PDA

Դիտել ողջ տարբերակը : Երևանի առանձին մասերի աշխարհագրական փոքր անունները (միկրոտոպոնիմները)



Վազգեն
25.01.2007, 05:22
Ընդամենը մի քանի հատված եմ այստեղ դնում, մնացածը կարող եք տակի հղումով կայքում գտնել: :)
Աղբյուր՝ Կամսար Ավետիսյան «Հայրենագիտական Էտյուդներ», Երևան,1979:
http://www.armenianhouse.org/avetisyan/armenology.html

ԿՈՆԴ

Կոնդը գրավում է քաղաքի արևմտյան բարձրադիր մասը։ Կոնդ անվանումը նրան տրվել է բարձր դիրքի պատճառով։ Չէ՞ որ կոնդ բառը հայերենում նշանակում է երկայնաձիգ, կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։ Այսօր էլ Երևանի ադրբեջանցի բնակիչները այդ թաղամասին «թափաբաշ» են անվանում։

Կոնդը եղել է մեր քաղաքի ոչ միայն ամենահին, այլև հայաբնակ թաղամասերից մեկը. միաժամանակ հանդիսացել նրա պատմական կորիզը։ Նա եղել է Երևանի ամենակենսունակ հատվածը, որը դարերի բովից անցնելով, քաղաքի համար դարձել է մի տեսակ թանգարանային թաղ։ Ըստ Շոպենի Կոնդի սահմանները հին Երևանի պլանում ավելի ընդարձակ են եղել։ Կոնդի կազմի մեջ են մտել Ձորագեղը, Հրազդանի ձորի այգիները և Դալման։ Մյուս կողմից Կոնդի սահմանները հասնում էին մինչև Բերդ։

Ձորագեղը բռնում է Հրազդան գետի ձախափնյա մասը, այն ձորափեշերը, որոնք ընկած են Հաղթանակի կամրջից դեպի վեր։ Ի դեպ, Ձորագեղը նույնպես ունեցել է իր ստորաբաժանումները, ինչպես՝ Վերին կամ Քարափի թաղ, Ստորին կամ Ձորի թաղ և Կարբո թաղ։ Պարսիկների օրոք այս թաղին էլ նոր անուն տրվեց՝ «Դարա-Քյանդ», որը
փաստորեն հայերեն Ձորագեղի թարգմանությունն է։ Բայց հայերի մոտ այն գործածական չեղավ և մնաց Ձորագեղ անվանումը։

Դալման հռչակված էր իր ընտիր խաղողով, որի այգիները փռված էին Հրազդանի աջափնյա բարձունքներում։

Կոնդում պահպանված հնություններից աչքի է ընկնում ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը շատ հին հուշարձան է, ավերվել է 1679 թվականի մեծ երկրաշարւժի ժամանակ, բայց 1710 թվականին վերականգնվել է։

Հին Երևանի կերպարում ուրույն տեղ է գրավել Բերդը, որի հետ շատ բանով կապված է եղել Կոնդը։ Ի դեպ, Բերդը քաղաքի տեղագրական կենտրոնում չի եղել, կառուցվել է տասնվեցերորդ դարի վերջերին։ Բերդը եղել է Երևանի Սարդարի աթոռանիստը։ Բերդը ինքնին մի փոքր քաղաք է եղել և ունեցել է իր բնակչությունը, մշտական բնակիչները եղել են մահմեդականները։ Կոնդեցի հայերը Բերդում միայն խանութներ են ունեցել։ Երբ աշխատանքը Բերդում ավարտվում էր, հայերը պարտավոր էին թողնել բերդը։

Ժամանակի ընթացքում Երևանը ընդարձակվեց, նրա հետ նաև Կոնդը, որը տարածվեց ցածրադիր մասերում։

Երևանի Բերդը իր ժամանակին եղել է անառիկ. նա երեք կողմից պարսպապատ էր, իսկ արևմտյան կողմից՝ Զանգվի անդնդախոր ձորն էր։ Հետևապես արևմտյան կողմից պարսպապատելու անհրաժեշտություն չի եղել։ Դարեր շարունակ թուրք փաշաները և պարսիկ խաները միջոցներ չեն խնայել, որպեսզի Երևանի Բերդը դառնա անառիկ ռուսական զորքերի համար։ Բերդում է գտնվել Սարդարի պալատը, որը նայում էր Հրազդանի վրա, ուներ իր ժամանակի համար գեղեցիկ դահլիճներ։ Դրանցից մեկում առաջին անգամ, բեմադրվել է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» անմահ կատակերգությունը, որին ներկա է եղել հեղինակը։ Բեմադրվել է ռուսական զինվորական կայազորի ուժերով։ Այդ մասին է վկայում մարմարյա հուշատախտակը, որը փակցված է Երևանի «Արարատ» գինու կոմբինատի պատին։

Երևանի բերդը տեսել ու նկարագրել են շատ ճանապարհորդներ, բայց ոչ մեկը այնպես պատկերավոր չի նկարագրել, ինչպես Խ. Աբովյանը իր «Վերք Հայաստանի»–ում:

Երևանի բերդի տեղում այժմ գտնվում է «Արարատ» տրեստի գինու գործարանը իր հսկայական նկուղներով։ Հրազդանի աջ ափին, երբեմնի Երևանի բերդի դիմաց. Սարդարի պալատի հանդիման տարածված է մի ընդարձակ խաղողի այգի։ Այդ այգին ժողովրդի մոտ հայտնի է «Սարդարի բաղ» անվամբ։ Այս անունը կապված է Երևանի սարդարի անվան հետ, որին էլ պատկանում էր այգին։

ՇԻԼԱՉԻ

Երևանի աշխարհագրական անուններում արտացոլված են նաև նրա առանձին մասերի տնտեսության բնույթը, բնակիչների արհեստն ու զբաղմունքը։ Այդպիսիներից մեկի՝ Շիլաչիի անունը մեզ հիշեցնում է այդ թաղի արտադրության բնույթը, հին արհեստավորական Երևանը։

Ինչպես հայտնի է, այն ժամանակ գործարան և գործարանային արդյունաբերություն, ներկա իմաստով, չի եղել։ Եղել են առանձին արհեստավորներ, կամ նման տիպի ավելի մեծ ձեռնարկություններ՝ կաշեգործներ, կավագործներ, պղնձագործներ, ներկարարներ և այլ արհեստավորներ։ Դրանցից յուրաքանչյուրը ունեցել է իր շարքը, իր տեղը և իր անվանումը քաղաքի գորւծարար մասում։

Առանձին է եղել նաև շոր ներկողների թաղը։ Ի դեպ, եղել են երկու տեսակ ներկարարներ՝ «բոյախչի» և «շիլաչի»։

Շիլաչի ասելով նկատի են ունեցել արհեստավորների այն շարքը, որտեղ գտնվել են կարմիր գույնով ներկող ներկարարները։

Հետագայում, գործարանային արդյունաբերության առաջացման հետևանքով, բնականաբար «շիլաչի» վարպետները չկարողացան մրցակցության դիմանալ և շարքից դուրս եկան, սերունդներին թողնելով, իբրև հիշատակ, ներկա Շիլաչի անունը։

Վազգեն
25.01.2007, 05:22
ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ

Յուրաքանչյուր քաղաք ունի իր նկարագիրը և տարեգիրը։ Վերջինս արտահայտվում է նաև նրա փողոցներին, հրապարակներին ու թաղերին տրվող անուններում։

Երևանը իր պատմության ընթացքում կուտակել է բազմաթիվ անուններ, որոնք տրվել են նրա թաղերին, փողոցներին և հրապարակներին։ Դրանք մնում են որպես ուղենիշ նրա պատմության գանձարանում և շատ բան են պատմում քաղաքի անցյալից և լուռ վկա դառնում նրա տարեգրությանը:

Այդպիսին է նաև Աբովյան փողոցը, որ ուրույն տեղ ունի Երևանի քաղաքաշինության պատմության մեջ։

Երևանը պատկանելով աշխարհի հնագույն քաղաքների թվին, նրանց նման էլ հասակ է առել ու ձևավորվել դարերի ընթացքում։ Այստեղ էլ կյանքը ընթացել է սահմանված ավանդույթներով ու սովորություններով։ Ժամանակին քաղաքում շրջող ձիավորն ու հետիոտնը, սայլապանն ու ավելի ուշ շրջանում կառապանը, հարմարվել են ոչ լայն փողոցներին և համեմատաբար ոչ բարձրահարկ շենքերին։ Քաղաքի բնակիչների և փողոցային շարժման մեջ կարծես թե գոյություն է ունեցել ինչ-որ հարմոնիա։

1855 թվականին Կովկասի վախարքան (որի նստավայրն էր Թիֆլիսը) հաստատեց Երևան քաղաքի փողոցների պլանավորումը, որոնց համար սահմանվեց վեցից-քսան մետր լայնություն։ Քսան մետր լայնությամբ փողոց նկատի ունեցան միայն Աստաֆևսկայայի (Աբովյանի) համար, իսկ մյուսների համար պահպանվեց միջինը՝ տասներկու մետր։ Ներկա Աբովյանը դարձավ քաղաքի անդրանիկ և գլխավոր փողոցը։

Երևանի առաջին գլխավոր և պլանով կառուցված փողոցը՝ ներկայիս Աբովյանը, ունի ավելի քան մեկ դարի պատմության։ Սկզբում կոչվել է Աստաֆևսկայա, ի պատիվ Երևանի նահանգապետի՝ Աստաֆևի, որն այդ պաշտոնը վարել է 1864--1869 թվականներին։

Չնայած փողոցը պաշտոնապես Աստաֆևսկայա էր կոչվում, բայց երևանցիները անվանում էին իրենց եղանակով` «ևսկայա» մասնիկը դարձնելով «յան»։ Դրա համար էլ Երևանի առաջին և գլխավոր փողոցը ավելի շատ հայտնի դարձավ Աստաֆյան անունով։

