PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Գրում ենք սոնետ



Շինարար
03.04.2010, 01:47
Սկսում ենք ստեղծագործական նոր մրցույթ: Մրցույթի գաղափարի հեղինակային իրավունքները պատկանում են ինձ, ես այն հղացել եմ կարդալով Ուլուանայի այս գրառումը (http://www.akumb.am/showthread.php/41347-Նոր-ստեղծագործական-նախագիծ-(չափածո)?p=1552419&viewfull=1#post1552419) Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո) (http://www.akumb.am/showthread.php/41347-Նոր-ստեղծագործական-նախագիծ-(չափածո)?p=1552419&viewfull=1) թեմայում, ավելի կոնկրետ հղված գրառման 1-ին տարբերակը:)): Մրցույթի պայմանները շատ պարզ են. եթե հիշում եք Չուկի անցկացրած Թարգմանչաց մրցույթը (http://www.akumb.am/showthread.php/51541-Թարգմանչաց-մրցույթ.-համար-1), տեղեկացնեմ, որ ըստ էության մրցույթի անցկացման կարգը copy paste եմ արել այնտեղից, բայց խորհուրդ եմ տալիս չզլանալ և նորից ուշադիր կարդալ, քանի որ որոշ փոփոխություններ, այնուամենայնիվ, կան:

Շինարար
03.04.2010, 01:56
Մրցույթի անցկացման կարգը.

1. Թեման բացելուց հետո 7 օրերի ընթացքում (մինչև 10.04.2010թ. ժամը 24:00) մրցույթին մասնակցել ցանկացողները նամակագրական համակարգով (http://www.akumb.am/private.php?do=newpm) ինձ ուղարկում են իրենց ստեղծագործած սոնետները, նամակի վերնագրում գրելով «Գրում ենք սոնետ», իսկ գրառման դաշտում սեփական ստեղծագործության սոնետը:
2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ուղարկել մեկից ավելի ստեղծագործություններ:
3. Սոնետների ստացվելու ժամկետի ավարտից հետո ես թեմայում տեղադրում եմ բոլոր սոնետները, պայմանական համարակալած «Հեղինակ N - սոնետ» տեսքով, բացում եմ ըստ հեղինակների համարների հարցում՝ բազմակի ընտրության հնարավորությամբ՝ 5 օր ժամկետով:
4. Քվեարկության ավարտից հետո ըստ քվեարկության արդյունքների ճանաչում ենք հաղթողին:
5. Մինչև քվեարկության ավարտը քննարկումներն ու գրառումները թեմայում արգելվում են, առաջին յոթ օրերին, մինչև քվեարկության սկսվելը, թեման լինելու է փակ, ապա սոնետների տեղադրումից հետո թեման բացվելու է, բայց քննարկումները միևնույն է կլինեն արգելված՝ մինչև քվեարկության ավարտը:
6. Քվեարկության ավարտից հետո հեղինակները «գաղտնազերծվելու» են, գրվի, թե որ համարին որ ակումբցին է համապատասխանում:
7. Մինչ սոնետների տեղադրումը ամեն օր թեմայում գրառման տեսքով հիշեցնելու եմ մրցույթի մասին:
8. Ուղարկված բոլոր սոնետները թեմայում տեղադրվելու են, քվեարկությանը մասնակցելու են, հեղինակի անունը քվեարկությունից հետո բացվելու է: Բոլոր նրանք, ովքեր վստահ չեն, որ ուզում են մասնակցել մրցույթին թող պարզապես տարբերակներ չուղարկեն: Ուղարկելուց հետո մրցույթին մասնակցել չուզելու բոլոր դիմումները մերժվելու են:

Շինարար
03.04.2010, 02:02
Սոնետ


Սոնետ (իտալերեն` sonetto, sonare - հնչել) - բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկը։ Բաղկացած է 14 տողից` սկզբում երկու քառյակ (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ):
Սոնետի հանգավորման ձևերը շատ բազմազան են։ Ամենից բնորոշն այն ձևն է, երբ սոնետի քառյակներն ունենում են երկու ընդհանուր հանգ, որոնք տողերն իրար են կապում օղակաձև կամ խաչաձև հանգավորումով։ Իսկ եռատողերի մեջ հանդես է գալիս երեք հանգային վերջավորություն` ամենատարբեր դասավորությամբ։ Առանձին դեպքերում էլ սոնետը կարող է ունենալ երեք քառյակ և մեկ եզրափակիչ երկտող։
Ահա Վահան Տերյանի սոնետներից մեկը, որն ունի հանգավորման այսպիսի սխեմա. abba abba ccdeed.

Իջնում է գիշերն անգութ ու մթին
Եվ այգը բացվում դառն ու մահահոտ,
Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
Հավատում է դեռ քո առավոտին։

Թող կիտվի խավարն ավելի խրթին,
Եվ չարախինդ ճնշե հողն իր արյունոտ,
Ու թող գա, թե կա, ավելի չար բոթ,
Մեխվի զոհ-երկրիս անարգված սրտին։

Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ
Մի հեք նաիրցի գնում եմ անկանգ.-
Թող գուժկան գիշերն անհաստատ դավե-
Որքան մութը սև` այնքան ես համառ,
Երկի՛ր, իմ երկիր, հավատով անմար,
Սուրբ է քո ուղին և պսակըդ վեհ...

Սոնետն Իտալիայում առաջացել է 13-րդ դարում: Մեզ հայտնի առաջին սոնետը գրել է «սիցիլիական դպրոցի բանաստեղծ» Յակոպո դա Լենտինին, որը Սիցիլիայի Ֆրիդրիխ 2-րդ թագավորի օրոք արքունիքում նոտար էր: Իտալական առաջին սոնետները ռիթմով, կառուցվածքով և հանգի խաչաձև համակարգով մոտ էին ժողովրդական երգին:
Հետագայում սոնետի ձևը մշակեցին «dolce stil nuovo» բանաստեղծները (Գվիդո Գվինիցելլին, Գվիդո Կավալկանտին, Չինո դա Պիստոյյան) և Տոսկանայի դեմոկրատական բանաստեղծական դպրոցի ներկայացուցիչները (Չեկկո Անջիոլիերին), որոնցից առաջինների ստեղծագործություններում հետագա զարգացում ստացավ տրուբադուրների պոեզիայից եկած սիրեցյալի պաշտամունքը: dolce stil nuovo բանաստեղծների սոնետներում կինն աստվածացվում է, կործանվում են սիրո դասակարգային արգելքները, ուսումնասիրվում է մարդու հոգևոր աշխարհը, կատարելագործվում է բանաստեղծական լեզուն: Անջիոլիերիի և նրա հետևորդների պլեբեյական պոեզիայում գովերգվում է առօրեական կյանքն իր մարդկային հասարակ ուրախություններով: Սիրային սոնետներին զուգահեռ առաջանում են քաղաքական և երգիծական սոնետներ: Սոնետ գրելու օրինաչափությունները համակարգել է իրավաբան Պադուի Անտոնիո դա Տեմպոն 1332 թվականին:
Սոնետի անգերազանցելի վարպետ էր Ֆրանչեսկո Պետրարկան, որի շնորհիվ սոնետը դարձավ մարդկային ապրումների արտահայտման միջոց: Նրա 300 ստեղծագործություններից կազմված «Երգերի գիրքը», որը պատմում է Լաուրայի հանդեպ բանաստեղծի սիրո մասին, վճռորոշ դեր ունեցավ եվրոպական պոեզիայի հետագա զարգացման հարցում:
Շեքսպիրը գրել է սոնետների մի ամբողջ գիրք (154 սոնետ): Այդ ձևով ստեղծագործել են նոր ժամանակների շատ նշանավոր բանաստեղծներ։
Հայ գրականության մեջ սոնետի բանաստեղծական կուլտուրան արմատավորվեց շնորհիվ Վահան Տերյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Թեքեյանի, Եղիշե Չարենցի և ուրիշների։ Սոնետը սիրված ձև է եղել հատկապես արևմտահայ պոեզիայում, ուր նրա անունը բառացի թարգմանել և անվանել են «հնչյակ»:

Ըստ Էդ. Ջրբաշյանի և Հ. Մախչանյանի «Գրականագիտական բառարանի»

Շինարար
03.04.2010, 10:03
Սոնետի օրինակելի նմուշ 1

Այգերգ

Սարերուն մեջ կը կոծկոծի այգուն` կոչնակը վանքին,
եղնիկները մըթնշաղին դեպի գետափ կը դիմեն.
աղջիկ մըն է կարծես հովը` գինով մուրտի բուրումեն`
որ ջուրերուն վրա կը դառնա սարսուռի պարն հեշտագին:

Վանքի քովի արահետեն կարավանները կ’անցնի՜ն,
բոժոժներուն երգը լալով գիշերին մեջ տրտմորեն.
մինչ կը սպասեմ ջինջ լույսերուն` որոնք ծագիլ կը համեն.
ու կը լըսեմ շշուկներն` որ կը հծծեն մեջը ցանկին:

Կիրճին խորը, ժայռին ծոցն է գյուղանըկարը փռված,
տարտամորեն, հսկայական, արծիվի մը ձևերով,
մագիլները խորասուզած խորշերու մեջ մըթամած:

Արբշիռ բույրեն` զոր կը բերե ինձի առտուն անխըռով,
ես կ’երազեմ ծառերուն տակ ու կըսպասեմ խոլաբար,
լույս պարիկին` որ իղձերըս պըսակելու պիտի գար:

Միսաք Մեծարենց

Շինարար
03.04.2010, 20:38
Սոնետի օրինակելի նմուշ 2

Քեզմե ոչինչ

Քեզմե ոչինչ, ինձմե՝ ամեն բան, ամեն․
Քեզմե միայն խաղաղություն, լռություն,
Մինչ իմ սրտիս մեջ ժպիտներ կիսարթուն՝
Դատապարտված, նորեն մահվան կսպասեն․․․

Դուն չես գիտեր, ի՞նչպես գիտնալ դուն կըրնաս,
Թե ինձ համար շատ ավելին ես քեզմե,
Իմ կարոտս ես, որ զիս մեղմիվ կսփոփե,
Իմ մթությունս, որ իբրև լույս կիջնե վրաս․․․

― Ո՛վ սերըդ իմ, մինակ, առանց վայելքի,
Եվ փոքրագույն առանց հույսի մը անգամ,
Մահվան արև, որ հոգվույս դեմ կծագի․․․

Ի՜նչ փույթ․ նորեն ես ընդառաջ քեզ կուգամ
Ու կխնդրեմ, ես կխնդրեմ այս միայն,
Որ իմ սրտիս միշտ ցանկալի պահես զայն․․․։

Վահան Թեքեյան

Շինարար
04.04.2010, 01:30
Սոնետի օրինակելի նմուշ 3

Սոնետ

Կյանքին միշտ օտար, մահից վախեցող —
Ես շրջում էի այս գունատ երկրում,
Ուր չկար ցավի երջանկության ցող
Եվ ոչ չըմեռնող բախտի դառը թույն։

Նա իր կարոտով ու իր ցանկությամբ
Վառվեց իմ ամուլ գոյության վերա —
Քնքուշ, հեռավոր մի հրեղեն ամպ՝
Ես նորան տեսա ու բախտից մեռա...

Նա իր բոցերով այրեց ու գընաց.
Նա բերեց հոգուս մահու քաղցր կյանք,
Ուր հեզ վառվում է հավիտյան անլաց
Անմեռ տրտմության մի պայծառ տանջանք,—
Մի պաղ քարացում աղոթքի կանգնած,
Մի վայելք֊հուշի չըմեռնող արբանք...

Վահան Տերյան

Շինարար
04.04.2010, 09:01
Սոնետի օրինակելի նմուշ 4

Սոնետ

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ: -Դուք արվեստ եք ու հոգի:
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել:
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի`
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազա՛ր սոնետ նվիրել:

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում: Երբ Դուք կարդում եք, տիկի՛ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի:
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են` Ձեր կրծքի քարերի պես թանկագին:

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին -
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ են երգում,
Եվ այդ երգով հմայված` սիրտս տխրում է լռին:

Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի -
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի:

Եղիշե Չարենց

Շինարար
04.04.2010, 17:35
Սոնետի օրինակելի նմուշ 5

Սոնետ 47

Թող օրհնվի օրը, ամիսը, տարին,
Ժամը, վայրկյանը, պահը անմոռաց,
Եվ այն երկիրը, ուր մի օր հանկարծ
Մի զույգ հուր աչքեր ինձ թախիծ բերին:

Օրհնանք թող լինի քաղցր հույզերին,
Երբ ես սիրեցի այնպես կախարդված,
Եվ թող օրհնվի նիզակը նետված,
Ու մինչ սիրտ հասնող իմ վերքը խորին:

Թող ձայնն օրհնվի, որով ամեն օր,
Դոննա, ես ձեզ եմ կանչում ու լսում,
Թող օրհնվի իմ հառաչանքը խոր.
Իմ արցունքավորված երգերն այս բազում,
Ձեր փառքը, Դոննա, խոհերս բոլոր,
Սիրտս ուրիշին զիջել չի ուզում:

Պետրարկա
Թարգմանությունը՝ Էդ. Ավագյանի

Շինարար
05.04.2010, 00:57
Սոնետի օրինակելի նմուշ 6

***
Ձեռներում Ձեր մանրիկ, նվագուն,
Ձեր ձայնում, երբ ասում եք «Տերյան»,
Ձեր բարակ ժըպիտում նաիրյան_
Մի թախիծ կա մեղմած ու թաքուն:

Շուրթերում Ձեր մաքուր ու բուրյան,
Ձեր պարում` հեզանազ ու ճըկուն,
Հաշտորեն խոնարհված Ձեր հոգում
Նաիրյանն է երգում, հնօրյան…

Երբ կիզում եք Ձեր միշտ հրախանդ
Նայվածի բոցերով մթամած,_
Ուզում եմ օրորել Ձեզ կամաց,
Փայփայել երգերով հնավանդ,
Տխրությամբ հնազանդ ու մեղմած,
Նաիրյան նվագով իմ հիվանդ…

Վահան Տերյան

Շինարար
06.04.2010, 02:54
Սոնետի օրինակելի նմուշ 7

Գետափի երազանք

Գյուղն համորեն կը մրափե ծոցն արևոտ ժայռերուն,
տիվանդորրի պահն ըմպած է մեղկ հեշտություն մը սյուքի,
ու ջուրերուն վրա կը ցանե գինովի դողն իր թրթռուն,
գետն համբույրի մը երազով դեպ ի ափունք կը թեքի:

Գետեզերյա ծառաստաններ, միջօրետքի այս պահուն,
ինձ անծանոթ թավուտքներե կը խրկեն բույրն հեշտանքի,
որ համրորեն կը ծավալի ծաղիկներեն այն լըքուն,
ասդին անդին տարտըղնըված` որոնց հոգին կը ցամքի:

Եվ հընամի ծառեր զյումրյութ միայնությանց ընդմեջեն
կ’արտածորեն մուշկի բույրեր ու ժպիտներ ալ բոսոր.
կիսամըրափ կ’երազեմ, զիս աղաղակներ կը կանչե՜ն…:

Ձայներ` դյութիչ աշխարհներե, տարտա՜մ, անո՜ւյշ, հեռավո՜ր`
որոնք անդին զիս կը տանին երանաստան մը բաղձոտ
Ու կը նիրհեմ արբշիռ` հովին դյութիչ նեկտարն ըմպած հոդ:

Միսաք Մեծարենց

Սոնետի օրինակելի նմուշ 8

Իմ վերջին սերս․․․

Իմ վերջին սերս, օ՜հ, այնքան առաջինին դեռ նման,
Սիրտս դեռ տաք է քեզմով ու կտանիմ քեզ հիմա
Զգուշաքյլ, երկյուղած՝ մոխրի մը պես սրբազան
Ուրկե փյունիկ մը հառնել ու դեռ տանջել զիս կրնա․․․

Իմ վերջին սերս, օ՜հ, թռչո՛ւն չորս օր ապրած, չորս գիշեր,
Իմ և անոր աչքերուն, շարժումներուն ալ միջև,
Եվ մատնված տանջանքի, երբ դեռ հազիվ կբխեր
Երգին աղբյուրը կուրծքեն, հազի՜վ բացած էր ան թև․․․

Ի՜նչպես անուշ եղար դուն և ան ի՜նչպես կրցավ քեզ
Խոցել բառով մը միակ, երբ մոտեցր քիչ մ'իրեն,
Ինք որ տեսած էր զքեզ, քեզի ժպտած հեռուեն․․․
Եվ դուն ի՜նչպես, վերջին սեր, եղար խոնարհ, եղար հեզ,
Ի՜նչպես անձայն, անպաշտպան ծռեցիր վիզդ ու ինկար,
Ի՜նչպես մնաց սրտիս մեջ քու մահու ճիչդ երկար․․․։

Վահան Թեքեյան

Շինարար
06.04.2010, 15:42
Սոնետի օրինակելի նմուշներ 9-13


65.

Երբ չկա ո՛չ հող, ո՛չ արույր, ո՛չ քար, ո՛չ ծով անեզերք,
Այլ միայն մահու թախիծն է նրանց իշխում տիրաբար,
Գեղեցկությունը ինչպե՞ս պաշտպանվի ցասումից այդ նենգ,
Երբ ուժը նրա անզոր է ինչպես ծաղիկ դալկահար:
Կարո՞ղ է արդյոք ամռան մեղրահամ շունչը դիմանալ
Այս գանակոծող օրերի անզուսպ հարձակումներին,
Երբ անկարող է ժայռը նրանց դեմ անհողդողդ մնալ,
Եվ պողպատաձույլ դարբասն է նրանց անսացող գերին:
Դա՜ռը մտորմունք, երբ ժամանակի գոհարը ընտիր
Նրա սնդուկում հեռու է պահված մարդկանց աչքերից.
Ի՞նչ զորավոր ձեռք կարող է ճանկել նրա ոտքը ժիր,
Կամ ո՞վ կարգելի նրան եղծանել պերճությունն անբիծ.
Ո՛չ ոք եւ ոչինչ: Բայց կզորանա այս հրաշքը վառ,
Երբ իմ սիրելին սեւ թանաքի մեջ շողշողա պայծառ:


66.

Հոգնած ամենից՝ ես անդորրաբար մահվանն եմ կանչում,
Երբ որ տեսնում եմ արժանավորին մուրացիկ ծնված,
Եվ ոչինչը սին՝ ինչպես է խինդի մեջ բարգավաճում,
Եվ հավատն անբիծ՝ տարաբախտորեն խաբված ու մերժված,
Եվ պատիվը թանկ՝ ուրիշին տրված անամոթաբար,
Եվ կուսությունը՝ անառակացած ու անկարեկից,
Եվ բնօրինակ կատարելությունն՝ եղծված անարդար,
Եվ զորությունը՝ հաշված կաղոտն իշխանությունից,
Եվ արվեստն անեղծ՝ իշխանապետի ձեռքով կարկամած,
Եվ անխելքությունն՝ իբրեւ խրատտու, խելքին փորձելիս,
Եվ ճշմարիտը՝ պարզամտություն սխալմամբ կոչված,
Եվ չարն հաղթական՝ հպատակ բարուն շահագործելիս,
Հոգնած ամենից՝ ես կլքեի աշխարհն անարդար,
Եթե իմ մահով սերս աշխարհում մենակ չմնար:

90.

Ուրեմն՝ ատի՛ր, թե պիտի ատես, ատի՛ր հենց հիմա,
Հիմա, երբ աշխարհն հակառակվել է իմ արարքներին,
Ձեռք-ձեռքի տված հոռի բախտի հետ՝ ծնկի՛ր ինձ հիմա
Եվ մի՛ այցելիր՝ մխիթարելու իմ սիրտը կրկին:
Ա՜խ, պետք չէ՛, չգա՛ս, երբ անցած լինեն օրերս ցավոտ,
Ու չհայտնվես անցած-գնացած վշտի ետ?ից,
Իմ փոթորկաշունչ գիշերվան չտաս տամուկ առավոտ՝
Հետաձգելու իմ հոժարակամ վախճանը նորից:
Թե պիտի լքես, թո՛ղ որ չլինեմ երբեք վերջինը
Եվ չտառապեմ չնչին ցավերից ես գիշեր ու զօր.
Հենց հիմա՛ լքիր, որ չզգամ նրա ցավաբեր գինը,
Այլ միանգամի՛ց ճաշակեմ բախտի հարվածը հզոր,
Եվ այն վիշտը խոր, որ հիմա միայն ինձ թվում է վիշտ,
Քո կորստի հետ համեմատվելիս՝ կչքվի՜ ընդմիշտ:

94.

Նա, ով ուժ ունի չարիք գործելու, սակայն չի գործում,
Ով չի անում այն, ինչ մարդկանց համար զվարճալիք է,
Ով հուզում մարդկանց, բայց ինքը բնավ չի ալեկոծվում,
Այլ քարի նման անշարժ, սառնարյուն եւ անառիկ է,
Նա՛ է իրավամբ ժառանգում երկնի շնորհներն հզոր,
Անպտղությունից ջատագովելով գանձը բնության,
Նա է իր դեմքի եւ իր էության տերն ամենազոր,
Մնացածները ծառաներն են իր գերազանցության:
Ամռան ծաղիկը անուշ բուրմունք է ամառվա համար,
Թեեւ իր համար՝ նա գիտի ապրել ու մեռնե՜լ անտես,
Սակայն երբ թոշնում եւ դառնում է նա մեղկ ու դալկահար,
Ամենազազի՛ր մոլախոտն անգամ պերճ է թվում եմզ:
Զի չարաշահված քաղցրությունն այնպես դառն է ու անհաճ,
Թոշնած շուշանը զազրահոտ է, քան արոսը կանաչ:

132.

Աչքերդ եմ սիրում, եւ նրանք, ասես խղճահարվելով
Եվ գիտակցելով, որ խոշտանգում են հոգիս տակավին,
Միշտ սեւ են հագնում, ողբում են անվերջ վշտահարվելով
Եվ գեղեցկափայլ գթասրտությամբ նայում իմ ցավին:
Եվ արշալույսին երկինք բարձրացող արեգակը վառ
Այնպես չի սազում գորշ Արեւելքի մռայլ աչք-ունքին,
Եվ կամ լուսնկան, որ բերում է միշտ գիշեր ու խավար,
Փառք ու պարծանքով այնպես չի սազում զուսպ Արեւմուտքին,
Որքան քո դեմքին՝ երկու աչքերը սեւ ու վշտահար:
Ո՛հ, թող սիրտը քո նույնպես սեւ հագնի աչքերիդ նման,
Եվ գորով դարձած՝ թող գիշեր ու զօր ողբա ինձ համար,
Քանզի ողբը քեզ դարձնում է այնպե՜ս վեհ ու աննման:
Այդժա՛մ ես կերդվեմ, որ ս?ն է չքնաղն ու լավագույնը.
Եվ նա՛ է տգեղ, ով աշխարհում չունի՛ քո գույնը:

Շեքսպիր

Թարգմանությունը՝ Ս. Մկրտչյանի

Շինարար
07.04.2010, 18:57
Սոնետի օրինակելի նմուշ 14-15

Շնորհակալություն

Մարդկային ցեղը կջնջվի արագ,
Թե կանայք լսեն` ինչե՜ր է ասում,
Ի՜նչ գարշ, անվայե՛լ ձևով է խոսում
Արական կոչվող սեռը անառակ

Մի պահի մասին, որ այն է տալիս,
Ինչ որոնում են աղբյուրի նման,
Մարմի՜ն, ում առջև ծնկի են գալիս,
Իսկ այնուհետև դարձնում թքաման:

Իրենց քույրերին քանի՞ տղամարդ
Եղել է իրոք թե’ հավատարիմ,
Թե’ շնորհակալ` ա’յն կապի համար,

Երբ մենք, թավալված, արյուն ենք տալիս,
Ճնշվա՜ծ մարտիկներ` կորցըրած հավա’տ,
Կորցըրած և’ հույս, և’ կույր գոտեմարտ:

Դյուլա Իեշ
Թարգմանությունը` Պարույր Սևակի

Սոնետ

Անառակ կնոջ դեմքն է միշտ կարմիր,
Իմըս փայլում է քրտինքի’ց հիմա:
Վերում աստղերն են շիկնում մի առ մի’
Հավերժ գովական կույսերի նման:

Աստղոտ գիշերներն ինչքա՜ն են սիրուն,
Բայց ես տխուր եմ ու մոլո՜ր այնպես:
Հարյուր վերքերից կտայի արյուն
Ճի’շտ գործի համար: Բայց խեղճ ճորտ եմ ես:

Ի՞նչ է լինելու,- այդ ո՞վ կիմանա:
Խեղճ ժողովուրդը տզրուկ ու սարդի
Այս ոստայնի մեջ թերևըս մնա:

Թե ճար էլ լիներ, ես չէի բանա
Թևերըս այստեղ: Իմ ժողովրդի
Ապստամբների՜ն թռչեմ-միանամ:

Ֆերենց Կիշ
Թարգմանությունը` Պարույր Սևակի

Շինարար
11.04.2010, 00:27
Ստորև ներկայացված են մրցույթի համար ուղարկված բոլոր սոնետները: Հեղինակների անունների փոխարինված են պայմանական անուններով: Թեմային կից բացված է հարցում՝ 5 օր ժամկետով` քվեարկության առաջարկելով բոլոր հեղինակներին:


1. Քվեարկությունը բազմակի ընտրության հնարավորությամբ է, ինչը նշանակում է, որ կարող եք քվեարկել ձեր հավանած բոլոր տարբերակների օգտին, այլ ոչ թե պարտադիր 1-ի:
2. Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն բոլորը, այդ թվում սոնետ ուղարկած անձինք:
3. Սեփական տարբերակի օգին քվեները չեն հաշվելու, մրցույթի մասնակիցներին խնդրում եմ քվեարկել մյուսների տարբերակների օգտին, կամ չքվեարկել:
4. Քննարկումներն արգելվում են մինչ քվեարկության ավարտը: Սա արվում է նրա համար, որպեսզի քվեարկությունը լինի «ի սրտե», այլ ոչ թե ազդեցությունների տակ ընկնելով:
5. Քվեարկության ավարտից հետո կսկսվեն քննարկումները առանց հեղինակներին բացահայտելու, իսկ հետո նոր կհրապարակվեն են բոլոր հեղինակների անունները, այսինքն թե որ համարի Հեղինակի անվան տակ որ ակումբցին էր թաքնված:

Սուբյեկտիվիզմից խուսափելու համար ինքս չեմ մասնակցելու քվեարկությանը, քանզի գիտեմ իրական հեղինակներին:

Դե ի՞նչ, քվեարկեք ձեր հավանած հեղինակի ստեղծագործության օգտին: :)
© Chuk

Շինարար
11.04.2010, 00:40
Հեղինակ 1

Սիրով-կրքով

Նվիրիր ինձ այն գիշերը,
Որն սիրախոս իր շուրթերով,
Գաղտնաշշուկ իր թերթերով
Պիտի բացի քո փեշերը:

Թող վերցնեմ ես իմ սերը
Ու մեռցնեմ սիրտս տանջող,
Վաղուց արդեն անձս խանձող
Սեր հոշոտող կրքի բեռը:

Բացիր կուրծքդ գեղածածան,
Տրվիր դու ինձ սիրահոժար,
Երկնահաճո ու դյութական:

Կսիրեմ քեզ, կտիրեմ քեզ,
Բայց և ինչպես խոնարհ ծառա
Կամ ու հոժար քոնն կլինեմ ես:


Հեղինակ 2

Մարիոնետները
(սոնետ)

Դիմակներն են ահա խաղում դերերը՝
Առանց սեփական հույզ ու կըրքերի,
Դիմակի տակ են մնում «տերերը»՝
Մարիոնետները բախտի ու դերի:

Մեկը ժպտում է անբասիր, անբիծ՝
Վշտից խոժոռված դիմակը դեմքին:
Բերելով խորունկ վիշտ ու ցավ վերքին՝
Մեկ այլ դիմակ է ժպտում հեգնալից:

Հարմարվում է մարդ այս խաղին, դերին՝
Դարձած դիմակի, թելերի գերին...
Օ՜, ոչ՝ ստրուկը, շղթաներ են թելերը անտես,

Կյանքը թատրոն է՝ դիմակահանդես,
Ուր խաղն են վարում կյանքի տերերը,
Ա'խ, ինչ շա՜տ են, Տե'ր, մարիոնետները:


Հեղինակ 3

Սոնետ

Հե՜յ, դո՛ւք, երջանկությո՛ւն, սե՛ր
Ինչո՞ւ եք կույր ձևանում,
Չե՞ք նկատում, որ այս պահին,
Սպանություն է կատարվում…

Ոգիներ են մարդիկ դարձել,
Որոնց ձայներն էլ չեն լսվում,
Խլություն է համատարած,
Ես եմ մենակ այս խավարում:

Ինչո՞ւ եք լուռ, ասե՛ք` ինչո՞ւ,
Դո՛ւք, որ կյանքիցս էիք սնվում,
Հիմա լուռ ու անմեղի պես
Հայացքներ եք փոխանակում,
Այնինչ այստե՛ղ, հենց ձե՛ր մեղքով
Սպանություն է կատարվում…


Հեղինակ 4

Կյանքի գետը
(սոնետ)

Ես իջնում եմ սարից գետի հոսանքն ի վար՝
Ջրերն արծաթ են սուրբ, կոհակներով, վարար:
Կաթիլներն են ցայտում. կարծես խաղ է մանկան,
Ջինջ են ջրերը՝ պա՜րզ, բայց և խենթ են այնքա՜ն:

Ակունքներից այն սուրբ, ջրվեժներով այն վեհ
Հոսում է գետն ուրախ՝ թողած կիրճեր ու վիհ,
Եվ անտառներ դալար, կախարդական ու խիտ՝
Ուր ինձեր են վըխտում, հովազ, պախրա ու վիթ:

Կյա'նք, նման ես գետի ակունքներով բազում,
Ուր երկնում ես ցավով, դեպի անդունդ վազում-
Մերթ իմաստուն մի այր, մերթ պատանի անմիտ:

Գիտե՞ս` այնտեղ ցածրում չար է աշխարհն ու բիրտ,
Ու՞ր ես թռչում, ի'մ խենթ, այս սրբության գահից,
Այն անդորրում ճահճոտ չես տարբերվի մահից:


Հեղինակ 5

***

Երբ սուրճս սառեց ու ծխախոտս ինքնուս մոխրացավ,
Սպասումից սերս խենթից իսկական հոգեկան դարձավ,
Եվ գիշերվա խուլ փախուստից լսվեց իմ արձագանքը,
Ես հորինեցի , որ այդքան դաժան ու սին չէ կյանքը...

Երբ գինետանը շշերի մեջ բյուր հույսեր հարբեցին,
Եվ օրորվելով պատերից բռնած փողոցներն ընկան,
Երբ նույնիսկ գինու ընկերներն ինձ հերթով խաբեցին,
Հորինեցի ես որ կյանքում ուրիշ գինետներ կան…

Ու լուսաբացի ցողունի մեջ պարզ, անարատ ու թաց
Ու լուսաբացի հիշողությունից գիշերս ջնջած
Կանգնեցի կապույտ երկնքի դիմաց` հոգիս մերկ ու բաց...

Բայց այդ գիշերը իջեցրեց նորից վարագույրն իր մութ,
Հիշեցրեց այդ հին սպասումը կրծող, կարոտն արդեն բութ,
Հարբելը գինուց նորից դարձրեց ճիշտ, մնացածը՝ սուտ...


Հեղինակ 6

Անզգուշության վճարը` սեր

Մենք անչափ հեռու ենք այսօր իրարից,
Ոչ մի կերպ չենք կարող նորից մոտենալ,
Այս հեռավաորությունը մետրով չես չափի.
Ժամերն են խլել մեր սերն անսահման:

Մեր սերը զոհն էր այն սխալների,
Որոնք գործում էինք անգիտակցաբար,
Նրա հառաչանքն էլ ուղեկցեր պիտի
Ապագայում մեզ` իրարից բաժան:

Հիմա մենք նույնն ենք, նույն կետին հասած,
Միայն թե տարբեր ճանապարհներով,
Կյանքիս ավարտին եմ սպասում անդարձ,
Որ ձեռքդ բռնած անցնեմ դրախտով,
Ոչի՜նչ, որ գուցե հասնես ուշացած`
Ես կսպասեմ քեզ երկար ապրելով…..


Հեղինակ 7

Սիրո ավերակ
(սոնետ)

Մենք նվիրեցենք իրար մի ջերմ սեր...
Այդ սիրո մեջ կար անհուն մի աշխարհ,
Սերն, ավա՜ղ, փըլվեց, թողեց փշուրներ՝
Այն մեծ աշխարհից մի փոքրիկ նշխար:

Դարձան սրտներս խարխուլ ավերակ,
Կրքեր ու հույզեր խամրեցին այնտեղ,
Պաղեցին մեկից արյուն ու երակ,
Մնացինք անսեր, մոխրացած, անթեղ:

Չունենք սակայն ցանկության կաթիլ
Մխիթարանքի անշուք խոսքերի,
Լավ է անսփոփ, քան խոսքեր անթիվ:

Սերը պատրանք է ՝ խաբուսիկ, թերի...
Ամեն սիրո մեջ կա չքնաղ մի փուշ,
Ամեն բաժանման՝ նոր սեր, ցավ ու հուշ:

Շինարար
11.04.2010, 03:13
Հարգելի ակումբցիներ, թեմային կցված հարցումը նախապես սխալմամբ փակ էի բացել, քանի որ տեխնիկապես հնարավոր չէր փակ հարցումը բաց դարձնել ստիպված եղա հինը ջնջել և նորը բացել, որի հետևանքով քվեարկման արդյունքները կորել են, հայցում եմ ձեր ներողամտությունը և արդեն քվեարկած ակումբցիներին խնդրում, որ նորից քվեարկեն:

CactuSoul
12.04.2010, 18:09
Հարգելի ակումբցիներ, թեմային կցված հարցումը նախապես սխալմամբ փակ էի բացել, քանի որ տեխնիկապես հնարավոր չէր փակ հարցումը բաց դարձնել ստիպված եղա հինը ջնջել և նորը բացել…
Հարցումը էլի փակ է:think:
Բայց անձամբ ես չեմ տեսնում հարցման բաց լինելու հիմքը, ըստ իս, տարբերություն չկա, այնպես որ եկեք այս անգամ չջնջենք ու նորը բացենք:


Հ.Գ.
Ա՜, սեփական ստեղծագործության օգտին քվեարկողներին ե՞նք ուզում իմանալ: Մոռացել էի, կներեք:): Եթե դա կարևոր է, ուրեմն... մի խոսքով, պարզապես նկատեցի, որ փակ է, ու տեղեկացրի, դուք որոշեք:pardon:

Արևհատիկ
12.04.2010, 18:12
Հարցումը էլի փակ է:think:

Բայց փակ չի հարցումը: Ես երեկ, որ քվեարկել եմ, էդ ժամանակ էլ չէր փակ :)

Գուգօ
12.04.2010, 18:15
Հիմա էլ փակ չի, ովքեր քվեարկել են նրանք չեն կարող նայել:

CactuSoul
12.04.2010, 18:17
Հիմա էլ փակ չի, ովքեր քվեարկել են նրանք չեն կարող նայել:

Իսկ ինչո՞ւ:o:8:

Արևհատիկ
12.04.2010, 18:18
Հիմա էլ փակ չի, ովքեր քվեարկել են նրանք չեն կարող նայել:
Կարող են ;)
Որևի մեկի ձայների վրա սեղմում եք, ցույց ա տալիս:

CactuSoul
12.04.2010, 18:24
Կարող են ;)
Որևի մեկի ձայների վրա սեղմում եք, ցույց ա տալիս:

Ա՜, էս նորամուծություններից ա:): Շնորհակալություն ինֆորմացիայի համար:

Ուլուանա
12.04.2010, 18:31
Ա՜, էս նորամուծություններից ա:): Շնորհակալություն ինֆորմացիայի համար:
Բայց նորամուծություն չի. նախկինում էլ էր էդպես։

Շինարար
12.04.2010, 19:19
Բայց անձամբ ես չեմ տեսնում հարցման բաց լինելու հիմքը, ըստ իս, տարբերություն չկա, այնպես որ եկեք այս անգամ չջնջենք ու նորը բացենք:


Հ.Գ.
Ա՜, սեփական ստեղծագործության օգտին քվեարկողներին ե՞նք ուզում իմանալ: Մոռացել էի, կներեք:): Եթե դա կարևոր է, ուրեմն... մի խոսքով, պարզապես նկատեցի, որ փակ է, ու տեղեկացրի, դուք որոշեք:pardon:

Եվ ամենակարևորը՝ այսպես ապահովվում է քվեարկության թափանցիկությունը, յուրաքանչյուրը կարող է համոզվել, որ իր ձայնը չի կորչում: :))

Շինարար
13.04.2010, 21:12
Մոդերատորական: Հաշվի առնելով ակումբցիների կարծիքը՝ ստեղծագործական հաջորդ նախագծի վերաբերյալ 12 գրառումներ այս թեմայից տեղափոխվել են «Նոր ստեղծագործական նախագիծ» (http://www.akumb.am/showthread.php/41347-%D5%86%D5%B8%D6%80-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE-%28%D5%B9%D5%A1%D6%83%D5%A1%D5%AE%D5%B8%29) թեման, այս թեմայում մինչև քվեարկության ավարտը քննարկումներն արգելվում են:

Շինարար
16.04.2010, 08:18
Քվեարկության ժամկետն ավարտվել է: Քվեարկությանը մասնակցել են 29 անդամ:
1. Հեղինակ 5- 18 ձայն:
2. Հեղինակ 2, 4, 6- 5-ական ձայն:
3. Հեղինակ 7- 4 ձայն:
4. Հեղինակ 1, 3- 3-ական ձայն:

Կարող ենք սկսել քննարկումները:

Tig
16.04.2010, 16:08
Սկսե՞մ:)

Նախ առաջինից: 4-րդ տողից հետո դատապարտված էր:) Կարճ ասած՝ իմը չէր:

2-դը շատ հավանեցի, մանավանդ միտքը: Ուղղակի առաջին եռատողի վերջին տողը… չգիտեմ մի տեսակ խանգարեց որ ձայն տամ իրան…

3-րդին միանգամից ձայն էի ուզում տաի, նույնիսկ «պծիչկա» էի դրել հետո վերջին պահին հանեցի, երևի «սպանություն» բառի էներգետիկան էր մեղավոր…:think

4-դը ամենաշատն եմ հավանել, նախ շատ հնչեղա ստացվել, 2-րդ բնությունը իմ թուլություննա:)

5-ին նույնպես ձայն եմ տվել, գեղեցիկ էր… չնայած նրան որ «ինքնուս» բառը սպանեց:D

6-ի էներգետիկան կրկին վանեց ինձ…

7-դը ճիշտն ասած ոչ մի տպավորություն չթողեց…



հ.գ. մի խոսքով քվեարկելուց հիմնականում առաջնորդվել եմ տպավորությունով, այլ ոչ թե մոտեցել որպես գրական ճիշտ կամ սխալ կառուցված լինելու տեսանկյունից:

My World My Space
16.04.2010, 16:15
քվեարկել եմ 2-րդի օգտին, այդ հեղինակն ավելի մոտ էր իմ հոգուն.....
5-ում դուրս չեկավ անտեղի ու անիմաստ նկարագրությունները, (օրինակ` ծխախոտս ինքնուս մոխրացավ-ը)չնայած միտքը հավանել եմ.....

CactuSoul
16.04.2010, 16:25
Ինձ հենց սկզբից միանգամից 5-րդը դուր եկավ, միտքը էդքան չէ, բայց կառուցվածքով, ասելիքը տեղ հասցնելու առումով, նրանով, որ կարդում ես ու էլի ես ուզում կարդալ, մեջը երաժշտություն կար:
Մյուսներից մի քանիսն էլ դուր եկան, մեկը՝ քիչ, մյուսը՝ շատ, բայց որոշեցի, որ մենակ ամենադուր եկածի օգտին պիտի քվեարկեմ:

Շնորհակալություն բոլոր հեղինակներին ու Շինարարին՝ կազմակերպման համար:):

Ծով
16.04.2010, 16:33
:) ԱԱԱ, ես էլ ասեմ...ոչ մեկն էլ դուրս չի եկել ու չեմ քվեարկել ոչմեկի օգտին...մի տեսակ արհեստականություն կար բոլոր էս ստեղծագործություններում ինձ համար...մանավանդ հինգում;), հետո կասեմ ինչու:)
մրցույթի թերություններից մեկը ըստ իս մեկից ավելի սոնետի օգտին քվեարկելու հնարավորությունն էր, ինչը ճիշտ ա մի քանի հատ ավել բալ էր տալիս, բայց հնարավոր է մեկին գերադասելու պարագայում, ավելի ուրիշ լինեին արդյունքները...
քիչ թե շատ հասուն էր չորսը, մնացածում կրկնվող ծեծված մտքիկներ շատ կային...
ինչ վերաբերում է ինքնուս մոխրանալուն, հեղինակն ըստ իս նկատի է ունեցել, այն, որ ոչ ոք չի ծխել ծխախոտը, տենց էլ մոխրամանում հալվել-մաշվել ա...ԼՕԼ
Առհասարակ, ես էդպես եմ կարծում կոնկրետ ձևաչափի և կաղապարի մեջ դնող ստեղծագործությունը ստիպում է անկեղծ չլինել, մտքին ազատություն չտալ, այլ տեղավորվել, պարզապես տեղավորվել ու վերջ...
Ավելացնեմ, որ մինչ այժմ միակ սոնետի վարպետը ես համարում եմ Շեքսպիրին...:)
ԻՆչևէ շնորհավորանքներս հինգին:), մնացածը անուններն իմանալուց հետո...

