PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ աստղազարդ թախիծը



KiLa
03.05.2010, 23:49
Ես ուրախ եմ, որ դու կաս...

KiLa
04.05.2010, 01:11
Իմ աստղազարդ թախիծը

Հաճախ է, որ կյանքը այն չէ ինչ մենք ենք ուզում տեսնել...
Հաճախ է, որ հայացք գցելով դեպի ետ, դժկամորեն խոստովանում ենք ինքներս մեզ, որ մեր կյանքը չի դասավորվել կամ չի ընթացել այնպես, ինչպես մենք ենք ուզել:
Հաճախ է նաև, երբ մենք մեզ բռնեցնում ենք ինքներս մեզ խաբելու երևույթի մեջ:
Հաճախ է, որ…
Վատ ու անցանկալի երևույթները խիստ հաճախ են մեր կյանքում: Եվ դրանից է, որ մարդը հաճախ (կախված մեր ունեցած ապրելակերպից), ,,վերադառնում” է դեպի ետ, դեպի պարզ և ուրախ մանկություն, դեպի այն տարիները, երբ մենք ստիպված չենք եղել այսպես հաճախակի կեղծել ու ստել, այսպես հաճախակի անել բաներ, նախորոք իմանալով դրանց բացսական հետևանքների մասին: Եվ ահա փնտրելով փոքրիկ մի ժամանակահատված, որտեղ մե’նք, մենք ենք եղել, բոլորս էլ միանշանակ ճանապարհվում ենք դեպի մեր ունեցած, մեր ապրած մանկություն: Որովհետև այնտեղ տաք է ու փափուկ: Իսկ ինչո?ւ…
Որովհետև այնտեղ կա իսկական սեր ու անմնացորդ նվիրում, կա իսկական ընկերություն ու անշահախնդիր նվիրվածություն, կա հավատարմություն ու անձնազոհություն, կա անկեղծության մի այնպիսի հրաշք տուրևառություն, հոգիների փոխհարաբերությունների այնպիսի գեղեցիկ հրավառություն, որ հետո, մեր ամբողջ կյանքում`, ինչպիսին էլ այն լինի, ինչպես էլ այն դասավորվի, միևնույնն է, նմանը չկա, չենք գտնում, չենք հանդիպում…
Եվ իհարկե, սա է պատճառը, որ այդ տարիները միշտ կանչում են մեզ, կամ ավելի ճիշտ, մենք ենք փնտրում նրանց, փորձելով գոնե մի կարճ ժամանակահատված մեզ Մարդ տեսնել, Մարդ հիշել, Մարդավարի տալ ու առնել…
Ախար (մեզանից հեռու) մարդ ենք չէ, կարոտում ենք մարդ լինելուն, մարդավարի ապրելուն, մարդավարի սիրելուն...
Դպրոցում երկուս ստանալու վախը մեզ երբեք չէր ստիպում մատնել ընկերոջը (այդպիսիները շատ քիչ էին): Ծնող կանչելն ու դպրոցից վռնդելը երբեք չէր ստիպում մեզ անել մի բան, որին սկզբունքորեն դեմ էինք( հակառակը անողները նորից շատ քիչ էին): Եվ որ կարևորն
է, այդ տարիքում ունեինք սկզբունքներ, բա ու՞ր կորան... Էս մենք չե՞նք, ինչո՞ւ շատացան նրանք, ովքեր չկային: Ովքեր քիչ էին: Այդ քչով հաղթեցի՞ն մեզ: Հաղթելը դեռ ,,ջհանդամը", բա քանա՞կը, քանակը ինչպե՞ս շատացավ: Թե էն տարիներին շատերը կեղծում էին...
Դժվար թե... Ախար էն տարիներին էնքան մաքուր ու լավն էինք, ինչպե՞ս կարող էինք այդպես վարպետորեն կեղծել:
Չէ, ուղղակի ,,կյանքը" հաղթեց մեզ, Չարը հաղթեց մեզ... Որքան էլ դժվար է խոստովանելը, միևնույնն է, փաստը մնում է փաստ...
Շատ դժվար է քայլել այս ,,մազե կամրջի" վրայով ու չկորցնել հավասարակշռությունը: Առավել ևս, երբ դրան նպաստող շատ քամիներ ու փոթորիկներ կան:
Շատ եմ մտածել ու շատ եմ տխրել...Ինչպե՞ս կռվել, ինչպե՞ս հաղթել... Ախար այդ Չարը առանձին հանդես չի գալիս: Այն միշտ մեր ընկերների, մեր հարազատների ու մեր ազգակիցների մեջ է, մեր քույրերի ու եղբայրների մեջ է: Դե արի ու կռվի նրանց դեմ, արի ու սպանիր նրանց: Այստեղ է նրա ուժը, այստեղ է նրա անպարտելիությունը, նրա զինվորական տաղանդը, նրա փայլուն ստրատեգիան:
Եվ սա է պատճառը, որ նա կարողանում է միշտ հաղթած զինվորի պես հարբել ու լկտիորեն ծիծաղել մեզ վրա: Այսօր հեռուստատեսությամբ աչքիս Կարեն Ջանիբեկյանի նկարը ընկավ, բերանը փակ, ( ինչ որ մեկի ֆոտո նկարների ցուցահանդեսն էր), թղթակիցների այն հարցին թե ինչու՞ է բերանը սոսնձվող ժապավենով փակած, դերասանը պատասխանեց.
__Ինքներդ գլխի ընկեք:
Գլխի եմ ընկնում... Իմ կարծիքով հենց վերը նշված Չարն է պատճառը, մեր հարազատների ներսում բուն դրած Չարը, որի հետ կռվելու, որին մեր մեջից արմատախիլ անելու ճարը դեռ չունենք: Ի՞նչ անենք... լռենք...

Chuk
05.05.2010, 16:39
Մոդերատորական. թեմայի վերջին 3 գրառումները ջնջվել են: Ծանոթացեք «Օրագրեր» բաժնի այսօրվանից գործող կանոններին (http://www.akumb.am/showthread.php/53734-«Օրագրեր»-բաժնի-կանոնները):

KiLa
06.05.2010, 00:36
Անձրև էր, համարյա տեղատարափ... Շատերի խոսակցության նյութն է. ,,էս ի՞նչ անձրև է, էս ի՞նչ եղանակ է...": Դե անձրև է էլի: Ինչի՞ վրա եք այդպես զարմացել, չգիտեմ: Իսկական զարմանալու բաները թողել անձրևի ու եղանակի փոփոխության վրա ենք զարմանում:
Իսկ ես անձրևի վրա չէի զարմանում, ես զարմանում էի...
Կանգառում էի, երբ սկսվեց էդ տեղատարափը: Լավ է կանգառներում արդեն մարդկանց համար կանգնելու տեղ կա, գոնե անձրևից պաշտպանվելու: Կանգառում մի քանի հոգի էինք, այնպես, որ հեշտությամբ տեղավորվել էինք այդ ,,կազերյոգի" տակ: Երթուղայինի էինք սպասում: Ուշադրությունս գրավեց մի միջին տարիքի մարդ, որ հանգիստ, մի քիչ մտամոլոր քայլերով իջնում էր վերևի կողմից: Եկավ, հավասարվեց ու չնայելով մեր կողմը անցավ: Հովանոց չուներ, լավ չէր հագնված ու ինձ թվաց կոշիկներն էլ ջուր էին քաշում...հա, հաստատ քաշում էին...Անձրևը ավելի էր ուժեղանում, բայց նա ոչ քայլերն էր արագացնում և ոչ էլ պատսպարվելու տեղ փնտրում: Արդեն համարյա ամբողջովին թրջվել էր: Հաղթանակի փողոցով մի կանգառ իջնելուց հետո թեքվեց դեպի Բաբայան փողոց: Ուռա... Մտածեցի տունը արդեն մոտ է, երևի հիմա կհասնի: Բայց քայլերի արագության մեջ փոփոխություն չնկատելով, ենթադրեցի, որ շուտ եմ ուրախանում: Լրիվ թրջվել էր: Հովհանոց չուներ, իսկ կոշիկներն էլ կարծես ծակ էին...Մազերից ջուրը կաթկթում էր... Հետո նկատեցի, որ պիջակից էլ է կաթում: Այ մարդ գոնե մի տեղ պատսպարվիր հո դու գիժ չես, խելքդ գցե՞լ ես, ի՞նչ է...Աստծուն փառք, լիքը խանութ է, մեկը մտիր էլի այ տնաշեն... Չէ, այդպիսի միտք չուներ: Քայլում էր... կարծես մի արևոտ օր էր ու զբոսանքի էր դուրս եկել: Միայն թե տեսքը զբոսանքի տեսք չէր...Բայց գժի էլ չէր: Վերևից թափվող ջրից չէր պաշտպանվում, բայց խուսափում էր նույնիսկ փոքրիկ ջրափոսերից: Կոշիկները հաստատ ծակ էին...Հասա մեր շենք ու նոր նկատեցի, որ ես էլ մի լավ վիճակի մեջ չեմ: Համարյա վազելով բարձրացա տուն ու... շորորս չփոխած վազեցի դեպի պատշգամբ: Գնում էր... հանգիստ, առանց շտապելու: Նայեցի ետևից մինչև որ տեսադաշտիցս հեռացավ:
Իսկ հիմա խնդրեմ, տաքությունս երեսուն և ութ է: Մի քիչ էլ բարձրանա կսկսեմ զառանցել: Եթե արդեն չեմ զառանցում:
Տեսնես որտե՞ղ էր ապրում... Տեսնես ինչպե՞ս հասավ տուն... Տեսնես ինչքա՞ն է հիմա նրա տաքությունը ....Եթե գիտեք, խնդրում եմ գրեք...

KiLa
06.05.2010, 19:54
Իմ աստղազարդ թախիծը

Ակնախոռոչներս պայթում են

Նորից մենակ էի տանը: Մի քիչ էլ հիվանդ …
Չգիտեի ինչով զբաղվեմ: Փորձում էի գիրք կարդալ, չէր ստացվում: Հեռուստացույց դիտե’լ, էլի չէր ստացվում: Ոչինչ չէր ստացվում: Սիրտս անհանգիստ էր: Կարծես մեկը ետևիցս ընկած լիներ: Կանգնում էի, սպասում, որ հասնի, տեսնեմ ի՞նչ է ուզում… Բայց իզուր: Հենց շարժվում էի, նորից թիկունքիս զգում էի նրա շնչակտուր հևոցը: Ո՞վ ես մարդ աստծո, ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ ես կրնկակոխ հետևում ինձ: Ասելիք ունե՞ս, թե՞ ինքդ ես ուզում հարցնել… Անհանգիստ էի:
Հանկարծ հեռախոսի ձայնից սթափվեցի: Չգիտեմ քանի անգամ էր արդեն ազդանշանել, բայց հասցրի վերցնել լսափողը.
__ Ալո, լսում եմ…
__ Բարև… Ես եմ… Չճանաչեցի՞ր:
Նա էր, վաղուց չէր զանգել: Ճիշտն ասած ուրախանում էի, որ նա չէր զանգում: Ուրեմն ամեն ինչ լավ էր…Բայց հիմա զանգել է: Աչքիս մեջ կարծես մի բան կար:
__Բարև, ո՞նց ես…
__Լավ: Այսինքն, կանք էլի… դե հիմա ո՞վ է լավ, որ…
__ Ըհը, ճիշտ է: Մարդիք հազիվ ապրում են…
__Հա, էդպես է…Դա էի ուզում ասել:
__ Հետո, ընտանեական կյանքդ ինչպե՞ս է…
__ Լավ… Նորմալ…Երեխեքը…
__ Երեխեքի մասի’ն չեմ հարցնոմ…
Աչքերս շուտ-շուտ թարթում էի, կարծես մի բան էր մտել աչքս ու դուրս չէր գալիս…
__Ուզում եմ ասել երեխեք, իրենց հետ մեծացող հոգսեր, պրոբլեմներ… Դրանցից գլուխ ենք հանո՞ւմ, որ ուիրշ բանի մասին մտածենք:
__ Հա՜… Պարզ է, ժամանակ չեք ունենում նայել ձեր հոգու խորքը…
__ Ոչ, ժամանակ չենք ունենում:
__ Եվ երկա՞ր ժամանակ է, որ այդպես է:
__ Չէ… Չգիտեմ… Վաղուց: Ինձ թվում է միշտ…
__ Հա: Բայց նախորդ անգամները բան չես ասել… Խաբե՞լ ես… հա՞...
__Մի սեղմիր կոկորդս…
__Լավ-լավ, չեմ անի… Հա՜: Ես էլ մտածում եմ ինչու՞ եմ վատ զգում…
__Ինչո՞ւ:
__Քեզ համար…այնպես, ենթագիտակցորեն:
__ Դե լավ, մի սկսիր, մի ամաչեցրու:
__ Չէ, ամեն ինչ ճիշտ է: Չէ որ դու իմ կեսն ես: Շատ էլ, որ վերցրիր ու քեզ ուրիշին փոխպատվաստեցիր: Բայց դու հո շարունակում ես իմ կեսը մնալ:
_ Վերջ տուր, խնդրում եմ… Զանգել եմ, որ մի քիչ ցվրվեմ… Իսկ դու…
Կոպերս արդեն հոգնում էին, իսկ ակնախոռոչներս ցավում էին…
__ Հա՜, դու մի քիչ ցվրվես: Էլի դու, միայն դու, միայն քո ,,Եսը”… Իսկ թե ի՞նչ կզգամ, ես, դա մի կողմ, դա հաշիվ չէ…
__Դե լավ, կներես… Էլ չեմ զանգի: Հաջողություն…
__ Սպասիր, չդնես… խնդրում եմ, չկախես լսափողը, ներիր... Ախար քեզ համար սիրտս կտոր-կտոր է լինում: Համ քո կյանքը փչացրիր համ իմ: Գիտեիր թե ապահովված, հարուստ ու անհոգ կյանքը կոգնի քեզ մոռանալ այն ինչ չի մոռացվում: Կամ կոգնի սիրել մեկին, որին տեսնել անգամ չէիր ուզում: Երեխություն արիր ու գցեցիր մեզ կրակը…
__Արդեն արել եմ… ուշ է: Ամեն անգամ երեսով մի տա: Խնդրում եմ մի խոսիր , մի հիշեցրու այդ մասին…
__ Այդ ե՞ս եմ հիշեցնում: Այդ դու ես հիշում… Հենց հիշում ես, անմիջապես զանգում ես…
__ Լավ լավ լավ լավ լավ, ճիշտ ես… Խնայիր, չէ որ դու այդքան էլ հիշաչար չես: Բոլորին ամեն ինչի համար ներում ես, ինձ էլ ներիր ու վերջ, լսում ես: Մի անգամ ու … վերջ:
__Ներում եմ, բոլորին ներում եմ… Բայց ոչ երբեք ինձ…Իսկ դու իմ կեսն ես:
Հետո ինչ որ ուրիշին ես քեզ փոխպատվաստել…
Սկսել էի տրորել աչքերս, բայց անօգուտ…
__ Իսկ դու’ ո՞նց ես, ինչպես է առողջականդ, նորից դեղեր ես ընդունու՞մ, թե՞..
__ Ինձ թվում է թե միշտ եմ դեղեր օգտագործել և միշտ էլ պետք է օգտագործեմ: Առանց դրանց հնարավոր չէ…Չեմ կարողանում, սիրտս պատռվում է, հասկանու՞մ ես, դուք կարողանում եք, իսկ ես չեմ կարողանում: Դժվա՞ր է հասկանալ, հա՞: Հնարավոր չէ՞, որ ես ուրիշ լինեմ, որ չնամանվեմ…
__ Մի գոռգոռա, ես քեզ չմեղադրեցի, որ դու էլ նախահարձակ ես լինում:
Իսկ ընտանեական վիճա՞կդ, քո ու կնոջդ հարաբերությունները…
__ Մի բան լավ է, որ ոչ ես ու ոչ էլ նա ստիպված չենք կեղծել: Ամուսնացել ենք նախորոք գիտենալով, որ չենք սիրում իրար: Եվ խոստացել ենք երբեք չստել իրար, չխաբել: Հարգում ենք իրար: Հարգում մեկս մյուսիս նախասիրությունները, վստահում իրար… Երբեմն թվում է, նույնիսկ սիրում եմ նրան…
__Ըհը, քո վիճակը վատ չէ, էնպես որ շատ մի փնովիր ինձ: Ինչ արել եմ, ինձ եմ արել…
__Լսիր, արի հանդիպենք: Մի այնպիսի տեղ կնտրեմ, որ մեզ ոչ մեկ չի տեսնի: Մի վախեցիր… Ախար շատ եմ ուզում…
__Ոչ, ոչ, ոչ, ոչ ու կրկին անգամ ոչ… Իսկականից ոչ, հասկանում ես…
__ լավ-լավ, հասկացա…
__Դա էր միայն պակաս իմ աղավաղված ու առանց այդ էլ չստացված կյանքում:
Սխալը սխալի ետևից… Մեկը քի՞չ էր, երկրորդին էլ դու ես մղում հա՞…
__ Ե՞ս, այդ ես եմ մղո՞ւմ: Հիմար, ես ամեն ինչ կտամ, որ քեզ ուրախ ու երջանիկ տեսնեմ, ես նույնիսկ իմ երջանկությունը քեզ կտամ, լսու՞մ ես, իմը:
Ալո, ալո, լսու՞մ ես…
Տու-տու-տու-տու, շա՜տ երկար…
Ինչո՞ւ է զանգում, ի՞նչ է պետք: Չի ուզում հանդիպել, չի ուզում բաժանվել, չի ուզում նոր կյանք սկսել… Ոչ մի կերպ չի ուզում ընդվզել: Բա էլ ինչո՞ւ է զանգում…
Գլխի եմ ընկնում… Վախ իմ խեղճ ,,փոքրիկ”, իմ սիրելի ,,մարդուկ”, իմ սևաչյա, բայց կապույտ երազ…Ուզում է լսել ու համոզվել, որ իրեն դեռ սիրում եմ:
Ուզում է համոզվել, որ եղել է իր սերը, որ…
Երևի դա նրան ուժ է տալիս շարունակելու իր սխալ սկսած կյանքը և չկատարել երկրորդ սխալը:
Հիմա էլ, զանգեց, լսեց ձայնս, չգիտեմ որերրո՞րդ զգայարանով`, հեռախոսի ալիքներից ընկալեց, որսաց, զգաց սրտիս զարկերը, զգաց որ ամբողջ եսս լցված է իրենով, որ առաջվա նման սիրում եմ իրեն ու…բավարարվեց: Ուժ հավաքեց, զորացավ ու գնաց կառափնարան, գնաց հլու և հնազանդ կրելու իր սխալի պատիժը: Առանց բողոքելու… Այսինքն ումի՞ց բողոքի և ո՞ւմ…
Իսկ աչքերս ավելի ու ավելի են ցավում: Ակնախոռոչներս պայթում են…
Ի՞նչ կա աչքիս մեջ, ի՞նչն է տանջում ու դուրս չի գալիս: Ի՞նչը…
Խտացա՜վ, խտացա՜վ, էլի խտացավ, հետո մաքրվեց, պարզվեց, զուլալվեց, էլի սեղմվեց ու մաքրվեց, ծանրացա՜վ, ծանրացա՜վ ու հանկարծ… ընկավ: Ընկավ տարիների ընթացքում հավաքված, սեղմված, խտացած, արդեն բյուրեղացած արցունքի կաթիլը, որն ինձ համար ադամանդի արժեք ուներ, հասկանու՞մ եք...
Իսկ ակնախոռոչներս ցավում են…
Չնայած քո զանգերից հետո մի երկու շաբաթ տեղս չեմ գտնում, չնայած որ իմ`, ,,այնպես ոչինչ” կյանքը դառնում է ավելին քան քո ,,կառափնարանն” է, չնայած, որ հոգիս բերանս է գալիս ու սկսում եմ տեղի անտեղի վիրավորել իմ անմեղ կնոջը, բայց միևնույնն է, զանգիր, զանգիր երբ պետք եմ, երբ զգում ես, որ այլևս չես կարողանում, որ կարող ես հանկարծ պատռվել, կարող ես մեջտեղից կիսվել… Զանգիր, լսում ես, զանգիր…

KiLa
08.05.2010, 23:40
Իսկ դուք ասում եք. ,,Կանցնի..."

Շատերը ասում են. ,,Կանցնի", իսկ դու՛ չես ուզում հավատալ...
...Ինչ գեղեցիկ ու հիասքանչ է, երբ առաջին անգամ զգում ես՝, որ քո ներսում՝, Քեզանից ու քո գիտակցությունից անկախ, ինչ որ անհասկանալի բաներ են կատարվում: Որ ինչ որ մեկի՛ քո կողքին լինելը՝, կամ ուղղակի նրա ներկայությունն ու գոյության փաստը, մոգական ներգործություն է ունենում քեզ վրա: Հոգիդ փոթորկվում է, ալեկոծվում է սիրտդ, իսկ գլխիդ մեջ շիկացած լավա է: Երեք երևույթներն էլ մարդակործան հատկանիշներ ունեն, բայց դու՛, երջանիկ ես՝ քան երբեք… Հետաքրքիր է, ի՞նչն է դա...
Չգիտեմ: Ես սիրուց գլուխ չեմ հանում...
Իսկ սիրուց ,,գլուխ հանողները" , երանությամբ ժպտալով ասում են. ,,Առաջին սերն է, կանցնի...": Բայց չեն կարողանում քողարկել ոչ հանգած աչքերում րոպեական բռնկվող կրակը, ոչ էլ ժպտացող դեմքի վրայով սահող դառը ափսոսանքը:
Որ ասում են կանցնի, երևի կանցնի...հը՞...
Հետո՝, երբ երկրորդ անգամ է մոլեգնում ներքնաշխարհդ, բայց... Նրանք նորից ասում են. ,,Կանցնի, կմոռանաս...":
Չէ, ես սիրուց գլուխ չեմ հանում, եվ եթե ,,գլուխ հանողները" իրենց գլխի եկածն են ասում, հավատում եմ...
Եվ ճիշտ որ... Ժամանակի ընթացքում լռում է ներսդ, խաղաղվում են ալիքները, հանդարտվում են փոթորիկները...Կամաց-կամաց փակվում, սպիանում են արյունահոսող վերքերը, վերանում են ավերակների հետքերը: Իսկ ցավը՝, խռոված ու վիրավորված, կծկվում, կուչ է գալիս ենթագիտակցությանդ մեջ, որ...
Տեսնում եք, ասում են չէ. ,,Կանցնի":
...Բայց մի օր, երբ տխուր ես, նորից մոլեգնում է խռովահույզ ներքնաշխարհդ, ոռնում ու փոթորկվում է հոգիդ, ալեհուզվում է ծով սիրտդ ու բոլոր կուչ եկած ցավերդ թաքստոցից ելնելով իրենց սպիացած վերքերն են փնտրում...
Ու նորից արյունահոսում են սպիացած վերքերը, ճչում են, բողոքում...
իսկ դուք ասում եք. ,,Կանցնի...":

KiLa
09.05.2010, 23:50
Տիկին Թ-ին Ես չգիտեյի, որ...

Ես չգիտեյի, որ ինձ ես փնտրում...
Երբ անցնում էի կողքովդ, անկախ իմ կամքից, աչքերս խոնարհվում էին ու գլուխս էլ կախ էր ընկնում: Մարմնովս մեկ մի ջերմ էր անցնում ու այտերս էլ վառվում էին... Ես գիտեյի, թե տեսնում ես...
Երբ անսպասելի առաջս էիր ելնում, շփոթվում էի, կարմրում: Մի ակնթարթ միայն մի գողտրիկ հայացք էի գցում վրադ ու նորից խոնարհելով հայացքս անցնում էի... Մտածում էի, թե նկատում ես...
Իսկ երբ խոսում էիր հետս, չնայած շփոթմունքիս, սիրտս ուրախությունից քիչ էր մնում նվաղեր, եվ զգում էի ներսումս տարածվող ու ընդարձակվող երանության զգացողությունը... Ես գիտեյի, թե զգում ես... Ախար ո՞նց կարելի էր չզգալ...
Բայց մի օր ինձ նամակ տվեցիր ու խնդրեցիր ընկերուհուս հանձնել: Չէր կարելի գիտեմ, բայց ... Չէ, ես չար կամ նախանձ չէի, բայց գիտե՞ս ինչ արժեցավ ինձ համար նամակդ հասցեատիրոջը հասցնելը: Գրում էիր, որ նա քեզ դուր է գալիս, և կուզեյիր էլ ավելի մոտիկից ճանաչել նրան... Իսկ ե՞ս... Իսկ ես ուզում էի ամբողջ կոկորդով գոռալ, ճչալ, որ այդ ես պետք է քեզ դուր գամ, որ այդ ինձ է պետք ավելի մոտիկից ճանաչել...Բայց չգոռացի:
Հետո ամուսնացա մի լավ տղայի հետ ու հեռացա: Ամուսնուցս չամաչեցի, գլուխս կախ չնկավ, հայացքս չխոնարհվեց ու սիրտս էլ չնվաղեց...
Իսկ դու այդպես էլ չամուսնացար ընկերուհուս հետ: Դու փնտրում էիր: Եվ մի՞ թե կարելի էր այդքան կույր լինել...
Երբ հանդիպեցինք, արդեն հասուն կին էի, էլ այն միամիտ աղջիկը չէի: Գիտեյի, որ փնտրածդ չես գտել, որ մենակ ես: Բարևեեցինք, խոսեցինք... Եվ ինչպե՞ս համարձակվեցիր ասել, որ ինձ ես fնտրելիս եղել: Ինչպե՞ս քեզ թույլ տվեցիր: Անամոթ մարդ էիր եղել... Ես ամուսին ունեյի, երեխաներ... Բայց... աչքերս նորից խոնարհվեցին, գլուխս կախ ընկավ, սիրտս սկսեց կուրծքս ծեծել, իսկ հոգումս ծավալված երանության զգացողությունը մեկ անգամ էլ ապրեց իր բերկրանքը...Ինչե՞ր եմ խոսում, ամոթ է, մեծ կին եմ ու...
Չէ, ուղղակի կուզեյի ասել.
–– Ես չգիտեյի, որ ինձ ես փնտրում: Որ իմանայի անպայման կսպասեյի...

KiLa
10.05.2010, 19:51
Ու՞ր ենք գնում...

Ու՞ր ենք գնում...
Առաջին հայացքից պարզ թվացող այս հարցը՝, պետք է, որ յուրաքանչյուրս, եթե ոչ ամեն օր, ապա գոնե շաբաթը մեկ անգամ տանք ինքներս մեզ ու...անկեղծ պատասխանենք: Պատասխանենք մեր փոխարեն, մեր մասնակցության չափով, մեր ճանապարհի մասին և մեր արած գործից ելնելով: Ըստ ինձ՝, մեր հասարակության, ժողովրդի, պետականության բոլոր թերությունները, արատները, տգեղ ու անմարդկային երևույթները կախված են հենց այս պարզ հարցի անկեղծ պատասխանից...
Ո՞ւր ենք գնում –– Կամ, գնու՞մ ենք արդյոք... Այո՞... Այոն մեր գլխին կպնի, եթե այո ապա՝.
Ու՞մ հետ ենք գնում–– մենա՞կ... Տղերքո՞վ... Ցեղովի՞... Թե՞, ակումբցիներով... Ազգովի՞, հա՜ա՜ա՜ա՜ա՜...
Ազգովի հա՞ –– ինչի մենք ազգ էլ ունե՞նք... Էդ ո՞ր մեկի հետ եք...
սարգսյանների՞, թե՞ պետրոսյանների, յաների՞, թե՞ ունցերի, մեր ակումբցիների՞, թե՞ էլի մարդ կա: Հա՜, երևի Մե՛ր ազգը՝, քավոր-սանահեր, հարևան-տատմեր և այլն ... Պարզ է...
Ահա թե որտեղ է ցավը, որտեղ է մեզանից յուրաքանչյուրին չ՛շրջանցող, ոչ մեկիս չ՛անտեսող ցավը: Էս ,,ցեղապաշտություն" կոչվող ցավը: Կա մի չափահաս մարդ, ով կարող է ասել, որ ինչ որ տեղ չի տուժել այս կամ այն ,,ցեղին" չպատկանելու պատճառով: Միմիայն այդ պատճառով: Որ հաշվի չառնելով նրա մարդ, հայ, հայաստանի քաղաքացի լինելու փաստը, նրա այլ որակական, մասնագիտական հատկանիշները ոտնահարվել է նրա իրավունքները: Եվ ավելի լավ էր, ինքը այս ամենի փոխարեն լիներ Սարգսյան, լիներ ,,սանիկ", կարճ ասած լիներ պետք ,,ցեղի" անդամ:
Ու՞ր մնաց մեր ազգությունը, ու՞ր մնաց այեցի պետական մտածելակերպը, ու՞ր մնաց ընդհանրապես Հայը... Եվ սա նշանակում է, որ մենք գնում ենք և գնում ենք ազգովի՞: Մենք գնում ենք ով ուր կարողանում է գնալ: Ազգովիի մասին այստեղ խոսք լինել չի կարող:
Շատ գլոբալ, մեծ ու անլուծելի թվացող բացսական խնդիրներ, որոնք բուն են դրել մեր հասարակության մեջ, այս ,,ցեղախմբակային" մտածողության արդյունքն են: Եվ սրանց լուծումն էլ գտնվում է ազգային մտածելակերպիմեջ:
Հասարակ օրինակ. մտնում ես պետական հիմնարկ պահանջելու այն ինչ քեզ, որպես հայաստանի քաղաքացի, հասնում է: Դիմավորում են այնպես, կարծես նրանց նախորոք տեղեկացրել են, որ գալիս ցեղասպանության մեղավորներից մեկը: Դեմքների արտահայտությունից էլ չխոսեմ, գումարած՝, ստեղծում են ամեն տեսակ անհիմն խոչնդոտներ ու դուրս հրավիրում: Գնալ գալով հոգնում ես ու սկսում դիմել այլ միջոցների, մինչև գտնում ես մեկին, որ զանգահաի... Հրաշք... Քիչ առաջվա մռայլ, անհյուրանկալ, զզվանք արտահայտող դեմքերը դառնում են քեզ համար ամենալավ հարազատները.
–– Վա՜յ, դուք ,,էսինչի էնինչն եք, բա ինչու՞ շուտ չէիք ասում...":
Խնդրեմ: Իմ օրինական հարցը լուծելու համար ես պետք է ,,էսինչի էնինչը" լինեմ, հակառակ դեպքում ո՞վ ես դու...
Եվ ուզում ես գոռալ, ուզում ես պատռվել մեջտեղից, որ եղբայր, քո մոտ եկողները բոլորն էլ մեր ,,էնինչի էնինչներն" են, բոլորն էլ հայեր են , մեր եղբայրներն են... Եվ եթե հաղթահարվի այս մտածողությունը, հավատացեք շատ հարցեր իր տեղը կնկնի:
հավասարակշռությունս կորավ, ջղայինանում եմ, էլ չեմ կարողանում գրել... Ց՛...

KiLa
12.05.2010, 20:19
Հոգնել եմ...

Բարև... Տխուր եմ: Էլի մի սրտաշարժ պատմություն եմ հիշել… Ուզում էի գրի առնել, բայց չի ստացվում: Չէ, չի ստացվում ոչ թե նրա համար, որ տխուր եմ, այլ, որ չեմ ուզում: Իսկ չեմ ուզում, որովհետև շատ տխուր եմ... Էլի խառնեցի: Չգիտեմ: Ինքս ինձանից գլուխ չեմ հանում: Երկար մտածում եմ, հետո ուզում եմ հիշել թե ինչի՞ մասին էի մտածում՛ չեմ կարողանում հիշել...
Գիտե՛ս, վերջերս մահվան մասին եմ շատ մտածում: Ու այսօր ինձ թվաց, որ եթե ինձ այցելի մահվան հրեշտակն ու ասի, որ ինձ շատ քիչ է մնացել, մեկ կամ երկու օր, դա կլինի վերջին տարիներին իմ լսած ամենաուրախ լուրը: Բա, էդպես իմ սիրելի բարեկամ: Իսկ դու ասում ես... Ի՞նչ, զարմանում ես: Մի զարմացիր: Ես միակը չեմ, որ հոգնել է ապրելուց: Դրա համար էլ երևի տխուր պատմություններ եմ հիշում: Այնպիսի մարդկանց մասին, որոնք ինձ պես հոգնել էին ապրելուց: Նրանք հիմա չկան, էլ չեն հոգնում...
Դժվար է ապրել, երբ բոլորը՝, այդ թվում և քո հարազատ մարդիք կարծում են, որ անհաջողակ հիմարի մեկն ես: Իսկ ավելի դժվար է, երբ ինքդ էլ ես այդպես մտածում: Անպետքության զգացողությունը դա մահվան հոտն է, նրա շատ մոտ գտնվելը...
Քեզ թվում է երկնային արքայության մասին եմ մտածո՞ւմ: Ոչ: Հավատա, որ դա էլ ինձ համար նշանակություն չունի: Չգիտեմ կա՞
այն, թե՞ ոչ, բայց ես նույնիսկ դժոխքին եմ համաձայն, միայն չքվի այս անպետքության զգացողությունը: Հոգնել եմ: Իսկ դու մի տխրիր: Մեծ բան չէ ինձ նման մի անպետք ընկեր կորցնելը... Ց՛. ...

KiLa
13.05.2010, 20:42
Կարևորը երջանկությունն է...

Բարև սիրելիս...
Այսօր էլ աշխատանքի էի ( եթե կարելի է դա աշխատանք համարել): Աշխատում եմ, բայց ճիշտն ասած չգիտեմ թե ինչու՞ :
Մարդիք աշխատում են, որ հոգան իրենց կենսական պահանջները, որ գոյատևեն, խնամեն իրենց խնամքի տակ գտնվող մարդկանց...
Իսկ ինչի՞ համար եմ աշխատում ես: Ախար ես չեմ ուզու ապրել, առավելևս՝ գոյատևել: Կորցրել եմ հույսս թե երբևէ կգտնեմ իմ տեղը այս կյանքում ու... Ինձ թվում է, որ ես անհամեմատ հեշտ կապրեյի, եթե լինեյի հիմար, կամ մտավոր հետամնաց, գուցե դեբիլ...Չգիտեմ:
Չես հասկանում թե ինչի՞ մասին եմ խոսում: Ոչինչ: Շատերը շատ բան չեն հասկանում, բայց դա չի խանգարում նրանց երջանիկ լինել: Իսկ կարևորը երջանիկ լինելն է: Էլի չհասկացա՞ր... Լսիր, ,,երանեկ հոգով աղքատներին...", հասկացա՞ր... Լա՜վ է:
Հա, ուզեցի երեկվա էն սրտաշարժ պատմությունը գրի առնել, բայց էլի չկարողացա: Շատ եմ բարկանում, հուզվում, որն էլ խանգարում է...
Իսկ երթուղայինում այսօր մի տղա հանդիպեց (երեքով էին, մի աղջիկ ու երկու տղա), որը չգիտեր թե ի՞նչ է նշանակում տառապանք...
Շատ ուրախացա: Ուր էր թե մեր ամբողջ ժողովուրդը չհասկանար թե ի՞նչ է նշանակում տառապանք... Ց՛տեսություն...

KiLa
14.05.2010, 02:26
Անհատի ողբերգությունը
Բարի երեկո սիրելիս... Երևի կներես, որ քեզ սիրելիս եմ կոչում, չէ՞: Լա՜վ է: Կարծես տրամադրությունս մի քիչ լավ է, կամ ինձ է այդպես թվում: Հա, չմոռանամ ասել, որ սկսեցի գրել էն տխուր պատմության մասին: Դե էն, որի մասին ասում էի: Չգիտեմ կարողացա՞ ըստ արժանավույնս ներկայացնել այն, թե՞ ոչ: Հասել եմ վերջաբանին ու ոչ մի կերպ չեմ կարողանում ավարտել: Էլի հուզվում եմ...
Աստված իմ, ինչու՞ ոչ ոքի չի հետաքրքրում անհատի ողբերգությունը, ինչու՞... Բոլորը միայն լավի ու վատի մասին են խոսում, ճշտի ու սխալի գնահատականներն են տալիս. այ սա վատ է, այսպես վարվելը սխալ է, կամ դա վատ արարք է, լավ արարքը սա է... Նայում եմ երբեմն, լսում ու զարմանում. ,,էս մարդիք ինչքա՞ն են խելոք"... Ու չկա մեկը, որ ասի. ,,լռեք, ձեզ պահեք ձեր ենթադրություններն ու կարծիքները, իսկ խորհուրդ տալիս ավելի լավ է, ինքներդ ձեզ նայեք, այո-այո, նայեք ձեզ հայելու մեջ ու ականջ դրեք հայելուն: Ոշադիր լինելու դեպքում հնարավոր է լսեք նրա կարծիքը ձեր մասին"…
Իսկ մարդը մեռնում է, մարդը խելագարվում է, մարդը կիսվում է մեջտեղից: Եվ ես չգիտեմ խելագարվե՞լ եմ, թե՞ իրոք տեսել եմ երկու կես եղած մարդու: Իսկ դու չե՞ս տեսել... Ո՞չ... Մի բան հաստատ է: մեր երկուսից մեկը խելագար է, և ես ամեն ինչ կտամ, որ ես լինեմ այդ խելագարը, լսում ես... ամեն ինչ կտամ...
Մարդուն որպես մարդ նայեք, մարդիք: Նա է հաստատը: Իսկ ձեր այդ ,,լավ ու վատերը" այնպիսի արագությամբ են փոփոխվում, որ չես հասցնում սերտել: Այսօրվա լավը վաղն արդեն վատ է դառնում ու հակառակը… Այսօրվա սխալը վաղվա ճիշտն է...
Մարդիք սիրում են ստեղծել իրենց համար ինչ որ ,,մոռալային" նորմերի համակարգ ու ընդառաջվել դրանով: Այսինքն ճիշտ թե սխալ, չգիտեմ, բայց ենթադրվում է, որ այն արտահայտում է տվյալ ժամանակի ավելի առաջադեմ հասարակության կարծիքը: Թող որ...համաձայն եմ: Բա փոքրամասնությու՞նը: Խեղճ փոքրամասնություն: Քեզ պատեպատ տուր, գոռա, որ առաջնայինը մարդն է իր բնությամբ, իր նեքնաշխարհով: Որ առաջին հերթին չպետք է լինեն երկու կես եղած մարդիք: Որ այս դեպքում կպակասի նաև խելագարների թիվը...
Դու երևի ձանձրացար իմ խելապակաս զրույցներից: Կներես: Ուղակի հոգնած եմ ու բարկացած: Ասածներս էլ լուրջ մի ընդունիր, չէ որ ես խելագար եմ...և տեսնում եմ ինչ ուզում եմ... Ց՛ տեսություն...

KiLa
15.05.2010, 00:27
Հավատարմությունը...

Բարև սիրելիդ իմ...Հա ուզում եմ ասել, որ վերջացրեցի այն տխուր պատմությունը: Ինչի՞ մասին էր: Մարդու, մի շատ սովորական մարդու մասին, ով բոլորի նման ծնվել էր և իրավունք ուներ բոլորի նման էլ ապրել: Դու ճիշտ հասկացար, վատ մարդիք նրան խանգարում էին ապրել… Բայց թողնենք դա: Ես առանց սրա էլ մի լավ ստացա: Ամբողջ օրս կռիվ եմ արել նրան խանգարողների հետ: Ի՞նչ ստացվեց... Ոչինչ: Ասում էին քո ի՞նչ գործն է, ի՞նչ ես շարունակ քիթդ ուրիշների գործերի մեջ մտցնում: Քեզ ո՞ւմ տեղն ես դրել...
Թյու՜... Ոնց չեմ ուզում հիշել նրանց մասին: Կրկին անգամ թքած և վերջ...
Հա, գիտես, մի բան էլ չմոռանամ ասել. ինձ թվում է, որ իմ ընկերներից միայն դու ես մնացել… Նա ում մասին քեզ ասում էի, կարծես թե էլ իմ ընկերը չի: Հոգնել է ինձանից: Չէ, ինքը չասաց, ես գլխի ընկա: Չէ որ ես շատ զգայուն եմ...
Հիմա բացարձակ մենակ եմ: Չէ, բացատրվելու կարիք չկար: Նա ուղակի չի ուզում էլ շարունակել մեր ընկերությունը: Իսկ չի ասում այդ մասին, որովհետև մարդկանց մոտ ամեն ինչ այդքան հեշտ չէ, որքան թվում է: Նա ինքը չասաց, բայց քանի որ շատ զգայուն եմ, ապա ինքս կտամ նրան այդ հնարավորությունը : Կարծում եմ հասկացար թե ինչ եմ ուզում ասել: Այո՞: Լա՜վ է...
Կյանքում ամենավեհ երևույթը, իմ կարծիքով հավատարմությունն է: Մնացած բոլորը գլուխ են խենարհում սրա առաջ: Ինձ թվում է նույնիսկ մահն է սրանից երկնչում: Պատկերացնում ես սեր առանց հավատարմության, ընկերություն առանց հավատարմության և այլն:
Երդումն ու կոչումն էլ առանց սրա ոչինչ են: Ես միշտ խորին հարգանքով ու հիացմունքով եմ նայել հավատարմության վառ օրինակներին, (եթե դրանք նույնիսկ ծառայել են չարին, խաբեբային և...), փարավոնի հետ իրենց մահկանացուն կնքող ծառաներին, իրենց ,,ֆյուրերին" չլքած, նրա հետ ինքնասպանություն գործած ծառաներին, զինվորներին, սպաներին... , նավերը չլքած նավապետներին...
Այստեղ թվարկածներս բոլորն էլ հավատարիմ են մնացել իրենց երդմանը, իրենց կոչումին, իրենց անվանը…և նույնիսկ մահը չի ստիպել նրանց հրաժարվել հավատարմությունից: Երևի մեռնել նրա հետ անհամեմատ հեշտ է…
Իսկ իմ ընկերը հոգնեց այդ ծանր բեռից: Աստված նրա հետ: Դե լավ զահլա տարա: Մեկ էլ ու քեզ զզվեցնեմ ու դու էլ հոգնես ինձնից: Ի՞նչ եմ անելու... Բարի գիշեր:

KiLa
15.05.2010, 21:45
Զզվել եմ ,,ամենա"-ներից...

Չէ, էսպես չի լինի, սիրելիներս... Իսկապես չի լինի: Ինչքա՞ն կարելի է փակել աչքերը սեփական արարքների դեմ ու քննադատել մյուսներին: Ինչքա՞ն կարելի է այդքան կույր լինել, լինել այդքան մեծամիտ, եսասեր, ,,կարճատես", նաիվ ու դրա հետ նաև ինքնագոհ ու ինքնավստահ:
Բավական է. կարդում եմ, լսում եմ, տեսնում եմ միևնույն բանը: Բոլորը ճիշտ են, բոլորը ամենալավն են, բոլորը ամենահայն են, ամենաազգասերն ու ամենհայրենասերն են: Իրենք ուրիշների նման չեն, իրենք ունեն բավարար ինտելեկտ: Իրենք մի քիչ մեծ անկյան տակ են ,,պպզում", դրա համար էլ ինչքան ուզեն կծաղրեն ավելի սուր անկյան տակ ,,պպզողներին", իրեց խոսացածը ժառգոնը այդքան կոպիտ ու գռեհիկ չէ, դրա համար էլ ծաղրում են ավելի կոպիտ ժառգոն ունեցողին: Իրենք չեն հեռացել հայրենիքից, որովհետև հեռանալու տեղ ու ձև չունեն, դրա համար էլ ինչքան ուզեն կփնովեն հայրենիքը լքողներին, իրենք շատ բարի են, բայց հնարավորություն չունեն դա ապացուցելու, դրա համար էլ մնացածը բոլորը չար են… Բավական է սիրելիներս, բավական է: Մի թերթ ես ուզում կարդալ՝, դրա մասին է: Հեռուստացույց ես ուզում դիտել՝, ամբողջ եթերը լցրած է նույն աղբով: Բավական է…

KiLa
25.05.2010, 14:22
Բարև... Կներես, որ վերջին օրերին չէի այցելում քեզ: Եթե սուտ չխոսեմ, կասեմ, որ նեղացել էի քեզանից... Իսկ եթե ստեմ, պիտի ասեմ, որ ժամանակ չունեյի…
Սխալը ինչպես միշտ ես եմ: Մեղավորը դու չես, բայց անճարությունից քեզ հետ եմ վիճում ու քեզանից վիրավորվում…
Իսկ հիմա մտածում եմ. Օրը ցերեկով, փողոցում միզող մա՞րդն է մեղավորը, թե՞, հասարակական տուալետների բացակայության փաստը:
Եթե մարդ, երկու հնարավոր տարբերակից՝, որոնք են, տակը անել, կամ, ծառի տակ՝, ընտրել է երկրորդը, ուրեմն մեղավո՞ր է: Ընտրել է ավելի քիչ ծիծաղելի լինելու, ինձ թվում է՝, ավելի քիչ ամոթալի տարբերակը: Եվ եթե նա ստիպված ընտրել է այդ տարբերակը, Ճի՞շտ է արդյոք մտածել, թե նա թքած ունի տեսնողների վրա: Ինձ թվում է, որ ոչ: Նա բոլորովին էլ թքած չունի մյուսների վրա, նա դա արել է շատ անհարմար զգալով, բայց... Կրկնվում եմ, չի եղել երրորդ տարբերակը:
Շատ հաճախ է, որ մեր մերձավորներին դատելիս կամ փնովելիս, մենք անտեսում ենք այս՝, երրորդ տարբերակ չլինելու փաստը: Չենք պատկերացնում մեզ նրանց փոխարեն, և չենք մտածում թե ինչպե՞ս կվարվեյինք ինքներս:
Հիմա կասես, որ էլի ինձ չվերաբերվող հարցերի մասին եմ մտածում, և դու նորից ինչպես միշտ ճիշտ ես... Իմ ի՞նչ պետքն է, թե ո՞վ որտեղ կմիզի, որ ծառի տակ, և որ պակաս կարևոր չէ՝, դա կանի հաճույքով, թե՞, անհարմար զգալով: Բավական է, որ դու չմիզես ծառի տակ, որ դու չհայտնվես այդ իրավիճակում և...կարողանաս մեղադրել ու ասել, որ դա տգեղ երևույթ է... չի կարելի... առավել ևս անել դա թքած ունենալով մյուսների վրա...
Ես ներեղություն, ես էլի խառնվում եմ ինձ չվերաբերող հարցերի... Ց՝ տեսություն...

KiLa
29.05.2010, 02:50
Բարի ճանապարհ...

Բարի իրիկուն...Խոսելս չի գալիս, բայց քնել էլ չեմ կարողանում: Նստել ու ,,յուրովի խելագարվում եմ"... Ու՞ր էր թե ստացվեր: Բոլոր հարցերի պատասխանները մի անգամից կգտնեյի: Ու երևի էլ չէի տանջվի...
Մի ընկերոջ էլ ճանապարհեցինք, մեկն էլ պակասեց իմ աշխարհից: Վերցրեց ու հեռացավ: Իսկ ես մնացի, որ պատմեմ նրա մասին...
Չար են մարդիք, շատ չար: Չնայած բոլորը գիտեյին մահվան պատճառը, բայց միևնույնն է, էլի ամեն քայլափոխին լսվում էին փսփսոցները.
__Բա ի՞նչից ... բա ո՞նց...
__Դե էդ անտերից էլի...
__,,Պերեդոզ" էր...
Այսինքն թմրադեղի բարձր դոզայի հետևանք... Բայց սա նրանց կարծիքն է: Իմ կարծիքով դա ինքնասպանության պես մի բան էր: Այդպես եմ մտածում, որովհետև շատ եմ հանդիպել մարդկանց, որոնք ամեն ինչ կտային, որ դա մի օր պատահեր իրենց հետ, պատահական, ոչ կանխամտածված, բայց պատահեր… Երևի վախենում են վերին դատաստանի առաջ կանգնելուց...
Մահը լվանում է բոլորի աշխարհիկ մեղքերը իր նմանների առաջ: Լա՞վն էր հանգուցյալը, թե՞ ոչ, միևնույնն է, բոլորը հարգանքով են վերաբերվում նրան: Այլ է թմրամոլի դեպքում: Կարծես մահն էլ չի լվանում, չի մաքրում նրան գոնե մարդկանց առաջ: Եվ այնպես էի ուզում թաղման այդ թափորի առաջ կանգնել ու գոռալ. ,,Նա կաշառակեր չէր, բանսարկու չէր, նա կեղծավոր ու խաբեբա չէր, կնամոլ ու վավաշոտ չէր, նա չար ու նախանձ չէր, պոռնիկ չէր, բոզի տղա չէր, ուրիշի վաստակ յուրացնող չէր, սրբապիղծ ու դավաճան չէր, հավատադրուժ ու աստվածամերժ չէր...սուրբ էլ չէր, նա թմրամոլ էր...":
Ես հպարտ եմ, որ նա իմ ընկերն է ...շա՜տ հպարտ:
Բարի ճանապարհ քեզ ընկեր, ես անպայման կաղոթեմ քեզ համար...

KiLa
31.05.2010, 13:39
Իմ աստղազարդ թախիծը...


...Որտեղից է գալիս և ինչու աստղազարդ...?
...Հեռվից է գալիս, շա՜տ հեռվից: Հիմա նույնիսկ դժվարանում եմ ասել, թե ինչքան հեռվից. Երևի այն ժամանկներից, երբ դեռ դպրոց էլ չէի գնում, բայց մեծ քրոջս բարձրաձայն կարդալուց հուզվում ու թախծում էի ,,Ծատուլենց" աղքատ ընտանիքի համար, որոնք փող չունեյին, որ ուսում երազող Ծատուրին դպրոց ուղարկեյին: Կամ,գուցե այն ժամանակներից, երբ թաքուն արտասվում էի մտածելով այն փոքրիկ աղջկա մահվան մասին, որից չար մարդիք գողացան արևը: Քույրս չէր հասցնում կարգին ընթերցել սովորել, իսկ ես արդեն անգիր էի անում այդ փոքրիկ, բայց սրտաշարժ պատմությունները: Ու հաճախ էին ծնողներս հպարտանում իմ ընդունակություններով և հարազատների մոտ խնդրում, որ ես անգիր արտասանեմ Արազու ,,Արևը", ,,Ծատուրենց ընտանիքը" ու էլի նման բաներ, չնկատելով իհարկե, որ բոլոր իմ անգիր արածները շատ տխուր ու հուզումնալից պատմություններ էին, որը այդքան էլ հատուկ չէ այդ տարիքի երեխայի համար:
Ես հուզվում էի, արտասվում, բողոքում... և որ ամենակարևորն է, արդեն մտածում, որ կյանքում չարը կա, նա ուժեղ է...գուցե և ավելի...
Այո, հենց այդ տարիներից էլ սկսեց գունավորվել ու զարդարվել իմ մանկական թախիծը: Իմ նոր ձևավորվող հոգում արցունքի առաջին կաթիլներից իր ակունքը առավ փոքրիկ մի առվակ, որը պետք է գնալով ավելի ու ավելի մեծանար: Ինչպես նաև արմատներ ձգեց ու առաջին ծիլերը տվեց կարեկցանքի փոքրիկ տնկին, որին հետո պետք է պատվաստվեյին տանջանքի ու տառապանքի պտղաբեր բողբոջները: Ծնվեց նաև բողոքի ու հուսահատության խեղդված ձայնը, որը հաճախ պետք է ճչար ու անզորությունից արցունքասույզ լիներ…
Հետո ես պետք է արդեն դպրոց գնայի ու կարդալ սովորելով ինքս կարդայի ,,Մուրազ եզն ու Ալենը", ,,Գիքորը", ,,Մարոն" ու էլի շա՜տ բաներ, որոնք պետք է ավելի ջրառատ դարձնեյին ,,այն գետը", ավելի սաղարթախիտ՝ ,,այն ծառը", ու պետք է գոռային, պետք է բողոքեյին, խեղդվեյին ու ինչու՞ չէ, նաև հուսահատվեյին: Բայց նաև պետք է զարդարեյին իմ թախիծը, արժեքավորեյին այն, դարձնեյին իմ ունեցած միակ ու անփոխարինելի հարստությունը, իմ ապրած կյանքը իր բոլոր վայրիվերումներով...
Իմ աստղազարդ թախիծը... Ահա թե որտեղից է գալիս, ահա թե որտեղ է նրա սկիզբը... Հիմա կամաց-կամաց կշարժվեմ առաջ ու երևի ընթացքում կգտնեմ թե այդ երբվանի՞ց դարձավ այն ինձ համար աստղազարդ ու գեղեցիկ...

KiLa
03.06.2010, 18:04
Իմ աստղազարդ թախիծը

Ընտանիքում վերջին՝, չորրորդ երեխան էի: Ծնողներս չէին թաքցնում, որ ավելի շատ աղջիկ էին ուզում, որպեսզի քույրս մենակ չլինի (եեկու մեծ եղբայրներ, ապա քույրս ու ես), իսկ ես վերցրեցի ու քրոջս մասին չմտածելով տղա ծնվեցի...
Որպես արտակարգ ընդունակությունների տեր երեխա, ինձ որոշեցին դպրոց տանել մեկ տարի շուտ ( հինգ տարեկանում կարողանում էի հաշվել մինչև հարյուրը, կատարում էի գումարման ու հանման գործողություններ, գիտեյի հայերեն տառերի մեծ մասը,
գիտեյի շատ ոտանավորներ ու փոքրիկ արձակ պատմվածքներ...), այսինքն մեր ժամանակ դա վեց տարեկանն էր:
Երբ այսօր նայում եմ հինգ կամ վեց տարեկան երեխաներին, ինձ թվում է, որ նրանք շատ փոքր են ու ոչինչ չեն հասկանա, բայց կարծիքս լրիվ փոխում եմ, երբ հիշում եմ ինձ այդ տարիքում... Ախար ես այդ տարիքում...
Վեց տարեկանում երեխային դպրոց ընդունելու համար, երեխայի հետ պետք է զրուցեր համապատասխան ,,հանձնաժողովը", որը սովորաբար կազմված էր լինում դպրոցի դիրեկտորից, մի հեղինակավոր դասվարից ու ուսումնական գծով տեղակալից: Այս ամենը իհարկե ձևական բնույթ էր կրում: Բայց ես էլ ստիպված եղա անցնել սրա տակով: Զրուցի ժամանակ ես մենակ էի,( հորաքրոջս՝, որ տարել էր ինձ, արգելեցին ներս մտնել): Նստել էի մի քանի ուսուցիչների հետ ու կաս կարմիր կտրել: Մտածում էի, թե ի՞նչ հարցեր են տալու ինձ: Ու կարծում էի, որ նրանք էլ հիմա կհարցնեն ինձ ,,Արևը" կամ ,,Ծատուրենց ընտանիքը", կպահանջեն, որ հաշվեմ մինչև հարյուր կամ ավելին, տասն գումարած հինգ,տառեր, բառեր ու էլի նման շատ բաներ: Բայց ի զարմանս ինձ, նրանցից ոչ մեկ ոչ մի հարց այդպես էլ չտվեց ինձ: Ու ես շատ զարմացա, երբ երեկոյան տանեցիների խոսելուց հասկացա, որ ես ,,կտրվել" եմ... Հորաքրոջս ասել էին. ,,ճիշտ է խելացի երեխա է, բայց ոչ այդքան: Եթե ցանկանում եք կարող եք նախապատրաստական դասարան տալ...": Թյու՜... Այն ժամանակ էլ հասկացա, որ ոչ թե հորաքույրս, այլ ինձ հետ պետք է գար հայրս, ու գուցե և առանձին զրույց ինքն ունենար դիրեկտորի հետ...Բայց քանի որ դա այդպես չեղավ, ես դարձա նախապատրաստական դասարանի աշակերտ: Եվ դա իմ սրտովն էր, շատ ուրախ էի որովհետև անասելի չէի սիրում մանկապարտեզը ( չնայած մանկապարտեզից անընդհատ փախնելու պատճառով ինձ արդեն մանկապարտեզ էլ չէին տանելու):
Ճիշտն ասած նախապատրաստական դասարանում ես անելու շատ քիչ բան ունեյի: Ես գիտեյի այն, ինչ նրանք սովորում էին: Որ դրանից էր երևի, որ դասերը ինձ համար անհետաքրքիր ու երբեմն նույնիսկ ձանձրալի էին: Ես սկսեցի բացակայել դասերից: Դպրոցի փոխարեն հորաքրոջս տուն էի գնում ( նրա տունը հենց դպրոցի մոտ էր) ու պատճառաբանում, որ փորս ցավում է: Եվ ես շատ ուրախացա, երբ մեր նախապատրաստական դասարանը մինչև դեկտեմբեր ամիս փակեցին( պատճառը երևի երեխաների փոքր քանակն էր): Իսկ ես մնացի իմ շատ սիրելի կարգավիճակում, ազատ ու դուրս ամեն տեսակի պարտականություններից:
Սիրում էի նկարել, նկարներով գրքեր նայել: Քրոջս օգնությամբ սովորեցի այբուբենի մնացած տառերն էլ, որոնք դեռ չգիտեյի, ու սկսեցի փոքրիկ գրքույկներ ու ոտանավորներ ընթերցել: Կարդալը գնալով դառնում էր իմ ամենասիրելի զբաղմունքը: Գուցե չափազանցված թվա, բայց ես դպրոց գնալուց արդեն կարողանում էի վարժ ընթերցել: Եվ ոչ միայն առաջին դասարանի պարզ տեքստերը, այլ շատ ավելի բարդերը, քան դրանք էին...

KiLa
06.06.2010, 23:58
Իմ աստղազարդ թախիծը

Սեպտեմբերի 1...
Դպրոց, առաջին դասարան, երեխաներ, ուսուցիչներ, ծաղիկներ...
Մեզանից շատերի հիշողության մեջ է այս գեղեցիկ օրը թողնում իր անջնջելի հետքը: Չկա մեկը, որ չհիշի այն իր բոլոր մանրամասնություններով...
Իմ՝, արդեն ,,թերի" նախադպրոցական դասարան գնալը, ինչ որ չափով կիսել էր այդ օրվա բացառիկությունը: Իր առանձին նշանակությամբ այն աչքի չէր ընկնում նաև ծնողներիս մոտ, քանի որ ես չորրորդ երեխան էի... Մի խոսքով ոչ մի արտառոց բան:
Մայրս չէր կարող բացակայել աշխատանքից, կամ՝ օրը չարժեր դրան: Ես առաջին դասարան գնացի քրոջս հետ: Քույրս արդեն ,,մեծ աղջիկ էր", չորրոդ դասարանի աշակերտուհի: Բայց նրա օգնությունն էլ ինձ պետք չեկավ: Ես հեշտությամբ կողմնորոշվեցի ինձ արդեն ծանոթ դպրոցում: Բայց թե ինչու՞ այս փաստը դուր չեկավ մի դասվարին, չգիտեմ...
Դասվարս նիհար ու ցածրահասակ կին էր: Մանր աչքեր, փոքրիկ քիթ, փոքրիկ բերան: Ձեռքերն ու ոտքերն էլ էին փոքրիկ: Ի՞նչ արած: Ոչինչ: Սրա հետ կարելի էր համակերպվել: Բայց ինչպես պարզվեց ավելի ուշ՝, հոգին էլ էր փոքրի՜կ փոքրիկ, որի հետ ոչինչ անել հնարավոր չէր...
Իմ սովորելու այդ տարիները համընկնում էին այն տարիներին, երբ ուսուցիչներին ծաղիկներից բացի ,,դեդերոնե" գուլպաներ էին նվիրում (,,կալգոտկիներ" դեռ չկային): Իսկ իմ դասվարը այնքան շատ էր սիրում այդ գուլպաները, որ եթե անհարմար չզգար, կասեր բոլորին, որ ծաղիկների փոխարեն իրեն գուլպաներ նվիրեն:
Միշտ էլ լինում են, այսպես ասած, ,,հերթապահ ծնողներ", որոնք շաբաթվա սկզբին դպրոցում են, շաբաթվա վերջին դպրոցում են: Իրենք մյուս ծնողների նման ,,անուշադիր չեն" ոչ իրենց երեխայի, ոչ էլ նրա ուսուցչուհու նկատմամբ: Չհասկանալով, որ այդ չափից դուրս ,,ուշադրությամբ" վնասում են իրենց երեխային:
Չզարմանաք եթե ասեմ, որ առաջին երկրորդ դասարաններում, առանձին առաջադիմությամբ աչքի չեմ ընկել: Որովհետև դա իր ուղղակի կապն ուներ իմ մոր դպրոց գալու հետ: Իսկ նա ոչ սեպտեմբերի մեկին ժամանակ ունեցավ ինձ դպրոց տանելու (որի համար ես շատ շնորհակալ եմ նրան), ոչ էլ դրանից հետո: Առաջին անգամ նա դպրոց եկավ (նկատի ունեմ ինձ համար) իմ վերջին զանգին:
Քառորդներս փակվում էին երեքներով: Ես միջակ երեխա էի: Պատրաստ եմ գրազ գալ յուրաքանչյուրի հետ, որ իմ դասվարը այդպես էլ չիմացավ ես տառերը գիտե՞մ, թե՞ ոչ: Ու ցավոք սրտի միայն ես չէի այդ կարգավիճակում: Նստում էինք վերջին նստարաններին ու կարծես այդ դասարանից չլինեյինք: Սկզբից դուր չէր գալիս, փորձեցի ընդվզել, փորձեցի ,,խառնվել" դասի պրեցեսին, բայց ավաղ չստացվեց: Մեկ է, ինձ վրա ուշադրություն դարձնող չկար: Դեռ ավելին, բարկացան, որ խանգարում եմ դասը:
Սովորեցի իմ վիճակին ու ճիշտն ասած այն սկսեց ինձ ավելի դուր գալ: Նստում էի վերջին նստարանին և ուրիշ գրքեր ընթերցում: Կամ ընկնում էի իմ երազանքների գիրկը ու հեռանում շուրջս տիրող այդ գորշ իրականությունից: Ես շնորհակալ եմ իմ դասվարին: Ես նրանից ոչինչ լավ չունեյի սովորելու և չսովորեցի: Ես այդ դասարանից չէի, ես այդ աշխարհից չէի... Ես հորինում էի իմ աշխարհը, կառուցում էի իմ դպրոցը, սովորում էի իմ դասարանում, որտեղ տեղ չունեյին ոչ ,,հերթապահ" ծնողները, ոչ ,,դեդերոնե" գուլպաները, ոչ էլ այդ գուլպաներին սպասող դասվարները:
Այնպես պատահեց, որ վերջին զանգին, չգիտես որտեղի՞ց ( ավելի ուշ իմ դասվարը մեր դպրոցում չէր աշխատում), իմ համադասարանցիները գտան ու հրավիրեցին մեր դասվարին: Եվ գիտեք որն էր ցավալին... Նրա ,,կադրերից" և ոչ մեկ չէր կարողացել պահպանել իր լավ ու ընդունակ աշակերտ լինելու ,,տիտղոսը": Մեղքս ինչ թաքցնեմ, նա երկար չմնաց, շուտ հեռացավ, որովհետև... Որովհետև մի քիչ խմել էի, բայց դա ոչինչ: Որովհետև մի քիչ բորբոքված էի, բայց դա էլ էական չէր: Որովհետև նրան չէի սիրում... բայց կդիմանայի: Որովհետև ես սիրում էի իմ ընկերներին, որոնց նա ուղակի դարձրեց իր չափից ավելի ,,ուշադրության" զոհը: Չհասկացող ծնողների հետ միասին, սովորեցրեց նրանց չսովորել, սովորեցրեց ,,գուլպաներով" հինգեր ստանալ...իսկ դա իրոք կործանարար եղավ նրանցից շատերի համար... Չասեյի՞...

KiLa
09.06.2010, 21:45
,,Մի քայլ առաջ, երկու քայլ ետ..."

Ի՞նչ է նշանակում... Ե՞տ ենք գնում...
Դե իհարկե ոչ, միայն առաջ: Առաջ գնալով ենք ետ գնում: Աբսու՞րդ է: Իհարկե աբսուրդ է: Մեր շուրջ բոլորն աբսուրդ է: ,,Կակալը քարի գլուխն է լալիս"... Ամեն ինչ գլխի վրա շուռ է եկել:
Սատանային տեսա: Մենակ էր, տխուր... Խռովել էր մարդկանցից: Ասում էր. ,,էլ ձեզ հետ չեմ խաղում, դաղալ եք...": Մեղքս եկավ:
Մսաղացը կանգնել է, սա մեկ քայլ առաջն է...
Գործի է դրվել հոգեաղացը, սա երկու քայլ ետն է...
Նախորդները միս էին ծամում, հոգին թողնելով տիրոջը: Այսօրվա գազանները հոգու համը լավ գիտեն...
Երգող աչքերով ու կովկասյան քթով մեկը՝, մի հին երգ է ,,դնդնում"... վերջում էլ խմում է իր հոգեհացի համար ու հեռանում ...
Գնում է սատանայի ,,գիրկը", ախար մեղք է...

KiLa
16.06.2010, 07:50
,,Ի՞նչն է ոչինչ... ոչինչն ամեն ինչ..."

Ամենաշատը ոչնչության մասին եմ մտածում... Ինչպե՞ս է կարողանում:
Լինելով ոչինչ անել ամեն ինչ, լինել ամեն տեղ, լցնել ամեն բան...
Ո՞նց է հաջողում իր ոչինչ տեղով տանել էսքան բան...
Եթե հաջողվի հասկանալ թե ի՞նչ է ոչինչը, շատ հնչեղ ,,ինչեր" կկորցնեն իրենց ինչ լինելու ինքնավստահությունը...
Քանզի միակ անսկիզբ ու անվերջ հասկացողությունը ,,ոչինչն" է...

KiLa
19.06.2010, 15:25
Կարծում եք հե՞շտ է խելագարվելը...


Բարև... Կներես երկար ընդմիջմանս համար, չէր ստացվում դուրս գալ ,,դեպրեսիայից": Իսկ երբ մարդ այդ վիճակում է, երբ խախտված է նրա հոգու անդորրն ու ներդաշնակությունը, խախտված է հավասարակշռությունը՝, նա ոչնչի ընդունակ չէ: Նույնիսկ պարզ ու թեթև երկխոսություն վարելն է անհնարին, ուր մնաց թե՝, մենախոսություն...
Երբեք չէի մտածել, որ մենախոսությունը այսքան դժվար կարող է լինել: Քեզ-քեզ խոսում ես էլի, խոսիր ինչ ուզում ես, բերանիդ եկողն ո՞վ է... քեզ ու քեզ խելագարվիր, արգելողը ո՞վ է... Բայց չէ: Արի ու տես, որ նույնիսկ սա հեշտ չի տրվում...
Իսկ թե ինչու՞ եմ դեպրեսիայի մե՛ջ, խնդրում եմ մի հարցրու…
Որովհետև՝, առաջին, քո խելքի բանը չի, և՝ երկրորդ, չեմ ուզում պատմել այդ մասին...
Ավելի լավ է խոսենք հեշտ ու շոշափելի բաների մասին... օրինակ այս ,,կրիզիսի" մասին: Ի՞նչ է, բոլորն են խոսում: Սկսած ծեր թոշակառուներից մինչև դպրոցահասակները, մենք էլ խոսենք... Ի՞նչ գիտեմ նրա մասին:
Գիտեմ, որ հայերեն այդ երևույթը ճգնաժամ բառով է արտահայտվում: Գիտեմ, որ մեզ ծանոթ փիլիսոփաներից մեկը՝, կապիտալիստական աշխարհի համար այն համարել է անխուսափելի և պարտադիր: Գիտեմ, որ դա սնանկացման պես մի բան է, և պատահում է, որովհետև հարստանալ ցանկացողների բանակը գնալով մեծանում է: Նրանք բոլորն էլ ձգտում են ավելի հարստանալ, շատ հարստանալ, անչափ հարստանալ... ու այդ մրցավազքը ստիպում է շատերին անցնել բանականության սահմանները ու... Պարզվում է, որ այդ ընթացքում շատերն ,,ոտքերը իրենց վերմակից երկար են մեկնել": Բա՜... Այդպես էլ է լինում:
Սա ոչինչ, այստեղ կորցնում են նրանք, ովքեր ունեն կորցնելու: Բայց որ նրանք սկսում են իրենց կորցրածը սովորական ժողովրդից ետ պահանջել, այ դա արդեն անտանելի է...
Էլի սկսեցի ,,քիթս ուրիշ գործերի մեջ մտցնել", ախար իմ ի՞նչ գործն է... Ես ավելի լավ է խոսեմ, որ այս տարի ծիրան չենք ուտելու, որ այս տարի շատ բան կարկտահարվեց, որ էլի թարսի պես կարկտահարվեց այն, ինչը չպետք է կարկտահարվեր, որ այդ կույր կարկուտը չգիտի թե ում գլխին տեղա, և հին խոսքի համաձայն. էլի ,,ծեծած տեղն է ծեծում"... Խոսեմ, որ շատ ,,կարկտի ծարավ" գլուխներ կարոտից հաստացել են, անշնորհք չափերի հասել: Եվ ,,մարդամեջ" դուրս գալու համար պետք է, որ մի քիչ ,,թրաշվեն", մի քիչ տեսքի բերվեն... Էլ չեմ ասում, որ գլուխների անսովոր չափի պատճառով սկսել է տուժել ուղեղը, չի զգում արևը ու բորբոսնում է խոնավությունից: Սա էլ իմ ուղղակի պարտականությունների մեջ չի մտնում, այնպես որ կարող եմ սրա մասին էլ չխոսել...Ցտեսություն

KiLa
20.06.2010, 01:05
Կարող ենք լալ ծիծաղով...

Չգիտեմ, բայց հիմա կարծես թե հենց դա եմ ուզում: Խելագարվելու նման մի բան է, արտասվել, լացել, ցավից ոռնալ, բայց միաժամանակ ծիծաղել, ուրախանալ, հազար անգամ գոհության շնորհակալություններ հղել ինձ կյանք տվողներին ու ապրեցնողներին: Ի՞նչ է սա... Ծանոթ է քեզ սիրելի ընկեր, թե՞ ես վերջ ի վերջո խելագարվում եմ...Ճիշտն ասած տարբերեություն էլ չեմ տեսնում իմ այս, կամ այն վիճակի մեջ: Ու հիմա չգիտեմ էլ թե ո՞րն է այդ խելագարված լինելը: Խելոք մարդը երևի թե չկարողանար ապրել այս իրականության մեջ, այնպես որ, բոլորս էլ... բայց յուրովի:
Թքած... եթե խելագարվել, ապա գոնե մարդավարի, իսկական: Մերկանալ ու դուրս գալ փողոց, նայել բոլորի աչքերին: Ու անել դա այնպես, որ յանի թե բոլորովին էլ մերկ չես... Եվ սպասել, թե ո՞վ առաջինը կգոռա, որ դու մերկ ես: Գուցե ոչ ո՞ք... Ասեմ, որ սա ուղղակիորեն կապված է քո նայելուց... հավատա ինձ...

KiLa
21.06.2010, 09:18
Գիշերս...

Գիշերը դժվար անցավ... Գիշերը նորից գժվել էր, դարձել էր կապելու գիժ... Սանձը կորցրած նժույգի նման սլանում էր... Ու՞ր... Բա գիտես ի՛նքը գիտեր: Խելագարի համար ի՞նչ կարևոր է, թե ուր... Միևնույննէ: Անցնում է արդեն հազար անգամ վարգած ճամփեքը: Փնտրում է վաղուց արդեն անդառնալի կորած օրերը: Հանգրվանում է այնտեղ, որտեղ իրեն ոչ ոք չի սպասում, որտեղ ինքը օտար է ու...
Գիշերներս գնալով անկառավարելի են դառնում... Չգիտեմ ի՞նչ եմ անելու...

KiLa
22.06.2010, 17:59
...
Որտեղի՞ց մեզ այդ իրավունքը, ո՞վ է տվել մեզ ... Մեր ո՞ր նախնին է արգելել մեզ ... Երկնագույն արյան տեր մեր ո՞ր մի պապն է պատգամել մեզ այդ...
Ինչի՞ մասին է խոսքը:
Մենք ինչու՞ չենք սիրում հասարակ մարդուն, ինչու՞: Ինչո՞ւ չենք հարգում սովորական աշխատանքը: Ինչու՞ ենք բաժանում աշխատանքը տարբեր խավերի ու կարգերի: Սա հարգի աշխատանք է, այն մեկը անհարգի, մեզ վայել կամ անվայել... Ո՞վ է մեզանից, որ ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ իր ոչ ,,հեռու անցյալի" արքայական ծագման մասին: Ու՞մ է խանգարում այդ բոլորովին ,,թարմ երկնագույն արյունը", ո՞ւմ է ասում. ,,դու արքայական ծագում ունես ու քեզ վայել չէ այսօր տաքսի վարել" կամ... Բոլորս էլ գիտենք թե արդեն քանի հարյուրամյակ է ինչ մենք զրկված ենք արքայական արյան շառավիղներից... Իսկ ազնվականության մասին ավելի լավ է չխոսենք:
Ինձ հանդիպած տաքսու վարորդների եթե ոչ 90, ապա 80 տոկոսը հաստատ ամաչում են որ իրենք տաքսու վարորդ են: Եվ այդ ամոթից ստիպված սկսում են սուտ ու մուտ պատմություններ հորինել իրենց մասին: Եղբայր քեզ ո՞վ վատ աչքով նայեց, ո՞վ ասաց, որ դու պետք է նախարար լինեյիր, էս ինչո՞ւ ես տաքսի վարում: Ինքն իրեն վատ է զգում ու կարծես սկսում է արդարանալ, պատմել թե բախտի ի՞նչ անարդար վերաբերմունքն է ստիպել իրեն նստել տաքսու ղեկին: Որտեղի՞ց այս դատարկ մեծամտությունը, այս կեղծ ու անիմաստ ինքնագնահատությունը: Նախահեղափոխական ռուսահայաստանի մասին չարժե խոսել, իսկ երեկ էլ բանվոր դասակարգի երկիր էինք: Էդ բանվոր դասակարգի երկրի մեջ այսքան ազնվականներ որտեղի՞ց ծնվեցին: Չգիտեմ...Ընդ որում ամաչում ենք միայն իրարից, ոչ այլ ազգերից: Այլ երկրներում կարող ենք հայկական ,,չափանիշներից" մի քանի անգամ ավելի ցածր գործեր կատարել, բայց վատ չզգալ գերմանացուց ու հոլանդացուց: Բյաց այլ բան է քո երկրում տաքսի վարելը...
Երբ մտածում եմ, տեսնում եմ, որ պատճառը էլի նախանձն է, բոլոր մեղքերի մա՛յր նախանձը:
Բանը նրանում է, որ մենք մեր ազգությանը վերաբերում ենք ոչ որպես ազգության (ինչպես մնացած նորմալ ազգերը), այլ որպես մասնագիտության: Սա նույնիսկ վիրավորական է, բայց փաստ: Հայ լինելը մեզ համար մասնագիտություն է, և դրանից ելնելով էլ մտածում ենք, որ մյուս հայը իրավունք չունի մեզանից լավ ապրելու: Դա ի՞նչ անարդարություն է, չէ՞ որ մենք նույն ,,կրթությունն ու նույն որակավորումը" ունենք: Դրա համար էլ սկսում ենք արդարանալ, որ մենք լավ ,,մասնագետ" ենք, ուղակի բախտներս չի բերել...
և որ շուտով ամեն ինչ նորից կշտկենք: Այո. մի ժամանակ կոմունիստների հորինած ,,բարի նախանձի" ձեռքն էինք կեղտի մեջ ընկել, հիմա էլ խնդրեմ, ,,մասնագիտական նախանձն" է հոգիներս հանում...
Մտածելու առիթ է տալիս... Մտածենք, քանի ուրիշ ոչ մի բան անել չենք կարողանում...

KiLa
25.06.2010, 01:20
...... .....
Էն ժամանակ ուրիշ կերպ էինք ապրում ... էն ժամանակ ուրիշ էին նպատակները, ձգտումները... էն ժամանակ ուրիշ էին դրանց հասնելու օրենքներն ու կանոնները... էն ժամանակ ուրիշ ժամանակներ էին...
Ցավերն էլ ուրիշ էին, դարդերն էլ ուրիշ էին: Մենք էլ ուրիշ էինք...Չգիտեմ ո՞նցն էինք, բայց հաստատ այսպիսին չէինք, ուրիշ էինք:
Ուրախանալ գիտեյինք, ուրախացնել գիտեյինք...

KiLa
27.06.2010, 17:40
Առավոտ վեր եմ կացել սարսափելի տհաճ զգացողությամբ... Լինում է, երբ վեր ես կենում ու քեզ թվում է, թե ամբողջ աշխարհը խռով է քեզնից: Կամ դու ես խռովել... Այսպիսի ժամանակ մարդկանց մեծ մասը ,,կռիվ է ման գալիս", առանց պատճառի վիճում և վիրավորում է առաջին պատահածին:
Ընկերս զանգահարեց: Ուրախացա լսելով բջջայինիս ազդանշանը (վերջերս՝, համարյա թե միայն նա է զանգում): Տանը մնալը կարծես հավասարազոր էր կառափնարանի: Պետք էր դուրս գալ...
Վերելակին երկար սպասեցի ( կամ գուցե ինձ թվաց), ինչ որ մեկը կարծես ,,բռնել" էր այն ու... հարդարանքը չվերջացրած կնոջն էր սպասում: Կարծես նույնիսկ կռահեցի, թե դա ում էր նման: Հարևաններիցս ոմանք արժանացան հայհոյանքների իմ շտեմարանի հազվագույտ նմուշներին: Որոշեցի ոտքով իջնել: Համ էլ երևի տեսնեյի իսկական մեղավորին ու իրական պատճառը: Անցնելով աղբատարի մոտով, նկատեցի, որ էլի լցված է: Կրկին ինչ որ մեկը իր աղբը ուղակի դնում է աղբատարի ,,դռնակին" ու հեռանում: Կարծես աղբը ինքն իրեն պետք է այդ անցքից ներս սողա: Զարմանում եմ, և ոչ միայն: Այ ընկեր, այ հարևան, այ Ք.Ա-ից առաջ թատրոն նայող ՀԱՅ, այ ,,փառավոր անցյալի" ,,անփառունակ ներկա"... Ու նորից կրնկի վրա բացվում են վերոնշյալ ,,շտեմարանիս" ,,անհյուրնկալ" դռները:
Ներքևի հարկերում մութ է: Վառվող լույս չկա, բնական լույսից էլ մուտքը զրկված է: Պատկերացրեք: Փորձում եմ հեռախոսիս էկրանի թույլ լույսով մի բան տեսնել, բայց չի ստացվում: Դիմում եմ վառիչիս օգնությանը, բայց սա էլ է ապարդյուն: Մեկ էլ մթության մեջ ոտքս մի բանի է առնում ու հազիվ եմ փրկվում վայր ընկնելուց: Դե դիմացեք իմ ժլատ հարևաններ... ,,Ես ձեր անլույս-անլամպ...", ես ձեր աննամուս անթասիբ... Այստեղ իհարկե չեմ մոռանում նաև էլեկտրոցանցերին ու դրանց տերերին:
Հանկարծ լսում եմ, որ վերելակը սկսեց շարժվել: Թյու՜ ես ձեր ... Բախտները բերեց: Մի հասնեյի ու տեսնեյի էդ ի՞նչ էին անում, ամբողջ ,,հեռսերս" նրանց վրա էի թափելու...Լավ էր գնացին: Ընդ որում և իմ և նրանց համար:
Մուտքից դուրս գալիս առաջս կտրեց՝, միշտ արու հնդկահավի նման փքված, նույն այդ հնդկահավի նման կլոր ու հասակով էլ նրանից ոչ շատ բարձր՝, առաջին հարկի դասախոս հարևանս: Հիշեցի, թե ինչպես էի մի անգամ նրան շփոթել երեխայի հետ ու փորձել ականջը քաշել ( ոչ այնքան ծխելու, որքան սիգարետի մնացուկը մուտքում շպրտելու պատճառով)... Նոր էի տեղափոխվել, դեռ բոլորին չէի ճանաչում: Հետո էլ մի քիչ մութ էր ես էլ մի քիչ գինով... Ինչևէ: Լավ չէր, որ շփոթեցի երեխայի հետ, թե չէ մի կարգին կցավեցնեյի: Կինը բողոքել էր մերոնց ու սպառնացել, որ մյուս անգամ կդիմի ոստիկանություն: Դե, քանի որ ես էլ ոստիկանության հետ հանդիպում չեմ փնտրում, դադարեցի զբաղվել դասախոս հարևանիս դաստիրակությամբ: Հերն էլ անիծած, թող էդպես անդաստիրակ էլ մնա:
Ընկերս երևի երկար էր սպասել, որովհետև ինձ տեսնելուն պես խորը շունչ քաշեց ու...
Նստեցի տաքսին ( որով ընկերս էր եկել) ու մի քանի հարևանների ճանապարհող հայացքների ներքո հեռացանք:
Ինչ լավ է որ մի տեղ գոնե ունենք գնալու: Կարևոր չէ ուր, կարևորը, որ տանից դուրս եմ գալիս...
_Գնանք եկեղեցի, այսօր պատարագ կա,__ասաց ընկերս,__համ էլ մոմ կվառենք...
__Գնանք,__կարծես ուրախացած ասեցի ես,__համ էլ մեղքերս կխոստովանեմ...

KiLa
29.06.2010, 23:26
.......
Տրեխ ենք ,,գտել", կոշիկ ենք ,,գտել", չարոխ ենք ,,գտել"... Ամենահին կաշվե ոտնամանը, պատկերացնում եք...Հիմա կարող ենք էլ ավելի բարձր բղավել, որ մե՛նք հայերս, կոշիկ էինք հագնում, երբ շատ ուրիշներ դեռ չորեքթաթ էին քայլում...Ո՞վ կմտածեր: Դա ոչինչ որ մենք այսօր կոշիկ չունենք, և մեր շատ համաքաղաքացիներ դրանից էլ անմխիթար վիճակի կոշիկներ են հագնում:
Ես կուզեյի, որ մենք հիմա կոշիկ հագնեյինք: Իսկ թե ի՞նչ էին հագնում մեր նախնիները,՝ առավելևս մեզանից հինգ հազար հինգ հարյուր տարի առաջ, այդքան էլ կարևոր չէր:

KiLa
30.06.2010, 23:13
Խիղճս մեռնում է...
Չգիտեմ ինչպիսի՞ն կլինեմ ես առանց նրա: Ո՞նց կապրեմ:
Շատերն ասում են, որ ավելի հեշտ կապրես, բայց ... Ո՞նց կարող է առանց խիղճ մարդը հեշտ ապրել: Բա չարությու՞նը: Նա անմիջապես կգա լրացնելու խղճի թողած դատարկությունը: Եվ եթե առաջին դեպքում խղճիդ ձեռքն էիր ,,կրակը ընկել", ապա հիմա վառվելու ես չարությունից: Չգիտեմ...
Բայց խիղճս հաստատ մահանում է: Բարությունս որդեկորույս ծնողի նման պատեպատ է զարկվում, երեսն է ճանկռոտում, հյուսերն է պոկում, ծնկի իջած աղոթք է անում... Երևի հասկանում է, որ է լիրեն չի հաջողվի նորից խիղճ ծնել, սնել ու զորացնել...
Խիղճս մեռնում է... Բարությունս խելագարի է նմանվում...
Փոխարե՛նը չարությունն է զսպված կատաղությամբ լցնում այդ ,,պարապությունը՛՛, այդ դատարկությունը: Հավան չէի՞ք կյանքամեծար բարությանը, ուրեմն դիմավորեք չարությունը: Կյանքատյաց ու դժնաբարո, մարդամերժ ու բարոյազուրկ, ամեն տեղ իր քիթը խոթող ու դավեր նյութող...

KiLa
01.07.2010, 15:23
Պետք է փորձենք

Ի՞նչ անեմ... Ես իրոք ոչինչ չեմ կարող փոխել, ոչինչ: Եվ եթե չեմ կարող փոխել, ապա ավելի լավ կլիներ չտեսնել այդ փոխելու արժանի երևույթները: Թող լինեյին իմ գիտակցությունից դուրս, իմ ընկալման դաշտից հեռու...
,,Մենք չենք կարող փրկել աշխարհը, բայց փորձել հաստատ կարող ենք...":
Եվ պիտի փորձենք: Պիտի փորձենք այնպես, որ կարծես նաև հավատում ենք մեր հաղթանակին, որ չգիտենք՝ թե իզուր ենք փորձում... Որովհետև իրականում դա իզուր չէ: Դրանով մենք զրկում ենք ,,նրանց" լիարժեք հաղթանակից, զրկում ենք ,,նրանց" ուժեղ ու անպարտելի լինելու գիտակցությունից: Դա քիչ չէ: Դա է մեր ունեցած հաղթանակը և պետք է դրանով հպարտանանք, պետք է այն գնահատենք ու նրանով ապրենք:

KiLa
06.07.2010, 14:46
Լացով ենք գալիս...

,,Լացով ենք գալիս այս աշխարհ": Թվում է արդեն ծեծված ու քրքրված արտահայտություն, իրեն սպառած իրականություն, ճշմարտություն, որն ոչինչ ավելին չի կարող ասել մեզ, ինչ արդեն ասել է, բայց... Ես ինքս այդպես չեմ մտածում: Այստեղ դեռ շատ մեզ անհայտ ու ոչ լրիվ հայտնի պատճառներ կան. Ինչո՞ւ...
Լացով ենք գալիս այս աշխարհ, բայց երբեք լացով այն չենք լքում: Մտածել եք երբեմն սրա մասին, թե ինչու՞...
Արարածները՝, որոնք լույս աշխարհ են գալիս, շատ ավելին գիտեն աշխարհի ու մեր կյանքի մասին, քան մենք: Այո այո, խոսքս հենց նորածինների մասին է, որոնք մարդ դառնալուն պես, գիտակցելուն պես այդ ցավալի փաստը, լալիս են: Եվ ոչ հենց այնպես, ձևի համար, այլ՝ սրտով ու դառը... Թող բժիշկները տան այս երևույթի քիչ թե շատ խելացի կամ ոչ խելացի բացատրությունները: Միևնույնն է, ես կմնամ իմ հաստատ համոզմանը, որ նրանք լալիս են լրիվ գիտակցված ու հիմնավորված: Նրանք լալիս են, որովհետև գիտեն թե ուր են եկել ու ինչի համար: Որովհետև նրանք շատ ավելին գիտեն քան մենք...
Ու սրան հակառակ, ես չեմ տեսել որևէ մեռնողի, որը լացելով լքի այս աշխարհը: Կրկին հարցնեմ ինձ, ինչու՞...Որովհետև վերջանում է այն ինչի համար լալիս էինք...

KiLa
12.07.2010, 15:35
Բարև սիրելիս... Չեմ զարմանում, որ բարևիս չես պատասխանում, չեմ էլ վիրավորվում: Քո գործն է...
Երբեմն նույնիսկ ավելի լավ է, գիտե՞ս: Ինձ թվում է, որ մենակ եմ, որ կարող եմ ասել ինչ խելքիս փչի, կարող եմ գրել ինչի մասին ուզեմ...
Ու միևնույն է, ոչ մեկ չի իմանա, ոչ մեկ չի քննադատի... Ոչ լավ կասեն, ոչ վատ: Ոչ շնորհակալություն, ոչ էլ ամոթանք:
Ասում եմ հաջողակ են նրանք, ովքեր կարողանում են ,,չտարբերել" բթության դասերը... ու դեռ ավելին. հատուկ այդ դասերի համար ,,չարազ" են ունենում պահած, ընդ որում և իրենց և ,,ուսուցչի" համար: Իսկ մենք... ի՞նչ ենք անում մենք: Չենք կարողանում ,,չ՛տարբերել", եվ դա բավական չէ, դեռ ոմանց էլ սովորեցնում ենք թե ինչպե՞ս կարելի է դա անել... Պատկերացնում եք, որքան անհաջողակ ենք մենք... Անասելի անհաջողակ...
Վերջերս խոստացան, որ պետք ,,բախտս բերի", միայն թե չպետք է խառնվեմ...Համաձայնեցի: Ի՞նչ անենք, ոչինչ, մի անգամ էլ թող ես լինեմ հաջողակ, ի՞նչ կլինի: Չե՞մ կարող, ի՞նչ է... ,,Կարող եմ", ասացի ինքս ինձ հաստատակամորեն ու ,,լարեցի" ուշադրությունս:
Հաջողա՞կ... Ախար ինչպե՞ս կարող եմ ես լինել հաջողակ, ինչպե՞ս... Հաջողակ լինելը դա դաստիարակություն է, կրթություն, դա կարգավիճակ է, քաղաքական ստատուս...
Իսկ ես խոստացել էի, որ... Ի՞նչ անեմ: Թող մտածեն, որ հիմարի մեկն եմ, թող մտածեն, որ ,,խոզի գլուխը դրին խալիչին, գլորվեց, ետ ընկավ ցեխը", թող մտածեն ինչ ուզում են, բայց ես հո լավ գիտեմ, որ ,,անհաջողակ եմ", որ հաջողակ են նրանք, ովքեր կարողանում են չտարբերել բթության դասերը...
Իսկ դու բարևիս չես պատասխանում... Ջհանդամիս պատասխանես, թքած...

KiLa
16.07.2010, 15:26
Հա՜... Երևի հասկացար, որ մեղավորը ես չեմ... Եթե նույնիսկ մեղք եմ գործել, մեկ է, մեղավորը ես չեմ...
Ախար առաջվա պես սիրում եմ թե քեզ, թե մարդկանց, թե աշխարհը: Առաջվա պես հիանում եմ արշալույսով, մայրամուտով... Սիրում եմ լույսը, ձյունը, սիրում եմ երգը... Սիրում եմ անգամ ինձ չսիրող հայացքները: Սիրում եմ ինձ բամբասող տատիկներին...
Եվ մի՞ թե սա բավական չէ հասկանալու համար մի բան, որ ես չեմ փոխվել, որ չեմ էլ փոխվի... Որ իմ կատարած սխալը ու նույնիսկ մեղքը իմը չէ, նրանցն է. մեղավորը առավոտն է, մայրամուտն է՝, որ փոխվել են, մեղավորը լույսն է, ձյունն է՝, որ ուրիշ գույն ու ուրիշ ձև են ստացել, մեղավորը ինձ հառված անծանոթ ու նոր հայացքներն են, պարզ ու անմիտ բամբասանքներից,՝ մտածված, չար ու նենգ որոգայթների փոխարինված ,,անմեղ" խոսակցություններն են... Իմ մեղքն իմը չէ: Քոնն է, մարդկանցն է, աշխարհինն է...
Հավատա ինձ, ես չեմ փոխվել: Ես առաջվա պես սիրում եմ...

KiLa
20.07.2010, 15:33
Այսօրն օրն էլ օր է, սովորական օրերից մեկը: Եվ մենք պետք է այս օրն էլ ապրենք...

KiLa
24.07.2010, 21:32
Չէ, ես վախկոտ չեմ: Այսպես եմ մտածում, որովհետև այն պահերին ,երբ ուրիշները գլուխները կորցնում են, ես շատ հանգիստ եմ ինձ պահում: Ես խուճապի չեմ մատնվում: Ես բարձր չեմ խոսում ու չեմ ուզում իրազեկել մյուսներին ինձ հետ կատարվածը: Ես վախկոտ չեմ…
Բայց շատ եմ վախենում չսպասված հարվածից, ինձ մոտիկ հարվածից, իմ ,,յուրայինի" հարվածից: Շատ եմ վախենում…
Ինչից փախչում ես գլխիդ է գալիս... Ինչու՞...

KiLa
26.07.2010, 14:58
Չգիտեմ ուրա՞խ եմ, թե՞ տխուր… Չեմ կարողանում հասկանալ: Պատկերացնո՞ւմ եք… Չկա սպասում, չկա ծրագիր, չկա հույս, չկա վաղը...ասել է թե չկա մարդը...Կա միայն նրա ֆիզիկական գոյությունը, որն ըստ ինձ ոչ այլ ինչ է, քան ,,զմռսված մահ", ավելորդ գոյություն... և կյանքի և մահվան սխալմունք... Կյա՛նք, որից մահվան հոտ է փչում, կյա՛նք, որի վրա մահվան քրքիջն է, մահվան ծաղրը, մահվան զավեշտը:
Անկախ ինձանից սկսում եմ չարանալ թե մահվան, և թե՝ կյանքի դեմ: Երկուսն էլ հավասարազոր մեղավոր են: Եթե կյանք, ապա թող այն լինի կյանքի նման: Եթե ոչ՝ ինչո՞ւ է մահը հապաղում: Ինչո՞ւ է հանդուրժում այդ չ՛գոյությունը...
,,Մահն թանկացնում է իրեն", տեսնում եք, չէ՞...

KiLa
27.07.2010, 16:35
Հաճախ եմ մտածում, որ ինչ որ մեկը, շա՜տ մեծ ու զորավոր մեկը, ,,կատակում" է ինձ հետ... Մեկ ծաղրում է, մեկ օգնում, մեկ խանգարում, մեկ մեկ էլ ուղղակի ծիծաղում է ինձ վրա: Չգիտեմ ո՞վ է, բայց որ Նա կա, դրանում կարծես հանոզված լինեմ: Բավական է մի բան մտածեմ ու... իսկույն առաջս է բերում: Բավական է մտածեմ, որ ես չեմ կարող այս կամ այն բանը անել, մեկ էլ շատ արագ կանգնում եմ այդ փաստի առաջ: Հայտնվում եմ մի այնպիսի փակուղու առաջ, որ...
Եվ Նա կարծես ինձ ծաղրելով ասում է. ,,Ասում էիր չե՞ս անի: Դե մի արա եթե կարող ես": Ու ես սկսում եմ խնդրել ու աղաչել, ներողություն խնդրել, որ ,,մեծ մեծ" եմ խոսել, որ դատարկ պարծենկոտություն եմ արել, որ էլ նման բան չեմ անի ու վերից չեմ նայի նրանց, ում կյանքը ստիպել է դիմել այս կամ այն ոչ պատվաբեր միջոցին ապրելու համար: Միշտ կասեմ. ,,Փառքդ շատ տեր իմ աստված, որ ես չեմ նրա փոխարեն": Ասեմ նաև, որ Նա լսում է խնդրանքս, ներում է ինձ ու քմծիծաղով հեռանում...
Ուղղակի շատ կուզեյի իմանալ, Նա միայն ինձ հե՞տ է նման ,,կատակներ" անում, թե՞ շատերի: Շա՜տ կուզեյի իմանալ...

KiLa
22.11.2010, 22:51
//..--,,: ...Գործուղման մեջ էի, մեկնել էի կյանքի հակառակ կողմը... Չէ, սխալ չհասկանաք, մահը այստեղ ոչ մի կապ չունի: Եվ բոլորովին էլ նա չի կյանքի հակառակ կողմում... Մահը կյանքի հենց կողքին է, թև-թևի, ուս-ուսի: Նրանք զորավիգ են մեկմեկու, օգնող: Մեկը մեկի գինն ու արժեքը բարձրացնող: Փորձեք պատկերացնել այդ երկուսից մեկին առանց մյուսի... Իսկ միասին նրանք հզոր են, զորեղ:
Կյանքի հակառակ կողմում չգոյությունն է... Թմբիրը... Ինձ վիրավորել էր թե մահը և թե կյանքը: Եվ դրանից է, որ ես փախուստ էի տվել երկուսից էլ:
Հիմա վերադարձել եմ, որ հայտնեմ նրանց իմ արդարացի բողոքը, ասեմ, որ այդքան եսասեր լինել չի կարելի: Պետք է միքիչ էլ մտածել մարդկանց մասին: Այն մարդկանց, որոնց կյանքը ավելին է քան մահը, որոնք ապրելով նվաստացնում են հենց կյանքը: Ինչպես նաև այն մարդկանց՝ որոնց մահը պետք է լիներ շատ ավելի զորեղ քան կյանքը, բայց արի ու տես, որ...
Չէ...Դեռ բոլորովին ետ չեմ եկել, չեմ արդնացել...Իսկ կյանքը շարունակվում է: Շարունակվում է չնայած այն բանին, որ ես ոչ այս և ոչ էլ այն կողմում էի: Այսինքն ես ոչինչ եմ, չգոյություն, դատարկ տարածություն.... Եվ ես հիմա գոնե ուրախ եմ, որ հաստատ գիտեցա իմ ով կամ ինչ լինելը... բաաաաաաաաաա... //::

KiLa
21.12.2010, 20:02
Ապրու՜մ եմ... Կասկածով ու ամոթով եմ ասում, գրեթե շշնջում եմ: Որ ոչ մեկ չլսի: Երբեմն կսմթում եմ դեմքս, մարմինս, որպեսզի համոզվեմ իմ գոնե ֆիզիկական գոյության մեջ: Կսմիթներս երբեմն չեմ զգում ու չես պատկերացնի թե ոնց եմ ուրախանում: Կայծակնային արագությամբ մտքովս մի բան է անցնում. ,,Գուցե էլ չկամ, մեռել եմ...՛՛ Սկսում եմ ավելի պինդ, ավելի ցավեցնող կսմթել, եղունգներս համարյա թե խրում եմ մսիս մեջ ու... Չէ: Դեռ կենդանի եմ: Խայտառակություն... Նորից ընդունում եմ հանգստացնող հաբերը ու ,,վերանում՛՛:
Երբեք չեմ մտածել, որ կարող եմ այսքան ամաչել իմ գոյության համար, իմ ապրելու համար: Աստված իմ, ինչի՞ համար է այս երկարատև պատիժը: Ի՞նչ մեղք եմ գործել:
Իսկ նա ծիծաղում է... Բերանը լայն բաց է արել ու քահ-քահ ծիծաղում է ինձ վրա:
,,Ուժե՞ղ էիր, հա՞, դե քաշիր, քաշիր պատիժդ: Քաշիր այնքան, որ վերջնականապես վերանա քո ինքնավստահությունդ, քո այդ սպանող առհամարանքդ ցավի ու պատժի նկատմամբ: Որ վերջնականապես ընկճվես, ուժահատվես, կորցնես դիմադրելու ու դիմանալու վերջին կարողություններդ: Լինես այնքան փափուկ ու խոցելի, որ ամենափոքր ցավից անգամ մահու չափ վախենաս...՛՛:
Տեսնում եմ նրա ամբարտավան դեմքը, չարախինդ ժպիտը, առհամարանքը...
Ես մի վերքով մեռնողներից չեմ, ինձ առնվազն մի քանի մահացու վերքեր են պետք: Տատս կասեր. ,,շունը մի յարով չի սատկի՛՛...
Բաաաաաաաաա՜...

KiLa
08.01.2011, 15:08
Մարդը մեռնում է...
Մարդը օգնության կարիք է զգում: Եթե չլինի այդ օգնությունը նա իրոք կարող է մեռնել:
Գնացել է հիվանդանոց, դիմել է ,,գլխավորին՛՛, նրան հետազոտել են ու... Պետք է անհապաղ վիրահատել... վիրաբուժական միջամտությունը պարտադիր է... անհրաժեշտ է... առանց դրա մոտալուտ մահը անխուսափ է, բայց... փող է հարկավոր:
Վիրահատությունը արժե մի կլորիկ գումար, որն այդ հիվանդի համար տրամաբանական չէ:
Կյանքը ամենաթանկ պարգևն է մարդուն: Եվ մարդը՝, թե բանականությամբ, թե լոկ կենդանական բնազդով ու ինտուիցիայով, անում է հնարավոր ամեն ինչ կենդանի մնալու համար...
Ուրեմն ի՞նչ անի հիվանդը, որտեղի՞ց հայթայթի, գողանա, խլի, խաբի, թալանի... Ինչպիսի՞ քայլերի անի, ումի՞ց խնդրի, ու՞մ դիմի...
Չէ, փառք աստծո, բոլորը չեն, որ գտնվում են այդ հանցավոր անտարբերության սառը իշխանության ներքո: Դեռ կան աստծո վերջին արարման դրական ,,նմուշներ՛՛, որոնք իրենց գոյությամբ արդարեցնում են հենց իրեն՝, ամենաբարձր աստծուն: Իր ,,դարդ ու ցավը" թողած, նա ձեռնմուխ եղավ՝, իր նմանին, իր տեսակին, իր անծանոթ հայրենակցին, իր մերձավորին՝ օգնելու գործին: Բարձրաձայնեց, ծանոթացրեց իրավիճակին, կոչ արեց օգնել: Ով ինչ կարող է, ինչով կարող է... Գումարը այդքան մեծ չէ, բայց մարդկային կյանք է փրկելու, հասկանու՞մ եք... Միջին հաշվով՝ երկու հազարական դրամը պիտի կարողանար կատարել այդ նորօրյա հրաշքը: Ոգևովեցին,
հավաքեցին... Սկզբի մասնակցողները նույնիսկ աչքի ընկան առանձին առատաձեռնությամբ, տվեցին հինգ և նույնիսկ տաս հազարական դրամներ: Թվաց թե գործը սպասվածից էլ շուտ գլուխ կգա, բայց... Մեկ էլ ու տես, որ...
Տոներ են... Ամանոր, Սուրբ ծնունդ... Մարդիք գումար չունեն: Քրիստոսի ծնունդը ,,ըստ արժանավույնս նշելու համար՛՛, պետք է, որ նրանց սեղանը ծփա լիությունից, ճոխությունից, առատությունից... Ախար Քրիստոսի ծնունդն է, մենք էլ առաջին քրիստոնյա ազգը աշխարհում, բա...
Մարդու կյանքը չարժեր մեկ շիշ օղի... երկու կոկակոլա... երկու լիտր բնական հյութ...կես կիլոգրամ խոզի միս...
Իսկ ի՞նչ արժե այդ քրիստոնյաների գինը, քանի գրոշ արժե նրանց տոնական սեղանը, ի՞նչ կշիռ ունի նրանց խիղճը...
Ու ի՞նչ արժե այս ամբողջ պետությունը, որքա՞ն է այս երկրի գինը, նրա նախագահի, նրա ազգային ժողովի, նրա բուժ հիմնարկների ու մարդկային կյանքի դիմաց այդ ,,կլորիկ գումարը՛՛ պահանջող ,,գլխավորների՛՛ գինը: Աստված իմ, տուր ինձ այդ գումար, որպեսզի կարողանամ գնել այդ ողջ խաժամուժը ու դեն նետել: Չօգտագործված, հենց էդպես...

KiLa
12.01.2011, 14:31
,,Լավություն արա, բայց ջուրը մի գցիր՛՛

Այսօր ես թույլ եմ... Այնքան թույլ, որ հաստատ չեմ կարողանա ինձ պաշտպանել անգամ ամենափոքր վտանգից: Ինձ գուցե պետք է դիմել ինչ որ մեկի օգնությանը: Այո, իհարկե... Պետք է... Բայց...
Կներես սիրելիդ իմ Դայարա, բայց վախենում եմ խոստովանել, որ չկա մեկը ում կարող եմ դիմել: Եվ էլի իմ միակ բարեկամն ու հենարանը դու ես...
Կա մի՝ ես կասեյի շա՜տ մարդկային, շա՜տ քրիստոնեական, շա՜տ գաղափարապաշտ... արտահայտություն, որն է.
,,Լավություն արա, ջուրը գցիր՛՛_ը, որին հետո ավելացրել են նաև. ,,աստված առաջդ կբերի՛՛:
Հաճախ ենք լսում թե փորձանքից հրաշքով փրկվածներին ինչպես են սիրտ տալիս ու սփոփում ասելով.
,,Ու՞մ էիր մի կտոր հաց տվել, աստված առաջդ բերեց՛՛: Այսինքն սա այն լավությունն էր, որ մարդ արել ու ջուրն էր գցել: Արել էր, երբեք չմտածելով պատասխանի մասին, արել էր անվերադարձ, առաջնորդվելով մարդու բարոյական բարձր գաղափարներով:
Հիմա կասես թե, բա էլ ինչու՞ չեմ ուզում դիմել ինչ որ մեկին:
Որովհետև հիմա մարդկանց մեջ շատ են շատացել այնպիսիք, որոնք ուզում են, որ այդ լավության պատասխանը շատ շուտ ,,աստված առաջները բերի՛՛: Իսկ եթե ոչ աստված, ապա դու պարտավոր ես շտապ ետ տալ նրանց ,,լավությունը՛՛: Այսինքն սա արդեն նմանվում է մեկ այլ բովանդակության. ,,Ես՝ քեզ, դու՝ ինձ՛՛, բայց ինչու՞ է այն արվում ,,լավություն՛՛ անվան տակ, չեմ հասկանում: Դա սովորական առևտուր է, փոխշահավետ ,,ապրանքափոխանակություն՛՛: Եվ քանի որ ես չունեմ այն ,,գնելու՛՛համար անհրաժեշտ քանակության ,,ապրանք՛՛ կամ փող, ապա և չկա մեկը որին դիմեմ...Ու ավելի լավ է վեր ընկնեմ տանը ու հույսս միայն քեզ վրա դնեմ...
Հիմա հասկացա՞ր սիրելիդ իմ Դայարա, բա:
Աստված իմ, խնդրում եմ, տուր ինձ անսահման հնարավորություն, որպեսզի ես կարողանամ միշտ լավություն անել ու այն ամենայն անկեղծությամբ, գցել ջուրը...

KiLa
14.01.2011, 15:48
Ինչպե՞ս ես... Մարդ

Լավ չեմ... Լավ չենք... Լավ չեն...
Սովորական պատասխաններ այն սովորական հարցին.
Ո՞նց ես, ո՞նց եք, ո՞նց են...
Բոլորս լավ չենք, բոլորիս մոտ ինչ որ մի բան կաղում է, ինչ որ մի բան չի հերիքում, պակաս է: Միշտ հեռու ենք լիարժեք լավ լինելուց:
Եվ սա ավելի շատ մարդու հոգեկան վիճակի հետ է կապված քան ֆիզիկական կամ սոցիալական:
Ինչու՞, ինչու՞ լավ չենք անգամ այն դեպքում, երբ չի երևում վատ լինելու գոնե մեկ պատճառ: Լավ չենք ու վերջ: Չգիտեմ ինչու՞, բայց լավ չենք...
Իմ կարծիքով՝, մեր իսկական բնական վիճակի, կամ մեր լավ լինելու ,,հավասարման՛՛ մեջ, այդ ,,բանաձևի՛՛ մեջ՝, ինչ որ մի բան պակասել է: ,,Հավասարման՛՛ աջ ու ձախ կողմերը իրար հավասար չեն: Եվ այստեղից էլ գալիս է այդ առանց պատճառի ,,վատ լինելը՛՛:
Սա լավության պակասն է... Այո այո, լավություն անելու այն բնական մղումը, որը ունի մարդ արարածը:
Ինչպես չարն է մեր անբաժանելի մասը, ինչպես նա է կարված մեր մարմնին, ներծծված մեր հոգու ու արյան մեջ, այդպես էլ բարին է,
լավը: Եվ մարդ՝, զգում է այդ երանությունը՝ այդ երկրային դրախտի թեթևությունը, հանգստությունը, միայն լավ բան անելիս: Կոպիտ ասած՝ լավություն անելիս...
Բայց մենք այսօր շատ ենք հեռացել այդ վիճակին տանող ճանապարհներից: Եվ հենց սա՞ է գուցե պատճառը, որ շատերը այսօր բողոքում են իրենց հոգեկան անբավարարվածությունից...
Ըստ ինձ՝ այո: Մեր մյուս վիճակը՝ բարությունը՝ ,,քաղցած՛՛ է: Նա նույնպես սննդի կարիք է զգում: նրան նույնպես պետք է կերակրել:
Բայց սիրելիներս, երբեք չշփոթեք այն՝, մեր օրերում զարգացած որոշ փոխհարաբերությունների հետ, որոնց այսօր սովորաբար այդպես էլ կոչում են. ,,Լավություն արեցի՛՛... Շա՜տ այս տեսակ լավությունների էությունը քննարկելիս, կտեսնեք, որ դա հեռու է իսկական լավություն լինելուց: Առևտուրը՝, իչպիսի սկզբունքներ էլ այն ունենա, պաշտոնական դիրքի չարաշահումը, կամ՝ բարեշահումը, ինչի էլ այն ծառայի, քողարկելը կոծկելը՛, ինչի համար էլ դա կատարվի, օգնություն պաշտպանություն ,,կռիշաությունը՛՛՝, էլի անկախ նրանից, թե ինչին է ծառայում, լավություն համարել չի կարելի: Դրանք շատ հեռու են իսկական լավությունից, որի կարիքն իրոք որ ունի մեր ներքնաշխարհը, մարդու հոգին:
Այսօր մեր արած լավությունների զգալի մեծամասնությունը կարելի է վերագրել վերը նշված ցանկին, այնինչ իսկական լավության համար անհրաժեշտ է, որ մարդ չարչարվի, որ ինքն իրեն նեղություն տա: Անցնելով որոշ զրկանքների միջով, բավարարի դիմացինի կարիքը: Այ սա կլինի այն բարությունը, որի կարիքը իրոք ունի մերօրյա մարդը: Եվ կամաց-կամաց նրան կայցելի նաև ,,լավ եմ՛՛-ը:
Ցանկանում եմ, որ դուք, սրտանց, անկեղծ, ինքնաբերաբար ասեք համայն աշխարհին. ,,Լավ եմ, շատ լավ եմ, չտեսնված լավ եմ՛՛: Եվ թող այդ ,,լավ եմ՛՛-ը այնպես ճառագի ձեր անձից, որ նույնիսկ հարցնելու կարիք էլ չլինի...
Բարին ընդ ձեզ սիրելիներս:

KiLa
19.01.2011, 02:10
......

Ես ասելու ոչինչ չունեմ... Ես հրաժարվում եմ իմ խոսելու իրավունքից...
Ես հրաժարվում եմ լինել այս ամբողջի մանսիկը...

KiLa
06.02.2011, 22:21
Այսօր եկեղեցի այցելեցի: Շատ ուզեցի պատարագի մասնակցել: Լա՜վ էր... Հանգստացա, խաղաղվեցի, բարիշեցի թե ինձ թե աշխարհի հետ: Ներեցի և ինձ և աշխարհը: Եվ ունեցա այն զգացողությունը, թե աշխարհն էլ ինձ ներեց, մոռացավ իմ հասցրած վիրավորանքները, հայհոյանքները...
Ինչ լավ է, որ կա մեր եկեղեցին, որ կա հավատը, որ կան մարդիք, որոնք պահում ու փայփայում են այն մեզ համար, մեր սերունդների համար: Աստված պահապան լինի նրանց... Աստված պահապան լինի քե՛զ, տեր Գրիգոր...

KiLa
19.02.2011, 20:37
Ապրում ենք Էսպես անուրախ ու միապաղաղ, տխուր ու ձանձրալի, մենակ ու թշվառ, հեռու ու օտար, նախանձ ու ժլատ, անընկեր ու դավաճան, չար ու անսեր, լկտի ու անամոթ, լպիրշ ու սանձարցակ...
Մինչև ե՞րբ...

KiLa
11.03.2011, 21:21
Բարև սիրելիս... Երկար ժամանակ է չէի գրում: Ինչու՞: Չգիտեմ, երևի հիմա շատ ավելի լսել եմ ուզում քան ասել: Կամ ավելի ճիշտ լռել եմ ուզում:
Բայց այսօր խոսեցրին: Ավելի ճիշտ պայթեցրին, ճաքեցրին, ,,ավելի մեղմ՛՛՝ տրաքցրին: Ո՞վ: Կասեմ: Դու սերիալներ նայու՞մ ես: Եթե այո, ապա ,,Աննան՛՛ էլ նայելիս կլինես: Պատկերացնու՞մ ես, ականջակալները ականջներիս երաժշտություն էի լսում, բայց էլի չկարողացա անմասն մնալ այդ ,,սրտաշարժ՛՛, այդ ,,հոգեցունց՛՛ տեսարանից: Ինչ ,,լավ՛՛ ռեժիսոր է նկարում այդ սերիալը:
Պատկերացրու. երիտասարդ սիրահարներ, որոնք ենթարկվել են ավտովթարի: Ահավոր է: Տղան զոհվել է, իսկ աղջիկը՝, աստծո կամքով ողջ է մնացել: Ճիշտ է, նա էլ է տուժել, բայց կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ են: Նա հոգեբանական մեծ սթրես է ապրում: Մեղադրում է իրեն կատարվածի մեջ ու ցանկանում է ինքնասպան լինել: Ավելի սրտաճմլիկ ու տխուր իրավիճակ դժվար թե պակերացնես: Տրամաբանական է, որ սերիալը դիտողը պետք է կարեկցի աղջկան, պետք է հուզվի, որոշ մարդիք նաև արտասվեն կատարվածի համար...
Մի խոսքով պետք է զգանք աղջկա ապրումները ու մտնենք նրա դրության մեջ, ցավակցենք նրան: Բայց, արի ու տես, որ մեր այդ ռեժիսորը այնքան ,,տաղանդաշատ՛՛ է, այնքան ,,հանճարեղ՛՛, որ հասել է լրիվ հակառակ պատկերի: Ես ուղղակի ատելությամբ եմ լցվում դեպի տուժող աղջիկը, ոչ թե հուզվում, այլ բարկանում եմ նրա վրա: Այդ ոչ մարդկային ձայնով ու ձևով ,,իր վիշտը՛՛ տանող աղջիկը դառնում է ամբողջովին բացսական լիցքերով օժտված անձնավորություն: Եվ դա դեռ քիչ է, նույն կերպ ատելությամբ եմ լցվում՝ նրան՝, օգնելու ամենաանհաջող փորձերը անող Աննայի ու իր քույրիկի նկատմամբ: ,,Բա սա բաս է՛՛... Չգիտեմ: Մտածմունքների մեջ եմ ընկել: Կարո՞ղ է ես եմ այդքան անհոգի ու անխիղճ դարձել: Կարող է ե՛ս էլ չեմ կարողանում հուզվել դիմացինի վշտից... Ի՞նչ իմանամ: Գուցե և...
Առայժմ...

KiLa
20.03.2011, 23:50
Ու՞ր ես Երևան...

Ի՛մ, երբեմնի երազների ու երազանքների քաղաք...
Որոնումների, փնտրտումների, սիրելու ու սիրվելու, ինքնամոռացության աստիճան սիրահարվելու քաղաք...
Ու՞ր ես... Որտե՞ղ ես... Ու՞ր է այն հավատը, որը երբեք մենակ չէր թողնում քո քաղաքացիներին: Ու՞ր է այն սերը...
Մարդը մահանում է, շնչահեղձ է լինում, ջղաձգման նոպայի մեջ գալարվում ու թավալ է տալիս, ափ շպրտված ձկնիկի նման անօգնական բերանը բաց ու խուփ է անում... հայացքով հայցում է շրջապատի օգնությունը, աչքերով աղերսում է անց ու դարձ անող մարդկանց, որ օգնեն, բայց...
Որովհետև մի ոչ սովորական օր, մի ոչ սովորական ժամի, քո լքված ու խուլ արվարձաններից մեկում ծնվեց Անտերությունը:
Չգիտեմ որտեղից սնվեց, չգիտեմ ինչպես զորացավ, բայց ծնունդից ոչ շատ անց նա սողեսող հասավ ,,քռչի շուկա՛՛ու դարձավ վաճառվող ապրանք: Եվ վճառվեց...
Բոլորը գնեցին: Գնեցին որովհետև շատ էժան էր, որվհետև ուրիշ բան գնելու համար չկար բավարար քանակի գումար, որովհետև մի բան պե՞տք է գնեյին, թե՞ ոչ, որովհետև շատերը ,,մոդայի զոհերն՛՛ էին, իսկ Անտերությունը դարձավ այդ ,,մոդան՛՛... Որովհետև Անտերությունը նաև վարագ էր...
Հիմա Անտերությունն է վխտում քո ճոխ փողոցներով, այգիներով, տերով ու անտեր հրապարակներով... հիվանդանոցներում, դատարաններում, թատրոններում... ամենուր, ամենուր, ամենուր: Առանց բացառության...
Իսկ մարդը մեռավ գոհության ու թեթևության ժպիտը դեմքին քարացած, որը ծնվեց վերջին ակնթարթին, վերջին պահին, երբ եկավ այս Անտերությունը ընդմիշտ լքելու գիտակցումը, երբ հասկացավ, որ այլևս պետք չէ հայցել այդքան պետք օգնությունը...
Ու՞ր ես Երևան և ո՞վ է քո տերը...

KiLa
25.07.2011, 00:31
Ես կրկին քեզ մոտ եմ... ես վերադարձա: Շատ կուզեմ, որ էլ ստիպված չլինեմ լքել քեզ: Թեկուզ և շատ կարճ ժամանակով: Որովհետև առանց քեզ ես ես չեմ: Ես կորցնում եմ ինձ, կորցնում եմ սիրել-սիրվելու, տխրել ուրախանալու, գոհ կամ դժգոհ լինելու ունակությունը: Այսինքն կարելի է ասել դադարում եմ զգալ, կամ որ ավելի ճիշտ է, դադարում եմ լինել: Այնպես որ, իմ ,,Աստղազարդ թախիծ՛՛, դու ես իմ լինելու գրավականը, իմ կյանքի էներգիայի աղբյուրը, իմ ԳՈՅԱՊԱՅՄԱՆԸ... Եվ ես նորից պետք է սերտեմ քո այբուբենը, պետք է սովորեմ նորից վերծանել քո ,,նիշերն ու խազերը՛՛...

KiLa
26.07.2011, 20:18
........
Չեմ սիրել պլանավորել անելիքս ու երբեք չեմ էլ պլանավորել: Միակ բանը, որ անում եմ նախորոք պայմանավորված, դա կիրակնօրյա հաճախումներն են եկեղեցի ու պատարագի լսումներն են, որը չանելու դեպքում, ուղակի չգիտեմ թե ինձ հետ ինչ է կատարվում:
Երբեք աչքի չեմ ընկել ավելորդ սնահավատությամբ, բայց այս դեպքը այլ է: Ես ամբողջ շաբաթվա հավաքված չարը, որ ներսից ծվեն ծվեն է անում մարդու հոգին`, չեզոքացնում ու վռնդում եմ իմ ներսից: Եվ սա արդեն այնքան շոշափելի բնույթ է ստացել, որ կարծես նույնիսկ տեսնում եմ այդ ամբողջ պրոցեսը: Չգիտեմ ինչու? գրեցի դրա մասին...չգիտեմ...

KiLa
28.07.2011, 14:00
Երեկ նայում էի շանս ու մտածում... Մտածում էի կյանքում իրենց տեղը զոռով հաստատած երևույթների մասին: Թե այս կամ այն վատ, բոլորովին ոչ մեկի օգուտ չբերող երևույթը, ինչու՞ է սովորույթ դարձել: ինչպե՞ս է կարողացել իր տեղը հաստատել կյանքում, և դա այն դեպքում երբ շատ լավ բաներ, որոնք շատ են պետք մարդուն ու հասարակությանը, նույնիսկ կողմնակի աջակցության ու օգնության պայմաններում ոչնչանում են, նույնիսկ ամենապարզ պայմաններում չեն կարողանում գոյատևել... Ինչու՞... Երևի այն պարզ պատճառով, որ բնությունն ինքը, վատ ու անպետք բաներին օժտել է ինքնապաշտպանության մեծ պոտենցիալով, գոյատևման զարմանալի ունակությամբ: Ինչպես օրինակ մոլախոտը... դե արի ու ոչնչացրու այդ բուսատեսակը, որը ոչ մեկին պետք չէ, որը նույնիսկ անասունները չեն ուտում...
Եվ դրա միակ բացատրությունը ինձ թվում է պայմանավորված է երկրի վրա ստեղծված ամեն ինչի ապրելու պարզ իրավունքով: Աստծո ստեղծած ամեն ոք ունի այդ ապրելու իրավունքը: եվ եթե ինչ որ մի բանի չլինելը պայմանականորեն կարող է դուր գալ շատերին, ապա այն պետք է օժտված լինի այդ շատերին հակադրվելու համար անհրաժեշտ ուժով: Երևի սա է պատճառը, որ վատ ու անպետք բաների դեմ պայքարելը դժվար է, իսկ շատ ժամանակ նույնիսկ անօգուտ...
Չէ, սխալ չհասկանաք, շունս ոչ մի կապ չունի այս ամենի հետ: Այդ անմեղ կենդանին ապրում է իր գոյությունը ամբողջովին մեզ նվիրած ու դժվար թե մարդ արարածը կամենար աշխարհը տեսնել առանց շան: Ողակի մտածում էի նրա ներկայությամբ: Ու այս տարօրինակ մտքերից հետո, անմիջապես այցելեց մի ուրիշ հետքրքիր միտք, արդեն կապված ժան ու մարդու հետ.
սկսեցի մտածել, թե որքան նման է այսօրվա մեր կյանքը նույն այդ շների կյանքին: Այսինքն հոգնակի չխոսեմ, գուցե դրանով վիրավորեմ որոշ մարդկանց, որոնք երբեք էլ չեն կարծում թե իրենց կյանքը նման է շան կյանքին: Բայց իմ կյանքը շատ է նման այս անմեղ կենդանու կյանքին: Մտքծում եմ, որ ես էլ այսօր ճիշտ նրա նման, մի փորեհացի համար ,,պոչ եմ խաղացնում՛՛ կամ ,,հաչում՛՛, մեկին ատամ եմ ցույց տալիս, իսկ մեկ ուրիշի ,,ձեռքերն ու ոտքերն եմ լիզում՛՛: Պետք է՝ ,,պոչս ցից եմ անում ու զիլ հաչում՛՛, պետք է՝, ,,նույն պոչս ետևս եմ տանում՛՛ ու դողդողալով ներում հայցում...
Չե՞ք կարծում, որ եթե ոչ բոլորս, ապա գոնե մարդկանց մի զգալի մասը այսօր ապրում է հենց այդպես: Սարսափելի է, հասկանու՞մ եք... Մեր ու շների միջև ընկած այդ հսկայական անդունդը, գենետիկական այդ հսկա անջրպետը, և վերջ ի վերջո բանականության առկայությունը մի՞թե պետք է թույլ տար որ մեր ,,կյանքն ու կենցաղը՛՛ այդքան նմանվեին իրար: Եվ սա դեռ ամբողջը չէ... Կա էլ վատթարը, որի մասին իրոք որ չեմ ուզում խոսել.. Կա այն ,,շնություն՛՛ կոչվածը... Թյու՜... Ավելի լավ է լռեմ... Ավելի լավ է, էլ չնայեմ շանս, թե չէ այդ անմեղ կենդանին կարող տուժել...Կարող եմ նրա դեմ չարանալ ու... զրկել այդ օրահացից:

KiLa
04.08.2011, 19:44
Շուրջս կուլ չգնացող դառնություն է: Դեղձի կորիզի նման. անտանելի տտիպ ու դառը: Ամենուր, ամենուր, ամենուր... Որտեղ լինում ես զգում ես այդ դառնությունը: Այնպես, որ քիչ է մնում դեմքդ ծռմռես: Եվ դա դեռ քիչ է, սարսափելի շատ ցավ, վիշտ, կսկիծ... Ու՞ր փախչեմ, ու՞ր գնամ... Ներսս այրվում է, ներսս կրակ է, բոց... հրդեհ է, որն սպառնում է լափլիզել սիրտս ու հոգիս: Ի՞նչ անեմ, ու՞ր փախնեմ, գլուխս ո՞ր ,,ծակը՛՛ մտցնեմ աստված իմ... Այսքան շատ ցա՞վ...
,,Շան որդին՛՛ գերազանցել է ինքն իրեն, իսկական ,,բարձր մակարդակի՛՛ է կատարել իր աշխատանքը: Շատ է ջանացել... ու լցրել է աշխարհը սրբապղծությամբ, շնությամբ, անխղճությամբ, անաստվածությամբ, խաբեությամբ ու ստով: Ամեն քայլափոխի տեսնում ես սրանց զոհերին. ծեծված, ոտնահարված, բռնաբարված, ազատազրկված, դժբախտացած ու... որ ամենավատն է՝ հանձնավծ ու հուսալքված: Պատրաստ նորից ու նորից ծեծվելու, ոտնահարվելու, ազատազրկվելու, բռնաբարվելու ու... շարունակելու իրենց՝ ոչնչից, ոչ մի բանով չտարբերվող գոյությունը:
Տուր, ,,շուն շան որդի՛՛, տուր ինձ քո եղունգների տակ հավաքված ,,մոռացումի թույնը՛՛... Սուր-սուր եղունգներովդ քորիր դեռ չփակված վերքերս ու մաղթիր ինձ ,,բարի գիշեր՛՛... Գթա ինձ, դարձիր իմ վերջին դայակը, բուժքույրը, գթության քույրը, իմ փրկիչը: Փրկիր ինձ հենց քո տված ցավից, խնդրում եմ... մաղթիր ինձ ,,բարի գիշեր՛՛...

KiLa
11.08.2011, 13:40
********* *******
Ահավոր է... ուր մի գնա նույն ,,անկեղծությունն՛՛ ու նույն ,,սրտամոտ՛՛ վերաբերմունքն է: Էս ի՞նչ լավն ենք, ի՞նչ բարի ենք, օրինակելի... մի խոսքով՝ կատարյալ: Ոչ մի երկրում այսքան ,,սրտացավություն՛՛ ու այսքան ,,մտահոգվածություն՛՛ դեպի սովորական քաղաքացին՝ չկա, գոյություն չունի: Մենք միակն ենք... Չգիտեմ միայն թե դրա համար ու՞մ հայտնեմ շնորհակալությունս, ու՞մ հետ կիսեմ իմ անսահման ,,գոհությունս՛՛, որ սիրտս ,,ուրախությունից՛՛ հանկարծ չպայթի: Ախար այսքան ,,լավը՛՛ լինելն էլ բանի նման չէ:
Մտնում ես շուկա ու տեսնում, թե ինչպե՞ս են քեզ բոլորովին անծանոթ մարդիք, ,,անկեղծորեն՛՛ ցանկանում, որ քեզ ավելի լավ միրգը ավելի էժան գնով վաճառեն: Ինչու՞: Որովհետև... Դե արի ու մի վիրավորվիր: Մարդիք քեզ ,,լավություն՛՛ են ուզում անել, իսկ դու հարցնում ես. ,,ինչու՞ ՛՛:
Միայն շուկան չէ: Բոլոր բնագավառներում այս նույն ,,սրտացավ՛՛ ու ,,հարազատավարի՛՛ վերաբերմունքն է: Բոլորը ուզում են ,,լավություն՛՛ անել, ուզում են ,,օնել" քեզ: Բժիշկը տեսնելով քո ,,ծայրահեղ բարդ՛՛ վիճակը, խորհուրդ է տալիս անհապաղ վիրահատել ձեր այս կամ այն օրգանը, չմոռանալով նշել, որ ինքը ցանկանում է քեզ ,,լավություն՛՛ անել: Նույն կերպ իր ,,լավությունն՛՛ է առաջարկում քեզ հարկային տեսուչը, ,,լուսի ու գազի մարդը՛՛, ոստիկանը, անշարժ գույքի գործակալը, ,,ժեկի պետը՛՛ և էլի շատ շատերը...

KiLa
05.09.2011, 15:27
Հեռախոսի զանգը արդեն որերրորդ անգամ է հնչում, իսկ ես նույնիսկ տեղիցս էլ չեմ շարժվում...
Միևնույնն է: Ով է զանգում, ինչու է զանգում, ինչի համար է զանգում...
Ամենացավալին կյանքում, երբ մարդ դադարում է սպասել: Երբ նա դադարում է հուսալ, դադարում է հավատալ, տխրել ու ուրախանալ... Այսինքն ասել է, թե դադարում է ապրել: Հետաքրքիր չէ՞ արդյոք: Պարզվում է մեր կյանքը միայն սպասում է, հավատ և հույս: Ուրիշ ոչինչ չկա: Դրա համար էլ երբ սրսնք դադարում են գոյություն ունենալ, մարդը դադարում է ապրել:
Ուրեմն կյանքում ավելի կարևոր է սպասել քան հանդիպելը, ավելի լավ է հավատալ քան տեսնելը, հուսալ՝ քան հասնելը... հակառակ դեպքում՝, շատ արագ համակում է մարդուն ձանձրույթն ու տանում նրան դեպի վերոնշյալ ,,միևնույնը՛՛: Ու մարդ նորից սկսում է... չ՝ապրել:
Վատ երազ եմ տեսել... վատ մարդկանց եմ լսել... վատ տեղեր եմ հասել... իսկ թե ավելի կարճ՝ ուղեղս եմ վնասել... մարդիք ինձ մի լսեք, կարդացեք ու անցեք...

KiLa
08.09.2011, 23:35
Հոգնել եմ... Շա՜տ եմ հոգնել... Այնքան եմ հոգնել, որ նույնիսկ չգիտեմ, թե այսքան հնարավոր է հոգնել...
Ձեռքերս մնացել են կախված: Ոտքերս նվում են, մինչև անգամ քայլելու մասին մտածելիս: Աչքերս փակ վիճակում էլ են արտասվում, ուր մնաց թե բացվեյին: Իսկ սիրտս, այս սիրտս, որ իր տրոփյունով բազում անգամներ է վկայել ինձ ի՛մ առայժմ մեռած չլինելս, հիմա հուսահատ ու ընկճված ,,ընդհատակ՛՛ է անցել: Ու ես երկար եմ ականջ դնում, որ լսեմ գոնե նրա խուլ թակոցները, բայց իզուր: Հոգնել է...
Ուզում եմ պատրաստվել վերջին ճակատամարտին, վերջին բախմանը, որտեղ ես վերջ ի վերջո կգտնեմ իմ երկար սպսած հանգիստը, բայց...
ուժ չկա... հոգնել եմ: Ու չգիտեմ դեռ ինչքա՞ն պիտի այսպես ուժահատ ընկած մնամ գոյության ու չգոյության սահմանի վրա...

KiLa
22.09.2011, 02:10
Երբեմն նախանձում եմ, շա՜տ եմ նախանձում նրանց, ովքեր կարողանում են չմտածել... կամ...ուղակի չեն կարողանում մտածել:
Անհամաեմատ ավելի հեշտ են ապրում... շա՜տ հեշտ են ապրում: Ասելիքս կհասկանան նրանք, ովքեր իրոք հոգնել են իրենց անօգուտ այս ու այն պատին զարկելուց, անիմաստ միջոցառումներ ձեռնարկելուց ու զուր տեղը ,,ճակատով պատին հարվածելուց՛՛... Այո՜... Նրանք շատ լավ կհասկանան: Բայց ...
Տեսնում եմ կարծես ,,նրանց՛՛, այն մյուսների դեմքերը. սուտ տագնապով ու անհահգստությամբ լի, զարմացական, դժգոհ... ,,Նրանք դեմ են: Ինչպե՞ս կարելի է չմտածել, այդպես չի լինի: Չէ՞ որ մենք մարդ ենք, բանական էակ ենք...
Չեն հոգնել, չեն տքնել, չեն ստեղծել... հետևաբար և չեն հիասթափվել: Հենց նրանց եմ նախանձում... Շա՜տ եմ նախանձում...

KiLa
20.01.2012, 21:50
Ես չար չեմ... հավատացեք, որ հենց այնպես չեմ ասում... իրոք չար չեմ ու ինքս եմ համոզվել դրանում:
Երբ ինչ որ բան չես ընդունում, չես հավատում, բնականաբար զայրույթով ու չարությամբ ես լցվում նրանց հանդեպ, ովքեր հավատում են...
Իսկ ես չեմ չարանում: Հաստատ չեմ չարանում, բայց...
Այ օրինակ, կորցրել եմ հավատս, հույսս, թե երբևէ ինչ որ բան պետք է դեպի լավը գնա: Չեմ հավատում այն ,,պայծառ ապագային՛՛, չեմ հավատում մեր երկրի զարգացմանը, տրված խոստումներին, մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը, չեմ հավատում թե ,,ձախ՛՛ թե աջ ,,էսեռներին՛՛, ոչ Սերժին, ոչ Ռոբերտին, ոչ Լևոնին... և վերջ ի վերջո չեմ հավատում, որ մեր հայ մարդը, մի գեղեցիկ օր հարգելու է իր երկիրը, իր ժողովրդին, իր երկրի օրենքներն ու կարգ-կանոնը: Բայց բոլորովին չարությամբ չեմ լցվում նրանց հանդեպ, ովքեր հավատում են և լցված են անսահման հավատով, որ մոտ ապագայում ամեն ինչ իր տեղն է ընկնելու:
Չեմ չարանում, բայց անարդար կլինի չասելը, որ սիրտս կտոր-կտոր է լինում, լացս գալիս է, մեղավորության զգացողության պես մի բան եմ ունենում, որը անընդհատ ճնշում է ինձ: Ինչու՞... Թվում է ես էլ իմ մեղքի բաժինը ունեմ նրանց խաբված լինելու մեջ...

KiLa
22.01.2012, 00:02
Արդյո՞ք մեզ բավական է երկու աչքը...
Բավարարում է այն մեզ ամեն ինչ տեսնելու համար: Շատերի կարծիքով՝ այո: Ես էլ էի այդպես մտածում:
Բայց վերջերս, չգիտեմ ինչու, սկսեցի մտածել երրորդ աչքի մասին: Եվ գիտեք ինչու՞...
Որովհետև երկու աչքով մենք կարողանում ենք տեսնել ամեն-ամեն ինչ, բայց ոչ ինքներս մեզ:
Մարդուն՝, ինքն իրեն տեսնելու ու ճանաչելու համար, անհրաժեշտ է երրորդ աչք...
Եվ իմ խնդրանքն է աստծուն, որ նա հնարավորինս շատերին շնորհի այդ երրորդ աչքը...

KiLa
03.02.2012, 00:10
Պարգև՞, թե՞...

Ծանր է օդը, ծանր է լույսը... Ծանր է անգամ այն փոքրիկ շողը, որն առավոտյան, վարագույրի ետևից թափանցում է իմ ննջասենյակ ու ավետում առավոտը...
Ծանր է նաև այդ առավոտը, որն ճանկռելով ստիպում է ինձ, դժկամորեն դեն նետել վրայիցս վերմակը, ու նստելով անկողնուս փնտրել գուլպաներս: Ծանր է ջուրը, որով ամեն առավոտ շփում եմ երեսս ու խաբում ինձ, թե արդեն լվացվել եմ: Շատ ավելի ծանր է առավոտին հաջորդող օրը, նրա հոգնած աղմուկը, ալարկոտ եռ ու զեռը, մարդկանց խռոված քայլերը, որոնք բոլորն կարծես տանելիս լինեն կառափնարան...Ծանր են մարդկանց ոչինչ չասող հայացքները, որոնցից ոչ մեկ կարծես չի գնահատում ևս մեկ օր ապրելու իր հնարավորությունը: Ծանր է...
Շատերի կարծիքով, մեզ տրված կյանքը պարգև է: Նույնիսկ այս ծանր քայլող մարդկանց զգալի մասն է այդպես մտածում, կամ այդպես են ասում... Չգիտեմ...Բայց ծանր է նաև այդ ,,պարգևը՛՛: Ու երևի դրանից է, որ շատ հաճախ հոգնեցնում է: Այնպես է հոգնեցնում, որ ոմանք ինքնակամ հրաժարվում են այդ պարգևից, դեն են շպրտում, ազատվում ծանրությունից...Մի մասն էլ ցանկանում է, բայց վախենում է՝, մտածելով, որ իր այդ քայլով կվիրավորի ,,Նրան", ով տվել է մեզ այդ ,,պարգևը՛՛: ՆԱ մեզ չի ների... Սա է պատճառը, որ շատերը չկարողանալով քարշ տալ այդ պարգևը, միևնույնն է, դեն չեն շպրտում:
Բայց ես չեմ ուզել այդ պարգևը, ես չեմ խնդրել այն իմ վզով փաթաթել ու դեռ հետևել, որ դեն չնետեմ: Անարդար չէ՞...
Գուցե բոլորովին էլ պարգև չի, պատիժ է, որն իրոք դեն նետելու իրավունք չունես: Որովհետև այն քո պատիժն է, քո մեղքի քավությունը... Եվ դու պարտավոր ես տանել այնքան ժամանակ, որքան որոշված է: Հասկացա՞ք...
Պարգևը չի կարող պատժի հատկանիշներ ունենալ, հակառակ դեպքում դա պարգև չի: Հասկացա՞ք... Եվ հենց այստեղ, այս հարցի մեջ էլ թաքնված է ողջ ,,ծանրության կենտրոնը՛՛...
Ծանր է օդը... ջուրը... հացը... կյանքը...

KiLa
05.02.2012, 15:05
Հիշողության սարսափներ...

Դժվարանում եմ նորից ետ նայել... վերհիշել...
Չէ, սխալ չհասկանաս: Ես այդքան էլ հիմար չեմ, որ ինձ շարունակ տանջեմ այն հարցով՝, թե ինչու՞ հենց ինձ հետ, կամ ինչու՞ նորից ես... Բոլորովին: Պետք է պատահեր և պատահեց: Այդպես էր նախանշված...
Ու չկան այստեղ մեղավորներ, չկան իրական պատճառներ, դրդապատճառներ և այլն... Փաստը այն է, որ ես նորից գտնվում եմ մի տեղում, ուր արդեն եղել եմ... նույնիսկ մի քանի անգամ.
Նորից տանջանք, նորից տառապանք, նորից փախչելու փորձ, նորից պատիժ, բազուն վերքեր, վիրավորանքներ, հուսալքություն, նորից կործանման սպառնալիք, վերջի անխուսափելիություն ու... նորից, փրկությու՞ն, ներու՞մ, հու՞յս, շարունակությու՞ն... չգիտեմ...
Նորից ընդմիջում, դադար, հարաբերական անդորր, սպասում... Այս անգամ էլ կարծես փրկվեցի: Բայց ինչու՞: Որ նորից իմ շուրջը նայելով տեսնեմ այն՝ ինչը հասցրել էր ինձ անէության... Ու հետո նորից կրկնվի այն ինչ, ինչ եղավ... Եթե այդպես է, ապա ինչի՞ս էր պետք այս փրկությունը... Չգիտեմ:
Դադար է, լուռ է, անդորր, սպասում...և վախ այդ սպասման մեջ: Որովհետև չգիտեմ թե ինչի՞ եմ սպասում, ի՞նչ է լինելու:
Խնդրում եմ տեր իմ աստված, միայն ոչ այն ինչ արդեն եղել է...

KiLa
06.02.2012, 14:39
Հեռուստացույց չեմ նայում, բոյկոտել եմ: Արդեն կորցրել եմ հույսս թե սրանք երբևէ կկարողանան մի կարգին հաղորդում հեռարձակել:
Բոլորը ձևական, շինծու, անտաղանդ, տափակ... Բա էդ մեկը մեկին հաջորդող ,,փսիխոթրիլեր՛՛ սերիալները, որոնք նայելիս, ամենակայուն ներվեր ունեցող մարդը անգամ դուրս է գալիս համբերությունից: Թաքուն խոստովանեմ, որ դրանք դիտելը ինձ համար ամենամեծ տանջանքն է:
Եթե գերի ընկնեմ ու թշնամուն պետք լինի տեղեկություն իմանալ ինձանից, ես կդիմանամ ամեն տեսակ կտտանքների ու տանջանքների, բայց այ, եթե ստիպեն ինձ դիտել մեր սերիալներից որևէ մեկը, այդ ժամանակ. ներիր ինձ իմ թանկ հայրենիք, հազիվ թե մի երկու ժամ ձգեմ... Դե լավ, սա ուրիշ թեմա է, ու սրա մասին չէր, որ ուզում էի պատմել: Կինս միացրել էր հեռուստացույցը, և ես խոհանոցից մի բան լսեցի, որը շատ տխրեցրեց ինձ ու մտատանջությունների մեջ գցեց: Ասում եմ էլի, պետք չէ հեռուստացույց դիտել, որտեղից ինչ որ մեկը, խոսում էր մեր հայ ժողովրդի պատմության ու մշակույթի մասին: Ընդ որում խոսում էր հպարտ ու ինքն իրենից շատ գոհ: Այն կեցվածքով, որով հաճախ մեր ազգի ,,քաջ զավակներից՛՛ ոմանք հայտարարում են. ,,մենք որ թատրոն էինք նայում, մնացածները ծառերի վրա էին...՛՛, կամ ,, մեր ծովից ծով Հայաստանը...՛՛... Այս մեկն էլ, խոսում էր մեր ազգի մի այնպիսի հատկանիշից, որը սկզբից բարկացրեց, բայց հետո, ինձ գցեց խորը դեպրեսիայիմեջ: Վկայում էր, որ մեր հայ ժողովուրդը բոլոր դարերում, իր պատմության բոլոր ժամանակաշրջաններում, առաջնայինն է համարել ուսումը, արվեստը, գիտությունը... ինչպես նաև մեծ հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել իր ուսյալ զավակներին, իր ,,ուսումնական՛՛ մարդկանց: Որ հայը միշտ, թե զենքից և թե հարստությունից բարձր է դասել հոգևոր գանձը, հոգևոր հարստությունը... Առը հա քեզ... Ճիշտ նշանակետին...
Սուտ է, չեմ հավատում: Որքան էլ ցավալի է, ես չեմ հանդիպել պատմական մի դարաշրջանի, երբ Հայաստանում ուսյալ ու խելացի մարդիք հարգվեյին ըստ արժանավույնս: Այդ կողմից մենք այն բացառիկ ժողովուրդներից ենք, որ երբեք փողն ու իշխանությունը չենք փոխել գիտության ու հոգևոր գանձերի հետ: Անհատներ եղել են միշտ և նրանք կան այսօր էլ, բայց ամբողջ հասարակության մասշտաբով՝, երբեք:
Թե հույները, թե հռոմեացիք, չնշեմ բոլորին, ունեցել են պատմական գոնե մի լայն շրջան, որտեղ փիլիսոփաները, գիտնականները կամ ուսյալ մարդիք վայելել են թե մեծերի և թե հասարակ ժողովրդի հարգանքը: Շատ դեպքերում նրանք դրամական հանգանակություն են ստացել թագավորի, կամ պետության կողմից: Նայենք մեր Մոսես Խորենացուն. Միայն նրա Սմբատ Բագրատունուն ուղղված տողերից, պարզ երևում է, որ այն ժամանակ էլ չի գնահատվել խելացի ու գրագետ մարդը, ինչպես նաև նրա ներկայացրած գիտությունը:
Ցավալի է, բայց փաստ. Միշտ էլ հայը հարգել է դիմացինին նրա ունեցած հարստությամբ: Եվ միշտ էլ, ինչպես այսօր, գրագետ, թեկուզ գիտնական մեկը, որը զուրկ է եղել դրամական միջոցներից, հասարակության լայն խավերի կողմից դիտվել է, որպես. ,,կարդացած հիմար՛՛, ,,գրագետ էշ՛՛, ,,յանը տարած՛՛, ,,խփո՛՛ ու էլի նման որակավորումների... Շուրջներդ նայեք. մի ,,հաջողակ՛՛ օլիգարխ, այսօր հազար գիտնականի հարգանք է վայելում, իսկ այդ գիտնականը, որը չի կարողանում գոնե իր ընտանիքի պարզ կարիքները հոգալ, ստիպված սողում է այդ օլիգարխի ոտքերի տակ: Ահա դարավոր ճշմարտությունը, ահա մեր ազգի վերաբերմունքը իր համար ճգնող ու իրեն աշխարհին ներկայացնող մարդկանց նկատմամբ: Մի ամաչեք, ձայնով լացեք, գոռացեք, արտասվեք... Որովհետև հենց այստեղ է թաքնված մեր մեծ դժբախտությունը. մեր բիշտը, մեր ցավը, մեր հոգսը, մեր բռնաբարված երազը, մեր աղավաղված պատմությունը, տրորված ինքնասիրությունը, կոտրված ինքնությունը, խարխլված հայրենասիրությունը, խռոված հավատը, անարձագանք երկինքը, պարտված հոգին, կաղացող խիղճը, ինչպես նաև օտար ափերի զրնգուն կանչը... Ոռնացեք...

KiLa
11.02.2012, 20:00
,,Ես գործ ունեմ Մարդու,
Ոչ թե ամեն տեսակ
Նրա արարքի հետ...՛՛ Պ. Սևակ

Աստված իմ, այսպես իրոք կարելի է խելագարվել... Այսքան իրար նման ու իրարից տարբեր...
Չգիտեմ ինչ անենք, չգիտեմ, ոնց անենք...
Ընկեր, բարեկամ, մերձավո՜ր... եթե դուք ամեն մեկդ յուրովի եք խելագարվում, ապա մարդ աստծո, ինչու՞ դրա իրավունքը մենք էլ չունենք...
Թողեք մենք էլ ,,մեր յուղով տապակվենք էլի՛՛, չի՞ լինի ինչ է...

KiLa
14.02.2012, 09:53
Խղճի խամաճիկը

Երբևիցե մտածել եք խղճի մասին...Այն ունենալը լա՜վ է , նրա գոյությունը բարի է, գործը՝ միշտ արդար... Նրա առկայությունը տարբերանշան է մարդ-կենդանի համեմատության մեջ...
Լինել խամաճի՛կ, լավ չի, խելոք չի, առողջ չի... Արդար էլ չի...
Լինել խղճի խամաճիկը՝, լավ է, բայց ոչ քեզ համար, բարի է, միայն թե շրջապատի համար, արդար է թույլերի համար...

KiLa
14.02.2012, 19:26
Հիմարություն... Ինքս էլ եմ հասկանում, որ արածս հիմարություն է, բայց անում եմ: Միայն թե, աստված սիրեք, չսկսեք նորից առաջ ընկնել ինձանից ու ,,խելոք՛՛ հայացքով հանդիմանել... ընտրելով միմիկաների փոփոխության այն խմբավորումը, որը կնշանակի՝ թե դուք ամեն ինչ վաղուց գիտեյիք ու բազմիցս ասել եք այդ մասին:
–-Ես ասում էի, չէ՞...
Չես պատկերացնի սիրելիս, թե ո՞նց եմ բարկանում... ո՞նց եմ գազազում, երբ լսում եմ այդ ,,ես ասում էի կամ ես գիտեյի-ն...
Ոչ մեկդ էլ ինձ ոչինչ չէր ասել, որովհետև ոչ մեկդ էլ ոչինչ չգիտեր...
Իսկ ես գիտեյի: Գիտեյի ավելին: Գիտեյի, որ արածս հիմարություն է, և որ վերջում կանգնելու եմ դատարկ ու ձեռնունայն: Կախելու եմ գլուխս ինքս իմ առաջ ու... Գիտեյի, բայց չկարողացա չանել...
Ի՞նչ հետաքրքիր է մարդը: Ավելի ճիշտ, իմ նման կիսախելագար մարդը, որը հասկանալով թողնում է ոսկին ու ձեռքը կրակին է տանում: Դա դեռ քիչ է, այրված ձեռքը կրակից հանում է ու սառը ջրի մեջ դնելու փոխարեն, մտցնում է եռացրած ջրի մեջ: Ինչու՞...
Որովհետև հիմարի մեկն է ու վերջ:

KiLa
20.02.2012, 16:08
Արդարություն... Արդարադատություն... Արդարամտություն... և էլի սրանց մոտիկ ու հեռու բարեկամներ...
Բոլոր ժամանակներում սրանք դասվել են ամենաշատ օգտագործվող բառերի շարքին: Իսկ վերջին հարյուրամյակում, ուղակի անցել են բոլոր հնարավոր սահմանները, արժանանալով մյուս բոլոր բառերի արդար խանդին, բարի նախանձին, չարությանը, թշնամությանը... Հարց է առաջանում. ,,Ինչու՞...՛՛:
Նախ ասեմ, որ վերոնշյալ բառերի ,,ցեղախմբին՛՛ են պատկանում նաև անկաշառ, անաչառ, անբասիր, անկողմնակալ...,,ու մնցծ.՛՛ ՝, ես կասեյի՝, մումիա-ացած իմաստներ արտահայտող բառերը, որոնք հենց այսօր արդեն կարող են հանդես գալ ,,հնցծ՛՛բացատրականով: Եվ բառերի այս ցեղախմբակը, հիմնականում օգտագործվում է մի բնագավառում, որը մենք՝, ելնելով ստեղծված իրավիճակից՝, շուտափույթ կերպով պետք է բարձրացնենք գիտության մակարդակի: Եթե իհարկե չենք ուզում, որ այդ բառերի ներքո հասկացվող իմաստա-երևույթային համակարգը նույնպես թաղվի փոշու մեջ, կամ լավագույն դեպքում ,,մումիա-անա՛՛: Ավելի լավ է մոռացվեն ու այլևս բացարձակ չօգտագործվեն այդ բառերը: Ես այդ գիտությունը կանվանեյի Արդարաբանություն : Իսկ հիմա վերադառնանք մեր ,,ինչուին՛՛:
Իմ մասնակի կարծիքով, այդ երևույթների պակասն ու թերացումն է պատճառը, որ մենք այդքան շատ ենք անդրադառնում այդ բառերին: Պատկերացրեք բացարձակ առողջ ու արդար հասարակություն, որտեղ անընդհատ խոսում են դատավորի արդար դատելուց կամ պաշտոնյայի անկաշառ լինելուց: Աբսուրդ է չէ՞: Ուրեմն հետևություն. բառերի հաճախ օգտագործումը կարող է շատ վատ ազդել նրա իմաստի վրա...
Մի մտածեք, մի օգտագործեք, մի փնտրեք... ժամանակի զուր վատնում է: Ընդունեք հակառակը: Աշխարհը չպետք է լինի բարի, կյանքը չպետք է լինի արդար, դատարանը՝ արդարադատ, մարդը՝ արդարամիտ, պաշտոնյան՝ անկաշառ...
Աշխարհը կա այնպիսի՛ն, ինչպիսին եղել է... կյանքը գնում է, ուր որ տանում ենք... մարդը այն է, ինչ որ տեսնում ենք...
Պարզ, հասրակ, հասկանալի:

KiLa
02.03.2012, 19:59
Մենք ապրում ենք համատարած ստի ու խաբեության մեջ... Համատարած... կեղտի մեջ...
Ինչ որ չափով նախանձում եմ նրանց, ովքեր դա չեն տեսնում, ովքեր միամտորեն երբեմն հայտարարում են, որ իմ նմանները ուղակի հոռետես են...
Երկրի հանցավոր վարչակազմը, ժողովրդի չարիքն է, նրա վատ երազը, մղձավանջը: Սրանք են պատճառը, որ այս երկրում հնարավոր չի դառնում ստի մեկուսացումը: Էլ չեմ ասում, որ ամեն լավ ու ճիշտ քայլ կարող է մեկնաբանվել որպես ազգի ու երկրի դավաճանություն...
Մոտեցան այս յուրահատուկ օրերը: Սկսվեց ստի ու չարիքի քարոզարշավը: Այս խառտառակությունը...
Չե՞ք տեսնում... ամեն օր թմրաբիզնեսի նոր ու նոր դեպքերի բացահայտում, մեկ կգ, երկու կգ, նույնիսկ յոթ ու ութ: Կարելի է մտածել թե դրանք հենց երեկ սկսեցին զբաղվել այդ գործով ու ... ի դժբախտություն իրենց, շատ լավ է աշխատում մեր ոստիկանությունը, բռնվեցին:
Եթե մենք բոլորս տեսնեյինք, թե ինչով կամ ումով ենք շրջապատված, ապա մեզանից շատերը կխելագարվեյին...
Սա ես չեմ ասել, բայց ես տեսնում եմ այն ինչ ինկատի է ունեցել այս մասին ասողը: Եվ երևի ճիշտ է, որ ոչ բոլորին է բաժին ընկել այդ տեսնելու փորձությունը...
Մենք տեսնում ենք ընդամենը լավ հագնված, շքեղ ավտոմեքենաներով ու ,,ախռանայով՛՛ տեղաշարժվող մարդիք, որոնք երբեմն նույնիսկ կարողանում են գեղեցիկ խոսել ու ճառեր ասել: Կարող ենք նրանց ընդամենը հավատալ կամ ոչ, կարող ենք ընդունել չնդունել, սիրել կամ ...ատել, բայց միայն ու միայն որպես մարդ... Բայց հավատացնում եմ, որ դրանք մարդ չեն: դրանք գազանների մեզ ոչ հայտնի տեսակների պատկանող նմուշներ են... Դրանք մարդկային կերպարանքի մեջ թաքնված հրեշներ են...
Մեր փրկությունը միայն աստված է...

KiLa
07.03.2012, 09:46
Ուղեղս ուզում է պատրել գլուխս ու դուրս պրծնել...
Միտքս անընդհատ փորձեր է անում գնալ հեռու-հեռու, այնքան հեռու, որտեղ չեն լինի այս մեղքերի շարան դարձած առօրեական հոգսերը: Որտեղ մի կտոր հաց ուտելու համար ստիպված չես լինի խաբել ճշմարտությանը կամ ընկերանալ սատանայի հետ: Որտեղ չի լինի էլ այս ,,ստամոքս՛՛ կոչված դավաճանը, որտեղ չի լինի ոչինի, և դու վերջ ի վերջո կունենաս այն երազված հնարավորությունը՝ անէանալ հանգստի ու անդորրի մեջ, գումարվել անկշռությանը, տարալուծվել ջերմ ճառագայթներին, հալվել օդի մեջ ու... առավոտյան շաղի հետ ձուլվելով հայտնվել ծաղկի հրաշք թերթիկներին... իսկ հետո, գուցե և ներծծվել հողի մեջ, կամ հենց առաջին շողերի հետ նորից ցնդել ու անհետանալ... բացառելով մարդու հետ հանդիպման ամեն հնարավորություն...

KiLa
20.03.2012, 16:48
Բարև ձեզ... ձեզ բոլորիդ, ովքեր հասկանում են, որ ,,բարևը՛՛ ոչ մեկին ոչնչի չի պարտավորեցնում, և որ ուրիշին բարև ասելը, կամ բարին կամենալը, չի նշանակում, որ դու արդեն այդ ,,բարին՛՛ տվեցիր նրան, ու մտածել արդեն, թե ինչպես տվածիդ համարժեք մի բան ետ ստանալ... որպեսզի ամեն ինչ ,,ճիշտ լինի՛՛, այսինքն՝ ,,փոխադարձ՛՛: Կոպիտ ասած չեմ ուզում բարևել մարդկանց, ովքեր մտածում են, թե նույնիսկ բարևն է փողով: Ասածս չափազանցություն չհամարեք, քանի որ՝, ի դժբախտություն մեզ բոլորիս՝, մեր շուրջը քիչ չեն մարդիք, որոնք հենց այդպես էլ մտածում են: Պարզվում է, որ ես բավականին մեծ պարտք ունեմ կուտակված իմ հարևանին, որը արդեն մի քանի տարի է, ամեն առավոտ ինձ բարի լույս է ցանկանում, իսկ ես այնքան ապերախտ ու ,,անաղ ու հաց՛՛ մարդ եմ դուրս եկել, որ ոչնչով նրան չեմ հատուցել:
Աբսու՞րդ է, թե՞ օրինաչափություն...Շատերը կշտապեն փաստել, որ դա ընդամենը աբսուրդ է, բայց... խնդրում եմ չշտապել ու խորը մտածել:
Հետևելով խորհրդիս, գիտեմ, որ հիմա արդեն ոչ բոլորը կշտապեն ասել, որ դա աբսուրդ է: Հիմա արդեն շատերը կպնդեն, որ դա օրինաչափություն է...
Կներես սիրելիս, ստիպված եմ հրաժեշտ տալ քեզ և հուսալ, որ մենք անպայման կունենանք ժամանակ այս մասին խոսելու... Առայժմ:

KiLa
05.04.2012, 16:25
Խոսում են, հոսում են, բառում են, ճառում են, գոռում են...
Լսում ես, մտածում... փորձում ես հասկանալ... փորձում ես մի քանի տարբերակնե՛ր, ու էլի չես հասկանում: Չէ, վերջում հասկանում ես...
Հասկանում ես, որ հանդիպել ես հերթական անբանին, հերթական տգետին, ով մտածում է, թե շատ խոսելու մեջ է թաքնված իմաստուն երևալու գաղտնիքը...
Խոսում են այնպիսի բաներից, որոնց վրա գլուխ են կոտրել բոլոր ժամանակների մեծամեծերը, ողջ աշխարհի գիտակցության սերուցքը կազմող հսկաները, ,,ամենա-ամենաները՛՛... ու նորից վերջնական պատասխանը չեն գտել, կամ չեն ասել որ գտել են:
Իսկ սրանք, այս նորօրյա ,,գիտունները՛՛, երկու գիրք կարդալուն պես վեր են թռչում տեղներից ու գոռում. ,,Էվրիկա՛՛: Մեկը պատմում է, թե որտեղից ենք մենք եկել, մյուսը՝ ուր ենք գնում, երրորդը՝ ինչպես պետք է գնանք... Խոսում են բարձր, արագ, առանց շունչ առնելու՝, որ ինչ որ մեկը հանկարծ չհասցնի ընդհատել իրենց... Էլ չեմ ասում, որ ընդհատողը կարող է արժանանալ նրանց ինքնատիպ ,,քաջալերմանը՛՛...
Աշխարհի սկզբի, աստծո, վերջի... ու նման բարդ թեմաների մասին շատախոսում են մարդիք, ովքեր շատ քիչ բան գիտեն դրանց մասին: Իսկ ովքեր շատ գիտեն, լռում ու մեկուսանում են մարդկանցից: Ինչու՞...Իմ կարծիքով, այդ շատախոսները՝, սպանում են նրանց մեջ՝ մարդկանց կողմից հասկացվելու իրենց վերջին հույսը:
Խնդրեմ, ինչ որ մեկը վեր է կացել ու հայտարարում է, որ ինքը տեսել է տիրոջը... և որ այդ ,,տերը՛՛ բոլորովին էլ նման չէ արդեն երկու հազար տարի գոյություն ունեցող մեր Տիրոջը: Ոչ տեսքով, ոչ էլ նրա պատգամներով: Ամբողջ այս ընթացքում չի եղել մեկը, ով կհասկանար դա: Դե, ասեք ուրախանա՞նք նոր տիրոջ գալստի համար, թե՞ տխրենք, որ այսքան երկար խաբված ենք եղել: Եվ այդ մեկը, շա՜տ է զարմանում, երբ ինչ որ մի հայ քրիստոնյա կասկածանքով է նայում իր նոր ուսմունքին ու նոր ,,տիրոջը՛՛: Թող ների ինձ աստված, բայց ես չեմ հավատում: Եվ նրան պետք է մեկ անգամ էլ իր զավակին երկիր ուղարկի հաստատելու համար իր այս նոր կերպարը...
Ամեն տեսակ գործերն էլ կարող են ոգեշնչվել ինչպես աստծո, այնպես էլ չար ուժի կողմից: Եթե հիմա դուք ոգեշնչվում եք անել մի բան, որը հակասում է մինչ հիմա գոյություն ունեցող եկեղեցական դրույթներին, ինչու՞ սիրելիներս, մի անգամից կասկածի տակ դնել երկու հազարամյակ գույություն ունեցողը, բայց չմտածել, որ ձեր այս նոր գործի ոգեշնչողը ինքը սատանան է… Ինչու՞... Ինչու՞ եք հակված մտածելու, որ ձեզ հնարավոր չէ խաբել, որ դուք սատանայից էլ խելոք եք: Մտածիր մարդ... մտածիր: Սատանան միշտ էլ խաբել է քեզ, հիմա էլ խաբում է քեզ ու միշտ էլ կխաբի, եթե դու անգամ փոքրիկ կասկած ունես քո հավատի ու տիրոջ նկատմամբ...
Ինձ կներեք սիրելիներս, ես չպետք է այս մասին խոսեի, որովհետև սա իմ ասելիքը չէր: Բայց ինչպես տեսնում եմ ուրիշ ասող չկա, որը շատ-շատ է անհանգստացնում ինձ... Մի՞ թե այսքան անտարբեր ենք դարձել...

KiLa
08.04.2012, 04:26
Ո՞վ եմ ես... չէ, քեզ չեմ հարցնում: Ես հարցնում եմ ինքս ինձ. ո՞վ եմ ես...Հարցնում եմ ու միայն այս հարցից հետո հասկանում, որ չունեմ պատասխանը: Չ-գի-տեմ...
Շա՞տ բան է արդյոք հարկավոր մարդու՛ն, հասկանալու համար թե ո՞վ է ինքը... Այո: Ես կասեի շա՜տ-շատ...
Երբեմն մարդկանց թվում է, թե ամեն մարդ էլ քաջ գիտի իր ով լինելը: Գիտի թե ինքը ինչ է ուզում, ումից և ինչու: Սակայն հավատացնում եմ ձեզ, որ դա այդպես չէ: Միայն միամիտներին դա կարող է այդպես թվալ: Մարդը, միշտ իր առջև ունի սեփական ես-ը ճանաչելու խնդիր:
Եվ շատերին է, որ երկար տարիներ են պետք վերջնականապես իրեն ճանաչելու համար: Իսկ երբեմն էլ, մի ամբողջ կյանք:
Ինչու այսքան երկա՞ր. Կասեմ: Որովհետև մենք միշտ խաբում ենք ինքներս մեզ ու դրանով հարցը համարում փակված: Այ եթե չլիներ այս ինքնախաբեությունը, գուցե մենք կսկսեինք ավելի շուտ ուղղվել, ձերբազատվել մեր ունեցած թերություններից ու արատներից:
Մենք բոլորս լավն ենք ու բարի: Մենք ամեն ինչում ճիշտ ենք ու անսխալ: Եթե չար բան ենք արել, ապա միայն ստիպված կամ ՝ ի պատասխան մեր դեմ արվածի: Եթե սխալ ենք գործել, ապա միայն մեկ ուրիշի դրդմամաբ կամ այդ ուրիշի մեղավորության պատճառով:
Ինչու՞ հենց սկզբից չխոստովանենք, որ լավը չենք, որ ճիշտ ուղու վրա չենք, որ մեր արածը այդքան էլ կապված չէ ուրիշի հետ, որ մեր սխալը միայն մերն է: Ասենք առանց վախենալու: Գոնե ինքներս մեզ չխաբենք:
Ես լավ մարդ չեմ... Ես ուզել եմ լինել լավը: Ես այդքան էլ բարի չեմ, բայց կուզեի լինել այդպիսին: Ես ոչինչ չեմ արել երազելուց բացի: Ճիշտ է, իմ երազներում ես շատ լավն ու բարի եմ, բոլորին հասնող, օգնող, կամեցող... Բայց ո՞վ եմ իրականում... Չգիտեմ, կմտածեմ:
Եվ կխնդրեի դուք էլ ինձ հետ մտածեիք. Ո՞վ եք դուք իրականում...

KiLa
10.04.2012, 16:18
Ո՞վ եմ ես իրականում...
Ցավով ուզում եմ խոստովանել, որ բոլորովին էլ այնպիսին չեմ ինչպիսին ինձ թվացել եմ: Ես իմ աչքին միշտ լավ ու բարի մարդ եմ երևացել: Մարդկանց օգնող, նրանց նեղությանը հասնող, արդարության համար կռվող, թույլերին պաշտպան և այլն... Բայց երբ մտածեցի և ուզեցի կոնկրետ այդպիսի մի դեպք հիշել, տեսա, որ դրանք կամ չկան, կամ՝ կան շատ անցյալում, մանկության ու պատանեկության տարիներին: Ցավալի է, բայց փաստ: Ու այս սխալ կարծիքը, որ ես ունեմ իմ մասին, ձևավորվել է իմ մանկության ու պատանության տարիներից: Այսինքն ես այդպիսին եմ եղել մինչև երիտասարդ տարիներս, իսկ նրանից հետո՛, տեղի է ունեցել ահավորը. կյանքը իր դաժան օրենքներով, իր չոր ու չար աքսիոմներով, հաղթել ու ծնկի է բերել ինձ: Իմ ունեցած բարությունից, մարդկանց օգնելու պատրաստակամությունից, արդարությանը սատար կանգնելու վճռականությունից միայն քաղցր հուշեր են մնացել ու ուրիշ ոչինչ: Ռուսների ասած. ,,это было давно и неправдой...՛՛:
Փաստորեն իմ մասին ունեցած կարծիքը այնպիսին է, ինչպիսին ես կուզենայի լինել: Դա իմ երազանքն էր, որը այդպես էլ մնաց անկատար:
Ուստի կուզեի կոչ անել մարդկանց, առավելևս երիտասարդներին, որ չկատարեն իմ սխալը, որ ավելի հետևողական լինեն իրենց երազանքի, ցանկության ու նպատակի հետ:
Որպես գաղտնիք ասեմ, որ հենց ինքս, իմ համեստ հնարավորություններով, կատարել եմ մի փոքրիկ տեստ, վերը բերվածի առնչությամբ: Ինձ հանդիպած մարդկանց գրեթե յոթանասուն և նույնիսկ ավել տոկոսը, իրեն ճիշտ բնութագրում է այնպիսին, ինչպիսին ինքը քիչ թե շատ եղել է պատանության տարիներին, կամ՝ ուղակի ցանկացել է լինել այդպիսին...
Հետևությունները թողնում եմ ձեզ:

KiLa
11.04.2012, 17:20
Ամեն օրվա նման վեր եմ կացել քնից ու չեմ ուզում շորորս հագնել: Չեմ ուզում, որովհետև ոչինչ չունեմ անելու: Ոչ աշխարհին նոր ցավ ունեմ տալու, ոչ էլ՝ նրա հին ցավերից գոնե մեկը բուժելու: Ոչ կարող եմ մեկին օգնել, ոչ էլ հույս ունեմ, թե մեկը ինձ կոգնի: Ուրեմն էլ ինչու՞ եմ վեր կենում: Իմ վիճակում ամենաճիշտը քնելն է. ու քնել ինչքան հնարավոր է շատ, անվերջ, մի ողջ հավիտենականություն...
Մտքեր են... հիմար ու խելոք, կարճ ու երկար, սովորական ու անսովոր, համ օգնող համ խանգարող... Մտքեր ու մտքեր...
Որտեղի՞ց են գալիս, ինչպե՞ս են ծնվում, ինչու՞ են ծնվում... Չգիտեմ:
Մի կերպ դեն գցելով վերմակը, նստում եմ անկողնուս մեջ ու խռովածի պես ,,Հայր մերը՛՛-ը ասում: Խռովա՞ծ: Լավ նկատեցի, այո խռոված: Հետաքրքիր չէ՞, աստծուց խռովել եմ, բայց էլի աղոթում եմ: Ինչու՞: Որ չմտածեմ: Աղոթելը օգնում է չմտածել, հեռու վանել այդ ոչ մի բանի պետք չեկող մտքերը: Աղոթում եմ. ավելի ճիշտ գրեթե մեխանիկորեն կրկնում եմ ,,Հայր մեր՛՛-ը: Մեկ անգամ, երկու, երեք, չորս... Ինչ լավ կլիներ, որ ես կարողանայի մինջև կյանքիս վերջին վարկյանը այպես նստել անկողնուս վրա ու ,,հայր մերը՛՛ ասել: Ոչ ուտել, ոչ խմել ու ոչ էլ ստիպված լինել տեսնելու թե ո՞նց են ապրում մյուսները: Տառապու՞մ են, թե՞... Ըհը՜... տեսնում ես, չէ՞: Նույնիսկ աղոթելիս էլ այս մտքերը հանգիստ չեն տալիս: Չեմ էլ հասկանում, թե երբ եմ ընդհատում աղոթքս ու տրվում նորից այդ պրովակացիոն մտքերին: Խնդրեմ , հիմա էլ մտածում եմ, թե ինչու՞ մենք իրավունք չունենք նստել մի տեղ ու ոչնչի չխառնվելով աղոթքին նվիրել մեր ամբողջ կյանքը: Չէ՞ որ հենց դա կլիներ ազատ կամքի իրավունքը: Եվ սուտ չէ՞ արդյոք, որ աստված մեզ տվել է այդ ազատ կամքի իրավունքը: Ոչ: Ոչ...Ու կրկին անգամ ոչ: Մենք չունենք այդ իրավունքը ու վերջ: Միջնադարում սրանք կորակվեին որպես հերետիկական մտքեր ու ինձ կայրեին խարույկի վրա: Բայց մի՞թե այդպես չէ:Թո՛ղ, մի՛ մտածիր, հեռու վանիր այդ մտքերը... ,,հայր մեր, որ երկինս ես...՛՛ Նորից մեկ, երկու, երեք...

KiLa
21.04.2012, 23:16
Նորից սկսվեց...

Նորից սկսվեց այս զարհուրելի ,,շոուն'', այս ամոթալի դիմակահանդեսը, այս վատ դերասանի թատրունը... ես կասեի`, սեփական հետույքը աշխարհին ի ցույց դնելու խայտառակ իրողությունը: Նորից ընկան դռնեդուռ ու սկսեցին ,,ձայն'' մուրալ: Գետինը մտնեք ավելի լավ չէ?...
Բոլորի միակ ցանկությունն է. ըստ իրենց առաջադրած ծրագրի հարստահարել ու թալանել ժողովրդին: Ներկա իշխանությունը դա լավ չի անում, պետք է իրենք գան ու ցույց տան, թե ինչպես են դա անում...Թյու ձեր մարդ ասողի:
Բա դրանց լարած տիկնիկները, դրանց խամաճիկները, զինվորներն ու պահակները... Ուղեղները հատած շնամարդուկների պես իրենց ,,տիրոջ'' գովքն են երգում ու փորձվի մեկը իրականությանը մոտ մի բան ասի. Կապից կտրված շան նման վրա են պրծնում ու... թե տղա ես դիմացիր:
Այն, ինչ իրեն հարգող յուրաքանչյուր երկրում ամոթ է, մեզ մոտ գլուխ գովելու ու հպարտանալու առիթ է: Ու դեռ ավելին, նախընտրական քարոզարշավի համար էլ շատ պետք ասելիքներ: Նորմալ երկրում ողորմություն տալն ու առաջարկելը շատ վիրավորական է: Այդ առաջարկողին`, ամենամեղմը կարող են թքել ու մրել... իսկ մեր երկրում, այս համբակները այնքան են անխելք, որ դա ներկայացնում են, որպես ազգանվեր գործ, որպես բարեգործություն: Դե արի ու ապրիր այս`, ,,ոռն ու գլուխը'' խառնված երկրում: Արի ու այս ներքին օրգաններով մտածող կենդանիներին բան հասկացրու, բացատրիր, որ մարդու համար շատ վիրավորական է ողորմություն ստանալը, որ յուրաքանչյուր մարդ պետք է հնարավորություն ունենա ինքը վաստակելու իր հացը, ոչ թե դա ստանա իրեն թալանողից ու փառք տա աստծուն, որ այդ թալանողը մի քիչ բարի գտնվեց:
Հիշեմ մեծն Թումանյանին. ,,Է~, մի խոսեցնի, աստված սիրես, թե չէ մի ղաչաղ կդառնամ ես էլ...''

KiLa
25.04.2012, 21:58
Զանգի ձայն եմ լսում. մոտենում եմ, բացում դուռը: Հասկանում եմ ովքեր են, այսինքն չեմ հասկանում, կռահում եմ թե ինչ պետք է հարցնեն. ,,Ու՞մ եք ընտրելու...՛՛: Չեմ թողնում, որ հարցնեն: Մեղք են չէ՛, քանի՞ անգամ են այդ նույն հարցը տալիս, մեր մերձավորներն են: Պետք է ըմբռնումով մոտենալ...
Նաելով աչքերի մեջ ասում եմ. ,,ոչ մեկի, ինչպես նաև ոչ մի կուսակցության... Ես բոյկոտում եմ այս ընտրությունները՛՛:
Մտածում եմ վերջացրի, ուզում եմ դուռը փակել: Մեկ էլ նրանցից մեկը հարցնում է.
– Բայց կարո՞ղ ենք մի երկու հարց տալ...
– Ոչ... այսինքն չարժե, ես կպատասխանեմ. որովհետև, առաջին. չեմ տեսնում այսօր այն անհատին կամ կուսակցությունը, որը ձգտում է իշխանության ինչ որ բան ժողովրդի օգտին անելու նպատակով, և երկրորդ. չեմ հավատում, որ մենք ենք ընտրելու: Ամեն ինչ արդեն որոշված է: Ինքներդ մտածեք. այսօրվա մեր ունեցած երկրում, դուք իշխանությունը կտաք ուրիշի, եթե քաջ գիտեք, որ նորորը ձեր կաշին քերելու են… և որ ամենակարևորն է. այդ ,,նորերից՛՛ ոչ մեկն էլ ձեզանից բարոյական ու ազնիվ չէ...