PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրային նոթեր



Chuk
21.05.2010, 09:15
Սիրելի ակումբցիներ, սա թեմատիկ օրագիր է, որտեղ առաջարկում եմ կատարել սիրային նոթեր. տանջված սիրտ, անպատասխան սեր, երկար բաժանում, կարոտած հոգի... այս բոլոր հոգեթրթիռ ու սիրտը տրոփեցնող նոթերն այս թեմայի համար: Չորացած արցունքն ու մեղմ արտասուքը պարփակենք այս թեմայի մեջ:


Հ.Գ. Հիշեցնում եմ, որ համաձայն «Օրագրեր» բաժնի կանոնների (http://www.akumb.am/showthread.php/53734-«Օրագրեր»-բաժնի-կանոնները) մեկնաբանություններն ու քննարկումներն արգելվում են:

Chuk
21.05.2010, 10:16
Երթուղայինում նստած նայում էի նրա շուրթերին: Խոսում էր: Խոսում էր, բայց չէի լսում: Տեսնում էի, թե ինչպես են շուրթերը բացվում ու փակվում, բայց չէի լսում: Մեջս մեծ ցանկություն կար շուրթերս մոտեցնել ու համբուրել, բայց չէի համարձակվում: Երկու խանգարող բան կար: Երբևէ ոչ մեկին չէի համբուրել ու չգիտեի թե դա ինչպես են անում, բացի դա... ընկերոջս ընկերուհին էր...

Ես տասերորդ դասարանցի էի: Սիրահարվել էի մինչև ականջներիս ծայրն ու կյանքում առաջին անգամ որոշել էի սիրոս մասին խոստովանել: Ավելի քան երկու շաբաթ պատրաստվում էի: Փորձեր էի անում: Ճառ էի պատրաստում: Դպրոցի միջանցքում ընդմիջման ժամերին գաղտագողի նայում էի նրան: Ինքն էլ ինձ էր նայում.. նորից գաղտագողի: Ու այդպես էլ չէի համարձակվում: Բայց արդեն մոտ էր խոստովանելուս օրը, երբ մոտեցավ ընկերս.
- Հրաշք էր:
- Ի՞նչը:
- Առաջին համբույրը:
- Ապրես, - ասացի: - Ու՞մ հետ:
Պատասխանն ինձ թևաթափ արեց: Նրա հետ, ում ես պիտի խոստովանեի իմ սերը: Խոստովանեց ընկերս ու սկսեցին ընկերություն անել:

Իմ ու նրա տունն իրար մոտ էր, իսկ ընկերս ուրիշ տեղ էր ապրում: Ու ամեն օր նրան տուն էի ճանապարհում ու ամեն օր նայում շուրթերին ու չէի լսում խոսացածը, ամեն օր ուզում էի համբուրել ու ամեն օր չէի համբուրում:

Դպրոցն ավարտեցինք: Ես մի տեղ ընդունվեցի սովորելու, ընկերս ուրիշ տեղ: Իսկ նա գնաց, հեռացավ Հայաստանից: Գնալուց առաջ հրաժեշտ չտվեց: Իսկ գնալուց մի քանի ամիս անց նամակ գրեց.
«Ես քեզ էի սիրում», - գրել էր նամակում, - «ու ընկերոջդ հետ ընկերություն էի անում, որ քո կողքին լինեմ, որ քեզ մի քիչ մոտ լինեմ, որովհետև դու ինձ չէիր սիրում, իսկ ես ուզում էի քեզ մոտ լինել, խոսել հետդ»:

Մի կորած սեր:
Ամուսնացած է, երեխաներ ունի:
Ընկերս ուրիշ ընկերուհի ունի:
Ես էլ ընկերուհի ունեմ:
Երեք կյանք: Երեքս էլ երջանիկ: Երեքս էլ իրարից խռով:

Արևածագ
23.05.2010, 08:43
Կարող է անհեթեթ թվալ՝ բայց հակված եմ սիրելու մարդկանց: Բոլորին: Նույնիսկ հանցագործ ճիվաղների ու մարդասպանների մեջ ուզում եմ տեսնել մարդուն, նախկին երեխային, այն լավը, որ նրան մարդ կարող էին դարձնել, բայց ինչ- ինչ հանգամանքների պատճառով չդարձրին: Գուցե՞ ծնողներն են մեղավոր եղել, կամ երկիրը պատերազմի մեջ էր, վատ շրջապատ է ընկել, նրա հանդեպ ստորություն էն արել...և այլն,...և այլն: Ու կամաց կամաց մարդը վերածվել է գազանի: Միթե՞ միայն ինքն է մեղավոր իր այդչափ «կերպարանափոխության» համար: Իհարկե՝ ոչ:
Հաճախ մարդկանց սիրելու հարցում ինձ թվում է՝ չափն անցնում եմ: Չէ, խոսքը «տղամարդ- կին» սիրային հարաբերությունների մասին չէ, այլ «մարդ- մարդ» սիրային օղակի, երբ համենայն դեպս իմ մտքով անգամ չի անցնում, որ նման սերը կարող է փոխարինվել ինձ համար ավելի «ծածուկ» կամ «պախարակելի» մակարդակի: Այդպես միանգամից մի քանիսին կարող եմ սիրել, ու չի նշանակում , թե նրանցից փոխադարձություն եմ սպասում: Բայց ցավն այն է, որ «ընտրյալներիս» հետ հարաբերություններում մի անհարթություն, այնպես չասված խոսք, մի քիչ տգեղ արարք... ու վերջ, ամեն ինչ փշրվում է անդառնալիորեն, սիրտս միանգամից սառում է 100 աստիճանով, նախկին «գեներալս» անհուսալիորեն «պաշտոնազրկվում է շարքայինի»: Սա երևի սխալ վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, ու նաև սխալ է մարդկանց չափազանց «սրտին մոտ » ընդունելը, որովհետև ինչ սրտիդ մոտ ես ընդունում, ուզում ես զոռով պահել: Բայց դե զոռով ոչ մի բան պահել հնարավոր չէ:
Ցավակցեք ինձ, չգիտեմ, իրենք զգացե՞լ են, թե՝ ոչ, բայց վերջին ամսում սրտումս երեք «գեներալ» եմ պաշտոնանկ արել: Հայտարարվում է մրցույթ՝ թափուր մնացած տեղերի համար...:)

Արևածագ
26.05.2010, 15:13
Հիվանդությունները սրվելու ժամանակ ունեն՝ գարնանն ու աշնանը: Իմինը սրվում է հունիսը մոտենալուն համընթաց: Հենց արևը մի քիչ տաքացնում է մարմինս, սիրտումս նիրհող կարոտն սկսում է նեղել.
-Հայաստա՜ն եմ ուզում:
Սպիտակամաշկ լխտիկ պառավը, խանութի հովում ծվարած, կանչում է իրենցից կանաչի առնեմ:
-Հայերդ սրանից սիրում եք,- ինձ է մեկնում կինձի մատնաչափ հաստության կապն ու,- տասնհինգ ռուբլի:
Կանաչին առնելիս էլ հազարերորդ անգամ աչքերիս առաջ նկարվում է Նժդեհի հրապարակի կանաչի ծախող կինն ու ինձ պարզած կանաչու կապը, որ մի ձեռքով դժվարությամբ էր բռնվում:
-Հայաստա՜ն եմ ուզում:
Խճապատ փողոցով քայլելիս՝ խորդուբորդ քարերը քերծում են սպիտակ կոշիկներիս կրունկները: «Սրանք էլ չեմ հագնի, անցյալ ամռանը Երևանում սրանցով էի... Ափսոս են: Իսկ այն շագանակագույններով դժվար թե Հայաստան գնամ: Էս քարերի մեջ դրանք պիտի հագնել»:
-Հայաստա՜ն եմ ուզում:
«Ով սիրու՜ն, սիրու՜ն...»: Անակնկալի եկած՝ կողքերս եմ նայում:Մենակ եմ, հեռուստացույցն ու ռադիոն անջատած են: Փողոցում, պատուհանիս տակ օտար մեքենա չկա: Սրում եմ ականջներս « ...Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի...»: Հարևանիս տանը վերանորոգում է, բանվորներն էն ինչ- որ ռադիո գտել ու ձայնը զլել: Նորից...
-Հայաստա՜ն եմ ուզում:
«Այս ամռանն ի՞նչ եք անելու: Եկեք միասին Թեոդոսիա գնանք: Այվազովսկու տուն- թանգարանն էլ կտեսնեք: Ծովը, հարավի մրգերը...»:
-Հայաստա՜ն եմ ուզում:
«Ում ես կարոտել, որ գնում ես... Ծնողներդ այստեղ, քույր ու եղբայրդ այստեղ, Այդ ու՞մ կարոտն ես քաշում, որ անպայման պիտի գնաս...»
-Հայաստա՜ն եմ ուզում:
«Ավտոյի պարտքը տամ- պրծնեմ, լողախցիկը փոխենք, օգոստոսին միասին հանգստանալու կգնանք: Սոչի կամ Ժելեզնովոդսկ, ուր ուզես...»:
-Չե՜մ ուզում, ավտո էլ չեմ ուզում, լողախցիկ էլ, Սոչին էլ: Ուզածս մի բան է միայն.
-Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն...

Tig
26.05.2010, 16:10
Էս վերջերս մի միտք հղացավ մեջս…
Ասում եմ այ մարդ ինչ բանա էս Սեր կոչվածը…
Ու սկսում եմ հասկանալ, որ սերը իսկզբանե կամ լինում է մարդու մեջ կամ էլ չի լինում: Այսինքն չկա սեր կոնկրետ ինչոր անձի նկատմամբ, ավելի ճիշտ կա, բայց այն միշտ քո մեջա եղել: Ուղակի համապատասխան ժամին, համապասատխան վայրում, դու հանդիպում ես նրան ով արժանանումա այդ սիրուն: Նրան ում համար որ նախատեսվածա եղել քո ներսի սերը, նրան ով գնահատել ու ընդունելա այդ սերը, նրան ով իմաստավորել ու փոխադարձելա այդ սերը, նրան` ում մեջ էլ քո համարա սեր պահված եղել ու էդ պահված սերը մինչև վերջին կաթիլը նվիրելա քեզ…

Տեսնենս կա?ն այնպսի մարդիկ ու մեջ, որ իսկզբանե չի էլ եղել էդ սերը, ով երբեք չի էլ կարող ճաշակել սիրո համը, անկախ նրանից թե ում կհանդիպի իր կյանքում…:think

CactuSoul
01.06.2010, 23:15
Այսօր էլի անցնում էի Քոչարով: Հիշո՞ւմ ես փողոցի վրայի թթենին… Էլի պտղավորվել է մեծ-մեծ թթերով:
Գիտե՞ս, ինձ դուր էր գալիս քեզ սիրել: Թեկուզ միակողմանի: Հմ… Հիշելով, թե ինչ էի(եմ) զգում քո հանդեպ՝ հատկապես միակողմանի:
Այդ օրը որոշեցիր ինձ մի քիչ ուղեկցել, հիշո՞ւմ ես: Ու ճանապարհին խելքներիս փչեց բարձրանալ ու այդ ծառի վրայից թութ ուտել… Չեմ մոռանա, որ վերևներից ամենամեծ ու հասած թթերը քաղում էիր ու ինձ տալիս…
Գիտեմ. ընդհանուր հաշվով մեծ բան չի: Գուցե կարելի էր կոչել «երեխայություն»: Բայց ինձ համար կարևոր է: Ու հիշում եմ…
Հիմա էլ դու ջերմացնում ես սիրտս:
Տեսնես՝ շա՞տ ես փոխվել… - Դժվար:)

Շնորհակալ եմ, որ կաս:
:love

Նաիրուհի
02.06.2010, 02:00
Ինձ համար խելոք-խելոք ապրում էի։
Հայտնվեցիր դու։ Սկզբում անսովոր էր. տարօրինակ էր էլի մեկի համար, մեկով ապրելը։ Հետո... հետո միայն քեզնով էի ապրում, ու ամենաերջանիկ մարդն էի։ Տարածությունը չէր խանգարում։
Թե ինչի՞ սկսվեց էս անիմաստ պատերազմը։
Հա, ինքդ էլ ասացիր, որ իմ հաղթանակը պյուրոսյան հաղթանակ է, պարտվելու հաշիվ։ Բայց ես չէի ուզում հաղթել քեզ, դու ստիպեցիր։ Ուրիշ ելք չունեի։
Սովորում եմ ապրել առանց քեզ։ Դժվար է առանց թևերի...

Askalaf
02.06.2010, 08:08
Առաջին իսկ օրերից քեզ տեսնելիս ներսումս ինչ–որ բան էր խլրտում։ Անընդհատ ուզում էի կողքիդ լինել։
Քո ժպիտի համար խենթանում էի, ախ ոնց էի սիրում քո նրբիկ շուրթերը։
Հիշում եմ, երբ ինչ–որ պատրվակով ձեր տուն եկա ու մենք միայնակ մնացինք հազիվ էի զսպում ինձ որ քեզ չհամբուրեմ, ախր դեռ ոչինչ չէի ասել քեզ, չնայած երևի պետք էլ չէր ասել...
Դու առաջինն էիր, ում ես սեր խոստովանեցի, իսկ քո ոչինչ չխոստանալը ինձ շատ չարացրեց...
Բանակից նոր եկած մի վայրենի գազան էի։
Էհ...
Հիմա ամուսին ունես, երեխա, հուսով եմ երջանիկ ես...

lili-4
02.06.2010, 11:32
Մենակությունս դարս- դարս կուտակվում էր ու լցնում սենյակիս դատարկ անկյունները: Լցվում էր դանդաղ, բայց հաստատ քայլերով ու զգում էի, թե ինչպես է ինձ սեղմում, հրում դեպի դուրս, դեպի.. քեզ..
Հիմա դու բոլորովին էլ հեռու չես ինձնից, ես քո կողքին եմ, քեզ շատ մոտ: Մենք իրար մոտ ենք, երկուսով ու կարծես լինենք անսահմանության մեջ: Չկա տարածություն, չկա ժամանակ, չկա ոչինչ, միայն ես ու դու:
Ես զգում եմ քո այդքան ցանկալի շունչը, մարմնի ջերմությունը: Կամաց հպվում եմ քեզ ու մեջքիս զգում քո ամուր ձեռքը: Որքան եմ երազել այս պահը: Գլուխս դնում եմ քո ուսին ու մեղմ գրկում եմ քո մեջքը: Պարանոցիդ հպավծ շուրթերս կարծես քո ջերմությունից ճաքում են , իսկ քիմքս քո բույրից խուտուտ է գալիս: Ինչ անուշ բույր ունես: Ջեռքերդ բարձրացել են վեր ու մազերիս մեջ զգում եմ քո մատերը: Քո մատերն այնքան նուրբ են խաղում իմ մազերի հետ, որ աչքերս փակել ու չեմ ուզում դա ավրտվի: Քո ձեռքերին հլու դեմքս բարձրացնում եմ վեր ու շուրթերիս վրա զգում եմ քո շուրթերի հպումը: Հիմա փորձում եմ շուրթերիս վրա քո շուրթերը նկարել իմ շուրթերով, որ պահեմ իմ մոտ, մնա հավերժ որպես իմ միակ ու ինքանտիպ նկար: Ես գոհ եմ իմ արած նկարից ու գլուխս դրել եմ քո ուսին ու մոռացել եմ ժամ ու ժամանակ, պահ և ազատություն եմ տվել արցունքներիս… Սա ? ինչի հանար էր, չգիտեմ, բայց տաք արցունքներս հոսում են դեմքիս, պարանոցիս ու այտեղից էլ քո ուսի վրայով: Զգում ե?ս: Պետք չի, մի պատասխանի: Գիտես որ չեմ սիրում, երբ իմ արցունքները վկաներ են ունենում, դու միակն ես, ում մոտ ես լալիս եմ առանց արցունքներս թաքցնելու: Ինչ լացկանն եմ, լավ, հիմա կմաքրեմ դրանք: Ես ձեռքս տանում եմ դեպի աչքերս ու դեմքիս զգում եմ սառը ձեռքիս հպումը: Նայում եմ չորս կողմս, դատարկ ու կիսախավար սենյակ, ես բազկաթոռի մեջ կուչ եկած: Ես, իմ մենակությամբ լի սենյակս, արցունքներից թաց աչքերս ու իմ գեղեցիկ երազը..Չգիտեմ, թե հիմա ուր ես, դու երբևէ հիշում ես ինձ թե ոչ, բայց միայն այն, որ կաս, ու այցի ես գալիս իմ երազներին, այդ ամենի համար անչափ շնորհակալ եմ քեզ: Շնորհակալ եմ , որ կաս ու կարող եմ մեկ –մեկ քեզ գողանալ, դարձնել իմ երազի հերոս, լցնել իմ մենակությունը ոչ թե սենյակի, այլ հոգու, ստանալ ուժ մնացած մենակությունները հաղթահարելու համար…

Lianik
09.09.2010, 18:21
Զարկերկյուղ

Ձեռքիդ ափի մեջ ինչ-որ բան կա, շատ նուրբ ու փխրուն նույնքան, բռունցքիս չափը չի գերազանցում, այն նույն չափն ունի ինչ-որ բռունցքս...Մի բաբախյուն կա, մի պարզ տրոփյուն քո ափի վրա.. Այն արագ է զարկում, բայց չի աղմկում, որ դու չզգաս նրա ավելորդությունը:
Դու երբեմն քնքշորեն շոյում ես նրան, մեղմորեն ժպտում, նրա ջերմությունը ձեռքիցդ տարածվում է մարմնիդ միջով, դիպչում նույնիսկ հոգուդ ամենախոր լարերին: Այդժամ ըմբոշխնում ես նրա ներկայությունը... Ապա կարծես մոռանում ես նրա գոյության մասին... Սեղմում ես բռունցքդ, դրանով իսկ ճմլում ես այն: Ափիդ վրա նա իրեն այնքան անպաշտպան է զգում, հիշում է քնքշությունդ ու նախանձում աչքերին, որ արտասվել գիտեն: Փորձում է դուրս ցատկել, բայց ... նրան այնքան ամուր ես բռնել, ասես վախենում ես կորցնել, բաց թողնել ու էլ երբեք չգտնել: Բիրտ սառնությունդ հալվում է, ու այն նոր քնքշանքով է շրջապատվում:
Անկեղծ ասած` չեմ հասկանում դեռ խաղում ես, խաղերի շղարշի ներքո ցանկանում ես թաքցնել քո իսկական զգացմունքները, թե այնքան ես կապվել նրան, որ վախենում ես կորցնել... Պահվածքդ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել, գուցե ճիշտ կամ սխալ, սակայն, ավա~ղ, այդպես ավելի շուտ կկորցնես նրան`
այդ փխրուն զարկին....

05,02,2008

Lianik
10.09.2010, 17:28
Բառերս ինքնին գրվում են թղթին,
Ու հենց այս պահին սենյակում մթին
Սպասում եմ քո զանգին
Ու թիկնած բարձին մտորում մեր մասին:
Հանգչում է նաև օրվա ժամը վերջին,
Եվ տերն ու տիրակալը հույզերս են կրկին,
Մտքերս` խորին, հարցերը` խրթին:
Լաբիրինթում կյանքի մոլորվել է իմ հոգին,
Ուզում է գտնել ճշմարիտ այն ուղին,
Որ լուծում է տալիս իմ բազում հարցերին:
Գրիր կամ ասա ինձ բառերն այն անգին,
Որ կհուսադրեն ընկերոջդ հին....
Հեռուներում սուլում է քամին,
Կեսգիշերն է նստել մեր տանիքին,
Հոգնածությունս տալիս եմ հեռացող թուխպին,
Մարում են ստվերները պատին,
Թող ժպիտն առկայծի ամենքիս դեմքին...........

29 ապրիլ 2007

StrangeLittleGirl
16.09.2010, 00:12
Ակումբցիներից մեկը որ սա կարդաց, ասեց՝ սիրո խոստովանություն ա :D Դե որ տենց ա, տենց ա... Գրածս վերջին սիրային նոթն ա: Թե քանի տարի առաջ էր, արդեն չեմ հիշում :))

Ջրի մի կաթիլ քսվեց դեմքիս: Սառն էր այն: Քամին չկամեցավ, որ այդպես մնամ. քշեց-տարավ անմիջապես: Սառնարանից հայացքս հանեցի ու դրեցի այս քարին, որ դիմավորի հեռվից եկող մարիոնետին: Բայց փայտե խաղալիքը կարծես ուշանում էր. թելերը խճճվել էին: Իսկ թղթե մազերս փախչում, հեռանում էին. չգիտեի՝ ուր են գնում:
Ես կարմիր եմ ոտքիս գլուխ: Ինչպես ուզում ես, այնպես էլ հասկացիր: Գուցե արյուն տեսնես. հեռու չէ ինձնից: Մահս հենց այդպես է լինելու. արնաշաղախ մարմին: Երբ տեսնես այն, չվախենաս: Գուցե կրակ. այո՛, այո՛, ես այրող բոց եմ: Վառվում են մարդիկ ինձ դիպչելիս: Ես իմ բոցերով լիզել եմ քեզ, բայց դու չես փախչում… թե՞ հաճույք ես ստանում կրակիս պատճառած ցավից: Ու չես էլ ուզում այրվածքներդ բուժել, վերքերիդ վրա սպեղանի դնել: Գուցե կակաչ. այն մեկից, որ տեսանք Աղվերանի սարոտ բլուրը բարձրանալիս: Հիշու՞մ ես, թե քանի մեղու էր սնվում նրանից: Թե՞ թմրանյութի հերթական դոզան էին ստանում: Ես քո դոզան եմ:
Ու ես հանդգնում եմ մի քիչ հալած հայացքս ճանապարհին հառել, որ նարնջագույն հագած մարիոնետիդ ուրվագծերը տեսնեմ: Ասես պոռնիկ լինեմ: Թվում է՝ քեզ որոնելն անբարոյականություն է, նույնն է, ինչ ամեն գիշեր մեկի հետ քնելը, ո՛չ, անգամ երկուսի, երեքի, չորսի, հինգի, և սեռը կարևոր չէ…
Ինձ թվա՞ց, թե՞ իրոք դու էիր հեռվում երևում: Թվաց. դա մեկ այլ՝ ավելի լիքոտ նարնջագույն մարիոնետ էր:
Անողոքաբար ուշանում ես: Սառցե հայացքս արդեն ջուր է դառնում («աչքը ջուր դառնալ» արտահայտության հետ բացարձակապես կապ չունի): Շուտով էլ ոչինչ չի մնա: Չէ՛, մոռացա: Իսկ ջու՞րը… Այն կեռա, թե մի քիչ էլ ուշանաս: Չէ՞ որ ես կրակ եմ, ես տաք եմ: Բայց թե եռա սառնարանից հանած հայացքս, կգոլորշանա նաև (ֆիզիկայի օրենքներին դեմ չի գնում), կցրվի մթնոլորտով մեկ, և դու չես տեսնի ինձ: Կնայես երկու դատարկ փոսերին, որոնք մի ժամանակ աչքեր են եղել, հետո՝ սառույց, հետո՝ ջուր, հետո՝ գոլորշի, որ սավառնում է երկնքում, տեսնում ամեն ինչ:

Ժունդիայի
29.10.2010, 18:25
Սերը կերալ ա անունս, կերել ա ազգանունս, ծննդականս, անձնագիրս, 3x4-ի վրա նկարս: Սերը կերել ա հայրանունս....հասցես: Սերը կերել ա, անձնական այցեքարտերս: Սերն եկավ ու կերավ բոլոր այն թղթերը, որտեղ ժամանակին գրել էի անունս: Կերել ա ստորագրությունս:

Սերը կերել ա սաղ շորերս, թաշկինակներս, չստերս նույնիսկ: Սերը կերել ա հագուստիս չափսերը, կոշիկներիս համարները...Սերը կերել ա բոյս, քաշս, աչքերիս կապտավուն երանգը, մազերիս գույնը:

Սերը կերելա բոլոր դեղերս, դեղատոմսերս, դիետաներս, ռենտգեն ժապավեններս: Կերել ա ուղեղիս հետ կապված բժշկական թեսթերը, մեզիս ստուգման անալիզները:

Սերը կերել ա, գրապահարանումս պահված բանաստեղծությունների ժողովածուները, աֆորիզմները... Աստվածաշունչս ա կերել: Կերել ա բառարաններիս այն բառերը, որոնցով կարելի է կազմել ամենա գեղեցիկ նախադասություններ:

Էնքան սոված էր, որ անձնական օգտագործմանս առարակներն ա կերել նույնիսկ. սանրս, մկրատս, ատամիս խոզանակը... սերը եկավ ու բան ու գործ չուներ անցավ ուտելու տաք ցնցուղի տակ լոգանքներսս ու այդ լոգանքներիի ժամանակ երգածս սաղ երգերը:

Սեր կերելա սեղանի վրա դրած մրգերը: Խմել ա տան սաղ ջրերը: Թաքուն-թաքուն ու ինադու կերել ա սաղ հացերը:

Հետո մի օր ել վերադարձավ, որ ուտի այն բոլոր թղթերը, որտեղ ռեֆլեքսորեն ամեն վարկյան գրում եմ անուն-ազգանունս:

Սերը կռծել ա մանկությունս, այն մանկությունս, որի ժամանակ մատներս ներկից միշտ կեղտոտված էին լինում, մազերս աչքերիս ընկած, իսկ բոթասները միշտ ցեխոտ: Սերը կռծելա թոքր ժամանակ բոլորից խուսափող տղուն, ով միշտ կանգնում էր ինչ-որ անկյունում, ով գրքերը պարտադիր խզբզում էր, ով գրիչ ու մատիտ չկար, որ չծամեր, ով քայլում էր փողոցներով` տշելով հանդիպակած բոլոր քարերը: Կռծելա բոլոր այն զրույցները, երբ տեղի էին ունենում թաղի տղաների հետ, ոքեր ամեն ինչ գիտեին ծտերի, կանանց ու բոլոր մաշնեքի մոդելների մասին ամեն-ամեն ինչ:

Սերը կերել ա երկիրս, քաղաքս: Հեղեղել ա հայրենիքիս բոլոր գետերն ու կապուտաչյա լիճը: Կերել ա, անտառներն ու բացատները: Կերել ա ծիրանենու բոլոր թթու ցոգոլներ, ավտոմեքենաների ծխից թոշնած մոշի թփերը: Կերել ա....

Սերը կերել ա ցուցանակի վրա դեռևս չհայտարարված բոլոր նորությունները: Կերել ա ժամացույցիս պատճառով առաջ ընկած բոլոր րոպեները, կերել աափիս մեջ գտնվող այն գիծը, որով հաշվում ենք, թե քանի տարի պտի ապրենք աշխարհի երեսին յանմը:

Կերել ա ապագա գործարարիս, ապագայի մեծ պոետին:

Կերել ա աշխարհի շուրջը պտտվելու նպատակով բոլոր հնաավոր շրջագայություններս:

Սերը կերել ա խաղաղությունս, կերել ա պատերազմներս: Կերելա առավոտ կանուխներս, կերել ա գիշերներս, աշունս, ձմեռս....

Սերը կերել ա լռությունս, գլխացավերս, մահի նկատմաբ այն զզվելի վախս.....


Կրակն ընկա, երբ թեթևակի ժպտացի, հենց որ ասեց ուտեեեեեմ քեզ արա....

Սոված էր խեղճը…

CactuSoul
20.06.2012, 18:46
Տեսնես՝ կա՞ մեկը, ում քեզնից շատ եմ սիրում։ Ոնց որ թե չէ :) Էլի ժպիտս մինչև ականջներս ես ձգել :)))

StrangeLittleGirl
20.06.2012, 23:40
Վայ, էս թեմայի գոյության մասին մոռացել էի: Սպասեք մի քիչ քստիկվեմ, թեթևանամ :D Տնքամկանս մարզել ա պետք:

Նամակս ինձ թեթևություն կբերի, ու գիտեմ, որ երբեք չես կարդա այն, որովհետև եթե նույնիսկ կոմպդ էն աստիճանի փչանա, որ մտնես Ակումբ, միևնույն է, չես հասկանա գրածս, որովհետև հայերեն երբեք չես սովորի: Չես սովորի, որովհետև հայերենն այլևս կարևոր չէ քեզ համար, ինչպես ինձ համար կարևոր չէ ֆրանսերենը:

Իսկ ես չէի ուզում, որ մոտս գաս: Դու շատ լավ գիտեիր դա: Չէի ուզում, որ տեսնես իմ անձնական նեղ տարածքը, որը ստեղծել եմ ինձ համար ու չեմ թողնում` որևէ մեկը մտնի: Չէի ուզում, որ պատիս նկարները մեկիկ-մեկիկ ուսումնասիրես ու հայտնաբերես, որ դու չկաս: Չէի ուզում, որ գրապահարանումս քրիստոնեական գրականություն գտնես: Չէի ուզում, որ տնովս մեկ շաղ եկած բացիկներն ուշադրությունդ գրավեն: Չէի ուզում տեսնես, թե որտեղ եմ տրուսիկներս պահում: Չէի ուզում իմանաս, թե ինչ շամպունով եմ մազերս լվանում: Չէի ուզում առավոտյան երկու բաժակ սուրճ սարքել: Չէի ուզում գիշերը հազար անգամ արթնանալ նեղվածքից: Ու չէի ուզում քեզ բազմոցին քնացնել:

Ներվայնացնող բաներ ունեիր: Հիշու՞մ ես, որ գրեցի` եղբորս ոստիկանությունը հետապնդում է, պատասխանեցիր. «Դե Հայաստանում բանակը մի քիչ զգայուն թեման է»: Հիշու՞մ ես, երբ պնդեցի, որ Արցախը մերն է, ինձ փոքրիկ նացիոնալիստ անվանեցիր: Հիշու՞մ ես, երբ առանց զգուշացնելու կորում էիր Հայաստանի զանազան անկյուններում:

Ինձ առավոտ շուտ քնից հանում էիր: Ոչինչ չասացի: Հանդիպումներից անմարդկայնորեն ուշանում էիր: Եվ անմիջապես համբուրում էիր, որ չհասցնեմ գոռգոռալ: Ասում էիր` կզանգեմ: Օրերով կորում էիր: Հետո հայտնվում ու նվնվում, թե կարոտել ես: Իմ կյանքն ամիսներ առաջ պլանավորած էին, իսկ դու պնդում էիր, որ տոմսերս հետ տամ ու մոտդ գամ:

Չեկա Ստրասբուրգ: Էդպես էլ չհասկացար` ինչու: Ուզում էի, որ դու մի օր առանց ինձ հարցնելու գաս ու դուռս թակես, որ փախչելու տեղ չունենամ: Չեկար: Որովհետև մենք մեծ ենք, մենք թինեյջեր չենք: Մենք գժություններ չենք անում:

Խոստանում եմ, հաճույքով կհիշեմ ինքնաթիռում Մոեմի «Թատրոնը» ձեռքիդ քնելը, Սևանի ափին արևի տակ էփելը, Հրապարակում ծնկներիդ նստած պաղպաղակ ուտելը, Գյումրիում բաց թանգարան փնտրելը:

Քո շնորհիվ սովորեցի, որ իմ ազատությունից թանկ բան չկա ինձ համար, ու այն չեմ փոխի նույնիսկ քեզ նման ինձ համար կատարյալ մեկի հետ:

Հույս ունեմ` լավ ես: Եղբորդ գրքերը կգնեմ: Որ իմանամ` ոնց ես:

Sagittarius
21.06.2012, 01:10
Լավ պատմիչ չեմ, բայց թույլ տվեք ես էլ exերիցս մեկին հիշեմ, իսկ ավելի կոնկրետ ամենաառաջինին /մեջներից ամենաանշառն ա :))/

Ռուսաստան էի, երկրորդ դասարան. Վալենտինի օրն էր: Դասատուն յուրաքանչյուրին հանձնարարեց թղթի մի փոքր կտորի վրա գրել այն համադասարանցու/ուհու անունը, ումը մենք սիրում ենք, եթե այդպիսին կա /սիրում եմ էլի ռուսներին :))/: Դե ես էլ գրեցի իրա անունը: Հավաքեց բոլորիս փոքր գաղտնիքները և խոստացավ գաղտնի պահել: Հաջորդ օրը խոստումը դրժեց, «ընտրության» արդյունքները հրապարակվեցին, պարզվեց ձևավորվել են երեք զույգ, որոնցից մեկը ես ու ինքը: Ու ստեղ սկսվում է թատրոնի հաջորդ փուլը. ողջ դասարանը, այսինքն մնացած քսան կոտրված սրտերը, պետք է ծափահարությունների միջոցով որոշեն լավագույն զույգին: Զույգերը պետք է հերթով մտնեին դասարան ու ստանային իրենց բաժին: Մենք վերջինն էինք, այսիքնք՝ ակամա սիրոխոստովանություններից հետո առաջին անգամ հնարավորություն ստեղծվեց առանձնանալու և տեղի ունեցավ մեր առաջին, թեկուզ և կարճ, բայց «ռոմանտիկ» երկխոսությունը. և նա ասաց.
-Գիտե՞ս, ես քեզ խղճալով եմ քո անունը գրել, քանի որ կարծում էի, որ ոչ ոք քո անունը չի գրի:
-Հա՞.... ես էլ եմ նույն պատճառով քո անունը գրել,- միակ պատասխանը, որ էտ պահին մտքիս եկավ:

Չգիտեմ, թե խի տենց պատասխանեցի, հնարավոր ինքնապաշտպանության բնազդ էր ուղղակի: Հնարավոր է նաև, որ իր անուղղակի ակնարկը, թե ես դասարանի միակ օտարերկրացին եմ, ինձ զայրացրեց, քանի որ երկուսս էլ լավ գիտեինք, որ հենց այդ պատճառով ես դասարանի սեքս-սիմվոլն էի, միակ սևահեր սևաչյան: :)) Բայց մի բան հաստատ գիտեմ՝ ես հիմա կբռնեի ու էտ փոքր տղայի մռութը կկծեի էտ պատասխանի համար

Ամեն դեպքում մենք հաղթեցինք և մի շարք արտոնություններ ստացանք՝ ողջ տարին նույն «պարտայի» մոտ նստել, երրորդ հարկում, որը բարձր դասարանցիների հարկն էր և երկրորդ դասարանցիների համար արգելված էր, երկուսով ազատ զբոսնելու հնարավորություն, և մի շարք նվերներ:

Մանկությունիցս շատ քիչ օրեր եմ հիշում, բայց այս օրը հստակ եմ հիշում. դասարանի տղաները նույնիսկ կատակում էին սեղանի տակ կամերա դնելու մասին:

Հաջորդ տարին ես լքեցի և՛ իրան, և՛ իր երկիրը... և այսպես ձևավորվեց իմ «լքելու» հոբբին, բայց սա արդեն այլ պատմություն է:

հ.գ. անցած տարի դասարանիս միջոցով գտավ ինձ օդնոյում, արդեն հասցրել էր ամուսնանալ, տղա ունենալ և բաժանվել :)

Smokie
27.09.2012, 16:54
Դասարանցիս էր, ինձ դուր էր գալիս: Մի էտապ կար, երբ ինքն էլ անտարբեր չէր իմ նկատմամբ, հետո ամեն ինչ փոխվեց ինքնաբերաբար: Նա ինձ էլի էր դուր գալիս, իսկ ես իր համար արդեն ուղղակի դասարանցի էի, սովորական մարդկային հարաբերություններ էին::) Չէի ուզում այդ մասին խոսել, ավելի լավ էր ապրել երազներով, երազներ որոնցից չէի տանջվում: Ինձ մի բան էր միայն հունից հանում՝ այն, որ դասարանիս տղաները անընդհատ փորձում էին ինձ հետ խոսել իր մասին::angry Գիտեին, որ ինձ դուր չի գա, կջղայնանամ, իրենց ուզածը հենց դա էր, իսկ ես իսկապես չէի կարողանում ինձ կառավարել::( Հիմա ինքը ինձ համար հաճելի հիշողություն է, ոչ ինքն է խռով, ոչ ես:)


Մի օր էլ ես մի ուրիշ աղջկա տեսա: Տպավորվեց: Լավ եմ հիշում, ես մի քանի վայրկյան նայում էի նրան ու մտածում «տեսնես ես հետագայում կհիշե՞մ նրան, երկա՞ր կտևի տպավորությունս»::sulel Դա եղավ միակ հանդիպման օրը: Ես հիշում էի նրան, հիմա արդեն նա էր իմ երազների հերոսուհին::roll Գիտեի, որ էլ չեմ տեսնի նրան, չնայած կարող էր այլ կերպ լինել՝ կարող էի գնալ թատերական ինստիտուտ: Ես անգամ չգիտեի իր իսկական անունը ու ինքս էի իրեն անուն դրել::)) Գիտեի, որ նա էլ է դարձել անցյալի հուշ ու որ ներկաս նրա հետ կապ չունի: Երկար ժամանակ հիշեցի նրան, մինչև որ...


Մինչև որ չսիրեցի երրորդին: Նրան կարելի է ասել շատ ավելի քիչ եմ տեսել, քան Արփիին (երկրորդի «անունը») բայց նա ինձ գերեց ու երկրորդին մոռացա: Հիմա ես էլ չեմ մտածում վերջինիս մասին, չեմ հիշում ու անգամ ուրախ եմ, որ թատերական չգնացի՝ ուրիշ տեղ սովորեցի, ավելի հարմար մասնագիտությամբ::aha Երրորդ սիրուս ես օր օրի կարող է կորցնեմ, բայց ոչ էլ դեռ կարող եմ հանդիպել նրան, տեսնել իրական կյանքում` խանգարող հանգամանքներ կան::( Կարող է աստիճանաբար սառեմ նրա հանդեպ, ինչը բոլորովին չեմ ուզում: Ինքս էլ չզգացի, թե ինչպես հարգանքը դարձավ համակրանք, համակրանքը վերածվեց սիրո, բայց երբ հասկացա... նորից հաճելի երևակայություններն ու երազներն այցելեցին ինձ::love Այդ ամենը առաջին տպավորություններն էին, որքա՜ն կուզեի որ վերադառնային, քանի դեռ իսպառ չի կորել սերը:
Ես երբեք սիրուց չեմ տառապել, իմ երազները միշտ օգնության ձեռք են մեկնել:;) Իսկ այս պահին երազը նպատակ է, գուցե անօգու՞տ... Եթե պարզվի, որ այս վերջին երազներս էլ էին զուր... այդ դեպքում որքան էլ ցավեմ ու տխրեմ՝ միևնույն է ոչինչ չի փոխվի: Դրա համար նա էլ կմնա ինձ համար հաճելի հիշողություն, մինչև որ...




Չէ', ես Դոն Ժուան չեմ:P:))

Ամմէ
27.09.2012, 18:34
Այս թեման և մի քանի ակումբցիների գրառումները կարդալուց հետո , միանգամից աչքիս առաջ եկավ կյանքիս ամենաերջանիկ օրերիցս մեկը : Ու չգիտես ինչու՞ , բայց ցանկացա կիսվել, պատմել այս օրվա մասին : Այս պատմությունն էլ սիրային այն պատմություններից է , որտեղ և աղջիկը, և տղան սիրում են իրար , բայց վերջում , բաժանվում են :Ինչևէ , հիշում եմ , մի օր , երբ միասին պետք է դասի գնաինք , ասացիր , որ որոշել ես այսօր ինձ անականկալ անես և երկուսով դասի չենք նստելու : Ի՞սկ դու հիշում ես :Ինչքան էի ուրախացել , փոքրիկ երեխայի պես:)))) Գնացինք միասին պաղպաղակ գնելու , բկլիկի պես արագ կերար քոնը ու սկսեցիր իմն էլ ուտել , ես էլ ձևական նեղացա , դու էլ գնացիր ու լիքը փուչիկներ գնեցիր :Հիշում ես չէ՞ :Ամբողջ ճանապարհին խաղում էինք , վազում , հետո գունավոր կավիճներ գնեցինք ու ամբողջ օպերաի բակը ներկել էինք մեր նկարներով : Դու նկարում էիր , ես գալիս էի ու խզբզում քո նկարածները:)))) Գիտե՞ս ինչ եմ հիշում , որ ես օճառապղպջակներից գնեցի ու չէի կարողանում երկար փչել , ստիպում էի , որ դու փչես: Հիշում ես՞ , անգամ ջղայնացել էիր)))) , ասում էիր , որ շունչդ կտրվում է , իսկ ես չեմ էլ թողնում որ շնչես: Հիշում ես չէ՞: Ես այդ օրը շատ լավ եմ հիշում , հաճախ եմ հիշում , իսկ դու՞: Իսկ դու՞ , դու հիշում ես՞:

Նիկեա
15.01.2013, 19:47
Եթե ինձ երկու ամիս առաջ հարցներին սիրահարվածեմ թե չէ,կծիծաղեի ու կասեի որ տասնհինգ տարեկանում սիրահարվելը հիմարություն է,բայց հիմա:oy...մինչև ականջներս գժի պես սիրահարվել եմ:love:Առաջ որ ասում էին սրտին չես հրամայի,չէի հավատում,բայց հիմա գիտեմ որ հաստատ ըտենց է:

Մենք իրարից տարբեր ենք ու մինչև հոկտեմբերի վեցը քեզ չէի էլ նկատում,չնայած որ ինձ շատ մոտ էիր:Դու էնքան հավասարակշռված,ուշադիր,խելացի,հասկացող,բարի ես որ զարմանում եմ մինչև էս ոնց քեզ չէի սիրահարվել:

Ինձ չի թվում որ մի օր կկարդաս սա,ու եթե կարդաս էլ չես իմանա թե ով եմ ,բայց իմացիր որ քեզ խենթի պես սիրում եմ,ԱՐՄԱ՛Ն::love

Նաիրուհի
16.01.2013, 01:00
Մարդուն նայում ես ու մի բառ է միտքդ գալիս՝ արև։
Բոլոր զգացմունքներիս մեջ միակն էիր, որ անգամ աննշան ցավ չպատճառեցիր, նույնիսկ ակամա։ Իմ հանդիպած միակ մարդը, ում մինչ օրս մռայլ չեմ տեսել, ամենապայծառ ու լուսավորող ժպիտը։
Հիշում եմ՝ էնքան հանգստացնող էր քեզ գրկելը, պարզապես կողքիդ լինելը, որ երբ ուժասպառ էի լինում այգու ցրտից, հույզերի հոսքից, տարբեր ճակատներով կռիվ տալուց, փակում էի աչքերս ու երազում գոնե մի օր ուղղակի քեզ գրկած քնել ու արթնանալ։ Բայց էնքան անիրականանալի էր թվում էդ երազանքս մինչև իրականանալը :)
Ու էդ օրը՝ Արցախում քարերի մեջ, անձրևի տակ ու սարսափելի ցրտին լուսացրած գիշերից հետո, կյանքումս երկրորդ անգամ հասկացա, որ պետք է երազել հնարավորինս կոնկրետ, որովհետև երազանքներն իրականանալու սովորություն ունեն, բայց ուղղակի տեքստով. նրանք ենթատեքստեր չեն հասկանում։ ;)
Էն մի քանի օրը, երբ միշտ իրար հետ էինք, երբ լուռ քայլում էի հետևիցդ՝ քայլս քայլիդ հարմարեցնելով, աշխատելով ոտքս նույն տեղը դնել, որտեղ երկու վայրկյան առաջ քո ոտքն էր։ Հոգատարությունդ, երբ ստիպում էիր ակնոց դնել, դեղ խմել, երբ թաց քնապարկս էիր չորացնում ու ինձ փաթաթում մեջը, որ գիշերը ցրտից չսատկեմ, երբ ձյուների միջով ինձ համար ճանապարհ էիր բացում, ու երկուսով երգում էինք. «Քո հետքերով՝ նոր ճանապարհ... :sulel» :) ...
Էն գիժ գիշերներն եմ կարոտում, երբ վերջինն ինձ էիր տուն տանում, ու մեքենայի մեջ իմ հեռախոսով Արմինեի երգերն էինք լսում:love, երբ հոգնածությունից մեկ-մեկ աչքերդ փակվում էին, կարմիր լույսի տակ համարյա քնում էիր, ու սիրտս վախից ու ցավից կանգնում էր, քիչ էր մնում իջնեի, ոտքով տուն գնայի, որ կարողանայիր շուտ տուն հասնել ու քնել։
Լուսավոր հիշողությունների փունջ...
Վատն էն է, որ միայն զգացմունքս անցնելուց հետո կարողացա քեզ ասել, թե ինչքան եմ սիրում քեզ։ Լուսավո՜րս...
Քիչ առաջ էլի «զիպ էղած» հասանք Երևան, ու ես, ուղղակի լույսիդ կարոտած, էնքան էի ուզում թիկունքից գրկել քեզ, ինչպես մեկ-մեկ անում էի։ Նույնն ես մնում, ո՜նց եմ սիրում չփոխվելդ։
Ախր էնքան մարդու ես բաժին հանում քո դրականությունից, քեզ նմաններն էնքան քիչ են էսօր (իմ աշխարհում միայն մեկը կա), որ ակամայից սկսում եմ շնորհակալություն հայտնել, որ քեզ հանդիպելու երջանկությունն եմ ունեցել։
Քեզ ամպի չափ սիրում եմ, էգոիստի մեկը :love


http://www.youtube.com/watch?v=vd9EFd_Ulas

Mephistopheles
18.01.2013, 22:47
Լավ, սպասեք մի բան էլ ես գրեմ ստեղ…

…ուրեմ 13 տարեկան ենք դպրոցները նոր են սկսել… տղերքով գիտենք որ էս տարի "քեֆերի" տարի ա… դե, գիտեք, քեֆերի՝ լույսերն անջատած, մոմերով, դանդաղ պարեր և այլն… բայց որ տեսանք մեր դասարանի աղջիկներին, կարծես էդ գաղափարը մի քիչ ժամանակավրեպ երևաց… իրենք արդեն հասուն ամեն ինչը տեղե-տեղին, իսկ մենք… մեզնից շատերը ոչ թրաշվում էին ոչ էլ կարգին բոյ ունեին… մենակ Արմենն էր որ համ մազեր ուներ որտեղ որ պետք էր համ էլ թրաշվում էր ու բոյով էր… ես մտածեցի որ էս տարի երևի չի լինի "քեֆ"… ես կոլոտ էի, ակնոցով, նիհար ու լավ էի սովորում… տենց բաները խանգարում են…

…բայց դե ժամանակը չես կանգնեցնի… Քեֆը մնում ա քեֆ… եկավ սպասված օրը… ինչքան էլ որ մտածում էի որ քեֆն անժամանակ էր, մեկ ա պատրաստվում էի… դե, պարելու նոր ձևեր, նոր սանրվածք (մազերս էն ժամանակ երկար էին) և այլն… փետրվարի 23-ը մենք համարում էինք տղաների օր և աղջիկները պիտի երեկոն կազմակերպեին… հազիվ եկավ էդ օրը…

ուտել խմեն, երգել, պարել, ցատկոտել, քրտնել, ավելորդ շորերը հանել ու… եկավ պահը… լույսերն անջատվեցին, մոմերը վառվեցին, դանդաղ երաժշտությունը գնաց (սկսեց)… խմորեղեն, հյութ, բան ման…

առաջին երգն ինձ համար հետախուզական էր… նայեցի թե ով ինչպես ա անում… մենակ Արմենից սովորելու բան կար… նա Սուսանին պինդ գրկեց ու դ ա ն դ ա ղղղ պարում էին… շատ դանդաղ ու էդ ամբողջ ընթացքում Արմենը Սուսանի ականջին ինչ որ բաներ էր փսփսում… Սուսանը լավ սովորող էր ու իմ գլուխը չէր մտնում թե Արմենն ինչ կարար Սուսանի ականջին ասեր որ ամբողջ երգի ընթացքում Սուսանը տենց լուրջ լսեր… Արմենը սկի լավ չէր սովորում… ոչ գրականությունից էր լավ, ոչ ռուսերենից, ոչ էլ մաթեմից… Ես համ նկարում էի, համ քանդակում էի, համ կարդում էի ու էսօր նստած բան չեմ կարում խոսամ ու չգիտեմ ում հետ պարեմ ու երգերը հեսա մեկը մեկի հետևից կանցնեն կգնան… Ես ուզում էի Սոֆիկի հետ պարեի… ինքը համ լավն էր, համ լավ էր սովորում, համ իրար հետ միշտ դասերի մասին էինք խոսում հեռախոսով էլ դասերից հետո էլ… գրքեր էինք տալիս-առնում… բայց հիմա, էսօր էդ նույն բաները չես անի… բայց դե նստել էլ չես կարող… կամաաաաց մոտեցա Սոֆիկին… "Սոֆի՞կ" "Հա Մեֆ"… ու ես բացվեցի… սկսեցի խոսել էն ինչից միշտ ենք խոսում… բայց զգում եմ որ եթե ես շարունակեմ սենց խոսել, կարող ա ոչ էլ պարենք… սենց սաղ երեկո խոսենք ու բան չլինի…

…"պարե՞նք, Սոֆ"..... "Ըհը"…

…այ սրանից հետո ես գաղափար չունի թե ինչ եմ անելու… ոչ մի պլան… Սոֆիկը ինձնից բոյով, ամեն ինչը տեղը տեղին, հասուն, իսկ ես նույնն ինչ անցած տարի էի… պարը սկսվեց սովորական դիստանցիայի վրա… էն որ կարող ա մեկը ասի "կներեք կարա՞մ անցնեմ" ու ձեր մեջտեղով անցնում ա… Hotel California… երգը գնում ա… արդեն առաջին welcome to the hotel California-ն անցավ ու ես հլա տարածությունը չեմ կրճատել… առաջին խնդիրը, դա տարածությունը կրճատելն ա, դրանից հետո ամեն բան իրա տեղը կարա ընկնի… բայց պարզվեց որ էդքան էլ հեշտ չի էդ տարածությունը կրճատելը… բանն էն ա որ երբ քո ու աղջկա ոտքերը համընկնում են, այսինքն դեմ-դիմաց են, վարյանտ չկա որ դու էդ աղջկան մոտենաս ավելի մոտ քոն քո ու նրա կոշիկների մեծությունն ա իրար գումարած… էսի մի քիչ պրոբլեմ էր, բայց ոնց որ հասկացա, իրա համար էլ էր պրոբլեմ ու մենք վարպետորեն shift արեցինք… ու… իմ ոտքը հայտնվեց Սոֆիկի ոտքերի արանքում, իսկ նրանը՝ իմ… (հօ՜հ… սրա մասին ես մտածել էի, բայց երբեք թղթի վրա գրված չէի տեսել)… ինչևէ, ես սկսեցի կամաաաց Սոֆիկին քաշել դեպի ինձ, իմ ստանդարտներով շատ դանդաղ… էդ Ժամանակ երկրորդ welcome to the hotel California-ն էր… քանի որ նա ինձանից ծանր էր, ես էի առաջ գնում… կամաց առաջացա մինչև փորս կպավ Սոֆիկի փորին իսկ կուրծքը կրծքիս… բայց ստեղ մի պրոբլեմ կար… հետո ինչ էի անելու… իմ ձեռքերն արդեն գրկել էին նրա կոնքերը իսկ նա դեռ ձեռքերը ուսիս էր դրել իսկ արմունկները անբնական հետ էին գնացել… և ստեղ Սոֆիկը հարմարությունից ելնելով իր ամբողջ թևերի երկարությամբ գրկեց ինձ ու կարծեմ մի քիչ էլ սեղմեց, լավ չեմ հիշում… մի խոսքով… մնաց գլխիս հարցը… Արմենը Սուսանի ականջին բաներ էր ասում (կարևոր չի) բայց ես հասկացա որ Սոֆիկի ականջին չեմ կարող հասցնել բերանս… բոյս չի հերիքում… ու համ էլ ակնոցս ա խանգարում… էս նեղ մաջալին հիմա որ ակնոցս ուզենամ հանեմ, սաղ կփչանա… հազիվ ենք էսքան եկել ու զրոյից չեմ կարա էլի սկսեմ… փորձեցի ոտներիս թաթերի վրա կանգնել… չեղավ… տենց ինչքա՞ն կարաս պարես… երգին շատ չի մնացել, բայց տենց պարելու համար բավականին երկար էր… ժամանակ չունեմ երկար մտածելու, հես ա երրորդ welcome to the hotel California-ն ա սկսելու… գլուխս էլ չգիտեմ ինչ անեմ… աչքերս իրա ականջի բարձրության ա քիթս ու բերանս՝ վզի… ակնոցն իսկականից էր խանգարում… փորձեցի ձեռով իրա հետևից հանել առանց գրկելը թողնելու, բայց ձեռս էդքան երկար չէր, համ էլ չէի ուզում որ Սոֆիկը գրկելը թողնի…

…"Սոֆիկ, կարա՞մ մի հատ ակնոցս հանեմ…" էլ չիդամացա ասեցի… "Հանի Մեֆ ջան…"....... ջա՞ն… ես տեղն ու տեղը մեծ արագությամբ հանեցի ակնոցս ու խցկեցի գրպանս… բայց մեկ ա չգիտեի գլուխս ինչ անեմ… արդեն հեսա մի երկու welcome to the hotel California-ից հետո պրծնում ա երգը ու ես հլա բան չեմ մտածել… արդեն անհանգստությունը վերածվում ա պանիկայի… նայում եմ վզին, ականջին, ուսին… ու ստեղ արդեն չդիմացա ու արեցի այն միակ բանը որ հնարավոր էր, որ մի քիչ էլ նվաստացուցիչ էր… գլուխս դրեցի Սոֆիկի ուսին-կրծքին-թևին… էդ հանգույցում… իմ մաշկն էլ էր փափուկ, իրենն էլ… այնուամենայնիվ լուծում էր… պարեցինք մինչև վերջ… արդեն կորցրել էի welcome to the hotel California-ների քանակը… մի բան էր լավ, լույսերն անջատած էին իսկ մոմերն էլ բավարար չէին լուսավորում ու ես Սոֆիկի աչքերի մեջ չէի նայելու…

Քեֆի մնացած մասն անցավ նույն տեմպով… ընդմիջումներին զավզակություն էի անում Սոֆիկի հետ, նա էլ համբերությամբ լսում էր, իսկ պարերի ժամանակ գրկում էի Սոֆիկին գլուխս էլ դնում ուսին…

Տուն ճամփելուց անընդհատ խոսում էի որ հանկարծ հարց չտա… իրա ոչ մի հարցին ես պատասխան չունեի… ես ի՞նչ ասեմ որ հարցինի ինչի էիր գրկում գլուխդ էլ դնում դոշիս…

երբ տուն էի գնում մի միտք էր տանջում … կարող ա՞ պապային ասի…

Հասա տուն… մամաս ասեց "այ տղա՞… ուր էիք… 12:30 ա… Սոֆիկի մաման զանգեց…" ……… չանս կախվեց մինչև ոտներս, ծնկներս սկսեցին թուլանալ… "Սոֆիկին ճամփեցի տուն նոր…"... երևում ա ձենս շատ ցածր էր որ մերս մի 3 անգամ հարցրեց ու հազիվ հասկացավ ինչ եմ ասում… բայց մի քիչ հետո հասկացա որ բան չի ասել, թե չէ "ուր էիք"-ով չէի պրծնի…

Հաջորդ օրը մկան ծակը հազար թումանով առած Սոֆիկից թաքնվում էի… միտքիս մեջ էլ անընդհատ Սոֆիկին ներուղություն ու շնորհակայություն էի հայտնում որ իրա ծնողներին բան չի ասել… հլա… ինքն ինձ բան չէր ասում, ես էլ առիթ չէի տալիս… կոնտակտները դարձրել էի զրո մինչև տեսնենք ինչ ա լինելու…

գնացի տուն, թեթևացած շունչ քաշեցի… ինչքան երկար ժամանակ սենց անցնի էնքան կթուլանա էֆֆեկտը… իրիկվա կողմ զանգ եկավ… Սոֆիկն էր… "Մեֆ էն գիրքը մոտդ ա՞… կարա՞ս բերես Անտառայինի էն նստարանի մոտ գամ վերցնեմ…" ...... "հա բա ո՞նց չես կարա… հիմա բերե՞մ… 6-ի՞ն... հա ոնց որ մի՞շտ…" ...... ես զարմնացած էի, շշմած, պոլոզացած, ապշահար էի… էդքանից հետո՞… ինքը հլա ուզում ա ինձնից գիրք վերցնի՞…

հանդիպումն անցավ ոնց որ միշտ, երկար խոսեցինք կարծես ոչինչ չէր եղել, ինքը ժպտում էր ես էլ չափից շատ էի խոսում որ հանկարծ թեման չփոխվի… ես կյանքումս էդքան շնորհակալություն մտքիս մեջ ասած չկայի…

ոչ մի ձև չէի հասկանում թե ո՞նց կարա տենց լինի…

Մուշու
06.11.2014, 23:23
Երջանիկ կես տարի , մի գուցե մի քիչ քիչ կամ շատ : Կես տարի լցված քեզանով : Աչքերիցս հոսում են արցունքները ... Կրկին ... Հիշել քեզ առանց արտասվելու չի լինում : Որքան ջերմ են և թարմ հիշողությունները , ասես երեկ էր նստած էի կողքիդ գրկել էի ամուր ու բաց չէի թողում : Հիշում եմ հարցդ ... Հարցնում էիր իմաստը իրար գրկած նստելու :) Ժպիտդ ... աչքերդ ... շուրթերդ ... ձեռքերդ ... Ամենագեղեցիկը ամբողջ աշխարհում : Հետաքրքիր է երբևէ հիշում ես միասին անցկացրած օրերը ? Կարծում եմ ոչ , իմաստ չկա դրանում : Ախխխ երանի ժամանակը կառավարելի լիներ ... Երանի այդ պահերը հավերժ լինեին : Ասում էիր , որ տարիներ հետո կգաս ինձ հյուր ... Սպասելու եմ խոստացել ես :) Ասում էիր , որ իրա հանդեպ չեմ խանդում , բայց ամեն անկապ աղջկա պատճառով տեսարան եմ սարքում ... Արդեն իրա հանդեպ էլ իմաստ չունի ...

StrangeLittleGirl
08.12.2014, 01:51
Չեմ ուզում վերամբարձ խոսքեր ասել, թե դու իմ այն միակն ես, որ նախատեսված էր ինձ համար, որովհետև շատ հնարավոր է՝ ամեն ինչ այլ ընթացք ստանա: Չեմ ուզում ասել, թե այսպես ուժեղ որևէ մեկի չեմ սիրել, որովհետև սիրել եմ նաև ավելի ուժեղ: Բայց պիտի ասեմ, որ աշխարհում երբևէ որևէ մեկն իմ մեջ այն զգացողությունները չի արթնացրել, որոնք դու ես արթնացնում: Քեզ հետ եղած ժամանակ ես առաջին հերթին սիրում եմ ինքս ինձ, բացահայտում իմ լավ կողմերը, դառնում ավելի լավատես, ավելի ուրախ: Ես սիրում եմ այն մարդուն, որը ստացվում է քեզ հետ շփվելու արդյունքում: Ու հենց դրա համար սիրում եմ քեզ:

Երբ քո կողքին եմ, ոչնչից չեմ վախենում, ո՛չ գազազած շներից, ո՛չ փողոցում գիշերելու հեռանկարից (հիշենք այն գիշերը Ռեյկյավիկում, երբ քիչ մնաց՝ ավտոբուսը բաց թողնեինք), ո՛չ վիրահատությունից, ո՛չ սառը ջրից (լուրջ էի ասում, որ քեզ հետ կամրջից կնետվեմ ջուրը), ո՛չ անգամ մահվանից:

Իմ կյանքում նոր նպատակներ են հայտնվել, քո նպատակները դարձել են նաև իմը: Ես սիրում եմ խաղալ քո թիմից, նույնիսկ երբ գլխավոր խաղացողը դու ես: Սիրում եմ լսել քո սիրած երգերը, դիտել քո սիրած ֆիլմերը: Սիրում եմ լացել քեզ հետ, ծիծաղել, կատակել, դեպրեսվել: Սիրում եմ քեզ հետ տորթ թխել, դաս անել, թափառել, ֆալաֆել ուտել, գիտությունից խոսել, սուրճ խմել կամ պարզապես լռել ու նայել անցնող-դարձողին: Սիրում եմ, երբ ուղղում ես անգլերենում բաց թողածս հոդերը, իսկ ես արդարանում եմ, թե՝ հայերենում հոդերն ուրիշ գործածություն ունեն: Սիրում եմ, երբ բառեր ես գործածում, որոնք չգիտեմ, ու միասին բառարանում փնտրում ենք դրանք: Սիրում եմ, երբ քննադատում ես դանիացիներին, իսկ ես պաշտպանում եմ նրանց: Սիրում եմ, երբ կանգնում ես ցուցափեղկի մոտ ու զմայլվում լամպերով: Սիրում եմ սարկազմդ, սիրում եմ ճաշակդ, սիրում եմ նվիրվածությունդ գիտությանը:

Ես չգիտեմ, իսկապես չգիտեմ՝ մեր վերջն ինչ կլինի, բայց մի բանում վստահ եմ. միայն ու միայն այն ամենի համար, ինչ զգացել եմ քեզ հետ ու դեռ զգալու եմ, իրոք արժեր ծնվել:

AniwaR
09.12.2014, 01:00
Որոշել եմ, որ եթե (եթե, էլի) կյանքում երբևէ ինչ-որ մեկին էլի սեր խոստովանելու ցանկություն ունենամ, միանգամից ասելու եմ «դու իմ դեպրեսիան ես», ոչ թե «իմ սերը»:

Alphaone
09.12.2014, 06:01
Ահավոր ափսոսում եմ, որ էն մանկապատանեկան սերերից չեմ ունեցել, էդ տարիքում իմ կիրքը այլմոլորակայիննեը, թռչող ափսեները, ֆանտաստիկան ու ֆիզիկան էին… Հիմա համ էդ տարիքի կրակն է մարել, համ էն ախմախ ռոմանտիկան ես չեմ վերապրել, որ բոլորն ունենում են: Ահավոր, աննկարագրելի կորստի զգացողություն է: Ոչ մի դեպքում առաջին անգամ 20-ից հետո չսիրահարվեք, ամբողջ կյանքը թարս է գնում, կենսափորձ չի լինում ու արդյունքում ընտրում եք հենց այն մարդուն, ով առավելագույնս կդժբախտացնի...

Quyr Qery
30.11.2017, 06:33
Ես քեզ սիրում եմ

Feel the vibe,
Feel the terror,
Feel the pain,
It's driving me insane.
I can't fake,
For God's sake why am I driving in the wrong lane
Trouble is my middle name.
But in the end I'm not too bad
Can someone tell me if it's wrong to be so mad about you
Mad about you,
Mad

Յոհաննես
29.12.2019, 01:26
Սիրում եմ քեզ իմ պոռնիկ ))