PDA

Դիտել ողջ տարբերակը : Գերմանական դիտարկումներ



ivy
29.04.2010, 21:00
Գերմանացիների ու նրանց ապրելակարեպի մասին ահագին դիտարկումներ ունեմ, որոնք էլ կտեղադրեմ էս թեմայում: Հուսով եմ` հետաքրքիր կլինի կարդալ:
Ովքեր ունեն էս թեմայի վերաբերյալ լրացումներ, անհամաձայնություններ, վրդովմունքներ կամ պարզապես մեկնաբանություններ, սիրով համեցեք: :)


"Getting along with the Germans"

Շատ վաղուց, երբ նոր էի եկել Գերմանիա, մի գիրք էի կարդում, որը կոչվում էր "Getting along with the Germans": Գրված էր առավել քան 25 տարի առաջ, ու բնութագրված էին գերմանացիները` ամերիկացու աչքերով: Ու գրված է, թե ինչեր է պետք իմանալ` նրանց մեջ ապրել կարողանալու համար: Մի երկու օր առաջ գրապահարանս էի քանդրտում, նորից գտա էդ գիրքը: Հիմա թերթում եմ ու մտածում, որ 25 տարվա մեջ էս գերմանացիները առանձնապես չեն փոխվել: Դուրս եմ գրում մի քանի արտահայտություն էդ գրքից.

"In every German there's a hidden policeman."
:))
Էնքան ճիշտ է: Իրենք սովորաբար քաղաքացու հագուստով են, բայց ամենուր են, ու ամեն մեկը կարող է զամացնել քեզ` հանկարծ մոտենալով, ցույց տալով իր ոստիկանական նշանը ու խնդրելով ներկայացնել անձը վկայող փաստաթուղթը կամ եթե տրանսպորտում ես` տոմսդ: Ու էլի նման բաներ: Նույն կերպ էլ երթևեկությունն են հսկում, սովորական մեքենաներով անցնում են ու տեսագրում խախտումները: Երբեք չգիտես` իրենք որտեղ են: Էնպես որ զգուշացիր` ցանկացած գերմանացի կարող է թաքնված ոստիկան լինել:

"Dogs are welcome in all public eating establishments."
Դե շները մի առանձին պատմություն է գերմանացիների մոտ: Ընդհանրապես, էստեղ շների պաշտամունք է: Երեխա ունենալ անպայման չի, բայց շուն ունենալը պարտադիր է: Գժվում են շների համար: Ու շների իրավունքներն էլ շատ լավ պաշտպանված են էստեղ` ոչ պակաս, քան մարդկանց իրավունքները: Խանութներում, կաֆեներում, ռեստորաններում, ուր գնաս, կողքդ շներ են նստած: Ու պիտի զգույշ անցնես, որ հանկարծ թավամազի պոչը չտրորես, թե չէ դա հաստատ դատական գործ է: :)

"Blowing your nose at the table is acceptable."
Հա, նենց էլ մի փնչացնում են, մեկ-մեկ թվում է` ուղեղները կծակվի: Թե ինչն են տենց մաքրում րոպեն մեկ, մարդ չգիտի: Ու ամեն տեղ` ուզում է քար լոռւթյամբ դասխոսություն լինի, ուզում է` բարձրաճաշակ ռեստորոն, քիթ մաքրելը սուրբ գործ է: Բայց, կարծում եմ, սա միայն գերմանացիների մոտ չի, ընդհանրապես` արևմտյան երկրներում ընդունելի բան է: Մի քիչ զարմացել էի, որ ամերիկացի հեղինակը կպել էր դրան: Գուցե ամերիկացիների մոտ ամենուր ընդունելի է, բացի սեղանի շուրջ գտնվելի՞ս: :hmmm

"Coffee shops open at 8:30 am, long after you have gone to work . They close early, so if you want a cup after the show, forget it."
Չէ, բացվելը հիմա շուտ են բացվում, բայց դե փակվելը... Ամեն ինչն է արագ փակվում: Երեկոյան ժամը 8-ին բոլոր կպակներն ու խանութները փակվում են: Շաբաթ օրը մինչև 2-ը կամ 4-ն են բաց: Կիրակի ու տոն օրերին, եթե տանը հաց չունես, սոված մնացիր:
Բայց միշտ էլ կա փրկություն, էս դեպքում` թուրքական թաղամասերը: ;)

"Of the 595,000 bags of potato chips delivered daily to grocery stores, not one single bag contains plain salted chips. However, 594,999 bags contain "paprika-flavored" potato chips. One bag contains cheesies, delivered by mistake."
:))
Էստեղ որ փնտրես, բիբարի համով անգամ պաղպաղակ կգտնես: Շատ դժվար է առանց հատուկ համերի ինչ-որ մթերք ճարելը. մեծ մասն էլ հենց պապրիկայի համով է: Շատ են սիրում իրենց էդ բիբարը: :) Ճիշտը որ ասեմ` ես էլ եմ սիրում. չհաշված սոխը` միակ բանջարեղենն է, որ էստեղ ուտելու բան է: Երևի իրենք էլ են նկատել դա, ինչ կա չկա, մեջը պապրիկա են ավելացնում, համովացնում են: :))

"German children are taught to be correct."
Գերմանացիս էրեխեքը բանիմաց են ու էնքան համոզված իրենց դատողությունների մեջ, որ մեկ-մեկ նախանձում եմ: Դրա համար էլ մանկուց շատ ինքուրույն են: Երբ մսուրում օգնության կարիք եմ զգում, հանգիստ կարող եմ մանկապարտեզի ցանկացած ճտի բերել, նենց կօգնի, ինձնից լավ կանի գործը, դեռ մի բան էլ ինձ կսովորեցնի: Երբ նոր էի ընդունվել աշխատանքի, էրեխեքից էի շատ բանը հարցնում, իրենք ճշգրտորեն գիտեն բոլոր կանոնները, ինչպեսներն ու ինչքանները և պատրաստ են նպաստել նրան, որ շուրջն ամեն ինչ անսխալ լինի:
Բա որ մեկ-մեկ նստում են զուգարանում, ինձ կնաչում մոտները ու սկսում կյանք սվորացնել.
- Զիմե (գերմաներենում բառի առաջին ս-ն սովորաբար զ է արտասանվում), վա՞յզ դու վաս (գիտե՞ս, թե ինչ)...
Ու եթե անգամ բացարձակ խելառություն են ասում, էնքան համոզվածությամբ են ներկայացնում քեզ իրենց տեսակետը, որ երբեմն չես էլ կասկածում, որ ճիշտ են:
Ընդհանրապես, էդ 5 տարեկանները ապշեցնում են իրենց հասունությամբ, հատկապես երբ համեմատում եմ էդ տարիքի Հայաստանում ապրող էրեխու հետ:
Բայց դե գրքի ամերիկացի հեղինակը, էս արտահայտությունը գրելով, ավելի շատ գերմանական դոգմատիզմը նկատի ուներ, որը արմատավորվում է նրանց մոտ` սկսած մանկությունից: Եսիմ... համոզված չեմ. գերմանացիները սիրում են հետևել կանոներին, նորմերին, իսկ վիճաբանությունների մեջ էլ իրենց կարծիքը լավ հիմնավորմամբ ու համոզվածությամբ են ներկայացնում, բայց նրանց մտածելակերպը դոգմատիկ չէի անվանի, ոչ էլ էգո-խնդիրներ կխառնեի էստեղ:
Ահա, թե ինչ է գրված գրքում.
"Despite my love for discussion in Germany, it is generally poorly structured, and thus aimless and frustraiting. Part of this is due to a lack of interrogatory skills but the real problem is the ego trip. Dogmatism is installed into Germans at an early age.
A conditioned reflex among Germans is the "Ja, aber!" (այո, բայց) jaw-jerk reaction to any given statement. It's either yes or no, please don't give me that 'ja, aber' routine!"
Հիմա էստեղից ո՞վ էր ավելի դոգմատիկը:

"Learn to eat twice as much."
Շատ են ուտում, կա էդպիսի բան: Երևի դրա համար էլ էդքան մեծոտ են: :)) Խոշոր են, բայց ճարպակալում գրեթե չկա: Իհարկե, էստեղ տեսնում եմ ահռելի քաշի մարդիկ, բայց դրանք սովորաբա ամերիկացիներ են լինում: ;) Գերմանացիները շատ սպորտային ու շարժուն են: Մանկուց սկսած` մի հազար ձևի սպորտով են զբաղվում, էնքան էլ հնարավորություններ կան էստեղ: Հեչ էլ որ չլինի, վազելը միշտ կա ու կա: Ամառ, թե ձմեռ, բուք, թե բորան, կարկուտ, թե սառույց, միշտ փողոցում վազող մարդիկ կան: Իրենց սպարտային տրիկոներով վազում են ու վազում: Հեծանիվ քշելն էլ մյուս կողմից: Երբեմն թվում է` հեծանվարշավ է, էնքան շատ են: Էնպես որ, թող ուտեն, անուշ լինի: :) Իսկ եթե դու ուտելուց հետո նստելու ես կոմպիդ դիմաց, հեչ էլ պետք չի, որ հետևես հեղինակի խորհդին: :)

ivy
29.04.2010, 21:02
Գերմանական ժեստեր

Երևի հայտնի բան է, որ ամեն երկիր ունի մարմնի իր սեփական լեզուն: Ժեստերը, որոնք սովորաբար օգտագործվում են քո մշակույթում, կարող են լրիվ ուրիշ բան նշանակել այլ մշակույթում կամ ընդհանրապես անհասկանալի մնալ, նույն կերպ էլ, այն ժեստերը, որոնք օգտագործում են այլազգիները, կարող են սխալ մեկնաբանվել քո կողմից:
Գերմանացիներն էլ, իհարկե, ունեն ժեստեր, որոնք միայն իրենցն են: Լավն այն է, որ այդ ժեստերը համեմատաբար քիչ են. գերմանացիների մարմնի լեզուն շատ համեստ է, ժեստիկուլիացիան էլ չափավոր: Նույնիսկ ժպիտը առանց լուրջ պատճառի չի լինում: :) Իսկ հենց այնպես ժպտացողները կամ ընկալվում են` որպես ծալապակաս, կամ որպես օտարերկրացի, կամ էլ երկուսն իրար հետ: :))
Առաջին անհասկանալի ժեստը, որ նկատեցի էստեղ գալուն պես, դա ձեռքի ափը դեմքի դիմաց թափահարելն էր: Հետո հասկացա, որ դա նշանակում է` խելքդ գցե՞լ ես: Մի բան, որը մենք ցույց ենք տալիս` մատը քունքի մոտ պտտեցնելով: Դիմացինի անխելքությունը ցույց տվող մեկ այլ ժեստ է նաև ցուցամատով սեփական ճակատը ցույց տալը, հաճախ երկու անգամ են կրկնում այդ ժեստը. բավական կոպիտ ու վիրավորական նշան է:
OK ցույց տվող նշանը էստեղ չեն օգտագործում, իսկ եթե հանկարծ որոշես օգտագործել այն, ապա դիմացինդ կարող է մտածել, թե իրեն "asshole" ես անվանում կամ գեյ: ;)
Մեջտեղի մատ տնկելը էստեղ էլ կա, բայց սովորաբար բացի երթևեկության մեջ իրար վրա զայրացած վարորդների անլեզու շփումից ուրիշ դեպքերում չես տեսնի էդ ժեստի կիրառումը:
Եթե որոշես բութդ տնկել` իբր թե մի բան դուրդ եկել է, դա ընդամենը կհասկացվի` որպես մեկ թիվ: Եթե մեկ-ը ցույց տալու համար մենք սովորաբար ցուցամատն ենք բարձրացնում, ապա գերմանացիները տնկում են բութը:
Հետո էստեղ հաճախ են մատներով չակերտներ ցույց տալիս, որի համար մենք` հայերս, հատուկ ժեստ չունենք, ուղղակի խոսքին ենք էնպիսի ինտոնացիա տալիս, որ հասկացվի` ոչ թե բառիս բուն իմաստով, այլ չակերտավոր: Իսկ չակերտները ցույց տալու համար էստեղ երկու ձեռքերի ցուցամատն ու միշնամատը տնկում են և մի քանի անգամ ծալում, բացում: Ասենք կասին էս նախադասությունը.
- Տեսանք նրա «պալատը», մի փոքրիկ բնակարան էր իրականում:
Ու «պալատ» բառն արտասանելու ժամանակ մատներով ցույց կտան չակերտը: Թեև կարծում եմ էդ չակերտը զուտ գերմանական չի, երևի արևմտյան երկրներում հայտնի ժեստ է:
Բացի ժեստերից էստեղ կարևոր է իմանալ, որ մարդկանց անձնական տարածքը ավելի լայն է, քան ասենք Հայաստանում: Մարդուն մոտ կանգնելը հեչ լավ բան չի, կարող են անգամ նկատողություն անել: Ինձ հետ չի պատահել, որովհետև իմ անձնական տարածքն իրենցինից մի բան էլ ավել է, բայց դե գիտեմ, որ նման դեպքեր պատահում են: ;)

ivy
02.05.2010, 11:34
Գերմանական կատակներ

Կամ ինչի վրա են ծիծաղում գերմանացիները: :)

Նախ, էստեղ անեկդոտներ չեն պատմում` ի տարբերություն Հայաստանի: :)
Ընդհանրապես, իրար ծիծաղեցնելու երևույթը էստեղ էդքան էլ տարածված չի: ;) Ընկերական հավաքույթների ժամանակ երբեմն պատմում են ինչ-որ կուրիոզ դեպքեր իրենց կյանքից, որոնք համարվում են զվարճանքի գագաթնակետը, բայց ես սովորաբար ծիծաղում եմ, որովհետև ուրախանում եմ, որ վերջապես դադարեցին խոսել մեքենաների, աշխատանքի և քաղաքականության մասին:

Հեռուստատեսությամբ կան երգիծական հաղորդումներ:
Մի հաղոդում կա, երկու չաղլիկներ են վարում` մի կին ու մի տղամարդ: Հետաքրքիր է, որ երգիծական հաղորդումների համար գերմանացիները հաճախ են ընտրում աչք ծակող ավելորդ քաշով մարդկանց:
Էդ հաղորդման մեջ ցույց են տալիս ընտանեկան չստացված վիդեոներ, հիմնականում` ոնց են մարդիկ ընկնում, ջարդուփշուր լինում տարբեր իրավիճակներում: Ինձ միշտ հետաքրիքր է, թե ինչ է լինում հետո, որովհետև հաջորդ կադրը իմ աչքին միշտ շտապօգնության մեքենան է: Ու դա հեչ ծիծաղելի չի, ախր կարգին վնասվում են...
Էդ հաղորդման չաղլիկները տեսանյությութերից առաջ երբեմն իրար հետ կատակներ են անում: Օրինակ` կինը հարցնում է.
- Ես ի՞նչ կենդանու եմ նման:
Տղամարդը.
- Եղնիկի:
- Ճիշտն ասա...
- Երկու եղնիկի:
Ի դեպ, էս կատակն ինձ դուր էր եկել: :))

Ուրիշ զվարճալի հաղորդումներ էլ կան: Մեկը կոչվում է «Չարաճճի աղջիկները»: Թաքնված տեսախցիկի տարբերակներից է: Երեք աղջիկներ, մեկը` ահռելի չափերի, մարդկանց հիմար վիճակներում են գցում, հետո բացատրում, որ թաքնված տեսախցիկ էր:

Մի հաղորդում էլ կա, շատ զվարճալի դեմքով մի կին է վարում, ընդհանրապես էստեղ երգիծանքը հիմնականում կանանց ձեռքին է` ի տարբերություն Հայաստանի ու նախկին սովետական երկրների:
Հա վերադառնանք, էդ կնոջ հաղորդմանը: Ուրեմն էս կինը տարբեր իրավիճակներով փոքրիկ, մի երեք րոպեանոց ֆիլմեր է սարքում, որոնք իրար հետևից ցույց են տալիս: Ինչն եմ սիրում էդ հաղորդման մեջ, դա էն է, որ էդ կնոջը մի կես ժամվա մեջ մի տասը կերպարների մեջ տենում ես` տարբեր հագուկապով ու դիմահարդարմամբ:
Ու կերպարները ամեն հաղորդման մեջ կրկնվում են` ուրիշ իրավիճակներում: Դրանցից մեկը մի պեդոֆիլ ուսուցչուհի է` միշտ հագնված ոնց-որ բուռն գիշեր խոստացող սիրային հանդիպումից առաջ: Ու էս ուսուցչուհին ամեն դասի ժամանակ տարբեր բաներ է խոսում ու անում ավագ դասարանի տղաների հետ` էքստազի մեջ ընկնելով: Դե էդ ընթացքում էլ հա նվաստացնում է դասարանի աղջիկներին` որպես հակառակորդների:
Մյուս կերպարը գեղեցկության մասնագետ մի պրտված կին է` դրած ծիծիկներով ու տուտուզով, որը միշտ ինչ-որ հյուրեր ունի իր մոտ, որոնց անվանում է ուռոդներ և փորձում սիրունացնել: Ասենք կոպերի ու հոնքերի վրա շպիլկաներ է կպցնում, որ աչքերը վերև ձգվեն, մի շպիլկա էլ ներքևի շրթունքին է կպցնում, որ կախվի, մեծ երևա: Հետո ինքը միշտ նամակներ է ստանում, որոնցից մեկում ասենք գրված է.
- Մի՞թե դուք կարծում, որ Գերմանիայում միայն ուռոդ կանայք են:
Պատասխանում է.
- Սիրելի հեռուստադիտող, իհարկե ոչ, ես կարծում եմ, որ Գերմանիայում նաև ուռոդ տղամարդիկ են:

Եթերում չկա սուր հումոր, ոչ էլ քաղաքական կծոցներով կատակներ: Ամբողջ զվարճանքը կենցաղային մակարդակի վրա է` մեծամասնությամբ միջսեռային հարաբերությունների շուրջը պպտվող: Ու սեքսի հետ կապված էլ են շատ կատակներ անում: Բացի ղզղնած ուսուցչուհուց, ասենք կարելի է տեսնել վիբրատորով կնոջ, որի սարքը ամենահետաքրքիր պահին փչանում է, ու ինքը շատ արագ տղամարդ է գտնում` իր սիրելի սարքին ժամանակավոր փոխարինող:
Կամ էլ կինը նստած է հոգեբանի մոտ ու Ռորշախի թեստ է անցնում. տարբեր թանաքային նկարներ է նայում ու ասում, թե ինչ է մեջը տեսնում: Բոլոր նկարներին նույն պատասխանն է տալիս.
- Պենիս:
Կես ժամ անց հոգեբանի ֆազերը քցում են, սա շալվարը հանում է.
- Իսկ էստե՞ղ ինչ եք տեսնում:
- Փոքրիկ պիպիսկա:
Ու սա դեռ պատմության վերջը չի: Հոգեբանը, համբերությունը հատած, Ռորշախի թեստի նկարները գցում է իր դարակի մեջ ու ասում.
- Տիկին, դուք սեռական խանգարում ունեք:
Կինը պատասխանում է.
- Էսքան պենիսի նկար Դուք եք պահում դարակում, դեռ խանգարվածը ե՞ս եմ:

ivy
03.06.2010, 14:17
Սուպերսթար

Երբ Հայաստանում էի, «Հայ Սուպերսթարի» սիրահար էի, հիմա էլ երբ Երևան եմ գնում, նայում եմ աչքի տակով: Ընդհանրապես, մրցույթների հանդեպ խիստ անտարբեր չեմ, հատկապես նրանք եմ սիրում, որոնք երկարատև են և ամեն անգամ մեկը դուրս է մնում: Մրցույթից դուրս` էդ մարդիկ ինձ հետաքրքիր չեն, բայց հենց խաղի ժամանակ համ կոգևորվեմ հետները, համ հոնգուր-հոնգուր լաց կլինեմ:
Գերմանիայում էլ արդեն երրորդ տարին է հետևում եմ էստեղի DSDS-ին` "Deutschland sucht den Superstar":
Ու ահա էն նմանությունները և տարբերությունները, որոնք նկատել եմ DSDS-ի և «Հայ Սուպերսթարի» միջև:

Նախ, գերմանական սուպերսթարը, ինչպես և հայկականը, մեծ մասսայականություն է վայելում ու հավեսով նայվող շոու է: Գերմանականը, ինչ խոսք, տեխնիկապես շատ ավելի լավ է կազմակերպված: Ավելի պրոֆեսիոնալ է ընթացքը. ասենք ոչ ոք չի ասի դուրս մնացած մասնակցին.
- Վերջին անգամ երգել չես կարող, որովհետև քո երգի մինուսը չունենք էս պահին:
:))
Շոուն անթերի է: Հետո լիքը աշխատանք է արվում ամեն մի եթերը ցուցադրելուց առաջ: Լիքը հետաքրքրքիր անիմացիներ են մտցնում, խոխմ բաներ: Ասենք` նախընտրական փուլում եթե մեկը գալիս ու ճվճվոցը քցում է աշխարհով մեկ, ցույց են տալիս` ոնց է շուրջը ամեն ինչ փլվում ձայնի հզորությունից: Կամ ոնց է ժյուրիի ականջներից ծուխ դուրս գալիս, ու նման հետաքրքիր բաներ են ավելացնում, որ նայելը շատ կայֆ է դառնում:

Ընդհանրապես մասնակիցների մասին շատ տեսանյութեր են սարքում` իրենց հետբեմային կյանքին վերաբերվող, որոնք երբեմն զվարճալի են, երբեմն էմոցիոնալ ու տրագիկ: Ընթացքում էլ տարբեր պսոո մրցույթներ ունեն, ասենք` ով էր ամենաանտաղանդ մասնակիցը, ով հայտնվել էր նախընտրական փուլում: Նենց խփնված դեմքեր կան. Հայաստանաը, փառք Աստծո, զուրկ է էդպիսի գժերից: :))

Մասնակիցներին նախընտրական փուլումլավ-լավ տեղեր են տանում` ասենք Հավայան կղզիներ, որտեղ բոլորը երգում են ծովափին լողազգեստներով: ;)

Ժյուրին էստեղ շատ ավելի խիստ է, քան Հայաստանում: Ինչ ասես` չեն ասում մասնակիցներին.
- Դու` քաք, երգածդ` քաք:
Կամ.
- Վեշերդ հավաքի, ռադ էղի ստեղից:

Ժյուրիի գլխավոր անդամը Դիտեր Բոհլենն է, որին մենք ծանոթ ենք` իբրև ջահել օրերի "Modern Talking" խմբի կյաժո: Ու էդ կյաժոն, թեև մի եսիմ ինչ երանելի խմբի անդամ չէր, էստեղ համագերմանական բաբաթիմ շոումեն է ու մի իսկական հեղինակություն, որը բոլոր նման համազգային շոուների գլխավոր դեմքն է: Ինքը իհարկե արվեստի մարդ չի, այլ բիզնեսի, ու էստեղ շոուբիզնեսի արքան է: Շատ ուղիղ խոսող տիպ է, կոպիտ, խիստ: Բայց լավ գովել էլ գիտի, եթե հավանեց: ;)

Մասնակիցներին ընտրելիս գլխավոր նախապայմանը ոչ թե անթերի վոկալն է, այլ անհատականությունը, արտիստիկ լինելը: Որովհետև ինչպես իրենք են ասում.
- Մենք փնտրում ենք ոչ թե սուպերերգիչ, այլ սուպերսթար:
Հենց այդ պատճառով, հանգիստ կարող եմ ասել, որ հայկական սուպերսթարի լավագույն տասնյակ անցած էրեխեքը հազար անգամ ավելի լավ են երգում, բայց հազար անգամ ավելի գորշ են, քան էստեղի մասնակիցները:
Էստեղ անփայլ միջակությունը, որը հոյակապ ձայն ունի, առաջ չի գնա:
Բոլոր տասը պատրաստի կամ համարյա պատրաստի աստղեր են, որոնք տպավորիչ են, արտիստիկ, տարբերվող, ամեն մեկը իր առանձնահատուկ ոճով: Ու ամենակարևորը` ինքնավստահ ու ազատ: Բեմում նստած կամ ուղղակի կանգնած երգողը գործ չունի գերմանական սուպերսթարում. ինքը պիտի կարողանա օգտագործել բեմը, պարել, շոու սարքել:

Ժյուրին մասնակիցներին չի վերաբերովում` ինչպես էրեխեքի: Անգամ կարող են հետները հանգիստ ֆլիրտ անել.
- Երգելդ չեմ հիշում. ամբողջ ուշադրությունս սիրունիկ քամակիդ էր:
Կամ մի աղջիկ մոտոցիկլետին հեծնած էր երգում, Բոհլենը ասաց.
- Դեմ չէի լինի էդ մոտոյի տեղը լինել:
Ու ինչպես արդեն ասացի, հետները կարգին կռիվ են անում, ինչ ասես չեն ասում, երբեմն էլ նույն կարգի պատասխան ստանում` իսկական սկանդալների հասնող:
Մի խոսքով, վերաբերմունքը լրիվ ուրիշ է, ինչ հայկական սուպերսթարում: :)

Հետո էստեղ համաշխարհային մակարդակի աստղեր են բերում` մասնակիցների հետ երգելու, ինչը Հայաստանն իրեն թույլ տալ իհարկե չի կարող...

Ինչպես հայկական սուպերսթարում, էստեղ էլ շոուի ավարտից հետո հաղթողները հիմնականում ստվերում են մնում: Հասկանում ես, որ ամբողջ սուպերսթարը ընդամենը փողաբեր մի շոու է, բայց միևնույն է հավեսով է նայվում: :)
Ի դեպ, ամերիկյան այդլը, որը սուպերսթարի հայրն է, շատ ավելի լավն է էդ հարցում. հաղթողները միշտ էլ ինչ-որ բանի հասնում են, մնում են ջրի երեսին: Անգամ ուղղակի մասնակիցները, ոչ թե հաղթողները: Դե ով ունի Ամերիկայի հնարավորությունները...

Ու մի բան էլ, ինչով գերմանական սուպերսթարը տարբերվում է հայկականից: Էստեղ հաղթողները մինչ հիմա միայն տղաներ են եղել, հայկականում` ճիշտ հակառակն է: :)

ivy
03.06.2010, 14:39
Գերմանական ողջույններ

Կամ ինչպես են ծանոթանում ու բարևում գերմանացիները:

Ծանոթանալիս սովորաբար ձեռք են մեկնում, ընդ որում` թե տղամարդիկ, թե կանայք:
Հիշում եմ, մի ռուս աղջիկ պատմում էր, որ Գերմանիայում երկար ապրելուց հետո երբ հետ էր գնացել Ռուսաստան, սովորության համաձայն ծանոթանալիս ձեռք էր մեկնել: Ու իր առջև տնկված կանացի ձեռք տեսնելով` ծանոթացող տղամարդը խառնվել էր իրար. ի վերջո ուրիշ բան մտքով չանցկացնելով` համբուրել էր: :)
Էստեղ կնոջ ձեռքը սեղմելը շատ նորմալ բան է` ծանոթանալիս կամ օֆիցիալ հանդիպումների ժամանակ բարևելիս: Էնպես որ եթե հայտնվեք Գերմանիայում, չփորձեք համբուրել ձեր առաջ մեկնած կանացի մատիկները: :)
Արդեն իրար ծանոթ մարդիկ հանդիպելիս այտերով համբուրվում են, ի դեպ` համբույրը իրական չի, այլ միայն այտերի հպումն է և երկու կողմից է` մեկ աջ, մեկ ձախ: Իրականում շուրթերը այտին կպցնել չարժի կամ օդում չմոկի ձայներ արձակելը: Ու նաև պիտի հիշել, որ մի այտով հպվելուց հետո դեռ ողջույնը ավարտված չի, հերթը մյուս այտինն է: Էս ռիտուալը կատարվում է թե բարևելու, թե հրաժեշտ տալու ժամանակ:
Էդպես մի անգամ մեր Երևանի տան հարևանուհուն բարևեցի. տուն էի եկել արձակուրդին: Սկզբից մի թուշը, հետո մյուս, ու ոչ մի իրական պաչիկ: Մեխանիկորեն արեցի, մեկ էլ հիշեցի` որտեղ եմ ու ում եմ բարևում... Բայց արդեն ուշ էր: Հարևանուհիս մի տեսակ զարմացած նայեց վրաս, բայց բան չասեց: :)
Ի դեպ, տղամարդիկ իրար էդպես չեն բարևում, այլ միայն ձեռքով: Մի օտարերկրացի տղա կար, էդ մի բանը լավ չէր յուրացրել. բարևելուց բոլոր տղամարդկանց պաչպչելով անցնում էր. գերմացիներն էլ լուռ կուլ էին տալիս` սառը դեմքերով. մեկը չկար ասեր` ինձ մի պաչի, այ տղա... :)
Լինում է, որ նաև գրկախառնությամբ են ողջունում, բայց դա սովորաբար ավելի հազվադեպ հանդիպող է և շատ մտերիմ մարդկանց միջև: Ես էդպես բարևում եմ իմ ընկերուհի Յուլյային, բայց ինքը գերմանացի չի, այլ հունգարացի, դե ես էլ հայ: ;)

Բարևելու մասին հենց մտածում եմ, մի դեպք եմ հիշում, որ լավ տպավորվել է մեջս: Ալեքսանդրայի` մի գերմանուհի ծանոթի հարսանիքին էի գնացել: Իր մաման ու պապան բաժանված են: Ես էնտեղ էի, երբ երկուսն էլ ժամանեցին` առանձին-առանձին: Ու իրար տեսնելով` միմյանց ձեռք սեղմեցին...
Էդ մարդիկ քսան տարի միասին են ապրել, չորս երեխա ունեն... ու իրար տեսնելիս ձեռքով են բարևում:
Տեսնես մի օր կդադարե՞մ զարմանալ:

ivy
03.06.2010, 15:00
Տարվա եղանակներ

Էս իմ ամենամեծ զարմանքներից մեկն էր: Մարտի մեկին երբ ուրախ-ուրախ ասում էի, որ արդեն գարուն է, գերմանացիները կլոր աչքերով վրաս էին նայում:
Դու մի ասա` գարունը սկսվում է մարտի 20-ին, ամառը` հունիսի 21-ին, աշունը` սեպտեմբերի 22-ին, ձմեռն էլ` դեկտեմբերի 21-ին: էսպես ամեն տարի` մեկ-երկու օրվա տարբերությամբ: Նույնը նաև ավարտին է վերաբերվում. ուրիշ օրեր են:
Ու ամենազարմանալին էն է, որ սա միայն Գերմանիայում չի, այլ երկրագնդի մի ամբողջ հատվածում. ուղղակի Հայաստանում ոչ ոքի մտքով չի անցնում խորանալ, թե որ օրն է տարվա եղանակների օֆիցիալ սկիզբը:
Ես էլ հո չէի իմանա, որ մանկապարտեզում չլինեի: Ամեն օր էրեխեքի հետ հաշվում ենք` քանի օր մնաց ամռանը. ասեմ, դուք էլ իմանաք` ամռան գալուն մնացել է 18 օր: :)
Պարզվում է` ես ոչ թե ամռանն եմ ծնվել, այլ գարնանը... :unsure

ivy
04.06.2010, 22:22
Գերմանական վարձակալություն

Բնակարանը վարձով վերցնելուց առաջ կատարվում է մի շատ կարևոր գործողություն: Բնակարանի վարձակալը ու վարձատուն հավաքվում են իրար գլխի ու մի քանի ժամ շարունակ տնտղում ամբողջ բնակարանի ծակ ու պուճախները, ամեն մի սանտիմետրը, ամեն ինչը: Ու գրի առնում բոլոր թերությունները: Ասենք` հյուրասենյակի հատակի վրա` աջ պատից երկու սանտիմետր դեպի կենտրոն, կա երեք խազ` երկուսը բարակ, մեկը` հաստ: Խոհանոցի դռան ձախ անկյունում գույնը մի փոքր խամրած է, լոգարանի առաստաղին երկու սև կետ կա: Ու էդպես ամեն ինչը... Հետո էդ թուղթը երկու կողմերը ստորագրում են ու հաշտ-համերաշխ բաժանվում: Դա շատ կարևոր թուղթ է, որովհետև երբ բնակարանի հանձնման պահը գա, վարձատուն ու վարձակալը նորից հանդիպելու են, ձեռքներին պահեն էդ թուղթը ու սկսեն տնտղել բնակարանը: Տեսնեն` քանի խազ ու բիծ է ավելացել: ;) Ու ամեն ավելացածի համար պետք է վճարել: Վճարելն էլ հետևյալ կերպ է կատարվում: Երբ վարձով տուն ես վերցնում, բացվում է մի երրորդ հաշիվ, որը ոչ քոնն է, ոչ տան տիրոջը, ու էդ հաշվին պիտի որոշակի գումար դնես, որին ոչ ոք չի կպնելու, էդ գումարը էնտեղ մնալու է մինչև էն պահը, երբ որոշես լքել բնակարանը: Այ էդ ժամանակ, երբ թուղթը ձեռքին զննեն քո օգտագործած բնակարանը ու նոր խազեր հայտնաբերեն, էդ գումարից պահում կկատարեն: Եթե ոչ մի վնաս չհայտնաբերեն, ապա գումարը նույն չափով կվերադառնա քեզ:
Հենց դրա համար գերմանացիները շատ ուշադիր են իրենց տան հանդեպ ու զգույշ: Հյուր գնալիս, դեռ ոտքդ ներս չդրած` խնդրում են, որ կոշիկներդ հանես: Որ հատակը հանկարծ չվնասվի, ոչ թե որ քեզ հարմար զգաս: ;) Կոշիկներ հանելը պարտադիր է բոլորի մոտ, դեռ ոչ մի բացառություն չեմ տեսել: Ով է հիմար, կոշիկներով մարդ թողնի ներս. հո էն անտեր թուղթը աչքների առաջն է: :)
Ընդհանրապես, Գերմանիայում թղթերը շատ կարևոր են... Սա առաջին բանն է, որ պիտի հիշել` էստեղ գալու ժամանակ:
Կան մարդիկ, որ մոռանում են սրա մասին ու բնակարան վարձակալելուց առաջ գրավոր արձանագրություն չեն անում տան թերությունների վերաբերյալ: Ու դրա համար թանկ են վճարում. վերջում ստիպված են լինում վճարել տան բոլոր վնասվածքների համար` ներառյալ էն ամենը, ինչ եղել է իրենցից առաջ. ապացույց չկա, որ դա իրենք չեն արել…

ivy
09.06.2010, 22:30
Գերմանական խախտումներ և տուգանքներ

Գերմանիան օրենքների ու կանոնների երկիր է, որոնք չիմանալու դեպքում կարելի է ահագին տուժել:
Ամենատարած խախտումը, որը օտարերկրացիները չիմանալու հետևանքով հաճախ են թույլ տալիս, հեռուստացույցն ու ռադիոն չգրանցելն է: Եթե տանը հեռուստացույց կամ ռադիո կա, ապա դրանք պիտի գրանցվեն հատուկ տեղում, և պիտի ամսավճար կատարվի դրանք օգտագործելու համար: Օրերից մի օր տելևիզորի մարդը կարող է ծեծել ձեր դուռը, ստուգել թիվիի գրանցումը, և եթե այն բացակայում է, 1.000 եվրո տուգանք նշանակել: Այ էդպես: Եթե Գերմիանիայում եք և հենց նոր պարզեցիք, որ ձեր փոքրիկ հեռուստացույցը չեք գրանցել, ապա խորհուրդ կտայի հեռուստացույցի ձայնը ցածրացնել և դուռը անծանոթ ձյաձյաների առաջ չբացել: :)

Ի դեպ, ձայնը ցածրացնելու մասին: Երեկոյան 10-ից հետո պիտի տանը հնարավորինս լուռ լինել` հարևանների անդորրը չխանգարելու համար, անգամ լվացքի մեքենա չի կարելի միացնել էդ ժամից հետո: Եթե տանը փարթի է էդ երեկո, նախապես պիտի զգուշացնել շենքի բնակիչներին: Գերմանացիները էդ ամենին լավ հետևում են` մի բացառությամբ: Բազմացման գործընթացը ուշ երեկոյան երբեմն ահագին աղմկալի է լինում, որ ոչ միայն հարևանները, այլ ամբողջ փողոցն է լսում, բայց դրա դեմ երևի ոչ ոք չի բողոքում. սուրբ գործ է:

Կարմիրի տակ փողոցն անցնելու համար տուգանք է հասնում, եթե ոստիկանը բռնացրեց: Իսկ ոտիկաններն ամենուր են. երբեք չգիտես` թե կողքիդ կանգնած մարդը նրանցից մեկն է, թե չէ: Ինչպես արդեն գրել եմ` ամեն գերմանացու մեջ թաքնված ոստիկան կա: ;)
Կարմիրի տակ անցնելու համար տուգանվում են բոլորը` հետիոտնը, վարոդը, հեծանվորդը:
Ի դեպ, հեծանիվների մասին: Գերմանիայում հեծանիվ քշում են բոլորը (բացի երեսուն տարեկան մի դանդալոշից. էդ ես եմ): Մեկ-մեկ էնքան հեծանիվ ես տեսնում փողոցում, քեզ թվում է` հեծանվարշավ է: Հեծանիվների համար կան հատուկ ճանապարհներ, որոնք փողոցի ու մայթի միջև են, պստլիկ լուսակիրներ և երթևեկության կանոններ, որոնց չհետևելու դեպքում հեծանվորդները տուգանվում են:

Տրանսպորտի հետ կապված` կարևոր է նաև իմանալ, որ մետրո և այլ տրանսպորտի միջոցներ օգտագործելուց առաջ` մուտքի մոտ, տոմսը սովորաբար չի ստուգվում (որոշ բացառություններով): Այսինքն` հանգիստ մտնում ես մետրո, ու քո խղճի վրա է` տոմս ունես, թե չէ: Դե իհարկե միայն խղճի հարցը չի: Երբեմն մետրոյում քաղաքացիական շորերով ստուգողներ են լինում (հիշիր` երբեք չգիտես ով է ոստիկանը), որոնք մեկ էլ վագոնում հանում են իրենց քարտը և բարձր ասում.
- Տոմսերը, խնդրեմ:
Էդ պահին սիրտս միշտ հո չի~ խփում... Թեև առանց տոմսի երբեք չեմ լինում: Տոմս չունեցողները տուգանվում են 40 եվրոյով, իսկ եթե մի քանի անգամ են բռնվել` առանց տոմսի, դատական գործ է բացվում նրանց հանդեպ:

Փողոցում, հատկապես` կենտրոնում, եթե բռնացնեն գետնին սիգարետի մնացորդը նետելիս, 30 եվրո տուգանք է հասնում: Դրսում բոլորն են ծխում, ընդհանրապես գերմանացիները ծխող են. մոխիրը գետնին գցելը վտանգավոր չի, իսկ այ ֆիլտրը նետելը տուգանվում է: Թեև սովորաբար կարելի է գործը առանց տուգանքի գլուխ բերել, բայց դե, ինչպես ասում են, դեպքը մի անգամ է պատահում: :)

Եթե փողոցում կատվի ձագ եք գտել ու որոշել տուն բերել, պահել, ապա հաստատ Գերմանիայում չեք: Գերմանիայում փողոցային կենդանիներ չկան: Դրա համար կենդանի պահելու համար պիտի այն գնել: Կենդանուն պիտի լավ հետևել. նրա բոլոր իրավունքները պաշտպանված են, և, ինչը շատ կարևոր է, նրան պահելու համար հարկավոր է հարկ վճարել: Այ եթե մոռանաք էդ հարկը վճարել, ապա կտուգանվեք, դեռ կենդանուն էլ կարող է ձեռքներիցդ վերցնեն:

Մի խախտման մասին էլ գրեմ: Ես դրա մասին չգիտեի` մինչև մի դեպքի հետ առնչվելը: Մենք աշխատանքի վայրում մեր աշխատավարձի մասին նամակ ենք ստանում ամեն ամիս, որ էսքան-էսքան գումարը արդեն փոխանցվել է հաշվին էդ ամսվա համար: Էդ նամակները դնում են ամեն մեկիս դարակաում կամ ուղղակի ընդհանուր սեղանին, մենք հետո վերցնում ենք: Մի անգամ արդեն տուն էի եկել աշխատանքից, մեկ էլ կոլեգաներիցս մեկը զանգեց ու սկսեց մի աղեկտուր ներողություն խնդրել, մի իրեն կոտրտում. սխալմամբ իրենի փոխարեն իմ ծրարն էր բացել: Ինձ մեկ էր` ուզում է բաց բերեն էդ նամակը, հեչ ոտքերիս էլ չի` ով կտեսնի, ով չէ, մեջը ստանդարտ, անհետաքրքիր ինֆորմացիա է: Ես իրեն ասեցի, որ մեծ բան չի, բայց երկար ժամանակ չէր հանգստանում, ահագին վախեցած ոնց-որ լիներ: Հետո էդ օրը նաև ի-մեյլ գրեց ներողություններով: Հաջորդ օրն էլ, որ գնացի գործի, տեսնեմ ծրարը սիրուն հետ է կպցրել ու մի ներողություն խնդրող նամակ էլ վրան դրել: Երբ պատմեցի կատարվածի մասին մի գերմանացու, բացատրեց, որ ուրիշին պատկանող ցանկացած բնույթի նամակ բացելը լուրջ խախտում է իրենց մոտ, որի համար կարող են պատժվել, եթե նամակատերը ուզենա: Զգույշ է պետք լինել...

ivy
10.06.2010, 21:25
Գերմանական հյուրասիրություն

Գերմանացիների համար տուն հրավիրելը շատ լուրջ բան է. սովորաբար ընկերների հետ դրսում են հանդիպում: Բայց եթե տուն են կանչել, ուրեմն իսկապես շատ մոտ են էդ մարդուն համարում: Հրավեր ստանալուց հետո չարժի սպասել որևէ մեծ հյուրասիրություն` անգամ եթե ծննդյան օր պիտի նշվի: Սովորաբար լինելու է շվեդական սեղան` հյուրերի բերած ուտելիքով: Հա, հենց էդպես` հյուրերի բերած ուտելիքով: Հյուր գնալիս էստեղ ընդունված է հետները ուտելիք տանել: Ամենայն հավանականությամբ` հրավիրողը չի էլ սպասի իր հյուրերի ֆայմին, այլ ուղիղ ևեթ կասի, որ հետները ուտելու բան բերեն: Ու գերմանացիները, լինելով շատ կրեատիվ ազգ, ամեն մեկը իր հետ սովորաբար ամենայուրահատուկ ուտելիքը կբերի` մակարոնով սալաթ. էսպիսով երեկոն կանցնի լիքը մակարոնային սալաթով: Բայց ամեն մեկը կնախընտրի ուտել ուրիշի բերած մակարոնով սալաթը` հուսալով, որ բերողը ավելի շատ ջանք է թափել նրա պատրաստման վրա, քան ինքը:
Հետո կանցնեն խմելուն: Շատ կարևոր է բաժակները կամ շշերը իրար խփելիս և “Prost!“ ասելիս ուղիղ իրար աչքերի մեջ նայել: Մի բան, որին ես հեչ սովոր չէի: Հետո ինձ նկատողություն արեցին ու բացատրեցին, որ Գերմանիայում բաժակ չխկացնելիս իրար չռած աչքերով չնայելը անքաղաքավարության նշան է: Ու իրենք էնպիսի մի սևեռուն հայացքով են նայում աչքերիդ մեջ... գոնե հետն էլ ժպտան անաստվածները... Շատ վախենալու արարողություն է: Բայց մակարոնով սալաթի հետ գնում է...