PDA

Դիտել ողջ տարբերակը : Հուշեր ապագայից



StrangeLittleGirl
25.01.2007, 15:41
Մի քիչ առաջ պատահաբր նկատեցի, որ պատմվածքներիս տետրի մեջ մի թուղթ կա դրված: Հանեցի, նայեցի, տեսա, որ պատմվածք է: Կարդացի: Դրա մասին ընդհանրապես մոռացել էի: Գրել եմ 16 տարեկանում: Այն ժամանակ երևի չէի հրապարակի, բայց քանի որ անցել են այդ ժամանակները, հանգիստ տեղադրում եմ: Մենակ մի քիչ ներողամիտ եղեք, հեղինակը, վերջիվերջո, երեխա է:

Ես այս պատմությունը վաղուց եմ լսել: Չեմ հիշում, թե ով է պատմել, որովհետև այն ժամանակ մեծ տպավորություն չթողեց: Եվ ընդհանրապես մոռացել էի սրա մասին, երբ մի դեպք, որը բոլորովին վերջերս կատարվեց իմ ներսում, ստիպեց հիշել կորած-գնացածը ու թղթին հանձնել:
Ամեն երեկո, երբ զբոսայգին կամաց-կամաց դատարկվում էր, հայտնվում էր մոտ 25 տարեկան մի օրիորդ: Գալիս էր իր մշտական ուղեկցի՝ փռչոտ շեկ կատվի հետ, որը հպարտորեն բազմում էր նրա ուսին: Երբեք ոչ ոք նրա դեմքին ժպիտ չէր տեսել: Ոչ ոք նրա մասին ոչինչ չէր լսել: Բայց բոլորը գիտեին, որ նա մեն օր նույն ժամին հայտնվում էր այգում, մինչև ուշ գիշեր նստում նույն նստարանին, նույն ձեռքով շոյում կատվին: Նա գեղեցիկ չէր, որ գրավեր շատերի ուշադրությունը, բայց մարդիկ նրա կողքով անցնելիս միշտ փսփսում էին: Կարճահասակ էր ու փոքր-ինչ գեր: Ուներ մեծ աչքեր, մեծ քիթ, մեծ բերան ու ժամանակից շուտ առաջացած կնճիռներ: Հոնքերը հաստ էին ու գզգզված: Նրա՝ մինչև գոտկատեղ հասնող բաց շագանակագույն մազերը մի յուրահատուկ հմայք էին հաղորդում այդ անսովոր դեմքին: Երևում էր՝ նա այնքան էլ չէր հետաքրքրվում իր արտաքինով:
Բայց մի անգամ մի երիտասարդ, որը հաճախ էր տեսնում նրան նույն այգում նույն ժամին նույն նստարանին նստած նույն ձեռքով նույն կատվին շոյելիս, որոշեց մոտենալ ու խոսել:
- Կներե՛ք, կարելի՞ է մի բան հարցնել,- շփոթված ասաց տղան՝ մոտենալով տարօրինակ անծանոթուհուն:
- Ի՞նձ հետ եք խոսում,- զարմացած հարցրեց: Ձայնը խռպոտ էր: Երևում էր՝ վաղուց ոչինչ չէր ասել:
- Այո՛,- շարունակեց տղան,- դուք ինչու՞ ոչ ոքի հետ չեք շփվում:
Երիտասարդ ծերացածը խոնարհեց գլուխը: Մի քանի րոպե հետո, երբ տղան հարցը կրկնեց, նա պատասխանեց.
- Մի՞թե պարտադիր է, որ որևէ մեկի հետ շփվեմ:
- Բայց դուք միշտ այստեղ գալիս եք մենակ ու մտախոհ: Ես զգում եմ, որ դուք ինչ-որ վիշտ ունեք:
- Ամեն մարդ էլ իր վիշտն ունի:
- Ամեն մարդ ձեզ նման մռայլ չի գալիս զբոսայգի:
- Որովհետև իմ վիշտը ամեն մարդու վիշտ չէ:
- Կպատմե՞ք ինձ այդ մասին:
- Մարդիկ շատ փոփոխական են:
- Այսի՞նքն:
- Դա նշանակում է, որ ես դժբախտ եմ:
Երիտասարդը զայրացավ՝ լսելով անծանոթուհու տարօրինակ պատասխանները: Հանկարծ հարցրեց:
- Դուք ամուսնացա՞ծ եք:
- Այո՛,- քմծիծաղեց,- այս կատվի հետ… չէ՛, այդ դժբախտությունը դեռ չեմ ճաշակել:
- Դուք չե՞ք ուզում պատմել ձեր մասին:
- Իսկ ինչու՞ հենց ձեզ… չգիտեմ, գուցե եկել է ժամանակը, որ սիրտս դատարկեմ: Արի՛ գնանք իմ տուն, և դու ինձ քո մասին կպատմես:
- Բայց… ես ուզում էի ձեր մասին լսել:
- Նախ ես քեզ կլսեմ:

շարունակելի

StrangeLittleGirl
25.01.2007, 18:07
Եվ նրանք գնացին խորհրդավոր անծանոթուհու տուն:
…Նրա տունը գտնվում էր քաղաքի լքված, բայց նաև ամենագեղեցիկ վայրերից մեկում: Անշուք էր, չվերանորոգված: Մեն-մենակ կանգնած էր քաղաքի ծայրում: Բաղկացած էր մի փոքրիկ սենյակից ու խոհանոցից: Այդ սենյակը ծառայում էր որպես ամեն ինչ. ննջարան, աշխատասենյակ, հյուրասենյակ (ասենք, հյուրեր երբեք չէին լինում): Պատերը ծածկված էին հարյուրավոր լուսանկարներով: Պատուհանի մոտ մի գրասեղան կար, որի վրա իրար քլխի շարված էին բազմաթիվ գրքեր, թղթեր, նկարներ: Պատի տակ կար մահճակալ, որի կողքին գտնվում էր հսկայական գրապահարանը, իսկ դիմացը՝ զգեստապահարանը: Սենյակի կենտրոնում մի աթոռ կար Երևում էր, որ մենակ ապրողի տուն է:
- Նստի՛ր,- ասաց տանտիրուհին՝ նստելով միակ աթոռին,- սուրճ կխմե՞ս:
Երիտասարդը շվարած շուրջն էր նայում ու նստելու տեղ փնտրում:
- Կարող ես մահճակալին տեղավորվել: Միևնույն է, ես այնտեղ չեմ քնում,- ժպտաց աղջիկն ու կրկնեց հարցը. - սուրճ կխմե՞ս:
- Ո՛չ, շնորհակալություն, քիչ առաջ եմ խմել:
- Լա՛վ, ուրեմն անցնենք գործի: Ո՞վ ես դու:
- Անունս Հայկ է, 19 տարեկան եմ: Ուսանող եմ: Շատ երջանիկ եմ:
- Սա՞ է ամբողջը:
- Այո՛… էլ ի՞նչ ավելացնեմ…
- Ուրեմն դու ինձնից դժբախտ ես:
- Ո՛չ, ո՛չ, ի՜նչ եք ասում, ես շա՜տ երջանիկ եմ:
- Դու քո դժբախտությունը հետո կզգաս:
Երիտասարդը ցնցվեց, բայց չկարողացավ որևէ բառ ավելացնել: Գլուխը կախեց, իսկ հետո, որ այդ տարօրինակ տիպը չնկատի իր շփոթվածությունը, սկսեց սենյակի պատերը զննել և, հերթով մատնացույց անելով լուսանկարներում պատկերված մարդկանց, հարցնել.
- Սա ո՞վ է… իսկ սա ո՞վ է… իսկ այս կինն ո՞վ է…
Բայց այդ բոլոր հարցերին նույն պատասխանն էր հետևում.
- Չգիտեմ, չեմ հիշում, չեմ էլ ուզում հիշել:
Երիտասարդն ավելի զարմացավ: Նա հայացքը կտրեց լուսանկարներից և հարցրեց.
- Իսկ ինչու՞ եք դրանք պատերին փակցրել: Միևնույն է, չեք հիշում, թե ովքեր են:
- Չգիտեմ: Երևի ժամանակին այդ մարդկանց շատ էի սիրում:
- Իսկ հիմա՞:
- Հիմա ես ոչ ոքի չեմ սիրում:
- Ինչու՞:
- Որովհետև ես հասկացա, որ բացի միայնությունից, ինձ ուրիշ ոչինչ պետք չէ: Գիտե՞ս՝ ժամանակին ես էլ քեզ նման ուրախ-զվարթ մարդ: Պարզապես ես ձանձրացա բոլորից ու հիասթափվեցի աշխարհից: Պատկերացնու՞մ ես՝ ես կյանքում երեք տղամարդու եմ սիրել, երեքն էլ հոմոսեքսուալիստ են եղել: Մտերիմ ընկերուհիներիցս մի քանիսն էլ լեզբուհի են եղել, այն էլ ինձ սիրահարված: Բազմաթիվ ընկերներ եմ ունեցել, որոնցից յուրաքանչյուրն իր ժամանակին իր շրջապատն է գտել ու ինձ մոռացել:
- Իսկ դուք չե՞ք փորձել նոր ընկերներ գտնել:
- Ամբողջ 10 տարի ընկերներ եմ ձեռք բերել և կորցրել: Այլևս չեմ ուզում մարդկանց կորցնել:
- Ես կլինեմ քո ընկերը:
- Ո՛չ, ո՛չ, չեմ ուզում: Ավելի լավ է՝ կյանքդ վայելես, քանի ուշ չէ… Իսկ հիմա հեռացիր, ես ուզում եմ մենակ մնալ: Սա էլ վերցրու, եթե ուզում ես ինձ լավ ճանաչել, բայց հետո կայրես:
Երիտասարդը հեռացավ՝ ձեռքին մի մաշված տետր, ըստ երևույթին օրագիր էր: Գնաց տուն, փակվեց իր սենյակում ու սկսեց կարդալ: Բան չհասկացավ: Միայն հետևյալը տպվեց նրա ուղեղում. «Ո՛չ, ո՛չ, այսպես չեմ ուզում: Ես չկարողացա անցյալիս վրա խաչ քաշել: Այն անընդհատ վերադառնում է՝ հակառակ իմ ցանկության: Ի՞նչ անեմ… Ախր ես չեմ ուզում շղթայված լինել: Ուզում եմ լինել իմ 13-14 տարեկանի ավելի հասուն ձևը: Միայն այսօր հասկացա, թե ինչքան թույլ եմ ես: Մի՞թե կարելի է այսպես: Ես կարծում էի, թե կարող եմ զգացմունքներս կառավարել, բայց դա մի ամսից էլ պակաս տևեց…»:

Ես այս պատմությունը հիշեցի, երբ ճիշտ նույն տողերն էի գրում օրագրիս մեջ…

Cassiopeia
26.01.2007, 12:17
Միայն այսօր հասկացա, թե ինչքան թույլ եմ ես: Մի՞թե կարելի է այսպես: Ես կարծում էի, թե կարող եմ զգացմունքներս կառավարել, բայց դա մի ամսից էլ պակաս տևեց…»
Ինչքան նման է մարդկային հոգու տանջանքի արտացոլումը…

Taurus
26.01.2007, 12:38
Բյուր, որ դառնաս 25 տարեկան , մի հատ նորից կկարդաս այս պատմվածքը, բայց հանկարծ կատվիտ չմոռանաս այգում:;)

StrangeLittleGirl
26.01.2007, 18:27
Ի՜, Է՛դ, ի՜նչ զզվելին ես :( Ախր էդ ես չեմ: Երկուսն էլ հորինված կերպարներ են:

Ուլուանա
28.01.2007, 17:09
Բյուր, բայց ես էլ էդ աղջկան քեզ նմանեցրի։ :P
Բացի դրանից, այս պատմվածքն ինձ հիշեցրեց քո մեկ ուրիշ պատմվածք՝ «Սա էլ կմոռացվի» (http://www.akumb.am/showthread.php?t=141), որը վաղուց էի կարդացել... :think Կարծես նույն կերպարը լինի, ուղղակի ավելի մեծ տարիքում, երբ էլ ավելի է հիասթափվել կյանքից... :(

Taurel. . . .
28.01.2007, 19:22
- Կներե՛ք, կարելի՞ է մի բան հարցնել,- շփոթված ասաց տղան՝ մոտենալով տարօրինակ անծանոթուհուն:
- Ի՞նձ հետ եք խոսում,- զարմացած հարցրեց: Ձայնը խռպոտ էր: Երևում էր՝ վաղուց ոչինչ չէր ասել:
- Այո՛,- շարունակեց տղան,- դուք ինչու՞ ոչ ոքի հետ չեք շփվում:

[/I]

Գիտե՞ս լռությունը նույնպես շփման ձև է. . . . ԵՐԵՎԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ԻՆՔՆԱԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԿԱՐՔՆ Է, ամենամեծ զարմանքը լռությունն է, ամենամեծ սերը լուռ է , ամենաուժեղ հիացմունքը լռությունն է , մահացու ատելությունն էլ լուռ է. . . .

Մոդերատորական։ Կարդացեք Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297) Ֆորումում չեն ողջունվում առանց խիստ անհրաժեշտության մեծ չափի տառերով, միայն մեծատառերով գրառումները։ Գրառումը խմբագրված է. հանվել է տառերի մեծ չափսը։

PoeT
28.01.2007, 23:53
Մենության պատճառը թաքնված էր, հենց իր մեջ։ Եթե ինքը չուներ ոչ մի ընկեր, դա իրա մեղքն էր։


Գիտե՞ս լռությունը նույնպես շփման ձև է. . . . ԵՐԵՎԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ԻՆՔՆԱԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԿԱՐՔՆ Է, ամենամեծ զարմանքը լռությունն է, ամենամեծ սերը լուռ է , ամենաուժեղ հիացմունքը լռությունն է , մահացու ատելությունն էլ լուռ է. . . .
Մոդերատորական զգուշացում։ Հարգեք զրուցակցի կարծիքը։ Գրառումը խմբագրվել է։ Հանվել են անհարգալից տոնով գրված մտքերը։