PDA

Դիտել ողջ տարբերակը : Երկաթե մարդը 2 / Iron man 2 (2010)



Հայկօ
24.04.2010, 17:40
Երկաթե մարդը 2 / Iron man 2




http://i061.radikal.ru/1004/ef/d0f82f2b95ed.jpg



ԱՄՆ

Ռեժիսյոր՝ Ջոն Ֆավրո
Սցենարիստներ՝ Ջաստին Տերու, Ստեն Լի, Դոն Հեկ և ուրիշներ
Դերերում՝ Ռոբերտ Դաունի կրտսեր, Սկարլետ Յոհանսոն, Սեմյուել Լ. Ջեքսոն, Միկի Ռուրկ, Գվինեթ Պելտրոու, Դոն Չիդլ, Պոլ Բետանի, Սեմ Ռոքուել, Ջոն Ֆավրո, Լիզա Մուն և ուրիշներ
Ժանրը՝ մարտաֆիլմ, էքշն, Sci-Fi
Պաշտոնական սայթը՝ http://ironmanmovie.marvel.com/
IMDb (http://www.imdb.com/title/tt1228705/), КиноПоиск (http://www.kinopoisk.ru/level/1/film/411924/)


2008թ-ին աշխարհը ցնցվեց՝ իմանալով, որ մուլտիմիլոնատեր, փլեյբոյ ու պարզապես հանճարեղ ինժիներ Տոնի Ստարկը հենց այն մարդն է, ով հագնում է Երկաթե մարդու կարմիր-ոսկեգույն զրահները: 2010-ին նա վերադառնում է. այժմ Երկաթե մարդու նոր հակառակորդների շարքերում են մի ռուս բիզնեսմեն և մի հմայիչ լրտեսուհի:


http://i061.radikal.ru/1004/43/96cb5c4d88f9.jpg


Կասկած չկա. «Երկաթե մարդը 2»-ը գարնան ամենահաջողված կինոնկարներից մեկն է լինելու: Կարելի է առանց չափազանցնելու ասել, որ երկու տարի առաջ էկրաններ բարձրացած օրիգինալ ֆիլմը դարձավ Ջոն Ֆավրոյի «աստեղային ժամը». ռեժիսյորը կարողացավ ոչ միայն ստեղծել վերջին շրջանի լավագույն կոմիքս-էկրանացումներից մեկը, այլև աշխարհով մեկ հավաքել ավելի քան 600 միլիոն դոլար (երեք անգամ ավելին, քան ֆիլմի բյուջեն էր): Այս հաջողության գաղտնիքը թե՛ արտակարգ ռեժիսուրան էր (ոչ մի ավելորդ բան, ոսկերչական ճշգրտությամբ բաշխված հումոր ու էքշն) և թե՛ գլխավոր դերակատարը (Ֆավրոն բնավ չսխալվեց՝ ընտրելով Ռոբերտ Դաունի կրստերին): Մեր մեջ ասած՝ ցուցադրության առաջին ուիք-էնդի ֆինանսական տվյալների հրապարակվելուց հետո արդեն պարզից էլ պարզ էր, որ շարունակություն հաստատ լինելու է: Երկրորդ մասի բյուջեն մոտ 200 միլիոն դոլար է, իսկ ինքը՝ ֆիլմը, դարձել է առաջին սիքվելը, որի պրոդյուսերն է հանրահայտ Marvel Studios-ը (ինչը նույնպես բավականին կարևոր ցուցանիշ է):


http://s52.radikal.ru/i137/1004/7a/2afe6d5c50a5.jpg


Բոլոր շարունակությունների որակի համար էլ շատ կարևոր գործոն է հրավիրված աստղերի թիվն ու «տրամաչափը»: «Երկաթե մարդը 2»-ն այս առումով անհամեմատ ավելի շահեկան դիրքում է, քան օրիգինալ ֆիլմը. բավական է միայն նայել դերասանների ցուցակին: Հենց միայն այն, որ երկրորդ պլանի դերերից մեկի համար շոշափվում էր Ալ Պաչինոյի անունը, արդեն շատ բան է հուշում: Ասենք՝ կոմիքսի էլ ո՞ր մի ուրիշ էկրանացումը կարող է պարծենալ «Օսկարի» միաժամանակ հինգ թեկնածուներով: Ընդ որում՝ աստղերից շատերը բառացիորեն կտոր-կտոր էին լինում՝ այս ֆիլմում գոնե ինչ-որ դեր ստանալու համար: Սկարլետ Յոհանսոնը, օրինակ, «շրջանցել է» Էմիլի Բլանտին, Ջեսիկա Բիլին, Նատալի Պորտմանին ու Անջելինա Ջոլիին: Դրա համար դերասանուհուց «ընդամենը» պահանջվեց աուդիցիայից առաջ մազերը ներկել (ինչն, ըստ երևույթին, «հավերժ շիկահերի» համար շատ մեծ զոհողություն է): Դոն Չիդլը գրավել է վերջին պահին մերժված Տերենս Հովարդի տեղը: Սեմյուել Լ. Ջեքսոնն առաջին ֆիլմից հետո տեղնուտեղը բացառիկ պայմանագիր է ստորագրել՝ Երկաթե մարդու մասին պատմող հաջորդ ինը (!!!) ֆիլմերում խաղալու մասին: Իսկ Սեմ Ռոքուելը (ով ժամանակին համարվում էր օրիգինալ ֆիլմում Տոնի Ստարկի դերակատարման թեկնածուներից մեկը) համաձայնվել է գլխավոր հերոսի հակառակորդներից մեկի «մխիթարական» դերին:


http://s45.radikal.ru/i108/1004/dc/ecab06d9816c.jpg


Ինչ վերաբերում է սյուժեին՝ այս շարունակությունն իր հանդիսատեսին առանձնապես ոչ մի անակնկալ էլ չի մատուցի: Հիշեցնենք, որ առաջին մասն ավարտվեց բավականին ինտրիգային տեսարանով. Տոնի Ստարկը հրապարակավ խոստովանեց, որ ինքը Երկաթե մարդն է: Սիքվելը սկսվում է հենց այդ նույն տեղից: Այժմ ռազմաարդյունաբերական հսկայական ընկերության տիրոջ երկրորդ «եսը» հայտնի է բոլորին ու յուրաքանչյուրին: Բայց արդյո՞ք դա կհեշտացնի նրա կյանքը. իհարկե ոչ: Հերոսի «դիմակազերծումից» հետո թշնամիները փաստորեն ստացել են նրա ճշգրիտ հասցեն ու տվյալները՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով: Մյուս կողմից էլ հարազատ կառավարությունն է անընդհատ պահանջում, որ Ստարկը պետությանն ու բանակին տրամադրի իր ռեակտորի գաղտնիքը: Իսկ աղջիկները (որոնցից առաջ էլ պրծում չկար) իսկական որս են սկսել հեռուստաէկրանների աստղի համար: Մի խոսքով՝ առանձնապես ոչ մի սարսափելի բան էլ չկա, բայց արի ու տես, որ թշնամիներին հաջողվում է բացահայտել Ստարկի գյուտի գաղտնիքը: Եվ հիմա «երկաթների» արտադրությունը ընդհատակյա գործարաններում հասել է արդյունաբերական մասշտաբների, իսկ նրանց բոլորին առաջնորդում է (օ՜, ո՜չ) մի կիսախելագար ռուս, ում կյանքի միակ երազանքը բուրժուա-կապիտալիստական Ստարկին անխնա ոչնչացնելն է:


http://s47.radikal.ru/i115/1004/54/830b163c8b8a.jpg


Շարունակելն, ըստ երևույթին, անիմաստ է: «Երկաթե մարդը 2»-ը զտարյուն ժամանցային ատրակցիոն է՝ խարիզմատիկ պերսոնաժներով, բազմաթիվ էքշն-տեսարաններով ու ընտիր հատուկ էֆեկտներով: Ավելորդ է ասելը, որ դուք այստեղ չեք գտնի ո՛չ ինչ-որ խորը փիլիսոփայական մտքեր, ո՛չ մարդկային-անձնային ողբերգություն, ո՛չ էլ դասական գիտաֆանտաստիկայի պահպանված կանոններ: Սակայն աշխատանքային երկար շաբաթվա վերջում մի խումբ ընկերներով հանգստանալու կամ երեխաների հետ կիրակնօրյա ցերեկային սեանսի ժամանակ ադի-բուդի խրթխրթացնելու ավելի հարմար առիթ դուք հաստատ չեք գտնի: Արևմտյան կինոմամուլը միայն մի բանի համար է ափսոսում. որ «Երկաթե մարդը 2»-ն այդպես էլ ստերեո-ֆորմատի չփոխարկվեց: Ֆիլմն, անշուշտ, այնպիսին է, որ տեսարանների մեծամասնությունը դրանից միայն կշահեր, սակայն հայ հանդիսատեսի համար դա, մեծ հաշվով, միևնույնն է. կինոթատրոններն այստեղ դեռ առաջին քայլերն են անում՝ ստերեոսարքավորումներով զինվելու ուղղությամբ: Ամեն դեպքում՝ կինոարդյունաբերության մեջ կարծես թե տարածվում է այն երևույթը, որ հայտնի ֆրենչայզների հենց երրորդ մասերն են ընտրվում՝ «երրորդ չափման աշխարհ» տեղափոխվելու համար (օրինակ՝ «Լրտեսների երեխաները 3. Խաղի ավարտը»): Ամփոփելով ասենք, որ եթե դուք վերջին շրջանում սպասել, դիտել ու հավանել եք այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Տրանսֆորմերները 2»-ը, երկրորդ «Հալկը» կամ «Իքս-մարդիկ. սկիզբ»-ը, ապա «Երկաթե մարդը 2»-ը հրաշալի թեկնածու է՝ կինոթատրոնում երկու ժամ անցկացնելու համար:



http://www.youtube.com/watch?v=siQgD9qOhRs


Հետաքրքիր փաստ. դոկտոր Վանկոյի էներգո-մտրակների դիզայնն ուղղակիորեն փոխառված է «Աստղային պատերազմների» հայտնի լուսային թրերից:

Հայկօ
24.04.2010, 21:13
Սիրում եմ սենց կինոները :love: Մենակ Միկի Ռուրկի խաթր էլ եթե լիներ՝ էլի անպայման հարկավոր կլիներ նայել:

Տրեյլերը նայեցի՞ք: Իր մասնակցությամբ հատվածները իսկականից հզոր էին :sm:

Կինոթատրոնում նայվելիք կինոների շարքում համար առաջինն ա ինձ համար :)):

AniwaR
24.04.2010, 21:23
Եկել եմ՝ ասեմ՝ AC/DC ռուլեեեզզզզզ:B

http://www.youtube.com/watch?v=9kD8sxIjVuc