PDA

Դիտել ողջ տարբերակը : Շահեն Թաթիկյան



Շինարար
21.05.2010, 22:01
Շահեն Ստեփանի Թաթիկյան
1924-1992

Հայ արձակագիր, մասնակցել է Հայրենական Մեծ Պատերազմին, խմբագրել է «Սովետական Հայաստան» ամսագիրը: Երկերից որոշները թարգմանվել են այլ լեզուներով:

Հրատարակված գործերի ոչ ամբողջական ցանկ

1. Հաղթանակի օրը, 1950 թ.
2. Կրակի պարը, 1959 թ.
3. Ինչ գույնի են լինում ճայերը, 1969 թ.
4. Նվերը, 1975 թ.
5. Վերջին զարդաքանդակը, 1976 թ.
6. Մեկը բազմապատկած միլիոնով, 1977 թ.
7. Նրա ճանապարհը, վեպ-եռագրություն, 1956-1972 թթ.
8. Բալենի
9. Փոթարկալի ճամփաներով
10. Երիցս խաչվածը
ա. Թիթեղյա մեր հին վառարանը
բ. Այգեթաղ
գ. Սպիտակ ծղրիդը


Ավելին հայթայթել չկարողա, հուսով եմ՝ ակումբում կգտնվեն մարդիկ, ովքեր ասելիք կունենան այս թեմայում:)

Գալաթեա
21.05.2010, 22:55
"Մեկը բազմապատկած միլիոնով"-ն եմ կարդացել միայն ցավոք: Փաստորեն ահագին բան եմ բան թողել, ափսոս:
Ռեմարկի ռուսերենից արված թարգմանությունները չեմ հաշվում, ես միջնորդ լեզվից թարգմանելը չեմ ընդումում:

Բայց միակ կարդացածս գիրքն իր պատմվածքներով, ու վիպակներով, եթե ճիշտ եմ հիշում՝ "Ոսկին ու հողը" ու հենց գրքի վերնագրին համանուն վիպակը, ժամանակակից հայ արձակագրության լավագույն գործերն եմ համարում:

Ավելի շատ իրական երևանյան համուհոտ քան "Ոսկի և հող" գործում ես մեկ էլ երևի Վարդգես Պետրոսյանի գրածներից եմ զգացել:

Շինարար
21.05.2010, 22:59
Ես էլ ընդամենը «Բալենին» եմ կարդացել դեռ այն տարիքում, երբ երևանյան իրականության հետ բացարձակապես ծանոթ չէի, այն ժամանակ ինձ բնականաբար հարազատ չթվաց, գուցե հիմա կարդայի այլ աչքերով, ուղղակի նշեմ, որ հիմա հայկական սերիալարտադրության այս լայն թափի շրջանում թերևս Թաթիկյանը առատ հունք ունենա առաջարկելու, մյուս կողմից էլ գուցե լավ է, որ այս սկսնակ, դեռևս անփորձ իրադրության մեջ զերծ են մնում նրա ստեղծագործություններին ձեռք տալուց… :)

Գալաթեա
21.05.2010, 23:10
Ես էլ ընդամենը «Բալենին» եմ կարդացել դեռ այն տարիքում, երբ երևանյան իրականության հետ բացարձակապես ծանոթ չէի, այն ժամանակ ինձ բնականաբար հարազատ չթվաց, գուցե հիմա կարդայի այլ աչքերով, ուղղակի նշեմ, որ հիմա հայկական սերիալարտադրության այս լայն թափի շրջանում թերևս Թաթիկյանը առատ հունք ունենա առաջարկելու, մյուս կողմից էլ գուցե լավ է, որ այս սկսնակ, դեռևս անփորձ իրադրության մեջ զերծ են մնում նրա ստեղծագործություններին ձեռք տալուց… :)

Վերջին մտքիդ հետ համամիտ եմ:
Թող ձեռք չտան: Հիանալի գործերը գիտեսինչամեջ են անելու:

Թող էդպես մաքուր մնան, կարդանք:

Շինարար
21.05.2010, 23:12
Գալ ջան, բայց «Բալենին», ժամանակ ունենաս, կարդա, ինձ թվում է՝ քեզ պետք է, որ դուր գա:)

Կաթիլ
21.05.2010, 23:15
դպրոցական տարիքում կարդացել եմ Թաթիկյանի «Բալենին», դե հիշում եմ, որ շատ հավանեցի ու գրքերի մեջ գտա նրա գործերից էլի, մեծ ոգևորությամբ սկսեցի կարդալ «Նրա ճանապարհը», բայց չէ, դժվարանում էի… թողեցի, մի քնաի տարի հետո նորից սկսեցի ու մեծ հետաքրքրությամբ կարդացի բոլոր հատորները…այս գործը կարդալուց հետո Թաթիկյանին համարեցի իմ սիրելի գրողներից մեկը:
«Բալենի»-ն չի համեմատվի «Նրա ճանապարհը»-ի հետ, իմ կարծիքով իհարկե… մյուս գործերին ափսոս ծանոթ չեմ...

Գալաթեա
21.05.2010, 23:21
Գալ ջան, բայց «Բալենին», ժամանակ ունենաս, կարդա, ինձ թվում է՝ քեզ պետք է, որ դուր գա:)

Կաշխատեմ գտնել, կարդալ :)
Դու էլ "Մեկը բազմապատկած միլիոնով"-ը կարդա.. որ հանդիպելու լիեենք, կբերեմ հետս գիրքը:

Լեո
21.05.2010, 23:22
Կարդացել եմ «Նրա ճանապարհը» վեպը (3 հատոր):
Թաթիկյանի ոճում ամենաշատը սիրում եմ տեքստի անտեղի բարդացումներից խուսափումը և առավելագույնս թեթև ընթեռնելիությունը: Իսկ վեպը շատ հետաքիքիր ու կլանող է, ակամայից ապրում ես հերոսների կյանքով, նրանց հետ միասին տխրում ու ուրախանում, սիրում ու սպասում...
Միայն մի քիչ անդուր է մարսվում վեպի հերոսների կույր սերը դեպի խորհրդային կարգերը...

Շինարար
21.05.2010, 23:24
Գալ ջան, բայց «Բալենին», ժամանակ ունենաս, կարդա, ինձ թվում է՝ քեզ պետք է, որ դուր գա:)

Եղավ, ես էլ «Բալենին» ի նկատի կունենամ քեզ համար, եթե հիշեմ:oy

Գալաթեա
21.05.2010, 23:25
Միայն մի քիչ անդուր է մարսվում վեպի հերոսների կույր սերը դեպի խորհրդային կարգերը...

Եթե չարտահայտեր էդ սերը, գրքերը չէին տպի, Լեո, ստիպված էր:
Ինչպես մնացած բոլորը:

Լեո
21.05.2010, 23:35
Եթե չարտահայտեր էդ սերը, գրքերը չէին տպի, Լեո, ստիպված էր:
Ինչպես մնացած բոլորը:
Ես դրա համար Թաթիկյանին ոչ մի կերպ չեմ մեղադրում, պարզապես ասածս այն է, որ վեպի ընդհանուր համ ու հոտը մի տեսակ աղճատվում է խորհրդային կարգերի անտեղի գովերգումից: Անտեղի ասելով՝ նկատի ունեմ՝ հերոսները հաճախ են անդրադառնում խորհրդային կարգերին ու կոմումիզին, այնինչն այդ ամենը կարող էր շատ հպանցիկ լինել և չծանրաբեռներ վեպի սյուժեն:
Բացի այդ չեմ կարծում՝ Թաթիկյանը կումունիզմը գովերգում էր լոկ նրա համար, որպեսզի տպագրվեր: Նա դա անում էր (նաև)՝ ժամանակի ոգու և տրամադրության ճիշտ պատկերը արտացոլելու համար:

Cassiopeia
21.05.2010, 23:37
«Նրա ճանապարհն» եմ կարդացել, ու «Ի՞նչ գույնի են լինում ճայերը»։ «Նրա ճանապարհը» անկեղծ ասած չեմ հիշում (ավելի շուտ միայն դրվագներ եմ հիշում), վաղուց եմ կարդացել, բայց կարդացել եմ մեկ շնչով։ Իսկ «Ի՞նչ գույնի են լինում ճայերը» ստեղծագործությունը համեմատած ավելի ուշ կարդացի ու հավանեցի։ Շատ թեթև գրված ստեղծագործություն ա, բայց ավելի շուտ դեռահասների համար ա, ի տարբերություն «Նրա ճանապարհ»-ին։

Գալաթեա
21.05.2010, 23:49
Ես դրա համար Թաթիկյանին ոչ մի կերպ չեմ մեղադրում, պարզապես ասածս այն է, որ վեպի ընդհանուր համ ու հոտը մի տեսակ աղճատվում է խորհրդային կարգերի անտեղի գովերգումից: Անտեղի ասելով՝ նկատի ունեմ՝ հերոսները հաճախ են անդրադառնում խորհրդային կարգերին ու կոմումիզին, այնինչն այդ ամենը կարող էր շատ հպանցիկ լինել և չծանրաբեռներ վեպի սյուժեն:
Բացի այդ չեմ կարծում՝ Թաթիկյանը կումունիզմը գովերգում էր լոկ նրա համար, որպեսզի տպագրվեր: Նա դա անում էր (նաև)՝ ժամանակի ոգու և տրամադրության ճիշտ պատկերը արտացոլելու համար:

Կարծում եմ պատկեր ներկայացնելու խնդիր այնքան չէր, որքան պրոպագանդելունը...
Եթե դու զգացել ես, որ տեղ–տեղ չափն անցնում է, երևի ինքն էլ զգացած կլինի:
Մի քիչ թեմայից հեռանամ, բայց օրինակ Խանզադյանի "Քաջարանը", կամ Խաժակ Գյուլնազարյանի ու Վախթանգ Անանյանի գործերը...մանավանդ վերջիններինը: Պատանիների համար էին գրված ու ամեն տողում էդ քարոզը տեսնում ես: Սիրուն, հետաքրքիր սյուժեները մեկ էլ դառնում էին պարտիական ժողովից քաղվածքներ ...
Չեմ կարծում, որ սեփական կամքով էին անում:

Պարտադրանք կար, ցենզուրա կար:
Հիմա չկա...բայց հիմա արդեն գրաղ չկա :)

ministr
21.05.2010, 23:52
Երիցս խաչվածն եմ կարդացել մի 15 տարի առաջ.. հետաքրքիր էր, բայց հիմա բան չեմ հիշում...

Շինարար
22.05.2010, 01:18
Քանի որ խոսք գնաց Թաթիկյանի գործերում խորհրդային գաղափարախոսության արտահայտվածությունից, խորհուրդ եմ տալիս կարդալ Վազգեն Սարգսյանի «Հայի վերջին խելքը» (http://hetq.am/am/culture/vazgen-sargsyan/) հոդվածը: Հոդվածում Շահեն Թաթիկյանի մասին մի երկու տող կա ընդամենը, բայց կարծում եմ՝ կարելի է որոշակի պատկերացում կազմել Շահեն Թաթիկյան մարդու և քաղաքացու մասին:

Արէա
22.05.2010, 07:41
Շատ շնորհակալ եմ այս թեման ստեղծելու համար, Շահեն Թաթիկյանին միշտ համարել եմ համաշխարհային գրականության մեծագույն դեմքերից մեկը, ու միշտ զարմացել եմ, ինչո՞ւ Թաթիկյան չեն կարդում, "Նրա ճանապարհը" կարդացել եմ 13 տարեկանում, ու դրանից հետո երևի 7-8 անգամ վերընթերցել եմ, չեմ հանդիպել ոչ մի ուրիշ վեպի, որն էսքա պարզ կլինի, էսքան ամեն տեսակ զիզի բիզի բաներից հեռու, ու էսքան խորը: "Նրա ճանապարհը" ինձ սովորեցրեց ապրել, ճիշտ ապրել: Ամեն մի տողը կարծես մի ամբողջ աշխարհ լինի ինձ համար, գժվում եմ Աննայի կերպարի համար, չեմ տեսել ավելի լուսավոր կերպար ոչ մի տեղ: Կարող եք ասել թե դա հորինված կերպար է, իրականում կան այդպիսի մարդիկ, ուղղակի դեռ ոչ ոք չի կարողացել էդքան խորը թափանցել նրանց էության մեջ, ու էդպես պարզ ներկայացնել նրանց: Ինչ վերաբերվում է սովետական թեմային, ոչ մի պրոպագանդա չեմ տեսնում, մի դրվագ կա, որտեղ Սարոն Խաչիկի ու Մերուժանի հետ նժում են ուսումնարանն ավարտելը, ու Խաչիկը երազում է թե ինչ կլինի վաղը, երբ կոմունիզմը կառուցված կլինի, իսկ կարող եք ասել այդ տարիներին որ մի նորմալ մարդը չէր երազում դրա մասին: Նաիրի Զարյանն էլ էր գրում դրա մասին, բայց այնտեղ պարզ զգացվում է պրոպագանդան, իսկ սա ուղղակի շատ մեծ վարպետությամբ ու պարզությամբ ներկայացված է սովորական մարդու կյանքը, իր երազանքներով ու ձգտումներով, ու կորուստներով: Անվերջ կարող եմ խոսել այս ստեղծագործության մասին, բայց աշխատանքից ուշանում եմ արդեն:) վերջում կուզեի առանձնահատուկ նշել "գնացքը դուրս եկավ "Ա" կետից..." պատմվածքը, աշխարհում չկա անձնազոհության ավելի լավ նկարագրություն, չգիտեմ շատ եմ սիրում, շնորհակալ եմ Շինարարին:

Agni
22.05.2010, 16:09
Վայ շատ ապրեք թեման բացելու համար: Գուցե դպրոցական տարիքում ծանոթացել եմ նրա ստեղծագործություններին ու չեմ հիշում, բայց այն որ մի քանի օր առաջ կարդացի նրա պատմվածքներից`«Սփռոցը», անկեղծ շատ տպավորվեցի...
Բացի թեթև խոսքը, այդ ստեղծագործության մեջ աբստրակտ մի բան կար՝ երազ, իրականություն խառնված, ու գաղափարներ կային հատիկներով, որ թողնում է դու տեսնես կամ էլ չտեսնես:
Չգիտեմ ինձ շատ դուր եկավ ու պատրաստվում եմ “Բալենին" կարդալ:

Դատարկություն
22.05.2010, 20:09
«Մեկը բազմապատկած միլիոնով»-ն եմ կարդացել, եթե չեմ սխալվում` էդպես 7րդ դասարանում, հիշում եմ, որ տպավորված էի, թե ինչպեսա տղամարդը փոքր երեխա պահում, հետո, եթե չեմ սխալվում, ինչ-որ երկիմաստ պահեր կան էդ վեպում, էդ պահերը չէի հասկանում (դե ես որպես արկածային ռոբինզոնական գիրք էի կարդում): Չգիտեմ ինչի մեջս ամենաշատը տպավորվել է երեխայի ցանկությունները հասկանալը ու թե ինչպեսա էդ մարդը հում ձկով կերակրում երեխային (հնարավորա էսպես բան ընդհանրապես չլինի:))): Հիմա որ մտածում եմ, մենակ դա եմ հիշում` հում ձուկ, տղամարդ, երեխա, երեխայի լաց, շեղատառերով գրված հատվածներ, գրքի կապույտ կազմը ու մեկ էլ թե ով խորհուրդ տվեց, որ կարդամ:)
Կուզեի էլի կարդամ:oy

Նաիրուհի
30.09.2010, 05:08
Քիչ եմ կարդացել, միայն «Նրա ճանապարհը» և «Երիցս խաչվածը»։ Փոքր տարիքում Սամվելի մեջ ինձ էի տեսնում. և´ բնավորությունն էր նման, և´ աչքիս բաներ էին երևում (ով կարդացել է, կհասկանա), հետո էլ լրիվ պատահաբար պարզեցի, որ էլի սամվելի նման կարճատես եմ :)
Սկզբում վերոնշյալ պատճառով «Նրա ճանապարհն» էի ավելի շատ սիրում, հետո մի երկու տարի առաջ նորից վերընթերցեցի դա էլ, «Երիցս խաչվածն» էլ։ Հիմա երկրորդն եմ ավելի շատ սիրում։
Ինձ շատ դուր եկած գրական հնարանք է այն, որ «Երիցս խաչվածի» մեջ «Նրա ճանապարհը» վեպի հերոսները կան, թեև ոչ որպես գործող անձինք, այլ հիմնականում հուշերի, նամակների մեջ...
Չգիտեմ՝ ով ոնց, բայց ես միայն ուրախ եմ, որ գոնե մի քիչ գիտեմ Շահեն Թաթիկյան գրողին։

Արէա
04.11.2011, 10:59
Ժողովուրդ, ազատ լինեք անպայման կարդացեք, չորս ժամ տանջվել մուտքագրել եմ :)

Անսահման տխուր ու մարդկային պատմություն: Սիրում եմ Թաթիկյանի գործերը.

Արէա
04.11.2011, 11:03
- Պրոֆեսոր,- ասաց հիվանդանոցային վերնազգեստով մարդը,- այժմ սկսենք ամեն ինչ սկզբից:

Պրոֆեսորը զարմանքով նայեց հիվանդին, բայց չկարողացավ երկար դիմանալ նրա հայացքին: Այդ տխուր աչքերի հայացքին:

Ու պրոֆեսորը աչքերը խոնարհեց լուցկու տուփին, որով զբաղված էին նրա մատները:

-Ես հասկանում եմ,- ասաց հիվանդը,- Ամենաշատը, հավանորեն ձեզ` բժիշկներիդ է հարկ լինում դերասանություն անել… Բայց դերասանությունն այն ժամանակ է ընդունելի, երբ կարող է իսկապես օգտակար լինել: Օրինակ, ծննդաբերող կնոջը, որպեսզի չափից դուրս վախն ու տագնապը չփչացնեն գործը…

-Ես ձեզ ասացի ամեն բան: Մենք հեռացրինք ձեր խոցը, բայց դուք երկար ժամանակ…

-Պրոֆեսոր,- ընդհատեց հիվանդը: - Ես ամեն ինչ զգում, հասկանում եմ… Ես բժիշկ չեմ, բայց ամեն ինչ գիտեմ ժամանակակից միջին զարգացման մարդու մակարդակով:

-Ոչ,- շտապեց շոյել դիմացինի ինքնասիրությունը պրոֆեսորը:- Դուք անշուշտ միջինից բարձր…

-Դե, ուրեմն, ավելի լավ… Դուք չեք ուզում շտկել ձեր, ներեցեք… սուտը… ներեցեք բարի նպատակով ասած սուտը, ես ձեզ կօգնեմ… Դուք գուցե կասկածում էիք, որ գործ ունեք սովորական խոցի հետ, բայց երբ բացեցիք, տեսաք, որ բավականին առաջացած չարորակ ուռուցք է և ամեն ինչ թողնելով ինչպես կար` կարեցիք վերքը…

-Դուք… - փորձեց հակաճառել պրոֆեսորը, բայց չկարողացավ, որովհետև չէր կարողանում նայել դիմացինի աչքերին:

Նա լռեց, ապա մի նոր սիգարետ վառեց:

Մի որոշ ժամանակ լուռ ծխում էին:

-Ինձ խիստ անհրաժեշտ է իմանալ, թե նման վիճակով դեռ որքա՞ն կապրեմ…

Պրոֆեսորը այս անգամ գլուխը բարձրացրեց, նայեց հիվանդի աչքերին, ապա վեր կացավ, քայլեց սենյակում. Դռնից դեպի լուսամուտը, լուսամուտից դեպի դուռը, նորից ետ ու կանգ առնելով լուսամուտի առաջ, նայեց դուրս:
Եվ այդ պահին թե հիվանդը և թե բժիշկը միաժամանակ ուշադրություն դարձրին, որ առանձնասենյակում գտնվող ջրի ծորակը ամուր չի փակված ու մեկ, երկու, երեք… մեկ, երկու, երեք… համառ հետևողականությամբ վայրկյաններ են ծեծում կաթիլները:
Երկուսով էլ գլուխները շրջեցին դեպի այդ կողմը, բայց հիվանդը վեր կացավ, մոտեցավ ծորակին ու դադարեցրեց կաթիլների համառ ծկլթոցը:
Նա նորից նստեց տեղը, իսկ պրոֆեսորը, շարունակելով նայել դուրս, ասաց.

-Երբ փոքր էի, այնքան երևույթներ կային, որ երազում էի դիտել զարգացման ընթացքում. Սերմի ծլելը, կոկոնի բացվելը, ճուտի մեծանալը… Երբեք այդ բանը չհաջողվեց: Նույնիսկ երեխա ժամանակ` այդ ժամանակ կոչվածը չէր բավականացնում: Իսկ հիմա պատկերացնում եք, նոր նկատեցի, որ ծառերը տերևակալել են:

Հիվանդը համառ լռություն էր պահում: Հետո վեր կացավ, ինքն էլ մոտեցավ լուսամուտին ու սկսեց նայել դուրս: Հիվանդանոցի բակում գարնան արևի տակ տաքանում էին իր նման վերնազգեստ հագած մարդիկ, իսկ մի քանի նստարանների վրա նրանց այցի եկած հարազատներն էին: Հիվանդներից մեկի երեխան հոր հետ գնդակ էր խաղում: Հայրը նստած էր, որդին, որ երկու, երեք կամ չորս տարեկան կլիներ, գնդակը գցում էր հորը, վերջինս նստած տեղից որսում և նետում էր որդուն: Երեխայի մայրը, որ ամուսնու կողքին էր նստած, բան ասաց նրան, ամուսինը շրջվեց լսելու և գնդակը դիպավ այտին: Մայրը վախեցած բարկացավ երեխայի վրա, բայց հայր ու որդի այնքան բարձր ու ուրախ քրքձացին, որ նրանց ձայները հասան մինչև առանձնասենյակ:

Պրոֆեսորը հեռացավ լուսամուտից, նստեց տեղը, հիվանդն էլ նրա դիմաց:

-Դուք ճիշտ եք,- ասաց նա;- Ես ձեզ համար ոչինչ չկարողացա անել…

-Ուշ էր…- հուշեց հիվանդը:

-Ուշ էր,- համաձայնեց պրոֆեսորը:

-Իսկ հիմա ուզում եմ ստանալ հարցիս պատասխանը,- ասաց հիվանդը:

Պրոֆեսորը մինչ այս խոսակցությունը գիտեր հարցի պատասխանը, բայց հիմա մտածեց, որ չգիտե: Նա իր հիվանդին ճանաչում էր վաղուց, ավելի վաղ, քան նա հիվանդ էր, և ավելի վաղ, քան նույնիսկ ինքը բժիշկ էր: Ինքը դեռ ուսանող էր, երբ այս մարդը արդեն մի ամբողջ հիմնարկություն էր ղեկավարում, չնայած իրենից հազիվ չորս տարով մեծ լիներ: Նա քաղաքի հայտնի մարդկանցից էր և աչքի էր ընկնում նաև իր արտաքինով` խոշոր, առնական դիմագծերով, հուժկու և առանդուն քայլվածքով: Հիմա նրա դեմքի վրա ամենից ավելի ընդգծվում էր արտասովոր կերպով խոշորացած քիթը, որի շուրջը դեղնությունը դրել էր իր սեսկալի դրոշմը:

-Չորսից վեց ամիս,- ի վերջո ասաց նա:

Ու նրան թվաց, թե հիվանդի դեմքին ու հայացքում ամենաչնչին փոփոխություն անգամ չկատարվեց:

-Բայց կարող է և ավելի:

-Ինձ հարկավոր է իմանալ նվազագույնը,- ասաց հիվանդը:- Որ անելիքներիս համար ժամանակից մեծ ծրագիր չկազմեմ: Գործեր ունեմ,- մտահոգ շարունակեց նա,- որոնցից մի քանիսը դեռ գլխումս են: Փոքր որդուս պետք է ամուսնացնեմ… Մի մտահղացում ունեմ, պետք է տեսքի բերեմ, որ լաբորատոր փորձ դնել տամ… Հետո որոշ բաներ ունեմ գրելու… էլի մանր-մունր բաներ ու ընտանեկան մի լուրջ գործ…

Մարդը խոսում էր կշռելով յուրաքանչյուր բառը, անշտապ, իսկ պրոֆեսորի լարվածությունը հետզհետէ մեծանում էր: Նա հոգնել էր:

-Միայն մի խնդիրք,- ասաց հիվանդը, վեր կենալով, - թող դա երկուսիս գաղտնիքը լինի: Խնդրում եմ, պրոֆեսոր, այդ մասին ոչ ոքի ոչինչ մի ասեք…

- Բայց այն բժիշկները, ովքեր ասիստենտություն…

-Ես նկատի ունեմ բարեկամներիս, հարազատներիս և մասնավորապես կնոջս…

Թվաց թե ստվեր անցավ պրոֆեսորի դեմքի վրայով, բայց նա նայելով դիմացինին, խոստացավ.

-Բարի… ապահով եղեք…

-Նշանակում է` վաղը տուն եմ գնում…

Պրոֆեսորը նայեց դիմացինին ու չպատասխանեց:

Արէա
04.11.2011, 11:06
-Ցանկանում եմ,- ասաց հիվանդանոցային աշխատակցուհին, որը բերել էր նրա հագուստները,- այլևս մեր հիվանդանոց ոտք չդնեք:

Նա ժպտաց և ասաց.

-Ամբողջ ուժով կջանամ…

-Ձեր տեսքը հիանալի է,- ասաց մի բժշկուհի,- թու, թու, աչքով չտամ, չնայած որ իմ աչքը բարի է…

-Շնորհակալ եմ,- ասաց նա…

Հետո բոլորին հրաժեշտ տվեց ու աստիճաններով իջավ:

Առաջին հարկի սրահում մի բարձրահասակ կին էր կանգնած` ձեռքին երեք մեխակ: Չնայած մոտ քառասունհինգ տարեկան կլիներ, բայց նկատելիորեն պահպանել էր գեղեցկությունը: Հիվանդը դեռ աստիճանների վրա նկատեց կնոջը: Կինն էլ իր հերթին տեսավ նրան ու արագ քայլերով ընդառաջ գնաց: Թվում էր, թե նրանք հիմա պետք է գրկախառնվեն, բայց անգամ ձեռքը չմեկնեցին, այլ քարացան միմյանցից մոտ երկու քայլ հեռավորության վրա: Տղամարդու աչքերը նայում էին նույն թանձր լրջությամբ, ինչպես երբ նա զրուցում էր պրոֆեսորի հետ: Կինը կանգ առավ, մեխվեց տեղում:

-Ես մեքենա եմ բերել,- ասաց նա:

-Իմ մեքենան եկել է,- ասաց մարդը,- ես զանգահարել էի հիմնարկություն: Դու զուր ես նեղություն քաշել: Քեզ ո՞վ ասաց, որ այսօր դուրս եմ գալիս…

-Իմացա…- շշնջաց կինը:- Հետաքրքրվում էի` իմացա…

Նրանք դուրս եկան սրահից:

-Ուրեմն իմ մեքենան ազատե՞մ…

-Ինչո՞ւ,- ասաց մարդը,- դու կարող ես գնալ այդ մեքենայով…

-Ես պետք է քեզ հետ գամ,- հնարավորին չափ վճռական ձայնով ասաց կինը:

Մի ակնթարթ միայն մարդը կանգ առավ:

-ԴԵ լավ,- ասաց նա,- եկ ինձ հետ, բայց տես` օտարների մոտ տեսարան չսարքես:

Հիվանդանոցի դռանը նրան ընդառաջ եկան երկու տղամարդ: Մեկը վարորդն էր, մյուսը` աշխատակից:

-Բարև, ընկեր Վարդանյան…

-Ինչպե՞ս եք, երևում է` լավ եք…

Առաջին անգամ մարդու դեմքի կենտրոնացած լուրջ արտահայտությունը տեղի տվեց ժպիտին, որի մեջ ավելի շատ ոչ թե ուրախություն, այլ քնքշանք կար:

-Հիսունն անց մարդը,- ասաց նա` սեղմելով իրեն մեկված ձեռքերը,- հանգստանալու համար իրավունք ունի երբեմն-երբեմն հիվանդանալու:

Մարդը և կինը նստեցին ետևում, աշխատակիցը` վարորդի կողքին:

Նրանք մի պահ վարանումով նայեցին իրենց պետին, բայց վերջինս կատակի տալով, ասաց.

-Սարգիս, հուսով եմ` չես մոռացել իմ տան տեղը…

Ու մեքենան սուրաց:

Նորքի զանգվածի նորակառույց շենքերից մեկի առաջ մեքենան կանգնեց:

-Վաղը սովորականի պես կգամ աշխատանքի,- ասաց մարդը,- առայժմ բարևեք ընկերներին: Էսօր մի քիչ ինձ կաչգի կբերեմ…

Ամբողջ ժամանակ կինը լուռ էր:

Երրորդ հարկի բնակարաններից մեկի դուռը բանալով, մարդը ասաց.

-Ահա և իմացար` որտեղ եմ ապրում:

-Ես շենքը գիտեի,- արձագանքեց կինը:

Մեկ սենյականոց բնակարան էր: Կինը կանգնած մնաց սենյակի մեջտեղը և տխուր հայացքով շուրջն էր նայում: Մի երկաթե մահճակալ, մի փոքրիկ սեղան, երկու աթոռ, մի գրադարակ, որի վրա անկանոն դրված էին մասնագիտական գրքեր, պատերին փակցված էին սխեմաներ, դիագրամներ, զանազան այլ գծագրեր…
Լուսամուտի գոգին` շատ քիչ քանակությամբ ամանեղեն: Եվ ամենուրեք` փոշի: Ամուսինը ինչ-որ փալաս բերեց խոհանոցից և ուզեց սրբել աթոռները:

Կինը նրա ձեռքից վերցրեց փալասը:

-Ես ինքս…

-Ավելի քան մեկ ամսվա փոշի է,- ասաց մարդը:

Կինը աթոռները սրբելուց հետո փալասը տարավ խոհանոց: Այստեղ գազօջախի վրա մի փոքրիկ պղինձ ու մի թավա կար, խոհանոցի հատակին` դատարկ շշեր ու ապակե բանկաներ: Ուրիշ ոչինչ: Խոհանոցի պատուհանը վարագուրված էր ժամանակից դեղնած լրագրերով: Երբ վերադարձավ, մարդը ասաց.

-Երևակայիր, պարզեցի, որ կարող եմ սուրճով հյուրասիրել քեզ…

Գրադարակի ներքևի մասում նա ինչ-որ բան էր քրքրում և երբ ուղղվեց, կինը տեսավ, որ մարդու ձեռքին սրճեփ կար և թիթեղյա մի տուփ:

-Ես մինչև անգամ շաքար էլ ունեմ,- ավարտեց նա իր խոսքը:

Մարդը ուզեց գնալ խոհանոց, բայց կինը կանգնեցրեց:

-Դեռ հարկավոր չէ,- ասաց նա,- սպասիր, մի քիչ խոսենք…

Մարդը սուրճի պարագաները դրեց սեղանին ու նստեց կնոջ դիմաց:

-Ես չեմ ուզում այդ սուրճը, ես չեմ ուզում, որ դու մնաս այս տանը…

Մարդը թանձր լռություն արտահայտող հայացքով լսում էր:

-Արի գնանք: Հերիք ինչքան… Գնանք տուն:

-Իսկ ես սուրճ եմ ուզում,- ասաց մարդը ու վեր կենալով, նորից պարագաները վերցրեց, գնաց խոհանոց:

Կինը մնաց տեղում, կռացավ և երկու ափով ամուր սեղմեց դեմքը: Կարելի էր կարծել, թե լաց էր լինում: Բայց երբ ամուսնու ոտքերի ձայները լսելով գլուխը բարձրացրեց, նրա աչքերը թաց չէին, անգամ խոնավ չէին, այլ հազիվ նկատելի կարմրել էին:

-Սուրճը վաղուցվա աղացած է,-ասաց մարդը: - Եթե դուր չգա, ոչինչ մի խմիր: Իսկ ես կարիք եմ զգում:

Նա լցրեց երկու գավաթ, մեկը զգուշորեն դրեց կնոջ առաջ ու նորից նստելով, վերցրեց իր գավաթը:

-Վեր կաց, վեր կաց գնանք,- ասաց կինը:

Մարդը մի կում տաք սուրճ խմեց, նրա դեմքը բավականություն էր արտահայտում:

-Այ, ինչին էի կարոտել հիվանդանոցում,- ասաց նա: - Իհարկե, սուրճ տալիս էին, բայց ուրիշ է, երբ մարդ ինքն է պատրաստում: Խմիր…

-Ես չեմ խմում,- ասաց կինը,- վերջերս սիրտս այքան էլ լավ չէ:

-Ուրեմն հարկավոր չէ,- ասաց մարդը: Ապա հանգիստ, ասես բարձրաձայն մտածելիս լիներ, խոսեց.

-Գիտեմ, որ ոչինչ չես մոռացել, բայց ուզում եմ քեզ հիշեցնել որոշ բաներ: Մոտ մեկ տարի առաջ եկանք համաձայնության, և ես տեղափոխվեցի այս բնակարանը:

Ամենքին հայտարարեցինք, որ իբր աշխատելու համար եմ եկել այստեղ: Որոշեցինք մեր բաժանումը ձևակերպել այն բանից հետո միայն, երբ Ռուբենը ամուսնանա: Այդ ամբողջ ժամանակ չգիտենք միմյանց մասին ոչինչ: Եվ հանկարծ հիվանդանոցում քեզնից ստանում եմ ծանրոց… Ես այն ընդունեցի, որպեսզի օտարների համար խոսակցության նյութ չտամ… Բայց քեզ ուղարկեցի մի երկտող: Դու խելացի կին ես և հասկացար, որ երկրորդ անգամ քեզանից ոչինչ չեմ ընդունի: Զարմանալին միայն այն է, որ եկար իմ դուրս գրվելու օրը, ու հիմա էլ ինձ առաջարկում ես վերադառնալ: Դու այդ բոլորի հետ միասին հիանալի գիտես նաև, որ ես կարող եմ վիրավորվել…

-Վիրավորվել,- ասաց կինը,- ինչու պետք է վիրավորվես, չէ որ ապաքինվել ես… և իրավունք չունես իմ քայլերը ընդունել որպես…

-Ապաքինվել եմ,- ասաց մարդը ու հաճույքով մի կում էլ սուրճ խմեց,- բայց այդ ոչ օգնում է, ոչ էլ խանգարում մեր որոշման կատարմանը: Հո թատրոն չենք խաղում: Ամեն ինչ նախապես լավ մտածել էինք: Թե կարծում ես, մարդիկ մեր ներկայացումը հալած յուղի պես ընդունեցին: Խնդրում եմ, եկ միմյանց չխանգարենք: Ես շատ գործ ունեմ: Ես ահագին ժամանակ եմ կորցրել:

-Վերջ տուր,- հանկարծ բռնկվեց կինը,- դու… դու… - Նա վեր կացավ, գրկեց ամուսնու ուսերը, ձեռքերը դրեց նրա սեղանին հանգչող բռունցքների վրա,- աստված իմ, ինչ սառն են ձեռքերդ… վերջ տուր:

-Տարիներ շարունակ մեր անհամաձայնության պատճառն այն էր, որ միմյանց չէինք ճանաչում,- կնոջ գրկից ազատվելով` ասաց մարդը:

-Ճանաչում եմ, ճչաց կինը,- ճանաչում եմ քո սիրտը: Քո սիրտը պողպատից է սարքած… Դու համառ ես, բայց միշտ ինձ ես մեղադրել համառության մեջ…

Մարդը մի սիգարետ վառելով ոտքի կանգնեց:

Արէա
04.11.2011, 11:08
Լուսամուտի առջևից երկար ձգվում էր լայն փողոցը, որի երկու մայթերի եզերքին գարնան արևով ողողված շարվել էին նորատունկ, վտիտ ծառերը: Մարդը հայացքով երկար ուղեկցում էր կնոջը, որը քայլում էր փողոցի մեջտեղով: Նա քայլում էր սովորականի նման ուղիղ, միայն գլուպն էր կախ:

-Համառ,- աչքերով կնոջն ուղեկցելով, ինքն իրեն խոսեց մարդը: - Սիրո՞ւմ է նա ինձ: Նորի՞ց է սիրում: Կարոտե՞լ էր, թե ինչ… Բայց այսպես լավ է. Իմ չերությունը նրան կստիպի շատ չտանջվել մահվանս պատճառով: Եթե սիրում է…

Նա այդպես, հայացքով ուղեկցեց կնոջը, մինչև նա թեքվեց այդ երկար փողոցը հատող մեկ ուրիշ փողոց:

Մարդը ամուր շփեց ճակատը ու, նստելով սեղանի մոտ, վերցրեց սուրճի մյուս գավաթը, որին կինը ձեռք չէր տվել, կում-կում խմելով, շարունակեց զրուցել ինքն իր հետ.

- Շատ բան եմ ուզում անել, բայց դե, չորսից վեց ամիսը ահագին ժամանակ է: Զգուշության համար ես կնախատեսեմ երեք ամիս և եթե ավելի ժամանակ մնա, ապա մաքուր շահույթ կլինի…- Նա ծիծաղեց անժպիտ ծիծաղով,- շահույթ,- կրկնեց նա: - Բայց կարող է պատահել, որ հակառակը, ավելի քիչ ժամանակ մնա… Ուրեմն, ինչից սկսել…

Նա գրադարակից բերեց մաքուր թուղթ, գրիչ, շարունակ ինքն իրեն խորհրդակցելով.

-Համենայնն դեպս, նախ պետք է իմ հաջորդին, որը չգիտեմ, թե ով կլինի, ընդհանուր գծերով տամ այն հեռանկարները, որոնց իրականացման ուղղությամբ աշխատում էի: Մանավանդ, եթե չհասցնեմ Բ-1 ագրեգատի մոդեռնացման նախագիծը: Նամակներ պիտի թողնեմ երեխաներիս, նրան…

Հետո վեր կացավ, նորից բարձրաձայն ծիծաղեց ու դարձյալ անժպիտ աչքերով, կանգնեց սենյակի մեջտեղում և ասաց.

-Սատանան տանի, այնպիսի բաներ եմ մտածում, որ կարծես պատրաստվում եմ ինքնասպանության: Մինչդեռ իրականում…

Նա ընդհատեց միտքը: Երևի չկարողացավ ձևակերպել, թե իրականում ինչ է պատրաստվում անել:

Հետո նորից նստեց ու վճռական շարժումով թղթի վրա գրեց վերնագիր.

Երեք ամսվա աշխատանքի ծրագիր.

Տակը ընդգծեց ու “1” թվանշան դնելով, կողքը գրեց. “ապրիլի քսանին, երեկոյան, աշխատանքից հետո սկսել արտադրական գծերի մոդեռնացման սխեմատիկ հեռանկարների նկարագիրը”…

Բայց գրիչը նորից ցած դրեց, վեր կացավ, ետ ու առաջ քայլեց:

-Սատանան տանի,- ասաց,- ինչպես եմ ուզում թողնել ինքնակենսագրություն: Թող վերջապես երևէ մեկը ճանաչի, հասկանա…
Հետո սկսեց վիճել ինքն իր հետ.

-Ո՞վ հասկանա, ո՞վ ճանաչի:

Նա այդպես շորերով պառկեց մահճակալին ու երկար ժամանակ լուռ և կոնտրոնացած նայում էր առաստաղի մի կետին: Հետո վեր կացավ ու ասաց.

-Հարկավոր է գնալ խանութ, բան-ման առնել: Այս երեկո ազատ եմ: Մի քիչ էլ կզբոսնեմ:

Արդեն դուեը բանալով, ասաց.

-Սատանան տանի, ինքնակենսագրություն գրելու ժամանակ էլ չեմ ունենա… Այդ արդեն շռայլություն կլինի…

Ու դուրս եկավ, ետևից շրխկացնելով դուռը:

Արէա
04.11.2011, 11:09
Արևից դեղնած փողոցով քայլում էր մի բարձրահասակ կին: Նրա կեցվածքը ուղիղ էր, քայլերը հաստատուն, բայց գլուխը կախ էր գցել ու կողքից անցնողներին կարող էր թվալ, թե կենտրոնացած նայում է ոտքի տակ: Քայլում էր կինը ու մտածում: Չէ, չէր մտածում. Մտքում ճչում էր, կռվում, աղաղակում.

-Նա կարծում է ապաքինվել է… Աստված իմ, նա կարծում է, թե գործեր պիտի անի… նա կարծում է երկար ժամանակ է մնացել նրան ապրելու… Եթե ես նրան ասեի, ինչ իմացել եմ պրոֆեսորից, կմտածեր, թե խղճահարությունից եմ եկել հաշտվելու: Իսկ այսպես, գուցե մի բան մտածեմ` նրա համառությունը կոտրելու համար: Աստված իմ, գոնե նրա դժվար ամիսներին խնամեմ, շրջապատեմ հոգատարությամբ… Ախ, եթե իմանայի…

Անցորդները չէին լսում ոչինչ, որովհետև կինը վիճում ու կռվում էր մտքում:

Նրանք միայն տեսնում էին փողոցով անցնող բարձրահասակ մի կնոջ, որը չնայած արդեն մոտ քառասունհինգ տարեկան կլիներ, դեռ բարեկազմ էր: մեկ-երկուսը մինչև անգամ շրջվեցին ու նայեցին նրա ետևից:

Գեղեցիկ ոտքեր ուներ կինը: