PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Անավարտ ճանապարհ



MaryMay
06.04.2010, 11:01
Չէ', ինչ կարոտ,
Պարզապես դու չես հերիքում,
Անընդհատ չես հերիքում
Էլ երբեք չես հերիքում
Իբրև ներկայություն
և մոտեցող ձեռք...

Meme
06.04.2010, 21:56
Շատ լավնա;),բայց ինչիա կարճ,կարծես անավարտ լինի,ճիշտ եմ,թե էսպես ես որոշել վերջացնել:)

MaryMay
06.04.2010, 22:22
Ճիշտ ես, սա ավարտը չէ, ու նույնիսկ սկիզբն էլ չէ: Մի օր երևի ամբողջը կգրեմ:)

Meme
07.04.2010, 00:41
Համենայն դեպս ինձ դուրա եկել,տեսա համ էլ ոչ ոք չի գրել ես գրառում թողեցի:)

MaryMay
07.04.2010, 10:59
Չէ, ինչ սեր,
Պարզապես դու փակում ես աչքերդ,
որ ես երազ տեսնեմ,
քայլում ես, որ ես հոգնեմ,
ծնվում ես, որ շարունակվեմ,
հիվանդանում ես, որ ի'նձ համար
բժիշկ կանչեն,
ասում ես` գարուն է,
որ ճերմակ ծաղկաբուրմունք հնչի իմ աչքերում,
ժպտում ես, որովհետև ինձ սազում է,
հագնվում ես, որ ես չմրսեմ,
արձակում ես կոճակներդ,
որովհետև ես եմ շոգում...

SSS
07.04.2010, 11:02
Ապրես շատ համով ես գրել:)

MaryMay
20.04.2010, 15:03
- Հայրի'կ , այս ինչ է, - հարցրեց բանաստեղծը,
որ դեռ բանաստեղծ չէր:
- Երկինք է, որդի'ս:
-Հայրի'կ, այս ինչ է,-հարցրեց որդին
իր բանաստեղծ հորը:
_ Երկինք է... երևի...

MaryMay
30.04.2010, 10:27
Հորինի'ր ինձ,
մի վերջին անգամ հորինի'ր ինձ
այս քարափի ծերպին,
իբրև մասրենու բոց
նոյեմբերյան ցրտում:
Ես գիտեմ,
շուտով ձյուն է թափվելու
վիրակապի նման և շոյանքի:

Ես արդեն վախենում եմ ասել` կարոտել եմ,
Ես արդեն վախենում եմ նայել իմ ձեռքերին.
վիրակապի նման և շոյանքի
հորինի'ր ինձ,
մի վերջին անգամ հորինի'ր ինձ,
քո մատներից այն կողմ` դրսում...

Ես արդեն վախենում եմ նայել իմ ոտքերին,
երբ դեռ ձյուն չկա,
ոչ էլ` ոտնահետքեր,
բայց կա պատմությունը սիրապատառ ցավի,
որը կրկնում է.
"ուրեմն ինչպես միշտ աղջիկ էր,
ուրեմն ինչպես միշտ տղա էր,
և սեր էր ինչպես միշտ
տարուբերվում օդում":
Եվ տղան ինչ-որ բառեր էր կորցրել,
Եվ աղջիկն ինչ-որ բառեր էր հայտնաբերել
իր ուսերի վրա
և լռում էր,
և լռում էր,
և լռում էր...

Եվ տղան ասում էր` կա'նգ առ, նայի'ր
մեջբոլորդ,
Եվ աղջիկն ասում էր` կա'նգ առ, նայի'ր
շուրջբոլորդ,
և բոլոր խաչմերուկներում լույսը կանաչ էր,
և կանգ առնելու ժամանակ չկար,
և հարկավոր էր` առաջ, էլի առաջ,
և ամեն ինչ մնւմ էր` հետո, էլի հետո...

Հորինի'ր ինձ,
Մի վերջին անգամ հորինի'ր ինձ -
քո կողքին, քո մեջ,
շուրջբոլորը քո:
Հիշում ես, երգ կար.
"Մեր միջև չի եղել ոչինչ,
ինչ եղել է, եղել է մեր մեջ...":
Հորինի'ր ինձ` հիշեմ
և մոռանամ`
հետո ինչ կար հորինելու...

Ես գիտեմ, շուտով ձյուն է թափվելու
/ինքդ ասա արդեն ինչի նման/:
Ես վաղուց եմ վախենում նայել իմ ոտքերին,
երբ դեռ ձյուն չկա,
ոչ էլ` ոտնահետքեր`
դեպի քեզ շտապող:

Ոչ էլ ոտնահետքեր:
Ոչ էլ... հորինի'ր ինձ:

Ահա առավոտը,
ահա երգը այն նույն,
իսկ մնացածը...
հորինված է...
... հորինի'ր ինձ:

Chilly
30.04.2010, 10:54
Հորինի'ր ինձ,


Թվաց` երգ է, բայց ուզեցի մեղեդին պատկերացնել, չկարողացա... :) Ապրես, գեղեցիկ ես գրում...

MaryMay
03.05.2010, 16:10
ՍԵՐ

Ասել է թե`
արթնացել ես այսօր,
որ վաղը հիշես,
թե ինչ էիր անելու երեկ:

Ասել է թե`
երկու խնձորներից
քեզ չի հերիքում
երրորդը
և անընհատ թվում է, որ այդ պահին
մեկը տրոփում է
քո մասին:

Ասել է թե`
արթնանում ես կեսգիշերին
և վախով հասկանում,
որ գիշերուկես է արդեն
ինչ
չես տեսել նրան:

MaryMay
05.05.2010, 10:45
Մեր բաժանումը ինձ սովորեցրեց
քո հետքերը փնտրել միայն
հայտնության մեջ իմ կորուսյալ
պատրանքների
և լոկ այնտեղ,
որտեղ չկաս
ու չես եղել մինչև անգամ:

Մեր բաժանումն ինձ սովորեցրեց
քեզ հիշելիս
հիշողության մեհյաններում
հեթանոսվող գիշերներին զոհ մատուցել`
քրիստոնյա մի բաժակ սուրճ`
անքնության խաչված մի ցանց պատկերազարդ
և քեզ երբեք չհիշելու ջանքեր իզուր:

Ես սովորեցի նայել աշխարհին
առանց քո աչքերի,
Քո ժպիտով չժպտալ մարդկանց
Եվ չփնտրել քո խենթությամբ
անհայտ արահետներ:
Ես սովորեցի փողոցներում
Չորոնել քո հայացքի տաքությունը`
ծարավ մոլեգնությամբ:

Ես հասկացա, որ ամենից քիչ
ինքներս հենց մեզ գիտենք,
և այդ պատճառով
մենք մեզ փնտրում ենք ուրիշների մեջ,
Իսկ երբ գտնում ենք ինչ-որ չափով`
միայն կորուստն է դրանից դառնում
ծանր ավելի...

Եվ հասկացա,
որ այն չափազանց ճշմարիտ է
բարձր ասելու համար
/իսկ մենք սիրում ենք գեղեցիկ ստեր/,
որ այս ամենը կարելի է
լոկ հասկանալ
և հանկարծ... լռել,
և բաժանվել կարելի է...
չբաժանվելով,
ինչպես և սիրել... չսիրելու պես
և համբուրել կարելի է... /նույնիսկ համբուրել/
խղճալու նման...

Եվ ես հիմա
սովորում եմ
բաժանվելով
չբաժանվել...
... այսինքն` իսկապես
բաժանվել քեզանից...

Արէա
11.05.2010, 15:55
Չէ', ինչ կարոտ,
Պարզապես դու չես հերիքում,
Անընդհատ չես հերիքում
Էլ երբեք չես հերիքում
Իբրև ներկայություն
և մոտեցող ձեռք...
Տխուր ա, լավն ա, ծանոթ ա շատ, շնորհակալ եմ, վաղուց էսքան պարզ ու խորը բան չեի կարդացել, բոլորին թվում ա, թե ինչքան անծանոթ, բարդ ու խճճված բառերով, նախադասություններով կազմեն միտքը, էնքան տպավորիչ կլինի, շնորհակալ եմ քեզ, հաճելի էր շատ...

MaryMay
11.05.2010, 16:21
Ասում ես`
Շարունակի'ր ապրել:
Թռչունները թռչուն են կոչվում
անգամ այն ժամանակ,
երբ նստած են ճյուղին,
իսկ երկինքը ամպոտ-անձրևոտ է:

Ասում ես`
Կորցնելու համար
պարտադիր չէ ունենալը բնավ:

Ասում ես`
Հեշտ է սիրելը, երբ ուզում ես,
Դժվարը չսիրելն է`
նույն պայմանով:

Ասում եմ`
Շարունակվելու համար
հարկավոր է սկսվել վերստին,
և թռչունները թռչուն են կոչվում
նաև այն ժամանակ,
երբ հենց նոր տրորվեցին
մեքենայի տակ,
և մեկ է, երկինքն ամպոտ, թե արևոտ էր:

Ասում եմ`
Իմ հիշողության մեջ
Քո անունը մերկ էր և չէր մրսում,
իսկ մարմինը քո`միշտ հագնված ու սրթսրթուն:

Ասում եմ`
Անիծի'ր իմ հոգնությունը`
Ես մենակ եմ:

Արէա
11.05.2010, 19:23
... թռչունները թռչուն են կոչվում
նաև այն ժամանակ,
երբ հենց նոր տրորվեցին
մեքենայի տակ,
և մեկ է, երկինքն ամպոտ, թե արևոտ էր:

Հրաշք ա, լավն ա շատ, գժվում եմ...

impression
11.05.2010, 20:26
Հորինի'ր ինձ,
մի վերջին անգամ հորինի'ր ինձ
այս քարափի ծերպին,
իբրև մասրենու բոց
նոյեմբերյան ցրտում:
Ես գիտեմ,
շուտով ձյուն է թափվելու
վիրակապի նման և շոյանքի:


ինձ շատ-շատ դուր եկավ :)

MaryMay
26.12.2010, 13:19
Ձյունը բարի է դարձնում մարդկանց.
_ Այսքան աստղափաթիլ...
_ Մանկություն է կարծես...
_ Վերջին մաքրությունն է այս աշխարհի վրա...
_ Ճերմակ կարապներ են, ճերմակ խաղաղություն...
_ Մի հեքիաթ է լուսե, որ փռվել է գետնին...

... և քայլելով առաջ
տրորում են ձյունը:

Ձյունը բարի է դարձնում մարդկանց: