Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Անուկապատում



Էջեր : 1 [2]

Ուլուանա
05.12.2016, 21:54
Դավիթն ուղղակի հրաշք է՝ մի պուպուշագույն արարած։ Նայում ես երջանիկ մռութին, պուպուշ ժպիտին, ու զգում ես, որ արժե ապրել հենց թեկուզ էդ մռութը տեսնելու ու իրեն հպվելու համար։ Էնքան դրական էներգիա եմ ստանում իրենից։ Ու ո՞նց էի ես էդքան ժամանակ ապրում առանց էս մռութի։ Երկու օր առաջ չորս ամսական դարձավ։ Արեգին էնքան շատ է սիրում. էնպիսի ջերմ–հիացական հայացքով է նայում եղբորը, որ ուղղակի տեսնել է պետք։ Հետաքրքիր է, որ չի սիրում օրորոցայիններ. հենց սկսում ենք երգել, դեմքը կամաց–կամաց հուզված, տխուր արտահայտություն է ստանում, ու սկսում է հոնգուր–հոնգուր լացել։ Չէ, ես վատ չեմ երգում, ազնիվ խոսք, հաստատ դրանից չի, որ լացում է։

Վերջերս հազիվ հաջողվել է նորից ռեժիմի մեջ մտնել։ Կոմպը միացնում եմ միայն ցերեկվա 12–ից հետո, քանի որ արդեն վերջնականապես համոզվել եմ՝ միացրած ժամանակ ուրիշ բանով զբաղվելն ու զուտ ձեռի հետ մեկումեջ կոմպի մեջ ծիկրակելն ուղղակի չի գործում։ Ժամը յոթին արթնանալու պարագայում քիչ ժամանակ չի, բայց, մեկ է, էլի չեմ հասցնում անել էն ամենը, ինչ կուզենայի։ Ամեն դեպքում ռեժիմին հետևելն ու դրա շնորհիվ լիքը բաներր հասցնելն օգնում է, որ խրոնիկական ինքնադժգոհությունս ահագին պակասի։ Ես չգիտեմ, թե ուրիշները ոնց են հաջողացնում համ լիարժեք տնային տնտեսուհի լինել՝ ամեն օր ժամանակին ճաշ պատրաստել, շուրջբոլորը միշտ հավաք ու մաքուր պահել, երեխաներով զբաղվել, համ էլ իրենց համար ժամանակ գտնել։ Ես չեմ կարողանում։ Միշտ գոնե ինչ–որ բան պիտի դուրս մնա։ Բալանսը պահելը շատ բարդ է։ Բայց շարունակում եմ փորձել։ Մենակ գիտեմ, որ երբ ստիպված եմ լինում վազվզոցի մեջ ընկնել, օրինակ՝ օրական մի քանի անգամ տնից դուրս գալ ու ինչ–որ տեղեր գնալ–գալ, շատ արագ սպառվում եմ ու ցանկություն եմ ունենում գլուխս առնելու ու գրողի ծոցը կորչելու։

Ստեղծագործական աշխատանքի համար դեռ ժամանակ չեմ գտնում, թեև կիսատ աշխատանք ունեմ, որի վրա ամեն օր հույս եմ ունենում աշխատել, բայց չի հաջողվում։

Ինձ անընդհատ թվում է, որ ես արժանի չեմ էն ամենին, ինչ ունեմ։ Ու կուզենայի իմանալ՝ էս զգացողությունս իրականում օբյեկտիվությա՞ն նշան է, թե՞ խիստ ցածր ինքնագնահատականի։ Միաժամանակ վախենում եմ «ըստ արժանվույնից» ու ուզում եմ, փորձում եմ ամեն ինչ անել ունեցածիս արժանանալու համար։ Հիմա համարում եմ, որ իմ կյանքի գրեթե բոլոր բացերի մեղավորը ես ինքս եմ, ի տարբերություն էն ժամանակվա, երբ հեշտությամբ կարող էի ասել, որ կյանքն ահավոր անարդար է իմ նկատմամբ։ Հիմա էն գիտակցումը, որ լավացնելն ինձնից է կախված, ահագին մխիթարող ու հուսադրող է։ Միայն թե էստեղ էլ, ինչպես ամեն տեղ, բացառություններից չես խուսափի։ Ցավոք, չեմ կարող ասել, թե բացարձակապես ամեն ինչն է ինձնից կախված։

Ուլուանա
12.01.2017, 22:26
ԱՄՆ–ում կարծես մարդկանց ճնշող մեծամասնությունն ինչ–որ բանից ալերգիա ունի։ Ընդ որում՝ հաճախ էնպիսի ալերգիաներ են, որոնց մասին Հայաստանում ընդհանրապես լսած չկայի։ էլ չեմ ասում, որ մարդիկ կան, որ համարյա ամեն ինչից ալերգիա ունեն։ Ամենատարածված ալերգիաներից մեկը (հնարավոր է՝ հենց ամենատարածվածը) գետնանուշից (peanut, фисташка) ալերգիան է։ 2008–ի տվյալներով ամերիկացիների 1.4%–ը գետնանուշից ալերգիա ունի։ Ընդ որում՝ շատերը ոչ միայն այն ուտելուց են վատանում, այլև երբ իրենց ներկայությամբ ուրիշն է ուտում։

Երբ տղաս սկսեց մանկապարտեզ գնալ, էնտեղ միանգամից հատուկ զգուշացրին, որ մանկապարտեզը peanut free է (գետնանուշից զերծ)։ Մենք էլ մտածեցինք՝ դե, ոչինչ, մենք էսպես թե էնպես գետնանուշ չենք ուտում, բայց ընդհանրապես ընկուզեղենը չրեղենի հետ մեր ամենօրյա սննդի անբաժանելի մաս է կազմում, ու մտադիր էի տղայիս հետ որպես snack՝ ամեն օր չրերի հետ ընկուզեղեն դնել, որ տանի մանկապարտեզ։ Բայց հենց առաջին անգամից հետո գրավոր խիստ զգուշացում եկավ, որ չի կարելի ընկուզեղեն պարունակող որևէ բան տանել մանկապարտեզ։ Հետաքրքիր է, որ պաշտոնապես ընդամենը գետնանուշն էր արգելվում, բայց գործնականում, պարզվում է, ցանկացած տեսակի ընկուզեղեն արգելված է։ Հետագայում իմացանք, որ էստեղ բոլոր դպրոցներում ու մանկապարտեզներում անխտիր արգելված է որևէ տեսակի ընկուզեղենի մուտքը, բայց, չգիտես ինչու, պաշտոնապես միայն գետնանուշի անունն է տրվում ամեն տեղ։

* * *

Վերջերս տղայիս ծնունդը պիտի նշեինք դպրոցում։ Էստեղ դա սովորաբար արվում է հետևյալ կերպ. ծննդյան կապակցությամբ հատով ինչ–որ թխվածք (հիմնականում՝ cupcake–ներ) են տանում՝ (փոքր կեքսեր՝ վրան կրեմով ու երբեմն գույնզգույն մանր կոնֆետներով զարդարված)) և ամեն երեխայի համար մի փոքրիկ տոպրակով մի երկու կոնֆետ–մոնֆետ ու մանր–մունր, զիզի–բիզի խաղալիքներ, գրենական պիտույքներ։ Մի տեսակ անկապ փաթեթ, որն ամեն մեկի համար առանձին վերցված՝ մի երևելի բան չի, հատկապես որ դասարանում ամեն երեխայի ծննդյան առթիվ մոտավորապես նույն բաներից ստանում են, բայց ընդհանուր վերցված՝ ահագին ծախս է ստացվում։ Բայց դե բոլորն անում են, չես ուզում, որ երեխադ իրեն վատ զգա, որ իր ծննդին էդ արարողությունը չի արվել։ Մի խոսքով՝ որոշեցինք cupcake–ներ պատվիրել ու փոքրիկ տոպրակներ պատրաստել, ինչպես որ կարգն է։

Ամուսինս մեր մոտակայքում գտնվող թխվածքների խանութից նախօրոք պատվիրեց cupcake–ները, ես էլ համապատասխան խանութից առա էն ամենը, ինչ պիտի լիներ տոպրակներում։ Ուսուցչուհուն նախօրոք նամակ գրեցինք, տեղեկացրինք, որ ուզում ենք Արեգի ծնունդը նշել, ու հարցրինք, թե որ ժամին ու ոնց է պետք դա կազմակերպել։ Պատասխանելիս նաև հիշեցրին, որ ուտելիքի մեջ հանկարծ որևէ տեսակի ընկուզեղեն չլինի։ Մի տեսակ ավելորդ զգուշացում էր թվում՝ հաշվի առնելով, որ էստեղ կարծես էդպիսի մարդ չկա, որ չիմանա, որ բոլոր դպրոցներում ու մանկապարտեզներում ընկուզեղենը խստիվ արգելված է։ Բայց մի պահ վարանեցի. Վազգենին հարցնում եմ՝ իսկ cupcake–նեը պատվիրելիս ասե՞լ ես, որ հանկարծ ընկուզեղեն չլինի մեջը։ Տարակուսած ասում է՝ չէ... Cupcake–ներն արդեն վերցրել ենք։ Հիմա մտածում եմ՝ բա որ հանկարծ ընկույզով լինեն... Ո՞նց իմանանք։ Ասում եմ՝ դու իրենց գոնե ասեցի՞ր, որ դպրոցում ծնունդ նշելու համար է։ Ասում է՝ հա։ Ուրեմն երևի կարող ենք ենթադրել, որ էդքանը կֆայմեն, այսինքն՝ պիտի որ ընկույզով չանեն։ Հնարավո՞ր բան է, որ էստեղ որևէ մեկը չիմանա, որ դպրոցներում ընկույզով ուտելիք չի կարելի։ Էդպես մեզ հանգստացրինք, որ ամեն ինչ պիտի որ նորմալ լինի, բայց կասկածի ինչ–որ նշույլ, այնուամենայնիվ, մեջս շարունակում էր խլրտալ...
Պայմանավորված ժամին ծննդյան պարագաներն արդեն տանում եմ դպրոց՝ փորձելով վանել cupcake–ների՝ ընկույզ պարունակելու հնարավորության մասին միտքը։ Իրենք գիտեին, որ դպրոցի համար է, հետո՞ ինչ, որ հատուկ չենք զգուշացրել։ Մինչ դասարանում երեխաների հետաքրքրված հայացքների ներքո լարված տեղավորում ու քանդում եմ թխվածքի արկղիկները, ուսուցչուհին ևս մեկ անգամ ճշտում է. «Ընկուզեղենով չեն, չէ՞»։ Ակնթարթորեն լարվում եմ ու ինքս ինձ համոզելով, որ չէ, ասում եմ՝ չէ, ու միաժամանակ կասկածը մեջս գնալով ուժեղանում է... Իսկ եթե պարզվի, որ ընկուզեղենո՞վ են...

Արկղը բացում եմ, ու ինձ թվում է, թե թարմ թխվածքի հոտի հետ միախառնված ընկուզեղենի բույր է խփում քթիս... Չէ, երևի ինձ է թվում, շատ եմ ներշնչվել... Ուսուցչուհին արդեն բաժանում է cupcake–ները։ Լարված նայում եմ, թե ոնց է բաժին հանում յուրաքանչյուր աշակերտի։ Գրողը տանի, թե ինչի՞ համար նախաձեռնեցինք էս ամենը... Մեզ համար հանգիստ ապրում էինք... Երեխաները սկսում են ուտել cupcake–ները։ Ես էլ, ըստ կարգի, պիտի սպասեմ, մինչև վերջացնեն, որ հետո տոպրակները բաժանեն, ու նոր գնամ։ Խմբով Happy Birthday–ն են երգում։

Նկատում եմ, որ cupcake–նրը երկու տեսակի են՝ մեկը մուգ խմորով է, ըստ երևույթին՝ շոկոլադով, մյուսն՝ ավելի բաց գույնի։ Հուսով եմ՝ երկու տեսակներից գոնե մեկն ընկուզեղենով չի լինի, ու եթե կան ընկուզեղենից ալերգիա ունեցողներ, ապա նրանց ընկույզովներից չի ընկնի։ Էհ, ինչպիսի հիմարություն։ Պետք է հուսալ, որ ընդհանրապես ոչ մի տեսակն էլ ընկուզեղենով չի։ Շունչս պահած՝ հայացքս սահեցնում եմ բոլոր երեխաների վրայով՝ սարսափած սպասելով, որ հիմա ինչ–որ երեխաներ կվատանան, քանի որ ընկույզից ալերգիա ունեն...

Մի երկու երեխա ընդհանրապես հենց սկզբից հրաժարվեց թխվածքից։ Տեսնես՝ ինչու՞։ Համենայնդեպս, իրենց հաստատ չի սպառնում ալերգիայից վատանալը... Բայց հետաքրքիր է, ընդհանրապես իրենց դասարանում կա՞ն ընկուզեղենից ալերգիա ունեցողներ, դրա համա՞ր ուսուցչուհին բաժանելուց առաջ մի անգամ էլ ճշտեց՝ ընկույզով է, թե չէ, թե՞ էդ ստուգումը պարզապես ստանդարտ գործողություն է, որ ցանկացած դեպքում անելու էր։ Մինչ նայում եմ, թե ոնց են որոշ երեխաներ ախորժակով լպստում cupcake–ների վրայի կրեմի կույտը, ինչ–որ թույլ հազի ձայներ եմ լսում... Սարսափած սկսում եմ փնտրել հազի աղբյուրը... Ինչ–որ երեխաներ թեթևակի հազում են։ Աստված իմ, չլինի՞ թե ալերգիայի դրսևորման առաջին նշաններն են։ Արդեն պատկերացնում եմ, թե ոնց են կոկորդները բռնում ու խեղդվելով, վատացած ընկնում...

Չէ, կարծես հազերը դադարեցին։ Լավ պրծանք... Շարունակում եմ ուշադիր հետևել բոլոր ուտողներին։ Ինձ թվու՞մ է, թե՞ տղաներից մեկի՝ Մայլզի աչքերը կարմրել ու լցվել են։ Չէ, չի թվում, դեմքն էլ է կարմրած... Գուցե ալերգիա ունի, և ուր որ է՝ կվատանա... Մայլզին աչքիս տակ պահելով՝ միաժամանակ շարունակում եմ հայացքով ստուգել բոլորին՝ համոզվելու համար, որ ուրիշ ոչ ոք չի վատանում։ Մայլզի դեմքն ու աչքերը դեռ կարմիր են, բայց «առաջընթաց» կարծես չկա։ Դա արդեն լավ նշան է։ Չէ, երևի ամեն դեպքում cupcake–ներն ընկուզեղենով չեն։ Ի վերջո, էդ թխվածքատան (ինչ էլ բառ մոգոնեցի) աշխատողները հո լուսնից չեն իջել, հաստատ կիմանային, որ ընկույզով սարքել չի կարելի։ Բայց տեսնես՝ ինչքա՞ն ժամանակ է պետք, որ ալերգիան դրսևորվի։ Ու տեսնես՝ ի՞նչ ձևերով կարող է դրսևորվել ընկուզեղենի նկատմամբ ալերգիան։ Երեխաների մի մասն արդեն վերջացրել է ուտելը։

Մայլզի դեմքն ու աչքերը կարծես նորմայի են եկել։ Բայց ամեն դեպքում շարունակում եմ ուշադիր հետևել ուտողներին, ուտելը վերջացրածներին էլ։ Աղջիկներից մեկը, որին շոկոլադով տեսակից է բաժին հասել, cupcake–ը ծամելով, հանկարծ տարակուսած ասում է. «Ընկուզային համ է գալիս...»։ Սիրտս ընկնում է չոքերս... Ո՞նց թե՝ ընկուզային համ է գալիս... Գրողը տանի... Ուրեմն, այնուամենայնիվ, ընկույզո՞վ է։ Չի կարող պատահել... Առաջին պահին մտածում եմ, որ էս աղջիկը շուտով կվատանա, հետո մտածում եմ՝ չէ, եթե էդքան լավ գիտի ընկուզային համը, ուրեմն կարելի է ենթադրել, որ շատ է կերել ընկուզեղեն, այսինքն՝ ինքը դժվար թե ընկուզեղենից ալերգիա ունենա։ Բայց ամեն դեպքում, եթե ընկուզեղենով է, ուրեմն կարող են որոշ մարդիկ վատանալ... Մնում է միայն հուսալ, որ էս դասարանում ընկուզեղենից ալերգիա ունեցողներ չկան։ Կամ՝ որ ալերգիա ունեցողներն էն մի երկուսն էին, որոնք հենց սկզբից հրաժարվեցին ուտելուց։ Կամ գուցե բացակաների մեջ են ալերգիա ունեցողները (դատելով ներկաների քանակից՝ մի քանի հոգի հաստատ բացակա է)։ Սկսում եմ հատուկ ուշադրությամբ հետևել էն երեխաներին, որոնց հենց շոկոլադով cupcakе–ներից է բաժին ընկել։

Արդեն համարյա բոլորը վերջացրել են։ Ուսուցչուհին բաժանել է տոպրակները։ Բայց դրանք ինձ էս պահին չեն հետաքրքրում։ Կարևորը գրողի տարած cupcake–ներն են, ու դրանց հնարավոր հետևանքները... Արդեն բոլորը վերջացրել են ու ուսուցչուհու կարգադրությամբ նստել գորգին՝ պատրաստվելով ինչ–որ հերթական առաջադրանքի։ Քանի որ ուսումնական օրն ավարտվելու վրա է, ծննդյան արարողությունից հետո ծնողը կարող է հոբելյարին հետը տուն տանել, այսինքն՝ ուսումնական օրվա պաշտոնական ավարտից մի փոքր շուտ։ Համոզվելով, որ հազեր, կարմրություններ ու ալերգիայի հնարավոր այլ՝ առնվազն ակնհայտ դրսևորումներ չկան՝ Արեգի հետ լքում եմ դասարանը՝ ուսուցչի առաջարկով հետս վերցնելով մնացած մի քանի cupcake–ները։ Լավ է, որ մի քանիսը մնացել են, համ էլ կստուգեմ՝ իսկապես ընկուզեղենի համ գալիս է, թե չէ։

Դպրոցից դուրս գալուն պես անհամբեր բացում եմ արկղիկը ու հենց փողոցում շոկոլադային cupcake–ներից մեկը հանելով՝ մի փոքր կտոր պոկում խմորային մասից ու համտեսում։ Աստվա՜ծ իմ, պնդուկի համ է գալիս... Շատ հստակ... Էն աղջիկն իզուր չէր ասում, որ ընկուզային համ է գալիս։ Լրիվ ոնց որ Nutella։ Խայտառակություն։ Ի՞նչ է լինելու սրա վերջը։ Թե ի՞նչ մի խելքներիս փչեց դպրոցում ծնունդ նշել։ Իրականում տղայիս ծնունդը դեկտեմբերի երեսունմեկին է՝ դպրոցում ծնունդ չանելու համար հիանալի օր. ոչ իմանում են, որ ծնունդն է, ոչ էլ ակնկալում, որ պիտի հատուկ նշես։ Ինչների՞ս էր պետք օրեր հետո, երբ մոտ մեկշաբաթյա արձակուրդից հետո դպրոցը նոր բացվել է, ուշացումով ծնունդ նշել, որ հիմա էլ էսպիսի կրակի մեջ ընկնեինք... Ինչ էլ թարս է. ուրբաթ օր է. եթե վատացողներ լինեն, կարող է մինչև երկուշաբթի չիմանանք։ Երեք օր պիտի տառապենք։ Չնայած եթե լուրջ բան լինի, երևի մինչև էդ էլ մեզ կտեղեկացնեն էդ մասին։ Ճանապարհին համարյա լացակումած զանգում եմ Վազգենին, պատմում եղելությունը ու խնդրում, որ ինտերնետում որոնի պնդուկից ալերգիայի ախտանիշները, հնարավոր հետևանքներն ու արտահայտման տևողությունը։ Նայում է ու ասում, որ դրսևորումները շատ բազմազան կարող են լինել. մի հսկայական ցուցակ է նշված... Տևողությունն էլ անորոշ է՝ անհատական։ Չէ, առանձնապես մխիթարիչ բան չկա կարծես... Էդ էլ դեռ հերիք չի՝ պարզում է, որ կան պնդուկով շոկոլադային cupcake–ներ, որ բավական տարածված են վաճառքում։ Գրողը տանի. երևի հենց դրանից է մեր առածը...

Հասնում եմ տուն ու նետվում դեպի համակարգիչը, որ ինքս էլ որոշ որոնումներ անեմ։ Միակ մխիթարիչ բանը, որ պարզում եմ, այն է, որ պնդուկից ալերգիան բավական հազվագյուտ ալերգիա է։ Վազգենն էլ փորձում է մխիթարել նրանով, որ հավանականությունը, որ հենց էդ դասարանում հենց պնդուկից ալերգիա ունեցող կլինի, գործնականում խիստ փոքր է։ Բայց ինձ թվերը չեն հետաքրքրում։ Մինչև չհամոզվեմ, որ ոչ ոք ալերգիա չի ստացել, չեմ հանգստանա։ Հետն էլ արդեն պատկերացնում եմ, որ կարող են անգամ մահանալ էդ ալերգիայից (ինտերնետում դրա մասին էլ կարդացի), ու լրիվ եմ գժվում... Հետո պատկերացնում եմ, որ մեզ դատի են տալիս, բանտարկում։ Տեսնես՝ ինչքա՞ն կտան... Մի խոսքով՝ արդեն երևակայությունս լրիվ հիվանդագին զարգացումներ է ստանում։ Հետո չարաբաստիկ cupcake–ները համտեսել եմ տալիս մամայիս, Վազգենի պապային, Կիտայի մամային, որը մեր տուն հյուր էր եկել էդ ժամանակ։ Բոլորն ասում են, որ ոչ մի ընկուզային համ էլ չի գալիս, ինձ է թվացել։ Այ քեզ բան։ Բայց ես ախր շատ հստակ զգում եմ էդ համը։ Իրենք ո՞նց չեն զգում, չեմ հասկանում։ Ո՞նց է հնարավոր չզգալ էդքան ճանաչելի պնդուկի համը։ Ասում եմ՝ դուք Nutella կերած չկա՞ք, ի՞նչ է, չե՞ք զգում՝ ինչ նման է համը։ Անկախ Nutella–ից էլ՝ ախր շատ որոշակի պնդուկի համ է գալիս։ Չէ, ասում են, քեզ է թվացել, ոչ մի նման համ չկա։ Ընթացքում գլխիս եկածը ինտերնետով պատմում եմ մի երկու մտերիմների, մի կողմից Բյուրի զահլան եմ տանում՝ ալերգիայի մասին հարցեր տալով, մյուս կողմից՝ Զաքարը հուշում է, որ մինչև երկուշաբթի չտառապելու համար կարելի է հենց էդ թխվածքատնից ճշտել՝ ընկուզեղենով են սարքել, թե չէ։ Հիանալի միտք է, ո՞նց չէի ֆայմել։

Հենց Վազգենն աշխատանքից գալիս է, ասում եմ, որ զանգի թխվածքատուն, հարցնի։ Զանգում է, հիշեցնում, որ երկու օր առաջ դպրոցում ծնունդ նշելու համար cupcake–ներ էր պատվիրել իրենց մոտ, և ուզում է իմանալ՝ արդյոք դրանց մեջ ընկուզեղեն կար։ Ինչ–որ աշխատող է պատասխանում, ասում է, որ ինքն անձամբ տեղյակ չի էդ cupcake–ներից, բայց գիտի, որ իրենք ընդհանրապես ընկուզեղենով չեն անում cupcake–ները, ասում է, որ համարյա հարյուր տոկոսով համոզված է, որ ընկուզեղեն չկա էդ cupcake–ներում, բայց լրիվ համոզվելու համար կարող ենք վաղն առավոտյան զանգել, որ թխվածքատան տերն էլ տեղում լինի, ու հենց իրենից ճշտենք։ Ես էդ ընթացքում էնքան էի վատացել, որ ահագին մխիթարվում եմ, բայց միաժամանակ անհամբեր սպասում առավոտվան, որ լրիվ համոզվեմ։ Չէ, առավոտյան արդեն վերջնականապես պարզվեց, որ cupcake–ներում իսկապես ոչ մի տեսակի ընկույզ ընդհանրապես չի օգտագործվել։
Հըմ, բայց հետաքրքիր է, էդ դեպքում էդ ի՞նչ պնդուկի համ էի ես առնում...

Ուլուանա
24.04.2017, 09:05
Քանի որ ֆիլմի մասին թեմա չկա բացված, որոշեցի օրագրումս գրել թարմ տպավորություններս:

Էսօր գնացել էինք «Խոստումը» (The promise) ֆիլմը նայելու։ Տպավորություններս ահագին դրական են։ Անընդհատ մտածում եմ, փորձում եմ խիստ նայել ու գտնել, թե ինչը հաջող չէր, ինչը չհավանեցի ֆիլմում, ու չեմ գտնում։ Ֆիլմը դեռ չտեսած մի քանի հոգուց էսօր լսեցի, որ առանձնապես մեծ սպասելիքներ չունեն ֆիլմից։ Ճիշտն ասած՝ էնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ֆիլմի նկատմամբ թերահավատորեն տրամադրվածները կոնկրետ ինչ են ակնկալում, որ հույս չունեն, թե կտեսնեն ֆիլմում, բայց ես կարծես ինչ–որ կոնկրետ լավ կամ վատ ակնկալիքներ չեմ ունեցել, երբ գնացել եմ ֆիլմը դիտելու։ Ավելի ճիշտ՝ զուտ թրեյլերը տեսնելով՝ ընդհանուր առմամբ դրական եմ տրամադրվել, ու ֆիլմը նայելով՝ բնավ չեմ հիասթափվել։ Հիմա՝ ֆիլմի մասին ավելի կոնկրետ։

Իմ կարծիքով, ամեն ինչ հնարավորինս ճիշտ, լավ մտածված ու չափի մեջ էր. նախ ֆիլմի սիրային՝ անձնական և ընդհանուր՝ ցեղասպանության ասպեկտները բավական հաջող կերպով հավասարակշռված էին. ըստ իս՝ դրանցից որևէ մեկը մյուսի հաշվին ավելի գերակայող չէր կարծես. և՛ որպես սիրային պատմություն էր հաջողված, և՛ որպես ցեղասպանության մասին պատմող ֆիլմ։ Երկուսի առումով էլ հուզիչ ու ազդեցիկ էր, բայց միաժամանակ պաթոսից ու գրոտեսկից զերծ, բնական։ Դերասանների ընտրությունն էլ էր շատ լավը, իմ կարծիքով, գլխավոր դերակատարներից մինչև երկրորդական, երրորդական դերակատարները. բոլորն իրենց տեղերում էին։ Ի դեպ, ի տարբերություն ցեղասպանության մասին պատմող այլ ֆիլմերի, էս մեկում դաժան տեսարաններ չկային. կատարվածի դաժանությունը հաջողվել էր ներկայացնել առանց հատուկ դաժան տեսարանների։ Ֆիլմում հնչող երաժշտությունը հատուկ ուշադրություն չէր գրավում, բայց, ըստ իս, լավ ծառայում էր իր նպատակին։ Սիրային եռանկյունին, իմ կարծիքով, սիրուն էր։ Բառերը շատ չէին, բայց դրանց կարիքն առանձապես չկար էլ։
Մոտավորապես էսքանը։

Հ. Գ. Գլխավոր դերասանուհու մասին էլ էի ուզում մի դիտարկում գրել՝ ֆիլմի հետ կապ չունեցող, բայց ստեղնաշարս ողբալի վիճակում է, տեքստ հավաքելն էլ՝ մի տառապանք, էնպես որ էդ մեկն էլ մնաց հետո։

Ուլուանա
30.04.2017, 08:09
Վերջերս ինչ–որ աննախադեպ բուռն ստեղծագործական շրջան եմ ապրում։ Կարծես ինչ–որ մեկն ինձ միացրել է ու մոռացել է անջատել։ Ես, իհարկե, շատ գոհ եմ դրանից, բայց լավ չեմ հասկանում, թե ինչով է սա պայմանավորված. չեմ կարող ասել, թե մուսաս հիմա ավելի ուժեղ է արտահայտված, քան լինում է սովորաբար, ոչ էլ երբևէ ստեղծագործական գաղափարների պակաս եմ ունեցել, որ ասեմ՝ հիմա գաղափարները հանկարծ սկսել են խեղդել, դրանից է։ Ժամանակս էլ կարծես սովորականից ավելի շատ չի, ոչ էլ գործերս եմ ավելի քիչ անում։ Ինչ խոսք, իդեալական տնտեսուհի չեմ, բայց դե ե՞րբ եմ եղել որ, չհաշված էն քիչ շրջանները, երբ տան գործերից բացի, ուրիշ գրեթե ոչնչով չեմ զբաղվել։ Մի խոսքով՝ չգիտեմ՝ ինչ հաշիվ է, բայց քանի կա ու քանի կարող եմ, վայելում եմ, որովհետև գիտեմ, որ ոչ միշտ է էսպես լինելու։ Բայց ինչ ուզում եք՝ ասեք, աշխարհի ամենահավես զգացողություններից մեկը մուսայիդ ազատություն տալն է։ Թերևս միակ խնդիրն այն է, որ ձեռքերս մտքիս՝ մուսայիս հետևից, մեղմ ասած, չեն հասցնում, նույնիսկ կասեի՝ առնվազն մի քանի տարով հետ են։ Դե, մտահղացումներս շատ–շատ են ու անընդհատ շատանում են, ես էլ թարսի պես շատ դանդաղաշարժ եմ։ Դրա համար հաճախ մտածում եմ, թե ինչ հարմար ու արդյունավեետ կլիներ, եթե մի օգնական ունենայի, մեխանիկական աշխատանքի գոնե մի մասն ինքն աներ։

Վերջին տարիներին, ինչ փորձում եմ մինիմալիստ լինել, տարվա ընթացքում ահագին քիչ ծախսեր եմ անում ինձ վրա։ Նույնիսկ կարելի է ասել, համարյա ոչինչ չեմ առնում, բացի արվեստի ու ձեռքի աշխատանքների պարագաներից ու նյութերից։ Արվեստի ու ձեռքի աշխատանքների խանութ գնում եմ սովորաբար տարին երկու–երեք անգամ, ու պետք է խոստովանեմ, որ ներկայումս դա միակ խանութն է, որտեղ բարիքների առատությունից ու բազմազանությունից գլուխս պտտվում է, «չոքերս թուլանում են», ու եթե չհետևեմ էդ խանութից գնումներ անելու համար ակամա սահմանածս կարգին, հետևանքներն ուղղակի տնաքանդ կլինեն... Իսկ սահմանածս կարգն էսպիսին է. սկզբում շրջում եմ խանութի գրեթե բոլոր բաժիններով (թարսի պես ինձ գրեթե բոլորն էլ հետաքրքրում են) ու բավական ազատորեն, առանց ինքս ինձ առանձնապես սահմանափակելու, ապրանքասայլակի մեջ լցնում ուզածս ու հավանածս ապրանքները։ Երբ արդեն բոլոր բաժիններով անցած, ուզածս բաները վերցրած եմ լինում, և արդեն պիտի գնամ վճարելու, էդ ժամանակ վրա է հասնում ամենադաժան, բայց և անխուսափելի պահը. ուշադիր, հատ–հատ տնտղելով սայլակի պարունակությունը, մոտավոր հաշվարկելով գները՝ սրտի ցավով հետ եմ դնում վերցրածիս զգալի մասը (մոտ 70%–ը)։ Որպեսզի սայլակում մնացած ապրանքների քանակի մասին թյուր պատկերացում չստեղծվի, ասեմ, որ էդքանից հետո դեռ ահագին բան էլ մնում է, համենայնդեպս, էնքան, որ երբեք էլ հանգիստ խղճով չեմ ուղղվում դեպի դրամարկղը։ Իսկ վճարելու ընթացքում, երբ արդեն մոնիտորի վրա տեսնում եմ, ինչպես միշտ, սպասածիցս շատ ավելի արագ աճող թիվը, որպես կանոն, մի քանի բան էլ տեղում եմ հանում, ու, մեկ է, ի վերջո, ստացված գումարը միշտ իմ նախատեսածից մեծ է ստացվում։ Ի դեպ, ամեն անգամ էս խանութ այցելելիս, ինչքան էլ փորձեմ ամեն ինչ արագ անել ու երկար չլռվել, միևնույն է, էնտեղ անցկացնում եմ սովորաբար 3–4 ժամ, լավագույն դեպքում՝ 2, բայց լավագույն դեպքեր գրեթե չեն պատահում։ Տուն գնալու ճանապարհին փորձում եմ խիղճս հանգստացնել նրանով, որ էս շռայլությունն ինձ թույլ եմ տալիս ընդամենը տարին մի երկու անգամ, բացի դրանից, վերջիվերջո, առածս բաներից շատերն օգտագործելու եմ ուրիշների համար նվերներ պատրաստելու համար, մի խոսքով՝ էնքան էլ սարսափելի չի, որ էդքան փող եմ ծախսել։

Ուլուանա
16.06.2017, 06:36
Ժամանակ առ ժամանակ պահեր են գալիս, երբ ամեն ինչ կամ համարյա ամեն ինչ մի տեսակ սկսում է անիմաստ ու անէական թվալ։ Դա կարող է լինել մի քանի դեպքերում։ Օրինակ, ինչ–որ լուրջ խնդիր է առաջանում, ու դրա ֆոնի վրա մնացած ամեն ինչ մանր ու անհեթեթության աստիճանի անկարևոր է թվում, նույնիսկ սկսում ես ամաչել, քեզ ճղճիմ զգալ, որ էսինչ կամ էնինչ հարցերին էդ աստիճանի անհարկի ուշադրության ես արժանացրել, անհանգստացել ես, ներվայնացել ես, դարդ ես արել, երկար ու սևեռված մտածել ես դրանց մասին, երբ կյանքում այ էս աստիճանի լուրջ խնդիրներ կան, ի տարբերություն էդ անլուրջների։ Դա կարող է լինել նաև ինչ–որ խիստ դրական, վեհ ու գեղեցիկ բանի հետ առնչվելիս, երբ էդ վեհության, գեղեցկության բարձունքից էլի մնացած ամեն ինչը՝ թե՛ դրական, թե՛ բացասական, մանր ու անէական է թվում։ Գուցե էլի պատճառներ կան, բայց մեկ էլ լինում է մի շատ անկապ ու անհետաքրքիր դեպքում. երբ ինչ–ինչ պատճառներով քնի խիստ պակաս ես ունենում, ու ինչ լավ ու վատ բան լինի հետդ կամ կողքդ, մանր ու անհետաքրքիր է թվում, որովհետև դու քնել ես ուզում և միայն քնել, ու մնացած ամեն ինչը հեչ։ Ու ինձ թվում է՝ խրոնիկական քնի կարոտ մարդիկ արդեն էն աստիճանի ընտելացած են լինում էդ վիճակին, որ երևի չեն էլ ջոկում, թե ինչի են իրենք էդքան դժգոհ կյանքից, ամեն ինչից ու բոլորից, ինչից են անընդհատ դիսկոմֆորտի մեջ, ինչն է, որ էն չի իրենց կյանքում, այնինչ ընդամենը կարգին քնել է պետք, ու ամեն ինչ տեղը կընկնի։

Հ.Գ. Էս գրառումս կարծես համընկնում է որոշ գրառումների ու ստատուսների հետ, բայց վստահեցնում եմ, որ բոլոր համընկնումները պատահական են։ Պարզապես մի երկու օր իրար հետևից շատ քիչ քնելուց հետո էս մտքերն այցելեցին ինձ, ես էլ որոշեցի գրի առնել։ Բոլորին բարի ու բավարար քուն եմ մաղթում։

Ուլուանա
07.09.2017, 08:06
Սկզբում մտածում էի՝ լրիվ կգրեմ, կվերջացնեմ, նոր կդնեմ, բայց զգացի, որ էսպես թե էնպես՝ երկար է ստացվելու, մի գրառման մեջ դժվար թե տեղավորվեմ, ավելի լավ է՝ մաս–մաս դնեմ՝ ըստ գրառելուս հերթականության։

Երեքուկես տարվա ընդմիջումից հետո էս տարի վերջապես հաջողվեց նորից Հայաստան այցելել։ Ինչպես միշտ, ընդհանուր առմամբ գոհ եմ այցելությունիցս, բայց, իհարկե, որոշ բաներ նախատեսածիս կամ ուզածիս պես չդասավորվեցին։ Տխուր էր էն գիտակցումը, որ մարդիկ, որ դեռևս նախորդ այցելությանս ժամանակ Հայաստանում էին, այլևս Հայաստանում չեն ապրում։ Էնքան անսովոր էր Հայաստանում լինել, տարբեր ընկերների հետ հանդիպելը, բայց Բյուրին չտեսնելը։ Առաջին անգամն էր, որ ես Հայաստան էի գնացել, իսկ Բյուրն էնտեղ չէր։ Չնայած Բյուրն ինձնից ընդամենը մի երկու տարի հետո է Հայաստանից հեռացել, ամեն անգամ, երբ Հայաստանում եմ եղել, ինքն էլ է էնտեղ եղել, ու դրա պատճառով իրեն մինչև հիմա մի տեսակ չեմ ընկալել որպես Հայաստանից գնացած, ինքն ինձ համար միշտ Հայաստանում է եղել։ Իսկ էս տարի առաջին անգամ մեր՝ Հայաստան այցելությունները, ցավոք, չհամընկան...

Ամեն դեպքում էլի լիքը հավես հանդիպումներ եղան ընկերների ու ծանոթների հետ, որոշ վիրտուալ ծանոթների ու ընկերների հետ վերջապես իրականում էլ հանդիպումներ ունեցա, էդ թվում՝ երկար սպասված ու ինձ համար շատ կարևոր։

Էս ամառ ես, քույրս ու եղբայրս վերջին վեց տարվա ընթացքում առաջին անգամ էինք երեքս միասին հանդիպում։ Առանձին–առանձին համարյա ամեն տարի էլ հանդիպում ենք, բայց երեքս միասին՝ չէ։ Վերջին անգամ Լոնդոնում էինք հանդիպել՝ քրոջս մոտ։ Իսկ ամբողջ ընտանիքիս (ծնողներիս էլ) միասին վերջին անգամ կարծեմ մեկ էլ ութ տարի առաջ էի հանդիպել։

Նախորդ այցելության ժամանակ մեծ տղաս՝ Արեգը, դեռ երեք տարեկան էր, ու էդ այցելությունից ոչինչ չէր հիշում։ Էս անգամ հաստատ լիքը բան կհիշի, ահագին տպավորիչ ու ինֆորմատիվ ուղևորություն էր իր համար. համ, կարելի է ասել, ուզածի չափ լավ ժամանակ անցկացրեց, համ լիքը բաներ առաջին անգամ տեսավ ու արեց (նույնիսկ Վարդավառին ակտիվ մասնակցելու հնարավորություն ունեցավ), համ էլ ահագին շփվեց հարազատների հետ։ Էն հարցին, թե ինչ տարբերություններ է նկատել Հայաստանի ու ԱՄՆ–ի միջև, Արեգը պատասխանեց, որ էստեղ (Հայաստանում) ամեն ինչը մոտ է, օրինակ՝ կարուսելներ գնալու համար ստիպված չենք երկար ճանապարհ անցնել :))), նաև ասեց, որ Հայաստանում եթե տնից դուրս ես եկել ու մոռացել ես հետդ ջուր վերցնել, լիքը պուլպուլակներ կան, կարող ես դրանցից ջուր խմել, իսկ ԱՄՆ–ում պուլպուլակներ չկան։ Հետո ասեց, որ էստեղ՝ Հայաստանում, ի տարբերություն ԱՄՆ–ի, փողոցներն ու մայթերն իրարից չեն տարբերվում, ու երբ, չհասկանալով՝ ինչ նկատի ունի, հարցրի, թե ինչ առումով, ասաց՝ որովհետև նույն գույնի են։ Էս մեկը երբեք մտքովս չէր անցնի։ :D Մի անգամ էլ, երբ մեքենայով գնում էինք, զարմացել էր, որ բոլոր շենքերի պատուհանների դիմաց շորեր են փռած (խեղճ էրեխեն մինչև էդ դրսում պարանին փռած լվացք չէր տեսել, առավել ևս էդպես համատարած)։ Իսկ քաղաքից դուրս գնալու ճանապարհին սարերի անվերջանալի տեսարաններից էր զարմացել ու հիացել («Էս Հայաստանը լրիվ սար ա»)։ ԱՄՆ–ում էնտեղ, որտեղ մենք ենք ապրում, սարեր ընդհանրապես չեն նշմարվում։

Շարունակելի

Ուլուանա
09.09.2017, 01:30
Մեր՝ Հայաստան այցելությունից մոտ մի ամիս առաջ տատիկս էր մահացել։ Նախորդ այցելության ժամանակ մի տեսակ զգում էի, որ հաջորդ անգամ երբ գանք, ինքն այլևս չի լինելու։ Տատիկիս փաստացի մահն էնքան էլ ծանր չտարա, ու նախօրոք էլ գիտեի, որ էդպես է լինելու, որովհետև ես իր մահն ավելի շուտ էի իմ մեջ ապրել. վերջին տարիներին ո՛չ հիշողություն էր մնացել, ո՛չ գիտակցություն, իսկ ի՞նչ է մարդն առանց հիշողության։ Էդպես իր գոյության գիտակցումն աստիճանաբար էր մարել, ու էդ պատճառով ես նույնիսկ չէի նկատել, թե տատս երբվանից էր դադարել «լինելուց»։ Վերջին տարիներին գիտակցությունը գործում էր միայն ամենատարրական կենցաղային մակարդակում՝ ուտել, քնել, զուգարան գնալ, բայց, օրինակ, ամենամոտ հարազատներին իսկի չէր ճանաչում արդեն։ Նույնիսկ պապայիս՝ իր որդուն, որ վերջին տարիներին իր մշտական խնամողն էր, չէր հիշում, պարբերաբար հարցնում էր՝ մենք իրար ի՞նչ ենք, կամ՝ ես քանի՞ երեխա ունեմ, ու նման բաներ, բայց միաժամանակ պապայիս ներկայությունն ու շփումն ընդունում էր լրիվ բնական, կարծես այլ կերպ չէր էլ կարող լինել։ Չգիտեմ՝ ինձ երբվանից էր սկսել չհիշել, բայց համոզված եմ՝ քանի դեռ որևէ մեկին հիշում էր, ինձ էլ հիշելիս կլիներ։ Ես իր առաջին ու սիրելի թոռն եմ եղել ու իր համար հաստատ առանձնանում էի։ Ասում եմ՝ չգիտեմ, որովհետև նման վիճակում գտնվող մարդիկ հաճախ փորձում են թաքցնել, որ չեն հիշում էս կամ էն մարդուն։ Տարբեր ծերերի մոտ նկատել եմ էդ երևույթը, երբ իրականում գիտես, որ էսինչ մարդուն չի հիշում, ուղղակի հնարավոր չի, որ հիշի, բայց երբ ձևի համար հարցնում են՝ էսինչին հիշու՞մ ես, հատկապես եթե էդինչն էդ պահին ներկա է, կամ էլ ինքն ինչ–որ բանից ենթադրում է, որ էդինչն էնպիսի մարդ է, որին պիտի որ հիշի, պարտադիր ասում է՝ հա, բա ո՞նց չեմ հիշում։ Բայց երբ կոնկրետ հարց ես տալիս, հասկանում ես, որ բացարձակապես չի հիշում, ուղղակի ենթադրում է, որ ամոթ է չհիշելը, դրա համար էլ ձևացնում է, իբր, հիշում է։ Տխուր է... Նման դեպքերում մարդու տարիքն ես հիշում որպես մխիթարանք։ Իր մահվանից մի ամիս հետո տատս կդառնար իննսունմեկ տարեկան։ Հայաստանի չափանիշներով ահագին պատկառելի տարիք, որին մեր երկրում քչերն են հասնում։ Իսկ ԱՄՆ–ում իննսունում մարդիկ դեռ լրիվ գիտակից, ակտիվ ու հավեսով են, կյանքը լիարժեք վայելում են. էլ ճամփորդում են, էլ խմբակներ են հաճախում, էլ տանը եփում–թափում։ Մինչև վերջին երեք տարին տատիկս էլ էր ոտքի վրա, ակտիվ ու մշտապես գործի մեջ։ Իր աշխուժությունը հաշվի առնելով՝ մի տեսակ արագ ոտքից–ձեռքից ընկավ։ Ու իրեն իմանալով՝ ինձ թվում էր՝ էդ վիճակում երկար չի դիմանա, որովհետև իր համար ֆիզիկական աշխատանքը միշտ կյանքի իմաստ էր, ու առանց դրա ինքն իրեն չէր պատկերացնում։

Ես այլևս ոչ մի տատիկ ու ոչ մի պապիկ չունեմ։ Տատս վերջինն էր ոչ միայն իմ տատիկ–պապիկներից, այլև թե՛ մայրական, թե՛ հայրական կողմիս իր սերնդակից ազգականներիցս։ Այսպիսով, նրա մահով պատմության գիրկն անցավ մի ամբողջ սերունդ...

Վերջին անգամ այցելեցի տատիկենցս այգին՝ իմ մանկության ու պատանեկության հարազատ այգին, որտեղ ծնվածս օրվանից բազմաթիվ շաբաթ–կիրակիներ, ամառային արձակուրդներ եմ անցկացրել, իսկ տասներորդ դասարանում գրեթե մի ամբողջ տարի ապրել եմ։ Որոշ հանգամանքների բերումով, որոնց մասին չեմ ուզում խոսել, հավանաբար այլևս չեմ կարողանալու գնալ էնտեղ։ Ուզում էի հրաժեշտ տալ իմ մանկության այգուն, ծառերին, տանը։ Այգին երբեք էդքան տխուր ու անկենդան չէր եղել։ Ծառերի մի մասը չորացել էր, հաղարջի բազմաթիվ թփերի մի մասը՝ նույնպես։ Բայց հաղարջ մի քիչ կար, ու դա էդ պահին այգու միակ բերքն էր, որ կարող էի համտեսել վերջին անգամ։ Ուժեղ արև էր այգում, բայց ի՜նչ մռայլ էր ամեն ինչ...

Այգում վերջին անգամ բարձրացա իմ սիրած ծիրանենու վրա, որը տարիներ շարունակ բարձրանում էի թե՛ ծիրան քաղելու, թե՛ պարզապես հավեսի համար, որովհետև սիրում եմ ծառ բարձրանալ։ Էլի բան, որին կարոտ եմ մնում ԱՄՆ–ում, թեև էլի մեկ–մեկ հաջողացնում եմ, երբ հարմար ծառ ու հարմար պահ եմ բռնում։
Էս ծառի վրա տասնմեկ տարի առաջ էլ էի նկարվել (որոշ նկարներ ժամանակին դրել եմ բլոգումս էլ, կարծեմ Ակումբում էլ), էս անգամ էլ նկարվեցի.

սա 2006 թվականին է.
https://i.imgur.com/9wkkLJf.jpg

սրանք էլ 11 տարի անց՝ էս ամառ.
https://i.imgur.com/R4hH0kx.jpg

https://i.imgur.com/bW6HKGN.jpg
Շարունակելի

Ուլուանա
11.09.2017, 19:02
Ամեն անգամ, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում Հայաստանում, ու, որպես կանոն, հենց գետնին դիպչելիս ինքնաթիռում բոլորը սկսում են ծափահարել, էնքան եմ հուզվում էդ պահին, ես էլ չեմ հասկանում, թե ինչի, բայց աչքերս ակնթարթորեն լցվում են միշտ։ Էս անգամ էլ բացառություն չէր, բայց դրանից հետո՝ Հայաստան մտնելիս զգացողություններս առաջվա պես ուժեղ չէին։ Չգիտեմ, գուցե նաև նրանից էր, որ էս անգամ գիշերով էինք տեղ հասել, դիմավորողն էր միայն մամաս էր, իսկ իրեն ընդամենը մի ամիս չէինք տեսել, քանի որ ԱՄՆ–ում մեզ հետ է ապրում։ Իսկ նախորդ անգամները միշտ ցերեկով ենք տեղ հասել, ու մեզ էլ ընտանիքից ավելի շատ մարդիկ են դիմավորել։ Էս անգամ մի տեսակ գործնական էր էդ դիմավորելու պահը, ու գուցե դրանով պայմանավորված՝ զգացողություններս էլ համապատասխան էին, չգիտեմ։

Հայաստանում դրսում քայլելիս կամ ինչ–որ տեղ գնալիս միշտ ինձ տանն եմ զգացել (տանտիրոջ իրավունքով, կարելի է ասել), հարմարավետ ու ապահով, էս անգամ էլ հյուր չէի զգում ինձ, բայց առաջվա տանտիրոջ զգացողությունը նախկինի պես ուժեղ չէր։
Հիշում եմ՝ մոտ տասը տարի առաջ, երբ նոր էի տեղափոխվել ԱՄՆ, մի անգամ Աննայի (Բարեկամ-ի) հետ Հայաստան այցելելու, վերադառնալու, էնտեղ ապրելու թեմայով խոսում էինք, ես էլ էդ ժամանակ ինչքան հնարավոր է խորը կարոտախտով էի տառապում հայրենիքիս նկատմամբ, ու էդ պահի դրությամբ ուզում ու հավատում էի, որ մի երկու տարուց ընդմիշտ կվերադառնանք Հայաստան։ Աննան էլ, որ արդեն մի քանի տարվա փորձ ուներ դրսում ապրելու, ասեց, որ վերադառնալը մի քիչ սուտ կլինի, դժվար թե էլ վերադառնաք։ Էդ բառերը լսելն էնքան ցավոտ էր ու միաժամանակ էնքան անիրական ինձ համար, իսկ հետո որոշ բաներ ասեց, որոնք էն ժամանակ ես, էդ պահի կարգավիճակիցս ու հոգեվիճակիցս ելնելով, պարզապես ի վիճակի չէի ընկալելու, ու հիմա նոր–նոր կարծես տեղ են հասել։ Ասեց՝ երբ այցելում ես երկիրդ/հայրենիքդ, ու ամեն անգամ տեսնում ես, թե ինչքան բան ա փոխվել, ինչքան բան ա եղել՝ կառուցվել ու քանդվել, ու գիտակցում ես, որ էդ բոլորն առանց քեզ ա կատարվել ու արվել, առանց քո մասնակցության ու ներկայության, այլ կերպ ասած՝ երկիրդ էդքան ժամանակ առանց քեզ շարժվել, առաջ ա գնացել (կապ չունի, որ առաջ գնալը շատ դեպքերում հետ գնալ կարող ա լինել), էդ ժամանակ զգում ես, որ դու էլ նախկինի պես չես կարող ընկալել հայրենիքդ, չես կարող նույն կերպ ուզենալ ապրել էնտեղ, ինչպես որ մինչև էդ էիր ուզում։ Սա շատ ցավալի է, բայց հիմա ես էլ եմ էդպես զգում։

Իրականում հիմա էլ կուզենայի ապրել Հայաստանում, բայց արդեն որոշ վերապահումներով, որոշ պայմանների բավարարման դեպքում, որոնք անհնար չեն, բայց բարդ են, բայց այլևս չեմ տառապում ամեն գնով վայրկյան առաջ Հայաստան վերադառնալու ցավով։ Գուցե դրանում իր դերն ունի նաև էն հանգամանքը, որ իմ՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո էս տասը տարիների ընթացքում ընտանիքիս համարյա բոլոր անդամները հերթով հեռացան Հայաստանից, ու հիմա ընտանիքիցս միայն պապաս է մնացել Հայաստանում։ Ընկերներիցս շատերը նույնպես քիչ–քիչ հեռացան։ Մյուս կողմից էլ, երբ տասը տարի ապրում ես մի երկրում, անկախ նրանից, թե ոնց ես վերաբերվում էդ երկրին, արդեն կամաց–կամաց սկսում ես տնավորվել, ինչքան էլ որ չէիր ուզում, արդեն կյանքիդ շատ բաներ ձևավորվում են էդ վայրում, շատ հուշեր, էդ թվում և հաճելի, թանկ ու կարևոր, կապվում են էդ վայրի հետ։ Ես մեկ–մեկ վեր եմ թռնում էն գիտակցումից, որ կյանքիս երեսունվեց տարիներից տասը, այսինքն՝ մոտ 2/7–ը, ԱՄՆ–ում եմ ապրել։ Էս հո ահագին պատկառելի թիվ է։

ԱՄՆ–ն, կարծում եմ, երբեք էլ չի դառնա իմ տունը, ինչքան էլ որ ապրեմ էստեղ, իմ տունը հիմա միայն իմ նյույորքյան բնակարանն է, որը հիմնել, ձևավորել ու զարգացրել ենք մեր ուզածով, ու էս բնակարանում ես ինձ տանն եմ զգում։ Էդ տնից դուրս ես էստեղ հյուր եմ, ու կարծում եմ՝ հավերժ։ Իսկ Հայաստանը դեռ անորոշ ինչ–որ կարգավիճակում է, ու երևի միայն ժամանակը ցույց կտա, թե որ ուղղությամբ կզարգանա ու կամրապնդվի էդ կարգավիճակը։ Էս պահին, կարծում եմ, ցանկացած ուղղությամբ զարգանալու շանսեր էլ կան։ Մի խոսքով՝ կապրենք, կտեսնենք։

Շարունակելի

Ուլուանա
19.09.2017, 08:10
Էս անգամ Հայաստանի մասին գրառումներս ընդհանուր առմամբ բավական դեպրեսիվ ստացվեցին, ես էդպես չէի նախատեսել, չգիտեմ՝ ինչի էդպես եղավ, որովհետև իրականում դրական զգացողություններ ու տպավորություններ էլ քիչ չեն եղել, ու էսօրվա գրառումս Հայաստանում ունեցածս որոշ դրական զգացողությունների ու ինչ–որ պահերի ծագած մտքերի շուրջ է լինելու։ Դիտարկումների ու մտորումների մի մասը գրի եմ առել հենց Հայաստանում՝ պահի տակ զգացածս կամ մտքիս եկածը թարմ–թարմ նոթատետրումս ֆիքսելով, մի մասը գրել եմ արդեն վերադառնալուցս հետո՝ հետադարձ հայացքով։


* * *
Փռած լվացք տեսնելիս էն զգացողությունն եմ ունենում, որ կյանքը շարունակվում է։ ԱՄՆ–ում շատ հազվադեպ կարելի է որևէ տեղ փռած լվացք տեսնել։

* * *
Լավ բան է պատշգամբը, հատկապես մեծ ու հարմարավետ պատշգամբը։ Ինչ ափսոս, որ ԱՄՆ–ում պատշգամբներն ընդունված չեն ու շատ քիչ շենքերում ու տներում կան։

* * *
Ամեն անգամ Հայաստանում լինելիս մտածում եմ, թե մարդիկ էստեղ ինչքան իսկական են։ Սրա մասին նախկինում էլի եմ գրել։ Այլ հարց է՝ ավելի լավն են, թե ավելի վատը (իրականում երկուսից էլ կան, բնականաբար), ու այդ իսկականության ֆոնին ԱՄՆ–ի մարդիկ մի տեսակ սինթետիկ են թվում։

* * *
Հայաստանում նկատածս հավես երևույթներից մեկը երեխաների՝ բակում խաղալն է։ ԱՄՆ–ում բակեր՝ որպես այդպիսին, գրեթե չկան, ու տան մերձակայքը հիմնականում նախատեսված չի խաղալու համար։ Էստեղ շենքերում ապրող երեխաները միայն խաղահրապարակներում են խաղում, ու նույնիսկ առանձնատներում ապրելն էլի ոչ միշտ է երաշխավորում երեխաների խաղալու հնարավորությունը։ Գիտեմ, որ Հայաստանում ոչ բոլոր բակերում է էդպես, բայց մերոնց շենքի բակում երեխաների խաղալու սովորույթն անխափան գործում է առնվազն իմ երեխա ժամանակվանից։ Երեխաները մինչև գիշերվա տասը–տասնմեկը բակում խաղում են՝ ուրախ ճվճվոցներն թաղամասով մեկ գցած։ Ճիշտ է, հաճախ խանգարում են քնելուն, ու ես էդ պահերին միշտ պատկերացնում եմ, որ, օրինակ, ԱՄՆ–ում նման բան չէին թույլատրի, հաստատ մի հարևան կամ կբողոքեր տնային կառավարչությանը, կամ ոստիկանություն կզանգեր իրենց հանգիստը խաթարելու համար։ Բայց էդ ճվճվոցներն էլ ընկալում եմ որպես կյանքի շարունակականության նշան ու որպես իմ մանկությունից մնացած մի բան, հետևաբար դրական լույսի տակ եմ տեսնում։ Բացի դրանից, նաև ուրախանում եմ, որ էդ էրեխեքն ամբողջ օրը կոմպի, այփադի կամ հեռախոսի դիմաց լռվելու փոխարեն բակում ակտիվ խաղեր են խաղում։ Միակ բանը, որից մի քիչ տխրում եմ, էն գիտակցումն է, որ էդ էրեխեքից գրեթե ոչ մեկին ես չեմ ճանաչում, նույնիսկ չգիտեմ՝ ով որ հազար տարվա հարևանիս երեխան կամ թոռն է. բոլորն ինձնից հետո են հայտնվել, այսինքն՝ կամ իմ՝ Հայաստանից գնալուց հետո են ծնվել, կամ իմ՝ էստեղ ապրելու ժամանակ դեռ նորածին կամ մեկ–երկու տարեկան են եղել, ամեն դեպքում ես նրանց չեմ ճանաչել քիչ թե շատ գիտակից տարիքում։ Էսքան կտրուկ սերնդափոխությունը մի քիչ վախենալու է, որովհետև ցույց է տալիս, թե ինչքան վաղուց ես էստեղ չեմ ապրում ու ինչքան բան եմ բաց թողել…

* * *
Հայաստանի հետ կապված մի բան էլ կա, որից դրական հույզեր եմ ստանում միշտ։Չգիտեմ՝ ում համար ինչ նշանակություն ունեն նման բաները, բայց ինձ միշտ ջերմություն են հաղորդում, հարմարավետության, հարազատության ու ապահովության ինչ–որ բացառիկ զգացողություն առաջացնում մեջս։ Խոսքը էնպիսի մարդկանց, առարկաներ, տեսարաններ ու երևույթներ տեսնելու մասին է, որոնք ծնվածս օրվանից միշտ եղել են, միշտ տեսել եմ տվյալ տարածքում, տվյալ վայրում։ Դժվար է լիարժեք նկարագրել էն զգացողությունը, որ ունենում եմ էդ պահերին. բացի վերևում նշածս զգացողություններից, էդ պահերին նաև ոնց որ արմատներս շոշափելիորեն զգամ։ Ասենք, երբ տեսնում եմ, որ նույն մարդիկ մեր շենքի դիմացի տաղավարում կամ թեկուզ կողքի շենքի կամ մոտակայքում գտնվող այլ շենքի կամ տան դիմաց ինչ–որ տեղ նստած նարդի են խաղում։ Կամ՝ շենքի միջանցքներում կամ վերելակում տեսնում եմ հազար տարվա հարևաններին, ու կապ չունի՝ ոնց եմ վերաբերվում իրենց, անձամբ շփվել եմ, թե չէ, իրար բարևում ենք, թե չէ։ Կամ՝ ինչ–որ մարդկանց եմ տեսնում մեր թաղամասում, որոնց երբևէ անձամբ չեմ ճանաչել, որոնց մասին նույնիսկ ոչինչ չգիտեմ, բայց ինչ ինձ հիշում եմ, էդ մարդկանց միշտ տեսել եմ մեր թաղամասում, նույն փողոցով անցնելիս կամ նույն տեղում նստած կամ ինչ–որ բան վաճառելիս և այլն։ Իրականում ահավոր սովորական, ոչ մի բանով հետաքրքրություն չներկայացնող «տեսարաններ» են, բայց մի ուրիշ հարմարավետություն եմ զգում գիտակցելիս, որ ինչ–որ բաներ նույնն են մնացել, շարունակվում են այնպես, ինչ միշտ, այսինքն՝ էն որ ինչ ինձ հիշում եմ, էդպես է եղել։ ԱՄՆ–ում կյանքն էնքան արագ է փոխվում՝ մարդկանց աշխատանքներն ու ըստ այդմ՝ բնակավայրերը (այսինքն՝ կարելի է ասել՝ ամեն ինչը), որ դժվար է գտնել էսպիսի առօրեական «կայունություններ», մի տեսակ կարոտ եմ մնում, իսկ Հայաստանում տեսնելիս ինձ լավ եմ զգում, երևի նաև տանն եմ զգում էդ պահերին։

Շարունակելի

Ուլուանա
20.09.2017, 22:22
Եթե ես օտարերկրացի տուրիստ լինեի կամ պարզապես տարիներով Հայաստանի կյանքից կտրված, երկրի անցուդարձին ու ընդհանուր վիճակին անտեղյակ արտասահմանաբնակ հայ, Հայաստան այցելելով ու զուտ տուրիստի կյանք վարելով՝ լրիվ թյուր կարծիք կկազմեի մեր երկրի վիճակի մասին. կկարծեի, թե հայտնվել եմ ահագին բարեկեցիկ, լիության մեջ լող տվող մի երկրում, որտեղ ամեն քայլափոխին կարելի է հանդիպել ամենատարբեր ուղղվածության խանութների՝ ամենաբազմազան ու հարուստ տեսականիով, տարատեսակ ծառայությունների ու սպասարկման կետերի, որոնք հաճախորդների պակաս չունեն, բազմաթիվ սրճարանների ու ռեստորանների, որոնցում մշտապես ասեղ գցելու տեղ չկա։ Դե, ուտելիքի առումով էլ ամենուր էնպիսի համատարած լիություն է, գնորդներն էլ համապատասխան քանակի, որ մտքիդ ծայրով անգամ չի անցնի, թե գտնվում ես աղքատ, տնտեսապես խղճուկ երկրում։ Խանութների առատությունն էլ է էն դրական բաներից, որի պակասը մեզ մոտ՝ Նյու Յորքում (կամ, համենայնդեպս, Նյու Յորքի էն մասում, որտեղ մենք ենք ապրում), խիստ զգացվում է. մեր տանն ամենամոտ գտնվող սուպերմարկետը տասնհինգ րոպե քայլելու ճանապարհ է, իսկ սովորական միրգ–բանջարեղենի խանութներ մեր մոտակայքում ընդհանրապես չկան, ընդհանուր առմամբ էլ բավական քիչ են։ Էլ չեմ ասում, որ շատ այլ բաներ առնելու համար հաճախ պիտի ուրիշ քաղաք գնաս կամ առնվազն տրանսպորտ նստես, մինչդեռ Հայաստանում տնից դուրս գալն ու միաժամանակ բազմաթիվ խանութների է մոտ հայտնվելը մեկ է լինում։

Էդպես, ամեն անգամ Հայաստան գալով ու զանազան արտաքին, ընդհանուր կենցաղային բարեփոխումներ նկատելով՝ կարելի է իսկապես մտածել, թե երկրի վիճակն ընդհանուր առմամբ ահագին լավացել է, ի՞նչ են մարդիկ անկապ տեղը բողոքում։ Ու էս համատարած լիության ու թվացյալ բարեկեցության ընդհանուր տպավորությունը բեկվում է միայն Ֆեյսբուքում կարիքավորներին օգնելու համար նախատեսված խմբի ու որոշ ընկերների գրառումներով, որոնք մշտապես բարձրաձայնում են էս կամ էն ծայրահեղ չքավորության մեջ գտնվող մարդու կամ ընտանիքի վիճակի մասին, նրանց օգնելու առաջարկներով ու խնդրանքներով հանդես գալիս։ Դրսում ապրող մարդը տուրիստի կարգավիճակով Հայաստան գալու դեպքում կարծես հնարավորություն չունի իմանալու էդ չքավոր խավի գոյության մասին, որովհետև նրանք ոչ մի տեղ չեն երևում մայրաքաղաքային էդ շլացնող լիության մեջ։ Նրանցից ամեն մեկն իր խղճուկ քնջում ապրում է ինքն իր դարդով միայնակ տապակված, տուրիստների ու բարեկեցիկների աչքերից հեռու։ Երբ կարդում ես էդ մարդկանց ծայրահեղ չքավորության, անմարդկային կենսական պայմանների մասին ու տեսնում համապատասխան նկարները, ու նաև իմանում ես, թե նրանք որքան շատ են, անթիվ–անհամար, որովհետև նրանց մասին ամեն օր գրվում է, բայց գրեթե միշտ նոր մարդիկ են, նոր ընտանիքներ, որոնց մասին նախկինում չի գրվել (ուրեմն որքա՜ն շատ են նրանք), հասկանում ես, որ էն լիության մեջ լող տվող Հայաստանի կողքին կա նաև մի լրիվ ուրիշ Հայաստան, որը կարծես ամեն կերպ քողարկվում է, հատկապես դրսի համար, որպեսզի ընդհանուր պլպլան պատկերը չփչացնի, ու որի գոյության մասին միայն Ֆեյսբուքից ու նման միջոցներից կարող ես իմանալ, եթե նմանատիպ վիճակում գտնվող ծանոթ կամ ազգական չունենաս։

Լավ է, իհարկե, որ կենցաղային մակարդակում որոշակի բարեփոխումներ կան. դրանք միշտ էլ պետք է նկատել, գնահատել ու հաշվի առնել, բայց էս մութ ու «անտեսանելի» Հայաստանի պատկերի ֆոնին լիքը դրական բաներ մի տեսակ կեղծ փայլ են ստանում աչքիդ...

Շարունակելի

Ուլուանա
23.09.2017, 07:02
Հայաստանյան գրառումներիս շարքից մի հատված որոշեցի կրճատել ու արդեն ավարտել շարքը։ Հավեսս փախավ մի տեսակ...

Էս մի գրառումը Հայաստանի հետ կապ ունի զուտ էնքանով, որ այն գրել եմ Հայաստանում եղածս ժամանակ։ Պահի տակ գլխումս ծագած մտորումներ ու դիտարկումներ, որոնք էդ պահին ինձ համար կարևոր էին ու գրի առնելու արժանի, միջավայրն ու տրամադրությունս էլ բավական տրամադրում էին գրելուն։


* * *
Էն հավես պահերից է, որ ուզում ես անպայման ֆիքսել։
Աղվերանում ենք։ Մերոնք բոլորը դրսում են։ Իսկ ես մենակ նստած եմ հանգստյան տան պատշգամբում ու վայելում եմ քաղաքից դուրս լինելու անդորրը, որն առավել լիարժեք է դառնում հենց դիմացս սփռված լեռան տեսարանի շնորհիվ։ Դեռ չգիտեմ՝ նախատեսված մի քանի օրվա ընթացքում լեռան ուղղությամբ կգնանք, թե չէ, բայց հաճելի է էն գիտակցումը, որ լեռն էսքան մոտ է (էն աստիճանի, որ հայրս կատակում է, թե՝ հեսա որ բարձրանամ էս սարը, ինձ էստեղից (պատշգամբից) կնկարես)։

Ահա լեռան տեսարանը պատշգամբից.

https://i.imgur.com/Z6DcFnO.jpg

Արդեն երկրորդ անգամն է, որ համոզվում եմ, որ լավ հանգստանալու համար հարկավոր է չունենալ կոնկրետ ակնկալիքներ, էն որ ոչինչ չես պլանավորում, պարզապես տրվում ես հոսանքին՝ ինչ ու ինչպես որ կստացվի (դե, բնականաբար, որոշ վերապահումներով)։ Ընդ որում՝ էս անգամ պարզվեց, որ դա հնարավոր է նույնիսկ փոքր երեխաների հետ, որոնցից մեկը 1 տարեկան է ու օրվա մեծ մասը գրկումդ։ Եվ այսպես, կարևոր բացահայտում. հանգիստն (առնվազն ինձ համար) այն է, երբ չունեմ կոնկրետ պլաններ, հետևաբար և դրանք իրագործելու ակնկալիքներ, որովհետև պլաններն ու ակնկալիքներն իրականացնելու ջանքերը հենց այն են, ինչն ամենաշատն է հոգնեցնում, էներգիա խլում։ Թուլանալ և տրվել հոսանքին՝ ահա լավ հանգստի գաղտնիքը։ Իսկ սրա հակառակն, իհարկե, կարող է լինել հրաշալի ժամանց՝ հետաքրքիր ու հաճելի, որը, սակայն, անձանբ ինձ համար ոչ մի կապ չունի հանգստի հետ։ Միշտ չեմ ընկալել «ակտիվ հանգիստ» երևույթը, բայց՝ ևս մեկ բացահայտում. պարզվում է՝ ակտիվ հանգիստն էլ կարող է հանգիստ լինել՝ իմ ընկալմամբ, եթե բավարարվում են առաջին բացահայտմանս պայմանները։

Ուլուանա
03.10.2017, 22:50
Արդեն վաղուց է՝ ուզում էի գրել արվեստի ու ձեռագործի էն տեսակների մասին, որոնցով զբաղվել կամ զբաղվում եմ, թե ինչպես եմ ընկալում դրանցից յուրաքանչյուրը և ինչ զգացողություններ ու մտքեր եմ ունենում դրանցից ամեն մեկով զբաղվելիս։ Վերջերս էլ բլոգում համատեղ թեմաներ ենք ընտրում ու դրանց վերաբերյալ մի խումբ բլոգերներով գրում, ու վերջին՝ «Ինձ ամենաշատ հաճույք պատճառող զբաղմունքները» թեման ինձ հիշեցրեց էս գրառումն անելու մտադրությանս մասին։ Թեև, ըստ իս, սա էնպիսի թեմա է, որ շատ քչերին կհետաքրքրի, բայց ինձ համար կարևոր է դրանք ֆիքսելը, ու գուցե գտնվեն մարդիկ, որոնց համար էլ դրանց մասին կարդալը հետաքրքիր կլինի։ Քանի որ գրառումն իմ պատկերացրածից անհամեմատ ավելի երկար է ստացվում, կգրեմ մի քանի մասից։

Ընդհանուր առմամբ նախատեսում եմ գրել գորգիկներ գործելու, մակրամեի, դիմանկարների/ծաղրանկարների, քանդակագործության, mixed media կոլաժների/պաննոների ու զարդերի պատրաստման մասին։

Գորգիկներ
Գորգիկներ գործելու հետ առաջին անգամ առնչվել եմ մոտ 12 տարեկանում, երբ հայրս ինչ–որ տեղից գնել էր երկու կոմպլեկտ՝ իրենց պատկերով, գործելու գործիքով, ամեն գույնի թելից համապատասխան քանակով կտրտած, սիրուն փաթեթավորած, սխեման էլ հետը։ Մեկը ձիու պատկեր էր (գլխի մասը), մյուսը՝ աբստրակտ գորգային նախշ՝ բոլոր կողմերից սիմետրիկ։ Արդեն չեմ հիշում, թե ոնց ու ինչու, բայց որոշվեց, որ ձին եղբայրս կգործի, մյուս՝ աբստրակտ նախշովը՝ ես։ Երկուսս էլ ահագին ոգևորված, բայց անկանոն տեմպերով գործում էինք։ Չգիտեմ, երևի էն ժամանակվա համար հազվագյուտ բան էր, որովհետև ով տեսնում էր, զարմանում ու հիանում էր։ Դե, մենք ինքերս էլ երբևէ չէինք տեսել, որ որևէ մեկն ունենար կամ գործեր նման բան, հետագայում էլ Հայաստանում չեմ տեսել, ճիշտն ասած։ Նաև հիշում եմ, որ եղբորս գործելիքը, երբ դեռ պրոցեսի մեջ էր, սովորաբար սեղանին դրված էր լինում, ու ով մեր տուն գալիս էր՝ հարևան, ազգական, ծանոթ, պարտադիր ամեն մեկը մի քիչ փորձում էր գործել։ :))) Տեխնիկայի հեշտությունն էլ էր երևի գրավում, ու ուզում էին մասնակից լինել նման յուրօրինակ գործի ստեղծմանը։ :))) Ճիշտ է, հիմնական աշխատանքն ամեն դեպքում եղբայրս արեց, բայց փաստն էն է, որ տարբեր մարդիկ նույնպես, թեկուզ մի պուճուր, բայց իրենց ներդրումն ունեցան։ Էդ գորգիկը երկար ժամանակ մեր տան պատին էր կախված, հիմա էլ մեր տանը՝ մամայիս սենյակում է պատին կպցրած։ Իմ գործածն էլ տարիներ շարունակ մեր տան դաշնամուրի վրա էր դրված։ Էդ կոմպլեկտները գերմանական էին, մենք էլ մտածում էինք, որ քանի որ գերմանական է, պիտի որ ամեն ինչը ճշգրտությամբ հաշվարկած լինի, ու ոչ մի թել չավելանա։ :))) Բայց արի ու տես, որ համ թելերից լիքը ավելացան (ընդ որում՝ գործելու ընթացքում էլ թելերի մի փոքր մաս, որպես կանոն, փչանում է), համ էլ գորգիկի հիմք–ցանցը կողքերից ահագին մնաց։ Ավելացած մասերի վրա էլ ահագին գործեցինք (հիմնականում ես, մի շատ պուճուրիկ գորգիկ էլ քույրս), սկզբում հենց կոմպլեկտից ավելացած թելերով, հետո էլ արդեն մամայիս՝ շյուղերով գործելու համար նախատեսված թելերից օգտվելով։ Իսկ հետո ցանց–հիմք գտնելը խնդիր էր. ոչ մի տեղից չկարողացանք ճարել, ու դրանից հետո գորգիկ գործելու հետ տարիներով ո՛չ առնչվել եմ, ո՛չ էլ մտածել դրա մասին։

Միայն ԱՄՆ տեղափոխվելուցս հետո էր, երբ մի օր որոշեցի, որ կարելի է նորից զբավել դրանով։ Ընդ որում՝ արդեն ավելի լավ թելերով, ավելի հարմար գործիքով ու շատ ավելի ամուր ցանցով։ Արդեն ԱՄՆ–ում գործելիս իմացա, որ գորգիկներ գործելու էն տեխնիկան, որ կիրառում եմ, անգլերեն կոչվում է latch hooking, հայերեն համարժեքը կարծես չկա, համենայնդեպս, ես ժամանակին ահագին հետաքրքրվել եմ, բայց չեմ կարողացել պարզել։ Շնորհակալ կլինեմ, եթե որևէ մեկն ասի։ Գորգիկները միշտ, առանց բացառության, գործել եմ նախապես կոնկրետ մարդու նվիրելու համար, երբևէ հենց էնպես գործած չկամ, ու ըստ այդմ էլ փորձել եմ պատկերացնել, թե ինչ գույներ, ինչ նախշեր/պատկերներ դուր կգային տվյալ մարդուն, որպեսզի իր ուզած ձևով գործեմ։ Որոշ դեպքերում հստակ իմացել եմ, թե տվյալ մարդուն ինչը դուր կգա ու էդպես էլ գործել եմ, որոշ դեպքերում ենթադրել եմ, մի երկու դեպքում էլ գաղափար չեմ ունեցել ու ստիպված եմ եղել ռիսկի դիմել։ Հուսով եմ՝ ամեն դեպքում խիստ հիասթափության դեպքեր չեն եղել։ :))) Եղել են նաև դեպքեր, երբ ցանկություն եմ ունեցել կոնկրետ մարդու համար գորգիկ գործելու, բայց համոզված չեմ եղել, որ իրեն ընդհանրապես հավանում է էս տիպի գորգիկները, դրա համար էլ չեմ գործել։

Պետք է խոստովանեմ, որ գորգիկներ գործելու բուն պրոցեսը շատ պարզ, հեշտագույն (չեմ պատկերացնում, որ սրանից ավելի հեշտ ձեռագործի տեսակ լինի), միօրինակ, մեխանիկական աշխատանք է, ընդ որում՝ ահագին դանդաղ առաջ գնացող, հետևաբար բավական ձանձրալի։ Հատկապես էն դեպքում, երբ չես օգտվում պատրաստի «կոմպլեկտից», որում թելերն արդեն կտրած–պատրաստ են գործելու համար, թելերն էլ ինքդ պիտի կտրես հատիկ–հատիկ, ստացվում է ահռելի քանակությամբ զուտ ֆիզիկական–մեխանիկական աշխատանք, որին գործելու ընթացքում ուղղակի ընտելանում ես, մի տեսակ թմրում ու արդեն անջատված, մեխանիկորեն գործում։ Չէ, իրականում լրիվ անջատվել հաստատ չարժե, որովհետև կարող ես հասնել գույնը փոխելու տեղին ու չհիշել էդ մասին՝ շարունակելով նույն թելով գործել, հետևաբար սխալ գործել։ Դա էլ է պատահում, իհարկե, թեև ոչ հաճախ։

Էս գործի մեջ դրականն այն է, որ ամեն թելն առանձին է, ու մի տեղ սխալ գործածդ չի ազդում մնացածի վրա, այսինքն՝ ի տարբերություն ձեռագործի շատ այլ տեսակների, եթե սխալ ես արել, հիմնականում ստիպված չես դրանից հետո գործածդ ամբողջությամբ քանդել, որպեսզի սխալն ուղղես։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ մի սխալ հաշվարկի կամ անուշադրության հետևանքով սխալ թելով գործածդ իր հետ բերած է լինում նաև այլ սխալներ, էդ դեպքում պիտի ուրիշ թելեր էլ քանդես, շտկես, բայց ամեն դեպքում նույնիսկ դա համեմատելի չի ամբողջը քանդելու հետ։ Բացասական կողմն այն է, որ եթե սխալ ես արել, թելը քանդելու հետևանքով շատ դեպքերում արդեն գզգզվում է ու նորից գործվելու համար անպիտան դառնում, ստիպված պիտի նորը կտրես էդ թելից։

Գորգիկների նախշերը/պատկերները, բացառությամբ մի երկու դեպքի, երբ կոնկրետ պատկեր եմ ընտրել գործելու համար, պատկերը/նախշը ինքս եմ հորինել, ու էդ պատկերի/նախշի դիզայնը մտածելու ու համապատասխան սխեման ստանալու վրա հաճախ ավելի երկար ժամանակ եմ ծախսում, քան բուն գործելու (երբեմն շատ դժվար է լինում կոնկրետ պատկերը/նախշը տեղավորել եղած չափսի մեջ ու ահագին աշխատանք է պահանջում)։ Ճիշտն ասած՝ գորգիկ գործելու մեջ ինձ գրավող միակ բանն արդյունքն է ու էն գիտակցումը, որ այն որպես նվեր ստացողը շատ կուրախանա, թե չէ՝ պրոցեսի մեջ ոչ մի հետաքրքիր, էլ չեմ ասում՝ կրեատիվ բան չկա, պատկերի/նախշի ձևավորումը միակ քիչ թե շատ կրեատիվ մասն է էս գործում, մնացածը՝ երկարատև միապաղաղ ու հոգնեցուցիչ աշխատանք է, կարելի է ասել՝ բանվորի աշխատանք, էն որ անում, անում ես, ու երկար ժամանակ դեռ վերջը չի երևում։ Երևի էս պատճառով է, որ գորգիկներ գործելու ինտենսիվ շրջանս վաղուց համարում եմ ավարտված։ Հիմա միայն հատուկ դեպքերում կգործեմ, այն է՝ եթե ուզենամ մեկին իմ աշխատանքներից մի բան նվիրել ու միաժամանակ համոզված լինեմ, որ տվյալ մարդը շատ կուզենար իմ գործած գորգիկն ունենալ։ Մնացած դեպքերում կնախընտրեմ ուրիշ բան նվիրել։

https://i.imgur.com/y0zu0vl.jpg?1

https://i.imgur.com/L8hM7qv.jpg?1

https://i.imgur.com/nQCBco7.jpg?1

https://i.imgur.com/DjSQti4.jpg

https://i.imgur.com/VyNaZnk.jpg

https://i.imgur.com/8R64KXO.jpg

Մյուս կողմից՝ էսպիսի միապաղաղ գործելու պրոցեսը, քանի որ բուն գործի մասին մտածել չի պահանջում, լավ պայմաններ է ստեղծում հանգիստ մտորելու համար։ Ընդհանրապես մեխանիկական աշխատանքով զբաղվելու ընթացքում մտորելն, ըստ իս, դրականորեն տարբերվում է պարզապես պարապ նստած մտորելուց, քանի որ մեխանիկական աշխատանքը միաժամանակ նաև մի տեսակ հանգստացնող ու մաքրող հատկություն ունի, ու մտքերդ էլ արդյունքում կարծես ավելի խաղաղ ու ավելի սթափ են դառնում։ Իսկ երբ էդ մեխանիկական աշխատանքը նաև ներառում է ինչ–որ սիրուն բան ստեղծելու գիտակցում, նշածս դրական էֆեկտն, ըստ իս, ուժեղանում է։


Մակրամե
Մակրամեի մասին ժամանակին առանձին կետերով դիտարկումներ եմ արել։ Իսկ հիմա կգրեմ հիմնականում անձնական ընկալումներիս մասին։ Էլի սկսեմ ամենասկզբից։ Մակրամեի հետ առաջին անգամ առնչվել եմ կարծեմ իններորդ դասարանում։ Ճիշտն ասած՝ չեմ էլ հիշում, թե ինչու հանկարծ որոշեցի դրանով զբաղվել։ Մեր տանը դեռ անհիշելի ժամանակներից մակրամեի ինքնուսույց կար՝ անհաջող գունավորմամբ սովետական մի գիրք, որն ինձ բոլորովին չէր գրավում, ավելին՝ նույնիսկ վանում էր մեջը եղած նկարների գորշությամբ։ Մակրամեն էլ ընկալում էի որպես մի տեսակ անհրապույր ու հնացած (նույնիսկ կասեի՝ տատիկական) ձեռագործի ձև, ու հետն էլ տեսքից դատելով՝ ահագին դժվար էր թվում։ Ու էս բոլորը միասին բավական արդյունավետ հակագովազդ էին ապահովում։ Բայց մի օր, զարմանալիորեն չեմ հիշում, թե ոնց, որոշեցի փորձել։ Հիշում եմ, որ մամայիս ընկերուհին, ով ստաժավոր գործող էր (համ մակրամե, համ էլ ընդհանրապես բազմաթիվ ձեռագործի տեսակներով զբաղվել կամ զբաղվում էր), ինձ որոշ նախնական ցուցումներ տվեց որպես սկսնակի, կողքից էլ մի քիչ մեր ունեցած գրքից օգտվեցի, էդպես տանը եղած էն կոպիտ ու ամուր գորշ պարաններից (հայերեն չգիտեմ, անգլերեն՝ jute twine), որ առօրյայում հիմնականում օգտագործվում են արկղեր և այլ իրեր ամուր կապելու, փաթեթավորելու համար (թեև որպես մակրամեի պարան էլ է ահագին տարածված) մի ծաղկամանակալ գործեցի պատից կախվող։

Բայց էդ կոպիտ ու փշոտ պարանն ինձ հեչ դուր չեկավ ու շարունակաբար դրանով մակրամե գործելու հեռանկարը, ճիշտն ասած, էնքան էլ գրավիչ չէր։ Հիշում եմ, որ մեր մոտւակայքում գտնվող մի խանութից ավելի հաստ ու ավելի որակյալ պարան առանք, ես էլ հավեսով սկսեցի մեկ այլ ծաղկամանակալ գործել, բայց պարանը շատ շուտ վերջացավ, իսկ խանութում նորը չկար։ Էդ գործն էդպես էլ մնաց ու մնաց, իսկ մակրամեի իմ գործունեությունը դրանով դադարեց մոտ տասնհինգ տարով։


https://i.imgur.com/bBwXY9F.jpg

https://i.imgur.com/0ADLOhc.jpg

https://i.imgur.com/FDLUwW2.jpg

https://i.imgur.com/Xu0XSWD.jpg

https://i.imgur.com/qy7fI63.jpg

Մակրամեին նույնպես վերադարձա արդեն ԱՄՆ–ում։ Սկզբում տանը եղած մի հին աթոռի քրքրված ծղոտից թիկնակը վերանորոգեցի՝ տեղը ցանց գործելով։ Հետո արդեն ավելի լուրջ ու խոշոր բաներ՝ պայուսակ, վարագույր, գոտի, շարֆեր (վերջիններս արդեն ոչ թե պարաններով, այլ հաստ թելերով ու երիզներով)՝ հիմնականում ընկերներուհիների ու հարազատների նվիրելու համար։ Ընթացքում նաև զանազան զարդեր եմ գործել իմ ու մտերիմներիս համար։ Մակրամեն, ի տարբերություն latch-hooking–ի ցանցանման գործվածքների դեպքում բավական արագ է առաջ գնում, հիմնական թերությունն այն է, որ հաստ ու ամուր (երբեմն նաև բարակ) պարաններով երկարատև գործելու դեպքում հանգույցները ձգելուց մատներդ ցավում են, երբեմն կոշտուկներ են լինում, բայց դրանով հանդերձ՝ գործելու պրոցեսն ինձ շատ դուր է գալիս, նույնիսկ երբ գործվածքը միօրինակ է լինում։

Ընդհանրապես պարանների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ. սիրում եմ խաղալ դրանցով, հանպատրաստից կապկպել, հյուսել և այլն։ Պահի տակ ձեռքումս հայտնված ցանկացած երկարության պարանի կտորի հետ միշտ, անկախ ինձնից, ինչ–որ նման բան անում եմ. պարան տեսնելիս ձեռքերս չեն կարողանում պարապ մնալ, ու էդ պրոցեսից մի այլ կարգի հաճույք եմ ստանում, իսկ պլանավորած ինչ–որ սիրուն ու հետաքրքիր բան գործելու դեպքում՝ առավել ևս, քանի որ պրոցեսի հաճույքին գումարվում է նաև արդյունքի կանխավայելումը։

Մակրամեի նկատմամբ սերս մասամբ պայմանավորված է նաև նրանով, որ ինչպես հագուկապի, էնպես էլ ինտերիերի ձևավորման իմ սիրած ոճը ենթադրում է զգալի չափով պարաններ, կապիչներ, ծոպեր, հյուվածքներ ու նմանատիպ դետալներ , այլ կերպ ասած՝ մակրամեի առատ առկայություն։
Մակրամե գործելը նաև ահագին լիցքաթափող է, ու կարծում եմ՝ հանգույցներ ձգելը դրանում մեծ դեր ունի։ Չգիտեմ՝ ուրիշների համար ոնց է, բայց ինձ համար հաստ պարաններով գործելը շատ ավելի հաճելի է։ Մի խոսքով՝ մակրամեն, կարելի է ասել, իմն է, ու սա ձեռագործի էն տեսակն է, որ կարծում եմ՝ միշտ էլ, թեկուզ մանր–մունր, թեկուզ կենցաղային ինչ–որ գործերի մեջ, բայց կկիրառեմ, նույնիսկ եթե լուրջ ու խոշոր պրոյեկտներ այլևս չձեռնարկեմ։

Հաջորդ մասում կպատմեմ դիմանկարներ/ծաղրանկարներ անելու և քանդակագործության մասին։

Ուլուանա
06.10.2017, 08:05
Խոստացել էի, որ հաջորդ մասում կգրեմ դիմանկարների/ծաղրանկարների ու քանդակագործության մասին, բայց առաջինի մասին գրածս էնքան երկար ստացվեց, որ քանդակագործությունը մնաց հաջորդ գրառմանը։


Դիմանկարներ ու ծաղրանկարներ

Նկարել միշտ էլ սիրել եմ, բայց դիմանկարի առաջին փորձս եղել է տասնչորս տարեկանում, երբ տարված էի «Սանտա Բարբարա» սերիալով ու հատկապես շատ էի սիրում Իդենին ու Կրուզին։ Ինչ–որ տեղից գնել էինք նրանց երկուսի նկարներով փոքրիկ օրացույցներ, ու ես երկուսին էլ հաճույքով անմահացրել էի, դե, հնարավորություններիս սահմաններում։ Կրուզի նկարը, ցավոք, չի պահպանվել, բայց Իդենինը կա.

https://i.imgur.com/bF0uYml.jpg

Նմանության հետ կապված տարբեր կարծիքներ կային ժամանակին։ Ես նմանություն տեսնում էի, թեև, ինչ խոսք, ինքս էլ գիտեմ, որ ընդհանուր առմամբ ավելի կոպիտ ու ահագին թերի է ստացվել։ Բայց դե, ինչ մեղքս թաքցնեմ, էն ժամանակ ես ինձնով հպարտ էի սա նկարելու համար։ :D Իսկ ընդհանուր առմամբ էն ժամանակ դիմանկարներ նկարելն ինձ դեռ առանձնապես չէր հետաքրքրում, ու մոտակա երկու տարում նոր փորձեր չգրանցվեցին։

Հաջորդ փորձս եղավ շատ անսպասելի, կարելի է ասել՝ լրիվ պահի տակ։ Տասնվեց տարեկան էի, տատիկենցս տան հյուրասենյակում նստած պարապում էի։ Պապիկս էլ նստած էր իմ դիմաց, կիսադեմով դեպի ինձ, ու հեռուստացույց էր նայում։ Հանկարծ չգիտեմ ինչ խելքիս փչեց, որոշեցի, որ ուզում եմ պապիկիս նկարել։ Անմիջապես վերցրի թուղթն ու մատիտը և տեղում շատ արագ նկարեցի պապիկիս կիսադեմը։ Էնքան արագ տեղի ունեցավ էդ պրոցեսը, որ շատ մտքեր ու զգացողություններ չհասցրի ունենալ, պարզապես արագ–արագ նկարում էի էն, ինչ տեսնում էի։ Ու նաև հետաքրքիր էր էն գիտակցումը, որ պապիկս տեղյակ չէր, որ իրեն նկարում էի։ Հիշում եմ, որ պապիկս էլ, տատիկս էլ շատ տպավորված էին։ Տեխնիկական առումով, իհարկե, բավական թերի էր, բայց նմանությունն ակնհայտ էր։ Համենայնդեպս, էս անգամ բոլոր տեսնողները հաստատում էին, որ նման է պապիկիս։ Ընդամենը մի քանի անգամ է եղել, երբ նկարել եմ ինչ–որ մեկին, ու ինքն էդ ամբողջ ընթացքում չի իմացել դրա մասին։ Շատ հետաքրքիր զգացողություն է։ Հիմա փորձում եմ նկարագրել էդ զգացողությունը, բայց զգում եմ, որ ոնց էլ նկարագրեմ, էն չի։ Պարզապես ասեմ, որ ինչ–որ թաքուն հրճվանք ես ապրում էդ պահերին։

Մի անգամ էլ եղբորս եմ էդպես նկարել, երբ տասնութ տարեկան էի։ Էդ ժամանակ արդեն հասցրել էի բազմիցս նկարել ընտանիքիս անդամներին, ընկեր, հարևան, դասարանցի, կուրսեցի, դասախոս՝ ով պատահեր ու որտեղ պատահեր։ Ես արդեն ուսանող էի, իսկ եղբայրս դեռ աշակերտ էր, ես էլ, իբր, հետը անգլերեն էի պարապում, որը, սակայն փոխադարձ տառապալից մի գործընթաց էր, ու մի գեղեցիկ օր, երբ հերթական անգամ տառապելով լսում էի, թե ինչպես է եղբայրս տառապելով կարդում իր անգլերենի դասը, հանկարծ որոշեցի անմահացնել նրա տառապալից դեմքը։ Էլի շատ արագ եղավ ու ծաղրանկարանման մի բան ստացվեց, բայց շատ տիպիկ, տառապանքի ու տաղտուկի խառնուրդ արտահայտությունն էլ ճիշտ էնպես, ինչպես որ կար իրականում։ Հիշում եմ, որ նկարն ավարտելուց հետո երբ ցույց տվեցի մերոնց, բոլորն էլ մի բոլ ծիծաղեցին նմանության ու հատկապես էդ տառապանքի ու տաղտուկի արտահայտությունը դիպուկ որսացած լինելուս վրա։

https://i.imgur.com/jZPhrlW.jpg?1

Ինքնադիմանկարներ էլ եմ արել մի քանի անգամ։ Առաջինի ժամանակ էլի 18 տարեկան էի (հիմա որ մտածում եմ, երևի դիմանկարներ նկարելուս մի քանի բուռն շրջաններից մեկն է եղել էդ տարիքս)։ Հիշում եմ՝ ուշ ժամ էր, ես էլ արդեն պառկում էի քնելու ու մի տեսակ անկապ տրամադրություն ունեի ու երևի նույնպիսի տեսք, ու չգիտեմ՝ ինչ փչեց խելքիս, հանկարծ որոշեցի ինքս ինձ նկարել։ Հայելին վերցրի, սեղանն էլ հենց դիմացս էր, թուղթ ու մատիտն առա ու սկսեցի նկարել։ Տեսքս հեչ դուրս չէր գալիս, ինձ բավական տգեղ էի զգում էդ պահին ու նկարում էի հենց էնպիսին, ինչպիսին տեսնում էի։ Մի տեսակ թաքուն ինքնագոհությամբ էի լցված էն գիտակցումից, որ չեմ կեղծում, չեմ փորձում ինձ ավելի սիրուն ներկայացնել, որ ազնվորեն նկարում եմ իրականությունը։ Միաժամանակ գիտակցում էի, որ էդ պահին նկարածս չի կարելի իմ լիարժեք տեսքը համարել, բայց նաև գիտեի, որ դա ամեն դեպքում ես եմ, այսինքն՝ ես նաև էդպիսին եմ, առնվազն էդ պահին ու առնվազն իմ աչքում։ Էդպես նկարեցի, վերջացրի ու քնեցի ինձնից գոհ, որ էդպիսի ազնիվ նկար եմ նկարել, ու միաժամանակ դժգոհ, որ էդքան վատ տեսք ունեմ։ Առավոտյան, երբ նկարածս ինձնից գոհ ցույց տվեցի մերոնց, բոլորն ասեցին, որ բացարձակապես նման չի ինձ, որ շատ տգեղ է, ու նույնիսկ ապշել էին, թե ոնց կարող եմ ես ինձ էդպիսին տեսնել։ Հիշում եմ, որ էդ օրերին մեր տուն եկած մի քանի ծանոթների էլ ցույց տվեցի նկարը, բոլորն էլ նույն բանն ասեցին, որ ինձ հեչ նման չի, ու որ տգեղ է։ Ես, իհարկե, մի կողմից շատ ուրախ էի, որ ոչ ոք ինձ էդպիսին չի տեսնում ու էդ տգեղ նկարն ինձ չի նմանեցնում, բայց մյուս կողմից էլ մի տեսակ անարդարության զգացում ունեի, նաև իրականություն պատկերելու իմ՝ իմ կարծիքով հաջողված ջանքերը թերագնահատված էի համարում։ Էդ զգացողությունս մի քիչ նման էր էն «Հայելի» մուլտֆիլմի մեջի մարդու զգացածին, ով հայելու մեջ ինքն իրեն տեսնելով՝ կարծում է՝ իր մահացած հայրն է, ու հայելին ոգևորված տանում, ցույց է տալիս իր տնեցիներին՝ որպես իր օղորմածիկ հոր պատկեր, իսկ վերջիններս, ամեն մեկն իրեն տեսնելով, համապատասխան ռեակցիաներ են տալիս, էս խեղճ մարդուն էլ մեղադրում են ինչում ասես ու տնից դուրս վռնդում, ինքն էլ խիստ վիրավորված՝ վերջում ասում է. «Ամո՛թ ձեզ, ամո՛թ, որ օղորմածիկ հորս պատկերը տուն չթողեցիք»։ :D Վերջը մերոնք էնքան ասեցին, որ անհաջող նկար է, որ պատռեմ–գցեմ, որ մինչև մի քանի տարի առաջ ինձ թվում էր, թե հենց էդպես էլ արել եմ, բայց տարիներ հետո մի օր հայտնաբերեցի նկարը մերոնց տանը ու լուսանկարեցի։ Հիմա էլ որ նայում եմ, նմանության առումով կարծիքս առանձնապես չի փոխվել, միայն թե հիմա նկարածիս զուտ տեխնիկական թերություններն ավելի լավ եմ տեսնում, թեև հենց նկարելու ժամանակ էլ նկարածս էդ տեսակետից առանձնապես հաջողված չէի համարում։

https://i.imgur.com/W8lEkPv.jpg

Երկրորդ անգամ ինձ նկարել եմ դրանից մոտ 4 տարի հետո՝ 22 տարեկանում։ Էդ անգամ ավելի հանգիստ պայմաններում եմ նկարել, ավելի նորմալ հոգեվիճակում ու, ըստ իս, ավելի նորմալ տեսքով։ Էդ ժամանակ ես տնից դուրս գալիս պարտադիր դիմահարդարվում էի, բայց որոշեցի, որ էդ նկարն անելիս պիտի առանց դիմահարդարանքի լինեմ, որ տեսքս լրիվ բնական լինի։ Կարծում եմ՝ էդ նկարս հաջողությամբ արտացոլում է իմ էդ շրջանի կերպարը՝ թե՛ արտաքինի, թե՛ ներքինի առումով։ Համենայնդեպս, և՛ իմ, և՛ էդ ժամանակ նկարը տեսած բոլոր մարդկանց կարծիքով, ինձ շատ նման էր, ու որպես նկար՝ հաջողված։ Ճիշտ է, տարիներ հետո ես էդ նկարում էլ սկսեցի տեսնել որոշակի տեխնիկական թերություններ, բայց դրանով հանդերձ՝ շատ եմ սիրում էդ ինքնադիմանկարս՝ անկախ նրանից, որ հիմիկվա ծանոթներիս մեծ մասը, ովքեր ինձ էդ ժամանակ չեն ճանաչել, էդ նկարը տեսնելով՝ ասում են, որ նման չի։

https://i.imgur.com/5aPLWTL.jpg

Դիմանկարներ նկարելուս հաջորդ ակտիվ շրջանը եղավ ԱՄՆ–ում, երբ սկսեցի հերթով լիքը ակումբցիների նկարել՝ ոմանց դիմանկարները, ոմանց ծաղրանկարները, որոշներն էլ դիմանկարի ու ծաղրանկարի խառնուրդ, երբ սկսում էի որպես դիմանկար, բայց ընթացքում զգում էի, որ ավելի շատ ծաղրանկար է ստացվում, կամ էլ պարզապես նկարում էի ինչ որ ստացվեր։ Ծաղրանկարներ, փաստորեն, առաջին անգամ էդ շրջանում սկսեցի անել։

Ընդհանրապես ծաղրանկարներն ինձ միշտ էլ շատ են հետաքրքրել։ Մարդու ամենատիպիկ ու ակնառու գծերը որսալն ու դրանք չափազանցնելով առավել ակնառու դարձնելն, իմ կարծիքով, շատ հետաքրքիր ու բազմաշերտ պրոցես է։ Իսկ անձամբ ինձ համար էդ գործում ամենամեծ մարտահրավերը հնարավորինս քիչ շտրիխներով մարդու դեմքը ակնթարթորեն ճանաչելի պատկերելն է։ Միշտ հիացմունքով ու նախանձով եմ նայել էն մինիմալիստական ծաղրանկարներին, որոնցում ընդամենը մի քանի գծով, ընդ որում՝ երբեմն հիմնական դիմագծերից մեկը կամ մեկից ավելին էլ չպատկերելով, նկարչին հաջողվել է ստանալ էնպիսի նմանություն ու ճանաչելիություն, որ սխալվել ուղղակի անհնար է։ Ես աշխատում եմ էդ ուղղությամբ, բայց դեռ ահագին հեռու եմ դրան հասնելուց։ Բայց նկարելիս դրան ձգտելն իրականում բավական հետաքրքիր ու բացահայտումներով լի պրոցես է. ահագին բաներ ես պարզում մարդու դիմագծերի, դրանց դասավորության, իրար նկատմամբ ունեցած «հարաբերությունների» մասին, որ մինչ այդ մտքովդ էլ չէր անցնի։

Վերջին տարիներին արված դիմանկարներ ու ծաղրանկարներ.
https://i.imgur.com/1G58O2I.jpg

https://i.imgur.com/e3UnLbb.jpg

https://i.imgur.com/l6IEA4Y.jpg

https://i.imgur.com/so3nIe8.jpg

https://i.imgur.com/TTrmb9T.jpg

https://i.imgur.com/xutlpDP.jpg

Դիմանկարներ ու ծաղրանկարներ նկարելու պրոցեսն ընդհանուր առմամբ ինձ համար անսահման ուսումնասիրությունների ու լուրջ բացահայտումների դաշտ է՝ մի շարք առումներով։ Օրինակ, շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են նույն նկարն ընկալում տարբեր մարդիկ։ Նախ հետաքրքիր է, որ բնորդն ինքն իրեն, որպես կանոն, այլ կերպ է տեսնում ու ընկալում, քան մնացած բոլոր մարդիկ։ Բացի դրանից, նաև հետաքրքիր է, որ նույն նկարը որոշ մարդիկ կարող են նմանեցնել բնորդին, որոշ մարդիկ միայն մասամբ նմանեցնել, ոմանք էլ բոլորովին չնմանեցնել։ Սա պարզ ցույց է տալիս, որ բոլորս շատ տարբեր կերպ ենք ընկալում նույնիսկ ֆիզիկապես տեսանելի իրականությունը։ Հատկապես ծաղրանկարների դեպքում մարդկանց ու հատկապես ծաղրանկարվողների ռեակցիաներն իրականում ահագին խոսուն են ու կարող են նոր բաներ բացահայտել մարդու մասին։ Համենայնդեպս, բազմաթիվ մարդկանց ծաղրանկարներ անելով՝ ես մի բանում համոզվել եմ. չարժե ծաղրանկարել ու հատկապես հրապարակել ծաղրանկարը առանց տվյալ մարդու հետ նախօրոք համաձայնեցնելու։ Ճիշտ է, տասնյակներով արածս դիմանկարներից ու ծաղրանկարներից մեծ մասամբ գոհ են եղել և՛ նկարվողները, և՛ մյուս տեսնողները, ու ընդամենը մի քանի դեպք եմ հիշում, երբ ծաղրանկարվողին բոլորովին դուր չի եկել նկարածս, համարել է, որ հեչ նման չի, որ իր աչքերն էդպիսին չեն, բերանն էդպիսին չի, քիթն էդպիսին չի, կամ՝ որ ինքն էդքան տգեղ չի և այլն (ի դեպ, էդ տգեղ լինելն էլ է խիստ հարաբերական. եղել է դեպք, երբ մարդն իրեն էդ նկարածումս տգեղ է համարել, բայց իմ աչքում բոլորովին էլ տգեղ չի եղել), բայց էդ մի քանի դեպքն էլ բավական է, որ ծաղրանկարներ անելուց ընդհանուր առմամբ արդեն մի տեսակ հուշտ լինեմ ու խիստ զգուշությամբ ընտրեմ օբյեկտներիս։ Օրինակ, մարդիկ կան, որոնց նույնիսկ հարցնելու կարիք չկա, պարզապես իրենց իմանալով՝ կարելի է վստահ լինել, որ իրենք ի սկզբանե չեն էլ ուզենա իրենց ծաղրանկարը տեսնել որևէ կերպ, ու որ ինչպես էլ նկարես, իրենց դուր չի գալու, էլ չեմ ասում, որ մի քիչ էլ անհաջող ստացվի կամ ինչ–որ բան ոչ էնքան նման։ Կան մարդիկ, որոնց նույնիսկ դիմանկարը, կարծում եմ, չարժե նկարել, որովհետև չի բացառվում, որ նկարիչը խիստ տարբեր կերպ է նրանց տեսնում, ու իր տեսածը կարող է նրանց հեչ էլ դուր չգալ, իսկ իրենք դա ծանր կտանեն։ Իհարկե, կարող է լինել և էնպես, որ ոչ թե նկարողն է մարդուն տեսնում էնպիսին, ինչպիսին որ նկարել է, այլ պարզապես չի կարողացել տեսածը ճիշտ վերարտադրել։ Նման դեպքերում կարելի է փոփոխություններ անել կամ գոնե ընդունել, որ անհաջող ես նկարել, բայց երբ ինքդ գոհ ես լինում նկարածիցդ, համարում ես, որ նման է ստացվել, իսկ նկարվողը լրիվ այլ կարծիքի է էդ առումով, ապա անցանկալի իրավիճակ է ստեղծվում, որովհետև մի կողմից չես ուզում, որ նկարածս դիմացինի համար վիրավորանքի կամ կամ տհաճ զգացողությունների պատճառ դառնա, մյուս կողմից՝ չես ուզում հրաժարվել քո ընկալումից, որքան էլ որ այն սուբյեկտիվ լինի, հանուն դիմացինի սուբյեկտիվ ընկալումների, որովհետև նկարողն ամեն դեպքում դու ես։

Դիմանկարներ/ծաղրանկարներ անելն ինձ համար նաև յուրօրինակ ճանաչողական ու հաղորդակցական պրոցես է։ Ինչ–որ մեկին նկարելիս մի տեսակ կապ եմ զգում իմ ու տվյալ մարդու միջև. կարծես լուռ հաղորդակցվում եմ հետը, թափանցում նրա էության խորքերը։ Նկարելու ամբողջ ընթացքում տվյալ մարդու բնավորության գծերի, պահվածքի, դեմքի արտահայտության, շարժումների, մի խոսքով՝ էդ մարդու հետ կապված ամեն ինչի մասին մտածելն ակամա էնպիսի զգացողություն է առաջացնում, կարծես հետը սերտորեն շփվում ես, ուսումնասիրում, սկսում ես ավելի մոտիկից ճանաչել մարդուն։ Ինձ նույնիսկ բնական է թվում, որ երբ մատիտով շոշափում ես մարդու դեմքի ամեն մասնիկը. մարդն ինքնըստինքյան սկսում է մի տեսակ հարազատանալ։ Էդ զգացողությունը կարող է հետո անցնել, կարող է և չանցնել՝ կախված տվյալ մարդու հետ հետագա շփումից ու հարաբերություններից, բայց նկարելու ընթացքում էս ամենը միշտ տեղի է ունենում՝ անկախ նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ եմ տվյալ մարդու հետ, ինչքանով եմ ճանաչում, ինչքանով կապ ունեմ հետը ու ինչպես եմ նրան վերաբերվում։ Բայց, ինչ խոսք, սիրելի մարդկանց նկարելն ավելի հաճելի է, ու լավ չստացվելու դեպքում էլ ավելի շատ եմ տխրում, քան էն մարդկանց դեպքում, որոնց նկատմամբ նույնպիսի վերաբերմունք չունեմ։

Ուլուանա
08.10.2017, 22:17
Քանդակագործություն

Կավի հետ առաջին շփումս եղել է բավական ուշ՝ 28 տարեկանում, երբ Հայաստան այցելությանս ընթացքում Apsara–ի առաջարկով մի քանի ակումբցիներով մասնակցեցինք արտ թերապիայի մի քանի դասի։ Հիշում եմ, որ շատ հավես էր, հիանալի ջերմ ու տնական մթնոլորտ էր, ուսուցչուհին էլ՝ հաճելի ու բարեհամբույր մի երիտասարդ աղջիկ, համբերատար ու հանգամանալից բացատրում էր ամեն ինչ։ Բայց ես, չգիտեմ ինչու, էդ դասերից բավականություն ստանալով հանդերձ՝ ամբողջ ընթացքում էդպես էլ չկարողացա լիարժեք մտնել պրոցեսի մեջ, ստեղծագործական առումով բացվել ու ինչ–որ հետաքրքիր կամ առնվազն ինձ դուր եկող, ինձ բավարարող բան սարքել։ Ճիշտ է, մեծ ու լուրջ պրոյեկտներ էսպես թե էնպես չէին նախատեսվում, բայց կարելի էր թեկուզ փոքր չափի ինչ–որ հետաքրքիր բան սարքել։ Բայց միայն մի երկու սուտի բան սարքեցի.

https://i.imgur.com/ClU8QwT.jpg?1

https://i.imgur.com/NzQvtZX.jpg?1

Կավով աշխատելն ինձ շատ դուր էր եկել ու զգում էի, որ շատ ավելին կարող էի անել էդ մի քանի դասերի ընթացքում, բայց էդպես էլ ինձնից դժգոհ եզրափակեցի դասերը՝ մտքումս, սակայն, իմանալով, որ կավի հետ հարաբերություններս դեռևս ավարտված չեն, և մենք դեռ հանդիպելու ենք։

Կավի հետ հաջորդ հանդիպումս եղավ դրանից մոտ կես տարի հետո, երբ քոլեջ ընդունվելով՝ հենց առաջին կիսամյակին վերցրի եռաչափ դիզայն առարկայի կուրսը, որը պարտադիրներից էր։ Էդ դասի ընթացքում մենք աշխատում էինք ամենատարբեր նյութերով ու գործիքներով, ու թեև բոլոր պրոյեկտների արդյունքն էլ եռաչափ ինչ–որ առարկա կամ կոմպոզիցիա էր, բայց հիմա կխոսեմ միայն այն երեք պրոյեկտների մասին, որոնք ինձ ամենաշատն էին դուր եկել և որոնք կարելի է քանդակ համարել։

Նշածս պրոյեկտներից մեկի ժամանակ հանձնարարված էր միայն ստվարաթուղթ օգտագործելով պատրաստել որևէ եռաչափ առարկա՝ իրական չափերով։ Ես էլ որոշեցի սեփական դիզայնով կանացի պայուսակ պատրաստել։ Ահագին ծավալուն աշխատանք էի արել՝ ամեն մի դետալի վրա մանրակրկիտ աշխատելով.

https://i.imgur.com/6aHclRE.jpg

https://i.imgur.com/o3Th3nj.jpg

https://i.imgur.com/1OT1Qp0.jpg

Ստվարաթղթով աշխատելը, ճիշտն ասած, առանձնապես հետաքրքիր կամ առանձնահատուկ զգացողություններ առաջացնող պրոցես չէր, ոչ էլ ինչ–որ նորություն էր, թեև ստվարաթղթից եռաչափ առարկա, այն էլ իրական չափերի ու էդքան մանրամասն, ինչ խոսք, մինչ այդ պատրաստած չկայի, ու արդյունքի սպասումն էս դեպքում գործընթացը հետաքրքիր դարձնող միակ, բայց բավական լուրջ գործոնն էր։ Հետաքրքիր գործոն էր մեկ էլ այն, որ ոչ մի ուրիշ նյութ կամ առարկա չէինք կարող օգտագործել պրոյեկտի մեջ։ Ու պայուսակը պատրաստելիս ես պարզեցի, որ ճարահատյալ լինելու դեպքում ստվարաթղթից քուղեր (կապիչներ) էլ կարելի է սարքել։

Հաջորդ պրոյեկտի համար հանձնարարված էր օճառից պատրաստել այն նույն առարկան, որը նախորդ պրոյեկտին պատրաստել էինք ստվարաթղթից։ Էս պրոյեկտն արդեն իսկապես քանդակագործություն էր հիշեցնում: Նաև առաջին անգամ գործ էի ունենում արվեստի նվազական (subtractive) ձևի հետ, այսինքն՝ երբ ինչ-որ բան պատրաստվում է ընդհանուր զանգվածից նյութը մասամբ հեռացնելու, հանելու միջոցով: Էդ առումով մի քիչ դժվար էր, որովհետև դա էն դեպքն է, երբ արդեն արածդ քայլը չեղարկելու հնարավորություն չունես, հետևաբար ստիպված ես ամեն ինչ ի սկզբանե առավելագույնս ճշգրիտ հաշվարկել ու նախատեսել: Ի տարբերություն մինչ այդ արածների, էս դեպքում պատրաստվելիքն իրար կցվող առանձին մասերից չէր բաղկացած, որ մտածեինք՝ էսինչ մասը լավ չստացվեց, փչացավ՝ ոչինչ, նորից կսարքեմ. ինչ–որ մաս փչանալու դեպքում ամբողջն էր փչանալու: Ճիշտ է, որոշ դեպքերում կարելի է նաև ծավալի հաշվին նորից անել չհաջողված մասը, բայց ցանկացած դեպքում շատ-շատ՝ մի երկու նմանատիպ շտկում կարողանաս անել, քանի որ դրանից ավելի դեպքում արդեն ծավալի խնդիր է առաջանում՝ նախատեսված ճիշտ համամասնությունը խախտվում է, էլ չեմ ասում, որ ինչքան փոքր լինի, էնքան ավելի բարդ կլինի մանր դետալների վրա աշխատելը: Բայց բախտի բերմամբ թե պատահմամբ կոտրվածքներ չեղան. վտանգավոր մասերը բարեհաջող փորվեցին ու հղկվեցին, ու ընդհանուր արդյունքը, կարելի է ասել, հաջող ստացվեց։ Ինչ խոսք, աշխատանքս բավական հեռու էր գլուխգործոց լինելուց. մի քիչ սիմետրիայի խնդիր ուներ, մի քիչ կոպիտ էր, լիարժեք հարթ ու ողորկ չէր, բայց դասախոսս ահագին գոհ էր։ Ես ինքս էլ դժգոհ չէի, համենայնդեպս, որպես առաջին փորձ՝ կարծում եմ՝ վատ չէր, պրոցեսն էլ հետաքրքիր էր և ուսանելի՝ ամբողջ ընթացքում զգուշություն ու համբերություն պահանջող։

https://i.imgur.com/lEMHJLz.jpg

https://i.imgur.com/Jo41Ugy.jpg

https://i.imgur.com/Nl4QvnH.jpg

Բայց օճառն ամեն դեպքում էն նյութը չէր, որի հետ կուզենայի էլի գործ ունենալ՝ որպես քանդակագործության նյութի՝ որևէ լուրջ ու մնայուն գործ ստեղծելու համար։ Օճառով երբևէ նորից կաշխատեի միայն հատուկ էդպիսի հանձնարարություն կամ խնդրանք ստանալու դեպքում, բայց իմ ցանկությամբ ու նախաձեռնությամբ՝ հազիվ թե։

Վերջին պրոյեկտի ժամանակ պետք է ամեն մեկս կավից մեր ձեռքը քանդակեինք՝ էլի իրական չափերով, ընդ որում՝ ձեռքը կարող էինք քանդակել ցանկացած դիրքով, բացառությամբ բոլոր մատներն ուղղված, լայն բացած դիրքից, քանի որ դա ամենահեշտ քանդակելի դիրքն էր՝ ի տարբերություն այս կամ այն չափով ծալված ու տարբեր դիրքեր ընդունած մատների։ Հենց սկզբից էլ շատ էի ոգևորվել էս պրոյեկտով։ Մի կողմից կավով աշխատելու հեռանկարն էր շատ գրավիչ, մյուս կողմից՝ իրական ձեռք քանդակելու գիտակցումը։ Մի խոսքով՝ մեծ եռանդով գործի լծվեցի։

Պրոյեկտի համար կարծեմ երկու շաբաթ ունեինք, դասն էլ շաբաթը մեկ անգամ էր, բայց կոնկրետ ժամեր կային, երբ շաբաթվա ընթացքում կարող էինք գալ արվեստանոց ու աշխատել մեր պրոյեկտի վրա։ Շատերի պես ես էլ չէի հասցրել աշխատելու համար նախատեսված վերջին դասին ավարտել քանդակը, և պետք է արտաժամյա աշխատեի արվեստանոցում, որպեսզի արդեն հաջորդ դասին հանձնեի պատրաստի պրոյեկտը։ Ես էլ էդ ժամանակ ութ ամսական հղի էի։ Արվեստանոցում երեքուկես ժամ անդադար աշխատեցի, ու զարմանալիորեն ոչ մի հոգնածություն, անհարմարավետության զգացում, նույնիսկ սով չէի զգում, ընդհանրապես ինքս ինձ ֆիզիկապես չէի զգում բացարձակապես, էն դեպքում, երբ հղի ժամանակ էդ բոլոր պահանջմունքներն ու զգացողություններն անհամեմատ ավելի շատ պիտի լինեին։ Ավարտելուց հետո, երբ արդեն տուն էի գնում, էդ բոլոր զգացողությունները միանգամից իրենց ներկայությունը հիշեցրին. Հոգնածությունից լրիվ քամած լիմոն էի դառել, ահավոր սոված էի, ծարավ էի և այլն: Դեռ ոչ մի պրոյեկտի վրա էդքան հաճույքով ու խորասուզված չէի աշխատել: Ոնց որ տարերքիս մեջ լինեի: Նույնիսկ մտքովս անցավ՝ չբռնե՞մ թքեմ ամեն ինչ վրա ու քանդակագործ դառնամ: :D Էդ ժամանակ էր, որ մտքովս անցավ հետագայում հենց քանդակագործության կուրս վերցնել քոլեջում՝ որպես ընտրովի առարկա, որովհետև իմ մասնագիտության համար դա պարտադիրների մեջ չէր մտնում, ցավոք։ Բայց դա մի տեսակ անիրական, գործնական առումով ոչ էնքան խելամիտ քայլ կլիներ՝ հաշվի առնելով, որ դեռ լիքը պարտադիր առարկաներ ունեմ վերցնելու, որոնցից ամեն մեկի համար գումար եմ վճարում, իսկ ընտրովի առարկաների մեջ կային մասնագիտությանս հետ ավելի շատ առնչվող ու ավելի պիտանի առարկաներ, որոնք կարող էի վերցնել։

https://i.imgur.com/AYKHWTE.jpg?1

https://i.imgur.com/9yDjfYL.jpg?1

https://i.imgur.com/MfbLcaA.jpg?1

https://i.imgur.com/pTgci6J.jpg?1

https://i.imgur.com/FqgQtVb.jpg?1

Էդպես քանդակագործության կուրս վերցնելու մասին շուտով մոռացա՝ մտքումս, սակայն, չդադարելով երազել։ Դասախոսս էլ ձեռքի քանդակից հետո ասաց, որ ինձնից շատ լավ քանդակագործ դուրս կգար, ու իմանալով, որ ընտրածս մասնագիտությունը կապ չունի քանդակագործության հետ, զարմանք ու ափսոսանք հայտնեց։

Դրանից մոտ չորս տարի հետո, երբ արդեն վերցրել էի բոլոր պարտադիր մասնագիտական առարկաները և պիտի ընտրովի առարկա վերցնեի՝ կրեդիտների կոնկրետ քանակ լրացնելով, դրանցից ընտրեցի մասնագիտությանս համար ամենահանձնարարելի առարկան՝ իլյուստրացիան, որն ինձ, իհարկե, հետաքրքրում էր, ու հաճույքով սպասում էի կիսամյակի սկզբին։ Բայց կիսամյակի սկզբից կարճ ժամանակ անց տեղեկացում ստացա այն մասին, որ իլյուստրացիայի տվյալ սեկցիան այս կիսամյակ չի բացվելու՝ անհրաժեշտ թվով ուսանողների չհավաքվելու պատճառով, ու ես պետք է այլ առարկա ընտրեմ։ Սկզբում խուճապի մեջ ընկա, թե ինչ պիտի անեմ. կիսամյակն արդեն սկսվում էր, համարյա բոլոր առարկաներն արդեն վերցված էին, դժվար թե էդ ժամանակ մի նորմալ առարկա գտնեի, որ համ ինձ հետաքրքեր, համ էլ թափուր տեղեր ունենար, դե, համ էլ արդեն տրամադրվել էի, որ պիտի էդ հետաքրքիր առարկան՝ իլյուստրացիան, վերցնեմ ։ Էդպես անհույս նայում էի տվյալ պահին հասանելի առարկաների ցուցակը, որ մի բանի գրանցվեմ, և պարզվեց, որ միակ հասանելի առարկան, որին էդ պահին կարող եմ գրանցվել, ոչ այլ ինչ էր, քան քանդակագործությունը։ Ուրախությանս չափ չկար, հատկապես որ էդ պահին այլընտրանք չունեի, ու, փաստորեն, իմ երազած առարկան ինքնաբերաբար եկել–ընկել էր ձեռքս, այն էլ՝ իմ սիրելի դասախոսի հետ, որի ուսանողը լինելուց հետո անհույս մտածում էի՝ երանի էլի նման առիթ լիներ։ Մի խոսքով՝ իրավիճակն էնպիսին էր, որ լրիվ հանգիստ խղճով կարող էի վերցնել իմ շատ սիրելի քանդակագործության դասն ու վայելել։

Էդպես գրանցվեցի ու գնացի իմ սիրած առարկային՝ իմ սիրած դասախոսի ղեկավարությամբ։ Էս անգամ արդեն քանդակագործության էությանն ավելի խորությամբ հաղորդակից դարձա։ Պրոյեկտը մարդու գլուխ քանդակելն էր, այսինքն՝ ամբողջ կիսամյակի ընթացքում պետք է դրա վրա աշխատեինք։ Հարկավոր էր ընտրել էնպիսի մարդու, ում նկատմամբ զգացմունքներ ունենք՝ կամ սիրում ենք, կամ ատում։ Երկար մտածելուց հետո ես ընտրեցի եղբորս, ձեռք բերեցի անհրաժեշտ դիրքերով նրա լուսանկարները և հավեսով գործի անցա։

Պետք է խոստովանեմ, որ մինչ այդ արդեն համարյա հասցրել էի մոռանալ, թե ինչ գերագույն հաճույք է կավով աշխատելը։ Իսկ խոշոր քանդակի դեպքում, պարզվեց, հաճույքը զգալիորեն ուժեղանում է։ Նախորդ գրառման մեջ նկարագրածս զգացողություններն ու հոգեվիճակները, որ ունենում եմ դիմանկարներ նկարելիս, պարզվեց, քանդակի դեպքում ավելի վառ են արտահայտված։ Ու կարծում եմ՝ բնական էլ է. ի վերջո, էս դեպքում եռաչափ պատկերի հետ ես գործ ունենում՝ համարյա մարդու։ Կարելի է ասել՝ ֆիզիկական իմաստով էլ կարծես շփվում ես մարդու հետ։ Ու շփումից բացի, նաև մի անկրկնելի զգացողություն ես ունենում՝ արարման բացառիկ գիտակցում, որը երևի մեկ էլ երեխա ունենալիս է մարդ ապրում, միայն թե քանդակի դեպքում շատ ավելի շատ բան է քո ձեռքերում։

https://i.imgur.com/bgyOOLQ.jpg

https://i.imgur.com/NS4tPQu.jpg

https://i.imgur.com/bQqtokT.jpg

https://i.imgur.com/BYPK3jJ.jpg

Ես մտածում եմ, որ ցանկացած մարդ պիտի գոնե մի անգամ փորձի կավով աշխատել, պիտի հնարավորություն ունենա ապրելու էդ հրաշքի զգացողությունը։ Ինձ թվում է՝ ուղղակի հնարավոր չի էդ պրոցեսից հաճույք չստանալ՝ անկախ նրանից, թե մարդն ինչ ունակություններ, հետաքրքրություններ ու ձգտումներ ունի։ Չգիտեմ՝ որքանով է էս կարծիքս սուբյեկտիվ, գուցե սխալվում եմ, ամեն դեպքում նույնը չեմ կարող ասել արվեստի կամ ձեռագործի որևէ այլ տեսակի կամ ենթատեսակի մասին։ Ուղղակի քանդակագործությունը մի տեսակ ուրիշ երևույթ է, կամ առնվազն ես էդպես եմ ընկալում։

Դասախոսս ասում էր. «Գիտե՞ք՝ որն է քանդակագործի և պլաստիկ վիրաբույժի միջև եղած տարբերությունը. տարեկան [չգիտեմքանի] տասնյակ հազար դոլարը»։

Ուլուանա
14.10.2017, 18:59
Mixed media (կոլաժներ, պաննոներ, զարդեր)

Mixed media–ն («խառը միջոցներ». այսպես են կոչվում մեկից ավելի միջոցների կիրառմամբ ստեղծված արվեստի գործերը) ինձ սկսել է հետաքրքրել ու գրավել շատ վաղուց, երբ դեռ ընդհանրապես չգիտեի էլ, որ նման տերմին գոյություն ունի, պարզապես ինձ միշտ էլ հետաքրքիր ու գրավիչ է թվացել տարբեր նյութերի, առարկաների համադրությունը արվեստի մեկ գործի մեջ։

Mixed media–ի հետ համեմատաբար մոտիկից ծանոթացել եմ մոտավորապես 18 տարեկանում, Փարաջանովի տուն–թանգարան այցելությանս շնորհիվ, որից հետո էդ տեխնիկայի մասին մակերեսային ու վերացական պատկերացումներս վերջապես շոշափելի ու առարկայական դարձան։ Ճիշտ է, հատկապես հիմիկվա տեսանկյունից որ նայում եմ, Փարաջանովի mixed media կոլաժների ու ասամբլյաժների ոճն էնքան էլ իմը չի, բայց էն ժամանակ ես դրա մասին չէի էլ մտածում, այսինքն՝ էդ տեսանկյունից չէի նայում էդ ամենին, էնքան տպավորված էի նրա՝ ամենատարբեր կենցաղային իրերը, լուսանկարներն ու նյութերը համադրելու երևակայությամբ ու վարպետությամբ, ապշել էի, թե ոնց է էդ մարդը կարողացել ամենաանէական ու ամենաանպիտան թվացող կենցաղային մանրուքներից էնպիսի տպավորիչ գործեր ստեղծել, որոնցում երևակայությունը, խանդավառությունը, հումորը, ցավը՝ էս բոլորն էդքան հաջողությամբ համատեղված են։

https://i.imgur.com/bVyb1ld.jpg

https://i.imgur.com/tJUv56L.jpg

https://i.imgur.com/aIDWFdw.jpg

https://i.imgur.com/V5tNjhQ.jpg

https://i.imgur.com/8dn0JFw.jpg

Հիշում եմ, որ թանգարանում շրջելիս էդ հիացմունքի ու տպավորվածության գլխապտույտի մեջ անընդհատ մի միտք էր մեջս խլրտում. ես էլ եմ ուզում էսպիսի գործեր ստեղծել։ Էնքան իմն էր թվում mixed media–ի ու նաև կոլաժների ու ասամբլյաժների գաղափարը, էնքան հավես, ու կարևորը՝ ստեղծագործական անվերջ բազմազանություն ու ազատություն ենթադրող, որ մտածում էի՝ սա հենց այն է, ինչով ես ուզում եմ զբաղվել։ Իսկ թանգարան այցելությունից հետո մտածում էի՝ հենց որ կյանքն անհետաքրքիր, ձանձրալի ու անիմաստ թվա, հարկավոր է գնալ Փարաջանովի թանգարան, ու միանգամից կյանքի իմաստը, բոլոր գույներն ու հույզերը տեղը կգան։

Բայց mixed media տեխնիկայով կոլաժներ ու ասամբլյաժներ պատրաստելը, էդքան ցանկալի ու գրավիչ լինելով, միաժամանակ էնքան հեռավոր, անիրական ու անհասանելի էր թվում։ Չգիտեմ ինչու, էդ ժամանակ ես գրեթե ոչինչ չարեցի էդ ուղղությամբ։ Էդ հավեսս ու ոգևորությունս ակամա թաղեցի ենթագիտակցությանս խորքերում՝ շարունակելով միայն հիանալ ուրիշների գործերով, որոնք, ի դեպ, էն ժամանակ էնքան էլ հաճախ չէին հանդիպում իմ շրջապատում, ինտերնետն էլ դեռ հասանելի չէր, որ գոնե էնտեղից համ ինչ–որ ինֆորմացիա ստանայի, համ էլ ոգեշնչվեի։ Էդ շրջանում միայն մի քանի թղթե կոլաժներ արեցի՝ լուսանկարներ ու տարբեր ամսագրերից գտած նկարներ կտրել–համադրելով։

Հետո մոտ տասը տարի գրեթե բան չեմ արել էդ ոլորտում, բայց էդ բոլոր տարիների ընթացքում միշտ զանազան գաղափարներ են ծագել գլխումս, մի մասը՝ վերացական ու անորոշ, մի մասը՝ հստակ ու որոշակի, ու միշտ մտքիս եղել է, որ մի օր սկսեմ զբաղվել դրանց իրագործմամբ, բայց, չգիտես ինչու, տարիներ շարունակ ոչինչ չեմ արել։

Mixed media–ով կամաց–կամաց սկսեցի զբաղվել արդեն ԱՄՆ–ում, 30 տարեկանից հետո, գնալով ավելի շատ ու ավելի մեծ ոգևորությամբ, խորանալով, անընդհատ նորանոր հետաքրքիր ոճեր, տեխնիկաներ ու նյութեր բացահայտելով և էդ ոլորտի վերաբերյալ ձեռքս ընկած ցանկացած ինֆորմացիա ուսումնասիրելով։

https://i.imgur.com/ciRQtEh.jpg

https://i.imgur.com/jtAdb34.jpg

https://i.imgur.com/Vuu3if2.jpg

https://i.imgur.com/Nsmjakd.jpg

https://i.imgur.com/5m0afA7.jpg

Mixed media աշխատանքների հետ կապված ինձ ամենաշատը գրավում է բազմազանությունը և երևակայությանդ լիակատար ազատություն տալու հնարավորությունը։ Սա մի բան է, որից, ըստ իս, ձանձրանալ ուղղակի անհնար է, քանի որ միշտ էլ կարելի է նոր ու հետաքրքիր գործեր ստեղծել՝ ամենատարբեր նյութերից, իրերից ու տեխնիկաներից օգտվելով։ Դրանք անսահման են ու անվերջ ստեղծագործելու հնարավորություն են տալիս, ճիշտ էնքան, ինչքան մարդու երևակայությունը։

Ստեղծագործելու բոլոր եղանակներից mixed media–ն թերևս միակն է, որի հետ կապված գլխումս ամենաբազմազան մտահղացումներ են ծնվում անընդհատ՝ մեկը մյուսին հերթ չտալով, ու որոնց պատճառով գլխումս հաճախ ստեղծագործական քաոս է տիրում, ու չեմ կարողանում դրանցից որևէ մեկի վրա կենտրոնանալ, որ իրագործեմ։

Mixed media–ի մեջ ինձ դուր եկող գործոններից մեկն էլ այն է, որ էդ մոտեցումը ենթադրում է լիքը անպիտան, ստանդարտով թափոն կամ աղբ համարվող նյութերի ու առարկաների վերաիմաստավորում, վերափոխում ու վերակենդանացում՝ հետաքրքիր ու սիրուն արվեստի գործերի կամ (դեկորատիվ–)կիրառական առարկաների տեսքով։ Հետաքրքիր ու գրավիչ է նաև այդ՝ շատերի համար «անպետքություն» կամ սահմանափակ դեր ու նշանակություն ունեցող առարկաներն ու նյութերը նոր՝ լրիվ այլ տեսանկյունից բացահայտելու ու դրանց նոր դերում կյանք տալու գիտակցումն ու պրոցեսը։ Հատկապես շատ եմ սիրում բնական նյութերի ու արվեստին/ձեռագործին բնորոշ ավանդական պարագաների համադրությամբ ստեղծվող աշխատանքները, որոնք կարող են տան մեջ բնության տաքուկ ու հետաքրքիր պատառիկի զգացողություն պարգևել։ Իմ սիրած ու նախընտրած նյութերից ու պարագաներից են փայտը, դարչինի փայտիկները, կաղինի գլխարկները, պիստակի, ընկույզի, նարնջի չորացրած կեղևները, քաթանե ցանցը, խցանը և, իհարկե, թուղթը։

https://i.imgur.com/eh5gOAJ.jpg

https://i.imgur.com/3NpN7dE.jpg

https://i.imgur.com/iWrTdgb.jpg

Մեկ այլ կարևոր գործոն է այն, որ mixed media–ն նաև եռաչափության հնարավորություն է տալիս, ինչն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունեցող հատկանիշ է։

https://i.imgur.com/2Scq8ks.jpg

https://i.imgur.com/1hD21Mn.jpg

Վերջին տարիներին ինձ նաև սկսել է շատ գրավել աբստրակտ արվեստը, իսկ այն զգալի չափով հատվում է mixed media–ի հետ։ Ընդհանրապես mixed media–ն ինձ համար վաղուց մի տեսակ մտածելակերպ ու ապրելակերպ է դարձել, էն որ համարյա ինչ անում եմ, միշտ փորձում եմ ամենատարբեր միջոցներ ու տեխնիկաներ համադրել, արդեն լրիվ ինքնաբերաբար, կարծես այլ կերպ չի էլ կարող լինել։ Էս մոտեցման դրսևորումներից էր համեմատաբար վերջերս մեծ քանակով զարդեր պատրաստելս, որոնք գրեթե բոլորը հենց mixed media էին։ Զարդերի դեպքում էդ մոտեցումը սկզբում փոքր–ինչ էքսպերիմենտային էր. ընդհանուր պատկերացնում էի, բայց դեռ վստահ չէի, թե ինչպես կստացվի՝ թե՛ գեղագիտական, թե՛ գործնական առումով։ Բայց կարծես թե ամեն ինչ ավելի լավ ստացվեց, քան սպասում էի։ Արվեստի, ձեռագործի ու դիզայնի զանազան միջոցներ, տեխնիկաներ, նյութեր ու առարկաներ եմ գործածել զարդերի պատրաստման մեջ, էդ թվում նաև ահագին բնական նյութեր ու առարկաներ, որոնցից մի մասի կիրառությունը զարդերի մեջ առնվազն ես դեռ չեմ հանդիպել։

Զարդերն առայժմ իմ աշխատանքների միակ տեսակն են, որոնք ոչ միայն նվիրել եմ, այլև վաճառել։ Դեռ միայն մի շրջան է եղել, երբ ինտենսիվ կերպով զարդեր եմ պատրաստել ու դա արել եմ մեծ ոգևորությամբ։ Պատրաստելիս ստեղծագործական հաճույքին գումարվում էր նաև էն հաճելի գիտակցումը, որ լիքը տարբեր մարդիկ կրելու են իմ պատրաստած զարդերը և իրենց լավ են զգալու, որ դրանք նման չեն այլ զարդերի։ Հատկապես հիշարժան էր մի անծանոթ աղջկա կարծիքը, ով իր համար 8 կոմպլեկտ էր գնել զարդերիցս։ Ինձ որոշ ժամանակ անց գրեց, որ զարդերն իրականում շատ ավելի գեղեցիկ ու հարմար են, քան պատկերացնում էր, ու որ երբ կրում է դրանք, միշտ ուշադրության են արժանանում իրենց յուրօրինակությամբ։ Էնքան հաճելի էր դրա մասին իմանալը, ընդհանրապես ուրիշներին, թեկուզ անծանոթ, քեզնից ինչ–որ բան թողնելու զգացողությունը հաճելի է։

https://i.imgur.com/a7NQUn4.jpg

https://i.imgur.com/U4SqbOq.jpg

https://i.imgur.com/hqdvMIK.jpg

https://i.imgur.com/bZwgsol.jpg

Զարդեր պատրաստելու պրոցեսը, թեև պարունակում է զգալի չափով մեխանիկական ու միապաղաղ աշխատանք, բայց, օրինակ, գորգիկներ գործելուց (ու ընդհանրապես նմանատիպ աշխատանքներից) տարբերվում է նրանով, որ մեկ զարդի կամ նույնիսկ կոմպլեկտի պատրաստման ընդհանուր տևողությունն այնքան երկար չէ, որ հասցնես լրջորեն ձանձրանալ։ Բայց ընդհանրապես ցանկացած ստեղծագործական աշխատանք անելիս, երբ զուտ մեխանիկական աշխատանքի մասը շատ է ձգձգվում, սկսում եմ ինձ զգալ ճահճի մեջ լռված վիճակում, երբ միտքս (երևակայությունս, մուսաս, ոգևորությունս) կիլոմետրերով առաջ է անցնում ձեռքերիցս, բայց միաժամանակ գիտակցելով, որ առանց ձեռքերի ինքը ոչ մի շոշափելի բան անելու ընդունակ չէ, որոշ ժամանակ ձեռքերի մոտակայքում անհույս թափառելուց հոգնած՝ փախչում է գրողի ծոցը։ Նման դեպքերում աշխատանքը շարունակում եմ արդեն որպես պարտականություն՝ սկսածս ավարտելու պատասխանատվության զգացումից ելնելով։ Իսկ փախած հավեսս սովորաբար ընթացքում վերադառնում է, որովհետև mixed media–ն անվերջ էքսպերիմենտների ու իմպրովիզացիաների դաշտ է, ամեն ինչ նախապես հստակ որոշված ու ֆիքսված չէ, ու հենց դրանով էլ հետաքրքիր է։

Երբ ինչ–որ պրոյեկտ երկար է տևում, դրա ընթացքում, որպես կանոն, արդեն լիքը նոր մտահղացումներ եմ ունենում, ու դեռևս էդ գործն անելու ընթացքում արդեն սկսում եմ էդ նոր գաղափարներով ապրել, դրանք իրագործելու մասին մտածել։ Սա մի կողմից կարծես խանգարում է տվյալ պրոյեկտի իրագործմանը, քանի որ ինձ լռված եմ զգում դրա մեջ, մյուս կողմից էլ նպաստում է, որ ավելի արդյունավետ ու արագ գործեմ, որպեսզի շուտ ավարտեմ ու անցնեմ հաջորդ հետաքրքիր մտահղացումներիս իրագործմանը։

Ես չգիտեմ, թե երբևէ փորձածս ձեռագործի ու արվեստի մյուս տեսակներից որոնցով հետագայում կզբաղվեմ կամ ինչ հաճախականությամբ, բայց գիտեմ, որ mixed media–ն միակն է, որի հետ «անձամբ» ծանոթանալուց հետո երբեք կապս չեմ խզել ու համոզված եմ, որ այն միշտ ինձ հետ է լինելու, արդեն կարծես անձիս անբաժան մասը լինի, առանց որի կյանքս ուղղակի չեմ պատկերացնում։

Ուլուանա
30.11.2017, 09:46
Օրն անցնում է կայծակնային արագությամբ։ Առօրեական վազվզոցի մեջ չես հասցնում նկատել, թե ոնց հերթական օրը մոտեցավ ավարտին։ Միայն գիտակցում ես, թե ինչեր էիր նախատեսում անել, որ հերթական անգամ չհասցրիր։ Ու նորից ու նորից չես հասկանում ձանձրացող մարդկանց. ո՞նց է հնարավոր ընդհանրապես ձանձրանալ էս աշխարհում, երբ դու անընդհատ մտածում ես, թե ոնց կանգնեցնես կամ գոնե մի քիչ դանդաղեցնես ժամանակի ընթացքը, որպեսզի հասցնես անել էն ամենը, ինչ կուզենայիր անել, բայց ժամանակ չի գտնվում, ու ապրել քո ուզած տեմպով՝ դանդաղ, հանդարտ, անշտապ, առանց աշխարհի հետևից շնչակտուր, խելագարի պես վազելու։

Օրվա միակ հանդարտ ժամերն ուշ երեկոյան ժամերն են, որ վրա են հասնում երեխաների քնելուն պես, երբ վերջապես կարող ես քեզ թույլ տալ զբաղվել ուզածդ բաներով, բայց էդ ժամանակ էլ հաճախ էնքան ուժասպառ ես լինում ամբողջ օրվա վազվզոցից, որ նստած վիճակում ուղղաձիգ դիրքդ պահպանելն արդեն հաջողություն է թվում, հաճախ չես նկատում, թե ոնց նստած տեղդ քնեցիր, էլ ուր մնաց՝ գրել–կարդալով կամ ստեղծագործական աշխատանքով զբաղվես (դե, ֆիզիկական աշխատանքի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող), չնայած մեկ–մեկ հաջողացնում եմ, ինչ խոսք։

Չէ, ոնց մտածում եմ, էս կյանքը ոչ մի կերպ չի տեղավորվում քսանչորս ժամվա մեջ։ Անընդհատ մտածում եմ, թե անելիքներից ինչը կարելի է կրճատել (ընդ որում՝ ոչ միայն իմ անելիքների մեջ, այլև մյուսների), որ մի քիչ ազատ ժամանակ մնա, բայց ոչ մի բան չեմ գտնում։ Դեռ մի բան էլ հակառակը. լիքը բաներ կան, որ լավ կլիներ՝ արվեին, բայց ոչ մի կերպ հնարավոր չի խցկել մեր՝ առանց այդ էլ հագեցած ռեժիմի մեջ։ Ինչ–որ բան սխալ է. կարծես մարդ ապրելիս լինի վրան մի քանի համար փոքր հագուստի մեջ։

Միակ ելքը թվում է էս հասարակությունից մեկուսանալն ու ուզածդ տեմպով ու գրաֆիկով ապրելը։ Ինձ որ մնար, ու եթե հնարավորությունը լիներ, հենց էս պահին էլ էդ ճանապարհը կընտրեի՝ առանց հետ նայելու։

Ուլուանա
01.12.2017, 22:26
Արագ քայլելը տարիների ընթացքում ձևավորված անբուժելի հիվանդության պես մի բան է դարձել ինձ համար. խնդիրն այն է, որ ես ընդհանրապես ի վիճակի չեմ դանդաղ քայլելու. ոչ մի կերպ, ոչ մի դեպքում, ինչքան էլ որ ջանամ։ Ենթադրում եմ, որ պատճառը դեռևս դպրոցական տարիներից սկսած մշտապես դասից ուշանալն է եղել, որ ժամանակի ընթացքում անհրաժեշտաբար վերածվել է սովորության և ապա՝ «հիվանդության»։ Բանն այն է, որ իրականում ես ահավոր դանդաղաշարժ եմ, ու քայլելը թերևս միակ բանն է, որ արագ եմ անում։ Ես կասեի՝ դրանով մնացած ամեն ինչի տեղը հանում եմ։

Թեև չի կարելի ասել, թե հիմա ավելի քիչ եմ ուշանում, քան նախկինում, բայց փաստն այն է, որ նույնիսկ այն դեպքերում, երբ ուշանալու մասին խոսք անգամ չկա, ես, միևնույն է, ինքնամոռաց սլանում եմ կատաղի արագությամբ՝ երբեմն ինքս իմ հետևից մի կերպ հասցնելով, երբեմն նույնիսկ շնչակտուր։ Պատահում է, որ կանգ եմ առնում, ինքս ինձ հարց տալիս, թե էս ու՞ր եմ էսպես գլխապատառ սլանում, ինչի՞ց եմ ուշանում, ո՞վ է ընկել հետևիցս, ու գիտակցելով, որ նման արագությունը ոչ մի կերպ հիմնավորված չէ, փորձում եմ ինքս ինձ համոզել դանդաղ քայլել։ Սկզբում զոռով մի քիչ քայլում եմ՝ ամեն քայլի հետ ինձ հիշեցնելով, որ ես ոչ մի տեղ չեմ շտապում, բայց ընթացքում, երբ մտքերս շեղվում են այլ ուղղությամբ, որպես կանոն, վերադառնում եմ իմ սովորական սլացքին։

Երբ էնպես է պատահում, որ քայլում եմ դանդաղ քայլող մեկի հետ, էդ ճանապարհը երկուստեք տառապանքի է վերածվում, քանի որ անգամ իմ մշտական տեմպից շատ ավելի դանդաղ քայլելու դեպքում ես անընդհատ առաջ եմ ընկնում, հետո, տեսնելով ուղեկցիս հետ ընկնելը, ինձ ստիպում եմ է՛լ ավելի դանդաղ քայլել, երբեմն նույնիսկ հետ քայլեր անել, երբ նկատում եմ, որ մոտ մի մետր առաջ եմ հայտնվել, ուղեկիցս էլ իր հերթին է փորձում արագ քայլել, բայց, միևնույն է, մեր տեմպերը ոչ մի կերպ չեն համընկնում, միայն երկուսս էլ անհարմարավետություն ենք զգում մեր բնական տեմպն անհաջող կերպով մյուսին հարմարեցնելուց։ Պատահում է՝ հենց սկզբից իմանալով, որ ուղեկիցս կատաստրոֆիկ դանդաղ քայլող է, ի սկզբանե բոլոր ջանքերս գործի եմ դնում, որ դանդաղ քայլեմ, ու իմ կարծիքով, իմ սովորական տեմպից ահագին դանդաղ եմ քայլում, երբեմն էն աստիճանի, որ տեղ–տեղ ինձ նույնիսկ թվում է, թե տեղում դոփում եմ, բայց որքան մեծ է լինում զարմանքս, երբ իմ գործադրած ջանքերին ու տառապանքին հակառակ՝ ուղեկիցս մեկ էլ բողոքում է, թե իր շունչն արդեն կտրվում է իմ արագությունից։ Ա՜յ քեզ բան... Դե արի ու մարդուն բացատրիր, որ ախր սա քո ամենադանդաղ քայլքն է, իսկ արագի մասին ինքն ուղղակի պատկերացում չունի։

Ընդհանրապես մեր ընտանիքում բոլորս արագաքայլ ենք եղել միշտ։ Նույնիսկ մամաս, որ երբեք ոչ մի տեղից չի ուշանում, հաճախ էր պատմում, որ եթե աշխատանքի ճանապարհին հանկարծ հանդիպում էր կոլեգաներից որևէ մեկին, մոտավորապես նույն պատմությունն էր լինում, ինչ վերևում նկարագրել եմ ինձ հետ կապված։

Մի ընկերուհի ունեմ, իմ ճանաչած բոլոր ջահելների մեջ երևի ամենադանդաղ քայլող մարդն է։ Ու խնդիրն այն էր, որ ինքը չէր էլ փորձում արագ քայլել, կամ գոնե ինձ էդպես էր թվում։ Ու դրա հետևանքով մեր համատեղ քայլքը մի անհեթեթ տեսարան էր ներկայացնում. ինքը դանդաղ, հանդարտ, օրոր–շորոր քայլելով, ես՝ պարբերաբար իրենից մի երկու մետր հեռավորության վրա կանգնած՝ իրեն սպասելիս։

Մի ուրիշ ընկերուհի էլ ունեի, էլի դանդաղ քայլող, որի հետ երբեմն իր առաջարկով գնում էինք զբոսնելու։ Բայց դե ինձնից ի՞նչ զբոսնող. էս խեղճի գլխին սև զբոսանք էի բերում՝ շնչակտուր անելով։ Ասում էր՝ լսի, դու հասկանու՞մ ես, մենք դուրս ենք եկել ման գալու, ոչ մի տեղ չենք շտապում, իսկ դու ոնց որ գոնկա կպած լինես :bl։

Երբ որևէ մեկի հետ առաջին անգամ եմ առիթ ունենում քայլելու, քանի որ չգիտեմ՝ տվյալ մարդու համար որ արագությունն է նորմալ, որպես կանոն, փորձում եմ իմ սովորական տեմպից մի փոքր ավելի դանդաղ քայլել։ Դե, սկզբում շատ մեծ ջանքեր չեմ գործադրում, քանի դեռ չեմ համոզվել, որ դրա կարիքը կա։ Իրականում էնքան էլ հեշտ չի իմանալ՝ քայլելուդ տեմպը որքանով է ընդունելի ուղեկցիդ համար, նույնիսկ եթե հետդ համընթաց է քայլում. ի՞նչ իմանաս՝ դրա նրա բնակա՞ն տեմպն է, թե՞ պարզապես իրեն տանջելով փորձում է հետևիցդ հասցնել։ Դրա համար մի քիչ քայլելուց հետո սովորաբար հարցնում եմ՝ հո շատ արագ չե՞մ քայլում։ Ու պատասխանն ավելի հաճախ լինում է հետևյալը. «Ճիշտն ասած՝ հա, շունչս կտրվում ա արդեն, ուղղակի անհարմար էի զգում ասել...»։ Բայց իմ միայնակ արագաքայլ կյանքում մեկ–մեկ, շատ հազվադեպ պատահում են նաև պայծառ դեպքեր, երբ որոշ ժամանակ իմ բնական տեմպից, ինչպես միշտ, ավելի դանդաղ քայլելուց հետո, ուղեկիցս տալիս եմ սովորական դարձած հարցը, և պատասխանը լինում է՝ չէ, նորմալ ա, ես էլ եմ արագ քայլող։ Բա որ դեռ մի բան էլ ավելացնում է՝ եթե դեմ չես, կարող ենք ավելի արագ էլ քայլել։ :love Պատահում է նաև, որ, չգիտես ինչու, ենթադրելով, որ պետք է դանդաղ քայլել, քայլում եմ ինձ համար տառապալից մի դանդաղությամբ, որ հանկարծ ուղեկցիս նեղություն չտամ, բայց մեկ էլ պարզվում է՝ երկուսս էլ արագ քայլող ենք ու անիմաստ տեղը մեզ տառապանքի ենք ենթարկում՝ իբր փորձելով մյուսին նեղություն չտալ։

Բայց նկատել եմ, որ ԱՄՆ–ում, կամ առնվազն Նյու Յորքում, մարդիկ միջինում անհամեմատ ավելի արագ են քայլում, քան Հայաստանում։ Էստեղ առանձնապես չեմ հիշում, որ ուրիշների դանդաղ քայլելուց նեղված լինեմ, կամ ուրիշներն իմ քայլելուց նեղվեն։ Ինչքան նկատել եմ, էստեղ նույնիսկ հայերը արագ են քայլում սովորաբար։ Գուցե կյանքի ընդհանուր արագ տեմպից է, որից միայն քայլելն է, փաստորեն, «իմ հագով» :))։

Ի դեպ, նկատել եմ, որ նույնիսկ Google Maps–ով նայելիս, երբ ասում է, թե որքան ժամանակում կարելի է հասնել Ա կետից Բ կետը, արագ քայլող մարդու հաշվարկով է ցույց տալիս տևողությունը։

Ուլուանա
05.12.2017, 22:37
Աշունը պրծավ, բայց էս տարվա աշունից ես էդպես էլ բան չհասկացա։ Ամբողջ ընթացքում համբերատար սպասում էի, որ մեր սիրելի Աշուն քույրիկը վերջապես հունի մեջ կմտնի և ողջ շուքով մեզ ի ցույց կդնի իր բարեմասնությունները։ Բայց էս տարի դա էդպես էլ տեղի չունեցավ։ Շատ ստից աշուն էր՝ անշուք, անգույն ու անհետաքրքիր։ Համենայնդեպս, մեր կողմերում ծառերն էդպես էլ կարգին չգունավորվեցին, չսիրունացան. տերևներն առանց գույներ ստանալու պարզապես չորանում–թափվում էին՝ խաշամի վերածվելով։ Ամբողջ մեր շրջակայքում երևի մի քանի ծառ եմ տեսել էս տարի, որ սիրուն աշնանային տեսք ունեին, մնացածը՝ համատարած քրչոտություն։ Ճիշտն ասած՝ անցած տարվա աշունն էլ մի բան չէր, բայց էս տարվանն ուղղակի աչք էր ծակում իր անշուքությամբ ու գունատությամբ։

Հարևան քաղաքներից մեկում, օրինակ, որտեղ Արեգի շաբաթօրյա հայկական դպրոցն է գտնվում, աշունը համեմատաբար ավելի շռայլ էր գտնվել. տեղ–տեղ հանդիպում էին սիրուն գունավորված ծառեր ու թփեր։ Արեգին տուն բերելիս, երբ անցնում էինք դրանց կողքով, նույնիսկ ափսոսում էի, որ ապարատս չեմ վերցրել. էս տարվա աշունից գոնե մի երկու տեսարժան պատառիկ կարելի էր անմահացնել։

Էս տարվա աշնանային բնության երևի միակ «խերը» խաշամն էր, որ նախորդ տարիների համեմատ ահագին առատ էր ու ամենուր։ Նաև, չգիտես ինչ հրաշքով, էս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, խաշամը հավաքել–տանելու հարցում համապատասխան մարմինները կարծես կարգին թերանում էին, ինչի համար, ճիշտն ասած, ես ու Արեգը նրանց ի սրտե շնորհակալ էինք։ Դե, երկուսիս ուշքն էլ գնում է խաշամ խշխշացնելու համար, ու նախկինում միշտ ջղայնանում էի, երբ ամեն անգամ գալիս, հավաքում տանում էին էդ գյոզալ խաշամը։ Իսկ էս տարի, հատկապես շաբաթօրյա դպրոցից վերադառնալիս, ճանապարհն էլ որ բավական սակավամարդ է, մի լավ վայելում էինք մայթեզրերին կուտակված խաշամը՝ միջով խշխշացնելով քայլելով ու թռվռալով, հազվագյուտ անցորդների տարօրինակ հայացքներն էլ վրաներս հառված։

Էդ ճանապարհին մի հատված կա, որտեղ փողոցի մի կողմում անտառ է, ու էդ մայթին երեք նստարան են դրել վերջերս, երեքն էլ դեմքով դեպի անտառը, այսինքն՝ մեջքով դեպի փողոցը։ Մի տեսակ տարօրինակ տեսարան մեջքով դեպի փողոցը դրված նստարանները, բայց մյուս կողմից էլ բանուկ փողոց չի, ոչ մի տրանսպորտ չի անցնում էդտեղով, փողոցում նայելու բան չկա, իսկ անտառին միշտ էլ կարելի է նայել։ Իսկ անցած անգամ էդ նստարաններին նստելն ավելի գրավիչ էր դիմաց լցված ահռելի քանակությամբ խաշամի շնորհիվ. նստում ես նստարանին ու ոտքերով խաշամը վայելելով՝ միաժամանակ հիանում անտառային տեսարանով :)։

Ուլուանա
12.01.2018, 09:09
2017–ն ընդհանուր առմամբ ծանր, բայց որոշակի կարևոր իրադարձությունների ու փոփոխությունների տարի էր։ Եթե հաշվի առնենք ամեն ինչի վերջնական արդյունքը, ապա գրեթե բոլոր ծանր իրավիճակներն ու հոգեվիճակները, որոնք, ի դեպ, բավական շատ են եղել էս տարի, ի վերջո քիչ թե շատ հաջող են ավարտվել, էդ առումով կարելի է ընդհանուր առմամբ հաջող համարել։ Նաև բավական լիքը տարի էր ինձ համար՝ ամենատարբեր ոլորտներում։

Ինչպես համարյա միշտ, էս տարի էլ եմ հիմնականում ինքս ինձնից դժգոհ եղել, երբեմն նույնիսկ անտանելի դժգոհ՝ մինուս անվերջության ձգտող ինքնագնահատականով, բայց նախորդ տարիների համեմատ մի քիչ ավելի գոհ եմ եղել մի քանի առումներով։ Էս տարի նախորդ տարիների համեմատ նաև շատ ավելի ծանրաբեռնված եմ եղել, բայց կարծում եմ ավելի լավ եմ գլուխ հանել էդ ծանրաբեռնվածությունից, քան նախկինում դրանից ավելի քիչ ծանրաբեռնվածութան դեպքում էր լինում։

Ստեղծագործական առումով էս տարի ոչ միայն աննախադեպ բեղունության, այլև աննախադեպ բազմազանության տարի էր ինձ համար. դեռ ոչ մի տարվա ընթացքում էսքան շատ տարբեր տիպի ստեղծագործական աշխատանքներ արած չկայի, ինչքան էս տարի. ամենատարբեր նյութերով ու տեխնիկաներով աշխատանքներ եմ արել՝ շապիկի վրա նկարել–գրել, տարբեր նյութերից զարդեր պատրաստել, մանդալա գործել, գծանկար–դիմանկարներ, գեղանկարներ անել, բացիկներ պատրաստել, մակրամե շարֆ գործել, mixed media–ով կոլաժներ ու պաննոներ սարքել, նաև տոների հետ կապված որոշ զարդարանքներ պատրաստել։


Ի՞նչ եմ արել 2017-ին, որ նախկինում չեմ արել:

Մեծ քանակով զարդեր եմ պատրաստել ու վաճառել։


2017–ին ո՞րն էր իմ գնած կամ նվեր ստացած ամենալավ բանը.

Հայաստանում վերնիսաժից գնած էթնիկ ոճի ուսապարկն ու երկու արծաթե մատանիները, կոմպս, պահարանս, Նոր տարվա առթիվ նվեր ստացածս պատկերակալը (мольберт)։


Ինչպե՞ս կբնութագրեի իմ անձնական նորաձևությունը 2017–ին.

Ոչինչ չի փոխվել, բացի նրանից, որ տարվա վերջին ամիսներին որոշեցի չոլկա կտրել ու մինչև հիմա դեռ չեմ կողմնորոշվում՝ լավ եմ արել, թե չէ։ Վերջին անգամ երկար մազերի առկայության դեպքում չոլկա ունեցել եմ երևի մի քսան տարի առաջ։


2017–ի կարևոր իրադարձությունները.

Տատիկիս մահը

Հայաստան այցելելը

Վերջին վեց տարվա մեջ առաջին անգամ ամբողջ ընտանիքիս՝ մամայիս, պապայիս, քրոջս ու եղբորս հետ միասին լինելը։

տղայիս՝ հայկական եկեղեցու շաբաթօրյա դպրոց գնալը

Իմ ու ամուսնուս՝ ԱՄՆ քաղաքացի դառնալը, որից հետո ոչ էնքան ուրախության, որքան ուսերիցս ևս մի ծանր բեռ ընկնելու զգացողություն ունեցա


2017 թ. հիմնական տարվածություն(ներ)ս

mixed media արվեստ

աբստրակտ արվեստ

եռաչափ էֆեկտներ վերոնշյալներում


2017 թ. սիրածս կայքերը

Ամենասիրածս կայքը շարունակում է մնալ Pinterest.com–ը՝ առայժմ միակը, որտեղ ես և՛ հանգստանում եմ, և՛ ոգեշնչվում, և՛ սովորում, և՛ մեծ գեղագիտական հաճույք ու այլ դրական լիցքեր ստանում։


2017 թ. ամենամեծ ձեռքբերումը.

Պատրաստածս զարդերի վաճառքը բարեհաջող արդյունք ունեցավ, իմ սպասածից էլ հաջող։ Սա ինձ համար կարևոր էր նախ նրանով, որ առաջին անգամ էի որոշել աշխատանքներս վաճառել (նաև առաջին անգամ էի հատուկ վաճառքի համար նախատեսված բաներ սարքել), ու, բնականաբար, հաճելի էր, որ սկիզբը հաջող ստացվեց։ Բացի դրանից, կարևոր էր նաև, որ վաճառվեին գոնե էնքան զարդեր, որ հավաքվեր կարիքավոր ընտանիքին փոխանցելու համար նախատեսածս գումարը։ Իրականում էդ գումարի համար անհրաժեշտ քանակից էլ շատ զարդ վաճառվեց։


2017–ին որքանո՞վ եմ կարողացել մինիմալիստ լինել։

Մոտավորապես էնքանով, որքանով նախորդ մի երկու տարիներին։ Ավելորդ գնումներ չանելու առումով դժգոհելու պատճառ առանձնապես չունեմ. ինձ ահագին զուսպ եմ պահել։ Բայց տանն ունեցած ավելորդ իրերից ազատվելու առումով դեռ աշխատելու շատ բան կա. էս մեկը շատ ավելի բարդ է, քանի որ բացի նրանից, որ ես ինքս էլ հաճախ դժվարությամբ եմ հրաժարվում ունեցածս իրերից, նաև ամեն ինչ չէ, որ ինձնից է կախված, քանի որ շատ իրեր ընդհանուր են կամ ավելին՝ իմը չեն։ Հատկապես երեխաների առկայության դեպքում մինիմալիստ լինելը բավական բարդ է ու երեխաների մեծանալուն զուգընթաց բարդանում է։


2017 թ. ինչո՞վ եմ հպարտացել

Արեգի հետ ամեն օր հետևողականորեն ու կազմակերպված ձևով հայերեն պարապելով

Նաև հաճելի էր, երբ Հայաստան այցելության ժամանակ տարբեր մարդիկ զարմանում էին Արեգի վարժ ու ճիշտ հայերենից և հարուստ բառապաշարից։

Մեկ էլ նրանով, որ անցած տարեվերջի թեսթի արդյունքների հիման վրա Արեգին էս ուսումնական տարվա սկզբից տեղափոխեցին արագացված տեմպով սովորողների դասարան


Ինչ–որ բան, որ չէի ուզենա այլևս անել

Ամեն ստից բանից նյարդայնանալ, բորբոքվել, հունից դուրս գալ


Ի՞նչ կուզենայի ունենալ 2018-ին, որ պակասում էր 2017-ին:

Ներքին ներդաշնակություն ու խաղաղություն, ինքնագոհություն, ժամանակը ճիշտ կազմակերպելու և կառավարելու կարողություն, որոշ հարցերում նախաձեռնողականություն։

Ուլուանա
14.01.2018, 23:55
Տարիներ առաջ, երբ շորերը դեռ ձեռքով էինք լվանում, լվացքն ամենաչսիրածս տնային գործերից էր։ Հիշում եմ, որ տանել չէի կարողանում դրա հեռանկարը. լվացք ունենալու գիտակցումն ահավոր ճնշող էր։ Բայց չնայած դրան՝ լվացք անելու պրոցեսն ինձ վրա միշտ մի տեսակ թերապևտիկ ազդեցություն էր ունենում։ Շորը տրորելու, կեղտը ջրով լվանալ–անցկացնելու, նաև քամելու, պարզաջրելու ֆիզիկական գործողությունները յուրատեսակ ինքնամաքրող ուժ ունեին։ Մեծ դեր ուներ նաև այդ ընթացքում մտորելու պրոցեսը, որը զգալի չափով ազդվում էր լվացքի գործողություններից. մտքերս համապատասխանաբար մաքրվում էին մի տեսակ, ինչ–որ արտասովոր հանգստությամբ, վեհությամբ էին համակվում, կարծես բացասական մտքերն ու զգացողություները տրորվում–մաքրվում–հոսում–գնում էին ջրի հետ՝ թողնելով ինձ ներքուստ մաքրված, խաղաղված ու ամոքված։ Ու դրա հետևանքով առաջացած հոգնությունն էլ՝ մի տեսակ վեհ ու ներդաշնակ, իր հերթին էր նպաստում մաքրման ընդհանուր զգացողությանը։

Նշածս ազդեցությունն այս կամ այն չափով ապահովում են նաև լվացման այլ աշխատանքները։ Անձամբ ես դա ստանում եմ աման լվանալու պրոցեսից, որն, ի դեպ, տնային պարտականություններից իմ ամենասիրելիներից է, նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղում կանգնած դիրքն իմ ամենաչսիրած վիճակն է։ Աման լվանալն, ի տարբերություն լվացքի, էնքան հսկայածավալ չի լինում, որ դրա վրա չափից դուրս երկար ժամանակ ծախսելու հեռանկարը խրտնեցնի, տհաճ դարձնի էդ գործն ընդհանուր առմամբ (քաջ գիտենալով սեփական ալարկոտությունս, ինչպես նաև տարածքի մշտական խնդիրը, ես ի սկզբանե հոգացել եմ այն մասին, որ մեր ամենօրյա օգտագործման ամանները մինիմալ լինեն, որպեսզի մեծ քանակով կուտակվելու ոչ մի հնարավորություն չունենան), նաև լավ է նրանով, որ ի տարբերություն լվացքի, ամենօրյա աշխատանք է, կոնկրետ իմ դեպքում՝ օրը առնվազն մի քանի անգամ արվող (էնքան շատ աման չունենք, որ մեզ թույլ տանք 5 հոգով օրը մի քանի անգամ ուտել՝ առանց էդ ընթացքում ամաններ լվանալու), հետևաբար նշածս դրական զգացողությունն էլ ավելի հաճախակի է լինում։ Բայց, իհարկե, լվացքի ազդեցության թափն էլ չունի, քանի որ պրտելու, տրորելու, քամելու կեղտաջուր թափելու գործողություններն էլ համապատասխանաբար կա՛մ զգալիորեն ավելի քիչ են, կա՛մ ընդհանրապես բացակայում են աման լվանալիս։ Հա, աման լվանալու մեքենա մենք չունենք. ես ամեն ինչ ձեռքով եմ լվանում, ու սա այն դեպքերից է, երբ միանգամայն գոհ եմ դրանից։

Ուլուանա
18.01.2018, 21:28
Ամեն օր տնից դուրս գալիս երևի բոլորս էլ տեսնում ենք մարդկանց, որոնց տարիներ շարունակ հանդիպում ենք նույն տեղերում, բայց անձամբ չենք ճանաչում ու շատ դեպքերում նրանց մասին ընդհանրապես ոչինչ չգիտենք ու էդպես էլ չենք իմանում։

Մեր քաղաքում էլ քիչ չեն մարդիկ, որոնց եթե ոչ ամեն օր, ապա գոնե հաճախակի հանդիպում եմ իմ հիմնական, ամենօրյա երթուղու ընթացքում, որը հիմնականում մեր տնից մինչև տղայիս դպրոց ընկած ճանապարհն է, ավելի ճիշտ՝ երկու ճանապարհ կա էնտեղ տանող, որոնք հենց մեր տան դիմացից բաժանվում են՝ աջ ու ձախ։ Դրանցից մեկը հենց գլխավոր փողոցով է՝ ավելի աշխույժ ու մարդաշատ, մյուսը՝ բնակելի շենքերի ու տների մոտով, ավելի շատ ծառերով, խոտածածկ տարածքներով ու ավելի քիչ մարդկանցով։ Ես երկրորդն ավելի շատ եմ սիրում, բայց որոշ հանգամանքների բերումով հաճախ ընտրում եմ առաջինը։ Ու քանի որ առաջինն ավելի մարդաշատ է, սկզբում կգնանք առաջինով։

Այս ճանապարհի վրա առաջինը Պիտերն է՝ մեր հարևանը, ով ապրում է մեզնից ընդամենը երկու տուն այն կողմ, բայցևայնպես, հաշվի առնելով, որ նրա մասին գրեթե ոչինչ չգիտենք, շփում էլ չունենք, թերևս կարելի է նրան հանգիստ խղճով անծանոթ համարել։ Պիտերը երևի քառասունն անց, «յոժիկ» մազերով, «տակառիկ» կազմվածքով տարօրինակ, բայց լիովին անշառ մի մարդ է։ Առանձնապես գեր չէ, բայց ցմփորիկ է, ոտքերը համեմատաբար բարակ, միշտ շորտերով ու նկատելիորեն երկար սպիտակ գուլպաներով։ Մշտապես կողքից պարանով ման ածվող շնիկն էլ վրադիր՝ լրիվ մուլտիկային կերպար է։ Պիտերն, ըստ երևույթին, ինչ–որ հոգեկան շեղում ունի, որն ամենաշատը զգացվում է նրա դեմքի արտահայտությունից. թեև ընդհանուր առմամբ հանգիստ ու անհաղորդ դեմք ունի, բայց հաճախ մի տեսակ թարս–թարս է նայում մարդկանց, կարծես խռոված կամ նեղացած մանչուկ լինի, ոչ թե բարկացած, կատաղած կամ չարացած, այլ հենց խռոված ու նեղացած։ Ահագին ժամանակ ես նրան բարևում էի՝ պատասխան չստանալով, փոխարենը ամեն անգամ էնպիսի թարս ու նեղացած հայացքով էր ինձ նայում, կարծես ինչ–որ բանով վիրավորել կամ վատություն եմ արել իրեն։ Էդպես էնքան թարս–թարս նայեց ու բարևիս չպատասխանեց, որ որոշեցի այլևս իզուր չբարևել։ Բայց նա, միևնույն է, ամեն տեսնելիս շարունակում է ինձ նույն թարս հայացքով ուշադիր նայել, կարծես հիմա էլ նեղանում է նրանից, որ չեմ բարևում։ Պիտերը չի աշխատում, բայց հաճախ հարևանները նրան վճարում են տան դիմաց կամ այգում ինչ–որ աշխատանքներ անելու դիմաց։

Մեր տնից որոշ հեռավորության վրա հաճախ հանդիպում եմ մոտ երեսունն անց, բարձրահասակ ու հաղթանդամ մի արաբ կամ հնդիկ տղայի։ Նա էլ կարծես ինչ–որ շեղում ունի։ Երբ տեսնես, ձեռքին միշտ Starbucks–ի սուրճ է, հաճախ ինքն իրեն խոսում ու ծիծաղում է, բայց ամենատիպիկ գործողությունը, որով կարելի է նրան հեռվից հեռու անսխալ ճանաչել, հետևյալն է. քայլում է իր համար, մեկ էլ հանկարծ կտրուկ կանգ առնում ու որոշ ժամանակ էդպես կանգնած մնում։ Նրան հենց դրանով ենք ֆիքսել։

Ճանապարհը շարունակելով՝ հասնում ենք Starbucks–ին (այո, հենց այն Starbucks–ին, որտեղից մեր հնդիկ ծանոթն առնում է իր սուրճը), որի բացօթյա հատվածում դրված սեղանիկներից մեկի շուրջ մշտապես մի քանի տղամարդ նստած սիգար ծխելով սուրճ են խմում։ Նրանք միշտ նույն սեղանիկի շուրջ են նստում։ Այդ մասով անցնելիս ինձ միշտ Հայաստանում եմ զգում, քանի որ վերջիններս, ինձ տեսնելով, ձայնները ցածրացնում են, աչքները չորս անում ու տնտղում։ Ամեն անգամ դիսկոմֆորտ եմ զգում, երբ անցնում եմ էդտեղով, ու իրենք էդտեղ նստած են լինում։ Մի օր էլ մտքովս անցավ, որ անցնող–դարձողին էսպես տնտղել կարող էին միայն հայերը։ Նայեցի դեմքներին ու զգացի, որ նրանց՝ հայ լինելը շատ հավանական է, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում խոսակցությունն էլ լսել, որ վերջնականապես համոզվեի, մինչև որ մի օր մեր քաղաքի հայկական խանութի ու ռեստորանի տերը, որ հայաստանցի հայ է, մի առիթով ասաց, որ էդ մարդիկ իր ընկերներն են ու նույնպես հայաստանցի հայեր են։ Ամեն ինչ իր տեղն ընկավ։

Երբ հասնում եմ երկու բուլվարների խաչմերուկին, պարբերաբար տեսնում եմ քաչալ, միջահասակ մի տղամարդու, որն, ինչպես մի օր պարզվեց, հայ է։ Բավական հետաքրքիր իրավիճակում պարզեցինք նրա հայ լինելը։ Արեգին մանկապարտեզից տուն էի բերում, չեմ հիշում՝ ինչ էր եղել, միայն հիշում եմ, որ Արեգը դժգոհ էր ու վրդովված, ինչ–որ բան էր ուզում երևի, թույլ չէի տալիս, թե ինչ, ինքն էլ ձայնը գլուխն էր գցել, թե՝ չէ՜, դու շատ սխալ բանե՛ր ես ասում։ Մեկ էլ հենց էդ պահին էս մարդը կողքներովս անցավ ու Արեգին նայելով, մի փոքր սաստող տոնով ու մատը թափ տալով՝ ասեց. «Մաման ճի՛շտ ա ասում, մամային լսի՛»։ Երկուսս էլ, անակնկալի եկած, մեր վեճը մոռացած՝ նայեցինք էդ մարդուն, ես էլ ծիծաղեցի, էդ մարդն էլ , իսկ Արեգը, որ հաստատ չէր սպասում, թե իր հայերեն ասածն էստեղ կողքից որևէ մեկը կարող է հասկանալ, ամոթխած նայեց մարդուն, անմիջապես հայացքն իջեցրեց, հետո սուսուփուս շարունակեց ճանապարհը։ Դրանից հետո ամեն անգամ, երբ էդ մարդուն հանդիպում ենք (ընդ որում՝ միշտ նույն տեղում), բարևելուց հետո ամեն անգամ ծիծաղելով դիմում է Արեգին. «Հը՞, խելո՞ք ես մնում»։ Արեգն էլ լրջացած գլուխն է տմբտմբացնում, իբր՝ հա։ :))

Երբ թեքվում եմ դեպի այն փողոցը, որից մի երկու բլոկ վերև Արեգի դպրոցն է, պարբերաբար ճիշտ և ճիշտ նույն տեղում տեսնում եմ հեծանիվ քշող միջին տարիքի մի կնոջ։ Նախ ասեմ, որ մեզ մոտ հեծանվորդների ընդհանրապես հազվադեպ կարելի է տեսնել, իսկ հեծանիվը որպես փոխադրամիջոց գործածող մարդկանց՝ էլ ավելի հազվադեպ։ Էս կինն իր հեծանվով բավական արտառոց տեսարան է ու ոչ միայն այն պատճառով, որ հեծանվով է, այլև նրանով, որ մշտապես պճնված տեսք ունի՝ բավական ցայտուն դիմահարդարանքով ու գլամուր հագուկապով։ Մի խոսքով՝ հեծանվի հետ առնվազն առաջին հայացքից բավական անհամատեղելի հանդերձանք ունի ու, բնականաբար, անցնելիս բոլորի ուշադրությունն իր վրա է գրավում։ Դեմքից դատելով՝ ինքն էլ շատ լավ գիտի իր առաջացրած ռեակցիան և լիովին վայելում է այն`միշտ խունջիկ–մունջիկ ժպտալով :))։

Արեգին դպրոցից բերելիս հենց դպրոցի մոտ արդեն քանի տարի է (մանկապարտեզն էլ է նույն դպրոցի շենքում եղել) ամեն անգամ հանդիպում եմ մի ընտանիքի՝ մայրը, որ գալիս է երեխաներին վերցնելու, իր երկու աղջիկներն ու տղան։ Մեծ տղան ու աղջիկը տարիքով ավելի մոտ են, 12-14 տարեկան կլինեն, փոքր աղջիկը՝ երևի մի քանի տարով փոքր։ Էս ընտանիքին տեսնելիս ամեն անգամ ցնցվում եմ էն համընդհանուր նմանությունից, որ հատուկ է նրանց բոլորին։ Էս երեք երեխաները ոնց որ լրիվ մեկը մյուսի ճշգրիտ պատճենը լինեն ու մորն էլ են շատ նման։ Մայրը գոնե մի քիչ տարբերվում է երեխաներից, իսկ իրենք երեքով լրիվ նույն դեմքն ունեն։ Ու ամեն անգամ նրանց տեսնելիս մտածում եմ՝ լավ, ո՞նց են մարդիկ հաջողացրել էսպես բոլորը մի դեմքով ստացվել։ Մի օր էլ իրենց պապային տեսա. երեխաները զարմանալիորեն նրան էլ նմանություն ունեին (ինձ թվում էր՝ մորն էդ աստիճանի նման լինելը պիտի որ այլևս տեղ թողած չլիներ հոր համար, բայց, փաստորեն, սխալվել էի), թեև այդ նմանությունն, իհարկե, չէր կարող համեմատվել մոր հետ ունեցած նմանության հետ։

Իմ սիրած ճանապարհով էլ հաճախ վերադառնում ենք դպրոցից։ Մեր տուն չհասած՝ երկու բլոկ ներքև, մի տուն կա, որն առանձնանում է շրջապատի տներից մի քանի բանով։ Էստեղ հաճախ կարելի է տեսնել առանձնատներ՝ սիրուն ու հարմարավետ վերանդաներով, որոնցում կարծես բոլոր պայմանները ստեղծված են, որ բնակիչները երեկոյան նստեն էնտեղ, ասենք, թեյի շուրջ զրուցեն և այլն։ Բայց իրականում հազվադեպ կարելի է տեսնել էդ վերանդաներում նստած մարդկանց (ես ասում եմ՝ հազվադեպ, դուք հասկացեք՝ գրեթե երբեք)։ Թե ում համար են էդպես հարմարավետ ու մանրակրկիտ սարքում, կահավորում, ձևավորում՝ չես հասկանում, եթե գործնականում ընդհանրապես չեն օգտվում դրանցից։ Իսկ էս նշածս տան մոտով ինչքան անցնենք, համարյա միշտ պատշգամբում մարդիկ են նստած, զրուցում ու թեյ են խմում։ Հիմնականում 2-3 տղամարդ են լինում, մեկ–մեկ՝ նաև մի կին։ Պատշգամբի տանիքն էլ ամբողջությամբ խաղողի վազերով է պատված, ինչպիսիք Հայաստանում կարելի է հաճախ տեսնել։ Էստեղ անձամբ ես չեմ հիշում, որ որևէ մեկի այգու որևէ մասում խաղողի վազ տեսած լինեմ։ Ու ընդհանրապես էստեղ ընդունված չէ տնամերձ հողատարածքում պտղատու ծառեր ունենալը։ Ովքեր էլ որ ունեն, զուտ որպես դեկորատիվ ծառեր են պահում դրանք։ Պտուղները հասնում են, թափվում, փչանում, էդպես էլ քաղող չի լինում։ Իսկ էս այգում, բացի խաղողի վազից, նաև սալորի ծառ կա, ընդ որում՝ էնպիսի սորտ, որից ես էստեղ ընդհանրապես չեմ տեսել վաճառքում։ Երևի անսպասելի չի լինի, եթե ասեմ, որ վաղուց կասկածներ ունեի, որ էս մարդիկ հայ են, բայց մոտներով անցնելիս ինչքան փորձում էինք նրանց խոսակցության մեջից ծանոթ բառեր որսալ կամ գոնե ընդհանուր ինտոնացիան լսել, ոչ մի կերպ չէր հաջողվում։ Բայց հետո մի օր ամուսինս ասաց, որ լսել է, կարծես հայերեն չէին խոսում, թեև վստահ չէր։ Բայց, մեկ է, մի տեսակ հավատս չի գալիս, որ հայ չեն, հատկապես որ դրանից հետո մի օր նկատեցինք, որ նրանց տան դիմացի մայթին՝ հենց դարպասի ուղղությամբ, փորագրված է՝ PANOS։ Դե արի ու բան հասկացի. հիմա սրանք մեր հայրենակից Փանոսե՞նք են, թե՞ էդ ամենը պարզապես հետաքրքիր զուգադիպություն է, ու գուցե, ասենք, հույներ են։

Էլի մարդիկ կան, որոնց մասին կարելի էր գրել, բայց որոշեցի սահմանափակվել զուտ ամենաշատ հանդիպողներով։ Գուցե հետո էլի գրեմ, եթե մուսաս գա։

Ուլուանա
30.01.2018, 18:57
Իմ սերնդակից մարդիկ (էն մարդիկ, որոնք ոչ էնքան մեծ են, որ կարող էին ծնողներս լինել, ոչ էլ էնքան փոքր են, որ կարող էին երեխաներս լինել), տարիքային առումով ինձ համար բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր ծնվել են ութսունութ թվից առաջ ու քիչ թե շատ գիտակից տարիքում են եղել ութսունութ թվին, այսինքն` բավականաչափ մեծ, որպեսզի հիշեն, և նրանք, ովքեր կամ դեռ ծնված չէին, կամ էլ դեռ շատ փոքր էին ութսունութ թիվը հիշելու համար։ Սա իրականում ինչ–որ գիտակցված դասակարգում չի, այլ մի տեսակ ինքնաբերաբար ձևավորված ընկալում: Էն մարդիկ, ում հետ չես կարող վերհիշել, օրինակ, երկրաշարժը ու դրան հաջորդած օրերին տիրող համընդհանուր մթնոլորտն ու տրամադրությունը, Արցախյան շարժումը, էդ շրջանում տիրող մթնոլորտն ու տրամադրությունները, նշանակալից իրադարձությունները՝ առօրեականից մինչև քաղաքական, որոշակիորեն ուրիշ սերնդից են ինձ համար: Ութսունութին տեղի ունեցած էս երկու խոշոր իրադարձություններն իմ մեջ տպավորված են որպես մի ամբողջ կյանք (թեև կոնկրետ երկրաշարժը անձնական առումով ինձ չի առնչվել, ի տարբերություն արցախյան շարժման, որին հանգամանքների բերումով հենց ամենասկզբից ինչքան հնարավոր է՝ մոտիկից ու ներսից առնչվել եմ), ու դրանից հետո ծնված ու, հետևաբար, էդ ամենը չապրած մարդկանց ակամա ընկալում եմ որպես պուճուր ու լրիվ ուրիշ ժամանակաշրջանից։

Սրա մասին առաջին անգամ մտածել եմ էն ժամանակ, երբ տարիներ առաջ մի ծանոթ աղջկա հետ խոսելիս, չգիտեմ ինչ առիթով, հիշեցի «Վերադարձիր, մայրիկ իմ հայրենի...» երգը, ու փորձում էի իրեն էլ հիշեցնել, թե որ երգի մասին է խոսքը, ասեցի՝ հիշու՞մ ես, էդ երգը ութսունութին ամեն տեղ հնչում էր։ Ինքն էլ մի տեսակ մտածկոտ ասեց՝ չէ, չեմ հիշում... Էդ պահին էնքան զարմացած էի, թե ոնց է հնարավոր չհիշել։ Էդ երգը, կարելի է ասել, շարժման խորհրդանիշներից էր դարձել էն ժամանակ, երգ, որը լսելիս բազմաթիվ մարդիկ լացում էին հուզմունքից, որը հնչեցնում էին միտինգներին, մարդկանց տներում, ամեն–ամեն տեղ։ Բայց ավելի ուշ հանկարծ տեղը բերեցի, որ էս աղջիկն ախր ութսունութին նոր ծնվել էր, որտեղի՞ց պիտի հիշեր։ ))) Ու էդտեղ էնքան ուժեղ զգացի էդ ուրիշ սերնդից ու ուրիշ ժամանակաշրջանից լինելու հանգամանքը։


https://www.youtube.com/watch?v=SvNIgpEszkY

Ուլուանա
26.02.2018, 21:47
Ժամանակը գնալով ավելի քիչ է թվում, չնայած նրան, որ գնալով ավելի քիչ եմ անտեղի ժամանակ վատնում: Հետաքրքիր ու օգտակար պլաններս ու մտահղացումներս` թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական, թե՛ երեխաների հետ կապված, թե՛ կենցաղային, գնալով շատանում են, իսկ դրանք իրականացնելու ժամանակը` գնալով քչանում... Երբ պատկերացնում եմ, թե ինչեր կան, որ պետք է անել, որ ուզում եմ անել (ընդ որում` «ուզում եմ»-ն ու «պետք է»-ն շատ դեպքերում համընկնում են), զգում եմ, որ էդ ամենը թեկուզ մի կերպ հասցնելու համար ինձ պետք է ունեցածս ժամանակից առնվազն մի երեք անգամ ավելի շատ ժամանակ: Ու էդ գիտակցումից քիչ է մնում ցնդեմ:

Ժամանակն էնքան արագ է հոսում, որ լիքը բաներ, որ առաջ էական կթվային, ակնթարթորեն ժամանակավրեպ են դառնում, ինչպես ֆեյսբուքյան լրահոսի վրայով հայացքդ սահեցնելիս քիչ առաջ կարդացածդ ստատուսը եղանակի կամ հարևանի կատվիկի մասին, որ կարճ ժամանակ անց անվերադարձ թաղվելու է իր նման բազմաթիվ այլ ստատուսների տակ:

Թերևս միակ բանը, որի վրա դեռ անիմաստ ժամանակ եմ վատնում երբեմն, Ֆեյսբուք կարդալն է, բայց դա էլ տեղից շատ չէր, հիմա էլ ավելի եմ կրճատել (չհաշված, որ մեկ-մեկ տարվում եմ ու անջատված նստում երկար ժամանակ, հետո ինձ չեմ ներում ժամանակս էնտեղ վատնելու համար, որովհետև դա էն դեպքերից է, երբ անմիջապես հետո գիտակցում ես, թե ինչ անիմաստ էր իսկապես), բայց ոնց մտածում եմ​` պետք է համարյա լրիվ հրաժարվել, գոնե կիմանամ` ինձնից կախված ամեն ինչ անում եմ ժամանակ տնտեսելու համար:

Մեկ էլ quora-ից տեղեկացումներ ստանալու դեպքում եմ հաճախ աններելիորեն երկար լռվում, քանի որ հաճախ չեմ սահմանափակվում միայն էն հարցն ու պատասխանը կարդալով, որի մասին տեղեկացում էի ստացել, տեսնում եմ նույն էջի այլ հետաքրքիր հարցեր, կարդում ու էդպես երկար լռվում: Ի տարբերություն Ֆեյսբուքի, Quora-ում շատ ավելի հետաքրքիր ու օգտակար ինֆորմացիա եմ ստանում, բայց, մեկ է, նույնիսկ էդ ինֆորմացիան էնքան չարժե, որ էդքան ժամանակ տրամադրեմ դրան, երբ էդ ժամանակը կարող էի ավելի արդյունավետ օգտագործել:

Նկատել եմ, որ ահագին ժամանակ է, ինչ ոչ մեկից չեմ նեղանում: Ասենք, եղել են իրավիճակներ, երբ հանգիստ խղճով կարելի էր նեղանալ, կարծում եմ` դրա «իրավունքն» ունեի, ու եթե նախկինում լիներ, հաստատ կնեղանայի, այսինքն` գիտակցաբար որ նայում եմ, իսկապես նեղանալու բաներ են, բայց ներքուստ մի տեսակ հեչ հավես չունեմ նեղանալու, ու էդ բոլոր դեպքերի նկատմամբ «անցած լինի» տրամադրվածություն ունեմ: Ու ընդհանրապես նեղանալն ահագին ժամանակ ու էներգիա տանող գործողություն է, իսկ կյանքը չափազանց կարճ է նման անիմաստ ու անհեռանկարային գործողությունների վրա վատնելու համար: Ասածս, իհարկե, չի նշանակում, թե էլ երբեք ոչ մեկից չեմ նեղանալու, բայց հիմա էսպես եմ զգում ու ընկալում իրականությունը ու հուսով եմ` էսպես էլ կշարունակվի:

Ուլուանա
01.03.2018, 08:29
Մեր տնից ոչ շատ հեռու արվեստի պարագաների մի փոքր խանութ կա: Հիմնականում իմ պարագաներն առնում եմ ուրիշ` շատ ավելի մեծ ու շատ ավելի հեռու գտնվող խանութից, որն ԱՄՆ-ում թիվ մեկ խանութների ցանցն է էդ ոլորտում. մի հսկայական խանութ, որտեղ բացի նրանից, որ արվեստի ու ձեռքի աշխատանքների, կարելի է ասել, համարյա բոլոր հնարավոր ոլորտներին վերաբերող պարագաներ ու նյութեր կարելի է գտնել, նաև ամեն ոլորտին վերաբերող ապրանքների շատ լայն ընտրանի կա: Իսկ մեր տան մոտ գտնվող խանութում արվեստի ոլորտից հիմնականում նկարչական պարագաներ են, մի քիչ կավագործության, մեկ էլ ինտերիերի դիզայնին վերաբերող նյութերի ու պարագաների մեծ բաժին ունեն: Բայց ժամանակ առ ժամանակ էս փոքրիկ խանութն էլ եմ այցելում:

Էս խանութն ընտանեկան բիզնես է, որը վարում են 50-ին մոտ տարիքի երկու եղբայրներ` Թոմն ու Մայքը: Ավելի ուշ պարզեցի, որ խանութն ի սկզբանե բացել է նրանց պապը` 1947 թվականին: Հիշում եմ, երբ առաջին անգամ մտանք խանութը, աշխատողը թեև սիրալիր, բայց մի տեսակ սառն ու լուրջ դեմքով տղամարդ էր, որ գլուխը կախ ինչ-որ բան էր կարդում ու միայն կոնկրետ հարցեր ստանալու դեպքում էր գլուխը բարձրացնում ու խոսում: Երբ որոշ ժամանակ անց էլի գնացինք, էս մարդը կարծես ավելի շփվող, ուրախ ու բաց դարձած լիներ: Եվ միայն երրորդ թե չորրորդ անգամ այցելելուց հետո հասկացանք, որ իրականում երկու տարբեր տղամարդկանց ենք հանդիպում էդտեղ այցելելիս: Դատելով արտաքին նմանությունից, որի պատճառով նրանց սկզբում նույն մարդու տեղն էինք դրել, ենթադրեցի, որ եղբայրներ կլինեն, համոզվելու համար նույնիսկ հարցրի էդ օրվա աշխատողին (որը, թարսի պես, սառնոտն էր)` արդյոք մյուս աշխատողն իր եղբայրն է, վերջինս էլ իրեն բնորոշ սառնությամբ ու անհաղորդությամբ պատասխանեց` այո, ասացի, որ նմանությունից ենթադրեցի: Էլ ոչինչ չասաց: :))) Արտաքինով բավական նման, բայց խառնվածքներով ահագին տարբեր եղբայրներ են: Մյուս եղբայրը, թեև էլի հանգիստ, բայց բավական ասող-խոսող է. կատակներ էլ է անում, երբեմն իր կարծիքն ասում այս կամ այն ապրանքի վերաբերյալ, զուտ անհրաժեշտից մի փոքր ավելի ծավալվում, ինչն իրականում հաճելի է:

Երեկ էլ Դավիթի հետ պիտի դուրս գայի զբոսանքի, հիշեցի, որ որոշ նկարչական պարագաներ ունեմ առնելու, մտածեցի` կարելի է էդ խանութը գնալ, համ էլ վաղուց չեմ եղել: Խանութում ապրանքների շարքերի դասավորությունն էնպիսին է, որ դրամարկղի մոտից, որտեղ սովորաբար նստած է լինում աշխատողը, մուտքի դուռը չի երևում, ու երևի հենց էդ պատճառով է, որ դռնից զանգակ է կախված, որն ամեն մտնող-դուրս եկողի մասին տեղեկացնի աշխատողին: Վերջին մոտ երկու տարում միշտ շփվող եղբորն էի հանդիպում խանութ այցելելիս: Երեկ սառնոտն էր աշխատում, բայց էս անգամ առաջվանից ավելի ջերմ էր, հարցրեց` ինչով կարող է օգնել, արդյոք հարցեր ունեմ, էդպես, ընթացքում առաջացած մի քանի հարց տվեցի, որոնց պատրաստակամորեն պատասխանում էր:

Ինչպես միշտ երկար լռվեցի (երևի մի կես ժամ, որը, խանութի փոքրությունը հաշվի առնելով, քիչ ժամանակ չի, իրականում ավելի երկար կմնայի, եթե Դավիթը չնվնվար), լիքը բաներ նայեցի, ուսումնասիրեցի, բայց միայն մի երկու բան գնած` դուրս եկա: Ու էդ ժամանակ հասկացա, որ հենց միայն էդպիսի խանութում լինելուց հաճույք եմ ստանում արդեն` անկախ նրանից, թե ինչ եմ գնելու կամ արդյոք գնելու եմ, թե չէ: Նույնիսկ եթե ոչինչ էլ առնելու չլինեմ, էլի էդ բոլոր պարագաները տեսնելը, դրանց միջավայրում լինելը մի տեսակ դրական էներգիա է տալիս ինձ: Մյուս` խոշոր խանութում լինելիս ունեցածս զգացողությունը մի փոքր տարբեր է. էնտեղ պարզապես ինձ հետաքրքրող պարագաներն ու նյութներն էնքան շատ են ու էնքան բազմազան` ամենատարբեր ժանրերին ու ճյուղերին վերաբերող, որ բերանիս ջրերը գնում են, գլուխս պտտվում է էդ առատությունից: Բայց մթնոլորը մի տեսակ ավելի կոմերցիոն է, ավելի պաշտոնական, չկա էն հարմարավետ, մտերմիկ զգացողությունը, որ ունենում եմ մյուս խանութում: Երևի աշխատողների ընդհանուր մոտեցումն էլ է դեր խաղում: Ընդհանրապես միշտ էլ հաճելի է, երբ զգում ես, որ աշխատողը լավ տեղեկացված ու հետաքրքրված է տվյալ ոլորտով, ոչ թե պարզապես պարտականությունից ելնելով` վարժեցված է պատասխանելու տրվող հարցերին:

Սա գրելիս մի բան հիշեցի: Տարիներ առաջ (ավելի քան տասնհինգ տարի (էսպես գրելիս ամեն անգամ նորովի եմ գիտակցում, թե ինչ մեծ եմ ես արդեն)), երբ ուսանող էի, երաժշտությունը դեռ ընդունված էր լսել կասետներով, ճիշտ է, արդեն դիսկեր էլ կային, բայց դրանք դեռևս լայն կիրառություն չունեին, ամեն մարդ չէր կարող իրեն թույլ տալ տանը երաժշտությունը դիսկով լսել, մենք էլ, դե, վատ ապրող էինք, դեռ շատ հեռու էինք նման ճոխությունից: Բայց էդ թվերին ես ձեռքս ընկած խղճուկ գումարից տնտեսածիս զգալի մասը ծախսում էի հենց կասետների վրա: Դա իմ` ռոք լսելու ամենաթունդ շրջանն էր, իսկ էն ժամանակ ռոք երաժշտություն գտնելը, բացառությամբ որոշ հանրահայտ կատարողների ու ալբոմների կամ առանձին երգերի, խիստ բարդ գործ էր, շատ դեպքերում` անհնար, իսկ կասետով` հատկապես, քանի որ կասետները ձայնագրում էին դիսկերից ու ձայնագրում էին, որպես կանոն, միայն որոշակի պահանջարկ ունեցող ալբոմները: Իսկ ռոքը, մյուս ոճերի համեմատ, շատ քիչ պահանջարկ ուներ: Անձամբ ես կոնկրետ երկու խանութ գիտեի քաղաքի կենտրոնում, ուր սովորաբար այցելում էի իմ ուզած երաժշտությունը գտնելու համար: Մնացած «կասետնոցներում», ինչպես ընդունված էր անվանել պոպուլյար երաժշտություն վաճառող կրպակներն ու խանութները, անիմաստ էր իմ ուզած բաները փնտրելը. լավագույն դեպքում հազիվ լսած կարող էին լինել ուզածս կատարողի անունը, ու եթե բախտս բերեր, կարող էին նրա լավագույն երգերի հավաքածուն ունենալ, բայց մեծ մասամբ իսկի անունը լսած չէին լինում, էլ ուր մնաց` ալբոմներ ունենային, ու հարցնելու դեպքում պատասխանը հաճախ լինում էր. «Չէ, քուրիկ ջան, տենց փախած բաներ չունենք»:

Որոշ ժամանակ նման պատասխաններ ստանալուց հետո, իհարկե, հասկանում էիր, որ ուզածդ երաժշտությունը ամեն պատահած «կասետնոցում» փնտրելը ժամանակի վատնում է: Ու իմ սիրած «փախած» երաժշտությունը համատարած չճանաչող ու ճանաչել չցանկացող վաճառակետերի մեջ էս երկու խանութները` «Օրփեոսն» ու «Օսկարը», իսկական օազիսի դեր էին կատարում: «Օրփեոսն» ավելի հաճախ էի այցելում, որովհետև, բացի նրանից, որ հանգամանքների բերումով էդ շրջանում ավելի հարմար էր էնտեղ գնալը, նաև էնտեղ շատ ավելի էժան էին կասետները, հիմնականում գտնում էի ինձ հետաքրքրող ալբոմներն ու հավաքածուները, աշխատողներն իրենք էլ իրենց վաճառած երաժշտության երկրպագուներ էին ու համապատասխան գիտելիքներ ու տեղեկացվածություն ունեին: Երբեմն նաև խնդրում էի, ուզածս ալբոմը ձայնագրում էին դիսկից, եթե կասետը չէին ունենում էդ պահին: Հիշում եմ, որ էնտեղ էլ, ճիշտ էնպես, ինչպես հիմա արվեստի պարագաների խանութում, միշտ երկար լռվում էի, տարբեր կասետներ ուսումնասիրում, մեկ-մեկ նույնիսկ խնդրում էի, որ դնեն էս կամ էն կասետը, իմանամ` ուզում եմ գնել, թե չէ, երբեմն դիսկն էին միացնում, որ լսեմ, որոշեմ` ուզում եմ, որ ձայնագրեն ինձ համար տվյալ դիսկը, թե ոչ: Ու միշտ պատրաստակամությամբ անում էին: Մեկ-մեկ ինձ ոչ էնքան ծանոթ կատարողների կասետներ էլ էի առնում` զուտ մեկ-երկու երգ լսած ու հավանած լինելով, ու քանի որ ինտերնետի լայն հնարավորությունները դեռ չկային, երբեմն հենց էդպես` կուրորեն կասետ առնելով էի ծանոթանում որոշ կատարողների: Դա էլ իր հետաքրքրությունն ուներ. տուն բերել մեծ մասամբ անծանոթ կասետ և նոր սկսել ծանոթանալ, ուսումնասիրել` իմանալով, որ ամենայն հավանականությամբ դուրդ գալու է:

Մյուսը` «Օսկար» խանութ-սրահը, իրականում ավելի հետաքրքիր վայր էր. էնտեղ ոչ միայն կասետներ ու դիսկեր էին վաճառում, այլև երաժշտական աշխարհին վերաբերող զանազան այլ առարկաներ` հայտնի ռոք աստղերի մասին գրքեր, պլակատներ, գուցե էլի շատ բաներ, լավ չեմ հիշում արդեն: Ամենալավը տպավորվել է երկու բան: Մեկը Ֆրեդի Մերկուրիի մասին անգլերենով մի հաստափոր գիրք էր, գինն էլ` ոչ ավել, ոչ պակաս` 20 դոլար` էդ թվերի ու հատկապես իմ գրպանի համար մի իսկական աստղաբաշխական թիվ, որի մասին երազելն անգամ անիմաստ էր: Ես էլ էդ ժամանակ Ֆրեդի Մերկուրիի թունդ ֆանատ էի, էն աստիճանի, որ Ֆրեդիին վերաբերող ինչ ձեռքս ընկներ, սուրբ մասունքի պես պահում էի, ամեն հնարավոր ձևով փորձում ձեռք բերել նրա հետ առնչվող ցանկացած ինֆորմացիա, ցանկացած իր, ինչը նույնպես շատ դժվար էր, քանի որ պահանջարկը շատ փոքր էր, ու գտնելը` համարյա անհնար: Մի տիպի (sticker) եղածն ի՞նչ է, դա էլ չկար. էդ թվերին խիստ պոպուլյար ու ամեն քայլափոխի աչքերդ մազոլ անող «Տիտանիկի», Նատալիա Օրեյրոյի, Անդրեյ Գուբինի, Ռուկի Վվերխի, Ռիկի Մարտինի ու էլի մի շարք մեծ պահանջարկ ունեցող հայտնիների միլիոնավոր տիպերի կողքին երբեք չէիր գտնի Ֆրեդի Մերկուրիի գոնե մեկ տիպ: Չնայած, հանուն արդարության ասեմ, որ մի անգամ քույրս, չգիտես ոնց, ինչ-որ տեղ գտել ու ինձ համար գնել էր: Էդ ի՜նչ երջանկություն էր. աչքերիս չէի հավատում, որ նման բան հնարավոր է: Բայց շեղվեցի: Մի խոսքով` մեկ-մեկ այցելում էի «Օսկար», Ֆրեդի Մերկուրիի գիրքը վերցնում ու էջերը թերթելով` էստեղից-էնտեղից ագահորեն կարդում` փորձելով հնարավորինս շատ ինֆորմացիա կորզել էդ կարճ ժամանակում: Մյուս մասունքը Փինք Ֆլոյդի “The Wall” ալբոմի օրիգինալ դիսկն էր` Ռոջեր Ուոթերսի ստորագրությամբ, գինը` կարծեմ 10 դոլար (կամ` էլի 20, լավ չեմ հիշում), ամեն դեպքում` էլի էնպիսի թիվ էր, որ այն ձեռք բերելուս մասին խոսք լինել չէր կարող: Փինք Ֆլոյդն էլ էր էդ շրջանում իմ մի քանի «ամենա»-ների շարքում ու իրականում միշտ էլ կմնա էդպիսին` անկախ նրանից, թե հիմա ինչքան հաճախ եմ լսում: Հիշում եմ` դիսկն էսպես հանդիսավոր դրված էր` մյուս դիսկերից լրիվ առանձին, կարծես պատվանդանի վրա, կողքին էլ կարծեմ Փինք Ֆլոյդի հետ կապված այլ բաներ կային, որոնց մասին հիշողությունս, սակայն, խամրել է այդ անհասանելի փառավոր դիսկի շուքի տակ: Էստեղ էլ աշխատողների` տվյալ ոլորտի մեջ ներգրավվածությունն ու սերը իրենց վաճառածի նկատմամբ, որն ակնհայտ զգացվում էր ամեն մանրուքում, ու սրահում դրա շնորհիվ տիրող ընդհանուր շունչն էնքան գրավիչ էր, որ ակամա ուզում էիր ավելի երկար մնալ, մի քիչ էլ ներծծվել սիրածդ երաժշտության ու երաժիշտների մթնոլորտով:

Որտեղից որտեղ հասա…

Ուլուանա
21.03.2018, 19:39
Դպրոցի բարձր դասարաններից սկսած մինչև հիմա ժամանակ առ ժամանակ տվյալ օրվա անելիքների ցուցակ եմ կազմել` օրվա վերջում ջնջելով արածս գործերը, ու ամեն օր ինքս ինձ գնահատելով` ըստ կատարածս գործերի թվի: Ես միշտ գրում եմ ամենացանկալին, որը հիմնականում անիրագործելի է, այսինքն` բոլոր էն գործերը, որ իդեալական դեպքում պիտի արվեն, բայց գործնականում անհնար է էդ բոլորը մի օրում անելը: Պարզապես էդպես աչքի առաջ ունենում ես ընդհանուր անելիքներդ ու անում ես նրանք, որոնք էդ պահին ավելի հրատապ են, կամ` որոնք հաջողացնում ես` ըստ կարևորության, երբեմն էլ ըստ հավեսի: Համենայնդեպս, ավելի հստակ ես պատկերացնում անելիքներդ, ու ավելի հստակ են երևում չարածներդ, ինչի շնորհիվ էլ ավելի խիստ ես դառնում ինքդ քո նկատմամբ ու ձգտում հաջորդ անգամ ավելի շատ գործեր հասցնել: Ի դեպ, ցուցակում ներառածս գործերից որոշները, բարդությամբ ու տևողությամբ պայմանավորված` կարող են մեկից ավել կամ մեկից պակաս միավոր «արժենալ»: Հիշում եմ` ուսանող ժամանակ նույնիսկ ամիսն էի ամփոփում` ըստ էդ միավորների, հետո էլ` տարին: Ցավոք, էդպես էլ երբեք չհաջողվեց էդ ցուցակներ գրելս մշտական դարձնել: Միշտ ինչ-որ շրջան ոգևորվել եմ ու որոշ ժամանակ պարտաճանաչ կերպով գրել, հետո ինքս էլ չեմ նկատել, թե ոնց` դադարեցրել: Կարծում եմ` դադարեցումը սովորաբար եղել է էն ժամանակ, երբ տվյալ շրջանում ինձ լավ չեմ դրսևորել, այսինքն` ցուցակում ներառված կետերից քչերն եմ հաջողացրել իրագործել, ու ինքս ինձնից հիասթափվելով` շարունակելու ցանկությունս կորցրել եմ (երևի ենթագիտակցությունս դիմադրել է էդպես ակնառու կերպով սեփական անհաջողությունս ֆիքսելու այդ արարողությանը):

Վաղուց կանոնավոր կերպով ցուցակներ չէի գրել (հատուկ առիթների դեպքերը չհաշված), բայց վերջերս վերսկսել եմ: Մի տետր ունեմ, որում 2011 թ-ից սկսած` գրում եմ, բայց, ինչպես ասացի, երկարատև դադարներով: Ինչ սկսել եմ գրել, ժամանակիս կազմակերպումը կտրուկ բարելավվել է: Նույնիսկ կասեի`աննախադեպ կերպով: Չեմ հիշում, որ նախկինում երբևէ օրվա համար նախատեսածս անելիքների էսքան մեծ տոկոսն իրագործած լինեմ: Էս անգամ շատ ավելի լուրջ եմ տրամադրված (գուցե որովհետև ուրիշ ճար չունեմ): Ընդ որում` բացի օրվա անելիքների ցուցակից, նաև ամեն շաբաթվա սկզբին գրում եմ շաբաթվա անելիքներն ընդհանուր, որպեսզի ընթացքում փորձեմ հնարավորինս իրագործած լինել շաբաթվա վերջում: Գրում եմ նաև ամսվա անելիքներ` ավելի լայն ու ավելի ընդհանրական ցուցակ: Ճիշտ է, ցուցակի բոլոր կետերն անխտիր իրագործել էլի երբեք չի հաջողվում, բայց դե, հաշվի առնելով դրա անիրագործելիությունը, ի սկզբանե չի էլ ակնկալվում: Կարևորը` վերջերս ինքս ինձնից բավական գոհ եմ, մի բան, որ խիստ հազվադեպ է ինձ հետ պատահում:

Բայց վերջին օրերին ժամանակի առումով մի նոր մարտահրավեր ստացա. փոքր տղաս` Դավիթը, արդեն քանի օր է` իր երկու ժամանոց ցերեկային քունը դարձրել է կես ժամանոց` ի չիք անելով իմ բոլոր գունավոր պլանները, որ հնարավորինս խտացված ձևով խցկում եմ էդ երկու ժամերի մեջ: Ու եթե էս կես ժամանոց քունը հիմնական ռեժիմ դարձնի, ես կորած եմ, քանի որ էդ երկու ժամերն օրվա մեջ իմ միակ ժամերն են, երբ համ լիարժեք ազատ եմ լինում, համ էլ դեռ էներգիայով լի, ու կարող եմ անել ինչ ուզում եմ և/կամ ինչ պետք է: Ճիշտ է, ևս երկու ժամ ունենում եմ երեկոյան` երեխաներին քնեցնելուց հետո, բայց էդ ժամանակ սովորաբար էնքան սպառված եմ լինում (երջանիկ բացառություններ էլ են լինում, իհարկե), որ բացի կոմպի դիմաց վեր ընկնելուց կամ կինո/սերիալ նայելուց, ուրիշ ոչ մի բանի պիտանի չեմ լինում: Չգիտեմ` ոնց եմ էս նոր ռեժիմի տակից դուրս գալու, եթե շարունակական լինի, բայց փորձում եմ ինձ տրամադրել, որ դա էլ կկարողանամ: Տեսնենք:

Ուլուանա
30.08.2018, 01:16
Մի՞թե վերջին անգամ հինգ ամիս առաջ եմ օրագրումս գրառում արել, հավատս չի գալիս... :o
Լավ, հիշեցի. հեղափոխությունը մեջ ընկավ ու ամեն ինչ խառնեց իրար :)):


Էս անգամվա հայաստանյան այցելությանս «ամփոփ» հաշվետվությունը :)


Երևի չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ էս անգամվա հայաստանյան այցելությունս մինչև հիմա եղածներից լավագույնն էր ինձ համար: Դրա համար բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ կային, գուցե սուբյեկտիվներ էլ, համոզված չեմ: Նախ հանդիպեցի մի քանի հարազատ հին ու բարի ընկերների, որոնց տարիներով չէի տեսել, մեկին` 4.5, մեկ ուրիշին` 6, մյուսին` 7 տարի և այլն: Հավես էր տարիներ անց հանդիպելն ու նույն ջերմությունն ու հարազատությունն զգալը, կարծես ոչինչ չի փոխվել տարիների ընթացքում: Ընդհանուր լիքը հավես, ջերմ հանդիպումներ ունեցա, լիքը դրական լիցքեր ստացա ու տվեցի, նաև մի քանի նոր ծանոթություն ունեցա, որոշ վիրտուալ ծանոթություններ վերածեցի ռեալի: Ոչ մի պարտադրված հանդիպում չեմ ունեցել էս անգամ, թեև դրանք տարիների հետ էսպես թե էնպես գնալով պակասում էին, բայց էս տարի առաջին անգամն էր, որ բացարձակապես ոչ մի էդպիսի հանդիպում չեղավ:

Էս անգամվա այցելությունս առանձնանում էր նաև նրանով, որ ի տարբերություն նախորդ այցելություններիս, որոնք սահմանափակվում էին հիմնականում զուտ ընկերների ու հարազատների հետ հանդիպելով, մեկումեջ էլ նոր ծանոթություններով, էս անգամ իրադարձությունները շատ ավելի բազմազան էին: Ընդհանրապես էս անգամվա այցելությունս զգալի չափով արվեստամշակութային ուղղվածությամբ ստացվեց: Կարելի է ասել` հայաստանյան այցս սկսվեց իմ աշխատանքներին նվիրված հեռուստահաղորդման նկարահանմամբ ու դրան նախորդող պատրաստություններով, որի մասին հետո առանձին կպատմեմ: Ընթացքում տղայիս` Արեգի, քրոջս ու նրա աղջկա հետ հաճախեցինք խեցեգործության մի երկու դասի (ճիշտ է, ես դեռևս մինչև Հայաստան գալն արդեն հետաքրքրվել ու գտել էի տվյալ արվեստանոցը և նախատեսում էի ամսական խմբակային դասերի բերել Արեգին, բայց պարզվեց` օգոստոսից խմբակայինները չեն գործում, ցավոք, փոխարենը գործում էին միայն մեկանգամյա առանձին դասեր, որոնց և հաճախեցինք ու մի քանի հավես բաներ սարքեցինք (սրա մասին էլ գուցե ավելի ուշ առանձին պատմեմ)): Նաև առաջին անգամ այցելեցինք Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը, որի գոյության մասին, ի դեպ, բոլորովին վերջերս էի իմացել: Հետո Ակումբի գրական մրցույթի մրցանակաբաշխությանն ու ստեղծագործությունների հիման վրա տպագրված գրքի շնորհանդեսին ներկա եղա, էլի շատ հաճելի, ջերմ մթնոլորտում:

Ցավոք, որոշ հանդիպումներ էդպես էլ չկայացան, թեև վերջիններս շատ չէին, մի քանի հանդիպումներ էլ հանգամանքների բերումով սպասվածից ավելի կարճ ստացվեցին, բայց դրանք հիմնականում էնքան ջերմ ու հագեցած էին, որ, կարելի է ասել, էականորեն կոմպենսացվեց դրանց կարճատևությունը:

Մեկ այլ կարևոր ու հաճելի իրադարձություն էր հանրահավաքին ներկա լինելը, որը բարեբախտաբար համընկավ մեր էնտեղ եղած ժամանակաշրջանի հետ, ու վերջապես մեզ էլ բախտ վիճակվեց մասնակցելու ու զգալու էդ շունչը: Ճիշտ է, պայքարի հանրահավաքները, բնականաբար, այլ ոգի ու տրամադրություն են ունեցել, ու, ցավոք, դրանցից ոչ մեկին մասնակից լինելու հնարավորություն չենք ունեցել, բայց էս անգամվա հանրահավաքն էլ իր տեղն ուներ. վերջիվերջո, գործող իշխանության կազմակերպած հանրահավաքն իր նախադեպը չունեցող իրադարձություն էր մեր երկրում, այն էլ էդ քանակի ժողովրդով: Հաստատ արժեր ապրել էն հոգեվիճակը, տրամադրությունը, որ տիրում էր հանրահավաքի ժամանակ ու նաև դրանից հետո. համատարած ի՜նչ հաղթականության ոգի ու հուսավառություն էր: Բայց ավելի տպավորիչն անձամբ ինձ համար հանրահավաքից հետոն էր, երբ Նիկոլի ելույթն ավարտվեց, և սկսվեց «տաշի-տուշին»: Չէ, տպավորիչը տաշի-տուշին չէր, իհարկե: Նիկոլի ելույթից հետո կարծես մարդիկ հիմնականում սկսեցին ցրվել, ի զարմանս ինձ, քանի որ ինձ թվում էր` տաշի-տուշի լսել ու դրա տակ տժժալ ցանկացողները պիտի որ շատ լինեին, բայց, փաստորեն, չէ, էդ պահին դա քչերին էր հետաքրքրում: Տպավորիչը հրապարակից հեռանալու ընթացքն էր: Երբեք չեմ մոռանա էն զգացողությունը, երբ քայլում էինք` ինքներս էլ ոգևորված, պայծառ տրամադրությամբ, նայում էինք շուրջներս` relaxed, անշտապ ցրվող մարդկանց ահռելի հոսքին. մի տեսակ արտասովոր վիճակ էր. բոլորը երջանիկ, հույսով լի ու միաժամանակ կարծես հանգիստ ապահովության մեջ քայլելիս լինեին, էն որ գիտեն, որ ամեն ինչ լավ է լինելու, մի տեսակ ապահով հենարանի զգացողությամբ, որ կարելի է համեմատել փոքր երեխաների` իրենց ծնողների գրկում կամ կողքին անհոգ խաղալու վիճակի հետ: Չեմ հիշում, որ երբևէ Հայաստանում էդպիսի համատարած տրամադրության ականատեսը եղած լինեմ մինչև հիմա: Դա պարզապես պահի ոգևորություն չէր, այլ ավելի խորը նստած գիտակցում, գուցե համոզմունք, չգիտեմ: Ամեն դեպքում մի տեսակ իդեալական վիճակ էր, որ ուզում էիր հնարավորինս լիարժեք վայելել ու հավերժ մեջդ պահել:

Հանրահավաքը հետաքրքիր էր նաև նրանով, որ բացի մի քանի ծանոթ-ընկերների պատահաբար հանդիպելուց ու հետները խոսելուց, նաև մի քանի հին ու հազար տարի չտեսած ծանոթների տեսա հեռվից, մարդիկ, որոնց մի 15-20 տարի չէի տեսել: Ընդհանրապես Երևանում քայլելն էդ առումով շատ հետաքրքիր է. միշտ ինչ-որ ծանոթների եմ հանդիպում, ինչպես նաև բազմաթիվ ծանոթ անծանոթների, այսինքն` հայտնի մարդկանց կամ ֆեյսբուքյան հանրահայտ կերպարների, որոնց հենց միայն ֆեյսբուքից գիտեի: Նյու Յորքում ապրելուց հետո մի տեսակ արտասովոր է ամեն քայլափոխի էդպիսի մարդկանց տեսնելը: Երևան եմ ասում, բայց էս անգամ նույնիսկ քաղաքից դուրս եղած ժամանակ երկու տարբեր տեղերում հանդիպեցի հին ծանոթների, որոնցից մեկին էնպիսի տեղում, որտեղ, ըստ իս, ծանոթ մարդ հանդիպելու հավանականությունը ձգտում էր զրոյի:

Երևանում քայլելն էլ էս անգամ մի տեսակ վերագնահատեցի ինձ համար: Հայտնաբերեցի, որ ահավոր շատ եմ սիրում Երևանով մարդկանց մեջ ուղղակի քայլելը: Երևանի ակտիվությունն էնքան կենդանի է: Նյու Յորքը, որտեղ ես հիմա ապրում եմ, երևի աշխարհի ամենաակտիվ քաղաքներից է, հատկապես Մանհեթընը (որտեղ ես բարեբախտաբար չեմ ապրում ))), բայց էնտեղի ակտիվությունը լրիվ ուրիշ տեսակի է. ավելի ձգված, ինչ-որ առումով ռոբոտային, թեև շատ առումներով հետաքրքիր ու անվերջ բազմազան: Բայց Երևանի կենդանությունը չեմ զգում Նյու Յորքում: Չգիտեմ` էս զգացողությունս որքանով է սուբյեկտիվ, բայց շատ որոշակի է ինձ համար: Պարզապես քայլում եմ Երևանով, և զգում, որ կյանքը հրաշալի է, կյանքը շարունակվում է:

Ընտանիքիս բոլոր անդամներին միասին տեսնելն էլ Հայաստան այցելությանս մեկ այլ դրական բաներից էր, որ լավագույն դեպքում տարին մեկ է պատահում մեր դեպքում: Ցավոք, հարազատներիցս ոչ բոլորի հետ լիարժեք շփում ստացվեց, ինչպես որ կուզենայինք, բայց եղածից էլ եմ գոհ:

Շատ կարևոր էր նաև, որ երեխաներս, հատկապես Արեգը, համարյա բոլոր առումներով ընտիր ժամանակ անցկացրին Հայաստանում: Ընդհանրապես Արեգի համար Հայաստանը մի տեսակ դրախտավայրի հետ է արդեն ասոցիացվում. լիքը կարուսելներ, խաղեր, տարբեր երեխաների հետ շփումներ, համով ուտելիքներ, էդ թվում` ամեն օր պաղպաղակ: Կարուսելները, պաղպաղակն ու շփումն էն բաներից են, որոնք տարվա ընթացքում ինքը շատ քիչ է ստանում, էնպես որ դրախտը հաստատ չափազանցություն չի: Հրաշալի ժամանցի մեջ զգալի տեղ ուներ նաև Աղվերանի հնգօրյա հանգիստը, որտեղ ամեն օր օրվա մեծ մասը դրսում խաղում էր իր տարիքի երեխաների հետ: Աղվերանի մասին էլ գուցե հետո առանձին գրառմամբ պատմեմ:

Էս անգամ քաղաքից դուրսն էլ էր նախորդ տարիներից ավելի շատ ու ավելի հավես: Մենք Հայաստան այցելելիս հիմնականում Երևանում ենք անցկացնում ժամանակը, քանի որ հիմնական անելիքը մարդկանց հանդիպելն է լինում, իսկ նրանցից համարյա բոլորը Երևանում են ապրում, արտերկրում ապրողներն էլ, դե, հիմնականում Երևան են գալիս էդ շրջանում: Բայց ընդհանրապես արդեն փորձում ենք ամեն անգամ հնարավորինս ավելի շատ ժամանակ անցկացնել Երևանից դուրս: Հուսով եմ` հաջորդ անգամ կկարողանանք նաև մի քիչ ճամփորդել Հայաստանով: Էս անգամվա քաղաքից դուրսն ընտանիքով Աղվերանում անցկացրած հինգ օրերն էին, մեկ էլ քրոջս, եղբորս ու մի քանի հին ակումբցի ընկերների հետ մեկօրյա հանգիստը Եղեգիսում: Երկու ուղևորություններն էլ շատ լավ անցան ու ահագին դրական լիցքեր տվեցին բոլորիս:

Հայաստանում եղած ժամանակ միակ բացասական կողմը կենցաղային որոշ խնդիրներն ու անհարմարություններն էին, բայց եթե նախկինում դրանք կարող էին նկատելի բացասական ազդեցություն ունենալ ընդհանուր հոգեվիճակիս վրա, ապա էս անգամ, չնայած նրան, որ անհարմարությունները նախորդ անգամներից ավելի շատ էին, այնուամենայնիվ, ստվերում էին մնում մնացած դրականի կողքին:

Հիշում եմ, երբ դեռ մի շաբաթից էլ ավել ժամանակ կար Հայաստանում մնալու, ու, բնականաբար, դեռ մի շարք հանդիպումներ, պլաններ, բայց արդեն մտածում էի` նույնիսկ եթե մինչև ԱՄՆ վերադառնալս էլ ոչ մի հետաքրքիր ու հաճելի բան չլինի, եղածն էլ հերիք է, որ էս այցելությունը համարեմ ամենահաջողը: Բայց դրանից հետո էլ, իհարկե ահագին հաճելի հանդիպումներ եղան: Ընդհանրապես ամեն ինչ էնքան լավ էր, որ նույնիսկ մտածում էի` հանկարծ վերջը մի անհաջող բան չլինի, փչացնի ամեն ինչ, բայց լավ էր` ոչ մի անհաջող բան չեղավ: Այցելությանս ողջ ընթացքում ու վերջում մի տեսակ գոհունակության ու երախտագիտության զգացումով եմ լցված եղել ու ջերմ ու սիրուն հուշերով լցված վերադարձել տուն: Միևնույն ժամանակ ԱՄՆ վերադառնալու հետ կապված էլ բոլորովին ափսոսանք չէի զգում, արդեն ուզում էի վերադառնալ մեր հարաբերականորեն խաղաղ ու միօրինակ առօրյային: Մի ամսից ավել ակտիվ ու հագեցած դրսային կյանքն ինձ` ինտրովերտիս համար միանգամայն բավարար է, դրանից ավելը չգիտեմ` ոնց կտանեի, որովհետև հիմնականում մոտավորապես էդքան է լինում :))): Ու վերջերում, չնայած հավես ժամանակին, արդեն սկսում եմ կարոտել իմ սովորական հանգիստ ու պասիվ առօրյան: Կարոտում եմ նաև տանը լինելու զգացողությունը (տունը` տվյալ դեպքում մաքուր կենցաղային իմաստով, որպես բնակավայր)` անկախ նրանից, թե այն որտեղ է: Էդ առումով հիմա երկփեղկված վիճակում եմ. երկրի առումով տունս որոշակիորեն Հայաստանն է ու հատկապես Երևանը, իսկ հենց բնակարանի առումով` Նյու Յորքի էն տունը, որտեղ ապրում ենք արդեն քանի տարի, թեև այն իրականում մեր տունն էլ չէ, վարձով ենք ապրում, բայց էնտեղ ես տանտիրուհի եմ, ու դրանով շատ բան ասված է: Հայաստանում ներկա պահին, ցավոք, չկա էնպիսի տուն, որտեղ ինձ լիարժեք տանն զգամ: Բայց հավատում եմ, որ մի օր կլինի: :)

Ուլուանա
22.09.2018, 18:32
Մոտ երկու ամիս առաջ, երբ Հայաստան մեկնելուս արդեն մի քանի օր էր մնացել, մեկ էլ Ֆեյսբուքում ինչ-որ անծանոթ աղջկանից նամակ ստացա, որում գրել էր, որ ինքն իմ կոլաժների նկարներն է տեսել և հետաքրքրված է աշխատանքներիս նկարահանմամբ: Պարզվեց` աղջիկը «Ար» հեռուստաընկերությունից էր և առաջարկում էր իրենց «Վարպետների քաղաքը» հաղորդաշարի հերթական հաղորդումը նկարահանել իմ աշխատանքների հիման վրա: Առաջարկն, իհարկե, հետաքրքիր էր, ժամանակ առ ժամանակ ինձ երբեմն նույնիսկ պատկերացրել եմ նման հաղորդման հյուրի դերում, որտեղ ինձ հետ հարցազրույց կլիներ իմ աշխատանքների ու ընդհանրապես ստեղծագործական գործունեության թեմայով, բայց մյուս կողմից էլ պատկերացրի, որ ուրեմն երևի պիտի գան մեր տուն, բոլոր աշխատանքներս տեսնեն, նկարեն և այլն, իսկ ես Հայաստանում չեմ ապրում ու հաստատ չեմ կարող բոլոր աշխատանքներս հետս տանել, հատկապես որ որոշ աշխատանքների ծավալը թույլ էլ չի տա ճամպրուկի մեջ տեղավորել: Էդպես ինձ ու ինձ մտածեցի, պատկերացրի ու որոշեցի, որ չէ, չի ստացվի: Աղջկան պարզապես ասացի, որ կհամաձայնեի, բայց ես Հայաստանում չեմ ապրում, համենայնդեպս, շնորհակալություն հայտնեցի առաջարկի համար: Ինքն էլ ափսոսանք հայտնեց, ներողություն խնդրեց, էդպես խոսակցությունն ավարտվեց: Մի կողմից, իհարկե, ափսոսանքի զգացողություն մնաց, որ բաց թողեցի նման հնարավորությունը, մյուս կողմից` ինքս ինձ համոզեցի, որ Հայաստանում չապրելս արդեն որոշում էր ամեն ինչ, էնպես որ ինձնից կախված չէր, համ էլ ես ահավոր ամաչկոտ եմ, ու զուտ էն գիտակցումից, որ ինձ կարող են բազմաթիվ մարդիկ եթերում տեսնել, էն էլ ոչ թե թռուցիկ, այլ տևական ժամանակով, արդեն մեջս լարվածություն էր առաջացնում, ու դրանից հրաժարվելը` համապատասխան թեթևացման զգացողություն:

Խոսակցությունից հետո, համենանդեպս, հետաքրքրությունից դրդված` որոշեցի որոնել էդ հաղորդման տեսագրությունները յութուբում: Մի քանիսը նայեցի, ֆորմատը տեսնելուց հետո խիղճս մի տեսակ ավելի հանգստացավ. բոլոր հաղորդումներում հերոսը նկարահանման ողջ ընթացքում աշխատելու պրոցեսի մեջ էր: Հաղորդման ֆորմատը ենթադրում էր, որ ստեղծագործողն իր արհեստանոցում կամ տան իր աշխատանքային անկյունում ինչ-որ բան պատրաստի, որը հաղորդման վերջում պետք է ավարտված լինի: Իսկ սրանք, մտածեցի, իմ դեպքում իրագործելի չեն մի քանի պատճառներով. նախ եթե ես իմ տանը չեմ, իմ աշխատանքային տարածքում չեմ` շրջապատված իմ նյութերով, գործիքներով ու պարագաներով, էլ ինչպե՞ս պիտի աշխատեմ, իսկ էդքանը հետս ԱՄՆ-ից Հայաստան քարշ տալն իրատեսական չէր թվում: Բացի դրանից, ես շատ դանդաղ եմ աշխատում. ամեն աշխատանքս սովորաբար 2-3 շաբաթ տևում է, դեռ դրանից առաջ էլ անորոշ ժամանակ է ծախսվում գաղափարը մշակելու, էսքիզներ անելու վրա: Ես էլ մի քանի օրից մեկնում եմ: Մի խոսքով` էս ամենը գիտակցելուց հետո լրիվ անհնար ու անիրական թվաց էդ առաջարկին համաձայնելը:

Դրանից կարծեմ երկու օր հետո Ակումբի Բարեկամի հետ խոսելիս պատմեցի ստացածս առաջարկի մասին, որից ստիպված եմ եղել հրաժարվել: Ինքն էլ, թե` շատ իզուր էլ հրաժարվել ես, գուցե հեչ էլ պետք չի, որ բոլոր աշխատանքներդ հետդ տանես, հնարավոր ա, որ ասեն` մի քանի աշխատանք տանես, մնացածի լուսանկարներն օգտագործեն: Մի խոսքով` ինձ համոզեց, որ էդպիսի առաջարկից չարժե հրաժարվել, հատկապես որ լրիվ ինքնիրեն է եղել ու համընկել իմ` Հայաստան գնալու հետ: Ես էլ, ի՞նչ մեղքս թաքցնեմ, մի տեսակ ուզում էի, որ ինչ-որ մեկն ինձ համոզեր չհրաժարվել ու հիմնավորեր, թե ինչու: Պիտի խոստովանեմ, որ Բարեկամն էդ գործը շատ լավ կատարեց, ու ես հենց տեղում նամակ գրեցի Ար-ի աղջկան` ասելով, որ եթե առաջարկը դեռ ուժի մեջ է, կուզենայի քննարկել պայմանները: Էդպես, մանրամասն հարցուփորձ արեցի, թե ինձնից կոնկրետ ինչ է պահանջվում, ու հաշվի առնելով, որ ես Հայաստանում չեմ ապրում, բայց երկու օրից գալու եմ, ինչպես պետք է կազմակերպվի էդ ամեն ինչը: Ասեց, որ իսկապես բոլոր գործերի առկայության կարիքը չկա, մի քանի լավագույններն` իմ ընտրությամբ, հետս բերեմ, մնացածի դեպքում կօգտագործեն լուսանկարները: Նաև ասեց, որ պարտադիր չէ աշխատանքս սկսեմ հենց նկարահանման ժամանակ. կարող եմ որոշ նախապատրաստական աշխատանք անել, էնտեղ էլ ինչ-որ գործ անել, կարևորը` հաղորդման ավարտին աշխատանքս արդեն պատրաստ լինի: Ես էլ մտածեցի, որ եթե նախօրոք որոշած լինեմ, թե ինչ եմ պատրաստելու, նաև ավելի կոնկրետ կիմանամ, թե ինչ նյութեր ու գործիքներ վերցնեմ հետս, էդպես պիտի որ շատ բեռ չլինի:

Բայց խնդիր, այնուամենայնիվ, կար. հենց էդ որոշելը խնդիր էր ինձ համար, որովհետև ընդամենը երկու օր ժամանակ ունեի, որի ընթացքում պիտի հասցնեի և՛ ճամպրուկ-մամպրուկ դասավորել, և՛ կոլաժի համար դիզայն մտածել: Էդ ժամանակի սղության լարվածությունից էլ ուղեղս (կամ` տվյալ դեպքում երևի ավելի ճիշտ կլինի ասել` երևակայությունս) լրիվ արգելակվել էր. բացարձակապես ոչ մի գաղափար մտքիս չէր գալիս: Իրականում ես լիքը գաղափարներ միշտ էլ ունենում եմ, գաղափարներիցս շատերի էսքիզները նույնիսկ ունեմ ալբոմներում ֆիքսած, բայց տվյալ դեպքում ինձ մի քիչ սահմանափակել էին` ասելով, որ խիստ ցանկալի է, որ պատրաստածս թափոններից լինի: Դե, տեսել էին, որ աշխատանքներիցս շատերում թափոններ եմ օգտագործել, իրենք էլ հատկապես թափոններից պատրաստված արվեստի գործերով են հետաքրքրված: Իսկ հիմա ես պիտի պատրաստեի էնպիսի բան, որը համ թափոններից լիներ, համ էլ կարճ ժամանակում հնարավոր լիներ պատրաստել: Ախր նույնիսկ մինչև նկարահանումն ընկած ժամանակը երկար չէր. Հայաստան հասնելուցս հինգ օր հետո էր նշանակված նկարահանումը: Մի խոսքով` ես էդպես էլ ոչինչ չկարողացա մտածել մինչև մեկնումը, ստիպված հետս վերցրի մի շարք նյութեր ու պարագաներ, որոնք, իմ կարծիքով, կարող էին պետք գալ, և հույսս դրեցի Հայաստանում ունեցածս էդ հինգ օրերի վրա, որոնց ընթացքում պիտի համ ստեղծագործական գաղափարը մտածեի, համ էլ հասցնեի դրա իրագործումը զգալի չափով գլուխ բերել մինչև նկարահանումը:

Էնպես ստացվեց, որ Հայաստան հասնելուց հետո առաջին երկու օրը, ինչպես և կարելի էր ենթադրել, բացարձակապես ոչինչ չկարողացա անել էդ ուղղությամբ: Իսկ դրանից հետո շատ արագ մտածեցի դիզայնը, հետո էլ մի երկու օր ժամերով աշխատելով` հասցրի իրագործել էն ամենը, ինչ անհրաժեշտ էր ունենալ նկարահանումից առաջ: Էդ օրերն ինձ համար օգտակար եղան նաև նրանով, որ վերջապես ես իրական պատկերացում կազմեցի էն մասին, թե գոնե մոտավոր ինչքան ժամանակ է ինձ պետք էս կարգի կոլաժ պատրաստելու համար: Փաստորեն, մի քանի օր օրական մի քանի ժամ ինտենսիվ աշխատելը կարող է բավարար լինել, մինչդեռ սովորական ժամանակ ես հիմնականում հնարավորություն չեմ ունենում էդպես շարունակական աշխատանք անելու, ու դրա պատճառով հնարավորություն չեմ ունեցել նաև օբյեկտիվորեն գնահատելու դրա վրա ծախսածս ընդհանուր ժամանակը: Իրականում դժվար է կցկտուր, էստեղից-էնտեղից մի կերպ պոկած ժամանակի պատառիկները մտովի իրար կցելն ու ամբողջական ժամանակահատված ստանալը: Իսկ իմ գրեթե բոլոր աշխատանքները հանգամանքների բերումով հենց էդ ձևով են արվել մինչև հիմա: Էս հաճելի բացահայտումն ինձ ահագին հույս տվեց հետագայի համար: Համ էլ սրանից հետո, երբ ինձ հարցնեն, թե ինչքան ժամանակում եմ պատրաստում մի կոլաժը, այլևս ստիպված չեմ լինի կրիայությունիցս ամաչելով` ասել` 2-3 շաբաթ: Հիմա արդեն գիտեմ, որ մաքսիմումը մի շաբաթը կարելի է համարել:

Ճիշտն ասած` ես կգերադասեի եթերում ընդհանրապես չերևալ, կուզենայի միայն ձայնս լսվեր, ու աշխատանքներս ցույց տային, բայց դե էս հաղորդման ֆորմատը, ինչպես և հաղորդումների մեծ մասինը, ենթադրում են ստեղծագործողի ներկայություն, եթե վերջինս կենդանի է: :))) Նաև դժվար էր, առնվազն ինձ համար, միաժամանակ աշխատելն ու խոսելը: Իհարկե, խնդիր չէր լինի, եթե խոսելը սովորական առօրեական խոսակցություն լիներ, բայց երբ գիտես, որ քեզ նկարահանում են հեռուստատեսությամբ ցույց տալու համար, գործը բարդանում է:

Մի երկու տեղ տվածս ինֆորմացիայի թեթևակի աղավաղում է տեղի ունեցել` մի դեպքում սխալ մեկնաբանության, մյուս դեպքում` անհաջող մոնտաժի հետևանքով: Մնացած առումներով նախընտրում եմ զերծ մնալ մեկնաբանություններից:


https://www.youtube.com/watch?v=SgYzqbYs0PE

Ուլուանա
05.11.2018, 00:08
Երեկ որոշեցինք գնալ կինոթատրոն` «Բոհեմական ռապսոդիան» նայելու: Որպեսզի հանկարծ փաստի առաջ չկանգնենք, մտածեցինք` ճիշտ կլինի նախօրոք տոմսերն օնլայն գնել: Նայեցինք մեր մոտակայքում եղած երկու կինոթատրոնների կայքերում, երկուսում էլ մեզ հարմար մի քանի ժամերի ցուցադրությունների համար դահլիճներում ընդամենը մի քանի տեղ էր մնացել` առաջին ու երրորդ շարքերում, երրորդում` ամենածայրինները: Քանի որ այլ հարմար տարբերակ չգտնվեց, ստիպված երրորդ շարքի ծայրիններն առանք: Ընդ որում` առնելու ընթացքում ևս մի քանիսը պակասեցին: Մի քիչ էլ ուշացնեինք, երևի ոչ մի տոմս չէր մնա: Չեմ հիշում, որ երբևէ էդպիսի բան եղած լիներ: Մինչև հիմա ինչքան օնլայն առել ենք, միշտ լիքն են եղել ազատ տեղերը: Մինչև գնալը մի քիչ ռևյուները նայեցի, վարկանիշն IMDb-ում` 8.4/10, ու լիքը հիացական կարծիքներ: Միայն մի երկու բացասական կարծիքի հանդիպեցի հազիվ, բայց իմացա, որ քննադատների կողմից ահագին բացասական արձագանք է ստացել ֆիլմը: Թեև ժամանակի ընթացքում սովորել եմ նախքան քննադատների կարծիքներ կարդալը արդեն պատկերացնել, թե մոտավորապես ինչպես կգնահատվի տվյալ ֆիլմը քննադատների ու կինոյից գլուխ հանողների կողմից, բայց իմ անձնական տպավորություններն ու կարծիքները հաճախ զգալիորեն տարբերվել են դրանցից, էդ պատճառով էլ ֆիլմը նայել-չնայելուս վրա ոչ մի կարծիք չի ազդում:

«Բոհեմական ռապսոդիան» էն հազվագյուտ դեպքերից է, երբ գնացել եմ ֆիլմը նայելու`որոշակի ակնկալիքներ ունենալով, քանի որ խոսքը երաժշտության մեջ երբևէ ունեցածս ամենամեծ երկրպագության օբյեկտի` Queen-ի/Ֆրեդդի Մերկուրիի մասին է: Էս ֆիլմին շատ վաղուց էի սպասում: Ու հատկապես դերասանի ընտրության հարցին սրտատրոփ էի վերաբերվում: Մոտ մի ամիս առաջ ֆիլմը թրեյլերն էի տեսել, ու Ֆրեդիի դերակատար Ռամի Մալեկն առաջին հայացքից ավելի շատ Rolling Stones-ի Միք Ջեգերին էր հիշեցրել, քան Ֆրեդդի Մերկուրիին: Ինչպես հետո պարզեցի, շատերն էին նույն ասոցիացիան ունեցել դերասանի հետ կապված: Էդ պահն, իհարկե, խոստումնալից չէր: Բայց ֆիլմը նայելով` համոզվեցի, որ Մալեկն իրականում փայլուն է կատարել իր առջև դրված բարդ առաջադրանքը` լիարժեք կերպով մտնելով Ֆրեդդիի կերպարի մեջ, զարմանալիորեն, նրան արտաքնապես նման չլինելով հանդերձ: Թե՛ շարժուձևով, թե՛ դիմախաղով ու թե՛ խոսելաձևով էս մարդը լրիվ Ֆրեդդին էր դարձել: Ու դա, ըստ իս, ֆիլմի ամենաուժեղ կողմն էր:

Մյուս ուժեղ կողմը թերևս երաժշտությունն էր: Իհարկե, սրանով ֆիլմը զգալի չափով պարտական էր հենց Queen-ին` էդպիսի երաժշտություն ստեղծելու համար: Բայց չի կարելի ժխտել, որ լավ երաժշտությունը նաև լավ էր օգտագործված, որոշ դեպքերում` բավական հետաքրքիր ու կրեատիվ լուծումներով:

Ֆիլմը նայելուց շատ մեծ հաճույք եմ ստացել. հրաշալի ձևով մատուցված ընտիր երաժշտություն, ընտիր մարմնավորված ու իրական Ֆրեդդի, խմբի մյուս անդամներին արտաքնապես շշմելու չափ նման դերասաններ, լիքը հույզեր ու ոգևորություն: Միայն թե ամբողջ ընթացքում մի բան խանգարում էր. լինելով Queen-ի ու հատկապես Ֆրեդդիի թունդ երկրպագու, որը խմբին ու Ֆրեդդիին տարիներով ուսումնասիրել է ու լիքը մանրամասներ գիտի նրանց անձնական ու սոցիալական կյանքի մասին` անընդհատ փորձում էի իմ իմացածները գտնել ֆիլմում, բայց եղածը չափից դուրս քիչ էր թվում, իրադարձություններն էլ մի տեսակ կցկտուր ու հպանցիկ ներկայացված: Սկզբում մտածում էի, որ դա երևի ինձնից է` իմ սուբյեկտիվ սպասելիքներից, չէ՞ որ հնարավոր չէ մարդու կյանքի բոլոր իրադարձություններն ու մանրամասներն ընդգրկել 2 ժամ, 15 րոպե տևող ֆիլմում: Որոշ փաստերի աղավաղումների ու ժամանակագրական որոշ անճշտությունների վրա էլ աչք փակեցի. ի վերջո, սա գեղարվեստական ֆիլմ է, ոչ թե փաստագրական:

Բայց ֆիլմը նայելուց որոշ ժամանակ անց, երբ փորձեցի հույզերս մի կողմ դնել ու ավելի սթափ գնահատել, հասկացա, որ չէ, ամեն դեպքում Ֆրեդդին բավական սահմանափակ էր ներկայացված ֆիլմում. կարելի էր թե՛ Ֆրեդդիի, թե՛ խմբի մյուս անդամների հետ կապված ավելի շատ ինֆորմացիա հաղորդել: Ընդհանրապես մյուս երեք անդամները զգալի չափով անդեմ ու միանման էին ստացվել, մինչդեռ իրականում էդպես չէր: Առանձնահատուկ կատվասիրությունից բացի, ֆիլմում գրեթե ոչինչ չկար Ֆրեդդիի այլ հետաքրքրությունների մասին: Նաև շատ թերի էր ներկայացված նրա շրջապատը, շփումներն ու հարաբերությունները մարդկանց հետ: Օրինակ, կարելի էր ինչ-որ կերպ ցույց տալ, որ նա լրջորեն հետաքրքրվում էր արվեստով, նաև նկարում էր (իրականում սա կարելի էր հեշտությամբ ցույց տալ` առանց լրացուցիչ ժամանակ ծախսելու` հընթացս): Ոչ մի խոսք նրա` Մոնսերրատ Կաբալյեի հետ ունեցած համագործակցության ու համերգի (մարդը մի ամբողջ ալբոմ է գրել էդ առիթով) ու ընդհանրապես Ֆրեդդիի սոլո ալբոմների մասին, Էլթոն Ջոնի և որոշ այլ հանրահայտ աստղերի հետ ընկերության, մտերմության մասին: Էլ չեմ ասում, որ Ֆրեդդիի մարդկային կերպարն էլ կարելի էր ավելի բազմակողմանի ներկայացնել: Իրականում նա բավական հետաքրքիր ու հարուստ կերպար է եղել, մինչդեռ ֆիլմից դա առանձնապես չի զգացվում:

Համենայնդեպս, հաստատ արժե նայել էս ֆիլմը` առնվազն հանուն Queen-ի կենդանի համերգին ներկա լինելու զգացողության:

Էս էլ թրեյլերը.

https://youtu.be/mP0VHJYFOAU

Ուլուանա
27.11.2018, 18:00
Դատարկություն... Տխուր արձագանքող դատարկություն ու մինուս անվերջության ձգտող ինքնագնահատական: Իմ ինքնագնահատականն, իհարկե, շատ հազվադեպ է «պլյուսի» կողմերում երևում, բայց հիմա էնքան խորն է ընկղմվել մինուսի մեջ, որ մոտ ապագայում դժվար թե էնտեղից գլուխը հանի: Ես չգիտեմ` ինչ պիտի լինի ընդհանրապես, որ ինքնագնահատականս բարձրանա, որովհետև ինչ ինձ հիշում եմ, անկախ իրավիճակից ու իմ կարողություններից, միշտ էլ էսպես է եղել, դեռ վաղ մանկուց` մի քանի տարեկան հասակից, նույնիսկ էն դեպքերում, երբ ես շրջապատում կարծես բոլոր հիմքերն ունեցել եմ ամենաբարձր ինքնագնահատականն ունենալու: Իրականում շատ կուզենայի իմանալ, հասկանալ, հայտնաբերել դրա արմատները, թե որ օրվանից, ինչից հետո եմ ես էսպիսին դարձել, բայց դեռ ոչ մի կերպ չի հաջողվում: Ու ինչքան էլ կողքից ինձ համոզեն, որ ես լավն եմ, էսպիսին եմ, էնպիսին եմ, էսինչ արժեքն ու դերն ունեմ էսինչ հարցում և այլն, մեկ է, ես միշտ էդ ամենն ընկալում եմ որպես ընդամենը ինձ մխիթարելու, ինքնագնահատականս հատուկ բարձրացնելու ջանքեր: Կյանքումս շատ քիչ դեպքերում ու շատ քիչ մարդկանց է հաջողվել քիչ թե շատ տևական ժամանակով ինքնագնահատականս իսկապես բարձրացնել:

Իսկ դատարկությունը գնալով ավելի ուժգին է լցվում իմ մեջ: Ու հասկանում եմ, որ իրականում չեմ էլ ուզում լցնել այն ինչ-որ այլ բանով: Ի վերջո, դատարկությունն առաջացել է ինչ-որ կարևոր բանի բացակայությունից, ընդ որում` ես ինքս եմ դա նախաձեռնել, կյանքումս առաջին անգամ իմ մեջ ուժ եմ գտել անելու մի բան, որը նախկինում միշտ թողել եմ, որ ուրիշներն անեն: Ու հիմա ստեղծածս դատարկությունը լցնելու փոխարեն ուզում եմ սիրուն փաթեթավորել այն ու դնել մի պատվավոր տեղ, որ անընդհատ նայեմ ու զգամ դրանում մի ժամանակ ապրող կարևորի ներկայությունը:

Ու բացաձակապես ոչ մեկի հետ սրա մասին խոսելու ցանկություն չունեմ: Կյանքումս առաջին անգամ ուզում եմ մենակ մնալ դատարկությանս հետ: Այն չափից դուրս իմն է որևէ մեկի հետ կիսելու համար:



https://www.youtube.com/watch?v=_MC64l5BO5Q

Ուլուանա
22.01.2019, 10:19
Ընդհանրապես շատ քիչ բաներ կան, որ ի զորու են բարձրացել ինքնագնահատականս: Դրանցից մեկը օրագրային/բլոգային գրառումներս կարդալն է: Ես սովորություն ունեմ ժամանակ առ ժամանակ կարդալ սեփական օրագիրս (կամ բլոգս): Սովորություն եմ ասում, բայց իրականում դա միշտ պատահաբար է ստացվում. ասենք, ինչ-որ պատճառով սկսում եմ կարդալ ինչ-որ գրառում, հետո հաջորդը, ու էդպես շարունակ, կպչում եմ ու էլ չեմ կարողանում պոկվել: Նման դեպքերում կարող եմ ժամերով կլանված կարդալ` ավելի քան տասը տարի առաջվանից մինչև մեր օրերն արած գրառումները` արանքներում երբեմն որոշ գրառումներ բաց թողնելով: Վերջերս էլի առիթ եղավ օրագիրս կարդալու, երևի մի երկու ժամ շարունակ կարդում էի ու կարդում, և էդ ամբողջ ընթացքում գլխումս մի անհամեստ միտք էր պտտվում. «Բայց всё-таки ես էս ինչ հետաքրքիր դեմք եմ. ինձնից մի հատ էլ լիներ, հավեսով ընկերություն կանեի հետը» :D:
:oy

Ուլուանա
06.03.2019, 20:00
Էն «Ալկոհոլային խմիչքներ» թեման որ տեսնում եմ, ինձ մի տեսակ այլմոլորակային եմ զգում: Նաև մի պահ մեջս ցանկություն է առաջանում «Անոնիմ трезвенник-ների ակումբ» բացելու, ուղղակի վախենում եմ էնտեղ միայնակ մնալ: Трезвенник բառի հայերեն համարժեքը չգտա:

Ինչևէ, ուրախ թեման իմ ձանձրալի трезвенник-ությամբ չհարամելու համար որոշեցի էնտեղ ընդհանրապես չերևալ ու փոխարենը իմ անձնական օրագրում ավելի ծավալուն ու ամենայն հավանականությամբ շատերի համար «ներվերի դեղ» կատեգորիայի գրառում անել :)):

Ալկոհոլ ընդհանրապես չեմ օգտագործում, կարծեմ մոտ 17 տարեկանից սկսած (փաստորեն, 20 տարի): Դե, 15-17 տարեկաններում առիթների ժամանակ խմում էի` լիկյոր, քաղցր գինի, շամպայն, բայց երբեք էլ առանձնապես սեր չեմ ունեցել, հիմնականում հանուն ընկերակցության եմ խմել: Կյանքումս հարբած չկամ, թեև մի անգամ զուտ հանուն հետաքրքրության (պատկերացում կազմելու համար, թե ինչ է զգում հարբած մարդը), որոշակի ջանքեր եմ գործադրել հարբելու համար, բայց էդպես էլ չհաջողվեց: Հիշում եմ, որ գինու շշի մեծ մասը խմել էի ու խմելու ամբողջ ընթացքում ինձ ներշնչում էի, որ քիչ-քիչ հարբում եմ, բայց հետո ստիպված եղա գիտակցել, որ դա ընդամենը ինքնախաբեություն է, ու իրականում ոչ մի փոփոխություն էլ չեմ զգում, ու հանձնվեցի :)):

Ընդհանրապես ալկոհոլին միշտ էլ բացասաբար եմ վերաբերվել, մոտավորապես էնպես, ինչպես ծխախոտին: Սրանում ամենայն հավանականությամբ զգալի դեր է ունեցել հայրս իր խիստ трезвенник-ությամբ ու ծխելու նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքով, որը վաղ մանկուց սերմանվել է նաև իմ մեջ: Իրականում կնախընտրեի, որ ալկոհոլը` որպես հաճույք, գոյություն չունենար: Երբ ես մի բանը համարում եմ վատ, «չափի մեջ» արտահայտությունն ինձ համար ընդունելի չի. էդ «չափ» կոչվածն, ի վերջո, շատ առաձգական հասկացություն է ու դրանով իսկ` պոտենցիալ վտանգավոր: Դրա համար էլ էն բաները, որոնք չափն անցնելու դեպքում կարող են խիստ վատ հետևանքներ ունենալ, ինձ համար ուղղակի չորով մերժելի են ու վերջ: Երևի նաև էս գիտակցմամբ պայմանավորված` մի օր ուղղակի որոշեցի, որ էլ բացարձակապես չեմ խմելու ալկոհոլ, ու էդ օրվանից մինչև հիմա խմած չկամ: Էս որոշումս կասկածի տակ առնելու առիթ դեռևս չեմ ունեցել ու չեմ կարծում, թե երբևէ ունենամ: Թող մի քիչ էլ այլմոլորակային լինեմ ու որոշ մարդկանց ներվերի վրա ազդեմ, ոչինչ, կդիմանամ:

Ալկոհոլ օգտագործելու հետ կապված նաև մի դրվագ է տպավորվել մեջս: Տասներորդ դասարանում էի (15 տարեկան էի դեռ), էդ մի տարին պապիկենցս տանն էի ապրում: Մի անգամ, չեմ հիշում` ինչ առիթով, երևի հյուրեր էին եկել, սեղանին խմիչք կար, հետո պապիկիս հետ առանձին խոսք բացվեց իմ` ալկոհոլ խմել-չխմելու հետ կապված: Դե, էդ տարիքում, եթե ոչ ավելի շուտ, շատերն են արդեն սկսում քիչումիչ խմել առիթների ժամանակ: Պապիկիս հետ խոսելիս ասեցի, որ փորձում եմ մի քիչ խմել, որ եթե հավաքույթների ժամանակ բոլորը խմելիս լինեն, ինձ էլ համոզեն խմել, սովոր լինեմ, անհարմար վիճակի մեջ չընկնեմ: Պապիկս էլ մի քիչ վրդովված ասեց. «Ի՞նչ է նշանակում` համոզեն խմել. խմել-չխմելը պիտի քո որոշումը լինի. եթե ուզում ես, խմիր, բայց եթե դու որոշում ես չխմել, ուրիշները չպիտի կարողանան քեզ հակառակում համոզել»: Ի դեպ, ասեմ, որ պապիկս ինքը խմիչքի հետ շատ էլ լավ էր, ճիշտ է, երբեք չեմ տեսել, որ մենակ ժամանակ կամ թեկուզ զուտ ընտանեկան ճաշի ժամանակ խմի, բայց առիթների դեպքում լավ հավեսով խմում էր: Պապիկիս էս ասածը մի տեսակ խորը նստել էր մեջս: Ու թեև հենց էդ ժամանակ ուղղակիորեն չի ազդել վրաս, բայց կարծում եմ` հետագայում էս մոտեցումն իմ մեջ շատ խոր արմատներ է գցել ու լիքը հարցերում ինձ առաջնորդել. երբ ինչ-որ բան ես սխալ կամ անցանկալի եմ համարում, ոչ մի նշանակություն չունի, թե շուրջս քանի հոգի է դա անում, նույնիկ եթե բոլորն անեն, ես կուլ չեմ գնում շրջապատի ազդեցությանը: Գիտեմ, որ շատերը սա անտեղի ու նույնիսկ ներվայնացնող պեդանտություն են համարում, բայց ինձ համար սա ճիշտ մոտեցում է, հետևաբար` իմ ներքին ներդաշնակության գրավականը:

Հ. Գ. Խնդրում եմ գրառումս այլ թեմայում չմեջբերել ու քննարկում չծավալել: Էս պահին ոչ ժամանակ ունեմ նման թեմայի մեջ ներքաշվելու, ոչ էլ հավես:

Ուլուանա
11.03.2019, 18:59
Մանկությանս զանազան դրվագների ու երևույթների մասին շատ եմ պատմել օրագրումս/բլոգումս, բայց պարի խմբակ հաճախելուս մասին առանձնապես չեմ խոսել, որքան հիշում եմ: Երևի որովհետև պարն ընդհանուր առմամբ իմ կյանքում մեծ տեղ չի գրավում ու իրականում երբեք էլ չի գրավել, բայց պարի հաճախելն ինձ համար մի տեսակ առանձին երևույթ էր` հավաքույթներին պարելու հետ ոչ մի առնչություն չունեցող:

Առաջին դասարանից սկսած յոթ տարի պարի եմ հաճախել: Պարի պարապմունքները շատ էի սիրում, մեծ հաճույքով էի հաճախում, էն աստիճանի, որ երբ մայրս ուզում էր ինձ ինչ-որ բանով պատժել, սպառնում էր, որ պարից կհանի ինձ: Պարապմունքներին պարելը շատ հաճելի էր, բայց խմբակից դուրս` հավաքույթներին կամ թեկուզ առանձին, երբեք չեմ սիրել պարել: Առնվազն մինչև դպրոցն ավարտելս չեմ հիշում էնպիսի դեպք, որ ինչ-որ հավաքույթի ժամանակ ես իմ հոժար կամքով վեր կենամ պարելու: Պարելս, որպես կանոն, եղել է հայկական քեֆերին հատուկ «բռնի» կերպով, էն, որ քեզ համար հանգիստ նստած ես, մեկ էլ տղաները` դասարանցիներ լինեն, թե ազգականներ, գալիս, ձեռքիցդ բռնում, զոռով «քարշ են տալիս» պարելու, իբր, դու ամաչում ես, բայց ուզում ես, իրենք էլ, իբր, քեզ օգնում են հաղթահարել ամոթխածությունդ: Ու երբեք հաճույք չեմ ստացել էդ պարելուց, արել եմ զուտ որպես ծանր պարտականություն, որպես ինձ համար խորթ` հավաքույթ կոչվող երևույթի անխուսափելի մաս, որի մեջ հայտնվելով` պարզապես անիմաստ է դրա կանոններին չենթարկվելը:

Մեր պարի ուսուցիչը` ընկեր Ղուկասը, շատ վառ ու խարիզմատիկ կերպար էր` աշխույժ, եռանդուն ու շլացուցիչ ժպիտով: Շատ էր սիրում երեխաներին ու իր գործն ընդհանրապես, երեխաներն էլ իրեն էին շատ սիրում, ու ոչ միայն երեխաները, այլև նրանց ծնողները: Ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի էր իրեն չսիրել: Ու չեմ հիշում, որ երբևէ որևէ մեկն իրենից ինչ-որ հարցում դժգոհ լիներ:

Ընկեր Ղուկասն էն մարդկանցից էր, որոնց, իրենց վառ պոզիտիվությամբ ու անչարությամբ պայմանավորված, անգամ ջղայնանալիս տեսնելու դեպքում մի տեսակ չես կարողանում լուրջ ընկալել էդ ջղայնությունը, նույնիսկ ծիծաղ է առաջացնում. քեզ թվում է`մարդը պարզապես փորձում է ջղայնացած ձևանալ` սաստելու նպատակով, բայց ներքուստ հեչ էլ ջղայնացած չի: Ու ես իրոք հավատում եմ, որ իր դեպքում էդպես էլ կար: Ընկեր Ղուկասի ամենակոպիտ ու վիրավորական բառը «դինջե՛ր»-ն էր, որը, որպես կանոն, ասում էր միայն հոգնակիով` ամբողջ խմբին դիմելով, երբ մեր կատարողականությունն էդ պահին իրեն չէր բավարարում: Չգիտեմ` մյուսներն ինչպես, բայց ես էդ բառը հեչ էլ վիրավորական չէի ընկալում: Ու ոչ էն պատճառով, որ ես անկախ էդ պահից ու անկախ պարից էլ` իմ բնույթով կատարյալ դինջ էի, և ուրիշների ասելով չի, որ պիտի իմանայի դրա մասին :D: Չէ, պարզապես էդ «դինջե՛ր» բառն ինքը էնպիսի նեղացած դեմքով ու թարս նայելով էր ասում, որ դրա մեջ ես միշտ ավելի շատ նեղվածություն, հիասթափություն էի զգում իր կողմից, քան մեզ վիրավորելու միտում, ու էդ բառի գործած ազդեցությունն էլ լինում էր այն, որ հաջորդ պահին փորձում էիր ընկեր Ղուկասի` քեզնից ունեցած սպասելիքներն արդարացնել, որ հանկարծ չնեղվի:

Ինչպես արդեն նշեցի, ես աներևակայելի դինջ էի, շշմած ու անջատված, ու եթե իմ կերպարի մեջ ինչ-որ բան կար, որ կարող էր ուշադրություն գրավել, դա էդ դնջությունն էր: Իսկ պարի տեղը, որտեղ նաև ֆիզիկական ակտիվություն ու արագ ռեակցիաներ են ակնկալվում, իմ դնջությունն ու անջատվածությունը, անհաղորդության ու ժպիտի կատարյալ բացակայության հետ համադրված, թերևս, ամենավառ կերպով էին դրսևորվում` հաճախ տարբեր երեխաների կողմից բուռն ռեակցիաների արժանանալով: Չեմ ուզում էդ ուղղությամբ հիմա մանրամասների մեջ մտնել ու պատմել, թե ինչ անհարմար իրավիճակներ էին լինում իմ շշմածության պատճառով, միայն ասեմ, որ իսկապես ծանր դեպք էի էդ առումով, ու թեև ահագին վիրավորական էին որոշ երեխաների` իմ հասցեին արած զանազան ռեպլիկներն էդ թեմայով, բայց մյուս կողմից էլ, հիմա որ հետադարձ հայացք եմ գցում իմ էդ ժամանակվա կերպարի ու պահվածքի վրա, զգում եմ, որ իսկապես ահագին նյարդայնացնող տիպ եմ եղել: Բայց էդ ամենով հանդերձ, չեմ հիշում դեպք, որ ընկեր Ղուկասն ինձ վիրավորած լինի էդ պատճառով: Ինչքան էլ որ խմբակային «դինջեր» բառն օգտագործեր, երեխաների հետ անհատապես խոսելիս, դիտողություն անելիս երբեք չէր վիրավորում, որևէ կոպիտ բան չէր ասում: Երբեմն էլի իր էդ նեղացած, վրդովված տոնով կարող էր դիտողություն անել, բայց դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը կարող էր դրանից նեղանալ: Մի խոսքով` ընկեր Ղուկասը երևի իմ դնջության ամենաթունդ դրսևորումներին ու ամենամոտիկից առնչվող մարդկանցից էր, բայց միաժամանակ դրան շատ ներողամտորեն էր վերաբերվում: Նա, իհարկե, իր եռանդուն ու իմպուլսիվ խառնվածքից ելնելով` չէր կարող հանգիստ նայել դնջությանն ընդհանրապես, բայց միաժամանակ բավականաչափ նրբանկատ էր, որ որևէ երեխայի չստիպեր անհարմար զգալ: Չնայած, մյուս կողմից էլ, դա երևի նույնիսկ նրբանկատություն չէր, որովհետև էդ խառնվածքի տեր մարդկանց նրբանկատությունը սովորաբար էնքան էլ բնորոշ չի լինում. իրենք կարծես հատուկ նրբանկատ լինելու կարիք չունեն էլ, որովհետև պոզիտիվության թափը, ընդհանուր բարյացակամության աստիճանն էնքան բարձր է իրենց մեջ, որ դա մի տեսակ ծածկում է մնացած ամեն ինչը:

Ընկեր Ղուկասի հետ կապված ամենատիպիկ տեսարաններից մեկը, որ տպավորված է մեջս, կռացած կամ կքանստած դիրքում առանձին երեխաների պարը կամ շարժումները լուրջ, ուշադիր ու գնահատող հայացքով զննելու պահն է, կամ` զննող հայացքն ընդհանուր բոլորի վրայով սահեցնելը` մերթընդմերթ սրա-նրա կեցվածքը կամ դիրքն ուղղելով, երբեմն մտքի ինչ-որ փայլատակումներ ունենալով: Էդ պահերին նա համակ կենտրոնացում ու խորասուզվածություն էր դառնում:

Ամեն դասի վերջում ընկեր Ղուկասը, որպես կանոն, ժպիտը դեմքին մեզ ասում էր. «Շնորհակալություն, ցտեսություն ձեզ»: Ես էլ մտածում էի` տեսնես` ինչու՞ է ի՛նքը մեզ շնորհակալություն հայտնում, երբ մենք պիտի իրեն շնորհակալ լինենք մեզ պարել սովորեցնելու համար: Հետո ինքս ինձ որոշեցի, որ եթե ասում է, ուրեմն երևի իրոք շնորհակալ է ու հաճույք է ստանում մեզ հետ պարապելուց: Ու, ճիշտն ասած, ոչ մի պատճառ չկար էդպես չմտածելու:

Ընկեր Ղուկասի մարդկայնությունը դրսևորվում էր նաև նրանում, որ իր պարի դասերին հաճախող շատ անապահով ընտանիքների երեխաներից (էդ թվում և ինձանից) վարձ չէր վերցնում: Ընդհանրապես լսել եմ, որ շատ էր լավություններ ու զիջումներ անում տարբեր ընկերների, ծանոթների ու կիսածանոթների, ու դրա պատճառով հաճախ տուժում էր, բայց երևի իր պոզիտիվության շնորհիվ ինչ-որ կերպ դուրս էր գալիս նաև էդ վիճակներից:

Վերջին անգամ նրան երևի մի քսան տարի առաջ եմ տեսել. ուսուցիչների ինչ-որ բողոքի ցույց էր կարծեմ, մամայիս հետ գնացել էինք, էնտեղ պատահաբար իրեն էլ հանդիպեցինք. մի քիչ մեծացել էր, բայց շլացուցիչ ժպիտն ու պայծառ բարյացակամությունը տեղում էին:

Ընկեր Ղուկասի մասին գրելու ցանկություն նախկինում էլի եմ ունեցել, բայց ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել: Երազումս իրեն էի տեսել ու դրանից ոգեշնչվեցի, մտածեցի` սրանից լավ առիթ դժվար թե լինի: Չեմ հիշում, որ մինչ այդ իրեն երբևէ երազումս տեսած լինեմ: Երազիս մեջ ինքը վերջում հայտնվեց: Ինչ-որ խառը երազ էր, որի մանրամասները չեմ հիշում, միայն հիշում եմ, որ էդ խառը վիճակներից թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես հոգնած, սպառված դուրս եմ գալիս ինչ-որ տեղից, դիմացս լայն փողոց է, որը պիտի անցնեմ: Մեկ էլ տեսնում եմ` դիմացի մայթին ընկեր Ղուկասն է: Անակնկալի եմ գալիս ու նաև զարմանում` նկատելով, որ ինձ ճանաչեց: Սկսում է ինձ ժպտալ: Հետո փողոցն անցնում է, մոտենում ինձ, գրկում ենք իրար: Ու էդ պահին էնքան ջերմություն ու էներգիա եմ զգում, որ հոգնածությունս ու սպառվածությունս ահագին թոթափվում է:

Հուսով եմ` ընկեր Ղուկասի հետ ամեն ինչ կարգին է: Հուսով եմ` մինչև հիմա էլ նույն սիրով ու եռանդով շարունակում է պարուսույցի իր գործունեությունը, ու որ առաջվա պես սիրված է:

Ուլուանա
02.05.2019, 09:09
Չգիտեմ` ոնց հույզերս արտահայտել, բայց արտահայտվելու ցանկությունը մեծ է, որոշեցի ամեն դեպքում փորձել, թքած, թե անկապ բան կստացվի:

Քիչ առաջ ինստագրամում մի աբստրակտ գեղանկարի հանդիպեցի` ինձ հետաքրքրող հեշթեգերից մեկին հետևելով: Ոնց որ հրաշք ապրեի դա տեսնելուց, չգիտեմ էլ` ոնց նկարագրեմ: Նայում եմ, ու մի երանության զգացողություն է լցվում մեջս, մի երջանկություն, մի լույս, մի խաղաղություն... Կատարյալի զգացողություն: Էն որ նայում ես, ու հստակ գիտակցում ես, որ դու կատարելություն ես տեսնում: Նայում եմ ու մտածում... չէ, ոչ թե մտածում եմ, այլ զգում. ի՜նչ կատարյալ պատկեր է, ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ հրաշք, ու ի՜նչ երջանկություն է, որ ես սա տեսա: Գրողը տանի, ինչ հեշտ է կատարյալ երջանկություն ապրելը, թեկուզ շատերի համար ոչինչ չնշանակող, չնչին ու անէական էսպիսի մի բանից:

Երկար ժամանակ չէի կարողանում հայացքս պոկել էդ նկարից: Ուզում էի էդ նկարի մեջ մտնել, շոշափել, զգալ, ներկա լինել, անընդհատ ապրել, շնչել էդ նկարը: Մի գժվելու բան... Էն որ չես հավատում, որ էդպիսի կատարյալ գեղեցկություն գոյություն ունի: Էս նախադասությունը պիտի անգլերեն գրեմ, սրա հայերեն համարժեքը չկա. It made my day.

Կարող էի, իհարկե, էդ նկարը դնել էստեղ, որ ուրիշներն էլ տեսնեն, գուցե իրենք էլ հավանեն, բայց չեմ ուզում: Որովհետև գուցե չհավանեն, կամ հավանեն, բայց չունենան էն զգացողությունները, ինչ ես ունեմ: Չեմ ուզում իմ հրաշք զգացողություններին թեկուզ հեռավոր ու անուղղակի կերպով որևէ մեկը «դիպչի»:
Գնամ, սենց երջանիկ քնեմ :love:

Ուլուանա
06.07.2019, 22:55
Լիքը դիտարկումներ, մտորումներ, զգացողություններ ունեմ, լիքը գրելու, պատմելու բան, որ ուրիշ ժամանակ հաստատ կգրեի բլոգումս, օրագրումս, շատ բաներ նույնիսկ գրել եմ վերջերս ինձ մոտ, բայց էս պահին չեմ կարողանում հրապարակել օրագրում կամ բլոգում: Սկզբում ինձ թվում էր` ուղղակի հավես չեմ անում մի հատ էլ վրայով անցնել, որ համոզվեմ`հրապարակելու է, բայց նոր հասկացա, որ ուղղակի չեմ ուզում, էս պահին էմոցիոնալ առումով մի տեսակ չեմ վստահում ոչ ոքի, ինձ ահավոր խոցելի եմ զգում որևէ անձնական հույզ կամ թեկուզ միտք ուրիշների առաջ փռելու համար, առավել ևս` ինչ-որ մարդկանց մտովի սարկազմները, հեգնանքներն ու քննադատությունները պատկերացնելու ու դրանք անտեսելու ուժ չունեմ էս պահին: Զզվում եմ էս վիճակից, բայց էս պահին սա է իրականությունը: Հուսով եմ` շուտով կանցնի:

Մի հատ մեծ ու անհաղթահարելի պատ եմ զգում իմ ու մարդկանց միջև: Կարծես բոլորն էս պահին, իրար միանալով, ձուլվել ու վերածվել են մեկ համասեռ զանգվածի, ու էդ զանգվածը ոչ միայն չի կարող ինձ հետ մերվել, այլև պոտենցիալ վտանգ է ներկայացնում ինձ համար: Իսկ իրականում կարծես ոչինչ էլ չի եղել, ավելի ճիշտ` ինչ եղել է` իմ մեջ է եղել, ինչպես գրեթե միշտ:
Ինձ թվում էր` վաղուց արդեն հաղթահարել եմ դեռ վաղ մանկուց ինձ հետապնդող էն գիտակցումը, որ սխալ մոլորակում եմ ծնվել: Վերջերս էդ զգացողությունը գնալով ուժգնանում է, իսկ մարդկանց հետ շփվելն է՛լ ավելի է նպաստում դրան:

Բայց լավ կլինի. մի օր ես նորից կմոռանամ, որ սխալ մոլորակում եմ ծնվել ու էնպես կհամոզեմ ինձ, որ ոչ թե սխալմամբ էստեղ շպրտված անցանկալի կենվոր եմ, այլ լիարժեք բնակիչ, որ ինքս էլ կհավատամ դրան: Իսկ էն ամենը, ինչին ես հավատում եմ, իրական է, ու միշտ էլ էդպես է եղել: Իսկ մինչ այդ` իջնել ջրի հատակը, մինչև անցնի «վտանգը»:

Ուլուանա
23.07.2019, 04:04
Վերջին մի քանի օրերին մի mixed media գործի (https://www.facebook.com/photo.php?fbid=10156797420193757&set=a.10152900068273757&type=3&theater) վրա էի աշխատում` պահի հոգեվիճակիս համապատասխան ու ընդհանուր առմամբ ինձ բոլորովին ոչ բնորոշ մռայլ երանգներով ու տրամադրությամբ մի գործի: Աշխատանքիս ողջ ընթացքն ուղեկցվում էր իմ սիրելի Агата Кристи-ի երգերով, որոնք կատարելապես ներդաշնակ էին էդ տրամադրությանը: Իրականում ամեն օր Агата Кристи չեմ կարող լսել, ավելին` բավական հազվադեպ եմ լսում, բայց կոնկրետ դեպքերում այն ուղղակի անհրաժեշտ թերապիա ա ինձ համար, որ պիտի կիրառվի առնվազն մի քանի օր շարունակ. որիշ ոչ մի երաժշտություն չի կարող մեջիս ողջ բացասականն էսպիսի վիրաբուժական մանրակրկտությամբ քերել-հանել: Агата Кристи-ն կարծես մեջս կուտակված ամբողջ ցավի ու ագրեսիայի ամենալիարժեք բարձրաձայնումն ու թոթափումը լինի: Ու ամեն անգամ ցնցվում եմ երգերի էմոցիոնալ թափից, յուրօրինակ պատկերավորությունից, հիվանդության աստիճանի հասնող վառ երևակայությունից, մաքսիմալ անկեղծությունից ու համարձակությունից:

Ժամանակ առ ժամանակ ինձ թվում ա, թե Գլեբը վաղուց մահացել ա, ու ուզում եմ սգալ իր ողբերգական մահը, հարգել իր վառ հիշատակը, հետո հանկարծ հիշում եմ, որ չէ, ախր նա դեռ կենդանի ա, առնվազն ֆիզիկապես: Ու ինչի՞ ա ինձ անընդհատ թվում, թե մահացել ա, գրողը տանի: Մարդը կենդանի ա, իսկ դու նրան ողջ-ողջ թաղում ես մտքումդ: Երևի պատճառն էն ա, որ Агата Кристи-ի երգերի հեղինակ ու կատարող Գլեբն ա ինչ-որ առումով մահացել, ու հիմիկվա` Matrixx-ի Գլեբը, բացի նրանից, որ մի քիչ ուրիշ բաներ ա գրում ու կատարում, նաև մի տեսակ սպառված ու տխուր վիճակում ա: Բայց հոգու խորքում ինքը նույն Գլեբն ա` ըմբոստ, վառ, սիրո կարոտ, սկզբունքային ու անսահման կրեատիվ, ով բառերի ու հնչյունների ելևէջների հետ հմտորեն ու հնարամտորեն խաղալով, տեղ-տեղ ճկելով, տեղ-տեղ` պատռելով երևակայության հնարավոր բոլոր սահմանները` մտնում ա հոգուդ ամենափախած ծակուծուկերը, սեղմում ամենազգայուն կետերն ու քանդուքարափ անում ամեն ինչ: Լիարժեք լիցքաթափում ա:

Ես շատ ուրախ եմ, որ իմ կյանքում քիչ են լինում Агата Кристи-ի երգերին համապատասխան հոգեվիճակներ, բայց նաև ուրախ եմ, որ երբ դրանք կան, կա նաև Агата Кристи-ն:


https://www.youtube.com/watch?v=5SiP7rYpFEQ


https://www.youtube.com/watch?v=b0kM6BnVfC0


https://www.youtube.com/watch?v=2mgbeLrYYzY


https://www.youtube.com/watch?v=2QogcGFQ3gE


https://www.youtube.com/watch?v=64Voc6rbgsg


https://www.youtube.com/watch?v=S8EmyhHQcfI

Ուլուանա
14.08.2019, 08:28
Էսօր ձախլիկների միջազգային օրն էր: Իսկ ես էդպես էլ չհասկացա` իրականում աջլիկ եմ, թե ձախլիկ, քանի որ ընդհանուր առմամբ երկու ձեռքերս էլ գրեթե հավասարաչափ օգտագործում եմ: Ասում են` ի ծնե ձախլիկ եմ եղել, բայց շատ վաղ տարիքից` երևի մոտ մեկ տարեկանից, պապիկս ինձ աջլիկ է դարձրել` մատիտն անընդհատ ձախ ձեռքիցս վերցնելով ու աջիս մեջ դնելով: Համենայնդեպս, ես ինձ չեմ հիշում որպես լիարժեք ձախլիկի։ Գրել սկսել եմ աջով, շատ բնական ու ինքնաբուխ ձևով, երբևէ խնդիր չեմ ունեցել էդ հարցում: Գործողությունների մեծ մասի դեպքում ինձ համար տարբերություն չկա՝ աջ ձեռքով կանեմ, թե ձախով, բայց որոշ գործողություններ ավելի հարմար է ձախով անելը, որոշ գործողություններ՝ աջով։ Աջ ձեռքս, հավանաբար գրելու շնորհիվ, ավելի ուժեղ է, օրինակ, ծանրություն բարձրացնելու, ուժ գործադրելու համար աջս ավելի հարմար է, բայց, օրինակ, ձավարեղեն մաքրելը, որևէ բան կլպելը, ասեղ թելելը և այլն, միշտ արել եմ ձախով` առանց նույնիսկ դրա մասին մտածելու: Երբ հայտնաբերեցի, որ էդ բոլոր գործողությունները ձախով եմ անում, որոշեցի փորձել աջով անել, զգացի, որ մի քիչ անսովոր ու անհարմար է, բայց կարծես սովորելու հարց էր. մի քիչ անելուց հետո արդեն լրիվ հարմարավետ էի զգում:

Ձախ ձեռքով նկարում եմ համարյա նույն կերպ, ինչ աջով, ու ընդհանրապես արվեստում ու ձեռագործում թեև հիմնականում աջով եմ գործում, բայց շատ դեպքերում ո՛ր ձեռքս էդ պահին ազատ է լինում, նրանով էլ անում եմ էդ պահին անհրաժեշտ գործողությունը, ու առանձնապես տարբերություն չեմ զգում հարմարավետության տեսակետից: Ձախով գրել էլ եմ կարողանում, բայց ավելի վատ։

Մեծ տղաս ի ծնե ձախլիկ է. ծննդյան հենց առաջին ամիսներից ձախ ձեռքի նկատմամբ ակնհայտ առավելություն է դրսևորել, դե, մենք էլ, բնականաբար, չենք միջամտել, թողել ենք, որ ինչպես հարմար է, էնպես էլ օգտագործի իր ձեռքերը: Ու էդպես մեծացել է` միշտ ամեն ինչ ձախ ձեռքով անելով: Մինչև վերջերս համոզված էի, որ գոնե իրեն հաստատ կարելի է իսկական ձախլիկ համարել, բայց մի քանի ամիս առաջ, երբ դրսում միասին գնդակ էինք խաղում, նկատեցի, որ գնդակը միշտ աջ ոտքով է տշում: Առաջին անգամ որ տեսա, մտածեցի` երևի պատահականություն էր, բայց համ էլ որոշեցի մի քիչ էլ հետևել, ու պարզվեց, որ բոլորովին էլ պատահականություն չէր. ամեն անգամ էլ աջով էր հարվածում գնդակին: Զարմացած իրեն ասեցի դրա մասին, ասեց, որ չէր էլ նկատել ու երբևէ չի մտածել, թե որ ոտքով է հարվածում:
Մի խոսքով` էսպիսի խառը աջլիկաձախլիկային վիճակներ:

Ուլուանա
15.09.2019, 21:18
Վերջերս կինոթատրոնում Lion King-ը նայեցինք:
Ասեմ, որ մուլտը տարիներ շարունակ եղել է իմ ամենասիրելին, ոչ թե ամենասիրելիներից մեկը, այլ հենց ամենասիրելին: Ու ինձ շատ հետաքրքրում էր, թե իմ ամենասիրելի մուլտի ռիմեյք ֆիլմն ինչպիսին կլինի: Ճիշտ է, մուլտը վերջին անգամ տարիներ առաջ էի նայել ու չեմ կարող ասել, թե լրիվ անգիր հիշում եմ, բայց ընդհանուր առմամբ ահագին լավ եմ հիշում, իսկ առաջացրած ընդհանուր տպավորությունն, իհարկե, անմոռանալի է:

Ֆիլմը շատ հավանեցի: Նախ աննկարագրելիորեն սիրուն էր` բնության բազմաթիվ չքնաղ տեսարանները, կենդանիները`միջատներից մինչև ամենախոշորներ, էնքան շոշափելի ու սիրուն էին ներկայացված, որ անձամբ ես թեկուզ հենց միայն դրա համար էլ պատրաստ էի ֆիլմը նայել: Բնություն սիրողները հաստատ չեն փոշմանի սա նայելու համար: էս առումով ուղղակի հրաշք էր:

Ընդհանուր առմամբ ֆիլմը շատ մոտ էր օրիգինալին` թե՛ սյուժեի առումով, թե՛ կերպարների, թե՛ երաժշտության, ինձ համար` նաև առաջացրած զգացողությունների: Ըստ իս` լրիվ պահպանված էր օրիգինալի շունչը` վեհությունը, հուզականությունը:

Գուցե կարելի է թերություն համարել էն հանգամանքը, որ օրիգինալին չափից դուրս մոտ էր, բացի տեխնիկական մասից, ինչը վառ արտահայտված էր ռեալիստական տեսարաններում, ուրիշ նորություն, կարելի է ասել, չկար: Բայց մյուս կողմից էլ, ախր, մուլտն էնքան կատարյալ է, որ դժվարանում եմ պատկերացնել, թե նման հանճարեղ մուլտից հետո ինչ հրաշք պիտի գործեին, որ ռիմեյքը համ զգալիորեն տարբեր լիներ` նոր ասելիք ունեցող, համ էլ օրիգինալին գերազանցեր կամ թեկուզ օրիգինալի չափ լավը լիներ: Իմ պատկերացմամբ` միակ բանը, որ կարելի էր անել`սյուժեին զգալի չափով հավատարիմ մնալով, հենց ռեալիստական պատկերներով ֆիլմ նկարահանելն էր, ինչը և արվել է:

Ինչքան նկատեցի, քննադատներն, ի տարբերություն հանդիսատեսի, էնքան էլ հիացած չեն ֆիլմով: Բայց քննադատությունները կարծես հիմնականում օրիգինալի հետ համեմատության շրջանակներում են: Եթե սա լիներ անկախ ֆիլմ ու համեմատելու բան չլիներ օրիգինալ մուլտի հետ, կարծում եմ` քննադատների գնահատականներն էլ անհամեմատ ավելի բարձր կլինեին: Պարզապես մարդիկ կարծես որոշակի ակնկալիքներ են ունեցել ֆիլմի հետ կապված, որոնք չեն արդարացվել ֆիլմում: Էս առումով քննադատություններում կոնկրետ դիտողությունների ու առաջարկների առանձնապես չհանդիպեցի, բացի նրանից, որ ֆիլը շատ նման էր մուլտին: Միայն մի տեղ կարդացի, որ կերպարների հուզականությունը տուժել էր կենդանիների դիմախաղի բավականաչափ ճկուն չլինելու պատճառով, որ կենդանիները, ճիշտ է, ռեալիստական էին պատկերված, բայց դրանով պայմանավորված նաև ոչ բավականաչափ զարգացած դիմախաղ ունեին, ինչպես որ լինում է կենդանիների մոտ իրականում, ինչը տվյալ դեպքում թերություն է, հատկապես էլի համեմատություն էր արվում օրիգինալ մուլտի հետ, որում կերպարների հուզականությունը մաքսիմալի էր հասցված` զգալի չափով հենց շարժուն դիմախաղի` մասնավորապես հայացքների միջոցով: Խոստովանեմ, որ չեմ կարող չհամաձայնել, որ դիմախաղն իրոք բավականաչափ զարգացված չէր ֆիլմում, ու երևի դա կարելի էր ավելի լավ անել, բայց անձամբ ինձ էդ բացթողումն ընդհանրապես չի խանգարել, որ ֆիլմը շատ հավանեմ ու նայելիս էլ հուզվեմ, քանի որ լիքը այլ առումներով, իմ համեստ ու անհավակնոտ կարծիքով, ահագին լավն էր:


https://www.youtube.com/watch?v=7TavVZMewpY

Ուլուանա
22.11.2019, 22:30
Վաղուց ուզում էի էս թեմայով մտքերս ամփոփել, էսօր վերջապես արեցի:

Վերջին տասնամյակում կամ մի քիչ էլ ավել, երջանկության գաղափարը շատ է զբաղեցրել միտքս, կարելի է ասել, լրջորեն ուսումասիրել եմ երջանկություն երևույթը ինձ համար հասանելի եղանակներով. ի՞նչ է նշանակում երջանիկ լինել, ո՞ր մարդիկ են իսկապես երջանիկ, ի՞նչ գործոններով է պայմանավորված երջանկությունը, ինչքանո՞վ է այն մարդուց կախված, ինչքանո՞վ` արտաքին աշխարհից ու հանգամանքներից, ինչպիսի՞ մարդիկ են սովորաբար երջանիկ լինում, ի՞նչ ընդհանրություններ ունեն երջանիկ մարդիկ, ի՞նչ ընդհանրություններ ունեն ոչ երջանիկ մարդիկ, ինչու՞ է հաճախ երջանկության ուժեղ զգացմանը հաջորդում դատարկության ու անձկության զգացումը, ի՞նչ անել, որ երջանկությունը զուտ պարբերաբար այցելող ժամանակավոր երանության կամ բավարարվածության զգացումից վերածվի մշտական կամ գոնե հիմնական հոգեվիճակի, հնարավո՞ր է արդյոք երջանիկ լինել առանց ունենալու էն ամենը, ինչի մասին երազում ես: Մի խոսքով` էս բոլոր հարցերի շուրջ շատ եմ մտածել, թե՛ իմ, թե՛ ծանոթ մարդկանց օրինակների վրա ուսումնասիրել, վերլուծել:

Անշուշտ, կան գործոններ, որոնք մարդու կյանքի որակն ընդհանուր առմամբ օբյեկտիվորեն բարձրացնում են, օրինակ` կողակից և/կամ ընտանիք ունենալ, աշխատանք ունենալ, բավարար չափով ապրուստ վաստակել, նորմալ ապրելու տեղ ունենալ, զբաղվել սիրած աշխատանքով և այլն, ու էս բոլորն ընդունված է համարել երջանկությանը զգալիորեն նպաստող գործոններ: Բայց, արի ու տես, որ կան մարդիկ, որոնք չունեն էս բոլորը կամ առնվազն դրանց մի մասը, բայց, միևնույն է, երջանիկ են: Ուրեմն, այնուամենայնիվ, սխալ կլինի պնդել, թե երջանկությունը նշված գործոններից է կախված:

Ընդհանրապես էսօրվա իրականության մեջ շատ տարածված է, չէ՞, աֆորիզմներ կարդալը, որովհետև դրանք ամենուր աչքդ են մտնում ինտերնետում, հատկապես ֆեյսբուքյան զանազան էջերից: Մարդիկ էլ կարդում, հիանում, լայքում, սրտիկում, շեյր են անում, մի մասն էլ ներվայնանում է, ու սովորաբար անցնում, գնում է: Ինձ համար էլ է էդպես եղել միշտ. կարդում, երբեմն հիանում, թե էս ինչ իմաստուն ու դիպուկ միտք էր, բայց հաջորդ վայրկյանին չեմ էլ հիշում դրա մասին, էլ ուր մնաց` կյանքումս կիրառեմ: Բայց երջանկության մասին մի աֆորիզմ կա, որ, կարելի է ասել, կյանքս զգալիորեն փոխել է: Ուղղակի էդ մեկը հենց սկզբից շատ ուժեղ տպավորվեց մեջս, մի տեսակ մինչև ուղնուծուծը իմը դարձավ, ու դա կարդալուց հետո իսկապես սկսեցի փորձել հետևել էդ մտքին: Խոսքս էն մտքի մասին է, որ արդեն տարիներ շարունակ Ակումբի ստորագրությունս է. «Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ»: Չգիտեմ, գուցե էս աֆորիզմին հանդիպելիս ես ուղղակի արդեն հոգեպես պատրաստ էի էդ մոտեցումը կյանքումս կիրառելուն, աֆորիզմն ուղղակի գրավեց ինձ իր հակիրճ ու դիպուկ ձևակերպմամբ, բայց էդ օրվանից սա իմ կարգախոսներից մեկը դարձավ: Ընդամենը մի համառոտ նախադասություն, որում կարծես ամեն ինչ ասված է:

Շատ մտքեր ու դիտարկումներ կան, որ կարդում ես, հավանում, համաձայնում, բայց փորձը ցույց է տալիս, որ ամենաարժեքավորն ու ամենաարդյունավետ գործողը սովորաբար սեփական փորձով ու ուսումնասիրությունների շնորհիվ արածներն են: Իսկ նման ուսումնասիրություններ, կարծում եմ, բոլորն էլ կարող են անել, թեկուզև ինչ-որ չափով հիմնվելով այլոց ուսումնասիրությունների ու դիտարկումների վրա:

Ընդհանրապես իմ ուսումնասիրությունների արդյունքում եկել եմ էն համոզման, որ որոշ մարդիկ պարզապես ծնվում են երջանիկ: Խոսքը ոչ թե հաջող պայմաններում ծնված լինելու մասին է, այլ բնածին երջանիկ հոգեվիճակ ունենալու: Մարդիկ կան` իրենց բնույթով ի սկզբանե երջանիկ են` անկախ իրենց կյանքի հանգամանքներից, ունեցած-չունեցածից: Ու հենց էդ մարդիկ էլ, իմ կարծիքով, բավական հետաքրքիր օբյեկտ են երջանկություն երևույթն ուսումնասիրելու համար: Իրենց ուսումնասիրելով` կարելի է նկատել, թե հատկապես ո՛ր հատկանիշներով, հակումներով ու գործողություններով է պայմանավորված էդ երջանկություն կոչվածը, որին բոլորս ձգտում ենք, բայց կարծես քչերն են հասնում: Հա, էս մարդիկ ի սկզբանե ունեն էն ամենն, ինչ պետք է, բայց, իմ խորին համոզմամբ, ինչպես բազմաթիվ այլ բաներ, էս մեկն էլ, նույնիսկ ի սկզբանե չունենալու դեպքում, կարելի է ձեռք բերել` էդ ուղղությամբ որոշակի աշխատանք անելով:

Նշածս մարդիկ, ունենալով ամենատարբեր ֆինանսական, ընտանեկան և այլ կարգավիճակներ ու նույնիսկ տարբեր ինտելեկտուալ մակարդակներ, հստակ ապացուցում են, որ երջանկությունը ոչ թե արտաքին գործոններով պայմանավորված, այլ լրիվ ներսից եկող հոգեվիճակ է: Հա, էն միտքը, թե խելացի, կիրթ մարդկանց համար դժվար կամ անհնար է երջանիկ լինելը, իմ խորին համոզմամբ, միֆ է, չկա էդպիսի բան. սա պարզապես երջանկություն գտնելու մեջ ձախողված ինտելեկտուալների սիրած միտքն է` սեփական անհաջողությունն արդարացնելու համար:
Իսկ ո՞րն է էդ ներսից եկող հոգեվիճակը, որ երջանիկ է դարձնում մարդկանց: Եթե ուշադրություն դարձնենք, երջանիկ մարդիկ միշտ շնորհակալ ու գոհ են էն ամենից, ինչ ունեն: Սա, իհարկե, բնավ չի նշանակում, թե նրանք չեն ձգտում ավելիին, կամ երբեք չեն փորձում փոխել իրենց շուրջ եղած բացասականը, պարզապես ավելիին ձգտել կարելի է` միաժամանակ արդեն ունեցածդ գնահատելով ու վայելելով: Երջանիկ մարդիկ միշտ կենտրոնանում են իրենց կյանքում եղած դրականի վրա` անկախ առկա բացասականի քանակությունից: Այսինքն` երջանկությունը ոչ թե կյանքումդ բացասականի բացակայությունն է (բոլորս էլ գիտենք, որ սա ուղղակի անհնար է), այլ եղած դրականը գնահատելը, եղած դրականի համար շնորհակալ զգալը: Իսկ դրական բաներ, որոնց համար կարելի է գոհ ու շնորհակալ լինել, կան գրեթե ցանկացած մարդու կյանքում, ու դրանք բազմաթիվ են, պարզապես մարդն ինքն է ընտրում, թե որի վրա կենտրոնանա:

Ընդհանրապես ունեցածիդ համար շնորհակալ զգալն, իմ կարծիքով, երջանկության բանալին է: Ու սա նաև լրացնում է ներկա պահին երջանիկ լինելու կարևորության մասին միտքը` ի հակադրություն երջանկությունը որպես հեռավոր նպատակակետ դիտարկելու մոտեցման («երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ»): Կյանքի ամեն պահին ունեցածիդ մասին հիշելը, գնահատելը, դրա համար շնորհակալ զգալը շատ կարևոր է: Երբ ի սկզբանե չունես էս մտահոգեվիճակը, հեշտ չի, իհարկե, դրան իսկապես հասնել է պետք` հատուկ էդ ուղղությամբ աշխատելով: Հա, հարցը կարելի է լրիվ կենցաղային մակարդակ տեղափոխել ու ֆիքսել, որ երջանկության համար պետք է հատուկ գոհաշնորհակալական վարժություններ անել, իսկ ինչու՞ ոչ: Արթնանում ես, ոչ մի տեղդ չի ցավում` շնորհակալ եղիր, ոտք ու ձեռք ունես, կարող ես ազատ տեղաշարժվել` շնորհակալ եղիր դրա համար (նույնիսկ եթե մի ոտք կամ մի ձեռք ունես, էլի շնորհակալ եղիր, որովհետև կարող էիր էդ մեկն էլ չունենալ), ոչ մի սարսափելի, մահացու հիվանդություն չունես` շնորհակալ լինելու լուրջ պատճառ է, հարազատներդ ընդհանուր առմամբ լավ են, ողջ-առողջ են, քեզ սիրող գոնե մի հոգի կա` շնորհակալ եղիր, դասի կամ գործի գնալիս սիրուն տեսարանների կողքով/միջով ես անցնում` վայելիր էդ պահերը, գնահատիր ու շնորհակալ եղիր, որ քո կյանքում գեղեցկություն կա, սոված չես` շնորհակալ եղիր, գոնե երբեմն կարող ես քեզ թույլ տալ սիրածդ բանով զբաղվել` շնորհակալ եղիր էդ մեծագույն երջանկության համար:

Ըստ իս, ուղղակի խետք է աշխատել ավելի զգոն, ընկալունակ ու դիտողունակ լինել կյանքումդ առկա դրականը նկատելու, վայելելու ու գնահատելու համար: Երջանիկ լինելու ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում: Ու էս գիտակցությունն, իմ կարծիքով, պետք է ինքդ քո մեջ սերմանես հետևողականորեն, աշխատելով ամեն օր նորանոր դրական մանրուքներ գտնել, որոնց համար կարելի է շնորհակալ լինել: Ու եթե, այնուամենայնիվ, չես դիմանում ուրիշների հետ համեմատվելու գայթակղությանը, ապա համեմատելու դեպքում գոնե միշտ համեմատիր էն մարդկանց հետ, որոնք չունեն էն ամենը, ինչ դու ունես: Բայց հաստատ էդ մարդկանց կյանքում էլ կան բաներ, որոնց համար իրենք կարող են շնորհակալ լինել, ու դրանց առնվազն մի մասն էլ հաստատ դու՛ չունես: Ու դա լրիվ նորմալ է, ո՞վ է ասել, թե բոլորը պիտի ամեն ինչից հավասար քանակությամբ ունենան, որպեսզի երջանիկ լինեն. չունես` փորձի ունենալ, հիմա չի հաջողվում` ոչինչ, լիքը ուրիշ բաներ ունես ու դեռ կունենաս, ամեն դեպքում գոհ եղիր ունեցածովդ: Կամ եթե դժգոհ ես, հիշի էն բոլոր բաները, որոնք ունես, բայց կարող էիր և չունենալ: Հնարավոր չի երջանիկ լինել, երբ կյանքումդ ունեցած ամեն դրականի հետ կապված մտածում ես, որ էդպես էլ պիտի լիներ, իսկ բացասական հետ կապված` ախր ինչու՞ է էսպես:

Մի խոսքով` սեփական փորձից կարող եմ ասել, որ ինչքան շատ ես փորձում նկատել դրականը, էնքան հմտանում ես դրա մեջ, ինչքան շատ ես փորձում շնորհակալ լինել ունեցածիդ համար, էնքան սովորական ու բնական է դառնում էդ գիտակցումը: Ու սա կապ չունի բացասականի առկայությունը չնկատելու ու չգիտակցելու հետ. դրականը նկատելն ու գնահատելը բացասականի դեմ պայքարելուն ոչ միայն չի խանգարում, այլև ահագին օգնում է:

Մի խոսքով` երջանկությունը ինքդ քո մեջ աճեցնել, խնամել, պահպանել ու զարգացնել է պետք, ինչպես որ անում ենք բույսի, ծաղկի դեպքում: Ի ծնե էդ հատկությունը չունեցող մարդկանց դեպքում այն մշտական ու հետևողական խնամք է պահանջում, բայց ժամանակի հետ նաև հեշտանում ու թեթևանում է էդ խնամքը, որովհետև շատ բաներ արդեն դառնում են ինքնաբուխ ու ավելի քիչ են հատուկ մտածված ջանքեր պահանջում: Անկեղծ ասած` չգիտեմ` հնարավոր է արդյոք մի կյանքի ընթացքում հասնել էնպիսի մակարդակի, որ արդեն հատուկ էդ ուղղությամբ աշխատելու կարիք ընդհանրապես չլինի: Գուցե հնարավոր է, համոզված չեմ: Ես որ դեռ մշտական հետևողական աշխատանքի կարիք զգում եմ իմ երջանիկ հոգեվիճակը պահպանելու համար. պատահում է` վատ եմ խնամում ու համապատասխան հետևանքների արժանանում, բայց երբ էդ գիտակցումն ընդհանուր առմամբ առկա է, միշտ էլ կարելի է վերականգնվել ու շարունակել հետևողական աշխատանքը` «մարզավիճակը» պահպանելու համար:

Ես իսկապես անվերջ գոհ ու շնորհակալ եմ էն ամենի համար, ինչ ունեմ, չնայած անհրաժեշտության դեպքում կարող եմ նաև անվերջ թվարկել էն բաները, որոնք կուզենայի ունենալ, բայց չունեմ:

Ուլուանա
03.02.2020, 07:24
Երեկ մի նոր գործի վրա էի աշխատում, ընթացքում ինչ-որ դետալ էր պետք, հանեցի արվեստի խառը նյութերիս արկղը, մեջի եղած-չեղածն ուսումնասիրեցի, հատիկ-հատիկ մի լավ տնտղեցի, հիշեցի, թե ինչը ինչի համար էի նախատեսել, տարիների ընթացքում էստեղից-էնտեղից գտել, հավաքել, առել, ու էդտեղ ինչքան հին ու նոր, կիսաքնած, կիսաուշաթափված ստեղծագործական մտահղացումներ ունեի հիշողությանս հեռավոր խորխորատներում, բոլորը միասին արթնացան, ուշքի եկան, վրա տվեցին ու հո չեն ռմբակոծում ուղեղս... Մի կերպ գլուխս առած փախա քնելու, որ դրանց ձեռքից պրծնեմ, բայց դե դրանք էն տիպը չեն, որ տենց հեշտ պրծնեի. մինչև քնեցի, հոգիս դուրս եկավ: Հիմա ես սրանց ո՞նց բացատրեմ, որ լիքը գործ ունեմ` տուն-տեղ, ընտանիք, էրեխեք, ու որ հեչ իրենց ժամանակը չունեմ էս պահին: Ասա` ձեզ համար հանգիստ լռված էիք, էլի, ի՞նչ մի ոգևորվեցիք: Ասել վարչապետի` հանգիստ նստեք տեղներդ:
Մարդ երկու զուգահեռ կյանք ունենար. մեկում լիարժեք զբաղվեր տնով ու ընտանիքով, մյուսում` հանգիստ խղճով, անմնացորդ նվիրվեր ստեղծագործելուն :roll:

Ուլուանա
06.03.2020, 23:10
Ես կարող եմ անսահման երջանկության զգացում ապրել ինձ հիացնող արվեստի գործ(եր)/արվեստագետի բացահայտելուց, կարող եմ նույնպիսի զգացում ապրել նաև շատ դրական, պայծառ ու հետաքրքիր մարդու բացահայտելուց, ճանաչելուց, իմ կյանքում էդ մարդու ներկայության գիտակցումից: Բայց երբ էդ երկուսը` հրաշք արվեստագետն ու հրաշք մարդը համատեղված են լինում, էդ արդեն լրիվ ուրիշ մակարդակի երջանկություն է :love:

Ուլուանա
15.03.2020, 07:21
Ուզում եմ խոստովանել, որ դեռ վաղ մանկուց միշտ ինչ-որ թաքուն հաճույք եմ ստացել խուճապային, արտակարգ իրավիճակներից, երբ բոլորը կարծես համախմբվում են մեկ ընդհանուր վտանգի, խնդրի շուրջ, միասին փորձում լուծումներ կամ ելքեր գտնել: Սա, իհարկե, չի նշանակում, թե ես չեմ վախեցել, չեմ անհանգստացել բոլորի պես, լավ էլ վախեցել ու անհանգստացել եմ, երբեմն` բոլորից էլ շատ, բայց դե մեկը մյուսին չի խանգարում: Ամեն դեպքում ինչ-որ ջերմ ու մտերմիկ բան կա էդ համընդհանուր մտահոգության, իրարանցման մեջ, երբ բոլոր տարաձայնությունները, հայացքների, հետաքրքրությունների ու ճաշակների տարբերությունները կարծես անէական են դառնում ու մի կողմ դրվում, և բոլորին միավորում է զուտ էդ պահի ճգնաժամից դուրս գալու մտահոգությունը. դա էն բացառիկ իրավիճակներից է, երբ բոլորը նույն բանն եմ մտածում ու զգում:
Իհարկե, թող չլինեն էդպիսի իրավիճակներ, բայց երբ լինում են, չեմ կարողանում չնկատել ու չվայելել էդ միասնականության մթնոլորտը:

Ուլուանա
22.03.2020, 19:43
Երկար ժամանակ մտածում էի` գրեմ, թե չարժե: Գիտեմ, որ գրածս շատերին դուր չի գալու, շատերը գուցե նույնիսկ թռնեն դեմքիս, բայց, այնուամենայնիվ, որոշեցի գրել:

Էս օրերին շատերի մեջ է էս հարցն առաջանում. էս ամենից հետո արդյո՞ք կկարողանանք վերադառնալ մեր բնականոն կյանքին: Չգիտեմ` ով ինչ է մտածում սրա հետ կապված, բայց ես կարծում եմ, որ այո, ՑԱՎՈՔ, մենք (դե, ովքեր որ բարով-խերով կենդանի մնան) կվերադառնանք մեր բնականոն կյանքին, այսինքն` կշարունակենք բնականոն կերպով, անխնա շահագործել, աղտոտել, ավերել ու ոչնչացնել թե՛ բնությունը, թե՛ մեր սեփական մարմինները: Օրինակ, չինացիները կշարունակեն ուտել երկրի վրա շարժվող ցանկացած կենդանի արարածի` կտրելով վերջիններիս իրենց բնական միջավայրերից, խախտելով բնության բալանսը, պահելով անբնական, դաժան պայմաններում ու նպաստելով տարատեսակ վտանգավոր վիրուսների տարածմանը: Այո, նրանք կշարունակեն նույնն անել` հիմարաբար հույս ունենալով, որ սրանից հետո բախտներս կբերի, ու մի նոր վիրուս չի ծլի ու վարի տա աշխարհին: Մենք ոչ մի դաս չենք քաղի էս իրավիճակից, քանի որ մեզ բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչու սա տեղի ունեցավ, ինչ սխալներ էինք գործել, որ տեղի ունեցավ, կարո՞ղ ա` ամեն դեպքում մենք էինք մեղավոր կամ, լավ, ԳՈՆԵ մեր մեղքի բաժինն ունեինք սրա մեջ: Չէ, նման բաների մասին, չգիտես ինչու, մենք չենք սիրում մտածել: Էս թեմայով համարյա չի խոսվում, ովքեր էլ որ խոսում են, կարծես առանձնապես մեծ լսարան ու հեղինակություն չունեն, կամ էլ խոսողների բերանները փակում են` համարելով, որ ներկա իրավիճակում էդպիսի բաների մասին խոսելը մեղք է. մարդիկ մեռնում են, իսկ դուք ինչի՞ մասին եք խոսում, ինչպե՞ս կարելի է մեղադրել:

Չէ, մարդկանց հիմա բոլորովին էլ չեն հետաքրքրում պատճառները, միայն ամեն գնով գոյատևելն է հետաքրքրում, թեև նույնիսկ գոյատևելու համար էլի չեն անում իրենցից կախվածը: Նույն էն սկզբունքն է գործում, ինչ էսօրվա առողջապահության մեջ. ամեն գնով վերացնել հետևանքները, իսկ պատճառների վրա` թքած: Մենք սովոր ենք մտածել, որ պատճառները մեզնից կախված չեն, լինելու բանը կլինի, ու ընդհանրապես մենք լրիվ կախյալ, անօգնական, խեղճուկրակ էակներ ենք, որ շպրտվել ենք էս մոլորակի վրա, որ ուղեղներս անջատած` ինչ ուզենք` անենք, հետո էլ երբ վատ-վատ բաներ լինեն մեզ հետ, միշտ կարողանանք մեղադրել ուրիշներին` բախտին, կառավարությանը, Սորոսին, հարևան Վարդուշին, բայց ոչ երբեք ինքներս մեզ:

Մենք ինքնամեկուսացման օրերին էլ կշարունակենք մեր մարմիններն օգտագործել որպես աղբաման, օրինակ, ամեն օր համով, սիրուն տոՌԾիկներ կսարքենք ու կհրամցնենք մեր ընտանիքներին, մենք ընդհանրապես չենք ուզում լսել, թե ինչ է առողջ սննդակարգը, առողջ ապրելակերպը (հա, մենակ ջիմ գնալու մասին ենք լսել, քանի որ դա արտաքինի վրա անմիջականորեն երևում է), հետո էդ սիրուն տոՌԾիկների նկարները կգցենք Ֆեյսբուք ու բազմաթիվ սրտիկներ կհավաքենք դրանց համար, փոխանակ մտածելու, որ գոնե էս վտանգավոր օրերին իմունիտետը բարձրացնող կամ գոնե չիջեցնող սննդով ապահովենք մեզ ու մեր ընտանիքներին, ոչ թե ամեն օր զիբիլ տոՌԾիկներ ու պեչենիներ խեղդենք ու ուրախանանք:

Իսկ բնությունը միշտ էլ փորձելու է ինքնամաքրվել ու ինքնակազդուրվել էսպիսի համաճարակների ու բնական աղետների միջոցով, քանի որ մենք նրան ուրիշ տարբերակ այլևս չենք թողել: Բայց մենք էդ աղետները կանվանենք անարդարացիորեն գլխներիս թափված արհավիրք, որի համար մենք, ինչպես միշտ, ընդհանրապես պատասխանատու չենք ու գաղափար չունենք, թե ինչի համար է «Աստված մեզ սենց պատժում»: Ու հա, համաճարակներն ու աղետները գնալով ավելի շատ են լինելու ու հնարավոր է` ավելի դաժան, որովհետև, կներեք, բայց մենք հենց դրան ենք արժանի: Ինչի՞ մասին է խոսքը. մենք դեռ նոր-նոր հազիվ սովորում ենք ուտելուց առաջ ձեռքներս լվանալ, մինչդեռ համաճարակի օրերին իրար տեսնելիս պաչիկով չբարևելը շատերի համար դեռևս մնում է ծանր մարտահրավեր:
Ու հեռու է մինչև ՄԱՐԴԸ մեր ճամփան...

Հ.Գ. Կներեք, եթե ինչ-որ մարդկանց համար վիրավորական էր գրառումս: Վիրավորելու մտադրություն չունեի, բայց կուտակվել էր, չգրել չէի կարող: Հիմա էս էլ իմ համեստ ու անպոպուլյար կարծիքն ա, ի՞նչ արած:

Ուլուանա
25.06.2020, 00:52
Ամենամեծ վատությունը, որ մարդ ընդունակ է ինքն իրեն անելու, ըստ իս, ինքնախղճահարության գիրկն ընկնելն է ու էնտեղ «հարմարավետ» տնավորվելը: Ընդհանրապես հավերժ տառապյալ զոհի մտածելակերպը շատ վտանգավոր բան է: Բացի նրանից, որ էդպիսի մարդիկ հաճախ մտերիմներին ու հարազատներին էլ են հոգեբանական տեռորի ենթարկում, նաև հենց իրենց համար էլ շատ վնասակար մոտեցում է: Մարդ դրանով ինքն իրեն դատապարտում է մշտապես դժբախտ լինելուն. էն որ միշտ ուրիշներն են մեղավոր, որ դու երջանիկ չես, կյանքը, մարդիկ միշտ անարդար են քո նկատմամբ, դե, իսկ դու, իհարկե, միշտ ամեն ինչ ճիշտ ու լավ ես անում, բայց, չգիտես ինչու, ոչ մի կերպ չես կարողանում քեզ երջանիկ զգալ: Իսկ իրականում պարզապես էդ արատավոր փակ շղթայից պետք է դուրս գալ` փորձելով ինքնախղճահարության ցանկացած միտք ամեն կերպ հեռու վանել: Իհարկե, շատ դժվար է, երբ տարիներ շարունակ դրանով ես զբաղվել ու էգոդ դրանով սնուցել, բայց սեփական կյանքը գոնե մի քիչ դեպի լավը փոխելու ուրիշ տարբերակ չկա: Եթե ինքդ քեզ խղճալու ու քո ամեն անհաջողության համար ուրիշներին մեղավոր տեսնելու արատավոր մտայնությունից ձերբազատվելու պատրաստակամությունը չկա, արտաքին աշխարհում ինչ էլ փոխվի, դու էլի նույն դժգոհն ու դժբախտն ես մնալու:

Ուլուանա
01.07.2020, 20:59
Արեգը Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածներն» է կարդում, էն օրն ասում է. «Ինչի՞ են էս գրքի գլուխների վերնագրերը սփոյլերներ. մենակ վերնագրերը կարդալով` կարելի ա իմանալ, թե ամբողջ գրքում ինչ ա կատարվում»։ :))
Էս էլ սփոյլեր վերնագրերի օրինակներ տվյալ գրքից.
«Սինյոր Սիսեռիկը, հակառակ իր ցանկության, փրկում է ասպետի կյանքը»
«Սիսեռիկը դավաճանում է, և Չիլոլինոն վերադառնում է բանտ»,
«Մի հիմար հավի պատճառով փոստատարը ծառայության ժամանակ զոհվում է»:
Ի դեպ, նույնն ասում էր Ջաննի Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» գիրքը կարդալիս: Մի խոսքով` շատ սփոյլեր տիպ դուրս եկավ էդ Ջաննի Ռոդարին :D:

Ուլուանա
13.07.2020, 20:35
Մի քիչ պատմեմ, թե կորոնավիրուսի շրջանը ոնց է անցնում մեր ղռերում: Մեր թաղամասը բավական կտրված է քաղաքի բանուկ մասից, ահագին տարածք միայն առանձնատներ են, դրսում հազվադեպ են մարդիկ երևում. մարդիկ սովորաբար տնից դուրս են գալիս, նստում մեքենան ու գնում իրենց գործերով, դրսում քայլող մարդկանց հազվադեպ կարելի է տեսնել: Միայն ամռանը երբեմն որոշ տների դիմաց խաղացող երեխաների կարելի է տեսնել: Իսկ ընդհանուր առմամբ մարդիկ չեն երևում դրսում:

Բայց կարանտինը որ սկսվեց, մեր «մեռյալ» թաղամասը զգալիորեն ակտիվացավ: Քանի որ մարդիկ աշխատանքի, դասի չէին գնում, շատերը սկսեցին ֆիզիկապես ակտիվ կյանք վարել, մարզվել. ամեն օր քայլել, զբոսնել շրջակայքում` մենակ, ընտանիքներով, զույգերով, շատերը սկսեցին վազել, բազմաթիվ հեծանիվ քշողներ հայտնվեցին (մինչև այդ համարյա չկային): Օրինակ, մի բավական ծանրաքաշ կին, որին ամեն օր հանդիպում ենք զբոսնելիս, աչքներիս առաջ քաշ կորցրեց էս ամիսների ընթացքում. մարդն էնքան քայլեց` օրական ժամերով, որ նիհարեց :)): Մենք էլ սովորություն դարձրինք ամեն օր զբոսնել մոտակայքում:

Ուրիշ մասերում չգիտեմ` ինչպես է, բայց կոնկրետ մեր բնակավայրում մարդիկ դիմակներ հազվադեպ են կրում: Մենք ինքներս տան մոտակայքում չենք կրում, բայց մեր տարածքից դուրս` պարտադիր: Դե, խանութներում ու բոլոր հասարակական վայրերում էլ պարտադիր է, առանց դիմակի չեն էլ չողնի, բայց մեր թաղամասի պես տեղերում ոչ առանձնապես կրում են դիմակ, ոչ էլ դրա կարիքը կա: Իրականում, ինչքան էլ որ ակտիվացել ու մարդաշատ է դարձել մեր շրջակայքը, ընդամենը նախկինի համեմատ է էդպես, ամեն դեպքում էլի շատ քիչ են մարդիկ դրսում, ու դիմակ կրելու անհրաժեշտություն հաստատ չկա, էդ առումով իրավիճակը միանգամայն կառավարելի է, կարևորը` սոցիալական հեռավորությունը շատ լավ պահում են համարյա բոլորը (ինչքան նկատել եմ, էս հարցում միայն հնդիկներն են թերանում): Օրինակ, մայթով քայլելիս, հանդիպակաց դուրս եկած մարդիկ մոտ հինգ մետր հեռավորությունից արդեն ճանապարհը փոխում են` մեկը կամ անցնում է մյուս մայթ, կամ փողոցով է քայլում, մինչև դիմացից եկողն անցնի-գնա: Քանի որ մենք սովորաբար երեխաների հետ ենք լինում, սովորաբար դիմացից եկողը կամ եկողներն են ճանապարհը փոխում, եթե առանց երեխաների ենք լինում` խառը` երեխաներով ընտանիքի կամ ուղղակի երկուսից ավել մարդկանց խումբ հանդիպելու դեպքում մենք ենք փոխում ճանապարհը, հակառակ դեպքում` ոնց ստացվի, բայց միշտ մի կողմը զիջում է: Էս ամենը կատարվում է բոլորի լուռ համաձայնությամբ ու փոխըմբռնմամբ:

Մի խոսքով` կորոնավիրուսը դրական ազդեցություն էլ կարող է ունենալ:

Ուլուանա
17.07.2020, 22:33
Էս քանի օրը որ շատ խոսվեց թշնամու լեզուն, տվյալ դեպքում` ադրբեջաներենն իմանալու մասին, բան հիշեցի:

Դեռ դպրոցական ժամանակվանից, երբ հայրական պապիս տանն էի լինում, երբեմն տատս պապիս ինչ-որ բաներ էր ասում, որոնք չէի հասկանում, թեև ընդհանուր հնչողությունը շատ նման էր Ղարաբաղի բարբառին, որով իրենք իրար հետ միշտ խոսում էին (և որը ես, ծնված օրվանից մշտապես լսած լինելով, հիմնականում լավ հասկանում էի, թեև ինքս երբեք չեմ խոսել), բայց կոնկրետ բառերը չէի հասկանում: Ու ամեն անգամ մտածում էի` երևի լավ չլսեցի, դրա համար չհասկացա: Երբ զգացի, որ ինչ-որ հաճախ եմ «վատ լսում», մի օր մեջս կասկած ընկավ, թե` կարո՞ղ է` ամեն դեպքում ուրիշ լեզու է: Խնդիրն այն էր, որ նման դեպքերում տատս ընդամենը մի երկու նախադասություն էր ասում, շատ չէր ծավալվում, ընդ որում` խոսում էր ոչ բարձրաձայն, ու էնպիսի պահերի, երբ ես շատ մոտիկ չէի իրեն, բայց մոտակայքում էի (տատս բնավ միամիտ կին չէր, չէի զարմանա, եթե էս բոլոր մանրուքները հատուկ հաշվի առած լիներ), իսկ պապս նման դեպքերում սովորաբար շատ համառոտ էր պատասխանում` մեկ-երկու բառով, որն էլի լսածիս վրա բոլորովին լույս չէր սփռում, դրա համար էլ ահագին ժամանակ ավելի շատ հակված էի մտածելու, որ իրենք Ղարաբաղի բարբառով են խոսում, պարզապես ե՛ս չեմ լսում, թե ինչ են ասում: Բայց երբ կասկածներս արդեն համարյա համոզմունքի էին հասել, մի օր տատիկիս ուղղակի հարցրի, թե էդ ինչերեն է խոսում պապիկի հետ, ինքն էլ մի քիչ խորամանկ ժպիտով պատասխանեց, որ ադրբեջաներեն է:
Բա, գաղտնի լեզվով խոսելիս այ էդպես կխոսեն, որ դիմացինը ոչ միայն չհասկանա, թե ինչ ես ասում, այլև երկար ժամանակ նույնիսկ գլխի չընկնի, որ իր համար օտար` անհասկանալի լեզվով ես խոսում :)):

Ուլուանա
20.08.2020, 21:26
Որևէ կոլաժի կամ այլ արվեստի գործի վրա աշխատելիս, երբ ինչ-որ երկընտրանքի առաջ եմ կանգնած լինում, որևէ հարցում չեմ կողմնորոշվում` ոնց վարվել, որ տարբերակն ընտրել կամ ընդհանրապես ինչ անել, որ լավ լինի, Արեգի կարծիքն եմ հարցնում, ոչ միայն որպեսզի իրեն լավ զգա, որ իրեն մասնակից եմ դարձնում, այլև որովհետև իրոք վստահում եմ իր կարծիքին, կարևորում եմ. բավական սուր աչք ունի էդ առումով ու հաճախ շատ տեղին դիտարկումներ ու առաջարկներ է անում:

Էնպես է ստացվել, որ իմ աշխատանքներն Արեգը, որպես կանոն, հավանել է միշտ: Երբ կարծիք եմ հարցրել, միշտ ասել է, որ շատ լավն է, սիրուն և այլն, կամ հենց ինքն է նկատել ու ասել, որ լավն է: Ու միշտ մտածում էի` գուցե մեկ-մեկ դուրը չի գալիս, բայց չի ասում, որ վատ չզգամ, չնայած ես ինքս իր հետ նման հարցերում միշտ ծայրաստիճան անկեղծ ու ազնիվ եմ եղել. երբ իր նկարած կամ սարքած ինչ-որ բան չեմ հավանում, միշտ էլ ասում եմ, երբեք չեմ գովում չհավանածս բանը, դրա համար միշտ հույս ունեմ, որ երբ իմ աշխատանքները գովում է, իսկապես հավանած է լինում:

Մի քանի ամիս առաջ մի կոլաժ էի անում` կոնկրետ ինչ-որ նախագծի ներկայացնելու համար էր, ես էլ մի աշխատանք արդեն ներկայացրել էի, բայց որոշեցի մի ուրիշ բան էլ անել: Դե, սովորականի պես նախագծել էի էսքիզների ալբոմում, բոլոր նյութներն ու առարկաները, որ պիտի օգտագործեի, նախատեսել էի, իմ պատկերացմամբ պիտի որ հետաքրքիր ու յուրօրինակ բան ստացվեր: Բայց, ի զարմանս ինձ, բոլորովին իմ նախատեսածի ու պատկերացրածի նման չստացվեց. կյանքումս առաջին անգամն էր, որ արդեն պատրաստելու բուն պրոցեսի մեջ էի, բայց արածս հեչ դուրս չէր գալիս: Ստեղծագործելիս էդպիսի տհաճ զգացողություն դեռ չէի ունեցել: Կոլաժներ անելիս, որպես կանոն, շատ մանրակրկիտ ու բծախնդրորեն պլանավորում եմ ամեն դետալը` հստակ պատկերացնելով, թե ինչ է ստացվելու արդյունքում, ու, որպես կանոն, արդյունքը իմ պատկերացրածի պես է լինում: Իհարկե, միշտ էլ ընթացքում ինչ-որ բաներ ավելացնում, փոխում կամ հանում եմ, բայց դրանք հիմնականում որոշիչ դեր չեն ունենում վերջնական տեսքի մեջ: Էդ անգամ չգիտեմ` ոնց էր ստացվել, որ էդպես անհաջող էր եղել: Բայց դեռ շարունակում էի աշխատել վրան: Մեկ էլ Արեգը եկավ, մի հայացք գցեց.
- Էս ի՞նչ ես սարքում: Լավը չի:
Անակնկալի եկա, քանի որ առաջին անգամն էր, որ իմ որևէ ստեղծագործության մասին ասում էր, որ լավը չի:
- Հա... Ինձ էլ դուր չի գալիս,- ասեցի մտածկոտ,- Իմ ուզածի պես չստացվեց...
Հետո գնաց իր գործերով, մի քիչ հետո էլի եկավ, մի հայացք էլ գցեց, նորից.
- Մամա, կներես, բայց հե՛չ լավը չի:
:D
- Գիտեմ, արդեն ասեցիր:
Հետո էլի գնաց, մի քիչ հետո էլի եկավ.
- Մամա, չնեղանաս, բայց իսկականից շատ վատն ա:
Արդեն մի քիչ ներվայնացա.
- Արեգ, հասկացանք, արդեն երկու անգամ ասել էիր, ինչի՞ ես հա կրկնում:
- Բա եթե հասկացել ես, որ վատն ա, ինչի՞ ես շարունակում անել:
- Ուզում եմ մի քիչ էլ անել, տեսնեմ` վերջը ինչ կստացվի:
- Բայց սա էնքան վատն ա, որ ինչ էլ անես, մեկ ա, չի դզվելու, ինչի՞ ես իզուր չարչարվում:

Մի խոսքով` ինձ համոզեց, որ լրիվ անհույս գործ եմ բռնել, չնայած ես ինքս էլ գիտեի, ուղղակի ծախսածս ժամանակն ու հատկապես նյութերն էի շատ ափսոսում, հիմնական մասն արդեն արել էի, լիքը նյութեր օգտագործել, բայց իսկապես հեչ հույս չկար, թե ի վերջո մի կարգին բան դուրս կգա դրանից, դրա համար էդպես էլ չավարտեցի: Բայց համ էլ մի տեսակ ուրախացա, որ Արեգն էդքան անկեղծ ու ուղիղ ասեց, որ արածս լավը չի, հատկապես որ ես էլ լրիվ համաձայն էի հետը: ))) Համ էլ էդ ժամանակ ավելի համոզվեցի, որ, ուրեմն, դրական կարծիքների ժամանակ էլ է անկեղծ եղել:

Բայց ամեն անգամ էդ «հեչ լավը չի»-ն հիշելիս ծիծաղում եմ :D:

Ուլուանա
02.09.2020, 07:11
Բարեկամի հոտային գրառումներից ոգեշնչված` որոշեցի ես էլ իմ հոտային (և ոչ միայն) հուշերից պատմեմ մի քիչ:

Երբ 3 տարեկան էի, ծնողներիս հետ ամռանը Սոչի էինք գնացել հանգստանալու: Էսօրվա պես հիշում եմ էնտեղ անցկացրած օրերն` իրենց զանազան մանրամասներով: Հիշում եմ, թե ոնց զարմացա` առաջին անգամ տեսնելով Սև ծովը. այն կանաչ էր, ոչ թե սև, ինչպես սպասում էի` անունից ելնելով: Ու ոչ մի կերպ չէի հասկանում, թե ինչու է անունը Սև ծով, եթե իրականում կանաչ է: Հիշում եմ իմ կանաչ փչովի փրկօղակը, որով լողում էի ափից ոչ շատ հեռու, ծովի ջրի աղի համը, որ հաճախ լցվում էր բերանս, ու թե ինչպես էի սրթսրթալով դուրս գալիս ծովից, ինչպես էր մամաս ինձ փաթաթում սրբիչի մեջ, որի ընթացքում ես դողդողալով արտաբերում էի` պնդուկ եմ ուզում (նկատի ունենալով ծովափին վաճառվող պնդուկը, որը միշտ առնում էինք): Հիշում եմ նաև, թե ոնց էինք մամայիս հետ ավազների մեջից խճաքարեր հավաքում (խճաքարեր հավաքելու նկատմամբ սերս, որ մինչև հիմա նույնությամբ պահպանվել է, հենց էդտեղից է սկսվել): Հիշում եմ էն բնակարանը, որտեղ վարձով ապրում էինք էդ ընթացքում. էդ տան ընտանիքի բոլոր անդամներին եմ հիշում իրենց անուններով` Տոնյա ծյոծյային, Գենա ձյաձյային, նրանց տղային` Ալյոշային, որն ինձնից առնվազն մի քանի տարով մեծ էր, մեծ աղջկան, որը նույնպես ինձնից ահագին մեծ էր, միայն նրա անունն եմ մոռացել, և փոքր աղջկան` Տանյային, որը մոտավորապես իմ տարիքին էր, բայց, ի տարբերություն ինձ, որ կարճ կտրած մազերով էի, ինքը ոսկեգույն հյուսիկներ ուներ: Հիշում եմ բնակարանի ընդհանուր տեսքը` թե միջանցքի որ մասից որ սենյակն էր սկսվում, հյուրասենյակում բազմոցին դրված փափուկ խաղալիքները, որոնցով խաղում էի, միջանցքում կոշիկների համար հատկացված տեղը, որտեղից հաճախ ցրում-հագնում էի Տանյայի шлепанцы-ն (էն թվերին դրանցից միայն մեծահասակների համար կային Հայաստանում, փոքր չափսերի չէին լինում, իմ ուշքն էլ գնում էր դրանց համար. լրիվ անհաս երազանք ոնց որ լինեին, մեր տանն էլ մամայինս ու պապայինս էի հաճախ հագնում ու էդպես ֆռֆռում): Իսկ ահա Տանյան, որ իմ տարիքին էր, ուներ էդ երանելի шлепанцы-ից, ընդ որում` իսկը իմ հագով: Ես էլ` մի մատ երեխա, ո՞նց դիմանայի էդ գայթակղությանը: Հիշում եմ, թե ոնց էր ամեն անգամ, հագիս իր шлепанцы-ն տեսնելով, նվնվան-բողոքական, բայց միաժամանակ մի տեսակ խեղճ-խեղճ, ծոր տալով ասում. “Это мои՛ шлёпки!”, որից հետո ես, հանցանքի մեջ բռնվածի հնազանդությամբ, խելոք-խելոք հանում էի դրանք ու լուռ վերադարձնում իրեն, որպեսզի հաջորդ հարմար առիթի դեպքում էլի հագնեմ:

Ասում են` մարդիկ հատկապես մանկության հետ կապված հաճախ «կեղծ հիշողություններ» են ունենում, այսինքն` դեպքեր, իրողություններ, որոնք, իբր, շատ լավ հիշում են, բայց իրականում հիշում են ոչ թե անձամբ իրենց ապրածը` տեսածը, լսածը, զգացածը, այլ այն, ինչ դրա մասին իրենց պատմել են ծնողները: Օրինակ, ինչ-որ դեպքի մասին ծնողը կարող է էնքան հաճախ ու էնքան մանրամասն պատմած լինել, որ երեխային սկսի թվալ, թե դա հենց ինքն է հիշում, մինչդեռ նա հիշում է ընդամենը իրեն պատմածը: Պարզապես էդքան շատ լսելով` արդեն էնքան է պատկերացրել, որ այն լրիվ իրենն է դարձել` հավասարվել հենց անձամբ իր ապրածին: Իմ դեպքում էլ, իհարկե, կան նման «հիշողություններ», բայց ես դրանք հստակ տարբերում եմ իմ սեփական հիշողություններից: Իմ հիշողությունների մեծ մասն ինձ ոչ ոք երբևէ չի պատմել, շատ բաներ էլ, եթե անգամ պատմել են, ես իրենց պատմածի հետ կապված էնպիսի մանրամասներ եմ հիշում, որոնք իրենք իսկի չեն էլ իմացել երբևէ: Սոչիի հետ կապված միայն մի կեղծ հիշողություն ունեմ, էդ մեկը միայն մամայիս պատմելով եմ հիշում. տանտերերը հաճախ ոստրեներ էին ուտում, որից ինձ էլ էին տալիս, իսկ մամաս չէր ուտում, քանի որ ծովամթերքից միշտ խորշել է: Այ, էդ ոստրեներ ուտելս իրոք բոլորովին չեմ հիշում, բայց լավ հիշում եմ, որ մամաս հաճախ է հիշատակել:

Դրանից հետո ծովի մոտ եղել եմ մեկ էլ 26 տարեկանում, ԱՄՆ-ում, այսինքն` 23 տարի հետո: Հիշում եմ, թե ինչ զգացի, երբ էդքան տարի հետո առաջին անգամ ծովի հոտն զգացի: Ոնց որ ժամանակի մեքենայով ակնթարթորեն տեղափոխվեի մանկություն` 3 տարեկան, Սոչի, ծովափ: Դա պարզապես հիշողություն չէր, այլ կարծես բառացիորեն բոլոր բջիջներով տեղափոխվեի էդ իրականություն: Ու մինչև հիմա էլ, ամեն անգամ, երբ ծովի հոտն ընկնում է քիթս, ես ակամա միանգամից տեղափոխվում եմ էնտեղ` տվյալ տեղին ու ժամանակին բնորոշ բոլոր մանրամասներով: Շատ քիչ բաներ կան, որ ի զորու են ինձ էդպիսի թափով ուղարկել էդքան վաղ մանկություն, երբ ես ոչ թե պարզապես հիշում եմ, այլ ակնթարթորեն դառնում եմ տվյալ հեռավոր իրականության մասնիկը: Երևի նրանից է, որ մյուս բոլոր հոտերը ժամանակի ընթացքում հաճախակի զգացել եմ, ու դրանց կապը վաղ մանկությանս հետ արդեն ուղղակի չէ, այլ հետագա տարիներով միջնորդավորված:

Համանման համային հիշողություն էլ ունեմ: Ամեն անգամ իսկապես համեղ (իմ գնահատմամբ` իսկական) մորի (малина) ուտելիս ակնթարթորեն տեղափոխվում եմ տատիկիս ու պապիկիս այգի: Հայաստանում մենք մորի երբեք չէինք առնում. էնտեղ կերածս մորին միշտ եղել է տատիկենցս այգուց քաղածը: Իսկ ԱՄՆ-ում հաճախ ենք առնում ու ուտում, բայց շատ հազվադեպ եմ էստեղի մորուց առնում էն նուրբ ու իսկական համը, որ ուներ տատիկենցս այգու մորին: Էդ պահերին անգամ այգում իրիկվա մեղմ քամուց մորու թփերի տերևների սոսափյունն եմ ակնթարթորեն զգում, ինչպես նաև իրիկնամուտի գույնն ու էն գիտակցումը, որ արդեն ուշ է, ու շուտով պիտի ներս գնանք տուն:

Ուլուանա
16.09.2020, 18:20
Ինձ մոտ ժամանակ առ ժամանակ գալիս է երաժշտադուլի շրջան, երբ բացարձակապես ոչ մի տեսակի, ոչ մի ժանրի երաժշտություն լսել չեմ ուզում: Նման դեպքերում հաճախ սկզբում ինձ թվում է, թե ուղղակի տվյալ պահի հոգեվիճակիս համապատասխան երաժշտություն չեմ գտնում, դրա համար չեմ ուզում լսել, բայց որոշ ժամանակ անց համոզվում եմ, որ չէ, ուղղակի լռություն եմ ուզում հենց: Իսկ լռությունն ի՞նչ պակաս «երաժշտություն» է որ: Ինձ համար լռությունը ոչ թե երաժշտության կամ ընդհանրապես ձայների բացակայությունն է, այլ առանձին «ձայնավիճակ», որը ես շատ եմ սիրում և հաճախ հենց դա եմ ուզում «լսել» (հիշում եմ, որ սրա մասին էլի եմ գրել): Նման դեպքերում մնացած ամեն ինչն ավելորդ ու դիկոմֆորտ առաջացնող աղմուկ է թվում, որը պետք է անջատվի, որ լռությունը լսելի դառնա: Երաժշտությունն, իհարկե, հրաշք է, առանց որի կյանքը շատ տխուր ու անգույն կլիներ, բայց ոնց գցում-բռնում եմ, ես լռությունը երաժշտությունից շատ եմ սիրում:

Ուլուանա
19.09.2020, 19:58
Մարդկանց հետ մտովի զրուցելը հետաքրքիր է, բայց մի թերություն ունի. պատահում է` հետո չես կողմնորոշվում` մեջդ տպավորված էն հետաքրքիր զրույցն իրականում է տեղի ունեցել, թե մտքումդ: :think

Ուլուանա
02.12.2020, 19:32
Աշնանը բացի սիրուն գունավորված տերևներից, մեկ էլ խաշամը ոտքերով խշխշացնելն եմ շատ սիրում: Որ դուրս ենք գալիս զբոսնելու, երեխաներիս հավասար ես էլ եմ, չորացած տերևների շարանների ու կույտերի մեջ մտած, հավեսով վազում, թռչկոտում էդ տերևների մեջ:

Էն օրը Արեգին դպրոցից բերելիս դպրոցի տարածքում` դարպասների մոտակայքում, ահագին գայթակղիչ խաշամի շարաններ տեսանք, մտանք մեջը, սկսեցինք ոգևորված խշխշացնել, մեկ էլ մի քիչ հետո Արեգն ասում է.
- Մամա, ինչի՞ են մարդիկ մեզ նենց նայում, ոնց որ գժեր լինենք:

Առաջին ռեակցիաս ծիծաղի փռթկոցն էր: Փաստորեն, ես իրենից ավելի ինքնամոռաց էի տրվել էդ զբաղմունքին, որ ուրիշների հայացքները չէի նկատել:
- Դե, որովհետև իրանք չգիտեն, թե ինչքան հավես ա սենց խշխշացնելը,- պատասխանեցի,- թե չէ` մեզ գժի տեղ դնելու փոխարեն իրանք էլ մեզ նման կխշխշացնեին: Խեղճ մարդիկ, չգիտեն` ինչ հաճույքից են զրկված:

Հետո շարունակեցինք «գժավարի» խշխշացնել չորացած տերևները:

Ուլուանա
14.12.2020, 23:52
Առանձնասենյակ երբեք չեմ ունեցել` ոչ երեխա ժամանակ, ոչ էլ չափահաս: Ամուսնանալուց հետո, երբ առանձնասենյակ ունենալն արդեն ժամանակավրեպ էր, ինչ-որ պահից սկսած` երազում էի արվեստանոց ունենալու մասին: Մեր նախորդ տանը ես ու ամուսին մի համատեղ աշխատասենյակ ունեինք: Հաշվի առնելով, որ դրանից առաջ ունեցած մեր բնակարանում իսկի դա չկար, ահագին գոհ էի: Ճիշտ է, էդ սենյակի հետ կապված լիքը անհարմարություններ կային, բայց էլի ուրախ էի, որ գոնե ինչ-որ անկյուն ունեմ, որտեղ կարող եմ ստեղծագործել: Էդ սենյակում անտանելի նեղվածք էր. սենյակի մոտ 1/3-ը միաժամանակ նաև որպես պահեստ էր ծառայում մեր տան համար, սենյակը դուռ չուներ, մի կողմից մուտք ուներ դեպի հյուրասենյակ, մյուս կողմից` դեպի խոհանոց: Այլ կերպ ասած` լրիվ проходной двор: Իմ աշխատասեղանը դրված էր դեպի հյուրասենյակ մուտքի հենց կողքին, ու անցնող-գնացողը միշտ ձեռքին եղած ցանկացած իր, որ չգիտեր` էդ պահին ուր դներ, ձեռքի հետ դնում էր հենց իմ սեղանին, ինչի հետևանքով սեղանիս վրա մշտապես զանազան ու զարմանազան մանր-մունր իրերի կույտ էր գոյանում:

Ճիշտ է, ինձ կարծես վիճակված չի դուռ ունեցող արվեստանոց ունենալ, քանի որ ներկայիս տան աշխատասենյակը, որը նույնպես իմ ու ամուսնուս համատեղ «նստավայրն» է, էլի դուռ չունի, բայց գոնե ինչ-որ չափով առանձնացած է տան մնացած մասից, այսինքն` ի տարբերություն նախորդի, «ոտքի տակ» չի, ինչը լուրջ առավելություն է: Տան էս անկյունը, որ ես արվեստանոց եմ կոչում, կարծես իմ փոքրիկ դրախտը լինի: Սենյակը կարելի է միջին չափի համարել, որի մեծ մասն իմ տարածքն է, քանի որ արվեստի, ձեռագործի պարագաներն ահագին տեղ են զբաղեցնում, իսկ ամուսինս էդքան տարածքի կարիք չունի: Ճիշտ է, սեղանի վրա էլի մեծ մասամբ քաոս է տիրում, բայց հիմա այն ամբողջությամբ ի՛մ ստեղծած քաոսն է, ոչ թե ուրիշների լցրած պատահական իրերից գոյացածը, իսկ իմ քաոսը միանգամայն կառավարելի է ինձ համար: Սեղանիս վրա կարող են միաժամանակ ամենատարբեր բնույթի, չափի ու ձևի իրեր, նյութեր, գործիքներ լցրած լինել, բայց ես միշտ գիտեմ, թե ինչ կա, ու թե որն ինչի համար է էդտեղ:

Մի ժամանակ շատ էի նեղվում էս քաոսային վիճակից, անընդհատ փորձում էի շուրջս հավաք պահել, ու, մեկ է, չէր հաջողվում: Հետո հասկացա, որ իմ ստեղծագործական նախընտրությունները հաշվի առնելով` հավաք պահելը պարզապես անհնար է. ըստ էության, արվեստանոցս իսկապես հավաքված, կոկիկ տեսք կարող է ունենալ միմիայն պարապ վիճակում լինելիս, այսինքն` երբ ես ոչ մի ստեղծագործական պրոյեկտի վրա չեմ աշխատում: Իհարկե, լինում են նաև էդպիսի շրջաններ, բայց` հազվադեպ ու կարճատև: Իսկ գործող վիճակում թափթփված տեսքն ուղղակի անխուսափելի է Համ էլ ինչքան շատ եմ ուրիշների արվեստանոցների նկարներ տեսնում, էնքան ավելի լավ եմ զգում ինձ, որ ես, այնուամենայնիվ, ամենաթափթփվածը չեմ:

Էս էլ արվեստանոցս` հարաբերականորեն հավաք վիճակում: Աշխատասեղանս էստեղ բավական թեթև է (հա, սա համեմատաբար թեթև` հավաք վիճակներից է), քանի որ էս պահին ինտենսիվ աշխատանք չի կատարվում դրա վրա, թեև միաժամանակ մի քանի կիսատ պրոյեկտներ կան, որ ընթացքի մեջ են: Կուզենայի տեսնել նաև ստեղծագործող, արվեստագետ ընկերներիս արվեստանոցները կամ տան/սենյակի էն անկյունը, որն իրենց արվեստանոցն են համարում:

https://i.postimg.cc/W11Rhbsh/IMG-20201213-233406941.jpg (https://postimages.org/)

Ուլուանա
08.01.2021, 02:56
Երբեմն տպավորություն է, որ պիտի ներողություն խնդրես նրա համար, որ էս ամենից հետո կյանքի իմաստը չես կորցրել, որ դեպրեսված կամ կատաղած ու ատելությամբ լցված չես, որ գիշերները գոնե մի քիչ քնում ես, որ անընդհատ լալահառաչ գրառումներ չես անում ու վերջապես` որ դիմանում ես, գրողը տանի, ոչ թե անընդհատ գոռում` դիմանալու չի: Դե, դիմանալը հիմա հեչ հարգի չի:

Ոմանց թվում է, թե ինչքան շատ մաղձ թափեն, էնքան հայրենասեր են, ինչքան շատ լալահառաչ գրառումներ անեն, էնքան ավելի կարեկից են, իսկ ով էդ ամենը չի անում, դեռ մի բան էլ հանդգնում է ինչ-որ բաներով ուրախանալ, ուրեմն անհայրենիք, էգոիստ ու անկարեկից է: Ու ոչինչ, որ մարդիկ կան` իրենց հայրենասիրությունն ու կարեկցանքը գործով են ցույց տալիս և դրա մասին հրապարակավ գոռգոռալու կարիք չունեն, որ ցավն ու մտահոգությունը լուռ են ապրում` առանց հրապարակավ լացուկուծ դնելու ու նեգատիվ տարածելու, միաժամանակ կարողանում են իրենց շուրջը եղած դրականն էլ նկատել ու դրանից սնուցվել, հետևաբար դիմանում են ու շարունակում են ապրել ու ապրեցնել:

Էնքան լավ կլիներ, որ չդիմացողները դիմացողներին չմեղադրեին զուտ դիմանալու կամ ինչ-որ դրական բանի տրամադրություն ունենալու համար: Ու մեկ էլ մի պահ պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե բոլորը չդիմանային:

Ուլուանա
13.01.2021, 21:51
Էսօր Ֆեյսբուքի ընկերներիցս մեկի գրառման տակ ներկայով ապրել չկարողանալու մասին խոսակցություն եղավ մի պահ, ես էլ էդ թեմայով բան հիշեցի, մտածեցի` գրեմ:
Ամռանը երկու օրով հանգստավայր էինք գնացել մեր նահանգում: Էն նավակներից քշեցինք, որ ոտնակներով են վարում: Քանի որ հինգ հոգով էինք` մեր ընտանիքը, մեկ էլ մամաս, իսկ նավակում չորս հոգուց ավել չէր թույլատրվում, չէինք կարող բոլորս մի նավակում լինել, Վազգենը երեխաների հետ մի նավակով էր, ես ու մամաս` ուրիշ: Վարելու ընթացքում մամաս անընդհատ անհանգստանում էր. մեկ` նավակը ծուռ ա գնում, ղեկը պետք ա անընդհատ մեջտեղում պահել, որ ուղիղ գնա, մեկ` դանդաղ ենք գնում, հետ ենք մնում, ու անընդհատ նման մտահոգություններ, լարված վիճակներ: Ասում եմ` մամ, մենք պլան չենք կատարում, ոչ ոք հետևներիցս չի ընկել, ոչ ոքի հետ չենք մրցում, ծուռն ու ուղիղն էլ հեչ կարևոր չի էս դեպքում, ուղղակի թուլացի ու վայելի. նայի լճի ալիքներին, զգա, թե ինչ հանգստացնող ա շուրջբոլորդ էդ ալիքները տեսնելը, վայելի ընթացքը, սա հաճույք ա, գործ չի, պարտականություն չի, թող մի քիչ էլ ծուռ գնա, թող մի քիչ էլ դանդաղ գնանք, լիքը ժամանակ կա, հաստատ կարող ենք անհրաժեշտ ժամին տեղում լինել, դա հաստատ խնդիր չի: Բայց մամաս ոչ մի կերպ չէր կարողանում պարզապես թուլանալ ու վայելել պահը:

Ու էդտեղ մտածեցի, որ սա իրականում լուրջ խնդիր է ու միայն մամայիս չի, որ հատուկ է: էս մոտեցումն ընդհանուր առմամբ բնորոշ է հայերիս, հատկապես մեր ծնողների, իրենց ծնողների սերնդին, չգիտեմ` մինչև որ սերունդ է էդպես հասնում: Մեր սերնդում էլ կա (ի վերջո, մենք մեր ծնողների դաստիարակած սերունդն ենք, չէինք կարող զերծ մնալ դրանից), բայց, իմ կարծիքով, մեր սերնդում ու հատկապես մեզնից հետո եկած սերնդում բավական պակասել է ու գնալով պակասում է բարեբախտաբար: Ես ինքս ահագին աշխատել եմ ինձ վրա, որ կարողանամ ձերբազատվել էդ մոտեցումից ու սովորեմ վայելել պահը, վայելել ներկան, ապրել ներկայում: Մենք ուղղակի չգիտենք թուլանալ ու հաճույք ստանալ ներկա պահից, վայելել բուն պրոցեսը, մենք նույնիսկ հաճույքի համար նախատեսված զբաղմունքը միշտ վերածում ենք ծանր պարտականության, լարված աշխատանքի` մշտապես փորձելով ինչ-որ չափանիշների ու մեր կամ ուրիշների սահմանած պահանջներին բավարարել` մեզ կոտորելով, լարվելով, տանջահար լինելով, ու արդյունքում ոչ մի հաճույք էլ չենք ստանում, կամ` եթե ստանում էլ ենք, տանջանքն ու լարված վիճակը հաճախ գերակշռող են լինում: Եվ հանուն ինչի՞ է էդ ամենն արվում. միշտ հանուն ավելի լավ հետոյի, բայց էդ ավելի լավ «հետոն» էդպես էլ երբեք չի գալիս. մենք մեր պահվածքով ցանկացած պոտենցիալ դրական «հետո» դարձնում ենք նույն տանջալից հիման, իսկ քանի դեռ հիման տանջալից է ու հաճույքից զուրկ, հետոն երբեք էլ ավելի լավը չի լինելու: Կյանքն ամեն պահի ապացուցում ու վերահաստատում է էս պարզ ճշմարտությունը:

Հ.Գ. Հուսով եմ` ընթերցողներիս մեջ չեն լինի մարդիկ, որ գրածս կմեկնաբանեն որպես ապագայի մասին ընդհանրապես չմտածելու կոչ: :8

Ուլուանա
14.01.2021, 20:39
Վերջերս ինձ համար բացահայտել եմ ձմեռային զբոսանքի գրավչությունը: Նախկինում երբեք մտքովս չէր անցնի, որ ձմռանը կարելի է հաճույքի համար զբոսնել, չէի պատկերացնում, թե ընդհանրապես ոնց կարելի է ձմռանը տնից դուրս գալ առանց անհրաժեշտության: Բայց հիմա ձմեռային սառն օդը շնչելն էնքան հաճելի է, որ ոչ մի ամառային զբոսանքի հետ չի համեմատվի: Խոսքն, իհարկե, սառնամանիքին զբոսնելու մասին չէ, այլ` երբ ջերմաստիճանը զրոյից բարձր է: Չնայած վերջերս զրոյից մի քիչ ցածրի ժամանակ էլ եմ հաճույքով զբոսնել:

Իսկ հատուկ զբոսնելու դուրս գալն էլ մեզ նվեր մնաց նախորդ տարվա կարանտինից, երբ ուրիշ ոչ մի տեղ չէինք գնում, և մաքուր օդ շնչելու ու գոնե մի քիչ շարժվելու, քայլելու համար սովորություն դարձրինք ամեն օր 20-30 րոպե մեր տան շրջակայքում ընտանիքով զբոսնելը: Ու չնայած հետո խստացումները հանվեցին, մեր ամենօրյա զբոսանքները մնացին: Հատկապես դիմակը հանելուց հետո սառն օդը կրկնակի հաճույք է թվում, մի տեսակ սկսում ես ավելի շատ գնահատել լիաթոք շնչելու հնարավորությունը:

Ուլուանա
18.01.2021, 19:40
Ամառվանից սկսել եմ իսպաներեն սովորել Duolingo ծրագրով: Ամենօրյա ռեժիմիս անբաժան մասն է դարձել որոշակի ժամանակ իսպաներենին տրամադրելը: Տրամադրածս ժամանակն օրվա մեջ շատ չի, բայց խիստ կանոնավոր է: Իսպաներեն սովորելու ցանկություն վաղուց եմ ունեցել` դեռևս ուսանողական տարիներից, ու միշտ մտածել եմ, որ մի օր անպայման կսովորեմ: Իսկ վերջերս մի քանի պատճառ կար դա վերջապես նախաձեռնելու համար: Նախ էնպես էր ստացվել, որ կյանքիս էդ շրջանում ես աննախադեպ մոտիվացված էի զգում ինձ: Բացի դրանից, մտածում էի` ուղեղս մի քիչ մարզելու ու հիշողությունս լավ մարզավիճակում պահելու համար արժե ինչ-որ նոր բան սովորել, իսկ լեզու սովորելն էդ առումով արդյունավետ է համարվում: Եվ, վերջապես, իսպաներենն ինձ դուր է գալիս, ինչո՞ւ մի լրացուցիչ լեզու չիմանամ, հատկապես որ նաև երկրորդ ամենագործածական լեզուն է անգլերենից հետո:

Պիտի խոստովանեմ, որ իմ իմացած մյուս չորս լեզուներից (հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն) իսպաներենը շատ ավելի հեշտ է: Իհարկե, դեռ շատ սովորելու բան ունեմ, դեռ չեմ հասել ամենաբարդ մասերին, ու գիտեմ, որ, ինչպես ցանկացած լեզվում, իսպաներենում էլ կան որոշակի մարտահրավերներ, բայց դե լեզվի բարդության աստիճանի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար բոլորովին էլ պարտադիր չէ հասնել ինչ-որ բարձր մակարդակի. սովորաբար հենց սկզբից էլ ընդհանուր պատկերը երևում է, հատկապես երբ արդեն մի քանի` իրարից ահագին տարբեր օտար լեզուներ գիտես ու կարող ես համեմատել:

Նկատել եմ, որ իսպաներենն ինձ ծանոթ բոլոր լեզուներից ամենատրամաբանականն ու ամենահստակն է: Առայժմ որևէ «անհեթեթության» կամ անտրամաբանական բանի չեմ հանդիպել. ամեն ինչ միանգամայն ճիշտ ու տրամաբանական է թվում, թեև ենթադրում եմ, որ անհեթեթություններ էլ դեռ կլինեն, ի վերջո, բնական լեզու է, թեև, իմ կարծիքով, իր հստակությամբ ու տրամաբանականությամբ ահագին մոտ է արհեստականին:

Էսպես որ նայում եմ, իսպաներեն սովորելիս ուղեղս իմ ուզած չափով չի մարզվում: Մտածում եմ` արդեն վաղուց կիսամեռ գերմաներենս էլ վերակենդանացնել ու զարգացնել: Այ, գերմաներենի հետ ուղեղի մարզանքի առումով լուրջ հույսեր եմ կապում. համոզված եմ` նա ինձ չի հիասթափեցնի :)): Բայց առայժմ գերմաներենին հերթ չի հասնում:

Ուլուանա
16.02.2021, 08:07
Երբ ինքնագնահատականդ բարձրանում է, լիքը ավելորդ ու անպիտան բաներ վրայիցդ ինքնաբերաբար պոկվում-թափվում են: Եթե նախկինում դրանք հեռացնելու համար հատուկ «վիրահատական» միջամտություն էր պետք, որի հետևանքով դեռ երկար ժամանակ էլ պիտի ցավից տառապեիր, ապա էս դեպքում դու հատուկ որևէ բան անելու կարիք չունես, օրգանիզմդ արդեն էնքան ուժեղ ու գործուն է, որ ինքն է հոգում դրա մասին` հեռացնելով այն, ինչը քեզ պետք չի ու միայն խանգարում է: Երբեմն նույնիսկ զարմանում ես, որ էդ պրոցեսը, փաստորեն, կարող է էդքան անցավ լինել:

Ամբողջ կյանքում ինքնագնահատականիդ հատակի տիղմի մեջ թփրտալուց հետո հաճելի է վերջապես վերևում լինելը. պարզվում է` լիքը բաներ բոլորովին ուրիշ տեսք ունեն:

Ուլուանա
19.02.2021, 00:06
Վերջերս մեր տան մոտակայքում առատ ձնից մի ահագին մեծ սար էր գոյացել, որը մի քիչ Արարատ լեռն էր հիշեցնում: Ինչքան ժամանակ էր` ուզում էի էդ սարը մի քիչ տաշտշելով ավելի արարատացնել, բայց եղանակն ահագին ցուրտ էր, ձյունն էլ` սառած ու պինդ, ոչ մի կերպ չէր հաջողվում էդ ձյան հետ մի բան անել: Բայց էս անգամ, երբ զբոսանքի էինք դուրս եկել, բավական տաք էր, ձյունն ահագին փափկել էր, ես էլ մտածեցի, որ իսկը ժամանակն է մեր Սիսն ու Մասիսը տեղը-տեղին քանդակելու:

Միանգամից գործի անցա: Սիսի ու Մասիսի արանքը մի քիչ տաշեցի, խորությունը մեծացրի, «Սիսի» գագաթը մի քիչ ավելի սրածայր դարձրի, «Մասիսինն» էլ մի քիչ ձևափոխեցի, որ ավելի Մասիս դառնա: Կողքերից էլ տեղ-տեղ ինչ-որ ավելորդ մասեր կամ տաշեցի-հարթեցրի, կամ էլ հակառակը` որոշ մասերից ձյան մեծ կտորներ պոկելով ու այլ մասերին կպցնելով` դզմզեցի, դարձրի համարյա իսկական Սիս և Մասիս: Որ ձեռքերս լրիվ սառած չլինեին, էլի կդզմզեի, բայց էսքանի ձգեցի (ձեռնոցներս էլ արդեն կեսից լրիվ թրջվել էին, Վազգենի ձեռնոցներն էի հագել կեսից, բայց դե վերջում լավ սառել էին ձեռքերս): Գիտեմ, որ իդեալական չի ստացվել ամեն դեպքում, բայց հուսով եմ` նայելիս Արարատի հետ ասոցիացիան առկա է:

Էդ ընթացքում Դավիթը սարի շուրջը խաղում էր, մի երկու անգամ փորձեց մագլցել, Արեգը մեկումեջ բարձրանում-իջնում էր, երբեմն էլ ներքևից` մի քիչ հեռու կանգնած հուշումներ էր անում և այլն: Վազգենն էլ անհամբեր սպասում էր, թե երբ եմ վերջացնելու, որ վերջապես տուն գնանք: Ինձ էլ հա՛ թվում էր, թե, այ, էսինչ մասն էլ դզմզեմ, արդեն կավարտեմ ու կգնանք, բայց ամեն անգամ նորանոր մասեր էի հայտնաբերում, որ դզելու կարիք ունեին: Մոտ կես ժամ քանդակելով էի զբաղված, վերջում էլ լրիվ քրտնքի մեջ կորել էի: Ահագին ժրաջան էի աշխատել, փաստորեն: Կողքից էլ անցորդները զարմացած ինձ էին նայում, երևի մտածում էին` տեսնես` ո՞վ ա էս գիժը, որ թառել ա ձնակույտի գլխին ու եռանդագին մեկ տաշտշում ա, մեկ ինչ-որ ձյան կտորներ ա ծեփում էստեղ-էնտեղ, մեկ թափով իջնում ա սարից ու հեռվից նայում, մեկ էլ թափով բարձրանում: :D Մի խոսքով` որ կողքից պատկերացնում, զգում եմ, որ պիտի որ ահագին տարօրինակ տեսարան լիներ: Կարևորը` մեր ձնե սարն, ի տարբերություն իսկական Արարատի, ոչ մեկի սեփականությունը չէր, էնպես որ, ինչքան էլ տարօրինակ տեսարան լիներ, բողոքի պատճառ չկար կարծես:

Մտածում եմ` կարելի էր արվեստի ինստալացիայի տեղ անցկացնել. ասենք, վրան էսպիսի ցուցանակ կպցնել. «Mount Ararat. Artists: Mother nature & Anahit Ulubabyan»: :)) Թող ամերիկացիները գնային գուգլեին, պարզեին, թե ինչ է Mount Ararat-ը, եթե չգիտեն:

Էս էլ մեր Սիսն ու Մասիսը. :roll

https://i.postimg.cc/prdY47Nz/IMG-20210216-140305597-HDR-2.jpg (https://postimages.org/)

Ուլուանա
18.03.2021, 19:33
Երբ ինքնագնահատականդ բարձրանում է, լիքը ավելորդ ու անպիտան բաներ վրայիցդ ինքնաբերաբար պոկվում-թափվում են: Եթե նախկինում դրանք հեռացնելու համար հատուկ «վիրահատական» միջամտություն էր պետք, որի հետևանքով դեռ երկար ժամանակ էլ պիտի ցավից տառապեիր, ապա էս դեպքում դու հատուկ որևէ բան անելու կարիք չունես, օրգանիզմդ արդեն էնքան ուժեղ ու գործուն է, որ ինքն է հոգում դրա մասին` հեռացնելով այն, ինչը քեզ պետք չի ու միայն խանգարում է: Երբեմն նույնիսկ զարմանում ես, որ էդ պրոցեսը, փաստորեն, կարող է էդքան անցավ լինել:

Ամբողջ կյանքում ինքնագնահատականիդ հատակի տիղմի մեջ թփրտալուց հետո հաճելի է վերջապես վերևում լինելը. պարզվում է` լիքը բաներ բոլորովին ուրիշ տեսք ունեն:
Էս թեմայով ասելիքս շատ է, ուզում եմ ավելի հանգամանալից ու ծավալուն գրել:

Թվում է՝ ինքդ քեզ սիրելը պիտի ամենաբնական ու ինքնին ենթադրվող բանը լիներ, բայց, արի ու տես, որ իրականում բոլորովին էլ էդպես չի։ Էս միտքը գուցե անհեթեթ թվա էն մարդկանց, որոնք ի սկզբանե միշտ սիրել են իրենց, բարձր ինքնագնահատական են ունեցել, ու չեն էլ պատկերացնում, որ այլ կերպ կարող է լինել։ Բայց ըստ իմ դիտարկումների՝ մարդկանց մեծ մասն իրականում ինքն իրեն չի սիրում, պարզապես քչերն են, որ գիտակցում են դա։ Երբ դեռևս վաղ տարիքից երկար տարիներով ինքդ քեզ չես սիրել, դրան հասնելը որոշակի ջանքեր, ինքնաճանաչում ու փորձառություն է պահանջում, հաճախ՝ դառը փորձառություն, բայց՝ արդյունքին լրիվ արժանի։

Որքան շատ ես ինքդ քեզ սիրում, էնքան ավելի քիչ ես կախված լինում ուրիշների սիրուց ու գնահատականներից։ Իհարկե, մարդ միշտ էլ կարիք ունի նաև ուրիշների կողմից սիրված ու գնահատված լինելու, բայց ինքդ քեզ սիրելու դեպքում էդ կարիքը զգալիորեն պակասում է, այլևս հիվանդագին չի լինում։ Ընդ որում՝ ինքդ քեզ սիրելը ոչ միայն կապ չունի էգոիզմի հետ, այլև դրա ճիշտ հակառակն է, քանի որ էգոիզմը, չնայած արտաքին թաղանթին, իրականում հենց ինքդ քեզ չսիրելու, ընդհանուր առմամբ սիրված չլինելու (չզգալու) հետևանք է։ Իհարկե, ինքդ քեզ չսիրելը ոչ միշտ է էգոիստական դրսևորումներ ունենում, հաճախ՝ նույնիսկ հակառակը. կարող է քեզ կոտորելով ուրիշներին անվերջ գոհացնելու, սատարելու հիվանդագին ձգտման տեսքով դրսևորվել, բայց երկու դեպքում էլ նպատակը նույնն է՝ ուրիշների միջոցով (մի դեպքում՝ օգտագործելով, մյուս դեպքում՝ օգտագործՎելով) լցնել ներսումդ եղած էն դատարկությունը, որ սիրո պակասից է գոյացել։ Երկուս դրսևորումներն էլ անառողջ են ու գլոբալ առումով վնասակար: Էդ դեպքում գործ ես ունենում մի «անտակ» հորի հետ, որը նշված միջոցներով լցնելն ուղղակի անհնար է. այն միայն ինքդ քո նկատմամբ իրական, առողջ սիրով կարող ես լցնել։ Մնացած միջոցները միայն ժամանակավորապես կարող են լցված լինելու պատրանք ստեղծել։

Երբ սկսում ես ինքդ քեզ սիրել, հայտնաբերում ես, որ շատ հակումներ, նախասիրություններ, տեսակետներ, սովորություններ, որ ամբողջ կյանքում վերագրել ես քո էությանը, անգամ քո տիպիկ, առանցքային հատկանիշներից ես համարել, իրականում կապ չունեն քո էության հետ, այլ ընդամենը տարիներով կարծրացած վախերի, բարդույթների, տրավմաների հետևանք են, որ տարիներ շարունակ պարազիտի պես կպած են եղել էությանդ՝ ստիպելով քեզ մտածել, թե էությանդ անքակտելի մասն են (ընդ որում՝ դրանք կարող են լինել ինչպես բացասական, էնպես էլ արտաքինից դրական հակումներ)։ Բազմաթիվ միֆեր են ցրվում էս պրոցեսում, ու դու առաջին անգամ դեմ առ դեմ ես կանգնում քո իրական, մերկ եսի հետ, սկսում ես հետաքրքրությամբ տնտղել նրան բոլոր կողմերից, ուսումնասիրել ամեն միլիմետրը, բոլոր ծակուծուկերը ու սիրել նրան էնպիսին, ինչպիսին կա՝ առանց պաճուճանքի, առանց պայմանականությունների։

Երբ սկսում ես սիրել ինքդ քեզ, սովորում ես նաև մարդկանց բաց թողնել անհրաժեշտության դեպքում, երբ գիտակցում ես, որ ձեր շփման «պիտանելիության ժամկետը» սպառվել է, մինչդեռ ինքդ քեզ չսիրելու դեպքում հուսահատ կառչում ես մարդկանցից, հարաբերություններից ու փորձում ամեն գնով պահել, պահպանել դրանք՝ անկախ նրանից, թե որքան տոքսիկ են, որքանով են քայքայում քեզ և/կամ դիմացինիդ։

Երբ սկսում ես սիրել ինքդ քեզ, ուրիշների նկատմամբ սերդ էլ է ավելի առողջ ու իրական դառնում։ Ու ընդհանրապես քո նկատմամբ սերը բնականորեն տարածվում է նաև ուրիշների վրա, սկսում ես քեզ ընկալել որպես ամբողջ տիեզերքի մաս` մյուսներին հավասար` ոչ ավելի լավը, ոչ ավելի վատը, պարզապես զարգացման անվերջ ուղու էս կամ էն աստիճանին հասած` մեկից մի քիչ հետ, մյուսից մի քիչ առաջ: էդ դեպքում սկսում ես ինքդ քո մասին հոգալ ու խնամել քեզ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես ճիշտ էնպես, ինչպես կխնամես երեխայիդ կամ կենդանուդ, կամ ուղղակի քո խնամքին եղած որևէ մեկին, ով դրա կարիքն ունի: Ի վերջո, մենք էլ ենք մեր խնամքին հանձնված բավական վաղ տարիքից, սկզբում` ավելի քիչ, քանի որ դա մեծ մասամբ ծնողներն են անում, հետո` ավելի շատ, բայց դրա գիտակցումը պիտի հենց սկզբից լինի: Քանի դեռ ինքներս մեր նկատմամբ հոգատար չենք, չենք կարող ակնկալել, որ ուրիշները լինեն:

Իրեն սիրող, իր մասին հոգացող մարդն իրականում ավելի շատ է կարողանում նաև ուրիշների մասին հոգալ, ուրիշներին օգնել: Պիտի ունենաս, որ տաս, հակառակ դեպքում մի օր կսպառվես: Ցավոք, ինքդ քեզ սիրելու անհրաժեշտության գիտակցումը շատ դեպքերում գալիս է հենց էդպիսի սպառման արդյունքում, երբ հասնում ես մի կետի, որից էն կողմ այլևս հնարավոր չի գոյատևել առանց ինքդ քեզ սիրելու, քո մասին հոգալու: Բացի դրանից, ինքդ քեզ սիրելու դեպքում ուրիշներին սիրելն ու նրանց մասին հոգալն էլ է ավելի բալանսավորված լինում, հակառակ դեպքում մշտապես անառողջ սևեռումներ են լինում` էներգիայի, ժամանակի ու ջանքերի կուտակումներ որոշ տեղերում և դրանց իսպառ բացակայություն կամ ոչ բավարար առկայություն` այլ տեղերում:

Ինքդ քեզ սիրելու դեպքում ինքնաբերաբար սկսում ես նաև որոշակի սահմաններ դնել, որոնք հատել թույլ չես տալիս ո՛չ քեզ, ո՛չ ուրիշներին։ Եթե էդ հարցում ինքդ քեզ «արտոնություններ» տաս, բալանսն անխուսափելիորեն կխախտվի: Սկսում ես չհանդուրժել ու մերժել քեզ քայքայող, լիաթոք շնչելդ կասեցնող ամեն ինչ` մտածելակերպ, ապրելակերպ, սովորություններ, նաև մարդկանց: Ինքնապահպանման բնազդդ ուժեղանում է ու մերժում դրան խանգարող ամեն ինչ:

Կյանքը բոլորովին ուրիշ գույներով ու կերպարանքով է երևում, երբ սկսում ես ինքդ քեզ սիրել:

Ուլուանա
10.04.2021, 20:11
Ստեղծագործական աշխատանքը լրացուցիչ դրական լիցքերի, երջանկության աղբյուր է: Ու էն մարդիկ, որոնց կյանքում որևէ կերպ ստեղծագործելն իսպառ բացակայում է, իրականում մեծ բանից են զրկված, պարզապես չգիտեն այդ մասին, քանի որ իմանալու միակ ձևը ստեղծագործական պրոցեսի մեջ մտնելն է` առանց արդյունքի մասին մտահոգվելու: Եթե չես ստեղծագործում, նշանակում է` քո կյանքում գույներն ավելի քիչ են, կյանքդ պակաս բազմազան է ու պակաս հետաքրքիր: Եթե մարդիկ իմանային, թե ինչ են կորցնում ստեղծագործական աշխատանքից հեռու մնալով, համոզված եմ` բոլորն էլ այս կամ այն կերպ կփորձեին ստեղծագործել: Իսկ փորձելն այս դեպքում արդեն իսկ ստեղծագործել է նշանակում` անկախ արդյունքից:

Ստեղծագործելու հետ կապված մի շատ թյուր պատկերացում կա, որ շատերին թույլ չի տալիս նույնիսկ փորձել: Շատերը կարծում են, թե ստեղծագործելը միայն հատուկ մարդկանց մենաշնորհն է, ու որ դրա համար պետք է հատուկ տաղանդ ունենալ, նաև շատերը համոզված են, որ այդ տաղանդը պիտի միշտ ինքնիրեն դրսևորվի, ու եթե իրենց դեպքում բացահայտ կերպով չի դրսևորվել, ուրեմն իրենք անտաղանդ են, ստեղծագործելն իրենց բանը չի, հետևաբար իմաստ չունի փորձելը: Իսկ իրականում ստեղծագործել կարող է ցանկացած մարդ, ով դրա ցանկությունն ունի: Ստեղծագործելու համար բոլորովին պարտադիր չի ակնառու տաղանդ ունենալ, ինչպես նաև պարտադիր չի հանրահայտ արվեստագետ դառնալու նպատակ ունենալ: Կարելի է նաև ստեղծագործել պարզապես հաճույքի համար` պրոցեսից դրական լիցքեր ստանալու, առնվազն սկսել այդ մտադրությամբ, բայց պրոցեսի մեջ լիարժեք ընկղմվելու դեպքում արդյունքն էլ անխուսափելիորեն կլինի: Գուցե ոչ միանգամից, գուցե ոչ շատ հեշտությամբ, բայց հաստատ կգա ինչ-որ պահ, երբ այն ձեզ կգոհացնի: Իսկ մինչ այդ պահը պրոցեսը միշտ կա ու կա:

Ես ընդհանրապես համարում եմ, որ ստեղծագործելու մեջ ամենակարևորը ցանկությունն է, եռանդը, ինչ-որ գեղեցիկ, արժեքավոր բան ստեղծելու ձգտումը, երբեմն` մարմաջը, ու եթե դա կա, մնացածին կարելի է հասնել ընթացքում: Երևակայությունն էլ, իհարկե, մեծ դեր ունի, ու փաստ է, որ որոշ մարդիկ ծնվում են վառ երևակայությամբ, բայց նույնիսկ եթե մարդ չունի բնածին վառ երևակայություն, այն հաստատ կարելի է զարգացնել հենց ստեղծագործական պրոցեսի ընթացքում, կարևորը` ցանկություն լինի: Սրանում համոզվելու համար ընդամենը փորձել է պետք: Իսկ տաղանդը զգալի չափով պրակտիկայի արդյունք է: Չեմ ասում` ամբողջությամբ, բայց պրակտիկան հաստատ ահռելի դեր ունի: Այն, ինչ շատերին զուտ բնածին շնորհ է թվում, շատ դեպքերում զգալի չափով լուրջ ու հետևողական աշխատանքի, անդադար պրպտումների արդյունք է:

Ստեղծագործելը նաև ինքնաճանաչման, ինքնաբացահայտման յուրօրինակ գործիք է: Ըստ իս` դա ամենավառը դրսևորվում է կերպարվեստի ամենատարբեր ճյուղերի, հատկապես` նկարչության ու հատկապես աբստրակտ գեղանկարչության մեջ, բայց ընդհանուր առմամբ ցանկացած ստեղծագործական պրոցես էլ էս կամ էն չափով ապահովում է էդ բացահայտումը: Պարզապես, իմ համեստ կարծիքով, մտքի (երևակայության) և ձեռքերի համագործակցությունը լրացուցիչ դրական էֆեկտ է ապահովում, որն արվեստի այլ ճյուղերի դեպքում առկա չէ:

Բազմաթիվ վախեր, բարդույթներ, ներքին կապանքներ կարելի է բացահայտել ստեղծագործական պրոցեսի ընթացքում: Որքան ազատ ես ներքուստ, այնքան էլ ազատ ես ստեղծագործելու մեջ: Դու կարող ես քո անազատության կամ ազատության աստիճանի մասին որոշակի պատկերացումներ ունենալ, բայց ստեղծագործական պրոցեսի ընթացքում նոր ներքին կապանքներ, սահմանափակումներ բացահայտել, որոնց մասին չէիր էլ կասկածում: Այլ կերպ ասած` էդ պրոցեսում կարող ես դեմ առնել քո ներքին կապանքներին, հենց տեղում նկատել, զգալ, թե դրանք ոնց ու որքանով են քեզ խանգարում ստեղծագործական աշխատանքում, ինչպես նաև գիտակցել, որ նույն կերպ խանգարում են նաև կյանքում: Այդ երկուսն իրականում խիստ փոխկապակցված են, ու դրանցից մեկում կապանքները կոտրելը, վախերը հաղթահարելը կարող է ավտոմատ նույն արդյունքն ապահովել նաև մյուսում: Պարզապես ստեղծագործական պրոցեսում դա անելն ավելի հեշտ է, քանի որ հետևանքների մասին անհանգստանալու կարիք չկա էնպես, ինչպես կյանքում: Այս դեպքում ավելի հեշտությամբ կարող ես քեզ թույլ տալ համարձակ լինել, դուրս գալ քո հարմարավետության գոտուց ու դեռևս չփորձած, նոր մոտեցումներ կիրառել, փորձարկել: Էս ամենն իրականում մի հսկայական, ամենաընդգրկուն աշխարհ է, որը մի քանի բառով նկարագրել հնարավոր չի: Միայն անձամբ մեջը մտնելով կարելի է լիարժեք պատկերացնել:

Դրա համար ես իմ բոլոր ընկերներին, ծանոթներին ամեն հարմար առիթի դեպքում փորձում եմ դրդել ստեղծագործելու: Բոլորի շրջապատում էլ հաստատ կլինեն մարդիկ, որոնք զբաղվում են այս կամ այն ստեղծագործական աշխատանքով` լինի նկարչություն, ասեղնագործություն, կավագործություն, մաքրամե, թե այլ բան: Միշտ կարելի է ինչ-որ մեկից հարցնելով, հետաքրքրվելով` ինչ-որ բանից սկսել, կամ, եթե էդպիսի հարմար մեկը չկա, ինտերնետն էլ հո հասանելի է, կարևորը սկսելն է, իսկ մեր դարում, երբ ամեն ինչի մասին ինֆորմացիան առատորեն լցված է համացանցում, շատ բաներից կարելի է լրիվ ինքնուրույն էլ գլուխ հանել:

Ուլուանա
26.06.2021, 22:59
Առավոտյան վազքն ինձ վրա մի արտասովոր մոգական ազդեցություն է ունենում: 15 րոպե վազում եմ, որից հետո մի 15 րոպե էլ ուղղակի քայլում եմ: Վազքից անմիջապես հետո մի աննկարագրելի ազատության, ինքնավստահության ու ամենազորության զգացողություն է համակում. քայլում եմ, ու էնպիսի զգացողություն է, կարծես աշխարհն իմը լինի: Էդ առումով վազքին հաջորդող զբոսանքն օրվա ամենահաճելի պահերից մեկն է ինձ համար: Բացի դրանից, վազքը նաև օրվա լավ սկիզբ է ապահովում, լիքը էներգիա ու կենսունակություն:

Երբ նոր էի սկսել վազել, չնայած նրան, որ արդեն ուղիղ մի տարի հետևողականորեն ամեն օր մարզվում էի, ու ինձ թվում էր` բավական լավ մարզավիճակում եմ, պարզվեց` ընդամենը երկու րոպե վազելուց հետո համ ոտքերս էին ահավոր հոգնում, համ էլ շունչս էր փչում, դրանից ավելի չէի ձգում միանգամից: Էդտեղ հասկացա, որ ինչքան էլ որ մարզվել եմ, կարդիոյի հարցում որոշակիորեն թերացել եմ, իսկ ոտքերիս մկանները միշտ էլ թույլ են եղել, քանի որ մինչև վերջին մոտ մի տարին, ինչ ինձ հիշում եմ, միշտ էլ նստակյաց, պասիվ կյանք եմ վարել: Մի տարվա կանոնավոր մարզումներն, իհարկե, զգալի դրական ազդեցություն ունեցել էին ամենատարբեր առումներով, բայց, փաստորեն, դա դեռ բավարար չէր: Էդպես սկսեցի քիչ-քիչ ավելացնել վազքիս րոպեները: Սկզբում մի երկու-երեք անգամից էի վազում, որ գոնե ընդհանուր օրական մի 7-8 րոպե վազած լինեմ: Հետո սկսեցի համ միանգամից վազելու րոպեներն ավելացնել քիչ-քիչ, համ էլ օրական վազքիս ընդհանուր րոպեները: Մոտ երկու ամիս է, ինչ վազում եմ ամեն օր, բացառությամբ մի քանի օրերի, երբ առավոտյան անձրև էր գալիս: Ներկայումս 15 րոպե անդադար վազում եմ ու ուժասպառ չեմ լինում: Մտադիր եմ մոտ ապագայում մինչև 20 հասցնել: Երևի առայժմ էդքանով կբավարարվեմ, հետո կերևա:

Շրջակայքում մեկ-մեկ հանդիպում եմ այլ վազողների, բայց շատ չէ, մեծ մասամբ ամբողջ ընթացքում ուրիշ ոչ մի վազողի չեմ հանդիպում, հատկապես եթե վաղ ժամերի եմ գնում վազելու: Վազողների մեծ մասն ավելի ուշ ժամերի է դուրս գալիս, երբ ես արդեն Դավթի հետ դուրս եմ գալիս զբոսնելու:

Ուլուանա
08.07.2021, 20:13
Մի երկու օր առաջ Facebook-ում էջ եմ բացել` աշխատանքներս ներկայացնելու համար: Մտածեցի` էստեղ էլ գրեմ, գուցե մարդիկ լինեն, որ ուզենան հետևել. :) Uluana Creations (https://www.facebook.com/Uluana-Creactions-102481082109718)

Ուլուանա
08.08.2021, 05:22
Էլի ուզում եմ խոսել մարզանքի, ֆիզիկական ակտիվության հրաշագործ ազդեցության մասին: Իսկ ով ձանձրանում է էս թեմայից, միշտ էլ ազատ է չկարդալ :): Քանի որ ինքս ինձ վրա հստակ տեսնում եմ մարզանքի, ֆիզիկական ակտիվության դրական ազդեցությունը, ուզում եմ ուրիշներին էլ ոգեշնչել, որ զբաղվեն իրենցով ու իրենց կյանքի որակը բարձրացնեն: Դրական փորձն ուրիշների հետ կիսելու ցանկություն միշտ լինում է:

Ուզում եմ մի քիչ պատմել, թե ինչպիսին էի ես, երբ դեռ ֆիզիկապես ակտիվ չէի, չէի մարզվում, չէի քայլում, չէի վազում ու օրվա հիմնական մասը նստած էի անցկացնում, և ինչպիսին եմ հիմա:

Դեռ երեխա ժամանակվանից, ինչ ինձ հիշում եմ, միշտ էլ ընդհանուր առմամբ թույլ եմ եղել, անէներգիա, շուտ հոգնող: Ընդհանրապես որևէ տեղ գնալը` անկախ նրանից, թե էդ ընթացքում ինչով էի զբաղվում, անկախ նրանից` երկու ժամ էր տևում, թե վեց ժամ, հերիք էր, որ լրիվ ուժասպառ լինեի ու էդ օրն այլևս որևէ լուրջ գործով զբաղվելու ի վիճակի չլինեի: Իհարկե, երբ խիստ անհրաժեշտ է, միշտ էլ հնարավոր է քեզ ստիպելով, տանջվելով անել որոշ գործեր, բայց հարցն էլ հենց այն է, թե ինչ գնով, ինչ վիճակով ես դա անում: Ոչ միայն հյուր գնալը, այլև հյուրեր ընդունելն էլ նույն` ուժասպառ անող ազդեցությունն էին ունենում` անկախ նրանից, թե ինչքանով էր ինձ համար տվյալ մարդկանց հետ ժամանակ անցկացնելը հաճելի ու հետաքրքիր: Ամեն դեպքում վերջում ուժասպառ էի լինում, ու հյուրերից հետո հավաքել-մաքրել-լվանալն էլ եթե անում էի, ապա ուժերի գերլարումով, կամ էլ ի վիճակի չլինելով` թողնում էի առավոտյան:

Ես կարող էի մոտ 6 ժամ, երբեմն` դրանից էլ շատ, անընդմեջ նստել, եթե վեր կենալու հատուկ անհրաժեշտություն չլիներ: Ու, բնականաբար, ինչքան նստում էի, էնքան չէի ուզում տեղիցս վեր կենալ, էնքան ավելի դժվար ու հոգնեցուցիչ էր դառնում շարժվելը: Ընդհանրապես որևէ տեղից տեղ գնալն ինձ համար միշտ էլ նեղություն, անհարմարություն է եղել, ճիշտ է, կախված տարածությունից` մեծ կամ փոքր, բայց ամեն դեպքում նեղություն ու անհարմարություն: Բացի ընդհանուր էներգիայի պակասից, նաև ոտքերս էին շատ թույլ. մի քիչ ծանրաբեռնվածություն, ու ոտքերիս ցավն ու դրանից հետո շարժվելը շարունակելու դժմակությունը պատրաստ էր:

Ես էլ միշտ մտածում էի` դե հիմա ես էլ էսպիսին եմ` թույլ, անէներգիա, պասիվ, ուղղակի տեսակս է էսպիսին, ի՞նչ կարող եմ անել: Բայց պարզվեց` բոլորովին էլ ոչ:
Մարզվել ու հատկապես քայլել ու վազել սկսելուց հետո լուրջ դրական փոփոխություններ եղան իմ մարզավիճակում: Բացի նրանից, որ ոտքերիս մկանները նախկինի համեմատ զգալիորեն ամրացել են (թեև դեռ ահագին զարգանալու տեղ ունեն), նաև էներգիաս է ահռելի չափով ավելացել: Հիմա ես շատ հազվադեպ եմ հոգնում: Կարող եմ ամբողջ օրը ակտիվ լինել, տարբեր գործեր անել, տեղեր գնալ, ահագին ոտքի վրա լինել, քայլել, ու էդքանից հետո երեկոյան ինձ բավական առույգ ու էներգիայով լի զգալ: Եթե դեռևս երկու տարի առաջ ինձ ասեին, որ իմ դեպքում հնարավոր է ֆիզիկական վիճակի էսպիսի փոփոխություն, հաստատ չէի հավատա:

Հիմա, երբ օրգանիզմս արդեն սովոր է ֆիզիկական ակտիվությանը, նույնիսկ մի ժամ նստելուց հետո ակամա վեր կենալու ու շարժվելու պահանջ եմ զգում: Երկար նստած վիճակն արդեն դիսկոմֆորտ է առաջացնում, մարմինս այլևս չի ընդունում էդ վիճակը որպես նորմալ, մինչդեռ նախկինում իմ նորմալ վիճակը հենց նստածն էր:
Ու, փաստորեն, ես հիմա` 40 տարեկանում, ավելի առույգ ու էներգիայով լի եմ, քան նախկինում երբևէ եղել եմ` մանկությանս ու պատանեկությանս տարիներն էլ ներառյալ:
Ընդհանրապես մեր օրգանիզմը շատ ճկուն համակարգ է ու ընդունակ է սովորելու ցանկացած վիճակի` առողջ թե անառողջ, ու որոշ ժամանակ անց ընդունելու այն որպես նորմալ, ու մեր խնդիրն այն է, որ փորձենք առողջը մատուցել ու ամրապնդել որպես նորմալ: Նաև չմոռանանք, որ տարիքի հետ գնալով ավելի բարդ է դառնում օրգանիզմի հետ համագործակցելը, թեև էլի հնարավոր է, կարևորը` ցանկություն ու պատրաստակամություն լինի:

Ուլուանա
21.09.2021, 06:14
Երբ սովորում ես նկատել, արդեն ինքնաբերաբար ու լիարժեք՝ կայուն կերպով գնահատել կյանքումդ եղած ամեն դրականը, շնորհակալ լինել, ավելի ճիշտ՝ շնորհակալ ԶԳԱԼ էդ ամբողջ դրականի համար, սկսում ես նաև շնորհակալ զգալ քեզ հետ վատ վարված, քեզ ցավ պատճառած մարդկանց, որովհետև գիտակցում ես, թե քեզ հետ էդպես վարվելով՝ իրականում ինչքան բան են տվել քեզ, նույնիսկ եթե «փաստացի» խլել են։ Սկսում ես գիտակցել, թե ինչքան բաներ դու չէիր հասկանա, չէիր բացահայտի ինքդ քո ու աշխարհի մասին, ինչքան նոր ու անիմանալի հնարավորություններ չէին բացվի քո առաջ, եթե տվյալ մարդը կամ մարդիկ քեզ հետ այդպես չվարվեին։ Էդպես կարելի է նույնիսկ նախկինում ամենաատելի մարդու նկատմամբ անսահման անկեղծ շնորհակալության զգացումով լցվել: Իսկ դա ուղղակի աննման զգացում է:

Սա, իհարկե, կարող է միանգամայն անհեթեթ ու անընդունելի հնչել, եթե կյանքումդ ամենուր դրականը նկատելու ու գնահատելու հմտությանը դեռևս անհրաժեշտ չափով չես տիրապետում, բայց դրան հասնելուց հետո կյանքը լրիվ այլ լույսի տակ ես տեսնում ու ընկալում։ Ու միակ ափսոսանքդ էդ դեպքում մնում է այն, որ ավելի շուտ չես եկել էդ գիտակցմանը: Բայց մյուս կողմից էլ էս կյանքում ամեն ինչ լինում է ճիշտ ժամանակին, պարզապես մենք ոչ միշտ ենք ի վիճակի լինում դա գիտակցելու:

Ուլուանա
09.11.2021, 02:45
Հետաքրքիր է, որ երբեմն չենք գիտակցում, թե ինչքան մարդիկ են մեզ կողքից հեռակա ճանաչում: Մեզ հաճախ թվում է, թե միայն մենք ենք տեսնում, նկատում, ուսումնասիրում անծանոթ մարդկանց, մտածում ու ենթադրություններ անում նրանց մասին:

Մի երկու ամիս առաջ, երբ հերթական առավոտվա վազքս ավարտել ու արդեն քայլելու գործին էի անցել, մի կին, որի տան կողքով անցնում էի էդ պահին, ժպտալով ասեց` Դուք էն վազող աղջիկն եք, չէ՞, միշտ տեսնում եմ Ձեզ: Ասեցի` հա, վազում եմ: Ասեց` էստեղ` չգիտեմ որտեղ, շուտով մարաթոն է լինելու, կարո՞ղ է` Դուք էլ եք մասնակցում: Ասեցի` չէ, ես դեռ էդքան փորձառու վազող չեմ, ուղղակի ինձ համար` որպես վարժանք, վազում եմ: Ասեց` բայց որ հանկարծ մասնակցելու լինեք, ինձ ասեք, հա՞, ես այ էս տանն եմ ապրում: Ասեցի` լավ: :)))

Էսպես պարբերաբար տարբեր մարդիկ ինձ ասում են, որ միշտ ինձ տեսնում են մոտակայքում վազելիս կամ քայլելիս:
Էսօր էլ, երբ քայլում էի, մի մարդ մոտեցավ, ջերմ բարևեց, ասում է. «Ես ու կինս Ձեզ միշտ տեսնում ենք էստեղով քայլելիս, միշտ հիանում ենք Ձեր էդ վճռականությամբ` կանոնավոր կերպով քայլելու սովորությամբ, կնոջս ասում եմ` տեսնու՞մ ես` ոնց է ամեն օր, առանց բացառության, պարտաճանաչ քայլում: Գիտե՞ք, էնքան ոգեշնչող է. մենք էլ ենք փորձում հնարավորինս շատ քայլել, մարզվել»: Ասեցի` հա, ու ֆիզիկական ակտիվությունը շատ լավ է ազդում թե՛ ֆիզիկականիս, թե՛ հոգեկանիս վրա: Ասեց` հա՜, ես էլ եմ նկատել, որ երբ մարզվում եմ, ահռելի մեծ տարբերություն եմ զգում և՛ էմոցիոնալ, և՛ ֆիզիկական առումով: Պարզվեց` Իրանից է, ու որ իմացավ` ես էլ հայ եմ, ահագին ուրախացավ: Ասեց, որ շատ հայերի է ճանաչում, Իրանում էլ շատ հայեր կան, ու շատ լավ մարդիկ են: Ասեց` սպասեք, կնոջս կանչեմ, ծանոթացնեմ Ձեզ հետ, շատ կուրախանա: Կանչեց, ծանոթացանք: Անունս իմանալով` ասեց, որ իր զարմուհու անունն էլ Անահիտա է: Դե, չզարմացա` հաշվի առնելով, որ Անահիտ անունը պարսկական ծագում ունի: Ընթացքում էլ, վերջում էլ մի քանի անգամ ասեց` երբ ցանկանաք կամ մի բան պետք լինի, էս է մեր տունը, համեցեք մեր տուն: )))

Ուրիշներին ոգեշնչելը ամենահաճելի զգացողություններից մեկն է:

Ուլուանա
05.12.2021, 20:27
Էնքան հաճելի է տեսնել, որ տարիների հետևողական աշխատանքդ արդյունք է տվել:

Դավիթը մանկապարտեզ է գնում, հիմա անգլերեն սովորելու ինտենսիվ շրջան է ապրում ու, բնականաբար, սովորածը փորձում է նաև տանը կիրառել, իսկ մեր տանը անգլերեն խոսելը միշտ արգելված է եղել: Վերջերս երբեմն ինչ-որ բաներ փորձում է անգլերեն ասել, բայց մինչ մենք կհասցնենք մի բան ասել, Արեգն է լուրջ ու խիստ տոնով սաստում. «Դավո՛ւ, անգլերեն մի՛ խոսի, հայերե՛ն ասա», ու երբեք չի պատասխանում Դավթի անգլերեն ասածներին:

Իսկ մարդիկ կողքից միշտ ասում էին, որ սա հնարավոր չի: Սկզբում ասում էին` այ, հեսա Արեգը որ գնա մանկապարտեզ, անգլերեն սովորի, արդեն կսկսի ձեզ հետ էլ անգլերեն խոսել, էդպես անգլերենը կդառնա ձեր խոսելու հիմնական լեզուն, էլ ոչինչ չեք կարողանա անել, միշտ էլ էդպես է լինում: Բայց մեր դեպքում Էդպես չեղավ, քանի որ հենց սկզբից մենք որդեգրեցինք «Մենք անգլերեն չենք հասկանում» մոտեցումը, որը շատ արդյունավետ դուրս եկավ. Արեգն ինչ-որ պահից հասկացավ, որ իմաստ չունի մեզ անգլերեն որևէ բան ասելը, մեկ է, չենք պատասխանելու: Առաջին մի երկու տարիներն էդ առումով բավական բարդ էին. անընդհատ պահանջվում էր անգլերենը հետ մղել, որ հայերենի տեղը չգրավի, էն, որ զգում ես` հենց մի քիչ թուլացնես հսկողությունը, հայերենը շատ արագ պատմության գիրկն է անցնելու ու վերածվի ընդամենը մի լեզվի, որը տարրական կենցաղային մակարդակում երեխան հասկանում է, բայց խոսել արդեն դժվարանում է, խոսում է կցկտուր, ակցենտով, բառերի մեծ մասը անգլերեն ասելով: Բայց էդ շրջանը բարեհաջող հաղթահարեցինք: Ու քանի որ բացի հայերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված ամենատարբեր միջոցներ կիրառելուց, նաև հաճախակի զրուցել ենք մեր մայրենին պահպանելու ու ընդհանրապես երկու լեզվի լիարժեք տիրապետելու կարևորության, մեր, իր կյանքում դրա դերի ու նշանակության մասին, ինչ-որ պահից Արեգն արդեն գիտակցաբար հրաժարվեց ընտանիքում անգլերենով որևէ բան ասելու փորձերից, բացառությամբ էն քիչ դեպքերի, երբ կոնկրետ բառի հայերեն համարժեքը չի իմանում կամ էդ պահին դժվարանում է հիշել: Արդեն վերահսկելու կարիք էլ չկա, պահպանման հարցը վերացել է, մնացել է զարգացման հարցը, որը, բնականաբար, անվերջ պրոցես է:

Հետո էլ մարդիկ սկսեցին ասել, թե` այ, հեսա Դավիթն էլ որ գնա մանկապարտեզ, դպրոց, երկուսով կսկսեն իրար հետ անգլերեն խոսել, ու էդ ժամանակ դուք արդեն հաստատ ոչինչ չեք կարողանա անել դրա դեմ: Ես էլ մի պահ արդեն քիչ էր մնում հաշտվեի էդ հավանական սցենարի իրականացման մտքի հետ, բայց, փաստորեն, թերագնահատել էի Արեգին: Արի ու տես, որ երբ մարդն արդեն գիտակցաբար է մոտենում հարցին, շատ էլ հնարավոր է խուսափել շատերի համար անխուսափելի սցենարից: Էնպես որ, երբեք մի մտածեք, թե հնարավոր չի օտար երկրում ապրելով պահպանել երեխաների հայերենը: Ամբողջ հարցն այն է, թե ինչքանով է տվյալ հարցը ձեզ համար կարևոր, որ դրա համար բավականաչափ ժամանակ ու էներգիա հատկացնեք: Մեզ համար շատ կարևոր է եղել և է, ու ամեն ինչ արել ենք էսօրվա արդյունքին հասնելու համար: Ու շարունակում ենք անել: Իհարկե, չգիտենք` հետո ոնց կլինի, բայց ներկայիս արդյունքն արդեն իսկ մեծ ձեռքբերում եմ համարում:

Ուլուանա
10.01.2022, 08:52
Երբ ընդհանուր առմամբ դրականորեն ես տրամադրված կյանքի ու մարդկանց նկատմամբ, երբ գնահատում ես ունեցածդ ու շնորհակալ զգում դրա համար, փորձում շուրջդ հնարավորինս շատ դրականը տեսնել ու դրականի վրա կենտրոնանալ, ինքնըստինքյան սկսում ես ձգել նաև դրական մարդկանց, դրական իրադարձությունների: Կարծես հրաշքի պես կյանքումդ հայտնվում են լիքը դրական, հոգեհարազատ մարդիկ: Կյանքը ցույց է տալիս, որ պարզապես բարի, կարեկից ու օգնող լինելը բավական չի դրա համար, եթե միաժամանակ նաև դժգոհ, փնթփնթան ու ամեն ինչի մեջ նախ և առաջ բացասականը նկատող ու դրա վրա կենտրոնացող ես: Եղել եմ էդպիսին, համոզվել եմ սեփական փորձով, նաև լիքը ուրիշների փորձի մասին գիտեմ` նույնը հաստատող: Էդպես, որպես կանոն, դեպի քեզ ես ձգում նաև լիքը պրոբլեմատիկների ու տոքսիկների, անընդհատ հայտնվում ես պրոբլեմատիկ իրավիճակներում, ամենասովորական բաները, որ, թվում է, պիտի հարթ ու հեշտ ընթանային, քո դեպքում անընդհատ խնդիրներ են առաջացնում, ջանջալանում, ձգձգվում են, ժամանակ ու էներգիա խլում, ու զարմանում ես, թե որ մեղքիդ համար են քեզ անընդհատ պրոբլեմատիկ, տոքսիկ, անշնորհակալ, բարությունդ, ազնվությունդ չարաշահող մարդիկ ռաստ գալիս, ինչու՞ են մարդիկ քեզ միշտ շահագործում, ինչու՞ է քեզ մոտ ամեն հասարակ բան կարծես չեղած տեղից ջանջալանում, պատմություն դառնում: Պարզվում է` «նմանը նմանին է ձգում» ասացվածքը միայն դուր գալու իմաստով չի, որ գործում է, նաև էն իմաստով է ճիշտ, որ երբ ինքդ կյանքի, մարդկանց, ինչու՞ չէ` նաև ինքդ քո նկատմամբ վերաբերմունքի առումով պրոբլեմատիկ ես, միշտ էլ մագնիսի պես ձգելու ես պրոբլեմատիկ մարդկանց ու պրոբլեմատիկ իրավիճակների:

Հիմա արդեն գիտեմ, որ եթե կյանքումս ինչ-որ հարցեր բարդանում են, ջանջալանում են, եթե ինչ-որ անհաջողություն է լինում, ուրեմն իմ ընդհանուր պահվածքից, վերաբերմունքից է, ուրեմն ինչ-որ բանում թերացել եմ, շեղվել եմ, պիտի իմ մեջ փնտրեմ պատճառն ու վերացնեմ: Էդպիսի պահերին շատ բարդ է ընդունելը, որ դու ես ինչ-որ բան սխալ արել, սովորաբար հակված ես մեղավորներին ուրիշների մեջ փնտրելու: Շատ ավելի հեշտ է համարելը, որ քեզնից շատ քիչ բան է կախված, ու էդպես «գլուխդ ազատել»: Իսկ իրականում էնքան բան է մեզնից կախված: Էս մոտեցումը կողքից կարող է հեքիաթ թվալ, բայց երբ մի քիչ խորանում ես ու ուշադրություն դարձնում թե՛ վերաբերմունքիդ ու պահվածքիդ, թե՛ հետդ ու շուրջդ կատարվող ամեն ինչին, վաղ թե ուշ սկսում ես նկատել էդ երկուսի միջև եղած սերտ կապը, օրինաչափությունները, ու համոզվում ես, որ սա հստակ գործող տիեզերական օրենք է, և այն չիմանալը քեզ չի ազատում պատասխանատվությունից: Ով չի հավատում` միշտ էլ կարող է փորձել ու համոզվել:

Ուլուանա
17.01.2022, 18:54
Էսօր մի տեղ ստատուս տեսա էն մասին, որ, իբր, միայնակ կինո ու ռեստորան գնացող մարդն էս կյանքում ամեն ինչ էլ ի վիճակի է անելու, ու մի դեպք հիշեցի հեռավոր ուսանողական տարիներիցս:

4-րդ թե 5-րդ կուրսում էինք: Կուրսեցի մի քանի ընկերուհիներով որոշել էինք կինո գնալ` «Մոսկվա կինոթատրոն»: Ինչ-որ կոնկրետ ֆիլմ չէինք նախատեսում նայել: Պարզապես դասերի ավարտից հետո պայմանավորվեցինք, որ կգնանք տուն ու որոշ ժամանակ անց կոնկրետ ժամի կլինենք մեր բուհի` Բրյուսովի գլխավոր մուտքի դիմաց, էնտեղից միասին կշարժվենք դեպի կինո «Մոսկվա»: Էդպես գնացի տուն, որոշ ժամանակ հետո, երբ պատրաստվում էի տնից դուրս գալ, զգացի, որ ուշանում եմ: Բայց դե էդ ժամանակ դեռ բջջային հեռախոսներ չկային, հետևաբար աղջիկներից ոչ մեկին զգուշացնել չէի կարող, տուն զանգելն էլ իմաստ չուներ, քանի որ իմ հաշվարկներով բոլորն արդեն պիտի որ տնից դուրս եկած լինեին: Դե, ի՞նչ կարող էի անել, բացի հնարավորինս արագ պայմանավորված տեղում լինել փորձելուց: Բայց տրանսպորտն էլ թարսի պես հեչ իմ կողմից չեղավ. տեղ հասա ուշացած, պայմանավորված տեղում աղջիկներից ոչ մեկին չգտա ու ենթադրեցի, որ երևի մտածել են` էլ չեմ գա, առանց ինձ գնացել են կինո, հետևաբար պետք է ուղղակի ամեն գնով հետևներից հասցնել: Ու որոշեցի ինչքան հնարավոր է` արագ վազել դեպի «Մոսկվա» կինոթատրոն` հուսալով, որ կամ ճանապարհին, կամ գոնե էնտեղ կհանդիպեմ իրենց:

Կայծակնային արագությամբ սկսեցի սլանալ դեպի կինո «Մոսկվա»: Կյանքումս էդքան երկար ճանապարհ էդպիսի արագությամբ անցած չկայի. բառացիորեն մի երկու րոպեում տեղ էի հասել: Ես էլ էի ինձ վրա զարմացել, թե ոնց կարողացա էդ ամբողջ ճանապարհն անդադար համարյա նույն արագությամբ վազել: :D Երևի կողքից էլ մարդիկ նայում էին ու մտածում, թե ով է էս խելագարը, բայց դե ես կողքերս նայելու ժամանակ չունեի, որ հաստատ իմանայի: Ամեն դեպքում ենթադրում եմ, որ էդպիսի արագությամբ անդադար վազող մարդը պիտի որ շատ տարօրինակ տեսարան լիներ:

Էդպես շնչակտուր մտա կինոթատրոն, առանց հետաքրքրվելու, էդ պահին սկսվող կինոյի տոմսն առա ու մտա` ենթադրելով, որ աղջիկներն արդեն դահլիճում կլինեն: Մտա, տեսնեմ` դահլիճում մի քանի անծանոթ մարդ կա, իսկ աղջիկների հետքն էլ չկա: Բայց դե արդեն տոմսն առել, մտել էի, ի՞նչ պիտի անեի, որոշեցի ամեն դեպքում նստել ու նայել կինոն: Դե հիմա էդպես էլ կպատահի, ի՞նչ կա որ. մի օր էլ կինոթատրոնում մենակ կինո կնայեմ:

Կինոյի վերնագիրն իմացա, երբ արդեն սկսվեց: Billy Elliot ֆիլմն էր, որն, ի դեպ, հետագայում երբևէ ո՛չ ուրիշ առիթով տեսել եմ, ո՛չ էլ դրա մասին ընդհանրապես որևէ մեկից լսել: Ֆիլմը բալետով տարված մի տղայի մասին էր, որի հայրը խիստ դեմ էր նրա` բալետ պարելուն` ելնելով բալետ պարող տղաների մասին կարծրատիպերից: Ֆիլմի սկզբում Բիլլին դպրոցական տղա էր, իսկ վերջում` արդեն երիտասարդ: Չգիտեմ` ուրիշ ժամանակ, ուրիշ իրավիճակում նայելիս ինչ կզգայի, ոնց կգնահատեի էդ ֆիլմը, բայց էդ օրվա կինոդիտումս բացառիկ հաճելի, հուզառատ ու կլանող փորձառություն էր: Մի ուրիշ կարգի կլանված եմ նայել ամբողջ ֆիլմը: Ավարտվելուց հետո էլ էնպիսի առանձնահատուկ դրական զգացողություն ունեի. մի թեթևություն, մի անբացատրելի երջանկության, ազատության զգացողություն:

Դուրս եկա կինոթատրոնից ու էդպես գոհ ու երջանիկ գնացի տուն` մտքումս շնորհակալություն հայտնելով ընկերուհիներիս, որ ինձ էդպիսի բացառիկ հնարավորություն տվեցին, թե չէ` ես իմ հոժար կամքով հո մենակ կինո գնացողը չէի: :))) Դա մինչև հիմա միակ դեպքն է եղել, երբ մենակ կինո եմ գնացել:Հետո պարզվեց, որ աղջիկներից ամեն մեկն ինչ-որ պատճառով չէր կարողացել գալ, ու ամեն մեկը մտածել էր, որ երևի մենակ ինքն է, որ չի գնում, ու իր չգնալով բան չի փոխվի:

Ուլուանա
20.05.2022, 20:47
«Զարթիր, լաո» արտահայտությունը, բացի համապատասխան երգից, ինձ համար նաև անձնական զվարճալի հուշերի հետ է կապված:
Դպրոցական տարիքում մի շրջան եղբորս հետ անգլերեն էի պարապում: Ես ընդհանրապես պարապելու գործը երբեք չեմ սիրել, ու չնայած եղբորս հետ մնացած ամեն ինչում շատ լավ իրար հասկանում էինք ու խնդիր չունեինք, բայց էս անգլերեն պարապելը շատ անհաջող համագործակցություն էր` երկուսիս համար էլ մի տառապանք: Էնպես էր ստացվում, որ երբ եղբայրս կարդում էր իր անգլերեն դասը, ու ես էլ պիտի իրեն լսեի, ուղղումներ անեի, բացատրեի անծանոթ բառերը, հաճախ էդ ընթացքում աչքս կպնում էր, քնում-մնում էի, մինչև որ ապօրինի քունս հայտնաբերվում էր, ու մեկ էլ զարզանդած վեր էի թռչում եղբորս` հատուկ հանդիսավոր ու խրոխտ ձայնով արտաբերած «զա՜րթիր, լա՜ո» գոռոցից :D:

Ուլուանա
18.06.2022, 06:49
Առավոտ շուտ դուրս էի եկել վազելու, մոտ մի րոպեից սկսեց անձրև կաթկթել, ու թվում էր` պիտի գնալով ուժեղանա: Մտածեցի` վերջ, վազելս հարամվեց, աչքիս` պիտի հետ դառնամ շուտով: Բայց մեկ-երկու րոպեից էդ մի քիչն էլ դադարեց: Վազքս բարեհաջող ավարտելուց հետո տուն եկա, Արեգին պատմեցի, ասում եմ` աչքիս` բնությունն ինձ սիրում ա, էլի. չթողեց, որ վազքս հարամվի: Արեգն ասում ա` հա, գիտեմ, որ սիրում ա: Ասում եմ` որտեղի՞ց գիտես, ասում ա` դե, պարզ ա. դու իրան ես սիրում, ինքն էլ` քեզ: :)))
Այ սենց փոխադարձ սիրո մեջ էլ ապրում ենք ես ու բնությունը: :)))

Ուլուանա
29.10.2022, 02:37
Չի կարող լինել գիտակցվածություն առանց դրանից բխող համապատասխան գործողության, պահվածքի: Եթե մեզ թվում է, թե էսինչ բանը լավ գիտակցում ենք, բայց գործնականում կիրառել դժվարանում ենք, ու միաժամանակ հազար ու մի պատճառ ու արդարացում ենք գտնում դրա համար, նշանակում է` գիտակցվածությունը դեռևս լիարժեք չի: Եթե համարում ենք, որ էսինչ բանը վնասակար/սխալ է, բայց շարունակում ենք անել, եթե համարում ենք, որ էսինչ բանը օգտակար/ճիշտ է, բայց շարունակում ենք չանել, եթե համարում ենք, որ էսինչ բանը տվյալ պահին անհրաժեշտ ու կարևոր է, բայց շարունակում ենք չանել, ուրեմն պարզապես դեռևս լիարժեք չենք գիտակցում դրա կարևորությունը, անհրաժեշտությունը, օգտակարությունը, ընդամենը խաբում ենք ինքներս մեզ, իբր գիտակցում ենք: Լիարժեք գիտակցվածությանն անխուսափելիորեն հաջորդում է համապատասխան գործողություն:

Հաճախ ասում ենք, որ գիտակցում ենք ինչ-որ բանի կարևորությունը, բայց կամքի ուժը չի բավարարում իրագործելու համար, բայց իմ պատկերացմամբ` իրական գիտակցվածությունը նաև անհրաժեշտ կամքի ուժ է ծնում միշտ: Ու ընդհանրապես վերջերս եկել եմ էն համոզմանը, որ կամքի ուժի դերը մի քիչ գերագնահատված է. այն ինչ-որ առանձին ունակություն չի, որը մարդ ունի կամ չունի, այն պարզապես գիտակցվածության արդյունք է: Որտեղ կա լիարժեք գիտակցվածություն, այնտեղ անհրաժեշտ կամքի ուժն ուղղակի չի կարող չառաջանալ: Իհարկե, կամքի ուժն առանձին մարզել էլ է հնարավոր ու կարելի է նույնիսկ լավ արդյունքի հասնել, բայց դա արհեստական ճանապարհն է ու որոշ դեպքերում կարող է և չգործել: Բնական ու անխափան գործող ճանապարհը գիտակցվածության բարձր մակարդակի հասնելն է:

Ուլուանա
08.11.2022, 02:37
Ցանկացած անհասկանալի իրավիճակում վազիր: Ուղղակի վեր կաց տեղիցդ ու գնալ վազելու: Դեպրեսվա՞ծ ես, սթրեսի մե՞ջ ես, տագնապա՞ծ ես, դիսկոմֆորտի մե՞ջ ես, ապատիայի մե՞ջ ես, էներգիա չունե՞ս` վազիր: Վազամաշ արա բոլոր անառողջ հոգեվիճակներդ: Վատագույն դեպքում չես փոշմանի, լավագույն դեպքում շատ գոհ կմնաս: Ես որ մինչև հիմա միշտ միայն շատ գոհ եմ մնացել:

Վազքը ոչ միայն մարմինն է թափահարում ու առողջ ռիթմի բերում, էներգիայով լցնում, այլև հոգեվիճակը: Ու սա ռոմանտիկ հեքիաթ կամ ենթադրություն չի, գիտություն է: Ով չգիտի կամ չի հավատում, կարող է կարդալ, ուսումնասիրել. ինտերնետը լիքն է ինֆորմացիայով: Վազելն ամենամատչելի ու ամենաարդյունավետ հակադեպրեսանտներից է: Վազողները կհաստատեն, իսկ չվազողները ցանկության դեպքում կարող են անձամբ փորձել ու համոզվել:

Հ.Գ. Գրածս, բնականաբար, վերաբերում է էն մարդկանց, որոնք առողջական հակացուցումներ չունեն վազելու հետ կապված:

Ուլուանա
09.11.2022, 01:36
Երբ քոլեջում ուսանող էի (Նյու Յորքում), բացի պարտադիր առարկաներից, պիտի նաև մի քանի ընտրովի առարկա վերցնեինք: Որպես ընտրովի առարկա` իլյուստրացիայի կուրս էի վերցրել էդ կիսամյակ: Դասախոսը միջին տարիքի իռլանդացի տղամարդ էր` զուսպ, համեստ, խիստ ինտրովերտային, բայց բարյացակամ դեմք: Առարկան հետաքրքիր էր, բայց դասախոսն ինքը շատ քիչ էր խոսում. յուրաքանչյուր նոր պրոյեկտ հանձնարարելիս ներկայացնում էր, թե ինչ պիտի անենք, համապատասխան նյութերը (ինֆորմացիան) տրամադրում (տպած համառոտ տեքստերի ու պատկերների տեսքով), բայց նոր բաներ անձամբ բացատրել` որպես այդպիսին, առանձնապես չկար. համարյա ամեն ինչ կարծես թողնված էր մեր հայեցողությանը: Էդ առումով դասընթացն ավելի շուտ գիտելիքների ցուցադրության էր նման, քան գիտելիքների ձեռքբերման: Թեև բոլոր պրոյեկտներն էլ հետաքրքիր ու ուսանելի էին` լիքը երևակայության ու հմտությունների դրսևորման հնարավորություն տվող, դասերն էլ միշտ հաճելի ու հետաքրքիր էին անցնում, բայց դասի համարյա ամբողջ ընթացքում ամեն մեկն ինքնուրույն աշխատում էր իր պրոյեկտի վրա` ընթացքում անհրաժեշտության դեպքում դասախոսին դիմելով ու հարցեր տալով: Իսկ դասախոսի մասնակցությունն էդ պրոցեսին մինիմալ էր: Հաճախ տպավորություն էի ստանում, որ նրա միտքը զբաղված է ինչ-որ խնդիրներով, մտահոգություններով, ու չի կարողանում լիարժեք կենտրոնանալ դասավանդման վրա: Երբեմն մտածում էի` գուցե էս առարկայի դեպքում նորմալ է էս մոտեցումը. ի վերջո, պրոյեկտները հետաքրքիր են ու հենց միայն դրանց վրա ինքնուրույն աշխատելու ընթացքում ահագին բան ենք սովորում, բայց մյուս կողմից էլ թվում էր` դասախոսը պիտի որ ավելի ակտիվ մասնակցություն ունենար դասին, մեզ ինչ-որ նոր բաներ բացատրեր, ներկայացներ:

Կիսամյակի վերջն էր, երբ արդեն պիտի կիսամյակի մեր արածն ամփոփեինք ու վերջնական գնահատական ստանայինք: Դասախոսը լսարանում նստած էր, մենք էլ հերթով մտնում էինք, մեր պրոյեկտները ներկայացնում, գնահատականը ստանում, դուրս գալիս: Իմ հերթը եկավ, մտա: Ինձ տեսնելով` իր համար մի քիչ անսովոր աշխուժությամբ ասաց.
- Իմ սիրելի ուսանողը:
Հետո արդեն իրեն բնորոշ զսպվածությամբ սկսեց նայել պրոյեկտներս, կարծիքներ ու գնահատականներ տալ: Վերջում, երբ արդեն ավարտել էինք գործը, ու պիտի դուրս գայի, հանկարծ ասաց.
- Գիտեմ, որ էս կիսամյակ բոլորովին լավ դասախոս չեղա ձեզ համար: Ինձ էնքան վատ եմ զգում ձեր խմբի առաջ, որ չկարողացա նորմալ դասավանդել: Հուսով եմ` գոնե ինչ-որ բան ստացաք այս դասընթացից:

Ճիշտն ասած` ինձ համար բավական անսպասելի էր դասախոսից էդպիսի խոստովանություն լսելը, ու միաժամանակ էնքան գնահատելի էր, որ մարդը գիտակցում ու անկեղծ խոստովանում էր իր թերացումը: Թեև Հայաստանում էլ եմ ունեցել լավ դասախոսներ, բայց, թող ներեն ինձ իմ սիրելի դասախոսները, մի տեսակ դժվարանում եմ պատկերացնել նրանցից որևէ մեկին իր թերացումը խոստովանելիս: Չնայած, ինչո՞ւ միայն դասախոսներին, մենք` հայերս, ընդհանուր առմամբ դժվարությամբ ենք ընդունում ու խոստովանում մեր սխալը, թերացումը. դրանից մեր «պագոններն» ընկնում են: Հատկապես եթե մարդը որոշակի դիրք ու հեղինակություն ունի, իր սխալը խոստովանելը կարծես ինքնասպանության պես բան ընկալվի, մինչդեռ ինչքան ավելի հաճելի, օգտակար ու կառուցողական կդառնար ցանկացած շփում, համագործակցություն, եթե սխալը կամ թերացումը խոստովանելը լիներ բնական ու սպասելի պահվածք, ոչ թե բարձունքից գահավիժելու դատավճիռ:

Վերադառնալով դասախոսիս պատմությանը` իհարկե, չէի կարող ստել ու հակաճառել, թե` չէ՜, ի՞նչ եք ասում, Դուք հրաշալի դասախոս եք եղել մեզ համար: Բայց չէի էլ համարում, թե վատ դասախոս է եղել: Ասեցի, որ դասընթացն ամեն դեպքում լավն էր. պրոյեկտները հետաքրքիր էին ու ուսանելի, և ես իսկապես հաճույքով եմ մասնակցել դասերին:

Ուլուանա
27.01.2023, 19:39
Ցուրտ եղանակին դրսում վազել չեմ սիրում, դրա համար վերջերս տանը վազքուղու վրա եմ վազում: Վերջինս դրսում վազքի համեմատ որոշ առավելություններ ունի. կարող ես վազքիդ համար կոնկրետ արագություն որոշել ու կայուն արագությամբ վազել, կարող ես, իհարկե, ընթացքում նաև փոխել արագությունը քո հայեցողությամբ, միաժամանակ կարող ես ստուգել սրտիդ աշխատանքը, ծախսածդ կալորիաները, անցածդ տարածությունը, վազքի կոնկրետ ծրագիր սահմանել քեզ համար և այլն: Բայց էս ամենով հանդերձ` վազքուղու դեպքում չկա էն հաճույքը, որ դրսում վազելու դեպքում է լինում. էն աննկարագրելի ազատության, անսահմանության զգացողությունը, մաքուր օդը և վերջապես առաջ գնալու գիտակցումը, որ նույնպես լուրջ դեր ունի էդ պրոցեսի հաճելիության մեջ, իսկ տեղում դոփելը, երբ վազքուղու վրա ես, մեղմ ասած, ամենահաճելի զգացողություններից չի: Վազքուղու վրա նաև չես կարող ուղղակի թուլանալ ու տրվել ընթացքին, որովհետև էդպես կարող ես պահի տակ տեմպից ընկնել ու սայթաքել վազող ժապավենի վրա` համապատասխան հետևանքներով: Բացի դրանից, վազքուղու վրա վազելը խիստ ձանձրալի է, ու ժամանակը շատ ավելի դանդաղ է ընթանում, քան դրսում վազելիս, ու էս հարցում նույնիսկ ամենահաջող ընտրված երաժշտությունն անձամբ ինձ առանձնապես չի փրկում, մինչդեռ դրսում վազելիս ես ընդհանրապես երաժշտություն չեմ լսում, դրա կարիքն ուղղակի չեմ զգում:

Հ.Գ. Մի տեսակ վազքուղու հակագովազդ ստացվեց, մինչդեռ իրականում ես ընդամենը ուզում էի դրսում վազելը գովազդել :)):

Ուլուանա
31.01.2023, 18:35
Դավիթը մի ժամանակ սովորություն ուներ դրսում կենդանիներ տեսնելիս նրանց ուղղությամբ արագ վազելու: Իր համար հավես էր, որ ինքը վազելով մոտենում է, կենդանիներն էլ արագ փախչում են: Մի անգամ ասեցի, որ էդպես պետք չի անել. «Որ վազելով գալիս ես, իրանք վախենում են շատ, պատկերացրու, դու, մի տեղ հանգիստ նստած, քեզ համար խաղում ես, մեկ էլ քեզնից մի 10 անգամ մեծ ինչ-որ հսկա արարած վազելով գալիս ա վրադ, ինչքան կվախենաս, չէ՞ ու ստիպված կլինես խաղալդ թողնել ու փախչել»: Էդպես մի քանի անգամ առիթի դեպքում ասեցի, վաղուց արդեն չի անում էդպիսի բան:
Էն օրն էլ միասին զբոսնում ենք մեր թաղամասում, մեկ էլ ասում է.
- Մամա, դանդաղ քայլի, էն սկյուռիկին չվախեցնենք հանկարծ:

Ուլուանա
01.02.2023, 18:50
Մարդու հետ երբեմն ամիսներով չես խոսում, բայց երկուսդ էլ մտքում միշտ զրուցում եք իրար հետ տարբեր թեմաներով, ձեզ համար կարևոր բաներն իրար հետ քննարկում, վերլուծում, միմյանց կարծիքները լսում ու, ինչպես միշտ, իրար շատ լավ հասկանում: :D Ու էդ ամենն էնքան բնական է, էնքան իրական, որ դրա արդյունքում փաստացի շփվելու կարիք շատ չեք ունենում. չէ՞ որ միշտ էլ ներկա եք միմյանց կյանքում: )) Ու երբ իրոք խոսում եք, երբեմն երկուսդ էլ դժվարանում եք հիշել, թե ինչի մասին էիք «իրականում» իրար հետ խոսել, ինչը` զուտ պատկերացրել :)): Ու ընդհանրապես ի՞նչ տարբերություն. կարևորը` երկուսդ էլ մասնակցել եք խոսակցությանը: ))) Ու էդպես տարիներով: Ահա էսպիսի ընկերություն:

Ուլուանա
29.03.2023, 21:32
Էսօր առավոտյան սովորականից շուտ էի արթնացել, ու մտքերիս թելը, չգիտեմ ինչպես, տարավ ինձ դեպի վաղ մանկությանս որոշ դրվագներ...

Հիմա չգիտեմ` ոնց է, բայց իմ մանկության տարիներին երևի ամեն թաղամաս իր «գիժն» ուներ: Մեր թաղամասի «գիժն» էլ Գիժ Համոն էր: Քանի որ փոքր ժամանակ մեր տարիքային ընկալումները շատ սուբյեկտիվ են ու հաճախ իրականությունից հեռու, դժվարանում եմ ասել, թե Համոն քանի տարեկան կլիներ, միայն գիտեմ, որ ծնողներիս սերնդակից էր, քանի որ նրա եղբոր աղջիկը, որն ինձ հետ պարի խմբակ էր հաճախում, մոտավորապես իմ տարիքին էր:

Չգիտեմ` ինչ հոգեկան խնդիր ուներ Համոն, բայց նրան թեկուզ հեռվից տեսնելիս սարսռում էի, որովհետև միշտ տեսնում էի քարը ձեռքին` ինչ-որ երեխաների կամ ջահելների հետևից ընկած, վախենալու ձայնով հայհոյելիս ու վիրավորական արտահայտություններ գոռգոռալիս: Մեր` փոքր երեխաներիս մեջ էլ տպավորվել էր, որ եթե Համոն եկավ, պիտի փախչենք: Կարծեմ մի քիչ կաղում էր, մի ձեռքն էլ միշտ մի քիչ վեր պահած` դաստակի մասից կտրուկ կախված դիրքում էր լինում: Դեմքը միշտ կարմիր էր, ու ես չգիտեի` դա նրա մաշկի բնական գույնն էր, թե ուղղակի կատաղությունից էր էդպես կարմրատակում, բայց դա էլ իր հերթին նպաստում էր նրա ընդհանուր կերպարի` որպես վախենալու ընկալվելուն, թեև նրա արտաքինում իսկապես վախենալու բան` որպես այդպիսին, չկար:

Մի անգամ էլ, երբ հորս ու մոտ 1 տարեկան քրոջս ու եղբորս հետ իջել էինք բակ (ես էլ մոտ 5 տարեկան էի), տեսանք` Համոն էդ մասով է անցնում ու գալիս է մեր կողմ: Ես, բնականաբար, վախեցա ու լարվեցի, թերևս կփախչեի, եթե հայրս հետս չլիներ, բայց նրա ներկայությունը որոշակի ապահովության զգացում տվեց, ու փախչելու փորձ չարեցի: Համոն հասավ մեզ, հանգիստ ժպտալով քաղաքավարի բարևեց հորս, հայրս էլ նույնությամբ պատասխանեց, հետո Համոն հարցրեց, թե քանի տարեկան են երեխաները, արդյոք աղջիկ-տղա են, ու էլի մի քանի նմանատիպ հարցեր: Ես շոկի մեջ էի: Փաստորեն, Գիժ Համոն իրականում բոլորովին էլ գիժ չէր. ոչ միայն վախենալու չէր, այլև ընդունակ էր նորմալ, մարդկային խոսակցություն վարելու, հարցեր տալու, պատասխան լսելու ու ինքն էլ հարցերին նորմալ պատասխանելու: Ճիշտ է, խոսքը լրիվ հստակ չէր, լեզվական խնդիր ուներ, ու զգացվում էր, որ լրիվ առողջ մարդու խոսք չի, բայց միանգամայն հասկանալի ու տրամաբանական էր խոսում, համենայնդեպս, իր խոսքում ես ոչ մի տարօրինակ բան չնկատեցի: Նաև ապշել էի նրանից, որ հայրս հենց սկզբից նրա հետ խոսում էր լրիվ բնական տոնով ու ձևով, էնպես, ինչպես ցանկացած այլ մարդու հետ կխոսեր` ո՛չ զգուշավորությամբ, ո՛չ խղճահարությամբ, ո՛չ վերևից, ո՛չ էլ որևէ այլ հատուկ վերաբերմունքով: Հետո հայրս ինձ բացատրեց, որ Համոն կատաղում ու մարդկանց հետևից է ընկնում, որովհետև նրան ծաղրում են, թե չէ` ոչ մեկին էլ վնաս չի տա: Ես էլ հիշեցի, թե ինչպես էին մեր թաղամասի երեխաները, հիմնականում տղաները, բայց ոչ միայն, Համոյին սադրում ու փախչում, մեր էն ժամանակվա լեզվով ասած` «գժվցնում», հետո էլ բողոքում էին, թե գիժ Համոն քարով լարվել է իրենց հետևից: Ախ, այդ «գիժ» Համոն, ո՜նց է «խեղճ» երեխաներին վախեցնում ու վիրավորում:

Համոյի մայրն էլ մեր տան դիմացի դպրոցում պահակ էր: Ենթադրում եմ, որ կամ մոր մոտ էր գալիս, որ իրեն տեսնում էինք, կամ մայրն աշխատանքային ժամերին հետը բերում էր, որ տանը մենակ չմնա, նա էլ գուցե տեղում նստած ձանձրանում էր ու որոշում էր դուրս գալ` դաժան երեխաների ու ջահելների հալածանքի թիրախը դառնալով: Տարիներ անց Համոն անհետացավ մեր տեսադաշտից: Էդպես էլ չիմացանք` տեղափոխվեցին ուրիշ տեղ, մահացավ, թե ուղղակի այլևս տնից դուրս չէր գալիս էդպես ազատորեն:

Տեսնես` ինչքա՞ն էդպիսի «գժեր» կան աշխարհում, որոնց գժվեցնողը մարդիկ են:

Ուլուանա
20.04.2023, 22:07
Վերջերս ձեռք բերածս լավագույն սովորությունը շուտ քնելն ու շուտ արթնանալն է: Ճիշտ է, ես միշտ էլ շուտ արթնացող եմ եղել (առնվազն Հայաստանի չափանիշներով). անկախ նրանից, թե երբ եմ քնել, սովորաբար առանց դժվարության 7-ին արթնացել եմ, բայց տվյալ դեպքում խոսքն առավոտյան 5-ին արթնանալու մասին է, որի համար պետք է համապատասխանաբար շուտ էլ քնել (մինչև երեկոյան 10-ը):

Արևածագից առաջ արթուն լինելն ինձ համար միշտ էլ առանձնահատուկ զգացողություն է եղել, բայց նախկինում շատ հազվադեպ եմ առիթ ունեցել էդքան շուտ արթնանալու: Օրվա այդ ժամանակ ունեցածս կախարդական զգացողությունը ոչ մի բանի հետ չես համեմատի. այն օրվա ուրիշ ոչ մի ժամի չի լինում: Էդ զգացողությունը շատ ընդգրկուն է. դրանում և՛ խորհրդավորություն կա, և՛ թարմություն, և՛ լավատեսություն, և՛ լիքը երախտագիտություն: Էդ ժամին ավելի շատ ես հավատում, որ ամեն ինչ լավ է լինելու: Հաճելի է վեր կենալը, երբ բոլորը դեռ խորը քնած են, սպասվելիք օրն էլ` էդ թվում: Դու արևից շուտ ես արթնացել ու հնարավորություն ունես դիմավորելու նրա գալուստը: )))

Ժամը 5-ին դեռ լրիվ մութ է, ու ես փորձում եմ արհեստականորեն չխախտել էդ մթությունը` արհեստական լույսերի օգտագործումը նվազագույնի հասցնելով: Հեռախոսիս լապտերն օգտագործում եմ միայն աշխատասենյակ-արվեստանոցումս բուրավետ մոմը վառելու համար, որից հետո մինչև լույսը բացվելը այն լույսի իմ միակ աղբյուրն է լինում: Եվ մոմի լույսի ու բույրի, մեղմ մեդիտատիվ (վերջերս` տիբեթական ֆլեյտայի) երաժշտության ուղեկցությամբ անում եմ օրվա հաջող սկիզբը երաշխավորող ինքնախնամքի պրոցեդուրաներս, մի քիչ օրագիր եմ գրում և որոշ այլ գործեր անում: Առավոտվա աղջամուղջին (էս բառը շատ եմ սիրում) ներկա լինելն էլ մի ուրիշ հաճույք է. հետևելը, թե ինչպես է մութն աստիճանաբար ցրվում, լույսը բացվում: Ժամը 7-ին մյուսները նոր-նոր արթնանում են, իսկ դու արդեն լիքը բան ես արած լինում: Օրվա մնացած մասն էլ, որպես կանոն, ավելի հաճելի ու ավելի արդյունավետ է անցնում: Ու ամեն անգամ ժամը 5-ին արթնանալիս հստակ զգում եմ, թե ինչքան ճիշտ ու առողջ է սա, ու զարմանում եմ, թե ոնց եմ ես մինչև հիմա ինձ սրանից զրկել:

Ուլուանա
08.06.2023, 17:42
Արեգի` ծննդյանս օրվա շնորհավորանքը.
- Ծնունդդ շնորհավոր, մամա: Շնորհակալություն, որ ծնվել ես: Համ էլ շնորհակալություն ինձ ու Դավուլին «հորինելու» համար. շատ կրեատիվ ա ստացվել, ապրես :)):
(Հիշեցի էն պահը, երբ Արեգը դեռ 6 տարեկան չկար, Դավիթն էլ դեռ մի քանի ամսական էր, Արեգն ասեց. «Դավուլ, դու շատ լավ ես դիզայն արած :love: :D)
Դավթի շնորհավորանքը.
– Մամա, ծնունդդ շնորհավոր: Քեզ շատ եմ սիրում: Համ էլ էսօր, քանի որ քո ծնունդն ա, հայերեն ավելի շատ եմ կարդալու :aha:

Ուլուանա
27.07.2023, 23:23
Երևանում ինձ համար ամենահավես տեսարաններից մեկը վաղ առավոտյան զբոսայգիներում մարզվող պապիկներն են։
Տարոսը տատիկներին։ :)))

Ուլուանա
28.07.2023, 08:16
Պոպլավոկի շուրջ վաղ առավոտվա քայլքից հետո արդեն սկսել էի շարժվել դեպի տուն, մեկ էլ նկատեցի` մի շուն սկսեց հետևիցս կպած գալ: Ես գնում եմ, ինքն էլ հետևիցս «տըպ-տըպ-տըպ» գալիս է, ես քայլերս արագացնում եմ, ինքն էլ է արագացնում: Եթե սկզբից մի թեթև կասկած ունեի, որ գուցե ուղղակի նույն ճանապարհով է գնում, արդեն լրիվ համոզվեցի, որ հենց իմ հետևից է գալիս: Պարզ էր, որ կծելու կամ հարձակվելու մտադրություն չունի, եթե ունենար, արդեն արած կլիներ, բայց ամեն դեպքում կրկնկակոխ հետապնդվելու փաստը մի տեսակ անհարմարավետության զգացողություն էր առաջացնում: Երբ հասա փողոցին, մի մարդ, մեզ տեսնելով, հարցրեց` քո շու՞նն ա, ասեցի` չէ, սա էլ միանգամից ոտքը շան դիմաց գետնին խփելով` ասեց` փըշտ, շունը նահանջեց ու գնաց ուրիշ ուղղությամբ: Թեթևացած շունչ քաշեցի ու շարունակեցի քայլել, մեկ էլ մի 10 վայրկյան չանցած` էլի հետևիցս տըպ-տըպ-տըպ, շրջվեմ, տեսնեմ` նա կրկին հայտնվել է: Էդպես մի քիչ էլ ինձ հետապնդեց, բայց հետո որոշեցի, որ հերիք եղավ, շուռ եկա, աչքերի մեջ նայելով, մատս տնկեցի ու հանգիստ, բայց հաստատակամ տոնով ասեցի` էլ հետևիցս չգա՛ս, գնա՛: Շունը խելոք կանգ առավ ու էլ հետևիցս չեկավ:

Հիշեցի, որ մի անգամ էլ դպրոցական ժամանակ էր մի շուն ինձ հետևում: Հիմա դեռ լավ է, շներից առանձնապես չեմ վախենում, էն ժամանակ ահավոր վախենում էի: Մի օր շենքից դուրս եկա, որ դպրոց գնամ (կարծեմ 8-րդ դասարանում էի), հենց շենքի աստիճանների մոտ մի շուն էր կանգնած, ինձ տեսնելուն պես սկսեց հետևիցս գալ, կարծես էդտեղ կանգնած հենց ինձ էր սպասում: Էդպես ամբողջ ճամփան հետս եկավ մինչև դպրոցի դուռը: Բայց դրանով ամեն ինչ չավարտվեց, հաջորդ օրն էլ նույնը եղավ, ու էդպես մի քանի օր շարունակ. ամեն անգամ հենց տան շեմից ինձ ուղեկցում էր մինչև դպրոցի մուտքը, հետո խելոք հեռանում: Ուսուցչուհիներիցս մեկը, որ մեր շենքից էր, մի օր հետս դպրոց գնալիս որ տեսավ, ասեց` Անահիտ, էս շունը սիրահարվել ա քեզ: Բայց հետո երկրպագուս այլևս չերևաց. երևի արդեն ուրիշին էր սիրահարվել :)):

Ուլուանա
09.08.2023, 14:56
Էս երկարաշունչ պատմությունը երևի շատերին չի հետաքրքրի, բայց ցանկացա գրել, համենայնդեպս, մի հոգու խոստացել էի, որ կգրեմ:

Էս անգամվա հայաստանյան այցիս գլխավոր հանդիպումներից մեկը, որ նախատեսել էի, Ալիկի հետ հանդիպումն էր: 4 տարի առաջ էինք Ֆեյսբուքով ծանոթացել ու ընկերացել, ու քանի որ ինքը Հոլանդիայում է ապրում, ես` ԱՄՆ-ում, տարբեր ժամանակներ էինք Հայաստանում լինում, ու ռեալում հանդիպել չէր հաջողվում: Ալիկն իմ ճանաչած ամենադրական, ամենահետաքրքիր ու ամենաարտասովոր մարդկանցից է ու իմ սիրած ժամանակակից արվեստագետներից մեկը: Թե՛ որպես արվեստագետ, թե՛ որպես մարդ` ինքն ինձ համար բացառիկ կերպար է, կենդանի լեգենդ, կրեատիվի ու պոզիտիվի անսպառ աղբյուր, մարդ, որին ճանաչելով` հարստանում ես, քեզ բախտավոր զգում իր ժամանակակիցը լինելու ու անձամբ ճանաչելու համար: Նրա գոյության մասին մտածելիս միշտ մի տեսակ ուրախանում եմ աշխարհի համար: Ու էս վերաբերմունքիս հարցում բնավ յուրօրինակ չեմ. իմ ճանաչած բոլոր մարդիկ, որոնք Ալիկին ճանաչում են, ճիշտ նույն վերաբերմունքն ունեն նրա նկատմամբ:

Ալիկը ոտից գլուխ, մինչև ուղնուծուծը արվեստագետ է` խելառ, կրեատիվ, խարիզմատիկ, բացառիկ շիտակ ու էմոցիոնալ, հույզերն արտահայտելու իրեն հատուկ անմիջականությամբ ու էքսցենտիկությամբ: Ինքը իմաստուն, բարի ծերուկ է ու միաժամանակ պարզ, միամիտ ու չարաճճի երեխա: Ապշելու չափ համեստ է ու էգոյի դրսևորումներից զուրկ:

Երբ Ալիկին նոր էի բացահայտել ինձ համար, բոլոր մոտիկներիս ոգևորված պատմում էի նրանից, ուզում էի, որ հնարավորինս շատ մարդիկ իմանան իր մասին, հետևեն, ճանաչեն: Ալիկին ճանաչելուց որոշ ժամանակ անց նրա դիմանկարն անելու մեծ ցանկություն ունեցա, բայց դե Ալիկի պես մարդուն հո չէի՞ կարող ուղղակի ստանդարտ, ռեալիստական դիմանկարով պատկերել: Մտածեցի` մի քիչ աբստրակտոտ, կոնցեպտուալ մի բան անեմ` իր կերպարը, բնույթը տիպիկ արտահայտող: Մազերի տեղը կանաչ խոտ արեցի, մեջն էլ` զատիկ (ինքը շատ է սիրում բնություն ու հատկապես զատիկներ, իր գործերում էլ հաճախ է զատիկ ներառում), մորուքի ծայրն էլ երկարացրի, ծայրը վրձնի տեսքով թաթախեցի ներկապնակի կանաչ ներկի մեջ: Հետաքրքիր նկար էր ստացվել, ինքն էլ շատ էր հավանել: Ճիշտն ասած` ես էլ էի գոհ մոգոնածիցս, ու դատելով արձագանքներից` շատերին էր դուր եկել. «Լրիվ Ալիկն ա»,- ասում էին բոլորը:

Ալիկին կարելի է ճանաչել և՛ իր աշխաանքներով, որոնք իր պես բազմազան են, և՛ իր կյանքի պատմություններով: Դրանք, որպես կանոն, հետաքրքրաշարժ են, մաքսիմալ անկեղծ ու հումորով համեմված ու հաճախ` նաև ուսանելի: Դրանցում անկեղծությունն ու անմիջականությունը երբեմն էնպիսի աներևակայելի չափերի է հասնում, որ ուղղակի հավատդ չի գալիս, որ մարդ ընդունակ է իր մասին էդ աստիճանի անկեղծ ու անպաշտպան ձևով պատմելու («անպաշտպան» բառը մի քիչ տարօրինակ է հնչում, բայց ավելի հարմար բառ չգտա). մարդիկ էդպես միայն ուրիշների մասին են պատմում սովորաբար: Իսկ Ալիկի համար կարծես անձնական ոչինչ չկա. ամեն ինչ բաց է բոլորի առաջ: Էդպիսի մարդկանց հետ ընկեր լինելը շատ հավես է ու հեշտ, բայց ընտանիքի անդամ լինելը պիտի որ շատ բարդ լինի, նույնիսկ` անհնար:

Ալիկին ճանաչել եմ լուսահոգի Լալա Մանուկյանի շնորհիվ, որն իր էջում ժամանակ առ ժամանակ տարածում էր Ալիկի այս կամ այն գործը: Մի օր էլ, Լալայի էջում հերթական նկարը տեսնելով, հետաքրքրված մտա Ալիկի էջ, մի լավ ուսումնասիրեցի: Շատ հավանեցի թե՛ գործերը, թե՛ իր կերպարը ու ընկերության հայտ ուղարկեցի, մի բան, որ հատկապես էն ժամանակ խիստ հազվադեպ էի անում անծանոթ մարդկանց դեպքում: Հայտս հաստատեց, հետո քիչ-քիչ շփում ձևավորվեց` սկզբում զուտ մեկնաբանությունների, հետո` արդեն նաև մեսինջերով հետաքրքիր զրույցների միջոցով: Մի անգամ նույնիսկ տեսազանգ ունեցանք, որի ժամանակ խոսեցինք իմ աշխատանքների մասին, իր կարծիքն ու խորհուրդները լսեցի: Ալիկին անչափ շնորհակալ եմ նաև իմ կյանքում հայտնված բազմաթիվ արվեստագետների ու ընդհանրապես հետաքրքիր, պայծառ ու դրական մարդկանց համար, որոնց ճանաչել ու մի մասի հետ ընկերացել եմ Ֆեյսբուքում նրա կազմակերպած ստեղծագործական նախագծերի շնորհիվ:

Մի քանի ամիս առաջ իր էջում գրառում էր արել Մաչանենց տան արվեստի միջազգային սիմպոզիումի մասին, որը տարին մեկ անգամ է լինում, Էջմիածնում, մասնակիցներն էլ յոթ օր Մաչանենց տանը ստեղծագործում են: Ալիկն էլ է հաճախ մասնակցում ` Հոլանդիայից Հայաստան գալով: Սիմպոզիումի վերջին` 7-րդ օրը այդ ընթացքում ստեղծված արվեստի գործերի ցուցահանդեսի բացումն է լինում ու մեծ միջոցառում: Վերջին տարիներին, այսինքն` ինչ իմացել եմ այդ սիմպոզիումի մասին, դրանք միշտ տեղի էին ունենում աշնանը, երբ ես արդեն Հայաստանում չէի լինում, ու էդպիսով Ալիկին Հայաստանում հանդիպել չէր հաջողվում: Էս տարի, չգիտես ինչու, օգոստոսին էր, ու դրա մասին ամիսներ առաջ իմանալով` որոշեցի, որ էդ յոթ օրերի ընթացքում մի անգամ հյուրի կարգավիճակով կայցելեմ կգնամ` Ալիկին տեսնելու: Իրեն էլ ասեցի, շատ ուրախացավ, որ վերջապես կհանդիպենք: Մտածում էի` հետաքրքիր կլիներ Ալիկին աշխատանքի պրոցեսում տեսնելը, համ էլ էդ մթնոլորտում կկարողանայինք հանգիստ շփվել: Բայց էն ընկերներս, որոնց հետ նախատեսում էի գնալ, չկարողացան գնալ, ես էլ քանի օր էր` մարդ էի փնտրում էնտեղ գնացող, որ հետը գնայի, ու էդպես էլ չգտա: Ստիպված վերջին օրը` ցուցահանդեսին, մենակ գնացի:

Գնալուս գլխավոր նպատակն, իհարկե, Ալիկին հանդիպելն էր, բայց մտածում էի` ձեռքի հետ էլ արվեստի գործեր կտեսնեմ, ծանոթ նկարիչների կհանդիպեմ: Նաև որոշել էի Ալիկին խնդրել, որ ինձ ծանոթացնի ինձ համար մեկ այլ հետաքրքիր ու յուրօրինակ կերպարի` Նարե Հայկազյանի հետ, որին դեռևս 90-ականներից ճանաչել եմ որպես դերասանուհու, այնուհետև` որպես արվեստագետի ու դիզայների: Բայց պարզվեց` Նարեն էս անգամ չէր մասնակցում, ցուցահանդեսին էլ չէր եկել:

Ալիկի միջոցով ճանաչածս մի նկարչուհու հետ նույնպես պիտի հանդիպեինք առաջին անգամ: Սկզբում որոշել էինք միասին գնալ սիմպոզիումին, բայց իր մոտ խնդիրներ առաջացան, ասեց, որ ավելի ուշ կգա: Դեռ անցած այցելությանս ժամանակ էինք ուզում հանդիպել, չհաջողվեց: Նախորդ տարի ինքն էլ էր մասնակցել սիմպոզիումին, բայց էս տարի ուղղակի ցուցահանդեսին էր գնում: Պայմանավորվեցինք Մաչանենց տանը հանդիպել: Միջոցառումը բակում էր, որը շատ հետաքրքիր ձևավորված կոլորիտային վայր էր` արվեստի գործերով` նկարներով, քանդակներով, ձեռքի աշխատանքների յուրօրինակ նմուշներով, մի քիչ գյուղական ոճի, հարմարավետ ու սիրուն: Մի խոսքով` ամբողջ տարածքը մի յուրատեսակ ցուցահանդես էր: Լիքը մարդ կար: Բացման արարողությունն ինձ համար մի քիչ ձանձրալի էր, բայց ընդհանուր միջավայրը շատ տրամադրող էր ու գրավիչ, մարդիկ էլ բոլորը շատ ուրախ, դրական ու ջերմ: Լիքը հեռակա ծանոթ դեմքերի նկատեցի, որոնց Ալիկի էջում եմ տեսել: Որոշ նկարիչների նկատեցի, որոնց հետ Ֆեյսբուքում վաղուց ընկեր ենք, ու որոնցից մի քանիսի հետ Ֆեյսբուքում շփվել եմ` մեկի հետ շատ, մյուսների հետ` չնչին: Մտածում էի` տեսնես` ինձ կհիշե՞ն կամ կնկատե՞ն: Ոչ միայն նկատեցին, այլև, ի զարմանս ինձ, հենց իրենք առաջինը մոտեցան, ջերմ ողջունեցին, կարծես հազար տարվա ծանոթներ լինեինք: Տպավորություն ստացա, որ էստեղ բոլորն իրար ճանաչում են, մեջների օտարը ես եմ, բայց դրանով հանդերձ` ինձ հեչ օտար չէի զգում: Հետո իմացա, որ իսկապես ինձնից բացի, միայն մի քանի հոգի կային, որ առաջին անգամ էին եկել: Շուրջս բոլորն իրար ջերմ-ջերմ ողջունում էին, գրկախառնվում, զրուցում: Աննան` նկարչուհին, դեռ չէր եկել, Ալիկն էլ տեսադաշտում չէր երևում, էն ծանոթներս էլ էդ պահին բարևեցին, մի երկու բառ փոխանակեցինք ու գնացին իրենց գործերով: Սիմպոզիումի մասնակիցներին ներկայացնելուց հետո համերգ սկսվեց: Սկզբում «Գաթա» բենդը երգեց, հետո ինձ անծանոթ որոշ երգիչ-երգչուհիներ, որոնց համ երգերն էին շատ լավ ընտրված, համ կատարումներն էր շատ լավը: Ինձ համար զարմանալիորեն բոլորին էլ հաճույքով էի լսում:

Հետաքրքիր է, որ չնայած մարդաշաությանը, իմ` հիմնականում մենակ լինելուն, անտանելի շոգին ու տոթին` ինձ շատ լավ էի զգում: Ինչ-որ պահի հիշեցի պատկանելության մասին Ակումբի թեման ու ինձ բռնեցի էն մտքի վրա, որ ես էս միջավայրում պատկանելության զգացում ունեմ: Էնքան հաճելի էր գիտակցելը, որ շուրջս եղած էս բոլոր մարդիկ արվեստի մարդիկ են ու բոլորն էսքան դրական են ու ջերմ: Իհարկե, չեմ բացառում, որ այլ իրավիճակում նույն մարդիկ այլ կերպ լինեին, բայց էստեղ` Մաչանենց տանը, որոշակիորեն ջերմ ու դրական էներգիա էր թևածում:

Բացման արարողությունից հետո, երբ մի քիչ էլ խորացանք դեպի բակի ներսը, հեռվից նկատեցի Ալիկին` շուրջը լիքը մարդ հավաքված, որոնց հերթով ջերմագին ողջունում էր ու պինդ գրկում: Հետաքրքիր է, որ բոլորովին չունեցա էն զգացողությունը, որ Ալիկին առաջին անգամ եմ տեսնում. կարծես արդեն հազար անգամ հանդիպած լինեի. նույն իմ իմացած Ալիկն էր` ինչպես միշտ, ոտաբոբիկ, ձեռքերին` ամբողջ ծավալով մեկ գունավոր ներկեր չորացած: Ալիկն ընդհանրապես կոշիկ չի հագնում, դրսում բոբիկ է ման գալիս, հագնում է միայն աշխատանքի գնալիս (դասավանդում է ինչ-որ տեղ) ու պաշտոնական առիթներին, որոնց թվին Մաչանենց տան սիմպոզիումը, փաստորեն, չի պատկանում): Հագին կանաչ քաթանե լայն վերնաշապիկ էր, էթնիկ նախշերով ինքնատիպ լայն շալվար: Ալիկն իր ողջ կերպարանքով, հատկապես սպիտակ երկար սրածայր մորուքով, քթին դրած փոքր կլոր ակնոցով, հեքիաթի բարի ու իմաստուն ծերուկի է հիշեցնում: Մորուքը մի ժամանակ շատ ավելի երկար էր` ծայրը հյուսած, ինչ-որ մազակալներով: Հետո մի առիթով գրել էր, որ տիպված էր կտրել, քանի որ հեծանիվ քշելիս անհարմարություններ էր առաջացնում, խճճվում էր և այլն:

Երբ մոտենալու հերթը վերջապես ինձ հասավ, ինձ տեսնելով` մի տեսակ ավելի պայծառացավ: «Չե՜մ հավատում, չե՜մ հավատում»,- ասաց պինդ ու երկար գրկելով, հետո էլ ձեռքս համբուրեց: Մի երկու բառ փոխանակեցինք, ասեց` դե, չգնաս, դեռ կխոսենք: Բայց էս միջոցառման ընթացքում երկար-բարակ խոսելը մի տեսակ ռեալ չէր, ինքն էլ շատ պոպուլյար էր ու անընդհատ տարբեր մարդկանց ուշադրության կենտրոնում, որոնք ուզում էին հետը մի քանի բառ փոխանակել, նկարվել և այլն, նրա շուրջ անընդհատ հերթեր էին գոյանում: Էնպես որ ես ի սկզբանե հույս չունեի, որ կհաջողվի նորմալ խոսել, ու լրիվ հանգիստ էի նայում դրան: Ընթացքում պարբերաբար հանդիպում էինք, ինքն էլ, ինձ տեսնելով, ամեն անգամ գալիս, ջերմ գրկում էր, պինդ բռնում թևիցս` ասելով «չգնաս դեռ»: Թեև Ալիկին բռնացնելը դժվար էր, բայց դե բողոքելու պատճառ չունեմ. ինձ ահագին էլ բաժին հասավ ու հիմնականում` իր իսկ նախաձեռնությամբ: Մի քանի անգամ էլ նկարվեցինք. սիրուն, ջերմ ու հավես նկարներ են ստացվել: Ու ընդհանրապես մեր հանդիպումը էս տարիների ընթացքումս պատկերացրածս բոլոր տարբերակներից շատ ավելի ջերմ ստացվեց:

Ընթացքում ինձ տարբեր մարդկանց ներկայացնում էր ոչ միայն որպես արվեստագետի, այլև որպես հայ կնոջ հավաքական կերպարի. Չգիտես ինչի, ինքն ինձ էդպես է ընկալում, դրա մասին տարբեր առիթներով էլի էր արտահայտվել: Մեկին ներկայացնելիս ասեց` Ծովինարը` Սանասարի ու Բաղդասարի մայրը, իրականում չի մահացել, էդ ինքն ա, բա՞:

Մինչև Աննայի գալը ես արդեն հասցրել էի երկու անգամ նայել ցուցահանդեսի գործերը:
Երբ եկավ, ջերմ ողջունեցինք իրար, կարծես վաղուցվա ծանոթներ, թեև մի երկու անգամ էինք ընդամենը խոսել, էն էլ հանդիպման համար պայմանավորվելիս, բայց ինձ համար վաղուց սովորական երևույթ է դարձել զուտ վիրտուալում միմյանց հրապարակումները կարդալով իրար ճանաչելը, համակրելն ու հարազատանալը, ու դրանից հետո ռեալում հանդիպելիս հին ծանոթների պես շփվելը: Ամեն անգամ Հայաստան գալու ժամանակ առնվազն մի քանի էդպիսի ապավիրտուալացման հանդիպումներ ունենում եմ: Ոմանց դեպքում վիրտուալով արդեն սերտ շփվելուց հետո, ոմանց դեպքում` զուտ հեռակա` գրառումների, նկարների ու մեկնաբանությունների միջոցով շփվելուց հետո: Ու դեռ չեմ հիշում դեպք, որ վիրտուալի ու ռեալի միջև որևէ անհամապատասխանություն նկատած լինեմ:

Մի անգամ էլ Աննայի հետ ցուցահանդեսը նայեցի, քննարկեցինք: Ահագին հետաքրքիր ու բազմազան աշխատանքներ կային, էդ թվում և իմ ծանոթ մի քանի նկարիչների: Ալիկը իր ոճով` խառը նյութերով ու մեծ կտավներով եռյակ էր ներկայացրել` «Էլ չկա» վերնագրով, որոնք տեսնելով` միանգամից հասկացա, որ իրենն են: Վերջին տարիներին Ալիկի բոլոր գործերը Հայաստանի մասին են: Իր գործերի ֆոնին նաև նկարվեցինք:

Վերջում, երբ արդեն պիտի գնայի ու Ալիկին ուզում էի հրաժեշտ տալ, էլի պինդ գրկեց, հարցրեց, թե մինչև երբ եմ Հայաստանում լինելու, պատասխանիցս հետո ասեց` դե լավ ա, ուրեմն դեռ կհանդիպենք, մենք դեռ պիտի խոսենք էն մասին, թե դու ինչի էս սիմպոզիումին չէիր մասնակցում, ու որ մյուս տարի պիտի անպայման մասնակցես:

Մի երկու տարի առաջ պատահաբար հայտնաբերեցի, որ Ակումբի «Նկարչություն» բաժնում Ալիկի գործերին նվիրված թեմա կա, որում որոշ գրառումներ նույնիսկ շնորհակալել էի էն ժամանակ, բայց, ի զարմանս ինձ, ընդհանրապես չէի հիշում: Էս երկու օրը նորից որոնեցի ու գտա էդ թեման, նկատեցի, որ տեղադրված նկարներից ու տեսանյութերից ոչ մեկն այլևս չի երևում, հղումներն էլ կամ չեն գործում, կամ թերի, ժամանակավրեպ ինֆորմացիա են պարունակում:
Ո՜նց կուզենայի, որ մի օր մեկը Ալիկի մասին գիրք գրեր: Իր մասին էնքան բան կա պատմելու, ու ինչ հետաքրքիր գիրք կստացվի, եթե կարգին գրեն: Հուսով եմ` նախաձեռնող կգտնվի: Շատ ափսոս կլինի, եթե չգրվի:

Ուլուանա
30.08.2023, 21:27
Հայաստան այցելությանս սկզբներում, երբ արշավի գնացինք Լոռի, ճանապարհին մեքենայի պատուհանից նայելիս զգացի, թե հայացքս ինչքան կարոտ էր հորիզոններին ու լեռներին: Երբ նայում էի աչքերիս դիմացով սահող անվերջ հորիզոնին, աչքերս հաճելիորեն շոյվում էին էդ տեսարանից, կարծես ծարավս վերջապես հագենար:

Երբ նոր էի տեղափոխվել ԱՄՆ, հաճախ էի դիսկոմֆորտ զգում նրանից, որ ոչ մի տեղ հորիզոն չէր երևում: Մինչ այդ, ապրելով Հայաստանում, որտեղ որ կողմ նայես` հորիզոն է երևում, մտքովս անգամ չէր անցնում, որ հորիզոն տեսնելը կարող է էդքան կարևոր լինել ինձ համար: Դա ուղղակի բնական ու սովորական վիճակ էր, կարծես այլ կերպ լինել չէր էլ կարող: Ու միայն ԱՄՆում հորիզոնների իսպառ բացակայության պայմաններում զգացի, որ, փաստորեն, կարևոր է: Ճիշտ է, ընթացքում սովորեցի դրա բացակայությանը, ինչպես որ սովորել եմ լիքը ուրիշ բաների, բայց նորից տեսնելն ակամա հիշեցրեց դրա կարևորությունը: Ի դեպ, վերջերս նաև իմացա, որ հորիզոնին նայելն օգտակար է և՛ աչքերի, և՛ հոգեկանի համար: Էնպես որ զարմանալի չի, որ աչքերս հորիզոն են ուզում:

Ուլուանա
16.10.2023, 17:45
Արդեն մոտ մի տարի է` փորձությունների շղթա է սկսվել ու դեռ ոչ մի կերպ չի ավարտվում: Ամեն անգամ, երբ հաղթահարում եմ հերթականը ու մտածում, որ վերջ, բարեհաջող ավարտվեց, նորն է գալիս` նույն շարքից, ու թվում է` վերջ չկա: Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ հետս, ոնց տակից դուրս կգայի, եթե էս ամենն ինձ հետ տեղի ունենար, ասենք, մի 10 կամ թեկուզ 5 տարի առաջ. ուղղակի կճզմվեի տակը, կհամարեի, որ ահավոր անարդար է, որ ես ախր ոչ մի գրամ չեմ արժանացել սրան, կսթրեսվեի, կդեպրեսվեի, իմ վերաբերմունքով ամեն ինչ ավելի կվատացնեի, ու կյանքս լրիվ կփչանար` միաժամանակ փչացնելով նաև ընտանիքիս կյանքը: Կուզենայի` ընդհանրապես չլիներ, բայց էնքան շնորհակալ եմ, որ գոնե հիմա եմ անցնում սրա միջով, երբ դիմակայելու ներքին ռեսուրսներս բավարար են, ու չնայած ամեն ինչին` միևնույն է, կյանքը շարունակում է ինձ համար հրաշալի մնալ, ես էլ` կյանքից գոհ ու երջանիկ: Գիտեմ, որ երբ ինչ-որ վատ բան ինձ հետ տեղի է ունենում, ուրեմն կամ արժանացել եմ դրան (կամ էս, կամ նախորդ կյանքում), կամ կյանքիս էս փուլում ես հենց էսպիսի դասի կարիք ունեմ, հետևաբար պիտի առանց ներքին բողոքի ու տվայտանքների ընդունեմ հերթական մարտահրավերը ու ինձնից կախվածն անեմ հաղթահարելու համար: Մենք միշտ էլ ստանում ենք այն, ինչ մեզ իրականում պետք է, որը ոչ միշտ է համընկնում մեր էդ պահին ուզածի հետ: Էս կյանքում իմ ամենամեծ համոզմունքներից մեկը տիեզերական օրենքների անխափան աշխատանքն է. ես անվերապահորեն վստահում եմ Տիեզերքին ու գիտեմ, որ նրա աշխատանքում վրիպումներ, թերացումներ ու բացառություններ չկան ու չեն կարող լինել: Հիմա որ հետ եմ նայում, ինձ հետ պատահած տհաճ, ծանր, էն ժամանակ ահավոր անարդար ու դաժան թվացած ոչ մի բանի համար չեմ ափսոսում, ավելին` շնորհակալ եմ. միշտ ամեն ինչ ճիշտ է եղել, ես անցել եմ էն ամենի միջով, ինչն ինձ անհրաժեշտ է եղել իմ հոգևոր աճի ճանապարհին: Թեև էս ամենը տեսականորեն միշտ էլ իմացել եմ, բայց միայն վերջին տարիներին եմ սկսել իրապես գիտակցել ու գործնականում էլ ապրել էդ մտայնությամբ. ոչ մի դժվարությունից, խնդրից ու անհաջողությունից չտրտնջալ, ինձ զոհ չզգալ, չբողոքել, չմեղադրել, անարդարության զգացում չունենալ, փոխարենը ներքին լույսը միշտ վառ պահել` անկախ ամեն ինչից, ու աշխատել հաղթահարելու ուղղությամբ` միաժամանակ դասեր քաղելով, անվերջ ընդլայնելով ու ճկելով թաքնված հնարավորություններիս սահմանները, ու ամեն անգամ զարմանալ դրանց անսահմանությունից:

Բայց ի՜նչ հաճելի է ինքդ քեզ կողքից նայելով` գիտակցելը, թե ինչքան ես աճել, բազմաթիվ խնդիրների ու դժվարությունների բախվելիս հայտնաբերել, որ լրիվ այլ կերպ ես ընկալում ու արձագանքում դրանց, որ ոչ միայն առաջվա պես չես խուսափում ու խորշում մարտահրավերներից, այլև նույնիսկ սկսել ես «ինքդ քեզնից թաքուն» վայելել դրանք ու ամեն անգամ հետաքրքրված մտածել` տեսնես` ուրիշ ինչե՞ր կարող եմ հաջողությամբ հաղթահարել: Սեփական ուժերիս ու ապագայի նկատմամբ էս վստահությունը, որ հիմա ունեմ, ոչ մի ձեռքբերման հետ չէի փոխի:

Հ.Գ. Խնդրանք. չմեջբերել, չքննարկել, հարցեր չտալ:

Ուլուանա
12.11.2023, 23:44
Վերջին տարիների ամենաէական բացահայտումներիցս մեկը. ՇԱՐԺՈՒՄԸ ԿՅԱՆՔ Է: Ցավոք, էս կարևոր գիտակցմանը շատ ուշ եմ եկել, բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք:

Սրա հետ կապված հաճախ եմ տատիկիս հիշում: Ինքն իմ ճանաչած ամենաաշխատասեր ու ամենաանխոնջ մարդկանցից էր. ամբողջ օրն աշխատում էր` տանը, այգում, ու իրեն առույգ էր զգում, հոգնել չուներ, իսկ ցավեր ու անհանգստություններ ունենում էր միայն հանգստի պահերին: Մինչև բավական ծեր տարիքն էլ ոտքի վրա էր ու սովորության համաձայն` միշտ շարժման մեջ` գործ անելիս: Միշտ ասում էր` ինձ էս գործն ա պահում. որ գործ չանեմ, կկոնդանամ:

Մի անգամ Նոր տարուն զանգել էի տատիկիս` Նոր տարին շնորհավորելու, երբ հարցրի` ոնց է, ասեց` 12-ի մոտերն էնքան վատ էի, վեր կացա, պոլերը լվացի, դզվեցի: :))) Դա մեր ուղեղում չտեղավորվող մի բան էր. ախր ո՞նց է հնարավոր, որ մարդ ֆիզիկապես վատ լինի, ու հերիք չի` կարողանա գործ անել էդ վիճակում, դեռ մի բան էլ դրանից հետո լավանա: Էս պատմությունը մեր ընտանիքում անեկդոտի պես բան էր դարձել. միշտ հիշում, ծիծաղում էինք, թե` տատիկը հենց վատ ա լինում, պոլերը լվանում ա ու միանգամից դզվում :D:

Էն ժամանակ էդքան ծիծաղել եմ, բայց հիմա նոր-նոր սկսել եմ տատիկիս հասկանալ. վերջերս ինչքան ինձ տկար եմ զգացել, ինձ ստիպել եմ ֆիզիկական գործ անել կամ մարզվել, երբ թվում էր` էդ պահին դրա ո՛չ էներգիան ունեմ, ո՛չ էլ վիճակը: Բայց արի ու տես, որ ամեն անգամ էլ ընթացքում լրիվ առույգացել եմ: Ու ընդհանրապես վերջին տարիներին նկատել եմ, որ ինչքան շատ եմ շարժվում, ֆիզիկապես ակտիվ լինում, էնքան ինձ ավելի լավ եմ զգում, ընդ որում` ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես:

Ուլուանա
16.03.2024, 18:34
- Մամա, ինչի՞ են հայերենի դասագրքերում բոլոր նախադասությունները Արամով,- հարցնում է Արեգը հայոց լեզվի պարապմունքի տնայինն անելիս:
- Չգիտեմ, որ իմանաս, ինձ էլ կասես:

Հիշում եմ` երբ դեռ դպրոցական էի (մոտ 30 և ավել տարի առաջ), հայոց լեզվի դասագրքերում համարյա բոլոր օրինակների գլխավոր հերոսն Արամն էր. ինչ նախադասություն լիներ` Արամով էր, կարծես ուրիշ անուն չկար: Միշտ զարմանում էի. ախր ինչի՞ միշտ Արամ. կարելի էր, չէ՞, գոնե մեկումեջ Արմեն, Հայկ, Դավիթ կամ այլ տարածված հայկական անուններ գործածել, բայց չէ` միայն Արամ, հա՛ Արամ: Այլ անուններ հայտնվում էին հիմնականում միայն էն դեպքում, երբ Արամը մենակ չէր լինում նախադասության մեջ: :)))

Հիմա պարզվում է` չնայած ավելի քան 30 տարի է անցել, բայց հայոց լեզվի դասագրքերում Արամը շարունակում է մնալ քերականական օրինակների միակ և անփոխարինելի հերոսը: Չնայած էս տարիների ընթացքում դասագրքերի հեղինակները բազմիցս փոխվել են, բայց կարծես նրանցից ոչ մեկը ուրիշ հերոսի անուն չգիտի :D:

Էն օրն էլ Արեգը տնային անելիս նախադասություններ պիտի կազմեր` տրված բառերը որոշակի հոլովներով գործածելով:
- Մի նախադասությունը «ես»-ով գրեցի, մեկը` «նա»-ով, մեկը` «աղջիկ»-ով, մեկը` «տղա»-ով, հիմա հերթը հասավ «Արամին»:

Ուլուանա
27.05.2024, 21:08
Մեր երեխաներն իրականում մեզ շատ ավելի շատ բաներում են նման, քան գիտակցում ենք: Պատահում է` ջղայնանում, վրդովվում ես երեխայի ինչ-որ արարքից, սովորություններից, հակումներից, ու մեկ էլ հանկարծ գիտակցում ես, որ ախր դու էլ ես էդպիսին կամ առնվազն էդպիսին ես եղել իր տարիքում: Ես որ էդպիսի մի քանի «ցնցող» նմանություններ բացահայտել եմ երեխաներիս հետ կապված: Ահա դրանցից մի երկուսը:

Դպրոց գնալուց առաջ և հետո շորերը փոխելը Դավթի դեպքում միշտ երկար պատմություն է, սովորաբար մի 15-20 րոպե տևում է, էն էլ` կողքից անընդհատ բզելուց, շտապեցնելուց հետո: Ամեն անգամ ջղայնանում եմ. «Ախր ո՞նց ա հնարավոր էդքան երկար փոխվել, 10 րոպե առաջ տեսա` նույն ձևով կիսահանված նստած ես, ինչո՞վ էիր զբաղված էսքան ժամանակ, եթե դեռ չես էլ հանվել»: Էն որ ուղեղիդ մեջ չի տեղավորվում ոչ մի կերպ: Էսպիսի դեպքերից մեկի ժամանակ մեկ էլ պահի տակ պայծառացում է տեղի ունենում. աչքիս առաջ եմ գալիս ես` դպրոցից կամ պարից գալուց հետո ննջասենյակում շորերս փոխելիս: Կիսահանված կամ կիսահագնված, անջատված նստած եմ` կամ մտորումների մեջ խորասուզված, կամ երազանքների գիրկն ընկած: Մամաս պարբերաբար ներս է մտնում, վրաս ջղայնանում, ասում էն նույն բաները, ինչ ես եմ ասում Դավթին: Դեռ մի անգամ էլ, երբ հարևանուհին մեր տանն էր, ու ես արդեն կես ժամից ավել ննջասենյակում փոխվում էի, իսկ ավելի ճիշտ` սովորության համաձայն, անջատված նստած էի, մամաս, արդեն համբերությունը հատած, ջղայնացած ներս մտավ, թևիցս բռնեց ու ասեց. «Հիմա քեզ այ սենց կիսատկլոր տանելու եմ հյուրասենյակ, որ Ն-ը տեսնի»: Ես, իհարկե, անհանգստացած դիմադրեցի, մամաս էլ թողեց-գնաց, բայց լավ վախեցել էի: Բայց դա ինձ, իհարկե, դաս չեղավ. ոնց դինջ ու անջատված կայի, էդպես էլ մնացի:

Երեխաներս շատ են դրսից գտած բաներ բերում տուն: Մի անգամ տունն եմ հավաքում, անընդհատ տան տարբեր ծակուծուկերից է՛լ անկապ քարեր, է՛լ ճյուղի կտորներ, ինչ ասես` գտնում եմ ու ահագին մեծ քանակությամբ: «Օֆ, էս էրեխեքն էլ դրսում ինչ զիբիլ գտնեն, հավաքում, տուն են բերում...»: Ու էլի ուղեղի փայլատակում. «Հըմ... Բայց ախր ես էլ եմ տենց անում. քարեր, խեցիներ, կաղինի գլխարկներ, ճյուղեր ու այլ բաներ հավաքում, հետս բերում եմ տուն, որ օգտագործեմ արվեստի ու ձեռքի աշխատանքներիս մեջ: Ուղղակի, ի տարբերություն իրենց, ես ավելի լավ եմ ընտրում ու հիմնականում պահում եմ իրենց համար նախատեսված տեղերում (հանուն արդարության խոստովանենք, որ, ցավոք, ոչ միշտ )))):

Էլի օրինակներ կարող եմ բերել, բայց սահմանափակվենք էսքանով: Համենայնդեպս, վերջերս սկսել եմ ավելի մեղմ ու զգույշ խոսել երեխաներիս թերացումների մասին. ի՞նչ իմանամ` դրանց հետ կապված ինչ վախենալու ինքնաբացահայտումներ կլինեն հետո: )))

Ուլուանա
14.07.2024, 15:17
Համապատասխան թեմա չգտա, էստեղ գրեմ:

Հուլիսի 20-ին, ժամը 19.00 իմ անհատական ցուցահանդեսի բացումն է լինելու: :) Շատ ուրախ կլինեմ ակումբցիներին տեսնել «Արվեստի դեսպանատանը»: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 30-ը, բայց եթե ուզում եք նաև ինձ հանդիպել, առաջարկում եմ գալ հենց բացմանը:
Հասցեն` Սայաթ Նովա 28:

https://i.imgur.com/FfjkLgN.jpeg

Ավելի մանրամասն կարող եք կարդալ միջոցառման էջում (Ֆեյսբուքում).

https://www.facebook.com/events/391109830643943/?ref=newsfeed

Ուլուանա
17.09.2024, 01:24
Հայաստան այցելելուց հետո ԱՄՆ վերադառնալն ինձ համար միշտ կարծես նոր կյանքի սկիզբ լինի. ամեն անգամ վերադառնում եմ հետաքրքիր տպավորություններով, նոր փորձառություններով, դրական լիցքերով ու նոր մտահղացումներով բերնեբերան լցված, ոգեշնչված, պատրաստ նոր մտահղացումներս իրագործելու, կյանքումս լիքը բարեփոխումներ անելու:

Ուլուանա
03.12.2024, 01:08
Վերջին տարիներին հաճախ կրկնվող իրավիճակ ու հոգեվիճակ...
Առօրյայի լարված եռուզեռ, որ լինում է հիմնականում կամ վաղ առավոտյան, կամ ուշ երեկոյան, երբ մի կողմից շտապ ինչ-որ գործեր եմ անում, որ ժամանակին հասցնեմ, ու չգիտեմ` որն անեմ, որը` թողնեմ (տեսնես` կհասցնե՞մ քնելուց առաջ մի քիչ գիրք կարդալ), մյուս կողմից երեխաներն են աղմկում, ինչ-որ բաներ պահանջում կամ մեկը մյուսից բողոքում, միաժամանակ ոտքիս տակ են ընկնում հատակին սփռված զանազան թղթերը, խաղալիքներն ու այլևայլ առարկաները, երեխաներին ասում եմ, որ հավաքեն` միաժամանակ մտածելով, թե, տեսնես, ասածս որերորդ անգամից հետո վերջապես կբարեհաճեն հավաքել... Մտածում եմ, թե էս ինչ գժանոց վիճակ է, մարդու գլուխ է պտտվում ... Մեկ էլ պահի տակ ասում եմ` ՍՏՈՊ... Կանգնեցնում եմ էդ տեսարանը... Մտովի վերանում եմ իրավիճակից, կարծես ֆիլմ դիտելիս լինեմ: Լիակատար անդորրի ու երանության ալիք է գալիս վրաս... Ու գիտակցում եմ, որ իրականում ես անսահման սիրում եմ էս ամեն ինչը, սիրում եմ իմ էս կյանքն` իր ամեն ինչով, անվերջ ու անընդհատ շնորհակալ եմ էս ամենի համար: Երջանկությունը հենց սա է. բոլորը տեղում են, բոլորն առողջ են, կյանքը շարունակվում է իր անսպառ բազմազանության մեջ, որտեղ ես ամեն պահի ընտրության հնարավորություն ունեմ, ու ես խորությամբ վայելում եմ նրա ամեն ակնթարթը, նույնիսկ հոգսերի տակ ճկռելու պահին... Ամենահոգսաշատ պահերում հաճախ էնքան անհոգություն կա, որ էդ պահին սովորաբար ի վիճակի չենք լինում գնահատելու: Ես անդադար սովորում եմ լիարժեք ԱՊՐԵԼ, ներծծել ու յուրացնել էս կյանքի պարգևած յուրաքանչյուր իրավիճակ: Ու մինչև կյանքիս վերջ էլ շարունակելու եմ սովորել հնարավորությունների էս անտակ ծովում: