PDA

Դիտել ողջ տարբերակը : Ահա և ես..



Մանանա
26.04.2010, 19:26
Ես մի ժամանակ /շաաաաատ մի ժամանակ:)/ գրում էի, բայց մի մարդ ինձ ամեն գնով կոտրեց ւ հիմա ես նորից սկսեցի փորձել...ու հանձնում եմ իմ մտորումները ձեր դատին

Մանանա
26.04.2010, 19:27
Մի օր…

Մի օր դու կնայես նրա աչքերի մեջ և կտեսնես աշխարհը: Դա այն աշխարհը չէ, որ դու միշտ տեսել ես, դա մի աշխարհ է, որը եթե այդ պահին չտեսնես, այլևս չես տեսնի... Ինչքան էլ չընկնես փողոցներով ու ուրիշների աչքերում չփնտրես այն, միևնույն է չես գտնի, քանի որ դրանից մի հատ է լինում... ես կասեմ ավելին` դրանից մի պահ է լինում և պետք է ուղղակի բռնես այն և լավ մտապահես, որ հանկարծ չմոռանաս, չնայած հանցանք է դա մոռանալը...
Եվ եթե աչքերդ հանկարծ մի օր փակես ու մտածես, որ այլևս չես բացելու, դու մենակ չես մնա, այլ կմնաս Նրա հետ` Աշխարհի հետ…ինչ տարբերություն` որ աշխարհում ես ապրում, կարևորը ապրում ես, շնչում ես գիշերային անձրևից հետո թարմացած օդը, լսում ես սրտիդ բաբախյունը, իսկ դա ամենակարևորն է: Կարող ես չշնչել, բայց սիրտդ պետք է բաբախի…Իսկ Նրա աշխարհում հենց այդպես է լինում, գիտես: Ոչ մեկ չի շնչում, բայց բոլորի սրտերը բաբախում են. ճիշտ է դրանից մի տեսակ շունչդ կտրվում է (չէ որ այլևս չես շնչում)...
Մի օր աչքերդ կփակես ու կհասկանաս` աշխարհը փոխվում է, իսկ Նրա աշխարհը` երբեք, ինչպես արյունն իր հունը չի փոխում երակներումդ: Մի օր կհասկանաս, որ իրական աշխարհը հենց այդ աշխարհն է, իսկ սա աշխարհ չէ, սա ընդամենը Երկիր մոլորակն է, որը մենք այդքան ջանասիրաբար <<պահպանում>> ենք…Երկիրը պտտվում է…մի օր աչքերդ կփակես ու կհասկանաս, որ այն անփոփոխ է, որ այն կանգ է առնում այդ վայրկյանի վրա…իսկ Երկիրը պտտվում է…
Մի օր, երբ կորոշես աչքերդ նորից բացել, կհասկանաս…

Մանանա
26.04.2010, 21:46
Նա մենակ չի մնա...

Դու Արևից ես եկել? Իսկ այնտեղ լավ է? Դե, ի նկատի ունեմ, այնտեղ դու շատ ընկերներ ունես? Ինչպես? Դու այնտեղ մենակ ես ապրում? Այդ մեեեեեծ Արևի վրա մենակ? Բա տխուր չի? Դե, չէ, ես էլ եմ, օրինակ, Երկրագնդի վրա մենակ ապրում, բայց ախր Երկրագունդը շատ փոքր է Արևի հետ համեմատած... համ էլ Երկրագնդի վրա շատ հետաքրքիր բաներ կան` օրինակ այն պտտվում է: Ինչու ես ծիծաղում? Այո, այն պտտվում է, գիտես ինչու, որովհետև ես քայլում եմ և անընդհատ պտտում եմ այն, համ էլ, երբ ծառերի ճյուղերը շարժում ես, քամի է լինում...
Մի օր, խնդրում եմ, տար ինձ քեզ հետ: Չէ, մի մտածիր, Երկրագունդը մենակ չի մնա: Գիտես ինչքան մարդ է ապրում այստեղ? 6 մլրդ-ից ավել...
Ես քեզ չեմ խաբել... ես մենակ եմ ապրում Երկրագնդի վրա...

Մանանա
27.04.2010, 20:59
Քո նկարը

Գիշեր...նորից...Ով է որոշել, որ գիշերը քնելու համար է? Ով? Գիշերը ապրելու համար է, ապրելու այն, ինչ չես կարող ապրել ցերեկը...դե, ցերեկը...հիշում ես ցերեկը? Ցերեկը Արևն է շողում, Արևը- այն, որ շատ մեծ է ու տաք...չէ, չէ, քո սիրտը չէ, Արևը... Լուսինը տեսնում ես, այ Արևն էլ դրա նման մի բան է, ուղղակի ավելի մեծ ու ավելի ջերմ...մի խոսքով... բայց դա ցերեկն է, իսկ հիմա գիշեր է: Ինչ վատ է, որ դու ցերեկը չես տեսել...
Ափսոս ամպամած է, և աստղերը չեն երևում...դեե, աստղերը- այն, որ երկնքում են լինում ու շատ են լինում...աստղերը, որ երբ ընկնում են, մարդիկ երազանք են պահում, փոխանակ տխրեն, որ մի աստղ էլ ընկավ...
Տեսնես աշխարհում քանի հատ աստղ կա? Դեե, աշխարհը, այն, որ ես սիրում եմ: Չէ, չէ, քո աչքերը չէ, այլ աշխարհը, այն, որ շատ մեծ է լինում և Արևի գրկում է լինում...հաաա, մոռացել էի. չէ որ դու Արև էլ չես տեսել:
Լսիր, դու ընդհանրապես տեսնում ես? Թե նկարի միջից մարդիկ չեն տեսնում?
Ինչ լավ է, որ ես իրական եմ...

Մանանա
30.04.2010, 11:04
Իսկ երկրագունդն այնքան փոքր է...


Նրա անունը Ֆրեդ էր, ավելի ճիշտ Ֆրեդերիկ: Սակայն նա չէր սիում, երբ իրեն այդպես էին ասում, քանի որ այդպես նրան կոչում էր մայրը` ի պատիվ իրենց նախապապի: Ֆրեդերիկ......չէ մի չէ Լյուդովիկոս: Ֆրեդ` կարճ և պարզ, չնայած աղջիկ եղնիկները նրան մեկ-մեկ Ֆրեդդի էլ էին ասում: Ինչու զարմացաք: Այո, նա եղնիկ էր. բա էլ որ կենդանուն կարող են Ֆրեդ անվանել...իհարկե, եղնիկին:
Ֆրեդը մի հասարակ եղնիկ էր, սակայն նա նման չէր այլ եղնիկներին: Դեռ մանկուց նա ինչ-որ տարօրինակ բաներ էր անում, անգամ մայրը մի օր նրան բժշկի էր տարել դրա համար: Օրինակ, մի օր Ֆրեդը որոշել էր բարձրանալ բարդու գագաթին. ուզում էր տեսնել, թե ինչպիսի ձև ունի բացատի լիճը վերևից: Քեռի Բենն ասում եր, որ այն ծաղիկի է նման: Սակայն լճի փոխարեն 2 կոտրվածք ստացավ: Մի օր էլ Ֆրեդն ուզում էր իմանալ, թե ինչ կա սկյուռիկի տանը. գլուխը մտցրել էր ծառի փչակի մեջ և չէր կարողանում դուրս հանել: Փայտփորիկն էլ որ չլիներ, հո այդպես էլ կմնար փչակի մեջ:
Ինչքան էլ մայրը նրան չէր նախատում, միևնույն է, Ֆրեդը նրան չէր լսում: Բայց չէ որ այս կյանքում ամեն ինչ պետք է փորձես, որ իմանաս. այ, օրինակ, Ֆրեդն իմացավ, որ ծառի փչակի մեջ իր գլուխը չի տեղավորվում, նամանավանդ վերջերս մի քիչ կոտոշներ էլ են դուրս եկել: "Վաաաայ,- ասում էր մայրը,-քո կոտոշները վաղուց էին դուրս եկել, սակայն ոչ թե դրսից, այլ ներսից": Ճիշտ է, Ֆրեդն այնքան էլ չէր պատկերացնում, թե ինչպես կարող են կոտոշները ներսից աճել.....երևի ցավոտ է....
Բայց դա հեչ....Ֆրեդին մի բան էր տանջում դեռ մանկուց.արդյոք եղնիկները կարող են թռչել: Մի օր նա հարցրեց մայրիկին այդ մասին. դա հենց այն դեպքն էր, երբ Ֆրեդին բժշկի մոտ տարան պատասխանի փոխարեն: Ախր նա չէր հասկանում` ինչու էին բոլորը նյարդայնանում: Պատկերացրեք, եթե եղնիկները կարողանային թոչել` բարձր-բարձր, ազատ, մենակ և երջանիկ...երկրագունդը մի փոքրիկ գնդակ կդառնար և վերջապես կտեսներ, թե ինչ ձև ունի բացատի լիճը: Ֆրեդը հավատում էր, որ կարող է թռչել. նա համառորեն ամեն օր գնում էր անտառ և բոլորից թաքուն սկսում էր թևերը թափահարել. այդպես նա թռչել կսովորեր, նա համոզված էր դրանում: Նա չէր հասկանում` ինչու ապրել, եթե չես կարող թռչել: Ինչու եղնիկները չեն կարող թռչել, ինչու, ինչու....Ոչ, ես կթռչեմ և կապացուցեմ բոլորին, որ ես կարող եմ: Եվ Ֆրեդը շարունակում էր համառորոն փորձել. նա բազմաթիվ էքսպերիմենտներ էր անում, ցածր տեղերից էր թռչում, որ գոնե մի բան ստացվի...
Անցան ամիսներ...Ֆրեդին ոչ մի կերպ չէր հաջողվում իրագործել իր երազանքը: Մնաց մի տարբերակ, դա հաստատ կաշխատեր: "Բայց չէ, ռիսկի գործ է, չեմ անի,- մտածում էր Ֆրեդը,- բայց ախր ամեն ինչ արդեն փորձել եմ: Չէ, ուրիշ ելք չունեմ, ստիպված եմ":
Այդ առավոտ նա արթնացավ յուրահատուկ կանխազգացումով: Նա կարծես վերջին անգամ հայացք գցեց իրենց տանը, բացատի լճին և բարդուն....և գնաց:Գնաց այն բարձր սարի մոտ: Եթե այդ բարձրությունից թռչեր, հաստատ կստացվեր: Նա բարձրացավ սարի գագաթը, մի պահ կանգնեց, խորը շնչեց առավոտյան թարմ օդը: "Ում է պետք կյանքն առանց թռչելու,- մտածեց նա......ու թռավ:Վախից աչքերը փակած` Ֆրեդը մի պահ աչքերը բացեց և......օ, հրաշք.....նա թռչում է, թռչում, թռչունների նման, նա թռչում է բաարձր, նա ազաատ է, իսկ երկրագունդն այդքան փոքր է...և գիտեք, ճիշտ էր քեռի Բենին, լիճն իսկապես ծաղիկի ձև ուներ, իսկ երկրագունդն այնքան փոքր է: Բոլորը դեռ քնած են, և ոչ-ոք չի տեսնում նրան.....էհ-էհ-էհ-էէէէէէյ, ես թռչում եմ, թռչում....Իսկ դուք քնեք, և երբեք չեք տեսնի այն, ինչ տեսավ այդ օրը Ֆրեդը...նա տեսավ կյանքը, աշխարհը և երկրագունդը` այդքան փոքր....