CactuSoul
16.04.2010, 16:47
Ամենաիսկական սոնետը 5-ն էր, որոշ ուրիշ հեղինակների բանաստեղծությունների մեղեդայնությունը սոնետի մասին իմ պատկերացումներին չբավարարեց:

Բայց որպես բանաստեղծություն բոլորն էլ բավականին հաջող էին:
Ժամանակ լինի էլի ուշադիր կարդամ, կարող ա ավելի ճիշտ կարծիք հայտնեմ:
Ուղղակի ամեն անգամ երբ բացում եմ, որ կարդամ, միանգամից սկսում եմ 5-րդը կարդալ, մի քանի անգամ կարդում եմ, իսկ մյուսները, այն էլ ոչ բոլորը, միայն աչքի եմ անցկացնում:oy:

CactuSoul
16.04.2010, 16:52
մի տեսակ արհեստականություն կար բոլոր էս ստեղծագործություններում ինձ համար...մանավանդ հինգում;), հետո կասեմ ինչու:)

Ա՜, ես հիմա ճի՞շտ հասկացա:secret: Ինձ թվում է՝ հա:)):

Իրականում Ծովինարի հետ համամիտ եմ արհեստականության առումով, 5-ում էլ զգացել եմ, բայց փորձում էի պարզապես որպես բանաստեղծություն դիտել, հենց այնպես, ինչպես կար, այսինքն՝ առանց հեղինակին իմանալու, ճանաչելու, առանց կանխակալ վերաբերմունքի: Ու էդ առումով ստացված եր սոնետը:):

Արևածագ
16.04.2010, 19:34
Մի քիչ թերահավատորեն եմ նայում «պատվերով» բանաստեղծություն գրելուն, որովհետև կարծում եմ լավ բանաստեղծության համար ամենակարևոր պայմանը ներշնչանքն է: Պատվերով կարելի է հոդված, ակնարկ, էսսէ, ծայրահեղ դեպքում՝ ձոն գրել, իսկ սոնե՞տ...:think Համենայն դեպս, եթե պատրասրի սոնետ ունենայի, գուցե ես էլ մասնակցեի...Չկար:
Քվեարկել եմ 5-ի ու 6-ի օգտին: 5 ում պատկերները, համեմատություններն ու փիլիսոփայությունն էին հոգեհարազատ, բանաստեղծությունը հաջող կառուցվածք ունի: 6 ում վերջին երկու տողն ամեն ինչ որոշեցին. «Ոչի՜նչ, որ գուցե հասնես ուշացած`
Ես կսպասեմ քեզ երկար ապրելով…..»

Ուլուանա
16.04.2010, 20:16
Ինձ հենց սկզբից միանգամից 5-րդը դուր եկավ, միտքը էդքան չէ, բայց կառուցվածքով, ասելիքը տեղ հասցնելու առումով, նրանով, որ կարդում ես ու էլի ես ուզում կարդալ, մեջը երաժշտություն կար:
Լրիվ համաձայն եմ CactuSoul–ի հետ. ինձ էլ է ամենաշատը 5-րդը դուր եկել նույն պատճառով։ Ճիշտ է, միտքն ու թեման իմը չէին, բայց զուտ որպես բանաստեղծություն՝ էնքան լավ էր գրված, որ չկարողացա չգնահատել։ Մեկ էլ «ինքնուս» բառն էր մի քիչ համը հանում. ըստ իս, անհաջող էր ընտրված, ըստ երևույթին, վանկի խնդիր կար, ու այն «ինքնիրեն» բառի փոխարեն էր հանդես եկել՝ փրկարարի տեսքով։ :)) Բանաստեղծական առումով բավական հմուտ է գրված, հասուն։ Ու, իմ կարծիքով, միակն է, որում իսկապես հաջողված պատկերներ կան։

1–ինը. զուտ սիրո ու կրքի նկարագրությունների վրա հիմնված բանաստեղծություններն առնվազն ինձ համար էնքան ծեծված ու սպառված են թվում, որ էդ թեմայով որևէ հետաքրքի բան գրելու համար, կարծում եմ, չափազանց օրիգինալ է պետք լինել։ Տվյալ դեպքում չտեսա էդ օրիգինալությունը։ Բացի դրանից, հանգերն էլ էին պարզունակ, թեև, ընդհանուր առմամբ սահուն էր կարդացվում՝ չհաշված վերջին տողը. «Կամ ու հոժար քոնն կլինեմ ես»։ Մեկ էլ չեմ սիրում, երբ բանաստեղծությունը գեղեցիկ ու ամպագոռգոռ բառերով չափազանց հագեցած է լինում, բայց դա, իհարկե, իմ անձնական նախընտրությունն է։ Գուցե մեկ ուրիշին հենց դա է դուր գալիս։

2–րդը դուր գալու առումով ինձ համար երկրորդ տեղում է՝ 5-րդից հետո։ Համ ընդհանուր միտքն եմ հավանում, համ էլ վատ չի գրված։ 5–րդի հմտությունն ու պատկերներն էստեղ չկան, բայց հանգերը վատը չեն։ Մի տեղ էլ հանուն հանգի արված իմաստային զոհաբերություն նկատեցի.

Մեկը ժպտում է անբասիր, անբիծ՝
Վշտից խոժոռված դիմակը դեմքին:
Բերելով խորունկ վիշտ ու ցավ վերքին՝
Մեկ այլ դիմակ է ժպտում հեգնալից:
Էստեղ «վերքին» բառն, ըստ իսկ, էնքան էլ տեղին չէ։

Մի բան էլ ասեմ զուտ անձնական նախընտրությունների շարքից. բանաստեղծության մեջ ինձ ինչ–որ չափով վանում են «Օ՜», «Տե՜ր» կարգի բացականչությունները։ :oy

3–րդն ինձ ավելի շուտ ինչ–որ ավելի ծավալուն գործի նախերգանք հիշեցրեց. ասելիքը մի տեսակ ավարտուն չթվաց։ Բանաստեղծական առումով կգնահատեի միջին. չկային հետաքրքիր պատկերներ, առանձնապես հաջողված հանգեր, բայց ընդհանուր առմամբ սահուն էր, արհեստական «խցկածոներ» էլ չնկատեցի։

4–րդն էլ վատը չէր, էլի հմուտ էր գրված, հանգերն էլ ընդհանուր առմամբ հաջողված էին, բայց միտքը մի քիչ աղոտ էր, իմ կարծիքով։ Հետո որպես բնության նկարագրություն՝ անձամբ ինձ համար բավանակաչափ հետաքրքիր չէր։ Հա, պարզ է, որ միայն բնության մասին չէր խոսքը, բայց ամեն դեպքում, իմ կարծիքով, մի քիչ թույլ էր։

5–րդի մասին սկզբում գրել եմ։

6–րդի հետ կապված իմաստային առումով կասեմ նույնը, ինչ 1–ինի, չհաշված, որ էս մեկում ձևակերպումներն ավելի պարզունակ են։ Բանաստեղծության վերջին երկու տողը հավանեցի.

Ոչի՜նչ, որ գուցե հասնես ուշացած`
Ես կսպասեմ քեզ երկար ապրելով…

Օ՜ֆ, հոգնեցի արդեն, հավեսս էլ փախավ։ :))
7–րդ. տե՛ս 1-ինի ու 6–րդի մասին գրածներս։ :oy Դե, մոտավորապես նույնը, էլի։ Մեկ էլ առաջին տողի «մի ջերմ սեր» արտահայտության մեջ «մի» բառն աչքի զարնեց՝ որպես «խցկածո»։ :oy



Ոնց որ թե բացասականը մի քիչ շատ ստացվեց ընդհանուր... :( Հեղինակներ ջան, անկեղծությանս համար ինձ չեք ատի, չէ՞։ :oy

Շինարար
16.04.2010, 21:37
Իսկ ես համաձայն չեմ, որ պատվերով լավ կամ նույնիսկ հանճարեղ բաներ չեն գրվում. գրվել են, գրվում են ու գրվելու են… Կարծում եմ, որ ստեղծագործող մարդու համար պատվերը: Այս թեմայից դուրս, ֆինանսական խրախուսման մասին նախօրոք տեղեկացվածությունը շատ ուժեղ խթան կարող է լինել: Համոզված եմ, որ ասենք` այս մրցույթում եթե վերջում դրամական պարգև լիներ, շատ ավելի հեղինակներ կարձագանքեին ու ավելի նվիրումով կգրեին: Մեկը՝ ես էդ դեպքում կնախընտրեի ոչ թե մրցույթում հաղորդավարի դերը, այլ մի տասը հատ սոնետ լինելու հավակնող ոտանավորներ կգրեի: Չգիտեմ՝ գուցե իմ չափով եմ չափում, բայց սա իմ կարծիքն է: Կոնկրետ ես եթե մի բան գրեմ, կցանկանամ, որ այն գնահատվի և ինչու՞ չէ, նաև ֆինանսապես: Դե, ակումբում մենք ընդամենը կարող ենք խոսքով, գովեստով գնահատել, ափսոս որ հաղորդավարական էթիկան թույլ չի տալիս կարծիք հայտնել, թե չէ բոլորին էնքան կգովայի, կխրախուսեի:))

Հենրիկ Բաբաջանյան
16.04.2010, 23:49
Նախ ընդհանրապես գրական մրցույթի մասին: Բանաստեղծության որակը որոշում է ժամանակը: Հետո ես գիտեմ, որ որոշ ռուսական սայտերում ռեյտինգ են ստեղծում նախորոք պայմանավորվելով իրար հետ մի քանի հեղինակներ: Վստահ եմ, որ մեր ակումբում այդպիսի խախտումներ գոյություն չունեն, այստեղ ամեն ինչ կատարվում է արդարացի: Ինձ դուր եկավ №6 ը, որին ես իմ ձայնը տվի:
Ին կարծիքով այս սոնետում իմաստը հարթության վրա չէ, այլ տարածական է, ունի խորություն, պրոֆեսիոնալ է կատարված ամեն ինչ:
№ 5ը՝ դափնեկիրը հենց առաջին տողերից թվաց թե հայերեն չէ կազմված.
Երբ սուրճս սառեց ու ծխախոտս ինքնուս մոխրացավ,
Սպասումից սերս խենթից իսկական հոգեկան դարձավ,
Նախկինում ինքնուս բառը օգտագործվում էր որպես ինքնուրյուն ուսուցում, կամ ՝ սերս խենթից իսկական հոգեկան դարձավ,
Կարող է լինել խենթությունից: Խենթից բառը անձնական գոյական է, օգտագործված է որպես ածական: Եթե հեղինակը հոգեկան բառը օգտագործում է որպես գժվել բառի հոմանիշ, այդ դեպքում ստացվում է՝ գըժից դարձավ իսկական գիժ: Չնայած մարդ կարող է ունենալ նաև հոգեկան հարստություն: Այստեղ ծխախոտ, սուրճ, գինի և շշեր բառերը երիտասարդների վրա ազդել են իրենց մոգեկան ուժով, (փառք Աստծո չկա թմրադեղ բառը) և շահել այդ միավորնրը՝ հիշեցնելով ինչ որ «Գիշերային ակումբ», ոչ թե՝ «Դար»:
Շինարարին կարող եմ ասել, որ մականունը ունի լիարժեք հիմք և իմաստ՝ ստիպեց մարդկանց ավելի խորը մտածել, որից կշահի միայն հայ պոեզիան: Շնորհակալություն:
№6ի հեղինակին շնորհավորում եմ և խնդրում ներող լինի, որովհետև հաղթողներին չեն դատում, իսկ ես դատեցի:

Արևածագ
17.04.2010, 08:04
Հուսամ՝ 5 ի հեղինակը կների այս համարձակությունս, որովհետև անընդունելի եմ համարում ուրիշի բանաստեղծությունները «ռեմոնտ» անելը, բայց տարակարծություններ առաջացրած առաջին երկու տողը մի քիչ ավելի բարեհունչ է այս տեսքով.

Երբ սուրճս սառեց ու ծխախոտս անհույս մոխրացավ,
Սպասումից՝ խենթուկ սերս իսկապես հոգեկան դարձավ:

Ծով
17.04.2010, 12:13
:DՇինարար ջան, կներես, ես արդեն ասեմ էլի, որ ՀԻնգը ես եմ...
Այսպես.
Արևածագ ջան, ինձ պետք չի խորհուրդ տալ բանաստեղծությունը ոնց գրեմ, կներես, բայց դրա կարիքը երբևէ չեմ զգացել, միշտ գրում եմ էն, ինչ զգում եմ..իսկ էս բանաստեղծությունը ամբողջովին շինծու , հորինած սցենար ա՝ հատուկ սոնետի համար, որի պահանջներին կառուցվածքային տեսանկյունից ես կասկած անգամ չունեմ , որ բավարարել եմ...:)
ՀԻմա, մրցույթից ընդամենը հինգ ժամ առաջ, դեդլայնից, ես դրեցի ու հորինեցի սա, ոնցոր Եվրատեսիլի համար երգ կհորինեն...ընտրեցի հենց էն բովանդակությունը, որ և՛ դուր կգա, և ոչ, բայց որպես բանաստեղծություն կգրավի...
երբ ես ուղարկում էի ոտանավորը Շինարարին, վերջում ՀԳում գրել եմ, որ ես սա հորինել եմ, մեջը մի կաթիլ անկեղծություն չկա, ու գրել եմ, որ ինձ մի բան ա հետաքրքիր, մրցույթից հետո կասեմ...
:)
Կակտուսոուլը շատ լավ ընկալել ա էն, ինչ ես արել եմ...այսինքն ձևը, որ ընտրել եմ էն իմաստով, որ միտքը կարող ա դուր չգա, բայց որ կկարդացվի, դա հաստատ...
ԵՍ ինձ դրել եմ տղա հերոսի տեղում, որն իբրև թե սեր ա կորցրել, իրան տվել ա գինուն, ու շշերի մեջ պարփակում ա իր տխրությունը ու փորձումա մոռանալ ոնց հաճախ լինում ա,հետո առավոտյան որոշում ա նոր կյանք սկսի, բաաց երկինք, պարզություն և այլն, էն էլ չի ստացվում, վրա ա գալիս գիշերը ու ինքը էլի կորում ա.... այսինքն սա ոչ թե գիշերային ակումբներում ժամանակ անցկացնելու մասին ա, այլ սովորական մարդու, ով փորձում ա ընկերական բոհեմի հետ մոռանալ իր ցավը... գինետուն-գիշերային ակումբ դրանք տարբեր բաներ են, կարծում եմ, այլապես Ռեմարկյան հերոսները, որ առավոտից իրիկուն ռոմ են խմում կյանքի իրական ու խորը հերոսների փոխարեն, կլինեին պրիմիտիվ հարբեցողներ...
մյուս ոտանավորները ես չեմ հավանել, որովհետև ինձ համար կլիշեներ էին...
իմը չեմ հավանել, որովհետև արհեստական ա ու հատուկ բառեր ունի ընտրված...սուրճ, ծխախոտ, շշեր, ինքնուս նույնիսկ, և՛ հարազատ, և՛ բարկացնող, բայցև ստիպող, որ ախպերս, դե՛ քվեարկի ինձ...
:):) էդ տեսանկյունից իմ սպասումը արդարացավ...ու ստացվեց հատուկ կաղապարում, ձևաչափով, հանգերի, կներե՛ք, բայց քիչ թե շատ վարպետ Ծովը «խաբեց» ժողովրդին... Ինձ հետաքրքիր էր, ու ե սշատ ուրախ եմ, որ հաղթել եմ...շնորհավորեք էլի, լավ էլի:love:oy
Հ.Գ. Շնորհակալություն բոլորին ու հատկապես Շինարարին...

Լուսաբեր
17.04.2010, 12:25
Ծով :D ես էլ գիտեմ տղայա գրողը, Շինարարին ասում եմ հաստատ դու ես, ինքն էլ, թե ես իրավունք չունեմ :)) Ճիշտա հետո մտքովս անցավ, որ կարողա Գալաթեանա գրել, մտափոխվեցի, որ տղա կարողա լինի... լավ, ինչևէ, ամեն դեպքում քեզնից հաստատ չէի սպասում: Քո գրածները մի քիչ այլ ոճի մեջ են միշտ, դրա համար:
Դե ես մասնագետ չեմ սենց բաներում, կարդում եմ ուղղակի սիրողական մակարդակով ու վերլուծել կամ քննարկելը ինձ համար չի, բայց ասեմ, որ հաճելի էր ամեն անգամ ես թեմա մտնելիս կարդալ: Դե էն սիրո, մշտական սպասումների, կարոտի մասին գրվածքները ինձ մի տեսակ չեն ձգում, երևի կյանքում լրիվ էտ առումով բավարարված եմ դրա համար :D

Դե, ընդունիր շնորհավորոնքներս :flower

Ariadna
17.04.2010, 13:20
Ծով դեմք ես :) Ասեմ, որ բանաստեղծությունները կարդացել եմ մեկ անգամ, իրար հետևից, մի շնչով, ժամանակ չունեի, ու միանգամից քվերակել եմ 5-ի օգտին։ Ինձ հոգեհարազատ էր մի տեսակ (արա դե հերիք ա էլի էդ ձեր նեյրոլինգվիստիկ միջոցները կիրառեք :D), մնացածը բոլորը նույն շաբլոնի տակ էին, բայց հիանում եմ բոլորով, ես էդքան էլ չէի գրի, դրա համար չեմ էլ փորձել :)

Արևածագ
17.04.2010, 18:20
Տրամաբանությունն ինձ հուշում էր, որ ստեղծագործական մրցույթների մեջ պրովոկացիոն տարր կա, ու ոչ մի դեպքում չի կարելի տրվել մասնակցելու գայթակղությանը:
Ծովի հայտարարությունից հետո հասկացա, որ քվեարկությանն էլ չարժե մասնակցել:

Շինարար
17.04.2010, 18:25
Նախ նշեմ, որ Ծով, ահավոր բարկացած եմ, քանի որ մի երկու ժամ է մնացել գաղտնազերծելուն, ինչ էլ բառ ա, գրառումդ չեմ ջնջում, էլ իմաստ էլ չունի, բայց խիստ նկատողություն՝ վերջին նախազգուշացումով:angry
Տրամաբանությունն ինձ հուշում էր, որ ստեղծագործական մրցույթների մեջ պրովոկացիոն տարր կա, ու ոչ մի դեպքում չի կարելի տրվել մասնակցելու գայթակղությանը:
Ծովի հայտարարությունից հետո հասկացա, որ քվեարկությանն էլ չարժե մասնակցել:

Ինչու՞, արևածագ ջան, կպարզաբանե՞ս ասածդ::8

Շինարար
17.04.2010, 22:46
Այժմ ներկայացնում եմ, թե որ սոնետի հեղինակը ով է: Բոլորին շնորհակալություն եմ հայտնում մասնակցության համար և հրավիրում մասնակցելու նոր նախագծին՝ Թարգմանչաց մրցույթ. համար 2 (http://www.akumb.am/showthread.php/53290-%D4%B9%D5%A1%D6%80%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B9%D5%A1%D6%81-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9.-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-2)
Հեղինակ 1- KiLa Սիրով-կրքով

Նվիրիր ինձ այն գիշերը,
Որն սիրախոս իր շուրթերով,
Գաղտնաշշուկ իր թերթերով
Պիտի բացի քո փեշերը:

Թող վերցնեմ ես իմ սերը
Ու մեռցնեմ սիրտս տանջող,
Վաղուց արդեն անձս խանձող
Սեր հոշոտող կրքի բեռը:

Բացիր կուրծքդ գեղածածան,
Տրվիր դու ինձ սիրահոժար,
Երկնահաճո ու դյութական:

Կսիրեմ քեզ, կտիրեմ քեզ,
Բայց և ինչպես խոնարհ ծառա
Կամ ու հոժար քոնն կլինեմ ես:
Հեղինակ 2- Հենրիկ Բաբաջանյան
Մարիոնետները
(սոնետ)

Դիմակներն են ահա խաղում դերերը՝
Առանց սեփական հույզ ու կըրքերի,
Դիմակի տակ են մնում «տերերը»՝
Մարիոնետները բախտի ու դերի:

Մեկը ժպտում է անբասիր, անբիծ՝
Վշտից խոժոռված դիմակը դեմքին:
Բերելով խորունկ վիշտ ու ցավ վերքին՝
Մեկ այլ դիմակ է ժպտում հեգնալից:

Հարմարվում է մարդ այս խաղին, դերին՝
Դարձած դիմակի, թելերի գերին...
Օ՜, ոչ՝ ստրուկը, շղթաներ են թելերը անտես,

Կյանքը թատրոն է՝ դիմակահանդես,
Ուր խաղն են վարում կյանքի տերերը,
Ա'խ, ինչ շա՜տ են, Տե'ր, մարիոնետները:
Հեղինակ 3- My World My Space Սոնետ

Հե՜յ, դո՛ւք, երջանկությո՛ւն, սե՛ր
Ինչո՞ւ եք կույր ձևանում,
Չե՞ք նկատում, որ այս պահին,
Սպանություն է կատարվում…

Ոգիներ են մարդիկ դարձել,
Որոնց ձայներն էլ չեն լսվում,
Խլություն է համատարած,
Ես եմ մենակ այս խավարում:

Ինչո՞ւ եք լուռ, ասե՛ք` ինչո՞ւ,
Դո՛ւք, որ կյանքիցս էիք սնվում,
Հիմա լուռ ու անմեղի պես
Հայացքներ եք փոխանակում,
Այնինչ այստե՛ղ, հենց ձե՛ր մեղքով
Սպանություն է կատարվում…
Հեղինակ 4- Հենրիկ Բաբաջանյան Կյանքի գետը
(սոնետ)

Ես իջնում եմ սարից գետի հոսանքն ի վար՝
Ջրերն արծաթ են սուրբ, կոհակներով, վարար:
Կաթիլներն են ցայտում. կարծես խաղ է մանկան,
Ջինջ են ջրերը՝ պա՜րզ, բայց և խենթ են այնքա՜ն:

Ակունքներից այն սուրբ, ջրվեժներով այն վեհ
Հոսում է գետն ուրախ՝ թողած կիրճեր ու վիհ,
Եվ անտառներ դալար, կախարդական ու խիտ՝
Ուր ինձեր են վըխտում, հովազ, պախրա ու վիթ:

Կյա'նք, նման ես գետի ակունքներով բազում,
Ուր երկնում ես ցավով, դեպի անդունդ վազում-
Մերթ իմաստուն մի այր, մերթ պատանի անմիտ:

Գիտե՞ս` այնտեղ ցածրում չար է աշխարհն ու բիրտ,
Ու՞ր ես թռչում, ի'մ խենթ, այս սրբության գահից,
Այն անդորրում ճահճոտ չես տարբերվի մահից:
Հեղինակ 5- Ծով***

Երբ սուրճս սառեց ու ծխախոտս ինքնուս մոխրացավ,
Սպասումից սերս խենթից իսկական հոգեկան դարձավ,
Եվ գիշերվա խուլ փախուստից լսվեց իմ արձագանքը,
Ես հորինեցի , որ այդքան դաժան ու սին չէ կյանքը...

Երբ գինետանը շշերի մեջ բյուր հույսեր հարբեցին,
Եվ օրորվելով պատերից բռնած փողոցներն ընկան,
Երբ նույնիսկ գինու ընկերներն ինձ հերթով խաբեցին,
Հորինեցի ես որ կյանքում ուրիշ գինետներ կան…

Ու լուսաբացի ցողունի մեջ պարզ, անարատ ու թաց
Ու լուսաբացի հիշողությունից գիշերս ջնջած
Կանգնեցի կապույտ երկնքի դիմաց` հոգիս մերկ ու բաց...

Բայց այդ գիշերը իջեցրեց նորից վարագույրն իր մութ,
Հիշեցրեց այդ հին սպասումը կրծող, կարոտն արդեն բութ,
Հարբելը գինուց նորից դարձրեց ճիշտ, մնացածը՝ սուտ...
Հեղինակ 6- My World My Space Անզգուշության վճարը` սեր

Մենք անչափ հեռու ենք այսօր իրարից,
Ոչ մի կերպ չենք կարող նորից մոտենալ,
Այս հեռավաորությունը մետրով չես չափի.
Ժամերն են խլել մեր սերն անսահման:

Մեր սերը զոհն էր այն սխալների,
Որոնք գործում էինք անգիտակցաբար,
Նրա հառաչանքն էլ ուղեկցեր պիտի
Ապագայում մեզ` իրարից բաժան:

Հիմա մենք նույնն ենք, նույն կետին հասած,
Միայն թե տարբեր ճանապարհներով,
Կյանքիս ավարտին եմ սպասում անդարձ,
Որ ձեռքդ բռնած անցնեմ դրախտով,
Ոչի՜նչ, որ գուցե հասնես ուշացած`
Ես կսպասեմ քեզ երկար ապրելով…..
Հեղինակ 7- Հենրիկ Բաբաջանյան Սիրո ավերակ
(սոնետ)

Մենք նվիրեցենք իրար մի ջերմ սեր...
Այդ սիրո մեջ կար անհուն մի աշխարհ,
Սերն, ավա՜ղ, փըլվեց, թողեց փշուրներ՝
Այն մեծ աշխարհից մի փոքրիկ նշխար:

Դարձան սրտներս խարխուլ ավերակ,
Կրքեր ու հույզեր խամրեցին այնտեղ,
Պաղեցին մեկից արյուն ու երակ,
Մնացինք անսեր, մոխրացած, անթեղ:

Չունենք սակայն ցանկության կաթիլ
Մխիթարանքի անշուք խոսքերի,
Լավ է անսփոփ, քան խոսքեր անթիվ:

Սերը պատրանք է ՝ խաբուսիկ, թերի...
Ամեն սիրո մեջ կա չքնաղ մի փուշ,
Ամեն բաժանման՝ նոր սեր, ցավ ու հուշ:

Ծով
17.04.2010, 23:33
Ճիշտն ասած, նման բան չէի սպասում...:( ես ընդամենը քննարկման ժամանակ ուզեցի լինել անկեղծ...այդքան բան, մրցույթին մասնակցելը սադրանքի փորձ չէր . իմ իրավունքն էր և իմ ցանկաությունը...գրված էր գրել սոնետ...ես գրել եմ սոնետ...հետո վերլուծում էի բացի կազմվածքից ինչ ա պարունակում սոնտեը...ոնցոր յուրաքնչյուր մարդ, երբ քննադատում և կարծիքն ա ասում...
էնպես որ պրովոկացիա չէր...
բայց, որ ռեալ ուզում էի ստուգել, թե արդյոք հենց միտքն ա կարևոր, թե ձևը, հակսացա, որ մրցույթի գուցե պահանջը թելադրում էր, որ կարևորվի ավելի շատ ձևը...
Շինարա՛ր ջան, կարդա և կտեսնես, որ գրված է, քվեարկությունից հետո հեղինակները գաղտնազերծվելու են, ես կարծեցի զուտ թափանցիկ քննարկման համար դեռ չես ասում անունները, բայց ես քննադատության և քննադատելու հետ գրեթե խնդիր չունեմ և՛ իմ հասցեին , և՛ որ ինքս քննադատեմ, դրա համար ինքս խոստովանեցի...չէի կարծում, որ դրան ժամանակ կա դրված...թե չէ էի անի, պարզապես ցանկություն կար ասված մտքերին պատասխանելու, բացի այդ արդեն ամեն ինչից անկախ կարծում եմ արժեր ազատ քննարկում ծավալել և ոչ թե կենտրոնանալ, թէե ով ինչի, ոնց ինչի մասին գրեց...
իսկապես կներես, Արևածագ ջան դու էլ...ես չեմ «ղժացել», ես պարզապես փորձում էի հասկանալ արդյոք ինչն ա, որ կգրավի քվեարկողին...
իսկ այսուհետ ես իհարկե էլի գրելու եմ էն , ինչ կա ու կուզեմ...երբ ,մարդը սցենար ա գրում, էլի հորինում ա, ստեղծագործությունը ինքնակենսագրական չի կամ էմոցիաների արտահայտման միջոց միայն, բայց լրիվ այլ բան ա, երբ մարդը հատուկ նստում ա մի հատ քառակուսի գծում ու բառերը սիրուն ու համահունչ դասավորում....ես ադա էի ուզում հասկանալ...արդյոք ինչպես ա ընթերցողը ընկալում գրվածը...ու ինչի ա ինձ դուր եկել Կակտուսոուլի խելացի մոտեցումը էս հարցին...մարդը ընտրել ա սոնետ, բայց ոչ ստեղծագործություն իրականում, որովհետև ասաված էր գրում ենք սոնետ...
Հենրիկ Բաբաջանյան ջան, ես անկեղծ ասեմ, որ զարմացած եմ, ուղղակի հիանալ կարելի ա Ձեր քառյակլներով ու այլ շատ ստեղծագործություններով, բայց մրցույթի համար նախատեսվածը զգալիորեն տարբերվում ա էն ամբողջ ստեղծածից, որ դուք ունեք...
պետք չի տենց ծանր տանել էս ամեն ինչը...էս էմմիությունները մեզ խանագարում են..մրցույթ ա եղել, կեցցե՛ Շինարարը, ամեն մեկն իր ձևով հաճույք ա ստացել, ավարտվել է, քննարկում ենք, ոչ մի խնդիր...ինձ էլ կներե՛ք, որ անկեղծացա...

My World My Space
17.04.2010, 23:52
լավ, նախ սկսեմ նրանից, որ շնորհավորում եմ հաղթողին: Ծով, ապրես, չնայած ասեմ, որ չեմ հավանել.....:P
երկրորդ, իմ գրածներին խնդրում եմ լուրջ չնայեք, առաջին անգամ կյանքում գրել եմ ֆոռմայի մեջ ինչ-որ բան: Ի սկզբանե չեմ ընդունում էդ չափված-ձևվածությունը:
երրորդ, խոստովանում եմ, որ սոնետն իմ խելքի բանը չի: ես սովոր եմ ազատ գրելաոճին:

Շինարար
17.04.2010, 23:58
Մոդերատորական: Ութերորդ սոնետը և դրա հետ կապված բոլոր քննարկումները հեռացվել են թեմայից: Մրցույթի անցկացման կարգի հետ կապված ձեր առարկությունները կարող եք արտահայտել Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո) (http://www.akumb.am/showthread.php/41347-%D5%86%D5%B8%D6%80-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE-%28%D5%B9%D5%A1%D6%83%D5%A1%D5%AE%D5%B8%29) թեմայում: Հայցում եմ բոլոր մասնակիցների ներողամտությունը:

Հենրիկ Բաբաջանյան
18.04.2010, 00:11
Հենրիկ Բաբաջանյան ջան, ես անկեղծ ասեմ, որ զարմացած եմ, ուղղակի հիանալ կարելի ա Ձեր քառյակլներով ու այլ շատ ստեղծագործություններով, բայց մրցույթի համար նախատեսվածը զգալիորեն տարբերվում ա էն ամբողջ ստեղծածից, որ դուք ունեք...
պետք չի տենց ծանր տանել էս ամեն ինչը...էս էմմիությունները մեզ խանագարում են..մրցույթ ա եղել, կեցցե՛ Շինարարը, ամեն մեկն իր ձևով հաճույք ա ստացել, ավարտվել է, քննարկում ենք, ոչ մի խնդիր...ինձ էլ կներե՛ք, որ անկեղծացա...

Ծով ջան, ես սրտանց շնորհավորում եմ Ձեր այդ գեղեցիկ հաղթանակը… Հավատացեք, ես դրա կարիքը չունեմ… մրցույթին մասնակցելու ցանկություն չի եղել… Թող Շինարարը ասի, որ ես նախօրոք համոզված եմ եղել, որ իմ ստեղծագործությունների որակը չի բավարարի ակումբի անդամների բարձր պահանջին… Ինձ ոչ ոք կարծեք հայտնելու իրավունքից չի զրկել… Ես երեկ հրատարակել եմ ուրիշ սայտերում և ստացել ձեր կարծիքին հակառակ դրական արժեքներ… Գրականությունը գինու հատկություն ունի՝ հաճախ քացախում է ժամանակից շուտ… Իմ սոնետը երևի հենց սկըզբից քացախած է եղել… ես դրա համար չեմ մտահոգվում… ասպարեզը երիտասարդներինն է… վիրավորելու ցանկություն չի եղել… Ներող եղեք…

Ծով
18.04.2010, 00:27
.


Ծով ջան, ես սրտանց շնորհավորում եմ Ձեր այդ գեղեցիկ հաղթանակը… Հավատացեք, ես դրա կարիքը չունեմ… մրցույթին մասնակցելու ցանկություն չի եղել… Թող Շինարարը ասի, որ ես նախօրոք համոզված եմ եղել, որ իմ ստեղծագործությունների որակը չի բավարարի ակումբի անդամների բարձր պահանջին… Ինձ ոչ ոք կարծեք հայտնելու իրավունքից չի զրկել… Ես երեկ հրատարակել եմ ուրիշ սայտերում և ստացել ձեր կարծիքին հակառակ դրական արժեքներ… Գրականությունը գինու հատկություն ունի՝ հաճախ քացախում է ժամանակից շուտ… Իմ սոնետը երևի հենց սկըզբից քացախած է եղել… ես դրա համար չեմ մտահոգվում… ասպարեզը երիտասարդներինն է… վիրավորելու ցանկություն չի եղել… Ներող եղեք…
Մրցույթից դուրս եմ ասում... լիքն են արժեքները ստեղծագործություններում ՁԵր, իսկ քառյակները՝ առավելևս...ի՞նչ հաղթանակի մասին ա խոսքը...ես սենց բաների նենց թեթև եմ նայում...իմ հաղթանակը...լավ էլի...լույսերը անջատել էի....:D
նենց կուզեի էս ամեն ինչին թեթև նայեինք...ակումբի անդամների բարձր պահանջին...կարծիք հայտնելու իրավունք...մեր կարծիքին հակառակ դրական արժեքներ...մդաաաաա....ես գետինն եմ մտնում արդեն մենակ նրա համար, որ բան չեմ հասկանում...

Հ.Գ. լիքը պուպուշ նախագծեր եմ մաղթում ակումբցիներին...ֆորումը դրանից ավելի հետաքրքիր ա դառնում...ժպիիիիիիիիիիտ....

Արևածագ
18.04.2010, 08:15
Շինարարի խոսքերից.

Ինչու՞, արևածագ ջան, կպարզաբանե՞ս ասածդ:
Մի անգամ գրել եմ՝ շատ լուրջ եմ վերբերվում բանաստեղծություն կոչվածին և կարծում եմ գրելու ամենակարևոր նախապայմանը ներշնչանքն է: Եթե դա չկա, մրցույթի համար ինձ չէի խաբի: Բայց Ծովի հետագա պարզաբանումները ցույց տվեցին , որ կարելի է «ամբողջովին շինծու» մի բան սարքել ու «խաբել ժողովրդին»: Չգիտեմ, իմ կարծիքով քվեարկողների մեծամասնությունը ևս, լիովին լուրջ էին մոտեցել այս մրցույթին: Գուցե մեր վերաբերմունքը պիտի փոխվի մրցույթի նկատմամբ ու այն համարենք սոսկ խա՞ղ...

Շինարար
18.04.2010, 10:00
Մի անգամ գրել եմ՝ շատ լուրջ եմ վերբերվում բանաստեղծություն կոչվածին և կարծում եմ գրելու ամենակարևոր նախապայմանը ներշնչանքն է: Եթե դա չկա, մրցույթի համար ինձ չէի խաբի: Բայց Ծովի հետագա պարզաբանումները ցույց տվեցին , որ կարելի է «ամբողջովին շինծու» մի բան սարքել ու «խաբել ժողովրդին»: Չգիտեմ, իմ կարծիքով քվեարկողների մեծամասնությունը ևս, լիովին լուրջ էին մոտեցել այս մրցույթին: Գուցե մեր վերաբերմունքը պիտի փոխվի մրցույթի նկատմամբ ու այն համարենք սոսկ խա՞ղ...
Չէ, ինչու՞ փոխվի, ի՞նչ ասել է՝ խաբեց ժողովրդին: Եթե բանաստեղծությունը խոսում է իմ սրտի հետ, ինձ դուր է գալիս, ապա ես մեղմ ասած խորապես անտարբեր եմ, թե արդյոք բանաստեղծը այն գրել է խոր ներշնչանքի պահին, թե ասենք զբաղվել է բառախաղով: Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն ես սիրում եմ, չգիտեմ՝ իսկապե՞ս Չարենցն այն գրել է «Հայաստան յարի» նկատմամբ խոր սիրուց ելնելով, թե մտածելով, որ այս ժողովուրդը նման բաներ շատ է սիրում, իրար հետևից շարեմ՝ Հայաստան, նաիրյան, որբ, արնավառ, հեզաճկուն, Մասիս, Քուչակ, Նարեկացի, խրճիթ, հյուրընկալ, հազարամայա ևն, տեսնենք ինչ դուրս կգա: Չգիտեմ՝ արդյոք այդ ընթացքում Չարենցի մուսան աշուղական էր, թե՞ պարզապես Չարենցը զվարճանում էր՝ նմանակելով աշուղական պոեզիան, իսկ ի՞նչ դա կփոխի, «Էլի գարուն կգա»-ն, «Ես իմ անուշ Հայաստանի»-ն մնում են կատարյալ գործեր, մարդիկ միլիոներորդ անգամ կենաց ասելիս արտասանում են «Որքան որ հուր կա իմ սրտում»: Կոնկրետ ինձ համար բանաստեղծությունը գնահատելիս բոլորովին էական չէ բանաստեղծի կարծիքը իր ստեղծագործության հանդեպ, ես իմ չափանիշերով եմ գնահատում: Ամեն դեպքում, շնորհակալություն պարզաբանման համար, սա որոշ այս մրցույթից դուրս երևույթների վրա էլ լույս սփռեց:)

Արևածագ
18.04.2010, 10:53
«Խաբել ժողովրդին» - իմ խոսքերը չեն, Ծովն է այդպես արտահայտվել:
էդ տեսանկյունից իմ սպասումը արդարացավ...ու ստացվեց հատուկ կաղապարում, ձևաչափով, հանգերի, կներե՛ք, բայց քիչ թե շատ վարպետ Ծովը «խաբեց» ժողովրդին...

Շինարար
18.04.2010, 10:57
«Խաբել ժողովրդին» - իմ խոսքերը չեն, Ծովն է այդպես արտահայտվել:

Բան չունեմ ասելու, նկատի ունեմ, որ ինձ համար կապ չունի իմ հավանած ստեղծագործությունը բացի ինձնից քանի հոգի է հավանում, արդյոք ինքը բանաստեղծը այն հավանում է;)

Ariadna
18.04.2010, 11:07
Արևածագ ջան, նախ ինչպես տեսնում ես Ծովը խաբելը դրել է չակերտների մեջ։ Երկրորդ, իսկ դու ո՞նց էիր պատկերացնում, որ մրցույթ հայտարարվի ու հանկարծ բոլոր մասնակիցների մոտ էնպիսի սիրային հոգեխանգարում սկսվի, որի արդյունքում մարդ անկախ իրենից ուզում է վերցնել թուղթ ու գրիչը ու էդ կուտակված էմոցիան հանձնել թղթին ու դա համընկնի մրցույթի ժամկետների հետ, ու որի արդյունքում ունենայինք ասենք 10 անկեղծ գրված սիրային ինչ որ ձո՞ն :)։

CactuSoul
26.10.2010, 12:22
Չգիտեմ՝ ինչու որոշեցի էլի վերադառնալ այս թեմա, բայց մի բան կա, որ ուզում էի ասել հենց սկզբում, բայց, փաստորեն, չեմ ասել:



ԵՍ ինձ դրել եմ տղա հերոսի տեղում…
Ես հենց առաջին ընթերցումից էլ զգում էի, որ գրողն աղջիկ է:): Երևի թե արհեսստականության աղբյուրն էլ ինձ համար հենց այդ փաստն էր:
Չնայած, որ անկեղծ լինեմ, ամենաառաջին կասկածս եղել է ոչ իսկական հեղինակի վրա: