Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ռոմանս երթուղային տաքսու մասին



My World My Space
14.05.2010, 12:03
Ուշանում էի աշխատանքից, մեկ էլ մի երթուղային երևաց: Նայում եմ, իմ ուզածն է: Շտապ բացում եմ դուռը: ներսում.... ներսում, ես ասեմ քսան դու ասա երեսուն (երկուսս էլ ճիշտ կլինենք, ստուգողն ո՞վ ա....) մարդ ծեր ու ջահել, կեսը չոքած, կեսը կիսապպզած, կիսապառկած, մեկը մեկի գրկում, գզգզված, ճմռթված.....
Սարսափահար փորձում եմ ետ ընկնել, բայց ուշ է: Երկու իմ պես ուշացած հետևից նենց են հրում, տեղնուտեղը հայտվում եմ մթության մեջ: մեկը դեմքիս ծանր շնչում է: Որոշ ժամանակ դիմանում եմ, հետո զգում, որ շունչս կտրվում է.
- Այ ընգեր,- ասում եմ, - մի քիչ էն կողմ շնչի....
- Երեք հոգու մեջքիս պահում եմ` ձեն չեմ հանում, դու ե՞ս բողոքում.....
Ձեռ է առնում: Ի՞նչ անեմ: Ծանր է վիճակս, անգամ կառչելու տեղ չկա: Անընդհատ տարուբերվում եմ աջ ու ձախ, հետ ու առաջ: Ձեռքերս բնազդորեն հենարան են փնտրում: Վերջապես կառչում եմ ինչ-որ բանից: Նույն րոպեին աղեկտուր ճիչ է լսվում.
- Վա՜յ, ականջս պոկեցիր....
Ուշ եմ հասկանում, որ պոկողը ես եմ, այնքան ուշ, որ հատուցում եմ չարաչար: Ականջատերը թեքվում է ու առը հա, կծում է ձեռքս: Նրանից ոչ պակաս բղավոցով ես եմ ձեռքս ետ քաշում: Բղավոցներից վախեցած վարորդը արգելակում է մեքենան: Իներցիայի դաժան օրենքով մենք ավելի ենք խառնվում իրար: Հիմա պարզապես անհնար է արդեն սեփական մարմինը ջոկելը: Մի տեսակ ոնց որ անկշռելիության մեջ լինեմ, ոնց որ էն աշխարհում:
- Տո էս ի՞նչ մարդիկ եք,- կարծես այս աշխարհից լսվում է վարորդի ջայնը,- մի քանի հոգով չեք կարողանո՞ւմ տեղավորվեք ես հսկա մեքենայի մեջ: Օրինակ դու, դու այ օրիորդ, էդ թևիկդ որ ցածր պահես, երկու գլխի տեղ կբացես: կամ դու այ երիտասարդ, չե՞ս կարում գլուխդ մտցնես այ էն տիկնոջ թևի տակ, տես ինչքան տեղ ունի, որ ուզենաս` լրիվ կտեղավորվես: Դու էլ աղջիկ ջան, ոտքդ մտցրու այն էն անկյունը, մի վախեցիր, իջնելուց կօգնեմ, կհանես......Հը՞, դրստվեցի՞ք, քշե՞մ....
Վերջապես շարժվում ենք: Մեկ էլ մեկը գոռում է.
- Սպասեք, կանգնեք, էլ չեմ կարող, իջնում եմ.....
- Որ չէիր կարում, ինչի՞ նստեցիր, - բարկացած արգելակում է վարորդը:
Չորս կողմից մի հրմշտոց է սկսվում, մի քաշքշոց.... Ու էդպես հրմշտվելով ու հրմշտելով, զարմանք բան, բոլորս դուրս ենք թափվում: Թե ով էր իջնողը, չհասկացվեց: Հիմա մի նոր փորձություն է սպասվում` նորից նստելը: Բոլորս վախեցած իրար երես ենք նայում....
- Արագացրեք, թե չէ գնում եմ, - լսվում է վարորդի սպառնալից ձայնը:
Մի ակնթարթ անց մենք նորից միաձուլված ու ներձուլված մեքենայի մեջ ենք հայտվում: Շարժվում ենք, նեղվածությունը շատացել է, վայթե նոր մարդիկ են բարձրացել: Մոտենում եմ իմ կանգառին: Վախենում եմ ձայն հանեմ, բա որ գլուխս ջարդեմ իջնելուց, կամ կողերս: Չէ, էսպես ավելի ապահով է: Զարմանալին այն է, որ ոչ մի կանգառում իջնող չի լինում: վարորդը սկսում է զարմանալ, հետո զայրանալ.
- Չեմ հասկանում, դուք ո՞ւր եք գնում է..... ինչի՞ չեք իջնում....,- մոտենում ենք վերջին կանգառին վարորդը կտրուկ արգելակում է,- սաղդ իջեք, էլ չեմ գնում, ֆսյո:
Պատասխան չկա:
-Իջեք ասում եմ, այ ժողովուրդ, փող չեմ ուզում, իջեք սաղդ, չեմ գնում, ձեզ ըլնի ձեր հարյուր դրամները,- իջնում է, բացում է դուռը, - արա հլը իջի,- քաշում ա մեկի մեջքից:
-Ո՞նց իջնեմ, ձեռներս չկան, - շնչակտուր պատասխանում ա վերջինս:
Ո՞ւր են էս մարդու ձեռները,- վարորդը բղավում ա ներսինների վրա, - ասենք ո՞ւր պիտի լինեն որ, հլա քաշի:
- Ի՞նչը քաշեմ
- Ձեռներդ
- Ախր ո՞նց...
- Այ ժողովուրդ, հմի էս տղի ձեռները տալո՞ւ եք, թե՞ չէ..... գլուխդ կա՞
- հա, ոտքերս էլ
- լավ ա, հիմնականում տեղն ես, սպասի մի հատ պարան բերեմ:
- Սպասի արա, ի՞նչ պարան, գլուխս կպոկես.....
- ես ինչ անեմ, որ միակ երևացող տեղդ էդ ա, բա ո՞ւմից սկսեմ
- Ինձանից,- գոռում ա ինչ-որ մեկը,- ես կարևոր հանդիպում ունեմ, ուշանում եմ, օգնեք իմ ոտքը պիտի որ էդ կողմերում լինի...
- Հիմա,- ձայնում է վարորդը,- քաշում եմ....
- Վա՜յ, թևս դուրս ընկավ,- ճչում է մի երիտասարդ աղջիկ, - ապուշ, ոտն ու ձեռն էլ չես տարբերո՞ւմ....
- Ի՞նչ անեմ քուրո ջան, էնքան հաստ էր, ոտի տեղ դրեցի, ոչինչ, կարևորն էն ա, որ դուրս եկար....
Անցնում ա մի 10 րոպե, հերթն ինձ ա հասնում: Սողալով դուրս եմ գալիս: Հոգեպես թեթևացած, ազատ: Գրպանս ծանրացել ա: Ձեռքս տանեմ ու.... կանացի կոշիկ ա:
Նայում եմ շուրջս, մի օրիորդ կաղալով գնում է.... Մոտենում եմ:
-Վերցրեք,- ասում եմ,- ձեր կոշիկը:
Նա զարմացած նայում է ինձ, ապա կոշիկին:
- Այ քեզ բան, դուք է՞լ եք այնտեղից:
- Հա, - տխուր պատասխանում եմ ես,- փորձանք էր, ում պատմես չի հավատա.... գուցե նստե՞նք, կօգնեմ, կհագնեք....
- Այո... իհարկե,- համաձայնում է նա: նստում ենք: Ես ու նա` իմ ապագա կինը....
Այդպես եղավ: համենայնդեպս դրանից հետո էլ երթուղային չեմ նստում: Եվ խորհուրդ չեմ տալիս.... գոնե ամուսնացածներին: Չէ՞ որ հակառակն էլ է հնարավոր....

Էլիզե
14.05.2010, 14:01
Բրավոո՜ո :clap:clap :aha

Ռուֆուս
14.05.2010, 14:04
Վերին աստիճանի իրական էր պատկերված :))

Սարկազմդ վերջն էր :)

Դեկադա
14.05.2010, 14:08
Էսքան դրական էմոցիաներ վերջի շրջանում չէի ստացել: Լավն էր: Մի պահ լրիվ պատկերացրեցի: Վատն էնա որ հենց էտպես էլ կա....:)

Երկնային
14.05.2010, 14:18
լավն էրրր :))

Tig
14.05.2010, 15:19
Կարճ ու բովանդակալից:)
Ընտիրա:hands

My World My Space
14.05.2010, 18:58
Ասեմ, որ էս ռոմանսը գրելու միտքը մի 5-7 տարի ա պտտվում էր ուղեղումս, նույնիսկ վերնագիրը վաղուց էի որոշել: Սկսեցի գրել քանի որ համատեղ պատմվածքը թեմայում գրանցվել էի, որպես առաջին` իմ, Շինարարի և Գալաթեայի համատեղ պատմվածքում, ու նախապես Շինարարին ասել էի, որ էս մեկը հումորային ա լինելու, լիրիկային հերիք ա...... Էսօր առավոտ որոշեցի գրել: Գրեցի, գրեցի ու..... որոշեցի որ սա ես էլ պիտի ավարտեմ:), կներեք Շինարար ու Գալաթեա ջաներ:oy:

Արձագանքների համար էլ շատ շնորհակալ եմ, ազնվությամբ չէի մտածում որ էսքան արձագանքներ կլինեն:hi

Հ.Գ. համատեղ պատմվածքի համար էլ ես երկու օրը կգրեմ......

Հ.Հ.Գ Հիշե՛ք էս թեման, տրանսպորտային հարցերով ստեղ հաճախ ենք հանդիպելու......;)

Շինարար
15.05.2010, 01:04
Համով էիր պատմում, լեզուդ էր չհղկված. հեղինակի խոսքում մի կողմից «է» օժանդակ ես ուղարկում, մյուս կողմից «նենց», օրինակը բերում եմ, որ հավատաս, որ կարդացել եմ, հետս կռիվ անել չկա, իրոք շատ հավանեցի, բայց պատմվածք չէի անվանի, ավելի շուտ ֆելիետոն:)) Լավ ես արել, որ առանձին ես գրել սա, որովհետև իր տեսակով ինքը չէր կարող բազմահեղինակ լինել, իմհկ… Մեկ-մեկ ուրախ բաներ գրեք կարդանք էլի, ժողովուրդ, ու այ սենց ժպտանք:)) Թախծառատ ա վերջերս ստեղծագործողի անկյունը:(

My World My Space
15.05.2010, 19:04
չէ, իրոք շատ վատ ա, որ էս ամեն ինչը մեր համար սովորական ա դառել: Ախր տեսնում եք, չէ՞, ամեն ինչ չափազանցրել եմ, որ հասկացվի թե ինչքան վատ ա.....ու դրա փոխարե՞ն..... վարկանիշեր, որոնց մեծ մասի մեջ այ էս :D ու էս :lol սմայլիկներն էին..... չէ, սխալ չհասկանաք, չեմ ասում, թե պետք ա չծիծաղենք, պիտի ծիծաղենք, բայց էդ ծիծաղն էլ պետք ա ինքնանպատակ չլինի, պիտի մի հետք թողնի, էդ ծիծաղելին շտկելու ցանկություն առաջացնի, թե չէ շուտով շատ շուտով լացելու ենք......ախր հեչ լավ չի էէէէէէ՜.....:(

Հայկօ
15.05.2010, 19:42
Ղըըըըըըըըժ, շատ լավն էր :D: Ու լավ էլ հավեսով գրել էիր, մանավանդ դիալոգներն էին շատ տիպիկ :): Լեզուն մեկին մեկ լրիվ տեղին էր, «ա»-երն էլ, «նենց»-երն էլ, ամեն ինչն էլ :): Բա «մարշուտկա-կանսեռվա-ռաժոկ» եռամիասնության մասին ես գրում, բա էլ ո՞նց :D:

Լուսաբեր
15.05.2010, 20:21
Լավ էր Հով ջան, շատ լավը :))
Քեզ մոտ ինչքան ես եմ նկատել երկխոսությունով գրվածքենրը լավ են ստացվում

հ.գ. հեսա մի հատ տխուր վարկո տամ լրիվ ծիծաղներին համազորվի:D

Yevuk
15.05.2010, 20:29
Ընտիր էր....:good Խոսքեր չկան: Մի շնչով կարդացի: :) Իսկը մեր իրականության մասին էր: :(
Ճիշտն ասաց ոչ մի տեղ իմ ծիծաղը չեկավ: :unsure

Ուլուանա
16.05.2010, 01:14
Էս ի՜նչ լավն էր։ :))
Էս երկու օր է՝ վերնագիրն աչքովս ընկնում էր, բայց հա հետաձգում էի կարդալը։ Լավ էր՝ վերջը կարդացի։
Ապրես։ :)

Kuk
16.05.2010, 01:24
Բոմբ էր :D :D

Lusinamara
09.10.2011, 00:12
:D
Ի՜նչ լավն էր…:hands

Freeman
09.10.2011, 19:08
Լավն էր, ու ահավոր ծանոթ էր, մանավանդ վերջը: Երևի կարդացել էի, բայց էդ ժամանակ դեռ գրանցված չէի :think

Հ.Գ. հա էլի, գրանցված չէի 28.05 > 14.05

Arpine
09.10.2011, 19:38
Չնայած (ու ցավոք), որ ես գրեթե ամեն օր նման իրավիճակների ականատեսն եմ, բայց էստեղ ավելի պատկերավոր էր ...ՃՃ
լավն ա:love

Valentina
09.10.2011, 21:35
Նմանատիպ պատմություն հեռուստացույցով լսել եմ ապրիլմեկյան համերգներից մեկի ժամանակ: