճուճիկները կտրել, բայց երբ նկատեցինք, որ մազերն արդեն ավելի շատ խճճուկ են, քան խուճուճիկ, հասկացանք, որ վարսավիրի մոտ տանելու ժամանակն է։

Հիշու՞մ եք "Love is..." ծամոնի մեջի աղջկա մազերը հետևից :)).

http://i.imgur.com/iOaP6QM.jpg

Տղայիս մազերն էլ էին հաճախ հետևից էդպիսի տեսք ունենում :)).

http://i.imgur.com/F9tDE34.jpg

Ուլուանա
06.04.2013, 19:32
Ակումբում մի հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել. նոր գրանցված ժամանակ համարյա բոլորի տարիքը գրված է լինում ավատարի տակ, բայց որոշ ժամանակ անց (ու էդ ժամանակը գնալով կարճանում է) անհետանում է :think։ Իսկ ժամանակին նորման կարծես երևալն էր։
Իսկ ես, մեկ ա, բոլորիդ տարիքներն էլ հիշում եմ, այ տենց :P :D։

Ուլուանա
07.04.2013, 06:00
Փոքր երեխաներ ունեցող ուրիշ մայրերի ասածները, գրածներն ու տեղադրած նկարները որ տեսնում եմ, համարյա միշտ թվում է, որ, ի տարբերություն ինձ, իրենց մոտ ամեն ինչ էնքան հեշտ, ճիշտ, կարգավորված, հարթ ու սիրուն է ընթանում։ Ու մտածում եմ՝ տեսնես՝ ե՞ս էլ եմ կողքից, ավելի ճիշտ՝ հեռվից, էդպիսի տպավորություն թողնում, թե՞ զգացվում է, որ հեչ էլ հարթ ու հեշտ չի։

Էնպիսի տպավորություն է, որ բոլորը, բացի ինձնից, օրինակելի բալիկների օրինակելի մամաներ են, որոնք իրենց բալիկներին տալիս են էն ամենը, ինչ կարող են ու երբեք չեն ունենում էն զգացողությունը, որ ինչ–որ բան թերի են արել կամ անում, մինչդեռ ինձ էդ զգացողությունը համարյա երբեք չի լքում... :(

Ուլուանա
08.04.2013, 20:36
Մտածում եմ՝ բայց հիմիկվա ջահելները սիրահարվելու դեպքում ինչ լայն հնարավորություններ ունեն իրենց սիրելիի մասին տեղեկություններ հավաքելու, տարբեր կողմերից ուսումնասիրելու, հետը կապ հաստատելու ու էդ ամենի շնորհիվ՝ նաև գրավելու համար։ Էլ չեմ ասում՝ սիրելիի լուսանկարներն ունենալու հեշտության մասին։ Բա չէ՝ մեր ժամանակների պես. սիրածս մարդու նկարն ունենալու համար ստիպված ինքս էի նկարել. ուրիշ ձև չկար :D։

Հ.Գ Բայց ինչ տատիկային գրառում ստացվեց :}։

Ուլուանա
21.04.2013, 23:53
Որոշեցի օրագրումս մաս–մաս տեղադրել ԱՄՆ գալուցս կարճ ժամանակ անց գրած դիտարկումներս, որ գրի եմ առել մոտ հինգուկես տարի առաջ, երբ Ակումբում դեռ օրագրեր չկային, բլոգ էլ չունեի ու տեղադրել էի ԴՆ ֆորումում։ Կարելի է ասել՝ թարմ–թարմ, յուղը վրան տպավորություններ են։


Ամերիկայում հայտնվելու և ապրելու հեքիաթային երազանքով երբեք չեմ տառապել և ընդհանրապես Հայաստանից դուրս ապրելու ցանկություն չեմ ունեցել, բայց, դժբախտաբար թե բարեբախտաբար, հանգամանքները ոչ միշտ են դասավորվում մեր ուզածով ու նախատեսածով՝ երբեմն հիմնովին ավերելով մեր նախնական մտադրություններն ու երազանքները...
Ճակատագրի նմանատիպ մի քմահաճույքով էլ ես հայտնվեցի ԱՄՆ–ում, ու թեև բոլորը կողքից համոզված պնդում են, որ այս երկրից հետդարձի ճանապարհ չկա, ես, այնուամենայնիվ, հավատում եմ, որ գոնե մի քանի տարի հետո կկարողանանք հեռանալ այստեղից՝ հիմնավորապես հաստատվելով մեր հայրենիքում։

Բայց... Սկսեմ սկզբից։
Հիշում եմ ԱՄՆ մեկնելուց առաջ մեր վերջին օրը Հայաստանում։ Մի կողմից գիտակցում էի, որ շատ եմ կարոտելու հարազատներիս, ընկերներիս ու ընդհանրապես Հայաստանը, մյուս կողմից էլ ինձ գրավում էր ամեն ինչ զրոյից սկսելու աննախադեպ հեռանկարը. նոր երկիր՝ իմից արմատապես տարբեր ու ինձ՝ ամբողջ կյանքս Հայաստանում ապրած մարդուս համար աներևակայելիորեն հեռու, նոր մշակույթ, նոր մարդիկ, նոր տուն և, վերջապես, նոր ընտանեկան կարգավիճակ՝ ամուսնական կյանք։ Այս ամենը, ինչ խոսք, անչափ գրավիչ էր, բայց միաժամանակ վախեցնող, քանի որ գնում եմ մի երկիր, որտեղ ամուսնուցս բացի, ուրիշ ոչ մի հարազատ... ի՞նչ հարազատ, նույնիսկ ծանոթ մարդ չունեմ։

Բայց, որքան էլ տարօրինակ է, նույնիսկ մեկնելուս օրը կարոտիս վախը դեռևս զուտ գիտակցական մակարդակի վրա էր. ինչպես ասում են, դեռ «տաք էի», ու եթե ինչ–որ հուզմունք ու անհանգստություն էլ ունեի, ապա զուտ գիտակցական։ Մինչև անգամ օդանավակայանում, որտեղ մեզ ճանապարհելու էին եկել իմ ու ամուսնուս ընտանիքները, սկզբում էլի դեռ «տաք էի» ու անհամբեր սպասում էի մոտալուտ թռիչքին։ Միայն վերջում, երբ հրաժեշտի պահը եկավ, հանկարծ մի տեսակ խուճապային հուզմունք առաջացավ։ Երբեք չեմ մոռանա այդ սարսափելի զգացողությունը... Մի կերպ պոկվելով հարազատներիս գրկից ու արդեն միանգամայն հուզական մակարդակով գիտակցելով կատարվելիքի լրջությունը՝ արցունքն աչքերիս հեռացա ինձ ձեռքով անող հարազատներից... Հիշում եմ՝ ոնց էի վախեցած ու անօգնական սեղմվել ամուսնուս՝ միակ մարդուն, ով ինձ համար պատասխանատու է լինելու այսուհետև։ Սարսափելի խուճապի մեջ էի ընկել։ Հեռանում էի... Եվ սա արդեն ոչ թե մտադրություն էր կամ ծրագիր, որի մասին ընդամենը մի քանի օր առաջ անհոգ զրուցում էի ընտանիքիս ու ընկերներիս հետ, այլ արդեն կատարված իրողություն։ Մի կողմից լացում էի, մյուս կողմից փորձում ժպտալ ու ուրախանալ՝ գիտակցելով մեկնելուս դրական կողմերը։ Ամուսինս էլ ջանք չէր խնայում ինձ մխիթարելու համար. անընդհատ փորձում էր իրավիճակը թեթև ու լավատեսական կողմից ներկայացնել ինձ։

Ասում են՝ օտար երկիր մեկնելու դեպքում մարդը մշակութային շոկ է ապրում (culture shock), որը սովորաբար սկսվում է տվյալ երկիր ոտք դնելուց մի քանի օր հետո, երբ մարդ սկսում է գիտակցել իր հայրենի երկրի ու օտար երկրի կենցաղի, մշակույթի ու ընդհանրապես բոլոր տեսակի տարբերությունները և դրանց հարմարվելու իր անպատրաստությունը։ Իսկ սկզբնական օրերին դեռ համակված է լինում, այսպես ասած, էյֆորիայով, քանի որ դեռ լրջորեն բախված չի լինում խնդրիների հետ, այլ միայն հիանում է նոր երկրի արտաքին առավելություններով կամ թեկուզ հենց նորությամբ։

Իմ մշակութային շոկը սկսվեց ինքնաթիռ ոտք դնելու պահից...
Երևանից Վիեննա պետք է թռչեինք, այնտեղից էլ Նյու Յորք։ Առանց այդ էլ նյարդային ու գրգռված վիճակս է՛լ ավելի խորացավ, երբ ինքնաթիռում սկսեց ականջս սղոցել ու նյարդայնացնել ուղևորների ու ավիաուղեկցորդուհիների համատարած գերմաներենը։ Լեզու, որին որոշ չափով տիրապետում եմ ու չնայած շատերի՝ այդ լեզվի նկատմամբ ունեցած հակակրանքին, միշտ սիրել եմ։ Բայց այժմ այդ լեզուն ինձ ուղղակի կատաղեցնում էր. հայերեն էի ուզում լսել, բայց կարծես այս ինքնաթիռում հայեր գրեթե չկային։ Եվ սա դեռ Երևանից մեկնող ինքնաթիռն էր, իսկ ի՞նչ էր լինելու Վիեննա–Նյու Յորք թռիչքի ժամանակ։ Առաջին թռիչքը 6 ժամանոց էր։ Ընթացքում քնում–արթնանում էինք (նախորդ գիշեր չէի քնել ընդհանրապես), ժամանակի զգացողությունը լրիվ կորցրել էի. ասենք, ինքնաթիռի մեջ ի՞նչ ժամանակի մասին կարող է խոսք լինել։

Հաջորդ թռիչքի համար պետք է 5 ժամ սպասեինք Վիեննայի օդանավակայանում. Ավստրիայի վիզա չունեինք, հետևաբար օդանավակայանից դուրս գալ չէինք կարող։ Այնտեղ էլ էինք անընդհատ քնում–զարթնում՝ ամեն անգամ նայելով ժամացույցին, որպեսզի տեսնենք, թե քնելով քանի ժամ ենք արդեն սպանել, ու քանի տանջալից ու հավերժական ժամ է դեռ մնացել։ Գուցե ճանապարհորդությունների սովոր մարդու համար այս ամենը միանգամայն բնական ու սովորական է, բայց ինձ նման մեկի համար չափից դուրս սթրեսային էր. չգիտեմ, շատ հնարավոր է, որ անհամեմատ ավելի թեթև տանեի նման բաները, եթե զուտ ճամփորդելու համար մեկնելիս լինեի, ոչ թե երկար ու անհայտ ժամանակով։ Վիեննա–Նյու Յորք թռիչքը շատ ավելի տանջալից էր, քանի որ այս մեկն 9 ժամանոց էր։ Նորից քուն, արթնություն, քնի ու արթնության միջև ընկած մղձավանջային վիճակներ, մատուցվող տարօրինակ ու երբեմն ինձ համար անուտելի ուտելիքից սրտխառնոց... Իրար հաջորդող ցերեկներ ու գիշերներ... Եվ, իհարկե, այս ամենի տրամաբանական հետևանքը՝ ժամանակի զգացողության արդեն կատարյալ բացակայություն. ինձ մերթընդմերթ նույնիսկ թվում էր, թե արդեն շաբաթներով այս ինքնաթիռի մեջ եմ բնակվում։

Շուրջս ամեն ինչ նյարդայնացնում ու կատաղեցնում էր։ Օտար դեմքեր, օտար հայացքներ, օտար լեզու... Մտածում էի՝ տեսնես միայն ե՞ս եմ ինձ այսպես զգում, թե՞ էլի մարդիկ կան։ Ժամանակ առ ժամանակ հայացքս սահեցնում էի քիչ թե շատ հասանելի ուղևորների վրայով, բայց ոչ մեկի դեմքին չէի կարդում այն, ինչ ես էի ապրում։ Բայց մի՞թե իմ դեմքին կարելի էր կարդալ իմ զգացողությունները։ Խիստ կասկածում եմ, հետևաբար չեմ կարող դատել նաև մյուսների մասին։ Վերջում, երբ ինքնաթիռն արդեն վայրէջք էր կատարում, հանկարծ սիրտս սկսեց թեթևակի խառնել, արդեն վեր էինք կացել տեղներիցս, մեկ էլ մի փոքրահասակ տղայի խելքին փչեց ինչ–որ տարօրինակ տեսակի հաց ուտել, որի զզվելի հոտից սրտխառնոցս կտրուկ ուժեղացավ... Հոտը շատ արագ տարածվեց ամբողջ ինքնաթիռով մեկ։ Զգում էի, որ եթե մի քիչ էլ դանդաղի մեր դուրս գալը, արդեն փսխելու եմ ինչ–որ մեկի վրա. բոլորը կանգնած սպասում էին, նեղվածք էր, այնպես որ նույնիսկ զուգարանին չէի կարող հասնել։ Ուժերիս գերլարումով մի կերպ դիմացա, իսկ դուրս գալուն պես սրտխառնոցս բարեբախտաբար անցավ։

Ամերիկա։ Մենք արդեն Ամերիկայում ենք։

Շարունակելի

Ուլուանա
23.04.2013, 01:17
Սկիզբը՝ նախորդ գրառման մեջ

Դեռ շատ ունեինք մինչև վերջնակետին հասնելը։ Նյու Յորքից պետք է գնացքով մեկնեինք Նյու Բրանսվիկ, որտեղից էլ ավտոբուսով հասնեինք Փիսքեթըվեյ համալսարանական քաղաքը, որտեղ ապրում էր ամուսինս և որտեղ այսուհետև ապրելու էի նաև ես։

Օդանավակայանում արդեն գլուխս սկսեց պտտվել մարդկանց գույների, լեզուների, հագուկապի ու էլի մի շարք երևույթների բազմազանությունից ու անսովորությունից... Արտառոց ու ցնցող շատ բաներ տեսա, բայց մի սևամորթ կնոջ հագուկապը առանձնապես ցնցող էր. սեպտեմբեր ամիսն էր, ու եղանակը դեռ ամառային էր. կինը հագել էր բաց ամառային չստեր՝ ամառային գուլպաներով և... ձմեռային տաք մուշտակ... Այդ ժամանակ դեռ չգիտեի, որ նմանատիպ տեսարանները շուտով սովորական երևույթ են դառնալու։ Բայց դրա մասին՝ իր ժամանակին։

Այնուամենայնիվ, գրգռված վիճակս իր գագաթնակետին հասավ Նյու Յորքի օդանավակայանից դուրս գալու ընթացքում, երբ մեր ճամպրուկները ստանալով՝ ամեն մեկս մի մեծ ու ծանր ուսապարկ ուսներիս և երկուական լեփ–լեցուն ճամպրուկ քարշ տալով՝ առաջ էինք գնում. վերելակ, աստիճաններ, շարժասանդուղքներ, օդային գնացք... Մեզ հետ վերցրած և՛ ճամպրուկները, և՛ ուսապարկերը թույլատրված առավելագույն չափով լցրել էինք անհրաժեշտ ու ոչ այնքան իրերով։

Երկար ժամանակ այս ու այն կողմ էինք գնում՝ բեռները քարշ տալով։ Հոգնածությունից հազիվ էի շարժվում։ Ի վերջո, զգացի, որ այն աստիճանի ուժասպառ եմ, որ այլևս ի վիճակի չեմ շարունակելու։ Լացակումած մի կողմ շպրտեցի ճամպրուկներն ու ուսապարկս և հենվելով մոտակա բազրիքին՝ սկսեցի լաց լինել։ Ամուսինս անմիջապես նետվեց թողածս բեռներին տիրություն անելու և ասաց, որ ԱՄՆ–ում սեփական պայուսակներից հեռանալ չի կարելի, քանի որ կկարծեն, թե ահաբեկիչ ես, պայուսակիդ մեջ ռումբ կա, դու էլ դրել ու փախչում ես։ Բայց ես այնպիսի վիճակում էի, որ խորապես թքած ունեի, թե ինչ կմտածեն այս տխմար ամերիկացիները... Թող գրողի ծոցը գնան իրենց տխմար օրենքներով, ահաբեկիչներով ու ահաբեկչաֆոբիայով։ Մեռնում էի հոգնածությունից ու կատաղությունից։ Բայց այդտեղից ինչ–որ կերպ պետք էր դուրս գալ, և ամուսինս արդեն ստիպված սկսեց իմ բեռներն էլ ինքը տեղափոխել։ Պարզ է, որ միանգամից 4 ճամպրուկ տանել ուղղակի հնարավոր չէր, դրա համար մի փոքր տարածություն գնալուց հետո հետ էր դառնում՝ իմ ճամպրուկները տանելու։ Երբ ասաց, որ այստեղից էլ պիտի գնացք նստենք, իսկ հետո՝ ավտոբուս, արդեն չդիմացա։ Հայտարարեցի, որ այս բեռներով գնացք նստելու ի վիճակի չեմ այլևս, ու որ եթե հենց հիմա տաքսի չնստենք, որը մեզ կտանի ուղիղ դեպի տուն, ապա կպառկեմ հենց այստեղ՝ գետնին, ու կլացեմ... Հա, երեխայի պես էի պահում ինձ։ Բայց վիճակս իրոք անտանելի էր։ Այսինքն՝ արդեն լացում էի՝ շարունակ հայտարարելով, որ զզվում եմ այս անիծյալ Ամերիկայից... Ի վերջո, որոշվեց, որ այս պահին իսկապես խնայողության մասին մտածելու ժամանակը չէ, պետք է տաքսի նստել։ Իսկ այստեղ ինձ սպասում էր ևս մի տհաճ անակնկալ։

Դուք երբևէ տաքսու հերթ տեսած կա՞ք։ Երևի ոչ։ Հայաստանում ավելի շուտ կարելի է ուղևորների համար հերթ կանգնած տաքսիների տեսնել, քան տաքսիների համար հերթ կանգնած ուղևորների։ Եվ այսպես, հարկավոր էր հերթ կանգնել։ Հերթը բավական մեծ էր։ Ճիշտ է, մեր իմացած հայկական հերթերից չէր, որտեղ բոլորն իրար գլխի են հավաքվում, շունը տիրոջը չի ճանաչում, ու հաճախ երկար–բարակ «բազարներ» են գնում այն մասին, թե ով ումից հետո էր և այլն։ Սա բավական կանոնավոր, սյունակների միջոցով ոլորապտույտ ընթացող հանգիստ հերթ էր, ու կանոնավոր կերպով առաջ էր գնում, ուղղակի շատ էր երկար... Տաքսիները հերթով գալիս էին, ինչ–որ աշխատող, ըստ երևույթին, հատուկ այդ գործն անելու համար կանգնած էր մայթեզրին ու անձամբ կանգնեցնում էր տաքսիները, որից հետո կանչում հերթում կանգնածներին։ Մոտ մի ժամ հերթ կանգնեցինք։ Այդ ընթացքում հասցրեցի ատել Նյու Յորքը։ Ինքնագոհ դեպի վեր ձգվող երկնաքերները, հեղձուցիչ մարդաշատությունը, մեքենաների, գույների գլխապտույտ առատությունն ու բազմազանությունը և, վերջապես, այդ ամենին ուղեկցող անտանելի աղմուկը սարսափելիորեն ճնշում էին, ու ես հենց տեղում վճռեցի, որ ոչ մի դեպքում չէի ցանկանա ապրել աշխարհի կենտրոն համարվող այս խելագար քաղաքում, և որ հաստատ մշտական բնակություն չեմ հաստատի ԱՄՆ–ում։ Շունչս կտրվում էր շենքերի խտությունից. ոչ մի հորիզոն չէր երևում։ Բնություն կոչվածն այս քաղաքում կարծես իսպառ բացակայում էր։ Զգում էի, որ այստեղ երկար գտնվելու դեպքում իսկապես կարող եմ խելագարվել... Աննկարագրելի ագրեսիվությամբ էի լցվել. անզուսպ բղավելու և շուրջս գտնվող բոլորին ծեծելու անհագ ցանկություն ունեի... Այո, մեծ հաճույքով կծեծեի այս հեղձուցիչ ամբոխի ամեն մի մասնիկին, կարծես նրանք մեղավոր լինեին իմ այդ վիճակի համար։ Աշխարհի կենտրոնում գտնվելով՝ ինձ այնպես էի զգում, կարծես աշխարհից կտրված ինչ–որ հեռավոր վայրում լինեի. իսկ աշխարհի կենտրոնն ինձ համար Հայաստանն էր, Երևանը։ Ու երբ գիտակցում էի, թե ինձ Երևանից ի՜նչ հսկայական տարածություն է բաժանում, քիչ էր մնում հուսահատությունից խելագարվեի։

Այստեղ էլ արդեն ամենուրեք հնչող անգլերենը, որ մասնագիտությունս էր, հասցրեց զզվեցնել ու ատելի դառնալ... Ի՜նչ ցավալի էր, որ այսքան մարդկանց մեջ ոչ մեկը հայերեն չէր խոսում։ Հիշում եմ՝ անընդհատ հայկական դիմագծեր էր փնտրում՝ հուսալով, որ գոնե մեկի բերանից մի հայերեն բառ կլսեմ, բայց իզուր։ Էլ չեմ ասում, որ գրեթե ոչ մեկի ասածից բան չէի հասկանում. կարծես իմ իմացած անգլերենը ոչ մի ընդհանուր բան չունենար այս մարդկանց արտաբերած անհոդաբաշխ խոսքի հետ... Մի՞թե սրա մասին են երազում Ամերիկան որպես երազանք փայփայող հայաստանաբնակները։ Ինչպիսի՜ մոլորություն։ Ես դեռ նրանց պես սպասելիքներ չունեի, որ այսպիսի հիասթափություն էի ապրում, բա նրա՛նք ի՞նչ կլինեին, եթե իմ վիճակում հայտնվեին։

Շարունակելի

Ուլուանա
25.04.2013, 07:52
Էլի եկել եկել եմ ամերիկացիներից բամբասելու :))։

Սոցիոլոգիայից ռասայական ու սեռային խտրականության թեմաներն էինք անցնում, դրա հետ կապված էստեղ՝ ԱՄՆ–ում պատահած երկու դեպք հիշեցի, որ ցույց են տալիս, թե ամերիկացիներն ինչ աստիճանի շեղված են էդ խտրականությունների թեմայի վրա։

Մի երկու տարի առաջ քոլեջը, որում ամուսինս ֆիզիկա է դասավանդում, իրեն ուղարկել էր Վաշինգտոն՝ ինչ–որ կոնֆերանսի մասնակցելու, բայց իրականում դրա նպատակն այլ էր. կոնֆերանսն ընդամենը պատրվակ էր։ Բանն այն է, որ քոլեջն այդ պահին ֆիզիկայի դասախոսի թափուր տեղ ուներ, իսկ ֆիզիկայի ֆակուլտետի դասախոսական կազմում, ինչպիսի՜ խայտառակություն, ոչ մի սևամորթ դասախոս չկար։ Վերևներից էլ ասել էին, որ խիստ ցանկալի է դասախոսական կազմում գունային բազմազանություն ապահովել։ Այդ նույն ժամանակ նույն հյուրանոցում, որտեղ կոնֆերանսը պիտի լիներ, նախատեսվում էր նաև Սևամորթ Ֆիզիկոսների Ասոցիացիայի տարեկան հանդիպումը։ Հա, պարզվում է՝ էդպիսի կազմակերպություն էլ կա։ Ու ամուսնուս առաքելությունը տվյալ դեպքում կոնֆերանսի մասնակիցներին իրենց քոլեջի թափուր տեղի մասին հայտարարություններ բաժանելն էր, ու հիմնական թիրախը, բնականաբար, սևամորթ ֆիզիկոսներն էին։ Կոպիտ ասած՝ սևամորթ նմուշ էր պետք ֆակուլտետի դասախոսական հավաքածուում։ Բայց սևամորթները, ցավոք, առանձնապես չէին հետաքրքրվել առաջարկով, ու ֆակուլտետը մինչև վերջերս էլ դեռ գունային միապաղաղության մեջ էր։

Մոտ մի տարի առաջ նորից թափուր տեղ կար քոլեջում, ու բազմաթիվ դիմումների հիման վրա պիտի մեկին ընտրեին։ Ընտրությունը երկու փուլով էր։ Առաջին փուլում ընտրում էին զուտ դիմումների, ռեզյումեների հիման վրա՝ նախօրոք սահմանված կոնկրետ չափանիշներով գնահատելով բոլոր դիմումները, որոնց տերերը որոշակի միավորներից ցածր հավաքելու դեպքում երկրորդ փուլ չէին անցնում։ Երկրորդ փուլն էլ արդեն հարցազրույցն էր հանձնաժողովի հետ, որի անդամ էր նաև ամուսինս։ Հանձնաժողովի անդամներից էր նաև վերևներից մի կին, որը միակն էր, որ ֆակուլտետից չէր, ու նա հայտնի էր իր ֆեմինիստական մոտեցումներով։ Ասում էին, որ եթե հանկարծ նախնական փուլն անցածների մեջ կին չլինի, էդ կնոջն էդ հանգամանքը հեչ դուր չի գա, հետևաբար դիմողներին գնահատելիս անհրաժեշտության դեպքում պետք է նշաձողն իջեցնել էնքան, որ անպայման առնվազն մի կին ներառվի երկրորդ փուլ անցածների ցուցակում։ Դասախոսներին էլ էդ միտքը դուր չէր եկել, քանի որ ամենաբարձր միավորներ հավաքած կինը մի քանի միավորով ցածր էր իրենց սահմանած անցողիկ–մինիմումից, ու, փաստորեն, ստիպված պիտի մինիմումը սահմանեին էդ կնոջ հավաքած միավորների հիման վրա, ինչի հետևանքով էլ ստիպված լրացուցիչ լիքը մարդկանց հետ հարցազրույց անցկացնել, այսինքն՝ ակնհայտ ժամանակի կորուստ, քանի որ հավանական թեկնածուներն ի սկզբանե պարզ էին։ Շատ դժգոհ էին էդ մոտեցումից, բայց էդպես էլ արեցին՝ նախօրոք իմանալով, որ մեկ է, էդ կինը դժվար թե երկրորդ փուլն անցնի։ Ու իսկապես չանցավ։ Լավ է գոնե՝ չէին պահանջել, որ անպայման կին պիտի ընդունեն։

Էսպիսի կտտցրած բաներ։

Ուլուանա
26.04.2013, 00:04
Մի երազ ունեմ, որ պարբերաբար տեսնում եմ։ Իբր ինստիտուտը դեռ չեմ ավարտել։ Արդեն պետականներն են, մեկ էլ հանկարծ պարզվում է, որ վերջին պահին բարձրագույն մաթեմատիկայի պետական քննություն են մտցրել, ու բոլորս, բնականաբար, խուճապի մեջ ենք։ Ո՞վ էր լսել Բրյուսովում մաթեմատիկա, էն էլ պետական, էդ էլ հերիք չի՝ դրա մասին մեզ տեղյակ են պահում քննությունից ընդամենը մի քանի օր առաջ... Ճիշտ է, մաթեմատիկայից դպրոցում վատ չեմ եղել, թեև չեմ էլ փայլել, բայց տասներորդ դասարանում, երբ բոլոր ուժերս կենտրոնացրել էի անգլերենի ու հայերենի վրա ու պարապում էի ընդունելության քննությունների համար, հատկապես երկրորդ կիսամյակում մաթեմատիկան լրիվ աչքաթող էի արել ու շատ բան բաց թողել։

Համանման երազ մայրս էլ էր տասնյակ տարիներ շարունակ պարբերաբար տեսնում (ինքն էլ է Բրյուսովն ավարտել)։ Մի քանի տարի առաջ հանգամանքների բերումով ստիպված եղավ նոր մանկավարժական մասնագիտություն ստանալ, սկսեց բարձրագույն մաթեմատիկա անցնել ու... մաթեմատիկայից պետական քննություն հանձնեց։ Հանձնելուց հետո չարաբաստիկ երազն այլևս չի տեսնում։

Էս սեմեստր, քանի որ նորածին երեխա ունեմ, որոշեցի քոլեջում միայն մի առարկա վերցնել։ Էնպես ստացվեց, որ օրերի, ժամերի ու էլի որոշ այլ առումներով ամենահարմարը տվյալ պահին մաթեմատիկան էր։ Թեև էս մասնագիտությանս հետ էլ մաթեմատիկան կարծես առանձնապես կապ չունի, բայց էստեղ այն բոլոր մասնագիտությունների դեպքում էլ պարտադիր առարկա է, ու վաղ թե ուշ պիտի վերցնեի։ Փաստորեն, իմ մղձավանջ–երազն էլ հիմա իր բարեհաջող ավարտը գտնելու հնարավորություն ունի։ Մի երկու օրից դասի եմ։ Հուսով եմ՝ քննությունը հանձնելուց հետո իմ երազացանկն էլ հաճելիորեն կթեթևանա։
Ասեմ, որ էս մաթեմատիկան բարեհաջող հանձնելուց հետո վերոհիշյալ երազն այլևս չեմ տեսնում (ավելի քան երկու տարի է անցել). թու՛–թու՛–թու՛։

Բայց, ցավոք, մի հատ էլ ունեմ էդ տիպի երազ...

Ուրեմն երազումս անընդհատ տանջվում եմ էն մտքից, որ, իբր, դեռ չեմ ավարտել երաժշտական դպրոցը, որում սովորում էի (որն իրականում 18 տարի առաջ եմ բարով–խերով ավարտել), ու, իբր, ավարտական տարում որոշ քննություններ կամ հանձնարարություններ չեմ հանձնել, պարտք եմ մնացել, ու մինչև չստանամ, ավարտական վկայականս չեն տա...
Բայց, իբր, իմ ավարտելու տարուց մի քանի տարի արդեն անցել է, ու ես էդ ընթացքում մատս մատիս չեմ տվել, լրիվ մտքիցս թռել էր, որ պարապելու բան ունեմ, համ էլ պիտի սոլֆեջիոյի դասերի գնայի էդ ամբողջ ընթացքում, բայց դրա մասին էլ չեմ հիշել ընդհանրապես... Ու հիմա հանկարծ հիշել եմ, բայց արդեն չգիտեմ էլ՝ ինձ թույլ կտան էդքան ուշացումով հանձնել պարտքս, թե չէ։ Բա չե՞ն ասի՝ էս ու՞ր էիր էսքան տարի, չէիր երևում, այ թամբալ։ Մյուս կողմից էլ զգում եմ, թե ինչքան բաներ եմ արդեն մոռացել, ու որ վերհիշելով պարապելն անհամեմատ ավելի ջանջալ ու աշխատատար գործ պիտի լինի, նույնիսկ եթե թույլ տան հանձնել չհանձնածս... Ու երազի ամբողջ ընթացքում տառապում եմ էդ մտքից, բայց միաժամանակ ոչինչ չեմ ձեռնարկում։ Ամբողջ երազը ներծծված է անտանելի սուր խղճի խայթով ու տագնապով։ Ու էդ երազը ժամանակ առ ժամանակ տեսնում եմ՝ չնչին փոփոխություններով։ Երաժշտականում սովորելու տարիներին չափից դուրս շատ եմ գլուխ պահել, միայն վերջին տարում եմ խելքի եկել, նորմալ պարապել ու լավ գնահատականներով ավարտել, չնայած գնահատականներս երբեք էլ վատը չեն եղել՝ վերջին պահերին ճկռելու շնորհիվ։

Էսօր էլ էի տեսել։ Էս անգամ սովորականից մի քիչ ուրիշ էր, բայց ընդհանուր առմամբ էլի նույն գորշ զանգվածի մեջ էի :))։ Լավ էր՝ ամենասարսափելի պահին արթնացա։ Էս անգամ երազումս Ռուֆուսն էլ կար։ Արդեն չեմ հիշում, թե ինչ կապ ուներ ինքը իմ երաժշտական խնդիրների հետ, բաց հաստատ նույն երազն էր։ Միայն հիշում եմ, որ ինձ պիտի տաներ ինչ–որ խանութ, որի տեղը մենակ ինքը գիտեր, որտեղից ես ինչ–որ կարևոր բան պիտի առնեի, բայց թե ինչ՝ չեմ հիշում :D։ էն էլ երազս պրծավ, էդպես էլ չհասցրինք գնալ էդ խանութը։ Ոչինչ, մի ուրիշ անգամ :D։

Հիմա մտածում եմ՝ էս մի երազիցս ազատվելու համար էլ բռնեմ երաժշտությա՞ն դաս վերցնեմ, ի՞նչ է :think։

Ուլուանա
27.04.2013, 22:48
«Անկապ օրագրում» ձանձրույթի մասին գրառում կարդացի, ցանկություն առաջացավ գրելու, թե հիմա ոնց եմ ես ձանձրույթն ընկալում։
Մի ժամանակ մտածում էի, որ ձանձրույթն առաջանում է էն ժամանակ, երբ ոչ մի հետաքրքիր բան չկա անելու։ Հիմա մտածում եմ, որ ձանձրույթը ոչ թե արտաքին հանգամանքներով պայմանավորված ու դրանցից ծնված, այլ հիմնականում մարդու ներսից եկող հոգեվիճակ է։ Եթե ներսումդ ձանձրույթը բույն է դրել, էդ պահին դժվար թե հետաքրքիր զբաղմունքները կարողանան փարատել այն, լավագույն դեպքում փարատման կարճատև պատրանք կլինի։ Ձանձրույթն էնքան էլ հետաքրքրության բացակայությունը չի, իմ կարծիքով, ինչպես ընդունված է համարել։ Ավելի ճիշտ՝ հետաքրքրության պակասի հետ է կապված, բայց ոչ թե արտաքին աշխարհում, այլ սեփական անձի մեջ։ Նկատել եմ, որ էն մարդիկ, ովքեր իրենք իրենց համար հետաքրքիր են, հազվադեպ են ձանձրանում՝ անկախ նրանից, թե որտեղ են ու ինչ պայմաններում։ Ինձ թվում է՝ ես սա հասկացա էն ժամանակ, երբ ինքս ինձ համար հետաքրքիր դարձա :D։

Ուլուանա
05.05.2013, 16:59
Չէ, ոնց գցում–բռնում եմ, ինձ հետ հաստատ մի բան էն չի :think։
Բայց մյուս կողմից էլ՝ ո՞վ ասեց, թե «էն»–ը միշտ լավ ա։ Բոլորովին էլ ոչ :P։

Ուլուանա
11.05.2013, 21:48
Էս թեմայով նախկինում էլի եմ գրել, բայց դե արտահայտվելս գալիս է, պիտի արտահայտվեմ։

Վերջերս նկատել եմ, որ գնալով ավելի ու ավելի անհանդուրժող եմ դառնում լատինատառ գրառումների նկատմամբ։ Սկզբում մտածում էի, որ Ակումբի հայատառությանը շատ եմ սովորել, դրանից է, բայց վերջերս համեմատաբար ավելի շատ եմ Ֆեյսբուք մտնում, քան նախկինում ու համապատասխանաբար ավելի շատ եմ ստիպված լինում լատինատառ գրառումներ կարդալ, ու հեչ չէի ասի, թե ինչքան շատ եմ կարդում, էնքան աչքս սովորում է, ու նորմալ եմ ընկալում։ Չէ, ճիշտ հակառակը. ինչքան շատ եմ կարդում, էնքան ավելի եմ զզվում։ Ու հատկապես տհաճ է տեսնել, որ, այսպես ասած, հայատառի մեջ դաստիարակված ակումբցիները, որոնց համար, թվում է, հայատառ գրելն ու կարդալը պիտի արդեն ներքին պահանջ լիներ, Ֆեյսբուքում լրիվ հանգիստ լատինատառ են գրում։ Ստացվում է, որ մարդիկ հայատառ գրում են ուղղակի էն պատճառով, որ լատինատառ չի կարելի, թե չէ՝ լատինատառ հայերենն իրենց համար նույնքան նորմալ է, որքան հայատառը։

Ու էն պատճառաբանությունը, որ հեռախոսով են, կամ էդ պահին հայերեն ստեղնաշար չունեն, հեչ էլ արդարացում չի։ Հեռախոսով ես՝ մի գրի, աշխարհը փուլ չի գա, եթե ֆեյսբուքահայությունը էդ պահին չիմանա, թե դու ինչ ես ուտում կամ որ կինոն ես նայում։ Էնքան քիչ են էն դեպքերը, երբ համ գրելն է հրատապ, համ էլ իսկապես հայատառ գրելու հնարավորություն չկա։ Էլ չեմ ասում, որ երբ մարդը կանոնավոր կերպով լատինատառ է գրում, հնարավորություն չունենալու մասին արդեն խոսք լինել չի կարող. եթե իսկապես ուզենար հայատառ գրել, եթե իր համար դա իսկապես կարևոր լիներ, մի բան կնախաձեռներ հայատառ գրելու համար։ Ինձ համար էդ նույնն է, ոնց որ մի բան ուտես, մնացորդը գցես գետնին, որովհետև ուտելդ ավարտելու պահին դիմացդ աղբաման չկար, ու դու չես ուզում քեզ նեղություն տալ, մի քանի քայլ էլ անել, մինչև աղբաման տեսնես, գցես մեջը։ Ի դեպ, տեսողական առումով էլ լատինատառ հայերենը նենց տեղը–տեղին աղբի տեսք ունի։ Ուղղակի երբ մարդիկ աղբանոցում շատ են լինում, աղբը դադարում են ընկալել որպես այդպիսին։
Սա գրելիս որևէ կոնկրետ մարդու նկատի չունեի, բայց ովքեր մեջն իրենց տեսան, ճիշտ արեցին։

Ուլուանա
17.05.2013, 21:01
Շներից վախենալու մասին թեման որ բացվեց, հիշեցի մի քանի տարի առաջ բլոգումս արած էս գրառումս, մտածեցի՝ էստեղ էլ դնեմ։


Կենդանիներ միշտ էլ սիրել եմ, բայց... հեռվից։ Համ սիրել եմ, համ էլ միշտ վախեցել, իսկ տարիների ընթացքում վախս ընդամենը մի քիչ պակասել է, բայց ընդհանուր առմամբ նկատելի տարբերություն, ցավոք, չկա... Ընդհանրապես մարդուց բացի, ցանկացած շարժվող բան տեսնելիս վեր եմ թռնում, սարսռում եմ, հատկապես եթե շարժումն անսպասելի է... Չգիտեմ՝ ինչից է, երբ է սկսվել, կամ արդյոք ինչ–որ պահից է սկսվել, թե չէ, բայց ինչ ինձ հիշում եմ (էլ չասեմ՝ երբվանից)՝ միշտ էլ էդպիսին եմ եղել՝ «հուշտ եղած»։ նույնիսկ պատահել է, մի քանի հոգով ինչ–որ կենդանու շոյել ենք, բայց պարտադիր հետս պիտի մարդ լինի, որ շոյվողին էդ պահին բռնի, թե չէ՝ ես ոչ մի դեպքում չեմ համարձակվի ձեռք տալ կենդանուն. բա որ հանկարծ էդ պահին կտրուկ շարժումով վեր թռնի... Տեղնուտեղը լեղաճաք կլինեմ ու էնպես կգոռամ, որ ավելի լավ է չպատկերացնել...

Քանի որ շներն առօրյայում ամենահաճախ հանդիպող կենդանիներն են, վախերիս հիմնական մասը բաժին է ընկնում էդ խեղճերին... Ախր շունն իմ ամենասիրած կենդանիներից մեկն է, բայց դա ինձ չի խանգարում միաժամանակ վախենալ շներից ու խուսափել։ Հիմա դեռ ոչինչ, շների հետ ինձ էլի մի քիչ պահել գիտեմ, բայց փոքր ժամանակ... Խայտառակ բաներ էի անում։ Հենց հեռվից շուն էի տեսնում, անմիջապես կտրուկ փախուստի էի դիմում, դե, շունն էլ, բնականաբար, հետևիցս... Էդպես վազում էինք շնչակտուր, այդ ընթացքում էլ, եթե բախտս բերում էր, և շունը տիրոջ հետ էր լինում, տերն էլ էր շան հետևից էր վազում ու մի կողմից փորձում շանը հետ պահել, մյուս կողմից փորձում ինձ համոզել, որ կանգնեմ։ Բայց դե էլ ո՞նց կանգնեի. շունը հետևիցս էր ընկած։ :D Երբեմն բախտս բերում էր, ու նախքան շան՝ ինձ բռնելը հասնում էի ապահով տեղ ու թեթևացած շունչ քաշում։ Շնչակտուր կերպով շրխկացրած դռան հետևից ներս սողոսկել տենչող շան մռութը բավական սովոր տեսարան էր ինձ համար։ Բայց պատահում էր, որ ճանապարհին ոչ մի հասանելի ապահով տեղ չէր լինում, ու ստիպված, շան տիրոջ՝ ինձ կանգնեցնելու բազմաթիվ փորձերին տեղի տալով, այլ ելք չտեսնելով՝ կանգ էի առնում, ու զարմանում, որ շունն էլ կանգնեց։

Հիշում եմ՝ մի անգամ երաժշտական դպրոցից տուն պիտի գայի, մամաս էլ ինձ ընդառաջ էր գալիս, բայց նախքան մեր հանդիպելը մեր միջև հայտնվեց մի մեծ շուն, ու ես, նրան տեսնելով, ինքս էլ չնկատեցի, թե ինչպես հանկարծ սկսեցի հակառակ ուղղությամբ վազել... Դե, շունն էլ, իր տեսակի բնազդներին չդավաճանելով, նետվեց հետևիցս։ Մի որոշ ժամանակ շրջանաձև վազելուց հետո մամայիս ու շան տիրոջ հորդորները լսելով՝ մի կերպ ինձ ստիպեցի կանգնել, որից հետո շան տերը երկար–բարակ ինձ սկսեց բացատրել, որ երբ վազում ես, շունն էլ հետևիցդ է վազում, պիտի կանգնես, որ ինքն էլ կանգնի։ Ամեն անգամ հասկանում էի, բայց դե հաջորդ անգամ էլի նույնն էի անում, որովհետև շուն տեսնելուս ու փախուստի դիմելուս միջև կարծես ժամանակ չէր լինում, անկախ ինձնից վազում էի...

Հետո ինձ ասեցին, որ շներն զգում են, երբ իրենցից վախենում ես, ու հենց վախեցողների վրա են հարձակվում... Պահո՜... Այս նորությունն ինձ ոչ միայն չմխիթարեց ու խելքի չբերեց, այլև ավելի վախեցրեց... Փաստորեն, նույնիսկ եթե խելոք–խելոք ինձ համար քայլեմ շան կողքով ու ձևացնեմ, իբր, չեմ վախենում, միևնույն է, ինքը կհասկանա, որ իրականում վախենում եմ, ու կհարձակվի վրաս... Ուժըս... Էդ բացահայտումից հետո շներն ինձ համար ավելի սարսափազդու արարածներ դարձան։

Մեր շենքի երրորդ հարկում մի շատ կատաղած շուն էր բնակվում։ Չափսերով մեծ չէր, բայց շատ կծան էր ու լաչառ։ Մենք էլ հինգերորդ հարկում էինք ապրում, ու եթե հանկարծ իջնելուց առաջ ներքևներից շան ձայներ լսեի, ոչ մի դեպքում ոտքով չէի իջնում։ Բայց դե ինչքան էլ զգուշանայի, մեկ–մեկ, այնուամենայնիվ, անցանկալի դաժան հանդիպումը տեղի էր ունենում... Որ հիշում եմ, թե ինչքան եմ երրորդ հարկից մինչև հիգերորդ հարկ շնչակտուր փախել... Բայց դե էդ շան հետ էլ հաստատ մի բան էն չէր, որովհետև լսել էինք, որ իրենց տուն մտնող ցանկացած մարդու վրա հարձակվում ու կծում էր, էլ ուր մնաց իրենից նախապես վախեցողի վրա չհարձակվեր։ Մեր շենքում էլ, ի դժբախտություն ինձ, շներին Աստված տվել՝ չէր խնայել...

Հետո էնպես ստացվեց, որ տասներորդ դասարանում պիտի տատիկենցս տանն ապրեի՝ Եղվարդում, իսկ իրենք ապրում էին սեփական տանը՝ բավական խորն ընկած թաղերում, որտեղ կողք–կողքի շարված տներից համարյա բոլորում էլ շուն կար... Դե արի ու ամեն օր, դրանց մոտով անցնելով, դասի գնա... Պատկերացնու՞մ եք, եթե բոլոր հանդիպած շներից փախնեի... Երևի ավելի հեշտ կլիներ ընդհանրապես մոռանալ տնից դուրս գալու մասին։ Մի խոսքով՝ քանի որ ուրիշ ճար ուղղակի չունեի, ստիպված սկսեցի «չվախենալ», ինչը տվյալ դեպքում նշանակում էր ուղղակի նրանց հանդիպելիս չփախչել։ Էդպես, մի կողմից վախվխելով, մյուս կողմից՝ խելոք–խելոք օրական մոտ տասը շան մոտով անցնելով գնում–գալիս էի, ու ոչ մի շուն չէր հարձակվում վրաս։ Համ էլ արդեն ինձ քիչ–քիչ ընտելացան, ու տեսնելիս նույնիսկ չէին հաչում։ Փաստորեն, ինչ հեշտ էր ամեն ինչ։ Չէի ասի, թե վախս լրիվ անցել էր, բայց, համենայնդեպս, էդ շրջանում, զգալիորեն պակասել էր։

Բայց դե դրանից հետո էլ մի դեպք եղավ։ Երբ արդեն Եղվարդում չէի ապրում, մի անգամ էնտեղ գնացել էի դասատուիս տուն, ու երբ վերադառնում էի տատիկիս տուն, արդեն սկսել էր մթնել։ Դե, ես էլ ինձ համար արխային քայլում եմ տատիկենցս հարևանի տան կողքով, խաղաղ երեկո է, ոչ մի ձայն–ձուն չկա։ Մեկ էլ զգացի, որ հետևից մեկը սրունքս «բռնեց»... Միանգամից էդ ո՜նց գոռացի, էնքան ուժեղ, որ էս խեղճ շունը ինձնից բեթար սարսափահար ոտքս թողեց ու փախավ։ Փաստորեն, որոշ ժամանակ ինձ չտեսնելուց հետո արդեն հասցրել էր մոռանալ... Դա առաջին ու առայժմ միակ դեպքն էր, երբ ինձ շուն էր կծել, եթե, իհարկե, դա կարելի էր կծել համարել, որովհետև ցավոտ չէր, ուղղակի ատամներով էդպես անսպասելի բռնված լինելու զգացողությունն էր վախենալու։

Ուլուանա
29.05.2013, 20:50
Հասուն տարիքում քոլեջում ուսանող լինելու տխուր կողմերից մեկը գիտե՞ք որն է. էն, որ ամեն անգամ նոր առարկա վերցնելիս համակուրսեցիներիդ մեջ փնտրում ես նենց մեկին, որի հետ իսկապես կուզենայիր ընկերություն անել, բայց ի վերջո ամեն անգամ ստիպված ես լինում գիտակցել, որ տվյալ խմբում միակ մարդը, որի հետ հավեսով կընկերանայիր, դասախոսդ է։ Իսկ դասախոսների հետ ընկերություն անելն էթիկապես ընդունելի չի համարվում։

Մյուս կողմից՝ ես երևի երբեք էլ չեմ եղել էնպիսի տարիքում, որի ժամանակ ընկերություն կանեի էստեղ ինձ հանդիպած ուսանողների հետ։ Չէ, էնպես չի, որ մեջները լավ ու հետաքրքիր մարդիկ չեն լինում, ուղղակի իմ ու իրենց աշխարհների միջև հատման կետեր առայժմ չեն հայտնաբերվել։

Ուլուանա
12.06.2013, 21:46
Տատս միշտ ասում էր. «Իսկական ուսանողը քնից չպիտի կշտանա»։ Ես էլ, ճիշտն ասած, էդ առումով ինձ մի քիչ սխալ էի զգում Բրյուսովում սովորելու տարիներին, որովհետև մեծ մասամբ կշտանում էի քնից։ Բայց հիմա լրիվ տատուս ասած իսկական ուսանողից եմ դարձել. հատկապես ինչ էս ինտենսիվ ամառային կիսամյակը սկսվել է, համարյա օր չի լինում, որ քնից կշտանամ։ Ընդամենը մի առարկա, բայց ամեն օր դասի՝ մի տոննա կարդալիքով ու գրելիքով, հետն էլ՝ full-time Արեգ։ Բառացիորեն անհնար է էս ամենը տեղավորվել օրվա մեջ, հետևաբար ամեն մեծ մասը մնում է գիշերվան։ Օրգանիզմս արդեն հրաժարվում է դիմանալուց... :(
Զատո կիմանամ, որ իսկական ուսանող էլ դարձա։

Ուլուանա
16.06.2013, 06:58
Վերջին մոտ մի տարում, ինչ ինձ համար նորովի բացահայտել եմ մինիմալիզմ երևույթն ու դրա առավելությունները, ահագին փոխվել եմ։ Առաջ շատ էի մանր–մունր զիբի–բիզի բաներ առնում, որոնք ոչ միայն հեռու էին անհրաժեշտություն լինելուց, այլև անիմաստ կերպով լցնում էին տան՝ առանց այդ էլ չհերիքող տարածքը։ Դրանք կարող էին լինել տան հարմարավետությունն ավելացնող զանազան իրեր, որոնց կարիքը երբեք չես զգա ու չես էլ մտածի դրանց մասին, մինչև չտեսնես, բայց որ տեսնում ես, քեզ թվում է՝ հենց էդ ա, որ կա, հենց առնես, կյանքդ կհեշտանա, իսկ որոշ ժամանակ անց հասկանում ես, որ լրիվ հանգիստ կարող էիր շարունակել ապրել առանց դրա։

Նաև ահագին զարդեր էի առնում, նկատի ունեմ՝ բիժուտերիա։ Ցանկացած զարդերի խանութի կամ բաժնի մոտով անցնելիս կարծես բոլոր արգելակներս տեղի էին տալիս, ու ինքնամոռաց նետվում էի երանելի զարդերի գիրկը, պահի մղումով ընտրում մի քանի բան ու մի կողմից գոհ, մյուս կողմից՝ խղճի խայթով դուրս գալիս՝ իմանալով, որ դրանց անհրաժեշտությունը բոլորովին չկար։

Հագուստի առումով ավելի զուսպ եմ եղել, քանի հագուստը զարդերից ավելի թանկ արժե, բայց անիմաստ գնումներն էդ ոլորտում էլ ինձ չեն շրջանցել։

Մի ժամանակ նաև լուսանկարների շրջանակներ գնելու մոլուցքով էի տառապում։ Ամեն անգամ որևէ խանութ մտնելիս, որտեղ շրջանակների բաժին կար, պարտադիր պիտի մի քանի շրջանակ գնեի։ Էս մեկը, ի տարբերություն նշածս նախորդ իրերի, իսկական մոլուցք էր, որովհետև հիմա որ մտածում եմ, լրիվ հիվանդագին էր ու չհիմնավորված. եթե մյուս իրերն առնելիս գոնե հստակ պատկերացնում էի, թե ինչ եմ անելու դրանց հետ, ապա շրջանակների դեպքում ընդամենը իմ, ընտանիքիս ու մտերիմներիս լուսանկարները մեջները տեղադրելու վերացական գաղափարն էր, բայց թե ինչ պիտի անեի էդ քանակով շրջանակների հետ՝ առանձնապես չէի խորանում. շրջանակը տեսնում էի, չոքերս թուլանում էին, ու եթե էդ պահին դա իմը չդառնար, կվատանայի։

Հիշում եմ՝ էդ շրջանում ամուսինս հենց խանութում շրջանակներ էր նկատում, աշխատում էր ճանապարհս շեղել, որ ես դրանց մոտ չհայտնվեմ, ու ես ինքս էլ, ճիշտն ասած, դեմ չէի. քանի դեռ շրջանակներն աչքիս առաջ չէին, գիտակցությունս դեռ չէր մթագնել. գիտակցում էի, որ չարժե ու նույնիսկ ուզում էի, որ ամուսինս ինձ հետ պահի դրանք տեսնելուց։

Բա garage sale–երից ինչքան անպիտան հավես բաներ էի առնում ու լցնում տունը։ Հիմա որ հիշում եմ, զգում եմ, որ մի պատկառելի garage sale էլ մեզ է պետք, որ ազատվենք էն բոլոր անպիտան իրերից, որոնք ժամանակին գնել եմ՝ ուրիշներին անպիտան իրերից ազատելու համար։

Հիմա garage sale–երի գնալիս հիմնականում միակ նպատակը տղայիս համար խաղալիքներ, խաղեր ու մանկական գրքեր առնելն է, ուրիշ բաներ համարյա երբեք չենք առնում։ Ու հատկապես մանկական իրերը սովորաբար էնքան էժան են լինում, որ որոշ դեպքերում չառնելն ուղղակի մեղք է։ Հիշում եմ էն առաջին garage sale–ը, որի ժամանակ ես հերոսաբար ոչինչ չառա, բացարձակապես ոչինչ։ Էդպիսի բան դեռ չէր եղել։ Ու պատճառն էն չէր, որ լավ բաներ չկային. լիքը հավես իրեր կային, որոնք հաստատ մեծ հաճույքով կառնեի նախկինում։ Ուղղակի էդ անգամ նախապես որոշել էի, որ առանց անհրաժեշտության ոչ մի բան չեմ առնելու։ Իսկ դրանից հետո էդ դիրքորոշումն արդեն նորմա դարձավ։

Հիմա տան համար զիզի–բիզի հարմարավետ բաներ արդեն վաղուց չեմ առնոմ, հագուստ առնում եմ միայն անհրաժեշտության դեպքում, մեկ–մեկ էլ տոներին՝ որպես նվեր, բայց շատ ավելի զուսպ ձևով։ Զարդեր հիմա ընդհանրապես չեմ առնում. նախ լիքը ունեմ, ինչ էլ որ չունեմ, բայց ուզում եմ ունենալ, հանգիստ կարող եմ ինքս սարքել, հատկապես որ ինձ հետաքրքրող տիպի զարդերը բարեբախտաբար հենց էն ոճին են պատկանում, որոնք սարքելն ինձ համար ընդհանրապես բարդություն չի ներկայացնում, հատկապես «գնամոլ» շրջանում կուտակածս պարագաների առատությունը հաշվի առնելով։

Հագուստ ու զանազան աքսեսուարներ գնելու անդիմադրելի ցանկություն հիմա էլ եմ մեկ–մեկ ունենում, բայց արդեն սովորել եմ դրանք հաղթահարել։ Ու դա էնքան մեծ ձեռքբերում է։ Ամեն անգամ խանութից ինքս ինձ հաղթահարած դուրս գալիս էնպիսի գոհունակություն եմ զգում, կարծես մի բան շահած լինեմ։ Բա շահել եմ, բա ի՞նչ եմ արել՝ էն ամբողջ գումարը, որ կարող էի ծախսած լինել հափշտակության պահին ուզածս իրը գնելու վրա։

Էսօր էդպիսի մի փորձություն եմ ունեցել։ Խանութ էինք գնացել՝ կոնկրետ նպատակով, բայց մինչև էդ խանութին անցնելը մի շարք ուրիշ խանութների կողքով ենք անցնում, որոնց մեջ կան նաև կոշիկի խանութներ։ Ես ընդհանրապես կոշիկի հարցում խիստ բծախնդիր եմ, ու իմ ճաշակով կոշիկ գտնելը հաճախ անլուծելի խնդիր է թվում։ Հայաստանում էլ էր էդպես, էստեղ էլ։ Հազվադեպ եմ գտնում էնպիսի կոշիկներ, որ հենց իմ ուզածը լինեն։ Իսկ էն խանութում, որի կողքով պիտի անցնենք, բարեբախտաբար թե դժբախտաբար, միշտ իմ ճաշակի կոշիկներ են լինում, էնպես, որ մտնում եմ, երանությունից գլուխս պտտվում է, ու որ գայթակղությանը կուլ գնայի՝ առնվազն մի հինգ զույգ կառնեի։ Էսօր մոտով անցնելիս մի երկու մռութ կոշիկներ ինձ պատուհանից աչքով տվեցին, գլուխս պտտվեց, չոքերս թուլացան, ու քանի որ մթերային խանութը շուտով փակվելու էր, որոշեցի հետ դառնալուց հաջողացնել մտնել։ Երբ մթերային խանութում արդեն պիտի վճարումն անեինք, ամուսնուս ասեցի, որ ես շատ արագ ուզում եմ մտնել էն կոշիկի խանութը, ու մինչև ինքը վճարի ու գա, ես արդեն դուրս եկած կլինեմ։

Չգիտեմ էլ՝ ինչ էի մտածում, որ վազելով գցվեցի էնտեղ։ Ախր գիտեի, որ ինձ էս պահին կոշիկ անհրաժեշտ չի, էդ խանութի կոշիկներն էլ առանձնապես էժան չեն, ու ես ոչ մի հիմք, արդարացում չունեմ էս պահին էնտեղից կոշիկ առնելու։ Երկու անգամ անցա ամբողջ խանութով՝ հերթով զննելով ինձ դուր եկած կոշիկները. թարսի պես էլ դրանք էս անգամ ավելի շատ էին, քան անցած անգամ, երբ առել էի։ Էնքան հետաքրքիր է էդ գաղթակղությունը, մոլի ցանկությունը «բաց թողնելու» պրոցեսը, երբ հերթով անցնում ես դրա տարբեր փուլերով ու ի վերջո հաղթում ցանկությանը։ Էսօր մի քանի րոպեյվա մեջ էդ բոլոր փուլերի միջով անցա, ու դա ինձ ահագին բան տվեց։ Սկզբում կոշիկներից առնվազն մի զույգն ունենալու ցանկության ճնշման տակ լրիվ ճզմվել, փոքրացել էի, ցանկությունն ինձնից ահռելիորեն մեծ էր, ու էդ պահին իմ հաղթանակը նրա նկատմամբ համարյա անհավանական էր թվում։ Հետո սկսեցի ոչ թե փորձել ճնշել կամ սպանել ցանկությունը, այլ, այսպես ասած, լեզու գտնել հետը։ Նախ ինքս ինձ թուլացրի ու ընկա նրա գիրկը. սկսեցի հերթով պատկերացնել ինձ էդ բոլոր կոշիկներով, թե որը որ շորի հետ կհագնեի, ու թե որն իմ ոտքին ավելի լավ կնստեր։ Միաժամանակ նաև գներին էի նայում (ռոմանտիկ մթնոլորը փչացնող միակ հանգամանքը)։ Հետո ամեն կոշիկի հետ ռոմանտիկ երազանքների վերջում ինքնաբերաբար ֆիքսում էի բոլոր էն մինուսները, որ ուներ էդ կոշիկներից յուրաքանչյուրը. մեկի գույնը էն չէր, մյուսն իմ ոտքի ձևին էնքան էլ հարմար չէր, մի ուրիշը թեև լավն էր, բայց դրա տիպի ես արդեն ունեմ, էն մյուսն էն աստիճանի թանկ է, որ նույնիսկ կարևոր չի, թե ինչպիսին է, իսկ ընդհանրապես որ խորանաս, դրանցից ոչ մեկն էլ իրականում էնքան լավը չի, որ ես էս պահին առնեմ։ Ու մեկ էլ հասկանում եմ, որ ցանկությունն ինքն իրեն հեռացել է։ Ես մենակ եմ մնացել կոշիկների հետ՝ առանց իմ գայթակղիչի։ Ես հաղթել եմ, ու կոշիկներն ընդամենը սովորական կոշիկներ են, ինչպիսիք միշտ էլ եղել են ու կլինեն, իսկ ամենակարևորը՝ ես առանց իրենց եղել եմ ու հանգիստ կշարունակեմ լինել։ Խանութից դուրս եկա թեթևացած ու ինձնից գոհ։ Վաղուց էսպիսի փորձության չէի ենթարկվել։

Ուլուանա
17.06.2013, 05:12
Ինչ զարմանահրաշ բան է մարդու օրգանիզմը։ Կարող է օրերով, շաբաթներով, ամիսներով, նույնիսկ տարիներով անհասկանալի ու անպատկերացնելի ձևով դիմանալ ամենադաժան ծանրաբեռնվածությանը, ճնշումներին ու սթրեսներին, բայց հենց որ ծանրաբեռնվածությունը պակասում է, ուժեղ լինելու կարիք այլևս չկա, միանգամից տեղի է տալիս... Թե որտեղից է էդքան ուժ ու էներգիա գտնում ու դիմանում, ու թե ոնց է հասկանում, որ ուժեղ լինելու ժամանակն արդեն անցել է՝ չգիտեմ։

Էս անցած շաբաթը սովորականից ավելի ծանրաբեռնված էի ու գերհոգնել էի. շաբաթվա ընթացքում ուժս ու էներգիաս լրիվ տեղն էին, չնայած օրվա ընթացքում ահագին հոգնում էի, գիշերներն էլ դաս անում ու ընդամենը մի քանի ժամ քնում։ Իսկ շաբաթվա վերջին օրերին, երբ դաս այլևս չունեմ, միանգամից էնպես եմ թուլացել, ու էդ ի՜նչ քնկոտություն է իջել վրաս, նկարագրելու չի։ Արդեն երրորդ օրն է՝ նորմալ քնելով էլ չեմ կարողանում վերականգնվել։ Բայց ախր ես էս օրերին էլ պիտի դաս անեի երկուշաբթի օրվա համար, ուղղակի ավելի հանգիստ պայմաններում։ Օրգանիզմիս երբեմնի անխափան մեխանիզմը կարծես շարքից դուրս է եկել. էս անգամ չի ջոկել, որ դեռ լիարժեք թուլանալու ժամանակը չի եկել. ես դեռ համարյա երկու շաբաթ ուժեղ լինելու կարիք ունեմ...

Ուլուանա
24.06.2013, 00:10
Ֆեյսբուքում շատ պասիվ եմ։ Թեև ամբողջ օրը Ֆեյսբուքի էջը մյուս բոլոր կայքերի պես բաց վիճակում է կոմպիս մեջ, բայց շատ քիչ եմ մտնում, մտնելիս էլ սովորաբար ուղղակի թեթև աչքի եմ անցկացնում էդ պահին երևացող ժապավենը, ինքս ստատուսներ հատուկ չեմ գրում գրեթե երբեք, միայն մեկ–մեկ կարող է ինչ–որ մեկի ստատուսը շեյր անեմ կարևոր կամ հետաքրքիր լինելու դեպքում, հիմնական գործունեությունս Ֆեյսբուքում սահմանափակվում է ուրիշների նկարները, երբեմն էլ ստատուսները լայք անելով։ Լուրերի հղումները գրեթե երբեք չեմ սեղմում ու չեմ կարդում, միայն հազվագյուտ դեպքերում։ Ու ընդհանրապես ես լուրեր չեմ կարդում։ Մեր էսօրվա կյանքի պայմաններում կարևոր նորությունները չուզենալու դեպքում էլ կիմանաս, իսկ մնացածները կամ նույն լուրի ամենատարբեր մեկնաբանություններն էդքան արժե՞ն, որ ես իմ թանկագին ժամանակը, էլ չեմ ասում՝ նյարդերը նվիրեմ դրանք կարդալուն։ Լրատվական կայքեր հատուկ չեմ մտնում երբեք, նկատի ունեմ՝ բառացիորեն ԵՐԲԵՔ։ Եթե երբևէ լուրեր կարդում եմ, ապա դա լինում է կամ այն հազվագյուտ դեպքերից, երբ Ֆեյսբուքի ընկերներիցս որևէ մեկի դրած հոդվածի հղումն էնքան հետաքրքիր կամ կարևոր է թվում, որ սեղմում եմ հղումը, կամ բլոգի ընկերներիս էջը աչքի անցկացնելիս, երբ վերնագիրը կամ գրառման առաջին տողերն էնքան են գրավում ուշադրությունս, որ որոշում եմ բացառություն անել։ Բայց թե՛ ֆեյսբուքի, թե՛ բլոգի դեպքում հիմնականում վերնագիրն արդեն բավական է լինում, որ պատկերացնեմ՝ ինչի մասին է, ավելին՝ որ հասկանամ, որ տվյալ հոդվածը կարդալը ո՛չ իմ, ո՛չ էլ ուրիշ որևէ մեկի կյանքը մազաչափ անգամ ավելի լավը չի դարձնելու։ Իսկ արժե՞ խոսել էն մասին, թե ինչ վնասներ կարող է տալ։ Փորձեմ ուղղակի համառոտ թվարկել միայն հնարավոր ակնհայտ վնասները. ժամանակի կորուստ, նյարդերի քայքայում, ուղեղի անտեղի ծանրաբեռնում, ապակողմնորոշում... Եվ այս ամենը կողմնակալ կամ անլուրջ կամ անհետաքրքիր կամ անօգուտ կամ «Կյանքը զարհուրելի է» համոզմունքն ամրապնդող հոդվածներով։ Ես էլ՝ զբաղված, գերզգայուն արարած. բոլոր պատճառներն ունեմ «լուրեր» կոչվող արհավիրքից հնարավորինս հեռու մնալու համար։ Ոչինչ, թող մի քիչ էլ անտեղյակ լինեմ աշխարհի անցուդարձից։ Դրանից շատ ավելի կարևոր բաներ կան կյանքում։ Իսկ ընդհանրապես կարծում եմ՝ գոնե որոշ չափով հեռու մնալ ամեն դեպքում արժե, բոլորի համար։

Քիչ առաջ էլ ընկերներիցս մեկը Ֆեյսբուքում մի հոդվածի հղում էր դրել։ Վերնագիրը գրավեց, համ էլ հղումը տեղադրողի խոսքերը`"a must read article" դեր ունեցան, որ հոդվածը կարդամ, հատկապես հաշվի առնելով, որ հղումը տեղադրողը լուրջ մարդ է ու հենց էնպես նման ձևով չէր ներկայացնի հոդվածը։ Հոդվածի վերնագիրն էր՝ "News is bad for you – and giving up reading it will make you happier" (http://www.guardian.co.uk/media/2013/apr/12/news-is-bad-rolf-dobelli)։ Կարդացի. լրիվ սրտիցս էր։ Իմ նշած բացասական ազդեցություններից բացի, մի քանի ուրիշ ազդեցություններ էլ էին նշված, որոնցից մեկը, որ հատուկ ուշադրությունս գրավեց, լուրերի՝ մարդու ստեղծագործականության վրա ունեցած բացասական ազդեցությունն էր։ Ինձ որ բավական համոզիչ թվաց, չգիտեմ։

Մենք իսկապես չափից դուրս շատ ենք մեզ ծանրաբեռնում ավելորդ ինֆորմացիայով՝ չգիտակցելով, թե դրանք ինչքան էներգիա ու այլ կարևոր բաներ են մեզնից խլում իրականում։ Ես էլ, ցավոք, բացառություն չեմ, քանի որ ավելորդ ինֆորմացիան միայն լուրերով չես ստանում, օրինակ՝ ֆեյսբուքի մի շարք ստատուսներ, Ակումբի ու բլոգի մի շարք գրառումներ։ Չգիտեմ ինչու, շատ դեպքերում ինձ մի տեսակ պարտավորված եմ զգում կարդալու էս կամ էն գրառումը կամ ստատուսը, բայց որ խորանում եմ, դրանց զգալի մասը հանգիստ խղճով կարող եմ չկարդալ, ու դրանից ոչ ոք չի տուժի, իսկ ես նույնիսկ կշահեմ։ Մաքրվել է պետք համատարած մտավոր աղբից։ Ուղղակի ցանկացած բան կարդալուց առաջ ինքդ քեզ հարց պիտի տաս. որքա՞ն է հավանականությունը, որ սա չկարդալու պատճառով ես կամ մեկ ուրիշն ինչ–որ բան կկորցնենք։ Ճնշող մեծամասնության դեպքում, համոզված եմ, զրոյական։

Ուլուանա
01.07.2013, 16:07
Մի քանի օր առաջ, երբ կոնկրետ նկարչի ծաղրանկարների վերլուծությանը նվիրված էսսե էի գրում դասի համար, ահագին որոնումներ արեցի, որոնցից մեկն էլ ծաղրանկարներից մեկում օգտագործված կանեփի մասին ինֆորմացիան էր։ Փաստորեն, Գուգո ձյաձյան արդեն իր մոտ ֆիքսեց, որ ես լրջորեն հետաքրքրված եմ կանեփով։ Վերջ, իմ անբասիր հեղինակությունն անհույս կերպով արատավորված է :}։

Ուլուանա
04.07.2013, 05:28
Հիշու՞մ եք էս գրառումս.

Էլի եկել եկել եմ ամերիկացիներից բամբասելու :))։

Սոցիոլոգիայից ռասայական ու սեռային խտրականության թեմաներն էինք անցնում, դրա հետ կապված էստեղ՝ ԱՄՆ–ում պատահած երկու դեպք հիշեցի, որ ցույց են տալիս, թե ամերիկացիներն ինչ աստիճանի շեղված են էդ խտրականությունների թեմայի վրա։

Մի երկու տարի առաջ քոլեջը, որում ամուսինս ֆիզիկա է դասավանդում, իրեն ուղարկել էր Վաշինգտոն՝ ինչ–որ կոնֆերանսի մասնակցելու, բայց իրականում դրա նպատակն այլ էր. կոնֆերանսն ընդամենը պատրվակ էր։ Բանն այն է, որ քոլեջն այդ պահին ֆիզիկայի դասախոսի թափուր տեղ ուներ, իսկ ֆիզիկայի ֆակուլտետի դասախոսական կազմում, ինչպիսի՜ խայտառակություն, ոչ մի սևամորթ դասախոս չկար։ Վերևներից էլ ասել էին, որ խիստ ցանկալի է դասախոսական կազմում գունային բազմազանություն ապահովել։ Այդ նույն ժամանակ նույն հյուրանոցում, որտեղ կոնֆերանսը պիտի լիներ, նախատեսվում էր նաև Սևամորթ Ֆիզիկոսների Ասոցիացիայի տարեկան հանդիպումը։ Հա, պարզվում է՝ էդպիսի կազմակերպություն էլ կա։ Ու ամուսնուս առաքելությունը տվյալ դեպքում կոնֆերանսի մասնակիցներին իրենց քոլեջի թափուր տեղի մասին հայտարարություններ բաժանելն էր, ու հիմնական թիրախը, բնականաբար, սևամորթ ֆիզիկոսներն էին։ Կոպիտ ասած՝ սևամորթ նմուշ էր պետք ֆակուլտետի դասախոսական հավաքածուում։ Բայց սևամորթները, ցավոք, առանձնապես չէին հետաքրքրվել առաջարկով, ու ֆակուլտետը մինչև վերջերս էլ դեռ գունային միապաղաղության մեջ էր։

Մոտ մի տարի առաջ նորից թափուր տեղ կար քոլեջում, ու բազմաթիվ դիմումների հիման վրա պիտի մեկին ընտրեին։ Ընտրությունը երկու փուլով էր։ Առաջին փուլում ընտրում էին զուտ դիմումների, ռեզյումեների հիման վրա՝ նախօրոք սահմանված կոնկրետ չափանիշներով գնահատելով բոլոր դիմումները, որոնց տերերը որոշակի միավորներից ցածր հավաքելու դեպքում երկրորդ փուլ չէին անցնում։ Երկրորդ փուլն էլ արդեն հարցազրույցն էր հանձնաժողովի հետ, որի անդամ էր նաև ամուսինս։ Հանձնաժողովի անդամներից էր նաև վերևներից մի կին, որը միակն էր, որ ֆակուլտետից չէր, ու նա հայտնի էր իր ֆեմինիստական մոտեցումներով։ Ասում էին, որ եթե հանկարծ նախնական փուլն անցածների մեջ կին չլինի, էդ կնոջն էդ հանգամանքը հեչ դուր չի գա, հետևաբար դիմողներին գնահատելիս անհրաժեշտության դեպքում պետք է նշաձողն իջեցնել էնքան, որ անպայման առնվազն մի կին ներառվի երկրորդ փուլ անցածների ցուցակում։ Դասախոսներին էլ էդ միտքը դուր չէր եկել, քանի որ ամենաբարձր միավորներ հավաքած կինը մի քանի միավորով ցածր էր իրենց սահմանած անցողիկ–մինիմումից, ու, փաստորեն, ստիպված պիտի մինիմումը սահմանեին էդ կնոջ հավաքած միավորների հիման վրա, ինչի հետևանքով էլ ստիպված լրացուցիչ լիքը մարդկանց հետ հարցազրույց անցկացնել, այսինքն՝ ակնհայտ ժամանակի կորուստ, քանի որ հավանական թեկնածուներն ի սկզբանե պարզ էին։ Շատ դժգոհ էին էդ մոտեցումից, բայց էդպես էլ արեցին՝ նախօրոք իմանալով, որ մեկ է, էդ կինը դժվար թե երկրորդ փուլն անցնի։ Ու իսկապես չանցավ։ Լավ է գոնե՝ չէին պահանջել, որ անպայման կին պիտի ընդունեն։

Ուրեմն սրա շարունակությունն ա դուրս եկել :))։

Էնպես է ստացվել, որ ներկա պահին քոլեջում նորից ֆիզիկայի դասախոսի թափուր տեղ կա, որին ընտրելու համար պիտի էլի հանձնաժողով հավաքվի, հարցազրույց անցկացվի և այլն։ Հիմա էս եկող երկուշաբթի պիտի անցկացնեն հարցազրույցը, մեկ էլ էսօր ամուսինս նամակ է ստանում, որը միաժամանակ ուղարկվել է հանձնաժողովի բոլոր անդամներին Բազմազանության պահպանման գրասենյակի (հա, էդպիսի գրասենյակ էլ ունեն) տնօրեն հանդիսացող մի կնոջից։ Նամակում տիկինն իր մտահոգությունն է հայտնում այն մասին, որ հանձնաժողովի անդամների շարքում իգական սեռի ոչ մի ներկայացուցիչ չկա (սեռական խտրականության խայտառակագույն դրսևորում), ու որ եթե մինչև երկուշաբթի այդ բազմազանությունը չապահովվի, ապա իրենք ստիպված կլինեն հետաձգել հարցազրույցը, մինչև որ պահանջվող բազմազանությունն առկա լինի :o։

Հիմա էլ, դե, արձակուրդ է։ Թեև քոլեջում դասեր կան, բայց անհամեմատ ավելի քիչ են, դասախոսների մեծ մասն արձակուրդի մեջ է։ Էս խեղճերն էլ ունեն–չունեն՝ ընդամենը երեք կին դասախոս ունեն. մեկը երիտասարդ չինուհի է, որն արձակուրդին մեկնել է Չինաստան, մյուսը մի զառամյալ կին է, որը միայն դասավանդում է ու այլ նախաձեռնությունների չի մասնակցում հասկանալի պատճառներով, երրորդն էլ մի սևամորթ միջահասակ կին է (նախորդ թափուր տեղի համար վերջապես ձեռք բերված, իր տեսակի մեջ միակ և անգնահատելի գտածոն), որը, փաստորեն, միակ հույսն է մնացել. մնում է՝ կարողանան համոզել, որ մասնակցի հանձնաժողովին։ Եթե համոզեցին, մի զարկով երկու նապաստակ խփած կլինեն՝ կապահովեն թե՛ սեռական, թե՛ ռասայական բազմազանությունը :D։ Բազմազանության պահպանման գրասենյակի տնօրենն էլ երևի կրկնակի բավարարված կզգա իրեն։

Չէ, բայց ասեք, որ սրանք լրիվ են խանգարված...

Ուլուանա
11.07.2013, 22:42
Ինձ համար հարմարավետության, հանգստության, ապահովության ու ջերմության լիարժեք վիճակը երևի էն է, երբ ամբողջ ընտանիքով տանն եք։ Էդ վիճակն ինձ միշտ էնքան ճիշտ է թվացել, որ մտածում եմ՝ ամեն դեպքում աշխատելը չպիտի մարդու ամբողջ օրը խլի։ Գիտեմ, որ հակաճառողներ շատ կլինեն, բայց ինձ համար ինչ–որ շատ սխալ բան կա էս համակարգի մեջ, որի համաձայն մարդ պիտի առավոտ շուտ գնա աշխատանքի ու միայն երեկոյան տուն վերադառնա, այսինքն՝ ընտանիքի հետ լինելու համար ընդամենը մի քանի ժամ ունենա մինչև քնելը։ Դեռ մարդիկ կան, որ կախված աշխատանքի բնույթից ու ժամերից՝ էդքանն էլ չունեն. մինչև տուն են գալիս, ընտանիքի անդամները կամ նրանց մի մասն արդեն քնած են լինում։ Եղած մի քանի ժամն էլ որ մնում է, մարդիկ հաճախ էնքան հոգնած են լինում, որ դա էլ ընտանիքի հետ լիարժեք անցկացրած ժամանակ չես անվանի։ Իսկ շաբաթն ու կիրակին շատ քիչ են։ Էլ չեմ ասում, որ ոմանք նույնիսկ շաբաթ–կիրակի են աշխատում։

Փաստորեն,՝ ընտանեկան կյանքի էն բաղադրիչները, որոնք, առնվազն իմ պատկերացմամբ, պիտի որ ամենօրյա սովորական երևույթներ լինեին, ստացվում է, որ շատ դեպքերում տոնի պես բան են դառնում, ինչպես, ասենք, ընտանիքով ինչ–որ տեղ, թեկուզ զբոսնելու գնալը, միասին ֆիլմ նայելը, խաղեր խաղալը, ճաշելը կամ ուղղակի միասին տանը լինելը, թեկուզ ամեն մեկը մի բանով զբաղվի։ Ինձ համար ուղղակի էդ ամբողջ ընտանիքով լինելու վիճակն էնքան ճիշտ է, որ դրա ցանկացած երկարատև խախտում արդեն աննորմալ երևույթ է։ Իսկ օրվա կեսն ինձ համար արդեն ահագին երկար է։ Ու էս պատկերացումը դեռ մանկուց եմ ունեցել։ Միշտ էլ լիարժեք կոմֆորտի զգացողություն ունեցել եմ միայն էն ժամանակ, երբ ընտանիքիս բոլոր անդամները միասին են եղել։ Տանը լինելու դեպքում ապահովության զգացողությունն է ավելի մեծ, բայց էստեղ կարևորը միասին լինելն է։ Հատկապես մեծ ընտանիքի դեպքում է դա հավես։

Չնայած ուրիշ շատերի համեմատ ամուսնուս աշխատանքն էնպիսին է, որ ահագին տանն է լինում, բայց դե, մեկ է, քիչ է։ Իմ պատկերացրած իդեալական վիճակում մարդու՝ աշխատավայրում անցկացրած ժամանակը մոտ չորս–հինգ ժամից ավել չպիտի լինի, կամ ուղղակի պիտի ազատ գրաֆիկով աշխատի, շատ դեպքերում՝ տնից։ Իհարկե, պարզ է, որ ոչ բոլոր աշխատանքները կարող են ազատ գրաֆիկով լինել։ Համենայնդեպս, կուզենայի, որ իմ ընտանիքում էդպես լիներ։

Ուլուանա
13.07.2013, 01:33
Տանել չեմ կարողանում ամբոխներ։ Գրեթե ցանկացած մարդաշատ վայր ինձ համար դիսկոմֆորտի բուն է, ճնշում է։ Իսկ եթե հետն էլ աղմկոտ է՝ առավել ևս։ Ընդհանրապես մարդաշատ ու աղմկոտ վայրերն ինձ համար «սխալ» են նախ և առաջ էն պատճառով, որ էդպիսի միջավայրում դժվար է «ինքդ քեզ հետ կապը պահպանելը»։ Դա ինձ համար հույժ կարևոր վիճակ է, ու դրա չնչին խախտումն էլ ինձ անհարմարավետություն է պատճառում։ Իմ ընկալմամբ սեփական անձի հետ կապի կորստին նպաստում է նաև չափազանց զբաղված ու իրադարձություններով գերհագեցած կենսակերպը, երբ մարդ ժամանակ ու հնարավորություն չի ունենում ինքն իր հետ մենակ մնալու, ինքն իր հետ հաղորդակցվելու ու ակամա ապրում է կարծես «իրենից դուրս», ինքն իրենից օտարված։ Կարծում եմ՝ ներկայիս հասարակությունն ամեն ինչով նպաստում է մարդու՝ ինքն իրենից օտարված ապրելուն։ Մարդկանց մեծ մասն, իմ կարծիքով, ապրում է՝ տարիներով սեփական անձի հետ կապը լրիվ կորցրած։ Շատերի դեպքում պատճառը ապրուստ վաստակելու գործի մեջ լիովին թաղված լինելն է, երբ դրանից դուրս ապրելու ոչ ժամանակ կա, ոչ ուժ, մյուս՝ ավելի պարապ մասսայի դեպքում էլ՝ երևի ուրիշների կյանքերով ապրելը։ Գուցե ուրիշ պատճառներ ու հանգամանքներ էլ կան։

Ու ընդհանրապես ես նախընտրում եմ մարդկանց հետ առանձին–առանձին շփվել։
Նույնիսկ եթե մարդիկ լիքը ընդհանուր բաներ ունեն, միևնույն է, նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին շփումն ինձ համար շատ ավելի հաճելի ու լիարժեք է, քան համատեղը։ Առանձին հանդիպումն ինձ համար որակապես լրիվ տարբեր շփում է, ու սա էն դեպքն է, երբ մեկին գումարած մեկը փոքր է մեկից։ Էս հարցում միակ բացառությունն իմ կյանքում Ակումբն է եղել, երբ նույնիսկ բազմամարդ հանդիպումները լիարժեք ու ճիշտ էին հենց էնպիսին, ինչպիսին կային՝ բոլորին կապող ինչ–որ աուրայի շնորհիվ։ Ամեն դեպքում չեմ կարծում, թե երբևէ ուրիշ որևէ մարդաշատ խմբում ինձ նույնքան հարմարավետ զգամ։ Խոսքն, իհարկե, էն դեպքերին չի վերաբերում, երբ միասին քննարկելով պետք է ինչ–որ բան որոշել։

Հատկապես տանել չեմ կարողանում, երբ ինչ–որ մեկի հետ պիտի հանդիպեմ (կապ չունի՝ մեր տանը, թե որևէ այլ տեղ, թեկուզ դրսում) ու էդ մարդը հետը ինձ անծանոթ մեկին բերում է։ Էդպիսի պահերին էմոցիոնալ առումով ես ինձ դաժանորեն խաբված ու հիասթափված եմ զգում, որովհետև երբ ես պայմանավորվում եմ հանդիպել մարդու հետ, ապա ակնկալում եմ հենց նրա հետ շփվել, ոչ թե նաև նրա ինչ–որ կցորդի։ Հա, նման իրավիճակներում հետները եկածները անցանկալի կցորդի դեր են տանում ինձ համար։ Երբ գոնե նախօրոք զգուշացնում են, էլի ոչինչ, գոնե համապատասխանաբար տրամադրվում ու հաշտվում ես կցորդի ներկայության հեռանկարին։ Իսկ ընդհանրապես, կարծում եմ, ճիշտը նման դեպքերում ոչ թե զգուշացնելն է, այլ հարցնելը՝ արդյոք նորմալ է, որ էսինչ մարդուն հետս բերեմ, թե չէ։ Մարդ եմ, գուցե ինչ–որ խոսակցություն ունեմ էդ մարդու հետ, որը մեկ ուրիշի ներկայությամբ չեմ ուզում բացել։ Սա ընդհանրապես։ Բայց իմ դեպքում նույնիսկ եթե հատուկ ինչ–որ խոսակցություն չունեմ, մեկ է, հաճելի չի, ճիշտ չի ինձ համար։ Երբեմն ինձ թվում է, որ իրականում մարդկանց ճնշող մեծամասնության համար էդ լրիվ նորմալ երևույթ է, ու մենակ ես եմ չսպասված անծանոթ «կցորդներից» նեղվում։ Էստեղ էլ, համենայնդեպս, նշեմ, որ խոսքը գործնական հանդիպումների մասին չէ։

Ուլուանա
14.07.2013, 22:43
Երեկ որոշ գործերով երկու տեղ էինք գնացել, երկուսն էլ, կարելի է ասել, հիասթափություն էին. ներվերի, ժամանակի ու էներգիայի անիմաստ ծախս։ Վերադառնալիս տուն գալուց առաջ մտանք մթերային խանութ, ու արդեն մեր շենքի մոտ նկատեցինք, որ տղայիս ձեռքի խաղալիք մեքենան չկա։ Տասնյակներով խաղալիք մեքենաներ ունի ամենատարբեր չափերի ու ձևերի, ուղղակի էդ մեկը մի քիչ յուրօրինակ մեքենա էր, բուլդոզեր էր ու իր ունեցածների մեջ միակը, ինքն էլ շատ էր սիրում դա, ափսոս էր, որ կորեր, որոշեցինք հետ դառնալ մեր եկած տեղերով ու անպայման գտնել։ Ամբողջ ճանապարհին ուշադիր նայելով գնացինք մինչև մթերային խանութ՝ համոզված լինելով, որ էնտեղ գցած կլինի, քանի որ վերջինն էնտեղ էինք մտել, համ ամբողջ խանութը նայեցինք, համ էլ աշխատողներին հարցրինք, բայց չգտնվեց։ Հետո հիշեցինք, որ մինչև խանութը անշարժ գույքի գործակալություն էլ էինք մտել, ուղևորվեցինք էնտեղ, անհույս մտանք ու հենց միանգամից գորշ հատակին աչքի զարնեց վառ կարմիր մեքենան։

Տուն վերադառնալիս ամուսնուս ասում եմ.
— Բայց ինչ անհաջող օր էր էսօր։ Հենց սկզբից էլ զգացվում էր. անհաջող սկսվեց ու տենց էլ գնաց։
— Չէ, ինչի՞, էնքան էլ անհաջող չէր. Արեգի մեքենան գտանք։

Լավ բան ա, էլի, լավատես լինելը։ Ամեն ընտանիքում տենց գոնե մեկը պիտի լինի :))։

Ուլուանա
16.07.2013, 04:05
Բնակարան որոնելը մի կողմից կարծես հետաքրքիր, մյուս կողմից բավական պատասխանատու ու սթրեսային գործ է։ Հիմա, երբ էդ գործի վրա ենք, հինգ տարի առաջվա մեր բնակարան որոնելու հետ կապված որոշ դեպքեր թարմացան հիշողությանս մեջ...

Նյու Ջերսիի մեր զզվելի հանրակացարան–բնակարանից պիտի տեղափոխվեինք Նյու Յորք, որտեղ ամուսինս արդեն աշխատանք էր գտել։ Խառը, զբաղված շրջան էր, ու վարձով բնակարան գտնելու համար շատ քիչ ժամանակ ունեինք։ Խնդիր էր նաև Նյու Ջերսիից Նյու Յորք հասնելը, քանի որ ճանապարհի վրա ընդհանուր առմամբ մի ժամից ավել ծախսվում էր։ Էստեղ էլ նորմալ բնակարան գտնել հնարավոր է հիմնականում բրոկերների միջոցով, որի դեպքում, որպես կանոն, կարգն էսպես է. բնակարանի մի ամսվա վարձի չափով վճարում ես բրոկերին։ Երբեմն բրոկերի փոխարեն պարզապես գործակալ է լինում, որին իր աշխատանքի համար գումար չես վճարում։ Մենք էլ սկզբում որոշեցինք փորձել առանց բրոկերի գտնել բնակարանը, որ իզուր փող չկորցնենք։ Հիշում եմ՝ ոնց էինք օրերով համապատասխան կայքերը փորփրում, լիքը հայտարարություններ նայում, որոնցից ամեն մեկում ինչ–որ բան մեզ դուր չէր գալիս. մեկի գինը չէր բավարարում, մյուսի պայմանները, մեկ ուրիշի տեղանքը և այլն։

Էստեղ բնակարանները ննջասենյակների քանակով են նշվում։ Մենք էլ ընդամենը երկու հոգի էինք, դեռ երեխա չունեինք ու մեկննջասենյականոց բնակարան էինք փնտրում, բայց էնպիսին, որ մեր նախորդ մեկննջասենյականոցից ավելի ընդարձակ ու լուսավոր լիներ։ Ընդհանրապես ընդարձակությունն ու լուսավորությունն ինձ համար միշտ բնակարանի գնահատման առաջնային չափանիշներից են, հատկություններ, որ մեր նախորդ բնակարանին, ցավոք, առանձնապես բնորոշ չէին, ու էնտեղ ապրելու ամբողջ ընթացքում ես օրերն էի հաշվում, թե երբ պիտի վերջապես ազատվենք էդ չարաբաստիկ որջից։ Այն ընտրելու հնարավորություն մենք չէինք ունեցել, տվել էին, պիտի մեջն ապրեինք։ Էդ բնակարանը ուրիշ շատ թերություններ էլ ուներ, որոնցից մեկն այն էր, որ խոհանոցը հյուրասենյակից ոչնչով առանձնացված չէր. էդ երկուսը բաժանող միակ սահմանը կովրոլիտի ու լինոլեումի հատման գիծն էր, որոնք երկուսն էլ հեչ իմ ճաշակով չէին։ Էդ բնակարանից հետո, մեր կեղտագույն կովրոլիտի շնորհիվ, կովրոլիտի բացակայությունն էլ ավելացավ բնակարանի ինձ համար առաջնային պահանջներին, ինչպես նաև խոհանոցի առանձին լինելը։

Ընդհանրապես բնակարաններ նայելն ինձ վրա շատ տարօրինակ ազդեցություն է ունենում։ Ցանկացած բնակարան մտնելիս, դե, բնական է, փորձում եմ պատկերացնել ինձ էնտեղ ապրելիս։ Բայց եթե բնակարանը մռայլ ու անհարմարավետ է լինում, հետն էլ բացասական էներգետիկայով, ինչի նկատմամբ ես դեռևս մանկուց չափազանց զգայուն եմ եղել, միանգամից էնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես ես արդեն դատապարտված եմ էդտեղ ապրելուն, ու սկսում եմ ինձ ահավոր դժբախտ զգալ, ոնց որ բանտում փակված։ Ու դուրս գալուն պես մի աննկարագրելի թեթևություն ու ազատություն եմ զգում, կարծես մի լուրջ տառապանքից, փորձանքից ազատված լինեմ։

Մի քանի շատ անհաջող ու բազմաթիվ կետերով մեզ չբավարարող բնակարան նայելուց հետո շատ գրավիչ վարձով մի բնակարանի հայտարարություն գտանք, որ էլի գործակալով էր, ոչ թե բրոկերով։ Զանգեցինք, պայմանավորվեցինք, որ գնանք, տեսնենք։ Բնակարանը գտնվում էր մի քաղաքում, որի բնակչության ճնշող մեծամասնությունը շեղաչքանիներ էին՝ հիմնականում չինացիներ, կորեացիներ և այլն։ Հենց սկզբից չսիրեցի էդ քաղաքը։ Անտանելի մարդաշատ, աղմկոտ, կեղտոտ, գարշահոտ, կանաչ տարածքների համարյա կատարյալ բացակայությամբ, հետն էլ բացի շեղաչքանիներից, ուրիշ ռասայի ներկայացուցիչների համարյա չես հանդիպում։ Ընդհանուր առմամբ ես շեղաչքանիների կամ որևէ այլ ազգի ու ռասայի դեմ ոչինչ չունեմ, բայց մի տեղ ապրելիս կնախընտրեի ինձ փոքրամասնություն չզգալ։ Իսկ էս քաղաքում ապրելու դեպքում դա անխուսափելի է։

Դեռ բնակարանը չտեսած՝ արդեն սրտնեղեցի շրջակայքից։ Գործակալը ջահել, պուճուր–մուճուր, ճտպտան կին էր։ Ճամփին էլ հավեսով պատմում էր, թե ինչ ապահով տարածքում է բնակարանը գտնվում, որ ամբողջովին վերանորոգված է, ու թե ինչ հրաշալի խոհանոց ունի՝ լրիվ նոր կահույքով ու սարքավորումներով, ու որ ես ուղղակի հիացած կմնամ էդ խոհանոցը տեսնելով։

Մտանք բնակարան։ Մռայլ, մթոտ։ Ինչպես գործակալուհին ներկայացրեց, դա հյուրասենյակն էր, այսինքն՝ տուն մտնելով՝ միանգամից հայտնվում ես հյուրասենյակում։ Մեր բնակարանն է էր էդպիսին, միջանցք չուներ, ու ես դրանից, մեղմ ասած, հիացած չէի։ Էդ դեռ հեչ. հյուրասենյակը սարսափելի փոքր էր։ Եթե մեր բոլոր իրերն էդտեղ տեղավորեինք, ազատ տարածք չէր մնալու։ Էդքանը մենակ պատկերացնելիս սիրտս վատացավ։ Մինչ գործակալուհին ճտպտալով մեր ուշադրությունն ուղղում էր լրիվ նոր արված պարկետին, ես նայեցի պատուհանին. դիմացից ինչ–որ խողովակ էր գնում, թե ինչ, չհասկացա, բայց կարևոր էլ չէր, կարևորն էն էր, որ տեսադաշտն ինչ–որ չափով փակում էր, չեղած լույսն էլ ավելի պակասեցնում։

Ուղղվեցինք դեպի խոհանոց։ Սա էդ բնակարանի միակ լուսավոր կետն էր՝ թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով. կահույքը լրիվ թարմ ու պլպլան. ամեն ինչը տեղը, հետն էլ ընդարձակ, հարմարավետ, կարելի է ասել՝ տնային տնտեսուհու մուրազ։ Հատկապես իմ խոհանոցից հետո սա լրիվ դրախտ էր ու ստիպում էր մտածել բնակարանը վերցնելու մասին։ Ննջասենյակը նույնպես փոքր էր, բայց էլի լրիվ նոր պարկետով։

Ամուսինս կարծես դեմ չէր բնարանը վերցնելուն։ Մի երկու րոպե գցեցինք–բռնեցինք, ավելի շատ կենտրոնացանք ցածր գնի, կովրոլիտի փոխարեն լրիվ նոր պարկետով հատակների ու դրախտ–խոհանոցի վրա, ու ես մի պահ համարյա մոռացա նեղվածքի, մթոտության, պատուհանից երևացող էն անճոռնի առարկայի ու տան շուրջբոլորը կանաչի նշույլի բացակայության մասին։ Որոշեցինք բնակարանը վերցնել, ինչ–որ նախնական թղթեր ստորագրեցինք, նախատեսված ձևով հարյուր թե երկու հարյուր դոլար գումար վճարեցինք չգիտեմ ինչի համար ու գնացինք՝ ինքներս մեզնից գոհ, որ վերջապես մեզ համար բնակարան գտանք, էդ դարդից էլ պրծանք, արդեն կարող ենք հանգիստ շունչ քաշել։

Գնացքով վերադառնում ենք մեր քնձռոտ բնակարանը, որից ընդամենը օրեր հետո անվերադարձ պիտի հեռանանք։ Ընթացքում էլ զանգում ենք մերոնց, ինքներս մեզ համոզելով, որ ուրախ ենք՝ տեղեկացնում, որ բնակարանը վերջապես գտել ենք, արդեն պայմանավորվել ենք, որ վերցնում ենք, ու մանրամասն նկարագրում ենք ամեն ինչ։ Հետո ես, գնացքում նստած, պատկերացնում եմ ինձ էդ բնակարանում ապրելիս ու գնալով ավելի ու ավելի ճնշվում ու դեպրեսվում...

Երբ տուն հասանք, հանկարծ մեր քրչոտ բնակարանը սկսեց աչքիս ահագին ընդարձակ ու լուսավոր թվալ։ Զգացի, որ ես ավելի հաճույքով կշարունակեի էստեղ ապրել, քան էն նոր բնակարանում, ու էն մտքից, որ մենք արդեն համաձայնել ենք էնտեղ ապրել (թեև պայմանագիրը մի քանի օրից նոր պիտի ստորագրեինք), սկսեցի վատանալ։ Էդպես մտքերս գնալով մռայլվում էին, դե, օրն էլ արդեն մոտենում էր ավարտին, դա էլ իր հերթին էր ծանրացնում հոգեվիճակս։ Երբ պառկեցինք քնելու, մռայլ ու ճնշող բնակարանի մասին սարսափ–մտքերը սկսեցին ավելի թափով կրծել ուղեղս։ Ի վերջո էնպիսի պանիկայի մեջ ընկա, էդ ինչ հիստերիկա սկսվեց մոտս, ոնց որ մի մութ զնդանում փակված պատեպատ զարկվեի։ Ամուսնուս ասեցի, որ ես ոչ մի դեպքում էդ տանն ապրողը չեմ, որ ես ուղղակի կխեղդվեմ, կխելագարվեմ, կոչնչանամ էդ բնակարանում, ու որ հենց առավոտյան զանգի էդ կնոջն ու ասի, որ փոշմանել ենք, չենք ուզում էդ բնակարանը։ Թե ինչ մղձավանջներով անցկացրի էդ գիշերը՝ արդեն չեմ հիշում։ Իսկ հաջորդ օրը շաբաթ էր։ Էդ կինն էլ կարծեմ մինչև երկուշաբթի անհասանելի եղավ՝ լրացուցիչ երկարաձգելով իմ տառապանքները։ Պարզվեց՝ վճարված գումարն ամեն դեպքում չի վերադարձվելու, բայց էդ գումարն էդ պահին ամենաքիչ նշանակությունն ուներ։ Էն թեթևությունն ու հանգստությունը, որ իջավ վրաս պայմանավորվածությունը չեղյալ հայտարարելուց հետո, ոչ մի գումարով գնել հնարավոր չէր։ Կարծես երկրորդ անգամ ծնված լինեի։

Հետաքրքիր է, որ հետո, երբ եղբորս հետ խոսում էինք էդ բնարանը վերցնելու պատմության մասին, ասեց, որ լրիվ նույն ծանր զգացողություններն ու մտքերն ինքն էր ունեցել մեր՝ էդ բնակարանը վերցնելու մասին իմանալուն պես։

Հետո որոշեցինք ամեն դեպքում բրոկերի դիմել ու չնայած սկզբում 1–ննջասենյականոց էինք նախատեսել, 2-ննջասենյականոց (ավելի ճիշտ՝ 1.5–ննջասենյականոց) վերցրինք՝ լուսավոր ու ընդարձակ։ Բայց դե հինգ տարվա ընթացքում որոշ բաներ են փոխվել, ու հիմա նորից բնակարանային որոնումների մեջ ենք։

Չգիտեմ՝ ում համար ինչպես է, բայց ինձ համար բնակարանի լուսավորությունն ու ընդարձակ տարածքի առկայությունն ուղղակի պարտադիր պայմաններ են։ Ավելի լավ է՝ իրերը շատ քիչ լինեն, քան ազատ տարածքը՝ փոքր։ Նեղվածքից ու մռայլությունից ես վատանում եմ։ Իսկ մռայլությունը ոչ միշտ է զուտ արևի լույսի պակասից լինում։ Բնակարաններ կան, որ մի տեսակ ներքին մռայլությամբ ու տխրությամբ են շնչում, էդ մռայլությունը կարծես պատերի մեջ ներծծված լինի. էդպիտի բնակարաններին ամենապայծառ արևն էլ չի փրկի։

Մի խոսքով՝ բարդ գործ է էս բնակարանաորսը, ինչպես ընդունված է ասել ԱՄՆ–ում։ Հա, պարզվում է՝ էդպիսի արտահայտություն էլ կա՝ apartment hunting :))։

Ուլուանա
23.08.2013, 16:05
Երեկ մամայիս ճանապարհեցինք Հայաստան։
Ո՜նց եմ ատում օդանավակայաններն ու մեր էստեղի կիսակյանքը...

Ոչինչ, շուտով միապաղաղ առօրեականությունը կլափի կարոտի զգացումն ու կիսակյանքի գիտակցումը, ճիշտ էնպես, ինչպես վարունգի իսկական համն ա իսպառ մոռացվում ամեն անգամ Հայաստանից ԱՄՆ գալուց որոշ ժամանակ անց, ու նորից կսկսի թվալ, թե շատ էլ նորմալ կյանքով ենք ապրում, դե, վարունգն էլ միշտ էս համի ա եղել, որ հեչ էլ անհամ չի։

Ուլուանա
26.08.2013, 05:47
Մի հետաքրքիր երևույթ եմ նկատել. երբևէ ինձ վրա ուժեղ տպավորություն ու լուրջ ազդեցություն գործած խոսքերը, որ իմ մեջ, պահվածքիս մեջ ինչ–որ բան փոխել են, որպես կանոն, եղել են խոսքի մեջ, իմիջիայլոց ասված, պատահականորեն լսած ու հաճախ նույնիսկ ոչ ինձ ուղղված խոսքեր։ Իսկ էն ամենը, ինչ ասվել է նպատակաուղղված ձևով, կրկնողաբար ու հատուկ ինձ՝ անկախ նրանից, թե ում կողմից է արվել, սովորաբար չի մնացել մեջս։ Նույնիսկ եթե ընդունում եմ, համաձայնում եմ, որ էդպես ճիշտ է, միևնույն է, ինչ–որ բան, չգիտես ինչու, խանգարում է դրան հետևելուն։ Ու սա էն դեպքում, երբ ես բնույթով ինադ ընկնող չեմ, այսինքն՝ առնվազն գիտակցաբար չեմ դիմադրում ինձ արված դիտողությանը, խրատին և այլն։
Ու ինձ թվում է՝ միայն ես չեմ էսպիսին։

Ուլուանա
27.08.2013, 22:04
Ուզում եմ ֆլեյտա նվագել սովորել :love։
Վերջերս մի տեղից ոգեշնչվեցի։ Ընդհանրապես ֆլեյտայի ձայնն իմ ամենասիրած ձայներից է, ու զարմանում եմ, թե ոնց մինչև հիմա մտքովս չէր անցել։ Չգիտեմ՝ ինչքանով է հեշտ կամ դժվար, բայց հուսով եմ՝ երաժշտական կրթությունս (երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինն եմ ավարտել) գոնե մի քիչ կօգնի, որ մի բան դուրս գա։ Չնայած մեկ–մեկ մտածում եմ, որ նույնիսկ եթե նորմալ նվագել չսովորեմ, ֆլեյտայի վրա անկապ «շվշվացնելն» էլ պիտի որ ահագին հավես ու հանգստացնող զբաղմունք լինի ինձ համար :))։ Բայց, իհարկե, կփորձեմ ամեն ինչ անել, որ գոնե տարրական մակարդակով կարողանամ նվագել։

Ուլուանա
29.08.2013, 06:48
Կամաց–կամաց սկսում եմ գիտակցել, թե ինչ տխուր բան ա վիրտուալ մարդ դառնալը... Վիրտուալ մարդ ասելով՝ նկատի ունեմ ոչ թե անընդհատ վիրտուալում ապրող, այլ հանգամանքների բերումով կոնկրետ մարդկանց ռեալ կյանքից երկար ու անորոշ ժամանակով բացակայող մարդ։ Պահեր են գալիս, երբ հասկանում ես, որ մարդկանց համար քո դերը սահմանափակվում ա զուտ կոնկրետ տիպի իրավիճակների մասնակից լինելով՝ հիմնականում նեղ պահերին հեռվից նրանց կողքին լինելով, իսկ ավելի ուրախ իրադարձությունների ու հետաքրքիր ժամանցի համար կան ռեալ մարդիկ, որոնց թվին դու արդեն վաղուց չես պատկանում, քանի որ օբյեկտիվ պատճառներով ինքնընստինքյան դուրս ես մղվել էդ ամեն ինչից ու արդեն էնքան բան ես բաց թողել ռեալում, որ ավելի լավ ա՝ չիմանաս, որ չպատկերացնես, թե ինչ աստիճանի վաղ անցյալ ես դու... Գուցեև հաճելի, բայց, միևնույն ա, անցյալ։ Ու սա հատկապես նկատելի ա դառնում էն ժամանակ, երբ մարդկանց ռեալ կյանքը վիրտուալի համեմատ շատ ավելի վառ ու բովանդակալից ա դառնում։ Իսկ դու հո չես կարող հակառակը ցանկանալ նրանց։

Ու նորից չասեք, թե պետք ա կարողանալ վիրտուալը ռեալից տարբերել։ Իմ կյանքի մի քանի էական ասպեկտներ հենց վիրտուալի հիմքի վրա են կառուցվել, ու ես հիմա էլ համոզված եմ, որ էդ հիմքերը ամուր ու կայուն են եղել։ Ուղղակի մի ժամանակ մտածում էի, որ տարածությունն առանձնապես նշանակություն չունի մարդկանց հետ հարաբերությունների հարցում, բայց գնալով համոզվում եմ, որ չէ, շատ լավ էլ ունի...

Ուլուանա
01.09.2013, 23:19
Տղաս ահավոր հացակեր է։ Ինչ էլ ուտելու լինի, եթե հանկարծ հաց տեսավ կամ «հաց» բառը լսեց, էլ չի ուտի ու համառորեն հաց կպահանջի։ Հաց ուտելիս էլ կշտանալ չունի. համարյա ինչքան տաս, կուտի։ «Հաց ուտել» տիպիկ հայկական արտահայտությունն էլ մեզ էդ առումով շատ է խանգարում։ Տղայիս ուտելու կանչելիս ամուսինս հաճախ, սովորության համաձայն, ասում է՝ հիմա պիտի հաց ուտենք :D։ Իսկ տղաս հո չի՞ հասկանում, որ «հաց ուտել» ընդամենը նշանակում է ինչ–որ բան ուտել, ոչ թե հենց հաց։ Ու կապ չունի, որ էն, ինչ պիտի ուտեինք իրականում, հեչ կապ չուներ հացի հետ։ Էլ ի՞նչ միրգ, ի՞նչ ճաշ, ի՞նչ ուրիշ բան. նա հացի անուն է լսել։ «Հա՜ց»,– ոգևորված գոռում է տղաս, ու մենք կամ պիտի իրեն մի կերպ շեղենք, որ մոռանա հացի մասին ու ուտի էն, ինչ պիտի ուտեր, կամ էլ ստիպված հացը բերենք։

Երևի միայն հայերենում են ընդհանրապես ուտելուն «հաց ուտել» ասում՝ անկախ նրանից, թե ինչ են ուտում, քանի որ մենք սովորաբար առանց հացի սեղան չենք նստում, ի տարբերություն ուրիշ շատ ազգերի։ Պատկերացրեք՝ օտարների հայացքով ինչ տարօրինակ արտահայտություն է, երբ գործածվում է ուղղակի ուտելու իմաստով։ Փորձեք նաև թարգմանել ուրիշ լեզվով :))։

Ուլուանա
02.09.2013, 18:02
Մարդ ինչեր ասես որ չի սովորի հանուն երեխայի։ Նախկինում երբեք մտքովս չէր անցնի, որ կարող է մի օր կարողանամ լրիվ անձայն փռշտալ :))։
Իսկ հիմա սովորել եմ ամեն ինչ գլխիվայր նկարել :))։ Էն մագնիսով նկարելու տախտակներից ունենք, տղաս հաճախ դնում է ծնկներիս ու դիմացս կանգնած՝ պատվիրում այս կամ այն բանը նկարել, դե, ես էլ, քանի որ իր համար եմ նկարում, պիտի էնպես նկարեմ, որ իր դիրքից ճիշտ երևա։ Հա, իհարկե, կարող եմ իրեն էլ կողքիս նստեցնել, որ երկուսիս համար էլ ճիշտ դիրքով լինի, բայց դե էդպես լրիվ ուղիղ իր դիմաց չի լինի։ Համ էլ ի՞նչ վատ է, որ էդ մի հմտությունն էլ ձեռք բերեմ :))։

Ուլուանա
04.09.2013, 07:04
Եթե կա մի բան, որով Մանհեթընն ինձ դուր է գալիս, ապա դա նրա՝ ինձ ամեն անգամ զարմացնելու ունակությունն է, իսկ զարմանալ ես սիրում եմ, ճիշտն ասած։ Ամեն անգամ Մանհեթըն գնալիս անպայման ինչ–որ նոր ու արտասովոր բաներ եմ հայտնաբերում։ Ու նշանակություն չունի, որ հաճախ զարմանում եմ միևնույն բաների վրա, որովհետև եթե զարմանում եմ, ուրեմն դրանք ամեն անգամ նորովի են ներկայանում ինձ, կամ ես եմ ուրիշ լույսի տակ տեսնում, չգիտեմ։ Ու էլի ամեն անգամ մտածում եմ, որ ես ոչ մի դեպքում չէի ապրի էնտեղ՝ միաժամանակ մի տեսակ թեթևություն զգալով էն մտքից, որ դա ինձ չի էլ սպառնում՝ հաշվի առնելով, թե ինչ աստղաբաշխական գների են էնտեղի բնակարանները։ Ու ընդհանրապես իմ գլխում չի տեղավորվում, թե ոնց կարելի է ապրել կամ ցանկանալ ապրել մի տեղ, որտեղ փողոցներում ծառերը միայն ծաղկամանների մեջ են աճում, խոտերն ու ծաղիկներն էլ հիմնականում շենքերի տանիքներին, դե, արհեստական զբոսայգիները չհաշված։ Էլ չեմ ասում ամենուրեք երկու կողմից պահակների պես գլխիդ կանգնած երկնաքերների մասին, որոնք, ի դեպ, առաջին բաներից են, ինչի համար տանել չեմ կարողանում էս վայրը։ Մյուս կողմից էլ Մանհեթընը լավ է նաև նրանով, որ ամեն անգամ էնտեղ լինելուց հետո ավելի շատ եմ սիրում ու գնահատում էն հանգիստ քաղաքը, որում ապրում եմ։

Կյանքումս էդքան մուրացկաններ ու բոմժեր տեսած չկայի, ինչքան էս անգամ Մանհեթընում։ Չգիտեմ՝ ոնց է ստացվել, որ Մանհեթընում էդքան եղել եմ, բայց մուրացկանների առատություն երբեք չեմ նկատել, իսկ հիմա նրանք ամեն քայլափոխի էին հանդիպում՝ ամենատարբեր հագուկապով, դիրքերով ու տրամադրություններով. մի մասը նստած էր, մի մասը՝ քայլում էր, մի մասն էլ քնած էր։ Մեկն, օրինակ, անկողնատիպ մի բան գետնին փռած՝ նստել, ինչ–որ բան էր գրոտում։ Առաջին բանը, որ մտքովս անցավ, էն էր, որ իր ծախսերը կամ պարտքերն է հաշվարկում, բայց հենց հաջորդ պահին էլ ծիծաղս եկավ մտածածիս վրա։ Մեկ ուրիշն էլ, ծխախոտը բերանում ամուր սեղմած, քնել էր։ Մի քանի ժամ անց նույն ճանապարհով հետ գալիս էլի հանդիպեցինք. արդեն արթնացել ու զբոսնում էր մոտակայքում։ Զարմանալի էր, որ էս անգամ մուրացկաններից ոչ մեկը հատուկ գրություն չուներ դիմացը դրած կամ ձեռքին պահած։ Դրանք հաճախ բավական յուրօրինակ ու հումորով են լինում։

Հետաքրքիրն էն էր, որ լիքը փողոցներ կտրել–անցնելուց ու ամեն տեղ լիքը մուրացկանների տեսնելուց հետո մեկ էլ մի եկեղեցու դիմաց ի՞նչ տեսնենք՝ մուրացկանի արձան. :))

http://i.imgur.com/3VB5Ppa.jpg


Ինչ–որ զբոսայգու մոտով էինք անցնում, որտեղ ժամանակակից արվեստի մի բավական յուրօրինակ գործ տեսանք։ Արվեստի այդ տեսակը կոչվում է ինստալացիա, ինստալացիոն արվեստ։ Այն հաճախ տեղանքին հատուկ արվեստի գործ է լինում. ցուցադրվում է կոնկրետ դիրքով ու կոնկրետ վայրում տեղադրված ու դիտարկվում հենց տվյալ միջավայրում, ու որպես առանձին արվեստի գործ՝ կարող է և չնայվել։ Սույն ինստալացիան իրենից ներկայացնում էր բացառապես կարմիր ներկված պարաններից հյուսված մի «շինություն», կարելի է նույնիսկ ասել՝ ձևավոր պատ, որի պատրաստման համար, ըստ համապատասխան ցուցանակի, ծախսվել է 1.4 միլիոն ոտնաչափ ոլորված շերտավոր նավաստիական պարան և 3500 գալոն ներկ։ Ստեղծագործությունը, չգիտես ինչու, կոչվում է «Կարմիր, դեղին և կապույտ», չնայած նշված վերջին երկու գույներն ընդհանրապես բացակայում են։

http://i.imgur.com/GqCW9u8.jpg

http://i.imgur.com/Qg2VaGc.jpg

http://i.imgur.com/izbox8m.jpg

Ըստ իս, նմանատիպ գործերի հիմնական արժեքը յուրօրինակությունն է։ Գեղեցկություն՝ որպես այդպիսին, առանձնապես չեմ տեսնում, թեև հնարավոր է, որ ճաշակի հարց է։ Համենայնդեպս, տվյալ միջավայրում մի քիչ անկապ տեսք ունի, իմ կարծիքով։ Բայց ոչ ոք չի ժխտի, որ անմիջապես ուշադրություն է գրավում թե՛ վառ կարմիր գույնի, թե՛ չափի ու թե՛ ձևի շնորհիվ։ Ամեն դեպքում մի տեսակ վատ եմ զգում, երբ պատկերացնում եմ, որ էդքան պարան ու էդքան ներկ են վարի տվել մի ինչ–որ տձև գոյացություն ստեղծելու համար։ Բայց դե ինստալացիոն արվեստի գործերը հաճախ հենց էդպիսին էլ լինում են՝ հսկայական չափերի ու ահագին ռեսուրսներ խլող։ Ընդ որում՝ հեղինակը ամբողջ «պատը» պատրաստել է շուղերով հյուսելու սկզբունքով, այսինքն՝ էդ ամբողջն իր ձեռքով է հյուսել։ Էստեղ են ասել. երնեկ քո հավեսին :D։


Զբոսայգում մի ուրիշ բան էլ ուշադրությունս գրավեց։ Մի տղա դաշնամուր էր նվագում, երբեմն էլ երգում։ Կողքին էլ դույլ էր դրված՝ փող գցելու համար։ Դաշնամուրը սարսափելի հնամաշ էր. չի բացառվում, որ տատիկից ժառանգություն ստացած լիներ։ Բայց էնքան լավ էր նվագում, որ չափսոսացի դույլի մեջ մի դոլարանոց գցել։ Տեսնես՝ գիշերներն էդ դաշնամուրն ի՞նչ է անում։

http://i.imgur.com/aDjMU3l.jpg


Առաջին անգամ գողացված հեծանիվ ենք տեսել, ավելի ճիշտ՝ հեծանիվը չկար, համապատասխան տեղում կողպեքով ամրացված միայն մի ակն էր մնացել, մնացածն, ըստ երևույթին, հանել–տարել էին։ Հիշեցի, որ ամուսինս մի անգամ ասել էր, որ իր կոլեգաներից մեկը հաճախ հեծանիվով է գալիս գործի, բայց կողպեքով ամրացնելիս ամեն անգամ մի ակը հանում, հետը բերում է ներս՝ մտածելով, որ առանց մի ակի դժվար թե գողանան։ Բայց, փաստորեն, էդպես էլ են անում. մտքներին տեղ լինի։ Իսկ հեծանվի տերը երևի վստահ էր, թե ապահով տեղ է թողել իր հեծանիվը։

Ուլուանա
27.09.2013, 04:55
Էս մոդերատորական աշխատանքում ինձ համար ամենածանր պարտականություններից մեկը «Իմ վերևի մարդը» թեմայում նույն մարդու մասին երկու հաջորդական գրառումներից մեկը ջնջելն է։ Հատկապես երբ տեսնում ես՝ երկար, խնամքով ու ոգևորությամբ արված գրառում է։ Իսկ կանոնադրությունը պահանջում է, որ անկախ գրառման բովանդակությունից՝ մի հարվածով ոչնչացնես դա... Հա, նման դեպքերում հաճախ գրառումը ջնջելուց առաջ, համենայնդեպս, պատճենում ու ուղարկում եմ հեղինակին, եթե գիտեմ, որ ում որ ուղղված էր, չի հասցրել կարդալ, բայց, մեկ է, դիսկոմֆորտը մնում է։ Քեզ մի տեսակ անսիրտ մեքենա ես զգում էդ պահերին։

Ուլուանա
27.09.2013, 21:52
Ասում եմ՝ բա մարդ մի հատ վերևի հարևան չունենա՞ր, որ վերևից եկող էս բոլոր տարօրինակ ձայները վերագրեր էդ հարևանին ու հանգստանար...
Փաստորեն, երկհարկանի առանձնատան երկրորդ հարկում ապրելն էլ չի փրկում վերևից եկող ձայներից...

Ուլուանա
04.10.2013, 16:22
Էս ԱՄՆ–ում ցանկացած ստից գործողության համար հատուկ դասընթացներ կան։ Օրինակ, երբ հղի էի, ինձ առաջարկում էին հաճախել կրծքով կերակրելու, նորածնին տակդիրներ հագցնել–հանելու և նմանատիպ այլ բարդագույն դասընթացների :D։ Հիմա մտածում եմ՝ տեսնես՝ հատուկ դասընթացներ չկա՞ն, ասենք, բժիշկների ձեռագիրը կարդալ սովորելու համար։ Կասկածներ ունեմ, որ դեղատան աշխատողները նման դասընթացների հաճախում են աշխատանքի անցնելուց առաջ... :think

Ուլուանա
09.10.2013, 15:27
Ֆեյսում մի խումբ աչքովս ընկավ՝ New York Armenians։ Հայերի հետ էստեղ ռեալում շփվելու խղճուկ հույս կայծկլտաց մեջս։ Ասեցի՝ մտնեմ, նայեմ մի հատ. New York–ը լրիվ տեղում էր, Armenians–ը՝ չէ...
Է՜հ, թե ասա՝ ի՞նչ հույս ունեիր, որ մտել էիր... :(

Ուլուանա
10.10.2013, 19:42
Ամենասարսափելի վիճակներից մեկն ա, երբ զզվում ես ամեն ինչից ու ինքդ քեզնից, ուզում ես մեջիցդ դուրս պրծնել ու փախչել գրողի ծոցը, որ ոչ մեկի ու ոչ մի բան չտեսնես, չլսես, չիմանաս ու չզգաս, ու էդ ամենով հանդերձ՝ չգիտես, թե հատկապես ինչից ես էդքան ահավոր զգում։ Մանր–մունր պատճառներ շատ կան, իհարկե, բայց մի՞թե դրանք միանալով՝ կարող էին էս աստիճանի խավարի կուտակում առաջացնել։

Ինչ–որ գորշ շրջան ա սկսվել... Երբ ամեն արածդ գալիս ա ապացուցելու քո ոչնչությունը, երբ ամեն ինչում մենակ պարտություն ա պահ մտած, ու երկինքը գորշ ու անճոռնի կտորներով փուլ ա գալիս գլխիդ...

Հ.Գ. Մեկ–մեկ էնքան եմ ուզում՝ մարդիկ իմանան, թե իրականում ինչ սարսափելի, անհնար անհավասարակշռված եմ ես, ու որ գոնե մի քիչ սիրեն ինձ հենց տենց զզվելի, ոչ թե ուղղակի հարգեն (էս բառից արդեն սիրտս սկսում ա մի տեսակ խառնել) գոյություն չունեցող ինչ–որ արժանիքի համար։

Հ.Հ.Գ. Չէ, բան չի եղել իրականում։

Ուլուանա
12.10.2013, 05:56
Հետաքրքիր ա էս «անավատար–անվարկանիշ–անկարգավիճակ–անստորագրություն» վիճակը։ Սկզբում, երբ նոր ես հանել էդ ամեն ինչը, ամեն անգամ, երբ գրառումներիցդ որևէ մեկն աչքովդ ա ընկնում, առաջին հայացքից չես ճանաչում. էն որ ահավոր լացած, չգիտեմ ինչ վիճակում մեկ–մեկ հայելու մեջ կամ այլ ողորկ մակերևույթի վրա պատահաբար ինքդ քո արտացոլանքը տեսնում, չես ճանաչում, էդ վիճակն ա լինում։ Հաջորդ պահին տեղն ես բերում ու մի տեսակ վեր ես թռնում ինքդ քո տեսքից. «էս սևազգեստ սգավորը ե՞ս եմ»։ Բայց հետո կամաց–կամաց սովորում ես էդ տեսքիդ, ու սկսում ա դուր գալ նույնիսկ։ Մի տեսակ հավես չեզոքություն ա ապահովում. ոնց որ ինքդ քեզ կողքից նայես անկողմնակալ հայացքով։ Ու հնարավոր ա, որ ուրիշներն էլ են գոնե առաջին հայացքից տենց տեսնում՝ առանց կանխակալ վերաբերմունքի՝ լավ կամ վատ։

Մի խոսքով՝ ես էս պահին ինձ սենց լավ եմ զգում՝ անսովոր խաղաղ ու հարմարավետ։ Մի համոզեք էդ թաշախուստը շտապ հագնել։ Մի օր կհագնեմ։ Բայց հիմա սենց ինձ ավելի ներդաշնակ եմ զգում։ Նենց զգացողություն ա, ոնց որ տարիներով միացրած մի դռռացող սարք, որի աղմուկն արդեն վաղուց չէի ընկալում որպես էդպիսին, հանկարծ անջատվել ա...

Ուլուանա
13.10.2013, 07:44
«Թեմայից դուրս»–ում Չուկի գրառումը CD RW–ների մասին տեսա, բան հիշեցի։ Չորս տարի առաջ Բոստոնում MIT համալսարանի թանգարանում գիտության ոլորտի հնությունների շարքում նաև ֆլոպիներ տեսանք։ Մի տեսակ ծիծաղելի էր դրանք թանգարանում տեսնելը. դրանից ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանում ֆլոպիները դեռ օգտագործվում էին, իսկ ԱՄՆ–ում արդեն թանգարանային նմուշ էին դարձել։
Վերջերս էլ մեր տանը ինչ–որ խորխորատներից մի հատ ֆլոպի եմ գտել՝ լրիվ նոր, ըստ երևույթին, ինչ–որ սարքի հետ եկած, որ իսկի փաթեթավորումից հանված չէր։ Որոշեցի պահել որպես թանգարանային նմուշ։ Տարիներ հետո ցույց կտամ էրեխեքիս ու կպատմեմ, թե ինչ նախնադարյան մեթոդներով էինք մի ժամանակ ինֆորմացիա տեղափոխում կոմպից կոմպ, ու որ տեղափոխելու ընթացքում ֆլոպիի փչանալու հավանականությունը առնվազն նույնքան էր, ինչքան չփչանալունը, ու որ դրա պատճառով հաճախ նույն ինֆոն ապահովության համար մի քանի ֆլոպիի մեջ էինք գցում։ Իրենք էլ կզարմանան ու կմտածեն, թե ինչ անտիկ ու անհնար ժամանակներում ենք ապրել մենք։

Ուլուանա
14.10.2013, 07:37
Ակումբում պիտակներ երբեք չեմ օգտագործել՝ ոչ իմ, ոչ էլ ուրիշների բացած թեմաների համար, նույնիսկ չգիտեմ՝ դա տեխնիկապես ոնց է արվում։ Իսկի պիտակները նայելու ձևը չգիտեի մինչև հիմա։ «Օրագրեր» բաժինը նայելիս պատահաբար աչքս ընկավ իմ օրագրի անվան դիմաց երևացող պատկերակին, մկնիկը պահեցի վրան, տեսնեմ՝ գրված է. «ջերմ օրագիր»։ Փաստորեն, ինչ–որ մեկն իմ օրագիրն էդպես է պիտակել։ Ջերմացա մի տեսակ :love :oy։

Պիտակի հեղինակ, որ խնդրեմ, կասե՞ս՝ դու ով ես, ուղղակի հետաքրքիր է։ Եթե ոչ հրապարակավ, ապա գոնե ականջիս ասա, հա՞ :secret։

Ուլուանա
24.10.2013, 19:01
Մարդիկ սովորաբար իմ մեջ տպավորվում են իրենց էն տարիքում, որում ես ճանաչել եմ իրենց։ Էդ տարիքը մի տեսակ ոնց որ էդ մարդու կերպարին կպած, կերպարի մաս կազմող հաստատուն ինֆորմացիա լինի, որն ի սկզբանե տվյալ մարդու հետ «լուսանկարվում» է ու «սեյվ» լինում հիշողությանս ալբոմներում։ Սա հատկապես ակումբցիների դեպքում է անխափան գործում։ Էդ առումով, օրինակ, Բյուրն ինձ համար 19 տարեկան է, Chuk–ը՝ 21, Artgeo–ն՝ 20, Kita–ն՝ 17, և այլն։ Ու ամեն անգամ, երբ ուզում եմ տվյալ մարդու տարիքը հիշել, պիտի իմ մեջ տպավորված էդ «ելակետային» տարիքին ավելացնեմ համապատասխան տարիները։

Ուլուանա
29.10.2013, 04:32
Էն «Բարև, Ակումբ, ես...» թեմայում որ կարդում եմ նորեկների ներկայանալու գրառումները, քիչ ա մնում՝ բռնեմ, ես էլ ներկայանամ համայն Ակումբին. Բարև ձեզ, ես էլ Ուլուանան եմ, ճիշտ ա, ես դինոզավրերի չափ հին եմ, բայց դե մեր ժամանակ սենց թեմա չկար, ներկայանալու առիթ չի եղել, իսկ ես շատ եմ ուզում ախր :D։
Չունեցանք, էլի, մենք տենց երջանիկ ակումբային մանկություն, որ գայինք, պուպուշ–պուպուշ ներկայանայինք, մեզ էլ սենց սիրով, շնորհակալություններով–բանով դիմավորեին, տեղավորեին։
Մեկ–մեկ նենց եմ նախանձում նորեկներին :)։

Ուլուանա
31.10.2013, 06:40
Վերջերս գրավոր խոսքումս սկսել են աչքս ծակել որոշ մակաբույծ բառեր ու արտահայտություններ, որոնք չափից դուրս հաճախակի են խցկվում խոսքիս մեջ։ Հիմա որևէ բան գրելուց հետո հաճախ հատուկ կարդում եմ գրածս, որպեսզի «խուզեմ» բոլոր ավելորդ «մի տեսակ»–ները, «համենայնդեպս»–ները, «փաստորեն»–ները...

Էսօր հին պատմվածքներս էի կարդում (իրականում բոլորն էլ հին են, էլի), ու ստիպված եղա ականջ սղոցող «մի տեսակ»–ների կոտորած անել։
Հատկապես հին գրածներս որ կարդում եմ, ներվայնանում եմ ու պատկերացնում եմ, որ երևի ուրիշներն էլ են ներվայնացել ու ներվայնանում։

Եթե «Ակումբցիների գրառումների ծաղրանկարները» թեմայում նորից որոշեք իմ գրառումների ծաղրանկարն անել, իմ ֆիրմային մակաբույծներին չմոռանաք։

Հ.Գ. Մի ժամ ա՝ մտածում եմ՝ ինքս ինձ չդավաճանելու համար վերջում մի հատ «մի տեսակ»–ով նախադասություն գրեմ, բայց ոչ մի կերպ չի գալիս... Նեղացել ա ինձնից իմ «մի տեսակ»–ը :}։

Ուլուանա
01.11.2013, 18:24
Շատ փոքր երեխաների հետ դեռ վաղ դպրոցական տարիքից միշտ լավ եմ լեզու գտել։ Ցանկացած միջավայրում, որտեղ մինչև երկու–երեք տարեկան երեխաներ էին լինում, ես, որպես կանոն, իմ տարեկիցների փոխարեն նրանց հետ էի ժամանակ անցկացնում՝ խնամում, փաղաքշում, խաղացնում էի։ Իրենք էլ ինձ էին շատ բնական ու հեշտությամբ ընդունում ու կապվում։

Բայց էդ ամենով հանդերձ՝ երբեք էլ չեմ ունեցել էն վերաբերմունքն ու ընկալումը, որ բոլոր երեխաներն անմեղ ու մաքուր էակներ են։ Գուցե ես աննորմալ եմ, բայց ցանկացած երեխայի հանդիպելիս միշտ ակամա պատկերացնում եմ նրան նաև մեծ տարիքում։ «Պատկերացնել» բառը նույնիսկ մի քիչ թույլ է նկատի ունեցածս արտահայտելու համար. ես ոչ թե ուղղակի պատկերացնում եմ, այլ, երբեմն վախենալու չափ հստակ, կարծես տեսնում եմ էդ երեխային մեծ ժամանակ՝ իր բնավորությամբ, հայացքներով, պահվածքով, նախասիրություններով ու մնացած ամեն ինչով։ Մի խոսքով՝ մի ամբողջական, լիարժեք կերպար։ Ու պատկերը, բնականաբար, ոչ միշտ է հաճելի ու խոստումնալից լինում։ Դրա համար, ի տարբերություն շատերի, ես չեմ կարող ասել, թե բոլոր երեխաներին անխտիր շատ եմ սիրում. մեկ–մեկ անդուր մեծահասակի կերպարն էնքան հստակ ու գերիշխող է լինում, որ երեխային կարծես «կորցնում եմ» նրա մեջ։ Վատ չեմ վերաբերվում, իհարկե, ոչ մի դեպքում, ինչպես որ վատ չեմ վերաբերվում իմ չսիրած մեծահասակներին, խոսքը զուտ ներքին զգացման մասին է, որը հսկողության ենթակա չի։

Ուլուանա
07.11.2013, 00:13
Էս քանի օրը տղաս հելոուինային տրամադրությունների մեջ է։ Դե, մենք Հելոուին չենք նշում. ոչ որևէ միջոցառման ենք գնացել, ոչ էլ երեխայի հետ տնետուն ընկած “trick or treat” ենք արել։ Բայց էստեղ Հելոուինի հետ կապված թաշախուստը դեռ մի երկու ամիս առաջվանից արդեն ողողում է ամբողջ քաղաքը. խանութները լցվում են բազմապիսի ուժաստիկ կերպարներով՝ գանգեր, կմախքներ, խրտվիլակներ, զոմբիներ, փորագրված մռութներով հելոուինային տիպիկ դդումներ։ Մարդկանց տները թե՛ ներսից, թե՛ դրսից զարդարվում են ամեն տեսակ հելոուինային կերպարներով, երբեմն իրականից գրեթե չտարբերվող, զարհուրելի տեսարաններով։ Ու էդ բոլորն, իհարկե, չէր կարող տղայիս աչքից վրիպել։ Սկզբում վախենում էր, հետո քիչ–քիչ սկսեց հետաքրքրություն ցուցաբերել։ Էս քանի օրն էլ լրիվ տարվել է էդ կերպարներով։ Տնից ինչքան սպիտակ քըրչի կտոր գտնի՝ ուրվական է անվանում ու համապատասխանաբար դերավորում :))։ Գանգերով էլ էր ահագին տարվել, ամուսինս էլ ինտերնետից գանգ էր տպել, տվել իրեն, ահագին զբաղվեց։

Մի հատ ծածկոց ունի, որ նորածին ժամանակվանից գցում էինք վրան, հետո՝ մոտ մի տարեկան էր, երբ էդ ծածկոցի նկատմամբ սկսեց խիստ քնքուշ զգացմունքներ տածել. ծածկոցը դադարեց իր ավանդական դերը կատարելուց ու արդեն ծառայում էր որպես մի առարկա, առանց որի տղաս կյանք չուներ. պիտի գրկեր, մռութին սեղմեր, նոր քներ։ Ձեռքից բաց չէր թողնում։ Հետո սկսեց նաև անկողնուց դուրս էլ հետը տանել։ Երեկվանից էլ ինքն իրեն խրտվիլակ է հռչակել ու էդ ծածկոցը, որ իր սիրատոչոր վերաբերմունքից արդեն լրիվ «դասական» ցնցոտիի է վերածվել, գցում է վրան ու էդպես իրենից գոհ ման գալիս՝ պարբերաբար մեզ հիշեցնելով, որ ինքը խրտվիլակ է. «խրտվիլակը գնում ա խաղալու», «խրտվիլակը ջուր ա ուզում», «խրտվիլակը խնձոր ա ուտում», «խրտվիլակի ոտքը ցավեց» :))։

Երեկ իր համար մի հատ հելոուինային դդում ու ուրվական էի սարքել սպունգանման նյութից, էսօր էլ՝ խրտվիլակ։ Ու հիմա արդեն մեր «խրտվիլակը» խրտվիլակի հետ է քնում :))։

Ուլուանա
07.11.2013, 23:23
Երբեմն մեկ էլ պահի տակ կարծես վերանում եմ էս ամեն ինչից, ու էնքա՜ն դատարկ ու փուչ են թվում բոլոր խոսակցությունները, քննարկումներն ու կրքերը... Ու ինչքան լիքը, էնքան ավելի դատարկ... Ու ո՞վ ա ասել, թե մտքերի առատությունից ա ծնվում ճշմարտությունը։ Իրականում մաքուր օդ ու ազատ տարածություն ա պետք՝ հեռու ամեն տեսակ ավելորդ ինֆորմացիայից ու մտքերից։

http://i.imgur.com/7Vo74De.jpg

Հ.Գ. Վիրտուալից հերթական արձակուրդի գնալու ժամանակն ա երևի։

Ուլուանա
08.11.2013, 06:01
Բայց մեզ էս ի՜նչ հետևել են հետևում էս ինտերնետում... Արդեն լրիվ խցկվել են մարդու անձնական տարածք...
Եթե առաջ ընդամենը գուգլային որոնումներիս հիման վրա համանման թեմաներով այլ հոդվածներ, կայքեր ու ապրանքներ էին ծիկրակում տարբեր կայքերում գովազդների, ինչպես նաև սովորական փոստով ստացած գովազդների ու ամսագրերի տեսքով, ապա հիմա նրանք շատ արագ (արդեն սկսում եմ կասկածել, որ գուցե մեզանից էլ շուտ) պարզեցին, որ մենք նոր տուն ենք տեղափոխվել, ու դեռ նոր–նոր ոտքներս էս տուն դրած՝ արդեն սկսեցին մեզ փոստով ողողել էնպիսի ապրանքների ու ծառայությունների առաջարկներով, ամսագրերով, որոնց կարիքն, իրենց կարծիքով, պիտի պիտի ունենան նոր տուն տեղափոխվածները։ Դեռ բնակարանամուտի շնորհավորանքներով ու մաղթանքներով նամակներն էլ վրադիր... :{

Հանկարծ «սխալվես»՝ մի բան առնես, դեռ տուն չհասած՝ արդեն դրա հետ կապված բոլոր հնարավոր ապրանքները ինտերնետով ու փոստով վրա են տալիս։

Էնպիսի զգացողություն է, որ բոլոր կողմերից վրաներս լույս գցած հետևում են մեր ամեն քայլին։ Հա, հասկանում եմ, որ շատ առումներով կարող է էդ ամենն օգտակար լինել, բայց զուտ էն զգացողությունը, որ քեզ էդ աստիճանի ուշիուշով հետևում են, ու արածդ ոչ մի քայլ աչքներից չի վրիպում, արդեն տհաճ է...

Ուլուանա
12.11.2013, 05:21
Ահավոր ծույլիկացել եմ վերջերս... Ավելի ճիշտ՝ ես միշտ էլ ծույլիկ եմ եղել բնույթով։ Ես էն բնածին, զտարյուն ծույլիկներից եմ։ Ուղղակի տարիքի հետ սովորել եմ ծույլիկությունս վերահսկել ու հիմնականում քիչ թե շատ անվտանգ մակարդակի վրա պահել, որ իմ ու ուրիշների կյանքը չփչացնի։ Բայց հիմա էլ մեկ–մեկ էն մանկությանս անկառավարելի, անսանձելի ծույլիկությունը ծիկ է անում։ Իսկ էս անգամ, ցավոք, ծիկով չպրծանք. տնավորվել է մի այլ կարգի։ Սրա հետ կապված վերջերս հաճախ եմ հիշում էն հին ու բարի ժամանակները, երբ ես ու եղբայրս՝ նույն նյութից կերտված երկու հոգեհարազատ ծույլիկներ, դաս–մաս թողած՝ նստում, ժամերով ինքնամոռաց, խորացած զրուցում էինք մարդկանց, կյանքի ու հնարավոր ամեն ինչի մասին, երբեմն մինչև գիշերվա հազարը, էն էլ մեր արտույտ հալով։ Չէ, որպես սովորող՝ ծույլիկ չէինք, հիմնականում գերազանցիկ էինք, բայց դե դա էնքան էլ կապ չունի բնույթով ծույլիկ լինելու հետ։

Նկատել եմ, որ էն ժամանակ, երբ էնքան բան եմ ունենում անելու, որ հասցնելը պրակտիկորեն անհնար է թվում, ծույլիկությունիցս հետք չի մնում. դառնում եմ բանող մեքենա, ու մտքովս էլ չի անցնում անգործության մատնվել, ուրիշ որևէ բանով շեղվել։ Կարծես այլ կերպ չէր էլ կարող լինել։ Իսկ երբ ժամանակս համեմատաբար շատ է լինում, անելիքս՝ ոչ էնքան, էդ ազատ տեղը հավեսով լցվում է ծույլիկության «փուչիկով», ու ես կսում եմ ոչինչ չհասցնել... Փաստորեն, ինձ նմաններին նորմայի մեջ պահելու համար պետք է անընդհատ անմարդկային ծանրաբեռնվածության մեջ պահել, որ խելոք–խելոք ամեն ինչ ժամանակին անեն ու թեկուզ գիշերները չքնելով, նորմալ հաց չուտելով, ի վերջո հասցնեն։

Ինչ–որ բան փոխել է պետք...

Ուլուանա
13.11.2013, 05:58
Մարդիկ կան, որ էնքան հանգիստ, մեղմ ու անվնաս են իրենց բնույթով, որ նույնիսկ էն հազվագյուտ դեպքերում, երբ ջղայնանում են, մի տեսակ չես կարողանում լուրջ ընդունել էդ ջղայնությունը, ու միակ ռեակցիան, որ առաջանում է նրանց ջղայնացած տեսնելիս, ծիծաղն է, որովհետև չես կարողանում պատկերացնել, որ էդ մարդն ընդհանրապես ի վիճակի է ջղայնանալու, չարանալու։ Էնպիսի տպավորություն է, որ զոռով են ջղայնանում, ներքուստ ջղայնացած, չարացած չեն։ Ուղղակի մեկ–մեկ գիտակցաբար ուզում են ջղայնանալ՝ դիմացինին ինչ–որ բան հասկացնելու համար, ու իրենց ստիպում են «ջղայնանալ»։ Ու դա նման է էն իրավիճակին, երբ, օրինակ, ձայն չունեցող մարդը փորձում է երգել :))։
Սիրում եմ էդ տիպի մարդկանց։

Ուլուանա
13.11.2013, 19:28
Բայց էս Բլոգնյուզն ինչ ախմախ ու անճաշակ կայք ա։ Ժամանակ առ ժամանակ ծիկրակում ա մարդկանց բլոգները, լրիվ յաբախտի ինչ–որ գրառումներ առնում, տանում, իր մոտ հրապարակում։ Էսօր հերթական անգամ բլոգումս «կասկածելի քոմենթ» կոչվող «կափարիչը» բարձրացնելով՝ տակը Բլոգնյուզիկին հայտնաբերեցի, ու պարզվեց՝ հերթական անգամ ոչնչով աչքի չընկնող, սուտի գրառումս առել–թռել ա, ու հպարտ–հպարտ տեղեկացնում ա ինձ էդ մասին :angry։ Այ մարդ, տանելիս գոնե էն հետաքրքիրներից տարեք, էլի, ես երբեմն հետաքրքիր գրառումներ էլ եմ անում, ինչի՞ դրանց ժամանակ չեք հայտնվում։ Ոնց որ մարդ իր տանը գործ անելիս քթի տակ հավեսի համար երգի, կողքից մեկը թաքուն ձայնագրի, տանի, ինչ–որ համերգի ժամանակ միացնի։ Ձեզ ո՞վ ա թույլ տվել իմ խալաթով գրառումները բեմ հանել։

Հ.Գ. Սենց անեծք դեռ չկա՞. «Բլոգնյուզը քեզ տանի, հա՜»։

Ուլուանա
13.11.2013, 22:58
Արեգին ասում եմ.
– Կուզե՞ս քույրիկ կամ ապերիկ ունենաս։
– Հա։
– Հա՞, կուզե՞ս մի ուրիշ բալիկ լինի միշտ մեր տանը։
– Հա։
– Կսիրե՞ս իրան, կխաղա՞ս հետը։
– Հա։ Բալիկին ճանաչե՜մ, սիրե՜մ :aha։
:D
Թե էդ «ճանաչելը» որտեղից գտավ՝ չգիտեմ. առաջին անգամ էի էդ բառն իրենից լսում :))։

Հ.Գ. Չէ, դեռ քույրիկի կամ ապերիկի չենք սպասում, ուղղակի մտքովս անցավ տղայիս նախապես մի քիչ հարցուփորձ անել էդ թեմայով :)։

Ուլուանա
20.11.2013, 05:41
Էսօր դասից որ տուն էի գալիս, դրսում սառնամանիք էր։ Ես էլ, չնայած վերարկու էի հագել, բայց գլխարկ ու ձեռնոցներ չէի վերցրել։ Գնալիս նորմալ էր, ոչինչ, բայց վերադառնալիս մի անտանելի ցուրտ էր, չեմ էլ հիշում՝ վերջին անգամ երբ էին ականջներս էդ ձևով սառել ու ցրտից ցավել։ Բայց քանի որ տանը տաք է, էդ զգացողությունը շատ արագ անցավ։ Ու մտածում եմ՝ բայց ինչ լավ բան ա տունը։ Իսկ հետո հիշեցի, որ մի քսան տարի առաջ էդ միտքը շատ հեռու կլիներ իրականությունից։ Էն ցուրտ տարիներին ձմռանը՝ մինչև վառարան դնելը, մեր տանը 3 աստիճան ցելսիուս էր։ Չեմ չափազանցնում։ Մեկ–մեկ 4–ի էր հասնում, բայց հիմնականում 3 էր։ Մեր շենքը պանելային էր, մեր պատուհանների մի մասն էլ կրկնակի ապակի չուներ, կոտրվել էին։ Մի ապակի ունեցող պատուհաններից որոշներն էլ տեղ–տեղ կոտրված, սկոչով կպցրած էին։ Իսկ դռների ու պատուհանների արանքներից սարսափելի փչում էր։ Տանն ինչքան փալաս–փուլուս կար, բամբակների հետ խցկում էինք էդ արանքները, բայց օգուտ չկար։ Էն ժամանակ դեռ շուշաբանդ էլ չէինք արել, ամբողջ տունը պատուհան էր, ամեն մեկը՝ մի ցրտի աղբյուր։

Երեք–չորս սվիտեր էինք հագնում, որ դիմանայինք։ Բա որ զուգարան պիտի մտնեինք, եթե մինչև էդ մեկը մտած էր լինում, ուրախանում էինք, որ զուգարանակոնքն արդեն տաքացրած է լինելու :))։ Իսկ գիշերն անկողին–սառցարան մտնելու հեռանկարը օրվա եզրափակիչ թոփ–սարսափն էր։ Անկողին մտնելու առաջին պահին մի հատ սուր ճիչ էինք արձակում, ապա՝ փորձում ընտելանալ սկզբում անտանելի թվացող սառնությանը։ Բայց փոխարենը որոշ ժամանակ անց միակ տեղն էր դառնում, որտեղ տաք է։ Հաջորդ փորձությունը առավոտյան էդ տաքուկ դրախտից սառնամանիքի գիրկն գնալն էր։ Հիշում եմ՝ ոնց էինք հնարավորինս երկարաձգում էդ ծանր պահը՝ փորձելով թեկուզ մի րոպե ավել մնալ տաքուկ անկողնում։ Հագնելուց առաջ շորերը մտցնում էինք անկողին, մի քիչ տաքացնում, հետո հագնում։ Երբեմն մի քանի փուլով էինք հագնվում, որ շատ սարսափելի չլիներ. անկողնում նստած՝ մի բան հագնում ու շտապ մտնում էինք վերմակի տակ, մի քիչ տաքանում, հետո մի բան էլ էինք հագնում, էլի մտնում հերթական լիցքավորումը ստանալու։ Ու էդպես մինչև վերջին շորը։ Իսկ դրանք շատ–շատ էին։ Երբ հանվում էիք քնելու, աթոռի վրա մի հսկայական շորակույտ էր գոյանում։ Նույնիսկ դժվար էր պատկերացնել, որ էդքանը մեզ վրա է եղել։

Հիմա որ մտածում եմ, մեկ է, մի տեսակ չեմ պատկերացնում, թե ոնց էինք դիմանում...
Մեկ–մեկ մտածում եմ՝ տեսնես՝ հիմա որ էդպես լիներ, կդիմանայի՞նք, ավելի հե՞շտ կտանեինք, թե՞ ավելի դժվար։ Մի կողմից թվում է՝ արդեն փորձված բան է, նորություն չի, պիտի որ ավելի հեշտ տանենք, բայց մյուս կողմից էլ արդեն էնքան հետ ենք սովորել էդպիսի պայմաններին։ Բացի դրանից, նաև էն հանգամանքը կա, որ դու էդ փուլն արդեն անցել ես ու համարում ես, որ էլ հետ չի գալու, ու նորից էդ ամենի միջով անցնելը շատ տխուր ու հուսահատեցնող պիտի որ լինի։ Չէ, չեմ ուզում իմանալ՝ հիմա ոնց կտանեի։

Իսկ էս ամենից ավելի սարսափելին էն է, որ հիմա էլ կան էդպիսի պայմաններում ապրող ընտանիքներ...

Ուլուանա
23.11.2013, 19:07
Ռուբին եկել է :love, ուռա՜ :yahoo։

Ուլուանա
05.12.2013, 20:47
Վերջերս կարծես մեջս ինչ–որ «կանալ» բացված լինի, որ նախկինում փակ էր՝ մի երկու փոքր ծակերով, ու ես ընդամենը սեղմրտելով կաթիլներ էի կորզում, իսկ հիմա ուժեղ շիթով դուրս է հորդում, էնպես, որ նույնիսկ չեմ հասցնում ամբողջը վերցնել... Մարդիկ սկսել են աչքիս մի տեսակ ավելի ամբողջական երևալ. եթե նախկինում մարդու մեջ բազմաթիվ գծեր էի տեսնում, ու մարդն ինձ համար, կոպիտ ասած, էդ գծերի գումարն էր, հիմա հաճախ կարծես էդ բոլոր գծերի հատման կետերն ու սկզբնակետերն էլ հետը տեսնելիս լինեմ։ Մեկ–մեկ նույնիսկ էնքան շատ բան է աչքիս երևում, որ արդեն սկսում եմ կասկածել՝ արդյոք էդ ամենն իմ երևակայության արդյունքը չի...

Ուլուանա
08.12.2013, 00:45
Վերջերս խաղալիքների խանութ էինք գնացել։ Տղայիս համար մի քանի հատ էն ռեալիստական տեսքով փոքր կենդանիներից վերցրի, որոնցից չունի։ Աչքս մնաց սիրուն ձիերից մեկի վրա (դե, ես ձիերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ), բայց ձիու կարիք տղաս հեչ չունի, ամենաշատը երևի ձի ունի՝ տարբեր չափերի, իսկ ես ընտրել էի միայն իր չունեցած կենդանիները։ Ահագին տատանվեցի, փորձեցի հիմնավոր պատճառ գտնել էդ ձին առնելու համար, բայց չգտնելով՝ վերջը որոշեցի՝ քանի որ տղաս ձիեր շատ ունի, էս մի ձին էլ ինձ համար կառնեմ, թող էս մեկն էլ իմը լինի, ի՞նչ կա որ :))։ Կդնեմ գրասեղանիս, կնայեմ, կհիանամ :love։ Հետո հասկացա, որ ոնց էլ լինի՝ տղաս մի օր կտեսնի, կուզի, դե, ես էլ չեմ կարողանա ասել՝ չէ, չի կարելի, որովհետև խաղալիք է, ի վերջո։ Ինքն էլ ինձ նման սիրում է ձիեր, հատկապես որ համ էլ նոր լինի։ Բայց դե մտածեցի՝ ոչինչ, որ ուզի, կտամ, բայց միաժամանակ ինչ–որ անիրական հույսեր էի փայփայում, որ գուցե դա տեղի չունենա։ Ամեն դեպքում որոշեցի առնել։

Երկու օր առաջ նոր հանեցի, դրեցի գրասեղանիս։ Դե, տղաս մեր աշխատասենյակ մուտք չունի, բայց մեկ–մեկ մեր հսկողությամբ բերում ենք։ Երեկ էլ մեր սենյակում էր, մեկ էլ աչքն ընկավ ձիուս... Մատը ձիու ուղղությամբ տնկած՝ ոգևորված բացականչում է. «Էն ի՞նչ ձի ա, ձի՛, ձի՛...»։ Մի խոսքով՝ ես արդեն սկսեցի հոգեպես պատրաստվել ձիուկիցս բաժանվելուն, մեկ էլ տղաս ասում է. «Մամայի ձին ա, Արեգը չվերցնի, էդ մամայի ձին ա»։ Ու հանգիստ վերադարձավ իր զբաղմունքին :))։ Մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե էդ ինչ հրաշք էր։ Ինքը մինչև հիմա ինչ տեսել է տանն ինչ–որ տեղ դրված, միշտ ուզել է։ Նույնիսկ բացատրությունները ոչ միշտ են օգնել, որ հրաժարվի իր տեսած հետաքրքիր առարկան ուզելուց։ Թե էս անգամ ինչը ստիպեց էդպես ինքնուրույն հասկանալ, որ ձին մամայինն է, ու էդպես հանգիստ եզրակացնել, որ խաղալու ենթակա չի՝ ուղեղիս մեջ չի տեղավորվում։

Ուլուանա
09.12.2013, 18:37
Մեկ–մեկ էնքան եմ ուզում կոնկրետ մարդկանց ուղղված գրառումներ անել, բայց էնպես, որ մենակ էդ մարդը տեսնի, իսկ էդպես հնարավոր է միայն բլոգում, որտեղ հնարավոր է գրառումը տեսանելի դարձնել միայն ուզածդ մարդկանց համար, նախ որպեսզի ուրիշ մարդիկ իզուր իրենց վրա չվերցնեն, հետո՝ որ չսկսեն հետաքրքրված հարցեր տալ, որոնց պատասխանելու ցանկություն չունեմ։ Բայց, ցավոք, էն մարդիկ, ում երբևէ ցանկացել եմ գրառմամբ դիմել (ինձ հետ հաճախ չի պատահում նման բան), բլոգս կամ չեն մտնում, կամ մտնում են մեկ–մեկ՝ առանց լոգին լինելու, այսինքն՝ իմ թաքուն գրառումներն էսպես թե էնպես չեն տեսնում։
Իսկ հրապարակավ ես մենակ ինքս ինձ եմ «դու»–ով դիմում։

Էս ինտերնետն էնքան լենուբոլ ա, որ երբեմն ամենադժվարն իսկապես լսելի լինելն ա թվում։ Աբսուրդ ա, բայց փաստ։

Ուլուանա
13.12.2013, 06:01
Մի քանի օր առաջ մեզ մոտ էլ էր լավ ձյուն եկել։ Էսօր էլ որոշեցի տղայիս հետ գնալ մեր լճակի մոտ՝ ձնեմարդ սարքելու։ Քանի որ ձյունը թարմ չէր ու արդեն շատ չէր, նորմալ չափի ձնեմարդ սարքելու հույս չկար։ Մտածեցի՝ մի հատ մինի ձնեմարդ կսարքենք, կարևորը՝ Արեգն ուրախանա։ Հատկապես վերջերս ձնեմարդու թեման է իր մոտ արդիական։ Իր համար foam-sheet–ից ձնեմարդ եմ սարքել, նկարներ ենք տպել ձնեմարդու, մի խոսքով՝ իր ներկայիս հերոսը ձնեմարդն է։ :))

Քանի որ ձնեմարդուկը մինի պիտի լիներ, գազարն էլ որոշեցի մինի վերցնել՝ ճկույթիս հաստության ու երկարության։ Վերցրի մի երկու հատ պնդուկ՝ աչքերի համար (ուրիշ հարմար բան չգտա էդ պահին), լայն բերանով հյութի շշի կափարիչ՝ որպես գլխարկ, մեկ էլ հին գուլպա՝ շարֆի տեղ։

Բայց ձնեմարդի պատրաստման նախաձեռնությունն էն գխից կարծես դատապարտված լիներ։ Ճանապարհի մեկ երրորդն անցնելուց հետո հանկարծ որոշեցի մտովի պարզել՝ հո բան չեմ մոռացել՝ միաժամանակ համոզված լինելով, որ ամեն ինչ վերցրել եմ։ Մեկ էլ հիշեցի, որ մոռացել եմ ամենակարևորը՝ գազարը... Ստիպված հետ դարձանք, երկու մինի գազար վերցրինք ու նորից ճամփա ընկանք։

Լճի շրջակայքում մի փոքրիկ տարածք կա, որ մասամբ ցանկապատված է՝ Աստված գիտի՝ ինչի համար։ Էնտեղ ձյունը մյուս մասերից մի քիչ ավելի շատ էր։ Բայց դե ձյունն էլ հո ձյուն չէր. բացի նրանից, որ էնքան քիչ էր արդեն, որ մի կերպ էինք գետնից քերում, էդ քերածն էլ լրիվ սառած ու փխրուն՝ ավազը քեզ օրինակ։ Գնդիկ սարքելու բազմաթիվ անհաջող փորձերից հետո որոշեցի սկզբի համար գոնե մի բլրակ սարքել։ Ու քանի որ վերին երկու «հարկերը» ծեփելու հույսերն արդեն թաղվել էին բլրակի տակ, ստիպված երկու կտոր սառած ձյան տձև կտորներ գտա, մի քիչ տաշտշեցի, բայց փխրունությունը հաշվի առնելով՝ չուզեցա չափն անցնել, էնքան որ մի կերպ իրար վրա մնային։Ընթացքում գիտակցեցի, որ ապրածս երեսուներկու տարիներից առնվազն վերջին քսանհինգում ես ձնեմարդ սարքած չկամ։ Իսկ դրանից առաջ էլ ուղղակի մասնակից էի եղել խմբով սարքելուն։ Մի խոսքով՝ սա ոչ միայն տղայիս համար էր առաջին ձնեմարդը, այլ ինչ–որ առումով՝ նաև իմ :))։

Էդպես, պնդուկ–աչքերը մի կերպ խրեցի տձև դեմքի մեջ. նրանք համառորեն դիմադրում էին։ Գազարը՝ ոչինչ, լավ պրծանք, «օրգանիզմն» ընդունեց ոնց որ, դե, վերջիվերջո, ավանդական ձնեմարդկային օրգան է, ի տարբերություն պնդուկի, դիմադրության չհանդիպեցի առանձնապես։ Մի բարակ շիվ էլ կտրեցի, դրեցի որպես բերան։ Մեկ էլ երկու բավական հաջող չանչանման ճյուղիկներ հարմարավետ տեղավորվեցին որպես ձեռքեր։ Իսկ ամենապրոբլեմատիկը գլխարկը դուրս եկավ։ Պարզվեց՝ մեր ձնոն լրիվ հայ է. գլխարկի երես չի ուզում տեսնել։ Բայց գլխի պլաստիկ վիրահատությունից հետո գլխարկը հնազանդ կերպով բազմեց ձնոյի տձև գլխին՝ ինչ–որ չափով քողարկելով տձևությունը։ Գուլպան որպես շարֆ օգտագործելու մասին խոսք լինել չէր կարող. մեր ձնոն առանց շարֆի էլ մի կերպ էր «ոտի» վրա մնում. շարֆն, անկասկած, վերջ կդներ նրա խղճուկ կյանքին, իսկ մենք դա չէինք ուզում։

Ճիշտ է, ի վերջո, ինքը գեշոտիկ ու անշուք ձնեմարդուկ ստացվեց, բայց դե վատիկը չէր։ Ես ու Արեգը նրան էսպիսին էլ սիրեցինք։ Իսկ հետո փայտացած ձեռքերով ու կարմրած քթերով փախանք տուն՝ սառնամանիքից փրկվելու ու մեր սարքածի քանդվելը չտեսնելու համար։

Հուսով եմ՝ էնքան կյանք կունենա, որ մեզնից հետո գոնե ինչ–որ մեկն էլ տեսնի, նոր փլվի։ Կարևորը՝ Արեգը նոր ու հետաքրքիր տպավորություններ ստացավ :)։

Էս էլ մեր ծեփածո գլուխգործոցը՝ իր ողջ շուքով.
http://i.imgur.com/a0BNlmg.jpg


Կիսապրոֆիլից ոնց որ համեմատաբար ավելի համակրելի տեսք ունի :)).
http://i.imgur.com/alWrl42.jpg


Էս էլ Արեգի հետ, որպեսզի պատկերացնեք նրա ճստոյության աստիճանը։
http://i.imgur.com/1Jom3rc.jpg

Ուլուանա
19.12.2013, 06:13
Ավարտվեց հերթական կիսամյակը՝ իր հետ անվերադարձ տանելով ևս երկու առարկա, որոնք շատ էի սիրում, ու կիսամյակը դեռ չավարտված՝ արդեն սկսել էի կարոտել...

Վերջերս զգացել եմ, որ մի տեսակ չեմ ուզում էս քոլեջն ավարտել։ Հենց սկզբից էլ մեծագույն հաճույքով եմ սովորել էստեղ (ի տարբերություն Բրյուսովի, որը ոտք դնելուս առաջին օրվանից էլ ատել եմ ու մինչև վերջին պահն էլ օրերը հաշվել, թե երբ պիտի վերջապես ավարտեմ, որ պրծնեմ էդ զզվելի համակարգից), բայց անհամբեր սպասում էի, թե երբ պիտի ավարտեմ, որ մի մասնագիտություն էլ ստացած լինեմ արդեն։ Ու միայն վերջերս զգացի, որ սա ինձ համար էնպիսի աննկարագրելի ու անփոխարինելի հաճույք է, որ ուղղակի չեմ ուզում՝ վերջանա։ Ինձ որ մնար, ամբողջ կյանքս էստեղ ուսանող կմնայի։

Մեր քոլեջն ինձ համար ընտանիքից դուրս միակ տեղն է ԱՄՆ–ում, որտեղ ես ինձ իմ տեղում եմ զգում ու օտարության զգացողություն բոլորովին չունեմ։ Մնացած ամեն տեղ ինձ սխալմամբ հայտնված հյուր եմ զգում։ Ոչինչ, որ ուսանողներից ոչ մեկի հետ կապ չունեմ ու ոչ էլ ցանկություն ունեմ ունենալու։ Էնտեղ ինձ հետաքրքրողը միայն դասերն են, դասախոսները, նրանց հետ զրույցները դասի ժամանակ։ Ու միշտ մտածում եմ. էդ դասախոսները ո՞նց են էդպիսին՝ կիրթ, հետաքրքիր, իսկ ուսանողները՝ ճիշտ հակառակը։ Մեկ–մեկ ուղղակի ապշում եմ տգիտության ու անտեղյակության աստիճանից։ Ասենք, երբ հիշում եմ Երևանի իմ ուսանողական տարիները, մեր վաթսուն հոգանոց կուրսում մի ձեռքի մատների վրա կարելի էր հաշվել էդ աստիճանի տգետներին։ Իսկ էստեղ նրանք մեծամասնություն են։ Ու, մեկ է, ամերիկացի ուսանողների տգիտության աստիճանին էնտեղ երևի հասնող չկար էլ, նույնիսկ ամենատգետների մեջ։

Ո՞նց է, որ էս բոլոր տարիների ընթացքում վերցրածս բազմաթիվ կուրսերի բազմաթիվ խմբերում դեռ չեն եղել էնպիսի մարդիկ, որոնց հետ կուզենայի շփվել, ընկերանալ, իսկ դասախոսներից շատերի հետ հաճույքով կշփվեի քոլեջից դուրս էլ, ոմանց հետ նույնիսկ կմտերմանայի, բայց, ցավոք, դա էթիկապես ընդունելի չի համարվում էստեղ։ Ու որ նայում եմ էս ուսանողներին, մի տեսակ չեմ պատկերացնում, թե իրենք մեծանալով կարող է դասախոսներիս նման դառնան։ Չգիտեմ՝ իմ բախտն է բերել, որ դասախոսներս համարյա բոլորը շատ հետաքրքիր են, թե էստեղ դա նորմա է։ Կուզենայի դասախոսներիս ուսանող ժամանակ տեսած լինել ու համեմատել էստեղի ուսանողների հետ։

Սկզբում մտածում էի՝ գուցե իմ ու էս ուսանողներից մեծ մասի միջև եղած տարիքային մեծ տարբերությունն է պատճառը։ Բայց չէ, էլի, էս մարդիկ լրիվ ուրիշ աշխարհում են ապրում, լրիվ ուրիշ հետաքրքրություններ ու արժեքներ ունեն։ Ես ոչ մի տարիքում իրենց նման չեմ եղել հաստատ։

Մեկ էլ միշտ զարմանում եմ, թե ոնց է հնարավոր նման համակարգում, որտեղ ամեն ինչ առավելագույնս հարմարեցված է ուսանողին, ամեն ինչ հետաքրքիր, կրեատիվ ու շոշափելի ձևով է մատուցվում ու տրամադրում սովորելուն, չսովորել։ Էստեղի ուսանողներին չէր խանգարի գոնե մի տարով որպես «բանակ» Հայաստանի կարծրացած բուհական համակարգում սովորել, որ նոր գնահատեին իրենց կրթական համակարգի առավելությունները ու խելոք–խելոք սովորեին։

Ուլուանա
27.01.2014, 21:26
Ամեն անգամ, երբ Հայաստան ենք գալիս, կարճ ժամանակ անց մեր ԱՄՆ–ի կյանքը մի տեսակ փոքրանում ու ինչ–որ անիրական, հեռավոր կետի է վերածվում, էն աստիճանի անիրական, որ քիչ է մնում՝ մտածեմ, թե էդ ամենը կամ երազ է եղել, կամ էլ զուտ իմ երևակայության արդյունքը... Նույնիսկ ուսումս, որ էդքան հաճելի ու հետաքրքիր է ինձ համար, նույն կերպ խամրում–տարրալուծվում է անիրականության ընդհանուր պատկերի մեջ։ Կարծես չի եղել նման բան։ Կամ ինձ հետ չի եղել... Ու ամեն անգամ ԱՄՆ վերադառնալուց հետո ինձնից ահագին ժամանակ ու ջանք է պահանջվում, որ առաջացած դատարկության մեջ ինձ համար զրոյից իրականություն կառուցեմ, որ կարողանամ մեջը ապրել։

Էս անգամ, չնայած նրան, որ էլի նույն ձևով Հայաստանում ԱՄՆ–ի կյանքը հեռավոր ու անիրական մի բան էր թվում, վերադառնալուց հետո չունեցա էդ դատարկության, անիրականության զգացողությունը։ Չգիտեմ ինչից էր, բայց շատ արագ մտա ԱՄՆ–ի իրականության մեջ։ Ու պատճառն էն չէր, որ Հայաստանում ինձ լավ չէի զգում։ Ճիշտ հակառակը՝ մինչև հիմա ունեցածս այցելություններից ամենահավեսն էր։ Պարտադրված՝ պարտականություն–հանդիպումներ, համարյա չեղան։ Ընդհանուր առմամբ ինձ բավարարված եմ զգում։ Հետաքրքիր, հաճելի ծանոթություններ ու շփումներ ունեցա։ Լիքը ջերմություն ստացա (հուսով եմ՝ գոնե մի քիչ էլ ես տվեցի)։ Ճիշտ է, ինչպես միշտ, նախատեսածս ոչ բոլոր մարդկանց հետ հաջողվեց հանդիպել, հանդիպածներից էլ ոչ բոլորի հետ կարողացա շփվել էնքան, ինչքան կուզենայի, բայց դե ի՞նչ արած։ Ամեն դեպքում գոհ եմ. հավես էր շատ :)։

Ուլուանա
05.02.2014, 22:00
Ակումբում բոլորը Dexter–ացավով են տառապում, մեկը չկա՝ հետս «Սպարտակացավով» տառապի, ես էլ մի քիչ սիրտս դատարկեմ :))։ Շատ էլ որ Ակումբում «Սպարտակին» նվիրված թեմա էլ կա (ոչ իմ կողմից բացված). ոչ ոք չի գրում մեջը :(։

Չնայած նրան, որ նմանատիպ սերիալները հեչ իմը չեն, զարմանալիորեն կպա էդ սերիալին։ Երբ ամուսինս սկսեց նայել, սկզբում բողոքում էի, թե էս ինչ բռնությամբ, արյունալի տեսարաններով ողողված կինո ա նայում, ես էլ կամա–ակամա մեկ–մեկ ստիպված տեսնում եմ, վատ եմ լինում։ Բայց կարճ ժամանակ անց ինձ էլ գրավեց, ու գնա՜ց։ Օրական բազմաթիվ սերիաներ նայելով՝ կարճ ժամանակում նայեցինք–պրծանք նկարահանված բոլոր երեք սեզոնները։ Որոշ սերիաներ, օրինակ՝ ապստամբության սերիան, նույնիսկ մի քանի անգամ նայեցինք ու, համոզված եմ, դեռ էլի ենք նայելու :love։ Երբ վերջին սեզոնն էլ նկարահանվեց (անցած տարվա սկզբին արդեն կար), չնայած հետաքրքրությանս՝ անընդհատ ձգձգում էի նայելը. ի սկզբանե բոլորին հայտնի ողբերգական ավարտը չէի ուզում աչքերովս տեսնել... Հատկապես որ կերպարներին ու դերասաններին, հատկապես Սպարտակին, շատ էի համակրում ու ահավոր կապվել էի հետները։ Մի քանի օր առաջ ամուսինս վերջապես համոզեց, որ նայենք վերջին սեզոնը։ Համաձայնեցի։ Որոշեցինք օրական մի սերիա նայելով՝ տասը սերիանոց սեզոնն ավարտել։ Առաջին երկու օրը, նախատեսածի համաձայն, մի–մի սերիա նայեցինք, երկրորդ օրը չդիմացանք, միանգամից երեք սերիա նայեցինք՝ գրողի ծոցն ուղարկելով շուտ քնելու օրինակելի ավանդույթը, որ հազիվ էինք վերականգնել, երրորդ օրը՝ երեկ, արդեն լրիվ չափ ու սահմանն անցած՝ վերջին հինգ սերիաները միանգամից նայեցինք... Ասա՝ քեզ պե՞տք էր. էնպես Սպարտակը գոնե հիշողությանդ մեջ կենդանի կմնար... :cry։

Կրիքսուսին ժամանակին նկարել էի (http://www.akumb.am/showthread.php/45806-Ուլուանայի-նկարածները/page12)։ Ասում եմ՝ չբռնե՞մ Սպարտակին էլ նկարեմ, մի քիչ հանգստանամ...

Ուլուանա
06.02.2014, 04:24
Վերջին օրերին մեզ մոտ լավ առատ ձյուն է եկել։ Մենք էլ երեկ որոշեցինք նորից ձնեմարդ սարքել՝ էս անգամ հենց մեր տան դիմաց։ Եղանակը տաք էր ու պայծառ, ձյունն էլ ընտիր կպնում էր։ Մի խոսքով՝ իսկը ձնեմարդ սարքելու օր։ Արեգն ասում է, որ «ծյոծյա ձնեմարդ» է ստացվել, այլ կերպ ասած՝ ձնեկին։ Ի տարբերություն մի քանի գրառում վերևում ներկայացված իր խեղճուկրակ նախնու, մեր նոր ձնոն բավական պատկառելի տեսք ունի՝ շարֆով, կոճակներով ու նույնիսկ մազերով։ Էլի շատ մեծ չի։ Ավելի ճիշտ՝ ես չգիտեմ, թե միջին վիճակագրական ձնեմարդն ինչ բոյ է ունենում, քանի որ իրականում շատ չեմ տեսել, իսկ նկարներ նայելով մեծ մասամբ բոյի մասին պատկերացում չես կազմում։ Բայց կարծում եմ՝ գոնե միջին չափի ստացվել է. Արեգը վկա :)).

http://i.imgur.com/jEU0L5s.jpg

http://i.imgur.com/T7Qf6zz.jpg

Ուլուանա
06.03.2014, 21:05
Մեր տան մոտակայքում մի լիճ կա, մեջը՝ բադեր, սագեր ու կարապներ։ Երբեմն ճայեր էլ են երամով գալիս, կարճ ժամանակ անց հեռանում։ Երբեմն էլ՝ աղավնիներ են այցելում լճափ։ Հավես տեղ է՝ համ բնության, համ կենդանիների առումով։ Տղայիս հաճախ ենք տանում էնտեղ, երկար նայում ենք լող տվող թռչուններին, երբեմն էլ կերակրում ենք։

Էդ թռչուններին հետևելն ահագին հետաքրքիր է։ Էնքան տարբեր են վարքով։ Բադիկներն, օրինակ, շատ հանգիստ են, պասիվ, սուսիկ–փուսիկ, անշառ, գլուխները կախ՝ իրենց գործին։ Նաև բավական վախկոտ են։ Հենց շարժում են նկատում դեպի լիճը, միանգամից լճի ափամերձ տարածքից ուղղվում են դեպի խորքերը։ Իսկ սագերը բադերի հակապատկերն են՝ ահավոր լաչառ, կռվարար ու շատ աներես։ Գլուխներն էլ անընդհատ էս կողմ–էն կողմ երկարելով՝ ֆռֆռում են. ամեն տեղ պիտի խցկվեն, խառնակչի պես մեկ սրան բզեն, մեկ՝ նրան։ Ղառ–ղառ ձայններն էլ միշտ գլուխները գցած։

Բադերն ու սագերը շատ են, իսկ կարապներն ընդամենը երկուսն են՝ երևի էգ ու որձ։ Միշտ միասին են, հազվադեպ են իրարից հեռու լինում։ Երկուսով հաճախ գնում են լճի խորքերը, հետո միասին էլ հայտնվում։ Ու իրենց էնպես են պահում, կարծես հստակ գիտակցում են, որ իրենք էդտեղ մյուսներից մի քանի գլուխ բարձր են (և ոչ միայն չափերով), կարծես վերևից են նայում բոլորին. իրենց «պալոժ» չի ինչ–որ ռամիկ սագերի ու բադերի հետ շփվելը։ Դե, ո՞վ ունի իրենց վեհաշուք ու նրբագեղ կեցվածքը, երկար պարանոցը։ Էստեղ եկող մարդկանցից ոմանք էլ հաճախ հենց միայն կարապներին են կերակրում՝ սագերին ու բադերին անտեսելով։ Չգիտեմ՝ էս թռչունների խելքն ինչքանով է հասնում, որ էդքանը գիտակցեն, բայց դե մտածում եմ՝ գուցե դա էլ է կարապներին իրենց մյուսներից վեր դասելու լրացուցիչ առիթ տվել, ի՞նչ իմանաս։ Ուտելիքի ակնկալիքով կարապները պատրաստ են քեզ վրաերթի ենթարկել։ Ես, իհարկե, վախենում եմ ամեն անգամ փորձել ոչինչ չանել՝ պարզելու համար՝ արդյոք իսկապես կբարձրանան վրաս, եթե անշարժ կանգնեմ ու չփորձեմ կանխել իրենց անսասան երթը դեպի ինձ, թե, այնուամենայնիվ, վերջին պահին կփոշմանեն։ Երբ հացի փշրանքները նետում ես, որ ուտեն, բոլոր թռչունները գցվում են նետված փշրանքի ուղղությամբ՝ որտեղ էլ որ այն լինի, մինչդեռ կարապները երբեք չեն բարեհաճում իրենցից մի քիչ այն կողմ ընկած փշրանքի համար իրենց նեղություն տալ. գերադասում են սպասել, որ հենց իրենց դիմաց գցես, նոր վերցնեն, ուտեն։

Մինչև էս կարապներին հանդիպելը ես երբեք ջրից դուրս՝ քայլող կարապ չէի տեսել։ Պարզվում է՝ ջրի վրա նրանց նրբագեղ սահքը ցամաքում վերածվում է ծանր ու խոշոր տուտուզների անճոռնի շորորանքի։

http://i.imgur.com/7GadEWA.jpg

http://i.imgur.com/ry4ksPW.jpg

http://i.imgur.com/uMl4V5s.jpg

http://i.imgur.com/7Mu2VbH.jpg

Իսկ ձմռանը, երբ լիճը գրեթե ամբողջությամբ սառցապատ է, մի փոքր տարածք, չգիտես ոնց, սառույցից զերծ է մնացել, կամ հատուկ մաքրել են, չգիտեմ, ու թռչունները վայելում են ջուրը։ Սառցապատ տարածքում էլ զբոսնում են։ :)

http://i.imgur.com/ET2AVcl.jpg

Ուլուանա
09.03.2014, 02:58
2013–ն ավարտվեց, երկու ամիս էլ անցավ, իսկ ես դեռ տարիս չեմ ամփոփել...
Բայց դա էն բաներից է, որ թեկուզ ուշացումով, բայց պիտի արվի.

2013 թ. իմ ամենասիրած պահերը
տղայիս խոսել սկսելը
Այցելությունը էկոավան
Ռուբիի հետ անցկացրած շաբաթը
Հայաստանում ունեցած հանդիպումները


2013 թ. հիմնական տարվածություն(ներ)ս
բոհո (բոհեմական) ոճը

2013 թ. սիրածս կայքերը
mnmlist.com
zenhabits.com
pinterest.com


2013 թ. ինձ համար ամենահաճելի ու ամենաօգտակար բլոգը
mirtagroffman.livejournal.com

Էս բլոգի մասին ivy–ից եմ իմացել կարծեմ մի երկու տարի առաջ, որի համար շատ շնորհակալ եմ։ Էնքան բան եմ սովորել բլոգի հեղինակից. էնքան հաճախ եմ նրա գրառումները կարդալով՝ խաղաղվել, էդ պահին ինձ հուզող հարցերի պատասխաններ գտել։

2013թ. ինձ համար կարևոր բացահայտումները.
հում վարսակ (ivy–ի շնորհիվ եմ բացահայտել), որը դարձել է հիմնական նախաճաշս
քվիլինգ (quilling)՝ կտրտած թղթեր փաթաթելով զանազան իրեր ու դեկորացիաներ սարքելու արվեստը (շարունակում եմ զարմանալ, թե արվեստի ինչքան տեսակներ կան, որոնց մասին ես դեռ չգիտեմ, ու դեռ ինչքա՜ն տեսակներ եմ բացահայտելու)
նաև ինքս ինձ եմ բացահայտել շատ առումներով

2013 թ. ինչո՞վ եմ հպարտացել
ավելորդ գնումներից հնարավորինս զերծ մնալու ահռելի առաջընթացով (մինիմալիզմ)

Ո՞րն է 2012թ և 2013 թվականների դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
2012–ին դեկտեմբերի վերջին Լոս Անջելեսում էի, 2013–ի դեկտեմբերի վերջին՝ Երևանում
2012–ի դեկտեմբերին դեռ հին բնակարանում էինք, իսկ 2013–ի դեկտեմբերին նոր՝ ավելի մեծ բնակարանում
Բայց ամենամեծ տարբերությունն ինձ համար այն էր, որ 2012–ի դեկտեմբերին տղաս դեռ հազիվ մի հիսուն բառ էր ասում, իսկ 2013–ի դեկտեմբերին արդեն համարյա նորմալ խոսում էր։

2013–ին ի՞նչ եմ արել առաջին անգամ
Գիշերն ընդհանրապես չեմ պառկել քնելու, որ պրոյեկտս անեմ–վերջացնեմ
Մուլտ եմ սարքել (որպես Motion Graphics առարկայի պրոյեկտ) (միայն թե չխնդրեք ցույց տալ :D)



2013–ին ումի՞ց եմ շնորհակալ և ինչի՞ համար
Բյուրին՝ առողջական հարցերում խորհրդակցության ու բազմիցս ինձ հանգստացնելու համար
Բարեկամին՝ մի բացառիկ զգացողության համար, որ ինձ պարգևեց՝ կոնկրետ երևույթ լրիվ իմ աչքերով տեսնելով ու մեկնաբանելով։ Մինչև էդ ինձ թվում էր՝ էդպիսի բան ուղղակի հնարավոր չի։ Ու դա երևի միայն ինքը կարող էր՝ իր չտեսնված խորաթափանցությամբ
Jarre–ին՝ ուղղակի ջերմության ու լիքը դրական լիցքերի համար
Chuk–ին մասնագիտական հարցերում խորհուրդների ու ցուցումների համար
ivy–ին՝ վերևում նշածս բացահայտումների համար
ամբողջ ընտանիքիս, հատկապես ամուսնուս՝ տարբեր հարցերում ինձ սատարելու համար


2014–ի մասին.

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որպեսզի 2015–ի հունվարին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
քոլեջն ավարտել, բայց ամենայն հավանականությամբ էս տարի էլ չեմ հասցնի...
շատ նկարել ու ընդհանրապես ստեղծագործել տարբեր ոլորտներում
և այլն

Ինչ–որ բան, որ չէի ուզենա այլևս անել
նյարդայնանալ, անհանգստանալ, վախենալ, գործերս հետաձգել։


Մի երկու խոսք էլ` որպես ամփոփման «ամփոփում»

Հետաքրքիր ու ուսանելի տարի էր ինձ համար 2013–ը։ Ինձ թվում է՝ էդ տարում ես մի շատ կարևոր մոտեցում ձեռք բերեցի կյանքի նկատմամբ՝ սովորել ցանկացած իրավիճակից՝ նույնիսկ ամենատհաճներն ու ամենածանրերը դիտարկելով որպես անփոխարինելի ու օգտակար դաս, ինչպես նաև շնորհակալ լինել կյանքին ու էն մարդկանց, որոնց միջոցով էդ դասն ինձ մատուցվեց։ Էս մոտեցումն, իհարկե, նորություն չէր` որպես երևույթ, ուղղակի միայն անցած տարվա ընթացքում ինձ հաջողվեց այն տեսական ոլորտից տեղափոխել գործնական ոլորտ։ Չեմ կարող ասել, թե միշտ հաջողվել է, բայց շատ դեպքերում է հաջողվել։

Երևույթին դրականորեն նայելու սկզբունքը երևի գործեց նաև էն ժամանակ, երբ էս տարի առաջին անգամ Հայաստանից վերադառնալով՝ դեպրեսիայի մեջ չընկա. եթե մինչև հիմա վերադառնալով՝ կարծես ինձնից պոկում ու էնտեղ էի թողնում էնտեղ եղած հաճելին, թանկն ու հարազատը, ապա էս անգամ ես վերջիններիցս ստացած դրական լիցքերը հետս բերեցի էնտեղից՝ տաքուկ ու ապահով. ինձնից ոչինչ չպոկվեց ու չմնաց էնտեղ՝ խաթարելով իմ լիարժեքությունը։ Այլ կերպ ասած՝ Հայաստանով լցված վերադարձա, ոչ թե Հայաստանից դատարկված, ինչպես որ լինում էր նախորդ անգամները։

Ուլուանա
11.03.2014, 20:04
Քանի որ ես չեմ կարող սուտ խոսել (երևույթի նկատմամբ ունեցած հոգեբանական և ֆիզիկական ալերգիայի պատճառով, որից իրականում բուժվելու ցանկություն չունեմ), էն դեպքերում, երբ չեմ ուզում իրականությունը բացահայտել, երբեմն ինձ համար ավելի հեշտ է էնպես անել, որ իրականությունը փոխվի՝ համապատասխանելով ասածիս, քան ասել մի բան, որն իրականությանը չի համապատասխանում։ Իհարկե, շատ դեպքերում իրականությունը ասածիդ համապատասխանեցնելն ուղղակի քո ուժերից վեր է։ Նման դեպքերում ոչինչ չի մնում, քան ասել ճշմարտությունը, որքան էլ որ անցանկալի լինի, եթե, իհարկե, էն դեպքերից է, երբ լռելն էլ տարբերակ չի։
Եթե իմանայիք, թե հանուն սուտ չխոսելու ինչ հետաքրքիր հատկանիշներ ու կարողություններ կարելի է բացահայտել սեփական անձի մեջ...

Ուլուանա
20.04.2014, 20:35
Հիշում եմ՝ մի 15 տարի առաջ՝ Զատկի օրը, թղթե օրագրումս գրել էի, թե ինչ անհեթեթ է ինձ համար էս տոնը՝ հաշվի առնելով, որ էս գունավոր զիզի–բիզի ձվերը կապ չունեն Քրիստոսի կամ նրա հարության հետ։ Շատ տոներ կան, որ ահագին հեռացել են իրենց բուն իմաստից, բայց էս մեկը երևի էդ առումով ամենաշատ հեռացածներից է։

Զատիկի ՝ ինձ համար միակ հետաքրքիր բաղադրիչը հիմա այն է, որ տղաս մի քիչ զվարճանում է ներկած ձվիկներով, դրանք կռվեցնելով։ Բայց դե մենք առանց դրա էլ լիքը ուրիշ կրեատիվ բաներ ենք միասին անում, ձվեր ներկելն էդ ամենի մեջ առանձնապես մեծ բան չի, որ հանուն դրա ամեն տարի ձու ներկեմ։ Ես ոչ քրիստոնյա եմ, ոչ էլ ձու եմ ուտում (չհաշված, որ մեկ–մեկ կարող է ուտեմ բաներ, որոնք մի քիչ ձու են պարունակում), չնայած էս անգամ, երբ մայրս ու քրոջս ընտանիքն էլ մեզ մոտ են, տոնը նշեցինք՝ ձվերով ու մնացած բաներով։ Ես էլ խախտեցի համարյա երկու տարվա անձվակերությունս ու մի հատիկ ձու կերա, բայց հետո մտածեցի, որ չպիտի ուտեի։

Ինձ որ մնա՝ ո՛չ Զատիկ կնշեմ, ո՛չ Նոր տարի, ո՛չ էլ կերուխումի վրա հիմնված որևէ այլ տոն։ Ընդհանրապես ընդունված տոներն ինձ արդեն վաղուց սկսել են չհետաքրքրել։ Երևի պիտի տոնի խորհուրդն ինձ իսկապես իմաստալից ու կարևոր թվա, որ էդ տոնը նշելու ցանկություն ունենամ, իսկ էդպիսի տոնը դժվար թե սննդային կամ այլ առումներով հակասի իմ հայացքներին ու ապրելակերպին։ Նույնիսկ մտածում եմ՝ միգուցե ինքս ինչ–որ տոներ մոգոնեմ, որ ընտանիքով նշենք :)։ Մյուս կողմից էլ դեռ վստահ չեմ, որ ընդհանրապես արժե ֆիքսված տոներ ունենալ։ Ծնունդներն ու մարտի ութը հերիք չե՞ն։ Կարելի է ուղղակի ինչ–որ բան տոնել ըստ տրամադրության, իրավիճակի։ Կարծում եմ՝ ավելի իմաստալից ու հաճելի կլինի։ Ի վերջո, տոնն ուրախության, հաճույքի հետ է ասոցիացվում, իսկ դրանք սովորաբար պատվերով չեն լինում։ Ինձ համար էս պարտադրված տոները նախ և առաջ հարկադիր աշխատանքի ու չհասցնելու տագնապների հետ են ասոցիացվում, իսկ որ իմաստն էլ չեմ տեսնում, ընդհանրապես որևէ մղիչ ուժ չկա նշելու։ Ու՞մ է պետք էդ ամբողջ իրարանցումը. մի փոր հացի համար արժե՞ էդքան տառապել։ Ես որ համարում եմ, որ չարժե։ Ես, իհարկե, միայն իմ մասին եմ ասում, իսկ թե ուրիշները ոնց են նշում կամ ոնց կնախընտրեին նշել՝ իրենց գործն է. ո՛չ մեղադրում եմ, ո՛չ էլ բողոքում, քանի դեռ ուրիշների ինչպես նշելն ինձ վրա անմիջականորեն չի անդրադառնում։

Ուլուանա
30.04.2014, 07:28
Դպրոցական տարիքում երգում էի։ Համ լավ ձայն ունեի (ասում են), համ լավ լսողություն ու մեր դասարանի երգողն էի. հանդեսների ու միջոցառումների ժամանակ միշտ ես էի մենակատար լինում։ Բայց ո՜նց չէի սիրում, երբ ինձ երգացնում էին, հատկապես հյուրերի ներկայությամբ։ Ես էլ աշխարհի ամաչկոտն էի, ու դա ինձ համար մի աննկարագրելի տառապանք էր։ Ոչ թե բուն երգելու պրոցեսը, այլ էն, որ պիտի մի խումբ մարդիկ, ականջները սրած ու աչքներն ինձ հառած, լսեին ու մտքներում էլ գնահատեին։ Էդ զգացողություններս հիշելով՝ կարծում եմ՝ ես իմ երեխաներին էդպես չեմ երգացնի, եթե իրենք իրենց հոժար կամքով չերգեն։ Իսկ տանը, երբ մենք մերոնցով էինք լինում, ու մամաս խնդրում էր երգել, պարտադիր փակում էի տան բոլոր դռները, որ ձայնս մեր տան պատերից դուրս չսողոսկի, հարևանները հանկարծ չլսեն։
Եղբայրս էլ էր լավ երգում, մեր ձայներն էլ շատ համահունչ էին, ու տանը հաճախ հավեսի համար միասին երգում էինք։

Չգիտեմ՝ ոնց ստացվեց, որ երգելը կամաց–կամաց դուրս մնաց իմ կյանքից. երևի մի կողմից հյուրերի համար պատվերով երգելու տարիքս անցավ, մյուս կողմից՝ այլ հետաքրքրություններ առաջ եկան, ու երգելը մղվեց հետին պլան, ու ձայնս աստիճանաբար «նստեց», ինչպես ասում են։ Հետո որ փորձում էլ էի երգել, զգում էի, որ նախկին հզոր ձայնիցս բան չի մնացել։ Մի կողմից ափսոսում էի, իհարկե, մյուս կողմից էլ մի տեսակ թեթևացում կար. էդպիսի խղճուկ ձայնով ինձ էլ ոչ ոք չէր ստիպի երգել։ Նոր ծանոթներս ոչ էլ իմանում էին, որ ես երբևէ լավ երգել եմ։ Դպրոցից հետո այլևս ոչ մի միջավայրի «երգողը» չեմ եղել, թեև մեկ–մեկ կարոտում եմ երբեմնի ձայնս ու մտածում եմ, որ հիմա որոշ միջավայրերում գուցե երգեի, եթե միայն կարողանայի։

Եթե սարսափելի ամաչկոտ չլինեի, չի բացառվում, որ երգն ընտրած լինեի որպես մասնագիտություն։ Էդ տարբերակը դպրոցական տարիքում պարբերաբար դիտարկում էի, բայց ի վերջո բարդույթները հաղթեցին։ Մամաս էլ դեռ վաղ մանկությունիցս ինքն իր համար որոշել էր, որ ես ծնված եմ երգչուհի դառնալու համար։ Ինքը մինչև հիմա էլ էդ համոզմանն է ու ոչ մի կերպ չի հաշտվում էն մտքի հետ, որ ես էդպես էլ երգչուհի չդարձա։ Ասեմ ավելին. հույսը դեռ լրիվ չի էլ կորցրել, չնայած նրան, որ իրականում նման հեռանկարի նշույլ անգամ չկա ու տարիներով չի եղել։ Ու ամեն անգամ էդ թեման շոշափելիս էնպես է խոսում, կարծես ես դա իրեն պարտք եմ մնացել։ Այ էդպես էլ ապրում եմ տարիներով՝ երգչուհի չդառնալու մեղսալի բեռն ուսերիս :))։

Տղայիս ծնվելուց հետո սկզբում շատ քիչ էի երգում իր համար։ Մի կողմից գիտակցում էի, որ պետք է, մյուս կողմից՝ մի տեսակ երգելս չէր գալիս. ոնց որ ինքս իմ երգելուց հուշտ լինեի։ Հետո տեսա՝ ամուսինս իմ փոխարեն երգում է իր միջակ լսողությամբ, այսինքն՝ երբեմն ոչ ճիշտ։ Իսկ ես կարդացել եմ, որ երբ երեխաների համար կանոնավոր կերպով երգում է ոչ այնքան լավ երաժշտական լսողությամբ մեկը, երեխայի լսողությունն ըստ այդմ էլ զարգանում է, այսինքն՝ վատ երաժշտական լսողություն է ձևավորվում։ Ու որոշեցի, որ հանուն դրա կսկսեմ երգել, թեկուզև ցածր ձայնով։ Հիմա բացի օրվա ընթացքում տղայիս հետ մանկական երգեր երգելուց, նաև հստակ ավանդույթ է դարձել քնեցնելիս իր համար երգելս։ Օրորոցայինի համար համապատասխան մի չորս–հինգ հայերեն երգ կա, որ միշտ երգում եմ, մինչև քնում է։ Ու զգում եմ, որ համ երգելու հավեսս է գնալով աճում, համ ձայնս է ահագին բացվել։ Մեկ–մեկ նույնիսկ էնքան եմ տարվում, որ մոռանում եմ, որ օրորոցային եմ երգում, ու ցանկալի է ցածր երգել :))։ Մեկ–մեկ էլ տղայիս քնելուց հետո էլ դեռ շարունակում եմ իմ հավեսի համար երգել։

Բայց չէ, ինչ՝ ինչ, երգչուհի ես էս կյանքում հաստատ չեմ դառնալու :nea։

Առաջին դասարան. Այբբենարանի հանդեսին երգ եմ երգում.

http://i.imgur.com/J9IlB2o.jpg

Ուլուանա
01.05.2014, 20:35
Սովորաբար համարվում է, որ մարդիկ ամենաանհոգը լինում են մանկության տարիներին, իսկ հետո քիչ–քիչ սկսում են բախվել կյանքի դժվարություններին, խնդիրներին, հոգսերը գնալով շատանում են, ու մանկության անհոգությունից այլևս հետք չի մնում։ Իմ դեպքում ճիշտ հակառակն է եղել (Բենջամին Բաթոնի ականջը կանչի)։ Ես, կարելի է ասել, ծնվել եմ աշխարհի դարդերն ուսերիս։ Երբեք չեմ հանդիպել ինձ նման դարդոտած երեխայի ու հուսով եմ՝ չեմ էլ հանդիպի։ Իմ ամենադժբախտ, ամենադարդոտած տարիքը եղել է վաղ մանկության շրջանը, թեև ինձ հետ ոչ մի սարսափելի դեպք չի պատահել իրականում, որի մասին հնարավոր լիներ արձանագրել որպես փաստ։ Ինձ շրջապատող մարդիկ ու հատկապես երեխաներն ինձնից էնքան տարբեր էին, որ ինձ լրիվ այլմոլորակային էի զգում, ու մտածում էի, որ ես նորմալ չեմ, ինձ հետ մի բան էն չի։ Ինձ մի քանի տարեկանում էնպիսի հարցեր էին հուզում ու լրջորեն անհանգստացնում, որ հիմա երբ հիշում եմ, ինքս ինձ խղճում եմ էդ տարիքում։ Շուրջս կատարվող ցանկացած գործողություն, իմ միջով էր անցնում, կարծես անմիջականորեն ինձ հետ էր կատարվում, ինձ էր խոցում։ Ցանկացած անարդարությունից, թեկուզ աննշան, աշխարհը գլխիս մթնում էր, ու ինձ ահավոր դժբախտ էի զգում։ Ու երբ տեսնում էի շուրջս տիրող անհոգությունը, սխալ տեղում հայտնված ինչ–որ աննորմալ արարած էի ինձ զգում ու անհույս երազում ուրիշների նման նորմալ լինել՝ ուրախ ու անհոգ։

Ինձ հուզող հարցերից մեկն էլ մահն էր։ Ցածր դասարանի աշակերտ էի, երբ էդ հարցն ինձ սկսեց լրջորեն անհանգստացնել։ Մեկ էլ հանկարծ ինչ–որ բան ինձ հիշեցնում էր, որ աշխարհում մահ կա, որ մի օր, կապ չունի՝ երբ, ես, իմ բոլոր հարազատները, իմ ճանաչած բոլոր մարդիկ այլևս չենք լինելու, ու էդ մտքից ընկնում էի խոր ու երկարատև տրտմության մեջ։ Նայում էի շուրջս, ասենք, բակում խաղալիս, ու մտածում. «Ո՞նց են մարդիկ էսպես անհոգ խաղում, ապրում, երբ էս ամենը, միևնույն է, մի օր վերջանալու է, ինչի՞ համար է էս ամենը, եթե հետո չի լինելու»։ Ու կյանքն էնքան մռայլ ու անիմաստ էր թվում։ Պատահում էր՝ էդ հոգեվիճակը օրեր էր տևում, մինչև ինչ–որ բան ստիպում էր ժամանակավորապես մոռանալ էդ անտանելի իրականության մասին, բայց ընդամենը մինչև հաջորդ «նոպան»։ Մահվան գաղափարը՝ որպես ամեն ինչի վերջ, ոչ մի կերպ չէի կարողանում ընդունել, համակերպվել դրա հետ։ Ինչ–որ բան սարսափելի սխալ էր թվում։ Էդպես չպիտի լիներ։ Միայն հետո պիտի իմանայի, որ իրականում էդպես չի։

Տարիների ընթացքում, իհարկե, ահագին փոխվեցի՝ ինքս ինձ վերագտնելով ու ճանաչելով, մի քիչ էլ ուրիշներին նմանվելով։ Չեմ կարող ասել, թե հիմա ավելի անտարբեր եմ շուրջս կատարվող անարդարությունների նկատմամբ, պարզապես հիմա ես դրանք այլ կերպ եմ ընկալում ու մեկնաբանում։ Իմ հոգսերն էլ տարիների հետ, բնականաբար, ոչ միայն չեն պակասել, այլև ավելացել են ու ամենայն հավանականությամբ շարունակելու են ավելանալ, բայց դրանով հանդերձ՝ ես հիմա անհամեմատ ավելի անհոգ եմ ինձ զգում, քան առաջ ու հատկապես՝ մի քանի տարեկանում։ Հիմա ինձ բոլորովին էլ «ոչ էս աշխարհից» չեմ զգում։ Ճիշտ է, շատերի համար հիմա էլ եմ էդպիսին, բայց ես հո գիտեմ, որ էս աշխարհից եմ։ Ճիշտ է, ես էդպես էլ չիմացա, թե որն է էն անհոգ մանկությունը, որի մասին ճանաչածս համարյա բոլոր մարդիկ երանությամբ ու նոստալգիայով խոսում են, բայց դա արդեն էնքան էլ կարևոր չի։

Ուլուանա
03.05.2014, 23:43
Ո՜նց եմ զզվում վերջնաժամկետներից (դեդլայն)։ Բայց դրանք էլ որ չեն լինում, սկսում եմ ինքս ինձնից զզվել, որովհետև անգյալանում եմ անթույլատրելիության աստիճանի։ Բա հիմա ո՞նց անենք, որ ոչ մի բանից ու ոչ մեկից չզզվենք :aaa։

Ուլուանա
10.05.2014, 19:02
Որևէ գրառում անելիս հաճախ պատկերացնում եմ տարբեր մարդկանց ռեակցիաները գրառումս կարդալիս։ Երբեմն կոնկրետ մարդկանց ռեակցիաներն էնքան «ուժեղ» եմ պատկերացնում իրենց տեսանկյունից, որ ենթադրածս ռեակցիայի հիման վրա սկսում եմ գրածիցս համապատասխանաբար հաճույք ստանալ կամ ներվայնանալ։ Մարդիկ կան, որոնց հայացքով նայելիս ինչ էլ գրած լինեմ, ներվայնացնող է թվում։ Էդպիսի պահերին է, որ մտածում եմ՝ իսկ արդյոք պե՞տք է էս ամեն ինչը։ Որ գրելս ընդհանրապես ինձ պետք է՝ կասկած չունեմ, խոսքը հրապարակավ գրելու մասին է։ Վերջերս սրա մասին շատ եմ մտածում...

Ուլուանա
02.06.2014, 06:58
Կյանքում ամենակարևոր բաներից մեկը սիրված ու գնահատված լինելն է։ Մեզ հաճախ թվում է, որ դիմացինը գիտի, որ իրեն սիրում ու գնահատում ենք, ու կարիք չկա անընդհատ դրա մասին նորից ասելու։ Բայց իրականում դա էն բաներից է, որ մշտապես «թարմացման» կարիք ունի։ Դու կարող ես մտածել, որ դրա կարիքը չկա, իսկ իրականում էդ մի քանի ծեծված բառերը կարող են ուղղակիորեն լուսավորել մարդու օրը, ամեն անգամ կարծես առաջին անգամ։ Ու, ցավոք, էնքան քիչ են էն մարդիկ, ովքեր երբեք չեն «թերանում» «ակնհայտը» ասելուց, հիշեցնելուց։

Շնորհակալ եմ։ Շատ։

Ուլուանա
03.06.2014, 07:32
Փիլիսոփայելս եկել էր, ասեցի՝ մեջս չպահեմ :))։

Ալտրուիզմի (այլասիրություն) մասին քննարկումների հաճախ եմ հանդիպել, որոնցում կասկածի տակ է դրվում ալտրուիզմի գոյությունը կամ այն հարցը՝ արդյոք ալտրուիզմի դրդապատճառներն իրականում եսասիրական չեն, ու, ի վերջո, արդյոք ցանկացած բարի գործ, որ անում ենք, իրականում մեզ համար չենք անում, քանի որ դրանից մեզ լավ ենք զգում, մեծանում է սեփական նշանակալիության գիտակցումը և այլն։ Ակումբում էլ, ի դեպ, թեմա կա դրա վերաբերյալ։ Էնտեղ գրառում չունեմ, որովհետև թեմայի հարցադրումներն ինձ էլ էին մի քիչ շփոթության մեջ գցել, ունեցածս պատկերացումները մի քիչ խարխլել... Ու թեև ընդհանուր առմամբ ես հավատում եմ, որ կյանքը գլոբալ առումով արդար է, բարին էլ ոչ միայն կա, այլև գերակշռում է չարին, բայց ալտրուիզմի մասին հակասական մտքերը, միևնույն է, շարունակում էին պարբերաբար այցելել։

Միայն վերջերս պայծառացման պես մի բան ունեցա, ու էդ հարցն ինձ համար կարծես իր վերջնական լուծումը գտավ։ Պայծառացում ասելով՝ նկատի չունեմ ինչ–որ գերբնական բան, պարզապես էս անգամ, երբ էդ հարցն ինչ–ինչ պատճառով էլի այցելեց ինձ, մի տեսակ հանգիստ ու բնական ձևով միանգամից եկավ նաև պատասխանը, էնպես, կարծես ինքը վաղուց արդեն կար ներսումս, ու սպասում էր հարցի հերթական այցելությանը, որպեսզի երկու ծայրերը հարմարավետ միաձուլվեին իրար։

Ալտրուիզմն, ըստ իս, հերոսություն չի, ոչ էլ անձնազոհություն, այլ բնական ցանկություն ու պահանջ է էն մարդու համար, ով սիրում է... ինքն իրեն, կամ ուրիշներին։ Ամբողջ հարցն այն է, որ տարբերություն չկա. իրեն ու ուրիշներին որպես մեկ ամբողջություն տեսնելն է կարևորը, ու դա մեծ մասամբ լինում է ենթագիտակցաբար։ Երբ մարդ սիրում է ինքն իրեն, չի կարող չսիրել ուրիշներին, և հակառակը՝ չի կարող ուրիշներին սիրել, բայց ինքն իրեն չսիրել։ Իսկ եսասիրությունն, իմ ընկալմամբ, իրականում կապ չունի սիրո հետ։ Նույնիսկ հակառակը. դա մարդու՝ ինքն իրենից ու աշխարհից պաշտպանվելու պահանջի դրսևորում է։ Ու էս ամենից ելնելով՝ սիրող մարդը որևէ մեկին լավություն անելիս պարզապես բարիք է գործում՝ առանց հատուկ հասցեատիրոջ, առանց կոնկրետ խորանալու, թե ինչի համար է դա անում. այլ կերպ ասած՝ սիրող մարդու համար չեն տարանջատվում ու չեն բախվում իր ու ուրիշների շահերը. դրանք ակամա ընկալվում են որպես մեկ ամբողջություն։

Հա, ալտրուիզմ կա, հաստատ :)։

Ուլուանա
26.06.2014, 19:54
Տարբեր առիթներով պատմել եմ, որ փոքր ժամանակվանից ահավոր անջատված եմ եղել։ Հիմա դեռ մի քիչ դզվել եմ։ Անջատվածությանս ամենաակնառու դրսևորումները լինում էին էն ժամանակ, երբ դրսից տուն գալուց հետո մտնում էի ննջասենյակ՝ շորերս փոխելու։ Եթե ինձ «չխանգարեին», ժամերով էնտեղից դուրս չէի գա. շորերս հանել–հագնելու ընթացքում անընդհատ շեղվում–տարվում էի զանազան մտքերով ու էդպես երկար նստած կամ պառկած անջատվում։ Մամաս էլ միշտ ջղայնանում էր. հագնվելուս ընթացքում բազմիցս գալիս–գնում, շտապեցնում էր, նախատում, որ ես դեռ «տկլոր» եմ։

Մի 10–12 տարեկան կլինեի, ննջասենյակում փոխվելու ընթացքում աչքս ընկավ հատակին ընկած մի փոշեգնդի, նայեցի, նայեցի՝ աչքերս շաղվելու աստիճանի, ու մտածեցի. ես էս պահը պիտի շատ հստակ մտապահեմ ու տասնյակ տարիներ հետո հիշեմ, թե ոնց էի հենց էս պահին նայում էս փոշեգնդին ու մտածում, որ պիտի մտապահեմ էդ պահը... Տասնյակ տարիների հեռավորությունից ես պիտի կինոյի պես տեսնեմ ու զգամ էս տեսարանը։ Ու մտածեցի՝ տեսնես՝ ինչպիսին կլինեմ էն ժամանակ, երբ հիշեմ էս պահը, ինչո՞վ կտարբերվեմ հիմիկվանից, ի՞նչ պայմաններում ապրելիս կլինեմ...

Վերջերս հիշել էի. հստակ մտաբերեցի էդ պահը, օրվա ժամը, իմ դիրքը մեր ննջասենյակում, փոշեգունդը հատակին, ու թե ոնց էի նայում դրան ու մտածում։ Ոնց որ երեկ լիներ. մի կողմից կարծես հեչ չեմ փոխվել (հիմա էլ եմ երբեմն հագնվելիս (ու ոչ միայն) նույն ձևով մտքերով տարվում ու ժամանակի զգացողությունը կորցնում), մյուս կողմից էնքան բան է փոխվել. շատ առումներով լրիվ ուրիշ մարդ եմ դարձել, լրիվ ուրիշ տեղ ու ուրիշ պայմաններում եմ ապրում, ու ամենակարևորը՝ լրիվ ուրիշ հոգեվիճակում եմ, ու դա հրաշալի է։ Ճիշտ է, դեռ հեռու եմ լրիվ իմ ուզած լավը լինելուց, բայց հաստատ շատ ավելի լավն եմ ու լավ եմ, քան էն ժամանակ։

Ուլուանա
26.07.2014, 07:11
Համեմատաբար վերջերս բացահայտածս արվեստի այս տեսակը՝ քվիլլինգը, շատ եմ հավանում։ Նոր տարվա նախօրյակին մի տոնածառ էի սարքել քվիլլինգի սկզբունքով։ Բայց մտքիս կար մի քիչ ավելի ծավալուն մի բան էլ անել, ու վերջերս որոշեցի փորձել։

Էս կոլաժի վրա ահագին երկար ժամանակ եմ ծախսել։ Ասեմ ավելին. կյանքումս դեռ ոչ մի ստեղծագործական աշխատանքի վրա էսքան ժամանակ ծախսած չկայի, տո նույնիսկ դրա կեսի չափ ծախսած չկայի։ Հիմնական ժամանակը ծախսվել է զուտ մեխանիկական աշխատանքի վրա, ու ընդհանուր պրոցեսն էնքան երկար տևեց (ամոթ էլ է ասելը, բայց համարյա մի ամիս՝ ճիշտ է, տեղ–տեղ՝ երկարատև ընդմիջումներով), որ արդեն վրան նայելիս այլևս անընդունակ էի այն ընկալելու ու գնահատելու գեղագիտական տեսանկյունից։ Աչքերս մի տեսակ «մազոլ» էին եղել։ Արդեն էնքան էր զահլաս գնացել, որ համարյա փոշմանել էի ընդհանրապես էդ աշխատանքը նախաձեռնելու համար։ Մի պահ նույնիսկ մտածեցի՝ կիսատ թողնեմ, պրծնեմ էդ գլխացավանքից։ Բայց էդքան ծախսածս ժամանակն ափսոսացի ու որոշեցի ամեն դեպքում ավարտին հասցնել՝ ինչ էլ որ ստացվելու լինի։ Վերջերում, երբ արդեն կտրտրել–փաթաթելու տաղտկալի գործընթացը հետևում էր մնացել, ու «կլորակներին» վերջնական դասավորություն տալու պահը եկավ, հավեսս միանգամից վերադարձավ։ Մի ահագին ժամանակ էլ շրջանակը ձևավորելու վրա գնաց։
Չգիտեմ՝ ոնց է ստացվել, բայց սա է.

http://i.imgur.com/1KVa9xy.jpg

Ուլուանա
28.07.2014, 07:40
Էնքան բան ունեմ գրելու... Ափսոս, ամեն ինչ հնարավոր չի գրել։

Զարմանահրաշ բան է էս կյանքը։ Ամեն օր, ամեն քայլափոխի ավելի ու ավելի եմ համոզվում դրանում։
Երբ ճիշտ ժամանակին ստանում ես քեզ հուզող հարցերի պատասխանները, որպես կանոն, լրիվ անսպասելի տեղերից, հաճախ նաև անսպասելի պահերի, ու նոր միայն հասկանում, որ հենց դա էր ճիշտ ժամանակը, ուրիշ պահի չէր կարող լինել։ Երբ բոլորովին անսպասելի իրականանում է մանկությանդ ամենախելառ ու ամենաանհնար երազանքներից մեկը, ընդ որում՝ շատ ավելի սիրուն ու հետաքրքիր ձևով, քան երբևէ կհամարձակվեիր երազել։ Երբ ինչ–որ հարցում մտքերդ խառնված են լինում, երբ թվում է՝ ինչ–որ կարևոր բան սասանվել է մեջդ ու չգիտես՝ ոնց վերականգնել ու նորոգել, և նորոգումը գալիս է ամենաանհավանական տեղից ու վերականգնում կորցրածդ հավասարակշռությունը։ Երբ էնտեղ, որտեղ կարծում էիր՝ տվողը դու պիտի լինես, իրականում ավելի շատ ստանում ես, ու հերթական անգամ համոզվում, որ երբեք չգիտես՝ որտեղ ինչ կգտնես։
Երբ նայում ես աներևույթ թագավորությանդ ու հասկանում, որ իրականում աննկարագրելիորեն հարուստ ես, ուղղակի մեկ–մեկ մոռանում ես դրա մասին։

Շնորհակալ եմ։

Ուլուանա
05.08.2014, 08:24
Երբեմն մի քիչ տխուր է գիտակցելը, որ այն, ինչ քեզ ամենալավն է հաջողվում անել, այն միակ բանը, որ քո կոչումն ու տարերքն ես համարում, որի մեջ գտնվելիս, ինչքան էլ ծանր լինի, քեզ լիարժեք ու ճիշտ ես զգում, ուղղակի չի կարող մասնագիտություն կամ աշխատանք լինել։ Հոբբի բառն էլ մի քիչ նսեմացնող է։ Մինչդեռ մնացած ամեն ինչը դրա համեմատ անլուրջ ու խղճուկ հոբբի է թվում...Մյուս կողմից գուցե ամբողջ իմաստն ու հմայքն էլ հենց դրա մեջ է։ Ի վերջո, դա այն աներևույթ թագավորության բաղադրիչներից է, որ միայն քոնն է ու իր բնույթից ելնելով՝ պարզապես չի կարող երևութական լինել։ Ու էդպես երևի ճիշտ է։

* * *
Կյանքում երևի ամենաշատը սարսափում եմ անվերադարձ հրաժեշտներից ու բաժանումներից/հարաբերությունների խզումներից։ Ինձ հետ նման բան դեռ չի պատահել։ Կամ... համարյա չի պատահել։ Բայց միշտ սարսափել եմ դրա մտքից։ Ինձ մոտիկից ճանաչող մարդիկ գիտեն, որ ես ընդհանրապես կամուրջներ չեմ այրում, ինչ էլ որ լինի. ուղղակի ի վիճակի չեմ։ Գուցե թույլ եմ դրա համար, չգիտեմ։ Բայց «անդարձի» հենց միայն գիտակցումը, որ հաճախ ենթադրում է լիքը չասված ու չպարզաբանված բաներ, ինձ կարող է խելագարության հասցնել։ Էն միտքը, որ ինձ համար կարևոր որևէ մեկը հանկարծ կարող է ինձ բլոք անել, սև ցուցակ գցել կամ ուղղակի չպատասխանել նամակներիս ու հաղորդագրություններիս, ամենամեծ սարսափներից մեկն է ինձ համար։

Ուլուանա
11.08.2014, 02:03
Վերջերս ամուսինս շատ էր ուզում, որ մեկ–երկու օրով Նյու Ջերսի այցելենք։ Իր համար Նյու Ջերսին իր համալսարանն է, էնտեղի ֆիզիկայի ֆակուլտետը, դասախոսները, ուսանողները, հասունացման ու դրական փոփոխությունների յոթ տարվա հետաքրքիր ու հագեցած կյանք, ինձ համար՝ մի վայր, որտեղ ապրել եմ կյանքիս ամենածանր տարին, ու որտեղի հետ կապված ծանր ու ցավոտ հուշերն էնքան մեծ տեղ են գրավում, որ եղած դրականն ուղղակի կորչում է դրանց մեջ...
Էնտեղ ես երկար ժամանակ տառապել եմ սուր մշակութային շոկից, երբ ատում էի Ամերիկան ու շուրջս եղած ամեն ինչ, երբ անընդհատ լացում էի ու կարոտում Հայաստանը։ Էնտեղ նաև կորցրել եմ առաջին ու դեռևս չծնված երեխայիս։ Ու երբ ամուսինս ավարտելուց հետո Նյու Յորքում աշխատանք էր գտել, էնտեղից տեղափոխվելն աննկարագրելի թեթևություն էր, որ ճիշտ ժամանակին վրա հասավ. բացասական հույզերի մի ամբողջ փունջ զգալի չափով մնաց էնտեղ...
Միշտ էնպիսի զգացողություն եմ ունեցել, որ Նյու Ջերսին ինձնից լիքը բան է խլել ու ինձ պարտք է...

Մեր էնտեղի կյանքի մասին խոսելիս կոնկրետ քաղաքի անուն չեմ տալիս, որովհետև թեև բնակվում էինք Piscataway համասալարանական քաղաքում, բայց համալսարանի ու դրան առնչվող շենքերի ու հաստատությունների մի մասը գտնվում էր կից այլ քաղաքներում, գնումների և զանազան ծառայություններից օգտվելու համար նույնպես հիմնականում գնում էինք մոտակայքի քաղաքներ, ու ինչ–որ առումով մեր կյանքն էդ ընթացքում գրեթե հավասարապես կապված էր մի քանի քաղաքների հետ։

Տեղափոխվելուց հետո կարծեմ երկու անգամ այցելել էինք Նյու Ջերսի՝ կոնկրետ մարդկանց հյուր գնալու համար։ Ու ամեն անգամ բուն այցելությունը չհաշված՝ տհաճության ու ծանրության զգացողությունը եղել էր։ Վերջին այցելությունը մոտ հինգ տարի առաջ էր։ Ու հիմա ամուսինս կարոտել էր, ուզում էր գնայինք։ Սկզբում, սովորության համաձայն, ներքին դիմադրություն առաջացավ, հետո որոշեցի հաղթահարել տհաճության զգացողությունը՝ մտածելով էն հաճելի հանդիպումների մասին, որ էնտեղ նախատեսում ենք ունենալ։ Ի վերջո, հիմա ինձ ոչինչ չի կապում էնտեղի հետ, ես երջանիկ եմ ու գոհ եմ իմ ներկայիս կյանքից (Հայաստան վերադառնալու՝ գնալով անիրական դարձող ցանկությունը չհաշված), իսկ թե ինչ է եղել Նյու Ջերսիում, իմ կյանքի վրա արդեն ազդեցություն չունի։ Ու հաշվի առնելով, որ ամուսնուս համար էդ այցելությունն էդքան ցանկալի ու հաճելի է, լուրջ պատճառ կարծես չունեի չհամաձայնելու։

Որոշեցինք մի օր հյուրանոցում մնալ, իսկ ընթացքում հանդիպել որոշ մարդկանց հետ, այցելել ամուսնուս համար հետաքրքիր ու հաճելի որոշ տեղեր, որոնք բոլորն էլ զուտ էմոցիոնալ նշանակություն ունեին հիմա։ Ու էդպես էլ արեցինք։

Ի սկզբանե ինձ համար անսովոր հանգստություն ու խաղաղություն էի զգում։ Չկար էն մշտական լարվածությունը, որ ունենում եմ ցանկացած ուղևորության ժամանակ ու հատկապես որևէ տեղ հանգստանալու մեկնելիս։ Ես ընդհանրապես ռելաքս լինելուց շատ վատ եմ, դրա համար երբեք որևէ տեղ գնալուց չեմ հանգստանում։ Ճիշտ հակառակը՝ լարվում եմ, փորձում եմ ինքս ինձ ներշնչվել, որ հանգստանում եմ, վայելում եմ, ու արդյունքում ճիշտ հակառակն է լինում։ Պլյուս՝ բազմաթիվ սպասելիքներ, որոնց առնվազն մի մասը չի իրականանում, որոնցից ամեն մեկը ես ընկալում եմ որպես աշխարհի վերջ, էդտեղից էլ՝ լիքը ներվայնություն, դիսկոմֆորտ։ Էս անգամ ի սկզբանե կարծես պատրաստ էի ընդունելու էն ամենը, ինչ կլինի, չունեի սպասելիքներ, նույնիսկ չնախատեսված մանր–մունր անհարմարություններն ուրիշ կերպ էի ընկալում ու թեթև տանում, այսինքն՝ ընդունում էի ոչ թե որպես նախատեսվածից անցանկալի շեղում, հետևաբար՝ կատաստրոֆա, այլ պարզապես այլ տարբերակ, որը հեչ էլ վատը չի նախատեսվածից։ Նույնիսկ փողոցներով քայլելը, մարդկանց նայելը կարծես լիարժեք վայելում էի։


Սկզբում պայմանավորվեցինք հանդիպել ամուսնուս թուրք ուսանողական ընկերոջ՝ Էրքանի հետ, ով, ինչպես պարզվեց, մեր էստեղի կյանքը հիշեցնող միակ «վկան» էր մնացել համալսարանի տարածքում։ Ավարտել է ամուսնուցս ուշ, հետո էլ մնացել համալսարանում՝ որպես պոստ դոկ։ Սիրում եմ հին վայրերում հայտնաբերել իրավիճակներ, որոնք լրիվ նույնն են մնացել։

Մինչ Էրքանին հանդիպելը որոշեցինք զբոսնել համալսարանական տարածքում, որը հիմա արձակուրդի պատճառով սովորականից ավելի լուռ էր ու ամայի։ Կենդանիներ ավելի շատ տեսանք, քան մարդիկ։ Էս տարածքը բավական հարուստ կենդանական աշխարհ ունի։ Երբ էստեղ էինք ապրում, բացի ամենուրեք վխտացող սկյուռիկներից, որոնք ԱՄՆ–ում կարծես ամեն տեղ էլ լիքն են, կարելի է հանդիպել նաև ջրարջերի (raccoon, енот), ժանտաքիսների (скунс), երբեմն նապաստակների (ոչ այնքան հաճախ, որքան կուզենայի), ամուսինս ասում է, որ եղնիկներ էլ է տեսել նախկինում, բայց ինձ նման բախտ չի վիճակվել, ցավոք։ Իսկ էսօր առաջին անգամ կուղբերի հանդիպեցինք։
http://i.imgur.com/E40IVxC.jpg

Ընդհանուր ներդաշնակությունը փչացնող միակ արարածներն էստեղ սագերն են, որ պարբերաբար հայտնվում են խմբերով ու ամբողջ տարածքն ապականում իրենց արտաթորանքով. էն աստիճանի, որ քայլում ես ու միանգամից հասկանում, որ էդտեղով սագերն են անցել... Ականջ ծակող կղկղոցն էլ վրադիր։ Բայց էդ պահին սագերն ինձ ամենաքիչն էին անհանգստացնում։

Պատկերացրեք ընդարձակ մարգագետիններ, լիքը ծառեր, թփեր, ու դրսում համարյա ոչ մի մարդ։ Նոսր բնակեցվածությունը, բնության հետ համադրված՝ ինձ համար էս տարածքի ամենագրավիչ կողմերից մեկն է։ Առաջ էլ դա գիտեի, բայց էս անգամ լրիվ այլ կերպ էի ընկալում, զգում։ Մի պահ նույնիսկ ինձ բռնեցի էն մտքի վրա, որ հաճույքով հիմա կապրեի էստեղ։ Գրեթե իդեալական միջավայր է ինձ նման մեկի համար. քիչ մարդիկ, լիքը բնություն ու հատկապես՝ շուրջբոլորը շունչդ բացող լայնարձակ, ազատ տարածություն։ Իսկ մի ժամանակ էստեղ ապրում էի, բայց էդ ամենը տեսնելու, զգալու, վայելելու սիրտ չունեի։ Սա, իհարկե, արդարացում չի. էն ժամանակ պարզապես ուրիշ մարդ էի ինչ–որ առումով։

http://i.imgur.com/fbkXVs9.jpg

http://i.imgur.com/p0pNMj8.jpg

http://i.imgur.com/nimz4oY.jpg

http://i.imgur.com/d7C0w25.jpg

Մինչ ամուսինս ֆիզիկայի ֆակուլտետ մտավ, ես տղայիս հետ զբոսնում էի համալսարանի տարածքում ու արդեն տուրիստի աչքերով շուրջս ուսումնասիրում էն մասերը, որոնցով վեց տարի առաջ ամեն օր անտարբեր անցնում էի։ Կուղբերին հենց էդտեղ տեսանք։ Երբ ամուսինս միացավ մեզ, արդեն հեռու չէինք մեր նախկին բնակավայրից՝ ամուսնացածների հանրակացարանից։ Երբ դեռ նոր էինք որոշել Նյու Ջերսի այցելել, որոշել էի, որ ոչ մի դեպքում էդ ատելի տեղը չեմ գնալու։ Ո՜նց էի զզվում էդ բնակարանից, հոտից, հնամաշությունից ու դրանում ներծծված տխրությունից։ Հետագայում էդ տան հետ կապված մի ուրիշ տհաճ հուշ էլ էր ավելացել։ Երբ հղի էի՝ կարծեմ 4 ամսական, մեր շքամուտքում ինչ–որ մեկն իր հին ներքնակն էր դրել՝ պատին հենած։ Չգիտես ինչու, երկար ժամանակ տանող չկար։ Հետո տեսանք, զույգ աղավնիները բույն են դրել վրան։ Շուտով ձվեր հայտնվեցին։ Ինչ–որ հիվանդագին հետաքրքրությամբ հետևում էի աղավնիներին։ Մի օր էլ տեսանք՝ աղավնիները չկան, ձվերն էլ հատակին ընկած, կոտրված... Երբեք չեմ մոռանա էն ցավն ու սարսափը, որ ապրեցի էդ տեսարանը տեսնելուց... Մտքիցս չէր գնում։ Անընդհատ փորձում էի մոռանալ, զուգահեռներ չտանել, ինքս ինձ համոզել, որ դա ոչինչ չի նշանակում. չէր հաջողվում։ Հինգ ամսականում կորցրի երեխայիս... Աղավնիները նորից ձվեր դրեցին։ Ձագեր հանեցին։ Ամեն օր վախեցած մոտենում, նայում էի՝ համոզվելու համար, որ ձագերը տեղում են։ Տեսքից արդեն բավական մեծ էին, չգիտեմ էլ՝ թռչում էին, թե չէ, բայց ինչքան նայում էի, տեղում նստած էին։ Մի օր էլ տեսանք՝ ներքնակը չկա, տարել են։ Չգիտեմ՝ աղավնիներն ինչ էին եղել, բայց հավատում եմ, որ թռել–գնացել էին։

Զբոսնելով գնում էինք։ Մտածեցի՝ մի հատ էլ մեր շենքի մոտակայքը գնանք։ Ամուսնուս որ առաջարկեցի, զարմացավ։ Մոտեցանք մեր շենքին, տեսանք, որ շենքի բոլոր մուտքերը ճաղավանդակներով փակված են։ Ինչ–որ շինարարություն էր գնում, որի հետևանքով, ըստ երևույթին, տարածքը բնակեցված չէր ու շենքեր մտնել չէր կարելի։ Այնուամենայնիվ, մոտենալ հնարավոր էր։ Մոտեցանք, գտանք մեր հին տան պատուհանը, մի տեսակ պարտականության պես նայեցի ու բան չզգացի։ Նույն ընդհանուր հանգստության զգացողությունն էր։ Միայն մտածում էի, թե ինչ հաճելի միջավայրում են էս հանրակացարանները։ Ու թե ինչու էն ժամանակ չէի կարողանում վայելել։
Հեռանալիս տարօրինակ թեթևության զգացում ունեի։ Նյու Ջերսին ինձ այլևս ոչինչ պարտք չէր։

Ուլուանա
04.09.2014, 08:20
Ինչ–որ իրար վրա երկարաշունչ գրառումներ են ստացվում... Տեսնենք՝ ով կձգի՝ էսքանը կարդա... :))

Այս կիսամյակի համար միայն մի դասի էի գրանցվել՝ իլլյուստրացիա։ Դատելով թե՛ վերնագրից, թե՛ առարկայի համառոտ նկարագրությունից՝ պիտի որ ահագին հետաքրքիր ու հավես առարկա լինի։ Միակ բանը, որ էն չէր, դասի ժամն էր, բայց ընտրություն չունեի. գրանցվելուս պահին միայն ժամը 18.00 – 22.00–ի դասն էր ազատ, ես էլ դա ընտրեցի։ Խնդիրն այն է, որ մեր տնից քոլեջ գնալ հնարավոր է միայն ոտքով. տրանսպորտ չկա էդ փողոցով գնացող։ Ճիշտ է, եղածը 10–15 րոպե է, բայց փողոցը բավական ամայի է, նույնիսկ օրը ցերեկով շատ քիչ մարդ է անցնում էդտեղով, էդ դեռ հերիք չի. երկու կողմից էլ անտառ է։ Ես, իհարկե, շատ եմ սիրում էդ ճանապարհը, անտառներն ու ամայությունն էլ հետը, միշտ հաճույքով եմ գնում, բայց գիշերով էնտեղով մենակ անցնելը մի քիչ վախենալու է, հատկապես մամայիս պատկերացմամբ :)). էդ ճանապարհն իրեն օրը ցերեկով էլ առանձնապես դուր չի գալիս։ Իսկ քանի որ տղաս ժամը իննին քնում է, ստացվում է, որ ամուսինս էլ չի կարող գալ ինձ տանելու։

Մինչ մենք գցում–բռնում էինք, թե տուն գալուս հարցը ոնց գլուխ բերենք, պարզվեց՝ ինքն իրեն «լուծվել–պրծել» է. կուրսը չեղյալ է հայտարարվել, քանի որ անհրաժեշտ թվով ուսանողներ չեն հավաքվել. ստանդարտ քսան հոգուց ընդամենը յոթ հոգի էր գրանցվել։ Սկզբում մտածել էինք՝ երևի ժամով պայմանավորված է էդպես, ու գուցե էդ ժամի համար շատ էլ նորմալ է էդ թիվը։ Բայց պարզվեց՝ չէ։ Լավ էր՝ երեկ մտքովս անցավ ստուգել քոլեջի մեյլս, որում էլ կարդացի մի քանի օր առաջ եկած տեղեկացումը կուրսի չեղյալ հայտարարվելու մասին։ Թե չէ՝ էդպես անտեղյակ էսօր վեր էի կենալու, գնայի գոյություն չունեցող դասին։

Բայց, ինչպես պարզվեց, չկա չարիք առանց բարիքի։ Տեղեկացնող մեյլում առաջարկվում էր մտնել կուրսերի գրանցման համակարգ և ազատ կուրսերից որևէ մեկն ընտրել չեղարկվածի փոխարեն։ Կիսամյակն արդեն քանի օր է՝ սկսված է, ես էլ շատ եմ կարևորում առաջին դասը, ու հեչ չէի ուզենա բաց թողած լինել։ Բայց պարզվեց՝ ազատ առարկաների շարքում ինձ աչքով էր անում դեռևս չորս տարի առաջ շատ ցանկալի դարձած, բայց անիրական մի կուրս՝ քանդակագործությունը։ Ցանկալի էր դարձել էն բանից հետո, երբ եռաչափ դիզայն առարկայի ժամանակ որպես վերջին պրոյեկտ՝ կավից քանդակ էինք արել։ Էդ պահից ես սիրահարվել էի քանդակագործությանը, դասախոսս էլ քանդակս տեսնելով՝ ասել էր, որ ինձնից լավ քանդակագործ դուրս կգար, ու միաժամանակ զարմացել էր՝ իմանալով, որ ընտրածս մասնագիտությունը գրաֆիկ դիզայնն է։ Իսկ քանդակագործություն առարկան վերցնելս անիրական էր, քանի որ իմ մասնագիտության համար պարտադիր առարկաների թվին չէր պատկանում, ու նույնիսկ որպես ընտրովի առարկա՝ իմ մասնագիտության համար խիստ հանձնարարելի առարկաների մեջ չէր մտնում։ Բայց էս պահին ես ընտրություն ընդհանրապես չունեի. եթե սրան չգրանցվեի, էս կիսամյակս անիմաստ կորչելու էր։ Էդ դեռ հերիք չի՝ դասավանդողի անունն էլ կարդացի. լրիվ աշխարհով մեկ եղա. իմ ամենասիրելի դասախոսներից մեկը, որին ճանաչելուց ի վեր հա մտածում էի՝ տեսնես՝ ի՞նչ կարելի է անել, որ էդ հրաշք ծերուկի հետ նորից գործ ունենամ :roll։ Նրա մասին դեռ էն ժամանակ էի անընդհատ ուզում գրել, երբ մոտ երկու տարի առաջ ինձ նկարչություն էր դասավանդում, բայց, չգիտեմ ինչու, էդպես էլ չգրեցի։ Էնքան տպավորված էի էդ մարդու կերպարով։ Ուսուցչի մի կերպար կա՝ իմաստուն, փորձառու, պատկառելի ու ազդեցիկ, որին հետագայում էլ աշակերտները/ուսանողները միշտ հիշում են մեծ սիրով ու հարգանքով ու համարում, որ իրենց գիտելիքների, աշխարհայացքի կամ ինչ–որ կոնկրետ հարցում վերաբերմունքի վրա մեծ ազդեցություն է ունեցել, մի խոսքով՝ Ուսուցիչ՝ բառի ամենադրական ու ամենաիսկական իմաստով։ Էսպիսի կերպարների ես մինչև հիմա միայն ֆիլմերում ու գրքերում էի հանդիպել։ Բայց պարզվում է՝ իրականում էլ են լինում։ Ավելի ճիշտ՝ գիտեի, որ լինում են, ուրիշներից լսել էի, բայց անձամբ ինձ դեռ չէր հանդիպել ու արդեն հույս էլ չունեի, թե կհանդիպի։ Լավ ուսուցիչներ, ինչպես նաև լավ դասախոսներ, հատկապես էստեղի քոլեջում, շատ եմ ունեցել, բայց նշածս տեսակի դեմք միայն էս դասախոսին կարող եմ համարել։ Սպիտակահեր, բեղավոր ծերուկ է, բայց բնավ ոչ սպառված։ Հավեսով, բարեհամբույր. ինքը քանդակագործ է, ու իր գործի համար խելքը գնում է։ Հիշում եմ՝ երբ նրա մասին դասախոսների գնահատման կայքում կարծիքներ էի կարդում ու վարկանիշը նայում, կարծիքները մեկը մյուսից դրական ու հիացական էին. մեկը գրել էր, որ ամեն անգամ նրան տեսնելիս գրկելու ցանկություն է ունենում, մեկ ուրիշն էլ գրել էր. «Կուզենայի՝ իմ պապիկը կամ ընկերը լիներ» :))։ Ասեմ, որ երկուսի հետ էլ լիովին համաձայն եմ։ :love

Մի խոսքով՝ իմ սիրելի դասախոսի հետ կրկին առնչվելու հնարավորությունն ինքն իրեն եկավ, մտավ ձեռքս։ Հո չէի կարող հրաժարվել։ Միանգամից գրանցվեցի քանդակագործություն առարկային։ Լավ էր՝ առաջին դասը դեռ չէր եղել. հաջորդ օրն էր, այսինքն՝ այսօր։

Դասը նույն լսարանում էր, ավելի ճիշտ՝ արվեստանոցում, որում չորս տարի առաջ եռաչափ դիզայնի դասն էինք անում։ Երբ մտա լսարան, դասախոսից բացի, ընդամենը չորս հոգի կար՝ մոտ 20 տարեկան մի տղա, քառասունին մոտ մի կին ու յոթանասունն անց մի տատիկ։ Փաստորեն, էս անգամ ես տարիքով ամենամեծը չեմ. հազվագյուտ իրավիճակ։ Արդեն սովորել եմ, որ համարյա բոլոր դասերին խմբում ամենամեծն եմ կամ լավագույն դեպքում՝ երկու ամենամեծերից մեկը։ Բարևեցի, դասախոսի ջերմ պատասխանից հասկացա, որ ինձ հիշել է :)։ Պարզվեց՝ երիտասարդ տղան էլ ինձ նման գրաֆիկ դիզայնից էր ու էլի ինձ նման ընդամենը երեկ էր գրանցվել էս դասին, այն բանից հետո, երբ հանկարծակի պարզել էր, որ իլլյուստրացիայի դասը չեղարկվել է։ Քառասունին մոտ կինն ասաց, որ աշխատում էր որպես մերսող, հիմա էլ որոշել էր արտ թերապիայի մեջ խորանալ ու չգիտեմ ինչ սկզբունքով ընտրել էր քանդակագործությունը։ Իսկ տատիկը, ինչպես պարզվեց, ուղղակի հավեսի համար որոշել էր քանդակագործություն ուսումնասիրել։

Դասը դեռ չէր սկսվել, սպասում էինք, որ ուսանողները հավաքվեն, իսկ տատիկն անդադար խոսում էր ու խոսում՝ աշխույժ, զվարթ ու ինքնամոռաց... Մի կողմից մեր դասախոսին էր գովում՝ պատմելով, թե վերջինս ջահել ժամանակ ինչ առարկաներ է իրեն դասավանդել ու թե ինչ մեծագույն հաճույք էին նրա դասերը, ինչ հրաշք բան էր նրա պես դասախոս ունենալը։ Մյուս կողմից՝ մյուսներին էր խոսեցնում, էնպես, կարծես հազար տարվա ծանոթների հետ զրույցի կբռնվեր։ Մի պահ դասախոսը դուրս եկավ, տատիկը հարցրեց՝ արդյոք որևէ մեկս նրա մոտ նախկինում որևէ կուրս վերցրել ենք, միայն ես ասացի, որ վերցրել եմ, նա էլ ոգևորված հարցրեց՝ հավանել եմ արդյոք նրան, ասացի՝ շատ։ «Տեսնու՞մ եք, միայն ես չեմ ասում, որ լավն է,– ոգևորված մատը տնկելով ասաց տղային ու կնոջը,– դուք էլ շուտով կհամոզվեք»։

Լավ տատիկ էր, բայց ինձ գնալով սկսեց թվալ, որ ինչ–որ շատ է խոսում, հատկապես որ դասն էլ արդեն պիտի սկսված լիներ, իսկ ինքը, մեղմ ասած, «նստել էր» բոլորիս ականջներին ու այնտեղից իջնելու նշաններ ցույց չէր տալիս։ Մյուս երկու ուսանողների դեմքերից էլ երևաց, որ նույն բանն են մտածում, ինչ ես։ Հետո տատիկը միջանցքով անցնող ինչ–որ դասախոսի նկատեց, որին, ըստ երևույթին նույնպես ճանաչում ու շատ սիրում էր, միանգամից տեղից պոկվեց, որ գնա հետը խոսելու։ Համեմատաբար ջահել ուսանողներով մենակ մնացինք։
– Նա ամեն օր ներկա՞ է լինելու դասին,– աչքերը չռելով ասաց կինը,– Քաշվեցինք... Գիտե՞ք՝ նա ինձ ում է հիշեցնում. մորս. անդադար խոսելով,– ու ձեռքի ափով բացող–փակող շարժումներ արեց։
– Ճիշտն ասած՝ ես իմ մոր մասին մի քիչ այլ կարծիքի եմ,– չհամաձայնեց տղան։
– Դե... ես քեզանից ավելի մեծ եմ,– փորձեց արդարանալ կինը։

Շուտով տատիկը վերադարձավ։ Մի քիչ հետո՝ դասախոսը։ Զարմանալիորեն էդպես էլ ոչ մի ուսանող չավելացավ։ Դասախոսն ուզում էր դասը սկսել, բայց տատիկը նորից միացել էր... Դասախոսը համբերատար լսում էր՝ պարբերաբար հարգալից, բայց զուսպ արձագանքելով տատիկի ոգևորված բացականչություններին ու հարցերին։ Բայց զգացվում էր, որ նրան էլ արդեն դուր չէր գալիս իրավիճակը, պարզապես չգիտեր ինչ անել։ Հետո տատիկին ասաց, որ էսինչ դասախոսը կողքի լսարանում է։ Տատիկն ուրախ դուրս թռավ լսարանից։
– Ամուսինը նոր է մահացել,– տատիկի հետևից նայելով՝ գլուխը կարեկցանքով տմբտմբացրեց դասախոսը,– ու հիմա նա էսպես՝ անդադար ու մոլեգին խոսելով է իր վիշտը տանում։
Մի տեսակ մեղավոր լռություն տիրեց, որից հետո դասախոսը սկսեց խոսել առարկայից, մանրամասն ներկայացնել մեր անելիքը կիսամյակի ընթացքում։ Պարզվեց՝ ամբողջ կիսամյակի ընթացքում մի քանդակ ենք անելու՝ մարդու գլուխ՝ իրական չափի։ Պիտի ընտրենք մեզ ծանոթ կամ հանրահայտ մի մարդու, որի նկատմամբ զգացմունքներ ունենք, ընդ որում՝ կարևոր չէ՝ սեր, թե ատելություն, կարևորը՝ արտահայտված վերաբերմունք ունենանք։ Հաջորդ դասի համար հանձնարարեց տվյալ մարդու երկու լուսանկար ունենալ՝ մեկը ուղիղ դիմացից, մյուսը՝ պրոֆիլից։ Այնուհետև խոսում էր քանդակագործությունից, թե ինչպես է այն, ի տարբերություն արվեստի շատ այլ տեսակների, համատեղում ստեղծագործականը ֆիզիկականի հետ, ու թե ինչ զարմանահրաշ զգացողություններ են առաջանում այդ հետաքրքիր պրոցեսում։ Խոսում էր նաև ուսանողների՝ քանդակագործությունն ընտրելու դրդապատճառների մասին, զարմանում ու ցավում, որ շատ քչերն են քանդակագործություն ընտրում՝ միաժամանակ ավելացնելով, որ գուցե ի՛նքը, անձամբ լինելով քանդակագործ ու պաշտելով իր գործը, պարզապես ի վիճակի չէ պատկերացնելու, թե ինչպես կարելի է անտարբեր լինել քանդակագործության նկատմամբ։ Ես էլ ասացի, որ դա էն բաներից է, որ պիտի գոնե մի անգամ փորձած լինես, որպեսզի էդ զգացողություններին ծանոթ լինելով՝ ցանկություն ունենաս դրանով զբաղվելու, հետաքրքրված լինես։ Համաձայնեց։ Հետո ասաց, որ երբ անցած տարի եռաչափ դիզայնի կուրսի իր ուսանողներին, որոնց մեծ մասը գրաֆիկ դիզայն մասնագիտությամբ էին, հարցրել է, թե ինչու են ընտրել այդ մասնագիտությունը, պատասխանների ճնշող մեծամասնությունը եղել է «որովհետև այդ մասնագիտությամբ կարելի է շատ փող վաստակել»։
– Ես հասկանում եմ, իհարկե, որ փողը մեծ դեր ունի, կարևոր է, ես ինքս էլ դեմ չէի լինի ավելին ունենալ, բայց ցավալի է, որ առաջին հերթին փող վաստակելու ցանկությունն է դրդում մարդկանց ստեղծագործական աշխատանքով զբաղվել, ոչ թե դրա նկատմամբ սերը։ Իսկապես ցավալի է...

Հետո, նայելով իր առջև դրված տասնքանի հոգանոց ցուցակին, որոնցից միայն չորսս էինք ներկա (համենայնդեպս, այսօր), ասաց, որ իրականում շատ ավելի հարմարավետ ու հաճելի է էսպիսի փոքր խմբերով աշխատելը, կարծես ընտանիքի պես լինի` ջերմ ու մտերմիկ։ Ասաց, որ տարիներ առաջ հանգիստ կարող էին չորս հոգու համար խումբ պահել, իսկ հիմա նման բան չեն անում, քանի որ ֆինանսական առումով բոլորովին ձեռնտու չէ։

Էս դասախոսը երբ խոսում է, ժամերով կարող եմ լսել ու չհոգնել։ Էնքան հանգիստ ու խոհուն ձայն ունի, ազդեցիկ, բայց միաժամանակ համեստ ու առանց պաթոսի։ Ինձ բռնեցի էն մտքի վրա, որ դասի ամբողջ ընթացքում ժպտում եմ։ Իսկ ինձ հետ էդպես շատ հազվադեպ է լինում։ Դե, ես ընդհանրապես երբեք էլ ժպտալուց լավ չեմ եղել։ Դասի ավարտից հետո էլ ժպտալով տուն էի գնում ու ոչ մի կերպ չէի կարողանում ժպիտը դեմքիցս ջնջել :))։ Էդպես էլ մինչև տուն երջանիկ ապուշի պես քայլեցի։ Մեր ամայի փողոցում մարդկանց գրեթե չհանդիպեցի, բայց որ հանդիպեի՝ երևի գժի տեղ կդնեին։

Մի խոսքով՝ իմ սեպտեմբերի 3–ն էլ շնորհավոր :))։

Ուլուանա
05.09.2014, 01:30
Վերջերս Ակումբում կատարվող ոչ մի բան կարծես ինձ չվերաբերի։ Ինձ մի տեսակ դուրս մնացած եմ զգում, բայց ամբողջ հարցն այն է, որ էս պահին դա ինձ բոլորովին չի անհանգստացնում, դրանից ինձ վատ չեմ զգում... Որևէ թեմայում կարծիք հայտնելու ցանկություն չի առաջանում մեջս, մեկ–մեկ ինձ ուզում եմ ստիպել, մի բան գրել, բայց հետո մտածում եմ՝ որպես ի՞նչ։ Զուտ կարծիքների թիվ ավելացնելու համա՞ր։ Իսկ ո՞րն է իմաստը... Առանց ինձ էլ կյանքն էստեղ նորմալ առաջ է գնում, ու դա շատ լավ է։
Եվ այսպես, գրառում անողից կամաց–կամաց վերածվում ենք շնորհակալություններ բաժանող ուրվականի :D։ Ի՞նչ վատ կարգավիճակ է որ։ Ինձ որ սկսել է դուր գալ :)։

Ինձ թվում է՝ դեռ երբեք ինձ էսքան հեռու չեմ զգացել... Իսկ «հեռվում» շատ էլ լավ է։

Ուլուանա
17.09.2014, 07:27
Քանդակագործության երկրորդ դասին պարզվեց, որ մեր խումբը երկու մասի է բաժանվում. մի մասը հենց էն երեք հոգին էինք, որ առաջին դասին եկել էինք, մեկ էլ մի նոր տղա, որ երկրորդ դասին առաջին անգամ եկավ, իսկ մյուս մասը մի խումբ յոթանասունն անց տատիկներ են :)), որոնք ուղղակի հավեսի համար են առարկան վերցրել՝ որպես խմբակ։ Պարզվեց՝ նրանց հետ դասախոսն առանձին է աշխատելու՝ կողքի լսարանում։ Իսկ մենք էդպես մտերմիկ մթնոլորտում մեզ համար քանդակելու ենք։ Ճիշտ է, տատիկները մեզ մեկ–մեկ այցելում էին, բայց ոչինչ, չեն խանգարում։ Բարեբախտաբար սա էնպիսի առարկա է, որի ժամանակ կողքից խոսակցությունները չեն շեղում։ Համենայնդեպս, ես որ տարվում եմ պրոցեսով, ընդհանրապես դադարում եմ շրջապատն ընկալելուց։ Եռաչափ դիզայնի ժամանակ էլ նույնն էր, երբ հղի վիճակով կարծեմ հինգ ժամ անդադար նստած՝ քանդակում էի ու էդ ամբողջ ընթացքում չէի զգացել որևէ ֆիզիկական պահանջմունք։

Իսկ ես արդեն համարյա մոռացել էի, թե ինչ հաճույք է կավի հետ շփումը։ Խոշոր քանդակի դեպքում, փաստորեն, ավելի ուժեղ է կավի հետ հաղորդակցությունից առաջացող հաճելի զգացողությունը, երբ ձեռքիդ տակ տրորելով կավի խոշոր զանգվածը՝ ուզածդ ձևն ես տալիս դրան։ Մի քանի տարի առաջ գրել էի, թե ինձ համար ինչ զգացողություններ ու հոգեվիճակներ է ապահովում մարդկանց դիմանկարներ անելը.



Մի բան եմ նկատել. երբ ինչ–որ մեկին նկարում եմ, էդ նկարելու ամբողջ ընթացքում մի տեսակ սկսում եմ էդ մարդուն ավելի շատ սիրել։ :oy Ճիշտ է, մինչև հիմա նկարել եմ հիմնականում էնպիսի մարդկանց, որոնց առանց էդ էլ սիրում եմ կամ գոնե համակրում, բայց հենց նկարելու պահին զգում եմ, որ ավելի շատ եմ սիրում. էդ նկարելու պրոցեսում մարդը ոնց որ հարազատանա մի տեսակ։ Նկարելու ամբողջ ընթացքում տվյալ մարդու բնավորության գծերի, պահվածքի, դեմքի արտահայտության, շարժումների, մի խոսքով՝ էդ մարդու հետ կապված ամեն ինչի մասին մտածելն ակամա էնպիսի զգացողություն է առաջացնում, կարծես հետը սերտորեն շփվում ես, ուսումնասիրում ես, սկսում ես ավելի մոտիկից ճանաչել։ Ի վերջո, իզուր չի, որ նկարածդ մարդը հենց քեզ է նայում նկարի մեջից, ընդ որում՝ էնպիսի հայացքով, ինչպիսին դու ես նրան տալիս։ Ու էդ հանգամանքը, պարզվում է, կատակ բան չի։

Մի խոսքով՝ վիրտուալ հաղորդակցման նոր եղանակ եմ բացահայտել ինձ համար։ :roll Մենակ վատն այն է, որ էդ ամենը միակողմանի է լինում։ :8
Պարզվում է՝ նույն զգացողությունները քանդակի դեպքում ավելի վառ են արտահայտված։ Զարմանալի էլ չի. ի վերջո, մարդու եռաչափ պատկերի հետ ես գործ ունենում, համարյա մարդու։ Կարելի է ասել՝ բառացիորեն՝ ֆիզիկական իմաստով էլ շփվում ես մարդու հետ։

Ի դեպ, երկարատև տատանումներից հետո ի վերջո որոշեցի, որ եղբորս եմ ուզում քանդակել։ Դասի ընթացքում քանդակեցինք պարանոցը, գլուխն ու ծնոտը։ Թվում է՝ հեշտ ու արագ անելու բաներ են, բայց ամբողջ դասը (չորս ժամ) դրա վրա գնաց։ Երևի իզուր չի, որ ամբողջ կիսամյակի ընթացքում սրա վրա ենք աշխատելու։ Վաղվանից արդեն դիմագծերի վրա պիտի աշխատենք։ Անհամբեր սպասում եմ։ :roll։

Ուլուանա
16.11.2014, 07:47
Վերջերս Ֆեյսբուքում շատերն են հիշում Ask.fm–ի իրենց պրոֆիլի մասին ու առաջարկում ընկերներին իրենց հարցեր տալ։ Ամեն անգամ դրանք տեսնելիս մտածում եմ, թե ես հիմա ոնց չեմ ուզում, որ ինձ հարցեր տան, ոնց չեմ ուզում որևէ հարցի պատասխանել ու ընդհանրապես իմ մասին որևէ բան ասել։ Գուցե կյանքումս առաջին անգամ նույնիսկ չեմ ուզում, որ իմ մասին հիշեն ու ինձնով հետաքրքրվեն։ Մի տեսակ կարիքը չեմ զգում էդ ամենի։ Հեռու եմ շատ ու գնալով ավելի եմ հեռանում... Նաև Ակումբի բացման օրվանից կյանքումս առաջին անգամ սկսել եմ պատկերացնել ինձ առանց Ակումբի։ «Ֆիզիկապես» գուցե երբեք էլ չհեռանամ (ես ընդհանրապես հեռանալ չգիտեմ), բայց ուրվականի կարգավիճակս էստեղ գնալով ավելի ու ավելի կայուն է դառնում։

Հ.Գ. Իսկ ընդհանրապես լավ եմ, նույնիսկ շատ :)։

Հ.Հ.Գ. Էն կավե քանդակս էլ մի շաբաթից ավել է՝ ավարտել եմ ու ամեն օր ինձ համոզում եմ, որ նկարները դնեմ ու մի քիչ էլ դասերից պատմեմ, բայց դեռ չի հաջողվում...

Ուլուանա
26.11.2014, 00:12
Ի վերջո, պարզվեց, որ մեր քանդակագործության խմբում պաշտոնապես հինգ հոգի ենք՝ ինձնից բացի, երկու տղա, մի կին ու մի տատիկ։ Բայց տատիկը ոչ թե առաջին դասի էն շատախոս տատիկն է, այլ լրիվ ուրիշ մի տատիկ, էն տատիկի հակապատկերը՝ սուսիկ–փուսիկ, համեստ, բայց շատ սիրալիր ու տաղանդավոր։ Ինքը խմբում միակն է, ով ինքն իրեն է քանդակում։ Ու էնքան լավ է քանդակել, մենակ տեսնեք՝ լրիվ ինքն է։ Իսկ էն շատախոս տատիկն ուղղակի հաճախակի գալիս–գնում է, սրա–նրա հետ զրույցի բռնվում, հետո էլ հանդիսավոր բոլորին հրաժեշտ տալիս ու գործնական, շտապ–շտապ գնում։ Մի անգամ նույնիսկ բոլորիս գալիք Նոր տարին շնորհավորեց գնալուց առաջ, ինչից ես ենթադրեցի, որ, ուրեմն, էս տարի էլ չի գալու, բայց հենց հաջորդ դասին նա կրկին մեզ հետ էր :))։ Ու ընդհանրապես նա հազվադեպ է մեզ լքում։

Մի երկու ճշտում անեմ. նախ պարզվեց՝ մյուս խումբը, որոնց հետ դասախոսը կողքի լսարանում է աշխատում, ոչ միայն տատիկներից է կազմված, այլև պապիկներից, բացի դրանից, պարզվեց՝ ես փոքր–ինչ թերագնահատել էի մեր տարեց դասընկերների մոտավոր տարիքը... Բայց այդ մասին կպատմեմ ավելի կոնկրետ դեպքերի հիման վրա։

Երբ դասախոսս իմացավ, որ հայ եմ, ասաց, որ մյուս խմբի տատիկներից մեկն էլ է հայ, ու ասաց, որ նա Մանհեթընի հայկական եկեղեցու քանդակների (թե քանդակի) հեղինակն է։ Խոստացավ ընդմիջմանը մեզ ծանոթացնել։ Միասին գնացինք կողքի լսարան, մեզ իրար ներկայացրեց, անգլերենով սկսեցինք խոսել, հետո անցանք հայերենի։ Տատիկը, որին, տեսքից դատելով, յոթանասունն անց կտայի, խոստովանեց, որ իր հայերենն էնքան էլ լավ չի, քանի որ ամուսնու մահից հետո հայերեն խոսելու շատ առիթներ, ցավոք, չի ունենում, իսկ ամուսինը, որը, պարզվեց մեր քաղաքի միակ հայկական եկեղեցու առաջին քահանան էր եղել, մահացել էր մի 30–40 տարի առաջ։ Երբ տարիների ու թվականների հետ կապված մի քանի բան նշեց, ինձ սկսեց հետաքրքրել, թե տատիկն, այնուամենայնիվ, քանի տարեկան է։ Հարցրի ու պատասխանից շշմեցի. 90 :o։ Զարմանքս արտահայտելով՝ ասացի. «Լավ եք պահպանվել»։ «Հա, փառք Աստծո»,– ուրախ պատասխանեց։ Մեկ էլ ասաց, որ մի խումբ կանանցով շատ են ուզում հայերենի դասընթացների գնալ, որ հայերենը կատարելագործեն։ Ո՞վ կմտածեր, որ 90 տարեկանում մարդիկ էդպիսի ցանկություններ կարող են ունենալ։

Էն շատախոս տատիկն էլ ամեն օր գալիս, մեկի ականջին նստում է։ Մի անգամ եկավ մոտս, նայեց մոտիս սեղանին դրված եղբորս լուսանկարին, իրեն հատուկ հետաքրքասիրությամբ հարցրեց, թե ով է այդ բարետես երիտասարդը։ Ասացի՝ եղբայրս։ Դե, եղբայրս էլ հիմա մորուքով ու երկար մազերով է։
– Հիփփի՞ է,– հարցրեց կասկածանքով։
– Չէ,– ծիծաղեցի։
– Լա՞վ տղա է։
– Հա։
– Դե լավ է, որ չնայած արտաքին տեսքին՝ լավ տղա է։ Թե չէ՝ գիտես, էդպիսի երկար մազերով ու մորուքով տղաները հաճախ ինչ վատ պահվածք են ունենում։
Ծիծաղս հազիվ էի զսպում։ Հետո հարցրեց, թե եղբայրս ինչով է զբաղվում։ Ասեցի՝ ծրագրավորող է։ Բայց, ըստ երևույթին, էդ բառը նրան շատ բան չասեց, քանի որ հարցրեց, թե ինչ է ծրագրավորում։ Համակարգչի անուն լսելով՝ հիշեց, որ ինքը կարգին գլուխ չի հանում համակարգիչներից։ Հետո սկսեց բողոքել, որ հիմա բոլորն ամեն ինչ համակարգչով են անում՝ ուղեղներն աշխատեցնելու փոխարեն։ Բա իրենց ժամանակ էդպե՞ս էր... Ու խոսակցությունը սահուն կերպով վերածվեց «Վայ, էս հիմիկվա ջահելները...» կարգի մենախոսության (եթե նախապես չիմանայի, որ տատիկը հրեա է, կկարծեի՝ հայ է), որի ժամանակ ես մեկումեջ տմբտմբացնում էի գլուխս ու մտածում, թե երբ է տատիկը վերջապես թողնելու, որ հանգիստ քանդակեմ։ Ես չգիտեմ, թե մեր խմբի էն տղան ոնց է հաջողացնում տատիկին լսելով քանդակել, բայց ինձ համար դա միանգամայն անհնար էր. տատիկի խոսելաոճն էնպիսին էր, որ անմնացորդ ուշադրություն էր պահանջում։ Լավ էր՝ շատ երկար չմնաց։ Նա շուտով մի ուրիշ թարմ ականջ գտավ ու տեղափոխվեց դրա վրա «նստելու»։

Հետո քիչ–քիչ դասերին հայտնվեցին նաև պապիկներ։ Ես արդեն վաղուց եմ համոզվել, որ մարդկանց տարիքները գուշակելն ինձ համար բավական անհույս գործ է, իսկ ամերիկացի ծերերի դեպքում՝ առավել ևս։ Ու արդեն չէի էլ փորձում գուշակել, թե քանի տարեկան են էս մեր պապիկները։ Ինձ համար յոթանասունին մոտը մի տեսակ ստանդարտ տարիք է բոլոր ծերերի համար ։)։

Էն օրն էլ պապիկներից մեկը մյուսին հարցնում է.
– Դու մի ժամանակ դահուկասահքով էիր զբաղվում, չէ՞։ Հիմա է՞լ ես զբաղվում։
– Չէ, մի քանի տարի առաջ թողեցի։
– Ինչու՞։
– Դե, մտածեցի՝ 86 տարեկանում դահուկասահքն արդեն մի քիչ էն չի, էլի։

86 տարեկանում դահուկասա՞հք :o։ Փաստորեն, դեռ մի քանի տարի առաջ նա արդեն 86 էր։ Այսինքն՝ էս պապիկն էլ մոտ 90 կլինի։ Ու՞մ մտքով կանցներ...

Մի խոսքով՝ էս ծերուկների հետ չենք ձանձրանում :))։

Հ.Գ. Քանդակիս մասին՝ հաջորդիվ։

Ուլուանա
27.11.2014, 22:12
Չգիտեմ՝ ինչքանով է մարդկանց հետաքրքրում քանդակը ստանալու պրոցեսը, բայց ամեն դեպքում գրեմ, ում չի հետաքրքրում, կարող է չկարդալ։

Կավե քանդակը, որի վրա աշխատում էինք առաջին 4-5 դասերին, ոչ թե վերջնական արդյունքը պիտի լիներ, այլ ընդամենը հիմք էր ծառայելու գիպսե քանդակի համար։ Նախ գիպսե կաղապար պիտի պատրաստեինք, որի համար սկզբում կավե քանդակը պատեցինք հեղուկ գիպսով, որն ընթացքում բավական արագ տեմպով պնդանում էր։ Ասեմ, որ հոգեբանորեն ծանր ու տհաճ պրոցես էր պատրաստի գյոզալ քանդակի վրա զզվելի գիպսը ծեփելը, դեռ մի կողմ թողած էն հանգամանքը, որ շորերս ու մազերս էլ գիպսի մեջ կորել էին։ Չորանալուց հետո եկավ ավելի տհաճ ու ավելի բարդ գործը. արդեն քարացած գիպսե կաղապարն անջատել կավե քանդակից, բայց էնպես, որ կաղապարը հնարավորինս քիչ վնասվի։ Կավե քանդակը չվնասելու մասին արդեն ավելորդ էր մտածելը. ինչպես դասախոսս է ասում. նրա առաքելությունն արդեն ավարտված էր, իր գործն արել էր՝ ծնունդ էր տվել իր «զավակին», ու հիմա հանգիստ խղճով հոգին ավանդում էր :))։ Էդ պրոցեսը լրիվ ֆիզիկական աշխատանք էր, ջանջալ ու երկարատև, որը հիմնականում դասախոսս էր անում, հատկապես որ իմ քանդակը ամենախոշորն ու ամենածանրն էր՝ երկար մազերի շնորհիվ։ Ընթացքում խեղճ քանդակս լրիվ հաշմվեց. սկզբում մազերը պոկվեցին–ընկան, հետո՝ բեղ–մորուքը, ականջներն ու քթի ծայրն էլ պոկվեցին–մնացին գիպսե կաղապարի մեջ :(։ Շատ խղճալի տեսարան էր...

Գիպսե կաղապարն էլ իր հերթին որոշ կոտրվածքներ ունեցավ, բայց դասախոսս իմ շփոթված դեմքը տեսնելով՝ ինձ անընդհատ հանգստացնում էր, որ էդ ամենը նորմալ է, որ ինքը բառացիորեն հազարավոր անգամներ էս գործն արել է, ու կարող է վստահաբար պնդել, որ անհանգստանալու բան չկա, վերջում ամեն ինչ լավ կլինի։ Հետո կաղապարի կտորները միացյալ ուժերով միավորեցինք, կցմցեցինք, էդ ընթացքում էլ չնախատեսված «վթարներ» եղան, մի պահ ես արդեն մտածում էի, որ անհույս վիճակ է. քանդակիցս ձեռք քաշելու ժամանակն է։ Բայց դասախոսս էլի համոզեց, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հետո գիպսե կաղապարի մեջ հեղուկ գիպս լցրինք ու թողեցինք, որ չորանա մինչև հաջորդ դասը։ Դրանից հետո էլ գիպսե քանդակը գիպսե կաղապարից ազատագրելու ժամանակը եկավ։ Էս անգամ, ի տարբերություն նախորդ նմանատիպ պրոցեսի, ներսինն էր պետք փրկել, ոչ թե դրսինը։Բայց դրսինը քանդելիս շատ հեշտ էր ներսինը վնասելը, պետք էր շատ զգույշ լինել։ Հատկապես դժվար էր՝ հաշվի առնելով, որ երկուսն էլ նույն նյութից էին ու նույն գույնի. երբեմն չէիր տարբերում՝ արդեն հասել ես բուն քանդակին, թե դեռ կաղապարն է, ու պիտի քանդես։ Էդպես գիպսե կաղապարը կոտրելով՝ քանդակը հանեցինք, հետո էլ ահագին ժամանակ գնաց բազմաթիվ մանր–մունր կտորներ քանդակի վրայից ջարդրտելով, տաշելով ու քերելով հեռացնելու վրա։ Բացի դրանից, քանդակը նաև որոշ վնասվածքներ էր ստացել թե՛ մազերի, թե՛ դեմքի հատվածներում, որոնք պետք էր գիպսով վերականգնել կամ, այլ կերպ ասած, կարկատել։

Գիպսե քանդակի կարկատաններն ավարտված են, բայց դեռ պետք է հղկել ու ներկել։ Իսկ կավե քանդակը մինչև զոհաբերելն, իհարկե, տարբեր դիրքերից անմահացրել եմ։ Լուսանկարները՝ «Զուտ ձեռքի աշխատանքներ» (http://www.akumb.am/showthread.php/3301-%D4%B6%D5%B8%D6%82%D5%BF-%D5%B1%D5%A5%D5%BC%D6%84%D5%AB-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80?p=2501236&viewfull=1#post2501236) թեմայում։ Գիպսինն էլ հետո կտեղադրեմ։

Ուլուանա
11.12.2014, 21:32
...Գիպսինն էլ հետո կտեղադրեմ։
Երեկ գիպսի քանդակն էլ ավարտեցինք։ Վերջում էլ կոշիկի սպիտակ վաքսով փայլացրինք :)).

http://i.imgur.com/3AStRiU.jpg

Ուլուանա
18.12.2014, 04:21
Մի քանի ամիս առաջ ebay–ում մի հագուստ էի հավանել ու որոշել, որ կառնեմ։ Հետո էդ թաբն էդպես բացած թողել ու մոռացել էի (դե, ինձ մոտ միշտ անթիվ–անհամար թաբեր են բացված լինում)։ Էն օրը հիշեցի, մտա, նորից նայեցի, տեսա՝ դրանից մի հատիկ է մնացել, բայց էլի էդ պահին չզբաղվեցի, շեղվեցի ու մոռացա։ Երեկ տեսնեմ՝ Ֆեյսբուքիս լրահոսում է հայտնվել. հարցնում է. «Դեռ հետաքրքրվա՞ծ ես», ու տակը՝ նկարը։ Ասեցի՝ վայ, ճիշտ ա, սրանով պետք ա զբաղվել... Բայց հետո՝ էլի ականջի հետև։ Բայց նա համառորեն չի հանձնվում. էսօր նորից հայտնվեց. «Դեռ մտածու՞մ ես»։ Առաջին ռեակցիաս. դե զզվցրիր, էլի. հետաքրքրված եմ, հետաքրքրված չեմ, մտածում եմ, թե չեմ մտածում, թող ես որոշեմ, ի՞նչ ես կպռշկվել։ Բայց մյուս կողմից էլ եթե սենց ծնգլահան չաներ, իսկապես մոռանալու էի։ Հուսով եմ՝ վաղն արդեն առիթ չի ունենա ասելու. «Հը՞, չկողմնորոշվեցի՞ր»։ Հետապնդվելու միտքն, իհարկե, ջղայնացնող է ու մի քիչ էլ վախենալու, բայց որ խորանում ես, հաճախ նաև օգտակար կարող է լինել։ Ուղղակի արդեն գիտեմ՝ եթե մի բանը զուտ պահի տակ, պատահական հետաքրքրություն է ներկայացնում, incognito–ով եմ նայում, որ հետո ամիսներով (կամ գուցե տարիներով) հետևիցս քարշ չգա։

Ուլուանա
03.01.2015, 07:50
Հիշում եմ՝ երբ փոքր էի, ավելի ճիշտ՝ փոքր ժամանակվանից մինչև քսանքանի տարեկանը, Նոր տարին ինձ համար բացառիկ տոն էր՝ կախարդական, խոստումնալից, հույսերով ու սպասումներով լի։ Ես էլ չգիտեմ՝ ինչի էի սպասում, բայց միշտ ինչ–որ հրաշքի ակնկալիք կար, որը երբեք չէր իրականանում, բայց զարմանալիորեն երբեք չէր էլ խամրում ։ Հոռետես լինելով հանդերձ՝ առնվազն էդ օրը հավատում էի, որ, այ, եկող տարի իմ կյանքում ինչ–որ շատ լուրջ դրական փոփոխություններ են լինելու՝ հրաշքի պես։ Երևի սխալ ընկալումներ ու ակնկալիքներ ունեի հրաշք երևույթի հետ կապված։ Հստակ չեմ հիշում՝ երբ դադարեցի սպասել էդ հրաշքին։ Գուցե էն բանից հետո, երբ կյանքս ինչ–որ չափով կարգավորվեց ու այլևս «փրկարար» հրաշքների կարիք չունեի։ Չնայած կարգավորված կյանքին էլ հրաշքները չեն խանգարի, չէ՞։

Հիմա Նոր տարին իմ մեջ ոչ մի արտասովոր զգացողություն չի առաջացնում։ Հրաշքների սպասելու մասին էլ չեմ ասում։ Ինչու՞։ Որովհետև հիմա հրաշքի նկատմամբ վերաբերմունքս է փոխվել։ Հիմա կյանքն ինքնին հրաշք է ինձ համար, որի ընթացքում, սակայն, անընդհատ էլ բազմազան մանր ու խոշոր հրաշքներ են տեղի ունենում։ Ու դրա համար պարտադիր չի, որ Նոր տարի լինի։

Ուլուանա
09.01.2015, 08:04
Տարիներ առաջ ինձ մի գուշակ ասել էր, որ կյանքս շուտով կինոյի պես հետաքրքիր է դառնալու. «չգիտեմ էլ՝ հնդկական կինո ասեմ, թե հոլիվուդյան...»։ Համենայնդեպս, իր խոսելուց էնպիսի տպավորություն ունեի, որ ինքն էլ էր իր «տեսածից» լրջորեն զարմացած ու տպավորված, կարծես մինչ այդ դեռ էդ աստիճանի «հետաքրքիր» կյանքի գուշակություն արած չկար։ Հետս եղած մյուսների հետ կապված առանձնապես հետաքրքիր ու հիշարժան կանխատեսումներ կարծեմ չէր արել։ Էդ ժամանակ էլ իմ կյանքն էնքան անհետաքրքիր ու միապաղաղ էր, որ դրանից էն կողմ տաղտուկ դժվար էր պատկերացնել. տարիներով, կարելի է ասել, ոչինչ չէր կատարվում կյանքումս։ Ու էդ անգույն ֆոնի վրա էդ կնոջ ասածը լրիվ ֆանտաստիկ էր թվում։

Դրանից շատ չանցած՝ իմ սփրթնած կյանքն իրոք սկսեց հետաքրքիր գույներ ստանալ, ընդ որում՝ բավական արագ տեմպերով։ Ինչ–որ պահի ինձ սկսեց թվալ, որ իսկապես կինոյի մեջ եմ ապրում, ուղղակի սկզբում դեռ երկրորդական հերոսուհու դերերում։ Նույնիսկ մտածում էի, որ չէ, էս աստիճանի հետաքրքիր կինոներ չեն լինում։ Իսկ գլխավոր հերոսուհու դերերում հայտնվելուց հետո մտածում եմ. ի՞նչ կլինի, թող սրանից ավելի հետաքրքիր չդառնա. էսքանն ինձ լրիվ հերիք է։ Չեմ բողոքում, ավելին՝ իրականում անասելի գոհ եմ ու շնորհակալ էն ամենի համար, ինչ իմ կյանքում կատարվել ու կատարվում է։ Բայց սրանից ավելի հետաքրքիրին, ինձ թվում է, չեմ դիմանա...

Արտաքինից (ուրիշների աչքերով) իմ կյանքում հիմա էլ կարծես առանձնապես բան չի կատարվում, ինչպես որ իրականում չէր կատարվում էն ժամանակ։ Էստեղ պարզապես պետք է հիշել, որ ես շա՜տ մեծ աներևույթ թագավորություն ունեմ, ու աներևույթը բոլորովին էլ ոչ «երևակայական» իմաստով։

Ուլուանա
05.03.2015, 02:08
Արդեն ավանդույթ դարձած «տարվա ամփոփումս»՝ արդեն ավանդույթ դարձած մեծ ուշացումով :}։

Ի՞նչ կուզենայի ունենալ 2015-ին, որ պակասում էր 2014-ին:
Կուզենայի ինքս ինձնից գոհ լինել։ Այսինքն՝ ունենալ էն խղճի հանգստությունը, երբ գիտես, որ էն ամենը, ինչ պիտի անես, անում ես։ Բավական անսովոր հոգեվիճակ է, երբ մարդ իր կյանքում համարյա ամեն ինչից գոհ է լինում, բացի իրենից, քանի որ սովորաբար հակառակն է լինում։ Էս տարի ինձ մոտ էդպիսի վիճակներ հաճախ են եղել։

Ո՞րն էր իմ ամենամեծ ձեռքբերումը 2014-ին:
Լավատեսությունը
անհանգստանալու մոլուցքից ձերբազատվելը

Ո՞րն էր իմ ամենամեծ անհաջողությունը:
Կոնկրետ անհաջողություններ չեմ հիշում, որ ունեցած լինեմ։

Ո՞ր երգն ինձ միշտ 2014-ը կհիշեցնի:
Yasmeen Amina Olya – Օ habibi

2014թ երաժշտական բացահայտումս.
Yasmeen Amina Olya
Marketa Irglova (թեև վերջինիս վաղուց թեթևակի ծանոթ էի Once ֆիլմից)

2014 թ. ինչո՞վ եմ հպարտացել
2014–ին երկու ուսումնական հաջողություն եմ ունեցել, որոնցով երևի կարելի է հպարտանալ.
Design for Desktop Publishing առարկայի պրոյեկտներիցս մեկը որպես հաջող աշխատանք ընտրվել էր քոլեջի ցուցահանդեսում ցուցադրվելու համար
Անգլերեն առարկայի դասին գրածս էսսեներից մեկը դասախոսս ներկայացրել էր քոլեջի ամենամյա գրական մրցույթին՝ գրական վերլուծություն անվանակարգում, ու իմ էսսեն մի քանի ուրիշ էսսեների հետ արժանացել էր մրցանակի։

2014–ին ի՞նչ եմ արել առաջին անգամ
լիքը բաներ ստեղծագործական ոլորտում եմ առաջին անգամ արել.
պատրաստել եմ իմ անձնական կայքը, որը թեև վաղուց պատրաստ է, բայց դեռ ռիսկ չեմ անում ներկայացնել հանրությանը
մակրամեով գործել եմ շարֆիկներ, գոտի ու վարագույր
շապիկի վրա նկարել եմ
գավաթ եմ նկարազարդել
տղայիս մասին բոլոր փոքրիկ հետաքրքիր մանրապատումները, լուսանկարներն ու իր նկարածների ու պատրաստածների լուսանկարները համադրելով՝ թղթե գիրք եմ սարքել ու նվիրել տատիկ–պապիկներին
կավից ու գիպսից մարդու գլուխ եմ քանդակել

2014–ին ու՞մ եմ շնորհակալ և ինչի՞ համար
Կարելի է ասել՝ ընդհանուր առմամբ մի տեսակ լցված եմ շնորհակալության զգացմումով. շնորհակալ եմ տիեզերքին, իմ կյանքի մարդկանց, իրադարձություններին, նույնիսկ բացասական թվացողներին։ Ուղղակի շնորհակալ եմ։

Ի՞նչ եմ արել 2014–ին, որ չէի ուզենա այլևս անել։
Անկապ ժամանակ վատնել


Մի քիչ էլ «արձակ» ամփոփեմ...

Նախորդ տարին ինձ համար շատ բաներով տարբերվել է մինչև հիմա ապրածս կյանքի բոլոր տարիներից։ Էսքան հուզառատ, արտասովոր զգացողություններով հագեցած տարի երևի դեռ չէի ունեցել։ Նաև էսքան փոխված ու էսքան ինքս ինձ բացահայտած չկայի երևի, ինչքան նախորդ տարվա ընթացքում։ Լիքը երջանկություն եմ ապրել։ Որոշակիորեն ձեռքբերումների տարի էր։ Հիշում եմ, որ վերջին մի քանի տարիներն էլ եմ համարել ձեռքբերումների։ Դրա համար մի քիչ դժվարանում եմ ասել՝ բախտի բերմամբ իսկապես իրար հետևից ձեռքբերումների տարինե՞ր եմ ունեցել, թե՞ պարզապես սովորել եմ ձեռք բերել կամ ձեռք բերածս նկատել ու գնահատել։ Ուզում եմ հավատալ, որ ավելի շատ երկրորդը։

Էս տարին նաև երազանքների իրականացման տարի էր. իրականացել են իմ մի քանի անիրական թվացող երազանքներ։ Դրա շնորհիվ մեկ անգամ ևս համոզվեցի, որ երազանքները մի օր իրականանում են, ու երազելիս հարկավոր է շատ զգույշ լինել, պետք է երազել առավելագույնս հստակ ու մանրակրկիտ և առանց «միջնորդող» կամ «օժանդակող» հանգամանքները վերջնական թիրախի հետ շփոթելու։ Ճիշտ է, էս անգամ կարելի է համարել, որ բարեհաջող ձևով են իրականացել, բայց ընդհանրապես մենք հաճախ ենք անփութորեն երազում ինչ–որ բաների մասին, որոնց իրականացումը հետագայում կարող է պատիժ դառնալ գլխներիս, կամ էլ սխալ ձևով ենք երազում, ու լրիվ ուրիշ բան ենք ստանում մեր իրական ուզածի փոխարեն, բայց որ խորանում ենք, պարզվում է, որ ստացել ենք հենց էն, ինչ երազել էինք։

Անցած տարվա կարևոր ձեռքբերումներիցս մեկը լավատեսությունն էր։ Ես կողքից երևի շատերին եմ լավատես թվացել նախկինում, քանի որ սովորություն չունեմ հոռետեսական մտքերս հրապարակավ արտահայտելու, բայց իրականում ինձ նման հոռետեսի դժվար էր գտնել։ Մտերիմներս շատ լավ գիտեին, թե իրականում ինչ ծանր դեպք էի էդ առումով ու թե որքան հաճախ էի կարիք ունենում, որ ինձ լավատեսություն ներշնչեին, մխիթարեին ու համոզեին, որ ամեն ինչ լավ է լինելու։
Էս տարի ոչ միայն գրեթե կարիք չեմ ունեցել, որ ինձ լավատեսություն ներշնչեն, այլև հաճախ հակառակ դերում եմ եղել։ Նախկինում շատ տիպիկ իրավիճակ էր, երբ ինչ–որ բանից ահավոր անհանգստանում, մտահոգվում ու վախենում էի, ու ընտանիքս, մտերիմ ընկերներս՝ բոլորը փորձում էին ինձ հանգստացնել։ Իսկ անցած տարվա մեջ բազմիցս եղան իրավիճակներ, երբ բոլորն անհանգստանում էին, իսկ ես զարմանալիորեն հանգիստ էի ու անվրդով, ու մի բան էլ ինքս էի մյուսներին հանգստացնում։ Էն աստիճանի, որ մեկ–մեկ նույնիսկ մտածում էի՝ կարո՞ղ է՝ հետս մի բան էն չի։ Ախր ո՞նց եմ էս աստիճանի փոխվել։ Իհարկե, պատահել է, երբ ինչ–որ բանից առաջին պահին անհանգստացել կամ վախեցել եմ, բայց, որպես կանոն, շատ արագ կարողացել եմ դուրս գալ էդ վիճակից ու միանգամայն հանգիստ ու լավատեսությամբ նայել իրավիճակին։ Երևի տարիների աշխատանքս էդ ուղղությամբ ի վերջո տեղ է հասել։ Հատկապես վերջին տարում եմ էդ ուղղությամբ ահագին աշխատել։ Էնպես որ չեմ կարող ասել, թե դա զուտ բախտի բերմամբ երկնքից գլխիս իջած պարգև էր։

Տարվա ընթացքում պատահած հաճելի, դրական բաների ավարտից հետո դատարկության զգացում չեմ ունեցել, հակառակը՝ մի տեսակ լցված եմ մնացել արդեն եղած դրականով ու հաճելիով։

Անցած տարվա ընթացքում նաև մի շատ կարևոր բանում եմ համոզվել. ինչքան էլ վստահ լինենք ինքներս մեզ վրա, ինչքան էլ մեզ ուժեղ ու կայացած զգանք, մենք չգիտենք, թե ինչ իրավիճակում կհայտնվենք վաղը ու թե ոնց կպահենք մեզ։ Կյանքում էնքան իրավիճակներ կան, որ մեզ հեռավոր ու անիրական են թվում, այսինքն՝ մտածում ենք, որ մեզ հետ դա չի կարող պատահել, կամ համոզված ենք, որ եթե պատահի, մենք մեզ էսինչ ձևով կպահենք, մինչդեռ ամեն ինչ էլ կարող է պատահել, ու մեր պահվածքը որոշ իրավիճակներում կարող է բոլորովին էլ էնպիսին չլինել, ինչպիսին սպասում էինք։ Դրա համար պետք է աշխատել հնարավորինս զերծ մնալ թեկուզ մտքում ուրիշներին քննադատելուց կամ մեղադրելուց։

Ընդհանուր գրածիցս կարող է տպավորություն ստեղծվել, թե տարին բավական անհոգ ու ոչ պրոբլեմատիկ է եղել ինձ համար, բայց իրականում ծանր պահեր շատ են եղել, նկատի ունեմ՝ օբյեկտիվորեն բարդ իրավիճակներ, երբ ուրիշ դեպքում գլուխս կկորցնեի, բայց էս տարի հիմնականում կարողացել եմ ամենածանր իրավիճակներին էլ դրականորեն նայել ու, կարելի է ասել, ամեն ինչից երջանկություն «քամել»։ Ընդհանրապես երջանիկ լինելու «արվեստին» էս տարի սկսել եմ լավ տիրապետել՝ երջանկությունը միշտ ներսումս կրելով, ոչ թե դրսում փնտրելով։

Ուլուանա
22.04.2015, 21:52
Facebook–ում անծանոթներից նամակ ստանալու հնարավորության մասին խոսակցությունից ոգեշնչված գրառում :))։

Մի երկու շաբաթ առաջ ծանրոց էինք ստացել։ Համ հասցեատիրոջ անունն էր անծանոթ, համ ուղարկողինը, բայց հասցեն մերն էր։ Էդ ամենը գրված էր ոչ այնքան ընթեռնելի ձեռագրով։ Նաև գրված էր, որ նվեր է, ընդ որում՝ ուղարկված էր Հոնկոնգից։ Մտածեցինք՝ երևի մեր մոտակայքում ապրող մեկին են ուղարկել, հասցեի մեջ սխալմամբ մի թիվ կամ թվանշան սխալ են գրել, էդպես մեզ է հասել։ Որոշեցի հասցեատիրոջ անուն–ազգանունով որոնեմ, գուցե մի տեղ երևա, թե էդ անուն–ազգանունով մարդը որտեղ է ապրում, ասենք՝ արի քո եղ ու բրինձը տար :))։

Ես դեռ չգիտեի, թե ինչ տառապալից գործընթաց է ինձ սպասում... Սկզբում ուղղակի որոնում արեցի գուգլում, ինչ–որ մեկին գտա, որի հասցեն մասամբ էր նշված, իսկ ամբողջը տեսնելու համար պիտի մի երկու դոլար վճարեի։ Հասցեի եղած մասը համապատասխանում էր մեր հասցեին, դրանից ենթադրեցի, որ իսկապես մեր մոտակայքում մի տեղ է ապրում երևի։ Որոշեցի Ֆեյսբուքում էլ որոնել։ Մտքովս անգամ չէր անցնի, որ հարյուրավոր մարդիկ կան էդ անուն–ազգանունով՝ թե՛ Հոնկոնգում բնակվող, թե՛ Հոնկոնգում ծնված, բայց այլ երկրներում բնակվող։ Շատերի մոտ ինֆորմացիան փակ էր։ Ահագին որոնումներ անելուց հետո վերջապես գտա մի քանիսին, որ Նյու Յորքում էին ապրում։ Բացառման մեթոդով ի վերջո որպես հնարավոր տարբերակ մնաց նրանցից միայն մեկը, էն էլ բացի Նյու Յորքում բնակվելուց, ուրիշ ոչ մի տվյալ դեռ չէի գտել, որից կարելի էր ենթադրել, որ մեր փնտրած մարդն է։ Մնացած ամբողջ ինֆորմացիան փակ էր, մենակ լուսանկարներ կային, բայց դե որ մարդուն չեմ ճանաչում, դրանք ինձ ի՞նչ։

Հետո նկատեցի, որ էս մարդու Timeline–ում մի տասն օր առաջ իր ծնունդն էին շնորհավորել, ինքն էլ շնորհակալություն էր հայտնել, թե լայքել էր։ Մտածեցի՝ ըհը, կա–չկա՝ էս ծանրոցն էլ ծննդի ուշացած նվերն ա :))։ Ինչ ափսոս կլինի. մարդուն էդքան հեռվից հատուկ ծննդյան օրվա առթիվ նվեր են ուղարկել, իսկ ինքը չի ստանում... Հետո մտածեցի՝ նկարները նայեմ ամեն դեպքում, գուցե լուսանկարների վայրը նշված լինի, դա էլ մի բան հուշի։ Բայց առանձնապես օգտակար ինֆորմացիա չգտա էդ առումով։ Մեկ էլ աչքովս ընկավ ինչ–որ ալբոմ, որի մեջի երևացող լուսանկարում երկու կարապ էին երևում։ Ասեցի՝ հլը մի րոպե... Էս մեր լճի զույգ կարապները չե՞ն :))։ Մտա, նայեցի, պարզվեց՝ հենց մեր լճի մոտակայքում արված նկարներ էին։ Էդտեղից հույս հայտնվեց, որ երևի մեր փնտրած մարդն է։ Հետո մտածեցի՝ մի հատ ընկերների մեջ փնտրեմ էս ուղարկողի անունը, էդ էլ որ լինի, ուրեմն վերջ։ Բայց թարսի պես էդ անծանոթ անունն էնպիսի ձեռագրով էր գրված, որ տառերից մի քանիսը մի քանի ձևով կարելի էր մեկնաբանել, մի խոսքով՝ բոլոր հնարավոր տարբերակները փորձելուց հետո վերջապես գտա ուղարկողին։ Էդ ո՜նց էի ուրախացել :D։ Էդպես ոգևորված ասեցի ամուսնուս գտածոյի մասին, որոշեցինք, որ ինքը նամակ կգրի, ու մոլորված նվերը վերջապես կհասնի տիրոջը։ Բայց պարզվեց՝ դեռ վաղ էր ուրախանալու համար։

Պարզվեց՝ էս մեր նվերատերն անջատել է անծանոթներից նամակ ստանալու հնարավորությունը, ու դրանք գնալու են չարաբաստիկ Other Folder... Իսկ ես նախկինում Other Folder նամակ ուղարկելու դառը փորձ ունեցել էի, ու գիտեի, որ մարդիկ սովորաբար էդ նամակներն էդպես էլ չեն տեսնում։ Համենայնդեպս, նամակն ուղարկեց։ Երկու օր անցավ, ձայն չկար։ Դե, պարզ էր, մարդը չի տեսել, չի կարդացել։ Ամուսինս ասեց, որ նամակը գրելիս առաջարկ է եղել մի երկու դոլար վճարել, որպեսզի նամակը սովորականի պես հասնի տիրոջը (փաստորեն, նման դեպքերում էլ է գործում «փողին մունաթ» սկզբունքը)։ Ասեցինք՝ դե լավ, թքած էդ մի երկու դոլարի վրա, թող էս մարդն իրա նվերը ստանա վերջապես :))։ Էդպես հաջորդ օրն էդ մարդը պատասխանեց, պայմանավորվեցին, եկավ, իր նվերը տարավ։ Բնականաբար, ահագին շնորհակալություն հայտնեց, չնայած տենց էլ չիմացավ, որ իր նվերն իրեն հասցնելու համար փող էլ ենք ծախսել :))։ Պարզվեց՝ Նյու Յորքում է ապրում, բայց ոչ հենց մեր մոտակայքում, ուղղակի մի հինգ տարի առաջ մեր բնակարանն է վարձելիս եղել, այսինքն՝ նվեր ուղարկողի ունեցած տվյալներն էին հնացած։ Հուսով եմ՝ նվերը գոնե հավանել է, ու մեր ջանքերն իզուր չէին :))։


Հ.Գ. Էնպես որ, Լեո, անծանոթներից նամակներ ստանալն արգելելուց առաջ մի անգամ էլ մտածի։ Բա որ քեզ հետ էլ սենց մի բան պատահի :P։

Ուլուանա
18.08.2015, 07:58
Էնքան վաղուց չեմ գրել, որ արդեն անսովոր է օրագրային բնույթի գրառում անելը։ Իրականում գրելու կարիքը շատ եմ զգում, ասելիք էլ կա, բայց հետ եմ սովորել մի տեսակ... Իսկ երկար ժամանակ չգրելու դեպքում սկսում եմ ինձ նորեկ ու սկսնակ զգալ ու նաև չափից դուրս մեծ նշանակություն տալ նրան, թե ոնց կընկալվեն գրածներս, ով ինչ կմտածի և այլն։

Ուզում եմ օրագրային գրառումներ անելս նորից սովորություն դարձնել։ Հիմա էլ ինչ–որ կոնկրետ գրելիք չունեմ, ուղղակի որպես վերադարձ՝ կփորձեմ խճանկար–գրառում անել (թե՞ խճագիր)՝ ամեն ինչից մի քիչ–մի քիչ։

* * *
Վերջերս շատ եմ մտածում էն մասին, թե ինչքան երևութական է մարդկանց կյանքը դրսից։ Ինչքան բաներ չեն երևում, հաճախ շատ էական, լուրջ բաներ, որ մտքովդ էլ չի անցնի երբեք։ Մեզ սովորաբար թվում է, թե մենք բավականաչափ խորաթափանց ենք, որ մարդու հետ շփվելով, թեկուզ թռուցիկ, նրա մասին իմանանք հիմնական՝ ամենակարևոր բաները։ Իսկ իրականում հենց ամենակարևորները շատ դեպքերում չեն երևում։ Ինտերնետով շփումը, սոց. ցանցերն ու հաղորդակցության այլ միջավայրերը հաճախ հնարավորություն են տալիս տարբեր մարդկանց մասին էնպիսի բաներ պարզելու, որ տվյալ մարդու հետ շփվելով, իմանալով էն ամենն, ինչ ինքը թույլ է տվել իմանալ, երբեք մտքովդ չէր անցնի։ Ու իմացածիցդ ելնելով՝ սկսում ես մտածել՝ իսկ ինչքան բաներ կան, որ ուղղակի առիթ չես ունեցել իմանալու ու գուցե երբեք էլ չիմանաս...

* * *
Անցյալ տարին ամփոփելիս որպես կարևոր ձեռքբերում՝ նշել էի, որ կյանքի նկատմամբ մոտեցումս ահագին փոխվել է դեպի դրականը. սկսել եմ ամեն ինչ հանգիստ ու թեթև տանել, նույնիսկ ամենավատ իրավիճակների մեջ դրականը տեսնել, գրեթե ոչ մի բանից չանհանգստանալ ու չխառնվել իրար։ Հիմա էդ ձեռք բերածս մասամբ կորցրել եմ. շատ բաներ նորից սկսել եմ ծանր եմ տանել, մանր–մունր անհաջողություններից նյարդայնանալ։ Առաջվա պես չի, բայց որոշակի անկում կա։ Էս անկումը վերջերս եմ նկատել, ու հիմա փորձում եմ դեմն առնել։

* * *
Էլի ինքս ինձնից դժգոհ եմ, ինչպես միշտ՝ հիմնականում չարածս բաների համար։ Լավը չեմ մի շարք հարցերում. որոշ հարցերում նույնիսկ շատ վատն եմ։ Էն անկումային շրջանն է, երբ ամեն օր որոշում ես, որ, այ, վաղվանից, խելոք բալիկ ես դառնալու ու էսինչ, էնինչ բաներն արդեն անելու ես, որ էսինչ բանն արդեն ժամանակին ես անելու, ոչ թե հետաձգելու ես, ինչպես միշտ, և այլն։ Ու էդ վաղն էդպես էլ էսօր չի դառնում... Բայց պետք է դարձնել ինչ–որ կերպ։

* * *
Գնալով ավելի սուր եմ զգում իմ՝ հակասոցիալական էակ լինելը, գնալով ավելի եմ կղզիանում հասարակությունից, գնալով ավելի շատ եմ ինձ օտար մարմին զգում էս համակարգի մեջ։ Երբ տղաս դեռ մանկապարտեզ չէր գնում, արտաքին աշխարհի հետ շփումս մինիմալ էր, ու էդ ամենն զգալու առիթներն էլ համապատասխանաբար քիչ էին, համարյա չէի նեղվում։ Մենք մեր ընտանիքով ապրում էինք բավական մեկուսացած, մենք մեր օրենքներն ու դրվածքներն ունեինք ու հանգիստ ու գոհ ապրում էինք հիմնականում մեր ուզած ձևով, արտաքին աշխարհի անընդունելի երևույթների հետ բախումներն էլ հազվադեպ էին լինում։ Հիմա շատ բան փոխվել է։ Շատ դեպքերում անհնար է դարձել ուզածս չափով զերծ մնալ էն ամենից, ինչը բացասական ու սխալ եմ համարում։ Վերահսկողությունը սեփական կյանքի ու հատկապես երեխայի կյանքի նկատմամբ գնալով թուլանում է։ Ու դրանից պարբերաբար ինձ ահավոր անզոր եմ զգում՝ ճնշված, ճզմված ու փոքրացած... Համակարգի գերի։ Էն որ ուզում ես գլուխդ առնել ու փախչել հեռու...

* * *
Երկու շաբաթ է՝ ընդհանրապես չեմ շպարվում։ Վերջին տասնութ տարվա ընթացքում երևի մի երկու–երեք անգամ էր եղել, որ առանց ընդհանրապես շպարվելու տնից դուրս եկած լինեի, էն էլ որովհետև ուղղակի ստիպված եմ եղել, ոչ թե իմ հոժար կամքով։ Հիմա մի տեսակ սկսել եմ ինքս ինձ դուր գալ չշպարված։ Չգիտեմ, ինձ միշտ շպարված տեսած մարդկանց համար գուցե հիվանդ–հոգնած–լացած եմ երևում, ինչպես սովորաբար լինում է մշտապես շպարվող մարդկանց հանկարծ չշպարված տեսնելիս։ Բայց քանի որ ընտանիքից դուրս ծանոթ մարդկանց հազվադեպ եմ հանդիպում, դեռ կարծիք հայտնող չի եղել։ Չգիտեմ՝ ինչքան կտևի էս վիճակը, բայց ինձ լավ եմ զգում։ Բա տնից դուրս գալն ինչքան է հեշտացել։ Եթե առաջ մի կես ժամ էր պետք, հիմա՝ մաքսիմում տասը րոպե :))։

Էս էլ ես՝ անպաճույճ :)).
http://i.imgur.com/qVFu2Qw.jpg

Հ.Գ. Ինչ էլ բացասական ստացվեց վերադարձիս գրառումը։ Բայց ոչինչ, հետո տեղը կհանեմ դրական գրառումներով :)։

Ուլուանա
07.09.2015, 08:24
Սկսվեց իմ ենթադրաբար վերջին ուսումնական սեպտեմբերը։
Էս կիսամյակ կարծես թե ահագին զբաղված եմ լինելու։ Մի ընտրովի առարկա պիտի վերցնեի, տարբերակներից մեկն էլ պրակտիկան էր, որը միայն որոշակի քանակով առարկաներ վերցրած և որոշակի թվից բարձր միջին գնահատական ունեցող ուսանողները կարող են վերցնել՝ էն էլ ֆակուլտետի ադմինիստրացիայի հատուկ թույլտվությամբ։ Պրակտիկայի համար պետք էր դիմել նախորդ կիսամյակի ընթացքում, իսկ ես կիսամյակի վերջում նոր դիմեցի։ Ասեցին, որ արդեն ուշ է, բայց խոստացան, որ եթե հետո հարմար տարբերակ լինի, ինձ անպայման կտեղեկացնեն։ Ես էլ ենթադրեցի, որ անհույս գործ է ու ամեն դեպքում որոշեցի ապահովության համար մի ուրիշ ընտրովի առարկա վերցնել՝ իլյուստրացիան, որը դեռ մի տարի առաջ էի վերցրել, բայց վերջին պահին չեղարկվել էր անհրաժեշտ քանակով ուսանողներ չհավաքվելու պատճառով, ու ստիպված էի եղել այլ առարկա ընտրել՝ քանդակագործությունը, որի համար շատ գոհ եմ, քանի որ վաղուց էի էդ մասին երազում։ Մտածեցի՝ եթե հանկարծ պրակտիկան ստացվի (թեև քիչ հավանական էր), իլյուստրացիայից կարող եմ հրաժարվել։ Հետո շատ անսպասելիորեն պրակտիկան ստացվեց, բայց որոշեցի համ պրակտիկան վերցնել, համ էլ իլյուստրացիայից չհրաժարվել, քանի որ ամեն դեպքում, կարծում եմ՝ հետաքրքիր ու մասնագիտությանս համար օգտակար առարկա է։

Բայց էս պրակտիկայի հարցը մի քիչ զավեշտալի է։ Ուրեմն պրակտիկան պիտի անեմ մեր տարածաշրջանի մի խոշոր լրատվական թերթում։ Ես գիտեմ, որ պրակտիկան կարող է լինել և՛ վճարվող, և՛ չվճարվող, ու հարցազրույցի ժամանակ ինձ ասեցին, որ իրենք ընդհանրապես չեն վճարում պրակտիկա անող ուսանողներին։ Դե, քանի որ նախօրոք գիտեի, որ կարող էր չվճարվել, դա ինձ շատ չհուզեց, հատկապես որ պրակտիկա վերցնելու հիմնական նպատակս ոչ թե փող աշխատելն էր, այլ փորձ ձեռք բերելն ու նաև դրանով ռեզյումես հետագայի համար մի քիչ «սիրունացնելը»։ Բայց զավեշտն էն է, որ հերիք չի՝ ինձ աշխատանքիս համար չեն վճարելու, դեռ մի բան էլ ես եմ վճարելու, քանի որ տվյալ դեպքում պրակտիկան, ըստ էության, ընդամենը հերթական առարկա է, իսկ ամեն առարկայի համար որոշակի գումար ենք վճարում՝ կախված տվյալ առարկայի կրեդիտների քանակից։ Մի խոսքով՝ համ աշխատելու եմ, համ դրա համար վճարելու :))։

Մի երկու օր առաջ էլ իլյուստրացիայի առաջին դասն էր։ Առարկան ներկայացնելուց հետո դասախոսը մի հետաքրքիր վարժություն–խաղ հանձնարարեց, որի գաղափարը շատ հավանեցի թե՛ որպես երևակայություն, մտածողություն ու որոշակի հմտություններ (որոշակի հետևողականություն դրսևորելու դեպքում՝ նաև թիմային աշխատանքի համար) զարգացնող վարժություն, թե՛ որպես հավես ժամանց՝ համ երեխաների, համ մեծահասակների համար։
Դասախոսը բոլոր ուսանողներին մեկական մաքուր թուղթ բաժանեց ու ասեց, որ ամեն մեկը դրա վրա գրիչով կամ մատիտով արագ մի բան նկարի ու փոխանցի կողքինին։ Դա կարող էր լինել ինչ–որ առարկա, թեկուզ կիսատ, կամ ինչ–որ դետալ, գիծ, գծերի համադրություն և այլն, մի խոսով՝ ցանկացած բան, որ մտքներովս կանցնի։ Էդպես յուրաքանչյուր նկարին մասնակցում են բազմաթիվ մարդիկ՝ ամեն մեկն իր կողմից մի բան ավելացնելով։ Գաղափարն ինքնին ահագին հետաքրքիր էր, ու նաև շատ հետաքրքիր էր, թե ոնց կզարգանար։ Սկզբում բոլոր նկարները մի ուղղությամբ էին ճամփորդում, հետո սկսեցին տարբեր ուղղություններով խառը–մառը շրջագայել (դասախոսն էդպես էլ նախատեսել էր), որի հետևանքով նույն նկարը երբեմն մի քանի անգամ հայտնվում էր նույն մարդու մոտ։ Որոշ նկարներ շատ բարդ էր շարունակելը. երբեմն թվում էր՝ էլ ավելացնելու բան չկա, երբեմն ուղղակի վախենում էիր մի բան ավելացնելով՝ փչացնել ընդհանուր պատկերը, երբեմն էն աստիճանի անդուր էր եղածը, որ ուզում էիր մի հատ լրիվ «ուրիշ մուլտիկից» բան ավելացնելով՝ «հեղափոխություն» անել։ Սկզբում մի քանի հետաքրքիր ու հավես պոտենցիալով նկարներ եկան, որոնցում ես էլ հավեսով փորձեցի իմ լուման ներդնել։ Իսկ հետո սկսվեց մի սարսափելի բան... Հայտնվող բոլոր նկարներում սկսեցին գերիշխել սատանաները, հրեշները, զարհուրելի այլմոլորակայիններն ու զանազան անհասկանալի կերպարանքներով, բայց ակնհայտորեն չար ու բացասական արարածները, բռնությունը, աղետները, ավերածություններն ու «աշխարհի վերջերը»։ Մի խոսքով՝ ի վերջո, բոլոր նկարները վերածվեցին մոտավորապես նույն տեսարանին։ Էն որ նայում ես ու ուզած–չուզած՝ մի բան է մտքովդ անցնում. «Այ մարդ, էս ի՞նչ սերունդ ա մեծանում...»։ Մի խոսքով՝ գյոզալ գաղափարը փչացրին–թողեցին իրենց ուժաստիկ նկարներով :))։ Մտածում եմ՝ էս վարժությունը կիրառելով՝ բավական հետաքրքիր բացահայտումներ կարելի է անել մարդկանց մասին։

Նոր մտքովս անցավ, որ ցանկության դեպքում սրանից նույնիսկ օնլայն կարելի է խաղալ :)։

Ուլուանա
24.10.2015, 06:14
Ես ընդհանրապես ժամանակի զգացում չունեմ։ Դեռ չեմ հանդիպել էնպիսի մեկին, որն էդ առումով իմ չափ խայտառակ վիճակում լինի։ Ամեն անգամ ապշում եմ, թե ինչ աստիճանի կարող է հասնել էդ անկարողությունը։ Ու ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ոնց կարող է մարդը էդքան անգամ նույն իրավիճակում հայտնվելով՝ ոչ մի դաս չառնի դրանից, ոչ մի գրամ չփոխվի դեպի լավը։ Քանի՞ անգամ կարելի է ենթադրել, որ տասը րոպեից պատրաստ կլինես տնից դուրս գալու, բայց լավագույն դեպքում մի ժամից նոր պատրաստ լինել, քանի՞ անգամ կարելի է ակնկալել, որ էն ստեղծագործական աշխատանքը, որով էդ պահին զբաղվում ես, կավարտես մաքսիմում կես ժամից, բայց 5-6 ժամում մի կերպ ավարտել, կամ՝ երբ օրեր շարունակ վրան աշխատելուց հետո համոզվում ես, որ, այ, էսօր հաստատ կավարտես, այնինչ պարզվում է՝ դեռ մի շաբաթ պիտի աշխատես, որ ավարտես։ Ու ամեն անգամ ես իսկապես հավատում եմ, չէ, ի՞նչ հավատալ, էնքան վստահ եմ լինում, որ հենց էդքան է տևելու, դե լավ, գուցե մի՜ քիչ ավել։ Բայց չէ, իմ պատկերացրածն ախր նույնիսկ շփման եզրեր չի ունենում իրականության հետ։

Ընդհանրապես չեմ տիրապետում ժամանակին։ Մեկ–մեկ ինձ թվում է՝ անօգնական թպրտում եմ ժամանակի մեջ։ Լիքը բաներ չեմ հասցնում, լիքը բաներ կուտակվում են, ծանրանում խղճիս վրա։

Վերջերս էլ ինքնապաշտպանական մեխանիզմը մեջս շատ ուժեղ է գործում։ Երբ գիտեմ, որ լիքը անելիքներ ունեմ, չեմ հասցնում, չգիտեմ՝ որն անել, որը թողնել, ու էդ բեռի տակ ճզմված եմ ինձ զգում, մեկ էլ ինչ–որ պահից սկսած՝ կարծես մոռանում եմ էդ բոլորի մասին ու թեթևանում, կարծես ինչ–որ մեկն էդ բեռը վերցրած լինի ուսերիցս։ Ու երբ որոշ ժամանակ ինչ–որ տարօրինակ հանգստությամբ անգործության մատնված լինելուց հետո ինձ այցելում է էն բնական միտքը, որ ինչ–որ բան էն չի, ես պիտի որ ինչ–որ գործեր ունենայի անելու, պարզվում է՝ ես դեռ պիտի փորձեմ հիշել, թե էդ ինչ գործեր էին, որ չեմ անում։ Հետո քիչ–քիչ սկսում եմ մտաբերել, որոշ բաներ անել։ Ու էդպես մինչև հաջորդ ինքնապաշտպանական «անջատումը»։ Երևի ենթագիտակցությունս գիտի, որ եթե չազատի ինձ էդ բեռից, ես կարող է խելագարվեմ էդքան գործեր ունենալու ու դրանք չանելու ծանր գիտակցումից։

Էս ուղղությամբ աշխատել է պետք։ Շատ լրջորեն ու հրատապ։

Վերջերս մտածում էի. ի՞նչ է ինձ պետք լիարժեք երջանիկ լինելու համար, ու հասկացա, որ ամենաշատը պետք է, որ ինքս ինձնից գոհ լինեմ։ Ոնց նայում եմ, տվյալ դեպքում ինձ հենց դա է պակասում։ Երբ քեզնից դժգոհ ես լինում, ուրիշ ոչ ոք ու ոչինչ չի կարող էդ բացը լրացնել։ Ուղղակի պիտի էնպես անես, որ գոհ լինես։ Պիտի արժանանաս քո էդ վերաբերմունքին։ Ումից կամ ինչից էլ որ դժգոհ եմ, համարում եմ, որ հիմնականում ինքս ինձնից դժգոհ լինելու հետևանք է։ Համոզված եմ։ Համարյա ամեն ինչ ինձնից է կախված։ Սա օդից չեմ ասում, սեփական փորձից գիտեմ. ի վերջո, միշտ չի, որ էսքան դժգոհ եմ լինում. եղել են շրջաններ, ի դեպ, բավական երկարատև, երբ ընդհանուր առմամբ ինքս ինձնից գոհ եմ եղել, ու սեփական անձի հետ էդ ներդաշնակության զգացողությունն իսկապես ամեն ինչ է։ Դրանից դուրս համարյա ամեն ինչ մանրուք է ու կառավարելի։

Ուլուանա
31.10.2015, 08:14
Ընդհանուր առմամբ Հելոուինը չեմ սիրում, հիմնականում «ուժաստիկային» շեղվածության պատճառով։ Զանազան կերպարների հանդերձանքով ներկայանալու գաղափարը դուրս գալիս է, եթե սարսափ–կերպարների մասին չի խոսքը։ Բայց մի ուրիշ պահ կա էս տոնի հետ կապված, որ հավեսս բերում է. էն, թե ինչ հավեսով ու խանդավառությամբ են ամերիկացիները պատրաստվում ու մասնակցում էս տոնին։ Էնքան հավես է տեսնելը, որ մանկապարտեզի երեխայից սկսած՝ մինչև տարեց մարդիկ նույն հավեսով կարող են հագուստ պատրաստել իրենց համար, դիմահարդարվել, հագնվել, դերի մեջ մտնել, դդումներ զարդարել և այլն։ Ու էդ ամենն անել երեխայի հետաքրքրվածությամբ ու խանդավառությամբ։ Մի խոսքով՝ հավես է, երբ մարդիկ հավես են ունենում՝ անկախ տարիքից ու կարգավիճակից։

Քանի որ էս տարի Հելոուինը շաբաթ օր է ընկնում, մանկապարտեզներում, դպրոցներում ու աշխատավայրերում ուրբաթ օրն են նշում։ Դե, ես էստեղ դեռ կոլեկտիվ չեմ ունեցել, առանձնապես առիթ ու ցանկություն էլ չի եղել որևէ կերպ մասնակցելու էդ տոնին։ Բայց հիմա որ պրակտիկայի եմ գնում, գնալուս օրը հենց ուրբաթն է, ու էսօր ակամա Հելոուինի մեջ հայտնվեցի։ Որ հիմնական աշխատող չեմ, առանձնապես շփումներ էլ չեմ ունենում էնտեղ, ընդամենը շաբաթը մեկ եմ գնում, ինձ էլ Հելոուինի հետ կապված բան ասող չի եղել, սովորականի պես գնացի գործի։ Ավելի կոնկրետ՝ իմ տիպիկ ոճի հանդերձանքով գնացի։ Աշխատավայրում հայտարարվել էր հանդերձանքի ու դդումի ձևավորման մրցույթ։ Դդումներն արդեն ձևավորած պիտի բերեին տնից։ Հագուստի համար էլ բոլորս պիտի վեր կենայինք տեղներիցս ու շրջեինք աշխատավայրով, որպեսզի բոլորի հագուկապը տեսնեինք ու անանուն քվեարկեինք մեզ դուր եկած լավագույն հանդերձանքի օգտին։

Համարյա բոլորը Հելոուինային հանդերձանքով էին եկել։ Միայն մի քանի հոգու նկատեցի սովորական հագնված։ Ինձ թվում էր՝ ես էլ եմ սովորական հագնվածներից, դե, առնվազն իմ սովորականը, բայց պարզվեց՝ միայն իմ կարծիքով էր էդպես :))։ Որ վեր կացա, գնացի մարդկանց հագածները տեսնելու, մեկ էլ մի քանի հոգի ժպտալով մոտեցան, թե՝ հիպպի եք ներկայացնում, չէ՞, շատ սիրուն է։ Ծիծաղելով ասեցի՝ շնորհակալ եմ, բայց սա հելոուինային հանդերձանք չի, իմ հագուստն է։ Իրենք էլ, թե՝ հա՞, բայց իրոք շատ սիրուն է։ Լանչի ժամին էլ մի տղա մոտեցավ, թե՝ ի դեպ, շատ սիրուն Պոկահոնտասի հանդերձանք է, շատ կրեատիվ։ Էլի շնորհակալություն հայտնեցի ու նրա համար բացահայտեցի «դաժան» իրականությունը։ Նա էլ, թե՝ բայց շատ–շատ սիրուն է։

Հիմա մարդ չգիտի՝ իրեն լավ զգա, թե կոմպլեքսավորվի, որ իր սովորական հանդերձանքը հելոուինային ասոցիացիաներ է առաջացնում։ Փաստորեն, ես հաճախ տնից դուրս եմ գալիս հելոուինային տեսքով, ու վրաս խաբար չկա։ Բայց դե ես ինձ լավ եմ զգում իմ հանդերձանքով, հիմա թող մի քիչ էլ հելոուինային լինեմ, ի՞նչ կա որ։

Բայց ամենաարտառոց հանդերձանքը ընկերության փոխտնօրենինն էր։ Ուրեմն երևի մոտ 60–ն անց, յոթանասունին մոտ, լավ բարձրահասակ մարդ է՝ շատ հանգիստ, բարեհամբույր, համեստ, բայց միաժամանակ ակտիվ ու գործնական։ Սկզբում որ տեսա, չճանաչեցի, հետո որ տեղը բերեցի, ցնցվել էի. վհուկ կնոջ հանդերձանքով ու դիմահարդարանքով էր, թեև ոչ միայն դիմա– :D։ Հագել էր բարձրակրունկ սև կոշիկներ, սև կալգոտկի՝ ծակ–ծակ նախշերով, սև կարճ շրջազգեստ՝ վրայից կախված մի քիչ ցնցոտիանման կտորներով, վերևն էլ դեկոլտե (մարդը խնամքով թրաշել էր կրծքավանդակը :D), եղունգներին՝ սև լաք։ Դեմքի ու ձեռքերի մաշկին մոխրագույն երանգ էր տված, դեմքն ընդհանրապես լուրջ դիմահարդարման էր ենթարկված, աչքերից ու բերանից ծորացող արյան հետքերն էլ վրադիր։ Նենց էլ հանգիստ քայլում էր բարձրակրունկների վրա։ Ամբողջ ընթացքում էլ էդ հանդերձանքով մնաց։ Ամեն անգամ որ աչքովս էր ընկնում տարբեր աշխատողների հետ գործնական խոսելիս, գնալ–գալիս, ծիծաղս հազիվ էի զսպում։ Ու ամենաուժեղն էն էր, որ ինքը հենց էդ տեսքով էլ տնից եկել էր աշխատանքի։ :)) Ու ինքը տարածաշրջանի ամենախոշոր լրատվականի փոխտնօրենն է, որին ուրիշ ժամանակ միշտ կոստյումով ես տեսնում։ Ու՞մ մտքով կանցներ :))։

Ուլուանա
01.11.2015, 06:33
Էս Հելոուինը լրիվ հակաինտրովերտային տոն է։ "Trick or treat"–ը վկա...

Արդեն երկրորդ տարին է, որ տղայիս հետ Հելոուինի օրը ընտանյոք գնում ենք Trick or treat–ի :{։ Մեր դեպքում էդ արարողությունը հատկապես անհեթեթ է էն պատճառով, որ հավաքված քաղցրավենիքը մեր տանը ոչ ոք չի ուտելու։ Տղաս դրանցով խաղում է, մինչև մի օր շպրտում ենք, գնում են։ Բայց էդ դռնեդուռ կոնֆետ հավաքելու պրոցեսը շատ ոգևորիչ է տղայիս համար, սիրում է, մենք էլ տանում ենք։ Ու կապ չունի, որ ում դուռն էլ ծեծում ես, որպես կանոն, խիստ բարեհամբույր ու սիրալիր տատիկ–պապիկներ են հիմնականում բացում («հիմնականում»–ը տատիկ–պապիկներին ա վերաբերում, ոչ թե սիրալիր ու բարեհամբույրին. վերջինս ոչ թե հիմնականում ա, այլ միշտ) ու սիրով առաջարկում արդեն նախօրոք պատրաստած կոնֆետները։ Մեկ է, մենակ էդ դուռը զանգել/ծեծելու պահն ու սպասելը, մինչև բացեն, արդեն էնքան դիսկոմֆորտ է պարունակում, չէ, ավելին՝ մենակ դրա մասին մտածելն արդեն իսկ դիսկոմֆորտ է։ Ու չնայած դեռ դեպք չի եղել, որ նկարագրածս ձևով չդիմավորեն դուռը բացողները, մեկ ա, միշտ մտածում ես՝ բա որ հանկարծ էս մեկը սիրալիր չլինի։ Ամուսինս ասում է՝ եթե մարդիկ չուզենան, ուղղակի դուռը չեն բացի, էլի, ինչի՞ ես մտածում։ Ու իրոք կան մարդիկ, որ դուռը չեն բացում, զգում ես, որ տանն են, բայց չեն բացում, թողնում, գնում ես (թեթևացած :D)։ Բայց, մեկ է, ես Հայաստանի բնակիչներից շատերին պատկերացնելով՝ դեռ անհանգստանում եմ, որ կարող են մարդիկ լինել, ովքեր, օրինակ, խիստ դեմ են Հելոուինին, ասենք, բարոյապես, կրոնապես, էթիկապես և այլ առումներով անընդունելի են համարում էդ դռնեդուռ կոնֆետամուրությունը, կներեք արտահայտությանս համար, ու, ասենք, կատաղած դուռը բացում են ու վրաներս գոռգոռալով՝ սկսում ամոթանք տալ, որ իրենց հանգիստը խաթարում ենք նման անպատկառ ձևով։ Ճիշտ է, մինչև հիմա չեն եղել, բայց տեսականորեն կարող են լինել, չէ՞։ Օրինակ, նույնիսկ եթե համարենք, որ էստեղ բոլորը քաղաքավարի ու սիրալիր են, առնվազն արտաքինից, բայց գոնե ինչ–որ ցնդածներ գոյություն ունեն, չէ՞, ովքեր կարող են դուռը բացել ու բարոյախրատական ճառեր կարդալ գլխներիս։ Օրինակ, որ պատկերացնում եմ, Հայաստանի ավելի քան ռեալ իրավիճակ ա թվում, ընդ որում՝ դրա համար հեչ պարտադիր չի ցնդած լինել. բավական է միջին վիճակագրական հայ բնակիչ լինել, ու կատաղած կամ առնվազն մունաթոտ բարոյախրատական ելույթները պատրաստ են։ Էս trick–or–treat–ային շրջագայությունների ժամանակ հաճախ մտածում եմ նաև Եհովայի վկաների մասին, թե ինչ են զգում, մտածում նրանք ամեն դուռ ծեծելիս։ Իհարկե, հեչ համեմատելի չի, գիտեմ, բայց պատկերացնում եմ, որ նրանցից գոնե ոմանց համար պարտադրված ու անկապ պրոցես կարող է լինել դռնեդուռ ընկնելով՝ իրենց գաղափարները մարդկանց վզին փաթաթելը։

Մարդիկ էլ կան, որ որպեսզի դուռն ամեն անգամ չբացեն–փակեն, զամբյուղով կամ մեծ ամանով կոնֆետները դնում են դռան դիմաց, որ ամեն երեխա մի քանի հատ կամ մի բուռ վերցնի, գնա։

Էսօր Վազգենին ասում եմ՝ իսկ չի՞ լինի՝ դու ու Արեգը մենակ գնաք, ես չգամ։ Ասում է՝ չէ, միասին գնանք։ Ասում եմ՝ ինչի՞, ես ինչների՞դ եմ պետք, ասում է՝ ես մենակ ամաչում եմ։ :D Մի խոսքով՝ որոշվեց, որ պիտի միասին ամաչենք։ Տենց էլ արեցինք։ Ճանապարհին էլ հարցնում եմ՝ մինչև ո՞ր տարիքն են էրեխեքը գնում trick or treat–ի, որ իմանամ, թե դեռ քանի տարի պիտի անցնենք սրա միջով, ասեց, որ կարդացել է՝ մինչև 14-15 տարեկանը :cry։ Ու ճանապարհին էլ, ի դեպ, տեսանք մոտավորապես էդ տարիքի էրեխեքի, ճիշտ է, առանց ծնողների էին, մի քանի հոգով։ Մտածում եմ՝ Հայաստանում էդ տարիքի էրեխեքը հաստատ կամաչեին տենց բանի գնալ, հատկապես հաշվի առնելով բնակիչների ռեակցիաների անկանխատեսելիությունը։

Մեր տան մոտերքով էրեխեքը շատ չեն անցնում, տան տեսքն էլ դրսից մի տեսակ տրամադրող չի։ Անցյալ տարի ամանով դրել էինք աստիճաններին, որ գան, վերցնեն, բայց տենց էլ ձեռք տվող չէր եղել։ Տխուր էր մի տեսակ։ Էս տարի էլ դրեցինք, բայց էս անգամ ցանկապատից կախեցինք, որ ավելի լավ երևա, վերցնեն։ Իննի մոտերը, երբ արդեն դժվար թե դրսում էդ նպատակով շրջող երեխաներ լինեին, գնացինք ամանը բերելու։ Պարզվեց՝ ամբողջ կոնֆետը տարել էին, բացի մի հատիկից :))։ Ուրախացանք :)։

Ուլուանա
03.12.2015, 08:19
Վերջերս լիքը մտքեր կային գրելու, բայց էնքան հետաձգեցի, արդեն մոռացել եմ մեծ մասը...

Ստեղծագործելու հետ կապված հաճախ զանազան մտքեր են առաջանում գլխումս, բայց մի տեսակ հուշտ եմ լինում էդ բոլորի մասին գրելուց։ Ինձ միշտ թվում է, թե դրանք միայն ինձ համար են հետաքրքիր։ Ընդհանրապես գնալով ավելի դժվարությամբ եմ ինձ ստիպում մտորումներս օրագրում/բլոգում արտահայտել։ Իսկ որևէ հետաքրքիր, զվարճալի իրադարձության մասին գրելը հեշտ է, քանի որ ձանձրացնելու կամ չհասկացվելու հավանականությունը փոքր է, բայց էդպիսի «արտաքին» իրադարձություններ իմ կյանքում հաճախ չեն տեղի ունենում, մինչդեռ «ներքին»՝ ինչքան ասես։

* * *

Երբեմն ինձ թվում է, որ միակ բանը, որ միշտ, ցանկացած պահի հավես ունեմ անելու, ստեղծագործական աշխատանքն է։ Ճիշտ է, կարող է՝ տարբեր պահերի տարբեր ոլորտի կամ տեսակի ստեղծագործական աշխատանքի հավես ունենամ, բայց կարևորը ստեղծագործական տարրի առկայությունն է։ Եթե երկար ժամանակ որևէ բան չնկարեմ, չսարքեմ, չգործեմ, չմոգոնեմ, ահավոր թերիության, անիմաստության զգացողություն եմ ունենում, ինձ թվում է՝ կյանքը սկսում է մեջս մարել... Երբեմն լսում եմ. «Ու՞մ ա պետք էդ ամենը, եթե, մեկ ա, մեջը փող չկա»։ Չգիտեմ՝ ուրիշ ում է պետք (ոնց որ թե առայժմ շատ քիչ մարդկանց), բայց ինձ հաստատ պետք է՝ օդի ու ջրի պես։

Մեկ–մեկ նույնիսկ թվում է, թե մնացած ամեն ինչն իրականում խանգարում է ինձ ստեղծագործական աշխատանքին լիովին տրվելու։ Զզվում եմ ինձնից նման պահերին, բայց, ցավոք, էդ հիվանդ միտքը պարբերաբար այցելում է։ Տեսնես՝ երբևէ կսովորե՞մ հավասարակշռություն պահել ստեղծագործականի ու ստանդարտ կարևոր գործերի միջև, որ նման հիվանդ մտքեր այլևս չունենամ։

Երբեմն էլ մտածում եմ՝ երանի երկու զուգահեռ կյանքեր ունենայի. մեկը նվիրեի ստեղծագործելուն, մյուսը՝ մնացած ամեն ինչին։ Որ ոչ մեկը մյուսին չխանգարեր։ Չնայած ինձ երևի մի քանի զուգահեռ կյանք պետք կլիներ։ Հետո էլ անմիջապես հաջորդում է էն միտքը, որ էդպես, այնուամենայնիվ, ինչ–որ բան սխալ կլիներ. իրականում ամենաճիշտը դրանք համատեղելու մեջ հմտանալն է։ Երևի միայն էդ դեպքում ամեն ինչ լիարժեք կլինի։

Երբեմն ճնշվում եմ էն մտքից, որ ամբողջ կյանքս չի հերիքի արվեստի ինձ հետաքրքրող բոլոր ոլորտները փորձելու համար։

Ուղեղումս մշտապես ստեղծագործական գաղափարների քաոս է։ Գաղափարներս գլխումս չեն տեղավորվում... Մեկ–մեկ թվում է՝ գլուխս ուր որ է՝ կպայթի էդ «ծանրությունից»։ Էնքան շատ են ու էնքան բազմազան, որ իրար խանգարում են։ Հաճախ մեկի իրագործումը դեռ չավարտած՝ մյուսն է վրա տալիս ու խանգարում ավարտելուն։ Երբեմն մի քանի գաղափար միաժամանակ են սկսում ուղեղս կրծել ու էնքան են քրքրում, որ էդպես էլ ոչ մեկը չեմ կարողանում իրագործել։ Ի վերջո, բազմաթիվ գաղափարներից միայն քչերն են իրագործվում ու ավարտուն տեսք ստանում։

Բայց վերջերս մի բան եմ հասկացել. եթե ես ինքս ժամանակ չստեղծեմ, ուրիշ տեղերից «չպոկեմ» ստեղծագործելու համար, էդ ժամանակը երբեք իր հոժար կամքով չի հայտնվելու։ Նաև նկատել եմ, որ նման դեպքերում, երբ կոնկրետ ստեղծագործական գաղափար ներսից կրծում է ու ձգտում իրագործվելու, անկախ նրանից, թե ինչքան կարևոր ու հրատապ գործեր ունեմ, միևնույն է, չեմ կարողանում էդ գործերի վրա կենտրոնանալ ու զբաղվել, ինչպես հարկն է. կամ մեղքի զգացումից տառապելով՝ անընդհատ հետաձգում եմ, կամ ինքնապաշտպանական մեխանիզմով արտամղում հիշողությանս հեռավոր ծալքեր ու միայն ամենաանհրաժեշտները կիսատ–պռատ անում։ Իսկ եթե թեկուզ կարճ ժամանակով հաջողացնում եմ էստեղից–էնտեղից ժամանակ պոկել ու նվիրել ստեղծագործական աշխատանքին, էն կարևոր ու անհրաժեշտ գործերի արանքներում դրանով զբաղվել, զգում եմ, որ մյուս գործերն էլ են դրանից շահում. մի տեսակ լիցքավորվում եմ, կյանքն ավելի գունավոր, ավելի իմաստալից ու հետաքրքիր է դառնում, նույնիսկ դժվարություններն ավելի հեշտ են թվում, ու շատ ավելի շատ գործեր եմ անում ու հաճույքով։ Մեկ է, արդեն համոզվել եմ, որ ինչքան էլ ինձ կոտորեմ ու հաճույքներից զրկեմ, չեմ կարողանալու բացարձակապես ամեն ինչ հասցնել, ամեն ինչ իդեալական անել, հետևաբար ինչու՞ էնպես չանեմ, որ համ հաճույքիցս չզրկվեմ, համ էլ կարևոր գործերը հնարավորինս շատ հասցնեմ։ Ու սա միայն ստեղծագործելուն չի վերաբերում։ Կարծում եմ՝ ցանկացած հաճելի ու դրական լիցքեր պատճառող զբաղմունքի վրա էլ կարելի է տարածել։ Պարզապես հարկավոր է գիտակցել, որ որոշակի կարգավիճակի ու պայմանների դեպքում ազատ ժամանակ հասկացություն այլևս չի կարող լինել, հետևաբար մնում է այն բառացիորեն պոկել բոլոր հնարավոր տեղերից։ Էդքան բան։

Ստեղծագործական վիժումը ծանր բան է, ու եթե ժամանակ չգտնես ծննդաբերելու համար, վիժումներ մշտապես տեղի են ունենալու ու կյանքդ թունավորեն։ Գաղափարները քեզ չեն ներում իրենց վիժելու համար, հատկապես որ նրանք, որպես կանոն, ինչքան լավն են լինում, էնքան էլ հիշաչար։

Մեկ էլ մտածում եմ. ստեղծագործական աշխատանքով ընդհանրապես չզբաղվող մարդիկ իրականում ինչքան բանից են զրկված. ինչքան ավելի քիչ գույներ են տեսնում կյանքում։ Պիտի որ կյանքը շատ ավելի անհետաքրքիր լինի իրենց համար, միայն թե իրենք դրա մասին դժվար թե երբևէ իմանան, քանի որ իմանալու միակ ձևը ստեղծագործական պրոցեսի մեջ մտնելն է՝ նույնիսկ անկախ արդյունքից։

Ուլուանա
09.12.2015, 07:19
Արտասահմանում ապրելով՝ Հայաստանում եղած շատ երևույթներ սկսում ես նաև մի տեսակ դրսից՝ օտարի աչքով տեսնել։ Ու Հայաստանն էնքան հետաքրքիր ու առանձնահատուկ է երևում աչքիդ։ Շատ բաներ, որ Հայաստանում ապրելիս միանգամայն սովորական ու բնական էին թվում, սկսում են խիստ արտառոց ու տարօրինակ թվալ, իսկ արտասահմանցու աչքում՝ որպես տուրիստի, պիտի որ ահագին հետաքրքիր լինեն՝ որպես իր իմացած, ճանաչած իրականությունից դուրս երևույթներ։

Էսօր, օրինակ, խոսքից խոսք բացվեց, ու հիշեցինք մեր հին հայկական բուդկա–զուգարանները, որոնք Հայաստանի խուլ գյուղերում երևի հիմա էլ դեռ մարդկանց կենցաղի սովորական մաս են կազմում։ Որ խորանում ես, ի՜նչ կոլորիտային երևույթ են էդ փայտաշեն արկղերը։ Չէ, դուք մի հատ պատկերացրեք արտասահմանցուն էդ զուգարաներից մեկում... Տպավորությունների ու զգացողությունների ի՜նչ բացառիկ ու աննախադեպ փունջ է սպասում նրան՝ զուգարանի չհղկված, փշոտ ու կեղտոտ դուռը բացելու պահից սկսած։ Իսկ ներսում՝ լրիվ ունիկալ մի աշխարհ. իր իմացած նուրբ ու հիգիենիկ զուգարանի թղթի փոխարեն դեղնած, կոպիտ էջերով հնամյա գիրք՝ հաճախ հենց հատակին դրված, վրան լիքը ճանճերի ծերտեր, էջերի մի մասն արդեն պոկոտած, մինչ դռան բացվելը քար լռություն պահպանող, բայց դուռը բացվելուն պես խլացուցիչ դզդզոցը գցող պլպլան կանաչ ճանճերի քաոսային շարժում (պատկերացնու՞մ եք՝ ոնց վեր կթռնի խեղճը), որոնցից ինքը հաստատ երբևէ տեսած էլ չի լինի կյանքում (որտե՞ղ պիտի տեսած լիներ), տարիների ընթացքում էդ զուգարանը երբևէ այցելած բոլոր անձանց արտաթորանքի անծայրածիր լիճն էլ ոտքերի տակ (դուք կարող է չգիտակցեք, բայց արտասահմանցու համար դա էլ է բացառիկ ու աննախադեպ տեսարան), դե, թունդ հոտն էլ վրադիր։ Էլ չեմ ասում՝ էն էքստրիմի պահը, որ եթե հանկարծ, Աստված չանի, անփորձ ոտքը սայթաքի ու ընկնի էդ անտակ հորի մեջ, դա կարող է նրա այցելած վերջին վայրը դառնալ։ Իսկ եթե բախտը բերի ու բարով–խերով դուրս պրծնի արտաքին աշխարհի հետ կապ չունեցող էդ անտիկ արկղից, նրան հետո կթվա, թե կինո է տեսել կամ երազ։ Չնայած չէ, երևի կլուսանկարի ու կանմահացնի էդ սյուր տեսարանները, հակառակ դեպքում, երբ վերադառնա իր երկիր ու պատմի տեսածի մասին, նրան ո՞վ կհավատա։

Ուլուանա
22.01.2016, 09:06
Մի երևույթ եմ նկատել վաղուց, բայց կարծեմ ոչ մի անգամ չեմ խոսել դրա մասին։
Երբ ինչ–որ մեկին հակակրում եմ, բավական է, որ հակակրանքը հասնի իր առավելագույն աստիճանին, մեկ էլ կտրուկ վերածվում է խղճահարության, կարեկցանքի։ Սա էն վերևից նայելով, արհամարհական խղճահարությունը չի, երբ կատաղությունից (հաճախ՝ նաև անզորությունից) պայթելով՝ դիմացինի դեմքին շպրտում են, թե խղճում են նրան, բայց իրականում բոլորովին էլ չեն խղճում, այլ պարզապես ատում են։ Իմ նկատի ունեցած դեպքում խոսքը լրիվ անկեղծ, իսկական խղճահարության ու կարեկցանքի մասին է, ու էդ դեպքում հաստատ դիմացինին դրա մասին հայտնելու ցանկություն էլ չես ունենում։ Ուղղակի կարծես «առաստաղին» խփվելուց հետո մարդը միանգամայն բնականորեն ընկնում է ցած և անօգնական ու խղճալի փռվում հատակին։ Մեկ էլ հանկարծ սկսում եմ կարծես մոտիկից ու խոշոր պլանով տեսնել էդ մարդու՝ էդպիսի լինելու հնարավոր պատճառները ու ցավ եմ զգում եմ իր համար։ Մտածում եմ՝ էդ աստիճանի փոքրանալու համար մարդը պիտի որ ահագին «ինքն իր վրայով անցած» լինի, իսկ «իր վրայով անցնելը» դժվար թե որևէ մեկի համար հեշտ կամ հաճելի լինի։

Ուլուանա
14.03.2016, 07:23
Օրագրումդ ուշ–ուշ գրելը հատկապես զգում ես էն ժամանակ, երբ բացում ես «Օրագրեր» ենթաբաժինը, որ էնտեղից էլ քո օրագիրը մտնես, ու առաջին էջում չես գտնում օրագիրդ։



* * *
Հետաքրքիր է, ամբողջ կյանքում ինձ համարյա միշտ զգացել եմ կամ թերագնահատված, կամ գերագնահատված, ու միայն շատ հազվագյուտ դեպքերում՝ ըստ արժանվույն գնահատված։ Իհարկե, «ըստ արժանվույնն» էլ իր հերթին իմ սուբյեկտիվ ընկալումն է, բայց ամեն դեպքում այն գոյություն ունի, ու դրա հիման վրա էլ թերագնահատվածությունն ու գերագնահատվածությունն են ընկալվում։ Ընդ որում՝ նշածս երկու ծայրահեղ գնահատականները երբեմն կարող եմ զգալ նույն մարդու կողմից՝ տարբեր առումներով։ Ու երկուսն էլ՝ թե՛ թերագնահատվածության, թե՛ գերագնահատվածության գիտակցումը, հավասարապես ցավոտ են։



* * *
Տարիներ առաջ էստեղ երկու անգամ գրառում էի արել պարբերաբար կրկնվող երկու երազներիս մասին. մեկը մաթեմատիկայի քննության մասին էր, մյուսը՝ երաժշտության (երաժշտական դպրոցիս)։ Երկու առարկաների դեպքում էլ կամ վերջին պահին են մեզ տեղեկացնում, որ քննություն ունենք, ասենք, մի երկու օր քննությունից առաջ, կամ էլ ուղղակի պարզվում է, որ ես ժամանակին պիտի հանձնեի էդ քննությունը, բայց մոռացել էի, կամ ծուլացել էի ու չէի հանձնել, ու հիմա պիտի հանձնեմ։ Մի խոսքով՝ երկուսի դեպքում էլ անտանելի դիսկոմֆորտով, տագնապներով ու խղճի խայթով հագեցած երազներ են, ու դրանք դպրոցն ավարտելուց ի վեր պարբերաբար տեսնում էի։

Մաթեմի քննության մասին հետապնդող երազս բարեհաջող կերպով ինձ լքեց այն բանից հետո, երբ մոտ հինգ տարի առաջ քոլեջում որպես պարտադիր առարկա՝ մաթեմատիկա վերցրի ու գերազանց հանձնեցի։ Դա, փաստորեն, ինքնըստինքյան լուծում ստացվեց. առարկան ավարտելուց հետո էդ երազն այլևս ոչ մի անգամ չեմ տեսել։ Երաժշտության քննության մասին երազը դեռ շարունակում է ինձ հետապնդել. վերջին անգամ վերջերս եմ տեսել, ու, ցավոք, ոչ մի առաջընթաց։ Երաժշտության դաս դժվար թե վերցնեմ, բայց մի ուրիշ բան եմ մտածում անել էդ կապակցությամբ, տեսնենք՝ ոնց կստացվի։ Ամեն դեպքում մի բան հաստատ պետք է անել էդ մղձավանջից ազատվելու համար, հատկապես որ արդեն փորձով գիտեմ, որ անելն օգնում է։

Պատմություն առարկա եմ անցնում հիմա (ԱՄՆ–ի պատմություն)։ Զարմանալի է, որ պատմության հետ կապված նմանատիպ երազ չունեմ։ Ախր շատ կսազեր։ Բայց չէ, չեմ բողոքում, հանկարծ չհայտնվի... Ուղղակի զարմանում եմ. երաժշտության հետ կապված նման երազ ունեմ, էն դեպքում, երբ երաժշտական դպրոցում ընդհանուր առմամբ լավ եմ սովորել ու հատկապես լավ էլ ավարտել եմ, ուղղակի ընթացքում, վերջին երկու տարին չհաշված, ահագին ալարկոտություն եմ արել ու գլուխ պահել, մաթեմն էլ վատ չեմ սովորել դպրոցում, ուղղակի տասներորդ դասարանում, երբ պարապում էի ընդունելության քննությունների համար, ու մաթեմը դրանց հետ հեչ կապ չուներ, վերջին կիսամյակում ահագին աչքաթող էի արել, իսկ պատմության դեպքում շատ ավելի մեծ է «պարտքս». ոչ դպրոցում եմ պատմությունը նորմալ սովորել, ոչ ինստիտուտում, ու եթե խորանանք, խիղճս ամենաշատը պատմության առումով է ծանր։ Բայց արի ու տես, իմ երազադարանի «սարսափ» բաժնում պատմությանը նվիրված երազ չկա։ Իսկապես չեմ հասկանում, թե ինչի հաշվին եմ էդպես հեշտ պլստացել էս առումով։

Բայց դատելով նրանից, թե ինչ դժվարությամբ եմ սովորում հիմիկվա պատմություն առարկան, թե ինչքան ժամանակ եմ ծախսում, ինչ դանդաղ եմ առաջ գնում, վախենամ, որ էս անգամ առարկան հանձնելուց հետո՛ սկսեմ էդպիսի երազ տեսնել... Վախենում եմ, որ սա դառնա քոլեջի իմ միակ ցածր գնահատականը։ Նույնիսկ քիմիան ու պատմությունը բարեհաջող հանձնեցի, իսկ էս մեկը լուրջ վախենալու է։ Ո՞նց են մարդիկ պատմություն սովորում։ Ինձ համար մի տաժանակիր աշխատանք է. չեմ կարող նկարագրել, թե ինչ բարդ է էդ ամենը հիշելը, լիքը իրադարձություններ որպես ամբողջություն տեսնելը, իրար կապելն ու համապատասխան եզրակացություններ անելը։ Երևի զգալի չափով նաև հենց պատմություն սովորելու փորձի պակասով է պայմանավորված էս դժվարությունը, չգիտեմ։ Ախր հետաքրքիր էլ է, չեմ կարող ասել, թե ձանձրանում եմ։ Բայց, մեկ է, դժվար է, ահավոր դժվար։



* * *
էսօր էսպիսի մի համեմատություն մտքովս անցավ. ժամանակի սղության պատճառով ստեղծագործական աշխատանքից զրկված լինելով՝ կարևոր ու անհրաժեշտ այլ գործեր անելը նման է նրան, որ երկար ժամանակ հաց կերած չլինես, սոված մեռնելիս լինես, բայց հաց չուտես, քանի որ դրա ժամանակը չունես, եթե ուտես, չես հասցնի մնացած գործերդ, իսկ դրանք ավելի կարևոր են, բայց միաժամանակ էդ գործերիդ վրա էլ չես կարողանում նորմալ կենտրոնանալ, ինչքան էլ փորձում ես, արդյունավետ աշխատել չի ստացվում, քանի որ սովը խանգարում է. ուշք ու միտքդ ուտելն է։ Էդպես սոված սատկելով էլ ապրում եմ՝ արդեն ահագին ժամանակ։ Ոչ արածս գործից եմ բան հասկանում, ոչ էլ կարողանում եմ մոռանալ, որ սոված եմ։ Տեսնեմ՝ դեռ ինչքան կձգեմ...



* * *
Վերջերս մի թեմա եմ ուզում բացել «Նորաձևություն և ոճ» բաժնում։ Ահագին ժամանակ է՝ մտածում եմ՝ բացե՞մ, թե՞ չարժե, եթե բացեմ, որևէ մեկին կհետաքրքրի՞, թե՞ թանգարան–թեմայի կվերածվի։ Վերջերս հաճախ եմ Ակումբում թեմա բացելու հետ կապված ինձ լրիվ նորեկի պես զգում... Ու՞մ մտքով կանցնի, որ Ակումբի առաջին թեման (ավելի ճիշտ՝ առաջին մի քանի թեմաները) ես եմ բացել։ Մի քիչ էլ, ու կգնամ էն «Բարև, Ակումբ, ես...» թեմայում կներկայանամ որպես նորեկ ու կխնդրեմ ինձ ծանոթացնել Ակումբին :D։ Գնալով փոքրանում եմ...

Ուլուանա
08.07.2016, 07:03
Հաճախ եմ ուզում մայրության, երեխաների դաստիարակության վերաբերյալ զանազան թեմաներ բացել, քննարկել, նկատի ունեմ՝ նաև նուրբ ու խնդրահարույց թեմաներ, մայրության «հակառակ կողմը» բացահայտող, քննարկել էն հոգեվիճակները, զգացողությունները, ցանկությունները, արարքները, որոնց մասին սովորաբար ընդունված չի բարձրաձայնել, քանի որ դրանք, այսպես ասած, պատիվ չեն բերում մեզ, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնորոշ են եթե ոչ բոլորին, ապա առնվազն ճնշող մեծամասնությանը։ Բայց գրեթե համոզված եմ, որ նման թեմաներ բացելու դեպքում մենակ եմ մնալու դրանցում. դժվար թե որևէ մեկն անկեղծանա ու համարձակվի անկեղծ ու անկաշկանդ խոսել ու քննարկել որպես մայր ունեցած իր խնդիրները, դժվարությունները, թերացումները, մեղքի զգացում առաջացնող երևույթները, հոգեվիճակները և այլն (մարդիկ իսկի էն անմեղ՝ երեխաների զարգացման վերաբերյալ թեմաներում ձայն–ծպտուն չեն հանում, էլ ուր մնաց՝ էդպիսի թեմաներում)։ Ու անկեղծանալու դեպքում ի վերջո կստացվի, որ դու մեջների ամենաանհաջող մայրն ես, որ նման դժվարություններ ունես, մյուս բոլորի մոտ ամեն ինչ իդեալական է, ու կփոշմանես, որ ընդհանրապես շոշափել ես էդ թեման։ Ընդհանրապես մայրությունը չափազանց նուրբ թեմա է ու մայրերի համար լուրջ մրցակցության դաշտ. ոչ ոք չի ուզում էդ մրցադաշտում պարտվող երևալ, թերի կողմով բացահայտվել, բոլորն ուզում են ցույց տալ, որ իրենք շատ լավ են հաղթահարում էս կամ էն դժվարությունը, կամ որ, ավելին, իրենք դժվարություններ ընդհանրապես չունեն. շատերը հատկապես համեմատության մեջ են սիրում դա շեշտել. «Իսկ իմ երեխան՝ էսպես, իսկ իմ երեխան՝ էնպես...» «Մենք էդպիսի խնդիրներ չունենք»։ Բնականաբար, բոլորը նույն խնդիրները չեն կարող ունենալ, պարզ է, բայց երևի շատ քչերն են, որ ընդհանրապես խնդիրներ չունեն։ Ես որ էսքան ժամանակ դեռ միայն մի երկու ծնողից եմ էդպիսի տպավորություն ստացել, իսկ թե իրականում ինչքանով է էդպես՝ չգիտեմ։ Ու արդյունքում երևի շատերը մնում են իրենց խնդիրների հետ միայնակ (էն խնդիրների, որոնց մասին ընդունված չի խոսել, ու երևի ամեն մեկը մտածում է, որ միայն ինքն ունի էդ խնդիր(ներ)ը), բայց կարևորը՝ կողքից լավ (երբեմն՝ նույնիսկ անթերի) ծնողի համբավով։ Նույնիսկ Ֆեյսբուքում գործող համապատասխան խմբերում հարցերը, որպես կանոն, կենցաղային, առողջական ու գործնական ոլորտի են լինում, չեմ հիշում, որ հոգեբանական–էմոցիոնալ ոլորտին վերաբերող որևէ հարց բարձրաձայնված տեսնեմ կոնկրետ մարդու կողմից։ Էդ թեմաները, որպես կանոն, մեկ–մեկ պատահում են միայն ինչ–որ հոդվածների հղումների տեսքով, բայց ոչ երբեք անձնական օրինակով։ Ու զարմանալի էլ չի. ոչ ոք չի ուզում առաջինը լինել. ի վերջո, ու՞մ համար է հաճելի մյուսների ֆոնին ավելի վատը երևալը, հետն էլ քննադատվելն ու մեղադրվելը։

Անգլալեզու կայքերում հաճախ են պատահում նյութեր, հոդվածներ՝ նշածս մայրության «հակառակ կողմը» բացահայտող երևույթների վերաբերյալ, որոնք կարդալիս հանգստանում ես, մխիթարվում ու հասկանում, որ միայն դու չես, որ էդ դժվարություններն ունենում ես, որ, փաստորեն, էնքան էլ սարսափելի կամ աննորմալ չես, ինչքան քեզ թվում էր, ու որ նկարագրված ոչ էնքան դրական երևույթներն ավելի քան բնական հոգեվիճակներ ու զգացողություններ են գրեթե ցանկացած ծնողի համար, պարզապես դրանց մասին ընդունված չէ բարձրաձայնել։ Ու կարևոր է նաև, որ էդ գրառումները հաճախ ոչ թե վերացական հոդվածներ են լինում, այլ կոնկրետ մարդկանց անձնական բլոգային գրառումներ ու հոդվածներ՝ սեփական փորձի, սեփական զգացողությունների մասին՝ առավելագույն անկեղծ ու կարծես մինչև վերջին նյարդը մերկացված ու բացահայտված։


Լավ, մի քիչ էլ պոզիտիվ :)։
Արեգը (5.5 տարեկան) վերջապես արդեն համարյա վարժ կարդում է հայերեն. միայն մի քանի «խուճուճ» տառ կա, որ դեռ լավ չի հիշում հաճախ, դրանք չհաշված՝ արդեն ինչ տեսնի գրված, հիմնականում նորմալ կարողանում է կարդալ։ Գրելը դեռ ավելի հետ է. տառեր կան, որ թեև տեսնելիս հստակ ճանաչում է, բայց երբ ինքը պիտի գրի՝ առանց տեսնելու, դեռ լավ չի հիշում գրելու ձևը, բայց կարևորը՝ հավես ունի։ Ընդհանրապես էս հայերեն գրել–կարդալ սովորեցնելու հետ կապված պարբերաբար ահագին հուսահատության պահեր են եղել. երբեմն մոտիվացիա գտնելը լուրջ խնդիր է, երբ արտասահմանում ես ապրում ու երեխան հայերենի հետ միայն ընտանիքում է առնչվում։ Անգլերեն գրել–կարդալը մանկապարտեզում սովորում են, արդեն հանգիստ կարդում ու գրում է (ճիշտ է, գրելը թեկուզև ազատ, բայց դեռ հաճախ տառասխալներով), պարզ գրքեր էլ է կարդում ինքնուրույն, ու ԱՄՆ–ում ապրելու պարագայում կարիք չկա բացատրելու, հասկացնելու դրա անհրաժեշտությունը. ամեն քայլափոխի դա ակամա տեսնում է մարդը։ Ինչ վերաբերում է հայերենին, էս տարիքում գիտակցական մակարդակով երեխային սովորելու մղելը բավական բարդ գործ է։ Միակ տարբերակը զուտ հետաքրքրությամբ մոտիվացնելն է՝ հայերեն գրելն ու կարդալն իր համար հետաքրքիր ու հաճելի որոշ գործունեության ձևերի հետ անուղղակիորեն կապելը, որ հանուն հետաքրքրության ու հավեսի պարզապես ցանկանա անել, մինչև որ բարով–խերով հասնի արդեն էդ ամենը գիտակցված շարունակելու ու զարգացնելու տարիքին։

Վերջերս ահագին հետաքրքիր գաղափարներ եմ մտածել հայերեն գրել–կարդալուն մոտիվացնող. հուսով եմ՝ դեռ որոշ ժամանակ դրանք կգործեն, մինչև որ անհրաժեշտության դեպքում նորերը մտածեմ։ Համ էլ պարզել ենք, որ շատ է սիրում ցուցակներ գրել, ու ես էլ փորձում եմ առիթից օգտվել. ամեն հարմար առիթ օգտագործում եմ, որ մի ցուցակ գրել տամ։ Օրինակ՝ էն օրը որոշեցինք գրել, թե որ գործողությունները լավ կլինի, որ ինքն անի, ու որոնք չարժե կամ չի կարելի անել։ Շատ հավեսով սկսեց գրել։ Ճիշտ է, ամեն ցուցակը գրելն ահագին երկար է տևում, բայց կարևորը՝ հետաքրքրված է ու ամեն նմանատիպ ցուցակ գրելու ընթացքում զգալիորեն կատարելագործվում է հայերեն գրել–կարդալու գործում։ Նաև սիրում է օրվա անելիքների ցուցակներ կազմել, էդ թվում և մամայի ու պապայի անելիքների :))։ Կամ՝ երբ իմանում է, որ մեկը պիտի գնումների գնա, դե, նման դեպքերում ցուցակ ենք գրում, որոշում է, որ ինքը պիտի գրի ցուցակը, ու գնվելիք ապրանքը ներկայացնող յուրաքանչյուր կետի դիմաց նաև նկարում է տվյալ ապրանքը :))։

Մի փոքրիկ գիրք ունենք՝ հայերեն տառերի. կազմված է մի քանի ստվարաթղթե էջերից, ամեն մեկի վրա հայերեն այբուբենի մի քանի տառ՝ մեծատառ, փոքրատառ՝ խոշոր գունավոր գրված, ամեն տառի կողքին էլ տվյալ տառով սկսվող ինչ–որ բանի նկար։ Տղաս հայերեն ինչ–որ բան գրելիս, երբ որևէ տառ մոռանում է, ինձ հարցնում է, մի թղթի վրա գրում եմ, որ դրան նայելով՝ ինքն էլ գրի։ Էն օրը, երբ էլի էդ գործին էինք, մեկ էլ հանկարծ որոշեց, որ չի ուզում՝ ես ասեմ իրեն տառերը, դրա փոխարեն ուզում էր, որ նշածս գիրքը բացի, ինքնուրույն մեջից գտնի իրեն պետք եղած տառերը ու գրի։ Գնաց, գիրքը հանեց, բերեց ու ասեց. «Համ էլ էս գիրքը սարքողը ուրախ կլինի, որ իրա սարքած գիրքն օգտագործենք» :)։

Ուլուանա
17.07.2016, 06:13
Հիշում եմ՝ ինչ անտանելի դանդաղ էր անցնում ժամանակը, երբ փոքր էի... Ընդհանուր առմամբ էլ էր շատ դանդաղ անցնում, բայց հատկապես արձակուրդները ոչ թե պարզապես դանդաղ էին անցնում, այլ կարծես ընդհանրապես չէին անցնում. մի տաղտկալի հավերժություն՝ մեկը մյուսից չտարբերվող օրերով, անելիքի, իրադարձությունների, հնարավորությունների ու հավեսի իսպառ բացակայության խտացմամբ։ Չգիտեմ՝ ուրիշների մոտ ինչպես էր, բայց քանի որ մենք գրեթե երբեք չէինք գնում որևէ տեղ հանգստանալու, ու արձակուրդներն անցնում էին տանը թթված, ես, որ մինչ այդ անհամբեր սպասում էի դասերի վերջանալուն, արձակուրդների սկսվելուց շատ չանցած՝ արդեն սկսում էի օրերը հաշվել, թե երբ եմ նորից դասի գնալու։ Նույնիսկ հիշում եմ օրագրերս, որոնցում հաճախակի գրում էի. «Ե՞րբ են վերջապես ավարտվելու այս անիծյալ արձակուրդները...» կամ «Դասերի սկսվելուն մնացել է էսքան օր»։

Ժամանակի ընթացքը կտրուկ արագացավ դպրոցն ավարտելուցս հետո։ Ի տարբերություն շատերի՝ չեմ կարող ասել, թե ուսանողական տարիներն իմ կյանքի ամենահետաքրքիր կամ ամենահաճելի կամ ամենաանմոռաց տարիներն են եղել։ Չէ, իրականում շատ հեռու էին էդպիսին լինելուց։ Էնտեղ էլ տաղտուկը քիչ չէր, թեև, իհարկե, չէր կարող համեմատվել դպրոցական տարիների տաղտուկի հետ։ Բայց, չգիտես ինչու, ժամանակը սկսել էր սլանալ կատաղի արագությամբ։ Չգիտեմ՝ ինչն էր պատճառը, բայց էնքան հստակ եմ հիշում ժամանակի տեմպի էդ կտրուկ փոփոխությունը, էն անսովոր զգացողությունը, որ աչքդ թարթում ես, մեկ էլ տեսնում ես՝ էս մի ուսումնական տարին էլ անցավ–գնաց։ Ու էդ շրջանից սկսած՝ ժամանակի արագությունը գնալով մեծանում է, անընդհատ, էն որ շունչդ կտրվում է, չես հասցնում հասկանալ, թե ինչը երբ եղավ, ոնց եղավ... Միայն մի բան կա, որի հետ կապված կուզենայի արագացնել ժամանակը, մնացած բոլոր առումներով ուզում եմ հնարավորինս դանդաղեցնել։ Ոնց որ չհասցնես հետևել սեփական կյանքիդ ընթացքին։ Երբ տասը տարի առաջվա Ակումբային հանդիպման նկարները նայելիս թվում է, թե մեկ–երկու տարի առաջ էր, երբ գիտակցում ես, որ տղադ արդեն դպրոց պիտի գնա, բայց ախր կարծես բոլորովին վերջերս էր ծնվել... Ուսանողական տարիներին բոլորովին էլ դեմ չէի ժամանակի էդ արագ ընթացքին, բայց հիմա մի տեսակ չեմ ուզում, որ էսքան արագ անցնի, ուզում եմ կանգնեցնել, ինձ թվում է՝ չեմ հասցնում ամեն ինչ լիարժեք ապրել։ Երբեմն նայում եմ տղայիս համով մռութին ու ուզում եմ մտապահել, ինչ–որ կերպ հավերժացնել էդ աննկարագրելի պուպուշությունը, էդ տարիքին բնորոշ առանձնահատուկ վիճակները՝ խոսելաձևը, ընկալումները, մտածելակերպը, միամտությունը, հետաքրքրասիրությունը, հավեսը, որ մի օր անցնելու են, վերափոխվելու են, հիմիկվանը չեն լինելու...

Ես վաղուց մոռացել եմ, թե ինչ է ձանձրույթը. ուղղակի չկա էդ երևույթն իմ կյանքում, ու պատճառը բնավ զբաղված լինելը չի։ Ոչ միայն պարտականություններն ու անհրաժեշտ գործերը, այլև էն բաները, որոնցով ուզում եմ զբաղվել, էնքան շատ են, որ ուղղակի չեմ պատկերացնում, թե ոնց է հնարավոր ձանձրանալ։ Հակառակը՝ անընդհատ մտածում եմ՝ ո՞նց հասցնեմ անել էն բոլոր բաները, որոնք ինձ հետաքրքրում են, հաճելի են, օգտակար են։ Ժամանակն ինձնից փախչում է, իսկ ես անընդհատ փորձում եմ նրան բռնել ու կազմակերպել ուզածիս պես։ Դեռ չի հաջողվում։ Ամենաշատն անհանգստանում եմ, որ որոշ բաներ չեմ հասցնի ժամանակին անել, իսկ հետո արդեն ուշ կլինի։

Մեկ էլ շատ հուսով եմ, որ դեռ երկար կամ, ավելի լավ է, միշտ, ինձ քսան տարեկան կզգամ, ինչպես հիմա։ Որ չեմ կորցնի էն հավեսը, որ ունեմ հիմա մի շարք զբաղմունքների ու երևույթների նկատմամբ՝ անկախ նրանից, թե ժամանակն ինչ արագությամբ կվազի։ Ու որ ծովափին հետաքրքիր ու սիրուն խճաքարեր ու խեցիներ հավաքելը երբեք անիմաստ զբաղմունք չի թվա, այլ միշտ նույնքան հավես կլինի, որքան երեսուն տարի առաջ էր կամ թեկուզ հիմա։

Ուլուանա
03.09.2016, 06:33
Ամիսն ավարտվեց։ Ես էլ ահագին ժամանակ է՝ ուզում եմ գրել ինձ համար էս ամսվա ու երևի նաև տարվա ամենակարևոր իրադարձության (իսկ եթե ավելի գլոբալ նայենք՝ ընդհանրապես կյանքիս ամենակարևոր իրադարձություններից մեկի) մասին։

Ամսվա սկզբին ծնվեց իմ երկրորդ բալիկը՝ Դավիթը։ Հետաքրքիր է, որ, ի տարբերություն մեծ տղայիս՝ Արեգի, իրեն դեռ հղի ժամանակս մի տեսակ պատկերացնում էի, ոչ թե արտաքինով, այլ ավելի ընդհանուր՝ որպես կերպար, ու ծնվելուց հետո էլ իրեն տեսնում ու ընկալում եմ հնց էնպիսին, ինչպիսին զգում, պատկերացնում էի դեռևս չծնված ժամանակ։ Զգացողություններս էլ որպես մամա, ահագին տարբեր են, չգիտեմ՝ ավելի հասունացել եմ էդ առումով, թե կոնկրետ երեխան էլ կապ ունի, բայց հաստատ ուրիշ են։ Դավիթն, ըստ իս, արտաքինով բավական նման է Արեգին, բայց խառնվածքով, առնվազն իմ ընկալմամբ, ուրիշ է։ Անհամբեր սպասում եմ, որ մի քիչ մեծանա, ու ավելի հստակ երևա, թե ինչքանով է զգացողությունս ճիշտ։

Արեգին, իհարկե, հղիությանս ամբողջ ընթացքում նախապատրաստել ու տրամադրել էինք ապերիկի հայտնվելուն։ Ինքն էլ, թեև համոզված եմ՝ կարգին չէր պատկերացնում ապերիկ ունենալու ազդեցությունն իր կյանքի վրա, բայց անհամբեր սպասում էր, թե երբ է ծնվելու։ Ամեն դեպքում ինչ–որ նոր ու արտասովոր իրադարձություն պիտի լիներ, իսկ երեխաները սիրում են նորություններ։

Երբ դեռ հիվանդանոցից մի քանի լուսանկար էինք ուղարկել մերոնց (մայրս ու քրոջս ընտանիքը մեր տանն էին), Արեգի առաջին ռեակցիան եղբոր նկարը տեսնելիս էսպիսին էր «Էնքան էլ դուրս չեկավ. շատ ա կարմիր, բերանն էլ տխուր ա»։ :)) Հետո, երբ տուն եկանք ու արդեն իրականում էլ տեսավ, գնահատող հայացքով նայեց, նայեց ու մի տեսակ հիասթափված–վիրավորված տոնով ասեց. «Ինչի՞ ա էսքան կարմիր, սենց շատ կարմիր գեշ ա :(»։ «Էդ կարմրությունը քիչ–քիչ կանցնի, դու էլ էիր սենց կարմիր, երբ նոր էր ծնվել, հետո անցավ»։ Բայց «քիչ–քիչ»–ն, ըստ երևույթին, Արեգը շատ լավատեսորեն էր հասկացել. նույն օրը մեկ էլ եկավ, նայեց եղբորն ու էլի հիասթափված բացականչեց. «Դեռ կարմիր ա...»։ Էդ օրը մի անգամ էլ եկավ ստուգելու ու անհամբեր–դժգոհ տոնով ասեց, որ կարմրության անցնելը շատ է ուշանում։ Ես էլ ասեցի, որ անընդհատ ստուգելն իմաստ չունի, էդքան շուտ չի անցնի, պիտի մի քիչ ժամանակ անցնի, որ գույնը փոխվի։ Դրանից հետո կարմրության առնվազն ակնհայտ ստուգումներ կարծեմ չեն եղել Արեգի կողմից։ Սկզբում, երբ դեռ քրոջս ընտանիքը մեր տանն էր, այսինքն՝ մինչև մի քանի օր առաջ, Արեգը հիմնականում տարված էր քրոջս աղջկա հետ խաղալով ու ապերիկով առանձնապես չէր հետաքրքրվում, բայց հիմա սկսել է հետաքրքրվել, հաճախ մոտենում է, ջերմություն է ցուցաբերում, փաղաքշելու ցանկություն է հայտնում, փորձում է ինչ–որ բանով ուշադրությունը գրավել։


Դավիթի ծնվելուց հետո Արեգը կտրուկ սկսեց ինձ մեծ թվալ։ Մտածում եմ՝ մինչև ծննդաբերելս է՞լ էր էսպիսին, թե՞ փոխվել է էն մի քանի օրվա ընթացքում, երբ հիվանդանոցում էի։ Հասկանում եմ, որ ինչ–որ առումով բնական է, որ նորածնի հետ համեմատության մեջ պիտի մեծ թվար, բայց մի տեսակ չափից դուրս մեծ է թվում՝ թե՛ չափերով, թե՛ ուրիշ առումներով։ Մի խոսքով՝ մինչև վերջերս ես չգիտեի, որ էսքան մեծ տղա ունեմ :))։


Առօրյաս կտրուկ փոխվել է. կարելի է ասել, օրվա մոտ 70 տոկոսը ես զբաղված եմ ճուտիկին կրծքով կերակրելով։ Ինքը շատ ուտում է, քիչ քնում։ Արեգն էլ է քիչ քնող եղել (թեև հիմա էլ), ու երկուսն էլ ինձ են քաշել, բայց Դավիթը չափից դուրս քիչ է քնում։ Երբեմն ստիպված եմ լինում ժամեր շարունակ համարյա անդադար կերակրել։ Երբեմն ահավոր եմ հոգնում՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, հատկապես եթե գիշերն է լինում էդ ժամերով կերակրելը, երբ քունս ահավոր տանում է, բայց քնելու ձև չունեմ... Կերակրելու ընթացքում քինդլով գիրք կարդալն ահագին օգնում է թեթև տանելուն, թեև երբեմն էնքան քնկոտ եմ լինում, որ գրքին նայել էլ չեմ կարողանում։
Վատն այն է, որ Արեգի հետ զբաղվելու ժամանակ ու էներգիա էլ գրեթե չի մնում։ Բայց էն օրը մի «գյուտ» էլ արեցի. մտածեցի, որ կերակրելու ժամանակ բացի կարդալուց, երբեմն կարող եմ Արեգի հետ էլ զբաղվել։ Ահագին ժամանակ բառախաղ խաղացինք, որը հղիությանս վերջին ամսում հաճախ էինք խաղում, ինքն էլ շատ սիրում է։ Դրանով համ կարդալն է բարելավվում, համ գրելը. հերթով ինչ–որ բառ ենք պահում հայերեն, Поле Чудес-ի նման, ուղղակի մենք հենց սկզբից գրում ենք բառի առաջին երկու կամ երեք տառերը՝ կախված բառի երկարությունից, ու մյուսը պիտի կռահի, թե ինչ բառ է ու մնացած տառերը գրի դատարկ վանդակներում։ Պարտադիր չէ գրել հենց դիմացինի մտածած բառը. կարևորը տվյալ տառերով սկսվող ու նշված քանակով տառեր ունեցող բառ գրելն է։

Պետք է մտածել, թե ուրիշ ինչերով կարելի է զբաղվել կրծքով կերակրելիս... Ինչ լավ կլիներ՝ որևէ ստեղծագործական աշխատանքով զբաղվելու ձև էլ գտնեի։

Հ.Գ. Բայց քիչ քնելն ինչ վատ բան է. լրիվ կես մարդ ես դառնում. ոչ ուժ է մնում որևէ բան անելու, ոչ հավես։ Օրինակ, էս գրառումն անելու փոխարեն ես հիմա կարող էի քնել։ Բայց կյանքը չափից դուրս ձանձրալի կլինի ուտելուց, կերակրելուց ու քնելուց բաղկացած լինելու դեպքում։ Հաճախ կանգնում եմ «ուտե՞լ, թե՞ քնել» լուրջ երկընտրանքի առջև։ Չգիտեմ՝ ճիշտ եմ անում, թե չէ, բայց ավելի հաճախ ընտրում եմ ուտելը... :} Հա, ես շատ բկլիկ եմ դարձել։