Աստաֆևսկայա փողոցը ժամանակին դարձավ Երևանի ամենաբարեկարգ փողոցը։ Նրա երկու կողմերում հոսում էին կարկաչահոս առուներ, որոնց ջրերով ամառը ջրում էրն փողոցը և այն բարդիները, որոնք բարձրանում էին փողոցն ի վեր և նրան տալիս առանձին գեղեցկույթյուն։ Բայց ափսոս, որ այդ ծառերին վիճակված չէր երկար կյանք ունենալ։ Պատճառը եղավ հետևյալը։ Երբ Երևանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը երեկոյան դուրս է եկել Աստաֆևսկայա փողոցում զբոսնելու, բարդիների արանքից նրա վրա կրակել են։ Եվ այդ բանից տուժեցին փողոցը գարդարող հոյակապ բարդիները, նահանգապետի հրամանով դրանք անխնա կտրատվեցին։ Միայն մի քանիսն են փրկվել, որոնք պահպանվում էին համալսարանի հին շենքի դիմացը և Ստեփան Շահումյանի անվան քաղաքական լուսավորության հանրապետական տան շենքի առջև, ուր այդ բարդիներից մեկը որպես «վերջին մոհիկան» կանգուն էր մինչև վերջերս։

Ինչպես ասվեց, Աստաֆևսկայա փողոցը եղավ Երևանի առաջին պլանավորված փողոցը։ Այստեղից էլ «պլան» բառը երևանցիների մոտ ստացավ ավելի շուտ փողոցի իմաստ (իհարկե պլանավորված փողոցի)։ Այնպես որ ժամանակին երևանցիները «պլան» ասելով նկատի էին ունենում առաջին հերթին Աստաֆևսկայա փողոցը։ Դրա հետ մեկտեղ գործածական դարձավ նաև «Պլանի գլուխ» անունը, որը Աստաֆևսկայա փողոցի վերին մասն էր։ Ի դեպ, ներկայումս այդ տեղը կոչվում է Աբովյան պուրակ, ուր կանգնեցված է մեծ լուսավորչի արձանը։ «Պլանի գլխով» էլ փաստորեն վերջանում էր Երևանը (չհաշված բարձրադիր մասի մի քանի տներ) և սկսվում Քանաքեռ տանող խճուղին։

Աստաֆևսկայան դարձավ քաղաքի աշխույժ փողոցը։ Այստեղով էր անցնում քաղաքի ձիաքարշը (կոնկան), որը հարմարեցված էր ավելի շատ ուղևորների պահանջին և կանգնում էր այնտեղ, ուր պահանջում էին։ Ձիաքարշի գլխավոր ուղին սկիզբ էր առնում «Ղանթարի տակից» և հասնում «Պլանի գլուխ»։ Իսկ երկրորդ գիծը դարձյալ սկսում էր նույն տեղից և գնում երկաթուղային կայարան։ Երևանում ձիաքարշի շինարարությունը սկսվեց 1904 թվականին և շահագործման հանձնվեց 1906 թվականին։ Ձիաքարշը աշխա տեց ընդամենը տասներկու տարի։ 1918 թվականին ձիաքարշն արդեն չէր գործում։ Դրանից հետո Աբովյան փողոցը երկար ժամանակ դարձավ քաղաքի խաղաղ մասերից մեկը, որտեղով նույնիսկ կառքեր չէին անցնում։ Երեկոյան ժամերին փողոցը վերածվում էր մարդաշատ և աշխույժ զբոսավայրի։ Հատկապես ամռան և աշնան ամիսներին, այն էլ երեկոյան ժամերին։

1933 թվականի հունվարի 12-ին առաջին տրամվայը անցավ նախկին Աստաֆյան, այժմ արդեն Աբովյան փողոցով։ Դրանից հետո երևանցիները զրկվեցին իրենց ավանդական զբոսավայրից։ Չնայած հետագայում տրամվայը հանվեց Աբովյանից, բայց էլ չվերականգնվեց փողոցի երբեմնի անդորրությունը։ Նա այլևս զբոսավայր լինելու տվյալներ չունեցավ։Անցյալում, ներկայիս Աբովյան փողոցում էին գտնվում քաղաքի ճարտարապետական հնագույն կոթողներից երկուսը՝ Պողոս-Պետրոսո և Կաթուղիկե եկեղեցիները, որոնք դասվում էին Հայաստանի նյութական կուլտուրայի հնագսւյւն հուշարձանների շարքին։ Պողոս-Պետրոս եկեղեցին հինգերորդ դարի, իսկ Կաթուղիկեն տասներեքերորդ դարի կոթողներ էին։ Առաջինը գտնվում էր ներկա «Մոսկվա» կինոթատրոնի տեղում, իսկ երկրորդը՝ Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների անկյուններում գտնվող Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հին շենքի տեղում։ Պողոս-Պետրոս եկեղեցին քանդվեց 1933 թվականին և նրանից հետք չմնաց, իսկ Կաթուղիկեն համեմատաբար ավելի ուշ, որից պահպանվեց խորանը և հովհարաձև գմբեթը, որը կարելի է տեսնել Հայկական ՍԱՀ Գիտությունների ակադեմիայի հին շենքի բակում։ Թե Պողոս-Պետրոս և թե Կաթուղիկե եկեղեցիները մուտքի առաջ ունեին ոչ մեծ հրապարակ, ուր տոնական օրերին մեծ բազմություն էր հավաքվում։

Աբովյան փողոցի վրա ժամանակին կառուցեցին նոր նախագծով մի քանի գեղեցիկ քարաշեն տներ, դրանցից մեկը բժիշկ Հովհաննիսյանի տունն էր, որը այսօր էլ քաղաքի գողտրիկ շենքերից է։ Այստեղ այժմ տեղավորված է Արտասահմանի հետ բարեկամական և կուլտուրական կապերի հայկական ընկերությունը։ Տիպական է նաև Աբովյան և Պուշկինի փողոցների անկյունի շենքը, որը այսօր էլ չի կորցրել իր հմայքը։ Աչքի ընկնող շենքերից էր նաև սև տուֆից կերտված մեծ շենքը, որի տեղը այժմ բարձրանում է «Անի» հյուրանոցը։

Անցյալում, Աբովյանը զարդարում էր նաև կուլտուրայի տունը, ուր այսօր գտնվում է պատկերասրահը, Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը և թանգարանը, որով և վերջացնում էր Աբովյան փողոցը։

Կուլտուրայի տան անկյունում փակցված է մեծ Լուսավորչի խորաքանդակը և երեք լեզուներով «Աբովյան» մակագրությունը։ Քիչ այն կողմ էլ «յոթ աղբյուրի» գաղափարի խորհրդանշումն է թանգարանի անկյունում կառուցված յոթ ցայտաղբյուրներում։

Աբովյան փողոցի հիմնադրման օրվանից շատ «ջրեր են հոսել», Երևանի կյանքում էլ շատ բան է փոխվել, բայց և այնպես Աբովյանը շարունակում է պահել իր հմայքը։ Փողոցը հարստացել է հոյաշեն տներով ու խանութներով, իսկ փողոցի միջին մասում կառուցված կանաչապատումը, զարդարուն ավազանների ստեղծումը լրացնում են նրա գրավչությունը։

Վազգեն
25.01.2007, 05:25
ԻՆՉՊԵՍ է ԱՌԱՋԱՑԵԼ ՉԵՐՅՈՄՈԻՇԿԻ ԱՆՈԻՆԸ

Ժամանակի ընթացքում Երևանը հասակ առավ, ընդարձակվեց, անցավ Հրագդանը, որի ձախ ափին ստեղծվեց նոր թաղամաս։ Թաղամասը հայտնի է թե Աջափնյակ և թե Չերյոմուշկի անունով։ Աջափնյակի բացատրություն տալիս է հենց ինքը անվանումը։ Այսինքն՝ գտնվում է Հրազդանի աջ ափին։ Բայց հետաքրքիր է իմանալ, թե որտեղից է գալիս Չերյոմուշկի անունը։

Չնայած թաղի պաշտոնական անունը Աջափնյակ է, բայց առօրյա խոսակցության ժամանակ առավել գործածական է դարձել Չերյոմուշկի անունը։

Չերյոմուշկի անունը Երևան է «տեղափոխվել» Մոսկվայից, ինչպես ասում են՝ պատրաստի ձևով։

Մոսկվա քաղաքի այն հատվածը, ուր այժմ Չերյոմուշկի թաղի բարձրահարկ տներն են վեր բարձրանում, մոտ անցյալում ընդարձակ, ազատ տարածություններ էին, ուր աճում էին առանձին ծառատեսակներ, որոնք ոչ մեծ ծառեր էին և ռուսերենում հայտնի են «չերյոմուխա» անունով։ Ի դեպ, ծառի հատապտուղները սև գույն ունեն, հենց այստեղից էլ առաջացել է այդ անվանումը։

Ժամանակի ընթացքում, երբ Մոսկվան ընդարձակվեց և քաղաքի նորակառույցները բարձրացան այստեղ, ապա այդ նոր թաղը Չերյոմուշկի կոչվեց։

Այդ երևույթը իր արտացոլումը գտավ նաև Երևանում՝ Հրազդանի աջափնյա մասում։ Ինչպես հայտնի է, Հրազդանի աջափնյա մասում, համարյա ամայի տարածություններում, ստեղծվեցին նորանոր հոյակապ շենքեր ու հառնեց նոր թաղ։ Նորաստեղծ քաղաքամասը, թե շենքերի նմանություններով ու ոճով, և թե որպես նոր թաղ, կարծես հիշեցնում Էր Մոսկվայի այդ նորաստեղծ թաղը՝ Չերյոմուշկան։ Երևանի նորաստեղծ Աջափնյակ թաղը «Չերյոմուշկի» անվանեցին։

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

Այս անունները հաճախ են հնչում մեր ականջին։ Ամեն օր տրամվայ նստելիս, կամ հաջորդ տրամվային սպասելիս լսում ենք «Տրամվայը գնում է «Առաջին մաս» կամ թե «Առաջին մասով՝ Երրորդ մաս»։

Հարց է առաջ գալիս, թե որտեղի՞ց են գալիս այդ անունները, ինչո՞ւ չկա «Երկրորդ մաս», կամ գուցե եղել է նաև «Չորրորդ մաս»։

Այո, իրականում եղել են «չորս մասերն» էլ, բայց մնացել են միայն երկուսը՝ «Առաջին մաս» և «Երրորդ մաս» անունները։

Նախ ասենք, որ այդ անունների առաջացումը անմիջապես կապված է քաղաքում ծավալվող շինարարական տեղամասերի շահագործման հերթականոնթյան հետ։

Դա կատարվել է այսպես։ 1932 թվականին, Երևան քաղաքի հարավ–արևմտյան մասում, այլ խոսքով ներկայումս «Կաուչուկ» անունը կրող թաղամասում ծավալվեցին շինարարական մեծ աշխատանքներ։ Այդ աշխատանքները առաջին հերթին կապված էին սինթետիկ կաուչուկի արտադրության ստեղծման հետ։

Երևանում սինթետիկ կաուչուկի գործարան կառուցելու համար ծավալվեցին շինարարական խոշոր աշխատանքներ։ Բնական է այդ նպատակով պետք է կառուցվեին նաև բնակելի և օժանդակ շենքեր։

Այստեղից էլ հերթականությամբ ստեղծվեցին շինարարական տեղամասեր՝ «Առաջին մաս», «Երկրորդ մաս», «Երրորդ մաս» և վերջապես «Չորրոդ մաս» անուններով։

Շինարարությունը ավելի շատ ծավալվեց «Առաջին» և «Երկրորդ մասերում»։ Եվ քանի որ «Առաջին մասում» (շինարարական տեղամասում) կաուչուկե գործարանն էր կառուցվում, իսկ «Երրորդ մասում» ծավալվել էր բնակելի շենքերի շինարարությունը, այդ պատճառով քաղաքի թաղամասերի շարքում հավերժացան և պատմական անուններ դարձան «Առաջին մաս» և «Երրորդ մաս» անվանումները։

«Երկրորդ մասում» գնում էր ներկա Խրոմպիկի գործարանի շինարարությունը։ Ինչ վերաբերում է «Չորրորդ մասին», ապա դա փաստորեն «Առաջին մասի» շարունակությունն էր, ուր գտնվում էին օժանդակ շենքեր։

Հետագայում տեխնոլոգիան փոխվելու հետևանքով, Խրոմպիկի գործարանը անջատվեց և «Երկրորդ մաս» անունն էլ դուրս եկավ գործածությունից։ Իսկ «Չորրորդ մասը», որը «Առաջին մասի» շարունակությունն էր՝ ժամանակի ընթացքում ձուլվեց նրա հետ։

ԱՎԱՆ

Ավան անունը պատկանում է այն տեղանունների թվին, որոնք իրենց նախնական նշանակությամբ հասարակ են, բայց հետագայում դարձել են աշխարհագրական հատուկ անուն։

Անվան բառը հայերենում փոխառված է պահլավերենից: Նա ունի «գյուղի» կամ «շենի» իմաստ։ Ի դեպ, անցյալում, սովորաբար ավան են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից։ Ավան մասնիկը միացվել է մեր շատ տեղանունների։ Այդ ձևով են առաջացել Ստեփանավան, Գեղամավան, Արտավան և այլ անուններ։

Ավանը եղել է Այրարատյան նահանգի Կոտայք գավառի նշանավոր բնակավայրերից մեկը։ Նա դեռ յոթերորդ դարի սկզբում եղել է կաթողիկոսանիստ վայր։ Անցյալի հուշարձաններից նշանավոր է վեցերորդ դարի ճարտարապետական հուշարձաններից՝ Ավանի տաճարը, որը եղել է միջնադարյան հայ ճարտարապետության աչքի ընկնող կոթողներից մեկը։

Տաճարը կառուցել է հակաթոռ կաթողիկոս Հովհան Սյունականը։ Դա այն շրջանն էր, երբ Հայաստանը կրկին բաժանվեց Պարսկաստանի և Հունաստանի միջև։ Այդ ժամանակներում էր, որ Ավանում Հովհան կաթողիկոսը (519— 602) հիմնեց այս տաճարը և Ավանն էլ դարձրեց կաթողիկոսանիստ վայր, ի հակադրություն Էջմիածնի կաթողիկոսարանի: Դրա համար էլ ասում են հակաթոռ կաթողիկոս կամ քաղկեդոնական կաթողիկոսություն։ Այսինքն՝ հայ եկեղեցական օրենքով ընտրված կաթողիկոսին հակառակ։ Ավանի տաճարի նախատիպը եղել է Էջմիածնի Մայր տաճարը: Այդ առթիվ ճարտարապետ Թ. Թորամանյանը գրում է՝ «Այս Հովհան կաթողիկոսը Ավանում շինեց 6-րդ դարու մեջ մի եկեղեցի, որ նմանություն էր բերում Էջմիածնին. այս նմանությունն այն ժամանակ պատշաճ էր համարվում, որովհետև Հովհանը նստում էր հակաթոռ կաթողիկոս, հակառակ Էջմիածինի, ուստի շինած կաթողիկոսական եկեղեցին ևս պիտի ունենար Էջմիածնի ավանդական ձևը, իբրև կաթողիկոսական լուսավորչական ձև»։

Ավանը իր ժամանակին եղել է շատ բազմամարդ և ընդարձակ բնակավայր, ունեցել է ուրիշ եկեղեցիներ ու վանքեր, որոնց փլատակներն են մեզ հասել, որպես լուռ վկաներ նրա անցյալի պատմության։

Վազգեն
25.01.2007, 05:28
ԱՐԱԲԿԻՐ

Այս անունն է կրում Երևանի հյուսիս-արևմտյան մասում գտնվող խոշոր ու բարգավաճող թաղամասերից մեկը։ Երևանի և Քանաքեռի միջև 1924 թվականին որոշվեց հիմնել Նոր Արաբկիր անունով ավան։ 1925 թվականի հոկտեմբերի 25-ին դրվեց ավանի հիմքը։ Այդ գործում մեծ դեր խաղաց Սփյուռքի արաբկիրցիների հայրենակցական միությունը։

Արաբկիր անունը գալիս է Արևմտյան Հայաստանից։ Բուն Արաբկիրը գտնվում է Խարբերդի նահանգում (վիլայեթում), Եփրատի վտակներից մեկի՝ Արևմտյան Եփրատի, կամ Կարասուի վրա, Խարբերդի և Ակնի միջև։ Արաբկիրը աչքի էր ընկնում որպես վաճառաշահ քաղաք, շրջապատված էր մշակված արգավանդ դաշտերով։ Մինչև 1915 թվականի ապրիլյան եղեռնը Արաբկիրը իր արվարձաններով ուներ քսան հագար հայ։

Արևմտահայ մյուս հայաբնակ վայրերի նման Արաբկիրն էլ ենթարկվեց ցեղասպանության արհավիրքին։ Կենդանի մնացածները ստիպված եղան աքսորի ճամփան բռնել, իհարկե, առանց գիտենալու, թե ուր են գնում։ Կենդանի մնացածներից մի մասը տարրեր կողմերից գաղթեց Հայաստան, իսկ մի մասն էլ՝ արտասահմանում բնակություն հաստատեց և ի հիշատակ իրենց հայրենի Արաբկիրի, հիմնեցին Հայրենակցական կամ Վերաշինական միություններ: Արաբկիրցիների Հայրենակցական միությունների ջանքերով էր, որ, ինչպես ասվեց, 1925 թվականին, Երևան քաղաքի հյուսիսային մասում հիմնադրվեց Նոր Արաբկիր արվարձանը։ Արաբկիրցիների անձնվեր աշխատանքով ու օժանդակությամբ Արաբկիրը վերափոխվեց։ Այնտեղ կառուցվեցին բազմաթիվ տներ, ստեղծվեցին ծառազարդ փողոցներ, աղբյուրներ։ Արաբկիրում հիմնվեցին ոչ մեծ գործարաններ՝ փայտամշակման, հագուստի, կոշիկի և այլ ձեռնարկություններ։

Բայց հետագայում, երբ Երևանի սահմանները ընդարձակվեցին Արաբկիրը մտավ քաղաքի մեջ։ Այն մեծացավ, բարեկարգվեց, վերափոխվեց ու դարձավ Երևանի ամենաբազմամարդ թաղերից մեկը։

ՄԱԼԱԹԻԱ

Մալաթիա կոչվում է Երևանի արվարձաններից մեկը։

Բուն Մալաթիան՝ պատմական Մելիտինեն, գտնվում է Խարբերդ նահանգի (վիլայեթի) հարավ-արևմտյան մասում։ Քաղաքը փռված է մի գեղատեսիլ հովտում, շրջապատված պարտեզներով և այգիներով։

Մալաթիայում հայերի թիվը մինչև նրանց տարագրումը կազմում էր 20 հազար մարդ։ Դեռ եղեռնից առաջ հայերը հարկադրված էին մեծ խմբերով պանդխտության դիմել՝ գնալ արտասահմանյան երկրներ, ընդհուպ մինչև Ամերիկա։

1925 թվականին հին մալաթիացիները Շահումյանի շրջանում հիմնում են մի ավան և Մալաթիա կոչում։

ՍԵԲԱՍՏԻԱ

Երևանից մոտ 10 կիլոմետր հեռու, 1927 թվականին հիմնադրվեց Սեբաստիա անունով ավանը։ Ժամանակի ընթացքում Երևանը ընդարձակվեց, տարածվեց Հրազդանի աջ ափին և իր մեջ առավ Շահումյանի շրջանը, որի կազմում էր նաև Սեբաստիա ավանը։ Այս կապը ավելի ամրապնդվեց շնորհիվ այն հոյակապ կամրջի, որը կառուցվեց Հրազդանի վրա։

Սեբաստիա ավանը գտնվում է Շահումյանի շրջանում, բայց հետաքրքիր է իմանալ, թե որտեղ է գտնվում բուն Սեբաստիան, որտեղից է տեղափոխվել այս անունը և ինչ է մեզ պատմում։

Բուն Սեբաստիան, որը ներկայումս թուրքերը Սըվազ են անվանում, եղել է պատմական Հայաստանի Փոքր Հայքի կազմում։ Հետագայում դարձել է Սեբաստիա նահանգի կենտրոնը։ Քաղաքը գտնվում է մի ընդարձակ դաշտում, ուր հոսում է Ալիս գետը։ Ինչպես հայտնի է, Արծրունի Սենիքերիմը նեղվելով թուրքերից, իր գահը 1021 թվականին տեղափոխվեց Սեբաստիա, և Վասպուրականից եկած հայերը այստեղ կառուցեցին Ս. Նշան հայտնի վանքը, որը կանգուն է մինչև այսօր։

Բացի դրանից Սեբաստիայի շուրջը կան հայերի կողմից ստեղծված պատմական շատ հուշարձաններ ու նվիրական վայրեր, որոնք լուռ վկա են հայ կյանքի և մշակույթի։ Հիշենք «Քառասուն մանկանց», «Սև հողեր» կոչվող վայրերը, ուր թաղված են Լենկթեմուրի օրոք նահատակված հազարավոր հայեր։ Ինչպես հայտնի է Լենկթեմուրը, երբ արշավեց Սեբաստիա, այնտեղ 100000-ից ավելի հայություն էր բնակվում։ Այդ արյունահեղ բռնակալը ահավոր ավերածություններ ու կողոպուտներ կատարեց Սեբաստիայում։ Կոտորեց ավելի քան չորս հազար մարդ։ Բռնել տվեց բոլոր հայ զորավարներին և իշխաններին ու ողջ-ողջ թաղեց։ Հենց այդ նահատակների թաղված վայրն էլ կոչվում է «Սև հողեր», որը փաստորեն Սեբաստիա քաղաքի հեռավոր արվարձաններից մեկն է։

Սեբաստիայից մոտ քսան կիլոմետր հեռու գտնվող հուշարձաններից է Հրեշտակապետ կոչվող վանքը։ Սեբաստիայի շուրջը կային բազմաթիվ հայաբնակ գյուղեր, որոնցից Բրգնիքը եղել է Արևմտահայ բանաստեղծության խոշորագույն դեմքերից մեկի՝ Դանիել Վարուժանի ծննդավայրը։

Սեբաստիա նահանգի կազմի մեջ էին մտնում հայաշատ մի շարք գավառներ։ Հիշենք դրանցից մի քանիսի կենտրոնները՝ Տիվրիկ, Եվդոկիա, Շապին-Գարահիսար, Մարզվան և այլն։ Սրանք բոլորն էլ հիշարժան վայրերն են մեր ժողովրդի հեռավոր ու մոտ անցյալի պատմությունից։ Օրինակ` Տիվրիկը եղել է թոնդրակցիների կամ Պավլիկյան շարժման կենտրոնը։ Շապին–Գարահիսարը հանդիսանում է հայ ազգային ազատագրական շարժման և ռազմական գործիչ զորավար Անդրանիկի և ճարտարապետ Թորոս Թորամանյանի հայրենիքը։

Շահումյանի շրջանում Սեբաստիա անունը հավերժացավ ոչ միայն այդ անունը կրող ավանով, այլև Սեբաստիա անունը կրող գլխավոր փողոցներից մեկով։ Փողոցի վրա են սեբաստացի Դանիել Վարուժանի անվան միջնակարգ դպրոցը։ Սեբաստիա անունն է կրում նաև տեղի մետաքսի գործարանը։

ՄԱՐԱՇ

Երևանի Մարաշ կոչվող թաղը գտնվում է քաղաքի հյուսիս-արևելյան մասում, Նորքից ոչ հեռու։ Այս արվարձանը իր անունը ստացել է Լեռնային Կիլիկիայում գտնվող Մարաշ բնակավայրից, որը գտնվում է Ադանայից մոտ վաթսուն կիլոմետր հյուսիս՝ Տավրոսի լանջերին, Սեյխան կամ Ճիհուն գետի արևելյան հովտում։

Մարաշը ժամանակին Կիլիկիայի կարևորագույն և հարուստ քաղաքներից էր։ Անցյալում կոչվել է Գերմանիկ։ Այս քաղաքի կլիման շատ առողջարար է, ջուրը՝ ընտիր։ Եղեռնից առաջ Մարաշում բնակվում էին մոտ քսան հազար հայեր: Մարաշցիները աչքի են ընկել որպես լավ կահույքագործներ, և համարվել են հաստ շալագործներ: Արտահանել են արծաթաթել գործվածքներ և բամբակեղեն։ Կրթական առումով Մարաշը ժամանակին առաջադեմ քաղաք էր։

Մարաշի հայերի զբաղմունքը այգեգործությունն ու երկրագործությունն էր։ Առավել տարածված գյուղատնտեսական կուլտուրաներից էին՝ բրինձը, բամբակը, ծխախոտը, խեժը։

Ավելացվել է 3 րոպե անց
Դե Կիլիկիայի մասին կարծում եմ բոլորս էլ գիտենք…

ԶԵՅԹՈՒՆ

Այս անունը կրում է Երևանի հյուսիսային մասում գտնվող նորաստեղծ թաղերից մեկը։ Նա իր անունը ստացևլ է այն նշանավոր Զեյթունից, որը գտնվում է Կիլիկիայի հյուսիս-արևելյան մասում։ Այս լեռնային անառիկ շրջանը շատ բանով նման է Արևմտյան Հայաստանի Սասունին։ Զեյթունը մի լեռնային աշխարհ է, որը մտնում է Տավրոսի սիստեմի մեջ: Երկիրը կտրտված է բազմաթիվ ձորերով ու կիրճերով։ Երբ Կիլիկյան հայկական թագավորությունը կորցրեց իր անկախությունը, ապա հայերի մի զգալի մասը այստեղ ապաստանեցին և վարում էին կիսաանկախ վիճակ։

Սասունն ու Զեյթունը բախտակից աշխարհներ են, նրանց մեջ ընդհանուր շատ բան կա, թե բնության, թե դիրքի, թե հերոսական անցյալի։ Ճշմարիտ է ասված, որ եթե Տարոնի գահը Սասունն է, ապա Կիլիկիայինը՝ Զեյթունը։ Երկուսն էլ լեռնային աշխարհներ են, անմատչելի երկրներ։

Զեյթունցիներն էլ իրենց անառիկ հայրենիքում կռվել են թուրք բռնակալների դեմ և հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմության մեջ փառավոր էջեր գրել։ Զեյթունցիները համառորեն կռվում էին սուլթանական Թուրքիայի դեմ։ Այդ պայքարի ամենափայլուն արտահայտությունն էր Զեյթունի 1862 թվականի ապստամբությունը, որն, ըստ էության, համաշխարհային բնույթ կրող հերոսամարտ էր։ Զեյթուն անունն էլ Սասունի նման ժամանակի ընթացքում մեր ազգային հպարտությունը դարձավ։

Զեյթուն գավառի կենտրոնը կոչվում էր Զեյթուն կամ Ուլինա։ Այս ավանը գտնվում է Կիլիկիայի Սիս քաղաքից հյուսիս՝ Մարաշի և Հաճընի միջև, Անդրտավրոսյան լեռնաշղթայի խորքում գտնվող մի բարձրավանդակի վրա։ Զեյթունը առողջ օդ ու ջուր ունի։

Ընդհանրապես կարծում են, որ «զեյթուն» բառը առաջ է եկել նրանից, որ Կիլիկիայի այդ մասում շատ ձիթենիներ կան և երկիրը ևս կոչվել է «Զեյթուն», որ թուրքերեն է։ Բայց այդ կարող էր տեղի ունենալ թուրքերի տիրապետությունից հետո։ Ղևոնդ Ալիշանը հավանական չի համարում այդ բացատրությունը, որովհետև, նկատում է նա, որ ձեռագրերի մեջ ասված է «Զեթուն» և ոչ թե «Զեյթուն»։ Այսպիսի փոփոխություններ աշխարհագրական անունների միջև հաճախ է պատահում։ Թուրքերը փոխ առնելով հայկական անունները կամ աղճատել են, կամ տվել թուրքական նշանակություն։

Ինչ վերաբերում է երկրին, Ղ. Ալիշանը գտնում է, որ Զեյթունը, իբրև մի ինքնուրույն երկիր սկսել է կազմակերպվել Ռուբինյան կամ Սիսվանյան թագավորության անկումից հետո, երբ որոշ հայ իշխաններ շարունակեցին իրենց անկախությունը պահել լեռնային անառիկ տեղերում։ Այդ առթիվ Ալիշանը առաջ է բերում 1473 թվականին գրված մի հիշատակագիր, որի մեջ ասված է, թե հայոց մեծ զորավար Հեթումի կին Զարմանուհին իր ամուսնու դավաճանական սպանությունից հետո, պատերազմիկ մի խմբի գլուխ անցած քաշվել է լեռները, գնացել է Զեյթուն, տիրել է Կապան բերդին։

Այդ հիշատակարանը առաջ բերելով, Ալիշանը կամենում էր մի կապ գտնել Զեյթուն և Զարմանուհի անունների մեջ և նրան համարել Զեյթունի անկախության հիմնադիրը։

Տարագրումից առաջ Զեյթունի գավառի հայերի թիվը հասնում էր 20 հազարի։ Զեյթունցիների հայրենիքը չնայած լեռնոտ էր և երկրագործությանը քիչ նպաստավոր, բայց ժիր ու աշխատասեր զեյթունցիները իրենց դարատափերի վրա զբաղվում էին երկրագործությամբ, ինչպես նաև խաղողի և ձիթենիների մշակումով։

Զեյթունում կան շատ նվիրական վայրեր, բերդեր ու վանքեր, որոնք կիսավեր վիճակում մնում են լուռ վկա հայ կյանքի։ Զեյթունի մոտ է ս. Աստվածածնի վանքը, Մարմշել բերդը, որը պատկանել է Գոռ Վասիլին։ Նշանավոր են և գյուղերը իրենց անցյալով ու հնություններով։ Այսպես, Ֆռնուզը իր վանքով, Կիկսոն է աքսորվել Հովհ. Ոսկեբերանը։ Կիկսոնի և Ֆռնուզի միջև է գտնվում Ստեփանոս Ուլնիցու վանքը։

Վազգեն
25.03.2007, 00:08
Ադմիններ կամ մոդերատորներ, այս թեմա կտեղափոխե՞ք Պատմություն բաժին: Շնորհակալություն։

Մոդերատորական: Թեման տեղափոխված է: